«Շարժումը շարունակելու է իր քաղաքական գործունեությունը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Շարժումը շարունակելու է իր քաղաքական գործունեությունը |հեղինակ = Վանո Սիրա...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 20:40, 22 Հոկտեմբերի 2013-ի դրությամբ

Շարժումը շարունակելու է իր քաղաքական գործունեությունը

հեղինակ՝ Վանո Սիրադեղյան
աղբյուր՝ «Երկիր։ Ցպահանջ…», «Հայք» 17.02.1998 թ․

ՀՀՇ 10֊րդ համագումարում ունեցած ելույթից


Հայոց Համազգային Շարժումն իր 10֊րդ համագումարը հրավիրում է խիստ յուրահատուկ իրավիճակում։ Յուրահատուկ նախ՝ երկրի համար, որտեղ առաջին անգամ է տեղի ունենում ընտրովի մարմիններից մեկի լիազորությունների վաղաժամկետ դադարում եւ արտահերթ ընտրություններ, եւ յուրահատուկ՝ կազմակերպության համար, որ 1990 թ․֊ այս կողմ առաջին անգամ համագումար է հրավիրում ոչ որպես հաղթած կազակերպություն, այլ որպես քաղաքական իշխանության լծալներից հեռացած կամ հեռացված ուժ։

Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման առիթով լարվեց երկրի ներքաղաքական դաշտը։ Տեղաշարժեր առաջացան հասարակական տրամադրություններում, ինչին նպաստեց մասնավորապես սոցիալական լարումը։ Չի բացառվում, որ որոշակի դեր խաղացին արտաքին ազդակները։ Այս ամենը հանգեցրեց իշխանության ներսում ուժերի տարանջատման, ապա եւ դրանք հարաբերակցության կտրուկ փոփոխության։

Հանրապետության նախագահը ըստ էության կանգնեց երկընտրանքի առջեւ՝ կամ օգտագործել իր սահմանադրական լիազորությունը լուծելու համար հանգույցը, ինչը, սակայն, արդեն հղի էր այս տարիներին մեր ամենափայփայած արժեքներից մեկի՝ երկրի ներքին կայունությունը վտանգելու հեռանկարով, կամ հրաժարական տալ՝ հանուն այդ արժեքի անխաթարության։

Բնական է, որ դրան պետք է հետեւր Ազգային ժողովում, կառավարությունում եւ գործադիր իշխանության այլ պատասխանատու օղակներում իր քաղաքական համախոհների նույնպիսի քայլը։

Նկատի ունենալով կատարված իրադարձությունների անակնկալությունն ու գլխապտույտ արագությունը, դրանց թերեւս չափազանց թարմությունը, ամբողջովին մարսված չլինելը, եւ մանավանդ նախընտրական պատասխանատու շրջանում լրացուցիչ կրքեր չբորբոքելու մտահոգությունը, կարծում եմ՝ ճիշտ չի լինի փորձել ավելի մանրամասն անդրադառնալ կատարվածին։ Այսօր վերջնական գնահատականները կարող են լինել ոչ ճշգրիտ եւ ոչ լիարժեք փաստարկված։

Սակայն այսօր կարելի է եւ անհրաժեշտ է արձանագրել մի շարք իրողություններ, որոնք լրացուցիչ փաստարկման կարիք ունեն․

ա․ Ոչ թե մենք, այլ օտարները, երբեմն նույնիսկ մեր ընդդիմախոսները Հանրապետության նախագահի՝ տվյալ իրավիճակում կատարած քայլը գնահատում են որպես տասնամյակների ու հարյուրամյակների պետականության ու ժողովրդավարության ավանդույթներ ունեցող քաղաքակիրթ երկրին վայել արժանապատիվ երեւույթ, որով երկիրը դուրս է բերվում ներքաղաքական ճգնաժամից։

բ․ Հայոց Համազգային Շարժման համար արժեքների սանդղակում ազգ, երկիր, պետություն, հասարակություն, ներքաղաքական կայունություն, ժողովրդավարություն հասկացություններն ու երեւույթներն այնուամենայնիվ ավելի բարձր տողերի վրա են գտնվում, քան կուսակցական, առավելեւս խմբակային ու անհատական շահերը։ Հայ իրականության մեջ առաջին անգամ, կարծեմ, սա ասվում է ոչ միայն խոսքով, այլեւ ցուցադրվում է գործով։

