«Ակամա ճանապարհորդները»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ (Երկրորդ մաս)
(Գլուխ չորրորդ)
Տող 4692. Տող 4692.
  
 
=== Գլուխ չորրորդ ===
 
=== Գլուխ չորրորդ ===
 +
 +
Հակոբը, որ լապտերը կոտրվելու պահից անշարժ ու լուռ պառկել էր քարանձավի հատակին, զգույշ շարժեց ոտքերը։ Մթությունն արդեն դարձել էր մի տեսակ սովորական՝ պակաս սարսափելի, քան սկզբում։ Կապարի պես ծանր հուսահատությունն սկսում էր տեղի տալ, թեթևանալ։ Հակոբը նույնիսկ զարմացավ, որ րոպեներ առաջ ինքն արդեն հաշտվել էր մեռնելու մտքին։ Հիշեց, թե կատաղությունից իրեն կորցրած Լևոնը ինչպես էր հարձակվել Արեգի վրա։ Կսպանեմ, ասել էր ու սկսել ծեծը։ Մտքով էլ չէր անցել միջամտել. «Միևնույն է, հիմա է մեռել, թե մի քանի ժամ հետո»։ Լավ է, որ Արեգը չէր ըմբոստացել։ Զգալով հանցանքի ահավորությունը, նա ծպտուն չէր հանել, սուսուփուս տարել էր դեմքին ու գլխին տեղացող հարվածները։ Արեգի հեզությունը կոտրել էր նաև Լևոնի զայրույթը։ Դիմադրության չհանդիպելով, նա միանգամից թևաթափ էր եղել, թողել էր ծեծելն ու ասել՝ լավ, մի նեղանա, ջղայնացած էի։ Դրանք եղել էին քարանձավում արտասանված վերջին բառերը։
 +
 +
— Լևոն։ Վազգեն։ Արեգ։
 +
 +
Ոչ մեկը չարձագանքեց։
 +
 +
Անունները Հակոբը արտասանել էր շշուկով՝ համարյա մտքում, բայց վայրկյան անգամ չկասկածեց, որ երեքն էլ լսել են իր ձայնը։ Զայրացավ. «Թուլամորթությունն էլ իր չափ ու սահմանն ունի»։
 +
 +
— Լսեք, դուք որոշել եք այս քարե բանտում սատկե՞լ թակարդն ընկած մկների պես։
 +
 +
— Իսկ ուրիշ ի՞նչ կարող ենք անել,— անհույս քրթմնջաց Լևոնը։
 +
 +
Պատասխանն, իհարկե, երբեք էլ այն չէր, ինչ ցանկանում էր լսել Հակոբը։ Բայց բոլոր դեպքերում դա ավելի լավ էր, քան քար լռությունը։ Լևոնի քրթմնջոցից Հակոբը ոգևորվեց.
 +
 +
— Լսիր, Լևոն։ Ինձ թվում է, որ մենք ճսնապարհը պետք է շարունակենք։
 +
 +
— Ո՞ւր։
 +
 +
— Առաջ։
 +
 +
— Մթության մե՞ջ։
 +
 +
— Ի՞նչ կա որ...
 +
 +
— Իսկ եթե առջևում անդո՞ւնդ է։
 +
 +
— Իսկ եթե չկա՞։
 +
 +
— Իսկ եթե կա՞։
 +
 +
— Իսկ այնտեղ պառկելով մենք կփրկվե՞նք։
 +
 +
— Չը-է։
 +
 +
— Մեռնելու ենք, չէ՞,— Հակոբը սարսռեց ինքն իր ձայնից։
 +
 +
Լևոնը չպատասխանեց։
 +
 +
— Իսկ եթե գնանք գուցե և փրկվենք։ Հակառակ դեպքում, միևնույն է, թե որտեղ կմեռնենք՝ այստեղ կամ անդունդում։
 +
 +
— Ճիշտ է,— հոգոց հանեց Լևոնը։
 +
 +
«Դժվարը սրա համաձայնությունն էր»— մտածեց Հակոբն ու զգուշորեն բարձրացավ տեղից։
 +
 +
Մութը, որ սկզբում տուշի պես սև էր ու անթափանց, դարձել էր սովորական, ինչպես անլուսին գիշերը դաշտում՝ մի քիչ գունաթափ, մի քիչ գորշագույն։
 +
 +
Հակոբը մեկ֊երկու քայլ արեց՝ զգուշորեն, առանց շտապելու։ Կոշիկի ծայրով մանրամասն ստուգեց գետինը, համոգվեց, որ ամուր է, ոտքը կարելի է դնել։ Հետո, նույնը կրկնեց երկրորդ քայլափոխի համար։
 +
 +
Քայլել կարելի էր։
 +
 +
— Տղաներ, շարժվեցինք։
 +
 +
Ոչ ոք չբարձրացավ տեղից։
 +
 +
— Ո՞ւմ եմ ասում, դե... ազատ կարելի է քայլել։
 +
 +
Լսվեց Վազգենի ձայնը։ Ասես քնից նոր էր արթնացել։
 +
 +
— Ո՞ւր։
 +
 +
— Այստեղից դուրս չգա՞նք։
 +
 +
Թվաց, թե Վազգենը չլսեց նրան.
 +
 +
— Շոգ է։ Առջևում կարծես կրակ լինի վառված։ Չե՞ք զգում։
 +
 +
Իսկապես շոգ էր և ջերմությունը գալիս էր այնտեղից, ուր ցանկանում էին շարժվել տղաները։
 +
 +
— Ճիշտ է,— Հակոբն ինքն էլ էր զգացել շոգը,— դրսից կլինի։
 +
 +
— Դրսի՞ց,— Լևոնի ձայնն էր,— ուրեմն մուտքը մոտ է։ Էլ ո՞ւր ենք նստել, գնանք։
 +
 +
Հակոբը հասկացավ, որ Լևոնը բարձրացել է տեղից։ Ուրախացավ։
 +
 +
— Ձայն հանիր,— ասաց նա,— ինչ֊որ բան խոսիր, որպեսզի կարողանամ քեզ գտնել, ձեռքդ բռնել։
 +
 +
— Ի՞նչ ասեմ։
 +
 +
— Ինչ ուզում ես։
 +
 +
Լևոնը միանգամից մոռացավ ամեն ինչ և ձգեց անչափ երկար մի՝ «ըըըը»։ Ասելիքը նա այդպես էլ դեռ չէր գտել, երբ մթության մեջ Հակոբը բռնեց նրա ձեռքը։
 +
 +
— Հիմա դուք ձայն հանեք,— Լևոնի ձեռքը գտնելուս պես հրահանգեց։
 +
 +
— Ուրեմն իսկապես գնո՞ւմ ենք,— քրթմնջաց Վազգենը։
 +
 +
— Չէ, տուն֊տուն ենք խաղում,— զայրացավ Լևոնը։
 +
 +
— Բայց այնտեղ շոգ է։
 +
 +
— Դե, հա սկացանք էլի, բացատրեցինք։
 +
 +
— Ես վախենում եմ։
 +
 +
— Ինչի՞ց,— զարմացավ Հակոբը,— Արեգ ձայն հանիր։ Ինչի՞ց ես վախենում, Վազգեն։
 +
 +
— Ես այստեղ եմ,— 2հնջաց Արեգը։
 +
 +
Լևոնը շարժվեց ձայնի կողմը։ Ստիպված նրա հետ գնաց նաև Հակոբը՝ ձեռքը չկորցնելու համար։
 +
 +
— Ինչի՞ց ես վախենում, Վազգեն։
 +
 +
— Ոնց որ կրակներ լինեն վառվելիս։
 +
 +
— Հետո՞ ինչ,— Հակոբը սկսեց մտածել, որ նա թռցրել է խելքը։
 +
 +
— Վախենում եմ դժոխքը լինի։ Այնտեղ էլ են կրակներ վառում։ Կարդացել եմ։
 +
 +
— Ցանցառ։
 +
 +
Նրանք արդեն գտել էին Արեգին։ Խոսակցության ընթացքում Հակոբը որոշել էր Վազգենի ճիշտ տեղը և Արեգին գտնելուց անմիջապես հետո առանց դժվարության գտավ նաև նրան։
 +
 +
— Վեր կաց։ Իզուր չէ, որ անունդ Լեղաճաք ենք դրել։
 +
 +
Խումբը շարժվեց առաջ։ Ավելի ճիշտ, իրենց կարծիքով առաջ։
 +
 +
Լապտերը կոտրվելու պահին նրանք այնպես էին խառնվել իրար, որ բոլորովին չէին մտածել շարժման ուղղությունը հիշելու մասին։ Այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցել, որ իրենք կարող է շարժվեն։
 +
 +
Ուղղության հարցն առաջինը անհանգստացրեց Արեգին։ Նա զգուշորեն սեղմեց Լևոնի ձեռքն ու շշնջաց.
 +
 +
— Լսիր, իսկ գուցե մենք ե՞տ ենք գնում։
 +
 +
— Հը՞,— Լևոնը կանգ առավ,— Արեգը բան է ասում, Հակոբ։
 +
 +
— Ի՞նչ է ասում։
 +
 +
— Ասում է, իսկ եթե ետ ենք գնո՞ւմ։
 +
 +
— Բա տաքությո՞ւնը։ Չե՞ք տեսնում ինչպես է ավելանում, քայլափոխի հետ։
 +
 +
«Ճիշտ որ»— Լևոնը սեղմեց Արեգի ձեռքը՝ այսինքն՝ հասկացա՞ր, դմբո։ Մթության մեջ Արեգը գլխով արեց։
 +
 +
Վազգենը, որ դեռևս քայլում էր չուզենալով, փնթփնթաց.
 +
 +
— Լսեք, տղաներ։
 +
 +
— Էլի դժոխքը՞,— Հակոբը փորձեց ծիծաղել ու չկարողացավ։ Դժոխքի մասին խոսակցությունը նրան էլ էր վախեցրել։
 +
 +
— Չէ, ուրիշ բան եմ ասում,— շարունակեց փնթփնթալ Վազգենը։
 +
 +
Հակոբը կանգ առավ։ Ստիպված կանգնեցին և մյուսները.
 +
 +
— Ի՞նչ ես ասում։
 +
 +
— Լսեք, ես մոռացել էի։ Այն ժամանակ, երբ Արեգը նետեց երկրորդ քարը, ես ջրի չլմփոց լսեցի, կարծես քարն ընկավ ջրի մեջ։
 +
 +
— Այն ժամանակ ինչո՞ւ չասացիր, Լեղ,— զայրացավ Լևոնը՝ ինքն էլ չհասկանալով ինչու։
 +
 +
— Ուզում էի ասել, բայց լապտերը կոտրվեց։ Հետո էլ...
 +
 +
— Թվացած կլինի,— անտարբեր ասաց Հակոբը,— ջուր, չէ մի... ծարավ մարդը միշտ էլ ջուր է տեսնում։ Ես լսել եմ, որ անապատներում մարդիկ շատ հաճախ ավազը ջրի տեղ են ընդունել։ Նայում են, նայում, ու...
 +
 +
— Չէ,— ընդհատեց Վազգենը,— քո ասածն ուրիշ բան է, հիշում եմ՝ ֆիզիկայից ենք անցել։ Այդ օրն իմ հերթն էր ու դասը սովորեցի, որ քառորդս երկուս չլինի։ Քո ասածը միրաժն է։
 +
 +
— Սպասեք,— նուրից խոսակցությանը խառնվեց Լևոնը,— Բայց գուցե իսկապե՞ս ջուր է։ Ստուգել է պետք։ Ես ծարավից մեռնում եմ, եթե ջուր լինի...
 +
 +
Նա կիսատ թողեց խոսքն ու սկսեց շոշափել գետինը։ Քար էր փնտրում։ Մոտերքում, այսինքն ինչքան տարածվում էին ոտքերի պես երկար ձեռքերը՝ քար չկար և նա գետնի վրա քարշ գալով, չորեքթաթ հեռացավ խմբից։
 +
 +
— Լևոն, ո՞ւր կորար,— ձայնեց Հակոբը։
 +
 +
— Այստեղ եմ,— Լևոնի ձայնը եկավ մոտիկից,— Քար եմ փնտրում՝ ստուգելու համար։
 +
 +
— Իսկական բաղնիք,— փնթփնթաց Վազգենը,— շորերրս ջուր են դարձել։
 +
 +
— Իմն էլ, հորս արև։
 +
 +
— Իսկ ո՞ւմը չի դարձել,— ասաց Հակոբն ու հիշեց, որ քիչ առաջ՝ ոտքը դնելու համար գետինը շոշափելիս կոշիկի ծայրը կպել էր քարի։ Չոքեց ու ինքն էլ սկսեց փնտրել։ Բայց մինչև նրա գտնելը, Լևոնն արդեն գտել էր։ Առանց տեղից բարձրանալու նետեց քարը։ Լսվեց չլմփոց՝ քարն իսկապես ընկել էր ջուրը։ Չորսն էլ լսել էին ախորժալուր ձայնը։
 +
 +
— Ջուր է։
 +
 +
— Ջուր է։
 +
 +
— Ջո՜ւր...
 +
 +
Ճչացին նրանք և ամեն մի զգուշություն մոռացած, նետվեցին դեպի մթությունը, որի սև անհայտ ությունից լսվել էր չլմփոցը։
 +
 +
Շարժվելուց վախեցավ միայն Վազգենը։ Ինչպես կանգնած էր, այդպես էլ մնաց։
 +
 +
{{ԵրեքԱստղ}}
 +
 +
_ Վա՜խ...
 +
 +
Լևոնի ձայնն էր։
 +
 +
Երեքն էլ լսեցին և ոչ մեկը նույնիսկ չհարցրեց պատճառը։ Ընկերոջ ճիչը, խմբից առանձնացված Վազգենին ստիպեց ավելի վախենալ, իսկ Հակոբն ու Արեգը այնպես էին շտապում ջրին հասնելու համար, որ ափսոսացին ժամանակը։ Վայրկյանների ընթացքում, առանց այդ էլ անտանելի ծարավն ասես կրկնապատկվել էր, չէ, հարյուրապատկվել։ Նրանց թվում էր, որ եթե հենց հիմա չսկսեն խմել կընկնեն ու կմեռնեն։
 +
 +
Բայց Լևոնի ձայնը նորից լսվեց։ Եվ աjս անգամ արդեն անորոշ ճիչ չէր.
 +
 +
— Չմոտենաք,— բղավեց նա,— ջուրը վառվում է։
 +
 +
Վազգենը հազիվ չուշաթափվեց.
 +
 +
— Դժոխքը։
 +
 +
Արեգը կանգ առավ.
 +
 +
— Ի֊ի֊ի֊ի՞նչ։
 +
 +
Հակոբը շարունակեց վազել.
 +
 +
«Ջուրը վառվել չի կարող։ Անհնար բան է, ջուրը չի վառվի»։
 +
 +
Բայց հենց անմիջապես էլ համոզվեց, որ տարօրինակ քարե աշխարհում, ուր կա գաղտնարանում փակված ոսկի ու ադամանդ, իրենք իրենց փակվող դռներ, ամեն ինչ հնարավոր է։ Եթե փոքր֊ինչ լույս լիներ, նա անպայման կնկատեր լճի վրա կանգնած գոլորշու ամպերն ու ընդարձակ մակերեվույթով մեկ բլթբլթացող պղպջակները։ Բայց շրջապատում անթափանց մթություն էր, իսկ արագ վազքը թույլ չտվեց միանգամից զգալ լճից արձակվող անտանելի ջերմությունր և նա հայտնվեց եռացող ջրի մեջ։ Թե ինչպես խեղդեց ճիչը, որ բզկտվում էր կոկորդում՝ չհասկացավ։ Ոտքերը խաշվեցին։ Դեռ լավ է, որ այդ մասում լիճը խոր չէր։ Հակոբր վախեցած ընկրկեց, ընկավ ավազի վրա, որ նույնպես տաք էր։ Մի քիչ էլ ետ քաշվեց։ Ջերմությունն այստեղ արդեն տանելի էր։ Նա նստեց։ Ջուրը հասել էր մինչև սրունքների կեսը։ Անմիջապես հանեց կոշիկներն ու գուլպաները, վեր քշտեց անդրավարտիքի փողքերը և սկսեց շոշափել գետինը։ Աջ ձեռքը թաղվեց ինչ֊որ մածուցիկ բանի մեջ, հասկացավ՝ ցեխ է։ Անմիջապես վերցրեց ու քսեց ոտքերին՝ մինչև սրունքների կեսը՝ այնքան, ինչքան բարձրացել էր ջուրը։ Դրանից ցավը կարծես մեղմեց։ Նա հիշեց Լևոնին։
 +
 +
— Լևոն։
 +
 +
— Հը,— պատասխանի փոխարեն Հակոբը լսեց ինչ֊որ անորոշ տնքոց։
 +
 +
— Այրվե՞լ ես։
 +
 +
— Ըհը։
 +
 +
Վազգենը վախից քարացել էր,
 +
 +
«...Բայց նրանք դեռևս կարողանում են խոսել։ Եսկ եթե լիներ իմ մտածածը...»։
 +
 +
— Շա՞տ։
 +
 +
— Ըհը։
 +
 +
— Ուրեմն ջուրը իսկապես վառվո՞ւմ էր,— հևաց Արեգը։
 +
 +
— Ցեխ քսիր, լսո՞ւմ ես, կօգնի։
 +
 +
— Ի՞նչ։
 +
 +
— Ցեխ, ցեխ քսիր, ասում եմ ինձ օգնեց։ Ցեխ։
 +
 +
— Ցեխ չկա։
 +
 +
Հակոբը չանգռոտեց աջ կողմում հայտնաբերած մածուցիկությունը։ Ցեխը չափից ավելի ջրալի էր, ձեռքերով անհնար էր տանել։ «Ի՞նչ անեմ,— մտածեց Հակոբն ու անմիջապես ելքը գտավ։ Այ, թե ուր կհասցնի դժվարությունը։ Նա ցեխն անմիջապես սկսեց լցնել կոշիկի մեջ։
 +
 +
— Հիմա քեզ ցեխ կբերեմ,— ասաց և կոշիկը ձեռքին չորեքթաթ արեց Լևոնի ձայնի կողմը,— խոսիր, որ ուղղությունը չկորցնեմ։
 +
 +
Խոսելու փոխարեն Լևոնն սկսեց տնքալ։ Հակոբի համար միևնույն էր, միայն թե ձայն չսվեր։
 +
 +
Վերջապես հասավ։ Մթությունը շոշափելով գտավ ընկերոջ ձեռքն ու ափի մեջ խցկեց ցեխով լի կոշիկը։
 +
 +
— Կոշիկի մեջ ցեխ է, քսիր, կհովանաս։
 +
 +
— Գիտե՞ս ինչպես է մռմռում։
 +
 +
— Գիտեմ։
 +
 +
— Չես իմանա,— հառաչեց Լևոնը,— ասելով չի լինի։
 +
 +
— Ի՞նչ ասելով։ Կարծում ես ջուրը չընկա՞։ Բայց ցեխը քսեցի, մռմռոցն անցավ։
 +
 +
— Ըմ՜մմ...
 +
 +
Ցեխն իսկապես մեղմացրեց ցավը։
 +
 +
Լևոնի տնքոցը կտրվելուն պես լսվեց Արեգի ձայնը.
 +
 +
— Ջուրը շատ էր տաք, հա՞։
 +
 +
— Եռում էր,— պատասխանեց Հակոբը։
 +
 +
— Եռո՞ւմ։ Բա ինչպե՞ս ենք խմելու։
 +
 +
— Ո՞վ գիտե։
 +
 +
— Իսկ ո՞վ է ջուրը եռացնում,— Վազգենը մի տեսակ վախեցավ։ Ինչպե՞ս կարող էր ջուրն ինքնիրեն եռալ անհնար բան է, ուրեմն կա ինչ-որ մեկը։ Ո՞վ է...
 +
 +
Հակոբը հասկացավ, որ ընկերոջ ձայնը գալիս է ոչ իր կողքից, այլ բավական հեռվից ու զարմացավ։ Մինչ այդ չէր նկատել։ Հարցրեց.
 +
 +
— Ինչո՞ւ մոտ չես գալիս։
 +
 +
— Ե՞ս...
 +
 +
Արեգն ընդհատեց խոսակցությունը՝ ծափ տվեց ու տեղից թռավ։
 +
 +
— Գժվեցի՞ր,— զարմացավ Հակոբը։
 +
 +
— Ո՛չ, հորս արև, չեմ գժվել։ Այս ջուրը կարելի է խմել, պապայի արև, ինչպես թեյն են խմում, հովացնելով։ Կհովացնենք ու կխմենք։
 +
 +
— Իսկ որտե՞ղ ես հովացնելու,— Հակոբն ուզում էր ասել գլխիդ մեջ, բայց չասաց,— մեզ որտեղի՞ց բաժակ։
 +
 +
— Սպասիր, ճար կանենք։ Ու կրիայի միսն էլ կեփենք։ Ջուրը եռում է, չէ՞։ Եռացող ջրի մեջ զրահից կհանենք ու կեփենք՝ ինչպես գազօջախի վրա։
 +
 +
Չորսի միջով էլ էլեկտրականություն անցավ։ Ուտելու հեռանկարը ոգևորեց նրանց։ Արեգը բացատրեց, թե ինչպես է պատկերացնում ջուր հովացնելն ու միս եփելը։ Ասածը խելքի մոտ բան էր։ Ոգևորությունից նրանք նույնիսկ մոռացան, որ այդ բոլորը անելուց առաջ հարկավոր է գտնել ուսապարկն ու կրիան։ Առաջինն այդ մասին հիշեց Լևոնը.
 +
 +
— Իսկ ինչպե՞ս կգտնենք։
 +
 +
— Ճիշտ որ,— հևաց Հակոբը,— ո՞ր կողմում փնտրենք։
 +
 +
— Ես գիտեմ,— աղմկեց Վազգենը,— ջրի չլմփոցը լսելուց հետո, ես դեռ ոչ մի քայլ չեմ արել։ Ուսապարկն ու կրիան ինձանից տասը քայլ են հեռու, եկեք,— Վազգենի ձայնի մեջ տագնապի նշույլ իսկ չէր մնացել։ Մտքում նա սկսել էր ուտել֊խմելը։ Էլ ի՞նչ չարք, ի՞նչ դժոխք։
 +
 +
Հիմա արդեն խանգարող ոչինչ չկար։ Հակոբը թռավ տեղից։
 +
 +
Կես վայրկյանում որոշվեց. Լևոնը կմնա լճափում, որպես ամենաշատ տուժող։ Տեղ կորոնի ջուրը լցնելու։ Հետո ձայն կտա, որպեսզի կրիան ու պարկը գտնելուց հետո իրենք ուղղությունը չկորցնեն։
 +
 +
Ոչ ոք չառարկեց։
 +
 +
Քաղցը, իսկ ավելի շատ ծարավը բոլորին տանջում էր և նրանք անկարող էին հրաժարվել նույնիսկ ամենափոքր հնարավորությունից։ Իսկ Արեգի առաջարկը բոլորովին փոքր հնարավորություն չէր։
 +
 +
Հակոբի պահանջով Վազգենն սկսեց աղմկել ինչ֊որ շիլափլավ բանաստեղծություն էր արտասանում.
 +
 +
— Հողմը մեգով երկինքն առնում... Մսրա Մելիքը քաշեց իր սուրը. հե՜յ ուլատեր, հե՜յ գառնատեր... թռի֊վռի մի ճպուռ, ողջ ամառը տուն ու դուռ, դես ու դեն...
 +
 +
Արտասանեց այնքան, մինչև Արեգն ու Հակոբը վերջապես գտան նրան։
 +
 +
— Իսկ հիմա հրճվիր,— Վազգենի ձեռքը բռնելուն պես, ասաց Հակոբը։
 +
 +
— Արդեն շրջվել եմ։
 +
 +
— Ուրեմն, գնացինք։
 +
 +
Եռյակը չոքեչոք շարժվեց առաջ՝ եռացող լճի հակառակ ուղղությամբ։
 +
 +
{{ԵրեքԱստղ}}
 +
 +
Լևոնն արդեն հուսահատվում էր։
 +
 +
Տղաների գնալուց բավական ժամանակ էր անցել։ Րոպեն մեկ նստած տեղից Լևոնը ձայն էր տալիս՝ գտա՞ք և ամեն անգամ ստանում էր միևնույն պատասխանը.
 +
 +
— Ոչ, չկա։
 +
 +
Այն մտքից, որ կրիան գտնել տղաներին չի հաջողվի՝ Լևոնի քաղցն ու ծարավը ավելի սաստկացան։ Միաժամանակ ասես ավելացավ նաև ոտքի մռմռոցը, որ ցեխը քսելուց հետո սկսել էր մեղմանալ։ Լևոնը փորձեց չմտածել ոչ ուտելու, ոչ խմելու, ոչ էլ ոտքերի մասին։ Չկարողացավ։ Անհնար էր։ Նա հենվեց ձեռքին ու նայեց մթությանը.
 +
 +
— Գտա՞ք։
 +
 +
— Չէ, չկա,— բոլորի փոխարեն պատասխանեց Հակոբը և համարյա անմիջապես էլ լսվեց Վազգենի ուրախացած խզխզոցը.
 +
 +
— Գտա։
 +
 +
— Գտանք։
 +
 +
Ձայները խառնվեցին իրար։ Քարանձավը լցվեց ուրախ աղմուկով։ Ուրախությունից նրանք նորից մոռացան իրենց անհույս վիճակը։
 +
 +
Առանց շունչ առնելու Լևոնն սկսեց ձայնել.
 +
 +
— Հակոբ, Վազգեն, Արեգ։ Հակոբ, Վազգեն, Արեգ։ Վազգեն, Արեգ, Հակոբ...
 +
 +
Իսկ վերջիններս ուրախ֊ուրախ պատասխանում էին.
 +
 +
— Գալիս ենք։ Գտել ենք։ Գալիս ենք...
 +
 +
Եռյակը տեղ հասավ Լևոնի սպասածից շուտ։
 +
 +
Առանց տեղից բարձրանալու, շոշափելով Լևոնը գտավ ուսապարկն ու կրիան, թեթևացած շունչ քաշեց։ Հակոբն անմիջապես փորձեց կրիան տեղավորել ուսապարկի մեջ, որպեսզի իջեցներ լիճը։ Պարզվեց, որ կրիան ուսապարկից մեծ է։ Այս մեկը տղաները հաշվի չէին առել։ Նորից իրար անցան։ Համարյա պատրաստի կերակուրը ձեռքից թռչում էր։
 +
 +
— Ի՞նչ անենք,— հևաց Լևոնը։
 +
 +
— Քո գտած տաշտակի մեջ ուսապարկով ջուր լցնենք ու կրիան դնենք նրա մեջ,— առաջարկեց Արեգը։
 +
 +
— Կարելի է,— համաձայնեց Հակոբը։
 +
 +
Լճին ամենամոտը Վազգենն էր։ Արեգն ուսապարկը տվեց նրան։ Վազգենը մտցրեց լիճն ու եռման ջուրը չռչռացնելով վերադարձրեց ետ՝ Արեգին։ Վերջինը Լևոնն էր. անմիջապես դատարկեց ջուրն ու ուսապարկը տվեց Հակոբին։
 +
 +
— Էլի՞,— հարցրեց Հակոբը։
 +
 +
— Տասը ուսաւպարկ էլ կտանի։
 +
 +
— Մե՞ծ է,— ուրախացած մեջ ընկավ Վազգենը։
 +
 +
— Շատ,— ասաց Լևոնը։
 +
 +
— Բա էլ ի՞նչ ես լռել,— հևաց Վազգենը,— կրիան գցիր մեջը։
 +
 +
— Կեցցես,— Հակոբը թռավ տեղից,— կտեղավորվի՞։
 +
 +
Լևոնը չպատասխանեց։ Նա հևալով կրիան քարշ էր տալիս դեպի ծակ քարը, որին Արեգը տաշտակ անունն էր կպցրել։ Մյուս երեքը անմիջապես նետվեցին օգնելու։ Կրիան չլմփոցով ընկավ անցքի մեջ։
 +
 +
— Դե շուտ, ջուր հասցրեք,— աղմկեց Հակոբը։
 +
 +
Ուսապարկն սկսեց ձեռքից֊ձեռք անցնել։
 +
 +
Տղաներն աշխատում էին ինքնամոռաց, ոգևորված։ Ուշադրություն չէին դարձնում նույնիսկ ուսապարկից կաթկթող ջրից առաջացած այրուցքներին։ Ամեն անգամ, կաշեփոկը Հակոբին տալուց հետո Լևոնն ստուգում էր կրիայի զրահը՝ տեսնելու համար, պոկվե՞լ է, թե չէ։ Ոչ մեկը չգիտեր այդ ստուգման մասին և երեքն էլ անակնկալի եկան, երբ քարանձավով մեկ թնգաց Լևոնի ձայնը.
 +
 +
— Ուռա՜...
 +
 +
— Ի՞նչ պատահեց։
 +
 +
— Կրիայի զրահը պոկվել է...
 +
 +
Հիմա արդեն ոչինչ չէր կարող զսպել տղաներին։ Չորս զույգ ձեռքեր վայրկենաբար թաղվեցին եռացող ջրով լցված քարի մեջ։
 +
 +
 +
=== Գլուխ հինգերորդ ===

23:50, 19 Հուլիսի 2016-ի տարբերակ

Ակամա ճանապարհորդները

հեղինակ՝ Վարդգես Քալանթարյան, Մուշեղ Բաղդասարյան
աղբյուր՝ «Ակամա ճանապարհորդները»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում

Առաջին մաս

Գլուխ առաջին

Ավտոմեքենան ուշանում էր...

Դաշտում և այգիներում աշխատողներն արդեն գնացել էին և գյուղամիջում մնացել էին սար մեկնողները՝ քսան-քսանհինգ դպրոցական։ Ութ տղա, վեց աղջիկ 7֊ի «բ»֊ից, հինգ հոգի իննեիորդից, Հասմիկը, որ մայրիկի հետ քաղաքից եկել էր ամառը հորաքրոջ մոտ անցկացնելու և 6֊րդ «ա»-ի Ցախլեղտակ հայտնի եռյակը։

Հավաքվածները մտքում կամ բարձրաձայն բողոքում էին վարորդ Բաղդասարից և վերջինիս անփութությունը հիմնավորելու համար փորձում էին հիշել էլի նման դեպքեր.

— Մոռացե՞լ եք, անցած անգամ էլ շրջկենտրոն գնալիս կես ժամ ուշացավ։

— Բա Սարատակ, ֆուտբոլի գնալիս...

— Անտառը, անտառը, չեք հիշո՞ւմ...

— Պատճառն էլ գրպանում է՝ մեքենան փչացավ։

— Փչացավ, բա չէ՜... ինքն ուշանում է, մեղքը գցում մեքենայի վրա։

— Խեղճ մեքենա...

Ձայները գնալով բարձրանում էին։

Ընդհանուրի մտահոգությանն անտարբեր էին միայն Ցախլեղտակի տղաները՝ Լևոնը, Վազգենն ու Հակոբը։ Խոտ հավաքողներին նրանք միացել էին ընդամենը երեսուն րոպե առաջ և առիթից օգտվելով, որ մեքենան ուշանում է, հավաքվել էին զբոսայգու հեռավոր անկյուններից մեկում՝ ծրագրելու իրենց անելիքը։ Սկզբում ամեն ինչ թվում էր հասարակ ու հեշտ, բայց պարզվեց, որ դա շատ ավելի բարդ է, քան նունիսկ մաթեմատիկայի խնդրագրքի աստղանիշ խնդիրներն ու վարժությունները։ Բանն այն է, որ երեկ երեկոյան եռյակը փառավոր ծեծ էր կերել յոթերորդցի Արամից։ Ակումբում, կինոն սկսվելուց առաջ, Լևոնը փորձել էր ծաղրել Հասմիկին։ Դե, հենց այնպես... աղջիկը նոր էր եկել կեսօրվա ավտոբուսով և դեռ չէր հասցրել գյուղում որևէ մեկի հետ ծանոթանալ։ Այնպես որ նրան կարելի էր ծաղրել, վտանգավոր ոչինչ չկար։ Բայց պարզվեց, որ դա բոլորովին այդպես չէ։ Լևոնը նոր էր մոտեցել աղջկան, երբ անսպասելիորեն մեջտեղ էր ընկել Արամը. «Ի՞նչ ես ուղում, Ցախ։»։ «Քեզ ի՞նչ»— հոխորտացել էր Լևոնը։ «Ակումբից դուրս արի, կասեմ թե ինձ ինչ»։ Մարտահրավերը նետվել էր յոթ-ութ տղաների ներկայությամբ և Լևոնը չէր կարողացել հրաժարվել։ Խմբով գնացել էին ակումբի հակառակ կողմը՝ անլապտեր սյան տակ ու... Արամը երեքին էլ ջարդել էր ինչպես որ պետքն է։ Ավելի մեծ անպատվություն Ցախլեղտակի տղաներն անկարող էին նույնիսկ երևակայել։ Հարկավոր էր շուտափույթ վրեժխնդիր լինել, դրա համար էլ նրանք որոշել էին միանալ սար գնացողներին։ Իհարկե, Արամից բացի եռյակը ինչ֊որ կերպ վրեժ պետք է լուծեր նաև Գագիկից, Սահակից ու Գրիգորից, որոնք թույլ չէին տվել երեքով միասին Արամի վրա հարձակվել։ Բայց դա հետո։ Նախ անհրաժեշտ էր լուծել Արամի հարցը, որը չէր լուծվում։ Տղաներին երկար ժամանակ չէր հաջողվում նույնիսկ որևէ առաջարկ անել։ Վերջապես, բավական մտմտալուց հետո Հակոբը թռավ տեղից.

— Գտա։

Կանաչների վրա փռված Լևոնը պտտվեց հարյուրութսուն աստիճանով՝ ընկավ մեջքի վրա, իսկ Վազգենը ձգվեց տեղում.

— Ի՞նչ։

— Ի՞նչ գտար։

— Ծոցները մողեսներ կգցենք։

Վազգենի աջ հոնքը թռավ դեպի ճակատը և դրանից նրա բարալիկ դեմքը ավելի երկարեց։

— Իսկ եթե մողեսները թունավոր լինե՞ն։

— Ավելի լավ,— ուրախացավ Հակոբը,— կմեռնեն և վերջ։

— Վերջ, բա չէ դրա համար երեքիս էլ քարշ կտան դատարան, ի՞նչ ենք պատասխանելու։

Լևոնը, որին Հակոբի առաջարկն առանձնապես չէր ոգևորել, ձգեց առանց այդ էլ երկար ոտքերն ու կուշտ հորանջեց։ Մի պահ նա մտածեց միջամտել խոսակցությանը, բայց անմիջապես էլ փոխեց որոշումը։ «Շուտ է, թող էլի գզվեն, գուցե մի բան դուրս գա»— մտածեց և ալարելով նորից շրջվել փորի վրա։ Լևոնի անտարբերությունը ոգևորեց Վազգենին և նա նոր թափով վրա տվեց,

— Հը՛, դե խոսիր, ասա, ի՞նչ ես պատասխանելու։

— Ոչինչ էլ չեմ պատասխանի,— փնթփնթաց Հակոբը։

— Դատարանում լռել չկա, պետք է խոսես։

— Ես ոչ դատարան կընկնեմ, ոչ էլ կխոսեմ։

— Իյա՜...

— Բա՜...

— Իսկ այդ ինչպե՞ս չես ընկնի դատարան։

Հակոբը հաղթական ժպտաց՝ ելքը գտել էր.

— Հենց այնպես, չեմ ընկնի։ Կգտնեմ այնպիսի մողեսներ, որոնք թունավոր չեն։

«Տեսա՞ր, Տակառիկը բնագետ է եղել, իսկ մենք անտեղյակ ենք»,— մտքում հեգնեց Լևոնը։ Նա տանել չէր կարողանում, երբ որևէ մեկը, առավել ևս իր եռյակի տղաներից, ակնարկում էին ինչ֊որ բան գիտենալու մասին։ Ինչ ուզում է լիներ, թեկուզ ամենապարզ, ամենահասարակ, նույնիսկ իրեն հայտնի ճշմարտությունը՝ միևնույն է, տանել չէր կարող։ Բայց և այնպես, դրսևորելով կամքի մեծ ուժ, եռյակի ղեկավարը կարողացավ այս անգամ էլ զսպել իրեն՝ խոսակցությանը չմիջամտելու համար։ «Եռունդա, թող գզվեն...»։

— Լավ, ենթադրենք գտար,— Վազգենը ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ հաղթանակն ինչպես միշտ իր ձեռքից թռել է,— ենթադրենք գտար քո այդ ոչ թունավոր մողեսները, իսկ ինչպե՞ս ես դրանք ծոցները գցելու։

— Շատ պարզ։ Վեց գիշեր մնալու ենք սարում, չէ՞։

— Ենթադրենք մնալու ենք, հետո՞։

— Գիշերները սարում քնելու ենք, չէ՞։

— Ենթադրենք քնելու ենք, հետո՞։

— Իսկ մենք չենք քնի։ Կսպասենք մինչև նրանք մրափեն, հետո կմոտենանք ու հոպ՝ մողեսները ծոցները կգըցենք։

— Ենթ...

Խոսքի կեսին Վազգենը լեզուն կծեց՝ ենթադրելու բան չկար։ Հակոբն արհամարհական հայացքով չափեց ընկերոջը՝ ոտքից մինչև գլուխ.

— Հը՛, դե ենթադրիր, ընկեր Լեղաճաք։

— Ենթադրելու բան չկա, մեռած գործ է։

— Ինչո՞ւ։

— Որովհետև բան դուրս չի դա։

— Ինչո՞ւ։

— Որովհետև Արամը կտեսնի։

— Չի տեսնի։

— Իսկ եթե տեսնի՞։

— Ասացի՝ չի տեսնի։ Դմբո, քնած ժամանակ դու տեսնո՞ւմ ես, որ նա տեսնի։

— Դմբոն դու ես։ Եսկ եթե քնած չլինի՞։

— Իսկ եթե, իսկ եթե... ենթադրենք, ենթադրենք... իզուր չէ, որ անունդ Լեղաճաք նապաստակ դրեցինք։

— Դե, դե, Տակառիկ, չփորձես վիրավորել, թե չէ...

— Թե չէ ի՞նչ կանես,— Վազգենի անընդհատ հակաճառությունները Հակոբին հանել էին համբերությունից։ Նա առաջ գցեց կուրծքն ու մարտի պատրաստ աքաղաղի նման մոտեցավ կիսապառկած ընկերոջը,— դե խոսիր, ասա, ի՞նչ կանես, Լեղաճաք նապաստակ։ Նապ, նապո, նապաստակ...

— Ասացի չվիրավորես,— Վազգենը նստեց տեղում։

— Կվիրավորեմ ու մռութդ էլ կջարդեմ,— Հակոբն ավելի մոտեցավ։

Վախենալով, որ նստած ժամանակ կարող է խփել, Վազգենը թռավ տեղից.

— Ո՞ւմ մռութը։

— Քո։

— Ապա, կրկնիր։

— Կջարդեմ քո մռութը։

Վերջին բառերի հետ Հակոբը բարձրացրեց բռունցքը Վազգենի դնչին հասցնելու համար, բայց Լևոնը թույլ չտվեց։ Առանց պառկած տեղից բարձրանալու նա ծալեց մետրանոց ոտքը, դրեց Հակոբի կլորիկ, ուռած փորին և ալարելով հրամայեց.

— Չաքլորանալ։ Վեր ընկեք տեղներդ ու լսեք ինձ։ Նախ,— նրա երկնագույն, գեղեցիկ աչքերը մեխվեցին Վազգենի դեմքին,— Արամից այդքան վախենալ պետք չէ, չի սաղում...

— Երեկ էլ ասացիր չի սազում,— ընդհատեց Վազգենը, որի քթի մրմռոցը դեռ չէր անցել,— դրա համար էլ կերանք այդ փառավոր ծեծը։ Ներողություն էր՝ կխնդրեինք, կպրծնեինք, իսկ դու...

— Ձայնդ, թե չէ որ տեղիցս բարձրացա քեզ ներողություն ցույց կտամ։

Վազգենը վախեցած սսկվեց։ Իսկ Լևոնն, այդքանը նրա համար բավարար համարելով, դարձավ Հակոբին։

— Ինչ վերաբերում է ծոցները մողես գցելու քո առաջարկին,— նա դանդաղ տարուբերեց շեկլիկ գլուխը,— եռունդա, հիմարություն է։ Բոլորը գիտեն, որ դա մեր գյուտն է, անմիջապես գլխի կընկնեն ինչպես անցած անգամ՝ Ալվարդի ժամանակ։ Մոռացե՞լ ես...

Հակոբն ուսերը թոթվեց, մոռանալու բա՞ն էր, որ մոռացած լիներ։

Պատահել էր ընդամենը մեկ ամիս առաջ, դպրոցում։ Վազգենը պատռել էր Ալվարդի մաթեմատիկայի տետրը։ Աղջիկը զայրացել էր։ «Դուք երեքդ էլ հիմարներ եք, ծաղրածուներ։ Վախկոտ֊մեծամիտներ եք»— ամբողջ դասարանի առաջ սկսել էր նա։ Դա, իհարկե, վիրավորանք էր և տղաները որոշել էին վրեժխնդիր լինել։ Հենց հաջորդ դասամիջոցին նրանք մի փոքրիկ մողես էին բռնել ու խցկել Ալվարդի պայուսակը։ Մողեսն աղջկան ոչինչ չէր արել, նույնիսկ չէր կծել, միայն վախեցրել էր։ Դասի ժամանակ դուրս էր սողացել պայուսակից ու ընկել էր Ալվարդի շրջազգեստի վրա։ Ընդամենը այդքանը։ Բայց հենց այդքանի համար այնպիսի աղմուկ էր բարձրացրել... Դասղեկը կշտամբել էր, հետո եռյակը հյուրընկալվել էր դպրոցի դիրեկտոր ընկեր Ասատրյանի առանձնասենյակում, հետո ծնող էին կանչել, հետո...

Հակոբը հասկացավ, որ մողեսներն իսկապես հարցի լուծում չեն և հուսահատված թոթվեց ուսերը.

— Ուրեմն ճար չկա՞։

Վազգենը ցուցադրաբար ծլթացրեց լեզուն և արհամարհանքով ժպտաց. «Այդ էլ քո մողեսը, ընկեր Տակառիկ»։

— Ճար կլինի,— վստահ պատասխանեց Լևոնը։

— Դու կոնկրետ որևէ բան...

Հակոբը կեսից ընդհատեց խոսքը։ Լևոնը մատը դրեց շուրթերին և գլխով ցույց տվեց ծառուղին։

Վազելով եռյակին էր մոտենում 4-րդ «գ»-ի Արեգը։

— Հը, բան լսեցի՞ր,— տղայի տեղ հասնելուն պես, խիստ ձայնով հարցրեց Լևոնը։

— Այո,— Արեգը հպարտ ժպտաց։ Նա եռյակի անդամ չէր, որովհետև տարիքով փոքր էր և բացի այդ խելքը գլխին, համապատասխան մականուն չուներ, բայց հաճույքով կատարում էր Ցախլեղտակի բոլոր հանձնարարությունները՝ փոխարենն ստանալով եռյակի պաշտպանությունը։ Այդպիսի հանձնարարություն էլ Արեգն այսօր էր ստացել։ Նա պետք է գաղտնի ունկնդրեր Արամի, Գագիկի ու Հասմիկի խոսակցությանը։ Եվ հիմա եկել էր զեկուցելու հետախուզության արդյունքների մասին։

— Դե, սկսիր,— հրամայեց Լևոնը։

— Ինչպես որ ասել էիր...

— Հրամայել, հիմար,— ընդհատեց Լևոնը։ Նա տանել չէր կարողանում, երբ որևէ մեկր աղավաղում էր պաշտոնական խոսակցությունների համար եռյակի կսվմից հաստատված ոճը, որի համաձայն բոլոր զեկույցները հրամանատարին՝ պետք է սկսվեին «ինչպես հրամայել էիր» բառերով։

Արեգը հասկացավ, թե ինքն ինչի համար է արժանացել դիտողության ու գլխով արեց.

— Ինչպես հրամայել էիր, այդպես էլ արեցի՝ պահվեցի ցանկապատի ետևում ու ականջ...

— Եռունդա, կարճ կապիր, ժամանակ չկա։ Առանց ականջի ու ցանկապատի։ Ի՞նչ լսեցիր։

— Լսեցի, որ Աշոտը դեմ է ձեր սար գնալուն։

— Մե՞ր,— Վազգենն անհանգստացավ։

— Այո, ձեր,— Արեգը գլխով արեց,— հորս արև, դեմ է։

Լևոնը խեթ֊խեթ նայեց Վազգենին, այսինքն չփորձեռ խանգարել, հարցեր տալու իրավունք ունեմ միայն ես։ Հետո նորից շրջվեց Արեգին.

— Շարունակիր։

— Ուրեմն, Աշոտն ասաց, որ ընկեր Գեղամը սխալ բան է անում, որ այդ հիմարներին՝ այսինքն ձեզ, իր գլխին փորձանք է տանում ։ Որ այդ հիմարներին՝ այսինքն ձեզ, չպետք թույլ տալ սար գնալու։ Որ այդ հիմարներին՝ այսինքն ձեզ...

— Զզվեցրիր, եռունդա, առանց հիմարների պատմիր։

— Լավ։ Ուրեմն, Աշոտն ասաց, որ ձեզանից աշխատող դուրս չի գա։ Հետո էլ ասաց, որ ընկեր Գեղամը գրասենյակից դուրս գա թե չէ, ինքը կմոտենա ու կզգուշացնի, որ այդ հիմար... ներողություն, որ ձեզ վռնդի տները։

— Տեսնո՞ւմ ես ծծած մոմպասին,— չհամբերեց Հակոբը։

— Եռունդա։ Դրան էլ պետք է դաս տալ,— վճռեց Լևոնը,— Լեղաճաք, քեզ մարտական առաջադրանք՝ պետք է հետևես...

— Աշոտի՞ն։

— Այո։

— Լավ։

— Հիմար, պատասխանիր ինչպես պետքն է։ Քանի՞ անգամ քեզ պետք է հիշեցն եմ, որ առաջադրանք ստանալու ժամանակ ասես՝ լսում եմ, ինչպես հրամայված է։

Վազգենը ձգվեց տեղում.

— Լսում եմ, ինչպես հրամայեցիք։

— Լևոն,— խոսակցությանը խառնվեց Հակոբը,— իսկ եթե ընկեր Գեղամը լսի Աշոտին։

Լևոնը Հանգիստ թափ տվեց ձեռքը.

— Չլինելու բան է։ Այդ ծծած մոմպասն ո՞վ է, որ ընկեր Գեղամը լսի ու իր խոսքից ետ կանգնի։ Հիմա մյուսների մասին պատմիր։ Մյուսնե՞րն ինչ էին ասում։

— Ոչինչ էլ չէին ասում։

— Իսկ ընդհանրապե՞ս։

— Ընդհանրապես... ընդհանրապես Արամը զայրացավ Գագիկի վրա, որ հետը ուսապարկ է բերել։ Ասաց՝ պետք չէր, իզուր ուշադրություն կգրավի։

— Իսկ Գագիկն ինչո՞ւ էր ուսապարկը բերել,— ընդհատեց Լևոնը։

— Չգիտեմ։

— Հետո Գագիկն ասաց, որ ոչ մի ուշադրություն էլ չի գրավի։ Ասաց, որ բոլորը գիտեն կոլեկցիաներ հավաքելու իր սովորության մասին և, որ ուսապարկում լուցկու դատարկ տուփերից բացի կան նաև լիքը տուփեր և լապտեր, որը շատ անհրաժեշտ է...

Արեգի խոսքն անսպասելիորեն ընդհատվեց։ Գյուղամեջից լսվեց ինչ֊որ մեկի սուր ձայնը.

— Մեքենան...

Լևոնը թռավ տեղից։ Հակոբն ու Վազգենը հետևեցին նրան։ Բայց վազելուց առաջ Լևոնը նորից դիմեց Արեգին.

— Իսկ ինչի՞ է պետք։

— Ի՞նչը,— միանգամից չհասկացավ տղան։

— Լապտերը, հիմար։

— Լապտե՞րը... Հա, լապտերը պետք է։

— Ինչի է պետք,— հևաց Լևոնը։

— Ինչի,— Արեգը շփոթված քորեց գլուխը,— չգիտեմ։ Հորս արև, չգիտեմ։ Այդ մասին նրանք ոչինչ չասացին։

Լևոնը զայրացավ, բամփեց տղայի գլխին, գցեց խոտերի մեջ և երկար ոտքերը լայն-լայն գցելով, վազեց Հակոբի ու Վազգենի ետևից։


✻    ✻



Շրջապատը լցվել էր նոր հնձած խոտի հաճելի բույրով և մղեղի փոշիով։ Սարի վրա կանգնած ոսկեգույն ամպերը պտտվում էին թեթև քամուց։ Քրտինքի կաթիլները լցվում էին աշխատողների աչքերը, կսկծացնում։ «Բելոռուսները» երկար կցասայլերը պոչերից կապած, ձևավոր վազք էին կատարում սարի լանջին փռված դեզերի արանքում և խոտի խրձեր բարձած բռնում էին գյուղի ճանապարհը...

Արևն արդեն թեքվել էր: Գյուղում հիմա տոթից խեղդված կեսօր էր և ներքևում աշխատողները հավանաբար ընդհատել էին իրենց աշխատանքն ու նստել հացի։ Իսկ սարում օդը դեռ չէր հասցրել շիկանալ և թերևս դա էր պատճառը, որ ընկեր Գեղամը մոռացել էր ընդմիջում հայտարարելու մասին։ Շատերն արդեն տրտնջում էին քաղցից կամ հոգնածությունից, իսկ նա ասես ոչինչ չէր նկատում։ Ծուռպոչ եռամատը ձեռքին անցնում էր մի խմբից մյուսը, խոսում, կատակում, աշխատողներին ոգևորում էր, նվնվացողներին՝ ծաղրում, հետո մեկ֊երկու խուրձ էր նետում կցասայլի մեջ և մոտենում հաջորդ խմբին։ Լավագույն աշխատողների մեջ էին նաև Ցախլեղտակի տղաները։ Լևոնն ու Հակոբը, Արամին ու նրա ընկերներին աչքից չկորցնելու համար աշխատում էին խոտ հավաքողների հետ։ Իսկ Վազգենը միացել էր բարձողներին, որովհետև վերջիններիս մեջ էր նաև Աշոտը։ Լսածները չմոռանալու համար, նա շուտ-շուտ վազում էր ընկերների մոտ, մեկ-երկու վայրկյան փսփսում ու անմիջապես էլ վերադառնում էր, վախենալով, որ բացակա ժամանակ կարող են կարևոր բան խոսել և ինքը չլսի։ Արդեն երեք անգամ նա տեղեկություն էր հասցրել Լևոնին։ Առաջինը, երբ եռամատի համար Աշոտը թեթևակի վիճեց Հայկի հետ։ Երկրորդը, երբ լսեց Աշոտի գլխացավի մասին։ Եվ երրորդը, երբ Աշոտն ասաց, որ դպրոցն ավարտելուց հետո ինքը որոշել է երկրաբան դառնալ։ Վազգենի տեղեկությունները հավանաբար ընկերներին չէր բավարարել, որովհետև ամեն անգամ որպես վարձատրություն նա ստացել էր երեք բամփոց՝ Լևոնի կողմից և Հակոբի չարախինդ հեգնանքները. «Հիմար, բա դա տեղեկությո՞ւն է, որ շնչակտուր հասցրել ես մեզ»։ Վազգենը չէր ցանկանում նույն վարձն ստանալ նաև չորրորդ անգամ և չէր շտապում։ «Մինչև որևէ լուրջ բան չլսեմ, չեմ գնա»,— վճռել էր նա։ Բայց նրա բախտից բարձողների խումբը ոչ մի լուրջ բանի մասին չէր խոսում։ Վազգենն ականջները սրած որսում էր յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր բառ, ամեն մի հնչյուն և մտքում վերլուծելիս տեսնում էր, որ դրանք բոլորը տափակություններ են։

— Տեսեք, Սարգիսը նորից անդրավարտիքն է մաքրում։

«Այ քեզ անբաններ։ Ասա ձեզ ինչ, մաքրում է, թող մաքրի»։

— Բա ի՞նչ անի, հինգ օր առաջ է գնել։

«Հիմարություն։ Ասենք թե տասը օր առաջ է գնել, ի՞նչ...»

— Թող ուրիշը հագներ։

«Թյու։ Ինքը, իր անդրավարտիքը՝ ի՞նչ եք կպել, չեք պոկվում»։

— Ասածդ հասկացա՞ր։

«Հենց այդ էր պակաս, որ Աշոտն իր ասածը հասկանար»։

— Հասմիկն էլ կարծես դիտմամբ, բոլորովին չի նայում նրան։

«Շատ էլ լավ է անում. չի ուզում, չի նայում»։

— Հասմիկը հազիվ Արամին նայի։

«Ը՜մմմ... ա՜յ, թե ինչու էր երեկ կրակ կտրել»։

— Տափակ կատակ էր,— քրթմնջաց Աշոտն ու խեթ-խեթ նայեց Կարենին։

«Ըհը»։

— Քո վրա ինչո՞ւ ազդեց,— Կարենը ժպտաց,— չլինի՞ թե դու էլ էիր ուզում նոր անդրավարտիք հագնել։

— Ձա՜յնդ,— սպառնալից բղավեց Աշոտը։

Կարենը ծիծաղեց.

— Սիրո՜ւմ եմ քեզ, խաբար չունի՜ս...

— Լավ էլ զռզռում ես։

— Չափը չե՞ս անցնում, ընկեր ջան։

— Դրա իրավունքը միայն քեզ չի տրված։

— Չէ, երևում է քիթդ քոր է գալիս,— Կարենը մի կողմ նետեց եռամատն ու մոտեցավ Աշոտին։

«Կռիվ է լինելու։ Կարենը հաստատ կջարդի։ Ասենք՝ չջարդի էլ մեկ է, մեր օգուտն է»։

Բայց կռիվ չեղավ։ Այն պահին, երբ խոսակցությունն սկսեց տաքանալ, նմանվելով կռվի նախաբանի, տղաների մեջ հայտնվեց Գոհարը և ածխի պես սև, կլոր աչքերը փայլեցնելով ասաց.

— Իսկ գիտե՞ք ինչ եմ որոշել։

— Ի՞նչ,— հարցրեց Կարենը։

— Որոշել եմ գիշերը չքնել։ Պետք է նստեմ ու աստղերին նայեմ։ Գիտեք այստեղից ի՜նչ գեղեցիկ են երևում։ Մեծ, փայլուն...

Կարենը միանգամից փոխվեց։ Կարծես ինքը չէր, որ կես րոպե առաջ պատրաստվում էր դնքսել Աշոտին։ Դարձավ էլի նույն կատակասերն ու կպավ Գոհարից։

— Գոհար ջան, ես էլ եմ ցանկանում աստղերին նայել։ Ծնվածս օրից երազել եմ, նստել սարում ու նայել աստղերին։ Թույլ կտա՞ս,— կես-կատակ, կես-լուրջ խնդրեց նա։

«Վերջ։ Կռիվը ջուրն ընկավ, կորավ»։

— Նայում ես, նայիր, աստղերն իմ գրպանում չեն։

— Դե չէ, չհասկացար, ասում եմ միասին նայենք։

Գոհարը ծռմոեց դեմքը։ Հայկը, որ ծայրահեղ լրջությամբ էր վերաբերվում ամեն մի խոսքի, միջամտեց.

— Լսեք, դա անհնար բան է։

— Ի՞նչը,— Կարենը կեղծ-մտահոգ հայացքով նայեց ընկերոջը,— ի՞նչն է անհնար, պրոֆեսոր ջան, Գոհարի հետ աստղերին նայե՞լը։

— Չէ, չքնելը։ Ես չքնելու համար եմ ասում։

— Մեկ անգամ մեկ. բոլորովին էլ անհնար չէ։

— Ինչպե՞ս անհնար չէ,— Հայկը ոգևորվեց,— ուրեմն ամբողջ օրն աշխատելուց հետո դուք կարող եք գիշերներն էլ չքնե՞լ։

— Պահ, քո տունը շինվի, պրոֆեսոր ջան։ Ես կարող եմ ոչ թե մեկ, այլ հարյուր օր ու գիշեր անընդհատ աշխատել և վերջում էլ մնալ անքուն՝ Գոհարի հետ աստղերին նայելու համար,— վերջին բառերն ասելիս նա ցածրացրեց ձայնն ու խորամանկ ժպտալով նայեց Գոհարին։

Գոհարը նույնպես ժպտաց.

— Չաչանակ։

— Չաչանակը Աշոտն ու Հայկն են,— լուրջ-լուրջ ուղղեց Կարենը, ինչո՞ւ ես անունները, դեմքերն ու դեպքերը միմյանց խառնում։ Լավ չէ։ Իմ փոխարեն մեկ ուրիշն անպայման կվիրավորվեր ու ամբողջ կյանքում քեզ հետ չէր խոսի, բայց, դե ես...

Գոհարը ծիծաղեց։ Իսկ Կարենը ոգևորված ձևացնելով, սկսեց ծափ տալ ու թռչկոտել տեղում.

— Նայո՜ւմ ենք, նայո՜ւմ ենք։ Ճի՞շտ է։

— Իհարկե,— Գոհարը գլխով արեց ու Հաճելի ժպտաց,— միայն ոչ քեզ հետ։

— Ի՜... բա էլ ո՞ւր եմ հիմարի նման ծափ տալիս ու թռչկոտում։ Ում հետ նայելու ես, թող նա էլ քեզ ուրախացնի։

— Իհարկե,— Գոհարը նորից գլխով արեց։

— Իսկ ո՞վ է լինելու ասպետդ,— Կարենը խռոված ձևացավ,— ո՞ւմ հետ ես նայելու...

— Աշոտի,— Գոհարը ժպտաց,— համաձա՞յն ես, Աշոտ։ Դու էլ կգա՞ս, Հայկ։

Հայկը չպատասխանեց։ Տնքաց ու թափով բարձրացրեց եռաճանկին կպած բավական մեծ խուրձը։ Ուրիշ անգամ չէր համարձակվի, կվախենար խայտառակվելուց, բայց հիմա... «Երեխա է գտել։ Համաձա՞յն ես, Աշոտ, դու էլ կգա՞ս, Հայկ... կարծես չգիտենք, որ Կարենից բացի ուրիշ ոչ մեկի հետ չի համաձայնի»։ Նա խուրձը նետեց կցորդիչի թափքն ու առանց ճակատին փռված քրտինքի կաթիլները սրբելու, եռաճանկը խրեց հաջորդ խրձի մեջ։ Իսկ Աշոտն ընդհակառակը՝ Գոհարի հարցը լսելուն պես ընդհատեց աշխատանքը, հենվեց եռաճանկի ծուռտիկ պոչին ու ժպտաց.

— Համաձայն եմ։

«Համաձայն է։ Ուրեմն գիշերը մնալու է դրսում՝ Գոհարի հետ, մենակ։ Հայկը չպատասխանեց, նշանակում է չի գա։ Կլաս...»— Վազգենը նետեց եռաճանկն ու սլացավ ընկերների կողմը։

— Էյ, մեկ-երրորդ Ցախլեղտակ, քեզ ի՞նչ պատահեց, ինչո՞ւ դիվոտեցիր,— ետևից ձայնեց Կարենը։

Բայց Վազգենը բանի տեղ չդրեց ու մի շնչով հասավ ընկերներին։

Հակոբը նրան դիմավորեց քմծիծաղով.

— Նորի՞ց...

— Չէ,— Վազդենը թույլ չտվեց շարունակելու,— կարևոր բան եմ ասում. գիշերն Աշոտը մնալու է դրսում՝ Գոհարի հետ, ազնիվ խոսք, հենց նոր որոշեցին։

— Շատ կարևոր լուր էր,— հեգնեց Հակոբը։

Լևոնը խիստ հայացքով լռեցրեց Հակոբին ու շրջվեց Վազգենի կողմը.

— Ինչո՞ւ, ի՞նչ են անելու դրսում երկուսով։

— Աստղերին են նայելու։

— Իհարկե, աստղերը նոր են տեսել, բա չէ,— հեգնեց Հակոբը,— քեզ են հիմարի տեղ գրել, խաբել են։

— Եռունդա։ Նրանք անլուրջ մարդիկ են,— Լևոնը նայեց Հակոբին,— հնարավոր է, որ նայեն։ Դու ամեն ինչ եթե մեկ-մեկ պատմես,— նա հայացքը տեղափոխեց Վազգենի վրա,— ես անմիջապես գլխի կրնկնեմ՝ խաբե՞լ են, թե ոչ։

Վազգենը ոգևորված սկսեց վրա տալ ինչ որ լսել էր, բոլոր մանրամասներով, չմոռանալով նույնիսկ իր դիտողությունները։ Լևոնն ուշադրությամբ լսում էր պատմությունը, բայց ամենավերջում, երբ Վազգենը հասել էր Հայկի լռությանն ու Աշոտի ժպիտին՝ նա անսպասելիորեն ծամածռեց դեմքն ու մատով կտտացրեց ընկերոջ գլխին.

— Անհասկացող։

— Վախկոտ նապաստակ, երկարականջ,— առանց հայացքը Արամի խմբից կտրելու ավելացրեց Հակոբը,— միայն վազելու մասին ես մտածում։

— Արեգը քեզանից հազար անգամ լավ էր հասկանում այդպիսի բաները։

— Իզուր տեղն էլ այս երկարականջի փոխարեն նրան չբերեցինք։ Կարգին գործ կաներ։

— Ի՞նչ իմանայինք, որ այսպիսի եռունդայի մեկն է։

— Ափսոս Լեղաճաք անունը, որ այս հիմարի համար գտանք։

Վազգենը լուռումունջ տարավ գլխին տեղացող լուտանքների տարափը։ Կպատասխաներ, եթե խոսողը մենակ Հակորը լիներ։ Բայց Լևոնը ավելի շատ էր ոգևորված, քան Հակոբը, իսկ պատասխանել Լևոնին՝ նշանակում էր ստանալ էլի նոր հարված։ Վազգենը դա լավ գիտեր ու դրա համար էլ լռում էր։

Քննադատությունը հավանաբար երկար կշարունակվեր, եթե չլսվեր Կարենի ձայնը.

— Ժողովո՜ւրդ, հե՜յ, եկեք, հավանվեք, ճաշում ենք...

Լևոնն ու Հակոբը անմիջապես ընդհատեցին իրենց քննադատականները։ Արագ քայլերով նրանք գնացին դեպի վրանները , որ կողք-կողքի շարվել էին սարի արևելյան լանջի թեքության վրա։ Վազգենը հետևեց նրանց, այդպես էլ չհասկանալով, թե որն է իր մեղքը չորրորդ բամփոցի և լուտանքների հերթական տարափի համար։ Նա համոզված էր, որ ճաշից հետո խոսակցությունը կշարունակվի։ Լավ էր ճանաչում իր ընկերներին ու գիտեր, որ նրանք այդքանով բավարարվողը չեն։

Բայց ամեն ինչ դրանով էլ վերջացավ։

Ճաշից հետո վրա հասան նոր դեպքեր, որոնք ստիպեցին մոռանալ և՛ Սարգսի անդրավարտիքի պատմությունը, և՛ Աշոտի ու Գոհարի խոսակցությունը՝ աստղերին նայելու մասին, և՛ իհարկե, Վազգենի անհասկացող լինելու փաստը։

Ճաշն ավարտելուն պես ընկեր Գեղամն ասաց.

