«Մեգիրա»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր | վերնագիր = Մեգիրա (Քաղաքական-էզոթերիկ վիպակ) | հեղինակ = Արծրուն Պեպանյան | թարգմանիչ = |...»:) |
|||
Տող 221. | Տող 221. | ||
— Իմ անունը տալ ես չեմ կարող,— ասաց տղամարդը,— և չեմ կարող ասել, թե ինչու։ | — Իմ անունը տալ ես չեմ կարող,— ասաց տղամարդը,— և չեմ կարող ասել, թե ինչու։ | ||
− | + | '''* * *''' | |
Մեգիրան հաճախ գաղտնի ետ էր նայում, և ամեն անգամ միայնակ մի ծառ, ճամփեզրի մի քարակույտ կամ ավազե դեղին փոշեամպ նրան տղամարդու կերպարանքով էր երևում։ Ու իրեն հավատացնում էր, թե դա Բարխոն է, որ գալիս է իր ետևից։ Եվ կամ երբ գիշերը պառկում էին քնելու խարույկի շուրջ՝ կրակի երերուն ցոլքերը շրջակա թփերը նմանեցնում էին խավարի միջից իրեն նայող մարդու։ Նա իրեն համոզում էր, թե այդ Բարխոն է իրեն հետևում։ | Մեգիրան հաճախ գաղտնի ետ էր նայում, և ամեն անգամ միայնակ մի ծառ, ճամփեզրի մի քարակույտ կամ ավազե դեղին փոշեամպ նրան տղամարդու կերպարանքով էր երևում։ Ու իրեն հավատացնում էր, թե դա Բարխոն է, որ գալիս է իր ետևից։ Եվ կամ երբ գիշերը պառկում էին քնելու խարույկի շուրջ՝ կրակի երերուն ցոլքերը շրջակա թփերը նմանեցնում էին խավարի միջից իրեն նայող մարդու։ Նա իրեն համոզում էր, թե այդ Բարխոն է իրեն հետևում։ | ||
Տող 229. | Տող 229. | ||
Միևնույն է, լուսաբացին, երբ ճանապարհ էին ընկնում, ետևում մնացած միայնակ ծառերը, քարակույտերն ու փոշու ամպը նա վերստին Բարխոյին էր նմանեցնում, քանի որ այդպես էր ուզում։ | Միևնույն է, լուսաբացին, երբ ճանապարհ էին ընկնում, ետևում մնացած միայնակ ծառերը, քարակույտերն ու փոշու ամպը նա վերստին Բարխոյին էր նմանեցնում, քանի որ այդպես էր ուզում։ | ||
− | + | '''* * *''' | |
Իգարայից հեռանալու հինգերորդ օրը նրանք հայտնվեցին մի գյուղակում։ | Իգարայից հեռանալու հինգերորդ օրը նրանք հայտնվեցին մի գյուղակում։ | ||
Տող 617. | Տող 617. | ||
— Այո, ճիշտ ես,— ընդունեց տղամարդը փոքր-ինչ խորհելուց հետո։ | — Այո, ճիշտ ես,— ընդունեց տղամարդը փոքր-ինչ խորհելուց հետո։ | ||
− | + | '''* * *''' | |
— Եթե Ռելիհը գերմարդ էր, ինչու՞ պարտվեց,— հարցրեց Մեգիրան, երբ երկուսով արդեն հեռացել էին քաղաքից։ | — Եթե Ռելիհը գերմարդ էր, ինչու՞ պարտվեց,— հարցրեց Մեգիրան, երբ երկուսով արդեն հեռացել էին քաղաքից։ | ||
Տող 1159. | Տող 1159. | ||
Րան չպատասխանեց։ | Րան չպատասխանեց։ | ||
− | + | '''* * *''' | |
Քարայրը գետնից բարձր էր մարդու երեք հասակի չափ։ Արտասովոր լայն ու մեծ աստիճաններ էին ելնում դեպի մուտքը։ | Քարայրը գետնից բարձր էր մարդու երեք հասակի չափ։ Արտասովոր լայն ու մեծ աստիճաններ էին ելնում դեպի մուտքը։ |
20:36, 27 Օգոստոսի 2016-ի տարբերակ
հեղինակ՝ Արծրուն Պեպանյան |
Ինչպես է ստեղծվել գիրքը Երբ պատրաստվում էի նախորդ՝ «Այրվելու գնացողը» գրքիս հրապարակային քննարկմանը, որոշեցի քննարկման ժամանակ հայտարարել, թե այլևս գեղարվեստական գրականությամբ չեմ զբաղվելու և անցում եմ կատարելու դեպի փաստավավերագրական, հետազոտական-վերլուծական ժանրը։
Դա իրիկունն էր։
Առավոտյան արթնացա՝ հրաշալի մի երազ տեսած։ Գեղարվեստական, գունավոր, փիլիսոփայական, անչափ հետաքրքիր մի ամբողջական ֆիլմ էր երևացել ինձ։
— Ի՜նչ հրաշալի ֆիլմ էր,— ասացի ինքս ինձ՝ անկողնում պառկած,— այնպե՜ս կուզենայի, որ այդ ֆիլմի սցենարը ես գրած լինեի։
Այսպես, մեծ ափսոսանք ապրելով, սկսեցի հագնվել։ Ու մեկ էլ, պայծառանալով՝ ասացի ինքս ինձ.
— Բայց չէ՞ որ, Արծրուն, աշխարհում այդ ֆիլմը միայն դու՛ ես դիտել։ Հետևաբար, ֆիլմի սցենարը տեր չունի և այն կարող է քոնը լինել։
Ու մտքովս անցավ երազս գրի առնել։ Բայց կար մի դժվարություն. ֆիլմի սկիզբը և ավարտը հիշում էի ամբողջությամբ (դրանք առանց դույզն-ինչ փոփոխության սույն գրքի առաջին և վերջին գլուխներն են), բայց ահա միջնամասը հիշում էի մասամբ։ Հիշում էի, որ երազիս մեջ տասնութամյա մի աղջկա հետ հայտնվում էի տարբեր իրավիճակներում և նրան շարունակաբար ինչ-որ բան պատմում։ Պատմածից ոչինչ չէի մտապահել, բայց հիշում էի, թե ինքս որքան էի ապշել ու զարմացել երազի իմ եսի արտահայտած մտքերից ու տեսակետներից։ Հիշում էի միայն զարմանքս։
Նախորդ գրքերիս ստեղծման ժամանակ համանման նախնական բարդություններ ունեցել էի և փորձս հաշվի առնելով՝ հանգեցի հետևյալ հետևության՝ ա՛յն, ինչ չեմ մտապահել, չէի էլ կարող մտապահել, քանի որ պատրաստ չեմ եղել այն ընկալելու համար։ Սա հիմք ընդունելով ու, կրկին նախկին փորձս հաշվի առնելով, որոշեցի այն ամենը, ինչ հիշում եմ, սկսել գրի առնել՝ համոզված լինելով, որ ժամանակի ընթացքում ինչ-ինչ եղանակներով ինձ կտրվի նաև ֆիլմի միջնամասի, իմ կողմից մոռացված, սցենարը։
Այդպես էլ եղավ։
Իսկ թե այդ ինչ եղանակներ էին, մասամբ ներկայացված է գրքում։ Ամբողջական ներկայացումը (նաև նախորդ գրքերիս հետ կապված) կլինի հետագայում, առանձին գրքով։ Այստեղ ասեմ նաև, որ գրքի վերնագիրը նույնպես բերվել է հիշյալ երազից։
Բովանդակություն
Գլուխ առաջին
Զգալով, որ ինչ-որ բան այն չէ, ձեռքը պարզեց, բռնեց Ժամանակը
Եվ այն դրեց իր տեղը, որպեսզի Ժամանակն ինքը ետ չմնա հոսանքից։
Երեկոն, անտառապատ բլրի գագաթից ծառերի սաղարթները շոյելով և ապա շիկավուն բացատները մթագնեցնելով, արևի արագությամբ իջավ ստորոտները, և այստեղ արդեն լույսն ու մութը հավասար էին։
Ցածում, ուր գետինն արդեն տափարակ էր, իջևանատան նման մեն-միայնակ, միահարկ տնակ կար՝ փայտաշեն, գրեթե կիսախարխուլ։ Պարզ երևում էր, որ տանն այդ երկար ժամանակ տղամարդու ձեռք չէր կպել։
Ասացինք՝ իջևանատան նման, քանի որ այն իր ներսում օտար որևէ մեկին չէր ընդունում։ Իսկ դա՝ զգուշավորությունից. տանը միջին տարիքի մի կին էր ապրում՝ դստեր հետ։
Անապատը հատել հարկադրված ու գիշերելու կարիք ունեցող անցորդներն ընկողմանում էին ուղղակի գետնին՝ տան բակում։
Այդ կողմերով վճարունակ մարդիկ չէին անցնում, և սպասարկումը սովորաբար մեկ գավաթ թեյն էր, որ մատուցվում էր փայտե բաժակներով՝ պաքսիմատի հետ։ Ու մեկ էլ իջևանատան տիրուհին անցորդներին իր շների միջոցով պաշտպանում էր բորենիներից, որ վխտում էին այդ վայրերում քսանհինգ քառասունմեկ թվից հետո։
Տան լուսամուտներից ներս նավթավառի թույլ օրորում էր երևում. թույլ, քանի որ անապատի իրիկնային քամին այդ օրը որոշել էր հոսել բլրի թիկունքով։
Օրվա այն ժամն էր, որ այսքանը պատմելու ընթացքում լույսը դալկացավ այնքան, որ հեռուն դարձավ դժվար նշմարելի, և ասես աներևույթ մի ձեռք մուգ մի գույն ցողեց եթերի մեջ։
Իրիկնանալու հետ մի թույլ խարույկ ծագեց տան բակում, որ ոչ այնքան ջերմության համար էր, քանի որ անապատի կուտակած տաքությունը ընդերքով հոսում էր այդտեղ, որքան խտացող խավարի հետ խաղալու։ Կրակի շուրջ մարդիկ էին պառկած, ոմանք նիրհում էին արդեն օրվա բերած խոնջությունից։
Խարույկի մոտ, որ շեմքի աստիճաններից ընդամենը տաս քայլի վրա էր, ծալապատիկ նստած քսանքսաներկու տարեկան մի տղա իր բանաստեղծություններն էր կարդում հիշողությամբ։ Նա գոտկատեղից վեր մերկ էր, նրա մարմնի վրայով սահող ցոլքերը ագալմատոլիթի երանգ էին տալիս նրան, և թե չշարժվեր, կարելի էր կարծել, թե արձան է։
Նա կարդում էր՝ հայացքն անսահման հեռուն հառած, նրա ձայնը հուզիչ էր, խոսքերը՝ թովիչ, հանգերը՝ կախարդականորեն ներդաշնակ, ու զմայլելի մի դող էր նրանից տարածվում ամենքի վրա։ Դա երանություն էր բերում ննջողներին, բերկրություն՝ լուսնին նայող երազողներին, և խարույկն էլ ասես օրորվում էր այդ դողին համահունչ։
Նրանից քիչ հեռու՝ խարույկի մյուս ափին, մոտ քառասունութ տարեկան մի օտարական էր պառկած։ Նա թուխ չէր ամենքի նման, կողքի ընկողմանած՝ նա գլուխը հենել էր հողին և ուր որ է կքներ։
Դռան բացվելու ձայն լսվեց, և տան շեմքին հայտնվեց տանտիրուհու դուստրը՝ տասնութ տարեկան մի աղջիկ։ Նա կիսաթափանց գիշերազգեստով էր, բոկոտն, և իջնելով աստիճաններով՝ գետնին տարածված մարդկանց միջով եկավ դեպի բանաստեղծություն կարդացող տղան ու կանգնեց նրա առջև։
Նրան տեսնելով՝ տղան դադարեց արտասանել և վարից հմայված նայում էր նրան։
— Ինչ թովի՜չ են քո խոսքերը, Բարխո,— ասաց աղջիկը հուզված,— ես արդեն պառկել էի քնելու և բաց լուսամուտից լսում էի քեզ։ Ես զգում էի, թե սիրտս ինչպես է ուզում դուրս թռչել և գիշերամութի մեջ ճախրել անապատի վրայով՝ որպես թռչուն։ Դու կախարդում ես ինձ, Բարխո, և ես, ահա, եկել եմ շնորհակալությունս հայտնեմ քեզ մի համբույրով։
Բարխոն պլշած նայում էր նրան։
Աղջիկը ծնկի եկավ Բարխոյի առաջ, ու երբ նրանց գլուխները հավասարվեցին, համբուրեց Բարխոյին։
Օտարականը, որ, ասացինք, խարույկի մյուս եզրին էր, քնատ հայացքով ակամա նայում էր նրանց։ Նրա ուժատ աչքերը փակվում էին արդեն, և Բարխոն ու աղջիկը նրան երևում էին աղոտ ուրվագծերով։
Աղջիկը սակայն չբավարարվեց մեկ համբույրով, գրկեց Բարխոյի գլուխը և նրան քաշեց դեպի իր շուրթերը։
— Մեգիրա՛,— սաստող տոնով շշնջաց Բարխոն՝ մի կերպ բերանն ազատելով նրա շուրթերի աքցանից։
Բայց Մեգիրան զանց առավ նրա զգուշացումը և մոռացած իջևանած երկու տասնյակ մարդկանց՝ սկսեց համբուրել Բարխոյի շուրթերը, պարանոցը հետզհետե ահագնացող կրքով։
Բարխոն ապշած մեկ շուրջն էր նայում, մեկ մատները խրում էր Մեգիրայի վարսերի մեջ, չիմանալով՝ ինչ անել։
Իսկ Մեգիրան, ինքնամոռաց, սկսեց համբուրել Բարխոյի ուսերը, կուրծքը, որովայնը։
Այդ նույն միջոցին օտարականի աչքերը փակվեցին, ու նա քուն մտավ հոգնածությունից, քանի որ եկել էր սաստիկ հեռվից...
Երբ աչքերը բացեց՝ լուսաբաց էր արդեն։
Առաջին պատկերը, որ տեսավ աչքերին ընկնող արևի շողերի միջով, Բարխոյի կերպարանքն էր բարակ գերաններով կառուցած ու բորենու մորթով ծածկած լվացատեղիի առջև։
Բարխոն նոր էր ցողվել, և ջրի կաթիլները փայլփլում էին նրա ողորկ կրծքին ոսկե աստղիկների պես։
Նրա դեմքին վայելումի դեռ չխամրած հետք կար, և նա ստեպստեպ քաղցր մի հայացք էր ձգում մի ուղղությամբ։
Օտարականը դանդաղ շրջվեց դեպի այդ ուղղությունը և իրենից քիչ հեռու տեսավ Մեգիրային, որ մորեմերկ պառկած էր գետնին. սև մի լաթ էր սոսկ ծածկում նրա ամոթատեղին։
«Որպիսի՜ նրբագեղություն,— մտածեց օտարականը,— ասես մի վիթ լինի իմ առջև։ Ամենահմուտ քանդակագործները, որ երբևէ ապրել են երկրի վրա, եթե մեկտեղվեին, անկարող կլինեին ստեղծել այսպիսի համաչափ մարմին կամ հորինել մարմնի այսպիսի գույն։ Նա սքանչելի է բոլոր նախորդներից։ Գուցե թե իմ որոնա՞ծն է։ Ու՞ր էր, թե։ Հոգնել եմ արդեն հազար պտույտից»։
Մեգիրայի վարսերը խռիվ էին եկել ուսերին ու հողի վրա, կրծքերի տակ ավազ էր կպելմնացել։ Մեղրածոր մի ժպիտ էր արձանացել նրա դեմքին, և նա բավարարում ապրած հմայքով նայում էր Բարխոյին։
Օտարականը, մնալով գետնին պառկած, նորից դարձավ դեպի Բարխոն, գնահատող մի հայացքով նայեց նրան, և ապա շուռ գալով դեպի Մեգիրան՝ ասաց.
— Խելքահան է արե՞լ քեզ։
Մեգիրան խեթ նայեց անծանոթ տղամարդուն և ոչինչ չասաց։ Նա փորձ անգամ չարեց ծածկել իրեն։
— Նա ջահել է,— ասաց տղամարդը,— փարթամ։ Նրա տեսքը շոյում է քո աչքերը, ձայնը՝ քո ունկերը, և դու զմայլվում ես։ Բայց դրանք պարզ միջոցներ են, դրանք կհոգնեցնեն քեզ և դու արագ կհիասթափվես նրանից։
Մեգիրան կլորացած աչքերով նայեց նրան։
— Այո՛,— հաստատեց տղամարդը,— այդպես էլ կլինի։
Մեգիրային անհասկանալի էր օտար այդ մարդու պահվածքը և չգիտեր՝ ինչ կերպ արձագանքել։
Բայց տղամարդը չսպասեց նրա արձագանքին և ասաց.
— Եվ կսիրահարվես ինձ։
— Քե՞զ,— հեգնախառն զարմանքով արտաբերեց Մեգիրան, հազիվ զսպելով իրեն՝ դուրս չհորդեցնել մտքին եկածը։
— Այո՛,— հանգիստ ասաց տղամարդը։
Մեգիրան տղամարդու խոսքից և աչքերից հասկացավ, որ նա կռահել է, թե ինչ է մտածում ինքը նրա մասին, և նկատելիորեն շիկնեց։
— Այո՛, կսիրահարվե՛ս,— շարունակեց տղամարդը վստահ, ու անզուսպ ցանկություն կունենաս, որ քո այդ ձիգ կրծքերը ե՛ս համբուրեմ, ի՛մ ձեռքերը սահեն քո ազդրերի վրայով…
Մեգիրան սարսուռ ապրեց՝ պատկերացնելով, թե տարեց այդ մարդու կնճռոտվել սկսող ձեռքերն ինչպես են հպվում իրեն, ճաքճքած շուրթերն ինչպես են կառչում իր պտուկներից, և ասես պաշտպանվել կամենալով սահմռկեցուցիչ այդ տեսարանից՝ արագ շարժումով գիշերանոցն առավ հողերի միջից ու ծածկեց իրեն։
— Ոչի՜նչ,— հանգիստ ասաց տղամարդը,— կանցնի ժամանակ և դու չես խորշի ինձանից ամենևին։
— Բայց ինչու՞ պիտի սիրահարվեմ քեզ,— Մեգիրան նստեց տեղում. գիշերանոցը կրծքին սեղմած՝ նա չէր կարողանում գտնել անծանոթի արտասովոր պահվածքին հակադարձելու հնարը։
— Որովհետև ես կյանքի փորձություն ունեմ և իմաստնություն։
Տղամարդը նրա դեմքի արտահայտությունից հասկացավ, որ իր փաստարկներն անհրաժեշտ ազդեցությունը չունեցան։
— Չես հավատու՞մ,— հարցրեց։
Մեգիրայի աչքերի մեջ քամահրանք երևաց։
— Եվ իզու՛ր,— ի պատասխան դրա՝ կտրուկ վրա բերեց տղամարդը։
— Դա հնարավոր բան չէ՛,— գրեթե ճչաց Մեգիրան՝ գիշերազգեստով էլ ավելի խնամքով ծածկելով իր մերկությունը։
Բարխոն լարված նայում էր նրանց։
Սպասված մի ժպիտ փեռեկեց տղամարդու դեմքը։
— Դա հնարավոր բան չէ՛,— կրկնեց Մեգիրան էլ ավելի հաստատուն։
Տղամարդն ինքնագոհ մի հանգստությամբ զննեց նրան, ապա հայացքը սահեցրեց դեռևս ոտքի չելած մարդկանց և ապա համայնապատկերի վրայով ու ձեռքերը վեր կարկառելով՝ արտաբերեց.
— Դո՛ւ ասացիր, և Անապատի Ոգիները լսեցին քեզ։
Հետո շարունակեց՝ նայելով Մեգիրայի աչքերի մեջ.
— Դու կհետևես ինձ՝ Անապատի Սրբազան Օրենքով, և ես ցույց կտամ, որ ճշմարիտը ես եմ։
Խոնգիե
— Արագ ես քայլում,— տրտնջաց Մեգիրան՝ հևալով։
— Դու պիտի վարժվես իմ ընթացքին,— պատասխանեց տղամարդն անվրդով ու ետ չնայեց անգամ։
— Բայց մենք քայլում ենք այսպես արդեն յոթ ժամ։
Մեգիրայի ձայնի մեջ աղերս կար։
Տղամարդը կանգ առավ ու որոնող հայացքով շուրջը նայեց։ Եվ երբ աղջիկը հասավ իրեն, ասաց.
— Գնա՛նք այն ակացիաների մոտ։
Երբ հասան ծառերին, Մեգիրան փլվեց ստվերում աճած փարթամ կանաչի վրա ու, քանի որ գիշերը քիչ էր քնել, փակեց աչքերը։
Իսկ տղամարդը հենվեց ծառերից մեկի բնին ու նայեց անորոշ հեռուն։ Այդ դիրքով, անշարժ, որպես արձան, մնաց ավելի քան երկու ժամ, մինչև Մեգիրան ելավ քնից։
— Ի՜նչ հիմարություն,— շուրջը նայելով՝ Մեգիրան շշնջաց ինքն իրեն։
Տղամարդը հասկացավ նրա միտքը։
— Դու, միևնույն է, խուսափել չէիր կարող,— ասաց։
— Ինչպե՞ս,— Մեգիրան հենվեց արմունկին։ Եվ որևէ տեղ չնայելով՝ մտաբերեց լուսաբացին պատահածը։ Ապա, մռայլվելով, հեծկլտաց.
— Դու, ուրեմն, այս ամենը նախատեսե՞լ էիր, դու միտումնավոր հրահրու՞մ էիր ինձ...
Տղամարդը չարձագանքեց նրան, ոչ էլ նայեց նրա կողմը։
— Օ՜, խելառություն, օ՜, կամակորություն, -Մեգիրան դառնությամբ գլուխն օրորեց։ Հետո լռեց՝ խորհելով ինչ-որ մտքերի վրա։
Մեկ էլ՝ կտրուկ շարժումով նստեց խոտերին.
— Ուրեմն դու պատահակա՞ն անցորդ չէիր, դու այլոց նման պարզապես գիշերելու՞ չէիր եկել մեզ մոտ...
Տղամարդը նայեց նրան ու ոչինչ չասաց։
Մեգիրան շուրթերը կծեց ու կուչ եկավ։
— Ու՞ր ես ինձ տանում,— հարցրեց։
Պատասխան չեղավ։
— Օ՜, եթե Անապատի Ոգին սահմռկելի պատիժ չունենար երդմնազանցների համար, կփախչեի քեզանից սամումի պես արագ,— արտաբերեց Մեգիրան՝ դառնությամբ գլուխը տարուբերելով։
— Եվ իզուր,— անհույզ ասաց տղամարդը,— դու չես զղջա իմ ուղեկիցը լինելու համար։
Մեգիրային նրա այս խոսքերից փոքր-ինչ հանգստացավ ու աչքերը սրբելով՝ հարցրեց.
— Ո՞վ ես դու։
Տղամարդը մոտեցավ, խոնարհվեց ու ձեռքը մեկնեց նրան.
— Դա պարզելը քո գլխավոր նպատակն է լինելու։
Տղամարդու աչքերի մեջ նայելով՝ Մեգիրան խորհեց նրա խոսքի խորհրդավորության վրա։ Եվ, մերժելով նրա օգնությունը, ոտքի ելավ։
— Ի՞նչ է քո անունը,— հարցրեց, երբ դուրս եկան ճանապարհ։
Տղամարդը թեև սպասում էր այդ հարցին, այնուամենայնիվ ուշացրեց պատասխանը.
