«Տրակտ»–ի խմբագրումների տարբերություն
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Տրակտ |հեղինակ = Մկրտիչ Արմեն |աղբյուր = «Պատվիրեցին հանձնել ձեզ» |թարգմա...»:) |
(Տարբերություն չկա)
|
Ընթացիկ տարբերակը 20:19, 10 Հունվարի 2014-ի դրությամբ
հեղինակ՝ Մկրտիչ Արմեն |
Ձիերի մեջ ստսվեց խլնախտ սարսափելի հիվանդությունը, որն անբուժելի էր տասից ինը դեպքում, գուցե եւ ավելի։ Ձիերի ռունգերից սկսում էր հոսել լորձունքը, նրանց մարմինը պատում էր սարսափելի խոցերով, նրանք դառնում էին ծույլ, մելամաղձոտ, սարսափելի նիհարում էին, թեեւ ուտում էին գիշեր֊ցերեկ։
Ծանր հիվանդ ձիերին սկսեցին գնդակահարել եւ մարմիններն այրել։ Իսկ համեմատաբար թեթեւ հիվանդների համար անտառի խորքում շտապ կառուցեցին մի ճամբար, որն ուներ իրարից կղզիացած չորս ախոռ֊բարաքներ։ Մեկում տեղավորեցին ճամբարներից հավաքած ամենաթեթեւ հիվանդ ձիերին, երկրորդում՝ ավելի ծանրերին, երրորդում՝ խիստ ծանրերին, բայց ոչ անհույսներին։
Չորրորդ բարաքում ձիաբուժարանն էր։ Բերում էին այնտեղ հիվանդ ձիուն, կապում փայտե մի ամուր վանդակի մեջ եւ շիկացած երկաթով այրում նրա վերքերը։ Ձին իր կապված մռութի միջից հանում էր այնպիսի վրնջոցներ, որ սպասարկող կալանավորները նվաղում էին եւ գլխապտույտ ունենում։
Ապա հսկայական ասեղներով ինչ֊որ դեղ էին սրսկում նրանց մաշկի տակ։
Եթե ծանր հիվանդներն սկսում էին ապաքինվել, նրանց փոխադրում էին միջին, ապա նաեւ թեթեւ հիվանդների ախոռը։ Այդտեղից արդեն, նրա ճանապարհը դեպի ձիերի աշխարհն էր։
Իսկ եթե թեթեւ հիվանդներն էին սկսում հետզհետե ծանրանալ եւ փոխել իրենց ախոռները, ապա նրանց վախճանը, համարյա միշտ, լինում էր գնդակահարությունը։
Որովհետեւ ճամբարներում ձիերը քիչ էին, իսկ նրանց պահանջը շատ էր, ուստի եւ, թեթեւ հիվանդ եւ առողջացող ձիերին հանում էին աշխատանքի։ Բայց որպեսզի նրանք չվարակեին դրսում գտնվող առողջ ձիերին, ձեռք էին առնված ամենախիստ միջոցներ։
Տայգայում խլնախտով հիվանդ ձիերի համար, միայն դրանց համար, ստեղծվել էր ճանապարհների մի ամբողջ ցանց, ինչպիսին, իրենց հերթին, ունեին նաեւ առողջ ձիերը։
Այնպես էին տեղադրել երկու ցանցերը, որ դրանք հազվադեպ խաչաձեւեին իրար։ Այդպիսի դեպքերում «խաչի» չորս թեւերի վրայ, հատման կետից բավական հեռու, ամրացվում էր տախտակ՝ «կարանտին» մակագրությամբ։ Հիվանդ կամ առողջ ձին կանգ էր առնում այդ տախտակի մոտ։ Բեռը նրա սայլակից թափում էին ներքեւ, բարձում եզասայլի վրա։ Եզները չեն հիվանդանում խլնախտով։ Ուստի եւ եզասայլը կտրում անցնում էր խաչափեւումը եւ իր բեռը հանձնում մյուս տախտակի մոտ սպասող մի այլ ձիասայլի։
Սակայն ձիերի մասին չէ խոսքն այս պատմվածքում։
