«Բալթազար»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
Տող 6. Տող 6.
 
}}
 
}}
 
[[Category: Արձակ]]
 
[[Category: Արձակ]]
 +
[[Կատեգորիա:Ֆրանսիական]]
 +
[[Կատեգորիա:Պատմվածք]]
  
 
Նվիրվում է <br>
 
Նվիրվում է <br>

22:29, 11 Հունվարի 2020-ի տարբերակ

Բալթազար

հեղինակ՝ Անատոլ Ֆրանս
թարգմանիչ՝ Ա․ Խաչատրյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Թայիս։ Սագաթաթիկներ թագուհու պանդոկը։ Նովելներ»

Նվիրվում է
Վիկոնտ Էժեն֊Մելխիոր դը Վոգյուեին [1]

Magos reges fere nabuit Oriens Tertull.
Արևելքում թագավոր էին մոգերը։
Տերտուլիանոս

I

Այդ ժամանակ Եթովպիայում թագավորում էր Բալթազարը[2], ում հույները Սարացին էին կոչում։ Նա սևամորթ էր, բայց դեմքով գեղեցիկ։ Մտքով պարզ էր, իսկ սրտով՝ վեհանձն։ Իր թագավորության երրորդ տարում, որն իր կյանքի քսաներկուերրորդ տարին էր, որոշեց այցելել Բալիքս, Սաբայի թագուհուն [3] Մոգ Սեմբոբիտիսն ու ներքինի Մենկերան ուղեկցում էին նրան։ Նրանց հետևում էին դարչինով, զմռսով, ոսկու ավազով ու փղոսկրով բարձված յոթանասունհինգ ուղտ։ Ճանապարհին Սեմբոբտիսն արքային բացատրում էր մոլորակների ազդեցությունը, ինչպես նաև քարերի հատկությունները, իսկ Մենկերան սաղմոսներ էր երգում, բայց արքան չէր լսում նրանց․ նա զվարճանում էր՝ նայելով հետևի թաթերին նստած ականջները ցցած շնագայլերն, որ նշմարվում էին հորիզոնի վրա, ավազների մեջ։

Վերջապես, տասներկու օր ճամփորդելուց հետո, Բալթազարն ու ուղեկցիները վարդերի բույր շնչեցին, և շուտով նրանց երևացին Սաբայի թագուհու քաղաքը շրջապատող այգիները։ Այգիներում նրանք տեսան աղջիկների, որոնք պարում էին ծաղկուն նռենիների տակ։

― Պարը հենց նույն աղոթքն է,― ասաց մոգ Սեմբոբիտիսը։

― Այդ կանանց կարելի էր թանկ գնով վաճառել,― ասաց ներքինի Մենկերան։

Քաղաքում ճամփորդներին ապշեցրին հսկայական կրպակները, շտեմարանները, անտառանյութերի պահեստները, ինչպես և դրանց մեջ տեղավորած ապրանքների առատությունը։ Նրանք երկար ժամանակ ընթանում էին սայլերով, բեռնակիրներով, ավանակներով ու նրանց կառավարներով խառնված փողոցներով, և հանկարծ երևացին մարմարե պարիսպները, բոսորագույն վրանները, Բալիքսի պալատի ոսկեզօծ գմբեթները։

Սաբայի թագուհին հյուրերին ընդունեց բակում, ուր օդը զովացնում էին անուշաբույր շատրվանները, որոնց շիթերը մարգարտահատիկներ շաղ տալով, մեղմ կարկաչում էին։ Թագուհին, որ թանկարժեք քարերով զարդարված շրջազգեստ էր կրում, կանգնած ժպտում էր։

Բալթազարը, տեսնելով նրան, անչափ շփոթվեց։ Թագուհին պատրանքից ավելի հմայիչ և ցանկությունից ավելի գեղեցիկ թվաց նրան։

― Տե՛ր,― շշուկով թագավորին ասաց Սեմբոբիտիսը,― փորձեք թագուհու հետ շահավետ առևտրական պայմանագիր կնքել։

― Զգուշացե՛ք, տե՛ր,― ավելացրեց Մենկերան,― ասում են, նա կախարդանքի է դիմում, որպեսզի սեր բորբոքի տղամարդկանց մեջ։

Հետո, խոր գլուխ տալով, մոգն ու ներքինին հեռացան։

Բալթազարը, մենակ մնալով Բալքիսի հետ, ուզում էր ինչ֊որ բան ասել, բացեց բերանը, բայց ոչ մի բառ չկարողացավ արտասանել։ Մտածեց․ «Թագուհին զայրանում է, որ ես լռում եմ»։

Սակայն թագուհին ժպտում էր, դեմքին զայրույթ չէր երևում։

Նա առաջինն սկսեց խոսակցությունը, և ամենաքնքուշ երաժշտությունից ավելի քնքուշ հնչեց նրա ձայնը։

― Եղիր իմ հյուրը և նստիր կողքիս․․․

Եվ լուսաշող ճառագայթ հիշեցնող մատով ցույց տվեց հատակին դրված ծիրանագույն բարձերը։

Բալթազարը նստեց, խորը շունչ քաշեց և, ամեն ձեռքով մի բարձ բռնելով, բացականչեց․

― Տիրուհի՛, կցանկանայի, որ այս երկու բարձերը հսկաներ լինեին, քո թշնամիները, և ես կոլորեի նրանց վիզը։

