Changes

Բաֆուտի քերծեները

Ավելացվել է 22 276 բայտ, 18:14, 16 Մարտի 2016
/* Գլուխ տասներկուերորդ */
Կապիկների մեջ ինձ առանձնապես դուր էր գալիս այն, որ նրանց միանգամայն օտար է պայմանականությունը, և նրանք անում են այն ամենը, ինչ փչում է գլխներին, բնավ իսկ չշփոթվելով։ Նրանք առատորեն միզում էին ու դատարկում էին աղիները և, կռանալով, հետևում էին, թե ինչպես է դա տեղի ունենում, ընդ որում նրանց մռութներն արտահայտում էին աշխույժ հետաքրքրություն։ Եվ զուգավորվում էին նրանք ամենևին էլ չամաչելով դիտող հասարակությունից։ Ես անձամբ լսել եմ, ինչպես շփոթված հանդիսատեսները կապիկներին անվանում են կեղտոտ ու անամոթ կենդանիներ, որովհետև նրանք պարզամտորեն կատարում են իրենց բնական պահանջները, չհետաքրքրվելով, նայո՞ւմ են իրենց վրա, թե ոչ, և իսկապես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու են մարդիկ զայրանում։ Վերջ ի վերջո այդ մենք ենք բարձրագույն բանականությամբ որոշել, որ մեր օրգանիզմի միանգամայն բնական պահանջները ինչ֊որ կեղտոտ ու անվայել բան են, իսկ կապիկները չեն բաժանում մեր տեսակետը։
 
 
==Վերջին գլուխ==
 
Որտեղ «մենք մեկնել լավ»
 
 
Վերջին մի քանի օրերը, մինչև մենք մեր գազանանոցով ոտք կդնեինք մեզ Անգլիա տանող նավի տախտակամածը, ամենատենդագին օրերն էին ամբողջ ճանապարհորդության ընթացքում։ Հազար ու մի գործ կար անելու․ բեռնատար մեքենաներ վարձել, ամրացնել վանդակները, գնել և զամբյուղների մեջ դասավորել մեծ քանակությամբ ուտելիք գազանների համար, և այս ամենը՝ սովորական, առօրյա հոգսերի հետ միասին։
 
Ամենից շատ հոգս էին պատճառում թռչող սկյուռիկները։ Մեր գաղութը ժամ առ ժամ հալվում էր, այնտեղ մնացել էին ընդամենը չորս գազանիկ, և մենք որոշեցինք, ինչ էլ որ լինի, նրանց հասցնել Անգլիա։ Գերմարդկային ջանքերից հետո մեզ հաջողվեց նրանց ստիպել ձիթարմավենու ընկույզների հետ միասին ուտել նաև ավոկադոյի պտուղները։ Այս դիետայով նրանք ասես թե իրենց այնքան էլ վատ չզգացին։ Ես վճռեցի, որ եթե մեզ հետ վերցնենք երեք տասնյակ տարբեր հասածության ավոկադոներ, լրիվ հասածներից մինչև կանաչները, դրանք կբավականացնեն ամբողջ ճանապարհորդության ընթացքում, և նույնիսկ մի քիչ էլ կմնան Անգլիայում գտնվելու առաջին օրերի համար, մինչև որ սկյուռիկները կընտելանան նոր պայմաններին։ Եվ այսպես ես կանչեցի Ջեյկոբին ու հանձնարարեցի շտապ ձեռք բերել երեք տասնյակ ավոկադո։ Ի զարմանս իմ, նա ինձ նայեց ինչպես խելագարին կնայեն։
 
― Ավոկադո՞, սըր, ― հարցը կրկնեց նա։
 
― Այո՛, ավոկադո, ― հաստատեցի ես։
 
― Ես չկարողանալ ճարել դա, սըր։
 
― Չե՞ս կարող ճարել։ Իսկ ինչո՞ւ։
 
― Ավոկադոն, նա վերջացել, ― տխուր ասաց Ջեյկոբը։
 
― Վերջացե՞լ են, ինչպես թե վերջացել են։ Իսկ ես քեզ խոհանոց չեմ ուղարկում, գնա շուկա և գնիր։
 