— Երեք ժամ կարող եք հանգստանալ։

— Ակտի՞վ, թե պասիվ, ընկեր Գեղամ,— հարցրեց Կարենը։

— Ըստ պահանջի։

— Այսինքն, կարելի՞ է վրաններից հեռանալ։

— Կարելի է,— համաձայնեց ավագ ջոկատավարը,— միայն թե շատ չհեռանաք...

Բոլորը վեր կացան։

Բարձրանալու պահին Արամն ինչ֊որ բան շշնջաց Հասմիկի ականջին։ Հասմիկը լուռ գլխով արեց։ Լևոնը, որ հետևում էր նրանց, տեսավ ու քաշեց Հակոբի թևը.

— Աչքդ չկտրես։

— Հասկանալի է։

Այս բոլորից անցած կլիներ հազիվ տաս֊տասներկու րոպե և Արամի եռյակն արդեն բռնել էր սարի արևմտյան լանջով իջնող ճանապարհը։

— Քիթս կկտրեմ, եթե սրանք Հին ամրոց չեն գնում,— քրթմնջաց Վազգենը, որ Լևոնի ու Հակոբի հետ դեզի ետեվից հետևում էր նրանց։

— Մենակ քիթ կտրելն էր պակաս,— խեթեց Հակոբը։

— Հասկացիր, այս կողմ երում ուրիշ բան չկա, կարող եմ գրազ գալ գնում են Հին ամրոց։

— Կորիր,— Հակոբն արհամարհանքով մի կողմ հրեց Վազգենի մեկնած ձեռքն ու նայեց Լևոնին,— չգնա՞նք։

— Շուտ է, թող հեռանան։

— Չե՞նք կորցնի։

— Եռունդա։ Մեր ձեռքից ո՞ւր են փախչելու, թող գնան։

— Լավ, թող գնան...


✻    ✻



— Սա էլ Հին ամրոցը,— Արամը ցույց տվեց բարձունքի գլխին թառած կիսաքանդ շինությունը։

Հասմիկը բարձրացրեց գլուխը։ Բայց ամրոցին նայելուց առաջ, իրենից անկախ, հայացքը կանգ առավ Արամի վերնաշապկի խունացած թևքերին, որոնց տակ տղայի մկանները խաղում էին ինչպես նոր բռնած ձկներ։ Նա մտքում Արամին համեմատեց նախ իրենց չորրորդ հարկի Կարենի հետ, հետո՝ կես քայլ այն կողմ կանգնած Գագիկի հետ, ծիծաղեց ինքն իր վրա՝ ընդհանուր ոչինչ չունեցող համեմատության համար, ու նայեց կիսաքանդ շինությանը։

Ներքևից ամրոցը նման էր Հսկա, տձև քարակոշտի, որ հրաշքով բարձրացել ու կպել էր սարի սուր ծայրին, պատրաստ յուրաքանչյուր վայրկյան նորից ցած գլորվելու։ Մինչև տեղ հասնելը, Գագիկն ու Արամը Հին ամրոցի մասին շատ բան էին պատմել. սկսած մեծերից լսած լեգենդներից, մինչև իրենց սեփական աչքով տեսածը։ Հասմիկի համար դրանք բոլորը հետաքրքիր նորություններ էին, ծածկված խորհրդավորության հրապուրիչ շղարշով։ Թերևս դա էր պատճառը, որ աղջիկը մի տեսակ անհանգստությամբ և միաժամանակ անհամբերությամբ էր նայում տձև քարակոշտերից կամաց-կամաց առանձնացող անձավների մութ այրերին ու հատուկենտ քարե ատամներին, որ այստեղ-այնտեղ դեռ պահպանվել էին կիսաքանդ պարսպի վրա։ «Պատմում են, որ մի ժամանակ այրերում չարքեր են ապրել»։ «Բայց հետո պարզվեց, որ դրանք ուղղակի շշուկներ ու սուլոցներ են, որոնք առաջանում են տարբեր անցքերից քարանձավ լցվող օդի հոսանքից»։ «Իսկ գիտե՞ս ինչքան գանգեր ենք գտել»։ «Գանգն ի՞նչ է, կմախք, կմախք ենք գտել»։ Հասմիկը նայում էր վեր և հիշում ճանապարհի խոսակցությունները՝ ամրոցին վերաբերող յուրաքանչյուր պատմություն...

Ամեն ինչ լավ էր, բացի ճանապարհից։ Ամրոց տանող միակ ուղին Ժայռի մեջքին փաթաթված նեղլիկ շավիղն էր, որ զգուշորեն գլորվում էր մինչև բարձունքի կեսն ու վախեցած օձի պես պահվում քարերի արանքում։ Ավելի վեր, խոժոռ մուտքերով քարանձավներն էին, որոնք բրգաձև բարձրանում էին մեկը մյուսի վրա՝ ավելի ու ավելի անմատչելի դարձնելով ամրոցի մուտքը։

— Մենք հասնել ու ենք մինչև այնտե՞ղ,— Հասմիկը ցույց տվեց ամենավերջին խոռոչը։

— Դժվար է, բայց կհասնենք,— Արամը հասկացավ, որ ճանապարհը վախեցրել է աղջկան, դրա համար էլ անմիջապես ավելացրեց,— մեր գյուղի բոլոր աղջիկներն այնտեղ եղել են։

— Հա՞։

— Իհարկե։

Ինքնասիրությունը հաղթեց վախին։ Բայց և այնպես, ճանապարհի վրա ոտք դնելուց առաջ Հասմիկը մեկ անգամ նորից նայեց նեղլիկ շավղին ու չկարողացավ զսպել իրեն.

— Նույն ճանապարհո՞վ ենք վերադառնալու։

— Ինչո՞ւ,— խոսակցությանը խառնվեց Գագիկը, որ մինչ այդ զբաղված էր ակնոցի ապակիները սրբելով,— կիջնենք մյուս կողմով, դեպի գետը՝ դա իմ ու Արամի հայտնագործած ճանապարհն է։

Վերելքն սկսվեց մի քանի րոպե հանգստանալուց հետո։ Առջևից գնում էր Արամը, ճանապարհի դժվարին մասերում օգնելով կրնկակոխ եկող Հասմիկին։

Շավիղն անհետացավ միանգամից։ Անսպասելիորեն կտրվեց խոր, անհատակ անդունդով և տողադարձված երկար բառի պես շարունակեց կտրվածքի հակառակ կողմում։

Ճանապարհի անհետանալուն պես Արամը շրջվեց Հասմիկի կողմը ու ժպտաց.

— Սատանայի կամուրջը սա է։ Կանցնենք և արդեն ամրոցում ենք։

Հասմիկը նայեց անդունդի վրա ընկած գերանանման քարին, որն իսկապես համապատասխանում էր իր տարօրինակ անվանը։ Քարը նեղ էր ու երկար, մի կողմից նա կպել էր լեռան ժայռոտ կողին, մյուսով թեքվել դեպի անդունդը՝ պատրաստ յուրաքանչյուր վայրկյան ցած գլորվելու։ Աղջիկը վախեցած ետ քաշվեց.

— Ոչ... ոչ։ Սա անհնար է...

— Մեր գյուղում աղջիկ չկա, որ այստեղից անցած չլինի,— Հասմիկի կմկմոցն ընդհատեց Արամը,— հավատա, շատ է հեշտ, ուզես էլ չես ընկնի,— նա մեջքով շրջվեց դեպի պատն ու ոտքը դրեց ելուստի նեղլիկ եզրին։ Փոքրիկ անզգուշություն և տղան կարող էր գլորվել ներքև, փշրվել անդունդի հատակում հազիվ երևացող քարերի վրա։ Սարսափելի էր։ Հասմիկը վախեցած փակեց աչքերը և անմիջապես էլ լսեց Արամի ինքնավստահ ձայնը.— ձեռքդ տուր։

Աղջիկը վախից դողաց։

Այդ պահին նա միայն մի բան էր մտածում. երանի ոչ գյուղ եկած լիներ, ոչ Արամին ու Գագիկին հանդիպած ոչ էլ այդ հիմար ամրոցը գալու մտքին համաձայնած։ «Թեթևսոլիկ, քեզ տեղն է, քեզ...»։ Հասմիկը չհասկացավ, թե ինչպես ձեռքը մեկնեց Արամին, ոտքն ինչպես դրեց տարօրինակ ու սարսափելի քրի վրա։ Արամի կարծիքով, դա ինքնասիրությունն էր, որ հաղթահարեց վախը. «Մեր գյուղի բոլոր աղջիկներն այստեղից անցել են»։ Գագիկի կարծիքով, պատճառն իր պատմություններն էին քարանձավի մասին. «Բոլոր անձավները միանում են ստորգետնյա անցումներով, իսկական լաբիրինթոս է. «Փարավոն»֊ը տեսե՞լ ես, ճիշտ նրա միջի լաբիրինթոսից։ Այնքան հետաքրքիր է։ Իսկ վերջին անձավից երևում է անմատչելի քարանձավը՝ այնտեղ ինչ֊որ մութ կերպարանքներ են երևում, որ գուցե դիակներ են, գուցե հին արձաններ, գուցե... ո՞վ գիտե։ Ափսոս այնտեղ մտնել հնարավոր չէ, թե չէ գիտե՞ս ինչ ցրուտ է»։ Բայց իրականում ոչ մեկն էր, որ մյուսը, տղաները երկուսն էլ սխալվում էին։ Հասմիկը բացարձակապես ոչինչ չէր մտածել, և ձեռքն Արամին էր մեկնել հենց այնպես, առանց հասկանալու՝ փակել էր աչքերն ու մեկնել վախից դողացող ձեռքը։

Արամն ամուր սեղմեց աղջկա բարալիկ մատներն ու անհոգ ծիծաղեց.

— Միայն թե աչքերդ բաց։ Փակ աչքերով անցնելն անհնար է։

Տղայի անհոգ ծիծաղը փոքր֊ինչ սրտապնդեց Հասմիկին։ Արամը զգույշ փոխելով քայլերը, շարժվեց առաջ՝ ետևից տանելով աղջկան։ Վայրկյաններ անց, ելուստի վրա էր նաև Գագիկը։

Ճանապարհորդությունը սատանի կամրջով երկար չտևեց՝ մի քանի վայրկյան և եռյակն արդեն հասավ տողադարձված ճանապարհի շարունակությանը։

— Տեսա՞ր,— շավղի վրա հայտնվելուն պես ասաց Արամը,— տեսա՞ր, որ վտանգավոր ոչինչ չկար։

Հասմիկը նայեց անցած ճանապարհին.

— Ինչ ուզում եք ասեք՝ ես երկրորդ անդամ այստեղից անցնողը չեմ։ Կարող ես գլորվել անդունդ ու...

— Երկրորդ անգամ ավելի հեշտ կանցնես,— Գագիկը ծիծաղեց,— արդեն իսկապես աչքերդ փակած։

— Իսկ ձեր հայտնագործած ճանապա՞րհը։

Արամն անտարբեր թափ տվեց ձեռքը.

— Խնդրես էլ այսպիսի տեղեր չես գտնի։ Մեր հայտնագործածն իսկական պողոտա է, ուզում ես մեքենայով անցիր։

Հասմիկը մեղմ ժպտաց. այսինքն հավատացող չկա, գիտեմ որ փչում ես։


✻    ✻



Հին ամրոցում իսկապես հետաքրքիր էր։ Լույսն ու մութը միմյանց հաջորդում էին այնպես անսպասելի, այնպես կտրուկ անցումներով ու գեղեցիկ միացումներով, որ Հասմիկը չէր կարողանում զսպել միմյանց հաջորդող հիացմունքի ճիչերը։ Երրորդ, թե չորրորդ քարանձավից հետո սկսվեցին շշուկների այրերը։ Ամենուրեք լսվում էին ինչ֊որ խռխռոցներ, որոնք հիշեցնում էին խեղդվողի շնչառություն կամ կիսաձայն խոսակցության արձագանքներ։ Առաջին անգամ ամրոցը մտնողի համար դրանք խորհրդավոր էին ու վախեցնող, բայց ճանապարհին Գագիկն արդեն հասցրել էր բացատրել ձայների առաջացման պատճառը։ Հասմիկը շուտ ընտելացավ միջավայրի տարօրինակությանն ու սկսեց համարձակ վազել մի անձավից մյուսը։ Անձավները տարբեր ուղղությունների վրա բացվող դիտանցքներ ունեին, որոնցից երևում էր ամրոցի շրջակայքը՝ մինչև հորիզոն։ Հասմիկը նետվում էր մի անցքից մյուսը. հիանում էր անտառի եզրին գալարվող արծաթ ժապավենտվ, Քաչալ սարի վրա վառվող երփներանգ ծաղիկների գունագեղ գորգով, ամրոց բերող արահետի վտանգավոր ու սպառնալից ոլորապտույտներով... Անցքերից մեկով նայելու ժամանակ, նա ներքևում ինչ֊որ կերպարանքներ նկատեց և անմիջապես իր մոտ կանչեց Արամին ու Գագիկին։

— Ի՞նչ կա,— անտարբեր հարցրեց Արամը։

— Ներքևում մարդիկ են երևում։

— Ի՞նչ անենք, ով ուզում է կարող է գալ։

— Բայց նրանք ամրոց չեն գալիս։

— Ավելի լավ։

— Ի՞նչ ավելի լավ։ նրանք թաքնվել են քարերի ետևում և...

— Թաքնվե՞լ,— անհանգստացավ Գագիկը։

— Ըհը։

— Գուցե թվո՞ւմ է։

— Չէ, ի՞նչ թվալ։ Ես պարզ տեսնում եմ, նրանք պահվել են քարերի ետևում, մեկ֊մեկ գլուխները դուրս են հանում և նորից պահվում։

— Հետաքրքիր է,— Արամը գլուխը մտցրեց անցքի մեջ։

Խոռոչը նեղ էր, Արամի դեմքը քսվեց Հասմիկի ոսկեգույն, փափուկ մազերին։ Հաճելի էր։ Նա մի պահ նույնիսկ մոռացավ, թե ինչու էր գլուխը խցկել անցքի մեջ։

— Հիմա համոզվեցի՞ր, որ ինձ չի թվում։

— Այո, իհարկե,— Արամն ուշքի եկավ,— Ցախլեղտակի հիմաիներն են։ Այ, այն մեծ քարի ետևում պահված շերտավոր վերնաշապիկովն էլ Լևոնն է։ Գյուղում միայն նա ունի այդպիսի վերնաշապիկ։

— Ցախլեղտակը ի՞նչ է,— զարմացավ Հասմիկը։ Նա ոչ մի անգամ դեռ բախտ չէր ունեցել լսելու հռչակավոր եռյակի անունը։

— Երեք հիմարների հավաքածո,— բացատրեց Արամը,— Ցախավել, Լեղաճաք, Տակառիկ։

— Ինչ էլ անուններ եք գտել,— ծիծաղեց Հասմիկը։

— Իրենք են հնարել, որպեսզի առաջին վանկերի միացումից ստացվի Ցախլեղտակ։

— Պարզ է,— ասաց Հասմիկն ու բավական ժամանակ անշարժ կանգնելուց ձանձրացած, վազեց դեպի հաջորդ անձավը...

Չորրորդ հարթակում խումբը հանդիպեց անցքերի մոտ հավաքած քարակույտերի։

— Սրա՞նք ինչի համար են,— հարցրեց Հասմիկը։

— Թշնամուն ռմբակոծելու,— բացատրեց Արամը,— չե՞ս լսել, առաջներում մարդիկ քարերով են կռվել։

— Լսել եմ,— Հասմիկը գլխով արեց ու նայեց հրակնատից, որը բացվում էր ամրոց բերող ճանապարհի վրա։ Իրոք որ այդ անցքից դլորված քարը չէր զիջի ռումբին։

...Ժամանակն ամրոցում անցնում էր աննկատելի։

Խոսելով, միմյանց բացատրություններ տալով ու վազվզելով նրանք հասան ամենավերջին հարթակի քարանձավներին, որոնք ամրոցի բնակիչների համար, ամենայն հավանականությամբ, ծառայում էին որպես բնակարաններ։ Այստեղ քարե մեծ ու փոքր դարակներ կային, որոնք Գագիկի ասելով, ամրոցի բնակիչներր օգտագործել էին որպես մահճակալներ ու պահարաններ։ Դարակների մի մասը հորիզոնական էին և Գագիկն ասաց, որ դրանք մահճակալներն են։ Մնացած դարակները ուղղահայաց էին և տարբեր լայնություն ունեին։

— Նեղերը,— բացատրեց Գադիկր,— պատրաստվել են զենքեր պահելու համար, իսկ լայները՝ զգեստներ,— հետո ցույց տվեց կողք֊կողքի դրված քարե թասերր, որոնք երեք հատ էին ու ասաց,— Իսկ սրանք ջուրը զտելու համար են։ Ծակոտկեն քարեր են, գիտես չէ՞ որ ջուրն այդպիսի քարերից անցնելիս մաքրվում է։

— Ըհը,— Հասմիկր գլխով արեց,— գիտեմ։

Ամենավերջին անձավից ձգվում էր ուղիղ մի ճանապարհ, որը գնում էր մինչև անմատչելի քարանձավ և նրանից քսան-քսանհինգ մետր հեռավորության վրա անսպասելիորեն կտրվում անդունդով։ Անմատչելի քարանձավում իսկապես մութ էր և բացարձակապես անհնար՝ Գագիկի ու Արամի մինչ այդ պատմածներին որևէ նոր բան ավելացանելը։

— Ես այն կարծիքին եմ, որ այս քարանձավը անպայման որևէ մուտք ունի կամ ունեցել է,— ասաց Հասմիկը նայելով մթության մեջ հազիվ նշմարվող կերպարանքներին։

Գագիկն անմիջապես համաձայնեց.

— Ճիշտ է։

— Գյուտ արին, կեցցեք,— խայթեց Արամը։ նրան բոլորովին դուր չէր գալիս Հասմիկի ու Գագիկի մտերմությունը։— Գտան, որ մարդիկ օդի միջով չեն երթևեկել։

Հասմիկը չլսելու տվեց ծաղրը։

— Այս մասին որևէ մեկին ասե՞լ եք,— հարցրեց նա։

— Քեզ,— նորից կծեց Արամը։

— Ես լուրջ բան եմ ասում,— վիրավորվեց Հասմիկը։

— ԻսԿ ինչո՞ւ ես մտածում, որ մյուսները լուրջ բան ասել չգիտեն,— վրա բերեց Արամը։

— Որովհետև... այնտեղ գուցե հարստություններ կան։ Գուցե... Իսկ հնէաբանները եթե իմանան կարող են ուղղաթիռով գալ ու դուրս հանել եղած-չեղածը։

Այս անգամ Արամը լուռ մնաց։ Աղջկա ասածն իսկապես խելքի մոտ էր։

Հետո նրանք էլի մի քանի րոպե մնացին անմատչելի անձավի մուտքին նայող հարթակի վրա և, քանի որ ամրոցում անելիք այլևս չունեին, որոշեցին գետափ իջնել։


Գլուխ երկրորդ

— Էլի անհետացավ... ազնիվ խոսք, նրանից բան չեմ հասկանում։

Արամն ինքնագոհ ժպտաց և ժպիտը Հասմիկից թաքցնելու նպատակով շրջվեց դեպի գետը։

— Կարծում ես ինքը հասկանո՞ւմ է,— առանց աղջկա կողմը նայելու փնթփնթաց նա։

— Լավ, բայց ի՞նչ է գտել այդ բզեզների ու բլոճների մեջ, որ շունչը կտրած, անընդհատ ետևներից է վազում։

— Ո՞վ գիտե։ Կոլեկցիա է հավաքում,— Արամը քմծիծաղ տվեց,— բա, որ իրեն հարցնե՜ս. ասում է ավելի հետաքրքիր բան աշխարհում գոյություն չունի։

— Դե ասա, իսկական Կարենն է, էլի։

— Ի՞նչ Կարեն։

— Դե, մեր միջանցքի։ Նրա մասին արդեն ասել եմ։

— Ճիշտ է, հիշեցի, ասել ես։ Ուրեմն, այդ Կարե՞նն էլ է բլոճ ու բզեզ հավաքող։

— Այն էլ ինչպես... մի լիքը զամբյուղ դրանցից ունի,— հանկարծ՝ Հասմիկը ծիծաղեց,— հասկանո՞ւմ ես, մայրիկն ամեն առավոտ զամբյուղը տանում է, որ մեջը եղած-չեղածի հետ գցի աղբատարը, իսկ Կարենը շունչը կտրած վազում է ետևից, խնդրում է, համոզում ու նորից ետ բերում, որպեսզի հաջորդ օրն ամեն ինչ նորից կրկնվի։

— Նշանակում է հիմարի մեկն է քո այդ Կարենը,— եզրակացրեց Արամը։

Հասմիկը չհամաձայնեց.

— Չէ, հիմար չէ։ Ընդհակառակը՝ գերազանցիկ է։ Այնպիսի ստուգողական չկա, որ դասարանում ամենաառաջինը չվերջացնի և հետո էլ դեռ կողքին նստած Անդրանիկին է հասցնում օգնել։

— Մեծ բան չէ։

— Ինչպե՞ս...

— Հենց այդպես։ Հիմա գերազանցիկ լինելուց հեշտ բան չկա՝ ով ուզի՝ կդառնա։

Հասմիկը փորձեց հակաճառել Արամին։ Ասել, որ դա այդպես չէ, որ բոլորը գերազանցիկ դառնալ չեն կարող։ Որ ինքն, օրինակ՝ շատ է ցանկանում գերազանցիկ դառնալ, բայց չի կարողանում։ Որ իրեն ոչ մի կերպ չի հաջողվում գլուխ հանել մաթեմատիկայի խնդիրներից ու վարժություններից, հատկապես խնդիրներից, որ... բայց Արամը ժամանակ չտվեց։— Այ, դու ուրիշ բան ասա՝ քո այդ Կարենը ֆուտբոլ խաղո՞ւմ է։

— Իհարկե, խաղում է։

Արամը չէր սպասում այդ պատասխանին։ Զարմացած նայեց Հասմիկին.

— Հա՞,

— Այո։

— Ըմ՜մմ,— Արամը մի պահ մտածեց ու ելքը գտավ,— ուրեմն վատ խաղացող կլինի։

— Ոչ, ինչո՞ւ, լավ է խաղում։ Անցյալ տարի նրան նույնիսկ վերցրեցին դպրոցի հավաքական։

Դա արդեն բոլորովին անսպասելի էր։ Բայց Արամը նորից չկորցրեց իրեն.

— Դե լավ, ենթադրենք, որ ֆուտբոլ խաղալ գիտե։ Իսկ կռիվ անել գիտե՞։

— Ի՞նչ կռիվ։

— Կռիվ, սովորական կռիվ,— Արամը թռավ տեղից և ոգևորված սկսեց բռնցքամարտել օդի հետ,— կռիվ էլի, որ իրար են ծեծում։

Հասմիկն ուսերը թոթվեց.

— Չգիտեմ, չեմ տեսել։

— Պարզ է՝ չի անում, Որ աներ, կտեսնեիր։ Իհարկե, գերազանցիկն ո՜ւր, կռիվ անելն՝ ո՜ւր... Գագիկն էլ չի անում։ Ամբողջ կյանքում մի անգամ կռիվ չի արել։

— Գագիկը նույնպե՞ս գերազանցիկ է։

— Բա ի՞նչ է,— Արամն արհամարհանքով ծռմռեց բեբանը,— առավոտից իրիկուն դասերն է սովորում և մեկ էլ բլոճի ու բզեզի ետևից վազում...

— Երանի իրեն։

Արամը նայեց աղջկան։ Հասկացավ, որ չափն անցել է ու նահանջեց.

— Ասենք, գերազանցիկ լինելն իսկապես լավ բան է։ Բայց դե բզեզների ու բլոճների ետևից խելագարի պես վազվզելը,— Արամը մատը մեկնեց գետափնյա մացառների կողմը, որոնց արանքում երևացել էր Գագիկի գլուխը՝ ոզնու փշերի պես ցցված մազերով,— ըհը, երևաց։ Կարող եմ գրազ գալ, որ էլի ինչ֊որ բզեզի ետևից է գնացել։ Չե՞ս հավատում, հարցրու։

Արամը նոր էր վերջացրել խոսքը, երբ Գագիկը դուրս պրծավ մացառների միջից ու ամբողջ ուժով ձայնեց.

— Որ իմանաք ի՜նչ եմգտել։

— Տեսա՞ր, որ ասում էի,— շշնջաց նա ու շրջվեց վազելով մոտեցող Գագիկին,— բզե՞զ է, թե բլոճ։

— Բզեզ։ Հազվագյուտ բզեզ։ Այս տեսակին հայաստանում դեռ ոչ ոք չի հանդիպել։ Նրանից հատուկենտ երևացել են Հյուսիսային Կովկասում, իսկ ավելի հարավ,— վերջին խոսքի հետ նա բացեց ամուր փակած ափն ու սև, կարծր մեջքով կլորիկ միջատը մոտեցրեց Արամի դեմքին։ Վերջինս վախեցած ետ քաշվեց ու բղավեց.

— Հեռացրու։

— Ի... ինչո՞ւ։

— Հեռացրու, ասում եմ, դրանցից զզվում եմ։

— Զզվո՞ւմ,— Գագիկը զարմանքից ճպճպացրեց աչքերը,— մի՞թե կարելի է այդպիսի միջատից զզվել։ Ուզո՞ւմ ես, Դարվինի պես կարող եմ գցել բերանս ու պահել երկու րոպե, երեք րոպե... մինչև շունչս կտրվելը։ Ուզո՞ւմ ես։

— Թյու,— Արամը ծռմռեց դեմքն ու բարձրացավ տեղից,— գնում եմ լողանալու, կգա՞ս, Հասմիկ։

— Չէ,— Հասմիկր տարուբերեց գլուխը,— ուզում եմ ծաղիկներ հավաքել։

— Դու գիտես,— ասաց Արամն ու մարմինր հավասարաչափ ճոճելով մի կողքից մյուսը՝ թեթև քայլերով գնաց դեպի գետ։

Արամի հեռանալուն պես, Գագիկը բաց արեց ուսապարկն ու պարունակությունը դատարկեց խոտերի վրա։ Պարզվեց, որ ուսապարկն ամբողջովին լցված է լուցկու տուփերով։ Բացառություն էր կազմում միայն գրպանի լապտերը, որ Գագիկր վերցրել էր Հին ամրոցում շրջելու համար և մեկ էլ չորս, թե հինգ հաստ, մսոտ տերևները։ Լապտերն ու տերևները նա անմիջապես տեղավորեց ուսապարկի մեջ, այնուհետև սկսեց մեկառմեկ ուսումնասիրել լուցկու տուփերը։ Դատարկները չէր բացում, ականջի տակ թափահարում էր ու գցում պայուսակը։ Բոլորովին այլ կերպ էր վարվում լիքը տուփերի հետ, բացում էր մեծագույն զգուշությամբ, ասես այնտեղ պահված էր ոչ թե միջատ, այլ թանկ, անչափ թանկ մի իր, որը կարող էր փոքրիկ անզդուշությունից գոլորշիանալ, անէանալ։ Զմայլված նայում էր տուփի պարունակությանը, ինքն իրեն ժպտում էր, շշնջում Հասմիկի համար անհասկանալի բառեր, հետո փակում էր և նույն՝ գերագույն զգուշությամբ դնում ուսապարկի մեջ։ Հասմիկն առժամանակ հետևեց Գագիկին։ Հետո ձանձրացավ լուռումունջ նստելուց ու թռավ տեղից։

— Ո՞ւր,— տեսնելով, որ նա վազում է թփուտների կողմը, ձայնեց Գագիկը։

— Գնում եմ ծաղիկներ հավաքելու։

— Շատ չհեռանաս, ուր որ է անձրև կգա, պետք է վերադառնանք։

Հասմիկը նայեց գլխավերևի կապույտին ու ծիծաղեց.

— Տեղատարափ է լինելու։ Բո՜...

— Ես կատակ չեմ անում։ Գետի վրա արտասովոր լռություն է իջել, դա ամպրոպի նշան է։

— Լավ, լավ, հասկացա,— Հասմիկը նորից ծիծաղեց ու անհետացավ թփուտների մեջ։

Գագիկը մի պահ նայեց աղջկա ետևից տարուբերող թփերին ու շարունակեց տուփերի ուսումնասիրությունը։

Անցավ բավական ժամանակ։

Գագիկն արդեն վերջացնում էր հավաքածոյի զննումը։ Խոտերի վրա մնացել էին երեք կամ չորս տուփ՝ ոչ ավելի, երբ հանկարծ թփուտներից լսվեց Հասմիկի ձայնը.

— Մա՜։

Լսվեց ու միանգամից կտրվեց։ Ասես թել էր, որ ընկավ մկրատի բերանը։ Գագիկը թռավ տեղից։ Շտապելուց մոռացավ նույնիսկ խոտերին թափված տուփերը հավաքել։ Վերցրեց ուսապարկն ու վազեց դեպի թփերը։ Աղջկա ճիչը լսել էր նաև Արամը։ Գագիկը դեռ չէր հասցրել մտնել թփուտները, երբ կողքին հայտնվեց թրջված տրուսիկը մարմնին կպած Արամը։

— Ի՞նչ պատահեց,— արագ վազքից շնչառպառ հարցրեց նա։

— Չգիտեմ, Հասմիկն էր։ Ես ուսապարկն էի կարգի բերում, երբ...

— Գուցե կատակո՞ւմ էր։

— Չէ, կատակի նման չէր։ Ձայնը կարծես թե շատ էր վախեցած։

— Ի՞նչ կարող էր պատահել։

— Չգիտեմ։

Հրացանից պոկված գնդակի նման, տղաները մխրճվեցին թփուտների մեջ։ Այնտեղ, որտեղից լսվել էր աղջկա ճիչը, թեթև հովից հանդարտ օրորվում էին դատարկ թփերը։ Ոչ մի ձայն, կենդանության ոչ մի նշան։

— Հասմի՜կ,— չհամբերեց ու ձայն տվեց Գագիկը,— Հասմիկ։

Ոչ մի պատասխան։

— Հասմի՜կ,— դոռաց Արամը։

Ոչ մի պատասխան։

Տղաները շփոթված նայեցին միմյանց։

— Գուցե կատակո՞ւմ էր։

— Չէ, կատակի նման չէր։

— Իսկ ի՞նչ կարող էր պատահել,— հևաց Արամը,— ո՞ւր կարող էր անհետանալ։

Գագիկն ուսերը թոթվեց։ Գոռաց.

— Հասմի՜կ։

— Հասմի՜կ։

— Հա՜ս֊մի՜կ...

Տղաների ձայները խառնվեցին իրար, իսկ պատասխան չկար։

Հասմիկը գոլորշիացել էր, ինչպես ջրի կաթիլն արևակեզ անապատում։


Երկինքը միանգամից մթնեց։

Արջասարի գագաթից կախ ընկած սև ամպը իջավ֊կպավ Քարատափի մամռոտ ժայռերին։ Ինչ֊որ տեղ որոտաց ամպրոպը։ Կայծակի սլաքը պատռեց երկնքի սև կուրծքը և պատռվածքից անմիջապես թափվեցին ծանր, խոշոր կաթիլները։ Սկսվեց տեղատարափ։ Անձրևն ամբողջ ուժով ծեծում էր տղաների ուսերը, մեջքները, գլուխները, դեմքերը։ Անձրևաջուրը շիթերով հոսում էր նրանց մազերով, անցնում վերնաշապիկների բացվածքներով ու վազում թաց մարմինների վրայով։

Վերջապես, ապարդյուն վազվզոցից տղաները հոգնեցին ու կուչ եկան հաստաբուն կաղնու տակ։ Դա միակ ծառն էր, որը չգիտես ինչպես անտառից բաժանվել ու եկել֊ընկել էր թփուտների մեջ։

Տեղատարափն առաջվա պես շարունակվում էր։ Կաղնու լայնանիստ տերևները բացարձակապես անզոր էին ծանր ու խոշոր կաթի քներից տղաներին պատսպարելու համար։ Դեղնավուն, թեթև վերնաշապիկը, որ Արամը հագել էր անձրևն սկսելուն պես, ամուր կպել ասես սոսնձվել էր նրա մարմնին, իսկ ոտքերը չփչփում էին կոշիկները լցված ցեխաջրի մեջ։ Գագիկի վիճակն էլ նախանձելի չէր։ Ճիշտ է, վախենալով կորցնելուց, նա շալակել էր անջրանցիկ կտորից պատրաստված ուսապարկն ու փրկել վերնաշապկի մի փոքրիկ հատվածը, բայց դրա փոխարեն ջուրն այնպես էր ողողել ակնոցի ապակիները, որ երեք֊չորս քայլի վրա բացարձակապես ոչինչ չէր տեսնում։

— Հիմա ի֊ի֊ինչ ենք անելու,— ծառի տակ տեղավորվելուն պես հարցրեց Արամը։

Գագիկն զբաղված էր ակնոցի ապակիները չորացնելով, իսկ Արամին թվաց, որ չի լսել հարցն ու կրկնեց.

— Հիմա ի՞նչ ենք անելու։

— Կշարունակենք որոնել,— պատասախանեց Գագիկը։

Արամն ուսերը թոթվեց. «Կշարունակենք, բայց որտե՞ղ... որտե՞ղ կշարունակենք»։ Հասմիկի ճիչր լսվել էր թփուտներից, իսկ թփուտներր նրանք «սանրել» էին ինչպես որ պետքն է։ Փնտրելու ուրիշ տեղ չկար։ Անտառը հեռու էր, ճչալուց հետո աղջիկն այնտեղ հասնել չէր կարող, մնացած տարածությունն էլ «քաչալ» քարեր էին, ուր ոչ թե Հասմիկ, այլ նույնիսկ ծիտ էլ չէր կարող պահվել։ «Ուրեմն, որտե՞ղ ենք որոնելու»— ինքն իրեն նորից հարցրեց Արամն ու նայեց Գագիկին.

— Որտե՞ղ ենք որոնելու։

Գագիկը չպատասխանեց։ Արդեն չորացած ապակիներով ակնոցը տեղավորեց քթին ու վազեց գետի կողմը։ Արամն անծպտուն հետևեց նրան։ Քիչ անց տղաները նորից այնտեղ էին, որտեղից Գագիկը լսել էր Հասմիկի ճիչը։

— Ես այստեղ կանգնած էի, երբ... չէ, նստած էի,— Գագիկը չոքեց ցեխաջրի մեջ,— ուրեմն, նստած տեղավորում էի լուցկու տուփերը, երբ լսվեց Հասմիկի ճիչը։ Ձայնը եկավ մոտավորապես այնտեղից՝ զույգ կակաչների կողմից։ Նշանակում է պետք է այնտեղ փնտրել։

— Մենք այնտեղ արդեն եղել ենք։

— Պետք է ավելի ուշադիր փնտրենք։

— Լսիր, Գագիկ, ի՞նչ կարող էր պատահել նրան։

— Չգիտեմ, ես գուշակող չեմ,— բավական կոպիտ պատասխանեց Գագիկն ու քայլեց զույգ կակաչների ուղղությամբ։

Անձրևը հանդարտել էր։ Խոշոր կաթիլները փոքրացել էին, դարձել ջրափոշի, իսկ ամպերի արանքում հայտնվել էր կապույտ մի ափսե, որը գնալով մեծանում էր։ Տեղատարափը հանդարտելուն պես Արջասարի կողմից սկսեց փչել ցուրտ, ջրառատ քամի, որը տղաների համար շատ ավելի անտանելի էր, քան տեղատարափը։ Երկուսն էլ ցրտից դողում էին, ատամ֊ատամի տալիս։ Արամը քայլում էր աջից՝ ընկերոջից երկու քայլ հեռավորության վրա, աչքը չկտրելով ուսապարկի մուգ կանաչից։ Երբեմն նրանք կանգ էին առնում ու թփերի արանքից զննում շրջապատը։ Այդպիսի կանգառներից մեկի ժամանակ ցրտից գողացող Արամն ասաց.

— Կ-կ-կ-կարծես թե այստեղ...

— Ի֊ի֊ի՞նչ...

— Այստեղ,— Արամը մի քայլ արեց դեպի ձախ՝ Գագիկին ինչ֊որ բան ցույց տալու համար և... Անակնկալի եկած Գագիկը քարացավ տեղում։ Չհասցրեց նույնիսկ ճչալ, որևէ շարժում անել։ Արամը սուզվեց կանաչների մեջ, կորավ, ինչպես քարը ջրում՝ միանգամից, անսպասելիորեն։

«Հրա՞շք էր,— Գագիկը տրորեց աչքերը,— գուցե թվո՞ւմ է»։ Չէ, չէր թվում։ Արամն իսկապես անհետացել էր։ Գագիկը նետվեց առաջ և անմիջապես տեսավ թփերի արանքում քողարկված բացվածքը։ Նա զգուշորեն մի կողմ քաշեց կանաչները, չոքեց ձվաձև անցքի եզրին ու գլուխը կախեց ներքև։ Անցքում տուշի պես թանձր մթություն էր։

— Արամ։

Ոչ մի պատասախան։

— Արա՜մ,— Գագիկը բարձրացրեց ձայնը։

Ոչ մի պատասխան։

— Ա՜֊րա՜մ,— այս անգամ նա գռռաց ամբողջ ուժով։

Որպես պատասխան ներքևից լսվեց թույլ տնքոց։ Կամ գուցե չլսվեց, այլ միայն թվաց։ Գագիկն անօգնական հայացքով նայեց շուրջը։ «Ի՞նչ անեմ...»։ Սկզբում մտածեց վազել գյուղ, այնտեղից օգնություն կանչել։ Բայց մինչև գյուղ բավական ճանապարհ էր՝ տասը կիլոմետրից ավել, այդքան էլ վերադարձի համար։ Գագիկը հաշվեց ու գտավ, որ դա կտևի ժամեր։ «Իսկ Արամը գուցե ծանր վիրավոր է, գուցե նրան օգնություն է պետք և, իհարկե, Հասմիկն էլ նույն փոսի մեջ է՝ ուշաթափված, կամ...»։ Գագիկը հասկացավ, որ գյուղ գնալու մտքից պետք է հրաժարվել։ «Ինչ որ անելու եմ, անելու եմ ինքս»— մտածեց նա և ձեռքերն զգուշորեն հենեց բացվածքի լպրծուն եզրին, մարմինը կախեց հորի մեջ, նայեց ներքև ու մթությունից բացի ոչինչ չտեսավ։ Մի քիչ էլ իջավ, փորձեց ոտքերով գտնել հատակը։ Չգտավ։ Ոտքերը տարուբերվեցին դատարկության մեջ։

— Արամ։ Հասմիկ։

Պատասան չստացավ։ Ավելի իջավ։ Հետո էլի ձայնեց ու պատասխան չստանալով, մի քիչ էլ իջավ։ Ոտքերը հատակին դեռ չէին հասել։ Դա վախեցրեց Գագիկին։ «Իսկ դուցե շա՞տ խորն է,— մտածեց նա,— գուցե բարձրանամ ու այնտեղ՝ վերևո՞ւմ որևէ բան մտածեմ»։ Գագիկը փորձեց ձգել մարմինը, դուրս գալ մութ, առեղծվածային փոսից, սակայն բացվածքի լպրծուն եզրերը չդիմացան տղայի ծանրությանը։ Գագիկի չռված մատերը սահեցին ցեխոտ գետնի վրայով և պոկվեցին բացվածքի լպրծուն եզրից։

Մթությունն անմիջապես կլանեց տղային։

Գլուխ երրորդ

Երեկոն սարում իջավ միանգամից։ Տեղատարափից հետո պարզված երկինքը ներկվեց մուգ կապույտ, ապա փոխվեց սևի և աներևույթ մի ձեռք միմյանց ետևից վառեց աստղերը։

Վեց փախստականները դեռ չէին վերադարձել։

Զարմանքն ու անհանգստությունը, որ սկսվել էր նրանց բացակայությունը նկատելուն պես՝ գնալով մեծացավ, ինչպես սարից գլորվող ձնագունդ։ Իսկ մութն ընկնելուց հետո տեղափոխվեց վրանների տակ՝ դառնալով խոսակցությունների միակ թեման։

Ընդհանուրի մտահոգությանն անտարբեր էին միայն իններորդցիները՝ Կարենը, Հայկը, Գոհարը, Աշոտն ու Սարգիսը։ Նրանք հավաքվել էին ամենավերջին վրանում և այնպիսի աղմուկ֊աղաղակ բարձրացրել, որ առանց դժվարության կարելի էր լսել ընդարձակ սարահարթի բոլոր ծայրերում։

— Ժողովո՜ւրդ,— Կարենի ձայնն էր, որ առանձնացավ մյուսների միջից,— ժողովուրդ, լսեք այսօրվա ամենաթարմ նորությունը։ Ուրեմն, այսպես...

— Պետք չէ, Կարեն, լսո՞ւմ ես,— Հայկը ձգվեց առաջ, փորձելով վերցնել նրա աջ ձեռքում պահված ծոցատետրը, բայց չկարողացավ ու շարունակեց,— խնդրում եմ, պետք չէ։

— Դե լավ, թող կարդա,— միջամտեց Գոհարը։

Հայկը շրջվեց նրա կողմը.

— Ինչպե՞ս թե՝ դե լավ, թող կարդա։ Ի՞նչ իրավունք ունի նա կարդալու իմ օրագիրը։

Կարենն աննկատելիորեն աչքով արեց Գոհարին՝ այսինքն՝ շարունակիր զբաղեցնելը։ Իսկ ինքն օգտվելով առիթից, որ Հայկն այլևս չի խանգարում, թռավ սեղանին ու սկսեց կարդալ.

— 28֊ը հունիսի, մեր թվարկություն... Խոտհավաքի աշխատանքները լավ էին գնում՝ նույնիսկ ավելի լավ, քան սպասում էինք։ Երկու անգամ ավելի խոտ հավաքեցինք, իսկ հետո խանգարեց անիծյալ անձրևը, եկավ ու մեզ քշեց վրանների տակ. «Ինչքան աշխատեցիք բավական է, հիմա էլ գնացեք հանգստացեք»։ Մենք, իհարկե, մի կերպ դիմացանք այդ դաժան պատժին՝ այսինքն երեք ժամ անգործ նստելուն։ Բայց արի տես, որ անիծյալ անձրևը այդքանով չբավարարվեց...

— Այս ինչե՞ր է կարդում,— շփոթված բացականչեց Հայկը, որ ընդհատել հր Գոհարի հետ վիճելն ու մյուսների պես, ժպիտը դեմքին լսել էր Կարենին,— ազնիվ խոսք, ես այդպիսի...

— Մի՛ խանգարի, թող կարդա,— Սարգիսը քաշեց նրա թևն ու նայեց Կարենին,— հետո՞։

— Հա, ուրեմն,— շարունակեց Կարենը,— անձրևն այդքանով, այսինքն մեզ աշխատանքից զրկելու պատժով չբավարարվեց և թրջեց խոտ հավաքող տղաներից մեկի բոլորովին նոր անդրավարտիքը։ Շարքից հանեց թարմ արդուկն ու ցեխոտեց փողքերը։ Չմոռանամ ասել, որ խոտ հավաքող այդ տղան յուրաքանչյուր երեք րոպեն մեկ ընդհատում էր աշխատանքն ու մաքրում անդրավարտիքին կպած խոտերը։ Չար լեզուներն ասում են...

— Վերջացրու— գոռաց Սարգիսը։

— Իյա, Սաքո ջան, քեզ ի՞նչ պատահեց,— կեղծ զարմացած ձևացավ Կարենը,— չլինի՝ թե խոտ հավաքող այդ տղան դու ես։ Ախր, դու էլ...

— Ասացի վերջացրու,— կրկին գոռաց Սարգիսն ու խեթ֊խեթ նայեց կողքին կանգնած Հայկին,— ուրեմն ամբողջ օրը այդ ես գրում, հա՞, փիլիսոփա։

— Չէ, հնարում է, ինչ ուզում ես ասա, ես այդպիսի բաներ չեմ գրել, ազնիվ խոսք։

— Քեզ այդպիսի բան չգրել ցույց կտամ,— ատամների արանքից նետեց Սարգիսն ու նորից շրջվեց Կարենին.— Է՛յ, լսիր, վերջացնելո՞ւ ես հիմարություններդ, թե...

— Սպասիր, Աաքո ջան, համբերություն ունեցիր, մարդը բան է գրել քո, իմ, մյուսի մասին, այն մյուսի մասին, բա չկարդա՞նք, չիմանա՞նք մարդն ինչ է գրել։

— Չէ, մի՛ կարդա։ Քո մասին կարդա, մյուսի, այն մյուսի, ում մասին ուզում ես կարդա, իսկ ինձ հետ գործ չունես, լսեցի՞ր։

— Իհարկե, Սաքո ջան, իհարկե լսեցի, բա քո ասա՞ծն էլ չլսեմ,— ասաց Կարենն այնպիսի կեղծ լրջությամբ, որին կնախանձեին սկսնակ շատ դերասաններ,— ուրեմն, չար լեզուները...

Սարգիսը սեղմեց բռունցքներն ու մոտեցավ սեղանին։ Նրա դեմքը լուրջ էր և վճռական։ Ոչ մի կասկած, տղան պատրաստ էր նույնիսկ տուրուդմփոցի։ Բայց Կարենն, առանց ուշադրություն դարձնելու զայրույթից կարմրած նրա դեմքին, շարունակեց կատակը։ Վախեցած ձևանալով, նա քաշվեց ետ ու ամբողջ ուժով ճչաց։

— Գոհար ջան, հանուն մեր անցած և ներկա բարեկամության, պաշտպանիր ամբիոնն ու ինձ ավազակային հարձակումներից։

Գոհարն աչքով արեց և անմիջապես խցկվեց սեղանի ու Սարգսի արանքը։

— Հեռու քաշվիր,— մռլտաց Սարգիսը։

— Գուցե խփե՞ս էլ,— շուրթերն ուռեցրեց Գոհարը։

— Հեռու քաշվիր։

— Իսկ եթե չքաշվեմ, ի՞նչ կանես... կխփե՞ս։

Սարգիսն անզորությունից կրճտացրեց ատամները, իսկ Կարենը յուղի նոր քանակ ավելացրեց կրակին։

— Չէ, Սարգիսը ջենթլմեն տղա է, Գոհար ջան, նա աղջկա վրա ձեռք չի բարձրացնի։

— Լսիր, դու այդտեղից իջնելո՞ւ ես, թե չէ,— գոռաց Սարգիսը, միաժամանակ փորձելով շրջանցել Գոհարին։

— Իջնելու եմ, Սաքո ջան, բա ո՞նց։ Քո կարծիքով սեղանի վրա կանգնա՞ծ եմ քնելու,— լուրջ-լուրջ ասաց Կարենն ու թույլ չտալով Սարգսին ուշքի գալ, շուտասելուկի պես վրա տվեց.— չար լեզուներն ասում են, որ նա այդ բոլորն արել է ի պատիվ Երևանից եկած աղջկա, որին անվանում են Հասմիկ, բայց մենք...

Համբերելն այլևս անհնար էր։ Սարգիսը մի կողմ հրեց Գոհարին ու բռնեց Կարենի անդրավարտիքի փողքը։ Կարենը փորձեց փախցնել ոտքը։ Չհաջողվեց։ Սարգիսն ամբողջ ուժով կպել ու քաշում էր, չմոռանալով կիսաձայն սպառնալ.

— Ես քեզ ցույց կտամ...

Կարենը փորձում էր ազատել ոտքը, հետն էլ շարունակելով զայրացնել ընկերոջը.

— Չէ, Սաքո ջան, ցույց մի տա, պետք չէ։

Աշոտը նետվեց բաժանելու նրանց. վախենում էր, որ կատակն ի վերջո կփոխվի կռվի։ Բայց հենց այդ պահին լսվեց Հայկի նախազգուշացնող կանչը.

— Ընկեր Գեղամը։

Սարգիսն անմիջապես բաց թողեց Կարենի անդրավարտիքը։ Իսկ Կարենն, առանց ակնթարթ կորցնելու, թռավ գետնին։

Ավագ ջոկատավարի մտնելու պահին վրանում ամեն ինչ արդեն կարգավորված էր, բայց տղաների դեմքերին նայելուն պես նա հասկացավ, որ ընդամենը կես րոպե առաջ նրանք բոլորովին էլ չեն ունեցել նույն անմեղ արտահայտություններն ու խոժոռեց հոնքերը։

— Ինչո՞վ էիք զբաղված։

— Ոչնչով, ընկեր Գեղամ,— բոլորի փոխարեն պատասխանեց Կարենը,— Հայկի օրագիրն էինք մասսայականացնում։

— Դրանի՞ց է ճակատդ քրտինքի մեջ կորել։

— Հը՞,— շփոթված Կարենը ձեռքը քսեց ճակատին։ Իսկապես, ճակատը թաց էր։ Նա թոթվեց ուսերն ու մեղադրող հայացքով նայեց Սարգսին։ Վերջինս պատասխանեց բռունցք ցույց տալով։ Կարենը ժպտաց ու գլխով արեց. «Ինչպես ուզում ես, պատրաստ եմ»։ Ջոկատավարը տղաներին չէր նայում և չնկատեց ազդանշանների փոխանակումը։ Նրա միտքն զբաղված էր կորած եռյակներով։

— Լսեք,— առժամանակ լռելուց հետո հերթով նայելով կանգնածներին, ասաց նա,— դուք չեք անհանգստանում ձեր ընկերների համար։

Նորից պատասխանելու պարտականությունն իր վրա վերցրեց Կարենը.

— Անհանգստանալու ի՞նչ կա, ընկեր Գեղամ։ Անպայման կգան։ Ես մեծամիտ Արամին էլ լավ գիտեմ, դարմանի տակ ջուր կապող Գագիկին էլ. քաղաքից եկած այն աղջկան տարել են մեր անտառներով զարմացնելու։ Հիշո՞ւմ եք, Թոմ Սոյերը Բաքքի Թեյչրին գլխի վրա կանգնելով էր փորձում հրապուրել։ Նրանք էլ, երևի գլխի վրա կանգնել չգիտեն և ուզում են անտառներով զարմացնել քաղաքից եկած այն աղջկան, տես, անունն էլ մոռացա... Ըը՜ը... Սաքո ջան, անունն ի՞նչ էր։

— Հասմիկ,— մեքենաբար պատասխանեց Սարգիսն ու անմիջապես էլ հասկացավ, որ Կարենը նորից իրեն ձեռ առավ։

Գոհարը նայեց Սարգսի՝ զայրույթից աղավաղված դեմքին ու չկարողացավ զսպել փռթկոցը։ Ընկեր Գեղամը մեղադրող հայացքով նայեց նախ Գոհարին, հետո Կարենին։ Կարենը լավ գիտեր ավագ ջոկատավարի այդ արտահայտությունը ինչ է նշանակում և ինքն իրեն հավաքեց։

— Դուք իսկապե՞ս անհանգստանում եք, ընկեր Գեղամ,— հարցրեց նա։

— Այո։

— Բայց ախր, ընկեր Գեղամ, անհանգստանալու բան իսկապես չկա։ Պարզապես նրանք ոգևորվել ու մի փոքո շատ են հեռացել։ Անձրևն էլ դժվարացրել է քայլելը և ուշանում են, ուր֊որ է կերևան։

— Իսկ ես կասկածում եմ, որ նրանց ինչ֊որ բան է պատահել,— ասաց ջոկատավարը։

— Վեցին միասի՞ն։

— Որտեղի՞ց իմացար, որ նրանք միասին են,— խոսակցությանը խառնվեց մինչ այդ լուռ Հայկը։

— Ավելի լավ, եթե միասին չեն։ Ուրեմն անձրևը...

Կարենը փորձում էր ամրապնդել անձրևի պատճառով ճանապարհի դժվարանց դառնալու իր տեսությունը, բայց ընկեր Գեղամը թույլ չտվեց.

— Ինձ թվում է, որ անհապաղ պետք է դուրս գանք որոնելու։

— Բայց մենք չգիտենք, թե նրանք ուր են գնացել,— նորից միջամտեց Հայկը,— որտե՞ղ ենք որոնելու, ի՞նչ ուղղությամբ։

— Կարծում եմ, որ այդ հարցը կարելի է պարզել։ Չի կարող պատահել, որ մեկն ու մեկը տեսած չլինի նրանց գնալիս։ Անհրաժեշտ է հետաքրքրվել։

Սարգիսն աչքի տակով նայեց Կարենին և կես քայլ առաջանալով, հպարտ-հպարտ ասաց.

— Ընկեր Գեղամ, գնալու ժամանակ ես նրանց տեսա, հեռանում էին սարի արևմտյան լանջով։ Սկզբում գնացին Արամը, Հասմիկը և Գագիկը, հետո՝ նրանցից մի տաս-տասնհինգ րոպե հետո՝ Ցախլեղտակենք։

— Ինչ աչք ունի,— առիթը բաց չթողեց Կարենը,— չգերազանցված հետախույզ կլիներ։ Կեցցես, Սաքո։

Սարգիսը արհամարհական մի հայացք գցեց Կարենի վրա և շարունակեց.

— Ես ցանկանում էի նրանց գնալու մասին հայտնել ձեզ, բայց որովհետև դուք թույլ էիք տվել վրաններից հեռանալ, դրա համար էլ ոչինչ չասացի։

— Սարի արևմտյան լանջո՞վ։ Սկզբում Արամի եռյակը, հետո Լևոնենք,— առանց որևէ մեկին դիմելու, կիսաձայն խոսեց ավագ ջոկատավարը,— յոթերորդ դասարանցիներն ասացին, որ երեկ երեկոյան, կինոյի ժամանակ Արամը կռվել է Ցախլեղտակենց հետ։ Ուրեմն, հենց դրա համար էլ Լևոնը, Հակոբն ու Վազգենը գնացել են նրանց ետևից, որպեսզի վրեժ լուծեն։

— Չէ,— Կարենը թափ տվեց ձեռքը,— Արամը նրանց երեքի հախից մի ձեռքով կգա։ Չէ...

— Բայց և այնպես, որոնել պետք է։ Ինչ ուզում է լինի, նրանք այսքան ուշանալ չէին կարող։

— Ընդհակառակը, ընկեր Գեղամ,— կրկին մեջ ընկավ Կարենը,— հիմա ես հաստատ կարող եմ պնդել, որ նրանք գիշերը չեն վերադառնա։ Անձրևից հետո նույնիսկ ամենահմուտ լարախաղացը չի համարձակվի դուրս գալ Հին ամրոցից և անցնել Սատանայի կամրջով։

— Ինչպե՞ս թե Հին ամրոց, դա՞ որտեղից հնարեցիր,— զարմացավ ավագ ջոկատավարը։ Նա տեղացի չէր։ Գյուղ էր եկել քաղաքից՝ ընդամենը ինն ամիս առաջ՝ այդ տարվա սեպտեմբերին և չէր հասցրել ծանոթանալ գյուղի շրջակայքին, դրա համար էլ չգիտեր, որ սարի արևմտյան լանջով անցնող ճանապարհը տանում է ուղիղ Հին ամրոց և, որ այդ ճանապարհին ուրիշ ոչինչ չկա, բացի վերոհիշյալ ամրոցից։ Աշակերտները միմյանց ընդհատելով բացատրեցին իրենց իմացածը։ Ընկեր Գեղամն, իհարկե, մի կերպ հասկացավ, թե ինչ են ցանկանում ասել ոգևորված տղաներր։ Բայց հենց դրանից, որ ճանապարհը կարող է տանել Հին ամրոց և, որ անձրևից հետո ամրոցից դուրս գալը դառնում է անհնար՝ նրա անհանգստությունն ավելի մեծացավ։

— Պետք է անհապաղ գնալ հին ամրոց,— առարկություն չընդունող տոնով հայտարարեց նա։

— Կարելի է,— գլխով արեց Կարենն ու քայլեց դեպի վրանի ելքը,— գնանք, Գոհար։

Բոլորը շարժվեցին։

Վերջինը վրանից դուրս եկավ Աշոտը։ Նա դեռ չէր հասցըրել հաշտվել այն մտքի հետ, որ գիշերն ինքը չի անցկացնելու Գոհարի հետ, ինչպես պայմանավորվել էին՝ աստղերին նայելով։

Քիչ անց մթության մեջ փայլեցին հինգ ջահեր և կամաց-կամաց վրաններից հեռանալով, արևմտյան լանջի նեղլիկ ճանապարհով շարժվեցին դեպի հին ամրոց։

✻    ✻



— Լավ բանտարկվեցինք,— փնթփնթաց Հակոբը,— դե արի ու մի ամբողջ գիշեր այս քարերի մեջ անցկացրու։ Մութ, ցուրտ...

— Հազար ու մի վտանգ,— անմիջապես վրա բերեց Վազգենը։

— Դե ձայնդ կտրիր,— գոռաց Լևոնը,— վտանգ, վտանգ... զզվեցրիր քո վտանգներով։ Քաջ Նազար։

— Դու ձայնդ կտրիր,— ընկերոջը պաշտպանության տակ առավ Հակոբը. ոչ այնքան Վազդենին պաշտպանելու, որքան Լևոնին հակադրվելու ցանկությունից,— բոլորը քո պատճառով եղավ, քո հաստագլխության պատճառով։ Քանի անգամ ասացի, որ ամրոցում գործ չունենք։ Իսկ դու, սատանա էիր կուլ տվել. գնանք, հա գնանք։ Եկանք, ի՞նչ արեցիր։

Մեկ ուրիշ անգամ, այդպիսի քննադատության համար նա կստանար, ինչպես որ պետքն է։ Իսկ հիմա. մթությունը, ցուրտը կամ թե Վազգենի «հազար ու մի վտանգները» այնպես էին խեղճացրել Լևոնին, որ նույնիսկ ամենաչնչին փորձ չարեց՝ անպատվությանն անպատվությունով պատասխանելու և թույլ-թույլ տնքտնքաց.

— Ախր չգտանք, Հակոբ ջան, որ գտնեինք...

— Որ գտնեիք, ի՞նչ կանեիր։

— Որ գտնեինք... եռունդա, գիտե՞ս ինչ կանեի։

— Գիտեմ, եռունդա կանեիր։ Արամից մի լավ քոթակ կուտեիր։

Այս անգամ Լևոնը չպատասխանեց։ Ստիպված, Հակոբը նույնպես լռեց։

Եռյակը տեղավորվել էր ամենաառաջին քարանձավում՝ անդունդի վրա կախված ելուստի վերևում։ Նստել էին մեջք-մեջքի՝ եռանկյունաձև և այնպիսի դիրքով, որ հարկ եղած դեպքում երեքն էլ միաժամանակ կարողանան ձեռքները հասցնել բռնցքաչափ քարերի կույտին։ Քարերը նրանք հավաքել էին երեկոյան՝ մթնելուց փոքր֊ինչ առաջ, երբ Jվերջնականապես համոզվեցին, որ անձրևակոլոլ ճանապարհով վերադառնալը անհնար է։ Քարեր հավաքելու առաջարկ արեց Վազգենը։ Լևոնն ու Հակոբը սկզբում ծիծաղեցին տարօրինակ առաջարկի համար, ծաղրեցին Վազգենի վախկոտությունը, բայց քիչ անց, երբ սկսեց իջնել աղջամուղջը, նրանք նույնպես եկան այն եզրակացության, որ քարեր հավաքել պետք է։ Տղաներին սարսափեցնողը Արամենց անսպասելի անհայտացումն էր։ Բանն այն էր, որ նրանք անտեղյակ էին երկրորդ ելքի գոյությանը և եռյակի անհայտացումը կապում էին գերբնական ուժերի հետ։ Իհարկե, և՛ Հակոբը, և՛ Լևոնը, առերևույթ չէին համաձայնում Վազգենին, ծաղրում էին նրան, իսկ ներքուստ երկուսն էլ նույն կարծիքին էին և դրա համար էլ վախենում էին ձեռքները հեռացնել քարակույտից։

Առժամանակ լուռ մնալուց հետ, Հակոբը նորից խախտեց լռությունը։

— Լսիր, Ցախ,— շեշտված անպատկառությամբ Լևոնին դիմեց նա,— այնուամենայնիվ ես չեմ հասկանում, թե ի՞նչ նպատակով մեզ այստեղ քարշ տվիր։

Լևոնը, որ մինչ այդ բավականաչափ հարմարվել էր իրադրությանը և հավաքել իրեն, այս անգամ արդեն կարողացավ անհրաժեշտ հակահարված տալ.

— Ծեծելո՞վ բերեցի... ասացի գնանք՝ դուք էլ սուսուփուս եկաք։ Չգայիք, թե չէիք ուզում։

— Ես ուզում էի, հա՞,— խոսակցությանը խառնվեց Վաղգենը,— քանի անգամ ասացի, որ Սատանի կամուրջն իմ խելքի բանը չէ, չեմ ուզում, վախենում եմ, կընկնեմ կմեռնեմ, իսկ դո՞ւ... Գնա, թե չէ կսատկացնեմ։ Մոռացե՞լ ես, հա՞...

— Դե կտրիր ձայնդ, թե չէ,— Լևոնն արմունկով թեթևակի խփեց Վազգենի կողքին,— կոտրած շերեփի պես միշտ մեջ ես ընկնում։

— Հա, կոտրած շերեփ։ Կարծում ես մյուս անգամ էլի կլսեմ։ Քո պատճառով օրական տասը անգամ գլխիս են տալիս։

— Չես լսում, մի լսի՝ Լեղաճաքի մեկը, մտածում ես կխնդրե՞նք։ Եռունդա։ Դու դեռ սպասիր այստեղից դուրս գանք, հետո կտեսնես...

Լևոնի սպառնալիքն ուղղված էր միայն Վազգենին, բայց Հակոբը հասկացավ, որ այն վերաբերում է նաև իրեն՝ այն անթիվանհամար վիրավորանքների համար, որ հասցրել էր նրան և այդ պատճառով անմիջապես փոխեց խոսելու տոնը՝ անցնելով հաշտվողականի.

— Լսիր, Լև, ո՞ւր կարող էին գոլորշիանալ նրանք, հը՞։

— Ինձ թվում է, որ մեզ տեսան բարձրանալիս ու թաքնվեցին։

— Բայց մենք տակնուվրա արեցինք ամբողջ ամրոցը,— նորից միջամտեց Վազգենը,— ո՞ւր պետք է թաքնվեին...

— Քեզ չասացի՞նք, որ չխանգարես,— դիտողություն արեց Հակոբը,— ամեն տեղ քիթդ պետք է խոթես։ Տեսնում ես լուրջ գործ է, մտածում ենք, ուրեմն ձայնդ կտրիր ու մի խանգարի։

Անձավի խորքում կամ հարևան անձավում ինչ֊որ թրխկոց լսվեց։ Հավանաբար փոքրիկ քար էր, որ ցերեկը տեղաշարժվել էր, խախտվել ու հիմա գլորվեց տեղից։ Երեքն էլ վախեցած թռան։

— Ո՞վ է,— գոռաց Լևոնը,— ո՞վ է։ Արա՞մ...