— Առայժմ կոչիր ինձ Նուրծ Րա, թեև դա իմ իրական անունը չէ։
Մեգիրան բացատրություն հայցող հայացքով նայեց նրան։
— Իմ անունը տալ ես չեմ կարող,— ասաց տղամարդը,— և չեմ կարող ասել, թե ինչու։
* * *
Մեգիրան հաճախ գաղտնի ետ էր նայում, և ամեն անգամ միայնակ մի ծառ, ճամփեզրի մի քարակույտ կամ ավազե դեղին փոշեամպ նրան տղամարդու կերպարանքով էր երևում։ Ու իրեն հավատացնում էր, թե դա Բարխոն է, որ գալիս է իր ետևից։ Եվ կամ երբ գիշերը պառկում էին քնելու խարույկի շուրջ՝ կրակի երերուն ցոլքերը շրջակա թփերը նմանեցնում էին խավարի միջից իրեն նայող մարդու։ Նա իրեն համոզում էր, թե այդ Բարխոն է իրեն հետևում։
«Բայց եթե Բարխոն է,— այնուամենայնիվ հարցնում էր իրեն նման պահերին,— ինչու՞ է մնում ծածուկ և չի մոտենում մեզ»։
Միևնույն է, լուսաբացին, երբ ճանապարհ էին ընկնում, ետևում մնացած միայնակ ծառերը, քարակույտերն ու փոշու ամպը նա վերստին Բարխոյին էր նմանեցնում, քանի որ այդպես էր ուզում։
* * *
Իգարայից հեռանալու հինգերորդ օրը նրանք հայտնվեցին մի գյուղակում։
— Այստեղ ես մի զարմուհի ունեմ,— ասաց Մեգիրան։- Կուզեի տեսնել նրան։
Րան չառարկեց, և նրանք Մեգիրայի առաջնորդությամբ առաջ գնացին տների միջով։
Դեռ հեռվից հավաքված մարդիկ երևացին այն տան մոտ, որ փնտրում էին։ Դա ակնհայտ վատ նշան էր, և Մեգիրայի սիրտը ճմլվեց։
Եվ նա չէր սխալվում. հարցուփորձով իմացան, որ մահացել է զարմուհու մայրը, և ուր որ է թափորը ճամփա կընկնի գերեզմանոց։
Նրանք արագացրին քայլերը։
Երբ տան շեմքից ներս անցան, զարմուհին, իսկ նրա անունը Խոնգիե էր, տառապանքից դալկացած՝ փարվեց Մեգիրային։
— Օ՜, Մեգիրա՛, ես չեմ կարող դիմանալ վշտին, - հազիվ հեծկլտաց Խոնգիեն իրեն խեղդող արցունքների միջից, - ես կխելազրկվեմ, երբ տեսնեմ, թե ինչպես են մորս հանձնում հողին։ Փրկի՛ր ինձ, Մեգիրա, դու հնար կիմանաս, չէ՞ որ Անապատից ես գալիս։
Մեգիրան ընկերուհուն ամուր սեղմել էր կրծքին և չգիտեր՝ ինչպես մխիթարել նրան։ Իսկ Խոնգիեն, գլուխը նրա ուսին հենած, ցնցվում էր։
Մեգիրան աղերսող հայացքով ակամա նայեց Նուրծ Րային։
Րան, որ ասես այդ նշանին էր սպասում, համհարզի պատրաստակամությամբ առաջ եկավ, շոյեց Խոնգիեի վարսերը, ապա նրա ձեռքը բռնելով՝ բաժանեց Մեգիրայից։
Խոնգիեն ողբալով հնազանդորեն ենթարկվեց նրան։
— Ես հիմա քեզ կօգնեմ,— ասաց Րան և Խոնգիեին տարավ դեպի տան մի անկյունը, ուր մարդիկ չկային։
Մեգիրան հետևեց նրանց։
— Այն, ինչ հիմա քեզ կասեմ, կանես բծախնդրությամբ և երբևիցե որևէ մեկին պատմելու իրավունք չունես։ Իմացի՛ր։
Թե՛ Րայի տեսքը, թե՛ նրա խոսքերը Խոնգիեին հարկադրեցին մի պահ դադարել լալ, և խորհրդավոր մի իրադարձության սպասումով՝ արցունքների միջից նայեց Րային։
— Փակի՛ր աչքերդ,— հրահանգեց Րան,— և փորձի՛ր տեսնել քեզ հեռվում՝ խավարի մեջ։
Խոնգիեն փակեց աչքերն ու սեղմեց կոպերը, իսկ Րան ափով ծածկեց նրա դեմքը։
— Տեսնու՞մ ես քեզ,— հարցրեց Րան։
Խոնգիեն, հեկեկոցը հազիվ խեղդելով, գլխով արեց։
— Հիմա փորձի՛ր քեզ, որ տեսնում ես, շրջափակել անթափանց շղարշով։ Շրջափակիր, շրջափակի՜ր, ոչ մի ճեղք չպիտի մնա։ - Րան ձեռքերը շարժեց Խոնգիեի մարմնի շուրջն այնպես, ասես օգնում էր աղջկան՝ պատելու իրեն շղարշով։- Շղարշն այդ չի անցկացնում իր միջով ոչինչ. ոչ լույս, ոչ քամի։ Կայծակներ են խփում նրան սլաքների պես և փշրվում են, ու ոչ մեկը դրանցից ներս չի անցնում, քանի որ շղարշն այդ ամուր է պատի պես։ Եվ դու մեկուսացած ես աշխարհից։ Դու այստեղ չես... Դու չկաս...
Րան խոսում էր դանդաղ, ասես ժամանակ էր տալիս աղջկան՝ կատարելու իր հրահանգները։ Իսկ Մեգիրան նայում էր նրան դժվար նկարագրելի մի հայացքով և չէր հասկանում, թե ինչ է կատարվում իր աչքերի առջև։
Այդ միջոցին երկու տղամարդ մոտեցան ու հայտնեցին, թե հանգուցյալը դուրս է բերվում և Խոնգիեն պիտի ուղեկցի նրան։
Բոլորը դուրս եկան տնից։
Մեգիրան, ընկերուհուն թևանցուկ, գնաց թափորի հետ։
Րան սպասեց այնքան, մինչև բակը դատարկվեց, ապա դանդաղ քայլերով դիմեց դեպի գյուղակի եզրը և նստեց բոլոր կողմերից երևացող մի ծառի ստվերում։
Մտքերի ետևից ընկած՝ նիրհեց։
Նրան քնից հանեց Մեգիրայի ձայնը, որ ասում էր.
— Դու կախա՞րդ ես։
Բացեց աչքերն ու Մեգիրայի դեմքին այն նույն դժվար նկարագրելի արտահայտությունը տեսավ։ Եվ թույլ քմծիծաղեց։
— Բայց դու գիտե՞ս, թե ինչ պատահեց Խոնգիեին,— զարմանքը չէր իջնում Մեգիրայի աչքերից։
— Ա՛յն, ինչ պիտի պատահեր,— հանգիստ արձագանքեց Րան՝ անշտապ ոտքի ելնելով։
— Դու դա գիտեի՞ր, դու դա գիտեի՞ր,— փշաքաղվեց Մեգիրան։ - Ոչ, անկարելի է, նման բան չի եղել այս կողմերում։ Մի տեսնեի՛ր, թե մարդիկ ինչպե՞ս էին նայում Խոնգիեին, ու ետդարձին ամենքը փսփսում էին, թե նրա հոգը չէ մոր մահը։
— Նա խնդրում էր փրկել իրեն, և ես փրկեցի,— ասաց Րան անվրդով։ -Իսկ թե ի՞նչ են մտածում մարդիկ իր մասին՝ այսուհետ միևնույնն է լինելու Խոնգիեի համար։
Րայի այս խորքերն էլ ավելի խճճեցին Մեգիրայի հոգեվիճակը։ Նա ակամա ցնցեց իրեն, ասես այդ կերպ կձերբազատվեր իրեն պարուրած խորհրդավորության սարդոստայնից։
Չօգնեց։
Ու հնազանդ հետևեց հեռացող Րային։ Բայց և չէր կարող զսպել զարմանքը.
— Տարօրինակ է։ Չէ՛, չէ՜, դու կախարդ ես. սովորական մարդը դա չէր կարող անել։ Չէ՛, չէր կարող։ իտե՞ս՝ ինչ պատմեց ինձ Խոնգիեն։ Դեռ գերեզմանի ճանապարհին, գյուղի մեջ, նա հանկարծ զգացել է, որ ինքն իրեն տեսնում է նորնոր ձևավորվող հսկա տակառի մեջ, որը կազմվում էր բետոնե հաստ ու կոր շերտերից։ Այդ շերտերը դանդաղ փակվել են ծաղկի թերթերի նման ու նա հայտնվել է տակառի մեջ՝ բոլոր կողմերից փակ։ Հետո, քայլելով թափորի հետ, Խոնգիեն մոռացել է այդ մասին։
Րան քայլում էր այնպես, ասես իրեն չէր հետաքրքրում Մեգիրայի պատմածը։ Իսկ Մեգիրան, քանի որ ետ էր մնացել, չէր տեսնում նրա դեմքի արտահայտությունը։
— Գերեզմանոցում, երբ վերջին հրաժեշտի համար հարազատները հավաքվել էին հանգուցյալի շուրջը, Խոնգիեն զարմանքով նկատել է, որ իր հետ արտառոց ինչ-որ բան է կատարվում. նա այն զգացողությունն է ունեցել, թե ինքը ներկա չէ թաղմանը, այլ նայում է կողքից. ասես մի ֆիլմ է դիտում։ Նրա հույզերը ջնջվել էին միանգամից, և իրեն այնպես է թվացել, թե ի՛ր մայրը չէ դագաղի մեջ։ Նա նայել է շուրջը և իրեն ուղղված հայացքների արտասովորությունից կռահել, որ իր դեմքին զգացվում է իր հոգու արտասովոր վիճակը։ Եվ փորձել է դեմքին մռայլություն հաղորդել, ջանացել է վերադառնալ իրականություն, բայց այդպես էլ ոչինչ չի ստացվել։ Ես, որ կանգնած էի նրա կողքին, սահմռկել էի նրա պահվածքից, և երբ անմիջապես հուղարկավորումից առաջ խոնարհվելով մոր վրա, Խոնգիեն համբուրեց նրան ու շշնջաց «Ի տեսություն, մայր»՝ ես քար կտրեցի ապշանքից. նա մորը դիմեց այնպես, ասես մայրը չէր մահացել ու նրան դեռ էլի էր հանդիպելու։ Հետո Խոնգիեն նույն անհույզ հայացքով նայում էր, թե ինչպես է դագաղը ծածկվում հողի շերտով։
Այդ խոսքի վրա Րան կանգ առավ ու դառնալով Մեգիրային, ասաց.
— Բայց ի՞նչ է եղել. նրա մոր հոգին լքել է ժամանակավոր պատյանը, որ մարմին է կոչվում։ Մի՞թե դա ողբերգություն է, մի՞թե դրա համար Խոնգիեն պիտի պոկոտեր վարսերն ու հող ցաներ գլխին։
Մեգիրան սառած մի հայացքով նայում էր Րային։ Նա կարկամել էր լսածից ու ոչինչ չէր կարողանում արտաբերել։
Այդ դեպքից հետո Միգերան այլևս ետ չէր նայում՝ Բարխոյին որոնելու, բայց և չէր մոռացել նրան։
Յահիա
Նրանք հայտնվեցին երկսապատ մի սարի մերձակայքում փռված մի քաղաքում, որ տեղաբնիկների անունով Յահիա էր կոչվում։
Փողոցներում անցուդարձ անող մռայլադեմ մարդիկ էին պատահում, ովքեր օրվա հաց ունենալ կամ երկրից փախչել էին տենչում։ Մեկ-մեկ էլ պարարտ իշխանիկներ էին հանդիպում՝ սպառազեն դրանիկների հետ։ Սրանք հասցնում էին յուրաքանչյուրի վզակոթին, ով անզգուշաբար հայտնվում էր իրենց ճանապարհին։
Ընդարձակ մի հրապարակում, որի արևելյան եզրին առվույտ էր ցանած մի նախկին արձանի տեղում, Րան և Մեգիրան արհեստական լճակի բարձր պատին կանգնած մի տղամարդ տեսան։ Փորձառու հռետորի նման ձեռքերը շարժելով՝ նա բարձրաձայն ինչ-որ բան էր կարդում, սակայն անցորդներից քչերն էին ուշք դարձնում նրան։
— Ես նրան եմ որոնում,— ասաց Րան։
Մոտ գնացին։
Տղամարդը ինքնամոռաց կարդում էր՝
«Բաղրամյան պողոտա, պալատներ բազում, ազգային ջոջեր՝ դժգոհ բազմությունից...
Բանգլադեշի շուկա, Ֆիրդուսու նրբանցք, քրջի բազար՝ իշխանություններին հայհոյող բազմություն՝ մեկ մեկու արժանի...
Համազգային մահախոսականներ, ինքնահիասթափություն, փախուստ ժանտախտից, փրկության աղերս... ՈՒմի՞ց է պետք փրկել և ու՞մ։ Եվ ի՞նչ է անելու Փրկիչը, եթե գա ու տեսնի, որ
այստեղ բոզերը թասիբով են դատավորներից. եթե առաջինները երբեմն հույզերին տրվելով կարող են անփո՛ղ գործարքել, ապա վերջինները՝ երբե՛ք,
այստեղ ընդհանուր պատը քանդելով՝ դղյակ են կառուցում իրենց նմանից պաշտպանվելու համար, որտեղ հետո թշնամին ոչխա՛ր է պահելու,
այստեղ բամփում են կռվում զոհվածի որդու գլխին, թե հե՛րդ հիմար էր, որ գնաց մեռավ, և այդ տղան կռվելու չի՛ գնա այս հիմարների համար,
այստեղ ճգնաժամից դուրս գալու ելքը գտել են՝ իրենք բոլորով կգնան, իսկ ճգնաժամին կթողնեն այստեղ մեն-մենակ,
այստեղ նոր մաթեմատիկա է գործում՝ որքան շատ են հեռանում երկրից, բնակչության թիվն այնքան մեծ է ստացվում, որքան պակասում են գնորդները, այնքան շատանում են խանութները, որքան քչանում են հանցագործները, այնքան շատանում են ոստիկանները, որքան պակասում են հարկատուները, այնքան շատանում են հարկահավաքները,
այստեղ կշռաքարերը սնամե՛ջ են իրենց հոգիների նման,
այստեղ մսին ջուր են սրսկում, երշիկին թուղթ խառնում, օղուն՝ թույն, իրենց արտադրածն իրենք չեն ուտում ու դժգոհում են, թե ուրիշն ինչու չի ուտում,
այստեղ քանի որ ուտելիք չեն արտադրում, իրա՛ր են ուտում,
այստեղ բոլորը բարիք են ուզում, բայց չեն հասկանում, որ դրա համար հարկավոր է իջնել բարիք արարողի շալակից,
այստեղ մեռելների վրա ավելի շատ փող են ծախսում, քան ողջերի,
այստեղ իրենց դեբիլ երեխաներին ուսման են խցկում, խելոքները մնում են բորդյուրին, ու զարմանում են, թե երկիրն ինչու է Դեբիլստան դառնում,
այստեղ, իրենց հեքիաթների նման, թիմով կռիվ չեն գնում, պարապ փնթփնթոցով սպասում են, թե երբ է մի անհամբեր տղա գնալու հրեշի դեմ, որ իրենք նայեն, թե հաղթեց՝ հերոսացնեն, թե պարտվեց՝ ասեն՝ զա՛դ չէր,
այստեղ հերոսացածներին հայհոյում են, հայհոյվածներին՝ հերոսացնում,
այստեղ մի կիլո բրնձով ծախվում են, ապա թքոտում, հայհոյում... մինչև հաջորդ բրնձաբաժանում,
այստեղ պարծենում են, թե առաջինն են իջել ծառերից, մինչդեռ ոչ թե իջել, այլ ընկել են, քանի որ ազգովին կտրել էին բոլոր այն ճյուղերը, որոնց վրա նստած էին,
այստեղ ծառերի վրա չեն մնացել այնքան, որ հասունանային քայլելու համար, ու հիմա անկարող են կանգնել սեփական ոտքերին,
այստեղ գերադասում են պառկել ուրիշի տակ, քան սովորել քայլել ինքնուրույն,
այստեղ յուրաքանչյուրը սրիկա է այնքան, որքան թույլ են տալիս հնարավորությունները,
այստեղ փոքր սրիկաները ցերեկը հայհոյում են մեծ սրիկաներին, իսկ գիշերը չեն քնում՝ մտածելով ինչ կերպ ունենալ մեծ սրիկա դառնալու հնարավորություն,
այստեղ մեծ սրիկաները նստեցնում են փոքր սրիկաներին,
այստեղ ամենքը սրիկա են, բայց ունեն անհեթեթ մի երազանք, որ իրենց կառավարեն ազնիվները,
այստեղ ամենքն ուզում են արդարադատություն լինի և այն բռնի հարևանի, դիմացինի, բայց ո՛չ երբեք՝ իրենց ձեռքը,
այստեղ չգիտեն, որ եթե մի տարածքում «ազնիվ» և «հիմար» բառերը հոմանիշ են, ապա այդ տարածքում պետություն գոյություն ունենալ չի կարող,
այստեղ պետությունն ավարտվում է տան շեմքին, որտեղից սկսվում է աղբանոցը,
այստեղ երկու հազար տարում երկու բանաստեղծ են ունեցել, որից մեկը մեռավ սովից, մյուսի գլուխն իրենք կերան,
այստեղ տառաճանաչներ էլ կան, որոնք միայն սապոգավոր տեր ու չոբան յար գովերգել գիտեն և հիմա ձանձրույթից իրար դե՛մ են գրում,
այստեղ «ինտելիգենտը» հայհոյանք է, և մտածել կարողացողները դժբախտ են,
այստեղ նաև սեքսով են զբաղվում ու երեխաներ ունենում, որոնք անիծում են իրենց ծնողներին՝ իրենց ա՛յս հողի վրա լույս աշխարհ բերելու համար,
այստեղ բոլորը դալտոնիկ են, քանի որ կարմիր, դեղին ու կանաչ չե՛ն զանազանում,
այստեղ նախկինները հրճվում են ներկաների անհաջողությամբ, մոռանալով, որ երբ նավը խորտակվում է, բոլորն են սկում,
այստեղ իրենց խորտակվող նավը փրկելու փոխարեն նավասենյակներն են թալանում,
այստեղ չգիտեն, որ խլուրդները որքան էլ ավագանի ընտրեն իրենց միջից, ավագանին բոլոր դեպքերում խլու՛րդ է լինելու,
այստեղ սեփական առաջնորդի անհաջողությունն ավելի մեծ ցնծությամբ են ընդունում, քան թշնամու,
այստեղ առաջնորդներ են զոհաբերվում բազմության արատներին, ինչպես հնում՝ թագավորներ, և դա կշարունակվի այնքան, քանի դեռ չի՛ եղել հակառակը,
այստեղ տղամարդիկ հեռվից հոխորտում են թշնամու վրա, իսկ նրանց կանայք փողով բոզություն են անում այդ նույն թշնամու երկրում, որ պահե՛ն այդ տղամարդկանց,
այստեղ երազում են կորցրած հողերի մասին, որ այնտեղի՛ց էլ արտագաղթեն,
այստեղ առաջինն են դավաճանել Աստծուն և որպես հավաստում այդ դավաճանության՝ տաճա՛ր են կառուցել աղքատների հավաքատեղիում,
այստեղ ազգային գաղափարախոսություն են որոնում, մինչդեռ այն ունեն, որը նրանց հոգում է, աչքերի մեջ ու ճակատին և ունի հինգ դրույթ.
կե՛ր քեզանից փոքրին և սողա՛ մեծի դեմ,
խաբի՛ր ընդմիշտ,
թալանի՛ր ընդմիշտ,
քո հայրենակիցը քո թշնամի՛ն է,
քո պետությունը քո թշնամի՛ն է,
այստեղ բոլորը բոլորին մեղավոր են ճանաչում, բայց ո՛չ երբեք՝ իրենց,
այստեղ ոչնչացնում են հանճարներին, քանի որ նրանք իրենց գոյությամբ ցուցանում են մնացյալի ոչնչությունը,
այստեղ ամենքը նվնվում են, թե իրենց ինչու՞ են ասում՝ տղամարդ չկա,
այստեղ հիվանդ են այնչափ, որ իրենց մասին այսպիսի ոչնչացնող խոսքեր լսելով՝ կա՜յֆ են բռնում՝ կախվելու՛ փոխարեն,
այստեղ ամենքը հայրենիքը փրկելուց են խոսում,
և ճիշտ են անում, կասի անշուշտ Փրկիչը, հայրենիքը մեղք է՝ հայրենիքը փրկել է պետք մարդու այս տեսակից»։
— Նրանք իսկապե՞ս այսպիսին են,— հարցրեց Մեգիրան, որ ուշադրությամբ լսում էր հռետորին։
Րան գլխով արեց։
— Իսկ ի՞նչն է պատճառը։
— Յուրաքանչյուր պետություն մի խորհրդավոր նավ է, որի խարիսխը գտնվում է երկնքում,— պատասխանեց Րան։- Նրանց պետությունը կորցրել է խարիսխը։
Մեգիրան կարեկցանքով նայեց շուրջը։
— Եվ մի՞շտ են եղել այսպիսին։
— Ի՞նչ ես ասում,— կտրուկ արձագանքեց Րան,— երբ նրանք ապրում էին աստվածային օրենքներով, ամենքն աշխարհում դեռ վայրենի էին և նախանձում էին նրանց։
— Ամե՞նքը,— Մեգիրան կամեցավ ճշտել լսածը։
— Այո,— հաստատեց Րան։- Որևէ ժողովուրդ եթե ունենա՜ր նրանց պատմությունը.... Ուրիշները նրանց պատմությունից փշրանքներ գողանալով՝ ազգ դարձան, իսկ իրենք...
— Այդ դեպքում ի՞նչ պատահեց նրանց, որ դարձան այսպիսին,— հարցրեց Մեգիրան, որ Րայի խոսքերի մեջ խոր ափսոսանք էր նկատել։
— Նրանք մոռացան աստվածներին և ապա ջլատեցին միմյանց յոթ հարյուր տարի։ ՈՒ թուլացան այնքան, որ դարձան անդիմադիր և ոտնատակ եղան հազար նվաճողի՝ հազար տարի։
Մեգիրան մի պահ խորհեց նրա խոսքերի վրա։
— Մի՞թե նրանք փրկություն չունեն,— հարցրեց։
— Իրենք կարծում են, թե չունեն։ Բայց մի՞թե կարող է Տիեզերքում լինել մի վայր, մի խնդիր, որի համար Տիեզերքը կառավարողն ինքը ելք չունենա։ Եթե նրանք հարցնեն Տիեզերքը կառավարող ուժերին, ապա Նրանք կասեն, թե ինչ է հարկավոր անել։
— Մի՞թե հնարավոր է խոսել այդ ուժերի հետ այդպես՝ դեմք առ դեմք։
— Հնարավոր է, եթե դու ի՛նքդ դեմք ունես։
Մեգիրային լռություն համակեց։
— Նրանց մեջ դեռ կան մարդիկ, որ կրում են հին անցյալը,— շարունակեց Րան,— նրանք կարո՛ղ են խոսել Տիեզերքը կառավարողի հետ։
— Եվ ի՞նչ է ասվելու նրանց։
Այդ միջոցին հռետորը, որ իջել էր պատից, մոտեցավ նրանց։
Տղամարդիկ ողջագուրվեցին։ Ապա երեքով գնացին դեպի ջրավազանը եզերող նստարանները։
— Տեսքդ կայտառ է,— ասաց Րան,— թեպետ տխուր բաներից էիր խոսում։
— Ճիշտ նկատեցիր։
— Ի՞նչ է եղել։
— Լավատես եմ դարձել։
— Նախորդ անգամ խելագարության աստիճան հուսահատ էիր։
— Այո, ինձ թվում էր, թե ոչինչ անել անհնար է, և իմ ժողովուրդը խեղվել է անդարձորեն։
Րան ծիծաղեց քթի տակ ու մի հայացք նետեց Մեգիրայի վրա։
— Հիմա այդպես չես կարծու՞մ...,— հարցրեց։
— Օ՜, ո՛չ, ի՞նչ ես ասում, Րա, ես գիտեմ արդեն, որ չկա ոչինչ անհնար երկրի վրա։
— Այդ դեպքում ինչու՞ ես շարունակում հին ելույթները։
— Որ սարսռեն։ Դա օգտակար է։
— Իսկ ի՞նչն է քեզ լավատեսության դրդել։ Չէ՞ որ քո ժողովրդի վարքում հուսադրող որևէ փոփոխություն չի եղել։
— Այդպես է, չեմ առարկի։ Իսկ փոփոխություն չկա, քանի որ նրանց չի ասվում ա՛յն խոսքը, որն անհրաժեշտ է։
— Այսի՞նքն։
— Ուրիշ խոսք է պետք։ Ինչպե՞ս ասեմ։ Որտեղի՞ց սկսեմ։ իտես, Րա, մեր վերջին հանդիպումից հետո ինձ հետ արտասովոր բաներ կատարվեցին։
— Իսկապե՞ս։ Դե՛, պատմիր,— առաջարկեց Րան։
Մեգիրան փոխեց դիրքը նստարանի վրա ու լարեց լսողությունը։
— Մի գիշեր,— քունս չէր տանում և սովորականի նման տանջվում էի այն իրողությունից, որ իմ ժողովուրդն այսպիսին է,— հարց տվեցի՝ ինքս ի՞նձ, թե՞ եթերին, չգիտեմ. «Մի՞թե չկա ելք, մի՞թե ոչինչ անել հնարավոր չէ»։
— Ե՞վ...,— Մեգիրան անկարող էր զսպել ահագնացող հետաքրքրասիրությունը։
— Շատ չանցած, երբ արդեն մոռացել էի իմ իսկ հարցերի մասին, կիսաքուն-կիսաարթուն մի վիճակում,— իսկ դա այն պահն է, երբ արթուն ես այնչափ, որ գիտակցում ես քո չքնած լինելը, բայց և անկարող ես կառավարել քեզ երևացող տեսիլները, ինչպես նաև չես կարող ելնել ու գրի առնել այցի եկած մտքերը. դու ասես ողջ մարմնով կաթվածահար լինես,— ես հանկարծ ինձ տեսա մի գրություն կարդալիս։ Չեմ մտապահել՝ ի՞նչ էր գրված ու ո՞ր լեզվով (որևէ լեզվի հասկացողություն այն իրականության մեջ ասես վերացած լիներ), բայց հիշում եմ, որ կարդալով գրությունը՝ փշաքաղված ոտքի ելա նստած տեղից։ Դա ուղե՞րձ էր, թե՞ հատված մի գրքից, չեմ կարող ասել, բայց հիշում եմ, թե գրավոր այդ խոսքի ռիթմը և բովանդակությունը ինչպես էին սարսռեցնում մարմինս. այն ընթերցելու ընթացքում ես կերպափոխվում էի, շունչս ասես կտրվում էր հուզմունքից։ Այդ պահին ես մոռացել էի իմ անձնական մտահոգությունները և պատրաստ էի ինձ նվիրել ուղերձում նշված գաղափարին։ Ասացի՝ ոչ մի բառ չեմ մտապահել, բայց ինձ թվում է, որ այդ գրության ռիթմի զգացողությունից ինչ-որ ծվեններ մնացել են հիշողությանս մեջ, ու եթե հազար գրություն ցույց տան ինձ, ես կարող եմ անսխալ ասել, թե դրանցից ո՛րը հաստատապես ինձ երևացածը չէ։
Մեգիրայի դեմքը խոժոռվեց լսածից։
— Թմրած իմ այդ վիճակում ես մտածեցի, թե Տիեզերքը կառավարող ուժերը լսել են իմ աղերսը և տվել ելքի բանալին։ Բայց չէի հասցրել թեթևացած շունչ քաշել, երբ հանկարծ ինձ գտա մարդաշատ մի դահլիճում։ Ասես կուսակցության համագումար լիներ։ Ես նստած էի առաջին շարքում։ Բարձր բեմի վրա մի տղամարդ էր, որ կանգնած՝ խոսում էր դահլիճի համար։ Նրա տեսքը, ձայնի առոգանությունը, խոսքի բովանդակությունը, շեշտադրումը, ձեռքերի մշակված շարժումները փշաքաղեցնում էին բոլորին, և ես ազդված էի ավելի ուժգին, քան ուղերձը կարդալու ժամանակ էր։
Լսում էի նրան և զգում էի, որ մոռանում եմ իմ եսը, իմ անձի, իմ ընտանիքի, իմ մերձավորների հետ կապված խնդիրներն ու մինչ այդ ունեցած անհանգստությունները. ես հասկանում էի, որ արդեն պատրաստ եմ ինձ ամբողջությամբ հանձնել անանձնական գործերի ու քայլերի։
Նրա ելույթի ընթացքում դահլիճը հետզհետե բորբոքվում էր ու բռնկվում, իրենց եսը մոռացած մարդկանց հավաքականության դաշտը հարյուրապատկում էր մեզ համակած նոր զգացողությունը, իսկ բեմում կանգնած տղամարդը վարպետորեն ճիշտ ընտրված պահերին մեզ երիցս կրկնել տալով իր խոսքի խթանող հատվածները, բոլորիս հասցնում էր ինքնամոռացության վերին մի վիճակի։ Ցավոք, ես ոչ մի բառ չեմ մտապահել նրա խոսքերից։
Րայի մտերիմն ափով տրորեց դեմքը, ապա շարունակեց.