Ճիշտ նույն ձեւով էր, տայգայում տարածված էր մարդկանց ճանապարհների երկու ցանց․— կալանավորների եւ ազատների։
Կալանավորների ճանապարհների ցանցը խիտ էր, բայց ճանապարհներն իրենք խիստ նեղ էին, համարյա աննկատելի, ինչպես գողերի շավիղներ։
Ազատների ճանապարհների ցանցը, ընդհակառակը, ցանցառ էր, բայց բաղկացած էր բարեկարգ լայն տրակտ֊ճխուղիներից, որոնք մի մետրաչափ վեր էին բարձրացված ճահճոտ գետնից։ Դրանք չունեին կալանավորների նեղ շավիղներին հատուկ ճկուն ու հաճախակի ոլորապտույտները, այլ ուղղաձիգ էին երկար տարածությունների վրա եւ կատարում էին ոչ թե մանրիկ ու կտրուկ շրջադարձեր, այլ մեծ ու հանդիսավոր կիսաշրջաններ։
Բոլորովին չհատել ազատ մարդկանց տրակտը կալանավորների նեղ շավիղներով՝ անկարելի էր։ Հաճախակի էր հարկ լինում անցնել անտառի մի մասից մյուսը՝ երբեմն֊երբեմն կտրելով նաեւ տրակտը։
Բոլոր այդպիսի դեպքերում, դեռ տրակտին չհասած, պահակը կանգնեցնում էր բրիգադը, նախ ինքն էր դուրս գալիս անտառից, ապա, համոզվելով, որ ոչ ոք չկա ճանապարհի վրա, ձայն էր տալիս կալանավորներին։ Նրանք հապճեպ, ինչպես գողեր կամ անտառի խորհրդավոր էակներ, դուրս էին վազում այնտեղից, բարձրանում տրակտի վրա, վազելով կտրում դրա բարեկարգ լայնությունը, նորից իջնում ճահճոտ անտառը եւ անհետ կորչում դրա ծառերի մեջ։
Եթե մի րոպե հետո տրակտով անցներ ազատ մարդկանց որեւէ ձիասայլ կամ, հազվագյուտ հյուր֊ավտոմեքենա, այդտեղ նստած մարդիկ ոչ միայն չէին նկատի անցածների որեւէ հետք՝ տրակտի վրա, այլեւ չէին նկատի նրանց շավիղներն իրենց աջ եւ ձախ կողմերում։ Դրանք այնքա՛ն նման էին ուրիշ ծառերի միջեւ եղած արանքներին…
Նրանք, այդ ազատ մարդիկ, մտքով անգամ չէին անցկացնի, որ իրենց աջ եւ ձախ կողմերում, անտառի խուլ խորքերում թաքնված, ապրում է կալանավորների մի ամբողջ աշխարհ՝ իր աշխատավայրերով ու ճամբաներով, ճանապահրների մի ամբողջ ցանցով…
Կես րոպե էլ չէր տեւում կալանավորի անցնելը տրակտի վրայով, բայց ինչպիսի՜ երանություն եւ դառնությամբ լի քաղցրություն էր այդ կես րոպեն…
Դուրս գալով խուլ անտառից դեպի տրակտ, կալանավորը շնչում էր ազատ կրծքով, զգում ընդարձակության անպատմելի երջանկությունը։
Ճիշտ է, անտառի խուլ խորքերում եւս կային արձակ տարածություններ, բայց դրանք բացատներ էին՝ անտառի կողմից շուրջկալված։ Ոչ թե ազատության զգացումը, այլ ներփակության անձկությունն էր տիրապետում այդտեղ կալանավորին։
Տրակտը բոլորովին այլ էր։ Դա ուներ երկու ծայրեր եւ երկուսն էլ տանում էին դեպի ազատ մարդկանց աշխարհը, դեպի քաղաքներ, որտեղ կանգնած էին տներ՝ լուսամուտների փեղկերը բաց, դեպի գյուղեր՝ «Գյուղ֊խանութ» մակագրությամբ ցուցանակներով, դեպի կայարաններ, գետեր, ծովեր, ամառանոցներ…
