«Երիցուկը և Արմատիկ֊Ծերուկը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Ճամբարը Ծիծեռնակադատում)
(Բայց ո՞ւր է Արմատիկ֊Ծերուկը)
 
Տող 1054. Տող 1054.
  
 
Ահա արդեն հեռվից երևում է ջրհանի աշտարակը, ահա և ինքը՝ ջրհանը, և Գյուղական փողոցի շրջադարձը։ Երիցուկը շուտ հասավ կրպակին ու կանգ առավ․ հիմա պետք էր սպասել ավտոբուսի կանգառում․․․ Ահա և ավտոբուսը, որը ժամանեց ու մեկնեց չվացուցակին ճիշտ համապատասխան։
 
Ահա արդեն հեռվից երևում է ջրհանի աշտարակը, ահա և ինքը՝ ջրհանը, և Գյուղական փողոցի շրջադարձը։ Երիցուկը շուտ հասավ կրպակին ու կանգ առավ․ հիմա պետք էր սպասել ավտոբուսի կանգառում․․․ Ահա և ավտոբուսը, որը ժամանեց ու մեկնեց չվացուցակին ճիշտ համապատասխան։
 +
 +
 +
==Երիցուկի վերջին արկածը==
 +
 +
Լիլո մայրիկի հետ ամեն ինչի մասին կարելի է խոսել։ Ինչ էլ հարցնես նրան, երբեք վրադ չի ծիծաղի ու մանրամասն կբացատրի։ Եվ չկա ավելի վատ բան, քան նրանից գաղտնիք պահելը։ Ով չէ՝ չէ, բայց Երիցուկը դա գիտի։
 +
 +
Երիցուկն ու Լիլոն նստած են մեծ բազկաթոռին՝ պատշգամբի բաց դռան առաջ։ Փոքրիկը քնած է մանկական սենյակում, իսկ Նախնախը մանկասայլակի կողքին նստած՝ հսկում է նրա քունը։ Թեև, ճիշտն ասած, հսկելու կարիք չկար։ Բայց դա նրան ուրախություն էր պատճառում։
 +
 +
Հիմա Նախնախն արդեն իր տնակում մենակ նստած էլ երկար չի սպասում Երիցուկի գալուն։ Երիցուկի հայրիկը ամեն առավոտ իր փոքրիկ մեքենայով, որ վերջերս է գնել, գնում է տատիկի ետևից, իսկ երեկոյան տանում է տուն։ Ցերեկները Նախնախն օգնում է Լիլոյին տան գործերում ու փոքրիկին խնամելիս։ Ինչպես շատ առաջ, երբ Երիցուկը փոքրիկ էր, հիմա էլ Նախնախը իրեն լավագույն կողմերով է դրսևորում։ Բոլոր ծանոթները զարմանում էին․ «Ձեր տարիքո՜ւմ։ Ահա թե ինչպիսին եք դուք։
 +
 +
Իսկ Երիցուկը Լիլոյին պատմում է այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ։ Նախնախն ինքը թույլ տվեց, նույնիսկ պատվիրեց։ Երիցուկը անընդհատ կակազում էր, ու այդ ժամանակ Լիլոն պարզապես գլխի էր ընկնում, թե հետո ինչ է եղել, և այսպես քիչ֊քիչ ամեն բան պարզվեց։ Եվ Երիցուկն զգում էր, որ կամաց֊կամաց թեթևանում է, իսկ երբ պատմությունն ավարտին մոտեցավ, նա կրկին դարձավ առաջվա ուրախ ու աշխույժ Երիցուկը։ Ահա ուր որ է կերգի։
 +
 +
Նա արդեն պատմել էր, թե ինչպես Ոսկեսարի ավտոբուսը կանգ առավ կայարանամերձ հրապարակում, այնտեղ, որտեղից սկսվում են բոլոր ավտոբուսային երթուղիները։ Հիմա նա պիտի նստեր Ծիծեռնակադաշտ մեկնող ավտոբուսը։
 +
 +
― Ավտոբուսն արդեն մոտեցավ, ― շարունակեց նա, ― ես կարող էի նստել, բայց չնստեցի։ Շատ էի հոգնել, և՛ կոկորդս էր ցավում, և՛ գլուխս․․․ Եվ անվերջ մտածում էի, մտածում, իսկ մտքերս մի տեսակ ասես թռչում էին գլխիցս ու ցրվում․․․ Միայն թե ինչի մասին էի մտածում, հիմա ինքս էլ չգիտեմ։ Եվ չգիտեմ, թե ինչպես հիշեմ․․․
 +
 +
Լիլոն օգնեց նրան․
 +
 +
― Սպասիր, գուցե ես գուշակե՞մ։ Հավանաբար, դրանք այն մտքերն են, որոնք նախկինում էլ ամբողջ օրը քեզ անհանգստացրել են։ Բայց չէ որ ամեն ինչի մասին միաժամանակ մտածել անհնար է, դե դու էլ քիչ֊քիչ մտածել ես մեկ մի բանի մասին, մեկ ուրիշ։ Իսկ հիմա քեզ թվում է, թե մտքերդ գլխիցդ թռել են։ Դե, բացի դրանից, արդեն այն ժամանակ, հավանաբար, ջերմություն ես ունեցել։
 +
 +
― Բայց ինչի՞ մասին եմ մտածել՝ մեկ մի բանի, մեկ՝ մի ուրիշ։ Մի բան հաստատ գիտեմ․․․ Ես քեզ համար էի վախենում․․․ Դե, հետո է՞լ ինչ էի մտածում։
 +
 +
― Ա՛յ, տեսնո՞ւմ ես, Երիցուկ, մեկը հիշեցիր։ Մեկ էլ դու, հավանաբար, վիճում էիր ինքդ քեզ հետ, որ խաղաթղթերով գուշակությունը հիմարություն է։ Հապա Արմատիկ֊Ծերո՜ւկը։ Ինչպե՜ս էր նրա վրա ծիծաղում Ալոիզ պապիկը։ Գուցե երբեմն մտածում էիր, որ նա ճի՞շտ է։
 +
 +
― Դա դեռ հովտում ու ջրհանի մոտ անցավ մտքովս, միայն թե քեզ համար ունեցածս վախը, միևնույն է, ավելի ուժեղ էր։ Բայց ես էլի ինչ֊որ բան էի մտածում, միայն թե չեմ հիշում, ինչ։
 +
 +
― Գուցե խի՞ղճդ է տանջել։ Չէ՞ որ գիտեիր, թե ինչ իրարանցում կսկսվեր ճամբարում, երբ նկատեին, որ դու անհետացել ես։ Եվ մեկ էլ, գուցե հիշել ես Վոլֆին ու մտածել, որ նրան կսկսեն հարցուփորձ անել․․․
 +
 +
― Իհարկե, հիշել եմ, բայց ես ախր գիտեի, որ նա պառկած է կողաշենքի մեկուսարանում, անգինա էր։ Ուրեմն, նրան հարցուփորձ չէին անի։ Իսկ, ա՛յ, խիղճս իրոք տանջում էր։ Եվ ես վախենում էի ճամբար վերադառնալուց։ Ոչ թե պատժից էի վախենում կամ հուզվում էի, որ նրանք այնտեղ անհանգստանում են, ― չէ որ անմիջապես կտեսնեին, որ ես ողջ֊առողջ եմ, ― այլ ամեն տեսակ հարցերի համար․․․ Այդ մասին մտածելն անգամ սարսափելի էր։ Դե, ի՞նչ կարող էի պատասխանել․․․ Իսկ հիմա հանկարծ հիշեցի, թե ինչից այնքան վախեցա հրապարակում, ամբոխի մեջ, ամբողջ այդ ավտոբուսների արանքում։ «Չէ՞որ ես թուքս կուլ տալ չեմ կարողանում, հավանաբար, անգինայով հիվանդ եմ, ― մտածեցի ես։ ― Նշանակում է՝ հենց ճամբար մտնեմ, ինձ կողաշենքի մեկուսարանում կպառկեցնեն, և չեմ կարողանա փախչել»։ Եվ հենց այդ պահին հանկարծ ինձ թվաց, որ առանց Արմատիկ֊Ծերուկի դու բոլորովին կորած ես․․․ Իսկ հետո ամեն ինչ այնքան արագ կատարվեց, ինչպես երազում։ Մարդկանց բազմությունը կայարանի դռնից ներս խցկվեց, ես էլ նրանց հետ միասին գնացի։ Տոմսարկղի մոտ քիչ մնաց ինձ ճզմեին։ Ինչ֊որ մեկը նույնիսկ գոռաց․ «Դե, կամաց մի քիչ, այստեղ երեխա կա։ Ո՞ւր ես գնում, աղջիկս»։ Հիշում եմ միայն, որ և՛ սպորտային պայուսակն էր ձեռքիս, և՛ դրամապանակս, և՛ տոմսս, իսկ թե ինչպես էր եղել, ինքս էլ չգիտեմ։ Մեկ էլ հիշում եմ, որ արդեն գնացքում եմ, նստել եմ մի անկյունում և շոշափում եմ պայուսակս՝ տեղո՞ւմ է արդյոք Արմատիկ֊Ծերուկը։ Այո, տեղում է․․․ Ինչ֊որ կին նայում է իմ տոմսն ու ասում, որ ինքն էլ է նույն քաղաքը գնում և հարցնում է, թե որտեղ եմ ապրում․․․ Իսկ հետո, հավանաբար, ես ամբողջ ժամանակ քնել եմ։ Այդ կինը ինձ արթնացրեց գիշերը և իր հետ տաքսի նստեցրեց։ Նա նույնիսկ ինձ հետ բարձրացավ աստիճաններով։ Իսկ հայրիկը դուռը բացեց և ուղղակի քարացավ տեղում․․․ Նրանք ինչ֊որ բան խոսեցին, միայն թե ես ոչինչ չհասկացա։ Եվ այդ կինը անմիջապես գնաց։ Հայրիկը ինձ է նայում, ես՝ հայրիկին։ Հարցնում եմ․ «Ո՞ւր է մայրիկը»։  Նա ասում է․ «Ծննդատանն է»։ Հետո ասես ամեն ինչ պտտվեց ու հայրիկն ինձ պառկեցրեց բազմոցին։ Իսկ թե հետո ինչ եղավ, չգիտեմ։
 +
 +
― Իսկ ես կպատմեմ, թե հետո ինչ եղավ, ― ասաց Լիլոն, ― չնայած այնտեղ չեմ եղել։ Հայրիկն ինձ ամեն ինչ մանրամասն պատմել է։ Նա բոլորովին կորցրել է իրեն, չի իմացել, թե ինչից սկսի։ Եվ հանկարծ հնչել է դռան զանգը, ներս է մտել դեղագործը, ետևից էլ՝ նրա կինը, երկուսն էլ փայլում են ուրախությունից՝ շնորհավորում են որդի ունենալու համար։ Զանգահարել է ծննդատան ավագ բուժքույրն ու ասել, որ տղա է ծնվել, և որ մենք՝ ես ու փոքրիկը լավ ենք զգում։ Հայրիկն ուղղակի չի իմացել, լա՞ց լինի, թե ծիծաղի։ Նախ՝ քո անակնկալ հայտնվելը, և այն էլ հիվանդ, իսկ հետո հանկարծ այս նորությունը։ Դեռ լավ էր, որ այստեղ էին դեղագործն ու, մանավանդ նրա կինը։ Դու գիտես, չէ՞, որ նա երբեք գլուխը չի կորցնում, նույնիսկ ամենադժվար րոպեներին։ Եվ հենց այդ պահին սկսվում է մի շիլաշփոթ։ Դու աչքերդ բացում ես, ու ձենդ գլուխդ գցած գոռում․ «Լիլոյին եմ ուզո՜ւմ»։ Դե, նա էլ հասկանում է, որ քեզնից պետք է սկսել։ Մի քանի հարց է տալիս ու պարզում, որ դու ճամբարից փախել ես։ Այնժամ սկսում է կարգադրություններ անել․ դեղագործին ուղարկում է զանգահարելու ճամբար․ այնտեղ, պարզվում է, բոլորն այնքան ցնցված են եղել քո անհետացումից, որ արդեն պատրաստվել են բաց թողնել արհեստական լճակի ջուրը։ Կարծել են, թե խեղդվել ես։ Հետո նրան հայտնել են, որ ճամբարում անգինայի մի քանի դեպք է եղել․․․
 +
 +
― Լիլո մայրիկ, ― ընդհատեց նրան Երիցուկը, ― ախր անգինան հենց այնպես․․․ ուղղակի պատրվակ էր․․․ Հիմա բոլորը կարծում են, թե ես անգինայի պատճառով եմ փախել, որովհետև ջերմության մեջ ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ անում․․․ Այնինչ ես հենց նրա համար ճամբար գնացի, որպեսզի Արմատիկ֊Ծերուկին ձեռքս գցեմ ու բերեմ քեզ։ Ես ախր հենց սկսզբից էլ որոշել էի փախչել․․․
 +
 +
― Այո, Երիցուկ, ես գիտեի։ Ուսուցիչ Հերբերտն էլ գիտի, ֆրաու Իրենն էլ, ես նրանց հետ խոսել եմ։ Եվ նրանք նույնպես ինձ հետ համաձայն են, որ չարժե այդ մասին որևէ մեկին պատմել, այ սա արդեն թող գաղտնիք մնա։ Թե չէ բոլորը կծիծաղեն Նախնախի վրա, և ոչ ոք նրան առաջվա պես չի հարգի։ Դե, լսիր պատմեմ, թե հետո ինչ եղավ։ Դեղագործի կինը նայեց կոկորդդ՝ կարմրած ու բորբոքված էր, և անմիջապես որոշեց, որ քեզ հարկավոր է տեղափոխել Պոսոշոկ տատիկի մոտ, իսկ բնակարանը ախտահանել, որպեսզի մանրէներն այստեղ պար չբռնեն, երբ ես ու փոքրիկը տուն գանք։ Ամեն ինչի մասին նա մտածում է։ Դեղագործը քեզ դեղ տվեց, հետո դու քնեցիր և նույնիսկ չզգացիր, թե ինչպես հայրիկը քեզ, սպորտային պայուսակդ կրծքիդ սեղմած․ տեղափոխեց նոր մեքենայի մեջ ու տարավ Նախնախի մոտ։ Հա, իսկ ո՞ւր է պայուսակդ։
 +
 +
Երիցուկը թռավ տեղից ու բերեց պայուսակը։ Ոչ ոք ոչինչ չէր հանել այնտեղից, որովհետև համարյա դատարկ էր։ Երիցուկը հանեց ցելոֆանե տոպրակը ու դրեց Լիլոյի ծնկներին։
 +
 +
― Հապա մի տեսնենք, թե նա ինչպիսին է, ― ասաց Լիլոն։ ― Ինձ շատ է հետաքրքրում։
 +
 +
Նա հանեց ցելոֆանե տոպրակը, բացեց Ալոիզ պապիկի կապույտ մեծ թաշկինակն ու դուրս բերեց Արմատիկ֊Ծերուկին։ Հետո բարձրացրեց վեր, որպեսզի ավելի լավ տեսնի, և հանկարծ նրա հետ կատարվեց նույնը, ինչ Ալոիզ պապիկի հետ․ Լիլոն սկսեց բարձր֊բարձր ծիծաղել։ Ճիշտ է, նրա ծիծաղը բոլորովին ուրիշ էր՝ ոչ թե խռպոտ, «հո՛֊հո՛֊հո՛», այլ ուրախ, զրնգուն և այնպես վարակիչ, որ Երիցուկն էլ սկսեց ուրախ քրքջալ։ Հենց այդ պահին սենյակ մտավ հայրն ու տեսնելով Արմատիկ֊Ծերուկին՝ զարմացած բացականչեց․
 +
 +
― Այս այլանդակի՞ն որտեղից եք գտել։
 +
 +
― Այլանդա՞կ, ― ծիծաղելով հարցրեց Լիլոն։ ― Բոլորովին էլ այլանդակ չէ։ Սա շատ ծիծաղելի է ու զվարճալի․․․ Երիցուկ, դու, ի՛նչ է, չե՞ս տեսնում, թե ում ես բերել։ Չէ՞ որ սա Քաջ Դերձակն է։ Իսկ մենք վաղուց էինք սրան փնտրում։ Շուտ, շուտ այստեղ բեր իմ լաթերի ու գործիքների արկղը։ Հիմա մենք կզբաղվենք սրանով։
 +
 +
Լիլոյի հմուտ ձեռքերում լարերի, մի քանի գույնզգույն լաթերի, սոսնձի ու ներկերի օգնությամբ Արմատիկ֊Ծերուկը կես ժամվա ընթացքում բերանի անկյունները մռայլ կախված, խոժոռ, կնճռապատ մարդուկից վերածվեց հանդուգն, Քաջ Դերձակի։ Նրա ֆրակի տակից ցցվել էին մեծ կոշիկներով երկար, բարակ ոտքերը, և ոչ մեկի մտքով երբեք չէր անցնի, որ դեռ բոլորովին վերջերս դրանք ընդամենը չորացած արմատի երկար շիվեր էին։
 +
 +
 +
==Վերջաբան==
 +
 +
Ահա և Երիցուկի ու Արմատիկ֊Ծերուկի ողջ պատմությունը։ Քաջ Դերձակը հանդիսավորապես բազմեց Լիլոյի՝ մարկում։ Նրան հատուկ արկղիկում պառկեցրին, չնայած ընդհանրապես նրան ոչինչ պատահել չէր կարող՝ լարերն ու սոսնձված լաթերը պինդ էին կպել։
 +
 +
Դպրոցական տիկնիկային խմբակը Քաջ Դերձակի մասին հին ներկայացումը նորից բեմադրեց, այնպես, ինչպես վաղուց արդեն մտածել էր Երիցուկը։ Քաջ դերձակը իր ետևից հրապուրելով ներս է տանում վայրի վարազին ու ինքը պատուհանից դուրս է թռչում։ Եվ երբ թռչում է, բոլորն էլ տեսնում են նրա երկար, բարակ ոտքերն ու բարձր֊բարձր ծիծաղում են։ Եվ նրա դեմքին նայելիս նույնպես ծիծաղում են, այնքան որ ուրախ ու հանդուգն էր նա։ Այժմ նրա բերանի անկյունները ոչ թե կախ էին ընկած, այլ վեր էին ձգված, և բոլորի համար էլ պարզ էր, որ նա ծիծաղում է։ Նա, ով ոչինչ չգիտեր, երբեք մտքով չէր անցնի, թե այս Արմատիկ֊Ծերուկը մարդու տեսքով արմատ է։ Բոլորն էլ ասում էին, որ նա տիկնիկային թատրոնի ամենալավ տիկնիկն է, ամենաուրախ դերասանը։
 +
 +
Բոլորը ծիծաղում էին ու ծափահարում։ Իսկ Քաջ Դերձակը կրկին ու կրկին դուրս էր գալիս վարագույրի ետևից ու գլուխ տալիս հանդիսատեսներին։ Բոլորից ուժեղն Ֆրիդրիխն էր ծափահարում։ Ճիշտ է, եթե Նախնախը մի քիչ ուժ ունենար, Ֆրդիդրիխից էլ բարձր կծափահարեր։ Նրա գլուխը մի քիչ ցնցվում էր, բայց դա ուրախությունից էր՝ իր վաղեմի սիրելիի համար, որը բոլորի կողմից մոռացված Արմատիկ֊Ծերուկից վեր էր ածվել Լիլոյի տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանի և հիմա հանդիսատեսների կողմից ջերմ ընդունելության էր արժանանում։
  
  

Ընթացիկ տարբերակը 01:25, 4 Օգոստոսի 2017-ի դրությամբ

Երիցուկը և Արմատիկ֊Ծերուկը

հեղինակ՝ Ավգուստա Լազար
թարգմանիչ՝ Ս․ Վարդանյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Երիցուկը և Արմատիկ֊Ծերուկը»


Գլխավոր գործող անձինք

Այստեղ գլխավոր գործող անձը մի փոքրիկ աղջիկ է։ Անունը՝ Երիցուկ։ Այդպես է նրան անվանել մայրիկը, որովհետև երիցուկը նրա սիրած ծաղիկն է։ Ճիշտ է, այս գրքում մայրիկը հանդես չի գալիս՝ նա հիվանդացել է ու մահացել, երբ Երիցուկը մեկ ամսական էլ չկար։ Եվ Երիցուկը մնացել է առանց մոր։

Իսկ, ա՛յ, Երիցուկի հայրիկը այստեղ նույնպես գլխավոր գործող անձ է։

Երիցուկի հայրիկը շատ֊շատ է աշխատում՝ թե՛ մետաղագործարանում, թե՛ տանը։ Տուն է գալիս թե չէ, նստում է գրքերով ու տետրերով ծանրաբեռնված սեղանի մոտ ու պարապում է մինչև ուշ գիշեր։ Նա ուզում է իմանալ, թե ինչ կառուցվածք ունեն այն մեքենաները, որոնց վրա ինքը աշխատում է, հետո էլ ուզում է ստեղծել նորերը, ավելի լավերը։ Երիցուկի մայրիկի մահից հետո նա ամբողջովին տարվեց գիտությամբ, հանգստանում էր միայն, երբ Երիցուկին էր նայում։ Եվ դրա համար էլ ուզում էր, որ աղջիկը միշտ մոտը լինի։ Իսկ մանկամսուր տալը նա անհնարին բան էր համարում։ Եվ Երիցուկը կյանքի առաջին տարիներն անցկացրեց զառամյալ պառավ Պոսոշոկ տատիկի մոտ։

Պոսոշոկ տատիկը Երիցուկի մայրիկի նախատատի քույրն էր, այսինքն՝ Երիցուկի նախանախատատը։ Հիմա պետք է մանրամասն պատմել նրա մասին, որովհետև տատիկը նույնպես, ինչ խոսք, այս պատմության գլխավոր գործող անձերից է։

Պոսոշոկ տատիկը ապրում էր քաղաքի նորակառույց թաղամասի ծայրին, հին պարտեզով շրջապատված տնակում։ Այդ տնակը, ասես մոռացված ու լքված, գտնվում էր մեծ, բազմահարկ այն շենքի մոտ, ուր ապրում էր Երիցուկի հայրիկը։ Տատիկը շատ էր սիրում Երիցուկի մայրիկին, և Երիցուկին մեծացնում էր սիրով ու հոգատարությամբ։

Նա շատ բարի էր, բայց երեխաներից ոմանք նրան առաջին անգամ տեսնելիս նույնիսկ վախենում էին․ ախր շատ տարօրինակ տեսք ուներ։ Լղարիկ, պստլիկ, իսկ պարանոցը երկա՜ր֊երկա՜ր, գլուխն էլ ցնցվում էր։ Մազերը համարյա ամբողջովին թափվել էին, և նա միշտ սև բերետ էր դնում գլխին, որ քաշում էր մինչև ականջները։

Սակայն ամենատարօրինակն այն էր, որ մեկ կտեսնեիր տատիկը շատ խելացի է, մեկ էլ՝ հակառակը։ Ա՛յ, ծաղիկներից ու խոտերից նա շատ լավ էր գլուխ հանում, մանավանդ խոտերից։ Իր պարտեզում նա ամեն տեսակի բուժիչ ու օգտակար արմտիքներ էր աճեցնում, իսկ անտառից ու մարգագետնից հավաքում էր այն դեղախոտերը, որոնք այգում աճեցնել անհնար էր։ Եվ սունկերի մասին նույնպես ամեն ինչ գիտեր՝ թե որոնք են ուտելի, որոնք՝ թունավոր։ Սունկերի ընդունման քաղաքային կայանում բոլորն էլ շատ էին հարգում նրան։ Իսկ երբ դեղագործը «Բնության սիրահարների ընկերության» ժողովում զեկուցում էր կարդում «Սունկերի ու խոտերի նշանակությունը մարդու կյանքում» թեմայով, տատիկին նույնիսկ «համարյա» գիտնական անվանեց։

Ա՛յ, այստեղ նա խելացի էր։

Իսկ մի այլ պարագայում՝ հակառակն էր։ Նա չէր սիրում դեղերով բուժվել։ Իսկ երբ նրան ուզում էին ռենտգեն նկարահանման ուղարկել, այդ մասին լսել անգամ չէր ուզում։ «Մարդը նրա համար չի ստեղծվել, ― ասում էր, ― որ ներսը լուսավորեն։ Այդպես որ լիներ, նա թափանցիկ կծնվեր»։ Լավ էր, որ Երիցուկը բոլոր պատվաստումներն արել էր մինչև տատիկի մոտ ընկնելը, թե չէ կսկսվեր կռիվը։ Ճիշտ է, դա, միևնույն է, գործին չէր օգնի․ մանկական պոլիկլինիկայի բժշկուհին միշտ էլ հասնում էր այն բանին, ինչ անհրաժեշտ էր համարում։ Եվ երբ ժամանակը եկավ, Երիցուկն ստիպված էր կուլ տալ պոլիոմելիտի գնդիկը, չնայած նախանախատատիկի բողոքներին։ Այ, եթե այդ գնդիկը բուժիչ խոտերից լիներ, տատիկը ծպտուն անգամ չէր հանի։