— Դեռ չէի հասցրել հաղթահարել տեսածիս ապշանքը, երբ հանկարծ հայտնվեցի բողոքի բազմահազարանոց փողոցային մի երթի մեջ։ Մենք առաջ էինք գնում հոծ շարքերով։ Ու մեկ էլ եթերը բռնվեց մի երաժշտությամբ։ Այն ասես քայլերգ լիներ, բայց բառեր չէին լսվում։ Այդ երաժշտության ռիթմն այնպիսին էր, որ լսելով՝ մենք ասես խենթանում էինք։ Եթե հռետորի խոսքից մոռանում էինք մեր եսը, մեր հարազատների խնդիրները, ապա այդ երաժշտությունը լսելով՝ մեր հարազատները դադարում էին գոյություն ունենալ մեզ համար, և մենք այլևս սովորական էակներ չէինք, մենք մարդ չէինք, մեզ համար մահը ոչինչ էր, մեզ համար կար սոսկ մի խնդիր՝ հասնել մեր առջև դրված նպատակին, և ոչինչ խոչընդոտ չէր կարող լինել դեպի այդ նպատակը տանող ճանապարհին։ Մենք պատրաստ էինք զոհել ինքներս մեզ, նաև մեր բոլոր մերձավորներին, միայն թե դեպի նպատակ տանող մեր ուղին չխաթարվեր, մեր տենչը չմնար անկատար։ Մենք դարձել էինք անահ, մենք կարող էինք դառնալ ամեհի մի բաբան, եթե կարիք լիներ պարիսպ կործանել, մի հզոր ալիք, եթե կարիք լիներ նավեր խորտակել։ Երկու հարյուր ինձ նմանը բավական էր երթի առջև ամեն արգելք սրբելու համար, մեզ համար մժեղ էին զրահամեքենաները, տանկերը, իշխանական պարսպապատ պալատները, իսկ որևէ իշխանություն փոխելը մեզ թվում էր մանկական խաղ։ Մեր նմանների միասնությունը կարող էր արագացնել երկրի պտույտը։
Տղամարդը, որ պատումի ոգևորությունից քրտնել էր, սրբեց ճակատը։
— Ես հասկանում էի, որ մեր՝ այդպիսին դառնալու գործում էական է եղել այն, որ մինչ այդ գտնվել ենք ուղերձի և հռետորի ազդեցության տակ։ Րա, ես այնպես էի տենչում մտապահել այդ երաժշտությունը, կրկնում էի ինքս ինձ համար նոտաները, հուսալով, թե տակտը կհիշեմ նաև արթմնի վիճակում։ Այդ երաժշտությունն այնպես էր ներծծվել իմ մարմնի մեջ, որ եթե ինձ դաշնամուրի մոտ տանեին (իմ այդ վիճակում, ասացի, ինքս շարժվել չէի կարող), ե՛ս, որ երաժշտությունից անչափելի հեռու մարդ եմ, կնվագեի այն։
Ամբողջ մի քանի ժամ այդ երաժշտությունը հնչում էր իմ ուղեղում, ես բարձրաձայն վերարտադրում էի այն՝ ինչ-որ բեկոր գոնե մտապահելու հույսով։ Բայց, միևնույն է, առավոտյան ես, ցավոք, երաժշտությունից ոչինչ չէի հիշում, ինչպես չէի հիշում ոչ մի բառ հռետորի խոսքից կամ ուղերձից։ Բայց այդ տխրության հետ հասկացա նաև, որ Տիեզերքը կառավարող ուժերը տվել են ինձ հուզող հարցի պատասխանը՝ կա՛ ելք և այդ ելքն ունենալու համար մենք նախ մի Գիրք պիտի գրենք, մի ՀռետորԱռաջնորդ ունենանք՝ այդ գրքի ակունքներից եկող, և ապա՝ մի Երաժշտություն, որոնք ժողովրդի վրա կունենան նու՛յն ազդեցությունը, որպիսին այն գիշեր ունեցան ինձ վրա։ Օ՜, Րա, եթե մենք ունենանք դրանք, մենք ո՛չ միայն կվերափոխենք մեր ժողովրդին, այլև նրա միջոցով՝ ողջ աշխարհը։ Ես որևէ կասկած չունեմ դրանում։ Եթե ունենա՜նք։ Ինչի՞ նման են մեր այժմյան համագումարներն ու երթերը։ Մարդիկ դրանց գալուց ավելի ոգևորված են լինում, քան հեռանալիս, մեր համագումարները մարեցնում են մարդկանց ավյունը, պաղեցնում նրանց, մինչդեռ ինձ երևացած տեսիլում մարդիկ հեռանում էին՝ մեծ գործերի ու գաղափարների նվիրվելու պատրաստ։ Եթե մենք կարողանա՜նք մեր իրականության մեջ դա անել...
— Բայց ո՞վ պիտի գրի այդ գիրքը, երաժշտությունը,— հարցրեց Մեգիրան, որ այս ողջ ընթացքում ակնապիշ հետևում էր տղամարդու շարժումներին։
— Չեմ կարող ասել,— եղավ պատասխանը,— եթե ե՛ս լինեի այդ մարդը, ապա կմտապահեի ինձ մատուցվածը։ Այդ անելու են թերևս ուրիշները, և ես այլևս կասկած չունեմ, որ դա լինելու է. այդ Գիրքը կա՛, Երաժշտությունը կա՛, ես կարդացել եմ ուղերձգրությունը, լսել հռետորին և երաժշտությունը։ Դրանք կա՛ն Տիեզերքում, գոյություն ունեն, մնում է գտնել դրանք։
— Հետաքրքի՜ր է,— ծոր տալով՝ ասաց Րան,— այս ին-չե՞ր են կատարվել մի քանի ամսում։
— Բայց ես ամենը չասացի, Րա։
Մեգիրան ափերով տրորեց դեմքը, ասես դա կօգներ իրեն ավելի լավ ըմբռնելու այն, ինչը հիմա հայտնի կդառնար իրեն. նա չէր կասկածում, որ մի արտառոց պատմության է ունկնդիր լինելու հիմա։
— Դու գիտես, որ ես Տիեզերքը կառավարող ուժերի զորությամբ կարողանում եմ կերպարանափոխվել պատմական հայտնի անձերի. չգիտեմ, իմ հոգի՞ն է գնում նրանց ապրած ժամանակները, թե՞ նրանց հոգին է ներառվում իմ մարմնի մեջ, բայց ես մի որոշ ժամանակով դառնում եմ իմ ընտրած պատմական անձը։
Ինձ անչափ հետաքրքրում էր, թե ինչպե՞ս էր Ռելիհը կարճ ժամանակում վերափոխել իր ժողովրդին ու թափթփված բազմությունից նրանց դարձրել մարդ-ազգ, որպիսի երևույթ չէր եղել մարդկության պատմության մեջ։ Ռելիհն իր ազգի համար թե՛ Գիրքն էր գրել, թե Առաջնորդ-հռետորն էր եղել, և ես շատ էի ուզում իմանալ, թե ինչպիսի՞ն է եղել ինքը՝ որպես անհատականություն։ Ես շատ գրքեր եմ կարդացել նրա մասին, բայց դրանք չէին տալիս բոլոր հարցերիս պատասխանները։ Ես հասկանում էի, որ որոշ բաներ, որոնք հայտնի չեն մարդկությանը, կարող եմ իմանալ իրենից՝ Ռելիհից, եթե կերպափոխվեմ ու դառնամ նա։ Հասկանում էի, բայց և ներքին երկյուղ ունեի, քանի որ նման գործերի մի գիտակ զգուշացրել էր, թե Ռելիհի հետ խաղեր խաղալը վտանգավոր է, և եթե կերպափոխվեմ ու դառնամ նա, ապա հնարավոր է՝ այլևս վերադարձ չլինի։
— Եվ ողջ կյանքում կլինեի՞ր նա,— հարցրեց Մեգիրան զարմացած։
— Այո,— հաստատեց տղամարդը։- Այստեղ զարմանալի ոչինչ չկա. մեր հոգեբուժարանները լի են Հուլիոս Կեսարներով, Նապոլեոններով։ Մի Ռելիհ ևս կավելանար նրանց։
Մեգիրան ծիծաղեց։
— Իսկ նա չքնաղ է,— նկատեց տղամարդը։- Նախորդները չունեին նրա հմայքը, Րա։
Րան խոժոռ մի հայացք գցեց ընկերոջ վրա։
Մեգիրան չհասցրեց ոչինչ հասկանալ։
— Եվ այսպես, մի գիշեր էլի քունս չէր տանում ժողովրդիս համար ունեցած մտատանջությունից։ Լուսամուտից երևացող պայծառպայծառ լիալուսինը չգիտեմ՝ ինչու՞ գրավեց ուշադրությունս։ Մենք երկուսով լուռ նայում էինք միմյանց, և ես զգում էի, որ նա մոգական ինչ-որ ազդեցություն է ունենում ինձ վրա։ «Բայց ինչու՞ եմ վախենում Ռելիհ դառնալ,— ակամա հարցրի ինքս ինձ,— չէ՞ որ ինձ այնքան էլ շատ չի մնացել ապրելու։ Մի՞թե տարիներն անիմաստ ապրելու համար են տրված։ Ինչ լինելու է, թո՛ղ լինի»։ Այսպես, ինքս ինձ ոգևորելով, դիմեցի Տիեզերքը կառավարող ուժերին. «Ես պատրաստ եմ, ես գալիս եմ դեպի Ձեզ, ցու՛յց տվեք ինձ այն, աղերսում եմ, ինչը որոնում եմ։ Օգնե՛ք ինձ՝ հասկանալու, թե ով է Ռելիհը»։ Եվ գիտե՞ք՝ ինչ եղավ։ Հազիվ էի ավարտել խնդրանքս, երբ մի ներքին ձայն հուշեց ինձ անել հետևյալը. ես ձեռքերս տարածեցի կողքի, ապա մտովի մի բացվածք արեցի աջ ձեռքիս դաստակի մոտ, ու կարմիր արյունը դուրս հորդեց իմ մարմնից։ Նույն միջոցին նման մի բացվածք էլ արեցի ձախ դաստակիս մոտ, և այդ պահին վերևից (Տիեզերքի՞ց, թե՞ մի այլ տեղից, չգիտեմ) մութ ու սև մի հեղուկի շիթ իջավ ու այդ բացվածքից թափանցեց իմ մարմին՝ գրավելով ինձանից հեռացող արյան տեղը։ Առաջին զգացողությունը, որ ունեցա, դա այն գիտակցումն էր, որ ես ստանում եմ Ռելիհի արյունը։ Ու ինձ համար ակնհայտ էր արդեն, որ նա առնչություն է ունեցել մութ ուժերի հետ, այլապես նրա արյունն այդպես սև չէր լինի։
Մեգիրան ափերով փակեց բերանը։
— Ահ պատեց ինձ նրա արյան մուգության թափանցումից իմ մարմին, ու հարցրի ինքս ինձ. «Բայց կարո՞ղ եմ արդյոք ես դիմանալ այս ամենին, չե՞մ խենթանա արդյոք, ինչպես զգուշացնում էին»։ Եվ ապահովության համար Տիեզերքից ոսկեգույն ու բարի էներգիա առա իմ մեջ,— քո սովորեցրած եղանակով, Րա,— ու խառնեցի այն մարմինս գրաված սևությանը այնպես, որ խառնուրդը դարձավ մոխրագույն երանգի։
Նա շուրջը նայեց ու, ձեռքը պարզելով անցորդների մեկի կողմը, ասաց.
— Ահա՛, ճիշտ և ճիշտ այսպիսի։
Րան և Մեգիրան նայեցին հագուստին։
— Մոխրագույնի այս երանգի արյունն արդեն տանելի կլինի ինձ համար,— ասացի ինքս ինձ փոքր-ինչ հանգստացած։ Հետո ինձ հուշեցին, որ արվածը բավարար չէ, և որ սիրտս ևս պիտի փոխեմ։ Ես մտովի հանեցի սիրտս իմ մարմնից, ու վերից մի մութ ու սև այլ սիրտ դրվեց իմ մեջ։ Ես հասկացա, որ դա Ռելիհի սիրտն է։ Մտածեցի, թե երևակայական վիրահատությունն ավարտվել է, բայց նույն այդ ձայնը հրահանգեց ուղղանկյունաձև մի մեծ բացվածք անել կրծքիս վրա,— տղամարդը ձեռքերով ցույց տվեց երևակայական բացվածքի տեղն ու չափը,— ու տեղադրվեց այնտեղ թզաչափ տրամագծով մի անիվ, որն աջ կեռխաչի չորս թևերով էր։ Անիվն այդ կարող էր պտտվել իր առանցքի շուրջը։
Մեգիրան հայացքը չէր կտրում նրա կրծքից, ասես տեսնել էր ուզում կեռխաչը։
Տղամարդը մի պահ դադար տվեց, որպեսզի իր ունկնդիրները հասցնեն վարժվել լսածին։
— Այդ ամենն անելուց հետո քնեցի՝ այնքան էլ կարևորություն չտալով եղածին։ Ճիշտը որ ասեմ, անգամ քմծիծաղ տվեցի ինքս ինձ վրա։ Առավոտյան, երբ արթնացա, Րա, ես արդեն ես չէի։ Ես կերպափոխվել էի ամբողջովին։ Բավական էր գլխիս մեջ որևէ միտք կամ ցանկություն ծագեր, ես, առանց վարանելու, մղվում էի իրականացնելու նպատակս՝ չմտածելով բոլորովին վտանգների մասին։ Մինչ այդ օրը ես որևէ քայլի դիմելուց առաջ հազար անգամ կշռադատում էի՝ արժե՞ գնալ այդ քայլին, թե՞ ոչ, մտածում էի, թե ինչպե՞ս կընկալվի իմ վարքը հանրության կամ նրանց կողմից, ում հետ առնչվելու էի նպատակիս իրագործման ճանապարհին։ Իսկ այդ առավոտ ես ասես որոշակի ծրագիր կրող մի ռոբոտ լինեի կամ թե գերմարդ. ինձ համար չկային այլևս այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են ամաչելը, կաշկանդվելը, տարակուսելը։ Ինձ համար չկար անլուծելի որևէ խնդիր, անմատչելի որևէ պաշտոնյա, անհասանելի որևէ նպատակ։ Կրկնում եմ, բավական էր որևէ միտք ծագեր իմ գլխում, և հաջորդ ակնթարթին ես դուրս էի գալիս այն իրագործելու։ Եվ ես հաստատապես գիտեի, որ այդ խնդիրը լուծելու եմ։ Ավելին՝ ես գիտեի, որ բոլոր այն մարդիկ, ում դիմելու եմ օժանդակության համար, աջակցելու են ինձ սիրահոժար։ Էլ ավելին՝ ես գիտեի, որ նրանք հակված են լինելու աջակցելու ինձ՝ անգամ մինչ նրանց դիմելը, նույնիսկ եթե նրանք ինձ չէին ճանաչում։ Սա կարող է ձեզ տարօրինակ թվալ, բայց դա հնարավոր է։
Րան լուռ էր, իսկ Մեգիրան ամբողջությամբ զարմանքի էր վերածվել։
— Ես հասկացա, թե Ռելիհը որպիսի սարսափելի նախաձեռնողականություն է ունեցել։ Դա գերմարդկային հնարավորություն էր, որն ունենալ անհնարին է առանց այլ առնչությունների։ Դու, Րա, գիտես անշուշտ, որ նրա հետ այդ ուղղությամբ աշխատում էին դեռ բանտարկության տարիներից սկսած։ Ես ինքս էլ, երբ Ռելիհն էի, զգում էի, որ ահռելի էներգիա է կուտակվել իմ մեջ. ես պատրաստ էի ելույթ ունենալ հարյուր հազար, հարյուր միլիոն մարդու առաջ և վստահ էի, որ կկարողանամ փոխել նրանց բոլորի մտածողությունը։ Ինձ համար չկար մարդկային քանակության որևէ վերին սահման, որից կերկնչեի՝ նրանց առջև ելույթ ունենալիս։ Հիշու՞մ ես, Րա, Ռելիհն էլ էր տրտնջում, թե Նամրեգիայի մարզադաշտերը փոքր են և երազում էր մի քանի միլիոն մարդ տեղավորող մարզադաշտեր կառուցել։
Րան ակամա գլխով արեց։
— Ես հասկացա, Րա, նրա տրտունջի պատճառը, ու նաև ինձ պարզ դարձավ, թե ինչպե՞ս էր նա կարողանում փոթորիկ մակածել իրեն ունկնդրողների ուղեղներում։ Ենթադրենք, այսպես, որևէ դահլիճում կա որոշակի թվով մարդ։ Այդ մարդկանցից յուրաքանչյուրն ունի իր հոգևոր էներգիան։ Եթե քո էներգիան շատ ավելի մեծ է նրանց հանրագումարային էներգիայից, ապա դու հեշտությամբ կգրավես այդ դահլիճը։ Եվ կարևոր չէ, պատրա՞ստ ես ելույթի, թե՞ ոչ. դու հայտնվում ես նրանց առջև, և նրանք գրավված են. դու առնում ես նրանց բոլորին ցանցի մեջ, ինչպես հմուտ ձկնորսը։
Ես (ավելի ճիշտ՝ Ռելիհը, որ ես էի) վստահ էի, որ կարող եմ ցանկացած դահլիճ գրավել նույնիսկ նախապես, այսինքն՝ մինչև այնտեղ գտնվող մարդկանց առջև հայտնվելը։ Տեղյակ ես, անշուշտ, որ Ռելիհի մտերիմները խոստովանել են, որ նման դեպքեր կատարվել են նրա հետ։
— Ինչպե՞ս է դա լինում,— հարցրեց Մեգիրան։
— Քո էներգիան առաջ է անցնում քեզանից, ու մինչ դու կհայտնվես դահլիճում, քո փոխարեն նա՛ անում է իր գործը։ Քեզ մնում է ներս մտնել՝ ավարին տիրելու համար։
Մեգիրային ամեն ինչ չէ, որ պարզ էր, և նա գլուխը տարուբերեց, ասես դա կօգներ իրեն։ Հետո հարցրեց.
— Բայց ինչու՞ դու, որ Ռելիհ էիր դարձել, չմնացիր որպես նա։
— Որովհետև ես Տիեզերքը կառավարող ուժերից ընդամենը խնդրել էի ցույց տալ ինձ, թե ո՞վ է Ռելիհը։ Ես չէի խնդրել ինձ Ռելիհ դարձնել վերջնականորեն։ Եվ հետո չէ՞ որ զգուշավորությունից ես փոխեցի ինձ ներարկված արյան գույնը։
— Իսկ ինչի՞ համար էր կեռխաչը,— հետաքրքրվեց Մեգիրան՝ հանկարծ հիշելով այդ մասին։
— Օ՜, ես դա մոռացա։ Այն անպատկերացնելի զորությամբ էր օժտված։ Դե, քանի որ փոխել էի արյան գույնը, ապա ես ամբողջությամբ Ռելիհը չէի, և որոշ պահերի իմ իրական եսը հառնում էր իմ մեջ ու իմ իսկ անվտանգությունից դրդված՝ զգուշավորություն ծնում հոգուս մեջ։ Այդպիսի պահերին բավական էր ես կեռխաչը մտովի պտտեի առաջ, և իմ նոր էությունը տիրում էր ինձ լրիվությամբ, լցվում մարմնիս բոլոր մասերը, դուրս մղելով այնտեղից իմ իրական էությանը։ Ու ես դառնում էի կատարյալ խիզախ, մահը դադարում էր գոյություն ունենալ ինձ համար, ես նաև ասես էներգիայի նոր լիցք էի ստանում. քայլվածքս փոխվում և դառնում էր վճռական, մարմինս պրկվում էր, ես ինձ զգում էի ամենահաղթ ու նաև անխոցելի. ոչ ոք ինձ վնաս պատճառել չէր կարող, քանի որ ես դառնում էի պաշտպանված ինձ անհայտ մի կերպով։
Մեգիրան ջանում էր ըմբռնել լսածը։
— Այս պահին դու սովորակա՞ն մարդ ես արդեն,— հարցրեց։
— Այո,— եղավ պատասխանը։- Պատահեց այնպես, որ ես կարճ ժամանակով մեկնեցի սառը և տափարակ մի երկիր, և նրանց հողը ագահությամբ կլանեց իմ էներգիան։ Բայց այնտեղ, հեռվից, վերհիշելով իմ երկիրը, եկա այն համոզման, որ լեռների կամ գուցե թե այլ պատճառով Տիեզերքից ահռելի էներգիա է իջնում իմ հայրենիքի վրա, ու եթե իմ բնօրրանում մարդիկ ագրեսիվ են միմյանց հանդեպ, դա նաև այն պատճառով է, որ նրանք կրակն են ընկել այդ հզոր էներգիայի ձեռքը ու քանի որ անկարող են ուղղորդել այն արդյունավետության հունով՝ ուղղում են միմյամց դեմ։ Եվ այնտեղ, օտար ափերում, մտածեցի. «Այ, եթե իմ հայրենակիցները սովորե՛ն այդյունավետ օգտագործել այդ էներգիան...»։
— Վերհիշե՛ն,— ուղղեց Րան։
— Այո, ճիշտ ես,— ընդունեց տղամարդը փոքր-ինչ խորհելուց հետո։
* * *
— Եթե Ռելիհը գերմարդ էր, ինչու՞ պարտվեց,— հարցրեց Մեգիրան, երբ երկուսով արդեն հեռացել էին քաղաքից։
— Նրան կործանեց իր չափից դուրս ինքնավստահությունը։ Նա Հրի համակարգի քուրմ էր և մարտնչում էր Սառցե համակարգի դեմ։ Երբ նրա գեներալները խորհուրդ տվեցին Ավկսոմի վրա գրոհել գարնանը, որպեսզի ձմռանը ուժանյութը չսառի զրահամեքենաների մեջ, նա, իրեն Աստված կարծելով, ասաց. «Դուք գրոհե՛ք, իսկ ցրտի ու սառույցի դեմ պայքարը թողեք ինձ»։ Նա վստահ էր, որ իր ոգու ուժով միայնակ կհալածի ցուրտը։ Բայց եղավ այն, ինչից զգուշացնում էին գեներալները։
Լուռ քայլեցին առժամանակ։
— Մի՞թե իսկապես Ռելիհը կամ Յահիայի քո ընկերը Տիեզերքից էներգիա են ստացել,— հարցրեց Մեգիրան, որ ոչ մի կերպ չէր կարողանում մտքից հանել քիչ առաջ լսած տարօրինակ մտքերը։
— Նրանք ստացել են ո՛չ թե էներգիա, այլ՝ խթանիչ։ Ահա, տե՛ս այս քարը,— Րան մի քարակտոր վերցրեց գետնից,— այս պահին այն արտաքուստ սառն է և էներգիայից զուրկ։ Մինչդեռ իրականում նրա ներսում հզոր էներգիա կա պարփակված, որ արտադրյալն է իր զանգվածի, լույսի արագության և կրկին լույսի արագության։ Այս փոքրիկ քարի էներգիայով կարելի է մի ողջ քաղաք կործանել, եթե գտնվի հնարը նրա մասնիկների էներգիան համադրելու։ Այդպես էլ մարդն է։ Նրա մարմնում անսահման չափի էներգիա է դրված, որն օգտագործել անկարող է հասարակ մահկանացուն։ Իսկ երբ խթանի՜չ է մտցվում մարդու մարմին...
