«Սպիտակ ժանիք»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Սպիտակ ժանիք |հեղինակ = Ջեկ Լոնդոն |թարգմանիչ = Վ․ Միքայելյան |աղբյուր = }}...»:)
 
չ
Տող 5. Տող 5.
 
|աղբյուր =  
 
|աղբյուր =  
 
}}
 
}}
 
+
{{Անավարտ}}
  
 
[[Պատկեր:white-fang-title.png|250px|thumb|right|«Սպիտակ ժանիք» վիպակի տիտղոսաթերթը]]
 
[[Պատկեր:white-fang-title.png|250px|thumb|right|«Սպիտակ ժանիք» վիպակի տիտղոսաթերթը]]

12:45, 5 Հունվարի 2015-ի տարբերակ

Սպիտակ ժանիք

հեղինակ՝ Ջեկ Լոնդոն
թարգմանիչ՝ Վ․ Միքայելյան

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում
«Սպիտակ ժանիք» վիպակի տիտղոսաթերթը

White Fang by Jack London

«Սպիտակ ժանիքը» վիպակը առաջին անգամ տպագրվել է «Աութինգ մեգեզին» հանդեսում 1904 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին և նույն տարի էլ լույս է տեսել առանձին հրատարակությամբ Նյու-Յորքում:


ՄԱՍՆ ԱՌԱՋԻՆ

Գլուխ I։ Որսի հետևից

Սառցապատ գետի զույգ ափերին կանգնած էր եղևնու թուխ, խոժոռ անտառը։ Վերջին օրերին մոլեգնած քամին ծառերից պոկել էր եղյամի սպիտակ ծածկույթը, և այժմ՝ իջնող մթնշաղի պահին, դրանք, սև ու չարագուշակ, հակվել էին իրար վրա։ Խորին լռություն էր տիրում չորս բոլորը։ Այդ ամբողջ երկրամասը, զրկված կյանքից ու շարժման որևէ նշանից, այնքան սառն էր և ամայի, որ դրա վրա սավառնող ոգին չէր կարելի անվանել անգամ թախծի ոգի։ Այդտեղ լսվում էր ծիծաղ, բայց թախծից ավելի ահավոր ծիծաղ, տրտում ծիծաղ, ինչպես սֆինքսի ժպիտը, մի ծիծաղ, որը սառեցնում է իր անողորմությամբ, ինչպես ցուրտը։ Խնդացողը բազմադարյան իմաստունն էր՝ տիրակալ ու աշխարհի վրա հառնած, և ծիծաղում էր՝ տեսնելով կյանքի ունայնությունը, պայքարի ապարդյուն լինելը։ Խուլ մի աշխարհ էր դա՝ վայրի ու մինչև սրտի խորքը սառած հեռավոր Հյուսիսը։

Եվ այնուամենայնիվ կենդանի մի բան էր շարժվում այնտեղ ու մարտահրավեր կարդում այդ աշխարհին։ Սառած գետի վրայով ընթանում էր մի սահնակ, որին լծված շների գզգզված մազերը սառնամանիքից եղյամակալել էին, շնչառության գոլորշին սառչում էր օդում և վերածվելով բյուրեղների՝ թափվում նրանց վրա։ Շների լծասարքը կաշվից էր, կաշվե փոկերը լծասարքը միացնում էին հետևից քարշ եկող սահնակին։ Կեչու հաստ կեղևից շինված անկող սահնակի ամբողջ ստորին մակերեսը նստած էր ձյան վրա։ Առաջամասը փաթեթի նման վեր էր ցցված՝ ճամփի ձյան փափուկ ալիքները տրորելու համար։ Սահնակի վրա կար փոկով կապկպված նեղ, երկարավուն մի արկղ։ Այստեղ կային նաև այլ իրեր հագուստ, կացին, սրճաման, տապկոց. սակայն նախ և առաջ աչքի էր զարնում սահնակի մեծ մասը գրավող նեղ, երկարավուն արկղը։

Շների առջևից դժվարությամբ առաջանում էր մի մարդ, լայն դահուկները ոտքերին։ Սահնակի հետևից գալիս էր մի ուրիշը։ Սահնակի վրա, արկղի մեջ, պառկած էր երրորդը, որի համար երկրային գործերը վերջացել էին։ Հյուսիսային ամայությունը հաղթահարել, խորտակել էր նրան, այնպես որ նա այլևս չէր կարող ո՛չ շարժվել, ո՛չ էլ պայքարել։ Հյուսիսի խուլ վայրերը շարժում չեն սիրում, իսկ Հյուսիսային ամայությունը ձգտում է կասեցնել այն ամենը, ինչ շարժվում է. նա սառեցնում է ջուրը, որպեսզի կասեցնի նրա վազքը դեպի ծով, ծծում է ծառի հյութերը, և նրա հզոր սիրտը ցրտից փետանում է։ Սակայն խուլ Հյուսիսը առանձնակի կատաղությամբ ու դաժանությամբ խորտակում է մարդու համառությունը, որովհետև մարդը աշխարհի ամենաանհանգիստ արարածն է, որովհետև մարդը միշտ էլ ըմբոստանում է Հյուսիսի կամքի դեմ, ըստ որի ամեն մի շարժում վերջ ի վերջո պետք է դադարի։

Եվ այնուամենայնիվ, սահնակի առջևից ու հետևից գնում էին կյանքին դեռ հրաժեշտ չտված երկու անվեհեր ու աննկուն մարդ։ Նրանց հագուստը կարված էր մորթուց և աղաղված փափուկ կաշուց։ Նրանց արտևանունքները, այտերն ու շրթունքներր այնպես էին սառցակալել օդում թանձրացած շնչառության գոլորշուց, որ այդ սառցածածկույթի տակ դեմքեր չէին երևում։ Դա տալիս էր նրանց ինչ-որ ուրվականային դիմակների, այն աշխարհից հայտնված և ուրվականի թաղում կատարող գերեզմանափորների տեսք։ Բայց դրանք ոչ թե ուրվականների դիմակներ էին, այլ մարդիկ, որ մուտք էին գործել վշտի, լռության ու ծաղրի երկիրը, համարձակ մարդիկ, որ իրենց ամբողջ ողորմելի ուժերը ներդրել էին մի հանդուգն մտադրության ու հանդգնել չափվել այն հզոր աշխարհի հետ, որ նույնքան հեռու, ամայի ու խորթ էր նրանց համար, որքան և տիեզերքի անընդգրկելի տարածությունը։

Լուռ էին գնում նրանք, որպեսզի շնչառությունը պահեն քայլելու համար։ Ամեն կողմից նրանց շրջապատում էր համարյա թե շոշափելի լռությունը։ Դա ճնշում էր բանականության վրա, ինչպես ջուրն է մեծ խորություններում ճնշում սուզակի մարմնին։ Դա ընկճում էր իր օրենքի անսահմանությամբ ու անխախտելիությամբ։ Դա հասնում էր նրանց գիտակցության ամենանվիրական գաղտնարաններին՝ քամելով այնտեղից, ինչպես հյութը խաղողից, այն ամենը, ինչ շինծու է ու կեղծ, իրեն չափից ավելի բարձր գնահատելու ամեն մի հակում, որ հատուկ է մարդկային հոգուն, և ներշնչում նրանց այն միտքը, թե իրենք ոչ այլ ինչ են, եթե ոչ չնչին, մահկանացու էակներ, փոշեհատիկներ, մժեղներ, որոնք բաց են անում իրենց ճանապարհը բախտի բերումով՝ առանց նկատելու բնության կույր ուժերի խաղը։

Անցավ մի ժամ, ապա երկու ժամ։ Կարճ ու մթամած ցերեկվա դժգույն լույսը սկսեց խամրել, երբ շրջապատի լռության միջով անցավ թույլ, հեռավոր մի ոռնոց, ապա սրընթաց վեր բարձրացավ, հասավ բարձր հնչյունի, մնաց այդ կետում դողդողալով, բայց ուժգնությունը չպակասեցնելով, հետո աստիճանաբար մարեց։ Դա կարելի էր համարել հեծեծանքը մեկի մահացող հոգու, եթե դրա մեջ չլսվեին մռայլ ցասումն ու քաղցի կատաղությունը։

Առջևից քայլող մարդը շրջվեց, բռնեց սահնակի հետևից քարշ եկողի հայացքը, և երկուսն էլ գլխով արին իրար։ Ու դարձյալ ասեղի նման սուր ոռնոցը ծակեց լռությունը։ Մարդիկ ականջ դրեցին՝ ջանալով որոշել ձայնի ուղղությունը։ Դա գալիս էր ձնածածկ այն տարածություններից, որ նրանք հենց նոր էին անցել։

Շուտով լսվեց պատասխան ոռնոցը և դարձյալ հետևից, բայց արդեն մի փոքր ձախից։

— Մեր հետևից են ընկել, Բի՛լլ,— ասաց առջևից գնացողը։ Նրա ձայնը հնչեց խռպոտ ու անբնական, իսկ նա խոսում էր ակներև դժվարությամբ։

— Քիչ որս ունեն,— պատասխանեց ընկերը։— Քանի օր է արդեն, որ մի նապաստակի հետք էլ չեմ տեսել։

Ճամփորդները լռեցին՝ լարված ունկնդրելով րոպեն մեկ հետևից լսվող ոռնոցը։

Մթնելուն պես նրանք շներին ուղղեցին դեպի գետափի եղևնիները ու կանգ առան հանգրվանելու։ Սահնակի վրայից իջեցված դագաղը նրանց և՛ նստարանն էր, և՛ սեղանը։ Խարույկի մյուս կողմում իրար մոտ խռնված շները գռմռում էին ու գզվռտում, բայց դեպի խավարը փախչելու ոչ մի ցանկություն չէին ցուցաբերում։

— Չափից ավելի են մոտենում կրակին, տեսնես ինչո՞ւ,— ասաց Բիլլը։

Հենրին, որ պպզել էր խարույկի առաջ, որպեսզի սառույցի մի կտոր պարունակող սրճամանը հաստատի կրակի վրա, գլխով համաձայնեց։ Նա խոսեց միայն այն ժամանակ, երբ նստեց դագաղին ու սկսեց ուտել։

— Իրենց կաշին են պաշտպանում։ Գիտեն, որ այստեղ կերակրում են իրենց, իսկ այնտեղ կդառնան որևէ մեկի ուտելիքը։ Շանը խաբել չի լինի։

Բիլլն օրորեց գլուխը.

— Ի՜նչ իմանաս։

Ընկերը հետաքրքրությամբ նայեց նրան։

— Առաջին անգամ եմ լսում, որ դու կասկածես նրանց խելքին։

— Հենրի,— ասաց Բիլլը՝ դանդաղորեն բակլա ծամելով,— իսկ դու չնկատեցի՞ր, թե ինչպես էին շները գզվռտում, երբ ես կերակրում էի նրանց։

— Իսկապես, ավելի շատ էին իրար անցել, քան ընդհանրապես,— հաստատեց Հենրին։

— Քանի՞ շուն ունենք մենք, Հենրի։

— Վեց։

— Ուրեմն...— Բիլլը դադար առավ իր խոսքին ավելի կշիռ տալու համար։— Ես էլ եմ ասում, որ վեց շուն ունենք։ Ես տոպրակից հանեցի վեց ձուկ ու ամեն մի շանը տվի մի ձուկ. բայց մեկին չհասավ, Հենրի։

— Ուրեմն սխալ ես հաշվել։

— Ունենք վեց շուն,— անտարբեր կրկնեց Բիլլը։— Ես վերցրի վեց ձուկ։ Միականջանուն բաժին չհասավ․ ստիպված տnպրակից մի ձուկ էլ հանեցի։

— Ընդամենը վեց շուն ունենք,— իրենն էր պնդում Հենրին։

— Հենրի,— շարունակեց Բիլլը,— ես չեմ ասում, թե բոլոր շներն էլ այդտեղ էին, բայց ձուկը յոթին բաժին հասավ։

Հենրին դադարեց ծամելուց, խարույկի վրայով նայեց շներին ու համրեց։

— Հիմա միայն վեցն են այնտեղ,— ասաց նա։

— Յոթերորդը փախավ, ես տեսա,— անխռով համառությամբ ասաց Բիլլը։— Յոթն էին։

Հենրին կարեկցաբար նայեց նրան ու ասաց.

— Երանի երկուսս էլ շուտ հասնենք տեղ։

— Ինչպե՞ս հասկանամ դա։

— Հասկացիր այնպես, ինչպես պետք է. մեր այս բեռի պատճառով դու արդեն ինքդ քեզ կորցրել ես. դրա համար էլ աստված գիտե, թե ինչեր են երևում աչքիդ։

— Այդ մասին արդեն մտածել եմ,— լրջորեն պատասխանեց Բիլլը։— Հենց որ այն մեկը փախավ, անմիջապես նայեցի ձյունին ու տեսա հետքերը. հետո համրեցի շներին ու տեսա, որ վեցն են։ Իսկ հետաքրքիրը, ա՛յ, նայիր, ուզո՞ւմ ես տեսնել, գնանք ցույց տամ։

Հենրին չպատասխանեց և լուռ ու մունջ շարունակեց ծամել։ Բակլան ուտելուց հետո տաք սուրճ խմեց վրան, սրբեց բերանն ու ասաց․

— Ուրեմն քո կարծիքով դա․․․

Մի երկար ու թախծոտ ոռնոց չթողեց, որ նա խոսքն ավարտի։ Լուռ ականջ դրեց, հետո էլ վերջացրեց սկսած խոսքը՝ մատն ուղղեղով դեպի ետ, խավարի մեջ։

— ․․․այնտեղից եկած հյո՞ւր էր։

Բիլլը գլխով արեց․

— Ինչպես էլ դեսուդեն ընկնես, ուրիշ կերպ չես բացատրի։ Հո ինքդ էլ լսեցիր, թե ինչպիսի գզվռտոց սկսեցին շները։

Երկար ու ձիգ ոռնոցն ավելի ու ավելի հաճախակի էր դառնում, հեռվից լսվում էին պատասխան ոռնոցներ, լռությունը վերածվեց իսկական դժոխքի։ Ոռնոց էր գալիս ամեն կողմից, և շները խռնվեցին խարույկին այնքան մոտիկ, որ կրակը համարյա խանձում էր նրանց մազերը։

Բիլլը ցախ գցեց խարույկն ու վառեց ծխամորճը։

— Ինչպես տեսնում եմ՝ ղու բոլորովին հոռետես ես դարձել։

— Հենրի...— Բիլլը մտազբաղ մի քիչ ծծեց ծխամորճը։— Ես շարունակ մտածում եմ, թե նա որքա՜ն երջանիկ է ինձնից էլ, քեզնից էլ։— Եվ Բիլլը մատը տկտկացրեց դագաղին, որի վրա նստել էին։— Երբ մենք մեռնենք, լավ կլինի, եթե գոնե մի կույտ քար դիզվի մեր մարմինների վրա, որ շները չլափեն։

— Բայց չէ՞ որ ո՛չ ես, ո՛չ էլ դու ազգական ու փող չունենք,— ասաց Հենրին։— Հազիվ թե ինձ ու քեզ տանեն այդքան հեռու թաղելու. մեր գրպանն այսպիսի թաղում չի ներում։

― Մի բան ոչ մի կերպ չեմ կարող հասկանալ, Հենրի․ դա այն է, թե ինչո՞ւ մի մարդ, որն իր հայրենիքում լորդ կամ դրա նման մի բան էր և ստիպված չէր մտածել ո՛չ սննդի, ո՛չ էլ տաքուկ վերմակների մասին․․․ ինչո՞ւ այդպիսի մարդը կարիք ունեցավ չափչփել աշխարհի ծայրը, աստծուց մոռացված այս երկիրը...

