«Ոճիր և պատիժ, Առաջին մաս»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Գլուխ|հիմնական=Ոճիր և պատիժ|նախորդ=|հաջորդ=Ոճիր և պատիժ, Երկրորդ մաս}} =ԱՌԱՋԻՆ ՄԱՍ= ==I== Հուլիսի սկ...»:)
 
չ
Տող 1. Տող 1.
 +
{{Անավարտ}}
 
{{Գլուխ|հիմնական=Ոճիր և պատիժ|նախորդ=|հաջորդ=Ոճիր և պատիժ, Երկրորդ մաս}}
 
{{Գլուխ|հիմնական=Ոճիր և պատիժ|նախորդ=|հաջորդ=Ոճիր և պատիժ, Երկրորդ մաս}}
 
=ԱՌԱՋԻՆ ՄԱՍ=
 
  
 
==I==
 
==I==

15:24, 6 Հունվարի 2015-ի տարբերակ

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Ոճիր և պատիժ
Ոճիր և պատիժ, Երկրորդ մաս ▶


I

Հուլիսի սկզբին, չափազանց շոգ ժամանակ, իրիկնադեմին մի երիտասարդ դուրս եկավ իր խցիկից, որ վարձել էր Ս... նրբանցքում ապրողներից, փողոցի կողմում, ու դանդաղ, ասես հապաղելով, գնաց դեպի Կ... կամուրջը։

Նա բարեհաջող խուսափեց սանդուղքի վրա իր տանտիրուհուն հանդիպելուց։ Նրա խցիկը գտնվում էր հինգ հարկանի մի բարձր տան հենց կտուրի տակ և ավելի շուտ նմանվում էր պահարահի, քան՝ բնակարանի իսկ բնակարանի տիրուհին, որից նա վարձել էր այդ խցիկը, ճաշով և սպասուհու ծառայություններով հանդերձ, ապրում էր մի սանդուղքով ներքև, առանձին բնակարանում, ու ամեն անգամ փողոց դուրս գալիս երիտասարդը անպայման պետք է անցներ տանտիրուհու խոհանոցի կողքով, որի դուռը համարյա միշտ բոլորովին բաց էր դեպի սանդուղքը։ Ու ամեն անգամ այդտեղից անցնելիս երիտասարդը ինչ-որ հիվանդագին ու երկչոտ զգացում էր ապրում, որից ամաչում էր և որից կնճռոտում էր դեմքը։ Նա պարտք էր տանտիրուհուն և վախենում էր նրան հանդիպելուց։

Սակայն նա ոչ վախկոտ էր, ոչ էլ ընկճված, նույնիսկ բոլորովին հակառակը. բայց որոշ ժամանակից սկսած նա ջղայնոտ ու լարված վիճակում էր, որը մելամաղձության էր նմանվում։ Նա այնքան էր ինքնամփոփվել ու առանձնացել բոլորից, որ վախենում էր ոչ միայն տանտիրուհուն հանդիպելուց, այլև ամեն տեսակ հանդիպումից։ Աղքատությունը խեղդել էր նրան, բայց նույնիսկ ճնշված վիճակն էլ վերջին ժամանակներում այլևս չէր նեղում նրան։ Նա բոլորովին չէր զբաղվում և չէր ուզում զբաղվել էր առօրյա գործերով։ Էապես նա ոչ մի տանտիրուհուց էլ չէր վախենում, ինչ էլ որ սա ձեռնարկեր նրա դեմ։ Բայց կանգ առնել սանդուղքի վրա, լսել ամեն տեսակ բարբաջանք այդ ամբողջ առօրյա անհեթեթության մասին, որի հետ նա ամենևին էլ գլուխ չուներ, լսել վճարի վերաբերյալ այդ բոլոր ձանձրալի պահանջները, սպառնալիքները, գանգատները, ու դրա հետ մեկտեղ խուլս տալ, ներողություն խնդրել, ստել. ոչ, ավելի լավ է կատվի նման մի կերպ գաղտագողի իջնել սանդուղքից ու ծլկել, որպեսզի ոչ ոք չտեսնի։

Սակայն այս անգամ, փողոց դուրս գալուց հետո, իր պարտատիրոլհուն հանդիպելու վախը նույնիսկ իրեն էլ ապշեցրեց։

«Ի՜նչ գործ եմ մտքիս դրել ու միևնույն ժամաձակ ինչպիսի՜ դատարկ բաներից եմ վախենում, մտածեց նա տարօրինակ ժպիտով։ Հըմ... այո... ամեն ինչ մարդու ձեոքումն է ու ամեն ինչ նա աչքաթող է անում հենց միայն վախկոտության պատճառով... այդ արդեն աքսիոմա է... հետաքրքիր է, թե մարդիկ ինչի՞ց են ամենից շատ վախենում. նրանք ամենից շատ վախենում են նոր քայլից, սեփական նոր խոսքից... Բայց ես չափազանց շատ եմ շաղակրատում։ Ոչինչ չեմ անում հենց այն պատճառով, որ շաղակրատում եմ։ Սակայն, թերևս նաև այսպես է, շաղակրատում եմ այն պատճառով, որ ոչինչ չեմ անում։ Այս վերջին ամսում է, որ ես սովորեցնի շաղակրատել՝ ամբողջ օրերով անկյունումս պառկած ու մտածելով... Ինչի մասին ասես։ Հըմ, այժմ ո՞ւր և ինչո՞ւ եմ գնում։ Մի՞թե ես ընդունաւկ եմ այդ բանին: Մի՞թե դա լուրջ բան է։ Բոլորովին լուրջ չէ։ Այնպես, էլի, երևակայությամբ եմ սփոփվում. մտքի խաղ է. այո, հավանորեն մտքի խաղ է»։

Փողոցում սարսափելի շոգ էր, ծանր օդ, հրմշտոց, ամենուրեք կիր, փայտամածներ, աղյուս, փոշի և այն առանձնահատուկ ամառային գարշահոտությունը, որ այնքան ծանոթ է ամառանոց վարձելու հնարավորություն չունեցող յուրաքանչյուր պետերբուրգցու. այս ամենը անհաճո ցնցեց երիտասարդի աոանց այն էլ արդեն քայքայված ջղերը։ Իսկ քաղաքի այդ մասում առանձնապես շատ օղետների անտանելի գարշահոտությունը ու հարբածները, որոնք հանդիպում էին ամեն րոպե, չնայած լի օրվան, լրացրին պատկերի գարշ ու տխուր կոլորիտը։ Ամենախոր նողկանքի զգացում մի ակնթարթ նշմարվեց երիտասարդի նրբին դիմագծերում։ Ի դեպ՝ նա խիստ սիրունատես էր, գեղեցիկ ու թուխ աչքերով, մուգ-շիկահեր, միջին հասակից բարձր, բարակ ու վայեչլակազմ։ Բայց շուտով նա ընկղմվեց մի տեսակ խորին մտածմունքի մեջ, նույնիսկ ավելի ճիշտ կլինի ասել ինչ-որ մոռացման մեջ, ու քայլեց արդեն առանց շրջապատը նկատելու և չէր էլ ցանկանում այն նկատել։ Սովոր լինելով մենախոսությունների, միայն երբեմն ինչ-որ քրթմնջում էր նա և այժմ դա խոստովանեց ինքն իրեն։ Հենց այդ րոպեին ինքն էլ գիտակցում էր, որ մտքերը երբեմն իրար են խառնվում, և որ ինքը շատ թույլ է. երկրորդ օրն էր, որ նա գրեթե բոլորովին ոչինչ չէր կերել։

Նա այնքան վատ էր հագնված, որ որևէ մեկը, նույնիսկ դրան սովոր մարդը, կամաչեր այդպիսի ցնցոտիներով ցերեկը փողոց դուրս գալ։ Ասենք, թաղամասը այնպիսին էր, որ այնտեղ դժվար էր կոստյումով մեկնումեկին զարմացնել։ Սեննայա փողոցի մոտիկությունը, հանրահայտ տների շատությունը և առավելապես համքարական ու արհեստավոր բնակչությունը, որ խռնված էր Պետերբուրգի այդ միջանկյալ փողոցներում ու նրբանցքներում, երբեմն ընդհանուր շրջապատկերը խայտաբղետ էին դարձնում այնպիսի սուբյեկտներով, որ տարօրինակ կլիներ զարմանալ այլ կերպարանքի հանդիպելիս։ Բայց երիտասարդի հոգու մեջ արդեն այնքան ցասկոտ արհամարհանք էր կուտակվել, որ չնայած իր ողջ, երբեմն զուտ երիտասարդական, փափկանկատության, նա փողոցում ամենից քիչ էր ամաչում իր ցնցոտիներից։ Այլ բան էր որոշ ծանոթների կամ առաջվա ընկերներին հանդիպելը, որոնց հետ նա ընդհանրապես չէր սիրում հանդիպել... Այնինչ երբ մի հարբած մարդ, որին այդ ժամանակ հայտնի չէ ինչու և ուր էին տանում փողոցով, ահագին բեռնակիր ձի լծած մի մեծ սայլով, անցնելիս հանկարծ բղավեց՝ «Է՜յ, դո՛ւ, գերմանացի գլխարկագործ», ու սկսեց գոռալ կոկորդով մեկ, ձեռքով ցույց տալով նրան, երիտասարդը հանկարծ կանգ առավ ու ձեռքը ջղաձգաբար տարավ իր գլխարկին։ Լայնեզր ալդ գլխարկը բարձր էր, կլոր, ցիմերմանյան, բայց արդեն ամբողջովին մաշված էր, բոլորովին խունացած, ծակծկված ու բծերով պատած, առանց բոլորքի, ու ամենաայլանդակ ձևով մի կողմ էր թեքված։ Բայց երիտասարդին համակեց ոչ թե ամոթը, այլ բոլորովին այլ մի զգացում, որը նույնիսկ վախի էր նմանվում։

— Ես այդպես էլ գիտեի,— շփոթված փնթփնթում էր նա,— ես այդպես էլ մտածում էի։ Սա արդեն վատթարագույնն է։ Ահա այսպիսի մի որևէ հիմարություն, որևէ ամենագռեհիկ մանրուք ամբողջ մտադրությունդ կարող է փչացնել։ Այո, խիստ նկատելի գլխարկ է... ծիծաղելի է, այս պատճառով էլ նկատելի է... Իմ ցնցոտիներին անպայման հարկավոր է հովարավոր գլխարկ, թեկուզ մի որևէ հին թասակ, և ոչ թե այս այլանդակը։ Ոչ ոք այսպիսի գլխարկ չի դնում, մի վերստից կնկատեն, կհիշեն... գլխավորն այն է, որ հետո կհիշեն, ահա քեզ և հանցանշան։ Պետք է որքան կարելի է աննկատելի լինել... Մանրուքը, մանրուքն է գլխավորը... Ահա այդ մանրուքն էլ միշտ կործանում է ամեն ինչ...

Նա երկար չէր գնալու. նա նույնիսկ գիտեր, թե իր ապրած տան դարպասից քանի քայլ է անցնելու. ուղիղ յոթ հարյուր երեսուն։ Մի անգամ դրանք հաշվել էր նա, երբ արդեն շատ էր տարվել երազանքներով։ Այն ժամանակ նա դեռ ինքն էլ չէր հավատում այդ երազանքներին ու ինքն իրեն սոսկ գրգռում էր դրանց այլանդակ, բայց գայթակղիչ հանդգնությամբ։ Իսկ հիմա, մի ամիս անց, նա արդեն սկսում էր այլ կերպ մտածել, ու չնայած իր անզորության ու անվճռականության վերաբերյալ շարունակ գրգռող մենախոսություններին, մի տեսակ ակամայից սովորեց «այլանդակ» երազանքը արդեն ձեռնարկում համարել, թեպետ դեռևս ինքն իրեն չէր հավատում։ Նա այժմ գնում էր նույնիսկ իր ձեռնարկման փորձ անելու, և յուրաքանչյուր քայլափոխում ավելի ու ավելի ուժեղ թափով էր աճում նրա հուզմունքը։

Սրտի նվաղումով ու ջղային դողով նա մոտեցավ մի հսկայական տան, որի մի պատը հասնում էր մինչև ջրանցքը, իսկ մյուսը՝ փողոցը։ Այդ տունը ամբողջովին բաղկացած էր մանր բնակարաններից, և այնտեղ բնակվում էին ամեն տեսակ զբաղմունք ունեցողներ՝ դերձակներ, փականագործներ, խոհարարուհիներ, այլևայլ գերմանացիներ, իրենց մարմնով ապրող աղջիկներ, մանր աստիճանավորներ և այլն։ Ներս մտնողներն ու դուրս եկողները արագ անցնում էին երկու դարպասներից և տան երկու բակերից։ Այստեղ ծառայում էին երեք կամ չորս դռնապաններ։ Երիտասարդը շատ գոհ էր, որ դրանցից ոչ մեկին չհանդիպեց, ու իսկույն աննկատելիորեն անցավ դարպասից, դեպի աջ կողմը, և բարձրացավ սանդուղքով։ Սանդուղքը խավար էր ու նեղ, «սև», բայց նա այդ ամենը արդեն գիտեր և ուսումնասիրել էր, ու նրան այդ ամբողջ շրջապատը դուր էր գալիս։ Այդպիսի խավարում նույնիսկ զննող հայացքն էլ անվտանգ էր։ «Եթե այս պահին ես այսպես վախենում եմ, ապա ի՞նչ կլիներ, եթե իրոք որևէ կերպ բանը հենց գործին հասներ...», ակամա մտածեց նա՝ անցնելով չորրորդ հարկը։ Այստեղ նրա ճանապարհը փակեցին ինչ-որ պաշտոնաթող զինվորներ՝ բեռնակիրներ, որոնք մի բնակարանից կահույք էին դուրս բերում։ Նա արդեն առաջուց գիտեր, որ այդ բնակարանում ապրում էր մի ընտանիքավոր գերմանացի, աստիճանավոր. «Ուրեմն այդ գերմանացին հիմա մեկնում է, և ուրեմն չորրորդ հարկում, այս սանդուղքից և այս հարթակից վերև որոշ ժամանակ զբաղեցրած կմնա միայն պառավի բնակարանը։ Այդ լավ է... համենայն դեպս...», դարձյալ մտածեց նա և զանգահարեց պառավի բնակարանը։ Զանգը թույլ հնչեց, կարծես ձուլված էր թիթեղից և ոչ թե պղնձից։ Այդպիսի տների հար և նման մանր բնակարաններում համարյա միշտ այդպիսի զանգեր են լինում։ Նա արդեն մոռացել էր այդ զանգակի հնչյունը, ու հիմա այդ առանձնահատուկ հնչյունը հանկարծ կարծես նրան ինչ-որ բան հիշեցրեց և պարզ պատկերացրեց... Նա ուղղակի ցնցվեց, այս անգամ արդեն չափից դուրս թուլացած էին նրա ջղերը։ Քիչ հետո դուռը բացվեց մի քիչ, նեղլիկ ճեղքի չափ. բնակչուհին նկատելի անվստահությամբ ճեղքից նայում էր եկվորին, ու միայն երևում էին խավարում փայլող նրա փոքրիկ աչքերը։ Բայց տեսնելով հարթակում շատ մարդկանց, նա սիրտ արեց և բոլորովին բացեց դուռը։ Երիտասարդը շեմքից ոտք դրեց խավար նախասենյակը, որ միջնորմով երկու մասի էր բաժանված, և դրա ետևում գտնվում էր փոքրիկ խոհանոցը։ Պառավը լուռ կանգնել էր նրա առաջ և հարցական նայում էր նրան։ Դա մի կարճլիկ, նիհար, գլխաբաց, մոտ վաթսուն տարեկան պառավ էր սուր ու չար աչքերով, փոքրիկ, սուր քթով։ Նրա բաց-շիկավուն, քիչ սպիտակած մազերը առատորեն յուղված էին։ Նրա բարակ, երկար, հավի ոտքի նմանվող պարանոցը փաթաթված էր ինչ-որ ֆլանելե լաթով, իսկ ուսերի վրա, չնայած շոգին, կախ էր ընկած ամբողջովին մաշված, խունացած, մորթե կոֆտան։ Պառավը ամեն րոպե հազում էր ու տնքտնքում։ Երևի երիտասարդը նրան նայեց ինչ-որ առանձնահատուկ հայացքով, որովհետև պառավի աչքերում հանկարծ նորից երևաց նախկին անվստահությունըt

— Ռասկոլնիկով, ուսանող, մի ամիս առաջ եղել եմ ձեզ մոտ,— շտապեց փնթփնթալ երիտասարդը, թեթևակի գլուխ տալով, հիշելով, որ հարկավոր է ավելի սիրալիր լինել։

— Հիշում եմ, որդի, շատ լավ եմ հիշում, որ դուք եկել էիք,— հստակ ասաց պառավը՝ առաջվա պես իր հարցական հայացքը չկտրելով նրա դեմքից։

— Հա... եկել եմ էլի նույնպիսի գործով...— շարունակեց Ռասկոլնիկովը՝ մի քիչ շփոթվելով և զարմանալով պառավի անվստահության վրա։

«Ասենք, գուցե սա միշտ էլ այդպես է, իսկ ես այն անգամ չնկատեցի», անախորժ զգացումով մտածեց Ռասկոլնիկովը։

Պառավը մի փոքր լռեց, ասես մտածմունքի մեջ ընկավ, հետո մի կողմ քաշվեց ու մատնացույց անելով սենյակի դուռը, ճանապարհ տվեց հյուրին ու ասաց.

