«Բարոն»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Բարոն |հեղինակ = Մկրտիչ Արմեն |աղբյուր = «Պատվիրեցին հանձնել ձեզ» |թարգմա...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 15:52, 16 Դեկտեմբերի 2013-ի դրությամբ

Բարոն

հեղինակ՝ Մկրտիչ Արմեն
աղբյուր՝ «Պատվիրեցին հանձնել ձեզ»

Չկա՞ ավելի գեղեցիկ կենդանի, քան ձին։ Համաձայն եմ։ Բայց չկա նաեւ ավելի տգեղ կենդանի, քան ձին։ Դուք իսկույն կհամաձայնվեիք ինձ հետ՝ եթե տեսնեիք ճամբարի ձիերին։ Ինչ լավ է, որ չեք տեսել։ Ցանկանք, որ չտեսնեք հավիտյանս հավիտենից։

Նրանք ամեն օր չարչարվում էին անտառներում, կալանավորների հետ միասին։ Եվ դեռ հարց էր՝ ո՞վ էր ավելի շատ չարչարվում։

Ամեն կողմ լսվում էին կացինների հնչյուններ, սղոցների խզզոց, ընկնող ծառերի խրշտոց։ Եվ երբ ճյուղերից ազատվեծ ու կտոր֊կտոր արված ծառերը որպես պատրաստի գերաններ պառկում էին այս ու այն կողմում, հերթը հասնում էր ձիերին։ Մոտենում էր ձիապանը, գերանը շղթայով կապում էր ձիու ետեւից եւ քարշ տալիս անտառի միջով դեպի ճանապարհը, որը կարող էր լինել մոտիկ, կարող էլ լինել նաեւ հեռու։

Դուք ֆիզիկայից արդեն գիտեք, թե ինչ բան է շփումը։ Եվ ահա, եթե նույն ձիու համար շատ դժվար չէր լինի տանել շատ գերաններ՝ անիվներ ունեցող սայլակներով, ապա շատ ու շատ դժվար էր՝ գետնով քարշ տալ միայն մի գերան։ Եվ այն էլ ի՜նչ գետնով։ Մացառների ու խոտի մեջ թաքնված ծառարմատները կառչում էին գերանի ոչ այնքան մաքուր կտրված ճյուղերին, պահում գերանը։

Ձիապանը, առանց հասկանալու պատճառը, գուցե եւ հասկանալով, բայց զայրացած՝ աշխարհի վրա, արդարության վրա, շուռ էր գալիս եւ ծեծում խեղճ ձիուն, ծեծում, ծեծում…

Դուք պիտի տեսնեիք նրա ձիային աչքերի մարդկային տանջալի արտահայտությունը, լսեիք նրա ձիային ռունգերից ելնող մարդկային արագ֊արագ ու ծանր շնչառությունը։ Իսկ երբ հանկարծ նա իր տխուր աչքերը բարձրացնում էր դեպի քեզ, կարծես ասում էր մարդկային լեզվով․ «Ինչո՞ւ ես ծեծում ինձ, ես էլ կալանավոր եմ քեզ նման…»…

Ի՜նչպես էր ձգվում ձին՝ պոկելու համար գերանը գետնից, ի՜նչպես էր լարվում նրա նիհար ու ոսկրոտ մարմինը՝ ամբողջապես բաղկացած փոսերից ու սուր ցցվածքներից։

Իսկ մռո՜ւթը… Իսկական ձիու մռութ՝ ինչպես երբեմն ասում ենք՝ հայհոյելով մարդկանց։ Ատամները՝ իսկական ձիու ատամներ՝ երկար, դեղին։ Երբ նա բաց էր անում մազմզուկներով ծածկված իր տգեղ, կախ ընկած շուրթերը, նրա ատամները թվում էին ձիու մերկ զանգի ատամներ…

Երբ վերջանում էր աշխատանքային օրը եւ, վերջապես, լծարձակում էին նրանց, այսինքն՝ քանդում էին նրանց վրայից շղթաները, խեղճերն ուժ չէին ունենում մեկնելու դեպի հանգիստ։ Երկարում էին իրենց նիհար վզերը, մատղաշ եղեւնիներից պոկում մի փունջ փշատերեւ, ծամում զզվանքով ու դանդաղ, եւ, որքան էլ որ սոված, այլեւս չէին պոկում երկրորդ փունջը։

