=== I։ Կոլյա Կրասոտկին ===
Նոյեմբերի սկիզբն էր։ Տասնմեկ աստիճան սառնամանիք էր մեր քաղաքում, բայց գետինը մերկ էր, սառցակալած։ Գիշերը չոր ձյուն էր տեղացել մի քիչ, և «չոր ու կծու» քամին բարձրացնում էր ձյունը, քշում էր տխուր-տրտում փողոցներով ու մանավանդ շուկայի հրապարակով։ Մռայլ առավոտ էր, բայց դադարել էր ձյունը։ Հրապարակից ոչ շատ հեռու, Պլոտնիկովների խանութի մոտ, մի փոքր տուն կար, որ շատ մաքուր էր թե՛ դրսից, թե՛ ներսից։ Այրի տիկին Կրասոտկինայի տունն էր դա։ Նահանգային քարտուղար Կրասոտկինը շատ վաղուց էր մահացել, գրեթե տասնչորս տարի առաջ, և նրա երեսնամյա այրին, որ դեռ շատ սիրունիկ մի տիկին էր, «իր դրամագլուխով» ապրում էր իր կոկիկ տանը։ Պարկեշտ ու ամոթխած մի կյանքով էր ապրում, բնավորությամբ մեղմ էր, բայց և բավական կենսուրախ։ Տասնութ տարեկան էր, երբ ամուսինը մեռավ. ընդամենը մեկ տարի էր ապրել նրա հետ և հենց նոր մի տղա էր ծնել։ Ամուսնու մահվան օրից նա իր ամբողջ կյանքը նվիրել էր այդ իր անգին մանչուկի՝ Կոլյայի, դաստիարակությանը, և թեպետ ամբողջ տասնչորս տարի խելակորույս սիրել էր նրան, բայց իհարկե, անհամեմատ ավելի տառապանք էր տեսել, քան ուրախություն, գրեթե ամեն օր ահուդողի մեջ ընկնելով, մեռնելով այն վախից, թե տղան կհիվանդանա, կմրսի, չարություն կանի, աթոռի վրա կմագլցի ու վայր կընկնի և այլն, և այլն։ Իսկ երբ Կոլյան սկսեց դպրոց գնալ և հետո հաճախել մեր պրոգիմնազիան, մայրն էլ նրա հետ փութաց ուսումնասիրել բոլոր գիտությունները, որպեսզի օգնի նրան և դասերը սերտեն միասին, փութաց ծանոթանալ ուսուցիչների և նրանց կանանց հետ, փաղաքշել նույնիսկ Կոլյայի դպրոցական ընկերներին, հաճոյանալ նրանց, որպեսզի ձեռք չտան Կոլյային, չծաղրեն նրան, չծեծեն։ Եվ հասցրեց այնտեղ, որ ընկերներն իրոք սկսեցին ծաղրել նրան հենց մոր պատճառով, սկսեցին ձեռ առնել, որ նա մամայի բալիկ է։ Բայց տղան կարողացավ իր գլխին տեր կանգնել։ Խիզախ տղա էր, «սոսկալի ուժեղ», ինչպես լուր տարածվեց դասարանում, և շուտով էլ հաստատվեց, որ այդպես է իրոք, ճարպիկ էր, անկոտրում բնավորության տեր, հանդուգն ու նախաձեռնող ոգի ուներ։ Լավ էր սովորում, և նույնիսկ ասում էին, թե նա թվաբանության ու ընդհանուր պատմության մեջ հենց դասատու Դարդանելովին էլ կգլի-կանցնի։ Տղան թեև վերից էր նայում բոլորին, քթիկը տնկած, բայց լավ ընկեր էր և չէր մեծամտանում։ Դպրոցականների հարգանքն ընդունում էր որպես իրեն վայել մի բան, սակայն ընկերաբար էր վերաբերվում նրանց։ Մանավանդ չափ ու սահմանը գիտեր, հարկ եղած դեպքում կարող էր զսպել իրեն, և ուսուցիչների հետ իր փոխհարաբերությունների մեջ երբեք չէր անցնում այն վերջին ու նվիրական սահմանը, որից այն կողմ արդեն որևէ արարք չի հանդուրժվի, կդառնա անկարգություն, ընդվզում և անօրինություն։ Եվ սակայն բնավ, բնավ էլ դեմ չէր չարաճճիություններ անելու, և եթե որևէ հարմար առիթ ներկայանար, անելիքն