Բայց սա էլ դեռ ամենատարօրինակը չէր։ Ամենատարօրինակը Պոսոշոկ տատիկը գաղտնի էր պահում։ Նրա սնդուկում պահվում էին քրքրված ու ճարպոտ խաղաթղթերը։ Դրանք նրա տատիկից էին ժառանգություն մնացել։ Եվ հենց իր այդ տատիկից էլ Պոսոշոկ տատիկը սովորել էր թուղթ բացել ու գուշակել, թե «ում ճակատին ինչ է գրված»։ Այդպես էր նա ասում։ Իսկ թե քանի տարի առաջ էր դա եղել՝ ով կարող էր իմանալ։ Միայն թե այդ գուշակությանը նա մինչև հիմա էլ հավատում էր։

Պոսոշոկ տատիկը մեն֊մի բարեկամ ուներ, որին վստահում էր իր բոլոր վշտերն ու հոգսերը, նա դեռ շատ երիտասարդ էր, այգեպան, անունն էր Ֆրիդրիխ։ Ֆրիդրիխը շատ նիհար էր, բարձրահասակ և ապրում էր տատիկի ձեղնահարկում։ Տատիկը նրա մասին միշտ ասում էր․ «Չնայած Ֆրիդրիխը դանդաղ է մտածում ու քիչ խոսում, բայց խելքը գլխին է»։ Եվ դա ճիշտ էր, որովհետև չնայած Ֆրիդրիխը երեխա ժամանակ ընկել էր պատուհանից, բայց այնուամենայնիվ գրել֊կարդալ սովորել էր։ Իսկ քաղաքային այգեգործի իր աշխատանքից ավելի լավ էր գլուխ հանում, քան մյուսները և միշտ օգնում էր Պոսոշոկ տատիկին այգու աշխատանքներում։

Երիցուկը ոչ միայն նախանախատատ ուներ, այլև նախանախապապ՝ Ալոիզ Պոսոշոկը։ Նա նախանախատատի հորեղբոր որդին էր։ Ալոիզ Պոսոշոկը իր ողջ կյանքը անց էր կացրել Թյուրինգիայի լեռներում․ այնտեղ ուր ծնվել է, նա ջահել տարիներին ոչխար էր արածեցրել, իսկ երբ մեծացել է, կովեր է խնամել։ Եվ չնայած նրան չէր հաջողվել ուսում ստանալ, բայց շատ խելացի մարդ էր, ինչպես կտեսնեք հետագայում։

Իսկ Երիցուկի լավագույն բարեկամը փոքրիկ Վոլֆն էր։

Այն նույն բազմահարկ տանը, ուր Երիցուկի հայրիկն էր ապրում, բնակվում էր նաև դեղագործի ընտանիքը։ Այդ ընտանիքում շատ երեխաներ էին ապրում՝ և՛ մեծ, և՛ փոքր։ Իսկ ամենափոքր աղջիկը Երիցուկից ընդամենը երկու տարով էր մեծ, նրա անունը Գեորգինա էր, բայց բոլորը նրան ուղղակի Գինա էին ասում։ Գինան ճարպիկ ու կրակոտ աղջիկ էր, միայն թե չգիտես ինչու Պոսոշոկ տատիկը նրան չէր սիրում և նույնիսկ «խորամանկ Գինա» էր անվանում։ Գինան ախր ամեն ինչ ընդօրինակում էր իր ավագ քույրերից ու եղբայրներից, աշխատում էր ամեն ինչով նրանց նմանվել։ Հատկապես ամենամեծ եղբորը, որը հետագայում դարձավ Երիցուկի ուսուցիչը։

Դա շատ աշխատասեր և գործարար ընտանիք էր։ Եվ բոլորը, մեկ մարդու պես, կարգուկանոն էին սիրում։ Հատկապես մայրը՝ դեղագործուհին։ Նա կարողանում էր ամեն ինչ այնպես կազմակերպել ու կարգավորել, որ ընտանիքի յուրաքանչյուր անդամ իր բաժին տնային գործն էր անում, և կյանքն ընթանում էր լարած մեքենայի նման։

Իսկ հիմա հարկավոր է ներկայացնել ձեզ մի գլխավոր անձի ևս, որովհետև Երիցուկի կյանքում նա շատ կարևոր դեր է խաղացել։ Դա տիկնիկային թատրոնի դերասանուհի Լիլոն է։ Շատերը նրան նույնիսկ «Չքնաղ Լիլո» են ասում, բայց նրան դա դուր չի գալիս։ Լիլոյի հետ ամեն ինչի մասին կարելի է խոսել, ամեն ինչ կարող ես հարցնել։ Բայց այստեղ նրա մասին այլևս ոչինչ չի ասվի։


Տատիկը պատմում է արմատիկ֊ծերուկի մասին

Երիցուկի մայրիկի մահից անցել էր մի քանի ամիս։ Գարուն էր։ Պոսոշոկ տատիկի պարտեզում խնձորենին ծածկվել էր սպիտակ֊վարդագույն ծաղիկներով և իր ծուռումուռ ճյուղերը տարածել մանկասայլակի վրա, ուր քնած էր Երիցուկը։ Տատիկը նստել էր սայլակի մոտ, ցածրիկ նստարանին ու նայում էր իր իր ծոռնորդուն։ Եվ քանի որ այգեպան Ֆրիդրիխը կանգնած էր հենց կողքին, տատիկը նրան մասնակից դարձրեց իր մտորումներին։

― Իսկ մայրիկն այլևս չի կարող հիանալ նրանով, ― ասաց տատիկը։ ― Այդպիսի բան նույնիսկ չար երազներում չես տեսնի։ Եթե ես իմանայի, որ նա հիվանդ է, խեղճ աղջիկ, ինքս կգնայի Թյուրինգիա՝ մեր հայրենիքը, չնայած շատ եմ հալից ընկած։ Մի կերպ Ալոիզից կպոկեի մեր Արմատիկ֊Ծերուկին։

Այս լսելով, Ֆրիդրիխը քթի տակ չգիտես «Ո՞ւմ» ասաց, թե «ի՞նչը»։ Իսկ երբ տատիկը հայացքը դարձրեց նրան, Ֆրիդրիխն ամբողջությամբ նման էր մի մեծ հարցական նշանի։ Եվ, գլուխը տմբացնելով, տատիկը բացատրեց․

― Այո՛, ղանձիլի արմատ, զորավոր սոխուկ՝ ահա թե ինչը կօգներ մեզ։ Իսկ դու դրա մասին, հավանաբար, չես էլ լսել։ Այդպես էլ գիտեի։ Այստեղ ախր չի աճում, նույնիսկ մեզ մոտ՝ Թյուրինգիայում էլ հազվադեպ է պատահում։ Այդ բույսը բարձր տեղեր է սիրում, մեր սարերը նրա համար շատ ցածր են։ Ղանձիլի արմատը, Ֆրիդրիխ, կախարդական ուժ ունի։ Հավատա ինձ․․․ ― Հանկարծ նա վախեցած շուրջը նայեց․ ― Մեզ հո մարդ չի՞ լսում։

Ոչ, նրանց ոչ ոք չէր լսում։ Միայն դեղագործի փոքրիկ աղջիկը՝ Գինան էր իր նոր ձևավոր խաղալիքներով խաղում ավազի հետ։ Այն ժամանակ նա դեռ երեք տարեկան էլ չկար։ Սակայն Պոսոշոկ տատիկը, այնուամենայնիվ, շարունակությունը շշուկով պատմեց․

― Իմ հորեղբոր տղան՝ Ալոիզը, ապրում է լեռներում՝ Թյուրինգիայում, և այդպիսի մի արմատ ունի։ Այդ արմատիկը, երևի, արդեն հարյուր տարեկան է և կնճռոտված ծերուկի է նման։ Եվ տաբատ ու ժիլետ է հագած՝ այն ժամանակվա նորաձևությամբ։ Երբ ես ու Ալոիզը փոքր էինք, երբեմն մեզ թույլ էին տալիս Արմատիկ֊Ծերուկին պահարանից հանել ու խաղալ։ Դրանից է, որ երկուսս էլ այսքան երկար ենք ապրել ու երբեք չենք հիվանդացել։ Միայն տե՛ս, հա՜, Ֆրիդրիխ, այս մասին ոչ մեկին ոչ մի խոսք։ Դու հո գիտես հիմիկվաններին, հրաշքների չեն հավատում։ Միայն կծիծաղեն մեզ վրա։ Մանավանդ դեղագործը՝ իր ընտանիքով։ Չնայած նա ինքը ինձ շատ է հարգում իմ պարտեզում աճող բուժիչ խոտերի համար, իսկ կինը՝ Գինայի համար․ չէ որ ես խնամում եմ նրան։ Դե, իսկ Երիցուկի հայրիկն առավել ևս չպիտի իմանա այդ մասին, թե չէ մեկ էլ տեսար մոտիցս կտանի Երիցուկին։ Ավելի լավ է Արմատիկ֊Ծերուկը գաղտնի մնա, ինչպես քո խցիկում գտնվող սնդուկի խաղաթղթերը։ Միայն դու գիտես, Ֆրիդրիխ, այդ խաղաթղթերի մասին։ Չէ որ գոնե մի մարդու այս աշխարհում ես պիտի վստահեմ։

Այս խոսքերր լսելով, Ֆրիդրիխը գլուխը տմբացրեց ամեն ինչ հասկացողի տեսքով, ի պատասխան, Պոսոշոկ տատիկն էլ գլուխը տմբացրեց, իսկ փոքրիկ Գինան, ավազոտ շավիղից նայելով նրանց ու տեսնելով, որ նրանք իրար գլխով են անում, ինքն էլ իր գլուխը տմբացրեց։ Այդպես նրանք երեքով տմբացրին գլուխները այնքան ժամանակ, մինչև որ տատիկը նկատեց Գինային։ Այնժամ նա տեղից վեր կացավ ու, խոժոռվելով, ասաց Ֆրիդրիխին․

― Այս Գինան դեռ իրեն ցույց կտա, հիշիր իմ խոսքը։

Թեև Գինան հենց այնպես էր գլուխը տմբացնում։

Քանի դեռ Գինան մանկապարտեզի համար փոքր էր, մայրիկը նրան հաճախ բերում էր Պոսոշոկ տատիկի պարտեզը, հատկապես ամռանը, տաք եղանակին։ Եվ այդպես, Գինան դարձավ Երիցուկի առաջին ընկերուհին։

Երիցուկը ուրախ աղջիկ էր, համարյա երբեք լաց չէր լինում, փոխարենը միշտ ծիծաղում էր, նույնիսկ այն ժամանակ, երբ դեռ խոսել չէր սովորել և միշտ մեղմ ձայնակցում էր Գինային, երբ նա սկսում էր երգել։ Իր նախանախատատիկին ասում էր «Նախանախ»։

Ինչպես ծերերից շատերը, Պոսոշոկ տատիկը նույնպես քիչ էր քնում։ Երբեմն Երիցուկի հայրիկը կեսգիշերին, քնելուց առաջ գալիս էր տատիկի տնակը՝ քնած Երիցուկին նայելու։ Բայց տատիկը դեռ պառկած չէր լինում, և նրա գլխին, ինչպես միշտ, աչքի էր զարնում սև բերետը։ Իսկ եթե, պատահում էր, գալիս էր վաղ առավոտյան, երբ Երիցուկը, նոր արթնացած, թաթիկներով տրորում էր աչքերը, Նախնախը արդեն ոտքի վրա էր լինում ու մինչև ականջները քաշած սև բերետը գլխին, աշխույժ գործի կպչում։ «Գուցե քնելո՞ւց էլ գլխից չի հանում այդ բերետը», ― զարմանում էր Երիցուկի հայրիկը։

Բայց դա այդպես էլ գաղտնիք մնաց, և մեր գրքում այդ մասին այլևս ոչինչ չի գրվի։


Թե ինչպես տատիկը դարձավ մանկապարտեզի հարազատ մարդը

Երբ լրացավ Երիցուկի երեք տարին, նրան մանկապարտեզ տարան։

Եվ ինչ եք կարծում, երեխաներից ո՞վ առաջինը վազեց նրան ընդառաջ։ Վո՛լֆը։ Նախնախը լրջորեն վախեցավ։ Որովհետև մի անգամ, շատ վաղուց, Երբ Երիցուկը դեռ նոր էր սկսել քայլել, Վոլֆը իր ինքնագնացով եկավ նրանց այգին, Երիցուկին էլ նստեցրեց, քիչ անց ինքնագնացը անսպասելիորեն դեմ առավ եղեսպակի թմբին։ Այստեղ երկուսն էլ գետնին գլորվեցին։ Երիցուկի ճակատին մի ելունգ գոյացավ, ու նա, ձայնը գլուխը գցած, սկսեց լաց լինել։ Այդ օրվանից տատիկը ամեն անգամ Վոլֆին վռնդում էր ցանկապատի մոտից, երբ սա գալիս էր խաղալու։ «Ի՜նչ անդաստիարակն է։ Մեծերին լեզու է ցույց տալիս, հլա դեռ տնազ էլ է անում․․․ Պստիկ է, բայց ճստիկ է»։

Բայց Ֆրիդրիխը միշտ պաշտպանում էր այդ տղային, իսկ մի անգամ նրա օգտին նույնիսկ մի ամբողջ ճառ ասաց․

― Վոլֆը մեղավոր չէ, նա էլ մեր Երիցուկի պես մայրիկ չունի։ Բայց նրա բախտը չի բերել․ նա քեզ նման նախանախատատ չունի։

― Ճիշտ որ մեղք է, ― այն ժամանակ ասաց տատիկը։

Դե, Ֆրիդրիխին նա հասկանում էր, ախր նա էլ էր առանց մոր մեծացել։ Եվ այնուամենայնիվ աշխատում էր այդ Վոլֆին մոտ չթողնել իր Երիցուկին։

Բայց Երիցուկը հիմա ժպտաց Վոլֆին ինչպես հին բարեկամի, և այդ րոպեից նրանք իսկապես որ լավ բարեկամներ դարձան։ Վոլֆն անմիջապես Երիցուկին նստեցրեց մեծ ճոճանակ֊ձիուկի վրա։ Իսկ մինչ այդ եթե որևէ մեկը փորձեր առանց նրա թույլտվության նստել ձիուկին, նա անպայման կռիվ կսարքեր։ Դաստիարակչուհին այդ մասին ասաց Պոսոշոկ տատիկին, բայց սա բոլորովին էլ չզարմացավ։ «Այդպիսին է մեր Երիցուկը, ― մտածեց տատիկը։ ― Նույնիսկ ամենահայտնի թոկից փախածն անգամ նրան երբեք չի վիրավորի։ Գուցե, այնուամենայնիվ, արժեր նրան երբեմն այգի թողնել»։

Երբ Պոսոշոկ տատիկը, առանց Երիցուկի, միայնակ տուն էր վերադառնում, ամբողջ ճանապարհին խոսում էր ինքն իրեն․ «Քանի՞ երեխա կար այնտեղ։ Համբերություն է պետք, որ դիմանաս։ Երկաթե նյարդեր են պետք։ Եվ ինչ էլ ջահել դաստիարակչուհիներ էին։ Հապա խոհարա՞րը։ Տեսնես կարողանո՞ւմ է երեխաների համար համով ճաշեր եփել․․․»։ Եվ հանկարծ տատիկը քարացած կանգ առավ տեղում, որովհետև նրա գլխում մի հրաշալի միտք ծագեց։

Նա իր այգուց հավաքեց օգտակար խոտերի ու արմատների մի ամբողջ փունջ ու տարավ մանկապարտեզ։ Խոհարարը շնորհակալություն հայտնեց ու համբերատարությամբ լսեց, թե ինչպես պետք է դրանցով ապուր պատրաստի, որպեսզի պահպանվեն համն ու հոտը, և երեխաներին դուր գա։ Հաջորդ օրը տատիկը իր բանջարանոցից շաղգամ բերեց, իսկ երրորդ օրը՝ բողկ։ Իսկ երբ հասան հատապտուղները, տանձն ու սալորը, նա առավոտից հավաքում էր օրվա բերքը և՝ ուղիղ մանկապարտեզ։ Եթե, բան է, դաստիարակչուհիներից մեկն ու մեկը հիվանդանում էր կամ պարզապես գլուխ չէր հանում, տատիկը միշտ կար ու կար։ Մանկապարտեզի վարիչը՝ ֆրաու Իրենը, դրա համար նրան շատ էր գնահատում։ Իսկ տատիկի համար հաճելի էր, որ ինքը դեռ կարող է օգտակար լինել, և միշտ էլ ուրախանում էր, երբ մեկնումեկն ասում էր․ «Զարմանալի է, ձեր տարիքում այսպիսի բան։ Եվ ինչ առույգ եք»։

«Մարդու վերջը բարի լինի, ― պատասխանում էր տատիկը հպարտությամբ։ ― Գլուխս դեռ աշխատում է»։

Նրա գլուխն իրոք աշխատում էր։ Եթե կար մեկը, որի գլխով անցնում էր կասկածել դրան, միայն Ֆրիդրիխն էր, իսկ նա էլ ավելի շուտ լեզուն կկծեր, քան թե կմատներ իր հին բարեկամին։ Դրա փոխարեն մանկապարտեզի ողջ անձնակազմը նրան խելացի կին էր համարում, և ծնողներն էլ շատ էին հարգում։ Մայրիկները հիմա այլևս ստիպված չէին շնչակտուր վազել մանկապարտեզ՝ երեխաների ետևից։ Երեխաները ընտելացել էին սև բերետով փոքրիկ տատիկին, որը սկզբում նրանց այնքան տարօրինակ էր թվացել։ Եվ բոլորն էլ, Երիցուկի նման, նրան նախնախ էին ասում։ Նրա հետ ավելի շատ էին կապվել հատկապես ավագ խմբի երեխաները։ Երբ Պոսոշոկ տատիկը հեքիաթներ էր պատմում, նրանք այլևս չէին ուզում տուն գնալ։ Բոլորը, շունչները պահած, լսում էին, նույնիսկ Վոլֆը։ Գինան էլ էր լսում։ Բայց միայն նա էր համարձակվում դիտողություն անել։ Մի անգամ նույնիսկ ասաց․

― Անձամբ ես ավելի շատ ճշմարիտ պատմություններ եմ սիրում։ Իմ մեծ եղբայրը՝ նույնպես։ Իսկ նա շուտով ուսուցիչ կդառնա։

― Բայց հեքիաթներն ավելի գեղեցիկ են, ― գոռաց Վոլֆը։

Եվ մյուս երեխաները համաձայնեցին։

Վոլֆի հետ տատիկը վաղուց էր հաշտվել․ չէ՞ որ նա իր Երիցուկի հետ էր ընկերություն անում։ Եվ ընդհանրապես վերջին շրջանում նա անհամեմատ լավն էր դարձել։ «Դա նրանից է, ― ասում էին մեծերը, ― որ Վոլֆը հիմա մայրիկ ունի, ու նրանց տանը, վերջապես, խաղաղություն է հաստատվել»։ Սակայն տատիկը Ֆրիդրիխին ամեն ինչ յուրովի էր բացատրում․

― Դա նրանից է, ― ասում էր տատիկը, ― որ Վոլֆը մտերմացել է մեր Երիցուկի հետ։ Միայն դա է պատճառը, ուրիշ ոչինչ։ Ում որ Երիցուկը սիրում է, նա վատը լինել չի կարող։

Եվ, այդ ասելով, նա, ինչպես միշտ, տմբացնում էր գլուխը։ Իսկ Ֆրիդրիխը, ի պատասխան, նույնպես գլխով էր անում։

Նրանք շատ լավ էին հասկանում իրար։


Երիցուկը անհամբեր սպասում է

Գինան արդեն դպրոցական էր դարձել, իսկ Երիցուկը դեռ տատիկի հետ մանկապարտեզ էր գնում։ Ճանապարհին նա Նախնախին ամեն տեսակի հարցեր էր տալիս, և տատիկն ստիպված էր պատասխանել հարցերին ու քննել նրա բոլոր գանգատները։

― Ախր ինչո՞ւ ես էլ Գինայի նման չեմ կարող դպրոց գնալ։

― Դեռ փոքր ես, Երիցուկս։

― Բայց չէ՞ որ արդեն մինչև քսանը հաշվել գիտեմ։

― Բանն այդ չէ։ Քո յոթ տարին ախր դեռ չի լրացել։

― Իսկ ինչո՞ւ պիտի սպասեմ մինչև յոթս լրանա։

― Որովհետև դու դեռ չես կարող այդքան շատ սովորել։ Մանկական պոլիկլինիկայի բժշկուհին թույլ չի տալիս։

― Իսկ ինչո՞ւ։

― Որովհետև քո գլուխը չի մտնի։

― Բայց չէ՞ որ ես Գինայի նման բոլոր երգերն ու ոտանավորները գիտեմ։

― Միայն երգեր ու ոտանավորներ իմանալը քիչ է։ Շատ ու շատ ուրիշ բաներ էլ պետք է իմանալ։

― Ինչի՞ համար։

― Որպեսզի խելացի դառնաս։

― Քեզնի՞ց էլ խելացի, Նախնախ։

― Ինձնից էլ։

Բայց դա Նախնախն այնքան էլ անկեղծ չասաց։ Իրոք, նա իր խելքի ու խաղաթղթերով բախտ բացելու արվեստի մասին շատ բարձր կարծիքի էր։ Ճիշտ է, նա հիմա այնքան զբաղված էր Երիցուկով ու նրա մանկապարտեզով, որ շատ քիչ էր հիշում իր խաղաթղթերը, որոնք պահված էին Ֆրիդրիխի խցիկում դրված սնդուկում։ Այ, նշանակում է, ինչքան լավ է, երբ մարդ շատ գործ է ունենում։

Երբեմն տատիկի համար դժվար էր լինում պատասխանել Երիցուկի «ինչուներին», բայց նա երբեք համբերությունը չէր կորցնում։ Ախր շատ էր սիրում Երիցուկին։ Նա նույնիսկ ուրախ էր, որ արդեն երկուսով են գնում մանկապարտեզ, առանց Գինայի։

― Այդ Գինան դեռ իրեն ցույց կտա, ― միշտ ասում էր նա Ֆրիդրիխին։ ― Եվ ի՞նչ է գտել նրա մեջ Երիցուկը։

Բայց ամենից շատ Վոլֆն էր ուրախացել։ Հիմա, երբ Գինան դպրոց էր գնում, էլ ոչ ոք չէր խանգարում նրան ընկերություն անել Երիցուկի հետ։ Ճիշտ է, Երիցուկը ուրիշ երեխաների հետ էլ էր ընկերություն անում, բայց Վոլֆը նրա ամենալավ ընկերը եղավ։ Մի ամբողջ երկար տարի։ Հետո Վոլֆի յոթ տարին էլ լրացավ, ու նա էլ դպրոց գնաց։ Երիցուկը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու է ինքը նստել֊մնացել մանկապարտեզում, չնայած մինչև հիսունը արդեն հաշվել գիտի։ Ե՛վ բոլոր տառերը ճանաչում է, և՛ ոտանավորներ գիտի, և՛ նույնսիկ Վոլֆից էլ լավ է երգում։ Ո՛չ, դա անարդարացի է։

Առանց Գինայի ու Վոլֆի մանկապարտեզում անչափ տխուր էր։

― Այսօր մեզ մոտ հյուրեր են գալու, ― առավոտյան տատիկին ասաց ֆրաու Իրենը։

Եվ նրանք ինչ֊որ բան փսփսացին։ Բայց Երիցուկը, միևնույն է, լսեց․ «Գալու է չքնաղ Լիլոն»։

― Իսկ ո՞վ է այդ չքնաղ Լիլոն։

― Սո՛ւս, կամաց, գաղտնիք է։

Մեծերը խորհրդավոր ժպտացին, ինչպես տոնածառի նախօրյակին։

Եվ Երիցուկն էլ հիմա մեծի պես էր պահում իրեն։

― Ես գիտեմ, թե այսօր ով պիտի գա, ― փոքր֊ինչ երևակայելով հայտնեց նա երեխաներին։ ― Չքնաղ Լիլոն։

Բայց թե ով էր Չքնաղ Լիլոն՝ ինքն էլ չգիտեր։

Բոլոր երեխաները նստեցին սեղանի շուրջը, միայն երկու աթոռ ազատ թողեցին։ Դե, մեկը Չքնաղ Լիլոյի համար էր, բոլորն էլ կռահեցին։ Իսկ այ, երկրո՞րդը․․․

Բայց հարկ չեղավ երկար սպասել։ Ներս մտավ երիտասարդ մի կին, և երեխաներն անմիջապես հասկացան, որ դա Չքնաղ Լիլոն էր։ Նա այնպես ուրախ ժպտաց, որ միանգամից բոլորի վստահությունը շահեց։ Լիլոն նստեց ազատ աթոռներից մեկին, իսկ մյուսի վրա դրեց հսկայական մի ճամպրուկ։ Միայն թե այդ ճամպրուկը նման չէր մյուս բոլոր ճամպրուկներին, այլ նման էր մի բարձր արկղի, վրան էլ զանազան մարդուկների ու գազանների նկարներ կային։ Եվ երեխաներին թվաց, թե իրենք բոլոր այդ գազաններին ու մարդուկներին ինչ֊որ տեղ ինչ֊որ մի ժամանակ տեսել են։

― Եկեք ծանոթանանք, ― ասաց Լիլոն։ ― Դուք, հավանաբար, արդեն գիտեք, թե ինչ է իմ անունը․․․

