«Հնարամիտ Հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի»–ի խմբագրումների տարբերություն
(→Գլուխ XII) |
(→Գլուխ XIII) |
||
Տող 1343. | Տող 1343. | ||
Եվ որովհետև բոլոր ներկա եղողները կամենում էին լսել, նրանք խմբվեցին նրա շուրջը, և նա պարզ ձայնով սկսեց այսպես։ | Եվ որովհետև բոլոր ներկա եղողները կամենում էին լսել, նրանք խմբվեցին նրա շուրջը, և նա պարզ ձայնով սկսեց այսպես։ | ||
+ | |||
+ | |||
+ | ==Գլուխ XIV== | ||
+ | |||
+ | Որտեղ բերված են հուսահատ հովվի ոտանավորները և, այլ անսպասելի եղելություններ | ||
+ | |||
+ | |||
+ | Խրիզոստոմոյի երգը | ||
+ | |||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Անգո՛ւթ, եթե կամենամ ես հիրավի, | ||
+ | Որ տոհմից֊տոհմ, երկրից֊երկիր, ամենուր | ||
+ | Բերնե֊բերան քո համբավը տարածվի, | ||
+ | Ազդարարվի դաժանությունդ անլուր, | ||
+ | Լա՛վ իմացիր, այնպե՜ս, այնպես ես կանեմ, | ||
+ | Որ դժո՛խքն իսկ ուժ կտա ինձ և ավյուն, | ||
+ | Կներարկի վերքերիս մեջ մաղձ ու թույն, | ||
+ | Եվ ես քեզ հետ ուրի՜շ լեզվով կխոսեմ։ | ||
+ | Ես կպատմեմ, կազդարարեմ աշխարհին | ||
+ | Վշտիս մասին ու վարմունքի քո դաժան, | ||
+ | Եվ ձայնիս մեջ կթրթռան տենդագին | ||
+ | Բեկորները իմ տանջահար էութայն։ | ||
+ | Դու կլսես ոչ թե ձայներ ներդաշնակ, | ||
+ | Այլ ճիչ հոգու՝ խռովահույզ, մոլեգին, | ||
+ | Որը բանտված սիրատոչոր կրծքիս տակ, | ||
+ | Պիտի պոռթկա ու փոթորկի քո հոգին։ | ||
+ | |||
+ | |||
+ | Մռնչյունը նետահարված առյուծի, | ||
+ | Ձիգ ոռնոցը չար, սովատանջ գայլամոր, | ||
+ | Վրիժավառ, ցասկոտ ֆշշոցը օձի, | ||
+ | Հրեշների խոլ քրքիջը ահավոր, | ||
+ | Չարագուշակ կռնչյունը ագռավի, | ||
+ | Շառաչյունը մրրիկների ալեհույզ, | ||
+ | Որ գեհեն են դարձնում ընդերքը ծովի, | ||
+ | Եվ մահամերձ եզան բառաչը անհույս, | ||
+ | Հեզ աղավնու մնչյունն անո՜ւշ, սրտագե՜ղ, | ||
+ | Բուի ողբը միալար ու հոգեմաշ, | ||
+ | Տարտարոսի դժնի ժխորը ահեղ | ||
+ | Եվ անսփոփ հառաչանքն իմ աղեխարշ ― | ||
+ | Թող այս բոլորն ի մի ձուլվեն ու պոռթկան, | ||
+ | Ցնցե՛ն, այրե՛ն, լսողի սիրտն ու հոգին․․․ | ||
+ | Ավա՜ղ, չունեմ ուրիշ միջոց մոգական | ||
+ | Ցույց տալու իմ տվայտանքը աշխարհին։ | ||
+ | |||
+ | |||
+ | Բայց չեն լսի հառաչանքս ողբաձայն | ||
+ | Ոչ ավազներն իմ հայրենի Տագոյի, | ||
+ | Ո՛չ Բեթիսի ձիթենիները բուրյան։ | ||
+ | Վես լեռներում, ժեռոտ գրկում վիհերի, | ||
+ | Թավուտներում, հովիտներում ծաղկազարդ, | ||
+ | Ուր չի դրել մարդն իր ոտքը տակավին, | ||
+ | Ու վայրերում արևազուրկ ու անհայտ, | ||
+ | Ճողփյունի տակ զեռունների նեղոսյան, | ||
+ | Որ լիբիացու շնորհներով են սնվում, ― | ||
+ | Հառաչանքս կծավալվի ողբաձայն | ||
+ | Ու կմեռնի արձագանքի պես տրտում․․․ | ||
+ | Բայց թող անդորը անապատում ամայի | ||
+ | Տառապանքիս ձայնը հնչի այսուհետ, | ||
+ | Ողջ աշխարհին անգթությունդ պատմի, | ||
+ | Ճակատագիրն իմ դաժան ու չարաղետ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Քամահրանքը կեղեքում է իմ հոգին, | ||
+ | Սպառվում է համբերությունս արդեն, | ||
+ | Կասկածներս արդյոք զո՞ւր են, թե՞ տեղին, | ||
+ | Տոչորում է սիրտս խանդը հրեղեն։ | ||
+ | Բաժանումից ի՞նչ կա ծանր առավել, | ||
+ | Երբ լքումն է սիրող սրտին սպառնում․․․ | ||
+ | Հույսն ինչքան էլ փորձի սիրտն այդ սփոփել, | ||
+ | Զուր է, այնտեղ մահվան գիշեր է իջնում։ | ||
+ | Մինչդեռ ես կամ հրաշքով մի անմեկին, | ||
+ | Ճաշակում եմ թույնը խանդի ու լքման, | ||
+ | Եվ գիտեմ, որ ընդմիշտ մերժված է հոգիս։ | ||
+ | Մորմոքում եմ և չունեմ ելք փրկության։ | ||
+ | Տանջվում եմ ես տիվ ու գիշեր | ||
+ | Եվ խզում եմ իմ հույսի թելը վերջին, | ||
+ | Որ անդունդը տանջանքներիս անհամար | ||
+ | Էլ ավելի խորանա ու խավարի։ | ||
+ | |||
+ | |||
+ | Մի՞թե, մի՞թե հնարավոր է կյանքում | ||
+ | Միաժամանակ և՛ երկնչել, և՛ հուսալ, | ||
+ | Երբ հույսն աղոտ և խորն են ահ ու անկում․․․ | ||
+ | Կարո՞ղ եմ ես ուսիս խանդի լուծն զգալ, | ||
+ | Սակայն լռել ցավիս մասին հոգետանջ։ | ||
+ | Ո՞վ, ո՞վ արդյոք երկմտության, հեգնանքի | ||
+ | Սև դռները բաց չի անի քո առաջ, | ||
+ | Երբ հայտնի է, որ տանջված ես դառնագին | ||
+ | Եվ ծաղրված, արհամարհված վատաբար, | ||
+ | Երբ ճշմարիտն արդեն թվում է կեղծիք․․․ | ||
+ | Ո՛վ խանդ, սիրո տառապանքի՛ տիրամայր, | ||
+ | Շղթայի՛ր ինձ, դիր ձեռքերիս կապանքներ․․․ | ||
+ | Բայց կամովքի՞ տանջանքներով անհամար | ||
+ | Սիրող սիրտս, որ խոցված է կարեվեր։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ես կմեռնեմ ու որպեսզի չխմեմ | ||
+ | Դառը թույնը կյանքի հույսի ու մահվան, | ||
+ | Աշխարհով մեկ ես անդադար կգոչեմ․ | ||
+ | Ճշմարիտը սիրող սրտե՛րն են միայն։ | ||
+ | Այն հոգին է միայն ազատ լուսնի տակ, | ||
+ | Որ տրվում է խոնարհաբար Ամուրին։ | ||
+ | Ես կգոչեմ, որ մաքուր են, անապակ | ||
+ | Իմ սիրածի և՛ մարմինը և՛ հոգին։ | ||
+ | Իսկ որ հեգնում, քամահրում է ինձ այսպես, | ||
+ | Դրա համար հանցավոր եմ միայն ես, | ||
+ | Ես կգոչեմ, որ Ամուրը աշխարհին | ||
+ | Տանջանքի հետ շնորհում է և բարին։ | ||
+ | Այս մտքի հետ վզիս՝ օղակը մահվան, | ||
+ | Ես քարշ կտամ ճակատագիրս տրտում, | ||
+ | Եվ կքայլեմ դեպի մթին գերեզման, | ||
+ | Ուր մղում են ինձ ահա վերք ու մերժում։ | ||
+ | Ես հողմերին կտամ հոգի ու մարմին, | ||
+ | Ու բաժին չի մնա ինձնից էլ փառքին։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ո՛վ դու, որի վարմունքն անխիղճ, անարդար | ||
+ | Ապացույցն է իմ անսփոփ տանջանքի, | ||
+ | Երբ իմանաս իմ վերքերից անհամար | ||
+ | Որ բորբ սիրտս հեզ ստրուկն է թովչանքիդ, | ||
+ | Ու լազուրը պայծառ, անվիշտ աչքերիդ | ||
+ | Թե մռայլվի, մթնի հանկարծ իմ մահով, | ||
+ | Օ՛, մի՛ ցողիր արտասուքի ոչ մի շիթ, | ||
+ | Թող չտխրի հպարտ հոգիդ սիրաթով։ | ||
+ | Չեմ ուզում, որ նշխարներս հողեղեն | ||
+ | Ծանր զղջման արցունքներդ հեղեղեն։ | ||
+ | Ոչ, ծիծաղի՛ր, երբ լսես բոթն իմ մահվան, | ||
+ | Ինչո՞ւ իզուր քեզ տանջի վիշտը ունայն, | ||
+ | Բայց աղերսն իմ, գիտեմ, շատ է միամիտ, | ||
+ | Քանզի մահն իմ կուրախացնի լոկ հոգիդ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Ժամն է արդեն, ո՞ւր է, թող գա, հայտնվի | ||
+ | Տանտալն անհագ՝ Տարտարոսից իր խավար, | ||
+ | Անագորյուն Սիզիֆը թող հայտնվի, | ||
+ | Ժսյռեր բերի ու դարձնի շիրմաքար։ | ||
+ | Իկսիոնը թող գա կառքով սրընթաց, | ||
+ | Տիցիոսը՝ ուրուրի հետ իր սիրած, | ||
+ | Եվ Դանայան քույրերն՝ իրենց տակառով | ||
+ | Թող գան, թող գան խայտաճամուկ թափորով, | ||
+ | Եվ ամենքն էլ թող տանջանքներ տան հերթով, | ||
+ | Ու անպատանք մարմնիս վրա թող կարդան | ||
+ | Տխուր ախոթքն հրաժեշտի մեղմաձայն։ | ||
+ | Թող ձայնակցեն Տարտարոսից խորախոր | ||
+ | Եռագլուխ դռնապանը դժոխքի, | ||
+ | Հրեշները, քիմեոները ահավոր․․․ | ||
+ | |||
+ | |||
+ | Ահա՛ միակ մեծարումը մերժվածի։ | ||
+ | Ո՛վ ճիչ հոգու, այսքան վհատ մի հնչիր, | ||
+ | Ինձ թաղելիս սքողի՛ր վիշտն իմ անծիր, | ||
+ | Զի նա, որ քեզ ցավեր տվեց անպատում, | ||
+ | Քո մահվան մեջ իր մեծարումն է տեսնում։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Բոլոր ունկնդիրներին շատ դուր եկավ Խրիզոստոմոյի երգը, բայց Վիվալդոն կարդալուց հետո նկատեց, որ նա չի համապատսխանում Մարսելայի համեստության և առաքինության մասին շրջող լուրերին, քանի որ իր ոտանավորում գանգատվում է խանդից, կասկածներից և անջատումից, իսկ այս ամենն արատավորում է Մարսելայի բարի անունը։ Ամբրոսիոն, որ լավ գիտեր իր բարեկամի ամենածպտյալ մտքերը, պատասխանեց դրան․ | ||
+ | |||
