«Ձկնորսական սեզոն»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Ձկնորսական սեզոն |հեղինակ = Ռոբերտ Շեքլի |թարգմանիչ = Ռուբեն Ավետիսյան (անգլե...)
(Տարբերություն չկա)

03:05, 25 Հունիսի 2013-ի տարբերակ

Ձկնորսական սեզոն

հեղինակ՝ Ռոբերտ Շեքլի
թարգմանիչ՝ Ռուբեն Ավետիսյան (անգլերենից)
աղբյուր՝ «Մտքի բուրմունքը»

 Մալըններն այն նորակառույց թաղամասում ընդամենը մի շաբաթ էին ապրել, եւ սա նրանց առաջին հրավերն էր։
    Ուղիղ ութն անց երեսուն տեղ հասան։ Քարմայքներն ակներեւաբար պատրրաստվել էին նրանց գալստյանը, քանզի առմուտքի լույսը վառ էր, դուռը մասամբ բաց, իսկ հյուրասենյակը՝ լուսավոր ու պայծառ։
    — Սիրո՞ւն եմ,— դռան մոտ հարցրեց Ֆիլիսը․— Հագուստս լա՞վ է նստում, մազերս գանգո՞ւր են։
    — Դու կարմիր գլխարկով երազ ես,— հավատացրեց նրան ամուսինը։— Միայն թե տպավորությունը չփչացնես՝ խաղը մեկանոցներից սկսելով։
    Ֆիլիսն ի պատսախան, ուրախ ծամածռություն արեծ եւ սեղմեց դռան զանգը։ Ներսում փափուկ ղողանջներ հնչեցին։
    Մալընն ուղղեց փողկապը։ Գրպանի թաշկինակը աննշան տեղաշարժեց։ Ոչ ոք դռանը չմոտեցավ։
    — Երեւի մառանում կոկտեյլ են պատրաստում,— ասաց Մալընը կնոջը։ Նորից զանգե՞մ։
    — Ոչ, մի րոպե սպասիր։— Սպասեցին, ապա Մալընը նորից սեղմեց զանգը։ Կրկին ղողանջներ հնչեցին։
    — Շատ տարօրինակ է,— մի քանի րոպեից ասաց Ֆիլիսը։— Այսօր էինք հրավիրված, չէ՞։— Ամուսինը գլխով արեց։ Տաք գարնանային երեկո էր։ Քարմայքլները պատուհանները բաց էին թողել։ Վարագույրների արանքից երեւում էին բրիջի պատրաստ սեղանը, դասավորված աթոռները, քաղցրավենիքի սկահակները՝ ամեն ինչ տեղը տեղին։ Սակայն ոչ ոք դռանը չէր մոտենում։
    — Գուցե տե՞ղ են գնացել,— հարցրեց Ֆիլիս Մալընը։ Նրա ամուսինը մարգասեղի ուղղությամբ արագ քայլեց դեպի ցանկապատը։
    — Մեքենան այստեղ է։— Նա վերադարձավ, հրեց ու ավելի լայն բացեց մուտքի դուռը։
    — Ջի՛մի, ներս մի գնա։
    — Չեմ գնում։— Նա գլուխը դռան արանքով ներս մտցրեց։— Ողջո՛ւյն, տանը մարդ կա՞։
    Լռություն։
    — Ողջո՛ւյն,— գոռաց Մալընը եւ ուշադիր ականջ դրեց։
    Կողքի տնից աշխույժ ձայներ էին լսվում՝ մարդիկ զրուցում էին, ծիծաղում։ Փողոցով մի մեքենա անցավ։ Նա լարեց լսողությունը։ Ինչ֊որ ճռռոց լսվեց, ապա կրկին լռություն տիրեց։
    — Հո չէի՞ն կարող գնալ ու տան դուռն այսպես բաց թողնել,— ասաց նա Ֆիլիսին։— Մի բան պատահած չլինի՞։— Մալընը ներս քայլեց։ Ֆիլիսը հետեւեց նրան, բայց մնաց անջճռական կանգնած հյուրասենյակում, մինչդեռ ամուսինը դիմեց դեպի խոհանոց։ Լսվեց, թե ինչպես նա բացեց մառանի դուռը եւ գոչեց․— Տանն ո՞վ կա։— Հետ նորից փակեց։ Ապա վերադարձավ հյուրասենյակ, հոնքերը կիտեց եւ աստիճաններով բարձրացավ։
    Մի քիչ անց իջավ՝ դեմքին տարակուսանք։
    — Այնտեղ ոչ ոք չկա,— ասաց նա։
    — Գնանք այստեղից,— ասաց Ֆիլիսը, հանկարծ նյարդայնանալով այդ պայծառ, դատարկ տանը։
    Մտածեցին, թե գուցե գրություն թողնեն, հետո որոշեցին, որ չարժե եւ տնից դուրս եկան։
    — Դուռը չփակեի՞նք,— հարցրեց Ջիմ Մալընը, կանգ առնելով։
    — Ի՞նչ օգուտ։ Բոլոր լուսամուտները բաց են։
    — Այնուամենայնիվ։
    Նա ետ դարձավ եւ փակեց դուռը։
    Ամուսինները դանդաղ քայլում էին, մերթընդմերթ ետ նայելով։ Մալընը համարյա սպասում էր, որ Քարմայքլներն ուր որ է վազելով կհասնեն իրենց ետեւից ու կգոչեն՝ խաբեցի՛նք։
    Սակայն տունը մնաց լուռ։
    Նրանց բնակարանը հեռու չէր։ Դա մի աղյուսե տնակ էր, ճիշտ այնպիսին, ինչպիսին այդ թաղամասի մնացած երկու հարյուր տնակները։ Ներսում միստր Քարթերը թղթախաղի սեղանի վրա ձկնորսության համար արհեստական ճանճեր էր պատրաստում։ Նրա անշտապ ու վստահ գործող հմուտ մատները մեծ խնամքով էին հյուսում գույնզգույն թելերը։ Այնքան էր կլանված աշխատանքով, որ չլսեց Մալընների ներս գալը։
    — Հայրիկ, մենք տանն ենք,— ասաց Ֆիլիսը։
