«Գանձերի կղզին»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Գանձերկ կղզին |հեղինակ = Ռոբերտ Լուիս Ստիվենսոն |թարգմանիչ = Հայրապետ Հայր...»:) |
չ |
||
Տող 1. | Տող 1. | ||
{{Վերնագիր | {{Վերնագիր | ||
− | |վերնագիր = | + | |վերնագիր = Գանձերի կղզին |
|հեղինակ = [[Ռոբերտ Լուիս Ստիվենսոն]] | |հեղինակ = [[Ռոբերտ Լուիս Ստիվենսոն]] | ||
|թարգմանիչ = Հայրապետ Հայրապետյան (ռուսերենից) | |թարգմանիչ = Հայրապետ Հայրապետյան (ռուսերենից) |
16:55, 30 Նոյեմբերի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Ռոբերտ Լուիս Ստիվենսոն |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ: ԾԵՐ ԾՈՎԱՀԵՆԸ
Գլուխ I: Ծեր ծովային գայլը «Ծովակալ Բենբոու» պանդոկում
Ազնվական կալվածատեր Տրելոնին, Բժիշկ Լիվսին և ուրիշ ջենտլմեններ խնդրել են ինձ գրել այն բոլորը, ինչ որ գիտեմ Գանձերի Կղզու մասին։ Նրանք ցանկանում են, որ ես պատմեմ ողջ պատմությունն սկզբից մինչև վերջ, չթաքցնելով ոչ մի մանրամասնություն, բացի կղզու աշխարհագրական դիրքից։ Մատնանշել, թե որտեղ է գտնվում այդ կղզին, ներկայումս դեռ անկարելի է, որովհետև կան գանձեր, որ մենք այնտեղից դեռ չենք դուրս բերել։
Եվ ահա ներկա 17․․․ թվին ես գրիչ եմ վերցնում և մտքով վերադառնում դեպի այն ժամանակը։ երբ հայրս «Ծովակալ Թենբոու» անունով պանդոկ ուներ և այդ պանդոկում բնակվեց մի ծեր արևակեզ ծովային, երեսին՝ սրի սպի։
Ես հիշում եմ, կարծես այդ երեկ էր, թե ինչպես նա ծանր քայլերով հասավ մեր դռանը, իսկ նրա սնդուկը բերում էին ձեռնասայլով։ Դա մի բարձրահասակ, ուժեղ, ծանրամարմին, մութ շագանակագույն դեմքով տղամարդ էր։ Կուպրոտ ծամիկը կախ էր ընկած նրա յուղոտ կապույտ բաճկոնի օձիքի վրա։ Ձեռները խորդուբորդ էին, վրան՝ ինչ-որ կտրվածքներ և քերծվածքներ, եղունգները սև, կոտրտված, իսկ դեմքի սպին կեղտոտ, բոսորասպիտակագույն։ Հիշում եմ, ինչպես անծանոթը շվշվացնելով նայեց մեր ծովախորշը և հանկարծ բարձր ձայնով երգեց մի հին նավաստիական երգ, որը հետո այնքան հաճախ երգում էր․
- Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,
- Յո-խո-խո և մի շիշ ռոմ։
Նրա ձայնը ծերունու ձայնի նման էր, խռպոտ, վնգվնգան, ինչպես նավի խարիսխի ճռնչացող լծակները։
Նրա ձեռնափայտն էլ երկաթե լծակի նման էր։ Այդ ձեռնափայտով նա խփեց մեր դռանը, և երբ հայրս դուրս եկավ ու կանգնեց շեմքին, նա կոպիտ կերպով մի բաժակ ռոմ պահանջեց։ Երբ ռոմը տվին, նա գիտակ մարդու նման սկսեց առանց շտապելու համտես անել յուրաքանչյուր կումը։ Խմելիս նա նայում էր երբեմն ժայռերին, երբեմն պանդոկի ցուցանակին։
— Հարմար ծովախորշ է,— ասաց նա վերջապես։— Պանդոկի համար վատ տեղ չէ։ Շա՞տ մարդ է հաճախում, բարեկամ։
Հայրս պատասխանեց, թե ոչ, դժբախտաբար շատ քիչ մարդ է հաճախում։