+ | ― Ձեր կասկածները ցրելու համար, սինյոր, ես պետք է ձեզ ասեմ, որ իմ դժբախտ բարեկամը այդ երգը հորինել է Մարսելայից հեռու եղած պահին և բաժանվել է նրանից իր բարի կամքով, որպեսզի տեսնի՝ չի՞ անի նրա վրա անջատումը իր սովորական ազդեցությունը, իսկ որովհետև սիրահարին անջատման միջոցին ամեն ինչ անտանելի և կասկածելի է թվում, Խրիզոստամոյին էլ հերյուրած խանդ ու երկչոտ կասկածներ էին կեղեքում, այնպես, ինչպես եթե նրանք ունենային հիմք։ Իսկ այն, ինչ լուրերն են ասում Մարսելայի առաքինությունների մասին, մնում է որպես ճշմարտություն։ Ճիշտ է, նա խստասիրտ է, քիչ գոռոզ է և սաստիկ արհամարհող, գալով մնացյալին, ինքը նախանձը չի կարող նրա մեջ և ոչ մի պակասություն գտնել։ | ||
+ | |||
+ | ― Այո՛, դա ճիշտ է, ― պատասխանեց Վիվալդոն։ | ||
+ | |||
+ | Եվ նա մտադիր էր կրակից փրկած ձեռագրերից մեկն էլ կարդալ, սակայն նրան խանգարեց հրաշալի մի տեսիլ (այդպես էր թվում), որ հանկարծակի երևաց նրանց առջև՝ ժայռի կատարին, որի ստորոտում գերեզման էին փորում, երևաց հովվուհի Մարսելան, ― և այնքան չքնաղ էր նա, որ նրա գեղեցկությունը գերազանցում էր այն ամենը, որ նրա մասին ասում էին։ Նրանք, ովքեր նրան առաջ չէին տեսել, լուռ ու սքանչացումով նայում էին նրան, ասենք՝ նրանք էլ, ովքեր սովոր էին նրան հանդիպելու, նրան երբեք չտեսածներից պակաս չէին ապշած։ Սակայն Ամբրոսիոն նրան տեսավ թե չէ, ցասկոտ շեշտով ասաց․ | ||
+ | |||
+ | ― Օ՜, ամեհի վասիլիսկ այս լեռների, նրա՞ համար ես եկել, որ տեսնես, թե քո մոտենալուց կթափվի, թե չէ արյունը այն դժբախտի վերքերից,<ref>Ակնարկում է այն ժողովրդական հավատալիքը, ըստ որի սպանվածի վերքերը բացվում են, երբ սպանողը մոտենում է։</ref> որին զրկել է կյանքից քո խստասրտությունը։ Կամ, գուցե, դու ուզում ես պարծենալ քո դաժան բնավորության արածով, կամ թե չէ անսիրտ Ներոնի նման դու մտադիր ես բարձրունքից վայելել այրվող Հռոմի տեսքը և հանդգնորեն տրորել ոտով այս դժբախտ դին, ինչպես Տարկվինիոսի խստասիրտ դուստրը ոտնակոխ արեց իր հորը։<ref>Այդ քայլը, որ ըստ ավանդության կատարել է հռոմեական Սերվիուս Սուլլիուս թագավորի աղջիկը, Սերվանտեսի ժամանակներում սխալմամբ վերագրվել է Տարկվինիոս թագավորի աղջկան։</ref> Դե՛, շուտ ասա, ինչո՞ւ ես եկել և ի՞նչն է քո սրտին ավելի մոտ, որովհետև, իմանալով, որ քանի Խրիզոստոմոն կենդանի էր, նրա բոլոր մտորումները միշտ հնազանդ են եղել քեզ․ ես կաշխատեմ, որ նրա մահից հետո էլ քեզ հնազանդեն բոլոր նրանք, ովքեր իրենց կոչել են նրա բարեկամը։ | ||
+ | |||
+ | ― Քո թված պատճառներից և ոչ մեկը, օ՜ Ամբրոսիո, չի մղել ինձ այստեղ գալու, ― պատասխանեց Մարսելան։ ― Ո՛չ, ես եկել եմ պաշտպանվելու և ապացուցելու, թե որքան անարդարացի են նրանք, ովքեր Խրիզոստոմոյի տառապանքի և վախճանի համար ինձ են մեղադրում։ Ուստի խնդրում եմ բոլոր ներկա եղողներից ուշադրությամբ լսելու ինձ, որովհետև խելացի մարդկանց ճշմարտությունը համոզելու համար կարիք չկա շատ ժամանակ և խոսք շռայլելու։ | ||
+ | |||
+ | ― Երկինքն ինձ ստեղծել է, ինչպես դուք ասում եք, չքնաղ և իմ գեղեցկությունն այնպես է, որ դուք ի վիճակի չեք նրան դիմադրելու, բայց միևնույն ժամանակ դուք ցանկանում ու պահանջում եք, որ, ի վարձատրություն ձեր սիրո, ե՛ս էլ պարտավոր լինեմ ձեզ սիրելու։ Բնական իմաստով, որ պարգևել է ինձ տերը, ես գիտեմ, որ ամեն գեղեցկություն ներշնչում է սեր, բայց ես չեմ հասկանում, թե ի՞նչ պատճառով գեղեցկությունը, որին սիրում են, պարտավոր է սիրելու նրան, ով իրեն սիրում է, միմիայն նրա համար, որ ինքը սիրված է։ Չէ՞որ կարող է պատահել, որ գեղեցկություն սիրողը ինքը տգեղ լինի և քանի որ ամեն տգեղ բան զզվելի է, ապա անմիտ բան կլիներ ասել․ «Ես քեզ սիրում եմ, որովհետև դու չքնաղ ես։ Դե՛, սիրիր ինձ, թեև ես տգեղ եմ»։ Սակայն ենթադրենք, թե սիրողը նույնքան գեղեցիկ է՝ դրանից չի բխում, որ երկուսի ցանկությունն էլ պիտի իրար նման լինեն։ Որովհետև ամեն տեսակ գեղեցկություն սեր չի ներշնչում, երբեմն նա ուրախացնում է հայացքը, բայց չի նվաճում սիրտը։ Եթե ամեն գեղեցկություն սեր ներշնչելու լիներ և նվաճելու լիներ սրտերը, ապա մեր ցանկությունները անկարգ ու աղոտ մոլորվելիս կլինեին, առանց գիտենալու, թե ինչի՛ վրա կանգ առնեն, ― որովհետև ինչպես անթիվ֊անհամար գեղեցիկ էակներ կան, այնպես էլ մեր ցանկությունները անթիվ կլինեին։ Իսկ ես լսել եմ, որ ճշմարիտ սերն անբաժան է, որ նա պետք է ազատ լինի և ոչ թե հարկադրված։ Բայց քանի որ այդպես է , ― ես հաստատ համոզված եմ, ― ապա ինչպե՞ս եք դուք պահանջում, որ ես զոռով իմ սիրտը տամ միմիայն այն պատճառով, որ դուք հայտարարում եք, թե սիրում եք ինձ։ Իրավ, ասացեք ինձ, եթե երկինքը, որ ինձ գեղեցիկ է ստեղծել, ստեղծած լիներ տգեղ, արդարացի կլինեի ես՝ գանգատվելով, որ դուք ինձ չեք սիրում։ Միտք արեք նաև այն մասին, որ իմ գեղեցկությունը ես չե՛մ ընտրել։ Ինչ տեսակ էլ նա լինի, երկինքն է այն պարգևել ինձ, մի բան, որ ես ոչ խնդրել եմ, ոչ ընտրել։ Եվ ինչպես օձին չի կարելի մեղադրել, որ նա թունավոր է, որովհետև թույնը, որով նա սպանում է, ինքը բնությունն է նրան տվել, այնպես էլ ես արժանի չեմ մեղադրանքի՝ գեղեցիկ լինելու համար։ Չէ՞որ ազնիվ կնոջ գեղեցկությունը հեռավոր բոցի կամ սուր թրի նման՝ նա չի այրում և չի վիրավորում, քանի նրան չեն մոտենում։ Պատիվն ու առաքինությունները հոգու զարդերն են, առանց որոնց մարմինն էլ, անգամ գեղեցիկը, չպետք է գեղեցիկ համարվի։ Իսկ եթե մաքրությունը հոգին ու մարմինը ազնվացնող և պճնող առաքինություններից մեկն է, ինչո՞ւ ապա կինը, որին սիրում են նրա գեղեցկության համար, պարտավոր է կորցնել իր մաքրությունը, որպեսզի նրա ցանկությունները կատարած լինի, ով որ միմիայն իր սեփական հաճույքի համար բոլոր ուժով ու միջոցներով ձգտում է, որ նա կորցնի։ | ||
+ | |||
+ | Ես ազատ եմ ծնվել և ազատ ապրելու համար ընտրել եմ այս դաշտերի միայնությունը, այս լեռների ծառերը իմ խոսակիցներն են, այս վտակների վճիտ ջուրը՝ իմ հայելիները։ Ծառ ու ջրին ես մասնակից եմ անում իմ մտքերին և իմ գեղեցկությանը։ Ես հեռավոր հուր եմ, ես հեռակա թուր եմ։ Ոմանց ես վառում եմ իմ տեսքով, ոմանց սառցնում եմ իմ խոսքերով։ Ցանկությունները սնվում են հույսերով և որովհետև ես ո՛չ Խրիզոստոմոյին, և ո՛չ որևէ ուրիշին և ո՛չ մի հույս չեմ ներշնչել, ապա արդարացի կլիներ ասել, որ նրան իր սեփական համառությունն է սպանել և ոչ թե իմ խստասրտությունը։ Իսկ եթե դուք ինձ մեղադրում եք նրանում, թե Խրիզոստոմոն ամենաազնիվ դիտավորություններ է ունեցել և թե ես պարտավոր եմ եղել պատասխանելու նրան փոխադարձությամբ, ապա ես դրա դեմ կասեմ՝ երբ որ այն իսկ տեղում, որտեղ դուք հիմա գերեզման եք փորում, նա բաց արեց ինձ իր ազնիվ դիտավորությունները, ես նրան պատասխանեցի, որ մտադիր եմ մշտական մենության մեջ ապրելու և որ միայն հողը կվայելի իմ ողջխոհության պտուղը և իմ գեղեցկության ավարները։ Իսկ եթե նա, չնայած իմ բոլոր համոզումներին, կամեցավ համառել հակառակ հույսի և լողալ ընդդեմ քամու կարելի՞ է ապա զարմանալ, որ նա խեղդվեց իր իսկ ցնորամտության ծովում։ Եթե ես նրան հույս տալու լինեի, ես ստախոս կլինեի։ Եթե ես բավարարեի, ես իմ լավագույն մտադրությունների և վճիռների դեմ գնացած կլինեի։ Սակայն չնայած իմ բոլոր համոզումներին՝ նա համառում էր և, առանց իմ կողմից ատված լինելու, հուսահատության մեջ ընկավ։ Դե, մտածեցեք հիմա, խելացի՞ կլինի արդյոք նրա ցավի համար ինձ մեղադրելը։ Թող գանգատվի խաբվածը, թող հուսահատվի նա, ում դավաճանել են ներշնչված հույսերը, թող հուսա նա, ում որ ես կանչում եմ, թող հպարտանա նա, ում որ ես թույլ եմ տալիս մերձենալ ինձ, բայց թող ինձ խստասիրտ մարդասպան չկոչեն նրանք, ում որ ես ոչինչ չեմ խոստացել, ում որ չեմ խաբել, չեմ կանչել, չեմ մերձեցրել ինձ։ | ||
+ | |||