— Սը՜սս,— Վազգենը քաշեց նրա թևը,— չարքերը կլինեն։ Չե՞ս տեսնում, ձայնդ ինչպես են պատեպատ տալիս։

— Ճիշտ է ասում, Հակոբ, լսի՛ր,— հաստատեց Լևոնը։

— Ի՞նչ լսեմ։

— Ձայնը։

Հակոբը գոռաց ինչքան ուժ ուներ.

— Հեե՜եեյ...

Չայնը խփվեց պատերին ու փշուր֊փշուր եղավ, եե՜եեյ... ե՜յյյ... յյ՜յյ... Լևոնն ու Վազգենը կծկվեցին տեղերում։ Վախից Վազգենի ձեռքի քարն ընկավ ու ցավեցրեց Լևոնի ոտքը, բայց վերջինս չհամարձակվեց ձայն հանել։ Իսկ Հակոբը հանկարծ սկսեց քահ֊քահ ծիծաղել.

— Դա արձագանք է, դմբոներ, հասկացեք։

— Ը՜մմմ,— հեղինակավոր մռմռաց Լևոնը,— ես էլ ասում եմ...

«Պարծենկոտ Ցախավել,— մտքում չարախնդաց Հակոբը,— ես էլ ասում եմ։ Բա չե՞ս ասում, արձագանքն էլ հենց քո հաստ գլխի բանն է, հասկացար»։

— Եթե գոնե մի քիչ լուսին լիներ, մի վայրկյան ես այստեղ մնացողը չէի,— ինքն իրեն մենախոսեց Վազգենն ու վիզը երկարեց անձավի անցքից դուրս,— չէ, ոչինչ չի երևում,— մռմռաց նա և ցանկանում էր ետ քաշել գլուխը, երբ անսպասելիորեն նկատեց ներքևում շարժվող կրակները։ Հաշվեց, հինգն էին և շարժվում էին դանդաղ-դանդաղ։ «Ուրեմն մեր ետևից են գալիս»— մտածեց Վազգենն ու գռռաց,— տղերք, մեր ետևից մարդիկ են գալիս։

— Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել,— զայրացավ Հակոբը։

— Մեր ետևից մարդիկ են գալիս,— նորից բղավեց Վազգենը։

— Բա, իհարկե, առանց քեզ մարդիկ քնել չեն կարողացել։

— Ինչ ուզում ես ասա, գալիս են, կրակներով, ա՜յ, ինքդ նայիր։

Հակոբն ու Լևոնը ձգվեցին դեպի անցքը և անմիջապես էլ լսվեց Հակոբի փնթփնթոցը.

— Իսկապես, լույսերը կարծես շարժվում են։

✻    ✻



Խորհրդակցությունը կարճ տևեց։

Որոշվեց. խումբը բարձրանալու է Հին ամրոց։ Դա համարձակ վճիռ էր. ջահերի թույլ լույսն անկարող էր, ինչպես պետք է լուսավորել ճանապարհը, բայց և այնպես ոչ ոք չտատանվեց։

— Իհարկե, պետք է գնալ,— ասաց Կարենն ու ընկավ առաջ։

Բոլորը հետևեցին նրան։

— Գուցե դու սպասեիր այստե՞ղ,— Աշոտի ետևից գնացող Գոհարին կանգնեցրեց ավագ ջոկատավարը։

— Ե՞ս,— մատը կրծքին դրեց զարմացած Գոհարը։

— Այո։

— Չէ՛, չէ՛, ընկեր Գեղամ,— միշամտեց Կարենը,— սատանի աստիճաններն նա ավելի հեշտ կանցնի, քան... քան Աշոտն ու Հայկը։ Դե, Սարգսի մասին էլ չեմ ասում։

— Զգո՛ւյշ, տղաներ, զգույշ։ Շտապել պետք չէ,— տեսնելով Կարենի կատակից վիրավորված տղաների առաջ վազելը, զգուշացրեց ավագ ջոկատավարը։— Հանգիստ շարժվեք,— հետո շրջվեց ճանապարհի ծայրին սպասող Գոհարին և ասաց.— Եկ, Գոհար։ Եթե Կարենը երաշխավորում է, ուրեմն...

Արահետը, որ սկզբում բավական լայն էր, գնալով ավելի ու ավելի նեղացավ։ Տեղ֊տեղ հողը չէր հասցրել չորանալ և Կարենն ստիպված քայլում էր ծայրահեղ զգուշությամբ՝ անընդհատ արագացնելով կամ դանդաղեցնելով ընթացքը։

Այսպես, անցած կլինեին ճանապարհի գրեթե կեսը, երբ Կարենն անսպասելիորեն կանգ առավ, ձեռքի մարխը տվեց ետևից կրնկակոխ եկող Հայկին ու զույգ ձեռքերը բերանի շուրջը խողովակաձև դնելով, ամբողջ ուժով ձայնեց.

— Արա՜մ։ Գագի՜կ։ Հասմի՜կ։ Հե՜յ... Ցախլեղտակ, հե՜յ...

Կարենի ձայնը չէր հասցրել լռել, երբ վերևից՝ մթության մեջ չերևացող անձավի երախից հնչեց պատասխանը.

— Հե՜յ, Կարե՜ն, մենք այստեղ ենք։

— Պինդ կացեք, գալիս ենք,— ներքևից հուսադրեց Կարենն ու հնարավորին չափ արագացրեց քայլերը։

Մինչև ելուստին հասնելը որոնողներն ու դասալիքները էլի հատուկենտ բառեր փոխանակեցին, հենց այնպես, ինչ-որ բան ասած լինելու համար։ Օգնության շտապողներին հիմա արդեն մտահոգում էր մի բան. ի՞նչ պատիժ է տալու փախստականներին ընկեր Գեղամը։

— Իմ կարծիքով նրանց վեցին էլ առավոտյան պետք է վռնդել գյուղ, ամենաառաջին մեքենայով. և վե՛րջ,— կիսաձայն ասաց Գոհարը,— դրանից լավ պատիժ չկա, ընկեր Գեղամ։

— Տեսնենք,— չշտապեց համաձայնել ավագ ջոկատավարը,— սպասիր իջնեն, հետո կորոշենք։

— Այո, իհարկե, ամենախիստ պատիժը,— խոսակցությանը միջամտեց Կարենը իր սովորական՝ կատակն ու լուրջը չտարբերվող տոնով,— թող չիմանան, որ կեսգիշերով մեզ այստեղ հասցնելն իրենց վրա էժան կնստի։ Էլ չեմ ասում, որ Գոհարի հետ աստղերին նայելը ջուրն ընկավ։

— Դե լավ, հա՜, մեծ բան չէր,— քրթմնջաց Հայկը։

— Ի՞նչը մեծ բան չէր. Գոհարի հետ աստղերին նայե՞լը, նրանց դատապարտելի արարքը՞, թե մեր գիշերային ճանապարհորդությունը։

— Երեքն էլ։

— Մի տես, անունն էլ գերազանցիկ է,— դժգոհեց Կարենը,— Գոհարի խելքին ինչ ասեմ, որ ինձ նման տղային թողած որոշել էր քեզ հետ աստղերին նայել։ Դե, հիմա լսիր, պրոֆեսոր ջան, մարդիկ ինքնագլուխ թողել են աշխատանքը, փախել, հասել Հին ամրոց առանց որևէ մեկին զգուշացնելու։ Մարդիկ անհանգստացրել են ընկեր Գեղամին, ինձ, քեզ պրոֆեսոր ջան, Գոհարին, Աշոտին, որոնց հետ նայելու էիր աստղերին, Սարգսին՝ որի նոր անդրավարտիքը դուրս եկավ շարքից, Մամիկոնին, Գոռին, Ալվարդին, Անդրանիկին, Շուշանին... Մի խոսքով, բոլորին և դու ասում ես՝ մեծ բան չէ։ Հը՞, ճիշտ չե՞մ ասում, ընկեր Գեղամ։

— Իհարկե, ինչպես միշտ։ Դու սխալ բան ե՞րբ ես ասել։

— Ըհը, ճիշտ է, չեմ ասել։ Շատ եմ ցանկանում, գիտե՞ք, գոնե մի անգամ սխալվեմ, բայց չի ստացվում։ Ի՞նչ անեմ, երևի դա էլ իմ բախտն է,— այս անգամ ջոկատավարը չարձագանքեց և Կարենն, ասես դրանից վիրավորված դոռաց,— Ցախավել, ի՞նչ կա, ի՞նչ չկա, գործերը... գործերը ո՞նց են։

— Լավ են,— լսվեց պատասխանը վերևից։

— Ես չեմ հասկանում, թե Արամն ինչու է բերանը ջուր առել։ Ոչ ինքն է խոսում, ոչ էլ Գագիկն ու Հասմիկը,— քրթմնջաց Աշոտը։

— Մեծամտությունից, Աշոտ ջան,— անմիջապես վրա բերեց Կարենը,— մեծամտությունից է, ուրիշ ոչինչ չկա։

— Իսկ Գագիկն ու Հասմի՞կը։

— Նրանք էլ մեծամտությունից։ Հա՛, հա՛, մի՛ զարմանա։ Դա սարսափելի հիվանդություն է՝ գերսուր վարակիչ։ Դե, նրանք էլ մի ամբողջ օր Արամի հետ են եղել ու վարակվել։ Հիմա իրենց համար նստել են ամրոցում և սպասում են մինչև ջահակիր շքախումբը տեղ հասնի և ասի՝ եկ անք, ձերդ պայծառափայլություններ, շնորհ արեք ցած իջեք։

Այս անդամ բոլորը ծիծաղեցին։ Բայց Գոհարը մեջ ընկավ և կրկին լուրջ բնույթ տվեց խոսակցությանը։

— Չեմ հասկանում, Արամն ինչպե՞ս է այսքան համբերել,— մտմտաց նա,— ինչքան էլ սատանի աստիճանը լպրծուն լիներ, միևնույն է, նա չէր համբերի, կիջներ։

— Եթե մենակ լիներ,— անհասկանալին հասկանալի դարձրեց Հայկը։

— Տեսեք, թե ինչի մասին են մտածում,— նորից խոսակցությանը խառնվեց Կարենը,— գործնական մարդիկ եղեք, գործնական մարդիկ։ Մտածեք, թե սատանայի աստիճաններից ինչպես ենք գլորելու տակառ-Հակոբին։

— Ավելի ճիշտ կլիներ, եթե նրանց այս գիշեր թողնեինք ամրոցում, որպես պատիժ,— իր կարծիքը հայտնեց Աշոտը,— բացառություն գուցե թե միայն Հասմիկի համար անեինք, այն էլ, որովհետև...

— Պարզ է, բացատրության կարիք չկա,— ընդհատեց Կարենը,— և Գոհարն էլ դեռ ցանկանում է այս Դոն Ժուանի հետ աստղերին նայել,— նա շարժեց գլուխն ու մինչև Աշոտը կհասցներ որևէ պատասխան գտնել, տխուր ձայնով ավելացրեց,— այնուամենայնիվ ես մտածում եմ Հակոբի մասին։ Ներքին մի ձայն ինձ անընդհատ ասում է, որ խեղճ հաստլիկն այս գիշեր ամրոցում մնալու է մենակ...

— Ներքին ձայնիդ ասա, որ սխալվում է։ Ես ամենատռաջինը կիջնեմ, կտեսնես,— Հակոբի ձայնն էր, որ այս անգամ լսվեց շատ մոտ՝ հենց Կարենի գլխավերևում։

Խոսակցությամբ տարված նրանք չեկատեցին, թե երբ և ինչպես հասան ճանապարհի վերջին. էլի երկու քայլ և Կարենը կանգ առավ քարե գերանի կողքին։ Գիշերով ելուստն ավելի սարսափելի տեսք ուներ և Կարենը շատ տեղին նկատեց, որ սատանայի աստիճանը հիմա դարձել է սատանայի աստիճան քառակուսի։ Աստիճանի մոտ շավիղն այնքան նեղ էր, որ երկու հոգու համար չէր բավականացնում և Կարենն ստիպված էր ելուստի քարերը լուսավորելու գործը կարգավորել մենակ։ Պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ չէ, առավել ևս մեկ հոգու համար։ Փայտյա ձողին ամրացված մետաղյա տուփը անընդհատ թեքվում էր, նավթը թափվում, պատի վրա էլ հարմար տեղ չկար ամրացնելու համար։ Միակ ճեղքը գտնվում էր Կարենի ուսերին հավասար բարձրության վրա, բայց այնտեղից էլ մարխի լույսը ելուստին չէր հասնում։ Կարենը փորձեց մարխն ամրացնել շավղի վերջում՝ հենց ճանապարհի վրա։ Բայց պարզվեց, որ այսպես լուսավորվում է աստիճանի կեսը։ Տեսնելով տղայի անօգուտ չարչարանքը, ընկեր Գեղամն առջևում գտնվողներին խնդրեց ետ գալ, իրեն ճանապարհ տալու համար և լույսի կարգավորման գործով սկսեց զբաղվել ինքը։ Գործը գլուխ եկավ բավական չարչարվելուց հետո։ Կարենի գտած ճեղքում ավագ ջոկատավարը հարմարեցրեց միանգամից երեք ջահ, որոնցից արձակված լույսի տակ պարզորոշ երևացին քարե կամրջի վտանգավոր մանրամասները։ Մթությունից արդեն կարելի էր չվախենալ և ընկեր Գեղամն ամրոցում գտնվողներին կարգադրեց իջնել։

Սկզբում, ինչպես խոստացել էր, սատանայի կամրջի վրա հայտնվեց Հակոբը։ Պարզվեց, որ Կարենի մտահոգությունը բոլորովին ավելորդ էր. հաստլիկը գերանն անցավ առանց լուրջ դժվարության։ Հմուտ լարախաղացի պես տարածեց ձեռքերն ու ոտքերի աննկատելի տեղափոխումներով ասես սահեց քարի վրայով։ Հակոբից հետո ելուստի եզրին ոտք դրեց Վազգենը։ Նա Հակոբի կես հաստությունն էլ չուներ, բայց այնպես էր վախենում, որ երկու քայլ անելուց հետո քիչ մնաց գլորվի անդունդ։ Ճանապարհի այս կողմում հավաքվածները վախեցած խառնվեցին իրար։ Կարենը, որ կանգնած էր ամենամոտը, անմիջապես հասավ մինչև կամուրջի կեսը և Վազգենի ձեռքից բռնած քարշ տվեց ճանապարհի վրա։ Լևոնի ճանապարհորդությունն անցավ առանց արկածի։

— Իսկ հիմա սպասում ենք ձեզ՝ ձերդ պայծառափայլություն Արամ Հարությունյան,— իսկական դերասանի պես ձայնեց Կարենը,— շնորհ արեք։

Զարմացած Հակոբն ուսերը թոթվեց.

— Արամը որտե՞ղ է, որ շնորհ անի։

— Ինչպե՞ս թե,— ընկեր Գեղամը անհանգստացած նայեց Հակոբի ծավալուն կերպարանքին,— նրանք ամրոցում չե՞ն։

— Հը֊ը։

— Լսիր, մեկ-երրորդ Ցախլեղտակ,— Կարենը քաշեց Հակոբի թևից,— կարգին բան ասա՝ որտե՞ղ են Արամենք։

— Չգիտեմ,— փնթփնթաց Հակոբն ու պատմեց ողջ եղելությունը։

Նրանք ամրոց էին հասել առաջին եռյակից բավական հետո՝ մոտավորապես այն ժամանակ, երբ Արամի խումբն արդեն գտնվում էր առաջին հարթակում։ Որոշել էին ամրոց չմտնել և պահվել էին ճանապարհի մոտ ընկած քարերի ետևում։ Երկար էին սպասել՝ ո՞վ գիտե քանի ժամ։ Հետո ձանձրացել էին սպասելուց. «Ինչո՞ւ պետք է այսքան ուշանային»։ Դուրս էին եկել թաքստոցից՝ այսինքն քարերի ետևից ու սկսել էին բարձրանալ։ Բայց տեղ հասնելուն պես պարզվել էր, որ Արամի խումբը արդեն ամրոցում չէ։ Ցախլեղտակի տղաները տակնուվրա էին արել ողջ ամրոցը ստուգել բոլոր այրերը, խոռոչներն ու քարանձավները և ոչ մեկին չէին կարողացել գտնել։

Հակոբի վերջացնելուն պես, որոնողները զարմացած հայացքներ փոխանակեցին։

— Լսեք, դուք մինչև վերջ նայեցի՞ք բոլոր քարանձավները,— հարցրեց Աշոտը։

— Այո,— դասը լավ սերտած աշակերտների պես միանգամից պատասխանեցին երեքը միասին։

— Ամրոցը երկրորդ ելք ունի՞,— ջոկատավարի անհանգիստ հայացքը սահեց ճանապարհի երկարությամբ կանգնածների վրայով ու անշարժացավ Կարենի վրա։

— Չունի,— անմիջապես պատասխանեց վերջինս։

— Նրանք ամրոցում չլինել չեն կարող,— վրա բերեց Աշոտը։

— Ուրեմն, անհրաժեշտ է ստուգել ամրոցը,— վճռեց ավագ ջոկատավարը և անմիջապես մոտեցավ ելուստին։ Առաջին անգամ էր փորձում անցնել անդունդի վրա կախված կես ոտնաչափ լայնություն ունեցող քարի վրայով և սիրտը մի տեսակ կուչ եկավ ահից։ Բայց հաղթահարեց վախն ու մեջքը հենեց խորդուբորդ պատին։ Պարզվեց, որ անցնելն այնքան դժվար չէ, որքան թվում էր առաջին հայացքից։

Նա հազիվ էր հասցրել փոխել երկու-երեք քայլ, երբ կողքին հայտնվեց Կարենը։ Աջ ձեռքով բռնեց ջոկատավարի ձեռքը, ձախը երկարեց Գոհարին։

Իրենց բախտն անիծելով ու մտքերի մեջ Արամի եռյակի հասցեին հայհոյանքների տարափ տեղալով, կամաց-կամաց «աստիճանների» կողմը շարժվեցին նաև Ցախլեղտակի տղաները՝ Լևոնը, Հակոբն ու Վազգենը։

Գլուխ չորրորդ

Լապտերի լույսը զգուշորեն սահեց պատերի վրայով և անզոր կախվեց անձավի ցեխոտ հատակին։ Ստորգետնյա կացարանի տեսքը հուսահատեցնող էր. բոլոր կողմերից բարձրացող ծանր, խոժոռ ժայռերը միանալով կազմում էին քարե մի փափախ, որի ամենավերին ծայրում՝ եռյակի համար անմատչելի հեռավորության վրա, ծռմռվում էր ձվաձև անցքի երկնագույն կարկատանը։ Նույն ճանապարհով անձավից դուրս պրծնելու մասին անիմաստ էր նույնիսկ մտածելը։ Արամը, Գագիկն ու Հասմիկը դա հասկացան համարյա, միաժամանակ, պատերի կամարակապ թեքությունը հայտնաբերելուն պես, և լուռ սեղմվեցին իրար։ Հասմիկն անկարող եղավ զսպել հեկեկոցը։ Արամը հիշեց այն ծանր խոսքերը, որ ասել էր նրան և վատ զգաց իրեն. «Փոքրոգի... և ինչպե՞ս չամաչեցիր...» նա զգուշորեն գրկեց աղջկա ցնցվող ուսերն ու կիսաձայն ասաց.

— Պետք չէ, լաց մի՛ լինի։

— Ճիշտ է, լաց մի՛ լինի,— հաստատեց Գագիկը և տնքտնքալով տեղավորվեց փոքրիկ ելուստի ծայրին։ Լապտերի լույսը, որ մինչ այդ լուսավորում էր դատարկ քարակտորը՝ ընկավ տղայի ոտքին և լուսավորեց անդրավարտիքի աջ փոզքի պատռվածքից երևացող վերքը։ Վերքր Գագիկն ստացել էր երկու օր առաջ բզեզի ետևից վազելիս։ Միջատով տարված, չէր նկատել փշալարի խուրձը, որ դրված էր Վաղինակ ապոր ցանկապատի տակ։ Ընկել էր ժանգոտ մետաղափշերի վրա ու պատառոտել ոտքը։ Վերքն, իհարկե, փակվել էր։ Բայց քարանձավն ընկնելու ժամանակ ոտքը նորից կպել էր ինչ֊որ սրածայր քարի, պատռել անդրավարտիքը և միաժամանակ վիրավորել դեռ չապաքինված ոտքը։ Դրանից տղան համարյա չէր կարողանում շարժվել։

— Ցավո՞ւմ է,— հեկեկոցի միջից հարցրեց Հասմիկը, որը ելուստի ծայրին Գագիկի նստելուց հետո դեռ չէր կարողացել հայացքը հեռացնել վիրավոր ոտքից։

— Չէ, դատարկ բան է, արդեն մոռացել էի։ Հարկավոր է միայն անդրավարտիքի եզրը պոկել, և վերջ,— Գագիկը փոքր ինչ բարձրացրեց ոտքը, չորացած արյան հետ մաշկին կպած հագուստի եզրերը պոկելու համար, բայց Արամը թույլ չտվեց՝ ամուր բռնեց ընկերոջ ձեռքն ու համարյա ճչաց.

— Մի անի։ Արյունր հազիվ է կտրվել, նորից կսկսի։

— Բայց այսպես էլ ձգվում է, ցավեցնում։ Չի թողնում շարժվել։

— Իսկ դու մի՛ շարժվիր, ինչի՞դ է պետք։ Միևնույն է, այստեղից դուրս պրծնողը չենք։

— Կպրծնենք։

— Հը՜մ... այս գմբեթաձև պատերի վրայով նույնիսկ մողեսը չի կարող անցքին հասնել, ուր մնաց մենք...

— Մողեսը չի հասնի, բայց մենք կհասնենք։ Մողեսը խելք չունի, իսկ մենք ունենք։ Հը՞, Հասմիկ, ճիշտ չէ՞,— վերջին խոսքի հետ նա ձեռքն զգուշորեն հպեց աղջկա ուսին։

Հասմիկն արցունքոտ աչքերը հառեց գլխավերևի ձվաձև անցքին, ասես մեկ անգամ էլ նրա անմատչելիության մեջ համոզվելու համար, և դանդաղ տարուբերեց գլուխը.

— Անհնար բան է։

— Ճիշտ է, այդ անցքով վերադառնալն անհնար բան է, դրա համար էլ մենք նոր ճանապարհ կգտնենք։

— Լսիր, Գագիկ,— խոսակցությանը խառնվեց Արամը,— դու այդ բոլորն ասում ես Հասմիկին ու ինձ սրտապնդելու համա՞ր,— խոժոռված հոնքերի տակից նայեց ընկերոջը,— պետք չէ։

— Ինչ սրտապնդել, բոլորովին։ Դրանում ես համոզված եմ։

Արամը նույնիսկ չէր կասկածում, որ Գագիկն այդ բոլորն ասում է հենց այնպես՝ իրեն ու Հասմիկին սրտապնդելու համար, և դրանից վիրավորվում էր։ «Երեխաների տեղ է դրել։ Մտածում է, որ ինքն ավելի քիչ է վախենում, քան մենք։ Մոռացել է, որ եթե ես չլինեի Լեղաճաքից սկսած բոլորը մեկ-մեկ կջարդեին իրեն։ Չէ, վախեցող չկա, ինչ ուզում է լինի»։ Նրանք երկու անգամ արդեն ուսումնասիրել էին անձավի խորդուբորդ պատերը՝ հիմքից մինչև գագաթ և ոչ մի անցք չէին հայտնաբերել։ Անձավն իսկական քարե բանտ էր, որի միակ ելքը՝ ութ֊տասը մետր բարձրության վրա բացվող ձվաձև անցքն էր, որը սակայն տեղատարափից հետո օզոնով հարստացած օդից բացի ուրիշ ոչինչ չէր կարող տալ եռյակին։ Բայց միաժամանակ սխալ էր նաև Արամի ենթադրությունը՝ Գագիկը բոլորովին էլ չէր մտածում Հասմիկին ու նրան երեխաների տեղ դնել կամ ցույց տալ, թե ինքն ավելի քիչ է վախենում։

— Լսիր, Արամ, ազնիվ խոսք, ես ոչինչ չեմ ձևացնում։ Ախր դա կարող ես ինքդ էլ հասկանալ. անձավում գոյություն ունի օդի հոսանք, իսկ օդի հոսանքր միայն մեկ անցքով առաջանալ չի կարող։

— Ճիշտ է,— հաստատեց Հասմիկը,— օդի հոսանքը միայն մեկ անցքով առաջանալ չի կարող։ Դրա համար հարկավոր է նաև երկրորդ անցք։

— Լսեցի՞ր։ Ուրեմն պետք է գտնել այդ անցքը։ Այ թե ինչու եմ ուզում պոկել այս անիծվածը,— վերջին խոսքի հետ Գագիկը ձգեց անդրավարտիքի պատոված փողքը։

Այս անդամ Արամը չհասցրեց արգելել։ Հիմա արդեն Գագիկը կարող էր գոնե շարժվել։ Նա անմիջապես բարձրացավ տեղից ու սկսեց կաղալով գնալ պատերի երկարությամբ։ Քայլում էր դանդաղ աջ ձեռքը վեր բարձրացրած։

Մեկ լրիվ պտույտ կատարելուց հետո նա փոքրացրեց շրջագծի շառավիղը, այսինքն հեռացավ պատից։ Փոքր-ինչ հանգստացավ ու շարունակեց քայլել, ինչպես նախորդ անգամ՝ դանդաղ, աջ ձեռքը բարձրացրած վեր։

— Գուցե կկարողանայի՞նք քեզ օգնել,— կիսաձայն հարցրեց Արամը, որ ոչինչ չէր հասկացել Գագիկի տարօրինակ շարժումներից։

— Ես փորձում եմ գտնել անցքը։

— Ձեռքո՞վ։

— Իհարկե։ Այսպես կորոշեմ, թե անձավի որ մասումն է օդի հոսանքն ավելի ուժեղ և այդտեղ էլ կփնտրենք անցքը։

Արամը թոթվեց ուսերն ու հառաչեց.

— Եթե անցք լիներ հենց առաջին պտույտի ժամանակ կգտնեիր, էլի։

— Անցք անպայման կա։

— Իսկ ինչո՞ւ չգտար։

— Որովհետև պատին մոտ էի քայլում։

— Հետո ի՞նչ։

— Հետո այն, որ անցքը մի փոքր ավելի բարձր է, քան իմ ձեռքի բարձրությունը։ Դրա համար էլ առաջին անգամ չգտա, իսկ հիմա կգտնեմ, ա՛յ,— նա անսպասելիորեն լռեց։ Մի քայլ ետ գնաց, հետո նորից առաջ, թոթվեց ուսերն ու քրթմնջաց,— կարծես թե, սպասիր... Արամ։

— Ի՞նչ։

— Լուսավորիր այս պատը։

Արամն անմիջապես բարձրացրեց լապտերը։ «Երանի ճիշտ լիներ»։ Լույսը թրթռաց նոթերը կիտած ժայռաբեկորի վրա։ Անհամբեր երեք հայացքներ վազեցին կարմրադեղնավուն ճառագայթների ետևից, լայնությամբ ու երկարությամբ չափչփեցին քարե կիսաշրջանը։ Անցքի ոչ մի հետք, ոչ մի նշան։ Արամը հուսահատված իջեցրեց ձեռքը։ Բայց Գագիկը պնդեց, որ պատի վրա չի կարող անցք չլինել և ընկերոջը խնդրեց նորից լուսավորել պատը։

Գագիկը չէր սխալվել։ Անցքն առաջինը նկատեց Հասմիկը։ Լույսը նոր էր փաթաթվել առյուծի երախ հիշեցնող զույգ քարերին, երբ նա քաշեց Արամի թևը և խնդրեց նորից լուսավորել առյուծի երախը։ Արամն անմիջապես կատարեց աղջկա պահանջը՝ լույսը փաթաթվեց միմյանցից սուր անկյան տակ հեռացած զույգ քարերին և երեքն էլ միաժամանակ տեսան մարդաբոյ անցքը, որ խնամքով պահվել էր առյուծի երախ հիշեցնող ժայռաբեկորի գանգաձև ստվերում։

Ուրախության ճիչերն արձագանք տվին քարակոփ պատերի մեջ։ Երեքից ոչ մեկն այդ պահին չէր կարող պատկերացնել այն դժվարություններն ու անակնկալները, որ սպասում էին իրենց մթությամբ լցված անցքի ճանապարհին։ Դա միակ փրկությունն էր և առանց ժամանակ կորցնելու նրանք նետվեցին դեպի «առյուծի երախը»։

Առաջինը բարձրացավ Գագիկը։ Արամի և Հասմիկի օգնությամբ նա մի կերպ հասավ անցքին, կառչեց ինչ֊որ քարակոշտի, գլուխը խցկեց անցքի մեջ, վերջնականապես համոզվեց, որ օդի հոսանքը այնտեղ ավելի զգալի է և շրջվելով, ձեռքը մեկնեց Հասմիկին։ Արամը բարձրացավ վերջինը, Հասմիկին օգնելուց հետո։

Մթությունն անցքում ավելի սև էր և ավելի թանձր, բայց դա երեքից ոչ մեկին չվախեցրեց։

Արամը վերցրեց ուսապարկն ու ընկավ առաջ։ Շուտափույթ փրկության հույսը ոգևորել էր նրան, վերադարձրել ինքնավստահությունը։

Գագիկն ու Հասմիկը հետևեցին Արամին։

✻    ✻



Անձավը տարօրինակ էր։

Ուղիղ մեջտեղից, հորիզոնական գծով անցուղին բաժանվում էր երկու մասերի, որոնք ընդհանուր ոչինչ չունեին միմյանց հետ։ Վերևի կեսը՝ այսինքն առաստաղն ու պատերի մի մասը, կազմված էին խոժոռ ժայռաբեկորներից՝ սուր-սուր ցցվածքներով և հզոր կուտակումներով, որոնք ասես գազանների կերպարանք առած սպասում էին հրամանի, եռյակի վրա գրոհելու համար։ Ներքևի կեսը՝ հատակն ու պատերի մնացած մասը, լրիվ հակադրություն էր առաջինին՝ ողորկ էր, հարթ, ասես հարյուրավոր վարպետներ էին աշխատել այնտեղ և տարիների ծանր աշխատանքով կոկել որձաքարերի կողերը։ Ոչ մի ցցվածք կամ սուր ելուստ, ոչ մի անհարթություն կամ կուտակում։ Արամն ասաց, որ քարանձավում ինչ֊որ ժամանակ մարդիկ են բնակվել և հենց նրանք էլ կոկել են հատակն ու պատերի կեսը։ Հասմիկի կարծիքով, դա այլ մոլորակներից երկիր ժամանած բանական էակների գործն է։

Գագիկը չհամաձայնեց ոչ առաջինի հետ, ոչ երկրորդի.

— Խելքի մոտ բան չեք ասում,— նկատեց նա,— ոչ քո մարդիկ,— նա նայեց Արամին,— ոչ էլ օտար մոլորակից եկած էակները այստեղ ոչինչ չեն արել։ Պատերր հղկվել են բոլորովին այլ ճանապարհով...

— Ի՞նչ ճանապարհով,— փնթփնթաց Արամը։

Գագիկը չպատասխանեց, որովհետև չգիտեր, թե ինչպես են կոկվել ստորգետնյա ճանապարհի պատերը։ Պարզապես նա համաձայն չէր Արամի և Հասմիկի տեսակետին։ Ինչո՞ւ։ Որովհետև ճանապարհի տեսքը հակասում էր նրանց բացատրություններին։ Ճանապարհի տարբեր մասերում անցուղին ուներ տարբեր լայնություն, որը մեկ մեծանում էր, մեկ՝ փոքրանում։ Իսկ այդ փոփոխությունների հետ միաժամանակ ավելանում ու պակասում էր անցուղու կոկված մասերի բարձրությունը։ Այնտեղ, ուր ճանապարհը լայնանում էր, կոկված մասերի բարձրությունն իջնում էր և հակառակը՝ ճանապարհի նեղ մասերում՝ բարձրանում։ Այս բանը Գագիկին մտածելու առիթ էր տալիս, բայց և այնպես վերջնական պատասխան գտնելը դժվար էր։ Իսկ Արամը նրա լռությամբ բավարարվել չէր կարող։ Արամը գիտեր, որ անձավի երկրորդ ելքը գտնելու գործում ինքը հարյուր տոկոսով տանուլ էր տվել և հիմա ամեն կերպ ձգտում էր Հասմիկի աչքում վերականգնել կորցրած հեղինակությունը։

— Դե սպասում ենք քո գիտական բացատրությանը,— առժամանակ լռելուց հետո նորից չխոսեց նա։

Գագիկը չպատասխանեց։ Դրանից Արամն ավելի ոգևորվեց.

— Ձայն հանիր, ընկեր գիտնական, սպասում ենք։

Գագիկը խուլ տնքաց և առաջարկեց նստել, հանգստանալու։ Ոտքի վերքը պարզապես տանջում էր տղային։ Մինչ այդ նա կարողացել էր թաքցնել ցավը, ցույց չտալ և թերևս հենց այդ լարումն էլ ուժասպառ էր արել։ Արամն ու Հասմիկը նույնպես հոգնել էին և անմիջապես համաձայնեցին Գագիկի առաջարկին։ Նստելուն պես, Հասմիկը ձեռքը քսեց անցուղու ողորկ հատակին ու կիսաձայն ասաց.

— Իսկական Սոչիի ծովաքար լինի։

Գագիկը մոռացավ և՛ վերք, և՛ ցավ։ Լսեց աղջկա ասածն ու թռավ տեղից։

— Ի՞նչ։ Ասացիր իսկական ինչ լինի՞...

— Ծովաքար,— կրկնեց շփոթված Հասմիկը,— անցյալ տարի հայրիկս էր Սոչիից բերել, մինչև հիմա էլ մեր տանը գցած է։ Այս հատակի պես հարթ ու սահուն է։

Գագիկն ամբողջ ուժով թփփացրեց Արամի ուսին.

— Տեսա՞ր։

— Ի՞նչը։

— Ծովաքարը... Հենց այդ է որ կա՝ ծովաքար։ Ինչ հիմարն ենք։ Իհարկե ծովաքար։ Ավելի ճիշտ, գետաքար... այստեղից գետ է հոսել, հասկացա՞ք։ Հոսել է հարյուր տարի առաջ, հազար տարի առաջ և կոկել անձավի պատերն ու հատակը։ Որձաքարի կեսը ջուրը չի կոկել, որովհետև հոսանքը չի լցրել անձավի ողջ տարածությունը։ Հենց դրա համար էլ լայն մա սերում հարթված պատի բարձրությունն իջնում է, նեղ մասերում՝ բարձրանում։ Հասարակ բան է, իսկ մենք հիմարների պես գլխի չէինք ընկնում։

— Իսկ հետո ո՞ւր կորավ քո այդ գետը,— հեգնեց Արամը, որը բոլորովին չհավատաց ընկերոջ բացատրությանը,— գուցե հիմա էլ է հոսում, հը՞...

— Չէ, հիմա էլ չի հոսում,— ոգևորությունը Գագիկին թույլ լտվեց նկատել ընկերոջ հեգնանքը,— հիմա գետն անհետացել է։ Երկրաշարժ է եղել կամ նման մի բան և գետը փոխել է իր հունը։

— Ճիշտ է,— ոգևորվեց Հասմիկը,— հենց այդ է, որ կա։ Այդպիսի մի բան էլ Կարենն էր պատմում։

Արամը լեզուն չլմփացրեց.

— Ճիշտ է, բա չէ։ Գլխիս նոր գիտնական դարձաք՝ դու, Գագիկը, ձեր միջանցքի Կարենը... Խելոքներ, մեր գետը կա արդեն հարյուր տարի։ Գնացեք, ում ուզում եք հարցրեք։

— Ավելի լավ,— համաձայնեց Գագիկը,— ուրեմն դետի հունը փոխող երկրաշարժը տեղի է ունեցեք երկու հարյուր տարի առաջ։

Արամը հոգոց հանեց և լռեց, այսինքն՝ լավ, թող ձեր ասածը լինի, միևնույն է, ես հավատացողը չեմ։ Եսկ Գագիկն էլի որոշ ժամանակ իր գիտական ենթադրությունը հիմնավորելուց հետո բարձրացավ տեղից։ Հասմիկն ու Արամը հասկացան, որ շարժվելու ժամանակն է ու հետևեցին նրան։

Համոզված լինելով, որ անձավի հատակի հարթությունն այդպես էլ կշարունակվի, մարտկոցները խնայելու նպատակով, Գագիկը հանգցրեց լապտերը և եռյակը ճանապարհը շարունակեց մթության մեջ։ Նրանք վարժվել էին տուշի պես թանձր, սև մթությանը և կարող էին նույնիսկ երգել կամ կատակել, եթե չլիներ անտանելի քաղցը, որ գնալով ավելի ու ավելի էր սաստկանում։ Արամն ու Հասմիկը տանջվում էին ուտելու անզուսպ ցանկությունից։ Բայց Արամն ավելի շուտ պատրաստ էր մեռնել, քան Հասմիկի մոտ խոստովանել, որ քաղցած է։ «Չեմ ասի։ Թող Գագիկն ասի»— մտածում էր նա, չիմանալով, որ ոտքի անտանելի ցավը Գագիկին մոռացնել էր տվել ուտելու գոյությունը։ Բայց և այնպես Արամը կարողացավ մինչև վերջ պահել իր որոշումը։ Առաջինը չդիմացավ Հասմիկը, երկրորդ դադարի ժամանակ նա ասաց, որ քաղցից գլուխը պտտվում է։

— Ես էլ եմ ուտել ուզում,— այլևս չհամբերեց Արամը։

— Եթե համաձայնեք,— Գագիկը մի կերպ զսպեց տնքոցը,— ես կարող եմ ուտելիք առաջարկել։

Արամն ու Հասմիկը թռան տեղներից և անմիջապես էլ հիասթափված նորից նստեցին։ Գագիկն ասաց, թե ինչ կարող է առաջարկել։ Երկուսն էլ թթվեցրին դեմքերն ու զզված թքեցին։ Գագիկը փորձեց համոզել, ասաց, որ իր առաջարկած միջատն ուտում են աշխարհի շատ երկրներում, որ խիստ սննդարար է և զզվելու ոչինչ չկա։ Բայց Արամն ու Հասմիկը վերջանականապես հրաժարվեցին։

— Ինքդ կեր,— ասաց Արամը։

— Մեռնեմ բերանս չեմ դնի այդ կեղտոտությունը,— ավելացրեց Հասմիկը։

— Դուք գիտեք,— ասաց Գագիկը և ուտելու հարցը դրանով փակվեց։

Իսկ քիչ անց, Գագիկը մի կերպ բարձրացավ տեղից։ «Քայլելիս ցավը գուցե թեթևանա»— մտածեց նա։ Բայց անմիջապես էլ պարզվեց, որ իզուր բան է։ Նա կարողացավ անցնել ընդամենը վեց քայլ, հետո կանգ առավ ու հենվեց պատին։

— Էլ չեմ կարող։

— Ինչպե՞ս թե,— Արամը բռնեց նրա թևը։

— Ոտքս,— տնքաց Գագիկն ու փլվեց հատակին։

Հասմիկը վերցրեց նրա ձեռքից ընկած լապտերը, լույսն ուղղեց վիրավոր ոտքին։ Անդրավարտիքի պատռվածքից երևում էր վերքը, որ պրկվել էր լավ ուռեցրած փուչիկի նման և փայլում էր։ Հասմիկը վատ զգաց նայելուց և հանգցրեց լապտերը։

Մթության մեջ Գագիկը գտավ Արամի թևը և թույլ֊թույլ սեղմեց.

— Դուք գնացեք։ Ես այստեղ կսպասեմ մինչև... ախ,— Գագիկը չկարողացավ զսպել տնքոցը,— մինչև դուք գյուղից օգնություն բերեք,— այստեղ Գագիկը նորից տնքաց,— դե, գնացեք...

✻    ✻



Գագիկի վիճակը ծանրանում էր։

Տնքոցները, որ սկզբում հատուկենտ էին, գնալով դարձան ավելի հաճախակի։ Հասմիկն ու Արամը չգիտեին ինչ անեն։ Նստել էին տղայի տարբեր կողմերում ու արցունքները կուլ տալով, ունկնդրում էին նրա հառաչանքներին։ Երբեմն֊երբեմն, մի տնքոցից մյուսն ընկած ընդմիջման ժամանակ, Գագիկը նայում էր մթության մեջ չերևացող ընկերների կողմն ու շշնջում.

— Արամ, Հասմիկ, դուք դեռ չե՞ք գնացել։ Ո՞ւմ եք սպասում, շուտ արեք, հասեք գյուղ։ Անցքը պետք է այս կողմերում լինի, ոչ այնքան հեռու։ Շուտ արեք...

Ընկերներր ոչինչ չէին պատասախանում։ Ի՞նչ ասեին։ Յուրաքան յուրն իր մտքում ելք էր որոնում և ոչինչ չէր գտնում։

Վերջապես Հասմիկը չհամբերեց.

— Ի՞նչ անենք, Արամ։

— Չգիտեմ, սովորական վերքի նման չէ։

— Իսկ եթե արյան վարակում է ստացե՞լ։

— Ի՞նչ,— Արամը ցնցվեց։

— Չգիտեմ։ Ելք գտիր։ Մի բան մտածիր։

«Ելք։ Ելք։ Ելք...»— Արամի գլխում ամեն ինչ խառնվել էր իրար։ Մեկ մտածում էր թողնել Գագիկին ու սլանալ գյուղ, օգնություն կանչել, մարդիկ բերել։ Բայց որտե՞ղ էր անցքը, որտեղ էր գյուղը, որքան ժամանակում ինքը կհասցներ գնալ և վերադառնալ։ «Իսկ այդ ընթացքում... Չէ, մենակ թողնել չի կարելի։ Բայց մի՞թե նրա կողքին նստելով... Չէ, այնուամենայնիվ մենակ թողնել չի կարելի, պետք է ուրիշ բան մտածել։ Ի՞նչ...»։

— Արամ։

— Ի՞նչ։

— Ելք գտիր։ Մի բան մտածիր, ես վախենում եմ։

«Այս նվնվանն էլ...»— չիմանալով ինչ անել Արամը շոյեց Գագիկի մազերը, ուղղեց ակնոցը, կոճկեց վերնաշապկի արձակած կոճակը։

— Իսկ եթե փորձենք տեղափոխե՞լ,— միտքը նրան թվաց միակն ու ամենահանճարեղը։

— Ո՞ւմ տեղափոխեք, ի՞նձ,— տնքալով հարցրեց Գագիկը։ Ոգևորությունից Արամը վերջին բառերն արտասանել էր բարձրաձայն և Գագիկը նույնպես լսել էր։ Արամը գլխով արեց.

— Այո, քեզ։

— Պետք չէ։

— Ինչպե՞ս թե պետք չէ։

— Հասկացիր, Գագիկ ջան, մենք քեզ...

— Պետք չէ։

— Վիճելու ժամանակ չկա,— միջամտեց Հասմիկն ու բռնեց Գագիկի ոտքերը, Արամը գրկեց թևատակերից և շարժվեցին։ Գագիկը չէր ուզում ենթարկվել, բայց ուժ չուներ դիմադրելու համար։

Այսպես բավական քայլեցին։ Դժվար էր։ Քաղցն ուժասպառ էր արել նրանց, բայց երկուսից ոչ մեկի մտքով չէր անցնում տրտնջալ։ «Ինչ ուզում է լինի, միայն թե Գագիկը փրկվեր, միայն թե հասնեինք անցքին։ Հասնեինք անցքին...»։ Իսկ անցքը չկար։ Գագիկը շարունակում էր տնքալ, պահանջել, որ իրեն թողնեն։ Հասմիկը հազիվ էր փոխում ոտքերը։ հուզմունքից, քաղցից, հոգնածությունից գլուխը պտտվում էր, ծնկները դողում էին։ Արամը նույնպես դժվարությամբ էր քայլում։ Երկուսից ոչ մեկն էլ համոզված չէր, որ իրենց արածը Գագիկի համար փրկություն է, բայց և այնպես քայլում էին, որովհետև չգիտեին, թե ուրիշ ինչ կարող են անել։

Գագիկը տնքաց.

— Թող, խնդրում եմ, էլ չեմ կարող։

— Ուր որ է կհասնենք ելքին,— հուսադրել փորձեց Արամը։

— Հազիվ հարյուր քայլ մնացած լինի,— ավելացրեց Հասմիկը։

— Չէ, չեմ կարող, թողեք,— Գագիկը բարձրացրեց ձայնը,— թողեք, ասում եմ...

Հասմիկն զգուշորեն իջեցրեց Գագիկի ոտքերը։ Արամն սպասեց մինչև աղջիկը կմոտենար իրեն և նստելուց հետո Գագիկի գլուխն զգուշորեն տեղավորեց նրա ծնկներին։

— Արամ,— գետնի չոր սառնությունն զգալուն պես նորից տնքաց Գագիկը,— Արամ, որտե՞ղ է պայուսակը։

— Ինչի՞դ է պետք,— զարմացավ Արամը։

— Այնտեղ եզանլեզու կար, գուցե... ահ...

— Եզան լեզո՞ւ,— Արամը թռավ տեղից,— եզան լեզու, հասկանո՞ւմ ես, Հասմիկ, եզանլեզուն փրկություն է։ Տատս բոլոր վերքերը բուժում էր եզան լեզվով... դե, ես վազեցի ուսապարկի ետևից։ Լապտերն էլ այնտեղ թողեցինք, չէ՞,— ասաց Արամն ու առանց պատասխանի սպասելու հեռացավ։

— Աջ կողմով քայլիր,— նրա ետևից ձայնեց Հասմիկը.— պայուսակն աջ պատի տակ էր։

Արամը բավական հեռացել էր և հավանաբար չլսեց աղջկա ձայնը կամ գուցե լսեց, բայց շտապելուց, թե շփոթությունից խառնեց աջն ու ձախը և գնաց ձեռքը կպցրած անձավի ձախ պատին։

Կամաց-կամաց նրա ոտնաձայները հեռացան և լռեցին։ Հասմիկը գրկեց Գագիկի գլուխն ու սկսեց սպասել։ Աղջկա հաշվարկներով իրենք պայուսակից հեռացել էին ամենաշատը երեք հարյուր քայլ։ Նա մտքում հաշվեց երեք հարյուր քայլ անցնելու ժամանակը. «Հիմա Արամը պայուսակի մոտ է։ Երևի փնտրում է։ Գտավ։ Վերցրեց։ Հետո գտավ նաև լապտերը։ Արդեն վերադառնում է»։ Հասմիկն սկսեց մտածել, թե եզան լեզուն ինչպես են կապելու Գագիկի վերքին, թե ժամեր անց Գագիկն ինչպես կսկսի ապաքինվել։

Գագիկը շարունակում էր տնքալ։

Ժամանակն անցնում էր, իսկ Արամը չկար։

«Ուր որ է կլսվեն ոտնաձայները,— Հասմիկը սրեց լսողությունը,— հիմա կլսվեն»։ Բայց ոտնաձայները չէին լսվում։ Հասմիկը մտածեց, որ շտապելուց արագ է հաշվել կամ թերևս պայուսակն ավելի հեռու է մնացել։ Սկսեց հաշվել նորից... տեղ հասավ, գտավ, վերադարձավ։ Դարձյալ ոչ մի ձայն. «Էլի շտապեցի»— որոշեց Հասմիկն ու հաշվեց նորից։ Հետո՝ նորից, նորից... Իսկ ոտնաձայներն այդպես էլ չկային ու չկային։ «Ինչո՞ւ պետք է այսքան ուշանար։ Այսքան ուշանալ նա չէր կարող, անհնար բան է,— արյունն ասես սառեց աղջկա երակներում,— իսկ եթե նրան որևէ բան է պատահե՞լ։ Բայց ի՞նչ կարող էր պատահել։ Ի՞նչ...»։

Հասմիկն էլի սպասեց։ «Հիմա կլսվեն ոտնաձայները։ Հիմա կլսվեն։ Հիմա...»։ Հասմիկը զգուշորեն գրկից իջեցրեց Գագիկի գլուխն ու բարձրացավ տեղից.

— Արամ։ Ա֊րա՜մ... Ա֊րա՜մ...

— Որտե՞ղ է Արամը,— տնքաց Գագիկը։

— Գնաց ուսապարկի ետևից։

— Ըմ՜մմ...

— Ա֊րա՜մ...

Ոչ մի պատասխան։ Հասմիկի կոկորդը սեղմվեց. «Արամին բան է պատահել։ Արամին ինչ֊որ բան է պատահել...»։ Մթությունը միանգամից խտացավ, դարձավ ահարկու, ծանր, վտանգավոր։ Հասմիկի մարմնով հազարավոր մրջյուններ վազեցին։ Նա թռավ տեղից և առանց իրեն հաշիվ տալու կամ Գագիկին որևէ բան ասելու նետվեց դեպի մթությունը։

Ուսապարկն իսկապես աջ պատի տակ էր։ Հասմիկի հաշվով դեռ բավական ճանապարհ կար նրան հասնելու համար, երբ հանկարծ ոտքը կպավ ինչ֊որ բանի և նա երեսնիվայր փռվեց գետին։ Վախեցավ։ ճչաց։ Թե ինչպես չուշաթափվեց, ինքն էլ չհասկացավ։ Մատերը հպվեցին ինչ֊որ բանի։ Շոշափեց ու հասկացավ՝ ուսապարկն է։ Գտավ նաև լապտերը։ Սեղմեց անջատման կոճակը։ Կարմիր լույսն ալարելով ցրեց մթությունը։ Հասմիկը վերցրեց ուսապարկն ու թռավ ոտքի։ Նայեց աջ, ձախ՝ Արամը չկար։ «Ի՞նչ կարող է պատահած՝ լինել»։ Նա ցանկանում էր ճչալ, ձայնել, կանչել Արամին, բայց վախեցավ և առանց շուրջը նայելու սլացավ ետ՝ այնտեղ, ուր թողել էր վիրավոր Գագիկին։

Գլուխ հինգերորդ

Դռան վերևի նեղլիկ պատուհանից ցախատուն ընկած լույսի նեղ շերտը հանդարտ տարուբերում էր հողե հատակի դարուփոսերում։ Ցախատան խորքում, մթության մեջ չերևացող գերանի վրա տեղավորվել էին Ցախլեղտակ եռյակի անբաժան ընկերները՝ Լևոնը, Հակոբն ու Վազգենը։ Տղաները լուռ էին ու մի տեսակ ձգված, անհամբեր ամենայն հավանականությամբ սպասում էին ինչ֊որ մեկին և այդ ինչ֊որ մեկն ուշանում էր։

— Չեմ հասկանում, թե այսքան ժամանակ ինչ են որոշում,— վերջապես լռությունը խզեց ձանձրացած Վազգենը։

— Լուրջ գործ է, Լեղ ջան,— ընկերոջ փնթփնթոցին պատասխանեց Հակոբը, որն անսպասելիորեն բացառիկ սիրալիր էր դարձել,— մարդիկ են կորել, կատակ չէ, արդեն երեք օր է՝ չկան, մի բան պե՞տք է որոշեն թե չէ...

— Եռունդա,— խոսակցությանը խառնվեց Լևոնը,— ինչքան ուղում են թող որոշեն։ Ինչ ուզում են թող որոշեն՝ նրանց գտնողը մենք ենք, այ, էս տղեն,— նա ձեռքը խփեց կրծքին,— կտեսնես, ինչպես եմ գտնում ու գերի վերցված զինվորների պես շարք կանգնեցրած բերում գյուղ։ Կբերեմ, կհանձնեմ գյուղսովետի նախագահ ընկեր Առնակին ու կասեմ. դե գնա, թերթում հայտարարություն տուր, որ ամբողջ աշխարհն իմանա, թե ովքեր են Ցախլեղտակի տղաները։

— Ես վախենում եմ ընկեր Առնակի բերած շունը համը հանի, գետինը հոտոտելով գնա ու կանգնի փոսի գլխին,— իր տարակուսանքը հայտնեց Հակոբը,— ասում են շատ հասկացող շուն է։ Անդրանիկն իր աչքով էր տեսել, թե ինչպես... անունն ի՞նչ էր...

— Ո՞ւմ անունը, Անդրանիկի՞։

— Չէ, շան։

— Ըը՜ըը...

— Բուրայակ,— հիշեց Վազգենը։

— Հա՛, ճիշտ է,— Հակոբը գլխով արեց,— Բուր...ըը՜ը... չէ, ոչ թե Բուրայակ, այլ Բուրյակ։

Լսվեցին զգույշ ոտնաձայներ, որ մոտենում էին ցախատանը։ Հակոբն ընդհատեց խոսքն ու զսպանակի պես նետվեց դեպի դուռը,

— Սը՜սսս,— մատը շուըթերին դրեց Լևոնը,— կարոդ է Լեղաճաքենց տնեցիները լինեն։

— Չէ, մերոնք քնած են։

— Իսկ հրացա՞նը,— անհանգստացավ Լևոնը։

— Պահել եմ, նկուղում։

Ոտնաձայները ավելի մոտեցան։ Հակոբը, որ աչքը դռան ճեղքին կպցրած նայում էր դուրս, լուսնի լույսի տակ տեսավ ցախատան կողմն շտապող կարճլիկ կերպարանքն ու ուրախացած շրջվեց դեպի ընկերները.

— Արեգն է։

«Երանի գտած լինեն»— մտածեց Վազգենը, որ հենց սկզբից էլ դեմ էր իրենց հայտնագործությունը թաքցնելու որոշմանը։ Նա մի քանի անգամ արդեն որոշել էր իր միտքը հայտնել բարձրաձայն և անմիջապես էլ հրաժարվել էր մտածելով, որ դրա համար Հակոբը նորից կսկսի ծաղրել, իսկ Լևոնն անպայման կբամփի գլխին։

Գետափնյա թփուտներում գտնվող անցքը Ցախլեղտակի տղաները հայտնաբերել էին այդ օրն առավոտյան։ Մինչ այդ, դեռևս ամենաառաջին գիշերը, Հին ամրոցի վերջին անձավի մոտ փնտրողները գտել էին կոտրված պոչով, գրպանի մի փոքրիկ դանակ։ Հայկն ու Կարենն անմիջապես ճանաչել էին՝ Գագիկինն էր։ Դա նրանց ստիպել էր փոքրինչ ավելի մանրամասն ուսումնասիրել տեղանքը։ Հենց այդ ուսումնասիրության ժամանակ էլ հայտնաբերվել էր մացառուտներում պահված ճանապարհը։ Շավիղն սկսվում էր ոչ թե անմիջապես մացառուտից, այլ նրանից ներքև՝ երեք-չորս մետրանոց ուղղագիծ կտրվածք ունեցող ժայռի տակից և մնում էր ոչ թե լեռնալանջի թեքությամբ դեպի ներքև, այլ սկզբում պահվում էր բրգաձև, խոշոր քարակոշտի հիմքում, կիսաշրջան գծում նրա շուրջը և հակառակ կողմից իջնում գետափ։ Հաջորդ առավոտյան, հայտնաբերված ճանապարհով խումբը դուրս եկավ Հին ամրոցից։ Բայց գետափին կատարած որոնումները անցան անարդյունք և նրանք որոշեցին, որ կորածներին պետք է փնտրել անտառում։ Հենց այդ օրն էլ, սարից գնացող ավտոմեքենաներով լուրը հասավ գյուղ։ Այնտեղից եկան նոր խմբեր և անտառը լցվեց որոնողներով, բայց ապարդյուն. ոչ մեկին չհաջողվեց ամենաչնչին հետքն անգամ գտնել։ Որոնումները իզուր անցան նաև հաջորդ օրը։ Իսկ երրորդ օրն առավոտյան, Ցախլեղտակի տղաները ուշացան, չհասցրին որոնողներին միանալ գյուղում և որոշեցին անտառ գնալ։ Գետափով անցնելու ժամանակ, անսպասելիորեն Վազգենը հայտնաբերեց ցեխոտ, ճխլտված լուցկու տուփը, մեջին մայիսյան սատկած բզեզ։ Երեքն էլ միաբերան հաստատեցին, որ տուփը Գագիկինն է. նրանից բացի ուրիշ ոչ ոք գյուղում կոլեկցիա չէր հավաքում։ Ցախլեղտակենք մտածեցին, որ կորածները վերջին անգամ եղել են գետափին և անտառում գտնվողներին միանալու փոխարեն, որոշեցին մեկ անգամ նորից հետախուզել գետափը։ Հենց այդ որոնումների ժամանակ էլ հայտնաբերեցին խորհրդավոր անցքը և մոտի ջարդոտված ու տրորված խոտերից դատելով եկան այն եզրակացության, որ անհետացածները խցկվել են այդ անցքը ու որոշեցին հետապնդել նրանց։ Բայց, իհարկե, անցքի մեջ իջնելը նրանք հետաձգեցին, մտածելով, որ հետապնդման ժամանակ, քաղցից չմեռնելու համար իրենց անհրաժեշտ է ունենալ սննդամթերքի պաշար, իսկ Արամին ահաբեկելու համար՝ որևէ զենք։ Հենց այդտեղ էլ Վազգենն ասաց, որ լավ կլինի, եթե անցքի մասին տեղյակ պահեն նաև մյուսներին, բայց Լևոնն ու Հակոբը չհամաձայնեցին. «Պետք չէ, ամբողջ գյուղը կլցվի անցքի մեջ, հետաքրքրությունը կկորի»։ Իսկ երեկոյան, գյուղ վերադառնալուն պես, լսեցին գյուղսովետի նախագահ ընկեր Առնակի միջնորդությամբ շրջկենտրոնի, միլիցիայից բերված հետախույզ շան մասին։ Վախեցան, որ շունը կարող է խառնել իրենց պլանները։ Դրա համար էլ Արեգին ուղարկեցին գյուղամեջ՝ ընկեր Առնակի մոտ գումարված խորհրդակցությունից տեղեկություն բերելու, իսկ իրենք ցրվեցին տները՝ ճանապարհորդության համար անհրաժեշտ իրեր՝ պարան, հրացան, լապտեր, դանակ և ուտելիք նախապատրաստելու համար։ Հետո, երբ ամեն ինչ պատրաստ էր, հավաքվեցին Վազգենենց ցախատանն ու ապասեցին Արեգի տեղեկություններին։

Արեգը դեռ չէր հասցրել մտնել ցախատուն, երբ բոլոր կողմերից գլխին հարցերի տարափ թափվեց.

— Բուրյակն ի՞նչ է արել։

— Ի՞նչ որոշեցին։

— Որտե՞ղ են շարունակելու որոնումները։

Արեգը հևաց.

— Ինչպես հրամայել...

— Եռունդա,— ընդհատեց անհամբերությունից եռացող Լևոնը,— պետք չէ։

— Բա...

— Ասացինք պետք չէ։ Բուրյակն ի՞նչ է արել։

— Ոչինչ էլ չի արել։ Բուրյակին վաղն ուղարկելու են ետ։ Անձրևը ջնջել֊տարել է հետքերը և ոչինչ չեն գտել։

— Եռունդա,— Լևոնը ուրախացած ծափ տվեց,— պըրծանք։

— Սպասիր,— նրան մի կողմ հրեց Հակոբը,— վաղը որտե՞ղ են շարունակելու որոնումները։

— Մացառների ճանապարհի դիմաց՝ անտառում։

— Լավ է,— Լևոնը շփեց ձեռքերը,— մեզ չեն խանգարի։

— Քանի՞ խումբ է դուրս գալիս որոնելու,— շարունակեց Հակոբը։

— Տասը։

— Այսօր ութն էր։

— Վաղը տասներկու կդառնան,— Լևոնը ինքնագոհ ժպտաց,— բայց մեկ է, եռունդա, ամբողջ շրջանն էլ գա՝ գտնողը մենք ենք։

Հակոբը, որ Լևոնից փոքր֊ինչ ավելի լրջորեն էր նայում իրադրությանը, նորից դիմեց Արեգին.

— Իսկ ինչո՞ւ որոշեցին մացառների դիմացի անտառում փնտրել։

— Ընկեր Մեսրոպյանը պահանջեց։ Հորս արև, ասաց, որ Գագիկը բնության սիրահար է, իսկ Արամը՝ արկածներ որոնող և, որ այդ անտառը, որպես աչքից ու ոտքից հեռու տեղ լրիվ կարող է բավարարել նրանց հետաքրքրությունները։ Դրա համար։ Խորհրդակցության ժամանակ հենց այդպես էլ ասաց, որ նրանք՝ այսինքն Արամը, Գագիկն ու Հասմիկը հիմա ապրում են այնտեղ, իսկական ռոբինզոնների պես։

— Մենք դեռ կտեսնենք այդ ռոբինզոններին,— հոխորտաց Լևոնը,— ուրի՞շ, Արեգ ջան, ուրիշ ի՞նչ ասացին։

— Ուրիշ ասացին այն, որ վաղն ընկեր Առնակը ուղղաթիռ է բերելու։

— Ուղղաթի՞ռ,— զարմացավ Վազգենը։

— Ըհը, հորս արև, ինքն ասաց։

— Հեչ։ Ուզում է հարյուր հատ բերի։ Եռունդա,— Լևոնը թափ տվեց ձեռքը։

Հակոբը նորից նայեց Արեգին.

— Ուրի՞շ։

— Ընկեր Առաքելյանը խոստացավ, որ նրանց երեքին էլ պետք է խիստ պատժի՝ հենց որ գտնվեն։ Ասում է, բա այսպիսի բան կլինի՞, բա այսպիսի խաղ խաղալ կլինի՞։

— Թող պատժի,— նորից հոխորտաց Լևոնը,— նախ մենք կպատժենք, հետո էլ ինքը թող պատժի, տեղն է։ Դրանց այնքան պետք է պատժել, մինչև...

