«Քանի դեռ Հայաստանը դիմանում է»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Քանի դեռ Հայաստանը դիմանում է |հեղինակ = Վանո Սիրադեղյան |թարգմանիչ = |աղբյ...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 13:03, 22 Հոկտեմբերի 2013-ի դրությամբ

Քանի դեռ Հայաստանը դիմանում է

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Երկիր։ Ցպահանջ…», «Առավոտ» 11.07.1998 թ․

Լրացավ 100 օրը։ Այդ օրերին ոչ ոք ձեռքերը ծալած չի նստել։ Իշխանության հակառակորդները (ընդդմիություն ասելը չափազանցություն կլինի) ձեռքերը շփելով հաշվում են վրիպումները, կողմնակիցները՝ գումարում, բազմապատկում, ուռճացնում են ձեռքբերումները։

Վախենամ, թե երկու կողմերի ջանքերն էլ ապարդյուն են։ Ոչ ակնհայտ ձեռքբերում կա, ոչ անսպասելի կորուստ։ Կորստաբերությունը ծրագրված էր իշխանափոխության եղանակով եւ կառավարման որակի ընդհանուր անկումը սպասելի էր։

Այն արատները, որ ձեռք բերեց Լեւոն Տեր֊Պետրոսյանի իշխանությունը չորրորդ տարուց սկսած, դրվեց այս կառավարության հիմքում։ Դրանցից արատածին գլխավոր արատն է ինքնասիրահարվածությունն ու ամբարտավանությունը՝ գեղջկական սենտիմենտալիզմի նոպաներով։

Բայց ի՞նչ էր անելու այս կառավարությունը, որ չի անում։ Կառավարման որակի հարցը մարդկանց առանձնապես (մի քիչ շատ են գողանում ― մի քիչ պակաս են գողանում) չի հուզում։ Ինչպե՞ս է լուծվելու խաղաղության հարցը։ Ինչպե՞ս է լուծվելու (եթե բանը դրան հասավ) պատերազմի հարցը։ Խաղաղության հարցի իրենց պատասխանը գոնե ինձ համար քիչ թե շատ պարզ է․ առանձնապես չէին էլ թաքցնում։ Բայց պատերազմի հարցը, այսինքն՝ հաջող պատերազմելու հարցը մնում է բաց։ Ավելի ստույգ՝ հայրենիքը պաշտպանելու խնդիրը, որովհետեւ ես այնպիսի զգացողություն ունեմ, որ այն հայրենիքը, որ ներկայացնում են այսօրվա կառավարիչները, այդ հայրենիքը պաշտպանել կամեցողների թիվը օրըստօրե նվազում է։ Իհարկե, գրքային հայրենասերները կարող են սեղմել իրենց փոքրիկ եւ սպիտակ բռունցքները եւ կապտած շուրթերով բարբառել, թե հայրենիքը մեկն է, հայրենիքը բոլորինս է եւ այլ ճշմարտություններ, բայց սա արդեն գեղեցկախոսության որոլրտն է։

Ես անկեղծորեն վախենում եմ պարտվողական երեւալու մեջ մեղադրվելուց (անպատվաբեր մեղադրանք է), բայց վախս այնքան սաստիկ չէ, որ մթագնի ուղեղս, առավել եւս լռեցնի տագնապս, որ բանը, ավաղ, դեպի վատն է գնում։

Որ, ազգային միասնության հոխորտանքով այսօրվա կառավարիչները ուղիղ գծով տանում են դեպի ազգային պառակտում։ Մանր կուսակցությունների համերաշխությամբ կուրացած՝ դեպի ժողովրդի հատվածների ու սոցիալական շերտերի, խմբերի պառակտում։ Կամ՝ պառակտման խորացում ― էությունը չի փոխվում։

Կոմպլեքսավորված լինելով իշխանության գալու եղանակից, խեղդվելով այն գիտակցությունից, որ Լեւոն Տեր֊Պետրոսյանը իշխանության պատասխանատվությունը իբրեւ սատկած շուն է կախել Քոչարյանի վզից, վերջապես կռահելով, որ երեք տերությունները իշխանափոխության այդ եղանակին համաձայնել են համաձայնագրի ստորագրումը արագացնելու պայմանով, շփոթված լինելով Սամվել Բաբայանի պահվածքից (որ իրենց հետ վարվում էր այնպես, ինչպես իրենք Լեւոն Տեր֊Պետրոսյանի հետ), ― այս հոգեվիճակում բյուջեն լցնել են ջանում միջոցների մեջ խտրություն չդնելով, ձեռքի հետ ծախելով Հայաստանում մնացածը, ձեռքի հետ մարդիկ են ձերբակալում եւ բաց թողնում ու սպասում․․․ Սպասում, որ աշխարհում տարածաշրջանում մի մեծ, գոնե միջին մի աղետ, մի պատերազմ լինի, որը, գուցե նպաստավոր լինի Ղարաբաղի համար։ Գուցե լինի։ Գուցե չլինի։

Մեր հազարուկեսամյա պատմությունը ցույց է տալիս, որ չի լինում։ Եթե 1500 տարին քիչ է եղել դա հասկանալու համար, 100 օրը չի օգնի։ Այնպես որ, պետք է ժամանակ տալ կառավարիչներին։ Հնարավորություն տալ փորձել «կոշտ» տարբերակը։ Եվ հնարավորություն չտալ ձախողումը բարդել ուրիշների վրա։

Հայաստանի ներքաղաքական կյանքը այս ճակատագրական ամիսներին չի կարող իրեն թույլ տալ ղեկավարվելու «ընդդմիություն֊իշխանություն», «պայքար իշխանության համար» հասկացություններով։

Խորապես մերժելով «ազգային առանձնահատկություն», «ազգային համաձայնություն», «համազգային թեկնածու» եւ այս շարքից այլեւայլ հակագիտական, բնության մեջ ու հասարակական կյանքում չհանդիպող հասկացությունները, չեմ կարող սակայն չարձանագրել, որ առանձնահատուկ պահ է այսօր մեր ժողովրդի կյանքում, եւ առանձնահատուկ ճգնաժամ է մեր պետականության ձախորդ ընթացքի սակավաթիվ կայացած հատվածներից մեկում, ― եւ այս պահին մերժելի է ինձ համար իշխանափոխության, իշխանաձգտման դասագրքային նորմը։

Թող մնան՝ կառավարեն։ Թող լուծում տան Ղարաբաղի հարցին եւ իշխեն 30 տարի։

Գողանում են՝ վաղը քիչ կգողանան, դեմոկրատ չեն՝ կդառնան, լեգիտիմ չեն՝ լեգիտիմ կդառնան, փորձ չունեն՝ ձեռք կբերեն, աշխատատեղ չկա՝ կստեղծեն, թանկ է՝ կէժանանա, միայն թե լուծում գտնեն Ղարաբաղի հարցին։ Քանի դեռ Ղարաբաղ ժողովուրդ մնացել է։ Քանի դեռ Հայաստանը դիմանում է։