— Ստացվում է, որ մարդը դառնում է գերմարդ իր իսկ էներգիայի հաշվի՞ն։
— Այո։
— Բայց այդ դեպքում նա արագ կծերանա։
— Այդպիսին է Տիեզերքի օրենքը։ Մարդն ունի երկու ճանապարհ. կամ նա Տիեզերքի կողմից իր մարմնում դրված էներգիան ծախսում է դանդաղ և ապրում երկար, կամ էլ այրում է այն բուռն կերպով և արագ ծերանում։ Ճիշտ և ճիշտ ավտոմեքենայի նման։ Մեկ բարել ուժանյութով այն կարող է հարթ տարածքով առաջանալ, ասենք, երկու հարյուր մղոն, բայց եթե փորձի սար ելնել, հազիվ տաս մղոն ճանապարհ կանցնի։ Բոլոր մեծ մարդիկ, որ հայտնի են աշխարհին, ընտրել են երկրորդ տարբերակը։
Մեգիրան երկար ժամանակ լուռ խորհում էր Րայի ասածների վրա։ Հետո հեռվում երևացող մի սար գրավեց նրա ուշադրությունը, ու նա կանգ առավ։
— Ի՞նչ պատահեց քեզ,— հարցրեց Րան։
— Մի տարօրինակ զգացում համակեց ինձ, Րա. ասես լեռն այն կանչում է ինձ։
— Հենց այնտեղ էլ գնում ենք,— ասաց Րան։
Մեգիրան հայացքով չափեց դեպի լեռը տանող ճանապարհը. այն իրենցից չորս ժամ կխլեր։
Առաջացան անխոս։
Մեգիրան շարունակ շուրջն էր նայում։ Ու մեկ էլ հարցրեց.
— Իսկապե՞ս Յահիան առանձնահատուկ երկիր է։
— Այո,— պատասխանեց Րան։ Եվ այդ առանձնահատուկությունից օգտվել կարող են միա՛յն իրենք։ Եթե նրանք կարողանան համակարգել Տիեզերքից իրենց երկրի վրա իջնող էներգիան, ապա կտիրեն աշխարհին։ Ինչպես եղել է հնում։ Դրա համար էլ հակառակորդները միշտ ձգտել են ոչնչացնել նրանց ու խլել նրանցից իրենց հայրենիքը, և հազար տարի նպատակային աղավաղել են նրանց էությունը։
Տապալված մի վիթխարի կաղնի պատահեց նրանց, այնքան հաստ բնով, որ փչակում մի քանի մարդ կարող էր տեղավորվել։
— Այս ծառն ականատեսն է յահերի երբեմնի հզորության,— ասաց Րան։
Մեգիրան հետաքրքրությամբ զննեց ծառը, ապա մտնելով փչակ՝ երկրպագության թարմ հետքեր տեսավ այնտեղ։
— Դու կարծում ես, որ կա՞ որևէ գաղափար, որը կարթնացնի յահերին,— հարցրեց Մեգիրան, երբ արդեն հեռացել էին ծառից։
— Քաղաքականությունն ու քաղաքագիտությունն այլևս անզոր են։ Հարկավոր է գտնել դեպի սիրտ տանող ճանապարհը, որ անցնում է ենթագիտակցության միջով։ Սովորական գաղափարների միջոցով, որոնք հաջողություն են ունեցել այլ ժողովուրդների մոտ, դա անել հնարավոր չէ։ Ուրույն մի գաղափար է անհրաժեշտ։ Իսկ այդպիսի գաղափար գոյություն ունի. այն նու՛յն գաղափարը, որի կրողն էին իրենք անհիշելի ժամանակներում։
— Եվ ո՞րն է դա։
— Աշխարհի կարգավորումը։
— Աշխարհի՞։ Բայց նրանք անգամ իրենց երկիրն են անկարող կարգի բերել։
— Այո, հիմա այդպես է։ Ասացի, որ հազար տարի (իրականում՝ ավելի տևական) աղավաղել են նրանց էությունը։ Այն մարդկանց, որ դու տեսար, իրական յահերը չեն. հազար տարում մի ինչ-որ պատյան, պակաս պիտանի մի կեղև է առաջացել նրանց հոգու վրա։ Ինչպես մետաղն է պատվում ժանգի շերտով։ Նրանց իրական էությունը հոգու հեռավոր խորքերում է, գեների մեջ, որի մասին իրենք էլ չգիտեն։ Հոգու այդ ժանգը քայքայող տիեզերական մի նյութ է հարկավոր գտնել։ Այդ ժամանակ նրանք անգամ կփոխեն իրենց մաշկի գույնը ու վերստին կդառնան բաց վարդագույն։
— Բայց ինչու՞ հենց նրա՛նք պիտի կարգավորեն աշխարհը։
— Որովհետև աշխարհի կարգավորման կոդը միայն նրա՛նց գեների մեջ է։ Միայն նրա՛նք կարող են համակարգել Տիեզերքից իրենց երկրի վրա իջնող էներգիան, քանի որ հներից միայն իրենք են մնացել բնօրրանում։ Բայց դրա համար նախ պիտի վերափոխեն իրենց էությունը։
— Դա շուտ կլինի՞։
— Ինքդ տեսար, որ նրանց ջանում են հուշել վերափոխման բանալիները։
— Եվ նրանք կունենա՞ն այդ իրքը և Երաժշտությունը։
— Եթե նրանցից մեկն արդեն կարդացել ու լսել է դրանք (ոչինչ, որ անգիտակից վիճակում), ուրեմն և մոտ է Վերափոխման ժամը։
Քայլելով՝ Րան լուռ խորհեց մի պահ, ապա ասաց ինքն իրեն.
— Եվ մի՞թե ճիշտ էր Սոպէն, երբ ասում էր, թե նավերը մոտենում են։
— Ո՞վ է գրելու դրանք,— հարցրեց Մեգիրան, որ չէր լսել Րայի վերջին խոսքերը։-Գուցե նա ի՞նքը՝ Յահիայի քո մտերիմը։
— Դժվար է ասել։ Նա ինքն իր մասին ասում է, թե սոսկ մի թմբկահար է, ով թույլ չի տալիս բազմությանը նիրհել և նրանց պատրաստում է առաջնորդի գալստյանը։
Մեգիրան գնում էր Րայի ետևից։ Նրան հանգիստ չէին տալիս նոր լսած մտքերը։
— Վերափոխե՜լ ժողովրդին, կարգավորե՜լ աշխարհը... Դա հնարավո՞ր է։ Ախր այն, ինչ տեսանք Յահիայում...
— Ամենաթափթփված բազմությանն անգամ կարելի է հերոսական ազգ դարձնել,— ասաց Րան ինքնավստահ։ -Եթե յահերն ունենան այդ Գիրքն ու Երաժշտությունը, և ի հայտ գա Առաջնորդը (իսկ այդ դեպքում նա անպայման կգա), կերպափոխումն անխուսափելի կլինի և անճանաչելի։ Տիեզերքի գաղտնի բանալիները կարծես թե տրվում են նրանց։ Դա մեծ պատիվ է ու նաև պատասխանատվություն։ - Րան դադար տվեց մի պահ։- Եթե այդ երեք բանալիները տրվեն նրանց, ապա նրանք իրականությունն ավելի արագ փոխելու համար կարող են մի քայլ ևս անել։
— Ինչի՞ մասին է խոսքը։
— Դա արդեն պիտի անեն նրանց վանականները, մի գիշերում։ Բայց, ասացի, մինչ այդ պիտի ունենան մյուս երեք բանալիները։
— Վանականնե՞րը,— հետաքրքրվեց Միգերան,— ի՞նչ կարող են անել նրանք։
Րան սպասեց, որ Մեգիրան հասնի իրեն, ապա զգուշությամբ շուրջը նայելով՝ ինչ-որ բան շշնջաց նրա ականջին։
Մեգիրան մի պահ զարմացած նայեց նրան, ապա հարցրեց.
— Իսկ ինչու՞ չասացիր այդ մասին նրան։
— Իրավունք չունեմ. դա իրե՛նք պիտի կռահեն։ Հիմա քեզ մի գաղտնիք կբացեմ. եթե գիրքը կամ, որ նույնն է, գաղափարը, որակենք որպես մի Հայտնություն և միմյանց տակ գրենք չորս բանալիները՝
ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋՆՈՐԴ
ՅԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ,
ԿՐՈՆԱԿԱՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄ
և վերցնենք տողերի առաջին տառերը, ապա կստանանք Յահերի հնագույն Աստծո անունը։
— Հետաքրքի՜ր է,— արտաբերեց Մեգիրան՝ զարմանքից վանկերը երկարացնելով,— դրա մեջ մեծ խորհուրդ կա։
Նրանք քայլեցին՝ յուրաքանչյուրը իր մտքերի ետևից ընկած։
— Այս բանալիներից յուրաքանչյուրը մարդու գիտակցության վրա կարող է ունենալ նույն ազդեցությունը, ինչ խավարի մեջ բռնկված կայծակն է ունենում։ Չո՛րս կայծակ։ Պատկերացնու՞մ ես, թե ինչ տեղի կունենա, եթե բոլոր չորս գաղտնիքները բացվեն յահերին։ Նամրեգներն իրենց դրոշներին ընդամենը երկու կայծակ ունեին և որպիսի՜ փոթորիկ հարուցեցին երկրի վրա…
Նրանք շարունակեցին քայլել դեպի լեռները։
Մեգիրան, մտքերի ետևից ընկած, ստեպ-ստեպ ակամա կանգ էր առնում կամ շեղվում արահետից։
Լքված մի քոլիկ պատահեց նրանց, որ երևի թե հովիվներին անձրևից էր պատսպարել։
Րան թույլ տվեց, որ Մեգիրան շունչ առնի այդտեղ։
— Հետաքրքիր էր սև և ոսկեգույն էներգիաների խառնումը,— ասաց աղջիկը քոլիկում տեղավորվելուց հետո։
— Էլ ավելի հետաքրքիր խառնուրդ կա,— պարզաբանեց Րան։ - Այ, եթե սևի հետ կարմիր խառնվի...
— Իսկ ի՞նչ կլինի այդ դեպքում։
— Կստացվի ձյունաճերմակ էներգիա։ Եթե որևէ մեկն արժանանա կարմիր էներգիայի ու խառնումով՝ ստանա ձյունաճերմակը, ապա այդ ժամանակ նա բացարձակ չի մտահոգվի իր նպատակների իրագործման համար։ Նրա գործերի հաջողության համար կհոգան ուրիշները։
— Ովքե՞ր։
— Այդ ուրիշները սովորական մարդիկ չեն։
—...
— Նրա՛նք, ովքեր մոխրագույն էներգիա են կրում և հազար մարդու կարողություն ունեն։
Մեգիրան փորձում էր ինչ-որ բան հասկանալ Րայի ասածներից։ Հետո զգալով, որ գլուխ չի հանում, դադարեց մտածել այդ մասին և մեկնվեց քոլիկի մի անկյունում։
Քայլելուց ընդարմացած նրա մարմինը քնել էր տենչում։
— Ի՜նչ հետաքրքիր մարդ էր Յահիայի քո մտերիմը,— ասաց նա՝ երազուն հայացքով նայելով հեռուն,— և տարօրինակ։ Ի՞նչ է նրա անունը։
— Իմ անվան հակադարձը։ Թեև,— Րան ուղղեց իրեն,— ճիշտ կլինի ասել՝ իմն է նրա անվան հակադարձը։
— Եվ որքա՜ն նման էր քեզ, ասես հարազատ եղբայրներ լինեիք։ Ու ձայնն էլ անչափ նման էր քո ձայնին։
— Դա այլ բացատրություն ունի։
Մեգիրան համակ ուշադրությամբ նայեց Րայի աչքերի մեջ։
— Իմ նախորդ կյանքերից մեկում ես նա եմ եղել,— ասաց Րան մեծ գաղտնիք հայտնող մարդու խորհրդավորությամբ։
Դա ամբողջությամբ ցնցեց Մեգիրային, և նա կլորացած աչքերով Րային էր նայում։ Նրա համար անհասկանալի էր, թե ինչպես կարող էր պատահել, որ Րան ու իր նախորդ կյանքի մեկ այլ եսը լինեին կողքկողքի և զրուցեին միմյանց հետ։
— Բայց... բայց... ,— կմկմաց Մեգիրան,— այդ դեպքում հիմա ո՞ր ժամանակն է իրականում... բայց ինչպե՞ս... ո՞վ է ձեզանից իրականը, և ո՞ր թվականն է հիմա...
Րան հանգստությամբ շոյեց նրա վարսերը և ասաց.
— Մի տագնապիր, դու պարզապես այս պահին դուրս ես բոլոր ժամանակներից։
Մտքերի հովիտ
Հովիտը, ուր հայտնվեցին նրանք, երեք կողմից շրջափակված էր անտառածածկ լեռներով, իսկ դեպի արևելք այն բաց էր և ձգվում էր փոքր-ինչ թեքությամբ։
Մի լճակ կար աջ կողմում՝ կիսով չափ եղեգնածածկ։
Ոչխարի հոտեր էին ճերմակ քուլաների նման սահում թավշեկանաչ թեք լանջերին։
Հողե մի նեղլիկ ճանապարհ էր հովտի կենտրոնով ընթանում դեպի արևելք։ Այն երկու կողմերից ուղղաշար, ցածր ծառերով էր եզերված։
— Սա է, - ասաց Րան։
Մեգիրան հնազանդ գնաց դեպի ծառուղին և զարմանքով նկատեց, որ ճյուղերի վրա տերևների փոխարեն ոլորված մագաղաթներ են։
Մոտ գնաց ու փորձեց պոկել մագաղաթներից մեկը։ Դա նրան չհաջողվեց, քանի որ այն ամուր կպած էր ճյուղին։ Նա զննեց ճյուղը, հուսալով գտնել կապանքի եզրեր, բայց պարզեց, որ մագաղաթը ոչ թե ամրացված է, այլ պարզապես աճում է ծառից՝ որպես տերև։
Նա գրության եզրեր նշմարեց մագաղաթի վրա ու ետ բացելով այն, մի միտք գտավ այնտեղ գրված, որ էր.
«Մարդու հետ չի պատահում այն, ինչին ինքն արժանի է, այլ այն, ինչը նման է իրեն»։
«Կախարդա՜նք»,— շշնջաց Մեգիրան և կամեցավ, որ Րան այդ պահին իր կողքին լիներ ու բացատրեր, թե ինչպե՞ս է դա հնարավոր։
Երբ անցան զարմանքի րոպեները, նա հանկարծ մտածեց, որ մագաղաթների մեջ որևէ խորհուրդ կա, և որ դրանց վրայի գրություններն իրեն հուշելու են ինչ-որ բան։ Ու միտքը լարած՝ մոտ գնաց մյուս ծառերին ևս ու մեկ առ մեկ բացեց մագաղաթները։ Իսկ դրանց վրա գրված էր.
«ճշմարտությունը երբեք չի հաղթանակում, պարզապես ոչնչանում են նրա հակառակորդները»։
«Աստղերն իրենց շարժումներով պայքարում են արդար մարդու համար»։
«Մենք կարող ենք ավելին, քան գիտենք»։
«Ամեն ինչ հնարավոր է, թեպետ ամեն ինչ չէ, որ թույլատրելի է»։
«Փակե՛ք բերաններդ»։
«Մենք քիչն ենք տեսնում, քանի որ ինքներս բավականաչափ մեծ չենք»։
«Ճշմարտությունն ինքը կարող է լինել գարշելի, բայց ոչ երբեք՝ ճշմարտության բացահայտումը»։
«Պատմությունը կեղծ է, ինչպես կեղծ է կտավի վրա մարդու նկարած կանացի կուրծքը կամ ծաղկեփունջը»։
«Պատճառների ամբողջությունը, որից բխում է հետևանքների ամբողջությունը, վեր է սովորական մարդկային ըմբռնողականությունից»։
«Մարդն ստեղծվել է գաղտնիքներից՝ գաղտնիքների և տեսիլքների համար»։
«Նյութն անարդարության կլանիչ է»։
«Մարդն արգելքների զավակ է, քանի որ Աստված մարդկային հոգուն առաջադրել է արգելք՝ նյութի տեսքով»։
«Նյութի հաղթահարումը միշտ չէ, որ Դրախտ է տանում։ Հաղթահարողը կարող է և հայտնվել Դժոխքի շեմին»։
«Ունենա՜լ ուղեղ նման հնարավորություններով, և այդպես էլ չօգտագործած՝ հանձնե՞լ մրջյուններին»։
«Լուսաբացը կգա, երբ մարդիկ կդադարեցնեն աստվածներին հարմարեցնել իրենց պահանջմունքներին»։
«Որևէ կրոն ընդունելը և մյուսները մերժելը մանկական սահմանափակություն է, որ անում են մեծահասակները»։
«Մենք ճանաչում ենք հայր Աստծուն և հանուն նրա փառքի՝ նրա օգնությամբ, կհզորացնենք մենք մեր երկիրը, որպես հույսի հենարան նրան»։
«Ու կգա օրը, երբ մոտակա ապագան կխոսի այն լեզվով, ինչ լեզվով խոսել է հեռավոր անցյալը»։
«Ֆանտաստիկական իրականություն»։
«Պարզի՛ր խորհուրդը ուղղահայաց ութ թվի, որ կազմված է իր իսկ պոչը բռնած օձի ոլորումով»։
«Անհավանականը գոյություն ունի»։
«Նա, ով գիտի, լռում է»։
«Ոչինչ աշխարհում չի կարող դիմակայել բավարար մեծ թվով կազմակերպված ուղեղների միավորված ջանքերին»։
«Նա, ով իրեն ուսուցիչ է համարում, ապրում է սոսկ այդ առաքելությամբ և չի ձգտում գերկատարելության»։
«Մենք ընդամենը խղճուկ քարհատներ ենք, իսկ ճանապարհն Ուրիշն է գցում»։
«Գալիք իրադարձություններն իրենց ստվերները գցում են դեպի անցյալը»։
«Մենք գնում ենք առաջ ամենօրյա կեղտի միջով անցնող մեր ճանապարհով՝ չհասկանալով իրերի խորքային նշանակությունը, դրա համար էլ չարն ու բարին մեզանում նույնական են՝ պատահական, աննշան»։
«Գոյություն ունի քնից և արթնությունից տարբերվող գիտակցության բարձրագույն մի վիճակ, որում մարդու մտավոր կարողությունները բազմապատկվում են»։
«Այստեղ, ներքևում, ամեն ինչ կատարվում է այնպես, ինչպես վերևում»։
«Զարթնի՛ր, ով քնած մարդ, արթնացի՛ր»։
Մտքերի մեծ մասի իմաստն ըմբռնելը դժվար էր Մեգիրայի համար, և նա դրանք կարդում էր մի քանի անգամ։
Ապա մի տեսակ շշմածություն համակեց իրեն, ասես բավականաչափ գինի էր խմել։
«Չէ, չեմ կարող այլևս»,— խոստովանեց նա ինքն իրեն ու հայացքը փախցրեց ճյուղերից։
Ծառերի տակ՝ խոտերի մեջ, մագաղաթներ էին թափթփված։ Դրանց վրա ևս Մեգիրան գրություններ նշմարեց։
«Սրանք եթե թափվել են, ուրեմն հին մտքեր են»,— մտածեց, ապա համոզվելու համար դժկամությամբ կռացավ, վերցրեց մի մագաղաթ ու պահեց աչքերի դեմ։
«Այո՛, հին են»,— ասաց ինքն իրեն ու մագաղաթը բաց թողեց։ Այն, տերևի նման թեթևորեն օդում պարելով, ընկավ նույն տեղը, որտեղից Մեգիրան վերցրել էր։
Երբ ծառուղին ավարտվեց, Մեգիրան տեսավ իրեն սպասող Րային։
— Այս ի՞նչ փորձություն էր,— ասաց Մեգիրան և հարբած մարդու նման օրորվելով՝ անկարողությունից նստեց գետնին։
— Ասես սարերը պտտվում են իմ շուրջը,— տրտնջաց։
Րան սպասեց, որպեսզի նա վերագտնի իրեն։ Եվ երբ Մեգիրայի դեմքին նախկին կենդանի փայլը երևաց՝ հարցրեց.
— Եվ ո՞ր միտքը գրավեց քեզ։
Մեգիրան նստած դիրքից նայեց Րայի աչքերի մեջ։
— Բայց ես դրանցից ոչ բոլորը հասկացա։
— Այնուամենայնիվ...
— Դա կարևո՞ր է։
— Անչափ։
— Բայց ես չգիտեի, Րա, ես այնքան էլ ուշադիր չեղա։ Ախր դու ինձ նախապես չէիր ասել, որ ընտրություն պիտի կատարեմ...
— Չէ՛ր կարելի։
Մեգիրան փոխեց դիրքը, լարված դեմք ընդունելով՝ ափերով բռնեց գլուխը։
— Սպասիր մի պահ,— խնդրեց նա։
Կին
Մի սառնորակ աղբյուր պատահեց նրանց։ Մեգիրան զովանալու համար ջուր ցողեց վրան, այնքան առատ, որ հագուստն ամբողջովին կպավ մարմնին։ Ու մեկնվեց խոտերի վրա, արևի տակ, որպեսզի չորանա։
Րան չմոտեցավ ջրին, ասես նոր էր հագեցել։
— Դու ընտանիք ունե՞ս,— հարցրեց Մեգիրան՝ ոտքերով չարաճճիորեն խաղալով խոտերի հետ։
— Ոչ,— չոր պատասխանեց Րան։
— Իսկ ինչու՞. տեսքից հիսունին մոտ ես։
— Ես նպատակ ունեմ։
— Դրանք միմյանց հակասու՞մ են։
— Լուրջ նպատակը՝ այո։
— Եվ այդ ի՞նչ նպատակ է։
— Կիմանաս, եթե բախտդ բերի։
— Բերի՞… ինչու՞մ։
— Եթե բերի՝ կիմանաս, թե ինչում։
— Բախտս փորձելու՜ եմ գնում,— կատակախառն հեգնանքով արտաբերեց Մեգիրան,— ու եթե փերիները քաղցր աչքով նայեն ինձ, գուցե թե թագուհի դառնամ խուլ մի երկրում։
Րան չլսելու տվեց հեգնանքը, լուռ սպասեց, մինչև նրա հագուստը չորանա։
— Դու ինչպե՞ս ես վերաբերվում կանանց,— հարցրեց Մեգիրան, երբ արդեն հեռացել էին աղբյուրից։
Րան չարձագանքեց։
— Դա էլ հո գաղտնիք չէ՞,— սրտնեղեց աղջիկը։
— Հետաքրքիր թեմա չէ։
— Ինչու՞։ Դա տղամարդկանց սիրած թեման է։
— Պարզամի՛տ տղամարդկանց։ Եվ հետո, ա՛յն, ինչ ես մտածում եմ այդ ուղղությամբ, խորթ կլինի քեզ համար։
— Ոչինչ,— համառեց Մեգիրան,— քեզ հանդիպելուց հետո արտառոց մտքերը սովորական են դարձել ինձ համար։ Պարզամիտը ո՞րն է։
— Դե՝ սովորական։
— Անսովորներն ինչի՞ց են խոսում։
— Տիեզերքի գաղտնիքներից։
— Կինն այդ գաղտնիքներից չէ՞։
— Ոչ։
— Դու սե՛րն էլ կեղծ կհանես։
— Այո։ Դա զբաղմունք է պարզամիտների համար։
— Անսովորները չգիտե՞ն, թե ի՞նչ է սերը։
— Գիտեն։
— Դե, ուրեմն նրանք էլ են սիրում։
— Այո։
— Ու՞մ։
— Տիեզերքի գաղտնիքներն արարողին։
— Օ՜հ, որքան դժվար է քեզ հետ։
— Դա նրանից է, որ վարժվել ես ճահիճին։ Եվ հետո, ես զգուշացրի, որ իմ մտքերը խորթ կլինեն քեզ։
Մեգիրան զղջաց տրտունջի համար։ Եվ ընդգծված հետաքրքրությամբ հարցրեց որոշ դադարից հետ.
— Անսովորների համար կինը ընդհանրապես գոյություն չունի՞։
Նուրծ Րան մի պահ կանգ առավ ու խորհեց պատասխանի վրա։ Հետո, երբ Մեգիրան հասավ իրեն, ասաց.
