«Ուրիշի դեմքը»–ի խմբագրումների տարբերություն
չ |
չ |
||
Տող 366. | Տող 366. | ||
<blockquote>''Նոթեր լուսանցքում։'' Սխալ բան կլիներ ամեն ինչի պատճառը բնօրինակ չունենալու մեջ տեսնելը։ Ավելի շուտ անհրաժեշտ էր հաշվի առնել ամենայն բնօրինակից ընդհանրապես հրաժարվելու իմ ներքին ձգտումը։ Բնօրինակ ընտրելը անխուսափելիորեն նշանակում է ինքդ քեզ հանձնել ուրիշի կամքին։ Բայց մարդը, միառժամանակ ունի նաև հակառակ մի ցանկություն՝ լինել ուրիշներից տարբեր։ Այս երկու խնդիրները պետք է հետևյալ հարաբերության մեջ լինեն իրար հետ. | <blockquote>''Նոթեր լուսանցքում։'' Սխալ բան կլիներ ամեն ինչի պատճառը բնօրինակ չունենալու մեջ տեսնելը։ Ավելի շուտ անհրաժեշտ էր հաշվի առնել ամենայն բնօրինակից ընդհանրապես հրաժարվելու իմ ներքին ձգտումը։ Բնօրինակ ընտրելը անխուսափելիորեն նշանակում է ինքդ քեզ հանձնել ուրիշի կամքին։ Բայց մարդը, միառժամանակ ունի նաև հակառակ մի ցանկություն՝ լինել ուրիշներից տարբեր։ Այս երկու խնդիրները պետք է հետևյալ հարաբերության մեջ լինեն իրար հետ. | ||
</blockquote> | </blockquote> | ||
+ | <center> | ||
<math> | <math> | ||
\frac{A}{B} = f\left(\frac{1}{n}\right) | \frac{A}{B} = f\left(\frac{1}{n}\right) | ||
</math> | </math> | ||
+ | </center> | ||
<blockquote>որտեղ A-ն ուրիշի կամքի ցուցանիշն է, B-ն ուրիշի կամքին դիմադրելու ցուցանիշը, n-ը՝ տարիքը, f-ը՝ հարմարվողականության աստիճանը։ (Այս վերջինի նվազումը նշանակում է, որ մարդը ինքնահաստատվում է և միաժամանակ աճում է պահպանողականության նկատմամբ նրա հակումը։ Այն, որպես կանոն, հակադարձ համեմատական է տարիքին, բայց նկատվում են անհատական նշանակալի շեղումներ, որոնց կորագիծը կառուցվում է կախում ունենալով սեռից, խառնվածքից, մասնագիտությունից և այլն)։ | <blockquote>որտեղ A-ն ուրիշի կամքի ցուցանիշն է, B-ն ուրիշի կամքին դիմադրելու ցուցանիշը, n-ը՝ տարիքը, f-ը՝ հարմարվողականության աստիճանը։ (Այս վերջինի նվազումը նշանակում է, որ մարդը ինքնահաստատվում է և միաժամանակ աճում է պահպանողականության նկատմամբ նրա հակումը։ Այն, որպես կանոն, հակադարձ համեմատական է տարիքին, բայց նկատվում են անհատական նշանակալի շեղումներ, որոնց կորագիծը կառուցվում է կախում ունենալով սեռից, խառնվածքից, մասնագիտությունից և այլն)։ | ||
</blockquote> | </blockquote> |
16:11, 18 Հունիսի 2016-ի տարբերակ
Մուտքագրեք չձևավորված տեքստը այստեղ
հեղինակ՝ Կոբո Աբե |
Հաղթահարելով զարտուղի լաբիրինթոսը, այնուհանդերձ, դու եկար։ Նրանից ստացած հատակագծին վստահելով, դու, վերջապես եկար հասար այս ապաստարանը։ Կանացի քո փոքրիկ, անհամարձակ քայլերով բարձրացար սանդուղքն ի վեր, որի աստիճանները ճռճռում են երգեհոնի ոտնակների պես։ Ահա և սենյակը։ Շունչդ պահած՝ բախեցիր դուռը, բայց, չգիտես ինչու պատասխան չեղավ։ Պատասխանի փոխարեն փիսիկի նման գլոր-մլոր մոտ վազեց մի աղջնակ ու բացեց դուռը։ Ուզեցիր իմանալ, թե նա չի՞ խնդրել արդյոք որևէ բան քեզ փոխանցել։ Բայց աղջնակը առանց պատասխանելու միայն ժպտաց ու հեռու փախավ։
Քեզ հարկավոր էր նա, և դու ներս նայեցիր։ Բայց չտեսար ոչ նրան և ոչ էլ որևէ մի բան, որը հիշեցներ նրան, դա մռայլ մի սենյակ էր, որտեղ սավառնում էր ամայության ոգին։ Ազոտ պատի տեսքը քեզ ստիպեց ցնցվել։ Թեև մեղավոր էիր զգում քեզ, բայց ուզում էիր արդեն հեռանալ, երբ աչքովդ ընկան սեղանին դրված երեք տետրակ, որոնց քով մի նամակ կար։ Հենց այդ պահին էլ կռահեցիր, որ ծուղակ ես ընկել։ Ինչպիսի դառը մտքեր էլ պարուրած լինեին քեզ այդ րոպեին, միևնույն է, անհնար էր հաղթահարել գայթակղությունը։ Դողացող մատներով պատռեցիր ծրարը և հիմա կսկսես նամակը կարդալ․․․
Դու, երևի, չարություն գգացիր. դու, երևի, վիրավորանք զգացիր։ Բայց ես կդիմանամ քո պիրկ, ասես սեղմված զսպանակի պես հայացքին. ինչ էլ որ լինի, ուզում եմ, որպեսզի շարունակես կարդալ։ Ես որևէ հույս չունեմ, թե բարեհաջող հաղթահարելով այս րոպեները, գեթ մի քայլ կկատարես դեպի իմ կողմը։ Նա՞ է ինձ ոչնչացրել, թե՞ ես նրան. համենայն դեպս դիմակների ողբերգության վարագույրը իջել է։ Ես նրան սպանել եմ, ինձ հայտարարել եմ հանցագործ, և ուզում եմ մինչև վերջ ամեն ինչ խոստովանել։ Մեծահոգաբար կամ ոչ, բայց ուզում եմ, որ դու շարունակես կարդալ։ Նա, ով պատժելու իրավունք ունի, պարտավոր է նաև լսել մահապարտի ցուցմունքները։ Եվ քո առաջ այսպես ծնկաչոք եկածից հեշտությամբ երես թեքելը կասկածներ չի՞ ծնի արդյոք, թե դու ևս մեղսակից ես։ Լավ, ուրեմն, նստիր, և քեզ զգա, ինչպես տանը։ Եթե սենյակի օդը ծանրացել է, բաց արա պատահանը։ Թեյամանն ու գավաթները, եթե որոշես թեյ խմել՝ խոհանոցում են։ Հենց որ դու ինքդ քեզ հավաքես ու նստես, լաբիրինթոսի ծայրին գտնվող ապաստարանի այս կորած-մոլորած տեղը կդառնա դատարան։ Եվ մինչ դու աչքի կանցկացնես իմ ցուցմունքները, դիմակների ողբերգության ավարտը է՛լ ավելի հավաստի դարձնելու համար վարագույրի պատառոտված տեղերը կարկատելով, ես պատրաստ եմ սպասելու ինչքան ուզես։ Ի դեպ, հիշողությունները թույլ էլ չեն տա, որպեսզի ձանձրանամ։
Ուրեմն, տեսնենք, թե ինչ պատահեց ինձ բոլորովին վերջերս, այն պահից երեք օր առաջ, որը քեզ համար «հիմա» է։ Այդ գիշեր անձրև էր գալիս, որի մեջ ասես մեղր լուծած լինեին, և այդ անձրևի հետ միացած քամին աղիողորմ ցնցում էր պատուհանները։ Ամբողջ օրը շարունակ ես քրտինք էի ծորում, իսկ երբ արևը մայր մտավ, ցանկություն ունեցա կրակի դիմաց նստած մի քիչ տաքանալ։ Լրագրերը գրեցին, թե նորից ցրտելու է, բայց օրերը գնալով երկարում են, դրանից խուսափել չի լինի, և հենց որ անձրևներն էլ դադարեն, մարդ անմիջապես զգում է ամռան շունչը։ Այդ մասին մտածելուն պես՝ սիրտս սկսեց անհանգիստ խփել։ Իմ այս վիճակով նման էի մեղրամոմից սարքած կրկնակի, որը բոլորովին անօգնական է շոգի նկատմամբ։ Շլացուցիչ արևի մասին մտածելն իսկ բավական էր, որպեսզի ամբողջ մաշկս ծածկվեր բշտիկներով։
Ուրեմն, հենց այդ պատճառով որոշեցի ինչ գնով էլ լինի վերջ տալ այս պատմությանը։ Վերջ տալ՝ քանի ամառը չի եկել։ Եղանակի երկարաժամկետ կանխագուշակման համաձայն, երկու֊երեք օրվա ընթացքում մայր ցամաքի կողմից տարածվելու էր մթնոլորտային բարձր ճնշումը, և սկսվելու էին ամռանը բնորոշ օդերևութաբանական երևույթները։ Եվ եթե առաջիկա երեք օրերի ընթացքում հաջողվի քեզ հանդիպելու նախապատրաստություեներն ավարտել ու այնպես անել, որպեսզի դու սկսես կարդալ այս նամակը՝ ուրիշ էլ ի՞նչ կարող եմ ուզել։ Բայց չի կարելի ասել, թե երեք օրը բավարար ժամկետ է։ Ինքդ էլ հեշտությամբ կարող ես համոզվել, որ իմ հիշատակած ցուցմունքները մոտ մեկ տարվա ժամանակահատված ընդգրկող և երեք տետրակների մեջ մանր ձեռագրով գրած այս նոթերն են։ Օրական պետք է մշակեմ տետրակներից գոնե մեկը, պետք է հավելումներ անեմ, ջնջեմ, նորից գրեմ ու թողնեմ քեզ կարդալու այն տեսքով, որը կգոհացներ ինձ. համաձայնիր, որ բավականին ծանր աշխատանք է լինելու ինձ համար։ Ինձ տրամադրելով այդ աշխատանքին, ընթրիքի համար սխտորով համեմված մսի կարկանդակներ գնեցի, և սովորականից երկու֊երեք ժամ շուտ այսօր տուն դարձա։
Բայց արդյո՞ւնքը․․․ Արդյունքը գարշելի էր․․․ Ես նորից զգացի, թե ուր է ինձ հասցրել ժամանակի սպանող սղությունը։ Աչքի անցկացրի նոթագրություններս և ինքս իմ նկատմամբ նողկանք զգացի. գրածներս կարծես արդարանալու փորձ լինեն։ Բայց նման զգացողությունը անխուսափելի է, ասես կործանելու համար ստեղծված, անձրևաթաթախ այս գիշեր, երբ ոսկորներիդ մեջ թափանցող խոնավությունն էլ խռովում է հոգիդ։ Չեմ փորձի ժխտել, ավարտը բավականին խեղճ է։ Բայց ինքս ինձ մխիթարում եմ նրանով, որ միշտ էլ ինձ հաշիվ եմ տվել այն մասին, թե ինչ էր տեղի ունենում։ Առանց այդ ինքնավստահության հազիվ թե կարողանայի այսքան կլանված գրառումներ անել, հաշվի չառնելով, թե իմ նոթերը կծառայեն որպես ալիբիի հաստատո՞ւմ, թե՞ հակառակը, կդառնան հանցանքը փաստող իրեղեն ապացույցներ։ Մինչև, հիմա մի հարցում միայն հաստատ համոզում ունեմ, և ոչ թե այն պատճառով, որ դժվար է ընդունել սեփական պարտությունը. լաբիրինթոսը, ուր փակել եմ ինքս ինձ, եղել է իմ տրամաբանորեն անխուսափելի ահեղ դատաստանը։ Բայց, սպասումներիս հակառակ, իմ այս նոթերը աղերսում են սենյակում փակված կատվի աղիողորմ ձայնով։ Չգիտեմ, կհաջողվի՞ արդյոք մոռացության տալ, թե իմ տրամադրության տակ ունեմ ընդամենը երեք օր, և այնպես մշակել նոթերս, որ բավարարեն ինձ։
Լավ, բավական է․․․ Վրա հասավ այն պահը, երբ ես արդեն հաստատ վճռեցի առանց թաքցնելու պատմել ամեն ինչ, քանզի այլևս անհնարին է դիմանալ մի վիճակի, երբ կոկորդիդ ասես դեմ է առել ջլուտ մսի չծամված մի կտոր։ Եթե այն հատվածները, որոնք բարձրագոչ ճչում են, քեզ դատարկ բան թվան և առանձնապես ուշադրություն չդարձնես, ոչինչ, ի՞նչ կա որ․․․ Դու, օրինակ, չես դիմանում էլեկտրական գայլիկոնի ձայնին, խավարասերների շրշյունին, չես հանդուրժում, երբ եղունգներով ճանկռում են ապակին։ Բայց կյանքում հազիվ թե այդ լինի ամենից կարևորը։ Թե ինչու չես դիմանում էլեկտրական գայլիկոնի ձայնին՝ կարելի է պատկերացնել. հավանաբար տհաճ հիշողություններ է ծնում ատամփորիչ մեքենայի մասին։ Իսկ մյուս երկու ձայները ինչ֊որ նյարդային ցան են առաջացնում, ուրիշ անուն դրան չես գտնի։ Բայց դեռ առիթ չեմ ունեցել լսելու, թե ցանը կյանքի համար կարող է վտանգ ներկայացնել։
Բայց ամեն բան չափ ունի և գուցե արդեն ժամանակն է, որ կարճ կապեմ։ Որքան էլ իմ արդարացումներին նոր արդաբացումներ ավելացնենք՝ միևնույն է, իզուր կլինի։ Շատ ավելի կարևոր է, որպեսզի դու շարունակես կարդալ այս նամակը, և իմ անցյալը ուր որ է կդառնա քո ներկան, իսկ հետո կսկսես ընթերցել նոթերը․․․ Ես կրնկակոխ կհետևեմ քո ժամանակին. գրառումներս կարդա մի շնչով, կարդա մինչև վերջին էջը․․․
Դու հիմա արդեն խաղաղվեցիր, երևի։ Թեյը փոքրիկ կանաչ տուփի մեջ է։ Եռացրած ջուրը՝ թերմոսում։
Բովանդակություն
Սև տետրակ
նախ՝ տետրակների հաջորդականության մասին. ըստ շապիկների գույնի՝ սև, ճերմակ, գորշ։ Գույնի և բովանդակության միջև, անշուշտ, որևէ կապ չկա։ Ընտրությունը եղել է պատահական։ Տարբեր գույնի տետրակներ եմ վերցրել, որպեսզի զանազանելը դյուրին լինի։
Թերևս, իմ պատմությունն սկսեմ ապաստարանից։ Ասենք, ի վերջո, տարբերություն էլ չկա, թե ինչից կսկսեմ։ Բայց ինձ համար ավելի դյուրին կլինի նույն այն օրից սկսելը։ Երևի կես ամիս առաջ էր, երբ ես, ինչպես և ենթադրվում էր, մի շաբաթով մեկնելու էի գործուղման։ Հիվանդանոցից դուրս գալուց հետս դա լինելու էր իմ առաջին երկարատև ուղևորությունը։ Իմ կարծիքով քեզ համար նույնպես հիշարժան օր էր։ Մեկնելուս համար որպես պատրվակ էի ընտրել Օսակայում տպագրական ներկի գործարան կառուցելու ընթացքն ստուգելը։ Պարզապես, առաջին իսկ պահին մտքումս ծնված պատճառաբանությունն այդ էր։ Իրականում, սակայն, նույն այդ օրվանից ես թաքնվեցի S տանն ու նախապատրաստվեցի ծրագրերս իրականացնելու գործին։
Այդ նույն օրը իմ նոթատետրում գրեցի հետևյալը.
«Մայիսի 26։ Անձրև է գալիս։ Լրագրային հայտարարության համաձայն եղա S տանը։ Դեմքս տեսնելով, բակում խաղացող աղջնակը լաց եղավ։ Որոշեցի իջևանել հենց այդ տանը։ Տեղը հրաշալի է։ Սենյակների դասավորությունը գրեթե կատարյալ։ Թարմ փայտի ու ներկի հոտը մարդուն առույգացնում է։ Հարևան սենյակը առայժմ կարծես թե զբաղեցված չէ։ Լավ կլիներ, որ վարձեի, բայց․․․»
Բայց ես մտադիր չէի S տանը թաքնվել ուրիշի անվան տակ, մտադիր չէի ինձ ներկայացնել ուրիշի փոխարեն։ Գուցե անխոհեմություն թվա, բայց ես իմ հաշիվներն ունեի։ Իմ դեմքը հիմա բնավ հարմար չէր պստիկ չարաճճիություններ անելու համար։ Եվ, իսկապես, շքամուտքի մոտ խաղացող, արտաքինից արդեն դպրոցական տարիքի աղջնակը ինձ տեսնելուն պես սկսեց այնպես հեկեկալ, կարծես աչքերի առաջ սոսկալի մի մղձավանջ հայտնված լիներ։ Իսկ կառավարիչը, թերևս, հաճախորդին հնարավորին չափ լավ սպասարկելու նպատակով, շատ ավելի բարեհամբույր էր․․․
Չէ, բարեհամբույր էր ոչ միայն կառավարիչը։ Որքան էլ ցավալի էր, գրեթե բոլորը, ովքեր հանդիպում էին ինձ՝ չափազանց բարեհամբույր էին։ Ու քանի որ ոչ ոք հակված չէր ավելի խորանալ իմ գործերի մեջ, ուստի ամեն մեկը դեմքին տալիս էր սիրալիր մի արտահայտություն։ Եվ ոչ առանց հիմքի։ Եթծ նրանք չէին ուզում նայել ուղիղ դեմքիս, ապա ուրիշ ոչինչ չէր մնում, քան բարեհամբույր լինելը։ Ուստի և ես էլ հնարավորություն ունեի խուսափելու պարապ հարցուփորձերից։ Սիրալիրության պատով շրջապատված, ես միշտ մեն֊մենակ էի։
Գուցե այն պատճառով, որ S տունը նոր էին կառուցե, տասնութ սենյակներից գրեթե կեսը դեռևս զբաղեցված չէր։ Դեմքին տալով վիճակիս մեջ մտնող մարդու արտահայտություն, կառավարիչը, առանց իմ խնդրանքի, ինձ համար ընտրեց երկրորդ հարկի ամենահեռու, հետնամուտքի սանդուղքի մոտ գտնվող սենյակը։ Համենայն դեպս, գոնե ինձ այդպես թվաց։ Սենյակն ինձ թանկ էր հենց թեկուզ այն պատճառով, որ հատուկ ընտրված էր անձս նկատի ունենալով։ Լոգարանը, անշուշտ, չէիր ասի, թե շատ հարմարավետ է, բայց սենյակում կար մի սեղան, երկու աթոռ, և, ի տարբերություն մյուսների, ուներ սանդղավանդի նմանող կիսաբոլոր կարկառամաս. հետնամուտքի սանդուղքը տանում էր դեպի այն հարթակը, որ նախատեսված էր հինգ֊վեց ավտոմեքենայի համար, իսկ այնտեղից էլ կարելի էր դուրս գալ մեկ ուրիշ փողոց։ Այսպիսի հարմարությունը սենյակին տալիս էր բացառիկ արժեք։ Ամեն ինչին պետք է հենց սկզբից նախապատրաստվեի, ուստի և անմիջապես վճարեցի երեք ամսվա վարձը։ Հետո խնդրեցի, որ մոտակա խանութից անկողնային պարագաներ գնեն։ Իսկ կառավարիչը, ձևանալով, թե ուրախությունը ոչ մի կերպ չի կարողանում զսպել, առանց շունչ քաշելու պատմում ու պատմում էր, թե ինչքան լավ է աշխատում օդափոխիչ սարքը և ինչքան արևոտ է սենյակը։ Բայց, բարեբախտաբար, սենյակի բանալին, որ պարզել էր ինձ, հանկարծ ընկավ ձեռքից ու ծլնգաց հատակին։ Կառավարիչր շփոթված հեռացավ։ Ես թեթևացած շունչ քաշեցի․․․ Եթե միայն միշտ հնարավոր լիներ մարդկանց վրայից այսքան հեշտությամբ պոկել կեղծիքի կեղևը։
Մութն ընկավ, և արդեն անհնարին էր հաշվել նույնիսկ դեմքիս մոտեցրած ձեռքիս մատները։ Մարդկային ջերմությանը դեռևս անհաղորդ սենյակը անհրապույր էր, անկյանք ու սառը։ Բայց սիրալիր մարդկանցից շատ ավելի լավն էր։ Ընդ որում, ինձ հետ այս դժբախտությունը պատահելուց ի վեր, ես ամենից ավելի սիրում եմ մութը. հիրավի, ինչ լավ կլիներ, եթե աշխարհում բոլորը հանկարծ զրկվեին աչքերից կամ մոռանային լույսի գոյությունը։ Գոնե ձևի հարցում հնարավոր կլիներ հասնեի միաբանության։ Բոլորը կհամաձայնեին, որ հացը՝ հաց է, անկախ այն բանից՝ եռանկյունի. է, թե կլոր․․․ Ինչ լավ կլիներ հենց թեկուզ այն, որ նախքան ինձ տեսնելը փոքրիկ աղջնակը գոցեր աչքերն ու լսեր միայն իմ ձայնը։ Թերևս, մենք կվարժվեինք իրար, կդառնայինք բարեկամներ՝ միասին զբոսայգի կգնայինք, պաղպաղակ կուտեինք․․․ Բայց այն պատճառով միայն, որ ամենուրեք սողոսկում է գարշելի լույսը, աղջնակը սխալվեց՝ եռանկյունի հացը ոչ թե հաց կարծելով, այլ եռանկյունի։ Ու չնայած այն, ինչը անվանում են լույս, ինքնին թափանցիկ է, սակայն առարկաները լուսավորելով, դարձնում է անթափանց։
Բայց քանզի լույսն իրականում գոյություն անի, ապա խավարը՝ ժամանակով խստագույնս սահմանափակված դատավճիռն ի կատար ածելու տարկետում է։ Երբ պատուհանը բացեցի, սև գոլորշու քուլայի պես ներխուժեց անձրևով ներծծված քամին։ Խեղդվելով քամու հորձանքից, ես հազացի, հանեցի մուգ ակնոցը և սրբեցի աչքերս։ Էլեկտրալարերը, սյուների կատարները, փոքր֊ինչ հեռու գտնվող ընդարձակ փողոցում շարված տների քիվերը թույլ փայլում էին սև գրատախտակի վրա մնացած կավճի հետքերի պես, երբ նրանց վրա ընկնում էր սուրացող ավտոմեքենաների լուսարձակների լույսը։
Միջանցքից ոտնաձայներ լսվեցին։ Սովորական դարձած մի շարժումով դարձյալ դրեցի մուգ ակնոցը։ Խանութից բերել էին անկողնային պարագաները, որոնք պատվիրել էի կառավարչի օգնությամբ։ Դրամը վճարեցի դռան տակի ճեղքից և խնդրեցի, որ գնումները թողնեն միջանցքում։
Ուրեմն, մեկնարկի նախապատրաստությունները կարծես թե ավարտված են։ Հանվեցի ու բացեցի զգեստապահարանը։ Փեղկի վրա, ներսի կողմից, հայելի էր ամրացված։ Ես նորից հանեցի ակնոցս և սկսեցի քանդել դեմքիս վիրակապը։ Եռաշերտ վիրակապը ներծծվել էր քրտինքով և ծանրացել. այն հիմա երկու անգամ ավելի ծանր էր, քան առավոտյան, երբ փաթաթում էի։
Հենց որ դեմքս ազատեցի վիրակապերից, հայտնվեցին իրար վրա կուտակված տզրուկները՝ կարմրատակած, իրար միահյուսված սպիների այդ ցանցը։ Ի՜նչ զզվելի տեսարան է․․․ Եվ այս ամենր կրկնվում է ամեն օր, կրկնվում է որպես դաս, և արդեն վաղուց ժամանակն է, որ վարժված լինեի։
Ինձ շատ ավելի զայրացրեց այդ, թվում է որևէ պատճառ չունեցող, վախը։ Եթե խորը մտածենք. որևէ հիմք չունեցող, անխոհեմ մի զգայականություն է դա։ Կարիք կա՞ արդյոք աղմուկ բարձրացնել մարդու ինչ֊որ արտաքին թաղանթի համար, այն էլ, երբ խոսքը շատ փոքր մի մասին է վերաբերում, որպիսին է դեմքի մաշկը։ Ճիշտն ասած, այդպիսի նախապաշարումը, այդպիսի արմատացած կարծիքը բնավ էլ զարմանալի բան չէ։ Հենց օրինակ կախարդություններին հավատալը․․․ կամ ցեղային նախապաշարումները․․․ օձերի նկատմամբ բնազդային վախը (կամ նույն այդ հիվանդագին վախը խավարասերների նկատմամբ, որի մասին արդեն գրել եմ)․․․ Ահա թե ինչո՛ւ, չխոսելով արդեն պատրանքներով ապրող դեղնակտուց և պզուկավոր պատանիների մասին, նույնիսկ ես, որ պատկառելի մի ինստիտուտում գլխավորում եմ շատ կարևոր աշխատանոց, և ամուր, կարելի է ասել նավասարքի ճոպանով եմ ասես կապված հասարակությանը, տառապում եմ ինձ պարուրած հոգեկան ալերգիայից։ Հրաշալի գիտակցելով, որ ոչ մի հիմք չկա ատելություն տածել դեմքին վխտացող տզրուկների նկատմամբ, այնուհանդերձ, ոչինչ չէի կարող անել ինքս ինձ հետ և անհաղթահարելի նողկանք էի զգում այդ նույն դեմքի հանդեպ։
Ես, իհարկե, ձեռնարկեցի նորանոր փորձեր։ Կողքից անցնելիս ծուռ-ծուռ նայելու փոխարեն շատ ավելի լավ է ուղղակի նայել քո վիճակին և մեկընդմիշտ վարժվել դրան։ Եթե ինքդ դադարես ուշադրություն դարձնելուց, ուրիշներն էլ, անտարակույս, նույն կերպ կվարվեն։ Դրանում ոչ մի կասկած չունեմ։ Ուստի, ինստիտուտում ևս սկսեցի հաճախակի խոսել դեմքիս մյսսին։ Օրինակ, շինծու զվարթությամբ ինքս ինձ համեմատում էի դիմակավոր այն հրեշի հետ, որին ցուցադրում էին հեռատեսիլային մուլտիպլիկացիաներում։ Փորձում էի ամեն կերպ ապացուցել, թե ինչքան հարմար է, երբ ինքդ տեսնում ես, բայց դու անտեսանելի ես մնում. երբ կարող ես հետևել ուրիշներին, բայց կարողանում ես քողարկել դեմքիդ արտահայտությունը։ Հիրավի, ինքդ քեզ վարժվելու ամենավստահելի և շուտափույթ միջոցը ուրիշներին քեզ վարժեցնելն է։
Կարելի է ասեի որ արդյունքի հասել էի։ Աշխատանոցում շատ շուտով այլևս չէի զգում նախկին լարվածությունը։ Բանն այնտեղ հասավ, որ դիմակավոր հրեշը նույնպես դադարեց վախեցնելուց, և նրա՝ հեռատեսիլի պաստառներին և կոմիքսներում շարունակ հայտնվելու մեջ իմ ընկերները սկսեցին նույնիսկ շատ որոշակի իմաստ տեսնել։ Հիրավի, դիմակը, եթե միայն նրա տակ տզրուկներ չեն վխտում, անտարակույս ունի իր հարմարությունները։ Եթե մարմինը հագուստով քողարկելը քաղաքակրթության առաջադիմության հետևանքն է, ապա հազիվ թե հնարավոր է երաշխավորել, որ ապագայում դիմակը ամենասովորական մի բան չի դառնա։ Նույնիսկ հիմա էլ դիմակները հաճախ են օգտագործվում կարևոր ծիսակատարությունների ու տոնակատարությունների ժամանակ, և ես դժվարանում եմ այդ փաստին սպառիչ պատասխան տալ։ Բայց, իմ կարծիքով, դիմակը մարդկային փոխհարաբերությունները դարձնում է շատ ավելի բազմաբնույթ, նվազ անհատական, քան այն դեպքում, երբ դեմքը բաց է։
Երբեմն նույնիսկ սկսում էի հավատալ, որ թեև դանդաղ, բայց և այնպես ապաքինվում եմ։ Եվ դեռ չէի պատկերացնում, թե իրականում ինչքան սահմռկեցուքիչ է իմ դեմքը։ Իսկ այդ ընթացքում վիրակապերի տակ շարունակվում էր տզրուկների անդադար գրոհը։ Հեղուկ օդով ցրտահարությունը հյուսվածքների մեջ այնքան խորը չի թափանցում, ինչպես այրվածքը, ուստի և ապաքինումը պետք է համեմատաբար արագ ընթանար։ Չնայած բժիշկների այս հավաստիացումներին, հաղթահարելով պաշտպանական բոլոր հնարավոր արգելապատնեշները, որպիսիք էին թերազինի հաբերը, կորտիզոնի ներարկումները և ռադիոակտիվ ճառագայթումները, տզրուկների հորդաները, այնուհանդերձ, նորանոր ուժեր նետելով ճակատամարտի դաշտ՝ ավելի էին ընդարձակում դեմքիս առանց այն էլ մի շատ ընդարձակ մասի գրավումը։
Օրինակ, մի անգամ․․․ Այդ դեպքը պատահեց ընդմիջման ժամանակ, երբ մեր և մյուս աշխատանոցների ընդհանուր գործունեությունը համաձայնեցնելուն նվիրված խորհրդակցությունից վերադարձա իմ առանձնասենյակը․․․ Երիտասարդ աշխատակցուհին, որ հենց այդ տարի էր ավարտել ինստիտուտը, մի գիրք թերթելով մոտեցավ ինձ, և նրա տեսքը հուշում էր, որ ուզում է շատ կարևոր մի բան ասել։ «Տեսեք, սենսեյ, ի՜նչ զվարճալի պատկեր է»։ Գրքում, որ ծիծաղելով պարզեց ինձ, նրա նուրբ մատի տակ Քլեյի «Կեղծ դեմքը» գծանկարն էր։ Դեմքը նկարված էր հորիզոնական զուգահեռ գծերով, և, եթե նայելու լինեինք որոշակի մի կետից, ապա կթվար, թե վիրակապված է։ Երևում էին միայն երկու նեղլիկ ճեղքեր՝ աչքերի ու բեբանի համար. և այս պարագան հատկապես ընդգծում էր դեմքը որևէ արտահայտությունից զուրկ լինելու անողոք վիճակը։ Ես հանկարծ խորապես խոցված զգացի ինքս ինձ։ Աղջիկն, անշուշտ, որևէ հետին միտք չուներ։ Այդ ես էի, որ գիտակցորեն, իմ խոստովանություններով դրդում էի նման մտքերի ծնունդը նրանց գլխում։ Ռչինչ, ոչինչ․․․ Հանգստացիր․․․ Եթե այդքան դատարկ բաներից սկսեմ հուզվել, ապա բոլոր ջանքերս կպայթեն ջրում լողացող պղպջակների պես․․․ Թեև այսպես համոզում էի ինքս ինձ, բայց շուտով ամեն բան դարձավ անտանելի. ինձ նույնիսկ թվաց, թե նկարը աղջկա աչքերի մեջ արտացոլվող իմ սեփական դեմքն է․․․ Ուրիշին տեսանելի «Կեղծ դեմք», որը զուրկ է ամենայն արտահայտությունից․․․ Ինձ չարչարում էր այն միտքը, թե աղջկան հենց այդպիսին եմ թվում։
Հանկարծ նրա ձեռքից պոկեցի գիրքն ու մեջտեղից պատռեցի։ Գրքի հետ պատռվեց նաև սիրտս․․․ Եվ այդ պատռվածքից, ինչպես հոտած ձվի ճաքից,- դուրս ծորաց իմ ներսում կուտակվածը․․․ Այսպես, դատարկվելով, ես հավաքեցի պատառոտած թերթերը և ներողություն խնդրելով, վերադարձրի աղջկան։ Բայց արդեն ուշ էր։ Իմ ականջին մի ձայն հասավ, որը սովորական պայմաններում նույնիսկ լսողությունը լարելիս անհնարին է լսել. ասես ցինկե թիթեղը, թերմոստատում ճկվելով, շրշյուն արձակեց։ Երևի աղջիկն էր, որ փեշի տակ ամուր սեղմեց ծնկները, ասես ջանալով դրանք միացնել, դարձնելով մի ամբողջություն։
Հավանաբար, ես դեռ այն ժամանակ չէի գիտակցել իմ տըխրության տակ թաքնված ամեն ինչը։ Տառացիորեն ֆիզիկապես զգալով ամոթի չարչարանքները, ես, այնուհանդերձ, ճշտիվ չէի կարող որոշել, թե ըստ էության ինչից եմ այդպես ամաչում։ Չէ, թերևս, եթե ուզենայի, ապա կկարողանայի, բայց բնազդորեն խուսափեցի նայել հորձանուտի մեջ և փրկվեցի ծեծված ու ծամծմված մի խոսքով՝ նման վարքագիծը անվայել է հասուն մարդու համար։ Ես համոզված եմ, որ դեմքը մարդու կյանքում այդքան մեծ տեղ չպետք է դրավի։ Մարդու նշանակությունը, ի վերջո, պետք է չափել նրա կատարած աշխատանքի բովանդակությամբ, ու թեև դա կապված է գլխուղեղի արժանիքների հետ, սակայն դեմքն այստեղ որևէ դեր չունի։ Եվ եթե դեմքից զրկված լինելու պատճառով մարդու հասարակական քաշը նվազում է, ապա պատճառը կարող է մի բան միայն լինել՝ տվյալ անձնավորության աղքատիկ բովանդակությունը։
Բայց կարճ ժամանակ անց․․․ Այո, պատկերի հետ կապված այդ դեպքից հետո հազիվ մի քանի օր անց․․․ Ես կամա-ակամա սկսեցի ավելի ու ավելի գիտակցել, որ դեմքիս տեսակարար կշիռը նշանակալից չափով գերազանցում է իմ ամենալավատեսական հաշիվները։ Այս նախազգուշացումը ինձ հասավ բոլորովին անաղմուկ, իմ իսկ էության խորքերից։ Իմ ամբողջ ուշադրությունը կլանված էր դրսից եկող հարձակումներից պաշտպանվելու պատրաստակամությամբ, ուստի և հանկարծակիի եկա, իսկ հաջորդ պահին արդեն պառկեցրել էին թիակներիս վրա։ Ընդ որում գրոհն այնքան կտրուկ էր ու անսպասելի, որ թիակներիս վրա ընկնելով հանդերձ չկարողացա հասկանալ, թե, այնուամենայնիվ, ինչ է կատարվում։
Երբ երեկոյան տուն էի վերադառնում, Բախ լսելու մի անհաղթահարելի ցանկություն ունեցա։ Խնդիրն այն չէ, թե չէի կարող ապրել առանց Բախի, պարզապես ինձ թվում էր, թե իմ անհարթ, թերևս՝ դանակի բերանի պես մաշված տրամադրությունը, որի տատանումների ամպլիտուդը չափազանց փոքրացել էր, շատ ավելի կհամապատասխանի Բախը, քան թե ջազային երաժշտությունը կամ Մոցարտը։ Ես բնավ էլ երաժշտության ջերմեռանդ գնահատող չեմ եղել. ավելի շուտ ջերմեռանդ սպառող կարող եմ համարվել։ Երբ գործս առաջ չի գնում, ես ընտրում եմ այնպիսի երաժշտություն, որը շատ ավելի համապատասխաներ իմ անգործունյա տրամադրությանը։ Եթե անհրաժեշտ է, որպեսզի միառժամանակ ընդհատեմ մտորումներս, ընտրում եմ կրակոտ ջազը։ Եթե ուզում եմ ինքս ինձ լարել, ապա գերադասում եմ խոհուն Բարտոկը։ Եթե ջանում եմ ապրել ներքին ազատության զգացում, ապահ Բեթհովենի լարային կվարտետը։ Եթե անհրաժեշտ է որևէ բանի վրա կենտրոնանալ՝ պարուրագծով շարժվող Մոցարտ։ Իսկ Բախը՝ այդ ամենից առաջ, երբ անհրաժեշտ է վերականգնել հոգեկան հավասարակշռությունը։
Բայց հանկարծ ինձ պատեց կասկածը, թե արդյո՞ք ձայնապնակը չեմ շփոթել, կամ գուցե ձայնարկի՞չն է փչացել։ Հիրավի, մեղեդին շատ էր աղավաղված։ Այդպիսի Բախ երբեք չեմ լսել։ Եթե Բախը հոգու բալասան է, ապա այն, ինչ լսում էի, ոչ բալասան էր ու ոչ էլ թույն, այլ կավի ինչ֊որ գուղձ։ Անիմաստ մի բան էր դա, կատարյալ հիմարություն, բոլոր դարձվածքները նման էին փոշեթաթախ ու սիրտ խառնելու չափ քաղցր սառնաշաքարների։
Եվ դա պատահեց ճիշտ այն ժամանակ, եբբ թեյի երկու գավաթ ձեռքիդ, դու ներս մտար։ Ոչինչ չասացի, և դու, հավանաբար, մտածեցիր, թե խորասուզվել եմ երաժշտության մեջ։ Առանց խոսք ասելու, անմիջապես ելար սենյակից։ Ուրեմն, ե՞ս էի գժվել․․․ Բայց, միևնույն է, չէի հավատում․․․ Մի՞թե այլանդակված դեմքը ընդունակ է ազդել երաժշտության ընկալման վրա․․․ Որքան էլ լարել էի ուշադրությունս, ինձ խաղաղացնող Բախը չկար ու չկար, և այլևս ոչինչ չէր մնում, քան հենց այդպես էլ մտածելը։ Սիգարեթը դնելով վիրակապերի միջև եղած ճեղքի մեջ, ես նյարդայնորեն ինքս ինձ հարցրեցի՝ արդյո՞ք դեմքիս հետ ինչ-որ մեկ ուրիշ բան էլ չեմ կորցրել։ Դեմքին վեբաբերող իմ փիլիսոփայությունը կարծես թե արմատական վերանայման կարիք ուներ։
Հանկարծ ոտքերիս տակից մի կողմ սահեց ժամանակի հատակը, և ես սուզվեցի երեսնամյա վաղեմություն ունեցող հիշողությունների խորքը։ Այդ դեպքը, որ եղած օրից ի վեր երբեք չէի հիշել, հանկարծ կենդանացավ, դարձավ ցցուն, ինչպես լինում է գունավոր փայտագրությունը։ Ամեն ինչ սկսվել էր ավագ քրոջս դնովի մազերից։ Չեմ կարող ասել, թե ինչու, բայց այդ մազերը ինձ թվում էին ծայրաստիճան անպարկեշտ ու բարոյազուրկ։ Մի անգամ դրանք թռցրի ու նետեցի կրակի մեջ։ Բայց ոնց եղավ՝ մայրս նկատեց։ Իմ այդ արարքը սրտին շատ մոտիկ ընդունելով, սկսեց հարցաքննել ինձ։ Ու թեև համոզված էի, որ ճիշտ եմ վարվել, բայց երբ հարցաքննությունը սկսվեց, չիմանալով, թե որն է ավելի հարմար պատասխանը, շփոթված ու կարմրած կանգնել ու լռում էի։ Չէ, եթե փորձեի, ապա, իհարկե, թերևս կկարողանայի պատասխանել։ Բայց թվում էր, թե այդ մասին խոսելն իսկ արդեն կեղտոտ բան է. զզվանքը կապ էր գցել լեզուս․․․ Հապա՛, եթե դնովի մազերը փոխարինենք դեմք բառով, հանկարծ կպարզվի, թե անտանելի ներքին լարվածությունն ինչո՛ւ էր այդքան ճիշտ զուգադիպում ավերված Բախի դատարկ հնչողությանը։
Ես կանգնեցրի ձայնարկիչը և այնպես դուրս վազեցի աշխատասենյակից, ասես ընկել էին իմ հետևից. դու սրբում էիր ճաշասեղանին դրած բաժակները։ Այն, ինչը տեղի ունեցավ հետո, մի այնպիսի անակնկալ բռնկում էր, որ հիմա չեմ կարող հիշողությամբ վերականգնել, թե ինչպես պատահեց այդ ամենը։ Ընդհարվելով քո հակազդեցությանը, ես, ի վերջո, կարողացա լիակատար կերպով գիտակցել, թե որպիսին է իմ վիճակը։ Աջ ձեռքով գրկեցի քո ուսերը, իսկ ձախով փորձեցի մտնել փեշիդ տակ։ Դու ճչացիր և հանկարծ, ասես լարված մի զսպանակ լինեիր՝ վեր ցատկեցիր տեղից։ Աթոռը մի կողմ ընկավ, իսկ բաժակը փշուր-փշուր եղավ հատակին։
Շրջված աթոռից ամուր բռնելով, շունչներս պահած՝ մենք քարացել էինք իրար դիմաց։ Արածս, գուցե, իսկապես, շատ կոպիտ բան էր։ Բայց ես ինչ-ինչ արդարացումներ ունեի։ Դա մի հուսահատ փորձ էր միանգամից վերադարձնելու այն, ինչը սկսել էի կորցնել այլանդակված դեմքիս պատճառով. Չէ՞ որ այն օրից ի վեր, երբ այդ դժբախտությունը պատահեց, մեր միջև ֆիզիկական մերձեցում չի եղել։ Թեև տեսականորեն ընդունում էի, որ դեմքը ենթակայական նշանակություն ունի, բայց և այնպես, խուսափում էի ուղիղ նայել դեմքիս։ Ինձ սեղմել էին անկյունում, և ուրիշ ելք չունեի, քան ճակատային գրոհի նետվելն էր։ Ըստ երևույթին, իմ արարքով ուզում էի ապացուցել, որ մեր միջև իմ դեմքի պատճառով ստեղծված պատնեշը երևութական է, գոյություն չունի։
Բայց այդ փորձն էլ ձախողվեց։ Մինչև հիմա էլ մատներիս ծայրերը ծակծկում է կրակի բոցերի պես մի զգացողություն, որ ունեցա ասես գաջով փոշեթաթախ քո ազդրերի միջև եղած խորքը շոշափելիս։ Փշոտ մի խուրձի պես կոկորդիս դեմ առավ խռպոտած ճիչը։ Ես ինչ֊որ բան էի ուզում ասել։ Ուզում էի շա՜տ բան ասել․․․ Բայց շրթունքներիցս բառերը չէին պոկվում։ Արդարացո՞ւմ է․․․ Զղջո՞ւմ․․․ Բայց գուցե մեղադրա՞նք․․․ Անհրաժեշտ էր դրանցից մեկնումեկը ընտրել, բայց ես, ըստ երևույթին, արդեն ուշացրել էի։ Արդարանալու կամ զղջալու փոխարեն շատ ավելի լավ կլիներ, եթե ցնդեի ու վերանայի ծխի պես։ Եթե ընտրեի հարձակումը, ապա կբզկտեի քո դեմքը, և դու կնմանվեիր ինձ կամ կդառնայիր ավելի սոսկալի։ Հանկարծ հեծկլտալով լաց եղար։ Դա մի խեղճ, հուսահատ լաց էր, որը նման էր ջուրը կտրվելուց հետո ծորակից օդ դուրս գալու գռգռոցի։
Հանկարծ իմ դեմքին մի խոշոր ծակ բացվեց։ Այնքան խորն էր, որ թվում էր թե կտեղավորվեր ամբողջ մարմինս։ Ինչ-որ տեղից սկսեց հեղուկ ծորալ, որը նման էր փտած ատամից հոսող թարախի, և կաթեց հատակին։ Կաթկթոցի այդ ձայնին ուղեկցող գարշահոտությունը, որ տարածվել էր սենյակով մեկ, ինձ էր հասնում ամեն կողմից՝ աթոռների պաստառից, պատի պահարանի անկյուններից, լվացարանից, գունաթափ ու ճանճերի հետքերով ծածկված լուսամփոփից։ Անհրաժեշտ էր ինչ-որ բան ձեռնարկել. ես ուզեցի վերջ տալ պահմտոցի խաղալու այս ծադրին, որովհետև չկար մեկը, որից պիտի թաքնվեի։
Այստեղից մինչև դիմակ սարքելու իմ ծրագիրը ընդամենը մի քայլ էր։ Զարմանալի չէր, անշուշտ, որ այդպիսի գաղափար էր ծնվել։ Մոլախոտի համար մի ափ հողն ու մի կաթիլ ջուրն էլ լիուլի բավական է։ Սրտիս մոտ չընդունելով և լուրջ կարևորություն չտալով դրան, հաջորդ օրվանից, ինչպես և որոշել էի, սկսեցի աչքի անցկացնել գիտական հին հանդեսների նյութերի վերնագրերը։ Խեժից պատրաստած մարմնի արհեստական մասերին վերաբերող հոդվածը պետք է որ լիներ մոտավորապես նախանցյալ տարվա ամառային թվերից մեկում։ Այո՛, իմ նպատակն էր արհեստական խեժից դիմակ սարքելը և դրանով դեմքիս այլանդակ անցքերը քողարկելը։ Մի տեսություն կա, որի համաձայն դիմակը ոչ թե որպես սովորական մի փոխարինող է ծառայում, այլ սեփականին գերազանցող մեկ ուրիշ կերպարանք ստանալու հույժ մետաֆիզիկական ցանկության արտահայտիչ է։ Իմ մտածողությունն էլ անշուշտ շապիկ-վարտիքի մակարդակով չէր, որոնք կարելի է ուզածդ պահին փոխել։ Չգիտեմ, թե ինչպես կվարվեին կուռքերին երկրպագող մեր նախնիները կամ այն պատանիները, որոնք հասնում են արբունքի, բայց ինչ վերաբերում է ինձ, ես բնավ չէի պատրաստվում դիմակը իմ երկրորդ կյանքի բագինին դնել։ Քանի՜-քանի՛ դեմք էլ լիներ, ես պետք է մնայի միշտ ինքզինքս։ Մի փոքրիկ «դիմակների կատակերգությամբ» ես ընդամենը փորձում էի լցրած լինել կյանքիս չափից ավելի երկարատև ընդմիջումը։
Ինձ անհրաժեշտ հանդեսը գտա առանց որևէ դժվարության։ Գիտական գրականությանը վստահելու դեպքում կարելի է թե իսկականից չտարբերվող մարմնի տարբեր մասեր ստեղծել։ Ճիշտ է, խոսքը միայն ձևը վերարտադրելու մասին է, իսկ ինչ վերաբերում է շարժունակությանը, ապա այս խնդրում դեռևս շատ անլուծելի բաներ կան։ Եթե կարողանայի սարքել, ապա շատ լավ կլիներ, որպեսզի դիմակը նաև դիմախաղ ունենար։ Շատ կուզենայի, որ դիմակը ենթարկվելով դիմախաղը կառավարող մկանների շարժումներին, լաց լինելիս ու ծիծաղելիս՝ ազատորեն ձգվեր ու սեղմվեր։ Ու թեև բազմամոլեկուլային քիմիայի ժամանակակից մակարդակը թույլ է տալիս լուծել այդ խնդիրը, բայց տեխնոլոգիայի մարզում մեր գիտելիքները փոքրինչ հետ են մնում։ Այն ժամանակ, սակայն, հենց միայն նման հույս ունենալու հնարավորությունը ինձ վրա արդեն ներգործում էր որպես ջերմությունը իջեցնելու միջոց։ Երբ ատամներդ բուժելու ճար չես ունենում, ապա չկա ուրիշ մի ելք, քան ցավազրկող դեղ խմելն է։
Նախ որոշեքի հանդիպել մարմնի արհեստական մասեր պատրաստելուն նվիրված հոդվածի հեղինակ Կ.֊ին և խոսել հետը։ Կ.֊ն ինքը մոտեցավ հեռախոսին, ինձ հետ խոսեց ոչ միայն չոր ու անբարեհամբույր, այլև առանց որևէ հետաքրքրություն դրսևորելու։ Գուցե նրա մեջ նախապաշարում ծնվեց իմ նկատմամբ, այսինքն՝ մի մարդու նկատմամբ, որը նույնպես զբաղվում է բազմամոլեկուլային միացությունների քիմիայով։ Այնուհանդերձ, խոստացավ չորսից հետո մեկ ժամ ինձ նվիրել։
Արտաժամյա աշխատանքների պատասխանատուին հանձնարաբելով, որպեսզի բոլոր սարքերը չմոռանա անջատել, այնուհետև մի քանի փաստաթղթեր աչքի անցկացնելուց հետո գնացի հանդիպման։ Փողոցը այնպես էր փայլում, ասես հղկված լիներ, իսկ քամին ձիթապտղի հոտ էր տարածել շուրջբոլորը։ Թե փայլող փողոցը և թե այդ հոտը նախանձի սուր մի զգացողություն ծնեցին իմ մեջ։ Տաքսիի սպասելիս թվում էր, թե ամեն կողմից աչքերով ուտում են ինձ, ասես ապօրինի կերպով իրենց միջավայր ներխուժած եկվոր լինեի։ Բայց ես դիմանում էի չափազանց պայծառ արևի լույսին, քանի որ այդ ամենը սոսկ սևանկար էր, ուր սևըճ ճերմակ էր, իսկ ճերմակը՝ սև, և եթե հաջողվի դիմակ ունենալ, տեղնուտեղը կկարողանամ վերականգնել լուսանկարը։
Այն տունը, ուր պետք է գնայի, գտնվում էր շրջանային ճանապարհի կայարանից ոչ շատ հեռու, բավականին խիտ կառուցված բնակելի շենքերի փողոցի վրա։ Սովորական, որևէ բանով աչքի չընկնող տուն էր, որի ճակատին փակցված էր դրեթե չնկատվող մի տախտակ. «Կ.֊ի բազմամոլեկուլային քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ»։ Բակում, դարպասի մոտ, իրար քով անկանոն դրված էր ճագարներով լի երեք վանդակ։
Նեղլիկ ընդունարանում դրված էին միայն փայտե մի հին նստարան ու երկայն ոտքերով մոխրաման, կային նաև մի քանի հին ամսագրեր։ Չգիտես ինչու, զղջացի, որ եկել եմ այստեղ։ Ինստիտո՜ւտ, իհարկե, բավականին պատկառազդու էր հնչում, բայց հազիվ թե սա այն տեղը լիներ, ուր կարելի էր ընտրել բուժող բժշկի։ Գուցե այդ Կ.֊ն հիվանդներին վստահություն ներշնչած մի սովորական խաբեբա է։ Ետ շրջվելով, պատին փոշոտ շրջանակներով երկու լուսանկար տեսա։ Մեկի վրա պատկերված էր դաշտամկան դունչ հիշեցնող առանց կզակի կնոջ կիսադեմը։ Մյուսին՝ նույն կինն էր, որը թույլ ժպտում էր, դարձել էր փոքր֊ինչ համակրելի, և այդ փոփոխության պատճառը ձևարվեստական վիրահատությունն էր։
Երկարատև անքնության հետևանքը իրեն զգացնել տվեց, ինչ֊որ մի ծանրություն էր ճնշում քթարմատիս, և չոր նստարանին նստելը դարձավ անհնարին։ Վերջապես, հայտնվեց գթության քույրն ու ինձ առաջնորդեց հարևան սենյակ, որը ողողված էր փեղկերի ճեղքերից ներս հոսող կաթնագույն լույսով։ Պատուհանի մոտ դրված սեղանին սրսկիչ ասեղներ չկային, բայց սահմռկեցուցիչ կերպով շարված էին ինչ֊որ անծանոթ գործիքներ։ Սեղանի առաջ դրված էր, բազկակալներով, պտտվող մի բազկաթոռ և մի պահարան, որտեղ քով֊քովի շարված էին հիվանդության պատմությունները, իսկ դիմացը գտնվոլմ էր ճիշտ նույնպիսի մի բազկաթոռ՝ հիվանդների համար։ Քիչ հեռու դրված էր բարձր, միփեղկանի, մետաղյա շրջանակով միջնորմավարագույրը, իսկ քովը՝ հագուստը փոխելու անվակավոր մի խցիկ։ Բժշկի աշխատասենյակի սովորական կահավորություն էր։ Եվ դրանից մի անասելի վհատություն պատեց ինձ։
Սիգարեթ վառեցի։ Մոխրամանին մոտենալու համար ոտքի ելա ու հանկարծ քարացա, տեսնելով արծնապատ թասի պարունակությունը։ Մի ականջ, երեք մատ, դաստակ, կոպից մինչև շրթունքը ձգվող այտի կտոր․․․ Այդ ամենը թասի մեջ էին նետված անփութոոեն, ինչպես պատահեր, այնքան կենդանի, ասես հենց նոր էին կտրել։ Շփոթվեցի ու գլուխս կորցրի․․․ Դրանք ինձ շատ ավելի իսկական թվացին, քան կարող էին լինել իսկականները։ Անկեղծ ասած, նույնիսկ մտքիս ծայրով չի անցել, որ չափազանց ճշգրիտ պատճենը կարող է մարդու վրա այդքան ծանր տպավորություն թողնել։ Ու թեև բավական էր տեսնել կարվածքները՝ համոզվելու համար, որ դրանք պատրաստված են ընդամենը արհեստական խեժից, բայց և այնպես, միևնույն է, ինձ թվաց, թե մահվան հոտ եմ առնում։
Միջնորմավարագույրի հետևից հանկարծ հայտնվեց Կ.֊ն։ Ինձ ապշեցրեց նրա մեղմ արտաքինը։ Գանգուր մազեր, առանց շրջանակի ակնոց, որի հաստ ապակիները բաժակի հատակի էին նման, մսեղ կզակ․․․ Միաժամանակ, Կ.֊ից գալիս էր շատ հարազատ, ինձ համար շատ առտնին քիմիական նյութերի հոտը։
Հիմա արդեն տագնապելու նրա հերթն էր։ Միառժամանակ լուռ, շվարած նայում էր մերթ իմ այցետոմսին, մերթ իմ դեմքին,
— Ուրեմն, դուք․․․— Կ.-ն լռեց, դարձյալ մի հայացք նետեց իմ այցետոմսին և արդեն բոլորովին ուրիշ ձայնով, քան հեռախոսով խոսելիս, զուսպ ավարտեց միտքը։— Դուք եկել եք որպես հիվա՞նդ։
Իհարկե, որպես հիվանդ։ Բայց որքան էլ բացառիկ լիներ Կ.-ի արվեստը, ես չէի համարձակվի նվազագույն հույսն իսկ ունենալ, թե նրան կհաջողվի բավարարել իմ ցանկությունը։ Միակ բանը, որ ակնկալում էի՝ խորհուրդն էր։ Մյուս կողմից, այդ մասին ուղիղ ճակատին ասելն ու դրանով իսկ զրուցակցիս վիրավորելը, անշուշտ, մեծահոգություն չէր լինի։ Կ.-ն երևի անհամարձակությամբ բացատրեց իմ լռությունը և կարեկցանքով շարունակեց.
— Խնդրեմ՝ նստեք․․․ Ինչի՞ց եք բողոքում։
— Փորձարկման Ժամանակ պայթեց հեղուկ թթվածինը։ Սովորաբար հեղուկ ազոտ ենք օգտագործում, և քանի որ դրան էի վարժվել, անզգուշաբար․․․
— Քելոիդային սպինե՞ր են։
— Ինչպես տեսնում եք՝ ամբողջ դեմքս։ Հավանաբար, մարմինս ենթակա է այսպիսի կոշտ սպիավորման։ Ինձ բուժող բժիշկը որոշեց այլևս չզբաղվել իմ դեմքով, քանի որ նվազագույն անզգուշությունը կարող էր կրկնել երևույթը։
— Շրթունքների շուրջ ձեր դեմքը կարծես թե չի վնասվել։
Մուգ ակնոցը հանելով պարզեցի նրան։
— Սրա շնորհիվ աչքերս էլ չվնասվեցին։ Բախտս բերեց, որ կարճատեսության պատճառով ակնոց եմ դնում։
— Այո, ձեր բախտը բերել է։— Եվ այնպիսի մի կրքոտությամբ, ասես խոսքը իրեն էր վերաբերում, շարունակեց.— Խոսքը աչքերի և շրթունքների մասին է․․․ Շատ վատ է, երբ դրանք կորցնում են իրենց շարժունակությունը․․․ Իսկ միայն արտաքին ձևով, ինչպիսին էլ այն լինի՝ ոչ ոքի չի կարելի խաբել։
Ես նրանից իր գործին նվիրված մարդու տպավորություն ստացա։ Ուշադիր ու անթարթ դեմքս զննելով, թվում էր, թե նա մտքում արդեն ծրագիր էր մշակում։ Հուսախաբ չանելու համար շտապեցի փոխել զրույցի նյութը։
— Ինձ ցույց են տվել ձեր գրած աշխատությունը։ Կարծեմ անցյալ տարվա ամռանն էր։
— Այո, անցյալ տարի էր։
— Ես ուղղակի ապշած էի։ Մտքովս իսկ չէր անցնի, թե կարելի է հասնել այդպիսի մակարդակի։
Չթաքցրած գոհունակությամբ Կ.֊ն ծռված մի մատ վերցրեց և, ափի մեջ գլորելով, ասաց.
— Եթե իմանայիք, թե ինչքա՜ն բծախնդիր աշխատանք է։ Կարո՞ղ եք արդյոք սրա մատնագրերը տարբերել իսկականից։ Հենց այդ էր պատճառը, որ ոստիկանությունից ստացա առաջին հայացքից տարօրինակ մի հանձնարարություն՝ ցուցակագրել բոլոր մատնագրերը։
— Որպես կաղապար օգտագործում եք գի՞պսը։
— Ոչ, մածուցիկ կայծքարը։ Բանն այն է, որ գիպսը չի կարողանում հաղորդել մանրամասները․․․ Իսկ այստեղ, ուշադրություն դարձրեք, նույնիսկ եղունգի հիմքի մոտ փշփշուկներն են շատ պարզ ընդգծված։
Վախվորած շոշափեցի, զգացողությունս այնպիսին էր, ասես կենդանի բանի եմ դիպել։ Ու թեև հասկանում էի, որ դա արհեստական է, այնուհանդերձ, սնոտի մի վախ պարուրեց ինձ, ասես մահին էի ձեռք տվել։
— Բայց և այնպես թվում է, թե սրբապղծության պես մի բան է․․․
— Այնուամենայնիվ, սրանք մարդկային մարմնի մասեր են․․․
Կ.֊ն հպարտանալով վերցրեց մի ուրիշ մատ ու կտրվածքի վրա ուղղահայաց դիրքով դրեց սեղանին։ Թվաց, թե սեղանի երեսը ծակելով, տակից մի մեռել դուրս է ցցել մատը։
— Հապա փորձեք այնպես անել, որ լինի այսպես, մի փոքր աղտոտ․․․ հասարակ րան չկարծեք․․․ Գործադրում ես քո ամբողջ վարպետությունը՝ հիվանդի մարմնի այս կամ այն մասը ճշգրտորեն վերարտադրելու համար ջանում ես հաղորդել գրեթե անորսալին, միայն այդ անհատին բնորոշ յուրահատկությունը․․․ Սա, օրինակ միջնամատն է, ուստի առաջին հոդի ներսի կողմից երևում է այսպիսի երանգ։ Մի՞թե նիկոտինի հետքի նման չէ։
— Երևի, գույնը տվել եք վրձինով կամ ավելի նուրբ ուրիշ բանո՞վ։
— Բնավ․․․— Կ.֊ն առաջին անգամ մեր այս հանդիպման ընթացքում բարձրաձայն ծիծաղեց։— Ներկը շատ շուտ կմաքրվի։ Դրա համար էլ միջից, շերտ առ շերտ տարբեր գույնի նյութեր եմ դնում․․․ Օրինակ, եղունգների խորքում՝ վինիլացետատ․․․ Եթե անհրաժեշտ է, նաև կեղտի մի շերտ․․․ հոդերի ու ծալքերի ստվերների․․․ նաև երակների համար օգտագործում եմ թեթև կապույտը․․․ Մի խոսքով․․․
— Իսկ սրանք ինչո՞վ են տարբերվում սովորական արհեստավորի ձեռքով սարքածից։ Մի՞թե ամեն մարդ չի կարող․․․
— Կարող է,—. ասաց նա՝ ծունկը քորելով։— Բայց դեմքը սարքելու հետ համեմատած այս ամենը սոսկ առաջին ու անվստահ քայլերն են։ Դեմքը մնում է դեմք․․․ Նախ, գոյություն ունի մի այնպիսի բան, որպիսին արտահայտությունն է։ Ճի՞շտ է։ Դեմքի վրա հայտնված մի կնճիռը կամ միլիմետրի տասներորդ մասի չափով եղած չնչին անհարթությունը ստանում է վիթխարի նշանակություն։
— Բայց կարո՞ղ եք դեմքին շարժունակություն հաղորդել։
— Դուք շատ ավելին եք պահանջում․․․— Ծնկներն իրարից հեռացնելով, Կ.֊ն շրջվեք իմ կողմը։— Ես ամեն բան արել եմ, որպեսզի ստեղծեմ արտաքին տեսքը։ Իսկ ինչ վերաբերում է շարժունակությանը՝ դեռ չեմ հասցրել այդտեղ հասնել։ Այդ բանը մասամբ փոխհատուցվում է դեմքի նվազ շարժունակ մասերը ընտրելու ճանապարհով։ Այնուհետև գոյություն ունի մի շատ կարևոր հարց, որպիսին օդափոխությունն է։ Հենց օրինակ ձեր դեմքը։ Անշուշտ, առանց մանրակրկիտ զննումի վերջնական եզրակացություն կատարելը դժվար է, բայց դատելով այն բանից, ինչ տեսնում եմ, նույնիսկ վիրակապերի միջից ահագին քրտինք է արտաթորվում․․․ Հավանաբար, քրտնագեղձերը քիչ են վնասվել և շարունակում են գործել։ Եվ քանի որ գործում են, ուրեմն դեմքը չի կարելի ծածկել օդափոխությունը դժվարացնող որևէ բանով։ Դա ոչ միայն բնախոսական կարգի խախտումներ կառաջացնի, այչև կհանգեցնի այն բանին, որ մարդը կսկսի շնչահեղձ լինել և մի կես օր հազիվ կդիմանա։ Պետք է շատ զգույշ լինել։ Ծիծաղելի բան է, երբ ծերունու ատամները նույնքան ճերմակ են լինում, որքան երեխայինը։ Նույնն է նաև այս պարագայում։ Շատ ավելի մեծ արդյունք կարելի է ստանալ օտար աչքին աննկատ փոփոխություններով․․․ Ինքներդ կարո՞ղ եք վիրակապերը քանդել․․․
— Կարող եմ․․․ Բայց գիտեք․․․— Ես մտածեցի այն մասին, թե ինչպես կարելի է ավելի լավ բացատրել, որ իբրև հիվանդ չեմ եկել այստեղ։— Ճիշտն ասած, դեռ վերջնականապես չեմ որոշել։ Եվ այդ անվճռականությունս ինձ շատ է տանջում․․․ Քանի որ չեմ որոշել, ուրեմն հազիվ թե արժե ձեռք տալ դեմքիս վերքերին․․․
— Անշուշտ, արժե։— Սիրտ տալով ինձ, Կ.֊ն դարձավ ավելի ու ավելի համառ։— Մարմնի, հատկապես դեմքի վերքերը չի կարելի դիտել սոսկ որպես շպարելու խնդիր։ Պետք է նկատել, որ այն առնչվում է հոգեկան հիվանդությունների նախազգաշական միջոցառումներին։ Այլապես, մի՞թե որևէ մեկը իր ուժերը կնվիրեր նման մի հերետիկոսության։ Չէ՞ որ որպես բժիշկն ես ինքս ինձ հարգում եմ։ Ուստի բնավ չէի գոհանա միայն նմանակներ պատրաստող արհեստավորի ստանձնած դերով։
— Այո՛, այո՛․․․ հասկանում եմ։
— Ուրեմն, ինչպե՞ս հասկանալ․․․— Նա հեգնանքով ծռեց շրթունքները։— Ոչ այլ ոք, քան հենց դո՛ւք իմ աշխատանքները համարեցիք արհեստավորական նմանակումներ։
— Ոչ, իմ ասածը այդ մտքով չէր․․․
— Ոչինչ։— Եվ ամեն բան հասկացող ուսուցչի բարոյախոսական մի երանգով շարունակեց։— Դուք միակը չեք. ձեզ նման շատերն են վերջին պահին սկսում վարանել․․․ Դեմք սարքելու նկատմամբ ներքին ընդվզումը շատ բնական է, սովորական մի երևույթ։ Եվ այդ երևույթը սկիզբ է առնում, թերևս, ուշ միջնադարից։ Ասենք․․․ ասենք հիմա էլ զարգացման ցածր մակարդակի վրա գտնվող մարդիկ սիրով են զբաղվում իրենց դեմքերը ստեղծելով․․․ Խնդրի արմատները, դժբախտաբար, ինձ անհայտ են, քանի որ մասնագետ չեմ․․․ Բայց վիճակագրությամբ բավականին ճիշտ են դրսևորվում․․․ Եթե, օրինակ, դիտելու լինենք արտաքին վերքերը, ապա դեմքին հասցված վնասները վերջավորությունների վնասվածքների համեմատությամբ ավելի են գրեթե մեկուկես անգամ։ Բայց միևնույն ժամանակ, արտաքին վնասվածքներ ստացած հիվանդների ութսուն տոկոսը բժշկական օգնության են դիմում վերջավորությունները, հատկապես մատները կորցնելու առիթով։ Պարզ է, ուրեմն, որ դեմքի նկատմամբ որոշակի մի թաբու գոյություն ունի։ Մոտավորապես նույն բանն են դիտարկել նաև իմ գործընկերները։ Եվ ամենից սոսկալին այն է, որ իմ կատարածին վերաբերվում են որպես շահելու մոլուցքով բռնված, շատ հմուտ շպարող մարդու աշխատ անքի․․․
— Բայց մի՞թե զարմանալի է, որ բովանդակությունը գերադասում են արտաքին ձևին․․․
— Ուրեմն, ձեր կարծիքով, գերադասելի է անոթից զարկ պարունակությո՞ւնը։ Չեմ հավատում, համոզված եմ, որ մարդու հողին ամփոփված է մաշկի մեջ։
— Պատկերավոր արտահայտվելու դեպքում՝ միանգամայն հնարավոր բան է, երևի․․․
— Ինչո՞ւ պատկերավոր․․․— Այնուհետև հանդարտ, բայց վճռական երանգով։— Մարդու հոգին մաշկի մեջ է։ Ես համոզված եմ ու այդ ասում եմ բառիս բուն իմաստով։ Համոզված եմ սեփական փորձով, որ ձեռք եմ բերել պատերազմի ժամանակ, երբ բանակում ծառայում էի որպես զինվորական բժիշկ։ Պատերազմի դաշտում կտրատվում էին մարդկանց ձեռքերն ու ոտքերը, այլանդակվում էին դեմքերը, և այս ամենը տեղի էր ունենում ամեն օր։ Բայց ի՞նչ եք կարծում, ի՞նչն էր ամենից ավելի մտահոգում վիրավոր զինվորներին։ Ո՛չ կյանքը և ո՛չ էլ մարմնի կենսական գործունեության վերականգնվելը, ո՜չ․․․ Նրանք ամենից առաջ հետաքրքրոլմ էր, թե արդյո՞ք կպահպանեն իրենց նախկին տեսքը․․․ Սկզբում ծիծաղում էի նրանց վրա։ Չէ՞ որ այդ ամենը տեղի էր ունենում պատերազմի ժամանակ, որտեղ ոչ մի բան արժեք չուներ և միակ արժեքավորը դարձել էին տարբերանշանների աստղերի քանակն ու առողջությունը․․․ Բայց մի դեպք պատահեց. զինվորներից մեկը, որի դեմքը սոսկալի այլանդակված էր, թեև ուրիշ վնասվածքներ չուներ, բայց հոսպիտալից դուրս գրվելուց հետո ինքնասպան եղավ։ Եվ դա շատ անսպասելի բան էր․․․ Մինչ այդ նա գտնվում էր շոկային վիճակում․․․ Ես կատարեցի մի շատ հստակ եզրակացություն․․․ Այն ցավալի եզրակացությունը, որ արտաքին լուրջ վնասվածքները, ու հատկապես, երբ դեմքն է վնասվել, մանկական արտատպվող պատկերների պես, դրոշմվում են հոգեկան ցնցումի տեսքով․․․
— Այո, նման դեպքեր, հավանաբար, լինում են․․․ Բայց նկատի ունենալով սոսկ այն հանգամանքը, թե նման օրինակներ կարող են լինել ինչքան ուզենաք, թվում է, չի կարելի այդ երևույթը դիտել որպես ընդհանուր մի օրինաչափություն, քանի որ չկա գիտական ճշգրիտ հիմնավորում։— Ես հանկարծ անհաղթահարելի մի զայրույթ զգացի։ Մի՞թե եկել եմ, որպեսզի լսեմ, թե ինչպիսի անախորժություններ են ինձ սպասում։— Ի դեպ, այդ ամենը, ինչպես հարկն է՝ դեռ չեմ կշռադատել։ Ներեցեք, երևի շատ հիմար բաներ ասացի։ Եվ բոլորովին աննպատակ, այսքան թանկագին ժամանակ խլեցի ձեզնից․․․ Ներեցեք․․․
— Սպասեք, սպասեք,— ինքնավստահ ու քմծիծաղով ասաց նա։— Դուք թերևս կընկալեք որպես հարկադրանք, բայց ուզում եմ մի բան ասել ձեզ ու կարծում եմ, որ միանգամայն իրավացի կլինեմ․․․ Եթե դուք ամեն բան թողնեք այս նույն վիճակում, ապա ձեր ամբողջ կյանքը, ստիպված, ապրելու եք միայն վիրակապերի մեջ։ Ի դեպ, դուք հիմա էլ եք վիրակապված։ Եվ այս հանգամանքը ապացուցում է, թե դուք համոզված եք՝ ավելի լավ է վիրակապը, քան թե այն, ինչը վիրակապերի տակ է։ Հիմա ձեզ շրջապսհտող մարդկանց հիշողության մեջ ձեր դեմքն ապրում է այնպես, ինչպես եղել է հաշմվելուց առաջ։ Բայց ժամանակը կանգ չի առնում։ Ի դեպ, հիշողությունը նույնպես աստիճանաբար խամրում է։ Բացի այդ, նորանոր մարդիկ են հայտնվում, որոնք ձեր դեմքը տեսնելու առիթ չեն ունեցել։ Ի վերջո, ձեզ սնանկացած պարտապան կհայտարարեն այն բանի համար, որ վիրակապերի մուրհակով չեք կարողանում վճարել․․․ Ու թեև դուք կշարունակեք ապրել, հասարակությունը, սակայն, կթաղի ձեզ։
— Դուք արդեն չափն անցնում եք։ Ի դեպ, ի՞նչ եք ուզում դրանով ասած լինել։
— Եթե խոսքը վերաբերում է ձեռքերին կամ ոտքերին, կարելի է որքան ուզեք հանդիպել միատեսակ վնասվածքներ ունեցող մարդկանց։ Կույրը կամ խուլը ոչ ոքի չի զարմացնի․․․ Բայց դուք երբևէ առիթ ունեցե՞լ եք տեսնելու դեմք չունեցող մարդու։ Հավանաբար՝ ոչ։ Ի՞նչ է, կարծում եք այդպիսի մարդիկ գոլորշիացել, վերացե՞լ են։
— Չգիտեմ։ Ուրիշներն ինձ չեն հետաքրքրում։
Իմ ձայնը շատ կոպիտ հնչեց։ Բայց դա կանխամտածված չէր։ Նույնն է, թե ոստիկանական տեղամաս գնաս՝ կողոպուտի մասին հայտնելու, իսկ քեզ այնտեղ խորհոլրդ տան ավելի հուսալի փական գնել։ Բայց զրուցակիցս իր զենքերը վար չդրեց։
— Ցավոք, դուք ինձ լավ չհասկացաք։ Ի վերջո, դեմքը՝ դա արտահայտություն է։ Իսկ արտահայտությունը․․․ ինչպե՞ս ասեմ, որ ավելի ճիշտ լինի․․․ Մի խոսքով, արտահայտությունը յուրօրինակ մի հավասարում է, որը բացահայտում է ուրիշների հետ եղած հարաբերությունը։ Դեմքը այն արահետն է, որը քեզ կապում է նրանց հետ։ Եվ եթե արահետի վրա փլուզում կա, ապա նույնիսկ նրանք, ովքեր մի կերպ հայտնվել են այնտեղ, կանցնեն կգնան ձեր տան մոտով, կարծելով, թե դա անմարդաբնակ մի ավերակ է։
— Եվ դա հրաշալի բան կլինի։ Ես չէի ուզենա, որ պարապ տեղը ներս խցկվեն։
— Այսինքն, դուք ուզում եք ասել, թե գնալու եք ձեր սեփակա՞ն ճամփով։
— Ի՞նլ է, չի՞ կարելի․․․
— Նույնիսկ մանկան հոգեբանությունը չի կարող զանց առնել գոյություն ունեցող այն տեսակետը, թե մարդը միայն ուրիշի աչքերով ինքն իրեն դիտելու դեպքում կարող է իմանալ, թե ինքն իրենից ինչ է ներկայացնում։ Դուք երբևէ առիթ ունեցե՞լ եք տեսնելու ապուշի կամ խելագարի դեմքի արտահայտությունը։ Եթե ժամանակին արահետը չմաքրեք փլուզումից, ապա ի վերջո կմոռանանք թե ընդհանրապես այն գոյություն ունեցել է․․․
Որպեսզի վերջնականապես չպարտվեմ, փորձեցի գոց աչքերով անցնել հակահարձակման։
— Ի՞նչ արած․․․ իրավացի եք։ Ենթադրենք, թե դեմքի արտահայտությունը իրենից ներկայացնում է հատկապես այն, ինչ դուք ասում եք։ Բայց դուք հակասում եք ինքներդ ձեզ։ Ինչո՞ւ ավելի լավ միջոց չունենալով, քան դեմքի որևէ մասը քողարկելն է, դուք, գրողը տանի, կարծում եք, թե դրանով վերականգնած կլինեք արտահայտությունը։
— Զուր եք անհանգստանում․․․ Խնդրում եմ, վստահեք ինձ։ Այդ. արդեն իմ մասնագիտությունն է։ Համենայն դեպս, համոզված եմ, որ կկարողանամ շատ ավելի լավ մի բան տալ ձեզ, քան վիրակապերն են։ Հապա․․․ եկեք արձակենք․․․ Ես կուզենայի մի քանի լուսանկար անել։ Լուսանկարների օգնությամբ, բացառման մեթոդով կհաջողվի հաջորդաբար ընտրել կարևորագույն այն տարրերը, որոնք անհրաժեշտ են դեմքի արտահայտությունը վերականգնելու համար։ Այդ տարրերից նրանք, որոնք նվազ շարժողունակություն ունեն, հեշտությամբ կարելի է կայունացնել։
— Ներեցեք, բայց․․․— Հիմա իմ մտքում մի բան կար միայն. փախչել, հեռանալ այստեղից։ Մի կողմ դնելով սեփական արժանապատվության զգացումը, ես նրան դիմեցի մի խնդրանքով։— Այդ մատը չէի՞ք զիջի․․․
Զարմացած Կ.֊ն՝ ափով սկսեց ծունկը շփել։
— Մա՞տը․․․ Այս մա՞տը․․․
— Եթե մատը չի կարելի, ապա շնորհակալ կլինեի նաև ականջի համար։
— Բայց դուք եկել եք ձեր դեմքի քելոիդային սպիների առիթով, չէ՞․․․
— Ներեցեք, խնդրում եմ․․․ Եթե անհնարին բան է խնդրածս՝ ի՞նչ արած։
— Դուք ինձ չհասկացաք, ներեցեք․․․ Խնդիրն այն չէ, որ չեմ կարող վաճառել։ Հենց թեկուզ այն պատճառով, որ գինը շատ բարձր է․․․ Գիտե՞ք, ամեն մեկի համար ստիպված եմ լինում անտիմոնից կաղապար պատրաստել։ Եվ միայն նյութի վրա կատարած ծախսերը հասնում են հինգ֊վեց հազար իենի։ Եվ սա՝ ամենահամեստ հաշվարկներով։
— Շատ լավ։
— Չեմ հասկանում, ձեր մտքինը ի՞նչ է։
Նա չպետք է հասկանա․․․ Մեր զրույցը նման էր առանց ճիշտ հաշվարկի գցած ռելսերի, որոնք իրարից հեռացել էին տարբեր ուղղություններով։ Դրամապանակը հանեցի և, փողը հաշվելիս, անկեղծորեն շարունակ ներողություն էի խնդրում։
Երբ արհեստական մատը գրպանումս զենքի պես ամուր սեղմած դուրս ելա փողոց, լույսի և ստվերի միջև եղած սահմանը ինձ շատ անբնական թվաց. թվաց, թե գա մարդկային մի ձեռք է գծել։ Նրբանցքում գնդակ խաղացող երեխաները ինձ տեսնելով գունատվեցին ու կպան ցանկապատին։ Նրանց դեմքերն այնպիսին էին, ասես սպիտակեղենի պես ականջներից կախել էին պարանից։ Եթե վիրակապերն էլ քանդած լինեի, ապա նրանք վախից կչորանային․․․ Իսկ ես մի ահավոր ցանկություն ունեի. ինքս ինձ նետել ասես գովազդային բացիկից հայտնված այս բնանկարի մեջ։ Բայց դեմքից զրկված մարդու համար, որպիսին էի ես, անիմաստ բան էր վիրակապերից թեկուզ մի քայլ հեռանալը։ Պատկերացնելով, թե գրպանիս արհեստական մատով ինչպես կտոր֊կտոր կանեի այս բնապատկերը, դժվարությամբ մարսեցի Կ.-ի գարշելի խոսքերը. «Հասարակությունը ողջ-ողջ կթաղի ձեզ»։ Ոչինչ, դեռ կտեսնենք․․․ Եթե հիմա ինձ հաջողվի դեմքս ծածկել մի այնպիսի բանով, որը ոչնչով չտարբերվի իսկականից, ապա, ինչքան էլ արհեստական լինի բնականը, չի կարողանա ինձ դարձնել թշվառ ու լքյալ․․․
Եվ այդ գիշեր․․․ Արհեստական մատը մոմի պես դնելով սեղանին, առանց աչք գոցելու, մտածում էի այդ «նմանակի» մասին, որը շատ ավելի էր նման մարդու մատի, քան կարող էր նման լինել իսկականը։
Թերևս, իմ երևակայության մեջ ստեղծում էի հրաշալի մի հեքիաթից ընդօրինակած դիմակահանդես, ուր անսպասելիորեն հայտնվում էի նաև ինքս։ Բայց նույնիսկ երևակայության մեջ չէի կարող մի փոքրիկ ծանոթագրություն չկատարել. «հեքիաթային»։ Մի՞թե սա խորհրդանշական չէ։ Ես արդեն գրել եմ, որ այդ ծրագիրը ընտրել էի թեթև սրտով, ասես անցնելու էի փոքրիկ գետակի մի ափից դեպի մյուսը։ Եվ, անշուշտ, վերջնական որևէ վճիռ դեռ չունեի։ Թերևս, դիմակի նկատմամբ թեթևամիտ վերաբերմունք ունենալու ենթագիտակցական ձգտո՞ւմն էր պատճառը, թերևս փորձում էի ինքս ինձ հանգստացնել, թե դեմք կորցնելը դեռ չի՞ նշանակում շատ էական մի բանի կորուստ ունենալ։ Ուստի, որոշակի առումով խնդիրը ինքնին դիմակը չէ. ինքնուրույն նշանակություն է ստանում այն մարտահրավերի իմաստը, որ նա նետում է դեմքին, դեմքի հեղինակությանը։ Եթե ընդհարվելով տրոհված Բախին, հետո՝ քո մերժմանը, ես հասած չլինեի այս իմ հալածական վիճակին, ապա, թերևս, ամեն բանի կնայեի շատ ավելի հանգիստ և նույնիսկ ուժ կունենայի գոնե ինքս իմ մեջ կատակել դեմքիս առիթով։
Իսկ առայժմ սև խավարը ջրի մեջ կաթեցրած տուշի պես ավելի ու ավելի է տարածվում իմ սրտում։ Դեմքը մարդկանց միջև ընկած արահետ է. այս է Կ.-ի տեսակետը։ Ինձ հիմա այնպես է թվում, որ եթե Կ.-ն վրաս անբարենպաստ տպավորություն է թողել, ապա ոչ թե ինքնաբավ կեցվածքի կամ ամեն կերպ ինձ բուժելու ցանկություն դրսևորելու, այլ հենց այդ գաղափարի պատճառով։ Նրա հետ համաձայնել՝ նշանակում է խոստովանել, թե դեմքս կորցնելով, ընդմիշտ զմռսվել եմ մեախցում և, հետևաբար, դիմակն էլ ստանում է հույժ խորը իմաստ։ Հետևաբար, իմ ծրագիրը դառնում էր բանտից փախչեչու մի փորձ, և խաղաթղթին էր դրվում մարդու գոյությունը։ Ուրեմն, այժմյան վիճակս դառնում էր անհուսալի, որը և խիստ համապատասխանում է նմանօրինակ ծրագրին։ Հիրավի, սպառնացող իրադրությունը այն է, որն ընկալվում է որպես սպառնացող։ Չափազանց դժվար բան է նման մի տեսակետի համաձայնելը։
Ինքս եմ խոստովանում, որ հենց ես անչափ կարիք ունեմ մարդկանց հետ կապող արահետի։ Հենց այդ պատճառով էլ գրում եմ այս տողերը։ Բայց մի՞թե միակ արահետը դեմքն է։ Հավատս չի գալիս։ Հոսքաբանության հարցերին նվիրված իմ թեղերը հասկանալի էր մարդկանց, նրանք մեջբերումներ էին կատարում ինձնից՝ երբեք դեմքս տեսած չլինելով հանդերձ։ Անշուշտ, մարդկանց հետ կարելի է կապ հաստատել ոչ միայն գիտական աշխատությունների օգնությամբ։ Քեզնից, օրինակ, պահանջս բոլորովին այլ է։ Այն, ինչը մենք անվանում ենք սիրտ ու հոգի, իհարկե, չունի հստակ մի գծագրություն, բայց իրենից ներկայացնում է մարդկային փոխհարաբերությունների շատ ավելի շոշափելի իարհրդանիշ։ Դրանք շատ ավելի բարդ են, քան սոսկ հոտով իրար ճանաչող կենդանիների հարաբերությունները։ Եվ ուստի, մարդկանց համար ամենից ընդունելի և ամենից տարածված կերպը՝ դեմքի արտահայտությունն է։ Ըստ երևույթին, ճիշտ այնպես, ինչպես փոխանակման դրամական համակարգը մի քայլ առաջ է բնամթերքայինից։ Բայց, ի վերջո, դրամն էլ սոսկ միջոց է, և հազիվ թե հնարավոր լինի պնդել, որ այն ամենազոր է ուզածդ բոլոր իրադրություններում։ Որոշակի իրադրության մեջ փոքրիկ նամականիշը և հեռագրային փոխանցումը, ուրիշ դեպքերում՝ թանկարժեք քարերն ու ազնիվ մետաղները շատ ավելի հարմար են դրամից։
Բայց արդյո՞ք սովորությամբ բացատրվող կանխակալ կարծիք է, թե հոգին ու սիրտը նույնացված բաներ են և նրանց միջև կապը կարելի է միայն դեմքի օգնությամբ հաստատել։ Երբեք բացառիկ չեն այն դեպքերը, երբ սրտերի սերտ միաբանության տանող ուղին ոչ թե շարունակ իրար երեսի նայելն է, այլ բանաստեղծությունը, գիրքը, ձայնապնակը։ Եթե այնպես համադրենք, որ դեմքը խիստ անհրաժեշտ բան է, ապա ամենից առաջ կույրերն են զրկված լինելու մարդուն բնութագրելու հնարավորությունից։ Մի՞թե այդպես չէ։ Ավելի շուտ՝ ինձ ուրիշ բան է անհանգստացնում, արդյո՞ք դեմքի մասին սովորական պատկերացումների վրա այդքան հեշտությամբ հենվելու հակումը չի հանգեցնի հակառակ արդյունքի՝ մարդկանց միջև կապերը նեղացնելուն և ձևական դարձնելուն։ Հրաշալի օրինակ կարող է ծառայել մաշկի գույնի նկատմամբ բոլորին հայտնի տխմար նախապաշարումը։ Անկատար դեմքին, որի գործունեությունը սահմանափակված է սոսկ սևի, սպիտակի ու դեղինի միջև եղած տարբերությունները տեսնելու գործին օժանդակելուն, ուրեմն, այդ դեմքին հանձնրարել դեպի հոգին տանող արահետի առաքելությունը՝ արդեն իսկ նշանակում է արհամարհել հոգին։