— Անցեք ներս, որդի։

Փոքրիկ սենյակը, ուր մտավ երիտասարդը, դեղին պաստառներով, պատուհանների մարմաշե վարագույրներով ու դրանց վրա դրված խորդենիներով, այդ րոպեին պայծառ լուսավորված էր մայր մտնող արևով։ «Ուրեմն այն ժամանակ էլ արևը այսպես լուսավորելու է...», ասես պատահաբար մտածեց Ռասկոլնիկովը, ու շեշտակի հայացքով դիտեց այն ամենը, ինչ-որ կար սենյակում, որպեսզի հնարավորին չափ ուսումնասիրեր ու հիշեր դրանց դիրքը. սենյակում առանձնապես ոչինչ չկար։ Ամբողջ կահույքը շատ հին էր ու դեղին փայտից. մի բազմոց՝ փայտե ահագին, կորնթարդ թիկնակով, կլոր, ձվաձև սեղան՝ բազմոցի առաջ, միջնապատի տակ դրված արդուզարդի սեղան՝ փոքրիկ հայելիով, աթոռներ պատերի տակ ու դեղին շրջանակներով երկու-երեք հատ գրոշանոց նկարներ, որոնց վրա պատկերված էին գերմանացի օրիորդներ, ձեռքերին թռչուններ,— ահա և ամբողջ կահույքը։ Մի անկյունում, փոքրիկ սրբապատկերի առաջ վառվում էր կանթեղը։ Ամեն ինչ շատ մաքուր էր, թե՛ կահույքը և թե՛ հատակը խնամքով սրբված էին, ամեն ինչ փայլում էր։ «Լիզավետայի աշխատանքն է»,— մտածեց երիտասարդը։ Ամբողջ բնակարանում մի փոշեհատիկ անգամ չէր կարելի գտնել։ «Այսպիսի մաքրություն ցասկոտ ու պառավ այրիների մոտ է լինում»,— շարունակեց մտածել Ռաոկոլնիկովը ու հետաքրքրությամբ, շեղակի նայեց երկրորդ, փոքրիկ սենյակի դռան չթե վարագույրին, այդ սենյակում գտնվում էր պառավի անկողինը և մի կոմոդ, ու երիտասարդը դեռ ոչ մի անգամ այնաեղ չէր եղել։ Ամբողջ բնակարանը այդ երկու սենյակից էր բաղկացած։

— Ի՞նչ եք կամենում,— խստորեն հարցրեց պառավը՝ մտնելով սենյակ ու դարձյալ կանգ առնելով ուղիղ նրա առաջ, որպեսզի ուղիղ նայեր նրա դեմքին։

— Գրավական եմ բերել, ահա,— ու երիտասարդը գրպանից հանեց մի հին, տափակ արծաթե ժամացույց։ Դրա հակառակ կողմում երկրագունդ էր պատկերված։ Շղթան պողպատից էր։

— Բայց չէ՞ որ նախորդ գրավականի ժամկետը լրացել է։ Դեռ երկու օր առաջ մի ամիս էր անցել։

— Ես ձեզ մի ամսվա համար էլ տոկոս կվճարեմ, մի քիչ համբերեք։

— Համբերել, թե հենց այժմ վաճառել ձեր իրը, այդ իմ բարի կամքն է, որդի։

— Որքա՞ն կտաք ժամացույցի համար, Ալյոնա Իվանովնա։

— Դատարկ բաներ ես բերում, որդի, համարյա ոչինչ չարժե։ Անցյալ անգամ մատանու համար ձեզ երկու թղթե մանեթանոց տվի, իսկ այդպիսի նոր մատանի կարելի է ոսկերիչից գնել մեկ ու կես ռուբլով։

— Գոնե չորս ռուբլի տվեք, ես ետ կվերցնեմ, հորս ժամացույցն է։ Ես շուտով փող կստանամ։

— Մեկ ու կես ռուբլի, ու տոկոսն էլ սկզբից, եթե ուզում եք։

— Մեկ ու կես ռուբլի՜,— ճչաց երիտասարդը։

— Ձեր կամքն է։— Ու պառավը վերադարձրեց ժամացույցը։ Երիտասարդը դա վերցրեց և այնքան բարկացավ, որ արդեն ուզում էր գնալ, բայց իսկույն միտքը փոխեց, հիշելով, որ այլևս գնալու տեղ չկա և որ ինքը նաև ուրիշ բանի համար է եկել։

— Տվեք,— կոպիտ ասաց նա։

Պաոավր ձեռքը տարավ գրպանը՝ բանալիները հանելու, և անցավ վարագույրի ետևը, մյուս սենյակ։ Երիտասարդը մենակ մնալով, ուշադրությամբ ականջ էր դնում և դատողություններ անում։ Լսվեց, թե ինչպես պառավը բացեց կոմոդը։ «Երևի վերին արկղն է»,— մտածեց երիտասարդը։ «Ուրեմն նա բանալիները աջ գրպանումն է պահում... Դրանք բոլորը մեկտեղ կախված են պողպատե օղակից... Մի բանալին եռակի մեծ է մյուսներից, ատամնաձև լեզվակով է, իհարկե, կոմոդի բանալին չէ... Հետևաբար կա նաև մի որևէ զարդատուփ կամ սնդուկ... Հըմ, սա հետաքրքիր է։ Սնդուկների բանալիները միշտ այդպես են լինում... Սակայն ինչ նողկալի է այս ամենը...»։

Պառավը վերադարձավ։

— Ահա, որդի, թե որ ամսական մեկ ռուբլուց հաշվենք տասը կոպեկ, ուրեմն մեկ ու կես ռուբլուց ամսական կանի տասնհինգ կոպեկ, որը հիմա դուրս կգամ այդ գումարից։ Հետո, առաջվա երկու ռուբլուց նույն հաշվով պահում եմ քսան կոպեկ։ Ուրեմն ընդամենը երեսունհինգ կոպեկ։ Ձեր Ժամացույցի համար այժմ դուք պետք է ստանաք մեկ ռուբլի տասնհինգ կոպեկ։ Ահա, ստացեք։

— Ինչպե՞ս, հիմա էլ մեկ ռուբլի տասնհինգ կոպե՜կ։

— Ճիշտ այդպես։

Երիտասարդը չվիճեց ու վերցրեց դրամը։ Նա նայում էր պառավին ու չէր շտապում հեռանալ, կարծես ուզում էր էլի ինչ-որ բան ասել կամ անել, բայց թե ինչ, ասես ինքն էլ չգիտեր...

— Ես ձեզ, Ալյոնա Իվանովնա, գուցե մոտ օրերս էլի մի բան բերեմ... արծաթե... մի լավ ծխախոտատուփ... հենց որ ընկերոջիցս ետ վերցնեմ...— Երիտասարդը շփոթվեց և լռեց։

— Երբ բերեք, այն ժամանակ էլ կխոսենք, որդի։

— Էհ, բարով մնաք... Հա, դուր էլի մենա՞կ եք մնացել, ձեր քույրիկը այստեղ չի՞ լինում,— որքան կարելի էր անփույթ հարցրեց երիտասարդը՝ դուրս գալով նախասենյակ։

— Իսկ դուք ի՞նչ գործ ունեք նրա հետ, որդի։

— Առանձնասլես ոչինչ։ Ես հենց այնպես հարցրի։ Դուք այժմ... բարով մնաք, Ալյոնա Իվանովնա։

Ռասկոլնիկովը դուրս եկավ բոլորովին շփոթված։ Այդ շփոթմունքը հետզհետե ավելի էր ուժեղանում։ Իջնեչով սանդուղքից, նա նույնիսկ մի քանի անգամ կանգ էր առնում, ասես հանկարծակի ապշած ինչ-որ բանից։ Ու վերջապես արդեն փողոցում նա բացականչեց.

«Օ, աստված իմ, որքա՜ն գարշելի է այս ամենը։ Եվ մի՞թե, մի՞թե ես... ոչ, դա հիմար բան է, դա անհեթեթություն է,— վճռականապես ավելացրեց նա։— Եվ մի՞թե գլխումս կարող էր այդպիսի սարսափելի բան ծագել։ Այնուամենայնիվ, սիրտս ինչպիսի՜ աղտեղության է ընդունակ։ Գլխավորն այն է, որ դա կեղտոտ, նողկալի բան է, գարշելի է, գարշելի... Ու ես, մի ամբողջ ամիս...»։

Բայց ոչ խոսքերով, ոչ էլ բացականչություններով նա չէր կարող արտահայտել իր հուզմունքը։ Անսահման գարշանքի զգացումը, որ սկսել էր ճզմել ու պղտորել նրա սիրտը դեռ այն ժամանակ, երբ գնում էր պառավի մոտ, հիմա այնպիսի չափի էր հասել ու այնքան ուժեղացել, որ նա չգիտեր ուր փախչեր իր վշտից։ Նա մայթով քայլում էր հարբածի նման, չնկատելով անցորդներին ու դիպչելով նրանց, և ուշքի եկավ միայն հետևյալ փողոցում։ Նայելով շուրջը, նա նկատեց, որ կանգնած է մի օղետան մոտ, որի մուտքը մայթից էր, պետք էր սանդուղքով իջնել ներքև, գետնահարկը։ Հենց այդ րոպեին դռնից դուրս էին գալիս երկու հարբածներ, և օգնելով ու հայհոյելով միմյանց, բարձրանում սանդուղքով։ Ռասկոլնիկովը, առանց երկար մտածելու, իսկույն իջավ ներքև։ Մինչ այդ նա երբեք չէր մտել օղետները, բայց հիմա գլուխը պտտվում էր, ու բացի դրանից, այրող ծարավը տանջում էր նրան։ Նա ուզում էր սառը գարեջուր խմել, մանավանդ որ իր հանկարծակի թուլությունը վերագրում էր քաղցածության։ Նա նստեց մթին ու կեղտոտ մի անկյունում, թաց սեղանի մոտ, գարեջուր պահանջեց և ագահությամբ խմեց առաջին բաժակը։ Ամեն ինչ իսկույն թեթևացավ, և նրա մտքերը պայծառացան։ «Այդ ամենը դատարկ բան է,— հուսադրվելով ասաց նա,— շփոթվելու բան չկար, ուղղակի ֆիզիկապես քայքայված եմ. մի բաժակ գարեջուր, մի կտոր պաքսիմատ, և ահա մի ակնթարթում ամրանում է խելքդ, պայծառանում է միտքդ, կայունանում են դիտավորություններդ։ Թյու, ինչպիսի ոչնչություն է այս ամենը...»։ Բայց, չնայելով այդպես արհամարհաբար թքելուն, նա արդեն ուրախ էր նայում շուրջը, կարծես հանկարծակի ազատվել էր մի ինչ-որ զարհուրելի բեռից ու բարեկամաբար նայեց ներկաներին։ Սակայն նույնիսկ այդ րոպեին նա որոշ չափով նախազգում էր, որ լավագույն պայմանների նկատմամբ այդ ամբողջ ընկալունակությունը նույնպես հիվանդագին էր։

Աքդ պահին օղետանը քիչ մարդ էր մնում։ Բացի այն երկու հարբածներից, որ հանդիպեցին սանդուղքի վրա, հենց նրանց ետևից դուրս եկավ մի ամբողջ խումբ, հինգ մարդ։ Հետները մի աղջիկ և հարմոն։ Նրանցից հետո օղետունը հանդարտվեց և ավելի ընդարձակ թվաց։ Մնացին քիչ հարբած մի մարդ, որը գարեջուր էր խմում և տեսքով քաղքենի էր, նրա ընկերը, հաստ, հսկայամարմին, ճերմակած մորուքով ու կարճ վերնազգեստով մի մարդ, որը թունդ հարբած էր, ննջել էր նստարանի վրա ու երբեմն, հանկարծ, ասես քնաթաթախ, ձեռքերը տարածելով, սկսում էր շխկացնել մատները և ճոճել իրանի վերին մասը, առանց նստարանից վեր կենալու, ու միաժամանակ քթի տակ երգում էր ինչ-որ մի անհեթեթություն՝ ճգնելով վերհիշել տողերը.

Ողջ տարին կնկանս շոյեցի,
Ողջ տարին կըն-կանս շոյեցի...

Ու հանկարծ արթնանալով, շարունակում էր.

Պռշոդյաչևյան փողոցով գնալիս
Գտա առաջվա սիրածիս...

Բայց ոչ ոք չէր արձագանքում նրա երջանկությանը. նրա լռակյաց ընկերը նույնիսկ թշնամանքով ու թերահավատությամբ էր նայում այդ բոլոր պոռթկումներին։ Այնտեղ մի մարդ էլ կար, որը տեսքով կարձես պաշտոնաթող աստիճանավորի էր նման։ Նա նստած էր մենակ, իր խմիչքի ամանի առջև, երբեմնակի խմում էր ու նայում շուրջը։ Նա էլ կարծես մի փոքր հուզված լիներ։


II

Ռասկոլնիկովը ամբոխին ընտելացած չէր, ու ինչպես արդեն ասված է, փախչում էր ամեն տեսակ հասարակությունից, մանավանդ վերջին ժամանակներում։ Բայց հիմա նրան հանկարծ ինչ-որ մի բան քաշեց դեպի մարդիկ։ Նրա մեջ ասես մի նոր բան էր կատարվում, ու դրա հետ մեկտեղ նա մարդկանց հետ լինելու տենչանք էր զգում։ Նա այնքան էր հոգնել մի ամբողջ ամսվա իր այդ լարված թախծից ու մռայլ հուզմունքից, որ ուզում էր գեթ մի րոպե շունչ քաշել մի այլ աշխարհում, թեկուզ ինչպիսին էլ որ այն լիներ, ու չնայելով շրջապատի ամբողջ կեղտին, նա այժմ հաճույքով էր մնում օղետանը։

Ձեռնարկության տերը ուրիշ սենյակում էր, բայց հաճախ մտնում էր գլխավոր սենյակը՝ իջնելով ինչ-որ սանդուղքից, ու ամենից առաջ աչքի էին ընկնում նրա պճնամոլական, փայլեցրած սապոգները՝ մեծ ու կարմիր ծալերով։ Նա անթև ներքնազգեստով էր ու սարսափելի ճարպոտված, սև, ատլասե բաճկոնակով, առանց փողկապի, իսկ նրա ամբողջ դեմքին կարծես յուղ էր քսված, ինչպես երկաթե փականքն են յուղում։ Վաճառասեղանի ետևում գտնվում էր մոտ տասնչորս տարեկան մի տղա, կար նաև նրանից փոքր մի ուրիշ տղա, որը մատուցում էր, ինչ-որ պահանջում էին։ Վաճառասեղանին դրված էին կտրտած վարունգներ, սև պաքսիմատ և ձկան կտորներ. այդ ամենից խիստ վատ հոտ էր գալիս։ Օդը հեղձուցիչ էր, այնպես որ նույնիսկ անկարելի էր նստած մնալ, ու ամեն ինչ այնքան էր ներծծվել օղու հոտով, որ թվում էր, հենց միայն այդ օդից կարելի էր հարբել հինգ րոպեում։

Երբեմն լինում են հանդիպումներ նույնիսկ մեզ անծանոթ մարդկանց հետ, որոնցով մենք սկսում ենք հետաքրքրվել հենց առաջին հայացքից, մի տեսակ անակնկալ կերպով, հանկարծակի, նախքան մի խոսք կասենք։ Ռասկոլնիկովի վրա ճիշտ այդպիսի տպավորություն թողեց այն հաճախորդը, որը նստած էր քիչ հեռու և պաշտոնաթող աստիճանավորի էր նմանվում։ Երիտասարդը հետո մի քանի անգամ հիշում էր այդ առաջին տպավորությունը և դա նույնիսկ իր նախազգացումին էր վերագրում։ Նա անընդհատ նայում էր աստիճանավորին, իհարկե, նաև այն պատճառով, որ սա ինքն էլ համառորեն նայում էր նրան, ու երևում էր, որ շատ էր ուզում խոսակցություն սկսել։ Իսկ մնացածներին, օղետանը գտնվողներին, ինչպես նաև օղետան տիրոջը, աստիճանավորը նայում էր մի տեսակ սովորական ձևով, նույնիսկ ձանձրույթով, ու դրա հետ մեկտեղ մի քիչ ամբարտավան քամահրանքով, ասես ստորին դիրք ու զարգացում ունեցող մարդկանց, որոնց հետ ինքը խոսելիք չունի։ Նա արդեն հիսուն տարին անց մարդ էր, միջահասակ ու ամրակազմ, ալեխառն էր ու ճաղատ, մշտական հարբեցողությունից ուռած, դեղին, նույնիսկ կանաչավուն դեմքով և մի փոքր ուռած կոպերով, որոնց տակից փայլում էին նեղլիկ ճեղքի պես փոքր, սակայն ոգևորված, կարմրավուն աչքերը։ Բայց նրա մեջ մի ինչ-որ խիստ տարօրինակ բան կար. նրա աչքերից կարծես նույնիսկ խանդավառություն էր ճառագայթում, թերևս նրանց մեջ կար և իմաստ, և խելք, միևնույն ժամանակ ասես նաև խելահեղություն էր նկատվում։ Նա հագել էր հին, իսպառ պատառոտված, կոճակները պոկված ֆրակ։ Մնացել էր միայն մի կոճակ, այն էլ թույլ պահված, և նա դրանով էր կոճկվում, ըստ երևույթին ցանկանալով չխորշել պատշաճությունից։ Նանկայից կարված բաճկոնակի տակից երևում էր կրծքակալը, որ ամբողջովին ճմռթված էր, կեղտոտված ու թրջված։ Դեմքը չինովնիկավարի սափրված էր, բայց արդեն վաղուց, այնպես որ արդեն սկսել էին խիտ դուրս տալ թխագորշ մազերը։ Նրա շարժուձևն էլ իրոք մի տեսակ սոլիդ-չինովնիկական էր։ Բայց նա անհանգիստ էր, խճճում էր մազերը, ու երբեմն թախծոտ տեսք առած, գլուխը դնում էր երկու ձեոքերին՝ պատառոտված արմունկները հենելով թրջված ու կպչուն սեղանին։ Վերջապես, նա շիտակ նայեց Ռասկոլնիկովին ու բարձրաձայն, կտրուկ ասաց.

