«Սարքիր ինքդ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սարքիր ինքդ |հեղինակ = Քլիֆորդ Սայմակ |թարգմանիչ = Ջուլիետա Ղազարյան (ռուսե...»:) |
(Տարբերություն չկա)
|
00:44, 30 Օգոստոսի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Քլիֆորդ Սայմակ |
Գորդոն Նայթն ասես նստած լիներ ասեղների վրա․ նա անհամբեր սպասում էր հինգժամյն աշխատանքային օրվա ավարտին, որ շուտ սլանար տուն։ Հենց այսօր պետք է ստանար «Սարքիր ինքդ» ընկերությանը պատվիրած կոմպլեկտը, եւ անհամբեր ուզում էր գործի անցնել։
Նրա անհամբերությունը բացատրվում էր ոչ միայն շուն ունենալու վաղեմի ցանկությամբ (թեեւ դա էական դեր էր խաղում), այլեւ նրանով, որ դա միանգամայն նոր գործ էր։ Մինչ այդ երբեք գործ չէր արել «Սարքիր ինքդ» կոմպլեկտի այնպիսի տեսակով, որը պարունակում է կենսաբանական բաղադրիչներ, եւ դրա համար էլ հիմա հուզվում էր։ Թեեւ, իհարկե, շունը կենսաբանական եղանակով կստեղծվի մինչեւ որոշակի աստիճան, եւ բաղադրիչների մեծ մասը մտնում է կոմպլեկտի մեջ, իսկ մարդուն մնում է հավաքելը… Այնուամենայնիվ, դրա մեջ ինչ֊որ նորություն կար, եւ նա անհամբեր շտապում էր գործի անցնել։
Նա այնքան համառորեն էր մտածում շան մասին, որ նույնիսկ մի քիչ ջղայնացավ, երբ Ռենոլդ Ստյուարտը, որն անընդհատ վազում էր ջուր խմելու, ետ դառնալիս կանգնեց իր սեղանի մոտ ու սկսեց մանրամասն զեկուցել տնային ատամնաբուժության ասպարեզում իր ձեռք բերած հաջողությունների մասին։
— Դա հեշտ բան է,— ասաց Ստյուարտը,— շատ հեշտ է, եթե հետեւես հրահանգին։ Նայեք, ահա… Սա ինքս եմ արել երեկ երեկոյան։
Նա պպզեց Նայթի սեղանի մոտ ու բացեց բերանը, ինչքան ուժ ուներ մատներով իջեցնելով ստորին ծնոտը։
— Օ՜… օ՜… սա,— ասաց նա, դողդողացող մատով ցույց տալով այն ատամը, որի մասին պատմում էր։— Ինքս եմ պլոմբը դրել,— բերանը փակելով, ինքնագոհ հայտարարեց Ստյուարտը։— Մի ամբողջ շարք հայելիներ եմ դրել, որ տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ։ Հայելիներն էլ են կոմպլեկտով ուղարկել, ու ես ամեն ինչ հրահանգով եմ արել։
Նա մատը մտցրեց բերանը եւ քնքշորեն շոյեց իր արարչագործությունը։
— Սեփական ատամը սարքելը մի քիչ հարմար չի։ Իսկ այ մեկ ուրիշինը շատ հեշտ կլինի։
Նա հույսով լի հայացքը հառեց Նայթին։
Նայթը չխաբվեծ, եւ Ստյուարտը դադարեց գայթակղել նրան։
— Հետո ուզում եմ քարերը հանել։ Պետք է միայն լնդի տակ փորել։ Դրա համար հատուկ կեռիկ կա։ Ինչո՞ւ փող տամ ատամնաբույժին, երբ ինքս կարող եմ բուժել սեփական ատամներս։
— Իհարկե, դա դժվար բան չէ,— համաձայնեց Նայթը։
— Հաստատ գործ է,— ասաց Ստյուարտը,— պետք է միայն հետեւել հրահանգին։ Ի՜նյ ասես չես անի, եթե ճշտորեն կատարես հրահանգը։
Նայթն ընկավ մտքերի մեջ։ Ինչ ճիշտ է՝ ճիշտ է։ Եթե հետեւես հրահանգին, ինչ ասես կարելի է սարքել, միայն պետք չէ շտապել, այլ նստել եւ դանդաղ, տեղը տեղին ամեն ինչ ուսումնասիրել։
Չէ որ ինքը տուն է կառուցել, կահույքն էլ է ինքը սարքել, եւ ամբողջ տնային տեխնիկան է սարքի գցել։ Եվ այդ բոլորն արել է ազատ ժամանակ, թեեւ… աստված վկա, երբ շաբաթական աշխատում ես տասնհինգ ժամ, ազատ ժամանակ այնքան էլ շատ չես ունենում։
Ինչ լավ արեց, որ հողամաս գնեց ու կառուցեց այդ տունը։ Բոլորն էլ այն ժամանակ այսպես կոչված կալվածքներ էին գնում, եւ դա այնպես էր մտել Գրեյսի գլուխը, որ նա պարզապես չէր կարող հողամաս չգնել։ Նա ի վիճակի չէր վճարելու եւ ատաղձագործներին, եւ՛ քարտաշներին, եւ՛ փականագործներին ու ջրմուղագործներին։ Բայց, կառուցելով տունը իր սեփական ձեռքերով, նա շատ քիչ ծախսի տակ ընկավ։ Ճիշտ է, դա տեւեց տասը տարի, բայց թե ինչպիսի՜ բավականություն էր։
Նա նստել ու մտածում էր, թե ինչքան հետաքրքիր բան է տուն կառուցելը, եւ ինչպես էր ինքը հպարտանում իր աշխատանքով։ Ոչ, սըր, ասաց ինքն իրեն, ոչ ոք քեզանից լավ չէր կառուցի այս տունը։
Թեեւ պետք է խոստովանել, որ նրա արածի մեջ ոչ մի արտասովոր բան չկար։ Նրա ծանոթներից շատերը նույնպես իրենք էին կառուցում իրենց տները, կամ վերակառուցում էին, կամ էլ կից շինություններ ավելացնում…
Նա հաճախ էր մտածում, թե վատ չէր լինի նորից մի տուն էլ կառուցել, հենց այնպես, հանուն հետաքրքրության։ Բայց դե դա հիմարություն կլիներ, որովհետեւ ինքն արդեն տուն ունի, իսկ նորը վաճառել չի լինի, եթե նույնիսկ ինքը կառուցի։ Ո՞վ կուզի տուն գնել, երբ շատ ավելի հետաքրքիր է քո ձեռքով քեզ համար տուն կառուցելը։
Դե ասենք այս տանն էլ շատ բան կա անելու։ Պետք է նոր սենյակներ ավելացնել… դրանք, իհարկե, այնքան էլ հարկավոր չեն, բայց դե հարմարությունները կավելացնեն։ Եվ տանիքը պետք է վերանորոգել։ Եվ ամառային տնակ պետք է սարքել։ Հողամասն էլ մինչեւ հիմա կարգի չի բերված։ Մի ժամանակ նա ծրագրում էր ստեղծել գեղատեսիլ այգի․ դե որ մի քանի տարի ազատ ժամերին աշխատի, հողամասն էլ կարգի կբերի։
Նայթն ու նրա հարեւան Էնսոն Լին հաճախ էին խոսում այն մասին, թե ինչ կարող էին դարձնել իրենց հողամասերը, եթե ազատ ժամանակ ունենային։ Բայց դե Լին, իհարկե, երբեք էլ ոչինչ չի անի։ Նա իրավաբան է, բայց, կարծեմ, իրավաբանությամբ էլ կարգին չի զբաղվում։ Նա մի մեծ աշխատասենյակ ունի՝ լիքը լցված իրավագիտական գրականությամբ, եւ երբեմն սիրում է ճառել այդ գրքերի մասին, թեեւ դրանք երեւի մի անգամ էլ չի բացել։ Սովորաբար նա այդպիսի խոսակցությունները սկսում էր քեֆը լավացնելումց հետո, իսկ դա շատ հաճախ էր լինում, քանի որ իրեն մտածող էր համարում եւ հաստատ համոզված էր, որ ալկոհոլը նպաստում է մտածելուն։
Երբ Ստյուարտը վերադարձավ իր սեղանի մոտ, մինչեւ աշխատանքի ավարտը դեռ մի ժամ էլ կար։ Նայթը թաքուն պայուսակից հանեց «Սարքիր ինքդ» հանդեսի թարմ համարը եւ սկսեց թերթել, աչքի պոչով նայելով չորս կողմը, որ իսկույն պահի հանդեսը, եթե որեւէ մեկը հանկարծ նկատի՝ ինչով է ինքը զբաղված աշխատանքի ժամին։
Նա արդեն վաղուց կարդացել էր բոլոր հոդվածները եւ հիմա թերթում էր ռեկլամները։ Ափսոսվ որ մարդ ժամանակ չունի թե չէ ինչքա՜ն գործ կա անելու, մտածում էր նա։
Օրինակ․
ակնոց սարքես ինքդ քեզ համար (հղկելու եւ ոսպնյակները ստուգելու գործիքները մտնում են կոմպլեկտի մեջ),
ինքդ հեռացնես քո նշագեղձերը (կան բոլոր հրահանգները եւ անհրաժեշտ գործիքները),
դատարկ սենյակը վերածես անձնական հիվանդասենյակի (ի՜նչ իմաստ ունի հիվանդանոց գնալը, չէ որ հենց հիվանդ ժամանակ ես ավելի շատ խնամքի ու հանգստի կարիք զգում),
դեղ սարքես ինքդ քեզ համար (հարկավոր է սկսել հիսուն դեղաբույսեր աճեցնելուց․ կան մանրամասն հրահանգներ, թե ինչպես պետք է դրանք խնամել եւ մշակել բերքը),
կնոջդ համար մուշտակ աճեցնես (մի զույգ կզաքիս, մի տոննա ձիու միս, մուշտակագործի գործիքներ),
ինքդ քեզ համար կոստյում եւ վերարկու կարես (հիսուն յարդ բրդյա կտոր եւ աստառ),
հեռուստացույց հավաքես,
գրքեր կազմես,
կառուցես սեփական էլեկտրակայան (թող քամին բանի քեզ համար), հավաքես սեփական ռոբոն (ամեն ինչի վարպես, խելոք, լսող, հնազանդ, չի պահանջի արձակուրդ եւ արտաժամյա աշխատանքի վճար, կարող է բանել գիշեր ու ցերեկ անդադար, երբեք չի հոգնի, հանգստի կարիք չի ունենա, չի քնի եւ կանի ամեն տեսակ աշխատանք)։
Նայթը մտածեց, որ արժի այդպիսի ռոբոտ ձեռք բերել, նրանից շատ մեծ օգուտ կստանա։ Կարելի է տարբեր հարմարանքներ ճարել նրա համար։ Ռոբոտը, ինչպես ասվում է ռեկլամում, կարող է տարբեր հարմարանքներով տարբեր աշխատանք կատարել նույնքան հեշտությամբ, ինչպես մարդը ձեռնոցներն է փոխում։
Եթե ինքը ռոբոտ ունենա, ամեն օր նրան բանջարանոց կուղարկի լոբի, եգիպտացորեն, սիսեռ, պոմիդոր եւ այլ բանջարեղեն հավաքելու, իսկ հետո դրանք կդասավորի տան ետեւի պատշգամբում։ Երեւի այն ժամանակ բանջարանոցն ավելի շատ բերք կտա, որովհետեւ ռոբոտը երբեք չի քաղի խակ պոմիդորը եւ ոչ էլ կթողնի, որ եգիպտացորենը շատ հասնի։
Կան ամեն տեսակ հարմարանքներ՝ եւ տունը հավաքելու, եւ ձյունը մաքրելու, եւ պատերը ներկելու համար… Մի խոսքով, գրեթե բոլոր աշխատանքների համար կարելի է գնել հարմարանքների լրիվ հավաքածու, հետո կազմել աշխատանքների ծրգաիր եւ լիովին վստահել ռոբոտին ու, այդպիսով, ամբողջությամբ ազատվել տնային գործերից, քանի որ ռոբոտը կանի ամեն ինչ։
Միայն մի բան կա խանգարող։ Ռոբոտի մասերի հավաքածուն արժե համարյա տասը հազար դոլար, իսկ հարմարանքներն էլ կարժենան դրանից ոչ պակաս։
Նայթը ծածկեց ամսագիրը եւ դրեց պայուսակի մեջ։ Նայելով ժամացույցին՝ նա տեսավ, որ մինչեւ աշխատանքի վերջը մնացել է տասնհինգ րոպե։ Աշխատել արդեն չարժեր, եւ Նայթը պարապությունից շարունակեց մտածել այն մասին, թե ինչպես ինքը կհասնի տուն ու կտեսնի արդեն իրեն սպասող կոմպլեկտը։
Նա վաղուց էր ուզում շուն ունենալ, բայց Գրեյսը չէր թողնում։ Շները կեղտոտ են, ասում էր, լվոտ են, գզում են գորգերը, չորս կողմը մազ են թափում, եւ նրանցից… վատ հոտ է փչում։
Բայց դե արհեստական շան համար դի առարկի։
Այդպիսի շնից վատ հոտ չի գա, կա երաշխիք, որ նրա մագերը չեն թափվի եւ ոչ էլ լու կլինի վրան, որովհետեւ լվերը սովից կսատկեն կիսամեխանիկական ու կիսակենսաբանական շան վրա։
Նա հույս ուներ, որ շունն իրեն չի հիասթափեցնի, քանի որ ամենայն մանրակրկիտությամբ ուսումնասիրել էր այդ հարցի վերաբերյալ գրականությունը։ Շունը նրա հետ կզբոսնի, կտանի բեռը եւ կհետապնդի որսին։ Իսկ էլ ինչ կարելի է նրանից պահանջել։ Պատկերն ամբողջացնելու համար նա կողջունի ամեն մի սյունն ու ծառը, սակայն ընկերությունը երաշխավորում է, որ դրանից հետո ոչ մի հետք չի մնա։
Երբ նա մոտենում էր տանը, կոմպլեկտն արդեն դրված էր մարագի դռան մոտ, բայց Նայթը սկզբում չտեսավ։ Հետո, տեսնելով կոմպլեկտը, նա դեռ ընթացքից սկսեց զննել այն ու վիզն այնպես երկարացրեց, որ քիչ մնաց խրվեր ցանկապատի մեջ։ Բարեբախտաբար, նրան հաջողվեց վայրէջք կատարել խճաքարով ծածկված հարթակում, ու դեռ պտուտակները չէին դադարել պտտվել, երբ նա նետվեց դեպի մարագ։
Այո, դա կոմպլեկտն էր։ Վանդակի փաթեթի վրա փակցված էր մի ծրար։ Կոմպլեկտն ավելի ծանր ու խոշոր էր, քան կարծում էր Նայթը։ Նա նույնիսկ մտածեց, թե արդյոք սխալմամբ մի ուրիշ մեծ շուն չե՞ն ուղարկել իրեն, ոչ իր պատվիրածը։
Նա փորձեց վանդակը բարձրացնել, բայց ուժը չպապեց, եւ գնաց տուն, որ նկուղից բերի ձեռնասայլակը։
Հասնելով բակի անկյունը, նա մի պահ կանգ առավ եւ նայեց իր հողամասին։ Այստեղ շատ բան կարելի է անել, մտածեց նա, միայն թե ժամանակ ունենա եւ փող՝ սարքավորում գնելու համար։ Հողամասը կարելի է վերածել այգու։ Պետք է պլանավորողին խնդրել, որ մի նախագիծ կազմի… Ասենք, եթե գնի այգիների պլանավորման վերաբերյալ գրքեր ու մի քանի երեկո դրանք ուսումնասիրի, երեւի, հենց ինքն էլ գործը գլուխ կբերի։
Հողամասի հյուսիսային կողմում կար մի փոքրիկ լճակ, եւ, ըստ Նայթի, այգին պետք էր գցել հենց այդտեղ։ Հիմա լճի մոտ հողը խոնավ է, իսկը ճահիճ։ Քամուց օրորվում են եղեգներն ու մոլախոտերը։ Բայց եթե ցամաքեցման առուներ փորեն, կուլտուրական բույսեր ցանեն, շարունակեն ծառուղիները եւ առուների վրայից էլ գեղատեսիլ կամուրջներ գցեն, ապա սքանչելի բան կստացվի։
Նայթը հայացքը փոխադրեց Էնսոն Լիի տան վրա, որ գտնվում էր լճի ետեւի բլրին։ Հենց որ ինքը հավաքի շանը, նրա հետ կգնա Լիի մոտ։ Շունը, հավանաբար, դուր կգա Լիին։ Երբեմն Նայթը զգում էր, որ Լին այնքան էլ չի խրախուսում իր արածները, օրինակ, որ ինքը Գրեյսին օգնեց կավ թրծելու եւ չորացնելու վառարան սարքել։ Այն ժամանակ իրենց մի քանի անգամ հաջողվեց տնից դուրս բերել Լիին եւ ուղարկել կավի անհրաժեշտ տեսակներ որոնելու։