Բարձրանալով տրակտի վրա, կալանավորներն զգում էին նաեւ քայլելու երանությունը։ Ոչ ճահճի թացությունը՝ ոտքերի տակ, ոչ խոտի մեջ թաքնված կողճիկ, որին ցավագնորեն խփում ես ոտքիդ մատները, ոչ դարուփոսեր… Հարթ խճուղի, տրակտ։ Դրա երկու ծայրերից քեզ վրա փչում է ազատ աշխարհի շունչը։ Խելահեղ ցանկություն ես զգում շուռ գալ դեպի տրակտի երկարությունը, վազել՝ ինչքան որ կարող ես, քանի դեռ քեզ չի հասել պահակի գնդակը կամ, որ ավելի սարսափելի է, անօրինական օրենքը…
Բայց դու իջնում ես տրակտից եւ նորից մտնում երիցս նզովված անտառը…
Գոնե մի մարդ տեսնեիր տրակտի վրա, գոնե մի մեքենա, գնայիր նրա ետեւից հայացքով, ապա երեւակայությամբ, հասնեիր աշխարհին՝ մի կամ մյուս ծայրում…
Բայց ահա քո բաժինը, ահա քո շավիղը՝ քո առջեւ։ Մտիր եւ գնա։ Շավիղը քեզ կտանի ոչ մի տեղ, կտանի տայգա։ Մի՞ կիլոմետր գնաս տայգայով, թե տասը՝ միեւնույն չէ՞ միթե։ Անսահմանության համար ոչ մի նշանակություն չունի տարածությունը։ Կանգ կառնես՝ որտեղ որ ասեն, կկտրես այն ծառերը՝ որոնք որ ասեն, կփոռվես ճահճոտ գետնին հանգստանալու՝ երբ որ ասեն…
Իսկ տրակտը մնաց ետեւում, հեռու, հեռու, եւ որ ամենասարսափելին է՝ ձգված ոչ թե քո ուղղությամբ, այլ հակադիր…
Պահակ Պոլիշչուկն իրեն ներել չէր կարող այդպիսի մեծ վրիպում։ Բայց մի՞թե նա մեղավոր էր։ Երբ նա, կարգադրելով բրիգադին՝ կանգ առնել, դուրս ելավ տրակտ, ոչ ոք չկար այնտեղ եւ ոչ էլ լսվում էր որեւէ հնչյուն։
Նա ձայն տվեց․
— Բրիգադ, առա՛ջ…
Երեւի տրակտից շատ հեռու էր կանգնեցրել նա բրիգադը, որովհետեւ բավական ժամանակ անցավ, մինչ հայտնվեցին առաջին կալանավորները։
Իջնելով նորից անտառ, Պոլիշչուկը հաշվեց նրանց, հավաստիացավ, որ բոլորն այդտեղ են, եւ հենց այն է, ուզում էր բարձրացնել տրակտ, երբ այնտեղ երեւաց գնչուների առաջին ֆուրգոնը…
— Բրիգադ, ե՛տ,— բացականչեց նա։
Ոչ ոք չշարժվեց տեղից։
— Բրիգադ, ե՛տ, կկրակե՛մ,— բղավեց նա զայրացած։
Բայց ոչ մեկն ուշադրություն չդարձրեց նրա վրա։ Թող կրակի, թող սպանի, միայն թե մեռնելուց առաջ, վերջին հայացքով, նայել ազատ մարդկանց՝ ազատությունից եկող եւ դեպի ազատություն գնացող…
Պահակը, իհարկե, իրավունք ուներ կրակելու եւ հրահանգի թույլատրած դեպքերում նաեւ մարդ սպանելու։ Բայց նա չէր կարողանում որոշել՝ այդպիսի՞ դեպք էր հիմա, թե ոչ։ Ուստի եւ, անզորությունից կատաղած, նա ինքն էլ կանգ առավ կալանավորների հետ եւ սկսեց նայել։
Ուշ աշուն էր, երկինքը՝ թխպոտ, անտառը՝ իր մուգ կանաչության վրա գորշություն հագած, տրակտը՝ անփայլ եւ մուգ։ Եվ ահա, շրջապատի այդ միագույն եւ անուրախ աշնան միջով սկսեց անցնել գնչուների թափառախումբը՝ ֆուրգոնների մեջ նստած գունագեղ հագնված կանանցով, պլպլան աչքեր ունեցող երեխաներով, ձիերի կողքերով քայլող փայլուն սապոգավոր ու լայն շալվարավոր տղամարդկանցով։