― Իսկ շուկա էլ նա վերջացել, սըր, ― համբերատար պատասխանեց նա։
 
Եվ հանկարծ ես հասկացա, թե ինչ է ուզում հասկացնել․ ավոկադոյի ժամանակն անցել է, և այլևս ոչ մի տեղ հնարավոր չէ գտնել։ Ստիպված կլինեմ ճանապարհ ընկնել առանց իմ թանկագին սկյուռիկներին անհրաժեշտ մրգի պաշարի։
 
«Որքան նման է դա նրանց, ― մտածեցի ես տագնապած»։ ― Հազիվ էին սկսել ինչ֊որ բան ուտել և ընտրեցին հենց այն, ինչ այլևս հնարավոր չի ձեռք բերել։ Ինչ էլ որ լինի, առանց այս պտուղների ես ոչինչ չեմ կարող անել, իսկ մեր տրամադրության տակ դեռ մի քանի օր կար, ու ես հավաքեցի բոլոր օգնականներիս և նրանց ուղարկեցի գտնելու այդ պտուղները, ― թերևս, ինչ֊որ տեղ այնուամենայնիվ ավոկադո կգտնվի։ Հենց մեր մեկնելու օրը մեզ հաջողվեց ձեռք բերել մի քանի փոքրիկ, չորացած պտուղներ, և ընդամենը այդքանը։ Չորացած պտուղների այս մնացորդներով պիտի կերակրեինք իմ թանկարժեք սկյուռիկներին մինչև Անգլիա հասնելը։
 
Մեր ճամբարից մինչև ծովափ մոտ երկու հարյուր մղոն կլիներ, և գազանանոցի փոխադրման համար մենք վարձեցինք երեք բեռնատար ավտոմեքենա ու ոչ մեծ ֆուրգոն։ Գնում էինք գիշերը, որպեսզի կենդանիների համար շատ շոգ չլինի, և այս ճանապարհորդությունը տևեց երկու օր։ Ավելի ծանր ճանապարհորդություն ես չեմ հիշում։ Յուրաքանչյուր երեք ժամը մեկ ստիպված էինք լինում կանգ առնել, տեղից հանել գորտերով լի բոլոր արկղերը և դրանց վրա սառը ջուր ցանել, որ գորտերը չսատկեն։ Գիշերը երկու անգամ պետք էր ավելի երկարատև դադար առնեինք և գազանիկներին կերակրեինք տաք կաթի խառնուրդով, որ պատրաստել էինք նախապես և լցրել թերմոսների մեջ։ Իսկ լուսաբացին բեռնատարները կանգնեցնում էինք ճանապարհի մի կողմում, վիթխարի ծառերի ստվերում, բոլոր վանդակները դուրս էինք բերում խոտի վրա, մաքրում և կերակրում յուրաքանչյուր կենդանուն։ Երրորդ օրվա առավոտյան մենք հասանք ծովափնյա փոքրիկ հյուրանոցը, որը նախապես մեզ էին տրամադրել․ այստեղ նորից մաքրեցինք բոլոր վանդակներն ու կերակրեցինք գազաններին, և դրանից հետո միայն ուժասպառ ընկանք տուն, նախաճաշեցինք և անկողին մտանք։ Բայց հենց այդ նույն երեկո սկսվեց տեղի բանանի պլանտացիայի հետաքրքրասերների բազմամարդ հոսքը, նրանք անպայման ցանկանում էին տեսնել մեր կենդանիներին, և քնաթաթախ, հոգնածությունից կիսամեռ, ստիպված էինք էքսկուրսիաներ վարել, պատասխանել հարցերին և ինչ֊որ չափով քաղաքավարություն պահպանել։
 