+ | Մինչև օրս երկնքին հաճելի չի եղել, որ բախտն ստիպեր ինձ սիրելու։ Եվ չմտածեք անգամ, որ ես երբևիցե իմ սեփական ընտրությամբ կսիրեմ։ Թող այս նախազգուշացումը դաս դառնա բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են յուրաքանչյուրն իր համար ստանալ իմ շնորհները և այսուհետև թող բոլորին հայտնի լինի, որ եթե մեկն ու մեկը մեռնելու լինի իմ պատճառով, ապա նա ո՛չ վշտից, ո՛չ էլ խանդից կմեռնի։ Որովհետև նա, ով ոչ ոքի չի սիրում, ոչ ոքի մեջ խանդ արթնացնել չի կարող, իսկ խլել հույսը՝ չի նշանակում արհամարհել։ Ով որ ինձ գազան ու վասիլիսկ է անվանում, թող լքի ինձ, որպես վնասակար և չար արարածի, ով որ անզգա է համարում, թող ինձ չծառայի, ով որ անշնորհակալ՝ թող հետս ծանոթություն չպահպանի, ով որ խստասիրտ՝ թող չհետևի ինձ։ Որովհետև գազանը, վասիլիսկը, անզգան, անշնորհակալը և խստասիրտը երբեք չի որոնի նրանց, ծառայի նրանց, ծանոթություն անի նրանց հետ, հալածի նրանց։ Խրիզոստոմոյին սպանեցին անհամբերությունն ու բոցավառ կիրքը․ ի՞նչ կարիք կա ուրեմն մեղադրելու իմ զսպվածությունն ու համեստությունը։ Եթե ես ծառերի հասարակության մեջ պահպանում եմ իմ մաքրությունը, ապա ինչո՞ւ եք դուք կամենում, որ ես կորցնեմ այն մարդկանց հասարակության մեջ։ Դուք գիտեք, որ ես սեփական հարստություն ունեմ և ուրիշինն ինձ պետք չէ։ Ես ազատ եմ և իմ մեջ ստրկանալու ցանկություն չկա։ Ես ոչ ոքի չեմ սիրում և չեմ ատում, չեմ հրապուրում մեկին, ծաղր ու ծանակ չեմ անում մյուսին, սիրալիրություն չեմ ցույց տալիս երրորդին։ Ես գոհանում եմ համեստ զրույցով այս գյուղերի հովվուհիների հետ և այծիկների հոգսերով։ Իմ ցանկություններն այս լեռների սահմաններից այն կողմ չեն անցնում, իսկ եթե անցնում էլ են, ապա միայն հայելու գեղանի երկինքը, այն ուղին, որով հոգին ձգտում է իր սկզբնական ապաստարանը։ | ||
+ | |||
+ | Այս խոսքերից հետո, առանց պատասխանի սպասելու, Մարսելան շուռ եկավ և չքացավ անտառի թավուտում, որ ծածկել էր մերձագույն սարը, իսկ բոլոր ներկա եղողները ապշած էին մնացել ինչպես նրա խելքից, այնպես էլ գեղեցկությունից։ Մի քանիսը (որոնց նրա չքնաղ աչքերի ճառագայթների հզոր նետը խոցեց) արդեն պատրաստ էին հետևելու նրան, չանսալով պարզ նախազգուշացումին, որ նոր էին լսել։ Նկատելով այդ, դոն Կիխոտը վճռեց, որ իրեն լավ առիթ է ներկայանում կատարելու իր ասպետական պարտականությունը, որ հրամայում է օգնության հասնել հալածական աղջիկներին, ուստի ձեռքը դնելով իր թրի երախին, նա բարձր ու պարզ ձայնով հայտարարեց․ | ||
+ | |||
+ | ― Ոչ ոք չհանդգնի ինչ դասի ու դիրքի տեր էլ լինի նա, հետապնդելու չքնաղ Մարսելային, եթե չի ուզում իմ կատաղի ցասմանը ենթարկվել։ Նա պարզ ու համոզիչ խոսքերով ապացուցեց, որ գրեթե, կամ, ավելի ճիշտ՝ բնավ մեղավոր չէ Խրիզոստոմոյի մահվան մեջ և ամենևին տրամադիր չէ իր երկրպագուներից որևէ մեկի աղերսանքին անսալու։ Այս պատճառով բոլոր բարի մարդիկ չպիտի ձգտեն նրա հետևից ընկնելու և հետապնդելու նրան, այլ պատվեն ու հարգեն, քանի որ պարզ է, որ աշխարհիս երեսին այսքան մաքուր մտադրություններով ուրիշ էակ չկա։ | ||
+ | |||
+ | Դոն Կիխոտի սպառնալիքի ազդեցության ներքո, թե այն պատճառով, որ Ամբրոսիոն խնդրեց հովիվներից մինչև վերջ կատարելու իրենց պարտականությունը բարի բարեկամի հանդեպ, միայն թե նրանցից և ոչ մեկը տեղից չշարժվեց և չհեռացավ, մինչև որ գերեզմանը փորեցին, այրեցին Խրիզոստոմոյի թզթերը և դառն արցունքներով նրա դիակը դրին հողի մեջ։ Գերեզմանի վրա ժամանակավորապես մեծ քար դրին, մինչև որ պատրաստ կլինի գերեզմանաքարը (որ Ամբրոսիոն, ինչպես ինքը հաղորդեց, մտադիր էր պատվիրելու) հետևյալ տապանագրով՝ | ||
+ | |||
+ | |||
+ | <poem> | ||
+ | Սիրահարն է այստեղ հանգչում, | ||
+ | Հովիվ տղան վաղամեռ, | ||
+ | Նա դեգերեց սերը սրտում, | ||
+ | Շիրիմ իջավ սիրամերժ։ | ||
+ | |||
+ | |||
+ | Անգութ սե՜րը խոցեց նրան, | ||
+ | Որով Ամուրը անհագ, | ||
+ | Ավա՜ղ, տեր է միահեծան | ||
+ | Տիեզերքում բովանդակ։ | ||
+ | </poem> | ||
+ | |||
+ | |||
+ | Ապա գերեզմանի վրա բազմաթիվ ծաղիկներ ու ճյուղեր թափելով և հանգուցյալի բարեկամ Ամբրոսիոյին ցավակցություն հայտնելով հովիվները ցրվեցին։ Վիվալդոն իր ուղեկիցների հետ ճամփա ընկնելու վրա էր, և դոն Կիխոտը հրաժեշտ տվեց իրեն ապաստանող հովիվներին և ճամփորդներին։ Վերջիններն առաջարկեցին նրան իրենց հետ Սևիլիա գնալ, ասելով, որ արկածախնդրի համար դա չափազանց հարմարավոր տեղ է, թե արկածներ ամեն անկյունում, ամեն նրբափողոցում պատահում են ավելի հաճախ, քան ուրևիցե։ Դոն Կիխոտը շնորհակալություն հայտնեց նրանց խորհուրդի և իրեն ծառայություն անելու պատրաստակամությաան համար, բայց հայտարարեց, որ չի կարող և չպետք է Սևիլիա գա, մինչև որ չազատի այս լեռները գող֊ավազակներից, որոնք, ըստ լուրերի, վխտում են այստեղ։ Համոզվելով, որ նրա բարի մտադրությունն անհողդողդ է, ճամբորդները հնարավոր չհամարեցին պնդելու և մեկ էլ հրաժեշտ տալով նրան, գնացին իրենց ճամփով, որի ընթացքում նրանք կարող էին կուշտ զրուցել Մարսելայի և Խրիզոստոմոյի պատմության շուրջը, ինչպես և դոն Կիխոտի խելագարությունից։ Իսկ մեր ասպետը որոշեց գնա Մարսելային որոնելու, որպեսզի առաջարկի նրան իր ծառայությունը։ Սակայն նրա մտադրություններին վիճակված չէր իրականանալու, ինչպես զրուցում է շարունակությունը այս ճշմարտապատում պատմության, որի երկրորդ մասը ավարտվում է այստեղ։ | ||
13:22, 9 Ապրիլի 2015-ի տարբերակ
հեղինակ՝ Միգել դե Սաավեդրա Սերվանտես |
Խիբրաելոնի մարկիզ, Բենալկասարի և Բանյարեսի կոմս Ալկոսերա քաղաքի վիկոնտ, Կապիլիա, Կուրիել և Բուրգիլիոս գյուղերի տեր
Հերցոգ դե Բեխարին
Գիտենալով, որ ձերդ պայծառափայլությունը բարեհաճ և հարգալից ընդունելություն է ցույց տալիս ամեն տեսակ գրքերի, ինչպես այդ պատշաճ է իշխանին, որն այնքան տրամադիր է քաջալերելու գեղեցիկ արվեստները, հատկապես այնպիսին նրանցից, որոնք իրենց ազնվությամբ չեն ստորանում մինչև ամբոխին շահադիտորեն ծառայելու աստիճանը, ես որոշեցի ձերդ պայծառափայլության փառապանծ պաշտպանությամբ լույս ընծայել «Հնարամիտ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցի» գիրքը և ձեր մեծությանը արժանի ամենայն հարգանքով խնդրում եմ ողորմածաբար ընդունել այն ձեր հովանավորության տակ, որպեսզի, թեև նա զուրկ է նրբագեղության և բարեկրթության այն թանկագին զարդարանքներից, որոնցով սովորաբար պարուրվում են գիտուն մարդկանց տներում դրված հեղինակությունները, այնուամենայնիվ ձեր անվան հովանու տակ նա համարձակվի վստահությամբ հանդես գալ այն մարդկանց դատաստանի առջև, որոնք անցնելով սեփական տգիտության սահմանները, սովոր են ուրիշի աշխատանքները դատապարտել ավելի շատ խիստ, քան արդարացի․ ձերդ պայծառափայլության իմաստուն աչքից չեն վրիպի իմ բարի դիտավորությունները, և ես հույս եմ տածում, որ դուք չեք արհամարհի իմ հլու նվիրվածության այդ չնչին նշանը։
Միգել դե Սերվանտես Սաավեդրա
Բովանդակություն
Նախաբան
Պարապ ընթերցող, դու առանց երդումների կկարողանաս հավատալ ինձ, թե ինչպես եմ ուզում, որ այս գիրքը՝ իմ բանականության զավակը,[1] լինի ամենասքանչելին, նրբագեղը և խելացին այն բոլոր գրքերից, ինչպիսիք կարելի է պատկերացնել։ Բայց ես չէի կարող խախտել բնության օրենքը, ըստ որի ամեն արարած ծնում է իր նմանին։ Ուստի և, ուրիշ ի՞նչ կարող էր ծնել իմ անպտուղ և անմշակ խելքը, եթե ոչ մի պատմվածք՝ նիհար, չորացած, տարօրինակ և դեռ երբեք ոչ ոքի գլխով չանցած զանազան մտքերով լի մի հերոսի մասին։ Քանի որ մի՞թե կարող է ուրիշ տեսակ լինել բանտում ծնված էակը, ուր ամենայն կեղեքում ապաստան է գտնում և ուր իրեն հանգրվան է ընտրել վշտի ամեն մի հնչյուն։ Լռությունը, խաղաղ վայրը, պայծառ երկինքը, առուների խոխոջը, հոգու անդորությունը՝ ահա ինչն է օգնում ամենաանպտուղ մուսաներին դառնալ արգասավոր և լույս աշխարհ բերել այնպիսի սերունդ, որը աշխարհը լցնում է հիացմունքով ու զարմանքով։ Պատահում է, որ հայրն ունենում է այլանդակ և անճոռնի որդի, բայց հայրական սերը կապում է նրա աչքերը, և նա ոչ միայն չի նկատում որդու թերությունները, դեռ ավելին, համարում է դրանք խելքի ու նրբագեղության նշան և դրանց մասին պատմում է իր բարեկամներին որպես սրամտության ու նրբության դրսևորման մասին։ Իսկ ես միայն թվում եմ դոն Կիխոտի հայրը, բայց իրականում նրա խորթ հայրն եմ, և չեմ ուզում լողալ ուրիշների ետևից հոսանքի ուղղությամբ և նրանց պես աղերսել քեզ, թանկագին ընթերցող, համարյա արցունքն աչքերիս, որպեսզի ներես որդուս թերությունները, կամ այնպես ձևացնես, թե չես նկատում դրանք․ չէ՞ որ դու նրան ո՛չ ազգականես, ո՛չ բարեկամ, մարմնիդ մեջ քո ազատ կամքը ավելի վատ չէ, քան մեզանից որևէ մեկինը, դու նստած ես քո տանը, իսկ տանդ դու նույնպիսի տեր ես, ինչպես թագավորն իր գանձարանում, և դու գիտես, թե ինչ է ասում առածը․ «Իմ թիկնոցի տակ ես թագավորին էլ կսպանեմ»։ Այդ բոլորը քեզ փրկում ու ազատում է ամեն տեսակ աչառությունից ու պարտավորություններից, և այս պատմության մասին դու կարող ես ասել այն ամենը, ինչ մտքովդ անցնի, չվախենալով, որ քեզ կդատապարտեն, եթե վատ արտահայտվես դրա մասին, կամ կպարգևատրեն, եթե գովաբաես։
Ես միայն կուզենայի այդ պատմությունը քո ուշադրությանն առաջարկել մաքուր ու մերկ ձևով, առանց պճնազարդելու ոչ նախաբանով, ոչ սովորական սոնետների, էպիզոդների ու ներբողական խոսքերի անվերջանալի շղթայով, որ ընդունված է զետեղել գրքի սկզբում։ Որովհետև պետք է ասեմ քեզ, որ շատ ջանք եմ դրել այս գիրքը գրելիս, բայց ինձ համար ամենադժվարը այս առաջաբանը գրելն էր, որն այժմ կարդում ես։ Շատ անգամ եմ գրիչը ձեռքս առել գրելու համար և նետել, որովհետև չեմ իմացել, թե ինչ գրեմ, և ահա մի անգամ, երբ մի թերթ թուղթ առաջիս, գրիչը ականջիս ետև, արմունկս սեղանին դրած և ձեռքս այտիս հենած, անվճռական վիճակում նստած էի, պատահաբար ինձ մոտ եկավ իմ բարեկամը, սրամիտ ու խոհեմ մի մարդ և, տեսնելով, որ ես մտորմունքի մեջ եմ, հարցրեց, թե ինչումն է բանը։ Ես բացատրեցի նրան և ասացի, որ խորհում եմ Դոն Կիխոտի պատմության նախաբանը, և դա ինձ այնպես է դժվարացնում, որ չեմ ուզում գրել այդ, դեռ ավելին, չեմ ուզում լույս ընծայել այնքան ազնիվ ասպետի սխրագործությունների պատմությունը։
― Բայց ինչպե՞ս եք ուզում դուք, որ ինձ չվարանեցնի ժողովուրդ կոչվող հին օրենսգրի դատավճիռը, երբ նա տեսնի, որ այնքա՜ն տարիներ մոռացման անդորրի մեջ քնելուց հետո հանկարծ նորից հանդես եմ գալիս տարիքիս բեռան տակ կքած, և նրան մատուցում եմ մի երկ փետրախոտի պես չոր, երևակայությամբ աղքատ, ոճից զուրկ, սակավամիտ, հեռու ամենայն գիտությունից ու հմտությունից, առանց լուսանցագրությունների և գրքի վերջում առանց ծանոթագրությունների, երբ ես գիտեմ, որ հիմա բոլոր գրքերը, նույնիսկ պատմողական և աշխարհիկ, լեփ֊լեցուն են Արիստոտելի, Պլատոնի և փիլիսոփաների ողջ ոհմակի ասույթներով, որի շնորհիվ հիացած ընթերցողները այդ գրքերի հեղինակներին համարում են կարդացած, կրթված և պերճախոս մարդիկ։ Այդ դեռ քիչ է, նրանք մեջբերումներ են անում նաև սուրբ Գրքի՜ց։ Իրավ, նրանց կարելի է սուրբ Թովմասի կամ եկեղեցու մյուս ուսուցիչների տեղը դնել, և ընդմին նրանք այնպես նրբորեն են պահպանում պատշաճավորությունը, որ մի էջի վրա պատկերելով որևէ անառակ սիրեկանի, մյուս էջի վրա անմիջապես հրամցնում են ձեզ քրիստոնեական մի խրատ, որը լսելն ու կարդալը մի սփոփանք և ուրախություն է։ Այդ ամենը չկան իմ գրքում, որովհետև ոչինչ չկա լուսանցագրելու, ոչինչ չկա վերջում՝ ծանոթագրություններում զետեղելու, և ես նույնիսկ չգիտեմ էլ, թե որ հեղինակներին եմ հետևել իմ պատմվածքի մեջ, այնպես որ ի վիճակի չեմ գրքիս սկզբում, ըստ ընդունված սովորության, բերել անվանացուցակ այբբենական կարգով, սկսած Արիստոտելից և վերջացրած Քսենոֆոնտով, Զոիլով և Զևքսիսով,[2] առանց ուշադրություն դարձնելու այն բանին, որ նրանցից մեկը չարախոս շաղակրատի մեկն է, իսկ մյուսը՝ նկարիչ։ Նմանապես իմ գրքի սկզբում չեն լինի սոնետներ, համենայն դեպս սոնետներ՝ գրված հերցոգների, մարկիզների, կոմսերի, եպիսկոպոսների, տիկնանց կամ ամենանշանավոր պոետների կողմից։ Ճիշտ է, եթե ես խնդրեի իմ երկու֊երեք արհեստավոր֊բարեկամներիս, նրանք իհարկե կգրեին սոնետներ և ընդ որում այնպիսիները, որ նրանց հետ չէին մրցի Իսպանիայի ամենաանվանի պոետների բանաստեղծությունները։ Մի խոսքով, սինյոր և բարեկամս, ― շարունակեցի ես, ― ես որոշել եմ, որ սինյոր Դոն Կիխոտը թաղված մնա լամանչյան արխիվներում այնքան ժամանակ, մինչև երկինքը չուղարկի այն հեղինակին, որը կլրացնի նրան պակասող բոլոր պաճուճանքը, իսկ ես տաղանդի նվազության և կրթության պակասության պատճառով ինձ անընդունակ եմ համարում այդ բանն անելու․ բացի այդ, ես բնությունից անբան և ծույլ մարդ եմ և հակամետ չեմ հեղինակներ որոնել ու խնդրել նրանց, որ ասեն այն, ինչ որ ինքս հրաշալիորեն կարող եմ ասել առանց նրանց օգնության էլ։ Ահա թե ինչու դուք ինձ գտաք վարանման և խորը մտածմունքի մեջ․ այն ամենը, ինչ որ ձեզ հենց նոր պատմեցի, բավարար պատճառ են դրա համար։
Ունկնդրելով ինձ, բարեկամս ձեռքը խփեց իր ճակատին և, բարձրաձայն ծիծաղելով, ասաց․
― Աստվա՛ծ վկա, եղբայր, նոր միայն ցրվեց այն մոլորությունը, որի մեջ գտնվում էի մեր երկարատև ծանոթության ընթացքում։ Ես միշտ ձեր բոլոր արարքներում համարում էի ձեզ խելոք ու խահական մարդ։ Բայց այժմ տեսնում եմ, որ դրանից հեռու եք, ինչպես երկինքը երկրից։ Հնարավո՞ր է միթե, որ այդքան աննշան և հեշտ ուղղելի հանգամանքները ի վիճակի լինեին վարանեցնել և փակուղու առաջ դնել ձեր հասուն միտքը, որն ընդունակ է պարտել և հաղթահարել որքա՜ն ավելի մեծ դժվարություններ։ Ազնի՛վ խոսք, դրա պատճառը ոչ թե կարողության պակասությունն է, այլ ծուլության ու մտքի ալարկոտության ավելցուկը։ Ուզո՞ւմ եք, ձեզ ապացուցեմ, որ ճշմարիտ եմ ասում։ Այդ դեպքում լսեք ինձ ուշադիր և կտեսնեք, որ մեկ ակնթարթում ես կոչնչացնեմ ձեր բոլոր դժվարությունները և կավելացնեմ բոլոր խոչընդոտները, որոնք, իսկապես դուք պնդում եք, վարանեցնում են ձեզ և զրկում համարձակությունից՝ լույս ընծայելու ձեր հռչակավոր դոն Կիխոտի՝ ողջ թափառական ասպետության այդ ջահի և հայելու պատմությունը։
― Դե պատմեցեք, ― պատասխանեցի ես, լսելով նրա խոսքերը, ― ի՞նչ ձևով եք պատրաստվում լցնել իմ սարսափի անդունդը և պարզել վարանումիս քաոսը։
Դրան ի պատասխան, նա արտասանեց․
― Ամենից առաջ ձեզ կանգնեցնում է այն, որ ձեր գրքի սկզբի համար պակասում են բարձրաստիճան և տիտղոսավոր անձանց կողմից գրված սոնետներ, էպիզոդներ և ներբողական խոսքե՞ր։ Այդ չարիքին դուք հեշտությամբ կարող եք օգնել, հանձն առնելով դրանք անձամբ գրելու դժվարությունը, իսկ հետո կմկրտեք դրանք և կպարգևեք ինչպիսի անուններ ուզենաք, վերագրելով դրանք թեկուզ Հովաննես Հնդկացի երեցին,[3] կամ Տրապիզոնի կայսեր, որոնց մասին ես գիտեմ, պահպանվել են հիշատակություններ այն մասին, որ նրանք եղել են նշանավոր բանաստեղծներ․ իսկ եթե նրանք բանաստեղծներ չեն եղել և կգտնվի որևէ պեդանտ կամ բակալավր, որ կսկսի խոցել ձեզ ետևից ու ֆշշացնել, որ դա ճիշտ չէ, ապա այդ բոլորին մի կոտրած գրոշ էլ միք տա, չէ՞որ եթե նույնիսկ ձեզ բռնեն էլ ստախոսության մեջ, միևնույն է, չեն կտրի այն ձեռքը, որ գրել է դա։
Ինչ վերաբերում է լուսանցքներում գրքերից ու հեղինակներից կատարած մեջբերումներին, որոնցից փոխ եք առել խրատներն ու ասացվածները ձեր պատմվածքի համար, ապա ահա թե ինչ արեք․ հարմար տեղերում դրեք որևէ խրատ կամ առած, որոնք անգիր գիտեք, կամ գոնե առանց մեծ դժվարության կարող եք որոնել֊գտնել․ այսպես օրինակ, խոսելով ազատության և ստրկության մասին, մեջ բերեք․
Non bene pro toto libertas venditur auro,[4] և հենց տեղն ու տեղը լուսանցքում նշեցեք, որ դա Հորացիոսի, կամ որևէ մեկ ուրիշի խոսքերն են։ Խոսելով մահվան հզորության մասին, առանց հապավելու խազեցեք․
Pollida mors aequo pulsat pede pauperum tabernas,
Regumque turres.[5]
Եթե խոսք բացվի այն մասին, թե տերը մեզ հրամայել է սեր և բարեկամություն տածել դեպի մեր թշնամիները, անմիջապես ձեռք զարկեք Աստվածաշնչին, և այստեղ դուք կարող եք ոչ առանց փայլի մեջ բերել ոչ ավել, ոչ պակաս, քան հենց իր՝ տեր Աստծո խոսքերը․ Ego autem dico vobis: diligite inimicos vestros.[6] Եթե խոսելու լինեք վատ խորհրդածությունների մասին, մտաբերեք ավետարանը․ De corde exeunt cogitationes malae.[7] Եթե բարեկամների անհավատարմության մասին՝ ձեր ձեռքի տակ է Կատոնն իր երկտողով․
Donec eris felix, multos numerabis amicos,
Tempora si fuerint nubila, solus eris.[8]
Շնորհիվ այսպիսի և նման մեջբերումների դուք մեծ լատինագետի անուն կվաստակեք, իսկ մեր օրերում այդ կոչումը և՛ պատվավոր է, և՛ չափազանց շահավետ։