— Ինչի՞ համար եք սարքում այս կճուճները,— հարցրեց Լին։— Ի՞նչ եք այսքան չարչարվում։ Գնեք դրանք, ու դա ձեզ վրա տասն անգամ էժան կնստի։
Լին պատշաճ հարգանքով չվերաբերվեց Գրեյսի բացատրություններին, որը պնդում էր, թե ինքը հասարակ կճուճներ չի սարքում։ Խեցեգործությունը,— ասում էր Գրեյսը,— արվեստի ճանաչված տեսակներից մեկն է։ Նա այնքան տարվեց դրանով եւ այնպիսի հաջողության հասավ (նրա աշխատանքներից մի քանիսը իսկապես լավն էին), որ Նայթը հնարավոր համարեց դադարեցնել երկաթգծի մոդելի վրա աշխատելը եւ արդեն վերակառուցված տանը ավելացնել եւս մեկ շինություն՝ խեցեղենը չորացնելու, պահելու եւ ցուցադրելու համար։
Մի երկու տարի առաջ, երբ Նայթը արվեստանոց սարքեց Գրեյսի համար, Լին ոչ մի բառ չասաց։ Գրեյսը արդեն ձանձրացել էր կավագործությունից եւ հիմա անցել էր գեղանկարչության։ Սակայն Նայթն զգում էր․ Լին լռում է սոսկ այն պատճառով, որովհետեւ համոզված է, որ վիճելուց բան չի փոխվի։
Բայց շան հարցում Լին կխրախուսի իրեն։ Նայթը հպարտանում էր Լիի հետ իր ընկերությամբ։ Լին հրաշալի մարդ է, թեեւ… չի քայլում ժամանակին համընթաց։ Բոլորը հափշտակված են ինչ֊որ գործերով, իսկ Լին ապրում է պարզ, թեթեւ, տարված է իր ծխամորճով եւ գրքերով, որոնք ոչ մի կապ չունեն իրավաբանության հետ։
Հիմա նույնիսկ երեխաներն են ավելի լուրջ բաներով հետաքրքրվում։ Խաղալով՝ նրանք սովորում են։
Մինչեւ ամուսնանալը Մերին հետաքրքրվում էր գյուղատնտեսությամբ։ Ծաղկանոցը գտնվում էր բլրի ստորոտում, եւ Նայթն ափսոսում էր, որ չի կարող շարունակել նրա գործը։ Ընդամենը մի քանի ամիս առաջ նա քանդեց Մերիի հիդրոպոնիկ բաքերը։
Ջոնը, բնականաբար, զբաղվեց հրթիռներով։ Նա տարիներ շարունակ ընկերների հետ միասին չորս կողմը լցնում էր իր փորձառական մոդելներով։ Ամենավերջինը եւ ամենախոշորը (բայց ոչ ավարտված) մինչեւ հիմա էլ վեր է խոյանում տան ետեւում։ Նայթն ինքն իրեն ասում էր, որ մի օր կվերցնի ու կվերջացնի որդու կիսատ թողածը։ Համալսարանում Ջոնը այժմ տարված է դարձյալ նույն բաներով, միայն թե նրա հետաքրքրությունների շրջանակը, կարծես թե, ավելի է լայնացել։ Նայթը մտածեց, որ ինքը լավ տղա ունի։ Այո, սըր, շատ լավ տղա։
Նայթը իջավ նկուղ՝ ձեռնասայլակը բերելու։ Ինչպես միշտ, մի քանի վայրկյան կանգնած մնաց, զննելով իր տիրույթները․ այստեղ իսկապես կար այն ամենը, ինչը հետաքրքրում էր նրան կյանքում։ Անկյունում արհեստանոցն է, իսկ այստեղ՝ երկաթգծի մոդելը, որի վրա ժամանակ առ ժամանակ աշխատում է։ Դրա ետեւում՝ ֆոտւլաբորատորիան է։ Նա հիշեց, թե ինչպես նկուղում տեղ չկար լաբորատորիայի համար, եւ ինքը ստիպված եղավ քանդել պատի մի մասը։ Շատ ավելի չարչարվեց, քան կարծում էր։
Նայթը ձեռնասայլակը մոտեցրեց մարագին, կոմպլեկտը դրեց վրան եւ տարավ նկուղ։ Հետո վերցրեց նիգն ու սկսեց բացել արկղը։ Նա աշխատում էր անշտապ եւ հմտորեն․ առաջին անգամ չէր բացում կոմպլեկտի արկղը եւ գիտեր, թե ինչպես պետք է դա անել։
Երբ դուրս հանեց դետալները, մի աղոտ անհանգստություն համակեց նրան։ Դրանք շատ տարօրինակ ձեւ ունեին եւ մեծ չափեր։
Չարչարվելուց եւ հուզմունքից հեւիհեւ շնչելով՝ նա սկսեց բացել փաթեթները։ Արդեն երկրորդ դետալից հասկացավ, որ իրեն շուն չեն ուղարկել։ Հինգերորդ դետալը հանելով փաթեթից՝ նա արդեն որոշակի գիտեր, թե դա ինչ է։
Դա ռոբոտ էր եւ, որքանով որ գլխի ընկավ, լավագույն, ամենաթանկ մոդելի ռոբոտ։
Նայթը նստեց արկղի ծայրին, թաշկինակը հանեց ու սրբեց ճակատի քրտինքը։ Վերջապես բացեց ծրարը։
«Միստր Գորդոն Նայթին,— գրված էր այնտեղ,— մեկ շան կոմպլեկտ։ Լրիվ վճարված է»։
«Ինքդ սարքիր, ինկորպորեյտեդ» ընկերության կարծիքով, ինքը շուն է ստացել։ Ու վճարել է… լրիվ, ինչպես գրված է ծրարում։
Նայթը վեր կացավ, հետո նորից նստեց եւ նայեց ռոսոտի մասերին։
Ոչ ոք եւ երբեք գլխի չի ընկնի։ Կգա վերահաշվառման ժամանակը, եւ ընկերությունն իր մոտ կհայտնաբերի մի ավել շուն։ Մի ռոբոտ կպակասի, բայց դե ով գլխի կընկնի ինչն ինչոց է, եթե վաճառված շների ու ռոբոտների կոմպլեկտներով բազմաթիվ վագոննեց են սլացել հազար ու մի տեղ։
Կյանքում դեռ ոչ մի անգամ Գորդոն Նայթը գիտակցորեն անազնիվ արարք թույլ չէր տվել։ Բայց հիմա անազնիվ վճիռ կայացրեց․ գիտեր, որ անազնվություն է անում, եւ ոչ մի կերպ իրեն արդարացնել չէր կարող։ Թերեւս, ամենավատն այն էր, որ նա խաբում էր նույնիսկ ինքն իրեն։
Սկզբում նա որոշեց, որ ռոբոտը ետ կուղարկի, բայց քանի որ վաղուց էր երազում իր ձեռքով ռոբոտ հավաքել, ապա նախ կհավաքի, կսարքի ռոբոտը, հետո կքանդի, նորից մաս֊մաս կդնի արկղի մեջ եւ կուղարկի ընկերությանը։ Նա չի միացնի ռոբոտը, պարզապես կհավաքի մասերը…
Եվ նույն այդ ժամանակ գիտեր, որ խաբում է ինքն իրեն, հասկանում էր, որ կամաց֊կամաց, քայլ առ քայլ գնում է դեպի խաբեություն։ Նա գիտեր, որ այդպես է անում, որովհետեւ բացարձակ խաբեություն անելու համար չունի անհրաժեշտ լկտիությունը։
Այդ երեկո Նայթը նստել էր եւ, ուշադիր կարդալով հրահանգը, մեկ առ մեկ զննում էր դետալները։ Հենց այդպես էլ պետք էր վարվել «Սարքիր ինքդ» կոմպլեկտի հետ։ Հարկավոր էր առանց շտապելու, կետ առ կետ հասկանալ ամեն ինչ եւ հետո միայն ձեռնամուխ լինել ռոբոտը հավաքելուն։ Նայթն իր փորձից գիտեր, որ շտապողականությունից օգուտ չկա։ Բացի այդ, երեւի էլ երբեք իր ձեռքը ռոբոտ չի ընկնի։
Վրա հասավ նրա աշխատանքային չորսօրյա արձակուրդը, Նայթը եռանդով գործի կպավ եւ ամբողջովին տարվեց դրանով։ Նա բավական թույլ պատկերացում ուներ կենսաբանության մասին եւ ստիպված էր աչքի անցկացնել օրգանական քիմիայի դասագիրքը, որ ծանոթանա մի քանի պրոցեսների հետ։ Գործը դժվարությամբ էր առաջ գնում։ Նա շատ վաղուց չէր զբաղվել օրգանական քիմիայով եւ հիմա հայտնաբերեց, որ լրիվ մոռացել է չնչին իմացածն էլ։
Երկրորդ օրը, մինչեւ քնելը, նա դասագրքից քաղեց այն բոլոր տեղեկությունները, որ անհրաժեշտ էին ռոբոտ հավաքելու համար։
Նրան մի քիչ ջղայնացրեց Գրեյսը, որը տեսնելով, թե նա ինչով է զբաղված, իսկույն սկսեց տնային գործեր հնացել ռոբոտի համար։ Գրեյսից գլուխն ազատելու համար Նայթը հազարումի խոստում տվեց նրան եւ մյուս օրն իսկ ձեռնամուխ եղավ ռոբոտի հավաքմանը։
Նա շատ հեշտությամբ հավաքեց ռոբոտը ոչ միայն այն պատճառով, որ ճարպկորեն էր աշխատում գործիքներով, այլ նաեւ այն պատճառով, որ մոլեռանդորեն հետեւում էր «Սարքիր ինքդ» կոմպլեկտների հետ վարվելու գլխավոր սկզբունքին՝ նախ լրիվ պատկերացում կազմիր առաջիկա աշխատանքի մասին։
Նայթն ինքն իրեն համոզեց, որ ռոբոտին հավաքելուց հտեո իսկույն կսկսի քանդել նրան։ Բայց երբ ռոբոտը պատրաստ էր, Նայթն ուզեց նրան տեսնել գործի մեջ։ Էլ ի՜նչ իմաստ կար այդքան ժամանակ ծախսել ու հիմա էլ համոզված չլինել, որ ամեն ինչ ճիշտ է արված։ Նայթը չխկացրեց տումբլերը, որը գործի էր գցում ռոբոտին, եւ պտուտակեց վերջին թիթեղիկը։
Ռոբոտը կենդանացավ ու նայեց Նայթին։
Հետո ասաց․
— Ես ռոբոտ եմ։ Անունս Ալբերտ է։ Ի՞նչ պետք է անեմ։
— Հանգիստ, Ալբերտ,— շտապ ասաց Նայթը։— Նստեք ու հանգստացեք, հետո կխոսենք։
— Ես հանգստանալու կարիք չունեմ,— ասաց ռոբոտը։
— Լավ, այդ դեպքում կանգնած մնացեք։ Ես, իհարկե, չեմ կարող ձեզ թողնել ինձ մոտ։ Բայց քանի որ դուք արդեն միացված եք, կուզենայի տեսնել, թե ինչ կարող եք անել։ Տանն էլ գործեր կան անելու, այգում էլ, պետք է գազոնները հավասարեցնել, հետո ես մտածում եմ հողամասի պլանավորման մասին։ — Նա լռեց, ապա խփեց ճակատին։— Հարմարանքները… Որտեղի՞ց ճարեմ հարմարանքները։
— Ոչինչ,— ասաց Ալբերտը։— Մի՛ անհանգստացեք։ Միայն ասեք, թե ինչ է պետք անել։
Ու Նայթն ասաց նրան, թե ինչ պետք է անել։ Այնուհետեւ փոքր֊ինչ շփոթված առաջադրանք տվեց՝ պլանավորել եւ այգի գցել։
— Հարյուր ակրը մեծ տարածություն է, իսկ դուք չեք կարող ամբողջ ժամանակը ծախսել այդ գործի վրա։ Գրեյսն ուզում է, որ տան գործերն էլ անեք, հետո բանջարանոցը, գազոնները…
— Ես կասեմ ինչ պետք է անել,— խոսեց Ալբերտը։ — Ես կկազմեմ այն նյութերի ցուցակը, որ դուք պետք է պատվիրեք, իսկ մնացածը թողեք ինձ։ Դուք լավ սարքավորված արհեստանոց ունեք։
— Ուզում եք ասել, որ ինքնե՞րդ ձեզ համար հարմարանքներ կսարքեք։
— Մի՛ անհանգստացեք,— ասաց նրան Ալբերտը։— Թուղթ ու մատիտ տվեք։
Նայթը թուղթ ու մատիտ բերեց, եւ ռոբոտը կազմեց անհրաժեշտ նյութերի ցուցակը (տարբեր մակնիշների պողպատ, տարբեր չափերի ալյումինե կաղապարներ, պղնձալար եւ շատ այլ բաներ)։
— Ահա վերցրեք, — ասաց Ալբերտը՝ Նայթին մեկնելով թուղթը։— Դա կարժենա հազար դոլարից ոչ ավելի ու մեզ հնարավորություն կտա աշխատելու։ Շուտ պատվիրեք բոլորը, ու մենք կսկսենք։
Նայթը պատվերը տվեց, իսկ Ալբերտն սկսեց պրպտել նկուղի ծակուծուկները ու շատ արագ մի մեծ կույտ մետաղաջարդոն հավաքեց։
— Այս բոլորը պետք կգա,— ասաց նա։
Ալբերտն ընտրեց պողպատի մի քանի կտոր, միացրեց դարբնի հնոցն ու սկսեց աշխատել։ Նայթը մի քիչ նայեց նրան ու գնաց ճաշելու։
— Ալբերտը հրաշք է, — ասաց նա Գրեյսին։— Նա ինքն է հարմարանքներ սարքում իր համար։
— Դու նրան ասացի՞ր, թե ես ինչ եմ ուզում անի։
— Իհարկե։ Բայց նախ հարմարանքներ պիտի լինեն։
— Ես ուզում եմ, որ նա հետեւի տան մաքրությանը,— ասաց Գրեյսը։ — Հետո նոր վարագույրներ են հարկավոր, խոհանոցը պետք է ներկել եւ նորոգել բոլոր ծորակները, որոնք ջուր են բաց թողնում, ու դու ոչ մի անգամ հարկ չես համարում դրանք սարքել։
— Ճիշտ է, սիրելիս։
— Կուզենայի նաեւ, որ նա խոսել սովորեր։
— Ես նրան չեմ հարցրել, բայց կարծում եմ, դա կկարողանա անել։
— Նա ինձ շատ կօգնի,— ասաց Գրեյսը։ — Հապա մի մտածիր, ես հիմա ամբողջ ժամանակս կծախսեմ նկարելու վրա։
Երկարամյա փորձից Նայթը հաստատ գիտեր, թե ինքն ինչպես պետք է վարվի խոսակցության այս փուլում։ Նա ասես երկատվել էր։ Նրա մի մասը լսում էր ու մերթ ընդ մերթ ինչ֊որ բան պատասխանում, իսկ մյուսը շարունակում էր մտածել ավելի կարեւոր գործերի մասին։
Գիշերը նա մի քանի անգամ արթնացավ ու ականջ դրեց, թե Ալբերտն ինչպես է թխկթխկացնում արհեստանոցում։ Եվ ամեն անգամ զարմանում էր։ Բայց հետո հիշեց, որ ռոբոտն աշխատում է քսանչորս ժամ շարունակ, օրնիբուն։ Նայթը պառկել էր ու նայում էր մութ առաստաղին, շնորհավորելով ինքն իրեն ռոբոտ ունենալու առթիվ։ Բայց դա, իհարկե, ժամանակավոր է… Մի քանի օր հետո ետ կուղարկի Ալբերտին։ Իսկ հիմա մի քիչ կվայելի։ Եվ ի՞նչ վատ բան կա այստեղ։
Հաջորդ օրը Նայթը իջավ նկուղ եւ իր օգնությունն առաջարկեց ռոբոտին, բայց Ալբերտը հարգալից հրաժարվեց։ Նայթը մի քիչ կանգնեց նրա մոտ, հետո հեռացավ ու ջանաց իր մեջ հետաքրքրություն առաջացնել լոկոմոտիվի մոդելի նկատմամբ, որը սկսել էր սարքել երկու տարի առաջ, բայց դե անընդհատ հետաձգում էր մի ուրիշ բան սկսելու պատճառով։ Չգիտես ինչու աշխատել չէր լինում․ նա նստեց ու սկսեց մտածել, թե այս ինչ է կատարվում իր հետ։ Միգուցե նոր զբաղմո՞ւնք է պետք իրեն։ Նա երազում էր տիկնիկային թատրոնի մասին, հիմա դրա համար արդեն ժամանակ կունենա։
Նայթը վերցրեց «Սարքիր ինքդ» ամսագրերն ու գրացուցակները եւ սկսեց թերթել, բայց հետաքրքրություն դրսեւորեց, եւ այն էլ չափավոր, միայն նետաձգության, ալպինիզմի եւ նավախինության նկատմամբ։ Մյուսների հանդեպ անտարբեր մնաց։ Թվում էր, այսօր ոչ մի բան նրան չի ոգեւորում այլեւս։