― Դուք գնում եք ա՞յն շոգենավով, որ հիմա կանգնած է նավահանգստում, ― հարցրեց ինչ֊որ մեկը։
 
― Այո՛, ― ասացի ես, զսպելով հորանջս, ― վաղը մեկնում ենք։
 
― Տեր իմ աստված։ Այդ դեպքում կարելի է միայն ձեզ խճալ, ― ասացին ինձ ուրախ֊ուրախ։
 
― Ա՛յ քեզ բան։ Ինչո՞ւ։
 
― Նավապետը իսկական բարբարոս է, բարեկամս, և տանել չի կարողանում կենդանիներին։ Դա զուտ ճշմարտություն է։ Ծերուկ Ռոբինսոնը երբ վերջին անգամ արձակուրդ գնաց այս նավով, ուզում էր իր հետ վերցնել ձեռնասուն կապիկին։ Իսկ նավապետը առարկեց ու վերջ։ Չէր ուզում կապիկին թողնել տախտակամած, իբր, չեմ ուզում նավս լցնել գարշահոտ կապիկներով։ Ասում են, սարսափելի աղմուկ բարձրացավ։
 
Մենք Սմիթի հետ տագնապալից հայացքներ փոխանակեցինք։ Չէ՞ որ գազանորսին բաժին ընկնող բոլոր դժբախտություններից ամենածանրը, թերևս, այն է, երբ նավապետը չի սիրում գազաններին։ Ավելի ուշ, երբ վերջին այցելուները գնացին, մենք քննարկեցինք այս տագնապալի նորությունը։ Եվ վճռեցինք, որ միակ ելքն այն է, որ ամեն ջանք թափենք ու համոզենք նավապետին, և հետո աշխատենք, որ կապիկները իրենց կարգին պահեն ու ոչ մի անպատշաճ արարքով չզայրացնեն նրան։
 
Մեր գազանանոցը բեռնեցինք առջևի տախտակամածին, ավագ օգնականի՝ մի շատ բարի մարդու հսկողության տակ, որը շատ էր ցանկանում մեզ օգնել։ Այդ երեկո մենք նավապետին չտեսանք, իսկ հաջորդ օրը, երբ առավոտ ծեգին վեր կացանք ու սկսեցինք վանդակները մաքրել, նա փոքր ինչ կռացած ու մռայլ ետ ու առաջ էր քայլում կամրջակով։ Մեզ ասացին, որ նա ցած կիջնի նախաճաշին, և մենք սրտատրոփ սպասում էինք առաջին հանդիպմանը։
 
― Չմոռանաք, ― ասաց Սմիթը, երբ մենք մաքրում էինք կապիկների վանդակները, ― որ պետք է ամբողջ ժամանակ շոյել, շողոքորթել նրան։
 
Նա մի զամբյուղ լիքը թեփ հավաքեց, վազեց նավակողի մոտ և թեփը ծովը թափեց։
 
― Կարևորն այն է, որ աշխատենք ոչնչով չզայրացնել նրան, ― շարունակեց նա, վերադառնալով ինձ մոտ։
 
Եվ այդ պահին շտապելուց շնչահեղձ լինելով, կամրջակից մեզ մոտ վազեց սպիտակաթույր հագուստով մի նավաստի։
 
― Ներեցեք, սըր, ― ասաց նա, ― նավապետը ձեզ ողջունում է և խնդրում է, որ երբ թեփը ծովն եք թափում, նախ նայեք, թե որ կողմից է փչում քամին։
 
Մենք սարսափած նայեցինք կամրջակին, օդում պտտվում էին թեփի հատիկները, նրանցով պարուրված նավապետը, զայրացած կիտելով հոնքերը, թափ էր տալիս բաճկոնը։
 
― Խնդրում ենք, նավապետին հաղորդեք մեր ներողությունը, ― ասացի ես, դժվարությամբ զսպելով ծիծաղս։
 
