«Մեռյալները»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մեռյալները |հեղինակ = Ջեյմս Ջոյս |թարգմանիչ = Արտեմ Հարությունյան (անգլերե...»:)
(Տարբերություն չկա)

02:53, 5 Հուլիսի 2013-ի տարբերակ

Մեռյալները

հեղինակ՝ Ջեյմս Ջոյս
թարգմանիչ՝ Արտեմ Հարությունյան (անգլերենից)
աղբյուր՝ «Դուբլինցիներ»

Մեռյալները.png


Լիլին՝ դռնապանի աղջիկը, հազիվ էր ոտքի վրա կանգնում։ Դեռ չէր հասցրել հյուրին ուղեկցել գրասենյակին կից ներքնահարկը եւ օգնել նրան հանվելու, երբ շքամուտքի խռպոտ զանգակը նորից հնչեց և նա նորից պետք է վազեր դատարկ միջանցքով՝ բացելու դուռը մի նոր հյուրի առաջ։ Լավ էր, որ կանանցով զբաղվելը իր պարտականությունը չէր։ Միսս Քեյթը և միսս Ջուլիան մտածել էին այդ մասին և լողարանը վերածել էին կանանց հանդերձասենյակի։ Նրանք վերևում ետ ու առաջ էին վազվզում և հայտնվելով սանդուղքի վրա, ներքև էին նայում բազրիքից, կանչում

Լիլիին և հարցնում հյուրերի մասին։

Մորքանների ամենամյա պարահանդեսը մեծ իրադարձություն էր։ Այդ օրը հավաքվում էին նրանց գրեթե բոլոր բարեկամները, մտերիմներն ու ընտանիքի հին ծանոթները, երգչախմբի անդամները, որոնց հետ մի ժամանակ երգել էր նաև Ջուլիան։ Ներկա էին լինում ոչ միայն Քեյթի այն աշակերտները, որոնք բավական տարիք ունեին, այլև Մերի Ջեյնի սաներից մի քանիսը։ Դեռ չէր եղել մի տարի, որ պարահանդեսը լավ չանցներ։
Տարիներ շարունակ այն անցնում էր փառահեղ կերպով, սկսած այն օրից, երբ Քեյթը և Ջուլիան եղբոր՝ Պաթի մահից հետո իրենց մոտ բերեցին Մերի Ջեյնին՝ միակ ազգականուհուն և Սթոնի Բաթըրից տեղափոխվեցին Աշեր Այլենդ փողոցում գտնվող մռայլ տունը։ Վերին հարկում նրանք էին ապրում, իսկ ցածում՝ վարձակալը՝ ցորնավաճառ միստր Ֆոլհեմը։ Այն օրից անցել էր երեսուն տարի։ Մերի Ջեյնը, որ այն ժամանակ կարճ շրջազգեստով մի փոքրիկ աղջիկ էր, հիմա ընտանիքի գլխավոր նեցուկն էր և աշխատում էր որպես երգեհոնահար Հադինգթոն Ռոուդի եկեղեցում։ Նա ավարտել էր կոնսերվատորիան, և ամեն տարի նրա աշակերտները ուսուցչուհու ղեկավարությամբ հանդես էին գալիս համերգային Հին դահլիճում։ Աշակերտներից շատերը, որ սերված էին ազնվատոհմ ընտանիքներից, բնակվում էին Քինգսթաունի և Դալքիի արիստոկրատական թաղամասերում։ Թեև Մերի Ջեյնի մորաքույրերը ծերացել էին, բայց իրենց բաժինն ունեին։ Ջուլիայի մազերն սկսել էին սպիտակել, բայց Ադամի և Եվայի եկեղեցում առաջին սոպրանոն էր։ Իսկ Քեյթը, որ առողջության պատճառով շատ քայլել չէր կարող, երաժշտության դասեր էր տալիս սկսնակներին ճաշասենյակում, հին քառանկյուն դաշնամուրի առաջ։ Լիլին՝ դռնապանի աղջիկը, նաև աղախնի պարտականություններ էր կատարում։ Թեև նրանք ապրում էին համեստ կյանքով, բայց նախընտրում էին լավ սնվել, գնում էին առաջնակարգ կողամիս, երեք շիլլինգանոց թեյ և բարձրորակ գարեջուր։ Լիլին հազվադեպ էր սխալվում հրամանները կատարելիս, և տանտիրուհիննրը գոհ էին նրանից։ Նրանք հաճախ փնթփնթում էին մանր֊մունր բաներից, միայն այդքան։ Միակ բանը, որ տանել չէին կարող՝ հակաճառելն էր։
Իհարկե, այդ երեկո նրանք հուզվելու առիթ ունեին։ Արդեն ժամը տասն էր, ոչ Գաբրիելը և ոչ էլ նրա կինը դեռ չէին եկել, և հետո սարսափելի վախենում էին, որ Ֆրեդի Մալինսը կարող է հարբած տուն գալ։ Եթե Մերի Ջեյնի աշակերտներից որևէ մեկը նրան տեսներ հարբած՝ մորաքույրերը կվշտանային։ Իսկ երբ նա խմում էր, դժվար էր նրան կարգի բերել։ Ֆրեդի Մալինսը միշտ ուշանում էր, բայց թե ինչո՞ւ էր Գաբրիելը ուշանում՝ նրանց համար գաղտնիք էր։ Ահա թե ինչու էին նրանք ամեն րոպե երևում աստիճանների վրա և հարցնում Լիլիին. «Եկա՞ն Գաբրիելը կամ Ֆրեդհն»։
— Օ՜հ, միստր Քոնրոյ,— ասաց Լիլին, բացելով դուռը Գաբրիելի առաջ։ Միսս Քեյթը և միսս Ջուլիան մտածում էին, որ դուք այլևս չեք գա։ Բարի երեկո, միսիս Քոնրոյ։
— Զարմանալի չէ,— ասաց Գաբրիելը,— որ նրանք այդպես են մտածում, բայց մոռանում են, որ հագնվելու համար կնոջս առնվազն երեք ժամ է պետք։
Մինչ Գաբրիելը խսիրի վրա կմաքրեր կոշիկները, Լիլին նրա կնոջն ուղեկցեց դեպի աստիճանները և կանչեց.