    — Ա՜,— մրմնջաց միստր Քարթերը,— համա նայեք, ինչ սքանչելի բան է։— Նա ձեռքն առավ մի պատրաստ ճանճ։ Դա ձիաբոռի համարյա ճշգրիտ կրկնօրինակ էր։ Կեռիկը խորամանկորեն թաքցրած էր դեղին ու սեւ թելերի արանքում։
    — Քարմայքլները տեղ էին գնացել… ըստ երեւույթին,— ասաց Մալընը, պիջակը կախելով։
    — Այս առավոտ Հին ծովախորշն եմ փորձելու,— ասաց միստր Քարթերը։— Ինչ֊որ բան ինձ ասում է, որ այն ժիր կարմրախայտը կարող է այնտեղ լինել։
    Մալընն ինքն իրեն ժպտաց։ Ֆիլիսի հոր հետ խոսելը դժվար էր։ Վերջերս նրան ձկնորսությունից բացի ոչինչ չէր հետաքրքրում։ Ծերուկը յոթանասունամյակի օրը թողել էր իր շատ հաջողակ բիզնեսը, որպեսզի ամբողջովին նվիրվի սիրած զբաղմունքին։
    Այժմ, թեեւ ութսունը լրանալու վրա էր, միստր Քարթերը հիանալի տեսք ուներ։ Ապշեցուցիչ բան, մտածեց Մալընը։ Մաշկը վարդագույն էր, աչքերը՝ վճիտ ու անվրդով, անբիծ սպիտակ մազերը խնամքով ետ էին սանրած։ Գիտակցությունը լրիվ տեղն էր… քանի դեռ խոսքը գնում էր ձկնորսությունից։
    — Եկեք մի բան ուտենք,— ասաց Ֆիլիսը։ Նա ափսոսանքով հանեց կարմիր գլխարկը, հարթեցրեց շղարշը եւ դրեց սուրճի սեղանին։ Միստր Քարթերը ճանճին մի թել եւս ավելացրեց, մոտիկից զննեց, հետո վար դրեց եւ աղջկա ու փեսայի ետեւից գնաց խոհանոց։
    Մինչ Ֆիլիսը սուրճ կպատրաստեր, Մալընը ծերուկին պատմեց, թե ինչ էր եղել։ Միստր Քարթըրի պատասխանը կարելի էր նախօրոք գուշակել։
    — Մի քիչ ձկնորսությամբ զբաղվիր վաղը եւ աշխատիր մոռանալ։ Ձկնորսությունը, Ջիմ, պարզապես ժամանակ անցկացնելու ձեւ չէ։ Ձկնորսությունն ապրելաձեւ է, նաեւ փիլիսոփայություն։ Սիրում եմ մի խաղաղ գետնախորշ գտնել եւ նստել ափին։ Ես մտածում եմ՝ եթե ինչ֊որ տեղ ձուկ կա, ապա նույն հաջողությամբ այստեղ էլ կարող է լինել։
    Ֆիլիսը ժպտաց, տեսնելով, որ Ջիմը բազկաթոռի մեջ անհանգիստ այսուայնկողմ էր շարժվում։ Նա գիտեր, որ եթե իր հայրը սկսեց, նրան կանգնեցնելն անհնար է։ Իսկ սկսելու համար ծերուկին չինչին առիթ էլ բավական էր։
    — Պատկերացրու,— շարունակեց միստր Քարթերը,— մի երիտասարդ ծառայող՝ ասենք, քեզ նման մեկը, Ջի՛մ, սլանում է միջանցքով։ Հիմա կասես՝ հետո՞ ինչ։ Բայց այդ երկար միջանցքի ամենածայրում գետակ է հոսում՝ լի կարմրախայտերով։ Կամ պատկերացրու, քաղաքական գործիչ։ Դու իհարկե Ալբանիում դրանցից շատ էիր տեսնում։ Ձեռքերին պորտֆել, հուզված…
    — Տարօրինակ է,— ասաց Ֆիլիսը, ամենաքաղցր տեղում հոր խոսքը կտրելով։ Նրա ձեռքում կաթի չբացված շիշ էր։
    — Նայեք։
    Նրանք կաթը ստանում էին «Սթաներթընի ձիթագործարանից»։ Շշի կանաչ պիտակի վրա գրված էր «Սթաներընի ծիթագործարան»։
    — Սա էլ նայեք,— Ֆիլիսը մատնացույց արեց պիտակի ներքեւի մասի մակագրությունը։ «Թուլատրված է ՆյՈւ յւՐքի Առողջապահհական դեպարտամենտի կողմից»։ Դա նման էր օրինական պիտակի անշնորհք կեղծման։
    — Որտեղի՞ց ես սա վերցրել,— հարցրեց Մալընը։
    — Կարծեմ Էլջերի խանութից։ Միգուցե ռեկլամի ձեւ՞ է։
    — Արհամարհում եմ այն մարդուն, որը ձուկը որդով է բռնում,— ծանրումեծ շարունակում էր միստր Քարթըրը։— Ճանճը… ճանճն արվեստի գործ է։ Բայց այն մարդը, որը որդ է օգտագործում, ի վիճակի է թալանել որբերին եւ եկեղեցիներ այրել։
    — Մի՛ խմիր,— ասաց Մալընը։— Արի մնացած ուտելիքները նայենք։
    Երեք նոր կեղծիք հայտնաբերվեց։ Կոնֆետների տուփը, որը հորջորված էր «Քաղցրանուշ», մուգ կարմրի փոխարեն նարնջագույն էր ներկված։ Մյուսն «Ամերիկյան ՊաՆիրի» պուլիկ էր, սովորականից համարյա կիսով չափ մեծ, իսկ երրորդը մի շիշ «ՍուդայաջՈւր» էր։
    — Շատ տարօրինակ է,— ասաց Մալընը, ծնոտը շփելով։
    — Ես միշտ փոքրերին ետ եմ գրում ջուրը,— ասաց միստր Քարթերը։— Նրանց պահելը վայել բան չէ, իրեն հարգող ամեն ձկնորս այդ բանը գիտի։ Թող աճեն, թող հասունանան, փորձ ձեռք բերեն։ Իմ ուզածներն այն ծեր խորամանկներն են, որոնք պահ են մտնում գերանների տակ, որոնք ձկնորսի հայտնվելուն պես մի կողմ են սլանում։ Ա՛յ այդ քաջերն են արժանի հակառակորդներ։