Հետգրություն։ Կարդացի գրածս ու տեսա, որ ժխտելով ամենայն կախյալությունը դեմքից, բավականին թափանցիկ մի հնարքի եմ դիմել։ Հենց, օրինակ, այն անհերքելի փաստը, որ առաջին անգամ քեզ վրա ուշադրություն եմ դարձրել դեմքիդ շնորհիվ։ Եվ հիմա էի երբ մտածում եմ այն տարածության մասին, որը մեզ բաժանում է, որպես չափողություն ծառայում է ոչ այլ ինչ, քան քո դեմքի արտահայտության զգալի հեռավորությունը։ Այո՛, ըստ երևույթին, հենց սկզբից պետք է փորձեի փոխել մեր տեղերը և բացահայտորեն պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե դեմքից զրկվածը դու լինեիր։ Դեմքի թերագնահատումը, ինչպես նաև՝ գերագնահատումը իր մեջ միշտ կրում է արհեստականության որոշակի տարր։ Հենց թեկուզ քրոջս դնովի մազերի հետ կապված պատմությունը։ Ես դա հիշեցի, թերևս, մի պատճառով միայն, որպեսզի բացատրեմ դեմքին հույժ կարևոր նշանակություն չտալու իմ ցանկությունը։ Բայց, եթե լավ մտածենք, հազիվ թե այդ օրինակը համապատասխանի տվյալ դեպքին։ Հավանաբար, դա եղել է պարզապես հետաքրքրություն, միևնույն ժամանակ՝ գարշանք ամենայն արհեստականի նկատմամբ, մի երեվույթ, որ հաճախ կարելի է նկատել դերասանների մեջ։ Այդ պատմությունը, ավելի շուտ, հուշում է, որ դեմքին մեծ նշանակություն եմ տվել։ Բայց գուցե խանդում էի քրոջս, որը մտադիր էր իր դեմքի փեղկերը բանալ ինչ-որ օտար մեկի դիմաց։
Այնուհետև. լրագրում կամ ինչ֊որ մի ամսագրում առիթ եմ ունեցել կարդալու մի հոդված, որտեղ, ինչքան էլ տարօրինակ թվա, բերված էին փաստեր, թե ճապոնական արյան խառնուրդով կորեացիները իրենց ենթարկում են ձևարվեստային վիրահաաության, որպեսզի ավելի շատ նմանվեն կորեացիների։ Սա արդեն դեմքի իրավունքների վերականգնման բացահայտ ձգտում է։ Իսկ նրանց մասին, հակառակ քո ցանկաթյսւն, չես ասի, թե ենթարկված են նախապաշարումների։ Մի խոսքով, այնպես էլ չկարողացա գլուխ հանել ամենապարզ բաներից։ Եվ եթե առիթ լինի, անպայման կուզենայի կորեացուն հարցնել, թե ի՛նչ խորհուրդ կտար ինձ՝ դեմքից զրկված մարդուս։
Բայց շուտով․․․ շուտով հոգնեցի դեմքիս մասին ինքս ինձ հետ խոսելուց, մի բան, որը ոչ մի քայլ չէր մոտեցնում խնդրի լուծմանը։ Բայց, միևնույն ժամանակ, իմ ծրագրից հրաժարվելու առանձին մի պատճառ էլ չունեի։ Եվ ես խորացա խնդրի տեխնիկական կողմը քննարկելու մեջ։
Տեխնիկական առումով արհեստական մատը նույնպես մեծ հետաքրքրություն էր ներկայացնում։ Որքան ավելի ուշադիր էի զննում, այնքան ավելի էի ապշում, թե ի՜նչ վարպետությամբ է սարքված։ Սովորական, կենդանի մատի պես նա շատ ու շատ բաների մասին էր պատմում։ Դատելով այն բանից, թե մաշկն ինչպես էր ձգված, կարելի էր ենթադրել, որ դա, թերևս, պատկանելիս է եղել երեսնամյա մեկին։ Եղունգը ուղիղ էր․․․ Կողքերից փոսիկներ կային․․․ Իսկ հոդերի վրա՝ խորը ծալքեր․․․ Իրար հետևից չորս փոքրիկ կտրվածքներ, որոնք նման էին շնաձկան խռիկների․․․ Այդ մարդը, անտարակույս, զբաղվելիս է եղել ֆիզիկական թեթև մի աշխատանքով։
Բայց ինչո՞ւ է, այնուհանդերձ, այդ մատը այլանդակ․․․ Այլանդա՛կ․․․ Դա ինչ֊որ արտակարգ մի այլանդակության է. ոչ մեռած է ու ոչ էլ կենդանի։ Չէ, հավանաբար, պատճառն այն չէ, որ իսկական մատից տարբերվում է։ Գուցե կրկնօրինակաթյունը չափազանց բծախնդի՞ր է կատարված (ուրեմն, իմ դիմակը նույնպե՞ս)․․․ Ուրեմն, հատկապես ձևին չափազանց հարազատ մնա՞լն է հանգեցնում հակառակ արդյունքի, հանգեցնում է իրականից հեռանալուն․․․ Կարելի է շատ մեծ նշանակություն տալ դեմքին, բայց այն բանից հետո միայն, եթե տեսնես նրա այլանդակությունը։
Այո՛, այն կարծիքը, թե չափազանց նման կրկնօրինակը հավաստի չի լինում, միանգամայն իրավացի է։ Բայց մի՞թե կարելի բան է հիշողության մեջ ստեղծել ձևից զրկված մատը։ Երկարությունից զրկված օձ, ծավալից զրկված կաթսայիկ, անկյուններից զրկված եռանկյունի․․․ Չէ, նման բաների կարելի է հանդիպել միայն դեպի հեռավոր աստղեր թռչելիս։ Այլապես առանց արտահայտության դեմքը ինչ-որ արտառոց բան չէր լինի։ Եվ այն, ինչը երբեմնի անվանել ենք դեմք, արդեն դեմք չէ։ Այդ իմաստով դիմակը նույնպես գոյություն ունենալու իրավունք ունի։
Այդ դեպքում, թերևս, խնդիրը շարժունակությունն է։ Մի՞թե տարօրինակ չի լինի ձև անվանել այն «ձևը», որն անընդունակ է շարժվելու։ Հենց թեկուզ այս մատը, որը շատ ավելի լավ տեսք կունենար, եթե կարող լիներ նաև շարժվելու։ Միտքս հաստատելու համար մատը փոքր֊ինչ տեղաշարժեցի։ Իսկապես որ այն թվաց շատ ավելի բնական, քան երբ անշարժ դրված էր սեղանին։ Ուրեմն, այս մասին չաբժե անհանգստանալ։ Այսպիսով, հենց սկզբից հաստատապես վճռեցի, որ դիմակը պետք է շարժունակ լինի։
Բայց մի բան էլ կար, որ չէր գոհացնում ինձ։ Մատը՝ վանող ինչ֊որ հատկություն ուներ։ Ուշադրությունս բևեռած, սևեռուն զննելով, սկսեցի այն համեմատել իմ մատի հետ։ Այո՛, տարբերություն, անշուշտ կա․․․ Եվ եթե դա կտրվածքի պատճառով չէ ու ոչ էլ կապ ունի շարժունակության հետ, ապա․․․ Միգուցե, մաշկի՞ զգացողությունն է․․․ Թերևս, ինչ֊որ բան կա, որը հատկանշական է միայն կենդանի մաշկին, և որը անհնարին է նմանակել սոսկ գույնով ու ձևով․․․
Նոթեր լուսանցքում։ Ա — Վերնամաշկի զգացողության մասին։
Որքանով ես եմ պատկերացնում, վերնամաշկը պաշտպանվում է գունավորումից զուրկ թափանցիկ մի շերտով։ Հետևաբար, մաշկի զգացողությունը շատ հնարավոր է, որ լինի վերնամաշկի մակերեսից արտացոլվող ճառագայթներով և մասնակիորեն ներս թափանցող ու մաշկի գունավորում պարունակող շերտից երկրորդական արտացոլումով պայմանավորված մի կեղծ երևույթ։ Արհեստական մատի պարագայում նման երևույթ չի դիտվում, քանի որ գունավորում տվող շերտը անմիջականորեն գտնվում է դրսում։
Վերնամաշկի թափանցիկ շերտի և նրա լուսագիտական հատկանիշների մասին անհրաժեշտ կլինի հարցուփորձ անել մասնագետների։
Նոթեր լուսանցքում։ Բ — Խնդիրներ, որոնք պետք է ուսումնասիրել առաջին հերթին։
Մաշվածության խնդիրը։
Առաձգականության խնդիրը։
Ամրացման միջոցները։
Դիմակի եզրերը դեմքին միացնելու խնդիրը։
Օդափոխության խնդիրը։
Նախատիպարի ընտրությունը և փորձնական օրինակ պատրաստելը։
Ինձ թվում է, թե որքան բարեխիղճ ու հանգամանորեն եմ գրում իմ հիշատակարանը, այնքան ավելի եմ քեզ ձանձրացնում, և դու, երևի, արդեն դադարել ես հետևել իմ պատմությանը։ Այնուհանդերձ, ուզում եմ, որ շեղվելով իմ ներքին հոգեկան վիճակից, դու գոնե զգայիր այն մթնոլորտը, ուր կատարյալ միայնության պայմաններում ծնվեց իմ հղացած դիմակը։
Նախ, եթե խոսքը վերնամաշկի թափանցիկ շերտին է վերաբերում, ապա այն իրենից ներկայացնում է այսպես կոչվող քերատին, որը փոքր քանակությամբ լուսածորիչ տարրեր պարունակող շերտիկային սպիտակուցի տարատեսակն է։ Իսկ հիմա՝ ամրացնող միջոցի մասին։ Եթե հաջողվի այնպես անել, որ դիմակի եզրերի հաստությունը հնարավորին չափ պակաս լինի նվազագույն խորություն ունեցող կնճիռներից, իսկ այնուհետև միացման տեղում կեղծ մորուք դրվի, ապա կարելի է հարցը լուծված համարել։ Այնուհետև՝ առաձգականության խնդիրը, որն ինձ թվում է ամենից պարզը։ Դա նույնպես միանգամայն լուծելի խնդիր է, եթե, իհարկե, դիմախաղի ներքին կառուցվածքը դիտելու լինենք կենսաբանական առումով։
Դեմքի արտահայտությունը, անտարակույս, պայմանավորված է դիմախաղային մկանունքով։ Այդ մկանները կայունացված են որոշակի ուղղություններով, և հենց այդ ուղղություններրով էլ ձգվում ու սեղմվում են։ Մկանունքից բացի գոյություն ունի նաև մաշկային հյուսվածքը, որի մազաթելերը նույնպես ձգված են որոշակի ուղղություններով։ Այդ երկուսի ուղղությունները իրար գրեթե ուղղահայաց են։ Գրադարանից վերցրած բժշկագիտական գրքում կարդացի, որ մաշկի մազաթելիկների նմանօրինակ դասավորությունը կոչվում է «Լանգերի գծեր»։ Երբ այդ երկու ուղղություններով ձգվող մազաթելիկները միանում են իրար, ստեղծվում են բնորոշ կնճիռներ և բնորոշ գծագրություններ։ Հետևաբար, եթե ուզում ես դիմակին կենդանի շարժունակություն հաղորդել, ապա անհրաժեշտ է մազաթելերի փնջիկները համապատասխանաբար միացնել «Լանգերի գծերին»։ Բարեբախտաբար, արհեստական խեժերի մի քանի տեսակներ կան, որոնք որոշակի ուղղությամբ ձգելու դեպքում ցուցաբերում են բարձր առաձգականություն։ Եթե մարդ ոչ ջանք խնայի ու ոչ էլ ժամանակ, ապա այդ խնդիրը կարելի է լուծված համարել։
Անմիջապես որոշեցի ինստիտուտի աշխատանոցում սկսել վերնահյուսվածքային բջիջները ձգելու փորձերը։ Եվ այս պարագայում գործընկերներս ցուցաբերեցին սրտառուչ մի նրբանկատություն։ Գրեթե ոչ ոքի ուշադրությունը ինձ վրա չհրավիրելով, ես կարող էի ուզածս ձևով օգտագործել անհրաժեշտ սարքավորումները։
Միայն «նախատիպարի ընտրության և փորձնական օրինակ պատրաստելու» պարագայում էր, որ չէի ուզենա բավարարվել զուտ տեխնիկական միջոցներով։ Բանն այն է, որ եթե ուզում եմ վերարտադրած լինել մաշկի ամենաաննշան մանրամասները, ապա կամա թե ակամա պետք է վերցնեմ ուրիշի մի դեմք։ Միայն այս կերպ կարող էր ստեղծվել իմ նախատիպարը, այսինքն՝ սկզբնական տեսքը։ Ուրիշից ընդօրինակել, անշուշտ, չէր նշանակում պարզապես այդ ուրիշ դեմքը յուրացնել, քանի որ խոսքը միայն մաշկի՝ ճարպային ու քրտինքի գեղձերի խորությամբ շերտի և իմ դեմքի կառուցվածքի համապատասխան՝ նրա ձևափոխության մասին էր։ Հենց սկզբից չպետք է նվազագույն վախն իսկ ունենալ, թե պատրաստվում եմ խախտել ուրիշի դեմքի հեղինակային իրավունքը։
Բայց այս դեպքում բավականին լուրջ մի հարց էր ծնվում. չի՞ կարող արդյոք դիմակը լինել բոլորովին անփոփոխ տեսքով իմ նախկին դեմքը։ Ուզածդ փորձված արհեստավորը ըստ գանգի կարող է ծեփել մարդու դեմքը և արտաքին տեսքը վերարտադրել ճիշտ այնպես, ինչպես նա եղել է ողջ ժամանակ։ Եվ եթե դա ճշմարիտ է, ապա արտաքին տեսքը, ի վերջո, պայմանավորվում է մաշկի տակ թաքնված ոսկրային հիմքով։ Ուրեմն, կամ հարկ կլինի կտրել ու հղկել այդ հիմքը, և կամ հաշվի չառնել դեմքի արտահայտության ինքնուրույն հիմքերը։ Բայց, այս պարագայում ևս դա չի կարելի համարել դեմքի արտահայտություն։ Ի ծնե իմ ունեցած դեմքից հեռանալու ուրիշ միջոցներ չկան։
Այս դատողություններն ու մտքերը ինձ շփոթություն պատճառեցին։ Փաստորեն այնպես էր ստացվում, որ ինչպիսի արվեստով էլ սարքված լիներ դիմակը, միևնույն է, ես դնելու էի իմ դեմքը, հետևաբար, կատարյալ իմաստով ոչ մի դիմակի մասին էլ չէր կարող խոսք լինել։
Բարեբախտաբար, հիշեցի դպրոցական ընկերոջս, որ մասնագիտացել էր հնէաբանության մարզում։ Հնէաբանի գործը, հավանաբար, նաև պեղումների ժամանակ հայտնաբերված բրածոների սկզբնական տեսքը վերականգնելն է։ Հասցեների գիրքը թերթելով, պարզեցի, որ նա դեռևս աշխատում է համալսարանում։ Ես պատրաստվում էի սահմանափակվել հեռախոսային մի կարճ զրույցով, բայց, միգուցե այն պատճառով, որ դպրոցն ավարտելուց հետո այսքան ժամանակ էր անցել կամ այն պատճառով, որ հնէաբանությամբ զբաղվողները համակվում են անսահման մի մարդասիրությամբ, նա, որպես ինքնին հասկանալի մի բան, հեռախոսով զրուցելու փոխարեն, առաջարկեց որևէ տեղ հանդիպել։ Ի վերջո, համաձայնեցի։ Ես չհրաժարվեցի այն ամոթի զգացումի դեմ ընդվզելուց, որ ունեի վիրակապված դեմքիս նկատմամբ։ Բայց նույն պահին էլ ինձ այրեց զղջումի անողոք զգացումը։ Այս ի՜նչ ապուշ հպարտություն է։ Հենց միայն վիրակապերս կբորբոքեն նրա հետաքրքրասիրությունը։ Հետո ավելացնենք, որ այդ վիրակապված դեմքով մարդն էլ սկսում է մանրամասն հարցուփորձ անել դեմքի կազմախոսությունից, սկզբնական տեսքի վերականգնման տեխնիկայից. խնդիրներ, որոնք հեռու են նրա մասնագիտական հետաքրքրությունների ոլորտից։ Նա կարող է մտածել, թե դիմացինը խարդախի մեկն է, որը մտադիր է դիմակ դրած՝ օրը ցերեկով դուրս գալ քաղաքում շրջելու։ Եթե նա այսօրինակ կասկածներ պիտի ունենա, ապա ամենից ճիշտը հենց սկզբից հանդիպման գնալուց հրաժարվելն է։ Ընդ որում, ես ատում էի փողոցը։ Ուզածդ գողունի կամ անտարբեր հայացքում (եթե դրանք ինձ վրա ուղղված չլինեին, անշուշտ ես էլ չէի զգա) թաքնված էին ժանգոտ և թունավոր սլաքներ։ Փողոցը ուժասպառ էր անում ինձ։ Բայց այն պահը, երբ կարող էի հետ կանգնել ու հրաժարվել հանդիպումից, արդեն անցել էր։ Ամոթից այրվելով, ես գնացի մեր ժամադրավայրը։ Ուրիշ ելք չունեի։
Սրճարանը, որտեղ պայմանավորվել էինք հանդիպել, գտնվում էր ինձ լավ ծանոթ համալսարանական փողոցի անկյունում, ուստի առանց սխալվելու տաքսին կանգնեցրի ճիշտ դռան առաջ և կարողացա ներս մտնել առանց որևէ մեկի ուշադրությունը վրաս հրավիրելու։ Իսկ իմ ընկերը այնպես շփոթվեց, որ հիմա էլ արդեն ես էի պատրաստ նրան կարեկցելու։ Ու, երևի, հենց այդ է պատճառը, որ ինձ նորից պարուրեց չար սառնարյունությունը։ Չէ, սառնարյունությունը այն խոսքը չէ։ Ուզում եմ, որ դու պատկերացնես, մի բան, որ այնքան էլ դժվար չէ, թե ինչպիսի թշվառ վիճակում եմ եղել, եղել եմ անտեր շան պես, ինչպես եմ զգացել, թե ինքնին իմ գոյությունը որպիսի զզվանք է ծնում անձիս նկատմամբ։ Հուսահատ միայնություն, ինչպիսին կարելի է տեսնել ծեր ու սատկող շան աչքերում։ Անելանելի վիճակ, որը լսելի է ռելսերի զնգոցի մեջ, երբ խորը գիշերով նորոգում են երկաթգիծը։ Ես իմ ամբողջ էությամբ կաշկանդված էի, հասկանալով, որ ինչպիսի արտահայտություն էլ փորձեի տալ վիրակապերի և մուգ ակնոցի տակ թաքցրած դեմքիս, միևնույն է, այն չէր հասնելու զրուցակցիս։
— Վախեցար, հա՞․․․— Եվ զգալով նրա հոգեկան վիճակը, շարունակեցի արդեն մեկ ուրիշ, գիշերային զեփյուռի պես հանգստացնող ձայնով,— հեղուկ օդ եմ շրջել վրաս։ Ու մարմինս էլ, հավանաբար, զգայուն է քելոիդային սպիների նկատմամբ։ Այո, մի խոսքով, շատ գարշելի պատմություն է։ Ամբողջ դեմքս այնպես է փորփրված, ասես տզրուկներ վխտալիս լինեն․․․ Իհարկե, վիրակապով ման գալը ելք չէ, բայց ավելի գերադասելի է, քան այդ սոսկալի վիճակս բոլորին ի ցույց դնելը։
Զրուցակիցս շփոթված ինչ֊որ բան մրմնջաց։ Բայց ես ոչինչ չլսեցի։ Նրա այն առաջարկը, թե հանդիպելուց հետո կարելի է մի տեղ գնալ խմելու, որ ընդամենը կես ժամ առաջ մի քանի անգամ կրկնել էր առույգ ու գործարար ձայնով, հիմա, թվում էր, ձկան փշի պես մնացել է կոկորդին։ Բայց նրան գրգռելը ծրագրիս մեջ չէր մտնում, ուստի շտապեցի փոխել խոսակցութքան նյութը և անցա բուն խնդրին։ Ընկերս, իհարկե, առանց պահ կորցնելու, անմիջապես նստեց այդ փրկարար նավակը։ Նրա բացատրությունները հիմնականում հետևյալին էին հանգում։ Աներևակայելի մի չափազանցություն է այնպես կարծելը, թե փորձված ու հմուտ վարպետը ի վիճակի է նախնական տեսքը վերականգնել ամենայն մանրամասներով։ Ելնելով կմախքի կազմախոսական կաոուցվածքից, նա անշուշտ կարող է բավարար ճշտությամբ որոշել մկանների ընդհանուր դասավորությունը միայն։ Ուստի, եթե, օրինակ, փորձենք ըստ կմախքի վերականգնել այնպիսի մի կենդանու արտաքինը, որպիսին կետուսն է, որն ունի խիստ զարգացած ենթամաշկային գոյացումներ և ճարպային շերտ, ապա կստացվի աներևակայելի, ոչ մի բանի չնմանող, շան ու փոկի տարօրինակ մի խառնուրդ հիշեցնող կենդանի։
— Ուրեմն, կարելի՞ է ասել, որ էական շեղումները անխուսափելի են նաև դեմքի վերականգնման ժամանակ։
— Եթե հնարավոր լինեին նախնական տեսքի անսխալ վերականգնումները, ապա անհայտ ծագում ունեցող կմախքներ չէին լինի։ Մարդու դեմքը, թեև մարդն ինքը շատ հեռու է կետուսից, բավականին նուրբ բան է։ Այս պարագայում կեղծիքը անհնարին է դառնում, որպիսին անում են լուսանկարչական մոնտաժի դեպքում։ Եթե անհնար բան լիներ կմախքից լրիվ հեռանալը, ապա ամենից առաջ կբացառվեին դեմքի ձևարվեստային վիրահատությունները, որոնք կատարվում են շպարելու նպատակով։
Այս խոսքի վրա նրա հայացքը սահեց իմ վիրակապերով և լեզուն կապ ընկավ։ Կարելի էր նաև չհարցնել, թե ի՛նչն է խանգարում նրան խոսքը շարունակել։ Թող մտածի՝ ի՛նչ ուզում է։ Ինձ չէր հետաքրքրում։ Չէր հետաքրքրում այն պատճառով, որ չկարողանալով թաքցնել շփոթմունքը և նույնիսկ չփորձելով որևէ կերպ արդարանալ, նստել էր խոժոռ ու կարմրատակած։
Հետգրության։ Ո՞րն է ամոթի զգացման ճշմարիտ էությունը։ Այս իմաստով, երևի, արժե մի անգամ էլ հիշել դնովի մազերը վառելու դեպքը։ Հիմա ամեն բան հակառակն էր, դնովի մազերը հայտնվել են ինձ վրա, և ես զրուցակցիս ստիպում եմ կարմրել։ Բայց արժե՞ դրա համար ավելի անհանգստանալ։ Իսկ եթե հենց այստե՞ղ է թաքնված դեմքի առեղծվածը լուծելու զարմանալի բանալին․․․
Բայց և այնպես, ինչքան անշնորհք մարդ է նա։ Զրույցի համար միտումնավոր ընտրել էի բոլորովին անմեղ ու չեզոք մի նյութ, և հիմա այլևս ոչնչով չէի կարող օգնել, երբ ինքը խցկվեց այնտեղ, ուր չէր կարելի։ Խցկվեց ու հիմա էլ կարմրել է։ Քանի որ իմ ծրագրի համար ամենայն անհրաժեշտ տվյալները արդեն դուրս էի քաշել նրանից, ապա իմ հոգը չէր այլևս, թե ինչ նստվածք կմնա մեր հանդիպումից հետո։ Բայց այն, ինչը ամոթի զգացում է առաջացնում, հաճախ դառնում է բամբասանքի աղբյուր։ Իսկ ես չեմ կարողանում հանդուրժել, երբ որևէ բանի մասին պատմում են այնպիսի տեսքով, ասես բանալու անցքից տեսածն են հաղորդում։ Բացի այդ, զրուցակցիս կաշկանդվածությունը սկսեց նաև վարակել ինձ։ Եվ, ի վերջո, մի շատ գարշելի զգացողությամբ, և չգիտես ինչու՝ սկսեցի արդարանալ։ Մի բան, որ բոլորովին չէր կարելի անել։
— Թե հիմա ինչի մասին ես մտածում, ընդհանուր առմամբ, պատկերացնում եմ։ եթե փորձենք կապ գտնել այս վիրակապերի և իմ հարցերի միջև, ապա հեշտությամբ հնարավոր կլինի շատ բան կռահել։ Բայց ուզում եմ զգուշացնել, որ խորապես սխալվում ես։ Ես արդեն այն տարիքին չեմ, որ հաշմված դեմքս ինձ տառապանքներ պատճառի։
— Սխալվողը դու ես․․․ Ինչո՞ւ ես ինձ այնպիսի մտքեր վերագրում, որպիսիք չունեմ։
— Եթե սխալվում եմ, ուրեմն՝ շատ լավ․․․ Բայց հայտնի է, որ մարդկանց մասին ակամա դատում ես, նրանց դեմքին նայելով։ Ճի՞շտ է։ Միանգամայն բնական է, որ իմ գործերը այդքան մոտ ընդունեցիր սրտիդ։ Բայց եթե խորը մտածենք, ապա անձնագիրը շատ հեռու է անձը հաստատելուց։ Ինձ հետ տեղի ունեցած այս դեպքից հետո ստիպված եմ եղել շատ խնդիրների շուրջ իմ մտքերը վերանայել։ Շատ չե՞նք ենթարկվում արդյոք այդ անձնագրերին։ Հենց դրա պատճառով չէ՞ արդյոք, որ շարունակ հայտնվում են զեղծարարությամբ ու կեղծիքով զբաղվող հաշմանդամներ։
— Համաձայն եմ․․․ Միանգամայն համաձայն եմ․․․ Զեղծարարությունն ու կեղծիքը անիմաստ բաներ են․․․ Չափից դուրս շպարված կանանց մեջ, ասում են, հիստերիկները շատ են․․․
— Սակայն, մյուս կողմից, կարելի՞ է արդյոք պատկերացնել մարդու դեմքը, եթե դա առանց աչքի, առանց քթի, առանց բերանի հարթ մի հավկիթ է․․․
— Այո, այդ դեպքում ոչ ոքի հնարավոր չի չինի զանազանել։
— Գողին՝ ոստիկանից, հանցագործին՝ տուժողից․․․
— Այո․․․ կնոջդ էլ՝ մերձավորիդ կնոջից․․․— Ասես օգնություն հայցելով, նա մի սիգարեթ վառեց ու կամացուկ ծիծաղեց։— Հրաշալի բան կլիներ։ Բայց մի քանի հարցեր կծագեին․․․ Հենց թեկուզ այն, թե դրա հետևանքով ինչպիսի՞ն կլիներ կյանքը. ավելի հարմա՞ր, թե՞ հակառակը՝ անհարմար․․․
Ես էլ ծիծաղեցի նրա հետ ու վճռեցի, որ այսքանով զրույցը պետք է ավարտել։ Բայց հանկարծ հայտնվեցի մի ջրապտույտի մեջ, որի կենտրոնը դեմքն էր, և այս պարագայում արգելակները արդեն անօգնական դարձան։ Քանի դեռ կենտրոնախույս ուժը թոկը ձեռքիցս չէր պոկել, ես հրաշալի գիտակցելով վտանգը, շարունակեցի պտտվել։ Եվ ոչինչ անել չէի կարող։
— Ոչ մեկը, ոչ էլ մյուսը․․․ Նման մի հարցի միանշանակ պատասխան տալը անհնարին է նույնիսկ տրամաբանորեն։ Քանի որ հակասությունները վերանում են, անհնարին է դառնում նաև համեմատությունը։
— Եթե հակասությունները վերանան, կնշանակի սկսվում է այլասերումը։
— Ի՞նչ է, իսկ դրանք քեզ շա՞տ պետք են․․․ Մի՞թե կարելի է պնդել, թե, օրինակ, մաշկի գույնի տարբերության հանգամանքը պատմությանը որևէ օգուտ է տվել։ Ես կտրականապես չեմ ընդունում նման հակասության նշանակությունը։
— Օհո՜․․․ տեսնում եմ, սկսում ես ազգային հարցը քննարկել։ Բայց մեկնաբանությունդ բավականին ընդարձակ է։
— Եթե ճար լիներ՝ ավելի կընդարձակեի։ Ընդհուպ ամեն մի առանձին անհատը, որ գոյություն ունի այս աշխարհում․․․ Միայն թե այսպիսի այլանդակ մռութ ունենալու դեպքում ինչքան շատ ես խոսում, այնքան ավելի ես նմանվում իր անմեղությունը ապացուցող հանցագործի, որը շարունակ միալար հայն երգն է ասում։
— Եթե թույլ տաս շոշափել միայն ազգային հարցը․․․ Թերևս, ամբողջ պատասխանատվությունը միայն դեմքի վրա դնելը ճիշտ չէ․․․
— Իսկ ես ուզում եմ մի բան հարցնել․․․ Ուրիշ աշխարհների բնակիչների պատկերացնելիս, ինչո՞ւ ենք ամենից առաջ նրանց արտաքին տեսքը երևակայում։
— Այս զրույցը մեզ շատ հեռուն կտանի․․․— Այնուհետև՝ մոխրամանի մեջ ճզմելով ընդամենը երեք անգամ ծխած սիգարեթը։— Եզրափակելու համար, թերևս, դա բացատրենք սոսկ հետաքրքրասիրությամբ․․․
Սուր ցավի պես զգացի զրուցակցիս անակնկալ փոխված ձայնի երանգը, և իմ կեղծ դեմքը վար գլորվեց այն տեղից, ուր պետք է լիներ, գլորվեց մի ափսեի պես, որը ձեռնածուն դադարել էր պտտել։
— Սպասի՛ր, նայի՛ր այս նկարին։— Ես դարձյալ դաս չէի առել։ Եվ, մատնացույց անելով Վերածննդի դարաշրջանի բավականին հաճելի մի դիմանկարի վերատպություն, շարունակեցի։— Իսկ ի՞նչ կասես սրա մասին։
— Տեսնում եմ, պատրաստ ես խայթելու, եթե չմտածված պատասխան տամ։ Ընդհանուր առմամբ, բավականին հիմար դեմք է։
— Այո, թերևս, դու իրավացի ես։ Իսկ գլխի լուսապսա՞կը։ Չէ՞ որ դրա մեջ նույնպես որոշակի գաղափար կա։ Ստի ու խաբեության գաղափարը։ Այդ գաղափարի շնորհիվ դեմքը խրված է մնացել կեղծիքի մեջ․․․
Զրուցակցիս դեմքին հայտնվեց թեթև մի ժպիտ. նուրբ և ամեն բան հասկացողի, շփոթվածության ստվեր անգամ չունեցողի ժպիտ։
— Ի՜նչ անպիտան մարդ եմ։ Ինչպիսի՜ վսեմ բառեր էլ որ ասես, մինչև ինքս չհասկանամ՝ ի վիճակի չեմ որևէ բան զգալու։ Գուցե, ընդհանուր լեզո՞ւ չենք գտնում։ Թեև զբաղվում եմ բրածոներով, բայց երբ խոսք է բացվում արվեստի մասին, դառնում եմ մոդեռնիստ։
Գանգատվելն անիմաստ էր։ Ճիշտն այն կլիներ, որ հնարավորին չափ շուտ վարժվեի այն բանին, ինչ ասաց դպրոցական ընկերս։ Ավելի շոշափելի արդյունք ակնկալելը կնշանակեր միայն գայթակղել ինքս ինձ։ Ի վերջո, անկախ ամեն ինչից, ես ստացա շատ անհրաժեշտ տեղեկություններ, իսկ նվաստացման զգացումն հաղթահարելը, ճիշտն ասած, նույնպես իմ նպատակն էր, նույնպես մտնում էր ծրագրերիս մեջ։
Բայց մինչև հոգուս խորքը ատեցի հնէաբանությունը այն բանից հետո, երբ հասկացա, որ տուն քարշ տված որսը իրականում եղել է սոսկ ո՛չ ուտելի մի խայծ։ Չէ՛, այն նման էր իսկական ուտելիքի, բայց, դժբախտաբար, ոչ ոք չգիտեր եփելու եղանակը. ախորժակը գրգռել էին, իսկ ուտելն՝ անհնարին էր։
Միևնույն կմախքի հիման վրա արտաքին տեսքը վերականգնելու դեպքում բազմաթիվ տարատեսակների օրինաչափությունը հաստատելը մի նոր առաջընթաց քայլ էր դիմակ ստեղծելու ճանապարհին։ Ուրեմն, անկախ հիմքից, կարելի է սեփական քմահաճույքո՞վ ընտրել դեմքը։ Անշուշտ, հաճելի բան է սեփական ճաշակով ընտրություն կատարելը, բայց բոլոր դեպքերում ընտրությունը պետք է կատարել։ Անհրաժեշտ է մաղից անցկացնել անթիվ-անհամար հնարավորություններ և վճռել, թէ այն ո՞ր միակն է լինելու քո դեմքը։ Ի՞նչ կշռաքար պետք է ընտրել կշեռքի վրա դեմքը ծանրութեթև անելիս։
Ես մտադիր չէի դեմքիս տալ մի առանձին, բացառիկ նշանակություն, և այդ պատճառով, ըստ իս, ինչպիսին էլ լիներ, ինձ համար միևնույն էր։ Բայց երբ դեմքը սարքում են հատուկ նպատակով, ապա ո՞վ կուզի, որ այն լինի սրտային հիվանդին բնորոշ այտուցվածությամբ։ Էլ չեմ ասում, որ կարիք չկա, որպեսզի բնօրինակը լինի կինոդերասանի դեմքը։
Դեմքի կատարելություն. այսպիսի բան երազելն անգամ անիմաստ է։ Կատարյալ դեմք ընդհանրապես գոյություն չունի։ Բայց քանի որ ես ընտրություն եմ կատարելու, անհրաժեշտ էր որևէ բնօրինակ։ Եթե նույնիսկ իմ տրամադրության տակ լիներ ամենից անհարմար բնօրինակը, որը թերևս ինձ կդներ նաև շատ դժվարին կացության մեջ, միևնույն է, այդ արդեն ինչ-որ բան կնշանակեր․․․ Ոչ անձնապես ու ոչ էլ առարկայորեն՝ նման բնօրինակ պատկերացնելն անհնարին բան է․․․ Բայց, ի վերջո, մոտ կես տարվա որոնումներից հետո ես գտա լուծումը։
Նոթեր լուսանցքում։ Սխալ բան կլիներ ամեն ինչի պատճառը բնօրինակ չունենալու մեջ տեսնելը։ Ավելի շուտ անհրաժեշտ էր հաշվի առնել ամենայն բնօրինակից ընդհանրապես հրաժարվելու իմ ներքին ձգտումը։ Բնօրինակ ընտրելը անխուսափելիորեն նշանակում է ինքդ քեզ հանձնել ուրիշի կամքին։ Բայց մարդը, միառժամանակ ունի նաև հակառակ մի ցանկություն՝ լինել ուրիշներից տարբեր։ Այս երկու խնդիրները պետք է հետևյալ հարաբերության մեջ լինեն իրար հետ.
որտեղ A-ն ուրիշի կամքի ցուցանիշն է, B-ն ուրիշի կամքին դիմադրելու ցուցանիշը, n-ը՝ տարիքը, f-ը՝ հարմարվողականության աստիճանը։ (Այս վերջինի նվազումը նշանակում է, որ մարդը ինքնահաստատվում է և միաժամանակ աճում է պահպանողականության նկատմամբ նրա հակումը։ Այն, որպես կանոն, հակադարձ համեմատական է տարիքին, բայց նկատվում են անհատական նշանակալի շեղումներ, որոնց կորագիծը կառուցվում է կախում ունենալով սեռից, խառնվածքից, մասնագիտությունից և այլն)։
Նույնիսկ տարիքից ելնելով, իմ հարմարվողականության աստիճանը բավականին նվազել էր, և ես արդեն սաստիկ դիմադրություն էի զգում դեմքս փոխելու բուն գաղափարի դեմ։ Պետք է ասել, որ տվյալ դեպքին շատ էր համապատասխանում հնէաբան ընկերոջս այն կարծիքը, թե չափից դուրս շպարված կանայք հիստերիկներ են։ Քանզի, հոգեվերլուծության համաձայն, հիստերիան իրենից ներկայացնում է մանկության մեջ ընկնելու տեսակներից մեկը։
Ամբողջ այս ընթացքում ես, իհարկե, չէի նստել ձեռքերս ծալած։ Զբաղված էի հարթ վերնամաշկային հյուսվածքի համար ընտրված նյութի փորձարկումներով․․․ Բավական էր տրվել այդ զբաղմունքին, որպեսզի հիմնական խնդրի հետ առերեսումը հետաձգելու սքանչելի մի պատճառ ունենայի։ Մի խոսքով, տեխնիկական աշխատանքի սարեր էին, որ կուտակվում էին։
Վերնամաշկային հարթ հյուսվածքը շատ ավելի ժամանակ էր պահանջումյ քան ենթադրում էի։ Ի դեպ, քանակական հարաբերությամբ ևս այն բավականին տեղ է զբաղեցնում մաշկի վրա, և բացի այդ, պայմանավորում է շարժուն մաշկի զգացողության հասնելու հաջողությունը կամ անհաջողությունը։ Օգտվելով աշխատանոցի գործընկերներիս նրբանկատությունից ես, առանց որևէ բան հաշվի առնելու, օգտագործում էի թե սարքավորումները և թե համապատասխան նյութերը։ Այնուհանդերձ, այդ փորձարկումները տևեցին երեք ամիս․․․ Համենայն դեպս, այդ օրերին, ինձ չէր անհանգստացնում փոքր֊ինչ ծիծաղաշարժ մի հակասություն. իրականացնելով դիմակ ստեղծելու ծրագիրը, ես դեռ չէի որոշել, թե ինչպիսին պետք է լինի դեմքս։ Բայց չի կարելի շարունակ անձրևից ուրիշի ծածկի տակ պաշտպանվել։ Երբ փորձարկումների այս շրջանն ավարտվի, և աշխատանքներն ընթանան ավելի հաջող, ես կկանգնեմ փակուղու առաջ։
Վերնահյուսվածքի եղջերանյութի շերտի համար շատ հարմար կլինեն աքրիլային նյութերը։ Այս հանգամանքը նկատել էի անմիջապես։ Ինչ վերաբերում էր մաշկի ներքին շերտերին, ապա, ըստ երևույթին, դրանց համար կարելի է օգտագործել վերնահյուսվածքի նույն նյութը, միայն թե փրփրացնելուց հետո։ Ճարպաշերտը անպայման կբավարարի բոլոր պահանջվող պայմաններին, եթե նույն այդ նյութի մեջ ավելացվի կայծքարային շաղախ և, ամփոփելով թաղանթի մեջ, անօդաթափանց դարձվի։ Ի վերջո, նոր տարվա երկրորդ շաբթվա մեջ, նյութին վերաբերող անհրաժեշտ ամբողջ նախապատրաստությունը ավարտված էր։
Այլևս դանդաղել չէր կարելի։ Մինչև չորոշեմ, թե ինչպիսին է լինելու դեմքս, անհնարին կլինի թեկուզ մի քայլ կատարելը։ Բայց ինչքան էլ ուզում էի որևէ վճիռ կայացնել՝ ոչինչ չէր ստացվում, որովհետև գլուխս նմանվել էր թանգարանային պահեստների, ուր խառնիխուռն ընկած են անթիվ-անհամար ամենատարբեր դիմանկարներ։ Սակայն, խնդրից նահանջելով, այն լուծել չես կարողանա։ Ուրիշ միջոց, քան բոլոր դեմքերը հերթով ու արիաբար զննելն էր, չունեի։ Եվ ես ճարեցի թանգարանային հիմնանմուշների քարտարանը։ Հենց առաջին էջում տպագրված էր սիրալիր մի ցուցում. «Համակարգման կանոնները», որը և կարդացի՝ հազիվ ղսպելով հուզումս։
- Դեմքը գնահատելու չափանիշները առավելագույնս անաչառ են։ Ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ հետևյալ սխալը. անձնական տպավորությունների տակ ձեռք բերել. ոչ իսկականը։
- Դեմքը չունի գնահատման չափանիշեր։ Այն կարող է միայն հաճույք կամ տհաճություն պատճառել։ Ընտրության չափանիշերը պետք է մշակվեն ճաշակը նրբացնելու ճանապարհով։
Հենք այդ էլ սպասում էի։ Պնդում են, թե սևը միաժամանակ նաև ճերմակ է։ Որքանո՞վ է այսպիսի խորհուրդը ավելի լավ, քան երբ ընդհանրապես որևէ խորհուրդ չկա։ Ընդ որում, երբ համեմատեցի այս երկու կանոնները, թվաց, թե դրանցից ամեն մեկը հավաստրապես հիմնավոր է ու ճշմարիտ։ Ուստի իրավիճակը ավելի խճճվեց։ Ի վերջո, ես ընկճվեցի այն մտքից, թե աշխարհում քանի՜-քանի տարբեր դեմքեր գոյություն ունեն։ Եվ մինչև հիմա գլուխ եմ կոտրում ու չեմ հասկանում, թե ինչո՛ւ մեկընդմիշտ չհրաժարվեցի իմ ծրագրից։
Դարձյա՛լ դիմանկարային գեղանկարչության մասին։ Հնէաբանը, թերևս, մի թթու ժպիտ կպարգևի ինձ, բայց ես չեմ կարոդ չանդրադառնալ դրան։ Չխոսելով գեղարվեստական կողմի մասին, դիմանկարի գաղափարի մեջ, ինձ այնպես է թվում, որ գոյություն ունի մի փիլիսոփայություն, և դրա վրա արժե մտորել։
Օրինակ, որպեսզի դիմանկարը վերարտադրի բազմաբնույթ մի կերպար, անհրաժեշտ է ելակետ ընտրել մարդկային դեմքի արտահայտության բազմաբնույթ հատկանիշը։ Ուրեմն, անհրաժեշտ է, որ մարդկանց մեծամասնությունը համոզված լինի, թե միանման արտահայտության տակ պետք է անպայման երևա նույնատեսակ կերպար։ Այսպիսի համոզմունքը, անտարակույս, պայմանավորված է այն փորձով ու ըմբռնումով, թե դեմքն ու հոգին գտնվում են միանգամայն որոշակի փոխադարձ կապի մեջ։ Իհարկե, ոչ մի երաշխիք չկա, թե փորձը միշտ էլ ճշմարիտ է։ Բայց, միաժամանակ, անհնարին է նաև պնդելը, թե փորձը սովորաբար ստի ու խաբեության թանձրացումն է։ Եվ ավելի տեղին չի՞ լինի արդյոք այնպես համարել, թե որքան շատ է փորձը կեղտահարվել աղտոտ ձեռքերով, որպես կանոն, այնքան ավելի ճշմարտության տոկոս է իր մեջ պարունակում։ Այս իմաստով, ընդհանուր առմամբ, անվիճելի է թվում այն համոզումը, թե արժեքների անաչառ չափանիշներ կան, գոյություն ունեն։
Մյուս կողմից էլ չի կարելի անտեսել այն փաստը, թե նույն այդ դիմանկարային գեղանկարչությունը դարերի ընթացքում փոխել է իր բնույթը. դեմքի և հոգու դասական ներդաշնակոլթյունից դիտակետը տեղափոխվել է անհատական արտահայտությանը, որն ավելի շուտ զուրկ է այդ ներդաշնակությունից և Պիկասոյի ութանկյուն դեմքերում կամ Քլեյի «Կեղծ դեմքում» հասել վերջնական տրոհման:
Բայց ինչի՞ն հավատալ, ուրեմն։ Եթե ինձ հարցնեին, թե ինչպիսին է իմ անձնական ցանկությունը, ես, անշուշտ, կընտրեի վերջին տեսակետը: Կարծում եմ, որ շատ միամիտ բան կլիներ դեմքի համար ինչ֊ինչ անաչառ չափանիշեր մշակելը։ Ի վերջո, խոսքը շների ցուցահանդեսի մասին չէ։ Մտնկության տարիներին նույնիսկ ես՝ կատարյալ անհատականությունը, որպիսին կուզենայի լինել, պայմանավորում էի որոշակի դեմքով։
Նոթեր լուսանցքում։ Բարձր դիմադրողականություն՝ հարմարվողականության բարձր աստիճանի շնորհիվ։
Բնական է, որ վիպապաշտական, ոչ սովորական կերպարանքը իմ երևակայության մեջ կիզակետվում էր մշուշոտ ոսպնյակի միջով, բայց ես չպետք է հավիտյան մնայի երանելի քնի մեջ։ Կանխիկ դրամը ուզածդ մուրհակից շատ ավելի գերադասելի է։ Ուրիշ ոչինչ չէր մնում, քան վճարել սոսկ այն բանի համար, ինչը կարող եմ վարձատրել այն դեմքով, որն ունեի իրականում։ Տղամարդիկ, թերևս, խուսափում են շպարվելուց, հակադրվելով իրենց դեմքի համար պատասխանատու չլինեչու ձգտմանը։ (Իհարկե, կանայք․․․ Կանացի շպարը․․․ Եթե խորը մտածենք, արդյո՞ք նրանք չեն ապավինում շպարվելուն՝ կանխիկ դրամը վերջանալու պատճառով)։
Ուրեմն, ես ոչ մի որոշման չհանգեցի․․․ Ասես մրսածությունից առաջ ինչ-որ անհաստատ վիճակում էի։ Բայց իմ բոլոր դժվարությունները կապված էին միայն արտաքին տեսքի հետ, ուստի շարունակում էի մեն-մենակ տանջվել դիմակի մյուս մասերին վերաբերող տեխնիկական խնդիրների վրա։
Անհրաժեշտ էր նաև մտորել դիմակի ներսի կողմի կաղապարման շուրջ։ Թեև ասացի, որ ինձ տրամադրել էին ամեն տեսակի հնարավորություններ, բայց աշխատանոցում չուզեցի շատ հեռուն գնալ և որոշեցի անհրաժեշտ սարքավորումները տուն տեղափոխել ու տեղավորել իմ առանձնասենյակում. (Իսկ դու, երևի, կարծում էիր, թե իմ արտակարգ ջանասիրությունը յուրօրինակ մի փոխհատուցում էր դեմքիս վերքերի դիմաց և, արցունքն աչքերիդ փորձում էիր օգտակար լինել ինձ։ Իհարկե, դա փոխհատուցում էր, բայց ջանասիրությունս այն չէր, ինչ դու կարծում էիր։ Ես փակում էի իմ առանձնասենյակի դուռը. գործը հասավ մինչև այնտեղ, որ կողպում էի բանալիով, մերժելով նույնիսկ քո բարությունը, երբ ուզում էիր ընթրիք բերել ինձ)։
Փակ դռան հետևում իմ կատարած աշխատանքը, որի մեջ խրվել էի մինչև ականջներս, կայանում էր հետևյալում։
Նախ ընտրել էի մի այնպիսի խոշոր թաս, որի մեջ տեղավորվեր ամբողջ դեմքս։ Այնուհետև թասի մեջ լցրեցի ալգինաթթվային կալիում, գիպս, նատրիումի ֆոսֆատ ու կայծքար և դիմախաղային մկանունքս թուլացնելով, դեմքս դանդաղ մտցրեցի այդ խառնուրդի մեջ։ Շաղախը թանձրանում է երեքից հինգ րոպեի ընթացքում։ Այդքան ժամանակ չշնչելը անհնարին բան էր։ Ուստի բերանս առա ռետինե բարակ մի խողովակ, որի մյուս ծայրը կախված էր շաղախով լեցուն թասի եզրից։ Պատկերացրու, որ դու մի քանի րոպե, անշարժ, դեմքի քարացած արտահայտությամբ պետք է նստես լուսանկարչական գործիքի գիմաց։ Աներևակայելի դժվար գործ է։ Բազմաթիվ փորձերից ու ձախողումներից հետո, որովհետև մերթ քիթս էր քորվում, մերթ՝ աչքս խաղում, միայն չորրորդ օրը վերջապես, հասա բավարար արդյունքի։
Հիմա հերթական գործս լինելու էր ստացված կաղապարը վակուումի մեջ նիկելապատելը։ Այդ բանը տանն անել՝ անհնարին էր։ Ուստի, ծածուկ բերեցի աշխատանոց և, կողմնակի աչքերից թաքնվելով, կարողացա կատարել անհրաժեշտ ամբողջ աշխատանքը։
Վերջում մնացին մի քանի պակաս֊պռատ գործեր։ Այն գիշեր, համոզված լինելով, թե դու պառկել ես քնելու, փոքրիկ գազօջախի վրա դրեցի արճճի ու ծարիրի համաձուլվածքով երկաթե կաթսան։ Հալված ծարիրը ստացավ այնպիսի շոկոլադի գույն, որի մեջ չափից դուրս կաթ էին խառնել։ Երբ այդ խառնուրդը զգուշորեն լցրեցի ալգինաթթվային կալիումից պատրաստված և նիկելի շերտով ծածկված կաղապարի մեջ, գոլորշու ճերմակ պղպջակները սկսեցին լողալ դեպի վեր։ Ռետինե խողովակի թողած անցքից, այնուհետև նաև կաղապարի ամբողջ եզրից առատորեն դուրս ծորաց կապտավուն ու թափանցիկ մշուշը։ Ըստ երևույթին, այրվում էր ալգինաթթուն։ Հոտն այնքան գարշելի էր, որ բացեցի պատուհանը։ Հունվարյան ցուրտ քամին, անես եղունգներով, ճանկռեց քթանցքներս։ Կաղապարը շրջելով, պնդացած ձուլվածքը անջատեցի ծարիրից և պաղեցրի դեռևս ծխացող ալգինաթթվային հիմքը՝ այն մտցնելով ջրով լի թասի մեջ։ Սեղանի վրայից տզրուկների իմ արնակարմիր կացարանին էր նայում աղոտ֊արծաթափայլ տզրուկների մեկ այլ կույտ։
Բայց և այնպես, անհնարին էր հավատալ, թե դա իմ դեմքն է։ Ուրիշ է․․․ Բոլորովին ուրիշ և օտար․․․ Ես չէի կարողանում պատկերացնել, թե դրանք նույն այդ տզրուկներն են, որոնք զզվելու աստիճան ծանոթ էին ինձ՝ հայելու մեջ շարունակ նայելուս հետևանքով։ Իհարկե, դեմքիս ծարիրե պատճենի և հայելու արտացոլման մեջ ձախ ու աջ կողմերը փոխել են իրենց տեղերը և, հնարավոր է, որ այդ իսկ պատճառով երկուսի մեջ զգալի է շատ որոշակի մի տարբերություն։ Բայց նույնպիսի տարբերություն ուզածիդ չափ կարելի է հայտնաբերել լուսանկարի օգնությամբ, և այդ պարագան առանձնապես կարևոր չէ։
Հետո, երևի, ծնվեց գույնի՞ խնդիրը։ Ֆրանսացի բժիշկ Անրի Բլանի «Դեմք» գիրքը, որը գտա գրադարանում, ինձ հուշեց, թե որոշակի կապ կա դեմքի գույնի և արտահայտության միջև։ Այդ կապը շատ ավելի ամուր է, քան կարելի է պատկերացնել։ Օրինակ, գիպսե մահադիմակը գունավորելուց հետո միայն կարելի է որոշել կանացի՞ է, թե՞ տղամարդու։ Նույնը կարելի է դիտել նաև հետևյալ օրինակով, կանացի զգեստներ հագած տղամարդու լուսանկարչական պատկերից կարելի է անմիջապես կռահել, որ դիմակահանդես է։ Հետևաբար, իսկապես, որ գույնը շատ կարևոր է։ Ծարիրե դիմապատճենի աննշան կոպտությունները անհնարին է նկատել, եթե վրան լույս չընկնի․․․ Այդ փոքրիկ անհարթությունները, անշուշտ, չարժեն դիմակի հետ կապված բոլոր հուզումներին․․․ Ինչ֊որ մի պահ նույնիսկ մտքովս անցավ, թե արդյո՞ք դիմացինս ուրվական չէ, և արդյո՞ք չեմ մարտնչում մի թշնամու դեմ, որն ստեղծված է սոսկ իմ երևակայությամբ։ Բայց եթե մետաղե տզրուկների այս վխտացող կույտը նույնիսկ ներկելու լինեմ արնակարմիր մսի գույնով, ապա նույն պահին նա գուցե կբացահայտի իր այլանդակությունը։ Հավանաբար, չեմ սխալվում։ Ափսո՜ս, որ մարդը նույնպես մետաղից չի շինված։
Բայց եթե գույնն այդքան կարևոր է, ուրեմն, դիմակի վերջնական կաղապարումից հետո անհրաժեշտ է առանձին մի ուշադրությամբ վերաբերվել գունավորմանը։ Այն կույրի պես, որն անսահման ուրախանում է ամեն մի զգացողությունից, ես քնքշությամբ շոյում էի ծարիրե դեռևս տաք դիմապատճենը և ամենայն սրությամբ զգում, թե որքա՜ն փշոտ է դիմակ պատրաստելու ճանապարհը։ Քանզի մի գործի բարեհաջող ավարտը անմիջապես դառնում է մի նոր դժվարություն, որը պետք է հաղթահարել։ Իսկապես, որ հանդուգն գործ էի ձեռնարկել։ Եթե նույնիսկ խոսեմ միայն աշխատանքի ծավալի և ծախսված ժամանակի մասին, ապա ստիպված շատ հեռուներն եմ գնալու։ Բայց արժեր նաև մտահոգվել այն խնդրով, որ մինչև հիմա չէի սկսել ամենից գլխավորը՝ նախատիպարի ընտրության գործը։ Դրան ավելացավ մի նոր բարդություն ևս՝ գույնը։ Այսպիսի բաներ․․․ Վրա կհասնի՞ արդյոք այն պահը, երբ իրականացրած կլինեմ իմ իղձը՝ մի նոր կյանք սկսել ուրիշ մարդու կերպարանքով։
Անշուշտ, կային նաև ոչ միայն վատ նշաններ։ Մտովի թափառելով մետաղյա տզրուկների ծալքերում, ես մտածում էի, թե որքան անհեթեթ է դեմքի ունեցած դերը. մի քանի միլիմետրանոց մաշկաշերտի բացակայության պատճառով մարդը պետք է շարունակ հալածական վիճակում լինի անտեր-անտիրական քոսոտ մի շան պես։ Բայց հանկարծ, ասես աչքիս քողն ընկավ, և ես հայտնաբերեցի իմ գլխավոր թշնամու ամենաթույլ կողմը։
Մետաղյա այս տզրուկները ինքնին կարող են որպես նեգատիվ գոյություն ունենալ դիմակի ներքին կողմը սարքելու համար։ Այլ կերպ ասած, նրանք ունենալու են բացասական գոյություն, որը ծածկվելու, վերանալու է դիմակի շնորհիվ։ Բայց արդյո՞ք սոսկ այդքանը․․․ Այո, անկասկած է նրա բացասական գոյությունը։ Բայց եթե նա որպես հիմք չծառայի, ապա չի կարող գոյություն ունենալ նաև դիմակը, որն իր հերթին կոչված է հիմքը ոչնչացնելու։ Ուրեմն, մետաղական հիմքը մի թիրախ է, որին պետք է ոչնչացնի դիմակը, և միևնույն ժամանակ այդ նույն հիմքը դիմակ ստեղծելու ելակետն է։
Խնդիրը պաակերա ցնենք փոքր֊ինչ ավելի որոշակի։ Օրինակ, եթե խոսելու լինենք աչքերի մասին, ապա նրանց մնում է, որպեսզի օգտագործվեն չփոխելով ոչ իրենց դիրքը, ոչ ձևը, ոչ էլ մեծությունը։ Բայց ենթադրենք, որ համարձակվում եմ դրանց ձեռք տալ։ Այդ դեպքում, աչքերի դիրքը որպես սահման ընդունելով, ես պե՞տք է արդյոք ուռուցիկ դարձնեմ միայն ճակատամասը, թե՞, ընդհակառակը, աչքերի տակ պետք է ավելացնեմ դեմքիս լցվածութ յունը։ Իսկ եթե ոչ առաջինը և ո՛չ էլ երկրո՞րդը․․․ Գուցե այնպես սարքեմ, որ աչքերս լինեն դուրս պրծած, իսկ դեմքս էլ լինի դեպի առա՞ջ ձգված․․․ Հնարավոր են միայն այս տարբերակները։ Նույնը կարելի է ասել, երբ հերթը հասնի քթիս կամ բերանիս։ Նման պարագայում դեմքի ընտրությունն այլևս այդքան անորոշ չի թվա։ Սահմանափակությո՞ւն է։ Թերևս, սահմանափակություն է։ Բայց, ըստ իս, շատ ավելի նախընտրելի է, քան էժանագին, վաղանցիկ ազատությունը։ Համենայն դեպս, այն իմ դիմաց բացահայտում էր մի նպատակ, որին հասնելու էի։ Եվ ես քայլում էի մոլորությունների ու սխալների գալարապտույտ ճանապարհով, սկզբում ամենից ճիշտը կլիներ իսկականից մանրակերտել դեմքը և այն հարմարեցնելով բնօրինակին, ուսումնասիրել, թե ո՞ր տիպարը կարող է ավելի հնարավոր լինել։ Այս ուղին ինձ թվում էր ամենից հարմարը։ (Ոչ թե գիտնական է, այլ ընդամենը՝ տեխնիկ. իմ մասին այսպիսի կարծիք ունեն գործընկերներս, ու, թերևս, նրանք մասամբ իրավացի են)։
Մատս դնելով մետաղյա հիմքի տարբեր մասերի վրա, հետո ափերով ծածկելով լույսից, ինքս ինձ համար աննկատելի՝ տրվեցի երազանքներին։ Համենա յն դեպս, ի՜նչ նուրբ բան է․․․ Բավական է մատով սեղմես՝ և դու արդեն ուրիշ մարդ ես։ Այն էլ՝ ոչ թե եղբայր կամ զարմիկ․․․ Ափով սեղմես՝ կդաոնաս բոլորովին ուրիշ, անծանոթ․․․ Այն ժամանակից ի վեր, ինչ սկսեցի զբաղվել դիմակը պատրաստելով, թերևս առաջին անգամ իմ տրամադրությունը այսքան առույգ էր ու գործարար։
․․․ Այո, կարելի է համարձակորեն ասել, որ այն, ինչ ապրեցի նշանավոր գիշերը, իմ աշխատանքի համար շատ կարևոր գագաթ էր։ Մի գագաթ, որն այնքան էլ ուղղաբերձ չէր, այնքան էլ վեհատեսիլ ու բարձր չէր, բայց փոխարենը, ինձ թվում է, իրենից ներկայացնում էր տեղանքի կարևոր մի կետ, որը որոշակի ուղղություն էր տալիս ակունքից հոսող ջրերին և, ընդհանուր առմամբ, բավականին հզորություն ուներ հեղեղատի հունը որոշելու համար։ Պատճառն այն էր, որ դեմքի չափանիշերի ընտրության և ծրագիրը տեխնիկապես կենսագործելու խնդիրների միջև, որոնք մինչև հիմա ձգվում էին որպես զուգահեռներ, իսկապես, հազիվ նշմարված ջրանցքի պես մի բան կար։ Ծարիրից պատրաստած պատճենը թեև ոչ մի հեռանկար չէր բացում դիմակը պատրաստելու մեթոդի իմաստով, այնուհանդերձ, քաջալերում էր ինձ, վստահություն էր ներշնչում, որ շատ որոշակի աշխատանքի շնորհիվ օրըստօրե իմ հնարավորությունները ավելի ու ավելի կընդարձակվեն։
Որոշեցի հենց հաջորդ օրը կավ գնել ու սկսել դեմքս մանրակերտելու վարժություններ կատարելը։ Հստակ մի նպատակ չունեի և առաջ էի գնում խարխափելով․․․ Դիմախաղային մկանունքի կազմախոսական ատլասը դիմացս գրած, մեկը մյուսի հետևից ավելացնում էի կավի նուրբ շերտերը։ Սա մի ողբերգական լարվածություն ունեցող աշխատանք էր։ Ասես մասնակցում ես մարդու ծննդի ներքին ընթացքին, ասես ընտրության չափանիշերը, որոնք ինչ-որ տեղ անորսալի են, սկսում են թանձրանալ սառչող դոնդողի պես․․․ Ահավասիկ, նման զգացողությամբ էի աստիճանաբար ձև տալիս փափուկ կավին։ Հանճարեղ խուզարկուներ կան, որոնք հանցագործին գտնում են բազկաթոռից չելնելով, և կան սովորական խուզարկուներ, որոնք իրենց ոտքերը չխնայելով, ընկնում են հանցանշանների հետևից։ Իսկ ես ամենից ավելի սիրում եմ գործել ու աշխատել ձեռքերով։
Ճիշտ այդ Ժամանակ էր, որ դարձյալ հետաքրքրվեցի արդեն մի անգամ հիշատակած՝ Անրի Բլանի «Դեմք» գրքով։ Երբ այդ գիրքը ձեռքս էր ընկել առաջին անգամ, բովանդակած վերլուծությունը ընկալեցի որպես բծախնդիր մի դասակարգում, որպիսին այնքա՛ն շատ են սիրում գիտնականները, և նույնիսկ զայրացած մտածեցի, թե ախր ինչ կարող են տալ այդ դատողությունները ինձ, մի մարդու, որն զբաղված է շատ որոշակի գործով։ Բայց երբ կուրորեն, տառացիորեն խարխափելով մոտեցա դեմքն ստեղծելու խնդրին, ապա, վերջապես, պարզվեց, որ ձևերի բլանյան տեսությունը շատ ավելին է բովանդակում, քան այն, ինչը կարելի է գտնել սովորական տեղեկագրքում։ Ճիշտ այդպես տարբեր են թվում ծանոթ վայրերի և օտար երկրների քարտեզները։
Բլան ի դասակարգումը ընդհանուր գծերով այսպիսի տեսք ունի։
Նախ պետք է նկարել մի մեծ շրջանագիծ, որի համար որպես կենտրոն ծառայում է քիթը, իսկ որպես շառավիղ՝ քթի ծայրից մինչև կզակի տակը եղած հեռավորությունը։ Այնուհետև, գծվում է ավելի փոքր շրջանգիծ, որի շառավիղը քթի ու շրթունքների միջև ընկած հեռավորոլթյունն է։ Այդ երկու շրջանագծերի հարաբերությունից կախված՝ դեմքերը դասակարգվում են երկու տեսակի, դեպի վար տեղափոխված կենտրոնով դեմք, և դեմք, որի կենտրոնը տեղափոխված է դեպի վեր։ Դրանք էլ իրենց հերթին բաժանվում են նիհար ու գեր դեմքերի։ Այսպիսով, գոյություն ունեն դեմքերի ընդամենը չորս տեսակ.
- Կենտրոնը տեղավախված է դեպի վար, նիհար. ճակատին, այտերին, կզակին՝ մկանների հզոր ելունդներ։
- Կենտրոնը տեղափոխված է դեպի վար, գեր. ճակատին է այտերին, կզակին՝ փափուկ ճարպաշերտեր։
- Կենտրոնը տեղափոխված է դեպի վեր, նիհար. դեպի քիթը սրվող դեմք։
- Կենտրոնը տեղափոխված է դեպի վեր, գեր. քթի մոտ թեթևորեն դեպի առաջ եկող դեմք։
Դեմքերի բոլոր տեսակները, բնականաբար, այսքանով չեն սահմանափակվում։ Մեկը մյուսին բացառող մի շարք կարևոր տարրերի համադրությամբ, որոշակի մասերի ընդգծումով, մանրամասների անհետացման հետևանքով այս չորս հիմնական բները անսահման ճյուղավորումներ են ունենում։ Բայց ես որևէ առիթ չունեի այդ նրբությունները հաշվի առնելու։ Եվ քանի որ ներքևից սկսած, ես բարձրանում էի դեպի վեր՝ շերտը շերտի հետևից դնելով, ապա կարելի էր մանրամասները նկատի չունենալ։ Գլխավորը՝ հիմնականը չմոռանալն էր, իսկ թե հետո ի՛նչ պիտի լիներ՝ թո՛ղ լիներ։
Եթե վերոհիշյալ չորս տեսակները քննելու լինենք հոգեկազմաբանական լույսի տակ, ապա կստանանք հետևյալը։ Առաջին երկուսը ներհայեցական տեսակին պատկանող մարդիկ են, որոնք կենտրոնացած են իրենց ներքին աշխարհի վրա։ Իսկ վերջին երկուսը՝ արտահայեցականներ, որոնք կենտրոնացած են այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում շուրջը։ Կենտ թվերի տակ ընկնող տիպարները թշնամի են կամ, համենայն դեպս, դիմադրում են արտաքին աշխարհին։ Իսկ զույգ թվերի տակ գտնվողները, ընդհակառակը, արտաքին աշխարհի հետ հաշտվելու միտում ունեն կամ նույնիսկ գտնվում են համերաշխության մեջ։ Այդ երկու տեսակների զուգակցման ճանապարհով կարելի է պարզել յուրաքանչյուր տիպարի բնորոշ հատկանիշները։
Եթե դասակարգման մեթոդին ավելացնենք նույն այդ Բլանի՝ դիմախաղային գործակցի գաղափարը, ապա խնդիրը կստանա է՛լ ավելի կուռ բնույթ։ Դիմախաղային գործակիցը ներգործության այն քանակական արժեքն է, որն ազդում է դիմախաղային ավելի քան երեսուն մկաններից ընտրված և ըստ շարժունակության աստիճանի դասավորված տասնինը կետերից յուրաքանչյուրի վրա։ Չափազանց հետաքրքիր է նաև այն մեթոդը, որի օգնությամբ կատարվել են հաշվարկները։ Ուրախության և տխրության շուրջ 12000 դեպք լուսանկարելով և ծրագրային մեթոդով բաժանելով հորիզոնականների, ինչպես անում են տեղագրական քարտեզները, Բլանը գտել էր յուրաքանչյուր կետի շարժունակության միջին մեծությունը. նրա կատարած հետևությունները, ընդհանուր առմամբ, հետևյալն են։ Դիմախաղային գործակցի խտությունը հատկապես մեծ է քթի ծայրի և բերանի անկյունների միջև գտնվող եռանկյունու տարածքում։ Այնուհետև գործակիցը աստիճանաբար նվազում է այսպիսի մի հետևողականությամբ․ բերանի և այտոսկրերի միջև ընկած տարածք, աչքերի տակն ընկած տարածք և, վերջապես, քթարմատի մոտ․․․ Ամենափոքր գործակիցն ունի ճակատը։ Այսպիսով, դիմախաղային գործողությունը խտացած է դեմքի վարի մասում, և առաջին հերթին՝ շրթունքների շուրջ։
Այս ամենը իրենից ներկայացնում է գործակցի տաբաբաշխումը՝ ըստ տեղի։ Բայց նրա վրա ազդում և իր ճշտումներն է կատարում նաև ենթամաշկային հյուսվածքի բնույթը։ Գործակցի խտությունը նվազում է այդ հյուսվածքի հաստության համեմատ։ Միաժամսւնակ, ըստ երևույթին, չի կարելի գործակցի փոքրությունը նույնացնել դիմախաղի բացակայությամբ։ Նույնիսկ գործակցի բարձր խտության դեպքում կարող են ուզածիդ չափ դեպքեր լինել, երբ բացակայում է դիմախաղը, իսկ աննշան գործակցի առկայությամբ դիտվել են։ Հարուստ դիմախաղի դեպքեր։ Հետևաբար, դիմախաղի բացակայությունը կարող է լինել գործակցի թե՛ բարձր և թե՛ ցածր խտության դեպքում։
Հետգրություն։ Թերևս, փորձենք Բլանի դասակարգման մեթոդը կիրառել մե՞ր դեմքերի նկատմամբ։ Նախ՝ քո դեմքի։ Ինչ վերաբերում է տիպարին, ապա հավանաբար, այն պետք է համարել դեպի վեր տեղաշարժված կենտրոնով դեմքը։ Ենթամաշկային հյուսվածքը ճարպային շերտեր ունի. հետևաբար, քո դեմքը մոտ է չորրորդ տեսակին։ Քթի շրջանում փոքր֊ինչ առաջ է եկած։ Հոգեկազմաբանական տեսակետից դու պատկանում ես արտահայեցական մարդկանց դասին, որոնք կենտրոնացած են իրենց շուրջ տեղի ունեցող անցուդարձի վրա և շրջապատի հետ գտնվում են համերաշխ վիճակում։ Դիմախաղային գործակիցը համեմատաբար ցածր է և քո դեմքի արտահայտությունը կայուն է ու տատանումների նվազ ենթակա։
Հապա՞․․․ հուսով եմ, որ ճիշտ կետին խփեցի, Կարծեմ, ինքդ էիր պատմում, որ դպրոցում քեզ կպցրած են եղել Բոդիսհաթ մականունը։ Երբ առաջին անգամ իմացա այդ մասին՝ սրտանց ծիծաղեցի։ Բայց ի՞նչն էր, որ ծիծաղ պատճառեց ինձ։ Եթե խորը մտածենք, ես, հավանաբար, բոլորովին սխալ պատկերացում ունեի թե Բոդիսհաթի և թե քո մասին։ Արտաքնապես, անշուշտ, դույզն իսկ նման չէիր նրան։ Եթե նույնիսկ ուզենայիր էլ, միևնույն է, չէիր կարող այդքան սառն ու անմատչելի լինել։ Իմ կարծիքով քո դեմքն ավելի շուտ կրակոտ է ու զգայական։ Իսկ եթե քեզ զննելու լինենք ներսից, ապա, Բլանի դասակարգման համաձայն, դու ունես Բոդիսհաթի հատկանիշները։ Շուրջը տեղի ունեցող անցուդարձի նկատմամբ կենտրոնացումը, արտաքին աշխարհի հետ համերաշխությունը նույնն է, թե լինես մետրանոց հասաությամբ ռետինե կենդանի մի պատ։ Լինելով անսահման փափուկ, այն երբեք ցավ չի պատճառի։ Բոլդդայի արձանի պես թեթևակի մի ժպիտով, կիսափակ աչքերով դեմք․․․ Այսպիսի մարդը կկարողանա հաղթել նաև մերկ ձեռքերով։ Հեռվից այնքա՜ն հրապուրիչ, տրամադրող ժպիտ է դա․․․ Բայց որքան մոտենում ես, այնքան դառնում է աչքերդ մշուշող մառախուղ։ Սրտանց իմ հիացմունքն եմ ուզում հայտնել այն մարդու նկատմամբ, որը քեզ կպցրել է Բոդիսհաթ մականունը։
․․․ Քեզ թվում է, թե չարախնդո՞ւմ եմ։ Եթե ինչ-որ տեղ խոսքերիս մեջ փշեր ես նկատում, ապա մեղավորը միայն ես եմ. դու բնավ գործ չունես։ Միգուցե ես պատկանում եմ այնպիսի մարդկանց թվին, ովքեր հիվանդագին են ընկալում ուրիշների բարությունը։
Եմ դեմքը հիմա․․․ ասենք, լավ․․․ արժե՞ արգյոք խոսել իմ դեմքի մասին, որն արդեն կորցրել եմ։ Եթե առիթ ունենայի, կգերադասեի լսել այն մասին, թե ըստ Բլանի տեսության ինչպե՛ս պետք է վերաբերել սարաքար ցեղի մարդկանց դեմքերին, որոնք այնպես են ձևափոխված, որ անհնար է հարմարեցնել դասակարգման որևէ կետի։
Ինչպես և հույս ունեի, ձեռքերս ինձ հասցրին հաջողության առաջին առկայծումներին, մի բան, որ բնավ չկարողացավ անել գլուխս։ Դեմքի չորս տեսակներից ամեն մեկի հետ կատարած տասն օր տևող նախնական փորձերի արդյունքում երկու տիպարները համարեցի կատարելապես ո՛չ պիտանի։
Նախ բացառվեց չորրորդ տիպարը։ «Քթի մոտ թեթևորեն դեպի առաք եկող դեմքը»։ Այդ տիպարը դիմախաղի բարձր գործակից ունեցող տեղամասերի շուրջ ճարպային շերտերով է հարուստ, ուստի և հատկանշական է խոշոր կայունությամբ։ Այսինքն, դժվարությամբ է հարմարվում․ հետևաբար, մի անգամ սարքվելուց հետո պահանջում է իր ձևի ճշգրիտ պահպանում։ Եվ ես բավականին լուրջ դժվարություններ կունենայի, եթե ստիպված լինեի հենց սկզբից ամենայն ճշտությամբ ծրագրել իմ աշխատանքը մինչ ավարտ։ Ուստի, թեև որոշ ափսոսանքով, այնուհանդերձ, վճռեցի հրաժարվել դեմքի այդ, տեսակից։
Հետգրության հետգրություն։ Թերևս, քեզ այնպես թվաց, թե նախորդ հետգրության մեջ ես ուզում էի ինչ֊որ բան ակնարկել։ Բայց, երդվում եմ, ոչ մի հետին միտք չեմ ունեցել։ Ի վերջո, իմ հիշատակարանի և հետգրության միջև գրեթե երեք ամսվա ընդմիջում կա․․․
Հիմա՝ կենտրոնը դեպի վար տեղափոխված «ճակատին, այտերին, կզակին՝ մկանների հզոր ելունդներ» ունեցող առաջին տիպարը։ Հոգեկազմաբանական տեսակետից այդպիսի դեմքը պատկանում է ներհայեցող, իր ներաշխարհի վրա կենտրոնացած մարդուն, ուստի նվազ կայունություն ունի։ Նույնիսկ ամենաանաչառ վերաբերմունքի դեպքում էլ չի կարելի ասել, թե դա մի վաշխառուի դեմք է, որը երբեք վնասով դուրս չի եկել։ Բայց և այնպես գայթակղողի դիմակ էլ չէ։ Ելնելով զուտ արտաքին տպավորությունից, ես առանց ափսոսանքի բացառեցի նաև այդ տեսակը։
Մնացին ևս երկուսը․․․
«Ճակատին, այտերին և կզակին՝ փափուկ ճարպաշերտեր»․․․ Հոգեկազմաբանական տեսակետից այդ դեմքը պատկանում է ներհայեցող, իրենց ներքին աշխարհի վրա կենտրոնացած, ներդաշնակ կամ մեծ ինքնատիրապետում ունեցող ինքնաքննությամբ աչքի ընկնող մարդկանց։
«Դեպի քիթը սրվող դեմք»․․․ Հոգեկազմաբանական տեսակետից՝ արտահայեցող, շրջապատի նկատմամբ կենտրոնացած, ոչ ներդաշնակ, գործողությունների հակված մարդկանց դեմք։
Ինձ թվում էր, թե աչքիս առաջ միանգամայն հստակ մի պատկեր է բացված։ Չորսի՞ց կկատարես ընտրությունդ, թե երկուսից՝ տարբերությունը մեծ է։ Չորսը՝ ոչ թե երկու անգամ երկուսն է, այլ ունի վեց զուգորդություն։ Այսպիսով, իմ գործը կարող էր նվազեցնել մեկ վեցերորդի։ Հատկապես որ՝ մնացյալ երկու տեսակներն էլ իրենցից ներկայացնում էին կատարյալ հակադրություն։ Կատարելապես անհնարին էր սխալմամբ մեկը մյուսի տեղ դնելը։ Միայն ու միայն փորձարարական ճանապարհով, ինչը և հիմա անում եմ, հնարավոր կլինի ճշտել, թե որ դեմքն է ինձ հարկավոր։
Միառժամանակ ես խորասուզվեցի դեմքի այդ երկու տեսակների համեմատական ուսումնասիրության մեջ։ Բայց քանի որ ունեի որպես հիմք ծառայող միայն մի կաղապար, ապա բավականին դժվարացել էր գործս, որովհետև ամեն անգամ ստիպված էի լինում մեկը ջարդել մյուսը սարքելու համար։ Մտածեցի, որ ճիշտ կլինի, եթե փոլարոիդ կոչվող լուսանկարչական գործիք գնեմ։ Բավական է միայն սեղմել կոճակը, և հաջորդ պահին պատրաստի լուսանկարը կլինի արդեն ձեռքիդ։ Հարմար բան էր այնքանով, որքանով տեղնուտեղ, առանց ժամանակ կորցնելու, հնարավոր կլիներ ոչ միայն համեմատել լուսանկարները, այլև քայլ առ քայլ արձանագրել դիմակը սարքելու ամբողջ ընթացքը։
Այո՛, այդ օրերին իմ սիրտը երգում էր այն ձղրիդի պես, որն զգում է, թե ինչպես են արդեն աճել թևիկները։
Եվ մտքիս ծայրով իսկ չէր անցնում, որ ուզածդ պահին իմ աշխատանքը կարող է մտնել փակուղի
Հարավային քամու հորձանքի տակ այդ օրը երկնքում ամպերը ծվեն֊ծվեն եղան, և ջեռուցումը, որ դեռ չէին անջատել, անտանելի տապ էր արտաշնչում։ Նայեցի օրացույցին. արդեն փետրվարի երկրորդ կեսն էր։ Շվարեցի։ Ախր մտքինս այն էր, որ քանի դեռ ցրտեր են՝ գործս վերջացնեմ։ Ինչ վերաբերում է դիմակին նյութականության ու շարժունակության տպավորություն հաղորդելուն, ես արդեն կարող էի գործել գրեթե վստահորեն։ Բայց թե ի՞նչ պիտի անեի օդափոխության հարցը լուծելու համար, դեռևս անհայտ էր։ Մի խոսքով, տարվա այդ ժամանակը, երբ շարունակ քրտինք էի թորում, որևէ լավ բան չէր գուշակում։ Այդ պայմաններում դիմակը ամրացնելն էլ շատ դժվար բան է։ Ինչպես և ենթադրում էի, ծնվում էին բնախոսական բնույթի մի շարք արգելքներ։ Բայց դեռ երեք ամսվա կեռման պիտի անեի, նախքան այն կետին հասնելս, որտեղից սկսել եմ իմ այս հիշատակարանը, այլ կերպ ասած՝ նախքան այս շենքում ապաստարան գտնելս։
Համենայն դեպս, ինչո՞ւ էի գնում շրջանցող ուղիներով։ Առաջին հայացքից գործս հաջող էր ընթանում։ Այնպես էի արդեն վարժվել, որ նույնիսկ մտովի կարող էի պատկերացնել այդ երկու տիպարային դեմքերից յուրաքանչյուրը, կարող էի նույնիսկ այս կամ այն տիպարին պատկանող դեմքը տեսնելով, երևակայությամբ անմիջապես տրոհել հիմնական տարրերի և անհրաժեշտ ուղղումներ կատարել։ Այսպես, ուրեմն, նյութը գտնվում էր ձեռքիս տակ, և ես կարող էի ընտրել այն, ինչն ինձ դուր էր գալիս։ Բայց երկուսից մեկն էլ դժվար է ընտրելը, եթե որոշակի չափանիշեր չունես։ Չարժե նույնիսկ ընտրել կարմիրը կամ ճերմակը, եթե չգիտես, թե խոսքը ինչի մասին է՝ տոմսակի՞, թե.. դրոշի։ Մուժի մեջ անէացող այդ չափանիշերը հոգիս հանեցին․․․ Մի՞թե կա այնպիսի մի առեղծված, որն անհնարին լինի լուծել սենյակի մի անկյունից դեպի մյուսը քայլելով միայն։ Հիմա, իհարկե, չափանիշը ստացել էր բոլորովին ուրիշ իմաստ, քան առաջ էր։ Բայց որքան հստականում էր առարկայի մասին իմ պատկերացումը, այնքան ավելի էի հուզվում։ ներդաշնակ տիպարն ունի ներդաշնակության հմայքը։ Բայց աններդաշնակ տիպարն էլ ի՛ր հմայքներն ունի։ Հարցը այս կամ այն տիպարի արժեքի տեսանկյունից լուծելը տվյալ դեպքում բոլորովին անհնար բան է։ Եվ որքան շատ բան էի իմանում, այնքան ավելի մեծ հետաքրքրություն էր ծնվում այդ երկու տիպարների նկատմամբ։ Հայտնվելով անելանելի դրության մեջ, նաև հուսահատվելով՝ ես շատ անգամներ եմ մտածել, թե բախտախաղով չվճռե՞մ արդյոք։ Բայց քանի որ դեմքն ինքնին պարունակում է մետաֆիզիկական որոշակի իմաստ, ապա հարցը այդքան անպատասխանատվությամբ լուծել չէր կարող։ Ելնելով նույնիսկ այն ուսումնասիրությունների արդյունքից, որպիսիք մինչև հիմա կատարել էի, ինչքան էլ ցավալի լինի, չի կարելի չընդունել, որ արտաքին տեսքը այս կամ այն չափով կապված է հոգեբանությանն ու անհատականության գծերին։
․․․ Բայց հենց որ հիշում էի տզրուկածածկ, ասես ծաղկատար դեմքս, ու թե ինչպիսի կարևորություն եմ տվել դրան, ապա այդ ամենը ավարտվում էր նրանով, որ մարմինս սկսում էր դողալ, ասես մինչև ոսկորներս թրջված շուն լինեի։ Ուրեմն, ինչ բան է սա. հոգեբանությո՞ւն, անհատականության գծե՞ր։ Երբ աշխատում էի ինստիտուտում, մի՞թե այս ամենը որևէ նշանակություն ուներ։ Ինչպիսիք էլ լինեն մարդու անհատականության գծերը, մեկը գումարած մեկին՝ միշտ երկուս է։ Գոյություն ունեն բոլորովին առանձին դեպքեր, երբ մարդու չափանիշը հանդիսանում է նրա դեմքը։ Օրինակ, դերասանը․․․ դիվանագետը, հյուրանոցի կամ ռեստորանի աշխատողը, անձնական քարտուղարը, ստահակը․․․ Բայց եթե մարդ չի պատկանում այս բոլորից որևէ մեկի կարգին, ապա կարո՞ղ են անհատականության գծերը ավելի մեծ նշանակություն ունենալ, քան տերևների գծագրությունն է։
Ուստի, ես թքեցի ամեն բանի վրա ու որոշեցի ապավինել բախտախաղին։ Բայց քանի անգամ էլ նետեցի մետաղադրամը՝ միևնույն է, արծիվն ու գիրը ընկնում էին նույն հարաբերությամբ։
Բարեբախտաբար թե դժբախտաբար, դեռ ահագին գործեր ունեի անելու նախքան դեմքիս տիպարը ընտրելու վճիռ կայացնելը։ Աշխատանքիս բնույթն այսպիսին էր. անհրաժեշտ էր դեմքի մաշկածածկույթի համար ընտրել համապատասխան արտաքին, որը հնարավոր լիներ օգտագործել դիմակը սարքելուց հետո։ Ես ուրիշ ելք չունեի, քան այդ արտաքինը անծանոթ մեկից գնելն էր, որին այլևս երբեք հանդիպելու առիթ չպիտի ունենայի։ Բայց նման ձեռնարկի բնույթն այնպիսին էր, որ չափազանց դժվար էր հոգեբանորեն իրականացնելը։ Եվ եթե անելանելի վիճակում չէինեի, ապա չպիտի կարողանայի ստիպել ինքս ինձ՝ նման մի քայլ կատարելու համար։ Այդ իմաստով հարմար մի պահը բացառիկ պատեհություն ուներ։