Բայց ճամբարում կար նաեւ մի շատ գեղեցիկ ձի, նժույգ։ Իսկապե՞ս Բարոն էր անունը, թե՞ կալանավորներն էին այդպես կոչում նրան։ Դա ճամբարի պետի ձին էր։ Համարյա սեւ գույնի, խոշոր, նա ուներ բարեկազմ, բայց շատ կուշտ կազմվածք, ներդաշնակ, բայց հսկայական գավակ, ավելի ճիշտ կլինի ասել՝ հետույք։ Նրա մկանոտ ու լավ սնված մարմինը ներսի կողմից այնպես էր պրկել կարճամազ մաշտը, որ վերջինս փայլում էր՝ նմանվելով մուգ շագանակագույն բադրիջանի կեղեւի։

Ինչպիսի՜ գեղեցիկ գլուխ ուներ նա՝ բարձր դրվածքի պարանոցի վրա… Սռաձիգ ռունգերը թրթռում էին ջահել ու առնական, խոշոր ու կրակոտ աչքերը վառվում էին չծախսած ուժից ու տեմպերամենտից։

Կալանավորները հաճախ էին տեսնում նրան՝ ճամբարի պետի սայլակին լծված։ Սայլակը շատ փոքրիկ էր, մի մարդու համար, ձվի կճեպի նման թեթեւ էր ու կանոնավոր, երկու մեծ անիվների վրա։

Տեսե՞լ եք, թե ինչպես չար երեխաներն իրենց ընկերներից մեկի ետեւից կապում էին թղթի կտոր՝ ծիծաղելու համար։ Երեխան վազվզում է, խաղում՝ առանց զգալու այդ թղթի կտորի գոյությունը։ Ահա ճիշտ այդպես էլ Բարոնն իր համար ազատ եւ ինքնիշխան վազում էր ճանապարհով՝ բոլորովին չզգալով, թե ինչ որ բան են կապել նրա հսկայական հետույքից։

Երբ կալանավորներն անտառային երկար ճանապարհից վերադառնում էին ճամբար, նրանք հաճախ տեսնում էին Բարոնին նաեւ ախոռների մոտ, դրսում կապված, գարի ուտելիս։

Տեսնելով գլխակախ քայլող կալանավոր ձիերի նիհար ու տգեղ կերպարանքները, Բարոնը վեր էր բարձրացնում գլուխն իր գարու վրայից եւ կրքոտ խրխնջում։ Բայց նրա խրխինջը, կուշտ փորից եկած, արձագանք չէր գտնում ոչ մի ձիու մոտ։ Նրանք չէին էլ նայում Բարոնի կողմը։ Անջատվելով մարդկալանավորներից, նրանք անցնում էին պորտաբույծի մոտով՝ առանց անգամ նայելու նրա գարուն, հասկանալով, որ դա նրանց համար չէ։ Մտնում էին իրենց ախոռը՝ ուտելու իրենց մի կտոր խոտը։

Բարոնը չէր հանգստանում։ Ուտելուց կշտացած, նա ուզում էր զվարճություններ, խրխնջում էր եւ խրխնջում։ Գլուխը ցնցելով փորձում էր պոկել երասանակը եւ մտնել ախոռը՝ ինչպես սուլթանը կմտներ հարեմ։

Իր փոքրիկ տնակից դուրս էր գալիս ինքը՝ ճամբարի պետը, թփթփացնում էր նրա բարձր պարանոցը, փորձում էր հանգստացնել նրան։ Բայց Բարոնն անթարթ նայում էր դեպի հարեւան ախոռը եւ վրնջում, կարծես ասում․ «Արձակ թողեք ինձ, մի ցույց տամ դրանց»…

Համարյա ամեն օր կալանավորներն ականատես էին լինում այդ տեսարանին։ Ու թեեւ հոգնած, նրանք աշխուժանում էին մի փոքր եւ սկսում սրախոսել։ Արտաքնապես պատկերն այն էր, թե նրանք, ծեծելով, ատում էին իրենց ձիերին, եւ, ընդհակառակը, զվարճանալով Բարոնով, սիրում էին նրան։ Բայց իրականում բոլորովին հակառակն էր։ Ձիերին նրանք ծեծում էին այնպես, ինչպես կծեծեին իրենք իրենց՝ եթե կարողանային․— վշտից, դառնություններից, հուսահատությունից։ Իսկ Բարոնով նրանք զվարճանում էին ինչպես դատարկապորտով, որը, արտոնյալ նժույգ, չի տեսել կյանքի ոչ մի դառնություն եւ միշտ պահանջում է նորանոր զվարճություններ։ Կալանավորներն իրենց հոգու խորքում սիրում էին իրենց ձիերին եւ ատելով ատում այդ հղփացած Բարոնին։