    — Ես սրանք ետ կտանեմ Էլջերին,— ասաց Մալընը, մթերքները դնելով թղթե պայուսակի մեջ։— Եթե ուրիշ սրանց նման բաներ տեսնես, ձեռք չտաս, պահիր։
    — Հին ծովախորշն իսկական տեղն է,— ասաց Քարթըրը։— Այնտեղ են նրանք թաքնվում։
    Շաբաթօրյա առավոտը պայծառ էր ու գեղեցիկ։ Միստր Քարթըրը կանուխ արթնացավ, նախաճաշեց եւ ուղեւվորվեց Հին ծովախորշը՝ պատանու պես թեթեւաքայլ, մաշված լայնեզր գլխարկը կտրիճաբար թեք դրած։
    Ջիմ Մալընը խմեց֊վերջացրեց սուրճն ու ճամփա ընկավ դեպի Քարմայքլների տունը։
    Մեքենան առաջվա պես գարաժում էր։
    Պատուհանները բաց էին, բրիջի սեղանը՝ պատրաստ, բոլոր լույսերը միացրած, մի խոսքով, ճիշտ այնպես, ինչպես նախորդ գիշերը։ Դա Մալընին հիշեցրեց մի անգամ կարդացած պատմությունն օվկիանոսով սլացող նավի մասին, որի վրա ամեն ինչ տեղը տեղին է, բայց տախտակամածի վրա ոչ մի կենդանի շունչ չկա։
    Գուցե մեկին զանգահարե՞նք,— ասաց Ֆիլիսը, երբ Ջիմ Մալընը տուն վերադարձավ։— Համոզված եմ, ինչ֊որ բան այնպես չէ։
    — Անշուշտ։ Բայց ո՞ւմ։— Նրանք այդ թաղամասում օտար էին։ Թեթեւ թանոթ էին երեք֊չորս ընտանիքի հետ, սակայն գաղափար չունեին, թե ո՞վ կարող էր Քարմայքլներին ճանաչել։
    Հարցը լուծեց հեռախոսի զանգը։
    — Եթե այստեղ ապրողներից մեկն է,— ասաց Ջիմը, մինչ Ֆիլիսը կպատասխաներ,— նրան հարցրու։
    — Այո՞։
    — Բարեւ ձեզ։ Երեւի ինձ չեք ճանաչում։ Իմ անունը Մերիըն Քարփենթըր է, ես ձեր հարեւանն եմ։ Ուզում էի հարցնել, հո ամուսինս ձեզ մոտ չի՞ մտել։— Մետաղահնչուն հեռախոսային ձայնն, այնուհանդերձ, հաղորդում էր հուզմունքն ու վախը։
    — Գիտե՞ք, ոչ։ Այս առավոտ մեզ մոտ ոչ ոք չի եկել։
    — Ա՜, պարզ է։— Ձայնը կարծես դողաց։
    — Կարո՞ղ եմ մի բանով օգնել,— հարցրեց Ֆիլիսը։
    — Չեմ հասկանում,— ասաց միսիս Քարփենթըրը։— Ջորջը՝ իմ ամուսինը, առավոտյան հետս նախաճաշում էր։ Հետո գնաց վերեւ, որ պիջակը հագնի։ Ու դրանից հետո նրան չեմ տեսել։
    — Օ՜։
    — Ես վստահ եմ, նա ներքեւ չի իջել։ Գնացի տեսնեմ, թե ինչու է ուշանում՝ մենք պիտի մեքենայով տեղ գնայինք, եւ տեսա, որ սենյակում չէ։ Տնով մեկ փնտրեցի։ Մտածեցի, թե գուցե անհաջող կատակ է անում, թեեւ Ջորջը երբեք չէր կատակում, ուստի նայեցի մահճակալների տակ ու պահարանների մեջ։ Հետո նայեցի նկուղը, մնա կողքի հարեւանների մոտ, բայց ոչ ոք նրան չէր տեսել։ Մնածեցի, որ գուցե ձեզ է այցելել, նա ասում էր, որ միտք ունի…
    Ֆիլիսը միսիս Քարփենթըրին պատմեց Քարմայքլների անհետացման մասին։ Ապա, եւս մի քանի վայրկյան խոսելուց հետո, լսափողները դրեցին։
    — Ջի՛մ,— ասաց Ֆիլիսը,— ինձ այս ամենը դուր չի գալիս։ Ավելի լավ է ոստիկանությանը հայտնես Քարմայքլների մասին։
    — Եթե պարզվի, որ գնացել են Ալբանի՝ ընկերներին հյուր, բավական հիմար դրության մեջ կընկնենք։
    — Ի՞նչ արած։
    Ջիմը գտավ համարը եւ հավաքեց, սակայն գիծը զբաղված էր։
    — Ավելի լավ է գնալ։
    — Սա հետդ վերցրու,— Ֆիլիսը նրան մեկնեց թղթե պայուսակը։
    Ոստիկանության կապիտան Լենսըրը համբերատար, կարմրաթուշ մարդ էր, որն ամբողջ գիշեր եւ առավոտվա մեծ մասը զբաղվել էր բողոքներ լսելով։ Նա հոգնել էր, նույնիսկ ավելի, քան հերթապահ սերժանտներն ու պարեկները։ Այդուհանդերձ, կապիտանը միստր Մալընին հրավիրեց իր առանձնասենյակը եւ լսեց նրա պատմությունը։
    — Ես ուզում եմ, որ դուք ձեռ պատմածը գրավոր շարադրեք,— ասաց Լըսնըրը, երբ Մալընն ավարտեց․— Մենք երեկ երեկոյան մի հարեւանից ահազանգ ենք ստացել Քարմայքլների մասին։ Փորձում ենք նրանց հայտնաբերել։ Միսիս Քարփենթըրի ամուսնուն էլ հաշված, երկու օրվա մեջ սա տասներորդն է։
    — Տասներորդ ի՞նչը։
    — Անհետացման դեպքը։
    — Տե՜ր աստված,— շշնջաց Մալընը։ Նա ձեռքից ձեռք տեղափոխեց թղթե պայուսակը։— Բոլորն այս քաղաքի՞ց։
    — Բոլորը,— չոր ասաց կապիտան Լեսնըրը,— այս քաղաքի Վեյնսվիլ թաղամասին։ Եվ հատկապես այդ թաղամասի չորս փողոցնեցից։— Նա նշեց փողոցների անունները։