— Հա՜, նստեր տանն ու ապրեր մինչև խոր ծերություն,— համաձայնեց Հենրին։

Նրա ընկերը բացեց բերանը, որ խոսի, բայց ի վերջո ոչինչ չասաց։ Դրա փոխարեն նա ձեռքը պարզեց դեպի խավարը, որ ամեն կողմից պատի նման շարժվում էր նրանց կողմը։ Խավարի մեջ հնարավոր չէր տեսնել որևէ որոշակի ուրվագծված բան. երևում էր միայն կրակի պես վառվող մի զույգ աչք։

Հենրին լռիկ մատնացույց արեց երկրորդ, ապա երրորդ զույգ ճրագները։ Վառվող աչքերի շրջանակը սեղմվում էր նրանց կայանի շուրջը։ Մերթ-մերթ որևէ մի զույգ փոխում էր տեղը և անհետանում, որպեսզի մի վայրկյան հետո կրկին հայտնվի։

Շները հետզհետե ավելի էին անհանգստանում և հանկարծ սարսափահար եղած ի մի խմբվեցին ուղղակի խարույկի մոտ, սողալով մոտեցան մարդկանց ու սեղմվեցին նրանց ոտքերին։ Իրարանցման ժամանակ մի շուն ընկավ խարույկը, ցավից ու վախից վնգստաց։ Եվ օդում տարածվեց խանձված մազի հոտը։ Աչքերից կազմված օղակը մի պահ փակվեց և նույնիսկ մի փոքր ետ-ետ գնաց, բայց հենց որ շները հանդարտվեցին, նորից իր նախկին տեղը գրավեց։

— Ա՛յ քեզ փորձանք, Հե՛նրի, փամփուշտ քիչ ունենք։

Ծխելուց հետո Բիլլը իր ուղեկցին օգնեց փռելու մորթե անկողինն ու վերմակը եղևնու ճյուղերին, որ դեռ ընթրիքից առաջ սփռել էր ձյան վրա։ Հենրին թեթևակի կռնչաց ու սկսեց արձակել մոքասինների կապերը։

— Քանի՞ փամփուշտ է մնացել մոտդ,— հարցրեց նա։

— Երեք,— լսվեց պատասխանը։— Այնինչ պետք է երեք հարյուր։ Այն ժամանակ ես այդ դևերի հախից կգայի...

Նա բռունցքը չարացած թափահարեց հրացայտ աչքերի ուղղությամբ և սկսեց իր մոքասինները դիմահարել կրակին։

— Ե՞րբ պիտի վերջանա այս սառնամանիքը, ե՜րբ...— շարունակեց Բիլլը։— Երկրորդ շաբաթն է, որ շարունակ հիսուն աստիճան է ցուրտը։ Եվ ինչո՞ւ ձեռնարկեցի այս ուղևորությունը, Հե՛նրի։ Չէ՜, սա դուր չի գալիս ինձ։ Մի տեսակ լավ չեմ զգում։ Ախ, երանի շուտով տեղ հասնեինք ու պրծնեինք այս ցավից։ Երկուսս միասին կնստեինք Մակ Հերրի ֆորտում, բուխարու մոտ, ու քրիբեջ կխաղայինք... Ի՜նչ ասես չէի տա դրա համար։

Հենրին մի բան մրթմրթաց ու սկսեց տեղավորվել քնելու։ Նա քնելու վրա էր արդեն, երբ ընկերոջ ձայնն սթափեցրեց։

— Գիտե՞ս ինչն է անհանգստացնում ինձ, Հե՛նրի։ Ինչո՞ւ շները չհարձակվեցին այն մեկի վրա, որին նույնպես ձուկ բաժին հասավ։

— Շատ ես անհանգիստ դարձել դու, Բիլլ,— լսվեց քնաթաթախ պատասխանը։— Առաջ դու այդպիսի սովորություն չունեիր։ Հերիք է լեզվիդ տաս. քնիր, իսկ առավոտյան վեր կկենաս այնպես, որ կարծես թե ոչինչ էլ չի եղել։ Ստամոքսի այրուցք ունես, դրա համար էլ անհանգիստ ես։

Քնեցին նրանք կողքեկողքի, նույն վերմակի տակ, քնի մեջ ծանր շնչելով։ Խարույկը հանգչում էր, և կայանը շղթայած հրաշող աչքերի շրջանակը հետզհետե ավելի էր սեղմվում։

Շները սեղմվել էին իրար ու սպառնալից հաչում էին, երբ մի որևէ զույգ աչք չափից ավելի էր մոտենում։ Եվ մեկ էլ նրանք այնպես բարձր հաչեցին, որ Բիլլն արթնացավ։ Զգույշ, ջանալով չարթնացնել ընկերոջը, նա դուրս եկավ վերմակի տակից ու ցախ գցեց խարույկը։ Կրակը բորբոքվեց և աչքերի օղակն ընկրկեց։

Բիլլը նայեց խմբված շներին, տրորեց աչքերը, ակնասևեռ դիտեց ու նորից մտավ վերմակի տակ։

— Հե՛նրի,— ձայն տվեց նա ընկերոջը,—Հե՛նրի:

Հենրին տնքաց, արթնացավ ու հարցրեց․

— Հը՞, ի՞նչ է եղել։

― Ոչինչ,— լսեց նա։— Միայն թե նորից յոթն են. հիմա համրեցի։

Հենրին րնդունեց այս լուրը մրթմրթալով, որն իսկույն վերածվեց խռմփոցի, և կրկին թաղվեց քնի մեջ։

Առավոտյան նախ նա զարթնեց ու արթնացրեց ընկերոջը։ Դեռ երեք ժամ կար մինչև այգաբացը, թեև արդեն առավոտյան ժամը վեցն էր։ Հենրին խավարում սկսեց նախաճաշ պատրաստել, իսկ Բիլլը հավաքեց անկողինը, որից հետո իրերը դարսեց սահնակի մեջ։

— Լսիր, Հենրի,— հարցրեց նա հանկարծ,— ասում ես քանի շուն ունեի՞նք։

— Վեց։

— Տեսնո՞ւմ ես, որ ճիշտ չէ,— հայտարարեց նա հաղթական շեշտով։

— Էլի՞ յոթն են,— հարցրեց Հենրին։

— Ոչ, հինգը. մեկը կորել է։

— Այս ի՞նչ հանելուկ է,— բարկացած գոռաց Հենրին և թողնելով նախաճաշ պատրաստելը, գնաց շներին համրելու:

— Ճիշտ է, Բիլլ,— ասաց նա․— Ֆետտին փախել է։

— Այնքան արագ է ծլկել, որ չենք էլ նկատել։ Դե հիմա գնա ու փնտրիր։

— Զուր է,— պատասխանեց Հենրին,— ողջ-ողջ լափել են։ Երևի շատ է վնգստացել, երբ այդ դևերը սկսել են հոշոտել նրան։

— Ֆետտին միշտ էլ անխելք էր,— ասաց Բիլլը։

— Ամենաանխելք շունն էլ այնուամենայնիվ այնքան խելք ունի, որ չի դիմի դեպի անդառնալի մահը։

Նա զննեց մնացած շներին՝ մտքում արագ գնահատելով այն մեկի արժանիքները։

— Սրանք խելացի են, այդպիսի բան չեն անի։

— Սրանց մահակով էլ չես հեռացնի խարույկի մոտից,— համաձայնեց Բիլլը։— Ես միշտ էլ կարծում էի, որ Ֆետտիի խելքը տեղը չէ։

Ահա այն դամբանական ճառը, որ արտասանվեց ի հիշատակ Հյուսիսի ճանապարհին մահացած շանը, իսկ դա բնավ էլ ավելի ձանձրալի չէր, քան զոհված շների գերեզմանների վրա ասվածները, ու թերևս նաև մարդկանց նվիրված ուրիշ շատ տապանագրերը։


Գլուխ II։ Էգ գայլը

Նախաճաշելուց և իրենց համեստ ունեցվածքը սահնակի վրա տեղավորելուց հետո Բիլլն ու Հենրին լքեցին բարեհամբույր խարույկը և խորացան մութի մեջ։ Եվ անմիջապես լսվեց ոռնոց, վայրենի, թախծոտ ոռնոց, որ խավարի ու ցրտի միջով ամեն կողմից հասնում էր նրանց։ Ուղևորներն ընթանում էին անձայն։ Լույսը բացվեց ժամը իննին։

Կեսօրին երկինքը շառագունեց հարավից՝ այն կետում, որտեղ երկրագնդի կլորությունը խոչընդոտ է դառնում կեսօրվա արևի ու Հյուսիսի երկրի միջև։ Սակայն վարդագույն ցոլքը արագ մարեց։ Դրան փոխարինած ցերեկային գորշ լույսը տևեց մինչև ժամը երեքը, հետո դա էլ հանգավ, և ամայի ու անձայն երկրամասի վրա իջավ բևեռային գիշերվա վարագույրը։

Հենց որ գիշերը վրա հասավ, ավելի մոտիկից լսվեց ոռնոցը, որ հետապնդում էր ուղևորներին և՛ աջից, և՛ ձախից, և՛ հետևից. ժամանակ առ ժամանակ այնքան մոտիկից էր գալիս այդ ոռնոցը, որ շները չէին դիմանում ու փոկերով պարուրված այս ու այն կողմ էին նայում։

Խուճապային սարսափի մի այդպիսի նոպայից հետո, երբ Բիլլն ու Հենրին կանոնավորեցին լծասարքը, Բիլլն ասաց․

— Ի՜նչ լավ կլիներ՝ սրանք մի որսի վրա ընկնեին ու մեզ հանգիստ թողնեին։

— Այո, դրանց ոռնոցը լսելն այնքան էլ հաճելի չէ,― համաձայնեց Հենրին։ Եվ էլ ոչինչ չասացին մինչև հաջորդ հանգրվանը։

Հենրին կռացած կանգնել էր եռացող բակլապուրի կաթսայի մոտ և սառույցի կտորներ էր գցում մեջը, երբ նրա հետևից լսվեց հարվածի ձայն, Բիլլի բացականչությունն ու շների սուր կաղկանձը։ Նա ուղղվեց և կարողացավ նշմարել միայն ինչ-որ գազանի անորոշ շրջագծերը, որ սուրալով ձյան վրայով, անհետացավ խավարում։ Հետո Հենրին տեսավ, որ Բիլլը չգիտես հաղթական թե ընկճված արտահայտությամբ կանգնել էր շների մեջ՝ մի ձեռքին մահակ, մյուս ձեռքին ապխտած սաղմոնի պոչ։

— Այնուամենայնիվ կեսը տարավ,— գոչեց նա.— բայց ես էլ մի լավ հասցրի նրան։ Կաղկանձը լսեցի՞ր։

— Իսկ ի՞նչ կենդանի էր,— հարցրեց Հենրին։

— Չիմացա: Կարող եմ միայն ասել, որ նրա ոտքերը, երախն ու մորթին այնպես էին, ինչպես ամեն մի շանը։

— Չլինի թե ընտելացված գայլ էր։

— Գայլ էր, թե գայլ չէր, միայն թե հավանորեն ընտելացված էր, եթե առանց այլևայլության ներկայանում է շներին կերակրելու պահին ու հափռում ձուկը։

Այդ գիշեր, երբ ընթրիքից հետո արկղի վրա նստած ծխամորճ էին քաշում, հրաշող աչքերի շրջանակն ավելի նեղացավ։

— Լավ կլիներ մի որևէ տեղ իշայծյամների հոտի հանդիպեին ու մեզ հանգիստ թողնեին,— ասաց Բիլլը։

Նրա ընկերը ոչ այնքան սիրալիր մի բան փնթփնթաց․ և մի քսան րոպե դարձյալ լուռ մնացին՝ Հենրին հայացքը կրակին, իսկ Բիլլը խարույկին խիստ մոտ, խավարում շողշողացող հրացայտ աչքերի շրջանակին հառած։

— Ի՜նչ լավ կլիներ հիմա հասնեինք Մակ Հերրիի մոտ...— նորից սկսեց Բիլլը։

— Ձեռ քաշի քո այդ «լավ կլիներ» խոսքից ու մի՛ նվնվա,— չհամբերեց Հենրին։— Այրուցք ունես դու, այդ պատճառով էլ տրտնջում ես։ Սոդա խմիր, իսկույն կանցնի, և ես քեզ հետ ավելի ուրախ կլինեմ։

Առավոտյան Հենրին զարթնեց անասելի լուտանքից։ Նա հենվեց արմունկին ու տեսավ, որ Բիլլը կանգնել է թեժ վառվող խարույկի մոտ, շների շրջապատում ու դեմքը կատաղությունից ծամածռված՝ ձեռքերն է մոլեգնորեն թափահարում։

— Է՛յ,— ձայն տվեց Հենրին,— ի՞նչ է պատահել։

— Ֆրոգը փախել է,— լսեց նա պատասխանը։

― Չի կարող պատահել։

— Ասում եմ քեզ՝ փախել է։

Հենրին դուրս թռավ վերմակի տակից ու նետվեց դեպի շները։

Ուշադիր համրելուց հետո նա իր ձայնը միացրեց այն նզովքներին, որ ընկերը թափում էր իրենց ևս մի շնից զրկած Հյուսիսի ամենազոր ամայության հասցեին։