Այդ ժամանակ որոշեց այցելել Էնսոն Լիին։
Լին պառկած էր ճոճանակի մեջ, ծխում էր իր ծխամորճը եւ Պրուստ էր կարդում։ Նրա կողքը, գետնին, մի սափոր էր դրված։
Լին գիրքը դրեց մի կողմ եւ ձեռքով ցույց տվեց ոչ հեռու կապված մյուս ճոճանակը։
— Պառկեք ու եկեք հանգստանանք։
Նայթը տեղավորվեց ճոճանակի մեջ, բավական հիմար վիճակում զգալով իրեն։
— Նայեք երկնքին,— ասաց Լին, դուք երբեւիցե այսքան կապույտ երկինք տեսած կա՞ք։
— Ես դրանից ոչինչ չեմ հասկանում,— պատասխանեց Նայթը։ — Օդերեւութաբանությունից գլուխ չեմ հանում։
— Ափսոս,— ասաց Լին,— դուք թռչունների՞ց էլ բան չեք հասկանում։
— Մի ժամանակ թռչնադիտորդների ակումբի անդամ էի։
— Եվ այնպես չարչարվեցիք, որ մի տարի էլ չանցած հոգնեցիք ու դուրս եկաք ակումբից։ Թռչուններին հետեւելը դուք դարձրիք դիմացկունոթյան մրցավաքզ։ Ձեզնից յուրաքանչյուրն աշխատում էր ավելի շատ թռչուն տեսնել, քան տեսնում է մյուսը։ Դուք դրանից մրցություն սարքեցիք։ Եվ, երեւի, դիտումների մատյան էիք սարքել։
—Հա, ինչ կա որ։ Մի՞թե դա վատ բան էր։
— Բոլորովին էլ վատ չէր, եթե դուք դա չանեիք մի տեսակ մռայլ աննկունությամբ,— ասաց Լին։
— Մռայլ աննկունությա՞մբ։ Որտեղից հնարեցիք։
— Այդպիսին է ձեր ապրելակերպը։ Այժմ բոլորն են այդպես ապրում։ Բացի ինձանից, իհարկե։ Հապա նայեք խնձորենում ճյուղին նստած այն շիկահավին։ Մենք բարեկամներ ենք, վեց տարի է, ահա, ճանաչում ենք իրար։ Այդ թռչնակի մասին ես կարող եմ մի գիրք գրել… ու, եթե շիկահավը կարդալ կարողանար, նա կհավաներ իմ գրածը։ Բայց ես, իհարկե, չեմ գրի։ Հենց որ սկսեմ գրել, արդեն չեմ կարողանա հետեւել նրան։
— Դուք կարող եք ձմռանը գրել, երբ շիկահավերը չվում են։
— Ձմռանը,— ասաց Լին,— ես ուրիշ գործեր ունեմ։
Նա կռացավ, վերցրեց սափորը եւ մեկնեց Նայթին։
— Թունդ խնձորագինի է,— բացատրեց նա։ — Ինքս եմ քաշել։ Եվ ոչ այն պատճառով, որ կարդացել եմ այդ գինին պատրաստելու մասին հրահանգը կամ էլ սիրած զբաղմունք եմ հորինել ինձ համար, այլ պարզապես սիրում եմ խնձորի գինի, բայց հիմա ոչ ոք չի կարողանում իսկական գինի սարքել։ Որպեսզի ազնիվ համ ունենա, մի քանի խնձորների մեջ պետք է թողնել որդերին։
Որդերի մասին հիշատակելը Նայթին ստիպեց թքել կուլ չտված գինին, եւ նա սափորը վերադարձրեց Լիին։ Լին բարեհոգաբար վերաբերվեց դրան։
— Միակ գործը վերջին մի քանի տարիների ընթացքում, որ ես կատարել եմ բարեխղճորեն։— Սափորը դնելով կրծքին՝ նա դանդաղ ճոճվում էր։— Ամեն անգամ, երբ ձեռքերս քոր են գալիս գործ անելու համար, լճի վրայով նայում եմ ձեզ ու որոշում եմ ոչինչ չանել։ Քանի՞ սենյակ եք ավելացրել այն օրից հետո, երբ կառուցեցիք֊վերջացրիք տունը։
— Ութ,— հպարտորեն ասաց Նայթը։
— Աստվա՜ծ իմ։ Մի տեսեք է, ո՜ւթ սենյակ։
— Դա դժվար բան չէ,— առարկեց Նայթը,— պետք է միայն ընտելանալ։ Ճիշտ եմ ասում, նույնիսկ հետաքրքիր է։
— Մի երկու հարյուր տարի առաջ մարդիկ իրենց տներին ութ սենյակ չէին ավելացնում։ Եվ ընդհանրապես նրանք իրենց համար տներ չէին կառուցում։ Ու միանգամից տասնյակ սիրած գործեր չէին անում։ Նրանք դրա համար ժամանակ չէին ունենում։
— Հիմա դա շատ հեշտ է։ Պետք է միայն «Սարքիր ինքդ» կոմպլեկտ գնել։
— Դա ինքնախաբեություն է, — ասաց Լին։ — Շատ հեշտ բան է ձեւացնելը, իբր զբաղվում եք իսկական գործով, բայց իրականում զբաղվում եք հիմար բաներով։ Ինչ եք կարծում, ինչո՞ւ է «Սարքիր ինքդ» ընկերությունը այդքան հարստացել։ Որովհետեւ մարդիկ նրա ծառայությունների կարիքն ունեի՞ն։
— Երբ դու ես սարքում, ավելի էժան է նստում։ Ինչո՞ւ փող տաս ու գնես մի բան, որն ինքդ էլ կարող ես սարքել։
— Թերեւս, դա էլ պատճառներից մեկն է։ Թերեւս, սկզբում դա է եղել պատճառը։ Բայց տնտեսական ի՞նչ նկատառումներով է հիմնավորված լրացուցիչ ութ սենյակների կառուցումը։ Ո՞ւմ են պետք այդ ութ սենյակները։ Ես նույնիսկ կասկածում եմ, որ սկզբնապատճառը եղել է փողի խնայողությունը։ Մարդիկ չափից դուրս շատ ունեն ազատ ժամանակ, որը պետք է մի կերպ սպանել, ու իրենց համար զբաղմունքներ են հորինում։ Մարդիկ աշխատում են ոչ այն պատճառով, որ իրենց պետք են այդ բոլոր իրերը, որ իրենք են սարքում, այլ այն պատճառով, որ դա թույլ է տալիս ինչ֊որ բանով լցնել սեփական սին գոյությունը, ինչը հետեւանք է կարճատեւ աշխատանքային օրվա։ Նրանք պետք է ինչ֊որ բանով զբաղվեն հարկադրական հանգստի ժամերին։ Իսկ ինչ վերաբերում է ինձ, ապա ես գիտեմ ինչո՛վ զբաղվել։
Նա բարձրացրեց սափորը եւ Նայթին առաջարկեց խմել։ Այս անգամ Նայթը հրաժարվեց…
Նրանք պառկել էին ճոճանցերում, նայում էին կապույտ երկնքին եւ շիկահավին։ Նայթն ասաց, որ քաղաքաբնակների համար կան հատուկ «Սարքիր ինքդ» կոմպլեկտներ, որոնց օգնությամբ կարող են թռչուն ռոբոտներ սարքել։ Լիի ծիծաղի մեջ խղճահարություն կար այդ մարդկանց նկատմամբ, եւ Նայթը շփոթված լռեց։
Երբ Նայթը տուն եկավ, մի ինչ֊որ ռոբոտ խոտ էր հնձում ցանկապատի մոտ։ Նա ուներ չորս ձեռք եւ չորս մկրատ, եւ շատ արագ ու հմուտ էր գործում։
— Դուք Ալբերտը չե՞ք,— հարցրեց Նայթը, ջանալով գլխի ընկնել, թե այս տարօրինակ ռոբոտն ինչպես է կարողացել մտնել իր հողամասը։
— Ոչ,— ասաց ռոբոտը, շարունակելով խուզել խոտերը։— Ես Աբրահամն եմ։ Ինձ Ալբերտն է սարքել։
— Սարքե՞լ։
— Ալբերտն ինձ սարքել է, որ ես աշխատեմ։ Չլինի՞ կարծում եք, թե Ալբերտն ինքը պիտի աշխատի։
— Ո՞վ գիտի,— ասաց Նայթը։
— Եթե դուք ուզում եք ինձ հետ խոսել՝ կողքիցս եկեք։ Ես պիտի գործ անեմ։
— Իսկ Ալբերտը որտե՞ղ է հիմա։
— Նկուղում։ Նա սարքում է Ալֆրեդին։
— Ալֆրեդի՞ն։ Ե՞վս մեկ ռոբոտ։
— Իհարկե։ Ալբերտը հենց դրա համար էլ գոյություն ունի։
Նայթը զգաց, որ ոտքերը թուլացան, եւ հենվեց սեղանին։
Կսզբում մի ռոբոտ կար, իսկ հիմա երկուսն են, եւ Ալբերտը նկուղում սարքում է երրորդին։ Այ թե ինչու էր Ալբերտը ուզում, որ ինքը մետաղ, պողպատ եւ այլ նյութեր պատվիրի… Բայց պատվերը դեռ չի հանձնվել, նա, ըստ երեւույթին, այս ռոփոտին… այս Աբրահամին սարքել է իր հավաքած մետաղաջարդոնից։
Նայթը շտապեց նկուղ, որտեղ հնոցի մոտ աշխատում էր Ալբերտը։ Եվս մեկ ռոբոտ կիսով չափ պատրաստ էր, եւ շուրջը թափված էին ավարտուն դետալներ։
Նկուղի այդ անկյունը մետաղի քաոս էր հիշեցնում։
— Ալբե՛րտ։
Ալբերտը շրջվեց։
— Ի՞նչ է կատարվում այստեղ։
— Ես վերարտադրվում եմ,— հարգալից պատասխանեց Ալբերտը։
— Բայց…
— Իմ մեջ սարված է մայրական բնազդ։ Ես չգիտեմ, թե ինչու են անունս Ալբերտ կնքել։ Ինձ պետք է կնոջ անուն դնեին։
— Բայց դուք չպետք է ուրիշ ռոբոտներ սարքեք։
— Հանգստացե՛ք, մի՛ հուզվեք։ Ձեզ ռոբոտներ պետք են, չէ՞։
— Դե, ասենք…
— Ես էլ հենց սարքում եմ։ Եվ կսարքեմ այն ամենը, ինչ ձեզ պետք է։
Նա նորից գործի անցավ։
Ռոբոտ, որ սարքում է ուրիշ ռոբոտներ… Չէ որ դա վիթխարի հարստություն է։ Ռոբոտն արժի մի կլոր գումար՝ տասը հազար դոլար, իսկ Ալբերտը մեկն արդեն սարքել է ու հիմա մի ուրիշն է սարքում։ Քսան հազար դոլար։
Հնարավոր է, որ Ալբերտը օրական կարող է երկու ռոբոտից ավելի սարքել։ Նա աշխատում է մետաղաջարդոնով, իսկ երբ նոր նյութեր ստացվեն, ըստ երեւույթի, կարագացնի արտադրությունը։
Հանկարծ Նայթը սարսափով գլխի ընկավ, որ այստեղ ինչ֊որ արտառոց բան կա։ Ռոբոտները չպետք է վերարտադրեն իրենց նմաններին։ Իսկ եթե գոյություն էլ ուներ այդպիսի ռոբոտ, ապա «Սարքիր ինքդ» ընկերությունը նրան իր ձեռքից բաց չէր թողնի։
Եվ այնուամենայնիվ փաստ էր, որ ռոբոտը, չպատկանելով իրեն, գլխապտույտ արագությամբ սարքում է ուրիշ ռոբոտներ։
Նայթը մտածեց, որ ռոբոտների արտադրության համար, հավանաբար, պաշտոնական թույլտվություն է հարկավոր։ Նախկինում ինքը երբեք չէր հետաքրքրվել նման հարցով, բայց այս միտքը նրան շատ տրամաբանական թվաց։ Բացի այդ, այս ռոբոտը սովորական մեքենա չէր, այլ կենդանի մարդու նմանակում։ Նայթի մտքով անցավ, որ պետք է ինչ֊որ կանոններ ու օրենքներ լինեն, կառավարական հսկողություն, ու նա պատկերացրեց, ճիշտ է՝ շատ աղոտ, թե հիմա ինքը ինչքա՜ն օրենքներ է խախտում։
Նա նայեց Ալբերտին, որը շարունակում էր աշխատել։ Նայթը համոզված էր, որ ռոբոտը չի հասկանա իր տագնապները։
Նայթը վեր բարձրացավ ու գնաց խաղասենյակ, որը սարքել էր մի քանի տարի առաջ եւ այդ ժամանակից ի վեր ոչ մի անգամ չէր օգտագործել ըստ նշանակության, չնայած այնտեղ կային պինգ֊պոնգի ու բիլիարդի սեղաններ, որ ինքն էր սարքել «Սարքիր ինքդ» կոմպլեկտի օգնությամբ։ Ոչ մեկին պետք չեկող խաղասենյակում կար նաեւ ոչ մեկին պետք չեկող բար։ Նայթն այնտեղ վիսկիի շիշ գտավ։ Հինգերորդ կամ վեցերորդ բաժակից հետո կյանքը նրա առջեւ հառնեց վարդագույն ճաճանչներով։
Նա վերցրեց թուղթ ու մատիտ եւ փորձեց հաշվել նոր գործի եկամտաբերությունը։ Եվ, որքան էլ հաշվում էր, անընդհատ ստացվում էր, որ ինքն ավելի արագ է հարստանում, քան երբեւէ հարստացել է ինչ֊որ մեկը աշխարհիս երեսին։
Սակայն Նայթը հասկանում էր, որ կարող են դժվարություններ առաջանալ ռոբոտներին վաճառելիս, եթե չունես արտադրության համապատասխան միջոցներ, պաշտոնական թույլտվություն, քանի որ դա պահանջվում էր, եւ շատ ուրիշ բաներ, որոնց մասին նա իսկի պատկերացում չուներ։
Բայց ինչպիսի անախորժություններ էլ որ սպառնային, նա առանձնապես չէր ընկճվում, համոզված լինելով, որ մեկ տարվա ընթացքում կդառնա միլիոնատեր։ Նա առույգորեն դատարկեց շիշը եւ հարբեց՝ քսան տարվա մեջ առաջին անգամ։
Հաջորդ օրը աշխատանքից թռչելով տուն, նա տեսավ, որ գազոնը այնպես է խուզված, ինչպես երբեք չէր եղել։ Ծաղկաթմբերը ջրված էին, իսկ բանջարանոցը՝ մշակված։ Ցանկապատը թարմ ներկված էր։ Երկու ռոբոտներ, սանդուղքի փոխարեն հենվելով շարժական ոտքերի վրա, ներկում էին տունը։
Տան ներսում ոչ մի գործ չկար, եւ նա լսեց ինչպես է Գրեյսը ուրախ երգում իր արվեստանոցում։ Կարուձեւի սենյակում մի ռոբոտ (կրծքին ամրացված կարի մեքենայով) վարագույրներ էր կարում։
— Իսկ դուք ո՞վ եք,— հարցրեց Նայթը։
— Դուք պետք է ճանաչեք ինձ,— ասաց ռոբոտը։— Երեկ խոսում էիք ինձ հետ։ Ես Աբրահամն եմ՝ Ալբերտի մեծ տղան։
Նայթը դուրս եկավ սենյակից։
Խոհանոցում մի ուրիշ ռոբոտ ժրաջանորեն ճաշ էր եփում։
— Ես Ադելբերտն եմ,— ասաց նա Նայթին։
Նայթը դուրս եկավ պատշգամբ։ Ռոբոտները վերջացրել էին տան ճակատը ներկելը եւ մոտենում էին կողմնային պատերին։
Նայթը նստեց բազկաթոռին եւ նորից տարվեց մտքերով։ Մի որոշ ժամանակ ինքը դեռ դուրս չի գա աշխատանքից, որ ոչ մի կասկած չառաջացնի, բայց դե երկար մնալ էլ չի կարելի։ Շուտով ստիպված կլինի ամբողջովին զբաղվել ռոբոտների վաճառքով եւ այլ գործերով։ Ըստ երեւույթին, ինքը պիտի ավելի շատ անբանություն անի, որ աշխատանքից հեռացնեն իրեն։ Սակայն, մտածելով, եկավ այն եզրակացության, որ ավելի քիչ անել, քան հիմա ինքն է անում աշխատանքի ժամանակ, պարզապես անհնար է։ Աշխատանքն անցնում է այնքան ձեռքերի ու մեքենաների միջով, որ վերջիվերջո ինչ֊որ կերպ ավարտվում է։
Նա ստիպված է լինելու ինչ֊որ ճշմարտանման պատմություն հորինել իբր թե ստացած ժառանգության մասին կամ էլ մի ուրիշ պատճառ հորինել։ Մի վայրկյան իրեն մխիթարեց այն մտքով, որ կասի ճշմարտությունը, բայց իսկույն էլ որոշեց, որ ճշմարտությունը չափազանց ֆանտաստիկ կհնչի…
Համենայն դեպս, չարժե ճշմարտությունն ասել, մինչեւ որ մի քիչ գլուխ կհանի ստեղծված վիճակից։