    — Ես այնտեղ եմ ապրում,— ասաց Մալընը։
    — Ես նույնպես։
    — Որեւէ կասկած ունե՞ք, թե ով կարող է լինել… առեւանգողը,— հարցրեց Մալընը։
    — Չենք կարծում, թե դա առեւանգում է,— ասաց Լեսնըրը, վառելով այդ օրվա ընթացքում քսաներորդ սիգարետը։— Փրկագին պահանջող ոչ մի գրություն։ Ոչ մի ընտրություն։ Կորածներից շատերն առեւանգողի համար գրոշ չէին կարող առժենալ… Եվ… Այդպիսի մեծածախ գո՞րծ՝ չի կարող պատահել։
    — Գուցե այդ դեպքում մտագա՞ր։
    — Անշուշտ։ Բայց ինչպե՞ս է փախցրել ամբողջ ընտանիքներ։ Կամ հասունացած տղամարդկանց՝ ձեզ նման հաղթանդամ։ Եվ որտե՞ղ է թաքցրել նրանց, կամ նրանց մարմինները։— Լեսնըրը չարությամբ սեղմեց֊հանգցրեց սիգարետը։— Իմ մարդիկ փնտրում են քաղաքի բոլոր անկյուններում։ Քսան մղոն շառավղով չկա մի ոստիկան, որ չմասնակցի որոնումներին։ Կանգնեցնում են մեքենաները։ Եվ ոչինչ չեն գտել։
    — Հա, մի բան եւս։— Մալընը ցույց տվեց կեղծված ուտելիքները։
    — Դա էլ չգիտեմ,— մռայլ խոստովանեց Լեսնըրը։ Ես դրա համար բավականաչափ ժամանակ չունեմ։ Մենք ուրիշ բողոքներ էլ ենք ստացել։— Զանգեց հեռախոսը, սակայն Լեսնըրն ուշադրություն չդարձրեց։— Սեւ շուկայի գործ է երեւում։ Ես դրա նման մի քանի բան ուղարկել եմ Ալբանի՝ քննության։ Փորձում եմ հայտնաբերել, թե ով է տարածում։ Հնարավոր է, որ արտասահմանյան են։ Փաստորեն, դա ՀՖԲ֊ի… անիծյա՛լ հեռախով։
    Նա ամբողջ ուժով ճանկեց լսափողը։
    — Լեսնըրը լսում է։ Այո… այո։ Դու վստա՞հ ես։ Իհարկե, Մերի։ Հենց հիմա կգամ։— Լեսնըրը կախեց լսափողը։ Նրա կարմիր դեմքը հանկարծ միանգամից գունատվեց։
    — Կնոջս քույրն էր,— ասաց նա։— Կինս չկա։
    Մալընը գլխապտույտ արագությամբ քշեց֊հասավ տուն, այնպես կտրուկ արգելակեց, որ քիչ էր մնում գլուխը խփեր դիմապակուն, եւ ներս վազեց։
    — Ֆի՛լիս,— բղավեց նա։ Որտե՞ղ է նա։ Աստված իմ, մտածեց Մալընը։ Եթե նա չկա, ապա…
    — Բա՞ն է պատահել,— հարցրեց Ֆիլիսը, խոհանոցից դուրս գալով։
    — Ես կարծեցի…— Նա այնպես պինդ գրկեց կնոջը, որ վերջինս ցավից ճչաց։
    — Ախր,— ժպտալով ասաց Ֆիլիսը,— նորապսակներ հո չե՞նք․ Արդեն տարիուկես է ամուսնացած ենք…
    Մալընը նրան պատմեց, ինչ որ իմացել էր ոստիկանատանը։
    Ֆիլիսը շուրջը նայեց։ Մի շաբաթ առաջ այդ հյուրասենյակն այնքա՜ն տաք եւ ուրախ էր թվում։ Հիմա օթոցի տակի ստվերը վախեցրեց նրան, իսկ պահարանի բաց դուռը պարզապես սարսուռ առաջացրեց։ Վե՛րջ անհոգ կյանքին։
    Դուռը ծեծեցին։
    — Չգնաս,— ասաց Ֆիլիսը։
    — Ո՞վ է,— հարցրեց Մալընը։
    — Ջո Դաթընը, ձեր փողոցից։ Երեւի նորությունը լսե՞լ եք։
    — Այո,— ասաց Մալընը փակ դռան ետեւից։
    — Մենք փողոցներում բարիկադներ ենք ստեղծում,— ասաց Դաթընը։— Պետք է ստուգենք բոլոր եկող֊գնացողներին։ Մենք վերջ կտանք այս բանին, նույնիսկ եթե ոստիկանությունը չի կարողանում։ Ուզո՞ւմ եք մեզ միանալ։
    — Այն էլ ինչպես,— ասաց Մալընը եւ բացեց դուռը։ Դռան մոտ կանգնած ցածրահասակ, թուխ մարդու հագին բանկային հին համազգեստ էր։ Ձեռքին՝ երկու ոտնաչափ երկարությամբ փայտի մի հաստ կտոր։
    — Վերմակի պես ծածկելու ենք այս փողոցները,— ասաց Դաթընը։— Եթե նորից մեկն անհետանա, ուրեմն ինչ֊որ ընդհատակյա խմբի գործ է։— Մալընը համբուրեց կնոջը եւ միացավ նրանց։
    Այդ օրը դպրոցի դահլիճում բազմամարդ ժողով արեցին։ Ներկա էին ոչ միայն տուժած փողոցների բնակիչները, այլեւ բոլոր նրանք, ում հաջողվել էր ներս մտնել։ Առաջին հերթին հայտնի դարձավ, որ, չնայած փողոցները փակելուն, Վեյնսվիլ թաղամասից կորել էին եւս երեք հոգի։
    Խոսեց կապիտան Լենըրն ու ասաց, որ Ալբանիից օգնություն է խնդրել։ Ուր որ է պիտի գային հատուկ ոստիկաններ, ինչպես նաեւ ՀՖԲ֊ի աշխատակիցներ։ Նա ազնվորեն խոստովանեց, որ չգիտի՝ ո՞վ կամ ի՞նչ է դա անում եւ ինչո՞ւ։ Չէր կարող նույնիսկ պատասխանել, թե ինչու են բոլոր կորածները Վեյնսվիլ թաղամասի նույն հատվածից։
