«Մեկ ամբողջի երկու կեսերը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Մեկ ամբողջի երկու կեսերը |հեղինակ = Վիլիամ Թեն |թարգմանիչ = Ջ․ Ղազարյան (ռո...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 02:44, 1 Նոյեմբերի 2013-ի դրությամբ
հեղինակ՝ Վիլիամ Թեն |
- Տիեզերական 1001625 սահմանապահ կետի հրամանատար, տիեզերք֊սերժանտ Օ֊Դիկ֊Վեի գալակտագիրը Վեգա XXI գալակտիկական պարեկային շտաբի սերժանտ Հոյ֊Վե֊Շալտին։ (Հատուկ նշումներ․ հաղորվում է որպես մասնավոր տեղեկացում եւ վճարված է սովորական գերտիեզերական տարիֆով)։
Սիրելի Հոյ։
Ներիր, որ ստիպված եմ նորից անհանգստացնել, բայց, սիրելիս, գործերս խառն են։ Խոսքը չի վերաբերում իմ մի որեւէ կոնկրետ զանցանքին․ ես պարզապես չկարողացա ճիշտ որոշում ընդունել։ Նախազգում եմ, որ Ծերուկը հաստատ ինձ կկպցնի պաշտոնական պարտականությունների խախտում։ Բայց քանի որ համոզված եմ, թե նա էլ գլուխը կկորցնի, հենց որ տեղ հասնեն բանտարկյալները, որոնց ուղարկում եմ փոքր լուսային արագությամբ (ես արդեն տեսնում եմ, թե ոնց է նրա ծնոտը ցած կախվում ու մի դյուժին կզակներն էլ դողում են), հույսս չեմ կորցնում, որ դու կհասցնես խորհրդակցել Շտաբի լավագույն օրենսգետների հետ եւ գործողության որեւէ պլան կմշակես։ Ցանկացած ընդունելի պլանը։ Միգուցե, Ծերուկն այդ դեպքում կների ինձ, որ ես նրա վզին եմ փաթաթել սեփական պրոբլեմներս։
Եվ, այնուամենայնիվ, չեմ կարողանում անջատվել այն մտքից, որ Գլխավոր Շտաբը այդ գործի պատճառով ավելի շատ կխրվի, քան ես ու իմ ենթակաները, որից հետո Ծերուկն անպայման կհիշի, թե անցյալ անգամ ինչ կատարվեց 1001625 տիեզերական պարեկային ծառայության կետում՝ եւ այնժամ, Հոյ, վախենամ, որ դու մեկ սպոր֊զարմիկ պակաս կունենաս։
Հուսով եմ, որ ճիշտ կհասկանաս ինձ, բայց այս ամենը բավական կեղտոտ գործ է։ Ավելին՝ հնարավոր չէ։ Ես ուզում եմ ասել, որ դա անպարկեշտ է այս բառի ամենավատ իմաստով։
Ինչպես դու, անկասկած, կռահեցիր, այս շիլափլավը սկսվեց այդ տաղտկալի ու խոնավ Երրորդ Սոլ մոլորակում որին նրա բնակիչների մեծ մասն անվանում է Երկիր։ Անիծյալ երկոտանի անբաններ։ Նրանք ավելի շատ են անքուն գիշերներ պարգեւում ինձ, քան իմ սեկտորի մյուս բոլոր բանական տեսակները միասին վերցրած։ Տեխնիկական տեսակետից բավական զարգացած լինելով հանդերձ (երկրացիները գտնվում են զարգացման տասնհինգերորդ աստիճանի վրա, այսինքն տիրապետում են միջմոլորակային ճանապարհորդությունների տեխնիկային), նրանք, սակայն, մի անբողջ հարյուրամյակով ետ են մնացել այդ նվաճումներին ուղեկցող 15A աստիճանից՝ բարեկամական առընչումներ գալակտիկական մյուս քաղաքակրթությունների հետ։
Ահա թե ինչու մեզանում նրանք հաշվվում են Գաղտնի հսկողության ստատուտի մեջ, իսկ դա նշանակում է, որ ես ստիպված եմ այդ մոլորակում պահել երկու հարյուր գործակալ, նրանց դնելով պրոտոպլազմայից բաղկացած անհեթեթ ու անհարմար պատյանների մեջ, որպեսզի այդ տխմարներին խանգարենք ինքնասպան լինել, չսպասելով հոգեւոր կատարելության ոսկեդարի սկսվելուն։ Եվ ի լրումն բոլոր դժբախտությունների, իմ խնամարկյալ համակարգը բաղկացած է իննը մոլորակներից, այնպես որ ես ստիպված եմ իմ Շտաբը տեղավորել ոչ հեռու, քան Պլուտոն կոչվող մոլորակում, այսինքն այնպիսի տեղում, որտեղ ձմեռը էլի մի քիչ տանելի է, իսկ ամառվա շոգն ուղղակի անտանելի է։ Հավատա ինձ, Հոյ, տիեզերական սերժանտի գոյությունը բնավ «գլուր սկիբեթս» չի, ինչ էլ որ այդ առթիվ մտածեն այդտեղ ձեզ մոտ, թիկունքում։
Ճիշտ է, պետք է նշեմ, որ այս անգամ խառնակիչները Սոլ III֊ի բնակիչները չէին։ Այն ժամանակներից ի վեր, երբ առանց որեւէ նախազգուշացման, բոլորի համար անսպասելիորեն երկրացիները գլխի ընկան ճեղքել միջուկը (ինչը անձամբ ինձ վրա մի ուսաթել նստեց), ես այդ մոլորակում կրկնապատկեցի գաղտնի գործակալներիս թիվը, ամենայն խստությամբ հրամայելով նրանց անմիջապես զեկուցել Երկրում տեխնիկական առաջադիմության նվազագույն իսկ առկայծումների մասին։ Համոզված եմ, որ հետագայում հազիվ թե երկրրացիներին հաջողվի առանց իմ գիտության ստեղծել նույնիսկ ժամանակի պարզագույն մեքենա։
Ոչ, ոչ, այս անգամ ամեն ինչ սկսվեց Ռուֆ VI֊ում, մոլորակ, որին անդրենածիններն անվանում են Գթետ։ Նայիր քո ատլասը, Հոյ, ու կտեսնես, որ Ռուֆ VI֊ը միջին մեծության դեղին գաճաճ է, եւ գտնվում է Գալակտիկայի ծայրում։ Այդ աննշան մոլորակը միայն վերջերս է ձեռք բերել Տասնիններորդ Աստիճանի՝ նախնական միջմոլորակային քաղաքացիության ստատուտը։
Գթետացիները իրենցից ներկայացնում են ամյուբանման ռասա, նրանք արտադրում են բաց գույնի աշկեբաս, որը արտահանում են Ռուֆ IX եւ Ռուֆ XII։ Նրանք սոսկալի անհատապաշտներ են եւ մինչեւ հիմա չեն կարողացել հարմարվել կենտրոնացված հասարակարգում։ Չնայած բարձր զարգացած քաղաքակրթության պայմաններում արդեն մի քանի հարյուրամյա գոյությանը, գթետացիների մեծ մասը օրենքն ընդունում է ավելի շուտ որպես հնարամիտ գլուխկոտրուկ, եւ ոչ թե իբրեւ ապրելակերպի համընդհանուր ուղեցույց։
Իմ երկոտանի երկրացիների ու նրանց միացությունից վա՞տ խառնուրդ չի ստացվում, չէ։ Բայց շարունակում եմ։ Գթետում ապրում էր ոմն Լʼպեյր՝ համայն մոլորակի ամենալկտի օրինազանցը։ Նա կատարել է իրենց մոտ հնարավոր գրեթե բոլոր հանցագործությունները եւ խախտել է գրեթե բոլոր հնարավոր արգելքները։ Եթե հաշվի առնենք, որ մոլորակի բնակչության գրեթե քառորդը կանոնավոր կերպով ընկնում է ուղղիչ աշխատանքային ճամբարներ, ապա Լʼպեյրի անպատիժ մնալը նրա ցեղակիչների կողմից դիտվում էր որպես եզակի երեւույթ։ Իզուր չէ, որ գթետացիների ասացվածքներից մեկը ասում է․ «Դու Լʼպեյրի նման ես,— երբեք չգիտես, թե որտեղ պիտի կանգ առնես»։
Սակայն վրա հասավ այն պահը, երբ գթետացիները որոշեցին լկտիի նկատմամբ ուժ գործադրել։ Նա կալանավորվեց եւ մեղադրվեց ընդհանուր հաշվով 2342 խախտումների մեջ՝ մեկով պակաս, քան պահանջվում էր նրան պերմանենտ հանցագործ ճանաչելու համար, այսինքն՝ ցմահ բանտարկության դատապարտելու համար։ Լʼպեյրը հերոսական ճիգ գործադրեց աշխարհիկ կյանքի հետ կապերը խզելու եւ իրեն ինքնահայեցողության եւ բարեգործության նվիրելու համար, բայց, ավաղ, նման որոշման համար արդեն շատ ուշ էր։ Ինչպես նա պնդում էր նախնական քննության ժամանակ իմ տեղամասում, նրա մտքերը կամքից անկախ, համառորեն վերադառնում էին անօրենություններին, որ դեռ ինքը չէր գործել, եւ ուղեղում ծնունդ էին առնում նորանոր հանցագործ ծրագրեր, որոնց վիճակված չէր իրականանալ։