— Ինչ որ է,— ասաց ծովայինը։— Փոքրիկ սենյակն իսկ և իսկ ինձ համար է․․․ Է՛յ, բարեկամ,— ձայն տվեց այն մարդուն, որը նրա ետևից գլորում էր ձեռնասայլը,— մոտեցիր և օգնիր, որ սնդուկը հանեմ․․․ Ես միառժամանակ կապրեմ այստեղ,― շարունակեց նա։— Ես հասարակ մարդ եմ։ Ռոմ, ապխտած խոզի միս և ձվածեղ ահա այն բոլորը, ինչ որ ինձ հարկավոր է։ Ահա այն ժայռը, որտեղից երևում են ծովով անցնող շոգենավերը։ Ինձ ինչպե՞ս անվանել։ Ինչ կա որ, անվանեցեք նավապետ։ Էհե՛, ես տեսնում եմ, թե դուք ինչ եք ուզում։ Ահա՜։
Եվ նա շպրտեց շեմքի վրա երեք թե չորս ոսկե դրամ։
― Երբ սրանք կվերջանան, կարող եք գալ և ասել,— մռայլ կերպով արտասանեց նա և իշխանավորի պես նայեց հորս։
Եվ իսկապես․ թեև նրա հագուստը վատ էր և խոսակցության ձևը կոպիտ, սակայն նա հասարակ նավաստու նման չէր։ Ավելի շուտ, նրան կարելի էր համարել ղեկապետ կամ շկիպեր, որը սովոր է, որ իրեն ենթարկվեն։ Զգացվում էր, որ նա սիրում է իր բռունցքին իրավունք տալ։ Ձեռնասայլի տերը պատմեց մեզ, որ անծանոթը երեկ առավոտյան փոստային կառքով եկավ «Գևորգ թագավորի հյուրանոցը» և սկսեց հարցափորձ անել ծովի մոտ գտնվող բոլոր իջևանների մասին։ Մեր պանդոկի մասին լավ կարծիքներ լսելով և իմանալով, որ պանդոկը գտնվում է գյուղից դուրս, նավապետը որոշեց բնակվել մեզ մոտ։ Ահա այն բոլորը, ինչ-որ մեզ հաջողվեց իմանալ մեր կենվորի մասին։
Նա լռակյաց մարդ էր։ Ամբողջ օրերով թափառում էր ծովախորշի շուրջը կամ բարձրանում ժայռերը՝ պղնձե հեռադիտակը ձեռքին։ Երեկոները նա նստում է ընդհանուր սենյակի անկյունում, կրակի մոտ, ռոմը խառնում ջրի հետ և խմում այդ խառնուրդը։ Երբ նրա հետ խոսում էին, նա չէր պատասխանում։ Միայն կատաղի հայացք էր գցում մարդկանց վրա և քթով սուլում, ինչպես նավի շոգեշչակը մառախուղի մեջ։ Շուտով մենք և մեր այցելուները սովորեցինք նրան հանգիստ թողնել։ Ամեն օր, զբոսանքից վերադառնալուց հետո, նա տեղեկանում էր, թե մեր ճանապարհով ծովայիններ չե՞ն անցել արդյոք։ Սկզբում մենք կարծում էինք, թե նա կարիք ունի այնպիսի հարբեցողների, ինչպիսին ինքն է։ Բայց վերջում սկսեցինք, հասկանալ, որ նա ցանկանում է այդպիսիներից հեռու լինել։ Եթե որևէ ծովային ծովափնյա ճանապարհով անցնելով դեպի Բրիստոլ՝ կանգ էր առնում «Ծովակալ Բենբոուում», նավապետը նախ դիտում էր նրան դռան վարագույրի ետևից և ապա դրանից հետո միայն դուրս գալիս ընդհանուր սենյակը։ Նման մարդկանց ներկայությամբ նա մկան պես լռակյաց էր։
Ես գիտեի, թե բանն ինչ է, որովհետև նավապետն ինձ պատմել էր, թե ումի՛ց է վախենում։
Մի անգամ նա ինձ մի կողմ տարավ ու խոստացավ յուրաքանչյուր ամսի մեկին վճարել ինձ չորսական արծաթ պենս, եթե ես «ուշադիր նայեմ, թե որևէ տեղում չի՞ հայտնվում արդյոք միոտանի ծովագնաց», և իսկույն հայտնեմ նրան, երբ տեսնեմ։ Երբ ամսի մեկը գալիս էր, և ես դիմում էի նրան, որ խոստացած ռոճիկը տա, նա միայն քթով խռռացնում էր և կատաղի հայացք գցում վրաս։ Սակայն մի քանի օրից հետո, այնուամենայնիվ, փողը բերում էր և կրկնում հրամանը՝ «միոտանի ծովայինին» աչքաթող չանել։