    Նա Ալբանից պատասխան էր ստացել կեղծված սննդամթերքների մասին, որոնք ասես հեղեղել էին թաղամասը։ Քիմիկոսները դրանցում ոչ մի թունավոր նյութի հետք չէին հայտնաբերել։ Այդպիսով հերքվեց նորերս ի հայտ եկած այն տեսությունը, թե սննդամթերքները թմրեցնում են մարդկանց եւ ստիպում նրանց գնալ անհայտ ուղղությամբ։ Ինչեւիցե, Լեսնըրը զգուշացրեց վտանգի մասին։
    Այն ընկերությունները, որոնց պիտակները կեղծվել էին, հայտարարեցին, որ գաղափար չունեն, թե ով կարող է այդ բանն անել։ Նրանք պատրաստ էին դատի տալ բոլոր նրանց, ովքեր ոտնահարում են իրենց իրավունքները։
    Խոսեց քաղաքագլուխը, շարադրելով մի քանի ծեծված մտքեր ու խորհուրդ տվեց լավատես լինել, ասելով, թե քաղաքային իշխանությունները հանձն են առնում կարգավորել իրավիճակը։
    Իհարկե, քաղաքագլուխը Վեյնսվիլ թաղամասում չէր ապրում։
    Ժողովն ավարտվեց, եւ մարդիկ վերադարձան բարիկադները։ Սկսեցին գիշերվա համար վառելափայտ փնտրել, բայց դա պետք չեկավ։
    Ալբանից օգնություն հասավ՝ մարդիկ եւ հանդերձանք։ Բոլոր չորս փողոցները շրջափակեցին զինված պահնորդները։ Լուսարձակներ վառվեցին եւ թաղամասում երեկոյան ութից հետո պարեկային ժամ հայտարարվեց։
    Միստր Քարթըրն այդ հուզումներից անմասն մնաց։ Մայրամուտին վերադարձավ․ դատարկ ձեռքերով, բայց՝ երջանիկ։ Պահնորդները ներս թողեցին, եւ նա եկավ տուն։
    — Հիանալի օր էր ձկնորսության համար,— հայտարարեց միստր Քարթըրը։
    Մալըններն ահավոր գիշեր անցկացրին՝ առանց հանվելու մերթմընդմերթ ննջում էին, ապա աչքերը բացում ու տեսնում լուսարձակների պատուհաններից ներս թափանցող լույսը եւ լսում զինված պահնորդների ծանր քայլերը։
    Կիրակի, առավոտյան ժամը ութը— եւս երկու անհետացած։ Կորել էին այն չորս թաղամասերից, որտեղ հսկողությունն ավելի խիստ էր, քան ցանկացած համակենտրոնացմեն ճամբարում։ Ժամը տասին միստր Քարթըրը, մազաչափ ուշադրություն իսկ չդարձնելով Մալընների առարկություններին, ուսին գցեց ձկնորսական պարագաներով իր պայուսակն ու գնաց։ Ապրիլի երեսունից սկսած նա ոչ մի օր չէր կորցրել եւ չէր էլ պատրաստվում կորցնել ամբողջ սեզոնի ընթացքում։
    Կիրակի, կեսօր— մեկը եւս անհետացավ, եւ կորածների ընդհանուր թիվը դարձավ տասնվեց հոգի։
    Կիրակի, ժամը մեկը— բոլոր կորած երեխաները գտնվեցին։
    Ոստիկանական մեքենան նրանց գտավ քաղաքի մատույցներում— ութ հոգի, ներառյալ Քարմայքլների որդին, նրանք շշմած դեպի տուն էին քայլում։ Երեխաներին անմիջապես հասցրին հիվանդանոց։
    Սակայն կորած մեծահասակների հետքն անգամ չկար։
    Լուրը բերնեբերան ավելի արագ տարածվեց, քան թերթերի կամ ռադիոյի միջոցով։ Երեխաները ողջ եւ առողջ էին։ Հոգեբույժներին հաջողվեց ընդամենը մի բան պարզել՝ բոլորն էլ թռիչքի զգացում էին ունեցել, որին ուղեկցել էր սրտխառնոցը։ Երեխաներին ապահովության համար պահեցին հիվանդանոցում՝ հսկողության տակ։
    Բայց, երեկոն վրա չհասած, մի ուրիշ երեխա անհետացավ Վեյնսվիլից։
    Մայրամուտից անմիջապես առաջ միստր Քարթըրը տուն եկավ։ Նրա ուսապարկում երկու խոշոր ծիածանափայլ կարմրախայտ կար։ Նա ուրախ ողջունեց Մալըններին եւ գնաց գարաժ՝ ձկները մաքրելու։
    Ջիմ Մալընը խոժոռվելով դուրս եկավ ու նրա ետեւից գնաց գարաժ։ Նա ուզում էր ծերուկին մի բան հարցնել վերջինիս մի երկու օր առաջ ասածի կապակցությամբ։ Թե ինչի կապակցությամբ՝ լավ չէր հիշում, բայց գիտեր, որ ասելիքը կարեւոր բան էր։
    Կողքի տանն ապրող հարեւանը, որի անունը մոռացել էր, ողջունեց նրան։
    — Մալըն,— ասաց հարեւանը,— ինձ թվում է ես գիտեմ։
    — Ի՞նչ,— հարցրեց Մալընը։
    — Դուք տեսություններն ուսումնասիրե՞լ եք։
    — Իհարկե։
    Հարեւանը մի վտիտ տղամարդ էր, հագին վերնաշապիկ ու բաճկոնակ։ Նրա ճաղատը մայրամուտի ցոլքի ներքո հրակարմիր գույն էր ստացել։
    — Ուրեմն լսեք։ Դա առեւանգողների գործ չի։ Նրանց մեթոդներն այդքան անմիտ չէին լինի։ Ճի՞շտ է։
    — Կարծում եմ, որ այո։