― Չքնաղ Լիլո, ― գոռացին երեխաները։

Այստեղ Լիլոն շիկնեց ու արագ ասաց․

― Ոչ, իմ անունը պարզապես Լիլո է, և վերջ։ Այդպես էլ կդիմեք ինձ։ Իսկ թե ով եմ ես, դուք դեռ չգիտեք։ Ես թատրոնի դիրեկտոր եմ։ Իմ դերասանները այ այս ճամպրուկով ման են գալիս ինձ հետ։

Այդ խոսքերի հետ նա բացեց ճամպրուկն ու ձեռքը ներս մտցրեց։ Եվ ճամպրուկի բարձրացրած կափարիչի ետևից հայտնվեց գանգուրներով ու ալ կարմիր գլխարկով մի գլուխ։ Բարալիկ մի ձայն ասաց․

― Բարև ձեզ, երեխաներ։ Ես էլ հենց հիմա գնում էի անտառ՝ տատիկիս մոտ․․․

― Կարմիր Գլխա՜րկ, ― միաբերան գոչեցին բոլորը։ ― Դուրս չգաս, դուրս չգաս արահետից։

Կարմիր գլխարկը թափահարեց փոքրիկ ձեռքը։

― Ես շատ եմ շտապում։ Ցտեսությո՜ւն։

Եվ հանկարծ անհետացավ։

Իսկ ճամպրուկի կափարիչի վրա հայտնվեցին ուրիշ հին ծանոթներ․ յոթ ուլիկների մայրիկն ու Գորշ գայլը, նեգր Նոբին, Գեղեցկուհի Վասիլիսան և շատ ուրիշներ։ Ճանաչելով նրանց՝ երեխաները ծափահարում էին ու բարձր ծիծաղում։ Նույնիսկ անհավատալի էր, որ այդ բոլոր դերասանները կարողացել էին տեղավորվել նախշուն ճամպրուկում։

Ամենավերջում մկրատը ձեռքին հայտնվեց այծի մորուքով Քաջ Դերձակը։ Բայց Երիցուկը գոռաց․

― Բա ո՞ւր են ոտքերը։ Քաջ Դերձակը պիտի բարակ, երկար ոտքեր ունենա։

― Ինչի՞ համար, ― զարմացավ Լիլոն։ ― Չէ՞ որ մյուս դերասանների ոտքերը նույնպես չեն երևում։

― Մյուսները պատուհանից չեն թռչում։ Իսկ դերձակը թռչում է։

― Հապա, հապա, պատմիր, թե ինչպես ես դա պատկերացնում։ Իմ Դերձակը դեռ երբեք չի թռել։

― Դա ճիշտ չէ, ― ասաց Երիցուկը։ ― Չէ՞ որ նա պետք է դռնից ներս վազի ու արագ դուրս թռչի պատուհանից, որպեսզի հասցնի փակել վայրի վարազին, քանի դեռ սա կրկին դուրս չի եկել դռնից։ Նախնախը միշտ էլ այդպես է պատմել։ Ճի՞շտ է Նախնախ։

Նախնախը գլխով արեց։ Նա նստած էր պատի տակ՝ մանկապարտեզի վարիչ ֆրաու Իրենի կողքին, և ուշադիր լսում էր։ Այդ ժամանակ Լիլոն էլ գլխով արեց ու ասաց․

― Ճիշտ է, դա շատ ուրախ տեսարան է։ Դերձակը դռնից ներս է ընկնում, վարազը՝ նրա ետևից, Դերձակը՝ հո՛պ, թռչում է պատուհանից, վազում դրսից փակում դուռը, և վարազը թակարդի մեջ է։ Այո՛, դրա համար մեզ ուրիշ դերասան է պետք՝ ճարպիկ, երկարաոտն։ Գիտե՞ս ինչ, Երիցուկ։ Մյուս անգամ հետս կբերեմ այն ամենը, ինչից տիկնիկներ են պատրաստում՝ լաթի կտորներ, ստվարաթուղթ, կավ, լարեր, թելեր, ներկեր։ Եվ մենք կփորձենք սարքել այնպիսի Դերձակ, ինչպիսին դու նկարագրում ես։

Եվ իրոք, Լիլոն եկավ։ Նա հիմա շաբաթը մեկ անգամ գալիս էր մանկապարտեզ, և այդ օրերը Երիցուկի ամենաերջանիկ օրերն էին, որովհետև Լիլոն երեխաների օգնությամբ նոր դերասաններ էր պատրաստում։ Ինչ տիկնիկներ ասես որ չէին հորինում երեխաները։ Եվ բոլորն էլ ստացվում էին։ Միայն Դերձակը ոչ մի կերպ չէր ստացվում։ Պարզվեց, որ այնքան էլ հեշտ բան չէր Քաջ Դերձակին ոտքեր պատրաստել։

― Ոչինչ, կստացվի, ― հանգստացնում էր Երիցուկին Լիլոն։ ― Անպայման այդ հեքիաթը նոր բեմադրություն կունենա։ Եվ շտապելու հարկ էլ չկա։

Եվ Երիցուկը նրա հետ համաձայնում էր, իսկ առայժմ օգնում էր ուրիշ տիկնիկներ պատրաստելուն։ Բայց ամենահետաքրքիրը ներկայացումներն էին։ Երբ Լիլոն բացեց տիկնիկային թատրոնի վարագույրն ու ինքը թաքնվեց նրա ետևում, իսկ փոքրիկ բեմահարթակին հայտնվեցին փոքրիկ դերասանները, երեխաները սսկվեցին տեղերում։ Տիկնիկները խաղում էին իրենց դերը կենդանի դերասանների նման։ Երեխաները չէին էլ հիշում, որ տիկնիկները խոսել չեն կարող, այդ Լիլոն էր վարագույրի ետևում տարբեր ձայներով խոսում։ Նա տիկնիկային արվեստի իսկական վարպետ է․ այդպես էին գրել թերթում նրա մասին։

Միայն մի բան էր Երիցուկի համար ցավալի, որ ոչ մի կերպ չի կարելի նայել վարագույրի ետևը, երբ Լիլոն խաղում է։

Այժմ Երիցուկը կրկին ուրախությամբ էր մանկապարտեզ գնում։ Նա նույնիսկ դեմ չէր մի տարի ևս մնալ այնտեղ, այնքան որ հաճելի էր Չքնաղ Լիլոյի հետ տիկնիկներ պատրաստելն ու նրա ներկայացումները դիտելը։ Բայց հետո նա իմացավ, որ տիկնիկային թատրոնն իր դիրեկտորի հետ միասին դպրոց էլ պիտի գա՝ պիոներական հավաքներին։ Եվ այնժամ Երիցուկը կրկին սկսեց երազել այն մասին, թե երբ պետք է դպրոցական դառնա։


Երկյուղ

― Նախնախ, ― մի առավոտ ասաց Երիցուկը։ ― Մազերս աշակերտուհու պես սանրիր։ Չէ որ շուտով դպրոց պիտի գնամ։

― Ինչպես թե աշակերտուհու պես, ― զարմացավ տատիկը։

― Դե, Գինայի պես, էլի։

― Ի՜նչ ես ասում, Երիցուկ։ Բա քո մազերից «ձիուկի պոչ» կստացվի՞, ինչպես Գինայինն է։

― Ինչո՞ւ չի ստացվի որ։

― Ախր Գինայի մազերը հարթ են, երկար։ Իսկ քոնը կարճ ու գանգուր։

― Հետո՞ ինչ, որ գանգուր են։ Ա՛յ, Գինայի քրոջ մազերը գանգուր են, բայց նա էլ «ձիուկի պոչ» ունի։ Դու միայն թե այլևս մազերս չկարճացնես։

― Ի՛նչ է, քո ամեն ինչը անպայման պիտի Գինայի նման լինի՞, ― բարկացավ Նախնախը։ Բայց, ինչպես միշտ, նա քիչ֊քիչ տեղի տվեց։ Մի ամբողջ ամիս Երիցուկը գզգզված էր վազվզում, և միայն սեպտեմբերի մեկին նրա գլխին հայտնվեց փոքրիկ, գանգուր մի պոչիկ, որը շարունակ վեր֊վեր էր թռչկոտում հուզմունքից։ Երիցուկն իր «պոչիկով» պարծենում էր ոչ պակաս, քան իր նոր պայուսակով, փայլփլուն գրչատուփով ու քաղցրավենիքով լի տոպրակով, ինչպիսին ունեին բոլոր առաջին դասարանցիները։ Բայց ամենից շատ նրան դուր էր գալիս նոր Այբբենարանը, որ խնդրագրքի ու տետրերի հետ նվիրեցին դպրոցում։ Երիցուկին նաև դուր էր գալիս այն, որ ինքը միակն է ամբողջ դասարանում, որ ճանաչում է իրենց ուսուցչին, իսկ նրանց ուսուցիչը Գինայի ավագ եղբայրն էր։

Դասերից հետո Երիցուկի մոտ եկան Գինան ու Վոլֆը և էլի մի քանիսը նրանց մանկապարտեզից։ Նույնիսկ Երիցուկի հայրիկը գործարանում մի քանի ժամով ազատվեց իր բոլոր կարևոր գործերից։ Նա վաղուց արդեն վերջացրել էր սովորելը և հիմա ինքն էր նոր մեքենաներ հնարում ու իր աշխատակիցների հետ փորձարկում։ Բայց այսօր, Երիցուկի առաջին դպրոցական օրը, նա երեխաների հետ խաղում էր Նախնախի այգում, ասես ինքն էլ փոքրիկ տղա էր։

Եվ ընդհանրապես, դա հրաշալի օր էր։ Եվ ողջ դպրոցական առաջին տարին այդպիսին եղավ՝ հրաշալի։

Երիցուկը լավ էր սովորում, հատկապես մաթեմատիկան․ նրան շատ էր դուր գալիս վարժություններ լուծելը։ Միայն Նախնախը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու էին թվաբանության համար նոր անուն հնարել և թե ինչու հիմա գումարում են ոչ թե թվերը, ինչպես իրենց ժամանակ, այլ տառերը։ Իսկ Երիցուկը ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու է Նախնախը զարմանում․ չէ որ այդպես էլ պետք է լինի։ Բայց ավելի քիչ նա հասկանում էր իր ընկեր Վոլֆին, որը բոլորովին գլուխ չէր հանում այդ տառերից․․․ Դե ո՞ւմ են պետք այդ տառերը։ Այ, թվերը ուրիշ բան են։ Թվերը պետք են ավտոբուսային երթուղիների ու չվացուցակների համար, բացատրում է նա։ Իսկ տառե՞րն ինչի համար են։ Երթուղիներին Վոլֆը շատ մեծ նշանակություն էր տալիս։ Նա մտադիր էր հոր նման ավտոբուսի վարորդ դառնալ։ Եվ հայրը երբեմն նրան ավտոբուսի հին չվացուցակներ ու երթուղային քարտեզներ էր նվիրում։ Վոլֆը այնքան շուտ սկսեց գլուխ հանել դրանցից, որ բոլորը զարմանում էին։ Նրա սիրած խաղն էր՝ չվացուցակին ու երթուղային քարտեզին նայելով՝ պատկերացնել տարբեր ճանապարհորդություններ։

Այլևա անհրաժեշտություն չկար, որ տատիկը Երիցուկին ուղեկցի դպրոց։ Միշտ երեքով էին գնում՝ Երիցուկը, Վոլֆն ու Գինան։ Նախնախը դրա համար նույնիսկ ուրախ էր։ Տանն առանց այդ էլ շատ գործ կար։ Դեռ այգին, ճաշը և երկու հոգեորդիների՝ Երիցուկի ու Ֆրիդրիխի հոգսն էլ մյուս կողմից։ Եվ տարիներն էլ արդեն զգացնել էին տալիս։


Սակայն երկրորդ դասարանում Երիցուկի բախտը չբերեց։ Դեռ նոր էր սկսվել ուսումնական տարին, երբ նա մրսեց ու հիվանդացավ։ Տատիկը պառկեցրեց նրան ու բուժից խոտերից թեյ պատրաստեց։ Այդ թեյը կախարդական բուրմունք և հրաշալի համ ուներ։ Հավանաբար, ամբողջ աշխարհում Նախնախը միակ մարդն էր, որ այդպիսի թեյ պատրաստել գիտեր։ Երիցուկի դողն անցավ, ու նա քնեց։ Արթնացավ պատի ետևից լսվող ձայներից։ Խոհանոցում բարձրաձայն խոսում էին։

― Խորթը խորթ էլ մնում է, ― ասում էր Նախնախը։ ― Թեկուզ գեղեցիկ ու օրինավոր էլ լինի, միևնույն է, խորթը խորթ էլ մնում է։ ― Եվ ասես ի հաստատումն իր խոսքերի՝ Նախնախը բարձր փռշտաց։

― Առողջություն, ― ասաց Ֆրիդրիխը։

«Ով գիտե, գուցե ինձանից է հարբուխով վարակվել», ― կեսքուն֊կեսարթուն մտածեց Երիցուկն ու նորից փակեց աչքերը։ Բայց Նախնախը չէր լռում։

― «Խորթը խորթ էլ մնում է», ասում է ժողովրդական իմաստությունը։ Եթե որոշել է ամուսնանալ, էլ ինչու է աղջկան տանում իր մոտ։ Մի՞թե ինձ մոտ նա իրեն վատ է զգում։ Ախր այսպես շատ լավ է։ Դե, ինքդ ասա, լավ չէ՞։

― Լավ է, ― պատասխանեց Ֆրիդրիխը։ ― Պարզ բան է՝ լավ է։

― Կիրակի օրը Երիցուկին կտանես հոր մոտ և այդ մասին ոչինչ չասես՝ թող հաճելի անակնկալ լինի։ Լա՜վ անակնկալ է։ Խորթ մայր։ Խե՜ղճ Երիցուկ։

― Խե՜ղճ Երիցուկ, ― կրկնեց Ֆրիդրիխը։

― Խե՜ղճ Երիցուկ, խե՜ղճ Երիցուկ․․․ ― մռթմթռթաց և Եիրցուկն ինքը։

Նա ամեն ինչ լսում էր, բայց այնքան թույլ էր, որ նույնիսկ չէր կարողանում լսածի մասին ինչպես հարկն է մտածել։ «Խե՜ղճ Երիցուկ․․․ ― ինքն իր մասին անվերջ կրկնում էր նա այնպես, ասես խոսքը բոլորովին ուրիշ աղջկա մասին էր։ ― Պետք է Գինային հարցնել․․․»։ ― Եվ նա կրկին քնեց։

Նա չարթնացավ նաև այն ժամանակ, երբ Նախնախը մոտեցավ նրա մահճակալին ջերմությունը չափելու ու ինչ֊որ խմելու բան տալու։ Կաթ է, ինչ է․․․ Նա համ ու հոտ էլ չէր զգում, միայն ինչ տալիս էին, կուլ էր տալիս, կուլ էր տալիս ու անմիջապես նորից քնում․․․

Երիցուկն արթնացավ։ Սենյակում կիսախավար էր՝ չգիտես իրիկուն էր, թե վաղ առավոտ։ Խոհանոցում, ամանեղենը զնգզնգացնելով, Նախնախը գործ էր անում։ Թարմ սուրճի հոտ էր գալիս․․․ Ուրեմն՝ առավոտ է․ տատիկը երեկոյան սուրճ չի եփում․․․

Երիցուկը ճմլկոտաց։ Իսկ մահճակալն արդեն փոքր էր․․․ Սակայն տաքուկ ու հարմարավետ։ Թերևս նա արդեն առողջացե՞լ է։ Դպրոց գնալ, իհարկե, չի կարելի, բայց գուցե կարելի՞ է վեր կենալ․․․ Եվ որպեսզի գա Գինան․․․ «Խորամանկ Գինան»․․․ Այո։ Չէ՞ որ նա ուզում էր ինչ֊որ բանի մասին հարցնել։ Բայց ինչի՞ մասին։ Հանկարծ Երիցուկը ամեն ինչ հիշեց․ «Խորթը խորթ էլ մնում է․․․ Խե՜ղճ Երիցուկ․․․»։ Եվ անմիջապես ամեն ինչ փոխվեց։ Անկողինն այլևս տաքուկ ու հաճելի չէր։ Գուցե ջերմությո՞ւն ունի։ Չէ, ջերմությունը ինչ֊որ ուրիշ տեսակ է լինում։ Դա երկյուղ է․․․ Ուրեմն կիրակի օրը նա գնալու է հայրիկի մոտ՝ խորթ մոր հետ ծանոթանալու։ Նա խիստ վախեցավ կիրակի օրվանից։ Իսկ այսօր ի՞նչ օր է։ Նա մտքի մեջ ընկավ։ Հավանաբար, հինգշաբթի է։ Ուրեմն դեռ ժամանակ կա․․․

Ներս մտավ Նախնախը՝ ջերմաչափը ձեռքին։ Պարզվեց, որ Երիցուկը ջերմություն չունի, և նրան թույլ տվեցին վեր կենալ։ Լվացված ու սանրված՝ նստել էր նա սեղանի մոտ, կաթ էր խմում ու բուտերբրոդ ուտում։ Ամեն ինչ առաջվանն էր։ Եվ ասես առաջվանը չէր։ Նա նստած էր սուսուփուս, ոչինչ չէր ասում, չէր երգում։ Նույնիսկ հագնվելուց չերգեց։ Խեղճ Նախնախը շատ անհանգստացավ, որովհետև Երիցուկը այդպես շարունակեց և հաջորդ օրը, և մյուս․․․ Դպրոցից եկավ Գինան, դասերի տեղն ասաց, բայց ինչ֊որ տեղ էր շտապում ու անմիջապես գնաց։ Ասենք, Երիցուկն էլ, միևնույն է, ոչինչ չէր կարող հարցնել նրան․ Նախնախը նրանցից ոչ մի քայլ չհեռացավ։

«Այս ի՞նչ է պատահել երեխային, ― անվերջ մտածում էր տատիկը։ ― Ուտելը տեղն է, խմելը տեղն է, և իր մշտական զբաղմունքով էլ զբաղված է, բայց, ա՜յ, չի երգում։ Եվ ինչ էլ լուրջ է երևում։ Չլինի՞ դեռ վատառողջ է»։

― Հո կոկորդ չի՞ ցավում, ― հարցրեց տատիկը Երիցուկին, բայց սա տարուբերեց գլուխը։ Չէ, կոկորդը չի ցավում։

― Իսկ, այ, սրտի վրա ինչ֊որ բան է ծանրացել․․․ Բայց այդ մասին ասել չէր կարող։

․․․Ուրբաթ օրը Երիցուկը դպրոց գնաց ու դասերից հետո Գինայի հետ տուն վերադառնալիս վերջապես նրան մի հարց տվեց, որ վաղուց էր ուզում տալ։

― Իսկ ճի՞շտ է, որ խորթը խորթ էլ մնում է։ Չէ որ խորթերը չար են լինում։

― Հիմարիկ, ― ժպտաց խորամանկ Գինան, ― երևի Նախնախը էլի քեզ հեքիաթ է պատմել խորթ մոր ու կախարդի մասին։

― Չէ, ― ասաց Երիցուկը, ― ոչ մի հեքիաթ էլ չի պատմել։ Ես խորթ մայր եմ ունենալու։ Նախնախն էր ասում Ֆրիդրիխին։ Կարծում էր քնած եմ։

Զարմանքից Գինան կանգ առավ։

― Հավատալու բան չէ։ Իսկ ո՞վ է։

― Չգիտեմ։ Նախնախը չասաց։

― Իսկ դու հարցնեիր։

Նրանք նորից շարունակեցին քայլել կողք֊կողքի։ Երիցուկը գլուխը տարուբերեց։

― Ինձ չի կարելի հարցնել։ Ես ոչինչ չպետք է իմանամ։ Դա անակնկալ է լինելու։ Եվ դու ոչ մեկին մի՛ ասա։ Դա առայժմ գաղտնիք է։

Ինչ չէ՝ չէ, գաղտնիքներից Գինան լավ էր հասկանում։ Բայց այրվում էր հետաքրքրասիրությունից։

― Դե, ես լեզուս ինձ կպահեմ։ Բայց Նախնախդ էլ լավ է, հա՜։ Նույնիսկ անունն էլ չի ասել։

― Նախնախն ասում է, որ նա գեղեցիկ է։ Դրա համար էլ վախենում եմ։

― Վախենում ես, որովհետև գեղեցի՞կ է։ Ա՛յ քեզ բա՜ն։

― Ձյունանուշիկի խորթ մայրն էլ էր գեղեցիկ։ Ամբողջ օրը այդ մասին եմ մտածում։

― Հը՛մ, տեսնո՞ւմ ես։ Ուրեմն, այնուամենայնիվ, հեքիաթն է պատճառը։ Ճիշտ է ասում եղբայրս․ «Ինչ ասես լցնում են երեխաների գլուխը»։ Գուցե, քո կարծիքով, նա կախարդական հայելի՞ էլ ունի։

Երիցուկը շփոթվեց։

― Դե չէ՜, ի՛նչ հայելի․․․ Իսկ հանկարծ ու նա ինձ նա ինձ նախանձի՞։

― Երիցո՛ւկ, ― խիստ տոնով ասաց Գինան, ― դու ուղղակի երևակայում ես։ Դե մի՞թե դու գեղեցկուհի ես։ Եվ ընդհանրապես դու փոքրիկ աղջիկ ես։

― Իսկապես որ, Գինա, ― պայծառացած բացականչեց Երիցուկը։ ― Ձյունանուշիկը արդեն հարսնացու էր։ Իսկ մինչև մեծանալը խորթ մայրը նրան ոչինչ չէր արել։ ― Բայց այստեղ հանկարծ նա կրկին ամեն ինչ հիշեց ու ծանր հառաչեց․ ― Խորթը խորթ էլ մնում է․․․

Խորամանկ Գինան կրկին կանգ առավ ու բարձր ձայնով ասաց․

― Խորթ մայրերը բոլորովին էլ չար չեն։ Իսկ ոմանք նույնիսկ, ընդհակառակը, շատ բարի են։ Ա՛յ, օրինակ, Վոլֆի մայրը նույնպես խորթ է։ Ի՜նչ չարաճճին էր առաջ Վոլֆը։ Իսկ հիմա շատ լավ տղա է դարձել։ Եվ բոլորովին էլ խիստ չէ այդ կինը։ Կարծում ես քի՞չ կան այդպիսի խորթ մայրեր։ ― Ու կրկին Երիցուկի կողքից քայլելով, ասաց․ ― Ընդհանրապես, դա հիմար խոսք է՝ «խորթ մայր»։ Վոլֆը նրան ուղղակի «մայրիկ» է ասում, և նույնիսկ մոռացել է, որ խորթ է։

Բայց Երիցուկը դեռ կասկածում էր։

― Վոլֆի բախտը բերել է, ― ասաց նա։ ― Իսկ գուցեև ամեն ինչ այլ կերպ լինի։

― Իհարկե, կարող է, ― խորամանկ ժպիտով պատասխանեց Գինան։ ― Չէ՞ որ երբեմն հարազատ մայրերն էլ չար են լինում։

Չնայած Երիցուկը լիովին չհանգստացավ, բայց, տուն գալով, սկսեց քթի տակ երգելով, պայուսակից հանել գրքերը։

«Երգում է, ― ուրախացավ Նախնախը։ Նրա ուսերից ասես մի ծանր քար ընկավ։ ― Տեսնես ի՞նչ էր պատահել իմ Երիցուկին»։


Խորթ մայրը

Եվ ահա եկավ կիրակին։ Նախաճաշից հետո Նախնախն ու Երիցուկը գնացին պարտեզ։ Նախնախը այգու մեծ մկրատով գույնզգույն վառ քրիզանտեմներ էր կտրում։ Իսկ Երիցուկը հավաքում էր։ Ստացվեց այնպիսի հսկայական մի փունջ, որ Երիցուկի գլուխն այլևս չէր երևում։

― Ախր մենք այսպիսի մեծ ծաղկաման էլ չունենք, Նախնախ։ Վա՜յ, արդեն ձեռքերս հոգնեցին։

― Պահիր, պինդ պահիր։ Մենք այս ծաղիկները հայրիկին ենք տանելու, նա մեծ ծաղկաման ունի։

Եվ Նախնախը հառաչեց։ Երիցուկը նույնպես հառաչեց։ Նա հիշեց խորթ մորը։ Ուրեմն ծաղիկները նրա՞ համար են․․․

Պարտեզի դռնակը ճռռաց, բայց Երիցուկը ծաղկեփնջի ետևից չկարողացավ անմիջապես տեսնել, թե ով մտավ։ Եվ հանկարծ լսեց հոր ուրախ ձայնը․

― Երիցո՜ւկ։

Հայրը արդեն դուրս էր եկել թփերի ետևից։ Միայն թե մենակ չէր։ Երիցուկը արագ փակեց աչքերն ու կրկին բացեց։ Ոչ, դա երազ չէր․․․

Նա ամուր կրծքին սեղմեց ծաղկեփունջը։

Հոր կողքին կանգնած էր խորթ մայրը, նա, որից այնպես վախեցել էր հինգ օր ու գիշեր։ Դա․․․ Չքնաղ Լիլոն էր։ Նա ծիծաղեց, կռացավ ու համբուրեց Երիցուկին, իսկ Երիցուկը ոչինչ ասել չկարողացավ, միայն ինքն էլ համբուրեց նրան։ Եվ այն ժամանակ Լիլոն համբուրեց Նախնախին, այնքան ուժեղ, որ տատիկի սև բերետը թեքվեց ականջի վրա, ու նա ստիպված էր ուղղել։ Բայց Նախնախն էլ համբուրեց Լիլոյին։ Իսկ հայրիկը Երիցուկին իր հսկա ծաղկեփնջի հետ բարձրացրեց վե՜ր֊վեր։ Բոլորը ծիծաղում էին, համբուրվում և ուրախանում։ Իսկ Ֆրիդրիխը տանիքի իր խցիկից նայում էր այդ ամենին ու ժպտում։