Ես, իհարկե, շատ լավ գիտեի, որ այն վայրկյանին, երբ ավարտեմ այս գործը, անխուսափելիորեն ինձ ներկայացվելու է մի վերջնագիր։ Բայց, ինչպես ասում են, թույնի դեմ թույնով են պայքարում. մի թույնը ոչնչացնում է մյուսին, և այդ պարագայում միայն ինչ֊որ ժամանակով կկարողանայի հանգիստ գտնել։ Արդեն մարտ ամիսն էր, և հենց առաջին կիրակի օրը ճամպրուկի մեջ դնելով բարդ գործիքներս, վճռեցի վաղ առավոտից էլեկտրագնացքով, վերջապես, մեկնել քաղաք։
Քաղաքից հեռացող էլեկտրագնացքները լեփ֊լեցուն էին, իսկ նրանք, որ գնում էին կենտրոն, առայժմ համեմատաբար դատարկ․․․ Այնուհանդերձ, ինձ համար իսկական տառապանք էր մի քանի ամիս անց դարձյալ ամբոխի մեջ հայտնվելը։ Ամեն բանի պետք է պատրաստ լինեի։ Բայց և այնպես, կանգնել էի դռան մոտ ու նայում էի դուրս, ուժ չունենալով ինձ ստիպել, որ ետ նայեմ ու տեսնեմ, թե ինչ է կատարվում վագոնում։ Հասկանալով, թե որքան ծիծաղելի պիտի լինի բարձրացրած օձիքի մեջ մինչև ականջներս թաքնված կերպարանքս, երբ ջեռուցումն այնպես էր միացրած, որ նույնիսկ շնչելն անհնարին էր, ես չէի համարձակվում շարժվել ու քարացել էի այն միջատի պես, որը սուտմեռուկի է ավել։ Հապա, ուրեմն, էլ ինչպե՞ս կարող էի դիմել անծանոթ մեկին։ Ամեն անգամ, երբ վագոնը կանգնում էր, կառչելով դռան բռնակից, ես պետք է տառացիորեն պայքարեի տուն վերադառնալու փոքրոգի ցանկության դեմ։ Ի վերջո, ինչի՞ց եմ վախենում։ Ինձ ոչ ոք որևէ հանցանքի մեջ չի մեղադրում․․․ Բայց և այնպես, ամբողջ մարմնով ամոթահար կծկվել էի, ասես իրապես հանցանք գործած մեկը լինեի։ Եթե դեմքի արտահայտությունը այդքան անփոխարինելի բան է անձի նույնականության համար, ապա կարելի՞ է արդյոք պնդել, թե անհնարին է մարդու անձնավորությունը պարզելը՝ նրա ձայնը հեռախոսով լսելիս։ Կարելի՞ է ասել, թե մթության մեջ բոլորն իրարից վախենում են, կասկածում, դառնում թշնամիներ։ Պարապ խոսքեր են․․․ Ի վերջո, այնպիսի մի բան, որպիսին դեմքն է, աչքեր ունի, բերան, քիթ, ականջներ ունի, և եթե դրանք բնականոն են գործում, ապա ավելի քան բավարար են։ Դեմքը գոյություն ունի ո՛չ թե այն նպատակով, որպեսզի ցուցադրես շրջապատիդ. դեմքը գոյություն ունի քեզ համար միայն։ (Հարկ չկա այս պարագան սրտին մոտ ընդունել։ Այսպիսի փնթփնթոցով արդարանում էր իմ երկրորդ «ես»֊ը․․․ Ես միայն ամաչում էի արտահայտությունից զուրկ դեմքս առանց անհրաժեշտության ցուցադրելուց և կողմնակի մարդկանց սարսափ պատճառելուց․․․ Բայց, ճիշտն ասած, մի՞թե խնդիրը միայն այդ էր։ Հատուկ պատվիրած մուգ ակնոցներս սովորականներից շատ ավելի մուգ էին, և կարելի էր բնավ չանհանգստանալ, թե որևէ ոք իր վրա կզգա իմ հայացքը։ Բայց և այնպես․․․
Գնացքը շրջվեց, և վագոնի այն կողմը, ուր ես կանգնած էի, դարձավ ու նայեց դեպի արևմուտք։ Դռան ապակու մեջ, իմ հետևում արտացոլվեց երեխայով մի ընտանիք․․․ Մոտ հինգ տարեկան տղան, որ նստած էր տաքացած ինչ֊որ հարց քննարկող երիտասարդ ծնողների միջև, մատնացույց անելով վագոնում կախած գովազդը (ես հետո կարդացի, որ գովազդը լոգարանի ապառիկ վաճառքի մասին էր), նավաստիական մուգ կապույտ գլխարկի տակից, կլոր-կլոր աչքերով անթարթ նայում էր ինձ։ Զարմանքը, տագնապը, սարսափը, անվստահությունը, ըմբռնումը, հիացմունքը և, վերջապես, հետաքրքրասիրության բոլոր երանգները կարող էիր տեսնել նրա աչքերում։ Նա ասես հմայված լիներ։ Զգացի, որ կորցնում եմ ինքնատիրապետումս։ Եվ ի՜նչ ասեմ ծնողներին, որ նստել ու չեն էլ ուզում գոնե տղայի փեշը քաշել։ Կտրուկ մի շարժումով դեմքս շրջեցի տղայի կողմն ու նա, ինչպես և սպասում էի, սարսափահար սեղմվեց մորը։ Իսկ մայրն էլ արմունկով մշտեց նրան ու նկատողություն արեց։
․․․ Իսկ ի՞նչ կլինի, եթե ես լուռ կանգնեմ այդ ծնողների ու երեխայի դիմաց և, արհամարհելով նրանց շփոթմունքը, ակնոցս հանեմ ու սկսեմ քանդել վիրակապերը։ Շփոթմունքը կփոխվի շվարածության, իսկ հետո՝ սարսափի։ Բայց ես, առանց ուշադրություն դարձնելու նրանց վրա, շարունակեի վիրակապերը քանդել։ Տպավորությունը սաստկացնելու նպատակով վերջում վիրակապը պարզապես միանգամից կպոկեի։ Կբռնեի վիրակապի վերին եզրից ու ցած կքաշեի։ Բայց դեմքը, որ նրանք կտեսնեն, կլինի բոլորովին ուրիշ մի դեմք, քան իմն է։ Չէ, այն տարբեր կլինի ոչ միայն իմ, այլ ընդհանրապես՝ կտարբերվի մարդկային դեմքից։ Մեղրամոմի պես մեռելային մի գունատություն, որից տարածվում է բրոնզը կամ ոսկին։ Բայց նրանք չեն կարող իրենց թույլ տալ հետագա ճշգրտումների։ Չեն հասցնի հասկանալ, թե ով է իրենց դիմաց՝ Աստվա՞ծ, թե՞ Սատանա, երբ երեքն էլ կդառնան քարաբեկորներ, կապարի ձուլածոներ, գուցեև պարզապես միջատներ։ Իսկ նրանցից հետո նաև բոլոր մյուս ուղևորները, որոնք ներկա կլինեն այդ ամենին․․․
Ինձ սթափեցրեց վագոնում սկսված անակնկալ աղմուկը։ Գնացքը մոտեցավ իմ կայարանին։ Ես այնպես դուրս ցատկեցի կառամատույց, ասես հետապնդում էին։ Ինձ պարուրեց հոգիս ամայացնող մի խոնջանք։ Կառամատույցի ծայրին մի նստարան կար։ Հենց որ նստեցի՝ ամբողջ նստարանը մնաց իմ տրամադրության տակ։ Կամ խուսափում էին ինձնից, կամ էլ, պարզապես, ցանկություն չունեին ինչ֊որ մեկի քով նստել։ Մտահոգ նայելով ուղևորների անկանոն հոսանքին, ես զգացի, որ հիմա կհեկեկամ ինձ պարուրած հուսահատությունից։
Ըստ երևույթին, բավականին վառ էի պատկերացրել իմ վիճակը։ Այս անհոգի ու քմահաճ ամբոխի մեջ կգտնվի՞ արդյոք բարի մեկը, որ համաձայնի դեմքն ինձ վաճառել։ Հազիվ թե․․․ Նույնիսկ երբ որևէ մեկին ընտրեմ ու մոտ կանչեմ, կառամատույցի այս ամբոխը իր ամբողջ չարությամբ հայացքով կուտի ինձ։ Կառամատույցի ծածկի տակ կախված վիթխարի մի ժամացույց․․․ Բոլորի համար ընդհանուր մի ժամանակ․․․ Սակայն, դա ի՞նչ է․․․ Դեմք ունեցողների անտարբերությո՞ւն․․․ Մի՞թե դեմք ունենալը այդքան վճռական նշանակություն ունի։ Կարելի՞ է արդյոք ասել, թե տեսանելի լինելը այն գինն է, որ վճարում են տեսնելու իրավունքի համար․․․ Չէ՛, ամենից վատն այն է, որ իմ ճակատագիրը չափազանց արտառոց է, չափազանց անհատական։ Ի տարբերություն սովի, անպատասխան սիրո, գործազրկության, հիվանդության, սնանկացման, տարերային աղետի, բացահայտված հանցագործության՝ իմ ցավի մեջ չկար այն, ինչը թույլ տար բաժանելու ուրիշ մեկի հետ։ Իմ դժբախտությունը ընդմիշտ կմնա միայն իմը, և ես ոչ մեկի հետ չեմ կարողանա այն բաժանել։ Ուստի, ով կամենա, կարող է առանց խղճի խայթի չնկատել ու արհամարհել ինձ։ Իսկ ես չեմ կարող նույնիսկ բողոքել։
․․․ Այդ Ժամանակ չէ՞ր արդյոք, որ սկսեցի հրեշ դառնալ։ Եվ մի՞թե հոեշի հոգին չէր, որ սուր֊սուր ճանկերով կառչելով, ողնաշարովս դեպի վեր էր մագլցում․․․ Եվ մարմնիս պատում էր սարսուռը՝ ասես էլեկտրական սղոցի ձայնից լիներ․․․ Անտարակույս․․․ Հատկապես այն ժամանակ ես սկսեցի հրեշ դառնալ։ Կարծեմ Կարլեյլն է ասել․ կապան քահանա է դարձնում, համազգեստը՝ զինվոր։ Թերևս։ Հրեշի դեմքն էլ ստեղծում է հրեշի սիրտը։ Հրեշի դեմքը դատապարտում է միայնության, իսկ այդ միայնությունն էլ ծնում է հրեշավոր հոգի։ Ու բավական է, որ իմ սառցային միայնության ջերմությունը փոքր֊ինչ իջնի, և հասարակության հետ կապող բոլոր կապերը ճայթյունով կկտրվեն. ես կդառնամ մի հրեշ, որն անտարբեր է արտաքին տեսքի նկատմամբ։ Եթե ինձ վիճակված է դառնալ հրեշ, ապա ինչպիսի՞ հրեշ կդառնամ, ինչպիսի՞ չարիքներ կգործեմ։ Մինչև չդառնաս՝ ի՞նչ իմանաս․․․ Բայց այդ մասին մի միտք այնքան սոսկալի էր, որ ուզում էի ոռնալ։
Նոթեր լուսանցքում։ Հետաքրքիր է այն վեպը, որ-տեղ նկարագրված է Ֆրանկենշթեյնի հրեշը։ Երբ հրեշը սկսում է, օրինակ, փշրել ափսեները, ապա սովորաբար դա վերագրում են ամեն ինչ ավերելու բնազդին։ Այս վեպում հակառակն է․ բացատրությունը որոնում են ափսեների փխրունության մեջ։ Ինքն իրեն հրեշ զգալով, նա մի բան էր միայն կամենում՝ թաղվել միայնության մեջ, և սոսկ զոհերի փխրունությունն էր շարունակ մարդասպան դարձնում նրան, ահավասիկ․․․ Ուրեմն, քանի դեռ աշխարհում գոյություն ունի այն, ինչի նկատմամբ հնարավոր է բռնություն գորձադրել, ինչը կարելի է ջարդել, փշրել, վառել, որից կարելի է արյուն հեղել, ում կարելի է խեղդամահ անել, հրեշին ուրիշ բան չի մնում, քան հետևողականորեն բռնություն գործադրելը։ Հրեշի վարքագծում, ընդհանուր առմամբ, որևէ նոր բան չկա․․․ Հրեշն ինքնին ոչ այլ ինչ է, քան իր իսկ զոհերի գյուտը․․․
Չէ՛, իմ շուրթերից ոչ մի ձայն չէր պոկվել, բայց կարծում եմ, որ այդ պահին արդեն մունջ ոռնում էի։ Օգնեցե՜ք։ Այդպես մի՛ նայեք վրաս։ Եթե դուք շարունակեք այդպես նայել վրաս, ապա, հիրավի, հրեշ կդառնամ․․․ Ի վերջո, չդիմացա և, փրկությունը իր որջում որոնող գազանի պես, ճեղքելով մարդկային խիտ ամբոխը, ծայր հուսահատությամբ նետվեցի դեպի մոտակա կինոթատրոնը, այնտեղ, ուր խավար են վաճառում, այն միակ տեղը, ուր կարող է պատսպարվել հրեշը։
Թե ի՛նչ շարժանկար էր՝ չեմ հիշում։ Թաքնվեցի օթյակի անկյունում և ասես բրդե վզնոցով փաթաթվեցի արհեստական խավարով։ Կամաց֊կամաց հանգստացա, ինչպես այն խլորդը, որն ի վերջո գտել է իր որջը։ Կինոթատրոնը նման էր մի երկար, անսահման թունելի։ Բազկաթոռը թվում էր խելագար արագությամբ սուրացող մի կառք։ Պատառոտելով խավարը, ես անկանդար սլանում էի առաջ։ Ես թռչում եմ մի այնպիսի արագությամբ, որ ոչ ոք չի կարողանա հասնել իմ հետևից։ Ես նրանցից առաջ եմ անցնում, և նրանք, այգ մարդիկ, տիկնիկների պես քարանում են տեղերում։ Հավերժական գիշերվա աշխարհում ես կլինեմ առաջինը։ Ես ինձ կհայտարարեմ այն երկրի միապետը, ուր ոչինչ չկա, բացի աստղերի լույսից, կայծոռիկներից ու ցողից․․․ Ասես գաղտագողի համտես անելով քաղցր պտուղը, ես ըմբոշխնում էի իմ երազանքները, որոնք նման էին մանկական խզբզոցների։ Եվ կարիք չկա ծիծաղել վրաս, թե այդ խավարը մի փոքրիկ ծվեն է միայն։ Եթե մտածենք տիեզերական չափերով, ապա խավարը Տիեզերքի գերակշռող մասը լցնող շատ կարևոր էություն է․․․
Հանկարծ դիմացիս բազկաթոռներում անբնական քաշքշոց սկսվեց։ Խավարի մեջ լսվեց կանացի խեղդված մի ծիծաղ։ «Շը՜շշշ»,— սաստեց նրան տղամարդը և քաշքշոցը դադարեց։ Հանդիսականները քիչ էին, և դա տեղի ունեցավ այն պահին, երբ երաժշտությունը ամբողջ իր հզորությամբ դղրդացնում էր դահլիճը, ուսաի, ինձնից բացի ոչ ոք, հավանաբար, նրանց ուշադրություն չդարձրեց։ Ու թեև դա ինձ չէր վերաբերում, բայց ես թեթևացած շունչ քաշեցի։ Այնուհանդերձ, առանց ուժ ունենալու կտրել հայացքս, շարունակեցի սևեռուն նայել նրանց կողմը։ Պաստառը լուսավորվեց, և շատ հստակ երևացին երկու հոգու ուրվագծերը։ Ճերմակ, խավոտ վերարկուի օձիքի տակից կինն ազատեց աղջկական սանրվածքի պես կարճ կտրած մազերը։ Նրա փոքր֊ինչ կախված ուսին հանգչում էր տղամարդու գլուխը։ Ընդ որում, նրանք երկուսով էլ մինչև մարմնի կեսը փաթաթված էին տղամարդու վերարկուով։ Իսկ ի՞նչ էր տեղի ունենում վերարկուի տակ։
Հատկապես աչքի էր զարնում կնոջ սպիտակ պարանոցը։ Խավարի մեջ այդ ճերմակ ծվենը, թվում էր, մերթ խորասուզվում, մերթ դարձյալ դուրս էր լողում նույնքան ճերմակ վերարկուի օձիքից։ Իմ աչքերը ոչ մի կերպ չէին գտնում կիզակետը, և ամեն ինչ իմ դիմաց շաղվում էր։ Իսկ թե ի՛նչ բանի էր տղամարդը՝ բնավ հասկանալի չէր։ Նրա գլխի դիրքն այնպիսին էր, ասես ինչ֊որ բան էր զննում կնոջ կրծքին։Ես հայացքս բևեռեցի տղամարդու աջ ուսին, և լարումից աչքերս նույնիսկ արցունքոտվեցին։ Բայց իմ դիմաց չինական սև մելանով սև գրատախտակին նկարած մի պատկեր էր։ Եվ եթե ինձ թվում էր, թե նրա ուսը ցնցվում է, ապա սոսկ այն պատճառով, որ ուզում էի հենց այդպես էլ լինի։ Եթե թվում էր, թե ուսը որոշակի մի կշռույթով է շարժվում, ապա այն պատճառով, որ այդպես էի ուզում։ Ի վերջո, ինքս էլ հրապուրվեցի սեփական հրապուրանքով։
Բոլորովին անսպասելի՝ կինը հանկարծ բարձրաձայն ծիծաղեց։ Ես այնպես ցնցվեցի, ասես զարկեցին։ Չգիտես ինչու, այնպես թվաց, թե այդ հանկարծակի ծիծաղի մեղավորը ես եմ։ Բայց, իրականում, ոչ թե նա, այլ պաստառի հետևի ձայնասփյուռն էր ծիծաղում։ Եվ ասես կրկնելով, պաստառի վրա նույնպես բորբոքվում էր տարփանքը։
Խոշորացրած նկարահանումով՝ ամբողջ պաստառը զբաղեցրել էր կնոջ ճերմակ պարանոցը։ Քմահաճորեն շրջվում էր մի կողմից մյուսը՝ ասես անսահման տանջանք ու տառապանք արտահայտելիս լիներ։ Իսկ հետո աստիճանաբար լողաց դեպի վար ու փոխարենը՝ պաստառի վրա հայտնվեցին շրթունքներ. այդ շրթունքները նման էին հենց նոր խաշած նրբերշիկների։ Շրթունքները ձգվեցին, դարձան աներևակայելի մի ժպիտ, որը գերազանցում էր իր համար սահմանված բոլոր հնարավոր չափերը։ Հետո քթանցքները, որոնք հիշեցնում էին ռետինե փողրակի մութ երախը․․․ Այնուհետև ամուր, այնքան ամուր սեղմած կոպերը, որ բոլորովին կորել էին կնճիռների մեջ․․․ ու, վերջապես, վախեցած վայրի թռչունների թևերի բախյունի պես ծիծաղը․․․
Ես ինձ վատ զգացի։ Կարիք կա՞ արդյոք, որ դեմքը ցուցադրվի այդ տեսքով։ Ի սկզբանե շարժանկարը մտահղացված է եղել որպես հանդիսախաղ, որպիսին հնարավոր է պատկերացնել միայն խավարի մեջ։ Իմ կարծիքով, այնքանով, որքանով դիտողները դեմք չունեն, հետևաբար, նա, ում դիտում են, նույնպես դեմքի կարիքը չունի․․․
Բայց կյանքում չես գտնի գեթ մի դերասան, որն համաձայներ հանդես գալ առանց դեմքի, թեև առանց հագուստի մեջտեղ ելնելուն երբեք չի դիմադրի։ Ավելին, նա խորապես համոզված է, որ իր ամբողջ խաղը կենտրոնացած է միայն դեմքի վրա։ Մի՞թե սա նույն խաբեությունը չէ․ հանդիսականին հրապուրել մթի մեջ և հետո այսպիսի ծուղա՞կ սարքել։ Կամ էլ, ասենք, ծածուկ նայելը ամոթ բան է։ Բայց կարելի՞ է արդյոք ասել, որ եթե միայն ձևացնում ես, թե ծածուկ ես նայում, ապա ամեն բան կարգին է։ Քողարկեք գարշելի ամբարտավանությունը, մի կողմ նետեք երեսպաշտությունը։ (Ծիծաղելի է, այսպիսի ինքնահաստատումը գալիս է դեմքից զրկված հաշմանդամից։ Բայց լույսի ի՞նչ լինելը ամենից լավ հասկանում է ոչ թե էլեկտրիկը, ոչ թե նկարիչը, ոչ թե լուսապատկերահանողը, այլ հասուն տարիքում տեսողությունը կորցրած կույրը։ Ինչպես առատության մեջ կա առատության իմաստնությունը, այնպես էլ աղքատության մեջ աղքատության իմաստնությունը կա)։
Ասես օգնություն հայցելով, դարձյալ նայեցի դիմացիս զույգին։ Հիմա նրանք նստած էին բոլորովին հուշիկ։ Ի՞նչ էր պատահել։ Թերևս, այն փոթորկվող տարփանքն ավելին չէ՞ր, քան սոսկ իմ երևակայության պտուղը։ Վիրակապերի արանքից որդերի պես դուրս սողացին կպչուն քրտինքի շիթերը։ Եվ, անշուշտ, ո՛չ այն պատճառով, որ դահլիճում շատ շոգ էր։ Մանանեխի պես ինչ֊որ կծու մի բան, մարմինս այրելով, թափանցում էր ծակոտիներից ներս։ (Պարզվեց, որ կեղծիքը ոչ թե խավարն է, այլ, որքան էլ տարօրինակ լինի, իմ սեփական դեմքը)։ Եթե այդ վայրկյանին դահլիճում հանկարծ լույս վառվեր, ապա ոչ այլ ոք, քան ես, որ անկոչ հյուրի պես ներխուժել էի այստեղ, ստորացման ու ծաղրուծանակի կենթարկվեի հանդիսականների կողմից․․․
Հավաքելով ամբողջ արիությունս, վերջապես, համարձակվեցի փողոց ելնել։ Սակայն չեմ կարող ասել, թե ապաստարան որոնելու ջանքերս անպտուղ եղան։ Ես զգացի, որ իմ վճռականությունը ավելի ուժեղ է, քան առաջ։ Այլ կերպ ասած, գոնե այդ խնդրում ես վերականգնեցի իմ կապը մարդկանց հետ։
Կեսօրը մոտ էր։ Ինչպես ամեն կիրակի ու հատկապես բանուկ վայրերում, կայարանամերձ փողոցով հիմա անվերջանալի հոսքով մարդիկ էին անցնում։ Ես ձուլվեցի այդ հոսանքին և աներես ճանճերի պես կպչուն հայացքների տակ, այնուհանդերձ, գրեթե մի ժամի չափ թափառեցի աննպատակ։ Այն կարծիքը կա, թե քայլելը հոգեբանական շատ որոշակի արդյունավետություն ունի։ Հենց օրինակ ռազմերթի ելած զինվորական ստորաբաժանումը։ Շարասյունը կարող է շարժվել երկու կամ երեք տողանով, և զինվորը դառնում է սոսկ երկոտանի մի արարած, որի եզակի նպատակը շարքը ուղիղ պահպանելն է։ Կարծում եմ, այդ անվերջանալի ռազմերթի կշռույթի մեջ մռայլ ունայնության, դեմքի ու սրտի կորստյան զգացողության հետ միաժամանակ բովանդակվում է նաև անհոգի անդորրությունը։ Ավելին, բնավ հազվադեպ չեն այն դեպքերը, երբ երկարատև ռազմերթի ընթացքում մարդիկ նույնիսկ սեռային գրգիռներ են ունենում։
Բայց հո չի՞ կարելի անվերջ քշել ճանճերին։ Ավելի շուտ, ես ինքս եմ դառնալու ճանճի ամենատես աչք և ագահորեն թռչեմ դեպի մարդկանց բազմությունը։ Պետք է այդ բազմութ յան մեջ գտնեմ մեկնումեկին, որը կամենար ինձ վաճառել մաշկային ծածկույթը։ Սեռը՝ արական․․․ Մաշկը պիտի լինի հարթ, հնարավորին չափ՝ առանց բնորոշ նշանների․․․ Քանի որ հետո այն ձգվելու և կծկվելու է, ուրեմն դիմագծերն ու չափերլըյ կարևոր չեն։ Տարիքը՝ երեսունից մինչև քառասուն․․․ Հանուն դրամի իմ առաջարկին համաձայնող քառասնամյա տղամարդու մաշկը կարող է բազմաթիվ սպիներ ունենալ, հետևաբար, նաև պիտանի չլինել իմ կարիքներին։ Ուստի, փաստորեն, խոսքը երեսնամյա մարդու մասին էր․․․
Փորձեցի ինքս ինձ հավաքել, բայց այդ ջանքն էլ, էլեկտրական լամպի պես բռնկվելով, այրվեց ու հանգավ. շատ գժվար բան էր ներքին լարվածությունը պահպանելը։ Բացի այդ, մարդիկ, որ քայլում էին փողոցով, չնայած իրար օտար էին, այնուամենայնիվ, օրգանական միացության պես ամուր մի շղթա էին ստեղծել առանց չնչին իսկ ճեղքի, ուր հնարավոր լիներ խցկվել։ Եվ կարո՞ղ է արդյոք իմ ընտրած դեմքն ունենալը ծառայել այդքան ամուր մի կապի։ Չէ՞ որ նույնիսկ նրանց հագուստը համաձայնեցված էր որպես մի պայմանաբառ։ Վիթխարի քանակությամբ թողարկված այսօրվա պայմանաբառը, որ կոչվում է նոր տարազ։ Արդյո՞ք դա ձևի բացասում չէ և միաժամանակ՝ ձևի մի նոր տեսակ։ Այն իմաստով, որ փոփոխությունները կատարվում են անընդհատ, ըստ երևույթին, դա ձևի բացասումն է, բայց քանզի այդ բացասումը իրականանում է զանգվածային կարգով, ապա ներկայանում է դարձյալ որպես ձևով զգեստավորված։ Թերևս, այդպիսին է այսօրվա հոգին։ Եվ հանուն այդ հոգու ես դարձել եմ հերետիկոս։ Ու թեև արհեստական հյուսվածքով նոր տարազի պատկերացումները, հիրավի, հաստատվում են իմ ուսումնասիրություններով, մարդիկ, երևի մտածելով, թե դեմքից զրկված անձը զուրկ է նաև հոգուց, ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ միանամ իրենց։ Ես իմ ամբողջ ուժը գործադրեցի, որպեսզի շարունակեմ քայլել։
Եթե թեթևամտորեն ձայն տայի բազմության մեջ որևէ մեկին, շրջապատիս հետ իմ կապը մի ակնթարթում կքայքայվեր սյոձիի թղթի նման։ Հավանաբար, մարդիկ տեղնուտեղը կկանգնեին շուրջս՝ կենդանի ցանկապատի պես ու առանց խնայելու հարցուփորձ կանեին այսքան անհեթեթ դիմակիս մասին։ Մոտ վեց անգամ մի ծայրից դեպի մյուսը հետուառաջ քայլեցի կայարանամերձ փողոցում և այդ ընթացքում անընդհատ նմանօրինակ նախազգուշացումներ էի ստանում։ Չէ՛, ոչ թե այն պատճառով, որ չափից դուրս շատ էին մտորումներս։ Թեև աներևակայելի մի եռուզեռ էր, բայց իմ չորսբոլորը, ասես ժանտախտային մի չրջանում, միշտ ազատ տարածություն կար, և ոչ ոք ոչ մի անգամ ուսով չդիպավ ինձ։
Թվում էր, թե բանտում եմ։ Բանտում եմ, և իրենց ծանրությամբ ճնշող պատերը, պողպատե վանդակները, այդ ամենը դարձել էին հղկված մի հայելի, և ո՛ր կողմը շրջվեիր՝ տեսնում էիր սեփական արտացոլումդ։ Այն պարագան, որ ուզածդ րոպեին չես կարող փախչել ինքդ քեզնից՝ սա է բանտված լինելու ամբողջ ահավորությունը։ Ես նույնպես շատ ամուր եմ կապված իմ պարկի մեջ, և ինչքան էլ թպրտամ, միևնույն է, փրկություն չկա։ Անհամբերությունս դարձավ իսկական մի զայրույթ, իսկ զայրույթս վերածվեց մռայլ մի չարության։ Բայց այստեղ հանկարծ մի միտք ծագեց. իսկ եթե մտնեմ հանրախանութի ռեստորա՞ն․․․ Պատճառը, թերևս, այն էր, որ ժամանակ ունեի, կամ գուցե՝ պարզապես քաղցա՞ծ էի․․․ Բայց այդ միտքը շատ ավելի խոշոր մարտահրավեր էր պարունակում իր մեջ։ Դեպի անկյուն հալածված մարդու ներքին զգացողությունը, վերջապես, ինձ հուշեց, թե ո՞ր մասը ճեղքեմ այն պարկի, ուր ինձ նետել են։
Նկատեմ, որ մարդիկ դառնում են միայնակ, հեռանում են իրարից, դառնում անօգնական, բացահայտում են իրենց թուլությունները, գթաշարժ ու աղերսող կերպարանք են ստանում գլխավորապես այն րոպեներին, երբ քնած են, բնական կարիքներն են հոգում, մեկ էլ երբ տարված են ուտելով։ Ի դեպ, «անհատական» կերակրացանկը հանրախանութներում գտնվող ռեստորանների յուրօրինակ հպարտությունն է։
Այն սրահը, ուր իջա շարժասանդուղքով, նման էր ընդունելությունների դահլիճի։ Ըստ երևույթին, ռեստորանը դահլիճի հետևում էր։ Եվ ես արդեն քայլում էի դեպի խորքը, երբ հանկարծ ճիշտ, իմ դիմաց հայտնվեց մի խոշոր հայտարարություն․ «Նո դիմակների ցուցահանդես»։ Մի պահ քարացա և, գլուխս կորցրած, քիչ էր մնում ետ դառնայի։ «Իհարկե, այսպիսի բան հենց ինձ հետ պիտի պատահեր,— մտածեցի ես։— Բայց եթե փախչեմ, վրաս ավելի կծիծաղեն»։ Ու թեև կարելի էր ռեստորան մտնել ցուցահանդեսը շրջանցելով, բայց, միևնույն է, քայլերս ուղղեցի հատկապես դեպի այդ դահլիճը։
Ես այդպես վարվեցի, թերևս, այն պատճառով, որ արդեն ոգևորված էի ռեստորան մտնելու իմ վճիռով։ Կամ, թերևս, ճիշտ կլիներ այդ անվանել մարտահրավեր նետելուց առաջ՝ ուժերի փորձարկում։ Դիմակավոր մարդը դիտում է Նո դիմակները․ ինչ կուզեք՝ ասեք, բայց արտասովոր համադրություն է։ Պետք է այնքան վճռականություն ունենալ, որպեսզի կարողանաս անցնել այդ կրակե օղակի միջով։
Բարեբախտաբար, սակայն, այցելուները այնքան քիչ էին, որ իմ ամբողջ լարվածությունը վերացավ։ Դրա շնորհիվ ակամա հոգու խաղաղություն զգացի և այդ վիճակում որոշեցի դիտել ցուցահանդեսը։ Որևէ առանձնակի հույս չէի կապում ցուցահանդեսի հետ։ Նո գիմակի և այն դիմակի միջև, որն անհրաժեշտ էր ինձ, թեև դրանք միևնույն անունն ունեին՝ «դիմակ», շատ մեծ տարբերություն կար։ Ինձ հարկավոր էր այնպիսին, որը ոչնչացներ տզրուկների այդ արգելապատնեշը և վերականգներ արահետը, որն ինձ կապում էր ուրիշ մարդկանց հետ։ Իսկ Նո դիմակը, ընդհակառակը, մարմնավորում է կյանքի հետ բոլոր կապերը խզելու ձգտումը։ Դրա լավագույն ապացույցը կարող է, ի դեպ, լինել դահլիճում տիրող ունայնության շատ զգալի մթնոլորտը։
Չեմ կարող, անշուշտ, չընդունել, որ Նո դիմակը պարունակում է ինչ֊որ կատարյալ մի գեղեցկություն։ Այն, ինչ անվանում ենք գեղեցկություն, գուցեև այն բողոքի զգացման ուժն է, որն ընդվզում է քայքայումի, ոչնչացման դեմ։ Ընդօրինակության դժվարությունը կարող է արվեստի կատարելության չափանիշ լինել։ Ուրեմն, եթե ելնենք զանգվածային արտադրության անհնարինությունից, անկասկած, հարկ կլինի խոստովանել, որ բարակ ապակեշերտը լավագույն բանն է մեր աշխարհում։ Բայց, միևնույն է, ամենաանհասանելին այն է, ինչը գտնվում է այդքան հազվագյուտ կատարելություն որոնելու համընդհանուր ձգտումի սահմաններից դուրս։ Դիմակ ունենալու անհրաժեշտությունը, ինչպես հուշում է սթափ միտքը, արտահայտել է ավելի կատարյալը տեսնելու այն մարդկանց ցանկությունը, որոնց արդեն չի գոհացրել կենդանի դերասանի արտաքինը։ Այդ պարագայում ի՞նչ հարկ կար միտումնավոր կերպով դիմակը նմանեցնել խեղդամահ եղածի։
Ինձ համար էլ անսպասելի, կանգնեցի կանացի դիմակի առաջ։ Այն կախված էր երկու պատերը միացնող ցածր, կիսաշրջանաձև միջնորմի վրա։ Եվ որոշակի մի իմաստ կար նրա այդ դիրքում։ Սև պաստառի հենքի վրա բազրիքի ճերմակ հարևանությամբ կանացի դիմակը, ասես պատասխանելով իմ հայացքին, թվաց, թե շրջվեց իմ կողմը։ Ու սպասման մեջ ամբողջ դեմքով լայն ժպտում էր ինձ․․․
Չէ, անտարակույս, տեսողական պատրանք է դա։ Շարժվում էր ոչ թե դիմակը, այլ վրան ընկնող լույսը։ Բազրիքի հետևում քողարկված էին պստիկ լամպերը, որոնք չատ որոշակի հաջորդականությամբ վառվում և մարում էին, ստեղծելով մի անկրկնելի տպավորություն։ Այո, շատ մեծ հմտությամբ էին սարքել այդ ամենը։ Ու թեև հասկանում էի, որ շինծու է, բայց իմ ներսում շարունակում էր զրնգալ վախը։ Եվ ես առանց որևէ դիմադրության ընդմիշտ հրաժարվեցի այն սովորական ու միամիտ կարծիքից, թե Նո դիմակները արտահայտություն չունեն․․․
Դիմակը ոչ միայն մտահղացված էր ամենայն մանրամասներով, այլև մյուսներից տարբերվում էր նաև փայլուն կատարմամբ։
Բայց այդ տարբերությունը անըմբռնելի էր ու գրգռող։ Բայց երբ դահլիճում մի անգամ էլ շրջելով, վերադարձա կանացի դիմակի մոտ, այն հանկարծ իմ դիմաց ելավ ասես անտեսանելի ոսպնյակի կիզակետում, և ես լուծեցի առեղծվածը։ Այն, ինչ տեսնում էի իմ դիմաց՝ դեմք չէր։ Այլ միայն ձևանում էր, թե դեմք է։ Իրականում դա սովորական մի գանգ էր, որի վրա նուրբ թաղանթ էին ձգել։ Ուրիշ դիմակների, հատկապես ծերունիների դիմակների վրա, շատ ավելի հստակ էին երևում գանգի ուրվագծերը։ Բայց կանացի այս դիմակը, որն առաջին հայացքից թվում էր կլորիկ, ուշադիր ու երկար նայելու դեպքում, ամենից ավելի գանգ էր հիշեցնում։ Քթարմատի, ճակատի, այտերի և կզակի ոսկորները վերարտադրված էին այնպիսի ճշգրտությամբ, որ ակամա հիշում էիր կազմախոսական ատլասը։ Եվ ստվերների շարժումը, որ ծնվում էր լույսի թրթռումից, դառնում էր դիմախաղ։ Սոսնձի անթափանցություն, որն հիշեցնում է հին ճենապակու․․․ ամբողջ մակերևույթը ծածկող նուրբ ճաքերի ցանց․․․ քամու և անձրևի տակ գետափին ընկած լուղարկվող գերանների ճերմակություն և ջերմություն․․․ Կամ, գուցե, Նո դիմակները իրենց սկիզբն առնում են գանգերի՞ց։
Սակայն, կանացի ոչ բոլոր դիմակներն էին այդպիսին։ Դարերի ընթացքում նրանք դարձել էին սովորական, ոչինչ չարտահայտող դեմքեր, որոնք նման էին կեղևված սեխի։ Գուցե այն պատճառով, որ ճիշտ չեն մեկնաբանել դիմակների առաջին վարպետների մտահղացումը և ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել են ուղղակի ստեղծման ընթացքին, մոռացության են մատնվել գանգի հիմնական ոսկորները և ընդգծվել է միայն արտահայտության բացակայությունը։
Անսպասելիորեն մի ահավոր վարկած ծնվեց։ Ինչո՞ւ էին Նո դիմակների վարպետները փորձ արել հաղթահարել արտահայտության սահմանները և, ի վերջո, հասել գանգին։ Անշուշտ, ոչ այն պարզ պատճառով, որպեսզի վերացնեն արտահայտությունը։ Առօրեական արտահայտությունից հրաժարվելը կարելի է տեսնել նաև մյուս դիմակներում։ Եթե խորացնելու լինենք սկզբունքային տարբերության որոնումները, ապա այն, թերևս, հետևյալն է. եթե ուզես արտահայտություն հաղորդել, ապա կարող ես հաղորդել ինչպիսին կամենաս, բայց, միևնույն է, դա կլինի ոչինչ չպարունակող, դատարկ մի անոթ․․․ Հայելու արտացոլում, որը կարող է ձևափոխվել ինչպես կամենաս՝ նայած թե ով է հայելու դիմաց կանգնողը։
Իհարկե, այս ամենը չի նշանակում, թե իմ դեմքը, որի վրա վխտում են տզրուկները, պետք է վերադարձնել դեպի գանգը։ Բայց արդյո՞ք Նո դիմակներ սարքելու համապարփակ կերպը, երբ դեմքը դարձնում են դատարկ մի անոթ, չի պարունակում այն հիմնական սկզբունքը, որն արտահայտվում է ուզածդ դեմքի, ուզածդ արտահայտության, ուզածդ դիմակի միջոցով։ Ոչ թե դեմք, որ դու ես ստեղծում, այլ դեմք, որն ստեղծում են ուրիշները։ Ոչ թե արտահայտություն, որ դու ես ընտրում, այլ արտահայտություն, որն ընտրում են ուրիշները․․․ Այո՛, թերևս, սա ճշմարիտ է․․․ Հրեշը ստեղծված ինչ֊որ բան է․․․ Եվ, ուրեմն, մարդուն կարելի է ստեղծագործություն համարել․․․ Եվ քանի որ խոսքը արտահայտություն հորջորջվող նամակի մասին է, արարողը հանդես է գալիս ոչ թե որպես ուղարկող, այլ ավելի շուտ՝ հասցեատեր։
Դեմքի տիպարը ընտրելու բոլոր այս դժվարությունները չե՞ն բացատրում արդյոք իմ անսահման խարխափումները․․․ Քանի նամականիշ էլ փակցնես ծրարի վրա, որն հասցե չունի, միևնույն է, նամակդ կդառնա հետ․․․ Կա՛ց, ոնց որ թե մի ելք կա։ Իսկ եթե որևէ մեկին ցույց տամ դեմքի հաստատուն տիպարների ալբոմը, որն օգտագործել էի նախնական տեղեկությունների համար, և խնդրեմ, որպեսզի նա՞ ընտրի․․․ Բայց ո՞ւմ, ո՞ւմ կարող եմ դիմել այս խնդրանքով։ Մի՞թե պարզ չէ․․․ Իհարկե՛, քե՛ղ․․․ Քեզանից բացի՝ ոչ ոք չի կարող լինել իմ նամակների հասցեատերը․․․
Սկզբում համեստորեն մտածեցի, թե իմ հայտնագործությունը չափազանց աննշան բան է։ Բայց ինձ շրջապատող լույսի ալիքները հետզհետե սկսեցին փոխել իրենց երկարությունը, սիրտս ջերմացավ, և որպեսզի հանկարծ չպաղի, ափերով ծածկեցի և զգույշ, ասես զառիթափով իջնելիս, հեռացա դահլիճից։
Հիրավի, դա բնավ էլ չնչին մի հայտնագործություն չէ, եթե միայն հաջողվի իրականացնել․․․ Ձևականությունների առումով, հավանաբար, բազմաթիվ խնդիրներ կծնվեն․․․ Իհարկե՛, կծնվեն․․․ Բայց և այնպես, ի վերջո, կարելի է ամեն ինչ կարգադրել։ Ես վճռական քայլերով գնացի դեպի ռեստորան։ Առանց կասկածի նշույլի անգամ, ներխուժեցի «Նո դիմակների ցուցահանդեսից» այնքա՜ն տարբերվող մեծ ռեստորանի շիկացած մթնոլորտի մեջ, ուր երկթերթանի կերակրացանկը ընդգրկում էր ախորժակի բոլոր տեսակները՝ առանց բացառության։ Ես այդ քայլը կատարեցի ոչ թե ինչ֊որ մի խենթ համարձակության սադրանքով։ Ընդհակառակը։ Առկայծող հույսը ինձ ավելի շուտ դարձրել էր վախկոտ։ Նամակի ու հասցեի միջև որքան հնարավոր է շուտափույթ կապ հաստատելու իմ ձգտման մեջ ես դարձել էի մի երեխա, որը ականջները խցած՝ վազում է մթան մեջ։
Հենց այդ պահին էլ, դիմացս կտրելով, հայտնվեց մի տղամարդ։ Ցուցափեղկում դրված ուտելիքները զննելու նրա հանգիստ ու անխռով կեցվածքը (թվում էր, թե նա երբեք չի շրջվելու) պետք է որ հատկանշական լիներ այն մարդուն, որին այդքան համառորեն որոնում էի։ Համոզվելով, որ տղամարդը միանգամայն համապատասխանում է և դեմքին էլ որևէ սպի չկա, ես տեղնուտեղը վճռեցի՝ թող ընտրյալս լինի հենց նա։
Ի վերջո, ընտրությունը կատարելով, տղամարդը չինական մի թաս արիշտայի կտրոն գնեց։ Նրանից հետո ես էլ սուրճի ու բուտերբրոդի կտրոն վերցրի։ Դեմքիս անմեղ մի արտահայտությամբ, թեև՝ ո՛ր դեմքիս, չէ՞ որ ընդհանրապես դեմք չունեի, ես լուռ նստեցի տղամարդու դիմաց։ Քանի որ ուրիշ ազատ տեղեր շատ կային, նա չթաքցբեց իր դժգոհությունը, բայց ոչինչ չասաց։ Երիտասարդ սպասուհին դակեց մեր կտրոնները, մի-մի բաժակ սառը ջուր բերեց ու հեռացավ։ Ես դեմքիս կապը քանդեցի, ատամներիս արանքում մի սիգարեթ դրեցի և, զգալով, որ դիմացիս տղամարդը նեղվում է, սկսեցի շատ հեռվից.
— Ներեցեք, երևի խանգարեցի․․․
— Չէ՛, չէ՛, ի՜նչ եք ասում․․․
— Տեսնո՞ւմ եք, մանչուկը այնպես է ինձ նայում, որ նույնիսկ պաղպաղակն է մոռացել։ Մեկ էլ աեսաք՝ կկարծիք թե դուք իմ ծանոթն եք։
— Կարող եք ուրիշ տեղ նստել։
— Այո՜, իհարկե, կարող եմ։ Բայց մինչ այդ կուզենայի ձեզ հարցնել․․․ ուղղակի․․․ առանց սար ու ձոր ընկնելու․․․ Չէի՞ք ուզենա տասը հազար իեն ստանալ։ Եթե տասը հազար իենը ձեզ հարկավոր չէ, ապա նույն պահին կտեղափոխվեմ։
Զրուցակցիս դեմքին այնպիսի հետաքրքրասիրություն հայտնվեց, որ նույնիսկ խղճացի նրան։ Եվ առանց ինձ կորցնելու, շարունակեցի նրան ցանցի մեջ քաշել։
— Խնդրանքս առանձնապես ծանր բան չէ։ Համարձակության կարիք չի զգում և շատ ժամանակ էլ չի խլի․․․ Եվ տասը հազարը ձերն է։ Հը՞․․․ Կուզենա՞ք լսել, թե՞ փոխեմ տեղս։
Լեզվի ծայրով տղամարդը լիզեց իր դեղնած ատամները։ Իսկ վարի կոպը նյարդայնորեն ցնցվեց։ Բլանի դասակարգման համաձայն նա ուներ փոքր֊ինչ լիքը, դեպի վար տեղափոխված կենտրոնով դեմք։ Ընդհանուր առմամբ, դա իմ կողմիg բացառած մարդկային դեմքի տիպար էր, որը կենտրոնացած էր իր ներքին աշխարհի վրա և հակամարտության մեջ էր արտաքին աշխարհի հետ։ Բայց ինձ կարևոր էր միայն մաշկի կառուցվածքը, և ուստի դեմքն ինքնին որևէ էական նշանակություն չուներ։ Այդ տեսակի մարդկանց նկատմամբ անհրաժեշտ է ճնշում գործադրելու հետ մեկտեղ աչալուրջ լինել՝ նրանց ինքնասիրությունը հանկարծ անզգուշաբար չվիրավորելու համար։
Հետգրություն։ Ամենայն կերպ ջանալով ժխտել դեմքը որպես չափանիշ լինելը՝ ինձ համար, սակայն, ուրիշների հարցում չեմ զլանում այն կիրառել։ Չափից դուրս կամայակա՞ն է այսպիսի մոտեցումը։ Այո՛, կամայական է։ Բայց նույն կերպ սեփական անձին վերաբերելը շատ մեծ շքեղություն կլիներ։ Մեծ մասամբ ամենակատաղի քննադատներ դառնում են ընչազուրկները։
— Բայց․․․― ասես հասկացնելով, թե մենք կարող ենք իրար հետ լեզու գտնել նույնիսկ այն դեպքում, եթե նա դեմքիս չնայի, տղամարդը, ձեռքերը աթոռի թիկնակին դրած, իր տեղը չէր գտնում և, թվում է, ուշադիր նայում էր վերելակի կողմը, որտեղ, դիմացի տանիքի վրա երեխաներին փուչիկներ էին նվեր տալիս։— Խնդրեմ, ի՞նչ է ձեր ուզածը։
— Դուք ինձ հանգստացրիք։ Լավ կլիներ, եթե որևէ ուրիշ տեղ գնայինք․․․ Այս սպասուհիները շատ անհրապույր են։ Բայց ամենից առաջ ուզում եմ պայմանավորվել մի հարցում։ Ես չեմ հետաքրքրվում, թե դուք ի՛նչ զբաղմունքի տեր եք։ Ուրեմն, դուք ևս մի՛ հարցրեք ինձ։
― Ի վերջո, կա՞ արդյոք մի այնպիսի զբաղմունք, որի մասին արժենար հարցուփորձ անել։ Բացի այդ, եթե ոչինչ չիմանամ, ուրեմն հետո էլ ուրիշների առաջ արդարանալու հարկ չի լինի։
— Երբ վերջացնենք, կուզենայի, որ դուք ամեն բան մոռանաք, ասես երբեք էլ չենք հանդիպել։
— Լա՛վ․․․ Դատելով այս սկզբից, մեր զրույցը այնպիսին չէ, որը հետո ուզենայիր հիշել․․․
— Նայա՛ծ․․․ Դուք հիմա էլ չեք համարձակվում ուղիղ դեմքիս նայել։ Մի՞թե հենց այդքանն էլ չի ապացուցում, որ ձեր հետաքրքրասիրությունը արդեն բորբոքված է։ Դուք չեք համրերում, ուզում եք անպայման իմանալ, թե ի՛նչ է թաքնված վիրակապերիս տակ։
— Հիմար բան եք ասում։
— Ուրեմն, վախենո՞ւմ եք։
— Ինչո՞ւ պիտի վախենամ։
— Հապա ինչո՞ւ եք խուսափում նայելուց։
— Ինչո՞ւ․․․ Ի՞նչ է, ես պարտավոր եմ հերթով պատասխանե՞լ ձեր բոլոր հարցերին։ Դա նույնպե՞ս մտնում է տասը հազար իենի մեջ։
— Չեք ուզում՝ մի՛ պատասխանեք։ Առանց ձեր ասելու էլ, վաղօրոք ինձ հայտնի են բոլոր պատասխանները։ Պարզապես ուզում էի գոնե մի քիչ թեթևացնել ձեր ուսերի ծանրությունը․․․
— Վերջապես, ասելո՞ւ եք, թե ո՛րն է անելիքս։
Տղամարդը դժգոհ տեսքով բաճկոնի գրպանից հանեց սիգարեթի ճմռթած տուփը և, վարի շրթունքը կախ, սկսեց հարթել այն։ Բայց նույն պահին էլ փոս ընկած այտը, որի վրա ընդգծվաձ էին բերանի մկանունքը, ջղաձգորեն ցնցվեց, ասես միջատի մարմին լիներ։ Նա հալածված զոհի տեսք ուներ։ Բայց հնարավո՞ր բան էր այդ․․․ Փորձից գիտեի, որ երբ գործ ունես երեխայի հետ, ապա նա, ամենավառ երևակայության տպավորության տակ, կարող է խուճապի մեջ ընկնել, բայց իմ զրուցակիցը միանգամայն հասուն մարդ էր։ Իմ գործընկերները հայացքները փախցնում էին՝ հիվանդագին կերպով զգալով իրենց առավելությունը։ Հատկապես այդ պարագան նկատի ունենալով, տասը հազար իեն խայծի օգնությամբ, ուզում էի հասնել կեղծ հավասարության։ Ո՛չ ավելին․․․
— Ուրեմն, անցնենք գործի։— Զգուշորեն, բայց միևնույն ժամանակ միտումնավոր կտրուկ արտահայտություններով սկսեցի շոշափել նրան։— Ուրեմն, ուզում էի ասել, թե ձեր դեմքն արդյոք չէի՞ք զիջի ինձ․․․
Պատասխանի փոխարեն նա մռայլ հայացքով նայեց ինձ և որքան ուժ ուներ՝ չրխկացրեց լուցկին։ Լուցկու ծայրը ջարդվեց, իսկ բոցավառվող գլխիկը թռավ սեղանի վրա։ Նա շտապեց մարել, հետո մատները կտտացնելով, նետեց հատակին և, շփոթված փնչացնելով, նորը վառեց։ Ինչպես և սպասում էի․․․ Այս ամենը տևեց մի քանի վայրկյան, բայց այդ պահերին նա ամբողջ էությամբ կենտրոնացել, լԼարվել էր, որպեսզի ըմբռնի «դեմքը զիջել» բառերի իմաստը։
Բացատրություններ կարող էին լինել ուզածին չափ։ Սկսած այնպիսի հանրահայտ բաներից, որպիսիք են սպանությունը, ահաբեկությունը, խաբեբայությունը, երբ հանցագործը մտադիր է փոխել իր կերպարանքը, և վերջացրած՝ արդեն կատարյալ երևակայական դեպքերով, երբ, իսկապես, զբաղվում են դեմքերի առուծախով․․․ Այո՛, կռահելը այնքան էլ դյուրին բան չէր։ Եթե նա դեռ պահպանել էր անվրդով դատելու ընդունակությունը, պետք է որ տեղնուտեղը հիշեր տասը հազար իենի մասին. դա չափազանց որոշակի պայման էր։ Թե ի՞նչ կարելի է գնել տասը հազար իենով՝ հայտնի է։ Ավելի խելացի չի՞ լինի, եթե ենթադրություններով ինքզինքը տանջելու փոխարեն ուղղակի հարցներ, թե ի՛նչ նկատի ունեմ։ Կասկած չկար, որ նրան ճնշում էին իմ վիրակապերը, և խեղճը հայտնվել էր այն մարդու անհարմար վիճակում, որին երազում չարչարում են ինչ֊որ աներևակայելի սոփեստությամբ։ Ընդհանրապես, երևի չէի սխալվել, երբ որոշեցի ռեստորան մտնել։ Եվ ամենից ավելի ինձ դուր էր գալիս այն, որ նա ասես, փշալարի հանդիպելով, հետաքրքրվում է ոչ այնքան վիրակապերի տակ եղածով, որքան հենց այդ վիրակապերով։
Ինչ֊որ մի պահ, ասես նշանավոր աճպարարը թափահարեց իր թաշկինակը, և իմ մեջ տեղի ունեցավ ցնցող մի կերպարանափոխություն։ Ինչպես անտեսանելի օդափոսից հանկարծ դուրս է թռչում չղջիկը, այնպես էլ հանկարծ ես դարձա բռնադատող, որը պատրաստ էր զրուցակցի կոկորդի մեջ մխրճել սուր-սուր ժանիքները։
— Եղածը մի բան չէ․․․ Թեև ասացի դեմքի մասին, բայց ընդհանրապես խոսքը վերաբերում է միայն մաշկին։ Ուզում եմ վիրակապերը փոխարինել․․․
Տղամարդու դեմքը ավելի ու ավելի մշուշվեց։ Այնպիսի ջանասիրությամբ էր սեղմել շուրթերը, որ թվում էր, թե տարված է միայն ծխելով, իսկ մեր գործի մասին արդեն մոռացել է։ Սկզբում, որպեսզի կանխեի նրա առարկությունները, որոշել էի համառոտակի պատմել իրերի բուն վիճակի մասին։ Բայց հիմա դրա հարկը չկար։ Վիրակապերի տակ ես ակամա խեղդեցի ոչ մեկի համար տեսանելի իմ դառը ժպիտը։ Չարությունը դուրս թափելը առողջությունը պահպանելու լավագուլն միջոցն է։
― Չէ՛, չէ՛․․․ Մի՛ անհանգստացեք։ Ես միտք չունեմ ձեզ մորթազերծ անել։ Միակ բանը, որ ինձ հարկավոր է՝ մակերևույթի գծագրութ յունն է։ Կնճիռները, ծակոտիները, մաշկի ծալքերը․․․ Մի խոսքով, ուզում եմ, որ թույլ տաք կաղապարի վրա փոխանցել այն ամենը, ինչը հնարավորություն կտա ստեղծել նյութական մաշկի տպավորություն։
— Հը՜մ․․․ ուրեմն, կաղապա՜ր․․․
Տղամարդը թեթևացած շունչ քաշեց։ Լարվածությունը վերացավ։ Ադամախնձորը, վերջապես, շարժվեց։ Եվ նա թեթևակի գլխով արեց, թեև կասկածները դեռ չէին փարատվել։ Պարզ էր, թե ի՛նչն էր նրան անհանգստացնողը։ Ճիշտ նրա դեմքի պես մի դեմք առնելով վրաս, թե ի՛նչ ապուր եմ պատրաստվում եփել այս հարցը չէր կարող չհուզել տղամարդուն։ Նրա կասկածները անմիջապես փարատելու փոխարեն, մատուցված կերակուրը ուտելու հետ միաժամանակ, ես մանր ստորություններ էի անում անդադար, միայն թե հաստատվեին խեղճի ենթադրությունները։ Անձամբ զրուցակցիս նկատմամբ որևէ ատելություն չունեի։ Պարզապես, երևի, ուզում էի վրեժ լուծել այն բանի համար, որ ստիպված եմ առևտուր անել նրա դեմքի առիթով։
Իհարկե, եթե միայն ինձ չտանջեին այդ տզրուկները, վիրակապն էլ իր հմայքն ուներ, և մի կողմ նետելը այնքան էլ հեշտ բան չէր։ Ես, օրինակ, համոզված եմ, որ դեմքի բուն իմաստը առավել հստակորեն բացահայտվում է այն դեպքում, երբ վիրակապված է. այսինքն, երբ գործ ունեմ դիմակի տպավորության հետ։ Դիմակը մի չար խաղ է, որի ընթացքում այն, ինչ սպասում ես դեմքից և այն, ինչ տեսնում ես՝ փոխում են իրենց տեղերը։ Ընդհանրապես, դա կարելի է համարել մարդկանցից թաքնվելու միջոցներից մեկը. ջնջելով դեմքը՝ ջնջում են նաև հոգին։ Հավանաբար, հենց այդ պատճառով էլ հնագույն ժամանակներում դահիճները, կարգալույծները, հավատաքննիչները, քուրմերը, գաղտնի միաբանությունների քահանաները և, ի վերջո, ավազակներր չէին կարողանում յոլա գնալ առանց դիմակի։ Դիմակը նրանց համար անհրաժեշտ բան էր, որն ուներ ոչ միաչն բացասող նպատակ՝ պարզապես դեմքը քողարկել, այլև, անկասկած, շատ ավելի հաստատական նպատակ՝ մարդու կերպարանքը քողարկելով, խզել դեմքի ու սրտի միջև եղած կապը, ազատել նրան մարդկանց հետ միացնող հոգեկան կապանքներից։ Վերցնենք շատ ավելի պարզ մի օրինակ, այս դեպքում, իհարկե, կիրառելի է պճնամոլիկի հոգեբանությունը, որը սիրում է զբոսանքի ելնել, իրեն ցուցադրել մուգ ակնոց դրած, նույնիսկ այն դեպքում, երբ արևից պաշտպանվելու անհրաժեշտություն չկա։ Բայց եթե ինքդ քեզ ազատես հոգևոր բոլոր կապերից և ստանաս անսահման ազատություն, ապա հեշտությամբ կարող ես դառնալ նաև անսահման դաժան մարդ։
Ըստ էության, ես արդեն առիթ ունեցել եմ մտմտալ վիրակապերը որպես դիմակ օգտագործելու վրա։ Այո՛․․․ Առաջին անգամ այդ բանը տեղի ունեցավ մինչև Քլեյի նկարի հետ պատահած այն դեպքը։ Ես ինձ հպարտորեն նմանեցրել էի անտեսանելի մարդու, որը բոլորին տեսնում է, բայց ինքը ուրիշների աչքից քողարկված է։ Հետո՝ երբ ընդունելության էի գնացել մարմնի արհեստական մասեր պատրաստող պարոն Կ.-ին։ Կ.-ն ամեն կերպ ընդգծում էր դիմակի թմրեցնող բնույթը և լրջորեն զգուշացրեց ինձ, որ ի վերջո կդառնամ յուրօրինակ մի «հաշիշամոլ», որն իր կյանքը չի պատկերացնում առանց վիրակապերի։ Ուրեմն, կարելի է այնպես համարել, որ հիմա այդ բանը տեղի ունեցավ արդեն երրորդ անգամ․․․ Չէ՞ որ կես տարուց ավելի էր անցել, հնարավո՞ր բան էր, որ դոփելիս լինեի միևնույն տեղում։ Չէ՛, համենայն դեպս, տարբերություն կա։ Սկզբում սովորական սնապարծություն էր, հետո ես զգուշացում ստացա կողմնակի մարդուց և, վերջապես, հիմա առաջին անգամ իրապես ճաշակեցի դիմակավոր մարդ լինելու խորհրդավոր հաճույքը։ Միտքս շարժվում էր ասես պարուրագծով։ Ճիշտ է, հոգուս խորքում մի քիչ կասկածում էի. արդյոք ո՞ր ուղղությամբ է ընթանում այդ շարժումը՝ պարուրագծով դեպի վե՞ր, թե՞ հակառակը, դեպի վար․․․
Ուրեմն, շարունակելով ինքղինքս զգալ բռնադատող, ես տղամարդուն դուրս բերեցի հանրախանութից, վճարեցի մոտակա հյուրանոցի սենյակի համար, և երկու ժամ հետո, ճիշտ այնպես, ինչպես հանել էի տզրուկների իմ բնակավայրի կաղապարը, ստացա այդ մարդու դեմքի մաշկի պատճենը։ Նայելով, թե գործը պրծնելուց հետո տղամարդը ինչպես գրպանը դրեց տասը հազար իենանոց թղթադրամն ու գրեթե վազելով մոտեցավ դրսի դռանը, ես ապրեցի միայնության նողկալի զգացողությունը, ասես բոլոր ուժերս դուրս սողացին իմ մարմնից։ Եթե իսկական դեմքի հետ գործարքը դատարկ բան է, թերևս նույնքան դատարկ կարող է լինել նաև դիմակով ծածկված դեմքի հետ։
Հետգրություն։ Ո՛չ, այս դատողությունը ճիշտ չէ։ Այսօրինակ զգացողությունը, թերևս, ծնվում է նրանից, որ, ըստ իմ ենթադրությունների, այն փոփոխությունները, որպիսիք տեղի կունենան հոգուս մեջ՝ դիմակն ավարտելուց հետո, շատ նման կլինեն բոլոր այն դեպքերին, երբ երեսակալ են հագնում մարդկանցից թաքնվելու համար․․․ Եվ զարմանալի չէ, որ ես տագնապում էի։ Չէ՞ որ հեռանում եմ երանելի նպատակից՝ մարդկանց հետ ինձ կապող արահետը վերականգնելուց։ Ճիշտ է, հենց այս համեմատության մեջ որոշակի անհետևողականության կար։ Իմ սեփական դեմքը չհանդիսացող դիմակը երեսակալ համարել՝ նշանակում է սպիտակը ներկայացնել որպես սև։ Եթե դիմակը լայնացնում է արահետը, ապա երեսակալը կտրում է այն․ ուրեմն, դրանք, ավելի շուտ, հակոտնյաներ են։ Այլապես դիմակ-երեսակալից փախչելու և դիմակ֊դեմք գտնելու իմ ձգտումով ես կհայտնվեմ հիմար վիճակի մեջ։
Մի բան էլ․․․ Հենց նոր մտքովս անցավ, դիմակը հարկավոր է զոհին, իսկ երեսակալը, ընդհակառակը, բռնադատողին։ Ճի՞շտ է։
Ճերմակ տետրակ
Ահավասիկ, տետրակն էլ փոխեցի, բայց գործերիս մեջ առանձնակի փոփոխություններ չկան։ Հիրավի, մինչ նոր էջ բացելս մի քանի շաբաթ անցավ առանց որևէ դեպքի, ասես քարացել մնացել էի մեռյալ կետի վրա։ Մի քանի անարտահայտիչ, անաչք, անքիթ, անբերան շաբաթներ, որոնք շատ նման էին վիրակապերով իմ դիմակին։ Բայց որոշ բաներ, այնուհանդերձ, տեղի ունեցան։ Ես փախցրի մի աշխատանք արտոնագրելու առիթը, որն ինձ խոստանում էր բավականին լավ վաստակ։ Բացի այդ, աշխատանոցի երիտասարդ աշխատակիցները, բոլորովին անսպասելի, ինձ լուրջ քննադատության ենթարկեցին տարվա դրամական հատկացումների առիթով։ Ինչ վերաբերում է արտոնագրին, ապա աշխատանքը դեռևս շատ հեռու էր գործնական ավարտից և բավականին յուրահատուկ էր, այնպես որ այդ հարցով մտահոգվել չարժեր։ Իսկ դրամական հատկացումները․․․ թեև դրանք անմիջականորեն կապված չէին դիմակին վերաբերող իմ ծրագրերին․․․ բայց գործը մնում է գործ, և ես պարտավոր էի կշռադատել ինչպես հարկն է։ Երբ գործընկերներս խոսեցին դրամական հատկացումներից, հասկացա, որ նրանք դա համարում են իմ կողմից կատարած շատ որոշակի մարտավարական քայլ։ Եվ իրոք, ջերմեռանդորեն սատարելով երիտասարդ մասնագետների խմբի ցանկությանը, ես առաջ համաձայնել էի հատուկ մասնաճյուղ կազմակերպելուն, բայց երբ հարցը հասավ հատկացումներին, ստացվեց այնպես, որ իմ խոսքից հետ եմ կանգնում։ Դա, իհարկե, ոչ քսություն էր, ոչ նախանձ, ոչ չարամտություն և ոչ էլ կանխամտածված մի այլ գաղտնի քայլ, թեև նրանք հենց այդպես էլ բնորոշեցին իմ արարքը։ Առանձնապես պարծենալու առիթ չունեմ։ Ես ուղղակի մոռացել էի այդ մասին։ Եթե ինձ մեղադրեն աշխատանքի նկատմամբ ոչ բավարար վերաբերմունք ունենալու մեջ, թվում է, ես պետք է խոնարհաբար ընդունեմ այդ մեղադրանքը։ Առաջ այդ բանը գրեթե չէի գիտակցում, բայց նրանց խոսքերը լսելով՝ մի տեսակ շատ սուր զգացի, որ արդեն որոշ ժամանակ է, ինչ սկսել եմ գործիս նկատմամբ կորցնել հետաքրքրությունս։ Թեև այնքան էլ հաճելի չէ խոստովանել, բայց արդյո՞ք տզրուկների ազդեցության հետևանքը չէ։ Եթե մի կողմ թողնենք խղճի որոշ խայթը, ապա, ճշմարիտն ասած, աշխատակիրներիս ընդվզումը թարմացնող նշանակություն ունեցավ ինձ համար։ Չէ՞ որ ինձ վերաբերվել էին որպես հավասարը հավասարի, ոչ այն շինծու ժպիտներով, ինչպես երբեմն դիմավորում էին նրանք հաշմանդամիս․․․
Բայց և այնպես, այդ ի՞նչ հայտնագործություն էի կատարել «Նո դիմակների ցուցահանդեսում», որի հիման վրա, ինչպես գրել եմ նախորդ տետրակիս վերջում, թվում է, ինձ հաջողվեց վերջնականապես լուծել մի շատ կարևոր հարց, դեմքի ընտրությունը։
Այդ մասին գրելր շա՜տ տխուր բան է։ Դեմքի արտահայտությունը գաղտնի մի դուռ չէ, որ քողարկում են կողմնակի հայացքից, այլ շքամուտք, ուստի և գիտակցորեն այնպես են սարքում, այնպես են զարգարում, որպեսզի շոյող լինի այցելուի աչքերի համար: Դա նամակ է, և ոչ թե գովազդային թռուցիկ, որն ուղարկում են առանց մտածելու, թե ով է լինելու ստացողը. հետևաբար, այդ նամակը չի կարող գոյություն ունենալ առանց հասցեատիրոջ։ Համոզվելով իմ այս եզրակացությունների ճշմարտացիության մեջ, ես տեղնուտեղը որոշեցի քեզ ընտրության իրավունք ընձեռել և այդ կերպ թեթևացած՝ ուսերիս բեռն իջեցրի վար։ Հիմա իմ խաղի մեջ միանգամից երկու հոգի մտան։
Այդ երեկո, կավագույն այդ երեկո, երբ կեղտաջրի պես պղտոր մուժը քուլա-քուլա ձգվեց դեպի վեր, սովորականից մի ժամ առաջ ծածկելով երկինքը և աղոտ լապտերների լույսը, մարտահրավեր նետելով, անում էր այն, ինչը նրա տնօրինությունից դուրս էր՝ արագացնում էր ժամանակը․․․ Մարդկային ամբոխի մեջ՝ որն ավելի ու ավելի էր խտանում՝ ինչքան ես մոտենում էի կայարանին, դարձյալ մի փորձ արեցի մտնել բռնադատողի դերի մեջ, միայնության անտանելի զգացողությունից ազատվելու համար, միայնություն, որն ինձ հետապնդում էր այն մարդուց բաժանվելու պահից ի վեր, բայց եթե որևէ մեկին երես առ երես չհանդիպեմ, ինչպես որ արդեն եղել էր հանրախանութի ռեստորանում, թերևս ոչինչ գլուխ չգա, երբ մարդիկ թեկուզև կիրակնօրյա այս գարշելի հրմշտոցի պես բազմություն են ստեղծում, նրանց դեմքերը, ամեոբայի պես մեկը մյուսին ձգելով իրենց կեղծ ոտիկները, մի շղթա են կազմում, որն ամենաչնչին ճեղքն անգամ չունի՝ ներս սողոսկելու հնարավորություն ունենալու համար։ Բայց, միևնույն է, ես այլևս այնքան զայրացած չէի, ինչպես առաջ, տնից ելնելու ժամանակ։ Ես կարող էի նույնիսկ ինձ թույլ տալ խոստովանելու, որ լույսի փայլատակող ծովը, որ մառախուղը պատառոտելով շնչում էր ու հուզվում, հիրավի, սքանչելի էր։ Թերևս, այն պատճառով,որ հիմա շատ որոշակի ծրագիր ունեի։ Ալգինաթթվային կալիումից պատրաստած ու այդքան դժվարությամբ գնված դեմքի կաղապարը, որ հիմա թևատակիս պայուսակի մեջ էր, շատ էր ծանր․․․ Բայց, ճիշտն ասած, այդ ծանրությունը հավասարակշռվում էր դեմքիս՝ մառախուղով ներծծված վիրակապերով․․․ Մի խոսքով, ես արդեն ծրագիր ունեի և կարող էի այն իրականացնելու փորձ անել։ Այդ ծրագրի հետ կապված հույսերս էլ, թեկուզև շատ քիչ, բայց փափկացրել էին իմ սիրտը։
Հա՛, ուրեմն այն երեկո․․․ Սիրտս բաց էր քո առաջ. ասես բոլոր պատնեշները վերառել էին։ Եվ դա ոչ թե սոսկ կրավորական հույս էր, որ կապված էր ընտրությունը քո վրա թողնելու ձգտումի հետ․․․ ոչ էլ մի պարզ զարթոնք էր նախապատրաստական աշխատանքի ավարտի և դիմակը ուր որ է պատրաստելու հեռանկարից առաջ․․․ ինչպես ավելի լավ ասեմ․․․ երեխայի պես միամտորեն, ասես ոտաբոբիկ խոտերի վրա քայլելով, փափկորեն կրճատում էի մեր միջև եղած տարածությունը։
Հնարավոր է, որ այս հանգստությունն ու վստահությունը պայմանավորված է քեզ որպես համախոհ ունենալու հավանականության հետ. թեկուզև անուղղակի համախոհ, դիմակը պատրաստելու համար միայն, մի աշխատանք, որը մենակություն է պահանջում։ Ինձ համար, ինչ էլ որ լինի, դու թիվ մեկ օտարն էիր։ Չէ, այս բառերը օգտագործում եմ ոչ թե բացասական իմաստով։ Դու առաջինն ես, որի նկատմամբ պետք է վերականգնեմ արահետը, դու նա ես, ում անունը պետք է առաջինը գրեմ իմ նամակում, ահա թե ո՛ր իմաստով քեզ անվանեցի թիվ մեկ օտար։ (․․․Համենայն դեպս, պարզապես չէի կարող զրկվել քեզնից։ Քեզ կորցնելը ինձ համար կնշանակեր կորցնել ամբողջ աշխարհը)։
Բայց այն պահին, երբ քեզ դեմ առ դեմ հանդիպեցի, իմ հույսերը դարձան տձև մի կույտ, որն ասես ջրից հանած ծովախոտ լիներ։ Չէի ուզենա լինել սխալ հասկացված։ Բնավ չեմ ուզում մանրախնդիր լինել այն հարցում, թե դու ինչպես դիմավորեցիր ինձ։ Հեռու եմ այդ մտքից. դու ինձ կարեկցեցիր մի մեծահոգությամբ, որ գերազանցում էր մեծահոգությանը։ Բացի այն դեպքից, երբ թույլ չտվիր մտնել փեշիդ տակ։ Անկասկած, շատ հարցերում կարելի էր մեղադրել նաև ինձ կամ, ավելի ճիշտ, հատկապես ինձ։ Ինչպես գրել է բանաստեղծը՝ արդյո՞ք միշտ իրավունք ունես նրա սիրույն, ում սիրում ես։
Այդ օրը ինձ դիմավորեցիր սովորականի պես։ Դիմավորեցիր առանց պարտադրող պատրաստակամության կամ, ավելի շուտ, առանց պարտադրող կարեկցանքի։ Եվ մեր լռությունը նույնպես սովորական էր։
Իսկ ինչքա՞ն ժամանակ է անցել այն օրերից ի վեր, երբ մեր մեջ տիրեց այդ լռությունը, մի լռություն, որ ասես դադարել էր հնչել ջարդված երաժշտական գործիքը։
Ամենորյա մեր զրույցները, հնացած նորություններ փոխանակելը չդադարեցին, այլ հասան նվազագույնի և ստացան զուտ իտորհրդանշական իմաստ։ Բայց մտքիս ծայրով էլ չի անցնում քեզ այդ խնդրում մեղադրել։ Շատ լավ եմ հասկանում, որ դա եղել է քո խղճահարության մասնիկը։ Ջարդված գործիքը միշտ էլ մաքուր չի հնչում։ Ուրեմն, ավելի լավ է, որ լռի։ Ինձ համար դա մի դառը լռություն էր, իսկ քեզ համար, անկասկած, բազմապատիկ անգամ դառը։ Ուստի և ես պետք է որևէ կերպ օգտագործեի այդ առիթը, որպեսզի մի անգամ ևս խոսեինք։ ․․․Ինչքա՜ն հույս ունեի, որ կխոսենք։
Բաչց միևնույն է. ի՜նչ լավ կլիներ, եթե դու գոնե հարցնեիր, թե ուր եմ գնացել։ Վերջերս արտառոց բան էր, որպեսզի կիրակի օրով վաղ առավոտից գնայի տնից, իսկ դու էլ նվազագույն զարմանք իսկ արտահաչտած չլինեիր։
Դու հապճեպ կարգավորեցիր վառարանի կրակը և անմիջապես դարձար խոհանոց. չէիր հասցրել բերել տաք սրբիչը, երբ նորից վազեցիր ստուգելու, թե լոգարանի ջուրը չի՞ տաքացել արդյոք։ Դու կարծես մենակ չէիր թողնում ինձ, բայց և չէիր էլ ջանում մոտիկ լինել։ Իհարկե, ամեն մի կին իր տանը իրեն այնպես է պահում, ինչպես դու, բայց ահա թե ի՛նչ եմ ուզում քեզ ասել. ուզում եմ ասել այն րոպեների քո չափազանց հաշվենկատ հավասարակշռության մասին։ Դու իսկապես բացառիկ հմտությամբ էիր քեզ պահում։ Մեր լռությանը բնականություն տալու ջանքերով, էլեկտրական կշեռքի ճշգրտությամբ էիր չափում ժամանակը։
Լռությունը փշրելու համար որոշեցի ձևանալ, թե զայրացել եմ։ Բայց դա էլ չօգնեց։ Տեսնելով քո անձնուրաց ջանքերը, ես անմիջապես վհատվեցի, հասկանալով, որ դարձյալ հնարավորություն տրվեց ամենայն սրությամբ զգալու, թե որքա՜ն անիմաստ է ինքնավստահությունս։ Մեր միջև քարացած լռության սառցադաշտը, ըստ երևույթին, շատ ավելի զանգվածային էր, քան ես ենթադրում էի։ Դա բնավ էլ սառցի բարալիկ կեղև չէր, որը կարող էր հալվել առաջին իսկ պատահական առիթից։ Ճանապարհին նախապատրաստած բոլոր հարցերը կամ զրույցի պատրվակները սառցալեռան վրա ընկած վառված լուցկիներ էին և ո՛չ ավելի․․․
Ես, իհարկե, այնքան լավատես չէի, որպեսզի կարծեի, թե կկարողանամ քո դիմաց դնել դեմքի երկու տիպարներ և, բանիմաց վաճառականին ընդօրինակելով, ասել. ահավասիկ, ո՞րն ես ավելի հավանում։ Առաջին պայմանն այն էր, որպեսզի դիմակս որպես դիմակ աչքի չընկներ, ուստի, ես չպետք է բացահայտեի իմ հարցի բուն իմաստը։ Այլապես կսկսվեին չար ծաղրն ու խայթոցները։ Եվ հիմա էլ, քանզի մտադիր չեմ հիպնոսացմամբ ներգործել վրադ, իմ հարցերը, բնականաբար, պետք է ավելի անուղղակի լինեն։ Բայց ծրագրերս դրանից ավելի առաջ չէին գնում, և հաջողությունը, որ այնքան դժվարությամբ էի ձեռք բերել, քանզի, որպես լավ հետախույզ չէի խնայել ոտքերս, այդ հաջողությունը քիչ էր մնում ինձ համար ձախողում դառնար։ Բայց ես, այնուհանդերձ, հույս ունեի, թե հարկ եղած րոպեին կկարողանամ այն օգտագործել ըստ պատկանելույն։ Օրինակ, թեթև սրտով տրոհում էի մեր մտերիմների դեմքերը, ակամայից թելը ձգել-հարմարեցնելով քո ճաշակին։
Բայց դու լռությամբ գոհացող ձուկ չէիր։ Լռությունը ծանր փորձություն էր քեզ համար։ Ոչ այլ ոք, քան ես՝ տանջվում էի, երբ հարկ էր լինում որևէ մեկի հետ խոսել ինձ պատահածի մասին, և հատկապես դու, գիտենալով այդ, ջանում էիր սատարել ինձ․․․ Ինքս ինձ կշտամբելով երեսպաշտության համար, ես լուռ անցա լռության մոտով, վերադարձա իմ աշխատասենյակը, պահարանի մեջ դրեցի կաղապարման գործիքներն ու այսօրվա իմ ավարը, իսկ հետո սովորականի պես սկսեցի քանդել վիրակապերը, որպեսզի դեմքս մշակեմ քսուքով և մերսեմ՝ որպես ամենօրյա անհրաժեշտություն։ Բայց ձեռքս հանկարծ կեսճանապարհին կանգ առավ, և ես մոլորվեցի գոյություն ունեցող զրուցակցիս հետ երկխոսելիս։
«Չէ, դա սովորական մի խայծ չէ․․․ Կրակի քանի տասնյակ կալորիա է հարկավոր այդ լռությունը հալեցնելու համար։ Այդ բանը միայն իմ կորսված դեմքը գիտե։ Գուցե դիմակն էլ հենց պատասխա՞նն է․․․ Բայց եթե քո խորհուրդը չլինի, ես չեմ կարողանա դիմակ պատրաստել․․․ Ուրեմն, ճիշտը կլինի այն, որ ձե՞ռ քաշեմ այդ ամենից․․․ Բայց եթե արատավոր այս շրջանը չկարողանամ խզել, ապա շարունակ կկրկնվի նույն բանը, ինչպես մետաղադրամով բախտախաղ անելիս։ Համենայն դեպս, չի կարելի հուսահատվել։ Եթե չհաջողվի հալեցնել լռության ամբողջ սառույցը, պետք է փորձել գոնե ձեռքերը ջերմացնելու համար մի փոքրիկ խարույկ վառել․․․»
Արտահագուստ հագնող ջրասուզակի պես նորից սկսեցի խնամքով փաթաթել վիրակապը։ Տզրուկների՝ ի ցույց այդ կացարանի տեսքից ես կորցրի այն ինքնավստահությունը, որն ինձ թույլ կտար հաղթահարել լռության ծանր լուծը։
Ինձ կաշկանդող լարվածությունը թաքցնելու համար, կատվային անտարբեր քայլվածքով, իբր ոչինչ էլ չէր եղել, ես վերադարձա հյուրասենյակ։ Ձևացնելով, թե լարված կարդում եմ իրիկնային լրագիրը, աչքիս ծայրով հետևում էի, թե ինչպես ես մտնում ելնում խոհանոց։ Դու չէիր ժպտում, բայց երբ առանց գեթ մի պահ դադար տալու մերթ մի, մերթ ուրիշ գործ էիր անում՝ դեմքի այնպիսի թեթև արտահայտություն ունեիր, ասես ուր որ է պիտի ժպտայիր։ Դա իրոք զարմանալի մի արտահայտություն էր, որը հայտնվեց ակամայից, այնպես որ՝ ես նույնիսկ մտածեցի, քեզ առաջարկություն անելու պարտադրող գլխավոր մղիչը արդյոք չի՞ եղել հատկապես այն, որ անակնկալ հմայվել եմ քո դեմքի այդ արտահայտությամբ։
(Չե՞մ գրել արդյոք այդ մասին։ Լա՛վ, եթե նույնիսկ կրկնում եմ՝ սարսափելի չէ։ Ինձ համար՝ որ իմաստ եմ որոնում դեմքի արտահայտության մեջ, այն եղել է որպես փարոսի լույս։ Նույնիսկ հիմա, երբ գրում և մտաձում եմ քո մասին, առաջինը, որ դուրս է լողում աչքիս առաջ դարձյալ քո դեմքի արտահայտությունն է։ Նույն այն վայրկյանին, երբ քո՝ արտաքուստ անկիրք դեմքին ժպիտ հայտնվեց, անսպասելիորեն փայլատակեց ինչ֊որ մի բան, և այն ամենը, ինչ լոդում էր այդ լույսով, հանկարծ իր գոյությունը հաստատող վստահություն ունեցավ․․․) Այդ արտահայտությունը շռայլորեն նվիրելով լուսամուտներին, պատերին, լամպարներին, այն ամենին, ինչը քեզ շրջապատում էր, բացի ինձնից, միայն իմ կողմը դու չկարողացար ինքդ քեզ ստիպել շրջվելու։ Ու թեև դա միանգամայն բնական էի համարում և, ընդհանուր առմամբ, ոչ մի բանի հույս չունեի, հանկարծ զգացի, որ ինձ համար բավական կլիներ նաև այն, եթե հաջողվեր քեզ ստիպել իմ կողմը շրջվելու, քո դեմքի արտահայտությունը տեսնելու համար։
— Խոսե՛նք։
Բայց երբ դու դարձար իմ կողմը, այն արտահայտությունն արդեն անհետացել էր։
― Այսօր կինո էի գնացել։
Սպասում էիր, թե հետո ի՛նչ եմ ասելու, այնպիսի ուշադրությամբ նայելով իմ վիրակապի արանքից, որ նույնիսկ անհնարին էր այդ քո հայացքը ընդունել որպես ուշադրություն։
― Չէ, առանձնապես չէի էլ ուզում կինո նայել։ Ուղղակի մութ էր հարկավոր։ Երբ այսպիսի դեմքով քայլում ես դրսում, քեզ սկսում է պարուրել մի գիտակցություն, թե ինչ-որ մի վատ բան ես անում։ Տարօրինակ բան է դեմքը․․․ Առաջ երբեք չէի մտածում այդ մասին, բայց հենց որ կորցրի՝ ինձ թվում է, թե ինձնից կտրել տարել են աշխարհի կեսը․․․
― Ի՞նչ կինոնկար էր։
— Չեմ հիշում։ Հավանաբար, գլուխս կորցրել էի։ Հանկարծ բռնություն գործադրելոլ մի գաղափար պարուրեց ինձ։ Եվ ես, կարծես անձրևի տակ չընկնելու համար, նետվեցի մոտակա կինոթատրոնը․․․
— Իսկ որտե՞ղ է այդ կինոթատրոնը։
— Միևնույնը չէ՞ թե որտեղ։ Ինձ մութ էր հարկավոր։
Կշտամբանքով սեղմեցիր շրթունքներդ։ Բայց աչքերդ թախիծով կկոցվեցին, հուշելով, թե դու ո՛չ միայն ինձ ես մեղադրում։ Ինձ պարուրեց զղջումի դաժան մի զգացողություն։ Ես այդ բանը չպետք է անեի։ Բոլորովին ուրիշ նյութի շուրջ պիտի խոսեինք։
— ․․․Ուրեմն, հենց այդ ժամանակ էլ մտածեցի, որ գուցե երբեմն արժե կինո գնալ։ Հանդիսականները ասես դերասաններից վարձով են վերցնում նրանց դեմքը և իրենց դեմքին են դնում․․․ Ոչ ոքի հարկավոր չէ իր սեփական դեմքը։ Կինոն մի այնպիսի տեղ է, ուր գնում են, որպեսզի դրամ վճարելով, որոշ ժամանակով դեմքերը փոխանակեն իրար հետ։
— Այո՛․․․ Թերևս, իրոք, արժե երբեմն կինո գնալ։
— Իմ կարծիքով, հարմար չեն միայն այն կինոնկարները, որոնց դերակատարների դեմքերը դուր չեն գալիս։ Ճի՞շտ է։ Ի վերջո, կինո ես գնում այդ դեմքերը վարձով վերցնելու և երեսիդ դնելու համար։ Ուստի, երբ քո վրա դրանք լավ չնստեն՝ հետաքրքրության կեսը կկորչի։
— Բայց մի՞թե առանց դերակատարների կինոներ չկան։ Հենց թեկուզ փաստագրական ժապավենները։
— Նշան չունի․․․ Թեկուզև դերակատարներ չկան, բայց ոեմքեր հո՛ կան․․․ Նույնիսկ ձկները, նույնիսկ միջատները ինչ֊որ կերպարանք ունեն, չէ՞․․․ Նույնիսկ սեղաններն ու աթոռները ունեն իրենց դեմքը, որը կարող է դուր գալ կամ դուր չգալ։
— Բայց ո՞վ կուզենա կինոնկար դիտել՝ դեմքին ձկան դիմակ դրած։
Դու թիթեռնիկի պես ուրախացար, որովհետև այդ կատակը հաճույք պատճառեց քեզ։ Իհարկե՛, իրավացին դո՛ւ էիր։ Անկասկած, ավելի լավ է լռել, քան լույս աշխարհ դուրս բերել ձկան այդ դիմակը։