    — Մտագարը բացառվում է։ Ինչպե՞ս պիտի տասնհինգ, տասնվեց մարդ տաներ։ Եվ վերադարձներ երեխաներին։ Նույնիսկ մտագարների մի ամբողջ հրոսակախումբ չէր կարողանա այդպիսի բան անել, մանավանդ այսքան ոստիկանների մեջ։ Ճի՞շտ է։
    — Շարունակեք։— Աչքի ծայրով Մալընը տեսավ, որ հարեւանի գեր կինն աստիճաններով իջնում է։ Կինը մոտեցավ ու սկսեց լսել։
    — Նույնը վերաբերվում է ոճռագործների խմբին, կամ նույնիսկ մարսեցիներին։ Այդ անել անհնար է, իսկ եթե հնարավոր լինի էլ՝ անիմաստ է։ Մենք պետք է մի հակատրամաբանական վարկած գտնենք, եւ դա էլ կլինի տրամաբանական պատասխանը։
    Մալընը սպասում էր։ Նա հայացք նետեց կնոջ վրա։ Վերջինս նայում էր Մալընին՝ ձեռքերը կրծքին խաչած։ Ավելի շուտ, ոչ թե նայում էր, այլ հայացքով խժռում։— Չլինի՞ վրաս բարկանում է,— մտածեց Մալընը։— Ի՞նչ եմ արել։
    — Միայկ պատասխանն այն է,— դանդաղ ասաց հարեւանը,— որ մոտերքում անցք կա։ Անցք՝ տարածքա֊ժամանակային զանգվածում։
    — Ի՞նչ,— բացականչեց Մալընը,— լավ չհասկացա՛։
    — Անցք ժամանակի մեջ,— բացատրեց ճաղատ ինժեները,— կամ անցք տարածության մեջ։ Կամ էլ երկուսի մեջ միաժամանակ։ Մի՛ հարցրեք, թե ինչպես է հայտնվել, փաստն այն է, որ հայտնվել է։ Տեղի է ունենում հետեւյալը․ մարդն ընկնում է այդ անցքը եւ թրը՛փ, հայտնվում է մի այլ տեղում։ Կամ այլ ժամանակում։ Կամ երկուսի մեջ միաժամանակ։ Իհարկե, այդ անցքը տասնելն անհնար է՝ այն չորրորդ չափման մեջ է,— բայց կա։ Ինձ թվում է, եթե այդ մարդկանց հետեւեին, կտեսնեին, որ նրանցից յուրաքանչյուրը անցել է որոշակի կետով ու… անհետացել։
    — Հըմ,— Մալընը ծանրութեթեւ արեց այդ միտքը։— Հետաքրքիր է թվում։ Բայց մենք գիտենք, որ շատ մարդիկ իրենց սեփական տներից են չքվել։
    — Այո,— համաձայնեց հարեւանը։— Մի րոպե մտածեմ… Իմացա՛։ Տարածքաժամանակային անցքն անշարժ չէ։ Այն սահում է, շարժվում։ Սկզբում Քարփենթըրների տանն է, հետո աննպատակ տեղաշարժվում…
    — Հապա ինչո՞ւ այս չորս թաղամասից այն կողմ չի անցնում,— հարցրեց Մալընը, տարակուսելով, թե ինչու է այդ մարդու կինը շարունակում խեթել իրեն՝ շուրթերն ամուր սեղմած։
    — Դե,— ասաց հարեւանը,— որոշ սահմաններ պիտի ունենա՞, թե՞ ոչ։
    — Իսկ ինչո՞ւ վերադարձվեցին երեխաները։
    — Օ՜հ, աստծո սիրուն, Մալըն, հո չե՞ք ուզում, որ ամեն փոքր բան հաշված լինեմ։ Սա լավ վարկած է։ Պետք է ավելի շատ փաստեր ունենանք, որպեսզի կարողանանք հաշվարկել ամբողջ տեղի ունեցածը։
    — Ողջույն,— ասաց միստր Քարթըրը, գարաժից դուրս գալով, ձեռքին երկու սիրունիկ կարմրախայտ՝ խնամքով մաքրած ու լվացած։
    — Կարմրախայտը խիզախ հակարակորդ է եւ միաժամանակ հրաշալի ուտելիք։ Ամենագերազանց հանգստի ձեւը եւ ամենագերազանց կերակուրը։— Նա անշտապ քայլեց տուն։
    — Ես ավելի լավ վարկած ունեմ,— ասաց հարեւանի կինը— կրծքին խաչած ձեռքն իջեցնելով ու հպելով ազդրին։
    Տղամարդիկ երկուսով շրջվեցին ու նայեցին նրան։
    — Ո՞վ է այստեղ միակ անձնավորությունը, որը մազաչափ իսկ մտահոգված չէ, թե ինչ է տեղի ունենում։ Ո՞վ է ամբողջ օրը ման գալիս պայուսակով, որի մեջ իր ասելով ձուկ է։ Ո՞վ է ասում, թե ամբողջ ժամանակը ձկնորսությամբ է անցկացնում։
    — Օ՜, ոչ,— ասաց Մալընը։— Միայն ոչ Քարթըր հայրիկը։ Նա ձկնորսության վերաբերյալ մի ամբողջ փիլիսոփայություն ունի…
    — Ինձ չի՛ հետաքրքրում նրա փիլիսոփայությունը,— բղավեց կինը։— Ձեզ հիմարացնում է, բայց ինձ չի հիմարացնի։ Ես միայն գիտեմ, որ նա այս հարեւանության մեջ միակ մարդն է, որը մազաչափ էլ անգամ չի անհանգստանում, ամեն օր ինչ֊որ տեղ է գնում֊գալիս եւ գիտեմ, որ նրան լինչի ենթարկելն էլ քիչ է։— Այս խոսքերով կինը կտրուկ շրջվեց ու ոտքերը քարշ տալով գնաց տուն։
    — Լսեք, Մա՛լըն,— ասաց ճաղատ հարեւանը։— Ներողություն եմ խնդրում։ Դե կանանց գիտեք, էլի։ Նա վշտացած է, թեեւ Դենին հիվանդանոցում է եւ ապահով։
    — Անշուշտ,— ասաց Մալընը։