— Կհամարձակվե՞մ արդյոք, հարգելի պարոնս, դիմել ձեզ պատշաճ խոսակցությամբ։ Քանզի, թեև դուք նշանավոր տեսքով չեք, բայց իմ փորձառությունը հանձին ձեզ կրթված ու խմիչքին չընտելացած մարդ է տեսնում։ Ինքս էլ միշտ հարգել եմ կրթվածությունը, միացած սրտագին զգացումների հետ, ու բացի դրանից, տիտուլյար խորհրդական եմ։ Ազգանունս Մարմելադով է, տիտուլյար խորհրդական։ Համարձակվում եմ հարցնել՝ բարեհաճել եք ծառայե՞լ։

— Ոչ, սովորում եմ...— պատասխանեց երիտասարդը՝ մասամբ զարմացած լինելով թե այդ խոսքերի ճոռոմ բնույթից ու թե նրանից, որ այդպես ուղղակի, դեմ առ դեմ դիմեցին իրեն։ Չնայած քիչ առաջվա վայրկենական ցանկությանը՝ թեկուզ որևէ չափով շփվել մարդկանց հետ, նա իսկապես իրեն ուղղված առաջին իսկ խոսքից հանկարծ գարշանքի անախորժ ու ջղայնացուցիչ զգացում տածեց դեպի յուրաքանչյուր օտար անձ, որը կարող էր շոշափել կամ թեկուզ միայն ուզում էր շոշափել իր անձնավորությունը։

— Ուրեմն ուսանող եք կամ նախկին ուսանող, ես այդպես էլ կարծում էի,— գոչեց աստիճանավորը։— Փորձված եմ, հարգելի պարոն, հաճախակի փորձվել եմ։— Ու իբրև ինքնագովության նշան, նա մատը տարավ ճակատին։— Ուսանող եք եղել կամ մասնագիտություն անցել։ Թույլ տվեք...— Նա վեր կացավ, ճոճվեց, վերցրեց խմիչքի իր ամանը, բաժակը ու նստեց երիտասարդի մոտ, նրանից մի փոքր շեղակի դիրքով։ Նա խմած էր, բայց ճարտար ու զվարթ էբ խոսում՝ միայն երբեմն տեղ-տեղ քիչ շեղվելով ու երկարացնելով խոսքը։ Նա նույնիսկ մի ինչ-որ ագահությամբ նետվեց Ռասկոլնիկովի վրա, ասես ինքն էլ մի ամբողջ ամիս ոչ ոքի հետ չէր խոսել։

— Հարգելի պարոն,— գրեթե հանդիսավորությամբ սկսեց նա,— աղքատությունը արատ չէ, սա ճշմարտություն է։ Ես գիտեմ, որ հարբեցողությունն էլ առաքինություն չէ, և սա առավել ևս ճշմարտություն է։ Բայց մուրացիկությունը, հարգելի պարոն, մուրացիկությունը արատ է։ Աղքատության մեջ դեռ պահպանում եք բնածին զգացմունքների ձեր ազնվությունը, իսկ մուրացիկության մեջ ոչ ոք ու երբեք չի կարող այդ անել։ Մուրացիկության համար նույնիսկ ոչ թե մահակով, այլ ցախավելով են դուրս քշում մարդկային ընկերությունից, որպեսզի դա առավելապես վիրավորական լիներ, և դա արդարացի է, քանի որ մուրացիկության համար ես ինքս առաջինը պատրաստ եմ ինձ վիրավորել։ Այսաեղից էլ առաջանում է խմելը, հարգելի պարոն, մի ամիս առաջ պ. Լեբեզյատնիկովը ծեծեց կնոջս, իսկ իմ կինը այն չէ, ինչ որ ես եմ։ Հասկանո՞ւմ եք։ Թույլ տվեք նաև հարցնել, հենց այնպես, թեկուզ սովորական հետաքրքրության կարգով, արդյոք դուք բարեհաճե՞լ եք գիշերել Նևայի վրա, խոտ փոխադրող բեռնանավերում։

— Ոչ, չի պատահել,— պատասխանեց Ռասկոլնիկովը։— Այդ ի՞նչ բան է։

— Հըմ, ես այնտեղից եմ եկել, այն էլ հինգերորդ գիշերը անցկացնելուց հետո...

Նա լցրեց բաժակը, խմեց ու մտածմունքի մեջ ընկավ։ Իսկապես, նրա հագուստին ու նույնիսկ մազերին տեղ-տեղ խոտի ցողուններ էին կպել։ Շատ հավանական էր, որ նա հինգ օր չէր հանվել ու չէր լվացվել։ Առանձնապես կեղտոտ էին նրա ճարպակալած, կարմրավուն ձեռքերը, եղունգները սև էին։

Նրա խոսակցությունը կարծես թե ընդհանուր, թեպետև թույլ, ուշադրություն գրավեց։ Վաճառասեղանի ետևում տղաները սկսեցին քթի տակ ծիծաղել։ Օղետան տերը ասես դիտմամբ էր իջել վերին սենյակից, որպեսզի լսեր «մասխարային», ու նստել քիչ հեռու, ծուլորեն, բայց գոռոզաբար հորանջում էր։ Մարմելադովը ակներևաբար այստեղ վաղուց էր հայտնի։ Ճոռոմաբար խոսելուն էլ ընտելացել էր հավանորեն օղետներում այլևայլ անծանոթների հետ հաճախակի խոսակցություն ունենալու հետևանքով։ Որոշ հարբեցողների այս սովորությունը պահանջ է դառնում, առավելապես այն հարբեցողների, որոնց հետ տանը խիստ են վարվում և որոնց բանի տեղ չեն դնում։ Այս պատճառով էլ նրանք կարծես թե միշտ աշխատում են խմողների խմբում արդարացում գտնել, իսկ եթե կարելի է, նույնիսկ հարգանք վայելել։

— Այ մասխարա, — բարձրաձայն ասաց օղետան տերը,— հապա ինչո՞ւ չես աշխատում, ինչո՞ւ չեք ծառայում, թե աստիճանավոր եք։

— Ինչու չեմ ծառայո՞ւմ, հարգելի պարոն,— վրա Մարմելադովը՝ բացառապես դիմելով Ռասկոլնիկովին, կարծես թե սա էր նրան հարց տվել,— ինչու չեմ ծառայո՞ւմ։ Իսկ մի՞թե սիրտս չի ցավում, որ զուր տեղը քարշ եմ գալիս։ Երբ պ. Լեբեզյատնիկովը մի ամիս առաջ իր սեփական ձեռքով թակեց կնոջս, ու ես հարբած պառկել էի, մի՞թե չէի տանջվում։ Ներեցեք, երիտասարդ, պատահե՞լ է, որ դուք... ըմ... ասենք անհուսալիորեն, փոխարինաբար փող խնդրեք։

— Պատահել է... այսինքն՝ ինչպե՞ս թե անհուսալիորեն։

— Այսինքն՝ միանգամայն անհուսալիորեն, առաջուց գիտենալով, որ դրանից ոչինչ չի դուրս գա։ Այ, զորօրինակ, դուք նախապես ու հաստատ գիտեք, որ այսինչ մարդը, այսինչ ամենաբարեմիտ և ամենաօգտակար քաղաքացին ոչ մի կերպ ձեզ փող չի տա, որովհետև, հարցնում եմ ես, ինչո՞ւ պետք է տա։ Ախր նա գիտե, որ ես չեմ վերադարձնի։ Կարեկցելո՞վ պիտի տա։ Բայց պ. Լեբեզյատնիկովը, որը հետևում է նոր մտքերին, օրերս բացատրում էր, որ մեր ժամանակներում նույնիսկ գիտությունն էլ է արգելում կարեկցությունը, որ այդպես են վարվում Անգլիայում, ուր կա քաղաքատնտեսություն։ Ինչո՞ւ նա պետք է տա, հարցնում եմ ես։ Եվ ահա, առաջուց գիտենալով, որ չի տա, դուք այնուամենայնիվ գնում եք նրա մոտ և...

— Էլ ինչո՞ւ գնալ,— ավելացրեց Ռասկոլնիկովը։

— Իսկ եթե չկա մեկ ուրիշը, որի մոտ գնա՞ս, եթե գնալու էլ ոչ մի տեղ չկա։ Չէ՞ որ ամեն մարդ պետք է կարողանա գեթ մի որևէ տեղ գնալ։ Որովհետև այնպիսի ժամանակ է լինում, երբ անպայման հարկավոր է գոնե մի որևէ տեղ գնալ։ Երբ իմ միակ դուստրը առաջին անգամ դեղին տոմսով գնաց տնից, ես էլ այդ ժամանակ գնացի... (որովհետև իմ դուստրը դեղին տոմսով է ապրում...— փակագծերի մեջ ավելացրեց Մարմելադովը՝ մի փոքր անհանգիստ նայելով երիտասարդին)։ Այնինչ, հարգելի պարոն, ոչինչ,— անմիջապես, ըստ երևույթին հանգիստ կերպով շտապեց ավելացնել նա, երբ վաճառասեղանի ետևում փռթկացին երկու տղաները, ու ժպտաց օղետան տերը։— Ոչինչ, գլուխների սույն շարժումից չեմ շփոթվում, քանի որ բոլորին ամեն ինչ հայտնի է, ու ինչ որ գաղտնի է, բացահայտ է դառնում, և ոչ թե արհամարհանքով, այլ հեզությամբ եմ վերաբերում այս բանին։ Թող այդպես լինի, թող, «ահա մարդը»։ Ներեցեք, երիտասարդ, արդյոք դուք կարո՞ղ եք... բայց ոչ, պետք է ավելի ուժեղ ու պատկերավոր ասել, ոչ թե դուք կարո՞ղ եք, այլ դուք կհամարձակվե՞ք այժմ նայելով ինձ, հաստատապես ասել, որ ես խոզ չեմ։

Երիտասարդը ոչինչ չպատասխանեց։

— Էհ,— շարունակեց հռետորը լրջորեն և այս անգամ նույնիսկ ընդգծված արժանապատվությամբ, սպասելով, մինչև որ դադարեր սենյակում լսվող քրքիջը,— թող ես խոզ լինեմ, իսկ կինս՝ հարգևոր տիկին։ Ես գազանի կերպար ունեմ, իսկ Կատերինա Իվանովնան, իմ կինը, կրթված անձնավորություն է ու բարձրակա սպայի աղջիկ։ Թող, թող ես սրիկա լինեմ, իսկ նա թե վեհ սիրտ ունի և թե դաստիարակությամբ ազնվացած զգացմունքներով է լեցուն։ Այնինչ... Օ, եթե նա խղճար ինձ, հարգելի պարոն, հարգելի պարոն, չէ՞ որ հարկավոր է, որպեսզի ամեն մարդ այնպես տեղ ունենա, որ նրան էլ խղճան։ Իսկ Կատերինա Իվանովնան թեպետև մեծահոգի կին է, բայց անարդարացի է... Ու թեև ես ինքս էլ հասկանում եմ, որ երբ նա քաշքշում է մազերիցս, քաշքշում է ոչ այլ կերպ, քան սրտագին կարեկցությունից դրդված (հարկավ կրկնում եմ առանց շփոթմունքի, նա քաշքշում է մազերիցս, երիտասարդ,— թունդ արժանապատվությամբ հաստատեց Մարմելադովը՝ դարձյալ լսելով քրքիջը),— բայց, աստված իմ, ինչ կլիներ, եթե նա գոնե մեկ անգամ... բայց ոչ, ոչ, այս բոլորը իզուր է ու չպետք է ասել, չպետք է ասել... որովհետև շատ անգամ է եղել ցանկալին, ու շատ անգամ են խղճացել ինձ, բայց... բայց այսպես է իմ բռնած գիծը, իսկ ես ի ծնե անասուն եմ։

— Անշուշտ,— հորանջելով ասաց օղետան տերը։

Մարմելադովը բռունցքով վճռականապես խփեց սեղանին։

— Այսպես է իմ բռնած գիծը։ Գիտե՞ք արդյոք, գիտե՞ք արդյոք, պարոնս, որ ես նույնիսկ նրա գուլպաներն էլ եմ խմելու տվել։ Խմելու եմ տվել գուլպաները, գուլպաները և ոչ թե կոշիկները, թեև դա գոնե մի քիչ բանի նման կլիներ։ Խմելու եմ տվել նաև այծի բրդից գործած նրա գլխաշորը, ուրիշի նվերը, որը նրա սեփականն էր, իմ գնածը չէր, իսկ մենք ապրում ենք մի ցուրտ անկյունում, ու նա այս ձմռանը մրսեց, սկսեց հազալ և արդեն արյուն թքել։ Ունենք երեք փոքրիկ երեխա, Կատերինա Իվանովնան առավոտից մինչև գիշեր գործի մեջ է, ամեն ինչ մաքրում է, լվանում, լողացնում երեխաներին, որովհետև փոքրուց սովոր է մաքրության, իսկ կուրծքը թույլ է, թոքախտի հակումով, ու ես այդ զգում եմ։ Մի՞թե ես չեմ զգում։ Որքան շատ եմ խմում, այնքան շատ եմ զգում։ Հենց նրա համար եմ խմում, որ խմելու մեջ կարեկցություն ու զգացմունք եմ փնտրում... Խմում եմ, որովհետև խիստ տանջվել եմ ուզում։— Ու Մարմելադովը ասես հուսալքված, գլուխը թեքեց սեղանին։