― Չէ՛, սխալվում ես։ Խոսքը բնավ էլ իմ դեմքի մասին չէ։ Ես ախր դեմք չունեմ, և ուրեմն այն ոչ կարող է դուր գալ, ոչ էլ դուր չգալ։ Իսկ դու՝ ուրիշ ես։ Քեզ համար չի կարող չլինել այն հարցը, թե ինչպիսի՛ դերակատարներով շարժանկարը չես ուզում դիտել։
— Ինչ էլ որ ասելու լինես, միևնույն է, ես առանց դերակատարների ժապավեններն եմ հավանում։ Ոչ ողբերգություններից, ոչ էլ կատակերգություններից ոչ մի հաճույք չեմ ստանում։
— Ինչո՞ւ, ախր ինչո՞ւ ես շարունակ ջանում մխիթարել ինձ։
Ակամայից իմ խոսելու կերպը դարձավ խիստ, հանկարծ ամեն ինչի նկատմամբ դարձա անտարբեր, և վիրակապերի տակ դեմքս գարշանքի այնպիսի արտահայտություն ստացավ, որը, միևնույն է, ոչ ոք չէր կարող տեսներ Թերևս այն պատճառով, որ դարձյալ շոգեցի, տզրուկները սկսեցին նորից վխտալ, և ամբողջ դեմքս քորից վառվեց։
Դա լռություն չէր, որը հնարավոր լիներ հաղթահարել այդ կերպ։ Ո՛ր կողմից էլ մոտենում էինք զրույցին, միևնույն է, վերջանում էր նույն կետում։ Ես սիրտ չարեցի շարունակել ու լռեցի։ Մեր լռությունը այն խաղաղ անդորրը չէր, որն սկսվում է ամեն ինչ ասելուց հետո։ Դա մի դառը լռություն էր այն բանից հետո, երբ մեր զրույցը ցրիվ էր եկել մանր բեկորներով․․․
Հետո մի քանի շաբաթ շարունակ ես շարժվում էի այդ լռության մեջ բոլորովին մեքենաբար, շարժվում էի այնպես, ասես հոդերս վարձով վերցրած լինեի։ Բայց մի անգամ էլ նկատեցի, որ պատուհանիս տակ քամու հորձանքին տրված, իր մատղաշ ընձյուղներն էր խաղացնում խեժափիճին, ավետիս տալով, թե ուր որ է ամառը կգա։ Ճիշտ նույնքան անակնկալ ծնվեց նաև իմ վճիռը։ Եվ դա պատահեց այն երեկո, երբ ես, եթե հիշում ես, ճաշելիս հանկարծ ճչացի։ Բայց թե ի՛նչն էր պատճառը, մոռացել եմ։
— Ասա ինձ, ասա, թե ինչն է քեզ ստիպում ապրել ինձ հետ։― Գիտեի, թե որքան էլ բարձր լիներ իմ ճիչը, միևնույն է, մնալու էր սոսկ որպես լռության մի մասը․ և, ուժ չունենալով նայել ուղիղ դեմքիդ, ակնապիշ հայացքս չէի կտրում կրծքիդ վրայի փոքրիկ, կանաչ կոճակի տակից երևացող թոշնած խոտի գույն ունեցող մաքրակար օղակից։ Ու ջանալով չընկրկել սեփական ձայնիս առաջ, շարունակեցի բղավել։— Պատասխանիր, անմիջապես պատասխանիր․․․ Ինչո՞ւ չես բաժանվում։ Հիմա կատարյալ հստակություն է անհրաժեշտ, անհրաժեշտ է իմ և քո շահերից ելնելով։ Թե՞ տուրք է սովորության․․․ Խոսի՛ր, մի՛ ամաչիր․․․ Չի կարելի բռնությամբ ստիպել անելու այն, ինչում ինքդ համոզված չես․․․
Երբ այսպես խոսելով, փակվեցի առանձնասենյակում, այնքան թշվառ մի վիճակում էի, ինչպես անձրևի տակ ընկած օդապարուկը։ Ի՞նչ կապ կարող է լինել իմ՝ այնքան դատարկ մի բանի առիթով, որպիսին դեմքն է՝ նման խելագար տեսարան սարքող մարդու և մի մարդու միջև, որը 97 հազար իեն ռոճիկ ունեցող աշխատանոցի ղեկավար է։ Ու որքան շատ էի մտածում, այնքան ավելի էի նմանվում թրջված ու լխկած օդապարուկի, որից ի վերջո մնացել է միայն բամբուկե կմախքը։
Ու երբ մնացին միայն կմախքի ձողերը, իսկ ես էլ սթափվեցի, ապա հասկացա, որ դեմքիդ նետած կոպիտ ու վիրավորական խոսքերը պետք է ուղղած լինեի ինքս ինձ։ Այո՛, արդեն ութ տարի է, ինչ ամուսնացած ենք։ Ութ տարին քիչ ժամանակ չէ։ Համենայն դեպս, բավական է, որպեսզի իրար պատասխանենք, թե ո՛վ ինչ ուտելիք է սիրում, իսկ ով՝ ինչ չի սիրում։ Բայց եթե մենք կարող ենք իրար ներկայացնել կերակրի հարցերում մեր ճաշակները, ապա մի՞թե նույնը չենք կարող անել, երբ խոսքը վերաբերում է դեմքին։ Ուրեմն, ոչ մի հարկ չկար մեր լռության մեջ զուր տեղը զրույցի նյութ որոնել։
Սկսեցի տենդորեն քրքրել հիշողությունս։ Ինչ֊որ մի տեղ պետք է լինի այն կտակը, ուր ինձ նշանակել ես քո հոգաբարձուն։ Չի կարող չլինել։ Իսկ եթե մենք այդքան հեռու ենք եղել իրարից մինչև դժբախտ պատահարը, ուրեմն ի՞նչ եմ ջանում վերադարձնել դիմակի հետ այս պատմությունը սկսելով։ Ուրեմն, ես պարզապես ոչինչ չունեմ վերադարձնելու։ Եվ քանի որ բացարձակապես ոչինչ չկար, որ հարկ լիներ իրարից թաքցրնել առանց իրադարձությունների անցած այս ութ տարիների ընթացքում, ուրեմն, հիմա էլ, երբ պաշարված եմ վիրակապերից շատ ավելի հաստ օտարացման պատով, կասկածելու որևէ առիթ չունեմ։ Հետևաբար, ես արդեն կորցրել եմ որևէ բան պահանջելու իրավունքը։ Եթե ոչինչ չեմ կորցրել, ապա չեմ կարող նաև փոխհատուցում պահանջել։ Թերևս, հարկ է, որ հաշտվեմ այն մտքին, թե իմ սկզբնական կերպարանքը նույնպես մի դիմակ էր և, առանց դիմադրելու, բավարարվեմ իմ այժմյան վիճակո՞վ։
․․․Հույժ կարևոր խնդիր է․․․ Հենց այն փաստը, որ համարում եմ կարևոր՝ չափազանց կարևոր է։ Հետևաբար, պարզապես ինքնասիրությունից դրդված, ես պետք է կատարեմ հոգաբարձուի առաքելությունը։ Այդ աշխատանքը առանձնապես չէր գրավում ինձ, սակայն, հավաքագրելով բոլոր հիշողություններս, տպավորություններս, զրույցներս՝ ես ստեղծեցի իմ մանրակերտը, և սկսեցի հիշել, թե ինչպիսի դիմագծեր էին դուր գալիս քեզ․ հետո, ինձ քո տեղը դնելով, փորձեցի հիշել տարբեր տղա մարդկանց դեմքերի արտահայտությունները։ Գարշելի մի զգացողություն ունեի, ասես օձիքիցս ներս էր անցել լպրծուն մի թրթուր։ Բայց նախքան պարզելը, թե իրենից ի՛նչ են ներկայացնում բոլոր այն տղամարդիկ, անհրաժեշտ է շատ ավելի ստույգ ճշտել, թե ի՛նչ ես քեզնից ներկայացնում դո՛ւ։ Անտարակույս, ոսպնյակը պետք է շատ լավ ամրացված լինի։ Եթե հանկարծ շարժվի կամ թպրտա մեդուզայի պես, ապա նայես, թե՝ չնայես, միևնույն է, ոչինչ չես տեսնի։ Եվ հիմա, երբ ուժերիս լարումով ջանում էի զննել քեզ, թվում էր, թե դու մերթ վերածվում ես կետի, մերթ՝ գծի, մերթ՝ հարթության ու, վերջապես, դարձար տձև մի դատարկություն և սահեցիր անցար իմ հինգ զգայարանների ցանցի միջով։
Ես շվարեցի։ Ի՞նչ եմ տեսել, ո՞ւմ հետ և ի՞նչ զգացմունքներով եմ ապրել այս բնավ էլ ոչ կարճ ժամանակը։ Մի՞թե այդքան քիչ բան եմ իմացել քո մասին։ Շփոթված քարացա քո ներաշխարհի՝ կաթնագույն անսահման մառախուղով պարուրված այդ անհայտ տարածքի դիմաց։ Այնպես ամաչեցի, որ պատրաստ էի դեմքիս ևս այնքան վիրակապ փաթաթել, ինչքան արդեն փաթաթված էր։
Բայց, գուցե, հակառակը․․․ գուցե շատ լավ էր, որ այսպես մի անգամ ինձ պատին սեղմված զգացի։ Ես օձիքիցս պոկեցի ու մի կողմ նետեցի թրթուրը, ինքս ինձ հավաքեցի ու վերադարձա հյուրասենյակ, դեմքդ ափերիդ մեջ առած՝ դու նստած էիր հեռատեսիլի դիմաց, որի ձայնը, սակայն, անջատած էր։ Երևի, լռիկ լալիս էիր։ Հենց այդքանն իսկ տեսնելն էլ բավական էր անմիջապես հասկանալու համար, որ հնարավոր է նաև բոլորովին ուրիշ մի բացատրություն, թե ինչո՞ւ եմ անկարող գտնվել քո հոգաբարձուն լինել։
Թերևս, չի կարելի պնդել, թե կատարյալ հոգաբարձու եմ եղել։ Համենայն դեպս, վստահորեն կարելի է ասել, որ քեզ հետ իմ շփումները միակողմանի են եղել․ ես նույնիսկ չեմ պատկերացրել, որ դու կարող ես առանձին մի հետաքրքրություն ունենալ տղամարդու դեմքի նկատմամբ։ Ո՞ւր հասցրեց դա․․․ Հիմա ստիպված եմ դառնալ իսկական մի կավատ։ Մի՞թե դա ամուսնության մի սովորական ձև չէ, երբ հենց սկզբից զանց է առնվում այն հարցը, թե ինչպիսի՞ն է քո ապագա տիկնոջ ճաշակը տղամարդու դեմքի նկատմամբ (ուտելիքի նկատմամբ ճաշակը՝ այլ խնդիր է)։ Երբ տղամարդն ու կինը ամուսնանում են, անշուշտ, պետք է զանց առնեն այդ կարգի կասկածներն ու հետաքրքրասիրությունը։ Եթե այդ խնդրում համաձայնություն չկա, ապա ավելի լավ է բնավ չսկսել գլխացավանքների հետ կապված նման մի գործ։
Շատ զգույշ, որպեսզի չնկատես, հետևից մոտեցա քեզ. անձրևով լվացված ասֆալտի հոտ էր գալիս։ Գուցե քո մազերի հոտն էր։ Դու շրջվեցիր, մի քանի անգամ վեր քաշեցիր քիթդ, ասես մրսածություն ունեիր և, որպեսզի վերջնականապես ցրես իմ բոլոր պատրանքները, ինձ նայեցիր պարզ ու խորունկ աչքերով, որոնք ասես նկարված լինեին։ Թափանցիկ էին, բոլորովին բացակայող մի արտահայտությամբ, այսպես արևի ճառագայթներն են մխրճվում աշնանային սառը քամիների տակ մերկացած անտառի մեջ․․․
Հենց այդ ժամանակ էլ եղավ լինելիքը։ Ես մի տարօրինակ պոռթկում ապրեցի։ Գուցե խա՞նդ էր․․․ Հնարավոր է։ Ծակծկող ուղտափշի նման գուղձը ներսումս սկսեց մեծանալ, հասնել ոզնու չափերի։ Եվ դրանից անմիջապես հետո նկատեցի, որ անվերադարձ կորած թվացող իմ մոլորված զավակը՝ դեմքի արտահայտության չափանիշը հիմա գտնվում է իմ կողքին։ Անսպասելի էր․․․ Այնքան, որ նույնիսկ ինքս չէի կարող հստակորեն գիտակցել այդ անսպասելիությունը։ Բայց չեմ կարծում, թե զարմացած լինեի․․․ Ինչպե՞ս ավելի շուտ չէի կռահել, որ բացի այդ պատասխանից, մեկ այլ պատասխանը անհնարին է։ Հենց այդ էր, որ ինձ անմտություն թվաց։
Ես մի կողմ եմ թողնում այդ «ինչպեսը» և կսկսեմ այն եզրակացությունից, որին հանգեցի։ Իմ դիմակը պետք է Բլանի դասակարգման չորրորդ տիպարին պատկանի՝ «Ոչ ներդաշնակ, արտահայեցական տիպար»։ Դեպի քիթը սրվող դեմք․․․ Հոգեկազմաբանական տեսակետից՝ դեմք, որ կամային է և ունի հստակ նպատակադրում։
Այս ամենը չափազանց քիչ էին և ինքս ինձ զգում էի որպես հիմարացված մի մարդ։ Բայց եթե խորը մտածելու լինենք, կարելի է բացատրություն գտնել։ Չէ՞ որ կերպարանափոխության ժամանակ արտաքուստ ոչ մի փոփոխության չենթարկվող բոժոժը պատրաստվում է անցնել մի նոր ձևի։ Իմ դեմքի նոր ձեռք բերված իմաստին ընդհարվելուց հետո (այն, ինչ պետք է ընտրեի ինքս, դարձավ մի բան, որն ընտրելու էին ինձ համար), այլևս ոչինչ չէր մնում, քան խավարի մեջ բախտին ապավինած թափառելիս քեզ ուշադիր հետևելն էր որպես մի մարդու, որը, սակայն, անկախ նրանից՝ աչքերը բաց են թե գոց, նայում է ոչ թե ձախ, տեսնում է սոսկ մի բան՝ խավար։ Ու թեև քեզ հետևելու և հսկելու նոր ծնված անհրաժեշտությունը վիրավորում էր ինքնասիրությունս, ստիպում էր զայրանալ, գրգռվել, ապրել ստորացման զգացողություն, ես արգեն հոգնել էի իմ անթիվ-անհամար մտորումներից, բայց և ոչ մի րոպե չէի կարող աչքս քեզնից կտրել։
Ես ծարավի էի մոտենալ քեզ, բայց միևնույն ժամանակ ծարավի էի հեռանալ քեզնից։ Ուզում էի ճանաչել քեզ, բայց միևնույն ժամանակ դիմադրում էի այդ ցանկությանը։ Ձգտում էի տեսնել քեզ, բայց միևնույն ժամանակ ամաչում էի քեզ նայել։ Եվ այս անորոշ վիճակում, երբ մեր արանքի վիհը ավելի ու ավելի էր խորանում, ուրիշ ոչինչ չէր մնում, քան ձախ ափիս մեջ սեղմել ջարդված բաժակը՝ ամեն կերպ ջանալով պահպանել նրա ձևը։
Այդ ամենը շատ լավ էի հասկանում։ Հասկանում էի, որ դա իմ իսկ հորինած և ինձ շատ հարմար խաբեություն է, թե իբր դու ինձ շղթայված զոհ ես, իսկ ես՝ քո նկատմամբ ոչ մի իրավունք չունեմ։ Եվ դու անմրմունջ, սեփական կամքով ես դատապարտվել նման վիճակի։ Եվ հենց քեզ չէ՞ր արդյոք վերաբերում այն փայլը, որ անցավ քո դեմքով, երբ լրջությունդ փոխակերպվու մ էր ժպիտի։ Ուրեմն, հենց որ մտքիդ փչի՝ ուզածդ րոպեին դու կարող ես լքել ինձ։ Բայց պատկերացնո՞ւմ ես արդյոք, թե ի՛նչ սոսկալի բան է դա ինձ համար։ Դու դեմքի հազար տեսակի արտահայտություն ունես։ Իսկ ես՝ ոչ մի։ Բայց բավական էր, որ հիշեի, թե կիմոնոյի տակ ի՛նչ անկրկնելի առաձգականության, ի՛նչ անկրկնելի ջերմության մարմին ու մաշկ ունես, և սկսում էի լրջորեն մտածել այն մասին, որ իմ տառապանքները վերջ չեն ունենա այնքան ժամանակ, քանի դեո մարմինդ վիթխարի ասեղով չեմ ծակել, եթե նույնիսկ դա քեզ զրկեր կյանքից, և քեզ չեմ դարձրել հավաքածուի ցուցանմուշ։
Եվ այս ամենը մի պարզ պատճառով, որ իմ ներսում իրար չարչարում էին մեր միջև արահետը վերականզնելու ձգտումը և քեզ ոչնչացնել հարկադրող վրեժխնդրությունը։ Ի վերջո, այլևս չէի կարողանում տարբերել, թե որտեղ է մի զգացողությունը, և որտեղ մյուսը։ Ուստի, իմ կեցվածքը, երբ նետիս սլաքը միշտ ուղղված էր քո, դեմ, դարձավ սովորական, առօրեական, իսկ հետո իմ գիտակցության մեջ անսպասելիորեն պայծառացավ որսորդի դեմքը։
Իսկ որսորդի դեմքը չի կարող պատկանել «ներդաշնակ, արտահայեցողական տիպարին»։ Այդպիսի դեմքով կամ կդառնամ թռչնակների բարեկամ, կամ, հակառակ դեպքում՝ վայրի գազանների կերակուր։ Այսօրինակ պայմաններում իմ որոշումը ոչ միայն անսպասելի, այլև, կարելի է ասել, անխուսափելի էր։ Գուցե այն պատճառով, որ կուրացած էի դիմակի երկակի՝ դեմքի բացասման և միաժամանակ նոր դեմքի ստեղծման բնույթով, ես աչքաթող էի արել հիմնականը. նույնիսկ նման կուրացածությունը գործողության ձևերից մեկն է։ Ու թերևս դրա համար էլ անխուսափելի դարձավ շրջանցող ճանապարհը։
Գոյություն ունեն «կեղծ թվեր»։ Տարօրինակ թվեր, որոնք քառակուսի բարձրացնելիս դառնում են բացասական։ Դիմակի մեջ էլ այդ տարօրինակ թվերի պես ինչ-որ բան կա։ Դիմակի վրա դիմակ դնելը նույնն է, թե ոչինչ չդնելը։
Բավական էր միայն ընտրել տիպարը, իսկ մնացյալը հասարակ բան էր։ Դեմքը մանրակերտելու համար հավաքած նյութերի մեջ միայն լուսանկարներ զննել եմ վաթսունութ հատ, որոնց կեսից ավելին պատկանում էր «դեպի քիթը սրվող դեմքի» տիպարին։ Ամեն բան պատրաստ էր։ Նույնիսկ ավելին, քան պատրաստ լինելը։
Որոշեցի անմիջապես անցնել գործի։ Ձեռքիս տակ որևէ օրինակ չունեի, բայց փորձեցի իմ պատկերացման մեջ դեմքեր գծագրել, որպես շերտ առ շերտ անտեսանելի ներկով նկարված պատկերներ։ Եվ այսպես ամեն անգամ շոշափելով, թե ինչպիսի տպավորություն են դրանք քեզ վրա թողնելու։ Նախ՝ ծարիրե կաղապարի այն տեղերը, որոնք փոս էին ընկած տզրուկներից, լցրեցի փայտախեժով։ Այնուհետև, Լանգերի գծերին համապատասխան, շատ որոշակի ուղղություններով սկսեցի կավի փոխարեն շերտ առ շերտ արհեստական խեժի ժապավեններ փակցնել։ Կես տարի տևող վարժությունների շնորհիվ իմ մատները, ժամագործի մատների պես, որոնք շոշափելով զգում են նույնիսկ ճոճանակի մազիկի կեռվածությունը, կարողանում էին տարբերել դեմքի ամենանրբին մանրամասները․․․ Դեմքիս գույնն ընտրեցի դաստակիս մաշկին համապատասխան։ Որպեսզի քունքերս և կզակս մի քիչ ավելի բաց գույնի լինեն, օգտագործեցի տիտանի երկօքսիդի մի փոքր քանակություն ավելացրած նյութը, իսկ այտերիս վարդագույն երանգ տալու նպատակով, հիմնական նյութին խառնեցի մի քիչ կարմիր կադմիում։ Քանի մոտենում էի արտաքին մակերեսին, այնքան ավելի զգաշությամբ էի օգտագործում գույն տվող նյութերը։ Առանձնակի մի հմտություն էր պահանջում քթանցքների մոտ թեթև, գորշավուն շերտով բնական տարիքը վերարտադրելը։ Վերջում հալած խեժով թափանցիկ մի շերտ պատրաստեցի։ Դա մի նուրբ թաղանթ էր, որը պարունակում էր լուսածորող նյութեր և ուներ ճառագայթի բեկման՝ կարատինային շերտի գործակից։ Իսկ կարատինային շերտի վրա վերարտադրված էր իմ գնած մաշկի մակերեսը։ Հետո այդ պատյանը մի կարճ ժամանակով ենթարկեցի բարձր ճնշման գոլորշիների ազդեցության, որի հետևանքով այն ձգվեց ու ամրացավ այնպես, ինչպես ձուլածո լիներ։ Կնճիռներ առայժմ չկային, ուստի շատ հարթ էր ու անարտահայտիչ։ Բայց տպավորությունն այնպիսին էր, թե դա կենդանի, հենց քիչ առաջ մարդու մարմնից պլոկած ինչ֊որ բան է։
(Մինչ այս ամենը կկարողանայի գլուխ բերել, անցավ քսաներկու կամ, կարծեմ, քսաներեք օր)։
Հետևյալ խնդիրն այն է, թե ինչպե՞ս պիտի քողարկել դիմակը մաշկին միացնող սահմանը։ Ճակատամասը կարելի է ծածկել մազերով։ (Բարեբախտաբար, մազերս բավականին խիտ են ու գանգուր)։ Աչքերի շուրջ կարելի է աննկատ դարձնել, եթե ավելի շատ կնճիռներ սարքեմ, ավելի շատ գույն տամ և ակնոց դնեմ։ Շուրթերը կարելի է ծալել դեպի ներս, իսկ եզրերը ամրացնել լնդերին։ Քթանցքներին պետք է ամրացնել մի քիչ ավելի կոշտ խողովակներ և խոթել ներս։ Որոշ դժվարություն է ներկայացնում ծնոտի շրջանը։ Ու մի ելք կար միայն։ Քողարկել մորուքի տակ։
Գլխիս մազերը կտրելով և ընտրելով առավել բարակները, ջանալով պահպանել ուղղութ յունն ու համապատասխան անկյունը, յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրի վրա քսան֊երեսուն հատ, մեկիկ֊մեկիկ ամրացրի դրանք։ Ի վերջո, այդ գործն էլ ավարտեցի, որը տևեց մոտ քսան օր։ Բայց ինձ չարչարում էր հոգեբանական բողոքի զգացումը։ Անցյալ դարում մորուքը շատ սովորական երևույթ էր, բայց հիմա, ինչ էլ անելու լինենք, փոքր֊ինչ հավակնոտ բան է թվում։ Օրինակ, բավական է, որ լսեմ «մորուք» բառը և, որքան էլ ցավալի լինի, այն հիշեցնում է կայարանի մոտ կանգնող ոստիկանին, հիշո՞ւմ ես նրան․․․
Գոյություն ունեցող բոլոր մորուքները չեն սահմանափակվում, անշուշտ, ավազակների կամ հերոսների մորուքներով։ Տարբեր տեսակի մորուքներ կան։ Կան մարգարեների մորուքներ և եվրոպական ազնվականների մորուքներ։ Կան Կաստրոյի մորուքից և կան, չգիտեմ, ինչպես են կոչվում, հույժ ժամանակակից մորուքներ, որպիսիք թողնում են երիտասարդները՝ իրենց արվեստի նվիրյալներ ձևացնելով։ Թեև դժվար է խուսափել փոքր֊ինչ խև տեսքից, երբ մորուքով և մուգ ակնոցով ես, բայց քանի որ ուրիշ ելք չունեի, անհրաժեշտ էր ամեն բան անել այնքան վարպետորեն, որպեսզի տհաճ տպավորություն չթողներ հանկարծ։
Դու այդ ամենը տեսար և ամեն բան ինքդ գիտես, ուստի հազիվ թե հարկ լինի դարձյալ խոսել այն մասին, թե ինչքան հաջող ստացվեց իմ ձեռնարկը։ Ինքս չէի ուզում այն գնահատել և ուրիշ որևէ ծրագիր էլ չունեի՝ այլ կերպ սարքելու համար։ Այն, ինչը արդեն պատրաստ էր, միանգամայն բավարարում էր ինձ։ Ճիշտ է, չէի կարող խուսափել խղճի խայթի որոշ զգացողությունից, բայց․․․
Չէ, ես պատահաբար ասացի «խղճի խայթի որոշ զգացողություն», բայց եթե խորը մտածենք, այդ խոսքի մեջ, հիրավի, խորը իմաստ կա։ Իմ մտքերը դեռ չէին ձևավորվել որպես բառեր, բնավ հստակ չէին, և դա ծնում էր ինչ֊որ տհաճ զգացողոլթյուն, ասես լեզվիդ ծայրին պզուկ լիներ, որը, բերանդ բանալիս, սկսում էր կսկծալ։ Մի զգացողություն, որն ինձ նախազգուշացնում էր. պարապ շատախոսությամբ մի զբաղվիր։
Այն գիշեր, երբ, վերջապես ավարտեցի մորուքը, աջ ձեռքիս բթամատի վրա ունելին արյունոտ մի վերք էր բացել։ Ցավը, որից ես շշմել էի, ածուխի պես շիկացած էր աչքերիս շուրջը։ Ինչքան էլ շփում էի, միևնույն է, արցունքներս ցայտում էին. և իմ այդ արցունքները կպչուն էին ջրի մեջ լուծած մեղրի պես, իսկ աչքերս մշուշված էին լուսամուտի աղտոտ ապակիների նման։ Երբ ոտքի ելա լոգարանում լվացվելու, արդեն լույսը բացվում էր. չէի էլ նկատել, թե ինչպես է գիշերն անցել։ Ակամայից աչքերս կկոցելով առավոտյան արևի պայծառ շողերի տակ, անսպասելիորեն ամոթի մի զգացում ապրեցի. զգացում, որն արդեն մի անգամ շամփրել էր ուղեղս։
Հիշեցի այն երազը, որ մի անգամ տեսել էի։ Հնագույն համր ժապավենի պես երազ էր դա, որն սկսվում էր մի շատ հաճելի տեսարանով։ Մի անգամ, ամռան վերջում կամ աշնան սկզբում (այն ժամանակ դեռ տասը տարեկան էի կամ գուցե ավելի փոքր) ցրված նայում էի, թե գործից վերադարձած հայրս ինչպես է նախասրահում հանում կոշիկները։ Բայց աշխարհը հանկարծ փլվում է։ Վերադառնում է ևս մի հայր։ Եվ այդ հայրը, ինչքան էլ տարօրինակ լինի, նույն մարդն է, ինչ և նախկինը. ուրիշ է միայն նրա գլխարկը։ նախկին հորս գլխարկը ծղոտից էր, իսկ հիմիկվանը՝ փափուկ ֆետրից։ Ծղոտե գլխարկով հորս տեսնելով, փափուկ գլխարկ դրած հայրս արհամարհանքով նայեց նրան և ընդգծված ու կտրուկ մի շարժումով ցույց տվեց, թե հասցեն շփոթել է։ Այդ ժամանակ ձղոտե գլխարկ դրածը, վերջնականապես շվարելով, հանած կոշիկը ձեռքին՝ տխուր ժպտաց և, գրեթե վազելով, դուրս ելավ տնից: Երբ ես, դեռ բոլորովին երեխա, նայում էի նրա հետևից, սիրտս ճմլվում էր․․․ Կինոժապավենն այստեղ ընդհատվեց։ Եվ դրանից հետո մնաց միայն դառը նստվածքը։
Երազը կարելի էր բացատրել որպես մանկան վերաբերմունք՝ տարվա եղանակների հաջորդափոխուլթյան նկատմամբ․․․ Բայց եթե հարցը միայն դա լիներ, արդյո՞ք տասնամյակների ընթացքում այդքան հստակ ու պարզ կպահպանվեին մանկության տարիների բոլոր զգացումները։ Հազիվ թե. երկու գլխարկները, որ տեսել էի, ինչ֊որ ուրիշ մի բան էին նշանակում։ Գուցե դրանք մարդկանց հարաբերությունների մեջ անթույլատրելի խաբեության խորհրդանիշն էին․․․ Ստույգ մի բան միայն կարելի է ասել. գլխարկ փոխելը հանգեցրեց նրան, որ հորս նկատմամբ ունեցած վստահությունս կատարելապես խախտվեց։ Հավանաբար, այդ ժամանակից ի վեր ես շարունակ ամաչում եմ հորս փոխարեն։
Բայց հիմա մեր դիրքերը փոխված են։ Հիմա արդարանալու ի՛մ հերթն էր։ Հայելու մեջ նայեցի դեմքս ծածկած կարմրավուն տզրուկներին, և դա ավելի խթանեց դիմակը շուտափույթ պատրաստելու իմ ձգտումը։ Համենայն դեպս, ես չէ, որ պետք է ամաչեմ։ Եվ եթե կան մարդիկ, որոնց սիրտը, իրոք, պիտի ճմլվի, ապա այդ նրանք են, ովքեր չեն ընդունում, թե կարող է գոյություն ունենալ դեմք՝ այսինքն անձնագիր չունեցող մարդ, և դրանով իսկ ողջ֊ողջ թաղում են ինձ։ Մի՞թե այդպես չէ։
Դարձյալ հարձակողական տրամադրությամբ, ես վերադարձա դիմակին։ Անամոթաբար աճեցրած կերպարանք․․․ ցցված քիթ․․․ աչքի է զարնում միայն նրա հանդուգն տեսքը։ Տհաճ տպավորության պատճառը, թերևս, այն է, որ դիտում ես առանձին մասերը։ Դիմակը պատին հենեցի և, մի քանի քայլ ետ գնալով, սկսեցի դիտել խողովակ սարքած ափերիս միջով։ Ես չէի ապրում աշխատանքը ավարտելու բերկրանքը, ավելի շուտ ապրում էր թախիծի նմանվող մի զգացում այն հեռանկարից, թե այս ուրիշի դեմքը աստիճանաբար տիրելու է ինձ։
Պատճաոը, հավանաբար, գերհոգնածությունն է, սիրտ էի տալիս ինքս ինձ։ Ես միշտ էլ խոշոր մի գործ ավարտելիս ունեցել եմ այդ զգացողությունը։ Ավարտի բերկրանք ապրում են միայն նրանք, ովքեր ոչ մի պատասխանատվություն չեն կրում իրենց աշխատանքի արդյունքի համար։ Գուցեև ենթագիտակցորեն զգում էի դեմքին վերաբերող նախապաշարումի ազդեցութ յունը։ Որքան էլ ըմբոստանում էի դեմքի աստվածացման դեմ, սակայն, որևէ երաշխիք չկար, թե գիտակցության խորքերում չեն մնա այդ չարիքի արմատները։ Այդպես՝ նույնիսկ ուրվականների չհավատացող մարդիկ, այնուհանդերձ, վախենում են խավարից։
Ուստի, որոշեցի ամեն կերպ աշխատանքի լծել ինձ։ Դիմակի ինչ լինելը վերջնականապես որոշելու համար կփորձեմ երեսիս դնել այն։ Դիմակը նախ քաշեցի ականջների մոտից, հետո՝ ազատեցի կզակը, շրթունքները, քթանցքներից հանեցի խողովակները, այնուհետև պոկեցի կաղապարից։ Չոր սառույցի փափուկ տոպրակի պես այն կախված մնաց ձեռքիս։ Տեխնիկական սխալներ կարծես թե չկային: Երկար ժամանակ օգտագործված իրի պես դիմակը շատ լավ նստեց դեմքիս։ Կոկորդիս դեմ առած գուղձը կուլ գնաց ու վերացավ։
Նայեցի հայելունս։ Անծանոթ մի մարդ սառը հայացքով ինձ էր զննում Ինչպես և սպասում էի, ինձ հիշեցնող նշույլ անգամ չկար։ Կատարվել էր լիակատար վերամարմնավորում։ Մաշկի գույնը, առաձգականությունը և նյութականության կատարյալ զգացողությունը․․․ մի խոսքով, կարելի էր խոսել հաջողության մասին։ Բայց ինչո՞ւ է ինձ նայող դեմքը այդքան անկյանք։ Գուցե հայելի՞ն է վատ․․․ կամ լո՞ւյսն է անբնական ընկնում վրաս․․․ Ես նետվեցի փեղկերը բանալու և սենյակ թողեցի արևի ճառագայթները։
Այդ ճառագայթների սրածայր բեկորները, միջատների շոշափուկների պես թրթռալով, թափանցեցին դիմակիս բոլոր անկյունները։ Մակերևույթի վրա հստակորեն հայտնվեցին ծակոտիները, աննշան վնասվածքները, նույնիսկ երակների նուրբ ցանցը։ Եվ անհնարին էր որևէ մի անկատարություն գտնել։ Հապա ո՞րն է անբավարարության զգացումի պատճառը։ Գուցե այն, որ դիմակը անշարժ է և ուստի՝ արտահայտությունից զուրկ։ Ինչ֊որ տեղ հիշեցնում էր հանգուցյալի՝ զարհուրելու չափ տհաճ մի դեմք, որին կենդանության տպավորություն հաղորդելու համար շառագույն են քսել։ Թերևս փորձեմ շարժե՞լ որևէ մկանս։ Քանի որ դեռ չէի պատրաստել դիմակը դեմքիս փակցնելու հատուկ բաղադրությունը (մտադիր էի օգտագործել սոսինձ կամ կպչող ժապավենի պես, բայց նվազ թանձրություն ունեցող մի բան), ուստի դիմակով ճշգրտորեն արտաբերել մկաններիս շարժումը՝ չեմ կարող։ Հավանաբար, միակ բանը, որ ինձ կհաջողվի, քթիս ու բերանիս շրջանում շարժում ստանալն է, այսինքն, այն տեղերում, ուր դիմակը համեմատաբար ավելի ամուր է նստած։
Նախ լարեցի բերանիս անկյունները և փորձեցի ձգել աջ կամ ձախ։ Հրաշալի էր։ Իզուր չէր, որ այդքան ուշադրություն էի դարձրել ինձ շարունակ հոգսեր պատճառող կազմախոսական խնդրին, իզուր չէր, որ գիմակի հիմնանյութը շերտ առ շերտ դրել էի հյուսվածքների որոշակի ուղղությանը համապատասխան։ Ոգևորվելով, որոշեցի հիմա էլ իսկականից ժպտալու մի փորձ անել։ Բայց դիմակը ժպտալ չէր ուզում։ Միայն մի քիչ ծամածռվեց։ Եվ այնքան տարօրինակ ծամածռվեց, որ մտքովս անցավ՝ չլինի՞ թե հայելին է ծռվել։ Հիմա դիմակի վրա մահվան շունչը շատ ավելի սաստիկ էր զգացվում, քան երբ բոլորովին անշարժ էր։ Ես շփոթվեցի, ինձ թվաց, թե փորոտիքս իրար կապող դերձանը հանկարծ կտրվեց ու կրծքիս տակ զգացի մի սոսկալի դատարկություն։
․․․Չեմ ուզում, սակայն, սխալ հասկացված լինել։ Մտքովս էլ չէր անցնում ողբերգական կեցվածք ընդունել կամ առուծախի հանել իմ ցավերն ու դառնությունները։ Լավ, թե վատ՝ դա դիմակ էր, այն դիմակը, որ ինքս էի ընտրել ինձ համար։ Այն դեմքը, որի ընտրությունը կատարել էի բազմամսյա փորձարկումներից հետո։ Եթե չի գոհացնում, ապա ճիշտ կլինի, եթե հենց ինքս էլ վերանայեմ ու վերացնեմ թերությունները։ Բայց եթե լավ կամ վատ սարքած լինելու հարց չկա, ապա էլ ի՞նչ է մնում ինձ անել։ Կարո՞ղ եմ արդյոք այնուհետև առանց տրտնջալու խոստովանել, որ հենց այդ է իմ դեմքը, և ընդունել անվերապահորեն։ Եվ նոր միայն զգացի, որ ինձ ընկճող դատարկության զգացումը ոչ այնքան իմ նոր դեմքի տեսքից ունեցած շփոթվածության հետևանքն էր, ինչքան անհետանալու հեռանկարից ասես ականատես էի եղել, թե ինչպես է սեփական կերպարանքս թաքնվում ինձնից մոգական գլխարկի տակ։ Այդ պարագայում կհաջողվի՞ ինձ արդյոք իրականացնել հետագա ծրագրերս։
Դեմքի արտահայտությունները նման են կյանքի գծած տարեկան օղակների, որպիսիք սովորաբար ունենում են ծառերը և, միգուցե, իզուր փորձեցի ամենից առաշ ծիծաղել։ Կյանքի պարագաները ստեղծում են դեմքի այս կամ այն արտահայտությունների շարունակական կրկնողություն, որոնք, հետո դառնում են մնայուն՝ զորօրինակ, կնճիռների կամ ծալքերի տեսքով։ Շարունակ ժպտացող դեմքը վարժվում է բնական ժպիտին։ Եվ հակառակը. զայրացկոտ դեմքը վարժվում է զայրացկոտ արտահայտությանը։ Բայց իմ դիմակի վրա, ինչպես նորածնի դեմքին, դեռևս չի դրոշմված ոչ մի տարեկան օղակ։ Երեխան ինչքան էլ ժպտա, եթե հագել է քառասնամյա մարդու դեմք, ապա միշտ էլ կնմանվի դարձվորի։ Իհարկե՛․․․ Անպայմա՛ն․․․ Ուստի, առաջին բանը, որ ես կմտցնեմ իմ ծրագրերի մեջ ապաստարանում թաքնվելուց հետո, կլինի դիմակս կնճիռների վարժեցնելը։ Եթե դա ինձ հաջողվի, դիմակը կդառնա հարազատ ու հարմար։ Ես, ընդհանուր առմամբ, հենց սկզբից էլ ենթադրում էի, որ կարող է նման մի անակնկալ պատահել, ուստի և հիմա հուսահատվելու որևէ հիմք չունեի։ Այսպես, մի հարցը ճարպկորեն մյուսով փոխարինելով, ես ոչ միայն ուշադրություն չէի դարձնում խղճի խայթերին, այլև, ընդհակառակը, աստիճանաբար ավելի, ու ավելի էի խրվում։
Ահավասիկ, կարծես արդեն մոտեցա S տան իմ ապաստարանին, որից սկսել էի իմ այս հիշատակարանը։ Որտե՞ղ էր, որ շեղվեցի նյութից․․․ Այո, իհարկե, երբ մնալով մենակ, սկսեցի քանդել վիրակապերը։ Ուրեմն, հենց այդտեղից էլ կշարունակեմ։
Առաջինը, ինչ ձեռնարկելու էի իմ ապաստարանում, անշուշտ, դիմակը կնճիռների վարժեցնելն էր։ Դրա համար որևէ հատուկ հարմարանք չէր պահանջվում։ Պարզապես վիթխարի ու ջանադիր աշխատանք էր հարկավոր, որի համար անհրաժեշտ էր հավաքել ամբողջ կամքը, տոկունությունը, ուշադրությունը։
Նախ դեմքիս քսեցի սոսնձող բաղադրությունը։ Դիմակը պետք է դնեի քթի կողմից․․․ Քթանցքներիս մեջ խրեցի կոշտ խողովակները, շրթունքակալները ամրացրի լնդերիս, հետո թեթևակի հարվածներով տեղը նստեցրի քիթս, այտերս ու կզակս, միաժամանակ ուշադիր հետևելով, որպեսզի հանկարծ ծալքեր չմնան։ Փոքր֊ինչ սպասելով մինչև դիմակը փակչի դեմքիս, սկսեցի տաքացնել ինֆրակարմիր լամպարով և, պահպանելով որոշակի ջերմաստիճանը, միևնույն դիմախաղը կրկնեցի մի քանի անգամ։ Դիմակի նյութը այնպիսի հատկություն ուներ, որ, երբ տաքանում էր որոշակի ջերմաստիճանից ավելի, ապա առաձգականությունը կտրուկ նվազում էր։ Ուստի նախօրոք անհրաժեշտ, այսինքն՝ Լանգերի գծերի ուղղությունն ստացած նյութը իր վրա էր դրոշմում դեմքի այս կամ այն արտահայտությունը համապատասխանող կնճիռներ։
Դեմքի արտահայտությունների բովանդակությունն ու տարաբաժանումը տոկոսային հարաբերությամբ կարելի է ներկայացնել հետևյալ կերպ.
շահագրգռվածություն ― 15 %
հետաքրքրասիրություն ― 7 %
համաձայնություն ― 10 %
բավարարվածություն ― 12 %
ծիծաղ ― 13 %
բացասում ― 6 %
դժգոհություն ― 7 %
գարշանք ― 6 %
կասկածանք ― 5 %
շփոթմունք ― 6 %
մտահոգություն ― 3 %
ցասում ― 3 %
Անշուշտ, այն կարծիքին չեմ, թե այնպիսի բաց ու նրբանկատ երևույթ, որպիսին է դեմքի արտահայտությունը, դասդասելով այս հիմնական տարրերի, կարելի է հենց այդքանով էլ գոհանալ։ Բայց եթե ներկապնակի վրա դրանք տարբեր զուգակցություններով իրար խառնենք, կհաջողվի ստանալ ուզածդ երանգը։ Ինչպես հասկանում ես, տոկոսները ցույց են տալիս դեմքի այս կամ այն արտահայտության հաճախականությունը։ Կարճ ասած, ես ինձ պատկերացրի մի այնպիսի մարդու տիպար, որի հուզական արտահայտությունները դրսևորվում են մոտավորապես այս հարաբերակցությամբ։ Իհարկե, եթե ինձ հարցնեին, թե ինչն եմ ընտրել որպես չափանիշ, կդժվարանայի անմիջապես պատասխանել։ Պարզապես, ինքս ինձ դրեցի գայթակղողի վիճակի մեջ և, պատկերացնելով այն տեսարանը, թե ինչպես եմ որպես ուրիշ մարդկանց խորհրդանիշ կանգնելու քո դիմաց, սկսեցի մեկը մյուսի հետևից ծանրութեթև անել դեմքիս արտահայտությունները։ Իսկական ապուշի պես նորից ու նորից մերթ լալիս էի, մերթ ծիծաղում, մերթ՝ զայրանում, և այսպես՝ մինչև առավոտ։ Ուստի, հաջորդ օրն արթնացա միայն իրիկնադեմին։ Պատուհանների փեղկերի ճեղքերից ներս էին ընկնում լույսի շողերը, ասես անցնելիս լինեին կարմիր ապակու միջով։ Կարծես թե վաղուց սպասված անձրև էր գալիս։ Բայց տրամադրությունս բնավ չբարձրացավ։ Թեյի թուրմի պես տտիպ խոնջանքը կաշկանդել էր ամբողջ մարմինս։ Հատկապես այրվում և ցավում էին քունքերս։ Եվ դա պատահական չէր։ Տասը ժամից ավելի անդադար խաղացրել էի դեմքիս մկանները։
Պետք է նաև ասել, որ ես ոչ միայն շարժում էի դիմախաղային մկաններս, այլև մինչև վերջ լարել էի նյարդերս, երբ ծիծաղում էի, ապա ծիծաղում էի իսկականից, երբ զայրանում էի, ապա իսկականից էի զայրանում։
Բանն այն է, որ այդ ամենը ես անում էի, վստահ լինելով, թե նույնիսկ ամենաաննշան արտահայտությունն անգամ պետք է խորը դրոշմվեր իմ նոր դեմքին՝ ինչպես որևէ ուղղում այլևս չհանդուրժող զինանշան։ Եվ եթե դրոշմելու ընթացքում ժպիտս կեղծ լիներ, ապա դիմակի վրա կպահպանվեր սոսկ արհեստական ժպիտի ընդունակ դեմքի կնիքը։ Ուստի, ինչքան էլ ակնթարթային լինեին դրոշմները, միևնույն է, չէի կարող ամենայն լրջությամբ չվերաբերվել դրանց, քանզի դիմակը այդ ամենը կլանելու էր որպես իմ կյանքի պատմություն։
Տաք սրբիչով դեմքս մերսեցի։ Գոլորշին թափանցեց մաշկիս մեջ։ Մաշկս բորբոքվել էր, որովհետև ինֆրակարմիր լամպարով գրգռել էի քրտինքի գեղձերը, իսկ սոսնձածին բաղադրությունը փակել էր բոլոր ծակոտիները։ Անշուշտ, դա շատ ծանր անդրադարձավ նաև քելոիդներին՝ դեմքիս տզրուկաձև սպիներին։ Բայց ավելի սարսափելի բան, քան այն էր, ինչ արդեն տեղի էր ունեցել, չէր կարող այլևս լինել, և հազիվ թե արժեր ավելորդ անհանգստություն դրսևորել։ Մեռյալի համար միևնույն է՝ կդիակիզե՞ն իրեն, թե՞ կթաղեն։
Երեք օր շարունակ այդ ամենը կրկնեցի միևնույն հաջորդականությամբ։ Այն, ինչը պետք էր ուղղել՝ ուղղեցի, ամեն ինչ դարձավ կանոնավոր, և երրորդ օրը փորձեցի դիմակով ընթրելու մի փորձ անել։ Վաղ թե ուշ կանգնելու էի նման անհրաժեշտության առաջ և, ուստի, չկար ավելի հարմար մի բան, քան գործնականում դա փորձելն էր։ Ուրեմն, ստեղծեմ ամենաբնական պայմանները․․․ Սոսնձային բաղադրությունը բավականին չորանալուց հետո ես գզեցի մազերս, որպեսզի քողարկեմ դիմակիս եզրերը, դրեցի մուգ ապակիներով ակնոց, որպեսզի կոպերիս շուրջ չերևան դիմակի սահմանագծերը, և ընդհանրապես այնպիսի նախապատրաստական աշխատանք կատարեցի, ասես տնից դուրս էի գալու։
Հաղթահարելով դիմացս կախած հայելուն նայելու գայթակղությունը, սեղանին դրեցի երեկվա ընթրիքից մնացած պահածոներն ու հացը, և ինքս ինձ պատկերացնելով ռեստորանում կամ էլ որևէ նման մի սրահում, որտեղ ճաշում եմ բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, դանդաղ բարձրացրի գլուխս ու նայեցի հայելուն։
Իհարկե, մյուսը ևս բարձրացրեց գլուխն ու նայեց ինձ։ Հետո, իմ բերանի շարժումներին համապատասխան, սկսեց ծամել հացը։ Երբ սկսեցի ապուրը ուտել, նա ևս կերավ։ Մեր շնչառությունները համապատասխանում էին, և դա շատ բնական տեսք ուներ։ Ուրիշի շրթունքներն ու բթացած նյարդերը թույլ չէին տալիս իրապես զգալ ուտելիքի համը, խանգարում էին ծամել։ Բայց, եթե վարժվեի, կարելի էր մոռանալ այդ մասին, ինչպես մոռանում են արհեստական ատամների գոյությունը։ Բայց միայն թե բերանիս անկյուններից սկսեցին հոսել թքի ու կերակրահյութի կաթիլները, և ես կռահեցի, որ շարունակ պետք է ուշադիր լինել։
Հանկարծ նա ոտքի ելավ ու կասկածանքով ինձ նայեց։ Հենց նույն պահին զգացի զարմանալի մի ներդաշնակություն՝ հանգստության հետ խառնված հուզմունքի մի զգացողություն։ Հայտնվեց ընկալման սրություն, զգացի մի այնպիսի արբեցում, որ ասես քնաբերի խոշոր բաժին էի խմել և արդեն սկսվել էր ներգործությունը։ Գուցե իմ կեղևը ճա՞ք է տվել։ Միառժամանակ մենք իրար էինք նայում, առաջինը ժպտաց նա, որպես պատասխան՝ ես էլ ժպտացի։ Իսկ հետո որևէ դիմադրության չհանդիպելով, հայացքով մեխվեցի նրա դեմքին։ Մենք նույն ակնթարթում ձուլվեցինք, և ես դարձա նա։ Չեմ կարծում, թե այդ դեմքն ինձ առանձնապես դուր էր գալիս, բայց միևնույն ժամանակ, տպավորությունս այնպիսին էր, թե չեմ հավանում։ Համենայն դեպս, հիմա ես սկսեցի զգալ, մտածել այդ դեմքով։ Ամեն ինչ այնքան լավ էր եղել, որ նույնիսկ ինքս, որ հրաշալի գիտեի իմ կեղծիքի մասին, կասկածեցի, թե իրականում որևէ կեղծիք եղե՞լ է արդյոք։
Իսկապես, ամեն ինչ շատ լավ է․․․ Չի բացառվում, որ հետագայում կհայտնվեն կողմնակի երևույթներ՝ մի քիչ ավելի ուտելու հետևանքով։ Հինգ֊վեց քայլ ետ քաշվեցի ու կկոցեցի աչքերս։ Որսալով այն պահը, երբ առավել տհաճ կերպարանք ունեի, լայն բացեցի աչքերս։ Բայց դեմքս առաջվա պես, հաստատուն կամերտոնի համառությամբ, շարունակում էր ճառագայթել միևնույն ժպիտը։ Կարծես որևէ սխալ չկար։ Ինչ էլ որ լիներ, թվում էր, թե ջահելացել եմ առնվազն հինգ տարով։
Հապա, ուրեմն, էլ ի՞նչն էր անհանգստացնում ինձ երեկվանից ի վեր։ Գուցեև մի քիչ խրատաբանությա՞մբ եմ զբաղվել, թե իբր առանձնապես ամաչելու կարիք չկա, իբր դեմքի մաշկը որևէ կապ չունի մարդու բնավորության հետ՝ լոկ այն պատճառով, որ ինքս եմ կաշկանդված եղել նախապաշարումներով։ Տզրուկների կացարանի կամ վիրակապերից սարքած երեսակալի հետ համեմատելիս, արհեստական խեժերից պատրաստած այդ դիմակը շատ ավելի է նման կենդանի դեմքի։ Եթե առաջինը՝ պատին նկարած բեմազարդային դուռ է, ապա սա կարելի է համեմատել կրնկի վրա բացված դռան հետ, որտեղից խուժում է արեգակնային ջերմությունը։
․․․ Ինչ֊որ մեկի ոտնաձայները, որոնք, թվում է, արդեն վաղուց եմ լսում, ավելի ու ավելի սաստկացան, ավելի ու ավելի մոտեցան։ Ու երբ հասան մինչև ինձ, պարզվեց է որ դա իմ սիրտն է։ Բաց դուռը շտապեցնում էր ինձ։
Վճռված է։ Դուրս եմ ելնելու։ Իմ նոր ուրիշի դեմքով դուրս եմ ելնելու նոր ուրիշ մարդկանց աշխարհ։
Սիրտս արագ է խփում։ Հոգուս խորքում կռվում էին հույսն ու տագնապը։ Ասես մի երեխա լինեի, որին առաջին անգամ են թույլ տվել միայնակ մեկնել գնացքով։ Դիմակի շնորհիվ, անշուշտ, ամեն ինչ կփոխվի։ Ոչ միայն ես, այլև աշխարհն էլ բոլորովին նոր մի տեսք կստանա։ Եվ ստորացնող ամոթը շուտվ սկսեց սուզվել հույսերի ջրապտույտի մեջ։
Հետգրություն։ Կարծում եմ, ճիշտ կլինի, եթե խոստովանեմ, որ այդ օրը քնաբերի մեծ բաժին էի խմել։ Չէ՛, ոչ միայն այդ օրը։ Որոշ ժամանակից ի վեր պարբերարար քնաբեր եմ ընդունել։ Ոչ թե տագնապներս խեղդելու համար, ինչպես կարելի է կարծել առաջին հայացքից։ Նպատակը այլ էր, նպատակը այն էր, որպեսզի վերանա անհարկի գրգռվածությունը և պահպանվի բնական վերաբերմունքը։ Ինչպես արդեն բազմիցս կրկնել եմ, իմ դիմակը ամենից առաջ պետք է պայքարի միջոց լիներ դեմքին վերաբերող նախապաշարված կարծիքների դեմ։ Ես պետք է շարունակ հիշել դիմակի մասին։ Հիշել, այնպես, ասես կառավարելիս լինեի մի բարդ մեքենա։
Մի բան էլ․․․ Երբ քնաբերն ու հանգստացնողը խառնում էի անհրաժեշա բաղադրությամբ, ապա դեղանյութի ներգործությունից մի քանի րոպե անց ինձ պարուրում էր զարմանալի անդորր ու հանգիստ վիճակ։ Ասես ինքս ինձ նայելիս լինեի հեռադիտակով։ Ակամա խուսափում էի գրել այս մասին, քանի որ համոզված էի, թե դա թմրադեղային արբեցում է, բայց հիմա ինձ թվում է, որ այն մի քանի րոպեների իմ ապրած զգացողությունը շատ ավելի խոր իմաստ է պարունակել, քան կարող էի ենթադրել։ Օրինակ, եղել է դիմակ կոչվող կեղծ խորհրդանիշով իրար հետ միաբանված մարդկանց հարաբերությունների էությունը ինձ մոտեցնող ինչ-որ բան․․․
Երբ դեղանյութը նոր էր սկսում ներգործել, ես այնպիսի վիճակ էի ապրում, ասես ոտքս քարին է առել։ Ինչ֊որ պահ մարմինս լողում էր օդում, և ես զգում էի թեթև մի գլխապտույտ։ Հետո քթանցքներս խուտուտ էր տալիս հնացած խոտի հոտը, իսկ սիրտս դուրս էր նետվում դեպի հեռու֊հեռավոր եզերքներ։ Չէ՛, ես, հավանաբար, այնքան էլ ճիշտ չեմ արտահայտվում։ Անսպասելիորեն ժամանակի հոսքը կանգ էր առնում, ես կորցնում էի ընթացքի ուղղությունը և դուրս լողում հոսանքից։ Դուրս էի լողում ոչ միայն ես. խորտակվում էին նախկինում գոյություն ունեցող բոլոր կապերն ու ցրիվ էին գալիս չորսբոլորը։ Դուրս լողալով հոսանքից, ես ունենում էի ազատագրության զգացում, դառնում էի արտակարգ մեծահոգի և, ամեն ինչի համաձայնելով, կրկնում էի տարօրինակ, աճապարանքով կատարած եզրակացությունը, թե իմ դեմքն էլ ճիշտ քո դեմքի նման, նույնպես հիշեցնում է Բոդիսհաթի դեմքը։ Ժամանակը, որի ընթացքում ես կատարելապես անտարբեր էի այն բանի նկատմամբ, ինչը կոչվում էր դեմք, տևում էր յոթ֊ութ րոպե։
Թերևս, երբ ժամանակի հոսքը մի վայրկյանով կանգ էր առնում, ես հաղթահարում էի ոչ միայն իմ վխտացող տզրուկներին, այլև սեփական դեմքս ու հայտնվում մյուս կողմում։ Հավանաբար, այն րոպեներին, երբ կասկածներս մի կողմ նետելով, դեմք կոչվող պատուհանով թափանցում էի մարդկային հարաբերությունների մեջ, իմ դիմաց, թեկուզև մի պահ, հայտնվում էր ազատությունը, որի գոյությունը նույնիսկ չէի կարող պատկերացնել։ Ըստ երևույթին, ինձ համար էլ անսպասելի ընդհարվում էի սոսկալի իրականության հետ։ Մարդիկ բոլորն էլ հոգու պատուհանը ծածկում են մարմնեղեն դիմակով և թաքցնում են դիմակի տակ ապրող տզրուկները։ Թերևս, դեմքս կորցնելու շնորհիվ, ես կարողանալու եմ մոտենալ, շատ մոտենալ մյուս, իսկական, և ոչ թե պատուհանի վրա նկարած աշխարհին․․․ Այդ պարագայում ազատագրման իմ զգացողությունը ճշմարիտ է։ Այդ պարագայում դա թմրադեղերի հետևանքով ժամանակավոր խաբեություն չէ։
Եվ հետո․․․ որքան էl տհաճ լինի․․․ իմ դիմակը հեշտությամբ կկարողանա թաքցնել ճշմարտությունը։ Եթե խորը մտածենք, չի բացառվում, որ հենց այդ է դիմակից ամաչելուս պատճառը։ Բայց դիմակն արդեն ծածկել է դեմքս։ Միևնույն ժամանակ դեղանյութի գրեթե կրկնակի բաժինը արդեն սկսել է ներգործել, ստիպելով մոռանալ այն ազատության մասին, որը տալիս է դեմքի բացակայությունը։ Ես ինքս ինձ ասացի, թեկուզև հեքիաթի մեջ, բայց չէ՞ որ հենց անճոռնի ճուտիկն էր որ, այնուամենայնիվ, ճերմակ կարապ դառնալու իրավունք ստացավ․․․
Բոլորովին ուրիշ մարդ դառնալու համար, բնականա բար, անհրաժեշտ էր սկսել հագուստից։ Բայց, ցավոք, ես դեռ նախապատրաստված չէի, և հետո, այդ երեկո ինձ հարկավոր էր միայն հոգեկան հավասարակշռության հասնել, ուստի որոշեցի պարզապես վրաս նետել բաճկոնակը և դուրս ելնել տնից։ Դիմակս կատարյալ էր, ոչնչով չէր տարբերվում դեմքից, և կարելի էր չվախենալ, թե հանկարծ կասկածելի կթվա։
Հետնամուտքի աստիճանը ճռճռում էր, և անչափ տարօրինակ էր, որ ես՝ թևեր առած թռչողս, այդքան ծանր էի։ Բարեբախտաբար, մինչև փողոց ելնելս, ոչ ոքի չհանդիպեցի։ Բայց, թեքվելով փողոցի անկյունը, դեմ առ դեմ հանդիպեցի հարևանուհուս, որը ծանրաբեռնված էր գնումներով լի պայուսակով։ Ես քարացած կանգ առա, հուսահատ կրճտացրի ատամներս, բայց հարևանուհիս սոսկ մի թեթև հայացք նետեց վրաս, և ասես ոչինչ էլ չէր պատահել՝ անցավ գնաց։ Ես շատ գոհ էի։ Ուրեմն, ոչինչ չեղավ․․․ Եվ մի՞թե դա լավագույն ալիբին չէ։
Ես շարունակեցի ճանապարհս։ Քանի որ նպատակ ունեի միայն վարժվել դիմակին, ուստի միևնույն է, թե ո՛ւր, կգնայի։ Եվ, իրոք, պարզապես քայլելն արդեն իսկ քիչ գործ չէր։ Հակառակ սպասածիս, ծնկներս չէին ծալվում, ասես յուղած չլինեին, շունչս կտրվում էր։ Ես կծկվել ու դողում էի. տեսքս շատ շատ թշվառ էր. նախ՝ ամոթից, թեև դիմակը կարմրելու ընդունակություն չուներ, հետո՝ վախից, թե հանկարծ կբացահայտվի ճշմարտությունը։ Բայց եթե օտար մի հայացք, այնուհանդերձ, կարողանա թափանցել դիմակից ներս, ապա պատճառը ավելի շուտ իմ անհամարձակությունը կլինի։ Եթե քեզ կասկածյալի պես պահես, ուրեմն՝ կկասկածեն վրադ։ Ի վերջո, ես փորձել էի միայն փոքր֊ինչ փոխել փաթեթի վրայի նկարը։ Գոնե չդատապարտեին ինձ։ Բայց եթե չխաբի այն, ինչը իմ մեջ է, ապա շրջապատից վախենալու հարկ չկա։
Մինչ այսպես մտմտում էի, խանդավառություն ասես ցնդեց. ուժերս դավաճանում էին զգացմունքներիս այնպես, ինչպես զգացմունքներս դավաճանում էին ուժերիս, և ես ավելի ու ավելի թևաթափ էի լինում։ Այսպես անցավ երեք ժամ։ Եթե չափից դուրս լուսավոր ցուցափեղկ էր հայտնվում ճամփիս, փողոցն անցնում էի, ձևացնելով, թե ուշադրությունս գրավել է մյուս կողմի խանութը․․․ Եթե փողոցը լուսավորվում էր նեոնային առատ լույսով, ընտրում էի մութ նրբանցքները, ասես արկածախնդիր մեկը լինեի․․․ Եթե, մոտենալով կանգառին, տեսնում էի մոտեցող տրամվայը կամ ավտոբուսը, ապա գիտակցաբար արագացնում էի քայլերս, խուսափելով գայթակղությունից․․․ Կամ էլ, ընդհակառակը, դիտավորյալ դանդաղեցնում էի, որպեսզի դրանք առաջ անցնեն․․․ Ի վերջո, հոգնեցի ինքս ինձնից, Քանի օր էլ այսպես քայլեմ, միևնույն է, երբեք իսկականից չեմ վարժվի դիմակին։
Հասա ծխախոտի մի կրպակի, որը կպած էր հրուշակեղենի խանութին։ Եվ որոշեցի դիմել մի համարձակ արկածախնդրության։ Անշուշտ՝ շատ խիստ է ասված։ Ես որոշեցի պարզապես կրպակ մտնել ու ծխախոտ գնել։ Հազիվ էի մոտեցել, երբ սիրտս սկսեց կատաղորեն խփել, ներսս ինչ֊որ բան փրթաց, և աչքերիցս արցունքներ հոսեցին։ Դիմակն անմիջապես ծանրացավ ու թվաց, թե ուր որ է կպոկվի դեմքիցս։ Ոտքերս դողում էին, ասես բարալիկ ճոպանից կառչած՝ իջնում էի անհատակ մի անդունդ։ Մի տուփ ծխախոտի համար ես այնքան ուժ վատնեցի, ասես գոտեմարտի մեջ էի մտել հրեշի հետ։
Բայց, չգիտեմ ինչո՛ւ, բավական էր, որպեսզի հայացքս հանդիպեր վաճառող կնոջ հայացքին, որը բոլորովին անտարբեր ինձ էր մոտենում, և ես ասես վերափոխվեցի, դարձա շատ համարձակ։ Պատճառը թերևս այն էր, որ նա ինձ վրա ուշադրություն դարձրեց ոչ ավելի, քան կդարձներ մի սովորական հաճախորդի կամ էլ գուցե այն պատճառով, որ ծխախոտի տուփը, սատկած թռչնակի պես, բոլորովին անկշիռ, ափիս մե՞ջ էր արդեն։ Չէ, պատճառը ավելի շուտ այն փոփոխությունն էր, որ իր հետ բերել էր դիմակը։ Այնքան ժամանակ, քանի դեռ պատկերացնում էի վրաս հառած օտար հայացքները, ես վախենում էի իմ սեփական ստվերից, բայց բնական էր հանդիպել իսկական մի հայացքի, որպեսզի ասես ճշգրտորեն տեսնեի իմ իսկական կերպարանքը։ Իմ պատկերացմամբ՝ դիմակը, թերևս, ցուցադրում էր ինձ, բայց իրականում անձս քողարկող մի ծածկոց էր, անթափանց ծածկոց։ Նրա տակ զարկերակվում էին արյունատար անոթները, քրտնագեղձերը քրտինք էին արտադրում, իսկ մակերեսին ոչ մի կաթիլ չէիր գտնի։
Ի վերջո, ես ազատվեցի կարմրելու վախից, բայց մինչ այդ արդեն վերջնականապես ուժասպառ էի եղել։ Ես այլևս քայլելու ուժ չունեի, ուստի մի տաքսի նստելով, վերադարձա իմ ապաստարանը։ Ես վհատվեցի այն մտքից, թե իմ բոլոր տառապանքների միակ փոխհատուցումը եղել է սոսկ մի տուփ ծխախոտը։ Բայց եթե նկատի ունենանք, որ դիմակի մեջ ես հասա ինքնագիտակցության, գործարքը կարելի է գնահատել միանգամայն շահավետ։ Որպես ապացույց, երբ սենյակ վերադառնալով, հանեցի դիմակս, լվացի սոսնձանյութը և նայեցի դեմքիս, տզրուկների այլանդակ կույտը, չգիտեմ ինչո՛ւ, այնքան էլ իրական չթվաց ինձ։ Դիմակը նույնքան իրական էր դարձել, որքան և իրական էին տզրուկները, և եթե դիմակը համարելու լինենք ժամանակավոր կերպարանք, ապա ժամանակավոր կերպարանք էին նաև տզրուկները։ Մի խոսքով, դիմակը կարծես թե անվրդով արմատներ էր մխրճում դեմքիս մեջ։
Հաջորդ օրը վճռեցի ավելի համարձակորեն ընդարձակել իմ փորձերի ոլորտը։ Արթնանալուն պես, նախ հրավիրեցի կառավարչին ու ասացի, որ եթե հարևան բնակարանը դեռևս ազատ է, ապա կուզենայի փորձել «կրտսեր եղբորս» համար։ Այդ «կրտսեր եղբայրը», իհարկե, իմ մյուս «ես»-ն էր, դիմակավորը։
Դժբախտաբար, ուշացել էի. մի օր առաջ բնակարանն արդեն վարձով էին տվել։
Բայց այդ պարագան չէր կարող ստիպել, որ վերանայեմ ծրագիրս։ Ավելին, առիթն օգտագործելով, ես սկսեցի մանրամասն պատմել «կրասեր եղբորս» մասին։ Եվ դա շատ կարևոր էր, որպեսզի իմ զրուցակցի գլխում դրոշմվեր մեկընդմիշտ։
— Եղբայրս ապրում է շատ անհարմար արվարձանում։ Ու քանի որ նրա աշխատանքը տարբեր ժամերի է, ուստի շատ է ուզում իր անկյունն ունենալ՝ դեպքից դեպք հանգստանալու նպատակով։ Բայց եթե արդեն վարձով եք տվել՝ ի՞նչ արած։ Մեր կյանքի պայմանները գրեթե միատեսակ են։ Ու քանի որ քմահաճ մարդիկ չենք, ուրեմն միասին կապրենք։
Հետո տեղնուտեղը առաջարկեցի երեսուն տոկոսով ավելացնել բնակարանավարձը։ Կառավարիչը այնպես ձևացրեց, թե շփոթված է իմ այդ առաջարկից, անսահմանորեն շփոթված, բայց իրականում բնավ էլ իրեն չկորցրեց։ Ի վերջո, «կրտսեր եղբորս» համար հաջողվեց ստանալ երկրորդ բանալին ևս։
Ժամը տասին մոտ դիմակս դրած՝ դուրս ելա տնից։ Անհրաժեշտ էր այդ դիմակին համապատասխան հագուստներ դնել։ Տնից ելնելով, միառժամանակ չկարողացա հաղթահարել ներքին լարվածությունս։ Առաջին անգամ էր, որ օրը ցերեկով հայտնվում էի փողոցում․․․ Չդիտեմ, թե ինչու՝ դիմակի վրայի մազե՞րն էին գիշերվա ընթացքում դարձել իսկական ու սկսել էին աճել, թե՞ հանգստացնող դեղամիջոցն էի շատ մեծ քանակությամբ ընդունել, այնուամենայնիվ, ավտոբուսի սպասելիս, ես արդեն անվրդով ծխում էի։
Բայց թե ինչքան կենսունակ ու քմահաճ էր դիմակս, ես, հիրավի հասկացա, երբ մտա հանրախանութ։ Թեև ակնոցին ու մորուքին առավելագույնս համապատասխան հագուստը պետք է փոքրինչ աչք ծակող լիներ, այնուհանդերձ, ընտրեցի նեղ օձիքով ու երեք կոճակով խիստ մի բաճկոն։ Չէի հավատում, թե կարող եմ այդքան բանի ընդունակ լինել։ Նախ, ինքնին այն փաստը, որ, ինչպես պարզվեց, կարող եմ նոր տարազից գլուխ հանել՝ իմ հասկացողությունից դուրս մի բան էր։ Ավելին, հետո մտա գոհարեղենի բաժին ու մատանի գնեցի։ Բանից պարզվում է, որ դիմակը արհամարհում է իմ ցանկությունները և սկսում է ինքը գնալ այնտեղ, ուր խելքը կփչի։ Այս պարագան ինձ առանձնապես չանհանգստացրեց, բայց բավականին զարմանք պատճառեց։ Թեև դրա մեջ ծիծաղելի ոչինչ չկար, բայց ծիծաղի նոպաները վրա էին տալիս մեկը մյուսի հետևից, ասես խուտուտ էի զգում, և ես, ձուլվելով այդ ծիծաղին, տրվեցի թեթևսոլիկ տրամադրության։
Հանրխանութից ելնելով, գուցե արդեն չկարողանալով թափս զսպել, որոշեցի ձեռնարկել ևս մի արկածախնդրություն։ Չէ՛, մտքինս որևէ լուրջ բան չէր. պարզապես մտնելու էի կորեական փոքրիկ ռեստորանը, որ գտնվում էր կենտրոնական փողոցներից հեռու մի նեղլիկ նրբանցքում։ Վաղուց չէի ճաշել ինչպես հարկն է, և քաղցն էլ արդեն զգացնել էր տալիս։ Բացի այդ, տապակած միսն էլ միշտ իմ սիրած ուտելիքն է եղել։ Պատճառը, սակայն, մի՞թե դա էր․․․ Մի՞թե տապակած միսն էր միակ դրդողը, որ ես ռեստորան մտնեմ։
Թե ինչքանով էին իմ գործողությունները գիտակցված՝ այլ հարց է, անշուշտ։ Բայց և ճիշտ չէր լինի ասել, թե հատկապես կորեական ռեստորանի ընտրությունը որևէ հիմք չուներ։ Ես որոշակիորեն նկատի էի ունեցել, որ դա կորեական ռեստորան է և որ այնտեղ անպայման կորեացիներ կլինեն։ Ենթագիտակցորեն այն հույսն ունեի, որ եթե դիմակիս վրա ինչ֊ինչ թերություններ էլ չինեն, կորեացիները, հավանաբար, ոչինչ չեն նկատի։ Բացի այդ, ինձ այնպես էր թվում, թե նրանց հետ ավելի դյուրին կլինի շփվել։ Գուցե նաև որոշակի նմանություն էի գտնում իմ, որ զուրկ էի դեմքից, և կորեացիների միջև, որոնք հաճախ են դառնում ցեղային նախապաշարումների զոհեր, հետևաբար, ակամա բարեկամական զգացումներ էին ծնվել նրանց նկատմամբ։ Ինքս, անշուշտ, երբեք նախապաշարումներ չեմ ունեցել կորեացիների նկատմամբ։ Նախ և առաջ, դեմքից զուրկ մարդը իրավունք չունի նախապաշարումներ ունենալ։ Ճիշտ է, ցեղային նախապաշարումները, անտարակույս, գոյություն ունեն որպես համընդհանուր երևույթ, քանզի դուրս են գալիս անհատական հակումների շրջանակից և ստվեր են գցում պատմության ու ժողովոլրդների վրա։ Ուստի, համենայն դեպս, մասնավոր առումով, հենց այն փաստը, որ ապաստարան եմ որոնում այդ մարդկանց միջավայրում, ոչ այլ ինչ էր, քան երեսը շրջած նախապաշարում, սակայն․․․
Կապտավուն մշուշը քուլա-քուլա ելնում էր վեր։ Աղմուկով պտտվում էր անդրջրհեղեղյան հովհարը։ Հաճախորդները երեք հոգի էին և, բարեբախտաբար, այդ երեքն էլ կարծես թե կորեացիներ էին։ Առաջին հայացքից երկուսին հազիվ թե տարբերես ճապոնացիներից, բայց նրանց կորեերեն աշխույժ զրույցը անհերքելիորեն վկայում էր, որ իսկական կորեացիներ են։ Չնայած դեռ կեսօր էր, բայց նրանք արդեն գարեջրի մի խոշոր մարտկոց էին դատարկել։ Մի հանգամանք, որը է՛լ ավելի էր տաքացրել առանց այն էլ կրակոտ խոսակցությունը։
Թեթևակի շոյեցի դիմակիս այտերը, որպեսզի ստուգեմ, թե արդյուք ամեն ինչ տեղում է, և անմիջապես վարակվեցի նրանց ուրախ տրամադրությամբ։ Կամ, ավելի շուտ, ջանացի ինքս ինձ հարբեցնել այն հնարավորությամբ, որպիսին մատչելի է սովորական մարդուն. մի բան, որ եթե ուզենամ, կարող եմ հեշտությամբ անել։ Դա թերևս բացատրվում էր աղքատների անհաղթահարելի այն ցանկության հոգեբանությամբ, որ ուզում են խոսել իրենց հարուստ ազգականների մասին։ Այդպիսի մարդկանց հաճախ կարելի է հանդիպել վեպերի մեջ։ Բայց, այսպես թե այնպես, մի կարճ սեղանի մոտ նստելով ու տապակած միս պատվիրելով, ինքս ինձ զգում էի իսկական մի կինոհերոս։
Սեղանի վրայով մի խավարասեր էր վազում։ Ինչ֊որ մեկի թողած լրագիրը ծալելով, խփեցի այդ գարշելուն ու նետեցի հատակին։ Հետո ցրված հայացքով աչքի անցկացրի վերնագրերը. սովորական հայտարարություններ էին՝ «Պահանջվում է», «Այսօր կինոթատրոններում, մյուզիք֊հոլլերում, զվարճության հաստատություններոլմ»․․․ Այդ բոլոր գաղափարագրերի միացությունը տարօրինակ կերպով գրգռեց երևակայությունս։ Գովազդային սյունակների արանքներում սկսեց բացվել առեղծվածներով ու ակնարկներով լեցուն մի բնանկար, իսկ երեք կորեացիների անդադար շատախոսությունն էլ կատարյալ մի նվագակցություն էր իմ երևակայության համար։
Սեղանին դրված էր մի մոխրաման, որին ամրացված էր հատուկ հարմարանք՝ բախտ բանալու համար։ Եթե տասը իենանոց մետաղադրամ նետես ու կոճակը սեղմես, վարի ճեղքից լուցկու մեծությամբ ծալած մի թուղթ կհայտնվի։ Իմ դիմակը, երևի, այնպիսի ուրախ տրամադրության մեջ էր, որ վճռեց գուշակել իր բախտը։ Ես թուղթը բացեցի․ բախտս այսպիսին էր.
«Փոքրիկ մի հաջողություն, սպասիր և կլինի։ Եթե հանդիպես աչքի տակ խալով մի մարդու, գնա դեպի արևմուտք»։ Ես արդեն ուզում էի ծիծաղել, բայց կորեացիներից մեկը հանկարծ ճապոներեն դիմեց այն աղջկան, որը իմ առաջ դնում էր պատվիրած կերակուրը.
— Հե՜յ, երեսդ ոնց որ կորեացի գեղջկուհու դեմք լինի։ Ճիշտ որ․․․ իսկական կորեացի գեղջկուհու դեմք․․․
Նա ասես ոչ թե խոսում, այլ բղավում էր։ Վախից գլուխս ուսերիս մեջ քաշելով, ասես նա ինձ էր ծաղրում, թաքուն նայեցի մատուցողուհուն, որը, սակայն, առանց նեղվելու, իմ դիմաց դրեց ափսեն և, դառնալով այդ երեք հաճախորդների կողմը, ինքն էլ ժպտաց։ Ես շփոթվեցի։ Գուցե «կորեացի գեղջկուհի» արտահայտության մեջ չկար այն վատ իմաստը, որ թվացել էր ինձ։ Հետո, ճիշտն ասած, հատկապես այդ միջին տարիքի տղամարդն էր ամենից անտաշը և հենց իրեն էլ սազում էր «գեղջուկ» բառը։ Նրանք ուրախ շատախոսությունից դատելով, կարելի էր կռահել, որ պարզապես իրենք իրենց են ձեռ առնում։ Ընդ որում, բնավ էլ բացառված չէր, որ այդ աղջիկը նույնպես կորեուհի էր։ Եվ զարմանալի ոչինչ չկա, երբ նրա տարիքի կորեացիները գիտեն միայն ճապոներեն։ Այդ պարագայում, կորեացու ասած խոսքերը ոչ միայն պետք է ընկալված լինեին բնավ էլ ոչ ծաղր, այլ ընդհակառակը, որպես կատարյալ բարեհամբույր վերաբերմունք։ Այո, իսկապես։ Հենք թեկուզ այն պատճառով, որ կորեացին «կորեացի» բառը երբեք վատ իմաստով չի գործածի։
Այս բոլոր դատողությունները հանգեցրին այն բանին, որ անասելի կերպով սկսեց խիղճս տանջել։ Ես ստորաբար խաբում էի ինքս ինձ, ձևացնելով, թե կորեացիների նկատմամբ մոտիկության զգացում եմ տածում։ Պատկերավոր ասած, իմ դիրքավորումը այսպիսին էր. սպիտակամորթ մուրացկանը բարեկամաբար դիմում է սևամորթ արքային։ Թեև այս նախապաշարումը հավասար չափով տարածվում էր թե նրանց և թե ինձ վրա, սակայն, բնույթի մեջ տարբերություն կար, անշուշտ։ Նրանք իրավունք ունեին ծաղրել նախապաշարում ունեցողներին, իսկ ես՝ չունեի։ Նրանք համախոհներ ունեին, որոնց հետ միաբանել էին իրենց ուժերը նախապաշարումների դեմ կռվելու համար, իսկ ես այդպիսի համախոհներ չունեի։ Եթե լրջորեն որոշեի հավասարվել նրանց, ստիպված մի կողմ էի նետելու դիմակը և մեջտեղ էի հանելու տզրուկների կույտը։ Եվ հավաքելով դեմք չունեցող ուրվականների․․․ չէ, անիմաստ վարկած է․․․ մի՞թե ընկերներ կարող է գտնել այն մարդը, որը ինքն իրեն չի սիրում։
Ոգևորությունս անմիջապես պաղեց։ Ամեն բան զարձավ նողկալի։ Եվ ինձ այլևս ոչինչ չէր մնում անելու, քան տխուր-տրտում ապաստարան վերադառնալն էր, միաժամանակ դարձյալ ապրելով բոլոր ծակոտիների մեջ ներթափանցող ամոթի զգացումը։ Բայց հենց տան մոտ (մի՞թե այդքան փոխվել էի) դարձյալ աններելի մի հիմարություն թույլ տվի ինձ։ Ոչինչ չկասկածելով, թեքվեցի դեպի անկյունն ու անսպասելիորեն ելա կառավար չի աղջկա դիմաց։
Պատին հենված, նա յո-յո էր խաղում։ Ցո֊յոն շատ խոշոր էր, ոսկեփայլ։ Ես մեխվեցի իմ տեղում։ Ավելի մեծ ապուշություն անել չէի կարող․․․ Այն ճամփան, որտեղով անցնում էի, ըստ էության փակուղի էր, և անցուդարձ էին անում միայն նրանք, ովքեր օգտվում էին տան հետևում գտնվող ավտոմեքենաների հարթակից կամ հետնամուտքից։ Քանի դեռ կառավարչի ընտանիքին չեմ ներկայացել որպես «կրտսեր եղբայր», դիմակով դեպի հետնամուտք գնալ չէր կարելի։ Ճիշտ է, քանի որ շենքը նոր են կառուցել, և գրեթե բոլոր կենվորները նորաբնակ են, եկել են երեկ, գուցեև այսօր, բայց ավելի լավ կլիներ, եթե անցնեի գնայի առանց որևէ ուշադրություն դարձնելու․․․ Փորձեցի անտարբեր և լուրջ տեսք ընդունել, բայց արդեն ուշ էր․․․ աղջնակը նկատեց իմ շփոթմունքը։ Ինչպե՞ս դուրս գամ այս վիճակից։
— Այս շենքի բնակարաններից մեկում ապրում է իմ եղբայրը,— ես հասկանում էի, թե ի՛նչ ապուշ բան եմ ասում, բայց ուժ չունեի ավելի հարմար մի բան հորինել։— Արդյոք տա՞նն է․․․ Նրա դեմքը ամբողջովին վիրակապերի մեջ է․․․ Դու երևի տեսած կլինես․․․
Աղջնակը թեթևակի շարժվեց, առանց որևէ բան պատասխանելու և չփոխելով դեմքի արտահայտությունը։ Ես ավեի շփոթվեցի։ Չլինի՞ թե որևէ բան նկատել է։ Չէ, չի կարող պատահել․․․ Եթե հավատալու լինենք հորը՝ կառավարչին, ապա թեև տեսքով նա արդեն գրեթե օրիորդ է, բայց մտավոր զարգացմամբ շատ հետ է իր հասակակիցներից։ Դժվարությամբ է սովորում տարրական դպրոցում։ Երբ շատ փոքր է եղել, մրսածությունից հիվանդացել է մենինգիտով և այնպես էլ վերջնականապես չի ապաքինվել։ Միջատի թևիկների պես թուլակազմ և, բերանը․․․ մանկական կզակը․․․ նիհար, կախ ընկած ուսերը․․․ և այդ ամենի հետ հակադրության մեջ գտնվող մեծահասակի քթի պես նուրբ քիթ․․․ Խոշոր, շեղ, ոչինչ չարտահայտող աչքեր․․․ Ըստ երևույթին, չեմ սխալվել, անմիջապես մտածելով, թե նա թանձրամիտ է։
Բայց աղջկա լռության մեջ ինչ֊որ բան ծնում էր անհարմարության մի զգացում, որը թույլ չէր տալիս հենց այնպես անցնել գնալ նրա կողքով։ Ստիպելու համար, որ նա խոսի, ես ասացի այն, ինչ նույն պահին փչեց խելքիս.
— Հրաշալի յո֊յո է։ Երևի շատ լավ է թռչում։
Աղջիկը վախեցավ և, խաղալիքը մեջքի հետևում թաքցնելով, հանդգնորեն պատասխանեց.
— Իմն է, չեմ խաբում։
Քիչ մնաց ծիծաղեի։ Հանգստանալով, հանկարծ փոքր֊ինչ ծաղրելու ցանկություն ունեցա։ Տհաճ րոպեների ապրումներիս համար․․․ Այն բանի համար, որ նա ձայնը գլուխն էր գցել, երբ առաջին անգամ տեսավ վիրակապված դեմքս։ Թեև աղջիկը թանձրամիտ էր, բայց փերու հրապույրներ ուներ։ Եթե ամեն բան լինի ինչպես հարկն է, ապա նրա հետ իմ զրույցը թեկուզև շատ քիչ, բայց կօգնի վերականգնել դիմակիս հեղինակությունը։
— Ինչպե՞ս։ Բայց ինչպե՞ս կապացուցես, որ չես խաբում։
— Իզուր չեք հավատում։ Ես վատ բան չեմ անում։
— Լա՛վ, հավատում եմ։ Բայց ինձ թվում է, թե յո֊յոյի վրա ուրիշ անուն է գրված։
— Ի՞նչ կա որ․․․ Վաղուց, շա՜տ վաղուց մի փիսիկ ինձ ասաց, որ․․․ մեր փիսիկին շատ նման էր․․․ ճերմա՜կ֊ճերմակ փիսիկ էր․․․
— Ցույց կտա՞ս։
— Ես գիտեմ գաղտնիք պահել։
— Ի՞նչ գաղտնիք։
— Վաղո՜ւց, շա՜տ վաղուց մի փիսիկ ասաց․․․ Մկները ուզում են իմ վզից զանգակ կախել, ի՞նչ անեմ․․․
— Լա՛վ, ուզո՞ւմ ես, որ ճիշտ այդպիսի մի յո֊յո գնեմ քեզ համար։
Հենց թեկուզ այն պատճառով, որ կարող եմ ահա այսպես հանգիստ զրուցել, ես հաճույք էի զգում։ Բայց արդյունքը իմ բոլոր սպասումներից ավելին էր։
Աղջիկը մեջքը քսեց պատին և միառժամանակ, թվում է, ուշադրությունը բևեռած, ծանրութեթև էր անում իմ ասածի իմաստը։ Հետո կասկածանքով հոնքերի տակից ինձ նայեց ու հարցրեց.
― Հհայրիկից ծածո՞ւկ․․․
— Իհարկե, ծածուկ․․․
Ակամայից ծիծաղեցի (ուրեմն, ծիծաղո՞ւմ եմ) և, գիտակցելով ծիծաղող դիմակի տպավորությունը, ծիծաղեցի ավելի բարձր։ Ի վերջո, աղջիկը ասես համաձայնեց իմ առաջարկին։ Նա թուլացրեց լարված մեջքը և վար կախեց ներքևի շրթունքը։
— Շա֊ա՜տ լա֊ա՜վ․․․ Շա֊ա՜տ լա՜ավ,― մի քանի անգամ երգեցիկ ձայնով ծոր տվեց նա։ Հետո զգեստի փեշով տխուր֊տխուր սկսեց սրբել ոսկեգույն յո֊յոն։— Եթե իսկականից գնեք՝ սա կվերադարձնեմ․․․ Բայց, ճիշտ եմ ասում, չեմ զողացել․․․ Դեռ շատ վաղուց էի խոստացել․․․ Ես կվերադարձնեմ․․․ Հենց հիմա կգնամ ու կվերադարձնեմ․․․ Ես հավանում եմ․․․ Ով ի՛նչ էլ նվիրի, ես հավանում եմ․․․
Շարունակ պատին սեղմված, նա, կողքի֊կողքի գնալով փորձեց հեռանալ․․․ Երեխան միշտ էլ երեխա է մնում․․․ Ես արդեն հանգստացել էի, բայց հանկարծ շշուկով նա ասաց.