Ինչ վերաբերում է գրքի վերջում զետեղվելիք ծանոթագրություններին, ապա ամենայն հանգստությամբ կարող եք այսպես անել․ եթե ձեր պատմվածքի մեջ խոսվում է որևէ հսկայի մասին, ապա նրան Գողիաթ անվանեցեք, ― դա ձեզ ոչինչ չի արժենա, իսկ մինչեռ ձեզ համար արդեն պատրաստ է հետևյալ կարգի մի ծանրակշիռ ծանոթագրություն․ Հսկա Գողիասը կամ Գողիաթը փղշտացի էր, որին հովիվ Դավիթը խոցեց պարսատիկից արձակած քարով Թերեբինյան հովտում, ինչպես այդ մասին պատմվում է Թագավորությանց Գրքում (և նշեք գլուխը, գտնելով այն)։
Այնուհետև, որպեսզի ձեզ ցույց տաք աշխարհիկ գիտությունների գիտակ մարդ և մեծ տիեզերագետ, ջանացեք, որ ձեր պատմվածքում հիշատակվի Տախո գետը ― և ահա ևս մի հրաշալի ծանոթագրություն․ Տախո գետն իր հորջորջումն ստացել է Իսպանիայի թագավորներից մեկի անունից, նա իր սկիզբն առնում է այսինչ տեղում և հանգչում է ծով օվկիանոսում, համբուրելով փառապանծ Լիսաբոն քաղաքի պատերը․ ենթադրում են, որ նրանում կա ոսկու ավազ, և այլն։ Եթե առիթ ունենաք գողեր նկարագրելու, ես ձեզ կհաղորդեմ Կակի[9] պատմություը, որն անգիր գիտեմ, եթե անառակ կանանց՝ եպիսկոպոս Մոնդոնյեդցին[10] ձեզ կտրամադրի իր Լամիաներին, Լարիսաներին և Ֆլորաներին և նրան վկայակոչելը ձեզ կարժանացնի ընդհանուրի հարգանքին։ Եթե պատահի, որ խոսեք դաժան կանանց մասին՝ Օվիդիոսը ձեզ կառաջարկի իր Մեդեային․ եթե կախարդուհիների և վհկուհիների մասին՝ Հոմերոսը ձեզ կցուցի Կալիպսոյին, իսկ Վերգիլիոսը՝ Ցիրցեային․ եթե խիզախ զորավարների մասին՝ Հուլիոս Կեսարը ձեզ կառաջարկի ինքն իրեն իր Նոթերում, իսկ Պլուտարքոսը կտա ձեզ մի հզոր Ալեքսանդր։ Սիրո մասին խոսեք․ տոսկանական լեզվի հատիկաչափ գիտելիք ունենալով կգտնեք Լևոն Հրեային,[11] որը կդատարկի ձեզ համար մի լիքը չափ։ Իսկ եթե ձեզ հաճելի չէ շրջագայել օտար երկրներում, ապա ձեր տանն էլ կճարվի Ֆոնսեկայի երկը Աստվածային սիրո մասին,[12] որում ամփոփված է այն ամենը, ինչ կարող է գրված լինել այդ մասին․ ո՛չ դուք, ո՛չ ամենանուրբ գիտակը չի ցանկանա ավելին։ Եվ այսպես, աշխատեցեք միայն ձեր պատմվածքի մեջ հիշատակել այդ անուններն ու շոշափել իմ թված երկերը, իսկ դիտողություններ և ծանոթագրություններ կազմելը ես վերցնում եմ ինձ վրա և երդվում եմ ձեզ, կլցնեմ ձեր գրքի բոլոր լուսանցքները և առնվազը չորս թերթ կգրեմ նրա վերջում։
Այժմ անցնենք զանազան հեղինակների ցուցակին, որ բերվում է ուրիշ գրքերում և պակասում է ձերին։ Սրա միջոցը շատ հասարակ է․ ձեզ միայն հարկավոր է գտնել մի գիրք, որտեղ թված լինեն բոլոր հեղինակները А֊ից մինչև Z,[13] ինչպես արտահայտվում եք դուք, և այդ այբբենական ցանկը կզետեղեք ձեր գրքում․ և թեկուզ պարզից պարզ լինի խաբեությունը, ոչ մի դժբախտություն չի պատահի, որովհետև դուք ոչ մի կարիք չունեք փոխառություն անելու այդ հեղինակներից, իսկ գուցե և գտնվեն այնպիսի պարզամիտներ, որոնք կհավատան, թե ձեր անկեղծ և անխարդախ պատմվածքի մեջ այդ բոլոր երկերն օգտագործել եք։ Եվ եթե նույնիսկ հեղինակների երկար ցուցակը ձեզ ուրիշ բանի պետք չգա, համենայն դեպս նա միանգամից ձեր գրքին կտա նշանակալիություն, ― առավել ևս, որ ոչ ոք չի ստուգի, թե հետևե՞լ եք արդյոք այդ հեղինակներին, թե չեք հետևել, քանի որ դա ոչ ոքի հոգը չէ։ Բայց կասեմ ավելին․ եթե ես ճիշտ եմ հասկանում, ձեր պատմվածքն ամենևին կարիք չունի պաճուճանքի, որը, ձեր ասելով պակասում է նրան, որովհետև դա մերկացումն է ասպետական վեպերի, որոնց մասին երբեք չի հիշատակել Արիստոտելը, ոչինչ չի ասել սուրբ Բարսեղը, և ոչ մի պատկերացում չուներ Ցիցերոնը։ Նրա մտացածին անհեթեթությունները ոչ մի ընդհանուր բան չունեին ճշմարտության ստույգ պահանջների և աստղագիտության դիտողությունների հետ․ երկրաչափական չափումները նույնքան քիչ էական են նրա համար, որքան և փաստարկների ժխտումը, որոնցից օգտվում են ճարտասանները․ նա գործ չունի քարոզ կարդալու, խառնելով մարդկային գործերը աստվածային գործերի հետ, ― իսկ այդպիսի խառնումից պետք է զգուշանա ամեն մի խելացի քրիստոնյա։ Միակ բանը, որից պետք է օգտվեք ձեր երկում, դա նմանողությունն է, որովհետև որքան կատարյալ լինի նմանողությունը, այնքան ավելի լավ կլինի պատմվածքը։ Եվ քանի որ ձեր երկն ուղղված է սոսկ այն բանին, որպեսզի ոչնչացվի այն ազդեցությունն ու նշանակությունը, որ ունեն ասպետական վեպերը չլուսավորված ժողովուրդի մեջ, ապա կարիք չունեք աղերսելու փիլիսոփաներից ասացվածներ, սուրբ գրքից՝ խրատներ, պոետներից՝ հեքիաթներ, ճարտասաններից՝ ճառեր և սրբերից՝ հրաշքներ․ աշխատեցեք միայն, որ ձեր խոսքերը լինեն հասկանալի, արտահայտիչ, պատշաճ, լավ տեղադրված, և որպեսզի ձեր խոսքը հոսի կարկաչուն և գեղակառույց հաջորդականությամբ, թող ամենուրեք, ուր դա մատչելի ու հնարավոր է, դրսևորվի ձեր դիտավորությունը․ ձեր մտքերը շարադրեցեք հասկանալի, առանց շփոթելու և մթագնելու դրանք․ հոգ տարեք նաև այն մասին, որ ձեր պատմվածքն ընթերցելիս մելամաղձոտը ծիծաղի, զվարճասերն ավելի զվարթանա, պարզամիտը չձանձրանա, խելոքը հիանա ձեր հնարամտությամբ, որպեսզի լուրջ մարդը չարհամարհի այն, իսկ ողջամիտը չմերժի իր գովեստը։ Մի խոսքով, աչքից բաց մի թողեք ձեր նպատակը՝ քանդել այն երերուն հսկա շենքը ասպետական երկերի, որոնք շատերն ատում, բայց ավելի շատ մարդիկ էլ գովերգում են․ և եթե հասնեք դրան, դուք արդեն շատ բանի հասած կլինեք։
Խորին լրջությամբ ես ունկնդրեցի բարեկամիս ասածը և հիշողությանս մեջ այնպես տպավորվեցին նրա խոսքերը, որ առանց առարկելու ընդունեցի նրանց իրավացիությունը և որոշեցի նրանցից կազմել իմ նախաբանը։ Կարդալով այն, սիրելի ընթերցող, դու կտեսնես, թե որքան խելացի է իմ բարեկամը, և ինչպես բախտս բանեց, որ դժվար րոպեիս գտա մի այդպիսի խորհրդատու․ իսկ բացի այդ, դու թեթևություն կզգաս, տեսնելով, որ նշանավոր դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը քեզ առաջարկում եմ առանց գունազարդման և երկարաբանությունների, իսկ Մոնտյելի[14] շրջակայքի բոլոր բնակիչները մինչև այժմ էլ ասում են, որ այդպիսի ողջախոհ սիրահար և խիզախ ասպետ վաղուց ի վեր չի եղել իրենց կողմերում։ Ես չեմ ուզում չափազանցնել իմ ծառայությունները, ծանոթացնելով քեզ մի այդպիսի աչքի ընկնող ու հարգելի ասպետի հետ։ Բայց կուզենայի, որ շնորհակալություն հայտնեիր ինձ նրա հռչակավոր զինակրի՝ Սանչո Պանսայի հետ ծանոթացնելուս համար, որովհետև, ես կարծում եմ, որ միայն նրա մեջ կենտրոնացած են զինակիրների բոլոր արժանիքները, որոնց նկարագրությունը ցրված է տխմար ասպետական վեպերի անկարգ կույտի մեջ։ Եվ սրանով Աստված քեզ ողջություն տա, ինձ էլ չմոռանա։ Vօle:[15]
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Վերաբերվող գրքի մասին
Ուրգանդա անորսալին[16]
Գի՛րք իմ, եթե որոշել ես,
Ճամփա ընկնել դու նրանց մոտ,
Այնտեղ հիմարը չի ասի,
Որ մատներդ ծուռ ես դնում,
Եթե մեկը կստիպի քեզ
Հանձնվել ձեռքն հիմարների՝
Ապա նրանք իսկույն ևեթ
Կտանեն քեզ դեպի երկինք,
Մինչ այդ կարժեն եղունգները
Ու ցույց տան ողջ գիտանքն իրենց։
Փորձը սակայն ցույց է տալիս
Բարի ծառի տակ կանգնողը
Կվայելի բարի ստվեր․
Իսկ Բեհարում դու կբանաս
Ծառի արմատն արքայական,
Որի վրա արքայազներ,
Հերցոգներ են փթթում, ծաղկում ―
Համազոր մեծն Ակեքսանդրին։
Կանգնի՛ր նրա ստվերի տակ
Եղիր քաջանց հովանավոր։
Ազնվական քաջասրտին՝
Արկածները կպատմես դու,
Որ հանց ունայն ընթերցումը՝
Կշշեմցնի գանգը նրա։ ―
Ասպետները, տուրնիրները,
Տիկնայք, ― նրան այն աստիճան
Գերեցին, որ, սիրով վառված,
Որպես կատաղի Օռլանդոն՝
Նա ձեռք բերեց հզոր բազկով
Տոբոսացի Դուլսինեին։
Նշմարելի սեպագրով
Մի՛ տպագրիր խստորեն հաստ,
Ում մոտ միայն ֆիգուրներ կան,
Մաքուր ճարպով է մնում լոկ․
Ներածության մեջ ով հեզ է՝
Մարդիկ նրան չեն ասի թե
«Ի՜նչ Ալվարո դե Լունա[17] է,
Ի՜նչ Հաննիբալ է գտնվել,
Կամ ապաբախտ Ֆրանցիսկ արքա,
Որ գանգատվում է իր բախտից։[18]
Իսկ եթե երկնին հաճելի չէ,
Որ խորամանկ լինես հանց հին
Խուան Լատինոն[19] արաբը,
Լատիներենն արդ թո՛ղ հանգիստ․
Բարակ տեղն է շուտ կտրվում․
Նետիր անտիկ ցիտատները,
Այլ կերպ ցույց տուր ատամներդ․
Կռահողը՝ կը կռահի․
Մոտենալով քո ականջին
Կասի որ «դու ա՞չք ես կապում»։