․․․Հիմա Երիցուկը խորթ մայրիկ ունի և շատ երջանիկ է։ Չքնաղ Լիլոյի հետ կարելի էր ամեն ինչի մասին խոսել և ամեն տեսակ հարցեր տալ։ Նա ամեն ինչ էլ գիտի։ Չէ՞ որ նա Նախնախից շատ էր ջահել, բայց թե նրանից էլ շատ էր սովորել։ Այնուամենայնիվ, Երիցուկը առաջվա պես սիրում էր Նախնախի հեքիաթները լսել։

Չքնաղ Լիլոն իր տիկնիկային թատրոնի հետ շրջում էր երկրով մեկ։ Նրան ավելի հաճախ էին հրավիրում դպրոցները, պիոներական ճամբարներն ու մանկապարտեզները․ թատրոնը հանրահռչակ էր դարձել։ Երբ Լիլոն մեկնում էր, Երիցուկը մնում էր տատիկի մոտ։ Նախնախի համար դրանք ամենաերջանիկ օրերն էին։ Նրա հնամենի տնակը ասես արթնանում էր Երիցուկի ձայնից։ Եթե Երիցուկը այդ պահերին դաս չէր սովորում, առանց մի վայրկյան դադար առնելու՝ ինչի մասին ասես չէր պատմում տատիկին։ Իսկ եթե լռում էլ էր, ուրեմն անմիջապես սկսում էր կամ քթի տակ մռմռալ, կամ էլ ձայնը գլուխը գցած երգել։ Եվ Նախնախը ուրախությամբ մտածում էր․ «Այ այսպես ավելի լավ է, քան քան փնթփնթոցն ու մռթմռթոցը»։ Որովհետև փնթփնթալն ու մռթմռթալը նրա մոտ սովորություն էր դարձել։

Հին տնակում գիշերելիս Երիցուկը ամենից շատ երեկոներն էր սիրում։ Որովհետև այդ ժամերին Նախնախը նստում էր նրա անկողնու մոտ ու սկսում էր պատմել, հա՜ պատմել։ Վերջին շրջանում տատիկը Երիցուկին ոչ միայն հեքիաթներ էր պատմում, այլև, հիշողության խորքերը թափանցելով, այնտեղից լույս աշխարհ էր հանում հին֊հին պատմություններ Թյուրինգիայում՝ իրենց հայրենիքում անցկացրած Պոսոշոկ ընտանիքի մասին։ Իսկ երբ նկարագրում էր սարի լանջին թառած իրենց գերանակապ տունը, ուր ծնվել ու մեծացել էր ինքը, և տան շուրջը փռված փաղանգամուշկի խիտ լեռնային մարգագետինը, Երիցուկը նույնիսկ երազում տեսնում էր այդ մանուշակա֊երկնագույն մարգագետինը։

Եթե Երիցուկին հարցնեին․ «Ո՞ւմ ես ամենից շատ սիրում՝ Նախնախի՞ն, թե Լիլո մայրիկին», նա, հավանաբար, կպատասխաներ․ «Ես էլ չգիտեմ»։ Իսկ եթե հարցնեին «Ի՞նչն է քեզ ավելի դուր գալիս՝ ծնողներիդ մեծ, նոր բնակարա՞նը, որ այնպես լուսավոր է ու չորս կողմից քեզ են նայում տիկնիկ֊դերասանները, թե՞ պարտեզով շրջապատված Նախնախի տնակը», նա ստիպված կլիներ նույնը պատասխանել։ Երիցուկը երկու հարազատ տուն ուներ։


Լավ չէ, երբ մարդ քիչ գործ է ունենում․ ինչ հիմարություն ասես մտքով չի անցնում։ Պոսոշոկ տատիկը վերջերս սկսել էր ծանր լսել, ասենք տարիներն էլ արդեն իրենց զգացնել էին տալիս։ Տնային գործերը մի կերպ գլուխ էր բերում, իսկ այգու աշխատանքները միայն Ֆրիդրիխն էր անում։ Հենց որ Նախնախն ուզում էր օգնել նրան, մեկ մեջքն էր կոտրատվում, մեկ ոտքերն էին ցավում։ Լավ էր, որ գոնե Ֆրիդրիխի համար դեռ կարողանում էր հոգ տանել։

Բայց, միևնույն է, Երիցուկին շատ էր կարոտում։

Երիցուկն, իհարկե, հենց ազատ րոպե էր ունենում, վազում էր տատիկի մոտ, ամեն օր կաթ ու հաց էր բերում, խանութ էր վազում։ Բայց ախր հայտնի է, որ դպրոցականները շատ քիչ ազատ ժամանակ են ունենում։ Տատիկի մոտ երկար մնալ չէր կարող․ մեկ երգչախմբի փորձերին էր վազում, մեկ՝ պիոներական հավաքի, մեկ՝ «Պատրաստիր ինքդ» խմբակի պարապմունքներին, մեկ՝ տիկնիկային թատրոն․․․ Բայց դրա փոխարեն Նախնախին պատմելու շատ բան ուներ։

Մի անգամ տատիկը, ձեռնափայտին հենված, ոտքերը հազիվ քարշ տալով ման էր գալիս այգում, և հանկարծ աչքին ընկավ կապտա֊մանուշակագույն ծաղիկներով մի փոքրիկ թուփ։

― Դլփնա՜կ, ― քթի տակ ասաց նա։ ― Ինչպես է, որ մինչև հիմա մտքովս էլ չի անցել։ Բուժիչ խոտն ինքն է աճել իմ այգում, իսկ ես ուշադրություն էլ չեմ դարձնում։ Իզուր չէ, որ սրան «ոսկրաբույժ» են ասում։ Ծերացած ոսկորներն է բուժում, կյանք է տալիս նրանց։ Մենակ թե պետք է ոչ միայն ծաղիկները, այլև ամբողջ թուփը՝ արմատն էլ հետը քաշել հանել։ Թող Ֆրիդրիխը մի լավ փորի, արմատախիլ անի։

Սակայն այս անգամ Ֆրիդրիխը համառեց։ Նա նույնիսկ մի երկար ճառ ասաց․

― Լավ ծաղիկներ են, գեղեցիկ։ Իրենք իրենց աճել են մեր այգում, ափսոս են։

― Բայց չէ՞ որ, Ֆրիդրիխ, դրանք պետք են իմ առողջության համար։

Ֆրիդրիխը մի քիչ ընդդիմացավ, հետո սկսեց փորել։ Միայն թե շարունակ ինչ֊որ բան էր փնթփնթում ու տարուբերում գլուխը։

Պոսոշոկ տատիկը մի քանի արմատիկ վերցրեց, ջեռոցում մի լավ չորացրեց, լցրեց կտավե տոպրակի մեջ ու բերանը կարեց։ Այնուհետև այդ տոպրակը դրեց իր ներքնակի տակ ու սկսեց ինչ֊որ կախարդական խոսքեր մրմնջալ․ «Դլփնակի արմատ, կյանք տուր ոսկորներիս, այնպես արա, որ թևերս չթմրեն, ոտքերս չցավեն, մեջքս չկոտրվի, ուժս տեղը գա, և երակներովս կենարար հյութը հոսի»։ Այս կախարդանքը նա իր տատիկից էր սովորել, երբ դեռ շատ փոքրիկ աղջիկ էր։

Վաղո՜ւց֊վաղո՜ւց էր դա։

Առաջին համաշխարհային պատերազմից առաջ․․․ Իսկ այն ժամանակ նա ապրում էր իր հայրենիքում՝ Թյուրինգիայում, անտառապատ սարի գագաթին ծվարած, լեռնային մարգագետնով շրջապատված Պոսոշոկների փայտե տնակում։ Մի անգամ ոչխար արածեցնելիս նրա ոտքը դուրս է ընկնում, և տատիկը բուժում է նրան չորացած արմտիքով ու կախարդանքով։

Եվ մեկ էլ, իհարկե, թրջոցներով։ Նրա հորեղբոր տղա Ալոիզ Պոսոշոկը հիմա էլ է այնտեղ ապրում՝ անտառին մոտիկ, մարգագետնի ծայրին գտնվող գերանակապ տանը։ Կովեր, իհարկե, նա այլևս չի արածեցնում։ Անցյալ ձմեռ ուսուցիչ Հերբերտը՝ Գինայի ավագ եղբայրը, այցելեց նրան, երբ դահուկային մեծ արշավի էին դուրս եկել։ Ալոիզին Պոսոշոկ տատիկի ողջյունները հաղորդեց և նրանից էլ ողջույն բերեց տատիկին։ Ուսուցիչը պատմեց Ալոիզի քանդակազարդ հնամենի պահարանի մասին, որը զբոսաշրջիկները միշտ էլ ցանկանում էին գնել։ Սակայն ծերուկը չէր համաձայնում վաճառել։ Այ, հենց այդ պահարանում էլ ապրում է Արմատիկ֊ծերուկը։ Է՛հ, թե որ այդ արմատիկն այստեղ կլինե՜ր․․․ Բայց քանի որ այստեղ չէ, տատիկը ստիպված է բուժվել դլփնակով ու կախարդանքով։

Դլփնակից էլ հենց ամեն ինչ սկսվեց։ Հետո նա հիշեց նաև խաղաթղթերը։ Այն օրից, ինչ Նախնախը իր մոտ բերեց փոքրիկ Երիցուկին, միշտ այնքան զբաղված էր լինում, որ թղթերի մասին իսկի մտքովն էլ չէր անցնում։ Միայն լռակյաց Ֆրիդրիխը գիտեր նրա գաղտնիքը, նա էլ խոստացել էր լուռ ու մունջ մնալ։


Թե ինչպես Երիցուկը խիստ կատաղեց

Չքնաղ Լիլոյին շատ դուր եկավ նաև Պոսոշոկ տատիկը։ Եթե Նախնախը մի քիչ առողջ լիներ, նա Երիցուկի ծնողների բնակարանում իրեն համար շատ գործ կգտներ և կդառնար տան մարդ, ինչպես մի ժամանակ մանկապարտեզում։ Այդ դեպքում օրերն այդպես դատարկ չէին թվա ու Երիցուկից անջատվելն էլ նրա համար այդքան դառնություն չէր պատճառի։ Բայց ոտքերի ցավին ու գոտկատեղի կոտրատվելուն չէին օգնում ոչ դլփնակը, ոչ էլ կախարդանքները։ Արդյո՞ք ճիշտ չէին նրանք, ովքեր այդ ամենը անմտություն էին համարում։ Այժմ Նախնախը նույնիսկ դարպասից դուրս գալ չէր կարողանում։

Մի անգամ, երբ Երիցուկը կրկին մի քանի օրով հյուր էր եկել տատիկին, և նրանք նստած էին ընթրիքի սեղանի շուրջը, Երիցուկն ասաց․

― Հիմա մայրիկը ստիպված է քիչ գնալ քաղաքից֊քաղաք։ Իսկ հրավերներ շատ ունի․․․

― Իսկ ինչո՞ւ չի գնում, ― հարցրեց Նախնախը։

― Մենք պստիկ պիտի ունենանք։ Մայրիկը երեկ է ասել այդ մասին։ Իսկ դու արդեն գիտե՞ս․․․

― Գիտեմ, գիտեմ․․․ ― մռթմռթաց Նախնախը․ այդ պահին նրա ձայնը նման էր ծեր արջի ձայնի։ Եվ սրտնեղած ավելացրեց․ ― Դե, քանի որ այդպես է, ավելի լավ կլինի վերադառնաս ինձ մոտ։

― Դու, ինչ է, Նախնախ, իսկապե՞ս կարծում ես, որ եթե փոքրիկը ծնվի, մայրիկը կդառնա չար խորթ մայր։

Նախնախը կրկին զայրացած մռթմռթաց․

― Ըը՜, դե չէ, չէ․․․ Բայց հայրիկին դու արդեն առաջվա նման պետք չես լինի։ Ասենք, մայրիկին նույնպես․․․ Իսկ ինձ ավելի շատ ես պետք։

Վերջին նախադասությունը Երիցուկը դժվարությամբ հասկացավ։

― Ի՜նչ ես ասում, Նախնախ, ես ամեն օր կգամ քեզ մոտ, ես ու մայրիկը, քեզ հո բոլորովին մենակ չե՞նք թողնի․․․ Իսկ ես մայրիկին էլ եմ պետք։ Հայրիկին՝ նույնպես։ Այդ պստիկն էլ։

― Այդտեղ մեծ տարբերություն կա, ― գլուխը տմբտմբացնելով՝ մռթմռթաց Նախնախը։ ― Շատ մեծ տարբերություն․․․

Երիցուկը քիչ էր մնում լաց լիներ։

― Ախր ես այդ փոքրիկին արդեն շատ֊շատ եմ սիրում։ Դու էլ, Նախնախ, դու էլ սիրիր նրան․․․ Ա՛յ, ինչպես ինձ։

Նախնախը հազաց, մաքրեց կոկորդը, և նրա ձայնը բոլորովին ուրիշ դարձավ․

― Դե, գուցե ոչ այնպես, ինչպես քեզ, բայց նրան նույնպես կսիրեմ։

― Իսկ ես նրան ամեն օր մանկասայլակով քո այգին կբերեմ։ Խնձորենու տակ կդնենք՝ այնտեղ զով է։ Ես շատ ուրախ եմ, Նախնախ։ Դու էլ, դու էլ ես ուրախ, ես տեսնում եմ, որ ուրախ ես։

― Իհարկե, ուրախ եմ, ― ասաց Նախնախը։ Նա չէր ուզում Երիցուկին վշտացնել։ Առանց այն էլ իր շատախոսությամբ քիչ էր մնում լացացներ նրան։


Երգչախմբի պարապմունքներին, ինչպես միշտ, երեքով էին գնում՝ Գինան, Երիցուկն ու Վոլֆը։ Երիցուկը անվերջ լուսանշանին էր նայում ու չէր թողնում, որ Վոլֆը կարմիր լույսի տակ փողոցն անցնի։ Իսկ Գինան դրա համար ձեռ էր առնում նրան։

― Ինչ խելո՜ք ես։ Ուզում ես միլիցիոներից հի՞նգ ստանալ։ Երիցուկը չէր բարկանում, այլ միայն ծիծաղում էր, և նրա գանգուր պոչիկը շարունակ թռչկոտում էր ծոծրակի վրա։

Բայց դրա փոխարեն Վոլֆն էր կատաղում․

― Էյ դու, խորամանկ։ Ինչ ես անընդհատ կպչում նրան։ ― Եվ զարմանում էր Երիցուկի վրա։ ― Ինչպե՞ս ես հանդուրժում։ Ես քո տեղը լինեի՝ նրան մի լավ հուպ կտայի։

― Դրա համար էլ դու Վոլֆ[1] ես, ― վրա տվեց Գինան։ ― Վո՛լֆ, Վո՛լֆ, Վո՛լֆ․․․

Վոլֆը կարմրեց։ Ոչ մի բանից նա այնքան չէր վիրավորվում, որքան իր անունը ծաղրանքով արտասանելուց։ Բռունցքները սեղմելով նա նետվեց Գինայի վրա, և եթե Երիցուկը չբռներ նրա ձեռքը, տուրուդմփոց կսկսվեր։

― Ի՞նչ եք մի բառի համար կռիվ սարքում, ― Վոլֆին հանգստացրեց Երիցուկը։ Բայց սա, բռունցքները դեռ սեղմած, գոռաց․

― Թող հլա փորձի մեկ էլ ինձ այդպես անվանել։ Երևակայում է։ Այնպես կհասցնեմ, որ քեֆը կգա։

Չնայած Գինան երկուսից էլ բարձր էր, բայց գիտեր, որ Վոլֆի հախից գալ չի կարող։ Դրա համար էլ նա խոսեց այնպիսի տոնով, ինչպես սովորաբար խոսում են մեծերը։

― Դե լավ, դու Վոլֆ չես։ Հիմա գո՞հ ես։

«Միշտ էլ խելացին է զիջում», ― հիշեց մոր սիրած ասույթն ու դեմքին այնպիսի արտահայտություն տվեց, որ Երիցուկը հռհռաց։ Հիմա արդեն Գինան ու Վոլֆը չկարողացան իրենց ծիծաղը զսպել։ Եվ կրկին երեքով շարունակեցին ճանապարհը դեպի դպրոց։ Սակայն հաշտությունը կարճ տևեց։ Այսօր Գինայի գժությունը իրոք բռնել էր։ Շինհրապարակի մոտ մի փոքրիկ, անճոռնի խցիկ կար։ Մատով խցիկի կողմը ցույց տալով՝ Գինան ասաց․

― Ոնց որ Պոսոշոկ տատիկի տնակը լինի։ Հավի ոտքերով խրճիթ է։ Վաղուց այդ կախարդի տնակը քանդելու ժամանակն է։ Մեր ժամանակակից թաղամասի տեսքն է գցում միայն։

Ասես մեկը բռունցքով հարվածեց Երիցուկի կրծքին։ Նա մեխվեց տեղում։

― Հավի ոտքերով խրճի՞թ։ Հապա կրկնի՛ր։

Երիցուկի ուրախ տրամադրությունը չգիտես ուր կորավ։ Նրա դեմքը հանկարծ բոլորովին փոխվեց, իսկ ձայնը դարձավ խռպոտ ու ցածր․․․

Մի պահ Գինան իրեն կորցրեց։ Այդպիսի բան երբեք չէր եղել։ «Միշտ էլ խելացին է զիջում» ասույթը գլխից հանկարծ թռավ։

― Հա՛, հա՛, հա՛, ― գոռաց նա։ ― Հավի ոտքերով խրճիթ։ Բա ի՛նչ է, մեղրաբլիթե տնա՞կ։ Չէ՛, հին ու փտած կախարդի խրճիթ։

Բայց այստեղ արդեն լուսանի պես նրա վրա հարձակվեց Երիցուկը։ Եվ չնայած Գինան մի գլուխ նրանից բարձր էր, անսպասելիությունից գետին գլորվեց։

Ուշադրություն չդարձնելով նրա վայրի ճիչերին՝ Երիցուկը հարվածում էր ուր պատահի։ Գինան թափահարում էր ոտքերը, ճանկռում էր, բայց կատաղած Երիցուկը ցավ չէր զգում․․․ Վոլֆը փորձում էր բաժանել նրանց, բայց դա հաջողվեց միայն այն ժամանակ, երբ օգնության հասավ ինչ֊որ կին։

Գինան իսկույն ոտքի ելավ ու, կեղտոտ, պատառոտված շրջազգեստով, լացուկոծով նետվեց հակառակ կողմը, դեպի տուն։ Նրա մեծ լինելուց հետք անգամ չէր մնացել։ Վազելիս բռունցքներով սրբում էր արցունքներն ու դեմքը կեղտոտում։

Երիցուկն ու Վոլֆը նույնպես վերադարձան տուն։ Հիմա արդեն էլ ի՞նչ երգչախումբ։ Երիցուկը քայլում էր լուռ, Վոլֆը նույնիսկ նրա ձեռքից բռնեց ու տուն տարավ, ինչպես փոքրիկի։

Լիլո մայրիկը սարսափեց, երբ դուռը բանալով, շեմքին տեսավ Երիցուկին։ Վերջինս կանգնած էր գզգզված, ճանկռոտված ու ոչ մի բառ չէր ասում։ Վոլֆը ստիպված եղավ ամեն ինչ պատմել։

― Սկզբում ես ուզում էի Երիցուկին օգնել ու մի լավ դնգստել Գինային, ― ասաց նա, ― բայց երկուսը մեկի դեմ՝ դա բանի նման չէ։ Իսկ երբ Երիցուկը նրան այդպես քոթակեց, ես նրանց բաժանեցի։ Գուցե ճիշտ չե՞մ վարվել։

― Միանգամայն ճիշտ ես վարվել, ― ասաց Լիո մայրիկը։ ― Ապրես, Վոլֆ։

Մայրիկը Վոլֆին շոկոլադ հյուրասիրեց, ու նա տուն գնաց։ Իսկ Երիցուկին մայրիկը տարավ լողասենյակ, ձեռք ու երես լվաց, շորերը փոխեց, սանրեց մազերը։

― Քեզ այդ ի՞նչ է պատահել, Երիցուկ։

Նա նստեց պատուհանի մոտ դրված բազկաթոռին ու Երիցուկի ձեռքը բռնելով՝ մոտ քաշեց։

Երիցուկը սեղմվեց նրա այտին ու սկսեց լաց լինել։ Լիլո մայրիկին կարելի էր ամեն ինչ պատմել՝ և թե ինչից սկսվեց վեճը, և որ, միևնույն է, այդ Գինային քիչ պատիժ հասավ, և որ Երիցուկն այժմ ամաչում է․․․ Եվ ինչի մասին էլ ուզես կարելի է հարցնել։

― Ուրեմն Գինան ուզում էր ասել, որ Նախնախը կախա՞րդ է։

― Դե չէ, ի՞նչ ես ասում, Երիցուկ։ Չէ՞ որ միայն հեքիաթներում են կախարդներ լինում, մեկ էլ տիկնիկային թատրոնում։ Իսկ դեղագործի ընտանիքում, առավել ևս, ոչ ոք չի հավատում կախարդներին։ Իսկ Գինան բոլորից փոքրն է։ Էլ ինչպե՞ս կարող է նա բարի Նախնախին կախարդ համարել։ Չէ, նա ուրիշ բան է ուզեցել ասել։

― Եվ իրոք։

Լիլոն միշտ էլ անսխալ պատասխան էր գտնում։

Հիմա Երիցուկն այլևս բարկացած չէր Գինայի վրա։


Թե ինչպես Երիցուկն իմացավ Նախնախի գաղտնիքը

Մի անգամ Երիցուկենց դասարանին մի ժամ շուտ էին տուն թողել, որովհետև հիվանդացել էր նկարչության ուսուցիչը։ «Նախ կվազեմ տատիկի մոտ, ― որոշեց Երիցուկը, ― տեսմեմ ինչ կա առնելու, և ընդհանրապես, ոնց է, ոնց չի․․․ Գարնանային արևոտ օր էր։ Պարտեզների ցանկապատների վրայից երևում էին ծաղկած եղրևանիները։ Նոր մայթերի երկայնքով վերջերս տնկված մատղաշ շիվերը արդեն կանաչել էին։ Ճյուղից ճյուղ թռչելով բարձր ճռվողում էին ճնճղուկները։ Բայց ամենից ուրախալին Նախնախի հին այգու մասին մտածելն էր․ այնտեղ ծառերը բարձր֊բարձր էին, իսկ թփերի մեջ թռվռում ու ճախրում էին թռչունները՝ կեռնեխները, շիկահավերն ու երաշտահավերը։ Նրանց մի մասը բույն է հյուսում, մյուսները արդեն բնակվել են՝ ծլվլում են ու միմյանց ձայնակցում։ Իսկ ամենածիծաղելին երաշտահավերն էին․․․

Երիցուկը բացեց պարտեզի դռնակը, որը երբեք փականով չէին փակում։ Պարտեզը ողողված էր արևով։ Հավանաբար, Նախնախը տան ետևում է՝ նստած է խնձորենու տակ դրված նստարանին։ Երիցուկը պտտվեց տան շուրջը։ Չէ, Նախնախն այստեղ չէր։ Երիցուկը մի քիչ կանգ առավ, ականջ դրեց ծլվլոցին ու ճռվողյունին։ Այ քեզ գեղեցկություն։ Ծառերն ու թփերը ասես կանաչ լույսով են պարուրված, սիզամարգերում ծաղկել են մարգարտածաղիկներն ու խատուտիկները։ Ահա և մանուշակը։ Ահա և երկրորդը․․․ Երիցուկը երկու փունջ արեց․ մեկը՝ Նախնախի, մյուսը Լիլո մայրիկի համար։

Նա չքաշեց պարանը, որպեսզի զնգզնգացնի հնամենի զանգը, այլ պարզապես հրեց դուռը․ դուռը նույնպես կողպված չէր, բայց Երիցուկի ետևից շրխկոցով փակվեց։ Կանաչ լույսից և ուրախ ճռվողյունից հետո նախասենյակը նրան առանձնապես մութ ու սառը թվաց։ Եվ մի տեսակ մգլահոտ էր գալիս․․․ Այսօր այստեղ ամեն ինչ կարծես ուրիշ է․․․ Երիցուկը ականջ դրեց։ Չնայած խոհանոցի դուռը կիսաբաց էր, սակայն չէր լսվում ոչ Նախնախի փնթփնթոցը, ոչ էլ հատակի տախտակների ճռճռոցը։ Տնակը իրոք որ բոլորովին խարխուլ էր․ ոչ մի դուռ չէր փակվում․․․