Եվ ահա մի անգամ, բոլորովին պատահաբար, ըստ էության նույնիսկ չնկատելով, նա գործեց եւս մեկ ծանր հանցանք։ Նա խախտեց ոչ միայն իր մոլորակի քաղաքացիական, այլեւ բարոյական կոդեքսը։ Լʼպեյրի հանցագործությունն այնքան ստոր էր եւ նողկալի, որ ամբողջ հասարակությունը զայրացած էր։ Նրան բռնել էին, երբ պատանի գթետացիներին պոռնոգրաֆիական նկարներ էր վաճառում։
Այս յուրովի նշանավոր էակի թուլթությունների նկատմամբ զիջողամտությունը փոխվեց զայրույթի եւ արհամարհանքի։ Նույնիսկ տեղական Մոլի Անհաջողակների Միությունը մերժեց հանցագործի խնդրանքը՝ նրա համար հանգանակությամբ փող հավաքել եւ վերցնել երաշխավորության տակ։ Դատի օրը մոտենալուն զուգընթաց ավելի ու ավելի ակնհայտ էր դառնում, որ այս անգամ Լʼպեյրը էլ չի պրծնի։ Անհրաժեշտ էր փախչել։ Ուրիշ ելք չկար։
Եվ այդժաք նա կատարեց ամենափառահեղ օյինբազությունը։ Չնայած օրուգիշերվա հսկողությանը, նա դուրս պրծավ հերմետիկ զոդված վանդակից (թե՝ ինչպես, ինձ մինչեւ հիմա չի հաջողվել իմանալ, քանզի նա համառորեն լռում էր մինչեւ իր մահը կամ էլ չգիտեմ ինչը) ու հասավ բանտից ոչ հեռու գտնվող տիեզերակայանը։ Այստեղ նա հաջողացնում է սողոսկել տիեզերանավի մեջ (իսկ դա գթետացիների առեւտրական նավատորմի հպարտությունն էր, տիեզերական վերջին մոդելը, որը սարքավորված էր կրկնակի կարգավորում ունեցող հիպերտարածական շարժիչով)։
Տիեզերանավը դատարկ էր, նա սպասում էր հրամանի, որ կատարեր իր առաջին փորձնական թռիչկը տիեզերքում։
Այն մի քանի ժամվա ընթացքում, երբ փախուստը դեռ ի հայտ չէր բերվել, Լʼպեյրը կարողացավ գլուխ հանել նավի ղեկավարման սխեմայից եւ տիեզերանավը բարձցացնել հիպերտարածություն։ Սակայն նա տեղյակ չէր, որ գտնվում է փորձնական մոդելի մեջ, որի վրա սարքած հաղորդիչով գթետանյան բոլոր նավահանգիստներն հետեւում էին տիեզերանավի ընթացքին։ Այդպիսով, թեեւ գթետանյան ոստիկանությունը անկարող էր հետապնդել փախստականին, սակայն ստույգ գիտեր նրա գտնվելու վայրը։ Կարգուկանոնի հարյուրավոր ամյոբանման պահապաններ փորձեցին իրենց հնամոլ հրթիռներով հետապնդել հանցագործին, սակայն նրանց նավերի արագությունը հարյուր անգամ զիջում էր Լʼպեյրի նավի արագությանը, եւ մեկ ամիս տեւած երկարաձիգ եւ հոգնեցուցիչ տիեզերական հետապնդումից հետո նրանք նահանջեցին եւ ձեռնունայն վերադարձան իրենց բազաները։
Լʼպեյրը երազում էր թաքնվել Գալակտիկայի մի որեւէ խուլ ու պարզունակ անկյունում։ Սոլ համաստեղության շրջանը ամենից հարմարն էր նրա նպատակին։ Նա հիպերտարածությունից նութականացավ Երրորդ եւ Չորրորդ մոլորակների միջեւ ընկած ճանապարհի կեսին ինչ֊որ տեղ, բայց դա արեց բավական անշնորհք ձեւով եւ ծախսեց իր ամբողջ վառելանյութը։ Չէ որ նրա ռասայի նույնիսկ ամենալավագույն ուղեղները նոր էին ձեռնամուխ եղել կրկնակի կարգավորումով հիպերտարածական շարժիչի ստեղծմանը։ Ինչեւիցե, նա հասավ Երկիր, չնայած՝ մեծ դժվարությամբ։
Վայրէջքը տեղի ունեցավ գիշերը, անջատված շարժիչներով, եւ այդ պատճառով էլ ոչ մի երկրացի չնկատեց նրան։ Լʼպեյրը գիտեր, որ այս մոլորակի վրա կյանքի հատուկ պայմանների պատճառով իր շարժունակությունը բավականին սահմանափակ կլինի։ Միակ հույսն այն էր, որ օգնություն ստանար Երկրի բնակիչներից։ Անհրաժեշտ էր այնպիսի վայր ընտրել, որտեղ երկրացիների հետ նրա առնչումները լինեին առավելագույն, իսկ նավը պատահաբար հայտնաբերելու հնարավորությունը՝ նվազագույն չափով։
Նա վայրէջք կատարեց Չիկագոյի արվարձանում, մի ամայի տեղում ու արագ հողի տակ թաղեց իր նավը։ Իսկ այդ ընթացքում գթետանյան ոստիկանությունը դիմեց տեղի Գալակտիկական պարեկության հրամանատարին, այսինքն՝ ինձ։ Նրանք հայտնեցին Լʼպեյրի կոորդինատները եւ պահանջեցին ձերբակալել։ Ես նրանց բացատրեցի, որ տվյալ էտապում իրավական հիմքեր չունեմ միջամտելու, քանի որ կատարված հանցագործությունը տիեզերական բնույթ չի կրում։ Նավի գողանալը հանցանք է Լʼպեյրի հայրենի մոլորակում, այլ ոչ թե տիեզերքում։ Այ եթե, գտնվելով Երկրում, նա կխախտի որեւէ գալակտիկական օրենք, թեկուզ աննշան չափով կխանգարի խաղաղ գոյակցությանը…
— Իսկ դուք ինչպե․ս եք գնահատում այս փաստը,— հեգնանքով հարցրեց ինձ Գթետի ոստիկանության շեֆը։— Չէ որ Երկիրը գտնվում է Գաղտնի Հսկողության ստատուտի մեջ, եւ, ինչպես ես կարծում եմ, բարձրագույն քաղաքակրթություններին դրսից նրան հաղորդակից դարձնելը համարվում է անօրինական։ Եվ միթե կրկնակի կարգավորում ունեցող հիպերտարածական շարժիչով սարքավորված նավով Լʼպեյրի վայրէջքը Երկիր՝ բավականաչափ հիմք չէ նրան կալանավորելու համար։
— Երկրի վրա կատարած վայրէջքը,— պատասխանեցի ես,— ինքնին դեռեւս հիմք չէ կալանավորելու համար։ Դրա համար պետք է, որ մոլորակի բնակիչները նկատեն նավը եւ հասկանան, թե դա ինչ է ներկայացնում իրենից։ Ինչպես մեզ հայտնի է, նման բան տեղի չի ունեցել։ Քանի դեռ Լʼպեյրը գնվում է թաքստոցում, մեր մասին տեղեկություններ չի տարածում եւ չի օժանդակում Երկրում տեխնիկական առաջադիմության անժամանակ զարգացմանը, մենք պարտավոր ենք հարգել նրա իրավունքները՝ որպես Գալակտիկայի քաղաքացու իրավունքներ։ Ես փաստացի հիմքեր չունեմ նրան ձերբակալելու համար։
Գթետացիները մի քիչ փնթփնթացին, թե ինչի համար են իրենք աստղային հարկ վճարում, բայց հարկադրված էին համաձայնվել ինձ հետ։ Ի դեպ, նրանք ինձ զգուշացրին, որ Լʼպեյրի քրեական հակումները վաղ թե ուշ զգացնել կտան իրենց մասին։ Նա հայտնվել էր բոլորովին աներեւակայելի վիճակում, Երկրից թռչելու համար անհրաժեշտ վառելանյութ ձեռք բերելու համար նա այս կամ այն կերպ պետք է դիմի խարդախության, եւ այդ դեպքում նրանք պահանջում են, որ ձերբակալման վերաբերյալ իրենց խնդրանքը բավարարվի։ Ես լսեցի, ինչպես ոստիկանության շեֆը, ընդհատելով կապը, Լʼպեյրին անվանեց «ցեցը կերած մկան քուռակ»։
Քեզ հո պետք չի բացատրել, Հոյ, թե ինչ զգացի, երբ մտածեցի հարուստ երեւակայությամբ եւ սուր մտքով օժտված այդ ամյոբանման հանցագործի մասին, որը կարող է ազատ գործել կուլտուրական տեսակետից այսքան անկայուն Երկիր մոլորակում։ Ես տեղեկացրի Հյուսիսային Ամերիկայում գտնվող բոլոր գործակալներիս, հրամայեցի զգոն լինել, իսկ ինքս սկսեցի սպասել իրադարձություններին, աստվածավախ կերպով հանգույց գցելով շոշափուկներս։
Իմ գրեթե բոլոր խոսակցությունները Լʼպեյրը լսել էր ընդունիչով։ Բնականաբար, նա առաջին հերթին նավից հեռացրեց այն սարքը, որը գթետանյան լոկատորներին թույլ էր տալիս հետեւել իրեն։ Հետո հենց որ մթնեց, նա (ըստ երեւույթին, բավական դժվարությամբ) իր նավը փոխադրեց քաղաքի մյուս ծայրը։ Եվ դարձյալ կարողացավ աննկատ մնալ։