Այդ միոտանի ծովագնացը հետապնդում էր ինձ մինչև անգամ երազում։ Փոթորկալից գիշերները, երբ քամին տատանում էր մեր տան բոլոր չորս անկյունները, իսկ ալեկոծությունը մռնչում էր ծովախորշում, հասնելով մինչև վերին ժայռերը, նրան հազար տեսակ տեսնում էի երազում, սարսափելի, հազար տեսակի սատանաների ձևով։ Նրա ոտը կտրված էր երբեմն ծնկից, երբեմն մինչև ազդրը։ երբեմն նա ինձ թվում էր ինչ-որ սարսափելի հրեշ, որի միակ ոտը բուսել էր մարմնի մեջտեղից։ Այդ միակ ոտով նա վազում էր իմ ետևից, թռչելով ցանկապատերի և առուների վրայով։
Ես հեշտ չէի ձեռք բերում յուրաքանչյուր ամսվա չորս պենսը․ փոխարենը ես վճարում էի այդ տանջող երազներով։
Բայց որքան էլ որ սարսափելի էր ինձ համար միոտանի ծովայինը, ես նավապետից շատ ավելի քիչ էի վախենում, քան մնացած մարդիկ։ Երբեմն երեկոները նա այնքան ռոմ էր խմում, որ գլուխը պատվում էր։ Այդ դեպքում նա երկար ժամանակ մնում էր պանդոկում և երգում էր հին, վայրենի, դաժան ծովային երգեր՝ ներկա եղողներից ո՛չ մեկի վրա ուշադրություն չդարձնելով։ Պատահում էր նաև, որ նա բոլորին հրավիրում էր իր սեղանի մոտ և բոլորի համար բաժակներ էր պահանջում։ Հրավիրվածները երկյուղից դողում էին, իսկ նա ստիպում էր նրանց կամ լսել իր սարսափելի պատմվածքները ծովային արկածների մասին, երբեմն էլ խմբական երգեր երգել։ Այն Ժամանակ մեր տան պատերը ցնցվում էին «Յո-խո-խո և մի շիշ ռոմ» երգից, որովհետև բոլոր այցելուները, վախենալով նրա մահացու զայրույթից, աշխատում էին մեկը մյուսի ձայնը խլացնել և երգել որքան կարելի է բարձր, որ նավապետը գոհ մնա, որովհետև այդպիսի ժամերին նա անզուսպ և զարհուրելի էր․ երբեմն բռունցքով խփում էր սեղանին և պահանջում, որ բոլորը լռեն, կամ սաստիկ կատաղում էր, երբ որևէ մեկը, ընդհատելով նրա խոսքը, որևէ հարց էր տալիս, երբեմն, ընդհակառակը, կատաղում էր, երբ հարց չէին տալիս, որովհետև նրա կարծիքով, դա ցույց էր տալիս, որ իրեն ուշադրությամբ չեն լսում։ Եվ ոչ ոքի պանդոկից դուրս չէր թողնում։ Ներկա եղողները կարող էին հեռանալ միայն այն ժամանակ, երբ նա ննջում էր և օրորվելով քարշ գալիս դեպի իր անկողինը։
Բայց դրանից սարսափելի նրա պատմվածքներն էին։ Սարսափելի պատմություններ կախաղանների, տանջանքների, ալեկոծությունների, Դրայ Տորտուգասի, Կարաիբյան ծովի ծովայինների, ավազակների և նրանց քաջագործությունների մասին։ Նրա պատմածներից երևում էր, որ իր ամբողջ կյանքն անց է կացրել հռչակավոր չարագործների մեջ։ Իսկ հայհոյանքը, որ յուրաքանչյուր խոսքից հետո դուրս էր թռչում նրա բերանից, վախեցնում էր մեր գյուղական պարզամիտ մարդկանց ոչ պակաս, քան այն հանցագործությունները, որոնց մասին նա խոսում էր։