— Իսկ մյուսնե՞րը ինչ էին ասում,— խոսակցության ընթացքում արդեն քանիերորդ անգամ ընկերոջն ընդհատեց Հակոբը։

— Մյուսներն ի՞նչ պետք է ասեին։ Ոչինչ էլ չէին ասում, լուռ նստել էին։ Իսկ Արև մորաքույրը, Գայանե տատիկն ու Կարո քեռին լաց էին լինում։

— Նույնիսկ Կարո քեռի՞ն։

— Ըհը։

— Իսկ Հասմիկի մայրիկն ի՞նչ էր անում։

— Հասմիկի մայրիկը չկար։ Ասում էին, որ ցերեկը նրան «Շտապ օգնությունով» տարել են շրջկենտրոնի հիվանդանոց։

— Տեսնո՞ւմ ես,— Վազգենը մտազբաղ նայեց Հակոբին,— որ ասում եմ պետք է անցքի մասին հայտնել՝ չեք համաձայնում։

— Եռունդա։ Ոչ մի հայտնել։

— Ճիշտ է, ոչ մի հայտնել։ Ինքներս կբռնենք ու կբերենք գյուղ։ Պարզապես չպետք է ժամանակ կորցնենք,— Հակոբը մի պահ լռեց, հետո շրջվեց Արեգին,— ուրի՞շ։

— Այդքանն էր։ Ուրիշ բան չասացին։

— Դե լավ, ապրես, գնա քնիր։

— Իյա՜,— զարմացած Արեգը նայեց Հակոբին։

— Ի՞նչ։

— Բա ինձ չե՞ք տանում։

— Ո՞ւր։

— Ինչպե՞ս թե ուր՝ գետափի անցքը։ Կարծում ես չգիտե՞մ։ Եթե չտանեք, հենց հիմա կգնամ ընկեր Առնակի մոտ ու ամեն ինչ մեկ-մեկ կպատմեմ։

— Դե փախիր,— զայրացավ Լևոնը,— դու էիր մնացել։

— Դե լավ,— Արեգը քայլեց դեպի դուռը, բայց Հակոբը թույլ չտվեց նրան գնալու։

— Սպասիր,— ասաց նա,— լավ, քեզ էլ կտանենք։ Առավոտյան վաղ դուրս ենք գալիս։

— Ժամը՞։

— Հինգին։ Չլուսացած։

— Որտեղի՞ց։

— Հին բաղնիքի մոտից։

— Եղավ,— համաձայնեց Արեգը,— բայց եթե խաբեք ու առանց ինձ գնաք, իմացեք, առավոտյան ողջ գյուղը անցքի մոտ կլինի։ Հորս արև։

— Ասացինք՝ կտանենք,— ձայնը բարձրացրեց Լևոնը,— և հետո քեզ քիչ երևակայիր։ Հետդ ուտելիք կվերցնես, լապտեր, դանակ և պարան, եթե ունեք։

— Պարա՞նն ինչիդ է պետք,— զարմացավ Վաղգենը,— ասացի, որ ես պարան բերում եմ։

— Ոչինչ, եթե կա թող բերի։ Քոնը կարող է չբավականացնել։

Ամեն ինչ որոշված էր։ Խումբը թողեց ցախատունը, վաղ առավոտյան հին բաղնիքի մոտ կրկին հավաքվելու համար։ Բաժանվելուց առաջ Վազգենը նորից փորձեց ընկերներին համոզել, որ անցքի մասին մյուսներին չհայտնելը սխալ է։ Բայց Լևոնը, որպես պատասխան բռունցքով թեթևակի հասցրեց նրա կողքին և Վազգենր լռեց։

Բակից դուրս գալուն պես Հակոբը մի կողմ տարավ Արեգին ու շշուկով հարցրեց.

— Լսիր, այդ մասին կարո՞ղ է բերանիցդ խոսք ես թրռցրել։

— Ինչի՞ մասին։

— Դե, անցքի։

— Երեխա ե՞ս։

— Ո՞վ գիտե։

✻    ✻



Արեր նոր էր գուրս եկել Արջասարի ետևից, երբ տղաները մոտեցան անցքին։ Չորսն էլ հազիվ էին շարժվում, այնպես որ ծանրաբեռնված էին։ Վազգենն ուղիղ կես պարկ ուտելիք էր բերել. ինչ գտել էր նկուղում, հավաքել ու լցրել էր պարկը։ Եվ Հակոբը, որ խմբում ամենաբկլիկն էր ու տնքտնքում էր բեռի ծանրությունից, այնուամենայնիվ առիթը բաց չթողեց ընկերոջը ծաղրելու համար։

— Լսիր, Վազգեն, դու ճանապարհն այնտեղից շարունակելու ես, հա՞։

— Ո՞ւր,— զարմացավ Վազգենը,— ո՞ւր եմ շարունակելու։

— Ի՞նչ իմանամ,— Հակոբն ուսերը թոթվեց,— Աֆրիկա, Ավստրալիա, Հնդկաստան, Ամերիկա...

Հակոբը ախորժակով չպպացրեց բերանն ու Վազգենի հաշիվները համարելով փակված, անցավ Արեգին։— Սննդի հարցը քեզ մո՞տ ինչպես է։

Արեգը վեր ցցեց բութ մատը.

— Գերազանց։

— Այսինքն։

— Խնոցու կարագ եմ բերել։ Շրջանակով մեղր։

— Գողացե՞լ ես,— ընդհատեց Վազգենը։

— Չէ, հորս արև, չեմ գողացել։ Պապս է տվել։

— Պա՞պդ,— զարմացավ Լևոնր։

— Ըհը։ Լսեց, որ գնում եմ կորածներին փնտրելու ուրախացավ, ասաց՝ լավ ես անում ու տանն ինչքան լավ բան կար, հավաքեց֊լցրեց պայուսակս։

— Իսկ իմ պապը թույլ չէր տալիս, որ գամ։ Ասում էր գործ չունես, ինչպես կորել են, այնպես էլ թող գտնվեն,— անկեղծորեն խոստովանեց Լևոնը,— ասում էր անտեղի քարշ գալու փոխարեն, գնա աշխօր վաստակիր։

— Բա իզո՞ւր են նրան ժլատ Առաքել ասում,— մեջ ընկավ Հակոբը,— մենակ իր աշխօրի մասին է մտածում։

— Ժլատը քո պապն է, ցմփոր տակառ,— զայրացավ Լևոնը,— որ պապիս մի անգամ էլ ժլատ ես ասել դունչդ կջարդեմ։ Ժլատը քո պապն է։

— Որ իմ պապը լիներ, իմ պապին կասեին։

— Պա՜հ, կարծես չեն ասում։ Բա Խոշոր Արմո իմ պապի անո՞ւնն է։

— Հիմար Ցախավել, խոշորն ու ժլատը տարբեր բաներ են։ Խոշորը՝ խոշորն է, այսինքն մեծը, իսկ ժլատը՝ ժլատն է, այսինքն քո պապի նման։

— Վերջացնելո՞ւ ես, թե պայուսակը ուսիցս գցեմ։

— Գցում ես, գցիր,— Լևոնի սպառնալիքից չվախեցավ Հակոբը։

— Տղերք,— խոսակցության թեման փոխելու նպատակով մեջ ընկավ Արեգը,— գիտե՞ք երեկ ինչ էր եղել։

— Գործակատար Ռոզի վրա ակտ են գրել,— գործից տեղյակ մարդու լրջությամբ ասաց Վազգենը։

— Չէ՜,— ձեռքը թափ տվեց Արեգը,— Ռոզի վրա միշտ էլ ակտ գրում են, հե՛չ։ Ավելի կարևոր բան է եղել։

Արեգի խորհրդավոր տոնը հետաքրքրեց նաև Լևոնին ու Հակոբին, և Հակոբը խառնվեց խոսակցությանը.

— Ուրեմն նախագահը «24» է առել,— փորձեց գուշակել նա։

— Չի առել։ Բայց մեկ է, էլի հեչ։

— Եռունդա,— Լևոնը նայեց Արեգին,— դու ասա։

— Սարգիսը Հայկի հետ կռվել է։

— Իյա՜...

— Ըհը։

— Ինչո՞ւ։

— Օրագրի համար։

Լևոնը քահ֊քահ ծիծաղեց։

— Հիմարներ են, հա՜... եռունդաներ։ Բա արձակուրդի ժամանակ խելոք մարդն օրագրի մասին կմտածի՞, որ դեռ կռիվ էլ անի։

— Դե չէ, չհասկացար։ Կռիվը քո ասած օրագրի համար չի եղել,

— Հիմար, ուրիշ էլ ի՞նչ օրագիր կարող է լինել։

— Հիմար էլ ասում է։ Հասկացիր, հետո ասա,— Արեգը խեթ֊խեթ նայեց Լևոնին ու սկսեց բացատրել, թե խոսքը որ օրագրի մասին է։

Լևոնն ուշադիր լսեց Արեգի բացատրությունն ու տմբտմբացրեց գլուխը, հասկացել էր.

— Եռունդա, հետո՞։

— Ուրեմն, այդ օրագրի մեջ Հայկն իբր գրած է եղել, թե Սարգիսր մտքում սիրահարվել է Հասմիկին, դրա համար էլ խոտ հավաքելու գնալիս նոր անդրավարտիք է հագել։ Լուրը հասել է Սարգսի ականջին։ Նա էլ գտել է Հայկին, կանչել զբոսայգի ու ասել. «Հիմար, ապուշ, դու քանի՞ գլուխ ունես, որ քո տետրերի մեջ իմ մասին ես խզբզում»։ Հայկն, իբր պատասխանել է, որ ինքը մի գլուխ ունի և Սարգսի մասին ոչինչ չի գրել. «Դու ո՞վ ես, որ քո մասին էլ գրեմ»։ Սարգիսն էլ ասել է, որ ինքը Հայկի աչքերը հանողն է, ու ցանկացել է նրան դնքսել, բայց Կարենը հասել է ու խանգարել։ Մեկ, թե երկու հատ խփել է Սարգսին ու ասել կորիր։

Արեգը մի պահ լռեց։

— Հետո՞,— շտապեց Հակոբը։

— Էլ ի՞նչ հետո,— Արեգն ուսերը թոթվեց,— նա էլ կորել է։

Լևոնը քթի տակ ինչ֊որ բան փնթփնթաց։ Թե ի՞նչ ոչ ոք չհասկացավ։ Խումբն արդեն հասել էր անցքին։ Լևոնը ցած դրեց ուսապարկը, հետո հրացանը, որ ամբողջ ճանապարհը քարշ էր ավել ուսից կախված ու հրամայեց.

— Պարանները բերեք։

Լավ է, որ Արեգը Վազգենին չէր լսել ու հետը պարան էր բերել, թե չէ չարչարանքը կլցվեր ջուրը։ Վազգենի բերած պարանը կարճ էր և թփուտների ծայրին կանգնած միայնակ ծառից հազիվ հասցրեց մինչև անցքը։ Լևոնն առիթը բաց չթողեց, գլուխը մի լավ գովելու համար, հիշեցնելու, որ առանց իրեն խումբը կորած է, և էլի ինչ֊որ բաներ։ Հետո Վազգենի պարանի ծայրից կապեցին Արեգի բերած պարանը։ Այս անգամ պարանի ծայրը հասավ անձավի հատակին և դեռ մի քիչ էլ ավելացավ։ Ճանապարհը բաց էր, կարելի էր իջնել։ Բայց նրանք չշտապեցին։ Իջնելուց առաջ էլի մեկ անգամ խորհրդակցեցին։ Նախ՝ ամենավերջին անգամ կրկին քննարկեցին իջնել֊չիջնելու հարցը, միաձայն որոշվեց՝ իջնել։ Հետո ստուգեցին իրենց ունեցվածքը՝ համոզվելու համար, որ ոչինչ չեն մոռացել։ Իսկ ամենավերջում փուչ գցեցին, իջնելու հերթականությունը որոշելու համար։ Առաջինը վիճակն ընկավ Լևոնին, երկրորդը Վազգենն էր։ Վազգենից հետո իջեցրին իրենց ունեցած֊չունեցածը։ Իսկ այնուհետև արդեն Արեգն ու Հակոբը՝ ըստ հերթականության։

✻    ✻



Օրը թեքվել էր մայրամուտ։

Արևի վերջին շողերը զգուշորեն շոյում էին բարակիրան ձառերի կանաչ սաղարթները։ Երեկոյան կողմ, թռչունների ծլվլոցն ավելի ուժեղացավ և նոր հմայք տվեց դարավոր անտառի խորհրդավոր ծմակներին։

Որոնողներն արդեն հոգնել էին։ Առավոտից նրանք քարշ էին եկել անտառում։ Դրա համար էլ ջոկատավար Գեղամի՝ կանգ առ, հրահանգը լսելուն պես, բոլորը հնձված խոտի նման թափվեցին գետին։ Բայց պարզվեց, որ հանգստանալու համար դեռ շուտ է։ Ջոկատավարը նրանց նորից հանեց տեղերից։

— Նախ անհրաժեշտ է քնելու տեղ գտնել,— ասաց նա,— դրանով կզբաղվենք ես ու Կարենը։ Դու Հայկ, Սարգսի ու Գոհարի հետ գնացեք ուտելու որևէ միրգ գտնելու։ Կարծեմ դա քո հոբբին է, չէ՞։

Առանց պատասխանելու Հայկը բարձրացավ տեղից և գլխով արեց Գոհարին ու Սարգսին.

— Գնացինք։

— Մեծ բնագետ կդառնա,— հեռացողների ետևից առժամանակ նայելուց հետո կիսաձայն ասաց ընկեր Գեղամը։

— Իսկ ես կարծում եմ, որ Գագիկը նրանից կանցնի, - քրթմնջաց Կարենը։

— Գիտեմ։ Գագիկի ընդունակությունների մասին շատ եմ լսել։

— Բայց, իհարկե, եթե չանցնի լավ կլինի, մեր օգուտն է։ Ժամանակին ինչ֊որ տեղ կհիշեն, որ մեծ գիտնականի հետ՝ դպրոցական տարիներին նույն նստարանին նստել է նաև շարքային մի աշակերտ՝ Կարեն անունով։

— Սնափառն ես, հա՜,— ծիծաղեց ջոկատավարը, որը միշտ էլ հաճույքով էր լսում Կարենի կատակները։ Հետո նայեց կիսապառկած Աշոտին,— իսկ դու, Աշոտ, զբաղվիր սեղանի հարցով։

— Կանաչին մեկ֊մեկ կլվաս, գլխառադ չանես,— ձեռ առնելու առիթը բաց չթողեց Կահենն ու վազեց հեռացող ջոկատավարի ետևից։

Քնելու տեղ գտնելու համար, նրանք երկար չարչարվեցին։ Հեռվից հարթ թվացող գետինը, մոտենալիս դառնում էր ալիքավոր՝ թփերի տակ լցված բազմաթիվ քարերով ու ու ոստերով լի։ Վերջապես, բավական որոնելուց հետո նրանց հաջողվեց գտնել մի փոքրիկ տափարակ։ Քարեր, իհարկե, կային, բայց կարելի էր մաքրել, կարևորն է, որ տեղը հարթ էր։ Անցան գործի։ Կարենը ձգտում էր, որքան հնարավոր է մեծ քարերն ինքը հեռացնի, ջոկատավարը՝ ինքը։ Վերջապես ջոկատավարը չհամբերեց ու դիտողություն արեց.

— Ծանրերը թող ինձ։

Կարենը չլսելու տվեց.

— Ընկեր Գեղամ, անտառում մենք դեռ երկա՞ր ենք որոնելու։

— Մինչև գտնենք,— նա նայեց Կարենին, որ տնքտնքում էր ծանր ու մեծ մի քար տեղից հանելու համար,— ասացի դրանք թող ինձ, կամ գոնե երկուսով...

— Փետուր են, ընկեր Գեղամ,— հևաց Կարենը,— թեթև, թեթև... Իսկ դուք համոզվա՞ծ եք, որ նրանք այստեղ են։

Ջոկատավարը տարուբերեց գլուխը։

— Եթե համողված լինեի, բոլոր խմբերը կբերեինք այստեղ։ Յուրաքանչյուր անտառում երկու խումբ փնտրում են, սա էլ մեր բաժինն է։

— Ընկեր Գեղամ, իսկ ի՞նչ կասեիք Սարգսի շան բերած գրության մասին։

Գրությունը եկել էր կեսօրին։ Այն ուղարկել էր Սարգսի քույրը՝ Շողիկը, Սիսի շան միջոցով, որը կանոնավոր կապ էր պահպանում խմբի և գյուղի մեջ։ Գրել էր Ցախլեղտակենց անհետացման մասին։ Կարենն անգիր հիշում էր երկտողի բովանդակությունը. «Երեկ առավոտ Ցախլեղտակենք հեռացել են գյուղից, մթերքի մեծ պաշարով, հրացանով, պարաններով ու մինչև հիմա չկան։ Լույսը դեռ չբացված, նրանց տեսել են գյուղի ծաչրին՝ հին բաղնիքի մոտ։ Ուրիշ ոչինչ հայտնի չէ։ Շողիկ»։ Գրության բովանդակությունը դիտեր նաև ընկեր Գեղամը, բայց ինչպես առաջին անգամ կարդալու ժամանակ, հիմա էլ անտարբեր թափահարեց ձեռքը.

— Դատարկ բան է։ Անպայման միացած կլինեն որոնողներից որևէ մեկին։

— Իսկ ինչների՞ն էր պետք մթերքի մեծ պաշարը։ Չէ որ մեզանից բացի մյուս բոլոր խմբերը գիշերում են գյուղում,— Կարենը մի պահ թողեց աշխատելն ու հարցական հայացքով նայեց ջոկատավարին։

— Ուրեմն առանձին խումբ են կազմել։ Ի՞նչ կա զարմանալու, բոլորը փնտրում են, նրանք ինչո՞ւ չեն կարող փնտրել։

— Իսկ ինձ չգիտես ինչու թվում է, որ նրանք ընկել են ճիշտ հետքի վրա։

— Այդ դեպքում անպայման կհայտնեին գյուղսովետ կամ որևէ մեկին։ Չէր կարող պատահել, որ այս ամբողջ իրարանցումը նրանց վրա չազդեր։

Կարենը լռեց։ Իհարկե, ընկեր Գեղամը Ճիշտ էր։ Ընդհանրապես, ո՞ւմ մտքով կանցներ, թե որևէ մեկը կարող է հայտնաբերել կորածներին վերաբերող ինչ-որ նորություն և գաղտնի պահել։

Լռությունը շարունակվեց բավական երկար։ Քնելու համար ընտրված հողակտորը համարյա մաքրված էր, երբ Կարենը նորից խոսեց.

— Ընկեր Գեղամ, մեկ ուսապարկ մթերքը քանի՞ օր կբավականացնի երեք մարդուն։

— Անտառում կարելի է շաբաթներով յոլա գնալ և առանց այդ ուսապարկի։ Ի՞նչ է պակասում՝ սունկ, խնձոր, տանձ, պնդուկ... մի խոսքով, կարելի է ապրել։

— Ճիշտ է, առավել ևս, որ Գագիկն էլ նրանց հետ է։

— Իհարկե,— ընկեր Գեղամը գլխով արեց։ Համաձայն էր, որ Գագիկի լինելը մեծապես կօգնի բնությունով ապրելու համար։ Բայց մյուս կողմից, Գագիկի՝ խմբում լինելը նաև մտահոգում էր նրան, ստիպում մտածել, որ ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես թվում է, իսկ ավելի ճիշտ, ինչպես իրենք են ցանկանում համոզել իրենց։ Իհարկե, Գագիկին անձամբ նա այնքան էլ լավ չէր ճանաչում։ Բայց ուսուցիչների պատմածներից, հատուկենտ զրույցներից արդեն որոշակի պատկերացում ուներ այդ տարօրինակ և միաժամանակ կարգապահ ու խելացի տղայի մասին և գիտեր, որ նա չէր կարող առանց զգուշացնելու բացակայել այդքան ժամանակ ու չմտածեր, որ դրանով ինչպիսի անհանգստություն կպատճառի ծնողներին, ուսուցիչներին, ընկերներին։ Ի դեպ, նա նույնն էր մտածում նաև Հասմիկի մասին, որի հետ ծանոթացել էր անհետանալուց ընդամենը մի քանի ժամ առաջ և բավական լավ տպավորություն ստացել։ Մի խոսքով, միակ արկածախնդիրը խմբում մնում էր Արամը։ Նա երևի ընդունակ լիներ այդպիսի չմտածված քայլի, բայց չէ՞ որ Գագիկն ու Հասմիկը կկարողանային Արամին համոզել և գոնե երեք օր անտառում անցկացնելուց հետո, վերադառնալ։ Բայց արդեն լրանում էր չորրորդ օրը և ընկեր Գեղամը այլևս դժվարանում էր հավատալ հետզհետե պակասող այն լավատեսներին, որ վտանգավոր ոչինչ չկա, որ այդ բոլորը սովորական, չարաճճի խաղ է և ուրիշ ոչինչ...

Վերադարձին սեղանը պատրաստ էր։ Աշոտը բացել էր մսի երկու պահածո, տաքացրել ու լցրել ափսեների մեջ։ Հաց, պանիր, կանաչի էր դրել, հավի երկու բուդ, յոթ֊ութ հատ խաշած ձու։ Հաջող ավարով էին վերադարձել նաև մրգի գնացածները։ Բերել էին ամբողջ կես դույլ խնձոր ու համարյա երկու կիլոգրամի չափ, գուցե մի քիչ էլ ավելի՝ մոշ։ Խնձորը մանր էր, մի քիչ էլ սմքած, կնճռոտ, բայց մոշը խոշար էր ու հյութեղ։ Մինչև ճաշին անցնելը, ընկեր Գեղամը վերցրեց մի խնձոր, կծեց ու ծռմռեց դեմքը.

— Ախորժակի դեղ է,— ժպտալով ասաց նա։

— Թթու է, չէ՞, ընկեր Գեղամ,— նկատեց Գոհարը։

Ջոկատավարը գլխով արեց.

— Քացախ։

— Վայրի խնձոր է, ավելի քաղցր լինել չի կարող,— խոսեց Հայկը։

— Պետք է մտածենք պատվաստի մասին,— ասաց ջոկատավարը,— գյուղից հեռու է, ուշադրություն չենք դարձրել, բայց կարգին խնձոր կա, եկող գարուն անպայման կգանք։ Գիտեք ինչ բերք կստացվի...

Հետո խոսակցությունը աննկատելիորեն նորից պտտվեց Արամի, Գագիկի ու Հասմիկի անհետացման շուրջը։ Եվ թերևս իրարամերժ կարծիքներով լի այդ խոսակցությունն ընդհատելու նպատակով էր, որ ճաշն ավարտվելուն պես ընկեր Գեղամը հիշեց խարույկի մասին։ Կարենը լսեց ու տեղից թռավ՝ վախենում էր, որ հանկարծ սեղան հավաքելն իրեն բաժին կընկնի։ Վերցրեց խոտերի վրա ընկած կացինն ու վազեց դեպի ամենամոտ ծառը։ Բայց նոր էր բարձրացրել ճյուղերից մեկին հարվածելու համար, երբ լսեց ընկեր Գեղամի ձայնը.

— Սպասիր, Կարեն։

— Ի՞նչ կա։

— Կտրել պետք չէ։ Շուրջն ամենուրեք չորուկներ են, կբավականացննեն։

Կարենն ուսերը թոթվեց, այսինքն ձեր գործն է, ինչպես ուզում եք։

Չորուկները հավաքեցին խմբով, բոլորր միասին։ Տաստասնհինգ րոպեում մի դեզ չորուկ ստացվեց։ Աշոտը փայտերի մի մասը դասավորեց բրգաձև՝ Կարենի ու ընկեր Մեսրոպյանի մաքրած տեղում և վառած թուղթը մոտեցրեց մանրիկ փայտերին։ Չոր փայտերը ճրթճրթալով վառվեցին։ Բոցի լեզուները ձգվեցին երկինք։ Խումբը բոլորեց կրակի շուրջն ու սկսվեցին դատողությունները կրակի մասին։

Գոհարն ասաց.

— Իզուր չէ, որ մի ժամանակ մարդիկ պաշտել են կրակը։

Կարենն ասաց.

— Պաշտողներ հիմա էլ կլինեն։

Աշոտն ասաց.

— Քիչ է մոնում խոսի։

Կարենն ասաց.

— Խոսում է, դու չես լսում։

Հայկն ասաց.

— Իզուր չէ, որ պնդում են, թե մարդը կրակից է ծնվել։

Կարենն ասաց.

— Կրակից մենակ դու ծնված կլինես, պրոֆեսոր ջան։

Ընկեր Գեղամը ծիծաղեց.

— Եղե՞լ է, որ դու խոսելուց ձանձրանաս։

Կարենը մանրիկ ժպտաց.

— Սարգսի փոխարեն էլ եմ խոսում, ընկեր Գեղամ, հոգնեմ֊չհոգնեմ, ճարս ի՞նչ, պետք է յոլա տանեմ։

— Շատ շնորհակալ կլինեինք, եթե քո փոխարեն էլ չխոսեիր։ Արևն էլ կծագեր, աստղերն էլ դուրս կգային։

Կարենը նայեց ինքնագոհ ժպտացող Սարգսին ու կիսաձայն նետեց.

— Շաբաթը մեկ անգամ է խոսում, բայց բան է ասում, էհ... խոսք չէ, մարգարիտ է, մարգարիտ։

Աշոտը, որ մարդու կրակից ծնվելու հիպոթեզը լսելուց հետո դեռ մտածում էր այդ մասին, նայեց ընկեր Գեղամին.

— Հա՞, ընկեր Գեղամ։

— Հա,— նրա փոխարեն անմիջապես վրա բերեց Կարենն ու փռթկացրեց,— ի՞նչը՝ հա, այ Աշոտ։

Աշոտը, որ պատրաստվում էր սովորականի պես վեճ սկսել Կարենի հետ՝ անտեղի մեջ ընկնելու համար, հասկացավ, որ ինքն այս անգամ իսկապես սխալ է ու ներողամիտ ժպտաց.

— Մարդու կրակից ծնվելու մասին, ընկեր Գեղամ, ճի՞շտ է ասում։

Ջոկատավարր գլխով արեց.

— Կյանքի ծագման մասին տարբեր տեսություններ կան, մեկն էլ դա է։

— Ըմմմ... իսկ մյուսները որո՞նք են, ընկեր Գեղամ։

— Հողն ու ջուրը...

— Բայց ինձ թվում է, որ ամենաճիշտը կրակն է,— ասաց Հայկն ու նայեց ջոկատավարին։

— Եթե հենց հիմա ծովի մոտ լինեիր, նույնը կպնդեիր ջրի համար,— չհամաձայնեց ընկեր Գեղամը։

— Երևի,— Հայկը մի պահ մտածեց ու գլխով համաձայնության նշան արեց,— ճիշտ է, այդպես կմտածեի։

— Ընկեր Գեղամ,— Կարենը ձեռքը բարձրացրեց, ինչպես դասարանում,— մի հարց էլ ես եմ ուզում տալ, կարելի՞ է։

— Ասա։

— Ինչո՞ւ թույլ չտվեցիք, որ ծառը կտրեմ։

Գեղամն ուսերը թոթվեց.

— Հայկի պահանջով, թող ինքը բացատրի, թե ինչու։

Կարենը նայեց Հայկին.

— Պրոֆեսոր ջան, անհամբերությամբ սպասում եմ պրոֆեսորական բացատրությանդ։

— Դու գիտե՞ս ինչ ծառ էիր ցանկանում կտրել,— հարցրեց Հայկը։

— Ոչ, չեմ հիշում։

— Ուրեմն հիշեցնեմ՝ սոճի էր։

— Ենթադրենք, հետո՞։

— Հետո այն, որ սոճին...

Գոհարը մեջ ընկավ.

— Որովհետև սոճին թթվածին է արտադրում։

— Բոլոր ծառերն էլ թթվածին արտադրում են,— Կարենն արհամարհական մի հայացք գցեց Գոհարի վրա, այսինքն՝ այդ էր իմացածդ։

Իսկ Գոհարը չզիջեց.

— Ավելի լավ,— ժպտաց նա,— ուրեմն ոչ մի ծառ էլ չի կարելի կտրել։

Բայց պարզվեց, որ Հայկը այնքան էլ համամիտ չէ նրանց կարծիքներին։

— Թթվածնի հիմնական արտադրողները ջրիմուռներն են,— ասաց նա ու մի պահ լռեց։

Ընկերներն սպասողական նայեցին նրան։

Հայկն, իհարկե, երկար չսպասեցրեց.

— Իմիջիայլոց, դուք նույնպես ճիշտ եք։ Բայց բանը այն է, որ ծառի օգուտը չի սահմանափակվում միայն թթվածնով։

— Դա էլ գիտենք,— ձեռքը թափ տվեց Կարենը,— ծառը նաև փայտ է։ Դրա համար էլ կտրում էի, որ վառենք։

— Դրանով էլ չի վերջանում նրա օգուտը։

— Հա՞,— այս անգամ զարմացողն արդեն միայն Կարենը չէր։

— Այո,— ասաց Հայկը,— ծառից... ա՛յ, կոնկրետ՝ սոճուց ստացվում է նաև սոճու յուղ, սոճու հյութ, սկիպիդար, սոճու բուրդ, որից պատրաստում են սպիտակեղեն և օգտագործում հոդացավ ունեցող հիվանդների բուժման համար... սոճուց ստացվում է կանիֆոլ, մետաքսաթել...

Այնուհետև, սոճուց ստացվող բոլոր նյութերը թվարկելուց հետո, Հայկն անցավ ուրիշ ծառատեսակների՝ կաղնու, կեչու, եղևնու, կաղամախու, թխկու... Դասախոսությունը տևեց բավական երկար՝ այնքան, որ Աշոտն ու Սարգիսն սկսեցին հորանջել, իսկ Կարենը նույնիսկ ձևացավ քնած ու սկսեց զգույշ խռմփացնել։ Ընկեր Գեղամը հասկացավ, որ վերջացնելու ժամանակն է ու ոգևորված Հայկին նրբանկատորեն հասկացրեց այդ։

Բոլորը տեղավորվեցին կրակի շուրջը՝ ով ինչպես կարող էր։ Գոհարը խցկվեց քնապարկի մեջ, որը նրա համար բերել էր Հայկը։ Վերջինը պառկեց Կարենը՝ կրակի վրա չորուկների մի մեծ կույտ լցնելուց հետո։

Քիչ անց նրանք բոլորն արդեն քնած էին։ Կրակի մոտ նստած մնացել էր միայն ընկեր Գեղամը։ Գրկել էր ծնկները, կկոցած աչքերով նայում էր երկինք ձգվող բոցե լեզուներին ու մտածում... կորած եռյակի մասին. «Որտե՞ղ են նրանք։ Ի՞նչ են անում։ Ի՞նչ կարող էր պատահել։ Կգտնե՞նք նրանց, թե...»։


Գլուխ վեցերորդ

Ինչ֊որ բան զգուշորեն քսվեց Հասմիկի մեջքին։ Աղջիկն ասես երազում լսեց իր անունը։ Ո՞վ էր, ի՞նչ էր ուզում, ի՞նչ էր ասում՝ չհասկացավ.

— Թող քնեմ։

— Հասմիկ։

Այս անգամ ձայնը հնչեց ավելի բարձր, ավելի հրամայական։ Աղջիկն ալարելով բաց արեց աչքերը։ Լապտերից տարածվող աղոտ լույսի տակ նա տեսավ իրեն գամված Գագիկի հայացքը։ Հաճելի անորոշությունը ակնթարթորեն ցնդեց, իր տեղը զիջելով տխուր իրականությանը։ Հասմիկը նայեց Գագիկի վիրակապված ոտքին, հետո իր պատռված շրջազգեստին և ամեն ինչ հիշեց։

Պայուսակը վերցնելուն պես վերադարձել էր ու Գագիկին գտել, նույն դիրքում, ինչպես թողել էր. գլուխը կիսաթեք, պատին հենված, ցավից տնքալով։ Անմիջապես հանել էր եզանլեզուն ու սեղմել ոտքին։ Հետո հիշվել էր, որ հարկավոր է վիրակապ գտնել։ Որտեղի՞ց։ Պատռել էր շրջազգեստը, փեշից՝ մի լայն շերտ ու եզանլեզուն փաթաթել վերքին։ Վիրակապելը վերջացնելուն պես ցանկացել է գնալ, փնտրել Արամին, բայց վախեցել էր ու մնացել նստած՝ զույգ ձեռքով գրկած Գագիկի գլուխը։ Լաց էր եղել. «Մեղավորը ես եմ։ Ես, միայն ես... ի՞նչ գործ ունեի թփուտներում։ Ինչի՞ս էին պետք ծաղիկները։ Չէ՞ որ Գագիկն էլ զգուշացրեց, ասաց որ հեռու չգնամ, անձրև է գալու։ Իսկ ես...»։ Մի ամբողջ հավիտենականություն անց Գավիկը քնեց կամ գուցե ցավից ընդարմացավ։ Իսկ հետո... մնացածը չէր հիշում։ Ինչպե՞ս էր իրեն հաջողվել փակել աչքերը, ինչպես էր քնել։

— Հասմիկ։

«Հիմա կհարցնի՝ որտե՞ղ է Արամը»— վախեցած մտածեց Հասմիկն ու հայացքը փախցրեց լույսից։

— Ոտքդ ցավո՞ւմ է,— հարցրեց։

— Մի քիչ։

— Եզանլեզու էի դրել։

— Գիտեմ։ Քո քնած ժամանակ մի անգամ արդեն վիրակապը փոխել եմ։ Շրջազգեստդ իզուր ես պատռել։

— Վաղո՞ւց էի քնել։

— Վաղուց։ Երկու ժամ կլինի, գուցե ավելի, ինչ ես արթնացել եմ, իսկ դու քնած ես։

— Եզանլեզուն քեզ փրկեց։

— Այդ մասին ես պետք է մտածեի ավելի շուտ՝ հենց սկզբից, որ տեսա թարախակալել է։

— Դու գիտեի՞ր, որ եզանլեզուն...

— Ես բույսերի կոլեկցիաներ նույնպես ունեմ։

— Հա՞...

— Դու գիտե՞ս, որ Արամը դեռ չի վերադարձել։

Հասմիկը ցնցվեց.

— Գիտեմ։

— Նա ո՞ր կողմ գնաց։

Հասմիկը ցույց տվեց քարանձավի խորքը.

— Լա՞վ ես հիշում։

— Ը֊հը։ Գնաց ուսապարկի ետևից։ Իսկ ուսապարկն այն կողմում էինք թողել։

— Լապտերն ինչո՞ւ չվերցրեց։

— Լապտերն այնտեղ էր, ուսապարկի հետ։

— Ուրեմն մթության մեջ անցել է ու չի նկատել։

— Այդ դեպքում կվերադառնար։ Ինչքա՞ն ժամանակ է,— Հասմիկի կոկորդում ինչ֊որ բան սեղմվեց։ Չէր ուզում, բայց անսպասելիորեն սկսեց հեկեկալ։

— Լացից օգուտ չկա,— Գագիկը մտազբաղ նայեց Հասմիկին,լաց մի՛ լինի։ Հիշիր, գուցե նա այդ կողմը չգնաց։

Հասմիկը հիշեց։ Ինքը նստած էր ինչպես հիմա՝ պատի տակ, Գագիկի գլուխը գրկին։ Արամը լսեց եզանլեզվի մասին ու տեղից թռավ. «Ես գնում եմ ուսապարկի ետևից։ Հենց հիմա կվերադառնամ։ Տատս բոլոր վերքերը բուժում էր եզանլեզվով։ Դե, ես վազեցի։ Լապտերն էլ այնտեղ թողեցինք, չէ՞»։ «Աջ կողմով քայլիր,— ձայնել էր ինքը Արամի ետևից,— պայուսակը աջ պատի տակ է»։ Արամը չէր պատասխանել։ Գնացել էր, գուցե և նույնիսկ չլսելով Հասմիկի ասածը։

— Այդ կողմ գնաց։

Գագիկը բարձրացավ տեղից։ Աջ ուսով հենվեց պատին ու սկսեց մտածել. «Ո՞ւր կարող էր անհետանալ Արամը։ Գիշատիչ գազանների և ընդհանրապես, որևէ կենդանու ներկայությունը անձավում բացառվում է, հակառակ դեպքում նրանք ինչ֊որ կերպ կմատնեին իրենց, զգալ կտային իրենց գոյությունը»։ Այդ իհարկե, այդպես էր։ Մինչև վերջին կանգառը նրանք կենդանիների բոլորովին չէին հանդիպել։ Իսկ Հասմիկի քնած ժամանակ Գագիկն ինչ֊որ թփթփոց էր լսել։ Սկզբում վախեցել էր, վառել լապտերը և աղոտ լույսի տակ հասցրել նկատել մթության մեջ պահվող զույգ չղջիկներին։ Այնուհետև գտել էր նաև խավարասեր թռչունների բույնը և նրանց կղկղանքով սնվող միջատների մի ամբողջ բազմություն։ Չղջիկներից բավական անց կատարվել էր երկրորդ հայտնագործումը՝ Գագիկը զտել էր խիտ բնակեցված մի մրջնանոց։ Սա տղային ավելի էր ուրախացրել, քան առաջին հայտնագործությունը, որովհետև, նրա կարծիքով, մրջյունը ամենահեշտ ուտվող միջատներից մեկն էր։ Անմիջապես հավաքել էր։ Նախ կերել էր ինքը՝ մինչև հագենալը, մնացածն էլ լցրել էր լուցկու տուփերի մեջ։ «Հասմիկն ու Արամն էլ չեն հրաժարվի»— մտածել էր։ Գագիկը հիշեց, որ մրջյուններով լի չորս տուփերն ինքը պայուսակում չի տեղավորել։ Անմիջապես գտավ ու գցեց պայուսակը։ Մեկը մտածեց առաջարկել Հասմիկին։ Հետո հիշեց ճանապարհի դեպքը, երբ Հասմիկը զզվանքից ծամածռել էր դեմքը ու որոշեց չշտապել. «Մնա։ Երբ քաղցից բողոքի, այն ժամանակ կառաջարկեմ»։ Գագիկը նորից հենվեց պատին ու շարունակեց մտածել ընկերոջ մասին. «Մնում էր հնարավոր մի բան։ Որ անցուղին ճյուղավորված լինի։ Ճանապարհի մեծ մասը մենք անցանք առանց լույսի։ Նշանակում է, որ դա լրիվ հնարավոր է»։ Գագիկը կես քայլ հեռացավ պատից.

— Գնանք Արամին գտնելու։

— Գտնելո՞ւ։

— Այո։ Ես կարծում եմ, որ ճանապարհը այս կողմերում ճյուղավորում ունի։ Արամը քայլել է մթության մեջ և չի նկատել, որ ինքը ճանապարհից շեղվում է։ Պա՞րզ է։

— Կարծես թե,— Հասմիկը հոգոց հանեց,— այո։

— Եվ այդ ճյուղավորումն այստեղից շատ հեռու չպետք է լինի։ Նա գիտեր, չէ՞, թե ինչքան էինք հեռացել ուսապարկից,

— Գիտեր։ Մոտավորապես...

— Դե, վեր կաց։ Աչքերդ սրբիր ու վերցրու լապտերը։

✻    ✻



Արամը կանգ առավ.

— Չէ, ինչ որ բան խառնել եմ։ Ուսապարկն այսքան հեռու լիներ չէր կարող...

Նա մտքում հաշվել էր ութ հարյուր վաթսուն քայլ, այնինչ համոզված էր, որ Գագիկին չէին տեղափոխել այդ ճանապարհի նույնիսկ մեկ քառորդը.

— Պարզապես անցել ու չեմ նկատել,— մտածեց,— վերադառնալ է պետք։ Բայց... իսկ, եթե,— նա մի պահ տատանվեց,— չէ, ինչպե՞ս կարող էի անցնել ու չնկատել։ Ոտքերս գետնից համարյա չէի կտրում, իսկ ուսապարկն ընկած էր... Թյու,— Արամը հիշեց, որ ուսապարկն ընկած էր անց ուղու աջ պատի տակ, իսկ ինքը եկել էր ձախ կողմով,— հիմար դատարկագլուխ, տխմար մուկ, անուղղելի ապուշ,— մտքում նա հայհոյեց ինքն իրեն՝ անուշադրությ՛ան համար ու վերադարձավ՝ այս անգամ արդեն աջ պատի տակով։

Հիմա քայլերը չէր հաշվում։ Ի՞նչ իմաստ ուներ, երբ համոզված էր, որ անպայման հասնելու է և՛ ուսապարկին, և՛ մթության մեջ թողած ընկերներին։ Նա չէր էլ կասկածում, որ ինքը հեռացել է իսկական ճանապարհից՝ այսինքն նրանից, որով եկել էին մինչև բաժանվելը։ Նա մտածում էր միայն Գագիկի մասին։ «Եզանլեզուն անպայման կփրկի, միայն թե ժամանակին հասցնեմ։ Եզանլեզուն դանակի պես կկտրի ցավը...»։ Եթե Արամը փոքր֊ինչ ավելի ուշադիր լիներ, անպայման կնկատեր, որ արդեն անցել էր ութ հարյուր վաթսուն քայլ ճանապարհը, նույնիսկ ավելին՝ համարյա հազար։ Բայց ուշադիր չէր և դրա համար էլ շատ ուրախացավ, երբ ոտքը կպավ ինչ֊որ կոշտ իրի։ Ուրախությունից նույնիսկ ցավ չզգաց.

— Վերջապես...

Բայց մթության մեջ խարխափող ձեռքը ուսապարկի փոխարեն հանդիպեց կարծր քարակոշտի։ Արամը զարմացավ, որովհետև ամբողջ ճանապարհին դեռ ոչ մի անգամ քարի չէին հանդիպել.

— Սա՞ որտեղից հայտնվեց,— դժգոհ մտածեց նա և անմիջապես էլ ավելացրեց,— հավանաբար անցնելիս չենք նկատել։

Բայց հաջորդ քայլափոխին հանդիպեց երկրորդ քարակոշտին, հետո՝ երրորդին, չորրորդին... Արամը չոքեց ու ձեռքերով զգուշորեն շոշափեց հատակը՝ շուրջն ամենուրեք մեծ ու փոքր քարակտորներ էին։ Բացարձակ հիմարություն կլիներ մտածել, որ ինքն անցել է այդ նույն ճանապարհով, հանդիպել այդ քարակոշտերին ու չի նկատել։ Արամը թուլացած փռվեց քարերի վրա։ Մութը խտացավ, դարձավ ահարկու, սարսափելի, հազարավոր վտանգներով լի, ինչպես անձավ ընկնելու առաջին րոպեներին, երբ դեռ չէին գտել փրկարար անցուղին։

Արամը վախից դողացնում էր, ատամ֊ատամի տալիս և լայն բացած աչքերով հետևում ահավոր կերպարանքներ ընդունող մթությանը։ Երկու անգամ իրար ետևից նա Հասմիկ գոռաց ու չնկատեց, որ ձայնը կտոր֊կտոր եղավ քարերի արանքում՝ սալահատակի վրա փշրվող բյուրեղապակուպես։ Ձեռքն ամուր խփվեց քարի սուր եզրին և արնոտվեց։ Արամն զգաց մատները թրջող թանձրություն ու դրանից ավելի վախեցավ։ Թռավ տեղից։ Նետվեց ետ. «Այնտեղ քարեր չկային»։ Բայց երկու քայլ չարած դեմ առավ ժայռապատին։ Ճանապարհը փակ էր։ Ձեռքերը պտտվեցին խելագար արագությամբ, ծվատեցին մութը, ձախում նորից պատն էր։ Աջ կողմն ազատ էր, և նա գնաց աջ։ Գնաց ընդամենը հինգ կամ վեց քայլ և նորից դեմ առավ պատին։ Հուսահատ հեծկլտաց. «վերջ»։ Աչքերի առաջ շուրջպար բռնեցին հեքիաթներից հայտնի դևերը, կախարդ պառավներն ու ուրվականները։ Ականջներում դժժացին հեռավոր ձայներ. «Դու կորած ես, տղա... քո վերջն է, տղա...»։

— Ոչմ իմ վերջը չէ, իմ վերջը չէ, ոչ, ո՛չ, ո՛չ, ո՜չ,— նա ճչաց ինչքան ուժ ուներ և ինքն իր ձայնից զգաստացավ,— մի՞թե այսքան վախկոտն եմ։ Ես կեսգիշերին գնացել եմ անտառ։ Գիշերով մեն֊մենակ մտել եմ գերեզմանատուն։ Ես...

Արամը ձեռքով փակեց ականջները։ Մեկ֊երկու րոպե մնաց անշարժ կանգնած՝ որոշեց անելիքն ու քայլեց։ «Նախ աջ կողմի պատով,— հրահանգեց ինքն իրեն ու քայլեց ձեռքը կպցրած աջ պատին։ Բավական ժամանակ գնաց և արգելքի չհանդիպեց։ Հատակն էլ կամաց-կամաց սկսեց հարթվել, դառնալ մաքուր ու կոկ ինչպես առաջ էր։ Մի քիչ քայլելուց հետո հեռվում ինչ֊որ լույս երևաց։ «Մերոնք են,— մտածեց նա և գոռաց,— Հասմիկ, Գագիկ, Հասմի՜կ»։ Պատասխան չստացավ։ «Երևի քնել են։ Իսկ լապտերը թողել են վառված, որ չմոլորվեմ»։ Հետո հիշեց, որ լապտերն էլ ուսապարկի հետ էր մնացել։ «Ուրեմն մոռացել ենք, վառված ենք թողել,— և անմիջապես էլ ժխտեց ինքն իրեն,— չէ, լապտերը հանգած էր։ Լույս չկար, Գագիկի գլուխը շոշափելով գտա,— դա լավ էր հիշում,— նշանակում է Հասմիկն է տարել։ Տեսել է, որ ուշանում եմ, եկել֊տարել է և՛ ուսապարկը, և՛ լապտերը։ Այստեղ Արամը վերջակետ դրեց իր կասկածներին։ Ավելի ճիշտ, վերջակետ դրեց ոչ թե Արամը, այլ լույսը։ Նա հանկարծ հասկացավ, որ լույսը բոլորովին էլ լապտերի լույս չէ։ Նորից վախեցավ. «Իսկ ի՞նչ կարող է լինել»։ Դեռ չէր հասցրել պատասխանել ինքն իր հարցին, երբ լույսը անհետացավ։ Նույնքան անսպասելի ու միանգամից, ինչպես հայտնվել էր։ Դա ավելի վախեցրեց նրան։ Բայց ուրիշ ելք չուներ, բացի ճանապարհը շարունակելուց և քայլեց, նորից ձեռքն առանց աջ պատից հեռացնելու։ Իսկ քիչ անց նա կրկին հանդիպեց քարերի և հասկացավ, որ ճիշտ ճանապարհի վրա չէ։ Սակայն այս անգամ իրեն չկորցրեց։ Չհուսահատվեց ու չլացեց շուկայում մորը կորցրած երեխայի պես։ «Այս պատն ինձ ի վերջո կհասցնի տեղ»— մտածեց ու շարունակեց քայլել։ Գնալով ընթացքը դանդաղում էր։ Արամն այդ չէր զգում։ Ընդհակառակը, նրան թվում էր, որ ինքը քայլում է ավելի արագ, քան սկզբում էր։ Քիչ անց, հեռվում նորից լույս փայլեց։ Այս անգամ Արամը հենց սկզբից էլ հասկացավ, որ դա լապտերի լույս չէ։ Իսկ մի փոքր ավելի ուշ, երբ լույսը կրկին աչքից կորել էր, (նա արդեն վերջնականապես համոզվեց, որ դա հենց նույն լույսն է, որ տեսել էր առաջին անգամ։ Վախեցած կանգ առավ։ Երկու-երեք քայլ ետ գնաց՝ լույսը տեղում էր, եկավ առաջ՝ լույսն անհետացավ։ Հասկացավ, որ պտտվում է նույն տեղում՝ կարուսելի պես։ Հոգնածությունը միանգամից ուժեղացավ, մարմնով մեկ տարածվեց ինչ֊որ բութ թուլություն, գլուխը ծանրացավ։ Որոշեց նստել և հենց այդ մտքից էլ սարսափեց՝ ինչպես օձ տեսած, ու թռավ տեղից. «Ո՛չ։ Ոչ մի դեպքում։ Նստելը վերջն է»։ Չնստեց։ Սկզբում մտածեց գնալ դեպի լույսը։ Բայց վախեցավ ճանապարհն ավելի խճճելուց ու չգնաց։ Թքած ամեն ինչի վրա, կգնար, եթե լույսը նման լիներ ցերեկային լույսի։ Այնինչ դա ավելի շուտ հիշեցնում էր լուսատտիկի և լուսատտիկի չափ էլ փոքր էր։ «Ո՞վ գիտե ինչ կարող է լինել»։ Արամը որոշեց ռիսկի չդիմել ու քայլեց նորից ձեռքը աջ պատին։ «Կգնամ մինչև քարերը և այնտեղ կտեղափոխվեմ ձախ պատի տակ»— որոշեց նա և հենց այդպես էլ արեց։ Նրա կարծիքով տվյալ դեպքում դա միակ խելացի որոշումն էր։ Չէ՞ որ ինքը ճիշտ ճանապարհից շեղվել էր ու ընկել քարերի մեջ, ուրեմն նույն տեղից՝ քարերի միջից էլ կարող էր դուրս գալ ճիշտ ճանապարհ։ Բայց քարերին հասնելուն պես նրա առաջ կանգնեց նոր հարցականը՝ ի՞նչ ուղղությամբ գնալ՝ առա՞ջ, թե ետ։ Ո՞ր կողմից էր ինքը եկել, ո՞րն էր առաջը և որը՝ ետը։ Առաջին կարուսելը նրա համար մեծ դաս էր, որովհետև հասկացել էր, թե ինչ կպատահեր, եթե չլիներ տարօրինակ լույսը, որ նրան հուշեց ճանապարհի օղակաձև պտույտի մասին։ Հակառակ դեպքում նա կպտտվեր միևնույն շրջագծով, մինչև ուժասսլառվելն ու կընկներ այդպես էլ չհասկանալով, որ անընդհատ միևնույն ճանապարհով է գնում։ «Իսկ եթե ձախ կողմում էլ լինի նույնը՞, և առանց լույսի...»։ Արամը ճիշտ էր մտածում, սարսափը, անհույս կորստի հեռանկարը նրան դարձրել էր շատ ավելի խելոք, ավելի զգույշ ու համարձակ, քան ամբողջ կյանքում։ Առանց նշանների օղակաձև ճանապարհը հասաատ կործանում էր։ «Ուրեմն պետք է որոշել, թե ո՞ր կողմից եմ ընկել այս տեղ։ Ո՞ր կողմից...»։ Բայց մի՞թե հնարավոր էր շրջապատի անթափանց մթության մեջ գտնել ճիշտ ուղղությունը։ Դա համարյա նույն բանն էր, թե որոշես թռչել առանց թևերի կամ ստիպես քարին, որ ջրում չսուզվի։

Արամի վիճակն անհուսալի էր։ Եվ տղան պարզ գիտակցում էր իր վիճակի անհուսալիությունը։

— Ահա և վերջը...

Նա նստեց ու զույգ ձեռքերով գրկեց գլուխը։

Հոգնածությունը հալած արճճի պես տարածվեց մարմնի բոլոր մասերում։ Ծարա՛վն ու քաղցր վրա պրծան անգութ ճիվաղների պես։ Եվ դրանց գումարած նաև մթությունը, որ սարսափելի էր ու չարագուշակ, և տղայի նստելուն պես նորից լցվեց ահասարսուռ, ֆանտաստիկ չարքերի կերպարանքներով ու հեռավոր ձայներով.

«Դու կորած ես, տղա՜... Քո վերջն է, տղա՜ ...»։

✻    ✻



Արամը նորից կանգ առավ։

Վերջին հարյուր քայլում երրորդ կանգառն էր։ Ուժերը կարծես թե վերջնականապես լքել էին նրան։ Ոտքերից ասես ջրաղացքարեր լինեին կախված, իսկ գլխում՝ հալած արճիճ լցված։ Աչքերը փակվում էին, բայց նա չէր համարձակվում քնել։ Միայն քայլել, միակ փրկությունը քայլելն է՝ հազար հինգ հարյուր քայլ մի ուղղությամբ, հազար հինգ հարյուր՝ հակառակ։ Դա Արամի ամենավերջին որոշումն էր, որ կայացրել էր աջ պատի մոտ տեղափոխվելուն պես։ Ավելի ճիշտ, քնից արթնանալուն պես, որովհետև աջ պատի մոտ տեղավախվելուց հետո նա քնել էր, ինքն էլ չհասկանալով՝ որքան և ինչպես։ Նստել էր մի քանի րոպե հանգստանալու նպատակով ու աննկատելիորեն քնել։ Եվ հենց դրա համար էլ հիմա վախենում էր նստելուց. «Նորից կքնեմ։ Իսկ քնելու իրավունք չունեմ»։ Եվ նա որոշել էր այսուհետև հանգստանալ առանց նստելու։

Այսպես, այս անգամ էլ նա հանգստացավ պատին հենված։ Շռայլություն թույլ չտվեց՝ կանգնեց ընդամենը մեկ-երկու րոպե և բավարար համարելով շարունակեց քայլել։

Քայլերը հաշվում էր մտքում. «1315, 1316, 1317...»։ Եթե հազար հինգհարյուրից հետո Գագիկին ու Հասմիկին չհանդիպեր, կամ ուսապարկին՝ վերադառնալու էր ետ՝ մինչև քարակոշտերը, որպեսզի այնտեղից գնար հակառակ ուղղությամբ։ Իսկ այս անգամ էլ չհանդիպելու դեպքում որոշել էր նորից վերադառնալ ետ՝ քարակոշտերի մոտ՝ երրորդ ուղղություն գտնելու համար։ Բայց արդյոք կկարողանա՞ր իրականացնել իր մտադրությունը, ուժերը կբավականացնեի՞ն... Այս մասին Արամը չէր մտածում, ավելի ճիշտ չէր ցանկանում մտածել, որովհետև վախենում էր, որովհետև գիտեր, որ ուժերը չեն բավականացնի։ «1348, 1349, 1350... Մնաց 150»— Արամը հենվեց պատին։ Եվ հենց այդ պահին էլ ականջին շշուկներ հասան։ Սկզբում վախեցավ. «Ի՞նչ կարող է լինել»— սրեց լսողությունն ու կարողացավ տարբերել բառերը։ Չհավատաց։ «Թվում է։ Չի կարող պատահել։ Անհնար է։ Գուցե նորից եմ քնել կամ գուցե անվերջ այդ մասին մտածելուց... Իսկ եթե... չէ, խելագարը չի կարող մտածել, որ ինքը խելագարվել է։ Ուրեմն պարզապես թվում է։ Անհրաժեշտ է քայլել և ոչինչ չմտածել»։ Նա պոկվեց պատից ու շարունակեց քայլել. «1351, 1352, 1353...»։ Իսկ ձայներն այնուամենայնիվ շարունակվում էին լսվել և գնալով նույնիսկ ավելի ու ավելի մոտենում էին։ Տղայի ձայնը Արամը նմանեցրեց Գագիկի ձայնին, աղջկանը՝ Հասմիկի և միաժամանակ նորից մտածեց, որ դա թվում է։ Բայց և այնպես ձայները մոտենում էին, և Արամը ավելի ու ավելի պարզ էր լսում բառերը։

Տղայի ձայն.

— Ո՛չ, անհնար է։

Աղջկա ձայն.

— Իսկ, եթե, այնուամենայնիվ, նա գտել է անցքն ու...

Տղայի ձայն.

— Հասկացիր, նա չէր կարող ինձ թողնել այդ վիճակում ու գնալ։ Ես նրան լավ եմ ճանաչում։

Աղջկա ձայն.

— Համոզվա՞ծ ես։

Տղայի ձայն.

— Այո, համոզված եմ։

Աղջկա ձայն.

— Ուրեմն շարունակենք։ Ինչո՞ւ կանգնեցիր։ Գնանք առաջ։

Տղայի ձայն.

— Ոտքս։ Մի րոպե սպասիր։

«Ոչ, սա երազ չէ, Ոչ, սա չի թվում։ Ո՜չ, ո՜չ, ո՜չ... Անհրնար է։ Երազն այսքան երկարել չի կարող։ Ո՜չ» — Արամի ներսում ինչ֊որ բան թրթռաց, խփեց մարմնի բոլոր մասերին ու ճիչ դարձած դուրս թռավ կոկորդից.

— Գագի՜կ, Հասմի՜կ...

— Արա՜մ։

— Գագի՜կ, Հասմի՜կ, ես այստեղ եմ։ Այստե՜ղ ե՜մ։

— Արա՜մ։

— Արա՜մ։

— Այստեղ ե՜մ։

Մթությունը դարձավ կիսամութ, հետո նորից մթնեց ու անմիջապես էլ լուսավորվեց լապտերից ցայտող դողդոջուն կիսակարմիր լույսով։ Քարերի անդորրը խախտվեց ուրախության ճիչերից։ Երեքն էլ մի պահ մոռացել էին իրենց անհույս վիճակն ու իրար փաթաթված պտտվում էին քարերի արանքում սեղմված ճանապարհի վրա, գլորվելով մի պատից մյուսը։ Հանդիպման ուրախությունն ըստ արժանվույն նշելուց հետո նրանք փռվեցին դետնին ու սկսեցին պատմել յուրաքանչյուրն իր գլխով անցածը։ Արամի տեսած տարօրինակ լույսը հետաքրքրեց Գագիկին.

— Երևի հենց դա էլ անցքն է, որ մենք փնտրում ենք։

— Բայց շատ էր փոքր՝ եղունգի չափ էր,— կասկածեց Արամը,— և հետո մի տեսակ, ցերեկային լույսի նման չէր, կարծես լուսատտիկ լիներ։

— Հեռվից այլ կերպ լինել չէր էլ կարող,— շարունակեց պնդել Գագիկը։

Որոշվեց գնալ մինչև Արամի հայտնաբերած լույսը։

Հասմիկը, որն շտապում էր երեքից գուցե ամենաշատը, առաջարկեց ժամանակ չկորցնել։ Բայց Գագիկն առարկեց։ Արամի պատմածից նա հասկացել էր, որ մինչև լույսին հասնելը բավական ճանապարհ ունեն անցնելու, իսկ իրենք երեքն էլ հոգնած էին, դրա համար առաջարկեց հանգստանալ և մինչև անգամ քնել։ Առաջարկն ընդունվեց միաձայն։ Պարզվեց, որ հանգստանալու մտքին Հասմիկը նույնպես դեմ չէ։ Նրանք անմիջապես տեղավորվեցին քարե հատակին՝ ով ինչպես կարող էր։ Տեղավորվելուն պես հանկարծ Գագիկը ինչ֊որ բան հիշեց ու չրխկացրեց լապտերի անջատիչը.*

— Իսկ դու չե՞ս մտածում, թե ինչպես ընկար այս լաբիրինթոսը։

Արամն ուսերը թոթվեց.

— Շա՜տ եմ մտածել։ Այստեղ անցկացրած ամբողջ ժամանակ այդ մասին եմ մտածել։

— Իսկ գիտե՞ս, որ դու համարյա հասել էիր ճանապարհին։

— Որտեղի՞ց։

— Ուզո՞ւմ ես տեսնել քո խորհրդավոր կացարանի մուտքը։

Արամը գլխով արեց։ Ցանկանում էր ասել, որ այդ կացարանը կարող էր նաև իր գերեզմանը դառնալ, բայց չասաց. «Պետք չէ, թող Հասմիկը չիմանա, որ հուսահատված եմ եղել»։

Երեքն էլ բարձրացան տեղից։ Պարզվեց, որ Արամն իսկապես տառացիորեն մի քայլ էր հեռու ճանապարհից։ Նրանք անցան ընդամենր տասներկու քայլ, և Գագիկն ասաց.

— Այնտեղ դու բաժանվել ես ճանապարհից։

Արամը նայեց մթին տվող պատին և առաջին հայացքից ոչինչ չնկատեց։ Դրսից բացվածքը աննկատելի էր։ Մի կողմից ժայռապատն ստանում էր հազիվ նկատելի թեքություն, մյուս կողմից գալիս էր հանդիպակաց պատը և ծածկում բացվածքն ու թեքությունը։ Անցքը տեսնելու համար անհրաժեշտ էր չափից ավելի ուշադիր նայել։ Իսկ ավելի ճիշտ, այն գտնել կարող էր միայն նա, ում հայտնի էր անցքի գոյությունը։ Թռուցիկ հայացքը ոչինչ նկատել չէր կարող։

— Հիմա հասկացա՞ր,— Գագիկը նայեց շփոթված Արամին,— թե ինչպես ես ընկել այս ճանապարհը։

— Հասկացա,— քրթմնջաց Արամը,— եկել եմ ձախ պատի տակով և շեղվել ճանապարհից։

Երեքն էլ տխուր ժպիտով նայեցին միմյանց։ Հետո վերադարձան պատի տակ ու տեղավորվեցին հատակի քնելու համար։

Արամին ոչ մի կերպ չհաջողվեց քնել։ Քաղցն ու ծարավը թույլ չտվեցին։ Նա մեկ տեսնում էր դպրոցի բուֆետը՝ բուտերբրոդների ու կարկանդակների կույտերի ծանրության տակ տնքացող վաճառասեղանով և նրա ետևում կանգնած մորաքույր Ֆենյային՝ սպիտակ խալաթը հագին ու ժպիտը դեմքին։ Հետո մորաքույր Ֆենյայի խալաթը կարծրանում էր, ձևափոխվում ու վերածվում սառնարանի՝ վրան գրված ռուսերեն «Օրսկ» ու դրված իրենց խոհանոցում՝ դռան ետևը։ Հետո սառնարանը նույնպես անհետանում էր, և ինքը հայտնվում էր խոնավ ու հոտավետ մառանում, որ լցված էր խաղողի բույրով, գինու թթվահոտով և ալանիի թանձր քաղցրությամբ։ Արամը տեսնում էր այս բոլորն ու անհանգիստ պտտվում մի կողքից մյուսը։

— Դեռ չե՞ս քնել,— հարցրեց կես քայլ այն կողմ պառկած Գագիկը։

— Չեմ կարողանում։

— Ինչո՞ւ։

— Չգիտեմ,— Արամը չցանկացավ ասել, որ չքնելու պատճառը ծարավն է ու քաղցը։ Գիտեր, որ միևնույն է, Գագիկը ոչնչով օգնել չի կարող։ Իսկ Գագիկն, այնուամենայնիվ, գիտեր, թե ինչու չի քնում Արամը։

— Լսիր, դու ծարավ կամ քաղցած չե՞ս։

— Հետո ի՞նչ...

— Հետո այն, որ կարող ես խտացված սնունդ ստանալ և ջուրն էլ հետը։

— Էլի ինչ֊որ բլո՞ճ է։

— Չէ՛, չէ՛,— ստեց Գագիկն ու մթության մեջ գտավ ուսապարկը։ Այնտեղից ինչ֊որ բան հանեց ու հրամայեց,— բաց արա բերանդ։

«Ինչ ուզում է լինի»— մտածեց Արամն ու բացեց բերանը։ Չափից ավելի էր քաղցած, այլևս դիմանալ չէր կարող։ Ատամի տակ տտիպ չորություն զգաց։ Զզվեց, սիրտը խառնեց։ Ուզեց թքել, բայց չթքեց։ Տտիպությանը փոխարինել էր տարօրինակ մի թթվաշահամ։ Հաճելի էր։ Կուլ տվեց։

— Ինչպե՞ս էր,— հարցրեց Գագիկը։

— Կարծես թե ոչինչ։ Էլ չկա՞։

— Կա, ձեռքդ տուր։

Արամը երկարեց ձեռքը։ Գագիկր գտավ և ափի մեջ դրեց լուցկու տուփը։ Արամը փակեց աչքերն ու պարունակությունը դատարկեց բերանի մեջ, անմիջապես կուլ տվեց։ Եթե լիներ, նորից կուտեր, բայց ամաչեց ուզել, փոխարենը հարցրեց.

— Ի՞նչ բան էր։

Գագիկը խուսափեց կոնկրետ պատասխանից.