Նավաստին գնաց, և ես շրջվեցի դեպի Սմիթը։
 
― Շոյել նրան, ― դառնացած բացականչեցի ես։ ― Ոչ մի բանով նրան չզայրացնել։ Ընդամենը մի երեք ցենտներ տաշեղ ենք թափել նրա և նրա սիրեցյալ կամրջակի վրա։ Դե էլ ինչ ասեմ, ձեզ վրա կարելի է հույս դնել։ Դուք գիտեք դեպի նավապետի սիրտը տանող իսկական ճանապարհը։
 
Երբ կոչնազանգը խփեց, մենք շտապեցինք մեր նավախուցը, լվացվեցինք ու զբաղեցրինք մեր տեղերը կայուտ֊կոմպանիի սրահում։ Մենք սարսափեցինք, երբ պարզվեց, որ նավապետը մեզ նստեցրել է իր սեղանի առջև։ Նա ինքը նստել էր մեջքով դեպի միջնորմը, որի վրա երեք լուսանցույց կար, իսկ ես ու Սմիթը՝ նրա դիմաց, կլոր սեղանի շուրջը։ Նավապետի ետևում գնտվող՝ լուսանցույցները նայում էին տախտակամածին, ուր տեղավորված էր մեր գազանանոցը։ Նախաճաշի կեսին նավապետը փոքր֊ինչ բացվեց և նույնիսկ սկսեց սրախոսել թեփի մասին։
 
― Ես ընդհանրապես դեմ չեմ ձեր գազանանոցին, միայն թե, տեսեք, հա՜, որ ոչ ոք վանդակից չփախչի, ― ասաց նա ուրախ, ուտելով իր ձվածեղը։
 
― Չէ, դա չի լինի, ― հավաստիացրի ես, և հազիվ էի հասցրել խոսքս ավարտել, երբ լուսանցույցի մեջ ինչ֊որ բան առկայծեց․ ես նայեցի այնտեղ և տեսա Հոգյակին՝ սևականջ սկյուռիկին․ նա նստել էր կլոր բաց պատուհանի առջև և ներողամիտ հայացքով զննում էր ընդհանուր նավասենյակի ներսը։
 
Նավապետն, իհարկե, չէր կարող տեսնել սկյուռիկին (սա նստել էր նրա ուսի բարձրությամբ, երեք քայլ նրանից այն կողմ) ու շարունակում էր հանգիստ ուտել ու խոսել, իսկ Հոգյակը նստել էր ետևի թաթերի վրա ու մաքրում էր բեղերը։ Մի քանի վայրկյան ես քարացա զարմանքից։ Գլուխս դադարեց գործելուց, ես նստել էի ապուշի պես ու նայում էի լուսանցույցին։ Բարեբախտաբար, նավապետը շատ էր տարված իր նախաճաշով ու ոչինչ չէր նկատում։ Հոգյակն ավարտեց լվացվելն ու մաքրվելը ու նորից սկսեց զննել նավասենյակը։ Երևում է, ի վերջո նա որոշեց, որ այդ տեղը, այնուամենայնիվ, արժի ավելի լավ հետազոտել, ու այժմ դիտում էր շուրջը, մտածելով, թե ինչպես ավելի հարմար կլինի իջնել իր նստած տեղից։ Եվ գտավ, որ ամենից հարմարը ուղղակի լուսանցույցից հենց նավապետի ուսին ցատկելն է։ Ես պարզ տեսնում էի, թե ինչպես է այդ պլանը հասունանում փոքրիկ ավազակի գլխում, և այն միտքը, որ նա հիմա ուր որ է կցատկի, շանթեց ինձ էլեկտրական հոսանքի պես և գործելու դրդեց։ Ես արագ շշնջացի․ «Ներեցեք», մի կողմ հրեցի աթոռս և դուրս եկա սրահից։ Հենց որ հայտնվեցի միջանցքում, և նավապետն արդեն չէր կարող ինձ տեսնել, ես ամբողջ ուժով նետվեցի վանդակների կողմը։ Ի մեծ թեթևություն իմ, սկյուռը չէր ցատկել, նրա երկար ու թավամազ պոչը դեռևս շարունակում էր կախված մնալ լուսանցույցից։ Եվ ահա այն պահին, երբ արդեն պատրաստվեց ցատկի, ես նետվեցի դեպի նա և հասցրի բռնել պոչից։ Ես նրան տարա վանդակը (զայրույթից նա բարձր ճղճղաց) և, վրդովված, բայց հաղթանակորեն վերադարձա ընդհանուր սրահը։ Նավապետը դեռ շարունակում էր ինչ֊որ բան խոսել, և եթե նույնիսկ նա նկատել էր իմ հապճեպ փախուստը, ապա, հավանաբար, դա վերագրել էր ստամոքսիս խանգարվածությանը, քանզի այդ մասին ոչ մի բան չասաց։
 