Նայթը վեր կացավ բազկաթոռից եւ գնաց նկուղ։ Իր պատվիրած պողպատը եւ մյուս նյութերն արդեն ստացվել էին։ Դրանք խնամքով դասավորված էին անկյունում։
Նայթն սկսեց ծուլորեն հավաքել հատակին թափված փաթեթանյութերը, որոնք մնացել էին Ալբերտին սարքելուց հետո։ Փափուկ տաշեղների կույտի մեջ նա գտավ մի փոքրիկ կապույտ ցուցանակ, որը փակցված էր, ինչքան հիշում էր, ռոբոտի ուղեղը պարունակող արկղի վրա։
Նա գետնից վերցրեց ցուցանակը ու կարդաց։ Այնտեղ գրված էր X—190 համարը։
«X»֊ը նշանակում էր փորձնական նմուշ։ Ու այդժամ նա հասկացավ ամեն ինչ։
«Սարքիր ինքդ» ընկերությունը ստեղծել էր Ալբերտին եւ, փաթեթավորելով, ուղարկել էր պահեստ, որովհետեւ ընկերությունը հազիվ թե թույլ տար իրեն շուկա նետել այդպիսի մի ապրանք։ Դրանով նա կապահովեր իր ֆինանսական կործանումը։ Եթե նա տասը Ալբերտ վաճառեր, մի երկու տարուց հետո շուկայում էլ ոչ ոք չէր նայի ռոբոտի երեսին։
Եվ ոչ էլ դրանք կարժենային տասը հազար։ Դրանք կվաճառվեին գրեթե ինքնարժեքով։ Եթե ռոբոտ արտադրեր ոչ թե մարդը, այլ ռոբոտը, ապա գները շատ կիջնեին։
— Ալբերտ,— ասաց Նայթը։
— Ի՞նչ,— ցրված արձագանքեց Ալբերտը։
— Նայեք սրան։
Ալբերտը մոտեցավ եւ վերցրեց ցուցանակը, որն իրեն էր մեկնել Նայթը։
— Ա… սա՜,— ասաց նա։
— Կարող են անախորժություններ լինել։
— Ոչ մի անախորժություն չի լինի, տեր իմ,— հավաստիացրեց ռոբոտը։— Ինձ չեն ճանաչի։
— Չե՞ն ճանաչի։
— Ես տաշել եմ համարները եւ փոխել եմ երեսապատումս։ Ոչ ոք չի կարող ասել, որ ես՝ ես եմ։
— Բայց ինչո՞ւ եք այդպես արել։
— Որ ինձ ետ չպահանջեն։ Ինձ ստեղծեցին, հետո վախեցան ու մեկուսացրին։ Բայց ես ընկա այստեղ։
— Ինչ֊որ մեկը սխալվել է,— ասաց Նայթը։— Երեւի բեռնելու ժամանակ։ Ձեզ ուղարկել են իմ պատվիրած շատ փոխարեն։
— Դուք ինձնից չվախեցաք։ Դուք ինձ հավատացիք եւ թույլ տվիք աշխատել։ Ես ձեզ հետ եմ մնում, տեր իմ։
— Եվ այնուամենայնիվ մենք կարող ենք փորձանքի մեջ ընկնել, եթե զգույշ չլինենք։
— Ոչ մեկը ոչ մի բան ապացուցել չի կարող,— պնդեց Ալբերտը։— Ես կերդվեմ, որ դուք եք ինձ սարքել։ Ես չեմ թողնի ինձ ետ տանեն։ Երկրորդ անգամ դուրս չեմ պրծնի նրանց ձեռքից։ Ինձնից մետաղաջարդոն կսարքեն։
— Եթե դուք չափից շատ ռոբոտ սարքեք…
— Ձեզ շատ ռոբոտներ են պետք, որ ամբողջ գործն արվի։ Կարծում եմ, որ սկզբնական շրջանում հիսուն հատը կբավարարի…
— Հիսո՜ւն…
— Իհարկե։ Դրա համար մոտ մեկ ամիս կպահանջվի։ Հիմա, երբ ես ունեմ ձեր պատվիրած նյութերը, կարող եմ արագացնել արտադրությունը։ Ի դեպ, ահա նյութերի հաշիվը։
Որպես գրպան ծառայող փոսիկից նա մի թուղթ հանեց ու մեկնեց Նայթին։
Տեսնելով գումարը՝ Նայթը նկատելիորեն գունատվեց։ Այն կրկնակի անգամ գերազանցում էր իր հաշվածը… բայց դե թեկուզ մեկ ռոբոտի վաճառքից ստացած գումարը լրիվ կփակեր այդ ծախսերը եւ դեռ մի բան էլ կմնար։
Ալբերտն իր ծանր ձեռքով թրմփացրեց Նայթի մեջքին։
— Մի անհանգստացեք, պարոն։ Ես ամեն ինչի մասին կհոգամ։
Հատուկ հարմարանքներով զինված ռոբոտների խումբը աշխատանքի էր անցել հողամասում։ Անխնամ, չորածաց ու մոլախոտով ծածկված հողը բոլորովին այլ տեսք էր ընդունել։ Լճակը մաքրել էին եւ խորացրել։ Արահետներ էին բացել։ Կամուրջներ էին գցել։ Բլրի լանջն ի վեր դարավանդներ էին երեւում։ Չորս կողմը ծաղկաթմբեր էին։ Ծառերը հանել էին հողից եւ նորից այնպես գեղեցիկ էին տնկել, որ աչք էին շոյում։ Վաղուց չօգտագործված հին վառարաններում աղյուս էին թրծել եւ դրանցով պատել արահետներն ու պարիսպը։ Նոր սարքված առագաստանավերի մոդելները խարիսխ էին նետել լճում։ Նորակառույց մեհյանների ու մինարեթների շուրջը բալենիներ էին տնկած։
Նայթը խոսեց Էնսոն Լիի հետ։ Վերջինս փորձված փաստաբանի տեսք ընդունելով ասաց, որ ինքը մի ելք կգտնի այդ վիճակից։
— Դուք, հնարավոր է, կանգնած եք օրենքի խախտման եզրին,— ավելացրեց նա։— Բայց թե որքա՞ն եք մոտեցել այդ եզրին, ես կարող եմ ասել միայն այն ժամանակ, երբ կնայեմ համապատասխան հոդվածները։
Սակայն ոչինչ չպատահեց։
Աշխատանքը շարունակվում էր։
Լին առաջվա պես պառկած էր ճոճացանցում եւ, խնձորագինիով լի սափորը կրծքին սեղմած, ապշահար նայում էր, թե ինչ է կատարվում հարեւանի հողամասում։
Հետո եկավ հարկային տեսուչը։
Նա ու Նայթը նստեցին բակի նստարանին։
— Վերջին անգամ իմ այստեղ լինելուց հետո շատ բան է փոխվել,— ասաց պաշտոնյան։— Դժբախտաբար, ես հարկադրված եմ ավելացնել հարկը։
Նա ինչ֊որ բան գրեց մատյանի մեջ, որը դրել էր ծնկների վրա։
— Լսել եմ ձեր ռոբոտների մասին,— շարունակեց նա,— դա շարժական գույք է։ Եվ ենթակա է հարկման։ Քանի՞սն ունեք։
— Մոտավորապես մի քանի տասնյակ,— պատասխանից խուսափեց Նայթը։
Պաշտոնյան ավելի ուղիղ նստեց եւ, մատիտը վեր տնկելով, սկսեց հաշվել այն ռոբոտներին, որոնք աչքի առաջ էին։
— Շատ արագ֊արագ են դրանք շարժվում,— դժգոհեց նա։ — Հաստատ համոզված չեմ, բայց մոտ երեսունութ հատ հաշվեցի։ Ճի՞շտ է։
— Չեմ կարծում,— պատասխանեց Նայթը, ինքն էլ չիմանալով ճիշտ թիվը, բայց համոզված էր, որ ավելի կլինի, եթե պաշտոնյան մի քիչ շատ նստի։
— Դրանցից յուրաքանչյուրը արժի տասը հազար դոլար։ Մաշվածքը, պահելու արժեքը եւ այլն… յուրաքանչյուրին գնահատենք հինգ հազար, բոլորը միասին… հիմա կհաշվեմ․ դրանք արժեն հարյուր իննսուն հազար դոլար։
— Ո՛չ, ո՛չ, լսեք ինձ,— առարկեց Նայթը,— չի կարելի ախր…
— Ես ձեզ հետ լավ եմ վերաբերվում,— հայտարարեց պաշտոնյան։— Ըստ օրենքի, մաշվածքի հաշվին պիտի գրեմ ընդամենը մեկ երրորդը։
Նա սպասում էր, որ Նայթը կսկսի վիճել, բայց սա արդեն գլխի էր ընկել, որ լռելն ավելի լավ է։ Որքան շատ մնա այս մարդն այստեղ, այնքան հարկի գումարը կավելանա։
Երբ պաշտոնյան չքվեց աչքից, Նայթը գնաց նկուղ, որ խոսի Ալբերտի հետ։
— Ես դիմանում էի, քանի դեռ կարգի էիք գցում հողամասը,— ասաց Նայթը։— Թվում է, որ այլեւս չեմ կարող դիմանալ։ Մենք ստիպված ենք մի քանի ռոբոտ վաճառել։
— Վաճառե՞լ,— սարսափահար կրկնեց Ալբերտը։
— Ինձ փող է պետք։ Հենց նոր այստեղ էր եկել հարկային տեսուչը։
— Պարոն, ռոբոտներին չի կարելի վաճառել։
— Ինչո՞ւ չի կարելի։
— Որովհետեւ դա իմ ընտանիքն է։ Ռոբոտները իմ որդիներն են։ Դատեցեք հենց միայն նրանց անուններով։
— Դա ծիծաղելի է, Ալբերտ։
— Նրանց բոլորի անունը սկսվում է Ա֊ով, ինչպես իմը։ Նրանք այն ամենն են, ինչ ես ունեմ, տեր իմ։ Ես շատ եմ չարչարվել նրանց համար։ Իմ եւ իմ տղաների միջեւ գոյություն ունեն այնպիսի կապեր, ինչպիսիք կան ձեր եւ ձեր որդու միջեւ։ Ես չեմ կարող թույլ տալ, որ դուք նրանց վաճառեք։
— Բայց Ալբերտ, ինձ փող է պետք։
Ալբերտը թփթփացրեց նրա ուսին։
— Մի՛ անհանգստացեք, տեր իմ։ Ես ամեն ինչ կդասավորեմ։
Նայթը միայն ձեռքը թափ տվեց ի պատասխան։ Համենայն դեպս, շարժական գույքի հարկը պետք է վճարել մի քանի ամիս հետո, եւ այդ ժամանակամիջոցում, անկասկած, ինչ֊որ բան կմտածի։ Բայց չի կարելի ժամանակ կորցնել, փողը պետք է ճարել երկու ամսվա ընթացքում։ Դա պարզ դարձավ հենց հաջորդ օրը, երբ Նայթը հրավեր ստացավ ներկայանալու պետական հարկերի դեպարտամենտ։
Ամբողջ գիշեր նա մտածում էր, որ գուցե ավելի լավ կլինի, եթե ինքը թաքնվի։ Նա փորձում էր հնար գտնել, թե ինչպես մարդը կարող է թաքնվել, եւ որքան շատ էր մտածում, այնքան ավելի պարզ էր գիտակցում, որ դոսյեի, մատնահետքերի ստուեման եւ անձնավորությունը պարզելու հազարումի այլ հնարքների այս դարում ոչ մի տեղ էլ չես թաքնվի։
Պետական հարկերի դեպարտամենտի պաշտոնյան հարգալից էր, բայց անկոտրում։
— Մեզ հայտնել են, միստր Նայթ, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում ձեզ մոտ նկատվում է կապիտալի զգալի աճ։
— Կապիտալի աճ,— ասաց Նայթը, սրբելով ճակատից կաթող քրտինքը։ Ես ոչ մի կապիտալի աճ չունեմ։
— Միստր Նայթ,— նկատեց դարձյալ հարգալից, սակայն անկոտրում պաշտոնյան․— Ես խոսում եմ հիսուներկու ռոբոտների մասին։
— Ռոբոտների՞։ Հիսուներկո՞ւ։
— Մեր հաշվումներով։ Դուք գտնում եք, որ մենք սխալվո՞ւմ ենք։
— Օ, ո՜չ,— հապճեպ համաձայնվեց Նայթը։ — Եթե դուք ասում եք հիսուներկու հատ են, ապա ես հավատում եմ ձեզ։
— Որքան ինձ հայտնի է, դրանցից յուրաքանչյուրի մանրածախ գինը տասը հազար դոլար է։
Նայթը վհատ գլխով արեց։
Պաշտոնյան վերցրեց մատիտն ու սկսեց հաշվել։
— Հիսուներկու անգամ տասը հազար, կլինի հինգ հարյուր քսան հազար։ Հարկման ենթակա է միայն կապիտալի աճի հիսուն տոկոսը, կամ էլ երկու հարյուր վաթսուն հազար դոլար։ Հետեւաբար, դուք պետք է մուծեք մոտավորապես հարյուր երեսուն հազար դոլար։
Նրա հայացքը հանդիպեց Նայթի մարած հայացքին։
— Մինչեւ մյուս ամսվա տասնհինգը,— ասաց պաշտոնյան,— մեզ կտեղեկացնեք ձեր եկամուտների մասին։ Հենց այդ ժամանակ էլ կվճարեք հարկի գումարի կեսը, մնացածը կարող եք մուծել մաս֊մաս։
— Եվ դա այն բոլորն է, ինչ ուզում եք ինձանի՞ց։
— Բոլորը,— անհարկի ուրախանալով ասաց պաշտոնյան։— Կա մի գործ եւս, բայց դա չի մտնում իմ իրավասության մեջ, ես հիշեցնում եմ սոսկ այն պատճառով, որ նախազգուշացնեմ ձեզ, եթե դուք դեռ չեք մտածել այդ մասին։ Բացի ֆեդերալ հարկից, դուք պետք է վճարեք նահանգի հարկը, թեեւ, իհարկե, դա այնքան էլ մեծ գումար չէ։
— Շնորհակալություն, որ հիշեցրիք,— ասաց Նայթը, տեղից վեր կենալով։
Դռան մոտ պաշտոնյան կանգնեցրեց նրան։
— Միստր Նայթ, այն, ինչի մասին ես ձեզ հիշեցնում եմ, նույնպես չի մտնում իմ իրավասության մեջ։ Մենք տեղեկություններ ենք հավաքել ձեր մասին եւ իմացել ենք, որ դուք տարեկան ստանում եք տասը հազար դոլար։ Սա արդեն իմ անձնական հետաքրքրասիրությունն է, բայց ասեք, խնդրում եմ, ինչպես է, որ դուք, տարեկան ստանալով տասը հազար, հանկարծ կարողացաք ձեռք բերել էլի կես միլիոն։
— Դա ինձ էլ է զարմացնում, — պատասխանեց Նայթը։
— Մենք հոգ ենք տանում, բնականաբար, միայն այն մասին, որ դուք մուծեք հարկը, բայց ձեզնով կարող է հետաքրքրվել մի ուրիշ պետական հիմնարկություն։ Ձեր փոխարեն, միստր Նայթ, ես կփորձեի մի լավ բացատրություն մտածել։
Նայթը դուրս եկավ ավելի շուտ, քան պաշտոնյան կհասցներ տալ եւս մեկ լավ խորհուրդ։ Առանց դրան էլ նա բավականաչափ պատճառներ ուներ անհանգստանալու համար։
Թռչելով տուն, Նայթը վճռեց, որ, Ալբերտը կուզի թե չէ ինքը ստիպված է վաճառել որոշակի թվով ռոբոտներ։ Տուն հասնելուն պես իսկույն կիջնի նկուղ եւ կասի Ալբերտին իր վճռի մասին։
Բայց երբ հասավ տուն, Ալբերտն արդեն նրան էր սպասում վայրէջքի հարթակում։
— Այստեղ էր եկել «Սարքիր ինքդ» ընկերության ներկայացուցիչը…
— Մի՛ շարունակեք,— տնքաց Նայթը։— Ես գիտեմ, թե ինչ եք ուզում ասել։
— Ես ամեն ինչ դասավորեցի,— հինծու ոգեւորությամբ շարունակեց Ալբերտը։ — Նրան ասացի, որ դուք եք ինձ սարքել։ Ես թույլ տվեցի նրան զննել ինձ եւ բոլոր ռոբոտներին։ Նա մեանից եւ ոչ մեկի վրա չկարողացավ գտնել իրենց ընկերության դրոշմը։
— Իհարկե, չէր կարող։ Դուք ձեր դրոշմը քերել եք, իսկ մյուսների վրա չեք դրել։
— Նա ոչ մի բան չգտավ, սակայն կարծում է, որ ապացույցներ կլինեն։ Եվ ասաց, որ դատի է տալու։
— Եթե նա այդ բանը չանի, ապա կլինի միակ մարդը, որը չի չրխկացնի մեր քթին։ Հարկային տեսուչը հենց նոր ինձ ասաց, որ ես պետությանը պարտք եմ հարյուր երեսուն հազար դոլար։
— Ա՜, փողերը,— փայլեց Ալբերտը։— Ես ամեն ինչ արել եմ։
— Դուք գիտե՞ք, թե մենք որտեղից կարող ենք փող ճարել։
— Իհարկե։ Եկեք ինձ հետ, ու ես ձեզ ցույց կտամ։
Նա նկուղ տարավ Նայթին եւ ցույց տվեց մետաղալարով փաթաթված երկու փաթեթ։
— Փողերն են,— ասաց Ալբերտը։