— Նրանց համար ևս կինը գոյություն ունի (ճիշտ է, ոչ բոլորի), և հետո, ոչ բոլոր կանայք են, որ գոյություն ունեն նրանց համար։ Որպեսզի խոսքերս պարզ լինեն քեզ համար, ասեմ հետևյալը։ Կանայք բաժանվում են երեք դասի։ Ամենատարածվածը մայրացուներն են։ Նրանց նպատակը զավակ ունենալ, խնամել, մեծացնելն է։ Սա բնազդային դրսևորում է, որ մնացել է նախամարդուց։ Այդ կանայք վարվում են ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես եղնիկները, սիրամարգերը (նրանց չվիրավորելու համար չեմ ուզում այլ արարածների անուն տալ)։ Իսկ ձագ ունենալն ամենևին աստվածային արարք չէ, թեպետ արվում է Աստծո սահմանած կարգով։
Երկրորդ դասը սակավաքանակ է։ Նրանք սովորաբար գեղանի են լինում։ Կյանքի նրանց կոչումը որոնելգտնելն է Աստծո ընտրյալ իրենց բաժին տղամարդուն (դու այն «անսովոր» կոչեցիր)։ Նրանք իրենց նրբին էության, թովիչ քնքշանքի շնորհիվ ոգեշնչում են բերում Աստծո ընտրյալ այդ տղամարդկանց, ու սրանք այդ կերպ ավելի մոտիկից առնչվելով Բարձրյալին՝ ստեղծում են հանճարեղ գործեր, որն անհնար է անել առանց նման կանանց։ Զավակ ունենալը նրանց նվազ է ձգում։ Նրանք նույնն են, ինչպես դեպի լույսը մղվող թիթեռնիկը, որի հոգը չէ, թե մղումը կարող է հանգեցնել թևերի այրման։
— Մի՞թե կինն իսկապես կարող է տղամարդուն մոտեցնել Աստծուն,— հարցրեց Մեգիրան զարմացած։
— Ես ասացի՝ կանանց երկրորդ դասը, և ասացի՝ Աստծո ընտրյալ տղամարդկանց,— ուղղեց նրան Րան։- Եվ որպեսզի դա տեղի ունենա, ամենակարևորը՝ կինը պետք է խոհուն լինի։ Խոհունության և սիրո արվեստն իմանալու համադրությամբ էլ որոշվում է նրա կարողությունը։
Մեգիրային ինչ-որ բան պարզ չէր և գլուխը շարունակ տարուբերում էր։
— Ինչպե՞ս ասեմ քեզ,— Րան խորհեց մի պահ, ապա չոր մի ճյուղի ծայրով հորիզոնական երկար գիծ քաշեց գետնի վրա,— տես, սա, համարենք, երկրի մակերևույթն է, որտեղ գտնվում են կինը և տղամարդը։ Սիրո հրայրքից հետո, եթե, իհարկե, ասացի, տղամարդն Աստծո ընտրյալ է, իսկ կինը՝ երկրորդ դասից, տղամարդու հոգին կնոջից ստացած էներգիայի շնորհիվ բարձրանում է մի որոշ չափով (իսկ մարմինը քնած է լինում այդ ժամանակ),— Րան քիչ հեռու մի նոր գիծ քաշեց՝ նախորդին զուգահեռ,— և մոտ գնում Աստծուն։ Այս նոր բարձրության վրա տղամարդու հոգին տեսնում է երևույթներ անցյալի կամ ապագայի մասին, որ անհնարին է սովորական կյանքում, ստանում է իրեն հուզած հարցերի պատասխանները, լսում մարդկությանը անհայտ մեղեդի և կամ մտքեր, նայած, թե ինչ է որոնում Տիեզերքում։ Նայիր շուրջդ….
Խոսքն ավելի ընկալելի դարձնելու նպատակով Րան ձեռքերը պարզեց դեպի հորիզոնը եզերող լեռնաշղթան։
— Երբ արևը ծագում է, սարերն արդեն ողողված են լինում լույսով, իսկ հովիտներում դեռ խավարն է տիրում։ Այդպես էլ՝ մարդը. եթե գիտակցությամբ նա վեր ելնի առօրեական գոյության խնդիրներից, այդ դեպքում կտեսնի աստվածային լույսը։ Իսկ նրանք, ովքեր մնում են հովիտներում, խավարի մեջ են։ Եվ նրանց համար միակ աստվածայինը սերն է կնոջ հանդեպ։
— Բայց ինչպե՞ս է հոգին հեռանում մարմնից,— հարցրեց Մեգիրան՝ հայացքը դանդաղ սահեցնելով լեռների վրայով։- Ինչպե՞ս է հայտնվում այլ բարձրության վրա։
— Ասացի՝ դա լինում է սիրո հրայրքից հետո։ Քեզ թվում է, թե քուն մտար, բայց իրականում քնած չես, արթուն չես նաև։ Եվ հանկարծ այն զգացողությունն ես ունենում, թե դուրս ես գալիս ինքդ քո մարմնից և, իսկապես, քիչ անց բարձրից տեսնում ես անշարժացած քո մարմինը։ Հայացքդ չկտրելով նրանից, սկսում ես բարձրանալ վեր, ինչպես քամուց տարվող տերև։ Մարմինդ ճեփճերմակ ես տեսնում, ասես այրվում է այն սպիտակ կրակով, նրա շուրջը ոչինչ չի երևում. կարծես փարոս լինի գիշերային խավարի մեջ, և այն դանդաղ պտտվում է աջից դեպի ձախ։
Շարունակում ես բարձրանալ վեր՝ հետզհետե ահագնացող արագությամբ, սամումից էլ արագ, մտքից էլ արագ, բայց քանի որ աննյութ ես, ոչինչ չի դիմադրում քեզ և չես զգում արագ շարժվելդ։ Այդպես բարձրանում ես այնքան, մինչև ցածում մնացած մարմինդ փոքրանալով՝ վերածվում է կետի և անէանում։ Հետո անցնում ես մութի միջով, որն անկշիռ է, անշոշափելի, բայց և՝ ոչ նոսր։
Րան պարզաբանող հայացքով որոնեց Մեգիրայի աչքերը։
— Աննյութ այդ մութը քո երկյուղն է։ Շատերը տեսնելով այն՝ ահաբեկվում են, և նրանց վերելքը դադարում է։ Ովքեր չեն ահաբեկվում, շարունակում են բարձրանալ։ Ապա խավարի միջից հեռավոր թույլ լույս է երևում։ Երբ այն ահագնանում է, տեսնում ես քո որոնածը...
— Կասե՞ս, թե ի՞նչ ես երբևէ տեսել, -հարցրեց Մեգիրան թախանձանքով։
Րան տրորեց ծոծրակը՝ պարզ մի տեսարան հիշելու համար։
— Սեգ պարիսպներով մի քաղաք տեսա մի անգամ։ Զգացի, որ կարող եմ լողալ օդի մեջ՝ ինչպես ուրվական՝ ամպից էլ թեթև։ Ես չունեի մարմին, չէի տեսնում ու չէի զգում ինքս ինձ. ես սահմանափակված չէի մարմնիս չափերի մեջ և ես անսահման էի՝ Տիեզերքի պես։ Լողացի դեպի երևացող քաղաքը։ Բազեի պես, բազեից էլ ցածր՝ լողացի քաղաքը եզերած զինվորների ճամբարի վրայով, տեսա նրանց՝ վրանների առջև խմբված, խարույկ անելիս, զենքեր մաքրելիս։ Լողացի փողոցների վրայով, ուր մարդիկ էին անկանոն անցուդարձ անում։ Հետո զգացի, որ կարող եմ թափանցել պատերի միջով, ու արքայական պալատի սրահներում և միջանցքներում մարդիկ տեսա։ Ես կարող էի մոտենալ նրանց անչափ ու միշտ օդում մնալով՝ լսել նրանց, տեսնել նրանց դեմքը։ Նրանք չէին զգում իմ ներկայությունը, և ես էլ անկարող էի լսելի լինել նրանց։ Ես չէի հիշում մարմինս և այդ հարցն ինձ չէր մտահոգում։
Րան այստեղ մի պահ դադար տվեց։ Հետո ասաց.
— Ես վերելքի մեջ դեպի անցյալ էի գնում, դեպի իմ որոնած հին քաղաքը, որը հասարակ մահկանացուների համար վաղուց գոյություն չունի այլևս, բայց իրականում այն կա՝ մարդկանցից փակված լինելով աննյութ ու մութ մի շղարշով։ Այդ շղարշից այն կողմ կա նաև ապագան, կան բոլոր գյուտերն ու դեռ չգրված հանճարեղությունները։ Դրանք փակ են մարդկանց, բայց ոչ՝ Աստծո ընտրյալների համար։
Մեգիրայի համար այս ամենը դժվար ըմբռնելի նորություն էր և զգում էր, թե լսածից արյունն ինչպես է երակներում սառչում։
— Եվ ի՞նչ են զգում այդ մարդիկ՝ վերադառնալով սովորական իրականություն,— հարցրեց նա։
— Ցավ են ապրում վերադառնալու համար, քանի որ այնտեղ երանության մեջ են լինում՝ անհոգս, անմարմին։ Դա հոգու այնպիսի վիճակ է, որ բառերով նկարագրել հնարավոր չէ։ Վերադառնալով՝ նրանց սկսում է տանջել անդիմանալի մի կարոտ Այն Իրականության հանդեպ, և տենչում են կրկին լինել այնտեղ։ Ու պատրաստ են լինում զոհել և՛ փառք, և՛ կարողություն՝ հավերժ այդ երանության մեջ լինելու համար, քանզի թե մեկը, թե մյուսը ոչինչ են հոգու ասածս վիճակի հանդեպ։ Նրանք փախչում են աղմուկից, մարդկանցից, քանի որ լռությունն ու խաղաղությունն օգնում են գոնե կարճ ժամանակով փոխադրվել Այն Իրականություն։
— Եթե այդպես է, ապա ստացվում է, որ Աստծո ընտրյալ տղամարդը հարատև պիտի սիրի նման կնոջը։
— Խորը, բայց ոչ հարատև,— ուղղեց Րան։
— Բայց…
Րան նորից ճյուղը մոտեցրեց գետնին։
Մեգիրան, հետաքրքրասիրությամբ համակված, հետևում էր նրա շարժումներին։
— Նայի՛ր։ Պատկերացնենք որևէ կին Աստծո ընտրյալին բարձրացնում է այս երկրորդ հարթության վրա։ Մի որոշ ժամանակ անց Աստծո ընտրյալը ընկալում է այդ բարձրությանը հասանելի տիեզերական լույսը, որն իմաստնություն է բերում։ Դրանից հետո տղամարդը, որ արդեն առնչվել է Աստծո հետ և դարձել ոչ սովորական էակ, ձգտում է էլ ավելի վեր բարձրանալ։ Նա, ի տարբերություն հովտում մնացածների, գիտի արդեն, որ աշխարհը տափարակ չէ, որ դեպի վեր աստիճաններ կան։ Եվ ավելի վեր բարձրանալու տենչը տանջում է նրան։ Իհարկե, պատահում է, որ տղամարդը բավարարվում է երկրորդ հարթության լույսով և ավելիին չի ձգտում։ Նա մնում է այդտեղ, ու նրա հեքիաթը Տիեզերքի համար ավատվում է։ Նա Տիեզերքի համար համարվում է մեռած։ Ինչպես որ մեռած են հովտում գտնվողները։ Նրանք իրենք իրենց համար գոյություն ունեն, շարժվում են, պայքարում, տրվում վայելքին, տառապում, բայց Տիեզերքի համար նրանք մեռած են։ Շարժումը դեռ կյանք չէ։ Ծնունդը դեռ կյանք չէ՝ Տիեզերքի համար։ Իսկ ահա այն տղամարդը, որը չի ուզում իր հեքիաթն ավարտվի Տիեզերքի համար, Աստծո կողմից իրեն տրված կյանքի իմաստը տեսնում է դեպի վեր, դեպի Աստված գնալու և Տիեզերքը ընկալելու մեջ։ Նա տենչում է հասնել երրորդ հարթություն,— Րան մի նոր գիծ քաշեց ավազի վրա։- Բայց պատահում է, որ իր հետ ապրող կինն ավելին չի կարողանում և Աստծո ընտրյալին այս երկրորդ հարթություն հասցնելը նրա հնարավորությունների առավելագույնն է։ Կինն ասես կատապուլտ լինի. իսկ չէ՞ որ դրանք լինում են տարբեր ուժի և միևնույն արկը կարող են հասցնել տարբեր բարձրության։ Ու Աստծո ընտրյալը ընկնում է որոնումի մեջ, նա խելահեղորեն փնտրում է կին, ով իրեն կօգնի ավելի վեր բարձրանալ։
— Ով ավելի հզոր կատապուլտ կլինի՞։
— Մոտավորապես։ Իսկ որպեսզի որևէ այլ կին նրան ավելի վեր բարձրացնի, պիտի լինի առավել խոհուն, գեղանի և կամ հմուտ՝ սիրո արվեստի մեջ։ Ընդ որում, այդ հատկանիշներից առաջնայինը խոհունությունն է. կինը հասու պիտի լինի գոնե մասամբ ըմբռնել, թե ինչ է կատարվում տղամարդու հետ։ Ամենագեղանի կինը, եթե խոհուն չէ, ոչինչ տալ չի կարող նման տղամարդուն՝ պարզագույն վայելքից զատ, որը մարմնական է ու նաև հորինվածք. Աստված այդ վայելքն ստեղծել է մարդուն բազմացման դրդելու համար, իսկ ահա մարդն այն դարձրել է զբաղմունք և ապրելու գլխավոր իմաստ։
— Ահա՛, թե ինչու՞ է անհաստատ սերը հանճարեղ մարդկանց,— եզրահանգեց Մեգիրան՝ հայացքը չկտրելով գծերից։
Րան միմյանց զուգահեռ էլի մի քանի գիծ քաշեց։
— Աստծո ընտրյալը որոնում է կին, որն իրեն կբարձրացնի երրորդ, չորրորդ հարթություն, և այսպես շարունակ։ Եվ հարթությունները որքան հեռանում են հովտից, այնքան նուրբ լույս են պարունակում։ Լույսն այդ միտք է, տեղեկություն անցյալի, ապագայի ու նաև Աստծո մասին։ Դրանք անհասանելի են հովտում մնացածներին ու նաև անըմբռնելի։
— Եվ հովտում մնացածներն Աստծո ընտրյալներին տարօրինակ մարդ են համարում։
— Մինչդեռ Աստծո համար տարօրինակն իրենք են։ Հիմա տես. ինքնաթիռը երկնքում սավառնելու համար է, գիտես։ Պատկերացրու՛ պատահում ենք մի մարդու, ով ինքնաթիռով սավառնում է երկնքում, ու նաև պատահում ենք մեկ ուրիշին, ով ինքնաթիռից գութան կապած՝ հող է վարում։ Ո՞վ է այս դեպքում տարօրինակը, նա՞, ով սավառնում է երկնքում, թե՞ նա, ով հող է վարում։ Այդպես էլ մարդիկ. Աստված նրանց արարել է հոգու ուժով Տիեզերքում սավառնելու համար, բայց նրանք մնացել են կառչած իրենց մանրիկ, երկրային-նյութական շահերից ու դեռ այլոց տարօրինակ են համարում։ Զավեշտ։
Համեմատությունը տպավորիչ էր Մեգիրայի համար, և նա մտորում էր դրա շուրջ։
— Եվ որքա՞ն է հարթությունների թիվը,— հարցրեց ի վերջո։
— Իրականում՝ անսահման։ Բայց եթե պայմանականորեն ընդունենք, թե դրանց թիվը տասն է և ամենավերևում Աստված ինքն է, ապա իններորդում Աստծո որդիներն են, որ կան տարբեր կրոններում։ Յոթերորդ-ութերորդում կարելի է տեղավորել իրենց մարմինը հաղթահարած բրահմաներին, ճգնավորներին, մեծ փիլիսոփաներին։ Աստված նրանց թույլ է տալիս տեսնել իրեն։
Առաջին հարթության մեջ նրանք են, ովքեր ապրում են՝ բնազդներով առաջնորդվելով։ Նրանք գրեթե անասուն են, տավար, որդ. պարզագույն պահանջմունքները բավարարելն է նրանց կյանքի իմաստը։ Տիեզերքի համար նրանք դժբախտ են, թեև իրենք իրենց մեջ երջանիկներ էլ ունեն։ Նրանք քանի որ անասնացել են, ոչնչացնում, ծանակում են ամեն վեհը, որից գլուխ չեն հանում։ Նրանք բեռ են Տիեզերքի համար. ուտում են, բազմանում, սեքս անում՝ սիրո փոխարեն, իսկ Աստծո տված բանականությունը, որ Տիեզերքին առնչվելու համար է, օգտագործում են իրենց պահանջմունքների բավարարման, հարմարավետության ստեղծման համար։
Նրանք ապրում են խոզի պես, ողջ կյանքում այդպես էլ չնայելով երկնքին ու հարց չտալով իրենք իրենց. «Բայց ինչպե՞ս կարող է Տիեզերքը անեզր լինել»։ Նրանք մեծաթիվ են, տասը հազար մարդուց 9999-ը առաջին հարթության մեջ է։
Երկրորդ հարթության մեջ կիսաանասուններն են, ովքեր, ճիշտ է, ապրում են խոզի պես ու խոզային օրենքներով, բայց երբեմն-երբեմն անհարմար են զգում դրա համար։ Նրանք գիտեն, որ կա Աստված, կան Տիեզերքը կառավարող ուժեր, զգում են ինչ-որ կերպ, որ կա Համատիեզերական բանականություն, բայց անկարող են ուժ գտնել իրենց մեջ՝ հաղթահարելու նյութի գերիշխանությունը և արհամարհելու հասարակական կարծիքը։ Աստված երբեմն սատարում է նրանց և օգնում՝ ստեղծել վեհ գործեր, բայց իրենք իրականում արժանի չեն իրենց գործերին, դրա համար էլ դրանք հավերժական կյանք չեն ունենում։
Երրորդ հարթության մեջ արդեն խենթերն են։ Նրանց համար ընդունելի չէ մնացյալի մանրանպատակ կյանքը, և անվերջ որոնումի մեջ են։ Նրանք պատրաստ են ամեն զոհողության, միայն թե իրենց կյանքը չանցնի այնպես, ինչ-պես առաջին հարթության որդանմաններինը։ Աստված իր ընտրյալներին նրանց մեջ է որոնում։
— Բայց ինչպե՞ս է դա անում, չէ՞որ բոլորը միանման խենթ են։
— Նա մաղում է նրանց գայթակղության միջոցով։ Մեկի առջև դուռ է բացում դեպի հարստություն, մյուսին՝ փորձում այլ կերպ։ այթակղվածների հեքիաթն ավարտվում է Տիեզերքի համար։ Չգայթակղվածներին Աստված փորձում է էլ ավելի մեծ գայթակղությամբ։ Փորձություն անցածների մոտ, իսկ նրանք մեկն են հարյուր հազարից, ուղարկում է երկրորդ դասի մի կին... Մնացյալը արդեն գիտես։
Որպեսզի որևէ ազգ նորմալ առաջընթաց ունենա, նրա ներսում պետք է լինեն անհրաժեշտ թվով խենթեր։ Եթե խենթերից մի քանիսն անցնում են չորրորդ հարթություն կամ նրանցից մեկին բախտ է վիճակվում հասնել առնվազն վեցերորդ հարթություն, ապա ազգն այդ մեծ վերելք է ունենում։ Իսկ եթե խենթերի քանակը քիչ է, ապա ազգն այդ ճահճանում է, այլասերվում, վերանում։ Դրա համար էլ նվաճողներն իրենց ենթակա ազգերին զրկում են խենթերից։ Յահերը քեզ մի վառ օրինակ։
— Իսկ Յահիայի քո մտերի՞մը. նա ո՞ր հարթությունում է։
— Չորրորդ։ Որքան ես հասկացա նրա պատմածից, նրան մի ակնթարթ թույլ են տվել հայտնվել հինգերորդ հարթությունում։ Ընդամենը մի ակնթարթ, դրա համար էլ չի հիշում ոչ լսածը, ոչ էլ՝ կարդացածը։ Որպեսզի նա դա կարողանար, պիտի ունենար իրավունք մշտապես գտնվելու հինգերորդում։ Այդ դեպքում նա կբերեր նրանց Գիրքը, Խոսքը, Երաժշտությունը։ Իսկ նրանց ապագա առաջնորդը պիտի լինի վեցերորդից։
— Մի՞թե իսկապես որևէ խոսք կամ գիրք կարող է այդպես ազդել մարդու վրա։
— Դրանք սովորական բառեր չեն, սովորական ձայն կամ նվագ չէ։ Դրանք մոգական են և ազդում են ոչ թե մարդու գիտակցության վրա, այլ գրոհում են նրա սիրտը, գրավում ենթագիտակցությունը, և մարդն այդ ազդեցության տակ դառնում է ուրիշ...
— Ուզում ես ասել՝ նրան պարզապես կառավարու՞մ են, ինչպես մեքենայի՞ն։
— Ինչ-որ առումով՝ այո, բայց դա չի արվում հանուն հարմարավետության կամ որևէ մեկի շահի. դա արվում է հանուն Տիեզերքի կարգավորման։
— Իսկ ի՞նչ կերպ է հնարավոր հասնել վեցերորդ հարթության։ Կինը, որպես կատապուլտ, դեր ունի՞ այստեղ։
— Ոչ։ Կինն Աստծո ընտրյալին հինգերորդ հարթություն անգամ դժվարությամբ կարող է հասցնել։ Վեցերորդին հասնելու համար մարդ պիտի դադարի սեփական ես ունենալ։
Րան նետեց ճյուղը և ձեռքը մեկնեց Մեգիրային՝ ճամփան շարունակելու համար։
Միգերան դժվարանում էր հայացքը կտրել գծապատկերներից։ Ի վերջո բռնեց իրեն պարզված ձեռքը։
— Երկրորդ դասի կանայք դժբախտ են,— արտաբերեց տխրաձայն, երբ հեռացել էին մի քանի քայլ։
— Գուցե թե,— արձագանքեց Րան։
— Նրանց նաև ամբոխն է հալածում, քանի որ նման չեն իրենց։
— Այդպես է, - ընդունեց Րան,— բայց և աշխարհը նրանք են առաջ մղում։
— Այո, պարզվում է՝ այդպես է։ Անարդար է՝ մենք հիշում ենք հանճարեղ տղամարդկանց, սակայն անամոթաբար տեղյակ չենք բազում այն կանանց մասին, ովքեր օգնել են նրանց՝ դառնալ հանճար։
— Եվ այդ կանանք բոլորն էլ ի վերջո լքվում են։
— Բոլո՞րը...
— Աստծո ընտրյալներն ի վերջո վարժվում են Տիեզերական վերին լույսին հասնել առանց կնոջ օժանդակության։ Այդ կերպ նրանք է՛լ ավելի բարձր գիտակցության են հասնում, քանի որ կինը, այնուամենայնիվ, նյութեղեն է և չի կարող նրանց հասցնել անսահման հեռուն։
— Այդ նրա՞նք են, որ հեռանում են մարդկանցից և մեկուսանում լեռներում,— հարցրեց Մեգիրան։
— Եվ նրանցից մեկի մոտ մենք հիմա գնում ենք։
— Իսկապե՞ս,— Մեգիրային հանկարծահաս ուրախություն համակեց։ - Ո՞վ է նա։ Ի՞նչ կյանքով է ապրում։ Պատմիր ինձ նրա աշխարհի մասին։
— Նրա աշխարհը դու ըմբռնել չես կարող,— պատասխանեց Րան։- Եվ ոչ միայն դու։ Եվ հետո՝ պատմել, խոսքով փոխանցել այն հնարավոր չէ։
Նրանք մտան մի մութ անտառի մեջ, ուր արևը չէր թափանցել տասնյակ տարիներ։ Հաճելի մի զովություն կլանեց նրանց մարմինները։
— Բայց Րա, դու ոչինչ չասացիր երրորդ դասի կանանց մասին,— հարցրեց Մեգիրան՝ հիշելով Րայի խոսքերը։
— Նրանք ծնում են Աստծո որդիներ։
Ֆերուջա
Նրանց առջև քարքարոտ մի ձորակ բացվեց, և արահետը վայրէջքից հետո մեծ թեքությամբ ելնում էր վեր ու ավարտվում ամեհի ժայռերի տակ։
— Գնալու ենք այնտեղ,— ասաց Րան՝ ձեռքը պարզելով ժայռերի ուղղությամբ։
Նայելով արահետի ոլորաններին՝ Մեգիրան մռայլվեց։
Սկսեցին իջնել։
Մեգիրան հանեց ոտնամանները, որպեսզի չսայթաքի սորուն հողի վրա։ Ազատ մնացած ձեռքով նա կառչում էր քարերից, բարձր խոտերից ու թփերից։
Երբ հասան ձորակի հատակին, Մեգիրան գետակի ջրով ցողեց դեմքը, պարանոցը, մի քանի շիթ ծորեցրեց դեպի քրտնած ստինքները։
— Գնացինք,— ասաց Րան այնպիսի տոնով, ասես ուշանում էին կարևոր մի հանդիպումից։
Երբ դուրս եկան ձորակից ու բավականին մոտեցան ժայռերին, Մեգիրան հանկարծ մի ճիչ արձակեց ու կանգ առավ։
Րան, որ գնում էր առջևից, նրա ձայնից շրջվեց։
— Ի՞նչ եղավ,— հարցրեց։
Մեգիրան, կարկամած, ձեռքը պարզեց դեպի քարայրը, որ հսկա խոռոչի կերպով բացվել էր ժայռերի մեջ։
Րան նայեց ձեռքի նշած ուղղությամբ և արտառոց ոչինչ չտեսավ։
— Ի՞նչ եղավ,— կրկնեց հարցը՝ մոտենալով Մեգիրային։
Մեգիրան արդեն վերագտել էր խոսելու ունակությունը, բայց և տագնապը լրիվությամբ չէր լքել նրան։
— Մի հսկա աչք տեսա ես,— ասաց երկյուղած,— քարայրի ողջ մեծությամբ, որ անթարթ նայում էր ինձ։ Ու երբ ճչացի, այն անհետացավ։
— Դա հոգնածությունից է, անշուշտ,— փորձեց հանգստացնել նրան Րան։
Սակայն նրա խոսքերն ամենևին խաղաղություն չբերին Մեգիրային։
— Բայց կարծես ես իրականում տեսա այն, Րա,— ասաց՝ աչքի երկրորդ հայտնության սպասումով լարված քարայրին նայելով,— այն ուղիղ նայում էր ինձ։
Րան չպատասխանեց։
* * *
Քարայրը գետնից բարձր էր մարդու երեք հասակի չափ։ Արտասովոր լայն ու մեծ աստիճաններ էին ելնում դեպի մուտքը։
Թեև օրը տաք էր, քարայրի ներսում կրակ էր վառվում, վրան՝ ագաթե մի թաս։ Կրակի կողքին բորենու հնամաշ մորթով ծածկված տափակ գագաթով մի քար էր, որ ծառայում էր որպես աթոռ։ Մորթիներ էին փռված նաև մի անկյունում, որպես անկողին։ Իսկ խորքում, պատի տակ, սրվակների մեջ բազմագույն հեղուկներ էին, մրի մեջ կորած ամաններում՝ մանրացված քարաբեկորներ։
Քարայրի պռնկին խունացած մի քանի հայելիներ էին, դրված այնպես, որ արևի լույսն ուղղում էին ագաթե թասի վրա։ Դրանք շարժական էին։
Նուրծ Րան մոտ գնաց, հետաքրքրասիրությամբ խոնարհվեց հայելիների վրա։
— Տես, է,— ասաց ինքն իրեն,— ծերուկը գտել է ժամանակը սեղմելու հնարը։
Ապա մի պտույտ գործեց ագաթե թասի շուրջն ու լիմոնաթթվի հոտ առնելով՝ գլուխը տարուբերեց բավականությամբ։
Մեգիրան, որ հոգնությունից հազիվ էր ոտքի վրա մնում, փլվեց քարե աթոռին։
Րան՝ մոտենալով պատի տակ շարված ամանների կույտին։
— Ի՞նչ է կացարանի տիրոջ անունը,— հարցրեց Մեգիրան։
— Նրա անունը այլոց ներկայությամբ տալ չի կարելի,— պատասխանեց Րան՝ տնտղելով ամանները։
— Սկսել եմ պատահել մարդկանց, ում անունը տալ չի կարելի,— ասաց Մեգիրան՝ ակնարկելով նաև Րային, ով իրեն ներկայացել էր կեղծանունով։ - Եվ ինչի՞ վրա է նա քնում. այստեղ մահճակալ չկա։
— Տեսիլքների։
Մեգիրան ոչինչ չհասկացավ ու աչքերը կկոցեց։
— Դու վաղու՞ց գիտես նրան, ով քնում է տեսիլքների վրա,— հարցրեց։
— Նրան գիտեի դեռ նախքան ծնվելս։ Բացի այդ, ես այս վայրերով անցնում եմ երկու ամիսը մեկ՝ ահա արդեն քանի տարի։
— Նախքան ծնվե՜լս... Ես շուտով կխենթանամ... Ի՞նչ ամաններ են, ինչո՞վ է նա զբաղվում։
— Նա ալքիմիկոս է։
Մեգիրային այդ բառը ոչինչ չասաց։
— Նա մետաղը ոսկու է վերածում։
— Նա վհու՞կ է,— տագնապեց Մեգիրան։ - Բայց Անապատի Ոգիները պատժում են այդպիսի մարդկանց. դա մահացու մեղք է։
— Վհու՞կ... Դե, չէ՜,— Րան քմծիծաղեց,— Անապատի Ոգիներն այդտեղ գործ չունեն. այդ մկնդեղային ջրածինն է թունավորում անփույթ սկսնակներին, ովքեր անխոհեմություն են ունենում շնչել այն։
Մեգիրան ոչինչ չհասկացավ նրա պարզաբանումից և նույն տագնապած հայացքով, ասես ինքն էր խախտել Անապատի Օրենքը, զննեց քարայրը։ Հետո, երբ խաղաղվեց, ասաց.