— Մի՛սս Քեյթ, ահա՛ և միսիս Քոնրոյը։
Քեյթը և Ջուլիան ներքև շտապեցին։ Երկուսն էլ համբուրեցին Գաբրիելի կնոջը, հետո ասացին, որ խեղճ Գրետան երևի փայտացել է ցրտից։ Որտե՞ղ է Գաբրիելը։
— Ես այստե՛ղ եմ, մորաքույր, այստե՜ղ, մի՛ անհանգստանա,— ձայն տվեց Գաբրիելը խավար միջանցքից։
Նա մինչ թափ կտար վրայի ձյունը, կանայք ծիծաղելով վեր բարձրացան և մտան իրենց հանդերձասենյակը։ Ձյան բարակ շղարշը թիկնոցի պես ծածկել էր Գաբրիելի վերարկուն։ Կրկնակոշիկների քթին նստած ձյունը բրդյա կարկատան էր հիշեցնում։ Երբ արձակեց վերարկուն, ցրտահար մազախավի ծալքերից և վզնոցից փչեց բուրումնավետ ցուրտը։
— Նորից ձյո՞ւն է գալիս,— հարցրեց Լիլին։
Նա առաջ անցավ Գաբրիելից և օգնեց նրան վերարկուն հանելու։ Գաբրիելը ժպտաց, երբ լսեց, թե Լիլին ինչպես վանկ առ վանկ արտասանեց իր ազգանունը և նայեց նրան։ Լիլին նիհար, դեռ չկազմավորված աղջիկ էր՝ գունատ մաշկով ու ծղոտագույն մազերով։ Ներքնահարկում, գաղի լույսի տակ, նա շատ գունատ էր երևում։ Գաբրիելը Լիլիին ճանաչում էր դեռ այն օրերից, երբ նա մի աղջնակ էր ու սիրում էր նստել ցածի աստիճանների վրա, օրորել փալասներից սարքած իր տիկնիկը։
— Այո,– ասաց Գաբրիելը,― ձյուն է գալիս և երևի ամբողջ գիշեր կգա։
Գաբրիելը նայեց առաստաղին, որ ցնցվում էր ոտքերի դոփյունից և քստքստոցից, հետո մի պահ ականջ դրեց տվալի հնչյուններին և նայեց աղջկան, որ խնամքով ծալած վերարկուն էր տեղավորում, պատուհանում։
— Լսի՜ր, Լիլի,— դիմեց Գաբրիելը մտերմիկ տոնով,— դու դեռ դպրո՞ց ես գնում։
— Ի՞նչ եք ասում, սըր,— պատասխանեց Լիլին, արդեն մի տարի է, ինչ ավարտել եմ դպրոցը.
— Օ՛,— ուրախ բացականչեց Գաբրիելը, ես կարծում եմ, որ շուտով մենք ներկա կլինենք քո հարսանիքին։
Աղջիկը ետ շրջվեց, ու նայելով Գաբրիելին, դառնությամբ պատասխանեց.
— Հիմիկվա տղամարդիկ միայն բլբլացնել գիտեն, և միակ բանը, ինչին ընդունակ են, ամեն գնով մեզնից ազատվելն է։
Գաբրիելը կարմրեց, ասես զգաց, որ սխալվեց և չնայելով Լիլիին, մի կողմ նետեց կրկնակոշիկները եւ շարֆով ջանասիրաբար սրբեց լաքած կոշիկները։
Գաբրիելը բարձրահասակ ու խոշոր տղամարդ էր։ Նրա այտերի վարդագույնը տարածվելով հասնում էր ճակատին, ուր կորցնում էր բնական իր գույնը։ Նրա անմազ դեմքին փայլատակում էին ակնոցի հղկված ապակիներն ու վառ-ոսկեգույն շրջանակը՝ քողարկելու նրա կարճատեսությունն ու անհանգիստ աչքերը։ Փայլուն սև մազերը մեջտեղից բաժանված էին երկու մասի, երկար մազափնջերը ոլորվում էին ականջների ետևում։
Գաբրիելը կոշիկները փայլեցրեց, շտկվեց, ուղղեց ժիլետը, որ պիրկ սեղմել էր նրա գիրուկ մարմինը։ Հետո գրպանից հանեց մի ոսկեդրամ։
— Ահա՛, Լիլի,— ասաց նա, մետաղադրամը տալով աղջկան։ Հիմա նոր տարի է, այնպես չէ՞, ուրեմն... սա քեզ...
Նա արագ մոտեցավ դռանը։
— Ո՛չ, սըր,— բացականչեց աղջիկը, հետևելով նրան։– Ազնի՛վ խոսք, սը՛ր, ես չեմ կարող վերցնել։
— Կաղանդի օր է, կաղանդի օր,— ասաց Գաբրիելը, համարյա վազելով դեպի աստիճանները և ձեռքի շարժումով հրաժարվեց ետ վերցնել դրամը։
Աղջիկը տեսնելով, որ Գաբրիելն արդեն աստիճանների վրա է, ասաց.
— Դե լավ, սը՛ր, շնորհակալություն։
Հյուրասենյակի դռան առջև նա սպասեց, մինչև որ վալսը ավարտվի, և ականջ դրեց դռանը քսվող շրջազգեստի շրշյունին ու ոտքերի քստքստոցին։ Նա դեռ շփոթված էր աղջկա անսպասելի և դառնացած պատասխանից։ Նրան համակել էր մի տհաճ զգացում, ուղղելով թևնոցն ու փողկապը, փորձում էր ազատվել դրանից։ Հետո նա ժիլետի գրպանից հանեց թղթի մի կտոր և կարդաց բաժակաճառի համար արված գրառումները։ Գաբրիելը տատանվում էր կարդալ Ռոբերտ Բրաունինգից մեջբերած տողերը, որովհետև չէր հավատում, թե ունկնդիրները կհասկանան իրեն։ Ավելի ճիշտ կլիներ Շեքսպիրից կամ էլ «Մեղեդիներից» բոլորին հայտնի մի տող մեջբերել։ Տղամարդկանց կրունկների դոփյունը և ներբանների կոպիտ քստքստոցը նրան հիշեցրին, որ նրանց կուլտուրայի մակարդակը խիստ ցածր է։ Նրանք կծիծաղեն, երբ պոեզիան գնահատող մարդկանց համար տողեր արտասանի։ Նրանք կմտածեն, թե Գաբրիելը ուզում է իր առավելությունը ցույց տալ։ Նա հաջողության չի հասնի նրանց մոտ այնպես, ինչպես աղջկա մոտ՝ ներքնահարկում զրուցելիս։ Գաբրիելը սխալ վարվեց։ Նրա ողջ զրույցը՝ սկզբից մինչև վերջ անհաջողության մատնվեց։