— Գաղտնիք֊գաղտնիք խաղա՞նք։
«Գաղտնիք֊գաղտնի՞ք խաղալ»։ Այդ ի՞նչ է նշանակում։ Իհարկե, կարիք չկա ուշադրություն դարձնել։ Մի՞թե այս անառողջ աղջիկը ընդունակ է այդքան բարդ խորամանկությունների։ Ավելի դյուրին կլիներ այդ ամենը վերագրել նրա նվազ բանականությանը։ Բայց նվազ խելացի շնիկը որպես փոխհատուցում ունենում է սուր հոտառություն․․․ Հենց այն փաստը, որ անհանգստացա, ապացուցում է, թե իմ ինքնավստահությունը դարձյալ երերաց։
Մի խոսքով, տհաճ նստվածք թողեց։ Միայն դեմքս էր դարձել բոլորովին նոր։ Իսկ հիշողությունս ու սովորություններս մնացել էին առաջվանը։ Այսինքն՝ նույնն է, թե ջուր քաշես անտակ մի շերեփով։ Եթե դեմքիս դիմակ եմ դրել, ապա պետք է այնպիսին լիներ, որ համապատասխաներ սրտիս կշռույթին։ Կուզենայի իմ դիմահարդարման մեջ հասնել մի այնպիսի կատարելության, որպեսզի ինձ չկարողանային մերկացնել նույնիսկ ստի փորձարկման սարքով։
Դիմակս հանեցի։ Քրտինքով շաղախված սոսնձանյութից արդեն հասած խաղողի հոտ էր գալիս։ Եվ նույն այդ րոպեին անտանելի խոնջանքը ասես խցանված կոյուղուց ցայտեց դեպի վեր և ծորուն կուպրի պես սկսեց ներծծվել հոդերիս մեջ։ Բայց ամեն ինչ պայմանավորված է ընկալումով։ Որպես առաջին փորձ, չի կարելի ասել, թե անհաջող էր։ Երեխայի ծննդի հետ սկսվող ցավերը նույնպես կատակ բան չեն։ Իսկ այս դեպքում արդեն ձևավորված հասուն մարդը պատրաստվում է վերածնվել, դառնալ բոլորովին ուրիշ մեկը. չպե՞տք է արդյոք այս կամ այն անհարթությունները կամ անհաջողությունները բնականոն համարեմ։ Չպե՞տք է արդյոք ավելի շատ ուրախանամ, որ վերքս մահացու չի եղել։
Դիմակս ներսի կողմից մաքրելով, դարձյալ քաշեցի կաղապարի վրա։ Լվացի, հետո օծեցի քսուքով․․․ Որպեսզի մաշկիս մի քիչ հանգիստ տամ՝ պառկեցի մահճակալին։ Երևի չափազանց երկարատև լարման շատ բնական հետևանքն էր, որ թեև արևը մայր չէր մտել, բայց ես խոր քուն մտա։ Եվ արթնացա, երբ արդեն լույսը բացվել էր։
Անձրև չէր գալիս, բայց թանձր, խոնավ մառախուղի միջով առևտրական թաղամասը, որից այն կողմ լայն փողոցն էր, նման էր հեռվում աստիճանաբար ավելի մուգ գույն ընդունող մի անտառի։ Գունատ երկինքը նույնպես, հավանաբար մառախուղի պատճառով, ստացել էր վարդագույն երանգ։ Պատուհանը լայն բանալով, ես լիաթոք ներս քաշեցի օդը, որը ծովային հողմի պես թանձր էր, և այս րոպեները, որոնք ստեղծված էին թաքնվողների համար, րոպեները, երբ բնավ հարկ չկար անհանգստանալու կողմնակի հայացքներից, այս րոպեները ինձ թվացին սքանչելի, և հատկապես ինձ համար ստեղծված։ Մարդու իսկական կերպարանքը արդյո՞ք չի բացահայտվում հատկապես այսպիսի մառախուղի ժամանակ։ Թե՛ իսկական դեմքը, թե՛ դիմակը և թե տզրուկների կույտը, այս բոլոր կեղծ հանդերձները դառնում են թափանցիկ, ասես դիտվելիս լինեն ռադիոակտիվ ճառագայթների տակ․․․ Նրանց բուն բովանդակությունը, նրանց էությունը բացահայտվում է ամբողջ մերկությամբ․․․ և մարդու հոգին կարելի է համտեսել կճպած դեղձի պես։ Դրա համար, անշուշտ, հարկավոր է վճարել միանությամբ։ Բայց մի՞թե միևնույնը չէ։ Ի՞նչ իմանաս, գուցե դեմք ունեցողները ոչ պակաս միայնակ են, քան ես։ Դեմքիս ինչպիսի ցուցանակ էլ կախած լինեմ, չարժե, որ իմ մեջ բնակեցնեմ նավաբեկության ենթարկված մարդու։
Միայնությունս, քանի որ ամեն կերպ ուզում էի դրանից փախչել, իսկական դժոխք էր, իսկ նրանց համար, ովքեր ծարավի են մենակության, դա բարիք է։ Հապա՞․․․ իսկ եթե հրաժարվե՞մ լղրճուկ թատերգության հերոսի դերից և կամավոր դառնամ ճգնավո՞ր․․․ Քանի որ իմ դեմքին արդեն դրոշմված է միայնության կնիքը, անհեթեթություն կլինի դրանից շահ չունենալը։ Բարեբախտաբար, ես իմ աստվածն ունեմ՝ բազմամոլեկուլային քիմիան, ունեմ իմ աղոթքը՝ հոսքաբանությունը, ունեմ տաճարը՝ աշխատանոցը, և բոլորովին չկա այն վախը, թե միայնությունը կխանգարի ամենօրյա իմ աշխատանքին։ Ընդհակառակը, մի՞թե այն չի երաշխավորում, թե իմ ամեն մի օրը կլինի ավելի պարզ, ավելի ճիշտ, ավելի խաղաղ, և այդ ամենի հետ՝ ավելի բովանդակալից, քան առաջ էր։
Ես նայեցի վարդագունող երկնքին և հոգիս ավելի լուսավորվեց։ Ճիշտ է, եթե հիշենք այն ծանր մարտերը, որոնք մինչ այդ մղում էի, ապա տրամադրության նման փոփոխությունը կարող է թվալ չափազանց կտրուկ, չափազանց խախուտ, բայց եթե արդեն թիավարում ես դեպի բաց ծով և այլևս վերադարձ չկա, տրտնջալն այլևս անիմաստ է։ Հոգուս խորքում ուրախանալով, որ քանի ափը երևում է, ուրեմն, դեռ հնարավորություն կա մակույկը ետ դարձնել, ես մի հայացք նետեցի սեղանին ընկած դիմակի վոա։ Թեթև ու մեծահոգաբար, մաքուր սրտով, անկեղծ պատրաստակամությամբ ես որոշեցի հրաժեշտ տալ նրան։
Երկնքով մեկ տարածվող լույսը դեռ չէր ընկել դիմակի վրա։ Եվ այդ մուգ, ուրիշի դեմքը, որն առանց արտահայտոլթյան ինձ էր նայում, մտադիր էլ չէր ենթարկվել և, իր խորքերում թաքցնելով անհնազանդությունը, որքան ուժ ուներ դիմադրում էր իրեն մոտենալու ցանկությանս։ Այդ դիմակը ինձ թվում էր հեքիաթային աշխարհից հայտնված մի չար ոգի, և անսպասելիորեն հիշեցի մի հեքիաթ, որը երբևէ կարդացել կամ լսել էի։
Ժուկով֊ժամանակով մի թագավոր էր ապրում։ Ոնց պատահեց, այդ թագավորը հիվանդացավ ինչ֊որ անհասկանալի մի հիվանդությամբ։ Դա մի սոսկալի հիվանդություն էր, որից նրա մարմինը աստիճանաբար հալվում էր։ Ոչ բժիշկները և ոչ էլ դեղերը չէին օգնում նրան։ Եվ թագավորը որոշեց հրապարակել մի նոր օրենք, որի համաձայն մահապատիժ էր սպառնում բոլոր նրանց, ովքեր կհամարձակվեին տեսնել իրեն։ Օրենքը ունեցավ իր օգուտը։ Թեև թագավորի քիթն արդեն հալվել վերջացել էր, ձեռքերի մատներն էլ չկային, հետո էլ մինչև ծնկներն էին վերացել նրա ոտքերը, բայց ոչ ոք չէր կասկածում, թե թագավորը առաջվա պես ողջ-առողջ է։ Իսկ հիվանդությունը շարունակվում էր, և թագավորը, որ մոմի պես հալվում էր ու այլևս անընդունակ էր շարժվելու, վերջապես վճռեց օգնություն խնդրել։ Բայց արդեն ուշ էր, որովհետև բերանն էլ էր անհետացել։ Ի վերջո, թագավորը հալվեց ու վերջացավ։ Բայց նրան նվիրված մինիստրներից և ոչ ոք որևէ կասկած չհայտնեց թագավորի գոյության մասին։ Նույնիսկ պատմում են, որ այդ անհետացած թագավորը, քանզի այլևս չէր կարող չարիք գործել, երկար ու երկար տարիներ իմաստուն տիրակալի համբավ ձեռք բերեց և վայելում էր ժողովյպի սերը։
Հանկարծ զայրացա, փակեցի պատուհանը և նորից նետվեցի մահճակալին։ Տասներկու ժամ էլ չէր անցել այն պահից ի վեր, երբ որոշեցի փորձել դիմակը։ Չնչին մի փորձ էր դա, որը ոչ մի հիմք չէր տալիս այդքան բուռն հուզումների։ Երբ էլ լինի, կարելի է օգտվել ձայնամեղմիչով։ Աչքերս փակ, սկսեցի մեկը մյուսի հետևից հիշել տեսիլների անիմաստ բեկորները. անձրևից խհնավ պատուհան, իսկ հետո՝ մերթ մայթի ճեղքից հայտնված խոտ, մերթ պատի վրայի բիծ, որը անհասկանալի մի կենդանու է նման, մերթ ծեր, վիրավոր ծառի պալար, մերթ ցողի ծանրության տակ պատառոտվելու պատրաստ սարդոստայն․․․ Իմ սովորական ծեսը, երբ գրգռված եմ լինում և չեմ կարողանում քնել։
Բայց հիմա դա էլ չօգնեց։ Ընդհակառակը, չգիտեմ ինչո՞ւ, ջղագրգիռ վիճակս շարունակ փքվում էր և, ի վերջո, դարձավ անտանելի։ Հանկարծ մտքովս անցավ, որ գոնե փողոցի այդ մառախուղը դառնար թունավոր մի գազ, գոնե հրաբուխ ժայթքեր, կամ պատերազմ սկսվեր, և աշխարհը խեղդվեր, իսկ իրականությունն էլ տրոհվեր բեկորների։ Արհեստական մարմնամասերի մասնագետ Կ.֊ն պատմում էր, որ պատերազմի դաշտում իրենց դեմքը կորցրած զինվորները ինքնասպան էին լինում։ Գրեթե ամբողջ երիտասարդությունս անցկացրել եմ ռազմաճակատում և շատ լավ գիտեմ, որ նման դեպքեր իսկապես եղել են։ Այն տարիներին դեմքի գինը շատ էր ընկած։ Երբ մահը քեզ ավելի մոտ է, քան ամենամոտ ընկերդ, կարո՞ղ է արդյոք մարդկանց հետ կապող արահետը որևէ նշանակություն ունենալ։ Գրոհող զինվորին դեմք հարկավոր չէ։ Այո, դա մի անկրկնելի ժամանակ էր, երբ վիրակապված դեմքը թվում էր գեղեցիկ։
Երևակայությամբ ես դարձա հրետանավոր, որը գնդակոծում է այն ամենը, ինչ հայտնվում է տեսադաշտում։ Եվ ինձ պարուրած վառոդի ծխի քուլաների մեջ վերջապես քնեցի։
Զարմանալի է արևի ճառագայթների ազդեցությունը մարդու հոգեվիճակի վրա։ Թե՞, պարզապես, լա՞վ էի քնել։ Երբ պայծառ լույսից խուսափելու համար շրջվեցի մյուս կողքիս վրա ու բացեցի աչքերս, արդեն տասն անց էր, և իմ մռայլ տրտունջները լուսադեմի ցողի պես ցնդել վերացել էին։
Վաղը կվերջանա իմ մտացածին գործուղման ժամկետը։ Եվ եթե ես պատրաստվում եմ իրականացնել ծրագիրս, ապա պետք է ինչ գնով էլ լինի, այսօրվա ընթացքում վերջնականապես վարժվեմ դիմակին։ Բարձր տրամադրությամբ դիմակը դրեցի դեմքիս ու սկսեցի հագնվել։ Մի փոքր խամություն զգալով բոլորովին նոր այդ զգեստների մեջ, մատս դրեցի մատանին և, հարդարանքս ավարտելով, բավականին նրբագեղ տեսք ստացա։ Անհնարին էր նույնիսկ պատկերացնել, որ սա նույն մարդն է, որը քիմիական նյութերով ներծծված խալաթը հագին առավոտից մինչև ուշ գիշեր զբաղված էր մոլեկուլային հետազոտություններով։ Ես շատ էի ուզում պարզել, թե ինչո՛ւ է պատկերացնելը անհնարին, բայց, դժբախտաբար, շատ էի հուզված։ Եվ ոչ միայն հուզված էի, այլև արբեցած՝ իմ փայլուն վերածնունդով։ Եվ ինչ-որ մի կետում, աչքի հատակից երկու մատ խորության վրա անդադար լսվում էին հրավառության ճայթյուններ, որոնք ավետում էին ինչ-որ բանի սկիզբ․․․ Ես նման էի այն պճնամոլիկին, որը գնում է տոնակատարությամբ հիանալու։
Այս անգամ որոշեցի շքամուտքով դուրս ելնել շենքից։ Քանի որ «կրտսեր եղբայրն» եմ, ուրեմն առանձնապես կարիք չկա խուսափելու կողմնակի հայացքներից, իսկ եթե բախտս բերի և հանդիպեմ աղջնակին, ապա կարող եմ նրանից ճիշտն իմանալ, թե որ խանութում են յո-յո վաճառում։ Ես գաղափար անգամ չունեմ, թե որտեղ են լինում այդպիսի խաղալիքները։ Մեր առաջին երեխայի մահից հետո (իսկ երկրորդ անգամ դու վիժեցիր), թերևս, միտումնավոր խուսափելով, ես բոլորովին հեռացա երեխաների աշխարհից։ Բայց, ցավոք, ոչ աղջկան ու ոչ էլ կառավարչին չհանդիպեցի։
Առանձնապես որևէ նպատակ չունեի, ուստի որոշեցի նախ յո֊յո որոնել։ Պատկերացում չունենալով, թե որտեղ են գտնվում խաղալիքների հատուկ խանութները, ամենից առաջ աչքի անցկացրի հանրախանութների խաղալիքների բաժինները։ Գուցե այն պատճառով, որ յո֊յոն նոր էր տարածվել, բոլոր բաժինների ցուցափեղկերում անպայման դրված էր այդ խաղալիքից, որի շուրջ ճանճերի պես հավաքվել էին երեխաները։ Այսպիսի տեղ ամբոխին խառնվելը, թերևս, չէր կարելի հոգեկան հավասարակշռությունը խախտելու առումով, և ես երկընտրանքի մեջ ընկա։ Բայց, ի վերջո, մեկընդմիշտ պետք է ավարտեի այդ տհաճ «գաղտնիք֊գաղտնիք խաղալը» և, սիրտ անելով, խցկվեցի ճանճային այդ թագավորության մեջ։ Բայց այնպիսի յո֊յո, որպիսին հարկավոր էր ինձ՝ աչքովս չընկավ։ Հավանաբար, այն յո֊յոն թե ձևով ու թե գույնով տարբերվում էր բոլոր նրանցից, որոնք վաճառվում էին համախանոլթներում։ Օրինակ, հենց թեկուզ անուշեղեններր․․․ Ես շատ ավելի սիրում էի էժանագին կրպակներինը։ Ելնելով հանրախանութից, ժամից ավելի թափառեցի մի հարմար խանութ գտնելու համար ու միայն կայարանի դիմաց գտնվող նրբանցքի վրա հայտնվեցի խաղալիքների փոքրիկ մի խանութում։
Ինչպես և կռահում էի, այն բնավ էլ նման չէր հանրախանութների խաղալիքների բաժիններին։ Խանութը, անշուշտ, այնքան էժանագին չէր, ինչպես մանկական անուշեղենների կրպակները, բայց վաճառքի մեջ ոչ միայն թանկարժեք բաներն էին։ Ըստ երևույթին, նկատի էր առնված բարձր տարիքի երեխաներին, որոնք նվեր ստացած դրամով իրենց ուզած խաղալիքը իրենք են գնում։ Այստեղ տիրում էր խորհրդավորությամբ պարուրված միամիտ մեղքի մթնոլորտը։ Ավելի ճիշտ, այստեղ անամոթաբար առուծախ էին անում՝ չարաշահելով մանկական հոգեբանությունը, երբ երեխան եռանկյունի տուփի մեջ լցրած քաղցր և գույն տված սովորական ջուրը գերադասում է շշով լի մրգահյութից։ Ինչպես և ենթադրում էի, իմ որոնած յո֊յոն այս խանութում կար։ Արհեստական խեժից պատրաստած գնդի երկու կեսերը ձեռքումս բռնած, ես ցավով ժպտացի, հանկարծ մտածելով այս խաղը հորինողի մասին, որ կարողացել էր այդքան հրաշալի արտահայտել նրբանցքում գտնվող փոքրիկ խանութի էությունը։ Ամեն բան արված էր ծայրագույն շրջահայեցությամբ։ Ձևի պարզությունը համադրվում էր ճչացող գույների հետ։ Եթե նա այդքան անողոք չլիներ իր ճաշակի նկատմամբ, հազիվ թե հաջողվեր նման մի բան հորինել։ Ընդ որում, երևում էր ոչ թե ճաշակի բացակայությունը, այլ, ավելի շուտ, իր իսկ ճաշակի նկատմամբ գիտակցված բռնություն։ Նույնն էր, թե սեփական ճաշակը կրնկի տակ տրորելու հաճույքը վայելելու նպատակով, այն գետին թոթափեիր սովորական միջատի պես։ Դաժան բան է, չէ՞․․․ Ի՞նչ արած, նաև դաժան հանգամանքներ են լինում․․․ Բայց եթե նա իր իսկ կամքով ընտրել է այս ճանապարհը, ապա արդյոք չի՞ թելադրվել, ընդհակառակը՝ վրեժխնդրությամբ, ազատագրման զգացումով, ասես հանել է զգեստն ու մնացել մերկանդամ։ Քանի որ նա ազատ է եղել գործելու ոչ թե ըստ իր ճաշակի, այլ խուսափել սեփական ճաշակից․․․
Այո՛, չեմ ժխտում․․․ Իմ այս տպավորությունը պայմանավորված էր նաև նրանով, ինչ տեղի էր ունեցել ինձ հետ։ Ես պետ է առաջ գնամ՝ քայլ առ քայլ տրորելով իմ ճաշակը, եթե ուզում եմ ստեղծել ուրիշի մի սիրտ, որը համապատասխաներ ուրիշի դեմքին։ Բայց, դա, պարզվեց, այնքան էլ դժվար մի գործ չէ, ինչպես սկզբում կարծում էի։ Եվ դիմակս, ասես, աշուն բերելու ընդունակություն ուներ, որովհետև իմ հոգնած սիրտը դարձավ դեղնած մի տերև, որը պատրաստ էր ընկնելու քամու բերան, եթե թեթևակի ցնցեի ճյուղը։ Ես առանձնապես զգայական մարդ չեմ, բայց զարմացա, որ ցավ չզգացի, այնպիսի ցավ, որը թեկուզ նման լիներ դաղձից աչքերը կսկծալուն, թեկուզ մոծակի խայթոցին։ Սեփական «ես»֊ը, հավանաբար, այն ինչ նրա մասին ասում են։
Բայց, ի վերջո, այդ ի՞նչ սիրտ եմ պատրաստվում նկարել հին ու գունաթափ կտավի վրա։ Անշուշտ, ո՛չ երեխայի և ոչ էլ․․․ Իմ վաղվա՛ ծրագրերի սիրտը․․․ Թեև չէի կարող այն բնորոշել մի բառով, որը հնարավոր լիներ հասկանալ՝ բառարան նայելով. հենց ասենք յո֊յո, դիտարժան բացիկ, թանկարժեք քարերի տուփ, մոգական բալասան․․․ Որպես գործողությունների ծրագիր, ես այդ սիրտը պատկերացրի շատ ավելի հստակ, քան քնքնաթիռից պատկերահանված քարտեզը։ Քանի՜֊քանի անգամ արդեն կրկնում էի այն ակնարկները, որոնք ստիպում էին քեզ մտորումների մեջ ընկնել։ Բայց հիմա, երբ ամեն բան ավարտված է, և կարելի է թե՛ խոսել, թե՛ լսել այն ամենի հետևանքների մասին, ինչ տեղի էր ունեցել, երբ կարելի է բառիս բուն իմաստով շոշափել արդեն եղածը, հազիվ թե հարկ կա սահմանափակվել ակնարկներով, վախենալով այն ցավից. որը կպատճառեմ քեզ իմ զգացողությունները բառերով արտահայտելու դեպքում։ Ես կօգտագործեմ ներկայացած առիթն ու ամեն բան կպատմեմ։ Ասես բոլորովին օտար մարդու պես․․․ Ես որոշեցի գայթակղել քեղ․․․ Քեզ՝ օտարության խորհրդանիշիդ։
Չէ՛, սպասիր․․․ Ես միտք չունեի այդ մասին գրել․․․ Չէ՞ որ նման չեմ այն փոքրոգի մարդուն, որը ձգձգում է ժամանակը, շարունակ կրկնելով այն, ինչն արդեն քաջ հայտնի է։ Ես ուզում եմ պարզապես պատմել իմ տարօրինակ, ինձ համար էլ անսպասելի վարքագծի մասին, որն ի հայտ եկավ յո֊յո գնելուց հետո։
Խանութի գրեթե մեկ երրորդը զբաղեցրել էին խոշոր վահանակները, որոնց վրա ցուցադրված էին խաղալիք ատրճանակներ։ Դրանց մեջ կային մի քանի, ըստ երևույթին, արտասահմանյան և, անշուշտ, բավականին թանկ ատրճանակներ, որոնք հրաշալի էին սարքված։ Վերցրի դրանցից մեկը. փոքր֊ինչ ծանր էր և փողի մեջ էլ արճիճ էր լցված։ Բայց մնացյալ հարցերում ամեն բան տեղը տեղին էր. ուներ փամփուշտները փակաղակ հրելու մեխանիզմ և շնիկն էլ ոչնչով չէր տարբերվում իսկականից։ Հիշեցի, որ թերթերից մեկում աչքովս մի հոդված ընկավ այն մասին, թե խաղալիք ատրճանակը կարելի է մի քիչ ձևափոխել և կրակել իսկական փամփուշտներով։ Գուցե սա էլ հենց այդպիսի ատրճանակների՞ց է։ Հետաքրքիր է, կարո՞ղ ես արդյոք ինձ պատկերացնել խաղալիք ատրճանակը ինքնամոռաց կերպով զննելիս։ Աշխատանոցի իմ ամենամտերիմ ընկերները նույնիսկ հազիվ թե կարողանային։ Ասենք, իմ մտքով էլ երբեք այդպիսի բան չէր անցնի, եթե սեփական գործողություններիս վկան չլինեի։
Յո֊յոն փաթաթելով, խանութի տերը թեթև ու վստահեցնող ժպիտով հարցրեց. «Հավանո՞ւմ եք։ Գուցե կուզենայիք նաև տեսնե՞լ, թե ինչ հոգեպահուստ ունեմ»։ Հենց այդ ժամանակ էր, որ մի պահ կասկածեցի, թե ե՞ս եմ արդյոք։ Կամ, ավելի ճիշտ կլինի, թերևս այսպես ասել․ ես շփոթվեցի, որ նրա առաջարկությունը այնպիսի վերաբերմունք չցուցաբերեցիք ինչպես․․․ կցուցաբերեի ես։ Շփոթվել և միաժամանակ գիտակցել այդ՝ մի՞թե հակասություն չկա այստեղ։ Չէ՛, մեղավորը դիմակն է։ Իմ չփոթմունքին ուշադրություն չդարձնելով, դիմակը գլխով արեց վախեցած չորսբոլորը նայող խանութպանին և, կարծես օգտագործելով իր գոյությունը ապացուցելու հնարավորությունը, սկսեց առևտուր անել այն առիթով, ինչը ներկայացված էր որպես հոգեպահուստ։
Խոսքը «վալտեր» օդամուղ ատրճանակի մասին էր։ Երեք մետրի վրա ծակում անցնում է հինգմիլիմետրանոց տախտակը։ Լավ ապրանք է, բայց գինն էլ լավ է՝ 25 հազար իեն։ Ի՞նչ ես կարծում։ ի՞նչ արեցի․․․ Գինն իջեցրի 23 հազարի ու գնեցի։ «Նկատի ունեցեք, որ ապօրինի բան է։ Օդամուղ ատրճանակը օդամուղ հրացան չէ, և համազոր է իսկականի։ Ապօրինի ատրրճանակ պահելն էլ խստագույնս արգելվում է։ Ամենայն լրջությամբ խնդրում եմ ուշադիր վերաբերվել այն ամենին, ինչ ասացի»․․․ Բայց միևնույն է, ատրճանակը գնեցի։
Ես մի տարօրինակ վիճակի մեջ էի։ Իմ իսկական «ես»֊ը իր նույնքան իսկական դեմքով փորձում էր փորոտիքիս խորքերից ինչ-որ բան ծղրտալ բարալիկ ձայնով։ Այդպիսի բան չպետք է լիներ, բայց․․․ Չէ՞ որ արտահայեցող ու հարձակողական կերպարանքը ընտրել էի այն միակ դրդապատճառով, որպեսզի քեզ գայթակղող որսորդին հարմար դեմք ունենայի։ Հիմա՝ ուրիշ մի բան․․․ Դիմակին խնդրել էի մի բան միայն. օգնիր, որպեսզի ապաքինվեմ։ Ես երբեք չէի ասել նրան՝ վարվիր այնպես, ինչպես դուր է գալիս։ Եվ հիմա այդ ատրճանակը արդեն ձեռքիս է։ Ի՞նչ եմ անելու․․․
Բայց դիմակը, ասես դիտավորյալ ի ցույց դնելով գրպանիցս դուրս ցցված ամուր փաթեթը, կարգին հաճույք ստանալով, ծիծաղում էր իմ անելանելի կացության վրա։ Անշուշտ, նա էլ ինչպես հարկն է չգիտեր, թե ինչ կարող է պատասխանել իսկական դեմքիս հարցերին։ Ապագան ոչ այլ ինչ է, քան ներկայի ածանցյալը։ Դիմակը, որն իր ծնունդից հետո քսանչորս ժամ էլ դեռ չէր ապրել, չպետք է ունենար վաղվա գործողությունների ծրագիր։ Մարդու ընկերավարական հավասարումը, ըստ էության, տարիքի մաթեմատիկական ֆունկցիան է, և գիսակը, որի տարիքը հավասար է զրոյի, իրեն պահում է մանչուկի պես, պահում է չափազանց անկաշկանդ։
Այո՛, մուգ ակնոցով այդ մանուկը, որի դեմքը արտացոլված էր կայարանի զուգարանի հայելու մևջ, թերևս, գրպանում թաքցրածի ազդեցության տակ իրեն պահում էր հանդուգն֊հարձակողական։ Եվ, ճիշտն ասած, ես չէի կարող որոշել, թե ինչ եմ անելու․ պետք է թքե՞մ այդ տարիք չունեցող մանկան վրա, թե՞ վախենամ նրանից։
Հապա, ուրեմն, ի՞նչ անեմ․․․ Այդ «ի՞նչ անելը» ոչ թե շվարած ու թևաթափ մարդու հարց էր, այլ ավելի շուտ մի հարց, որը լի էր հետաքրքրասիրությամբ։ Հհամենայն դեպս, դիմակի համար դա առաջին ինքնուրույն զբոսանքն էր, իսկ ես, բացի նրան զբոսանքի հանելուց, ուրիշ ծրագիր չունեի։ Ամենից առաջ ուզում էի նրան վարժեցնել մարդկանց, բայց շատ անշնորհք նախապատրաստվելուս հետևանքով ամեն բան փչացրի և ստիպված էի հորդորելով՝ ձեռքից բռնած տանել․․․ Սակայն խաղալիքների խանութում տեղի ունեցած պատահարից հետո տերը և հյուրը փոխեցին իրենց տեղերը։ Նրան ձեռքից բռնած առաջնորդելու մասին նույնիսկ խոսք լինել չէր կարող։ Բոլորովին ապշահար, ես ընդունակ էի միայն կուրորեն հետևել հենց նոր ազատություն ստացած հանցագործ հիշեցնող այդ քաղցած ոգուն։
Հապա, ուրեմն, ի՞նչ անեմ․․․ Մինչ մատներով թեթեակի սղալում էի մորուքս և թերևս ոչ հեռու անցյալում դեմքիս վիրակապերի նկատմամբ մշակված մի սովորություն էր դա), դիմակը ցուցադրաբար ընդունում էր ամենատարբեր արտահայտություններ այն որսորդի պես, որը առանց որսի տուն դառնալ չի ուզում, պատրաստակամություն, արհամարհանք, հարց, ագահություն, մարտահրավեր, ուշադրություն, ցանկություն, ինքնավստահություն, ձգտում, հետաքրքրասիրություն․․․ Մի խոսքով, բոլոր հնարավոր արտահայտությունները, յուրաքանչյուրը առանձին֊առանձին և զանազան տարբերակներով, որպիսիք միայն կարելի է պատկերացնել նմանօրինակ դեպքերում․․․ Դիմակը հոտոտում էր բոլոր այդ արտահայտությունները՝ կապից պոկված և տիրոջից հեռու փախած շան պես։ Սա արդեն մի նախանշան էր, որ դիմակը անվրդով վերաբերմունք ունի կողմնակի անձանց նկատմամբ, և ես չեմ կարող ժխտել, որ մասամբ նույնիսկ հաճույք էի զգում նրա գործողություններից. թող հիմարացնի ուրիշներին։
Բայց, միևնույն ժամանակ, ինձ պարուրեց սոսկալի մի անհանգստություն։ Որքան էլ դիմակը տարբերվեր իմ իսկական դեմքից, ես՝ ես էի։ Ես ոչ հիպնոսացված էի, ոչ էլ թմրադեղերով արբած, ուստի այն ամենի համար, ինչ անում էր դիմակը, օրինակ, որ գրպանումս օդամուղ ատրճանակ ունեի, պատասխանատվությունն ընկնում էր միայն ինձ վրա և այլևս ոչ ոքի։ Դիմակի խառնվածքը բնավ էլ պատահականության հետևանք չէր, և այն երբեք էլ նման չէր աճպարարի գլխարկից հայտնված ճաղարի, ո՛չ, նա իմ անբաժան մասնիկն էր, որն հայտնվել էր ոչ թե իմ կամքով, այլ շնորհիվ այն բանի, որ իսկական դեմքիս պահապանները ամուր փակել էին բոլոր մուտքերն ու ելքերը։ Տեսականորեն հասկանալով, որ ամեն բան ճիշտ այդպես է, ես չէի կարող ամրողջությամբ պատկերացնել նրա բնույթը, ասես հիշողությունս կորցրած լինեի։ Փորձիր պատկերացնել իմ զայրույթն ու վրդովմունքը, երբ գոյություն ունի սոսկ վերացական «ես»֊ը, և ես ի զորու չեմ նրան ներշնչել ցանկալի բովանդակություն։ Ես վերջնականապես վշտացա և որոշեցի անպայման սեղմել արգելակները։
«Երեսուներկուերորդ փորձարկման ձախողումը․․․ Արդյո՞ք փորձերն էին վատ կատարվել, թե՞ թերությունը ինքնին վարկածի մեջ էր»։
Ես որոշեցի որպես նյութ՝ ընտրել աշխատանոցի համար կարևոր այդ հարցը և իմ դեմքը վերհիշելու փորձ կատարել։ Ես ենթադրություն էի արել, թե բազմամոլեկուլային մի շարք միացությունների մեջ գոյություն ունի ճնշման ազդեցության տակ առաձգականության գործակցի փոփոխության և ջերմության ազդեցությամբ փոփոխությունների միջև ֆունկցիոնալ կախվածության արտահայտություն։ Եվ ստացել էի բավականին հուսադրող արդյունքներ։ Բայց վերջին, երեսուներկուերորդ փորձարկումը փշրել էր իմ բոլոր սպասումներն ու հույսերը, և ես հայտնվել էի բավականին ծանր վիճակում։
Սակայն դիմակը հոնքերը միայն կիտեց․․․ Մի կողմից դա ինձ շատ բնական թվաց, բայց, միաժամանակ, ես խղճի խայթ, զգացի․․․
Նոթեր լուսանցքում։ Եթե խոսքս մասնավորացնեմ, դիմակը սոսկ միջոց է ապաքինվելուս համար։ Պատկերացրու, որ դու վարձով ես տալիս բնակարանը, իսկ քեզնից խլում են ամբողջ շենքը։ Ո՞ւմ ինքնասիրությունը չի ընդվզի։
․․․ Այդ ժամանակ էր, որ ես պայթեցի։
«Ի վերջո, քեզ ի՞նչ է հարկավոր։ Մտքիս որ դնեմ՝ ուզած րոպեին կպոկեմ քեզ»։
Բայց դիմակը սառնարյունությամբ ու անհոգությամբ, ինձ այսպես առարկեց.
«Գիտե՞ս, որ ես ոչ ոք եմ։ Մինչև հիմա հարկադրված եմ եղել ահագին ուժ ծախսել, որպեսզի լինեմ որևէ ոք։ Ուստի, հիմա անպայման կօգտագործեմ առիթը։ Ես ուզում եմ հրաժարվել որևէ ուրիշ մեկը լինելու թշվառ բախտախաղից։ Իսկ դո՞ւ․․․ Դու մի՞թե, եթե ճիշտը խոստովանես, կուզենայիր ինձ դարձնել ուրիշ մեկը։ Ասենք, իմ կարծիքով, չես էլ կարող, այնպես որ եկ ամեն ինչ թողնենք ինչպես կա։ Համաձա՞յն ես։ Հապա, նայի՛ր․․․ Թեև հանգստյան օր չէ, բայց ի՛նչ բազմություն է հավաքված․․․ Բազմությունը, ամբոխը, հրմշտոցը ստեղծվում է ոչ թե այն պատճառով, որ իրար գլխի են հավաքում մարդիկ, այլ մարդիկ իրար գլխի են հավաքվում, որովհետև ստեղծվում է բազմություն։ Ես չեմ խաբում։ Երկար մազերով ուսանողներ, որոնք ասես հանցագործներ լինեն, շպարված առաքինի կանայք, որոնք ասես իրենց շվայտությամբ հայտնի դերասանուհիներ լինեն, նորաձև տարազներով մաշված աղջիկներ, որոնք նիհար են մանեկենների պես․․․ Թեկուզ չիրականացող իղձ լինի, բայց նրանք հալվում են բազմության մեջ, որպեսզի դառնան ոչ ոք։ Կամ, գուցե, դու պատրաստվում ես պնդել, թե միայն ես և դո՞ւ ենք ուրիշ»։
Ի՞նչ կարող էի պատասխանել։ Պատասխան չկար։ Չէ՞ որ այդ ամենը դիմակի կարծիքն էր, որ նա մտածում, կշռադատում էր իմ գլխի օգնությամբ։ (Դու հիմա, երևի, ծիծաղո՞ւմ էս։ Չէ՛, դրան սպասելը նշանակում էր չափազանց շատ բան ցանկանալ։ Դառը կատակը բնավ էլ մարդ ծիծաղեցնելու համար չէ։ Ես կատարելապես բավարարված կզգայի ինձ, եթե դու ընդունեիր, որ իմ խոսքերում ողջամտության թեկուզ մի չնչին մասնիկ կա, բայց․․․)
Պարզվեց, որ ինձ սեղմել են պատին կամ այն պատրվակով, որ սեղմված եմ պատին, ես դադարեցրի դիմադրությունս և դիմակին թույլ տվեցի անել խելքին փչածը։ Եվ դիմակը, չնայած ոչ ոք էր, հանկարծ մի շատ խելացի ծրագիր հղացավ, որը նվազ հանդուգն չէր, քան ատրճանակի հետ եղած դեպքը։ Ծրագրի էությունը ճաշից հետո մեր տան մոտ գնալն ու տեսնելն էր, թե ինչ կա֊չկա։ Չէ՛, ոչ թե տանը, այլ իմ ներսում ինչ կա-չկա․․․ Կփորձեմ տուն անցնել, որպեսզի ճշտեմ, թե որքանով կկարողանամ դիմադրել գայթակղողի իմ գերին, որի կատարումը նախատեսված է վաղը։ Հոգուս խորքում ես դեռ ինչ-որ բանի հույս ունեի, բայց այդ հույսերը բառերով արտահայտել չէի կարողանում և պատրաստակամորեն համաձայնեցի ենթարկվել դիմակին։
Հետգրություն։ Լավ գնահատական ստանալ չեմ ակնկալում, բայց, կարծում եմ, որ չափազանց բարի եմ գտնվել։ Ես նման էի այն մարդուն, որը, ընդունելով արևակենտրոն տեսությունը, քարոզում է երկրակենտրոն տեսություն։ Չէ, ես կարծում եմ, որ բարությունը հանցագործություն է և ոչ աննշան հանցագործություն։ Բավական է մտածեմ, թե ո՛ւր կարող է այն հասցնել, և մարմնիս բոլոր ծակոտիներից դուրս են սողում ամոթի որդերը։ Եթե ամաչում եմ վերընթերցել իմ գրածը, պատկերացնո՞ւմ ես, թե ինչպիսի բազմապատիկ ամոթ եմ զգում, երբ մտածում եմ, որ դու ես կարդում։ Ինքս էլ հրաշալի գիտեմ, որ արևակենտրոն տեսությունը ճշմարիտ է, բայց և այնպես․․․ հավանաբար, ես բավականին մեծ նշանակություն եմ տվել իմ մենությանը․․․ Ես մտածել եմ, թե այն ավելի ողբերգական է, քան ամբողջ մարդկության մենությունը։ Եվ որպես զղջում, ես հաջորդ տետրակից անողոքաբար դուրս կնետեմ բոլոր այն նախադասությունները, որոնց մեջ ողբերգության թեկուզ մի ակնարկ կլինի։
Գորշ տետրակ
Թեև ընդամենը հինգ օր առաջ եմ այս ճանապարհն անցել, սակայն ընկալման թարմությունն այնպիսին էր, ասես անցել էր հինգ տարի։ Զարմանալու ոչինչ չկա։ Ճանապարհն ինձ այնքան ծանոթ է, որ ես չէի մոլորվի նույնիսկ փակ աչքերով։ Բայց դիմակի համար սա բոլորովին նոր մի ճանապարհ էր։ Եվ եթե դիմակը ինչ-որ բան նույնիսկ հիշում էր, ապա, երևի, այն պատճառով, որ դեռ ծնվելուց առաջ, արգանդային իր վիճակում, տեսել էր երազի մեջ։
Այո՛, իսկապես․․․ նույնիսկ սպիտակամորուս ծերունիների նման ամպերը, որոնց տեսնում էի վագոնի պատուհանից, նույնիսկ նրանք իրենց հիշողություններն ունեն․․․ Դիմակի ներսի մակերեսը լվացել եմ սոդայի լուծույթով, և այդ պատճառով վրան փոքրիկ պղպջակներ են փրփրում․․․ Ափիս հակառակ կողմով բնազդաբար շփեցի ճակատս և տեղնուտեղը նայեցի շուրջս, թե արդյոք որևէ մեկը չնկատե՞ց իմ սխալմունքը․․․ Իմ և ուրիշների միջև եղած հեռավորությո՞ւնը․․․ Ես կարող եմ ինձ թույլ տալ միանալու ուրիշներին, պահպանելով բնական հեռավորություն։ Հանկարծ անզուսպ ծիծաղի մի ցանկություն ունեցա։ Հուզմունքս, ասես թափանցելով թշնամական տարածք, փոխարինվեց տունդարձի խաղաղությամբ։ Խղճի խայթը, որ ասես հանցանք էի գործել, փոխարինվեց նոր հանդիպումների բերկրանքով։ Ինչ ուզեմ՝ այն էլ կանեմ։ Սովալլուկի պես, որին, ի վերջո թույլատրել են ուտել, վագոնի ճոճքի կշռույթով սկսեցի որքան ուժս ներում էր ձգվել, բեղիկները առաջ նետող խաղողի որթի պես ձգվել դեպի քո ճերմակ ճակատը, դաստակիդ բաց վարդագույն սպին, որն առաջացել էր այրվածքից, խեցու ներսի պես հարթ և նուրբ սրունքներիդ վրա երևացող կապտավուն երակներիդ։
Ի՞նչ է, շա՞տ էր անսպասելի։ Եթե դու հենց այդպես էլ մտածես՝ ի՞նչ արած․․․ Կասես, թե դա հարբած դիմակի զառանցանքն է, որը հերքելու ոչ մի հիմք չունեմ։ Իսկապես, իմ այս հիշատակարանում առաջին անգամ է, որ քո մասին այսպես եմ գրում։ Բայց բնավ էլ ոչ այն պատճառով, որ ժամանակավորապես հրաժարվել եմ քեզնից, ասես դրամս ժամկետային ավանդ եմ հանձնել։ Ավելի շուտ, մտածում էի, որ ես դրա իրավունքը չունեմ։ Քո մարմնի մասին դատողություններ կատարող դեմքից զրկված ուրվականը ավելի մեծ անհեթեթություն է, քան եթե գորտը դատելու լիներ թռչունների դայլայլը։ Միայն կարող էի ինձ ցավ պատճառել, ի դեպ, քեզ նույնպես․․․ Բայց դիմակի շնորհիվ անեծքը վերանո՞ւմ է։ Սա ինձ համար ավելի դժվար հարց է։ Բայց որքան գնանք, այնքան ավելի համառորեն է այդ հարցը ինձնից պատասխան պահանջելու։ Ես կհամբերեմ։ Պատասխանելը երբեք ուշ չի լինի։
Արդեն դուրս էր թափվել աշխատանքային օրն ավարտած ծառայողների առաջին ալիքը, և էլեկտրագնացքը խցված էր մարդկանցով։ Ես փոքր֊ինչ շրջվեցի, և կանաչ վերարկու հագած մի երիտասարդ կին հետույքով դիպավ իմ ազդրին, փորձեցի հեռու քաշվել, որպեսզի նա հանկարծ չզգա, որ ատրճանակ ունեմ գրպանումս, բայց իզուր, մեզ ավելի կիպ սեղմեցին իրար։ Ճիշտն ասած, կինն ինքն էլ առանձնապես չէր ուզում խուսափել ինձնից, և ես որոշեցի մնալ նույն դիրքում։ Վագոնի ամեն մի ցնցման հետ, մենք ավելի ու ավելի էինք սեղմվում, բայց հիմա արդեն ես չէի խուսափում։ Նա ջանում էր ամեն կերպ ձևանալ, թե ննջում է։ Մինչ ես զվարճանում էի այն մտքից, թե ի՞նչ կպատահի արդյոք, եթե ատրճանակով բզեմ նրան, մենք վերջապես հասանք այն կայարանը, ուր ես պետք է իջնեի։ Վագոնի դռան մոտ հասնելով, շրջվեցի և նայեցի կնոջը, իբրև շատ ուշադիր ու կլանված, նա ուսումնասիրում էր կառամատույցի գովազդային վահանակը։ Հետևից, սանրվածքից դատելու դեպքում, նա այնքան էլ երիտասարդ չէր թվում։ Չէ՛, այս դեպքը հետագայի անցուդարձի մեջ որևէ դեր չխաղաց։ Եվ ես ուզեցի այդ մասին պատմել լոկ այն պատճառով, որ մտքովս անցավ, թե հավանաբար առանց դիմակի նման բան երբեք չէր պատահի ինձ հետ։
Հետգրություն։ Չէ՛, իմ հիշատակարանի այս հատվածին պակասում է անկեղծությունը։ Պակասում է թե անկեղծությունը և թե ազնվությունը։ Արդյոք պատճառն այն չէ՞, որ քեզնից ամաչում եմ։ Հենց սկզբից էլ շատ ավելի լավ կլիներ, որ այդ խնդիրը չշոշափեի։ Եթե միայն ակնարկեի դիմակի արդյունավետության մասին, ես հարկադրված չէի լինի տասը֊քսան տող ծախսել այսպիսի տարփամոլ խոստովանությունների վրա։ Հենց դրա համար էլ ասացի, ազնվությունը պակասում է։ Եվ քանի որ կիսով չափ խաբել էի քեզ, ապա ոչ միայն չէի կարող չպատմել իմ բուն նկատառումների մասին, այլև անխուսափելիորեն կընդհարվեի քո անըմբռնողության տխուր փաստին։
Ես մտադիր չեմ ազնվությունը դարձնել առուծախի առարկա։ Պարզապես, քանի որ արդեն շոշափել եմ այն, ինչը անխուսափելիորեն պետք է շոշափեի, կջանամ առանց որևէ բան թաքցնելու բացահայտել իմ իսկական նկատառումները։ Տափակ բարոյականության տեսակետից ես ինձ պահել եմ ուղղակի անամոթաբար, և իմ վարքագիծը արժանի է դատապարտման։ Բայց եթե դիտելու լինենք որպես դիմակի վարքագիծ, ապա կարծում եմ՝ այն կարող է ծառայել որպես կարևոր մի բանալի՝ իմ հետագա արարքները ըմբռնելու համար։ Ճիշտն ասած, այդ րոպեներին ես գրգռված վիճակում էի։ Այն, ինչ տեղի ունեցավ, թերևս դեռ չի կարելի շնացում համարել, բայց, համենայն դեպս, դա հոգևոր ձեռնաշարժության գործողություն էր։ Հապա՞, իսկ մի՞թե քեզ դավաճանել եմ։ Չէ, ես չէի ուզենա այդքան հեշտությամբ գործածել «դավաճանություն» բառը։ Եթե խոսքն այստեղ հասավ, ապա քեզ շարունակաբար դավաճանել եմ այն ժամանակից ի վեր, ինչ դեմքս դարձավ տզրուկների վտառ։ Բացի այդ, ես վախենում էի, թե դա քեզ նողկալի բան կթվա և այլևս ցանկություն չես ունենա շարունակել ընթերցանությունը։ Ուստի, այդ հարցը չէի շոշափում, չնայած իմ մտքերի առնվազն յոթանասուն տոկոսը զբաղեցնում էին սեռական այլանդակությունները։ Իմ գործողություններում դրանք չէին արտահայտվում, բայց ըստ էության ես թաքնված սեռական մտագար էի։
Հաճախ ասում են, թե սեռայինն ու մահը ամուր կապված են իրար հետ։ Բայց այդ բառերի բուն իմաստը հասկացա այն ժամանակ միայն․․․ Մինչ այդ, դրանք մեկնաբանում էի մակերեսորեն ու այն իմաստով, թե սեռական գործողության ավարտը այնպիսի ինքնամոռացության մեջ է գցում մարդուն, որ կարող է նույնիսկ հանգեցնել մահվան գաղափարին։ Բայց բավական էր, որ զրկվեի դեմքից և դառնայի ողջ֊ողջ թաղված մեկը, որպեսզի այդ բառերի մեջ տեսնեի միանգամայն իրական իմաստ։ Ճիշտ այնպես, ինչպես ծառերը պտղաբերում են նախքան ձմռան գալը, ինչպես եղեգնը սերմ է տալիս չորանալուց առաջ, սեռականն էլ ոչ այլ ինչ է, քան մարդու պայքարը մահվան դեմ։ Ուստի, ճիշտ չի՞ լինի արդյոք լսել, թե որոշակի հասցե չունեցող տարփամոլ գրգիռները մահվան շեմին գտնվող անհատի ունեցած մարդկային վերածննդի ծարավն է։ Ապացույցը կարող է լինել այն փաստը, որ զինվորները առհասարակ լինում են Վավաշոտ ու տարփամոլ։ Եթե քաղաքի ազգաբնակչության մեջ աճում է տարփամոլների թիվը, ապա այդ քաղաքը, թերևս, նաև ամբողջ երկիրն ընդհանրապես՝ պետք է պատրաստ լինի բազմաթիվ մահերի։ Երբ մարդը մոռանում է մահվան մասին, նրա սեռական հակումները դառնում են որոշակի հասցե ունեցող սեր, և, այդ դեպքում ապահովված է լինում մարդկային ցեղատեսակի կայուն վերարտադրությունը։
Էլեկտրագնացքում դիմակի վարքագիծը բացատրվում է նրանով, որ թե ես և թե կինը անտանելի միայնության մեջ էինք։ Բայց, ելնելով իմ դասակարգումից, դիմակը, ըստ երևույթին, տարփանքի վիճակից սիրո անցնելու փուլին վավաշոտ սիրո վիճակի մեջ էր գտնվում։ Ու թեև դիմակը վերջնականապես դեռ հարություն չէր առել, բայց արդեն սկսել էր ապրել։
Այդ պայմաններում, է՛լ ո՞ւր կարող էր նա դավաճանել քեզ. չէ՞ որ դավաճանելու հնարավորություն իսկ նա չուներ։ Իմ մշակած ծրագրի համաձայն դիմակը կարող էր լիարժեք կյանքով ապրել միայն քեզ հանդիպելուց հետո։
Իմ այս հավելումից կարելի է, թերևս, այսպիսի հետևություն անել, դիմակի շնորհիվ ինձ հաջողվեց խուսափել ծայրահեղ գրգռվածությունից, որին ենթակա են բոլոր սեռային մտագարները։ Բայց առաջվա պես շարունակում էի կիսով չափ մնալ տարփամոլ։ Բայց այդ տարփանքը չէր, որ ինձ առաջնորդեց դեպի քեզ։ Ես նույնիսկ վստահ եմ, որ այն ազատագրելուս համար ծառայեց որպես խթան։ Եվ հանուն դրա ես պետք է ամեն կերպ ստիպեի քեզ սիրել իմ դիմակը։
Խոսքը դիմակը դաստիարակելու մասին է։ Իսկ այդ նպատակի համար ավելի լավ բան չկա, քան ստիպել, որ ամեն բան իր վրա փորձի, մտածում էի ես, կայարանի զուգարանում միզելիս։ Ես որոշեցի խուսափել առևտրական աղմկոտ փողոցներից և քայլել նրբանցքներում։ Չէի ուզում, ասենք, ձկան խանութի մոտ անակնկալ կերպով հանդիպել, քեզ։ Ես դեռ վստահ չէի, թե կկարողանամ դիմանալ այդ անսպասելի հանդիպմանը և, բացի դրանից, ուզում էի, որ դիմակի և քո հանդիպումը տեղի ունենա այնպես, ինչպես արդեն ծրագրել էի ի սկզբանե։ Ու թեև հանդիպումը տեղի չէր ունեցել, բայց ես այնպիսի զգացողություն ունեի, ասես խրվել էի ծանծաղուտը։ Առանց որևէ պատճառի ծնկներս ծալվում էին և քիչ մնաց գայթեմ բոլորովին ուղիղ տեղում։ Ինձ այրող տաք օդը փոքր֊ինչ պաղեցնելու համար շան պես բերանով շնչելով, որպես թախանձանք, ես շարունակ կրկնում էի․ «Հասկացիր, ես այս կողմերում հայտնվել եմ առաջին անգամ։ Թե այն, ինչ տեսնում եմ և թե այն, ինչ լսում եմ՝ ինձ համար նորություն է։ Թե՛ այն տները, որոնք քիչ հետո կհայտնվեն իմ դիմաց և թե՛ մարդիկ, որոնց, հավանաբար, ուր որ է կհանդիպեմ, տեսնում եմ առաջին անդամ։ Եվ եթե որևէ մի բան էլ զուգադիպի հիշողություններիս, ապա դա կլինի կամ սխալմունք, կամ պատահականություն և կամ երազ։ Այո, նաև հորանցքի այս կոտրված կափարիչը․․․ նաև ոստիկանական ազդանշանի այս լապտերը նաև տան այս անկյունը, ուր տարին բոլոր լճացած է կոյուղու կեղտաջրերի փոսը․․․ նաև փողոցի երկայնքով ձգված վիթխարի ծփիները․․․ հետո․․․ հետո․․․»
Հետո, ասես ավազահատիկները դուրս թքելով բերանիցս, ես փորձեցի իմ հիշողությունից քշել հեռացնել գույներն ու պատկերները, բայց, այնուհանդերձ, ինչ֊որ բան մնում էր, որից ոչ մի կերպ չէի կարողանում ազատվել։ Այդ դու էիր։ Ամբողջովին լարվելով, ես դիմակին ասացի․ «Դու բոլորովին օտար ես։ Վաղվա հանդիպումը լինելու է նրա հետ քո ամենաառաջին հանդիպումը։ Դու նրան երբեք չես տեսել, երբեք չես լսել նրա մասին։ Իսկ քո տպավորությունները լավ կլինի դուրս նետես մտքիցդ և որքան շուտ՝ այնքան լավ»։ Բայց ինչքան շրջտպատող բնապատկերը հալվում և ցնդում էր իմ հիշողությունից, այնքան քո կերպարանքը, միայն քո կերպարանքն էր դուրս լողում ավելի ու ավելի հստակ․․․ և ես դիմադրելու ուժ չունեի։
Ի վերջո, ես․․․ անշուշտ, նաև դիմակը․․․ կենտրոնում զետեղելով քո կերպարանքը, լույսից հմայված փարվանայի պես սկսեցինք պտտվել մեր տան շուրջը։
Զամբյուղներով ծանրաբեռնված հարևանուհիները վրաս ոչ մի ուշադրություն չէին դարձնում. նրանց համար անծանոթ մի անցորդ էի ընդամենը։ Երեխաներ․․․ երեխաները ինքնամոռացության մեջ ընկած խաղում էին, ջանալով չկորցնել մինչև ընթրիքի ժամը մնացած կարճ րոպեները։ Մի խոսքով, վախենալու առիթ չունեի, թե հանկարծ ինձ կճանաչեն։ Երբ հինգերորդ կամ վեցերորդ անգամ մոտեցա տանը, արդեն վառվել էին փողոցային լապտերները։ Մութն արագորեն տարածվում էր քաղաքի վրա։ Քայլերս այնքան դանդաղեցնելով, որպեսզի կասկածանքի տեղիք չտամ, ես փորձեցի որոշել, թե տա՞նն ես արդյոք, մեր պատուհանից մեղմ լույս էր ընկնում բակ։ Ճաշասենյակի լույսն էր։ Մի՞թե միայն քեզ համար էլ դու, այնուհանդերձ, սեղան ես դնում։
Ես հանկարծ խանդի պես մի բան զգացի ճաշասենյակից տարածվող լույսի նկատմամբ։ Որոշակի պատճառ չունեի, թեև ասենք, որևէ հյուր էր հայտնվել ու զբաղեցրել իմ տեղը։ Թերևս, խանդը հենց այն փաստի նկատմամբ էր, որ գոյություն ունի մեր ճաշասենյակը, որ ճաշասենյակում ոչինչ չի փոխված և, որ մութն ընկնելուց հետո այստեղ լույս է վառվում։ Ընթրիքից առաջ՝ ես հիմա աչքի անցկացնելիս կլինեի իրիկնային լրագիրը․․․ դրա փոխարեն, դիմակի օգնությամբ դեմքս քողարկելով, ստիպված եմ քարշ գալ պատուհանի տակ։ Ի՜նչ անարդար բան է․․․ և ի՜նչ դժվար է այդ ամենը հանդուրժել։ Ճաշասենյակի անվրդով լույսը․․․ և այդ լույսը դույզն իսկ չի աղոտացել իմ չլինելու հետևանքով․․․ Ճիշտ այնպես, ինչպես և, հավանաբար, դու․․․
Եվ դիմակը, որը մինչ այդ ինձ գոհացնում էր, որի հետ այնքա՜ն հույսեր էի կապել, թվաց անհուսալի ու դժգույն։ Իմ հոինած սքանչելի ու փառահեղ ներկայացումն էլ, որտեղ դիմակ հագած փայլուն ելույթ էի ունենալու ուրիշ մեկի դերով, իրականում սոսկ ներկայացում էր լինելու և ուրիշ ոչինչ։ Նույնքան դժգույն և թույլ մի ներկայացում՝ անողոք առօրյայի համեմատությամբ․․․ Մութն ընկնում է, անջատիչը պտտում են, և լույսը ողողում է ճաշասենյակը։ Այն պահին, երբ դիմակը հանդիպի քո ժպիտին, գարնանային ձյան պես տեղնուտեղը կհալվի։
Պարտության զգացումից ազատագրվելու նպատակով ես որոշեցի դիմակին թույլ տալ, որպեսզի մի քիչ տրվի երևակայությանը։ Պատրանքները այնպես ձևավորված չեն, ինչպես դիմակը, բայց կլինե՞ն արդյոք նրանք երազանքներ, թե՞ իրենց կեղևներից դուրս սողացող առօրեական այլանդակություններ. ես կլռեմ։ Եվ, որոշելով ամեն ինչի նկատմամբ աչք փակել, դարձյալ սկսեցի գործարար տեսքով պտտվել տան շուրջը։
Բայց երևակայությունները զորավիգ չեղան դիմակին։ Ընդհակառակը, նրանք բացահայտեցին, թե ինչքան անհաղթահարելի ու նենգաբարո է դիմակի ու իմ մեջ եղած վիհը։
Շղթաներից ձերբազատվելով, դիմակի առաջին գործը եղավ անամոթաբար դեպի մեր տուն գնալը։ Իսկ ես կստանձնեմ կավատի դերը։ Պոկված ծխնիով բակի դուռը։ Խճաքարե արահետը ցեխոտ է, ուստի ոտնաձայները լսելի չեն։ Մուտքի դուռը պոկոտված ներկաշերտի ցանով է ծածկված։ Փտած ջրհորդանը ընկած է դրսում․․․ բայց՝ իմ ի՞նճ հոգը. սա ուրիշի տուն է։ Զանգի կոճակը սեղմելով և մի քայլ նահանջելով՝ շունչս ետ բերելու համար, ես ականջ կդնեմ, թե ի՛նչ ես անում։ Ոտնաձայները մոտենում են, դրսի լույսը վառվում է, ես լսում եմ քո ձայնը. «Ո՞վ է»։
Չէ, ինչպիսի մանրամասնությամբ էլ պատմելու լինեմ այդ ամենի մասին՝ օգուտ չունի։ Անհրաժեշտություն էլ չկա, բայց նախ և առաջ՝ անհնարին է։ Ընդհակառակը, տարօրինակ չի՞ թվա արդյոք, եթե ճշտությամբ ու անճշտություններով կապակցված մի շարադրանք դարձնեմ իմ կցկտուր երազանքները, որոնք կնմանվեն գրատախտակին անփութորեն գրված տողերի, երբ ջնջելուց հետո դարձյալ գրել են նախկինի վրա՝ չգիտես թե երբ, չգիտես թե ինչպիսի հաջորդականությամբ. թերևս, ավելի ճիշտ լինի հասարակական զուգարանի պատին արված խզբզանքի հետ համեմատե՞լը․․․ Ուզում եմ միայն երկու-երեք դրվագ ընտրել, սահմանափակվելու համար ամենից անհրաժեշտով, որպեսզի դու հասկանաս, թե ինչպիսի հարված հասցրին ինձ այդ պատրանքները։
Առաջին դրվագը թշվառ տեսարանն էր այն բանից հետո, երբ լսեցի քո ձայնը, որ նման էր շշուկի։ Ոտքս անմիջապես դրեցի զգուշորեն բացվող դռան ու շեմքի միջև, հետո թափով հրեցի ու ատրճանակը քաշեցի վրադ, քո դեմքը սարսափահաը էր, ասես քամի կուլ տված լինեիր։ Պատկերացրու իմ շփոթմունքը։ Համակրության կաթիլ անգամ չկար։ Ինձ հաճախ է զայրացրել քո զսպվածությունը, ճիշտ է, բայց, միևնույն է, ոչ մի հարկ չկար, որպեսզի ինքս ինձ պահեի որպես շարժանկարից հայտնված մի ելուզակ։ Եթե գայթակզող եմ, ապա մի՞թե չէի կարող որևէ մի ուրիշ քայլ մտածել, որն ավելի հարմար լիներ։ Ի վերջո, քանի որ այդ ամենը տեղի էր ունենում իմ երևակայության մեջ, կարող էր անցնել ուզածդ սուտը, հենց ասենք այն, որ ես քո ամուսնու համադասարանցին եմ եղել և վաղեմի ընկերության հուշերով եկել եմ այցելության. կուզենայի, որ ինձ հենց այդպես էլ պահեի։ Ինչևիցե․․․ Ինձնից ոչ մի գայթակղող էլ չստացվեց։ Գուցե վրիժառո՞ւ էի․․․ Եվ գուցե իմ դիմակի մեջ հենց սկզբից էլ թաքնված էր վրեժի ծարա՞վը․․․ Հիրավի, ես հարձակողական էի տրամադրված, ատելություն և նույնիսկ վրիժառության զգացում ունեի, և այս ամենը ուղղված էր մարդկանց կանխակալ կարծիքների դեմ, մարդկանց, որոնք ձգտում էին դեմքիս հետ միաժամանակ ինձնից խլել նաև քաղաքացիականության իրավունքս. Իսկ քո նկատմա՞մբ․․․ Չգիտեմ․․․ Կարծում եմ, որ ոչ․․․ Բայց, չգիտեմ․․․ Իսկ ինձ պարուրած մոլեգնությունը միանգամից կաթվածահար էր արել բանականությունս, զրկել էր դատողության ընդունակությունից։
Խանդն էր․․․ Խանդի պես մի բան, որն ավելի շատ պայմանավորված էր պատրանքներով, ես արդեն բազմիցս ապրել էի։ Բայց հիմա՝ ուրիշ էր։ Զգացական սուր մի դող, որի ինչ լինելը չեմ կարող անմիջապես որոշել։ Չէ, ոչ թե դող, այլ, ավելի ճիշտ՝ գալարում։ Ցավի օղակները ժամանակի հավասար միջոցներով մեկը մյուսի հետևից բարձրանում են ոտքից մինչև գլուխ։ Դրա ինչ լինելը դու շատ լավ կհասկանաս, եթե պատկերացնես հազարոտնուկի քայլելը։ Իսկապես, ես այն կարծիքին եմ, որ խանդը անասնական զգացողություն է, որը մարդուն կարող է հեշտությամբ մղել նաև սպանության։ Խանդի նկատմամբ երկու կարծիք գոյություն ունի. մեկն այն է, թե խանդը մշակույթի ծնունդ է, մյուսը՝ թե խանդը իրենից ներկայացնում է նախնադարյան բնազդ, որպիսին ունեն վայրի կենդանիները։ Դատելով նրանից, թե այն ժամանակ ինչ պատահեց ինձ, կարծում եմ, ճիշտը երկրորդն է։
Ի վերջո, ինչի՞ն էի այդպես խանդելու։ Պատճառը դարձյալ այնքան հիմար մի բան է, որ պարզապես չեմ համարձակվում գրել։ Ես խանդում էի դիմակին, խանդում էի, որ նա պետք է ձեռք տա քո մարմնին․․․ Խանդում էի, որովհետև դու վճռականորեն ետ չես մղելու այդ ձեռքը։ Որ չես դիմադրելու մինչև վերջ, նույնիսկ կյանքդ վտանգելով։ Ահավասիկ, ինչ մտքեր էին ծնվում խանդից, արյունը խփում էր քունքերս, և աչքերիս դիմաց էլ շրջաններ էին լողում։ Եթե խորը մտածենք՝ ծիծաղելի պատմություն է։ Քո բոլոր գործողությունները չէ՞ որ գոյություն ունեին առայժմ միայն իմ երևակայության մեջ, չէ՞ որ դրանք հորինել էր դիմակը. հետևաբար, ինքս էի ստեղծել խանդի պատճառը և ինքս էլ խանդում էի հետևանքին։
Եթե այդքան հստակորեն գիտակցում էի այս ամենը, ապա պարտավոր էի անմիջապես վերջ տալ պատրանքներին և դիմակին հրամայել ամեն բան սկսել նորից, բայց․․․ չգիտես ինչո՛ւ, այդ բանը չարեցի։ Եվ ոչ միայն չարեցի, այլև, ասես խանդից կարոտելով, ընդհակառակը, կարելի է ասել, նույնիսկ հրահրում, սադրում էի դիմակին։ Չէ, թերևս, ոչ թե կարոտն էր, այլ նույն վրեժը։ Ես ընկել էի ինչ-որ արատավոր մի շրջանի մեջ, շարունակ յուղ էի լցնում կրակին։ Խանդի պատճառած տառապանքները ինձ ստիպում էին դիմակին բռնության մղել, իսկ բռնությունը է՛լ ավելի էր բորբոքում խանդը։ Եթե այդպես է, ուրեմն այն առաջին դրվագը նույնպես թելադրված էր իմ սեփական, ծածուկ ցանկությամբ։ Ուրեմն, հավանաբար, գոյություն ունեն այնպիսի հարցեր, որոնց պետք է համարձակորեն նայեմ, ամեն բան միայն դիմակին չվերագրելով։ Լա՛վ, իսկ եթե ենթադրությունս այնքան էլ հաճելի չէ, բայց․․․ եթե ես, նախքան դեմքից զրկվելս․․․ դեռևս այն ժամանակ, երբ բոլորի պես ընտանեկան կյանքով էի ապրում․․․ եթե ի՛նքս էի գաղտնի կերպով աճեցնում խանդի ընձյուղներ, խանդում էի քեզ․․․ Միանգամայն հնարավոր է․․․ Տխուր հայտնագործություն է․․․ Ես հիմա սթափվեցի և ուշքի եկա, բայց արդեն ուշ է․․․
Շատ ուշ է։ Դիմակը, որ պետք է միջնորդ լիներ մեր միջև, բանից պարզվեց՝ անամոթի մեկն է։ Իհարկե, ոչինչ էլ չէր փոխվի, եթե նա լիներ քնքուշ գայթակղող։ Ընդհակառակը, նույնիսկ հնարավորություն կունենայի տառապել չարորակ խանդից, որը ելք չէր գտնում։ Եվ հետևանքը՝ բռնության բազմաթիվ տեսարաններից մեկը, տեսարաններ, որոնք այնքա՜ն նման են իրար։
Քո վախը ինձ թվում էր զգայական ջղաձգումներ, որպիսիք բնավ չէի սպասում․․․ Չէ, բավական է առօրեականության դեմ ստեղծված ինչպիսի ներկայացում էլ որ դա լիներ, այն, ինչ պատահեց, դուրս է գալիս թույլատրելիի շրջանակներից։ Եթե այդ ամենը երազ էր, ապա կուզենայի, որ զուգված լիներ այլաբանության շքեղ հագուստներով։ Բայց դրանք պատրանքներ էին, որոնց պակասում էր հորինվածքը, պատրանքներ, որոնք նման էին չհորինված պատմվածքի։ Բավական են, սակայն, այս տափակությունները։
Վերջին տեսարանը, որքան էլ տափակ լինի՝ չեմ ուզում ձևացնել, թե ոչինչ չի պատահել․․․ Բանն այն է, որ տեսարանը եղել է ո՛չ միայն տափակ ու անհամ. այն իրենից ներկայացնում էր անկարելիության գագաթնակետ և միևնույն ժամանակ դարձավ իմ հետագա գործողությունները որոշող բեկման մի պահ։ Ատրճանակը պահելով վրադ, ես պահանջեցի, որ խոստովանես. «Գիտե՛մ, թե առանց ինձ ինչեր էիր անում․․․ Մի թաքցրու․․․ Չի հաջողվի։ Գիտե՛մ, թե ինչեր ես արել»։ Աներևակայելի մի համառությամբ, դանդաղ, բայց հետևողականորեն հետապնդում էի քեզ։ Այլևս ուժ չունեի համբերելու։ Վրա հասավ այս կեղտոտ, վայրենի երևակայություններին վերջ տալու ժամանակը։ Ի՞նչ անեմ, ինչպե՞ս վարվեմ, որպեսզի ամեն բան հասկանալի լինի։ Լավագույն և միակ միջոցը, ես համոզված էի, որ դիմակը դեմքիցս պոկելն էր այն պահին, երբ պատասխանելու համար բացես բերանդ։
Բայց ո՞ւմ պետք է հասկանալի լիներ։ Դիմակի՞ն։ Ի՞նձ։ Կամ գուցե՝ քե՞զ․․․ Այո՛, այդ մասին, թերևս, ինչպես հարկն է, չէի մտածել։ Բնական է, որ չէի մտածել։ Բայց ես ուզում էի, որ հասկանալի լինի ոչ թե մեզնից մեկնումեկին, այլ ինքնին՝ «դեմքի» գաղափարին, որն ինձ այսպիսի վիճակի մեջ է գցել։
Ես սկսեցի անտանելի մի դատարկություն զգալ, որ իմ դիմակի միջև ստեղծվել էր այդ վիհը։ Միգուցե արդեն նախազգում էի վերահաս աղե՞տը։ Թեև դիմակը, ինչպես երևում է իր իսկ անունից, սոսկ կեղծ դեմք էր և որևէ ներգործություն չպետք է ունենար իմ անձի վրա, բայց բավական էր, որ նա հայտնվեր քո դիմաց, որպեսզի թռչեր հեռանար, հեռանար այնքան, որ այլևս անհնարին լիներ ձեռքը պարզել ու հասնել, և ես, վերջնականապես շվարելով, անօգնական հայացքով ուղեկցեցի նրան։ Եվ այսպես, դիմակն ստեղծող ծրագրերիս հակասակ, ես պետք է խոստովանեի դեմքիս հաղթանակը։ Մի անհատականության մեջ ձուլվելու համար անհրաժեշտ էր, որ դիմակս պոկելով, դադարեցնեի դիմակների կատակերգությունը։
Ի դեպ, ինչպես և պետք էր սպասել, դիմակն ինքն էլ այնքան չէր համառում։ Հենց որ նա համոզվեց իմ վճռականության մեջ, տեղնուտեղը մի դառը քմծիծաղով պոչը քաշեց ու վերջ տվեց պատրանքներին։ Ես էլ իմ հերթին դադարեցի նրան հետապնդել։ Ինչքան էլ ինձ տրամադրում էի երևակայությունների դեմ, իմ մտքով իսկ չէր անցնում հրաժարվել առաջիկայի ծրագրերից և, ուրեմն, ես ու դիմակը հանցանքի մեղսակիցներ էինք, մի սանրի կտավ․․․ Չէ, սխալ բան կլիներ մեզ մեղսակիցներ էինք։ Չի կարելի այդ աստիճան ստորանալ։ Համենայն դեպս, իմ հաջորդ օրվա ծրագրի մեջ ատրճանակ քաշելը չկար։ Անշուշտ, սեռային դրդապատճառներ կային, բայց դրանք ոչ մի ընդհանուր բան չունեին այն անամոթության հետ։ Էլեկտրագնացքում պատահական, վերացական ուղեկցուհուդ երևալ որպես շնացող՝ դեռ ոչինչ, բայց ո՞վ կուզենա այդպիսի լույսի տակ ներկայանալ սեփական կնոջը։
Երբ վերջին անգամ անցա տան մոտով և ցանկապատի արանքով նայեցի ճաշասենյակի պատուհանին, աչքովս ընկան առաստաղից շերտ առ շերտ կախված վիրակապերը, ասես ճերմակ ծովակաղամբ լինեին։ Գիտենալով, որ մեկ օր անց վերադառնալու եմ գործուղումից, դու լվացել էիր հին վիրակապերը, որոնցով փաթաթում էի դեմքս։ Այդ րոպեին ինձ թվաց, թե սիրտս, պատռելով ստոծանիս, գահավիժեց դեպի վար։ Ես դեռ սիրում էի քեզ։ Հնարավոր է, որ ինձ այնպես չէի պահում, ինչպես հարկն է, բայց առաջվա պես սիրում էի։ Եվ ամենից ողբերգականն այն էր, որ իմ սերը ապացուցել կարող էի միայն այսպիսի վարքագծով։ Ես նման էի այն երեխային, որին թույլ չէին տվել ուսումնական զբոսանքի գնալ. նրան մնում էր միայն խանդել դիտարժան վայրերին ու պատմական հուշարձաններին։
Առանձին թերթիկների վրա կատարած և տետրակի մեջ դրած հետզրություն։ Գուցե քեզ ձանձրալի թվա, բայց ես ուզում եմ մի անգամ էլ դիմակի անամոթ պատրանքները պարզաբանելու փորձ անել։ Գիտե՞ս, ես զգում եմ, որ եթե այն անցուդարձին նայելու լինենք այսօրվա հայացքով, պատրանքների մասին բոլոր դատողությունների տակ թաքնված է ինձնից խույս տվող շատ որոշակի իմաստ, խուզարկուի լեզվով ասած՝ բանալի․․․ բանալի, որը կարող էր հնարավորություն տալ գտնել հանցագործին կամ ցույց տար, որ միջադեպը հարթված է․․․ այս ամենը պարունակված էր դրանց մեջ։
Մտադիր եմ հետագայում պատմել վերջի մասին, որպես ավարտ։ Հուսով եմ՝ ոչ ուշ, քան երեք օր անց այն պահից ի վեր, երբ հիմա գրում եմ, քեզ ցույց կտամ իմ հիշատակարանը, և իմ ասած երեք օրն էլ պարզապես ժամանակի մոտավոր հաշիվ է, որն անհրաժեշտ է ամեն բան վերջացնելու համար։ Ուստի, եթե իմ նպատակը լիներ պարզապես ավարտի մասին պատմելը, ես, այս հավելումները չանելով, կսահմանափակվեի լոկ այնքանով, որ կզետեղեի հիշատակարանի վերջին մասում։ Որպեսզի կառուցվածքի իմ աստով կատարյալ լիներ․․․ այս խնդրում կասկած չունեմ։ Բայց իմ նպատակը այլ է բոլորովին։ Ես ուզում էի գեթ ինչ֊որ չափով ճշտել «տարփամոլ» հասկացությունը, որի օգնությամբ մտադիր էի ամեն բան բացատրել, բայց դրա փոխարեն պարզվեց, որ ոտքիս կշռաքար է կապված․․․ Թերևս, ուզում էի ճշտում մտցնել այն պնդման մեջ, թե իմ և դիմակի միջև մեծ տարբերություն կա։ Քանի որ արդեն խոստովանել եմ մեղքս, ինձ, թերևս, կարելի է արդարանալու հնարավորություն տալ, եթե անշուշտ, փաստերը չաղավաղեմ։
Այդ օրը դիմակին տնից հանեցի այնպիսի թեթև սրտով, ասես սիրելի երեխայիս էի տանում զբոսանքի։ Ինձ համակել էր առաջին անգամ կապից արձակված շնիկի աշխուժությունը. ես պարուրված էի կենսուրախ մի տրամադրությամբ։ Բայց, չգիտես որտեղից հայտնված խանդի պատճառով, ես և դիմակը պետք է քեզ հետ գոտեմարտի մեջ մտնեինք։ Այդ խանդը ինձ ստիպեց դարձյալ հիշել սիրո և քո նկատմամբ հավատարմության մասին․․․ Ուստի և հաջորդ օրվան հետաձգած իմ ծրագիրը համառորեն պահանջում էր անհապաղ իրականանալ։ Եվ, կամա-ակամա, ստիպված եղա դիմակին առաջարկել ժամանակավոր հաշտություն։
Բնականաբար, իմ էության խորքում փշի պես ինչ-որ բան էր մխրճված։ Քաղաք գնացող էլեկտրագնացքը դատարկ էր և ուր էլ նստեցի, պատուհանների ապակիները, դառնալով սև հայելիներ, արտացոլեցին իմ դիմակը։ Տարօրինակ կերպարանք է, մորուքավոր, հավակնոտ հագուստով, մուգ ակնոցով, թեև արդեն երեկո է․․․ Ի վերջո, ես դիմակին վերջնագիր ներկայացրի։ Կամ նա անուշ տեղը կապելով կհամաձայնի զինադադար կնքել, կամ ես կպոկեմ դիմակը։ Ի լրումն այս ամենի, նա գրպանում ատրճանակ էր պահել։ Ինչպիսի՜ նենգություն։ Ինձ նույնիսկ թվաց, թե դիմակը հեգնանքով ժպտաց ու ասաց. «Հերի՛ք փնթփնթաս, ես քո գլխին անխուսափելի չարիք եմ։ Եթե ուզում ես հրաժարվել ինձնից, ապա ամենից ճիշտը հենց սկզբից այս պատմությունից ձեռ քաշելն էր։ Բայց եթե հանձն ես առել, ուրեմն՝ լռիր։ Եթե որևէ բան ես ուղում ստանալ, ուրեմն պատրաստ եղիր նաև վճարելու․․․»
Պատուհանը բացեցի։ Ներս հորդեց թանձր, ածելու պես սուր գիշերային օդի շիթը։ Թարմացրեց միայն ծոծրակս ու ափերս, և, նույնիսկ չշփվելով այրվող այտերիս, քարացավ «անխուսափելի չարիքի» դիմաց։ Հոգեբանորեն տառապում էի այն պատճառով, որ դիմակս կատարյալ մի ամբողջություն չի կազմում ինձ հետ։ Բայց բնախոսական առումով տհաճ էր նրա հետ չափից ավելի սեղմ շփումը։ Վիճակս նման էր այն մարդու վիճալին, որին արհեստական ատամնաշար են դրել։
Բայց․․․ ես էլ, առանց զիջելու, ջանում էի արդարացնել ինքս ինձ․․․ քանի որ հազիվհազ պահպանվում էր զինադադարի համաձայնությունը, եթե միայն հրաժարվեի մի քանի նախապաշարումներից (օրինակ, խաղից), ես կկարողանայի որևէ կերպ հասնել իմ գլխավոր նպատակին՝ վերականգնել մեր միջև եղած արահետը։ Բայց մի՞թե կարող եմ կնոջս նկատմամբ ունենալ այդքան անամոթ հետաքրքրասիրություն։ Ընդ որում, իմ հնազանդելը քեզ աճում էր հակադարձ համեմատությամբ այն բանին, ինչը ապրում էի դիմակով եղած ժամանակ. և դա զարմանալի էր։
Բայց մի՞թե դա ճիշտ է։ Արդյունքը հայտնի է քեզ։ Այնպես որ, չեմ կրկնի․․․ Հարցը զուտ արդյունքը չէ․․․ Կայի՞ն արդյոք հիմքեր՝ միայն իմ նկատմամբ այդպիսի նախապաշարում ունենալու համար։
Մերձեցման մտերմությունը, թերևս, կարելի է անվանել մարդկային վերացական հարաբերությունների սեռային բնագավառ։ Եթե սահմանափակվենք չափազանց հեռավոր, վերացական հարաբերություններով, որպիսիք երևակայությունը նույնիսկ անկարող է ընդգրկել, ուրիշ մարդը դառնում է վերացական հակոտնյա՝ թշնամի, իսկ սեռային հակադրությունը դառնում է մերձեցման մտերմություն։ Օրինակ, քանի որ գոյություն ունի վերացական կին, ապա պարտադիր և անխուսափելի է տղամարդու տարփամոլությունը։ Տարփամոլությունը ոչ մի դեպքում չի կարող կնոջ թշնամին լինել, ինչպես սովորաբար կարծում են, ընդհակառակը, հենց կինն է տարփամոլության թշնամին։ Հետևաբար, թերևս, տրամաբանական է ենթադրել, որ մերձեցման մտերմությունը խեղաթյուրված սեռականություն չէ, այլ, հակառակը, ժամանակակից սեռային կյանքի հատկանշական ձև։
Ինչ էլ որ լինի, մենք այնպիսի ժամանակներում ենք ապրում, երբ այլևս անհնարին է դարձել առաջվա պես հստակ մի սահմանագիծ քաշել, որպիսին մերձավորիդ կարողանար բաժանել քո թշնամուց և նաև այդ գիծը տեսանելի լիներ բոլորի համար։ Էլեկտրագնացքում ուզածդ մերձավորից ավելի ամուր քեզ կպչում են անթիվ֊անհամար թշնամիներ։ Կան թշնամիներ, որոնք տուն են թափանցում նամակների տեսքով, կան թշնամիներ (և նրանցից փրկություն չկա), որոնք դառնալով ռադիոալիքներ, ներծծվում են մարմնիդ ամեն մի բջջի մեջ։ Այս պայմաններում թշնամական շրջապատը դարձել է սովորական մի բան, մենք վարժվել ենք դրան։ Եվ մերձավորի գոյությունն էլ նույնքան նվազ նկատելի է, որքան անապատում կորցրած ասեղը։ Այդ ժամանակ էր, որ ծնունդ առավ փրկարար գաղափարը. «Օտարներին դարձնենք մեր մերձավորները»։ Բայց մի՞թե կարելի է պատկերացնել, թե կգտնվի վիթխարի մի շտեմարան, որն ընդունակ լինի տեղավորել մարդկանց. մարդկային այն բազմությանը, որի հաշվելու միավորը միլիարդն է։ Թերևս, կյանքում հաջողակ լինելու համար շատ ավելի իրական կլիներ հրաժարվել վսեմ ձգտումներից, որոնք, միևնույն է, հաղթահարել չես կարող, և ազնվորեն հաշտվել այն բանի հետ, թե քեզ շրջապատող մարդիկ թշնամիներ են։ Շատ ավելի հանգիստ չի՞ լինի արդյոք, եթե արագորեն ձեռք բերես մենակության դեմ անվարակելիության ընդունակություն։
Եվ ոչ մի երաշխիք չկա, թե միայնությամբ թունավորված մարդը իր մերձավորի, գոնե իր կնոջ նկատմամբ տարփամոլ չի լինի։ Իմ դեպքը բացառություն չէ։ Եթե դիմակի գործողություններում գնահատենք մարդկային հարաբերությունների որոշակի վերացարկվածությունը, ապա, հնարավոր է, որ հենց այդ նույն վերացարկվածության հետևանքով էլ տրվել էի այդ պատրանքներին, և ինձ, որ ձգտում էի ելք գտնել ստեղծված իրադրությունից, ուրիշ որևէ բան չէր մնում, քան բերանս փակել ու լռել։ Այո՛, ինչքան էլ թվարկելու լինեի իմ կատարած բարի գործերը, ինքնին այն փաստը, որ հղացել եմ նման մի ծրագիր, արդեն իսկ բավականին պերճախոս կերպով բացահայտում է իմ տարփամոլական այլանդակությունները։
Ուրեմն, դիմակ ստեղծելու ծրագիրը ոչ թե իմ հատուկ ցանկության հետևանքն էր, այլ ժամանակակից վերացարկված մարդու ամենասովորական պահանջմունքի արտահայտություն։ Առաջին հայացքից թվում էր, թե ես պարտություն էի կրել դիմակից, բայց իրականում պարտության նմանվող որևէ բան տեղի չէր ունեցել։
Կա՛ց․․․ Չէ՞ որ իրենից առանձնապես ոչինչ չէր ներկայացնում ոչ միայն դիմակ ստեղծելու իմ ծրագիրը, ճի՞շտ է։ Ինքնին իմ ճակատագիրը՝ այդ դիմակի օգնությանը դիմելուն ստիպող դեմքիս կորուստը, բնավ էլ արտակարգ մի բան չէ, այլ, ավելի շուտ, ժամանակակից մարդկանց ընդհանուր ճակատագիր։ Մի՞թե ճիշտ չէ․․․ Այնքան էլ մեծ հայտնագործություն չէ, անշուշտ։ Իմ հուսահատությունը բացատրվում էր ոչ այնքան դեմքի կորուստով, որքան նրանով, որ իմ ճակատագիրը ոչ մի ընդհանուր բան չունի ուրիշ մարդկանց ճակատագրի հետ։ Ես չէի կարող իմ ներսում խեղդել նախանձի զգացողությունը քաղցկեղով հիվանդի նկատմամբ, որովհետև նա իր ճակատագիրը բաժանում է ուրիշների հետ։ Եթե միայն այս պարագան չլինե՜ր․․․ Եթե միայն փոսը, ուր ընկել էի, չլինե՜ր մի հին ջրհոր, որը գոցել մոռացել էին, այլ լիներ բանտային խուց, որի գոյության մասին հրաշալի գիտեին բոլորը․․․ Սա նույնպես չէր կարող հուսահատութ յուն չպատճառել ինձ։ Դու պետք է հասկահաս, թե ի՛նչ եմ ուզում ասել։ Մենակության հուսահատության զգացողությունն ապրող պատանին, որի ձայնը սկսում է ծղրտալ կամ աղջնակը, որն սկսում է դաշտան ունենալ, ենթակա են ձեռնաշարժության գայթակղությանը և կարծում են, թե այդ գայթակղությունը արտառոց մի հիվանդություն է, կարծում են, թե այդ հիվանդությամբ տառապում են միայն իրենք․․․ Կամ, ասենք, ստորացնող հուսահատության զգացողությունը, երբ մանկական փոքրիկ մի գողությունը (խճապատկերով գնդիկը, ռետինի մի կտոր, մատիտի մնացորդ),— կարմրուկ, որն ամեն ոք պետք է գեթ մի անգամ կյանքում հանի,— ընկալվում է որպես ամոթալի մի հանցագործություն, որ կատարել ես միայն դու․․․ Դժբախտաբար, երբ այսօրինակ մոլորությունը տևում է որոշակի ժամանակից ավելի, հայտնվում են թունավորման ախտանշաններ, և նման մարդիկ կարող են դառնալ իսկական սեռային հանցագործներ կամ սովորական գողեր։ Եվ ինչքան էլ նրանք ջանալիս լինեն խուսափել իրենց դարանակալող ծուղակներից, ձգտելով որքան հնարավոր է խորքից գիտակցել, թե հանցագործություն են կատարում, միևնույն է, որևէ արդյունք չեն ունենա։ Շատ ավելի արդյունավետ միջոց է մենակությունից դուրս պոկվելը, գիտենալով, որ ինչ-որ մեկն էլ կատարել է ճիշտ նույնպիսի հանցանք, որ դու համախոհ և մեղսակից էլ ունես։
Թերևս, անծանոթ մարդկանց նկատմամբ մտերմության զղացումը, երբ ամեն մեկին ուզում ես գրկել, ապրել եմ ավելի ուշ․․․ Այն ժամանակ, երբ տնից դուրս ելա և օղի խմեցի, մի բան, որ վարժված չէի․․․ Իհարկե, հարբեցի (այս դեպքի մասին, չկրկնելու համար, կպատմեմ հետո)․․․ Այդ զգացողությունը երևի ծնվեց, որովհետև փխրուն մի հույս էի տածում մարդկանց մեջ գտնել գեթ մեկին, որը, ինչպես և ես, կորցրած լիներ իր դեմքը։ Սա, անշուշտ, չի նշանակում, թե ես քնքուշ վերաբերմունք էի տածում մերձավորի նկատմամբ. պարզապես, բաժանում էի մանկության վերացարկված գաղափարը։ Բոլոր նրանք, ովքեր դիպչում կամ շփվում են քեզ՝ թշնամիներ են։ Եվ, ուրեմն, չէր կարելի սպասել, որ ինձ շրջապատող մարդիկ, որոնք նման են վեպից հայտնված գործող անձանց, ինձ տեսնելուն պես երջանկությունից կսկսեն շնային մի ուրախությամբ թռչկոտել բարյացակամության էլեկտրական գորշ վերմակի վրա։
Բայց ինձ համար հիմա սոսկալի մի հայտնագործություն էր, որ իմ կողքին, բետոնե պատերից այն կողմ, որպես բանտարկյալներ, փակված են նույն ճակատագրի մարդիկ։ Եթե ականջ դնեմ, շատ պարզ կարելի է լսել հարևան խցերից հասնող հառաչանքները։ Երբ վրա է հասնում մռայլ ու ամպրոպաբեր ամպի նման գիշերը, եռում են անթիվ֊անհամար հառաչանքները, քրթմնջոցները, հեծկլտանքը. ամբողջ բանտը լցվում է անեծքներով. «Ո՛չ միայն ես եմ, ոչ միայն ես եմ, ոչ միայն ես եմ․․․»
Ցերեկը, եթե բախտները բանի, նրանք ժամանակը տնօրինում են առավոտյան մարմնամարզության և լոգանք ընդունելու միջև, իսկ երբ առիթ է լինում ծածուկ պատմել իրենց ճակատագրի մասին, նրանք հայացքներ են փոխանակում և շշնջում են. «Ո՛չ միայն ես եմ, ո՛չ միայն ես եմ, ո՛չ միայն ես եմ․․․» Եթե բոլոր այս ձայները գումարենք, ապա կպարզվի, որ այդ բանտը, հիրավի, վիթխարի է։ Եվ դա բնական է։ Ահավավասիկ, հանցագործությունները, որպիսիք կատարելու մեջ մեղադրվում են այդ բանտի կալանավորները. մեղավոր է, որ կորցրել է դեմքը, մեղավոր է, որ կտրել է ուրիշ մարդկանց հետ կապող արահետը, մեղավոր է, որ կորցրել է ուրիշ մարդկանց լավին և ուրախությանը հաղորդակից լինելու ընդունակությունը, մեղավոր է, որ կորցրել է վախը և ուրիշ մարդկանց մեջ անհայտը հայտնաբերելու բերկրանքի կարողությունը, մեղավոր է, որ մոռացել է ուրիշների համար արարելը, մեղավոր է, որ կորցրել է ուրիշների հետ միշտ լսած երաժշտությունը, բոլոր այս հանցագործությունները բացահայտում են մարդկային ժամանակակից հարաբերությունների էությունը և, ուրեմն, մեր այս ամբողջ աշխարհը մի վիթխարի բանտ է։ Բայց, միևնույն է, կալանավորի իմ վիճակի մեջ այդ պարագան որևէ փոփոխություն չի բերում։ Բացի այդ, մյուսները կորցրել են իրենց հոգևոր դեմքը, իսկ ես՝ նաև բնախոսականը, և, ուրեմն, մեր բանտային մեկուսացման մեջ, բնականաբար, գոյություն ունի տարբերություն։ Բայց միևնույն է, ես չէի կարող հույսխց ձեռ քաշել։ Ի տարբերություն ողջ֊ողջ թաղածի, իմ այս վիճակում մի բան կար, որը թույլ էր տալիս հույս տածել։ Թերևս, այն պատճառով, որ թերարժեք մարդու պակասավորությունը,— առանց դիմակի նա չի կարող երգել, չի կարող սուսերը խաչաձևել թշնամու հետ, չի կարող բոզարած լինել, չի կարող երազներ տեսնել,— ոչ միայն իմ մեղքն է. այն դարձել է ամենուրեք պտտվող խոսքուզրույցի նյութ։ Ես համոզված եմ դրանում։
Հապա՞, իսկ քո՞ կարծիքը․․․ Եթե ես տրամաբանորեն եմ դատում, դու նույնպես բացառություն չես և, իմ կարծիքով, ստիպված համաձայնելու ես ինձ հետ։ Բնական է, որ կհամաձայնես․․․ Հակառակ դեպքում դու չպետք է ետ մղեիր իմ ձեռքը քո փեշի տակից և չպետք է ինձ գցեիր վիրավոր կապիկի վիճակի մեջ, չպետք է լուռ դիտեիր, թե ինչպես եմ հայտնվում դիմակի լարած թակարդի մեջ, չպետք է ինձ հասցնեիր այնպիսի հուսահատության, որ ուրիշ բան չմնար անելու, քան նստել ու գրել այդ հիշատակարանը։ Ինքդ ապացուցեցիր, որ քո դեմքը, աշխույժ և ներդաշնակ տիպարին պատկանող դեմքը, ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ դիմակ։ Ուրեմն, ըստ էության, մենք երկուսով իրարից չենք տարբերվում։ Պատասխանատվությունը կրում եմ ոչ միայն ես։ Հետևանքը՝ այս հիշատակարանն է։ Ես չէի կարող հեռանալ առանց իմ մասին պատմելու։ Այս խնդրում դու, հավանաբար, կհամաձայնես ինձ հետ։
Ուստի, խնդրում եմ, մի՛ ծիծաղիր հիշատակարանիս վրա: Գրել՝ չի նշանակում փաստերի փոխարեն պարզապես տառերի շարքեր նկատել․ գրել՝ նշանակում է ձեռնարկել մի շատ համարձակ ճամփորդություն։ Ես չեմ քայլում միևնույն և բոլորին քաջ հայտնի ճանապարհով, ինչպես մի փոստատար։ Իմ դիմավ թե՛ վտանգ կա, թե՛ հայտնագործություն, կա նաև գոհունակություն։ Մի անգամ ես զգացի, որ արժե՛ ապրել հանուն գրելու, և նույնիսկ մտածեցի, որ կուզենայի այսպես անվերջ գրել ու գրել։ Բայց ես կարող եմ ժամանակին ընդհատել։ Կարծես թե ինձ հաջողվեց խուսափել ծիծաղելի լինելուց. այլանդակ հրեշը նվերներ է անում իրեն անհասանելի գեղեցկուհի կույսին։ Ենթադրվող երեք օրերը ձգեցի, հասցրի չորս օրվա, հետո՝ հինգ․․․ Բայց դա անում էի ոչ թե պարզապես ժամանակ շահելու նպատակով։ Եթե դու կարդայիր իմ հիշատակարանը, արահետը վերականգնելը, անշուշտ մեր ընդհանուր գործը կլիներ։ Կարծում ես, թե սովորական հոխորտա՞նք է։ Իզո՛ւր։ Ես չեմ կարող հանդուրժել ավելորդ լավատեսությունը և հիմարության չափ ինքնավստահ էլ չեմ։ Բայց ես հասկացա, որ մենք իրար ցավ պատճառող բարեկամներ ենք և այդ իսկ պատճառով հույս ունեի փոխադարձ կարեկցանքի։ Հատկապես ակնկալում էի, թե արդյոք ղորավիգ չե՞ս լինի ինձ։ Լա՛վ, եկ առանց վարանելու լույսը մարենք։ Երբ լույսը մարում են, դիմակահանդեսն էլ ավարտվում է։ Խավարի մեջ, երբ ոչ դեմքեր կան, ոչ դիմակներ, ես ուզում եմ, որ մենք մի անգամ էլ ինչպես հարկն է համոզվենք մեկս մյուսի վավերականության մեջ։ Ես կուզենայի հավատալ նոր մեղեդուն, որն ինձ հասնում է այդ խավարի միջից։
Էլեկտրագնացքից իջնելով, անմիջապես մտա գարեջրատուն։ Գարեջրով լի և քրտնած մակերեսով գավաթի նկատմամբ հազվադեպ եմ ունեցել երախտագիտության այսպիսի զգացում։ Թերևս, այն պատճառով, որ դիմակը դեմքիս մաշկին թույլ չէր տաքիս շնչել ու կոկորդս էլ ցամաքել էր։ Առանց կտրվելու, պոմպի պես, կես լիտրը միանգամից գլուխս քաշեցի։
Խմիչքը, որ վաղուց չէի օգտագործել, սովորականից ավելի շուտ ներգործեց։
Դիմակի գույնը, անշուշտ, չփոխվեց։ Դրա փոխարեն տզրուկները սկսեցին գալարվել ու քորվել։ Ուշադրություն չդարձնելով դրա վրա, իրար հետևից խմեցի երկրորդ, հետո երրորդ գավաթը, և քորն սկսեց հանգստանալ։ Տրամադրությունս չկոտրելու համար մի շիշ էլ սաքե ավելացրի։