Եվ, ասելուն պես, այնպիսի ուժով սեղմեց կտորը, որ ճերմակ բմբուլների ամպ բարձրացավ։ Մի փետուրիկ մի պահ պտտվեց օդում և ընկավ թագուհու կրծքին։

― Տե՛ր,― ասաց Բալքիսը շիկնելով,― ինչո՞ւ ես ուզում հսկաների տապալել։

― Քանզի սիրո՜ւմ եմ քեզ,― պատասխանեց Բալթազարը։

― Ասա՛,― հարցրեց Բալքիսը,― վճի՞տ է արդյոք քո երկրի ջրհորների ջուրը։

― Այո՛, վճիտ է,― պատասխանեց զարմացած Բալթազարը։

― Կցանկանայի իմանալ նաև,― շարունակեց թագուհին,― ինչպե՞ս են շաքարած մրգեր պատրաստում Եթովպիայում։

Արքան չգիտեր ինչ պատասխաներ։ Թագուհին շարունակեց․

― Ասա՛, ասա՛, ի հաճույս ինձ։

Այնժամ, հիշողությունը լարելով, արքան պատմեց Եթովպիայի խոհարարների մասին, որոնք մեղրի մեջ սերկևիլ էին եփում։ Բայց թագուհին չէր լսում և հանկարծ ընդհատեց նրան․

― Տեր, ասում են, սիրում ես Կանդակիա թագուհու, քո հարևանուհուն։ Ասա՛ ինձ անկեղծ․ նա ինձնից ավելի՞ գեղեցիկ է։

― Քեզնից ավելի գեղեցի՞կ,― բացականչեց Բալթազարը,― Բալքիսի ոտքերն ընկնելով։― Մի՞թե հնարավոր է։


Թագուհին շարունակեց․

― Ինչպիսի՞ն են նրա աչքերը, բերանը, դեմքի գույնը, կուրծքը։

Բալթազարը նրան կարկառեց ձեռքերն ու բացականչեց․

― Թույլ տուր վերցնել պարանոցիդ փարված փետուրիկը և քեզ կտամ թագավորությանս կեսը՝ իմաստուն Սեմբոբիտիսի ու ներքինի Մենկերայի հետ մեկտեղ։

Բայց թագուհին ոտքի ելավ և, հնչեղ ծիծաղելով, վազելով հեռացավ։

Երբ մոգն ու ներքինին վերադարձան, իրենց տիրոջը գտան մտասույզ, մի բան, որ հատուկ չէր նրան։

― Տե՛ր, հո առևտրական շահավետ պայմանագիր չե՞ք կնքել,― հարցրեց Սեմբոբիտիսը։

Այդ երեկո Բալթազարը ընթրեց Սաբայի թագուհու հետ և արմավի գինի խմեց։

― Ուրեմն իրո՞ք ճշմարիտ է, որ ես թագուհի Կանդակիայից ավելի գեղեցիկ եմ,― ասաց Բալքիսը խնջույքի ընթացքում։

― Թագուհի Կանդակիան սևամորթ է,― պատասխանեց Բալթազարը։

― Կարելի է լինել սևամորթ և գեղեցիկ։

― Բալքի՜ս․․․ ― գոչեց արքան։

Այլևս ոչինչ չասաց։ Գրկեց թագուհուն և շրթունքները հպեց նրա ճակատին։ Բայց տեսավ, որ թագուհին արտասվում է։ Այնժամ սկսեց, փոքր֊ինչ ծոր տալով, ինչպես ստնտուները, փաղաքշական խոսքեր շշնջալ, «ծաղիկս», «աստղիկս» կոչել նրան։

― Ինչո՞ւ ես լալիս,― հարցրեց։― Եվ ի՞նչ է հարկավոր անել, որ այլևս լաց չլինես։ Եթե որևէ ցանկություն ունես, ասա՛, կկատարեմ։

Թագուհին դադարեց արտասվել և դարձավ մտախոհ։ Բալթազարը երկար ժամանակ համոզում էր նրան հայտնել իր ցանկությունը։

Վերջապես թագուհին ասաց․

― Կցանկանայի երկյուղ ապրել։

Բալթազարը չհասկացավ նրան, ուստի Բալքիսը բացատրեց, որ վաղուց ուզում է անհայտ վտանգ զգալ, բայց ոչ մի կերպ չի հաջողվում, քանզի իրեն պահպանում են Սաբայի այրերն ու աստվածները։

― Իսկ ես,― ավելացրեց թագուհին հառաչելով,― շատ կուզենայի գիշերները զգալ, թե ինչպես է ամբողջ մարմինս սարսռում արբեցնող սարսափից։ Կուզենայի զգալ, թե ինչպես են մազերս գլխիս վրա շարժվում։ Օ՜, ինչքա՜ն հաճելի կլիներ սարսափ զգալ։

Նա ամուր գրկեց սևամորթ արքային և մանկական աղերսող ձայնով ասաց․

― Ահա՛ իջնում է գիշերը։ Առանց երկար մտածելու, թագուհին մոտեցավ լուսամուտին և ճաղերի արանքից նայեց քաղաքի հրապարակին։

― Մուրացիկ է պառկած պալատի պարսպի մոտ,― ասաց նա։ ― Նրան տուր քո հագուստը, իսկ փոխարենը վերցրու նրա ուղտի բրդից չալման ու մեջքին փաթաթած կոպիտ քաթանը։ Շտապի՛ր, ես գնում եմ զգեստներս փոխելու։

