― Կինս, քաղցրիկս, եթե ժամանակը եկեր է, թափի՛ր, ի՞նչ ընենք, որ պատճառ չկա։ Բարկացիր առայժմս, ես վերջեն պատճառը կուտամ։ Մեր բանտերը եթե կանխիկ գործ բռնեին՝ այսօր ոչ մեկ բանտարկյալ պիտի չունենային մեջներին, բայց ի՜նչ, անոնք բերնե բերան կլցվեն այն պայմանով, որ դուրս գալեն զկնի կատարեն պիտի եղած հանցանքը։ Բարկացի՛ր․․․ և վերջապես ի՞նչ նախապաշարում է անպատճառ պատճառ մը փնտրել բարկանալու համար․․․
<b>Երեքշաբթի 18․ </b> ― Ռուսական կոմունիստական կենտրոնական կոմիտեն մերժեր է համագումարին մեջ լսել այն մարդոց, որ կամեցեր են լենինիզմի սխալ կետերը մատնանշել, հետևապես և ուղղել։
Համագումարը քաջալերեր է Կենտկոմին այս արարքը։
⁕ ․․․Եթե կաթոլիկ հոգևորականությունը այնպես փակեր Գալիլեյի բերանը, ինչպես այսօր Կենտկոմը կփակե, հիմա ոչ թե երկիրը պիտի դառնար արևին շուրջը, այլ արևը պիտի շարունակեր պտտել երկրի բոլորտիքը։
<b<Չորեքշաբթի 19. </b> ― Երևանի սափրիչներու 2֊րդ արտելի աշխատավորներեն մեկը կտրեր է անկուսակցական հաճախորդի մը ականջը։
― Է՜յ, զգույշ ականջներու հետ, ընկե՛ր սափրիչ։ Եթե յուրաքանչյուր սափրիչ ականջ մը կտրե, ժողովուրդն ինչո՞վ պիտի լսե այն ճառատարափը, որ կխոսվի «պլենար նիստերու», «համագումարներու» և «կոնֆերասներու» մեջ։ Ինչպե՞ս ունկնդրե այն «զեկուզումները», որ կարտասանվեն պատշգամբներեն, պատերու վրայեն, տանիքներեն, ամբիոններեն, աթոռներու վրայեն (վերջապես գետնեն թիզ մը բարձր բոլոր տեղերեն)։
⁕Այսօր, երբ պաշտոնատունես տուն եկա, մինչև ծոծրակս ցեխ էի եղել։ Արագ քայլելու չէ՝ վաղվնե նախաճաշ պիտի վերցնեմ հետս ու ճամբան կամաց քալեմ։
<b>Շաբաթ 8.,</b> ― Աղայան փողոցին մեջ բարեպաշտ մարդ մը կապրե՝ անունը Թովմաս։ Կպատմեն, որ ատ Թովմասը իր կյանքին մեջ բնավ սուտ խոսած չունի։ Այդ Թովմասը, սակայն, երրորդ անգամն է կփորձե անձնասպան ըլլալ ու չի հաջողեր։
Գացի մոտը այսօր ու կամեցա գիտնալ, թե ինչո՞ւ կուզի մեռնիլ։