Եվ քիչ առաջ ունեցած իմ գրգռվածությունը անսպասելի կերպով վերացավ, փոխարենը հայտնվեց պարծենկոտության ու հարձակողական մի վիճակ։ Թվում է, դիմակը ևս սկսեց հարբել։
Դեմքեր, դեմքեր, դեմքեր, դեմքեր․․․ Սրբեցի արցունքից և ոչ թե քրտինքից թրջված աչքերս, և ծխախոտի ծխի ու աղմուկի միջով սկսեցի ցուցադրաբար, չարությամբ զննել դահլիճում լեփ֊լեցուն անթիվ֊անհամար դեմքերը․․․ Հապա՞, ի՞նչ ես ուզում ասել․․․ Խոսի՛ր․․․ Չե՞ս խոսելու։ Ասելու բան չունես։ Ասենք, հենց այն, որ դու հիմարություններ ես դուրս տալիս օղի խմելով, ապացուցում է, որ հարգանքով ես վերաբերում դիմակին, որ նա քեզ շատ է հարկավոր, որ առանց նրա՝ չես դիմանա․․․ Հայհոյելով քո պետերին, պարծենալով, թե ինչքա՜ն կարևոր մարդ է քո ծանոթի ծանոթի ծանոթը, դու բորբոքվել էիր, ջանալով դառնալ ուրիշ մեկը, ոչ այն, որպիսին էր իսկական քո դեմքը․․․ Միևնույն է, հարբելու անշնորհք միջոց էր դա․․․ Իսկական դեմքը երբեք չէր կարող խմել այնպես, ինչպես խմեց դիմակը․․․ Եթե ասեմ, թե իսկական դեմքս հարբել էր, ապա կնշանակի, այն դարձել է պարզապես հարբած իսկական դեմք․․․ Թե խմեր մինչև վերջ իրեն կորցնելը, կդառնար դիմակին շատ նման, բայց ոչ երբեք, դիմակ․․․ Թե ուզենայի չնշել անունս, աշխատանքս, ընտանիքս և նույնիսկ քաղաքացիությունս, ապա բավական էր թույնի մահացու մի բամին խմելը․․․ Դիմակի պարագան ուրիշ էր․․․ Հարբելու նրա կերպը հանճարեղ է․․․ Խմիչքի կաթիլ իսկ չօգտագործելով, նա կարող է դառնալ կատարելապես որևէ մեկին չնմանվող մարդ․․․ Ա՛յ, ինչպես հիմա ես եմ։ Ե՞ս․․․ Չէ, դա դիմակն է․․․ Մոռանալով քիչ առաջ կնքած զինադադարի մասին, դիմակը դարձյալ իրեն ինչե՜ր ասես թույլ չի տալիս․․․ Բայց ինքս էլ, կարծես, դիմակից պակաս չեմ խմել, և ես բնավ չէի ուզում նրան այսպես կշտամբել։ Այդ պարագայում կարո՞ղ եմ արդյոք վրաս վերցնել վաղվա ծրագրի պատասխանատվությունը․․․ Այս հարցը տվող ձայնի մեջ համառություն չկար, և ես հաշվի չառա ինքնավարություն ունենալու՝ դիմակի վաղուցվա պահանջը։
Դիմակը ավելի ու ավելի էր հաստանում։ Ի վերջո, դարձավ ինձ բետոնով շրջափակող մի իսկական ամրոց և, բետոնե այդ զրահով կաշկանդված՝ ես ելա գիշերային փողոց, ինձ զգալով ծանր հանդերձանքի տակ կքած մի որսորդ։ Այդ ամրոցի դիտանցքով փողոցներն ինձ երևում էին որպես այլանդակ կատուների ապաստարաններ։ Նրանք, այդ կատուները, թափառում էին խմբերով, անվստահորեն հոտոտում էին, ջանալով գտնել իրենց կտրված պոչերը, ականջները, թաթերը։ Ես թաքնվեցի ո՛չ անուն, ո՛չ հասարակական դիրք, ո՛չ էլ տարիք ունեցող դիմակի տակ և ինձ հաղթանակող զգացի այն ապահովությամբ արբած, որպիսին երաշխավորել էի ինքս ինձ։ Եթե ինձ շրջապատող մարդկանց ազատությունը կաթնապակու ազատությունն էր, ապա իմը՝ բացարձակ թափանցիկ ապակու ազատությունն էր։ Ակնթարթորեն մի ցանկություն եփվեց իմ մեջ, այդ ազատությունից անմիջապես օգտվելու անհաղթահարելի մի ցանկություն․․․ Այո՛, ըստ երևույթին, գոյության նպատակը՝ ազատությունը վատնելն է։ Մարդ հաճախ այնպես է վարվում, ասես կյանքի նպատակը ազատություն կուտակելն է, բայց մի՞թե դա ազատության անընդմեջ ու հարատև պակասից ծնունդ առնող պատրասք չէ։ Այդ իսկ պատճառով, որ մարդիկ իրենց առաջ նման մի նպատակ են դնում, նաև սկսում են դատողություններ անել Տիեզերքի վախճանի մասին, և երկուսից մեկը՝ կամ դառնում են կծծի, կամ էլ կրոնամոլ․․․ Եվ դա ճիշտ է, նույնիսկ վաղվա ծրագիրը ինքնին նպատակ լինել չի կարող։ Քեզ գայթակղելով, ես ուզում եմ դրանով իսկ ընդարձակել անձնագրիս գործունեության ոլորտը և, հետևաբար, ծրագիրը պետք է գնահատել որպես մի միջոց։ Համենայն դեպս, կարևորն այն է, թե ինչ կձեռնարկեմ հիմա։ Հիմա անհրաժեշտ է առանց ափսոսանքի օգտագործել դիմակի բոլոր հնարավորությունները։
Հետգրություն։ Այս ամենը, իհարկե, սոփեստություն է, որը ներծծված է խմիչքով։ Հենց նոր քեզ խոստովանեցի իմ սերը և, քանի դեռ այդ բառերը տաք են, չեմ ուզում պահանջել, որ դու համաձայն ես իմ հանդուգն ու լպիրշ փաստարկներին, որոնք անամոթաբար արդարացնում են մեր գաղտնի կապը։ Ինքս էլ պետք է չհամաձայնեմ դրանց հետ։ Եվ, քանի որ պետք է չհամաձայնեմ, ապա նախապատրաստել եմ դիմակին հասցեագրված հրաժեշտի մի ուղերձ։ Բայց մի բան ինձ շատ է անհանգստացնում. չեմ կարողանում հրաժարվել այն մտքից, թե նույնիսկ սթափ վիճակում գործադրել եմ նույն այդ փաստարկները՝ դրանք միանգամայն բնական համարելով։
«Նպատակը հետազոտման արդյունքը չէ։ Հետազոտման ընթացքն է, որ հանդիսանում է նպատակ»։ Այո՞, այս խոսքերը, որպես ինքնին հասկանալի մի բան՝ կկրկնի ուզածդ հետազոտողը․․․ Թեև առաջին հայացքից կարող է թվալ, թե դրանք որևէ կերպ կապված չեն իմ պնդումների հետ, բայց, եթե լավ մտածենք, նրանք ասում են նույն բանը։ Հետազոտման ընթացքը, ի վերջո, ոչ այլ ինչ է, քան որևէ նյութականի նկատմամբ ծախսված ազատություն։ Որպես հակակշիռ, արժեքով արտահայտված հետազոտման արդյունքը օգնում է ազատության կուտակմանը։ Այս բառերի տակ ըստ երևույթին ենթադրվում է նպատակն ու միջոցը իրար հետ խառնելու հետևանքին շատ մեծ նշանակություն տալու հեռանկարի նախազգուշացում։ Ես կարծում էի, որ սա ամենասթափ տրամաբանությունն է, բայց եթե ամեն ինչ համադրելու լինենք, արդյո՞ք իմ այս դատողությունները չեն թվա հարբած դիմակի նույն սոփեստությունները։ Ինձ շատ բան չէր գոհացնում։ Թերևս ջանալով հրաժարվել դիմակից, ես իրականում պարզապես չգիտեի, թե ինչպես հաղթահարեմ նրան։ Կամ, գուցե, ազատությունը նման է ուժեղ դեղամիջոցի՞, որը փոքր բաժիններով բուժում է, իսկ եթե բաժինը մեծացնենք՝ կվնասի։ Հետաքրքիր է քո կարծիքը։ Եթե ես, ինչ էլ որ լինի, պետք է ենթարկվեմ դիմակի պահանջներին, ապա իմ տեսությունը՝ թե դիմակը բանտ է, որի մասին այսքան դժվարությամբ ու երկար գրում էի, ասենք, ի՛նչ տեսություն, իմ այս հիշատակարանը ամբողջությամբ՝ սխալ պատկերացումների պտուղներ են։ Մտքովս անգամ չի անցնում, թե կհամաձայնես իմ դատողություններին, որոնք կոչված են մեր գազանի կապը արդարացնելուն։
Ուրեմն ինչպե՞ս օգտագործեմ այդ չափից դուրս ազատությունը։
Եթե որևէ ոք հետևելիս լիներ իմ ագահ հայացքին, ապա, համոզված եմ, անպայման կխոժոռվեր։ Բայց, շնորհակալ եմ, դիմակը ոչ ոք էր և այդ պատճառով, ինչ էլ մտածեին նրա մասին, բոլորովին անտարբեր վերաբերմունք ուներ։ Ի՜նչ հաճելի է ազատագրման այդ զգացողությունը, որից ամաչելու հարկ չկա, և որի համար առիթ չունեմ արդարանալու։ Խղճից ազատագրվելը գլխովին սուզել էր ինձ՝ փրփրադեզ երաժշտության մեջ:
Նոթեր լուսանցքում։ Հա՛, անհրաժեշտ է նշել հատկապես այն, թե ինչպես եմ ընկալել երաժշտությունը։ Նեոնե գովագդը, հրավառությունը, գիշերային երկնքով մեկ տարածվող լույսերի ցոլքը, մերթ խոշորացող, մերթ փոքրացող կանացի ոտքերը՝ գուլպաներով, լքված այգին, կեղտաջրի փոսում ընկած սատկած կատուն, ծխախոտի մնացորդները, և այլն, և այլն․․․ հո՛ ամեն ինչ չես թվարկի․․․ այս բոլոր պատկերներից ամեն մեկը դարձել էր որոշակի մի նոտա, որ հնչում էր, ստեղծելով մի երաժշտություն։ Հենց թեկուզ այդ երաժշտության համար ես ուզիում էի հավատալ, թե իրականում գոյություն ունի այն ժամանակը, որի վրա հասնելը նախապես վայելում էի․․․
Հետգրություն։ Մեջբերված «Լուսանցքի նոթերը», բնականաբար, ժամանակի առումով, նախորդում են վերջին «Հետգրությանը», և գրվել են, ինչպես հասկանում ես, հիմնական շարադրանքից անմիջապես հետո։ Հիմա դժվարանում եմ հիշել, թե որտեղ է հնչել այդ երաժշտությունը։ Բայց իմ այդ նոթերը ջնջելու համարձակություն չունեմ, ուստի և թողնում եմ․․․
Թեև դիմակի ալիբին կատարյալ էր, իսկ նրան խոստացված ազատությունը՝ անսահման, բավարարվել սեփական ցանկությունները գոհացնելու համար միայն անհրաժեշտ ազատությամբ, ինչպես պատահում է գրոշ անգամ չունեցող և հանկարծ ահագին փող ստացած մարդու հետ, որը չգիտե, թե ինչ պիտի անի այդ փողը. մի՞թե դրանից ավելի գարշելի բան կա։ Դու հենց վերջերս համոզվեցիր այդ խնդրում։ Խմիչքի ազդեցությունից սկսված հարբածությունը սաստկացավ ու զատության զգացումից ծնված հարբածությամբ։ Եմ ամբողջ մարմինը ծածկվեց ցանկությունների բշտիկներով, և ես նմանվեցի ոստակալած ծեր մի ծառի։ Ի լրումն այս ամենի, իմ ձեռքում հայտնված ազատությունը, որի համար վճարել էի տարիների կյանքով, դիրքով, աշխատանքով, կարելի էր համեմատել իմ նախկին ազատության հետ ճիշտ այնպես, ինչպես մսի թարմ, արյունածոր կտորը կարելի է համեմատել «միս» անարտահայտիչ բառի հետ։ Միայն նայել ու լռելը ինձ ոչինչ չէին կարող տալ։ Իմ դիմակը այդքանով չի գոհանում. նա, ասես ծովային սատանայի երախի պես լայն բացվել և գիշատիչ անհամբերությամբ սպասում էր իր որսին։
Բայց, դժբախտաբար, ես չգիտեի, թե ինչպիսի որսի համար արժեր վատնել ազատությունս։ Թերևս, չափից դուրս երկար ժամանակ են ինձ սովորեցրել և, վերջապես, կարողացել են վարժեցնել ազատությունը տնտեսելուն։ Իմ ցանկությունները չնչին էին, բայց, միևնույն է, ես ծածկված էի դրանցով, որոնք, ասես թարախակալած պզուկներ լինեին։ Եվ ես, որքան էլ ծիծաղելի էր, պետք է տրամաբանության օգնությամբ զբաղվեի իմ իսկ ցանկությունների հաշվարկումով։
Առանձնապես չէի կարող պարծենալ արտակարգ ցանկություններով։ Համենայն դեպս, ալիբին երաշխավորված է, և ինձ համար բացարձակապես միևնույնն էր, թե ինչքանով էին այդ ցանկությունները անամոթ կամ արատավոր։ Կամ, թերևս, լավ կլիներ այսպես ասել, քանի որ իսկական դեմքից ազատագրվելու զգացողությունն արդեն ճաշակել էի, ուստի կամենում էի վարվել ողջամտությանը հակառակ, կամենում էի օրինազանց լինել։ Ու այդ ժամանակ, ասես պարտվելով՝ իմ տրամադրության տակ հայտնվեցին արարքներ, որոնց դիմում են լոկ ելուզակները. սպառնալիք, դրամ աշորթություն, կողոպուտ։ Հնարավոր է, որ այս ամենի համար խթան հանդիսացավ օդամուղ ատրճանակը։ Իհարկե, եթե ես դրանք կարողանայի գոնե հաջողությամբ իրականացնել, ապա իմ հաղթանակը բավականին նշանակալից կլիներ։ Թե որ բացահայտվեր իմ արարքների իսկական էությունը, խորհուրդը, ապա անպայման կդառնար լրագրային զգայացունց հրապարակման առաջնակարգ մի նյութ։ Ով ուզում է լրջորեն փորձել՝ բռնությամբ ետ պահելու մտադրություն չունեմ։ Կարծում եմ, օգտակար բան կլիներ առանց դիմակի, կամ որ ավելի ճիշտ է, կեղծդիմակավոր մարդկանց բացատրել մարդկային վերացական հարաբերությունների էությունը, համենայն դեպս, գոնե ես, վրեժխնդիր կլինեի իմ տզրուկների համար։
Հեռու եմ երեսպաշտությունից։ Բայց չգիտես ինչո՞ւ, նման արատներին սիրտս չի կպչում։ Պատճառը շատ պարզ է։ Նախ՝ ես առանձնակի անհրաժեշտություն չունեի դառնալու իսկական դիմակ, վիրակապված դեմքս ինձ լիուլի բավարարում էր։ Հաջորդ պատճառը. նույն այդ դրամաշորթությունը, նույն այդ սպառնալիքը իրենցից ներկայացնում էին ոչ այնքան նպատակ, որքան փող կորզելու միջոց՝ ազատության դիմաց վճարելու համար։ Միաժամանակ, գործուղումից մնացած 80 հազար իենը հաճելի կերպով տաքացնում էր գրպանս։ Այս երեկոյի և վաղվա օրվա համար միանգամայն բավական է։ Անշուշտ, քիչ է, բայց փող ճարելու մասին կմտածեմ այն դեպքում, երբ զգամ դրա անհրաժեշտությունը։
Բայց ինչ է, ի վերջո,. իրենից ներկայացնում նպատակը իր մաքուր տեսքով, առանց միջոցների խառնուրդի։ Հետաքրքիր է, որ օրինազանց բոլոր արարքները, որպիսիք կարող էի միայն հիշել, կապված էին սեփականության իրավունքը ապօրինի փոխանցելու, այսինքն՝ դրամի հետ։ Բերեմ օրինակ, հենց թեկուզ մոլի խաղերը, որոնց անվանում են կրքի համեմատաբար մաքուր խտացում․․․ Թե հարցնեմ հոգեբանին, կասի՝ ազատագրվելու ծարավ է, երկարատև լարվածությունը ակնթարթորեն լիցքաթափելու ծարավ․․․ Բայց եթե դա ճիշտ է, ապա ի՞նչ նշանակություն ունի՝ ազատությա՞ն, թե ազատվելու վատնում կհամարեն։ Եթե այդ ակնթարթային լարվածությունից բացառենք դրամի մակընթացությունն ու տեղատվությունը, արդյո՞ք այն չի դառնա քաղցրահամ։ Ինքնին այն փաստը, որ մի մոլի խաղը նախադրյալ է ստեղծում մեկ ուրիշի համար և դրանց շղթան, եթե միայն հնարավոր լիներ, ձգվում է դեպի անսահմանություն, ի վերջո դառնալով սովորություն, ապացուցում է, թե մոլի խաղը իրենից ներկայացնում է նպատակի և միջոցի արանքում գտնվող տատանումի ամպլիտուդա․․․ Այնպիսի բնորոշ հանցագործություններ, որպիսիք են խաբեբայությունը, գողությունը, կողոպուտը, կեղծիքը՝ անհնարին են, եթե միջոց չեն պարունակում։ Նույնիսկ առաջին հայացքից օրենքը արհամարհող և խելքներին փչածի պես գործող մարդիկ իրականում ապրում են անազատ աշխարհում, որը լի է անկատարությամբ։ Պատրանքային չէ՞ արդյոք մաքուր տեսքով նպատակը։
Ես նաև արիշ ձգտումներով թելադրված ցանկություններ ունեի։ Օրինակ, ինստիտուտի պահակներին սպառնալով, չհըրկիզվող պահարաններից տանել ինձ անհրաժեշտ նյութերը կամ ջարդելով վարչական բաժնի բանալիով կողպած դուռը՝ գողանալ արտադրական փորձարկումների աղյուսակներն ու ելևմտից վերահսկողության փաստաթղթերը՝ ինձ համար շատ բնորոշ գործնական ցանկություններ էին։ Դրանք, անշուշտ, ծիծաղաշարժ երևակայություններ էին, որոնք շատ ավելի հարմար կլինեին մանկական բազմամասանի հեռատեսիլային ժապավենի համար, և բացարձակապես անօգուտ, եթե պատկերացնելու լինենք այնպիսի մի խթանիչ, որպիսին կլիներ ինստիտուտին սոսկ անվանական անկախություն շնորհած ընկերության դժգոհությունը։ Բայց միևնույն է, դրանք մնում էին սոսկ որպես միջոց, ընդ որում հազիվ թե կարողանային խաղալ այն դերը, որ ես հատկացրել էի դիմակին։ Եթե կարողանայի հասնել այն բանին, որ դիմակը կատարելապես տիրապետի նրան, ինչը մատչեչի է միայն իրեն, և եթե կարողանայի հարմարվել այդ կյանքին․․․
Նոթեր լուսանցքում։ Անշուշտ, հասկանալի է, որ եթե առանձնահատուկ խոչընդոտներ չլինեն, ես պետք է ընդմիշտ ապրեմ երկու կյանքով։ Մեկը՝ դիմակ հատգած և մյուսը՝ իմ իսկական դեմքով․․․ Ուրեմն, արժե մի անգամ էլ լավ մտածել․․․
Բազմաթիվ հանցագործությունների մեջ կա միայն մեկը, որը բացառիկ հնարավորություններ է պարունակում։ Դա հրկիզումն է։ Հրկիզումը, բնական է, նույնպես պարունակում է այնպիսի տարրեր, որոնք ներկայացնում են ազատություն կուտակելու միջոցներ․ օրինակ՝ ապահովագրական գումար ստանալը, գողությունից հետո հանցանշանները ոչնչացնելը, հրշեջի սնափառ դիտավորությունները։ Եվ մի՞թե այսպիսի ոչ հաշվենկատ չարամտությունից ծագող գրեթե բոլոր մյուս հրկիզումները, ի վերջո, չեն պայմանավորված սառեցված կամ խլված ազատությունը վերադարձնելու ձգտումով։ Բայց հրկիզումներ կան, որոնք մաքուր տեսքով ոչ մի արժեք չեն ներկայացնում և ծառայում են լոկ անմիջական քմահաճույքը բավարարելուն․․․ Երբ մոլեգնած բոցերը լիզում են պատերը, գրկում են սյուները, ճեղքում են առաստաղը և հանկարծ նետվում են դեպի ամպերը և, արհամարհելով խուճապահար մարդկանց նախիրը, մոխիր են դարձնում հենց քիչ առաջ իրապես գոյություն ունեցող պատմության մի կտոր՝ առանց խառնուրդի հրկիզումներ են, երբ ողբերգական ավերածությունը հագեցնում է հոգևոր քաղցը․․․ Ըստ երևույթին, նման դեպքեր նույնպես կարող են լինել։ Ես, անշուշտ, այն կարծիքին չեմ, թե հրկիզումը բնականոն ցանկաթյուն է։ Ժողովուրդը այդ մարդկանց հրձիգներ է անվանում՝ հրկիզող դևեր. ուրեմն հասկանում են, որ նրանց գործողությունները դուրս են գալիս համընդհանուրի շրջանակներից։ Բայց քանի որ դիմակը համընդհանուրի հետ ոչ մի կերպ չկապված դիմակ էր, ապա, եթե երաշխավորելու լինենք, ազատության վատնում է, բնականոնի կամ ոչ բնականոնի հարց գոյություն չունի։
․․․Այնուհանդերձ, ես ինքս հրկիզումներով զբաղվելու ոչ մի պահանջ չէի զգում, ուրեմն էլ ո՞ւմ էին պետք այս դատողությունները։ Խուլ նրբանցքներով թափառելիս և ուսով գրեթե քսվելով գայթակղեցուցիչ ցուցանակներին, ես փորձում էի պատկերացնել, թե իբր այս ծածկից կամ պատի այն ճեղքից հանկարծ դուրս է ժայթքում կրակը․․․ բայց դա բնավ չէր հուզում ինձ։ Կարծում եմ, առանձնապես չէր էլ վախեցնում։ Եթե փորձեիր գեթ մի անգամ դիմակ դնել անմիջապես կհասկանայիր ամեն ինչ։ Մարդու ոչ պատշաճ գործողությունները զսպելու ձգտումը, որքան էլ զարմանալի լինի, բոլորովին չնչին բան է, դրա վրա հույս դնել չի կարելի։ Այդպես վախկոտ երեխան է ափերով դեմքը ծածկած՝ մատների արանքով հանգիստ նայում շարժանկարը, ուր գործում են հրեշները։ Որքան շատ է շպարված կինը, այնքան ավելի դյուրին է նրան գայթակղելը։ Խոսքը միայն սեռային գայթակղության մասին չէ. վիճակագրությամբ միանգամայն ճշգրտորեն դա հաստատվում է նաև մասնագիտացած գողերի նկատմամբ։ Ա՜հ, կարգուկանո՜նը, ա՜հ, սովորություննե՜րը, օրե՜նքը․․․ Ինչքանն աղմուկ են բարձրացնում մեր շուրջը։ Բայց չէ՞ որ, ի վերջո, ամեն պահի փլվելու պատրաստ ավազե այդ ամրոցը պահպանվում է միայն մաշկի բարակ մի շերտով, որն է՝ իսկական դեմքը։
Հիրավի, այդպես է, և դա ինձ չի վախեցնում։ Հիմա անիմաստ բան է ժխտելը, թե ամոթ չունեմ. մաշկին դա անհրաժեշտ է։ Դիմակը, ինքնին, արդեն իսկ իմ անամոթության պտուղն է։ Թեև օրենքով չի արգելված, բայց չկա մի գողություն, որը մարդկանց պայմանավորվածությունը զանց առներ ավելի, քան դեմքին դիմակ դնելն է. դիմակ, որի դիմակ լինելը չի գիտակցված։ Ես կարող եմ պատկերացնել հրկիզողի հոգեբանությունը, թեև ինքս հրկիզող չեմ։ Բայց ինձ անհանգստացնում էր, որ այսքան դժվարությամբ հայտնաբերված միակ նպատակը իր մաքուր տեսքով, դժբախտաբար, պարզվեց, որ բնավ էլ այն չէր, ինչի վրա հույս էի դնում։ Ի՞նչ արած․․․ Մեկ ուրիշ ավելի հարմար ծրագիր չունեի։ Դա ստույգ էր։ Համենայն դեպս, ավելի լավ է այդպիսի ծրագիր ունենալը, քան ընդհանրապես ծրագիր չունենալը։ Բայց և այնպես չեմ կարծում, որ թարախոտ պզուկների պես ինձ ծածկած բոլոր այդ ցանկությունները կարելի է դասակարգել որպես նպատակին հասնելու միջոց։ Ինչքան էլ կրկնեմ, թե ինձ չափից ավելի են վարժեցրել ազատություն տնտեսելու (և հենց դա էլ բոլոր դժբախտությունների պատճառն է), այս ամենը ինձ շատ է տխրեցնում։ Այսպես թե այնպես, հրկիզումը կթողնեմ ապագային։
Սպասի՛ր․․․ գրեցի ու հանկարծ նկատեցի, որ մի շատ կարևոր պահ բաց եմ թողել, չգիտեմ՝ միտումնավո՞ր, թե՞ պատահաբար։ Եթե խոսք եմ բացել ապօրինի գործողությունների մասին, ապա, իհարկե, հենց սկզբից պետք է հիշատակեի ևս մի դևի․ ելուզակի՛, մեծ ճանապարհի դևի մասին պետք է հիշատակեի։ Եթե հրկիզողներին թույլ են տալիս միանալ նրանց, ովքեր մաքուր տեսքով նպատակ ունեն, ապա, կարծում եմ, ոչ մի վատ բան չի լինի, եթե նույն այդ ընկերության մեջ դնենք նաև ելուզակի։ Ոչ մի վատ բան չպետք է լինի։ Չէ՞ որ այն, ինչ նա անում է, արտաքինից նույնքան տպավորիչ չէ, ինչպես հրկիզողի գործողությունը, բայց բավական է խորքը նայել, որպեսզի համոզվենք. ավելի քայքա յող գործողություն չի կարող լինել, քան սպանությունն է․․․ Միևնույն է, կարո՞ղ էի արդյոք մոռանալ սպանության՝ այդքան վառ օրինակի մասին։ Չէ, ընդհակառակը, թերևս, հենց այն պատճառով, որ օրինակը չափազանց վառ էր, ջանում էի չհիշել այդ մասին։ Չլինի՞ թե այն պատճառով, որ ես հրկիզելու հակումներ չունեմ, հենց սկզբից էլ նահանջել, մտքիցս հանել եմ այն գործողությունը, որը պահանջում է շատ ավելի ավերող հակումներ. այո, ինձ համար նույնիսկ նման հարց գոյություն չի ունեցել։
Արտահայեցողական, հարձակողական տեսակհրեն որսորդ համարող իմ դիմակը լսելով «ավերող հակումները», առաջ եկավ։ Ինձ գարշանք է պատճառում այդ մասին պատմելը, բայց այդպես է, ի՞նչ կարող ես անել։ Թերևս, կրկնում եմ, սակայն բնավ էլ ո՛չ վախկոտությունից։ Վախկոտությունը բացասում եմ ոչ թե այն պատճառով, որ պարտադիր եմ համարում բացասել վախկոտությունը։ Ճիշտն ասած, ինձ համար տհաճ է ինքնին «հրկիզումի դև», «մեծ ճանապարհի դև» արտահայտություններն օգտագործելը հենց թեկուզ այն պատճառով, որ դրանց մեջ մտնում է «դև» բառը։ Հազարվոլտանոց էլեկտրական հոսանքի պես բանը, որ այն ժամանակ գրգռում էր դիմակին, ոչ մի կապ չուներ ամեն բան ավերող բնազդի հետ․․․ Այն հիշեցնում էր ծորուն և կպչուն մի բան․․․ չեմ կարողանում համապատասխան արտահայտություն գտնել, բայց, ընդհանուր առմամբ, ավերելու ճիշտ հակառակ բանը։
Թերևս, չափազանցում կլիներ պնդել, թե իմ ներսում լրիվ բացակայում էին ավերելոլ բնազդները։ Ես կուզենայի քո դեմքից պոկել մաշկը, որպեսզի դու ևս ապրեիր նույն տառապանքները. ես երազում էի օդում տարածել նյարդերը կաթվածահար անող թունավոր գազ, որպեսզի աշխարհում ապրող բոլոր մարդիկ կուրանային. ահավասիկ, թե ի՛նչ մտքեր էին պարուրում ինձ բազմիցս։ Բայց եթե լավ մտածենք, շատ ավելի անսպասելի բան էր այն, որ ինչ֊որ մեկի վրա ամբողջ իմ չարությունը թափելու ցանկությունը ինձ պարուրել էր դեռևս նախքան դիմակի հայտնվելը, իսկ երբ դիմակն արդեն պատրաստ էր, ես, այնուհանդերձ, չէի կարող չզգալ, թե ինչ֊որ բան փոխվել է, թեև բողոքս շարունակում էր իր գոյությունը։ Հիրավի, ըստ երևույթին, ինչ֊որ բան փոխվել էր։ Ու հատկապես այն պատձառով, որ փոխվել էր, դիմակն իր ազատությունն էր վատնել ուզում բոլորովին ուրիշ բանի վրա։ Ոչ թե բացասական բանի․ ասենք՝ ավերածություններ անելու, հետո էլ սպասելու, թե վրա է հասնելու հատուցումը։ Սպասիր, ի վերջո, ի՞նչ եմ ուզում ասել․․․ Ցանկանո՞ւմ եմ արդրք մի այնպիսի դասական ներդաշնակություն, որպիսին սերն է, որպիսին ընկերությունն է, որպիսին փոխըմբռնումն է։ Կամ, թերևս ուզում եմ քաղցրավուն, կպչուն, տաք ու հաճելի «անուշ բամբա՞կը», որ տոն օրերին վաճառում են փողոցներում։
Ցասումի մեջ, այն երեխայի պես, որը չի կարողանում ստանալ իր ուզածը, ես մտա առաջին իսկ պատահած սրճարանը և բռունցքի նման պինդ ցանկությունների գուղձի վրա, որ վեր էր ելնում կոկորդիս խորքերից, սկսեցի ջուր ու պաղպաղակ լցնել։ Ուզում էի ինչ-որ բան ասել, բայց չգիտեի, ինչ․․․ Եթե այսպես շարունակվի, ապա կամ ամեն բանից կհրաժարվեմ, կամ հարկադրաբար կանեմ այն, ինչը չեմ ուզում անել։ Երբ ոչինչ չես անում, գողունի սկսվում է զղջումը․․․ Գարշելի զգացողություն է, ասես թրջած լինես ոտքերդ․․․ Դիմակի տակ դեմքս այրվում էր՝ ինչպես շոգեբաղնիքում, թվում էր, թե քթիցս արյուն է գալիս։ Անհրաժեշտ էր ինչ-որ բան ձեռնարկել․․․ Ես շատ լավ եմ հասկանում վիճակիս ծիծաղաշարժ լինելը, ինքս եմ դարձել հոգեվիճակիս վերլուծողը և պետք է դասակարգեմ ցանկություններս, պետք է վերլուծեմ դրանք, պետք է որոշեմ այդ ցանկությունների գուղձի իսկական էությունը և պետք է դրան անուն դնեմ:
Ինձ համար միևնույն է. եթե ուզում ես, կարող եմ սկսել այն եզրակացությունից, որին հանգել եմ։ Դա սեռական հակում էր։ Ծիծաղում ես, չէ՞։ Ինչպիսի գեղեցիկ վերապահություններով էլ զարդարելու լինենք, այսպիսի եզրակացությունը, հիրավի, տափակություն է։ Բայց ես շատ բան եմ հասկացել, և այնքան էլ անսպասելի չի թվում ինձ։ Բայց տափակությունը հանրահաշվի ներածության մակարդակի վրա էր և կիրառվում էր առանց ապացուցման։ Մի բան, որին ոչ մի կերպ չէի կարող համաձայնել։ Որքան էլ տարօրինակ թվա, ինքնասիրությունը կարող է հանգիստ հարևանություն անել անամոթության հետ։
Ուրեմն, երրորդ տետրակը նույնպես ավարտվում է։ Ի՞նչ կարող ես անել, ստիպված սահմանափակվելու եմ դիմակի ձեռնարկած փորձարկման ընթացքը նկարագրելով։ Ու թեև դա կարող է տաղտկալի թվալ, բայց ամենից ճիշտը, կարծում եմ, այն փաստարկումների մասին պատմելն է, որոնց համաձայն մաքուր ձևով ազատության վատնումը ըստ էության սեռական հակում է եղել։ Ազատության վատնումը, որքան էլ այն մաքուր լինի, ինքնին որևէ արժեք չի ստեղծում։ (Եթե խոսենք արժեքներից, ապա դրանք ազատության արտադրանքն են)։ Ես չեմ պատրաստվում պնդել, թե իմ տրամաբանական կարողությունները անթերի են, բայց հաջորդ օրը իմ բոլոր գործողությունները ծավալվում էին սեռական այդ հակումով, և քանզի հավատում եմ քո անաչառ դատաստանին, ապա, կարծում եմ, պետք է ինքս ինձ հետ ազնիվ լինեմ։
Եթե միայն միտումնավոր չարացած չլինենք, ապա այնքան էլ դժվար չէ հասկանալ, թե դիմակն ինչո՛ւ հրաժարվեց հրկիզումներից և սպանություններից. դժվար չէ հասկանալ նրա վիճակը։ Նախ և առաջ, դիմակը, որպես այդպիսին, իրենից արդեն իսկ ավերածություն էր ներկայացնում գոյություն ունեցող սովորությունների աշխարհում։ Պարզ ողջամտությունը չի կարող օգնել այն հարցին, թե որքանո՞վ են խոշոր ավերածություն հանդիսանում հրկիզումը կամ սպանությունը։ Որպեսզի այդ հարցր պարզ լինի, ամենից ճիշտը կլինի պատկերացնել, թե ի՛նչ տեղի կունենա հասարակական կարծիքի հետ, եթե սկսվի դիմակների զանգվածային արտադրություն և տարածում. դիմակներ, որոնք սարքված լինեն նույնքան վարպետորեն, ինչպես այն, որ ես ունեմ։ Դիմակները, անկասկած, ապշեցուցիչ հաջողություն կունենան. իմ գործարանը, եթե նույնիսկ աշխատի օրնիբուն, շարունակ ընդարձակելով արտադրությունը, չի կարողանա բավարարել պահանջը։ Մարդկանցից ոմանք անսպասելի կերպով կանհետանան։ Մյուսները կբաժանվեն, կտրոհվեն երկու կամ երեք մասի։ Անձը հաստատող վկայականները կդառնան անօգուտ։ Ճանաչման լուսանկարները, որ պատկերահանվում են մի քանի տեսանկյունից՝ կկորցնեն իրենց իմաստը, իսկ այն լուսանկարները, որոնք իրար են նվիրում հարսն ու փեսան, կարելի է հանգիստ խղճով պատռել ու դեն նետել։ Ծանոթներն ու անծանոթները իրար կխառնվեն, ալիբիի գաղափարը ինքնին կվերանա։ Անհնարին կլինի ուրիշներին հավատալ, բայց և հիմք չի լինի ուրիշներին չհավատալու համար. հարկ կլինի ապրել անկշռելիության վիճակում, մարդկային հարաբերությունների նոր չափողականության մեջ, ասես նայելիս լինես ոչինչ չարտացոլող հայելուն։
Չէ, երևի, պետք է պատրաստ լինել է՛լ ավելի վատթարին։ Մարդիկ կսկսեն շարունակ փոփոխել իրենց դիմակները, ջանալով խույս տալ անտեսանելի լինելու վախից, որովհետև դարձել են է՛լ ավելի թափանցիկ, քան անտեսանելի ուրիշ մարդը։ Եվ երբ նորանոր դիմակներ դնելու սովորությունը դառնա առօրեական, այնպիսի մի բառը, որպիսին «անհատականությունն» է՝ կդառնա այնքան անպարկեշտ, որ կարելի կլինի այն տեսնել միայն հասարակական զուգարանների պատերին, իսկ անհատականություններ պարունակող անոթները, նրանց փաթեթավորումը՝ «ընտանիքը», «ժողովուրդը», «իրավունքները», «պարտականությունները» կդառնան մեռյալ բառեր, որոնք այնպես էլ անհասկանալի կմնան առանց մանրամասն ծանոթագրությունների։
Կարո՞ղ է արդյոք մարդկությունը, ի վերջո, դիմանալ չափողականութ յան այդքան կտրուկ փոփոխությանը և, հայտնվելով անկշռելիության վիճակում, գտնել ընդունելի նոր փոխհարաբերություններ, ստեղծել նոր սովորույթներ։ Ես, իհարկե, չեմ պատրաստվում պնդել, թե չի կարող։ Մարդկանց բացառիկ հարմարվողականությունը, նրանց վերամարմնավորման վիթխարի ընդունակությունը արդեն իսկ ապացուցել է պատերազմներով ու հեղափոխություններով հագեցած պատմությունը։ Բայց մինչև․․․ մինչև դիմակին թույլատրվի այդպիսի անզուսպ տարածում․․․ մարդիկ կդառնա՞ն արդյոք այնքան մեծահոգի, որպեսզի չտրվեն ինքնապաշտպանության բնազդին ու չստեղծեն համաճարակի դեմ պայքարի ջոկատներ. ահավասիկ, այս է, իմ կարծիքով, հարցերի հարցը։ Ինչքան էլ դիմակը հրապուրիչ լինի՝ ներկայացնելով անհատի պահանջմունքը, միևնույն է, հասարակության մեջ գոյություն ունեցող սովորույթները նրա ճանապարհը կփակեն անհաղթահարելի պատնեշներով և դիմադրության վճռականություն կցուցաբերեն։ Օրինակ, հիմնարկություններում, ֆիրմաներում, ոստիկանությունում, գիտահետազոտական ինստիտուտներում ծառայական պարտականությունները կատարելիս դիմակ օգտագործելը արգելված կլինի։ Կարելի է նաև ենթադրել, որ է՛լ ավելի աշխուժորեն կսկսեն պահանջել դեմքի նկատմամբ հեղինակային իրավունք, և հանրահայտ դերասանները իսկական մի շարժում կծավալեն դիմակներ պատրաստելու ազատ նախաձեռնության դեմ։ Վերցնենք մեզ շատ ավելի մոտ օրինակ։ Կինն ու ամուսինը իրար հավերժական սիրո խոստումներ տալու փոխարեն պետք է փոխադարձաբար խոստանան, որ գաղտնի դիմակներ չեն ունենալու։ Առևտրական գործարքների ժամանակ կարող է մի նոր ծես ստեղծվել. բանակցությունները սկսելուց առաջ կողմերը անպայման կշոշափեն միմյանց դեմքերը։ Աշխատանքի ընդունելուց առաջ զրույցի ժամանակ կարելի կլինի տեսնել մի տարօրինակ սովորույթ՝ դեմքին ասեղ խրելն ու արյունը ցույց տալը։ Իսկ հետո, կարելի է պատկերացնել նաև այսպիսի մի դեպք․ դատարանը կքննի այն հարցը, թե օրինակա՞ն է եղել, երբ ոստիկանը հարցաքննության ժամանակ շոշափել է ամբաստանյալի դեմքը, այդ գործողությամբ նա արդյո՞ք չի չարաշահել իր ունեցած իշխանությունը, իսկ գիտնականն էլ այդ առիթով կհրատարակի ընդարձակ մի հոդված։
Ահավասիկ, «Զրույցներ ձեր ճակատագրի մասին» վերտառությամբ, լրագրում տպագրվում են դիմակից խաբվելով մարդու գնացած աղջիկների լալկան նամակները։ (Իսկ իրենց դիմակների մասին նրանք ծպտուն էլ չեն հանում)։ Բայց այդ նամակների պատասխանները կլինեն նվազ հասկանալի և ոչինչ չպարտավորեցնող։ «Ամենայն պարսավանքի է արժանի անազնվությունը, երբ նշանված շրջանում ձեր փեսացուն ոչ մի անդամ ցույց չի տվել իր իսկական դեմքը։ Բայց, միևնույն ժամանակ, ձեր գրածից երևում է, որ դուք էլ դեռ կատարելապես չեք ազատագրվել իսկական դեմքի դիրքերից կյանքին նայելուց։ Դիմակը չի կարող խաբել և խաբված լինել։ Իսկ ի՞նչ կլինի, եթե դու ք հիմա մի ուրիշ դիմակ դնեք, դառնաք բոլորովին ուրիշ մարդ և սկսեք մի նոր կյանք։ Չկառչել երեկվա կյանքին ու չմտածել վաղվա մասին․ այս կերպ միայն դուք կկարողանաք հաջողակ լինել դիմակների մեր դարաշրջանում»․․․ Ի վերջո, որքան էլ շատ լինեին այսպիսի խաբեությունները, որքան էլ չդադարեին խոսակցությունները դրանց մասին, ինչպիսի խնդրի էլ վերածվեին, այդ ամենը երբեք չէին գերակշռի խաբելու հաճույքին։ Այս, թեև հակասություններով հղի, փուլում, դիմակի հմայքը կմնա հաստատուն։
Բայց կծնվեն, անշուշտ, նաև ինչ֊ինչ բացասական երևույթներ։ Դետեկտիվ վեպերի ժողովրդայնությունը աստիճանաբար կվերանա, մարդկային բնավորության երկդիմությունը, եռադիմությունը նկարագրող ընտանեկան վեպը նույնիսկ ինչ֊որ մի պահ կսկսի ապրել իր անկումը, իսկ եթե պահեստի համար գնած տարբեր դիմակների թիվն անցնի յուրաքանչյուրին հինգ հատից, վիպական պատումի խճճվածությունը կանցնի ընթերցողի համբերության սահմանը։ Չի բացառվում, որ վեպն ընդհանրապես կկորցնի գոյություն ունենալու իրավունքը և միայն կկարողանա բավարարել պատմական վիպասանության սիրահարների պահանջը։ Բայց խնդիրը սոսկ վեպերով չի սահմանափակվի. շարժանկարներն ու թատերգությունները ըստ հղացման՝ իրենցից ներկայացնելով դիմակների ցուցադրություն, զրկված լինելով գլխավոր հերոսի որոշակի կերպար ստեղծելու հնարավորությունից, կդառնան ինչ-որ վերացական մի պայմանանիշ և չեն կարողանա գրավել հանդիսականի հետաքրքրասիրությունը։ Շպարի գործարանատերերի մեծ մասը կոտր կընկնի, մեկը մյուսի հետևից կփակվեն դիմահարդարի սրահները, ավելի քան քսան տոկոսով անխուսափելիորեն կկրճատվեն գովազդային գործակալությունների եկամուտները։ Գրողների բոլոր միավորումները իսկական ոռնոց կբարձրացնեն. դիմակը կտրոհի անհատականությունը։ Դիմահարդարներն ու մաշկաբանները համառությամբ, անշուշտ, կսկսեն ապացուցել, թե դիմակը վնասակար է մաշկի համար։
Իհարկե, շատ կասկածելի է, թե նման բաները ունենան ավելի մեծ արդյունավետություն, քան հարբեցողության դեմ պայքարող ընկերությունների հրատարակած գրքույկները։ Չէ՞ որ դիմակներ արտադրող բաժնետիրական ընկերությունները մինչ այդ կդառնան վիթխարի մենաշնորհային մի կոնցեռն, որը երկրով մեկ կունենա պատվերների ընդունման սեղաններ, արտադրական ձեռնարկություններ, խանութներ և մի բուռ դժգոհների բերանը խցելու գործը նրա համար շատ ավելի դյուրին կլինի, քան նորածնին բարուրելը։
Բայց գլխավոր խնդիրները կծնվեն հետագայում։ Դիմակն այնպիսի տարածում կունենա, որ բոլորը կկշտանան և այն շրջանը, երբ դիմակը իրենից դեռևս որոշ հետաքրքրություն և արտակարգ բան էր ներկայացնում, կավարտվի. դիմակը, այսպիսով, կդառնա շատ առօրեական մի երևույթ։ Եվ երբ մարդկային անհանգիստ հարաբերութլուններից ազատագրվելու համը ավելի սուր զգալուն օգնող համեմունք թվացող հանցագործության ու արատների նուրբ բույրը դառնա սոյայի թթված հատիկների շշմեցնող հոտ, վրա կհասնի այն շրջանը, երբ բոլորին նորից կպարուրի տագնապը․․․ Այն շրջանը, երբ կսկսեն նկատել, որ դիմակափոխման այդ չարաճճիությունները, որոնք սկսվել էին այդպիսի զվարթությամբ, բնավ էլ չարաճճիություններ չեն, այլ հանցագործության պես մի բան, որի օգնությամբ միայն ինքդ քեզ վնասել կարող ես։ Օրինակ, երբ կհայտնվեն առանց արտոնագիր ունենալու դիմակ սարքողներ, որոնք կմասնագիտանան ուրիշների դեմքերը կեղծելու մեջ, և կսկսվեն բավականին ծիծաղելի միջադեպեր․ պառլամենտի անդամը խարդախություն կանի պարտքի հանձնառության նկատմամբ, հանրահայտ նկարիչը կմերկացվի որպես ամուսնական մոլի խաբեբա, քաղաքապետը կձերբակալվի ավտոմեքենա առևանգելու կասկածանքով, սոցիալիստական կուսակցության առաջնորդը հանդես կգա ֆաշիստական ճառով, իսկ դրամատան տնօրենին պատասխանաըվության կենթարկեն դրամատունը կողոպտելու մեղադրանքով։ Եվ այս ամենին ծիծաղով նայող մարդիկ, որոնք զվարճանում էին ասես կրկեսային ուրախ մի ներկայացման հանդիսական լինեին, անսպասելիորեն կսթափվեն, սարսափով կտեսնեն, որ իրենց առաջ ուրիշ մարդիկ են, մարդիկ, որոնք չեն տարբերվում գրպանահատներից և խանութներ կողոպտողներից․․․ այս ամենը ստիպված կլինենք տեսնել։ Եվ չի բացառվի, որ մեծ դժվարությամբ հաստատված ալիբին մեղսագործության ապացույցին դիմագրավելու փոխարեն, նույնիսկ կբացառվի որպես անմեղության վկայություն, այն նույնիսկ կընկալեն որպես մի ծանր բեռ։ Խաբելու հաճույքը կնվազի խաբված լինելու վախի առաջ։ Հետո, երբ հայտնվի զղջումի պատճառած կսկիծը թեթևացնելու ցանկություն, կսկսեն լուրեր տարածվել այն մասին, որ, հնարավոր է, կրթության նպատակը անհետանալու պատճառով (մի բան, որ շատ հնարավոր է, քանզի անհետացել է ձևավորման անհրաժեշտություն ունեցող անհատականության գաղափարը) դպրոցներ հաճախողների թիվը կտրուկ կերպով կնվազի. կսկսվի զանգվածային շրջմոլիկություն և կպարզվի, որ շրջմոլիկների մեծ մասը այդ դպրոցականների ծնողներն են։ Եվ հանկարծ ծայր կառնեն հուզումներ և խուճապ, բոլորը կսկսեն անիծել գայթակղող դիմակին։ Եվ տեղնուտեղը, հետադիմական հոդվածների հողմացույցակերպ հեղինակները երևի կսկսեն առաջարկել դիմակների հաշվառման համակարգի հիմնարկներ, բայց, ցավոք, դիմակն ու հաշվառման համակարգը բացարձակապես անհնարին կլինի համատեղել, ճիշտ այնպես, ինչպես, օրինակ, անիմաստ է փականներ չունեցող բանտը։ Հաշվառման ենթարկված դիմակը այլևս չի կարող դիմակ լինել, հասարակական կարծիքը արմատապես կփոխվի, մարդիկ դեն կնետեն դիմակները և կառավարությունից կպահանջեն վերացնել դիմակներ գործածելը։ Այս շարժումը կստանապատմության մեջ հազվադեպ նկատվող ժողովրդի և ոստիկանության միաբանության ձև, և մի ակնթարթում կհրապարակվի դիմակներն արգելելու մասին օրենքը։
Բայց կառավարությունը, ինչպես միշտ, կվախենա ծայրահեղություններից։ Նա, թեև կհայտարարի վերահսկողության մասին իր վերաբերմունքը, բայց սկզբնական շրջանում դիմակ կրելը, լավագույն դեպքում, կդիտվի որպես մանր հանցանք։ Այսօրինակ անվճռականությունը, ընդհակառակը, կբորբոքի ոմանց հետաքրքրասիրությունը և կնպաստի ընդհատակյա գործարանների ու սև շուկայի բարգավաճմանը։ Կսկսվեն քաոսային ժամանակներ, որոնք շատ կհիշեցնեն Ամերիկայում «չոր օրենք» հայտարարված շրջանը։ Եվ այդ ժամանակ, թեև արդեն չափազանց ուշ կլինի, անխուսափելի կդառնա օրենքը վերանայելը։ Դիմակներ գործածելը նույնպիսի խստությամբ կսահմանափակվի, որքան և թմրադեղերի օգտագործումը, համապատասխան իշխանությունները թույլտվություն կտան լոկ այն դեպքում, եթե լինեն դեմքի բացահայտ վնասվածքներ և կամ, եթե բժիշկները դիմակներ հանձնարարեն նյարդային լուրջ խանգարումներ բուժելու համար։ Բայց և դրանից հետո էլ արտոնության կեղծիքն ու դիմակներ արտադրողների խաբեբայությունները չեն դադարի, և շատ շուտով օրենքում եղած բացառությունները կվերացվեն, նորից կնշանակվեն դիմակների հատուկ տեսուչներ, և դիմակները կդառնան խստագայնս հսկողության տակ գտնվող առարկաներ։ Բայց, միևնույն է, դիմակների օգնությամբ կատարված հանցագործությունների թիվը երբեք չի նվազի, և դրանք ոչ միայն կշարունակեն մնալ ընկերային հարցերին նվիրված թերթերի էջերի նույն զգայացունց զարդերը, այլև բանն այնտեղ կհասնի, որ կհայտնվեն առաջին կազմակերպությունները, որոնց անդամները որպես համազգեստ՝ կդնեն միանգամայն իրար նման դիմակներ և անկարգություններ կանեն, հարձակումներ գործելով նաև կառավարության անդամների վրա։ Դատարանները հարկադրված կլինեն խոստովանել, որ դիմակ օգտագործելը, նույնիսկ դիմակ պահելու փաստը համազոր կդառնա կանխամտածված սպանությանը, և հասարակական կարծիքն էլ առանց վարանելու կհաստատի դա։
Հետգրություն։ Թեև հարբածի երևակայություններ են, բայց, անշուշտ, իրենցից հետաքրքրություն են ներկայացնում։ Ենթադրենք գոյություն ունի հարյուր անգամից բաղկացած մի կազմակերպություն։ Ուրեմն, այդ անդամներից ամեն մեկը կարող է ունենալ մեկ տոկոս կասկածվողի և իննսունինը տոկոս ալիբիի հնարավորություն։ Իսկ վերջին հաշվով. անվերապահ արդարացում։ Թեև բռնության գործողությունը փաստված է, սակայն մեղավոր չկա։ Առաջին հայացքից այդքան բանական թվացող հանցագործությունը ինչո՞ւ է դաժան ու գազանային։ Կարծում եմ, հանցագործության բացարձակ անանուն լինելու հետևանքով։ Բացարձակ անանուն լինելը՝ նշանակում է սեփական անվանը զոհաբերել բացարձակ այդ խումբը։ Մի՞թե սա մտավորական մեքենայություն չէ, որ կատարվում է ինքնապաշտպանության նպատակներով, այսինքն. դեմ առ դեմ մահին հանդիպած անհատի բնազդային ձգտումը։ Ճիշտ այնպես, ինչպես թշնամական հարձակման ժամանակ ամենատարբեր խմբեր, լինեն դրանք ազգային, պետական, արհմիութենական, դասակարգային, ցեղային կամ կրոնական, ամենից առաջ ձգտում են հավատարմություն կոչվող բագին կանգնեցնել։ Անհատը մահվան հետ ունեցած գոտեմարտի մշտական զոհն է, իսկ բացարձակ խմբի համար մահը սոսկ հատկանիշ է։ Բացարձակ խումբը ինքնին հարձակողական բնույթ ունի։ Հեշտությամբ կարող ենք այդ հասկանալ, եթե բացարձակ կազմակերպության օրինակ դիտենք բանակը, իսկ որպես բացարձակ անանունության օրինակ՝ զինվորին։ Բայց եթե այդպես է, ապա իմ երևակայությունները պարունակում են որոշակի հակասություն։ Ինչո՞ւ են ուզում, որպեսզի դատարանը, որը զինվորական համազգեստը որպես այդպիսին չի կարող դիտել կանխամտածված սպանության համազոր մի բան, այնքան խիստ ու անողոք դիրքորոշում ունենա աջ խմբավորումների դեմ, որոնց անդամները դիմակներ են կրում։ Մի՞թե պետությունը դիմակը համարում է կարգուկանոնին հակասող չարիք։ Բնավ էլ ոչ․․․ և որքան էլ կատակ թվա, պետությունը ինքը մի վիթխարի դիմակ է, և դիմադրում է այն բանին, որպեսզի իր ներսում գոյություն ունենան բազմաթիվ առանձին դիմակներ, հետևաբար աշխարհում ամենաանվնաս արարածը՝ անիշխանականն է։
Ահա թե ինչո՛ւ, եթե հաղթահարենք հետաքրքրասիրության լաբիրինթոսը, պարզ կդառնա, որ դիմակի գոյությունն իսկ ավերող բնույթ ունի։ Եվ քանի որ դիմակ դնելը համազոր է դառնում կանխամտածված սպանության, նույն շարքի վրա համարձակորեն կարող են դրվել դրան բնավ չզիջող հրկիզումն ու ելուզակությունը։ Զարմանալի չէ, որ ավերածություն մարմնավորող դիմակի սրտովը չեն նման ավերածությունները, թեև փաստորեն դիմակն ինքն էր քարշ գալիս իր իսկ գոյությամբ փլուզված մարդկային հարաբերությունների ավերակներում։ Ցանկությունների քանի՜֊քանի՜ բլրակ էլ որ հայտնվի, միայն դիմակի գոյությունը բավական է ավերածություն գործելու համար։
Դիմակի երեխայական ցանկությունները․․․ Դիմակ, որի ծնունդից նույնիսկ քառասունութ ժամ էլ չի բոլորել․․․ և քաղցած փախստականի եսասիրական ցանկություններ․․․ և փախստական, որը բանտից հայտնվել է ազատության մեջ, անցնելով վխտացող տզրուկների միշով․․․ Իսկ ի՞նչ ազատություն կարող է ունենալ ձեռքի շղթաների թարմ հետքերով այդ անհագուրդ փախստականը։
Չէ, ճիշտն ասած, չի կարելի պնդել, թե պատասխան բնավ գոյություն չուներ։ Ցանկությունները պետք է զգալ և ոչ թե դատողությունների օգնությամբ ըմբռնել։ Կփորձեմ ավելի պարզ բացատրել։ Դա ցեղային նախապաշարումների զոհ դառնալու ցանկության նույն ջղաձիգ մղումն է։ Ես հստակորեն գիտակցեցի դա հենց որ ելա փողոց։ Ի՞նչ կարիք կար ասես արդարանալով, մինչ այդ պատեպատ ընկնել։ Գուցե, պատեպատ ընկնելով կարծում էի, թե կփրկվե՞մ ամոթից։ Չէ՛, ես, հավանաբար, իսկապես մի արդարացումը բարդել էի մյուսի վրա։ Բայց կարելի է նաև վստահորեն պնդել, որ ինձ բնավ էլ ամոթը չէր առաջնորդում։ Ես առաջնորդվում էի լոկ մի ցանկությամբ, որի վրա, ուզած թե չուզած՝ ինչ գնով էլ լիներ, ես պետք է կառուցեի մեր հարաբերությունները։
Քեզ հետ ունեցած հարաբերություններս այնպիսին էին, ինչպիսին ներկայանում էին դիմակի ամենաանամոթ պատրանքներում։ Ինչ էլ ուզենայի զգալ, ցանկանալ, ապրել՝ այդ ամենը կապված էր նույն պատրանքների հետ։ Եվ խանդի թույնը, որ հենց նոր էր դադարել ինձ թունավորել, դարձյալ ուժ հավաքելով, իմ երակներով շարժվեց արյան հոսանքին հանդիման։ Եվ ի՞նչ զարմանալու բան կա, որ հենց այդ էլ ստիպեց մտորել վաղվա ծրագրի վրա։ Նույնիսկ դիմակը չէր կարողանում իրեն կաշկանդված ու նեղված չզգալ։ Ինչ էլ որ լիներ, դիմակի ազատությունը, թեև այն գլխավորապես կայանում էր ուրիշ մարդկանց հետ վերացական հարաբերությունների մեջ, նույնն էր, ինչ թևերը կտրած թռչունը։ Դիմակը, որին քիչ էր մնում դեն նետեին՝ պահպանելով զինադադարը, ընդունակ էր միայն անհասկանալի փնթփնթոցի։
Եվ դիմակն սկսեց հանգստացնել ինձ։ Եթե ես անընդհատ նյարդայնանամ, ապա ոչ միայն դիմակը, այլև ինքս կդառնամ սոսկ միջոց։ Թեկուզ իմ դեմքը դիմակ է, բայց չէ՞ որ մարմինս առաջվա պես իմն է, սեփականը։ Կարելի է աչքերը գոցել ու պատկերացնել, թե ամբողջ աշխարհում լույսն անհետացել է․․․ և մի ակնթարթում դիմակն ու ես դառնում ենք մի ամբողջոլթյուն, և ոչ մի տեղ չկա նա՛, նա, ում ես պետք է խանդեմ․․․ Եթե քեզ հետ շփվում եմ ես, ուրեմն, նա, ում շփվում ես դու, նույնպես ես եմ և պետք է մի կողմ նետել բոլոր կասկածները․․․
Նոթեր լուսանցքում։ Բավական է փոքր-ինչ խորը մտածել, և փաստարկները անհիմն կթվան։ Քանի որ ես ինքս ինձ նույնացված եմ, իսկ ուրիշի համար բոլորովին օտար, ուրեմն կիսով չափ օտար եմ ընդհանրապես, ճի՞շտ է։ Մենք դեղնամորթ ցեղ ենք։ Բայց մենք ի բնե դեղնամորթ չենք եղել։ Առաջին անգամ դեղնամորթ ցեղ ենք դարձել այն բանի շնորհիվ, երբ այդպես ենք կոչվել ուրիշ գույնի մաշկ ունեցող ցեղի կողմից։ Չնկատել դեմքի պայմանականությունը և անհատականությունը որոշելու համար մարմնի ամբողջ մնացյալ մասը դարձնել գլխավոր՝ համազոր է խաբեության։ Եթե ես պատրաստվում եմ դեմքից շեղվելով համառորեն պնդել նույնացումը, այդ պարագայում ստիպված կլինեմ առանց ներողամտության ինձ վրա վերցնել դիմակի տարփամոլական գործողությունների պատասխանատվութ յունը։ Թեկուզ մտովի, բայց, միևնույն է, ես անամոթաբար քեզ մեղադրում էի դավաճանության մեջ, և խանդի թույնը եռում էր իմ ներսում։ Եվ հենց որ խնդիրը ինձ վերաբերեց, ես սկսեցի անհոգ կերպով բարբաջել մաքուր տեսքով ազատությունը վատնելու մասին, բնավ չմտածելով, թե դա քեզ կարող է նաև վիրավորել։ Ի վերջո, խանդն արդյո՞ք չի հիշեցնում շփացած կատվի, որը, պահանջելով իր իրավունքները, չի ուզում ճանաչել պարտականությունները․․․
Այսպիսով, մի կողմից դիմակը կշտամբում էր ինձ, մյուս կողմից միամտացնող տեսքով, ասես առանց որևէ բան զգալու, ամենատարբեր մաղերով մաղում էր իմ ցանկությունները, ջանալով այդ կերպ ինձ համոզել, թե մաղի մեջ մնացածները նույնիսկ չարժեն էլ, որ մարդ ուզենա։ Ճիշտ է, բառիս լիարժեք իմ աստով, ցանկությունների տարատեսակները զարմանալի քիչ են ու աներևակայելիորեն պարզ, և եթե բացասենք ավերածություն գործելու ծարավը, ապա ցանկությունները կարելի է նաև մատների վրա հաշվել։ Թվարկեմ մտքովս անցածները։
Ամենից առաջ, հիմնական երեք ցանկությունները՝ քաղց, սեռական հակում, քուն։ Այնուհետև, ընդհանուր ցանկութ յունները՝ բնական կարիք, ազատվելու, շահելու, զվարճանալու ծարավ։ Հետո՝ յուրահատուկները․ ինքնասպանություն գործելու թանկություն, ինքդ քեզ թունավորելու պահանջ՝ գինի, ծխախոտ, թմրադեղեր։ Եվ վերջում, եթե ցանկությունները մեկնաբանելու լինենք շատ լայն իմաստով, թերևս, ճիշտ կլինի դրանց շարքու մ թվարկել նաև փառքի ծարավն ու աշխատանքի պահանջը։
Բայց այդ ցանկությունների մեծ մասը մաղվում են հենց առաջին մաղով, որ կոչվում է «ազատության վատնում»։ Հիրավի, մարդ ինչքան էլ ուզենա քնել, քունն ինքնին չի կարող նպատակ լինել։ Այն սոսկ արթնացումի միջոց է։ Մի խոսքով, ինչպես էլ դատելու լինենք, քունը պետք է համարել ազատության կուտակում։ Նույն այդ պատճառով էլ բնական կարիքները, շահելու, ձերբազատման, փառքի ծարավը, ինչպես նաև աշխատանքինը, լավ կլինի եթե այստեղ չքննենք։ ․․․Միայն թե, հավանաբար, անխուսափելի է քննադատությունը այն պատճառով, որ թվարկածս ցանկություններից վերջինը՝ աշխատանքը, թեթես, մտորեն դիտվում է որպես միջոց, և բնական կարիքների հետ դրվում է միևնույն շարքում։ Պատկերացնենք, թե ինչ է ծնվում աշխատանքի շնորհիվ, աշխատանքը, իսկապես, պետք է ցանկությունների գերազանցողը լինի։ Եթե իրը ստեղծված չլիներ, ապա, անկասկած, չէր լինի նաև պատմությունը, չէր լինի, անկասկած, նաև աշխարհը, չէր հայտնվի, անշուշտ, այնպիսի մի հասկացություն, որպիսին մարդն է։ Բացի այդ, եթե աշխատանքը դիտելու լինենք որպես ինքնաբացասում, այսինքն՝ եթե աշխատանքը ծառայում է աշխատանքը հաղթահարելուն, ապա հենց դա էլ հնարավորություն է տալիս համարել նպատակ։ Եվ այն դեպքում, նույնիսկ, երբ աշխատանքը դառնում է ինքնանպատակ, երբեք այնպիսի տհաճ, վանող տպավորություն չի թողնում, ինչպես շահելու կամ փառքի ծարավը։ Եվ այս պարագայում էլ մարդիկ կարեկցանքով շարժում են գլուխները և ասում. «հրաշալի է աշխատումն» Կարելի է չվախենալ, թե նրան կսկսեն կշտամբել ու պարսավել։ Համենա յն դեպս, չմոռանանք, որ մարդիկ են մտածել այնպիսի արտահայտություններ, որպիոիք են՝ «փողով աշխատանք», «շահավետ աշխատանք», «բարձր արժեք ունեցող աշխատանք»․․․
Միայն թե ափսո՜ս, որ այդ բարենպաստ վիճակը անհանդուրժելի էր դիմակի համար։ Եթե որևէ մի ձևով չեն խախտվում արգելքները, դիմակն օգտագործելը կորցնում է ամեն իմաստ։ «Միայն դիմակի ազատությունը» պետք է ամենից առաջ լինեն ապօրինի գործողությունները։ (Իրականում, ես վաթսուն տոկոսով գոհ էի ինստիտուտի իմ աշխատանքից, եթե ինձ զրկեին այդ աշխատանքից, ապա համոզված եմ, կսկսեի կարոտել մոտ իննսուն տոկոսով․․․ Բայց և այնպես հրաշալի կկարողանայի ապրել առանց դիմակի)։ Այսպիսով, թեև աշխատանքր հանուն աշխատանքի` չի անցել առաջին մաղով, բայց, այնուամենայնիվ, կմնա երկրորդում։ Զգուշացնում եմ, ես մտադիր չեմ քննել արժեքների խնդիրը։ Ես խոսում եմ միայն բանտից փախածի այս րոպեի ցանկության մասին, քանզի նրա ալիբին երաշխավորված է։
Մնացյալ ցանկություններից երևի քաղցը նույնպես անցնում է երկրորդ մաղ։ Քանի որ անվճար սնունդը ոչ այնքան նպատակ է, որքան միջոց, ապա հենց սկզբից դրա հետ գործ չենք ունենա։ Բայց, չգիտեմ որտեղ, լսել եմ կուշտ ուտելը արգելող օրենքի մասին։ Քաղցը հագեցնելը ոչ ռազմաճակատի և ոչ էլ բանտի պայմաններում արգելելը՝ բավականին հազվադեպ երևույթ է։ Բայց, այնուհանդերձ, եթե փորձենք այն որոնել, ապա թերևս հնարավոր կլինի գտնել մարդակերության մեջ։ Ճիշտ է, այս դեպքում խոսքը այնքան էլ քաղցը հագեցնելու մասին չէ, որովհետև տվյալ դեպքում նշանակալից տեղ ունի սպանության պահը։ Իսկ սպանությունները, ինչպես արդեն պայմանավորվել ենք, չենք քննարկի։
Թեև ինքնասպանությունը ևս մտնում է արգելված գործողությունների մեջ, իսկական դեմք ունենալու դեպքում, այնուհանդերձ, կարելի է այդ գործողությունը կատարել, իսկ դիմակը, ի վերջո, ինձ օգնեց խուսափել «ողջ-ողջ թաղվածի» ճակատագրից։ Եվ եթե բանն այնտեղ հասնի, որ պատրաստվեմ ինքնասպան լինել, ապա լավ կլինի, որ հենց սկզբից ոչինչ չձեռնարկվի։ Զվարճությունների ծարավը նույնպես չի կարելի մեկուսացված քննել, երբեմն դա ձերբազատման տարատեսակն է, մեկ այլ դեպքում՝ յուրօրինակ աշխատանք, որը սակայն հաոցե չունի. մի խոսքով, ես կուզենայի այն դիտել որպես մի քանի արդեն հիշատակված բաղադրիչներից կազմված բարդ մի կառուցվածք։ Թունավորվելու ձգտումը, ինչպես նաև հարբելու ցանկությունը, ավելին չէ, քան դիմակից վատ օրինակ առնելը, հետևաբար․․․ ես, իսկապես, արբեցումի երանելի վիճակի մեջ էի․․․ և դարձյալ չարժե քննել այդ հարցը։
Ուրեմն, մեկը մյուսի հետևից բոլոր ցանկությունները անցան մաղերի միջով և, ի վերջո, մնացին զոհողության այդ ջղաձգումները։
Ի դեպ, ի՞նչ ես մաածում իմ այդ դատողությունների մասին։ Այո՛, հատկապես դատողությունների մասին։ Ես դատողություններ էի անում լոկ այն մասին, որ եթե ուզենայի ազատությունը վատնել մաքուր ձևով, ապա դա կլիներ ոչ այլ ինչ, քան սեռային հանցագործություն։ Բայց իրականում, ես այն գիշեր ոչինչ չեմ արել, ինչը թեկուզ հեռավոր կերպով հանցագործություն հիշեցներ։ Եվ ոչ թե այն պատճառով, որ հակումներ չունեի, և ոչ էլ այն պատճառով, որ առիթ չունեցա, բայց իրողությունն այն է, որ հանցանք չգործեցի։ Ահա թե ինչո՛ւ եմ հարցնում լոկ մի բանի՝ իմ դատողությունների մասին։
Հույս չունեմ, թե կկարեկցես ինձ։ Թերևս իմ այս դատողություններում դու կկարողանաս անհեթեթ պակասություններ հայտնաբերել։ Ես արդեն ապրել եմ այդ բոլոր դատողությունների սնանկությունը և ուստի չեմ կարող չընդունել, որ դրանց մեջ թերություններ կան։ Բայց ես, միևնույն ժամանակ, չեմ նկատել դրանք, և հիմա էլ չեմ կարող նկատել։ Միգուցե․․․ միգուցե, դրանք լցվել են դիմակի համառ հորդորներին ենթարկվելու կաղապարի մե՞ջ․․․ իսկ ես ինքս ինձ խաբել եմ, դրանք համարելով իմ սեփական ցանկությունների արդյունքը։
Քանի որ խոսքը վերաբերում է սեռայինին, ապա ինչ֊որ բան ինձ խանգարում էր «Մուտքն արգելված է» ցուցատախտակը պոկել ու մի կողմ նետել, միևնույն ժամանակ, հենց սկզբից, անհաղթահարելի մի ուժ ինձ մղում էր այդ բանն անելուն։ Եթե խորը մտածենք՝ զարմանալի ոչինչ չկա։ Հնարավորության սահմաններում ես փորձում էի չմոտենալ այս հարցին, բայց բանն այն է, որ եթե մերժեի սեռային հանցագործությունը, ապա չէի կարողանալու դիմակին ստիպելով քեզ գայթակղելու ծրագիրն իրականացնել։ Եթե խոսքը քեզ մի անգամ գայթակղելու մասին լիներ, ապա որևէ խնդիր, թերևս, չէր էլ ծագի։ Բայց եթե ուզում էի քո և դիմակի հարաբերությունները դարձնել երկարատև և այդպիսով ստեղծել մի նոր աշխարհ, ապա պետք է ինչ գնով էլ լիներ՝ սեռայինի հետ կապված օրինազանցություն անեի։ Այլապես, հազիվ թե կարողանայի դիմանալ կրկնակի իմ կյանքին. մինչև ուղնուծուծս ներծծված լինելով խանդի զգացումով։ Եվ դիմակի այդ երկարուձիգ հորդորները, իհարկե, իմ գիտակցված սադրանքի արդյունքն էին։
Այո՛, շատ զվարճալի է․․․ հենց-նոր մի կերպ իմ դատողությունները հիմնավորելով, միևնույն ժամանակ դիմակի ցանկությունների նկատմամբ անմիջապես կարեկցանքով լցվեցի։ Ի դեպ, բնավ էլ ոչ այն պատճառով, որ սեռային քաղց ունեի, ասես, հիրավի, դա ուտելիք կամ խմելիք լիներ։ Խախտե՛լ սեռային արգելքները. ահա թե իր ամբողջ ուժով ինչի՛ էր ինձ մղում դիմակս։ Եթե ես չգիտակցեի արգելքների գոյությունը, ապա շատ եմ կասկածում, թե ինձ համար դրանց խախտումը հագեցած կլիներ այդքան հուզաթաթավ հմայքով։ Եվ երբ խորասուզվեցի այդ հմայքի մեջ, ինձ ամենից ավելի տանջող խանդի թույնը, թվաց թե, հանկարծ կորցրեց իր ուժը, և ես, ասես հակաթույնի հաբ ձծելով, փորձեցի ջանքեր թափել ներսումս տարփամոլ մղում ստեղծելու համար։
Ցանկասիրությամբ լի հայացքով ես սկսեցի նորովի դիտել այն ամենը, ինչ շրջապատում էր ինձ, և դեպի հեռուն ձգվող փողոցը ինձ ներկայացավ որպես միայն՝ «Սեքս, մուտքն արգելված է» ցուցատախտակներից բաղկացած կախարդական մի ամրոց։ Գոնե այդ ամրոցի պարիսպը բանի նման լիներ, թե չէ՝ որդերն ամբողջովին կերել էին, ծածկված էր դուրս ընկած գամերից մնացած ձակոտիներով, թվում էո, թե ուր որ է կփլվի։ Պարիսպներ, պարիսպներ․․․ իրենց տեսքով նրանք ասես պատրաստ են ետ մղել ամեն մի ներխուժում և դրանով իսկ փողոցում թափառող մարդկանց մեջ հետաքրքրություն են առաջացնում։ Բայց բավական է ավելի մոտենալ դրանց և ավելի ուշադիր զննել, կպարզվի, որ թե որդի կերածը և թե թափված գամերի հետքերը սոսկ նկարված են. այդ դեպքում թեկուզ մի քայլ առաջ գնալու ցանկությունը կորչում է։ Սե՞քս, սեռայի՞ն․․․ սեռայինի արգե՞լք․․․ ի վերջո, այդ ի՞նչ բան է։ Ուզածդ մարդը, որ կսկսի մտորել գունաներկվածի իմաստի վրա, որ կսկսի մտորել պարիսպների ծագման մասին, տեղնուտեղը անխուսափելիորեն կվերածվի տարփամոլի։ Անկասկած, նա ինքն էլ ոչ այլ ինչ է, քան այդ պարիսպներից մեկը։ Հենց այդ պատճառով էլ տարփամոլը պետք է իր ցանկությունները լվացավի ու զղջումի արցունքներով։ Երբ նա խորտակում է սեռային արգելքները, ապա միաժամանակ խորտակում է իր իսկ պարիսպը։ Բայց եթե մտորում ես պարիսպների գոյության մասին, մինչև դրանց ծագումը ճշգրտորեն չպարզես՝ չես հանգստանա։ Տարփամոլը նույն ազնիվ, խորը հետազոտողն է. համոզված լինելով առեղծվածի գոյության մեջ, նա այլևս չի կարող չլուծել այն՝ ինչպիսի զոհողություններ էլ որ պահանջվեին։
Եվ, ուրեմն, ես, ձախորդ հետազոտողս, մտա հենց առաջին պատահած բարը։ Առանձնապես որևէ հույսեր չէի փայփայում։ Այն իմ ուշադրությունը գրավեց զուտ մի պատճառով, որ ամբողջ ցուցանակը ծածկված էր որդերի կերած և գամերից մնացած կեղծ հետքերով։ Այստեղ վաճառում էին նաև կեղծ դիմակ՝ ոգելից խմիչք։ Ինձ շատ հարմար տեղ էր այդ բարը․․․
Եվ, ինչպես ենթադրում էի, նաև՝ հաճելի։ Կեղծ լույսին կալնող կեղծ խավար․․․ Կեղծ բույսեր, կեղծ ժպիտներ․․․ անորոշ մի վիճակ, որ լինում է երազների մեջ. չարիք գործել չես կարող, բայց և բարի բան անելն էլ անհնարին է․․․ անհրաժեշտ հարաբերությամբ իրար խառնած կեղծ բարիք և կեղծ չարիք․․․ Ես նստեցի, մարմնիս բոլոր ծակոտիները սկսեցին բացվել, սոդայով վիսկի պատվիրեցի և տեղնուտեղը սկսեցի շոյել քովս նստած մուգ կապույտ հագուստով աղջկա մատը։ Չէ, դա ես չէի, դա՝ դիմակն էր։ Թեև աղջկա մատը քրտնած էր, բայց, միևնույն է, ինձ չոր թվաց, ասես վրան օսլա ցան ած լիներ։ Աղջիկը, իհարկե, թույլ տվեց, որ սիրախաղ անեմ հետը։ Չէ, եթե ասեմ, որ չէր նեղսրտում՝ սուտ կլինի։ Բայց իմ գործողությունները համազոր էին անգործության։ Իմ անգործությունն էլ՝ համազոր գործողության։
Եթե ես խաբում էի, խաբում էր նաև աղջիկը։ Կարճ ժամանակ անց, ինչպես ինձ թվաց, նա սկսեց մտածել ինչ֊որ ուրիշ բանի մասին, բայց ես, բնականաբար, այնպես ձևացրի, թե ոչինչ չեմ նկատում։ Թերևս, այդ աղջկան մի գիշերով վերցնեմ՝ ի հատուցումն տզրուկների, ի հատուցումն քե՛զ, ի վերջո, իհատուցումն իմ իսկական դեմքի․․․ Չէ, մի անհանգստանա. թեև ամեն բան կարող էր պատահել, բայց ոչինչ տեղի չունեցավ։ Խաբում էի ես, խաբում էր աղջիկը, իսկ հետո, չգիտեմ ինչո՛ւ, աղջիկը հանկարծ շփոթեցրեց ինձ, ասելով, թե ես, հավանաբար, նկարիչ եմ։
«Ինչո՞ւ։ Ինչո՞վ եմ նման նկարչի»։
«Հենց նկարիչներն են սիրում այնպես ձևանալ, թե բնավ նման չեն նկարչի»։
«Ճիշտ եք․․․ Իսկ դեմքի շպարը ի՞նչ նպատակ ունի։ Որևէ բան ցուցադրելու, թե՞ հակառակը, քողարկելու համար»։
«Թե մեկը, և թե մյուսը»,— եղունգի ծայրով աղջիկը քերեց ձեռքին բռնած քարի կտորը։— «Բայց չէ՞ որ այդ ամենի մեջ անկեղծություն չկա, ճի՞շտ է»։
«Անկեղծությո՞ւն․․․»,— Իմ մեջ հանկարծ ինչ֊որ բան կտրվեց, ասես բացահայտվել էր աճպարարության գաղտնիքը։ — «Ես դրա մե՛րը․․․»
Աղջիկը գարշանքով կնճռոտեց իր կարճլիկ քիթը։
«Զզվելի է։ Ամեն ինչ արդեն հասկանալի է, ուրեմն, էլ ի՞նչ հարկ կա այդքան կոպիտ արտահայտվելու․․․»
Ճիշտ է։ Մտքովդ անցած ամենաիսկական իրն էլ այստեղ շատ հմուտ նմանակում էր, իսկ մտքովդ անցած նմանակված իրը ներկայացվում էր որպես իսկական։ Սա կարծես պայմանավորված մի վայր էր, որտեղ զվարճանում են արգելված ցանկապատերի վրա անցքեր նկարելով ու զգալով, թե ուր որ է իրենց կպարուրի ցանկասիրությունն ու տարփանքը․․․ Եթե ես մի քիչ էլ հարբեմ, ապա լոկ այն գիտակցությունը, որ դիմակով եմ, կդառնա վտանգավոր։ Իմ ափի տակ աղջկա ազդրը, ասես հագենալով, թվաց, թե սկսում է հորանջել․ այստեղից կամացուկ չքվելու ճիշտ ժամանակն էր։ Ի վերջո, ոչինչ էլ տեղի չունեցավ, բայց միևնույն է․․․ Ես ձեռքով դիպա արգելված պարըսպին և համոզվեցի նրա ամրության մեջ. այսքան բանն էլ վատ չէ։ Ուզես թե չուզես, վաղը ես մի համարձակ գրոհ եմ սկսելու քո պարսպի վրա․․․
Այն ամենը, ինչ տեղի ունեցավ հետագայում, ինձ համար հեռանկարից զուրկ է, ես կարծես այդ երևույթները դիտում եմ հեռադիտակով։ Բայց, հիշում եմ, չհասա հիմարության այն աստիճանին, որ տրվելով հարբեցողության, դեմքիցս պոկեի դիմակը իսկ տաքսու վարորդին էլ տվեցի ոչ թե իսկական, այլ ապաստարանի հասցեն։ Որքան էլ սերտորեն շփվեին դեմքս ու դիմակը, ինչպիսի ամուր սոսնձանյութ էլ օգտագործեի, նրանց միջև գոյություն ունեցող վիհը վերացնելը, ըստ երևույթին, այնքան էլ դյուրին բան չէր։ Ամբողջ գիշեր երազներ էի տեսնում արթնանալու կարճատև պահերի միջև։ Այդ երազներում դու կարծես ինչ֊որ բան էիր ինձ խնդրում։ Կարծես նախազգուշացնում, ետ էիր պահում բնախոսական մերձեցումից, բայց հնարավոր է, որ դա երևակայեցի արդեն ավելի հետո։ Մի անգամ էլ երազումս բանտ տեսա։
Հաջորդ առավոտ սոսկալի խումհարի մեջ էի, մի բան, որ անխուսափելի չէր։ Ամբողջ դեմքս ուռել և անտանելի ցավում էր։ Հավանաբար, տուն դառնալով, ես չէի արել այն ամենը, ինչ անհրաժեշտ էր դեմքս հանգստացնելու համար։ Եվ սոսնձանյութից սկսվել էր տհաճ մի բորբոքում։ Լվացվելուց և ստամոքսս պարպելուց հետո վիճակս փոքր֊ինչ թեթևացավ։ Այդ ամենը արեցի մինչև ժամը տասը։ Իսկ տնից դուրս գալն ամենից հարմար էր ժամը երեքից հետո։ Եվ ես վճռեցի մի քիչ պառկել։
Սպասումի վերջին ժամերը ինչքա՜ն անտանելի են երանելի րոպեից առաջ, չեմ վախենա ասելու՝ այն ակնթարթից առաջ, հանուն որի խաղաթղթին են հանձնված մի ամբողջ տարվա ջանքերը։ Ես շարունակ շուռումուռ էի գալիս անկողնում մի զով տեղ գտնելու համար և ոչ մի կերպ չէի կարողանում քնել։ Պե՞տք էր, որ այդ աստիճան խմեի ու հարբեի ամենահետին ապուշի պես։ Ի՞նչ հաճույք էի որոնում, ինչո՞ւ հանկարծ կապերս բաց թողեցի․․․ Թվում է, պարտավոր եմ ինչ֊որ բան հիշել․․․ դիմակը դնելով ու կարծելով, թե դարձել եմ թափանցիկ, ես թափառում եմ փողոցներում․․․ Պարիսպ․․․ արգելք․․․ Այո, ես սկսեցի դառնալ ցոփ ու անառակ․․․ մի մարդ, որը բազմամոլեկուլային քիմիայի ինստիտուտի աշխատանոցի վարիչը լինելու հետ մեկտեղ բացարձակապես անգույն էր, անհամ անտարակույս՝ անվնաս․․․ Ի՞նչ արած․․․ պարիսպը հաղթահարելու համար ես մի ճանապարհ ունեի միայն՝ դառնալ ցոփ ու անառակ։
Ջանալով հիշողությանս մեջ վերականգնել անցյալ գիշերվա տպավորություններս, ես, ուժերս քամելով, փորձեցի վերացնել հարբածության հետևանքները, որոնք բույն էին դրել գլխումս՝ ինչ֊որ մի խորը տեղ։ Սակայն տարփամոլական զգացողությունները, որ անցյալ գիշեր այդքան հստակ էին, այլևս չվերականգնրվեցին։ Թերևս, պատճառն այն էր, որ առանց դիմակի էի։ Իհարկե՛․․․ Բավական է նորից դնեմ դիմակը, որպեսզի իմ մեջ դարձյալ արթնանա օրինազանցը։ Ուզածդ, նույնիսկ ամենաանվնաս մարդու մեջ, ըստ երևույթին, միշտ թաքնված է դիմակին արձագանքելու ընդունակ հանցագործը։
Ես մտադիր չեմ հասնել այնպիսի ծայրահեղության, որպեսզի պնդեմ, թե բոլոր դերասանները հանցագործ հակումներ ունեն։ Շատ կարևոր մի գրասենյակի պետի եմ ճանաչում, որը մեծ հետաքրքրություն է դրսևորում ընկերության կազմակերպած մարզական տոնահանդեսների զգեստավորված թափորների նկատմամբ, և նման առիթներով բացառիկ տաղանդ է դրսևորում։ Բայց իրականում նա հազվագյուտ լավատեսներից է, որոնք միանգամայն գոհ են իրենց ունեցած դիրքով․․․ Հանկարծ եթե նրանք իմանային, որ այստեղի բարեպաշտ առօրեականությունը դույզն իսկ ավելի ապահով չէ հանցագործությունների այնտեղի աշխարհից, հեռու կմնայի՞ն արդյոք հանցագործությունից․․․ Կասկածում եմ․․․ Զարթուցիչ ժամացույցը ամեն օր դնել որոշակի ժամի վրա, անձնական կնիք ու այցետոմսեր պատվիրել, փող խնայել, վերցնել օձիքի չափը, ինքնագրեր հավաքել, ապահովագրել կյանքը կամ անշարժ կայքը, շնորհավորական բացիկներ գրել, վկայականների վրա լուսանկարներ սոսնձել․․․ Դժվար է հավատալ, թե մի աշխարհում, որ քեզ սպառնում է կորչել, եթե մոռանաս այս ամենից մեկնումեկն անել, թե այդ աշխարհում մարդիկ ապրում են և ոչ մի անգամ ցանկություն չեն ունեցել, նույնիսկ մտքներովը չի անցել դառնալ թափանցիկ։
Բայց և այնպես, ինչ֊որ մի պահ կարծեմ քնեցի։ Հավանաբար քամի էր բարձրացել, և պատուհանի փեղկերի ճռռալը արթնացրեց ինձ։ Գլխացավն ու սրտխառնուքս կարծես անցան, բայց դեռևս վատ էի զգում։
Ուզեցի լողանալ, բայց, հակառակի պես, ջուր չկար։ Երևի, ճնշումը թույլ էր, և ջուրը չէր կարողանամ նույնիսկ երկրորդ հարկ բարձրանալ։ Ձեռ քաշեցի և մտածեցի գնալ բաղնիք։ Կարճատև վարանումից հետո՝ դիմակո՞վ, թե՞ վիրակապերով գնալ, որոշեցի գնալ դիմակով։ Բավական էր, որ հիշեի, թե շրջապատի նկատմամբ ի՞նչ տպավորություն են թողնում վիրակապերը, ես վառվո ւմ էի ամոթից։ Բացի այդ, ուզում էի ամենատարբեր պայմաններում փորձարկել դիմակը։ (Երբ դիմակ եմ դնում, տեղնուտեղը ինձ ինքնավստահ ու վճռական եմ զգում)։ Դրամապանակը գտնելու համար բաճկոնիս գրպանները զննելիս, ձեռքս ինչ֊որ ամուր բան ընկավ։ Օդամուղ ատրճանակն էր և ոսկեգույն յո֊յոն։ Կառավարչի աղջնակին հանդիպելիս խաղալիքը նրան տալու համար յո֊յոն օճառի հետ փաթաթեցի սրբիչով և տնից ելա։
Դժբախտաբար, աղջնակը չկար։ Առանց որևէ արտակարգ նախազգացումի, չուզեցի գնալ մոտիկ բաղնիքը և քայլեցի դեպի հարևան փողոցի այն բաղնիքը, որը ավտոբուսի մի կանգառի հեռավորության վրա էր։ Բացվել էր վերջերս, հաճախորդներր քիչ էին, և ավազանի ջուրը մաքուր էր։ Ես խորասուզվեցի ջուրը և, որպեսզի հարբածության վերջին հետքերը վերջնականապես ցնդեն ու վերանան, վճռեցի համբերությամբ դիմանալ շոգին։ Եվ դիմացի անկյունում նկատեցի մի մարդու, որը ջրի մեջ նստել էր առանց հանելու իր սև շապիկը։ Չէ, բանից պարզվեց, որ դա ոչ թե շապիկ է, այլ դաջվածք։ Չգիտեմ, գուցե լույսի այդպես ընկնելն էր պատճառը, բայց թվում էր, թե նա ձկան կաշի է վրան քաշել։
Սկզբում ջանում էի չնայել, բայց հետզհետե նա ավելի ու ավելի էր գրավում ուշադրությունս, և քիչ անց՝ այլևս չէի կարողանում հայացքս կտրել նրանից։ Ինձ ապշեցրել էր ոչ թե պատկերը, այլ ինքնին՝ դաջելու փաստը, որի համար չէի կարողանում բացատրություն գտնել, թեև ինչ֊որ բան շարունակ պտտվում էր լեզվիս ծայրին, ասես մեկի մոռացված անունը լիներ։
Պատճառը գուցե այն էր, որ արյունակցական կա՞պ էի զգում դաջվածքի և դիմակի միջև։ Հիրավի, դիմակն ու դաջվածքը ապշեցուցիչ կերպով ընդհանուր շատ բան ունեն, թե՛ մեկը և թե՛ մյուսը արհեստական մաշկի տարատեսակներ են։ Նրանց համար ընդհանուրը՝ իրական մաշկը վերացնելու և ուրիշ բանով փոխարինելու ձգտումն է։ Բայց նաև տարբերություններ էլ կան։ Դիմակը, ինչպես կարելի է դատել գաղափարագրից, սոսկ ժամանակավոր դեմք է, իսկ դաջվածքը ամբողջովին ձուլվում, դառնում է մաշկի բաղադրյալը։ Բացի այդ, դիմակն իրենից ներկայացնում է ալիբի, իսկ դաջվածքը, ընդհակառակը, անջատում, ի ցույց է դնում։ Այս իմաստով, թերևս, այն ավելի մոտիկ է ոչ թե դիմակին, այլ վիրակապերին։ Չէ՛, եթե խոսենք ուշադրություն հրավիրելու մասին, ապա այն ոչնչով չի զիջում իմ տզրուկներին։
Միևնույն է, ոչ մի կերպ չեմ հասկանա, թե ինչու են մարդիկ հասնում իրենց նկատմամբ ուշադրություն գրավելու այդպիսի անհեթեթության։ Հենց այդ նույն մարդը հազիվ թե կարողանա պատասխանել նման հարցի․․․ հենց այն պատճառով, որ չի կարող պատասխանել, նրա համար ուշադրություն գրավելը իմաստ ունի.․․․ Որպես կանոն, այլանդակները սիրում են առեղծվածներ և հաճախ են մասնագիտանում անիմաստ առեղծվածներ լուծելու մեջ և փող են կորզում այն մարդկանցից, ովքեր չեն կարողանում իրենք լուծել․․․ Դաջվածքը հիրավի քողարկված հարց է պարունակում, որն ստիպում է պատասխան դտնել։
Ապացույցը կարող է լինել այն, որ ինքս ամեն կերպ ջանում էի գտնել պատասխանը։ Ես, օրինակ, փորձում էի ներսից բննել իմ վիճակը, եթե դաջվելու առիթ ունենայի։ Եվ առաջինը, ինչ զգացի՝ փշերի պես վրաս մխրճվող ուրիշների հայացքներն էին։ Ես կարող էի հստակ պատկերացնել այդ վիճակը, քանի որ արդեն գիտեի, թե իրենից ինչ է ներկայացնում տզրուկների գուղձը՝ դեմքիս վրա։ Հետո երկինքը կսկսի կամաց֊կամաց հեռանալ․․․ շուրջը պայծառ կեսօր կլինի, և այնտեղ միայն, ուր կանգնած եմ, կտիրի բացարձակ մի խավար․․․ Այո՛, այո՛, դաջվածքը՝ տամանակրի խարանն է․․․ հանցագործության խարանը, և այդ իսկ պատճառով նույնիսկ լույսի ճառագայթները կդադարեն ընկնել վրաս․․․ Բայց, չգիտես ինչու, ես ինձ բնավ հալածված չէի համարում, ոչ էլ խղճի խայթ էի զգում․․․ և դա բնական էր․․․ Ի վերջո, ինքս եմ մարմնիս վրա դրել հանցագործության խարանը և իմ իսկ կամքով թաղել եմ ինձ հասարակության աչքի առաջ․․․ և հիմա ինձ այլևս ոչ ոք չի խղճա․․․
Երբ տղամարդը ջրից ելավ, բալենու ծաղիկներով պսակված բուդդայական աստվածության պատկերը, դարչնագույն քրտինք ծորալով, սկսեց գալարվել, իսկ ես, հանցագործության մեղսակից զգալով, անդրադարձա, որ նրա անանձնական կեցվածքը թարմացնող ազդեցություն է գործում վրաս։ Ճիշտ է, դիմակի ու դաջվածքի արյունակցությունը այդ կերպ չի արտահայտվում. բանն այն է, թե որտեղ ես ապրում, իսկական դեմքի գծած սահմանի որ կողմում։ Եթե մարդիկ կան, ովքեր կարող են ապրել դաջվածքով, ապա միանգամայն հնարավոր է նաև դիմակով ապրելը։
Բայց բաղնիքից դուրս գալիս, դաջված այդ մարդը ամենաապուշ կերպով սկսեց ինձ կպչել։ Երբ երկար թևքերով շապիկը ծածկեց նրա դաջվածքը, նա թվաց ավելի երիտասարդ, ավելի կարճահասակ և ոչ այնքան ազդեցիկ։ Բայց, միևնույն է, իր մարմնի վրա նա սպառնալիք էր կրում և ահաբեկելու մեծ վարպետ էր։
Տղամարդը խռպոտած ձայնով ինձ մեղադրում էր, որ անպարկեշտ եմ նայել իրեն և պահանջում էր ներողություն խնդրել։ Դատելով նրա խոսքից, իմ նայելը շատ էր վիրավորել իրեն։ Ճիշտը կլիներ ներողություն խնդրելը, ինչպես պահանջում էր նա, բայց կարկուտը խփած տեղն է խփում. տաք ջրի մեջ երկար նստելու պատճառով դիմակի տակ դեմքս այնպես էր եռ գալիս, կարծես ապուր եփելիս լինեին. ես տառացիորեն խելքս կորցրի։
Առանձնապես չմտածելով ասածիս իմաստի վրա, ես հարցրի.