— Համեղ չէ՞ր։

— Ոչինչ։

— Քաղցը մի քիչ անցավ, ճի՞շտ է։

— Ճիշտ է։

— Մի քիչ էլ ծարավդ, այո՞։

— Այո՛։

— Հիմա, որ իմանաս ինչ էր, չե՞ս զզվի։

— Չգիտեմ։ Բայց բավական հաճելի էր։

— Դե լավ, քնիր։

— Չե՞ս ուզում ասել։

— Հետո։ Այստեղից դուրս գալուց հետո։

— Դե լավ, թող լինի հետո։ Բարի գիշեր։

— Կամ բարի լույս, կամ բարի կեսօր... նայած թե դրսում հիմա օրվա որ ժամն է,— Գագիկը մթության մեջ տխուր ժպտաց ու գլուխը հենեց քարի ցցվածքին,— քնեցինք։

✻    ✻



Լույսը հայտնվեց միանգամից։

Առաջինը Արամը նկատեց.

— Հասանք,— ասաց ու մատը մեկնեց լույսի ուղղությամբ։

Գագիկը, որը հանգցրել էր լապտերը, նորից միացրեց։ Փոքրիկ կետը կորավ, ասես վախեցավ լապտերի կարմիր ճառագայթներից ու թաքնվեց քարերի ետևում։ Արամը հոգոց հանեց։ Գագիկն ու Հասմիկը նայեցին իրար, հետո Արամին։ Երեքն էլ հասկացան, որ Արամի կյանքը կախված է եղել մազից։ Պատից դեպի լույսը տանող ճանապարհը կտրված էր անդունդի երախով։ Ճիշտ է, բացվածքի լայնությունը մեծ չէր, ամենաշատը մեկ մետր, նույնիսկ պակաս, բայց կուրորեն շարժվելիս մարդը երբեք էլ մետրանոց քայլեր չի անում և ոչ մի կասկած, որ եթե Արամը որոշեր մոտենալ լույսին, անպայման կհայտնվեր անդունդի հատակում։

Գագիկը զգուշորեն սեղմեց ընկերոջ ձեռքն ու շշնջաց.

— Այսօր քո ծննդյան օրն է։ Ավելի ճիշտ, վերածննդի։

Արամը գլխով արեց ու սրբեց ճակատի քրտինքը։

Գագիկը հանգցրեց լապտերը։ Լույսը նորից հայտնվեց։

Նա ճշտեց լույսի ուղղությունը, միացրեց լապտերն ու դատարկ տուփերից մեկը պատի տակ դնելուց հետո ասաց.

— Գնացինք։

Ճեղքվածքն անցան առանց դժվարության։ Սովորական քայլ էր, առանց որևէ ճիգի։ Օգնության կարիք չզգաց նույնիսկ Հասմիկը։ Ճեղքն անցնելուն պես եռյակր հայտնվեց ընդարձակ հրապարակում, որի բոլոր կողմերում սևին էին տալիս տարբեր ձև ու չափս ունեցող խոռոչների կուրացած աչքերը։ Խոռոչների տեսքն ու ներկայությունը բոլորովին հաճելի չէին ակամա ճանապարհորդների համար։

Գագիկը քայլում էր դանդաղ, յուրաքանչյուր հինգ քայլ անցնելուց հետո ճանապարհին թողնելով լուցկու՝ դատարկ կամ լիքը տուփեր։ Առժամանակ շարժվելուց հետո, երբ անցել էին ճանապարհի մոտավորապես կեսը, նա կանգ առավ.

— Լսեք։ Ինձ թվում է, որ երևացողը բնական լույս չէ,— ասաց։

— Հիմա ի՞նչ, վերադառնո՞ւմ ենք,— հարցրեց Հասմիկը։

— Ոչ, կարծում եմ, մոտենալ, այնուամենայնիվ, պետք է։

Ոչ ոք չհակառակեց։ Խումբը շարունակեց քայլել։ Չէին գնա, եթե Գագիկր համոզված լիներ, որ լույսն իսկապես բնական լույս չէ։ Բայց Գագիկը միայն կասկածում էր...

Լույսն իսկապես բնական չէր։ Այն տարածվում էր պատի խոռոչից և ֆոսֆորի փայլ ուներ։ Գագիկն անմիջապես մոտեցավ լուսատուին և հենց նույն պահին էլ լսվեց նրա զարմացած բացականչությունը.

— Վա՜յ,

Ոչ մեկը ոչինչ չհարցրեց, որովհետև հրաշքը կատարվել էր նրանց երեքի աչքերի առաջ։ Տղան մատը կպցրել էր լուսատուին, և անմիջապես լույսը փոշիացել էր, անհետացել նրա մատների արանքում։

— Հրա՞շք էր,— առժամանակ լուռ ու անշարժ կանգնելուց հետո փնթփնթաց Հասմիկը։

— Ոչ,— պատասխանեց Գագիկը։

— Լույսը փոշիացավ,— չհամոզվեց Հասմիկը։

— Ոչ թե լույսը, այլ լույս արձակող մարմինը։

— Միևնույն է, այստեղից պետք է շտապ հեռանանք, ես վախենում եմ,— Հասմիկը նայեց տղաներին,— գնանք։

Արամը համաձայն էր Հասմիկի առաջարկին։ Հրապարակը նրա համար սարսափելի հանելուկ էր հենց սկզբից, լույսի փոշիանալուց էլ առաջ, անդունդը հայտնաբերելուն պես, իսկ հիմա՝ առավել ևս։ Բայց չցանկացավ աղջկա մոտ վախկոտ երևալ ու ասաց.

— Սպասիր, տեսնենք ինչ է լինում։

— Այո, սպասեք,— ասաց Գագիկը և մոտեցավ անցքին, մատներով զգուշորեն շոշափեց բացվածքի եզրերն ու միաժամանակ կիսահասկանալի-կիսաանհասկանալի բառեր շշնջաց,— ոչ թե լույսն, այլ լուսատու մարմինը... ալյուրի նման էր։ Ձեռք տալուն պես ցրվեց։ Լուսատու ալյուր...ֆոսֆո՞ր... ֆոսֆորի լույս։ Իհարկե։ Ֆոսֆորի լույս... ֆոսֆոր, փթած միս, փթած ոսկոր,— նա քերծեց պատը։ Քանդվեց։ Ժպտաց ու երկու ձեռքով վրա ընկավ պատին։

— Թող ինձ,— ընկերոջ թևից քաշեց Արամը,— դու նստիր։

Գագիկը ենթարկվեց։ Քաշվեց մի կողմ, իմկ Արամը գրավեց նրա տեղը։

Պատն իսկապես քանդվում էր, առանց դժվարության փտած գոմաղբի պես։ Սկզբում պոկվում էր մանր կտորներով, հետո կտորները գնալով մեծացան։ Հասմիկը ոչինչ չէր հասկանում. «Հետո ի՞նչ։ Շատ բան կարող է քանդվել, ի՞նչ անենք»։

— Դու մտածում ես, որ պատի ետևում ա՞նցք կա,— հարցրեց նա։

— Ոչ, սա տորֆ է,— պատասխանեց Գագիկը։

Հասմիկը ուսերը թոթվեց։

Լռությունը տևեց բավական երկար և ընդհատվեց Արամի ճիչով։ Գագիկը թռավ տեղից.

— Ես հենց այդպես էլ գիտեի,— ձայնեց նա,— հենց այդ է, որ կա։

Արամի բաց արած փոքրիկ ճեղքվածքից եռյակի կողմն էր ուղղվել իսկական, մարդկային մի ձեռք՝ հինգի փոխարեն երեք մատներով...


Գլուխ յոթերորդ

Արթնանալուն պես Հակոբը վառեց քնելուց առաջ կողքին դրած լապտերն ու նայեց ժամացույցին՝ 6֊ն անց էր 25 րոպե։

— Շուտ է,— մտածեց,— թող մի քիչ էլ քնեն,— նա թեթև ժպտաց,— հիմա դրսում լուսանում է։

Այն մտքից, որ այսօր էլ չտեսավ լուսաբացը, Հակոբի սիրտը մի տեսակ կուչ եկավ, կծկվեց։ Նա հիշեց Լևոնի երեկոյան ասածը. «Թե ինչ գործ ունեինք չարքերի այս գերեզմանոցում»։ Այն ժամանակ ինքը ծիծաղել էր, նույնիսկ դիտողություն արել. «Քեզ չի սազում, Ցախ»։ Իսկ հիմա վախեցավ. «Եթե իսկապես չարքեր լինե՞ն»։ Մտածեց ու անմիջապես էլ սիրտ տվեց իրեն. «Չարքեր, չէ մի... Լեղաճաքի 101 տարեկան տատիկն եմ դարձել։ Չարքեր... քիչ է մնում աղոթք էլ ասեմ. հանուն հոր և որդու, և...» մնացածը չգիտեր։ «Չէ, վախենալու բան չկա։ Քարանձավ է, էլի»— որոշեց նա և որպես ապացույց չվախենալու՝ վճռեց չարթնացնել ընկերներին։ «Թող քնեն, ինչքան ուզում են։ Իսկ ես ավելի լավ է ուտելու բան գտնեմ»— քրթմնջաց կիսաձայն ու ձեռքը խցկեց կողքին դրված պարկի մեջ։ Երեկոյան, սեղանը հավաքելիս Արեգին հրամայել էր, որ հավի բուդը թողնի ամենավերևում։ Գտավ ու սկսեց ուտել։ Միաժամանակ քթի տակ մռմռալով «Մենք չենք վախենում» երգը, բոլոր բառերը փոխարինելով միևնույն «Ըըըը-ըըըը-ըըըը» հնչյուններով։

Ուտելը չէր վերջացել, երբ կողքից լսեց քնակոլոլ Վազգենի ձայնը.

— Արդեն արթնացել ես և նույնիսկ սկսել ուտե՞լ։

— Իմ փոխարեն եթե դու լինեիր կամ նրանցից մեկն ու մեկը,— Հակոբը գլխով ցույց տվեց Լևոնին ու Արեգին,— հիմա չորրորդ նախաճաշին նստած կլիներ։ Իսկ ես ուտում եմ առաջին անգամ։

Վազգենը զարմացած տմբտմբացրեց գլուխը.

— Քեզ բա՞ն է պատահել։

— Ի՞նչ էիր ուզում պատահեր, ամբողջ գիշերը աչք չեմ փակել, նստած եմ եղել։

— Ինչո՞ւ։

— Հսկում էի, որ հանկարծ բան֊ման չպատահի,— լուրջ֊լուրջ ասաց Հակոբը,— այս գիշեր էլ դու ես հսկելու, քո հերթն է։

— Հա՞։

— Իհարկե։ Ամեն անգամ մեկս պետք է հսկենք։ Անհրաժեշտ է։

— Կհսկեմ, եթե անհրաժեշտ է,— Վազգենը մի պահ լռեց,— ես էլ մտածում էի, թե այսօր կվերադառնանք։

— Մտածում էիր... տեսա՞ր։ Իսկ այն խեղճերի մասին չես մտածում։ Կվերադառնանք... իսկ նրանց կթողնենք, որ այստեղ սարսափից լեղաճաք լինեն, հա՞։

— Լեղաճաքը դու ես։ Լևոնը չասա՞ց, որ մյուս անգամ ինձ չվիրավորես։

— Հիմար, բա դա քեզ համար ասացի՞։ Չէ, բոլորովին խելք չունես։ Ես ասում եմ խեղճերին թողնենք այստեղ, որ սարսափից լեղաճաք լինեն, իսկ դու...

— Հա՞,— Վազգենը հասկացավ, որ սխալվել է։

— Դու քառակուսի հիմար ես։

— Քառակուսի հիմարը դու ես։ Սխալվեցի, էլի։ Դու չե՞ս սխալվում։

— Ե՞ս... Եթե սխալվող լինեի, կհամաձայնեի քո ու Ցախավելի նվնվոցներին՝ վերադառնանք, այստեղից դուրս գանք, գնանք, հեռանանք... Մոռացե՞լ ես, քարանձավում կես ժամ մնալուց հետո ինչպես էիք սկսել երկուսով տզտզալ։

Այս անգամ Վազգենն ուշացրեց պատասխանը։ Ճիշտ է, չափազանց, բայց և այնպես ընկերոջ ասածի մեջ ճշմարտություն կար։ Ինքն ու Լևոնն, իսկապես, ցանկացել էին վերադառնալ։ Դա պատահել էր անցքի մեջ մտնելու հենց առաջին րոպեներին։ Վազգենը ցանկացավ գտնել իրենց արարքն արդարացնող որևէ միջոց և ստիպված հիշեց ամբողջ եղելությունը։

...Հակոբն իջել էր ամենավերջինը և չէր հասել մինչև անձավի հատակը։ Հենց գմբեթի տակ՝ անցքից ոչ հեռու, նա հայտնաբերել էր բավական ընդարձակ մի խոռոչ և ոտքերով ու ձեռքերով պատը չանգռոտելով, մոտեցել նրան։ Մի ձեռքով պարանին կառչած, մյուսով լուսավորել էր խոռոչի ներսը և համոզվելով, որ ստորգետնյա անցք է, խցկվել էր այնտեղ։ Լևոնը, ինքն ու Արեգը, որ իջնելու պահից սկսած զբաղված էին անձավի ուսումնասիրությամբ, ոչ մի անցք չէին գտել և ստիպված համաձայնեցին Հակոբի այն մտքին, թե Արամենք անպայման գտնվում են այդ անցքում։ Պարանին կպած, նախ այնտեղ հասցրեցին իրենց իրերը, այնուհետև բարձրացան նաև իրենք։ Առյուծի երախ հիշեցնող քարերը չհասցրին տեսնել։ Ասենք միևնույն է, եթե տեսնեին էլ որևէ բան գլխի ընկնել չէին կարողանա, քանի որ անցքը բավական լավ էր պահված քարերի ետևում և թռուցիկ հայացքն անկարող էր գտնել։ Հակոբի հայտնաբերած անցքում հետաքրքիր ոչինչ չգտան։ Շուրջն ամենուրեք թանձր խավար էր և խոնավահոտ։ Անցքի հենց շուրթից սկսվում էր գլխապտույտ վայրէջք և շարունակվում ով գիտե մինչև ուր։ Այդտեղ էր, որ Լևոնը մրթմրթաց. «Ավելի լավ կլինի, եթե հենց հիմա թողնենք ու հեռանանք»։ «Ճիշտ է»— համաձայնեց ինքը։ «Այստեղ բոլորս ռևմատիզմ կստանանք»,— իր համաձայնությունից ոգևորված շարունակեց Լևոնը։ «Ճիշտ է»— նորից պաշտպանեց ինքը և հենց այդտեղ էլ խոսակցությանը խառնվեց Հակոբը. «Ուրեմն այդքա՞նն էր ձեր համարձակությունը՝ մի մութ ու մի խոնավություն տեսաք, անմիջապես վախեցաք։ Ուրեմն ա՞յդ էր ձեր տղամարդությունը։ Ասենք ինչո՞ւ եմ զարմանում, ես հենց սկզբից էլ գիտեի, որ դուք այդպիսին եք։ Վերադառնում եք, վերադարձեք, ես ու Արեգը մենակ կգնանք...» և այլն, և այլն, հազար ու մի բան՝ վիրավորանք չմնաց, որ չթափեր իրենց գլխներին ու իրենք ստիպված լռեցին ու ամաչեցին վերադառնալ։

Վազգենը հասկացավ, որ արդարացում չկա և կառչեց ամենավերջինից՝ Հակոբի անսխալ լինելու փաստից.

— Իսկ քո չսխալվե՞լն ուր է,— քրթմնջաց նա,— դու չէի՞ր ասողը, որ նրանց անպայման կգտնենք։

— Իհարկե, կգտնենք։

— Բա ինչո՞ւ մինչև հիմա չենք գտել։

— Հիմար, չենք գտել՝ կգտնենք։ Ուզում ես չորս օրվա կորածներին չորս ժամում գտնե՞լ։

— Իսկ եթե չգտնե՞նք։

— Ասացի կգտնենք։

— Ու Ցախավելի ասածն էլ կանենք, հա՞. կգցենք հրացանի առաջ ու կալանավորի պես կտանենք մինչև գյուղ։

— Տեսնենք։ Դա Արամից է կախված, եթե ներողություն խնդրի գուցե ավելի մեղմ վերաբերվենք։

— Արամը՞ ներողություն խնդրի։

— Ըհը։

— Չի խնդրի։

— Կխնդրի։ Բա հրացանն ինչի՞ համար է, որ չխնդրի։

— Չի խնդրի։ Կհասկանա, որ կրակողը չես ու չի խընդրի։

— Իսկ ես կկրակեմ։ Կդնեմ աղով լցված փամփուշտն ու կկրակեմ։ Կկրակեմ ու կասեմ. դե ներողություն խնդրիր։

— Հասմիկի մո՞տ։

— Իհարկե։ Թող խայտառակ լինի։

— Իզուր բան է, չի խնդրի,— ասաց Վազգենն ու ցանկանում էր էլի ինչ֊որ բան ավելացնել, բայց չհասցրեց։ Ճչաց ու ռետինե գնդակի պես թռավ տեղից,— մա՜...

Հակոբը խառնվեց իրար։

Արեգն ու Լևոնը նույնպես արթնացան քնից։

Վախեցած բացականչությունները խառնվեցին իրար.

— Վազգեն։

— Ի՞նչ էր։

— Սպասիր։

— Հրացանը, շուտ։

— Լապտերը։

— Չփախչե՞նք։

— Վառիր։ Լապտերը։

— Հրացանը...

✻    ✻



Ահա բեկված տղաները կորցրել էին իրենց։

Վերջապես Հակոբին հաջողվեց գտնել լապտերի անջատիչը։ Լույսն ընկավ Վազգենի սփրթնած դեմքին, տղան դողում էր քամու բերանն ընկած տերևի պես։ Հակոբից անմիշապես հետո իրենց լապտերները վառեցին նաև Լևոնն ու Արեգը։ Մութը հավաքեց փեշերը։ Դրանից տղաները փոքրինչ սրտապնդվեցին ու սկսեցին Վազգենի հարցաքննությունը։ Բայց պարզվեց, որ վերջինս ի վիճակի չէ որևէ բան հասկացնելու։ Պատասախանի փոխարեն նա անորոշ կմկմաց ու ձեռքը մեկնեց անցուղու խորդուբորդ հատակին։

— Հատակի վրա բա՞ն տեսար,— հարցրեց Հակոբը։

Վազգենը գլխով արեց։

Լապտերներն անմիջապես լուսավորեցին հատակը, բայց որևէ բան գտնել չհաջողվեց։ Շուրջը դատարկ էր, լուռ, և տղաների անհամաչափ շնչառություններից բացի ոչինչ չէր լսվում։ Ի՞նչը կարող է վախեցրած լինել։ Ինչպես միշտ, յսյդպիսի դեպքերում մարդ մտածում է ամենավատը, ամենասարսափելին, բայց Հակոբը բացառություն կազմեց.

— Լսիր, գուցե թվացե՞լ է,— հարցրեց նա։

Վազգենը տարուբերեց գլուխը։

— Տղերք,— խոսեց Լևոնը,— ինձ թվում է, որ մենք հենց հիմա պետք է վերադառնանք։ Թքած ամեն ինչի վրա։

Արեգը լուռ մնաց. գիտեր՝ որ իր խոսքր հաշվի չի առնվի։ Վազգենը դեռ անկարող էր խոսել։ Մնում էր Հակոբը, նա էլ չհամաձայնեց.

— Դա հիմարություն է։

— Հիմարությունը մնալն է,— համառեց Լևոնը։

— Չե՞ս ուզում, կարող ես չմնալ, ստիպող չկա։ Վերադարձիր, բոլորդ էլ վերադարձեք։ Ով վախենում է, թող գնա, իսկ ես կմնամ ու կգտնեմ նրանց։

— Մենա՞կ,— հարցրեց Արեգը։

— Այո,— հպարտ֊հպարտ պատասխանեց Հակոբը։

Արեգի աչքերը հիացմունքից շողացին. «Ա՜յ, ռիսկ...»։

Նա ժպտալով նայեց Հակոբին ու գողացող ձայնով շշնջաց.

— Ես էլ եմ մնում քեզ հետ, հորս արև։

— Իսկ դու,— Հակոբը արհամարհական նայեց Լևոնին,— կարող ես հավաքել քո ունեցած-չունեցածն ու վերադառնալ։

Լևոնը հասկացավ, որ դրությունը լրջանում է։ «Հակոբը հիմարի մեկն է, կարող է և իսկապես չգալ։ Այս լակոտն էլ միացավ նրան ու մենք մնացինք երկուսով»։ Իսկ Լեղաճաքի վրա հույս դնել նա չէր կարող. «Վախկոտի մեկն է, եթե ճանապարհին մի բան պատահի ես կմնամ մենակ, ի՞նչ եմ անելու»։ Լևոնը մի պահ մտածեց ու անցավ հաշտվողականի. սկսեց համոզել Հակոբին ու Արեգին, որ ինքը Արամի խմբին գտնելու հարցում շահագրգռված է մյուսներից ավելի, բայց միաժամանակ տեսնում է նաև այլ բաներ, որ մյուսները չեն տեսնում։ Ինքը մտածում է ծնողների մասին, հարազատների մասին, որոնք հիմա անպայման անհանգստացած կլինեն...

— Հիշո՞ւմ եք, ինչպես էր լալիս Հասմիկի մայրիկը կամ մյուսները։ Իսկ մեր մայրիկները կարծում եք մեզ ավելի քի՞չ են սիրում, քան նրանք։ Այ, այս մասին պետք է մտածել,— նա, իհարկե, այդ մասին բոլորովին չէր մտածում կամ անհանգստանում, բայց համոզված էր, որ դա միակ միջոցն է ընկերների վրա ներգործելու համար, և չսխալվեցւ Արեգը համաձայնեց հենց անմիջապես։ Տատանվեց նաև Հակոբը, բայց և այնպես շարունակեց պնդել, որ որոնումը պետք է շարունակել։ Ի վերջո, նրանք եկան մի ընդհանուր կարծիքի՝ դա Հակոբի առաջարկն էր.

— Կփնտրենք մինչև երեկո, մինչև երեկոյան ինը։ Եթե գտանք՝ ւավ, իսկ եթե չգտանք, ուրեմն վերադառնում ենք գյուղ,

Որոշումը կայացնելուն պես, նրանք վերցրին իրենց պարկերն ու պայուսակներր և ճանապարհ ընկան, այդպես էլ կարգին չհասկանալով, թե ինչն էր Վազգենին վախեցնողը։

Առջևից գնում էր Հակոբը՝ թեթև ու հանգիստ։ Նրանից հետո գալիս էին Արեգն ու Լևոնը, իսկ վերջում՝ Վազգենը։ Չորսից ամենադժվարը Վազդենինն՝ էր։ Ոտքերը հազիվ էր փոխում, իսկ մեջքը կքվել էր պարկի ծանրության տակ։ Ի դեպ, վերջինս քարանձավում ավելի էր ծանրացել, քան գյուղից դուրս գալու ժամանակ։ Գետնի տակ անցկացրած երկու օրերի ընթացքում խումբը վեց անգամ նստել էր ճաշի և յուրաքանչյուր անգամ Հակոբն առաջարկել էր իր բերած մթերքը, իսկ ավելցուկներն Արեգին կարգադրել էր լցնել Վազգենի պարկը։ Վազգենը չէր էլ նկատել ընկերոջ խորամանկությունը, և նույնիսկ զարմացել էր բկլիկ֊հաստլիկի հանկարծակի հյուրասեր դառնալու համար։

Ճանապարհի վերելքը, որ սկզբում համարյա աննկատելի էր՝ միանգամից մեծացավ, միաժամանակ ավելացավ նաև հատակի խորդուբորդը։ Անցուղու փոփոխությունը ավելի դանդաղեցրեց Վազգենի քայլերը և նա կամաց֊կամաց սկսեց ետ մնալ։ Հակոբը մի տեսակ խղճի խայթ զգաց ընկերոջ չարչարանքի համար։ «Խոզ, այդ պարկից չէ՞ որ դու էլ ես օգտվելու»— մտքում ինքն իրեն քննադատեց նա և շարքի սկզբից տեղափոխվեց վերջը։

— Բեր միասին բռնենք,— առաջարկեց։

Վազգենը անմիջապես համաձայնեց։ Այդպիսի անձնազոհություն Հակոբի մոտ տեսնում էր առաջին անգամ և վախենալով, որ նա կարող է հանկարծ հետ կանգնել առաջարկից, անմիջապես իջեցրեց պարկն ու մի կողմից բռնելով, մյուսը մեկնեց Հակոբին։ Վերջինս վերցրեց իր կողմն ուղղված ծայրն ու բարձրացրեց, և հենց նույն պահին էլ պարկից դուրս պրծավ ինչ֊որ բան։ Հակոբը լույսն ուղղեց ներքևհ ոտքերի տակ ու զայրացած շրշվեց.

— Հիմար, ձեր տանը մի կարգին պարկ չկա՞ր, որ այս պատառոտվածն ես քարշ տվել։

— Պարկը մի օր առաջ էր հայրիկը խանութից բերել,— արդարացավ Վազգենը։

Հավատալու չէր։ Բայց Վազգենի ասածը հաստատեց նաև Արեգը։ Նա պնդեց, որ դեռ երեկ պարկը բոլորովին նոր էր՝ առանց պատռվածքի։

— Իսկ սա ե՞ս արեցի,— Հակոբը ցույց տվեց պարկի անկյունում բացված անցքը։

— Ազնիվ խոսք, նոր բան է,— պնդեց Վազգենը։

— Ճիշտ է,— հաստատեց Արեգը,— ես շատ լավ եմ հիշում։

Իսկ Լևոնն ասաց.

— Եռունդա։ Դատարկ բաների վրա ժամանակ եք կորցնում։

Հակոբը չլսեց։ Կռացավ ու սկսեց զննել պատռվածքը։ Առժամանակլուռ ուսումնասիրելուց հետո նա ուղղեց մեջքն ու բարձըաձայն ասաց.

— Քեզ վախեցնողը մուկ է եղել,— Հակոբը նայեց Վազդենին,— հենց նույն մուկը, որ կրծել է քո պարկն ունրա մեջ եղած ուտելիքը,— նա լռեց, մի կես րոպեի չափ մտածեց ու նորից գոռաց։— Ուր որ է մենք կհասնենք ելքին։ Հրացանը պատրաստ պահեք, դանակները հանեք։

— Դա որտեղի՞ց հնտրեցիր,— փնթփնթաց Լևոնը։

— Հրացանը պատրաստ պահելը՞։

— Չէ՛, անցքը։

— Մուկն ասաց։

Լևոնը ծիծաղեց.

— Մո՞ւկը։

— Ի՞նչ ես խրխնջում,— զայրացավ Հակոբը,— խելքի պուտուկ, հասկացիր, ի՞նչ գործ ուներ մուկը այս դատարկ ու խոնավ քարերի մեջ։ Մտածել է պետք, հասկացա՞ր։ Մուկը եկել է դրսից, ուտելիքի հոտն առել է ու եկել։

— Եռունդա,— Լևոնը ծանր-ծանր տմբտմբացրեց գլուխը,— եռունդա։

— Բա՜, եռունդա,— ծիծաղեց Հակոբն ու աչքով արեց հիացած հայացքներով իրեն նայող Վազգենին ու Արեգին,— գնացինք։

Ճանապարհի շարունակությունը նրանք անցան ավելի արագ։ Պարկն արդեն թեթևացել էր, համարյա կես ընկել, որովհետև տղաները դեն էին գցել մկան կրծած ուտելեղենը։ Երկուսով բռնելու կարիք չկար և Հակոբը նորից նրա տնօրինությունը հանձնել էր Վազգենին։

Չարագործ մկան հայտնաբերումից անցած կլիներ երեսուն կամ ամենաշատը քառասուն րոպե, երբ հանկարծ Արեգը կանգ առավ։

— Ի՞նչ կա,— հարցրեց Լևոնը, որը գալիս էր նրա ետեվի ց,— Ի՞նչ ես բերանդ բացել։

— Այնտեղ կարծես ինչ որ բան է փայլում։ Տես, աստղի պես պսպղում է։

— Իհարկե,— հեգնեց Հակոբը,— քեզ համար լուսարձակ են դրել։

— Հորս արև։

Լևոնը նույնպես ոչինչ չտեսավ։

— Եռունդա, աչքիդ է երևում, գնա,— ասաց նա ու հրեց Արեգին։

Արեգը չշարժվեց տեղից։ Համառեց.

— Հորս արև, փայլում է։

— Ճիշտ է ասում,— հաստատեց Վազգենը, որը նույնպես տեսել էր լուսարձակող կետը։

Հակոբը քայլեց նրանց մատնացույց արած ուղղությամբ։ Մոտեցավ խոռոչին ու ձգեց վիզը՝ իսկապես այնտեղ ինչ֊որ բան էր փայլում։

Գումարվեց կես րոպեանոց խորհրդակցություն։ Երեք կողմ, մեկ դեմով հարցը վճռվեց հօգուտ խոռոչի խուզարկման։ Առաջինն այնտեղ խցկվեց Հակոբը, հետո Լևոնն, Արեգը, իսկ ամենավերջում՝ միակ դեմը՝ Վազգենը։ Խոռոչն այնքան էլ մեծ չէր, իսկ ավելի ճիշտ, նույնիսկ փոքր էր. երկարությունը կլիներ հինգ֊վեց քայլ, լայնությունը՝ երեքից փոքր֊ինչ պակաս։ Այնպես որ Հակոբն անմիջապես հայտնվեց փայլուն իրի կողքին և հենց անմիջապես էլ ետևից եկողներր լսեցին նրա զարմանքի ճիչը.

— Տղերք, սա սաղավարտ է։

— Սաղավա՞րտ։

— Ըհը, իսկական սաղավարտ։ Անգին քարերով։

— Եռունդա։ Ապա մի տուր այստեղ։

— Մե՞կն է, որ տամ։

Իսկապես, սաղավարտը մեկը չէր։ Առաջինից կես քայլ այն կողմ ընկած էր երկրորդ սաղավարտը, իսկ նրա կողքին ժանգոտված մի սուր՝ կոթին փայլփլուն քարեր։ Սուրը վերցրեց Լևոնը։ Իսկ Արեգը հայտնաբերեց պատի տակ ընկած խոշոր մի մատանի ու ամբողջ ուժով ճչաց.

— Տղերք, թանգարան ենք ընկել։ Հորս արև։

— Սը՜սս,— Լևոնը մատը դրեց շուրթերին,— բոլորը ոսկուց են։ Եռունդա, մենք միլիոնատերեր ենք դարձել։

Լևոնը դեռ չէր վերջացրել իր ցնցող հայտարարությունը, երբ նկուղի անկյունից լսվեց Արեգի նոր բացականչությունը։

Այս վերջին հայտնագործությունը պարզապես ցնցող էր. կուփարիչի պես բացված քարի տակ թաքնված էր իսկական գանձարան՝ պսպղացող քարեր, ոսկյա գրամներ, ապարանջաններ, տեսակ֊տեսակ վզնոցներ և կոշտ ու կոպիտ քարերի տեսքով ոսկու մեծ կտորներ։

— Սա արդեն իսկական հարստություն է,— գործից հասկացող մարդու լրջությամբ ասաց Լևոնը։

— Հորս արև,— քրթմնջաց Արեգը,— այսպիսի բան դեռ չէի տեսել։

— Վազգենը երկու անգամ տեսել էր,— կատակեց Հակոբը։

Ոչ ոք չծիծաղեց։

— Եռունդա։ Հարկավոր է մի բան մտածել,— խոսակցությանը նորից գործնական բնույթ ավեց Լևոնը,— այդ եղած֊չեղածն էլ լցրեք այստեղ,— նա մատնացույց արեց քարե գաղտնարանը,— ու մի բան մտածենք։

— Դե, մտածելու ի՞նչ կա,— ուսերը թոթվեց Հակոբը,— կհայտնենք գյուղսովետ, կգան-կտանեն։

— Մեզ էլ կպարգևատրեն,— ավելացրեց Վազգենը։

— Պատվոգիր կտան,— Լևոնը ծամածռեց դեմքը,— թղթի կտորով խաբվող չկա, երեխա չենք։ Եռունդա։ Ոչ մի հայտնել։ Քիչ-քիչ կհանենք ու կվաճառենք քաղաքի ոսկերիչներին, իսկ փողը կկիսենք՝ բոլորիս հավասար։ Ամեն մեկս մի հատ մեքենա կառնենք։

— Ավտո՞,— բերանը չպպացրեց Արեգը։

— Ըհր։

— Ժիգուլի, հա՞,— շարունակեց Արեգը։

— Քո գործն է. կուզես Ժիգուլի, կուզես՝ 24։

Ավւոոմեքենա ունենալու հեռանկարը ոգևորեց նաև Հակոբին ու Վազգենին։

— Լսիր, Լևոն, իսկ եթե բռնե՞ն,— հարցրեց Հակոբը։

— Չեն բռնի։ Քիչ-քիչ կտանենք։

— Բայց և այնպես, եթե բռնեն,— համառեց Հակոբը,— ի՞նչ ենք անելու։

— Եռունդա,— Լևոնը թափ ավեց ձեռքը,— գողությո՞ւն ենք արել, որ վախենանք։ Գտել ենք ու վերջ։ Թող իրենք գտնեին։

— Ճիշտ որ, ինչպե՞ս այսքան ժամանակ ոչ ոք չի եկել գտնելու,— մտմտաց Վազգենը։

— Եկել են, ինչպե՞ս չեն եկել։ Մոռացա՞ր, հնէաբանները ինչքան փնտրեցին՝ մի ամբողջ տարի,— հիշեցրեց Հակոբը։

— Դե, մեր բախտն է, էլի,— ժպտաց Լևոնը։

— Ուրեմն ասում ես չհայտնե՞նք,— ավելի շատ ինքն իրեն, քան Լևոնին կամ մեկ ուրիշի, հարցրեց Հակոբը։

— Չէ՛, չէ՛, երեխա՞ ես։ Ինչպես որոշեցինք, այդպես էլ կան ենք։

— Ավտոմեքենա՝ պզզզ... Հորս արև, Արամն էլ չի համարձակվի մեր մազին կպնել,— ոգևորվեց Արեգը։

— Բայց մեքենաները հիմա չարժի առնել,— ընկերոջ ոգևորության վրա սառը ջուր լցրեց Վազգենը։

— Ինչո՞ւ,— զարմացավ Լևոնը։

— Վտանգավոր է, կասեն որտեղի՞ց, չորսդ էլ միասին։

— Եռունդա, ո՞ւմ գործն է,— հոխորտաց Լևոնը,— չէ, բան էլ չեն ասի։

— Վազգենը ճիշտ է ասում,— հեղինակավոր տոնով հաստատեց Հակոբը,— գլխի կընկնեն։

— Դե լավ, մենք էլ ավտոմեքենա չենք առնի,— զիջեց Լևոնը։

— Կամ կառնենք միայն մեկը,— ավելացրեց Արեգը, որը ոչ մի կերպ չէր ուզում հրաժարվել ավտոմեքենա ունենալու մտքից.— հը՞, մեկի համար էլ հո չե՞ն հարցնի։

— Կհարցնեն,— համառեց Հակոբը։

— Չէ՛, չէ՛, չենք առնի, եռունդա։ Մեծանալուց հետո կառնենք,— ասաց Լևոնը, խոսելու հետ միաժամանակ գրպանում թաքցնելով ընկերներից գաղտնի վերցրած մատանին,— եռունդա։ Չենք առնի։

Գանձի հարցն այսքանով համարվեց փակված և Վազգենը հարցրեց.

— Իսկ հիմա ի՞նչ ենք անելու։

— Մի քանի ոսկի վերցն ենք ու գնանք,— առաջարկեց Լևոնը։

— Իսկ Արամե՞նք,— հիշեցրեց Հակոբը։

— Եռունդա, թքած, նրանց հախից հետո կգանք։

— Չէ՜,— չհամաձայնեց Հակոբը,— մենք պայման ունենք, մինչև երեկո։ Եվ հետո, հասկացիր, որ եթե Արամենց գտնենք, դա գանձի համար էլ օգտակար կլինի։ Չեն կասկածի և ավելորդ մարդիկ էլ չեն լցվի այստեղ։

— Հը՞,— Լևոնը մի պահ մտածեց ու համաճայնեց,— դե լավ, թող լինի մինչև երեկո։

Հակոբն ու Վազգենը շարժվեցին դեպի ելքը։ Բայց Լևոնի ձայնր կանգնեցրեց նրանց.

— Լսեք, իսկ ոսկիներ չվերցնե՞նք։

— Չէ, հետո,— պատասխանեց Հակոբը։

Լռոնը թոթվեց ուսերն ու քայլեց։ Այս անգամ տեղում կանգնած մնաց Արեգը։ Առաջին հաջողությունը ոգևորել էր նրան և չէր ցանկանում այդքան շուտ հեռանալ անակնկալ գանձարանից։

— Իսկ ինձ թվում է,— հեռացողների ետևից նայելով մենախոսեց նա,— որ այս կողմերում էլի գանձ կլինի։ Մենք լավ չփնտրեցինք։

— Հը՞,— Լևոնը կանգ առավ։

Արեգի ասածը բոլորին էլ խելքի մոտ թվաց։ Առավել ևս, որ խոռոչի տարածքը մեծ չէր և ուսումնասիրությունը շատ ժամանակ չէր խլի։ Չորսն էլ վրա ընկան պատերին հատակին։ Սկսեցին մեկ մեկ շարժել բոլոր քարերը, քանի որ գանձարանն Արեգը հայտնաբերել էր այդպես՝ քարի պատահական շարժումից, նա հրել էր ցից ցցված մի կոշտ և ժայռաբեկորը բարձրացրել էր վեր՝ բացելով ստորգետնյա գաղտնարանի մուտքը։

Որոնումն սկսելուց անցել էր բավական ժամանակ, երբ հանկարծ Վազգենի ձեռքը կպավ խոռոչի անկյունում ցցված փոքրիկ մի քարի և տեղի ունեցավ անսպասելին. հանդիպակած պատը տեղաշարժվեց, բաժանվեց երկու կեսի և նրանցից մեկն սկսեց զգուշորեն պտտվել տեղում, ինչպես նոր յուղած ծխնիների վրա դրված դուռը։ Անձավը միանգամից լցվեց ցերեկային կուրացուցիչ լույսով։

Գլուխ ութերորդ

Աոաջին իսկ դադարից հետո Գոհարն առանձնացավ խմբից, պահվեց մոշի թփերի ետևում՝ հաստաբուն կաղնու տակ ու գրպանից հանեց երկտակ ծալված աշակերտական տետրը։

Տետրը նա առավոտյան էր գտել, գիշերելու վայրից հեռանալու պահին։ Բացված ընկած էր խոտերի վրա։ Տղաներն արդեն հեռացել էին և Գոհարը հասկացավ, որ նրանցից մեկինն է ու մոռացել է։ Նայեց ձեռագիրը, ճանաչեց՝ Հայկի օրագիրն է։ Վերցրեց տիրոջը հանձնելու մտադրությամբ, բայց էջում տեսավ իր անունը և անկարող եղավ հաղթահարել հետաքրքրությունը. «Կկարդամ, հետո կվերադարձնեմ»— որոշեց ու խցկեց ուսապարկը։

Օրագիրն սկսվում էր հուլիսի 3-ից և իսկապես բավական հետաքրքիր էր, այնպես որ քիչ անց, Գոհարն արդեն խորասուզվել էր ընթերցանության մեջ։


«3 հուլիսի։ 1974 թ.

Այսօր առավոտյան Գագիկն աշխատանքի եկավ անծանոթ մի աղջկա հետ։

— Հասմիկն է, ծանոթաց եք,— ասաց,— քաղաքից է եկել, Արևիկ մորաքրոջ տուն։ Ամառը մնալու է գյուղում։

Ծանոթացանք։ Սովորական աղջիկ էր ու մի քիչ էլ պարծենկոտ։ Ամեն խոսքի մեջ, տեղի-անտեղի հիշում էր՝ մեր շենքը, մեր բակը, մեր փողոցը... Կարծես ուրիշները ոչ շենք ունեն, ոչ բակ, ոչ էլ փողոց։

Ընկեր Գեղամը լսեց, որ Հասմիկը ցանկանում է մեզ հետ աշխատել։ Համաձայնեց։ Անմիջա պես անունը գրեց ցուցակում՝ քսանչորսերորդը՝ Մինասյան Աշոտի անունից հետո։

Առաջինը Հասմիկի հետ խոսակցության բռնվեց Կարենը։ Դե, նա միշտ էլ այդպիսին է՝ աղջիկներից չի քաշվում (երանի ես էլ կարողանայի չքաշվել)։ Մոտեցավ Հասմիկին և իր սովոր ական՝ կատակն ու լուրջը չհասկացվող տոնով, ալարկոտ-ալարկոտ հարցրեց.

— Դպրոց գնո՞ւմ ես։

— Գնում եմ։

— Ձեր դպրոցը բնագիտության կաբինետ ունի՞։

— Ունի։

— Իսկ կաբինետում կմախքներ կա՞ն։

— Կան։

— Քանի՞սը

— Երկու հատ։

— Իսկ մեր կաբինետում վեց հատ կմախք կա. Սարգիսը, Աշոտը, Գենկան, Մնացականը, Ռոբինզոնը, քանի՞սը եղավ՝ հի՞նգ, ճիշտ է, մի կմախք էլ գիպսից է և անուն չունի։

Հասմիկը ծիծաղեց, իսկ Կարենը շարունակեց.

— Հա չմոռանամ ասել, որ մեր կաբինետում խրտվիլակներ էլ կան, այ, օրինակ փքուկ֊Գևորգը։

Խոսակցությունն այսքանով էլ ավարտվեց։

Կեսօրին մեզ մոտ եկավ Արամը ու Կարենին մի կողմ կանչեց։ Ինչ֊որ բան փսփսացին։ Նրա հեռանալուց հետո Կարենին հարցրեցի.

— Ի՞նչ էր ասում։

— Ոչինչ։ Խանդում է։ Սիրահարվել է Հասմիկի վրա։

Լավ է։ Լավ բան է, երբ մարդը սիրահարվում է, երբ կարողանում է սիրահարվել»։


«4 հուլիսի։ 1974 թ.

Գնում ենք սար, խոտհավաքի։

Ա՜յ թե ուրախուկթյուն է իջել բրիգադի անդամների վրա։ Արամը տեղում ծուլ֊ծուլ է լինում։ Իհարկե, կուրախանա, վեց օր ու գիշեր մնալու ենք սարում և նա վեց օր ու գիշեր կարող է լինել Հասմիկի հետ։ Դրանից մեծ երջանկությո՞ւն։ Հասմիկն էլ նրանից մի քայլ չի հեռանում՝ դուրը եկել է երևի։ Խանգարողը միայն Գագիկն է, որ կոծոծի պես կպել է նրանց ու պոկ չի գալիս։ Զարմանալի բան է։ Գագիկի մասին ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ խելոք, խելացի տղա է, իսկ այստեղ... ինչպե՞ս չի հասկանում, որ երրորդն ավելորդ է։

Կարենի տրամադրությունը մի քիչ ընկած է։ Սուսանի համար. նա հիվանդացավ ու չեկավ։ Բայց թե Կարենից ո՞վ է, բան հասկանում։ Տխրե՜ց ու մեկ էլ աշխուժացավ, կպավ Սարդսից։ Էլ պոկ չեկավ։ Քանի անգամ կանչեցի, համոզեցի, որ պետք չէ, որ աղջիկներ կան, ցածր դասարանցիներ կան, իոկ նա՝ չէ, որ չէ.

— Ինչո՞ւ է նոր անդրավարտիք հագել, չգիտե՞ որ աշխտտանքի է գնում։ Տես, թե գլխին ինչ եմ բերելու։

— Լավ էլի, պետք չէ,— համոզում եմ ես։ Իսկ նա.

— Չէ։ Ես այդպիսի բան չեմ սիրում։ Դու չես հասկանում։ Նա աչք է դրել Հասմիկին ու ցանկանում է նոր անդրավարտիքով հրապուրել։ Չէ, չեղած բան է, խայտառակ եմ անելու...

Ու խայտառակ արեց։

Խեղճ Սարգիս։ Գոնե մի կարգին էլ Դոն ժուան լիներ։ Ինձ նման քչախոս, ամաչկոտի մեկն է, ասելիքը միշտ մտքում պահող։ Տղաների հետ է քաշվելով խոսում, ուր մնաց...

Բայց թե Կարենին բան հասկացնել կլինի՞...»։

«5 հուլիսի։ 1974 թ.

Ամբողջ գիշեր աչք չփակեցինք։ Արամենց էինք փնտրում։ Սկզբում մտածում էինք, որ սովորական երեխայություն է, միամիտ խաղ, բայց պարզվեց, որ Արամը տեղը տեղին գոլորշիացել է։

Մեզ հետ փնտրելու եկավ նաև Գոհարը։ Կարենը խփեց ոտքիս ու ասաց.

— Աչքդ լույս։

Ես նրան ոչինչ չեմ ասել, որտեղի՞ց է հասկացել...»։

Գոհարը մի պահ հեռացրեց հայացքը թղթից։ Ժպտաց։

— Տեսա՞ր։ Քարն էլ շնչել գիտե,— ասաց կիսաձայն ու շարունակեց ընդհատված միտքը։

«Հին ամրոցում գտանք միայն Ցախլեղտակենց. մտել էին ամրոցն ու բանտարկվել, անձրևը վրա էր տվել։ Ասացին, որ Արամենց տեսել են ամրոց մտնելիս։

— Իսկ դուրս եկե՞լ են,— հարցրեց ընկեր Գեղամը, որ շատ էր անհանգստացել եռյակի կորստյան համար։

— Ոչ, դուրս չեն եկել։

Որոշեցինք մտնել ամրոց։ Սատանի կամրջից շատ էի վախենում՝ Գոհարի համար։ «Երանի լսած լիներ ընկեր Գեղամին ու մնար ներքևում»։ Ինչքան ուրախացա, երբ Գոհարը բարեհաջող անցավ կամուրջը։

Մինչև առավոտ մնացինք ամրոցում։ Գոհարը մրսում էր, առաջարկեցի պիջակս՝ չուզեց։ Կարենինը վերցրեց։ Դե, նրա բախտը որտե՞ղ չի բերում...»։

Գոհարը նորից ընդհատեց ընթերցանությունը.

— Առանց պիջակի դու էլ կմըսեիր, հիմար անհասկացող...

Նա նայեց թփուտներից այն կողմ՝ ցանկանում էր տեսնել օրագրի տիրոջը, բայց թփերը խիտ էին, անթափանց։ Չտեսավ։

«Առավոտյան, ամենավերջին անձավից ոչ հեռու՝ մացառների մեջ Կարենը մի դանակ գտավ։ Անմիջապես ճանաչեցին՝ Գագիկինն էր, կոտրված պոչով։

— Եթե դանակն այստեղ է, իրենք էլ այստեղ կլինեն,— որոշեց Աշոտն ու սխալվեց։

Քիչ անց, մացառներից այն կողմ, դարավանդի տակ ճանապարհ գտանք։ Բոլորիս համար նորություն էր ամրոցի երկրորդ ելքը։ Ուրեմն, Արամենք հեռացել են այդ ճանապարհով։

Ճանապարհը հասցրեց գետափ։ Բայց այնտեղ ոչ մի հետք չկար։

— Ուրեմն գյուղ են վերադարձել,— վճռեց Կարենը։

Խելքի մոտ բան չէր։ Չհամաձայնեցի։ Իսկ կեսօրին պարզվեց, որ նրանք գյուղում չեն։

Սարգիսը թաքուն լաց եղավ։ Լավ է, որ ինձանից բացի ուրիշ ոչ ոք չտեսավ, թե չէ խեղճին խայտառակ կանեին։ Այդ մասին ոչ մեկին չասացի։ Չասացի, որովհետև նույնն էլ ես կանեի, եթե...»։

Գոհարը հաշվեց գրոտած էջերը։ Մնում էր հինգ էջ։ Ցանկանում էր, որ ավելի շատ լիներ, բայց այդքանն էին։ Շարունակեց կարդալ։

«6 հուլիսի։ 1974 թ.

Ո՞ր կարող են անհետացած լինել։

Արդեն երրորդ օրն է լրանում։

Ողջ գյուղը կանգնել է ոտքի՝ փնտրում են։

Մենք էլ ենք փնտրում։

Գոհարը միշտ կողքիս է՝ մոտ ու անչափ հեռու։ Կարծես ինձ չի էլ նկատում։ Ասենք ի՞նչ մի նկատելու բան եմ, որ... Ցանկանում եմ մի քիչ ավելի աշխույժ լինել, Կարենի պես՝ չքաշվեմ, չամաչեմ։ Վաղվանից փորձելու եմ։ Երանի հաջողվի։ Գոհարը կսկսի ինձ էլ նկատել։ Ախր ինքը կրակի կտոր է, իսկ ես... Կարենը լավ էլ գտել է՝ պրոֆեսոր ջան։ Իսկական պրոֆեսոր եմ։ Թե ինչիս էր պետք»։

«7 հուլիսի։ 1974 թ.

Առավոտյան ավտոբուսով քաղաքից եկավ Հասմիկի հայրը։

Կորածների տներում սուգ է։ Ինչքան համոզում են, որ ոչինչ չկա, որ կգտնվեն՝ բան դուրս չի գալիս։ Հասմիկի մայրիկի համար նորից շրջկենտրոնից, այս էլ երրորդ անգամ՝ շտապ օգնության ավտոմեքենա եկավ։

Դե, իհարկե, կատակ չէ։ Չորրորդ օրն է, որ չկան։ Ամրողջ շրջանը կանգնել է ոտքի, իսկ նրանք չկան։ Բայց ես այնքան էլ չեմ անհանգստանում։ Ո՞ւր պետք է կորչեն, գնացել են մի տեղ ու իրենց համար ապրում են՝ Ռոբինզոնների պես։

Այսօր կեսգիշերին ընկեր Առնակի մոտ խորհրդակցություն գումարվեց, որի ժամանակ որոշվեց, որ մեր խումբը որոնելու է մացառների դիմացի անտառում։ Անտառում էլ գիշերելու ենք՝ մինչև գտնենք։ Մեզ հետ Գոհարն էլ է գալիս՝ չցանկացավ գյուղում մնալ։

Շատ լավ է։ Քիչ է մնում, որ Արամենց անհայտացման համար նույնիսկ ուրախանամ։

Մի՞թե ես այդքան էգոիստ եմ...»։

«8 հուլիսի։ 1974 թ.

Երևի գրառումներս առժամանակ ընդհատեմ։ Հետո կգրեմ և միանգամից։

Գիշերում ենք անտառում և համարյա մենակ չեմ մնում։ Միշտ միասին ենք՝ խմբով, և՛ լավ է, և՛ վատ։ Վատ է, որովհետև չեմ կարող ինքս ինձ հետ լինել, ասել այն բոլորը, ինչ երբեք չեմ ասի ուրիշների ներկայությամբ։ Բայց նաև լավ է։ Շատ լավ է, որ միշտ Գոհարի հետ եմ։ Հեռու, բայց կողքին։ Գոհարի կողքին...»։

Վերջին տառերը գրված էին մեծ֊մեծ, մուգ սևացրած։ Հավանաբար Հայկը մատիտը մի քանի անգամ տարուբերել էր դրանց վրայով։

Գոհարը երկար նայեց գրածին։ Ասես ցանկանում էր որոշել, թե քանի անգամ էր մատիտը գնացել ու եկել «Գոհարի» վրա։ Հետո անորոշ մի շարժում կատարեց, ու քանի որ այլևս ոչինչ չէր մնացել, ծալեց տետրը ու բարձրացավ տեղից.

— Հե՜յ, ճաշը դեռ պատրաստ չէ՞։

— Պատրաստ է, իշխանուհի, կարող եք բարեհաճել,— լսվեց Կարենի ձայնը մոշուտի այն կողմից։

Գլուխ իններորդ

Լույսը գնալով պակասեց և ժայռերի արանքում սեղմված գորշագույնը կամաց֊կամաց վերածվեց սևի։

Շարքի առջևից քայլող Լևոնը կանգ առավ.

— Վերջ։ էլ չեմ գնում։

— Ինչպե՞ս թե՝ չեմ գնում,— զարմացավ Հակոբը, որ կրնկակոխ գալիս էր նրա ետևից։

— Հենց այդպես՝ չեմ գնում,— համառեց Լևոնը,— առջև ում ոչինչ չի երևում, իսկ ես կատու չեմ։

«Երանի չէր կատու լինեիր։ Գոնե մուկ կբռնեիր»— մտքում ասաց Հակոբը, բայց բարձրաձայն, իհարկե, չհամարձակվեց։

— Լապտեր ուզո՞ւմ եք,— խոսակցությանը խառնվեց Արեգը, որ ոչ միայն լապտերն, այլև ուսապարկն էր քարշ տվել հետը՝ ամբողջ ճանապարհին։

— Չէ՜,— կոպիտ պատասխանեց Լևոնը,— և ընդհանրապես մյուս անգամ չփորձես կոտրած գդալի պես մեջ ընկնել, թե չէ... եռունդա։ Վերադառնում ենք և վերջ։

— Իսկ գա՞նձը,— փնթփնթաց Հակոբը։

Դա ամենավերջին զենքն էր, ամենավերջին միջոցը, որով նա կարող էր ազդել Լևոնի վրա՝ համոզել, որ շարունակի ճանապարհը։ Նոր գանձեր գտնելու մասին միտքը Հակոբի գլուխն էր մտել պատահաբար, քարե դռան բացվելուց անմիջապես հետո։ Լևոնը ոչ մի կերպ չէր ցանկացել դուրս գալ քարանձավից։ «Եռունդա բան է, ստից գործ»— խորհրդավոր ելքի երկու կողմից մինչև երկինք ձգվող հարթ պատերը տեսնելուն պես ասել էր նա։ Իսկ Հակոբը, որ գանձի հայտնաբերումից հետո վարակվել էր նոր հայտնագործություններ կատարելու անզուսպ ցանկությունից, ինքնիրեն մտածել էր. «Եթե նա չգա, Լեղաճաքն էլ չի դա։ Արեգը գուցե գա, բայց մենակ նրա հետ էլ...»։ Իհարկե, նա կարող էր նորից օգտագործել մեկ անգամ արդեն հաջողությամբ պսակված քայլը. «ինչպես ուզում եք, կգնամ մենակ»։ Բայց համոզված էր, որ դա այս անգամ օգուտ չի բերի։ Իրադրությունը փոխվել էր, Լևոնին էլ այդ էր հարկավոր. «Գնում ես, գնա»,— կասեր ու կվերադառնար։ Հետո՞... Ի՞նչ էր անելու ինքն Արեգի հետ։ Չէ, դա ելք չէր, հարկավոր էր նոր բան մտածել։ Եվ հենց այդ պահին էլ գլուխն էր եկել գանձի միտքը։ «Գանձի մասին որ լսի, կթռչի ծտի պես»,— մտածել էր նա և ասել մի քիչ դերասանավարի, գլուխը քորելով, կիսաձայն՝ իբրև թե ինքն իրեն. «Իսկ եթե այնտեղ նոր գանձեր լինե՞ն։ Կմնան հարյուր տարի։ Ասենք չէ, երևի չմնան։ Ինչո՞ւ կմնան։ Ուրիշները կգան ու կգտնեն։ Քի՞չ մարդ կա, որ գանձ է փնտրում»։ Գնդակը կպել էր նշանակետին։ Լևոնը լսել էր ու տեղից թռել, փայլեցրել էր աչքերը. «Ի՞նչ, գա՞նձ։ Ոչ մեկին չեմ տա։ Կգտնեմ։ Միայն թե լինի»։ Հակոբը հասկացել էր, որ հիմնական դժվարությունը հաղթահարված է՝ ձուկն ընկել էր խայծին, մնում էր ջրից հանելը։ Իսկ դա արդեն մեծ բարդություն չէր՝ փչելու հարց էր, և Հակոբն սկսեց փչել. «Գանձ անպայման կա։ Պապս ասում է, որ հին ժամանակներում թագավորներն ու իշխանները անթիվ֊անհամար գանձեր են ունեցել և դրանք թաքցրել են տարբեր տեղերում։ Քիչը լցրել են հեշտ հայտնաբերվող տեղում, իսկ հիմնական մասը՝ դրանից հեռու։ Դե, այսինքն, ոչ այնքան հեռու պարզապես ուրիշ տեղերում»։ «Խելքի մոտ բան է ասել, պապդ։ Եռունդա, ճիշտ ես ասում,— Լևոնը հավատացել էր Հակոբի փչոցին,— պետք է որոնել։ Գանձի շատ մասը նույնպես պետք է գտնել։ Գնացինք։ Եռունւդա»— ասել էր ու ոգևորված ընկել առաջ։ Հակոբին էլ այդ էր պետք։ Խորհրդավոր անցուղին հետազոտելու միտքը Արեգին նույնպես ուրախացրել էր և այնքան, որ ուրախությունից նույնիսկ մոռացավ քարանձավում թողնել մթերքով լեցուն, ծանր ուսապարկն ու լապտերը՝ լսեց և միանգամից թռավ։ Լևոնի որոշումը միայն Վազգենի սրտով չէր, բայց ի՞նչ կարող էր անել. քարանձավում մենակ մնալու մասին ավելորդ էր նույնիսկ մտածելը, իսկ ասել, որ ինքը չի ցանկանում դուրս գալ քարանձավից, որ ընդհանրապես քարանձավից հեռանալը սխալ որոշում է՝ չէր համարձակվել, որովհետև համոզված էր, որ բանի տեղ դնող չի լինի ու դեռ Հակոբն էլ կարող է ավել֊պակաս խոսել, իրեն ձեռ առնել։ Մի խոսքով նա էլ սուսուփուս գնաց ընկերների ետևից՝ մտքում անիծելով այն օրը, երբ ընկերացավ Ցախավելի ու Տակառիկի հետ և իրեն կրակը գցեց։ Ճանապարհին Լևոնը երկու անգամ տատանվել էր, կանգ առել, ցանկացել վերադառնալ։ Բայց Հակոբը երկու անգամն էլ հիշեցրել էր գանձի մասին և շարունակել ճանապարհը։

Հակոբի կարծիքով, գանձի մասին ակնարկը այս անգամ էլ Լևոնին ստիպեր շարունակել ճանապարհը։ Բայց պարզվեց, որ նրա վճիռն անսասան է։

— Եռունդա,— Լևոնը թափ տվեց ձեռքը։— Մեռած գործ է։

— Ի՞նչը։

— Քո գանձը։

— Քարանձավ գալիս էլ նույնն էիր ասում, չէիր ուզում գալ, իսկ հետո՞...

— Չէ, մեռած գործ է,— համառորեն պնդեց Լևոնը,— ոչ մի գանձ էլ չկա։ Իսկ պապիդ ասած գաղտնարանը հենց այն սնդուկն էր, որ մենք գտել ենք։

— Չէ, նա չէր։ Պապս ասում է...

— Եռունդա։ Պապդ ինչ ուզում է թող ասի, իր գործն է։

— Հա՜, բայց պապս...

— Պապիդ ասածներն ինձ համար օրենք չեն։

— Հա՜, բայց պապս...

— Զզվեցրիր պապովդ ու պապիդ ասածներով, կարծես ոչ պապ ունենք, ոչ էլ մեր պապերը բան են ասում։ Եռունդա։ Վերադառնում ենք։ Վերջ։

Լևոնը մի կողմ հրեց Հակոբին։

— Դե՛, դե՛, Ցախավել, չափավորիր քեզ,— ոչ այնքան հրելուց կամ խոսքերից, որքան ետ դառնալու որոշումից զայրացած կռվի պատրաստվեց Հակոբը,— Ի՞նչ ես քեզ առաջնորդի տեղ դնում։

— Իիի՜ի...

— Ձի։

— Դուրս արի լույս տեղ, քեզ ձի ցույց կտամ։ Եռունդա։ Տակառ։

— Եռունդա։ Ցախավել,— բերանը ծռմռեց Հակոբը,— դուրս եմ գալիս, տեսնենք ի՞նչ ես անելու։

Բայց մինչև լույսին հասնելը, բոլորի համար անսպասելի, Լևոնը փափկեց՝ դարձավ մեղրամոմ.

— Լսիր, Հակոբ ջան,— հանկարծ ասաց նա այն ժամանակ, երբ բոլորն սպասում էին, որ պետք է հայհոյի ու նետվի Հակոբի վրա,— ախր դու իզուր տեղն ես տաքանում։ Ես մտածում եմ մեր բոլորի մասին։ Եվ թե ճիշտն ես ուզում, ուրիշների մասին էլ եմ մտածում։ Թող մնացած գանձն էլ ուրիշները գտնեն, թող ուրիշներն էլ հարստանան, մեզ եղածն էլ քիչ չէ։ Այնպես որ բոլորովին պետք չէ այս քարե բանտում նորից թափառելը, պետք է դուրս գալ, որքան կարելի է շուտ և տեր կանգնել գանձին։ Կարծում ես այնտեղ եղածը քի՞չ է, որ դեռ ուզում ես նոր գանձ էլ գտնել։

«Ագահ շան որդի։ Ժլատի թոռ,— մտքում հայհոյեց Հակոբը,— կարծում է չենք հասկանում, որ կռվելուց վախեցավ։ Կարծում է չենք հասկանում, որ վախենում է, թե կգնամ ու գանձի մասին կհայտնեմ։ Ախմախ Ցախավել, հիմար շերեփուկ, չգիտե, որ կռվի-չկռվի միևնույն է, քարանձավից դուրս գալուն պես գնալու եմ և ամեն ինչ պատմեմ ընկեր Առնակին»։

Իսկ Լևոնն այդ պահին պլաններ էր կազմում իր համար։ Հակոբն, իհարկե, ճիշտ էր կռահել՝ կռվելուց նա խուսափեց հենց գանձի համար. «Եթե ծեծեմ, կգնա ու կհայտնի։ Ուրեմն ավելի լավ է հաշտվեմ։ Եռունդա, ինչ ուզում է թող մտածի։ Դուրս կգանք, հետո ես մենակ կվերադառնամ քարանձավ, գանձը կվերցնեմ... չէ, բոլորը չէ մի մասը, թող գլխի չընկնեն, ու կտանեմ, ուրիշ տեղ կպահեմ։ Դրանից հետո կտեսնեն...»։ Ճիշտ է մենակ քարանձավ գալու միտքը մի պահ նրան վախեցրեց, բայց անմիջապես էլ որոշեց, որ այդ մասին հետո ինչ-որ բան կմտածի, ու նորից շրջվեց Հակոբի կողմը.

— Դե,— նա մեկնեց ձեռքը,— հաշտվո՞ւմ ենք։

— Գանձի համար ես վախենում, ճի՞շտ է,— չհամբերեց Հակոբը։

— Ի՞նչ գանձ։ Գանձն ի՞նչ կապ ունի,— կեղծեց Լևոնը,— բա, ամոթ չէ, որ այսքան չարչարանք միասին տանելուց հետո՝ իրար հետ կռվենք։

«Կեղծավոր շան որդի»,— մտքում հայհոյեց Հակոբը, իսկ բարձրաձայն ասաց.

— Այն կապը, որ վախենում ես, թե կռվելուց հետո կգնամ ու կհայտնեմ գանձի մասին։

— Ի՜,— Լևոնը ծիծաղեց և այնքան բնական, որ քիչ էր մնում Հակոբը հավատար նրա անկեղծությանը,— կարծես գանձը մենակ իմն է, որ... ուզում ես հայտնիր, կզրկվեմ հարստությունից։

— Հայրիկիս արև, հայտնել պետք է,— խոսակցությանը խառնվեց Արեգը,— ինչ ուզում եք ասեք, պետք չէ։

Լևոնը զայրացած ոլորեց աչքերը.