Գրություններըդ դիր մի կողմ,
Մի՛ խառնվիր այլոց կյանքին․
Գիտցիր, ինչ որ շարժվում է՝
Կողքից անցիր դու անտարբեր․
Ընդունված է՝ խփել գլխին
Նրա ― ով որ երգիծում է․
Լավ է աչքերը փակես քո,
Որ հասնես մի բարի անվան․
Որովհետև ով ստում է՝
Դատապարտված է հավիտյան։
Հիշիր, որ խիստ անհեթեթ է ―
Թե ապակյա կտուրից մինն
Ուզի ձեռքով քարեր առնել
Հարևանին հարված տալու․
Մարդըս ― խելքով է ծանր ու մեծ
Երկերի մեջ իր հորինած․
Ուստի հարկ է քայլել զգույշ,
Իսկ նա, ով թուղթ է մրում՝
Ի հաճույս կին խոհարարած,
Ստանում է աղբի փրփուր։
Ամադիս Գաղղիացին[20]
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Դո՛ւ, որին բախտը նշել է խավար,
Քո նպատակից հեռու արգելված․
Դո՛ւ ապրում էիր խեղճ ու մերժված
Բոլոր խնդությանց շիրիմին ավար։
Օ՛, դո՛ւ, ում հոսուն երակն անսպառ
Խմացնում է լոք արտասուք ու լաց
Տարամերժ՝ բոլոր հմայքից անցած՝
Սնվել է հողը ― հողից անդադար։
Ապրիր համոզված, որ դարեր հետո
Կամ մինչ այդ, վերը, չորրորդ երկնքում
Ձիերն է քշում Ֆեբը ոսկեգեղմ։
Պիտի հռչակվես, մա՛րդ, դու ամեն տեղ,
Վիճակն առաջին՝ հայրենիքին քո
Դու ամենից մեծ այս լուսնի ներքո։
Դոն, Բելյանիս Հունաստանցին[21]
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Խփում էր, խորտակում ու գնում անկանգ,
Ինչպես ոչ մի պատերազմող տիեզերքում․
Ես եղա գոռ, եղա հմուտ ու համարձակ,
Ես ցրեցի ես խավարներ ահեղագույն։
Ես ցանեցի սխրությանց սերմը դարերում,
Եղա խոնարհ, հավատարիմ մի երկրպագ․
Հսկայի մեջ թվաց թզուկը ինձ տափակ,
Կռվի մեջ ես պատիվն էի լոկ գուրգուրում,
Դժբախտությունս գնում էր բախտը դեպի․
Լալով գալիս էր մազափունջս վերցըրած․
Իմ դեմ ճերմակ անդուր ճաղատը դիպվածի։
Բարձր էր բախտըս․ բարձր՝ լուսնի եղջյույրը քանց,
Բարձըր և իմ հաջողությունը նորանոր․
Նախանձում եմ քեզ, դոն Կիխոտըդ դու հզոր։
Սենյորա Օրիանան[22]
Դուլսինեա Տոբոսցուն
Սոնետ
Դուլսինե՛ա, թե հանուն ձեր հանգստյան
Կարենայի Միրաֆլորեսն[23] իմ չքնաղ
Փոխարինել Տոբոսոյով քո խաղաղ,
Իսկ Լոնդոնը՝ պարզ անդորրով գեղջկական,
Եթե հանկարծ ես քո հոգո՜վ օժտվեի
Եվ քո մարմնով նրբանազ ու անաղարտ
Ու տեսնեի հիդալգոյին այն կախարդ,
Որ տարված էր կռիվներով ամեհի,
Թե պատիվս Ամադիսից փրկեի
Ինչպես որ դու դոն Կիխոտից փրկեցիր,
Որի սրտում լրբության բիծ էլ չկա,
Այնժամ նախանձն իմ հոգում բույն չէր դնի,
Արցունքի տեղ կսիրեի խինդն անծիր,
Որն ինձ այցի առանց փողի կգար։[24]
Գանդալինը՝ Ամադիս Գաղղիացու զինակիրը
Սանչո Պանսային՝ դոն Կիխոտի զինակրին
Սոնետ
Ողջո՜ւյն, ողջո՜ւյն, ա՛յր փառապանծ, քեզ որին
Բախտը եղավ զորավիգ ու հովանի,
Տվեց կոչում ընտրյալներին արժանի,
Եվ դու դարձար մշտայցելուն բոլորի։
Ապացուցվեց, որ մանգաղը, մուրճն ու թին
Չեն վնասում վեհ արվեստին։
Ապավինած ազնիվ ուժին պարզության,
Դիմակազերծ կանեմ գոռոզ հարստին։
Ընտի՜ր անուն, բարեբարո՜, հե՜զ իշուկ,
Ընտի՜ր պարկեր, որ դու լցրիր լիուլի,
Կանխազգալով փորձություններն ահալի․․․
Ողջո՜ւյն կրկին, Սա՛նչո, ո՜վ այր փառաշուք,
Մեր Օվիդիոսն իսպանացի քեզ է լոկ
Իր հարգանքը բուսկորոնով[25] մատուցում։
Դոնոսոն՝[26] խելացնոր ոճի բանաստեղծը,
Սանչո Պանսային, և Ռոսինանտին
Սանչո Պանսային
Սանչոն եմ ես՝ զինակիրը
Դոն Կիխոտի, իմ պարոնի։
Ես ճամփաներ անցա փոշոտ․
Որ տանն ապրեմ վայելքի մեջ։
Վիլյադյեգոն[27] նույնը արեց․
Տեսավ խորհուրդն իմաստության
Թափառման մեջ բարեպատեհ,
Ինչպես որ մեզ խրատում է,
Ուսուցանում «Սելեստինան»[28]
Որին ամենքը ուղղակի
Կկոչեին աստվածային,
Եթե այդքան մերկ չլիներ։
Ռոսինանտին
Ռոսինանտն եմ հռչակավոր,
Ծոռն անվանի Բաբիեկայի,[29]
Նիհար մարմնիս համար՝ խոնարհ
Ծառան դարձա դոն Կիխոտի։
Չկա նժույգ վատ ինձանից,
Սակայն ի՞նչ փույթ, երբ վարսակը
Չի պրծնի իմ ատամներից։
Լասարիլիոն ինքն էլ տեսավ,
Ինչպես էի ես հաճույքով
Խմում ծեղով գինին կույրի։[30]
Կատաղի Օռլանդը[31]
Դոն Կիխոտ Լամանչեսկուն
Սոնետ
Պեր չես թեև, անզուգական ես սակայն,
Հայրյուր պերից լոկ դո՜ւ ես պերն արժանի,
Որտեղ դու ես, ուրիշն այնտեղ տեղ չունի,
Անպարտ ես դու՝ հարվածիդ պես խոլական։
Ո՜վ դոն Կիխոտ, Ռոլանդն եմ ես, ում սրտում
Անջելիկան վառեց սիրո հուր անմար,
Նրա սիրով ես անցա ծովը անծայր,
Կռվի ելա՝ նրա պատկերն իմ հոգում։
Դափնեպսակդ չեմ խլի քեզնից,
(Պսակն ազնիվ քաջությամբ են վաստակում),
Թեև դու էլ խելքից զրկված ես ինձ պես,
Բայց հավասար ես ինձ, որի հարվածից
Ընկան մավրը և սկյութը արնախում։
Սերն հաղթության հավասար է դարձնում մեզ։
Ֆեբոսի ասպետը
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Սրիս վրա սուրդ ստվեր է գցում,
Իսպանական Ֆեբոս, ասպե՛տ պայազատ,
Ինչպե՞ս հասնի բազկիդ բազուկն իմ նվաստ,
Բազուկդ շո՜ղ է արնի քո երկրում։
Կայսրություններ ես ատում եմ չափազանց։
Թեև ընծան արևելքի ճոխ է միշտ,
Սակայն ինչպե՞ս գամվեմ մահճիս ես հանգիստ,
Երբ կանչում է Կլարիդյանան[32] իմ սիրած։
Հանց հրաշքի, երկրպագում եմ նրան․
Բաժանումից սիրտս այնպես հրդեհվեց,
Որ սարսափից դժոխքն հիմքից սասանվեց։
Դոն Կիխոտն էլ փառաբանվեց հավիտյան․
Դուլսինեան անմահացրեց ասպետին,
Երբ կանչում է Կլարիդյանան իմ սիրած։
Սոլիսդանը[33]
Դոն Կիխոտ Լամանչեցուն
Սոնետ
Ո՜վ դոն Կիխոտ, իր ետևում խելքը ձեր
Անմտության մի ամբողջ պարս է թողել,
Բայց ձեզ ոչ ոք ստոր մարդ չի համարել
Բիրտ ու անտաշ չի հորջորջել ոչ ոք դեռ։
Ձեր սխրանքը դատաստան է ձեզ համար։
Նա՛ է միայն փառաբանվում աշխարհում,
Ով իր պարտքն է չարի բաժին համարում,
Չսոսկալով փորձանքներից անհամար։
Եվ եթե նա՝ Դուլսինեան ձեր սիրած
Խստասիրտ է ու ձեր հանդեպ անիրավ,
Եվ թե իր դեմ չեք մեղանչել դուք բնավ,
Սփոփվեցե՛ք, վանեցե՛ք ձեր վիշտն անանց․
Դուլսինեան քարասիրտ է, Սանչոն չար․
Իսկ դուք․․․ խորհեք, որ չեք եղել սիրահար․․․
Դիալոգ Բաբիեկայի
Եվ Ռոսինանտի միջև
Սոնետ
Բ․ Ի՞նչ հալի եք, մեծապատիվ Ռոսինանտ։
Ռ․ Է՜հ, մի՛ք հարցնի․ գործս չունի վերջ ու ծայր։
Բ․ Իսկ խոտի չափն համարո՞ւմ եք բավարար։
Ռ․ Մի խտիտ էլ չեմ ստանում․․․ քի՜չ է շատ։
Բ․ Բա՛վ է, սինյո՛ր, դուք անցնում եք չափն արդեն,
Էշի պես եք սյուզերենին կշտամբում։
Ռ․ Ի՛նքն է էշը, թեկուզև ինձ է թամբում․
Խնդրեմ, հիացե՛ք, սիրո երդում է տվել։
Բ․ Ի՞նչ, սերն հիմա՞ր բան է։ Ռ․ Շատ էլ Խելոք չի։
Բ․ Փիլիսոփա՜ գլխիս դարձաք։ Ռ․ Հա՜, քաղցի՜ց։
Բ․ Դուք Սանչոյին բողոքեցեք։ Ռ․ Ի՞նչ օգուտ։
Աղերսը ո՞ւմ պիտի ուղղել ― արարչին։
Իսկ այն ո՞վ է, որ ծառայի հետ իր բութ
Չի տարբերվում Ռոսինանտ նժույգից։
Մասն առաջին
Գլուխ I
Ուր պատմվում է հռչակավոր հիդալգո դոն Կիխոտ Լամանչեցու բնույթի և սովորույթների մասին
Լամանչի մի գյուղում, որի անունը չեմ ուզում հիշատակած լինել, շատ ժամանակ չի անցել, ինչ ապրում էր մի հիդալգո, այն հիդալգոներից, որ ունենում են տոհմական նիզակ, հնադարյան վահան, քնձռոտ ձի և վազկան շուն։ Ճաշին՝ օլյա,[34] որի մեջ շատ ավելի տավարի միս է լինում, քան ոչխարի, ընթրիքին՝ գրեթե միշտ վինեգրետ, շաբաթ օրերը՝ ճարպի հետ պատրաստած ձվածեղ, ուրբաթ օրերը՝ ոսպ, կիրակիները, որպես հավելյալ տեսակ՝ աղավնի, ― և այս ամենը կլանում էր նրա եկամուտի երեք քառորդը։ Մնացածը ծախսվում էր տոն օրերի համար լավ մահուդից կապա, թավշյա վարտիք և նույն կտորից հողաթափ ձեռք բերելու համար։ Շաբաթվա մնացյալ օրերին նա տնայնագործ նուրբ մահուդից զգեստ էր հագնում։ Նրա տանը տնտեսուհի էր կենում, որ քառասունն անց էր, քրոջ աղջիկը, որ քսանին մոտ էր և մի ծառա՝ առտնին ու դաշտային աշխատանքի համար, որի պաշտոնի մեջ մտնում էր՝ թամքել հալիծ ընկած ձին և պարտեզում մկրատ բանեցնել։ Մեր հիդալգոն մոտ հիսուն տարեկան կլիներ, ամուր կազմվածքով, վտիտ մարմնով և նիհար դեմքով՝ նա մոլի որսորդ էր և սիրում էր վաղ վեր կենալ։ Հավատացնում են, թե նրա մականունը Կիխադա կամ Կեսադա է եղել (այս խնդրում նրա մասին գրող հեղինակների միջև որոշ տարաձայնություն կա), սակայն ամենահավանական դատողությունների հիման վրա կարելի ենթադրել, որ նա կոչվելիս է եղել Կեխանա։ Ասենք, մեր վեպի համար դա մեծ նշանակություն չունի․ բավական է, որ մենք մեր պատմությունն անելիս մազաչափ չշեղվենք ճշմարտությունից։