    — Նա չի հասկանում տարածքա֊ժամանակային զանգվածը,— լրջորեն շարունակեց հարեւանը,— բայց ես այսօր երեկոյան կբացատրեմ։ Նա առավոտյան ներողություն կխնդրի։ Այ կտեսնեք։
    Տղամարդիկ մեկմեկու ձեռք սեղմեցին եւ վերադարձան յուրաքանչյուրն իր տուն։
    Մութն ընկավ միանգամից եւ վառեցին բոլոր լուսարձակները։ Լույսի ճառագայթները հատում էին փողոցները․ թափանցում բակերն, արտացոլվում պատուհանների վրա։ Վեյնսվիլի բնակիչները պատրաստվել էին նոր անհեգացումների։
    Ջիմ Մալընը երազում էր կռահել, թե ո՞րն է տեղի ունեցածի պատճառը։ Միայն թե իմանար… Իսկ այսպես անգործ նստել ու սպասել… Նա այնքա՜ն անօգնական էր զգում։ Ֆիլիսի շրթունքները գունատ էին ու ճաքճքված, իսկ աչքերը՝ հոգնած։ Բայց միստր Քարթըրը, սովորականի պես, զվարթ էր։ Նա կարմրախայտը գազօջախի վրա տապակեց ու մատուցեց։
    — Ես այսօր մի գեղեցիկ գետախորշ եմ գտել,— հայտարարեց Քարթըրը։— Հին ծովածոցում՝ գետաբերանի մոտ։ Ամբողջ օրը ձուկ որսացի՝ թիկնած ափի կանաչին եւ ամպերին նայելով։ Աներեւակայելի բաներ են ամպերը։ Վաղը կգնամ այնտեղ եւ մի օր էլ ձուկ կորսամ։ Հետո ուրիշ տեղ կընտրեմ։ Խելոք ձկնորսը նույն գետում այնքան շատ չի որսա, մինչեւ ձուկը պակասի։ Չափավորությունը լավ ձկնորսի նշանաբանն է։ Մի քիչ վերցրու, մի քիչ թող։ Ես հաճախ մտածել եմ…
    — Ա՛հ, հայրիկ, խնդրում եմ,— ճչաց Ֆիլիսը եւ փղձկաց։ Միստր Քարթըրը գլուխը տխուր տարուբերեց, ներողամտորեն ժպտաց եւ ձուկը կերավ֊վերջացրեց։ Հետո գնաց հյուրասենյակ նոր ճանճ պատրաստելու։
    Մալընները, հոգնատանջ, պառկեցին քնելու…
    Մալընն արթնացավ եւ մահճակալի մեջ ուղիղ նստեց։ Նայեց ու տեսավ, որ Ֆիլիսը քնած է։ Ձեռքի ժամացույցով չորսն անց հիսունութ էր։ Համարյա առավոտ է, մտածեց նա։
    Մալընն անկողնուց ելավ, վրան խալաթ գցեց եւ աստիճաներով կամացիկ իջավ։ Լուսարձակների շողերը արտացոլվում էին հյուրասենյակի պատուհանին, փողոցով քայլում էին պահնորդները։
    Հանգստացնող տեսարան է, մտածեց նա եւ գնաց խոհանոց։ Աշխատելով չաղմկել, մի բաժակ կաթ լցրեց։ Սառնարանի գլխին թարմ թխվածք կար, նա մի կտոր կտրեց։
    Առեւանգողները, մտածեց Մալընը, մարսեցիներ։ Մնցքեր տարածության մեջ։ Կամ դրանց որեւէ կոմբինացիա։ Ոչ, դա սխալ է։ Երնեկ հիշեի, թե ի՞նչ էի ուզում հարցնել միստր Քարթըրին։ Դա կարեւոր է։
    Նա թխվածքի վրայից խմեց կաթը, մնացած թխվածքը ետ դրեց սառնարանի վրա եւ քայլեց դերի հյուրասենյակ։ Եվ հանկարծ ամբողջ թափով մի կողմ շպրտվեց։
    Ինչ֊որ բան բռնել էր նրան։ Մալընը ձեռքերը թափով տարուբերեց, բայց հարվածները ոչ մի բանի չդիպան։ Ինչ֊որ աներեվույթ ուժ երկաթե բռունցքի պես սեղմել էր նրան, աշխատելով վեր քաշել։ Մալընն իրեն մի կողմ նետեց, ճգնելով հենման կետ գտնել։ Նրա ոտքերը անջատվեցին գետնից եւ նա մի պահ կախվեց, քացահարելով ու գալարվելով։ Կողերն այնքան պինդ էին սեղմված, որ չէր կարողանում շնչել, ձայն հանել։ Ինչ֊որ բան անգթորեն վեր էր քաշում նրան։
    Անցք տարածության մեջ, մտածեց Մալընը եւ աշխատեց գոռալ։ Նրա կատաղորեն թափահարվող ձեռքերը որսացին եւ ճանկեցին օթոցի ծայրը։ Օթոցը Մալընի հետ վեր բարձրացավ։ Նա թափով ցնցվեց, մի պահ աներեւույթ ուժը թուլացավ եւ նա թրմփաց հատակին։ Մալընը սողաց դեպի դուռը։ Ուժը նորից ճանկեց նրան, սակայն Մալընը մոտեցել էր ջեռուցման խողովակին։ Նա երկու ձեռքով փաթաթվեց խողովակին, աշխատելով դիմադրել։ Նորից ցնցվեց եւ կարողացավ ազատել նախ մեկ, ապա մյուս ոտքը։
    Ուժը սկսեց ավելանալ եւ խողովակը սարսափելի ճռռոց հանեց։ Մալընին թվաց, թե գոտկատեղը ուր որ է կկիսվի, բայց նա դիմանում էր՝ ամեն մի մկանը պայթելու աստիճան լարելով։ Հանկարծ աներեւույթ ուժը լրիվ թուլացավ։
    Մալընը փռվեց հատակին։
    Երբ ուշկի եկավ, լույսը լրիվ բացվել էր։ Ֆելիսը նրա երեսին ջուր էր ցանում, ներքեւի շրթունքն ատամներով սեղմած։ Մալընն աչքերը թարթեց, մի պահ տարակուսելով, թե որտեղ է գտնվում։
    — Դեռ այստե՞ղ եմ,— հարցրեց նա։