Մի անգամ, վերջապես, Բարոնին հաջողվեց պոկել իր երասանակը։ Ինչպիսի՜ հրճվանքով ու մոտակա բավականության նախաճաշակումով նա նետվեց դեպի տգեղ ու քաղցած ձիերի ջոկը… Խելահեղ ուրախությունից նա չգիտեր ուրին ընտրել, ուզում էր բոլորին վայելել միաժամանակ։ Ապա, առանց ընտրության, հարձակվեց դրանցից մեկի վրա։

Ձին, աշխարհի վայելքները վաղուց ի վեր մոռացած, սկզբում չհասկացավ, թե ինչ են ուզում նրանից։ Ապա հավաքեց իր վերջին ուժերը եւ զույգ ոտքերով մի ուժեղ քացի տվեց Բարոնի փորին։

Կալանավորները բարձրացրին ուրախության վայրենի աղաղակներ։

Բարոնը վրնջաց ցավից, բայց առավել եւս՝ այդպիսի անհավատալի եւ կոպիտ մերժումից։ Երեւի նա կյանքում չէր տեսել այդպիսի բան։ Բայց ձիերն արդեն մոտենում էին ախոռի դռանը, հարկավոր էր շտապել։ Ուստի եւ նա, առանց հապաղելու հարձակվեց մի ուրիշի վրա։ Ձին ետ տարավ իր կախ ընկած հաստ շուրթերը, ղնճրտաց շան նման եւ անսպասելի արագությամբ շուռ գալով դեպի Բարոնը, իր երկար ատամների երկու շարքը խրեց նրա մսի մեջ եւ հանեց։ Ուժեղ ցավի խրխինջը խլացավ ցնծության աղաղակների մեջ։ Կծած տեղում իսկույն հայտնվեցին երկու շարք կարմիր, խոշոր ուլունքներ, որոնք, իսկույն էլ, փխլվեցին ու հոսեցին ներքեւ։

Նույն վայրկյանին կատարվեց մի անհավատալի բան։ Բոլոր ձիերը՝ տգեղ, նիհար, հոգնած, շուռ եկան, հարձակվեցին Բարոնի վրա եւ սկսեցին բոլոր կողմերից կծոտել նրան եւ խփել քացիներով։

Ոչ ոք դեռ ուշքի չէր եկել, երբ իր տնակից դուրս նետվեց ճամբարի պետը եւ հարձակվեց ձիերի վրա։ Մտրակով անխնա հարվածելով աճ ու ձախ, նա փրկեց ոտից գլուխ արյունոտված եւ սմբակների հետքերով նախշված Բարոնին Ձիերը մտան ախոռ։

— Սրիկաներ, ես ձեզ ցույց կտամ,— գոռաց ճամբարի պետը՝ խոսքն ուղղելով, սակայն, ոչ թե ախոռ մտած ձիերին, այլ զվարճությունից փայլող աչքերով կալանավորներին։— Կանգնել եւ հռհռում էիք, այո՞, փոխանակ ազատելու ձիուն այդ սրիկաների ձեռքից։

«Սրիկաներն» այս անգամ արդեն վերաբերում էր ձիերին։

Քանի որ ընդունված բան չէր՝ ձիերին տանել մեկուսարան, պետը հրամայեց այդ պատժին ենթարկել կալանավորներին։

Առանց մտնելու իրենց բարաքը, հենց ճամբարի դարպասի մոտից, նրանք իրենց քայլերն ուղղեցին դեպի ցուրտ մեկուսարան։ Հենց այնտեղ էլ ստացան իրենց ընթրիքը եւ խմեցին։ Բայց զվարթ խոսակցությունները չէին լռում մինչեւ ուշ գիշեր։ Պատմում ու վերապատմում էին պատահած դեպքի բոլոր մանրամասնությունները, լրացնում իրար, ուղղում, վիճում, բարկանում իրար վրա, համաձայնվում։

Իսկ առավոտյան, նորից գնալով անտառ, նրանք սկսեցին նորից ծեծել իրենց ձիերին, թե ինչի համար են նրան ծնվել այդքան դժբախտ, ինչի՞ համար են եկել այստեղ՝ մարդկանց հետ կիսելու նրանց մարդկային ճակատագիրը…