— Չասացի՞, որ դու կոտրած գդալություն չանես։

Լևոնի հայացքը խիստ էր, վճռական և Արեգը վախեցած ընկրկեց.

— Ներողություն, ես...

— Վերջացրու,— ընդհատեց Լևոնը,— եռունդա, գնացինք։

Հակոբը մեկ մտածեց չգնալ նրա ետևից, բայց նորից հիշեց, որ ինքն այս տարօրինակ, քարե անցուղում մնալու է մենակ կամ, լավագույն դեպքում, Արեգի հետ ու վախեցավ, գնաց ընկերների ետևից։

✻    ✻



Քարանձավից յոթ֊ութ քայլ հեռավորության վրա Լևոնը կանգ առավ՝ միանգամից ու անսպասելի, այնպես որ ետևից եկող Վազգենը չկարողացավ պահպանել հավասարակշռությունն ու ամբողջ ուժով բախվեց նրա մեջքին։ Մեկ ուրիշ անգամ, այդ անզգուշության համար Վազգենը կստանար՝ ինչպես պետքն է, բայց հիմա Լևոնն ասես նույնիսկ չզգաց մեջքին ընկնող ծանրությունը։ Նա զարմացած տարածեց ձեռքերն ու վախեցած կակազեց.

— Վ֊վ֊վ֊ա՜յ... դդդդ֊ուռռռըըըը փը֊փը֊ըփը֊փակվել է։

Քարանձավից Լևոնը հեռացել էր ամենավերջինը և լավ հիշում էր, որ դուռն իր ետևից կրնկի վրա բաց էր մնացել։ Դուրս գալուց առաջ նա նույնիսկ փորձել էր տեղաշարժել ծխնիների վրա պտտվող ժայռաբեկորը և չէր կարողացել։ Այնպես որ ոչ մի կասկած՝ դուռը պետք է բաց լիներ, այնինչ փակ էր։ Հարթ, պղնձագույն ժայռի վրա անհնար էր նույնիսկ տարբերել միացման ուրավագծերը։ «իսկ եթե չբացվի ընդհանրապե՞ս»,— այս միտքը Լևոնի գլուխը մտավ խոռոչի անհետանալը տեսնելուն պես և սարսուռը արճճի նման տարածվեց լողլող մարմնի բոլոր մասերում՝ մինչև ոտքերի ու ձեռքերի մատերը։ «Իսկ եթե չբացվի ընդհանրապե՞ս...»։

Լևոնը թուլացած նստեց հենց ճանապարհի կենտրոնում։

Վազգենը զարմացած նայեց նրան.

— Քեզ վա՞տ ես զգում։

— Դդդդուռը...

— Ի՞նչ,— Վազգենը բան չհասկացավ նրա ասածից։

— Դուռը...

Հակոբը, որ խռոված-խռոված քարշ էր գալիս շարքի վերջում, առիթը բաց չթողեց նրան ծաղրելու համար.

— Եռունդա՞, ի՞նչ պատահեց, ինչո՞ւ քարացար։

— Դը-դուռը,— կրկնեց Լևոնը։

— Ի՜։ Ի՞նչ ես փչացած ընդունիչի պես ղռղռում։ Ի՞նչ եղավ։ Հը՞, դռռդուռռռռըըըը ի՞նչ։

— Փը֊փը֊փը֊փակվել է։

— Հա՞,— Հակոբը չկարողացավ զսպել փոթկոցը,— լսո՞ւմ եք, դըդուռը փը֊փը֊փը֊փակվվեեե՜ել է,— նա կուշտ ծիծաղեց վախից աշնան տերևի պես դողացող Լևոնի վրա, հետո՝ երբ արդեն հագեցել էր քրքջալուց, արհամարհանքով մի կողմ հրեց նրան ու վստահ քայլերով գնաց դեպի շեկ պատը,— մեծ բան՝ փակվել է։ Իսկ մենք կբացենք։

Վերջին խոսքի հետ Հակոբը հրեց պղնձագույն ժայռը։ Նա մտածում էր, որ բավական է թեթև մի հպում և դուռն ինքնիրեն կբացվի, ինչպես բացվել էր առաջին անգամ՝ ներսից։ Բայց ժայռը տեղից չշարժվեց։

— Իյա՜...

Հակոբը նորից հրեց՝ այս անգամ ավելի ուժեղ՝ ինչքան ուժ ուներ։ Հետո ժայռին դեմ արեց ուսը, մեջքը՝ անօգուտ։

— Տղերք, չի բացվում,— հևաց նա,— օգնեք, բոլորս միասին, գուցե հաջողվի։

Վախից իրենց կորցրած տղաները, որ երկու քայլ այն կողմ կանգնած հետևում էին իրենց ընկերոջ ու ժայռի գոտեմարտին, անմիջապես տեղեր գրավեցին Հակոբի երկու կողմերում։

— Երեք, չորս,— հուզմունքից դողացող ձայնով հրահանգեց նրանցից մեկը՝ Վազգենը կամ Հակոբը։ Հրեցին։ Բան դուրս չեկավ։ Նույն ձայնը հրահանգեց նորից,— մեկ անգամ էլ՝ երեք, չորս։

Պատը չէր շարժվում։

Հուսահատությունը կրկնապատկեց տղաների ուժերը, եռապատկեց։ «Երեք, չորս» հրահանգները հաջորդում էին միմյանց, քառյակն աշխատում էր առանց հանգստանալու, առանց հոգնելու կամ հոգնելու մասին մտածելու։ Բայց նրանց բոլոր ջանքերն իզուր էին. դուռը քարացել էր։

Երկար ժամանակ չարչարվելուց հետո տղաները հոգնեցին։ Նստեցին հանգստանալու։ Նրանք հասկացան, որ դուռը բացելն իրենց ուժերից վեր գործ է։ Հույսի հետ միաժամանակ նրանց լքեցին նաև վերջին ուժերը և չորսն էլ թուլացած փլվեցին սալահատակի պես ամուր գետնին։

Նրանց գլխավերևում, ուղիղ ու հարթ պատերի բա՜րձր-բարձր եզրերին հենված երկնագույն ժապավենի նեղլիկ երիզը սկսել էր մգանալ՝ վերածվելով թանձր կապույտի։ Դրսում մթնում էր, իսկ անցքում արդեն բավական ժամանակ է, ինչ խտացել էր տուշագույն մութը։

Հակոբի խռպոտած ձայնը խզեց լռությունը.

— Ինչպե՞ս կարող էր փակվել։

Ոչ ոք չպատասխանեց։

Քիչ անց Հակոբը կրկնեց նույն հարցը՝ փոքր֊ինչ փոխված.

— Ինչպե՞ս կարող էր դուռը ինքնիրեն փակվել։

— Եվ գիտես ի՜նչ ծանր էր։ Դուրս գալու ժամանակ փորձեցի շարժել, չշարժվեց։

— Գուցե դրանից էլ փակվել է,— նկատեց Արեգը։

— Չէ, եռունդա։ Ասում եմ չշարժվեց։

— Հիմա ի՞նչ ենք անելու,— լացակումեց Վազգենը։

— Լեղաճաք ենք լինհլու։ Լաց ենք լինելու,— զայրացած բղավեց Հակոբը,— գլուխներս պատերին ենք խփելու...

— Մենք այստեղ քաղցից կմեռնենք,— առանց Հակոբի զայրույթին ուշադրություն դարձնելու, իր վայնասունը շարունակեց Վազգենը։

— Իսկ եթե դուռը դրսի կողմից էլ բացվելու տեղ ունի՞,— հանկարծ գուշակեց Արեգը,— հը՞... Հենց հիմա, փնտրենք ու գտնենք,— նա ուրախացած թռավ տեղից,— հորս արև, շատ հեշտ է։ Ուղղակի պետք է դուրս ցցված քար գտնել, հրել ու վերջ՝ ինքնիրեն կբացվի։

Ոչ ոք չարձագանքեց Արեգի լավատեսական բացականչությանը և տղան փշրված նստեց տեղը։

— Սա անպայման Արամենց արածը կլինի,— Արեգի ձռելուց բավական ժամանակ անց խոսեց Լևոնը։

— Խոզեր,— անմիջապես հավատաց Վազգենը,— ուրիշ բան չգտան վրեժ լուծելու։ Լսեք, իսկ եթե նրանց խնդրենք, որ բացե՞ն։

— Չեն բացի։

— Իսկ մենք կխնդրենք։ Կասենք, որ քաղցից մեռնում ենք, որ,— Վազգենը չշարունակեց, միանգամից վեր կացավ ու մոտեցավ դռանը, ամբողջ ձայնով սկսեց գոռալ,— Արամ, Գագիկ, Հասմիկ, բաց արեք դուռը, խնդրում ենք։ Եթե դուռը բաց չանեք, մենք այստեղ քաղցից կմեռնենք, եթե...

— Եռունդա։ Չեն բացի։

— Վերջ տուր գոռոցներիդ,— զայրացած միջամտեց Հակոբը։

Վազգենը չլսեց՝ ոչ մեկին, ոչ մյուսին ու շարունակեց՝ առաջվանից ավելի բարձր, ավելի խղճալի.

— Բաց արեք...

— Լսիր,— Հակոբն ամբողջ ուժով քաշեց նրա թևից,— վերջ տուր հիմար գոռոցներիդ։ Արամը, Հասմիկն ու Գագիկը այդպիսի խելագար բան անել չէին կարող։ Դուռը փակվել է եռունդա ընկերոջդ հիմար քաշքշոցի պատճառով։ Մարդկանց վրա փակելու միտքը կարող էր անցնել միայն քո և Ցախավելի հիմար գլուխներով։

— Ես այդպիսի բան չէի անի,— բողոքեց Լևոնը,— Իսկ նրանք արել են։ Տեսել են գանձը և դուռը փակել, որ մենք այստեղ մեռնենք և գանձը միայն իրենցը լինի։

— Ճիշտ է,— անմիջապես համաձայնեց Վազգենը,— գանձը իրենց լինի, թող դուռը բացեն։ Ինձ ոչ մի գանձ պետք չէ, ես քաղցից մեռնել չեմ ուզում...

— Դե լավ, չես մեռնի,— այս անգամ Վազգենի գոռոցներն ընդհատեց Արեգը,— իմ ուսապարկը լիքը ուտելիք է։ Առավոտյան կգտնենք դուռը բացելու գաղտնիքը։

— Կտրիր կռկռոցդ,— զայրացավ Լևոնը,— այս բոլորը հենց քո պաաճառով եղավ։ Եթե չասեիր...

— Իսկ դու դուրս չգայիր,— Ցախլեղտակի առաջնորդի վախկոտությունից թևավորված հակաճառեց Արեգը։

— Փսլնքոտ, ես քեզ...

— Եթե մի անգամ էլ փորձես Արեգին վիրավորել, նրա ուսապարկից քեզ ոչինչ չի հասնի,— սպառնաց Հակոբն ու Լևոնը լռեց։

Հակոբը կարգադրեց իրեն տալ ուսապարկն ու լապտերր։ Հրամանն անմիջապես կատարվեց։ Հակոբը վառեց լապտերը, բացեց ուսապարկը։ Ուտելիք բավական կար. մի ամբողջ հավ, չորս հատ լավաշ հաց, մի կտոր պանիր, թոնրի երկու գաթա և ապակյա բանկայի մեջ լցված մեղր ու կարագ։ Հակոբը յուրաքանչյուրին տվեց մեկ քառորդ լավաշ, մի կտոր հավի միս, իսկ մնացածը նորից տեղավորեց ուսապարկի մեջ։

— Դրա՞նք ինչու ես պահում,— հետաքրքրվեց Վազգենը, որը երկու բերան էր արել իր բաժին հացն ու միսը։

— Վաղվա համար, մյուս օրվա համար,— հանգիստ բացատրեց Հակոբը։

— Վաղը մենք քարանձավում կլինե՞նք։

— Չգիտեմ։

— Բայց դու ասացիր, որ...

— Լսիր, Լեղաճաք, ես ասացի, որ կփորձենք գտնել դուռը բացելու գաղտնիքը։ Իսկ կկարողանա՞նք գտնել, թե չէ՝ չգիտեմ,— պատասխանեց Հակոբը։— Այնպես որ դուռը կարող է նաև չբացվել, իսկ մենք պետք է շարունակենք ապրել, այս ուսապարկով, մինչև ելք գտնենք։

✻    ✻



Լուսաբացը ոչինչ նոր բան չբերեց։

Արեգի երեկոյան ենթադրությունը՝ քարե դռան բացելու գաղտնիքը գտնելու մասին, այդպես էլ մնաց ենթադրություն։ Քառյակը մեկ առ մեկ տնտղեց պատի ողջ մակերեսը, փորձեց կասկածելի և ոչ կասկածելի յուրաքանչյուր մասնիկ ու ոչ մի արդյունքի չհասավ։ Անօգուտ անցան նաև դուռն ուժով բացելու նոր փորձերը։

Ժայռը ոչ մի կերպ չէր համաձայնում տեղի տալ։

Դրությունը դառնում էր հուսահատական։

Միակ ելքը երեկվա կիսատ թողած ճանապարհն էր և Հակոբն առաջարկեց գնալ այդ ճանապարհով։ Ընկերները թերահավատորեն նայեցին առաջարկին։ Հրաշքի էին սպասում։ Ոչ մի կերպ չէին համոզվում, որ դուռը չեն կարող բացել։ Սակայն Հակոբը, որն արդեն հաշտվել էր դառն իրականության հետ, շարունակեց պնդել, որ միակ ելքը ճանապարհը շարունակելն է։

— Բայց այդ ճանապարհը մտնում է նոր քարանձավ,— կրկին հակառակեց հուսահատությունից իրեն կորցրած Լևոնը,— դու գիտե՞ս ուր կհասցնի այդ ճանապարհը։ Գիտե՞ս...

— Չգիտեմ։

— Բա էլ ո՞ւր,— հեծկլտաց Վազգենը,— ո՞ւր ես տանում մեզ։

— Գրողի ծոցը։ Իսկ այստեղ մնալուց օգուտ կա՞։ Այստեղ մենք կարող ենք նստել հարյուր տարի, հազար տարի, միլիոն տարի։ Այստեղ մենք կդառնանք բնագիտական կաբինետի կմախք։

— Չեմ ուզում,— փնթփնթաց Արեգը։ Մի անգամ դասամիջոցին նա եղել էր բնագիտական կաբինետում և ամենաշատը կմախքից էր զզվել ու վախեցել,— կմախք դառնալ չեմ ուզում։

— Ես էլ չեմ ուզում։ Դրա համար էլ ասում եմ, որ այստեղից պետք է հեռանալ, և որքան շուտ՝ այնքան լավ։ Հասկացեք, մեր...

— Իսկ եթե դուռը բացվի՞,— Հակոբին ընդհատեց Լևոնը։

— Դուռը չի բացվի։

— Ինչո՞ւ չի բացվի։ Կբացվի։ Նրանց հետաքրքրողը գանձն է, որ տարան֊պրծան, եռունդա, դուռն էլ կբացեն։

— Նորից քոնն ես պնդում։ Հասկացիր, եռունդա, լոլոզ Ցախավել, դուռը Արամենք չեն փակել, հասկացիր։

— Իսկ ո՞վ է փակել։

— Չգիտեմ։ Սատանաներն են փակել, չար կախարդները, քո հրմշտոցները,— Հակոբը անսպասելիորեն բարձրացավ տեղից,— ես գնում եմ, ով գալիս է, թող գա։ Ես կմախք դառնալ չեմ ուզում։

Հակոբը քայլեց տարօրինակ ժայռապատի հակառակ ուղղությամբ, այն նույն ճանապարհով, որով վերադարձել էր երեկ երեկոյան։ Նա քայլում էր հաստատ, վճռական, առանց ձևականության և նրա համար հիմա բոլորովին միևնույն էր՝ կգա՞ն ընկերները, թե ոչ։ Հուսահատությունը նրան համարձակություն էր տվել և պատրաստ էր այդպես մեն֊մենակ հասնել նույնիսկ մինչև աշխարհի ծայրը։

Հակոբն անցած կլիներ ընդամենը տասը քայլ, ոչ ավել, երբ հանկարծ ետևում լսվեց Արեգի բարձրաձայն քրքջոցը։ Այդ պահին ամեն ինչ կարելի էր սպասել, ամեն ինչ բացի ծիծաղից։ Հակոբը կանգ առավ.

— Ի՞նչ պատահեց։

Զարմանքից ու անսպասելիությունից չռված աչքերով Արեգին էին նայում նաև Լևոնն ու Վազգենը։

— Ի՞նչ պատահեց,— կրկնեց Հակոբը։

— Հորս արև,— Արեգը խեղդվում էր ծիծաղից,— հորս արև, ես... ես...

— Դե խոսիր,— ճչաց հակորը։

— Չե՞ս զայրանա։

— Խոսիր։

— Քեզ պատկերացրի կմախք դարձած։ Հասկանո՞ւմ ես, բնագիտության կաբինետի կմախք դարձած՝ ծխախոտը բերանիդ անկյունում, լայնեզր գլխարկը գանգիդ վրա թեք դրված, երկար վերարկուն էլ ուսերիդ,— ինչպես ասացինք, Արեգը միայն մեկ անգամ էր եղել դպրոցի բնագիտության կաբինետում։ Եվ այդ մեկ անդամն էլ չարաճճի վեցերորդցիները խաղ էին խաղացել կմախքի գլխին ու տղան կարծում էր, թե բնագիտության կաբինետի կմախքը միշտ այդպիսի տեսք ունի՝ հագած֊կապած, լայնեզր գլխարկով ու ծխախոտով։— Պատկերացնո՞ւմ եք, թե ուր կհասներ վերարկուն, իսկ գլխարկը գանգիդ կեսն էլ չէր ծածկի,— Արեգը նորից փոթկացրեց։

Լևոնն ու Վազգենը նույնպես ժպտացին՝ իսկապես ծիծաղելի տեսարան կստացվեր։

Ի զարմանս բոլորի, ժպտաց նաև Հակոբը։ Թփթփացրեց Արեգի մեջքին ու մեղմ ձայնով ասաց.

— Դե լավ։ Վերջացրու։

Այս փոքրիկ միջադեպը բոլորի տրամադրությունն էլ մի տեսակ փոխեց։ Հուսահատությունն անցավ։ Իսկ անելանելի թվացող վիճակը՝ դադարեց անելանելի թվալ։ Երեքն էլ հանկարծ հասկացան, որ Հակոբի առաջարկն, իրոք, միակ նպատակահարմարն է ու անմիջապես բարձրացան տեղերից։

Խումբը շարժվեց։

Գիշերվա ընթացքում ճանապարհը ոչնչով չէր փոխվել. նույն քարակոփ գետինն էր, նույն հարթ՝ հայելանման պատերը, որոնք տեղ֊տեղ այնքան էին մոտենում, որ թվում էր, թե ուր որ է կմիանան իրար։ Այդ մասերում Հակոբի հաստլիկ մարմինը անպայման պետք է քսվեր պատերին՝ ինչքան էլ որ աշխատում էր չքսվել, ձգվում էր, շունչը պահում, փորը ներս գցում։ Արեգը, որի ուրախ տրամադրությունը դեռ չէր անցել, առիթ բաց չէր թողնում կուշտ ծիծաղելու։ Եվ թերևս դա էր պատճառը, որ խումբը շարունակում էր պահպանել առաջին ծիծաղից ու կմախքի պատմությունից հետո համակած առույգությունը։ Քայլում էին թեթև, աշխույժ՝ ասես դուրս էին եկել սովորական զբոսանքի և ո՛չ թե հարկադրված ճանապարհորդության...

Երեկ, նույն ճանապարհն անցնելիս, նրանք ավելի հաճախ էին կանգնել, ուսումնասիրել շրջապատը, կարծիքներ փոխանակել և դրա համար էլ մինչև քարանձավ եղած հեռավորությունը թվացել էր ավելի երկար, քան իրականում։ Խորհրդավոր պատից հեռանալոլց հետո անցած կլիներ կես ժամ՝ ոչ ավելի, երբ նրանք արդեն մտան քարանձավ։ Քարեղեն պատերի արանքում ձգվող նեղլիկ ժապավենը, որ նորից ներկվել էր պարզ ու վճիտ երկնքի երկնագույնով, անհետացավ, իր տեղը զիջելով անձավի քարակոփ առաստաղի խոնավաբույր գորշությանը։ Մի քանի րոպե կիսախավարում քայլելուց հետո Հակոբը վառեց ձեռքի լապտերը։

Քարանձավի մռայլ ու չարագուշակ տեսքը, շրջապատը լցնող թանձր մթությունը նորից հուսատահեցրել էր տղաներին. նրանք կորցրել էին այնտեղից դուրս պրծնելու հույսը։ Իսկ Լևոնի հուսահատությունն արդեն հասել էր այն աստիճանի, որ երկու անգամ արդեն մտածել էր տղաներին ասել գրպանում թաքցրած մատանու մասին և չէր ասել միայն այն պատճառով, որ վախեցել էր Հակոբի ծաղրից։

— Վախենալու բան չկա,— հանկարծ խոսեց Արեգը,— բոլորս էլ դուրս կգանք։

Վազգենն ասես դրան էր սպասում։

— Հա, բա քեզ ի՞նչ կա,— անմիջա պես լացակումեց նա,— մենք քաղցից մեռնում ենք, իսկ դո՞ւ...

— Իսկ ես կերե՞լ եմ։

— Որտեղի՞ց իմանամ։

— Ուրեմն, ավել-պակաս մի խոսիր, թե չէ...

Ոչ ոք ուշադրություն չդարձրեց նրանց վեճին։ Վազգենի խոսքերը բոլորին միանգամից հիշեցրեց ուտելու մասին։ Հակոբը կուլ տվեց բերանում հավաքվող թուքն ու կանգ առավ.

— Չնախաճաշե՞նք։

Բոլորը միանգամից նստեցին։

Նախաճաշը շատ ավելի համեստ էր, քան երեկոյան ընթրիքը՝ չնայած բոլորն էլ ուտելու ավելի մեծ ցանկություն և պահանջ ունեին։ Այս անգամ Հակոբը բավարարվեց կես հացը չորս մասի բաժանելով։ Մեղր-կարագին ու պանրին նույնպես ձեռք չտվեց։

— Եթե շատ ուտենք, կծարավենք,— բացատրեց նա,— իսկ ջուր չկա։

— Ես ջուր չեմ ուզի,— քրթմնջաց Լևոնը,— եռունդա, ուզում ես մենակ պանիր տուր, առանց հացի։

— Ես էլ,— անմիջապես վրա բերեց Վազգենը։

— Դա անհնար է,— չհամաձայնեց Հակոբն ու փակեց, ուսապարկը։

Լևոնը երկար նայեց գայթակղիչ պարկի կանաչավուն, կտորին ու հանկարծ ինչ֊որ բան վճռելով, քաշեց Վազգենի թևը.

— Կգա՞ս տեսնենք այն խոռոչում ինչ կա։ Գուցե մի բան գտնենք։

Վազգենը բոլորովին չէր ցանկանում շարժվել։ Առավել ևս, համոզված էր, որ խոռոչում պետքական ոչինչ էլ չկա։ Բայց չհամարձակվեց Լևոնին չլսել։

Խոռոչի մթության մեջ հայտնվելուն պես, Լևոնը փըսփրսաց.

— Դու հասկացա՞ր, որ նրանք գլուխների ճարը տեսել են։

— Ինչպե՞ս։

— Շատ պարզ, մեզանից գաղտնի խժռել են։

— Բայց մենք անընդհատ միասին էինք, չէ՞։ Ե՞րբ կերան, որ չտեսանք։

— Խելքիդ ձյուն գա։ Եռունդա։ Դու քաղցած չմնացի՞ր։

— Մնացի։

— Իսկ նրա՞նք։

— Երևի նրանք էլ մնացին։

— Եռունդա, որ քաղցած մնային, մի բան էլ իրենք կասեին։ Բայց միայն ես ու դու խոսեցինք։

— Ճիշտ է։

— Ուրեմն նրանք կերել էին։

— Ըմմմ...

— Բայց մենք թույլ չենք տա, որ մեզ հիմարի տեղ դնեն։ Համաձա՞յն ես։

Մթության մեջ Վազգենը գլխով արեց.

— Ըհը։

— Դե լսիր, թե ինչ ենք անելու։

— Ի՞նչ։

— Գիշերը ուսապարկը կգողանանք։

— Բա Հակոբը որ իմանա։

— Եռունդա։ Թող իմանա։

— Չի տա։

— Ուժով կխլենք։

— Հետո՞։ Ու կուտե՞նք։

— Բոլորը։ Միանգամից, ինչ կա֊չկա՝ մեղր ու կարագ, հավ, պանիր, հաց։ Բոլորը։

— Իսկ իրե՞նք։

— Եռունդա։ Իրենք որ գաղտնի ուտում էին, մեր մասին մտածեցի՞ն։

— Բայց...

— Էլ ի՞նչ բայց։ Կուտենք ու վերջ։

— Դե ուտելը, հա՛, կուտենք, բայց...

— Լսիր։ Վազգեն, դու համարձակ տղա ես, որ ուզես ճկույթով տասը հատ Հակոբ ու Արեգ կփռես գետին։ Քեզ նվնվալ չի սազում։ Հիմա գալի՞ս ես։

— Կգամ,— քրթմնջաց Վազգենր։

— Ապրես,— ոգևորվեց Լևոնն ու դուրս եկան խոռոչից։

Նրանց, խոռոչում գտնվելու ժամանակ Հակոբը հանգցրել էր լապտերը և դուրս գալուն պես տղաները չկարողացան միանգամից կողմնորոշվել, թե որ կողմ են գնալու։ Շփոթված ու վախեցած կանգ առան։

— Չլինի՞ մեզ թողել ու գնացել են,— փսփսաց Վազգենը։

— Հակոբ, Արեգ,— առանց ընկերոջ փսփսոցը լսելու, ամբողջ ուժով ճչաց Լևոնը։

— Մենք այստեղ ենք, եկեք,— Հակոբի ձայնը լսվեց շատ մոտ և անմիջապես էլ չրխկաց անջատիչը,— եկեք։

Հանգստանալուց հետո տղաները շարունա՛կեցին ճանապարհը։ Առջևից դնում էր Հակոբը, հետո՝ Արեգը, իսկ նրա ետևից՝ կողք֊կողք քայլում էին Լևոնն ու Վազգենը։ Չորսն էլ լուռ էին՝ յուրաքանչյուրն իր մտքերի հետ, և թերևս դա էր պատճառը, որ նրանք բավական ուշ նկատեցին անցուղու պատերի իրարից հեռանալը։

Հանկարծ Հակոբը կանգ առավ։ Պատերն արդեն այնքան էին հեռացել, որ նա չգիտեր, թե որ ուղղությամբ քայլել։

— Հրապարա՞կ է,— դժգոհ փնթփնթաց Լևոնը։

Հակոբն ուսերը թոթվեց։ Մի քայլ արեց դեպի աջ և կիսախավարում նշմարեց հանդիպակաց պատի խորդուբորտ ուրվագիծը։ Հետո քայլեց ձախ՝ մյուս պատը չկար։

— Իսկապես որ հրապարակ է,— ասաց նա ու շարժվեց առաջ։

— Ո՞ւր,— հարցրեց Լևոնը։

Հակոբը բացատրեց, որ ճանապարհի շարունակությունը գտնելու համար անհրաժեշտ է շրջել պատերի տակով։

— Իսկ եթե ոչ մի տեղ ճանապարհ չլինի՞,— շշնջաց Վազգենը։

Չորսի մարմնով էլ սարսուռ անցավ. եթե չլինի՞...

Հակոբին թվաց, որ հենց հիմա սիրտը կթռչի տեղից՝ այնքան որ ուժեղ խփեց։ Նա համարյա վազելով, որքան թույլ կտային հոգնածությունից ու վախից թուլացած ոտքերը՝ գնաց պատի երկարությամբ, մտքում անընդհատ կրկնելով Վազգենի ասածը.

— Իսկ եթե չլինի։ Իսկ... եթե... չլինի...

Բայց ճանապարհ կար, և բավական տարօրինակ ճանապարհ։ Երեսուն կամ երեսունհինգ քայլ անելուց հետո Հակոբը դեմ առավ քարե, նեղլիկ աստիճանների, որոնք ծածկված էին մամուռի հաստ շերտով։ Լապտերի լույսը մինչև աստիճանների վերջ չհասավ։ Բայց այնքան մեծ էր ճանապարհ չգտնելու վախը, որ այդ տարօրինակ աստիճանները նրանց թվացին երկնային պարգև և առանց ժամանակ կորցնելու խումբն սկսեց բարձրանալ մամռոտած աստիճաններով։ Նրանցից ոչ մեկի մտքով նույնիսկ չանցավ, որ որոնումները կարելի է շարունակել, որ այդտեղից գուցե սկսվում են նոր ճանապարհներ

Աստիճաններով դժվար էր բարձրանալ։ Լպրծուն մամուռն անընդհատ փախչում էր ոտքերի տակից, իսկ աստիճաններն էլ այնքան նեղ էին, կարծես նախատեսված ոչ թե մարդկանց, այլ մանր-մունր կենդանիների՝ ասենք նապաստակների, աղվեսների համար։

Արեգը մտքում հաշվում էր ետևից թողած աստիճանները.

— Քառասուն, քառասունմեկ, քառասուներկու, հիսուն... վաթսուն, ութսուն... ութսունհինգ...

Իսկ լապտերի լույսն այդպես էլ չէր հասցնում լուսավորել աստիճանների վերջը։

Գլուխ տասներորդ

Նրանք կանգնել էին, ինչպես անցյալ դարերի կրքոտ հավատացյալները սրբապատկերի առաջ՝ ինքնամոռացման մեջ, հայացքներում՝ ակնածանք ու վաւխ...

Այդպիսի բանի Գագիկն ու Արամը հանդիպել էին միայն կինոնկարներում ու մեկ էլ ինչ֊որ պատկերազարդ գրքերի մեջ, իսկ Հասմիկը՝ նաև թանգարանում, ուր եղել էր անցյալ տարի՝ գարնանային արձակուրդի ժամանակ՝ հայրիկի հետ։

— Ազնիվ խոսք, հենց այս էր որ կար,— հավատացնում էր նա,— կարծես այստեղից հանել ու դրել էին թանգարանում։ Ճիշտ այսպիսի սաղավարտ էր՝ մինչև դեմքի կեսը, և զրահն ու սուրն էլ, էլի նույնն էին։ Միայն թե այնտեղ զենք ու զրահ կրողը չկար, իսկ այստեղ...

— Որ ասում էի,— Գագիկը զգուշորեն ձեռքը կպցրեց զրահին ու անմիջապես էլ ետ փախցրեց,— որ ասում էի վախենալու բան չկա։ Քիչ էր մնում վախից լաց լինեիք՝ թողնենք-փախչենք, ո՞վ գիտե ինչ ձեռք է,— նա նայեց Արամին,— հասկանո՞ւմ եք, սա ինչպիսի հայտնագործում է. հազար, երկու հազար, գուցե և երեք հազար տարվա զինվոր է։ Դու գիտե՞ս... դուք դիտե՞ք, թե սա ինչ է նշանակում։

— Գիտեմ,— փնթփնթաց Արամը։ Նա լավ էր հիշում, որ թողնել փախչելու առաջարկն ինքն էր արել, և Գագիկը չէր համաձայնել. «Գժվե՞լ ես, ո՞ւր փախնչենք։ Ընդհակառակը, մենք պետք է մնանք ու գտնենք մատների տիրոջը»։ Դրանից Արամն ավելի էր զայրացել և ավելի վախեցել։ Պնդել էր, որ անպայման պետք է հեռանալ, անհապաղ, առանց ժամանակ կորցնելու։ Որ Գագիկը խելքը թռցրել է և նրան չպետք է լսել։ Իսկ Գագիկը շատ հանգիստ բացատրել էր, որ ինքը խելքը չի թռցրել և մտադրություն էլ չունի։ Ասել էր, որ դա հազվագյուտ դեպք է, տասը հազար տարին մեկ անգամ հանդիպող գյուտ, և ինքը ոչ մի պայմանով չի թողնի։ Արամը չէր համոզվել, շարունակել էր իրենը պնդել։ Տեսնելով, որ խոսքն օգուտ չի տալիս, Գագիկը չէր շարունակել. «Գնում եք, գնացեք, ես չեմ գալիս»— եզրափակել էր նա և վերսկսել փորփրել տորֆը։ Գագիկի համոզվածությունն ու հանդստությունը փոխանցվել էր Հասմիկին. իսկ այնուհետև նաև Արամին։ Հասմիկը հիշել ու պատմել էր անցյալ տարվա մի դեպք. «Կարենի հետ էլ նույնն էր պատահել։ Նորից այսպես, պատահաբար...»։ «Կարե՞նն ով է»— ընդհատել էր Արամը։ «Կարենը։ Մեր միջանցքի...»։ «Հա, ձեր չորրորդ հարկի,— հիշել էր Արամը,— հետո՞, այդպես պատահաբար Կարենն ի՞նչ էր արել»։ «Գյուտ։ Գյուտ էր արել։ Գնացել էր գյուղ տատիկին հյուր և գյուղից դուրս գտնվող ավերակ եկեղեցում մի կճուճ ոսկի էր գտել։ Թերթում էլ գրեցին, չե՞ք կարդացել»։ «Ես կարդացել եմ,— առանց աշխատանքն ընդհատելու միջամտել էր Գագիկը,— միայն թե գտածը ոսկի չէր եղել, այլ քսան դար առաջ ձուլված պղինձ։ Թերթում այդպես էր գրված»։ «Գուցե,— Հասմիկը չէր վիճել,— բայց գիտե՞ք դրա համար ի՜նչ պարգևներ ստացավ, նույնիսկ պատվոգիր»։ «Բայց սա մատ է, խելոք, կճուճ չէ»։ «Հետո ի՞նչ, որ մատ է, որ կճուճ չէ։ Գագիկը մի բան գիտե, որ ասում է»,— պնդել էր Հասմիկն ու ինքն էլ էր միացել Գագիկին՝ սկսել էր փորփրել տորֆը։ Արամը վիրավորվել էր. «Գիտե, բա ո՜նց... Գագիկր Նյուտոնն է, Գագիկը Պասկալն է, Գագիկը Պյութագորն է, Գագիկը Լոմոնոսովն է, Գագիկր Մենդելեևն է, Գագիկը...»— այսպես նա թվարկել էր իր իմացած բոլոր գիտնականների անունները, քմծիծաղ տալով առժամանակ կանգնել էր՝ ձեռքերը կողքին կանթած։ Հետո, երևի ձանձրացել էր անգործ կանգնելուց կամ, երևի համոզվել էր, որ ինքը սխալ է ու միացել էր աշխատողներին։ Մատերից հետո փորվածքում հայտնվել էր ձեռքը։ Արամն ու Հասմիկը էլի վախեցել էին։ Առաջին անգամվանից քիչ, բայց վախեցել էին։ Իսկ Գագիկը չէր վախեցել, ուրախացած թռչկոտել էր ու բացականչել. «Այդպես էլ գիտեի։ Այդպես էլ գիտեի...»։ «Ի՞նչ գիտեիր,— հարցրել էր Արամը,— որտեղի՞ց գիտեիր»։ Գագիկը չէր պատասխանել, շարունակել էր փորփրել։ Ընկերներն էլ այս անգամ արդեն աշխատել էին ավելի ոգևորված։ Ձեռքից հետո երևացել էր զրահի մեջ պահված թևը, հետո՝ ուսը, հետո սաղավարտի մեջ ամփոփված գլուխը, և ամենավերջում՝ զենք ու զրահով ծանրաբեռնված ասպետը՝ ոտքից մինչև գլուխ։

Արամը հիշեց այս ամբողջ պատմությունն ու ինքն իրեն արդարացնելու նպատակով, կիսաձայն ասաց.

— Ախր անհավատալի բան էր։

— Ի՞նչը,— զարմացավ Գագիկը։

— Ամեն ինչ։

Գագիկն ուղղեց ակնոցը.

— Անհավատալի ոչինչ չկա։

— Ես էլ կարող եմ նույնն ասել, Հասմիկն էլ կարող է նույնն ասել, նույնիսկ դմբո Ներսիկը՝ կարող է ասել, որ անհավատալի բան չկա։

— Չէ, ես չեմ ասի,— միջամտեց Հասմիկը,— դու և դմբո Ներսիկն ասեք՝ բավական է։

— Ես լուրջ բան եմ ասում,— բողոքեց Արամը,— «Անհավատալի ոչինչ չկա»֊ն բացատրություն չէ։

Գագիկը չլսելու տվեց։ Նա զգույշ շարժեց զրահն ու շշնջաց.

— Ինչ լավ է պահպանվել, տեսեք։

— Տեսնում ենք,— խեթ֊խեթ նայեց Արամը,— շատ լավ տեսնում ենք։

— Այսպիսի բան հազվադեպ է պատահում։ Խիստ հազվադեպ՝ տասը հագար տարին մեկ անգամ։

— Իսկ դու ասում էիր թողնենք֊փախչենք։

— Հա՛, ասում էի։ Հա՛, ասել եմ։ Հա՛, լավ եմ արել ասել եմ։ Եթե պետք լինի էլի կասեմ, պրծա՞նք,— պոռթկաց Արամը։

— Ասում ես, ասա։

— Կասեմ։

Հասմիկը հանգիստ սպասում էր վեճի ավարտին։ Միասին անցկացրած օրերի ընթացքում նա ինչպես պետքն է արդեն ճանաչել էր և՛ Գագիկին, և՛ Արամին։ Համոզված էր, որ Գագիկն անպայման կպարզի հանելուկը, միայն թե անհամբեր ընկերոջը զայրացնելուց հետո։ Իսկապես, այդպես էլ եղավ. ինչպես պետքն է Արամին զայրացնելուց հետո, Գագիկը անցավ հին ասպետի հայտնագործման գիտական բացատրությանը։

— Նախ՝ լույսի մասին. դա փտած մսից ու ոսկորից առաջացած լույսն էր, ինչպես գերեզմանոցներում։ Գիտեք չէ՞, որ մութ գիշերներին գերեզմանոցներում լույսեր են երևում։

Հասմիկը գլխով արեց։ Իսկ Արամը, ոչ այնքան հետաքրքրությունից, որքան ընկերոջը փակուղու առաջ կան գնեցնելու նպատակով, ընդհատեց.

— Իսկ ինչո՞ւ էր միայն երկու մատը փտել։ Թող ձեռքը փտեր, թող թևը փտեր, մարմինը...

— Մի խանգարի,— դժգոհեց Հասմիկը։

— Չեմ խանգարում, հարց եմ տալիս։

— Երկու մատն էր փտել, որովհետև տորֆից դուրս միայն երկու մատն էր մնացել։ Թևը մնար՝ թևը կփտեր։

— Հետո՞ ինչ։

— Այն, որ տորֆի մեջ մարմինները պահպանվում են։ Ինչպես կան, այնպես էլ մնում են։ Չեն փչանում, չեն քայքայվում։

— Իսկ ո՞վ է բերել քո այդ ասպետին ու խցկել տորֆի մեջ։

— Ոչ մեկն էլ չէր բերել ու խցկել։

Արամը քմծիծաղ տվեց.

— Ուրեմն ինքն էր եկել֊խցկվել, հա՞, ինքն իրեն։

— Այո, ինքն իրեն է խցկվել,— չափից ավելի լուրջ ձայնով ասաց Գագիկը,— դու գիտե՞ս, թե տորֆն ինչպես է առաջանում։

— Գիտեմ,— Գագիկի լրջությունը լրջացրեց նաև Արամին,— ճահիճներից է առաջանում։

— Ճիշտ է,— վրա բերեց Հասմիկը,— ճահիճները ծածկվում են հողով՝ փտում են, փտում ու վերածվում տորֆի։

— Ըհը,— համաձայնեց Գագիկը,— մոտավորապես այդպես է։ Տորֆնառաջանում է ճահճից, իսկ ճահիճները առաջանում են գետերի ու լճերի մոտ ցածրադիր վայրերում։ Մեր անցած ճանապարհով գետ է հոսել, իսկ այստեղ, ուր հիմա կանգնած ենք, գետից ավելի ցածր է, հիշո՞ւմ եք, այստեղ գալիս մենք անընդհատ իջնում էինք։ Այդպես իջել են նաև գետի ջրերը, հավաքվել ու դարձել ճահիճ։ Հին ասպետն անցել է այս կողմերով ու ընկել ճահիճը։ Իսկ ճահճի մեջ ընկնողին փրկություն չկա, խեղդվել է խեղճը։ Հետո ճահիճը լցվել է ծառերի տերևներով, հողմից ու ամպրոպներից տապալված ծառերով, արմատներով, քարերով, ծածկվել է հողով, փտել ու վերածվել տորֆի։ Այստեղ Գագիկը մի պահ լռեց,— հիմա ես ուրիշ բան եմ մտածում։ Ինչո՞ւ ասպետը ճահիճը պետք է ընկներ մենակ։ Կարծում եմ, որ նրա հետ անպայման եղել են նաև ընկերները։

— Ճիշտ է,— ոգևորված ընդհատեց Հասմիկը,— ու նրանք էլ են խեղդվել։

— Ուրախացիր։ Մարդիկ են խեղդվել, գիտե՞ս ինչքան ուրախալի բան է,— քրթմնջաց Արամը։

— Բայց նրանք խեղդվել են հազար տարի առաջ,— փորձեց արդարանալ Հասմիկը։

— Կարևոր չէ։

— Ճիշտ է, կարևոր չէ,— Հասմիկը տխրեց,— ճիշտ է։

Արամը հաղթական ժպտաց։ Իսկ Գագիկը, որ ոչ մի ուշադրություն չէր դարձրել ընկերոջ սոփեստությանը, շարունակեց ընդհատված միտքը.

— Սա Հայկական զինվոր չէ։ Հայերն այսպիսի զրահ ոչ մի դարում չեն ունեցել։ Սա հույն է կամ հռոմեացի։ Այ, հենց դրա համար էլ մտածում եմ, որ մենակ լինել չէր կարող։ Ինչո՞ւ պետք է մեն֊մենակ ընկներ այստեղ։ Եթե բանակը երթով անցնելիս է եղել, ուրեմն ճահճում թաղված պետք է լինի ամբողջ բանակը, կամ գոնե մի լեգիոն, գոնե վաշտ կամ ջոկատ։ Եթե հարձակվելիս են եղել, որևէ գյուղի կամ ամրոցի վրա, ուրեմն նորից մենակ չէր լինի։ Մենակ լինելը բացառվում է նաև փախչելու ժամանակ՝ ինչպե՞ս կարող էր մենակ նա փախչեր այս ուղղությամբ։

— Իսկ եթե միայն նա է կենդանի մնացե՞լ,— հուշեց Արամը։

— Հը՞...

— Գագիկ,— նորից ոգևորվեց Հասմիկը,— իսկ կարո՞ղ է պատահել, որ նրա կամ նրանց հետ այստեղ ընկած լինեն նաև գանձեր կամ ուրիշ որևէ կարևոր բան։

— Կարող է, ինչպե՞ս չէ։ Բայց, եթե ոչինչ էլ չլինի։ Հենց միայն այս ասպետն էլ անչափ մեծ գյուտ է։ Սրա համար հնէաբաններր գիտե՞ս ինչ կանեն։

— Մեզ կպարգևատրե՞ն։

— Անպայման։

— Պատվոգի՞ր կտան։

— Չէ, մեդալ կտան,— խայթեց Արամը,— շքանշան կտան։ Ամեն ինչ կտան, բացի պատվոգրից։ Պատվոգիր չեն տա՝ Կարենին չես զարմացնի։

— Դոլ ինչո՞ւ ես թշնամացել մեզ հետ,— զարմացավ Հասմիկը,— քացախ ես դարձել։

— Քացախ դու ես դարձել։

Գագիկը ծիծաղեց.

— Նա միշտ այդպես է, դու ուշադրություն մի դարձնի։ Լավ բանից նա միշտ իրեն վատ է զգում։

Արամը լսեց ու բանի տեղ չդրեց։ Գլխում նոր հարց էր ծնվել կապված ճահճի ու ասպետի հետ.

— Լսիր, գիտնական, ես դեռ հարց ունեմ,— Գագիկը գլխով արեց, այսինքն՝ ասա և Արամը շարունակեց,— ենթադրենք, որ ամեն ինչ իրոք այդպես է, ինչպես դու ես ասում։ Ենթադրենք, որ խմբով էլ ընկել են։ Իսկ հետո, այդ բոլորից հետո նրանք ինչպե՞ս եկան ու խցկվեցին այս լեռների տակ։ Հը՞...

— Իսկ ի՞նչ պարտադիր է, որ այս տորֆի հանքը գտնվի անպայման լեռների տակ։ Բոլորովին էլ պարտադիր չէ,— առանց վայրկյան իսկ մտածելու պատասխանեց Գագիկը՝ ասես նախապես պայմանավորված Արամի հետ, որ նա պետք է տա այդ հարցը, իսկ ինքը՝ պատասխանի։

— Ուրեմն, քո ասելով, սա դուրս է գալիս գետնի երես, հա՞։

— Հնարավոր է։ Իսկ եթե դուրս էլ չի գավիս, էլի ոչինչ չկա։ Երկրաշարժը մեզ մոտ բոլորովին էլ հազվագյուտ բան չէ։ Կարող է, որ այս բոլորից հետո երկրաշարժ է եղել ու քարերը ծածկել են տորֆի հանքավայրը։

Արամը գլուխը շարժեց՝ ոչ այն է՝ համաձայն եմ, ոչ էլ, թե համաձայն չեմ։ Իսկ Հասմիկը, որի համար բացարձակապես միևնույնն էր. տորֆը հասնո՞ւմ է գետնի երես, թե երկրաշարժն է ծածկել, նորից դիմեց Գագիկին.

— Ուրեմն սա իսկապես հազվագյուտ բան է, հա՞։ Հազվագյուտ հայտնագործություն։

— Այն էլ ինչպիսի՜։

— Այսինքն գյուտ է, հա՞։

— Մեծ գյուտ։

Հասմիկն ուրախացած թռչկոտեց տեղում.

— Տեսա՞ք, էլի ես։ Որ քարանձավ չընկնեի, այս գյուտն էլ չէինք անի։

Հասմիկի ուրախ բացականչությունները տղաներին նորից վերադարձրեց տխուր իրականությանը։

Հին ասպետի հայտնաբերումն այնպես էր ոգևորել նրանց, որ բացարձակապես մոռացել էին իրենց վիճակը։ Եվ Հասմիկի խոսքերը լսելուն պես, միանգամից թևաթափ եղան։ Արամն ինչ֊որ բան ասաց, մոտավորապես այսպիսի բովանդակությամբ՝ որ այստեղից դուրս եկար, գյուտդ էլ կտանես քեզ հետ։ Իսկ Գարիկը նկատեց, որ լապտերի լույսն սկսում է պակասել։

— Հարկավոր է շտապել,— ասաց նա,— նախաճաշենք ու շարժվենք։ Թե չէ լապտերը բոլորովին կհանգի, և մենք կխճճվենք այս լաբիրինթոսում ու մինչև կյանքներիս վերջը դուրս չենք պրծնի։

Նրանք տեղավորվեցին հին ասպետի ոտքերի մոտ և Գագիկն ուսապարկից հանեց մրջյունների վերջին տուփը։ Բաժանեց երեք հավասար մասի ու տվեց ընկերներին։ Կերան՝ մի քիչ զզվելով, մի քիչ էլ արդեն հարմարված և վեր կացան։ Շարժվեցին, ուղեցույց ունենալով դատարկ ու լիքը լուցկու տուփերը, որ շաղ էին տվել իրենց ճանապարհին և, որոնք Գագիկը հավաքում էր մեծագույն զգուշությամբ։

✻    ✻



Վերադարձի ճանապարհը երկարեց չափից ավելի։

Երեքն էլ հոգնած էին, հազիվ էին քարշ տալիս ոտքերը. հին ասպետին տորֆից մաքրելու համար հավանաբար շատ էին չարչարվել։ Դանդաղելու մյուս պատճառն էլ քաղցն էր՝ երեք տեղ բաժանված մեկ տուփ մրջյունը ինչքա՞ն էներգիա կարող էր վերականգնել։ Էլ չեմ ասում ծարավի մասին, որ տանջում էր պարզապես ահավոր չափով։ Բայց երեքից ոչ մեկը հիմա չէր մտածում դրանց մասին. ծարավ, քաղց, հին ասպետ, հոգնածություն... Նույնիսկ Գագիկը մոռացել էր ոտքի տանջող ցավը։ Դրանք բոլորն իրենց տեղը զիջել էին ամենավտանգավորին՝ խավարում է լապտերի լույսը, մարտկոցներն ուժազրկվում էին, երկու քայլի վրա համարյա անհնար էր որևէ բան տեսնել։

— Մարտկոցները կարելի է եռացրած ջրով վերականգնել,— մթության մեջ լսվեց Արամի ձայնը,— ես փորձել եմ, ստացվել է։

— Ես նույնպես փորձել եմ,— անտրամադիր արտաբերեց Գագիկը և չրխկացրեց անջատիչը։ Լապտերից նրանք հիմա օգտվում էին խիստ հազվադեպ, միայն անհրաժեշտության դեպքում։ Արամն ու Հասմիկը միաժամանակ նայեցին հազիվհազ մլմլացող լույսին ու տխուր հառաչեցին։ «Եթե լսեիր ինձ։ Եթե ասպետի վրա ժամանակ կորցրած չլինեինք»— մտածեց Արամը։ Իսկ Հասմիկը կիսաձայն նկատեց, որ լույսն ավելի է պակասել։

— Ոչինչ,— ընկերներին ոգևորել փորձեց Գագիկը,— մինչև ճանապարհ կհասցնի, ես իմ լապտերին գիտեմ՝ չի դավաճանի։

— Գոնե մրջյուն լիներ։ Ախր թթվահամ է, ծարավ հագեցնող։ Հարյուր տուփ կուտեի։

— Երկու տուփ էլ չէիր ուտի,— չհամաձայնեց Գագիկը,— բարձր կալորիականություն ունի։ Շատ ուտել չի լինի։

— Միևնույն է, կուտեի։

— Կարենը մի անգամ քսան հատ կարկանդակ կերավ ու երեք օր պառկեց,— միջամտեց Հասմիկը։

— Զզվեցրիր քո Կարենով,— փնթփնթաց Արամը,— Գագիկ, որտեղի՞ց էիր գտել այդ մրջյունները։

— Ճանապարհից,— Գագիկն այսպես էր անվանում քարակոփ ուղին, որ սկսվում էր «Առյուծի երախից»,— եզանլեզուն դնելուց բավական հետո ես ինձ լավ զգացի ու քնեցի։ Իսկ արթնանալիս նկատեցի, որ դեմքիս վրայով ինչ-որ բան է շարժվում։ Բռնեցի, տեսնեմ մրջյուն է։ Փնտրեցի, գտա մրջնանոցը, շատ էլ մրջյուններ կային, հավաքեցի ու լցրի լուցկու տուփերը։

— Ըմ-մմ,— Արամը լիզեց չորացած շուրթերը, շատ էին, հա՞։

— Շատ։

— Բա ինչո՞ւ քիչ հավաքեցիր։

— Ինչ քիչ, այդքանն էր։

— Էլ չմնա՞ց։

— Հնարավոր է, որ մնացած էլ լինի։

— Ուրեմն վերադառնալիս կարող ենք հավաքել։

— Եթե հասնենք,— հառաչեց Հասմիկը։

— Ուրեմն չե՞ս հավատում, որ լապտերս մինչև անցուղի կհասցնի, վիրավորված ձևացավ Գագիկը։

Իհարկե, Հասմիկը բոլորովին էլ չէր հավատում, որ լապտերը իրենց տեղ կհասցնի, բայց և այնպես ասաց.

— Հավատում եմ։

Իսկ լապտերն իսկապես նրանց հասցրեց քարակոփ ճանապարհին։ Դրա համար երեքն էլ այնպես ուրախացան, ասես դուրս էին պրծել ստորգետնյա բանտից և ոչ թե մի ճանապարհից ընկել մեկ այլ ճանապարհ, որի ավարտն էլ հանելուկ էր նույնքան, որքան քիչ առաջվա կիսալաբիրինթոսը։

— Փրկված ենք։ Հասմիկ, Գագիկ, մենք փրկված ենք,— կորցրած ճանապարհի վրա ոտք դնելուն պես գոչեց Արամն ու ամուր համբուրեց նախ Հասմիկին, հետո Գագիկին։ Հետո թուլացած փռվեց հատակին ու շշնջաց։— Ինչ ուզում եք ասեք, էլ քայլել չեմ կարող։ Ուժ չունեմ։

— Գոնե մրջյուններին հասնեինք,— հիշեցրեց Գագիկը,— այստեղից հեռու չպետք է լինի՝ մի երեսուն քայլ։

— Երեսո՞ւն,— Արամի ձայնի մեջ կասկած կար,— եթե երեսուն է, կգամ։

— Երեսուն։ Կամ ամենաշատը քառասուն։

— Մրջյուների համար հիսուն էլ կգամ,— ասաց Արամն ու բարձրացավ տեղից,— գնանք։

Բայց մրջնաբույնը գտնել չհաջողվեց։ Երեսուներորդ քայլում Գագիկը միացրեց լապտերը։ Լամպի թելիկը կարմրեց, բայց չշիկացավ։ Քիչ հետո անցավ նաև կարմրությունը։ Լապտերից օգուտ չկար, Գագիկը ձեռքով շոշափեց հատակը՝ պատի տակ, մրջնանոցը պետք է որ լիներ այդտեղ։ Ոչինչ չկար։ Շոշափելով գնաց առաջ, մինչև հիսուներորդ քայլը և մրջյուն չգտավ։

— Չէ, իզուր բան է, ավելի լավ է հանգստանանք,— ասաց Հասմիկը,— մրջյունը ոչ կով է, ոչ ոչխար, որ մթության մեջ շոշափելով գտնես։ Բան դուրս չի գա։

Տղաները չհակաճառեցին։ Իրենք նույնպես համաձայն էին, որ դժբախտաբար մրջյունը ոչ կով է, ոչ էլ ոչխար, այլ պարզապես մրջյուն։ Նստեցին ու մեջքները հենեցին պատին։

— Եթե հաջողվեր մի փոքր քնեինք, լավ կլիներ,— ասաց Գագիկը։

— Տեսնես քանի՞ օր է, որ մենք այստեղ ենք,— շշնջաց Հասմիկը։

— Երեք,— անմիջապես պատասխանեց Արամը,— արդեն երեք անգամ քնել եմ, իսկ ես միայն գիշերներն եմ քնում։

— Հիմա քունդ չի՞ տանում։

— Եթե քաղցած չլինեի, հիմա այնպես կխռմփացնեի, որ...

— Ուրեմն չորս,— Հասմիկը տխուր հառաչեց,— չորս գիշեր, հինգ օր։

Առժամանակ լռեցին։ Բայց քաղցն ու ծարավը թույլ չէին տալիս քնելու։ Եվ Գագիկը նորից խոսեց.

— Հին ասպետին լավ գտանք։

— Քո տուփերում ի՞նչ կա։

Գագիկը նայեց մթության մեջ չերևացող Արամին.

— Բզեզներ։

— Չփորձե՞նք։

Գագիկն ուշացրեց պատասխանը։ Արամը զայրացավ.

— Չե՞ս լսում։

— Ախր, հազվագյուտ տեսակներ են,— Գագիկը կակազեց։

— Ուրեմն քաղցից սատկե՞նք։

— Լավ, փորձիր,— Գագիկը պայուսակից հանեց ձեռքն ընկած առաջին իսկ տուփն ու մեկնեց նրան,— վերցրու։

— Դա ի՞նչ է։

— Չգիտեմ։ Կարծեմ մայիսյան բզեզ է։

— Թունավոր չէ՞,— վախեցավ Հասմիկը։

— Չէ։

Արամը բերանը գցեց բզեզի կոշտ մարմինը, կծեց ու թքեց։

— Լավը չէ՞ր,— համարյա միաժամանակ հարցրեցին Հասմիկն ու Գագիկը։

— Թույն էր։

Նորից լռեցին։ Բավական անց մթության մեջ լսվեցին նրանց համաչափ մշմշոցները։

Թե ինչքան էին մնացել քնած՝ դժվար է ասել։

Առաջինն աչքերը բացեց Արամը։ Նայեց շուրջն ու չհավատաց տեսածին։ «Նորից թվում է,— մտածեց, ինչպե՞ս կարող էր...» նա տրորեց աչքերն ու կրկին նայեց. «Իսկ եթե չի թվում։ Իսկ եթե իսկապես...» Շրջվեց և ամբողջ ուժով սկսեց քաշել Գագիկին ու Հասմիկին։ Քաշքշում էր ու հետն էլ ամբողջ ուժով գոռում.

— Գագիկ, Հասմիկ, արթնացեք, շուտ։

— Ի՞նչ կա,— առանց աչքերը բացելու շշնջաց Հասմիկը։

— Շո՞ւտ, արթնացեք։

Հասմիկը բաց արեց աչքերն ու անակնկալի եկած, միանգամից նստեց.

— Երազ չէ՞։

— Ոչ մի երազ։ Երազ չկա, երազ չէ, չէ, չէ, չէ...

Աղմուկն արթնացրեց նաև Գագիկին։

Երեքն էլ միաժամանակ թռան տեղներից ու նետվեցին դեպի լույսը։

Ճանապարհը կտրուկ թեքվեց և ոլորանի ետևում, տասը-տասնհինգ քայլ հեռու նրանք տեսան գետնից կես մետր բարձրության վրա գտնվող անցքը։ Անցքը շրջանաձև էր, մարդաբոյ և նույնքան էլ լայնություն ուներ։ Առաջինն այնտեղ հայտնվեց Արամը։ Հետո, միմյանց ետևից՝ Հասմիկն ու Գագիկը։ Եվ հենց այստեղ էլ նրանց ոգևորության վրա սառը ջուր մաղվեց։

Արամը շրջվեց և լացակումած ձայնով ասաց.

— Կորած ենք։

Բացատրությունների կարիք չզգացվեց. երեքի համար էլ ամեն ինչ պարզ էր։

Անցքը փրկություն չէր։

Ելքի մոտ ընկած էր քարե, փոքրիկ մի հարթություն՝ բարձրաբերձ լեռան կրծքից կախված առանց բազրիք մի պատշգամբ, սեղանաչափ մի սալաքար, որի ներքևում տարածվում էր գահավեժ անդունդը։ Գետինը մնացել էր հեռու֊հեռու։ Իսկ ուղղահայաց, մի քիչ էլ ներս փախած պատի վրայով իջնելու մասին մտածելը հիմարություն էր։

— Վերջ։ Ամեն ինչ կորած է։ Այլևս ոչ մի հույս,— լացակումած շշնջաց Արամն ու երեսնիվայր փռվեց մանրիկ անձրևից թրջված սալաքարի վրա։

— Վերջ...


Երկրորդ մաս

Գլուխ առաջին

Լևոնը չէր շտապում։

Ընկերոջ անհասկանալի դանդաղկոտությունն սկսել էր Վազգենին անհանգստացնել. «Այսքան էլ սպասել կլինի՞»։ Հակոբն ու Արեգը վաղուց էին քնել մեկ, գուցե նույնիսկ երկու ժամ առաջ, իսկ Լևոնը... «Չեմ հասկանում, սրանից էլ հարմար ժամանա՞կ»,— մտածեց Վազգենն ու զգուշորեն քաշեց կողքին պառկած ընկերոջ թևը.

— Չսկսե՞նք։

— Սպասիր, թող լավ քնեն,— շշնջաց Լևոնը։

— Սրանից էլ լա՞վ։ Գիտե՞ս ինչքան ժամանակ է, որ քնած են։

— Գիտեմ։

— Երկու ժամից ավել կլինի։

— Չէ։ Երկու ժամ առաջ դեռ աստիճանների վրա էինք, իսկ դրանից հետո նստեցինք ճաշելու,— Լևոնը հիշեց հավի միսն ու թուքը կուլ տվեց,— հետո քնելու տեղ գտանք։

Վազգենը նույնպես հիշեց խղճուկ ճաշկերույթը։ Նա էլ կուլ տվեց թուքը։

— Լավ, սպասենք,— ստիպված համաձայնեց նա ու նորից քաշվեց քառակուսի քարի մոտ, որն օգտագործում էր, որպես մահճակալ ու ներքնակ։ Տեղավորվեց ու նորից թեքվեց Լևոնի կողմը.

— Ասում ես դուրս կպրծնենք, հա՞։

— Եռունդա, հաշվիր գրպանումդ,— Լևոնը ձեռքը խփեց գրպանին և կտորի վրայից զգաց մատանու մետաղյա կոշտությունը։ «Իզուր ավելի շատ չվերցրեցի, գոնե երկուսը կամ երեքը»— մտածեց նա ու շարունակեց անավարտ միտքը,— դժվարը կշտանալն է, հետո մի շնչում կհասնենք որևէ անցքի ու դուրս կպրծնենք։

— Իսկ եթե գյուղում հարցնեն Հակոբի ու Արեգի մասի՞ն։

— Եռունդա։ Կասենք՝ չգիտենք։

— Ինչպե՞ս թե՝ չգիտենք։

— Հենց այդպես՝ չգիտենք։ Մենք իրար կարա՞ծ ենք, թե կպցրած։ Չենք տեսել։

— Հետո։

— Էլ ի՞նչ հետո։ Գանձը՞...

— Չէ, ի՞նչ գանձ։ Հակոբն ու Արեգը։ Ի՞նչ կլինեն նրանք առանց սննդամթերք, այս մթության մեջ։

— Ինչ ուզում են լինեն, մեզ չի վերաբերում։ Թող մեռնեն։

Վազգենն ուշադիր նայեց մթության մեջ չերևացող Լևոնի կողմը։ «Սա բոլորովի՞ն մարդ չէ»։ Հիշեց քիչ առաջվա դեպքը. աստիճաններով բարձրանալու ժամանակ Լևոնի ոտքը սահել էր ու քիչ մնացել ջարդուփշուր լիներ՝ գլորվելով մինչև սանդուղքի վերջը. Հակոբն էր փրկել՝ հասցրել էր ժամանակին բռնել նրան։ «Հակոբը կյանքի գնով փրկել է իրեն, իսկ ինքը։ Հակոբն էլ կարող էր հետը գլորվել, ջարդուփշուր լինել, բայց... Չէ, սրա հետ չի կարելի։ Ոչ մի քայլ։ Վերջ»— վճռեց Վազգենն ու նորից շրջվեց Լևոնի կողմը։

— Լսիր, Լևոն, նրանք այստեղ իսկապես կարող են մեռնել։

— Չեն մեռնի,— Լևոնը հասկացավ, որ Վազգենին այլ կերպ համոզել չի կարող։

— Ինչպե՞ս չեն մեռնի։

— Հենց այդպես էլի, չեն մեռնի՝ օգնություն կկանչենք։

— Գյուղի՞ց։

— Ըհը։

— Իսկ եթե չհասցնե՞նք։

— Կհասցնենք։

— Բայց չէ՞ որ մենք նրանց չենք տեսել։

— Գլխի ընկնո՞ղն ով է։

— Կընկնեն։

— Մենք էլ ուրիշ բան կմտածենք։

— Հիմա մտածիր։

— Ասացի կմտածենք,— զայրույթից Լևոնը բարձրացրեց ձայնը,— ինչ մարդ ես։ Իզուր տեղն էլ քեզ հետ գործ բռնեցի։ Արեգին կասեի կամ Հակոբին և նրանք չէին սկսի քեզ նման դուրս տալ։

— Նրանք չէին համաձայնի։ Ոչ Արեգը կհամաձայներ, ոչ Հակոբը։

— Քեզ է թվում։

— Նրանք մեզանից շուտ կարող էին փախչել, երբ ցանկանային, և՛ լապտերն էր իրենց մոտ, և՛ ուսապարկը։

— Ո՞ւմ ձեռքից փախչեին, ի՞մ։

«Պարծենկոտ ցախավել»,— մտքում ասաց Վազգենը,— եթե մերճ խոռոչում գտնված ժամանակ թողնեին ու փախչեին, մթության մեջ ի՞նչ էիր անելու»։

Լևոնի ձայնն ընդհատեց Վազգենի մտքերը.