Եվ ուրախությունից ծափ տալով՝ թագուհին դուրս վազեց խնջույքի դահլիճից։

Բալթազարը հանեց իր ոսկենախշ կտավե պատմուճանը և գոտևորվեց մուրացիկի ցնցոտիներով։ Իսկական ստրուկի էր նմանվում։ Թագուհին շուտով վերադարձավ։ Նա կրում էր կապտավուն կտավի ամբողջական կտորի հագուստ, ինչպես դաշտում աշխատող կանայք։

― Գնա՛նք,― ասաց Բալքիսը։

Եվ Բալթազարին նեղ անցումներով առաջնորդեց դեպի դաշտ տանող դռնակը։

II

Խավար գիշեր էր։ Մթության մեջ Բալքիսը բոլորովին փոքր էր թվում։

Նա Բալզթազարին տարավ այն գինետներից մեկը, որտեղ հավաքվում էին կեռաբեռնակիրները, դեսպակակիրներն ու անառակ կանայք։ Երկուսով նստեցին սեղանի մոտ և գոլորշիներից ծանրացած օդում ծխացող աշտանակի լույսի տակ դիտեցին այդ ամբողջ գարշահոտ խառնամբոխին․ ոմանք կնոջ կամ մի գավաթ ոգելից խմիչքի համար գործի էին դնում բռունցքներն ու դանակները, ոմանք էլ սեղանի տակ փռված, ամբողջ ուժով խռմփացնում էին։ Միկիտանը, պարկերի վրա պառկած, խեթ֊խեթ նայում էր հարբած հյուրերին, հետևելով նրանց կռվին։

Թագուհին, տեսնելով առաստաղի գերանից կախված աղ դրած ձուկը, իր ուղեկցին ասաց․

― Ուզում եմ ճաշակել այդ ձուկը մանրացած սոխով։

Բալթազարը պատվիրեց մատուցել այդ ձուկը։ Երբ թագուհին կերավ, թագավորը հանկարծ հիշեց, որ փող չի վերցրել հետը։ Բայց դա շփոթմունք չպատճառեց նրան, և պատրաստվեց Բալքիսի հետ հեռանալ՝ չվճարելով։ Սակայն միկիտանը փակեց նրանց ճանապարհը, զազրելի ստրուկ կոչելով նրան, իսկ թագուհուն՝ փչացած։ Բալթազարը բռունցքի մի հարվածով գետին տապալեց նրան։ Մի քանի մշտական ճախաորդ դանակները բարձրացրած հարձակվեցին անծանոթների վրա։ Բայց սևամորթը, զինվելով եգիպտական սոխ ծեծելու հսկայական սանդաթակով, տեղնունետը սպանեց երկուսին, իսկ մյուս հարձակվողներին փախուստի մատնեց։ Բալթազարը զգում էր ամբողջ մարմնով իրեն սեղմված Բալքիսի ջերմությունը, այդ պատճառով էլ դարձել էր անպարտելի։ Միկիտանի մտերիմները, չհամարձակվելով մոտենալ, հեռվից նրա վրա նետեցին յուղի կավե սափորներ, անագե ամանեղեն, վառվող կանթեղներ և նույնիսկ հսկայական պղնձե կաթսան, որի մեջ մի ամբողջ ոչխար կտեղավորվեր։ Կաթսան ամբողջ ծանրությամբ ընկավ Բալթազարի գլխին և ճեղքոց նրա գանգը։ Բալթազարը մի պահ շշմեց, հետո ուժերը լարեց և կաթսան հետ շպրտեց մի այնպիսի ուժով, որ հարվածի ուժը տասն անգամ մեծացավ, և պղնձի զրնգոցը միախառնվեց մեռնողների հուսահատ վայնասուններին ու խռխռոցներին։ Օգտվելով ընդհանուր իրարանցումից և վախենալվ՝ չլինի թե վիրավորեն Բալքիսին, Բալթազարը ձեռքերի վրա առավ նրան և ամայի ու մութ փողոցներով դիմեց փախուստի։ Գիշերային լռությունը պատել էր երկիրը, և փախստականները լսում էին, թե ինչպես էին մարում մթության մեջ իրենց հետևից հասնող հարբած տղամարդկանց ու կանանց ձայները։ Շուտով նրանք արդեն լսում էին միայն, թե ինչպես էր Բալթազարի ճակատից Բալքիսի կրծքին կաթիլ առ կաթիլ թափվում արյունը։

― Ես սիրո՛ւմ եմ քեզ,― շշնջաց թագուհին։

Եվ ամպերի տակից դուրս եկող լուսնի լույսի տակ թագավորը տեսավ Բալքիսի կիսախուփ աչքերի տամուկ ճերմակ փայլը։ Նրանք իջնում էին ցամաքած հեղեղատի հունով։ Հանկարծ Բալթազարը, ոտքը դնելով մամուռին, սայթաքեց։ Նրանք վայր ընկան՝ ամուր իրար սեղմված։ Նրանց թվաց, թե սուզվում են մեղկ անէության մեջ և մահկանացուների աշխարհը այլևս գոյություն չունի իրենց համար։ Ըմբոշխնում էին երանությունը, մոռանալով ժամանակն ու տարածությունը, մինչև լուսաբաց, երբ հունի քարքարոտ փոսորակների մոտ վազեցին վիթերը՝ ջուր խմելու։