անում էր ամենահետին մի լաճի նման, ոչ այնքան չարաճճիության սիրույն, որքան մի որևէ արտասովոր, հնարամիտ տարօրինակությամբ զարմացնելու, շշմեցնող տպավորություն գործելու և իրեն ցույց տալու համար։ Շատ ինքնասեր էր մանավանդ։ Նույնիսկ իր մայրիկին կարողացել էր ենթարկել իրեն, գրեթե բռնակալի պես ազդելով նրա վրա։ Եվ մայրիկը ենթարկվել էր, օ՜, վաղուց էր արդեն ենթարկվել, բայց ոչ մի կերպ չէր կարողանում հաշտվել միայն այն մտքի հետ, որ տղան «քիչ է սիրում» իրեն։ Նրան շարունակ թվում էր, թե Կոլյան «անզգա» է իր նկատմամբ, և լինում էին դեպքեր, երբ հիստերիկ արցունքներ թափելով սկսում էր հանդիմանել տղային՝ սառն վերաբերմունքի համար։ Տղան չէր սիրում այդ բանը, և մայրը որքան ավելի էր նրանից սրտագին զեղումներ պահանջում, այնքան ավելի անդրդվելի էր դառնում նա՝ կարծես դիտմամբ։ Բտյց Բայց նրա այդ վերաբերմունքը ոչ թե դիտումնավոր էր, այլ ակամա, այդպես էր բնավորությունը։ Մայրը սխալվում էր. նա շատ էր սիրում իր մայրիկին, միայն թե չէր սիրում «հորթային քնքշությունները», ինչպես ասում էր իր դպրոցական լեզվով։ Հորից մնացել էր մի գրապահարան, որի մեջ սակավաթիվ գրքեր կային. Կոլյան սիրում էր կարդալ և արդեն ինքնաբերաբար կարդացել էր դրանցից մի քանիսը։ Դա չանհանգստացրեց մորը, պարզապես նա զարմանում էր երբեմն, տեսնելով, թե ինչպես իր տղան ժամերով կանգնում էր պահարանի մոտ մի որևէ գրքի մեջ խորասուզված, փոխանակ դուրս գնալու և խաղալու։ Եվ այդպիսով Կոլյան կարդաց բաներ, որ չէր կարելի նրան թույլ տալ այդ տարիքում։
Տղան թեև չէր սիրում իր չարաճճիությունների մեջ մի որոշ սահմանից անդին անցել, բայց վերջերս սկսել էր անել այնպիսի չարաճճիություններ, որոնք լրջորեն վախեցնում էին մորը, ճիշտ է, անբարոյական բաներ չէին դրանք, բայց կապը կտրած մարդու սանձարձակ խելառություններ էին։ Հենց այս տարվա հուլիսին, ամառային արձակուրդի ժամանակ, այնպես էր պատահել, որ մայրիկն ու տղան մի շաբաթով հյուր էին գնացել մի ուրիշ գավառ, յոթանասուն վերստ մեր քաղաքից, հեռավոր մի ազգականուհու մոտ, որի ամուսինը պաշտոնավարում էր երկաթուղային կայարանում (հենց այն կայարանում, որ ամենամոտն էր մեր քաղաքին, և որտեղից Իվան Ֆյոդորովիչ Կարամազովը մեկ ամիս հետո մեկնեց Մոսկվա)։ Կոլյան այնտեղ նախ և առաջ սկսեց մանրամասնորեն դիտել, ուսումնասիրել երկաթուղային կարգուկանոնը, հասկանալով, որ տուն վերադառնալուց հետո կարող է իր նոր գիտելիքներով փայլել պրոգիմնազիայի դպրոցականների մեջ։ Բայց հենց այդ նույն ժամանակ ուրիշ տղաներ էլ կային այնտեղ, և Կոլյան բարեկամացավ նրանց հետ. մի քանիսը կայարանում էին ապրում, մի քանիսն էլ շրջակայքում, ընդամենը վեց կամ յոթ պատանյակներ էին՝ տասներկուսից տասնհինգ տարեկան, և նրանցից երկուսն էլ մեր քաղաքից էին պատահմամբ։ Տղաները միասին խաղում էին, չարաճճիություններ անում, և ահա Կոլյայի հյուրագնացության չորրորդ կամ հինգերորդ օրը հիմար երեխաները խելքից֊մտքից դուրս մի գրազ եկան երկու ռուբլու վրա, Կոլյան, որ գրեթե ամենափոքրն էր բոլորի մեջ և դրա համար էլ մի քիչ արհամարհվում էր մեծերից, ինքնասիրության կամ էլ անսանձ խիզախության մղումով առաջարկեց, որ գիշերը, երբ ժամը տասնմեկի գնացքը գա, ինքը երեսի վրա կպառկի երկաթգծի մեջտեղը և անշարժ կմնա, մինչև գնացքը սրընթաց արագությամբ անցնի իր վրայով։ Ճիշտ է, նախօրոք ստուգեցին ու պարզեցին, թե իրոք կարելի է այնպես մեկնվել գծերի մեջտեղը և տափակ պառկել, որ գնացքն անշուշտ անցնի առանց պառկողին դիպչելու, բայց դե, համենայն դեպս, հանա՞ք է այդպես պառկելը։ Կոլյան հաստատ պնդում էր, որ կպառկի։ Սկզբում ծիծաղում էին նրա վրա, սուտլիկ էին կոչում նրան, պոռոտախոս էին ասում, բայց դրանով ավելի ևս գրգռեցին տղային։ Եվ մանավանդ որ այդ տասնհինգ տարեկան տղաները չափից ավելի ցցում էին իրենց քթերը նրա առաջ, սկզբում նույնիսկ «ճստլիկ» էին համարում նրան և չէին ուզում ընդունել որպես իրենց ընկերը, իսկ դա արդեն անտանելիորեն վիրավորական էր։ Եվ ահա որոշեցին երեկոյան գնալ կայարանից մեկ վերստ հեռու, որպեսզի գնացքը, կայարանից դուրս գալուց հետո, հասցնի լրիվ թափ առներ տղաները հավաքվեցին։ Հասավ անլուսին գիշերը. ոչ թե մութ էր պարզապես, այլ գրեթե խավարամած։ Որոշյալ ժամին Կոլյան պառկեց գծերի միջև։ Մյուս հինգ տղաները, որոնք գրազ էին եկել, սպասում էին ուղեթումբի ներքևում, թփերի մեջ՝ նվաղուն սրտով, հետո նաև վախով ու զղջումով։ Վերջապես հեռվում սկսեց դրմփալ գնացքը, որ դուրս էր եկել կայարանից։ Մթան խորքից երկու կարմիր լապտերները փայլեցին, հրեշը դղրդալով մոտենում էր։ «Փախի՛ր գծից, փախի՜ր»,— գոռացին ահաբեկված տղաները թփերի միջից, բայց արդեն ուշ էր. գնացքը վրա հասավ ու սուրալով անցավ գնաց։ Տղաները վազեցին Կոլյայի մոտ. նա անշարժ պառկել էր։ Սկսեցին քաշքշելով բարձրացնել գետնից։ Նա հանկարծ վեր կացավ ու առանց մի բառ ասելու գծից հեռացավ։ Ուղեթմբից ցած իջնելով, նա հայտարարեց, թե դիտմամբ այդպես պառկել էր ուշաթափվածի նման, որպեսզի վախեցնի նրանց. բայց ճշմարտությունն այն էր, որ նա իրոք ուշաթափվել էր, ինչպես ինքը խոստովանեց մորը, երբ արդեն երկար ժամանակ էր անցել այդ օրից։ Այսպիսով, ընդմիշտ ձեռք բերեց «քաջասիրտ» տղայի համբավը։ Այդ գիշեր երբ կայարան վերադարձավ ու տուն մտավ՝ մոմի պես գունատ էր։ Հաջորդ օրը մի թեթև հիվանդացավ ջղային տենդով, բայց սոսկալի բարձր էր տրամադրոլթյունը, ուրախ էր ու գոհ։ Դեպքը մեր քաղաքում իմացվեց ոչ թե անմիջապես, այլ նրանց վերադառնալուց հետո, և լուրը հասավ դպրոց, տնօրենության ականջը։ Բայց Կոլյայի մայրիկը իսկույն վազեց տնօրենի մոտ, աղաչեց, որ չպատժեն իր տղային, և ի վերջո Դարդանելովը, որ հարգված ու ազդեցիկ դասատու էր, Կոլյային պաշտպանեց ու բարեխոսեց նրա օդտին. գործն անհետևանք թողեցին, իբրև թե բնավ էլ չի եղել։