Հենց այդ պահին մորաքույրերը և իր կինը դուրս եկան կանանց հանդերձասենյակից։ Մորաքույրերը փոքրամարմին, համեստ հագնված պառավներ էին։ Մորաքույր Ջուլիան կես դյույմ բարձր էր մորաքույր Քեյթից։ Նրա ականջների ետև հավաքված մազափունջը գորշագույն էր թվում, և այդ նույն գորշությունը նշմարվում էր նրա ուռած և բծերով ծածկված դեմքին։ Թեև նա պնդակազմ էր, իրանը պահում էր ուղիղ, բայց նրա մեղմ հայացքը և կիսաբաց շուրթերը նրան տալիս էին մի կնոջ կերպարանք, որը չգիտեր, թե ինքը որտեղ է գտնվում և ինչ պետք է անի։ Մորաքույր Քեյթը ավելի աշխույժ էր։ Նրա դեմքը առողջ էր թվում և, ինչպես հնացած խնձորի կեղևը, ծածկված էր փոսիկներով ու ծալքերով, իսկ մազերը, որ Ջուլիայի հնաոճ սանրվածքն ունեին, դեռ շագանակագույն էին։ Նրանք ջերմորեն համբուրեցին Գաբրիելին՝ իրենց սիրելի ազգականին, իրենց հանգուցյալ քրոջ՝ Էլենի որդուն, որի հայրը նավահանգստի և դոկերի կառավարչության գործակալ Ռ. Ջ. Քոնրոյն էր։
— Գրետան հայտնեց, որ դուք որոշել եք այսօր Մոնքսթաուն չվերադառնալ և կառք չեք պատվիրել,— ասաց մորաքույր Քեյթը։
— Այո,— ասաց Գաբրիելը և նայեց կնոջը,— անցյալ անգամվա դեպքը մեզ խրատ եղավ։ Հիշո՞ւմ եք մորաքույր Քեյթ, թե ինչպես էր Գրետան այն ժամանակ մրսել։ Կառքի ապակիները զրնգում էին ճանապարհին, իսկ երբ մենք անցանք Մերիոնը, փչեց արևելյան քամին։ Ծիծաղելի էր, Գրետան մի լավ մրսեց։
Մորաքույր Քեյթը հոնքերը կիտեց և գլխով համաձայնության նշան արեց Գաբրիելի ամեն մի խոսքին։
― Ճի՛շտ Է, Գաբրիել, ճիշտ է,— ասաց նա։— Զգուշությունը երբեք չի խանգարում։
— Ինչ վերաբերում է Գրետայիև, իհարկե նա ոտքով էլ կգնա, թեկուզ ձյունը մինչև ծնկները հասնի,— ասաց Գաբրիելը։
Միսիս Քոնրոյը ծիծաղեց։
— Մի լսիր նրան,— մորաքույր,— ասաց նա։— Գաբրիելը միշտ էլ մի բան հնարում է։ Թոմին ստիպում էր երեկոյան կարդալիս կեպի դնել, կամ էլ մարմնամարզություն անել, իսկ Եվային՝ ձավարապուր ուտել... խեղճ աղջիկը չէր սիրում ձավարապուրը։ Իսկ գիտե՞ք, թե Գաբրիելը ինչ է ուզում, որ ես հագնեմ։ Դժվա՛ր թե կռահեք։
Միսիս Քոնրոյը քրքջաց և նայեց ամուսնուն, որ հիացական ու երջանիկ հայացքով նայում էր կնոջ դեմքին, հագուստին, մազերին։ Մորաքույրերը նույնպես սրտանց ծիծաղեցին, քանի որ Գաբրիելի հոգատարությունը ընտանիքում մշտական կատակների առիթ էր տալիս։
— Կրկնակոշիկներ՝ նրա վերջին հնարանքը,— ասաց միսիս Քոնրոյը։— Անձրևոտ օրերին ես պարտավոր եմ կրկնակոշիկներ հագնել։ Այսօր էլ, վատ եղանակին ամուսինս կստիպեր ինձ կրկնակոշիկներ հագնել, բայց ես հրաժարվեցի։ Նրան որ թողնես՝ ջրասուզակի զգեստ էլ կառնի ինձ համար։ Գաբրիելը նյարդայնացած ժպտաց եւ ինքնատիրապետման համար ուղղեց փողկապը, իսկ մորաքույր Քեյթին այնքան դուր եկավ կատակը, որ համարյա երկտակվեց ծիծաղից։ Հետո ժպիտը չքվեց մորաքույր Ջուլիայի դեմքից, և տխուր աչքերով նայեց բարեկամուհուն։ Մի փոքր լռությունից հետո նա հարցրեց.
— Գաբրիել, իսկ ի՞նչ Է կրկնակոշիկը։
— Կրկնակոշի՞կ, Ջուլի՜ա,— բացականչեց քույրը,— աստվա՛ծ քեզ հետ, մի՞թե չգիտես՝ ի՞նչ է կրկնակոշիկը։ Դա հագնում են, կարծեմ, կոշիկի վրա. այդպես չէ՞, Գրետա։
— Այո,— ասաց միսիս Քոնրոյը։ Դրանք գուտապերչե կոշիկներ են։ Մենք երկուսս էլ դրանից մի-մի զույգ ունենք։ Գաբրիելն ասում է, որ մայրցամաքում բոլորն էլ կրկնակոշիկներ են հագնում։
— Եւ, մայրցամաքում,— շշնջաց Ջուլիան եւ դանդաղ գլխով արեց։
Գաբրիելը հոնքերը կիտեց և փոքր-ինչ ջղայնացած ասաց.
— Զարմանալի ոչինչ չկա, բայց Գրետային դա զավեշտական է թվում, որովհետև այդ խոսքը հիշեցնում է տոնավաճառի երգիչներին։
— Լսիր, Գաբրիել,— ասաց մորաքույր Քեյթը առույգ տոնով,— ես հուսով եմ, որ դու մտածել ես սենյակի մասին։ Գրետան ասում է...
— Սենյակի հարցը կարգավորված է,— ասաց Գաբրիելը։— Ես համար եմ պատվիրել Գրեշեմի մոտ։
— Հոյակա՛պ Է,— ասաց մորաքույր Քեյթը,— ամենալավ բանը, որ կարող էիք ձեռնարկել։ Գրետա, իսկ երեխաների համար չե՞ս անհանգստանում։
— Մենք մի գիշեր ենք մնալու,— ասաց միսիս Քոնրոյը։— Նաև Քեսին նրանց կխնամի։
— Հոյակապ Է,— կրկնեց մորաքույր Քեյթը,— ինչ երջանկություն, որ դայակ ունեք և որին կարելի Է վստահել։ Իսկ մեր Լիլիին վերջերս ինչ-որ բան է անհանգստացնում։ Աղջիկն անճանաչելիորեն փոխվել է։
Գաբրիելը պատրաստվում էր հարցուփորձ անել մորաքրոջը Լիլիի մասին, բայց հանկարծ մորաքույրը լռեց և անհանգիստ հայացք նետեց քրոջ վրա, որ բազրիքին հենվելով, աստիճաններով ներքև էր իջնում։
— Դե՛ ասեք, խնդրեմ,— համարյա ջղայնացած բացականչեց նա,— ո՞ւր է գնում Ջուլիան։ Ջո՛ւլիա, ո՞ւր ես գնում։
Ջուլիան, որն արդեն բավական ցած էր իջե՛լ աստիճաններով, նորից վեր բարձրացավ և հեզորեն բացականչեց.