Իր նոր բազայի համար ընտրելով ետնախորշերի շրջանը, որ նախատեսված էր քանդվելու եւ հետեւաբար անբնակ էր, նա ձեռնամուխ եղավ հիմնական պրոբլեմի լուծմանը, քանզի, Հոյ, նրա առջեւ դրված էր առաջնահերթ կարեւորության պրոբլեմ։ Որքան էլ որ չէր ուզում գործ ունենալ Պարեկության հետ, նա հասկանում էր, որ եթե շուտափույթ չկարողանա վառելանյութ ճարել՝ բանը բուրդ է։ Վառելանյութը հարկավոր էր ոչ միայն Երկրից հեռանալու, այլեւ կոնվերտերները գործի դնելու համար, որոնք այդ պարզունակ նավում մնացուկները փոխակերպում էին օգտագործման համար պիտանի օդի եւ սննդամթերքի։
Նրա ժամանակը շատ քիչ էր, հնարավորությունները՝ առավել եւս։ Նավում եղած սկաֆանդրները (որոնք բավական հնարամտորեն էին սարքված եւ միանգամայն հարմարեցված էին այն բանին, որ անկայուն ձեւեր ունեցող էակները կարողանան օգտվել դրանցից) հաշվի չէին առնված այնպիսի պարզունակ մոլորակի համար, ինչպիսին Երկիրն է․ դրանք թույլ չէին տալիս երկար ժամանակով հեռանալ նավից։
Լʼպեյրը գիտեր, որ Պարեկային Կետին հայտնի է, որ ինքը գտնվում է Երկրում, ու մենք միայն առիթի ենք սպասում, որպեսզի ձերբակալենք իրեն։ Բավական է, որ ինքը խախտի վաղուց մոռացված օրենքի մի որեւէ աննշան կետը, մենք իսկույն կհարձակվենք իր վրա եւ ոչ երկար դիվանագիտական ձեւականություններից հետո իրեն կուղարկենք Գթետ։ Նրա նավը չի փախչի պարեկության հրթիռից։ Պարզ էր, որ սկզբնական պլանը՝ սրընթաց հարձակում գործել երկրացիների մի որեւէ վառելանյութի պահեստի վրա՝ շարքից դուրս է գալիս։ Մնում էր վերջին հույսը՝ ազնիվ ապրանքափոխանակությունը։ Հարկավոր էր գտնել այնպիսի երկրացի, որին կարելի լիներ առաջարկել մի որեւէ առարկա, որը հավասարարժեք լիներ (համենայն դեպս՝ երկրացու կարծիքով) վառելանյութի արժեքին, վառելանյութ, որի շնորհիվ տիեզերանավը Լʼպեյրին կհասցներ տիեզերքի մի խուլ, ոստիկանության աչքից հեռու ընկած անկյուն։ Սակայն նավի վրա եղած բոլոր առարկաները կենսականորեն անհրաժեշտ էին թռիչքի համար, բացի այդ, Լʼպեյրը հասկանում էր, որ ինքն այնպես պետք է գործարք կատարի, որ նախ՝ ա) չբացահայտի Գալակտիկական քաղաքակրթության գոյության գաղտնիքը եւ բնույթը, բ) երկրացիներին նոր խթան չտա տեխնիկական առաջադիմության համար։
Ավելի ուշ նա խոստովանեց, որ այս պրոբլեմի մասին մտածում էր այնքան ժամանակ, մինչեւ որ իր միջուկը հարմոնի պես ծալծլվեց։ Նա ծայրից ծայր տնտղեց նավը, բոլոր ծակուծուկերը նայեց, բայց այն ամենը, ինչ կարող էր պետք գալ մարդուն՝ կամ կենսականորեն անհրաժեշտ էր թռիչքի համար, կամ էլ գլխովին մատնում էր տիեզերական հյուրին։
Եվ հանկարծ, երբ Լʼպեյրը պատրաստ էր ընդունել իր պարտությունը, գտավ փնտրածը, այն նյութը, որի օգնությամբ կատարեց իր վերջին հանցագործությունը։
Բանը նմանումն է, սիրելի Հոյ, որ, գթետյան օրենքներով, կատարված հանցագործության բոլոր իրական ապարույծները մինչեւ դատի օրը մնում են մեղադրյալի մոտ։ Դա բացատրվում է մի շարք պատճառներով, որոնցից կարեւորն այն է, որ գթետացիների մոտ գոյություն ունի հանցավորության պրեզումպցիա, այիսնքն՝ կալանավորը հանցավոր է համարվում այնքան ժամանակ, քանի դեռ խաբեության, իրավական կատեգորիաների հնարամիտ նենգափոխման եւ մանիպուլյացիաների օգնությամբ նրան հաջողվում է համոզել ո՛չ ստին, ո՛չ ճշտին հավատացող ցինիկ ատենակալներին, որ թեեւ իրենք համոզված են հակառակում, բայց իրենց ոչինչ չի մնում անել, քան անմեղ հայտարարել հանցավործին։ Եվ քանի որ նման դեպքում հարձակվող կողմը մեղադրյալն է, բոլոր հանցանշանները գտնվում են նրա ձեռքում։ Նայելով իրեն մերկացնող նյութին, Լʼպեյրը եկավ այն եզրակացության, որ անհրաժեշտ գործարքը, վերջապես, կկայանա։ Պետք էր միայն գնորդ ճարել։ Ոչ թե այնպիսի մարդ, որ կուզենար գնել Լʼպեյրի ծախածը, այլեւ այնպիսի մարդ, որը կունենար գթետացուն անհրաժեշտ վառելանյութը։
Տասնիններորդ Աստիճանի վրա գտնվող գթետացիները օժտված են հեռազգացության պարզունակ ունակությամբ, բնականաբար՝ կարճ տարածության վրա եւ կարճ ժամանակամիջոցով։ Եվ այսպես, գիտակցելով, որ իմ գործակալները արդեն սկսել են իրեն հետապնդել եւ որ եթե ես գտնեմ իր հետքը, ապա գործողությունների ազատությունը բավական կսահմանափակվի, Լʼպեյրը տենդագին ստուգել սկսեց իր թաքստոցից երեք թաղամաս շառավիղով տարածության վրա գտնվող երկրացիների գիտակցությունը։
Օրերն անցնում էին։ Նա մի ուղեղից նետվում էր դեպի մյուսը, այն ուտիճի նման, որը տաք ճեղք է ճնտրում։ Հրթիռի կոնվերտերի հզորությունը նախ ստիպված եղավ պակասեցնել երկու անգամ, հետո երկու երրորդով, որը հանգեցրեց սննդային ռացիոնի կրճատման։ Նա քաղցած էր մնում։ Անբավարար շարժողունակության պատճառով նրա կրճատման վակուոլը դարձավ գնդասեղի գլխիկի չափ։ Էնդոպլազման կորցրեց առողջ ուռուցիկությունը, որը բնորոշ է նորմալ այուբանման էակի համար, դարձավ թափանցիկ եւ ահաբեկիչ բարակ։
Եվ ահա մի գիշեր, երբ Լʼպեյրն արդեն գրեթե որոշել էր գողության գնալ, նրա միտքը հանկարծ բախվեց պատահական անցորդի ուղեղին, ռիկոշետով թռավ ետ դեպի գթետացու գիտակցությունը, քննարկվեց այնտեղ եւ խրախուսվեց։ Վերջապես նա հանդիպեց այն միակ գնորդին, որը ոչ միայն իրեն կմատակարարի անհրաժեշտ նյութեր, այլեւ (ինչը հատկապես կարեւոր էր) կբացի գթետանյան պոռնոգրաֆիան սպառելու շուկա։ Այլ կերպ ասած՝ նրա ճանապարհին հայտնվեց միսթր Օսբորն Բլետչը։
Երկոտանիների մատաղ սերնդի այս տարեց դաստիարակը հետաքննության ողջ ընթացքում համառորեն պնդում էր, որ իր գիտակցությունը ոչ մի բռնադատման չի ենթարկվել։ Ինչպես պարզվեց, նա ապրում էր այդ ամայի տարածության հակառակ կողմում, նոր տանը եւ, որպես կանոն, միշտ շրջանցում էր այդ ամայի վայրը, խուսափելով ավերակներում թաքնվող մարդկային առանձնյակների ստորին տիպերի ագրեսիվությունից։ Սակայն այդ երեկո երկար էր տեւել մանկխորհուրդը, նա շատ էր քաղցածացել (ինչ շատ հազվադեպ է իր հետ պատահում) եւ որոշել էր ընտրել կարճ ճանապարհը։ Նա հավատացնում է, որ նման որոշումը ինքնուրույն է նրա գլուխը մտել։
Օսբորն Բլետչի պատմելով, վճռական քայլերով անցնում էր ավերակների միջով, ուրախ թափահարելով հովանոցը, երբ հանկարծ նրան թվաց, թե ձայն լսեց։ Նա պնդում է, որ հենց ամենասկզբից «թվալ» բառը զուգորդվում է այն բանի հետ, ինչ ինքը լսեց, քանզի այդ ձայնը, օժտված լինելով որոշակի բարձրությամբ եւ ինտոնացիայով, բացարձակապես անլսելի ասաց․
— Հե՜յ, բարեկամ, հալա մի մոտ արի։
Բլետչը ետ շրջվեց ու ուշադիր նայեց աջ կողմում թափված շինարարական աղբի կույտին։ Նրա դիմաց տնկված էր դռն դռան շրջանակի ներքեւի մասը— միակ բանը, որ մնացել էր նախտինում այստեղ կանգնած շենքից։ Չորս կողմը ոչ մի տեղ չկար, որտեղ մարդ կարողանար թաքնվել։ Բայց ձայնը այս անգամ բավական անհամբեր եւ դավադրի գարշելի մտերմիկությամբ կրկնեց։