— Ժամանակն է։

Վազգենը լսեց ու չպատասխանեց։ Կես րոպեի չափ սպասելուց հետո պատասխան չստանալով, Լևոնը զայրացավ.

— Խլացա՞ր։ Չե՞ս լսում։

— Ի՞նչ։

— Ասում եմ, պետք է սկսել։

— Աա՜աա...

— Պարկը Հակոբի գլխի տակ է, լապտերը՝ աջ կողքին։

— Լսիր, Լևոն, իմ կարծիքով։

— Կարծիքի ժամանակ չէ, սկսիր։

— Լսիր...

— Զզվեցրիր։ Ասա:

— Իմ կա րծիքով չպետք է փախչենք,— կմկմաց Վազգենը։

— Այսինքն՝ ուտենք ու մնա՞նք։

— Չէ,— մթության մեջ Վազգենը շարժեց գլուխը,— չգողանանք։

— Գժվեցի՞ր,— զայրույթից Լևոնը շուրթերը կծոտեց։

«Թե ինչ գործ ունեի այս սարսաղ լեղաճաքի հետ։ Մենակ կգողանայի, մենակ կուտեի»։

— Լսիր,— Լևոնի ձայնը հնչեց խիստ ու անողոք,— հիմա գալի՞ս ես, թե ոչ։

— Չեմ գալիս։

— Ի՞նչ։

— Չեմ գալիս։

— Գլուխդ կպոկեմ,— հոխորտաց Լևոնը։

— Չեմ գալիս։

— Կխեղդեմ, շան որդի։

Վերջին խոսքի հետ Լևոնը թռավ տեղից ու մթության մեջ գտավ Վազգենին։ Լևոնը Վազգենից ավելի ուժեղ էր և կարողացավ նրան գցել գետնին, բռնել կոկորդից.

— Հիմա գալի՞ս ես։

— Թող։

Լևոնը սեղմեց ավելի ուժեղ։ Վազգենին թվաց, թե աչքերը հենց հիմա կթռչեն տեղից։ Վախեցավ։ Ցանկացավ ճչալ, օգնություն կանչել արթնացնել Հակոբին, գոնե Արեգին։ Չկարողացավ։

— Գալի՞ս ես,— հևաց Լևոնը։

Վազգենը փորձեց պատասխանել՝ չկարողացավ։ Թափահարեց ոտքերը։

— Գալի՞ս ես,— գուցե պատասխան ստանալու համար, գուցե և պատահաբար Լևոնը փոքր ինչ թուլացրեց մատերը և Վազգենը հասցրեց շշնջալ։

— Կգամ։

— Եթե փորձես խաբել, կսպանեմ։ Քնածդ ժամանակ կխեղդեմ։

Վազգենը տրորեց վիզը.

— Կգամ։

— Ուրեմն շարժվիր, առանց ժամանակ կորցնելու։ Հիշիր, պարկը Հակոբի գլխատակին է, լապտերը կողքին՝ մեզանից աջ։ Գնա։

Վազգենը չորեքթաթ տվեց։ Գետինը սառն էր ու մի տեսակ՝ լպրծուն։ Վիզը շարունակում էր ցավել։ Աչքերի առաջ Լևոնի մա տներն էին՝ չոր ու կոշտ։ «Եթե չգողանամ նա ինձ կսպանի»։ Շարունակեց չորեքթաթ տալ։ «Իսկ եթե գողանա՞մ...»։ Անմիջապես աչքերի առաջ հայտնվեցին Արեգն ու Հակոբը՝ վախից, հուսահատությունից իրենց կորցրած։

— Շուտ արա, շտապիր,— ականջի տակ մռլտաց Լևոնը։

Վազգենը հասկացավ, որ նա գալիս է իր կողքից։ «Ուրեմն, արթնացնել չեմ հասցնի»,— մտածեց նա։ Եվ հաջորդ պահին անձավով մեկ տարածվեց Վազգենի գոռոցը.

— Վա՜խ, մեռա...

— Ի՞նչ պատահեց,— նրա կողքին չոքեց անհանգստացած Լևոնը։

Տեղերից թռան նաև Հակոբն ու Արեգը։ Մթության մեջ շողաց լապտերի լույսը.

— Ո՞վ է։

— Ի՞նչ պատահեց։

— Ոտքս,— տնքաց Վազգենը։

Երեք ընկերները հավաքվեցին հատակին փռված Վազգենի շուրջը։ Պառկեցրին մեջքի վրա։ Հակոբը փորձեց հանել անդրավարտիքը, այդ նպատակով ձեռքը գցեց գոտուն, բայց Վազգենը թույլ չտվեց։ Ցույց տվեց ձախ ոտքի սրունքն ու ցավից կակազելով շշնջաց.

— Այստեղ։

Հակոբը մի պահ տարակուսեց, ուսերը թոթվեց։ Լապտերը վառելու պահին նա տեսավ, որ Վազգենը բռնել էր աջ ոտքը, իսկ հիմա ցույց է տալիս ձախը։ Բայց, իհարկե, դրա ժամանակը չէր. «Երևի ցավից իրեն կորցրել է»,— մտածեց Հակոբն ու վեր քաշեց ընկերոջ անդրավարտիքի փողքը։ Ոտքի վրա ոչինչ չկար՝ վնասվածքի ոչ մի հետք։ Դրանից Հակոբն ավելի վախեցավ. «Ի՞նչ կարող է պատահած լինել»։

— Քնած ժամանակ ցավեց, հա՞,— հարցրեց։

— Ըմ՜մմ...

«Հանկարծ օձ խայթած չլինի՞»։ Հակոբն, իհարկե, գիտեր, թե ինչպես են վարվում օձ խայթելու դեպքում. «Խայթած տեղից վեր ամուր կապում են, որպեսզի թունավոր արյունը վերև չհոսի։ Իսկ ատամների տեղը կտրում են՝ թույնը հանելու համար։ Բայց ինչո՞վ կտրեմ...»։

Երեքից ոչ մեկը դեռ չէր հասցրել գտնել հարցի պատասխանը, երբ Վազգենը նորից քրթմնջաց.

— Լսեք, կարծես թե...

— Ի՞նչ,— ընդհատեց Հակոբը,— կարծես թե՝ ի՞նչ։

— Օգնեք բարձրանամ։— Վազգենը մեկնեց ձեռքերը։ Երեքով միանգամից քաշեցին նրան։ Բարձրացրին։ Վազգենը ոտքը դրեց գետին, ուժ տվեց ու ժպտալով նայեց շուրջը.

— Լսեք, կարծես թե չի ցավում,— նա կանգնեց մեկ ոտքի վրա,— չէ, չի ցավում։ Բոլորովին չի ցավում,— նա սկսեց թոչկոտել ոտքի վրա,— չի ցավում։ Ազնիվ խոսք, միանգամից անցավ, իսկ ինձ թվում էր, որ ցավից կմեռնեմ։

Վազդենն այնքան վարպետորեն կատարեց այդ ամենը, որ երեքից ոչ մեկի մտքով չանցավ, թե խաբում է։

Լևոնը մտքում լավ հայհոյեց դանդալոշ Լեղաճաքի հետ ընկերություն սկսելու օրը։ Արեգը պարզապես ուրախացավ՝ ամեն ինչ բարեհաջող ավարտվելու համար։ Միայն Հակոբը փոքր ինչ կասկածեց. նախ, որ Վազգենը սկզբում խառնել էր աջ ու ձախ ոտքը, իսկ այնուհետև արդեն՝ ցավը միանգամից անցնելու համար։

Ինչ֊որ մեկն առաջարկեց շարունակել քունը։ Վազդենը չհամաձայնեց.

— Չէ, այստեղ վտանգավոր է, ես վախենում եմ։ Ավելի լավ է շարունակենք քայլել։

— Թող քո ասածը լինի,— համաձայնեց Հակոբը,— կքնենք մեկ այլ տեղ։

Խումբը շարունակեց ճանապարհը։

✻    ✻



— Ես այլևս ոչ մի քայլ անել չեմ կարող,— ասաց Լևոնն ու երկար ոտքերը տարածելով, մեկնվեց գետնին։

Տարօրինակ գիշերից՝ այսինքն Վազգենի դերասանությունից, անցել էր բավական ժամանակ. Հակոբի կարծիքով՝ երկու օր, մյուսների ասելով՝ ավելի շատ՝ երեք, չորս, նույնիսկ հինգ։ Տղաները քաղցից տանջվում էին։ Իսկ ուտելու ոչինչ չկար։ Ուսապարկը դատարկվել էր Վազգենի ոտքը «լավանալուց» տառացիորեն րոպեներ հետո՝ և հենց Վազգենի խնդրանքով։ Ճիշտ է, Հակոբը չէր ցանկացել միանգամից հրաժեշտ տալ ողջ ունեցվածքին, բայց Վազգենին միացել էին նաև մյուսները՝ Արեգը, Լևոնը և Հակոբը, որն ինքն էլ ուտել ցանկանում էր մյուսներից ոչ պակաս, անկարող եղավ դիմագրել։ Կերան մինչև վերջին պատառը, նույնիսկ պանրի կտորը, մի բան, որ Հակոբը փորձում էր ամեն կերպ արգելել առանց այդ էլ տանջող ծարավը ավելի անտանելի չդարձնելու նպատակով։ Սակայն նրա ջանքերն անցան ապարդյուն։ Ո՞ւմ ես ասում։ Արեգն ու Լևոնը այնպես վրա տվեցին, որ... Եվ հենց դրանից էլ ծարավը նրանց ավելի էր տանջում, քան Վազգենին ու Հակոբին։ Հետո ծարավին կրկին գումարվեց քաղցը և Լևոնն այլևս անկարող եղավ դիմանալ։

Հակոբը մոտեցավ քարերի վրա ընկած Լևոնին։ Համոզեց.

— Վեր կաց։ Ուր֊որ է կհասնենք։ Իսկ եթե մնաս պառկած...

— Չեմ կարող, ուժ չունեմ, հասկակիր։

— Հորս արև, ես էլ չեմ կարող,— ասաց Արեգն ու պառկեց Լևոնի կողքին։

Հակոբը տարակուսած թոթվեց ուսերը։ Նստելուց վախեցավ։ Գիտեր, եթե նստեր, այլևս վեր չի կենա։

Վազգենը նույնպես նստեց։

— Վեր կացեք, շուտ,— հանկարծ գոռաց Հակոբը։

Ոչ ոք չշարժվեց։ Ոչ ոք չպատասխանեց։

— Մենք այստեղ կսատկենք՝ թակարդն ընկած մկների պես, հասկացեք,— շարունակեց գոռգոռալ Հակոբը։

Ոչ ոք ուշադրություն չդարձրեց։

— Միևնույն է,— փնթփնթաց Վազգենը։

— Ի՞նչն է միևնույնը։

— Որտեղ մեռնելը։ Այստեղ կամ մի քանի քայլ այն կողմ՝ ի՞նչ տարբերություն։

— Վախկոտ Լեղաճաք, Ցախավել, դուք... դուք երեքդ էլ,— Հակոբը մի պահ լռեց,— չե՞ք գալիս։ Ուրեմն, չե՞ք գալիս։ Լավ, ձեր գործն է, մնացեք։ Ես կգնամ։ Մնացեք։ Ես գնում եմ։

Եվ իսկապես, նա իր մեջ ուժ դտավ քայլելու համար։

— Ո՞ւր—, տնքաց Լևոնը,— սպասիր։

— Չեմ սպասում։

— Բա լապտերը,— հևաց Վազգենը,— ո՞ւր ես տանում։

— Մեռնելու համար լապտեր հարկավոր չէ։ Ես չեմ ուզում մեռնել, լապտերն ինձ է պետք։

Հակոբը շարունակեց քայլել։ Դանդաղ էր քայլում։ Նա դանդադում էր դիտմամբ՝ սպասում էր ետևում մնացածների ձայնին։ Թողնել ու հեռանալ, իր հետ տանելով նաև լապտերը՝ դա միակ ելքն էր, որով նա ցանկանում էր տեղերից հանել ուժասպառ ընկերներին։

— Հակոբ, սպասիր։

Արեգի ձայնն էր։ «Չսխալվեցի»,— մտածեց Հակոբը։ Կանգ առավ.

— Ի՞նչ։ Միանգամից ասա, ես սպասելու ժամանակ չունեմ։

— Սպասիր։ Գալիս եմ,— հևաց Արեգն ու բարձրացավ տեղից,— հորս արև, ես մեռնել չեմ ուզում։

Արեգի ետևից բարձրացավ Վազգենը.

— Ես էլ։

Լևոնը սարսափից փշաքաղվեց, նա իրեն պատկերացրեց մթության մեջ, մեն-մենակ, և շրջապատը միանգամից լցվեց ամենատարբեր կախարդներով, կմախքներով, դևերով, հրեշներով, որոնք բոլորը խոսքները մեկ արած գրոհում էին իր վրա։ Նա ամբողջ ուժով ճչաց.

— Սպասեք։ Ինձ մենակ մի՜ թողեք։ Սպասեք, գալիս եմ,— ու թռավ տեղից։

— Շուտ արա,— անտարբեր ու չոր նետեց Հակոբը։

Լևոնը մյուսներին հասավ համարյա վազելով։

Խումբը շարժվեց։

Քայլում էին լուռ, յուրաքանչյուրը իր մտքերի հետ և դանդաղ, ինչպես ուղտերի հոգնած քարավանն արևակեզ անապատում՝ հազիվ քարշ տալով ոտքերը։

Այսպես անցած կլինեին հարյուր քայլ, գուցե մի քիչ էլ պակաս, երբ Լևոնը հանկարծ ճչաց և հասակով մեկ փռվեց գետին։

Ուժ չկար հարցնելու, թե ինչ պատահեց։ Հակոբը գետին ընկած Լևոնի վրա ուղղեց լապտերի լույսն ու տղայի տակ տեսավ ինչ-որ մութ մի բան։ Թվաց, որ քար է։ Մոտեցավ, օգնեց Լևոնին բարձրանալու։ Լևոնը կանգնեց ոտքի և անմիջապես էլ ասաց, որ ոտքերի տակ ընկածը կարծես քար չլիներ։

— Ինձ թվաց շարժվում էր,— ասաց Լևոնը։

— Շարժվո՞ւմ,— վախեցած արձագանքեց Վազգենը։

Հակոբը լույսն ուղղեց Լևոնին վախեցնող առարկայի վրա և չորսն էլ միասին բացականչեցին.

— Կրիա է։

Կենդանու գոյությունը քարանձավում՝ տղաներին աշխուժացրեց։ Իսկ Լևոնը, որ քաղցից ուշաթափվում էր, Հարցրեց.

— Կրիայի միսը ուտել կարելի՞ է։

— Կարելի է,— գլխով արեց Արեգը և հոր արևով երդվելուց հետո սկսեց պատմել մի պատմոլթյոԼն, որը տվյալ պահին բոլորովին հետաքրքիր չէր։

— Լավ է։ Ուրեմն մենք էլ կուտենք,— ոգևորվեց Լևոնը,— խորոված կանենք ու...

— Հա, բա՜,— ոգևորված ընկերոջն ընդհատեց Հակոբը,— քարերը կվառենք ու կխորովենք։

— Ըմ՜մմ...

Տղաների ոգևորության վրա սառը ջուր մաղվեց. խորոված անելը և ընդհանրապես, կրիայի միսը որևէ ձևով եփելը օրակարգից դուրս եկավ, շրջապատում փայտի հետք անգամ չկար։ Բայց և այնպես, անհրաժեշտ էր մի հնար գտնել կրիայի միսը ձեռքից չհանելու համար։ Չորսն էլ լարեցին ուղեղները։

— Եկեք մորթենք,— առաջարկեց Արեգը,— հետո մի բան կմտածենք։

— Ի՞նչ,— փնթփնթաց Վազգենը,— առանց փայտ ու լուցկի կրակ չի վառվի, ինչքան ուզում ես մտածիր։

— Ես հում-հում կուտեմ,— կիսաձայն մենախոսեց Լևոնն ու ձեռքը գցեց կրիայի զրահին։

— Հում-հո՞ւմ,— զարմացած բացականչեցին Արեգն ու Վազգենը։

— Ըհը,— Լևոնը գլխով արեց ու սկսեց քաշքշել կրիային։ Բայց զրահակիր կենդանին չէր պատրաստվում ենթարկվել տղային։

Կրիան համառում էր։ Վազգենն առաջարկեց քարաջարդ անել։ Հակոբը նորից հիշեցրեց, որ կրիան մեղք է, որ ավելորդ բան են անում՝ իզուր չարչարվում են ու նրան էլ անտեղի չարչարում։ Բայց ընկերները չլսեցին։

— Արեգ,— Լևոնը ուղղեց կռացած մեջքը,— չե՞ս հիշում, ինչպես մորթեցիք։

— Չէ, Համբո պապը մորթեց։ Մեզանից ո՞վ էր կրիա տեսել, որ մորթեր։ Մեր կողմերում կրիա հազարից մեկ է պատահում։

— Իսկ Համբո պապն ինչպե՞ս մորթեց։

— Դանակով մորթեց։ Կրիային շուռ ավեց մեջքի վրա ու մորթեց։

— Ուրեմն մենք էլ շուռ տանք,— անմիջապես գլխի ընկավ Լևոնն ու ձեռքերը խցկեց զրահի տակ։ Փորձեց բարձրացնել, բան դուրս չեկավ։ Ծանր էր։ Նրան անմիջապես օգնության հասան Վազգենն ու Արեգը։

— Հազար կիլո կլինի,— մրթմրթաց Արեգը,— իսկ նա թե՜թև֊թեթև էր։ Համբո պապը մենակ բարձրացրեց։

— Երեք, չորս,— առանց Արեգի մրթմրթոցին ուշադրություն դարձնելու հրահանգեց Լևոնը։ Կրիան չշարժվեց։ Նա նորից հրահանգեց,— երեք, չորս՝ միասիի՜ին։ Երեք, չորս... շարժվեց։ Մի անգամ էլ երեք ուուո՜ւուու չո՛րս...

Այս անգամ կրիան տեղից շարժվեց։ Ծանր քարի պես բարձրացավ ու չլմփաց զրահի վրա։

Տղաները հոգնել էին ու որոշեցին հանգստանալ։ Տեսնելով, որ այլևս իրեն չեն անհանգստացնում, կրիան գլուխը հանեց զրահից։ Վազգենը տեսավ ու անմիջապես ձեռքի քարը վրա բերեց։ Հակոբը շատ ուրախ կլիներ, եթե նա վրիպեր, բայց Վազգենը չվրիպեց։

— Մնաց ուտելը,— Վազգենը թևքով մաքրեց դեմքի քրտինքը։

— Եթե զրահից կարողանաս հանել,— խեթեց Հակոբը։

— Կհանենք,— ասաց Լևոնը։

Սակայն նրա լավատեսությունն իրականություն դառնալ չհաջողվեց՝ կրիայի զրահը տեղի չտվեց։ Տղաները երկար չարչարվեցին՝ ինչքան կարող էին։ Հետո համոզվեցին, որ ա րդյունքի հասնելն անհնար է և սուսուփուս նստեցին Հակոբի կողքին։

— Տեսա՞ք, որ ասում էի,— հիշեցրեց Հակոբը,— կենդանի էր, թող ապրեր, էլի։

Ոչ ոք ծպտուն չհանեց։

✻    ✻



Հակոբը հասկացավ՝ պատմությունը կրկնվում էր։ Բայց այս անգամ արդեն ուժ չուներ դերասանություն անելու։ Եվ թույլ-թույլ, իմիջիայլոց ասաց. «Չշարժվե՞նք»։ Պատասխան չստացավ ու մնաց նստած։

Չորսն էլ հաշտվել էին միևնույն մտքին՝ այլևս ոչ մի հույս, վերջ։

Նայում էին մեջքի վրա ընկած կենդանուն և նրանցից յուրաքանչյուրին թվում էր, որ սատկած կրիան այդպես ընկած է արդեն հարյուր տարի՝ անհիշելի, նախապատմական ժամանակներից։ Մի տեսակ վարդագույն թմրություն էր իջել նրանց վրա՝ խաղաղ, հանգիստ, ոչ շարժվել էին ցանկանում, ոչ ուտել, ոչ խմել, ոչ խոսել։ Եվ չորսից ոչ մեկը չէր զգում, որ վերջը հենց դա է՝ խաղաղ, անվրդով այդ հանգստությունը։

Հանկարծ, հարյուր տարի առաջ հաստատված լռության մեջ ռումբի պես պայթեց Հակոբի ձայնը։ Նա գուցե շշնջաց։ Բայց բոլորին թվաց, թե իրենց կողքին ռումբ է պայթել՝ ամենաուժեղը, ատոմային կամ ջրածնային.

— Փրկված ենք։ Փրկված ենք։ Փրկված ենք...

Մի պահ բոլորին թվաց, որ Հակոբը խելագարվել է։ Լևոնը, Վազգենն ու Արեգը զարմանքից ու անսպասելիությունից շշմած նայեցին նրան։ Հետո Լևոնը չհամբերեց և ինքն իրեն շշնջաց.

— Գժվե՞ց։

— Չգիտեմ,— հևաց Արեգը։

Իսկ Վազգենն ասաց.

— Գուցե։

Հակոբը չլսեց։ Նա արդեն վեր էր թռել տեղից ու ցատկոտում էր, միաժամանակ չմոռանալով նաև ծափ տալն ու գռռալը։

— Գուցե մի բա՞ն ասեիր, հը՞,— նորից չհամբերեց Լևոնը։

— Մենք փրկված ենք...

Հանկարծ Հակոբը միանգամից լրջացավ։ Երևի ինքն էլ էր մտածել, որ ընկերներն իրեն խելագարի տեղ կարող են դնել։ Թողեց ծափ տալը, թռչկոտելը, գռռալը և ամենագործնական, լուրջ ձայնով ասաց.

— Լսեք, մենք փրկված ենք։ Կատակ չեմ անում,— նա հերթով նայեց ընկերներին՝ երեքի աչքերում էլ թերահավատություն կար։ «Ես էլ չէի հավատա»— մտածեց ու սկսեց բացատրել,— լսեք, որտեղի՞ց կարող էր կրիան հայտնվել այստեղ։ Քարերի մեջ ծնվել չէր կարող, սնվել էլ չէր կարող քարերի մեջ։ Ուրեմն, եկել է դրսից։ Դրսում կերել է, կշտացել ու խցկվել այստեղ։ Պարզ է նաև մի բան, որ նա երկար ճանապարհ անցած լինել չէր կարող,— Հակոբը նայեց Վազգենին,— մուտքը հեռու լինել չի կարող։ Հիմա հասկացա՞ք, որ մենք փրկված ենք։

— Հասկացա, հորս արև, ամեն ինչ հասկացա,— տեղից թռավ Արեգը,— մենակ մի բան չեմ հասկացել. կրիան քանի՞ օր կարող է ապրել առանց ուտելու։

— Ենթադրենք՝ տասը,— գուշակեց Հակոբը,— բայց մենք նրա տասը օրվա ճանապարհը կանցնենք մեկ ժամում։

Պատասխանը հուսադրող էր և միաժամանակ տրամաբանված։

Չորս զույգ աչքեր մթության մեջ շողացին ադամանդների պես։ Հիմա արդեն ոչ ոք չէր ցանկանում ժամանակ կորցնել։ Բոլորը վեր կացան։ Փրկարար ելքին մոտ լինելու հույսը ուժ ու եռանդ էր տվել տղաներին։ Հակոբն ընկավ առաջ՝ լուսավորելու ճանապարհը։ Մյուսները հետևեցին նրան։

Փրկության հույսը միաժամանակ վերացրել էր նաև նրանց լեզուներին դրված անտեսանելի կապանքները։ Քաղցն ու ծարավը հիմա կարծես թե էլ չէին տանջում առաջվա նման՝ անխիղճ ու անողոք։ Եվ Լևոնը, որ քարե դռան փակ լինելը տեսնելու պահին կորցրել էր մեծամիտ տեսքը, դարձավ նախկին ամբարտավանն ու սկսեց հոխորտալ ընկերների վրա.

— Փսլնքոտներ, ես այդպես էլ գիտեի,— սկսեց նա,— անընդհատ մտածում էի, որ վախենալու ոչինչ չկա, որ այս բոլորը եռունդա բան է։

— Գիտենք,— առանց ետ նայելու պատասխանեց Հակոբը,— քարերի վրա պառկած լաց լինողն էլ ես էի, ես էի ասում՝ «այլևս չեմ կարող»։

— Դե գա,— Լևոնը մտքում հայհոյեց փքված Տակառիկին։ Որոշեց, որ դուրս գալուն պես նրան հարկավոր է մի լավ ջարդել իր հեղինակությունը վերականգնելու համար։ Բայց հիմա Հակոբից դեռ շատ բան էր կախված և նա հասկացավ, որ շատ առաջ գնալն իմաստ չունի՝ նահանջեց.— Դու էլ, որ ինձ պես քաղցած լինեիր... եռունդա։ Իսկ փըրկությունը։ Ես որ չլինեի, կրիայի մասին դուք ի՞նչ կիմանայիք, որտեղի՞ց կիմանայիք։ Հը՞,— Լևոնը քմծիծաղ տվեց,— գուցե դո՞ւ էիր, որ չրմփալով ընկար նրա վրա, հա՞. կամ Լեղաճաքը, կամ թե չէ հորս արևը։ Հը՞, դե բլբլացրեք...

— Ուրեմն ընկնելն էլ ես գործ հաշվո՞ւմ,— հակաճառեց Արեգն ու փռթկացրեց,— որ այդպես լինե՜ր...

«Սրա դասն այստեղ պետք է սկսել»,— վճռեց Լևոնն ու միանգամից կանգնեցրեց ետևից եկող Արեգին,— այնպես կհասցնեմ, որ անուն-ազգանունդ հազար տարի մոռանաս։ Փսլնքոտ, մութը չի թողնում, որ ինձ տեսնես, հա՞։

— Շատ լավ էլ տեսնում եմ։ Ցախավելը չե՞ս... պարծենկոտ, եռունդա, մեծամիտ...

Արեգի անբարտավան տոնը Լևոնին հանեց ափերից։ Նա շրջվեց ու ամբողջ ուժով հասցրեց ետևից եկող տղայի դեմքին։

— Վախ,— ճչաց Արեգը։ Հարվածի նա չէր սպասում, իսկ Լևոնը խփել էր ամբողջ ուժով։ Արեգը չկարողացավ հավասարակշռությունը պահել ու հասակով մեկ փռվեց քարերի վրա։

Հակոբը լսեց Արեգի ճիչն ու շրջվեց։ Տեսավ գետին ընկած տղային, զայրացավ։ «Շան որդի»,— նետեց Լևոնի հասցեին, բռունցքը սեղմեց ու վրա հասավ։ Բայց դեռ չէր անցել իրենց բաժանող երկու-երեք քայլ հեռավորությունը, երբ Լևոնը երկտակվեց ու տնքաց.

— Վա՜խ, ես քո...

Արեգը քարով խփել էր փորին։

Հակոբը, որ նետվել էր Արեգին պաշտպանելու, տեսավ ցավից տնքացող Լևոնին ու խփելու փոխարեն՝ սկսեց օգնել, իհարկե, չմոռանալով խրատը.

— Ինչո՞ւ ես մարդկանց վիրավորում, որ նրանք էլ...

— Ես դրան վիրավորել ցույց կտամ,— հոխորտաց Լևոնը, հազիվ շունչը տեղը բերելով։

— Ո՞ւմ ցույց կտաս, ի՞նձ,— ինքն էլ իր հերթին հոխորտաց Արեգը,— կսատկացնեմ։

Վերջին բառի հետ Արեգը շպրտեց երրորդ քարը։ Հակոբը գոռաց. «Քար չգցես, թե չէ...» բայց արդեն ուշ էր՝ կատարվեց անուղղելին։ Լսվեց թույլ ճթթոց և անձավը թաղվեց թանձր մթության մեջ։ Մի պահ տղաներից ոչ մեկը չհասկացավ տեղի ունեցածի ահավորությունը։ Բայց հաջորդ պահին չորսն էլ հասկացան և միանգամից թևաթափ եղան՝ երրորդ քարը կպել էր լապտերին, կոտրել լամպն ու ապակին։ Շրջապատում ամեն ինչ քար կտրեց միանգամից, անսպասելիորեն։ Չէր լսվում նույնիսկ տղաների շնչառությունը։

Համատարած լռության մեջ պայթեց Արեգի ճիչը.

— Ես արեցի։ Մեղավորը ես եմ։ Լապտերը ես կոտրեցի, սպանեցեք ինձ...

— Բա չէ, կթողնենք,— ֆշշացրեց Լևոնն ու նետվեց մթության մեջ չերևացող տղայի կողմը։


Գլուխ երկրորդ

— Գուցե նորից վերադառնանք քարանձա՞վ...

Դա հուսահատության ճիչն էր, որ կիսաձայն արտաբերված հնչյուններով պոկվեց Հասմիկի չորացած շուրթերից։

Քանի օր ու գիշեր, ինչպիսի դժվարություններ էին հաղթահարել այդ երջանիկ պահի՝ բաղձալի ելքին հասնելու համար. ու հիմա...

«Գուցե նորից վերադառնանք քարանձա՞վ»։

Իսկ ի՞նչ նոր բան կարելի է գտնել այդ քարե բանտում, որի միակ (նրանց կարծիքով դա միակն էր) ճանապարհր ավարտվել էր անդունդի վրա կախված ան բազրիք պատշգամբով։ Ո՛չ, ո՜չ մի վերադարձ. արևի լույսը, երկինքը, անձրևը, անմատչելի հեռվում կանաչին տվող անտառի հորձանքը հազար անգամ ավելին արժեն անձավի խոնավ ու ցուրտ մթությունից։ Ո՜չ։

Արամը նայեց ծնկներն ամուր գրկած Հասմիկի բարալիկ սրունքներին, հուսահատությունից գեղեցկացած դեմքին, քաղցից, ծարավից, հոգնածությունից դալկացած այտերին և անզոր կրճտացրեց ատամները։ Ամաչեց, փախցրեց հայացքը։ Հետո նորից նայեց և հարցին պատասխանելու փոխարեն քրթմնջաց.

— Գոնե մրջյուններ լինեին։

— Իսկ այն ժամանակ զզվում էիր,- ակնոցի ապակիների տակ Գագիկի աչքերը աշխույժ փայլեցին՝ ասես նրանք էլ ուրախացան Արամի ձայնը վերջապես լսելու համար,— հիշո՞ւմ ես, թո՜ւ, թո՜ւ էիր անում, բողոքում էիր, ասում էիր մյուս անգամ չփորձես ինձ այդպիսի հիմարություն առաջարկել։

Արամը մտազբաղ նայեց Գագիկին։

Ընկերոջ հանգստությունն այս էլ որերորդ անդամ շշմեցնում էր նրան։ Արամը ոչ մի կերպ չէր կարողանում համոզել իրեն, որ մրսելուց ու մայրիկից վախեցող այդ միջատասերը, որի հետ գյուղի տղաներից շատերը կամաչեին նույնիսկ կռվել՝ հանկարծ կարող է այդքան համարձակ, անահ ու հաստատակամ դառնալ։ Այդ փոփոխությունն Արամի համար հանելուկ էր, անլուծելի հանելուկ։

— Հիմա մեզ փնտրելիս կլինեն,— լռությունը խզեց Հասմիկը։

— Ըմ՜մմ,— Արամը գլխով արեց։ Ո՞վ գիտե քանի գիշեր ենք մնացել քարանձավում։

Նա ցանկանում էր ասել, թե մեզ վրա հիմա խաչ քաշած կլինեն, բայց չասաց։ Վախեցավ, հիշեց, որ իր ասածն ինքն էլ էր լսելու։ Հասմիկը նույնպես հասկացավ նրան և հենց դրա համար էլ շարունակեց.

— Ուղղաթիռով կգան ու կգտնեն մեզ։

— Ուղղաթիռո՞վ։

— Իհարկե։ Դու մոռացե՞լ ես, որ իմ հորեղբայրը օդաչու է։

— Չէ՜, չեմ մոռացել։ Իմ հորեղբայրը նույնպես օդաչու է։ Երկուսով կգան ու կգտնեն մեզ։

— Իմ հորեղբայրն էլ է օդաչու,— խոսակցությանը խառնվեց Գագիկն ու ժպտալով աչքով արեց Հասմիկին,— երեքով կգան մեզ գտնելու, յուրաքանչյուրիս համար մի ուղղաթիռ։

Հասմիկն ու Արամը նույնպես ժպտացին՝ կոտրված, փշրվող ժպիտներով։

— Կյանքումս առաջին անգամ եմ ուղղաթիռ նստելու,— թնկթնկաց Հասմիկը։

— Իսկ Արամն ու ես այնքան ենք նստե՜լ, հազար անգամ՝ մեր հորեղբայրների ուղղաթիռները։ Նույնիսկ քշել ենք, ավելի ճիշտ, ես եմ քշել, Արամը՝ չգիտեմ։

Հասմիկը նայեց տղաներին, փորձեց նորից ժպտալ, բայց փոխարենը հանկարծ սկսեց հեկեկալ.

— Ես... ես...

— Ի՞նչ ես տզզում,— զայրացավ Գագիկը։

— Ես...

— Չէ՜, ուղղաթիռը։ Մոռացա՞ր, դաշտ գնալիս պարծենում էիր, ես էլ Զոյայի նման կվարվեի, ես էլ Լյուբայի նման կվարվեի, ես էլ... իսկ հիմա տզզում ես, ինչպես փոքրիկ երեխա։

— Ախր... ախր այս բոլորի մեղավորը ես եմ, ախր...

— Դե լավ,— կիսաձայն ասաց Արամը։

— Մեղավոր, չէ՜ մի,— Գագիկը նորից ժպտաց,— կարծես հեքիաթի մութ աշխարհն ենք ընկել ու ինքն էլ ինքնամեղադրական է արտասանում։ Ճանապարհորդություն էր, էլի, մեզ համար ման եկանք։ Դեռ, արդարությունը պահանջում է, որ քեզ նույնիսկ շնորհակալություն հայտնենք։ Ապա, մի հիշիր, թե ինչեր հայտնաբերեցինք,— Գագիկը սկսեց թվարկել ու հետն էլ ծալել մատերը,— ապա հիշիր. գետի հունը՝ մեկ, հին ասպետը՝ պատմաբանները դրա համար մեզ ձեռքերի վրա կթռցնեն՝ երկու, տորֆը... Հենց միայն տորֆն էլ բավական է, որ մեր եռյակի անունը աշխարհով մեկ թնդա։ Գիտե՞ս թե ինչ է նշանակում տորֆը։ Եթե պաշարները մեծ լինեն, ուրեմն մեր գյուղը կդառնա նշանավոր, կմտնի աշխարհի քարտեզի մեջ, գյուղը երկաթուղի կգա։ Իսկ դու ասում ես՝ իմ պատճառով... Այո, քո պատճառով Արամն ու ես, ու դու էլ մեզ հետ՝ կդառնանք նշանավոր անձնավորություններ, ինչպես Թոմ Սոյերն։ Ու դրա համար ամբողջ կյանքում երախտապարտ կմնանք քեզ, ինչպես Թոմը՝ Բեքքիին։

Հասմիկը ժպտաց.

— Թոմն ու Բեքքին ի՞նչ կապ ունեին։

— Ո՞վ գիտե, ասում եմ, էլի։

— Երկաթուղու, տորֆի և մյուսների պե՞ս։

— Չէ, ազնիվ խոսք, նրանք շատ լուրջ բաներ են։

— Գիտեմ,— ասաց Հասմիկն ու ժպիտը նորից նրա դեմքից մաքրվեց։

Տիրեց լռություն։

Մանրիկ կաթիլներով թափվող անձրևը, որ քարանձավից դուրս գալիս դիմավորել էր եռյակին՝ վաղուց կտրվել էր։ Երկնքով մեկ զբոսանքի ելած մոխրագույն ամպերի արանքում բացված ճեղքից փայլում էր արևը։ Փոքրիկ հարթության կենտրոնում կանգնած Գագիկի ստվերը նկարվել էր ժայռոտ պատի վրա։ Ինչքա՜ն էր այդ պատը հուսախաբ արել մեր հերոսներին։ Պատի վրա կարգին ցցվածներ կային՝ լայն, ուղիղ, միմյանցից մատչելի հեռավորության վրա, ասես պատրաստված իջնելու կամ բարձրանալու համար։ Մի խոսքով, երեքից ոչ մեկը նույնիսկ մի վայրկյան չէր տատանվի՝ վայրէջքն սկսելու համար, բայց... անբնական էր պատի թեքությունը՝ հիմքն ընկած էլ ավելի խոր, քան գագաթը։ Անհասկանալի մի ուժ, ինչ֊որ ժամանակ գերբնական, հզոր մուրճով ասես խփել էր ժայռի մեջքին ու հիմքը տարել֊մտցրել քարանձավի տակ՝ գագաթից ետ, նրան տալով բոլոր սովորական ժայռերից տարբեր տեսք:

Գագիկը երկար մնաց կանգնած։ Հետո կանգնելուց ձանձրացավ ու նստեց՝ հենց հարթակի կենտրոնում, այնտեղ, ուր կանգնած էր և նայեց վեր՝ երկնքին։ Ասես սպասում էր, որ այնտեղից իսկապես պետք է գան իր և ընկերների հնարած հորեղբայրների չունեցած ուղղաթիռները։

— Գոնե մրջյուններ լինեին,— դա Արամի գլխում պտտվող միակ, հաստատուն միտքն էր, որ երբեմն-երբեմն էլ ձանձրանում էր պատվելուց ու ժայթքում։

— Ի՞նչ,— Գագիկը լսել էր նրա ձայնը։

Արամը չպատասխանեց.

— Ի՞նչ ասացիր։

— Ասացի գոնե մրջյուններ լինեին։

— Ի՞նչ ես անում։

— Տուփերդ լցնեի,— զայրացավ Արամը։ Իհարկե, ցրվածության նման դեպքեր Գագիկի հետ հաճախ էին պատահում։ Ասում են, որ մի անգամ, բնագիտության դասի ժամանակ նա չէր կարողացել պատասխանել անուն, ազգանունդ հարցին և իր անուն, ազգանունը գրել էր ուղիղ հինգ անգամ ուսուցչուհու կողմից հարցը կրկնելուց հետո։ Այդ մասին Արամն, իհարկե, գիտեր։ Գիտեր նաև նման ուրիշ դեպքեր։ Բայց դրանք բոլորը պատահել էին բացարձակապես այլ պայմաններում և ոչ թե...

Արամը զայրույթից փայլող աչքերով նայեց նրան, իսկ Գագիկը շարունակեց նորից նույն ցրվածությամբ.

— Ուր լցնեի՞ր։

— Տուփերդ։

— Ի՞նչ տուփ։

— Քո, քո տուփերը։

— Ի՞նչ լցնեիր։

— Թյու... հասկա...

Արամը չկարողացավ շարունակել, Գագիկը բղավեց ամբողջ ուժով.

— Գտա՜։

— Միջա՞տ։

Այս անգամ Գագիկը լսեց ընկերոջ ասածն ու հասկացավ.

— Չէ՛, բկլիկ, ճանապարհ։

Չհասկանալու հերթն արդեն Արամինն էր, իսկ հետո նաև Հասմիկինը.

— Ճանապա՞րհ։

— Ո՞ւր է։

— Որտե՞ղ։

— Ցույց տուր։

Արամն ու Հասմիկը տեղերից թսան և ամբողջ ուժով սկսեցին քաշքշել Գագիկի թևերը։

— Հանգիստ,— Գագիկը մի կերպ ազատեց թևերն ընկերների քաշքշոցից և ժայռի մեջ բուսած զույգ ծառերը ցույց տալով ասաց,— դրանք ուռիներ են, իսկ ուռի շիվերից կարելի է պարան գործել և իջնել։

— Հա՞,— Արամը կասկածանքով նայեց վեր։ Ծառերը նա տեսել էր ընկերոջից շուտ։ Ուռիները երկուսն էին և բուսել էին հենց ժայռի վրա՝ ելքի ճակատին։ Ինչպե՞ս էր ուռենին եկել և ցցվել քարերի մեջ։ Արամը լավ գիտեր, որ ուռենին աճում է առուների եզրին, ջրառատ տեղերում։ Հենց այդպես էլ ասաց Գագիկին.

— Դրանք ուռենի չեն, մի ոգևորվիր։

— Ուռենի են,— պնդեց Գագիկը,— լա՛վ նայիր, կհամոզվես։

Արամը գլուխը շարժեց.

— Ինձանից լավ գիտես, որ այստեղ ուռենի աճել չի կարող։

— Ջրի համար ես ասում, չէ՞,— Գագիկը ժպտաց,— ես այդ մասին արդեն մտածել եմ։ Հիշո՞ւմ ես, անձավում ասացինք, որ ճանապարհով մի ժամանակ գետ է հոսել, հետո խոնավ քարը, որ լիզեցինք, ծարավներս անցավ։ Ուրեմն այս կողմերում ինչ֊որ բան մնացել է. մի պստլիկ առու քարերի մեջ կորած, և ուռենու արմատները հասել են այդ առվին։

— Հը՞,— երևում է, որ Գագիկի բացատրությունը համոզել էր Արամին, որովհետև չշարունակեց։

— Բայց մի՞թե դա կարևոր է,— խոսակցությանը խառնվեց Հասմիկը։

— Եթե ուռենի չլինի,— պարան գործելն անհնար է,— փնթփնթաց Արամը,— չարչարանքներս կլցվի ջուրը։

Թերևս Արամը ցանկանում էր շարունակել իր դատողությունը, բայց Գագիկը թույլ չտվեց.

— Անցնենք գործի։ Ժամանակ չկորցնենք,— ասաց նա ու սկսեց քրքրել ուսապարկը։ Փնտրածն ուսապարկում չէր։ Նայեց գրպանները, հետո նորից ուսապարկը, նորից գրպանները։

— Ի՞նչ ես փնտրում,— հետաքրքրվեց Հասմիկը, որ շտապում էր բոլորից շատ՝ վախենալով, որ Արամը կարող է նոր պատճառաբանություններ գտնել և խափանել սկսած գործը։

— Ինձ մոտ դանակ պետք է լիներ,— փնթփնթաց Գագիկը։

Հասմիկն անմիջապես դատարկեց ուսապարկի պարունակությունը։ Արամը նայեց իր գրպանները։ Գագիկը նորից ստուգեց գրպանները՝ չկա։ Նրանք էլ փնտրեցին, որովհետև ճյուղերն առանց դանակի կտրատելը դժվար էր և, որովհետև երեքից ոչ մեկը չգիտեր, որ դանակն ընկել է դեռևս հին ամրոցում դուրս գալու պահին ու որպես իրեղեն ապացույց հիմա դրված է ընկեր Առնակի չհրկիզվող պահարանում՝ պատուհանից աջ գտնվող պատի տակ։

Անօգուտ որոնումներից հետո, Արամը կիսաձայն ասաց.

— Գուցե փորձենք ձեռքո՞վ։

— Դժվար է,— քրթմնջաց Գագիկը,— բայց ուրիշ ճար չկա։

Առաջինը վեր բարձրացավ Գագիկը։ Հասմիկն ու Արամը կանգնեցին մուտքի դիմաց՝ դեմքով դեպի ժայռը, իսկ Գագիկը բարձրացավ նրանց ուսերին և սկսեց աշխատել։ Պարզվեց, որ ծառերն իսկապես ուռենիներ են։ Երևի Գագիկի տեսությունը՝ ժայռի մեջ առու կամ նման մի բան լինելու մասին, ճիշտ էր։ Համենայն դեպս, դալար ճյուղերը ճկուն էին, և դժվարությամբ էին կտրատվում։ Մի քիչ աշխատելուց հետո Գագիկին փոխարինեց Արամը, հետո՝ նորից Գագիկը։ Հասմիկին թույլ չտվին, ասացին աղջկա բան չէ։

Ավելի հեշտ էր պարան գործելը։ Այստեղ արդեն մասնակցեցին երեքը միասին և գործն արագությամբ ավարտեցին։

Արևի կարմիր, մեծ սկավառակը նոր էր նստել հորիզոնի շուրթին, երբ նրանք ավարտեցին իրենց աշխատանքը։ Երկու կողմից ձգելով փորձեցին ամրությունը՝ լավ էր։ Մի ծայրն օղակ արին ու գցեցին ելուստի վիզը։ Օղն ամուր նստեց։ Հիմա արդեն կարելի էր իջեցնել պարանը։ Գագիկը կասկածում էր, որ մինչև գետին չի հասնի։ Բայց կասկածն իզուր էր, պարանից մի քիչ էլ նույնիսկ ավելացավ։

— Առաջինը ես,— պարանի ծայրը գետնի վրա ոլորվելը տեսնելուն պես, ձեռքն առաջ պարզեց Արամը։

Գագիկը չհամաձայնեց.

— Իմ գյուտն է, եթե իրեն չարդարացնի, թող ես լինեմ տուժողը,— ժպտալով ասաց նա,— առաջներում, կամուրջ պատրաստող վարպետներն իրենց ընտանիքը նստեցնում էին կամրջի տակ, իսկ իրենք կառքով անցնում էին վրայից։ Կամրջի պես մի բան էլ մեր պարանն է։ Ցտեսություն։

Վերջին բառն արտասանելու հետ նա շուլալվեց պարանին և անհետացավ քարե բազրիքի տակ։ Հյուսված շյուղերը ձգվեցին, պլոկվեցին։ Առանց հայացքները պարանից կտրելու Արամն ու Հասմիկը կողք-կողքի պառկեցին հարթակի վրա և գլուխները եզրից կախելով, սրտատրոփ սկսեցին հետևել օդում տարուբերվող Գագիկին։

✻    ✻



Արամն իջավ վերջինը։

Պարանի ծայրից բռնած Գագիկն սպասեց մինչև նա հասնի գետնին և անմիջապես հարցրեց.

— Լսիր, իջնելիս դու որևէ բան զգացի՞ր։

— Ոչ,— Արամն շտապում էր, որքան կարելի է շուտ հասնել անտառ, ուտելու որևէ բան գտնել, քանի դեռ մութը վրա չէր տվել։ Բայց Գագիկը պոկ չեկավ. Արամի «ոչ»֊ը նրան չէր բավարարել։

— Չի կարող պատահել։

— Դե չզգացի, էլի,

— Ոչի՞նչ չզգացիր։

— Ոչ, ոչ։ Վա՜յ...

Գագիկը շրջվեց Հասմիկի կողմը.

— Իսկ դո՞ւ։

Արամը մտքում մի կուշտ հայհոյեց իրեն՝ ուտելի և թունավոր սունկերը տարբերել չկարողանալու համար։ Անձրև էր եկել, հիմա անտառը բերնեբերան սունկ է, իսկ նա... «Դդում, հիմար»։ Մեկը հենց Գագիկը, քանի՞ անդամ էր համոզել, որ սովորի սունկերի տեսակներն իրարից տարբերել։ Իսկ ինքը. «Ինչի՞ս է պետք... դե հիմա ավանակի նման ականջներդ շարժիր ու սպասիր, թե երբ կբարեհաճի մեծն պայծառափայլություն Գագիկը կերակրել քեզ։ Եվ աստծուն էլ դեռ փառք տուր, որ նա այստեղ է։ Որովհետև կարող էր այստեղ չլինել և դու...» Արամը նորից հայհոյեց իրեն ու քաշվեց մի կողմ, սպասելու մինչև Գագիկն ավարտի իրեն հուզող հարցի պարզաբանումը։

Հասմիկը, որ քաղցփց տանջվում էր Արամից ոչ պակաս և նրա չափ էլ շտապում էր որքան կարելի է շուտ հասնել անտառ՝ միանգամից չհասկացավ Գագիկի պահանջը և վերջինս, ստիպված կրկնեց հարցը.

— Դու որևէ բան չզգացի՞ր։

— Իսկ ի՞նչ պետք է զգայի։

— Հոտ։ Օծանելիքի ուժեղ հոտ, բուրմունք՝ գլուխ պտտելու աստիճանի ուժեղ։

— Այո, ճիշտ է, զգացի,— ասաց Հասմիկը,— դա համարյա ճանապարհի վերջում էր, ստորոտի մոտ։ Այնտեղ ինչ֊որ մութ խոռոչ կար, խոռոչից էր գալիս։

— Ես նույնպես զգացի,— խռոված-խռոված փնթփնթաց Արամը։

Գագիկը ուրախացած նայեց ընկերներին։

— Ճիշտ է խոռոչից էր գալիս։ Գլուխ պտտեցնող բուրմունք...

— Այո, այո, գալիս էր, գալիս էր,— ոգևորված, ընկերոջն ընդհատեց Արամը,— լսիր, դու որոշել ես մեզ քաղցից սպանե՞լ։

— Հետաքրքիր է,— Գագիկը ոչ մի ուշադրություն չդարձրեց Արամի զայրույթին,— անպայման պետք է պարզել։

— Իհարկե,— հեգնեց Արամը,— անպայման պետք է. պետք է պարզել։

— Այո, եղած֊չեղածը մի հինգ րոպեի պատմություն է,— ասաց Գագիկն ու փորձեց մոտենալ պարանին։

Բայց Արամը թույլ չտվեց։ Նա ուժով պահեց Գագիկին.

— Հետո, Գագիկ ջան, հետո կպարզենք։

— Հետո՞։

— Ըհը։ Ասենք վաղը։

— Բայց... իսկ ինչո՞ւ ոչ հիմա։

— Որովհետև,— նորից խոսակցությանը խառնվեց Հասմիկը,— հիմա այնտեղ մութ է և ոչինչ չի հաջողվի պարզել։

Գագիկը քթի վրա ուղղեց ակնոցը։ Ժպտաց.

— Ինչ հիմարն եմ ես։

— Նորություն չէ քո հիմար լինելը,— կատակեց Արամը։

«Ինչքան լավ տղա է այս Գագիկը»,— մտածեց Հասմիկը։

Արամն ասաց.

— Դե գնանք։

Այս անդամ Գագիկը հակառակելու ոչինչ չուներ, և եռյակը, համարյա վազելով գնաց դեպի անտառի կանաչ զանգվածը։

Արդեն մութ էր, երբ նրանք հասան անտառ։

— Դուք չորուկներ հավաքեք՝ խարույկի համար,— առանց կանգ առնելու հրամայեց Գագիկը,— իսկ ես վազեմ սունկի։

Արամն անմիջապես կպավ գործի։ Հասմիկը գնաց Գագիկի ետևից։

— Ո՞ւր ես գալիս,— զարմացավ Գագիկը, որ գնում էր մամռածածկ բներով հսկա կաղնիների ու կաղամախիների կողմը։

— Քեզ հետ,— ժպտաց Հասմիկը,— ուզում եմ սունկ հավաքել սովորեմ։

— Ինչո՞ւ չես գալիս չորուկներ հավաքելու,— ձայնեց Արամը։

Հասմիկը չպատասխանեց։ Սպասում էր Գագիկի թույլտվությանը։

— Իսկական սունկ հավաքելու ժամանակ է,— փնթփընթաց Գագիկը։

— Ուրեմն չե՞ս ուզում, քեզ հետ գամ։

— Լավ, արի,— Գագիկը թափ տվեց ձեռքը,— միայն թե տես, ինքդ ոչ մի սունկ չես պոկի։ Թե չէ հանկարծ կսխալվես ու...

— Չեմ պոկի։

Արամը զայրացած նայեց ծառերի ետևում անհետացող տղային ու աղջկան, շարժեց գլուխը և առանց ոգևորության շարունակեց քարշ տալ չորացած ճյուղերն ու ծառարմատները։ Հետո, երբ խարույկի համար անհրաժեշտ փայտն արդեն հավաքված էր, նա պայուսակի մեջ գտավ անհրաժեշտ տուփը, այսինքն այն, որի մեջ լուցկու հատիկներ կային և մանրիկ տաշեղներից փոքրիկ կույտ կազմելով՝ վառեց։

Կրակի լեզուներն արդեն հասել էին կիսամութի մեջ սևի հետ ձուլվող ծառերի սաղարթներին, երբ վերջապես Հասմիկն ու Գագիկը երևացին։ Գագիկը հանել էր վերնաշապիկը, վիզն ու թևերր կապել դարձրել պարկ և բերնեբերանն լցրել սունկերով։ Հասնելով խարույկին նա վերնաշապկի պարունակությունը դատարկեց գետնին՝ կրակի մոտ ու ասաց, որ անհրաժեշտ է մեկ անգամ նորից ստուգել՝ վախենում էր մթության պատճառով հանկարծ թունավորները հավաքած լինեն։

— Վերցնում ենք միայն սպիտակները, կարմիրն ու մոխրագույնը գցում ենք։

Առանց սունկերի կողմը նայելու, ձեռքի երկար փայտով Արամն սկսեց խարույկի մի անկյունում տեղ բացել խորովածի համար։ Խաղում էր կրակի հետ ու մտածում Հասմիկի մասին. «Ինչո՞ւ չմնաց ինձ հետ։ Գագիկը գիտնակա՜ն է։ Քաղաքացի կաչաղակ։ Կարծում է միշտ անտառում ենք մնալու, որ Գագիկի գիտնականությունն անցնի։ Վաղը գյուղ կհասնենք, չէ՞...»։ Մտքերով տարված նա չնկատեց, որ Գագիկը հասցրել է մեկ անգամ նորից ստուգել սունկերը։ Ոչինչ չթափվեց։ Բոլորն ուտելի էին։ Գագիկը սկսեց սունկերը զգուշորեն տեղավորել կրակի վրա՝ այն մասում, որտեղ ածուխները այնքան էլ շիկացած չէին։ Հետո ծածկեց կրակի վերմակով։

Քիչ անց շրջապատն արդեն լցվել էր խորոված սունկի անուշ բուրմունքով։

— Կարծես թե եփվեց,— թուքը կուլ տալով ասաց Արամն ու բացեց կրակը։

Սպիտակ սունկերը կարմրել էին, արնագույն դարձել։ Գագիկը ասաց, որ լավ կլիներ մի քիչ էլ մնային կրակին, բայց Արամը չհամբերեց.

— Իսկական ուտելու ժամանակն է,— ասաց և ձեռքի երկար ձողով մոտեցրեց կրակի ամենաթեժ մասում տեղավորված հաստափոր սունկը, որը կարմրել էր մյուսներից ավելի։ Մի քիչ գլորեց գետնի վրայով սառեցնելու համար և մի ձեռքից մյուսը նետելով մեկնեց Հասմիկին.

— Վերցրու։

Հասմիկր չհրաժարվեց։ Մոռանալով նույնիսկ շնորհակալություն հայտնել, վերցրեց սունկն ու բերանն այրելով սկսեց ուտել։

— Ի՜նչ համեղ է, ոնց որ շոկոլադ։

— Բա ես անհամ սունկ կհավաքե՞մ,— լիքը բերանը հազիվ շարժելով կատակեց Գագիկը։

— Դե լավ, հա՜, ես էլ կարծում էի մի դժվար գործ է սունկ հավաքելը։ Այնինչ մեկ֊երկու և պատրաստ է։

— Իսկ գտնե՞լը։ Քո կարծիքով սունկերն անտառում թափված են, հա՞։

— Ամբողջ օրն անձրև էր գալիս։

— Հետո ի՞նչ։

— Անձրևից հետո՝ սունկ ինչքան ուզես, դա արդեն աշխարհը գիտե։

— Իսկ փնտրե՞լը։

— Դու չփնտրեցիր,— Հասմիկն սկսեց երկրորդ սունկը։

Արամը չէր խառնվում խոսակցությանը՝ ձևացնում էր, որ զբաղված է ուտելով, ժամանակ չունի։

Գագիկը լսեց Հասմիկի ասածն ու քմծիծաղ տվեց։

— Որովհետև գիտեի՝ սպիտակ սունկն աճում է կեչիների, եղևնիների, ու կաղնիների մոտ։ Շրջապատում եղևնիներ ու կեչիներ չկային, դրա համար էլ վազեցի ուղիղ կաղնիների մոտ։

— Ըմ՜մմ։

— Բա՜։

Հասմիկը վերցրեց կրակի մոտ դրված երրորդ սունկը և նորից նայեց Գագիկին։ Արամն ու Գագիկը արդեն սկսել էին չորրորդը։

Հասմիկն ասաց.

— Իսկ ինչպե՞ս հասկացար, որ սրանք ուտելի են։ Հավաքելու ժամանակ լրիվ մութ էր և դու համարյա չէիր կարողանում սունկերը տարբերել։

— Դրա համար էլ ջոկեցի միայն սպիտակները։ Իսկ պղպեղասունկին, շեկլիկին և կարմրագլխին ուշադրություն չդարձրեցի։

— Ուրեմն դրանք նույնպես ուտելի են, հա՞։

— Իհարկե։ Աշխարհում գոյություն ունի սնկերի յոթանասուն հազար տեսակ, որի մեջ մեծ թիվ են կազմում ուտելիները, այնպես որ... ուտելի են կեչասունկը, յուղասունկը, աղվեսասունկը, կոճղասունկը, մորեխասունկը, մորկեղասունկը...

— Եվ դրանք բոլորը կարելի է միմյանցից տարբերե՞լ։

— Ըհը,— Գագիկը գլխով արեց,— կարելի է, միայն թե դրա համար անհրաժեշտ է մոտիկից ծանոթ լինել նրանց բոլորի հետ։

— Յոթանասուն հազարի՞։

— Չէ, ինչո՞ւ, պարզապես դասերի։

— Ըմ՜մմ,— Հասմիկը տարուբերեց գլուխը,— հետաքրքիր է։

— Իհարկե, շա՜տ,— Արամն այնուամենայնիվ չկարողացավ չմիջամտել,— շա՜տ է հետաքրքիր։

— Բայց ոչ քեզ համար,— Արամի ծաղրը հասկացավ ու կոպիտ պատասխանեց Հասմիկը։

— Ինչո՞ւ այդպես հանկարծ։

— Որովհետև դու միայն մեծ-մեծ խոսել գիտես։ Եթե քեզ համար իրոք հետաքրքիր լիներ, դու էլ կկարողանայիր դրանք տարբերել։

— Իսկ դու բնագիտություն չես անցե՞լ,— Արամը քմծիծաղ տվեց։

— Եթե քեզ նման ապրեի գյուղում, անտառին կպած, անպայման կճանաչեի,— չնահանջեց Հասմիկը։

— Քեզ է թվում։ Քաղաքում շատերը կան, որ ուտելի սունկը կարողանում են թունավորից տարբերել։

Տեսնելով, որ վեճը երկարում է Գագիկը միջամտեց։ Ասաց.

— Իսկ գիտե՞ք, որ սունկերի որոշ տեսակներ երկրագնդի մի մասում համարվում են թունավոր, իսկ այլ տեղերում նույն սունկն ուտելի է։

— Հետաքրքիր է,— զարմացավ Հասմիկը։

— Իհարկե։

— Բա, որ ասում եմ,— ժպտաց Արամը։

— Ի՞նչ ես ասում,— Հասմիկն արդեն կշտացել էր և ձեռքի կիսակերած սունկը նետեց բոցերի մեջ,— հը՞, ինչ ես ասում։

— Ասում եմ, որ սունկ հավաքելը աշխարհի ամենամեծ, ամենալուրջ, ամենապատասխանատու, ամենադժվար, ամենածանր, ամենա, ամենա, ամենադժվար մասնագիտությունն է։

Գագիկը ծիծաղեց ու բարձրացավ տեղից։

— Ճիշտ է,— ասաց նա, ու սկսեց խարույկի մոտ քարշ տալ հաստ, չոր ծառարմատները։

«Ինչ լավ տղա է»,— նորից մտածեց Հասմիկը։ Եթե չլիներ քարանձավում անցկացրած օրերը, երևի մտածեր, որ Գագիկը վախից է այդպես վարվում, բայց հիմա համոզված էր, որ նա վախկոտ չէ բոլորովին, նա պարզապես լավ տղա է։

Արամը նույնպես բարձրացավ, ընկերոջն օգնելու։

— Գիշերը խարույկը վառվելո՞ւ է,— հարցրեց Հասմիկը։

— Այո,— համարյա միաժամանակ պատասխանեցին տղաները, շարունակելով կրակի վրա կոճղեր նետել։

Իսկ քիչ անց արդեն խարույկի շուրջը խոր լռություն էր տիրում։

Պառկելուն պես Գագիկը նորից հիշեց ժայռի ստորոտի բուրավետ խոռոչը, ցանկացավ այդ մասին նոր խոսակցություն սկսել, բայց Հասմիկն ու Արամը արդեն քնել էին։

— Լավ, առավոտյան կխոսենք,— ինքն իրեն շշնջաց Գագիկն ու փակեց աչքերը։ Էլի ինչ֊որ ժամանակ ունկընդրեց անտառի խորհրդավոր ձայներից կազմված աղմուկը, մտածեց իրենց տանեցիների մասին՝ մի քիչ վախեցավ, մի քիչ վատ զգաց, մի քիչ ամաչեց՝ նրանց անհանգստություն պատճառելու համար, հետո մտածեց, որ ինքը նույնպես մեղավոր չէ ու դրանից փոքր-ինչ հանգստացավ։ «Տեսնես քանի՞ օր ենք մնացել քարանձավում. երե՞ք, հի՞նգ, ավելի՞ն... գուցե մեկ ամի՞ս... չէ մի»։ Եվ ինքն էլ չհասկացավ, թե ինչպես քնեց՝ չարագուշակ փոսի մեջ ընկնելուց հետո. առաջին անգամ հանգիստ ու անխռով։

✻    ✻



Առաջինն արթնացավ Արամը։

Խարույկը վաղուց հանգել էր և միայն տեղ֊տեղ մոխրի տակից աչքով էին անում հատուկենտ կայծերը։

«Մյուս անգամ առանց հերթապահություն սահմանելու չենք քնի,— մտածեց նա,— ինչ ասես, որ չի կարող պատահել»։ Բայց անմիջապես էլ հիշեց, որ գիշերն արդեն կլինեն տանը։

«Տեսնես ինչ կանեն։ Կզայրանան։ Բա, չզայրանա՞ն, հայրիկը գուցե և ծեծի,— Արամը փորձեց հիշել, թե վերջին անգամ հայրիկն իրեն ե՞րբ է ապտակել և ինչի՞ համար։ Չհիշեց՝ ոչ առաջինը, ոչ վերջինը,— չէ՜, չի ապտակի։ Տեսնես գյուղում ի՞նչ են ասում մեր մասին։ Հիմա երևի փնտրելիս կլինեն։ Անուշը... դե նա միշտ էլ խռովկանի մեկն է եղել, իսկ հիմա կմտածի, որ անպայման Հասմիկի համար ենք անհետացել։ Հաստատ չի խոսի՝ երկու շաբաթ։ Հետո կմոռանա ու կհաշտվի։ Իսկ Հասմիկի համար՝ Գագիկի աչքը լույս։ Ում պատմեմ չի հավատա, որ Հասմիկը Գագիկի հետ էր գնում սունկ հավաքելու։ Անուշն էլ չի հավատա։ Շատ պետքն է,— Արամի միտքը խելագար արագությամբ վազվզում էր գյուղի փողոցներով՝ իրենց տանից մինչև դպրոց, ֆուտբոլի դաշտ, ակումբ, գյուղամեջ։ Մտնում տները, դուրս գալիս և հետո նորից ընկնում քարանձավ,— Գագիկն ասում է, որ չտեսնված հայտնագործություններ ենք արել տորֆը, ասպետը... Ի՞նչ կա որ, երևի իսկապես հայտնագործություն են։ Բայց Գագիկը՝ բոլոր դեպքերում կեցցե։ Եվ Հասմիկն էլ երեկոյան ճիշտ բաներ էր ասում։ Ամոթ է, որ մինչև հիմա սունկերը չեմ տարբերում։ Ի՞նչ կլիներ, եթե Գագիկը մեզ հետ չլիներ։ Երկուսով ընկնեինք, կամ թե մեզ նման մի երրորդի հետ,— Արամը ժպտաց՝ տխուր իրականությունն արդեն երևում էր։— Չէ, Գագիկը ճիշտ էր ասում բնությունը ճանաչել պետք է»։

Նա գուցե երկար մնար հակասական մտքերից ստեղծված լաբիրինթոսի բարդ հանգույցներում, եթե կողքից չլսեր Գագիկի ձայնը.