Կարո՞ղ էր լինել տայգայի գերության մեջ փակված կալանավորի համար ավելի բարձրագույն էակ, քան աշխարհից աշխարհ շրջող գնչուն…
— Բարեւ ձեզ, կալանավորնե՛ր,— բղավեց մի հաղթանդամ մարդ՝ լայն ու սեւ մորուքի միջից, եւ բարձրացրեց մտրակ բռնած իր ձեռքը։
Ոչ ոք չպատասխանեց նրան։ Նրանք անտառային ուրվականներ էին, նրանք իրավունք չունեին խոսել ազատ մարդկանց հետ…
— Մարեւ ձեզ, տղամարդիկ,— բղավեց մի գույնզգույն գնչուհի՝ ֆուրգոնի վրայից։— Եկեք տանեմ ձեզ։ Տեղ շատ կա կողքիս…
Ամուսինը, որ քայլում էր ֆուրգոնի հետ, չխանդեց, շուռ չեկավ եւ մտրակով չխփեց իր անզուսպ կնոջը։ Շարունակեց թախիծով նայել կալանավորներին։ Անտառի ուրվականներին չի կարելի խանդել…
— Ձեզ բարեւներ Մոլդավիայից,— բղավեց մի հասակավոր մարդ՝ մի այլ ֆուրգոնի կողքից։— Տանե՞նք բարեւներ Մերֆվոլգային…
Իսկ պահակը կանգնել էր լուռ, անշարժ։ Նա ամենազոր էր կալանավորների համար, բայց նրա ուժը չէր պատում ազատ մարդկանց վրա։ Նրանք կարող էին բղավել՝ ինչ որ ուզենային, նրանք նրա իրավասության տակ չէին, նրանք ազատ գնչուներ էին…
Րոպեներ շարունակ անցնում էր ֆուրգոնների շարանը՝ գունագեղ հեղեղի պես։ Կանգնել էին պատառոտված, գորշ հագուստով արարածները՝ մազակալված ու կեղտոտ, եւ նայում էին երջանիկ մարդկանց․— կիսաբաց թուխ ստինքներով կանանց, սատանայի ճուտերի պես կայտառ երեխաներին, ամեն ինչ ասելու իրավունք ունեցող, իսկ երբեմն էլ առանց իրավունքի ասող համարձակ տղամարդկանց, առողջ ու կուշտ ձիերին, եւ նորից՝ մարդկանց, ազատ մարդկանց…
Երբ կալանավորների առջեւով անցավ վերջին ֆուրգոնը, պահակն սպասեց էլի մի քանի րոպե, մինչեւ որ դա անհետացավ մեծ շրջադարձի կիսաշրջանի ետեւում։ Ապա կարգադրեց․
— Բրիգադ, առա՛ջ…
Կալանավորները բարձրացան տրակտ։ Այն նորից դատարկ էր եւ ամայի։ Նրանց թվաց, թե ոչ ոք չի անցել այդտեղով, եւ որ դա գույնզգույն տեսիլ էր միայն՝ միագույն աշնան գորշության մեջ հայտնված…
Սակայն տեսիլ չէր դա, ոչ․ տրակտի վրա մնացել էր ինչ֊որ գույնզգույն փոքրիկ կտոր…
Առաջինը դրա վրա հարձակվեց մի երիտասարդ, վերցրեց։ Թաշկինակ էր՝ գուցե դիտմամբ նետված։
— Տեղը դնել,— հրամայեց պահակը,— կկրակեմ…
— Կրակիր, քո հերն էլ անիծած,— ասաց երիտասարդը՝ միանգամայն հանգիստ, եւ թաշկինակը դրեց իր ծոցը, սրտի մոտ։— Նամակ հո չէ՞, թաշկինակ է։
Պահակն զգաստացավ, այլեւս չկրկնեց հրամանը։ Եվ իրոք, նամակ հո չէ՞ր դա՝ ազատությունից ուղարկված։
Նա չհասկացավ, որ դա ավելին էր։ Դա ազատության մի պատառն էր։
Գորշ ուրվականների բրիգադը նորից ոտք դրեց այն շավիղի վրա, որտեղ չկար տախտակ՝ «կարանտին» մակագրությամբ, թեեւ դա ինքնին ենթադրվում էր։ Եվ նորից անհետացավ մեծ անտառի խորքում…