— Մոտեցիր, մոտեցիր, ինչի՞ ես կանգնել։
— Ի֊ի֊ի՞նչ է պատահել։ Ի՞նչ է ձ֊ձ֊ձեզ պետք, սըր,— հարգալից հարցրեց Բլետչը, դանդաղ գնալով դեպի ձայնի կողմը։ Լապտերների վառ լույսը եւ հնաոճ հովանոցի ծանրությունը զգալիորեն ավելացրին, նրա իսկ սեփական բառերով, մեր ուսուցչի խիզախությունը եւ վճռականությունը։
— Եկ այստեղ, քեզ մի բան պիտի ցույց տամ։
Զգուշորեն անցնելով ջարդված աղյուսների եւ աղբի միջով, միսթր Բլետչը մոտեցավ աղբակույտին եւ դռան ձախ կողմում տեսավ այն, ինչը, երկրացու կարծիքով, նման էր կարմրավուն կպչուն հեղուկի ջրափոսի եւ ինչը իրականում Լʼպեյրն էր։
Այստեղ, Հոյ, ես պետք է ամենայն պատասխանատվությամբ Վկայեմ (հաշվետվությանս հետ ուղարկած գրավոր վկայություններն էլ կհաստատեն դա)․ միսթր Բլետչի մտքովն անգամ չանցավ, որ ճչան հագուստը, որով Լʼպեյրը հայտնվեց նրա առաջ, տիեզերական սկաֆանդր էր։ Նա չէր կասկածում նաեւ նավի գոյության մասին, որը մոլեկուլների վերածված վիճակում հուսալիորեն պահված էր դռան հետեւ թափված ջարդված աղյուսների կույտի մեջ։
Եվ չնայած միսթր Բլետչը՝ օժտված լինելով լավ երեւակայությամբ եւ ճկուն մտքով, հասկացավ, որ իր դիմաց գտնվում է տիեզերքից եկած էակ, նա չուներ այդքան տեխնիկական գիտելիքներ, որ որոշեր, թե այդ եկվորը որտեղից է եկել, կամ էլ գլխի ընկներ մեր գալակտիկական քաղաքակրթության բնույթը։ Այդպիսով, տվյալ դեպքում մենք չբախվեցինք Միջգալակտիկական 2.607.193, ճշտում 126—509 ստատուսի խախտման հետ։
— Ի՞նչ էիք ցանկանում ինձ ցույց տալ,— խոնարհ ողջունելով կարմիր ջրափոսին, ասաց միսթր Բլետչը,— եւ համարձակվում եմ հարցնել՝ որտեղից եք եկել։ Մարսի՞ց։ Վեներայի՞ց։
— Ավելորդ հարցեր մի տուր, բարեկամ։ Այդպես ավելի լավ կլինի բոլորիս համար։ Ես էնպես բան հիմա ցույց կտամ քեզ, որ մատներդ կլպստես։ Առաջին սորտի։ Կցնդես։
Միսթր Բլետչը հասկացավ, որ իրեն այլեւս չի սպառնում հարեւան խուլիգանների անակնկալ հարձակումը եւ հանկարծ հիշեց պատանի հասակում արտասահման կատարած ուղեվորությունը։ Նրա երեւակայության մեջ հառենեց փարիզյան մութ նրբանցքը եւ պատռված սվիտեր հագած մարդու առնետանման դունչը…
— Հետաքրքիր է, սա ի՞նչ կարող է լինել,— ասաց նա, ժպտալով։
Դրան հաջորդեց դադար, որի ընթացքում Լʼպեյրը նոր տպավորություններ էր ներծծում։
— Հըմ֊մ՜֊մ,— լսվեց ջրափոսից, այս անգամ ակնհայտ ճրանսիական առոգանությամբ։— Եթե մսյոն մոտենա, նա դրա համար չի զղջա։ Ես նրան մի էնպիսի բան ցույց կտամ, որ դա օ֊օ֊օ… շատ դուր կգա։ Մի վախեցեք, մսյո, մոտիկ եկեք։
Ինչպես արդեն հասկանում ես, մսյոն մոտեցավ։ Ջրափոսը փքվեց, նրա մեջտեղից դուրս մեկնվեց մի երկար շոշափուկ, որը երկրացուն պարզեց մի տափակ, քառակուսի առարկա։ Անլսելի ձայնը խռպոտ բացատրեց․
— Հլա մի տես ինչ անամոթ նկարներ են։
Ապշած Բլետչը, այնուամենայնիվ, այնքան ուժ ունեցավ, որ հոնքերը վեր բարձրացնելով, հեգնալից ծոր տա․
— Սրա՞նք։ Հըմ…
Հովանոցը աջ ձեռքից տեղափոխելով ձախը եւ մի քանի քայլ ետ֊ետ գնալով, այնտեղ, ուր լապտերների լույսն ավելի պայծառ էր, նա սկսեց ուշադիր նայել իրեն մեկնված լուսանկարները։
Երբ դու կստանաս իրեղեն ապացույցները, Հոյ, ինքդ էլ կկարողանաս համոզվել, թե ինչ բան են այդ նկարները։ Էժանագին նկարներ, որոնք նախատեսված են ամյոբակերպների ամենաստոր կրքերը բորբոքելու համար։ Ինչպես դու երեւի լսել ես, գթետացիները բազմանում են բջիջի պարզ կիսումով, բայց անպայման աղային լուծույթի առկայությյան դեպքում։ Աշխարհում կերակրի աղը բավական հազվադեպ պրոդուկտ է։ Բլետչին տրված վեց լուսանկարները պատկերում էին այն պրոցեսը, երբ աղային լուծույթով վաննայի մեջ ընկղմված մեկ ճարպոտ, անթիվ վակուոլաներով ծածկված ամյոբայից ստացվում են երկու սլացիկ գթետացի։ Որպեսզի դու պատկերացնես Լʼպեյրի բարոյալքման աստիճանը, ես պետք է քեզ հաղորդեմ այն, ինչ իմացել եմ գթետացի ոստիկաններից։ Նա ոչ միայն այդ նողկանքը վաճառում էր անչափահաս ամյոբակերպներին, այլեւ ամենայն հավանականությամբ, հենց ինքն էր պատրաստում լուսանկարները, ընդ որում որպես մոդել վերցնելով իր եղբորը (իսկ գուցե եւ քրոջը)։ Կարճ ասած, նա լուսանկարել է սեփական արգանդակից կեսին, հասկանո՞ւմ ես։ Ախ, սա շատ խառը, մութ գործ է։
Բլետչը լուսանկարները վերադարձրեց Լʼպեյրին եւ ասաց․
— Դե լավ, ես կգնեմ բոլոր վեց լուսանկարները։ Ինչքա՞ն եք ուզում։
Գթետացին ասաց գինը, որն արտահայտվում էր իրեն անհրաժեշտ քիմիական բաղադրամասերի միավորներով։ Նա Բլետչին բացատրեց, թե ինչպես կարելի է դրանք դուրս բերել այն դպրոցի լաբորատորիայից, որտեղ դասավանդում էր մեր մանկավարժը, եւ նախազգուշացրեց նրան այն մասին, որ այս ամենը պետք է խիստ գաղտնի պահել։
— Թե չէ մյսոն վաղը կգա այստեղ, իսկ իմ հետքն էլ մնացած չի լինի, նկարներն էլ չեն լինի, եւ մսյոյի չարչարանքն իզուր կլինի։
Բլետչի համար բոլորովին դժվար չէր լաբորատորիայից դուրս բերել նրա պահանջածը, որովհետեւ երկրային չափանիշներով քիմիական նյութերի արժեքը, ինչպես եւ քանակը՝ աննշան էին։ Բացի այդ, ինչպես եւ նախկին բոլոր դեպքերում, երբ օգտվում էր դպրոցական գույքից՝ իր փորձերի համար, նա բծախնդրորեն վճարեց սեփական գրպանից։ Բայց Բլետչը խոստովանեց, որ լուսանկարները սոսկ փոքր մասն էին այն օգուտի, որը նա պատրաստվում էր ստանալ իր կատարած փոխանակումից։ Նա մտադիր էր շարունակել գործնական հարաբերությունները, իմանալ, թե Արեգակնային համակարգության որ մասից է բարեհաճել հայտնվել նորեկը, ինչպիսի տեսք ունի նրա աշխարհը, եւ փոխադարձ կապ հաստատել այն մակարդակով, որ մատչելի է Գաղտնի հսկողության փուլում գտնվող քաղաքակիրթ հասարակության էակին։
Սակայն, ինչպես եւ պետք էր սպասել, Լʼպեյրը նրան լավ խաղացրեց մատների վրա։ Գործարքը կատարելուց հետո գթետացին նրան խնդրեց իրեն այցելել մյուս օրը երեկոյան, խոստանալով հանգիստ պայմաններում քննարկել տիեզերքի առավել կենսական ու հրատապ պրոբլեմները։ Դե, իհարկե, հենց որ երկրացին գնաց, Լʼպեյրը վառելանյութը լցրեց կոնվերտերները, անհրաժեշտ փոփոխություններ մտցնելով դրանց ատոմային կառուցվածքում, աշխատեցրեց շարժիչները, եւ ինչպես ասում են՝ հօդս ցնդեց։
Ըստ մեր ենթադրության, Բլետչը բավական փիլիսոփայորեն վերաբերվեց խաբվելուն։ Լուսանկարները իր մոտ էին մնացել, եւ դա ամենագլխավորն էր։