— Նա մետաղը ոսկու է վերածում, բայց աղքատ է դերվիշի պես։
— Նա ոսկին չի վաճառում։
Մեգիրան զարմացած նայեց Րային։
— Փողը նրան չի հետաքրքրում. տեսնում ես նրա կացարանը։
— Այդ դեպքում ո՞րն է տառապանքի իմաստը,— Մեգիրան ձեռքը պարզեց քարակտորներով լեցուն ամանների կողմը,— նա օրեր է վատնել դրանք մանրացնելու համար։
— Ինչպե՞ս ասեմ,— Րան շոշափեց ծոծրակը։- Մետաղի փոխակերպման ժամանակ,— իսկ նա դա կարողանում է, քանի որ տեղյակ է մի գաղտնիքի,— մոգական ուժերի խտացում է առաջանում, որն ազդում է դիտողի վրա և աստվածային արտոնյալ վիճակի հասցնում նրան։ Մետաղի փոխակերպումը ոսկու սոսկ նշան է այն բանի, որ ալքիմիկոսը ինքն է վերափոխվել հոգեպես և վերաձուլվել աստվածային էներգիայի, որից ճառագայթվում են նյութի մեջ եղած բոլոր տեսակ էներգիաները։ Ալքիմիկոսը սկզբում ստանում է «փիլիսոփայական քարը». նյութ, որի միջոցով արդեն կարելի է դյուրությամբ մետաղը ոսկու փոխակերպել։ Իր փորձերն անվերջ կրկնելով, նա աստիճանաբար մոտենում է հոգու ազատագրմանը։ Այդ դեպքում նա ստանում է մուտքի թույլտվություն դեպի մի այլ իրականություն, որը սովորաբար ժամանակն ու տարածությունը, նյութն ու էներգիան շղարշում են մեզանից։ Նա ինքը տարրալուծվում է Ոգու մեջ, և արդեն կապ է ունենում գիտակցության այլ օջախների հետ՝ Տիեզերքի տարածության միջով։ Նրա առջև բացվում են Տիեզերքի և մատերիայի գաղտնիքները։ Նա տիրապետում է արդեն Տիեզերքի մեխանիզմի բանալուն։ Նա արդեն ինքը նոր կապ է հաստատում իր հոգու, որ գտնվում է անչափ բարձր, և համաշխարհային Ոգու միջև։ Սա առաջին աստիճանն է դեպի Բացարձակը տանող ճանապարհին։ Դրանից հետո արդեն սկսվում է Գաղտնիքը, որը միայն նրանք գիտեն։
— Նա բարձրանում է վեր այնպես, ինչպես Աստծո ընտրյա՞լը՝ կնոջ միջոցով,— հարցրեց Մեգիրան, որ լարված լսում էր նրան։
— Այո, բայց այս դեպքում մարդը բարձրանում է շատ ավելի վեր, որ հնարավոր չէ ոչ մի կնոջ միջոցով։
Մեգիրան, այս անգամ արդեն ակնածանքով, զննեց քարայրը։
— Եվ նա կնոջ կարիք չի՞ զգում,— հարցրեց։
— Ոչ, քանի որ նա վաղուց արդեն սովորական մարդ չէ։ Նա հոգու և գիտակցության այլ մակարդակ ունի, նա գոյության այլ պայմաններում է, անհասկանալի՝ մարդկանց համար։
Ինչ-որ բան հիշելով՝ Մեգիրան քմծիծաղեց.
— Լսել եմ նման տղամարդկանց մասին, ովքեր պարծեցել են, թե բացառել են կնոջը, բայց հայտնվել է նրանց բաժին կինը, և նրանք այդ կնոջ առջև շնիկների նման լծվել են անվասայլակին։
— Նա դրանցից չէ։
Րան այս խոսքերն ասաց առարկություն չհանդուրժող տոնով։
Մեգիրան ակամա հավատաց նրան։
— Նա հանճա՞ր է,— հարցրեց փոքր դադարից հետո։
— Հանճարեղությունը սոսկ մի փուլն է այն ճանապարհի, որն անցնել սպասվում է մարդուն մինչև իր բոլոր հնարավորությունների իրացումը։ Առօրյա կյանքում մարդիկ օգտագործում են իրենց հիշողության, ուշադրության, ինտուիցիայի աննշան մասը միայն։ Բայց մարդիկ կվերափոխվեն և կկարողանան օգտվել իրենց այդ հնարավորություններից։ Նա մեկն է նրանցից, ով արդեն վերափոխվել է և գնացել այն ճանապարհով, որով մի օր կգնան բոլորը։
— Իսկ ի՞նչ կլինի, եթե նա դադարի մետաղ փոխակերպել։ Չէ՞ որ, ասացիր, նա այլ իրականության մեջ է արդեն։
— Ամեն անգամ, երբ նրան հաջողվում է մետաղը ոսկու փոխարկել, նա հասնում է գիտակցական մի նոր, ավելի բարձր մակարդակի։ Նրա երազանքն է՝ աստիճանական վերելքով հասնել բարձրագույն այնպիսի մի գիտակցության, որտեղից արդեն կարելի կլինի շփվել ոչնչացած հին քաղաքակրթությունների հետ։
— Հին քաղաքակրթությունների՞,— զարմացավ Մեգիրան։
Րան մոտեցավ քարայրի եզրին։
— Պատմիր ինձ նրանց մասին,— աղաչեց Մեգիրան։
Րան որոնող մի հայացքով զննեց Տիեզերքը։
Մեգիրան կրկնեց խնդրանքը։
Րան մտորելով քայլեց քարայրի երկայնքով, ապա տեղավորվելով Մեգիրայի կողքին, բարակ մի նիգով ակամա սկսեց բորբոքել կրակը։
— Լուսինը, որ տեսնում ես ամեն օր,— ասաց,— չորրորդն է. երկիրն էլի երեք լուսին է ունեցել, որոնց բոլորին կլանել է։ Բանական արարածը երկրի վրա հայտնվել է երկրորդ լուսնի ժամանակ։ Նրանք եկել էին այլ մի մոլորակից։ Նրանց հրեշտականման են կոչում, և առաջացել են Ոգու խտացման շնորհիվ։ Նրանք ահռելիորեն մեծ էին և ավելի շուտ ալիքային բնույթ ունեին, քան երկրային՝ ֆիզիկական։ Հետո Տիեզերքը կառավարող ուժերը արարեցին ուրվականանմաններին, որոնք նյութական տարրի առկայության պատճառով արդեն կշիռ ունեին։ Նրանք կարող էին անցնել պատերի միջով, միասեռ էին և բազմանում էին պատվաստման միջոցով։ Ապա եղան լեմուրիացիները։ Նրանց արդեն կարելի է ամբողջովին մարդ կոչել, նրանք եղել են ամենազարգացած մարդիկ Երկրագնդի վրա։ Քառադեմ էին կամ երկդեմ, երրորդ աչք ունեին ծոծրակին։ Հասակը քառասուն մետր էր։ Իսկ խոշոր էին, քանի որ լուսինը մոտ էր երկրին։ Նաև տիեզերական ճառագայթումն է այն ժամանակ եղել հզոր։ Նրանք ևս միասեռ էին և նույնպես ունեին ալիքային նուրբ հատկանիշներ։ Նրանք ծնվում էին պայծառատեսի հնարավորություններով, որոնք ներառում էին կյանքի բոլոր գաղտնի ոլորտները։ Նրանց համար չկար տարածություն, նրանց տեսողությունը սահմանափակ չէր։ Նրանց քաղաքակրթության ընդերքում առաջացան ատլանտները։ Սրանք ևս զարգացած էին, բայց զիջում էին լեմուրիացիներին։ Լեմուրիացիներն իրենց ողջ գիտելիքներն ու գաղտնիքները գրել էին ոսկյա մի սկավառակի վրա։ Ատլանտները գտան այն ու ստեղծեցին հզոր մի քաղաքակրթություն։ Ատլանտների հասակը վեց մետր էր, արտաքնապես նման էին մարդուն, ունեին քառասուն ատամ, նաև խռիկներ։ Նրանք ևս երրորդ աչք ունեին, որի միջոցով, իրենց ներքին էներգիայի շնորհիվ, կարողանում էին հայացքով իրեր փոխադրել ու նաև հաղորդակցվել միմյանց հետ հեռավորության վրա։ Բոլոր կրոնները այլափոխված հիշողություններ են այդ ժամանակների մասին, երբ մարդիկ կարող էին հոգևոր էներգիա ճառագելով՝ ազդել Տիեզերքի հավասարակշռության վրա։
— Ու՞ր է հիմա սկավառակը, մարդիկ գտե՞լ են այն։
— Ոչ։ Այն թաքնված է մի վայրում, որը ոչ միայն դժվարամատչելի է, այլև պաշտպանված է Ժամանակի միջոցով։
— Իսկ հին ռասանե՞րը, նրանք ինչու՞ վերացան,— հարցրեց Մեգիրան, որ նայում էր Րային համակ ուշադրություն դարձած։
— Վերացան, քանի որ հպարտացան՝ իրենց ունեցած հնարավորություններից զարմացած։ Նրանք իրենց արքաներ ու աստվածներ կարծեցին, տաճարներ կառուցեցին իրենց մարմինների համար, և երրորդ աչքը չքացավ։ Ու Աստված վերացրեց նրանց երկրի վրայից։
Մեգիրային անափ տխրություն համակեց։
— Դե՛, մի՛ տխրիր,— ասաց Րան, - նրանք մեռած չեն այնպես, ինչպես պատկերացնում ես։ Աստված նրանց փոխադրել է ապրելու զուգահեռ իրականության մեջ։ Դե՛, նրանք երբեմն հայտնվում են այստեղ և հետևում մարդկանց։ Մարդիկ պարզապես նրանց չեն տեսնում։ Վերջինը մարդկանցից, որ տեսել է նրանց և նրանցից գերբնական հմտություններ յուրացրել՝ Ռելիհն է եղել։ Ու նրանց վախճանին էլ արժանացավ, քանի որ ինքը ևս, հաջողությունից ոգևորված՝ իրեն աստված կարծեց։
Մեգիրան որոնող մի հայացքով շուրջը նայեց։ Ապա հարցրեց.
— Իսկ ե՞րբ պատահեց դա, ե՞րբ նրանք գնացին այլ իրականություն։
— Եղավ այնպես, որ երկրորդ լուսինը մոտեցավ երկրին ու հայտնվելով նրա ուղեծրում՝ բախվեց ու սկսեց փոշու և քարաբեկորների տեսքով ցած թափվել։ Նրանք հեռացան ոսկե կառքերով, որոնց լույսն էր տանում։ Նրանց հեռանալուց հետո փշրված լուսինը ծածկեց երկիրը հաստ մի շերտով՝ իր տակ թողնելով ամեն ինչ։ Բայց նրանցից ոմանք, որ այդ ժամանակ երկրի ընդերքում էին՝ հանքերի մեջ, չհասցրեցին հեռանալ։ Ու քանի որ այլևս թռչող նավեր չունեին, մնացին երկրի վրա։ Մինչ երրորդ լուսնի հայտնվելը, քանի որ փոխվել էր գրավիտացիան, ձևափոխվելով ու փոքրանալով, նրանք շարունակեցին գոյատևել՝ որոշ այլ արարածների հետ։ Երբ եկավ երրորդ լուսինը, առաջացան այժմյան մարդիկ՝ չափերով փոքր, պակաս բանական, այն ժամանակ՝ գրեթե վայրենի։ Երկրի վրա մնացած սակավաթիվ հսկաները կառավարեցին նրանց ու քաղաքակրթեցին։
Մեգիրան մտաբերեց, որ գրքերում նման բան կարդացել է։
— Հսկաները շատ բան սովորեցրին մարդկանց, և մարդիկ հզորանալով բարոյապես ու հոգեպես, ստեղծեցին զարգացած մի քաղաքակրթություն, որի դեմ ոչինչ է այժմյանը։
— Եվ ի՞նչ պատահեց այն ատլանտներին, որ մնացել էին երկրի վրա, - հարցրեց Մեգիրան, - ինչու՞ նրանք հիմա չկան։
— Երրորդ լուսինը, որ ապրեց անհաշվելի տարիներ, ի վերջո նեղացնելով պտույտի իր պարույրը, ինքն էլ մոտեցավ Երկրին։ Ու ձգվելով նրանից՝ ջրերը բարձրացան, և մարդիկ իրենց տիրակալ հսկաների հետ փրկություն գտան լեռների վրա ու հիմնեցին այնտեղ համաշխարհային ծովային քաղաքակրթություն։ Դա հենց ինքը՝ Ատլանտիդան է, որ եղել է ոչ թե հետագայում իբր ջրասուզված ինչ-որ տարածքի վրա, այլ բարձրում՝ լեռների վրա։
Մեգիրան հմայված լսում էր նրան։
— Հետո, երբ երրորդ լուսինը ոչնչացավ, ջրերը նորից իջան, ծովերը նահանջեցին։ Լեռնագագաթները, որ նավահանգիստ էին, բաժանվեցին միմյանցից անեզր ճահիճներով։ Օդը դարձավ ավելի նոսր, ջերմությունն անէացավ երկրի վրայից։ Եվ Ատլանտիդան կործանվեց. այն ոչ թե ջրասույզ եղավ, այլ ջրերը լքեցին նրան։ Նավերը ջրատար եղան կամ ջախջախվեցին, մեքենաները լռեցին կամ պայթեցին, սնունդ այլևս չէր հասցվում, գիտությունն ու գիտնականներն անհետացան, հասարակության կառուցվածքը ոչնչացավ։ Ողջ մնացածներն իջան սարերից դեպի ճահճոտ հարթավայրերը, ուր դեռևս բուսականություն չկար։ Մարդիկ նորից վայրենացան և ընկղմվեցին անլուսին գիշերների մեջ։ Դա տևեց հազար դար։ Եվ այդ ընթացքում տիրակալ-հսկաները մի վերջին անգամ քաղաքակրթեցին մարդկանց, ստեղծելով երկրորդ Ատլանտիդան, որի մասին էլ վկայում է Պլատոնը։
Րան դադարեց խառնել կրակը։
— Երբ հայտնվեց այժմյան լուսինը, երկիրը դարձավ բևեռներում սեղմված էլիպսոիդ։ Հյուսիսի և հարավի ծովերը հոսեցին դեպի հասարակած, և Նոր Ատլանտիդան կործանվեց մեկ գիշերում՝ մնալով ջրի տակ։ Սա հենց մեծ ջրհեղեղն է։ Այս նոր լուսնի օրոք հսկաները, որ մեծացած ձգողականության պատճառով անկարող էին քայլել ու տեղաշարժել իրենց հսկա մարմինը, սեղմվելով՝ այլանդակ տեսք ստացան։ Նրանք սկսեցին կռվել միմյանց ու մարդկանց դեմ։ Նրանք դարձան մարդակեր, և մարդիկ սկսեցին ոչնչացնել նրանց, հատկապես, որ նրանց թիվը նվազել էր։ Իսկ մարդիկ էլ, մնալով առանց տիրակալ-ուսուցիչների, գնում են խոտոր ճանապարհով ահա արդեն հարյուր հազար տարի։
Մեգիրան երկար ժամանակ չէր կարողանում երազկոտ հայացքը ետ բերել հեռուներից։
— Ի՜նչ հրաշալի պատմություն էր,— ի վերջո ասաց նա,— ասես հեքիաթ լինի։
— Հեքիա՞թ,— արձագանքեց Րան վրդովված ու ելավ տեղից։
Մեգիրային անհասկանալի էր նրա վարքի փոփոխությունը։
— Ե՛կ իմ ետևից,— ասաց Րան։
Արտառոց իրադարձության սպասումով՝ Մեգիրան ոտքի ելավ ու հնազանդ հետևեց նրան։
Մութ մի խոռոչ էր տանում դեպի քարայրի խորքը, որը Մեգիրան մինչ այդ չէր նկատել։
Նրանք անցան խոռոչի միջով, և բազմաճյուղ մի լաբիրինթոս բացվեց նրանց առջև։
Մեգիրան վախվորած հետևում էր Րային և զարմացած նայում, թե ինչպես է նա, ուշք չդարձնելով մյուս ուղիներին, կիսախավարի մեջ առաջանում այնպիսի հանգստությամբ, ասես անգիր գիտի ճանապարհը։
Նրանք քայլեցին բավական երկար։ Հետո ողորկ պատերով, ընդարձակ մի սրահ բացվեց նրանց առջև։ Սրահում լույսի որևէ աղբյուր չկար ու նաև լուսամուտ կամ երդիկ, բայց այն լուսավոր էր, ինչպես արև ժամանակ։
Մեգիրան տարակուսած շուրջը նայեց։
— Այդ նրա՛նք են լույս արձակում,— պարզաբանեց Րան՝ հայացքն ուղղելով դեպի սրահի խորքը։
Մեգիրան այնտեղ սև քարից երեք սարկոֆագ տեսավ՝ զարդանախշված ինչ-որ պատկերներով ու գրություններով։
Մոտ գնալով՝ Մեգիրան նայեց սարկոֆագների մեջ, որ կափարիչ չունեին։ Նա զգաց, թե շունչն ինչպես է կտրվում։
— Նայի՛ր, - ասաց Րան։ - Նրանք ապրել են մեր երկրի վրա դեռ այն ժամանակներում, երբ սարեր չկային։ Նրանք մշակել են մեր հողերը, երբ ծովերն էին ողողում այս կողմերը և երբ ուրիշ աստղեր էին շողում երկնքում։ Նայի՛ր ուշադիր և իմացի՛ր. միայն նվիրյալներն են տեսել նրանց։
Սարկոֆագների մեջ պառկած էին երեք մարմին։ Նրանք խոշոր էին։ Մեկը կին էր, որ կլիներ Մեգիրայի երկու չափը, իսկ տղամարդկանցից խոշորը հինգ մետրից ավելի էր։ Նրանք մեծ գլուխ ունեին, որ փոքր ինչ նեղանում էր գագաթի մոտ, նեղ ծնոտ, փոքր բերան և նուրբ շուրթեր։ Քիթը երկար էր ու սուր, աչքերն ուղիղ և խոր դրված։ Նրանց մարմնի յուրաքանչյուր գիծ փութաջանորեն վերարտադրված էր ոսկով։
Մեգիրային միաժամանակ համակել էր և՛ հմայվածություն, և՛ սարսափ։
— Ուրեմն... ուրեմն,— նա դժվարանում էր խոսել,— ուրեմն նրանք իսկապե՞ս գոյություն են ունեցել։
Րան համբերատարորեն սպասեց, որ անցնի նրան համակած այլայլումը, ապա ասաց.
— Ռելիհը նրանցից է փոխառել խթանիչը։
— Օ՜, Րա՛, այս ինչե՜ր կան աշխարհում,— ասաց Մեգիրան զմայլանքով,— մինչդեռ ես ապրում էի՝ ամենից անտեղյակ։ Եվ այդպես էլ կյանքս կանցներ, եթե չլինեիր դու։ Ի՜նչ դժբախտ են մարդիկ, Րա, որ ապրում-անցնում են երկրի վրայից՝ այդպես էլ չճանաչելով աշխարհն ու կյանքը։ Որքա՜ն մեղք են նրանք։ Ծիծաղելի է հիշել անգամ, որ այնտեղ, ուր ապրում էի ես մինչ քո հայտնվելը, ձեռքից ձեռք էր անցնում մի գիրք Հեռեի ու Զաուսաֆրի պատմության մասին, թե ինչպես աղջիկը հոր սիրուհու հանդեպ ունեցած ատելությունից՝ լեսբուհի է դառնում… Եվ մարդկանց միակ հուզումը դա էր... Ահա, պատկերացնում եմ Տիեզերքի ողջ անհասկանալիությունը և ինձ թվում է՝ մարդը մնաց անսահման ցածում, այնքան ներքև, որ նայում ու չեմ տեսնում նրան իր փոքրության պատճառով։ Նա ոչինչ է։ Նա գիտի՞, որ ինքը ոչինչ է։
— Մարդկանց զարգացմանը կաշկանդում է վստահությունը, թե ամեն ինչ գիտեն Տիեզերքի մասին։ Նրանք միամտորեն կարծում են, թե կյանքի առաջացման պահից իրենց զարգացումն ընթանում է աստիճանական բարեշրջման օրենքով, և իրենք կատարյալն են պատմության մեջ։ Նրանք դեռևս ապրում են ինկվիզիցիայի օրոք. եթե առաջներում այրում էին այլախոհներին, ապա հիմա ատում են, որն ուղեկցվում է ծաղրով, և այլախոհներին հիմա պարզապես խելառ են անվանում, իսկ իրենք շարունակում են մնալ խավարի մեջ...
Այդ միջոցին Մեգիրան հանկարծահաս թուլություն զգաց, ասես իր մարմինը մնացել էր առանց իրեն։
— Ես ընկնում եմ, Րա,— հազիվ հասցրեց արտաբերել։
Րան նրան առավ ձեռքերի վրա և դուրս բերեց սրահից։
— Ի՞նչ պատահեց ինձ, - հարցրեց Մեգիրան՝ զգալով, թե ինչպես է քունը հաղթում իրեն։
— Նրանք կլանեցին քո էներգիան,— պատասխանեց Րան՝ մութ խոռոչով քայլելով դեպի քարայրը։
— Ինչպե՞ս, չէ՞ որ...