Այդ պահին մոտիկից անցնող ավազակները նկատեցին մամռապատ մահճում պառկած սիրահարներին։

― Աղքատներ են,― ասացին ավազակները։― Բայց կվաճառենք նրանց թանկ գնով, քանի որ երիտասարդ են ու գեղեցիկ։

Եվ մոտեցան նրանց, ոլորեցին ձեռքերը և, գերիներին կապելով ավանակի պոչին, շարունակեցին ճանապարհը։

Կապկպված սևամորթը մահով էր սպառնում ավազակներին։ Բայց Բալքիսը ցնցվում էր վաղորդյան զովությունից և ժպտում ինչ֊որ բանի, որ միայն ինքն էր տեսնում։

Նրանք գնում էին ամայի ու խուլ վայրով, կեսօրվա տապը ավելի էր ուժեղանում։ Արևն արդեն բարձր երկնքում էր, երբ ավազակներն արձակեցին գերիների կապանքներն ու հրամայելով նստել ժայռի ստվերում, մի կտոր բորբոսնած հաց նետեցին նրանց, որից Բալթազարը արհամարհանքով հրաժարվեց, իսկ Բալքիսն ագահությամբ կերավ։

Նա ծիծաղում էր և պարագլխի հարցին, թե ինչու է ծիծաղում, պատասխանեց․

― Ծիծաղում եմ այն մտքից, որ հրամաւելու եմ բոլորիդ կախել։

― Մի՞թե սիրունիկս,― բացականչեց հրոսակախմբի պարագլուխը։― Տարօրինակ խոսքեր՝ աման լվացող կնոջ բերանում։ Հո սևամորթ բարեկամդ չի՞ օգնելու քեզ մեզ կախելու։

Նման վիրավորական խոսեր լսելով, Բալթազարը մոլեգնեց, նետվեց ավազակի վրա և այնպես սեղմեց կոկորդը, որ քիչ մնաց խեղդեր։

Բայց ավազակը դանակը մինչև երախակալը խրեց նրա փորը։ Տարաբախտ թագավորը փռվեց գետնին՝ Բալքիսին դարձնելով մարող հայացքը, որ շուտով հանգավ։

III

Այդ միջոցին լսվեցին աղաղակներ, սմբակների դոփյուն, զենքերի շաչյուն, և Բալքիսը ճանաչեց խիզախ Աբներին, որ, պահապան ջոկատի գլուխն անցած, շտապում էր օգնության հասնել թագուհուն, որի խորհրդավոր անհետացման մասին իմացել էր նախորդ օրը։

Նա երիցս փռվեց Բալքիսի առջև և կարգադրեց պատգարակ բերել նրա համար․ այդ ընթացքում զինվորները կապեցին ավազակների ձեռքերը։ Թագուհին սիրալիր դիմեց հրոսակախմբի պարագլխին․

― Հարկ չի լինի քեզ, բարեկամս, կշտամբելու ինձ, որ չկատարեցի խոստումս, չէ՞ որ ասացի, թե կախելու են քեզ։

Մոգ Սեմբոբիտիսն ու ներքինի Մենկերան, որ կանգնած էին Աբների կողքին, բարձրաձայն ողբալով նետվեցին դեպի իրենց տիրակալը, որն անշարժ պառկած էր՝ դանակը փորի մեջ խրված։ Զգուշությամբ բարձրացրին Բալթազարին․ Սեմբոբիտիսը, որ քաջատեղյակ էր բուժելու արվեստից, նկատեց, որ թագավորը դեռ շնչում է։ Մոգը առաջին վիրակապումն արեց, իսկ Մենկերան այդ ընթացքում սրբեց թագավորի շրթունքների փրփուրը։ Հետո նրան կապեցին թամբին և զգուշությամբ տարան Բալքիսի պալատ։

Երկու շաբաթ Բալթազարը զառանցանքի մեջ էր։ Անդադար խոսում էր եռացող կաթսայի ու մամռապատ հեղեղատի մասին, բարձրաձայն գոռում էր, կանչում Բալքիսին։ Վերջապես տասնվեցերորդ օրը բացեց աչքերը, սնարի մոտ տեսավ Սեմբոբիտիսին ու Մենկերային, բայց թագուհուն չտեսավ։

― Որտե՞ղ է նա, ի՞նչ է անում։

― Տե՛ր իմ,― պատասխանեց Մենկերան,― թագավոր Կոմագենսկու հետ փակվել է։

― Նրանք, հավանաբար բանակցություններ են վարում ապարանքափոխանակության շուրջ,― ավելացրեց իմաստուն Սեմբոբիտիսը,― բայց մի անհանգստացիր, տեր իմ, տենդը կարող է ուժեղանալ։

― Ուզում եմ տեսնել նրան,― բացականչեց Բալթազարը։

Եվ նա նետվեց թագուհու հարկաբաժին, և ո՛չ ծեր իմաստունը, ո՛չ էլ ներքինին չկարողացան հետ պահել նրան։ Հասնելով ննջասենյակ, նկատեց այնտեղից դուրս եկող թագավոր Կոմագենսկուն, ամբողջովին ոսկեզօծ, արևի պես շողշողուն։