— Ֆրոգը ամենաուժեդ լծկանն էր,— ավելացրեց Հենրին։

Այսպես ավարտվեց երկրորդ դամբանականը այդ երկու օրվա ընթացքում։

Տխուր անցավ նախաճաշը. մնացած չորս շները լծեցին սահնակին։ Այդ օրը բազմաթիվ նախորդ օրերի ճշգրիտ պատճենն էր։ Ուղևորներն անխոս ու դանդաղ քայլում էին ձյունածածկ անապատով։ Լռությունը խախտում էր միայն հետապնդողների ոռնոցը, որոնք առանց երևալու նրանց աչքին՝ քայլ առ քայլ հետևում էին։ Մութն ընկնելուն պես, երբ հետապընդումը, ինչպես պետք էր սպասել, մոտենում էր, ոռնոցը լսվում էր համարյա կողքից. շները սարսափից դողում էին, այս ու այն կողմ նետվում ու խճճում լծասարքը, որով ավելի ընկճում էին մարդկանց։

— Դե՛, հիմա արդեն ոչ մի տեղ չեք թաքնվի, անբա՛ն անասուններ,— գոհունակությամբ ասաց Բիլլը հերթական հանգրվանում։

Հենրին ընդհատեց ընթրիք պատրաստելը ու մոտեցավ նայելու։ Նրա ընկերը շներին կապեց հնդկացիների ձևով՝ ձողերին. ամեն մի շան վզին մի կաշե օղակ կապեց, օղակին էլ՝ երկար ու հաստ ձող, հենց վզի վրա, ձողի մյուս ծայրը կաշե փոկով ամրացրեց գետնի մեջ խրված ցցին։ Շները չէին կարող կրծել վզատակի փոկը, իսկ ձողերը չէին թողնում, ատամները հասցնեն ցցակապին։

Հենրին գլխով հավանության նշան արեց։

— Միականջին միայն այդ ձևով կարելի է զսպել։ Նրա համար բնավ էլ դժվար չէ կրծելով կտրել փոկը. նրա կրծածն ու դանակով կտրածը մեկ է. իսկ այսպես առավոտյան բոլորն էլ անվնաս կլինեն։

— Դե իհա՜րկե,— ասաց Բիլլը,— եթե թեկուզ մեկը կորչի, ես վաղը սուրճից կհրաժարվեմ։

— Դրանք էլ լավ են իմանում, որ իրենց վախեցնելու ոչինչ չունենք,— նկատեց Հենրին՝ պատրաստվելով քնել ու ցույց տալով իրենց հանգրվանն օղակած շրջանակը։— Թե մի երկու հատ կրակեինք դրանց վրա, րոպեապես հարգանք կտածեին մեր հանդեպ։ Ամեն գիշեր ավելի ու ավելի են մոտենում։ Հապա աչքդ կրակից կտրիր, նայիր, ա՛յ, այն կողմը։ Հը՛, տեսա՞ր այն մեկին։

Երկուսն էլ սկսեցին հետաքրքրությամբ զննել խարույկից այն կողմ շարժվող տարտամ սիլուետները։ Ակնասևեռ նայելով այն կետին, ուր խավարում շողշողում էր մի զույգ աչք, կարելի էր նշմարել գազանի ուրվանկարը։ Մերթ-մերթ հնարավոր էր դառնում նկատել նույնիսկ, թե ինչպես գազանները տեղից տեղ են անցնում։

Շների մեջ սկսված խլրտումը գրավեց Բիլլի ու Հենրիի ուշադրությունը։ Անհամբեր վնգստալով՝ Միականջանին կապված տեղից մերթ նետվում էր դեպի խավարը, մերթ նահանջում էր ու մոլեգնած կրծում էր ձողը։

— Նայիր, Բի՛լլ,— շշնջաց Հենրին։

Հուշիկ քայլերով, կողքանց, խարույկից լուսավորված շրջանը սողոսկեց շան նմանվող մի գազան։ Նա մոտենում էր վախվխելով, միաժամանակ և հանդգնաբար՝ ամբողջ ուշադրությունը դարձրած շներին, անտես չանելով նաև մարդկանց: Միականջանին մղվեց դեպի նորեկը, որքան ձողը թույլ էր տալիս, և անհամբեր գռմռաց։

— Այս դդումը կարծես մազաչափ իսկ չի վախենում,— կամացուկ ասաց Բիլլը։

— Էգ գայլ է,— ասաց Հենրին։— Հիմա եմ հասկանում, թե ինչ է պատահել Ֆետտիին ու Ֆրոգին: Ոհմակը առաջ է մղում սրան որպես խայծ, սա էլ հրապուրում է շներին, մյուսներն էլ վրա են տալիս ու լափում դրանց։

Խարույկի մեջ մի բան ճարճատեց. փայտերից մեկն ուժգին թշշալով գլորվեց մի կողմ, և սարսափած գազանը մի ոստյունով թաքնվեց խավարում։

— Գիտե՞ս ինչ եմ մտածում, Հենրի,— ասաց Բիլլը։

— Ի՞նչ։

— Սա հենց այն է, որին ես քոթակեցի։

— Կարող ես չկասկածել,— պատասխանեց Հենրին։

— Ահա թե ինչ եմ ուզում ասել,— շարունակեց Բիլլը,— երևում է, որ սա վարժվել է խարույկներին, իսկ դա խիստ կասկածելի է։

— Սա շատ ավելի է իմանում, քան վայել է իմանալ իրեն հարգող էդ գայլին,— համաձայնեց Հենրին։— Շներին կերակրելու ժամանակ հայտնվող էգ գայլը փորձված գազան է։

— Ծեր Վիլենը ժամանակին ուներ մի շուն, որ նույնպես գնաց գայլերի հետ,— բարձրաձայն խորհրդածեց Բիլլը։— Ով էլ չիմանար դա, ես կիմանայի։ Ես էլ սպանեցի դրան գայլերի ոհմակում՝ Լիթլ-Սթիկի իշայծյամների արոտավայրում։ Ծեր Վիլենը լաց էր լինում երեխայի պես, ասում էր, թե երեք տարի չէր տեսել դրան։ Եվ այդ երեք տարիների ընթացքում այդ շունը ման էր գալիս գայլերի հետ։

— Սա գայլ չէ, այլ շուն, և հաճախ է առիթ ունեցել ձուկ ստանալ մարդու ձեռքից։ Բուն կետին դիպցրիր, Բիլլ։

— Եթե կարողանամ, կսպանեմ դրան, ու նա կլինի ոչ գայլ, ոչ էլ շուն, այլ պարզապես լեշ,— հայտարարեց Բիլլը։— Է՛լ չենք կարող շուն կորցնել։

— Բայց չէ որ միայն երեք փամփուշտ ունես դու,— առարկեց Հենրին։

— Ես էլ անվրեպ նշան կբռնեմ,— պատասխանեց Բիլլը։

Առավոտյան Հենրին դարձյալ օջախ վառեց ու սկսեց նախաճաշ պատրաստել ընկերոջ խռմփոցի ներքո։

— Շատ լավ էիր քնել,— ասաց նա՝ քնից հանելով. — չէի ուզում զարթեցնել քեզ։

Դեռ կարգին չարթնացած՝ Բիլլն սկսեց ուտել։ Նկատելով, որ իր թասը դատարկ է, ձեռքը պարզեց դեպի սրճամանը։ Բայց սրճամանը հեռու էր, Հենրիի մոտ։

— Լսիր, Հենրի,— ասաց նա նուրբ կշտամբանքով,— ոչինչ չե՞ս մոռացել։

Հենրին ուշադիր նայեց շուրջը և գլուխն օրորեց։ Բիլլը դատարկ թասը պարզեց նրան։

— Դու սուրճ չես ստանա,— հայտարարեց Հենրին։

— Մի՞թե ոչինչ չի մնացել,— վախեցած հարցրեց Բիլլը։

— Ոչ, մնացել է։

— Վախենում ես ստամոքսս խանգարվի՞։

— Ոչ, չեմ վախենում։

Բիլլի դեմքը զայրույթից կարմրեց։

— Ուրեմն ի՞նչն է պատճառը, բացատրիր, հոգիս մի հանի,― ասաց նա։

— Սպենքերը փախել է,— պատասխանեց Հենրին։

Բիլլը դանդաղորեն, ճակատագրին լիովին ենթարկվելու արտահայտությամբ, շրջեց գլուխը և առանց տեղից վեր կենալու, համրեց շներին։

— Ինչպե՞ս է եղել դա,— անտարբեր հարցրեց նա։

Հենրին թոթվեց ուսերը.

— Չեմ իմանում. երևի Միականջն է կտրել նրա փոկը։ Ինքն իհարկե չէր կարող անել այդ։

— Նզովա՜ծ անասուն,— դանդաղ ասաց Բիլլը՝ ոչ մի բանով ցույց չտալով ներսում եռացող զայրույթը։— Իր փոկը կրծել չէր կարող, ուստի և Սպենքերինն է կրծել։

— Ասենք, Սպենքերի համար այժմ վերջացած են կյանքի բոլոր տագնապները։ Գայլերը հավանորեն արդեն մարսել են նրան, և նա հիմա դրանց աղիքների մեջ է։— Այսպիսի դամբանական կարդաց Հենրին երրորդ շան վրա։— Սուրճդ խմիր, Բի՛լլ։

Սակայն Բիլլն օրորեց գլուխը։

— Լա՜վ, խմիր։― Պնդեց Հենրին՝ բարձրացնելով սրճամանը։

Բիլլը հեռացրեց իր թասը։

— Անիծվեմ, թե խմեմ։ Ասացի՝ չեմ խմի, եթե շներից մեկնումեկը անհետանա, ուրեմն չեմ խմի։

— Հրաշալի սուրճ է,— գայթակղեց նրան Հենրին։

Սակայն Բիլլը խոսքը չդրժեց և ցամաք նախաճաշեց՝ ուտելիքը համեմելով իր գլխին այդ աստիճանի տգեղ կատակ խաղացած Միականջանու հասցեին ուղղված անեծքներով։

— Այս գիշեր առանձին-առանձին կկապեմ դրանց,— ասաց Բիլլը, երբ նրանք ճանապարհ ընկան։

Մի հարյուր քայլ հազիվ էին անցել, երբ առջևից գնացող Հենրին կռացավ ու վերցրեց իր դահուկի տակ ընկած մի բան։ Մթան մեջ նա չէր կարող տեսնել ինչ է դա, բայց շոշափելուց հետո իմացավ ու ետ նայեց, այնպես որ սա դիպավ սահնակին ու թռավ ուղիղ Բիլլի դահուկի մոտ։

— Գուցե քեզ դեռ պետք գա, հը՞,— ասաց Հենրին։

Բիլլը հառաչեց։ Սպենքերից մնացել էր միայն դա՝ նրա վզին կապված ձողը։

— Լափել են մինչև վերջին ոսկորը,— ասաց Բիլլը։— Եվ նույնիսկ փոկ չեն թողել ձողի վրա։ Բայց ինչպե՜ս են սովածացել, Հե՛նրի... Մեկ էլ տեսար ինձ ու քեզ էլ հասան, հա՜։

Հենրին գրգռիչ շեշտով ծիծաղեց։

— Ճիշտ է, գայլերը երբեք չեն հետապնդել ինձ, բայց ես դրանից վատ վիճակի մեջ էլ եմ ընկել և այնուամենայնիվ ողջ եմ մնացել։ Մի տասնյակ աներես անասուն դեռևս բավական չէ, որպեսզի քո խոնարհ ծառայի հոգին հանեն, Բի՛լլ։

— Տեսնենք, տեսնենք...— չարագուշակ փնթփնթաց ընկերը։

— Ա՛յ, երբ մոտենանք Մակ Հերրիին, այն ժամանակ կտեսնես։

— Ես այնքան էլ հույս չունեմ,— պնդեց Բիլլը։

— Պարզապես անտրամադիր ես, և ուրիշ ոչինչ,— կտրուկ հայտարարեց Հենրին։— Դու խինին պետք է ընդունես։ Ա՛յ, Մակ Հերրի հասնենք թե չէ, մի լավ դոզա կլցնեմ փորդ։

Բիլլը մի բան մրթմրթաց՝ իր անհամաձայնությունն արտահայտելով այդպիսի ախտորոշման դեմ, ու լռեց։

Անցավ ցերեկը, ինչպես բոլոր նախորդները։

Լույսը բացվեց ժամը իննին։ Տասներկուսին հարավային հորիզոնը շառագունեց չերևացող արևից, և սկսվեց մռայլ ցերեկը, որին երեք ժամ հետո պետք է կուլ տար գիշերը։

Ճիշտ այդ րոպեին, երբ արևը հորիզոնից աչք բացելու մի թույլ փորձ արեց, Բիլլը սահնակից հանեց հրացանը և ասաց.