Հայրս շարունակ պնդում էր, թե պետք է փակել պանդոկը, որովհետև նավապետը մեր բոլոր այցելուներին կցրի։ Ո՞վ կուզենար ենթարկվել այդպիսի ծաղրանքի և տուն դառնալիս սարսափից դողալ։ Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ նավապետը, ընդհակառակը, մեզ օգուտ էր բերում։ Ճիշտ է, այցելուները վախենում էին նրանից, սակայն մի օրից հետո կրկին գալիս էին։ Հանգիստ, խուլ կյանքի մեջ նա ինչ–որ հաճելի հուզմունք էր մտցրել։ Մինչև անգամ երիտասարդների մեջ նավապետը երկրպագուներ ուներ, որոնք հայտնում էին, թե հիացած են նավապետով։ «Իսկական ծովային գայլ է, որին աղել է ծովը», բացականչում էին նրանք։ Նրանց ասելով հենց այդպիսի մարդիկ են Անգլիային ծովերի ամրոց դարձրել։
Սակայն, մյուս կողմից, այդ մարդն իսկապես մեզ վնաս էր տալիս։ Շաբաթ շաբաթի ետևից, ամիսն ամսի ետևից անցնում էին։ Այն գումարը, որ նա տվել էր մեզ իր գալու օրը, վաղուց ծախսվել էր, նոր գումար չէր տվել, իսկ հայրս չէր համարձակվում պահանջել։ Հենց որ հայրս ակնարկում էր վարձի մասին, նա սկսում էր այնպիսի կատաղությամբ փնչացնել, որ փնչոցը դառնում էր մռնչոց, և հայրս սարսափած սենյակից դուրս էր թռչում։ Ես նկատում էի, թե ինչպես այդ դեպքերից հետո նա հուսահատորեն ջարդում էր ձեռքերը։ Ես չեմ կասկածում, որ այս վրդովմունքներն ու երկյուղը չափազանց արագացրին հորս վշտալի և անժամանակ մահը։
Մեզ մոտ եղած ժամանակ նավապետը միշտ միևնույն հագուստն էր հագնում, միայն մի քանի զույգ գուլպա էր ձեռք բերել։ Գլխարկի մի ծայրը կախվել էր։ Նավապետն այդպես էլ թողել էր, թեև ուժեղ քամու ժամանակ շատ անհարմար էր։ Ես շատ լավ հիշում եմ, թե ինչպիսի պատառոտված բաճկոն ուներ նա․ որքան էլ կարկատում էր իր բաճկոնը վերևում՝ իր սենյակում, վերջ ի վերջո ցնցոտիներ դարձավ։ Նա երբեք ոչ մի նամակ չէր գրում և ոչ մի տեղից չէր ստանում։ Ոչ ոքի հետ չէր խոսում։ Խոսում էր միայն այն ժամանակ, երբ սաստիկ հարբած էր լինում։ Ոչ ոք մեզանից երբեք չի տեսել, որ նա բացի իր սնդուկը։
Միայն մի անգամ համարձակվեցին հակաճառել նավապետին, և այդ տեղի ունեցավ վերջին օրերը, երբ դժբախտ հայրս հիվանդացավ մահացու հիվանդությամբ։
Մի անգամ երեկոյան բժիշկ Լիվսին եկավ հիվանդի մոտ։ Նա քննեց հիվանդին, շտապով ճաշեց, որին հյուրասիրեց մայրս, իջավ ընդհանուր սենյակը ծխամորճ ծխելու և սպասելու, որ ձին բերեն։ Ձին մնացել էր վերևում, գյուղում, որովհետև ծերունի «Բենբոուն» ձիու համար շենք չուներ։
Դեպի ընդհանուր սենյակը նրան առաջնորդեցի ես և հիշում եմ, թե ինչպես այդ գեղեցիկ, հիանալի հագնված սպիտակ կեղծամով, սևաչյա, հրաշալի դաստիարակված բժիշկն ապշեցրեց ինձ իր տարբերությամբ գյուղական այն հարբեցողներից, որոնք այցելում էին մեր պանդոկը։ Հատկապես սաստիկ տարբերվում էր նա մեր գորշ խրտվիլակից, կեղտոտ, մռայլ, ծանրամարմին ծովահենից, որը հարբում էր ռոմով և արմունկներով ընկնում սեղանի վրա։
Հանկարծ նավապետը բարձր ձայնով երգեց իր մշտական երգը․