Բալքիսը պառկել էր ծիրանագույն մահճում և, աչքերը փակ, ժպտում էր։

― Ի՛մ Բալքիս, ի՛մ Բալքիս,― գոչեց Բալթազարը։

Բայց նա չշրջվեց թագավորի կողմը, թվում էր, չէր ուզում ընդհատել իր անուրջները։

Բալթազարը մոտեցավ և բռնեց նրա ձեռքը, բայց նա հետ քաշեց ձեռքը։

― Ի՞նչ ես ուզում ինձնից,― հարցրեց նա։

― Եվ դու դեռ հարցնո՞ւմ ես,― բացականչեց սևամորթ արքան՝ դառնորեն արտասվելով։

Թագուհին հանգիստ ու սառը մի հայացք գցեց նրա վրա։

Բալթազարը հասկացավ, որ նա ամեն ինչ մոռացել է, և հիշեցրեց հեղեղատում անցկացրած գիշերը։ Բայց թագուհին պատասխանեց․

― Ես հիրավի չգիտեմ, արքա, ինչի մասին ես խոսում․․․ Արմավի գինին, ինչպես երևում է, վնասակար է քեզ։ Հավանաբար երազում ես տեսել։

― Ինչպե՜ս,― բացականչեց դժբախտ թագավորը՝ հուսահատ շարժումներ անելով,― իսկ քո համբույրները, դանակի հետքը, մի՞թե երազ են։

Թագուհին վեր կացավ․ նրա զգեստը զարդարող թանկարժեք քարերը կարկտահատիկների պես զրնգացին և շողշողացին կայծակի փայլով։

― Արքա՛,― ասաց նա,― հասել է խորհրդիս հավաքվելու ժամը։ Ժամանակ չունեմ մեկնաբանելու հիվանդ երևակայությունից ծնունդ առած երազները․․․ Հանգստանալ է պետք քեզ․․․ Մնաս բարյավ։

Բալթազարը զգաց, որ կորցնում է գիտակցությունը։ Ջանք գործադրեց իր թուլությունը ցույց չտալու այդ չար կնոջը, և վազեց իր ննջասենյակ, որտեղ անշնչացած փռվեց, քանզի վերքը նորից էր բացվել։

IV

Երեք շաբաթ ուշքի չէր գալիս և մեռածի պես պառկած էր․ քսաներկուերորդ օրը, ուշքի գալով, բռնեց Սեմբոբիտիսի ձեռքը, որ զօր ու գիշեր Մենկերայի հետ հսկում էր իրեն և, դառնագին լալով, բացականչեց․

― Օ՜, բարեկամներս, ինչքա՜ն երջանիկ եք, դուք, մեկդ՝ քանի որ ծեր է, մյուսդ՝ ծերունու է նմանվում։ Բայց ավա՜ղ։ Երջանկություն չկա, և ամեն ինչ աշխարհում պիղծ է, քանի որ սերը տառապանք է պատճառում, իսկ Բալքիսը՝ չարիք։

― Իմաստությունը երջանիկ է դարձնում մարդուն,― պատասխանեց Սեմբոբիտիսը։

― Ուզում եմ ճաշակել այն,― ասաց Բալթազարը։― Բայց հենց հիմա վերադառնանք Եթովպիա։

Կորցնելով այն, ինչ սիրում էր, թագավորը վճռեց գիտությանը նվիրել իրեն և մոգ դառնալ։ Եթե այդ որոշումը երջանկություն չբերեց նրան, ապա գոնե փոքր֊ինչ հանգստացրեց։ Ամեն երեկո, մոգ Սեմբոբիտիսի և ներքինի Մենկերայի ընկերակցությամբ նստում էր իր պալատի պատշգամբում և հիանում հորիզոնի վրա երևացող անշարժ արմավենիներով կամ լուսնի լույսի տակ դիտում էր Նեղոսով լողացող ծառի բներ հիշեցնող կոկորդիլոսներին։

― Բնությունով հիանալուց երբեք չես հոգնի,― ասում էր Սեմբոբիտիսը։

― Հարկավ,― պատասխանում էր Բալթազարը,― բայց բնության մեջ ինչ֊որ ավելի գեղեցիկ բան կա, քան արմավենիներն ու կոկորդիլոսներն են։

Խոսում էր այնպես, ասես Բալքիսի մասին էր մտածում։

Եվ Սեմբոբիտիսը, որ ծեր էր, ասում էր․

― Կա հրաշալի մի երևույթ՝ Նեղոսի հորդացումը, որ հրաշալի է, և ես բացատրել եմ դա։ Մարդը ստեղծված է հասկանալու․․․

― Մարդը ստեղծված է սիրելու համար,― պատասխանեց Բալթազարը հառաչելով,― բաներ կան, որ անբացատրելի են․․․

― Ի՞նչն է անբացատրելի,― հարցրեց Սեմբոբիտիսը։

― Կնոջ դավաճանությունը,― պատասխանեց արքան։

Բալթազարը, որոշելով մոգ դառնալ, հրամայեց կառուցել մի աշտարակ, որի բարձունքից երևային բազմաթիվ թագավորություններ ու ամբողջ երկնակամարը։ Աշտարակը կառուցվեց աղյուսից և իշխում էր մնացած բոլոր աշտարակների վրա։ Ամբողջ մի տարի կառուցեցին, և այն կառուցելու համար Բալթազարը դատարկեց թագավորի՝ իր հոր գանձարանը։ Ամեն գիշեր բարձրանում էր աշտարակի վրա և այնտեղից իմաստուն Սեմբոբիտիսի գլխավորությամբ դիտում էր աստղերը։