— Դու կանգ մի առնի, Հենրի։ Ես մի գնամ տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ։

— Սահնակից մի հեռանա,— ձայն տվեց Հենրին.— չէ՞ որ ընդամենը երեք փամփուշտ ունես։ Ի՞նչ իմանաս, ինչ կարող է պատահել․․․

— Ըհը՜, հիմա էլ դու տրտնջացի՞ր,— հաղթական շեշտով հարցրեց Բիլլը։

Հենրին բան չասաց ու միայնակ շարունակեց ճամփան՝ ստեպ-ստեպ անհանգիստ նայելով ետ, այն ամայի մթությանը, ուր անհետացավ ընկերը։

Մի ժամ հետո Բիլլը հասավ սահնակին՝ հեռավորությունը ուղղագիծ կրճատելով։

— Շրջանով մեկ ցրվել են,— ասաց նա,— խլրտում են ամեն կողմ, բայց մեզնից ետ չեն մնում։ Երևում է, որ վստահ են, թե իրենց ձեռքից չենք պրծնի։ Որոշել են մի քիչ համբերել, ուտելու ոչ մի բան չեն ուզում բաց թողնել։

— Այսինքն նրանց թվում է, թե իրենց ճանկից չենք ազատվի,— շեշտեց Հենրին։

Սակայն Բիլլը անուշադրության մատնեց այդ խոսքը։

— Մի քանիսին տեսա. նիհար են։ Երևի վաղուց բան չի ընկել ճանկերը, եթե չհաշվենք Ֆետտֆին, Ֆրոգին ու Սպենքերին։ Իսկ ոհմակը մեծ է. կերել են ու բան չեն հասկացել։ Սաստիկ նիհարել են։ Կողերը նման են լվացքի տախտակի, փորերն էլ բոլորովին կծկվել են։ Մի խոսքով՝ հասել են ծայր աստիճանի։ Մեկ էլ տեսար կմոռանան ամեն մի վախ և այն ժամանակ․․․ ականջդ ձենի պահիր։

Մի քանի րոպե հետո Հենրին, որ այդ ժամանակ գնում էր սահնակի հետևից, նախազգուշական ցածր սուլոց արձակեց։

Բիլլը ետ նայեց ու հանգիստ կանգնեցրեց սահնակը։ Այն ոլորանից, որը հենց նոր անցել էին իրենք, թարմ հետքով վազում էր մի նիհար փափկամազ գազան։ Նա հոտոտում էր ձյունն ու վազում թեթև, սահուն սնգսնգալով։ Երբ մարդիկ կանգ առան, նա էլ կանգ առավ, դունչը պարզեց և ցնցվող ռունգներով ներծծեց իրեն հասնող հոտերը։

— Նա է՝ էգ գայլը,— ասաց Բիլլը։

Շները պառկել էին ձյան վրա։ Բիլլն անցավ նրանց մոտռվ՝ հասավ սահնակի կողքին կանգնած ընկերոջը։ Եվ երկուսն էլ սկսեցին զննել տարօրինակ գազանին, որն արդեն մի քանի օր հետապնդում էր նրանց ու ոչնչացրել էր լծկանների կեսը։

Մի փոքր սպասելուց ու շուրջը նայելուց հետո գազանը մի քանի քայլ առաջ եկավ։ Այդ մանյովրը նա կրկնեց այնքան ժամանակ, մինչև որ մոտեցավ սահնակին ու կանգնեց մի հարյուր յարդ հեռու, ապա՝ եղևնիների մոտ, բարձրացրեց դունչը, տարուբերեց քիթը և սկսեց ուշադիր հետևել իրեն զըննող այդ մարդկանց։ Այդ հայացքի մեջ կար մի թախծալի բան, որը շան հայացք էր հիշեցնում, բայց շան հավատարմության նշույլ անգամ չկար։ Դա մի թախիծ էր, որ ծնվել էր քաղցից՝ գայլի ժանիքի նման դաժան և սառնամանիքի պես անողոք քաղցից։

Որպես գայլ խոշոր էր այդ գազանը, ու չնայած նրա նիհարությանը՝ երևում էր որ իր ցեղի ամենախոշոր ներկայացուցիչներից է։

— Հասակը երկուսուկես ֆուտ կլինի,— որոշեց Հենրին,— իսկ գլխից մինչև պոչը ամենաքիչը մի հինգ ֆուտ։

— Գույնը այնքան էլ սովորական չէ գայլի համար,— ասաց Բիլլը։— Ես երբեք շեկ գայլ չեմ տեսել, իսկ սա մի տեսակ կարմրաթուխ է։

Բիլլը սխալվում էր։ Գազանի մորթին իսկական գայլի էր, այդտեղ գերակշռում էր գորշ մազը, սակայն թեթևակի կարմրավուն երանգ ուներ, որ մերթ անհետանում էր, մերթ կրկին երևում, խաբուսիկ տպավորություն էր ստեղծում՝ մորթին մեկ մոխրագույն էր թվում, մեկ էլ շիկավուն փայլ էր տալիս։

— Ամենաիսկական հյուսիսային լծկան շուն է, միայն թե ավելի խոշոր,— ասաց Բիլլը,— մեկ էլ տեսար պոչը խաղացրեց։

— Է՛յ, քեզ եմ ասում, ա՛յ շուն,— գոռաց նա։— Հապա, մի մոտ արի... Ասա տեսնեմ անունդ ի՞նչ է։

— Տես, է՜, բնավ էլ չի վախենում,— ծիծաղեց Հենրին։

Ընկերն ավելի բարձր գոռաց ու բռունցքով սպառնաց գազանին, որը սակայն վախի ոչ մի նշան ցույց չտվեց, միայն ավելի աչալրջացավ, շարունակեց նայել նրանց նույն անողոք, քաղցած կենդանու կարոտով։ Նրա առաջ միս կար, իսկ նա սոված Էր։ Եվ եթե բավականաչափ համարձակություն ունենար, կհարձակվեր մարդկանց վրա ու կլափեր նրանց։

— Լսիր, Հենրի,— ասաց Բիլլը՝ ձայնն անգիտակցաբար հասցնելով շշունջի։— Ունենք երեք փամփուշտ. բայց չէ՞ որ սրան կարելի է սպանել տեղնուտեղր։ Այս դեպքում չենք վրիպի։ Այն երեք շներն այնպես անհետացան, որ կարծես չենք էլ ունեցել. պետք է սրա վերջը տանք, հը, ի՞նչ կասես։

Հենրին գլխով համաձայնության նշան արեց։ Բիլլը սահնակից զգույշ հանեց հրացանը, բայց դեռ ուսին էլ չէր հասցրել, երբ գայլը արահետից նետվեց մի կողմ ու անհետացավ եղևնուտում։ Բարեկամներն իրար նայեցին, Հենրին բազմանշանակ սուլեց։

— Ափսո՜ս, խելքս չկտրեց,— գոչեց Բիլլը՝ հրացանը տեղը դնելով։— Ի՞նչպես կարող է այս տեսակ գայլը չիմանա, թե ինչ բան է հրացանը, երբ գիտե շներին կերակրելու Ժամանակը։ Քեզ բան եմ ասում, Հենրի, մեր բոլոր դժբախտությունների պատճառը սա է։ Այս փուչ կենդանին չլիներ, հիմա մենք կունենայինք վեց և ոչ թե երեք շուն։ Չէ, Հենրի, ես դրա հախից կգամ։ Բաց վայրում դրան չես խփի, շատ է խելացի։ Բայց ես կհետապնդեմ ու այդ անտերին կսպանեմ դարանակալ։

— Միայն թե շատ մի՛ հեռանա,— նախազգուշացրեց Հենրին։— Եթե ամբողջ ոհմակով հարձակվեն քեզ վրա, ապա երեք փամփուշտը քեզ կօգնի այնպես, ինչպես տաք թրջոցը մեռելին։ Չափից ավելի սովածացել են դրանք։ Զգույշ, Բի՛լլ, հանկարծ չընկնես դրանց ճանկը, հա՜...

Այդ գիշեր շուտ հանգրվանեցին։ Երեք շները չէին կարող սահնակը քաշել այնպես արագ ու երկար ժամանակ, ինչպես վեցն էին անում, և բավական էլ ուժասպառ էին եղել։ Բիլլը միմյանցից հեռու կապեց նրանց, որպեսզի փոկերը չկտրատեն։ Եվ երկու ուղևորն էլ անմիջապես պառկեցին քնելու։ Բայց գայլերը դարձան համարձակ և գիշերը հաճախ արթնացրին նրանց։ Գազաններն այնքան էին մոտենում, որ շները սարսափից դիվոտում էին, ուստի պնդերես դարձած գիշատիչներին հեռու պահելու համար հարկ էր լինում ստեպ-ստեպ փայտ գցել խարույկի վրա։

— Նավաստիները պատմում են, թե շնաձկներն իբր սիրում են լողալ նավերի հետևից,— ասաց Բիլլը դեպի խարույկ կատարած մի այդպիսի զբոսանքից հետո։— Դուրս է գալիս, որ գայլերն էլ ցամաքային շնաձկներ են։ Դրանք ինձնից ու քեզնից շատ լավ են իմանում բանի էությունը ու բնավ էլ մարզանքի համար չէ, որ վազում են մեր հետևից։ Կընկնենք դրանց ճանկը, Հենրի. այ, կտեսնես, կընկնե՜նք...

— Կարելի է ասել, որ դու արդեն ընկել ես, եթե այդքան խոսում ես դրա մասին,— ընդհատեց նրան ընկերը։— Ով վախենում է ծեծվելուց, միևնույն է, թե ծեծված է, իսկ դու ասես գայլերի ատամների մեջ ես արդեն։

— Նրանք ինձանից ու քեզանից ավելի լավ մարդկանց հոգին էլ են առել,— պատասխանեց Բիլլը։

— Հերի՛ք է նվնվաս, էլ ուժ չունեմ լսելու։

Հենրին բարկացած շրջվեց մյուս կողքի վրա՝ զարմանալով, որ Բիլլը ձայն չհանեց։ Նրա համար անսպասելի էր դա, որովհետև խիստ խոսքերը շատ շուտ էին համբերությունից հանում նրան։ Հենրին երկար մտածում էր այդ մասին քնելուց առաջ, բայց վերջ ի վերջո կոպերն սկսեցին փակվել, և նա քուն մտավ մտածելով․ «Մելամաղձոտն է դարձել Բիլլը։ Վաղը հարկ կլինի մի լավ թափ տալ նրան»։


Գլուխ III։ Քաղցի երգը

Սկզբում ցերեկը հաջողություն էր խոստանում։ Գիշերը ոչ մի շուն չանհետացավ, և Հենրին ու Բիլլը առույգ ճանապարհ ընկան շրջապատող լռության, խավարի ու ցրտի միջով։ Բիլլը կարծես չէր հիշում անցած գիշերը իրեն անհանգստացնող մռայլ նախազգացումները և նույնիսկ բարեհաճեց կատակել շների վերաբերյալ, երբ սրանք ոլորաններից մեկում շուռ տվեցին սահնակը։ Ամեն ինչ խառնվեց, դարձավ մի կույտ։ Շուռ եկած սահնակը լռվեց ծառի ու մի ահագին ապառաժի միջև, այնպես որ խճճվածքը շտկելու համար պետք եղավ արձակել շներին։ Ճամփորդները կռացան սահնակի վրա՝ ճգնելով բարձրացնել, երբ մեկ էլ Հենրին տեսավ, որ Միականջանին վազում է մի կողմ։

— Ետ դարձիր, Միականջ,— գոռաց նա՝ ծնկներն ուղղելով ու նայելով շան հետևից։

Բայց Միականջանին ավելի արագ սկսեց վազել ձյան վրա քարշ տալով լծափոկերը։ Իսկ այնտեղ, հենց նոր անցած ճանապարհին, սպասում էր նրան էգ գայլը։ Վազելով նրա մոտ՝ Միականջանին տնկեց ականջը, անցավ թեթև, մանր քայլքի, հետո էլ կանգ առավ։ նա նայեց էգ գայլին ուշադիր, անվստահ, բայց ագահաբար։ Իսկ գայլը բացեց ատամները՝ կարծես շողոմ ժպտալով շանը, ապա մի քանի աշխույժ ոստյուններ կատարեց ու կանգ առավ։ Միականջանին դեռևս վախվխելով, պոչը տնկած, ականջը ցցած ու գլուխը բարձր գնաց դեպի գայլը։

Նա ուզում էր հոտոտել նրան, բայց գայլը ետ-ետ գնաց՝ խորամանկ խաղ անելով նրա հետ։ Ամեն անգամ, երբ շունը մի քայլ առաջ էր գնում, գայլը ընկրկում էր։ Եվ այսպես էգ գայլը Միականջանուն քայլ առ քայլ հրապուրեց իր հետևից՝ նրա հուսալի պաշտպաններից՝ մարդկանցից ավելի հեռու։ Հանկարծ մի անորոշ վտանգ կարծես կասեցրեց Միականջանուն։ Նա շրջեց գլուխը, նայեց շուռ եկած սահնակին, լծակից ընկերներին ու իրեն կանչող տերերին։ Բայց եթե շան մտքով այդպիսի բան անցավ էլ, ապա գայլը վայրկենապես փարատեց նրա անվճռականությունը՝ մոտեցավ շանը, մի ակնթարթ քիթը կպցրեց նրան և նորից սկսեց խաղ անելով՝ ավելի ու ավելի հեռանալ։

Այդ միջոցին Բիլլը Հիշեց հրացանը, բայց դա շուռ եկած սահնակի տակ էր մնացել, ու մինչև որ Հենրին օգնեց նրան իրերը դուրս բերել, Միականջանին ու գայլը այնքան մոտեցան իրար, որ այդպիսի հեռավորությունից կրակելը վաանգավոր էր։

Շատ ուշ հասկացավ Միականջանին իր սխալը։ Դեռ բանի էությունը չհասկացած՝ Բիլլն ու Հենրին տեսան, թե ինչպես շունը շրջվեց ու սկսեց վազել ետ՝ իրենց կողմը։ Այնուհետև նրանք տեսան մի տասներկու նիհար ու գորշ գայլեր, որոնք ուղիղ անկյունով սլանում էին դեպի ճանապարհը՝ կտրելու Միականջանու ուղին։ Մի ակնթարթում էգ գայլը մի կողմ թողեց իր ամբողջ ծեքծեքումն ու խորամանկությունը և մռնչալով նետվեց Միականջանու վրա։ Սա ուսով ետ մղեց նրան, համոզվեց, որ վերադարձի ճամփան կտրված է, և տակավին հուսալով հասնել սահնակին սկսեց պտտվելով մոտենալ դրան։ Րոպե առ րոպե ավելանում էր գայլերի թիվը։ Էգ գայլը սուրում էր շան հետևից՝ նրանից մի ոստյունաչափ հեռու մնալով։

— Ո՞ւր, ո՞ւր,— գոռաց հանկարծ Հենրին՝ բռնելով րնկերոջ ուսը։

Բիլլը դեն գցեց նրա ձեռքը։

— Բավակա՛ն է,— ասաց նա։— Է՛լ ոչ մի շուն չեն ստանա դրանք։

Հրացանը հորիզոնադիր պահած՝ նա նետվեց գետի հունը երիզող թփերի մեջ։ Նրա մտադրությունը շատ պարզ էր. սահնակը ընդունելով որպես կենտրոն այն շրջանակի, որով վազում էր շունը, Բիլլը հույս ուներ կտրել այդ շրջանակը այն կետից, ուր դեռ չէր հասել հետապնդումը։ Օրը ցերեկով, հրացանը ձեռքին, գայլերին քշելն ու շան փրկելը միանգամայն հնարավոր էր։

