«Իմ ժամացույցը»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Իմ ժամացույցը |հեղինակ = Մարկ Տվեն |թարգմանիչ = Խ․ Հրաչյան (ռուսերենից) |աղբ...»:) |
(Տարբերություն չկա)
|
22:35, 15 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Մարկ Տվեն |
Իմ ժամացույցը
(Խրատական պատմվածք)
Իմ նոր հիանալի ժամացույցը մեկ եւ կես տարի աշխատում էր առանց ետ ընկնելու եւ առանց շտապելու։ Այդ ժամանակամիջոցում նա ոչ մի անգամ կանգ չէր առել ու չէր փչացել։ Ես սկսեցի նրան համարել մեծագույն հեղինակություն՝ ժամանակ ցույց տալու տեսակետից եւ նրա անատոմիական կառուցվածքն ու կազմությունը դիտել իբրեւ անխորտակելի։ Բայց մի անգամ քնելուց առաջ մոռացա ժամացույցս լարել։ Ես շատ վշտացա, քանի որ բոլորն էլ ընդունում են, որ դա վատ նշան է։ Սակայն շուտով նորից հանգստացա, ժամացույցս ուղղեցի ենթադրաբար, եւ ջանացի ամեն տեսակ վատ նախազգացումները հեռու վանել ինձանից։
Հետեւյալ օրը մտա ժամացույցի լավագույն մի խանութ, որպեսզի ժամացույցս ուղղել տամ, եւ ինքը՝ ֆիրմայի պետը վերցրեց այն ինձանից ու սկսեց զննել։ Կարճ լռությունից հետո նա ասաց․
«ժամացույցը չորս րոպե ետ է մնում, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ»։ Ես ուզում էի ետ պահել նրան, ասելով, որ ժամացույցը մինչեւ այժմ ճիշտ է աշխատել։ Բայց ո՜ւր․ այդ կաղամբի գլուխը չուզեց ոչինչ լսել․ նա միայն մի բան էր տեսնում՝ ժամացույցը չորս րոպե ետ է մնում եւ, հետեւաբար, անհրաժեշտ է կարգավորիչն առաջ տալ։ Եվ ահա, մինչդեռ ես տագնապահար կպարեի նրա շուրջը, աղաչելով ձեռք չտալ իմ ժամացույցին, նա անխռով ու դաժանորեն կատարեց այդ սեւ գործը։ Ժամացույցս սկսեց շտապել։ Օրեցօր նա ավելի ու ավելի առաջ էր գնում։ Մի շաբաթ հետո նա շտապում էր ինչպես տենդով բռնված, եւ նրա զարկերակը ստվերում հասավ հարյուր հիսունի։ Երկու ամիս հետո նա հեռու ետեւում թողեց քաղաքի բոլոր ժամացույցները եւ ավելի քան տասներեք օրով առաջ անցավ օրացույցից։ Հոկտեմբարյան տերեւաթափը դեռեւս պտտվում էր օդում, իսկ նա արդեն ուրախանում էր նոյեմբերի ձյունով։ Նա շտապեցնում էր մուծելու բնակարանի վարձն ու փակելու հաշիվները, եւ դա այնպես սնանկացուցիչ էր, որ ես ի վերջո չդիմացա ու ժամացույցս տարա վարպետի մոտ։ Նա հարցրեց, թե ժամացույցը երբեւէ նորոգման գնացե՞լ է։ Ասացի ոչ, մինչեւ այժմ դրա կարիքը չի զգացվել։ Նրա աչքերը փայլատակեցին կատաղի ուրախությամբ․ նա նետվեց ժամացույցիս վրա, թափով բաց արավ, զառ խաղալու մի բաժակ ներպտուտակեց աչքին եւ սկսեց զննել