Այն էլ պետք է ասել, որ վերոհիշյալ հիդալգոն իր բոլոր ազատ ժամերը (ասել է թե՝ գրեթե ողջ տարին) նվիրելիս էր լինում ասպետական վեպերի ընթերցանության և անձնատուր էր եղել այդ զբաղմունքին այնպիսի ճաշակով ու հաճույքով, որ գրեթե աչքաթող էր արել որսի գնալն ու տնտեսությունը կառավարելը։ Նրա հետաքրքրությունն ու ցնորամտությունն այն աստիճանի էին հասել, որ նա մի քանի օրավար վարելահող էր վաճառել, որպեսզի ընթերցանության համար ասպետական գրքեր գնի, այնպես որ նա տանն ուներ բոլոր վեպերը, որ կարողացել էր գտնել։ Ամենից շատ նա հռչակավոր Ֆելիսիանո դե Սիլվայի հեղինակություններն էր հավանում, որովհետև հիանում էր նրա արձակի փայլից, իսկ նրա խրթին ու մթին դատողությունները մեր հիդալգոյին կատարելություն էին թվում։ Առանձնապես սիրում էր նա կարդալ սիրային նամակներ և մենամարտության կանչելու մասին, որոնց մեջ հաճախ հետևյալ տեղերն էին լինում՝ «Իրավացիությունը, որով դուք այնքան անիրավացի եք իմ իրավունքների նկատմամբ, իմ իրավացիությունն այն աստիճան իրավազուրկ են դարձնում, որ ես ոչ առանց իրավունքի գանգատվում եմ ձեր գեղեցկությունից»։ Պատահել է նրան կարդալ ևս՝ «․․․բարձր երկնակամարը, որ իր աստղերով աստվածայնաբար ամրացնում է ձեր աստվածանմանությունը և արժանացնում է ձեզ արժանիքի, որ արժանի է ձեր մեծությանը․․․»։ Կարդալով այսպիսի նախադասություններ և ճգնելով բաց անել ու հասկանալ նրանց իմաստը՝ մեր խեղճ կաբալյերոն բոլորովին կորցնում էր բանականությունը և անքուն գիշերներ էր անց կացնում, մինչդեռ եթե անգամ ինքը Արիստոտելը դիտմամբ դրա համար հարություն առնելու լիներ, նա էլ բան չէր բաց անի և բան չէր հասկանա։ Դյուրին չէր նրա համար հավատ ընծայել, որ դոն Բելյանիսը բյուրավոր վերքեր է հասցրել ու առել, որովհետև նրան թվում էր, թե ինչքան էլ նրան բուժող բժիշկները ճարտար լինեին, դարձյալ այդ ասպետի դեմքն էլ, մարմինն էլ պետք է ծածկված լինեին սպիներով։ Այնուհանդերձ նա մեծապես գովաբանում էր հեղինակին նրա համար, որ նա գիրքը ավարտում է խոստումով շարունակելու այն անվերջ պատմությունը և հաճախ նրա մեջ ցանկություն էր ծագում վերցնելու գրիչն ու ավարտելու մինչև վերջին բառը, ինչպես խոստացված էր և նա, անշուշտ, կաներ էլ, հաջողությամբ էլ կաներ, եթե նրան չխանգարեին ուրիշ, առավել կարևոր և համառ մտահղացումներ։ Հաճախակի մեր կաբալյերոն վեճ էր ունենում տեղական քահանայի հետ (ուսումնական մի մարդու հետ, որ Սիգուենցայում արժանացել էր աստիճանի)[35] այն մասին, թե ո՞վ է եղել ավելի լավ ասպետ՝ Պալմերին Անգլիացի՞ն, թե Ամադիս Գաղղիացին, սակայն գյուղի դալլաքը՝ վարպետ Նիկոլասը, պնդում էր, որ նրանցից և ոչ մեկը չի կարող համեմատվել ասպետ Ֆեբոսի հետ և թե մեկն ու մեկին կարելի լիներ նրա կողքին դնել, ապա սոսկ դոն Գալաորին, Ամադիս Գաղղիացու եղբորը, որովհետև նա կարող էր ամեն ինչ տանել և այնքան էլ փափկասուն ու լալկան չէր, ինչպես իր եղբայրը, իսկ քաջությամբ նրանից պակաս չէր։
Մի խոսքով մեր կաբալյերոն այնքան ընթերցամոլ դարձավ, որ ցերեկը կարդում էր արևածագից մինչև մթնշաղ և գիշերը՝ մթնշաղից մինչև արևածագ։ Եվ ահա անքնությունից և անչափ ընթերցանությունից նրա ուղեղը չորացավ, և նա հասավ խելագարության։ Նրա երևակայությունը լցվեց պատմություններով, որ նա կարդացել էր գրքերում՝ կախարդությամբ, գժտություններով, մարտերով, մենամարտի հրավերներով, վերքերով, քնքուշ ճառերով, սիրային տեսակցություններով, սրտի տվայտանքով և այլ անհնարին դատարկ բաներով։ Նա այն աստիճան մտցրել էր իր գլուխը, թե գրքի ճռճռան և անմիտ հերյուրանքի այդ ողջ կույտը ― զուտ ճշմարտություն է, որ աշխարհիս երեսին և ոչ մի բան նրան ավելի ստույգ չէր թվում, քան այդ պատմությունները։ Նա համաձայնում էր, որ Սիդ Ռուի Դիասը անտարակույս ականավոր ասպետ է եղել, բայց ավելացնում էր, որ նա ո՜ւր, բոցավառ թրի ասպետն ո՜ւր, որը մեկ հարվածով կտրեց֊կիսեց երկու հզոր, հրեշավոր հսկաների։ Նա ավելի էր գնահատում Բեռնարդ դե Կարպիոյին, որովհետև վերջինս Ռոնսևալի կիրճում սպանեց կախարդված Ռոլանդին՝ օգտվելով Հերկուլեսի խորամանկությունից, որ իր գրկում խեղդեց Երկրի որդուն՝ Անթեյին։ Մեծ գովասանքով էր խոսում նա հսկա Մորգանթի մասին, որը, թեպետ հսկաների ցեղից էր ― գոռոզ և հանդուգն էակներից ― այնուամենայնիվ իրեն սիրալիր և կիրթ պահեց։ Սակայն ոչ ոքի նա այնքան հավանություն չէր տալիս, որքան Ռեյլանդո Մոնտալբանացուն։ Նրան առանձնապես դուր էր գալիս, որ սա, դուրս գալով իր դղյակից, կողոպտում էր անցորդներին, որ նրա ձեռքն էին ընկնում, կամ անդրծովյան երկրից հափշտակում էր Մոհամմեդի բագինը, որ ըստ պատմության, զուտ ոսկուց է։ Իսկ դավաճան Գանելոնին մի լավ ծեծ կերցնելու իրավունքի համար նա սիրով կտար իր տնտեսուհուն, վրան էլ՝ քրոջ աղջկան։ Վերջապես միանգամայն ցնդելով, նա այնպիսի տարօրինակ միտք հղացավ, որ դեռևս երբեք աշխարհիս ոչ մի խելագարի գլխում չէր ծագել, այսինքն՝ թե վայել է, նույնիսկ անհրաժեշտ, որ նույնքան իր սեփական փառքի, որքան և հայրենի երկրի շահի համար թափառական ասպետ դառնա, սպառազինվի, ձի հեծնի և գնա աշխարհիս երեսին արկածներ որոնելու, մի խոսքով անելու այն ամենը, որ վեպերում սովորաբար անում են թափառական ասպետները՝ վերականգնի ոտնակոխ ճշմարտությունը, ենթարկվի զանազան պատահականությունների և վտանգների, որ այդպիսով անմահացնի ու փառաբանի իր անունը։ Խեղճը երևակայում էր, թե ի պարգև իր խիզախ գործերի, արդեն օծված է առնվազն Տրապիզոնի թագավորության թագով։ Այս ուրախ անուրջների մեջ սուզված և տարվելով անսովոր վայելքից, որ բերում էին այդ անուրջները, նա աճապարեց իր մտադրությունը գործադրության մեջ դնելու։ Նախ և առաջ նա մաքրեց զենք ու զրահը, որ պատկանելիս է եղել իր նախնիներին և դարերով ընկած լինելով ինչ֊որ անկյունում երեսն ի վայր, ժանգոտել ու բորբոսնել էր։ Նա, ինչքան կարող էր, լավ մաքրեց և նորոգեց, բայց հանկարծ նկատեց, որ մի շատ կարևոր բան պակաս է՝ սաղավարտը առանց երեսկալի էր։ Սակայն այստեղ նրան օգնության հասավ հնարագիտությունը․ նա ստվարաթղթից երեսկալ շինեց ու կպցրեց և դուրս եկավ փակ սաղավարտի պես մի բան։ Չենք ծածկի, որ մեր հիդալգոն ցանկացավ փորձել նրա ամրությունը և պարզել, կարո՞ղ է նա արդյոք դիմանալ մարտում․ այդ նպատակով նա դուրս քաշեց թուրը, երկու հարված հասցրեց և մեկ րոպեում առաջին իսկ հարվածով ոչնչացրեց ամբողջ շաբաթվա աշխատանքը։ Նրան դուր չեկավ, որ սաղավարտը հեշտությամբ կտոր֊կտոր եղավ և նման վտանգից իրեն ապահովելու համար նա նորից շինեց, մեջը երկաթե կտորներ դնելով, այնպես որ վերջ ի վերջո գոհ մնաց ամրությունից և ավելորդ համարելով այլևս փորձելը, հավանություն տվեց իր գործին և ինքն իրեն համոզեց, որ դա իսկական սաղավարտ է, նուրբ գործած, երեսկալով։
Ապա նա քննության ենթարկեց իր քնձռոտ ձին, և թեև նա ավելի հիվանդություն ուներ, քան ռեալը՝ կուարտո[36] և ավելի արատ, քան Գոնելլի[37] ձին, որ tantum pellis et ossa fuit,[38] այնուհանդերձ նա համոզված էր, որ իր ձիուն ոչ Ալեքսանդրի Բուցեֆալոն կհասնի, ոչ էլ Սիդի Բաբյեկան։ Չորս օր նա մտմտում էր, թե ինչ անուն տա նրան, որովհետև խորհում էր նա ինքն իրեն, անարդարացի կլինի, որ այսքան հռչակավոր ասպետի այսչափ լավ մի ձի ― երևելի անուն չունենա։ Ուստի նա կամեցավ նրան այնպիսի անուն տալ, որ հենց անունից հասկացվեր, թե ինչ է եղել նա նախքան թափառական ասպետի ձին դառնալը և ինչ է դառել ապա։ Նա խորապես համոզված էր, որ եթե տերը փոխում է իր արհեստը, ուրեմն ձին էլ պիտի փոխի իր անունը և նոր, փառավոր, հնչալուր անուն ստանա, որ համապատասպանի իր տիրոջ նոր աստիճանին ու դիրքին։ Երկար նա զանազան անուններ էր հնարում, խոտանում, դեն գցում, դարձյալ հնարում, մերժում և նորից լարում էր հիշողությունն ու երևակայությունը, մինչև որ կանգ առավ Ռոսինանտ անվան վրա, որ նրան թվաց վեհ, հնչեղ և արտահայտիչ։ Այդ անունը ցույց էր տալիս, որ առաջ նրա ձին հասարակ քնձռոտ մի ձի է եղել, իսկ հիմա աշխարհիս առաջին ձին է դառել և բոլորի առաջը տվել է։[39]