— Զգո՜ւյշ, Բիլլ,— գոռաց նրա հետևից Հենրին։— Զուր տեղը քեղ մի վտանգիր։

Հենրին նստեց սահնակին ու սկսեց սպասել, թե ինչ կլինի հետո։ Այլ բան չէր մնացել անելու։ Բիլլն արդեն տեսողությունից անհետացավ, բայց թփերի և փունջ-փունջ աճած եղևնիների միջև մերթ երևում, մերթ կրկին չքանում էր Միականջանին։ Հենրին հասկացավ, որ շան վիճակը անհույս է։ Սա էլ շատ լավ էր հասկանանում վտանգը, բայց ստիպված էր վազել արտաքին շրջանակով, մինչդեռ գայլերի ոհմակը ներքին՝ ավելի նեղ շրջանակով։ Չարժեր անգամ մտածել, որ Միականջանին կկարողանա այնքան առաջ անցնել իրեն հալածողներից, որ կտրի նրանց ուղին ու հասնի սահնակին։ Ամեն րոպե երկու գծերն էլ կարող էին միանալ։ Հենրին գիտեր, որ այնտեղ ծառերով ու թփերով իր տեսողությունից ծածկված ձյուների մեջ, մի կետում պետք է իրար հանդիպեին գայլերի ոհմակը, Միականջանին ու Բիլլը։

Ամեն ինչ կատարվեց արագ, շատ ավելի արագ, քան նա սպասում էր։ Որոտաց մի կրակոց, ապա երկուսն էլ իրար հետևից, և Հենրին հասկացավ, որ Բիլլի փամփուշտները վերջացան։ Դրանից անմիջապես հետո լսվեցին կաղկանձներ ու բարձր մռնչյուն։ Հենրին զանազանեց ցավից ու սարսափից ոռնացող Միականջանու ձայնը և ըստ երևույթին վիրավոր մի գայլի կաղկանձը։

Ուրիշ ոչինչ։ Լռեց մռնչյունը. դադարեց կաղկանձը։ Անմարդաբնակ այդ երկրում նորից ծանր լռություն տիրեց։

Հենրին երկար մնաց սահնակի վրա նստած։ Պետք էլ չէր, որ նա գնա այնտեղ. ամեն ինչ պարզ էր, կարծես նրա աչքի առաջ էր տեղի ունեցել Բիլլի ու գայլերի գոտեմարտը։ Մի անդամ միայն նա վեր թռավ տեղից և սահնակից արագ քաշեց կացինը, բայց հետո կրկին նստեց սահնակին և հայացքը մռայլ հառեց իր դիմաց, իսկ երկու ողջ մնացած շները սեղմվում էին նրա ոտքերին ու վախից դողում։

Վերջապես նա վեր կացավ (այնքան հոգնած, ասես մկաններր կորցրել էին ամենայն ճկունություն) և սկսեց սահնակը լծել։ Մի ձգափոկն ինքը գցեց ուսն ու շների հետ էլ քաշեց սահնակը։ Բայց երկար չգնաց, և հենց որ սկսեց մթնել, հանգրվանեց և որքան կարելի էր, շատ ցախ հավաքեց, այնուհետև կերակրեց շներին, ինքն էլ ընթրեց և խարույկի կողքին էլ իր համար անկողին գցեց։

Բայց նրան վիճակված չէր վայելել քնելու հաճույքը։ Նոր էր փակել աչքերը, երբ գայլերը համարյա թե ընդհուպ մոտեցան կրակին։ Դրանց տեսնելու համար կարիք չկար լարել տեսողությունը։ Սեղմ օղակով շրջապատել էին նրանք խարույկը, և Հենրին միանգամայն պարզ տեսնում էր, թե ինչպես մի քանիսը պառկել էին, ոմանք նստել, շատերն էլ փորսող տալով՝ մոտենում էին կրակին կամ թափառում էին դրա շուրջը։ Մի քանիսը նույնիսկ քնել էին։ Ձյան վրա շան պես կծկված խոր քուն էին մտել դրանք, իսկ ինքը չէր էլ կարող մի վայրկյան աչքերը փակել։

Հենրին մեծ խարույկ վառեց, որովհետև գիտեր, որ միայն կրակը կարող է արգելք լինել իր մարմնի և սովահար գայլերի ժանիքների միջև։ Երկու շներն էլ նստել էին իրենց տիրոջ ոտքերի մոտ. մեկը աջից, մյուսը ձախից՝ հույս ունենալով, որ նա կպաշտպանի իրենց, նրանք ոռնում էին, կաղկանձում ու մեկ-մեկ էլ խելահեղ հաչում, երբ որևէ գայլ մյուսներից ավելի էր մոտենում խարույկին։ Հաչոց լսելուն պես ամբողջ օղակն իրար էր անցնում. գայլերը վեր էին թռչում իրենց տեղից ու մղվում առաջ՝ անհամբեր ոռնալով ու մռնչալով, հետո դարձյալ տեղավորվում էին ձյան վրա և իրար հետևից քուն մտնում ։

Օղակը հետզհետե ավելի էր սեղմվում։ Սակավ առ սակավ, մատ առ մատ, մերթ մեկ, մերթ մյուս գայլը սողում էր առաջ, մինչև որ բոլորն էլ Հենրիից համարյա մի ոստյունի չափ հեռու շարվեցին։ Այդ ժամանակ նա խանձողներ էր քաշում խարույկից ու շպրտում ոհմակի մեջ։ Դրանից առաջանում էր հապճեպ նահանջ՝ հետն էլ կատաղի ոռնոց և սարսափահար մռնչոց, երբ դիպուկ ձեռքով արձակված խանձողը դիպչում էր որևէ չափից ավելի համարձակ գայլի։

Լուսադեմին Հենրին սմքեց, աչքերն անքնությունից խոր ընկան։ Մթության մեջ նախաճաշ պատրաստեց, իսկ ժամը իննին, երբ ցերեկվա լույսը ցրիվ տվեց գայլերին, ձեռնամուխ եղավ գործի, որը մտորել էր գիշերվա երկար ժամերի ընթացքում։ Նա մի քանի մատղաշ եղևնի կտրեց և կապելով ծառերին, որքան կարելի էր բարձր՝ լաստակ շինեց, ապա սահնակի թոկը գցելով դրան՝ շների օգնությամբ դագաղը բարձրացրեց ու հաստատեց այդ լաստակի վրա։

— Բիլլին ճանկեցին, ինձ էլ կարող են ճանկել. բայց ձեզ, երիտասա՛րդ, հասնել երբեք չեն կարող,— ասաց նա՝ դիմելով ծառերի վրայի բարձրաթաղ մեռյալին։

Այդ գործն ավարտելուց հետո Հենրին ճանապարհ ընկավ։ Դատարկ սահնակը հեշտ-հեշտ ոստոստում էր շների հետևից, որոնք արագացնում էին ընթացքը՝ իմանալով, ինչպես նաև մարդը, որ վտանգը կհեռանա իրենցից միայն այն ժամանակ, երբ Հասնեն Մակ Հերրի ամրոցը։

Գայլերը ավելի համարձակ դարձան։ Հանգիստ սնգսնգոցով վազում էին նրանք սահնակի հետևից ու կողքերից՝ լեզուները դուրս գցած, ցուցադրելով նիհար կողերը։ Այն աստիճան բարակել էին գայլերը (կաշի ու ոսկոր, ու մեկ էլ մկաններն էին երևում պարանների պես), որ Հենրին զարմացավ, թե ինչպես են ոտքի վրա մնում ու չեն թավալվում ձյան մեջ։

Նա վախենում էր, թե ճամփի կեսին մութը կընկնի։ Կեսօրին արևը ջերմացրեց ոչ միայն երկնքի հարավային կողմը, այլ նույնիսկ իր աղոտ ոսկեգույն եզրը ցույց տվեց հորիզոնի վերևում։ Հենրին լավ նշան համարեց դա։ Ցերեկն սկսում էր երկարել։ Արևը վերադառնում էր այդ երկրները։ Բայց հենց որ նրա բարեհամբույր շողերը մարեցին, Հենրին կանգ առավ։ Լրիվ մթնելուն մնացել էր դեռ մի քանի ժամվա ցերեկային գորշ լույս ու մռայլ մթնշաղ, և նա օգտագործեց այդ ժամանակը որքան կարելի է շատ ցախ հավաքելու համար։

Խավարի հետ եկավ նաև սարսափը։ Գայլերը համարձակ դարձան, և անքուն անցկացրած գիշերն էլ զգալ էր տալիս իրեն։ Փաթաթվելով վերմակի մեջ, կացինը դնելով ոտքերի արանքը՝ նա նստեց խարույկի մոտ և ոչ մի կերպ չէր կարողանում հաղթահարել նիրհը։ Երկու շունն էլ սեղմ կպան նրան։ Գիշերվա կեսին նա զարթնեց և մոտ տասներկու ոտնաչափ իրենից հեռու տեսավ մի խոշոր գորշ գայլ, որը ոհմակի ամենամեծերից մեկն էր։ Գազանը դանդաղորեն ձգմգվեց, ծուլությունը բռնած շան պես, և ամբողջ երախով հորանջեց ուղիղ Հենրիի դեմքին՝ նայելով նրան որպես իր սեփականություն, որպես ավար, որը վաղ թե ուշ իրեն բաժին կընկնի։

Այդպիսի վստահություն էր զգացվում ամբողջ ոհմակի վարվեցողության մեջ։ Հենրին համրեց մի քսան գայլ, որոնք սովահար աչքերով նայում էին իրեն կամ հանգիստ մրափում էին ձյան վրա։ Դրանք նման էին այն երեխաներին, որոնք հավաքվել են ճոխ սեղանի շուրջը և միայն սպասում են թույլտվության, որ հարձակվեն անուշեղենների վրա։ Եվ այդ անուշեղենը իրե՜ն է վիճակված լինել։ «Ուրեմն ե՞րբ կսկսեն գայլերն իրենց խրախճանքը»,— մտածեց նա։

Ցախ գցելով խարույկը՝ Հենրին նկատեց, որ հիմա ինքը բոլորովին այլ կերպ է վերաբերվում իր մարմնին։ Նա հետևեց իր մկանների աշխատանքին և հետաքրքրությամբ զննեց մատների խորամիտ մեխանիզմը։ Խարույկի լույսի տակ նա մի քանի անգամ ճկեց դրանք մերթ մեկ-մեկ, մերթ բոլորը միասին, մերթ չռում էր, մերթ սեղմում՝ դարձնում բռունցք։ Նա ուշադիր դիտեց եղունգների կառուցվածքը, քաշքշեց մատների ծայրերը մերթ ուժգին, մերթ թույլ փորձելով նյարդային համակարգի զգայականությունը։ Այդ ամենը հիացնում էր Հենրիին, և հանկարծ նա քնքշանք զգաց իր մարմնի նկատմամբ, որն աշխատում էր այնքա՜ն հեշտ, այնքա ն ճշգրիտ ու կատարյալ։ Այնուհետև նա վախկոտ հայացքներ էր նետում խարույկն ավելի սեղմ օղակած գայլերին, և հանկարծ որոտի նման ապշեցրեց նրան այն միտքը, որ այդ հրաշալի մարմինը, այդ կենդանի օրգանիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ միս՝ տենչանքի առարկան այդ որկրամոլ գազանների, որոնք իրենց ժանիքներով կբզկտեն, կտոր-կտոր կանեն այդ միսը, կհագեցնեն դրանով իրենց քաղցը ճիշտ այնպես, ինչպես ինքն էր հաճախ հագեցրել իր քաղցը իշայծյամի կամ նապաստակի մսով։

Նա սթափվեց մղձավանջի պես ծանր նիրհից ու իր առաջ տեսավ շեկ գայլին, որ նստել էր խարույկից մոտ վեց ոտնաչափ հեռու ու կարոտով նայում էր մարդուն։ Երկու շներն էլ վնգստում ու գռմռում էին նրա ոտքերի մոտ, իսկ գայլն ասես չէր էլ նկատում դրանց, նայում էր մարդուն, ու մարդն էլ մի քանի րոպե շարունակ նույն կերպ էր վարվում։ Գայլի տեսքը բնավ էլ արյունարբու չէր։ Նրա աչքերում նշուլում էր սոսկալի մի թախիծ, սակայն Հենրին գիտեր, որ այդ թախիծը նույնքան սոսկալի քաղցի հետևանք էր։ Ինքն ուտելիք էր, և այդ ուտելիքի տեսքը գայլի մեջ գրգռում էր համի զգացողություն։ Նրա երախը բաց էր, լորձունքը թափվում էր ձյան վրա, և գայլը լիզում էր շրթունքները՝ կանխապես վայելելով ակնկալածը։

Հենրին համակվեց խելահեղ սարսափով։ Նա ձեռքը արագ մեկնեց դեպի խանձողը, բայց դեռ չէր էլ բռնել, որ գայլը ետ ցատկեց. հավանորեն վարժվել էր, որ մարդիկ իր վրա նետեն ինչ պատահի։ Գայլը գռմռաց՝ սպիտակ ժանիքները բաց անելով մինչև լնդերը, և նրա աչքերի թախծին փոխարինեց այնպիսի արնածարավ մի զայրույթ, որից Հենրին սարսռաց։ Նա նայեց իր ձեռքին, նկատեց, թե ինչպիսի ճարպկությամբ են մատները բռնել խանձողը, ինչպես են հարմարվել փայտի բոլոր անհարթություններին՝ ամեն կողմից պարուրելով նրա անողորկ մակերեսը, ինչպես ճկույթը, հակառակ տիրոջ կամքին, ինքն իրեն հեռացել է այրող մասից. նայեց և նույն րոպեին էլ որոշակի պատկերացրեց, թե ինչպես մայր գայլի սպիտակ ատամները կխրվեն տյդ նուրբ, քնքուշ մատների մեջ ու կբզկտեն։ Հենրին դեռ երբեք իր մարմինն այնպես չէր սիրել, ինչպես հիմա, երբ դրա գոյությունը այնքան անհաստատ էր։

Ամբողջ գիշեր Հենրին սովահար ոհմակից պաշտպանվեց վառվող խանձողներով, քնեց, երբ այլևս ուժ չուներ պայքարելու նիրհի դեմ և զարթնեց շների վնգստոցից ու գռմռալուց։ Բացվեց առավոտը, բայց այս անգամ ցերեկվա լույսը գայլերին քշեց։ Մարդը զուր սպասեց, որ իրեն հետապնդողները ցրվեն, բայց նրանք առաջվա պես օղակել էին խարույկն ու նայում էին Հենրիին այնպիսի լկտի վստահությամբ, որ նա կրկին զրկվեց արիությունից, որը նոր էր սկսել վերադառնալ լուսաբացի հետ։