Երբ պարեկային ծառայության Շտաբին հայտնեցին, որ Լʼպեյրը լքել է Երկիրը եւ ուղղություն է վերցրել դեպի Հերակլես M—13 Միգամածության կողմը՝ ոչնչով չանհանգստացնելով երկրային առաջադիմության քնատ ընթացքը, մենք բոլորս թեթեւացած շունչ քաշեցինք։ Լʼպեյրի գործի թղթապանակը՝ «Հատկապես դժվար գործեր», որոնք պահանջում են Շտաբի ամբողջ անձնակազմի անխոնջ հսկողությունը, դարակից չվեց «Հետաձգված են մինչեւ հետագա իրադարձությունները» դարակը։ Ես Երկրի իմ լիազոր ներկայացուցչին, տիեզերական ծառայության կապրալ Պա֊Չի֊Լուին հանձնարարեցի հետեւել Լʼպեյրին։ Տարածության մեջ արագորեն փոքրացող Լʼպեյրի նավի վրա ուղղվեց հետախուզական ճառագայթ, իսկ ես զբաղվեցի իմ հիմնական խնդրով՝ խոչընդոտել միջմոլորակային հաղորդակցումների զարգացմանը այնքան ժամանակ, մինչեւ մարդկային տարբեր հասարակությունները չեն հասնի այս պայմաններին համապատասխանող քաղաքակրթության բարձր մակարդակին։
Այսպիսով, երբ վեց երկրային ամիս հետո գործը նորից բացվեց, Պա֊Չի֊Լուն չուզեց ինձ անհանգստացնել եւ փորձեց ինքնուրույն լուծել նրա հարցը։ Ես հասկանում եմ, որ դա ինձ բնավ չի արդարացնում, քանի որ ես եմ պատասխանատու իմ շրջանում տեղի ունեցածի համար։ Ընտանիքը, իհարկե, առանց այլանդակի չի լինում, բայց որպես ազգականը՝ ազգականին, ես քեզ պետք է ասեմ, Հոյ, որ տվյալ իրավիճակում քո մեկգլխանի զարմիկը այնքան էլ անհուսալի ապուշ դուրս չեկավ եւ հոգու խորքում հույս ունի, որ ընտանիքն իրեն կպաշտպանի, երբ իր գործը կհասնի Ծերուկին։
Տիեզերք֊կապրալ Պա֊չի֊Լուն բոլորովին պատահաբար հայտնաբերեց գթետանյան պոռնոգրաֆիան, իր հերթական տեսչական ստուգումներից մեկի ժամանակ, որը նա կատարում է իբրեւ Սենատային հանձնաժողովի ներկայացուցիչ միջնակարգ դպրոցի գծով։ Վերջերս ամերիկյան մի հրատարակչություն լույս է ընծայել բարձր դասարանի աշակերտների համար բուսաբանության դասագիրք, որն արժանացել է այդ բնագավառի խոշորագույն մասնագետների ջերմ խրախուսանքին։ Բնական է, որ հանձնաժողովը գրքից մի օրինակ պահանջել էր ծանոթանալու համար։
Կապրալ Պա֊Չի֊Լուն մի քանի էջ թերթելուց հետո տեսավ այն նույն պոռնոգրաֆիական նկարները, որոնց մասին իրեն նախազգուշացրել էին վեց ամիս առաջ լիազորների խորհրդակցությունում։
Հոյակապ վերատպված նկարները լիովին մատչելի էին Երկրի բոլոր բնակիչներին, եւ ամենից առաջ՝ անչափահասներին։ Հետագայում նա սարսափով խոստովանում էր ինձ, որ իր առջեւ ասես հառնեց Լʼպեյրի բազմիցս կրկնած լկտի հանցագործությունը, այս անգամ իրեն՝ Պա֊Չի֊Լուին վստահված մոլորակում։ Նա իսկույն №1 տագնապն է ազդարարում ամբողջ Գալակտիկայով մեկ։
Մինչդեռ Լʼպեյրն այդ ընթացքում բնակություն է հաստատում միջին մակարդակի քաղաքակրթություն ունեցող մի փոքրիկ, խուլ մոլորակում, որը հեռու էր ընկած մեծ ճանապարհներից, եւ որոշում է նոր էջ բացել իր կյանքում՝ որպես ալքեբակ պատրաստող համեստ արհեստավոր։ Նա ապրում էր, կատարելով իր երկրի բոլոր օրենքները, դարձել էր առաքինի եւ բավական ճարպոտ քաղքենի ու նույնիսկ արդեն մտածում էր, թե արդյո՞ք ժառանգներ ունենալու ժամանակը չէ։ Ոչ, շա՛տ չէ, երկուսը լրիվ բավական են։ Այսինքն, եթե գործերը լավ գնան, կարելի է եւ հետագա կիսման մասին էլ մտածել։
Նա անկեղծորեն զայրացավ, երբ իրեն կալանավորեցին եւ տարան Պլուտոն, որտեղ պետք է պահակախումբ գար Գթետից։
— Ո՞վ է ձեզ իրավունք տվել անհանգստացնել իր գործով զբաղվող խաղաղ արհեստավորին,— բողոքեց նա։— Ես պահանջում եմ անմիջապես ազատել ինձ, ներողություն խնդրել եւ հատուցել ինչպես նյութական, այնպես էլ բարոյական վնասի դիմաց, որ պատճառել եք ինձ որպես անհատի եւ որպես հասարակության անդամի։ Ես կբողոքեմ ձեր պետերին։ Տիեզերքի քաղաքացու անհիմն ձերբակալությունը պատժվում է օրենքով։
— Անկասկած,— հաստատեց տիեզերք֊կապրալ Պա֊Չի֊Լուն,— սակայն ակնհայտ պոռնոգրաֆիայի տարածումը էլ ավելի խիստ է պատժվում։ Մենք նման հանցագործությունը նույն շարքին ենք դասում, ինչ…
— Ի՞նչ պոռնոգրաֆիայի մասին է խոսքը։
Իմ ասիստենտը (իր իսկ սեփական խոստովանությամբ) քիչ էր մնում քարանա տեղում, Լʼպեյրին նայելով նրա խցի թափանցիկ պատի միջով, ապշած այդ ամյոբակերպ էակի լկտիությունից։ Աղոտ անհանգստություն համակեց կապրալին․ չափազանց ինքնավստահ էր իրեն պահում հանցագործը, չնայած իր դեմ եղած հանցանշանների անառարկելիությանը։
— Դուք հրաշալի գիտեք, թե ո՛ր։ Ահա, ինքներդ համոզվեք։ Սա միայն մեկ օրինակն է ամբողջ Հյուսիսային Ամերիկայում տարածված եւ պատանեկության համար նախատեսված քսան հասարից։
Պա֊Չի֊Լուն ապանյութականացրեց կենսաբանական տեքստերը եւ պատի միջով տվեց նրան։ Լʼպեյրը մի թռուցիկ հայացք նետեց դրանց վրա։
— Տպագրությունը բանի պետք չի,— մեկնաբանեց նա։— Այդ հումանոիդները դեռ շատ բան ունեն սովորելու։ Ի դեպ, վաղահասների համար այնքան էլ վատ չէ։ Բայց դուք ինչո՞ւ եք սա ինձ ցույց տալիս։ Մի՞թե կարծում եք, որ ես նվազագույն իսկ կապ ունեմ դրանց հետ։
Ընդսմին, ինչպես պնդում է Պա֊Չի֊Լուն, գթետացին նման էր մանկավարժի, որը համբերությամբ փորձում էր վերծանել մանկահասակ ապուշի անիմաստ փնթփնթոցը։
— Դուք ժխտո՞ւմ եք ձեր մասնակցությունը այս հանցագործության մեջ։
— Ի՞նչ հանցագործության մասին է խոսքը։ Նայեք,— նա ցույց տվեց վերնագիրը,— ըստ ամենայնի, մեր առջեւ է ոմն Օսբորն Բլետչի եւ Նիկոդիմուս Պ․ Սմիթի «Կենսաբանության նախնական դասընթաց» գիրքը։ Հույս ունեմ, որ դուք ինձ չեք շփոթել ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ։ Իմ անունը Լʼպեյր է, այլ ոչ թե Օսբորն Լʼպեյր եւ բնավ ոչ Նիկոդիմուս Լʼպեյր։ Ուղղակի Լʼպեյր— ծեր, հիմարավուն, պարզամիտ Լʼպեյր։ Ոչ ավել, ոչ պակաս։ Ես ծնվել եմ Գթետում, Վեցերորդ մոլորակում…
— Ես տեղյակ եմ Գթետի աստղաբաշխական կոորդինատներին,— չոր֊չոր ընդհատեց նրան Պա֊Չի֊Լուն,— ճիշտ ինչպես եւ այն բանին, որ երկրային վեց ամիս առաջ դուք եղել եք Երկրում եւ ապրանքափոխանակություն եք կատարել Օսբորն Բլետչի հետ, որի հետեւանքով դուք ձեռք եք բերել վառելանյութ (ինչի կարիքն ունեիք), իսկ հիշատակված Բլետչը՝ լուսանկարների հավաքածուն, որը հետագայում օգտագործել է իր գրքում՝ որպես իլյուստրացիա։ Ինչպես տեսնում եք, գաղտնի ոստիկանությունը բավական հաջող է կատարում իր պարտականությունները Երկրում։ Մենք գիրքը համարում ենք համար մեկ իրեղեն ապացույցը։
— Ինչպիսի՜ գյուտ,— հիացավ գթետացին։— Համա՜ր մեկ իրեղեն ապացույց։ Դե, իհարկե, ունենալով այդպիսի լայն հնարավորություններ, դուք ամենասրամիտ ընտրությունն եք կատարել։ Շնորհավորում եմ ձեզ։
