«Արեւի նման նայեցեք աշխարհին»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Արեւի նման նայեցեք աշխարհին |հեղինակ = Աշոտ Բլեյան |թարգմանիչ = |աղբյուր = ...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 15:24, 5 Հուլիսի 2013-ի դրությամբ
հեղինակ՝ Աշոտ Բլեյան |
- Իմ պատանի բարեկամներ, Ձեր «դալար բազմությունն ու թրթռան զգացմունքը», ձեր ոգեւորված, սիրահար վերաբերմունքը կյանքին, այս ամենն ինձ բացառիկ թանկ են, ու ես ուզում եմ բաց չթողնել այս հրաշալի հնարավորությունը ձեզ դիմելով մի քանի խոսքով։
- Ես ուրախ եմ այս ժողովածուի գոյության համար ու խորհուրդ եմ տալիս ձեզ անպայման ուշադիր կարդալ այս ժողովածուի բոլոր հոդվածները մեկիկ առ մեկիկ։ Օգտակար են դրանք ձեզ, դուք չպիտի ափսոսաք ծախսած ժամանակի համար, եւ ասեմ թե ինչու։
- Այսօր, երբ յոթանասնամյա խորհրդային բռնատիրությանից հետո, պատմության անխուսափելի թելադրանքով «մեծ ալեկոծություններն ու ակնկալությունները ամենքին տեղահան են արել, դուրս են բերել իրենց անկյուններից և ահա ժողովուրդներն իրենց ունեցած ուժերով հրապարակի վրա են։ Ամեն մարդ շարժվում է, ամեն մարդ խոսում է։ Անշուշտ նա պիտի շարժվեր այնպես, ինչպես ինքն է կամենում եւ խոսեր այն, ինչ որ ինքն է մտածում։
- Այդպես պիտի լիներ մարդը, ևս առավել այս տեսակ մի ժամանակի առաջ, երբ շարժումը կամ խոսքը կարող է ունենալ այնպիսի հետևանք, որ ուրիշ ժամանակ աներևակայելի է։
- Նրա այս խոսքից կամ այն շարժումից կախված է շատ բան։ Եվ հանկարծ... դուք տեսնում եք... Նա խաղ է անում, դերասանության է անում։
- Դերասանությանը գեղեցիկ է բեմի վրա, որ խաղում են, բայց այն գարշելի է կյանքի մեջ, ուր տարում են»։
- Իմ կրտսեր բարեկամներ։ Թատերական բեմը ձեզ ձգում է ու թատրոնը ձեր տարերքն է, բայց սքանչելիորեն դուք կյանքում մերժում եք կեղծիքն ու երկվությունը և չեք ներում մեծերիս հենց այդ «կյանքի խաղի» համար։ Բախտ ունենալով մոտիկից, որպես գործընկերներ ճանաչելու այս ժողովածուի բոլոր հողվածների հեղինակներին՝ Հրաչիկ Սիմոնյանին, Ռաֆայել Իշխանյանին, Վազգեն Մանուկյանին, Կտրիճ Սարդարյանին, Վանո Սիրադեղյանին, ես վկայում եմ, որ նրանք կյանքում շարժվում են այնպես, ինչպես իրենք են կամենում և խոսում են այն, ինչ որ իրենք են մտածում։ Ճշմարիտ մտավորականներ, որոնց հետ շփումը ձեզ օդի պես է անհրաժեշտ ու ես պիտի ձգտեմ ձեզ հանդիպեցնել իրար։
- «Երբեք այնքան մեծ չի եղել անկեղծության կարիքն ու կարոտը, ինչպես այսօր, և երբեք այսքան ահռելի չափերով չի հայտնվել կեղծիքը, ինչպես այսօր։
- Դարավոր կարգերի ու հասկացողությունների հեղաշրջումի օրը, պատմության ահավոր դատաստանի օրը։
- ...Դե եկեք ու ջոկեցեք իսկականը կեղծիքից։ Եվ ո՞վ պիտի ջոկի, ե՞րբ, ո՞ր մի տեղը...