Հենրին ճանապարհ ընկավ, բայց հազիվ էր դուրս եկել կրակի պաշտպանության տակից, երբ ոհմակի ամենահամարձակ գայլը հարձակվեց նրա վրա, բայց ոստյունը ճիշտ չէր հաշվված, և գայլը վրիպեց։ Հենրին փրկվեց ընկրկելով, և գայլի ատամները կափկափեցին իր ազդրից մի քանի մատնաչափ հեռու։

Ամբողջ ոհմակը նետվեց դեպի մարդը, սկսեց վազվզել նրա շուրջը, և միայն վառվող խանձողները քշեցին նրան բավականաչափ հեռու։

Օրը ցերեկով անգամ Հենրին չէր համարձակվում հեռանալ կրակից ու ցախ ջարդել։ Սահնակից մի քսան քայլ հեռու կար մի խոշոր չորացած եղևնի։ Եվ Հենրին ցերեկվա կեսը վատնեց խարույկների շղթան մինչև ծառը հասցնելու վրա՝ շարունակ պատրաստ պահելով մի քանի վառվող ճյուղ իրեն հետապնգողների համար։ Հասնելով նպատակակետին՝ Հենրին նայեց շուրջը, զննեց, թե որտեղ խռիվ շատ կա, որպեսզի եղևնին այդ կողմը տապալի։

Այդ գիշերը ճշգրիտ կրկնությունն էր նախորդ գիշերվա, միայն այն տարբերությամբ, որ Հենրին գրեթե չէր կարողանում պայքարել քնի դեմ։ Արդեն նա չէր էլ զարթնում շների գռմռալուց, մանավանդ որ սրանք գռմռում էին անընդհատ, իսկ նրա հոգնած, նիրհի մեջ սուզված ուղեղը այլևս չէր զանազանում նրանց ձայների նրբերանգները։

Եվ հանկարծ նա արթնացավ ասես ցնցումից։ Էգ գայլը կանգնել էր բոլորովին մոտիկ։ Հենրին մեքենաբար ձողը կոխեց նրա ատամնաբաց երախը։ Գայլը ետ թռավ՝ ցավից ոռնալով, և Հենրին հաճությամբ շնչեց խանձված բրդի ու այրված մսի հոտը՝ նայելով, թե ինչպես գազանը իրենից արդեն մի քանի քայլ հեռու տմբտմբացնում է գլուխը ու չարացած կաղկանձում։

Բայց այս անգամ քնելուց առաջ Հենրին աջ թևին կապեց սոճու մի մարմանդ այրվող ճյուղ։ Աչքը հազիվ էր փակել, երբ այրուցքի ցավից արթնացավ։ Այդպես շարունակվեց մի քանի ժամ։ Արթնանալիս նա քշում էր գայլերին վառվող խանձողներով՝ ցախ գցելով կրակի մեջ ու դարձյալ հաստ ճյուղ կապելով թևին։ Ամեն ինչ լավ էր ընթանում, բայց մի անգամ էլ այդպես զարթնելուց հետո Հենրին փոկը լավ չամրացրեց ու հենց որ աչքերը փակվեցին, ճյուղը ծառից ընկավ։

Ու երազ տեսավ նա: Մակ Հերրի ամրոցը։ Տաք է ու անդորրավետ։ Նա քրիբեջ է խաղում ֆակտորիայի պետի հետ։ Ու մեկ էլ տեսավ, որ գայլերր պաշարում են ամրոցը, ոռնում են ուղիղ դարպասի մոտ, իսկ իրենք՝ ինքն ու պետը երբեմն կտրվում են խաղից, որպեսզի ունկնդրեն ոռնոցին և ծիծաղեն ամրոց մտնելու համար գայլերի գործադրած ապարդյուն ճիգերի վրա։ Հետո (ի՜նչ գարմանալի երազ) ճռինչ լսվեց։ Դուռը լայն բացվեց։ Գայլերր ներխուժեցին սենյակ, հարձակվեցին իր պետի վրա։ Հենց որ դուռը կրկին բացվեց, ոռնոցը դարձավ խլացուցիչ ու այլևս հանգիստ չտվեց նրան։ Երազն ինչ-որ այլ պատկերների էր վերածվում․ բայց Հենրին դեռ չէր կարողանում հասկանալ ինչպիսի, և չէր էլ կարող հասկանալ, որովհետև խանգարում էր ոչ մի րոպե չընդհատվող ոռնոցը։

Հետո արդեն զարթնեց նա և ոռնոցն ու մռնչոցը լսեց իրականում։ Գայլերը ամբողջ ոհմակով նետվեցին նրա վրա։ Մեկի ժանիքները խրվեցին նրա ձեռքը։ Նա ցատկեց խարույկի մեջ և ցատկելիս զգաց, թե ինչպես սուր ատամները ճղճղեցին նրա ոտքը։ Եվ ահա սկսվեց գոտեմարտը։ Հաստ թաթպանները կրակից պաշտպանում էին նրա ձեռքերը։ Նա բուռ-բուռ կրակ էր շաղ տալիս ամեն կողմ, և խարույկը ի վերջո դարձավ հրաբխի նման մի բան։

Բայց դա երկար տևել չէր կարող։ Հենրիի դեմքը ծածկվեց բշտիկներով հոնքերն ու թարթիչները խանձվեցին, ոտքերն արդեն չէին դիմանում տապին։ Ամեն մի ձեռքում մի խանձող բռնած, նա ոստնեց խարույկի եզրին մոտիկ։ Գայլերը ետ-ետ գնացին։ Աջ ու ձախ կողմում, ամեն տեղ, ուր թափվում էր կրակը, ձյունր թշշում էր, և հուսահատ ոստյուններից, փնչոցից ու կաղկանձից կարելի էր կռահել, որ գայլերը ոտքները դրել են դրանց վրա։

Խանձողները դեսուդեն շպրտելուց հետո մարդը հանեց այրվող թաթպանները և սկսեց դոփել ձյունը՝ ոտքերը հովացնելու համար։ Երկու շներն էլ անհետացել էին, և նա շատ լավ գիտեր, որ նրանք դարձել են հերթական կերակուրը այն երկարատև խրախճանքում, որն սկսվեց Ֆետտիից ու թերևս մոտալուտ օրերից մեկին կավարտվի իրենով։

— Այնուամենայնիվ դուք դեռ չե՜ք ճանկել ինձ,— գոռաց նա՝ բռունցքը կատաղաբար ճոճելով քաղցած գազանների վրա։

Լսելով նրա ձայնը՝ ոհմակն իրար անցավ ու համերաշխ մռնչաց, իսկ էգ գայլը համարյա կիպ մոտեցավ նրան և թախծոտ ու սովալլուկ հայացքը սևեռեց նրա վրա։

Հենրին սկսեց պաշտպանության մի նոր ծրագիր մտմտալ։ Խարույկը դասավորեց լայն օղակի ձևով և հալչող ձյան վրա փռեց իր անկողինն ու նստեց վրան՝ այդ օղակի ներսում։ Հենց որ մարդը անհետացավ կրակե պատվարի հետևը, ամբողջ ոհմակը պաշարեց դա՝ հետաքրքրված, թե ուր կորավ նա։ Մինչև այդ պահը նրանք կրակին մոտենալ չէին կարող, իսկ հիմա սեղմ օղակ կազմած՝ շարվեցին նրա շուրջը ու շների պես աչքերն էին կկոցում, հորանջում ու պրկվում իրենց համար անսովոր տաքության մեջ։ Հետո մայր գայլը նստեց հետևի թաթերին, բարձրացրեց գլուխն ու սկսեց ոռնալ։ Գայլերն իրար հետևից ձայնակցեցին նրան, և ի վերջո, ամբողջ ոհմակը դնչները աստղազարդ երկնքին տնկած ծոր տվեց սովի երգը։

Սկսեց լուսանալ, հետո էլ վրա հասավ ցերեկը։ Խարույկը մարմրում էր, ցախը վերջանալու վրա էր, պետք էր լրացնել պաշարը։ Մարդը փորձեց դուրս գալ կրակե օղակից, բայց գայլերը նետվեցին նրան ընդառաջ։ Վառվող խանձողներն ստիպում էին նրանց նետվել դեսուդեն, բայց նրաձք այլևս ետ չէին փախչում։ Իզուր էր մարդը ջանում հալածել նրանց։ Վերջապես համոզվելով, որ անհույս են իր փորձերը, մարդը նահանջեց իր վառվող օղակի ներսը, և այդ միջոցին գայլերից մեկը ցատկեց նրա վրա, սակայն վրիպեց ու չորս թաթով էլ ընկավ կրակի մեջ։ Գազանը սարսափից ոռնաց, կաղկանձեց ու խարույկից դուրս սողաց՝ ճգնելով ձյան վրա սառեցնել դաղված թաթերը։

Մարդը կռացել ու նստել էր վերմակին։ Կամազուրկ սմքած ուսերից ու կրծքին հակած գլխից կարելի էր հասկանալ, որ նա այլևս ուժ չունի պայքարելու։ Երբեմն նա բարձրացնում էր գլուխը և նայում մարմրող խարույկին։ Կրակի ու հանգչող ածուխների օղակը տեղ-տեղ արդեն անջատվել, դարձել էր առանձին-առանձին խարույկներ, որոնց միջև հետզհետե մեծանում էր ազատ անցամասը, և խարույկներն էլ փոքրանում էին։

― Հիմա արդեն կճանկեն ինձ,— փնթփնթաց Հենրին.— բայց ինձ համար մեկ է՝ ես ուզում եմ քնել...

Եվ երբ զարթնեց, ուղիղ իր դիմաց, խարույկների միջև տեսավ էգ գայլին ակնասևեռ իրեն նայելիս։

Մի քանի րոպե անց, որոնք ժամեր թվացին նրան, նա դարձյալ բարձրացրեց գլուխը։ Մի անհասկանալի փոփոխություն էր տեղի ունեցել, նրա համար այնքան անհասկանալի, որ նա անմիջապես սթափվեց։ Մի բան էր պատահել։ Նախ չէր կարողանում հասկանալ ինչ, հետո ըմբռնեց՝ գայլերն անհետացել էին։ Շուրջը տրորված ձյունից կարելի էր միայն իմանալ, թե որքան էին դրանք մոտեցել իրեն։

Նիրհի ալիքը դարձյալ ողողեց Հենրիին, գլուխն ընկավ ծնկներին, բայց հանկարծ նա ցնցվեց ու արթնացավ։

Չգիտես որտեղից, մարդկային ձայներ էին լսվում, սահնակի կողերի ճռինչ, շների անհամբեր վնգստոց։ Գետից դեպի հանգրվանն էին գալիս չորս սահնակ։ Մի քանի մարդ շրջապատեցին մարող կրակի օղակում կծկված Հենրիին, սկսեցին թափ տալ նրան՝ ջանալով ուշքի բերել։ Հենրին նայում էր նրանց հարբածի պես և նվաղ, քնաթաթախ ձայնով փնթփնթում.

— Շեկ գայլը, էգ գայլը... գալիս էր շներին կերակրելու ժամանակ... Նա լափեց շների կերը... հետո էլ շներին․․․ Վերջն էլ Բիլլին...

— Որտե՞ղ է լորդ Ալֆրեդը,— գոռաց նորեկներից մեկը նրա ականջին՝ ուժգին թափ տալով նրա ուսը։

Նա դանդաղ օրորեց գլուխը։

— Նրան չի դիպել... Այնտեղ է նա՝ ծառի վրա․․․ վերջին հանգրվանի մոտ։

— Մեռե՞լ է։

— Այո. դագաղի մեջ է,— պատասխանեց Հենրին։

Եվ բարկացած թափ տվեց ուսը՝ ազատվելով իր վրա կռացած մարդուց։

— Հանգիստ թողեք ինձ. չեմ կարող... Բարի գիշեր.

Հենրիի կոպերը երերացին ու փակվեցին, գլուխը կախվեց կրծքին։ Ու հենց որ նրան պառկեցրին վերմակի վրա, սառնաշունչ լռության մեջ լսվեց բարձր խռմփոցը։

Սակայն այդ խռմփոցին խառնվում էին նաև այլ ձայներ։ Հեռվից, այդքան մեծ տարածությունից հազիվ լսելի, գալիս էր ոռնոցը սովահար ոհմակի, որը հենց նոր թողած մարդու փոխարեն ընկել էր մի այլ որսի հետևից։


ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

Գլուխ I: Ժանիքների գոտեմարտը

Ամենից առաջ էգ գայլը լսեց մարդկային ձայներ և լծկան շների վնգստոց։ Հենց նա էլ ամենից առաջ նահանջեց հանգչող կրակի օղակի մեջ քշված մարդուց։ Դժկամությամբ բաժանվելով արդեն ծուղակն ընկած որսից, ոհմակը մի քանի րոպե հապաղեց, ականջ դրեց, իսկ հետո սուրաց էգ գայլի հետևից։

Ոհմակի առջևից վազում էր մի խոշոր գորշ գայլ՝ ոհմակապետներից մեկը։ Հենց նա էլ ոհմակին առաջնորդեց էդ գայլի հետքերով՝ նախազգուշաբար գռմռալով իր ավելի երիտասարդ եղբայրակիցների վրա ու ժանիքների հարվածներով ետ մղելով դրանց, երբ դրանք խիզախում էին առաջ անցնել։ Հենց նա էլ արագացրեց վազքը, երբ առջևում տեսավ էգ գայլին, որ թեթև սնգսնգոցով վազում էր ձյան վրայով։

Էգ գայլը սկսեց վազել նրա հետ կողք-կողքի, կարծես այդ տեղը կանխորոշված էր նրա համար, և էլ երբեք չհեռացավ ոհմակից։ Առաջնորդող գայլը ո՛չ մռնչում, ո՛չ էլ գռմռում էր էգի վրա, երբ մի պատահական ոստյուն առաջ էր մղում նրան, ընդհակառակը, ըստ երևույթին խիստ բարյացակամ էր նրա նկատմամբ, որովհետև ջանում էր շարունակ վազել նրա կողքից։ Իսկ դա էգին հաճելի չէր, ուստի մռնչում էր սա ու կրճտում ատամները, չէր թողնում, որ մոտենա իրեն։ Էգը երբեմն նույնիսկ չէր հրաժարվում նրա ուսը կծելուց։ Այդպիսի դեպքերում առաջնորդ գայլը ոչ մի զայրույթ չէր ցուցաբերում, միայն նետվում էր մի կողմ ու մի քանի անշնորհք ոստյուն կատարում՝ իր ամբողջ տեսքով ու վարքով հիշեցնելով միամիտ ու ամոթահար սիրահարի։

