«Հայրենի գյուղից»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Հայրենի գյուղից |հեղինակ = Վաղինակ Բեքարյան |աղբյուր = «Գառնիում» }} Categor...»:)
 
չ
Տող 5. Տող 5.
 
}}
 
}}
 
[[Category: Արձակ]]
 
[[Category: Արձակ]]
 
==
 
  
 
==Մեր գյուղը==
 
==Մեր գյուղը==

17:59, 22 Դեկտեմբերի 2019-ի տարբերակ

Հայրենի գյուղից

հեղինակ՝ Վաղինակ Բեքարյան
թարգմանիչ՝ անհայտ
աղբյուր՝ «Գառնիում»

Մեր գյուղը

Մեր գյուղը Նիկիո լճի ափին էր, ձիթենիներով և շագանակենիներով հարուստ գեղատեսիլ մի հովտում, ուր տարվա շատ ամիսներին երկինքը պայծառ էր, օդը խաղաղ և լիճը կապույտ։

Նրա առաջին բնակիչները շատ տարիներ առաջ, հալածանքի սև օրերում, թողել էին Հայրենիքում իրենց հողերն ու շեները և ապաստան գտել Նիկիական այս ափերում։

Ու հնազանդ՝ ցեղի ավանդական ոգուն, իրենց նոր բնակավայրում եկեղեցի ու դպրոց էին կառուցել Համի Տյառն ՌՈԺ, ինչպես որ քանդակված էր ժամի ավագ դռան վերևի մարմար սալին, մշակել էին դաշտերն ու այգի գցել, և ապրել օրենքի ու աստծու երկյուղը սրտերում։

Իմ մանկության օրերին մեր գյուղի ամենածերերը պատմում էին իրենց պապերից լսած զարմանահրաշ պատմություններ Հայերենիքի մասին, ու մեր սրտերը կապում լեռներով ու ձորերով հարուստ այն գողտրիկ աշխարհի հետ, որի անունը սովորեցինք արտասանել կարոտով ու ջերմեռանդությամբ։

Հիմա լճի ափին, այնտեղ ուր մի ժամանակ կանգնում էր մեր գյուղը, ավերակներ են, մոխիր ու փոշի, և եթե մի օր օտարական մի մարդ անցնի փլատակների մոտով, չի իմանա, որ այնտեղ գյուղ է եղել, ուր հայեր են ապրել, զարդարելով երկիրը ծառով ու ծաղկով, չի իմանա, որովհետև բարբարոսները գյուղն ավերելիս, այնտեղ նրա երբեմնի բնակիչների կյանքն ու կենցաղը հիշեցնող ոչ մի հիշատակարան կանգուն չեն թողել։


Այդ գյուղում էր իմ հայրական տունը։ Հայրս էր շինել մեր տունը, մեր փոքրիկ գողտրիկ տնակը։ Կտրիճ մարդ, գնացել էր լեռը ու գերան կտրել, հետո կավային հողի աղյուս թափել ու ոչ վարպետ, ոչ որմնադիր․․․ իր ձեռքով շինել էր մեր տունը՝ մի սենյակ և մի միջանցք միայն։

Իմ ծնունդից մի տարի առաջ է եղել այդ, ու երբ ծնվել եմ ես, և ծանոթ֊բարեկամ եկել են շնորհավորելու մորս, նոր տան ու իմ աշխարհ գալու առիթով, մայրս, որ այն ժամանակ երեսուն տարեկան է եղել․ «Ալ մեզի զավակ ունենալ չի վայլեր, ամա, իշտե նոր տուն նոր զավակ ըսինք ըե, ունեցանք» ասել է։

Հետո ուխտ են արել և ինձ տարել են Սուրբ Մինասին ― ձորը, անդունդի վրա կախված հսկա մի քարասյուն,― մոմ են վառել այնտեղ, աքլոր են մորթել, մատաղ արել, որպեսզի ապրեմ և ուրախություն ու բախտ բերեմ մեր տանը։

Սակայն դեռ պատանի, ես թողել եմ իմ հայրական տունն ու հեռացել գյուղից և ինձ չի հաջողվել ուրախացնել ծնողներիս։

Հետո բարբարոսները ավերել են մեր գյուղը։ Սակայն նոր տան նոր զավակի հոգում, որին բախտի հովերը քշել են աշխարհից աշխարհ, կենդանի է մնացել գյուղը իր արշալույսներով ու վերջալույսներով, առուների կարկաչով, զանգերի ղողանջով և սիրո ու կարոտի երգերով։