Մեր նավարկության երկրորդ օրը թռչող սկյուռիկներից երկուսին մեռած գտանք։ Ես տխրությամբ զննում էի նրանց մարմինները, երբ հայտնվեց մի նավաստի։ Նա հարցրեց, թե ինչից են մեռել գազանիկները, իսկ ես հանգամանորեն տեղեկացրի նրան ոչ մի տեղ չճարվող ավոկադոյի պտուղների պատմությունը։
 
― Իսկ ի՞նչ պտուղներ են դրանք, ― հարցրեց նավաստին։
 
Ես նրան ցույց տվի չորացած պտուղներից մեկը, որ դեռ մնացել էր։
 
― Ախ, սրա՞նք, ― զարմացավ նա, ― սրա՞նք են ձեզ պետք։
 
Ես նայեցի նրան, չկարողանալով ոչ մի բառ ասել։
 
― Իսկ դուք ունե՞ք, ― վերջապես հարցրի ես։
 
― Դե, ես չունեմ, բայց ձեզ համար կճարեմ։
 
Հենց այդ նույն երեկո նա նորից հայտնվեց, նրա գրպանները ուղղակի տրաքվում էին։
 
― Ահա՛, ― ասաց նա, ― և ձեռքս խոթեց մի քանի հիանալի, հասած ավոկադո, ― տվեք ինձ երեք հատ ձեր պտուղներից, միայն թե ոչ ոքի բան չասեք։
 
Ես նրան տվեցի երեք հատ չորացած պտուղ, շտապ կերակրեցի սկյուռիկներին նրա բերած պտուղներով, և գազանիկները հաճույքով կերան։ Տրամադրությունս բարձրացավ, ու ես նորից սկսեցի հուսալ, որ այնուամենայնիվ, սկյուռիկներին կհասցնեմ Անգլիա։
 
Եվ ամեն անգամ, հենց որ այդ նավաստուն ասում էի, թե մրգի պաշարն սպառվում է, իմ բարեկամը բերում էր հյութեղ, հասուն պտուղներ ու փոխարենը վերցնում չորացածը։ Դա շատ տարօրինակ էր, բայց ես զգում էի, որ ավելի լավ է չխորանալ։ Այնուամենայնիվ, չնայած թարմ պտուղներին, ևս մի սկյուռիկ զոհվեց, և երբ մենք մտանք Բիսկարյան ծովը, ինձ մոտ մնաց միայն մեկը։ Այժմ ամեն բան որոշելու էր ժամանակը, եթե ինձ հաջողվեր այս միակ նմուշը հասցնել մինչև Անգլիա, ես կկարողանայի գազանիկին առաջարկել ուտելիքի հսկայական ընտրություն, և, իհարկե, ինչ֊որ բան նրա ճաշակով կլիներ։ Անգլիայի ափերը մոտենում էին, և ես ուշադիր հետևում էի սկյուռիկին։ Նավահանգիստ մտնելու նախօրյակին սկյուռիկը հրաշալի տեսք ուներ, և ես արդեն հավատացած էի, որ այնուամենայնիվ նրան մինչև տուն կտանեմ։ Հենց այդ գիշեր, առանց մի նկատելի պատճառի, նա հանկարծ մահացավ։ Այսպիսով, վերջին սկյուռը անցավ չորս հազար մղոն և մեռավ Լիվերպուլ հասնելուց ընդամենը մեկ օր առաջ։ Ես սարսափելի վշտացած էի, և ոչ մի բան չէր կարող ինձ մխիթարել։
 