— Այս փաթեթների մեջ իսկական փո՞ղ է։ Դոլարային թղթադրամներ եւ ոչ թե թատերական ռեկվիզիտ կամ էլ սիգարի կտրոն։
— Այստեղ չկան դոլարային թղթադրամներ։ Գլխավորապես տասանոցներ են եւ քսանանոցներ։ Մի քանի հիսունդոլարանոց բանկնոտ։ Մենք չենք զբաղվում դոլարային թղթադրամներով։ Գլխացավանք է դրանք մեծ քանակությամբ սարքելը…
— Ուզում եք ասել… Ալբերտ, դո՞ւք եք սարքել այդ փողերը։
— Դուք ասացիք, որ ձեզ փող է հարկավոր։ Դե մենք էլ մի քանի բանկնոտ վերցրինք, գույների անալիզն արեցինք, պարզեցինք թղթի բաղադրակազմն ու կառուցվածքը եւ կլիշե պատրաստեցինք։ Չեմ ուզում անհամեստ լինել, բայց դրանք իսկապես հոյակապ են սարքված։
— Դրամանենգնե՜ր,— գոռաց Նայթը։— Որքա՞ն փող կա այդ փաթեթներում։
— Չգիտեմ։ Մենք սարքեցինք այնքան, ինչքան որ հարմար գտանք։ Եթե այդքանը բավական չէ, միշտ էլ կարող ենք ավելացնել։
Նայթը հասկանում էր, որ ինչ֊որ բաներ բացատրելն անօգուտ է, սակայն խիզախորեն ձեռնամուխ եղավ այդ գործին։
— Կառավարությունը ուզում է ինձնից ստանալ այնպիսի գումար, որը ես չունեմ, Ալբերտ։ Ինձ կարող է կպչել նաեւ արդարադատության մինիստրությունը։ «Սարքիր ինքդ» ընկերությունը ամենայն հավանականությամբ ինձ դատի կտա։ Գլուխս շատ խառն է։ Ու ես չեմ ուզում, որ ինձ մեղադրեն նաեւ կեղծ դրամ սարքելու մեջ։ Վրցրեք այդ փողերը եւ այրեք։
— Բայց չէ որ սրանք փող են,— առարկեց ռոբոտը,— դուք ասացիք, որ ձեզ փող է պետք։ Երբ ռոբոտները մի գործ են անում, նրանք անում են շատ բարեխղճորեն։
— Վերցրե՛ք այդ փողերը եւ այրե՛ք,— կարգադրեց Նայթը։ — Իսկ երբ դրանք կայրեք, թափեք ներկերը, փշուր֊փշուր արեք կլիշեն եւ մուրճով մի քանի անգամ խփեք ձեր սարքած տպագրական հաստոցին։ Եվ երբեք այդ մասին մի բառ անգամ չասեք որեւէ մեկին… որեւէ մեկին, հասկացա՞ք։
— Դուք փորձանքի մեջ եք ընկել, տեր իմ։ Ու մենք ուզում էինք պարզապես օգնել ձեզ։
— Ես դա հասկանում եմ եւ գնահատում։ Բայց արեք այնպես, ինչպես ձեզ ասացի։
— Լավ, տեր իմ, թող ձեր ուզածը լինի։
— Ալբե՛րտ։
— Լսում եմ, տեր իմ։
Նայթն ուզում էր ասել․ «Լսեք, Ալբերտ, մենք ստիպված ենք ռոբոտ վաճառել, թեեւ դա ձեր ընտանիքի անդամն է, թեեւ դուք ինքներդ եք ստեղծել նրան»։
Բայց նա չէր կարող դա ասել, եւ ոչ միայն այն պատճառով, որ Ալբերտն ամեն ինչ անում էր իրան օգնելու համար։ Եվ նա ասաց․
— Շնորհակալություն, Ալբերտ։ Ափսոս, որ բան չստացվեց։
Հետո նա գնաց վերեւ եւ նայում էր, թե ռոբոտներն ինչպես են այրում փողերը։ Ու միայն աստծուն է հայտնի, թե քանի միլիոն կեղծ դոլարներ մոխրի վերածվեցին։
Այդ նույն երեկո այգում նստած, Նայթը խորհում էր, թե իսկապես՞ս ճիշտ վարվեց, կարգադրելով այրել կեղծ դրամները։ Ալբերտն ասաց, որ դրանք հնարավոր չէր տարբերել իսկական փողերից, եւ, ըստ երեւույթին, դա ճշմարտություն էր, որովհետեւ երբ Ալբերտի ելուզակները գործի են անցնում, ապա այնպես են անում, որ ինչքան էլ ուզես՝ մի թերի բան չես գտնի։ Բայց դա կլիներ օրինազանցություն, իսկ ինքը մինչեւ հիմա ոչ մի անօրինական բան չի արել, թեեւ… բացել է արկղը եւ սարքել Ալբերտին, առանց նրան գնած լինելու…
Նայթը մտածում էր ապագայի մասին, որը բավական մռայլ էր պատկերացնում։ Մի քսան օր հետո ստիպված կլինի հայտ ներկայացնել եկամուտների մասին։ Վիթխարի հարկ պիտի վճարի շարժական գույքի համար ու կարգավորի նահանգային հարկի հարցը։ Եվ, ավելի քան ակնհայտ է, որ «Սարքիր ինքդ» ընկերությունը դատական գործ կհարուցի իր դեմ։
Սակայն այդ անախորժություններից խուսափելու մի ելք կա։ Նա կարող է Ալբերտին եւ մյուս ռոբոտներին ետ ուղարկել «Սարքիր ինքդ» ընկերությանը, եւ այդ դեպքում վերջինս հիմքեր չի ունենա գործ հարուցելու համար, իսկ հարկահավաքներին էլ կբացատրի, թե ինչ մեծ սխալ է կատարվել։
Սակայն սա ելք չէր ստեղծում վիճակից երկու պատճառով։ Նախ, Ալբերտը չի ցանկանա ետ գնալ։ Նայթը բնավ չէր պատկերացնում, թե իման դեպքում ինչ կարող էր անել Ալբերտը, բայց նա չի ուզենա ետ գնալ, քանզի վախենում է, որ իրեն կվերածեն մետաղաջարդոնի։
Եվ, երկրորդ, Նայթը չէր ուզում առանց ճակատամարտի հրաժարվել ռոբոտներից։ Նա ճանաչել էր եւ արդեն սիրում էր նրանց։ Մանավանդ որ դա սկզբունքի հարց է։
Ու նա նստել էր, կքած անախորժութչունների բեռան տակ, այդ փոքրիկ, մոլորված կլերկը, որը երբեք աստղեր չէր իջեցրել երկնքից, այլ գլորվում էր ինչ֊որ մեկի բացած ճանապարհով։ «Աստված իմ,— մտածում էր նա,— սա իմ կյանքի ամենավտանգավոր ժամն է։ Ինչ ուզեցին՝ արեցին ինձ հետ, ահաբեկեցին, ու ես էլ ուժ չունեմ դիմանալու։ Ես նրանց ցույց կտամ, որ չի կարելի այդպես վարվել Գորդոն Նայթի ու նրա ռոբոտների հետ»։
Նա գոհ էր իր տրամադրությունից, եւ հատկապես հաճելի էր նրան Գորդոն Նայթի ու ռոբոտների մասին միտքը, թեեւ այդպես էլ չէր գտել ձախորդություններից դուրս գալու ելքը։ Իսկ Ալբերտից օգնություն խնդրել՝ վախենում էր։ Ալբերտը մտքերը, համենայն դեպս մինչեւ այժմ արտահայտածները, ավելի շուտ իրեն բանտ կառաջնորդեն, քան խաղաղ կյանք կապահովեն։
Առավոտյան տնից դուրս գալով՝ Նայթը տեսավ շերիֆին, որը, գլխարկը աչքերին քաշած, հենվել էր ցանկապատին։ Նա ննջում էր, ժամանակը սպանելու համար։
— Բարի լույս, Գորդոն,— ասաց շերիֆը։ — Ես ձեզ եմ սպասում։
— Բարի լույս, շերիֆ։
— Զզգում եմ այս ամենից, Գորդի, բայց աշխատանքը աշխատանք է։ Ես մի թուղթ եմ բերել ձեզ։
— Ես սպասում էի այդ թղթին, — հնազանդորեն ասաց Նայթը։
— Նա վերցրեց շերիֆի մեկնած թուղթը։
— Սիրուն հողամաս ունեք,— նկատեց շերիֆը։
— Դրա համար էլ փորձանքի մեջ ընկա,— խոստովանեց Նայթը։
— Ես կարծում եմ…
— Հենց այդ սիրունությունը փորձանք բերեց գլխիս։
Երբ շերիֆը գնաց, Նայթը թուղթը բացեց ու առանց զարմանքի կարդաց, որ «Սարքիր ինքդ» ընկերությունը հայց է նեկրայացրել, պահանջելով վերադարձնել Ալբերտին, ինչպես եւ բոլոր մյուս ռոբոտներին։
Նա գրպանը դրեց թուղթը եւ քայլելով լճակի նոր՝ աղյուսաշար ապահետով, անօգտակար, սակայն աչք շոյող կամրջակներով, անցավ մեհյանի կողքով ու բլբալանջի դարավանդով գնաց Էնսոն Լիի մոտ։ Լին խոհանոցում էր, ապուխտով ձվածեղ էր սարքում։ Նա երկու ձու էլ ավելացրեց, նորից ապուխտ կտրատեց եւ թեյի բաժակ ու ափսե հանեց Նայթի համար։
— Իսկ ես էլ հա մտածում էի, թե ինչու այսքան ժամանակ չեք երեւում,— ասաց նա։— Հուսով եմ, որ ձեզ չեն դատի մահապատիժ պահանջող հոդվածով։
Նայթը պատմեց եղելությունը, եւ Լին, շուրթերից սրբելով ձվի դեղնուցը, այնքան էլ չհուսադրեց նրան։
— Դուք հարկադրված եք հայտարարություն ներկայացնել ձեր գույքի վերաբերյալ, նույնիսկ եթե ի վիճակի չեմ վճարելու հարկը,— ասաց նա։— Ձեւականորեն դուք չեք խախտել օրենքը, եւ նրանք կարող են միայն մի բան անել՝ ձեզնից ես ստանալ իրենց հասանելիք փողերը։ Հավանաբար, ձեր աշխատավարձը կալանքի տակ կդնեն։ Բայց քանի որ աշխատավարձը չի գերազանցում օրինական նվազագույնից, ապա կալանքի կենթարվեի ձեր բանկային հաշիվը։
— Իմ բանկային հաշիվը սպառված է,— ասաց Նայթը։
— Տանը ձեռք տալ չի կարելի։ Համենայն դեպս, առայժմ չեն կարող խլել ձեր ունեցվածքը, ոուստի եւ սկզբնական շրջանում մեծ անախորժություննե չն լինի։ Այլ բան է՝ շարժական գույքի հարկը, սակայն վճարելու ժամկետը լրանում է մյուս տարվա գարնանը միայն։ Ես կասեի, որ դուք ամենից շատ պետք է զգուշանաք «Սարքիր ինքդ» ընկերության հայցից, եթե, իհարկե, չցանկանաք գործը հաշտ ու խաղաղ ճանապարհով վերջացնել։ Կարծում եմ, նա ետ կվեցնի իր հայցը, եթե դուք վերադարձնեք ռոբոտներին։ Որպես իրավաբան, պետք է ասեմ, որ ձեր գործը տանուլ տալու գործ է։
— Ալբերտը վկայություն կտա, որ ես եմ իրեն սարքել,— անվստահ ասաց Նայթը։
— Ալբերտը չի կարող հանդես գալ իբրեւ վկա,— ասաց Լին։ — Նա ռոբոտ է, եւ նրա խոսքը ոչ մի նշանակություն չունի դատարանի համար։ Բացի այդ, դատարանը երբեք չի հավատա, որ դուք ընդունակ եք ստեղծելու մի այնպիսի մեխանիկական հրեշ, ինչպիսին Ալբերտն է։
— Ես շատ հմուտ եմ գործ անում,— առարկեց Նայթը։
— Իսկ դուք ի՞նչ գիտեք էլեկտրոնիկայի մասին։ Որքանո՞վ եք գիտակ որպես կենսաբան։ Գոնե հակիրճ շարադրեք ռոբոտագիտության տեսությունը։
Նայթն իրեն պարտված ճանաչեց։
— Թերեւս, դուք իրավացի եք։
— Գուցե, վերադարձնե՞ք ռոբոտներին։
Բայց ես չեմ կարող։ Մի՞թե դուք չեք հասկանում։ Ալբերտը «Սարքիր ինքդ» ընկերությանը հարկավոր է ոչ այն բանի համար, որ նրան օգտագործեն։ Նրանք իսկույն ռոբոտից ջարդոն կսարքեն, կայրեն գծագիրները, ու երեւի կանցնեն եւս հազարավոր տարիներ, մինչեւ որ նորից կհայտնագործվեն նրա գործելու սկզբունքները։ Ես չգիտեմ, այդ սկզբունքը օգո՞ւտ կբերի մարդկանց, թե վնաս, սակայն նույնը կարելի է ասել ցանկացածդ գյուտի վերաբերյալ։ Ես դեմ եմ այն բանին, որ Ալբերտը դառնա մետաղի կույտ։
— Ձեզ հասկանում եմ,— ասաց Լին,— եւ համաձայն եմ ձեր տեսակետին։ Սակայն պետք է զգուշացնեմ, որ ես այնքան էլ լավ փաստաբան չեմ։ Իմ փորձը այնքան էլ մեծ չէ։
— Բայց ես չեմ ճանաչում ուրիշ մեկին, որ առանց հոնորարի հանձն առնի այս գործը։
Լին կարեկցանքով նայեց նրան։
— Հոնորարի մասին կխոսվի ամենավերջում։ Իսկ այ դատական ծախսերի մասին արժե մտածել։
— Միգուցե նորի՞ց խոսեմ Ալբերտի հետ։ Ես կպատմեմ նրան գործի վիճակը, ու նա թույլ կտա վաճառել մի քանի ռոբոտի, որ գոնե ժամանակավորապես ազատի ինձ փորձանքից։
Լին տարուբերեց գլուխը։
— Ես այդ մասին արդեն մտածել եմ։ Դուք պետք է ռոբոտ վաճառելու թույլտվություն ունենաք, իսկ այդպիսի թույլտվություն ունենալու համար պետք է ապացույցներ ներկայացնեք, որ դուք նրանց տերն եք։ Պետք է ապացուցեք, որ դուք կամ գնել եք, կամ էլ սարքել եք դրանց, իսկ դուք ռոբոտ արտադրելու թույլտվություն չունեք։ Այդպիսի թույլտվություն ստանալու համար պետք է ունենաք ձեր մոդելի գծագրերը, էլ չենք խոսում գործարանի եւ բնութագրի, բանվորական ուժի օգտագործման վերաբերյալ փաստաթղթերի եւ զանազան այլ հարցերի մասին։
— Ուրեմն, ես նրանցից պրծում չունեմ։
— Ես դեռ տեսած չկամ այնպիսի մարդու,— հայտարարեց Լին,— որի խելքին փչեր դեմ ելնել այդքան մեծ թվով մարդկանց։
Խոհանոցի դուռը ծեծեցին։
— Մտե՛ք,— կանչեց Լին։
Դուռը բացվեց, եւ ներս մտավ Ալբերտը։ Նա կանգ առավ շեմին ու անհամբերությունից տեղում դոփդողեց։
— Աբները հայտնեց ինձ, որ տեսել է, թե շերիֆը ինչ֊որ բան է հանձնել ձեզ,— ասաց նա Նայթին,— ու դուք իսկույն այստեղ եք եկել։ Ես անհանգստացած եմ։ Դա կապվա՞ծ է «Սարքիր ինքդ» ընկերության հետ։
Նայթը գլխով արեց։
— Ալբերտ, միստր Լին կպաշտպանի մեզ դատարանում։
— Ես կանեմ ամեն հնարավոր բան,— ասաց Լին,— բայց ինձ թվում է, որ դա ապարդյուն կլինի։
— Մենք, ռոբոտներս, ուզում ենք օգնել ձեզ։ Վերջիվերջո պայքարը գնում է հանուն մեզ։
Լին թոթվեց ուսերը։
— Ձեզնից մեծ օգուտ չի լինի։
— Ես ամեն ինչ մտածել եմ,— ասաց Ալբերտը,— ամբողջ գիշեր աշխատել եմ ու մտածել։ Ու իրավաբան ռոբոտ եմ սարքել։
— Իրավաբա՞ն ռոբոտ։
— Այո, հիշողության մեծ ծավալով, քան ունեն մյուս ռոբոտները, եւ հզոր որոշիչ սարքով ռոբոտ, որը ղեկավարվում է ձեւական տրամաբանության օրենքներով։ Չէ որ իրավունքը հիմնված է տրամաբանության վրա, այդպես է, չէ՞։
— Հավանաբար,— պատասխանեց Լին։— Համենայն դեպս, պետք է հենվի։
— Ես կարող եմ իրավաբան ռոբոտներ շատ սարքել։