― Աստղերի դիրքը վկայում է մեզ մեր ճակատագիրը,― ասում էր թագավորին Սեմբոբիտիսը։

Իսկ նա պատասխանում էր․

― Պետք է խոստովանել, որ այդ վկայությունները միանգամայն տարտամ են։ Բայց քանի դեռ ուսումնասիրում եմ դրանք, Բելքիսի մասին չեմ մտածում, իսկ դա մեծ բարիք է։

Մոգը այլևայլ գիտելիքներ տալուց բացի, նաև հայտնեց նրան, որ աստղերը, ինչպես մեխեր, գամված են երկնքին և որ գոյություն ունի հինգ մոլորակ, որոնցից Բելը, Մերոդախն ու Նեբոն արական սեռի են, Սինը և Միլիթթան՝ իգական։

― Արծաթը,― ասում էր նա,― համապատասխանում է Սին մոլորակին, որը հենց Լուսինն է, երկաթը՝ Մերոդախ մոլորակին, իսկ կապարը՝ Բել մոլորակին։

Եվ Բալթազարն ասում էր․

― Ահա այն գիտելիքները, որ կցանկանայի ձեռք բերել։ Քանի դեռ աստղագիտություն եմ ուսումնասիրում, Բալքիսի մասին չեմ մտածում, և ընդհանրապես աշխարհում ոչ մի բանի մասին չեմ մտածում։ Գիտությունները բարերար են․ նրանք խանգարում են մարդկանց մտածել։ Սեմբոբիտիս, այնպիսի գիտություն ուսուցանիր ինձ, որը մարդկանց մեջ սպանում է զգացմունքը, և իմ ժողովրդից վեր կբարձրացնեմ քեզ։

Հենց այդ պատճառով էլ Սեմբոբիտիսն ամեն տեսակի խորիմաստություններ սովորեցրեց թագավորին։

Նա սովորեցրեց Բալթազարին ապոտելեզմատիկա Աստրոմփսիխոզի, Գոբրիայի և Պազատասի սկզբունքներով։ Քանի Բալթազարը դիտում էր կենդանակերպի տասներկու նշանները[4], հազվադեպ էր հիշում Բալքիսին։

Մենկերան նկատեց դա և շատ ուրախացավ։

― Ասա՛, տե՛ր իմ,― հարցրեց նա մի անգամ,― ճիշտ է չէ՞, որ թագուհի Բալքիսն իր ոսկենախշ հագուստով ծածկում է իր, ինչպես այծի, երկճեղքված սմբակներով ոտքերը[5]։

― Ո՞վ է այդպիսի անհեթեթություն պատմել քեզ,― հարցրեց թագավորը։

― Այդպիսի խոսք ու զրույց է տարածվել ժողովրդի մեջ,― պատասխանեց ներքինին։― Սաբայի թագավորությունում և Եթովպիայում ամեն ոք ձեզ կասի, որ թագուհի Բալքիսի ոտքերը մազերով են ծածկված և երկճեղքված սև սմբակներով են վերջանում։

Բալթազարը թոթվեց ուսերը։ Նա գիտեր, որ Բալքիսի ոտքերը բոլոր կանանց ոտքերի նման են և անքննելի գեղեցիկ։ Սակայն այդ խոսքերը մթագնեցին նրա մասին հիշողությունները, ում այդքան սիրում էր։ Նա զայրանում էր Բալքիսի վրա այն բանի համար, որ նրա գեղեցկությունը կատարյալ չէր նրանց պատկերացմամբ, ովքեր չէին ճանաչում նրան։ Մտածելով, որ տիրացել է հիրավի հրաշագեղ մի կնոջ, բայց, համաձայն մարդկանց ասեկոսների, տգեղության կնիքն է կրում, իսկական գարշանք էր զգում և այլևս չէր ցանկանում տեսնել Բալքիսին։ Բալթազարը պարզ հոգու տեր մարդ էր, իսկ սերը շատ բարդ զգացում է։

Այն օրից ի վեր թագավորը մեծ հաջողությունների էր հասել մոգության ու աստղագիտության մեջ։ Ուշադիր հետևում էր լուսատուների դիրքին բախտացույց էր կազմում իմաստուն Սեմբոբիտիսից ոչ վատ։

― Սեմբոբիտիս,― ասում էր նա,― գլխով պատասխանատո՞ւ ես իմ բախտացույցի ճշտության համար։

Եվ իմաստուն Սեմբոբիտիսը պատասխանում էր․

― Տեր իմ, գիտությունն անսխալական է, բայց գիտնականները շարունակ սխալվում են։

Բալթազարը բնատուր հրաշալի ձիրքով էր օժտված, նա ասում էր․

― Ճշմարտությունը միայն աստվածայինի մեջ է, իսկ աստվածայինը անհայտ է մեզ։ Մենք զուր ենք փնտրում ճշմարտությունը։ Բայց ահա ես մի նոր աստղ եմ հայտնաբերել։ Նա հրաշագեղ է, կենդանի է թվում և երբ առկայծում է, կարելի է քնքշորեն մեզ նայող երկնային աչքի տեղ ընդունել։ Ինձ թվում է, թե կանչում է ինձ։ Երանելի՜ է, երիցս երանելի՜ է նա, ով այդ աստղի տակ պիտի ծնվի։ Սեմբոբիտիս, նայի՛ր ինչպես է մեզ նայում այդ դյութիչ ու փառահեղ աստղը։