Սա միակ բանն էր, որ խանգարում էր նրան կառավարելու ոհմակը։ Սակայն էգ գայլին հաղթահարում էին այլ անախորժություններ։ Նրա աջ կողմից վազում էր մի նիհար ծեր գայլ, որի մոխրագույն մորթին կրում էր բազմաթիվ մարտերի հետքեր։ Նա շարունակ ընթանում էր էգ գայլի աջ կողմից։ Պատճառն այն էր, որ ուներ միայն մի աչք՝ ձախը։ Ծեր գայլը ստեպ-ստեպ նեղում էր էգին՝ սպիածածկ իր դունչը գիպցնելով մերթ նրա կողին, մերթ ուսին, մերթ էլ վզին։ Էգը նրա սիրաթովումներին պատասխանում էր ատամները ժնգժնգացնելով, ինչպես նաև ձախ կողմից վազող ոհմակապետի սիրաթովումներին, և երբ նրանք միաժամանակ էին սկսում հետամտել էգին, սրա վիճակը դժվարանում էր՝ հարկ էր լինում ատամներով թափ տալ երկուսին էլ՝ միաժամանակ և ետ չմնալով ոհմակից ու նայել ոտքերի տակ։ Այդ պահերին երկու արուները սպառնալից մռնչում էին ու ատամներ ցույց տալիս միմյանց։ Մի այլ ժամանակ նրանք կռվի կբռնվեին, բայց այժմ սերն ու մրցակցությունն անգամ տեղը զիջել էին մի ավելի ուժեղ զգացումի՝ ամբողջ ոհմակին տանջող քաղցի զգացումին։

Յուրաքանչյուր այդպիսի հակահարվածից հետո ծեր գայլը մի կողմ էր նետվում իր տռփանքի քմահաճ առարկայից ու բախվում իր կույր աչքի աջ կողմից վազող երիտասարդ, երեք տարեկան գայլին։ Սա կատարելապես հասունացած էր և եթե նկատի առնենք մյուս գայլերի թուլացած ու հյուծված լինելը, ապա նա ամբողջ ոհմակի մեջ աչքի էր ընկնում իր ուժով ու կայտառությամբ։ Եվ այնուամենայնիվ, սա այնպես էր վազում, որ գլուխը հավասարվում էր Միակնանու ուսին. միայն նա էր խիզախում հավասարվել նրան (իսկ դա խիստ հազվադեպ էր լինում)․ ծեր գայլը մռնչում էր, ատամները կավփկափում ու անմիջապես վերադարձնում նախկին տեղը։ Սակայն ժամանակ առ ժամանակ երեք տարեկան գայլը ետ էր մնում ու ծածուկ մխրճվում նրա ու էգի միջև։ Այս արարքին տրվում էր կրկնակի, անգամ եռակի հակահարված։ Հենց որ էգն սկսում էր մռնչալ, ծեր գայլը կտրուկ դարձ էր կատարում և նետվում երիտասարդի վրա։ Երբեմն էլ ծեր գայլի հետ նրա վրա հարձակվում էր նաև էգը, երբեմն էլ դրանց միանում էր ձախ կողմից վազող ոհմակապետը։

Իր առաջ տեսնելով երեք վայրագ երախ՝ երիտասարդը կանգ էր առնում, նստում հետևի թաթերին ու ամբողջ մարմնով փշաքաղված՝ ատամներն էր ցույց տալիս։ Ոհմակի գլխամասում տեղի ունեցող իրարանցմանը ամեն անգամ հաջորդում էր հետևի շարքերում սկսվող իրարանցումը։ Գայլերը ընկնում էին երիտասարդի վրա ու իրենց դժգոհությունն արտահայտում չարացած կծոտելով ազդրերն ու կողերը։ Վտանգավոր էր նրա դրությունը, որովհետև սովորաբար քաղցն ու կատաղությունը իրար հետ են լինում։ Բայց երիտասարդության անսահման ինքնավստահությունը մղում էր նրան կրկնելու այդ փորձերը, թեև դրանք նվազագույն հաջողություն էլ չէին ունենում ու միայն անախորժություններ էին պատճաոում իրեն։

Եթե գայլերի ճանկը մի որևէ որս ընկներ, ապա սերը ու սիրո պատճառով ծագող մրցակցությունը անմիջապես կհամակեր ոհմակին, և նա կցրվեր։ Բայց դրությունը հուսահատական էր։ Գայլերը նիհարել էին երկարատև քաղցից ու սովորականից շատ ավելի դանդաղ էին առաջանում։ Պոչից, կաղին տալով, քարշ էին գալիս թույլերը, մատղաշներն ու ծերերը։ Ուժեղները առջևից էին գնում։ Բոլորն էլ նման էին ավելի շուտ կմախքների, քան իսկական գայլերի։ Եվ այնուամենայնիվ նրանց շարժումների մեջ, եթե չհաշվենք կաղացողներին, ո՛չ հոգնություն էր նկատվում, ո՛չ էլ նվազագույն ճիգ։ Թվում էր, թե զորության մի անսպառ պաշար է թաքնված պարանների պես նրանց մարմնի վրա երևացող մկանների մեջ։ Պողպատանման մկանի ամեն մի շարժմանը հաջորդում էր մի ուրիշ շարժում, ապա երրորդը, չորրորդը, և այսպես անվերջ։

Այդ օրը գայլերը կտրեցին անցան շատ մղոններ։ Նրանք վազում էին նաև գիշերը։ Սկսվեց հաջորդ օրը, իսկ նրանք դեռ վազում էին։ Ամենուրեք սառած ու մեռած տարածություն էր. ոչ մի տեղ կյանքի նվազագույն նշույլ չէր երևում։ Միմիայն նրանք էին վազում այդ անշարժ անապատում։ Միմիայն նրանց մեջ կյանք կար, և նրանք չափչփում էին այդ տարածությունը ի խնդիր ուրիշ կենդանի արարածների, որպեսզի հոշոտեն նրանց և ապրեն, ապրեն։

Գայլերն ստիպված եղան կտրել անցնել ջրբաժան շատ գծեր և հարթավայրերում թափառել շատ գետակների մոտ, մինչև որ նրանց որոնումները պսակվեցին հաջողությամբ։ Նրանք հանդիպեցին իշայծյամների։ Նրանց առաջին որսը դարձավ մի խոշոր արու իշայծյամ։ Դա կյանք էր։ Դա միս էր, ու դրան չէին պաշտպանում ո՛չ խորհրդավոր խարույկը և ո՛չ էլ սլացող խանձողները։ Գայլերը առաջին անգամ չէր, որ հանդիպում էին երկատված կճղակների ու ճյուղաեղջյուրների, ուստի և հրաժարվեցին իրենց սովորական համբերատարությունից ու զգուշությունից։ Գոտեմարտը կարճատև եղավ ու թեժ։ Իշայծյամին շրջապատեցին ամեն կողմից։ Ծանր կճղակների դիպուկ հարվածներով նա ճեղքում էր գայլերի փորը, ծակում գանգերը, հսկայական եղջյուրներով փշրում ոսկորները։ Իշայծյամը տրորում էր նրանց իր տակ պտտվելով ձյան վրա, բայց դատապարտված էր մահվան, և վերջ ի վերջո նրա ոտքերը թուլացան։ Էգ գայլը մոլեգնորեն կառչեց նրա կոկորդից, իսկ մնացած գայլերի ատամները պատառ-պատառ էին անում նրան ողջ-ողջ չսպասելով, որ նա հանդարտվի ու դադարի պաշտպանվելուց։

Ուտելիքը բավական շատ էր. իշայծյամը ութ հարյուր ֆունտից ավելի էր. ամեն մի գայլի կոկորդի համար քսան ֆունտ։ Եթե գայլերը ապշեցուցիչ տոկունությամբ կարող էին ծոմ պահել, ապա պակաս ապշեցուցիչ չէր այն արագությունը, որով լափում էին ուտելիքը։ Եվ շատ չանցած փառահեղ և ուժով առլեցուն ու մի քանի ժամ առաջ ոհմակի հետ ընդհարվող կենդանուց ձյան վրա մնացին սփռված մի քանի ոսկոր։

Հիմա գայլերը երկար էին հանգստանում ու քնում։ Ստամոքսները լցնելուց հետո ավելի երիտասարդ արուներն սկսեցին գժտվել ու կռվել, իսկ դա շարունակվեց ոհմակի քայքայվելուն նախորդած օրերի ընթացքում։ Սովը վերջացավ։ Գայլերը հասան որսով լի վայրերի, և առաջվա պես ամբողջ ոհմակով էին որս անում, բայց արդեն զգուշությամբ՝ ճանապարհին պատահած իշայծյամների փոքր նախիրներից կտրելով հղի էգերին կամ ծերացածներին ու հիվանդներին։

Եվ առատության այդ երկրում եկավ այն օրը, երբ գայլերի ոհմակը բաժանվեց երկու մասի։ Էգը, երիտասարդ ոհմակապետը, որ վազում էր նրա ձախ կողմից, և Միակնանին, որ աջից էր վազում, ոհմակի իրենց կեսը տարան արևելք՝ դեպի Մաքենզի գետը, ապա ավելի առաջ՝ դեպի լճերը։ Այդ փոքրիկ ոհմակն էլ օր օրի վրա պակասում էր։ Գայլերը բաժան վում էին զույգերի՝ մի արու ու մի էգ։ Ախոյանի սուր ատամները ստեպ-ստեպ հեռու էին վանում մի որևէ միայնակ գայլի։ Եվ վերջապես մենակ մնացին էգը, ոհմակապետը, Միակնանին ու հանդուգն երեք տարեկանը։

Այդ օրերին բոլորովփն փչացավ մայր գայլի բնավորությունը։ Երեք սիրատարփների վրա էլ մնացել էին նրա ատամների հետքերը։ Սակայն ոչ մի անգամ արուները նույն կերպ չպատասխանեցին նրան, ոչ մի անգամ չփորձեցին պաշտպանվել։ Նրանք միայն ուսն էին դեմ անում էգի ամենակատաղի խածումներին, պոչ էին խաղացնում ու մանրաքայլ պտտվում էին նրա շուրջը՝ ջանալով չափավորել էգի զայրույթը։ Բայց եթե սրա հանդեպ արուները հեզություն էին ցուցաբերում, ապա իրար նկատմամբ դառնում էին չարության մարմնացում։ Երեք տարեկանի վայրագությունը ամեն չափ անցավ։ Հերթական գզվռտոցներից մեկի ժամանակ նա խոյացավ ծեր գայլի վրա այն կողմից, որից նա բան չէր տեսնում, ու բզիկ-բզիկ արեց նրա ականջը։ Բայց միակնանի ծերուկը երիտասարդության և ուժի դեմ օգնության կանչեց իր ամբողջ բազմամյա իմաստությունը և փորձը։ Նրա կուրացած աչքը և սպիներով ակոսված դունչը բավականին պերճախոս կերպով ցույց էին տալիս, թե ինչ տիպի էր այդ փորձը։ Շատ գոտեմարտեր էր մղել նա իր կյանքում, որպեսզի գոնե մի րոպե մտածեր, թե ինչպես պետք է վարվի ինքը հիմա։

Գոտեմարտն սկսվեց ազնվորեն, բայց վերջացավ անազնիվ կերպով։ Սկզբից դժվար էր որոշել ելքը, եթե ծեր ոհմակապետին չմիանար երիտասարդը, որոնք միասին հարձակվեցին հանդուգն երեք տարեկանի վրա։ Նախկին եղբայրակիցների անողոք ժանիքները ամեն կողմից խրվում էին նրա մարմնի մեջ։ Մոռացվեցին այն օրերը, երբ գայլերը միասին էին որս անում, մոռացվեցին միասին սպանած որսերը, երեքին էլ հավասարապես տանջած քաղցը։ Այդ ամենը անցյալին էր պատկանում։ Հիմա նրանց համակել էր սերը՝ քաղցից ավելի խիստ ու դաժան մի զգացմունք։

Այդ միջոցին էգը՝ բոլոր պառակտումների պատճառը, գոհ տեսքով նստեց ձյան վրա ու սկսեց հետևել գոտեմարտին։ Դա նույնիսկ դուր էր գալիս նրան։ Եկել էր նրա ժամը (իսկ դա հազվադեպ է պատահում), երբ մազերը ցցվում են, ժանիքը բախվում է ժանիքին, պատառոտում, ճեղքում է տեղի տվող մարմինը. և այդ ամենը միայն ի սեր նրան տիրանալուն։

Ու երեք տարեկանը, որ կյանքում առաջին անգամ էր բախվել սիրույն, կյանք զոհեց դրա համար։ Երկու ախոյանները կանգնել էին նրա մարմնի մոտ, նայում էին էգին, որը նստել էր ձյան վրա ու ժպտում էր նրանց։ Սակայն ծեր արուն իմաստուն էր. սիրո գործերում ոչ պակաս իմաստուն, քան մարտերում։ Երիտասարդ ոհմակապետը շրջեց գլուխը իր ուսի վերքը լիզելու համար։ Եվ նրա վզակոթը դարձավ դեպի ախոյանը։ Ծեր գայլը իր միակ աչքով նկատեց, թե ինչպիսի հարմար առիթ է ներկայանում իրեն։ Նա նետի պես խոյացավ երիտասարդ գայլի վրա, նա ժանիքներով ակոսեց նրա վիզը, մի երկար, խոր վերք առաջացրեց այնտեղ ու ճեղքելով երակը, անմիջա պես ետ ցատկեց։

Երիտասարդ գայլը մռնչաց, սակայն նրա զարհուրելի մռնչոցը անմիջապես վերածվեց ջղաձգական հազի։ Արնաքամ լինելով, հազալով նա նետվեց ծեր գայլի վրա, բայց կյանքն արդեն հրաժեշտ էր տալիս նրան, ոտքերը ծալվում էին, աչքերը մշուշապատվում, հարվածներն ու ոստյունները հետզհետե թուլանում։