մեխանիզմը։ Նա ասաց, որ կարգավորելը քիչ է, բացի դրանից անհրաժեշտ է ժամացույցը մաքրել ու յուղել, եւ պատվիրեց անցնել մի շաբաթից։ Մաքրելուց, յուղելուց եւ բոլոր մյուս բաներից հետո ժամացույցս սկսեց այնպես դանդաղ աշխատել, որ նրա տկտկոցը հիշեցնում էր թաղման զանգահարություն։ Ես սկսեցի ուշանալ գնացքներից, բաց թողնել գործարար տեսակցությունները, անժամանակ ճաշի գալ, երեքօրյան տարկետումը ժամացույցս ձգում էր մինչեւ չորս օր, եւ իմ մուրհակները բողոքարկվեցին։ Աննկատելիորեն ժամանակից ետ ընկա եւ հանկարծ հայտնվեցի նախորդ շաբաթվա մեջ։ Շուտով գլխի ընկա, որ մեն֊մենակ թափառում եմ նախանցյալ շաբաթվա մեջտեղում, իսկ աշխարհը աչքիցս կորավ հեռու֊հեռվում։ Զգացի, որ կրծքիս մեջ թաքուն թափանցում է մի անորոշ ձգտում, թանգարանում գտնվող փարավոնի մումիայի հանդեպ ընկերական զգացումի պես ինչ֊որ բան, եւ որ ցանկություն է ծագում խոսել այդ փարավոնի հետ, բամբասել օրվա հրատապ թեմաների շուրջը։ Նորից գնացի վարպետի մոտ։ Նա աչքիս առաջ քանդեց ամբողջ մեխանիզմը եւ ասաց, որ կափարիչն «ուռել է»։ Ապա հայտնեց, որ խոստանում է երեք օրում ուղղել այն։ Դրանից հետո ժամացույցս բավականին կանոնավոր էր աշխատում, բայց միայն վերջին հաշվով, եթե կարելի է այսպես արտահայտվել։ Օրվա մի կեսը նա ամբողջ ուժով շտապում էր եւ այնպես էր հազում, փոշտում, հաչում ու փշտացնում, որ ես իմ ձայնը չէի լսում․ եւ քանի դեռ այդ աղմուկը չէր դադարել, Ամերիկայի ժամացույցներից եւ ոչ մեկը չէր կարող նրան հասնել։ Դրա փոխարեն օրվա երկրորդ կեսը աշխատում էր ավելի ու ավելի դանդաղ, եւ այն ժամացույցները, որոնց նա ետ էր թողել, այժմ հասնում էին նրան։ Օրվա վերջում նա հասնում էր դատավարական տրիբունային ճիշտ ժամանակին, այնպես որ ընդհանուր առմամբ ամեն ինչ կարգին էր։ Միջին հաշվով նա բնավ էլ վատ չէր աշխատում, եւ ոչ ոք չէր կարող ասել, թե իր պարտքը չի կատարում կամ ջանում է չափից ավելի։ Սակայն միջին հաշվով ոչ վատ աշխատելը մեծ արժանիք չէ, երբ խոսքը վերաբերում է ժամացույցին, ուստի ժամացույցս տարա մի ուրիշ վարպետի մոտ։ նա ասաց, որ գամերիթը ջարդված է։ Պատասխանեցի, որ շատ ուրախ եմ դրա համար, ես ավելի լուրջ ջարդվածքից էի վախենում։ Ճիշտն ասած, հասկացողություն չունեմ, թե ինչ է գամերիթը, բայց հո չէի՞ կարող կողմնակի մարդուն հայտնի անել, թե խելքս բան չի հասնում այդ գործից։ Նա նորոգեց գամերիթը, բայց եթե ժամացույցն այդ տեսակետից շահեց, ապա կորցրեց մնացած բոլոր տեսակետներից։ Նա մերթ աշխատում էր, մերթ կանգ առնում, եւ կանգնում կամ գնում էր՝ որքան ուզենար։ Եվ, սկսելով աշխատել, ամեն անգամ հարվածում էր դեպի ետ, ինչպես պապիս հրացանը։ Ես կրծքիս բամբակ դրի, բայց վերջիվերջո չդիմացա ու մի քանի օրից հետո ժամացույցս տարա նոր վարպետի մոտ։ Նա ամբողջ մեխանիզմը քանդեց եւ սկսեց նրա անցավոր մնացորդները զննել խոշորացույցով, ապա ասաց, որ կարծես մազին ինչ֊որ բան է պատահել։ Վարպետը կարգի բերեց մազը ու ժամացույցը նորից լարեց։ Այժմ նա լավ էր աշխատում, եթե չհաշվենք, որ տասից տասը րոպե պակաս սլաքները մկրատաձեւ կառչում էին իրար եւ այդպես իրար կառչած էլ առաջ էին գնում։ Ինքը Սողոմոն իմաստունն էլ չէր կարող այդ ժամացույցով որոշել, թե ժամը քանիսն է, եւ ես ստիպված էի նորից այն տանել նորոգման։ Վարպետն ասաց, թե ոսպնյակը ծռվել է եւ զսպանակն էլ կարգին չէ։ Բացի դրանից, նա նկատեց, որ մեխանիզմի մեջ տեղ֊տեղ անհրաժեշտ է կարկատաններ դնել եւ որ վատ չէր լինի նաեւ մի կտոր կաշի գցել։ Նա այդ բոլորն արավ, եւ ժամացույցս սկսեց կարգին աշխատել, միայն ժամանակ առ ժամանակ մեխանիզմի ներսում ինչ֊որ բան կատաղի շարժման մեջ էր ընկնում եւ սկսում մեղվի պես բզզալ, ըստ որում սլաքները պտտվում էին այնպիսի արագությամբ, որ նրանց ուրվագիծը աղոտանում էր եւ թվացույցը երեւում ասես սարդոստայնի միջից։ Ամբողջ օրվա պտույտը նրանք կատարում էին վեց֊յոթ րոպեում, ապա չխկոցով կանգ առնում։ Որքան էլ ծանր էր ինձ համար, նորից գնացի վարպետի մոտ ու նորից նայեցի, թե նա ինչպես է մեխանիզմը մաս֊մաս անում։ Որոշեցի վարպետին խստագույն խաչաձեւ հարցաքննության ենթարկել, որովհետեւ գործը լուրջ բնույթ էր ստանում։ Ժամացույցն արժեր երկու հարյուր դոլար, մինչդեռ նորոգումն ինձ վրա նստել էր երկու֊երեք հազար։ Սպասելով հետեւանքին եւ վարպետին նայելով, տեսա որ ճանաչում եմ նրան․ դա նավի մեխանիկ էր, ըստ որում ոչ այնքան էլ կարգին մեխանիկ։ Նա ուշադիր զննեց մեխանիզմի բոլոր մասերը, ճիշտ եւ ճիշտ մյուս ժամագործների նման, եւ նույնպես վստահորեն արտասանեց իր դատավճիռը։ Նա ասաց․
— Անհրաժեշտ է գոլորշի բաց թողնել սրա մեջ եւ մի պնդօղակ եւս հագցնել պահպանական կափույրին։
Ես ջախջախեցի նրա գանգը եւ թաղեցի իմ հաշվին։
Իմ քեռի Ուիլյամը (այժմ, ավա՜ղ, հանգուցյալ) ասում էր, որ լավ ձին լավ է, քանի դեռ սանձը չի կրծել, իսկ լավ ժամացույցը՝ քանի դեռ նորոգման չի եղել։ Նա շարունակ հետաքրքրվում էր, թե ո՞ւր են չքանում ձախողակ զոդողները, զինագործները, կոշկակարները, մեխանիկներն ու դարբինները, բայց ոչ ոք այնպես էլ չէր կարողանում բացատրել նրան։