— Երիտասարդ,— շարունակեց նա գլխով անելով,— ձեր դեմքի վրա ես ինչ-որ տխրություն եմ կարդում։ Հենց որ ներս մտաք, ես այն կարդացի, դրա համար էլ իսկույն դիմեցի ձեզ, հարկավ, ձեզ հաղորդելով իմ կյանքի պատմությունը, ոչ թե խայտառակվել եմ ուզում այս անբանների առաջ, որոնց առանց այդ էլ ամեն ինչ հայտնի է, այլ զգայուն և կրթված մարդ եմ փնտրում։ Գիտցեք, որ իմ կինը նահանգական ազնվականական ինստիտուտում էր դաստիարակվել և ավարտելու ժամանակ շալով պարել էր նահանգապետի և այլ անձանց ներկայությամբ, որի համար ոսկե մեդալ ու գովասանաթերթ էր ստացել։ Մեդալը... հա, մեդալը ծախել ենք... արդեն վաղուց... հըմ... գովասանաթերթը մինչև այժմ նրա սնդուկումն է, ու դեռ վերջերս այն ցույց էինք տալիս տանտիրուհուն։ Ու թեև տանտիրուհու և նրա մեջ անընդհատ խռովություններ են լինում, բայց և այնպես ուզեցինք պարծենալ գոնե որևէ մեկի առաջ, ու տեղեկություններ հաղորդել անցած երջանիկ օրերի մասին։ Ու ես այդ չեմ դատապարտում, չեմ դատապարտում, որովհետև հենց սա է մնացել նրա հուշերում, իսկ մնացածը ամբողջովին հող ու մոխիր է դարձել։ Այո, այո, նա տաքարյուն, հպարտ ու անդրդվելի կին է։ Հատակը ինքն է լվանում և սև հացով է ապրում, բայց չի հանդուրժում, երբ իրեն չեն հարգում։ Այս պա աճառով էլ չուզեց ներել պարոն Լեբեզյատնիկովի կոպտությունը, իսկ երբ պարոն Լեբեզյատնիկովը թակեց նրան, նա, կինս, անկողին ընկավ ոչ այնքան հարվածների հետևանքով, որքան զգայնությունից։ Երբ ես ամուսնացա նրա հետ, նա արդեն այրի էր, ուներ երեք երեխա, մեկը մյուսից փոքր։ Առաջին ամուսնու, հետևազորի մի սպայի հետ ամուսնացել էր սիրով, ու նրա հետ փախել էր ծնողների տանից։ Չափազանց սիրում էր ամուսնուն, բայց սա տարվեց թղթախաղով, դատի ենթարկվեց ու այնուհետև մեռավ։ Վերջին շրջանում նա ծեծում էր կնոջը, փաստաթղթերից ինձ քաջ հայտնի է, որ կինը թեև չէր ներում նրան, բայց մինչև այժմ արցունքներով է նրան հիշում ու նրան ինձնից ավելի լավ մարդ է համարում, ու ես ուրախ եմ, ուրախ եմ, որովհետև գոնե սփոփվում է երևակայությամբ, մտածելով, որ մի ժամանակ երջանիկ է եղել... Ամուսնու մահից հետո նա մնացել էր երեք փոքրահասակ երեխաներով, հեռավոր ու խուլ մի անկյունում, ուր այն ժամանակ գտնվում էի նաև ես, ու մնացել էր այնպես անհուսալի աղքատության մեջ, որը ես նույնիսկ անկարող եմ նկարագրել, թեև այլևայլ շատ արկածներ եմ տեսել։ Բոլոր հարազատները ձեռք քաշեցին նրանից։ Իսկ նա էլ հպարտ էր, չափից դուրս հպարտ... Ու հենց այդ ժամանակ, հարգելի պարոն, հենց այդ ժամանակ ես, որ նույնպես այրի էի և առաջին կնոջիցս տասնչորս տարեկան աղջիկ ունեի, առաջարկեցի իմ ձեռքը, որովհետև չէի կարող անտարբեր լինել այդ տառապանքի հանդեպ։ Կարող եք պատկերացնել, թե նրա դժբախտությունները ինչ աստիճանի էին հասնում, որ նա լինելով կրթված ու դաստիարակված, այն էլ հայտնի տոհմից, համաձայներ ամուսնանալ ինձ հետ։ Եվ ամուսնացավ։ Լալով ու հեկեկալով, մորմոքալով ամուսնացավ։ Որովհետև էլ ուրիշ ճանապարհ չկար։ Հասկանո՞ւմ եք արդյոք, հասկանո՞ւմ եք, հարգելի պարոն, երբ այլևս ուրիշ ճանապարհ չի լինում։ Ոչ, դուք այդ դեռ չեք հասկանում... Ու մի ամբողջ տարի ես իմ պարտականությունը բարեպաշտությամբ և սրբությամբ էի կատարում և ձեռք չէի տալիս սրան (նա մատը խփեց կիսաշտոֆին), որովհետև զգացմունքով մարդ եմ: Բայց դրանով էլ չկարողացա նրան գոհացնել, հետո էլ պաշտոնից զրկվեցի, ոչ թե իմ մեղքով, այլ հաստիքի փոփոխման հետևանքով, ու այդ ժամանակ սկսեցի խմել... Մեկ և կես տարի աուսջ, թափառումներից ու բազմաթիվ փորձություններից հետո, մենք, վերջապես, ընկանք բազմաթիվ հուշարձաններով զարդարված այս փառահեղ մայրաքաղաքը։ Ու այստեղ ես պաշտոն գտա... գտա և դարձյալ կորցրի, հասկանո՞ւմ եք։ Այս անգամ արդեն հենց իմ մեղքով կորցրի, հենց իմ բռնած գծի պատճառով... Հիմա մենք ապրում ենք մի անկյունում, տանտիրուհի Ամալյա Ֆեոդորովնա Լիպպևեխզելի մոտ, իսկ թե ինչով ենք ապրում և ինչպես ենք վճարում, չգիտեմ։ Այնտեղ մեզնից բացի շատերն են ապրում... Ամենաայլանդակ Սոդոմ է... հըմ... այո... Իսկ այդ ժամանակների ընթացքում աղջիկս էլ մեծացավ, առաջին ամուսնությունից է, ու մեծանալով, նա, աղջիկս, ինչե՜ր ասես, որ չքաշեց խորթ մոր երեսից, այդ մասին ես լռում եմ։ Որովհետև Կատերինա Իվանովնան թեև համակված է մեծահոգության զգացումներով, բայց տաքարյուն և ջղայնոտ կին է ու նեղում է նրան... Այո։ Էհ, կարիք չկա հիշել այդ բանը։ Ինչպես և կարող եք պատկերացնել, Սոնյան դաստիարակություն չի ստացել։ Չորս տարի առաջ ես փորձեցի նրան աշխարհագրություն և համաշխարհային պատմություն սովորեցնել, բայց դրանից բան դուրս չեկավ, որովհետև այդ գիտություններից ես թույլ էի և բացի դրանից, կարգին ձեռնարկներ չկային, որովհեաև ինչ գրքեր որ կային... հըմ, այժմ արդեն դրանք չկան էլ, ու այդպես էլ վերջացավ նրա ուսուցումը։ Պարսից Կյուրոսի վրա կանգ առանք։ Հետո արդեն հասունության հասնելով, կարդաց վիպական բովանդակությամբ մի քանի գիրք, վերջերս էլ, պարոն Լբեզյատնիկովի միջամտությամբ, կարդաց մի գիրք, Լյուիսի «Ֆիզիոլոգիան», բարեհաճո՞ւմ եք գիտենալ, կարդաց մեծ հետաքրքրությամբ և նույնիսկ հատվածներ էր կարդում մեզ համար, ահա և նրա ամբողջ կրթությունը։ Իսկ հիմա, հարգելի պարոնս, ինքս իմ կողմից դիմում եմ ձեզ մասնավոր հարցով, աղքատ, բայց մաքուր աղջիկը ձեր կարծփքով արդյո՞ք շատ բան կարող է վաստակել ազնիվ աշխատանքով... օրական տասնհինգ կոպեկ էլ չի վաստակի, պարոն, եթե ազնիվ է և առանձին ձիրքեր չունի, եթե առանց ձեռքերը ծալելու էլ աշխատի։ Այն էլ ասեմ՝ պետական խորհրդական Իվան Իվանովիչ Կլոպշտոկը, բարեհաճե՞լ եք լսել, կես դյուժին հոլանդական շապիկներ կտրելու համար մինչև հիմա ոչ միայն փող չտվեց, այլև վիրավորական ձևով, ոտքերը հատակին խփելով ու անվայել խոսքերով վռնդեց նրան, իբր թե շապիկների օձիքները չափին անհամապատասխան ու ծուռ կտրելու համար։ Երեխաները քաղցած են... Կատերինա Իվանովնան գլուխը կորցրած քայլում է սենյակում, այտերի վրա կարմիր բծեր են դուրս տալիս, որ միշտ լինում է այդ հիվանդության հետևանքով։ «Ապրում ես մեզ մոտ, ձրիակեր աղջիկ, ուտում-խմում ես, օգտվում տաքությունից», իսկ ինչ կարելի է ուտել-խմել, երբ երեխաներն էլ երեք օրով մի կտոր հաց չեն տեսնում։ Ես այդ Ժամանակ պառկել էի... Էհ, ինչ ասեմ, պառկել էի հարբած ու լսում եմ՝ իմ Սոնյան ասում է (հլու հնազանդ է նա, ձայնը այնպես անուշ է... շեկլիկ է նա, ու երեսը միշտ գունատ է, նիհար), հա, ասում է՝ «Հիմա ի՞նչ, Կատերինա Իվանովնա, մի՞թե ես պետք է գնամ այդ տեսակ բանի»։ Իսկ Դարյա Ֆրանցովնան, որը չարամիտ կին է ու վաղուց հայտնի է ոստիկանությանը, երեք անգամ հետամտում է տանտիրուհու միջոցով։ «Ինչ կա որ,— ծիծաղելով պատասխանում է Կատերինա Իվանովնան,— ինչ կարիք կա դա պահել, հո գանձ չէ՞»։ Բայց մի՛ մեղադրեք, հարգելի պարոն, մի մեղադրեք։ Այս բանը ասվել էր ոչ թե առողջ դատողությամբ, այղ հուզված, հիվանդ վիճակում, սոված երեխաների լացը լսելիս, այն էլ ասվել էր ավելի շուտ վիրավորելու համար, քան ճշգրիտ իմաստով... Էհ, այդպես է Կատերինա Իվանովնայի բնավորությունը, ու երբ երեխաները թեկուզ սովից լաց լինեն, իսկույն սկսում է ծեծել նրանց։ Ու տեսնում եմ ես, ժամը մոտ վեցն է, Սոնեչկան վեր կացավ, կապեց գլխաշորը, հագավ վերարկուն, գնաց տանից ու ժամը իննին ետ եկավ։ Եկավ, դիմեց ուղղակի Կատերինա Իվանովնային, հանեց երեսուն ռուբլի ու դրեց սեղանին, նրա առջև։ Ոչ մի խոսք չասաց, ոչ ոքի չնայեց, այլ վերցրեց մեր դրադեդամե կանաչ աղլուխը (մենք ունենք այդպիսի ընդհանուր դրադեդամե աղլուխ), դրանով բոլորովին ծածկեց գլուխն ու երեսը ու պառկեց մահճակալին, երեսը դեպի պատը, միայն ուսերն ու մարմինը հա ցնցվում էին... Իսկ ես, ինչպես և դրանից առաջ, պառկած էի նույն վիճակում... Ու ես այդ պահին տեսա, երիտասարդ, ես տեսա, թե ինչպես այնուհետև Կատերինա Իվանովնան, նույնպես ոչ մի խոսք չասելով, մոտեցավ Սոնեչկայի անկողնուն ու ամբողջ երեկո նրա ոտքերի մոտ ծունկ չոքած, համբուրում էր նրա ոտքերը, չէր ուզում վեր կենալ, հետո էլ նրանք երկուսով քնեցին միասին, գրկված... երկուսն էլ... երկուսն էլ... այո... իսկ ես... հարբած պառկել էի։

Մարմելադովը լռեց, կարծես խզվեց նրա ձայնը։ Հետո հանկարծ հապճեպ լցրեց բաժակը, խմեց ու կռնչաց։

— Այն ժամանակներից, պարոնս,— շարունակեց նա մի փոքր լռելուց հետո,— այն ժամանակներից աղջիկս, Սոֆյա Սեմյոնովնան, ստիպված եղավ դեղին տոմս ստանալ և այս պատճառով չէր կարող մեզ մոտ մնալ։ Դրան առանձնապես նպաստեց Դարյա Ֆրանցովնան, այն բանի համար, որ իբր թե իրեն պատշաճ հարգանք չենք ցույց տվել։ Տանտիրուհին՝ Ամալյա Ֆեոդորովնան, էլ չէր ուզում այդ թույլ տալ (իսկ հենց ինքը առաջ աջակցում էր Դարյա Ֆրանցովնային), պարոն Լեբեզյատնիկովը նույնպես չէր ուզում թույլ տալ... հըմ... հենց Սոնյայի համար էլ նա գժտվեց Կատերինա Իվանովնայի հետ։ Սկզբում նա ինքն էր հետամտում Սոնեչկային, իսկ հետո մեջտեղ եկավ պատվասիրությունը. «Ինչպե՜ս,— ասում էր նա,— ես, լինելով կրթված մարդ, այդ տեսակ կնոջ հետ մի բնակարանո՞ւմ պիտի ապրեմ»։ Իսկ Կատերինա Իվանովնան չհամբերեց, միջամտեց... ու նրանք գժտվեցին... Հիմա Սոնեչկան մեծ մասամբ մութն ընկնելուն պես է գալիս մեզ մոտ, օգնում է Կատերինա Իվանովնային, ուժերի ներածին չափ փող է բերում... Ինքը ապրում է դերձակ Կապերնաումովի տանը, նրանից բնակարան է վարձել, իսկ Կապերնաումովը կաղ է ու թլվատ, ու նրա ամբողջ բազմանդամ ընտանիքը նույնպես թլվատ է։ Նրա կինն էլ է թլվատ... Մի սենյակում են տեղավորված, իսկ Սոնյան ունի միջնորմով բաժանված իր առանձին սենյակը... Ը-ըմ, այո... աղքատ ու թլվատ մարդիկ են... այո... Առավոտը ես վեր կացա, հագա ցնցոտիներս, ձեռքերս դեպի երկինք բարձրացրի ու գնացի նորին գերազանցություն Իվան Աֆանասևիչի մոտ։ Բարեհաճո՞ւմ եք ճանաչել նորին գերազանցության Իվան Աֆանասևիչին։ Ո՞չ։ Ուրեմն չեք ճանաչում աստծու մարդուն... Բարեհաճելով ինձնից ամեն ինչ լսել, նույնիսկ արտասվեց։ «Էհ, Մարմելադով,— ասում է նա,— մի անգամ դու արդեն չես արդարացրել իմ հույսերը... Մեկ անգամ էլ եմ քեզ պաշտոնի վերցնում իմ անձնական պատասխանատվությամբ»,— այսպես էլ ասաց։— «Դե հիշիր ուրեմն այդ, գնա»։ Մտքումս ես համբուրեցի նրա ոտքերը, որովհետև բացահայտ կերպով նա այդ չէր թույլ տա՝ լինելով մեծ աստիճանավոր և պետական ու կրթական նոր մտքերի տեր մարդ. վերադարձա տուն ու հենց որ ասացի, թե դարձյալ ծառայության եմ ընդունվել և ռոճիկ եմ ստանում, տեր աստված, ինչե՜ր կատարվեցին տանը...

Մարմելադովը դարձյալ կանգ առավ սաստիկ հուզված։ Այդ ժամանակ փողոցից ներս մտավ հարբեցողների, արդեն առանց այդ էլ հարբած, մի ամբողջ խումբ, ու մուտքի մոտ լսվեցին վարձված երգեհոնի հնչյունները և յոթ տարեկան մի երեխայի մանկական դողդող ձայնը, նա երդում էր «Խուտորոկը»: Աղմուկ բարձրացավ։ Օղետան տերը և ծառաները զբաղվեցին ներս մտած մարդկանցով։ Մարմելադովը նրանց վրա ուշադրություն չդարձնելով, շարունակեց իր պատմածը։ Թվում էր, որ նա սաստիկ թուլացել էր, բայց որքան ավելի էր հարբում, այնքան շատախոս էր դառնում։ Վերհիշելով երբեմնի իր հաջողությունը ծառայության գծով, նա կարծես թե աշխուժանում էր ու նրա դեմքին ինչ-որ ժպիտ էր փայլում։ Ռասկոլնիկովյը ուշադրությամբ լսում էր։

— Հա, պարոնիս ասեմ, սա եղավ մի հինգ շաբաթ առաջ։ Այո... Հենց որ նրանք երկուսն էլ, Կատերինա Իվանովնան և Սոնեչկան, իմացան այդ լուրը, տեր աստված, ասես ես երկնային արքայություն տեղափոխվեցի։ Առաջ պատահում էր՝ պառկում ես անասունի պես, միայն հայհոյանք ես լսում։ Իսկ այժմ ոտքերի մատների վրա են քայլում, երեխաներին են սաստում՝ «Սու-ուսս։ Սեմյոն Զախարիչը պաշտոնավայրում հոգնել է, հանգստանում է» Ծառայության գնալուց առաջ ինձ սուրճ են խմեցնում, սերուցք են եռացնում։ Սկսել են իսկական սերուցք ճարել, լսո՞ւմ եք։ Եվ որտեղի՞ց տասնմեկ ռուբլի հիսուն կոպեկ գտան ինձ համար վայելուչ հագուստ ճարելու մտադրությամբ, չեմ հասկանոլմ։ Սապոգներ, կալենկորե հիանալի կրծքակալներ, համազգեստ,— այս բոլորը ճարեցին տասնմեկ ռուբլի հիսուն կոպեկով, այս բոլորը գերազանց տեսքով էր։ Առաջին օրը առավոտյան եկա պաշտոնավայրից ու ի՞նչ եմ տեսնում։ Կատերինա Իվանովնան պատրաստել է երկու տեսակ կերակուր՝ սուպ ու աղած միս, ծովաբողկով, որոնց մասին մինչ այդ հասկացողություն էլ չունեինք։ Նա ոչ մի շրջազգեստ չունի... ոչ մի շրջազգեստ, բայց ասես պատրաստվեց հյուր գնալու, հագնվեց, այն էլ ոչ թե որևէ բան կար, այլ այնպես, էլի, կարողանում է չեղած տեղից ամեն ինչ անել, սանրվում է, մի որևէ մաքուր օձիք կապում, թևնոցներ հագնում, բոլորովին ուրիշ անձնավորություն է դառնում, թե ջահելանում և թե գեղեցկանում։ Սոնեչկան, իմ աղավնյակը, օգնում էր փողով, ասում էր՝ առայժմ ես ձեզ մոտ չեմ լինի, դա վայելուչ չէ, կարող եմ անցնել մութն ընկնելուց հետո, որպեսզի ոչ ոք չտեսնի։ Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք։ Հա, մի անգամ ճաշից հետո պառկեցի քնելու, և ի՞նչ եք կարծում, Եկատերինա Իվանովնան չհամբերեց, դեռ մի շաբաթ առաջ կռվել էր տանտիրուհու, Ամալյա Ֆեոդորովնայի հետ, իսկ հիմա նրան կանչեց մի բաժակ սուրճի։ Երկու ժամ նստեցին և հա՜ փսփսում էին՝ «Հիմա Սեմյոն Զախարիչը ծառայում է ու ռոճիկ է ստանում,— ասում է Կատերինա Իվանովնան,— հենց ինքը գնաց նորին գերազանցության մոտ, ու նորին գերազանցությունը ինքը դուրս եկավ, բոլորին պատվիրեց սպասել, իսկ Սեմյոն Զախարիչին թևից բռնեց ու բոլորի կողքից տարավ կաբինետ»։ Լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք։ Ու նորին գերազանցությունը ասում է՝ «Սեմյոն Զախարիչ, ես, իհարկե, հիշում եմ ձեր ծառայությունները, ու թեև դուք ձեռք չեք քաշում այդ թեթևամիտ թուլությունից, բայց քանի որ հիմա խոստանում եք ձեռք քաշել, ու քանի որ առանց ձեզ մեր գործը վատ է գնացել (լսո՞ւմ եք, լսո՞ւմ եք), ուստի ես հույս եմ դնում ձեր ազնիվ խոսքի վրա»,— ասում է նորին գերազանցությունը, այսինքն՝ Կատերինա Իվանովնան մոգոնում էր այս բոլորը, այն էչ ոչ թե թեթևամտությունից, միայն ինձ գովաբանելու համար։ Ոչ, ինքը հավատում է այս ամենին, երևակայությամբ սփոփում ինքն իրեն, հոգիս վկա։ Ու ես չեմ դատապարտում, ոչ, այդ չեմ դատապարտում... Իսկ վեց օր առաջ, երբ ես իմ աոաջին ռոճիկը, քսաներեք ռուբլի քառասուն կոպեկը տուն բերի, ինձ թութուշիկ անվանեց, «թութուշիկս», ասաց նա, երբ երկուսով էինք, հասկանո՞ւմ եք։ Էհ, իմ մեջ ի՞նչ սիրունություն կա, ու ես ի՞նչ ամուսին եմ որ։ Բայց ոչ, կսմթեց թուշս ու ասաց՝ «թութուշիկս»։

Մարմելադովը կանգ առավ, ուզում էր ժպտալ, սակայն հանկարծ նրա կզակը սկսեց ցնցվել։ Ասենք, նա իրեն պահեց։ Այդ օղետունը, խոսակցի բարոյալքված տեսքը, խոտ փոխադրող բեռնանավերում նրա անցկացրած հինգ գիշերները և օղու շտոֆը, և այդ ամենով հանդերձ նրա հիվանդագին սերը դեպի իր կինն ու ընտանիքը,— այս ամենը շփոթեցնում էր նրան ունկնդրողին։ Ռասկոլնիկովը լսում էր լարված, բայց և հիվանդագին զգացումով։ Նա ջղայնանում էր, որ մտել էր այդ օղետունը։

— Հարգելի պարոն, հարգելի պարոն,— ուշքի գալով, բացականչեց Մարմելադովը,— Օ, պարոնս, գուցե այս ամենը ծիծաղելի է ձեզ համար, ինչպես և այլոց համար, գուցե ես ձեզ անհանգստացնում եմ իմ տնային կյանքի այս բոլոր հիմար, չնչին մանրամասնություններով, իսկ ինձ համար ծիծաղելի չէ։ Հարկավ, ես այս ամենը կարող եմ զգալ... Կյանքիս այն ամբողջ դրախտային օրվա և այն ամբողջ երեկոյի ընթացքում ես ինքս էլ թռուցիկ երազանքներով էի տարվել, այսինքն՝ թե ինչպես պիտի կարգավորեմ այդ ամենը, թե հագցնեմ երեխաներիս, թե հանգիստ տամ Կատերինա Իվանովնային և թե միակ աղջկաս անպատվությունից վերադարձնեմ ընտանիքի գիրկը... Էլ որ մեկն ասեմ... թույլատրելի է, պարոն։ Հա, պարոնիս ասեմ՝ (Մարմելադովը հանկարծ կարծես ցնցվեց, գլուխը բարձրացրեց ու դեմ առ դեմ նայեց իրեն ունկնդրողին), հենց մյուս օրը, այս բոլոր երազանքներից հետո (այսինքն՝ դա կլինի ուղիղ հինգ օր ու գիշեր առաջ), իրիկնադեմին ես խորամանկ խաբեությամբ, ինչպես գող, հափշտակեցի Կատերինա Իվանովնայի սնդուկի բանալին, ինչ որ մնացել էր բերածս ռոճիկից հանեցի, չեմ հիշում, թե որքան էր, և ահա, նայեցեք ինծ, ամեն ինչ պարզ է։ Հինգերորդ օրն է, որ հեռացել եմ տանից, ու այնտեղ փնտրում են ինձ, ծառայությանս էլ վերջ, համազգեստս Եգիպետսկի կոչվող կամրջի մոտակա օղետանն է, փոխարենը սույն հագուստն եմ ստացել... ու ամեն ինչ վերջացավ։

Մարմելադովը բռունցքով խփեց ճակատին, սեղմեց ատամները, փակեց աչքերը և արմունկով պինդ հենվեց սեղանին։ Բայց մի րոպեից հետո նրա դեմքը հանկարծ փոխվեց և նա ինչ-որ կեղծ խորամանկությամբ և շինծու լկտիությամբ նայեց Ռասկոլնիկովին, ծիծաղեց ու ասաց.