    — Լա՞վ ես զգում,— հարցրեց Ֆիլիսը։— Ի՞նչ էր պատահել։ Ա՜խ, սիրելիս։ Ես այստեղից հեռանանք։
    — Ու՞ր է հայրդ,— դեռ շշմած հարցրեց Մալընը, ոտքի կանգնելով։
    — Ձկնորսության։ Հիմա խնդրում եմ նստիր։ Բժիշկ եմ կանչելու։
    — Ոչ։ Սպասիր։— Մալընը գնաց խոհանոց։ Սառնարանի վրա դրված էր թխվածքի տուփը։ Վրան գրված էր՝ «Ջոնսընի թխվածքեղենի խանութ։ Վեյնսվիլ, Նյու ՅորՔ»։ Մեծատառ «Ք» Նյու Յորքի մեջ, իրոք, շատ փոքրիկ սխալ։
    Իսկ միստր Քա՞րթերը։ Արդյոք դա՞ էր պատասխանը։ Մալընը նետվեց վերեւ ու հագնվեց։ Նա ճմռթեց թխվածքի տուփը, խցկեց գրպանը եւ դուրս վազեց։
    — Ոչ մի բանի ձեռք չտաս, մինչեւ ետ չգա՛մ,— գոռաց նա Ֆիլիսին։ Ֆիլիսը նայեց, թե ամուսինն ինչպես է մեքենա նստում եւ կտրուկ տեղից պոկվում, հետո, արցունքները հազիվհազ զսպելով, գնաց խոհանոց։
    Տասնհինգ րոպեից Մալընը Հին ծովախորշում էր։ Նա մեքենան կանգնեցրեց եւ քայլեց գետի հոսանքն ի վեր։
    — Միստր Քա՜րթըր,— բղավում էր նա, — միստր Քա՜րթըր։
    Կես ժամ շարունակ Մալընը քայլեց ու գոռաց, ավելի ու ավելի խորանալով անտառի մեջ։ Խիտ ծառերը հասել էին գետի բերանին, եւ նա ստիպված քայլեց ջրի միջով։ Արագացրեց քայլերը, փորձեց վազել, ջուրը ճողփելով, քարերի վրա սայթաքելով։
    — Միստր Քա՜րթըր։
    — Այստե՛ղ եմ,— լսեց նա ծերունու ձայնը։ Ձայնը մի վտակի կողմից էր գալիս, եւ Մալընը գնաց այդ ուղղությամբ։ Շուտով տեսավ միստր Քարթըրին, նստած մի փոքրիկ գետախորշի զառիվայր ափին, երկար բամբուկե կարաձողը ձեռքին։ Մալընը վեր մագլցեց եւ նստեց նրա կողքին։
    — Ոչ մի բան սրտիդ մոտ մի ընդունիր, տղաս,— ասաց միստր Քարթերը։— Ուրախ եմ, որ ընդունեցիր ձկնորսությամբ զբաղվելու մասին խորհուրդս։
    — Ոչ,— ասաց հեւասպառ Մալընը։— Ես ուզում եմ, որ դուք ինձ մի բան ասեք։
    — Ուրախությամբ, — ասաց ծերուկը։— Ի՞նչ կուզեիր իմանալ։
    — Ձկնորսը գետախորշի պաշարները լրիվ չի սպառի, այնպես չէ՞։
    — Ես՝ ոչ։ Բայց մի ուրիշը՝ գուցեեւ։
    — Եվ խայծը։ Ամեն լավ ձկնորս արհեստական խա՞յծ կոգտագործի։
    — Ես հպարտանում եմ իմ ձանձերով,— ասաց միստր Քարթըրը։— Աշխատում եմ նմանեցնել իսկականին։ Ահա օրինակ, ձիաբոռի մի գեղեցիկ կրկնօրինակ։— Նա գլխարկի միջից մի դեղին կեռիկ հանեց։— Իսկ սա էլ ահա մի սիրունիկ մոծակ։— Հանկարթ կարթաթելը ցնցվեց։ Առանց դժվարության, վստահորեն, ծերունին այն դուրս քաշեց։ Շնչահեղձ կարմրախայտին վերցրեց ձեռքը եւ ցույց տվեց Մալընին։
    — Այս փոքրիկին չեմ պահի։— Նա զգուշորեն հանեց կեռիկը խռիկի արանքից եւ ձուկը ետ դրեց ջրի մեջ։
    — Երբ նրան ես եք գցում, ի՞նչ եք կարծում, նա հասկանո՞ւմ է, մյուսներին ասո՞ւմ է։
    — Ոչ,— ասաց միստր Քարթըրը,— փորձը նրան ոչինչ չի սովորեցնում։ Նույն ջահել ձուկն իմ խայծը երկու֊երեք անգամ կուլ է տվել։ Հասկանալու համար նախ պիտի մի քիչ մեծանան։
    — Այդպես էլ կարծում էի։— Մալընը նայեց ծերուկին։ Միստր Քարթըրն անտեղյակ էր, թե շուրջն ինչ է կատարվում, անմասն էր Վեյնվիլը համակած սարսափին։
    Ձկնորսներն ապրում են իրենց ուրույն աշխարհում, մտածեց Մալընը։
    — Բայց պիտի մեկ ժամ առաջ այստեղ լինեիր,— ասաց միստր Քարթըրը։— Մի շատ սիրունը կարթս կուլ տվեց։ Ուժեղ, մեծ, երկու ֆունտից մի բան էլ ավելի։ Եվ փախավ։ Ոչինչ, մի ուրիշը կգա… հեյ ո՞ւր ես գնում։
    — Ե՛տ,— գոռաց Մալընը եւ ճողփյունով նետվեց ջուրը։ Հիմա հասկացավ, թե միստր Քարթըրի մեջ ինչ էր որոնել։ Զուգահեռ։ Այժմ ամեն ինչ պարզ էր։
    Անմեղ միստր Քարթըրը որսում է իր կարմրախայտը, ճիշտ այնպես, ինչպես մյուս, ավելի մեծ ձկնորսը որսում է իր…
    — Ե՛տ, մյուս ձկներին զգուշացնելու,— բղավեց Մալընն ուսի վրայից, սայթաքելով մամուռների մեջ։ Միայն թե Ֆիլիսն ուտելիքին ձեռք տված չլինի։ Նա հանեց գրպանից թխվածքի տուփը եւ ամբողջ ուժով շպրտեց։
    Անիծյա՛լ խայթ։
    Մինչդեռ ձկնորսներն, ամեն մեկն իր համապատասխան միջավայրում, ժպտացին ու կրկին կարթերը ջուրն իջեցրին։