— Ֆրեդին եկավ։
Հենց այդ պահին ծափահարությունները և ռոյալի վերջին ակորդները նշեցին վալսի ավարտը։ Հյուրասենյակի դռները բացվեցին, և հայտնվեցին մի քանի զույգեր։ Մորաքույր Քեյթը Գաբրիելին շտապ մի կողմ տարավ և շշնջաց ականջին.
—Գաբրիե՛լ, սիրելի՛ս, ցա՛ծ իջիր և տես, թե ի՞նչ վիճակում է Ֆրեդին։ Մի՛ թող բարձրանա, երբ հարբած է։ Նա հավանաբար հարբած է, ես վստա՛հ եմ։
Գաբրիելը մոտեցավ աստիճաններին և ականջ դրեց։ Ներքնահարկից լսվում էր երկու հոգու խոսակցություն։ Գաբրիելը ճանաչեց Ֆրեդի Մալենսի ծիծաղը, աղմուկով շտապեց ներքև։
— Ինչ երջանկություն, որ Գաբրիելը այստեղ է,— ասաց մորաքույր Քեյթը միսիս Քոնրոյին։— Ես միշտ հանգիստ եմ, երբ նա այստեղ է... Ջո՛ւլիա, միսս Դեփին և միսս Փաուերին ուղեկցիր ճաշասենյակ և հյուրասիրիր զովացուցիչ ջրերով։ Շնորհակալությո՛ւն, միսս Դելի, ձեր հոյակապ վալսի համար, լա՜վ պարեցինք։
Բարձրահասակ, խորշոմած դեմքով և կոշտ, ճերմակած բեղով ու թուխ մաշկով մի մարդ իր զույգի հետ դուրս եկավ հյուրասենյակից եւ ասաց.
— Իսկ մեզ նույնպե՞ս կհյուրասիրեն, միսս Մորքան։
— Ջո՛ւլիա,— ասաց մորաքույր Քեյթը և դիմեց բոլորին։— Միստր Բրաունը և միսս Ֆերլոնգը նույնպե՛ս որևէ բան կճաշակեն։ Ուղեկցիր նրանց ճաշասենյակ միսս Դեփի և միսս Փաուերի հետ։
— Ես կծառայեմ զույգերին,— ասաց միստր Բրաունը և այնպես պինդ սեղմեց շուրթերը, որ նրա բեղը ցնցվեց եւ դեմքը ժպտաց իր բոլոր կնճիռներով։— Գիտե՞ք միսս Մորքան, թե ինչու են նրանք ինձ այդքան սիրում...
Տեսնելով, որ մորաքույր Քեյթը հեռացել է, նա լռեց եւ ճաշասենյակ ուղեկցեց երեք զույգերին։ Սենյակի միջնամասում երկու քառակուսի սեղաններ իրար էին միացրել և մորաքույր, Ջուլիան ու պահակի կինը հարթում ուղղում էին լայն սփռոցը։ Բուֆետի վրա դասավորված էին ափսեներ, բաժակներ, դանակներ, պատառաքաղներ ու գդալներ։ Փոքրիկ դաշնամուրհ կափարիչը փակ էր, վրան դասավորված էին քաղցրավենիքներ և խորտիկներ։ Սենյակի անկյունում դրված փոքրիկ բուֆետի մոտ երկու երիտասարդ կանգնած գարեջուր էին խմում։
Միստր Բրաունը տիկիններին ուղեկցեց ճաշասենյակ եւ կատակով հարցրեց. «Արդյոք չէի՞ք կամենա մի֊մի բաժակ տաք, թունդ ու քաղցր կանացի փունջ խմել»։ Եվ քանի որ նրանք պատասխանեցին, որ ոգելից խմիչքներ երբեք չեն խմում, միստր Բրաունը նրանց համար բացեց երեք շիշ լիմոնադ։ Հետո նա խնդրեց երիտասարդներից մեկին՝ տեղ տալ իրեն, ապա վերցրեց շիշը եւ լիքը լցրեց մի բաժակ վիս՛կի։ Երբ միստր Բրաունը համտեսեց վիսկին, երիտասարդները նրան նայեցին խորին հարգանքով.
— Աստվա՜ծ օգնական,— ասաց նա և ժպտաց,— բժշկի դեղատոմսն է սա։
Նրա խորշոմած դեմքը պայծառացավ ժպիտից, եւ երեք տիկինները զնգուն ծիծաղով պատասխանեցին նրա կատակին ու ջղաձգորեն ցնցեցին իրենց ուսերը։ Նրանցից ամենահամարձակն ասաց.
— Օ՚, միստր Բրաուն, ես համոզված եմ, որ բժիշկը նման ոչ մի խորհուրդ ձեզ չի տվել։
Միստր Բրաունը ևս մի կում արեց և դեմքը ծամածռելով ասաց.
— Գիտե՞ք ինչ, ես նման եմ հայտնի միսիս Քասիղիեն, որը կարծեմ, ասում էր. «Դե՛, Մերի Գրայմս, եթե ես հրաժարվում եմ խմել, ապա խնդրում եմ, ստիպիր ինձ որովհետև ես շատ եմ ցանկանում»։
Միստր Բրաունի տաքացած դեմքը հայտնվեց կանանց ղեմքերին շատ մոտ և իր խոսելաձևը նա նմանեցրեց դուբլինյան ցածր խավի խոսելաձևին։ Տիկինները ի պատասխան, միասնական մի բնազդի շնորհիվ, լուռ մնացին։
Միսս Ֆերլոնգը՝ Մերի Ջեյնի աշակերտներից մեկը, հարցրեց միսս Դելիին, այն փոքրիկ վալսի անունը, որը նա նվագում էր, իսկ միստր Բրաունը, տեսնելով, որ իրեն ուշադրության չարժանացրին, ճարպկորեն շրջվեց երիտասարդների կողմը, որոնք ավելի ուշադիր էին նրա նկատմամբ։
Սենյակ մտավ մանուշակագույն հագուստով երիտասարդ ու կարմրադեմ մի կին և աշխուժորեն ծափ տալով բացականչեց․
― Կադրի՛լ, կադրի՛լ։
Նրան կրնկակոխ հետևեց մորաքույր Քեյթը և բացականչեց․
― Երկու ջենտլմե՛ն և երեք տիկի՛ն, Մե՛րի Ջեյն։
― Ահա՛ միստր Բերգինը և միստր Քերիգանը,― ասաց Մերի Ջեյնը։ ― Միսս Ֆերլոնգ, թույլ տվեք ներկայացնել միստր Բերգինին՝ ձեր զույգին։
Երիտասարդները նրանց հրավիրեցին պարի, իսկ Մերի Ջեյնը ղիմեց միսս Դելիին։
― Միսս Դելի, ճիշտն ասած, խիղճս ինձ տանջում է, դուք առանց այն էլ բարի եղաք և նվագեցիք վերջին երկու պարերը, բայց այսօր տիկնայք այնքան էլ շատ չեն...