«Բայց մի՞թե դաջվածքը ցույց տալու համար չէ»։
Դեռ խոսքս չէի ավարտել, երբ տղամարդու ձեռքը վեր սուրաց։ Բայց դիմակս պաշտպանելու բնազդը արագության մեջ չէր զիջում նրան։ Առաջին գրոհի ձախողվելը տղամարդուն է՛լ ավելի բորբոքեց։ Անսպասելիորեն նա բռնեց ու սկսեց թափահարել ինձ, ջանալով հարմար մի պահ գտնել դեմքիս հարվածելու համար։ Ի վերջո, նա ինձ սեղմեց տախտակած պատին և կամ նրա, կամ գուցե իմ ձեռքը (չգիտեմ, թե հաստատ ումն էր, որովհետև մեր ձեռքերը խճողվել էին քաշքշուկի մեջ), մի խոսքով, մեկնումեկիս ձեռքը ծնոտիս վարից դեպի վեր սահեց, և նույն պահին դիմակը պլոկվեց դեմքիս վրայից։
Ես հայտնվեցի մի այնպիսի վիճակում, որ ասես մարդկանց աչքի առաջ վրայիցս հանել էին տաբատս։ Հակառակորդիս վիճակը ավելի ծանր էր։ Խուլ, վախեցած ձայնով, որը ոչ մի կերպ չէր համընկնում նրա արտաքինին, տղամարդը ինչ֊որ անհասկանալի բան փնթփնթաց և դժգոհ մի տեսքով, ասես տուժածը ինքը լիներ, շտապեց հեռանալ։ Կիսաուշաթափ վիճակում ես դեմքիս քրտինքը սրբեցի ու նորից հագա դիմակը։ Երևի, շուրջս հավաքված մարդիկ կային, բայց ես չորսբոլորս նայելու ուժ չունեի։ Եթե այս ամենը տեղի ունենար բեմում, մեզ վրա մի կուշտ կծիծաղեին։ Այսուհետև, երբ փողոց ելնելու լինեմ, օդամուղ հրացանը երբեք տանը չեմ թողնի։
Հետգրություն։ Հետաքրքիր է, թե ինչպես ընկալեցին իմ այս ողբերգական կատակերգությունը դաջված մարդն ու շուրջս հավաքվածները․․․ Ինչքան էլ ծիծաղեին, միևնույն է, դա չէր կարող ծիծաղով ավարտվել։ Հավանաբար, այդ դեպքը նրանց հիշողության մեջ կմնա իրենց ամբողջ կյանքում։ Այո, սակայն ինչպիսի՞ տեսքով․․․ Արկի բեկորի պես կմնա նրանց սրտո՞ւմ․․․ Թե՞ կդիպչի աչքերին և կաղավաղի շրջապատողների կերպարանքները․․․ Համենայն դեպս, կարելի է վստահորեն ասել, որ այսուհետև նրանք այլևս աչքերը չեն չռի ուրիշների երեսին․․․ Այդ ուրիշները նրանց համար ուրվականների պես թափանցիկ կդառնան, իսկ ամբողջ աշխարհը ծածկված կլինի բացատներով, ճիշտ այն պատկերների պես, որ ջրաներկով նկարած են լինում ապակու վրա։ Աշխարհն ինքնին կսկսի թվալ անըմբռնելի, ինչպես դիմակը, մարդկանց կպարուրի անասելի միայնության զգացողությունը։ Ուստի այդ մարդկանց առաջ մեղավոր զգալու որևէ առիթ չունեմ։ Այն, ինչ նրանք տեսանք ավելի շուտ ճշմարտություն էր։ Առաջ տեսանելի էր միայն դիմակը, իսկ ինքը՝ ճշմարտությունը չէր երևում։ Եվ, ահավասիկ, նրանք հնարավորություն ունեցան տեսնելու շատ ավելի խորքի ճշմարտությանը։ Որքան էլ թշվառ չիներ այդ ճշմարտությունը կողմնակի հայացքի համար, այն միշտ էլ իր մեջ վարձահատույց լինելու կարողություն է ունենում։
Սրանից քսան տարի առաջ կլիներ, որ մի երեխայի դիակ տեսա։ Նա ընկած էր դեմքի վրա, դպրոցի հետևում։ Խոտերի մեջ։ Գնդակը որոնելիս՝ պատահաբար նկատեցի։ Դիակը ռետինե գնդակի պես ուռած էր, և ամբողջովին ծածկված կարմիր բծերով։ Ինձ թվաց, թե բերանը շարժվում է։ Բայց երբ ավելի ուշադիր նայեցի, տեսա, որ դա անթիվ-անհամար որդերն են վխտում, որոնք արդեն կերել էին շրթունքները։ Ես վախից քարացա, իսկ հետո մի քանի օր շարունակ կոկորդիցս պատառ վար չէր իջնում։ Այն ժամանակ ես գտնվում էի սոսկումի տանջող տպավորության տակ, բայց տարիների ընթացքում,— հավանաբար, դիակն էլ մեծանում էր ինձ հետ,— պահպանվեց միայն հարթ, ասես մոմե մաշկի վրայի մեղմ թախիծով պարուրված թեթև կարմրությունը։ Իսկ հիմա արդեն չէի էլ խուսափում դիակի մասին հիշելուց։ Ընդհակառակը, նույնիսկ սկսել էլ սիրել։ Ամեն անգամ, երբ հիշում եմ այդ դիակը, այնպիսի զգացողություն եմ ունենում, ասես բարեկամներ ենք։ Նա ստիպում է ինձ հիշել, թե բացի արհեստական խեժերից գոյություն ունի նաև մի աշխարհ, որին կարելի է նաև շոշափել։ Նա ընդմիշտ ինձ հետ կլինի՝ որպես ուրիշ աշխարհի խորհրգանիշ։
Չէ, այս արդարացումները նախատեսված են ու միայն բոլորովին օտար մարդկանց համար։ Այսու, իմ բոլոր տագնապները կվերաբերվեն նաև քեզ։ Ուզում եմ, որ դու հավատաս խոսքիս, եթե նույնիսկ քեզ թվա, թե իմ խոսքերը շատ խոր վերքեր են թողնում։ Ասենք, դրանք վերքեր էլ չեն, այլ մեր ուզածից փոքր-ինչ ավելի հստակ հիշողություններ այն մասին, ինչ ապրել եմ, երբ դու նայեցիր դիմակիս տակ։ Համոզված եմ, որ կգա ժամանակը, և դու այս ամենը կհիշես նույնպիսի քնքշությամբ, ինչպես ես հիշում եմ դիակը։
Մի քիչ ուշացա, որովհետև անհրաժեշտ էր ապաքինել կապաուկներն ու փոխել սոսնձող բաղադրանյութը։ Ճիշտ է, տուն դառնալիս մի մեծ օղակ գծեցի, որպեսզի հատուկ դիմակի համար գնեմ բոլոր անհրաժեշտ բաները՝ վառիչ, նոթատետր, դրամապանակ։ Իսկ հետո գնացի որոշված տեղը, ճիշտ Ժամը չորսին արդեն ավտոբուսի կանգառում էի։ Այստեղ մտադիր էի սպասել կիրառական արվեստի մասին դասախոսությունից քո վերադառնալուն, որին հաճախում էիր հինգշաբթի օրերը։ Մոտենում էր իրիկնային եռուզեռի ժամը․ քաղաքի այս աշխույժ մասերից մեկի աղմուկը ամբողջ շրջապատը լցրել էր իր գերհագեցած խտությամբ. և ես, չգիտեմ ինչո՛ւ, զարմանալի մի խաղաղություն էի ապրում։ Ասես զբոսնում էի անտառում, ուր արդեն սկսել էին թափվել դեղնած տերևները։ Ըստ երևույթին, իմ քիչ առաջվա ցնցումը դեռ թողել էր իր հետքերը, որոնք ներսից ճնշում էին բոլոր հինգ զգայարաններս։ Բավական էր, որպեսզի աչքերս փակեի, և մոծակների պարսի պես սկսում էին պտտվել պայծառ լույս արձակող անթիվա֊նհամար աստղերը։ Հավանաբար, ճնշումս էր բարձրացել։ Հիրավի, շատ խորը ցնցում էի ապրել։ Բայց դա այնքան էլ վատ բան չէր։ Ստորացումը վրաս որպես խթանիչ էր ազգում, ինձ մղում էր օրինազանցության։
Որոշեցի սպասել դրամատան մոտ։ Այն բարձունքից, ուր գտնվում էր դրամատունը, շուրջը ավելի տեսանելի էր, և այն բանի շնորհիվ, որ քովս կանգնած էին շատ ուրիշ սպասողներ, ես աչքի չէի զարնում։ Անհանգստանալու հարկ չունեի, թե դու ինձ ավելի շուտ կնկատես, քան ես՝ քեզ։ Դասախոսությունները ավարտվում էին ժամը չորսին և, եթե նույնիսկ չհասնես հերթական ավտոբուսին, միևնույն է, տասը րոպեից կլինես այստեղ։
Երբեք մտքովս չէր անցնի, թե այդ դասախոսությունները երբևէ պետք են գալու․․․ Եթե ինձ հարցնեին, կասեի, որ այդքան ավելորդ դասախոսությունների՝ տարիներ շարունակ հետևողականորեն ու համառորեն գնալու փաստն իսկ հրաշալի մի ապացույց է կանացի գոյության անկայունության մասին։ Չափազանց խորհրդանշական է, որ դու ընտրել ես կոճակ պատրաստելը և ոգևորված ու տարված՝ զբաղվում ես դրանով։ Քանի՜֊քանի՜ հարյուրավոր ու հազարավոր մեծ ու փոքր կոճակներ ես տաշել, հղկել, ներկել, փայլեցրել․․․ Դու այդ կոճակները սարքում էիր ոչ թե ինչ֊որ բան կոճկելու համար։ Դու, ընդհանրապես, գործնական կիրառության անհրաժեշտ առարկաներ էիր շարունակ պատրաստում բացարձակապես ոչ գործնական նպատակների համար։ Չէ՛, քեզ մեղադրելու նպատակ չունեմ։ Ես երբեք այդ բանը քեզ չեմ արգելել։ Եթե դու իսկապես այդքան ոգևորված ես՝ սրտանց հաջողություն եմ մաղթում քո այդ անմեղ զբաղմունքին։
․․․Բայց հետագայում տեղի ունեցող դեպքերի մեջ դու գլխավոր գործող անձանցից մեկն էիր, ուստի և հարկ չկա դրանք շարադրել ժամ առ ժամ։ Մի կարևոր բան կա միայն. պետք է շուռ տալ սիրտս և լույս աշխարհ հանել այնտեղ թաքնված մակաբույծի անամոթ դեմքը։ Դու եկար երրորդ ավտոբուսով ու անցար գնացիր իմ մոտով։ Ես հետևեցի քեզ։ Հետևից նայելիս, դու զարմանալի ճկուն էիր, զարմանալի նրբիրան ու բարեկազմ, և ինձ պարուրեց անհամարձակությունը։
Քեզ հասա կայարանի մոտի խաչմերուկի լուսանցույցի տակ։ Այն մի քանի րոպեների ընթացքում, որ անհրաժեշտ են մինչև կայարան դնալու համար, ինչ գնով էլ լինի՝ պետք է գրավեմ ուշադրությունդ։ Միանգամից վրա տալ չի կարելի, բայց և հեռուներից գալն էլ մի բան չի։ Վաղօրոք պատրաստած կաշվե կոճակը, որը դու էիր սարքել, պարզելով ու ձևացնելով, թե հենց նոր գետնից վերցրի, ես քեզ դիմեցի նույնքան նախապատրաստած հարցով․
— Ձեզնից չընկա՞վ արդյոք․․․
Առանց զարմանքդ թաքցնելու, փորձելով պարզել, թե ինչպես է եղել, դու սկսեցիր տնտղել պայուսակդ, ստուգեցիր փակիչները, քո ամբողջ դեմքով հայտնի անելով, թե չես կարողանում պատճառը գտնել։ Ինձ վրա նետեցիր դյուրահավատ մի հայացք։ Քանի որ արդեն խոսքի էի բռնվել, ապա չէր կարելի կորցնել հնարավորությունը, և ես վրա տվեցի.
— Գուցե գլխարկի՞ց ընկավ։
— Գլխարկի՞ց։
— Ձեռքի մի ճարպիկ շարժում, և գլխարկից կարող է նաև իսկական մի ճագար հայտնվել։
Դու նույնիսկ չժպտացիր։ Ավելի՛ն, վիրահատական ունելի հիշեցնող քո հայացքով ամուր սեղմեցիր իմ բերանը։ Դա սևեռուն մի հայացք էր, ասես ընկած լինեիր ինքնամոռացության մեջ. հայացք, որի համար դու, հավանաբար, ինքդ քեզ հաշիվ չէիր տալիս։ Եթե դու մի քանի վայրկյան էլ այդպես ինձ նայես, ապա կտեսնես իմ ամբողջ խորքը։ Վայրկենաբար հասկանալով, ես նահանջեցի։ Բայց նման բան չէր կարող պատահել։ Դիմակի հաջողությունն արդեն բազմիցս հաստատվել էր ամենատարբեր իրադրությունների մեջ։ Զգուշանալու որևէ հարկ չկար, թե հանկարծ կարող են կասկածներ ծնվել քո հոգում։ Չէ՞ որ դու այն դաջված մարդու պես ոչ դիմակս կպոկես ու ոչ էլ շուրթերդ կհպես ինձ (ջերմաստիճանների տարբերությունը քողարկելն անհնարին է)։ Բացի այդ, ես գիտակցաբար խոսում էի սովորականից ցածր ձայնով։ Եթե նույնիսկ այդ էլ չանեի, միևնույն է, շուրթերիս վրա նաև արհեստական շրթունք քաշելուս հետևանքով շրթնային հնչյունները բոլորովին փոխված էին հնչում։
Թերևս, շատ էի հուզված. դու հայացքդ անմիջապես փախցրեցիր, և դեմքիդ վրա հայտնվեց քո սովորական, ցրված արտահայտությունը։ Իմ տարփամոլությունը ընդհարվելով քո սևեռուն հայացքին, պոչը քաշեց, և, եթե դու այդպես էլ հեռանայիր, ապա, թերևս, ուժ կգտնեի հրաժարվել իմ ծրագրից, հասկանալով, որ երկուսիս համար էլ դա կլինի լավագույն ելքը։ Պայծառ, արևոտ օր էր, և դիմակը չէր կարող դրսևորել իր բոլոր հնարավորությունները. նրա հրաշագործ ուժը դալկացել էր։ Բայց մի պահ դու էլ երկընտրանքի մեջ ընկար։ Իսկ փողոցի հոսանքը, որ նախնադարյան որկրամոլ հրեշի պես գալարվում էր մեր շուրջը, ներծծում էր բոլոր իմ մտքերը, հենց որ դրանք հայտնվում էին։ Ժամանակ չկար պարզելու, թե ինչո՛ւ հանկարծ քո րոպեական վարանումի պատճառով հուզվեց մեր միջև հայտնված մագնիսական դաշտը, և քո այդ շփոթմունքը օգտագործելով, ես առաջ մղեցի նախապես պատրաստած բառերիս երկրորդ շարքը։
Նոթեր լուսանցքում։ «Մագնիսական դաշտի հուզում» արաահայտոլթյունը շատ ճիշտ է։ Ընդհանուր առմամբ, ես կանխազգում էի այդ րոպեի կարևորությունը։ Եթե խոսքը միայն նախազգացման մասին լիներ, հպարտանալու առիթ չէի ունենա, որևէ բան բացատրելու հարկ էլ չէր լինի․․․ Բայց եթե նախազգացում էլ չլիներ, եթե ես անցնեի այս տողերի վրայով (նույնիսկ այդ մասին մտածելուց ցնցվում եմ), ապա դատապարտված կլինեի ծաղրուծանակի․ իմ բոլոր գործողություններն ու արարքները կդառնային ծաղրի առարկա, և այս հիշատակարանը դիմակի հիշատակարանից կվերածվեր ծաղրուծանակի շատ սովորական հիշատակարանի։ Ծաղրածու լինելն էլ վատ բան չէ, բայց ես պարզապես չեմ ուզում դառնալ մի ծաղրածու, որը չի գիտակցում, թե ով է ինքը։
Երևի դու հիշում ես․․․ Իբր հենց այնպես, մի երանգով, որ իբր ձանձրացել եմ հարցուփորձ անելուց, հետաքրքրվեցի, թե որտեղ է այսինչ ավտոբուսի վերջին կանգառը։ Չգիտեմ, ուշադրություն դարձրի՞ր արդյոք, բայց հատկապես այդ կանգառն էի ընտրել ոչ թե ժամանակ սպանելու նպատակով․․․ չէ՜․․․ դա հեռավոր նպատակ հետապնդող ու հմտորեն լարված մի թակարդ էր։
Նախ՝ խոսքը այդ գծի վրա ավտոբուսի միակ կանգառի մասին էր, որը գտնվում էր հենց կայարանի մոտ, բայց միևնույն ժամանակ ընկած էր մի շատ անհարմար ու ոչ մարդաշատ վայրում, որի մասին քչերը գիտեին։ Հետո, այդ կանդառը գտնվում էր կայարանի հակառակ կողմում և, եթե մարդ չիմանա, թե գետնուղի կա, ստիպված է լինելու շրջանցել ու տեղ հասնել հետիոտնի համար գցած կամրջով։ Այնուհետև, գետնուղին շատ խճողված է, և անհնարին է երկու խոսքով միայն բացատրել, թե ինչպես է հնարավոր տեղ հասնել բազմաթիվ ելքերի ու մուտքերի առկայությամբ։ Եվ, վերջապես, եթե այդ գետնուղով գնալու լինես, ապա մինչև կառամատույց եղած հեռավորությունը ավելին չէ, քան եթե գնալու լինես կայարանով։ Դու, անշուշտ, գիտեիր այդ կանգառը։
Ես լարված սպասում էի պատասխանիդ։ Վախից, թե հանկարծ կկռահես իմ ծածուկ մտադրությունը, մարմինս ասես դարձել էր քար, և եթե դիմակով չլինեի, նույնիսկ ինձ ուղեկցելու պատրաստակամություն ունենալուդ դեպքում էլ, համոզված չեմ, կարո՞ղ էի արդյոք քայլել քո կողքով։ Նույնիսկ կասկածում էի, կհաջողվե՞ր արդյոք ինչպես հարկն է թաքցնել հևացող շնչառությունս։ Ես սպասում էի մի այնպիսի վիճակում, ասես ինձ փակել էին ապակե փխրուն անոթի մեջ (իսկ անոթի ապակին շատ ավելի բարակ է, քան թուղթը, բավական է փռշտաս, և կվերածվի մանր պատառիկների)։ Չի կարելի ժխտել, որ ես նաև չէի համբերում։ Բայց ճիշտ է նաև այն, որ դու չէիր շտապում պատասխանել։ Ի՞նչն էր քեզ ստիպում այդպես վարանել։ Ես ուրախացա, որ այդքան անվճռական ես։ Այնպիսի վիճակ էր ստեղծվել, որ փոքր֊ինչ վարանումից հետո պետք է անհապաղ վճիռ կայացնեիր՝ կամ համաձայներ կամ հրաժարվել։ Եվ որքան ավելի էր շարունակվում քո այդ անհաստատ ու անվճռական վիճակը, այնքան ավելի էր զգացվում անբնականությունը և ավելանում էր կասկածամտությունը։ Եթե չուզենայիր, բավական կլիներ միայն ասել «չգիտեմ»։ Բայց դու շարունակում էիր վարանել, իսկ դա նշանակում էր, թե կիսով չափ համաձայն ես։ Եվ քանզի, թեկուզ կիսով չափ, դու համաձայն էիր, ուստի կորցրիր մերժումիդ պատրվակը։ Որպեսզի վճիռդ հեշտությամբ կայացնեիր, թերևս պետք է ինչ֊որ բան ասեի։ Բայց այդ պահին մի երիտասարդ կոպտորեն խցկվեց մեր միջև։ Նոր միայն նկատեցինք, որ խանգարում ենք մարգկանց հոսանքին և մեր շուրջը ստեղծվել է ջրապտույտ։ Դժվարությամբ դիմանալով այդ հոսանքի ճնշմանը, դու հարցական հայացքով նայեցիր ինձ, քո հայացքը այնպես սահեց վրայովս, կարծես անփութորեն թերթում էիր մի օրացույց։ Քո այդ հայացքը սրտովս չէ, մտածեցի ես, և արդեն ուզում էի բերանս բանալ, որպեսզի գոնե փոքր֊ինչ խթանեմ քո վճռականությունը, երբ, վերջապես, պատասխանեցիր։
Երբ լսեցի այդ պատասխանը, թեև ամեն բան ընթանում էր ուզածիս պես ու ներքուստ մենք արդեն գրեթե պայմանավորվել էինք, չգիտես ինչու հանկարծ այնպես տխրեցի, ասես ինձ դավաճանել էին։
․․․Եթե այդ ես եմ՝ ամեն բան կարգին է, բայց եթե դա բոլորովին օտար մի մա՞րդ է․․․ Աննշան վարանումից հետո դու համաձայնեցիր։ Եվ այնպիսի կարևորությամբ, ասես առանց վարանումի անհնարին կլիներ պատասխանել։ Մի խոսքով, ակնարկում էիր արգելված պարսպի գոյությունը։ Եվ այն, որ դու միանգամայն գիտակցորեն համաձայնեցիր ինձ հետ յոթ֊ութ րոպե քայլել մի քանի հարյուր մետր, ես չէի կարող ընկալել որպես ինչ֊որ ավելին, քան սովորական սիրալիրությունն էր։ Համենայն դեպս, դա շատ ավելի արժեքավոր պատասխան նվիրատվություն էր, քան կոճակը, որ իբր գետնից վերցրել էի քեզ վերադարձնելու համար։ Անկեղծ ասած, դու գիտակցաբար գրգռում էիր իմ ցանկասիրությունը։ Եվ, քանի որ գիտակցաբար էիր գրգռում, ուրեմն ինքդ էլ․․․
Չէ՛, ամեն ինչ լավ է։ Ասենք, ինչ կարող եմ ասել, երբ իմ ամբողջ ծրագիրը նկատի էր առնված դեպքերի հենց այսպիսի ընթացքի համար։ Եթե իմ մտքինը գուշակելով՝ մերժեիր, իմ ամբողջ աշխատանքը կընկներ ջուրը։ Ես, իհարկե, կարող էի մի անգամ ևս փորձել հաջորդ օրը, բայց եթե առաջին անգամ հաջողվեց ամեն բան ներկայացնել որպես պատահականություն, երկրորդ անգամ չէի կարող խուսափել միտումնավորության տպավորությունից։ Իսկ քո զգուշավորությունը կսաստկանար։ Այո, ամեն ինչ լավ է։ Անցած գիշեր ամբողջ խորքով գիտակցեցի, որ դիմակի օգնությամբ քեզ և քո միջոցով մյուս բոլորին վերադարձնելու ցանկությունը պարապ բան չէ, դատարկ խոսքեր չեն. այդ ցանկությունը խորտակում է սեքսի՛, սեռայինի արգելված պարիսպը, և դու կարծես թե համաձայնեցիր։ Եվ, ուրեմն, հիմա կարիք չկար իրար խառնվելու։ Քո արդարացումը, թե դրան ուղղակի նշանակություն չես տվել, ոչ ոքի չէր համոզի։ Եթե ուզում ես պարիսպը խորտակել առանց փորձ անելու, որ այդ բանը կատարի զուգակիցդ, ապա բռնությունից բացի ուրիշ միջոց չկա։ Բայց ես կզարմանայի, եթե լսեի, թե միակողմանի անառակությամբ հնարավոր է վերականգնել արահետը։ Նմանօրինակ, նույնիսկ եզակի մի արարք. դիմակին անխուսափելիորեն կստիպի անհետ կորչել այս աշխարհից։ Բացի այդ, եթե ես պատրաստվում էի գոհանալ բռնությամբ, բավական կլիներ տզրուկներով ծածկված իմ իսկական դեմքը և դիմակի օգնությանը դիմելու անհրաժեշտություն չէի ունենա։
Տեսականորեն իմ այս դատողությունները, անշուշտ, ճիշտ էին։ Բայց քո կողքին, քո կենդանի մարմնի հետ քով֊քովի աստիճաններով իջնելով օտար մարդկանցով լեփ-լեցուն գետնուղի, ես ընկճված՝ էի քո գոյության իրական լինելու տպավորությունից, և շփոթմունքից ու անասելի տառապանքից ինձ պարուրել էին սրտամաշ մտքերը։ Ես ոչինչ չեմ կարողանա պատասխանել, եթե դու ինձ կշտամբես աղքատիկ երևակայության համար, բայց մի՞թե այդքան քիչ է լինում շոշափելիքով պայմանավորված երևակայությունը։ Քո մասին մտածում էի ոչ թե որպես ապակե տիկնիկի կամ բառային խորհրդանիշի մասին, բայց առաջին անգամ քո գոյության շոշափելի իրականությունը զգացի այն ժամանակ, երբ այնքան մոտեցա, որ արդեն կարող էի ձեռքս քեզ դիպցնել։ Մարմնիս՝ քեզ ավելի մոտիկ կեսը, ասես արևահարությունից հետո, դարձել էր չափազանց զգայուն։ Ամեն մի ծակոտին շոգից հևացող շան նման լեզուն հանել ու ծանր շնչում էր։ Բավական էր միայն, որ պատկերացնեի, թե դու, այդքան մոտիկ լինելով, կարող ես ընդունել բոլորովին օտար մեկին, և ինձ պարուրում էր անսահման մի թախիծ այն մտքից, որ գտնվում եմ խաբված ամուսնու վիճակում, ու դեռ ավելին՝ առանց որևէ պատճառի, ինձ դուրս են նետել պիտանի չլինելու համար։ Այո՛, երեկվա իմ անամոթ պատրանքները, որոնց մեջ հաշվի չէի առել քեզ, շատ ավելի չափավոր էին։ Թերևս, նույնիսկ բռնությունը դրանից օգտակար է։ Ես դարձյալ հիշեցի, թե ինչքան օտար են դիմակի դիմագծերը և եռացող մի ատելություն, գարշանք զգացի մորուքավոր, մուգ ակնոցով ու հավակնոտ հագուստներով այդ որսորդի դեմքի տեսակի նկատմամբ։ Միևնույն ժամանակ զգացի, որ դու, վճռականորեն չմերժելով այդ դեմքը, բոլորովին ուրիշ ես, և շատ տխրեցի։ Ասես թանկարժեք քարի վրա թույնի կաթիլ էի նկատել։
Դիմակը բոլորովին այլ կերպ վարվեց։ Նա, ըստ իս, ընդունակ էր ներծծել ու կերակուր դարձնել իմ տառապանքները։ Ճիշտ ճահճային բույսի պես, նրա ցանկությունների ճյուղերն ու տերևները դառնում էին ավելի հզոր ու խիտ։ Հենց միայն այն, որ ինձ չմերժեցիր՝ համազոր էր «դու իմն ես» բառերին, և իմ երևակայության ժանիքները մխրճեցի առանց օձիքի, բաց սրճագույն վերնաշապիկի տակից մրգահյութով լի տուփի պես երևացող քո ծոծրակի մեջ։ Ես արդարանալու առիթ չունեի, ինձ համար դու ինքդ էիր, իսկ դիմակի համար՝ սոսկ ձեռքի տակ հայտնված կանանցից մեկը․․․ Այո՛, դիմակն ու ես իրարից շատ հեռու էինք։ Մեզ բաժանում էր անհատակ անդունդը։ Մենք տարբերվում էինք, բայց ախր այդ տարբերությունը դեմքի մի քանի միլիմետրանոց արտաքին շերտն էր։ Մնացյալ ամեն ինչ ընդհանուր էր, և հենց այդ պատճառով էլ, հավանաբար, դու կարծում ես, թե անդնդի մասին խոսքը պարզապես գեղեցիկ մի խոսք է միայն։ Բայց ես ուզում եմ, որ դու հիշես, թե ինչպիսին է ձայնապնակը։ Ինչքա՜ն հասարակ բան է, սակայն քանի՜֊քանի՛ տասնյակ ձայնային երանգ կարող է վերարտադրել։ Ուստի, զարմանալի ոչինչ չկա, որ մարդկային սիրտը միաժամանակ խփում է երկու հակադիր երանգներով։
Իհարկե, զարմանալի ոչինչ չկա։ Չէ՞ որ ինքդ էլ էիր տրոհված։ Ես կրկնակի կյանքով էի ապրում, և դու նույնպես սկսեցիր ապրել կրկնակի կյանքով։ Ուրիշի դիմակ դնելով, ես դարձա ուրիշ մեկը, դու ևս դարձար ուրիշ՝ դիմակ դնելով ինքդ քեզ։ Ուրիշ մարդ, որի գրած դիմակը հենց ինքն է․․․ Բառերի այնքան հաճելի համադրություն չէ, անշուշտ․․․ Ես նախապես նկատի էի ունեցել քեզ երկրորդ անգամ էլ հանդիպել և պետք է բավականին մանրամասն մշակված ծրագիր ունենայի։ Բայց արդյունքում, կարծես թե՝ ստիպված եղա երկրորդ անգամ բաժանվել քեզնից։ Հավանաբար, ինչ֊որ մի տեղ թույլ էի տվել աններելի վրիպում։
Եթե մտքիս ծայրով իսկ անցներ, որ գործը կհասնի այդտեղ, ապա շատ ավելի լավ կլիներ, առանց շրջվել հեռանալու, պարզապես, հարցնել կանգառի տեղը, իսկ մնացյալ ծրագիրներին լուռ հրաժեշտ տալ, բայց․․․ Հապա ինչո՞ւ եմ, ուրեմն, այս քան հլու-հնազանդ հետևում դիմակին։ Վստահ չեմ, թե որևէ բան արժե՞ արդյոք իմ բացատրությունը. իմ խաբված սերը դավաճանվել ու դարձել էր ատելի, արահետը վերականգնելու ցանկությունս արձագանք չէր գտել ու դարձել էր վրիժառության ծարավ և, քանի որ հասա մինչև այստեղ, ապա այնպես էր պատահել, որ թեև մեր մղումները իրար հակադիր էին, բայց իմ գործողություններում ես սկսել էի դիմակին համաքայլ գնալ։ Ձգտելով մինչև վերջ համոզվել քո անհավատարմության մեջ․․․ Բայց սպասիր մի փոքր․․․ Թվում է, թե իմ այս հիշատակարանի սկզբում էլ հաճախ եմ օգտագործել «վրեժ» բառը, բայց և այնպես․․․ Այո, օգտագործել եմ․․․ Այն ժամանակ դիմակ պատրաստելու հիմնական դրդապատճառը, նրա օգնությամբ քեզ խաբելով, վրեժխնդիր լինելն էր իսկական դեմքի ամբարտավանությունից։ Հետո ուրիշներին արդարացնելու հակումներ ունեցա, քեզ գայթակղելու ցանկությունը նույնպես ստացավ վերացականություն, հայեցողականություն, հետո գումարվեց մարմնական ինչ֊որ բան, բռնկեց խանդի ձև ընդունած կրքի պայթյունը, խանդն էլ ընդհարվելով արգելված պարսպին սիրային ջղաձգումներ պատճառեց, որոնք նման էին ծարավի, ես դարձա տարփամոլ և, ի վերջո, նորից եղա վրեժի գերին։
Վրիժառության վերջին մակընթացության մեջ ինչ-որ բան կար, որ ինձ չէր գոհացնում և անհանգստություն էր պատճառում։ Վրիժառության ի՞նչ տեսակ պիտի ընտրեի, երբ համոզվեի, որ դու անհավատարիմ ես իմ նկաամամբ։ Արդյոք ներկայացնելով ապացույցները պետք է լսեի քո ցուցմունքնե՞րը, թե՞ ստիպելու էի, որ ապահարզան տաս։ Ո՛չ մի դեպքում. եթե նման մի քայլ կատարեմ՝ ընդմիշտ կկորցնեմ քեզ։ Եթե մեր հարաբերությունները թույլ տան քո և դիմակի խորտակված արգելապարսպի բացվածքից միայն դիտել քո դավաճանությունը՝ շատ լավ, ես պատրաստ եմ այդպես, կողքից դիտել իմ ամբողջ կյանքի ընթացքում։ Բայց արդյո՞ք այդպիսի շարունակական սեռային խեղաթյուրումի ճանապարհով հնարավոր կլինի իրականացնել վրեժ խնդրությունը։ Չէ՞ որ երկփեղկվածությանը հարմարվելով, դու էլ քո հերթին պետք է շարունակ կրես երկփեղկվածության նույն բեռը։ Ոչ սեր և ոչ էլ ատելություն․․․ Ոչ դիմակ և ոչ էլ իսկական դեմք․․․ Ըստ երևույթին, այս թանձր ու գորշ մշուշի մեջ ես ժամանակավոր հավասարակշռություն ունեցա։
Բայց, ի տարբերություն ինձ, որ արդեն պատրաստվում էի հրաժարվել ծրագրից, դիմակը, որ պետք է իրեն պահեր հպարտ ու անկախ, ընդհակառակը, սկսեց կորցնել ինքն իրեն տիրապետելու ընդունակությունը։ Երբ հետո, տասը րոպե անց, գետնուղու ծայրի սրճարանում նստած փոքրիկ գդալով խառնում էիր սուրճդ, պատահաբար ասած քո մի խոսքը դիմակին զրկեց ինքնավստահությունից, ասես նրան խոթեց երկու հայելիների միջև և ստիպեց, որ խոսի ինքն իր հետ։
— Ամուսինս գործուղման մեջ է, դրա համար էլ․․․
Ի՞նչ՝ «դրա համար էլ»․․․ Դու ոչինչ չասացիր ավելին։ Դիմակն ինքն էլ ցանկություն չուներ հարցնելու։ Ողջամտությունը հուշում էր, որ քո խոսքերը կարելի է հասկանալ այսպես․ դրա համար էլ, տուն գնալով կերակուր եփելու անհրաժեշտություն չկա և ոչինչ էլ չի պատահի, եթե քաղաքում ճաշեմ։ Այսինքն՝ դու կարծես արդարանում էիր, որ համաձայնել ես իմ առաջարկությանը. այսպես էլ կարելի էր ընկալել քո ասածը։ Բայց քո խոսելու երանգում ավելի շատ վճռականություն կար. ասես դու ինքդ քեզ հաստատում էիր սեփական աչքերիդ առաջ։ Եվ արդյունքը ճիշտ այնպիսին էր, ասես կտտացրել էիր ինքնասիրահարված դիմակի քթին․․․ Իսկ դրանից առաջ արդյոք ինչի՞ մասին էինք խոսում․․․ Հա, ճիշտ է․․․ Ինչ֊որ կարդացած բառերով դիմակը գովում էր քո մատների ձևը, հետո հարցրեց աջ ձեռքի բթամատի վերքի մասին, որը կոճակներ սարքելուդ հետևանքն էր։ Այնուհետև, երբ դիմակը համոզվեց, որ քո ձեռքը, միևնույն է, չի խուսափում իմ հայացքներից, զրույցի նյութ ընտրեց մարդկանց հարաբերությունները՝ որպես հանրահաշվական հավասարումներ, որպիսիք չեն պարունակում այնպիսի տվյալներ պայմանների մասին, որոնք են անունը, մասնագիտությունը, բնակավայրը, և նույն պահին էլ, հիշում եմ, սկսեց հարցուփորձ անել քո տրամադրությունից։ Դիմակը, որ շատ լավ գիտեր, թե քեզ գայթակղելու խնդրում ում է պատկանում գլխավոր դերը, պատրաստ չինելով քեզ հետ վարվել այնպես, ինչպես իր խելքին կփչի, զարմանքից քարացավ այն երեխայի պես, որին անսպասելի մի կողմ հրելով, շրջանցել էր մրցակիցը։
Նոթեր լուսանցքում։ Հիշում եմ, ինչպե՜ս էի այն ժամանակ հուզվում, վախենալով, թե հանկարծ կնկատես, որ դիմակի տակ քողարկվել եմ ես։
Եթե խորը մտածենք, ապա ըստ էության ոչ մի ապացույց չկա, որ գայթակղել է դիմակը, իսկ գայթակղվողն էլ դու ես եղել։ Ամեն ինչ դու անում էիր խելացի, նուրբ․․․ չէի՞ր գայթակղվում արդյոք քո իսկ կամքով, անկախ դիմակի բոլոր հնարամտություններից։ Ինչ էլ որ լինի, այլևս որևէ բան փոխելն անհնարին է, և քեզ ոգևորելու համար դիմակին այլևս ոչինչ չէր մնում, քան շատ ավելի համառ գայթակղող դառնալն էր։
Բայց նա իզուր էր ջանում իրեն պահել գայթակղողի պես, դրա հարկը չկար, դու արդեն գայթակղված կին էիր։ Բանն այն է, որ քեզ ամբողջովին տիրացել էի արդեն։ Այդ էր պատճառը, որ շարունակ, քանի դեռ միասին նստած էինք սրճարանում, դիմակն ամեն կերպ ջանում էր չվերադառնալ քո «ամուսնու» մասին խոսակցությանը։ Նույնը վերաբերում էր տզրուկներին, ինչքան էլ թվար, թե այդ նյութը կարելի է շատ հանգիստ շոշափել, որքան էլ տրամաբանորեն ապացուցվեր, թե դա վերաբերում է ուրիշ մեկին՝ միևնույն է, սոսկալի էր։ Այնուհանդերձ, երբ դու որևէ ցանկություն չէիր դրսևորում «ամուսնու» նյութին վերադառնալու համար, ես սոսկալի զայրանում էի, մի խոսքով, շատ ծանր իրավիճակ էր։ Հիրավի, դու, անկասկած, անտեսում էիր «նրան», հետևաբար՝ ինձ։ Ավելի քան տհաճ արհամաոհանք էր դա․․․ Բայց մյուս կողմից էլ, չի կարելի ասել, թե ուզում էի, որ շոշափեիր այդ նյութը․ մի խոսքով, իմ վիճակը բավականին ծանր էր։ Եթե դու նորից խոսք բանայիր «նրա» մասին, հնարավոր կլիներ այդ օգտագործել դիմակը սանձահարելու համար։ Որպես գայթակղողի, ինձ մնում էր միայն հույս ունենալ, թե առաջվա պես կլինես իմ համախոհը։ Ինձ շփոթեցրեց միայն վարի շրթունքով ժպտալու քո տարօրինակ երանգը։ Շատ ավելի տագնապ պատճառեց այն, որ դու իմ միջով նայում էիր ինչ֊որ հեռու մի տեղ։ Ես ինձ մեղավոր էի զգում, որ դու հրաժարվեցիր գարեջրից։ Բայց և չէի էլ ուզում, որ դու չափից ավելի խմես։ Նույնն է, թե սառցի լոգանք ընդունելուց հետո վրադ եփած ջուր լցնեն: Ձախ աչքս, ասես ռազմական ավարը զննելով, քնքշորեն նայում էր հացի պատառը փշրող մատներիդ, նուրբ, փափլիկ մատներդ, որոնք, եթե նկատելու չլինենք կոճակ սարքելիս ստացած վերքը, նման են ջրի մեջ թրջած ճագարի մորթու։ Աջ աչքը, որպես խարված ամուսին, որը կնոջ շնանալու վկան էր, կծկվել էր ցավից։ Սիրային եռանկյունի, որտեղ մեկը կատարում է երկու դեր։ Ոչ Էվկլիդյան եռանկյունի, որը գծագրում կդիտվեր որպես ուղիղ մի գիծ՝ «ես», «դիմակը՝ իմ երկրորդ եսը»-ը» և «դու»։
Երբ ուտում էինք, ժամանակը դոնդողի պես սկսեց պնդանալ մեր շուրջը։ Գուցե առաստաղի ծանրությո՞ւնն էր պա տճառը։ Զանգվածային անհամաչափ բետոնե սյունը կանգնած էր սրահի կենտրոնում։ Եվ ծնում էր զանազան մտքեր։ Ընդ որում նկուղային այս սրճարանը պատուհաններ չուներ։ Ոչինչ չէր հաստատում արեգակնային ժամանակի քսանչորսժամյա միավորի գոյությունը։ Պարբերականությունից զուրկ՝ արհեստական լույսն էր միայն։ Իսկ սրճարանի պատերից դուրս ուղղահայաց շերտերով, որոնք գնալով խորանում էին, ստորգետնյա գետերով հոսում էր տասնյակ հազարավոր տարիներով հաշվվող ժամանակը։ Եվ քո «ամուսինը», որը պետք է մտրակեր մեր ժամանակը, քանի դեռ այսպես սպասում ենք իրեն, երբեք չի վերադառնա։ Օ՜հ, ժամանակ, խտացիր, դարձիր մի անոթ, որն իր մեջ առնի միայն մեզ, երկուսիս։ Այդ դեպքում հենց անոթի մեջ էլ կկտրենք կանցնենք փողոցը, և այն տեղը, ուր կհայտնվենք, կլինի մեր նոր անկողինը։
Բայց իրականում ոչ ես ու ոչ էլ դիմակը չգիտեինք քո բուն մտադրությունը։ Այնքան չդիմադրելով, որ տպավորություն է ստեղծում, թե սպասում էիր հենց դրան, դու ընդունեցիր իմ պարզունակ քայլերը, նախ հրավիրեցի սուրճ խմելու, հետո՝ ճաշի, բայց․․․ միառժամանակ դիմակը լավատեսորեն համոզված էր, թե ամեն ինչ զարգանում է ծրագրին համապատասխան․․․ բայց քո այդքան վճռական դիրքորոշումը, ասես քո գիտակցության բոլոր աղյուսիկները արդեն ամրացրել էին շաղախով, դիմակին դարձյալ ստիպեցին վախենալ և հուսահատվել։ Դու, իհարկե, սոսկ բարեհամբույր չէիր։ Քանզի համաձայնել էիր լինել գայթակղված, անբարեհամբույր լինելդ կապացուցեր միայն, թե դու չափից ավելի ես մտածում արգելված պարսպի մասին, և դու, ընդհակառակը, կդառնայիր ավելի մատչելի։ Բայց դու բավականին փափուկ էիր, ու չէիր մոռանում նրբանկատ հոգատարության մասին։ Դու անհամարձակ չէիր, քեզ պահում էիր անկաշկանդ, բնական ու ազատ։ Մի խոսքով, ոչնչով չէիր տարբերվում նրանից, որպիսին սովորաբար կայիր, դու՝ դու էիր։
Եվ քո այդ անփոփոխությունը դիմակին շփոթեցրեց։ Ի վերջո, որտե՞ղ կթաքցնես հալված անուշի պես ծորուն, գայթակղություն ակնկալող մարդու շնչառությունը։ Նրա փայլատակող հայացքը, ներքին կրակով վառվող աչքերը, սպասման պատճառով ծայր առած հուզմունքը։ Կլոր ճաշասեղանի եզրից ջղաձղորեն կառչած, մենք նման էինք արևային ժամանակի էջերի մեջ սեղմված խատուտիկի տափակած ծաղիկի։ Եվ այն, որ ագահորեն թուքս կուլ տալով, ես կառչում եմ արգելված պարսպից և սպասում այն պահին, թե երբ եմ քեզ հետ միասին մասնակցելու դրա խորտակմանը՝ մի՞թե դա եղել է դիմակի սոսկ ինքնագոհ երևակայությունը։ Ահա թե ինչու ճաշի ավարտը միևնույն ժամանակ արտասովոր հանդիպման արտասովոր ավարտը դարձավ։
․․․Սպասավորը լուռ, ինչպես և պահանջում էր կարգը՝ ասես բացակայելով, հավաքում էր սեղանը։ Գավաթների ջրի մակերևույթը թրթռաց, հավանաբար մետրոյի գնացք անցավ։ Բացահայտ անհամբերությամբ դիմակը շարունակում էր անիմաստ շաղակրատանքը, իսկ բոլոր հարմար առիթներով ջանում էր արանքներում սեռային զուգահեռներ ծնող բառեր խցկեր Բայց դու ոչ մի կերպ չէիր արձագանքում, ո՛չ դրական ու ոչ էլ բացասական առումով։ Աչքի պոչով հետևելով դիմակի շփոթվածությանը, ես նենգորեն ծափահարեցի և միաժամանակ ափսոսացի, որ ոչ մի կերպ չի հաջողվում քեզ բռնացնել անհավատարմության մեջ։
Սակայն այս բոլորը տևեց հազիվ քսան րոպե, իսկ հետո, երևի հիշում ես, դիմակը դուրս գալով ընդարմարած վիճակից, ոտքը առաջ պարզեց, և նրա կոշիկի քիթը դիպավ քո կոշիկին։ Դեմքիդ վրայով հազիվ նկատելի մի հուզմունք անցավ։ Հայացքդ պաղեց տարածության մեջ անորոշ մի կետի վրա։ Հոնքերիդ միջև մի կնճիռ հայտնվեց։ Շուրթերդ դողացին, բայց դու անվրդով մի ներողամտությամբ, ինչպես առավոտյան լույսն է աստիճանաբար նվաճում գիշերային երկինքը, դիմակից ընդունեցիր այդ անպտուղ ջանքերը։ Դիմակին ծիծաղ համակեց։ Որևէ ելք չունենալով, այդ ծիծաղն ասես լիցքավորվեց էլեկտրականությամբ և կաթվածահար արեց դիմակին։ Այս անգամ կարծես նրան հաջողվեց կրակել որսի վրա։ Մի խոսքով, կարելի է չանհանգստանալ։ Կոշիկի քթի միջոցով հաղորդվող քո զգացումների վրա կենտրոնանալով, դիմակը նույնպես լեզուն խածնեց և հաճույքների տրվեց լուռ զրույցով։
Հիրավի՛, անկաշկանդ շաղակրատանքը շարունակելը վտանգավոր բան էր։ Օրինակ, մի զարմանալի միաբանությամբ խոսք բացեցինք այգու ծառերի մասին։ Երկուսս էլ հանկարծ խոսեցինք երեխաներ չունեցող կանանց մասին։ Պատկերավոր արաահայտություններում և համեմատությունների մեջ ակամայից սկսեցի քիմիական բառաեզրեր գործածել. բայց եթե այդքան անզգույշ լինեմ, հանցանշաննեոի մի վիթխարի սար կհայտնվի, հանցանշաններ, որոնք կմատնեն դիմակին։ Ինձ թվում է, որ մարդը իր սեփական կեղտաթորանքներով շատ ավելի է աղտոտում կյանքը, քան շունը կկանգներ այս կամ այն սյան մոտ։
Բայց դաժան մի հարված հասցվեց ինձ։ Իմ ուղեղին չէր պառկում, թե ինչպիսի անվրդովությամբ էիր թույլ տալիս քեզ գայթակղել, բայց ես հիանալի պատկերացնում էի, թե ինչքա՜ն գրավիչ բան էր դա դիմակի համար․ ահա թե ինչն էր ինձ համար սոսկալի մի հարված։ Բայց քո կոճիկին քսվող իմ ոտքը՝ իսկապես իմն էր, և ես դա հստակորեն էի գիտակցում։ Եթե չկենտրոնանամ ուժերիս ներածին չափ, ապա կստանամ սոսկ անուղղակի, չկիզակետված տպավորություններ, որոնք կնմանվեն երևակայությունից ծնված հեռավոր իրադարձությունների․ թե մերժված եմ դեմքիս կողմից, ապա մերժված եմ նաև մարմնիցս։ Ես նախազգում էի այդ, բայց բավական էր ընդհարվել նման մի փաստի, և ցավից ամբողջ էությունս տակնուվրա էր լինում։ Եթե այս ամենը ինձ հետ տեղի է ունենում կոճիկի պաճառով, ապա կկարողանա՞մ արդյոք տիրապետել ինքս ինձ, երբ հասկանամ, որ քո ամբողջ մարմինն է մատչելի դարձել։ Կկարողանա՞մ արդյոք դիմադրել դիմակս պոկելու մղումին։ Կկարողանա՞մ արդյոք շարունակ ավելացող ճնշման պայմաններում պահպանել մեր գերիրապաշտական եռանկյունու ձևը, որն առանց այն էլ լարված է մինչև վերջ․․․
Ատամներս սեղմած ի՜նչ դժվարությամբ դիմացա այդ չարչարանքին էժանագին հյուրանոցի սենյակում։ Առանց դիմակս պոկելու, առանց քեզ խեղդելու, ես ինքս ինձ կապեցի ծղոտե կոպիտ ճոպանով, խոթեցի պարկի մեջ, որի վրա երկու անցք կար միայն նայելու համար, և ստիպված նայում էի, նայում թե դու ինչպես ես տալիս։ Անօգնականության աղաղակը չարացավ իմ կոկորդում։ Շա՜տ հեշտ բան է։ Չափից դուրս հեշտ․․․ Մեր հանդիպումից հինգ ժամ էլ չի անցել․ ի՜նչ հեշտ բան է եղել․․․ Գոնե ձևի համար դիմադրեիր․․․ Ի դեպ, իսկ քանի՞ ժամ դիմադրելը ինձ կդոհացներ։ Վե՞ց․․․ Ցո՞թ․․․ Ո՞ւթ ժամը․․․ Ինչպիսի՜ հիմարություն, ի՜նչ ծիծաղելի դատողություններ են․․․ Քո անառակությունը այնպես էլ մնում է անառակություն, անկախ նրանից, թե հի՞նգ, հիսո՞ւն, թե՞ հինգ հարյուր ժամ կդիմադրեիր․․․
Հապա ինչո՞ւ վերջ չտվեցի այդ արատավոր եռանկյանը։ Վրեժխնդրությունի՞ց։ Հնարավոր է։ Նաև այդ էր պատճառը․․․ Կային, անշուշտ, ուրիշ դրդապատճառներ ևս․․․ Եթե միայն վրեժխնդրությունը լիներ, ապա թերևս ամենից ճիշտ վարված կլինեի, եթե տեղնուտեղը դեմքիցս պոկեի դիմակը։ Բայց վախեցա։ Ամենից շատ վախեցա դիմակի դաժան արարքներից, որոնք անողոքաբար շուռ էին տալու, խորտակելու էին իմ ամբողջ հանգիստ կյանքը, և այս ամենից զատ շատ ավելի սոսկալի էր վերադարձը դեպի ճգնավորական այն օրերը, երբ ես դեմք չունեի։ Վախը սնունդ էր տալիս վախին, և ես ոտքը կտրած թռչունի պես, որ գետնին իջնելու ճար չուներ, ստիպված էի սավառնել ու սավառնել։ Բայց դա էլ դեռ քիչ էր․․․ Եթե ես իսկապես ուժ չունեմ այդքանը կրելու, ուրիշ մի ելք էլ կա. դիմակը ողջ է մնում և սպանում է քեզ․․․ Քո անհավատարմությունը անհերքելի է, բայց, բարեբախտաբար, դիմակովես ալիբի ունեմ, անհավատարմությունը լուրջ հանցանք է․․․ դիմակը միանգամայն կարող է իրեն բավարարված զգալ․․․
Բայց ես այդ էլ չարեցի։ Ինչո՞ւ։ Երևի այն պատճառով, որ չէի՞ ուզում քեզ կորցնել։ Չէ՛, հատկապես չցանկանալով կորցնել քեզ՝ ես բավականին հիմքեր ունեի սպանության համար։ Անիմաստ է խանդի մեջ բանականություն որոնելը։ Տե՛ս, թե ինչ է տեղի ունենում. այն ժամանակ դու համառորեն հեռու էիր քշում ինձ, չէիր նայում իմ կողմը, իսկ հիմա փռված պառկել ես դիմակի տակ։ Ափսոս, որ լույսը մարած էր, և ես ամեն ինչը չէի կարող տեսնել սեփական աչքերով, բայց․․․ քո կզակը, ուր զարմանալի կերպով կենակցում էին հասունությունն ու խակությունը․․․ թևատակիդ մուգ խալը․․․ կույր աղին կտրելուց հետո մնացած սպին․․․ հետո գանգուր մազերի փոքրիկ փունջը․․․ Այս ամենը անարգանքի էր ենթարկվել, այս ամենին տիրել են․․․ Եթե միայն իմ ուժերից վեր չլիներ, ես կուզենայի քեզ ամբողջությամբ տեսնել ցերեկային պայծառ լույսի տակ։ Դու տեսար ու հեռու քշելով, մերժեցիր վխտացող տզրուկներին, դու տեսար և ընդունեցիր դիմակին և ուրեմն, իրավունք չէիր ունենա զայրանալու, թե նաև քեզ տեսան։ Բայց լույսի կարիք ես չէի զգում։ Նախ, այդ դեպքում չէի կարող հանել ակնոցս։ Եվ ամենից գլխավորը. իմ մարմնի վրա նույնպես տարբեր նշաններ կային. ազդրիս վրայի սպին, որ մնացել էր այն հեռավոր օրերից, երբ միասին դուրս էինք գալիս դահուկ քշելու, և էլի շատ ուրիշ նշաններ, որոնց մասին ես չգիտեմ, իսկ դու, անտարակույս, գիտես․․․
Աչքերիս փոխարեն ես զինվորագրեցի այն ամենը, ինչ կարող է, ընդունակ է զգալու. ծնկներս, ձեռքերս, ափերս, մատներս, լեզուս, քիթս, ականջներս․․․ և այդ ամենը մեկտեղ նետեցի գրոհի՝ քեզ ունենալու, քեզ տիրելու համար։ Առանց թույլ տալու, որ իզուր կորչի այն, ինչը գալիս էր քո մարմնից և ծառայում որպես ազդանշան՝ շնչառությունդ, հառաչանքդ, հոդերիդ շարժումը, ձայնալարերիդ ջզաձգումները։
Այնուհանդերձ, չէի ուզենա դառնալ մի սովորական դահիճ։ Ես լրիվ քամվել եմ, չորացել եմ և միաժամանակ պետք է հանդուրժեմ այս անառակությունը, պետք է դիմանամ այս պայքարին։ Այսպիսի հոգեվարքի մեջ մահն էլ է կորցրել իր մեջ ենթադրվող սրությունը, իսկ սպանությունը թվում է սոսկ մի պստիկ բարբարոսություն․․․ Քո կարծիքով ի՞նչն էր, որ ինձ ստիպեց դիմանալ այս ամենին։ Հավանաբար, քեզ կարող է թվալ տարօրինակ՝ քո արժանապատվությունը, որ շարունակում էիր պահպանել, թեև անարգում էին քեզ։ Թերևս, «արժանապատվությունը» հնչում է փոքր-ինչ տարօրինակ։ Չէ, դա բնավ էլ բռնություն չէր, և ոչ էլ դիմակի միակողմանի օրինազանցություն։ Դու ոչ մի անգամ և ոչ մի բանով ցույց չտվիր, թե չես ուզում, մերժում ես նրան, հետևաբար, ավելի շուտ քեզ պետք է մեղսակից համարել։ Իսկ երբ մեղսակիցը արժանապատվորեն է իրեն պահում գործընկերոջ հետ, անպայման ծիծաղելի է թվում։ Ավելի ճիշտ կլիներ, թերևս, ասել, որ դու ինքդ իր վրա վստահ մեղսակցի տեսք ունեիր։ Ուստի, ինչպիսի խիզախությամբ էլ որ պայքարեր դիմակը, միևնույն է, չէր կարող դառնալ ցոփ, էլ չասենք բռնացող։ Դու մնացել էիր տառացիորեն անմատչելի։ Բայց փաստը մնում է փաստ. դու անառակ ես ու անհավատարիմ։ Եվ փաստը մնում էր փաստ՝ խանդը եռում էր իմ մեջ, ինչպես կաթսայում քլթքլթում է եփվող կուպրը, ինչպես անձրևից հետո խողովակից քուլա-քուլա ելնող ծուխը, ինչպես տաք հանքային ջուրը, որ եռում է ցեխի հետ։ Բայց տեղի ունեցավ չնախատեսվածը, անմերձենալի կեցվածք ընդունելով, դու, ի վերջո, չենթարկվեցիր դիմակին, և այս հանգամանքը ապշեցրեց ու ցնցեց ինձ։
Չէի ասի, որ կարողացա մինչև վերջ ըմբռնել, թե ի՞նչն էր քեզ ստիպել առանց վարանելու գնալ շնանալու։ Երևի, համենայն դեպս, ոչ թե զգայականությունը։ Եթե պատճառը զգայականությունը լիներ, ապա դու պետք է ավելի բացահայտորեն սեթևեթեիր։ Բայց դու, ասես ծիսակատարության ժամանակ, սկզբից մինչև վերջ համառորեն պահպանում էիր քո անդրդվելիությունը։ Իսկապես, չեմ հասկանում։ Ի՞նչ էր տեղի ունենում քեզ հետ։ Չէի կարողանում նույնիսկ մի ակնարկ որսալ։ Շատ վատ էր նաև այն, որ պարտության աճող ու արմատակալող զգացումը մինչև վերջ, համենայն դեպս, մինչև այն պահը, որ գրվում է իմ հիշատակարանը, այնպես էլ մնաց որպես չամոքվող մի բիծ։ Մարդու ներսը խժռող այն ինքնակեղեքումը շատ ավելի սոսկալի է խանդի նոպաներից։ Թեև դիմակը դրել էի հատուկ այն նպատակով, որպեսզի վերականգնեի արահետն ու քեզ էլ կանչեի այնտեղ, բայց դու անցար իմ կողքով ու անհետացար հեռուներում։ Եվ այսպես, ինչպես առաջ, երբ դեռ դիմակ չէի դնում, ես մնացի մենակ։
Ես քեզ չեմ հասկանում։ Հազիվ թե համաձայնեիր ընդունել հրավերը լոկ այն պատճառով, որ հրավիրեցին, և հազիվ թե քեզ համար միևնույնը լիներ, թե ո՛վ է հրավիրում, վերջապես, հազիվ թե դու փողոցային կնոջ դեր ստանձնած լինեիր։ Բայց․․․ բայց ապացույցներ էլ չկան, թե հակառակն է։ Կամ գուցե դու ի ծնե բոզ էիր, և ե՞ս էի, որ այդ մասին չէի էլ կասկածում։ Չէ՛, բոզը այդքան փառահեղ երբեք չի կարող խաղալ պարկեշտ կնոջ դեր։ Եթե դու բոզ լինեիր, ապա ուրիշի սեռային քմահաճույքը բավարարելով, մարդու վրա չէիր թափի քո արհամարհանքը, նրան ինքնակեղեքման չէիր մղի։ Ուրեմն, ո՞վ էիր դու․․․ Թեև դիմակը իր ուժերի լարումով ջանում էր խորտակել արգելապատը, դու, սակայն, առանց նույնիսկ դիպնելու, սահեցիր անցար նրա միջով, ինչպես քամին կամ ինչպես ոգի․․․
Ես քեզ չեմ հասկանում։ Քո վրա կատարած հետագա փորձարկումները կունենան մի ավարտ միայն՝ իմ սեփական վախճանը։
Առավոտյան․․․ ասենք, ի՜նչ առավոտ, արդեն գրեթե կեսօր էր․․․ մինչ հյուրանոցից դուրս գալը մենք գրեթե չխոսեցինք։ Այն պատճառով, որ վախից շարունակ արթնանում էի, թե չլինի հանկարծ դիմակս պոկվի, այն երազների պատճառով, թե ինչ֊որ տեղ պետք է իբր մեկնեմ ու ճամփին կորցրել եմ տոմսակը, ես սոսկալի հոգնել էի, հոգնությունս մեխվել էր քթարմատիս, ասես մի ցից խփած լինեին։ Դիմակի շնորհիվ ես կարող էի թաքցնել հոգնությունն ու ամոթը, ինչպես և դու։ Բայց հենց նույն դիմակի պատճառով չէի կարող ոչ լվացվել, ոչ էլ սափրվել։ Անփոփոխ մնալով, դիմակը ձգել էր գիշերվա մեջ այտուցված դեմքս, իսկ աճած մազերը հանդիպելով արգելքի, որ հենց դիմակն էր, ծռվել ու նորից սկսել էին մխրճվել դեմքիս մեջ. ահավոր մի վիճակ էր։ Ընհանրապես, դիմակը նույնպես թշվառ մի բան էր։ Եվ ես շատ էի ուզում րոպե առաջ հրաժեշտ տալ քեզ ու վերադառնալ իմ ապաստարանը։
Երբ, ծխելով վերջին սիգարեթը, շարունակ ոչ շահեկան դեր խաղացող իմ իսկական դեմքը սկսեց խոսել այնպիսի նյութերի շուրջ, որոնք կարող էին խղճի խայթ ու տառապանք պատճաոել քեզ, դու հանկարծ անհամարձակ մի շարժումով ինձ պարզեցիր կապտականաչ մի կոճակ, և ես ակամա ցնցվեցի։ Դա ոչ թէ իբր գետնից գտած կոճակն էր, այլ մեկ ուրիշը։ Դա այն կոճակն էր, որ դու սարքում էիր այն ժամանակ, դեռ կես ամիս առաջ։ Հիշում եմ, ինձ զայրացնում էր քո այդ զբաղմունքը, բայց կոճակը նորից տեսնելով, ես կարծես թե քեզ հասկացա։ Արծաթե բարակ թելերը լաքե հաստ շերտի մեջ մխրճված՝ հյուսվում էին մոգական մի անկարգությամբ։ Ասես, դրանց մեջ քարացել էր քո անձայն ճիչը։ Կոճակը ինձ հիշեցրեց մոլորված մի կատու, որին սրտանց սիրում և փայփայում է ծեր ու միայնակ կինը։ Միամի՞տ բան եմ ասում։ Թերևս․․․ Բայց բավական էր, որ մտածեի, թե դա մոլեգին բողոք էր «նրա» դեմ, «նրա», որը երբեք չէր հիշել քո կոճակների մասին, և քո արարքը ինձ հրաշալի մտածված թվաց․․․ Ես ուզում էի մեղադրել քեզ, բայց դրա փոխարեն մեղադրվողը դարձա ինքս, մի խոսքով, ես սովորել էի վարպետորեն կրել իմ պարտականությունները։ Հետաքրքիր է, ո՞վ է ասել այն հիմարութ յունը, թե իբր կարելի է կնոջն ունենալ․․․
Փողոցը արևի տակ այնպես էր փայլում, ասես քրոմապատված լիներ։ Իրականը դեռևս քթիս մնացած քո քրտինքի հոտն էր։ Հապճեպորեն կարգի բերելով դեմքս, ինձ նետեցի անկողին ու արթնացա միայն լուսադեմին։ Պարզվեց, որ քնել եմ գրեթե տասնյոթ ժամ։ Դեմքս այնպես էր այրվում, ասես խարտոցած լինեին։ Բացելով պատուհանի փեղկը, նայեցի դանդաղորեն լուսավորվող, կապտավուն երկնքին ու դեմքիս խոնավ սրբիչ սեղմեցի։ Հետզհետե երկինքը սկսեց դառնալ այն կոճակի գույնի, որ դու տվեցիր ինձ։ Հետո ստացավ նավի պտուտակի տակ փրփրացող ծովի գույն։ Ինձ մի թախիծ պատեց, և ես, ցավեցնելու չափ կառչելով կրծքիս, ակամա հեկեկացի․․․ Այս ի՜նչ ապուշ մաքրություն է։ Այդ կապույտի մեջ անհնարին բան է կյանքը։ Ի՜նչ լավ կլիներ խեղդել անցյալ ու նախանցյալ օրերը այնպես, որ դրանք վերանային։ Եթե իմ ծրագիրը վերլուծելու լինենք միայն ձևի առումով, ապա չի կարելի ասել, թե այն որևէ նպատակի չի ծառայել։ Բայց ո՞վ է հավաքել դրա բերքն ու ինչպիսի՞ն է եղել այդ բերքը։ Եթե նույնիսկ եղել է բերք հավաքող մեկը, ապա այդ եղել ես միայն դու, որ առանց խպնելու խաղացիր փողոցային կնոջ դեր և, որպես վիթխարի ու շոշափելի մի ստվեր, անցար դիմակի միջով։ Բայց այստեղ հիմա մնացել է միայն երկնքի կապույտն ու դեմքի ցավը․․․ Դիմակը, որ պետք է հաղթանակողը լիներ, սեղանի վրա թվում է անհեթեթ, ինչպես անպարկեշտ մի նկար՝ այն բանից հետո, երբ վրան նայելով գոհացում ես տվել ցանկասիրությանդ։ Գուցե որպես թիրախ օգտագործեմ օդամուղ ատրճանակից կրակելու վարժություններ կատարելու համար․․․ Իսկ հետո կտոր֊կտոր կանեմ այնպես, ասես երբեք այդպիսի բան չի էլ եղե՞լ․․․
Բայց այդ ժամանակ կապույտը գունատվեց, փողոցն սկսեց ստանալ իր ցերեկային դեմքը, և իմ փոքրոգի նվնվոցը վերքի չորացած կեղևի պես պոկվեց ու ընկավ. ես կրկին վերադարձա անողոք իմ իրականությանը՝ վխտացող տզրուկներին։ Թեկուզև դիմակն այլևս չկարողանա ինձ տոնական հրավառության պես երագներ պարգևել, բայց շատ ավելի վատ էր դիմակից հրաժարվելը և առանց պատուհանի քարե տոպրակում ողջ-ողջ թաղվելը։ Երեկվանից հետո դեռ վարանում էի, բայց եթե ինձ հաջողվեր մեր եռանկյան մեջ ճշգրտորեն գտնել ծանրութ յան կենտրոնը, ապա, թերևս, այնքան էլ անհնարին բան չէր լինի ճարպկորեն պահպանելով հավասարակշռությունը, օգտագործել դիմակը։ Ինչքան էլ բուռն լինեին իմ ժամանակավոր հուզումները, ուզածդ ծրագիրն էլ մշակելու համար, անկասկած, որոշ ժամանակ է պահանջում։
Ես աճապարանքով նա խաճաշեքի և սովորականից շուտ դուրս թռա տնից։ Քանզի դարձյալ պետք է հայտնվեի «ինքս իմ», այսինքն՝ մեկշաբաթյա գործուղումից վերադարձողի դերի մեջ, այսօր, երկարատև ընդմիջումից հետո, դեմքս դարձյալ վիրակապված է։ Դուրս ելնելիս, պատուհանի արտացոլման մեջ նայեցի դեմքիս ու ապշեցի։ Ի՜նչ սոսկալի բան է․․․ Ես բոլորովին նորովի գիտակցեցի դիմակի տված ազատագրման զգացումը։ Իսկ ի՞նչ կլինի, եթե հենց հիմա էլ վերադառնամ տուն․․․ Այս միտքն ինձ խթանեց․․․ Իմ հայտնվելը քո վրա ցնցող տպավորություն կթողնի, քանզի անցած գիշերվա զգացողությունները, անպայման, դեռ ապրում են քո մարմնի մեջ։ Արժե՛, որ փորձեմ։ Բայց կկարողանա՞մ արդյոք դիմանալ, այս է խնդիրը։ Դժբախտաբար ինքնավստահություն չունեի։ Անցյալ գիշերվա զգացողությունները ապրում էին նաև իմ մեջ։ Հավանաբար, բզկտում, տանջում եմ քեզ ցասումի նոպայի Ժամանակ, որովհետև ամեն ինչ հայտնի է դարձել։ Բայց ինչքան էլ տառապեի, միևնույն է, շատ էի ուզում միառժամանակ պահպանել եռանկյունին։ Իսկ մեր հանդիպումը այն ժամանակ, երբ կլինեմ «ես ինքս» եկ հետաձգենք, մինչև որ դուրս ելնեմ սթափված արտաքին աշխարհ ու հանգստանամ։
Բայց արդյո՞ք այդ արտաքին աշխարհը արդեն սթափվել էր։ Ինստիտուտի դարպասը դեռ փակ էր։ Երբ ներս մտա կողքի դռնից, ատամի խոզանակը բերանում և ծաղկամանը ձեռքին պահակը այնպես վախեցավ, որ մի պահ լեզուն բռնվեց։ Նա շտապեց ներս նետվել դեպի նախասրահ, բայց ես նրան ձայն տալով, խնդրեցի բանալին։ Քիմիական նյութերի հոտերը ինձ այնքան սովորական էին, ինչպես ոտքիս մաշված կոշիկները։ Բայց ինստիտուտի ամայի շենքը նման էր ուրվականների կացարանի, ուր ապրում էր միայն արձագանքը, հոտերի ու ոտնաձայների արձագանքը։ Իրականության հետ հարաբերություններս վերականգնելու համար ես դռան վրա կախեցի իմ անունով տախտակն ու շտապ վրաս նետեցի ճերմակ խալաթը։ Գրատախտակին գրված էր C խմբի օգնականի կատարած փորձարկման ընթացքը։ Արդյունքը գերազանց էր։ Այս միայն անցավ մտքով, ու այլևս դրան չանդրադարձա։ Ինստիտուտի շենքում գտնվող մարդը, որը բորբոքում էր մրցակցություն և խանդ, համակված էր սնափառությամբ, ջանում էր մյուսներին շրջանցել արտասահմանյան գրականությունը առաջին հերթին ինքը ստանալու համար, գլուխ էր կոտրում մասնագետ աշխատակիցներ ունենալու խնդրի վրա, աղմուկ֊աղաղակ էր բարձրացնում փորձարկումները դրամական միջոցներով ապահովելու համար, և այս ամենի հետ մեկտեղ ջանասիրաբար աշխատում էր, աշխատանքում գտնելով կյանքի իմաստը, ոչ թե ես էի, այլ ինչ֊որ մեկ ուրիշը, որը շատ նման էր ինձ։ Ես պատկերացնում էի, թե այն մարդը, որ ես էի, նույնն է, ինչ հիմա այստեղի հոտերն էին ու ոտնաձայները․․․ Եվ դա ինձ շփոթեցնում էր։ Ուրեմն, պետք է ելակետը բոլորովին ուրիշ բան լինի։ Տեխնիկայում գոյություն ունի տեխնիկայի սեփական օրենքները, և ինչպիսին էլ լինի դեմքը, այդ օրենքների վրա ազդեցություն չի կարող ունենալ։ Օրինակ, կարելի՞ է արդյոք պնդել, թե քիմիան կամ ֆիզիկան իմաստազրկվում են, եթե քո մեջ չլինեն բոլոր մակարդակների՝ ջրային լվերի, մեդուզաների, մակաբույծների, խոզերի, շիմպանզեների, դաշտային մկների հարաբերությունները։ Իհարկե, ոչ․․․ Մարդկային հարաբերությունները սոսկ մարդկային աշխատանքի հավելումն են։ Այլապես ուրիշ ոչինչ չէր մնա անելու, քան կիսատ֊պռատ դիմակահանդեսից հրաԺարվելով ինքդ քեզ վերջ տալը։
Չէ՛, պարզապես թվում է․․․ ոչ ոք չկա, և այդ պատճառով՝ էլ հոտերն ու ոտնաձայները չափազանց հստակ են։ Ոչ ոքի դա չի անհանգստացնում։ Ճիշտ այնպես, ինչպես մաշկի վրայի փոքրիկ մի վերքը չի կարող խանգարել աշխատանքին․․․ Ինչ էլ որ ասելու լինեն, այն, ինչ այստեղ անում եմ, վերաբերում է միայն ինձ։ Արդյոք թափանցիկ կդառնա՞մ, կդառնա՞մ արդյոք անքիթ, իմ դեմքը արդյո՞ք կնմանվի գետաձիու դնչի․․․ Քանի դեռ կարող լինեմ աշխատել սարքավորման հետ, քանի դեռ կարող լինեմ մտածելու, իմ կողմնացույցի սլաքը միշտ ուղղված կլինի այդ աշխատանքին։
Բոլորովին անսպասելի՝ մտածեցի քո մասին։ Այն կարծիքը կա, թե կանայք իրենց կողմնացույցի սլաքը կողմնորոշում են սիրո նկատմամբ։ Այսպիսի կարծիքի հավաստիությունը կասկածելի է, բայց, թվում է, կինը իսկապես կարող է բախտավոր զգալ միայն սիրով։ Հապա՛, իսկ դու հիմա բախտավո՞ր ես․․․ Հանկարծ ցանկություն ծնվեց քեզ կանչել իմ ձայնով և պատասխանը քո ձայնով լսել։ Վերցրի լսափողը և հավաքեցի թիվը, բայց երկրորդ ազդանշանից հետո նորից տեղը դրեցի։ Սիրտս դեռ պատրաստ չէր։ Ես դեռ վախենում էի։
Այնուհետև, սկսեցին հայտնվել աշխատակիցներս, և նրանցից ամեն մեկը ինձ բարևեց կարեկցանքով, որի հետ զգալի էր նաև որոշ վախ։ Թե շենքին և թե ինձ վերջապես պարուրեց մարդկային ոգին։ Չափից ավելի եմ նյարդայնանում։ Առանձնապես ոչ մի լավ բան տեղի չի ունեցել, բայց և ոչինչ վատը չի պատահել։ Եթե ինստիտուտում ինձ հաջողվել է աշխատանքը դարձնել դեպի ուրիշները տանող արահետը, իսկ թերին էլ լրացնել դիմակի օգնությամբ և վարժվել այդպիսի կրկնակի կյանքի։ Ապա դրանք իրար միացնելով, ես կարող էի դառնալ կատարյալ ու անթերի մի մարդ։ Չէ՛, դիմակը ոչ միայն իսկական դեմքի փոխարինողն է, այլ իսկական դեմքին տալիս է ուզածդ արգելված պարիսպը հաղթահարելու ֆանտաստիկ արտոնություններ, նրա դիմաց բացում է բոլոր դռները, և այդ պատճառով հարկադրված կլինեմ ապրել ոչ թե մի մարդու, այլ միաժամանակ բազմաթիվ մարդկանց կյանքով։ Բայց, միևնույն է, նախ պետք է վարժվել։ Ես կհարմարվեմ, և դա ինձ համար կլինի այնքան սովորական, որքան տեղից ու ժամանակից կախված՝ հագուստը փոխելը։ Չէ՞ որ ձայնապնակը կարող է միաժամանակ ուզածդ քանակությամբ ձայն արձակել։
Օրվա ընթացքում մի աննշան միջադեպ տեղի ունեցավ։ Աշխատասրահի անկյունում շրջան կազմած մի քանի հոգի էին կանգնած. ես անտարբեր տեսքով մոտացա նրանց և կենտրոնում գտնվող երիտասարդ օգնականը փորձեց ինչ֊որ բան թաքցնել ինձնից։ Երբ հետաքրքրվեցի, պարզվեց, որ թաքցնելու բան էլ չէր։ Սովորական մի հանգանակաթերթ էր, ուր գրված էր այն մասին, թե ինչպես պետք է վճռել կորեացիների հայրենադարձվելու հարցը։ Ու չնայած նկատողություն չէի արել, նա սկսեց երկար֊բարակ ներողություն խնդրել, իսկ մյուսները շփոթված նայում էին մեզ։
․․․Պատճառն այն չէ՞ր արդյոք, որ դեմքից զրկված մարդը իրավունք չունի իր ստորագրությունը դնել հօգուտ կորեացիների։ Անշուշտ, օգնականս չարամտությունից հեռու էր, պարզապես, երևի, նկատել էր, որ հուզված եմ, և իմ նկատմամբ ունեցած խղճահարությունից վճռել էր իրեն պահել պատշաճ հեռավորության վրա։ Եթե մարդիկ երբեք էլ դեմք ունեցած չլինեին, շատ կասկածելի է, թե հնարավոր լիներ ցեղային խտրականության խնդրի գոյությունը, չիներ դա ճապոնացու, կորեացու, ռուսի, իտալացու կամ պոլինեզացու համար։ Համենայն դեպս, հապա ինչո՞ւ այդքան մեծահոգի այդ երիտասարդը տարբերություն դրեց իմ՝ դեմքից զրկվածիս, և կորեացիների միջև, որոնք ուրիշ դեմք ունեն։ Չի՞ կարելի արդյոք ենթադրել, որ երբ մարդը աստիճանական զարգացման ընթացքում հեռացավ կապիկներից, ապա այդ բանը տեղի ունեցավ ոչ թե նրա ձեռքերի ու գործիքների շնորհիվ, ինչպես սովորաբար պնդում են, այլ որովհետև նա ինքն սկսեց իրեն առանձնացնել իր դեմքով։
Այնուհանդերձ, չզայրանալով, խնդրեցի, որ ինձ էլ տան ստորագրելու։ Բոլորը երևի թեթևացած շունչ քաշեցին։ Բայց ինչ-որ տհաճ մի նստվածք, այնուամենայնիվ, մնաց։ Ինչն ինձ ստիպեց անել մի բան, որը բնավ էլ սրտովս չէր։ «Դեմք» կոչվող անտեսանելի պատը փակել էր իմ ճամփան։ Կարելի՞ էր արդյոք ասել, թե աշխարհը սթափվել էր․․․
Հանկարծ մի անհաղթահարելի հոգնածություն զգացի և ինչ-որ վայելուչ պատրվակով սովորականից շուտ գնացի տուն։ Ես դեռ չէի կարող պնդել, թե ինքնավստահ էի այնքան, որ ասես իսկական դեմքով էի, բայց դրանից ավելին ակնկալել չէր էլ կարելի։ Համենայն դեպս, իմ դեմքը վիրակապված է, և եթե ձայն չհանեմ, կարող եմ չվախենալ, թե հանկարծ կնկատես իմ հուզմունքը. ի դեպ, հուզված պետք է լինեի ոչ միայն ես։ Թերևս, շատ ավելի պետք էր անհանգստանալ, որ տեսնելով քո հուզված վիճակը, կարողանայի այնպես ձևացնել, թե ոչինչ չեմ նկատում։ Ես շարունակ յուրովի կրկնում էի, որ եթե նույնիսկ նկատեմ, որ դու սաստիկ շփոթված ես, այդ հանգամանքը չպետք է ինձ լարի, չպետք է ստիպի, որ հանկարծ կորցնեմ իմ իսկ նկատմամբ ունեցած հսկողությունը։
Բայց մեկ շաբաթվա բաժանումից հետո ինձ հանդիպելով դու ամոթի նշույլ նույնիսկ չունեցար, քո ամբողջ վարքադծում, դեմքիդ վրա ճիշտ այնպես, ինչպես մի շաբաթ առաջ, թաքնված էր մի ծաղր, և ես սկզբում գրեթե շշմեցի նման անտարբերությունից։ Թվում էր, թե ինքնաթիռ֊սառնարանով քեզ բերել էին ճիշտ այն վիճակում, ինչպիսին էիր նախքան մեկնելս։ Թերևս, իմ գոյությունը այնքան քիչ բան էր նշանակում քեզ համար, որ դու հարկ չէիր համարում ուժ վատնել գաղտնիքը պահպանելու նպատակով։ Կամ, գուցե, իսկապես, դու հրեշտակի տեսքով սատանա էիր, և հանդուգն անամոթությունը քո իրական էության մա՞սն էր կազմում։ Ի վերջո, մի քիչ սրտնեղած, ես քեզ խնդրեցի պատմել, թե ինչ նորություններ են եղել իմ բացակայության ժամանակ, և դու, առանց դեմքիդ արտահայտությունն իսկ փոխելու, անմեղ տեսքով շարունակեցիր կարգի բերել հագուստներս, միաժամանակ շատախոսելով այն երեխայի պես, որը միայնակ խաղում է խորանարդիկներով, ու պատմելով քեզ անհանգստացնող տնային գործերից, դրացիները, խախտելով ճարտարապետական վարչության հրահանգները, իրենց տան վրա մի նոր կառույց էին ուզեցել ավելացնել և իշխանությունների հետ սկսել էին գրավոր մի ճակատամարտ, իսկ նրանց երեխան շների հաչոցից անքնությամբ է տառապում, բակի ծառերի ճյուղերը հասել են փողոց ու կախվել, հեռատեսիլ դիտելիս, թերևս, արժե պատուհանը գոցել, լվացքի մեքենան շատ է աղմկում, գուցե մի նորը գնենք։ Մի՞թե դա նույն մարդն էր, որն անցալ գիշեր շատրվանի պես այդքան շռայլորեն և լիուլի ինձ հագեցնում էր իր զգացմունքներով, մի՞թե իմ առաջ հասուն, իսկակա ն կին էր կանգնած․․․ չեմ հավատում․․․ ես այնքան խիզախությամբ պայքարում եմ դեմքիս ու դիմակիս միջև եղած երկփեղկվածության դեմ, որ արդեն սկսվել էր այն բանից հետո, երբ ես գտնվում էի կատարյալ սպառազինված վիճակում, իսկ դու սառնասրտորեն դիմացել ես նույնպիսի մի երկփեղկվածության, որ քեզ համար, անշուշտ, բոլորովին անսպասելի էր․․․ զղջումի ստվեր անգամ չկա քո մեջ․․․ Ի՞նչ էր պատահել․․․ Ի՞նչ անարդար բան է․․․ Իսկ եթե քեզ հայտնեմ, որ ամեն ինչ գիտե՞մ․․․ Եթե հիմա այն կոճակը մոտս լիներ, ես լուռ կդնեի աչքիդ առաջ․․․
Բայց ինձ մի բան էր միայն մնում, ձկան պես լռել։ Դիմակի գաղտնիքը բացահայտել նշանակում էր զինաթափվել։ Չէ՛, եթե ինձ հաջողվեր քեզ իջեցնել ու հավասարեցնել իմ մակարդակին, այդ դեպքում կարելի էր նաև զինաթափվել։ Բայց, միևնույն է, հաշվեկշիռը իմ օգտին չի լինի։ Եթե նույնիսկ քո դեմքից պոկեմ երեսպաշտի դիմակդ, ապա դու այդպիսի հազարները ունես և մեկը մյուսի հետևից կհայտնվեն նորերը։ Իսկ իմ դիմակը մեկն է, և նրա տակ գտնվում է իսկական դեմքս։
Մեր տունը, որտեղից արդեն մեկ շաբաթ բացակա էի, սպունգի պես ներծծված էր սովորական առօրեականությամբ, և թե պատերը, թե առաստաղը, թե հատակի խսիրները, այդ ամենը թվում էին հաստատուն և պինդ, որոնց նրա համար, ով արդեն ճանաչել էր դիմակը, այդ ամրությունը ներկայանում էր որպես մի արգելված պարիսպ, որը նույնպես սովորական էր։ Եվ ճիշտ այնպես, ինչպես պարսպի գոյությունը ավելի շուտ՝ պայմանական էր, քան իրական, այնպես էլ առանց դիմակի իմ գոյությունը դարձավ անորսալի ու թափանցիկ, դիմակը, և կամ այն մյուս աշխարհը, որին շփվել էի դիմակի շնորհիվ, որպես իրականում գոյություն ունեցող էին ներկայանում ինձ։ Ոչ միայն մեր տան պատերն էին թվում այդպիսին, այլև՝ դու․․․ Թեև մի օր էլ չէր անցել այն պահից, ինչ ապրել էի պարտության անհուսալի զգացողությունը, որը կարելի է համեմատել միայն մահվան հետ, բայց ես արդեն զգում էի գիտակցության շնորհիվ բացահայտված քո իրական լինելու ինձ կաթվածահար անող ծարավը։ Ես սկսեցի դողալ։ Երբ խլուրդը իր բեղիկների ծայրերով չի շփվում որևէ ամուր առարկայի, սկսում է նյարդայնանալ, այդպես էլ՝ ես. ձեռքով ինչ֊որ բան շոշափելու կարիք էի զգում․․․ այդպիսի զգացողություն է ունենում թմրամոլը, որի թմրադեղը վերջացել է, թեև շատ լավ է հասկանում, որ դա ուժեղ թույն է․․․ Հավանաբար, ես արդեն սկսեցի զգալ արգելքի ախտանշանները․․․
Այլևս դիմանալ չէի կարող. ինձ համար միևնույն էր, և ես մի բան էի միայն ուզում՝ վայրկյան առաջ դեպի հետ նավարկել, նավարկել դեպի ցամաք․․․ Ես կարծում էի, թե սա մեր տունն է, բայց պարզվեց, որ դա սոսկ ժամանակավոր մի օթևան է։ Ես նույնիսկ մտածեցի, որ դիմակը ոչ թե «ժամանակավոր» դեմք է, այլ իսկական ամուր մի հող, որն ինձ ապաքինելու է ծովային հիվանդությունից։ Եվ ես վճռեցի ընթրիքից հետո անմիջապես հեռանալ, որպես պատրվակ հիշելով գործուղման պատճառով ընդհատված փորձարկումը, որն անհրաժեշտ էր ավարտել հնարավորին չափ շուտափույթ։ Ես բացատրեցիք թե դա այնպիսի փորձարկում է, որը չի կարելի ընդհատել և, հավանաբար, ստիպված կլինեմ գիշերել ինստիտուտում։ Ու թեև առաջներում նման բան չէր եղել, բայց դու ձևացրիր, թե ափսոսում ես, և նվազագույն կասկած կամ նվազագույն դժգոհություն չարտահայտվեց քո դեմքին։ Իսկապես, արժե՞ր արդյոք սրտին մոտ ընդունել ինչ֊որ մի պատրվակ, որ հորինել էր դեմքից զարկ ուրվականը՝ տնից դուրս գիշերելու նպատակով։
Իմ ապաստարանին չհասած, առանց այլևս ուժ ունենալու համբերել, ես հեռաձայնեցի քեզ.
— Նա․․․ վերադարձե՞լ է։
— Այո, բայց շուտ գնաց։ Ասաց, թե գործ ունի․․․
— Լավ է՝ դու մոտեցար։ Եթե նա վերցներ՝ լսափողը կա խելու էի։
Ես խոսում էի անփութորեն, որն իմ խենթության տրամաբանական շարունակությունն էր։ Բայց դու, փոքր֊ինչ լռելով, բարակ ձայնով ասացիր.