— Այսօր եղա Սոնյայի մոտ, գնացել էի խմելու փող խնդրելու, հա՛-հա՛-հա՛:

— Մի՞թե տվեց,— գոչեց ներս մտածներից մեկը, գոչեց և ամբողջ կոկորդով մեկ քրքջաց։

— Ահա այս կես շտոֆը նրա փողով է գնված,— ասաց Մարմելադովը՝ դիմելով բացառապես Ռասկոլնիկովին։— Երեսուն կոպեկ տվեց, հենց իր ձեռքով, նրա վերջին փողն էր, ինքս տեսա... Ոչինչ չասաց, միայն լուռ նայեց ինձ... Այդպես ոչ թե երկրում, այլ այնտեղ... մարդկանց վրա լալիս են, թախծում ու նրանց չեն կշտամբում, չեն կշտամբում, իսկ դա ցավալի է, ցավալի է, որ չեն կշտամբում... Երեսուն կոպեկ, այո։ Իսկ չէ որ դրանք այժմ նրան էլ են հարկավոր, հը՞, ի՞նչ եք կարծում, իմ թանկագին պարոն, չէ՞ որ այժմ նա պետք է մաքրություն պահպանի։ Փող արժե այդ մաքրությունը, որ առանձնահատուկ է, հասկանո՞ւմ եք, հասկանո՞ւմ եք։ Պետք է պոմադ գնի, առանց դրան հո չի՞ կարելի, պետք է ունենա օսլայած յուբկաներ, կարգին ոտնաման, որ ցուցադրի տոտիկը, երբ պետք է անցնել լճափոսից։ Հասկանո՞ւմ եք արդյոք, հասկանո՞ւմ եք, պարոն, թե ինչ է նշանակում այդ մաքրությունը։ Հըմ, իսկ ես, նրա հարազատ հայրը, այդ երեսուն կոպեկը հափշտակեցի, որ խմելու տամ։ Ու խմում եմ ու արդեն խմելու եմ տվել... Էհ, ո՞վ կխղճա այնպիսի մեկին, ինչպիսին ես եմ, հը՞։ Հիմա դուք, պարոն, խղճո՞ւմ եք ինձ, թե ոչ։ Ասա, պարոն, խզճո՞ւմ եք, թե՞ ոչ, հա՛-հա՛-հա՛։

Նա ուզում էր լցնել բաժակը, բայց արդեն լցնելու բան չկար։ Կես շտոֆը դատարկ էր։

— Ինչո՞ւ պետք է քեզ խղճալ,—- բղավեց օղետան տերը, որ դարձյալ մոտեցել էր նրանց։

Լսվեց ծիծաղ ու նույնիսկ հայհոյանք։ Ծիծաղում ու հայհոյում էին թե լսողները և թե չլսողները՝ հենց միայն նայելով պաշտոնաթող աստիճանավորի կերպարանքին։

— Խղճա՞լ, ինչո՞ւ ինձ խղճալ,— հանկարծ վեր կենալով, ձեռքը դեպի առաջ պարզելով, վճռական ոգեշնչմամբ գոչեց Մարմելադովը, կարծես հենց միայն այդ խոսքերին էր սպասում։— Ասում ես ինչո՞ւ պետք է խղճալ։ Այո, ինչի համար պետք է ինձ խղճալ։ Ինձ պետք է խաչել, խաչել խաչելափայտի վրա և ոչ թե խղճալ։ Բայց ի խաչ հան, դատավոր, ի խաչ հան, ու խաչելով, խղճա նրան։ Եվ այն ժամանակ ես ինքս քեզ մոտ կգամ խաչվելու, որովհետև ոչ թե ուրախություն, այլ տրտմություն և արցունքներ եմ տենչում... Մի՞թե դու կարծում ես, առևտրական, որ քո այս կես շտոֆը ինձ բերկրանք պատճառեց։ Տխրություն, տխրություն էի ես փնտրում սրա հատակում, տխրություն և արցունքներ, և ճաշակեցի ու գտա, իսկ կխղճա մեզ նա, ով խղճացել է բոլորին և ով հասկանում է ամենքին և ամեն ինչ, նա միակն է, նա էլ դատավոր է։ Կգա նա այն օրը ու կհարցնի՝ «Ո՞ւր է այն դուստրը, որ իրեն մատնել էր չար ու թոքախտավոր խորթ մորը, ուրիշի փոքրահասակ երեխաներին։ Ո՞ւր է այն դուստրը, որ իր երկրային հորը, անպետք հարբեցողին, խղճաց՝ չսարսափելով նրա գազանությունից։ Ու կասե՝ «Եկ, ես արդեն ներել եմ քեզ մի անգամ... Ներել եմ քեզ մի անգամ... Հիմա էլ ներվում են քո մեղքերը բազում, քանի որ շատ ես սիրել...»։— Ու կների իմ Սոնյային, կների, ես գիտեմ, որ կների...— Ես դա այսօր զգացի իմ սրտում, երբ եղա նրա մոտ... Կդատի ու կների ամենքին, թե բարիներին և թե չարերին, իմաստուններին և հնազանդներն... Ու երբ այդ կվերջացնի ամենքի հետ, կասի մեզ՝ «Հայտնվեք դուք էլ, հայտնվեք, հարբեցողներ, հայտնվեք, թույլեր, հայտնվեք, անամոթներ»։ Ու մենք դուրս կգանք բոլորս առանց ամաչելու և կկանգնենք։ Ու կասի՝ «Խոզեր եք դուք, գազանի կերպարանք ու նրա դրոշմն ունեցողներ, բայց դուք էլ եկեք։ Ու կբարբառեն իմաստունները, կբարբառեն խելամիտները՝ «Տեր, ինչո՞ւ ես սրանց ընդունում»։ Ու կասի նա՝ «Նրա համար եմ սրանց ընդունում, իմաստուններ, նրա համար եմ ընդունում, խելամիտներ, որ սրանցից ոչ մեկն ինքն իրեն չի համարել սույնին արժանի...»։ Ու կտարածե դեպի մեզ յուր բազուկները, ու մենք ծունկ կչոքենք... լաց կլինենք... և ամեն ինչ կհասկանանք, այն ժամանակ ամեն ինչ կհասկանանք... ու ամենքը կհասկանան... Կատերինա Իվանովնան էլ... Նա էլ կհասկանա... Տեր, եկեսցե արքայություն քո։

Ու Մարմելադովը ընկավ նստարանին, հյուծված և ուժասպառ, ոչ ոքի չնայելով, ասես մոռանաչով շրջապատը ու ընկնելով խոր մտածմունքի մեջ։ Նրա խոսքերը որոշ տպավորություն թողին, մի րոպե լռություն տիրեց, բայց շուտով լսվեցին առաջվա ծիծաղն ու հայհոյանքները։

— Բա՛ն ասաց, էլի։

— Փչում է, հա՜-ա։

— Աստիճանավորի՛ս մտիկ։

Եվ այլն, և այլն։

— Գնանք, պարոն,— հանկարծ ասաց Մարմելադովը՝ բարձրացնելով գլուխը ու դիմելով Ռասկոլնիկովին,— ինձ տեղ հասցրեք... Կոզելի տունը, բակը։ Ժամանակն է... վերադառնալ Կատերինա Իվանովնայի մոտ...

Ռասկոլնիկովը արդեն վաղուց էր ուզում գնալ։ Ինքն էլ մտածում էր օգնել նրան։ Բանից դուրս եկավ, որ Մարմելադովը ոտքերից ավելի թույլ է, քան լեզվից, ու պինդ հենվեց երիտասարդին։ Հարկավոր էր անցնել երկու-երեք հարյուր քայլ։ Որքան մոտենում էին տանը, այնքան շփոթմունքն ու վախը ավելի ու ավելի էին համակում հարբեցողին։

— Ես հիմ չեմ վախենում ոչ Կատերինա Իվանովնայից, ոչ էլ այն բանից, որ նա կսկսի քաշքշել մազերիցս։ Մազերն ի՞նչ են որ... Դատարկ բան են մազերը։ Սա ե՛ս եմ ասում։ Մինչև իսկ լավ է, եթե սկսում են քաշքշել, իսկ ես դրանից չեմ վախենում... ես... նրա աչքերից եմ վախենում... այո... աչքերից... Նրա այտերի կարմիր բծերից էլ եմ վախենում... ու մեկ էլ նրա շնչառությունից եմ վախենում ... Դու տեսե՞լ ես, թե այդ հիվանդությունն ունեցողները ինչպես են շնչում, երբ հուզված են լինում... Երեխաների լացից էլ եմ վախենում... Որովհետև եթե Սոնյան չի կերակրել, ապա... չգիտեմ, ինչ կլինի, չգիտեմ։ Իսկ ծեծվելուց չեմ վախենում... Գիտցիր, պարոն, որ ծեծը ինձ ոչ թե ցավ, այլ հաճույք է պատճառում, որովհետև առանց դրան ես ինքս էլ չեմ կարող յոլա գնալ։ Դա ավելի լավ է։ Թող ծեծի, սիրտը հանգստացնի... դա ավելի լավ է... Ահա և տունը։ Կոզելի տունը։ Նա փականագործ է, գերմանացի է, հարուստ է... Տար ինձ։

Նրանք բակից ներս մտան և անցան չորրորդ հարկը։ Քանի բարձրանում էին, այնքան մթնում էր սանդուղքը։ Ժամը համարյա տասնմեկն էր, ու թեև այդ պահին Պետերբուրգում իսկական գիշեր չէ, բայց սանդուղքի վերևում շատ մութն էր։

Սանդուղքի ծայրում, բոլորովին վերևում փոքրիկ, մրոտած դուռը բաց էր։ Այրված մոմի մնացորդը լուսավորել էր տասը քայլ երկարությամբ աղքատիկ սենյակը, դա ամբողջովին երևում էր հաշտից։ Ամեն ինչ թափթփված էր խառնիխուռն վիճակում, մանավանդ մանկական այլևայլ լաթերը։ Հետին անկյունը վարագուրված էր ծակծկված սավանով։ Հավանորեն դրա ետևում մահճակալ էր դրված։ Սենյակում կար ընդամենը երկու աթոռ և մոմլաթով պատած ու խիստ պատառոտված մի բազմոց, որի առջև կար սոճու փայտից շինած մի հին, խոհանոցային սեղան, որը ներկված չէր և ոչնչով չէր ծածկված։ Սեղանի մի ծայրին դրված էր մարմրող ճարպամոմ՝ երկաթե մոմակալով։ Բանից դուրս էր գալիս, որ Մարմելադովը տեղավորված էր առանձին սենյակում և ոչ թե անկյունում, բայց նրա սենյակը միջանցուկ էր։ Հետևյալ սենյակները կամ վանդակները տանող դուռը կիսաբաց էր։ Ամալյա Լիպպևեխզելի բնակարանը այդպիսի վանդակների էր բաժանված։ Այնտեղ աղմուկ և ճղճղոց էր։ Քրքջում էին։ Երևի թուղթ էին խաղում ու թեյ խմում։ Այնտեղից երբեմն բոլորովին անպատկառ բառեր էին լսվում։

Ռասկոլնիկովը իսկույն ճանաչեց Կատերինա Իվանովնային։ Դա սարսափելի նիհարած, բարալիկ, բավական բարձրահասակ ու գեղակազմ մի կին էր, դեռ գեղեցիկ, մուգ-խարտյաշ մազերով և իրոք բծավորվելու չափ կարմրած այտերով։ Նա ետ ու առաջ էր քայլում իր փոքրիկ սենյակում, ձեռները կրծքին դրած, շրթունքները չորացած ու շնչում էր ընդհատ, անհամաչափ։ Նրա աչքերը փայլում էին ինչպես տենդով տառապողի աչքերը, բայց նայվածքը սուր էր ու անշարժ, և հիվանդագին տպավորություն էր թողնում այդ թոքախտային ու հուզված դեմքը, որի վրա երերվում էին մարմրող մոմի վերջին ցոլքերը։ Ռասկոլնիկովին թվաց, որ նա մոտ երեսուն տարեկան է և իրոք Մարմելադովին սազական չէ... Կատերինա Ւվանովնան չլսեց ներս մտնողների ոտնաձայները և նրանց չնկատեց. թվում էր, թե ինչ-որ մոռացման մեջ էր, ոչինչ չէր լսում ու տեսնում։ Սենյակում օդը ծանր էր, բայց նա չէր բացել լուսամուտը, սանդուղքից գարշահոտություն էր փչում, բայց դեպի սանդուղքը տանող դուռը չէր ծածկված, մյուս սենյակներից, բաց դռնից ծխախոտի ծխի քուլաներ էին գալիս, նա զում էր, բայց այդ դուռը չէր ծածկում։ Ամենափոքր, մոտ վեց տարեկան աղջիկը նստած, գունդ ու կծիկ եղած ու գլուխը բազմոցին հենած, քնել էր հատակի վրա։ Նրանից մի տարով մեծ տղան ամբողջ մարմնով դողում ու լալիս էր մի անկյունում։ Հավանորեն նրան քիչ առաջ ծեծել էին։ Այդ անկյունում, փոքրիկ եղբոր կողքին, կանգնել էր ավագ աղջիկը և նրա վիզը գրկել լուցկու պես բարալիկ, երկար իր թևով։ Սա մոտ ինը տարեկան էր, բարձրահասակ ու նույնպես լուցկու նման բարալիկ, հագած էր միայն մի հնամաշ, ամեն տեղից պատռտված շապիկ, ու մերկ ուսերին գցել էր գրադեդամե մաշված վերարկու, որը կարված էր հավանորեն երկու տարի առաջ, որովհետև հիմա մինչև ծնկներն էլ չէր հասնում։ Ըստ երևույթին նա հանգստացնում էր եղբորը, ինչ-որ փսփսում նրա ականջին, ամեն կերպ ջանում, որ նա մի կերպ դադարեցնի լացը, ու միևնույն ժամանակ նայում էր մորը իր մեծամեծ, թուխ աչքերով, որոնք էլ ավելի մեծ էին թվում նրա նիհարած ու վախեցած դեմքի վրա։ Մարմելադովը դեռ ներս չմտած, ծնկաչոք եղավ հենց դռան շեմքին, իսկ Ռասկոլնիկովը նրան դեպի առաջ հրեց։ Տեսնելով անծանոթին, կինը մտացրիվ կանգ առավ նրա առաջ՝ մի ակնթարթ սթափվելով և կարծես մտածելով, թե նա ինչո՞ւ է եկել։ Կինը, սակայն, մտածեց, թե նա գնում է մյուս սենյակները, քանի որ իրենց սենյակը միջանցուկ էր։ Հանգելով այդ մտքին և արդեն այլևս ուշադրություն չդարձնելով նրա վրա, կինը քայլեց դեպի հաշտի դուռը, որպեսզի դա ծածկեր, ու հանկարծ ճչաց՝ տեսնելով հենց շեմքին չոքած իր ամուսնուն։

— Հը՛-ը, եկա՞ր,— կատաղի գոռաց նա,— սրիկա, հրեշ... հապա ո՞ւր են փողերը, ի՞նչ կա գրպանումդ, ցույց տուր։ Այդ քո զգեստը չէր, ո՞ւր է զգեստդ, ո՞ւր են փողերը, ասա...