— Ոչինչ, ոչինչ, ես հաճույքով կպարեմ, միսս Մորքան։
— Բայց ձեզ սպասում է մի շատ հետաքրքիր կավալեր՝ տենոր, միստր Բարթել Դ՚Արսին։ Ես կխնդրեմ հետո, որ նա մեզ համար երգի։ Ամբողջ Դուբլինը հիացած է նրանով։
— Հոյակա՜պ ձայն է, հոյակա՜պ,— ասաց մորաքույր Քեյթը։
Ռոյալը արդեն երկու անգամ նվագեց պարի սկիզբը, ահա թե ինչու Մերի Ջեյնը սենյակից դուրս տարավ ցուցակագրվածներին։ Դեռ նոր էին նրանք սենյակից դուրս եկել, երբ մորաքույր Ջուլիան ներս մտավ դանդաղ և սկսեց փնտրել ինչ-որ մեկին։
— Ի՞նչ է պատահել, Ջուլիա,— անհանգստացած հարցրեց մորաքույր Քեյթը։― Ո՞վ է քեզ հետ։
Ջուլիան, կրծքին սեղմելով անձեռոցիկները, շրջվեց քրոջ կողմը և, պարզապես հարցից զարմացած, ասաց.
—Ֆրե՛դին է, Քեյթ, նրա հետ է նաե Գաբրիելը։ Իսկապես, հայտնվեց Գաբրիելը, որ սանդղահարթակով քարշ էր տալիս Ֆրեդի Մալինսին՝ մոտ քառասուն տարեկան մի տղամարդու, որն իր կազմվածքով նման էր Գաբրիելին, միայն թե նրա ուսերը ավելի նեղ էին։ Դեմքը գունատ էր, մսոտ. վարդագույն էին միայն ականջաբլթակներն ու լայն սունգերը։ Դիմագծերը կոպիտ էին, քիթը՝ տափակ, ճակատը նեղ ու փոս ընկած, իսկ շուրթերը՝ ուռած։ Ծանրակոպ աչքերը և խոնավ ու ցանցառ մազերը նրան քնկոտ տեսք էին տալիս։ Նա բարձրաձայն ծիծաղում էր այն անեկդոտի վրա, որ պատմում էր Գաբրիելին, երբ նրանք բարձրանում էին աստիճաններով, եւ միաժամանակ ձախ ձեռքով անընդհատ տրորում ձախ աչքը։
— Բա՛րի երեկո, Ֆրեդի,— ասաց մորաքույր Ջուլիան։ Ֆրեդի Մալինսը իսկույն բարևեց Մորքաններին, բայց դրա պատճառը հավանաբար կակազելն էր։ Նկատելով, որ միստր Բրաունը բուֆետի մոտ կանգնած ծիծաղում է, երերուն քայլերով մոտեցավ նրան եւ կիսաձայն սկսեց պատմել այն նույն անեկդոտը, որ քիչ առաջ պատմում էր Գաբրիելին։
—Ֆրեդին կարծես լավ է զգում իրեն, հը՞,— Գաբրիելին դիմեց մորաքույր Քեյթը։ Գաբրիելը իր սեւ հոնքերը արագ վեր բարձրացրեց ու պատասխանեց.
— Այո, հազիվ է նկատվում։
— Համենայն դեպս, սարսափելի՜ մա՛րդ է,— ասաց մորաքույր Քեյթը։ Չէ՞ որ տարեմուտին մորը խոստացավ այլևս չխմել։ Դե՛ լավ, Գաբրիել, գնանք հյուրասենյակ։
Բայց նախքան սենյակից դուրս գալը, մորաքույր Քեյթը մատը թափ տվեց միստր Բրաունի վրա։ Ի պատասխան, միստր Բրաունը գլխով արեց, և երբ մորաքույր Քեյթը դուրս գնաց, ասաց Ֆրեդի Մալինսին.
— Դե՛, Ֆրեդի, թարմանալու համար պետք է մի բաժակ լիմոնադ խմել։
Ֆրեդի Մալինսը, որն այդ պահին պատմում էր անեկդոտի ամենահետաքրքիր մասը, ձեռքը ծուլորեն թափ տվեց։ Բայց միստր Բրաունը նրան խնդրեց ուշադրություն դարձնել հագուստի թափթփվածության վրա, իսկ հետո անմիջապես լիմոնադ լցրեց եւ լիքը բաժակը մեկնեց նրան։ Ֆրեդին ձախ ձեռքով ինքնաբերաբար վերցրեց բաժակը, իսկ աջով՝ սկսեց հագուստը կարգի բերել։
Միստր Բրաունը, որի դեմքը կնճռոտվել էր ծիծաղից, իր բաժակը վիսկի լցրեց, իսկ Ֆրեդի Մալինսը դեռ անեկդոտը չվերջացրած, ճայթեց խռպոտ ծիծաղից և, մի կողմ դնելով լիքը բաժակը, ձախ բռունցքով տրորեց ձախ աչքը և որքան հնարավոր էր զսպելով պոռթկումը, կրկնեց դարձվածի վերջին բառերը։
Գաբրիելը դժվարությամբ էր լսում բարդ պասաժներով հագեցած այն պիեսը, որ Մերի Ջեյնը նվագում էր սսկված հյուրասենյակում։ Գաբրիելը սիրում էր երաժշտություն, բայց այդ ստեղծագործության մեղեդին նա չէր ընկալում և կասկածում էր, որ ունկնդիրներից որևէ մեկը նույնպես կգնահատի, չնայած հենց նրանք էին Մերի Ջեյնին խնդրել որևէ բան նվագել։
Չորս երիտասարդ, որ ռոյալի առաջին հնչյուններից հետո հայտնվեցին հյուրասենյակում և խռնվեցին դռան մոտ, մի քանի րոպե անց մեկը մյուսի ետևից հեռացան։ Թվում էր, թե երաժշտությունը լսում էր միայն ինքը՝ Մերի Ջեյնը, որի ձեռքերը մերթ սահում էին ստեղների վրա, մերթ դադարների ժամանակ վեր բարձրանում, ասես քրմուհու անեծք՝ ուղղած ինչ-որ մեկին, և մեկ էլ մորաքույր Քեյթը, որ նրա կողքին կանգնած, շրջում էր նոտայի էջերը։
Գաբրիելը, որ հոգնել էր ծանր ջահի լույսը արտացոլող պարկետի փայլից, հայացքն ուղղեց վեր, պատի կողմը։ Դաշնամուրի վրա կախված էր «Ռոմեո և Ջուլիետի» պատշգամբի տեսարանը, իսկ նկարի կողքին կար կարմիր, երկնագույն և մոխրագույն բրդե թելերից գործված մի գորգ, որի վրա պատկերված էին Թաուերում սպանված արքայազները։ Գորգը մորաքույր Ջուլիան գործել էր շատ վաղուց, հավանաբար մանկության տարիներին, երբ քույրերը հաճախում էին դպրոց, որտեղ նրանց սովորեցնում էին նաև ասեղնագործել։ Գաբրիելի մայրը, ինչ-որ ժամանակ, տղայի ծննդյան օրվա առթիվ, նրան նվիրել էր մոխրագույն մետաքսե աստառով և կլոր, ապակե կոճակներով բոսորագույն թաբինետից մի ժիլետ, որի վրա նա ասեղնագործել էր աղվեսի փոքրիկ գլուխներ։