գ․ ՀՀՇ֊ն կարող է արձանագրել նաեւ, թե ինչ է թողնում իշխանության եկած ուժերին։ Լեռնային Ղարաբաղի կարգավորման տարբերակի այդքան կրքեր հարուցած քննարկումներում բոլոր կարգի ընդդիմախոսները միաբերան այն հայտարարում էին «պարտվողական»՝ անհարիր համարելով մեր առկա ռազմական հզորությանը, տնտեսական պոտենցիալի կենսականությանը, բարոյապես ամուր եւ առողջ հասարակությանը՝ Լեռնային Ղարաբաղի ազատագրված եւ արդեն չորս տարի խաղաղության մեջ գտնվելու փաստին։ Այս ամենը ստեղծվել է ՀՀՇ֊ի քաղաքական իշխանության տարիներին, որոնք նրա գաղափարախոսության իրականացման արդյունքն են։

Թվարկումը կարելի է եւ շարունակել, եւ մանրամասնել։ Սակայն այս դեպքում եւս ձեռնպահ մնանք, մանավանդ որ պակասում է համեմատության դաշտը։

Մենք ունեցել ենք նաեւ ՀՀՇ գաղափարախոսությունից եւ ընդհանրապես պետական շինարարության առողջ հիմնադրույթներից բխող ձգտումներ, որոնց կարողացանք հասնել։ Ժողովրդավարության եւ ներքին կայունության գրավականներից մեկը համարել ենք ընտրովի մարմինների ցիկլայնության պահպանումը։

Համոզված եմ, որ անկախ նրանից, թե ինչպիսի ուժեր կգան իշխանության, այս նույն մոտեցումը կպահպանենք նաեւ հետագայում։

Հնարավոր առավելագույնը անելով Լեռնային Ղարաբաղի համար, առաջնորդվել ենք հարեւանների հետ խաղաղ ապրելու, վիճելի հարցերը միայն խաղաղ ճանապարհով կարգավորելու մեր ծրագրային սկզբունքով։ Չենք զիջել անկախ պետականության էությունից, բոլոր երկրների հետ պահպանել ենք հավասար գործընկերոջ մեր կեցվածքը։

Ունեցել ենք նաեւ սխալներ, կոպիտ սխալներ։ Ինչպես արդեն ասացի, առաջիկայում կգա ճիշտն ու սխալը, արածն ու չարածը իմաստավորելու, եզրակացությունների գալու պահը։

Վերադառնամ նախորդ համագումարում ունեցած ելույթի հիմնական դրույթներից մեկին․ «Քաղաքական ողջամտությունը չկորցնելու համար դադարներ են պետք», դադարներ են պետք՝ լինես իշխող, թե ընդդիմադիր, հաղթած, թե պարտված;

Տեւական գերլարումն ու մտասեւեռումը կարող են առաջացնել անհաղթահարելի կոմպլեքսներ։ Իսկ դրանք կրողների բախումից կարող է տուժել մի ամբողջ երկրի ու ժողովուրդ։

Ժողովուրդը փորձադաշտ չէ կուսակցությունների համար, որտեղ նրանք հոգան իրենց ինքնահաստատման խնդիրը։ Կուսակցությունների քաղաքական ծրագրերն ու գաղափարներն են դաշտ հասարակության համար, որտեղ վերջինս պետք է ընտրություն կատարի եւ որոշի իր ապրելու ձեւը։ Համեմատության մեջ է որոշվում լավն ու լավագույնը։ Հասարակությունը գուցե փորձել է ուզում մի այլ ապրելակերպ։ Եթե այլ գաղափարներ ու սկզբունքներ կրող նոր իշխանությունները ծառացած խնդիրները կլուծեն ավելի արդյունավետ, փառք իրենց, եւ ՀՀՇ֊ն համապատասխան հետեւություններ կանի՝ ձգտելով լինել ավելի լավը։

Կարծում եմ՝ այդ ամենը հուշում է միակ իրատեսական, տրամաբանական, ինչու չէ, նաեւ արժանապատիվ որոշումը, որին, հույս ունեմ, կհանգի համագումարը։ Արտահերթ նախագահական ընտրություններում ՀՀՇ֊ն չպետք է թեկնածու առաջադրի։

Եվ, այնուամենայնիվ, որպես կարեւորագույն քաղաքական միջոցառում, ՀՀՇ֊ն պետք է մասնակցի ընտրություններին։ Մասնակցության ձեւը կարտահայտվի ընտրություններին մասնակցելու քաղաքացիական պարտականության կատարմամբ, հանձնաժողովներում մեր քվոտաների շրջանակներում ակտիվ եւ անկողմնակալ աշխատանքով։

Որպես քաղաքական կազմակերպություն՝ ՀՀՇ֊ն շարունակելու է իր քաղաքական գործունեությունը՝ մասնավորապես իր խորհրդարանական խմբակցության միջոցով, իր կառույցներով, մամուլով։

Մենք ժամանակի դատին ենք հանձնել որպես քաղաքական իշխանություն կրողների մեր կեցվածքը, այժմ էլ վիճակված է փորձել կառուցողական, քաղաքակիրթ ընդդիմության դերը։ Հուսանք, որ երկուսն էլ կլինեն օրինակելի։