Գուցե Նախնախը հիվանդացե՞լ է։ Երիցուկը զգուշությամբ ննջարանի դռնից ներս նայեց։ Ոչ, այնտեղ էլ ոչ ոք չկար։ Ուրեմն նա ձեղնահարկում է։ Երիցուկը մի տեսակ իրեն կորցրեց։ Զգույշ, ասես խախտելով, ինչ֊որ արգելք, գաղտագողի բարձրացավ աստիճաններով ու անաղմուկ բացեց դուռը։ Նախնախը անշարժ նստած էր սեղանի մոտ՝ մեջքը Երիցուկի կողմը։ Երիցուկը մոտ գնաց, կողքից նայեց․․․ Տատիկը մի տեսակ կարծես այն չէր, ինչ եղել էր․․․ Եվ քիթն էլ ոնց որ սրված լիներ․․․ Սեղանին շաղ էին տված խաղաթղթերը։ Նախնախը ուշադրությամբ նայում էր դրանց։ Վերջապես նա շարժվեց, գլուխը տարուբերեց, հետո խորը հոգոց հանեց։ Լսվեց ծանոթ փնթփնթոցը։ Երիցուկի ականջին այնպիսի սարսափելի բառեր հասան, որ նա քարացավ տեղում․

― Միայն թե չմեռնի․․․

«Ո՞վ, ― մտածեց Երիցուկը, ― ո՞ւմ մասին է խոսում»։

Նախնախը կրկին սկսեց մռթմռթալ, և Եիրցուկը լսեց․

― Արմատիկ֊Ծերուկ․․․ Արմատիկ֊Ծերուկ․․․ Արմատիկ֊ծերուկ․․․

«Այս ինչի՞ մասին է խոսում։ Ի՞նչ Արմատիկ֊Ծերուկի մասին է խոսքը»։

Երիցուկը չհասցրեց այդ մասին կարգին մտածել, որովհետև կրկին վախեցավ, երբ Նախնախը իր անունը տվեց։

― Երիցուկ, իմ խե՜ղճ Երիվուկ։

Ուրեմն խոսքը ի՞ր մասին է։ Ինքը պիտի մեռնի՞։ Երիցուկը ուզեց ճչալ․ ասես ամեն ինչ գեշ երազում լիներ։ Իսկ Նախնախն արդեն նորից փնթփնթաց․․․

― Չքնաղ Լիլո․․․ Չքնաղ Լիլո․․․

Եվ ակստեղ Երիցուկը ճչաց․

― Ո՛չ, ո՛չ։ Միայն ոչ Լիլոն։

Արցունքներն հոսում էին այտերով։

Նախնախը վեր թռավ տեղից։ Նա ուզեց վեր կենալ, սակայն նորից նստեց։ Իսկ Երիցուկն արդեն փաթաթվել էր նրան ու, լաց լինելով, կրկնում էր․

― Նախնա՛խ, Նախնա՛խ, այս ի՞նչ ես անում այստեղ։ Ինչո՞ւ պիտի նա մեռնի։ Ասա, Նախնախ, ասա։ ― Նա ցնցեց Նախնախի ուսերը։

Եվ հանկարծ մի սարսափելի միտք առկայծեց գլխում․․․ Նա ետ թռավ ու աչքերը չռեց Նախնախի վրա։

― Նախնա՛խ, գուցե դու իսկապե՞ս կախարդ ես։

Այս բառերը կարծես մտրակի պես հարվածեցին տատիկին։ Նախնախը հանկարծ կծկվեց, ասես ավելի ծերացավ։ Կորացած՝ նստել էր աթոռին, գլուխը ցնցվում էր, շուրթերը դողդողում էին։ Դեմքը փոքրացավ֊փոքրացավ և կնճիռներով սկսեցին արցունքներ հոսել։ Այստեղ Երիցուկը նորից սկսեց լաց լինել ու ամուր֊ամուր փաթաթվեց Նախնախին։

― Չէ, չէ, Նախնախ։ Ես բոլորովին էլ դա չէի ուզում ասել․․․ Ախր ես գիտեմ, որ կախարդներ չկան․․․

Երկուսն էլ այնքան հուզված էին, որ ոչ մեկը, ոչ մյուսը չկարողացան հիշել անգամ, թե ինչ խոսեցին, ինչ արեցին ու ինչպես հաշտվեցին։ Այդ պատճառով էլ այստեղ, այս գրքում նույնպես այդ մասին ոչինչ չի պատմվի։


Կես ժամ անց ամեն ինչ սովորականի պես էր։ Երիցուկը բացեց պատուհանը, և սենյակը միանգամից արևով ողողվեց․ պարտեզից լսվում էր թռչունների դայլայլը։ Նախանախատատն ու ծոռը նստել էին դեմ֊դիմաց, սեղանի մոտ, որի վրա, մանուշակների փնջով փոքրիկ բաժակից բացի, ոչինչ չկար դրված։

Նախնախը արդեն կրկին առաջվանն էր, միայն աչքերն ու քիթն էին մի քիչ կարմրած, ասենք, Երիցուկն էլ նրանից պակաս չէր։

― Երիցուկ, ոչ մեկին չպատմես այդ խաղաթղթերի մասին և այն մասին, որ․․․ դու ինձ բռնացրիր թղթերի վրա։ Թե չէ, Լիլոն ու հայրիկը այլևս քեզ չեն թողնի ինձ մոտ գաս․․․ Բա ինչպե՞ս կապրեմ այն ժամանակ։ Ախր, Երիցուկ, ինքդ էլ գիտես, որ առանց քեզ ապրել չեմ կարող։

Երիցուկը խոստացավ, որ ոչ մեկին ոչինչ չի ասի։

― Մենակ ասա ինձ, թե դրանք ի՞նչ թղթեր են, ― հարցրեց նա։ ― Եվ ինչո՞ւ ասացիր, թե Լիլո մայրիկը կմեռնի։ Չէ՞ որ դա չի կարող պատահել․․․

Եվ այստեղ Նախնախը սկսեց ստել։ Ուրիշ ի՞նչ աներ, ճար չկար։ Բայց ստել բոլորովին չէր կարողանում։

― Ճիշտ չէ, ճիշտ չէ, ― ասաց նա։ ― Դա հիմարություն է, ուղղակի ես էի հնարել․․․ Դատարկ բան է․․․ Երևի, ծերությունից է։ Եվ մեկ էլ նրանից, որ ամբողջ օրը մենմենակ եմ․․․ Մեկ էլ տեսար գլուխս մի հիմարություն է մտնում։ Հիմարություն է դա, հիմարությո՛ւն․․․ Սուտ է, ինչ որ խաղաթղթերը ցույց են տալիս, բոլորն էլ սուտ է։

― Ինչպե՞ս թե «խաղաթղթերը ցույց են տալիս», Նախնա՛խ։

― Դե ոչինչ էլ ցույց չեն տալիս, ուղղակի ինքդ ես երևակայում, և վերջ․․․ Մի ինչ֊որ անհեթեթ բան ես հնարում ու ինքդ էլ հավատում ես։ Չէ, Երիցուկ, դա սուտ է։ Եվ հայրիկին չասես, Լիլոյին էլ չասես, թե ես խաղաթղթերով «բախտ եմ բացում» ու ինքս էլ հավատում եմ դրան։ Կախարդել ես չեմ կարող, բայց զանազան խորհրդավոր բաների հավատում եմ։ Չէ, Երիցուկ, դու, իհարկե, մի հավատա, այս ամենը դատարկ բան է, հիմարություն, կայրեմ ես այդ խաղաթղթերը․․․ ― Եվ նա մատով ցույց տվեց լուսամուտագոգին դրված խաղաթղթերը։

― Ինչո՞ւ այրես, ― զարմացավ Երիցուկը։ ― Ախր դրանք դեռ բոլորովին նոր են։ Կխաղանք իրար հետ։

― Խաղալու համար պիտանի չեն․․․ Դրանց մեջ ջոքեր չկա։

― Հա֊ա֊ա՜․․․ Ուրեմն իրոք պիտանի չեն․․․ Միայն թե ես չհասկացա, Նախնախ, դու հավատո՞ւմ ես այդ «բախտ բացելուն», թե ոչ։ Մի տեսակ անհասկանալի ես խոսում։

― Դա, ախր, բոլորովին միևնույն է, Երիցուկ․․․ Բայց, այ, դու իսկի չպիտի հավատաս։ Լսում ես, Երիցուկ, դու, ուրեմն, ոչինչ չես տեսել, ոչինչ չես լսել։ Հասկացա՞ր։

Ոչ, Երիցուկը ոչինչ չհասկացավ։ Նա ամեն ինչ տեսել էր ու այնքան սարսափելի բաներ էր լսել․․․ Այնքան սարսափելի, որ նույնիսկ հարցրեց․

― Իսկ ինչո՞ւ ասացիր՝ «Միայն թե չմեռնի»։ Ինչո՞ւ պիտի Լիլո մայրիկը մեռնի։ Դա ախր հիմարություն է, չէ՞։ Թե՞ հիմարություն չէ։

― Հիմարություն է, Երիցուկ, հիմարություն է։ Երբ փոքրիկը ծնվի, Լիլո մայրիկը չի մեռնի։ Ամեն ինչ լավ կլինի․․․

― Իսկ մի՞թե մայրիկները մեռնում են, երբ երեխաներ են ծնվում։ Մի՞թե այդպես է լինում։

― Չէ, չէ, Երիցուկս, հիմա արդեն այդպես չի լինում։ Առաջներում հաճախ էր լինում, իսկ հիմա՝ երբեք։ Հիմա չէ որ մաքրություն կա, բժիշկներ կան․․․ Իսկ առաջ այդ բոլորը չկար։ Մենք էլ Արմատիկ֊Ծերուկին էինք հավատում։

Եվ Նախնախը բոլորովին մոռանալով, որ ուզում էր ձևացնել, թե իբր ոչ մի բանի չի հավատում՝ ոչ թղթերին, ոչ նախանշաններին, սկսեց պատմել Արմատիկ֊Ծերուկի մասին։

Խորհրդավոր շշուկով բացատրում էր նրան, որ մանուկ հասակում, դեռ այնտեղ, հայրենի Թյուրինգիայում, իրենց երբեմն թույլ էին տալիս խաղալ Արմատիկ֊Ծերուկի հետ․․․

― Դե, այդպիսի մի արմատ կա՝ ղանձիլի արմատ, սոխուկ, զորավոր, հասկանո՞ւմ ես։ Արմատիկ֊Ծերուկ․․․ Այ հենց դրա համար էլ ես ու իմ հորեղբոր տղա Ալոիզը ապրում ենք այսպես մինչև խոր ծերություն ու երբեք չենք հիվանդացել։ Միմիայն այդ պատճառով։ Չէ որ այդ արմատը առողջներին պահպանում է, իսկ հիվանդներին՝ բուժում։ Ա՜խ, թե որ այն ժամանակ այդ Արմատիկ֊Ծերուկը լինե՜ր։ Մայրիկդ չէր մահանա․․․

Եվ այստեղ նա տեսավ Երիցուկի սարսափահար դեմքն ու չռված աչքերը, որ հարցնում էին․ «Ուրեմն, կնշանակի այդ ամենը ճի՞շտ է։ Կամ գուցե Նախնախը հնարո՞ւմ է։ Կամ էլ նրա գլխում ամեն ինչ խառնվե՞լ է»։

Նախնախը Երիցուկի աչքերում այնպես պարզ կարդաց այս բոլոր հարցերը, որ անմիջապես ուշքի եկավ։

Երիցուկ, եթե ինձ սիրում ես, մոռացիր այս ամենը, ինչ ասացի այսօր այս ձեղնահարկում․․․ Մոռացիր այս խաղաթղթերի մասին։ Ես, հավանաբար, ջերմություն ունեմ, և ինչ ասես մտքովս չի անցնում։ Էլ այդ մասին մի մտածիր, Երիցուկ։ Իսկ ամենակարևորը՝ ոչ մեկին չես պատմի, թե չէ ես էլ հանգիստ չեմ ունենա։ Եթե այս խոսակցությունը բացվի, ախր էլ քեզ թույլ չեն տա ինձ մոտ գալ։ Բա ես ի՞նչ կանեմ․․․

Եվ նա նորից կծկվեց ու փոքրացավ֊փոքրացավ, ավելի ծերացավ, ու այնժամ Երիցուկն սկսեց նրան համոզել, որ աշխարհում ոչ մեկին ոչ մի դեպքում չի պատմի խաղաթղթերի մասին։ Իսկ հետո տուն գնաց։ Բայց նա արդեն այն Երիցուկը չէր, որը մի ժամ առաջ մտել էր տատիկի պարտեզը։


Ի՞նչ է պատահել Երիցուկին

Ուսումնական տարվա ավարտին մնում էր ընդամենը երկու շաբաթ։ Բայց այս տարի Երիցուկի մոտ ամեն ինչ այլ կերպ էր դասավորվել, քան անցյալ տարի։

― Ի՞նչ է պատահել Երիցուկին, ― հարցնում էր Լիլոն հայրիկին։ ― Նա բոլորովին փոխվել է։ Երբեմն այնպես երկչոտ է նայում ինձ, իսկ հետո էլ հանկարծ հարցնում է․ «Դու քեզ լա՞վ ես զգում, Լիլո մայրիկ»։ Գուցե նրան որևէ մեկը վախեցրե՞լ է․․․ Գուցե Նախնախը նրան ինչ֊որ բան է ասել։

― Չեն կարծում։ Նախնախը շատ խելացի է․․․

«Ի՞նչ է պատահել Երիցուկին», ― զարմանում էր և ուսուցիչ Հերբերտը։ ― «Նա սկսել է դասերին անուշադիր լինել, պատասխանում է հենց այնպես, իսկ վերջին թելադրությունից երեք էր ստացել․․․»։ Նա հարցրեց իր քույրիկին՝ Գինային․

― Չգիտե՞ս Երիցուկին ինչ է պատահել։ Չէ՞ որ դու նրա ընկերուհին ես։

― Ոչ, ― պատասխանեց Գինան։ ― Չգիտեմ։ Նա ինչ֊որ առաջվանը չէ։ Դա ես, իհարկե, նկատել եմ։ Ամբողջ օրը նստած է տանը, Լիլո մայրիկի կողքին, կամ իր Նախնախի մոտ է ցցված։ Նույնիսկ երգչախմբի պարապմունքին երեկ չէր եկել, ասաց, որ ձայնը խչպոտվել է։ Բայց դա փչոց էր, ինձ էլ հո չես խաբի։

― Ա՛յ դու, խորամանկ Գինա, ― ծիծաղեց ավագ եղբայրը։

Ուսուցիչ Հերբերտը խորհրդակցեց Լիլոյի հետ, թե ինչպես վարվի Երիցուկի հետ։

― Գուցե լավ կլինի նրան ճամբա՞ր ուղարկել, ― առաջարկեց նա։ ― Չէ որ շուտով արձակուրդ է։ Միջավայրի փոփոխությունը, նոր ընկերները, բնությունը, խաղերը, զվարճալիքները՝ այս ամենը անպայման նրան կօգնեն։ Ճիշտ է, մենք դեռ չգիտենք, թե այս տարի որտեղ կլինի մեր ճամբարը։ Հնարավոր է, որ լեռներում լինի։ Բայց մի բան հաստատ է՝ ճամբարի պետը ֆրաու Իրենն է՝ մանկապարտեզի նախկին վարիչը։

― Այդ մասին ինքս էլ եմ արդեն մտածել, ― ասաց Լիլոն։ ― Եվ նույնիսկ փորձել եմ Երիցուկի հետ խոսել։ Բայց նա միայն լալիս է ու կրկնում, որ ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի գնա, մինչև փոքրիկը չծնվի։ Չնայած գիտի, որ ծննդատուն մտնել, միևնույն է, ոչ մեկին թույլ չեն տալիս։ Չգիտեմ, ի՞նչ անենք։

Նախնախը նույնպես շատ էր անհանգստանում։ Դե, նա, իհարկե, գլուխ չէր կոտրում իմանալու համար, թե Երիցուկն ինչու է այդպես փոխվել։ Բայց դրանից նրա վիճակը ավելի էր ծանրանում․ չէ որ իրեն մեղավոր էր զգում։ Եվ որևէ մեկի մոտ սիրտը բացել չէր կարող, բացի Ֆրիդրիխից։ Եվ նրան էլ պատմեց, թե ինչ է պատահել Երիցուկին։

― Ֆրիդրի՛խ, ― իր պատմությունը եզրափակեց տատիկը, ― ախր դու գիտես, որ ես խաբել չեմ սիրում։ Առաջ, քեզնից բացի, ուրիշ ոչ ոք չգիտեր, որ ես «բախտ եմ բացում»։ Եվ ոչ ոք էլ այդ մասին ինձ չէր հարցրել։ Ուրեմն խոսելու հարկ էլ չի եղել։ Ախր գաղտնիք պահելը հո ստել չէ՞։ Ի՞նչ ես կարծում, Ֆրիդրիխ։

― Չէ, ստել չէ, ― հաստատեց Ֆրիդրիխը։

― Իսկ հիմա ես ստիպված էի ստել, Ֆրիդրիխ։ Երիցուկը անճանաչելի էր դարձել, այնպես որ ստիպված էի ստել։ Իսկ ամենից վատն այն է, որ էլի պիտի շարունակեմ ստել, որպեսզի նա չվախենա։ Ես նրան անվերջ ասում եմ, որ Լիլոյին ու փոքրիկին ոչինչ չի պատահի, բայց ախր թղթերը ցույց են տալիս, որ դժբախտություն է պատահելու։ Իսկ եթե թղթերը ցույց են տալիս, ուրեմն ճիշտ է։

― Ճի՞շտ է, ― հարցրեց Ֆրիդրիխը թերահավատությամբ տարուբերելով գլուխը։ Այլևս ոչ մի բառ չասաց։ Բայց Նախնախին շատ զարմացրեց նրա հարցը․ դեռ երբեք Ֆրիդրիխը նրա ասածները կասկածի տակ չէր առել։

― Դու, ի՛նչ է, թղթերին չես հավատո՞ւմ։

Ֆրիդրիխը կարմրեց․

― Չգիտեմ․․․ ― մռթմռթաց նա։

― Ի՞նչը չգիտես, Ֆրիդրիխ։ Հապա ասա տեսնեմ։

― Չգիտեմ, ճի՞շտ է դա, թե չէ։ Ախր «բախտ բացելիս» ամեն ինչ հնարավոր է․․․

Այսպիսի բարդ դատողություններ Նախնախը առաջին անգամ էր լսում Ֆրիդրիխից։ Նա նույնիսկ չիմացավ ինչ պատասխանի։ Երկու անգամ բերանը բացեց, բայց խոսքեր չգտավ ասելու։

― Ինչպե՞ս թե չես հավատում, ― վերջապես ասաց նա։

― Ոսկրաբույժի պատճառով․․․

― Ինչպե՞ս թե։ Ի՞նչ գործ ունի այստեղ ոսկրաբույժը։

― Գեղեցիկ ծաղիկներ էին։ Իրենք իրենց էին բուսնել այգում։

― Ահա թե ինչ։ Դու ծաղիկնե՞րն ես ափսոսում։ Ախր ես արմատները վերցրեցի, որ ոտքերս բուժեի։

― Բայց չօգնեց․․․

Այստեղ արդեն Նախնախը ստիպված էր համաձայնել։

― Այո, օգնելը չօգնեց, դա ճիշտ է․․․

― Եվ կախարդանքն էլ չօգնեց։ Իսկ ծաղիկները լրիվ արմատահան արեցինք, ― մռայլ ասաց Ֆրիդրիխն ու նախատինքով նայեց Նախնախին։

― Բայց ախր կախարդանքն ու ոսկրաբույժը մի բան են, խաղաթղթերը՝ մի այլ բան, ― համոզում էր նրան Նախնախը։ ― Չէ որ երբ թղթերը բացում եմ, իրենք են ցույց տալիս, թե ինչ է լինելու։

Բայց Ֆրիդրիխը շարունակում էր կասկածել։ Քաքուլը ոլորելով՝ նա մտքերի մեջ ասաց․

― Ոսկրաբույժի հետ կապված հույսը չիրականացավ, կախարդանքը չիրականացավ, խաղաթղթերի գուշակությունն էլ չի կատարվի։

Եվ այստեղ Նախնախը, ի զարմանս Ֆրիդրիխի, շատ ուրախացավ։

― Գոնե դու ճիշտ դուրս գայիր, Ֆրիդրիխ։ Գոնե դու ճիշտ դուրս գայիր։ ― Բայց հանկարծ կրկին մթնեց․ ― Ես շատ եմ վախենում, Ֆրիդրիխ, որ դա կատարվի․․․ Միայն թե Երիցուկը չհիվանդանա․․․ Ախր շատ է տանջվում․․․ Իսկ ամեն ինչի համար ինքս եմ մեղավոր․ ինչո՞ւ թղթերին հարցրեցի։ Հլա դեռ բարձր֊բարձր էլ խոսում էի ինքս ինձ․․․

Այս խոսքերի վրա Ֆրիդրիխը գլուխը տմբացրեց, Նախնախն էլ ի պատասխան տմբացրեց գլուխը։ Սակայն այս անգամ նրանք համաձայնության չէին եկել։


Խոսակցություն Վոլֆի հետ

Եվ Երիցուկը բոլորովին մենակ մնաց իր երկյուղի հետ։ Գիշերը, առանց աչք փակելու, մտածում էր ու մտածում և ոչ մի կերպ չէր կարողանում քնել։ Այ, եթե Գինայի հետ կռված չլիներ, գուցե մի խորհուրդ հարցներ նրանից։ Ճիշտ է, նրանք վաղուց արդեն հաշտվել էին, բայց նրանց բարեկամությունը մի տեսակ առաջվանը չէր։ Իհարկե, Երիցուկը երբեք չէր խախտի երդումը ու չէր մատնի տատիկին, թե իբր նա գուշակում է խաղաթղթերով, այլ հենց այնպես, ասես ի միջի այլոց կհարցներ․ «Ի՞նչ ես կարծում, Գինա, այն թղթերով, որոնցով խաղում ենք, կարելի՞ է մարդկանց ճակատագիրը գուշակել»։ Ասենք չէ, այդպես էլ չի կարողանա հարցնել։ Գինան իսկույն գլխի կընկնի։ «Իսկ ի՞նչ է, մի՞թե քո Նախնախը թղթերով գուշակություն է անում»։ Չէ՞ որ Գինան խորամանկ է։ Նա միայն ծիծաղում էր ծեր կանանց ու մեկ էլ փոքրիկների վրա, որոնք հավատում էին կախարդանքին, հեքիաթներին ու գուշակություններին։

Երիցուկը հառաչեց ու շրջվեց մյուս կողքին։ Եվ հանկարծ հիշեց Արմատիկ֊Ծերուկին, որը առողջներին պահպանում է, իսկ հիվանդներին բուժում։ Այն նույն Արմատիկ֊Ծերուկը, որը այն ժամանակ կփրկեր Երիցուկի մորը, եթե այստեղ լիներ։ Չէ՞ որ այդպես ասաց Նախնախը։ Ինչ լավ կլիներ, եթե Երիցուկը կարողանար մեկնումեկի հետ սիրտը բացել։

Բայց նա խոստացել էլ Նախնախին․․․ Սպասիր։ Իսկ Արմատիկ֊Ծերուկի մասին խոստացե՞լ է։ Երիցուկը նույնիսկ նստեց անկողնու մեջ։ Ոչ, ինքը Նախնախին խոստացել էր ոչ մեկին ոչինչ չասել միայն թղթերի մասին, իսկ Արմատիկ֊Ծերուկի մասին խոսք անգամ չէր եղել․․․

Այո, ինքը լավ է հիշում։ Կնշանակի, Արմատիկ֊Ծերուկի մասին կարելի է խոսել․․․ Բայց ո՞ւմ հետ։ Գինայի հետ՝ երբեք, իսկ Լիլո մայրիկի հետ՝ առավել ևս։

Եվ այստեղ Երիցուկը հիշեց Վոլֆին։ Չէ՞ որ Վոլֆը իր ամենալավ ընկերն է։ Հենց նրա հետ էլ ամեն ինչ կքննարկի․․․ «Ոնց էի մոռացել նրան», ― զարմացավ Երիցուկը։

Նա գլուխը դրեց բարձին ու վերջապես քնեց։


Նախնախի պարտեզում հասել էր հաղարջը։ Երիցուկն ու Վոլֆը բերքն էին հավաքում։ Թփի մոտ պպզած, նրանք պոկում էին քնքուշ կարմիր ողկույզներն ու դնում էմալապատ փոքրիկ դույլի մեջ։ Այ հենց այդտեղ էլ Երիցուկը Արմատիկ֊Ծերուկի մասին խոսք բացեց։ Շատ ու շատ տարիներ առաջ, Արմատիկ֊Ծերուկին մաքրել են արմատներից, այն ժամանակվա մոդայով ժիլետ ու տաբատ են հագցրել, և այդ օրվանից նա ապրում է Թյուրինգիայում, սարի գագաթի հինավուրց տնակում։ Հիմա էլ դեռ այնտեղ է ապրում, Նախնախի հորեղբոր տղայի՝ ծերուկ Ալոիզ Պոսոշոկի մոտ։ Այդպես է ասում Նախնախը։ Երիցուկը պատմեց այն ամենը, ինչ գիտեր Արմատիկ֊Ծերուկի մասին, իսկ հետո հարցրեց․