— Դրանից ոչ մի օգուտ չկա,— հոգոց հանելով ասաց Լին։— Դատարանում հանդես գալու համար պետք է ունենալ պրակտիկայով զբաղվելու իրավունք, իրավաբանական կրթություն, եւ պետք է քննություն հանձնել։ Ու թեեւ չի եղել համանման դեպք, ես կարծում եմ, դատապաշտպանի թեկնածու պետք է լինի մարդը։
— Եկեք չշտապենք,— ասաց Նայթը։— Ալբերտի ռոբոտները չեն կարող զբաղվել փաստաբանությամբ։ Բայց մի՞թե նրանց չի կարելի օգտագործել որպես կլերկներ կամ օգնականներ։ Նրանք կարող են շատ օգնել դատավարությանը պատրաստվելիս։
— Դա երեւի հնարավոր լինի անել,— մտախոհ ասաց Լին։— Նախկինում նման բան չի եղել, բայց այնպիսի օրենք էլ չկա, որն արգելեր դա անել։
— Նրանք պետք է միայն գրքեր կարդան,— ասաց Ալբերտը։— Նրանք մոտավորապես տասը վայրկյան կծախսեն մի էջ կարդալու վրա։ Այն ամենը, ինչ նրանք կկարդան, կկուտակվի հիշողության բջիջում։
— Հոյակա՜պ միտք է,— բացականչեց Նայթը։— Ռոբոտները կիմանան միայն իրավաբանություն։ Նրանք գոյություն կունենան միայն դրա համար։ Մինչեւ ուղնուծուծը…
— Բայց արդյո՞ք նրանք կկարողանան կիրառել իրենց գիտելիքները,— հարցրեց Լին։— Կկարողանա՞ն արդյոք օգտագործել դրանք մի որեւէ պրոբլեմ լուծելու համար։
— Պետք է սարքել մի քանի տասնյակ ռոբոտ,— ասաց Նայթը։— Եվ նրանցից յուրաքանչյուրին հնարավորություն տալ դառնալու իրավագիտության մի որեւէ ճյուղի գիտակ։
— Ես նրանց կօժտեի հեռազգացուծյամբ,— ասաց Ալբերտը։— Նրանք կաշխատեին բոլորը միային՝ որպես մեկ ռոբոտ։
— Փոխազդեցության սկզբունքո՞վ,— բացականչեց Նայթը։— Նրանցից յուրաքանչյուրը իսկույն կստանա ցանկացած ինֆորմացիան, որը կունենան մյուսները։
Լին բռունցքով շփեց կզակը, նրա աչքերը փայլեցին։
— Արժե փորձել։ Եթե այդպես լինի, ապա իրավաբանության համար, թերեւս, սեւ օրեր կգան։— Նա հայացքը գամեց Ալբերտին։— Ես գրքեր ունեմ, սարի չափ գրքեր։ Դրանց վրա ահագին փող եմ ծախսել եւ երբեք չեմ օգտագործել։ Ես կարող եմ տալ այն բոլոր գրքերը, որ ձեզ հարկավոր լինեն։ Լավ, ուրեմն, անցեք գործի։
Եվ Ալբերտը համենայն դեպս երեք տասնյակ իրավաբան ռոբոտ սարքեց։
Ռոբոտները լցվեցին Լիի աշխատասենյակը, կարդացին նրա ունեցած բոլոր գրքերը եւ դարձյալ գրքեր պահանջեցին։ Նրանք կլանում էին պայմանագրային իրավունքի վերաբերյալ գրքերը, իրավախախտման այն դեպքերի նկարագրությունները, որ կապված չէին պայմանագրի խախտման հետ, բայց հիմք էին տալիս հայց ներկայացնելու, անգիր էին անում վկաների ցուցմունքների եւ դատական հաշվետվությունների ամբողջ հատորներ։ Նրանք իրենց մեջ ներառան այն ամենը, ինչ հայտնի էր շարժական եւ անշարժ գույքի, պետական կառուցվածքի եւ դատավարության կանոնների մասին։ Նրանք յուրացրին Նեմեզիդայի հեղինակավոր սպասավորների աշխատությունները, Հուստինիանոս կայսեր օրոք հրատարակված հռոմեական օրենքների ժողովածուն եւ բոլոր մյուս հատորները՝ մահու չափ տաղտկալի ու ծանրակշիռ, ինչպես դամբանաքարերը։
Գրեյսը ջղայն վիճակում էր։ Նա հայտարարեց, որ չի ապրի այնպիսի մի մարդու հետ, որն ուզում է իր անունն ընկնի լրագրերի էջերը։ Այդ հայտարարությունը բավական անհեթեթ էր։ Հասարակայնության ուշադրությունը գրավել էր մի նոր խայտառակ վեճ՝ կապված տիեզերակայանի մատակարարման հետ, եւ այն հաղորդումը, որ «Սարքիր ինքդ» ընկերությունը ոմն Գորդոն Նայծի մեղադրում է ինչ֊որ ռոբոտ յուրացնելու մեջ, մնաց գրեթե աննկատ։
Լին ցած իջավ բլրից եւ խոսեց Գրեյսի հետ։ Ալբերտը վեր բարձրացավ նկուղից ու նույնպես խոսեց Գրեյսի հետ։ Վերջապես համատեղ ջանքերով հանգստացրին նրան ու համոզեցին նորից զբաղվել գեղանկարչությամբ։ Հիմա Գրեյսը ծովային տեսարաններ էր նկարում։
Իսկ Լիի աշխատասենյակում շարունակում էին չարչարվել ռոբոտները։
— Ես հույս ունեմ, որ նրանք ինչ֊որ բան կյուրացնեն,— ասաց Լին։— Մի մտածիր, է, պետք չէ քրքրել բոլոր գրքերն ու մեջբերումներ գտնել․ ուզածդ հոդվածը եւ ուզածդ դեպքը միշտ ձեռքիդ տակ կլինի։
Հուզմունքից նա ավելի ուժեղ էր ճոճվում ցանցի մեջ։
— Տե՜ր աստված։ Իսկ ինչպե՞ս պետք է շարադրել գործը։
Նա կռացավ, վերցրեց սափորը եւ մեկնեց Նայթին։
— Սա խատուտիկի գինի է։ Մեջը մի քիչ էլ կռոթուկի հյութ կա։ Շատ չարչարվեցի մի խուրձի միջից անպետք խոտերը հանելիս։
Նայթը փնչացրեց։ Գինին այնպիսի համ ուներ, ասես միայն կռոթուկից պատրաստված լիներ։
— Կրկնակի օգուտ եմ անում,— բացատրեց Լին,— Խատուտիկները, մեկ է , պիտի քաղեմ, որ սիզամարգը չփչացնեն։ Եվ քանի որ արդեն դրանք պոկում եմ, կարելի է նաեւ ճիշտ օգտագործել։
Նա խմեց գինին եւ սափորը դրեց ճոճացանցի տակ։
— Նրանք հիմա զրուցում են այնտեղ,— ասաց Լին,— բութ մատը տնկելով տան կողմը։— Ոչ մի բառ չարտասանելով՝ պայմանավորվում են ամեն ինչի մասին։ Ես ինձ մի տեսակ վատ եմ զգում։— Նա նայեց երկնքին ու մռայլվեց։— Ասես այն մարդն եմ, որ միայն ձեւականորեն պիտի ներկա լինեմ։
— Ես թեթեւացած կշնչեմ, երբ այս ամենը կվերջանա,— ասաց Նայթը,— անկախ արդյունքից։
— Ես նույնպես,— համաձայնեց Լին։
Դատն սկսվեց առանց որեւէ աղմուկի։ Լսվում էր հերթական սովորական գործը։
Լրագրերում վիթխարի վերնագրերը հայտնվեցին միայն այն բանից հետո, երբ Լին ու Նայթը դատարանի դահլիճ մտան ռոբոտների դասակի ուղեկցությամբ։
Դահլիճում աղմուկ բարձրացավ, «Սարքիր ինքդ» ընկերության փաստաբանները բերանները լայն բացեցին ու վեր թռան տեղերից։ Դատավորը մոլեգնորեն զարկեց մուրճով։
— Միստր Լի՜,— ոռնաց նա,— սա ի՞նչ է նշանակում։
— Սա, ձերդ ազնվություն,— հանգիստ պատասխանեց Լին,— իմ օգնականներն են։
— Բայց չէ՞ որ դրանք ռոբոտներ են։
— Միանգամայն ճիշտ է, ձերդ ազնվություն։
— Նրանք իրավունք չունեն մասնակցելու դատավարությանը։
— Ներողություն եմ խնդրում, ձերդ ազնվություն, բայց նրանք չեն էլ մասնակցում։ Ես պատասխանող միակ ներկայացուցիչն եմ այստեղ։ Իմ պաշտպանյալը,— ասաց նա, նայելով «Սարքիր ինքդ» ընկերությանը ներկայացնով իրավաբանական տաղանդների զորեղ ճոկատին,— աղքատ մարդ է, ձերդ ազնվություն։ Ես հույս ունեմ, որ դատարանը չի մերժի օգտվելու այն օգնությունից, որն ինձ հաջողվել է կազմակերպել։
— Բայց դա հակասում է կանոնների, սըր։
— Ներողություն եմ խնդրում, ձերդ ազնվություն, բայց համարձակվում եմ նշել, որ մենք ապրում ենք մեխանիզացիայի դարում։ Արդյունաբերության եւ բիզնեսի գրեթե բոլոր բնագավառները իրենց աշխատանքում հենվում են հաշվիչ տեխնիկայի վրա, որը գործում է շատ ավելի արագ եւ լավ, քան մարդը։ Մեր ամբողջ հասարակությունը հենվում է այս մեքենաների՝ ֆիզիկական ու սեւ աշխատանք կատարելու ունակության վրա, մի բան, որ առաջ մարդիկ էին կատարում։
Խելացի մեքենաների օգնությանը դիմելու եւ դրանք լայլորեն կիրառելու միտումը,— շարունակեց Լին,— դրսեւորվում է մարդկային գործունեության բոլոր ասպարեզներում։ Եվ դա վիթխարի օգուտ է բերում մարդկային ցեղին։ Նույնիսկ այնպիսի բնագավառում, ինչպիսին է դեղագործական արդյունաբերությունը, որտեղ դեղորայք պատրաստելիս չնչին իսկ սխալը անթույլատրելի է, մեքենաները, ձերդ ազնվություն, հուսալիորեն աշխատում են։ Ու եթե, ձերդ ազնվություն, այդպիսի մեքենաների օգտագործումն ընդունելի է դեղորայքի արտադրությունում, այսինքն՝ մի արդյունաբերության մեջ, որտեղ հասարակայնության վստահությունը կարելի է համարել խիստ կարեւոր, ապա, համաձայնվեք, դատարանը, որտեղ արդարադատությունը, անկասկած, նույնքան նրբին գործ է, ինչպես դեղորայքի արտադրությունը, ելնում է…
— Սպասեք, միստր Լի,— ընդհատեց նրան դատավորը։— Արդյոք դուք չե՞ք ճգնում ինձ ապացուցել, որ ը… ը… մեքենաների օգտագործումը կնպաստի արդարադատությանը։
— Արդարադատությունը, ձերդ ազնվություն,— պատասխանեց Լին,— ձգտում է կարգուկանոն հաստատել մարդկանց փոխհարաբերություններում։ Այն հենվում է տրամաբանության եւ առողջ դատողության վրա։ Պե՞տք է արդյոք նշել, որ հենց այս խելոք մեքենաներն են տրամաբանության եւ առողջ դատողության մարմնավորումը։ Մեքենաները չեն ժառանգում մարդկային հույզերը, նրանց վրա չեն ազդում նախապաշարմունքները եւ կանխակալությունները։ Նրանց կհետաքրքրեն միայն որոշ փաստերի հաջորդականությունը եւ օրենքները։
— Ես չեմ խնդրում,— շարունակեց նա,— որ իմ օգնականները՝ ռոբոտները, պաշտոնապես ճանաչվեն դատարանում։ Ես չեմ ցանկանում, որ նրանք մասնակցություն ունենան այստեղ քննվող գործին։ Բայց ես խնդրում եմ, եւ դա գտնում եմ միանգամայն օրինական, որ ինձ չզրկեն այն օգնությունից, որ նրանք կարող են ցույց տալ։ Հայցվորն այստեղ ունի տասնյակ փաստաբաններ՝ գիտակ եւ ընդունակ մարդիկ։ Ես մեն֊մենակ եմ այդ բազմության դեմ։ Ես կանեմ այն ամենը, ինչ թույլ կտան ուժերս։ Սակայն ի նկատի ունենալով ուժերի անհավասարությունը, դատարանին խնդրում եմ ինձ չդնել էլ ավելի աննպաստ վիճակում։
Լին նստեց։
— Դա բոլո՞րն է, ինչ կուզենայիք ասել, միստր Լի,— հարցրեց դատավորը։— Դուք համոզվա՞ծ եք, որ ոչինչ չունեք ավելացնելու, քանի դեռ ես վճիռ չեմ կայացրել։
— Միայն մի բան,— ասաց Լին։— Եթե ձերդ ազնվությունը կարողանա ինձ ցույց տալ դատական օրենսդրությունում մի այնպիսի կետ, որն արգելում է ռոբոտի օգտագործումը…
— Դա ծիծաղելի է, սըր։ Այդպիսի կետ, իհարկե, չկա։ Ոչ ոք երբեւիցե չի մտածել, որ մի այսպիսի չնախատեսված հանգամանք կծագի։ Ուստի, բնականաբար, առիթ չի եղել նման արգելք նախատեսել օրենսդրության մեջ։
— Միգուցե կա՞ որեւէ վկայակոչում, որը նկատի ունի նման մի բան։
Դատավորը վերցրեց մուրճը եւ ուժգին հարվածեց սեղանին։
— Դատարանը դժվարին կացության մեջ է։ Վճիռը կհայտարարվի վաղը առավոտյան։
Հաջորդ առավոտյան «Սարքիր ինքդ» ընկերության փաստաբանները փորձեցին օգնել դատավորին։ Քանի որ, ասացին նրանք, վերոհիշյալ ռոբոտները վերաբերվում են այն առարկաներին, որոնցում պատկանելության հաստատումը հենց դատավեճի պատճառն է, ապա դատարանում դրանց օգտագործումը պատասխանողի կողմից՝ ճիշտ չի լինի։ Նրանք նշեցին, որ նման արարքը հավասարազոր կլիներ այն բանին, եթե հայցվորին ստիպեին նպաստել իր սեփական շահերի դեմ հանդես եկողին։
Դատավորը լուրջ տեսքով տմտմբացրեց գլուխը, սակայն Լին իսկույն վրա տվեց․
— Որպեսզի այդ փաստարկը հիմնավորված լինի, ձերդ ազնվություն, նախ պետք է հաստատել, որ ռոբոտներն իսկապես պատկանում են հայցվորին։ Դա էլ հենց, ի դեպ, հանդիսանում է սույն դատավեճի առարկան։ Այնպիսի տպավորություն է ստացվում, ձերդ ազնվություն, որ իմ դիմաց նստած ջենտլմենները ձին թարս են լծում սայլին։
Նորին ազնվությունը, խոր հոգոց հանելով, ասաց․
— Դատարանը ցավ է հայտնում, որ ստիպված է մի վճիռ կայացնել, քաջ գիտենալով, որ սկիզբ կդնի այնպիսի վեճի, որի անկանխակալ լուծումը մեզնից շատ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն ը… ը… ռոբոտներին իրավաբանության մեջ օգտագործելուկ դեմ կոնկրետ արգելքի բացակայության պատճառով դատարանը որոշում է պաշտպանվող կողմին թույլ տալ օգտվել նրանց ծառայություններից։
Նա հայացքը հառեց Լիին։
— Սակայն դատարանը ցանկանում է նաեւ զգուշացնել դատապաշտպանին, որ նա հետեւի իր վարքագծին։ Եթե, սըր, դուք նույնիսկ ամենափոքր չափով խախտեք այն, ինչը ես համարում եմ դատարանում իրեն պահելու վարվելակերպ, ապա ձեզ եւ ձեր մեքենաներին անհապաղ կհեռացնեմ դատարանի դահլիճից։
— Շնորհակալություն, ձերդ ազնվություն,— ասաց Լին։ Ես շատ զգույշ կլինեմ։
— Այժմ հայցվորը կարող է ներկայացնել գործը։