Սակայն Սեմբոբիտիսը չէր տեսնում աստղը, քանզի չէր ուզում տեսնել։ Նա իմաստուն էր ու ծեր, և նորություններ չէր սիրում։

Եվ Բալթազարը գիշերային լռության մեջ մենակ կրկնում էր․

― Երանելի՜ է, երիցս երանելի՜ է նա, ով այդ աստղի տակ պիտի ծնվի։

V

Եվ այդ ժամանակ Եթովպիայով ու հարևան թագավորություններով մեկ լուր տարածվեց, որ Բալթազար թագավորը այլևս չի սիրում Բալքիսին։

Երբ այդ լուրը հասավ Սաբա, Բալքիսը զայրացավ, ասես դավաճանություն լիներ դա։ Փութաց թագավոր Կոմագենսկու մոտ, որը, մոռանալով իր թագավորության մասին, ապրում էր Սաբա քաղաքում, և ասաց նրան․

― Բարեկամս, հայտնի՞ է արդյոք քեզ այն, ինչ հենց նոր իմացա։ Բալթազար այլևս չի սիրում ինձ։

― Մի՞թե միևնույնը չէ ձեզ համար,― ժպտալով պատասխանեց թագավոր Կոմագենսկին,― քանի որ մենք սիրում ենք իրար։

― Բայց մի՞թե չես հասկանում, թե ինչպիսի վիրավորանք է հասցնում ինձ այդ սևամորթը։

― Ո՛չ,― պատասխանեց թագավորը,― չեմ հասկանում։

Այնժամ թագուհին խայտառակ կերպով վռնդեց նրան և իր մեծ վեզիրին հրամայեց ամեն ինչ նախապատրաստել՝ Եթովպիա ճանապարհվելու համար։

― Կմեկնենք հենց այս գիշեր,― ասաց նա։― Կհրամայեմ կտրել գլուխդ, եթե մինչև մայրամուտ ամեն ինչ պատրաստ չլինի։

Եվ, մենակ մնալով, Բալքիսն արտասվեց։

― Սիրում եմ նրան։ Նա այլևս չի սիրում ինձ, իսկ ես սիրում եմ նրան․․․― անկեղծորեն, ի խորոց սրտի հառաչեց նա։

Եվ ահա մի գիշեր, երբ Բալթազարը աշտարակին կանգնած դիտում էր հրաշագեղ աստղին, մի հայաց գցեց երկրի վրա և տեսավ երկար, սև մի ժապավեն, որը անթիվ֊անհամար մրջյունների բանակի պես ոլորապտույտ ձգվել էր ավազոտ անապատի հեռվում։ Աստիճանաբար, ինչ մրջյուններ էր թվում, մեծացավ ու դարձավ պարզ, և թագավորը տեսավ ձիերի, ուղտերի ու փղերի։

Քարավանը մոտենում էր քաղաքին, և Բալթազարը նկատեց շողշողուն դաշույններն ու Սաբայի թագուհու պահազորի սևաթույր ձիերին։ Ճանաչեց և թագուհուն։ Մեծ խռովք համակեց նրան, զգաց, որ կրկին սիրում է Բալքիսին։ Զենիթում հրաշալի լույսով փայլփլում էր աստղը։ Ներքևում, ծիրանագույն, ոսկեհուռ դեսպակում պառկած Բալքիսը փոքրիկ շողշողուն մի աստղ էր թվում։

Բալթազարն զգաց, որ անհաղթահարելի մի ուժ ձգում է իրեն դեպի նա։ Սակայն տիապետեց իրեն, շրջվեց, և աչքերը երկնքին հառելով, նորից տեսավ աստղը։ Այնժամ աստղը խոսեց և ասաց․

― Փա՜ռք ամենաբարձրյալին, և երկրին խաղաղություն, մարդկանց մեջ է բարեհաճությունը․ խոնարհ արքա Բալթազար, մի չափ զմուռս վերցրու և հետևի՛ր ինձ։ Ես կտանեմ քեզ հենց նոր ծնված և մսուրում ավանակի ու արջառի միջև պառկած մանկան մոտ․․․

Եվ այդ մանուկը արքայից արքան է։ Նա սփոփելու է նրանց, ովքեր կարիք ունեն սփոփվելու։

Նա կանչում է քեզ, ո՛վ Բալթազար․ մութ է հոգիդ, ինչպես և դեմքդ, բայց անչար է սիրտդ, ինչպես մանկան սիրտը։

Նա ընտրեց քեզ, քանզի տառապել ես, և հարստություն, ուրախություն ու սեր պիտի տա քեզ։

Նա պիտի ասի քեզ․ «Ընչազուրկ եղիր և հրճվիր, դրանում է իսկական հարստությունը»։ Նաև պիտի ասի․ «Իսկական ուրախությունը ուրախությունից հրաժարվելն է։ Սիրի՛ր ինձ և մարդկանց սիրիր ինձնով, քանզի ես եմ միակ սերը»։

Այդ խոսքերի վրա աստվածային խաղաղություն փայլեց թագավորի դեմքին։

Բալթազարը զմայլված լսում էր աստղին և զգում էր, որ այլ մարդ է դառնում։ Նրա կողքին Սեմբոբիտիսն ու Մենկերան, ճակատները հպած քարե հատակին, երկրպագեցին աստղին։

Թագուհի Բալքիսն այդ ընթացքում ուշադիր հետևում էր Բալթազարին։ Նա հասկացավ, որ ինքն այլևս երբեք սեր չի գտնելու երկնային սիրով համակված նրա սրտում։ Զայրույթից գունատվեց և հրամայեց անմիջապես վերադառնալ Սաբա։