Նույնիսկ երբ իմ գազանանոցը ափ հանեցինք, ես չապրեցի նման իրադրության համար սովորական թեթևության ու հպարտության զգացումը։ Մազոտ գորտերը ճամփորդությունը հիանալի տարան, չորտերևիկները՝ նույնպես։ Չարլին ու Մերին ուրախ տնքտնքում էին իրենց վանդակներում, երբ նրանց իջեցնում էին ափ։ Հոգյակը շաքար էր կրծում և նայում նավամատույցում խռնված ամբոխին՝ զվարճանալու բացահայտ հույսով, իսկ բեղավոր կապիկը վանդակաճաղերից դուրս էր հանել քիթը, նրա բեղերը փայլփլում էին, և նա նմանվում էր երիտասարդ Սանտա֊Կլաուսի։ Բայց նույնիսկ նայելով, թե ինչպես են նրանց բոլորին բարեհաջող ափ իջեցնում այդպիսի երկարատև ու վտանգավոր ճանապարհորդությունից հետո, ես չէի ուրախանում։ Դրանք բոլորը չէին կարող փոխհատուցել փոքրիկ սկյուռիկի կորուստը։ Մենք Սմիթի հետ արդեն պատրաստվում էինք իջնել նավից, երբ հայտնվեց իմ բարեկամ նավաստին։ Նա լսել էր սկյուռիկի մահվան մասին և շատ էր վշտացել, որ իր և մեր ջանքերը իզուր կորան։
 
― Ի դեպ, ― ասացի ես, արդեն հրաժեշտ տալով, ― շատ կցանկանայի իմանալ, թե օվկիանոսի մեջտեղում դու որտեղի՞ց էիր ճարում ավոկադոները։
 
Նավաստին արագ չորս կողմը նայեց՝ արդյոք ոչ ոք չի՞ լսում մեզ։
 
― Ես ձեզ կասեմ, բարեկամս, բայց ոչ ոքի ոչ մի խոսք, ― ասաց նա խռպոտ շշնջոցով։ ― Նավապետն ավոկադո շատ է սիրում, հասկանալի՞ է։ Եվ նրա սառնարանում մի մեծ արկղ կար։ Նա միշտ այդպիսի մի արկղ տուն է տանում, հասկացա՞ք։ Դե ես էլ մի քիչ վերցնում էի ձեզ համար։
 
― Ուրեմն, դրանք նավապետի մրգերն էի՞ն, ― շփոթված հարցրեցի ես։
 
― Դե, պարզ է։ Բայց նա ոչինչ չի նկատի, ― ուրախ հավատացրեց ինձ նավաստին։ ― Հասկանո՞ւմ եք, երբ ես դրանք վերցնում էի արկղից, ամեն անգամ տեղը դնում էի ձեր պտուղները։
 
Մաքսատան ծառայողները ոչ մի կերպ չէին կարող հասկանալ, թե ինչու էի ես ծիծաղից ցնցվում, երբ ցույց էի տալիս նրանց իմ զամբյուղները, և բոլորն ինձ նայում էին կասկածանքով։ Բայց, ցավոք, դա այն կատակներից չէր, որի մասին կարելի էր որևէ մեկին ասել։
Ադմին, Վստահելի
1876
edits