Ու կինը նետվեց ամուսնուն խուզարկելու։ Մարմելադովը իսկույն հլու հնազանդությամբ աջ ու ձախ տարածեց ձեռքերը, որպեսզի դրանով հեշտացներ իր գրպանի խուզարկումը։ Ոչ մի կոպեկ փող չկար։

— Հապա ո՞ւր են փողերը,— բղավում էր կինը։— Օ, տեր աստված, մի՞թե սա բոլորը խմելու է տվել։ Չէ՞ որ սնդուկում տասներկու ռուբլի էր մնում...— և հանկարծ նա կատաղաբար բռնեց ամուսնու մազերից ու քարշ տվեց նրան սենյակ։ Մարմելադովը ինքն էր հեշտացնում նրա ջանքերը՝ խոնարհությամբ, ծնկաչոք սողալով նրա ետևից։

— Սա էլ է ինձ համար հաճույք, սա էլ ինձ ոչ թե ցավ, այլ հաճույք էր պատճառում, հար-գելի պա-րոն,— ճղճղում էր նա։ Կինը քաշքշում էր նրա մազերից, նրա ճակատը մի անգամ նույնիսկ զարկվեց հատակին։ Հատակի վրա քնած երեխան արթնացավ ու սկսեց լաց լինել։ Անկյունում գտնվող տղան չհամբերեց, դողաց, ճչաց, ու սարսափելի վախեցած, համարյա ուշաթափվելով, նետվեց դեպի քույրը։ Մեծ աղջիկը, ասես քնից վեր թռած, դողում էր տերևի նման։

— Խմելու է տվել, բոլորը, բոլորը խմելու է տվել,- հուսահատ ճչում էր խեղճ կինը,— շորն էլ այն չէ։ Սոված են, սոված են (ու հեծկլտալով, նա ցույց էր տալիս երեխաներին)։ Օ, անիծված կյանք։ Իսկ դուք, դուր չե՞ք ամաչում, որ օղետնից եք գալիս,— հանկարծ հարձակվեց նա Ռասկոլնիկովի վրա,— դու սրա հետ խմել ես հա՞, դու էլ ես սրա հետ խմել։ Կորի գնա։

Երիտասարդը առանց մի խոսք ասելու շտապեց հեռանալ։ Միաժամանակ ներքին դուռը բոլորովին բացվեց, ու այնտեղից նայեցին մի քանի հետաքրքրվողներ։ Ձգվում էին լկտի, ծիծաղող դեմքեր՝ բերաններին պապիրոսներ, ծխամորճներ, գլխներին՝ թասակներ։ Երևում էին բոլորովին չկոճկված խալաթներով, ամառային անվայելուչ կոստյումներով կերպարանքներ, ոմանց ձեռքերին խաղաթղթթեր։ Նրանք մի առանձին զվարճությամբ ծիծաղեցին, երբ Մարմելադովը մազերից քաշքշելով բղավում էր, թե դա հաճույք է իր համար։ Նույնիսկ սկսեցին մտնել նրա սենյակը, վերջապես լսվեց չարագուշակ ճղճղոց, վրա էր հասնում հենց ինքը Ամալյա Լիպպևեխզելը, որպեսզի յուրովի կարգ ու կանոն հաստատեր ու խեղճ կնոջը հարյուրերորդ անգամ վախեցներ նախատական հրամանով՝ վաղն ևեթ ազատել բնակարանը։ Ռասկոլնիկովը հեռանալիս ձեռքը տարավ գրպանը, հանեց պղնձադրամը, որ մնացել էր օղետանը մանրած ռուբլուց, ու աննկատելի դրեց պատուհանի գոգին։ Հետո, արդեն սանդուղքի վրա, միտքը փոխեց և ուզեց ետ դառնալ։

«Ի՛նչ հիմար բան արեցի ես,— մտածեց նա,— նրանք Սոնյա ունեն, իսկ այդ դրամը հենց ինձ է հարկավոր»։ Բայց դատելով, որ արդեն անկարելի է ետ վերցնել, որ առանց այդ էլ ինքը ետ չէր վերցնի, նա ձեռքը թափ տվեց ու գնաց իր բնակարանը։ «Չէ՞ որ Սոնյային պոմադ է հարկավոր,— շարունակեց նա՝ քայլելով փողոցում, և կծու քմծիծաղ տվեց,— փող արժե սույն մաքրությունը... հըմ, բայց հո Սոնեչկան էլ թերևս այսօր դատարկ նստի, թերևս չօգնի նույն ռիսկը, խոշոր գազան որսալը... իր զբաղմունքը... հետևաբար նրանք բոլորը առանց իմ փողի էլ հաղը ձեռնունայն կմնան... Կեցցես, Սոնյա։ Այնուամենայնիվ ինչպիսի՜ ճահիճ են նրանք առաջացրել ու օգտվում են։ Հո օգտվում են, էլի։ Ու ընտելացել են դրան։ Ողբացել են ու ընտելացել։ Ստոր մարդը ամեն բանի ընտելանում է»։

Ռասկոլնիկովը մտածմունքի մեջ ընկավ։

— Իսկ եթե ես ստեցի,- հանկարծ ակամա բացականչեց նա,— եթե իսկապես ստոր չէ մարդը, ընդհանրապես ողջ մարդկային ցեղը, ապա նշանակում է, որ մնացածը ամբողջովին նախապաշարմունք է, միայն շինծու վախ, ու չկա ոչ մի անջրպետ, ու դա այդպես էլ պետք է լինի։

III

Մյուս օրը նա արթնացավ արդեն ուշ, անհանգիստ քնից հետո, որը չէր թարմացրել նրան։ Նա արթնացավ մաղձոտ, ջղային, չարացած վիճակում, ու ատելությամբ դիտեց իր խցիկը։ Դա մի փոքրիկ վանդակ էր վեց քայլ երկարությամբ, ամենաողորմելի տեսք ուներ իր դեղնավուն, փոշոտ ու ամեն տեղ պատից պոկված պաստառներով, և այնքան ցածր էր, որ մի քիչ բարձրահասակ մարդու համար այնտեղ անտանելի կլիներ, շարունակ թվում էր, որ ահա, հենց այն է, գլուխդ կդիպչի առաստաղին։ Կահույքը համապատասխանում էր խցիկին. կար երեք հին, ոչ բոլորովին սարքին աթոռ, մի անկյունում՝ ներկած սեղան, որի վրա մի քանի տետրակներ ու գրքեր էին դրված. դրանք խիստ փոշոտված էին, և դա ցույց էր տալիս, որ արդեն վաղուց ոչ ոք դրանց ձեռք չէր տվել, և, վերջապես, կար մի անճոռնի, մեծ բազմոց, որը բռնել էր համարյա ամբողջ պատը ու ամբողջ սենյակի լայնության կեսը, մի ժամանակ պատած էր եղել չթով, բայց հիմա ցնցոտիապատ էր, ու Ռասկոլնիկովը դրա վրա էր քնում։ Հաճախ նա քնում էր հենց այնպես, առանց հանվելու, առանց սավանի, ծածկվում էր իր հին, մաշված, ուսանողական վերարկուով, գլուխը դնում մի փոքրիկ բարձի, որի տակ դնում էր իր ունեցած մաքուր ու հնամաշ ամբողջ սպիտակեղենը, որպեսզի գլխատակը բարձր լիներ։ Բազմոցի առաջ մի փոքրիկ սեղան էր դրված։

Դրանից ավելի խղճուկ ու անմաքուր դրություն դժվար էր պատկերացնել, բայց Ռասկոլնիկովին դա նույնիսկ հաճելի էր իր այժմյան հոգեվիճակում։ Նա վճռականապես մեկուսացել էր բոլորից, ինչպես կրիան իր պատյանում, և նրա մեջ մաղձություն ու ջղաձգություն էր առաջացնում նույնիսկ սպասուհու դեմքը, որ պարտավորված էր սպասարկել նրան և երբեմն մտնում էր նրա սենյակը։ Այդպես են լինում որոշ մենամոլներ, որոնք չափից դուրս կենտրոնանում են որևէ բանի վրա։ Երկու շաբաթ էր, որ բնակարանի տիրուհին նրան ուտելիք չէր տալիս, և նա չէր էլ մտածում գնալ նրանից բացատրություն պահանջելու, թեև առանց ճաշի էր մնացել։ Նաստասյան, խոհարարուհին ու տանտիրուհու միակ սպասուհին, մասամբ ուրախ էր կենվորի այդպիսի տրամադրության համար և ձեռք էր քաշել ամեն օր նրա խցիկը հավաքելուց ու ավլելուց, միայն շաբաթը մեկ անգամ անսպասելի գալիս էր ավլելու։ Հենց նա էլ հիմա արթնացրեց ռասկոլնիկովին։

— Վեր կաց, ինչ ես քնեել, ժամը տասն է,— բղավեց նա։— Ես քեզ թեյ եմ բերել, գոնե թեյ խմիր։ Տես, ոնց ես լղարել։

Կենվորը բացեց աչքերը, ցնցվեց ու ճանաչեց Նաստասյային։

— Թեյը տանտիրուհի՞ն է ուղարկել,— հարցրեց նա՝ դանդաղորեն ու հիվանդոտ տեսքով քիչ բարձրանալով բազմոցից։

— Ի՜նչ տիրուհի, է՛։

Նաստասյան նրա առաջ դրեց իր սեփական, ճաքճքած, արդեն կիսատ թեյամանը ու շաքարի երկու դեղին կտոր։

- Ահա, Նաստասյա, խնդրեմ վերցրու,— ասաց Ռասկոլնիկովը՝ խառնշտորելով գրպանը (նա այնպես էլ քնել էր առանց հանվելու) ու հանելով մի քիչ պղնձադրամ,— գնա ինձ համար հաց գնիր։ Երշիկանոցից էլ գոնե մի քիչ էժան երշիկ վերցրու։

— Հացը ես քեզ այս րոպեիս կբերեմ, իսկ երշիկի փոխարեն շչի չե՞ս ուզում։ Լավ շչի է, երեկվանն է։ Դեռ երեկ էի թողել քեզ համար, բայց դու ուշ եկար։ Լավ շչի է։

Երբ շչին բերվեց, ու Ռասկոլնիկովը սկսեց ուտել, Նաստասյան նստեց նրա կողքին, բազմոցին, ու սկսեց խոսել։ Նա գյուղացի կին էր, խիստ շատախոս կին։

— Պրասկովա Պավլովնան ուզում է քո դեմ գանգատվել ոստիկանությանը,— ասաց նա։

Ռասկոլնիկովը խիստ կնճռոտեց դեմքը։

— Ոստիկանությա՞նը։ Ի՞նչ է ուզում նա։

— Փող չես վճարում և սենյակը չես ազատում։ Հայտնի բան է, թե ինչ է ուզում։

— Է-է՛, գրողը տանի, այդ էր պակաս,— ատամները կրճտացնելով փնթփնթաց Ռասկոլնիկովը,— ոչ, ես հիմա... ժամանակ չունեմ... Հիմար է այդ կինը,— բարձրաձայն ավելացրեց նա։— Ես այսօր կմտնեմ նրա մոտ, կխոսեմ։

— Հիմարը հիմար է, ոնց որ ես եմ, իսկ դու խելո՞ք ես, ինչ է, հա՜ պառկում ես ու պառկում, քեզնից ի՞նչ կարելի է տեսնել։ Ասում ես, թե առաջ գնում էիր երեխեքին դաս տալու, իսկ հիմի ինչո՞ւ ոչինչ չես անում։

— Ես անում եմ...— դժկամ ու խստորեն ասաց Ռասկոլնիկովը։

— Ի՞նչ ես անում։

— Աշխատանք...

— Ի՞նչ աշխատանք։

— Մտածում եմ,— մի փոքր խորհելով, լուրջ պատասխանեց Ռասկոլնիկովը։

Նաստասյան քահ-քահ ծիծաղեց։ Նա ծիծաղկոտ էր, ու երբ իրեն զվարճալի բան էին ասում, ծիծաղում էր կամացուկ, ամբողջ մարմնով դողում և ցնցվում այնքան, որ ինքն էր զզվում։

— Մտածելով շա՞տ փող ես դիզել,— վերջապես, կարողացավ ասել Նաստասյան։

— Առանց կոշիկների չի կարելի գնալ երեխաներին դաս տալու։ Ասենք, թքել եմ այդ բանի վրա։

— Ջրհորի մեջ մի թքի։

— Երեխաներին դաս տալու համար կոպեկներ են վճարում։ Դրանով ի՞նչ պիտի անես,— դժկամորեն ասաց Ռասկոլնիկովը՝ ասես պատասխանելով հենց իր մտքերին։

— Իսկ քեզ մի ամբողջ կապիտա՞լ է հարկավոր։

Ռասկոլնիկովը տարօրինակ հայացքով նայեց Նաստասյային։

— Այո, մի ամբողջ կապիտալ,— մի փոքր լռելուց հետո կտրուկ պատասխանեց նա։

— Է՛, դու շատ ես վերևից բռնում, մի քիչ ցած իջիր, մարդ ես վախեցնում։ Հաց բերելու գնա՞մ, թե՞ չէ։

— Ինչպես կուզես։

— Հա, մոռացա, երեկ քեզ նամակ եկավ, տանը չէիր։

— Նամա՞կ։ Ի՞նձ։ Ումի՞ց է։

— Չգիտեմ ումից է։ Իմ փողից երեք կոպեկ տվի փոստատարին։ Կտա՞ս, թե՞ ինչ։

— Դե բեր, ի սեր աստծո բեր,— սաստիկ հուզվելով գոչեց Ռասկոլնիկովը։— Օ, տեր աստված։

Մի րոպե հետո բերվեց նամակը։ Այդպես էլ գիտեր, մորից է, Ռ... նահանգից։ Ընդունելով նամակը, նա նույնիսկ գունատվեց։ Վաղուց էր որ նամակ չէր ստանում. բայց հիմա նաև ինչ-որ մի բան ճմլեց նրա սիրտը։

— Նաստասյա, ի սեր աստծո, գնա, առ քո երեք կոպեկը, միայն թե, ի սեր աստծո, շուտ գնա։

Նամակը դողում էր նրա ձեռքերում, նա չէր ուզում այն բացել Նաստասյայի ներկայությամբ, ուզում էր նամակը կարդալիս մենակ լինել։ Երբ Նաստասյան դուրս եկավ, նա իսկույն նամակը մոտեցրեց շրթունքներին ու համբուրեց. հետո դեռ երկար զննում էր հասցեի ձեռագիրը, իր մոր ծանոթ և իրեն սիրելի մանր ու ծուռտիկ ձեոագիրը. մի ժամանակ մայրը նրան կարդալ-գրել էր սովորեցրել։ Ռասկոլնիկովը հապաղում էր. նա կարծես վախենում էր ինչ-որ բանից։ Վերջապես, բացեց ծրարը. նամակը մեծ էր, խիտ, երկու լոտ (12,8 գրամ) քաշով, փոստային երկու մեծ թերթերը գրոտած էին մանրիկ տառերով։