- Տասնհինգ մարդ մեռելի սնդուկի վրա,
- Յո-խո-խո և մի շիշ ռոմ։
- Խմիր և սատանան քեզ մինչև վերջը կհասցնի,
- Յո-խո-խո և մի շիշ ռոմ։
Սկզբում ես կարծում էի, թե «մեռելի սնդուկն» այն սնդուկն է, որը վերևում, նավապետի սենյակում է։ Իմ սարսափելի երազների մեջ այդ սնդուկը հաճախ կանգնում էր իմ առջև միոտանի ծովագնացի հետ միասին։ Սակայն հետզհետե մենք այնպես ընտելացանք այդ երգինք որ նրա վրա ուշադրություն դարձնելուց դադարեցինք։ Այդ գիշեր երգը նորություն էր միայն բժիշկ Լիվսիի համար և, ինչպես նկատեցի, նրա վրա հաճելի տպավորություն չթողեց։ Նա բարկացած նայեց նավապետի վրա, ծերունի Թեյլոր այգեպանի հետ հոդացավի բուժման նոր ձևերի մասին խոսակցությունն սկսելուց առաջ։ Այնինչ նավապետը, հետզհետե բորբոքվելով իր սեփական երգից, բռունցքով խփեց սեղանին։ Սա նշանակում էր, որ նա լռություն է պահանջում։ Բոլոր ձայները միանգամից լռեցին։ Միայն բժիշկ Լիվսին շարունակում էր բարեսիրտ և բարձրաձայն խոսակցությունը, ամեն խոսքից հետո փստացնելով ծխամորճը։
Նավապետը ուշադրությամբ նայեց նրան, հետո նորից բռունցքով խփեց սեղանին, ապա նայեց ավելի ուշադիր և հանկարծ գոռաց՝ իր խոսքերին անվայել հայհոյանք ավելացնելով․
— Է՛յ, դո՛ւք, տախտակամածի վրա, լռեցե՛ք։
— Դուք ի՞նձ եք դիմում, պարոն,— հարցրեց բժիշկը։
Նավապետը պատասխանեց, թե հենց նրան է ասում և կրկին հայհոյեց։
— Այդ դեպքում, պարոն, ես ձեզ միայն մի բան կասեմ,— պատասխանեց բժիշկը,— եթե չդադարեցնեք հարբեցողությունը, դուք կազատեք աշխարհը ամենագարշելի սրիկաներից մեկից։
Նավապետը կատաղեց։ Նա թռավ ոտքի, հանեց և բացեց իր նավաստու ծալվող դանակը և ափի մեջ խաղացնելով, սպառնաց բժշկին, թե նրան կմեխի պատին։
Բժիշկը տեղից չշարժվեց էլ։ Նա շարունակեց խոսակցությունը, առանց գլուխը շրջելու, նույն ձայնով, միայն մի քիչ բարձր, որ սենյակում գտնվողները կարողանան լսել․․․ Հանդարտ և հաստատուն ձայնով նա արտասանեց.
— Եթե դուք իսկույն այդ դանակը ձեր գրպանը չդնեք, պատվովս եմ երդվում, որ դուք, մեր շրջիկ դատարանի առաջին իսկ նստաշրջանից հետո կճոճվենք կախաղանի վրա։
Նրանց աչքերի միջև մենամարտություն սկսվեց։ Սակայն նավապետը շուտով անձնատուր եղավ։ Նա իր դանակը պահեց և ծեծված շան պես մռթմռթալով, ընկավ աթոռի վրա։
― Իսկ այժմ, պարոն,— շարունակեց բժիշկը,— որովհետև ինձ հայտնի եղավ, որ իմ շրջանում նման անձնավորություն կա, ես գիշեր ու ցերեկ ձեզ վրա ամենախիստ հսկողություն պետք է ունենամ։ Ես միայն բժիշկ չեմ, ես այստեղի դատավորն եմ։ Եվ եթե մի ամենափոքր բողոք կհասնի ինձ թեկուզ այն մասին, որ դուք որևէ մեկի հետ կոպիտ եք վարվել․․․ ա՛յ, ինչպես քիչ առաջ, ես խիստ միջոցներ ձեռք կառնեմ, որ դուք պատշաճ պատիժ ստանաք։
Շուտով բժիշկ Լիվսիի ձին բերին, և նա սլացավ։
Իսկ նավապետն ամբողջ երեկոն հանգիստ ու մեղմ էր և հետևյալ երեկոներին էլ այդպես մնաց։