Տարօրինակ էր, որ մայրը երաժշտական ընդունակություններ չի ունեցել, չնայած մորաքույր Քեյթը նրան միշտ անվանում էր Մորքանների ընտանիքի հանճար։ Թվում էր, թե՛ մորաքույր Քեյթը, և թե՛ մորաքույր Ջուլիան հպարտ էին իրենց լուրջ և պատկառելի ավագ քրոջով։ Հայելասեղանին դրված էր Գաբրիելի մոր լուսանկարը։ Նա ծնկներին բռնել էր բացված մի գիրք և ինչ-որ բան էր ցույց տալիս նավաստու համազգեստով Կոնստանդինին, որ պառկած էր նրա ոտքերի տակ։ Մայրն էր ընտրել տղաների անունները, նրան միշտ մտահոգում էր ընտանիքի արժանապատվությունը։
Շնորհակալություն նրան, որ Կոնստանդինը այժմ Բագբրիգենում ծխական քահանա է, իսկ Գաբրիելը ավարրտել է թագավորական համալսարանը։ Գաբրիելի դեմքին մի ստվեր հայտնվեց, երբ հիշեց, թե ինչպիսի համառությամբ էր մայրը դիմադրում իր ամուսնությանը։ Գաբրիելին ուղղված մոր վիրավորական խոսքերը մինչև հիմա էլ հնչում էին ականջնհրում։ Մի անգամ մայրն ասաց, որ Գրետան թեթևամիտ գեղջկուհիներից է, իսկ դա ճիշտ չէր. չէ՞ որ իրենց մոտ՝ Մունքսթաունում, երբ Գաբրիելը երկար ժամանակ հիվանդ պառկած էր, Գրետան խնամում էր նրան։
Պիեսը, որ նվագում էր Մերի Ջեյնը, հավանաբար, մոտենում էր ավարտին, որովհետև նվագողը ամեն տակտից հետո կրկնում էր պասաժներով հարուստ ներածական թեման։ Եվ մինչև Գաբրիելը կսպասեր երաժշտության ավարտին, ատելության զգացումը մարեց նրա հոգում։ Պիեսն ավարտվեց վերին և ստորին ձայնասահմանում՝ օկտավային տրեմոլով։ Որոտընդոստ ծափահարությունները ողջունեցին դաշնակահարուհուն, իսկ նա շիկնած ու հուզված փաթաթեց նոտաները և դուրս սահեց հյուրասենյակից։ Բոլորից եռանդուն ծափահարում էին այն չորս երիտասարդները, որոնք նվագի սկզբին հեռացել էին հյուրասենյակից, բայց հիմա վերադարձել և նորից կանգնել էին դռան մոտ։
Սկսվեց կադրիլը։ Գաբրիելի ընկերակիցը միսս Այվորսն էր. վճռական շարժուձևով շատախոս մի կին։ Նրա աչքերը շագանակագույն էին ու դուրս պրծած, իսկ դեմքը՝ պեպենոտ։
Շրջազգեստը լանջաբացվածք չուներ, իսկ օձիքին ամրացված էր մի մեծ կրծքազարդ՝ Իռլանդիայի նշանաբանով։
Երբ նրանք գրավեցին իրենց տեղերը, միսս Այվորսը անսպասելիորեն դիմեց Գաբրիելին.
— Ես մտադիր եմ ձեզ հետ վիճել։
— Ի՞նձ հետ,— հարցրեց Գաբրիելը։
Միսս Այվորսը գլխի շարժումով հաստատեց։
― Իսկ պատճա՞ռը,— հարցրեց Գաբրիելը և ժպտաց նրա հանդիսավոր տոնի վրա։
— Ո՞վ է Գ. Ք.–ն,— հարցրեց միսս Այվորսը և մտասևեռ հայացքով նայեց նրա դեմքին։
Գաբրիելը կարմրեց և, հոնքերը վեր բարձրացնելով, ձևացրեց իբր հարցը չի հասկանում, բայց միսս Այվորսը նույն խստությամբ ավելացրեց.
—Օ՛, ինչպիսի՛ անմեղություն։ Պարզվում է, դուք գրում եք «Դեյլի էքսպրեսի» համար։ Եվ դուք չե՞ք ամաչում։
— Իսկ ինչո՞ւ պետք է ամաչեմ,— ասաց Գաբրիելը,— ժպտալով ու կկոցելով աչքերը։
— Շա՛տ բարի, բայց ես ձեր փոխարեն ամաչում եմ,— ասաց միսս Այվորսը վճռականապես,— և դուք գրում եք մի այդպիսի թերթի համար։ Ես չգիտեի, որ դուք անգլոֆիլ եք։
Գաբրիելի դեմքին շփոթմունքի մի արտահայտություն երևաց։ Այո, գրում է «Դեյլի էքսպրեսի» գրական սյունակի համար ամեն չորեքշաբթի և ստանում տասնհինգ շիլլինգ։ Բայց դա չէր նշանակում, թե նա անգլոֆիլ է։ Գրքերը, որ նա ստանում էր գրախոսելու, նրան ավելի մեծ հաճույք էին պատճառում, քան թե չնչին հոնորարները։ Նա սիրում էր շոշափել գրքակազմերը և թերթել նոր տպված գրքի էջերը։ Համարյա ամեն օր, քոլեջում պարապմունքներն ավարտելուց հետո, սովորություն ուներ այցելել բուկինիստներին՝ Հիկիին, Ուեբսին կամ էլ Աստոնյան առափնյայի Մեսիին և Օ՚Քլոխիսին։ Գաբրիելը չգիտեր, ինչ պատասխանել միսս Այվորսին։ Նա ցանկանում էր ասել, որ գրականությունը քաղաքականությունից բարձր է կանգնած, բայց նրանք հին ընկերներ էին, միասին սովորել էին համալսարանում, իսկ հետո միասին դասավանդել, հետեւապես նման վերամբարձ խոսքեր ասելը իմաստ չուներ։ Գաբրիելը թարթեց աչքերը և փորձեց ժպտալ։ Վերջապես, նա անորոշ քրթմնջաց, որ գրախոսական գրելը և քաղաքականությունը իրար հետ ոչ մի առնչություն չունեն։
Երբ պարի շրջանում նրանք նորից հանդիպեցին, Գաբրիելը տակավին շփոթված էր եւ մտազբաղ։ Միսս Այվորսը իր տաք ձեռքի մեջ արագ սեղմեց Գաբրիելի ձեռքը եւ ընկերաբար ու մեղմորեն ասաց.