Ինչպես հասկանում եմ, գթետացին հեծել էր իր սիրած ձին, ոստիկանին ներքաշելով հերթական իրավաբանական գլուխկոտրուկի քննարկման մեջ։ Լʼպեյրի հազվագյուտ քրեական անցյալը հրաշալի օգնում էր նրան։ Ինչ վերաբերում է Պա֊Չի֊Լուին, ապա երկար ժամանակ նրա մտավոր ունակությունները ուղղված էին միայն լրտեսության եւ կուլտուրայի ասպարեզում ընդհատակյա գործողություններ կատարելուն։ Նա բացարձակապես նախապատրաստված չէր իր գլխին թափվող սոփեստությունների եւ իրավաբանական նրբությունների հեղեղին։ Անկեղծորեն ասած, ես էլ վատ կզգայի նրա տեղը, եւ վախենում եմ, որ այդ պայմաններում դու էլ, եւ նույնիսկ Ծերուկն էլ երաշխավորված չէիք լինի տապալումից։ Մինչդեռ Լʼպեյրը էլ ավելի շատ էր ոգեւորվում։
— Ինչ վերաբերում է ինձ, ապա ես ոմն Օսբորն Բլետչին վաճառել եմ գեղարվեստական բացիկների հավաքածու։ Թե հետագայում նա ինչ է արել դրանք, ինձ չի վերաբերում։ Եթե ես երկրացուն վաճառեի բացահայտորեն հնացած տիպի զենք, ասենք՝ քարե կացին, կամ ամրոցը պաշարած թշնամու վրա եռացրած կուպը լցնելու կաթսա, իսկ երկրացին այդ զենքով այլ աշխարհ ուղարկեր իր եղբայր֊վայրենիներին, միթե ես կդառնայի հանցակից։ Ես նման բան չեմ կարդացել Գալակտիկական Ֆեդերայցիայի Օրենսգրքում։ Իսկ այժմ, տղաս, արդյոք ժամանակը չէ՞, որ դուք փոխհատուցեք կորցրած ժամանակս եւ ինձ նստեցնեք էքսպրես֊հրթիռ, որը կտանի ինձ նոր տանս կողմը։
Այ այսպես նրանք ջուր էին ծեծում։ Խեղճ Պա֊Չի֊Լուն քրքրում էր Պլուտոնի Շտաբի գրադարանում պահվող օրենսգրքերի եւ որոշումների հատորները, տենդագին փնտրելով հերթական փոքր ուղղումը, որի օգնությամբ կարելի կլիներ գթետացուն նեղը գցել։ Բայց ամեն անգամ խայտառատ ձեւով տապալվում էր, որովհետեւ Լʼպեյրն իսկույնեւեթ հիշում էր Գերագույն Խորհրդի ամենավերջին պարզաբանումը տվյալ հարցի վերաբերյալ, եւ լրիվ արդարանում էր։
Ես համոզվեցի, որ գթետացիների մոտ ամբողջ իրավագիտությունը գլխիվայր է դրված։
— Բայց դուք ընդունում եք, որ պոռնոգրաֆիական նկարներ եք վաճառել երկրացի Օսբորն Բլետչին,— վերջապես պայթեց Պա֊Չի֊Լուն։
— Պոռնոգրաֆիա՜, պոռնոգրաֆիա՜…— մտախոհ ծոր տվեց Լʼպեյրը։— Այդ բանի տակ մենք, կարծեմ, հասկանում ենք ստոր, անվայելուչ, վավաշոտ մտքեր հարուցող եւ հեշտասիրություն բորբոքող բաներ, չէ՞։
— Իհարկե։
— Այդ դեպքում, կապրալ, թույլ տվեք մի հարց տալ ձեզ՝ դուք տեսե՞լ եք նկարները։ Նրանք ձեզ մոտ առաջացրե՞լ են վավաշոտ մտքեր եւ անամոթ ցանկությո՞ւն։
— Ոչ։ Բայց ես գթետացի լինելու բախտ չունեմ։
— Ճիշտ այնպես, ինչպես եւ Օսբորն Բլետչը,— հանգիստ առարկեց Լʼպեյրը։
Ես համոզված եմ, որ իր վերջո տիեզերք֊կապրալ Պա֊Չի֊Լուն մի խելամիտ ելք կգտներ այս վիճակից դուրս գալու համար, եթե նրան չխանգարեր Գթետից ժամանած ոստիկանախումբը, որը, հատուկ պարեկային նավով հանցագործին պետք է տաներ հայրենի մոլորակը։ Այժմ Լʼպեյրը պետք է մարտնչեր վեց ցեղակիցների հետ, դրանց մեջ գտնվում էին ամյոբակերպների ամենափայլուն օրինագետները եւ ամենահնարամիտ քաշքշուկ ստեղծողները։ Ռաֆ VI֊ի ոստիկանական իշխանությունները բազմիցս հանդիպել էին Լʼպեյրին անհամար դատական նիստերում, նրանք գիտեին ում հետ գործ ունեն, եւ այս անգամ կարողացել էին նախապատրաստվել։
Թվում էր, թե Լʼպեյրը պիտի որ հանձնվեր այդպիսի թվական գերազանցությունից։ Բայց դա միայն թվում էր։ Նա իր բոլոր քայլերի մասին մտածել էր դեռ Երկրում։ Բացի այդ, Հոյ, նրա հնարագիտությունը խթանվում էր այն պարզ փաստով, որ դրված էր ոչ թե ինչ֊որ մեկի, այլ իր սեփական կյանքի հարցը։ Նա հասկանում էր, որ բավական է հայրենակիցները իր վրա դնեն իրենց պսեվդոպոդները, ու ինքն իսկույն կցնդի։
Եվ ահա կյանքում առաջին անգամ կապրալ Պա֊Չի֊Լուն զգաց, թե որքան դժվար է երբեմն ոստիկանի ճակատագիրը․ նա հայտնվեց երկու կրակի արանքում․ բանտարկյալի մոտից գնում էր օրենսգետների մոտ, եւ հակառակը, ճանապարհ բացելով կարծիքների թավուտների միջով, խրվում իրավագիտական նրբությունների ճահճի մեջ։
Գթետի պարեկությունը հաստատ որոշել էր տուն չվերադառնալ դատարկ պսեւդոպոդներով։ Իրենց նպատակին հասնելու համար նրանք պետք է ապացուցեին Լʼպեյրի ձերբակալման իրավացիությունը, ինչը իր հերթին նրանց իրավունք էր տալիս (որպես հիմնական տուժածների) հանցագործին դատել Գթետի օրենքների համաձայն։ Ոչ պակաս հաստատակամությամբ Լʼպեյրը ապացուցում էր իր ձերբակալման անարդարացիությունը, ինչը նրան ապահովում էր ոչ միայն մեր պաշտպանությունն ու հովանավորությունը, այլեւ միաժամանակ մեզ էր դնում բավական տհաճ դրության մեջ։
Հոգնած, գրգռված եւ վերջնականապես խռպոտած Պա֊Չի֊Լուն հազիվհազ քարշ տալով իր հանգուցավոր շոշափուկները, հասավ գթետանյան պարեկության մոտ եւ հայտարարեց, որ գործի մանրակրկիտ հետաքննությունից հետո ինքը եզրակացրել է, թե Լʼպեյրը միանգամայն անմեղ է այն հանցագործության մեջ, որ վերագրում են նրան՝ Երկրում գտնվելու ընթացքում։
— Հիմարություն,— առարկեց նրան գթետանյան պարեկության պետը,— հանցագործությունը կատարված է։ Երկրում տարածվել է բացահայտ եւ չքողարկված պոռնոգրաֆիա։ Մի՞թե դա հանցագործություն չէ։
Բոլովորին հուսահատ Պա֊Չի֊Լուն նորից գնաց Լʼպեյրի մոտ, եւ հարցրեց, թե ինչ պետք է անել այսուհետեւ։ Արդյոք Լʼպեյրին չի թվում, գրեթե լաց լինելով հարցնում էր դժբախտը, որ գործի մեջ առկա են եթե ոչ հանցանքի, ապա զանցանքի տարրեր։ Թեկուզեւ աննշան զանցանքի տարր։
— Թերեւս,— մտախոհ պատասխանեց Լʼպեյրը։— Այդ միտքը զուրկ չէ տրամաբանությունից։ Զանցանք կարող է եղած լինել, բայց դա ես չեմ կատարել։ Օսբորն Բլետչը, օրինակ…
Տիեզերք֊կապրալ Պա֊Չի֊Լուն վերջնականապես կորցրեց իր բոլոր գլուխները։
Նա պահանջեց, որ իր մոտ բերեն Օսբորն Բլետչին։ Ի բարեբախտութչան մեր բոլորի, այդ թվում եւ իր՝ Ծերուկի, Պա֊Չի֊Լուն չհամարձակվեց ձերբակալել Օսբորն Բլետչին։ Երկրացուն բռնել էին սոսկ որպես վկայի։
Երբ ես մտածում եմ, Հոյ, թե ինչի կարող էր հանգեցնել Գաղտնի Հսկողության աշխարհի էակի չհիմնավորված բանտարկությունը, արյունս քիչ է մնում ջուր դառնա։
Պա֊Չի֊Լուն, սակայն, եւս մի սոսկալի վրիպում թույլ տվեց։ Նա Օսբորն Բլետչին տեղավորեց Լʼպեյրի վանդակի կողքը։ Ինչպես տեսնում ես, ամեն ինչ դասավորվում էր ամյոբակերպի ուզածին պես՝ իմ պատանի օգնականի ակտիվ աջակցությամբ՝ իհարկե։
Եվ այն ժամանակ, երբ Պա֊Չի֊Լուն առաջին անգամ հարցաքննության կանչեց Բլետչին, վերջինս արդեն լրիվ նախապատրաստված էր։
— Ի՞նչ պոռնոգրաֆիա,— հարցով պատասխանեց նա հարցին։— Դա ի՞նչ կապ ունի այստեղ։ Ես ու միսթր Սմիթը արդեն մի քանի տարի միասին աշխատում ենք տարրական կենսաբանության դասագրքի վրա։ Մեզ նկարներ էին հարկավոր։ Մենք երազում էինք հստակ, խոշոր նկարների մասին, որոնք հասկանալի կլինեին դպրոցականներին։ Մեզ չէին բավարարում կիսվող բջիջի աղոտ, դժգույն նկարները, որոնք անվերջ կրկնում էին բոլոր դասագրքերում՝ գրեթե Լեւենհուկի ժամանակներից սկսած։ Միսթր Լʼպեյրի լուսանկարների սերիան, որը վերարտադրում էր ամյոբաների բազմացման ցիկլը, երկնքի պարգեւ էր մեզ համար։ Ըստ էության, հենց այդ լուսանկարներն էլ կազմեցին առաջին գրքի հիմքը։
