«Ընկալում․ գեշտալտ-տեսության ներածություն»–ի խմբագրումների տարբերություն
Գրապահարան-ից
(Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Ընկալում. գեշտալտ-տեսության ներածություն* |հեղինակ =Կ. Կոֆկա |թարգմանիչ = Ա․...) |
(Տարբերություն չկա)
|
20:09, 24 Հունվարի 2013-ի տարբերակ
հեղինակ՝ Կ. Կոֆկա |
- Իմ աշխատանքի այս մասում ես կներկայացնեմ տարբեր ոլորտներից վերցված պարզ գիտափորձերի շարք, որը հաստատում է մեր հայեցակարգի արդյունավետությունը: Նկար 1-ի վրա պատկերված աբ, բգ, գդ տարածությունները տարբերվում են աա, բբ, գգ տարածքներից, մինչդեռ բոլորն էլ պատկանում են մի օբյեկտի՝ «ցանկապատի»: Փորձելով նկարագրել այդ տարբերությունը՝ մենք բացահայտում ենք ընկալման մի շատ վառ առանձնահատկություն: Աբ, բգ, գդ սպիտակ տարածքները կազմում են ընդհանուր սպիտակ ֆոնի մասը, մինչդեռ մնացած սպիտակ արանքները սահմանափակվում են համապատասխան սև գծերի միջև ընկած տարածությամբ; դրանք դուրս չեն գալիս այդ սահմաններից և շրջապատող սպիտակ դաշտի մասը չեն կազմում:
- Հմուտ դիտորդները նույնիսկ կարող են նկարագրել այդ սպիտակ գծերը եզրափակող կորերը, որոնք փոքր ինչ ներս ծռված են թվում: Այդպիսով մենք տեսնում ենք, որ մեր պատկերի սպիտակ տարածությունը, թեև օբյեկտիվորեն ամեն տեղ միատարր է, սկիզբ է տալիս երկու տարբեր ֆենոմենների. մի դեպքում՝ այն հանդես է գալիս սահմանափակ «գծերի» տեսքով, մինչդեռ մյուս դեպքում՝ տարածվում է ողջ դաշտով մեկ: Այս տարբերությունը բնորոշելու համար մենք ունենք երկու արտահայտիչ բառ. առաջին ֆենոմենը մենք անվանում ենք ֆիգուրա, երկրորդը՝ ֆոն՝ հաշվի առնելով, որ ֆիգուրան, որպես այդպիսին, ընդհանրապես անհնար է առանց ֆոնի:
- Անդրադառնանք մեր «ցանկապատին»: Մենք բացահայտեցինք, որ ֆիգուրային վերաբերող սպիտակ տարածքները փակ են, մինչդեռ ֆոնին պատկանող նմանատիպ տարածքները՝ ոչ, թեև օբյեկտիվորեն ոչ մի եզրագծեր չկան ոչ այս, ոչ այն դեպքում: Այստեղ մենք գործ ունենք մեկ շատ ընդհանուր սկզբունքի հետ. հենց ֆոնը միշտ նվազ «ձևավորված» է, քան ֆիգուրան (ֆիգուրա - բառացի՝ ձև, պատկեր թարգմ. ծան.): Ռուբինը [18] առաջինն է համակարգված ուսումնասիրել այդ փաստերը, և հետևյալ շարադրանքը նշանակալիորեն հենվում է նրա աշխատանքների վրա: Նրա մեթոդը բավական արդյունավետ էր ֆիգուրայի և ֆոնի միջև տարբերությունների վերհանման համար: Նա կիրառում էր երկիմաստ երկրաչափական օբյեկտներ, որտեղ որպես ֆիգուրա հերթով կարող էին հանդես գալ պատկերի տարբեր կողմերը: Այդպիսի օբյեկտի պարզ օրինակ արդեն դիտարկել էր Շումանը [19]: Եթե մեր «ցանկապատի» աա, բբ ինտերվալները հավասարեցնենք աբ, բգ-ին, ապա կստանանք հետաքրքրաշարժ երևույթ: Այժմ գիծ կարող է դառնալ բբ-ն, իսկ բգ-ն ֆոնի մի մաս; և հակառակը՝ բգ-ն կարող է հանդես գալ գծի տեսքով, իսկ բբ-ն դառնալ ֆոնի մաս: Ամեն