Տեղից վեր կացավ «Սարքիր ինքդ» ընկերության գլխավոր դատապաշտպանը։ Նա ասաց, որ պատասխանողը, ոմն Գորդոն Նայթ, ընկերությանը պատվիրել է մեխանիկական֊կենսաբանական շան մի կոմպլեկտ՝ երկու հարյուր հիսուն դոլար արժողությամբ։ Սակայն բեռնման ժամանակ թյուրիմացաբար նրան ուղարկել են ոչ թե շան կոմպլեկտ, այլ Ալբերտ անունով ռոբոտին։
— Ձերդ ազնվություն,— ընդհատեց նրան Լին,— այս կապակցությամբ ես պետք է նշեմ, որ կոմպլեկտի ուղարկումը կատարվել է մարդու կողմից, եւ դա է եղել սխալի պատճառը։ Եթե «Սարքիր ինքդ» ընկերությունը մեքենաներ օգտագործեր, ապա այդպիսի սխալը գուցեեւ չլիներ։
Դատավորը հարվածեց մուրճով։
— Միստր Լի, դուք նոր մարդ չեք դատարանում։ Դուք գիտեք, որ կարգը խախտում եք։— Նա գլխով արեց ընկերության դատապաշտպանին․— Շարունակեք, խնդրեմ։
Ընկերության դատապաշտպանն ասաց, որ ռոբոտ Ալբերտը սովորական ռոբոտ չէ։ Դա փորձնական մոդել է, որ ստեղծվել է «Սարքիր ինքդ» ընկերության կողմից, մոդելի ընդունակությունները փորձարկելուց հետո այն փաթեթավորվել է եւ մի կողմ դրվել։ Ոչ ոք չի մտածել մոդելը վաճառելու մասին, ու ինքը չի պատկերացնում, թե ինչպես է պատահել, որ այդ ռոբոտը ուղարկվել է գնորդին։ Ընկերությունը հետաքննություն է վարել, բայց պատասխան չի գտել։ Այն, որ մոդելն ուղարկվել է, ինքնստիկնքյան ակնհայտ է։
Նա բացատրեց, որ սովորական ռոբոտի գինը տասը հազար դոլար է։ Ալբերտը շատ ավելի թանկ արժե… եւ նրա արժեքը իրականում դժվար է որոշել։
Ռոբոտին ստանալուց հետո գնորդ Գորդոն Նայթը պարտավոր էր անմիջապես տեղեկացնել ընկերությանը եւ այն վերադարձնել։ Սակայն դրա փոխարեն նա ռոբոտը պահում է իր մոտ եւ կեղծիքի միջոցով օգտագործում իր շահադիտական նպատակներով։
Ընկերությունը խնդրում է դատարանին՝ պարտավորեցնել պատասխանողին վերադարձնել ոչ միայն ռոբոտ Ալբերտին, այլեւ նրա աշխատանքի արդյունքները, այսինքն՝ անհայտ թվով ռոբոտներին, որոնց լույս աշխարհ է բերել Ալբերտը։
Դատապաշտպանը նստեց։
— Ձերդ ազնվություն,— իր հերթին ասաց Լին,— մենք համաձայն ենք այն ամենի հետ, ինչ այստեղ ասաց հայցվորը։ Նա ճշտորեն շարադրեց գործի էությունը, եւ ես շնորհավորում եմ նրա գերազանց ճառը։
— Արդյոք ես կարող եմ մտածել, սըր,— հարցրեց դատավորը,— որ ձեր ելույթը հավասարազոր է հանցանքը խոստովանելուն։ Դուք, երեւի, ուզում եք ամբողջովին ապավինել դատարանի ողորմությա՞նը։
— Ոչ մի դեպքում, ձերդ ազնվություն։
— Խոստովանում եմ, որ ես ի վիճակի չեմ հետեւելու ձեր դատողությունների ընթացքին․ եթե դուք ընդունում եք մեղադրանքը, որ հարուցված է ձեր պաշտպանյալի դեմ, ապա ես չեմ հասկանում, թե ինչպե՞ս կարող եմ վճիռ կայացնել ոչ հօգուտ հայցվորի։
— Ձերդ ազնվություն, մենք պատրաստ ենք ապացուցելու, որ հայցվորը, խաբված չլինելով ոչ մեկի կողմից, ինքը մտադիր է բոլորին խաբել։ Մենք պատրաստ ենք ապացուցելու, որ որոշելով լայն հասարակությունից թաքցնել Ալբերտին հայտնագործելը, «Սարքիր ինքդ» ընկերությունը իրականում ամբողջ աշխարհի մարդկանց զրկել է առաջադիմության ուղիով ընթանալու հաջորդ տրամաբանական քայլի հնարավորությունից։ Նա մարդկանցից թաքցրել է, այսպես ասած, տեխնիկայի համընդհանուր զարգացման այս նվաճումը։
Ձերդ ազնվություն,— շարունակեց նա,— մենք համոզված ենք, որ կկարողանանք ապացուցել ընկերության կողմից մի քանի դրույթների խախտումը, դրույթներ, որոնք ստեղծված են մենաշնորհը անօրինական համարելու համար, եւ պատրաստ ենք վիճելու, որ պատասխանողը ոչ միայն դատապարտելի բան չի արել ընդդեմ հասարակության, այլեւ, ընդհակառակը, մեծ ծառայություն է մատուցել նրան։ Ավելին, ձերդ ազնվություն, մենք մտադիր ենք ներկայացնել ապացույցներ, որոնք կվկայեն այն մասին, որ ռոբոտները ամբողջապես զրկված են որոշ անկապտելի իրավունքներից…
— Միստր Լի,— նախազգուշացնող տոնով ասաց դատավորը,— ռոբոտը ընդամենը մեքենա է։
— Ձերդ ազնվություն, մենք կապացուցենք,— ասաց Լին,— որ ռոբոտը ավելին է, քան մեքենան։ Մենիք, իրոք, պատրաստ ենք ներկայացնելու այնպիսի ապացույցներ, որոնք, մեր խորին համոզմամբ, ցույց կտան, որ ամեն ինչով, բացի նյութափոխանակությունից, ռոբոտը հանդիսանում է մարդու պատճենը, եւ որ նույնիսկ նրա նյութափոխանակությունը որոշ չափով համանման է մարդու նյութափոխանակությանը։
— Միստր Լի, դուք շատ հեռացաք գործից։ Այստեղ քննվում է այն հարցը, թե արդյո՞ք ձեր պաշտպանյալը անօրինական կերպով յուրացրել է «Սարքիր ինքդ» ընկերության սեփականությունը։ Դատավեճը պետք է սահմանափակել միայն այս հարցի լոծմամբ։
— Հենց այդպես էլ անում եմ,— ասաց Լին։— Սակայն միաժամանակ մտադիր եմ ապացուցել, որ Ալբերտ ռոբոտը չի եղել եւ չէր կարող գողացված կամ վաճառված սեփականություն լինել։ Ես մտադիր եմ ապացուցել, որ իմ պաշտպանյալը չի գողացել նրան, այլ սոսկ ազատել է։ Ու եթե ստիպված եմ լինում շեղվել, որպեսզի ապացուցեմ որոշ հիմնական դրույթներ, ապա դատարանին խնդրում եմ ներողամիտ լինել այլ բանի համար, որ ես շահագործում եմ նրա համբերությունը։
— Դուք հենց ամենասկզբից փորձում եք մեզ հանել համբերությունից,— ասաց դատավորը։— Սակայն դատարանը արդար է, եւ դուք իրավունք ունեք ապացուցելու այն, ինչ պնդում եք։ Դուք ինձ ներեցեք, եթե ես ասեմ, որ ձեր պատճառաբանությունները մի քիչ բռնազբոսիկ են։
— Ձերդ ազնվություն, ես ամեն ինչ կանեմ, որ ձեզ դուրս բերեմ այդ մոլորությունից։
— Այդ դեպքում՝ ամեն ինչ կարգին է,— ասաց դատավորը։— Շարունակեք։
Դատավարությունը տեւեց վեց շաբաթ, եւ երկիրը ապրում էր դրանով։ Այդ մասին էին ճչում լրագրերի առաջին էջերում տպվող հոդվածների վիթխարի վերնագրերը։ Դրանով էին կերակրվում ռադիոն եւ հեռուստատեսությունը։ Հարեւանը վիճում էր հարեւանի հետ, սովորական բան էին դարձել վիճաբանությունները փողոցներում, ընտանիքներում, ակումբներում, գրասենյակներում։ Թերթերի խմբավրությունները հեղեղվում էին ընթերցողների նամակներով։
Տեղի էին ունենում միտինգներ, որտեղ հռետորները իրենց զայրույթն էին արտահայտում, անհեթեթ համարելով հավասարության նշան դնելը մարդու եւ ռոբոտի միջեւ, ստեղծվում էին ռոբոտների ազատությունը պաշտպանող կազմակերպություններ։ Հոգեբուժական հիվանդանոցներում կտրուկ իջավ նապոլեոնների, հիտլերների քանակը, որոնց փոխարեն հայտնվեցին անճոռնի քայլող հիվանդներ, որոնք իրենց ռոբոտներ էին համարում։
Գործին միջամտեց ֆինանսների մինիստրությունը։ Տնտեսական դրդապատճառներից ելնելով, նա խնդրեց դատարանին՝ մեկընդմիշտ հայտարարել, որ ռոբոտները գույք են համարվում։ Մինիստրությունը նշում էր, որ եթե ռոբոտները հարկման չենթարկվեն որպես սեփականություն, ապա տարբեր պետական հիմնարկություններ եկամուտների պակասորդ կունենան։
Դատարանը կայացրեց հետեւյալ որոշումները․
Ռոբոտները օժտված են կամքի ազատությամբ։<i> Դա ապացուցելը շատ հեշտ էր։ Ռոբոտը կարող է ճիշտ կատարել իրեն հանձնարարված գործը, հաշվի չառնելով չնախատեսված գործոնները։ Շատ դեպքերում ռոբոտների առողջ դատելու ընդունակությունը, ինչպես ապացուցվեց, բարձր է մարդկային ողջամտությունից։
<i>Ռոբոտները օժտված են դատողականությամբ։ Սա վեր է ամեն կասկածից։
Ռոբոտները կարող են բազմանալ։ Սա ապացուցելը դժվար էր։ Այն ամենը, ինչ անում է Ալբերտը, ինչպես պնդում էին «Սարքիր ինքդ» ընկերության ներկայացուցիչները, հենց այն աշխատանքն է, որի համար նախատեսված է եղել սույլ ռոբոտը։ Իսկ, այ, Լին ապացուցում է, որ Ալբերտը բազմանում է։ Եվ նա գիտակցորեն է անում դա։ Նա սիրում է ռոբոտներին ու նրանց համարում է իր ընտանիքի անդամները։ Նույնիսկ նրանց անուններ է տալիս ի պատիվ իրեն՝ յուրաքանչյուր ռոբոտի անունը սկսվում է Ա֊ով։
Հայցվորն ապացուցեց, որ ռոբոտները կրոնապաշտ չեն։ Լին պնդում էր, որ դա չի վերաբերում գործին։ Շատ մարդիկ ագնոստիկներ եւ աթեիստներ են, եւ այնուամենայնիվ մարդ են համարվում։
Ռոբոտները հույզեր չունեն։ Լին առարկում է, որ դա այնքան էլ ճիշտ չէ։ Ալբերտը սիրում է իր տղաներին։ Ռոբոտները հավատարիմ են եւ օժտված են արդարության զգացողությամբ։ Եթե նրանք չունեն էլ ինչ֊որ հույզեր, ապա դա, թերեւս, ավելի լավ է։ Նրանք, օրինակ, ընդունակ չեն ատելության։ Կամ էլ ագահության։ Լին գրեթե մեկ ժամ դատարանին պատմեց մարդկային ատելության եւ ընչաքաղցության մռայլ պատմությունը։ Դարձյալ մեկ ժամ նա խարազանում էր այն մարդկանց, որոնք ստրուկ էին դարձնում բանական էակներին։
Լրագրերը տպում էին նրա ճառերը։ Հայցվորի պաշտպանները փրփրել էին կատաղությունից։ Դատավորը զայրացած էր։ Դատավարությունը շարունակվում էր։
— Միստր Լի,— հարցնում էր դատավորը,— ինչի՞ համար եք ասում այդ բոլորը։
— Ձերդ ազնվություն,— պատասխանում էր Լին,— պարզարես ես անում եմ ամեն ինչ, որ հիմնավորեմ մեր տեսակետը։ Այն գործողություններում, որոնցում մեղադրվում է իմ պաշտպանյալը, ոչ մի անօրինական բան չկա։ Ես պարզապես ջանում եմ ապացուցել, որ ռոբոտը գույք չէ եւ, հետեւաբար, չի կարող գողացված լինել… Ես…
— Լավ,— ասաց դատավորը։— Լավ։ Շարունակե՛ք։
«Սարքիր ինքդ» ընկերության փաստաբանները մեջբերումներ էին շռայլում, ապացուցելով իրենց տեսակետը։ Լին պատասխանում էր մեջբերումների կարկուտով, ջարդուփշուր անելով նրանց։ Իրավաբանական աշխատությունների խրթին լեզուն փթթում էր շքեղ ծաղկունքով, վաղուց մոռացված որոշումները եւ դրույթները դառնում էին վեճի առարկա, փշուր֊փշուր էին արվում եւ ծեծվում։
Դատավարության ընթացքից պարզ էր դառնում մի բան․ Էնսոն Լին՝ անհայտ փաստաբանը, որի վրա գրոհում էր տաղանդավոր իրավաբանների բանակը, հաղթանակում էր։ Նրա տրամադրության տակ կային գործին վերաբերող բոլոր օրենքների տեքստերը, աղբյուրների ճշգրիտ վկայակոչումները, բոլոր փաստերը եւ տրամաբանությունը։
Ավելի ճիշտ՝ դրանք ռոբոտների մոտ էին։ Նրանք մոլեգնորեն ճռճռացնում էին գրչածայրերը եւ իրենց դիտողությունները հանձնում էին Լիին։ Յուրաքանչյուր օրվա վերջում դատապաշտպանի սեղանը թաղվում էր թղթերի կույտի տակ։
Դատավարությունն ավարտվեց։ Վերջին վկան տվեց իր ցուցմունքը։ Վերջին փաստաբանն ասաց իր խոսքը։
Լին ու ռոբոտները մնացին քաղաքում, որ սպասեն դատարանի վճռին, իսկ Նայթը թռավ տուն։
Նա թեթեւացած շունչ քաշեց, իմանալով, որ ամեն ինչ վերջացել է եւ ոչ այնքան վատ, ինչպես ինքն էր կարծում։ Համենայն դեպս, իրեն ծաղրի առարկա, հիմար ու գող չդարձրին։ Լին պաշտպանեց իր արժանապատվությունը, բայց արդյոք փրկե՞ց կաշին՝ դեռեւս հայտնի չէր։
Դեռ օդում Նայթը տեսավ իր տունը եւ զարմանքով նկատեց, որ այն փոխվել է։ Տունը շրջապատված էր բարձր սյուների օղակով։ Իսկ սիզամարգերում կանգնած էին մեկ տասնյակից ավելի ինչ֊որ մեխանիկական հրեշներ, որոնք նմանվում էին հրթիռների։ Նայթն իր թռչող սարքը ուղղեց ներքեւ եւ գլուխը դուրս հանեց, որ ավելի լավ տեսնի։
Սյուները մոտ տասներկու ոտնաչափ բարձրություն ունեին։ Նրանք պահում էին հաստ մետադալարը, տունը օղակներով պողպատե հաստ ցանցով։ Սիզամարգերում կանգնած մեխանիկական հրեշները մարտի էին պատրաստվում։ Բոլոր հրթիռները նշան էին բռնել Նայթի վրա։ Ու Նայթի սիրտը քիչ մնաց պայթեր նրանց նայելուց։
Նա զգուշորեն անցավ վայրէջքի եւ շունչ առավ միայն այն ժամանակ, երբ անիվները դիպան վայրէջքի հրապարակին։ Հենց որ դուրս եկավ խցիկից, տան անկյունից նրան ընդառաջ շտապեց Ալբերտը։
— Ի՞նչ է կատարվում այստեղ,— հարցրեց նա ռոբոտին։
— Միջոցներ են ձեռք առնված, եթե հանկարծ արտակարգ դրություն ստեղծվի,— ասաց Ալբերտը։— Ահա եւ ամենը, տեր իմ։ Մենք պատրաստ ենք բոլոր անակնկալներին։
— Էլ ի՞նչ անակնկալներ…