— Դե բավական է, ես կատակեցի, գնանք պարելու, հերթը մերն է։
Երբ նրանք նորից միասին պարում էին, միսս Այվորսը խոսք բացեց համալսարանի մասին, և Գաբրիելը իրեն ազատ զգաց։ Միսս Այվորսի ընկերներից մեկը նրան ցույց էր տվել Գաբրիելի գրախոսականը Բրաունինգի բանաստեղծությունների վերաբերյալ, ահա թե նա ինչպես էր իմացել Գաբրիելի գաղտնիքը։ Բայց միսս Այվորսին անչափ դուր էր եկել գրախոսականը։ Հետո նա ասաց.
— Միստր Քոնրոյ, չէի՞ք ցանկանա մասնակցել մեր ծրագրած ամառային էքսկուրսիային և մեկնել Արանյան կղզիներ։ Մենք մնալու ենք այնտեղ մի ամբողջ ամիս։ Հոյակապ բան կլինի, ճանապարհորդելու ենք օվկիանոսով։ Դուք անպայման պետք է գաք։ Մեզ հետ են լինելու միստր Քլենսին, միստր Քիլքելին և Քետլին Քիրնին։ Լավ կլիներ Գրետան էլ մասնակցեր։ Նա Քոննախտից է, այնպես չէ՞։
— Նրա ծնողներն են ապրում այնտեղ,— կտրուկ ասաց Գաբրիելը։
— Ուրեմն, գնո՞ւմ ենք, որոշեցինք,— ասաց միսս Այվորսը ուրախությամբ՝ իր տաք ձեռքը հպելով Գաբրիելի ձեռքին։
— Ճիշտն ասած ես որոշել եմ մեկնել,— պատասխանեց Գաբրիելը...
— Ո՞ւր,— հարցրեց միսս Այվորսը։
— Գիտե՛ք ինչ, ես ամեն տարի, ընկերներիս հետ հեծանվով էքսկուրսիայի եմ դուրս գալիս...
— Բայց ո՞ւր,— հարցրեց միսս Այվորսը։
— Մենք սովորաբար ճանապարհորդում ենք Ֆրանսիայում և Բելգիայում, իսկ երբեմն էլ՝ Գերմանիայում,— շփոթված ասաց Գաբրիելը։
— Իսկ ինչո՞ւ ճանապարհորդել Ֆրանսիայում կամ Բելգիայում,–– հարցրեց միսս Այվորսը,― ավելի լավ չէր լինի ճանապարհորղել Իռլանդիայում։
— Դե՛,— մտմտաց Գաբրիելը,— մասամբ լեզուն ուսումնասիրելու, մասամբ էլ, պարզապես, բազմազանության համար։
— Իսկ ձեր մայրենի լեզուն դուք չե՞ք ուզում սովորում,— հարցրեց միսս Այվորսը։
— Եթե բանը հասել է դրան,— ասաց Գաբրիելը,— ապա իռլանդերենը իմ մայրենի լեզուն չէ։
Հարևան զույգերը լսում էին նրանց խաչաձև հարցուփորձը։ Գաբրիելը անհանգստացած իր շուրջը նայեց և փորձեց թաքցնել տանջանքը, որից նրա ճակատը կարմրել ու բարեհամբույր տեսք էր ընդունել։
— Իսկ հայրենի երկիրը ավելի մոտիկից ճանաչել չարժե՞,— հարցրեց միսս Այվորսը,— հայրենիք, որը դուք բոլորովին չգիտեք և չեք ճանաչում ո՛չ նրա ժողովրդին և ո՛չ էլ հարազատ երկիրը։
— Ճիշտն ասած,— հանկարծ պոռթկաց Գաբրիելը,— ինձ սարսափելի ձանձրացրել է իմ հարազատ հայրենիքը, սարսափելի։
— Ինչո՞ւ,— հարցրեց միսս Այվորսը։
Գաբրիելն այնքան էր հուզված, որ ոչինչ չպատասխանեց։
— Ինչո՞ւ,— կրկննց միսս Այվորսը։
Ժամանակն էր զույգերը փոխելու, և քանի որ Գաբրիելը չէր պատասխանում, միսս Այվորսը կրքոտ ասաց.
— Իհա՜րկե, դուք ոչինչ չեք կարող պատասխանել։
Գաբրիելը սկսեց արտասովոր եռանդով պարել, որպեսզի թաքցնի հուզմունքը։ Նա խուսափում էր միսս Այվորսի հայացքից, քանի որ նկատել էր նրա դեմքի դժգոհ արտահայտությունը։ Բայց, երբ նրանք նորից հանդիպեցին ընդհանուր շրջանում, նա զարմանքով նկատեց, որ միսս Այվորսը ամուր սեղմում է իր ձեռքը։ Միսս Այվորսը խորամանկորեն նայում էր նրան, այնքան ժամանակ, մինչև որ Գաբրիելը ժպտաց։ Հետո, երբ զույգերի շղթան նորից շարժվեց, նա ձգվեց դեպի Գաբրիելը և շշնջաց նրա ականջին։
— Անգլոֆի՚լ։
Երբ կադրիլը վերջացավ, Գաբրիելը մոտեցավ սենյակի հեռավոր անկյունին, որտեղ նստած էր Ֆրեդի Մալինսի մայրը։
Նա սպիտակահեր, հիվանդագին տեսքով կին էր և իր որդու նման թեթևակի կակազում էր։ Նրան արդեն հայտնել էին, որ Ֆրեդին եկել է և լավ է զգում իրեն։ Գաբրիելը նրան հարցրեց, թե ինչպես է տեղ հասել։ Պառավը ապրում էր Գլազգոյում՝ իր ամուսնացած աղջկա մոտ, և ամեն տարի հյուր էր գալիս Դուբլին։ Նա հանգիստ ձայնով պատասխանեց, որ շատ լավ տեղ հասավ, և որ նավապետը իր նկատմամբ անչափ ուշադիր էր։ Մինչ պառավը խոսում էր, Գաբրիելը փորձեց մոռացության տալ միսս Այվորսի հետ ունեցած տհաճ խոսակցությունը։ Անշուշտ, նա իր հայրենիքի խանդավառ աղջիկն էր կամ կինը, կամ էլ դրա նման մի բան, բայց ամեն ինչ իր ժամանակն ունի։ Իհարկե, նրան այդպես կոպիտ չարժեր պատասխանել։ Բայց միսս Այվորսը իրավունք չուներ, անգամ կատակով բոլորի առաջ Գաբրիելին անգլոֆիլ անվանել։ Միսս Այվորսը նրան հարցաքննեց և ճագարի իր աչքերը չռեց նրա վրա, որպեսզի Գաբրիելին ծաղրեր բոլորի առաջ։
Գաբրիելը նկատեց, որ կինը վալս պարող զույգերի միջով գալիս է իր կողմը։ Գրետան մոտեցավ եւ շշնջաց նրա ականջին.