Իսկ էգ գայլը նստել էր մի կողմ ու ժպտում էր։ Մենամարտի տեսարանը ուրախության մի տարտամ զգացմունք էր առաջացնում նրա մեջ, որովհետև այդպես է սերը Հյուսիսի խորքերում, իսկ դրա ողբերգությունը իմանում է միայն նա, ով մեռնում է։ Իսկ ողջ մնացողների համար դա ողբերգություն չէ, այլ իրականացած ցանկության հաղթանակ։

Երբ երիտասարդ գայլը փռվեց ձյան վրա, Միակնանին հպարտ քայլքով դիմեց դեպի էգը։ Ասենք, կատարյալ հաղթությանը խանգարում էր աչալուրջ լինելու անհրաժեշտությունը։ Նա պարզամտորեն սպասում էր խիստ ընդունելության և նույնպիսի պարզամտությամբ էլ զարմացավ, երբ էգ գայլը ատամ ցույց չտվեց նրան, առաջին անգամ այդպիսի փաղաքշանքով դիմավորեցին այդ ամբողջ ժամանակամիջոցում։ Էգը հոտոտեց արուին և նույնիսկ սկսեց ոստոստել ու խայտալ իսկական լակոտի նման։ Եվ Միակնանին մոռանալով իր պատկառելի տարիքը և փորձի տված իմաստությունը՝ նույնպես վերածվեց լակոտի և կարելի է ասել էգից ավելի հիմար լակոտի։

Մոռացվեցին և՛ պարտված ախոյանները, և՛ սիրո վեպը, որ արյամբ գրված էր ձյան վրա։ Մի անգամ միայն վերհիշեց դա Միակնանին, երբ մի րոպե կանգ առավ իր վերքերը լիզելու համար։ Եվ այդ ժամանակ նրա շրթունքները չարացած դողդողացին, ճիրանները ջղաձգորեն խրվեցին ձյան մեջ, մարմինը կորացավ ու պատրաստվեց ոստյունի։ Սակայն հաջորդ վայրկյանին մոռացվեց ամեն ինչ, և նա վազեց էգ գայլի հետևից, որը նազանքով նրան հրապուրում էր դեպի անտառ։

Հետո արդեն նրանք վազեցին կողք-կողքի, իբրև լավ բարեկամներ, որոնք վերջապես փոխադարձ համաձայնության են եկել։ Օրերն անցնում էին, իսկ նրանք չէին բաժանվում․ միասին ընկնում էին որսի ետևից, միասին սպանում ու միասին էլ ուտում։ Բայց հետո էգ գայլն ընկավ անհանգստության մեջ. թվում էր, թե նա փնտրում է մի բան ու չի գտնում։ Նրան հրապուրում էին տապալված ծառերի տակ եղած մեկուսի տեղերը, և նա ժամեր շարունակ հոտոտում էր գետի առկախ ափերի տակ եղած անձավները և ժայռերի ձյունապատ փապարները։ Այդ ամենը բնավ չէր հետաքրքրում ծեր գայլին, բայց սա հլու հետևում էր նրան, իսկ երբ այդ որոնումները ձգձգվում էին, պառկում էր ձյան վրա ու սպասում էգին։

Առանց երկար ժամանակ մի տեղ մնալու նրանք հասան Մաքենզի գետին և արդեն առանց շտապելու սկսեցին առաջ գնալ գետի երկայնքով՝ ժամանակ առ ժամանակ շեղվելով ու փոքր վտակների մոտ որս փնտրելով, բայց ամեն անգամ վերադառնալով գետի ափերը։ Երբեմն պատահում էին սովորաբար զույգ-զույգ թափառող ուրիշ գայլեր, բայց ոչ մեկ, ոչ էլ մյուս կողմը հանդիպելիս չէր ցուցաբերում ո՛չ ուրախություն, ո՛չ բարեկամական զգացմունքներ, ո՛չ էլ դարձյալ ոհմակ կազմելու ցանկություն։ Նրանց ճանապարհին պատահում էին նաև միայնակ գայլեր։ Արուներ էին դրանք, որոնք հաճությամբ կմիանային Միակնանուն ու նրա ընկերուհուն, բայց Միակնանին, չէր ցանկանում և բավական էր, որ էգը ուս-ուսի կանգնի իր կողքին, փշաքաղվի ու ցույց տա ատամները, որ աներես օտարականները նահանջեն, շրջվեն ետ ու նորից միայնակ շարունակեն իրենց ճանապարհը։

Մի անգամ էլ, երբ նրանք լուսնկա գիշերով վազում էին խաղաղված անտառում, Միակնանին հանկարծ կանգ առավ, դունչը ցցեց վեր, լարեց պոչը և ուռեցնելով ռունգները՝ սկսեց հոտոտել օդը։ Հետո էլ բարձրացրեց առջևի թաթը, ինչպես շունը որս նկատելիս։ Մի բան անհանգստացնում էր նրան, և նա շարունակում էր հոտ քաշել՝ ջանալով կռահել օդի մեջ սուրացող լուրը։ Էգ գայլը հոտ քաշեց ու շարունակեց ճամփան՝ գոտեպնդելով իր ուղեկցին։ Արուն գեռևս չմիամտված՝ հետևեց նրան, բայց ստեպ-ստեպ կանգ էր առնում՝ ըմբռնելու այն նախազգուշացումը, որ բերում էր քամին։

Զգույշ քայլերով՝ էգ գայլը դուրս եկավ ծառերի տակից ու մտավ մի մեծ բացատ։ Մի քանի րոպե նա մենակ մնաց այդտեղ։ Հետո խիստ աչալրջացած, իր յուրաքանչյուր մազով արտահայտելով անսահման անվստահություն մոտեցավ նրան Միակնանին։ Նրանք կանգնեցին իրար մոտ՝ շարունակելով ունկնդրել, շուրջը նայել ու քիթը տարուբերել։

Նրանց լսողությանը հասան շան գզվռտոց, տղամարդկանց կոկորդային ձայներ, կռիվ անող կանանց ծղրտոց և նույնիսկ երեխայի բարակ, աղերսալի լաց։ Բացատից գայլերը տեսնում էին միայն կաշեպատ խոշոր վիգվամները, խարույկների բոցը, որը երբեմն ծածկում էին մարդկանց կերպարանքները, և դանդաղորեն հանդարտ օդ բարձրացող ծուխը։ Սակայն նրանց ռունգները որսում էին հնդկական ավանի զանազան հոտեր, մարդկանց, որոնք եթե խոսում էին Միակնանուն բոլորովին անհասկանալի, բայց էգ գայլին ամենայն մանրամասնությամբ ծանոթ բաների մասին։ Էգ գայլը համակվեց տարօրինակ անհանգստությամբ և շարունակեց հոտ քաշել հետզհետե ավելի մեծ հաճությամբ։ Բայց Միակնանին դեռևս կասկածում էր։ Նա անվճռականորեն շարժվեց տեղից, որով և մատնեց իր անհանգստությունը։ Էգը ետ դարձավ, քիթը դիպցրեց նրա վզին, կարծես թե հանգստացնելով, հետո դարձյալ սկսեց նայել ավանին։ Նրա աչքերում թախիծ էր շողում, բայց դա արդեն քաղցից առաջացած թախիծ չէր։ Նա դողում էր իրեն համակած ցանկությունից՝ վազել այնտեղ, մոտենալ խարույկներին, խառնվել շների կռվին, խույս տալ ու ետ նետվել մարդկանց անզգույշ քայլերից։

Միակնանին անհամբեր գետինն էր դոփում նրա կողքին, բայց մեկ էլ նախկին անհանգստությունը վերադարձավ մայր գայլին, նա նորից զգաց այն բանը գտնելու անհաղթահարելի պահանջը, որ փնտրում էր այնքան երկար ժամանակ։ Նա շրջվեց և ի մեծ թեթևացում Միակնանու, վազեց անտառ, ծառերի ծածկույթի տակ։

Անշշուկ, ինչպես ստվերներ, սահելով լուսնից լուսավորված անտառում, նրանք պատահեցին մի արահետի ու անմիջապես էլ քթները մտցրին ձյան մեջ։ Արահետի հետքերը խիստ թարմ էին։ Միակնանին զգույշ առաջ էր գնում, իսկ ընկերուհին հետևում էր քայլ առ քայլ։ Հաստ բարձիկներ ունեցող նրանց լայն թաթերը թավշի պես փափուկ իջնում էին ձյան վրա։ Բայց մեկ էլ Միակնանին մի սպիտակ բան տեսավ նույնքան սպիտակ ձյան հարթության վրա։ Միակնանու սահուն քայլվածքը ծածկում էր նրա շարժումների արագությունը, իսկ հիմա նա սկսեց ավելի արագ ընթանալ։ Նրա առջևում փայլկտում էր մի անորոշ սպիտակ բիծ։

Նա ու էգ գայլը վազում էին մի նեղ անծառ շերտով, որը երկու կողմից երիզված էր մատղաշ եղևնիների բուսուտով ու դուրս էր դալիս լուսնի լույսով ողողված բացատ։ Ծեր գայլը հասնում էր իր առաջ փայլփլող բծին։ Նրա յուրաքանչյուր ոստյունը կրճատում էր նրանց միջև եղած տարածությունը։ Բայց ահա բոլորովին մոտ է դա։ Եվս մի ոստյուն, և գայլի ատամները կմխրճվեն դրա մեջ։ Սակայն այդ ոստյունը այնուամենայնիվ չեղավ։ Սպիտակ բիծը, որ նապաստակ էր, հենց Միակնանու գլխավերևում թռավ օդ և սկսեց ոստոստել և օրորվել այնտեղ վերևում, առանց դիպչելու գետնին, ասես մի ֆանտաստիկ պար պարելով։

Միակնանին վախեցած փռթկոցով ետ նետվեց ու փակչելով ձյանը՝ ահեղաձայն մռնչաց այդ սարսափելի ու անհասկանալի առարկայի վրա։ Մինչդեռ էգ գայլը բոլորովին հանգիստ շրջանցեց նրան, չափեց իր ոստյունը և ցատկեց ջանալով բռնել նապաստակին։ Նա վեր նետվեց, բայց վրիպեց ու միայն ատամները կափկափեց։ Առաջին ոստյունին հաջորդեց երկրորդը, երրորդը։

Դանդաղ վեր կենալով՝ Միակնանին հետևում էր էգին։ Վերջապես սրա վրիպումները բարկացրին նրան, ուստի ինքը ոստնեց և ատամներով բռնելով նապաստակին՝ նրա հետ էլ իջավ գետին։ Բայց հենց նույն րոպեին մի կասկածելի շրշյուն լսվեց կողքից, և Միակնանին տեսավ իր վրա կռացած մի մատղաշ եղևնի, որը պատրաստ Էր հենց այդ պահին հարվածել նրան։ Գայլի ծնոտները բացվեցին, և կրճտելով ատամները՝ նա ետ նետվեց այդ անհասկանալի վտանգից, նրա կոկորդում քլթքլթաց մռնչյունը, մազերը փշաքաղվեցին զայրույթից ու վախից։ Իսկ բարեձիգ ծառն ուղղվեց, և նապաստակը նորից սկսեց պար գալ վերևը՝ օդում։

Մոլեգնեց էգ գայլը։ Նա կծեց Միակնանու ուսը, սա էլ այդ անսպասելի գրոհից վախեցած՝ ատամներով կատաղաբար պատռեց ընկերուհու դունչը։ Այսպիսի հակահարվածը անսպասելի թվաց էգի համար, այնպես որ սա էլ նետվեց Միակնանու վրա՝ վրդովմունքից մռնչալով։ Արուն արդեն հասկացավ իր սխալը և փորձեց սիրաշահել էգին, բայց սա շարունակեց կծոտել նրան։ Այդ ժամանակ ձեռ քաշելով հաշտվելու ամենայն հույսից՝ Միակնանին սկսեց խույս տալ նրա ժանիքներից, թաքցնելով գլուխը և նրա ատամներին դիմահարելով մերթ այս, մերթ այն ուսը։

Այդ միջոցին նապաստակը շարունակում էր պար գալ օդում։ Էգ գայլը նստեց ձյան վրա, իսկ Միակնանին այժմ իր ընկերուհուց ավելի վախենալով, քան խորհրդավոր եղևնուց, նորից ոստյուն կատարեց։ Բռնելով նապաստակին ու միասին իջնելով գետնին նա իր միակ աչքը սևեռեց ծառի վրա։ Առաջվա պես եղևնին խոնարհվեց մինչև գետին։ Գայլը կծկվեց՝ սպասելով անխուսափելի հարվածին, նրա մազերը փշաքաղվեցին, բայց ատամները բաց չէին թողնում որսը։ Սակայն հարվածը չհաջորդեց։ Ծառը այդպես մնաց խոնարհված նրա վրա։ Բավական էր, որ գայլը շարժվի, և եղևնին նույնպես շարժվում էր, և գազանը սեղմած ծնոտների արանքից գռմըռում էր նրա վրա, երբ նա հանդարտ էր մնում, ծառն էլ չէր շարժվում, ուստի գայլը որոշեց, որ այդպես ավելի ապահով է։ Սակայն նապաստակի տաք արյունն այնքա՜ն համեղ էր։

Այդ դժվարին վիճակից Միակնանուն դուրս բերեց էգը։ Սա վերցրեց նրա բերանից նապաստակը, ու երբ եղևնին սպառնալից ճոճվում էր արուի գլխավերևում, անխռով կրծեց նրա գլուխը։ Եղևնին անմիջապես ուղղվեց ու այլևս չանհանգստացրեց նրանց՝ գրավելով իրեն պատշաճ ուղղահայաց դիրք, որով և բնությունը որոշել է նրան աճել։ Իսկ էգ գայլն ու Միակնանին բաժանեցին իրար մեջ որսը, որ բռնել էր նրանց համար այդ խորհրդավոր ծառը։

Այդպիսի շավիղներ ու նեղլիկ բացատներ շատ պատահեցին նրանց, որտեղ նապաստակները ճոճվում էին վերևը օդում, և գայլերի այդ զույգը հետազոտում էր բոլորին էլ։ Էգը միշտ էլ առաջից էր գնում, իսկ Միակնանին հետևում էր նրան, դիտում ու սովորում, թե ինչպես պետք է կողոպտել թակարդները։ Եվ այդ ուսումնառությունը հետագայում լավ ծառայություն մատուցեց նրան։