«Սիրելիդ Ռոդյա,— գրել էր մայրը,— ահա արդեն երկու ամսից ավելի է, որ ես նամակով չեմ զրուցել քեզ հետ, դրանից ինքս տանջվել եմ և նույնիսկ երբեմն գիշերը չեմ քնել, մտածել եմ։ Բայց դու երևի ինձ չես մեղադրի իմ այս ակամա լռության համար։ Դու գիտես, թե ես քեզ ինչքան եմ սիրում. դու միակն ես մեզ համար, ինձ և Դունյայի համար, դու մեր ամեն ինչն ես, մեր ամբողջ հույսը, ապավենը։ Որքա՜ն ես տանջվեցփ, երբ իմացա, որ դու արդեն մի քանի ամիս է, ինչ թողել ես համալսարանը, որովհետև քեզ պահելու հնարավորություն չես ունեցել, և դասերն ու այլ միջոցները վերջացել են։ Ես ինչո՞վ կարող էի քեզ օգնել, երբ տարեկան հարյուր քսան ռուբլի կենսաթոշակ եմ ստանում։ Տասնհինգ ռուբլին, որ քեզ ուղարկել էի չորս ամիս առաջ, ինչպես ինքդ գիտես, փոխարինաբար վերցրել էի այստեղի վաճառական Վասիլի Իվանովիչ Վախրուշինից՝ այդ նույն կենսաթոշակի հաշվին։ Նա բարի մարդ է, քո հոր ընկերն է եղել։ Բայց նրան իրավունք տալով իմ փոխարեն ստանալու թոշակը, ես պետք է սպասեի, մինչև որ վճարվեր պարտքը, իսկ դա միայն այժմ կատարվեց, այնպես որ այդ ամբողջ ժամանակ ես ոչինչ չէի կարող քեզ ուղարկել։ Բայց հիմա, փառք աստծո, կարծում եմ, որ կարող եմ քեզ փող ուղարկել, և առհասարակ, հիմա մենք կարող ենք պարծենալ մեր բախտով, որի մասին շտապում եմ հաղորդել քեզ։ Նախ, սիրելի Ռոդյա, գուցե դու գլխի ես ընկնում, որ ահա մեկ և կես ամիս է, որ քույրդ ապրում է ինձ հետ, ու մենք այսուհետև այլևս չենք բաժանվի։ Փառք քեզ աստված, վերջացան նրա տանջանքները, բայց քեզ ամեն ինչ կպատմեմ ըստ կարգի, որ դու իմանաս, թե ինչպես է եղել ամեն ինչ, ու մինչև այժմ մենք քեզնից ինչ էինք թաքցնում։ Երբ երկու ամիս առաջ դու ինձ գրել էիր, թե ինչ-որ մեկից լսել ես, որ Դունյան շատ կոպտություններ է տանում պարոնայք Սվիդրիգայլովների տանը և ինձնից ճշգրիտ բացատրություններ էիր խնդրում, ես այն ժամանակ քեզ ի՞նչ կարող էի պատասխանել։ Եթե ես քեզ գրեի ամբողջ ճշմարտությունը, ապա դու անշուշտ ամեն ինչ կթողնեիր ու թեկուզ ոտով կգայիր մեզ մոտ, որովհետև ես գիտեմ թե քո բնավորությունը և թե քո զգացմունքները, և դու թույլ չէիր տա վիրավորել քո քրոջը։ Ես ինքս հուսալքված էի, բայց ինչ արած։ Այն ժամանակ ես ինքս էլ չգիտեի ամբողջ ճշմարտությունը։ Իսկ գլխավոր դժվարությունն այն էր, որ Դունեչկան անցյալ տարի մտնելով նրանց տունը իբրև դաստիարակչուհի, առաջուց վերցրեց ամբողջ հարյուր ռուբլի, պայմանով, որ ամեն ամիս պահեն ռոճիկից, ուրեմն առանց պարտքը վճարելու չէր կարելի թողնել պաշտոնը։ Իսկ այդ գումարը (հիմա կարող եմ քեզ ամեն ինչ բացատրել, անգին Ռոդյա) նա վերցրեց առավելապես նրա համար, որ քեզ ուղարկեր վաթսուն ռուբլի, որը քեզ շատ էր հարկավոր, և որը դու անցյալ տարի ստացար մեզնից։ Մենք այն ժամանակ քեզ խաբեցինք, գրեցինք, որ դա Դունեչկայի առաջվա կուտակած փողերից է, բայց դա այդպես չէր, իսկ հիմա քեզ հաղորդում եմ ամբողջ ճշմարտությունը, որովհետև հիմա աստծո կամքով ամեն ինչ փոխվել է դեպի լավը, և որովհետև դու պետք է գիտենաս, թե Դունյան ինչպես է սիրում քեզ և ինչպիսի անգին սիրտ ունի։ Հա, պարոն Սվիդրիգայլովը սկզբում նրա հետ շատ կոպիտ էր վարվում և սեղանի շուրջը նրան անքաղաքավարի ու հեգնական վերաբերմունք էր ցույց տալիս... Բայց չեմ ուզում հիշատակել այդ բոլոր ծանր մանրամասնությունները, որպեսզի իզուր տեղը քեզ չհուզեմ, երբ հիմա արդեն ամեն ինչ վերջացել է։ Կարճ ասած, չնայելով Մարֆա Պետրովնայի՝ պ. Սվիդրիգայլովի կնոջ, ու բոլոր տնեցիների բարի ու ազնիվ վարմունքին, Դունեչկայի դրությունը շատ ծանր էր, մանավանդ, երբ պ. Սվիդրիգայլովը գնդում ունեցած իր հին սովորությամբ Բաքոսի ազդեցության տակ էր գտնվում։ Բայց հետո ի՞նչ դուրս եկավ։ Երևակայիր, այդ խելացնորը արդեն վաղուց կիրք էր տածում դեպի Դունյան, բայց ամեն ինչ քողարկում էր կոպտությամբ և արհամարհանքով։ Գուցե նա ինքն էլ ամաչում էր ու սարսափում՝ լինելով տարեց մարդ և ընտանեհայր, փայփայելով այդպիսի սին հույսեր, դրա համար էլ ակամայից չարանում էր Դունյայի վրա։ Գուցե և ուզում էր իր վարմունքի կոպտությամբ ու ծաղրանքներով ուրիշներից թաքցնել ամբողջ ճշմարտությունը։ Բայց, վերջապես, չհամբերեց, ու համարձակվեց բացահայտ ու կեղտոտ առաջարկություն անել Դունյային՝ խոստանալով զանազան պարգևներ տալ, և բացի այդ, թողնել ամեն ինչ ու նրա հետ մեկնել ուրիշ գյուղ կամ թերևս արտասահման։ Կարող ես պատկերացնել Դունյայի բոլոր տանջանքները։ Պաշտոնը չէր կարող թողնել ու միայն դրամական պարտքի պատճառով, այլև խնայելով Մարֆա Պետրովնային, որը կարող էր հանկարծ կասկածներ ունենալ, հետևաբար ընտանիքում կարող էր երկպառակություն ծագել։ Դունեչկայի համար էլ դա մեծ խայտռակություն կլիներ, բանը այլ կերպ չէր լինի։ Այստեղ կային նաև ուրիշ շատ այլևայլ պատճառներ, այնպես որ Դունյան ոչ մի կերպ չէր կարող հուսալ, թե վեց շաբաթից ավելի շուտ կհեռանար այդ սարսափելի տնից։ Իհարկե, դու գիտես Դունյային, գիտես, թե որքան խելացի է նա, և ինչպիսի կայուն բնավորություն ունի։ Դունեչկան կարող է շատ բան հանդուրժել և նույնիսկ ամենածայրահեղ դեպքերում իր մեջ այնքան մեծահոգություն գտնել, որ չկորցնի իր հաստատակամությունը։ Նա ինձ նույնիսկ չգրեց ամեն ինչի մասին, որպեսզի ինձ չտխրեցներ, իսկ մենք հաճախ միմյանց լուրեր էինք հաղորդում։ Վրա հասավ անսպասելի վախճանը։ Մարֆա Պետրովնան լսեց, թե ինչպես այգում իր ամուսինը Դունյային աղերսում էր իրեն պատկանել, ու ամեն ինչ թարս հասկանալով, մեղադրեց հենց միայն Դունյային, կարծելով, թե նա է այդ ամենի պատճառը։ Հենց այնտեղ, այգում նրանց մեջ սարսափելի վեճ տեղի ունեցավ։ Մարֆա Պետրովնան նույնիսկ խփեց Դունյային, ոչինչ չէր ուզում լսել, մի ամբոզջ ժամ ճղճղում էր, ու վերջապես, հրամայեց իսկույն Դունյային ինձ մոտ, քաղաք տանել գյուղացու հասարակ սայլով, որի մեջ շպրտել էին նրա բոլոր իրերը, սպիտակեղենը, շրջազգեստները, ինչ որ պատահել էր, և այդ բոլորը չկապված, չդասավորված։ Ճանապարհին հորդ անձրև եկավ, ու վիրավորված և խայտառակված Դունյան ստիպված էր մուժիկի հետ ամբողջ տասնյոթ վերստ անցնել չծածկված սայլով։ Հիմա մտածիր, թե երկու ամիս առաջ քեզնից ստացած նամակին ես ի՞նչ կարող էի պատասխանել և ինչի՞ մասին պիտի գրեի իմ նամակում։ Ինքս հուսահատված էի, չէի համարձակվում քեզ հաղորդել ճշմարտությունը, որովհետև դու քեզ շատ դժբախտ կզգայիր, կվշտանայիր ու կզայրանայիր, և ի՞նչ կարող էիր անել, թերևս դու քեզ կործանեիր, Դունեչկան էլ արգելում էր այդ մասին գրել քեզ, իսկ ես չէի կարող նամակը լցնել դատարկ բաներով, գրել որևէ բանի մասին, որովհետև շատ և շատ վշտացած էի։ Մի ամբողջ ամիս մեզ մոտ, ամբողջ քաղաքով մեկ բամբասանքներ էին պտտվում այս պատմության մասին, ու բանը այնտեղ հասավ, որ ես ու Դունյան նույնիսկ եկեղեցի էլ չէինք կարող գնալ արհամարհական հայացքների և փսփսոցների պատճառով, նույնիսկ մեր ներկայությամբ այդ մասին ասեկոսներ էին լինում։ Բոլոր ծանոթները մեզնից երես դարձրին, բոլորը մեզ նույնիսկ չէին էլ բարևում, ու ես ճշգրիտ իմացա, որ վաճառականների գործակատարները և մի քանի գրասենյակային ծառայողներ ուզում էին մեզ ստոր վիրավորանք պատճառել՝ կուպր քսել մեր տան դարպասին, այնպես, որ տանտերերը սկսեցին պահանջել, որ մենք հեռանանք բնակարանից։ Այս բոլորի պատճառը Մարֆա Պետրովնան էր, որը բոլոր տներում մեղադրում մեղադրում և խայտառակում էր Դունյային։ Նա մեզանում բոլորի հետ ծանոթ է և այս ամսում րոպեն մեկ գալիս էր քաղաք ու, որովհետև նա մի քիչ շատախոս է և սիրում է բոլորին ու ամեն մեկին պատմել իր ընտանեկան գործերի մասին և մանավանդ գանգատվել իր ամուսնուց, մի բան որ խիստ վատ է,— ուստի կարճ ժամանակում ամբողջ պատմությունը տարածեց ոչ միայն քաղաքում, այլև գավառում։ Ես հիվանդացա, իսկ Դունեչկան ինձնից ավելի պինդ էր, օ, եթե դու տեսնեիր, թե նա ինչպես էր ամեն ինչ տանում, ինձ էլ մխիթարում ու քաջալերում։ Նա հրեշտակ է։ Բայց աստծո գթությամբ մեր տանջանքները կրճատվեցին. պարոն Սվիդրիգայլովը խելքի եկավ ու զղջաց, ու, հավանորեն խղճալով Դունյային, նրա ամբողջ անմեղության մասին լիակատար ու ակներև ապացույցներ ներկայացրեց Մարֆա Պետրովնային, այն է, մի նամակ, որը Դունյան ստիպված էր գրել ու այգում հանձնել պ. Սվիդրիգայլովին և որով մերժում էր վերջինիս պահանջած անձնական բացատրությունները ու գաղտնի տեսակցությունները։ Դունյան այդ նամակը գրել էր այն ժամանակ, երբ Մարֆա Պետրովնան դեռ նրանց չէր տեսել այգում։ Դունեչկայի մեկնելուց հետո նամակը մնացել էր պ. Սվիդրիգայլովի մոտ։ Դունյան այդ նամակում բուռն, լիակատար ցասումով ու զայրույթով կշտամբում էրւ նրան՝ Մարֆա Պետրովնայի նկատմամբ անազնիվ վարքի համար, հիշեցնում էր նրան, որ նա հայր է և ընտանիք ունի և վերջապես, նողկալի է նրա մտադրությունը- տանջել ու դժբախտացնել առանց այդ էլ դժբախտ ու անպաշտպան աղջկան։ Մի խոսքով, սիրելի Ռոդյա, այդ նամակը այնպիսի ազնվությամբ ու սրտառուչ էր գրված, որ ես կարդալիս հեկեկում էի, ու մինչև այժմ չեմ կարող կարդալ առանց արտասվելու։ Բացի դրանից, իբրև Դունյայի արդարացում, վերջապես, հայտնի դարձան նաև ծառաների վկայությունները, իսկ նրանք ավելի շատ բան էին տեսել ու ավելի շատ բան գիտեին, քան ենթադրում էր ինքը՝ պ. Սվիդրիգայլովը, ինչպես սովորաբար լինում է։ Մարֆա Պետրովնան բոլորովին ապշած էր և «նորից սպանված», ինչպես նա ինքն էր մեզ խոստովանում, բայց նաև լիովին Դունեչկայի անմեղության մեջ, ու հենց մյուս օրը, կիրակի օրը ժամանելով ուղղակի տաճար, ձնկաչոք և արտասվալից աղերսում էր աստվածամորը, որ իրեն ուժ տա տանելու այդ նոր փորձությունը և կատարելու իր պարտքը։ Այնուհետև, առանց որևէ մեկի մոտ անցնելու, ուղղակի տաճարից եկավ մեզ մոտ, ամեն ինչ մեզ պատմեց, դառն լացեց ու լիովին զղջալով, գրկում ու աղերսում էր Դունյային՝ ներել իրեն։ Նույն առավոտյան, ամենևին չհապաղելով, հենց մեր տանից գնաց քաղաքի մյուս տները ու ամենուրեք գովասանական խոսքեր ասելով Դունյայի մասին, արցունք թափելով, վերականգնեց նրա անմեղությունը և նրա զգացմունքների ու վարքի ազնվությունը։ Դեռ ավելին, բոլորին ցույց էր տալիս ու բարձրաձայն կարդում էր Դունեչկայի նամակը պ. Սվիդրիգայլովին և նույնիսկ թույլ էր տալիս հանել դրա պատճենը (ինձ թրվում է, որ դա ավելորդ էր)։ Այսպիսով, նա ստիպված եղավ մի քանի օր քաղաքում այցելել բոլորին, որովհետև ոմանք նեղանում էին, որ մյուսներին նախապատվություն է տրված, ու այս կերպ հերթեր առաջացան, այնպես որ յուրաքանչյուր տանը արդեն նախօրոք սպասում էին, ու բոլորը գիտեին, որ այս ինչ օրը Մարֆա Պետրովնան այսինչ տանը կարդալու է այդ նամակը, ու յուրաքանչյուր ընթերցմանը դարձյալ հավաքվում էին նույնիսկ այն մարդիկ, որոնք նամակի ընթերցումը արդեն մի քանի անգամ լսել էին իրենց տներում ու հերթով նաև ուրիշների, ծանոթների տներում։ Իմ կարծիքն այն է, որ այստեղ շատ բան, խիստ շատ բան ավելորդ էր, բայց այդպես է Մարֆա Պետրովնայի բնավորությունը։ Գոնե նա միանգամայն վերականգնեց Դունեչկայի պատիվը, և այս գործի ամբողջ գարշելիությունը, իբրև անջնջելի խայտառակություն, ընկավ նրա ամուսնում, որպես գլխավոր հանցավորի վրա, այնպես որ, կարելի է նույնիսկ խղճալ նրան. չափից դուրս խիստ վարվեցին այդ խելացնորի հետ։ Անմիջապես սկսեցին Դունյային հրավիրել դասեր տալու մի քանի տներում, բայց նա հրաժարվեց։ Ընդհանրապես բոլորը հանկարծ սկսեցին մի առանձին հարգանքով վերաբերվել նրան։ Այս ամենը նպաստեց գլխավորապես այն անսպասելի դեպքին, որի շնորհիվ, կարելի է ասել, փոխվում է մեր ամբողջ բախտը։ Իմացիր, սիրելի Ռոդյա, որ մի փեսացու խնդրել է Դունյայի ձեռքը, և նա արդեն իր համաձայնությունն է տվել, որի մասին շտապում եմ շուտ հաղորդել քեզ։ Ու թեև այս բանը առանց քո խորհրդի է արվել, բայց դու հավանորեն չես նեղանա ոչ ինձնից, ոչ էլ քո քրոջից, որովհետև հենց գործից կտեսնես, որ մենք չէինք կարող դա հետաձգել և սպասել մինչև քեզնից պատասխան ստանալը։ Դու ինքդ էլ չէիր կարողանա հեռակա կարգով ամեն ինչ ճշտությամբ կշռադատել։ Բանը այսպես եղավ։ Նա, Պյոտր Պավլովիչ Լուժինը, արդեն արքունի խորհրդական է և հեռավոր ազգականն է Մարֆա Պետրովնայի, որը շատ բաներով աջակցեց այս գործին։ Փեսացուն նրա միջոցով ցանկություն հայտնեց ծանոթանալ մեզ հետ, ինչպես հարկն է ընդունվեց մեզ մոտ, սուրճ խմեց, իսկ մյուս օրը նամակ ուղարկեց, որով շատ քազաքավարի հայտնեց իր առաջարկությունը և խնդրեց շուտափույթ և վճռական պատասխան տալ։ Նա գործունյա և զբաղված մարդ է, հիմա շտապում է մեկնել Պետերբուրգ, այնպես որ յուրաքանչյուր րոպեն թանկ է նրա համար։ Հասկանալի է, որ մենք սկզբում խիստ զարմացած էինք, որովհետև այդ ամենը չափազանց շուտ և անսպասելիորեն կատարվեց։ Այն ամբողջ օրը մենք երկուսով մտածում ու կշռադատում էինք այս ամենը։ Նա հուսալի ու ապահովված մարդ է, երկու տեղ է ծառայում և արդեն սեփական կապիտալ ունի։ Ճիշտ է, նա արդեն քառասունհինգ տարեկան է, բայց բավական հաճելի արտաքին ունի և դեռ կարող է կանանց դուր գալ, և առհասարակ նա միանգամայն պատկառելի ու վայելուչ մարդ է, միայն թե մի քիչ նոթոտ է ու մի քիչ էլ հպարտ։ Բայց դա գուցե թվում է հենց այնպես, առաջին հայացքից։ Նախազգուշացնում եմ քեզ, սիրելի Ռոդյա, երբ Պետերբուրգում տեսնվես նրա հետ, որ շատ շուտով տեղի կունենա, ու երբ առաջին հայացքիղ նրա մեջ մի որևէ անցանկալի բան նկատես, ապա մի դատիր չափից դուրս արագ ու հապճեպ, ինչպես հատուկ է քեզ։ Սա ի միջի այլոց եմ ասում, թեև հավատացած եմ, որ նա քեզ վրա հաճելի սպավորություն կթողնի։ Բացի դրանից, մի որևէ մարդու ճանաչելու համար պետք է աստիճանաբար և զգուշությամբ հետամտել նրան, այդ կերպ խուսափել սխալից ու նախապաշարումից, թե չէ հետո դժվար կլինի դրանք ուղղել և հարթել։ Իսկ Պյոտր Պետրովիչը միանգամայն հարգելի մարդ է, գոնե շատ նշաններ այդ են վկայում։ Հենց առաջին անգամ այցելելով մեզ, նա հայտարարեց, որ ինքը դրական մարդ է, ու ինչպես ինքը արտահայտվեց, շատ բաներով համամիտ է «մեր նորագույն սերունդների համոզմունքներին» և բոլոր նախապաշարմունքների թշնամի է։ Նա էլի շատ բան էր ասում, որովհետև կարծես թե մի քիչ սնափառ է և շատ է սիրում է որ իրեն լսեն, բայց չէ՞ որ դա համարյա արատ չէ։ Ես, իհարկե, քիչ բան հասկացա, բայց Դունյան ինձ բացատրեց, որ նա թեև մեծ կրթություն ունեցող մարդ չէ, բայց խելացի է և կարծես թե բարի է։ Դու հո գիտես քրոջդ բնավորությունը, Ռոդյա։ Նա հաստատակամ, խելոք, համբերատար և մեծահոգի աղջիկ է, թեև դյուրաբորբոք սիրտ ունի, մի բան, որ ես լավ եմ ուսումնասիրել։ Իհարկե, ոչ նրա, ոչ էլ Պյոտր Պետրովիչի կողմից մի առանձին սեր չկա, բայց, բայց Դունյան բացի խելոք աղջիկ լինելուց, միևնույն ժամանակ նաև հրեշտակի պես ազնիվ էակ է և իր պարտքը կհամարի երջանկացնել ամուսնուն, որը իր հերթին կհոգա նրա բախտավորության մասին, իսկ դրա նկատմամբ մենք առայժմ կասկածելու մեծ պատճառներ չունենք, թեև պետք է խոստովանել, որ գործը շուտ կատարվեց։ Այն էլ ասեմ՝ նա խիստ հաշվենկատ մարդ է, և, իհարկե, ինքը կտեսնի, որ իր ամուսնական երջանկությունը այնքան հաստատուն կլինի, որքան Դունյան նրա հետ իրեն երջանիկ կզգա։ Իսկ եթե կան բնավորության ինչ-որ անհարթություններ և նույնիսկ մտքերի որոշ անհամերաշխություն (որը ամենաերջանիկ ամուսնություններում էլ կարող է լինել), ապա այդ մասին Դունեչկան ինքը ինձ ասաց, որ ինքն իր վրա հույս է դնում, որ այստեղ անհանգստանալու բան չկա, և որ ինքը շատ բան կարող է տանել, պայմանով, որ հետագա հարաբերությունները ազնիվ ու արդարացի լինեն։ Օրինակ, Պյոտր Պետրովիչը ինձ էլ սկզբում կարծես թե խստասիրտ թվաց, բայց չէ՞ որ դա կարող է առաջանալ նրա շիտակությունից, դա անպայման այդպես է։ Օրինակ, երկրորդ այցելության ժամանակ, արդեն համաձայնություն ստանալով, նա ասաց, որ առաջ էլ, երբ չէր ճանաչում Դունյային, որոշել էր առնել մաքուր, բայց անօժիտ աղջիկ, ու անպայման այնպիսի աղջիկ, որը աղքատ է ապրել, որովհետև, ինչպես բացատրեց նա, ամուսինը ոչնչով չպիտի պարտական լինի իր կնոջը, այլ շատ ավելի լավ է, եթե կինը ամուսնուն իր բարերարն է համարում։ Ավելացնում եմ, որ նա մի փոքր ավելի մեղմ ու սիրալիր արտահայտվեց, քան ես գրեցի, որովհետև ես մոռացել եմ նրա ասած խոսքերը, այլ միայն միտքն եմ հիշում, և բացի դրանից, նա այդ բնավ չասաց կանխամտածված ձևով, այլ ըստ երևույթին խոսակցության ընթացքում թռցրեց բերանից, այնպես որ հետո աշխատում էր շտկել ու մեղմել իր ասածը, բայց և այնպես դա ինձ մի քիչ խիստ թվաց, ու ես հետո այդ մասին հաղորդեցի Դունյային, բայց Դունյան նույնիսկ սրտնեղելով ինձ պատասխանեց, որ «խոսքը դեռ գործ չէ», և դա, իհարկե, ճշմարիտ է։ Նախքան վճիռ ընդունելը Դունյան ամբողջ գիշերը չքնեց, ու կարծելով, թե ես արդեն քնած եմ, վեր կացավ անկողնուց ու ամբողջ գիշեր սենյակում ետ ու առաջ էր քայլում. վերջապես, ծունկ չոքեց սրբապատկերի առաջ և երկար ու ջերմ աղոթեց, իսկ առավոտյան ինձ ասաց, որ որոշել է համաձայնություն տալ։