— Գաբրիել, մորաքույր Քեյթը ուզում է իմանալ, համաձա՞յն ես այս անգամ էլ սագը կտրտել, թե ոչ։ Սիսս Դելին կկտրտի ապուխտը, իսկ ես՝ պուդինգը։
— Շատ լավ,— ասաց Գաբրիելը։
— Մորաքույր Քեյթը այնպես կանի, որ երիտասարդներն ընթրեն ավելի շուտ՝ հենց որ վալսը ավարտվի, ու հետո մենք ու մենք մնանք։
— Իսկ դու պարեցի՞ր,— հարցրեց Գաբրիելը։
— Իհարկե, ինձ չնկատեցի՞ր։ Ինչի՞ց ծագեց ձեր վեճը Մոլլի Այվորսի հետ։
— Բոլորովին ցանկություն չունեի վիճելու։ Իսկ դու ինչպե՞ս իմացար։ Երևի միսս Այվորսն ասաց։
— Այո, նա ակնարկեց։ Ես համոզում եմ միստր Դ՚Արսիին երգել, բայց նա ձևեր է թափում։
— Մենք չէինք վիճում,— ասաց Գաբրիելը, ― պարզապես նա ինձ համոզում էր մեկնել Արևմտյան Իռլանդիա, բայց հրաժարվեցի։
Կինը ուրախացած ծափ տվեց, թեթևակի ցատկեց տեղից եւ բացականչեց.
— Գնա՛նք, Գաբրիել,— ես այնպես եմ ուզում մի անգամ էլ լինել Գոլուեում։
— Մեկնիր՛, եթե ուզում ես,— սառը պատասխանեց Գաբրիելը։
Կինը մի պահ նայեց Գաբրիելին, հետո շրջվեց դեպի միսիս Մալինսը և ասաց.
— Բարյացակամ ամուսնյակ է չէ՞, միսիս Մալինս։
Երբ միսիս Քոնրոյը դուրս եկավ սենյակից, միսիս Մալինսը, ուշադրություն չդարձնելով ընդհատված խոսակցությանը, շարունակեց պատմել, թե ինչպիսի հոյակապ վայրեր ու տեսարաններ կան Շոտլանդիայում, և թե ինչպես նրա փեսան ամեն տարի նրանց տանում է լճափ՝ հանգստանալու, և նրանք այնտեղ կարթով ձուկ են բռնում։ Նրա փեսան հոյակապ ձկնորս է։ Նա մի անգամ մի մեծ ձուկ բռնեց և հյուրանոցի խոհարարը տապակեց։ Բայց Գաբրիելը գրեթե չէր լսում խոսքերը։ Հիմա, երբ ընթրիքին շատ քիչ ժամանակ էր մնացել, Գաբրիելը նորից մտածեց իր ճառի մասին։ Գաբրիելը նկատեց, որ Ֆրեդի Մալինսը մոտենում է մորը, նա իր տեղը զիջեց նրան և մոտեցավ պատուհանին։ Սենյակում համարյա մարդ չէր մնացել, ճաշասենյակից լսվում էր դանակների ու ափսեների զնգոցը։ Նրանք, ովքեր հյուրասենյակում էին, հավանաբար, հոգնել էին պարելուց եւ խմբերի բաժանված, ցածրաձայն խոսում էին։ Գաբրիելի տաք, դողացող մատները թմբկահարեցին պատուհանի սառը ապակին։ Ինչպիսի՜ թարմություն է հիմա այնտեղ, փողոցում։ Ինչպիսի հաճույք՝ լինել միայնակ և թափառել գետի երկայնքով, իսկ հետո կտրել-անցնել պուրակը։ Ծառերի ճյուղերը ծանրացել են ձյան տակ, իսկ Վելլինգտոնի հուշարձանի վրա նստած ձյունը ասես սպիտակ լուսապսակ լինի։ Ավելի հաճելի էր լինել այնտեղ, քան թե սեղանի մոտ, հյուրերի հետ։ Նա մտաբերեց իր ճառը՝ իռլանդական հյուրասիրության, տխուր հիշողությունների, երեք նազելիների, Պարիսի ու Բրաունինգի մասին։ Մտքում կրկնեց իր գրախոսականից մի նախադասություն. «Թվում է, թե լսում ես մտատանջ մի երաժշտություն»։ Միսս Այվորսը գովեց գրախոսականը։ Տեսնես, ճի՞շտ էր ասում, թե ոչ։ Արդյո՞ք այդ կինը իր գաղափարների ետևում ուներ որևէ անձնական կյանք։ Նրանք մինչև այդ երեկո իրար հետ երբեք չէին վիճել։ Տհաճ է, որ միսս Այվորսը նույնպես ներկա կլինի ընթրիքին և Գաբրիելին կնայի իր քննախույզ ու արհամարհական հայացքով։ Միսս Այվորսը իհարկե, կուրախանա, եթե Գաբրիելը անհաջող ելույթ ունենա։ Հանկարծ Գաբրիելի գլխում մի միտք հղացավ։ Նա այսպես կսկսի իր ելույթը. «Լեդիներ եւ ջենտլմեններ, սերունդը, որն այժմ հեռանում է մեզանից, ինչ խոսք, ունի իր թերությունները, բայց, իմ կարծիքով, նրան բնորոշ են մի շարք առաքինություններ՝ հյուրասիրություն, հումոր, մարդասիրություն, մի բան, որ չունի անչափ դաստիարակված և անչափ լուրջ նոր սերունդը»։
Հոյակապ է։ Ահա այսպես նա կպատժի միսս Այվորսին։ Իսկ որ իր մորաքույրերը ուղղակի անքաղաքավարի պառավներ էին, դա Գաբրիելին չէր հետաքրքրում։