— Նրանք մեռած չեն։
Այս լսելով՝ Մեգիրան կամեցավ ետ նայել, ասես կարող էր տեսնել ատլանտներին։ Բայց նա շրջվելու ուժ չուներ այլևս։
— Նրանք քնա՞ծ են,— հարցրեց։
— Նրանք, իրենց էներգիան խտացնելով, կարող են այդպես հավերժ մնալ։
— Հանուն ինչի՞։
— Տիեզերքը կառավարող ուժերն են նրանց պահում այդ վիճակում։
— Ինչու՞։
— Չարը մարդկանց մեջ շատ է հիմա, և նրանք հերթական ոչնչացման եզրին են։ Տիեզերքը կառավարող ուժերը պահում են ատլանտներին այն հույսով, որ թե պատահի՝ մարդիկ դարձի չգան, և ստիպված լինեն ոչնչացնել նրանց, ապա քնած այդ էակներից նոր ռասա ստանան։
Րայի գրկի մեջ ցնցվելով՝ Մեգիրան զարմանքով ու նաև զմայլանքով դեպի իրեն եկող լաբիրինթոսի մռայլ պատերին էր նայում։
— Աչքերիս դեմ բուրգ հիշեցնող լուսային գծեր եմ տեսնում,— ասաց քնատ ձայնով։
— Այդպես էլ պիտի լիներ,— արձագանքեց Րան, բայց Մեգիրան չլսեց նրան։
Հասնելով քարայր, Րան Մեգիրային պառկեցրեց մորթիների վրա։
Այդ միջոցին դանդաղ ոտնաձայներ լսվեցին, ապա քարայրի մուտքին երևաց ալեհեր մի ծերունի։
Բազմաթիվ կնճիռներ էին ակոսում նրա դեմքը, նրա շարժումները դանդաղ էին, չափված, ճշգրիտ։ Մի հանդարտ ժպիտ կար նրա դեմքին, աչքերում՝ ծիծաղկոտ փայլ, մի տեսակ անհասցե արտահայտությամբ։ Ժպտուն այդ դեմքի ետևում մի սֆինքս էր ասես՝ անիմանալի ամենքին։
Տեսնելով Րային՝ ծերունին նախ հեռվից ողջունեց ետ ծալված ձեռքի բաց ափով, ապա հասնելով նրան՝ ողջագուրվեց։
Երկուսով խորացան քարայրի մեջ։
Ծերունին որոնող հայացքով աչք ածեց շուրջը և նկատելով մորթիներին ընկողմանած աղջկան՝ արտաբերեց, բառերը դիտավորյալ երկարացնելով՝
— Սա էլ երևի հազարերո՞րդն է։
— Ինը հարյուր ութսունը,— ուղղեց նրան Րան՝ հասկանալով ակնարկը,— բայց մի՞թե թիվը կարևոր է։
Ծերունին մի մեծ թասի մեջ թափեց իր հետ բերած պսպղուն քարակտորները։
— Քո համառությունը սահման չունի։ Թեպետ այլ բան քեզանից սպասել չէր կարելի։ Բայց աղջիկները փորձությունը չեն անցնում, Րա։ Մեղք են նրանք, որ ամիսներով հետևում են քեզ, և դու՛ ես մեղք, որ հողմաղացի թևերի պես պտտվում ես անվերջ՝ այդպես էլ առաջ չգնալով։ Քո փոխարեն մեկ ուրիշը վաղուց թևաթափ էր եղել։
— Ես գիտեմ, Ֆերուջա, որ տեսիլքն ինձ հենց այնպես չի երևացել. ես կգտնեմ տասնութամյա այն աղջկան…
— Բայց որքա՞ն կարող ես նրանց փորձարկել,— ասաց Ֆերուջան կարեկցանքով։
— Որքան անհրաժեշտ է։ Դու ինքդ էիր ասում, որ գաղափարները, որոնց վրա հիմնված է ներկա քաղաքակրթությունը, թորշոմել են, ու դրանք փոխել է պետք։ Եվ որ աշխարհի կառուցվածքը կարող է փոխվել նվիրյալների մտքի զորությամբ։
— Առաջարկում ես շարունակե՞լ հավատալ այլոց վերադաստիարակության հնարավորությանը։ Մի՞թե դու ամեն ինչ չես արել մարդու այս տեսակն ուղղելու համար, Րա։ Ալեքսանդրի հետ աշխարհը չափչփեցիր ու նրա հետ նոր գոյաձև քարոզեցիր մարդկանց՝ որպես քուրմ, բայց և հասկացար, որ մարդիկ ապականվել են զազրելիորեն, և խոսքն ու օրինակն անզոր են այլևս նրանց դարձի բերելու համար։ Կալիգուլայի հետ ոչնչացրիր լյումպենին, կոկորդիլոսի կեր դարձրիր բոլոր մեղանչածներին, բայց և վերջում տխրությամբ պարզեցիր, որ ամեն ինչ զուր էր և անիմաստ՝ արյունը, որ թափեցիր, տառապանքը, որ կրեցիր, ձգտումը, որ փայփայեցիր, քանզի հասկացար, որ մարդկային արատները քնած են անգամ նորածին երեխաների վտիտ մարմինների մեջ։
— Բայց դրանք պարզագույն միջոցներ էին, Ֆերուջա, ինչպես հետո հասկացա։ Մարդուն վերափոխելու համար այլ հնարներ է պետք կիրառել։ Ով որքան արագ, այնքան՝ լավ։ Մարդկային անմաքրությունից Երկրագունդն ինքն է տրտնջում,— դու դա չե՞ս լսում,— ու երբեմն-երբեմն ջղաձգումից արագացնում է ընթացքը, և ջրերը գրոհում են ափերը։ Իսկ եթե այն նորեն պտտվի խենթացած ու ծովերը ելնեն սարերի վրա՞… Ոչ ոք ողջ չի մնա, անգամ նրանք, ում պահապանն ես դու։ Ու ես այլ ուղի չեմ տեսնում՝ որոնումներս շարունակելուց բացի։ Տեսիլն ինձ հենց այնպես չի՛ երևացել, Ֆերուջա, և ես կգտնեմ տասնութամյա այն աղջկան, ով կանցնի փորձությունները, կոգենորոգվի Երկրի Գաղտնի տարածքներում և նույն ուղին անցած տղամարդուց աշխարհ կբերի նոր Մեսիային։
Ֆերուջան լուռ խորհում էր։
— Նրա խոսքից մարդը կվերափոխվի, արարչագործական ավյունը կտրվի նրանց, նրանց հոգին կընդլայնվի Տիեզերքի ողջ չափով, մարդը նորից կդառնա մարդ-աստված, և կյանքից կարտաքսվեն բոլոր արատները, որ հատուկ են ցածր տեսակներին։ Մարդը կդառնա աննկուն ու հրեղեն, ում նաև տարերքը կլինի ենթակա։ Նրանք կիմանան ամբոխին կառավարելու գաղտնիքը, կսովորեն փոխել մարդու նյարդի հոսանքի ուղղությունը, կիմանան լույսի գաղտնիքը, հակաթույնի ձևը, մետաղը ոսկի դարձնելու հնարը, կվարժվեն տիեզերական հաղորդակցությանը, կբացեն գրավիտացիայի օրենքը, կիմանան՝ ի՞նչ է տիեզերածնությունը, կսովորեն փրկիչ կոլոիդների գաղտնիքը և հանրության զարգացման օրենքները, կիմանան Գանգեսի տակ կառուցված գաղտնի տաճարի տեղը … Ես, ահա, Նրա ապագա ծնողներին եմ որոնում մի քանի միլիարդ մարդկանց միջից։ Նա, որ ծնվելու է, կունենա արդեն կապ Նրանց հետ, որ Այնտեղ են, Նրանցից կիմանա ամենը, որ անհրաժեշտ է վերափոխման համար։ Եվ, ասեմ քեզ, Ֆերուջա, Նրա ապագա հորը ես գտել եմ...
— Իսկապե՞ս,— հարցրեց Ֆերուջան՝ լսածից փշաքաղված։- Եվ ու՞ր է նա հիմա։
— Մեկուսացված է, Իվգահում,— պարզաբանեց Րան ընդծված ինքնագոհությամբ ։
— Որտեղի՞ց հայտնաբերեցիր նրան,— Ֆերուջան ելավ տեղից։
— Յահիայից։
Ֆերուջան ափով բռնեց ծնոտը, մտածեց մի փոքր և ասաց.
— Երևի թե այդպես էլ պիտի լիներ, ինչպե՞ս չէի մտածել. նրանք թե՛ հներից են, թե՛ բնօրրանն են դեռ պահում։
— Ինքս էլ էի այդպես կարծում և, այլոց թողած, որոնումներս նրանց երկրում էի անում։ Եվ գտա։
— Դա արդեն փոխում է իրերի վիճակը,— Ֆերուջան մտածկոտ քայլում էր քարայրում։- Դա արդեն ինչ-որ բան նշանակում է. ուրեմն նավերը մոտենում են։
Նա գնաց ու կանգնեց Մեգիրայի գլխավերևում։
— Այս հրաշք արարածին որտեղի՞ց ես պեղել։ Որպիսի՜ ներդաշնակություն, ասես մարդածին չէ ամենևին։
— Մի թաքուն հույս ունեմ, թե նա կանցնի փորձությունները,— ասաց Րան։
— Նա եղե՞լ է Մտքերի հովտում։
Րան գլխով արեց։
— Ե՞վ...
Ֆերուջան Րայի աչքերի մեջ փայլ տեսավ։
— Մի՞թե... Օ՜, չարք...
— Այո, Ֆերուջա, նա հովտից իր հետ դուրս բերեց հենց ա՛յն միտքը, ինչը չէր արել աղջիկներից և ո՛չ մեկը։
Ֆերուջան կարկամել էր անափ հուզմունքից։ Քիչ անց, երբ անցավ նրան համակած զեղումը, ասաց ինքն իրեն. - Մի՞թե իսկապես ճիշտ էր Սոպեն։
Եվ ապա մոտ գնաց Րային։
— Ինքս էլ մի ուրախ նորություն ունեմ քեզ համար, Րա, թեև այս պահին միայն հասկացա իմաստը։
Րան անհամբեր նայեց նրան։
— Ինձ ցույց տրվեց ոսկե սկավառակը։
— Իսկապե՞ս,— հիմա էլ Րային անափ հուզմունք համակեց։- Ի՞նչ էր գրված այնտեղ։ Դու կարողացա՞ր որևէ բան կարդալ։
— Ոչ։ Այն ինձ երևաց հեռվից։ Որքան էլ ջանացի՝ մոտ տարածությունից տեսնել այն, չհաջողվեց։
— Ափսո՜ս,— Րան ափերը միմյանց զարկեց։
— Բայց ես հասա դրան, Րա։ Ամբողջ երեսուն տարի ես մաքառում եմ և, ահա, սկավառակը երևաց ինձ։ Ես չկարդացի այն, բայց ինձ հաջողվեց պատռել ժամանակի շղարշը, որ բաժանում է մեզ սկավառակից։ Դա ոչ մեկին չի հաջղվել։
— Դու պիտի հաճախակիացնես փորձարկումները,— ասաց Րան՝ խիստ գործնական մարդու հայացք դեմքին։
— Դա արդեն ավելորդ է,— հանգիստ պատասխանեց Ֆերուջան։ -Ես հասա առավելագույնին։ Սկավառակը կարդալ ինձ չի վիճակվի...
Րան տխրեց։
— Ինձ ևս վհատություն համակեց, երբ չհաջողվեց ընթերցել այն։ Բայց, ահա, երբ հայտնեցիր քո հաջողության մասին, ինձ պարզ դարձավ ելքը, որ գծել են Նրանք. Գաղտնիքը կկարդա նոր Մեսիան, ում ծնողների որոնում-պատրաստումով դու զբաղված ես այսօր։ Դա անելը Նրա համար դյուրին կլինի, քանի որ ես արդեն պատռել եմ ժամանակի շղարշը։ Ես ոգեմիջնորդ կլինեմ Նրա համար, ու Նա, իմանալով սկավառակի Գաղտնիքները, երկրի վրա նախապայմաններ կստեղծի գերմարդու ի հայտ գալու համար։
Ֆերուջայի խոսքերից սկզբում շողուն փայլ երևաց Րայի դեմքին, բայց դա երկար չտևեց և Րան նկատելիորեն մռայլվեց՝ վերջին միտքը լսելով։
— Նորի՞ց,— հարցրեց նա՝ ավելի շուտ ինքն իրեն, քան Ֆերուջային։- Բայց ի՜նչ եղավ, երբ աջակցեցինք նամրեգներին...
— Չեղավ այն, ինչ նախորոշել էինք, քանի որ նամրեգներն իրենց հաղորդված չորս գաղափարներից ընկալեցին պարզագույնը՝ ռազմական նոր համակարգը։ Եվ հետո, այն ժամանակ մենք բավարար համառ չգտնվեցինք, իսկ նամրեգներն անհամբեր էին։ Ի՞նչ իմաստ ուներ, որ նրանք իրենք պատերազմ հայտարարեին մնացյալ մարդկությանը։ Մենք նրանց մենակ թողեցինք...
— Բայց բոլոր ժամանակներում նվիրյալները իմանալով շատ, քիչ բան են ասում մարդկանց։ Նամրեգներին ասված էր՝ տարածք բացել երկրի վրա մարդու նոր ռասայի համար, որ կգա ընդերքից, որ կլինեն հզոր՝ աստվածների պես։ Իսկ ի՞նչ արեցին նրանք. մարդու թաքնված էներգիայի բացահայտման գաղտնիքը մեզանից իմանալով՝ փորձեցին վերափոխել իրենց և իրենք դառնալ Տիրակալ։
— Նրանք երկյուղ ունեին, որ եթե չվերափոխվեն, եթե չհզորանան հոգեպես, եթե չունենան նմանություն իրական Տիրակալներին, ապա կդառնան ստրուկ, կդառնան աղբ, երբ Տիրակալները դուրս գան ընդերքից։ Ու թե՛ Ռելիհը, գաղտնի կրոնի մեծ քուրմը, թե՛ նա, ով Հենրիխ առաջինի նոր մարմնավորումն էր, գնացին անհստակ ճանապարհով...
Րան մտահոգ ետ և առաջ էր քայլում քարայրի երկայնքով։
— Վարդի ու խաչի եղբայրության պատգամախոսներն էին դեռ մտահոգված, որ մարդկությունը գնում է դեպի կործանում։ Է՛լ ետ գնանք. դեռ Զրադաշտն էր նրանց համարում սոսկ մարդանմաններ։ Դու համարում ես, թե մարդուն վերափոխել հնարավոր է, իսկ ես դրան այնքան էլ հավատ չեմ ընծայում. ես հավատում եմ միայն ի՛մ վերափոխմանը։ Մարդկային այս ցեղը մոտենում է իր վախճանին, ողջ կմնան ժողովուրդներից քչերը, նրանցից էլ՝ ընտրյալ անհատները միայն։
— Մի՞թե աշխարհը նորից խառնելն է ելքը։ Ես, Ֆերուջա...
Այդ միջոցին Մեգիրան արթնացավ ու անծանոթ տղամարդ տեսնելով՝ արագ շարժումներով նստեց տեղում։
Հենման կետ
— Ինչու՞ էր ալքիմիկոսն այնպես հետաքրքրությամբ նայում ինձ,— հարցրեց Մեգիրան՝ ջանալով ետ չմնալ Րայից։
— Նրան զարմացրել էր Մտքերի հովտում քո նախընտրած մագաղաթը։
— Իսկապե՞ս, բայց ես դա արել եմ պատահաբար, քանի որ դժվարանում էի ընտրություն կատարել։
— Պատահաբար ոչինչ չի լինում,— ասաց նրան Րան։
Մեգիրան մտքում կրկնեց մագաղաթին եղած գրությունը, բայց այն իրեն ամենևին խորհրդավոր չթվաց։
— Դա հետո պարզ կլինի քեզ,— պարզաբանեց Րան, որ կարդացել էր նրա մտքերը։
Մտորելով՝ Մեգիրան քայլեց առժամանակ։
— Քանի՞ տարեկան է նա,— հարցրեց հանկարծ։
— Նա տարիք չունի, թեպետ ինքն ասում է՝ երեսուն։
— Ինչու՞ է նա ապրում այդպես մեկուսացված։
Րան սպասեց, որպեսզի Մեգիրան հասնի իրեն։
— Նա ինքն իր փախուստը սիրում է պատճառաբանել այսպես. «Եթե դու դժբախտություն ես ունեցել արժանանալ թագավորների ուշադրությանը, ապա նրանք անվերջ կհարցնեն քեզ. «Դե, վարպետ, ե՞րբ ցույց կտաս մեզ արժեքավոր որևէ բան»։ Իրենց անհամբերությունից քեզ շառլատան կկոչեն և կպատճառեն քեզ բոլոր հնարավոր անհարմարությունները։ Ու թե քեզ չհաջողվի հասնել բարեհաջող ավարտի, քո վրա կզգաս նրանց ատելության ողջ ուժը։ Իսկ եթե, ընդհակառակը, դու հաջողություն ունենաս, ապա նրանք կպահեն քեզ հավերժ գերության մեջ, նպատակ ունենալով հարկադրել քեզ աշխատել իրենց համար ողջ կյանքդ»։
— Նա ապրել է պալատներու՞մ,— Մեգիրայի զարմանքին չափ չկար,— նա՛, որ ծվեններով է մարմինը ծածկում։
— Թագավորները պատրաստ են իրենց երկրի կեսը տալ՝ նրան իրենց մոտ ունենալու համար։ Եթե իմանան, թե որտեղ է նա թաքնվում, կգողանան անհապաղ։
— Ինչու՞։
— Մարդու իշխանությունը թե՛ բնության, թե՛ ինքն իր վրա կարող է դառնալ անսահման, և թե՛ անմահությունը, թե՛ բնության ուժերի կառավարումը կարող են լինել իր իշխանության ներքո, և այն ամենը, ինչ կատարվում է Տիեզերքում, հնարավոր է՝ հայտնի դառնա իրեն։ Իսկ ալքիմիկոսը, ինչպես կոչեցիր նրան, այն քչերից է, ով կարող է բացել դա անելու գաղտնիքը։ Եվ այն թագավորը, ով խորհրդական կունենա նրան, կտիրի աշխարհին։
Մեգիրան նայեց Րայի աչքերի մեջ։
— Չես հավատու՞մ,— հարցրեց Րան։ - Վերջին անգամ այդպես եղավ Նամրեգիայում։ Բայց քանի որ նրա ոչ բոլոր խորհուրդներն էին կիրառվում, թագավորն այդ տանուլ տվեց և ինքնասպան եղավ։ Իսկ նա էլ եկավ այստեղ։
— Մի՞թե կարելի է փախչել պալատներից. չէ՞ որ ուրիշները երազում են հայտնվել այնտեղ։
— Կարելի է։ Պատահում է երբեմն, որ անուն, հայրենիք, ընտանիք, երազանքներ, սխալներ, փառասիրություն՝ մոխրանում են և այդ մոխրից հառնում է մի նոր անհատականություն։ Նա հենց այդպիսին է։
— Ինչու՞ է նա գաղտնի պահում իր իմացածը։
— Մետաղի փոխակերպման ընթացքում սոսկալի մեծ էներգիա է անջատվում, որը կարող է աղետ բերել երկրին, եթե հայտնվի վատ կամ անփորձ մարդկանց ձեռքում։
— Ուրեմն նա հզո՞ր է։ Այդ դեպքում ինչու՞ չի ցուցադրում իր հզորությունը։
— Այդպիսի մարդիկ իմաստ չեն տեսնում իրենց հզորությունը ցուցադրելու մեջ։ Հարկադրված լինելով միայնության, այդպիսի մարդիկ առնչվում են միայն իրենց հավասարների հետ։ Եթե նրանք համախմբվում են, ապա միայն հանգամանքների դրդմամբ։
— Եվ ինչի՞ց են խոսում նրանք միմյանց հետ։
— Նրանց լսելը ձանձրալի է հասարակ մարդկանց համար, քանի որ անհասկանալի է։
— Դու նրան հավասա՞ր ես։
— Ես նրա աշակերտն եմ։
Մի թեք լանջ պատահեց նրանց։ Մեգիրան, որ դժվարանում էր քայլել, ետ ընկավ։ Իսկ Րան ելնում էր լանջն ի վեր այնպես հանգիստ, ասես հարթ ճանապարհ էր ոտքերի տակ։ Մեկ էլ երկիրը հանկարծ սկսեց պտտվել հետզհետե ահագնացող արագությամբ։ Մեգիրան, որպեսզի չտապալվեր, իջավ ծնկների վրա ու ձեռքերով հենվեց գետնին։ Բայց դա բավարար չէր և նա պտույտից ուր որ է կշրջվեր կողքի ու կգալարվեր լանջն ի վար։
Մեգիրան պառկեց գետնին, սոսկումից դեմքը հպեց հողին ու ձեռքերը տարածեց, որպես հենարան։
Այլևս գալարվելու վտանգ չկար, և նա փնտրեց Րային։ Ու ապշեց տեսածից. Րան, ողջ հասակով բլրի գագաթին կանգնած՝ ձեռքերը կարկառել էր վեր ու պտտվում էր երկրի հետ համընթաց։ Ասես ահռելիորեն մեծ պտույտն իր վրա չէր ազդում։
Մեգիրան նկատեց, որ ամպերը երկրի հետ չեն պտտվում, կարծես մեխված լինեին աստղերին։
Ներքին մի ձայն նրան հանկարծ հուշեց, որ դա հենց Րան է երկիրը պտտում, ու այդ միջոցին նրան թվաց, թե Րան վեց ձեռք ուներ երկուսի փոխարեն։
Երբ երկիրը դադարեց պտտվել, Մեգիրան, դեռևս զգուշանալով, դանդաղ ոտքի ելավ ու օրորվելով՝ առաջ գնաց։ Րան արձանացել էր, ձեռքերը, բայց արդեն երկու, վեր պարզած։
«Խաբկանք տեսիլ էր»,— մտածեց Մեգիրան։
Հասնելով Րային՝ Մեգիրան տեսավ, որ նա ամենևին բլրի գագաթին չի գտնվում, և այդտեղից սկսվում է ընդարձակ մի հարթավայր։
Հեռվում երևում էր ծանոթ սարը։ Ուշադիր նայելով՝ Մեգիրան հանկարծ պարզեց, որ այն ոչ թե լեռ, այլ բուրգ լինի ասես։ Բուրգից հուր էր ելնում։
Նրանք առաջացան ծնկահաս խոտերի միջով։
Մեկ էլ Նուրծ Րան կանգ առավ այնպես կտրուկ, ասես թե նրա առջև դժվարանցանելի մի պատնեշ լիներ։ Եվ իսկապես, Րան մի ոտքը լայն քայլով առաջ դրեց այնպիսի զգուշությամբ, ասես անտեսանելի մի խոր ջրափոս էր հաղթահարում, և առաջացավ մի տեսակ դանդաղ, կարծես դիմացից ետ էին հրում նրան։
Հետո նա ուշադրությամբ նայեց Մեգիրային։
Աղջիկը նրա հայացքից կռահեց, որ անբացատրելի մի իրականության մեջ է ակամա հայտնվել, և ջանաց իրեն տրամադրել սպասվող անիմանալի փորձությանը։ Եվ զգուշորեն քայլեց դեպի Րան։
Ու երբ հասավ ճիշտ այն նույն տեղին, ուր Րան տարօրինակ էր իրեն պահել, հանկարծ կրծքին դիմադրություն զգաց. կարծես թե առջևում եթերը խտացել ու կաշկանդում էր նրան։
— Ի՞նչ է սա,— ահաբեկված ու զարմացած հարցրեց Մեգիրան՝ ետ ցատկելով։
Րան, որ հանդիսատեսի հետաքրքրությամբ հետևում էր նրա շարժումներին, պարզաբանեց.
— Դու հաղթահարում ես Համաշխարհային Հակադրության Գիծը։
Այդ բառերը Մեգիրային ոչինչ չասացին, բայց և դրանք լսելով՝ նրան էլ ավելի մեծ ահաբեկում և զարմանք տիրեց։ Իսկ Րան հարկ չհամարեց ավելին ասել ու բավարարվեց քաջալերելով.
— Մի՛ երկյուղիր, փորձի՛ր և քեզ կհաջողվի։
Մեգիրան ոտքերով ամուր հենվելով գետնին՝ թեքվեց առաջ, ասես հզոր մի քամի էր իրեն դիմակայում, և դանդաղ ու մանր քայլերով ջանաց գնալ դեպի Րան։
Րան, նրանից թաքցնելով իր անհանգստությունը, համակ ուշադրությամբ հետևում էր Մեգիրայի շարժումներին։
— Անտեսանելի մի ուժ կաշկանդում է ինձ, Րա,— տրտնջաց Մեգիրան և ձեռքը պարզեց դեպի նա։
Րան, արձանի պես քարացած, նայում էր աղջկան։ Մեգիրան հասկացավ, որ նա իրեն օգնելու իրավունք չունի։
Երբ նա, ի վերջո, հաղթահարեց արգելքը, Րան ծնկի եկավ, ձեռքերը կարկառեց վեր ու անձայն աղոթք մրմնջաց։
Շունչը տեղը բերելով՝ Մեգիրան հանկարծ հայտնաբերեց, որ տարօրինակ ու անբացատրելի զգացումներ են իրեն համակում, որ միտքը սկսում է գործել շատ ավելի դանդաղ, քան մինչ այդ էր. կարծես սառեցրած լինեին ուղեղը միանգամից։ Նա նաև մարմնական թեթևություն զգաց ու փորձարկելու համար այդ զգացողությունը՝ ցատկեց վեր մի փոքր։ Ապշեց՝ տեսնելով, որ ինքը թռչկոտում է ռետինե գնդակի նման։
Նա ետ նայեց եկած ճանապարհով և ոլորուն մի գիծ տեսավ, որ հարթավայրը բաժանում էր երկու մասի։ Այդ գիծը մինչ այդ նրան չէր երևացել։
— Սա…,— նա մոռացավ Նուրծ Րայի ասածը։
— Այո,— հաստատեց Րան, որ դժվարանում էր զսպել բերկրանքը,— այն, ինչ տեսնում ես հիմա, Համաշխարհային Հակադրության Գիծն է, որը երկրի սովորական հատվածը բաժանում է հիմա մեզանից։
Մեգիրան նայեց շուրջը և զարմանքով նկատեց, որ այլ գույներ են երևում իրեն. խոտի կանաչը այլ է, ավազի դեղնությունը, կակաչի կարմրությունը՝ նույնպես. բոլոր գույների մեջ առկայծում էր արծաթի երանգը։
— Սա արտասովոր վա՞յր է,— հարցրեց։
Րան քմծիծաղեց.