— Օ՜, եթե ամբոխը հանկարծ որոշի ինքնադատաստան անել։
— Կամ էլ եթե դատարանը մեզ համար աննպաստ վճիռ կայացնի՞։
— Դա նույնպես, տեր իմ։
— Հո դուք չե՞ք կռվելու ամբողջ աշխարհի դեմ։
— Մենք չենք ուզում ետ գնալ,— ասաց Ալբերտը,— ոչ ես, ոչ էլ իմ երեխաները չենք հանձնվի «Սարքիր ինքդ» ընկերությանը։
— Կռվե՛լ մինչեւ արյան վերջին կաթիլը,— բացականչեց Նայթը։
— Կռվե՛լ մինչեւ արյան վերջին կաթիլը,— բարկացած ասաց Ալբերտը։— Իսկ մենք՝ ռոբոտներս, խիզախորեն ենք մարտնչում։
— Եվ տան շուրջը դասավորված այն կրակողները…
— Մեր պաշտպանական ուժերն են, տեր իմ։ Հրթիռները կխփեն նկատակակետին։ Ունենալով հեռադիտակ աչքեր, հաշվիչ եւ սենսոր հարմարանքներ, դրանք, արձակվելուց հետո, մտածողության մնացորդային ունակության շնորհիվ, իրենք գիտեն, թե ինչ պետք է անեն։ Եթե նրանք կպչեն մեկի պոչից, էլ պրծում չկա։ Կանգնիր ու նայի՜ր։
Նայթը հոնքերը վեր բարձրացրեց։
— Դուք պետք է հրաժարվեք այդ մտքից, Ալբերտ։ Ձեզ կոչնչացնեն մեկ ժամվա ընթացքում։ Մի ռումբը…
— Ավելի լավ է մեռնենք, քան հանձնվենք։
Նայթը հասկացավ, որ վիճելն անօգուտ է։
Նա մտածեց, որ վերջիվերջո ռոբոտները զուտ մարդկայնորեն են վարվում։ Այն, ինչ ասաց Ալբերտը, բազմիցս կրկնվել է մարդկության պատմության մեջ։
— Ես նորություն պիտի հայտնեմ,— ասաց Ալբերտը։— Դուք գոհ կմնաք։ Ես հիմա աղջիկներ ունեմ։
— Աղջիկնե՞ր։ Մայրական բնազդո՞վ։
— Վեց աղջիկ,— հպարտորեն ասաց Ալբերտը։— Ալիսա, Անգելինա, Ագնեսա, Ագաթա, Ալբերտա եւ Աբիգայլ։ Ես չեմ կրկնել «Սարքիր ինքդ» ընկերության սխալները։ Նրանց կանացի անուններ եմ տվել։
— Եվ բոլորն էլ բազմանո՞ւմ են։
— Եթե դուք տեսնեի՜ք այդ աղջիկներին։ Մենք յոթս էլ անդադրում աշխատում ենք։ Մեր նյութերը վերջացան, ու ես ստիպված եմ շատ բան գնել պարտքով։ Հուսով եմ, դուք չեք առարկի։
— Ալբերտ,— ասաց Նայթը, մի՞թե դուք չեք հասկանում, որ ես սնանկացել եմ։ Կործանվել։ Ես մի ցենտ անգամ չունեմ։ Դուք ինձ սնանկացրիք։
— Ընդհակառակը, տեր իմ, մենք հռչակեցինք ձեզ։ Ձեր անունը զարդարում է լրագրերի առաջին էջերը, ձեզ ցույց են տալիս հեռուստատեսությամբ։
Նայթը հեռացավ Ալբերտից եւ, սայթաքելով սանդուղքի աստիճանների վրա, մտավ տուն։ Նա տեսավ ձեռքերի փոխարեն փոշեծծիչով մի ռոբոտի, որ մաքրում էր գորգը։ Նա տեսավ մատների փոխարեն վրձիններով ռոբոտի, որը ներկում էր դռներն ու պատուհանների շրջանակները։ Նա տեսավ քերիչով ռոբոտի, որը մաքրում էր բուխարում աղյուսները։
Գրեյսը ինչ֊որ բան էր երգում իր արվեստանոցում։
Նայթը գնաց արվեստանոց։
— Ա, դո՞ւ ես,— ասաց Գրեյսը։— Ե՞րբ ես եկել, սիրելիս։ Ես մոտավորապես մեկ ժամ հետո կազատվեմ։ հիմա ծով եմ նկարում, եւ ջուրը ոչ մի կերպ չի ստացվում։ Չեմ էլ ուզում աշխատանքը կիսատ թողնել։ Վախենում եմ, որ գույնի զգացողությունս ինձ դավաճանում է։
Նայթը գնաց հյուրասենյակ եւ նստեց աթոռին։ Մոտակայքում ոչ մի ռոբոտ չկար։
— Գարեջուր,— ասաց նա, սպասելով, թե ինչ կլինի հետո։
Խոհանոցից վազելով հայտնվեց մի ռոբոտ՝ փորի փոխարեն տակառ, որի ներքեւում ծորակն էր, իսկ կրծքին կախված էին մի քանի պղնձե գավաթներ։
Նա գարեջուր լցրեց գավաթի մեջ։ Գարեջուրը սառն էր եւ հաճելի։
Նայթը նստել ու գարեջուր էր խմում, երբ հանկարծ պատուհանից տեսավ, որ Ալբերտի պաշտպանական ուժերը նորից մարտական դիրք ընդունեցին։
Համա թե գործ է՜… Եթե դատարանը վճիռ կայացնի ոչ իր օգտին, եւ «Սարքիր ինքդ» ընկերության ներկայացուցիչները այստեղ գան իրենց գույքի ետեւից, կսկվի մարդկության պատմության մեջ ամենաճանտաստիկ քաղաքացիական պատերազմը, եւ մարդկության հետքն անգամ չի մնա։ Նա փորձեց մտովի պատկերացնել՝ ինչպիսի մեղադրանքներ կներկայացնեն իրեն, եթե սկսվի այդ պատերազմը։ Չինված ապստամբություն, դիմադրություն՝ կալանքի վերցնելիս, խռովության կազմակերպում։ Է՛հ, մեղադրելու բան կգտնես, եթե, իհարկե, ինքը կենդանի մնա։
Նա շրջվեց դեպի հեռուստացույցը եւ թեքվեց առաջ։
Պզուկոտ մեկնաբանը սովորական ժուռնալիստական փրփուրն էր թափում։
— «…գործնական կյանքը փաստորեն դադարել է։ Շատ արդյունաբերողներ վախենում են, որ իրենց դիմադրությունը երկար չի տեւի, եթե Նայթը շահի գործը։ Նրանք ստիպված կլինեն մեծ գումարներ ծախսել դատարանում ապացուցելու համար, որ իրենց ձեռնարկություններում եղած ավտոմատ սարքերը ոչ թե ռոբոտներ են, այլ մեքենաներ։ Կասկած չկա, որ ձեռնարկությունների ավտոմատ սարքավորումների մեծ մասը բաղկացած է մեքենաներից, սակայն արտադրությունը ղեկավարում են ռոբոտների տիպի խելացի համակարգեր։ Եթե այդ համակարգերն սկսեն դիտվել ոչ որպես ռոբոտներ, ապա արդյունաբերողների դեմ գործեր կհարուցվեն վնասների հատուցման համար, իսկ գուցեեւ քրեական գործեր՝ անօրինական ազատազրման համար…
Վաշինգտոնում շարունակվում են խորհրդակցությունները։ Ֆինանսների մինիստրությունը անհանգստացած է, որ կնվազեն հարկային գանձումները։ Սակայն էլ ավելի լուրջ խնդիրներ են կանգնած կառավարության առջեւ։ Օրինակ, քաղաքացիության հարցը։ Եթե վճիռը կայացնի հօգուտ Նայթի, ապա դա կնշանակի՞ արդյոք, որ բոլոր ռոբոտներին ինքնաբերաբար պետք է հայտարարել քաղաքացի։
Քաղաքական գործիչները նույնպես ունեն իրենց հոգսերը։ Կանգնած լինելով նոր կատեգորիայի ընտրողների առջեւ՝ բոլորը մտածում են, թե ինչպես նվաճեն ռոբոտների ձայները»։
ՆԱյթն անջատեց հեռուստացույցը եւ ավելի հարմար նստեց, որ գարեջուր խմի։
— Գարեջուրը լա՞վն է,— հարցրեց գարեջրի ռոբոտը։
— Գերազանց,— պատասխանեց Նայթը։
Օրերն անցնում էին։ Լարվածությունն աճում էր։
Լին եւ ռոբոտ իրավաբանները ոտիկանության պահպանության տակ էին։ Առանձին շրջաններում ռոբոտները խումբ֊խումբ հավաքվում էին եւ փախչում էին լեռները, վախենալով ամբոխի դատաստանից։ Արդյունաբերության որոշ բնագավառներում ավտոմատ համակարգերը գործադուլ ղին հայտարարում, պահանջելով բանակցություններ վարելու իրավունք։ Որոշ նահանգներում նահանգապետները մարտական պատրաստ վիճակում էին պահում ոստիկանությանը։ «Քաղաքացի ռոբոտ» նոր ներկայացումը Բրոդվեյում սուլոցներով ընդունվեց քննադատների կողմից, բայց հասարակությունը տոմսերը վաղօրոք էր գնել։
Վճռական օրը մոտենում էր։
Նայթը նստել էր հեռուստացույցի մոտ եւ սպասում էր, թե դատավորը երբ կհայտնվի։ Նա լսում էր, թե հետեւում ինչպես են աղմկում հավաքված ռոբոտները։ Գրեյսը ուրախ մի երգ էր երգում արվեստանոցում։ Նայթը ինքն իրեն հարց տվեց, թե Գրեյսը դեռ շա՞տ պետք է զբաղվի նկարչությամբ։ Այս հրապուրանքը մյուսներից երկար էր շարունակվում, եւ երկու օր առաջ նա Ալբերտի հետ խոսում էր Գրեյսի կտավների համար պատկերասրահ կառուցելու մասին, որ տունը դատարկվի։
Էկրանի վրա հայտնվեց դատավորը։ Նայթը մտածեց, որ դատավորը նման է այն մարդուն, որը չի հավատում ուրվականների եւ հանկարծ տեսնում է նրանց։
— Ինձ երբեք չէր վիճակվել այսքան դժվարին վճիռ կայացնել,— հոգնատանջ ասաց նա,— քանզի հետեւելով օրենքի տառին, ես կարող եմ կործանարար ազդեցություն թողնել նրա ոգու վրա։ Օրենքների եւ տվյալ գործի բոլոր պարագաների երկարատեւ ուսումնասիրությունից հետո ես վճիռ եմ կայացնում հօգուտ պատասխանողի։ Գորդոն Նայթի։ Սակայն, կայացնելով սույն վճիռը,— շարունակեց դատավորը,— ես ստեղծում եմ մի միջադեպ, որը կարող է ունենալ շատ հեռուն գնացող հետեւանքներ։ Ռոբոտները գույք չեն համարվում եւ որպես այդպիսիսն ենթակա չեն հարկման։ Այդ դեպքում նրանք պետք է մարդ լինեն, իսկ դա նշանակում է, որ կարող են օգտվել բոլոր իրավունքներից եւ արտոնություններից ու, դրա հետ միասին, պատասխանատվություն կրել եւ պարտականություններ ունենալ, ինչպես մարդիկ։ Ես չեմ կարող այլ վճիռ կայացնել, սակայն այս ամենը չի տեղավորվում իմ գիտակցության մեջ։ Այսպիսի բան առաջին անգամ է պատահում իմ ողջ կյանքի ընթացքում, եւ ես դեռ հույս ունեմ, որ վերադաս դատական օրգանները ավելի իմաստուն կլինեն, քան ես, ու հարկ կհամարեն վերանայել իմ վճիռը։
Նայթը վեր կացավ եւ դուրս եկավ այգի, որը փռվել էր հարյուրավոր ակր տարածությամբ։ Այգու գեղեցկությունը փոքր֊ինչ փչացնում էր տասներկու ոտնաչափ բարձրությամբ արգելապատը։
Դատավարությունը շատ լավ ավարտվեց։ Մեղադրանքը հանեցին Նայթի վրայից․ նա հարկեր չի վճարելու։ Իսկ Ալբերտը եւ մյուս ռոբոտները դարձան ազատ թռչուններ ու կարող էին անել ինչ քեֆներն ուզեր։
Նա գտավ մի քարե նստարան, նստեց ու սկսեց նայել լճին։ Նրա այգին հրաշալի էր․ հենց այդպիսի այգի էր երազում… Այգին նույնիսկ ավելի գեղեցիկ էր, քան իր երազածը՝ ծառուղիներով եւ կամրջակներով, ծաղկաթմբերով եւ նավերի մոդելներով, որոնք քամուց օրորվում էին ծփացող ջրերի վրա։
Նայթը նստել ու նայում էր։ Սքանչելի էր, բայց զգաց, որ չի հպարտանում, չի սքանչանում իր այգիով եւ գոհունակություն չի զգում։
Նա ձեռքերը վերցրեց ծնկներից եւ, մատները սեղմելով, ասես գործիք էր բռնել, նայեց դրանց։ Բայց իր ձեռքերում ոչինչ չկար։ Եվ հասկացավ, թե ինչու է այդպես անտարբեր այգու նկատմամբ ու ոչ մի գոհունակություն չի զգում։
Երկաթուղու մոդել։ Նետուաղեղ։ Մեխանիկակենսաբանական շուն։ Կավագործություն։ Տանը կից սարքված ութ սենյակ։
Արդյոք երբեւիցե ինքը կկարողանա՞ մխիթարվել երկաթուղու մոդելով կամ իր սարքած կավե ամաններով։ Եթե կարողանա էլ, թույլ կտա՞ն արդյոք իրեն զբաղվել դրանով։
Նա դանդաղ վեր կացավ եւ քայլեց դեպի տուն։ Այնտեղ իրեն զգաց անօգտակար եւ ավելորդ։
Վերջապես որոշեց իջնել նկուղ։
Ալբերտը գրկեց նրան։
— Մենք հաղթեցինք, տեր իմ։ Ես գիտեի, որ մենք կհաղթենք։
Նա ետ քաշվեց Նայթից եւ ձեռքերը դրեց նրա ուսերին։
— Մենք երբեք չենք հեռանա ձեզնից, տեր իմ։ Մենք կմնանք ու կաշխատենք ձեր համար։ Դուք երբեք որեւէ բանի կարիք չեք ունենա։ Մենք ամեն ինչ կանենք ձեր համար։
— Ալբերտ…
— Ամեն ինչ լավ է, տեր իմ։ Դուք ոչ մի բանի համար մի՛ անհանգստացեք։ Մենք կլուծենք փողի հարցը։ Կսարքենք շատ իրավաբան ռոբոտներ ու խոշոր հոնորարներ կստանանք։
— Մի՞թե դուք չեք հասկանում…
— Իսկ առաջին հերթին,— շարունակեց Ալբերտը,— մենք ցանկանում ենք հասնել այն բանին, որ դատարանը որոշում կայացնի մեր իրավունքները ապահովելու մասին։ Չէ որ մենք պատրաստված ենք պողպատից, ապակուց, պղնձից եւ այլ բաներից, ճի՞շտ է։ Ու մենք չենք կարող թույլ տալ, որ մարդիկ ծախսեն այն նյութերը, որոնցից ստեղծվում ենք մենք, ինչպես նաեւ այն էներգիան, որը պահանջում է մեր կյանքը։ Հավատացնում եմ ձեզ, տեր իմ, որ մենք տանուլ չենք տա։
Հոգնած նստելով հաստոցի ծայրին՝ Նայթը տեսավ մի ցուցանակ, որ Ալբերտը նոր էր նկարել։ Գեղեցիկ ոսկե տառերով, որոնք ավելի հստակության համար եզերված էին սեւ գույնով, գրված էր․
Էնսոն, Ալբերտ, Աբներ,
Անգուս եւ ընկ․
Փաստաբաններ
— Իսկ հետո, տեր իմ,— ասաց Ալբերտը,— մենք մեր ձեռքը կվերցնենք «Սարքիր ինքդ» ընկերությունը։ Նա արդեն ի վիճակի չի լինի դիմանալու մրցակցությանը։ Մենք մի հոյակապ մտահղացում ունենք, տեր իմ։ Մենք կսկենք ռոբոտներ սարքել։ Շատ ռոբոտներ։ Բայց ոչ չափից դուրս շատ։ Մենք մտադիր չենք նեղացնել ձեզ՝ մարդկանց, ուստի կսկսենք արտադրել «Սարքիր ինքդ» կոմպլեկտներ։ Միայն թե դրանք նախապես հավաքված կլինեն, որ դուք չչարչարվեք։ Ինչ եք կարծում, սկզբի համար հերի՞ք է այսքանը։
— Միանգամայն,— շշնջաց Նայթը։
— Մենք ամեն ինչի մասին մտածել ենք, տեր իմ։ Մինչեւ ձեր կյանքի վերջը դուք ոչ մի բանի համար անհանգստանալու հարկ չեք ունենա։
— Այո,— ասաց Նայթը,— ոչ մի բանի։