Ես արդեն հիշատակեցի, որ Պյոտր Պետրովիչը հիմա մեկնում է Պետերբուրգ։ Նա այնտեղ մեծ գործեր ունի, ուզում է Պետերբուրգում հանրային փաստաբանական գրասենյակ բաց անել։ Նա արդեն վաղուց զբաղվում է այլևայլ հայցերով ու դատերով և հենց մոտ օրերս մի խոշոր դատ շահեց։ Նրան անհրաժեշտ է Պետերբուրգ մեկնել այն պատճառով, որ այնտեղ, սենատում մի խոշոր գործ ունի։ Այսպիսով, սիրելի Ռոդյա, նա քեզ էլ շատ օգտակար կլինի նույնիսկ ամեն ինչով, և ես ու Դունյան արդեն որոշել ենք, որ դու նույնիսկ հենց այժմյանից կարող էիր անմիջապես սկսել քո ապագա կարիերան ու քո վիճակը արդեն պարզ որոշված համարել։ Օ՜, եթե այդ իրագործվե՜ր։ Դա այնպիսի օգուտ կլիներ, որ կհամարվեր ոչ այլ բան, քան մեր նկատմամբ ամենակալի ուղղակի ողորմածությունը։ Դունյան հենց միայն այդ մասին է երազում։ Մենք արդեն ռիսկ արեցինք դրա վերաբերյալ մի քանի խոսք ասել Պյոտր Պետրովիչին։ Նա զգուշությամբ արտահայտվեց և ասաց, թե քանի որ ինքը չի կտրող քարտուղար չունենալ, ուրեմն, իհարկե, ավելի լավ է ռոճիկ վճարել ազգականին, քան օտարին, եթե միայն նա այդ պաշտոնին ընդունակ լինի (այդ էր պակաս, որ դու ընդունակ չլինես)։ Բայց նաև իսկույն կասկած հայտնեց, որ դու զբաղված կլինես քո համալսարանական պարապմունքներով և ժամանակ չես ունենա իր գրասենյակում աշխատելու համար։ Այս անգամ գործը դրանով էլ վերջացավ, բայց Դունյան դրանից բացի, հիմա ուրիշ ոչ մի բանի մասին չի մտածում։ Այժմ նա արդեն մի քանի օր ուղղակի ինչ-որ տենդով է բռնված և կազմել է մի ամբողջ նախագիծ այն մասին, որ հետագայում դու կարող ես լինել Պյոտր Պետրովիչի օգնականը կամ նույնիսկ կոմպանիոնը նրա դատական զբաղմունքներում, մանավանդ որ դու իրավաբանական ֆակուլտետումն ես։ Ես, Ռոդյա, մի անգամայն համաձայն եմ նրա հետ և համամիտ եմ նրա բոլոր պլաններին ու հույսերին, որոնք լիովին հավանական եմ համարում։ Ու չնայած Պյոտր Պետրովիչի միանգամայն հասկանալի այժմյան խուսափողականության (որովհետև նա դեռ քեզ չի ճանաչում), Դունյան հաստատ համոզված է, որ ամեն ինչ կհաջողեցնի ապագա ամուսնու վրա իր բարերար ազդեցությամբ, և նա դրանում հավատացած է։ Դե, իհարկե, մենք Պյոտր Պետրովիչին որևէ բան չասացինք հետագայի վերաբերյալ մեր այս երազանքների մասին և, որ գլխավորն է, այն մասին, որ դու կլինես նրա կոմպանիոնը։ Նա դրական մարդ է, ու թերևս սառն վերաբերվեր, որովհետև այդ ամենը նրան լոկ երազանքներ կթվային, ճիշտ նույնպես ոչ ես, ոչ էլ Դունյան նրան դեռ ոչ մի խոսք չենք ասել, թե մենք լիահույս ենք, որ նա մեզ կօգնի քեզ փողով օժանդակելու, քանի դեռ դու համալսարանումն ես. չենք ասել, որովհետև դա նախ՝ ինքնին կլինի հետագայում, և նա հավանորեն առանց ավելորդ խոսքերի ինքը կառաջարկի այդ օգնությունը (այդ էր պակաս, որ նա այդ բանը մերժեր Դունյային), մանավանդ որ դու ինքդ էլ կարող ես գրասենյակում դառնալ նրա աջ ձեռքը և նրա այդ օգնությունը ստանալ ոչ թե իբրև բարեգործություն, այլ իբրև քո վաստակած ռոճիկը։ Դունեչկան այսպես է ուզում կազմակերպել գործը, ու ես միանգամամայն եմ նրա հետ։ Երկրորդ, չենք ասել, որովհետև ես առանձնապես ուզում էի առաջիկա մեր հանդիպման ժամանակ քեզ և նրան հավասար վիճակում տեսնել։ Երբ Դունյան քո մասին հիացմունքով էր խոսում նրա հետ, Պյոտր Պետրովիչը պատասխանեց, որ յուրաքանչյուր մարդու մասին դատելու համար պետք է անձամբ և մոտիկից դիտել նրան, և որ ինքը քո մասին կարծիք կկազմի այն ժամանակ, երբ կծանոթանա քեզ հետ։ Գիտե՞ս ինչ, իմ անգին Ռոդյա, ինձ թվում է, որ մի քանի նկատառումներով (որոնք, սակայն, ամենևին չեն վերաբերվում Պյոտր Պետրովիչին, այլ հենց այնպես, իմ անձնական, նույնիսկ պառավական, կնոջական քմահաճույքներն են) թերես ավելի լավ կլինի, եթե նրանց ամուսնությունից հետո ես ապրեմ ոչ թե նրանց հետ, միասին, այլ առանձին, ինչպես որ հիմա ապրում եմ։ Ես միանգամայն հավատացած եմ, որ նա այնքան ազնիվ ու քաղաքավարի կլինի, որ ինքը կհրավիրի ինձ և կառաջարկի այլևս չբաժանվել իմ աղջկանից, ու եթե մինչև այժմ այդ չի ասել, ապա, իհարկե, այն պատճառով, որ առանց խոսքերի էլ այդպես է ենթադրվում, բայց ես կհրաժարվեմ։ Ես կյանքում հաճախ նկատել եմ, որ զոքանչները այնքան էլ փեսաների սրտովը չեն լինում, իսկ ես ոչ միայն չեմ ուզում թեկուզ որևէ մեկին նույնիսկ ամենաչնչին բեռ լինել, այլև ուզում եմ ինքս լիովին ազատ լինել՝ քանի դեռ ունեմ թեկուզ մի կտոր հաց և այնպիսի զավակներ, ինչպիսին դու և Դունեչկան։ Եթե հնարավոր լինի, կբնակվեմ ձեզ երկուսիդ մոտիկ, որովհետև, Ռոդյա, ամենահաճելի բանի մասին ես նամակիս վերջում եմ գրելու, իմացիր, սիրելիդ իմ, որ գուցե շատ շուտով մենք բոլորս լինենք միասին, ու երեքս էլ գրկվենք համարյա երեք տարվա անջատումից հետո։ Արդեն հաստատ որոշված է, որ ես ու Դունյան մեկնում ենք Պետերբուրգ, թե երբ, չգիտեմ, բայց համենայն դեպս շատ, շատ շուտ, գուցե նույնիսկ մեկ շաբաթից հետո։ Ամեն ինչ կախված է Պյոտր Պետրովիչի կարգադրություններից։ Հենց որ նա Պետերբուրգում ընտելանա շրջապատին, անմիջապես մեզ իմաց կտա։ Որոշ նկատառումներով նա ուզում է որքան կարելի է շտապեցնել ամուսնության արարողությունը, ու եթե հնարավոր լինի, հարսանիքը անել հենց այժմյան ուտիսին, իսկ եթե չհաջողվի ու ժամանակ չլինի, ապա աստվածածնա պասից անմիջապես հետո։ Օ՜, ինչպիսի երջանկությամբ ես քեզ կսեղմեմ սրտիս։ Քեզ հետ տեսնվելու բերկրանքը չափազանց հուզում է Դունյային, և նա մի անգամ կատակով ասաց, որ հենց միայն դրա համար ինքը կամուսնանար Պյոտր Պետրովիչի հետ։ Նա հրեշտակ է, նա այս նամակում քեզ ոչինչ չի գրում, այլ միայն պատվիրեց ինձ գրել, որ ինքը պետք է քեզ հետ այնքան շատ խոսի, այնքան շատ, որ հիմա չի էլ կարողանում գրիչ վերցնել, որովհետև մի քանի տող գրելուց բան չի դուրս գա, այլ միայն հուզմունք կզգաս. ասաց, որ քեզ պինդ գրկեմ և անթիվ համբույրներ հաղորդեմ, բայց չնայելով, որ մենք գուցե շատ շուտով անձամբ կհանդիպենք, ես այնուամենայնիվ մոտ օրերս քեզ փող կուղարկեմ, ինչքան որ կարող եմ։ Հիմա, երբ բոլորը իմացել են, որ Դունեչկան ամուսնանում է Պյոտր Պետրովիչի հետ, իմ վարկն էլ հանկարծ բարձրացավ, ու ես հավատացած եմ, որ Աֆանասի Իվանովիչը հիմա թոշակիս հաշվին ինձ կտա նույնիսկ մինչև յոթանասունհինգ ռուբլի, այնպես որ ես քեզ կուղարկեմ գուցե քսանհինգ կամ նույնիսկ երեսուն ռուբլի։ Ավելի շատ կուղարկեի, բայց վախենում եմ, որ մնացածը ճանապարհին չբավականանա։ Ու թեև Պյոտր Պետրովիչը այնքան բարի եղավ, որ իր վրա վերցրեց մայրաքաղաք գնալու մեր ծախսերի մի մասը, այն է՝ հանձն առավ իր հաշվով տեղ հասցնել մեր իրերը, նաև մեծ սնդուկը (իր ծանոթների միջոցով թե ինչ), բայց և այնպես մենք պետք է հաշվի առնենք Պետերբուրգ ժամանելու ծախսերը, ուր չի կարելի առանց փողի մնալ, գոնե առաջին օրերին։ Սակայն ես ու Դունյան ամեն ինչ ճշտությամբ հաշվեցինք ու դուրս եկավ, որ ճանապարհը քիչ փող կնստի։ Մեր բնակավայրից մինչև երկաթուղին ընդամենը միայն իննսուն վերստ է, ու մենք արդեն համենայն դեպս պայմանավորվել ենք մի մուժիկ-կառապանի հետ. այնուհետև ես ու Դունյան երրորդ կարգի վագոնով հաջողությամբ տեղ կհասնենք։ Այնպես որ, հավանորեն ես կկարողանամ քեզ ուղարկել ոչ թե քսանհինգ, այլ երեսուն ռուբլի։ Էհ, բավական է, երկու թերթ արդեն գրված է, էլ տեղ չի մնում. սա մեր ամբողջ պատմությունն է, ու որքա՜ն շատ բաների մասին գրեցի։ Իսկ այժմ, իմ անգին Ռոդյա, գրկում եմ քեզ մինչև մեր մոտալուտ տեսակցությունը, ու օրհնում եմ քեզ իմ մայրական օրհնությամբ։ Սիրիր Դունյային, քո քրոջը, Ռոդյա, սիրիր այնպես, ինչպես նա քեզ է սիրում, ու գիտցիր, որ նա քեզ անսահմանորեն, իրենից ավելի շատ է սիրում։ Նա հրեշտակ է, իսկ դու, Ռոդյա, մեր ամեն ինչն ես, մեր ամբողջ հույսը և ամբողջ ապավենը։ Դու որ երջանիկ լինես, մենք էլ երջանիկ կլինենք։ Արդյոք դու, Ռոդյա, առաջվա պես աղոթո՞ւմ ես աստծուն ու հավատո՞ւմ ես արարչի ու մեր փրկչի ողորմածությանը։ Սրտումս վախ կա, թհ չլինի՞ դու էլ ես տարվել նորագույն մոդայական անհավատությամբ։ Եթե այդպես է, ապա ես աղոթում եմ քեզ համար։ Հիշիր, սիրելիս, թե ինչպես մանկությանդ օրերում, քո հոր կենդանության ժամանակ աղոթքներ էիր թոթովում իմ գրկում, ու ինչպես այն ժամանակ մենք բոլորս երջանիկ էինք։ Բարով մնաս, կամ ավելի լավ է՝ ցտեսություն: Պինդ, պինդ գրկում եմ քեզ ու անթիվ համբույրներ հղում։

Մինչև գերեզման քո

Պույլխերիա Ռասկոլնիկովա»:

Համարյա ամբողջ ժամանակվա ընթացքում, երբ կարդում էր Ռասկոլնիկովը, նամակի հենց սկզբից նրա դեմքը թրջված էր արցունքներով, բայց երբ վերջացրեց, դեմքը գունատ էր, ջղաձգությունից ծռմռված, ու ծանր, մաղձոտ, ցասումնալից Ժպիտը գալարվում էր շուրթերի վրա։ Նա գլուխը դրեց իր բարակ ու քրքրված բարձին ու մտածում էր, երկար մտածում։ Ուժգին բաբախում էր սիրտը, և ուժգնորեն ալեկոծվում էին նրա մտքերը։ Վերջապես, նրան հեղձուցիչ ու նեղ թվաց այդ դեղին խցիկը, որը պահարանի կամ սնդուկի էր նման։ Հայացքն ու միտքը լայնարձակություն էին տենչում։ Նա վերցրեց գլխարկը ու դուրս եկավ՝ այս անգամ արդեն չվախենալով սանդուղքի վրա որևէ մեկին հանդիպելուց, նա այդ մոռացավ։ Վ... պողոտայով նա քայլեց դեպի Վասիլևսկի կղզին, կարծես գործի էր շտապում, բայց ըստ իր սովորության, գնում էր ճանապարհը չնկատելով, քթի տակ շշնջալով, նույնիսկ լսելի ձայնով խոսում էր ինքն իր հետ, որով խիստ զարմացնում էր անցորդներին։ Շատերը նրան հարբածի տեղ էին դնում։