— Մեղմ ասացիր՝ արտասովոր։ Սա երկրի Գլուխն է, իսկ այն լեռները երկրի ուղեղի ծալքերն են։ Սա մի վայր է, ուր որոշվում է ինչպես մարդկանց, նույնպես էլ՝ ազգերի և երկրի ճակատագիրը։ Բավական է որևէ ազգից ներկայացուցիչներ հայտնվեն այստեղ, ու նրանց վերադարձից հետո, նրանց ձեռք բերած նոր հատկությունների շնորհիվ՝ ազգն այդ ապրում է մեծ վերելք։ Մարդկանց համար մինչ այսօր անհասկանալի է չսպասված այդ վերելքների պատճառը, քանի որ նրանք չգիտեն Համաշխարհային Հակադրության Գծի մասին։
— Իսկ ի՞նչ է կատարվում այստեղ հայտնված մարդու հետ։
— Ինչպե՞ս ասեմ, որ պարզ լինի քեզ,— Րան մտորեց ասելիքի վրա։- Մեզանից յուրաքանչյուրը ունի հոգի և ոգի, որ միացված են մեր գլխավոր հայրենիքին՝ Այն Իրականությանը, և մեզանից յուրաքանչյուրը ունի միանման հնարավորություն՝ օգտվելու հավերժական գիտելիքներից։ Ունի, բայց չգիտի այդ մասին և կամ որոնումների մեջ չէ բոլորովին։ Իսկ այստեղ մի հատուկ դաշտ է գործում, որը խթանում է մարդու ուղեղի՝ նրա կողմից չօգտագործվող հատվածը։ Եվ մարդն առնչություն է սկսում ունենալ Այն Իրականության աշխարհի գերհզոր ուժերի հետ։
— Շատե՞րն են եղել այստեղ,— հարցրեց Մեգիրան։
— Քչերը։ Բայց դա բավական է եղել՝ աշխարհը քանի անգամ վերափոխելու համար։ Վերջինն այստեղ եղել են նամրեգները։
Մեգիրան գլուխը տարուբերեց կարևոր խնդրի պատասխան ստացած մարդու նման։
— Կարո՞ղ ես ենթադրել, թե ովքե՞ր են առաջինը եղել այստեղ,— հարցրեց Րան։
Մեգիրան հետաքրքրությամբ նայեց նրան։
— Յահերը։
— Մի՞թե։
— Այո՛, բայց դա շա՜տ վաղուց էր։
— Բայց նրանց այսօրվա վիճակը...
— Նրանք պարզապես մոռացել են, որ եղել են այստեղ։ Ու եթե մտաբերե՜ն հանկարծ և մոռացված իրենց հիշողությունից դուրս բերե՜ն այստեղից տարվածը......
— Բայց նրանք քաղաքակիրթ չեն ամենևին և նրանց ներկան ասես վայրենի մի շրջան լինի։
— Ինչ-որ տեղ դա լավ է։ Ներկա քաղաքակրթության իմաստը նյութական բարեկեցության ապահովումն է։ Քանի որ յահերը պատմության լուսանցքում են եղել, ներկա քաղաքակրթության էությունը չի թափանցել նրանց արյան մեջ։ Ճիշտ է, նրանք մի քիչ բիրտ են դարձել, բայց դեռ հույս կա նրանցից ստանալ հին, մոռացված քաղաքակրթությունը, որի իմաստը հոգևոր զարգացում ապահովելն էր։ Յահերը պիտի կարողանան հիշել, թե ինչպիսին են եղել շատ հնում։
— Իսկ ինչպիսի՞ն են եղել։
— Օտարները նրանց երկիրը կոչում էին աստվածային օրենքների երկիր։
— Նրանք առնչվե՞լ են ատլանտների հետ։
— Հապա նրանց էպո՞սը...։
Աղմուկի ձայն հասավ նրանց։ Շատ հեռվում, ուր սահուն սապատներով սարեր էին, սև ձյուն էր գալիս ու կայծակի հետ քարեդարյան կացիններ էին ընկնում ցած։
Մեգիրան ակնապիշ նայում էր արտառոց այդ երևույթին։
— Այստեղ Ժամանակ չկա,— ասաց Րան՝ կռահելով նրա մտորումների ուղղությունը։
— Իսկ ի՞նչ է գտնվում սարերի թիկունքում,— հարցրեց Մեգիրան, որ ձեռքը ճակատին էր դրել՝ տեսողությունն ավելի սուր դարձնելու համար,— խորհրդավորություն եմ զգում մի անբացատրելի։
Նուրծ Րան հիացմունքով նայեց նրան և ասաց.
— Այնտեղ Համաշխարհային Հենման Կետն է, որ կենտրոնն է այս տարածքի։ Նա, ով գնա այնտեղ և հաջողությամբ ետ դառնա, հազար տարով կփոխի կյանքը երկրի վրա։
— Գնա՛նք այնտեղ,— առաջարկեց Մեգիրան պատրաստակամ։
— Կինն այնտեղ հասնել չի կարող։
Մեգիրայի դեմքին տրտմություն իջավ։
— Այդ դեպքում գուցե ի՞նքդ... Չէ՞ որ մենք եկել-հասել ենք այստեղ։
— Ո՛չ, Մեգիրա. ե՛ս չէ, որ պիտի գնամ այնտեղ,— առարկեց Րան։ - Իմ խնդիրն այլ է։
Մեգիրան հմայվածի պես ետ և առաջ էր քայլում՝ հայացքը խոտերին դարձրած։ Նա ինչ-որ բան էր որոնում։
— Բայց տե՛ս, Րա, այստեղ դեպի սարերը տանող թարմ մի ոտնահետք կա, մեն-միայնակ մի մարդու,— կանչեց նա հանկարծ։- Տե՛ս, խոտերը տրորված են, և ո՛չ շատ վաղուց։
Մեգիրան Րայի արձագանքից հասկացավ, որ իր ասածն ամենևին նորություն չէր նրա համար։
— Տե՛ս, տե՛ս, Րա, այստեղ ետդարձի ոտնահետք էլ կա. նա բարեհաջող ետ է դարձել։
Մեգիրան ծնկի եկավ և ափով քնքշորեն շոյում էր տրորված խոտերը։
— Եվ ի՞նչ է սպասվում, Րա, մի նոր ազգի մեծ վերե՞լք։ Եվ ո՞ր ազգն է դա։
Րան դեմքի մի արտահայտություն ունեցավ, որից կարելի էր ենթադրել, որ նա չէր ցանկանա լսել այդ հարցը։
Բայց Մեգիրան հանգիստ չէր տալիս նրան։
— Դե, ասա՛, Րա, մի նոր ազգի վերե՞լք է սպասվում,— հարցրեց նորից։
— Այնտեղից վերադարձողն այլևս որևէ ազգի չի պատկանում։
Մեգիրային անհասկալի էր նրա պատասխանը.
— Այնտեղից վերջերս վերադարձող է եղել ու հիմա նա մարդկանց մեջ է։ Ուրեմն ճակատագրական դեպքեր են սպասվում երկրի վրա, այդպե՞ս չէ։
— Ճակատագրական դեպքերի համար միայն նրա վերադարձն այս անգամ բավարար չէ,— հառաչանքով ասաց Րան՝ նայելով Մեգիրայի աչքերի մեջ։
Նրա խոսքից Մեգիրան դարձավ մտախոհ, զննող հայացքով նայեց շուրջը ու հարցրեց.
— Բայց ես, Րա, ե՛ս ինչու՞ եմ այստեղ, հանուն ո՞ր նպատակի։
Գլուխ վերջին
Մի շեն երևաց նրանց ճանապարհին, փայտյա մեկ և երկու հարկանի տներով։
Հազիվ էին նրանք երևացել կրպակներով եզերված հողածածկ հրապարակում, մեկ էլ սոսկալի աղմուկ բարձրացավ, ու մարդիկ բղավոցով փախան դեպի տները։
Չալմաներով, մերկացրած սրերով երեք հեծյալ հայտնվեցին հրապարակում, որ շեն խուժած մի մեծ ջոկատի կազմից էին։ Վրա հասնելով՝ նրանք խողխողեցին փախուստի ուշացած փորձ անող մի քանի մարդու։
Րան, անշարժ կանգնած հրապարակի կենտրոնում, անվրդով հետևում էր այս ամենին։
Հեծյալները մոտեցան ու ահարկու հայացքով նայեցին նրան։
Մեգիրան երկյուղից կուչ եկավ նրա թիկունքում։
— Դու ինչու՞ չփախար,— հարցրեց նրանցից մեկը՝ սեղմելով սրի բռնակը։
— Ոչ ոք մահից չի փախել,— հանգիստ պատասխանեց Րան։ - Եթե մահը որոշել է տանել ինձ հիմա, ապա դուք ինձ փրկել չեք կարող։
Հեծյալներից նա, ով հարց էր տվել, ընդհուպ մոտեցավ Րային։
— Դու իսկապե՞ս չես վախենում մեզանից,— հարցրեց բարձրից։
— Փորձիր և կհամոզվես։
Հեծյալը շրջվեց ու զարմանքախառն հայացքով նայեց ընկերներին։ Հետո նորից դարձավ Րային և սուրը սեղմեց նրա պարանոցին։
— Բայց ես այս պահին կարող եմ կտրել քո գլուխը։
— Եթե որոշված է, ուրեմն դու ինձ լավություն արած կլինես,— պատասխանեց Րան։
— Լավությու՞ն,— հեծյալը քար կտրեց զարմանքից։
— Այո,— անխռով ասաց Րան,— այդ կերպ դու կօգնես ինձ, որ հոգիս ազատվի մարմին կոչվող բեռից. ես քարշ եմ տալիս ինձ հետ ահա արդեն երկու հազար երկու հարյուր քսաներկու տարի։
— Չէ, սա գիժ է,— արձագանքեց հեծյալը՝ գլուխը տարուբերելով, ապա սուրը ետ քաշեց։ - Այդ քո աղջնակն է՞լ է խև քեզ նման։
— Խև՞,— Րան քմծիծաղեց,— նա քո տոհմի չափ խելք ունի։
— Կի՞նը,— հեծյալն անզուսպ հռհռաց։ Ընկերները միացան նրան։ - Կինը խելք ունենա՞։ Չէ, դու անբուժելի ես։ Աղջիկն էլ՝ երևի քո նման։
Զինվորները հռհռալով հեռացան։
— Ինչպե՞ս եղավ, որ չվախեցար,— հարցրեց Մեգիրան, որ կարկամել էր այս ողջ ընթացքում։
Րան պատասխանեց նրան դեմքի թույլ ժպիտով։
— Ինքդ էլ կարող ես դառնալ անվախ, եթե սովորես մոռանալ քո եսը։
— Մոռանալ իմ ե՞սը,— կրկնեց Մեգիրան զարմացած,— մոռանամ ինքս ի՞նձ։ Բայց ինչպե՞ս կարող է դա լինել...
Րան չհասցրեց պատասխանել նրան, քանի որ այդ միջոցին բակում մի տղամարդ հայտնվեց։ Նա անզեն էր, երկար մազերով։
Րան ետ-ետ գնաց դեպի մոտակա երկհարկ տունը և մտավ պատշգամբ տանող աստիճանների տակ։
— Թաքնվի՛ր իմ թիկունքում,— կարգադրեց Մեգիրային։
Աղջիկը, որ տեսել էր նրա անվեհերությունը սպառազեն ավազակների դեմ հանդիման, չհասկացավ նրա հուզումի պատճառը, բայցևայնպես հետևեց կարգադրությանը։
— Մի՞թե դու նրանից երկյուղում ես,— շշնջաց՝ անկարող լինելով զսպել զարմանքը։
— Դե, ոչ,— հանգիստ պատասխանեց Րան,— ես նրան լավ գիտեմ. Նայրուլն է, անուղղելի մի կնամոլ. ունկերդ կլցնի էժանանաքաղցր խոսքերով ու մատերդ կլպստի պաչպչոցներով, որ զզվելի է։
Նայրուլն ինչ-որ երգ դնդնացնելով՝ եկավ դեպի Րան ու անցավ նրա մոտով։
Մեգիրան արդեն տեսնում էր նրա թիկունքը։ Մեկ էլ Նայրուլը, ասես ինչ-որ բան մոռացած, ետ դարձավ։
Րայի թիկունքն այլևս վահան չէր Մեգիրայի համար, քանի որ Նայրուլը մոտենում էր կողքից։ Մեգիրան պարզ տեսավ, որ նա մի պահ նայեց իրենց կողմը, սակայն, որքան էլ տարօրինակ էր, անհասցե մի հայացքով, ասես ինքը և Րան այդտեղ չէին։
Նայրուլը երգի շարունակությունը դնդնացնելով՝ կրկին անցավ իրենց առջևով, ապա աստիճաններով ելավ երկրորդ հարկ։
— Այդ ինչպե՞ս եղավ, որ նա չտեսավ մեզ,— հարցրեց Մեգիրան։
— Մենք գոյություն չունեինք նրա համար։
Մեգիրան այլայլված մի հայացքով նայեց Րային։
— Այո,— հաստատող տոնով ասաց Րան,— նա մեզ չէր տեսնում, քանի որ մենք գոյություն չունեինք նրա համար։
— Մի՞թե դա հնարավոր է- արտաբերեց Մեգիրան՝ իմանալով, որ լսելու է՝ «Չկա ոչինչ անհնար Տիեզերքում»։
— Չկա ոչինչ անհնար Տիեզերքում,— հանգիստ ասաց Րան։-Երբ տագնապը փորձում է բռնել սիրտդ, կարող ես դիմել Տիեզերքը կառավարող ուժերին և ասել. «Ես գիտեմ, որ այս իրականությունից, որում հիմա գտնվում եմ ես, վեր մի այլ իրականություն էլ կա, տարե՛ք ինձ, խնդրում եմ, այդ իրականություն»։
— Եվ...,— արտաբերեց Մեգիրան անհամբեր։
— Եվ դիմելուց հետո հայտնվում ես մի այլ իրականության մեջ, որն իսկապես շատ ավելի վեր է գտնվում։ Հայտնվելով այդ ավելի վեր իրականության մեջ, դու «ցած» իրականության մեջ դառնում ես անտեսանելի։ Դու կարող ես վտանգից ապահովագրել ոչ միայն քեզ, այնպես էլ քեզ հետ միասին «ցած» իրականության մեջ գտնվողներին։
Մեգիրան պլշած նայում էր նրա դեմքին։
— Դա արվում է այսպես. մոռանում ես «ցած» իրականությունը, որում գտնվում է մարմինդ, այնպես, ասես այն գոյություն չունի և ասես մնացյալ աշխարհի համար դու այստեղ չես՝ փողոցում։ Ու եթե փողոցում չես, ուրեմն և ոչ մեկը քեզ տեսնել չի կարող, հետևաբար և ոչ մեկի մտքով չի անցնի քեզ անհանգստացնել։ Ահա՛, թե ինչու Նայրուլը չէր տեսնում մեզ։
Մեգիրան չհասցրեց նույնիսկ փորձել հասկանալ լսածը, քանի որ այդ միջոցին աստիճաններից իջան երկու տղամարդ՝ գինովությունից թեթևակի օրորվելով։
Երբ մոտեցան իրենց, տղամարդկանցից մեկն ասաց.
— Տեսար, Նայրուլը էլի գնաց աղջիկների մոտ։
— Դու ներսի սենյակու՞մ էիր,— հարցրեց մյուսը։
— Այո։
— Աղջիկներն ինչպե՞ս ընդունեցին նրան։
— Աղջիկնե՞րը,— պատասխանի տոնն ավելի քան քամահրական էր,— իսկ ինչպե՞ս կարող են նրանք ընդունել. նրանք միշտ էլ խուտուտ են գալիս քաղցր խոսքերից։
Տղամարդիկ անցան նրանց կողքով ու հեռացան։
Լռություն տիրեց։ Եվ այդ լռության մեջ Մեգիրան և Րան համր ու անշարժ կանգնած էին պատշգամբի տակ։
Մեգիրան ջանում էր հասկանալ, թե ի՞նչ է կատարվում իր հետ։ Իսկ Րային հետաքրքիր էր լսել նրա հոգում կատարվող փոփոխությունների ձայնը։
Հետո Մեգիրան թիկունքից դանդաղ հպվեց Րային, իբր թե անզգուշաբար, բայց Րան հասկացավ ամեն ինչ։
Սակայն հպումն ակնթարթ անգամ չտևեց. Մեգիրան ափերը հեռացրեց այնպես փութով, ասես օձ խայթեց իրեն, ապա արագ շարժումներով հայտնվեց Րայի հայացքի առջև ու նայելով նրա աչքերի մեջ՝ ասաց զարմանքով.
— Դու սառն ես լուսաբացի ավազաթմբերի նման։
Րան թույլ ժպտաց։
— Դու սառն ես լուսաբացի ավազաթմբերի նման,— կրկնեց Մեգիրան և կարդալով Րայի փայլփլող աչքերի մեջ ծովացած միտքը՝ խոստովանեց գլխահակ,— այո, Րա, դու հաղթեցիր. ես սիրահարվեցի քեզ, ես ուզում եմ...
Րան մատերով փակեց նրա բերանը։ Եվ Մեգիրան հասկացավ, որ ամենևին հաղթելը չի եղել նրա նպատակը։ Դա է՛լ ավելի փոթորկեց նրան համակած հույզերը, և առաջանալով՝ փարվեց նրան։
— Ոչինչ մի ասա,— դիմեց նրան Րան։- Մի՛ ասա ոչինչ, քանի որ ես հույզեր չունեմ։
Մեգիրան շվարած նրան էր նայում։
— Այո՛, չունեմ։ Եվ դու ինձ սիրել չես կարող։ Դու կարող ես հիանալ ինձանով, զմայլվել, բայց վայելել այնպես, ինչպես Բարխոյին, չես կարող, քանի որ ես... ինչպե՞ս ասեմ. արտաքուստ թվում է, թե ես էլ մի մարդ եմ ամենքի նման, բայց... ինչպե՞ս ասեմ...
Րան չավարտեց մտքերն ու Մեգիրային շփոթության մեջ թողնելով՝ քայլեց դեպի ջրով լի ավազանը։
— Այդ դեպքում ինչի՞ համար էր այս ամենը,— մի մեծ հարցական երևակվեց Մեգիրայի դեմքին,— հանուն ինչի՞ դու...
Կտրուկ դադար տալով՝ Մեգիրան չշարունակեց խոսքը. նրան ուշացումով հասու եղավ Րայի ակնարկը, և լայն բացված աչքերով նայելով իրենից հեռացող տղամարդուն, հարցրեց.
— Ո՞վ ես դու։
Հետո մի զգույշ քայլ արեց դեպի Րան։
— Ո՞վ ես դու իրականում։ Դու գիտես բաներ, որոնցից անտեղյակ են մարդիկ, դու կարող ես հմայել յուրաքանչյուրին, բայց չես անում, դու կարող ես ունենալ աշխարհի գանձերը, բայց չես ունենում...
— Գանձե՞րը,— արտաբերեց Րան՝ շրջվելով դեպի աղջիկը,— մի՞թե դրանք կարող են գայթակղել ինձ... նայիր,— նա ձեռքերը կողք տարածեց, որպեսզի իր մարմինը Մեգիրային երևար անկաշկանդ,— չէ՞ որ ես մորեմերկ եմ մեր հանդիպման առաջին իսկ օրից։
— Ո՞վ ես դու,— հարցը կրկնեց Մեգիրան՝ ձայնի մեջ թե՛ խորին ակնածանք, որպիսին տածում են սրբերի նկատմամբ, թե՛ մեծ գաղտնիք բացահայտելու թախանձանք։
— Դա ես ասել չեմ կարող, ու նաև չեմ կարող ասել, թե ինչու՞։
Րան քայլեց առաջ, որպեսզի Մեգիրային թողնի իր հույզերի հետ։
Մեգիրան տարակուսած նայում էր նրա ետևից։ Ապա խիստ մտազբաղ՝ հետևեց նրան։
— Ի՞նչ է քո իրական անունը,— հարցրեց։
Րան դժգոհությամբ ծամածռեց դեմքը։
Մեգիրան սակայն հանգիստ չէր տալիս նրան։
— Ի՞նչ է քո անունը։
— Դե, լա՜վ, լա՜վ, -տրտնջաց Րան,— հանգիստ թող ինձ, առանց այդ էլ այն, ինչ իմացել ես արդեն, շատ է կնոջ համար։
— Ես ուզում եմ իմանա՛լ քո անունը,— համառեց Մեգիրան։
— Գնանք, դեռ գործեր ունենք,— Րան փորձեց օձիքն ազատել։
— Միևնույն է, ես իմանալու՛ եմ,— Մեգիրան ոտքը զարկեց գետին։
— Իմացի՛ր,— հանգիստ արտաբերեց Րան՝ շարունակելով քայլել։
Մեգիրան ստվերի պես հետևեց նրան, ձեռքով դեմքը բռնած՝ մտածեց առժամանակ։ Ապա կտրեց Րայի ճամփան՝ ասելով.
— Քո անունը Ռոդոմիա է։
Րայի դեմքին լայն մի ժպիտ երևակվեց։
— Մի՛ տանջիր քեզ,— ասաց՝ ծիծաղը հազիվ զսպելով։
Մեգիրան նրա վարքից ազդվեց, դադարեց գնալ նրա ետևից, նեղսրտած կանգնեց ավազանի ափին՝ գլխահակ։ Բայց նա ոչ այնքան նեղացած էր, որքան մտածում էր։
— Գտա,— կանչեց նա Րայի հետևից,— ես գիտե՛մ քո անունը։
Րան չնայեց նրա կողմը։
— Քո անունը Ժամանակ է,— կանչեց Մեգիրան։
Րան կանգ առավ այնպես հանկարծակի, ասես մի կախարդանքով քարացրին նրան, ապա դարձավ դեպի Մեգիրան ու նայեց նրան կրի պես ճերմակ մի հայացքով։
— Ինչպե՞ս,— կարկամեց նա,— չի՛ կարող պատահել, չի՛ կարող պատահել։
Նա ափերով գլուխը բռնած՝ պտտվում էր տեղում։
— Չի կարող պատահել, չի կարող պատահել, չեմ հավատում ունկերիս... ինչպե՞ս, դու կռահեցի՞ր իմ անունը... Օ՜, երկնային ուժեր, որ կառավարում եք Տիեզերքը, դուք լսու՞մ եք, դուք տեսնու՞մ եք՝ ի՞նչ է կատարվում... Ու՞ր ես, Ֆերուջա... կատարվե՜ց... կատարվե՜ց։
Նա ծնկի եկավ, ափերով հող վերցրեց գետնից ու քսեց դեմքին, ասես սրբազան փոշի էր այն։
Հետո այդ շարժումը կրկնեց մի քանի անգամ։
Մեգիրային անհասկանալի էր նրա վարքը և ակնապիշ նայում էր Ժամանակին։
Ուշքի գալով՝ Րան բռնեց Մեգիրայի ձեռքը։
— Ե՛կ ինձ հետ,— ասաց։
Մեգիրան զարմացած, բայց և հնազանդ մի քայլ արեց նրա հետ, ապա ապշանքով նկատեց, թե ինչպես իրենք երկուսով վեր բարձրացան թռչնի նման և սուրացին առաջ օդի միջով այնպես արագ, որ քամուց ու երկյուղից նա փակել էր աչքերը։
Շատ չանցած, իսկ այդ վիճակում նա ասես չէր զգում ժամանակը, նրանք երկուսով վայր իջան հողե մի հարթակի վրա, որ շրջապատից բարձր էր տասը մետրի չափ։
Մութ էր արդեն։ Ցածում Մեգիրան գիշերվա խավարը ցրող խարույկ տեսավ, շուրջը՝ մի քանի տղամարդ։ Նրանց մեջ սիրունատես մի երիտասարդ կար, իսկ մնացյալը, որ երկարափեշ, ճերմակ թիկնոցով էին, ասես նրան սպասարկողներ լինեին։
— Ահա՛,— ձեռքը պարզելով Մեգիրային՝ Րան բարձունքից դիմեց տղամարդկանց,— ես գտա՛ նրան։
Տղամարդիկ փութով շրջվեցին դեպի եկվորները և տեսնելով Մեգիրային՝ քարացան նրա գեղեցկության հմայքից։ Իսկ երիտասարդը, հայացքը Մեգիրայից չկտրելով, եկավ դեպի հարթակն ու կից աստիճաններով ելավ վեր։
Բարձրանալով՝ նա անսահման մի գորովանքով նայեց Մեգիրային, իսկ Րան միացրեց նրանց ձեռքերը և ասաց.
— Ես արեցի՛ իմ գործը։
Տղան ու աղջիկը հետաքրքրությանբ զննեցին միմյանց, իսկ երբ նայեցին իրենց շուրջը, Րայի կանգնած տեղում դատարկություն էր։
Վերջ
Հունվար-դեկտեմբեր 2006 թ.
հեռ. 091512575