Երբ աստղը լռեց, թագավորն ու իր երկու մերձավորներն իջան աշտարակից։ Այնուհեև, մի չափ զմուռս պատրաստելով, քարավանը հանդերձավորեցին ու մեկնեցին այնտեղ, ուր առաջնորդեց նրանց աստղը։ Երկար թափառեցին անհայտ երկրներում, և աստղը գնում էր նրանց առջևից։

Մի անգամ հայտնվեցին երեք ճանապարհների խաչմերուկում, և այնտեղ տեսան երկու թագավորների, որ մոտենում էին մեծաթիվ շքախմբի ուղեկցությամբ։ Մեկը երիտասարդ էր ու սպիտակադեմք։ Նա խոնարհ ողջունեց Բալթազարին և ասաց․

― Ինձ Գասպար են կոչում, թագավոր եմ և ոսկի եմ տանում ընծայելու մանկանը, որ ծնվել է Բեթղեհեմում։

Երկրորդ թագավորը մոտեցավ իր հերթին։ Դա մի ծերունի էր, ճերմակ մորուքը ծածկել էր կուրծքը։

― Ինձ Մելխիոր են կոչում,― ասաց նա,― ես թագավոր եմ և խունկ եմ տանում աստվածային մանկանը, որ եկել է ճշմարտությունն ասելու մարդկանց։

― Ես էլ եմ գնում այնտեղ,― պատասխանեց Բալթազարը։― Ես հաղթահարեցի իմ մեջ հեշտասիրությունը, այդ պատճառով էլ աստղը խոսեց ինձ հետ։

― Ես,― ասաց Մելխիորը,― հաղթահարեցի իմ մեջ հպարտությունը և այդ պատճառով էլ կանչվեցի։

― Ես,― ասաց Գասպարը,― հաղթահարեցի իմ մեջ խստասրտությունը, այդ պատճառով էլ ձեզ հետ եմ։

Եվ երեք մոգերը միասին շարունակեցին իրենց ճանապարհը։ Աստղը, որին տեսել էին արևելքում, գնում էր նրանց առջևից այնքան ժամանակ, մինչև որ հասցրեց այն վայրը, ուր մանուկն էր, և կանգնեց։

Տեսնելով, որ աստղը կանգնեց, նրանք մեծապես հրճվեցին և, մտնելով տուն, տեսան մանկանը Մարիամի՝ նրա մոր հետ, և, մինչև գետին խոնարհվելով, երկրպագեցին նրան։ Եվ, բացելով իրենց գանձերը, ընծաներ մատուցեցին նրան․ ոսկի, խունկ և զմուռս, ինչպես ասված է Ավետարանում։

ՎԵՐՋ

Ծանոթագրություններ

  1. Էժեն Մելիխոր դը Վոգյուե (1848֊1910) ― ֆրանսիացի հայտնի քաղաքական գործիչ, պատմաբան ու քննադատ, «Ռուսական վեպ» գրքի (1886) և հին արևելքի մասին բազմաթիվ աշխատությունների հեղինակ։
  2. Եթովիպայում թագավորում էր Բալթազարը․․․ ― համաձայն ավետարանի, արևելքի երեք իմաստուններ (մոգեր) եկան երկրպագելու նորածին Քրիստոսին։ Հետագայում լեգենդը դարձրել է նրանց երեք իմաստուն թագավորներ, որոնք ստացան Կասպար (կամ Գասպար), Մելխիոր և Բալթազար անունները։ո
  3. որոշեց այցելել Բալիքս, Սաբայի թագուհուն։ ― Ըստ Աստվածաշնչի լեգենդի, Սաբիայի թագուհին, որի տիրույթները գտնվում էին Հարավային Աֆրիկայում, լսելով Սողոմոն թագավորի իմաստության ու հարստության մասին, այցելել է նրա մայրաքաղաք, որպեսզի անձամբ համոզվի նրա մասին տարածված լուրերում։ Պարականոն լեգենդներում Սաբայի թագուհու կերպարը դարձել էր արևելյան ճոխության ու գեղեցկության խորհրդանիշ։
  4. Նա սովորեցրեց Բալթազարին ապոտելեզմատիկա․․․ դիտում էր կենդանակերպի տասներկու նշանները․․․ Ժ Խոսքը վերաբերում է աստղագիտությանը, կեղծ գիտությանը, որը երկնային լուսատուների դիրքով կանխագուշակում էր ապագան։ Արևելքի իմաստունները, առաջին հերթին քաղդեացի մոգերը, ինչպես և ասորաբաբելական քրմերը, որոնք հետագայում նույնացվեցին, այդ բնագավառի գիտակներ էին համարվում։
  5. ․․․թագուհի Բալքիսն իր ոսկենախշ հագուստով ծածկում է իր, ինչպես այծի, երկճեղքված սմբակներով ոտքերը ― Լեգենդը վկայում էր, որ Սողոմոն իմաստունը ի հայտ է բերել Սաբայի գեղեցիկ թագուհու խնամքով թաքցրած այդ այլանդակությունը, ստիպելով նրան ոտք դնել հայելու պես փայլուն հատակին, որը թագուհին լճակի տեղ է դրել․ վախենալով թրջել զգեստը, թագուհին բարձրացրել է այն, այնպես որ երևացել են ոտքերը։