— Սակայն դուք չեք ժխտում,— ափսոսանքով նշեց Պա֊Չի֊Լուն,— որ լուսանկարները գնելու պահին դուք կարծում էիք, թե պոռնոգրաֆիա էիք գնում։ Չնայած դրան, դուք որոշեցիք այդ լուսանկարներն օգտագործել ձեր ռասայի երիտասարդ առանձնյակների այլասերման համար։
— Ուսուցման,— ուղղեց նրան հարգարժան մանկավարժը։— Ուսուցման, եւ ոչ թե այլասերման։ Համարձակվում եմ ձեզ հավաստիացնել, որ իմ աշակերտների մեջ չկա մեկը, որը էրոտիկ զգացումներ ունենա այդ լուսանկարները նայելիս։ Փակագծում նշեմ, որ տեքստում դրանք ընկալվում են որպես գծանկարներ։ Չեմ թաքցնի, գնելու պահին ես այն տպավորությունն ունեի, որ հարեւան վանդակի ջանթլմենը փոքր֊ինչ յուրովի է դիտում այդ լուսանկարները։
— Այ տեսնո՞ւմ եք։
— Բայց չէ որ դա նրա գործն է։ Դա ինձ չի վերաբերում։ Ի վարջո, եթե ես այլ մոլորակի էակից գնում եմ արվեստի մի որեւէ գործ, քարե կացին, օրինակ, կամ էլ ամրոցը պաշարող թշնամու գլխին եռացող կուպպր թափելու կաթսա, եւ եթե դրանք ես օգտագործում եմ միանգամայն խաղաղ նպատակներով, կացինը՝ մոլախոտերը կտրելու համար, կաթսան՝ ապուր եփելու համար՝ միթե սա հանցագործություն է։ Եթե ուզում եք իմանալ, մեր դասագիրքը արժանացել է այդ բնագավառի ամենալավագույն մասնագետների՝ աշխարհահռչակ մանկավարժների եւ գիտնականների խրախուսանքին։ Ուզո՞ւմ եք հատվածներ կարդամ մի քանի գրախոսություններից։ Ո՞ւր են դրանք… Մի րոպե… Ախ, հա, բարեբախտաբար ես հետս եմ վերցրել մի քանի լրագրեր։ Դրանք պիջակիս գրպանում են։ Աստված իմ, ես չէի էլ ենթադրում ,որ դրանք այդքան շատ են։ Դե, լավ, ահա այդ կապակցությամբ ինչ է ասում «Հարավային պրերիաների դպրոցական լրագիրը»։
«Հրաշալի, ամենայն գովասանքի արժանի ձեռնարկում։
Ձեռք բերված արդյունեքները երկար տարիներ կմնան մանկավարժության տարեգրքերում եւ օրինակ կծառայեն գիտության հիմունքներն ուսումնասիրելու մեթոդական ձեռնարկների համար։ Հեղինակներն իրավացիորեն…
Եվ այստեղ Պա֊Չի֊Լուն չդիմացավ։ Նա, հուսահատությունից իրեն կորցնելով, օգնության կանչեց ինձ։
Բարեբախտաբար, այդ ժամանակաընթացքում ես ազատվել էի բոլոր անհետաձգելի պարտականություններից եւ իսկույն թռա Պլուտոն, որոշ բավականություն ճաշակելով այն մտքից, որ կկարողանամ գլուխ բերել խեղճ Պա֊Չի֊Լուին նեղը գցած գործը։ Սակայն այդ զգացումը շատ կարճ տիրապետեց ինձ։ Նրան փոխարինեցին վհատությունն ու լրիվ շփոթվածությունը։ Լսելով կապրալի զեկուցումը, ես ընդունեցի գթետանյան ոստիկանության ներկայացուցիչներին։ Նրանք արդեն հասցրել էին կապվել իրենց մոլորակի Ներքին գործոց մինիստրության հետ եւ սպառնում էին գալակտիկական սկանդալ, եթե մենք չհաստատենք ձերբակալությունը եւ Լʼպեյրին չհանձնենք իրենց ձեռքը։
— Մի՞թե դուք թույլ կտաք, որ ձեր սեքսուալ կյանքի մանրամասները դառնան բացահայտ եւ անպարկեշտ քննարկման նյութ Տիեզերքի բոլոր անկյուններում,— զայրացած հայտարարեցին նրանք,— պոռնոգրաֆիան— պոռնոգրաֆիա է, իսկ հանցագործությունը՝ հանցագործություն։ Մտադրություն եղե՞լ է։ Եղել է։ Գործողությունը կատարվա՞ծ է։ Կատարված է։ Հանձնեք մեզ մեր բանտարկյալին։
— Դա ի՞նչ պոռնոգրաֆիա է, եթե ոչ ոքի չի գրգռում,— հարցնում է Լʼպեյրը։— Եթե զամբլոստինցին որոշ քանակությամբ կրգվո է վաճառում գթետացուն, որը նրա մոլորակում հանդիսանում է սննդամթերք, իսկ մեզ մոտ որպես շինանյութ է օգտագործվում, ապա ես ձեզ հարց եմ տալիս՝ մեր մոլորակի ո՞ր գերատեսչությունն է վճարում նրա փոխադրման համար․ Գյուղատնտեսության մինիստրությունը, թե՞ կոմունալ շինարարությունը։ Սերժանտ, ես պահանջում եմ անմիջապես ազատ արձակել ինձ։
Բայց ամենամեծ անակնկալը ինձ համար պատրաստել էր Բլետչը։ Երկրացին նստել էր իր խցիկում եւ ծծում էր իր հովանոցի կոթը։
— Գաղտնի Հսկողության Ստատուտի բոլոր մոլորակներում գործող օրենսդրության համաձայն,— սկսեց նա, տեսնելով ինձ,— ես նկատի ունեմ ոչ միայն Ռիգելիալ— Սանիտարական Կոնվենցիան, այլեւ Երրորդ Տիեզերական ցիկլի պառլամենտական ակտերը, ինչպես նաեւ Գերագույն Խորհրդի որոշումները ընդդեմ Կխվոմի եւ Ֆարցիպլոկի ընդդեմ Անթարես III֊ի գործի վերաբերյալ,— ես պահանջում եմ անմիջապես ինձ վերադարձնել սկզբնական բնակությանս վայրը՝ Երկիր մոլորակ եւ վճարել բոլոր վնասները՝ համապատասխան այն ցուցակի, որ մշակել է Նոբրի հանձնաժողովը այս հարցի վերաբերյալ վերջերս Վիվադինում կայացած բանավեճի կապակցությամբ։ Ես նաեւ պահանջում եմ…
— Իսկ դուք բավական իրազեկ եք տիեզերական օրենսդրությունից,— մռթմռթացի ես։
— Օ, այո, սերժանտ, միանգամայն իրազեկ եմ։ Լʼպեյրը շատ սիրալիորեն ինձ տեղեկացրեց իմ իրավունքների վերաբերյալ։ Ինչպես պարզվեց, ինձ կարգին գումար է հասնում իմ կրած ամեն տեսակ վնասների դիմաց, համենայն դեպս, ես իրավունք ունեմ մի ամբողջ շարք ռեկլամացիաներ ներկայացնելու։ Իսկ դուք, սերժանտ, այստեղ կարգին գալակտիկական քաղաքակրթություն եք ստեղծել։ Իմ ցեղակից երկրացիները շատ բան կտային, որպեսզի ավելի մանրամասն իմանային այս մասին։ Բայց ես ձեզ կազատեմ տհաճություններից, որոնց դուք անպայման կբախվեք, եթե ես հրապարակեմ ինձ հետ կատարված այս ամենը։ Ես համոզված եմ, որ երկու այնպիսի բանական անհատներ, ինչպիսին դուք եք եւ ես, հեշտությամբ համաձայնության կգան։
Երբ ես փորձեցի Լʼպեյրին մեղադրել գալակտիկական գաղտնիքների հարապարակման մեջ, նա իր պրոտոլպազման ձախից ծփացրեց աջ, ինչը ամյոբակերպների մոտ նշանակում է ուսերը թոթվել։
— Երկրի վրա ես ոչ մի գաղտնիք չեմ հրապարակել։ Երկրացու ունեցած ողջ ինֆորմացիան (իսկ ես համաձայն եմ, որ դա փակ ինֆորմացիա է) նա ստացել է ձեր Վարչության աշխատակիցների գիտությամբ եւ աջակցությամբ։ Բացի այդ, անարդարացիորեն մեղադրված լինելով հրեշավոր եւ կեղտոտ հանցագործության մեջ, ես, բնականաբար, արել եմ ամեն ինչ՝ պաշտպանվելու համար, տեղի ունեցածը քննարկելով այս գործի միակ վկայի հետ։ Ավելին, ես ձեր ուշադրությունը պետք է հրավիրեմ այն փաստի վրա, որ լինելով այսպես կոչված պատասխանակիցներ, մենք բոլոր հիմքերն ունեինք մեր գիտելիքները միացնելու՝ ինքնպաշտպանության համար։
Վերադառնալով Շտաբ, ես կապրալ Պա֊Չի—լուին մի լավ հուպ տվի։
— Այս ամենը ոնց որ ճահիճ լինի՝ ինչքան շատ ես ուզում դուրս գալ, այնքան ավելի խորն ես խրվում։ Իսկ այդ երկրացի՜ն։ Նա քիչ է մնում խելագարեցնի պլուտոնցի պահակներին։ Քիթն ամեն տեղ խցկում է՝ սա ի՞նչ է, իսկ՝ սա՞, իչնեո՞ւ է այսպես, ինչպե՞ս է գործում։ Նրան ոչ մի բանով չես գոհացնի․ կամ խցում ցուրտ է, կամ օդն է պակաս կամ էլ ուտելիքն է անհամ։ Կոկորդը քերծվում է, պետք է ողողումներ անի, մեկ սա, մեկ էլ մի ուրիշ բան է պետք։