― Ի՞նչ ես կարծում, նա իրո՞ք առողջներին պահպանում է, իսկ հիվանդներին՝ բուժում։

Վոլֆը գլուխը տարուբերեց։

― Դա նույնպես հեքիաթ է, ինչպես թռչող գորգի մասին հեքիաթը։ Լավ են հնարել։ Բայց, այնուամենայնիվ, ճշմարիտ չէ։ Իհարկե, բույսեր կան, որ բուժում են։ Այ, քո Նախնախն էլ զանազան բույսերից թուրմ է պատրաստում։ Սակայն ինչ֊որ մի կախարդ Արմատիկ֊Ծերուկ, որ հենց ինքն է բուժում․․․ չէ, այդպիսի բան լինել չի կարող, հաստատ չի կարող։

― Ափսո՜ս, ― վշտացավ Երիցուկը։ ― Իսկ ինչքան լավ կլիներ։

― Իհարկե, լավ կլիներ, ― համաձայնեց Վոլֆը։ ― Հեքիաթներում ամեն ինչ լավ է։ Եվ գեղեցիկ։ Չէ՞ որ այն ժամանակ կարող էին ամբողջ դաշտում այդպիսի բույս ցանել։ Լեռնագագաթներին նույնպես դաշտեր կան։ Ինքդ ես ասում, որ նրանց մոտ, լեռներում փաղանգամուշկի դաշտեր կան։ Իսկ հետո՝ յուրաքանչյուր ընտանիք իր Արմատիկ֊Ծերուկն ունի, և ամեն ինչ կարգին է։ Ոչ բժիշկներ են պետք, ոչ դեղատներ, ոչ էլ հիվանդանոցներ։ Բոլորը առողջ են։

― Ես էլ այն ժամանակ չէի վախենա, ― հոգոց հանելով ասաց Երիցուկը։

― Իսկ ինչի՞ց ես վախենում, Երիցուկ։

― Ես քեզ կպատմեմ։ Միայն թե նախ երդվիր, որ աշխարհում ոչ մեկին ոչինչ չես ասի․․․

― Ինձ վրա կարող ես հույս դնել, Երիցուկ, առանց որևէ երդումի։ Բայց եթե ուզում ես, խնդրեմ, երդվում եմ։

― Ես վախենում եմ Լիլո մայրիկի համար։ Բա որ հանկարծ նա մեռնի՞, երբ փոքրիկը ծնվի։

Զարմանքից Վոլֆը նույնիսկ ընդհատեց հաղարջ պոկելը։ Երիցուկը՝ նույնպես։

― Ինչպե՞ս է մտքովդ այդպիսի բան անցել, ― հարցրեց նա։ ― Եվ ինչո՞ւ ես այդպիսի բան հնարել, Երիցուկ։

Երիցուկը մեղավոր տեսք ընդունեց։

― Գուցե նրա համար, որ․․․ ինձ էլ, քեզ էլ նույն բանն է պատահել։ Նախնախն ասում է, որ իմ մայրիկը գեղեցիկ էր, բարի ու իսկի էլ չէր մեռնի, եթե Արմատիկ֊Ծերուկը մեզ մոտ լիներ։ Նախնախը այդ արմատը կդներ մայրիկի անկողնում․․․

Եվ այդտեղ Երիցուկը վախեցավ, որ ասաց շատ ավելին, քան պետք էր։ Սակայն Վոլֆը տարուբերեց գլուխը։

― Ախր դա հեքիաթ է, Երիցուկ, ― ասաց նա։ ― Եթե որևէ մեկը հիվանդանա, Արմատիկ֊Ծերուկը չի կարող օգնել։ Ինքդ էլ ես հասկանում։ Կամ, գուցե, չե՞ս հասկանում։

Երիցուկն ամոթահար կանգնել մնացել էր տեղը։ Նա մի քիչ մտածեց, հետո ասաց․

― Բայց չէ՞ որ վնասել էլ չէր կարող, ճի՞շտ է։

― Այո, վնասել չէր կարող, եթե չհաշվենք, որ նա հին ու կեղտոտ լիներ ու վրան էլ՝ շատ մանրէներ։ Այդ դեպքում, իհարկե, չէր կարելի անկողնու մեջ դնել․․․

― Իսկ եթե մաքուր թաշկինակի մեջ փաթաթե՞ն։

― Հըմ․․․ Թերևս կարելի է։ Միայն թե ինչու անտեղի գլուխ կոտրենք։ Ձեր Արմատիկ֊Ծերուկը շատ հեռու է՝ Թյուրինգիայում, Ալոիզ Պոսոշոկի մոտ։ Եվ ընդհանրապես այդ ամենը հիմարություն է։ Համաձայն չե՞ս, Երիցուկ։

― Համաձայն եմ, ― ասաց Երիցուկը։

Սակայն նրա ձայնը այնքան էլ հաստատուն չէր։


Թյուրինգիայի երթուղիները

Ճամբարը, ինչպես հաջորդ օրը դպրոցում իմացավ Երիցուկը, այս տարի լինելու էր շատ հեռու՝ Թյուրինգիայում։ Դա հետաքրքրեց նրան։ Եվ հանկարծ հաստատ որոշեց․ «Կգնամ ճամբար, իսկ այնտեղից կհասնեմ Ալոիզ պապիկի մոտ ու կխնդրեմ, որ տա Արմատիկ֊Ծերուկին։ Գուցե իրոք օգնում է։ Կպատմեմ նախանախապապին, թե ինչու է արմատն ինձ պետք, և պապիկն անպայման կտա։ Միայն թե ոնց բացատրեմ հայրիկին ու Լիլոյին, թե ինչու հանկարծ միտքս փոխեցի ու որոշեցի գնալ ճամբար»։

Բայց նրա բախտը բերեց։ Լիլոն ինքը խոսակցություն բացեց այդ մասին, և Երիցուկին մնում էր միայն համաձայնել։ Լիլոն այնքան ուրախացավ, որ Երիցուկի համար գնեց խանութներում եղած սպորտային պայուսակներից ամենագեղեցիկը։ Երիցուկը մի քիչ ամաչում էր, որ խորամանկում է ու Լիլոյից թաքցնում, թե ինչու հանկարծ փոխեց որոշումը։ Իսկ երբ հայրը նրան նվիրեց մի փոքրիկ դրամապանակ, որի մեջ իսկական փող կար, նա ավելի ամաչեց։

Բայց, այնուամենայնիվ, լավ էր, որ նրա մոտ հիմա փող կար՝ ինքը հո գիտեր, թե փողերն ինչի համար պետք կգային։

Ավելի շատ ուրախացավ Վոլֆը։ Նրանց երրորդ դասարանը Երիցուկենց երկրորդ դասարանի հետ միավորված էր մի ջոկատի մեջ։

― Նմանը նմանին է գտնում, ― ծաղրում էր նրանց Գինան։ Գինան չորրորդ դասարանը զուտ հինգերով էր վերջացրել, և հիմա նրան բոլորովին ուրիշ ճամբար էին ուղարկում։ Դա ուրախացրեց Երիցուկին։ Ով ով, բայց Գինան հաստատ նկատել էր, որ Երիցուկն ու Վոլֆը ինչ֊որ գաղտնիք ունեն։

Ամեն ինչ ասես դիտավորյալ այնպես էր ստացվում, որ Երիցուկը իրագործեր իր մտադրությունը։ Թե չէ, հավանաբար, Արմատիկ֊Ծերուկը այդպես էլ երբեք դուրս չէր գա իր հնամենի պահարանից, և այս գիրքն էլ չէր գրվի։


― Երիցուկ, ես քեզ համար ամեն ինչ կանեմ, ― ասաց Վոլֆը, ― չնայած, իմ կարծիքով, դա ընդհանրապես անմիտ բան է։ Այսօր, հենց հայրիկը տուն գա, Թյուրինգիայի ավտոբուսային բոլոր երթուղիները կիմանամ։

Իսկ հաջորդ օրը Երիցուկն ու Վոլֆը հանդիպեցին Նախնախի պարտեզում։ Երիցուկը տատիկի համար խանութից ուտելիք էր առել, կաթ, կարագ, ձու։ Իսկ Ֆրիդրիխը մի ամբողջ զամբյուղ բալ էր քաղել։

Նախնախը բալի կարկանդակ թխեց և շատ ուրախացավ, որ թխվածքը բոլորին այդպես դուր եկավ։ Իսկ հետո երեխաները նստեցին խնձորենու տակ դրված նստարանին, և Վոլֆը բացեց Թյուրինգիայի մի քիչ մաշված քարտեզը․ դա հայրիկի տված չվացուցակի հավելվածն էր։ Չվացուցակն, իհարկե, նոր չէր, բայց առայժմ նրանց դա էլ էր ձեռք տալիս։ Չէ որ սկզբում անհրաժեշտ էր իմանալ, թե որտեղ և իրարից ինչ հեռավորության վրա են գտնվում այս քաղաքն ու գյուղը։ Վոլֆը Երիցուկին բացատրում էր, թե ինչ են նշանակում քարտեզի վրայի գծերը, թե դրանցից որոնք են երկաթուղիները, որոնք՝ խճուղիները, որ կետերն են քաղաքները, որոնք՝ գյուղերը։

― Մտքովս չէր անցնի, թե Թյուրինգիայն այդքան մեծ է, ― ասաց Երիցուկը, և որ դու այդքան անուններ գիտես։

Երիցուկը ոգևորությամբ նայում էր Վոլֆին։ Ամենից շատ նրան զարմացնում էր, թե ինչպես է նա գլուխ հանում չվացուցակից և գտնում բոլոր այն քաղաքներն ու գյուղերը,որոնք իրենց պետք են։ Եվ ինչպես էլ չի խճճվում բոլոր այդ թվերի մեջ։ Թե ո՛ր ավտոբուսը երբ է գալիս, երբ է մեկնում․․․ դա նրան ուղղակի մի տեսակ կախարդություն էր թվում։

Նախկին տուրիստական հանգրվանը, ուր պիտի տեղավորված լիներ նրանց ճամբարը, գտնվում էր Ծիծեռնակադաշտ գյուղից ոչ հեռու։ Այդ գյուղը նրանք շատ շուտ գտան, իսկ հետո սկսեցին որոնել Ոսկեսար գյուղը, ուր սարի վրա ապրում էր Ալոիզ Պոսոշոկը։ Ծիծեռնակադաշտն ու Ոսկեսարն իրարից բավականին հեռու են, և ավտոբուսային ուղիղ կապ չկա նրանց միջև։ Ծիծեռնակադաշտից պետք է ավտոբուսով հասնել մինչև մոտակա քաղաքը, իսկ այնտեղից տարբեր ուղղությամբ գնացող ավտոբուսային շատ երթուղիներ կան։ Եվ նրանցից մեկը տանում է դեպի Ոսկեսար։

― Բայց դու մենակ ինչպե՞ս կգնաս, ― տարակուսանքով հարցրեց Վոլֆը։ ― Բա որ հանկարծ մոլորվե՞ս։

― Չեմ մոլորվի, ― ասաց Երիցուկը։ ― Կարևորն այն է, որ դու ինձ ասես, թե Ծիծեռնակադաշտից ավտոբուսը ո՞ր ժամին է գնում քաղաք։ Ո՞ր ավտոբոսով ես պիտի քաղաքից մեկնեմ։ Եվ ե՞րբ է քաղաք հասնում ավտոբուսը։ Ե՞րբ է քաղաքից Ոսկեսար մեկնում։

― Դա արդեն ես հասկանում եմ։ Չէ՞ որ մենք պիտի անցնենք քաղաքով, երբ ճամբար գնանք։ Ես այնտեղ կամ նոր չվացուցակը կգնեմ, կամ էլ կնայեմ այն մեծ չվացուցակը, որ կախված է ավտոբուսի կանգառում։ Դե դու գիտես, որ ես դրանից գլուխ եմ հանում։ Իսկ փող ունենք։

Վոլֆի դրամապանակում նույնպես հայրիկը դրամ էր դրել, և նա ուրախացավ․ այդ փողերը Երիցուկին պետք կգան։


Ճամբարը Ծիծեռնակադատում

Նախկին տուրիստական հանգրվանը, ուր տեղավորված էր պիոներական ճամբարը, գտնվում էր խճուղուց ոչ հեռու՝ ավտոբուսի կանգառից ոտքով ընդամենը տասը րոպեի ճանապարհ էր։ Բայց այստեղ արդեն անտառ էր։ Սոճիները հասնում էին մինչև ճամբարի շենքը։ Այստեղ հիմնականում սոճիներ էին, իսկ տեղ֊տեղ և՛ կեչի էր երևում, և՛ թղկի, և՛ կաղնի, և՛ հաճարենի։ Անտառում մի փոքրիկ գետակ կար։ Ովքեր լողալ չգիտեն, այստեղ կսովորեն։

Տեղ հասան երեկոյան։ Նախ գնացքով, ապա ավտոբուսով երկար ճանապարհորդելուց հետո՝ երեխաներն այնպես էին հոգնել, որ նույնիսկ ուշադրություն չէին դարձրել այս ամբողջ գեղեցկությանը։ Իսկ մեծերը միայն մտածում էին այն մասին, որ երեխաները արագ լվացվեն, ընթրեն ու պառկեն քնելու։

Երիցուկն ուշ արթնացավ և անմիջապես մտածեց․ «Սա ի՞նչ բան է։ Ինչո՞ւ է մահճակալս թարս դրված։ Ո՞ւր է մեր պատուհանը»։ Նա նստեց ու նայեց շուրջը։ Չորս կողմը մահճակալներ էին, և բոլորի վրա էլ երեխաներ էին քնած․․․ Միայն այդտեղ Երիցուկը հիշեց, թե որտեղ է ինքը։ Հեռու֊հեռու տանից, հեռու֊հեռու Լիլոյից ու հայրիկից, հեռու֊հեռու Նախնախից։ Առաջին պահին նա ուզեց լաց լինել։ Այդ էր պակաս։ Հո փո՞քր չէ։ Նույնիսկ երբ նա իրոք բոլորովին փոքրիկ էր ու առաջին անգամ մանկապարտեզ գնաց, էլի լաց չեղավ։ Քանի՜֊քանի անգամ է Նախնախը այդ մասին պատմել նրան։

Իսկ հետո հիշեց, թե ինչի համար է այստեղ եկել։ Հարկավոր է հնարավորին չափ շուտ ձեռնամուխ լինել պլանի կատարմանը։ Պետք է անմիջապես տեսնի Վոլֆին ու խոսի հետը․․․ Բայց նա, հավանաբար, քնած է․ չէ՞որ բոլորն էլ քնած են։

Շուրջը լռություն էր։ Երիցուկը կրկին պառկեց։

― Լիլո, Չքնաղ Լիլո․․․ ― մռթմռթաց նա ու նորից քնեց։


Չվացուցակով ամեն ինչ ավելի հեշտ դուրս եկավ, քան սպասում էին Վոլֆն ու Երիցուկը։ Ճամբարի նախասրահի պատին կախված էր ավտոբուսի նոր չվացուցակը և ուղերթների սխեման։ Ոչ մեկը չէր զարմանում, որ Վոլֆը ուշադիր զննում էր սխեման։ Բոլորն էլ գիտեին, որ նա երթուղիների ու չվացուցակների սիրահար էր։

Նա թղթի կտորի վրա գրեց այն բոլոր ավտոբուսների ժամանելու և մեկնելու ժամերը, որոնցով կարող էր գնալ Երիցուկը։ Աղջիկը թղթի այդ կտորը պահեց իր դրամապանակում և համենայն դեպս անգիր սովորեց այն ամենը, ինչ գրված էր այնտեղ․ «Ավտոբուսը Ծիծեռնակադաշտից մեկնում է ժամը վեցին, քաղաք է հասնում ժամը յոթին։ Ավտոբուսային կայանը կայարանի մոտ է։ Նստել Ոսկեսար մեկնող ավտոբուսը։ Մեկնում է յոթն անց երեսուն րոպեին, Ոսկեսար է հասնում ութ անց երեսունին»։

Ժամը տասնութին միայն ավտբուսը Ոսկեսարից վերադառնում է քաղաք, իսկ շուտով, այդ ավտոբուսի տեղ հասնելուց անմիջապես հետո, մյուս ավտոբուսը քաղաքից մեկնում է Ծիծեռնակադաշտ։ Ժամանակը կբավականացնի։ Կարելի է հասնել սարի գագաթին գտնվող Ալոիզ Պոսոշոկի տուն, մի քանի ժամ հյուր մնալ այնտեղ, ապա իջնել Ոսկեսար, ավտոբուսային կանգառ։ Միայն մի բան էր դժվար՝ ամբողջ օրը աննկատելիորեն անհետանալ ճամբարից։

Բայց անսպասելիորեն Երիցուկին օգնեց այն, ինչը խանգարում էր ողջ ճամբարին՝ անգինան։ Առաջինը Վոլֆը հիվանդացավ․ երեկոյան կողմ նա թուքը կուլ տալ չէր կարողանում, և նրան անկողին պառկեցրին։ Այնուհետև էլի մի քանիսի կոկորդը ցավեց, ու բոլորի ջերմությունն էլ բարձրացավ։ Իսկ հետո հիվանդացավ նաև ինքը՝ ճամբարի պետ ֆրաու Իրենը։ Ծիծեռնակադաշտի պոլիկլինիկայի բժիշկը կարգադրեց հիվանդներին մեկուսացնել, և կողաշենքում մեկուսարան պատրաստեցին։ Այստեղ էլ հենց Երիցուկը վճռեց․ «Հիմա կամ երբեք»։ Ֆրաու Իրենի հիվանդության պատճառով, նրանց ջոկատը բաժանեցին երկու խմբի ու կցեցին տարբեր ջոկատների։ Նշանակում է, վաղը դժվար չի լինի փախչել։

Այսպիսի պլան կազմելով՝ Երիցուկը քնեց։ Բայց ա՛յ քեզ սարսափելի բան, հաջորդ առավոտյան, արթնանալով, զգաց, որ կոկորդը ասես չանկռոտում էին, իսկ թուքը կուլ տալիս շատ֊շատ էր ցավում։ Գլուխը մի քիչ պտտվում էր, բայց հիշելով Ոսկեսար գնալու մասին որոշումը, նա իր մեջ վեր կենալու ուժ գտավ։ Մյուս երեխաները դեռ քնած էին։ Ըստ օրվա ռեժիմի, առավոտյան նշանակված էր լող, բայց հիմա դեռ վաղ էր՝ նախասրահի ժամացույցը խփեց հինգ անց կեսը։

Ներքևում կամացուկ փակվեց դուռը։ Դա ուսուցիչ Հերբերտն էր, որ հնէաբանների խմբակի հետ մեկնում էր հեռավոր արշավի։ Նրանք ցանկանում էին այսօր հասնել հինավուրց ամրոցի ավերակներին։ Հիմա էլ, վաղ լուսաբացին, նրանք անձայն հեռացան ճամբարից, որպեսզի երեխաներին չարթնացնեն։

Մի րոպեում Երիցուկը հագնվեց, և սենյակից դուրս սողոսկելով, իջավ ներքև։ Նախասրահում նրան դիմավորեց խոհարարն ու զարմացած հարցրեց․

― Այսքան շուտ արդեն ոտքի վրա՞ ես։

Եվ Երիցուկը, չնայած կյանքում երբեք չէր ստել, պատասխանեց․

― Մտածեցի, որ ավելի լավ կլինի ես էլ գնամ ուսուցիչ Հերվերտի հետ, ― խնդրեց Երիցուկը։

Նա մեծ կումերով խմեց կաթը, նախաճաշի փաթեթը խցկեց սպորտային պայուսակի մեջ ու նետվեց դեպի դուռը։ Արահետով գնալիս մի անգամ էլ շրջվեց՝ ոչ ոք չէր նայում ետևից․ և ոտքերում ինչքան ուժ ուներ վազեց դեպի ավտոբուսի կանգառ։ Ահա և խճուղում երևաց ավտոբուսը։ Նա ձեռքը թափահարեց, ավտոբուսը կանգ առավ, Երիցուկը թռավ ոտնակին։ Ավտոբուսը շարժվեց տեղից։

Այսպես սկսվեց նրա ճանապարհորդությունը։


Ոսկեսարում

― Ոսկեսա՜ր, ― Երիցուկը կիսանիրհի մեջ լսեց տոմսավաճառի ձայնը։ Բանից պարզվում է, ննջել էր՝ ավտոբուսի համաչափ օրորոցներից։

Տեղից վեր թռչելով, նա վերցրեց սպորտային պայուսակն ու մի քանի ուղևորներից հետո իջավ ավտոբուսից։ Միայն այստեղ, թարմ օդում, նա վերջնականապես արթնացավ։ Ավտոբուսն արդեն խճուղով սլանում էր առաջ, մարդիկ ցրվեցին տարբեր կողմեր։

Երիցուկը շուրջը նայեց։ Նա կանգնել էր ապակեպատ կրպակի մոտ, որի մի պատուհանում բացիկներ ու թերթեր էին վաճառում, մյուսում՝ բուտերբրոդներ, կեքս ու ցելոֆանե տոպրակներով կարկանդակ, իսկ երրորդ պատուհանի վերևում կախված էր ստվարաթղթի մի կտոր՝ «Թարմ կաթ» հայտարարությամբ։ Երիցուկը սպորտային պայուսակից հանեց դրամապանակը։ Նա ծարավ էր։ Ինչ լավ կլիներ հիմա մի բաժակ սառը կաթ խմեր։

Բայց վաճառողը ապրանք էր ընդունում, և Եիրցուկն ստիպված էր սպասել։

Մեծ, կաշվե պայուսակը ուսին դրած մի կին մոտեցավ կրպակին ու մյուս պատուհանից տվեց թերթերի մի հաստ կապոց։ Երիցուկն իսկույն գլխի ընկավ, որ փոստատարն է։ Նա բարձրահասակ, ուժեղ, դեռ չծերացած մի կին էր, դեմքը արևառված ու բարեհամբույր։ Երիցուկն անմիջապես վստահություն զգաց նրա նկատմամբ։

― Համա թե շո՜գ է, ― կաթնավաճառուհուն ասաց փոստատարը։ ― Հլա մի բաժակ կաթ լցրու։

Եվ հանկարծ նկատեց կրպակի մոտ կանգնած Երիցուկին։

― Հը, ճամբորդ աղջիկ, ավտոբուսո՞վ ես մեզ մոտ եկել։

Երիցուկը գլխով արեց։

― Մենա՞կ ես, թե՞ սպասում ես մեկնումեկին։

― Ես հյուր եմ եկել․․․ Տվեք, խնդրեմ, մի բաժակ կաթ ու մի կտոր կեքս, ― խնդրեց Երիցուկը վաճառողուհուն, որը սառնարանից հանում էր կաթի շշերը։

Վաճառողուհին լցրեց երկրորդ բաժակը։

― Ահա, ստացիր, ճամբորդ աղջիկ։

― Իսկ ո՞ւմ ես հյուր եկել, ― հարցրեց փոստատարը։

― Ալոիզ Պոսոշոկին, ― պատասխանեց Երիցուկը։

― Ի՜նչ ես ասում։ Մեր Ալոիզ պապիկի՞ն։ Ա՛յ թե կզարմանա։ Այսպիսի ջահել հյուրեր նա վաղուց չի ունեցել։ Որտեղի՞ց ես ճանաչում նրան։

― Ես նրան չեմ ճանաչում։ Նա իմ տատիկի հորեղբոր տղան է։ Իսկ դուք նրան գիտե՞ք։

― Իհարկե։ Փոստատարը բոլորին գիտի, ում որ նամակ է բերում։ Պապիկը հիմա ախր գյուղ չի իջնում։ Չէ՞ որ նա արդեն մոտ իննսուն տարեկան է։ Բայց ողջ֊առողջ է։ Ժիր ծերուկ է։

― Իսկ նրա տունը հեռո՞ւ է։

― Դե, եթե արագ գնաս, մի ժամում կհասնես։ Միայն թե սարի տակից թեք զառիվեր է սկսվում։ Կկարողանա՞ս բարձրանալ։

― Կկարողանամ։ Քանի՜֊քանի անգամ ենք դպրոցով էքսկուրսիա գնացել։ Իսկ ինչպե՞ս պիտի գնամ այնտեղ։

Փոստատարուհին մտքերի մեջ ընկավ։

― Այնքան էլ հեշտ չէ բացատրելը։ Ես էլ թարսի պես հակառակ կողմն եմ գնում։ Դե լավ։ Նախ գյուղական փողոցով կգնաս մինչև ջրհան, այ հրեն, այստեղից էլ է երևում՝ փոքրիկ աշտարակով այն տնակը։ Իսկ այնտեղ ճամփաբաժան է, մի սյուն կա, որի վրայի սլաքները ցույց են տալիս ճանապարհի երեք ուղղությունները։ Սլաքներից մեկի վերևում գրված է «Փաղանգամուշկի մարգագետին»։ Հենց այդ ճամփով էլ կգնաս։

Նա, հանկարծ լռեց ու սկսեց ականջ դնել հեռվից լսվող զանգակների ծլնգոցներին․ այդ ձայնը աստիճանաբար մոտենում էր և ավելի ու ավելի ուժեղանում։

Զանգակները շատ֊շատ էին․ նրանք զնգզնգում էին ասես դայլալելով՝ մերթ միմյանց խլացնելով, մերթ իրարից առաջ ընկնելով, բայց այնուամենայնիվ մոտենում էին բոլորը՝ զանգերի ղողանջների աններդաշնակ ալիքով։ Զանգակներ կային, որ խուլ ղողանջում էին, մյուսները զիլ զրնգում էին, և այս բոլորը ձուլվում էին ու դառնում կախարդական մի ղողանջ՝ Ոսկեսար գյուղի հսկայական նախրի զանգակների ղողանջը։ Կովերը գնում էին հեղեղի պես՝ խճուղու ամբողջ լայնքով մեկ փռված։ Նախրի կողքին գնում էին հովիվն ու գամփռը։ Հովիվը ողջունեց վաճառողուհուն ու փոստատարին, իսկ վերջինս հարցրեց․