— Այ թե քնել ե՜նք։

— Արթնացա՞ր։

— Մի քիչ։

— Իսկ ես լրիվ արթուն եմ։

— Հասմիկը դեռ մշմշացնում է։

— Կմշմշացնի։ Երեկոյան սունկ հավաքելիս երևի շատ է չարչարվել։

— Չէ, նա ոչ մի սունկ չհավաքեց։ Թույլ չտվեցի։ Վախեցա սխալվի։ Նա միայն կանգնել էր։

— Դա էլ հեշտ գործ չէ։

Այս անգամ Գագիկը որսաց ընկերոջ ձայնի մեջ թաքնված հեգնանքն ու շրջվեց նրա կողմը.

— Լսիր, Արամ,— Գագիկը ակնոցը դրեց քթին։

— Լսում եմ, ասա։

— Դու,— Գագիկի ձայնը դողաց,— դու...

— Հը՞։

Հասմիկը տեղում շարժվեց և տղաներն անմիջապես լռեցին.

— Հասմի՞կ,— կիսաձայն, համարյա շշուկով ձայն տվեց Արամը։

— Ինչ շուտ է լուսացել,— դժգոհեց դեռ կարգին չարթնացած Հասմիկը։

— Հա՜, արևը մոռացել էր քեզանից թույլտվություն վերցնել, ծագելու համար։

Հասմիկը ծիծաղեց ու կտրուկ շարժումով թռավ տեղից։ Փորձեց ուղղել ճխլտված շրջազգեստը։ Բան դուրս չեկավ։ Ստիպված հրաժարվեց այդ մտքից ու նայեց կիսապառկած տղաներին։ Ժպտաց։

— Բարի լույս, տղաներ։

«Ինչ լավ է ժպտում»— մտածեց Արամը։

— Բարի լույս,— ասաց Գագիկը։

— Բարի լույս,— ասաց Արամը։

— Այսօրվա համար ի՞նչ ծրագիր ունենք։

— Հասնել գյուղ,— անմիջապես պատասխանեց Արամը։

— Իսկ խոռո՞չը,— հարցրեց Գագիկը, միայն թե առանց որևէ մեկին դիմելու, ավելի շատ ինքն իրեն։

— Խոռոչը հետաձգենք մեկ ուրիշ անգամ։

— Ճիշտ է ասում,— Արամին պաշտպանևց Հասմիկը,— ես այնպես եմ կարոտել մայրիկին։ Նա հիմա... Խեղճ մայրիկ...

Գագիկը մտազբաղ հայացքով նայեց ընկերներին, թոթվեց ուսերը։

— Այո, վերադառնանք,— անսպասելիորեն համաձայնեց նա,— իսկ խոռոչի համար հետո կգանք։ Լապտերներով, ուտելիքի պաշարով, ջրով...

Հասմիկն ու Արամը բոլորովին չէին սպասում նման պատասխանի և անչափ ուրախացան։

Հիմա արդեն խանգարող ոչինչ չկար։

Խումբը ճանապարհ ընկավ։


Գլուխ երրորդ

Ընկեր Գեղամը մեկը մյուսի ետևից մաքրեց խոնավ ու փափուկ հողի վրա խզբզած բոլոր գծերը։

Կանաչների վրա կիսաշրջան կազմած խումբը միանդամից լռեց։ Եվ Գոհարը, և տղաները մոտիկից ծանոթ էին ջոկատավարի սովորությանն ու հասկացան, որ նա պատրաստվում է խոսել ամենակարևոր հարցի մասին։ Էլեկտրական հոսանքի պես միանգամից անջատվեց նույնիսկ Աշոտը, որը զայրույթից կաս-կարմիր կտրած ճգնում էր ապացուցել Կարենին նրա կատակների տափակ, հիմար և ավելորդ լինելը։

Ընկեր Գեղամը երկար չսպասեց։ Աջ ձեռքով խառնշտեց սև, կիսագանգուր մազերը և առանց դիմացը նստած Աշոտին նայելու ասաց.

— Ձեր վեճը տեղին էր։ Միայն թե Կարենին դու ճիշտ չհասկացար։ Կյանքում երևի առաջին անգամ նա չէր մտածում կատակելու մասին...

— Տեսա՞ր, մկան պոչ,— չհամբերեց Կարենը։

Աշոտը բավարարվեց բռունցք ցույց տալով։ Իսկ ջոկատավարը ձևացրեց, որ չի լսել Կարենի շշնջոցն ու շարունակեց.

— Ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է մեկ առ մեկ վերլուծենք բոլոր փաստերը, բոլոր հայտնիներն ու անհայտները,— ձեռքի շյուղով նա նկարեց երկու քառակուսի՝ քիչ առաջ մաքրած գետնի վրա,— բայց նախ ես ուզում եմ մեկ֊երկու խոսք ասել Հայկի բրուտագործության մասին։

— Այսպես որ գնաց, մեր պրոֆեսորի աման֊չամանը ցուցահանդես էլ կհասնի,— կողքին նստած Գոհարի ականջի տակ փսփսաց Կարենը։

Գոհարը խեթ֊խեթ նայեց նրան.

— Չէ՜, քո չաչանակությունը կհասնի։

Հայկը չլսեց նրանց փսփսոցը։ Ընկեր Գեղամի՝ «Հայկի բրուտագործության մասին» բառերից հետո ամաչկոտ կախել էր գլուխը։

Հայկի բրուտագործություն... եղած-չեղածը կճուճանման, տձև մի աման էր և ափսե հիշեցնող վեց հատ կավե սկավառակներ։ Դրանք Հայկը պատրաստել էր երկու օր առաջ, այսինքն եռյակի անհետանալու վեցերորդ օրը։ Ամանների լույս աշխարհ գալու պատճառը Սարգիսն ու Աշոտն էին, ավելի ճիշտ, նրանց կասկածները՝ որ կորածներն առանց սննդամթերքի չէին կարող վեց օր անտառում մնալ։ Հայկը չհամաձայնեց ընկերների հետ։ Պնդեց, որ անտառի բարիքներով ապրել կարելի է ոչ թե վեց, այլ տասնվեց, քսանվեց, երեսունվեց օր։ Եվ իր ասածն ապացուցելու համար առաջարկեց հրաժարվել գյուղից վերցրած մթերքներից ու սնվել այն ամենով, ինչ կարելի է ճարել անտառում։ Հետաքրքիր առաջարկ էր՝ բոլորը համաձայնեցին։ Առաջին օրը ջոկատը կերակրվեց խորոված սնկով։ Հենց նույն օրը երեկոյան էլ Հայկը ճանապարհին կավ հայտնաբերեց ու դրանով պատրաստեց կճուճը և ափսեները։ Հիմա արդեն պայմանները բացարձակապես նույնն էին, այսինքն այնպիսին՝ ինչպիսին եռյակի պայմանները։ Ամանեղենը պատրաստելուց հետո փնտրողների խոհանոցը դարձավ ավելի բազմազան։ Բայց Աշոտն սկսեց տրտնջալ։ Նա համաձայն չէր առանց հաց մնալու Հայկի առաջարկին։ Դա պարզվեց այսօր առավոտյան, երբ նախաճաշից հետո փորձեց համոզել Կարենին և մյուսներին, որ ինքն առանց հաց այլևս ոչ մի վայրկյան մնալ չի կարող։ Կարենն, իհարկե, չհամաձայնեց. «Ձևացնում ես, պարզապես ուզում ես Հայկի գյուտը չընդունել»— ասաց նա։ «Շատ պետքս է։ Ուզում է, թող օրական հազար հատ գյուտ անի»։ «Ստում ես։ շատ լավ էլ պետքդ է»։ «Այ քեզ մա՜րդ... հասկացիր, ես առանց հաց դիմանալ չեմ կարող»։ «Իսկ Ռոբինզոն Կրուզոն ինչպե՞ս դիմացավ»։ «Նա ստիպված էր»։ «Իսկ ինչո՞ւ ես կարծում, որ Արամենք նույնպես ստիպված չեն»— իրենը շարունակեց պնդել Կարենը։ «Ավելի վատ, ուրեմն կավ էլ չեն կարող ճարել, ուրեմն կարող է սունկ էլ չգտնեն»։ «Հայկը կարողացավ, ես ու դու կարողացանք, նրանք չե՞ն կարողանա...»։

Հենց այս խոսակցության ժամանակ էլ ընկեր Գեղամը ընդհատեց տղաներին։ Սկսելով Հայկի բրուտադործությունից նա հասավ մինչև Կարենի ու Աշոտի ամենավերջին վիճաբանությանը՝ հայտնիների և անհայտների համար առանձնացրած քառակուսիները լցնելով միայն իրեն հասկանալի նշաններով, որոնցից յուրաքանչյուրն իր ուղեկիցներից մեկն ու մեկի կարծիքն էր դեմը կամ կողմը։

Բոլորի կարծիքները մեկ առ մեկ մեկնաբանելուց հետո, նա ասաց.

— Ես այն կարծիքին եմ, որ մենք պետք է վերադառնանք։

— Վե՞րջ,— չհամբերեց Աշոտը։

— Ոչ, պարզապես մենք պետք է շարժվենք գյուղից ուղարկված տեղեկության հետքերով։

Տեղեկությունը, որի մասին ասում էր ջոկատավարը, ստացվել էր կեսօրին, խմբի չորքոտանի փոստատարի՝ Սարգսի շան միջոցով։ Երկտողում գրված էր հետևյալը.

«Ցախլեղտակենք առաջվա պես չկան։ Երեկվանից գյուղում լուրեր են պտտվում, որ նրանց տեսել են գետի ուղղությամբ գնալիս՝ դեպի «Ոսկե ափ» (գյուղում այսպես էին անվանում լողանալու համար ամենահարմար տեղը)։ Ոչ ոք չի հավատում ու առաջվա պես շարունակում են փնտրել և՛ սրանց, և՛ նրանց։ Իսկ «Ոսկե ափի» կողմը խումբ չեն ուղարկում։ Ընկեր Առնակը խոսակցություններին չի հավատում, ասում է. «Հեքիաթ է։ Տեսնողն ինչո՞ւ էր երեք-չորս օր հետո հիշում, որ նրանք այդ կողմն են գնացել»։ Հետո էլ ասում է, որ «Ոսկե ափում» ոչ թաքնվելու տեղ կա, ոչ փնտրելու, ուղղակի այդ կողմից են անտառ մտել։ Ճիշտն ասած, Ցախլեղտակենց համար այնքան էլ շատ չեն անհանգստանում, որովհետև նրանք իրենց հետ տարել են մթերքի մեծ պաշար և Արեգի պապն էլ ասում է, որ տղաները հենց սկզբից որոշած են եղել երկար մնալ։ Մի խոսքով, այսքանը»։

Խմբում վիճաբանություններ եղել էին նաև գրությունն ստանալու ժամանակ։ Եվ հիմա, լսելով ջոկատավարի որոշումը, որ իրենք վերադառնալու են գետափ, վիճաբանությունները վերսկսվեցին։

Առաջինը խոսեց Աշոտը.

— Ի՞նչ իմաստ ունի, ընկեր Գեղամ։

Ջոկատավարի հետ չհամաձայնելը դպրոցից եկած սովորություն էր։ Ընկեր Գեղամը շատ էր չարչարվել մոտ երեք ամիս, մինչև կարողացել էր աշակերտներին համոզել, որ իր կարծիքը վերջնականը չէ, որ իր ասածներին նույնպես կարելի է չահամաձայնել, կարելի է վիճել։ Ջոկատավարը հանգիստ պատասխանվեց.

— Ցանկանում ես ասել,— նա նայեց Աշոտին,— որ ընկեր Առնակի պատճառաբանոձթյոլնները հիմնավորված են, այո՞,

— Այո։

— Համաձայն եմ։ Բայց մյուս կողմից նաև համոզված եմ, որ Արամենք այսքան ժամանակ անտառում լինել չէին կարող։ Նրանք անպայման կհասկանային, որ իրենց համար անհանգստացողներ կլինեն։

— Ճիշտ է,— չհամբերեց Հայկը։

— Ուրեմն,— շարունակեց ընկեր Գեղամը,— նրանք ընկել են ինչ֊որ անելանելի վիճակի մեջ։ Թե ո՞րն է այդ անելանելի վիճակը՝ չգիտեմ, բայց համոզված եմ, որ Ցախլեղտակ ենք ճիշտ հետքի վրա են։

Եվ հավանաբար իրենք էլ ընկել են նույն անելանելի վիճակի մեջ, չէ՞, ընկեր Գեղամ,— հարցրեց Կարենը։

— Կարծում եմ,— ընկեր Գեղամը գլխով արեց։

Իսկ Կարենը նայեց Սարգսի խեղճացած կերպարանքին ու քթի տակ ժպտաց.

— Սաքո ջան, ա՛յ տղա, մի բան էլ դու ասա։

— Ի՞նչ ասեմ։

— Դե, մի բան, էլի... քո հեղինակավոր խոսքը։

— Ըմ՜մմ... ես,— Սարգիսը մի պահ մտածեց ու վեր կացավ տեղից,— գնամ ճաշին նայեմ, սնկապուրը որ շատ եփվեց՝ համը կկորցնի։

— Ա՛յ, ապրես։

Բոլորը ծիծաղեցին։ Անտարբեր միայն Հայկը մնաց։ Նա հարցրեց.

— Ուրեմն, գնում ենք գետա՞փ։

— Այո, Հայկ։

— Ուրեմն, դուք մտածում եք, որ նրանց ինչ-որ դժբախտությո՞ւն է պատահել։

— Համենայն դեպս՝ անակնկալ, չնախատեսված որևէ բան,— ուսուցիչը հերթով նայեց նստածներին։— Ճանապարհվում ենք վաղ առավոտյան՝ արևը չծագած։ Իսկ հիմա պատրաստվեք գիշերելու։

✻    ✻



— Դու դեռ չե՞ս քնել։

— Ոչ,— Հայկը նայեց քնապարկի մեջ կծկված Գոհարին,— մինչև երեքը պետք է հերթապահեմ։

— Հետո՞։

— Հետո գուցե քնեմ։ Այսինքն, եթե կարողանամ։

— Իսկ ես, որ գիշերն արթնացա, այլևս քնել չեմ կարողանում։

«Ավելի լավ»— Հայկի աչքերն ուրախությունից փայլեցին։ Բայց բարձրաձայն ասաց.

— Փորձիր հաշվել, կօգնի։

— Չէ, բան դուրս չի գալիս, փորձել եմ,— Գոհարը թուլացրեց քնապարկի կապիչը։ Նա դեմքով շրջվել էր դեպի խարույկը և ուշադիր նայում էր չոր փայտերի վրա պար բռնած կրակե լեզուներին։ Լույսի բեկբեկուն ցոլքն ընկել էր աղջկա ձվաձև դեմքին ու ներկել վարդագույնի ամենանուրբ երանգներով։ Խճճված մազերը, որ հենց նոր ազատվեցին քնապարկի կապանքներից՝ ալիքվել էին ուսերի վրա և սև թանձրությամբ կիսով չափ ծածկել աղջկա դեմքը։

Հայկը կախարդվածի պես նայում էր Գոհարին։ Ամաչում էր, ցանկանում էր փախցնել հայացքը, հեռացնել աղջկա մագնիս-դեմքից և չէր կարողանում։

— Գեղեցիկ է, չէ՞։

Գոհարի ձայնն էր, որը Հայկին թվաց հեռվից է գալիս, շատ֊շատ հեռվից՝ տիեզերքից կամ ավելի հեռվից։

— Ըհը՛, շատ։ Շատ է գեղեցիկ։

Գոհարը հասկացավ տղայի անջատված լինելն ու իրեն հատուկ չարաճճիությամբ հարցրեց.

— Ի՞նչն է գեղեցիկ, Հայկ։

— Ի՞նչը։

Գոհարը նայեց շփոթված տղային. «Տեսնես ի՞նչ կաներ, եթե իմանար, որ օրագիրը կարդացել եմ»։ Նա մի տեսակ վատ զգաց իրեն, ասես ինչ֊որ բան գողացած լիներ Հայկից։ «Երանի կարդացած չլինեի»։ Հասկացավ, որ ինքն էլ է քաշվում, ամաչում։ Եվ այդ զգացումն իրենից վանելու նպատակով շարունակեց խոսակցությունը՝ միայն թե բոլորովին այլ ուղղությամբ։

— Լսիր, Հայկ,— նա խոսեց առժամանակ լռելուց հետո,— դու նրանց համար չե՞ս անհանգստանում։

— Արամե՞նց,— Հայկը մտքում շնորհակալություն հայտնեց Գոհարին՝ խոսակցության թեման փոխւելու համար։

— Այո,— աղջիկը գլխով արեց,— արդեն ութ օր է։

— Ինը,— ճշտեց Հայկը,— ժամը երկուսն է, նոր օրն արդեն սկսվել է։

— Ի՞նչ կարող է պատահել։

— Ո՞վ գիտե։

— Քո կարծիքսվ։

Հայկը նորից ուսերը թոթվեց։

Գոհարը մտքում զայրացավ. «Դե արի հավատա, որ այն տողերը սա էր գրել, իսկական արձան։ Բառերը աքցանով պետք է գուրս քաշես»։

— Դե, քո կարծիքով։

— Չգիտեմ։ Չեմ կարող որևէ բան ասել։ Ախր, ի՞նչ կարծիք։

— Երանի կարողանայի քնել,— փնթփնթաց Գոհարը։

— Հաշվիր,— անտարբեր ասաց Հայկը։

«Այ քեղ փայտե գլուխ»։ Գոհարը համոզված էր, որ Հայկը չի ձևացնում, պարզապես քաշվում է, ամաչում և դրանից ավելի էր զայրանում։ «Տեսնես կա՞ սրա նման էլի մեկը այսքան ամաչկոտ»,— հարցրեց ինքն իրեն ու հիշեց Սուսանի պատմածը՝ Կարենի մասին։ Սուսանն ու Գոհարը մոտ ընկերուհիներ էին, իրարից ոչինչ չէին թաքցնում։ Ահա, հենց այդպիսի սրտաբաց զրույցների, ժամանակ էլ Սուսանն ասել էր Գոհարին, որ Կարենը չափից դուրս ամաչկոտ, չխոսկանի մեկն է. «Նրա չաչանակություններին մի՛ նայիր։ Մի անգամ իրար հետ՝ երկուսով նստեցինք ժամուկես և նա երկու անգամ միայն «ըմմմ» արեց, ուրիշ ոչինչ»։ Գոհարը մտքում ծիծաղեց. «Իսկ Հայկն այդ երկու «ըմմմ»֊ն էլ չի անի, եթե չխոսեցնեմ»։ Եվ Գոհարը որոշեց ծպտուն չհանել։ Քնապարկի վրայից ամուր գրկեց ծնկներն ու նորից սկսեց նայել կրակին։

Բայց պարզվեց, որ Հայկը բոլորովին էլ մտադիր չէ Սուսանի պատմածի նման՝ Կարենի արածը կրկնօրինակել։ Բոլորովին։

— Դու դեռ չե՞ս քնել,— Գոհարի համար անսպասելի հարցրեց նա։

Աղջիկն անակնկալի եկավ.

— Ոչ։

— Ես մի դեպք հիշեցի, ուզո՞ւմ ես պատմեմ։

— Ինչի՞ մասին։

— Անհայտանալու։

— Ուզում եմ։

— Մի տարի առաջ եմ կարդացել։ Շատ հետաքրքիր դեպք է, պատահել է Հյուսիսային Կովկասում՝ վրացական ինչ֊որ գյուղի, թե քաղաքի, լավ չեմ հիշում, մոտերքում։ Չորս դպրոցականներ՝ երեք տղա, մեկ աղջիկ՝ անունները մոռացել եմ...

— Աղջկա՞նն էլ,— ժպտալով ընդհատեց Գոհարը։

— Տղաներից շուտ,— Հայկը նույնպես ժպտաց և շարունակեց,— ուրեմն, նրանք որոշում են գնալ անտառ, որ բավական հեռու է։ Ամբողջ օրն անցկացնում են անտառում՝ նույնիսկ մի քիչ էլ ավել են մնում, քան հարկավոր էր և վերադառնալիս մութն ընկնում է։ Միաժամանակ սկսում է չտեսնված ուժեղ անձրև ու քամի...

— Այն էլ չտեսնվա՞ծ,— քմծիծաղ տվեց Գոհարը։ Նա արդեն սկսում էր մտածել, որ Կարենի «ըմմմ»-երն ավելի լավ են եղել, քան Հայկի սկսած տափակ հեքիաթը։

Իսկ Հայկը, որ անտեղյակ էր աղջկա մտքերին, գլխով արեց ու շարունակեց.

— Տղաներից մեկն առաջարկում է գյուղ վերադառնալ կարճ ճանապարհով, այսինքն լեռնային դժվարանց կածանով։ Իհարկե, դա համարձակ վճիռ էր, բայց բոլորը համաձայնվել են, որովհետև անձրևն ու քամին սաստկացել էր։ Ճանապարհի կեսն անցնելուց հետո, կածանը դուրս է գալիս լեռան գագաթը և դրա հետևանքով քամին այնքան է ուժեղանում, որ քիչ է մնում նրանց գետնից պոկի և շպրտի անդունդ։ Վախենում են, որոշում թաքնվել ինչ֊որ տեղ։ Տղաներից մեկը գնում է փնտրելու և գտնում է մի խոռոչ։ Անմիջապես խցկվում են այնտեղ։ Երկար են սպասում, իսկ քամին չի դադարում։ Այդ ընթացքում երեք տղաներից մեկը՝ կարծեմ հենց նա, ով գտել էր խոռոչը, պարզում է, որ այն ոչ թե պստլիկ խոռոչ է, ինչպես ենթադրել էին, այլ ընդարձակ քարանձավ։ Որոշում են, որ կանգնելու փոխարեն ավելի լավ է գնան քարանձավում շրջելու։ Հենց այդպես էլ անում են։ Հա, չմոռանամ ասել, որ նրանց մոտ լապտեր էլ է եղել...

— Գիտեմ, այդպիսի հեքիաթներում լապտերը խիստ անհրաժեշտ է։ Առանց լապտերի հնարավոր չէ։

— Այո, բայց պատմածս հեքիաթ չէ, ազնիվ խոսք, թերթում եմ կարդացել։

Գոհարը ձեռքը թափ տվեց.

— Լավ, հետո՞։

— Քարանձավում առժամանակ շրջելուց հետո նրանք հայտնաբերում են մեռած գերմանացու դիակ։ Դիակն ընկած է լինում պատի տակ։ Իսկ, որ նա գերմանացի է՝ հասկանում են շորերից՝ կինոնկարներում այդպիսի համազգեստներ շատ էին տեսել, ինչպես բոլորս։ Մեռած գեր մանացու ծոցագրպանում հայտնաբերում են փաստաթղթեր, լուսանկարներ...

Հասկանալի է, ես չեմ պատմում, թե նրանք ինչպես վախեցան դիակը տեսնելու պահին։ Թե ինչպես ճչացին, ինչպես փախան, հետո ինչպես մոտեցան... մի խոսքով, երկար պատմություն է, ես կասեմ միայն ամենակարևորները։

— Պարզ է։

— Դիակից հետո նրանք շարունակում են ճանապարհը։ Էլի առաջ են գնում և այս անգամ արդեն դեմ առնում իսկական տանկի՝ գերմանական ծռմռված թևերով խաչը, որ սվաստիկա է կոչվում՝ վրան։ Տանկից այն կողմ ինչ-որ արկղեր են լինում, փակ, իսկ վրաները պահածոյի տուփեր նկարված ու գերմաներեն ինչոր բառեր գրված։ Չորսից մեկը՝ կարծեմ աղջիկը դպրոցում գերմաներեն է անցնելիս լինում և կարդում է գրվածը, բացատրում։ Պարզվում է, որ արկղերի մեջ պահածո է։ «Իսկ ինչպե՞ս է տանկը խցկվել քարանձավ»,— մտածում են նրանք և որոշում գտնել անձավի երկրորդ ելքը։ Սկսում են փնտրել։ Եվ խճճվում են ստորգետնյա լաբիրինթոսում։ Օրեր ու գիշերներ մնում այնտեղ։ Այ, հնարավոր է, որ այդպիսի մի բան էլ պատահած լինի Արամենց հետ։

— Հնարավոր է,— կիսաձայն արձագանքեց Գոհարը, որը դեռ գտնվում էր Հայկի պատմության ազդեցության տակ,— հնարավոր է։ Բայց «Ոսկե ափում» ախր նման ոչինչ չկա։

Հայկն ուսերը թոթվեց.

— Ի՞նչ ասեմ, չգիտեմ։ Բայց Ցախլեղտակենք բոլոր դեպքեր ում գնացել են այդ կողմը։

— Դու դրանց մարդատեղ ես դնում, հա՞։

— Ինչո՞ւ չէ,— Հայկը նայեց Գոհարին,— նրանք այնքան էլ վատ տղաներ չեն։ Պարզապես մի քիչ դատարկ են, մի քիչ էլ ավելի շատ երեխա։ Եվ հետո, այստեղ պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք՝ Արամի եռյակին փնտրելը և՛ արկած է, և՛ մի քիչ էլ հերոսության նման բան, այսինքն հենց այն, ինչ որոնում են Լևոնը, Հակոբն ու Վազգենը։

— Լավ, ենթադրենք դրանք ընդունեցի։ Իսկ նրանք ինչպե՞ս գտան ճիշտ հետքը։ Ամբողջ գյուղի ամենախելոքները նրա՞նք էին։

— Պատահականությունն էլ մի մոռանա։

— Հը՞։

— Իհարկե։

— Խելքի մոտ բան է ստացվում, գիտե՞ս։

— Բա, ընկեր Գեղամն հենց այնպե՞ս որոշեց գնալ նրանց հետևից։

— Հասկանալի է,— Գոհարը մի փոքր լռեց,— լսիր, Հայկ, իսկ ի՞նչ կասեիր սննդի մասին։ Այդ մասին մտածել ես։

Հայկը գլխով արեց.

— Նախ, մարդիկ քաղցին երկար են դիմանում։ Երկրորդ, որ Գագիկի հետ է եղել անբաժան ուսապարկը՝ ինքդ էլ տեսած կլինես։ Իսկ ուսապարկում հնարավոր է, որ մթերք եղած լինի։ Ի վերջո, եթե ոչ մի քանի օրով, ապա գոնե մի քանի ժամով ինչ-որ տեղ գնալ նրանք որոշած են եղել նախապես՝ մինչև սար գալը։ Իսկ եթե դա էլ ժխտենք, ապա կմնա ամենահիմնականը՝ Գագիկի բնագիտական գիտելիքները։ Հիշո՞ւմ ես, պարապմունքների ժամանակ ընկեր Թումանյանը նրան ինչպես էր դիմում՝ «Հը՛, ընկեր Դարվին, ի՞նչ կասեիր...» Իսկ եթե մարդը գիտե բնագիտություն, ուրեմն գլխի ճարը կտեսնի որտեղ էլ որ լինի՝ օվկիանոսում, թե գետնի տակ։

Հայկը վերջացրեց ու նայեց ժամացույցին։ Զարմանքից ժպտաց.

— Տեսնո՞ւմ ես։

— Ի՞նչ,— ուսերը թոթվեց Գոհարը։

— Արդեն հինգն է։

— Իսկ դու երեքին պետք է քնեիր։ Իմ պատճառով...

— Չէ, պարզապես քունս չի տանում։

— Գոնե հիմա քնիր,— առաջարկեց Գոհարը,— Աշոտին էլ մի արթնացնի, համարյա լուսանում է, ինքս կհսկեմ։

— Չէ, չեմ ուզում։

Գոհարն ուշադիր նայեց Հայկին և որտեղից-որտեղ մտածեց, որ հինգ տարի հետո Հայկը կլինի ինստիտուտի երրորդ կամ չորրորդ կուրսում, իսկ էլի հինգ տարի հետո դարձած կլինի նշանավոր գիտնական... «Եվ այլևս օրագիր չի պահի։ Ժամանակ չի ունենա օրագրի համար։ Ափսոս։ Իսկ հին գրածները տեսնես կկարդա՞... Այսօրվա մասին անպայման կգրի,— Գոհարը դրանում համոզված էր,— բայց տասը տարի հետո կկարդա՞...»։

— Քնիր, հա՞։ Վաղը չես կարողանա քայլել, գլուխդ կցավի։ Քնիր։

Հայկը նորից հրաժարվեց.

— Չէ, չեմ ուզում։ Քնել չեմ ուզում, եթե պառկեմ էլ միևնույն է, պետք է մտածեմ Արամենց մասին։ Ավելի լավ է խոսենք...

✻    ✻



Արևի առաջին ճառագայթները դեռ չէին հասցրել խճճվել երկնասլաց ծառերի կանաչ սաղարթներում, երբ խումբն արդեն ոտքի վրա էր։ Որոշեցին երթուղին։ Ընտրվեց գետին զուգահեռ գնացող ճանապարհը։ Այդ ճանապարհն ընկեր Գեղամը ընտրեց երկու նպատակով, նախ, որ այն մոտավորապես երկու անգամ շուտ կհասցներ գետափ և երկրորդը, որ կստեղծվեր հնարավորություն անտառի այդ հատվածը նույնպես հետախուզելու համար։ Իհարկե, այս երկրորդի հետ նա ոչ մի հույս չէր կապում, բայց մտածում էր, որ խիղճը հանգստացնելու համար հարկավոր է։

Խումբը ճանապարհ ընկավ։

Անքուն մնալն իսկապես ազդել էր Հայկի վրա։ Ճիշտ է, նա ձգտում էր ամեն կերպ ցույց չտալ, թե հոգնած է, բայց պարզվեց, որ դա այնքան էլ հեշտ գործ չէ և Կարենի սուր աչքից չվրիպեց.

— Կերած֊խմածդ անուշ,— հարմար պահ գտնելով Հայկի ականջին շշնջաց նա։

— Ի՞նչ կերած֊խմած,— զարմացավ Հայկը։

— Ո՞նց թե... բա գիշերը հարսանիքում չե՞ս եղել։

— Ի՞նչ հարսանիք, գժվե՞լ ես,— ասաց Հայկն ու վախեցած մտածեց. «Չլինի՞ գիշերվա խոսակցությունը լսել է,— և անմիջապես էլ հանգստացրեց իրեն։— Չէ, եթե արթուն լիներ անպայման մի բան կասեր։ Քանի ժամ խոսեցինք, այդքան ժամանակ լուռ համբերո՞ղ էր։ Չէ՜»։

Եվ իսկապես, գիշերվա խոսակցությունից Կարենը գաղափար չուներ։ Դա պարզվեց անմիջապես, երբ Հայկի զարմացած հարցը լսելուն պես ասաց.

— Բայց այնպես ես գլորվում, որ տեսնողը կմտածի, թե ամբողջ գիշերն ուտել-խմելով ես անցկացրել։

— Հա՜,— Հայկը ժպտաց,— չքնելուց է։ Ինչ արեցի Աշոտը չարթնացավ։ Ստիպված ամբողջ գիշերը հերթապահել եմ։

— Ըմ՜մմ,— Կարենը կեղծ զայրույթով նայեց ետևից եկող Աշոտին,— չես ամաչում, չէ՞։ Ինչի՞ համար... որ նախաճաշից զրկվես, կիմանաս,— ասաց նա և նորից դարձավ Հայկին,— իսկապես, Հայկ, ուտելու հարցն այսօր ո՞նց է լինելու։

— Չգիտեմ,— կարճ կապեց Հայկը։

Ընկեր Գեղամը, որ խոսակցության ընթացքում կամաց-կամաց մոտեցել էր նրան, միջամտեց.

— Իսկ դու ո՞րը կգերադասեիր։

— Միևնույն է, ընկեր Գեղամ, միայն թե ուտելու բան լինի՝ բզեզ, բլոճ, ձուկ-մուկ, սունկ, նույնիսկ շոկոլադ... միևնույն է։ Միայն թե ստամոքսս չնվնվա, չասի, թե Կարեն, դատարկ եմ, լցրու, էլի լցրու, էլի... ուրիշ ոչինչ ինձ պետք չէ։ Հավատո՞ւմ եք, այդ անիծյալը եթե չլինի, ուտելու մասին երբեք չեմ մտածի։ Ամոթ ինձ, թե մտածեմ։ Ազնիվ խոսք։

Ջոկատավարը ծիծաղեց.

— Ընկեր Գեղամ,— խոսակցությանը խառնվեց Գոհարը,— գետափում նրանց որտե՞ղ ենք փնտրելու։

— Հենց գետափին։

— Ոսկե ափո՞ւմ։

— Այո։

— Բայց այնտեղ ախր փնտրելու տեղ չկա,— այս հարցը դեռևս գիշերվանից հանգիստ չէր տալիս,— մանր-մունր թփուտներ են, որոնց մեջ ոչ թե երեք մարդ, այլ երեք նապաստակ էլ անհետանալ չեն կարող։

— Խելոք,— հեգնական ժպիտով Գոհարին նայեց Կարենը,— նա պաստակները անհետանալ չեն կարող, որովհետև նրանք խելք չունեն, իսկ Արամենք կարող են, որովհետև խելք ունեն և այն էլ ինչպիսի՜...

— Ընկեր Գեղամ, դուք համողվա՞ծ եք, որ նրանք անպայման գետափում կլինեն։

— Համոզվա՞ծ... Համոզված նույնիսկ Ցախլեղտակի քաջերը չեն կարող լինել, ուր մնաց՝ ե՞ս...

Գոհարն ուսերը թոթվեց։

— Ինչո՞ւ ես ուսերդ թոթվում,— հարցրեց ավագ ջոկատավարը։

— Գետափի համար։ Ախր մենք այնտեղ արդեն եղել ենք։

— Ճիշտ է, եղել ենք, բայց լավ չենք ուսումնասիրել, շտապել ենք,— ընկեր Գեղամը աջ ձեռքը խրեց գոտիի տակ։ Դա նրա սիրած շարժումներից էր,— չի կարող պատահել, որ նրանք հետքեր թողած չլինեն։ Մենք անցել ենք և չենք նկատել, իսկ Ցախլեղտակի քաջերը դրանք գտել են և գնացել ճիշտ ճանապարհով։ Հիմա ես այն կարծիքին եմ, որ եթե փնտրենք մենք ևս հետքեր կգտնենք՝ և՛ Արամենց թողածներից, և՛ Լևոնից ու նրա խմբից։ Պա՞րզ է։

— Պարզ է,— Գոհարը գլխով արեց։

Իսկ ընկեր Գեղամը, ասելիքն ավարտված համարելով, ձեռնամուխ եղավ խարույկի համար չորուկներ հավաքելուն.

— Շտապեք, որքան շուտ հասնենք, այնքան շուտ կհայտնաբեր ենք անհայտացածներին։ Իսկ այստեղից մինչև գետափ՝ ո՞վ գիտե, ինչքան ճանապարհ ունենք անցնելու։

Գոհարն ու Հայկը անմիջապես կպան գործի։


Գլուխ չորրորդ

Հակոբը, որ լապտերը կոտրվելու պահից անշարժ ու լուռ պառկել էր քարանձավի հատակին, զգույշ շարժեց ոտքերը։ Մթությունն արդեն դարձել էր մի տեսակ սովորական՝ պակաս սարսափելի, քան սկզբում։ Կապարի պես ծանր հուսահատությունն սկսում էր տեղի տալ, թեթևանալ։ Հակոբը նույնիսկ զարմացավ, որ րոպեներ առաջ ինքն արդեն հաշտվել էր մեռնելու մտքին։ Հիշեց, թե կատաղությունից իրեն կորցրած Լևոնը ինչպես էր հարձակվել Արեգի վրա։ Կսպանեմ, ասել էր ու սկսել ծեծը։ Մտքով էլ չէր անցել միջամտել. «Միևնույն է, հիմա է մեռել, թե մի քանի ժամ հետո»։ Լավ է, որ Արեգը չէր ըմբոստացել։ Զգալով հանցանքի ահավորությունը, նա ծպտուն չէր հանել, սուսուփուս տարել էր դեմքին ու գլխին տեղացող հարվածները։ Արեգի հեզությունը կոտրել էր նաև Լևոնի զայրույթը։ Դիմադրության չհանդիպելով, նա միանգամից թևաթափ էր եղել, թողել էր ծեծելն ու ասել՝ լավ, մի նեղանա, ջղայնացած էի։ Դրանք եղել էին քարանձավում արտասանված վերջին բառերը։

— Լևոն։ Վազգեն։ Արեգ։

Ոչ մեկը չարձագանքեց։

Անունները Հակոբը արտասանել էր շշուկով՝ համարյա մտքում, բայց վայրկյան անգամ չկասկածեց, որ երեքն էլ լսել են իր ձայնը։ Զայրացավ. «Թուլամորթությունն էլ իր չափ ու սահմանն ունի»։

— Լսեք, դուք որոշել եք այս քարե բանտում սատկե՞լ թակարդն ընկած մկների պես։

— Իսկ ուրիշ ի՞նչ կարող ենք անել,— անհույս քրթմնջաց Լևոնը։

Պատասխանն, իհարկե, երբեք էլ այն չէր, ինչ ցանկանում էր լսել Հակոբը։ Բայց բոլոր դեպքերում դա ավելի լավ էր, քան քար լռությունը։ Լևոնի քրթմնջոցից Հակոբը ոգևորվեց.

— Լսիր, Լևոն։ Ինձ թվում է, որ մենք ճսնապարհը պետք է շարունակենք։

— Ո՞ւր։

— Առաջ։

— Մթության մե՞ջ։

— Ի՞նչ կա որ...

— Իսկ եթե առջևում անդո՞ւնդ է։

— Իսկ եթե չկա՞։

— Իսկ եթե կա՞։

— Իսկ այնտեղ պառկելով մենք կփրկվե՞նք։

— Չը-է։

— Մեռնելու ենք, չէ՞,— Հակոբը սարսռեց ինքն իր ձայնից։

Լևոնը չպատասխանեց։

— Իսկ եթե գնանք գուցե և փրկվենք։ Հակառակ դեպքում, միևնույն է, թե որտեղ կմեռնենք՝ այստեղ կամ անդունդում։

— Ճիշտ է,— հոգոց հանեց Լևոնը։

«Դժվարը սրա համաձայնությունն էր»— մտածեց Հակոբն ու զգուշորեն բարձրացավ տեղից։

Մութը, որ սկզբում տուշի պես սև էր ու անթափանց, դարձել էր սովորական, ինչպես անլուսին գիշերը դաշտում՝ մի քիչ գունաթափ, մի քիչ գորշագույն։

Հակոբը մեկ֊երկու քայլ արեց՝ զգուշորեն, առանց շտապելու։ Կոշիկի ծայրով մանրամասն ստուգեց գետինը, համոգվեց, որ ամուր է, ոտքը կարելի է դնել։ Հետո, նույնը կրկնեց երկրորդ քայլափոխի համար։

Քայլել կարելի էր։

— Տղաներ, շարժվեցինք։

Ոչ ոք չբարձրացավ տեղից։

— Ո՞ւմ եմ ասում, դե... ազատ կարելի է քայլել։

Լսվեց Վազգենի ձայնը։ Ասես քնից նոր էր արթնացել։

— Ո՞ւր։

— Այստեղից դուրս չգա՞նք։

Թվաց, թե Վազգենը չլսեց նրան.

— Շոգ է։ Առջևում կարծես կրակ լինի վառված։ Չե՞ք զգում։

Իսկապես շոգ էր և ջերմությունը գալիս էր այնտեղից, ուր ցանկանում էին շարժվել տղաները։

— Ճիշտ է,— Հակոբն ինքն էլ էր զգացել շոգը,— դրսից կլինի։

— Դրսի՞ց,— Լևոնի ձայնն էր,— ուրեմն մուտքը մոտ է։ Էլ ո՞ւր ենք նստել, գնանք։

Հակոբը հասկացավ, որ Լևոնը բարձրացել է տեղից։ Ուրախացավ։

— Ձայն հանիր,— ասաց նա,— ինչ֊որ բան խոսիր, որպեսզի կարողանամ քեզ գտնել, ձեռքդ բռնել։

— Ի՞նչ ասեմ։

— Ինչ ուզում ես։

Լևոնը միանգամից մոռացավ ամեն ինչ և ձգեց անչափ երկար մի՝ «ըըըը»։ Ասելիքը նա այդպես էլ դեռ չէր գտել, երբ մթության մեջ Հակոբը բռնեց նրա ձեռքը։

— Հիմա դուք ձայն հանեք,— Լևոնի ձեռքը գտնելուս պես հրահանգեց։

— Ուրեմն իսկապես գնո՞ւմ ենք,— քրթմնջաց Վազգենը։

— Չէ, տուն֊տուն ենք խաղում,— զայրացավ Լևոնը։

— Բայց այնտեղ շոգ է։

— Դե, հա սկացանք էլի, բացատրեցինք։

— Ես վախենում եմ։

— Ինչի՞ց,— զարմացավ Հակոբը,— Արեգ ձայն հանիր։ Ինչի՞ց ես վախենում, Վազգեն։

— Ես այստեղ եմ,— 2հնջաց Արեգը։

Լևոնը շարժվեց ձայնի կողմը։ Ստիպված նրա հետ գնաց նաև Հակոբը՝ ձեռքը չկորցնելու համար։

— Ինչի՞ց ես վախենում, Վազգեն։

— Ոնց որ կրակներ լինեն վառվելիս։

— Հետո՞ ինչ,— Հակոբը սկսեց մտածել, որ նա թռցրել է խելքը։

— Վախենում եմ դժոխքը լինի։ Այնտեղ էլ են կրակներ վառում։ Կարդացել եմ։

— Ցանցառ։

Նրանք արդեն գտել էին Արեգին։ Խոսակցության ընթացքում Հակոբը որոշել էր Վազգենի ճիշտ տեղը և Արեգին գտնելուց անմիջապես հետո առանց դժվարության գտավ նաև նրան։

— Վեր կաց։ Իզուր չէ, որ անունդ Լեղաճաք ենք դրել։

Խումբը շարժվեց առաջ։ Ավելի ճիշտ, իրենց կարծիքով առաջ։

Լապտերը կոտրվելու պահին նրանք այնպես էին խառնվել իրար, որ բոլորովին չէին մտածել շարժման ուղղությունը հիշելու մասին։ Այն ժամանակ ոչ մեկի մտքով չէր անցել, որ իրենք կարող է շարժվեն։

Ուղղության հարցն առաջինը անհանգստացրեց Արեգին։ Նա զգուշորեն սեղմեց Լևոնի ձեռքն ու շշնջաց.

— Լսիր, իսկ գուցե մենք ե՞տ ենք գնում։

— Հը՞,— Լևոնը կանգ առավ,— Արեգը բան է ասում, Հակոբ։

— Ի՞նչ է ասում։

— Ասում է, իսկ եթե ետ ենք գնո՞ւմ։

— Բա տաքությո՞ւնը։ Չե՞ք տեսնում ինչպես է ավելանում, քայլափոխի հետ։

«Ճիշտ որ»— Լևոնը սեղմեց Արեգի ձեռքը՝ այսինքն՝ հասկացա՞ր, դմբո։ Մթության մեջ Արեգը գլխով արեց։

Վազգենը, որ դեռևս քայլում էր չուզենալով, փնթփնթաց.

— Լսեք, տղաներ։

— Էլի դժոխքը՞,— Հակոբը փորձեց ծիծաղել ու չկարողացավ։ Դժոխքի մասին խոսակցությունը նրան էլ էր վախեցրել։

— Չէ, ուրիշ բան եմ ասում,— շարունակեց փնթփնթալ Վազգենը։

Հակոբը կանգ առավ։ Ստիպված կանգնեցին և մյուսները.

— Ի՞նչ ես ասում։

— Լսեք, ես մոռացել էի։ Այն ժամանակ, երբ Արեգը նետեց երկրորդ քարը, ես ջրի չլմփոց լսեցի, կարծես քարն ընկավ ջրի մեջ։

— Այն ժամանակ ինչո՞ւ չասացիր, Լեղ,— զայրացավ Լևոնը՝ ինքն էլ չհասկանալով ինչու։

— Ուզում էի ասել, բայց լապտերը կոտրվեց։ Հետո էլ...

— Թվացած կլինի,— անտարբեր ասաց Հակոբը,— ջուր, չէ մի... ծարավ մարդը միշտ էլ ջուր է տեսնում։ Ես լսել եմ, որ անապատներում մարդիկ շատ հաճախ ավազը ջրի տեղ են ընդունել։ Նայում են, նայում, ու...

— Չէ,— ընդհատեց Վազգենը,— քո ասածն ուրիշ բան է, հիշում եմ՝ ֆիզիկայից ենք անցել։ Այդ օրն իմ հերթն էր ու դասը սովորեցի, որ քառորդս երկուս չլինի։ Քո ասածը միրաժն է։

— Սպասեք,— նուրից խոսակցությանը խառնվեց Լևոնը,— Բայց գուցե իսկապե՞ս ջուր է։ Ստուգել է պետք։ Ես ծարավից մեռնում եմ, եթե ջուր լինի...

Նա կիսատ թողեց խոսքն ու սկսեց շոշափել գետինը։ Քար էր փնտրում։ Մոտերքում, այսինքն ինչքան տարածվում էին ոտքերի պես երկար ձեռքերը՝ քար չկար և նա գետնի վրա քարշ գալով, չորեքթաթ հեռացավ խմբից։

— Լևոն, ո՞ւր կորար,— ձայնեց Հակոբը։

— Այստեղ եմ,— Լևոնի ձայնը եկավ մոտիկից,— Քար եմ փնտրում՝ ստուգելու համար։

— Իսկական բաղնիք,— փնթփնթաց Վազգենը,— շորերրս ջուր են դարձել։

— Իմն էլ, հորս արև։

— Իսկ ո՞ւմը չի դարձել,— ասաց Հակոբն ու հիշեց, որ քիչ առաջ՝ ոտքը դնելու համար գետինը շոշափելիս կոշիկի ծայրը կպել էր քարի։ Չոքեց ու ինքն էլ սկսեց փնտրել։ Բայց մինչև նրա գտնելը, Լևոնն արդեն գտել էր։ Առանց տեղից բարձրանալու նետեց քարը։ Լսվեց չլմփոց՝ քարն իսկապես ընկել էր ջուրը։ Չորսն էլ լսել էին ախորժալուր ձայնը։

— Ջուր է։

— Ջուր է։

— Ջո՜ւր...

Ճչացին նրանք և ամեն մի զգուշություն մոռացած, նետվեցին դեպի մթությունը, որի սև անհայտ ությունից լսվել էր չլմփոցը։

Շարժվելուց վախեցավ միայն Վազգենը։ Ինչպես կանգնած էր, այդպես էլ մնաց։

✻    ✻



_ Վա՜խ...

Լևոնի ձայնն էր։

Երեքն էլ լսեցին և ոչ մեկը նույնիսկ չհարցրեց պատճառը։ Ընկերոջ ճիչը, խմբից առանձնացված Վազգենին ստիպեց ավելի վախենալ, իսկ Հակոբն ու Արեգը այնպես էին շտապում ջրին հասնելու համար, որ ափսոսացին ժամանակը։ Վայրկյանների ընթացքում, առանց այդ էլ անտանելի ծարավն ասես կրկնապատկվել էր, չէ, հարյուրապատկվել։ Նրանց թվում էր, որ եթե հենց հիմա չսկսեն խմել կընկնեն ու կմեռնեն։

Բայց Լևոնի ձայնը նորից լսվեց։ Եվ աjս անգամ արդեն անորոշ ճիչ չէր.

— Չմոտենաք,— բղավեց նա,— ջուրը վառվում է։

Վազգենը հազիվ չուշաթափվեց.

— Դժոխքը։

Արեգը կանգ առավ.

— Ի֊ի֊ի֊ի՞նչ։

Հակոբը շարունակեց վազել.

«Ջուրը վառվել չի կարող։ Անհնար բան է, ջուրը չի վառվի»։

Բայց հենց անմիջապես էլ համոզվեց, որ տարօրինակ քարե աշխարհում, ուր կա գաղտնարանում փակված ոսկի ու ադամանդ, իրենք իրենց փակվող դռներ, ամեն ինչ հնարավոր է։ Եթե փոքր֊ինչ լույս լիներ, նա անպայման կնկատեր լճի վրա կանգնած գոլորշու ամպերն ու ընդարձակ մակերեվույթով մեկ բլթբլթացող պղպջակները։ Բայց շրջապատում անթափանց մթություն էր, իսկ արագ վազքը թույլ չտվեց միանգամից զգալ լճից արձակվող անտանելի ջերմությունր և նա հայտնվեց եռացող ջրի մեջ։ Թե ինչպես խեղդեց ճիչը, որ բզկտվում էր կոկորդում՝ չհասկացավ։ Ոտքերը խաշվեցին։ Դեռ լավ է, որ այդ մասում լիճը խոր չէր։ Հակոբր վախեցած ընկրկեց, ընկավ ավազի վրա, որ նույնպես տաք էր։ Մի քիչ էլ ետ քաշվեց։ Ջերմությունն այստեղ արդեն տանելի էր։ Նա նստեց։ Ջուրը հասել էր մինչև սրունքների կեսը։ Անմիջապես հանեց կոշիկներն ու գուլպաները, վեր քշտեց անդրավարտիքի փողքերը և սկսեց շոշափել գետինը։ Աջ ձեռքը թաղվեց ինչ֊որ մածուցիկ բանի մեջ, հասկացավ՝ ցեխ է։ Անմիջապես վերցրեց ու քսեց ոտքերին՝ մինչև սրունքների կեսը՝ այնքան, ինչքան բարձրացել էր ջուրը։ Դրանից ցավը կարծես մեղմեց։ Նա հիշեց Լևոնին։

— Լևոն։

— Հը,— պատասխանի փոխարեն Հակոբը լսեց ինչ֊որ անորոշ տնքոց։

— Այրվե՞լ ես։

— Ըհը։

Վազգենը վախից քարացել էր,

«...Բայց նրանք դեռևս կարողանում են խոսել։ Եսկ եթե լիներ իմ մտածածը...»։

— Շա՞տ։

— Ըհը։

— Ուրեմն ջուրը իսկապես վառվո՞ւմ էր,— հևաց Արեգը։

— Ցեխ քսիր, լսո՞ւմ ես, կօգնի։

— Ի՞նչ։

— Ցեխ, ցեխ քսիր, ասում եմ ինձ օգնեց։ Ցեխ։

— Ցեխ չկա։

Հակոբը չանգռոտեց աջ կողմում հայտնաբերած մածուցիկությունը։ Ցեխը չափից ավելի ջրալի էր, ձեռքերով անհնար էր տանել։ «Ի՞նչ անեմ,— մտածեց Հակոբն ու անմիջապես ելքը գտավ։ Այ, թե ուր կհասցնի դժվարությունը։ Նա ցեխն անմիջապես սկսեց լցնել կոշիկի մեջ։

— Հիմա քեզ ցեխ կբերեմ,— ասաց և կոշիկը ձեռքին չորեքթաթ արեց Լևոնի ձայնի կողմը,— խոսիր, որ ուղղությունը չկորցնեմ։

Խոսելու փոխարեն Լևոնն սկսեց տնքալ։ Հակոբի համար միևնույն էր, միայն թե ձայն չսվեր։

Վերջապես հասավ։ Մթությունը շոշափելով գտավ ընկերոջ ձեռքն ու ափի մեջ խցկեց ցեխով լի կոշիկը։

— Կոշիկի մեջ ցեխ է, քսիր, կհովանաս։

— Գիտե՞ս ինչպես է մռմռում։

— Գիտեմ։

— Չես իմանա,— հառաչեց Լևոնը,— ասելով չի լինի։

— Ի՞նչ ասելով։ Կարծում ես ջուրը չընկա՞։ Բայց ցեխը քսեցի, մռմռոցն անցավ։

— Ըմ՜մմ...

Ցեխն իսկապես մեղմացրեց ցավը։

Լևոնի տնքոցը կտրվելուն պես լսվեց Արեգի ձայնը.

— Ջուրը շատ էր տաք, հա՞։

— Եռում էր,— պատասխանեց Հակոբը։

— Եռո՞ւմ։ Բա ինչպե՞ս ենք խմելու։

— Ո՞վ գիտե։

— Իսկ ո՞վ է ջուրը եռացնում,— Վազգենը մի տեսակ վախեցավ։ Ինչպե՞ս կարող էր ջուրն ինքնիրեն եռալ անհնար բան է, ուրեմն կա ինչ-որ մեկը։ Ո՞վ է...

Հակոբը հասկացավ, որ ընկերոջ ձայնը գալիս է ոչ իր կողքից, այլ բավական հեռվից ու զարմացավ։ Մինչ այդ չէր նկատել։ Հարցրեց.

— Ինչո՞ւ մոտ չես գալիս։

— Ե՞ս...

Արեգն ընդհատեց խոսակցությունը՝ ծափ տվեց ու տեղից թռավ։

— Գժվեցի՞ր,— զարմացավ Հակոբը։

— Ո՛չ, հորս արև, չեմ գժվել։ Այս ջուրը կարելի է խմել, պապայի արև, ինչպես թեյն են խմում, հովացնելով։ Կհովացնենք ու կխմենք։

— Իսկ որտե՞ղ ես հովացնելու,— Հակոբն ուզում էր ասել գլխիդ մեջ, բայց չասաց,— մեզ որտեղի՞ց բաժակ։

— Սպասիր, ճար կանենք։ Ու կրիայի միսն էլ կեփենք։ Ջուրը եռում է, չէ՞։ Եռացող ջրի մեջ զրահից կհանենք ու կեփենք՝ ինչպես գազօջախի վրա։

Չորսի միջով էլ էլեկտրականություն անցավ։ Ուտելու հեռանկարը ոգևորեց նրանց։ Արեգը բացատրեց, թե ինչպես է պատկերացնում ջուր հովացնելն ու միս եփելը։ Ասածը խելքի մոտ բան էր։ Ոգևորությունից նրանք նույնիսկ մոռացան, որ այդ բոլորը անելուց առաջ հարկավոր է գտնել ուսապարկն ու կրիան։ Առաջինն այդ մասին հիշեց Լևոնը.

— Իսկ ինչպե՞ս կգտնենք։

— Ճիշտ որ,— հևաց Հակոբը,— ո՞ր կողմում փնտրենք։

— Ես գիտեմ,— աղմկեց Վազգենը,— ջրի չլմփոցը լսելուց հետո, ես դեռ ոչ մի քայլ չեմ արել։ Ուսապարկն ու կրիան ինձանից տասը քայլ են հեռու, եկեք,— Վազգենի ձայնի մեջ տագնապի նշույլ իսկ չէր մնացել։ Մտքում նա սկսել էր ուտել֊խմելը։ Էլ ի՞նչ չարք, ի՞նչ դժոխք։

Հիմա արդեն խանգարող ոչինչ չկար։ Հակոբը թռավ տեղից։

Կես վայրկյանում որոշվեց. Լևոնը կմնա լճափում, որպես ամենաշատ տուժող։ Տեղ կորոնի ջուրը լցնելու։ Հետո ձայն կտա, որպեսզի կրիան ու պարկը գտնելուց հետո իրենք ուղղությունը չկորցնեն։

Ոչ ոք չառարկեց։

Քաղցը, իսկ ավելի շատ ծարավը բոլորին տանջում էր և նրանք անկարող էին հրաժարվել նույնիսկ ամենափոքր հնարավորությունից։ Իսկ Արեգի առաջարկը բոլորովին փոքր հնարավորություն չէր։

Հակոբի պահանջով Վազգենն սկսեց աղմկել ինչ֊որ շիլափլավ բանաստեղծություն էր արտասանում.

— Հողմը մեգով երկինքն առնում... Մսրա Մելիքը քաշեց իր սուրը. հե՜յ ուլատեր, հե՜յ գառնատեր... թռի֊վռի մի ճպուռ, ողջ ամառը տուն ու դուռ, դես ու դեն...

Արտասանեց այնքան, մինչև Արեգն ու Հակոբը վերջապես գտան նրան։

— Իսկ հիմա հրճվիր,— Վազգենի ձեռքը բռնելուն պես, ասաց Հակոբը։

— Արդեն շրջվել եմ։

— Ուրեմն, գնացինք։

Եռյակը չոքեչոք շարժվեց առաջ՝ եռացող լճի հակառակ ուղղությամբ։

✻    ✻



Լևոնն արդեն հուսահատվում էր։

Տղաների գնալուց բավական ժամանակ էր անցել։ Րոպեն մեկ նստած տեղից Լևոնը ձայն էր տալիս՝ գտա՞ք և ամեն անգամ ստանում էր միևնույն պատասխանը.

— Ոչ, չկա։

Այն մտքից, որ կրիան գտնել տղաներին չի հաջողվի՝ Լևոնի քաղցն ու ծարավը ավելի սաստկացան։ Միաժամանակ ասես ավելացավ նաև ոտքի մռմռոցը, որ ցեխը քսելուց հետո սկսել էր մեղմանալ։ Լևոնը փորձեց չմտածել ոչ ուտելու, ոչ խմելու, ոչ էլ ոտքերի մասին։ Չկարողացավ։ Անհնար էր։ Նա հենվեց ձեռքին ու նայեց մթությանը.

— Գտա՞ք։

— Չէ, չկա,— բոլորի փոխարեն պատասխանեց Հակոբը և համարյա անմիջապես էլ լսվեց Վազգենի ուրախացած խզխզոցը.

— Գտա։

— Գտանք։

Ձայները խառնվեցին իրար։ Քարանձավը լցվեց ուրախ աղմուկով։ Ուրախությունից նրանք նորից մոռացան իրենց անհույս վիճակը։

Առանց շունչ առնելու Լևոնն սկսեց ձայնել.

— Հակոբ, Վազգեն, Արեգ։ Հակոբ, Վազգեն, Արեգ։ Վազգեն, Արեգ, Հակոբ...

Իսկ վերջիններս ուրախ֊ուրախ պատասխանում էին.

— Գալիս ենք։ Գտել ենք։ Գալիս ենք...

Եռյակը տեղ հասավ Լևոնի սպասածից շուտ։

Առանց տեղից բարձրանալու, շոշափելով Լևոնը գտավ ուսապարկն ու կրիան, թեթևացած շունչ քաշեց։ Հակոբն անմիջապես փորձեց կրիան տեղավորել ուսապարկի մեջ, որպեսզի իջեցներ լիճը։ Պարզվեց, որ կրիան ուսապարկից մեծ է։ Այս մեկը տղաները հաշվի չէին առել։ Նորից իրար անցան։ Համարյա պատրաստի կերակուրը ձեռքից թռչում էր։

— Ի՞նչ անենք,— հևաց Լևոնը։

— Քո գտած տաշտակի մեջ ուսապարկով ջուր լցնենք ու կրիան դնենք նրա մեջ,— առաջարկեց Արեգը։

— Կարելի է,— համաձայնեց Հակոբը։

Լճին ամենամոտը Վազգենն էր։ Արեգն ուսապարկը տվեց նրան։ Վազգենը մտցրեց լիճն ու եռման ջուրը չռչռացնելով վերադարձրեց ետ՝ Արեգին։ Վերջինը Լևոնն էր. անմիջապես դատարկեց ջուրն ու ուսապարկը տվեց Հակոբին։

— Էլի՞,— հարցրեց Հակոբը։

— Տասը ուսաւպարկ էլ կտանի։

— Մե՞ծ է,— ուրախացած մեջ ընկավ Վազգենը։

— Շատ,— ասաց Լևոնը։

— Բա էլ ի՞նչ ես լռել,— հևաց Վազգենը,— կրիան գցիր մեջը։

— Կեցցես,— Հակոբը թռավ տեղից,— կտեղավորվի՞։

Լևոնը չպատասխանեց։ Նա հևալով կրիան քարշ էր տալիս դեպի ծակ քարը, որին Արեգը տաշտակ անունն էր կպցրել։ Մյուս երեքը անմիջապես նետվեցին օգնելու։ Կրիան չլմփոցով ընկավ անցքի մեջ։

— Դե շուտ, ջուր հասցրեք,— աղմկեց Հակոբը։

Ուսապարկն սկսեց ձեռքից֊ձեռք անցնել։

Տղաներն աշխատում էին ինքնամոռաց, ոգևորված։ Ուշադրություն չէին դարձնում նույնիսկ ուսապարկից կաթկթող ջրից առաջացած այրուցքներին։ Ամեն անգամ, կաշեփոկը Հակոբին տալուց հետո Լևոնն ստուգում էր կրիայի զրահը՝ տեսնելու համար, պոկվե՞լ է, թե չէ։ Ոչ մեկը չգիտեր այդ ստուգման մասին և երեքն էլ անակնկալի եկան, երբ քարանձավով մեկ թնգաց Լևոնի ձայնը.

— Ուռա՜...

— Ի՞նչ պատահեց։

— Կրիայի զրահը պոկվել է...

Հիմա արդեն ոչինչ չէր կարող զսպել տղաներին։ Չորս զույգ ձեռքեր վայրկենաբար թաղվեցին եռացող ջրով լցված քարի մեջ։


Գլուխ հինգերորդ