— Տվեք նրան բոլոր ուզածները, իհարկե՝ խելամիտ չափով,— կարգադրեցի ես։— Եթե այդ տիպը հոգին փչի, ես ու դուք չենք խուսափի Սիգնուսում գտնվող թունելով պատժիչ ճանապարհորդությունից, եւ եթե միայն դրանով պրծնենք՝ երջանկություն կլինի։ Ինչ վերաբերում է հիմնական պրոբլեմին, ապա ես համաձայն եմ գթետանյան ոստիկանության կարծիքի հետ՝ հանցագործությունը կատարված է։ Այդպես է պետք։
Տիեզերք֊կապրալը հայացքը գամեց վրաս։
— Դուք… դուք… ուզում եք ասել…
— Ես ուզում ես ասել, որ եթե հանցագործությունը կատարված է, ապա Լʼպեյրի ձերբակալումը օրինական է, եւ հանցագործին պետք է ուղարկել Գթետ։
Այսպիսով, մենք կազատվենք ոչ միայն նրանից, այլեւ ամյոբակերպ ավազակների հրոսակախմբից։ Մնում է Օսբորն Բլետչը, բայց հենց որ Լʼպեյրը մեջտեղից դուրս գա, մենք հեշտությամբ կլուծենք երկրացու հարցը։ Սակայն նախ եւ առաջ՝ հանցագործությունը։ Լʼպեյրը պետք է հանցավոր լինի։ Ինչպիսի հանցանք ուզում է թող լինի, կարգի խախտում, միայն թե դա կատարված լինի Երկրում նրա գտնվելու ժամանակ։ Քո ծալովի մահճակալը դիր իրավաբանական գրադարանում։
Դրանից գրեթե անմիջապես հետո Պա֊Չի֊Լուն մեկնեց Երկիր։
Միայն թե քեզ խնդրում եմ, Հոյ, ինձ ազատիր բարոյական թեմաներով քարոզներից։ Դու ինձանից լավ գիտես, Պարեկային Ծառայությունում էլ ավելի թունդ գործեր են եղել։ Սա ինձ համար նույնքան տհաճ է, որքան որ քեզ համար, բայց ես ուրիշ ելք չունեի։ Բացի այդ, հանցագործությունների գծով այդ ամյոբակերպ մասնագետը վաղուց ի վեր խուսափում է արժանի հատուցումից։ Ըստ էության, բարոյականության տեսակետից ես անկասկած իրավացի եմ, այդպիսի որոշում ընդունելով։
Ինչպես արդեն ասել եմ, Պա֊Չի֊Լուն վերադարձավ Երկիր, այս անգամ այն հրատարակչության խմբագրի տեսքով, որը հրատարակել է կենսաբանության հռչակավոր դասագիրքը։ Հրատարակչության արխիվներում դեռ պահպանվում են իլյուստրացիաների բնագրերը։ Տիեզերք֊սերժանտը խելացիորեն եւ զգուշորեն տեխնիկական խմբագիրներից մեկին ներշնչեց այն միտքը, որ անհրաժեշտ է վերանայել լուսանկարները եւ անալիզի ենթարկել թուղթը, որի վրա դրանք տպված են եղել։
Քիմիական անալիզը ցույց տվեց, որ լուսանկարչական թուղթը պատրաստված է եղել ֆարտուխից՝ սինթետիկ հյուսվածքից, որը բավականին տարածված է Գթետում, իսկ երկրացիներին հայտնի չէ, եւ իրադարձությունների բանական ընթացքի դեպքում նրանք դա կարող էին հայտնագործել միայն երեք հարյուր տարի հետո։
Նոր հյուսվածքի մասին սենսացիոն հաղորդումը իսկույն հայտնվեց լրագրերում։ Շուտով Ամերիկայի բոլոր կանայք եռանդով սկսեցին գնել միայն ֆարտուխից սպիտակեղենը՝ սեզոնի նորությունը, իսկ մենք էլ վերջապես կարողացանք Լʼպեյրին ներկայացնել մեղադրանք՝ արգելված ապրանքի մաքսանենգային ներմուծում եւ Երկրում ինդուստրիալ առաջադիմության հերթական բռնկման խթանում։
Եվ, այնուամենայնիվ՝ կեցցե՛ նա, այդ ջահելը, Հոյ։— «Էհ, ինչ արած,— ասաց նա,— ճանապարհը երկար էր, եւ այն մոտեցավ իր վախճանին։ Շնորհավորում եմ ձեզ։ Հանցագործությունը բնավ էլ ամենաշահավետ բիզնեսը չէ։ Օրենք խախտողները միշտ էլ տուժում են, հաղթողները՝ մշտապես օրենսգետներն են»։
Ես մեկնեցի բազա, որ ձեւակերպեմ Լʼպեյրի հանձնման թղթերը։ Հոգիս թեթեւացել էր, ճիշտ է, մեր ձեռքում էր դեռ մնացել Բլետչը, բայց նա հումանոիդ էր։ Բացի այդ, մեկ անգամ արդեն գերազանցելով իմ լիազորությունները եւ խաղաթղթերը խառնելով, ես որոշեցի մինչեւ վերջ հասցնել խաղը։ Յոթ «սկրիպտ», մեկ՝ «լաունդ»։
Բայց երբ բոլոր փաստաթղթերով վերադարձա Պլուտոն, քիչ մնաց ցած գլորվեի նրա մակերեւությից․ մեկ ամյոբակերպ էակի՝ հնարամիտ հանցագործ Լʼպեյրի փոխարեն ես տեսա երկու Լʼպեյրների։ Փոքր չափերի, իհարկե, ավելի ճիշտ՝ երկու անգամ փոքր, քան սկզբնական ամյոբան էր, բայց առանց որեւէ կասկածի՝ Լʼպեյրներ։
Իմ բացակայության ընթացքում նա երկատվել էր։ Ինչպե՞ս։ Հիշո՞ւմ ես, այն ողողումները, որ մեզնից պահանջում էր երկրացին։ Դե, ուրեմն, դա Լʼպեյրի մտահղացումն էր, ազատություն ստանալու նրա վերջին, ամենախորամանկ փորձը։
Դեղը ստանալուն պես երկրացին այն փոխանցում էր գթետացուն, որը հեղուկը պահում էր իր խցիկում՝ ամենավերջի համար։
Ողողման դեղը ոչ այլ ինչ էր, եթե ոչ աղի լուծույթ։ Պատկերացնո՞ւմ ես, իմ վիճակը։ Գթետացիները, ճիշտ է, հայտարարեցին, որ իրենց օրենքները նախատեսում են նման դեպքեր, բայց ես ինչ գործ ունեմ նրանց օրենքների հետ։
— Հանցագործությունը առկա է։ Պոռնոգրաֆիա է վաճառվել։
Մենք պահանջում ենք մեզ հանձնել հանցագործին։ Երկուսին էլ,— լարովի տիկնիկի պես կրկնում էր գթետանյան ոստիկանության պետը։
— 6009371—6106514 Գալակտիկական Ստատուտների համաձայն, անվերջ կրկնում էր Օսբորն Բլետչը,— ես պահանջում եմ անհապաղ ազատել ինձ, վճարել վնասների դիմաց՝ երկու միլիարդ գալակտիկական մեդգավրի չափով, գրավոր…
Եվ այդ ամենին էլ գումարած…
— Հնարավոր է, որ մեր նախկին Լʼպեյրը իսկապես սոսկալի մեղսագործ է եղել,— ծվծվալով թոթովում էին Բլետչի խցի աջ կողմում գտնվող վանդակի երիտասարդ ամյոբաները։— Բայց դա ի՞նչ կապ ունի մեզ հետ։ Լʼպեյրը կյանքի գնով հատուցել է իր մեղքերի համար՝ նա մահացավ երկունքի ցավերից։ Իսկ մենք երիտասարդ ենք եւ բոլորովին անմեղ։ Միթե պառավ Գալակտիկան անդափահասներին կպատժի ծնողների մեղքերի համար։
Ի՞նչ կանեիր իմ տեղը։
Ես այդ ամբողջ թափորն ուղարկեցի Գլխավոր Շտաբ՝ գթետացիներին իրենց վայնասունով եւ իրավաբանական մեջբերումներով, Օսբորն Բլետչին՝ իր հովանոցով, կենսաբանության դասագրքով, պոռնոգրաֆիական լուսանկարների կապուկը եւ, վերջապես՝ թեեւ ամենից առաջ նրանց պիտի հիշատակեի՝ երկու (չսխալվես՝ նրանք երկուսն են) դեռեւս տաքուկ ամյոբաներին։ Նրանց նշանակի Լʼպեյր₁, եւ Լʼպեյր₂։ Ինչ ուզում ես արա նրանց, ես ձեռքերս լվանում եմ։
Բայց եթե դու (Շտաբի քո իմաստունների հետ միասին) կարողանաս մի որեւէ բացատրություն գտնել, որը մենք կկարողանայինք ներկայացնել ծերուկին, նախքան նա կբացի գլսիստմորֆը, մենք (ես ու Պա֊Չի֊Լուն) մինչեւ մահ երախտապարտ կլինենք քեզ։
Դե իսկ եթե ոչինչ չկարողանաս մտածել, էհ, ինչ արած, մենք այստեղ ենք, Տիեզերական պարեկային ծառայության 1001625 կետում։ Ճամպրուկներս արդեն հավաքել ենք։ Սիգնուսի Սեւ թունելով ճանապարհորդելիս թեթեւ չեն հագնվում։
P. S. Հոյ, անձամբ ես համոզված եմ, որ այս բոլոր տհաճությունների մեղավորթ այն արարածներն են, որոնց մոտ ցեղի վերարտադրման համար պահանջվում են ամեն տեսակ կրքեր ու զգացմունքներ։ Որքան ավելի խելամիտ եւ վայելուչ է դա սպորների օգնությամբ անելը։