— Մեղքս շատ է գալիս․․․
Այդ բառերը ներծծվեցին իմ մեջ և մաքուր սպիրտի պես մի ակնթարթում տարածվեցին մարմնովս մեկ։ Եթե խորամուխ լինենք, դա քո առաջին միտքն էր, որ արտահայտեցիր «նրա» մասին։ Բայց հիմա դրա ժամանակը չէր։ Ես կխեղդվեի, եթե մի գերան կամ երկաթե տակառ չնետեին հիմա, որպեսզի հնարավոր լիներ կառչել․․․ Եթե նա իրականում գոյություն ունենար, ապա մեր գաղտնի կապը կլիներ մաքուր ամայություն։ Նա կարող էր ուզածդ րոպեին վերադառնալ, կարող էր վերադառնալ ուզածդ գործով․․․ Եվ եթե նու յնիսկ չվերադառնար, կարող էր, չէ՞, նաև հեռաձայնել։ Ցերեկով դեռ հասկանալի է։ Բայց ինչպե՞ս ես արդարացնում այսքան ուշ ժամի տնից բացակայելդ։ Կարծում էի, թե մտքովդ հատկապես նման մի բան կանցնի և դու, անշուշտ, երկընտրանքի մեջ կընկնես... Բայց դու անմիջապես, առանց վարանելու համաձայնեցիր։ Հետաքրքիր է, դու էլ, երևի, ինձնից ոչ պակաս թպրտում էիր ալիքների մեջ, շուրջդ նայելով, թե ինչի՞ց կարելի է կառչել։ Չէ՛, չէ՜․․․ ուղղակի անամոթ ես․․․ Կեղծավոր, երեսսրսշտ, լիրբ, անպատկառ, անառակ, տարփամոլ մի կին․․․ ատամներս կրճտացնելով, ես ծուռ֊ծուռ ժպտացի․․․ վիրակապերը թաքցնում էին այդ ժպիտը․․․ հետո ինձ պարուրած դողը զսպեց ատամներիս կրճտոցը և սառեցրեց ժպիտս։
Վերջապես, դու ո՞վ ես։ Ո՞վ ես դո՛ւ, որ անցար այդ ամենով՝ առանց դիմադրելու, առա՛նց կարկամելու, առա՛նց խորտակելու արգելքները, գայթակղելով քեզ գայթակղողին, անառակին ստիպելով, որպեսզի ինքնակեղեքումով տառապի, դո՛ւ, որին այնպես էլ չկարողացան անարգել։ Եվ դու ախր ո՛չ մի անգամ չուզեցիր դիմակից իմանալ ոչ անունը, ոչ ազգանունը, ոչ էլ զբաղմունքը․․․ ասես քննում էիր միայն նրա բուն էությունը․․․ Քո վարքագծի առաջ որքա՛ն են դալկանում թե՛ դիմակի ազատությունը և թե՛ նրա ալիբին․․․ Եթե վերը աստված կա, թո՛ղ քեզ դարձնի դիմակների որսորդ․․․ համենայն դեպս, դու ինձ խփեցիր․․․
Հետնամուտքի ճամփին ինչ֊որ մեկը ինձ էր սպասում։ Կառավարիչի աղջիկն էր։ Նա իրեն խոստացված յո-յոն էր ուզում։ Քիչ էր մնում պատասխանեի, բայց դա մի ակնթարթ տևեց միայն, իսկ հետո, սարսափից գլուխս կորցրած, հազիվ ինձ զսպեցի, որ չփախչեմ։ Աղջնակի հետ չէ՞ որ զրուցել էր դիմակը և ոչ թե ես։ Հազիվ տիրապետելով ինքս ինձ, կատարյալ շփոթմունքի մեջ, ես շարժումներով հասկացրի, որ չգիտեմ, թե խոսքը ինչի մասին է։ Իմ ունեցած միակ ելքը դա էր։ Անհրաժեշտ էր աղջնակին ներշնչել, թե իմ կարծիքով ինքը պարզապես շփոթել է։
Բայց աղջնակը ոչ մի ուշադրություն չէր դարձնում իմ սարքած այս ներկայացմանը և կրկնում էր ուզածը՝ յո-յո․․․ Գուցե նա շատ ավելի պա՞րզ էր մտածում, թե ինչքանով «դիմակն» ու «վիրակապերը» եղբայրներ են, ապա մեկի հետ ունեցած պայմանավորվածությունը ինքնաբերաբար տարածվում է մյուսի՞ վրա․․․ Չէ՛, այսպիսի հրապուրիչ բացատրությունը փշուրփշուր եղավ աղջնակի հետևյալ խոսքերից.
― Մի' անհանգստացեք․․ Ախր գաղտնիք-գաղտնիք ենք խաղում․․․
Մի՞թե հենց սկզբից էլ գլխի էր ընկել։ Բայց ինչպե՞ս։ Ո՞րն է եղել իմ սխալը։ Գուցե դռան ճեղքի՞ց է տեսել, թե ինչպես եմ դիմակ դնում։
Բայց աղջիկը, գլուխը կասկածանքով շարժելով, շարունակ կրկնում էր, որ չի հասկանում, թե ինչո՛ւ եմ այնպես ձևանում՝ իբր չեմ հասկանում իրեն․․․ Իմ դիմակը, հավանաբար, անընդունակ է նույնիսկ խաբել թերի զարգացած աղջնակին․․․ չէ, ընդհակառակը, թերևս, հենց այն պաաճառով, որ աղջնակը մտավոր թերզարգացած էր, ուստի և կարողացել էր տեսնել ավելի խորքը։ Ճիշտ այնպես, ինչպես դիմակս չի կարողանա խաբել շանը։ Չտրոհվող ներքին զգացողությունը շատ հաճախ ավելի սուր է լինում, քան հասուն մարդու վերլուծական հայացքը։ Բայց անշուշտ, դիմակը, որն այդքան մոտիկ գտնվելով, կարողացավ խաբել նույնիսկ քեզ, չի կարող նման թերություն ունենալ։
Չէ, այս փորձի նշանակությունը այնքան էլ հասարակ բան չէ, ինչպիսին սոսկ ալիբի ունենալն է։ Հանկարծ տեսա այս «չտրոհվող ներքին զգացողության» անհուն խորությունը և այլևս ուժ չունեցա զսպելու ինձ պարուրաձ դողը։ Նույն այդ ներքին զգացողությունը ինձ հուշեց, որ ամբողջ տարվա ընթացքում ձեռք բերած իմ փորձը կարող է մի հարվածից ցաքուցրիվ լինել․․․ Բայց, հապա՛, մտածիր, մի՞թե դա չի վկայում, որ աղջկան չի խաբել արտաքին տեսքը՝ վիրակապերը, դիմակը, և նա կարողացել է տեսնել իմ էությունը։ Այդպիսի աչքեր, իսկապես, եղել են։ Երեխայի հայացքում իմ արարքը, անկասկած, միայն կատակ կարող էր թվալ։
Թե դիմակի տաքացած պոռթկումները, թե տզրուկների պատճառած վիշտը հանկարծ անսահման չնչին բաներ թվացին ինձ, և շարժիչն անջաաած կարուսելի պես ճռռոցով պտտվող եռանկյունին սկսեց աստիճանաբար կանգ առնել։
Աղջնակին թողնելով դռան մոտ, ես ներս մտա և բերեցի նրա յո-յոն։ Նա մի անգամ էլ կամացուկ շշնջաց. «Գաղտնիք-գաղտնիք ենք խաղումս, և հետո, ճիշտ մանկան պես չկարողանալով բերանի անկյուններում թաքցնել ժպիտը, թելը մատին փաթաթեց ու ցատկոտելով ցած վազեց։ Առանց որևէ պատճառի աչքերս լցվեցին արցունքով։ Դեմքս լվալով, ես սրբեցի քսուքը, սոսնձանյութով նորից ամրացրի դիմակը, որը չգիտես ինչու ամուր չնստեց դեմքիս։ Է՜հ, մի հաշիվ է․․․ Ես անվրդով էի տխուր, ինչպես լճի մակերևույթը՝ ամպամած երկնքի տակ, բայց շարունակ ինքս ինձ կրկնում էի, թե մինչև վերջ պիտի հավատալ երեխայի աչքերին։ Ամեն ոք, ով ուզում է լրջորեն հաղորդակցվել ուրիշ մարդկանց հետ, մի ելք կա միայն՝ ամենից առաջ հետ գնալ դեպի այդ նույն ներքին զգացողությունը։
Այդ երեկո քեզ հետ ունեցած երկրորդ հանդիպումից հետո տուն գալով, վերջապես, վճռեցի սկսել այս հիշատակարանը։
Մեր մերձեցման ամենազգլխիչ պահին ես պատրաստ էի դեմքիցս պոկել դիմակը։ Ցավալի էր տեսնել, թե դու ինչպես, առանց կասկածի ստվեր անգամ ունենալու, թույլ տվեցիր, որ դիմակը գայթակղի քեզ, այն դիմակը, որին ճանաչեց նույնիսկ կառավարիչի աղջնակը։ Բացի այդ էլ՝ ես արդեն հոգնել էի։ Քեզ վերադարձնելու միջոցից դիմակը վերածվել էր քողարկված կինոխցիկի, որն ինձ օգնում էր համոզվելու քո դավաճանության մեջ։ Ես դիմակ սարքեցի՝ ինքս ինձ վերածնելու նպատակով, բայց մեջտեղ գալուն պես, նա պոկվեց ձեռքիցս՝ մերթ հաճույքով փախչելով ինձնից, մերթ չարանալով, որ կանգնած եմ իր ճանապարհին։ Եվ միայն դո՛ւ, որ հայտնվեցիր մեր միջև, մնացիր անմասն։ Ի՞նչ կլիներ, եթե թույլ տայի, որ դեպքերը շարունակվեին այդպես զարգանալ։ «Ես» ամեն հարմար պահի կփորձեի սպանել դիմակին, իսկ «դիմակը», դիմակ մնալով, ասես ամեն կերպ կփորձեր հետ պահել վրեժխնդրությունից։ Նա, օրինակ, կհամոզեր, որ քեզ սպանեմ․․․
Ի վերջո, եթե չէի ուզում սրել իրավիճակը, ուրիշ որևէ բան չէր մնում, քան եռակողմ համաձայնության գալով, որին պետք է մասնակցեիր նաև դու՝ վերանայել ստեղծված եռանկյունին։ Իմ այս հիշատակարանը գրելու դրդապատճառը հենց դա է․․․ Դիմակը սկզբում արհամարհանքով վերաբերվեց իմ այս վճռին, բայը ոչինչ անել չէր կարող և սկսեց լուռ ծաղրել ինձ․․․ այդ օրից ի վեր անցավ գրեթե երկու ամիս։ Մենք ևս մի տասը անգամ հանդիպեցինք, բայց միշտ ինձ չարչարում էր վերահաս բաժանման միտքը։ Սրանք դատարկ խոսքեր չեն։ Ինձ իսկապես չարչարում էր այդ միտքը։ Հաճախ ընկնում էի հուսահատության մեջ և քիչ էր մնում ընդհանրապես ընդհատեի հիշատակարանս։ Ես դեռ հույս ունեի, թե հրաշք պիտի տեղի ունենա, և մի առավոտ էլ արթնանալով, տեսնելու եմ, որ դիմակը ամուր կպել է դեմքիս, դարձել իմ իսկական դեմքը։ նույնիսկ փորձում էի հենց դիմակով էլ քնել։ Բայց հրաշքը տեղի չէր ունենում։ Եվ ես շարունակեցի գրել․․․ ուրիշ ելք չունեի։
Այդ օրերին ինձ ամենից շատ ոգևորում էր աղջնակին հետևելը, որը կողմնակի աչքերից հեռու, հետնամուտքի այդ խուլ անկյունում թաքնված՝ խաղում էր իր յո-յոյի հետ։ Ահավոր մի դժբախտության ծանրության տակ և չգիտակցելով, թե դա դժբախտություն է՝ ինչքա՜ն բախտավոր էր նա սովորական մարդկանցից, որոնք տառապում էին իրենց դժբախտությունների ձեռքին։ Գուցե դա բնազդն էր, և նա որևէ բան կորցնելուց չէր վախենում։ Եվ ես էլ այդ աղջնակի պես, ուզում էի իմ կորուստներին դիմանալու ընդունակություն ունենալ։
Այսօրվա լրագրում բոլորովին պատահաբար, տարօրինակ դիմակների լուսանկւսրներ տեսա։ Կարծես ինչ֊որ վայրենի ցեղերի դիմակներ էին։ Դեմքով մեկ անցնող ակոսները, որոնք ասես պարանի հետքեր լինեին, երկրաչափական պատկեր էին կազմել։ Հարյուրոտնուկի նման քիթը՝ դեմքի կենտրոնում գալարվելով, հասնում էր գրեթե մազերին։ Կզակից կախված էին ինչ֊որ անհասկանալի առարկաներ։ Տպագրությունը մաքուր չէր, բայց ես հմայվածի պես անթարթ զննում էի լուսանկարը։ Երկփեղկվելով, լուսանկարի վրա հայտնվեց վայրենու դաջված դեմքը, հետո դուրս լողացին չադրայով ծածկված արաբուհիներ, և ես հիշեցի ինչ֊որ մեկից լսած «Պատմություններ Գենձիի մասին» վեպի կանանց, որոնք համոզված էինէ թե անծանոթի դիմաց դեմքը բացելը նույնն է, ինչ իրենց ազդրամիջի ամոթույքը մերկացնելը։ Եվ ոչ թե ինչ֊որ մեկից, այլ քեզնից․․․ Այդ մասին դիմակը լսեց մեր հանդիպումներից մեկի ժամանակ։ Ի՞նչ անհրաժեշտություն կար այդպիսի խոսակցություն բացելու․․․ Այն կանայք համոզված էին, թե տղամարդուն կարելի է ցույց տալ սոսկ մազերը, և նրանք նույնիսկ մեռնելիս՝ կիմոնոյի թևքերով ծածկում էին իրենց դեմքը։ Ջանալով գուշակել մտքինդ, ես շատ եմ մտածել իրենց դևմքը ծածկող կանանց մասին, և հանկարծ, իմ հայացքի առջև փռվող փաթեթի պես բացվեց այն ժամանակը, երբ դեռ չկային դեմքերը։ Ես ապշած էի։ Ուրեմն, դեռևս վաղեմի ժամանակներում դեմքը չի եղել այն, ինչը ի ցույց են դնում, և միայն քաղաքակրթությունն է դեմքի վրա ուղղել պայծառ մի լույս, և այդպիսով դեմքն առաջին անգամ դարձել է մարդու հոգի․․․ Իսկ եթե դեմքը պարզապես գոյություն չի ունեցել, այլ ստեղծվել է, կնշանակի, որ ես, ձեռնարկելով դիմակ սարքելու գործը, իրականում ոչ մի դիմակ էլ չեմ սարքել։ Սա իմ իսկական դեմքն է, իսկ այն, ինչ համարել են իսկական դեմք, իրականում եղել է դիմակ․․․ Լավ, բավական է, հիմա արդեն միևնույն է․․․ Թվում է, դիմակը նույնպես ուզում է հաշտվել ինձ հետ, այնպես որ, թերևս, կարելի է այսքանով էլ եզրափակվել, չէ՞․․․ միայն թե հետո, եթե հաջողվի, կուզենայի լսել նաև քո խոստովանությունը․․․ չգիտեմ, թե այդ ամենը մեզ ո՛ւր կհասցնի, բայց կարծում եմ խոսելու բան դեռ կունենանք։
Երեկ մեր վերջին հանդիպման համար քեզ տվեցի հատակագիծը, որպեսզի հեշտությամբ կարողանաս գտնել իմ ապաստարանը։ Մեր պայմանավորված ժամը մոտենում է։ Արդյոք որևէ բան չե՞մ մոռացել։ Ասենք, միևնույն է, այլևս ժամանակ չկա։ Դիմակը ցավով ու ափսոսանքով բաժանվեց քեզնից։ Այն կոճակը դիմակինն է. եկ, ուրեմն, երկուսին միասին թաղենք։
Այսպիսով, դու արդեն այս ամենը կարդացիր։ Բանալին մոխրամանի մոտ է. ես ուզում եմ, որ դու բացես զգեստապահարանը։ Ճիշտ քո դիմաց կտեսնես ռետինե կոշիկներ, իսկ ձախ կողմում՝ դիմակի մնացորդն ու կոճակը։ Ինչ ուզում ես՝ արա դրանք. հանձնում եմ քո տնօրինությանը։ Մինչև վերադառնալդ արդեն տանը կլինեմ։ Ամբողջ հոգով հույս ունեմ, որ, երբ վերադառնաս, դեմքիդ կլինի այն սովորական արտահայտությունը, ասես ոչինչ էլ չի պատահել․․․
Գորշ տետրակի վերջին էջերին ինձ համար կատարած մի քանի նոթագրություն.
․․․Ես քեզ սպասում էի։ Պարզապես սպասում էի բոլորովին անզգա մի վիճակում, ինչպես դաշտում ծլած մի ընձյուղ, որին ամբողջ ձմռան ընթացքում շարունակ տրորում են և նրան մնում է մի ելք միայն՝ սպասել, թե երբ ազդանշան կտան և երբ կթույլատրեն գլուխը բարձրացնել։
Քեզ պատկերացնելով անհարմար դիրքով նստած (նույնիսկ ոտքերդ չես հասցրել պարզել) իմ այս ապաստարանում տետրակները կարդալիս, ես դարձել էի մեն-միակ նյարդով նախնադարյան մի հրեշ, և հանդարտ սավառնում էի անգույն և պարապ սպասումների մեջ․․․
Բայց տարօրինակ է, հենց նոր պատկերացրի քո կերպարանքը, իսկ հետքերը, որոնք քո մեջ թողնելու է հիշատակարանս, չգիտես ինչու, բնավ չհաջողվեց որսալ։ Ավելին, նույնիսկ բազմիցս ընթերցված այս հիշատակարանիս բովանդակությանը, որ պետք է այնքա՜ն լավ գիտենայի՝ սկզբից մինչև վերջ անգիր անելու չափ, այդ բովանդակությունը, ասես աղոտ ապակու միջից երևացող մի բնանկարի խուսափում էր ինձնից, և ես չէի զանազանում նույնիսկ այն թելը, որի շնորհիվ իմ հիշողությունները կկենդանանային։ Սիրտս սառն էր ու անզգա, և աղը դրած՝ ինչպես չորացած սիպեն։ Թերևս այն պատճառով, որ ամեն բանից ձեռ եմ քաշել, հիմա ինչքան էլ ջանամ, այլևս ոչինչ փոխել չի լինի։ Ճիշտ այդպիսի ներքին ամայություն ես զգացել եմ փորձարկումների հերթական փուլը ավարտելիս։ Եվ որքան կարևոր են եղել փորձարկումները, այնքան ավելի խորն է եղել ամայության զգացումը։
Իմ այս վիճակը մեր համարձակ խաղի արդյունքն էր. հիմա ինքդ վճռիր, ես համաձայն եմ նույնիսկ բախտախաղի։ Ես շատ լավ էի հասկանում, որ դիմակը մերկացնելու դեպքում դու քեզ վիրավորված ու ամոթահար կզգաս։ Բայց դու էլ, ախր քո դավաճանությամբ ծանր հարված հասցրիր ինձ։ Այնպես որ մենք այլևս առնելիք-տալիք չունենք։ Միևնույն է, ինձ հանդուգն պահելու ոչ մի հիմք չունեմ, և բնավ չեմ պատրաստվում քեզ կշտամբել ինչպիսին էլ որ լինի քո վերաբերմունքն ու հետևությունը այս հիշատակարանը կարդալուց հետո։ Թեկուզ վիճակը ավելի վատ է, քան մինչև դիմակի հայտնվելն էր, և թեկուզ մեր հարաբերությունները ասես սառել մնացել են սառցասարի մեջ, միևնույն է, ես պատրաստ եմ ընդունել հիշատակարանի նկատմամբ ուզածդ վերաբերմունքը, համենայն դեպս, գոնե մի որոշում կլինի։
Չէ՛, թերևս, չի կարելի բառիս բուն իմաստով դա որոշում համարել։ Բայց ելք․․․ ելք կլինի գոնե։ Դառը զղջում, հուսահատություն, պարտության զգացում, անեծք, ինքնաոչնչացում։ Ինձ պարուրած բոլոր չար մտքերը ճմռեցի և, լավ էր, թե վատ, թեթևացած շունչ քաշեցի, ասես մի շատ կարևոր ու մեծ գործ էի արել։ Չի կարելի, անշուշտ, ասել, թե չէի ուզում, որ ամեն ինչ բարեհաջող վերջանար. բայց հենց թեկուզ այն, որ նույնիսկ անկողնում դեմքիցս չպոկեցի դիմակը, այլ նախընտրեցի ամեն բան պատմել իմ այս հիշատակարանում, հենց թեկուզ այսքանը նշանակում էր, որ ճերմակ դրոշակ եմ բարձրացրել։ Ինչպիսի հետևանք էլ որ լիներ, այս ամենը շատ ավելի լավ էր, քան սիրային եռանկյունին և քաղցկեղային բջիջների պես աճող խանդով ինքնաթունավորումը։
Բայց և այնպես, եթե լավ մտածենք, չի կարելի չպնդել, թե ես որևէ բերք չեմ կարողացել հավաքել։ Ու թեև առաջին հայացքից իմ ջանքերը ապարդյուն էին, և ես ոչնչի չէի հասել, սակայն գլխովս անցած֊դարձածը ինձ համար անհետևանք չէր մնացել։ Համենայն դեպս, հենց այն, ինչը հասկացել էի, որ իսկական դեմքը սոսկ անկատար դիմակ է, մի՞թե արդեն իսկ վիթխարի նվաճում չէ։ Թերևս չափազանց լավատես եմ եղել, բայց իմ այդ ըմբռնումը ինձ համար դարձել էր մի մեծ ուժ, և ինձ թվում էր, որ եթե դատապարտված եմ հավիտյանս հավիտենից գամված մնալու չհալվող սառցի սարին, ապա այդ սառույցի մեջ կարող եմ գտնել մի նոր կյանք և արդեն երկրորդ անգամ կփորձեմ զուր ջանքեր չթափել․․․ Բայց այս ամենի մասին շատ ավելի լավ է մտածել հանգիստ վիճակում, այն բանից հետո, երբ դու զինաթափվելու և հանձնվելու պայմանները ձեռքիդ վերադառնաս։ Հիմա, համենայն դեպս, ինձ մի բան էր մնում միայն՝ սպասել։
Ինչպես թելերը կտրած մի խամաճիկ, ես անօգնական փռվեցի հատակին, իմ ուզածը մի բան էր միայն՝ հնարավորին չափ նվազեցնել ժամանակի հոսքի նկատմամբ ունեցած դիմադրությունս։ Հարևան տան և պատուհանի շրջանակով երկնքից կտրված լուսավոր ուղղանկյունին բանտային պարիսպ էր թվում։ Ես նրանից չէի կտրում հայացքս, ջանալով ինքս ինձ համոզել դրանում։ Եվ այն միտքը, թե կալանավորը միայն ես չեմ, թե ամբողջ աշխարհը վիթխարի մի բանտ է՝ համապատասխանում էր իմ այն ժամանակվա վիճակին։ Շարունակեցի մտածել. ամեն ոք ջանում է դուրս պոկվել այս աշխարհից։ Բայց մարդու դեմքը, իսկական դեմքը, որ դարձել էր պոչի պես ավելորդ, անսպասելի կերպով վերածվեց շղթաների, և չկա մեկը, ում հաջողվի դուրս պրծնել, ազատվել։ Իմ խնդիրը այլ է․․․ Ես միակ մարդն եմ, ում թեկուզ մի կարճ պահով հաջողվեց պարսպից այն կողմ գտնվող կյանքի համն առնել։ Ճիշտ է, ես չդիմացա չափազանց ծանր մթնոլորտին և տեղնուտեղը ետ դարձա։ Բայց ճանաչեցի այդ կյանքը։ Եվ եթե չժխտենք պարսպից այն կողմի կյանքը, ապա իրենից սոսկ անկատար դիմակի մանրակերտ ներկայացնող իսկական դեմքը գերազանցության որևէ զգացում չի առաջացնում։ Հիմա, երբ դու լսեցիր իմ խոստովանությունը, կարծում եմ, գոնե սրա դեմ առարկություն չես ունենա։
Բայց երկինքը ծածկող բետոնե պատի գույնը ա ստիճանարար փոխվելու և խավարի մեջ հալվելու հետ ինձ պարուրեց անհաղթահարելի մի չարություն. ո՞ւմ են հարկավոր անողոքաբար ընթացիկ ժամանակից վերացարկվելու բոլոր ջանքերը։ Մինչև որտե՞ղ կարդացիր․․․ Դժվար չէ ենթադրել, եթե հայտնի լինի, թե միջին հաշվով քանի թերթ կարելի է կարդալ մեկ ժամվա ընթացքում։ Ենթադրենք, րոպեում մեկ թերթ, ուրեմն՝ վաթսուն թերթ․․․ այն ժամանակից ի վեր անցել է չորս ժամ քսան րոպե, հետևաբար, ուր որ է ավարտելու ես։ Բայց դու, իհարկե, շեղվել ես, չես կարողացել նորից չկարդալ որոշ հատվածներ։ Եղել են պահեր, երբ ատամներդ սեղմած, ասես ծովի վրա ճոճքի ժամանակ, ստիպված հաղթահարել ես ինքդ քեզ։ Բայց, ինչքան էլ ընդհատած լինես ընթերցանությունը, միևնույն է, քեզ հարկավոր կլինի մեկ ժամից ոչ ավելի․․․ Այստեղ, առանց պատճառի վեր ցատկեցի, և տեղնուտեղը մտքովս անցավ, որ ընդհանրապես ելնելու որևէ հարկ չկար։ Բայց դարձյալ պառկելու ցանկությունս կորել էր։ Ելա, լույսը վառեցի և սալօջախին դրեցի թեյամանը։
Խոհանոցից վերադառնալիս, անսպասելիորեն զգացի քո հոտը։ Հավանաբար շպարիդ հոտն էր, որ ինձ էր հասել ննջարանում, հենց դռան մոտ դրված հարդարանքի սեղանից։
Սիրտս խառնեց․․․ այդպես սովորաբար լինում է, երբ կոկորդիդ խորքը յոդ են քսում։ Երևի, մեջտեղ եկող տզրուկների ակնթարթային հակազդեցությունն էր։ Բայց արդեն մի անգամ խաղացած լինելով դիմակների ներկայացման մեջ, իրավունք ունեի՞ արդյոք զզվելու ուրիշների օգտագործած շպարից։ Պետք է ավելի հանդուրժող լինել։ Մեկընդմիշտ պետք է վերկանգնեմ շպարվելու և կեղծ մազերի նկատմամբ երեխայական իմ նախապաշարմունքներից։ Հետևելով այն կերպին, որը կիրառում են օձերից զզվելու ախտից բուժվելու համար, ես որոշեցի իմ ամբողջ ուշադրությունը կենտրոնացնել շպարվելու հոգեբանության վրա։ Շպարվելու արվեստը․․․ Դեմք պատրաստելու ձգտումը․․․ բնականաբար, այն իրենից ներկայացնում է իսկական դեմքի բացասում։ Խիզախ ջանք է դեմքի արտահայտությունը փոխելով, փորձել գոնե մի քայլ մոտենալ ուրիշ մեկին։ Բայց երբ շպարվելը սպասված արդյունքն է տալիս․․․ կարո՞ղ է արդյոք կինը այդ դեպքում խանդի զգացում ունենալ իր շպարի նկատմամբ։ Այդպիսի բան ոնց որ թե չեմ նկատել․․․ և ի՛նչն է տարօրինակը․․․ ինչո՛ւ նույնիսկ ամենախանդոտ կինը ոչ մի վերաբերմունք չի ունենում իր դեմքով հրապուրված օտար մարդու նկատմամբ․․․ Երևակայության խեղճությանն, թե՞ ինքնազոհաբերման ոգու պատճառով․․․ բայց գուցեև թե՛ ինքնազոհողության և թե՛ երևակայության առատությունի՞ց, որը թույլ չի տալիս պարզել քո և օտար մարդու միջև եղած տարբերությունը․․․ Այս ամենը թիրախին չէին դիպչում և չէին ապաքինում շպարի նկատմամբ ունեցած զզվանքից։ (Հիմա, իհարկե, ամեն բան ուրիշ է։ Հիմա, կարծում եմ, այսպես կշարունակեի։ Կանայք ընդունակ են խանդելու իրենց շպարին, հավանաբար, այն պատճառով, որ ներքին զգացողությամբ համոզվում են իսկական դեմքը արժեքազրկվելու մեջ։ Մոռանալով սեփականության մասին, նրանք բնազդաբար զգում են, որ իսկական դեմքի արժեքը սոսկ այն ժամանակների վերապրուկ է, երբ ժառանգական սեփականությունը հասարակության մեջ գրավելիք դիրքի գրավականն էր։ Գուցե այս պարագան ապացուցում է, թե նրանք տղամարդկանցից շատ ավելի իրապաշտորեն և խելամտորեն են վերաբերվում իսկական դեմքի հեղինակությանը։ Ճիշտ է, նույն այդ կանայք արգելում են շպարվելը, երբ խոսքը վերաբերում է երեխաներին։ Գուցե նրանց հոգում ինչ-որ մի տեղ բույն է դրել տագնա՞պը։ Բայց միևնույն է, պատասխանատվությունն ընկնում է ոչ այնքան կանանց մեջ ինքնավստահության բացակայության, որքան տարրական կրթության պահպանողականության վրա։ Երբ սովորողների գիտակցության մեջ դպրոցական նստարանից ավանդվի շպարվելու օգտակարության մասին որևէ պատկերացում, ապա, բնականաբար, տղամարդիկ ևս շպարվելը կընկալեն առանց ընդվզումի․․․ Լա՛վ, արդեն բավական է․․․ Ինչքան էլ հնարավոր բացատրություններ տայի՝ վերջին հաշվով դրանք կլինեին դատապարտվածի խղճուկ արդարացումներ։ Համենայն դեպս, մի բան պարզ է, որ նույնիսկ դիմակը ի վիճակի չէ ապաքինել իմ գարշանքը շպարվելու նկատմամբ)։
Փոքր-ինչ ցրվելու համար միացրի հեռատեսիլը։ Երբ մարդու բախտը չի բերում, ուրեմն՝ չի բերում. արտասահմանյան քրոնիկոն էին ցուցադրում։ Հաղորդումը ամերիկյան նեգրերի ցույցերի մասին էր։ Պատառոտված շապիկով թշվառ նեգրին գետնով քարշ էին տալիս սպիտակամորթ ոստիկանները։ Իսկ հաղորդավարը գործարար երանգով բացատրում էր,
― Երկարատև սև ամռան շեմին այդքան անհանգստություններ պատճառող ցեղային անկարգությունները Նյու Յորքում հանգեցրին այն բանին, ինչ նախագուշակում էին բանիմաց անձինք։ Հառլեմի փողոցները հեղեղել են նեգր ու սպիտակամորթ շուրջ հինգ հարյուր սաղավարտավոր ոստիկաններ։ Ինչպես 1943 թվականի ամռանը, հիմա էլ նախազգուշական միջոցներ են ձեռնարկվել։ Մի քանի եկեղեցիներում կիրակնօրյա ժամերգությունների հետ միաժամանակ կազմակերպվում են բողոքի համաժողովներ։ Թե ոստիկանները և թե Հառլեմի բնակիչները իրար են նայում ատելությամբ ու անվստահությամբ։
Ցավի ու թախծի նողկալի մի զգացում պարուրեց ինձ, ասես ատամներիս արանքում ձկան մի սուր փուշ մնացած լիներ։ Անշուշտ, իմ և նեգրի միջև ոչ մի ընդհանուր բան չկա, եթե չհաշվենք, որ երկուսս էլ ենթարկվել ենք խտրականության։ Նեգրը ճիշտ իր նման ընկերներ ունի, իսկ ես կատարելապես միայնակ եմ։ Նեգրական հարցը կարող է շատ լուրջ ընկերվարական խնդիր դառնալ, իսկ այն, ինչ վերաբերվում է ինձ, մնում է սոսկ ինձնով սահմանափակված շրջանակի մեջ և ոչ մի քայլ չի կարող դուրս գալ դրանից։ Բայց հուզումների այդ տեսարաններից իմ շունչը բռնվում էր, որովհետև հանկարծ ինձ պատկերացրի դեմքերը։ Ինչպես ես, կորցրած մի քանի տասնյակ հազար տղամարդկանց ու կանանց վիթխարի ամբոխի մեջ։ Հետաքրքիր է, նեգրերի չափ նույնպիսի վճռականությամբ մենք ևս կընդվզեի՞նք արդյոք նախապաշարումների դեմ։ Չէ, դա անհնարին բան է։ Ավելի շուտ կգզվռտեինք, քանզի գարշանք կպատճառեր մեկս մյուսի այլանդակությունը կամ էլ իրարից ով գիտե ուր կփախչեինք՝ մեկմեկու չտեսնելու համար։ Չէ, այդքանը դեռ կարելի է հանդուրժել։ Բայց, կարծեմ, ինձ պարուրել էր այդ հուզումների մասին միտքը։ Առանց որևէ տեսանելի անհրաժեշտության, առաջին իսկ հարմար առիթն օգտագործելով, մեր՝ հրեշներիս այդ ամբոխը գրոհի կելներ սովորական մարդկանց դեմքերի դեմ։ Ատելությունի՞ց․․․ Կամ, գուցե, բնական դեմքը ոչնչացնելով և գոնե ևս մի դիմազրկված մարդով մեր շարքերն ավելացնելու միանգամայն հասկանալի ու գործնական գաղտնի ձգտումի՞ց դրդված։ Թե առաջինը և թե երկրորդը, անկասկած, կարող էր բավարար ծանրակշիռ մղում լինել, բայց բոլորի վրա գերակշռում էր ապստամբության ջրապտույտի մեջ որպես պարզ մի զինվոր կորչելու կրքոտ մի ցանկություն։ Չէ՞ որ հատկապես զինվորն է իր բոլորովին անանուն գոյությունը պահպանում։ Թեև նա դեմք չունի, բայց այդ հանգամանքը չի խոչընդոտում պարտքը կատարելուն և, ուրեմն, գոյության իմաստը նրա համար ապահովված է։ Անսպասելիորեն պարզվում է, որ անդեմ զորամասը կատարյալ կազմավորում է։ Կատարյալ մարտական մի խումբ, որն առանց աչք թարթելու՝ ավերածություն անելու է գնում հանուն ավերածության։
Երևակայության մեջ ամեն բան կարող է հենց այդպես էլ լինել, բայց իրականության մեջ առաջվա պես միայնակ էի։ Ես, որ նույնիսկ մի թռչնակ չէի սպանել, թեև գրպանումս օդամուղ ատրճանակ ունեի։ Նողկանքով անջատեցի հեռատեսիլն ու նայեցի Ժամացույցին։ Քեզ հատկացրած ժամանակը սպառվում էր։
Եվ այդ պահին էլ հանգիստս կորավ։ Ականջ էի դնում ամեն մի քայլի, րոպեն մեկ ժամացույցին էի նայում. գարշելի զգացողություն էր, ինչպես հեղեղի ժամանակ, երբ գնալով բարձրանում է ջրի մակարդակը։ Սպասի՛ր, ոտնաձայներ եմ լսում․․․ չէ, հարևանի շունը հաչեց, երևի օտար մեկն էր։ Իսկ հիմա՞․․․ Դարձյալ ուրիշ մեկն է․․․ Քո քայլերը այդքան ծանր չեն։ Հետո ավտոմեքենա մոտեցավ, լսվեց դռան չրխկոցը, բայց, դըժբախտաբար, կանգնել էր տան հետևի նրբանցքում։ Ես ավելի ու ավելի տագնապեցի։ Վերջապես, ի՞նչ է եղել․․․ Չլինի՞ մի բան է պատահել․․․ Գուցե վթարի՞ ես ենթարկվել։ Կամ գուցե անառակի մե՞կն է քեզ հետապնդում․․․ Բայց այդ դեպքում կարող էիր գոնե հեռաձայնել․․․ Նույնիսկ դու, որ այդքա՜ն սիրում ես առարկել․․․ չէ, բաներ կան, որոնց շուրջ կատակել չի կարելի․․․ այն, ինչը տեղի ունեցավ, ծածկված է այնքա՜ն նուրբ, այնպիսի՜ բարակ կեղևով, որ չի կարելի դիպչել բառերով․․․
Եթե այսքան անհանգստանում եմ, գուցե ավելի լավ է ելնեմ քեզ դիմավորելո՞ւ։ Կարիք չկա տաք գլխով բաներ անել․․․ Թե հիմա դուրս գամ, մենք իրար չենք հանդիպի, և խնդիրն էլ այդքանով կվերջանա։ Եթե նույնիսկ կարդացել վերջացրել ես, կարող է շատ ավելի ժամանակ պահանջվել, քան ենթադրում էի՝ կարդացածը մարսելու, ինչպես նաև մտածելու համար, թե ինչպե՛ս ավելի լավ կլինի, որ պատասխանես ինձ։ Բացի այդ, դու նաև թաղելու ես դիմակը․ մի հոգս, որ թողեցի քո ուսերին։ Տետրակները կպահես որպես իրեղեն ապացույց, բայց, միևնույն է, այդ մղձավանջային երազի բոլոր հետքերը մինչև վերջ ջնջելու համար քո մեջ թանկություն ծնվեց կտոր֊կտոր անել դիմկն ու կոճակը. և դրա համար նույնպես երևի շատ ավելի ժամանակ էր պահանջվում, քան ես նկատի էի ունեցել։ Ընդհանուր առմամբ, հիմա ամբողջ հարցը ժամանակն է։ Չի բացառվում, որ դու արդեն տուն գալու ճամփին ես։ Երեք րոպեից կհայտնվես դրսի դռան առաջ և սովորականի պես երկու անգամ զանգը կտաս․․․ Մնաց երկու րոպե․․․ Եվս մեկ րոպե․․․
Չեղավ։ Մի անգամ էլ փորձեմ սկզբից։ Մնաց հինգ րոպե․․․ մնաց չորս րոպե․․․ ևս երեք րոպե․․․ երկու րոպե․․․ մեկ․․․ Ես անվերջ կրկնում, կրկնում էի այս ամենը․․․ Արդեն ժամը ինն էր, տասը․․․ սլաքները մոտենում էին տասնմեկին։ Նյարդերս լարվել ու դարձել էին պողպատե խողովակներ, որոնք զնգում էին՝ արձագանքելով փողոցի աղմուկին։ Ես քեզ հարցեր էի տալիս շշուկով։ Ուրիշ էլ ի՞նչ կարող էր պատահել․․․ ո՞ւր կարող էիր գնալ բացի տնից․․․ բայց ոչ մի պատասխան չէի ստանում․․․ Եվ դա բնական էր․․․ պատասխան չէր կարող լինել․․․ Եթե դու ճիշտ հասկացար իմ հիշատակարանը․․․
Հանկարծ սկսեցի հայհոյել։ Շարունակելով հայհոյել, ջղաձիգ շարժումներով դեմքս փաթաթեցի վիրակապերով, ու հազիվ դուռը գոցելով, նետվեցի փողոց։ Ի՛նչ եմ ձգձգում։ Եթե այդպես է, ուրեմն, պետք է, վերջապես, վճռական լինել։ Կարող է պատահել, որ արդեն ուշ լինի։ Ո՞ւշ․․․ ինչո՞ւ ուշ․․․ Ինքս էլ կարգին չգիտեի, թե ինչու օգտագործեցի այդ բառը, բայց նախազգացումներս մռայլ էին և դժբախտության ողբերգական մթնոլորտով հագեցած, ասես ինձ հալածել ու քշել էին հրեշի խորը կոկորդի մեջ։
․․․Եվ այդ նախազգացումներս իրականացան։ Մոտ տասներկուսն էր, որ հասա այն շենքին, ուր սենյակ էի վարձել։ Սենյակում լույս չէր վառվում, և որևէ նշան չկար, թե տանը մարդ կա։ Ինքնավստահության համար անխնա հայհոյելով ինքս ինձ, որ այսքան ժամանակ սպասել եմ ապարդյուն, հետնամուտքով վեր ելա և բերանումս դառնահամ զգալով, բացեցի դուռը։ Սիրտս ուժեղ խփում էր, ասես մոմած բարակ թղթի զարնվելիս լիներ։ Համոզվելով, որ սենյակից ձայն֊ձուն չի լսվում, լույսը վառեցի։ Դուու չկայիր։ Քո դիակը՝ նույնպես։ Սենյակում ոչինչ փոխված չէր այն պահից ի վեր, ինչ դուրս էի եկել։ Սեղանին խնամքով դրված էին երեք տետրակները, և նույնիսկ թղթի կտորի վրա թողած իմ երկտողը, ուր խնդրում էի, որ դու սկսեիր կարդալ առաջին տետրակի առաջին էջից, մնացել էր նույն դիրքով, թանաքի սրվակի տակ։ Գուցե ընդհանրապե՞ս չես եկել այստեղ։ Ոչինչ չէի հասկանում․․․ Թեև ինձ ավելի թեթևացած կզգայի, եթե անհետացած լինեիր առանց կարդալու, և ոչ թե կարդալուց հետո խուսափեիր ինձնից։ Միևնույն է, դժբախտությունը տեղի է ունեցել։ Աչքի անցկացրի զգեստապահարանը։ Ոչ մի նշան չկար, որ դու ձեռք ես ավել դիմակին կամ կոճակին․․․
Թեև, սպասի՛ր․․․ հոտը․․․ անկասկած, սա քո հոտն է․․․ որին խառնվել է բորբոսի ու փոշու հոտ․․․ Ուրեմն, համենայն դեպս, եկել ես․․․ Բայց այն, որ ամեն ինչ, ընդհուպ երկտողը, մնացել են իրենց տեղերում, կարելի է ընդունել որպես տետրակները արհամարհելու մի նշան․․․ բայց, այդ դեպքում, դու ինչո՞ւ ես այդքան հեռու գնացել։
Պատահաբար նայելով երկտողին, ես ցնցվեցի։ Թուղթը նույնն էր, որի վրա գրել էի, բայց ձեռագիրը՝ բոլորովին ուրիշ։ Դա մի նամակ էր, որ գրել էիր երկտողիս հակառակ երեսին։ Երեի փախել ես տետրակները կարդալուց հետո։ Ուրեմն, տեղի է ունեցել շատ ավելի վատ բան, քան ես կենթադրեի։
Չէ, կարիք չկա օգտագործել «շատ ավելի վատ բան» բառերը։ Նամակի բովանդակությունը գերազանցեց իմ բոլոր ենթադրությունները, ապշեցրեց ինձ։ Սարսափ, շփոթմունք, ցավ, տառապանք՝ այս ամենը անհնարին էո համեմատել իմ զգացածի հետ։ Ինչպես հանելուկային նկարի մեջ, երբ մի գիծը լվին փիղ է դարձնում, բոլոր իմ փորձերը սպասածիս բոլորովին հակառակ արդյունքն էին ունեցել։ Դիմակի վճռականությունը․․․ դիմակի գաղափարները․․․ պայքար իսկական դեմքի հետ․․․ բոլոր իմ հույսերը, որոնք փորձում էի իրականացնել հիշատակարանիս օգնությամբ, դարձան հիմար մի խեղկատակություն։ Սոսկալի է։ Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, թե մարդն ընդունակ է այսպես ծիծաղել ինքն իր վրա, այսպես խայտառակել ինքն իրեն։
Կնոջս նամակը
Այն, ինչ մեռած ընկած է պահարանում, ոչ թե դիմակն է, այլ հենց դու։ Քո դիմակահանդեսի մասին գիտեր ո՛չ միայն յո֊յո խաղացող աղջնակը։ Հենց առաջին րոպեից․․․ այն րոպեից, երբ ինքնագոհ կերպով խոսում էիր մագնիսական դաշտի հուզումների մասին, ամեն ինչ հասկացա։ Հետաքրքրվում ես, թե ինչպես հասկացա. խնդրում եմ այլևս ոչինչ մի հարցրու։ Ես, իհարկե, գլուխս կորցրի, շվարեցի, վախեցա։ Ինչ խոսք, դրանք բավականին հանդուգն գործողություններ էին, որոնք անհնարին էր սպասել քեզնից՝ սովորական մի մարդուց։ Ուստի, երբ տեսա, թե ինչքան ինքնավստահ ես պահում քեզ, թվաց տեսողական պատրանքի մեջ եմ։ Դու շատ լավ գիտեիր, որ քեզ խորքից էի տեսնում, տեսնում էի ոտքից գլուխ։ Գիտենալով հանդերձ, այնուամենայնիվ, պնդում էիր, որ մենք շարունակենք այդ ներկայացումը։ Սկզբում ամեն ինչ սոսկալի էր թվում, բայց հետո ինքս ինձ հավաքեցի և մտածեցի, որ այդ ամենը անում ես հանուն ինձ։ Դու քեզ փոքր-ինչ շփոթված էիր պահում, ինձ հետ քնքուշ էիր, մեղմ, ասես պարի հրավիրելիս լինեիր։ Ու երբ տեսա, թե դու ինչպես ես ձևանում, իբր խաբված ես, սիրտս լցվում էր երախտագիտության զգացումով և ուզում էի հլու֊հնազանդ քայլել քո հետևից։
Բայց չէ՞ որ շարունակ մոլորվում էիր։ Գրում ես, թե վանեիլ, քշել եմ քեզ։ Եվ դա սուտ է։ Մի՞թե դու չէիր ինքդ քեզ վանում։ Այն հոգեվիճակը, երբ ուզում ես ինքդ քեզ վանել, թվում է, հասկանում եմ։ Եվ քանի որ այդպիսի բան էր քեզ պատահել, ես գրեթե հաշտվել էի քո տառապանքները բաժանելու մտքի հետ։ Ահավասիկ, թե ինչու ուրախացա դիմակիդ համար։ Այն մասին, ինչ պատահել էր, ես մտածում էի երջանկության զգացումով։ Սերը պոկում է դիմակները, ուրեմն անհրաժեշտ է, որ ջանանք դիմակ հագնել սիրելի մարդու համար։ Չէ՞ որ եթե դիմակ չլինի, ուրեմն, չի լինի նաև այն պոկելու երջանկությունը։ Հասկանո՞ւմ ես ինձ։
Անհնարին է, թե չհասկանաս։ Մինչև վերջին րոպեն դու կասկածների մեջ էիր․ արդյո՞ք իսկական դեմքը չէ այն, ինչք դու համարում էիր դիմակ, և դիմակ չէ՞ արդյոք այն, ինչը համարում էիր իսկական դեմք։ Այդպես չէ՞։ Իհարկե, այդպես է։ Ամեն ոք, ում գայթակղում են, ենթարկվում է գայթակղությանը՝ հրաշալի գիտակցելով այդ։
Ուրեմն, դիմակն այլևս չի վերադառնա։ Սկզբում ուզում էիր դիմակի օգնությամբ վերադարձնել ինքդ քեզ, բայց հետո ինչ֊որ մի պահից սկսեցիր դիմակը անտեսանելի գլխարկ համարել՝ ինքդ քեզնից փախչելու համար։ Այդ էր պատճառը, որ այն դարձավ ոչ թե դիմակ, այլ ուրիշ մի իսկական դեմք։ Ճի՞շտ է։ Վերջապես, դու ընդունեցիր քո իսկական կերպարանքը։ Դա ոչ թե դիմակն էր, այլ դու էիր։ Եթե ուրիշից չես թաքցնում, թե դիմակը՝ դիմակ է, այդ դեպքում միայն իմաստ ունի դգնե։ Հենց թեկուզ քո չսիրած կանացի շպարը։ Ոչ ոք չի էլ փորձում թաքցնել, թե դա շպար է։ Մի խոսքով, ոչ թե դիմակն էր վատ, այլ պարզապես դու շատ վատ գիտեիր, թե ինչպես պետք է վարվել նրա հետ։ Ապացո՞ւյց ես ուզում։ Թեև դու դիմակը գրել էիր, բայց միևնույն է, ոչինչ անել չէիր կարող։ Ոչ լավ բան, ոչ էլ վատ․․․ Ընդամենը թափառում էիր փողոցներում, իսկ հետո դրել ես այս խոստովանությունդ, որը ծայր ու վախճան չունի այն օձի պես, որը բերանի մեջ է առել սեփական պոչը։ Դեմքդ վառված է եղել, թե ոչ, դիմակ դրել ես, թե ոչ՝ այս ամենը ոչ մի կերպ չի արտահայտվել քո վրա։ Դու չես կարող դիմակը ետ կանչել։ Եվ քանի որ դիմակը չի վերադառնա, ուրեմն, արժե՞ արդյոք, որ ե՛ս վերադառնամ․․․
Բայց և այնպես, խոստոովանությունդ սոսկալի է։ Այնպես թվաց, թե բոլորովին առողջ վիճակում ինձ բռնությամբ պառկեցրել են վիրահատության սեղանին և կտրում կտրատում են անհայտ նշանակություն ունեցող հարյուրավոր նշտարներով ու մկրատներով։ Այս տեսանկյունից մի անգամ էլ կարդա այն, ինչ գրել ես։ Եվ դու անպայման կլսես իմ հառաչանքները։ եթե ժամանակ ունենայի, կբացատրեի իմ ամեն մի բառի նշանակությունը։ Բայց վախենում եմ, որ կուշացնեմ, և դու կհասցնես գալ այստեղ։ Դու կակղամորթ ես։ Թեև ասում ես, թե դեմքը մարդկանց իրար կապող մի արահետ է, բայց ինքդ կակղամորթ ես, դու ասես մաքսատան աստիճանավոր լինես, որ ջանում է միայն փակել դռան փեղկերը։ Դու, լինելով այդքան ազնիվ մեկը, չես կարողանում հանգստանալ, աղմուկ ես բարձրացնում, թե իբր ես, որին ջանք չխնայելով պահում էիր պարսպից այն կողմ, անցել եմ այդ պարսպի միջով, որը ոչ մի բանով չի զիջում բանտային պատին, և առևանգել եմ քո կնոջը։ Եվ դու, առանց մի բառ ասելու, հենց որ տեսադաշտում հայտնվեց իմ դեմքը, աճապարեցիր մեխել դիմակի փեղկերը։ Հիրավի, ինչպես դու ես ասում, աշխարհը լեցուն է մահերով։ Բայց մի՞թե մահ սփռելը քո նման մարդկանց զբաղմունքը չէ, մարդիկ, որ բացի իրենցից ուրիշ ոչ ոքի ճանաչել չեն ուզում։
Քեզ հարկավոր եմ ոչ թե ես, քեզ հարկավոր է հայելի։ Ամեն մի օտար մարդ քեզ համար ավելին չէ, քան քո իսկ արտացոլումով մի հայելի։ Ես չեմ ուզում վերադառնալ հայելիների այդ անապատը։ Սիրտս քիչ է մնում պայթի քո այդ ծաղրուծանակից. կյանքում երբեք, երբեք չեմ հաշտվի դրա հետ։
(Այնուհետև ևս երկու տող կա, որոնք այնպես են ջնջված, որ ոչինչ հնարավոր չէ կարդալ)։
Ինչ անսպասելի հարված։ Իմ դիմակի մեջ ճանաչելով դիմակը, դու շարունակել ես խաբված ձևանալ։ Ամոթի հազարոտանի որդերը սկսեցին սողալ վրայովս։ Հատկապես ընտրելով այն տեղերը, ուր հեշտությամբ է մարդու մարմինը փշաքաղվում՝ անութներս, մեջքս, կողքերս։ Ամոթ զգացող նյարդերը հավանաբար գտնվում են հենց մաշկի վրա։ Ես ծածկվեցի խայտառակության ցանով, ես ուռեցի ջրահեղձի պես․․․ Օգտագործել այն ծեծված արտահայտությունը, թե չեմ ուզում ինձ ծաղրածու չգիտակցող ծաղրածու լինել անիմաստ բան է, քանի որ հենց այդ բառերն էլ դարձել են ծաղրածուի բառեր։ Չէ՞ որ ինձ խորքից ես տեսել․․․ Նման չէ՞ արդյոք սա մի թատրոնի, ուր խաղացել է իրեն անտեսանելի համարող, ստահոդ խոսքերի նկատմամբ խորին հավատով սոսկ մի դերասան և մտքի ծայրովն իսկ չանցկացնելով, թե բոլորն իրեն տեսնում են։ Մաշկս հերկում էին ամոթի սարսուռները։ Իսկ հերկված մաշկի ակոսներում աճում էին ծովային ոզնու ասեղներ։ Մի քիչ էլ՝ և ես կդառնամ փշածածկ մի կենդանի․․․
Շվարած կանգնել ու ճոճվում էի։ Երբ տեսա, որ ստվերս նույնպես ճոճվում է, հասկացա, որ դա ոչ թե թվում է ինձ, այլ իսկապես ճոճվում էի։ Այո, ես աններելի սխալ էի թույլ տվել։ Ինչ֊որ տեղ, երևի, նստել էի բոլորովին մեկ ուրիշ ավտոբուս։ Մինչև ո՞ւր պիտի ետ գնամ, որպեսզի իջնեմ ու նստեմ այն ավտոբուսը, որն ինձ հարկավոր է։ Շարունակելով ճոճվել, ջանում էի թարմացնել հիշողությունս, այն համեմատելով մաշված ու աղտոտված քարտեզի հետ։
Խանդով հագեցած ուշ գիշերը, երբ որոշեցի գրել իմ հիշատակարանը․․․ գայթակղելու օրը․․․ երբ առաջին անգամ խոսեցի քեզ հետ․․․ առավոտը, երբ որոշեցի դառնալ ցոփ ու անառակ․․․ մռայլ երեկոները սկսեցի սարքել դիմակը․․․ և վիրակապերի ու տզրուկների երկար, երկար մի շրջան, որոնք ինձ բերին հասցրին այստեղ․․․ հետո պետք է վերադառնալ․․․ Թեև այսքան հեռու եմ հասել, բայց, եթե փոխեմ ավտոբուսը ոչ այնտեղ, ուր անհրաժեշտ է, ստիպված կլինեմ բոլորովին հակառակ կողմում որոնել մեկնելու վայրը։ Մի՞թե ճիշտ է, որ իմ մեջ միշտ հոտած ջուր է եղել, ինչպես պնդում ես։
Ընդհանրապես, ինչո՞ւ պետք է խոնարհ համաձայնությամբ ընդունեմ քո մեղադրանքները։ Եվ ամենից առաջ դժվար է համաձայնել քո այն մտքին, թե մահվան սերմերը սփռում է նա, ով ինձ նման չի ուզում իրենից բացի որևէ մեկի ճանաչել։ Ինքնին՝ «չի ուզում իրենից բացի որևէ մեկի ճանաչել» արտահայտությունը ինձ թվում է չափազանց դիպուկ և հետաքրքիր, բայց այն քննել շատ ավելի ընդարձակ իմաստով, քան որպես հետևանք, ուզած պայմաններում նշանակում է շատ ավելին վերապրել, քան արժանի է։ Բացի իրենից ուրիշ որևէ մեկին ճանաչելու ցանկություն չունենալը միշտ հետևանք է, և երբեք՝ պատճառ։ Բանն այն է (և այդ մասին գրել եմ հիշատակարանում), որ ժամանակակից հասարակությանը գլխավորապես հարկավոր են մարդկային վերացական հարաբերություններ, և այդ իսկ պատճառով նույնիսկ նրանք, ովքեր ինձ նման զրկվել են դեմքից, կարող են անարգել ռոճիկ ստանալ։ Բնական պայմաններում մենք մարդկային որոշակի հարաբերություններ ենք գտնում։ Շրջապատողները ընկալվում են որպես թափթփուկներ, ամենից շատը, ինչին ընդունակ են՝ կարողանում են իրենց թշվառ գոյությունը պահպանել միայն գրքերում և ընտանիք կոչվող մենավոր կղզիներում։ Ինչքան էլ ընտանեկան նյութի վրա բեմադրած հեռատեսիլային ներկայացումները քաղցր գովք լինեն ընտանիքին, միևնույն է, ընտանիքից դուրս աշխարհն է, ուր միայն թշնամիներն են ու անառակները, հատկապես այդ աշխարհն է որոշում այս կամ այն մարդու արժեքը, նշանակում նրա ռոճիկը, երաշխավորում նրա կենսական իրավունքները։ Ամեն մի օտարի ուղեկցում է թույնի ու մահվան հոտը և մարդիկ, ի վերջո, սկսում են օտարավախությամբ տառապել։ Միայնությունը, իհարկե, նույնպես սոսկալի է, բայց շատ ավելի սոսկալի է ուրիշի դիմակին նվիրված լինելը։ Մենք չենք ուզում խաղալ արդի կյանքից դուրս մղված ապուշների դեր, որոնք քծնանքով կառչում են ուրիշ քիմեռների։ Օրերի անսահման ու միապաղաղ կրկնողությունը թվում է առօրեականության վերածված մի ռազմադաշտ։ Մարդիկ էությամբ նվիրվում են իրենղ դեմքին երկաթե փեղկ իջեցնելուն, փականը կողպելուն և ուրիշին ներս թույլ չտալուն։ Իսկ եթե գործերը լավ են գնում, նրանց երազում են անկարելիի մասին (ճիշտ այնպես, ինչպես դիմակը). այն մասին, որպեսզի փախչեն իրենց դեմքից, ուզում են նույնիսկ թափանցիկ դառնալ։ Չկա մի այնպիսի ուրիշ մարդ, որի մասին հնարավոր լիներ ասել, թե նրան կարող ես ճանաչեի եթե միայն ցանկություն ունենաս։ Այս իմաստով, դու, որ համոզված ես, թե «ինձնից բացի ոչ ոքի ճանաչել չեմ ուզում» խոսքերը կարելի է կպցնել ուրիշ մեկին, տառապում ես ոչ ոքի չճանաչելու ծանր ախտով, համաձա՞յն ես։
Հիմա արդեն իզուր է այս մանրուքների մեջ մտնելը։ Էականը ոչ թե դատողություններն են, ոչ թե արդարացումը, այլ փաստերը։ Քո երկու դիտողությունները դիպան ճիշտ սրտիս, մահացու կերպով վիրավորեցին ինձ։ Առաջինը, անշուշտ, այն խոստովանությունն էր, որ բացահայտելով դիմակի բուն էությունը, դու շարունակում էիր ձևանալ, թե ինձ հաջողվել է խաբել քեզ։ Եվ երկրորդը՝ անողոք քննադատությունը այն պատճառով, որ ես, մեկ արդարացումը բարդելով մյուսին, թե իբր ալիբի ունեմ, անանուն եմ, նպատակս մաքուր տեսքով է, պարզապես խորտակում եմ արգելքները, իրականում, սակայն, իմ խոսքերը ոչ մի իսկական գործողությամբ չեմ հաստատել և միակ բանը, որ հաղթահարել եմ, սեփական պոչը խածնող օձի նման այս հիշատակարանն է։
Իմ դիմակը, որի հետ այնպիսի հույսեր էի կապում և որը իմ պողպատե վահանն էր, ավելի հեշտությամբ փշուր֊փշուր եղավ, քան ապակին։ Ի՞նչ կարող եմ ասել։ Իսկապես, ես զգում եմ, որ դիմակը եղել է ոչ այնքան դիմակ, որքան նոր, իրական դեմքին մոտիկ մի բան։ Եվ եթե շարունակեմ պնդել իմ այն տեսությունը, թե իսկական դեմքը դիմակի անկատար պատճենն է, ուրեմն, ես վիթխարի ջանքերի գնով ստեղծել եմ կեղծ դիմակ։
Հնարավոր է, մտածեցի ես՝ անսպասելի հիշելով վայրենիների այն դիմակը, որի լուսանկարը վերջերս տեսել էի լրագրում։ Թերևս, դա դիմակ կոչելը ճշմարիտ է հատկապես այն պատճառով, որ ոչ մի ընդհանուր բան չունի՞ իսկական դեմքի հետ։ Ակնախոռոչներից դուրս պրծած խոշոր աչքեր, ժանիքավոր խոշոր բերան, փալուն ապակիներով զարդարված քիթ, որի արմատի երկու կողմերից սկսվող գալարագծերը այնուհետև ամբողջ դեմքն են վերցնում իրենց հորձանուտի մեջ, իսկ շուրջը ցցված են թռչնակի երկար փետուրներ։ Որքան ավել էի նայում դիմակին, այնքան հրեշավոր ու անիրական էր այն թվում։ Բայց երբ շատ ուշադիր նայեցի, ասես մտմտում էի, թե չդնե՞մ արդյոք դեմքիս, հանկարծ սկսեցի կարդալ դիմակի գաղափարը։ Հավանաբար, այն իրենից ներկայացնում էր մոլեռանդ աղոթողի արտահայտություն, ամենայն մարդկայինը գերազանցելով աստվածների դասը անցնելու ձգտում։ Երևակայության ինչպիսի սահմռկեցուցիչ ուժ։ Բնության արգելքներին դեմ կանգնելու կոչված՝ կամքի ապշեցուցիչ խտացում․․․ Գուցե հենց այդպիսի դիմակի վրա էլ պետք է կանգ առնեի, եթե, իհարկե, կարողանայի սարքել։ Այդ դեպքում, հենց սկզբից պետք է հաղթահարեի այն զգացողությունը, թե թաքնվում եմ ուրիշներից․․․
Ամենևին․․․ Ես այնքան տաքացած էի խոսում, որ դու բոլոր հիմքերն ունեիր ծաղրելու անհայտ նշանակության տարօրինակ նշտարն ու մկրատը։ Եթե հրեշ լինելը լավ բան է, ապա, թերևս, դիմակի հարկը առանձնապես չկա և միայն տզրուկները բավականն են․․․ Եվ աստվածներն են դարձել ուրիշ։ Մարդիկ սկսել են դեմքը փոխելու դարաշրջանից, անցել են այն դարաշրջանը, երբ ծածկում էին դեմքը, ինչպես արաբ կանայք, ինչպես «Գենձիի մասին պատմությունների» կանայք, և հասել են բաց դեմքի դարաշրջան։ Ես չեմ ուզում պնդել, թե նման շարժումը առաջադիմություն է։
Այն կարելի է համարել աստվածների նկատմամբ մարդկանց հաղթանակ և միաժամանակ դիտել որպես աստվածների նկատմամբ հնազանդություն։ Ուստի, այդ պատճառով էլ չգիտենքէ թե ինչ է լինելու վաղը։ Չի բացառվում, որ վաղը բոլորովին անակնկալ վրա կհասնի իսկական դեմքից հրաժարվելու դարաշրջանը։ Բայց այսօր ոչ թե աստվածների դար է, այլ մարդկանց։ Եվ այն պարագան, որ իմ դիմակը նման էր իսկական դեմքի, ուներ իր պատճառները։
Բավական է․․․ Շատ ավելի պատճառներ բերեցի, քան հարկավոր էր։ Եվ եթե արդարացումներ որոնենք, ապա կարող ենք գտնել մեր ուզածի չափ։ Բայց ինչքան էլ դրանք մեջտեղ բերեմ, միևնույն է, չեմ կարողանա ժխտել այն երկու փաստերը, որոնք դու նշել ես։ Հատկապես քո երկրորդ դիտողության դեմ, թե իմ դիմակը, ի վերջո, ոչինչ չի կարողացել անել ու զբաղվել է միայն արդարացումներով, որևէ առարկություն չունեմ. ընդհակառակը, ինքս եմ շարունակ ապացուցում այդ։ Հերիք խայտառակեմ ինքս ինձ։ Եթե ես միայն ինքս ինձ ծիծաղելի վիճակի մեջ դրած լինեի, լինեի տապալված, էլի մի բան էր։ Բայց իմ բոլոր չարչարանքները իզուր են եղել. հենց սա է ամենից տխուր բանը և այնքա՜ն ամոթ, որ նույնիսկ արդարանալու ուժ չունեմ։ Ամեն ինչ այնքան բացահայտ է, որ կարելի է հուսահատության մեջ ընկնել։ Անթերի ալիբի, անսահման ազատություն․․․ բայց, միևնույն է, առանց որևէ արդյունքի։ Բացի դրանից, թողնելով այս մանրամասն գրավոր հաշվետվությունը, ես իմ իսկ ձեռքով ոչնչացրել եմ ալիբին և հիմա այլևս ի՞նչ կարող ես անել։ Նման չե՞մ արդյոք սեռական անկարող մի գարշելի մարդու, որն ընդունակ է միայն գեղեցիկ խոսքեր ասել սեռային հակումների մասին։
Հա, միակ բանը, որի մասին էլ կարելի է գրել շարժանկարն է։ Որքան հիշում եմ, այդ պատահեց փետրվարի սկզբին։ Հիշատակարանում ես բոլորովին չեմ անդրադարձել այդ շարժանկարին, և ոչ այն պատճառով, որ ինձ չի վերաբերվել, որքան այն պատճառով, որ ամենից ավելի վերաբերում էր ինձ․․․ Ակամա խուսափում էի պատմել ՝ այդ շարժանկարի մասին, զգալով, որ ի չիք կդարձնի դիմակ սարքելու իմ դժվարին աշխատանքը։ Բայց հիմա արդեն հասել եմ վերջին սահմանին և ոչ մի բանի նկատմամբ նախապաշարումներ չունեմ։ Կամ գուցե այն պատճառով, որ իրադրությունը փոխվել է, ես հիմա ուրիշ կերպ եմ ընկալում։ Հիրավի, այն, ինչը դիտեցի՝ սովորական դաժանություն չէր։ Շարժանկարը մի քիչ տարօրինակ էր և առանձնապես հաջողություն չունեցավ։ Բայց վերնագիրը, հավանաբար, հիշում ես՝ «Սիրո մի նիստը»։
Քարացած բնանկար։ Նրա հենքի վրա գայթելով քայլում է պարզ, բայց մաքուր զգեստով մի աղջիկ, որի կիսադեմը ուրվականային թափանցիկություն ունի։ Պաստառի վրայով նա աջից ձախ է քայլում, ուստի երևում է միայն դեմքի ձախ կեսը։ Խորքում երկաթբետոնե մի շենք կա, և աղջիկը քայլում է հանդիսատեսին անտեսանելի իր աջ ուսը գրեթե շենքին քսելով։ Նա ասես ամաչում է մարդկանցից, և դա շատ է ներդաշնակում նրա վշտահար կիսադեմին, է՛լ ավելի սաստկացնելով աղջնակի թողած թշվառ տպավորությունը։
Փողոցի մյուս կողմում հանցագործի տեսքով երեք տղաներ, մայթը սալարկից բաժանող ռելսին հենված, դարանակալել են իրենց զոհին։ Նրանցից մեկը աղջկան նկատելով՝ սուլեց։ Բայց աղջիկը որևէ ուշադրություն չդարձրեց, ասես զրկված լիներ արտաքին գրգիռներ ընդունող մարմնամասերից։ Ընկերոջ սուլոցից խթանված մեկը, տեղից պոկվելով, մոտենում է աղջկան։ Մի շատ սովորական շարժումով, միաժամանակ՝ կոպիտ հայհոյանքով, նա հետևից հասնում և բռնում է աղջկա ձախ ձեռքն ու փորձում է շրջել իր կողմը։ Աղջիկը, ասես հենց դրան էլ սպասում էր, կանգնում և դանդաղ դառնում է դեպի տղան․․․ և մենք տեսնում ենք նրա դեմքի աջ կեսը, որը ծածկված է քլեոիդային սպիներով և կատարելապես այլանդակված։ (Մանրամասն բացատրություն չկար, բայց հետո շարժանկարում հաճախ էր կրկնվում «Հիրոշիմա» բառը, աղջիկը ճառագայթման զոհ էր)։ Տղան քարանում է, ուժ չունենալով նույնիսկ մի բառ ասել, իսկ աղջիկը, շրջվելով, նորից ստանալով գեղեցիկ ուրուի իր նախկին դեմքը, հեռանում է այնպես, ասես ոչինչ չէր պատահել։
Այնուհետև, աղջիկը անցնում է մի քանի փողոց՝ հուսահատ պայքարի մեջ մտնելով ինքն իր դեմ ամեն անգամ, երբ հայտնըվում է բաց տարածության մեջ, ուր հնարավոր չէ քողարկվել աջ կողմից, և կամ հայտնվելով խաչմերուկում, որ պետք է կտրեր անցներ (ես դա այնքան մոտիկ ընդունեցի սրտիս, որ տառացիորեն վեր ցատկեցի նստած տեղից)․․․ Վերջապես, նա հասնում է փշալարով շրջափակված տախտակե տնակներին։
Տարօրինակ շինություններ էին։ Մենք ասես հանկարծ քսան տարի ետ գնացինք, ներքնաբակում շրջում են հին բանակի համազգեստով զինվորները։ Ոմանք՝ պաղած հայացքներով, ասես գերեզմանից են դուրս եկել, հրամաններ են տալիս․․․ ու իրենք էլ կատարում են. մյուսները՝ քայլում են, բայց յուրաքանչյուր երեք քայլից հետո կանգնում են ճակատով ու պատիվ տալիս։ Դրանց մեջ ամենից ավելի ազդեցիկ տպավորություն է թողնում մի ձեր զինվոր, որն առանց դադարի շարունակ կրկնում է բանակին ուղղված՝ միապետի շնորհագրի շարադրանքը։ Բառերը մաշվել ու կորցրել են իրենց իմաստը. մնացել է միայն ընդհանուր ուրվագիծն ու երանգը։
Սա երբեմնի զինվորականների հոգեբուժարանն էր։ Հիվանդները անտեղյակ էին պարտությունից և ապրում էին անցյալի մեջ, մնալով այն ժամանակում, որ նրանց համար կանգ էր առել քսան տարի առաջ։ Զինվորների մոտով անցնող աղջկա քայլվածքը անճանաչելիորեն դառնում է թեթև ու հանգիստ։ Ոչ ոքի հետ չի խոսում, բայց նրա ու հիվանդների միջև զգացվում է փոխադարձ վստահություն և մտերմություն, ինչպես իսկական բարեկամների միջև։ Թեև հիմա բոլորն իրենց գործով են տարված․․․ Մինչ սանիտարը նրան շնորհակալություն է հայտնում ինչ֊որ բանի համար, աղջիկը տնակի անկյունում սկսում է սպիտակեղեն լվանալ։ Բարեգործական այս աշխատանքը ինքն է ընտրել իր համար և շաբաթը մեկ գալիս է լվացք անելու։ Երբ աղջիկը բարձրացնում է գլուխը, շինությունների արանքում երևում է արևով լուսավորված մի տարածություն, որտեղ անհոգ երեխաները գնդակ են խաղում։
Հետո տեսարանը փոխվում է։ Հիմա աղջկան տեսնում ենք իր տանը։ Նրա տունը՝ արվարձանում գտնվող մի փոքրիկ արհեստանոց, որտեղ թիթեղից խաղալիքներ են մամլում, մի շատ պարզ ու մռայլ տուն է։ Բայց երբ հանդիսատեսը մերթ աջ, մերթ ձախ կողմից տեսնում է աղջկա կարմրատակած դեմքը, տան վանող տեսքի հետ տեղի է ունենում տարօրինակ մի փոփոխություն, և նույնիսկ քով քովի շարված ձեռքի մամլակները սկսում են տխուր հառաչել։ Եվ մինչ նյարդայնացնող բծախընդրությամբ վերարտադրվում են առօրյա կյանքի այս մանրամասները, ծնվում է աղջկա ապագայի նկատմամբ մի տագնապ, ապագա, որը երբեք չի գալու, ծնվում է աղջկա դեմքի հմայիչ կեսի նկատմամբ մի տագնապ, այն կեսի, որը երբեք չի գնահատվելու։ Միաժամանակ պարզ է, որ այդպիսի կարեկցանքը հաճելի չէ աղջկան, բարկացնում է նրան։ Ուստի, անսպասելի ոչինչ չի լինի, եթե մի գեղեցիկ օր հուսահատութ յան պոռթկում ի պահին նա թթվուտ լցնի իր դեմքի անվնաս կեսի վրա և դարձնի ճիշտ այնպես, ինչպես այլանդակված մյուս կեսը։ Թեև նույնիսկ այդպես վարվելը շատ հեռու է ելք լինելուց։ Բայց ոչ ոք իրավունք չունի մեղադրելու աղջկան, որ նրա մտքով մեկ ուրիշ ելք չի անցել։
Հետո մի օր ևս.. Աղջիկը, դառնալով եղբորը, անսպասելի ասում է.
— Պատերազմը ոնց որ թե ուշանում է։
Սակայն աղջկա խոսքի երանգում ուրիշ մարդկանց նկատմամբ թշնամանքի նշույլ անգամ չկա։ Նա ասում է ոչ թե այն պատճառով, որ կամենում է վրեժխնդիր լինել նրանցից է ովքեր պատերազմի ժամանակ չեն հաշմվել։ Նա պարզապես այն միամիտ հույսն ունի, որ եթե պատերազմ սկսվի, ապա անմիջապես տեղի կունենա արժեքների վերագնահատում, մարդկանց շահերը կկենտրոնանան ոչ այնքան դեմքի, որքան ստամոքսի, ոչ այնքան արտաքին ձևի, որքան կյանքի էության վրա։ Եղբայրը կարծես թե հասկանում է նրա խոսքի իմաստը և անտարբերությամբ ասում է.
— Շատ է ուշանում․․․ Բայց նույնիսկ վաղվա եղանակը չեն կարողանում գուշակել․․․
— Այո, եթե այդքան հեշտ չիներ իմանալ, թե ինչ է լինելու վաղը, ապա գուշակները քաղցած կմնային։
— Իհարկե, հենց թեկուզ պատերազմը. միայն սկսվելուց հետո մարդ կիմանա, որ արդեն սկսվել է։
— Ճիշտ է․․․ Եթե նախօրոք իմանաս, որ ոտքդ քարին է առնելու, ոչ ոքի ոտքը քարին չի առնի։
Երբ պատերազմի մասին խոսում էին այսպիսի անտարբերությամբ, ասես ինչ֊որ մեկից նամակ էին սպասում, չափազանց ծանր էր և ստեղծում էր անտանելի մի մթնոլորտ։
Բայց փողոցներում ոչինչ չկար, ինչը կանխագուշակեր ստամոքսի ու կյանքի իրավունքները վերականգնելու մասին։ Կինոխցիկը հանուն այդ աղջկա դեսուդեն է ընկնում փողոցներում, սակայն միակ բանը, որ հաջողվում է որսալ՝ անհագուրդ ագահությունն է, կյանքի անողոք վատնումը։ Արտամղվող գազերի անհատակ մի ծով․․․ անթիվ֊անհամար շինություններ․․․ աղտոտ ու փոշեկոլոլ գործարանների ոռնացող ծխնելույզներ․․․ սուրացող հրշեջ մեքենաներ․․․ Զվարճության վայրերում և իջեցրած գներով ապրանքների վաճառատներում կուտակված հուսահատ ամբոխ․․․ անդադար հեռախոսային զանգեր ոստիկանական տեղամասերում․․․ հեռատեսիլային գովազդերի անվերջ ոռնոցներ․․․
Ի վերջո, աղջիկը հասկանում է, որ այլևս ուժ չունի համբերելու։ Որ այլևս չի կարելի սպասել։ Եվ այդ ժամանակ նա, որ երբեք ոչ ոքի ոչինչ չէր խնդրել, աղերսում է եղբորը, խնդրում է նրան, որպեսզի իրեն ուղեկցի հեռու-հեռավոր մի տեղ (կյանքում գեթ մի անգամ)։ Եղբայրը անմիջապես նկատում է, որ նա «կյանք» բառը ավելի է շեշտում, քան «մի անգամ» բառը։ Բայց իրավասու չի զգում քրոջը այսուհետև ևս միայնության դատապարտելու։ Ուստի, գլխով է անում, համաձայնելով ուղեկցել նրան․․․ Չէ՞ որ սիրել՝ նշանակում է բաժանել վիշտը։ Եվ մի քանի շաբաթից քույր ու եղբայր մեկնում են։ Գավառային ծովահայաց հյուրանոցի խավարի մեջ սուզված սենյակ․․․ Ամեն կերպ ջանալով, որ դեմքի այլանդակված կեսը մնա խավարում, և եղբայրը տեսնի միայն գեղեցիկ կեսը, քույրը ժապավենով կապում է մազերը։ Նա արտակարգ աշխույժ է և ուրախ։ Նա ասում է, որ ծովը անզգա է։ Եղբայրը պատասխանում է, թե դա ճիշտ չէ, ծովը հրաշալի զրուցակից է։ Բայց նրանց կարծիքները միայն այսքանով են տարբերվում։ Մնացյալ ամեն բանում, նույնիսկ մանրուքներում, նրանք կատարելապես համերաշխ են և ասես սիրահարված լինեն, որոնց ասած ամեն մի բառը ստանում է կրկնակի իմաստ։ Եղբորից ծխախոտ վերցնելով, աղջիկը փորձում է ծխել։ Հուզումը, սակայն, վերածվում է հաճելի մի խոնջանքի, և նրանք քով քովի պառկում են անկողնում։ Լուսնին նայելու համար բաց թողած պատուհանից քույրը հետևում է, թե ինչպես են իրար հետևից ընկնում ծովի ու երկնքի սահմանը լցնող ոսկի կաթիլները։ Դառնում է եղբոր կողմը, բայց նա չի պատասխանում։
Նա լելով, թե ինչպես է ծագում լուսինը, որ նման է ոսկե կետուսի մեջքի, աղջիկը շարունակ ինչ֊որ բան է սպասում, բայց նույն պահին էլ հիշելով, որ իրենք ծով են եկել սպասմանը վերջ տալու համար, ձեռքը դնում է եղբոր ուսին, ցնցում նրանք որպեսզի արթնացնի ու շշնջում է,
― Դու ինձ չե՞ս համբուրի։
Եղբայրը այնպես է շփոթվում, որ այլևս չի կարողանում քնած ձևանալ։ Բացելով աչքերը և նայելով քրոջ հախճապակու պես թափանցիկ կիսադեմին, չի կարողանում կշտամբել նրան, բայց չի կարողանում կատարել քրոջ խնդրանքը։ Սակայն քույրը շարունակում է պնդել։
― Վաղը կարող է պատերազմ սկսվել․․․― աղերսելով, շնչահեղձ լինելով, թովելով ու թախանձելով շշնջում է նա, ավելի ու ավելի մոտեցնելով շրթունքները եղբոր շրթունքներին։
Եվ այսպես, արգելքի հուսահատ խորտակումը ծնում է խենթ nւ թերարժեք մի այրում՝ անհամաչափ զարկող երկու մուրճիկների միջև՝ չարության ու ցանկության միջև։ Սեր և գարշանք․․․ քնքշություն և սպանելու ցանկություն․․․ համաձայնություն և մերժում․․․ փաղաքշանք և ծեծ, շարունակ արագացող անկում, որը կտրում է դեպի հետ տանող ճանապարհը․․․ Եթե այդ անվանենք անամոթություն, ապա մի՞թե նրանց սերնդից գեթ մեկը կարող է խուսափել նմանօրինակ անամոթության մեջ ներքաշվելուց։
Երկինքը լուսավորվեց։ Արևագալը մոտ է․․․ Աղջիկը, ականջ դնելով եղբոր շնչառությանը, զգույշ ելնում և սկսում է հագնվել։ Եղբոր գլխավերը նա դնում է նախապես պատրաստած երկու ծրար և գողունի ելնում է սենյակից։ Հենց որ նրա հետևից դուռը փակվում է, եղբայրը, որ մինչ այդ թվում է, թե քնած էր, բացում է աչքերը։ Կիսաբաց 2ուրթերից խորը մի հառաչանք է պոկվում, և այտերից հոսում է արցունքը։ Նա ելնում է անկողնից, մոտենում է պատուհանին և, ատամները ամուր սեղմած, զգուշորեն նայում է․․․ նա տեսնում է, թե աղջիկն ինչպես է ճերմակ թռչունի պես վազում դեպի մռայլորեն մուժակալած ծովը։ Ալիքը մի քանի անգամ դեպի հետ է մղում ճերմակ թըռչունին, բայց, ի վերջո, հաղթահարելով, աղջիկը մերթ անհետանալով, մերթ երևալով, լողում է դեպի բաց ծով։
Եղբայրը հոգնում է չոր լուսամուտագոգին հենվելուց, հեռվում երևում է կարմիր լապտերների գիծը, և դա մի ակնթարթ շեղում է նրա ուշադրությունը, իսկ երբ նորից նայում է դեպի այնտեղ, ուր առաջ ճերմակ մի կետի պես լողում էր քույրը, այլևս ոչինչ չի տեսնում։
Բոլորը հաստատապես համոզված են, որ անճոռնի ճուտիկի մասին հեքիաթը անպայման ավարտվում է կարապի երգով։ Եվ հենց այստեղ էլ սկսվում է հարմարվողականությունը։ Լավ կլինի, եթե մարդն ինքը զգա այն, ինչ, ապրում է կարապը։ Ինչպիսի երգ էլ որ երգելիս լինեն ուրիշները քեզ համար՝ դա մահ է, լիակատար պարտություն։ Դա ինձ գարշանք է պատճառում։ Ներեցեք, խնդրեմ․․․ Եթե ես մեռնեմ, իմ մասին ոչ ոք չի մտածի որպես կարապի և, ուրեմն, կարող եմ հաղթանակի հույս ունենալ․․․ Երբ դիտեցի այդ շարժանկարը, միայն դըժգոհության զգացում ունեցա։ Բայց հիմա խնդիրն այլ է։ Ես չեմ կարող չնախանձել աղջկան։
Նա գոնե գործում էր։ Ինչպիսի՜ վիթխարի արիությամբ էր նա խորտակում, թվում է, բոլորովին անհաղթահարելի արգելապատը։ Իսկ այն, որ նա մեռավ մի՞թե իր իսկ կամքով չէր․․․ Եվ մի՞թե ավելի լավ չէր, քան անգործունեությունը։ Ահա թե ինչու այդ աղջիկը բոլորովին կողմնակի մի մարդու ստիպեց ապրել զղջումի դառը զգացումը, իրեն համարելով հանցագործության գրեթե մեղսակից։
Լավ, ես էլ դիմակին կտամ մի նոր հնարավորություն, որը, բարեբախտաբար, դեռ կա, գոյություն ունի։ Ես ամեն բանի նկատմամբ անտարբեր եմ, ուստի մի այնպիսի արարք է անհրաժեշտ, որ խորտակեր հիմիկվա վիճակը և Փրկեր իմ փորձերը չգոյությունից։ Իմ փոխած զգեստը և օդամուղ ատրճանակը գտնվում են իրենց տեղերում։ Բավական էր քանդել վիրակապերը և դնել դիմակը, որպեսզի հոգեբանական իմ երանգանիստում տեղնուտեղը փոփոխություն հայտնվեր։ Զորօրինակ, իսկական դեմքի զգացողությունը, որ ես արդեն քառասուն տարեկան եմ, փոխվում էր մի զգացումի, թե դեռ միայն քառասուն տարեկան եմ։ Նայելով հայելուն, ես բերկրանք ապրեցի, ասես հանդիպել էի վաղեմի բարեկամիս։ Ճանճի պես բզզալով, դիմակը նորից սկսեց լիցքավորվել իրեն բնորոշ արբեցումով և ինքնավստահությամբ, որոնց մասին բոլորովին մոռացել էի։ Հապճեպ եզրակացություններ չի կարելի անել։ Դիմակը իրավացի չէր, բայց և չէր էլ սխալվում։ Չի կարելի գտնել մի այնպիսի պատասխան, որը հարմարվեր կյանքի բոլոր դիպվածներին։
Կաշկանդվածի պես դուրս եկա գիշերային փողոց։ Արդեն այնքան ուշ էր, որ անցորդներ չկային, իսկ հիվանդ շան պես գզգզված երկինքը կախվել էր տների տանիքներին։ Խոնավ քամին, որից մարդու կոկորդը քոր էր գալիս, անձրև էր գուշակում։ Մոտիկ խցիկում սկսեցի թերթել հեռախոսագիրքը, փորձելով գտնել, թե դու որտեղ կարող էիր պատսպարված լինել։ Ծնողներիդ տանը․․․ դպրոցական ընկերուհուդ տանը․․․ կրկնապորտ քրոջդ տանը․․․
Բոլոր այս երեք փորձերն էլ ապարդյուն անցան։ Մշուշոտ պատասխաններից, կուզես՝ հավատա, կուզես՝ ոչ, դժվար էր հասկանալ, թե որն է ճշմարիտը։ Մասամբ նախապատրաստված էի դրան և առանձնապես չհուսահատվեցի։ Գուցե տո՞ւն գնամ։ Մինչև վերջին էլեկտրագնացքը դեռ մի քիչ ժամանակ կա, և եթե չհասցնեմ, կարելի է նաև տաքսիով տեղ հասնել։ Կամաց֊կամաց մեջս չարություն էր ահագնանում։ Ես հասկանում եմ քո զայրույթը, բայց չէ՞ որ դա, այսպես ասած՝ ինքնասիրության և հպարտության հարց է. ծաղրածուն քեզ ստիպեց պառկել իր հետ։ Ես մտադիր չեմ քո հպարտությանը վերաբերել որպես ավելորդ կույր աղիքի, բայց կարող եմ միայն վեր քաշել ուսերս. արդյոք արժե՞, որ դրա պատճառով նոթագիր ներկայացնես՝ հարաբերությունները խզելու մասին։ Ուզում եմ հարցնել, այդ շարժանկարում եղբայրը քրոջ դեմքի ո՞ր կողմը համբուրեց։ Հազիվ թե կարողանաս պատասխանել։ Չէ՞ որ դու ինձ չօգնեցիր այնպես, ինչպես եղբայրն օգնեց քրոջը։ Թեև դու խոստովանեցիր դիմակի անհրաժեշտությունը․․․ նա հնազանդ էր․․․ արգելքը խորտակելուն անընդունակ․․․ Իսկ հիմա՝ զգուշացիր։ Հիմա քեզ հետապնդելու է դիմակը, որ վայրի գազան է։ Քանի որ բացահայտված է նրա բուն էությունը, ուստի դարձել է ոչ թե թույլ մի դիմակ, ինչպես այն ժամանակ, երբ կուրացել էր խանդից, այլ մի դիմակ, որն ընդունակ է զանց առնել ուզածդ օրենքը։ Դու ինքդ փորեցիր քո գերեզմանը։ Դեռ երբեք իմ գրածը այդպիսի պտուղներ չի տվել։
Հանկարծ լսեցի կանացի կրունկների սուր կտկտոց։ Մնում է միայն դիմակը։ Ես անհետանում եմ։ Առանց վայրկյան անգամ մտածելու, ես թաքնվեցի անկյունում, տեղաշարժեցի ատրճանակի ապահովիչը և շունչս պահեցի։ Ինչո՞ւ արեցի այս ամենը։ Գուցե սա մի պարղ ներկայացո՞ւմ է, որպեսզի փորձեմ ինքս ինձ, բայց գուցե իսկապե՞ս ինչ֊որ բան եմ որոշել։ Ես չեմ կարող պատասխանել այս հարցին, մինչև որ կինը չհայտնվի կրակոցի հեռավորության վրա, մինչև վերջին, վճռական պահը։
Բայց եկ մտածենք․․․ Այդ բանը անելով, կարո՞ղ եմ արդյոք դառնալ կարապ։ Կարո՞ղ եմ արդյոք մարդկանց ստիպել, որպեսզի նրանք իրենց զգան հանցագործության մեղսակից։ Բայց պե՞տք է արդյոք։ Պարզ է մի բան, ես կարող եմ միայն բախտի քմահաճույքին նետած անառակ լինել։ Իմ հանցագործությունը կլինի ծիծաղելի, ուստի և ինձ կարդարացնեն. այսքան մի բան։ Շարժանկարի և իրականության մեջ, հավանաբար, տարբերություն կա։ Միևնույն է, ոչինչ անել չես կարող. իսկական դեմքին հաղթելու համար ուրիշ ճանապարհ չկա։ Իհարկե, գիտեմ, որ մեղքը միայն դիմակինը չէ, ավելի շուտ՝ խնդիրը ես եմ․․․ Բայց այն, ինչը ամփոփված է իմ մեջ, ամփոփված է ոչ միայն իմ մեջ․․․ Դա շատ ավելի ընդհանուր մի բան է, որը կա բոլոր ուրիշ մարդկանց մեջ, և այդ պատճառով ես չպետք է մեղքի բեռը վերցնեմ միայն իմ ուսերին․․․ միայն ինձ մեղադրել չի հաջողվի․․․ Ես մարդկանց ատում եմ․․․ Ես մտադիր չեմ խոսաովանել որևէ մեկի առաջ արդարանալուս անհրաժեշտությունը։
Ոտնաձայները մոտենում են․․․
Այլևս երբեք գրել չեմ կարողանա։ Ըստ երևույթին, պետք է գրել այն ժամանակ, երբ ոչինչ չիպատահում։