― Մարտին, նախիրն այսօր ո՞ւր ես քշում։

― Վիշապասարի լանջերը։

― Վիշապասարի լանջե՞րը։ Ուրեմն պիտի անցնես Փաղանգամուշկի մարգագետնո՞վ։ Այ այս աղջիկն էլ պիտի այդ կողմը գնա, Ալոիզ Պոսոշոկին հյուր է եկել։ Նրան հետդ չե՞ս տանի։

― Ինչի՞ չէ, ― ասաց հովիվը։ ― Գնացինք, օրիորդ։ Անունդ ի՞նչ է։

― Երիցո՛ւկ, ― պատասխանեց Երիցուկը։

Նա շատ բարձր ասաց, որովհետև կովերը, շրջանցելով կրպակը, խռնվել էին նրա շուրջը։ Առջևից գնացողները արդեն թեքվել էին Գյուղական փողոցը, ասես գիտեին ճանապարհը, և նրանց զանգակները ղողանջում էին, զրնգում էին ու երգում։ Իսկ հովիվն էլ շատ բամբ ձայն ուներ․ նրա ձայնը ձուլվում էր զանգակների ղողանջին։

― Ա՛յ քեզ բան։ Երիցո՞ւկ։ Մեզ մոտ այդպիսի ծաղիկներ կան։ Դե գնացինք։ Իմ կովերը սպասել չեն կարող։

Նա որպես հրաժեշտի նշան ձեռքով արեց վաճառողուհուն ու փոստատարին, իսկ Երիցուկը հազիվ հասցրեց «շնորհակալություն» ասել ու ընթացքի ժամանակ «ցտեսություն» գոռալ։

Գամփռ Մորիցը, ասես հասկանալով, որ Երիցուկը նույնպես հիմա դարձել է իրենց նախրի անդամը, թաց դունչը քսմսեց նրա ոտքերին, կարծես ասելով․ «Դե, արագ, արագ»։ Եվ Երիցուկը վազեց հովվին հասնելու։

Ահա արդեն նա քայլում էր հովվի կողքից։

Նրանք գյուղական փողոցով գնացին այնքան, մինչև հասան ջրհանին։ Այստեղից թեքվեցին ձախ և շուտով գյուղից դուրս եկան։ Այժմ քայլում էին նեղ հարթավայրով, որը երկու կողմերից շրջապատված էր թավ անտառով։ Այդ անտառը ձգվում էր սարն ի վեր։ Հարթավայրը լայն ժապավենի պես գալարվում էր անտառի բարձր պատերի արանքով, և հյութեղ կանաչ խոտերի մեջ խոխոջալով ներքև էր սլանում կարկաչուն առվակը։ Խոտերի մեջ այնքան երփներանգ ծաղիկներ կային, որ Երիցուկի աչքերը շաղվեցին․ այդպիսի բան նա դեռ չէր տեսել։ Գույնզգույն արծվամագիլներ, հազարաթերթի սպիտակ բացատներ ու դեղին մատնեծաղիկներ, տերեփուկներ ու կակաչներ, խոշոր, կապույտ զանգածաղիկներ և քնքուշ ու պայծառ երիցուկներ։ Իսկ առվակի ափերին՝ անմոռուկների փնջեր․․․

Հովիվը անվերջ նայում էր Երիցուկին, իսկ հետո ասաց․

― Երևում է, որ Պոսոշոկների ընտանիքից ես։ Նրանք դեռ հնուց բարեկամացել են խոտերի ու ծաղիկների հետ։ Հենց նրանք են լեռնային մարգագետնում փաղանգամուշկ ցանել։ Վաղուց, շատ վաղուց է դա եղել, ոչ ոք չի էլ հիշում, թե երբ․․․ Հարյուր տարի առաջ, գուցեև ավելի։

― Ես այստեղ փաղանգամուշկ չեմ տեսնում, ― ասաց Երիցուկը։ ― Նախնախը, իմ մայրիկի նախատատի քույրը, միշտ փաղանգամուշկի չորացած ծաղիկներ է դնում պահարանի սպիտակեղենի տակ։ Դրա համար էլ սպիտակեղենից անուշ հոտ է գալիս։

― Շուտով կտեսնես, սպասիր մարգագետնին հասնենք, ― պատասխանեց հովիվը։ ― Հենց Պոսոշոկներն են ցանել։ Ճիշտ է, հիմա ամբողջ մարգագետինը չէ, որ փաղանգամուշկի երկնագույնով է պատած, ուրիշ ծաղիկներ էլ են խցկվել արանքները․․․

Հովիվը սկսեց Երիցուկին հարցուփորձ անել, և աղջիկը պատմեց հոր, Չքնաղ Լիլոյի ու Նախնախի մասին։

Արևը արդեն ուղիղ գլխավերևում էր, և հովտում այնքան շոգ էր, որ նույնիսկ ալարում էին խոսել։ Երկար ժամանակ նրանք քայլում էին լուռ ու անխոս, հետո հովիվը կանգ առավ ու ասաց․

― Դե, հասանք։ Ահա քո Փաղանգամուշկի մարգագետինը։ Իսկ ամենավերևում, անտառի ծայրին Պոսոշոկների տունն է։

Փաղանգամուշկի մարգագետինը ընդարձակ գորգի նման փռվել էր թեք սարալանջին։ Չորս կողմից նրան շրջապատել էր անտառը։ Իսկ սարի գագաթին մի սրածայր տանիք էր երևում։

Հիմա նրանք սարն էին բարձրանում մարգագետնի եզրով։ Մարգագետինը ավելի երփներանգ էր, քան հովիտը։ Բայց այստեղ այնքան վայրիացած փաղանգամուշկ էր աճել ու համառորեն խցկվել վառվռուն ծաղիկների մեջ, որ թվում էր, թե ողջ մարգագետինը երկնագույն ծխով է պատած։


Նախիրը, անվերջ վեր բարձրանալով, հանդարտ գնում է անտառեզրով։ Չէ, նախիրը չի տրորում երկնագույն մարգագետինը․ գամփռ Մորիցը առանց դժվարության կովերին պահում է անտառեզրին․ չէ՞ որ նրանք ստվեր են սիրում, և անտառում էլ ինչքան սիրտդ ուզի՝ հյութալի խոտ կա։

Ոչ մի կերպ հնարավոր չէ արագ գնալ։ Քամի է բարձրացել, որն աղմկում ու սուլում է ծառերի կատարներին և, զանգակների ղողանջներին ձուլվելով, վեր է ածվում իսկական կախարդական խմբերգի։ Երիցուկն ինքն էլ կերգեր, միայն թե նրա մեղմ ձայնը, միևնույն է, չէր լսվի անտառային այս համանվագի մեջ։


Ալոիզ Պոսոշոկ նախանախապապը

Կանաչ խլափեղկերով գերանակապ տան առջև, նստարանին նստած է ծերուկ Ալոիզ Պոսոշոկը։ Փոքրացած, սմքած, կորացած՝ ինքն էլ ասես մի Արմատիկ֊Ծերուկ լինի։ Այդ Արմատիկ֊Ծերուկը խաղաղ ու հանգիստ ծխում է երկար֊երկար, մինչև գոտին հասնող ծխամորճը։ Նրա բեղ֊մորուքը ամբողջովին ճերմակ են, և կախ ընկած հոնքերն էլ են ճերմակ, իսկ հոնքերի տակից պարզ ու վճիտ նայում են մոխրագույն ուրախ աչքերը, ճիշտ և ճիշտ Նախնախի աչքերի պես։ Միայն թե Նախնախը սև բերետ է դնում, իսկ նախանախապապ Ալոիզը՝ հյուսած երկնագույն թասակ։ Եվ նույնպես մինչև ականջները քաշած, երևում է, նա էլ արդեն մազեր չունի։

Գամփռ Մորիցն ու կովերը տան վրա ոչ մի ուշադրություն չեն դարձնում․ զանգերը զնգզնգացնելով՝ նախիրը անցնում է մարգագետնի եզրով ու կրկին շրջանցում անտառը, ասես իմանալով, որ ճանապարհն անցնում է Վիշապասարի լանջերով։ Իսկ հովիվը բռնում է Երիցուկի ձեռքն ու հանդիսավորությամբ տանում նախանախապապ Ալոիզի մոտ։

― Ալոիզ, քեզ մոտ հյուր է եկել, ― ասում է նա։ ― Քո հորեղբոր աղջկա ծոռնորդին՝ Երիցուկը։ Նա բարև է բերել իր նախանախատատից, նույն այն տատից, որը ուղիղ կես դար առաջ այստեղից այնքան հեռու գնաց, որ դուք այլևս ոչ մի անգամ իրար չտեսաք։ Հիշո՞ւմ ես, ինքդ ես ինձ պատմել․․․

Փոքրիկ ծերուկը ծխամորճը բերանից հանեց ու ծիծաղեց․

― Հո՛, հո՛, հո՛, Մարտին։ Այս ինչ նորություններ ես հայտնում։ Ուրեմն, ասում ես սա մեր Երիցո՞ւկն է։ Դե, իհարկե, տեսնելը իրար չենք տեսել, բայց նամակ միշտ գրում ենք․․․ Հլա մի տես ի՞նչ եղավ Մորիցին։

Գամփռ Մորիցը բարձր հաչում էր, և հովիվը ստիպված էր շուտ հրաժեշտ տալ ու վազել նախրի ետևից։

― Շնորհակալությո՜ւն, ― նրա ետևից ձայն տվեց Երիցուկը։

Հաչոցը դադարեց։ Եվ զանգակների ղողանջներն էլ աստիճանաբար մարեցին օդում, իսկ հետո պապն ու ծոռը համակվեցին այնպիսի լռությամբ, որը ուրիշ ոչ մի տեղ չի լինում, բացի անտառով շրջապատված մարգագետնից, բացի սարի գագաթից։

― Երիցուկ, դու մնալո՞ւ ես ինձ մոտ, ― խոսք բացեց Ալոիզ Պոսոշոկը։

― Ժամը վեցին ես արդեն պիտի կրպակի մոտ լինեմ, ավտոբուսն այդ ժամին շարժվում է․․․ Վերադառնալու եմ ճամբար՝ Ծիծեռնակադաշտ։

― Ուրեմն դու ճամբա՞ր ես եկել։ Բա ինչպե՞ս են նրանք քեզ մենակ թողել։

Երիցուկը խեցգետնի պես կարմրեց։

― Նախանախապապիկ Պոսոշոկ․․․ ― մռթմռթաց նա։

― Կարող ես ինձ ուղղակի Ալոիզ պապիկ ասել, Երիցուկ․․․ Ժամացույց ունե՞ս։ Ամենագլխավորը ավտոբուսից չուշանալն է։ Ախր Ծիծեռնակադաշտը այստեղից հեռու է։ Իսկ դու դեռ քաղաք տանող ավտոբուսին էլ պիտի հասնես։

― Չէ, ժամացույց չունեմ։ Բայց դուք հո կունենաք, Ալոիզ պապիկ։

― Պապիկի հետ կարելի է «դու»֊ով խոսել, Երիցուկ։ Դե, իհարկե, ունեմ․․․ Սպասիր, հիմա ժամը կխփի։

Եվ իրոք, սենյակի բաց դռնից լսվեց սկզբում ինչ֊որ մեղմ շչոց, հետո բարձր ու հստակ, թեև մի փոքր խռպոտ՝ կու֊կու, կու֊կու, կու֊կու․․․ Եվ այդպես՝ տասներկու անգամ։

― Ժամը տասներկուսն է, ― ասաց Ալոիզ պապիկը։ Նա ելավ տեղից ու ծխամորճի միջից թափ տվեց մոխիրը։ ― Ճաշելու ժամանակն է։ Մի գնանք տեսնենք կարտոֆիլը եփե՞լ է։

― Արդեն տասներկո՞ւսն է, ― զարմացավ Երիցուկը։ ― Ուրեմն, ինչքան երկար ճանապարհ եմ անցել քեզ մոտ հասնելու համար․․․

Նրանք տուն մտան։ Այստեղ ամեն ինչ փայլում էր մաքրությունից։ Վառարանում ճտճտում էր կրակը։

Ճաշին՝ ձվածեղ էր, կարտոֆիլ ու կաթով մորի։

Ալոիզ պապիկը շատ լավ էր գլուխ հանում տնտեսությունից, ասենք, մարդկանց և հատկապես երեխաների հետ էլ լավ էր վարվում։ Դեռ տասնհինգ րոպե էլ չէր անցել, իսկ Երիցուկն արդեն զգում էր ինչպես տանը։ Եվ նա խոստովանեց, որ փախել է ճամբարից։ Իսկ կես ժամ անց պապիկը գիտեր Երիցուկի համարյա ողջ գաղտնիքը։ Երիցուկը խոսում էր, հա խոսում, իսկ պապիկը չէր ընդհատում, միայն նայում էր նրան ուրախ ժպիտով, և, դրանից ոգևորված, Երիցուկը շարունակում էր պատմել․․․ Թե ինչքան է սիրում Նախնախին, թե ինչպես էր սկզբում վախենում խորթ մորից, իսկ հետո պարզվեց, որ խորթ մայրը ամենագեղեցիկն է, ամենալավը, ամենաբարին, և թե ինչպես բոլորը սիրում են Չքնաղ Լիլոյին։ Եվ Նախնախը նույնպես սիրում է նրան, իսկ ինքը՝ Երիցուկը, Չքնաղ Լիլոյին ու Նախնախին միանման է սիրում։ Եվ նույնիսկ չգիտի, թե որտեղ է իր համար ավելի լավ՝ Նախնախի հին տնակո՞ւմ, որ շրջապատված է պարտեզով, թե՞ ծնողների բնակարանում, որը գտնվում է նորակառույց շենքում և որտեղ շատ֊շատ տիկնիկ֊դերասաններ են ապրում։ Պատմեց նաև այն մասին, թե ինչպես է վախենում, որ Չքնաղ Լիլոն կմեռնի, հենց որ ծնվի փոքրիկը․․․

― Որտեղի՞ց է այդ բանը գլուխդ մտել, ― հարցրեց Ալոիզ պապիկը։

Երիցուկը պապանձվեց։ Ինչպե՞ս բերանից թռցրեց․․․ Նա փորձեց մի կերպ խոսակցությունը շուռ տալ, բայց ոչինչ չստացվեց։ Ալոիզ պապիկը նրան մի քանի հարց տվեց, և Երիցուկը չկարողացավ խուսափել պատասխանից․․․ Այդպես էլ պարզվեց, որ նա Նախնախին բռնացրել է «բախտ բացելիս», և որ խաղաթղթերը դժբախտություն են ցույց տվել։

― Թյո՛ւ, ― փնթփնթաց Ալոիզ պապիկը։ ― Մտքովս անգամ չէր անցնի, թե մեր ժամանակներում դեռ այդպիսի տխմար մարդիկ կան։ Եվ այն էլ Պոսոշոկների ընտանիքո՞ւմ։ Դե, պատմիր, տեսնենք։

Եվ Երիցուկը, կմկմալով, շարունակեց իր պատմությունը։

― Հետո Նախնախն ասաց, որ ինքը նույնպես թղթերին չի հավատում, և որ այդ բոլորը դատարկ բաներ են։ Բայց ախր ես գիտեմ, որ հավատում է։ Եվ Լիլոյի համար էլ վախենում է։ Միայն թե չի ուզում, որ ես էլ վախենամ։ Իսկ ես, միևնույն է, վախենում եմ։ Բա որ հանկարծ ճիշտ լինի՞ թղթերի ցույց տվածը։ Իսկ դու այդպես չե՞ս մտածում, Ալոիզ պապիկ։

― Ոչ, ― ասաց Ալոիզ պապիկը։ Եվ շատ հաստատ ասաց։ ― Ոչ, ես այդպիսի դատարկ բաների չեմ հավատում։ Չեմ հավատում և վերջ։ Չեմ էլ հասկանում, թե քո Նախնախն ինչու է հավատում։ Ճիշտ է, միշտ էլ այդպես տարօրինակ է եղել՝ համ խելացի է, համ անխելք։ Իսկ հիմա էլ քեզ է վարակել։ Միայն թե մի բան ինձ համար պարզ չէ։ Երիցուկ, դու ինչո՞ւ ես ինձ մոտ եկել։

― Արմատիկ֊Ծերուկի համար, Ալոիզ պապիկ։ Չէ՞ որ այդ Արմատիկ֊Ծերուկը քեզ մոտ է։ Դե, խնդրում եմ, տուր ինձ․․․ Խնդրում եմ, Ալոիզ պապիկ։

― Այդ ի՞նչ Արմատիկ֊Ծերուկ է։

Եվ պարզվեց, որ Ալոիզ պապիկը վաղուց մոռացել է Արմատիկ֊Ծերուկի մասին։ Արդեն քանի՜֊քանի տարի է՝ ոչ մի անգամ նրա մասին նույնիսկ չի հիշել։

― Ախր դու ու Նախնախը փոքր ժամանակ խաղում էիք նրա հետ։ Դրա համար էլ հասել եք խոր ծերության և ոչ մի անգամ չեք հիվանդացել։ Այդպես է ասում Նախնախը․․․

Ալոիզ պապիկը ճակատին քաշեց գործած թասակն ու սրտնեղած քորեց ծոծրակը։

― Այո, այո, ոնց որ թե հիշեցի․․․ կար այդպիսի մի չորացած արմատ, ― մռթմռթաց նա։ ― Բայց քո ինչի՞ն է պետք։

― Նա պահպանում է առողջներին ու բուժում է հիվանդներին։ Այդպես է ասում Նախնախը։

― Եվ ինչ դատարկ բաներ է ասում քո այդ Նախնախը։ Արմատիկ֊Ծերուկը պարզապես խաղալիք է, ուրիշ ոչինչ։ Ոչ առողջներին է պահպանում, ոչ էլ հիվանդներին է բուժում։ Որտեղից գտնեմ նրան, չգիտեմ․․․ Եվ ընդհանրապես չեմ էլ հիշում՝ մնացե՞լ է, թե դեն եմ գցել․․․

Երիցուկի այտերի վրայով արցունքի երկու խոշոր կաթիլ գլորվեցին։ Ալոիզ պապիկը մեղմացավ․

― Դե լավ, լաց մի՛ լինի։ Եթե գտնենք նրան, անպայման կնվիրեմ քեզ։ Միայն թե խոստացիր, որ չես դնի Չքնաղ Լիլոյի բարձի տակ կամ էլ ուրիշ հիմարություններ չես անի։ Ախր հին է, կեղտոտ, ի՞նչ իմանաս՝ ինչ մանրէներ կան վրան։

«Ահա Ալոիզ պապիկն էլ է մանրէների մասին խոսում, ― մտածեց Երիցուկը։ ― Ճիշտ ու ճիշտ Վոլֆի նման»։ Նա խոստացավ, որ ոչ մի հիմարություն չի անի։ Իսկ մտքում արդեն մի նոր պլան կազմեց․ «Արմատիկ֊Ծերուկին կդնի ցելոֆանե տոպրակի մեջ ու ռեզինով ամուր կկապի։ Ոչ մի մանրէ էլ դուրս չի գա։


Բայց ո՞ւր է Արմատիկ֊Ծերուկը

Եվ ահա սկսվեցին Արմատիկ֊Ծերուկի որոնումները։

― Նա այն մեծ պահարանում է, որը գտնվում է ամենամեծ սենյակում, ― ասաց Երիցուկը։ ― Նախնախն ասում է, որ դու այդ պահարանը ոչ մեկին, ոչ մի գնով և երբեք չես վաճառի, որովհետև այնտեղ ապրում է Արմատիկ֊Ծերուկը։

― Եվ նորից քո Նախնախը հիմարություններ է դուրս տալիս, ― փնթփնթաց Ալոիզ պապիկը։ ― Ես այդ պահարանը երբեք չեմ վաճառի, որովհետև սիրում եմ։ Եվ մեկ էլ նրա համար, որ նա նույնքան հին է, որքան այս տունը։ Եթե Արմատիկ֊Ծերուկը իրոք պահարանում է, ուրեմն ամենավերին դարակում է, այնտեղ լիքն է ամեն տեսակ հնոտիներով, որոնք ինձ պետք չեն։ Ես վաղուց է ինչ այդ դարակին հասնել չեմ կարողանում։ Ասենք քեզ համար էլ է չափազանց բարձր։ Եթե նույնիսկ սեղանին բարձրանաս, էլի չես հասնի։

― Արի այդ դեպքում սեղանին աթոռ դնենք։ Գիտե՞ս, ես ինչ լավ եմ մագլցում։ Ֆիզկուլտուրաից ախր միշտ հինգ եմ ստանում։

― Արի փորձենք, ― համաձայնեց Ալոիզ պապիկն ու բացեց սենյակի դուռը։

Երիցուկն նրա ետևից ներս մտավ։

Սենյակում հսկայական մի պահարան կար։ Այնքան լայն ու բարձր էր, որ բռնել էր ամբողջ պատը ու քիչ էր մնում կպչեր առաստաղին։ Եվ վրան գույնզգույն թռչուններ, թիթեռներ ու ծաղիկներ էին նկարված։ Գույները պայծա՜ռ֊պայծառ էին, բոլորովին չէին խունացել։ Այնինչ, այդ պահարանը հենց իրենից՝ Ալոիզ պապիկից էլ ծեր էր։

― Ապա մի լավ նայիր, Երիցուկ, ― ասաց Ալոիզ պապիկը։ ― Այսպիսի գեղեցիկ պահարան դու կյանքումդ չես տեսել։ Ես ամեն օր փետրե ավելով մաքրում եմ փոշին։ Եվ ներսում էլ կարգ ու կանոն է, միայն ամենավերին դարակը, հավանաբար, մի քիչ փոշոտ է։ Հապա նայիր։

Եվ նա բացեց պահարանի դուռը։ Երիցուկը անմիջապես զգաց չորացած խոտերի ու փաղանգամուշկի ծանոթ բույրը։ Այստեղ նաև ծխախոտի թեթև բուրմունք կար։

― Ես կհանեմ, ― ասաց Երիցուկը։ ― Մոտեցնենք սեղանը, խոհանոցի աթոռը դնենք վրան, իսկ դու մի ջնջոց տուր՝ միանգամից փոշին էլ մաքրեմ։

― Հի՛֊հի՛֊հի՛, ― ծիծաղեց Ալոիզ պապիկը։ ― Պարզվում է, գործնական աղջիկ ես։ Սպասիր, ես աթոռը կբռնեմ։

Երիցուկի այտերն այրվում էին, բայց ոչ միայն ջանասիրությունից։ Թուքը կուլ տալիս կոկորդը ցավում էր։ Ծոծրակին ցատկոտում էր գանգուր պոչիկը։ Կանգնելով խախուտ աթոռին, ― դեռ լավ էր, որ Ալոիզ պապիկը պինդ բռնել էր, ― նա կարողացավ աչքի անցկացնել ամենավերին դարակը։ Եվ իրոք, մի քիչ փոշոտ էր, բայց ընդհանրապես դասավորված էր։

Ահա ինչ֊որ մի հին կշեռք՝ բարակ քուղերով կապված նժարներով, իսկ կողքին՝ կշռաքարերի տուփը։

― Ա֊ա՜, կշեռքը, ― ասաց Ալոիզ պապիկը։ ― Սա դեռ այն ժամանակներից է մնացել, երբ Պոսոշոկները մարգագետնում փաղանգամուշկ էին ցանում ու «փաղանգամուշկի ջուր» պատրաստում։ Այդ ժամանակ ես իսկի ծնված էլ չէի, իմ ծնողները՝ նույնպես։ Միայն թե այն ամենը, ինչ նրանք վաստակել են դրանով, շատ շուտ էլ կորցրել են։ Հեռավոր քաղաքից եկած մի ինչ֊որ խոշոր ձեռնարկատեր խաբեությամբ նրանցից իմանում է հոտավետ ջրի պատրաստման եղանակը ու սկսում է ավելի մատչելի գնով վաճառել այն։ Եվ շուտով թյուրինգյան «փաղանգամուշկի ջուրը» դուրս եկավ մոդայից, իսկ Պոսոշոկներն էլ մնացին այն նույն աղքատները, ինչպիսին միշտ եղել էին։ Այդպես եղավ և օգտակար խոտերից պատրաստած բուժիչ թուրմի հետ, խոտերից ու արմատներից մենք՝ Պոսոշոկներս, լավ ենք գլուխ հանում․ չէ՞ որ ի սկզբանե հովիվներ ենք եղել։ Ուզես֊չուզես, պետք է սովորես խոտերն իրարից ջոկել։ Իսկ ա՛յ, փող աշխատել՝ չէ։

Ամեն մի իրի մասին, որ Երիցուկը գտնում էր պահարանի վերին դարակից, Ալոիզ պապիկը մի ամբողջ պատմություն կարող էր պատմել։ Ահա պղնձե հավանգը, որով մի ժամանակ արմտիք ու համեմունք էին ծեծում։

― Քո Նախնախն ուզում էր սա հետը տանել, երբ այստեղից գնում էր, բայց ծանր էր, դժվար էր քարշ տալ․․․