Առաջին հուշը

Ինձ այնպես է թվում, որ արև֊արեգակ օր էր։ Մայրիկը բակում կտավ էր գործում և ես դռան շեմքին նստած լսում էի մաքոքի համաչափ չկչկոցը։

Հարևանուհի Անթառամը փողոցն էր ավլում, և հավերը քուջուջ էին անում աղբյուսի վրա։ Հանկարծ գյուղի փողոցներում աղմուկ բարձրացավ, որ նախ մեղմ, ապա որոտմունքի պես ուժգին ծավալվեց խառն ու շփոթ ալիքներով, շներն սկսեցին հաչել ամեն կողմից ու կաղկանձել ցավագնորեն, և ժամի զանգերն հնչեցին ընդատ ու ծանր զարկերով։

Բակում մայրիկի մաքոքը լռեց, ու տեսա, որ հարևանուհի Անթառամը ավելը գցեց գետին և երեսը խաչակնքեց։

Ու հանկարծ տեսա նորից, որ մեր փողոցի զառիվերով խումբ֊խումբ մարդիկ են բարձրանում։ Մեր փողոցում երբեք այդպիսի մեծ բազմություն չէի տեսել։ Վախեցա, նրանք բոլորն էլ զինված էին հրացաններով, ձեռներին սուր ունեին կամ կացին և շտապաքայլ ու գոռում գոչյունով գնում էին դեպի գերեզմանատան բարձունքը, որի ճամփան ձգվում էր մեր տան առաջով։

Լաց եղա։ Մայրիկն ինձ առավ իր բազուկների մեջ և դուռը ծածկեց։

Բազմությունը շարունակում էր հոսել մեր փողոցով։ Կուչ եկած մայրիկի գրկում, ես սարսափով լսում էի դրսի աղմուկը։

Մի ձայն հասավ ականջիս, երբ բազմության հոսքը դադարեց փողոցում․

― Աղջի Վարդանո՜ ւշ․․․

Անթառամ մայրիկն էր․․․

― Ջարդ է կըսեն, ջա՜րդ․․․

Հեռվում հրացաններ էին պայթում։

Մայրիկը ցնցվեց և իր դողացող բազուկներով ինձ պինդ սեղմեց կրծքին։

Հետո, հետո ի՛նչ եղավ, չգիտեմ, իմ մտքում մշո՛ւշ է, խավա՛ր․․․

Իմ կյանքի վաղ մանկության շրջանի այդ սև օրը երազի պես եմ հիշում։

Հայրենի մոխիր դարձած գյուղից հոգուս մեջ կենդանի մնացած առաջին հուշն է այն, մղձավանջային մի հիշողություն, որ ողջ կյանքումս ծանրացած մնաց իմ հոգու վրա, ուր միչև այսօր մերթ ընդ մերթ արձագանքում են աղոթք ու արցունք, զանգի եղերական ղողանջ, հրազենի պայթյուն, սրերի շառաչ և սարսափից բեկբեկվող բառեր․

«Ջարդ է կըսեն, ջա՜րդ․․․»

Արիստակեսի ծովը

Մայրիկն ինձ լիճ տարավ, կանգնեցրեց ափին ու ասաց․

― Երեսդ խաչ հանե աղվո՛ր մանչս, ասիկա սուրբ Արիստակեսի ծովն է։

Մանրիկ ալիքները փրփուրի շրթներով համբուրեցին ոտներս ու փշրվեցին ավազի վրա։

Երեսս խաչակնքեցի, մայրիկն էլ խաչակնքեց և աղոթքի բառեր մրմնջաց։ Հետո ծովակի անվան հետ կապված մի հեքիաթ պատմեց, որ ինձ գեղեցիկ և իրական թվաց։

Հայոց աշխարհի Արիստակես սուրբ հայրապետը երկնքում շրջելիս հայացքն ուղղում է դեպի երկիր ու տեսնելով Իղնիկի լիճը, հմայվում է նրա գեղեցկությամբ։ Հետո հրեշտակների թևերին նստած իջնում է երիրա ու նրանց հետ հրեղեն կառքով շրջում ջրերի վրա, սուրբ աջը տարածած օրհնում լիճը, իր շրջակա դաշտերով ու բլուրներով։