- Կեղծիք ու խաչագողություն՝ ամեն օր, ամեն տեղ, ամեն տեսակի»։
- Բոլոր այս մեջբերումները Հովհ. Թումանյանի 1907 թվականի «Անկեղծ չենք» հոդվածից են։ Թվում է, թե մեր ազգային հասարակական կյանքում ոչինչ չի փոխվել։ Եվ ահա համարձակություն ունեցանք օգնել ձեզ ջոկել իսկականը կեղծիքից, վերջին 2-3 տարվա փոթորկուն կյանքի արձագանք-լրագրային հեղեղից առանձնացնել-փնջել ժողովածուի ձևով հենց այս հոդվածները, որ գալու են պարզելու ձեր պայծառ միտքն ու սիրտը մեր քսած մրից ու կեղտից։ Եվ վերջապես, որպես ուսուցիչ, գլխավոր «ինչո՞ւն» ասեմ։
- Այս հոդվածների հեղինակները գալիս են հաստատելու ապրող մարդու և ապրող ազգի կենսափիլիսոփայությունը։ <storng>«Մենք երեկ մեկել օրվա ժողովուրդները չենք, առաջին անգամ չենք տեսնում էս տեսակ աղետ և՝ ինչ որ տեսնում ենք՝ անօրինակ չի մեզ համար»։ </strong> Լացով-կոծով, հարայով֊հրոցով անձ ու ազգ չի պահվի, չի զորանա։ Ինչ-որ լավ բան է լինելու, լինելու է սիրով։
- Ամեն ազգ արժանի է իր պատմությանն ու ճակատագրին։ Մեր դժբախտությունների ու հաջողությունների ակունքները մեր մեջ պիտի փնտրենք, քանզի ներսից ենք փտած ու ներսից է լինելու մեր փրկությունը։ Այսօրվանից շատ ավելի մեծ աղետներ ենք տեսել, շատ ավելի մեծ տարածությունների վրա, շատ ավելի երկար ժամանակներով, շատ ավելի ծանր կորուստներով, .փախչողն ու գաղթողն էլ չի իմացել թե ո՞ւր ապաստանի, ու ոչ մի տեղից էլ ոչ մի օգնություն կամ օգնության հույս չենք ունեցել։ Այսօր շատ ավելի բարեհաջող են պայմանները։ Այսօր մենք 30 հազ. քառ. կմ+4,6 հազ. քառ կմ տարածքում 8 մլն 500 հազ.+150 հազ. հայերով Հայաստան—Հայրենիք ունենք, այսօր մենք վերջապես մեր ազգային պետականության հաստատման-վերականգնման բոլոր հնարավորություններն ունենք։ Երբեք այսքան օգնող չեն եղել քամիները։ Ահա քարոզում են հոդվածների հեղինակները, որ կկանգնի Հայաստանը հզոր ու բարեկեցիկ, քաղաքակիրթ աշխարհի ազգերին ու պետություններին արժանի ու հավասար, և կկանգնի շուտ, եթե... Մեզ ամենից առաջ Ոգի է հարկավոր, ազատ ու արժանապատիվ կյանքով ապրող մարդու Ոգի, որ ամեն օր արթնանանք հանգիստ ու լիքը՝ լավագույն ապագայի անսասան հավատով։
- Իմ սիրելի կրտսեր բարեկամներ։ Ձեր տարիքը երազելու տարիք է, մեծ ու լուսեղեն անուրջների տարիք։ Ամենալավ երազը բաց աչքով տեսածն է։ Ու հար տեսնում եմ ես նույն երազը. Վայոց Ձորի Եղեգիսի կիրճի Սրատեսի դպրական կենտրոնից Սելիմի լեռնանցք ձիերով արշավող իմ սաներին։
- Ահա հրաշալիորեն անփույթ ու ազատ, երկարածամ Լիլիթներն ու հրաչյա Սամվելները, ճառագող հայացքով ու անհիշաչար, ինքնավստահ ու անանձնական... Վարգում են իմ տղաներն ու աղջիկները Սելիմի լեռնանցքով։ Կիջեւանեն նրանք Սելիմի քարավանատանը, վաղը օրվա երկրորդ կեսին կլինեն արդեն Սևանի Ծովինարի պանդոկում։ Առավոտյան առագաստանավերով կշարժվեն Ջիլի իրենց ամրոցը, իսկ մի քանի օր հետո մարզական մեքենաներով կուղևորվեն Ջվխլիի իրենց ճամբարը, այնտեղից Արցախ ու Վարագավանք, Դսեղ ու Փարվանա։ Ես նրանց հետ կլինեմ միշտ ու անընդհատ կկրկնեմ նույնը՝ տեսնո՞ւմ եք այս անծայրածիր, բերրի ու հեքիաթային հողը, որը ավա՛ղ վատ է մշակվում։ Տերն ու մշակը եղեք այս բեղուն հողի, տեսնո՞ւմ եք ահա այս անեզր, երկնքին ձուլված օվկիանը՝ Սևանը, որքա՛ն վատ է յուրացված այն, հաշտվենք նրա հետ ու որպես Ոսկե ձկնիկ ապրենք... «Եվ երբ այդպես է, աշխատեցեք ձեր սիրտը պահել մաքուր ու լիքը, ամենալավ ու ամենաբարի զգացմունքներով և աշխարհին ու մարդուն նայեցեք բարի սրտով ու պայծառ հայացքով... Դիցաբանությունն ասում է, թե Ապոլլոնը, որ բանաստեղծություն է ներկայացնում եւ արևն է միաժամանակ, իր կյանքում երբեք մութն ու մռայլ չի տեսած։ Որովհետև արեւն է ինքը եւ իր հայացքն արևի, և ամեն մռայլ չքանում է նրա հայացքից։ Արևի նման նայեցեք աշխարհին»։
- — Ավելի բախտավոր եղեք, ավելի բարձր ու մեծ, քան մենք ենք եղել։ Սամվել, Լիլիթ, լսո՞ւմ եք։