Ահա փայլուն, գունագեղ ջնարակով պատած կավե կճուճներն ու գավաթները։ Եվ գրքերի կույտը։ Գրքերից մեկը կոչվում էր «Խոհարարական առաջարկներ», մյուսը՝ «Բուժիչ դեղատոմսեր»․․․ Մի քրքրված գրքույկ էլ կար՝ «Արմատներ ու խոտաբույսեր», հնամենի «Իմաստուն խոսքերի և ուսանելի պատմությունների օրացույց», «Խաղաթղթերով գուշակություններ անելու ուղեցույց»․․․ Երբ Երիցուկը բարձրաձայն կարդաց այդ վերնագիրը, Ալոիզ պապիկը միայն ասաց «Ըհը՛»։ Բայց Երիցուկը շատ լավ էլ հասկացավ, թե նա ինչը նկատի ուներ։ Հիմա երկուսն էլ իմացան, թե Նախնախն ու նրա ծեր տատիկը որտեղից են քաղել իրենց գերիմաստությունը։

Բայց ո՞ւր է Արմատիկ֊Ծերուկը։

Վերջապես, դարակի ամենահեռավոր անկյունում Երիցուկը գտավ երկարավուն ֆաներայի մի արկղիկ։ Հենց այդ էր, որ կար։ Ահա նա։ Ասես փոքրիկ, նեղլիկ մի դագաղում՝ պառկած էր արկղում՝ չորացած ու չափազանց տգեղ։ Ալոիզ պապիկը նրան լույս աշխարհ հանեց ու, երկու մատով բռնած, պահեց գլխից վեր։

― Հո՜֊հո՜֊հո՜, ― քրքջում էր նա։ ― Վաղեմի ծանո՛թս։ Այ հիմա արդեն քեզ ճանաչեցի։ Այս տարիների ընթացքում, մութ արկղում պառկած, այնքան էլ չես սիրունացել։ Հո՜֊հո՜֊հո՜։ Փոխարենը՝ դու ասպետական տոհմից ես։ Սոխուկների բարեկիրթ ընտանիքից։ Եվ այնտեղ, վերևում ընկած հին, փոշեպատ գրքերից մեկում գրված է, թե դու ի՜նչ կտրիճն ես։ Երևի «Արմատներ և խոտեր» հատորյակում։ Հո֊հո֊հո։ Միշտ էլ եղել են հիմարներ կամ միամիտներ, որոնք ինչի ասես, որ չեն հավատում, ինչեր ասես, որ քեզ չեն վերագրում․ որ իբր դու և՛ վիրավորներին ես պահպանում ռազմի դաշտում, և՛ կանանց ես օգնում երեխաներ ունենալիս, առողջներին պահպանում ես, իսկ հիվանդներին բուժում․ ամեն ինչ ձեռքիցդ գալիս է։ Հիմարներն ու միամիտները չեն վերանում աշխարհից։ Նրանք երեխաներին էլ են վարակում իրենց նախապաշարմունքներով, նույնիսկ ամենախելամիտներին։ Հո՜֊հո՜֊հո՜։ Ճիշտ չեմ ասո՞ւմ, Երիցուկ։ Դե ի՞նչ, այնուամենայնիվ, հետդ կտանե՞ս այս փոշոտ այլանդակին։ Թե՞ գուցե ավելի լավ է գցենք վառարանը, ի՞նչ ես կարծում։

Երիցուկը հազիվ էր զսպում արցունքները։ Դե ինչո՞ւ է այդպես ծաղրում Նախնախին ու Արմատիկ֊Ծերուկին։ Եվ հիմա, երբ Արմատիկ֊Ծերուկը քիչ էր մնում կրակի բաժին դառնար, նա չկարողացավ իրեն զսպել ու լաց եղավ։ Եվ կրկին Ալոիզ պապիկը տեղի տվեց։ Նա, պարզվում է, նույնպես թուլություն ուներ՝ չէր դիմանում փոքրիկների արցունքներին։ Գրպանից հանելով թութունի հոտով ներծծված հսկայական կարմիր թաշկինակը, մաքրեց Երիցուկի աչքերն ու սկսեց հանգստացնել նրան․

― Դե, լավ, լավ, կատակ եմ անում․․․ Արի խնդրենք աստծուց, որ քո Արմատիկ֊Ծերուկը գոնե մի հարյուր տարի էլ ապրի․․․ Համ էլ վառարանի կրակը վաղուց է հանգել, ինքդ նայիր։ Ահա, վերցրու քո այլանդակին, քանի որ նրա համար աշխարհի ծայրն ես հասել։ Միայն տե՛ս, հա՜․ այլևս երբեք չհավատաս Նախնախի հնարանքներին ու սրան չդնես Չքնաղ Լիլոյի բարձի տակ։ Նա առանց դրա էլ ողջ ու առողջ կլինի։ Իսկ գուցե մինչև դու տուն հասնես, փոքրիկն արդեն ծնված լինի, և քո բոլոր սարսափները անտեղի լինեն։ Ա՛յ կտեսնես։

Այսպես, Ալոիզ պապիկը Երիցուկին այնքան հանգստացրեց ու խրատեց, մինչև նա դադարեց հեկեկալ ու խոստացավ ձեռք քաշել Արմատիկ֊Ծերուկի հետ կապված իր հիմար մտադրություններից։ Նա Արմատիկ֊Ծերուկին հանեց արկղից, ― արկղը չափազանց մեծ տեղ կգրավեր սպորտային պայուսակում, ― և փաթաթեց կապույտ մեծ թաշկինակով, որ նվիրել էր Ալոիզ պապիկը։ Հետո մի ցելոֆանե տոպրակ գտավ ու, Արմատիկ֊Ծերուկին այնտեղ խցկելով, դրեց պայուսակի մեջ։

Այս ամենի վրա այնքան ժամանակ ծախսվեց, որ Երիցուկը հասցրեց միայն ոտքի վրա մի բաժակ կաթ խմել ու մի բուտերբրոդ կուլ տալ։ Եվ ահա Ալոիզ պապիկին հրաժեշտ տալու ժամանակն է։ Նա համբուրեց պապիկի ծակծկող սպիտակահեր մորուքը․ շատ էր ափսոսում նրանից բաժանվելու համար․․․

― Ես էլի կգամ, անպայման, ա՛յ կտեսնես․․․

Բայց հանկարծ ինչ֊որ խշշոց լսվեց, ու ժամացույցը խփեց՝ կո՛ւ֊կո՛ւ, կո՛ւ֊կո՛ւ․․․ հինգ անգամ։ Հարկավոր է վազել։

Պարզվեց, որ ճանապարհը գտնելը դժվար չէր։ Սարից հովիտ իջնելով՝ Երիցուկը ձեռքով արեց Ալոիզ պապիկին, իսկ նա, Փաղանգամուշկի մարգագետնի ծայրին կանգնած, անվերջ թափահարում էր կարմիր թաշկինակը։ Բայց հարկավոր էր վազել․․․

Ահա արդեն հեռվից երևում է ջրհանի աշտարակը, ահա և ինքը՝ ջրհանը, և Գյուղական փողոցի շրջադարձը։ Երիցուկը շուտ հասավ կրպակին ու կանգ առավ․ հիմա պետք էր սպասել ավտոբուսի կանգառում․․․ Ահա և ավտոբուսը, որը ժամանեց ու մեկնեց չվացուցակին ճիշտ համապատասխան։


Երիցուկի վերջին արկածը

Լիլո մայրիկի հետ ամեն ինչի մասին կարելի է խոսել։ Ինչ էլ հարցնես նրան, երբեք վրադ չի ծիծաղի ու մանրամասն կբացատրի։ Եվ չկա ավելի վատ բան, քան նրանից գաղտնիք պահելը։ Ով չէ՝ չէ, բայց Երիցուկը դա գիտի։

Երիցուկն ու Լիլոն նստած են մեծ բազկաթոռին՝ պատշգամբի բաց դռան առաջ։ Փոքրիկը քնած է մանկական սենյակում, իսկ Նախնախը մանկասայլակի կողքին նստած՝ հսկում է նրա քունը։ Թեև, ճիշտն ասած, հսկելու կարիք չկար։ Բայց դա նրան ուրախություն էր պատճառում։

Հիմա Նախնախն արդեն իր տնակում մենակ նստած էլ երկար չի սպասում Երիցուկի գալուն։ Երիցուկի հայրիկը ամեն առավոտ իր փոքրիկ մեքենայով, որ վերջերս է գնել, գնում է տատիկի ետևից, իսկ երեկոյան տանում է տուն։ Ցերեկները Նախնախն օգնում է Լիլոյին տան գործերում ու փոքրիկին խնամելիս։ Ինչպես շատ առաջ, երբ Երիցուկը փոքրիկ էր, հիմա էլ Նախնախը իրեն լավագույն կողմերով է դրսևորում։ Բոլոր ծանոթները զարմանում էին․ «Ձեր տարիքո՜ւմ։ Ահա թե ինչպիսին եք դուք։

Իսկ Երիցուկը Լիլոյին պատմում է այն ամենը, ինչ կատարվել էր իր հետ։ Նախնախն ինքը թույլ տվեց, նույնիսկ պատվիրեց։ Երիցուկը անընդհատ կակազում էր, ու այդ ժամանակ Լիլոն պարզապես գլխի էր ընկնում, թե հետո ինչ է եղել, և այսպես քիչ֊քիչ ամեն բան պարզվեց։ Եվ Երիցուկն զգում էր, որ կամաց֊կամաց թեթևանում է, իսկ երբ պատմությունն ավարտին մոտեցավ, նա կրկին դարձավ առաջվա ուրախ ու աշխույժ Երիցուկը։ Ահա ուր որ է կերգի։

Նա արդեն պատմել էր, թե ինչպես Ոսկեսարի ավտոբուսը կանգ առավ կայարանամերձ հրապարակում, այնտեղ, որտեղից սկսվում են բոլոր ավտոբուսային երթուղիները։ Հիմա նա պիտի նստեր Ծիծեռնակադաշտ մեկնող ավտոբուսը։

― Ավտոբուսն արդեն մոտեցավ, ― շարունակեց նա, ― ես կարող էի նստել, բայց չնստեցի։ Շատ էի հոգնել, և՛ կոկորդս էր ցավում, և՛ գլուխս․․․ Եվ անվերջ մտածում էի, մտածում, իսկ մտքերս մի տեսակ ասես թռչում էին գլխիցս ու ցրվում․․․ Միայն թե ինչի մասին էի մտածում, հիմա ինքս էլ չգիտեմ։ Եվ չգիտեմ, թե ինչպես հիշեմ․․․

Լիլոն օգնեց նրան․

― Սպասիր, գուցե ես գուշակե՞մ։ Հավանաբար, դրանք այն մտքերն են, որոնք նախկինում էլ ամբողջ օրը քեզ անհանգստացրել են։ Բայց չէ որ ամեն ինչի մասին միաժամանակ մտածել անհնար է, դե դու էլ քիչ֊քիչ մտածել ես մեկ մի բանի մասին, մեկ ուրիշ։ Իսկ հիմա քեզ թվում է, թե մտքերդ գլխիցդ թռել են։ Դե, բացի դրանից, արդեն այն ժամանակ, հավանաբար, ջերմություն ես ունեցել։

― Բայց ինչի՞ մասին եմ մտածել՝ մեկ մի բանի, մեկ՝ մի ուրիշ։ Մի բան հաստատ գիտեմ․․․ Ես քեզ համար էի վախենում․․․ Դե, հետո է՞լ ինչ էի մտածում։

― Ա՛յ, տեսնո՞ւմ ես, Երիցուկ, մեկը հիշեցիր։ Մեկ էլ դու, հավանաբար, վիճում էիր ինքդ քեզ հետ, որ խաղաթղթերով գուշակությունը հիմարություն է։ Հապա Արմատիկ֊Ծերո՜ւկը։ Ինչպե՜ս էր նրա վրա ծիծաղում Ալոիզ պապիկը։ Գուցե երբեմն մտածում էիր, որ նա ճի՞շտ է։

― Դա դեռ հովտում ու ջրհանի մոտ անցավ մտքովս, միայն թե քեզ համար ունեցածս վախը, միևնույն է, ավելի ուժեղ էր։ Բայց ես էլի ինչ֊որ բան էի մտածում, միայն թե չեմ հիշում, ինչ։

― Գուցե խի՞ղճդ է տանջել։ Չէ՞ որ գիտեիր, թե ինչ իրարանցում կսկսվեր ճամբարում, երբ նկատեին, որ դու անհետացել ես։ Եվ մեկ էլ, գուցե հիշել ես Վոլֆին ու մտածել, որ նրան կսկսեն հարցուփորձ անել․․․

― Իհարկե, հիշել եմ, բայց ես ախր գիտեի, որ նա պառկած է կողաշենքի մեկուսարանում, անգինա էր։ Ուրեմն, նրան հարցուփորձ չէին անի։ Իսկ, ա՛յ, խիղճս իրոք տանջում էր։ Եվ ես վախենում էի ճամբար վերադառնալուց։ Ոչ թե պատժից էի վախենում կամ հուզվում էի, որ նրանք այնտեղ անհանգստանում են, ― չէ որ անմիջապես կտեսնեին, որ ես ողջ֊առողջ եմ, ― այլ ամեն տեսակ հարցերի համար․․․ Այդ մասին մտածելն անգամ սարսափելի էր։ Դե, ի՞նչ կարող էի պատասխանել․․․ Իսկ հիմա հանկարծ հիշեցի, թե ինչից այնքան վախեցա հրապարակում, ամբոխի մեջ, ամբողջ այդ ավտոբուսների արանքում։ «Չէ՞որ ես թուքս կուլ տալ չեմ կարողանում, հավանաբար, անգինայով հիվանդ եմ, ― մտածեցի ես։ ― Նշանակում է՝ հենց ճամբար մտնեմ, ինձ կողաշենքի մեկուսարանում կպառկեցնեն, և չեմ կարողանա փախչել»։ Եվ հենց այդ պահին հանկարծ ինձ թվաց, որ առանց Արմատիկ֊Ծերուկի դու բոլորովին կորած ես․․․ Իսկ հետո ամեն ինչ այնքան արագ կատարվեց, ինչպես երազում։ Մարդկանց բազմությունը կայարանի դռնից ներս խցկվեց, ես էլ նրանց հետ միասին գնացի։ Տոմսարկղի մոտ քիչ մնաց ինձ ճզմեին։ Ինչ֊որ մեկը նույնիսկ գոռաց․ «Դե, կամաց մի քիչ, այստեղ երեխա կա։ Ո՞ւր ես գնում, աղջիկս»։ Հիշում եմ միայն, որ և՛ սպորտային պայուսակն էր ձեռքիս, և՛ դրամապանակս, և՛ տոմսս, իսկ թե ինչպես էր եղել, ինքս էլ չգիտեմ։ Մեկ էլ հիշում եմ, որ արդեն գնացքում եմ, նստել եմ մի անկյունում և շոշափում եմ պայուսակս՝ տեղո՞ւմ է արդյոք Արմատիկ֊Ծերուկը։ Այո, տեղում է․․․ Ինչ֊որ կին նայում է իմ տոմսն ու ասում, որ ինքն էլ է նույն քաղաքը գնում և հարցնում է, թե որտեղ եմ ապրում․․․ Իսկ հետո, հավանաբար, ես ամբողջ ժամանակ քնել եմ։ Այդ կինը ինձ արթնացրեց գիշերը և իր հետ տաքսի նստեցրեց։ Նա նույնիսկ ինձ հետ բարձրացավ աստիճաններով։ Իսկ հայրիկը դուռը բացեց և ուղղակի քարացավ տեղում․․․ Նրանք ինչ֊որ բան խոսեցին, միայն թե ես ոչինչ չհասկացա։ Եվ այդ կինը անմիջապես գնաց։ Հայրիկը ինձ է նայում, ես՝ հայրիկին։ Հարցնում եմ․ «Ո՞ւր է մայրիկը»։ Նա ասում է․ «Ծննդատանն է»։ Հետո ասես ամեն ինչ պտտվեց ու հայրիկն ինձ պառկեցրեց բազմոցին։ Իսկ թե հետո ինչ եղավ, չգիտեմ։

― Իսկ ես կպատմեմ, թե հետո ինչ եղավ, ― ասաց Լիլոն, ― չնայած այնտեղ չեմ եղել։ Հայրիկն ինձ ամեն ինչ մանրամասն պատմել է։ Նա բոլորովին կորցրել է իրեն, չի իմացել, թե ինչից սկսի։ Եվ հանկարծ հնչել է դռան զանգը, ներս է մտել դեղագործը, ետևից էլ՝ նրա կինը, երկուսն էլ փայլում են ուրախությունից՝ շնորհավորում են որդի ունենալու համար։ Զանգահարել է ծննդատան ավագ բուժքույրն ու ասել, որ տղա է ծնվել, և որ մենք՝ ես ու փոքրիկը լավ ենք զգում։ Հայրիկն ուղղակի չի իմացել, լա՞ց լինի, թե ծիծաղի։ Նախ՝ քո անակնկալ հայտնվելը, և այն էլ հիվանդ, իսկ հետո հանկարծ այս նորությունը։ Դեռ լավ էր, որ այստեղ էին դեղագործն ու, մանավանդ նրա կինը։ Դու գիտես, չէ՞, որ նա երբեք գլուխը չի կորցնում, նույնիսկ ամենադժվար րոպեներին։ Եվ հենց այդ պահին սկսվում է մի շիլաշփոթ։ Դու աչքերդ բացում ես, ու ձենդ գլուխդ գցած գոռում․ «Լիլոյին եմ ուզո՜ւմ»։ Դե, նա էլ հասկանում է, որ քեզնից պետք է սկսել։ Մի քանի հարց է տալիս ու պարզում, որ դու ճամբարից փախել ես։ Այնժամ սկսում է կարգադրություններ անել․ դեղագործին ուղարկում է զանգահարելու ճամբար․ այնտեղ, պարզվում է, բոլորն այնքան ցնցված են եղել քո անհետացումից, որ արդեն պատրաստվել են բաց թողնել արհեստական լճակի ջուրը։ Կարծել են, թե խեղդվել ես։ Հետո նրան հայտնել են, որ ճամբարում անգինայի մի քանի դեպք է եղել․․․

― Լիլո մայրիկ, ― ընդհատեց նրան Երիցուկը, ― ախր անգինան հենց այնպես․․․ ուղղակի պատրվակ էր․․․ Հիմա բոլորը կարծում են, թե ես անգինայի պատճառով եմ փախել, որովհետև ջերմության մեջ ինքս էլ չգիտեի, թե ինչ եմ անում․․․ Այնինչ ես հենց նրա համար ճամբար գնացի, որպեսզի Արմատիկ֊Ծերուկին ձեռքս գցեմ ու բերեմ քեզ։ Ես ախր հենց սկսզբից էլ որոշել էի փախչել․․․

― Այո, Երիցուկ, ես գիտեի։ Ուսուցիչ Հերբերտն էլ գիտի, ֆրաու Իրենն էլ, ես նրանց հետ խոսել եմ։ Եվ նրանք նույնպես ինձ հետ համաձայն են, որ չարժե այդ մասին որևէ մեկին պատմել, այ սա արդեն թող գաղտնիք մնա։ Թե չէ բոլորը կծիծաղեն Նախնախի վրա, և ոչ ոք նրան առաջվա պես չի հարգի։ Դե, լսիր պատմեմ, թե հետո ինչ եղավ։ Դեղագործի կինը նայեց կոկորդդ՝ կարմրած ու բորբոքված էր, և անմիջապես որոշեց, որ քեզ հարկավոր է տեղափոխել Պոսոշոկ տատիկի մոտ, իսկ բնակարանը ախտահանել, որպեսզի մանրէներն այստեղ պար չբռնեն, երբ ես ու փոքրիկը տուն գանք։ Ամեն ինչի մասին նա մտածում է։ Դեղագործը քեզ դեղ տվեց, հետո դու քնեցիր և նույնիսկ չզգացիր, թե ինչպես հայրիկը քեզ, սպորտային պայուսակդ կրծքիդ սեղմած․ տեղափոխեց նոր մեքենայի մեջ ու տարավ Նախնախի մոտ։ Հա, իսկ ո՞ւր է պայուսակդ։

Երիցուկը թռավ տեղից ու բերեց պայուսակը։ Ոչ ոք ոչինչ չէր հանել այնտեղից, որովհետև համարյա դատարկ էր։ Երիցուկը հանեց ցելոֆանե տոպրակը ու դրեց Լիլոյի ծնկներին։

― Հապա մի տեսնենք, թե նա ինչպիսին է, ― ասաց Լիլոն։ ― Ինձ շատ է հետաքրքրում։

Նա հանեց ցելոֆանե տոպրակը, բացեց Ալոիզ պապիկի կապույտ մեծ թաշկինակն ու դուրս բերեց Արմատիկ֊Ծերուկին։ Հետո բարձրացրեց վեր, որպեսզի ավելի լավ տեսնի, և հանկարծ նրա հետ կատարվեց նույնը, ինչ Ալոիզ պապիկի հետ․ Լիլոն սկսեց բարձր֊բարձր ծիծաղել։ Ճիշտ է, նրա ծիծաղը բոլորովին ուրիշ էր՝ ոչ թե խռպոտ, «հո՛֊հո՛֊հո՛», այլ ուրախ, զրնգուն և այնպես վարակիչ, որ Երիցուկն էլ սկսեց ուրախ քրքջալ։ Հենց այդ պահին սենյակ մտավ հայրն ու տեսնելով Արմատիկ֊Ծերուկին՝ զարմացած բացականչեց․

― Այս այլանդակի՞ն որտեղից եք գտել։

― Այլանդա՞կ, ― ծիծաղելով հարցրեց Լիլոն։ ― Բոլորովին էլ այլանդակ չէ։ Սա շատ ծիծաղելի է ու զվարճալի․․․ Երիցուկ, դու, ի՛նչ է, չե՞ս տեսնում, թե ում ես բերել։ Չէ՞ որ սա Քաջ Դերձակն է։ Իսկ մենք վաղուց էինք սրան փնտրում։ Շուտ, շուտ այստեղ բեր իմ լաթերի ու գործիքների արկղը։ Հիմա մենք կզբաղվենք սրանով։

Լիլոյի հմուտ ձեռքերում լարերի, մի քանի գույնզգույն լաթերի, սոսնձի ու ներկերի օգնությամբ Արմատիկ֊Ծերուկը կես ժամվա ընթացքում բերանի անկյունները մռայլ կախված, խոժոռ, կնճռապատ մարդուկից վերածվեց հանդուգն, Քաջ Դերձակի։ Նրա ֆրակի տակից ցցվել էին մեծ կոշիկներով երկար, բարակ ոտքերը, և ոչ մեկի մտքով երբեք չէր անցնի, որ դեռ բոլորովին վերջերս դրանք ընդամենը չորացած արմատի երկար շիվեր էին։


Վերջաբան

Ահա և Երիցուկի ու Արմատիկ֊Ծերուկի ողջ պատմությունը։ Քաջ Դերձակը հանդիսավորապես բազմեց Լիլոյի՝ մարկում։ Նրան հատուկ արկղիկում պառկեցրին, չնայած ընդհանրապես նրան ոչինչ պատահել չէր կարող՝ լարերն ու սոսնձված լաթերը պինդ էին կպել։

Դպրոցական տիկնիկային խմբակը Քաջ Դերձակի մասին հին ներկայացումը նորից բեմադրեց, այնպես, ինչպես վաղուց արդեն մտածել էր Երիցուկը։ Քաջ դերձակը իր ետևից հրապուրելով ներս է տանում վայրի վարազին ու ինքը պատուհանից դուրս է թռչում։ Եվ երբ թռչում է, բոլորն էլ տեսնում են նրա երկար, բարակ ոտքերն ու բարձր֊բարձր ծիծաղում են։ Եվ նրա դեմքին նայելիս նույնպես ծիծաղում են, այնքան որ ուրախ ու հանդուգն էր նա։ Այժմ նրա բերանի անկյունները ոչ թե կախ էին ընկած, այլ վեր էին ձգված, և բոլորի համար էլ պարզ էր, որ նա ծիծաղում է։ Նա, ով ոչինչ չգիտեր, երբեք մտքով չէր անցնի, թե այս Արմատիկ֊Ծերուկը մարդու տեսքով արմատ է։ Բոլորն էլ ասում էին, որ նա տիկնիկային թատրոնի ամենալավ տիկնիկն է, ամենաուրախ դերասանը։

Բոլորը ծիծաղում էին ու ծափահարում։ Իսկ Քաջ Դերձակը կրկին ու կրկին դուրս էր գալիս վարագույրի ետևից ու գլուխ տալիս հանդիսատեսներին։ Բոլորից ուժեղն Ֆրիդրիխն էր ծափահարում։ Ճիշտ է, եթե Նախնախը մի քիչ ուժ ունենար, Ֆրդիդրիխից էլ բարձր կծափահարեր։ Նրա գլուխը մի քիչ ցնցվում էր, բայց դա ուրախությունից էր՝ իր վաղեմի սիրելիի համար, որը բոլորի կողմից մոռացված Արմատիկ֊Ծերուկից վեր էր ածվել Լիլոյի տիկնիկային թատրոնի երիտասարդ դերասանի և հիմա հանդիսատեսների կողմից ջերմ ընդունելության էր արժանանում։







  1. Վոլֆ ― գերմաներեն՝ գայլ։