անգամ մենք բացահայտելու ենք նախկին տարբերությունը. գծերը միշտ փակ են անկախ այն բանից, թե ինչ հատվածներով են դրանք սահմանափակվում, մինչդեռ դրանց միջև եղած հեռավորությունները՝ ոչ: Մեկ այլ օրինակ կարող է ծառայել այսպես կոչված սուբյեկտիվ ռիթմը՝ լսողական կամ տեսողական, երբ այն համարդվում է օբյեկտիվորեն միատարր հարվածների կամ առկայծումների շարքի հետ: Այս դեպքում նույնպես մենք հանդիպում ենք սուբյեկտիվ ինտեր- և ինտրամետրիկ ինտերվալների տարբերության հետ, և կրկին անգամ այս սուբյեկտիվ տպավորությունների կապը ժամանակային օբյեկտիվ հատվածների հետ միանշանակ չէ: Ռուբինի աշխատությունից [18] վերարտադրված նկ. 2-ը կարող է ընկալվել մեկ որպես սպիտակ խաչ սև ֆոնի վրա, ապա որպես սև խաչ սպիտակ ֆոնի վրա (եթե անտեսենք այլ՝ նվազ կարևոր էֆեկտները): Համեմատեք ցանկացած խաչ իր ֆոնի հետ և դուք հեշտությամբ կնկատեք, որ ֆոնը միշտ ավելի քիչ կառուցվածքային է, քան ֆիգուրան; ֆոնը կամ ընդհանրապես հստակ ձև չունի, կամ ձգտում է քառակուսու համեմատաբար պարզ ձևի:
- Կառուցվածքայնության բարձր մակարդակին համապատասխանում է առավել արտահայտիչ, վառ, ակտիվ ֆիգուրան: Դեռևս Շումանն է նկատել, որ ֆիգուրայի մեջ եղած սպիտակ հատվածները «առավել» են, քան դրսում գտնվողները, ինչը հեշտ է նկատել նրա «ցանկապատի» օրինակում:
- Այս օրինակները ցույց են տալիս արդեն հիշատակված փաստը՝ ֆիգուրան միշտ ունի եզրագծեր, եթե նույնիսկ օբյեկտիվորեն դրանք բացակայում են: Լավ ֆիգուրան միշտ «փակ» է, իսկ եզրագծերը իրականացնում են այդ «փակման» գործառույթը: Այդպիսով գիծը, որը բաժանում է ֆիգուրան և ֆոնը, տարբեր ձևով է ազդում դրանցից յուրաքանչյուրի վրա՝ սահմանափակելով ֆիգուրան, այն սահման չի հանդիսանում ֆոնի համար: Ֆոնը չի փոխվում եզրագծի ազդեցությամբ և մասնակիորեն ծածկվելով ֆիգուրայով՝ կարծես ընկած է ֆիգուրայի հետևում և չի ընդհատվում դրանով: Նկ. 3-ում բերված խաչը օգնում է լավ պատկերացնել դա:
- Ուշադրություն դարձրեք աղեղներով լցված հատվածներին: Խաչ կազմելով՝ կորերը իրականում վերածվում են աղեղների, այսինքն՝ շրջանագծերի ինքնուրույն հատվածների; իսկ կլոր կազմելով՝ դրանք այլ կերպ են ընկալվում, արդեն միմյանցից չմեկուսացված; այժմ դրանք գիտակցության մեջ հանդես են գալիս որպես ընդհանուր կենտրոն ունեցող շրջանների մի ամբողջ շարքի տեսանելի հատվածներ:
- Ֆիգուրայի եզրագծի ազդեցությանը չենթարկվելու ֆոնի հատկությունը սերտ կապված է դրա մեկ այլ, արդեն հիշատակված, հատկության հետ, այն է՝ կառուցվածքայնության ցածր մակարդակի հետ: Մեր վերջին օրինակում դա արտահայտվում է այն հանգամանքով, որ ամբողջական շրջանագծերը ֆոն կազմելու դեպքում առավել պարզ կառուցվածք ունեն, քան աղեղների հավաքածուն, որը կազմում է ֆիգուր՝ խաչ, քանի որ երկրորդ դեպքում ամեն շրջանագծի փոխարեն հայտնվում են չորս աղեղ: