Շամբամբուկլին հոգոց հանեց։ Հիմարություն էր նույնիսկ հույսեր կապելը, որ իր Արարածը «Աշխարհներից լավագույնը» անվանմանը կարժանանա։
==***==
Դեմիուրգ Շամբամբուկլին հյուր էր իր ընկեր դեմիուրգ Մազուկտայի մոտ։
― Դու լրիվ իզուր ես նեղվում,― բարբառում էր Մազուկտան՝ ափսեները սեղանի վրա դասավորելով։― Ես տեսել եմ քո վերջին աշխարհը՝ նայելու բան չկա։ Ծայրահեղ պարզություն ու ֆունկցիոնալություն, սպարտանականպայմաններ։ Չէ, դա իմը չէ։
Պատառաքաղը բռնած ձեռքը լայն պտտելով՝ Մազուկտան ցույց տվեց շրջակայքում եղածը։
― Ահա, աչքին հաճելի է։ Տարածությո՜ւն։ Մասշտաբնե՜ր։ Միայն աստղերը մեկ ու կես միլիոն են։ Կամ միլիարդ, չեմ հիշում արդեն։ Չորս հատ արև կա՛։ Սարերը՝ տաս մղոնից ոչ ցածր, իսկ իմ տափաստաննե՜րը․․․ Դու տեսե՞լ ես իմ տափաստանները։ Դրանք ա՛ն֊սա՛հ֊մա՛ն են։
― Ինչի՞ համար,― թարթեց Շամբամբուկլին։
― Ո՞ցն ինչի համար․․․։ Սիրունության։
― Բա է՞լ։
― Նաև, որպեսզի սլանալ տափաստանով ողջ օրը՝ արևածագից մինչև մայրամուտ։
― Դու սլացե՞լ ես։
― Չէ։ Բայց ասում են, որ հավես է։
Մազուկտան գինին լցրեց բաժակները և հպարտությամբ ցույց տվեց պիտակը։
― Հարյուր տարվա։ Սա ինձ լեռնային ցեղերն են բերել։ Նրանք ինձ սիրում են։
― Իսկապե՞ս,― քաղաքավարի հարցրեց Շամբամբուկլին։
― Ըհըմ։ Երևի։
Մազուկտան բացեց մեկնված կապոցը և հոտ քաշեց․
― Դե, ի՞նչ են մեզ այսօր բերել․․․ Խորոված ցլեր, այծեր, ոչխարներ․․․ օ՜, մե՛ղր։ Մեղուների՛ց։ Շամբամբուկլի, քո աշխարհում մեղուներ կա՞ն։
― Չէ։
― Լրիվ իզուր։ Ան, փորձի։ Երևելի բան է։
Մազուկտան ափսեները լցրեց զոհաբերվածով և սկսեց հացկերույթը։
― Համով է,― հաստատեց նա լիքը բերանով։― Սիրում են խորոված միս։ Քոչվորները հեչ վատ չեն պատրաստում խորոված միսը։ Սիրում են ինձ։
― Կարծո՞ւմ ես։
― Համոզված եմ։ Նրանք ինձ պաշտում են, ահա և նվիրում են ինչ պատահի։ Երբեմն նույնիսկ մատղաշ կույսեր են բերում, բայց ես նրանց չեմ ուտում։
― Իսկ ի՞նչ են այդ կապակցությամբ մտածում մատղաշ կույսերը։
― Եսիմ։
Մազուկտան լպստեց յուղոտ մատները և մաքրեց սփռոցով։
― Իսկ ինչի՞ իրանք ինձ չսիրեն։ Ես լավն եմ։ Ես իրենց համար ամբողջ մի աշխարհ եմ ստեղծել։
― Իսկ ես մտածում էի, որ աշխարհները արարվում են դեմիուրգների համար․․․
― Հե՜,― փնչացրեց Մազուկտան։― Էդ դու ես աշխարհները ստեղծում քո համար։ Եղել եմ այնտեղ, տեսել եմ։ Քո ողջ աշխարհը՝ 3X4 մետր սենյակ է, սեղան, անկողին, վառարան ու դեղձանիկ։ Նույնիսկ դա՝ լարովի։
― Ինձ հերիք է,― զգույշ ասեց Շամբամբուկլին։― Այնտեղ լուռ է, հանգիստ և հարմար։ Եվ ոչ ոք չի խանգարում։ Իսկ եթե ես ուզեմ հարյուր տարեկան գինի, ինքս էլ կարող եմ ստեղծել։
― Էսպիսին՝ չես ստեղծի։ Ուժդ չի պատի։
― Դե մի քիչ վատը կստեղծեմ։ Ես գուրման չեմ, դե գիտես։
― Գիտեմ։ Դու եսամոլ ես։
― Ու ի՞նչ։ Ո՞ւմ է դրանից վատ։
― Իսկ ո՞ւմ է դրանից լավ։
― Ինձ։
― Ես էլ հենց դրա մասին եմ։ Դու ամեն ինչ անում ես քեզ համար, իսկ ես՝ մարդկանց։
― Օրինակ՝ մատղաշ կույսերի՞։
― Ի՞նչ ես կպել էդ մատղաշ կույսերին։
― Հեչ, տենց ուղղակի․․․
― Ինքդ նայի՛ր։ Ինչքան բան եմ ես մարդկանց համար արել։ Սարեր եմ կանգնեցրել՝ մեկ։ Տափաստաններ եմ փռել՝ երկու։ Անտառներ եմ տնկել՝ երեք։ Իսկ ի՜նչ կենդանիներ եմ բազմացրել։ Եվ այդ ամենը՝ նրանց հաճույքի համար։
― Իսկ մարդկանց ինչի՞ ես ստեղծել։
― Մարդկանց՝ սեփական հաճույքի համար։ Բայց մնացած ամեն ինչը՝ իրենց համար։