Ձիուն այսքան հաջող անուն տալուց հետո նա վճռեց, որ հիմա պետք է իրեն համար անուն հորինի։ Այս մտմտուքի մեջ մի շաբաթ անց կացավ, սակայն վերջապես նա գտավ՝ դոն Կիխոտ։ Ահա թե ինչու այս ճշմարտապատում պատմության հեղինակները, ինչպես արդեն ասված էր, համարում են, որ մեր հիդալգոյի անունը, անտարակույս, Կիխադա և ոչ թե Կիսադա է եղել, ինչպես պնդում են ոմանք։ Սակայն մտաբերելով, որ արի Ամադիսը իրեն համար բավական չհամարեց պարզապես Ամադիս կոչվելը, այլ այդ անվանը կցեց իր հայրենիքի և թագավորության անունը, որպեսզի նրանց փառաբանած լինի և կոչվեց Ամադիս Գաղղիացի, մեր բարի կաբալյերոն էլ որոշեց իր անվանը կցել իր ծննդավայրի անունը և կոչվել դոն Կիխոտ Լամանչեցի։ Այսպիսով ամենքի համար պարզ էր դառնում, թե նա ինչ ազգուտակից է, որով պատիվ էր անում իր հայրենիքին, նրա անունը ― իր մականունը դարձնելով։
Եվ ահա, երբ զենքը մաքրված էր, սաղավարտը՝ պատրաստ, ձին նոր անուն էր ստացել և ինքն էլ փոխել ու վավերացրել էր իր անունը, մնում էր գտնել մի տիկին, որին կարելի լիներ սիրահարվել, որովհետև հայտնի է, որ թափառական ասպետն առանց սիրո նման է ծառի՝ առանց տերևի և պտղի կամ մարմնի՝ առանց հոգու։ Նա ասում էր ինքն իրեն՝ եթե որպես պատիժ իմ մեղքերի համար կամ ավելի ճիշտ՝ երջանիկ բախտի բերմամբ ես հանդիպելու լինեմ հսկայի (ինչպես միշտ պատահում է թափառական ասպետներին) և առաջին իսկ ճակատամարտում նրան տապալելու լինեմ կամ երկու կես անեմ կամ վերջապես հաղթեմ և հարկադրեմ խնդրելու, որ խնայեմ իր կյանքը ― հիանալի չի՞ լինի արդյոք նման դեպքերում ունենալ մի տիկին, որին կարելի լիներ հսկային նվեր ուղարկել, որպեսզի նա ներս մտնի իր անուշ իշխանուհու մոտ, ծունկ չոքի և հեզ ու խոնարհ ասի՝ «Ես Կարակուլիամբրո հսկան եմ Մալինդրանիա կղզու արքան․ ինձ մենամարտության մեջ հաղթեց դոն Կիխոտ Լամանչեցի ասպետը, որի սխրագործությունները ամեն գովասանքից գերազանց են։ Նա հրամայեց, որ ներկայանամ ձերդ ողորմածությանը, որպեսզի ձերդ մեծությունը տնօրինի ըստ իր հայեցողության իմ բախտը»։ Ա՜խ, ինչ ցնծությամբ էր մեր բարի ասպետն արտասանում այս ճառը և առավել ևս ցնծաց նա, երբ որ վերջապես գտավ, թե ով պիտի լինի իր սրտի տիրուհին։ Պատմում են, թե հարևան գյուղում ապրելիս է եղել մի շատ սիրունատես ջահել գեղջկուհի, որին նա մի ժամանակ սիրահարված է եղել, թեև գեղջկուհին, լուրերի համեմատ, գլխի չի ընկնելիս եղել և նրա վրա ոչ մի ուշադրություն էլ դարձնելիս չի եղել։ Նրա անունը Ալդոնցա Լորենցո է եղել։ Սրան էլ մեր ասպետը, վճռեց տալ իր սրտի տիրուհու տիտղոսը։ Որոնելով նրա համար նոր անուն, որ նրա սեփական անունից շատ էլ չտարբերվեր և միաժամանակ հիշեցներ որևէ դշխուհու կամ ազնվական սինյորուհու անունը, նա վճռեց անվանել Դուլսինեա Տոբոսցի, որովհետև նրա ծննդավայրը՝ Տոբոսն էր։ Այդ անունը, նրա հայացքով, հնչալուր, նրբին և ոչ պակաս արտահայտիչ էր, քան այլ անունները, որ նա արդեն իսկ հնարել էր։
Գլուխ II
Ուր պատմվում է հնարամիտ դոն Կիխոտի առաջին արշավի մասին իր կալվածներից դուրս
Երբ որ այդ նախապատրաստություններն ավարտված էին, դոն Կիխոտը վճռեց անմիջապես ձեռնամուխ լինել իր մտահղացումների կատարմանը։ Նրան խթանում էր այն միտքը, թե ամեն մի հապաղում իր կողմից մարդկությանը վնաս է հասցնում՝ քանի՜֊քանի՜ վիրավորվածներ սպասում են վրեժխնդրության, քանի՜֊քանի՜ անարդարություն պետք է որ ուղղվի, քանի՜֊քանի՜ իրավունք՝ վերականգնվի, չարաշահություն՝ ոչնչացվի, պարտք՝ հատուցվի։ Եվ ահա, առանց մեկնումեկին իր մտադրություններին հաղորդակից անելու, մի գեղեցիկ առավոտ, լուսաբացից առաջ (հուլիսի ամենաշոգ օրերից մեկն էր), նա ամենքից գաղտնի զինվեց իր զենք ու զրահով, հեծավ իր Ռոսինանտը, գլխին դրեց իր խղճուկ սաղավարտը, ձեռն առավ վահանը, նիզակը և անասունների բակի հետին դռնից դուրս եկավ դաշտ ուրա՜խ֊զվա՜րթ, որ այդքան հեշտ կարողացավ ձեռնամուխ լինել այնքան փառավոր գործի։ Սակայն բաց դաշտ ելավ թե չէ, գլխիցը այնպիսի սարսափելի միտք անցավ, որ քիչ էր մնացել թողներ ձեռնարկված գործը․ նրա միտքն ընկավ, որ նա դեռևս ասպետ չի կարգվել և որ ասպետական կանոններով նա չի կարող, չպիտի հանդգնի որևէ ասպետի հետ կռվի բռնվի։ Իսկ եթե անգամ կարգված էլ լիներ, պետք է որ նա ճերմակ զրահ կրեր, իբրև նորընծա, և իր վահանի վրա նշան չպիտի նկարեր՝ մինչև որ իր առաքինությամբ արժանանար նրան կրելուն։ Այս խորհրդատություններից քիչ էր մնում, որ նրա վճռականությունը թուլանար։ Բայց խելագարությունը հաղթահարեց բոլոր փաստարկումները, և նա որոշեց, որ առաջին իսկ ճամփին դեմ եկած մարդը իրեն ասպետ կկարգի․ ասպետներից շատերը այլ կերպ չեն վարվել․ եթե հավատալու լինենք վեպերին, որ նրան այդ օրն էին գցել։ Գալով ճերմակ զրահներին, նա ինքն իրեն խոսք տվեց առաջին իսկ պատեհ առիթով այնպես մաքրի իր զրահները, որ սամույրից էլ ճերմակ երևան։ Այս մտքից նա հանգստացավ և շարունակեց իր ուղին՝ միանգամայն անձնատուր լինելով իր ձիու կամքին․ նրա կարծիքով, արկածների էությունն էլ հենց այդ է եղել։
Համրաքայլ առաջ էր ընթանում մեր նորաթուխ արկածախնդիրը և ինքն իր հետ խոսում․
― Ո՞վ կարող է կասկածել, որ հեռավոր ապագայում, երբ իմ հռչակավոր գործերի ճշմարտապատում պատմությունը լույս տեսնի, իմ իմաստուն պատմաբանը, հասցնելով զրույցը մինչև իմ առաջին արշավը, որ այնքան վաղ ժամին տեղի ունեցավ, անշուշտ այսպես կսկսի՝ «Հազիվ էր խարտյաշ Թեբը լայն ու արձակ երկրի երեսին սփռել իր փարթամ գանգուրների ոսկի թևերը, հազիվ էին երփներանգ թռչնիկները իրենց հնչալուր ձայների անուշ և քնքուշ ներդաշնակությամբ ողջունել շառագույն Ավրորայի երևան գալը, որ թողել էր իր խանդոտ ամուսնու փափուկ առագաստը և Լամանչի երկնակամարի դարպասների և պատշգամբների բարձրունքից հայացք գցել մահկանացուների վրա, որ հռչակավոր ասպետ դոն Կիխոտ Լամանչեցին, լքելով ընդարմացուցիչ մահիճը, թռավ իր երևելի ձի Ռոսինանտի վրա և բռնեց հնադարյան ու հռչակավոր Մոնտիելի դաշտի ուղին» (հենց այդ ճանապարհով էլ նա, իրոք, այդ վայրկյանին գնում էր):
Ապա նա ավելացրեց․
― Երջանիկ կլինի այն ժամանակը և երջանիկ այն դարը, երբ որ վերջապես լույս կտեսնեն իմ փառավոր գործերը, որ արժանի են բրոնզից ձուլված, մարմարից քանդակված և կտավի վրա նկարված լինելու՝ ի հիշատակ գալիք սերունդների։ Ով էլ որ լինես դո՛ւ, իմաստուն կախարդ, որին վիճակված է իմ հրաշալի գործերի ժամանակագիրը լինելու, խնդրում եմ քեզնից՝ չմոռանա՛ս իմ բարի Ռոստինանտին, իմ մշտնջենական ուղեկցին բոլոր ուղիներում և ճամփաներում։
Ապա նա սկսեց խոսել այնպես, կարծես թե իրոք սիրահարված էր․
― Օ՜, դշխո Դուլսինեա, իմ գերված սրտի տիրուհի, դառը վիրավորանք հասցրիք դուք ինձ, որ դուրս արիք և դաժան անհողդողդությամբ հրամայեցիք ձեր գեղեցկության աչքին չերևալ։ Հաճեցեք, տիրուհի, մտաբերելու ձեր հլու սրտին, որ ձեր սիրո համար այսպիսի տանջանք է կրում։
Եվ նա շարունակում էր շարել անհեթեթությունները իրար ետևից, ճիշտ այնպես, ինչպես ուսել էր ասպետական վեպերից, աշխատելով ըստ կարելվույն նմանվել նրանց լեզվին։ Եվ ինքն իրեն շարունակ խոսելով՝ նա գնում էր դանդաղ֊դանդաղ, և արևն արդեն բարձրացել և այնքան կիզիչ ճառագայթներ էր արձակել, որ եթե նրա գլխում փոքր֊ինչ ուղեղ մնացած լիներ ― այն էլ կհալվեր։ Այդպես գնաց նա գրեթե ողջ օրը առանց հանդիպելու մի բանի, որի մասին արժենար պատմել։ Նա հուսահատվում էր, որովհետև կամենում էր որքան կարելի է շուտ մեկն ու մեկին հանդիպել և փորձել իր հզոր բազկի ուժը։ Հեղինակներից ոմանք ասում են, որ Լապիսի կիրճի դեպքը նրա առաջին արկածն է եղել, իսկ ոմանք պնդում են, որ առաջին արկածը ― քամաղացների հետ է եղել։ Սակայն ինձ, այդ առիթով, աջողել է ստուգապես տեղեկանալ և Լամանչի ժամանակագրություններում գտնել հետևյալը։ Մեր ասպետը ողջ այդ օրը գնալիս է եղել և իրիկնադեմին ինքն էլ, իր ձին էլ ուժասպառվել և սովամահ էին լինում։ Ապա թե նա սկսեց դես ու դեն նայել, որևէ դղյակ կամ հովվի տաղավար գտնելու հույսով, որպեսզի հանգիստ առներ ու կազդուրվեր ― և հանկարծ, ճամփից ոչ հեռու, նա մի պանդոկ տեսավ։ Նա ուրախացավ, կարծես թե ուղեցույց աստղ գտած լիներ, որ նրան ցույց էր տալիս եթե ոչ պալատ, այնուհանդերձ՝ փրկության դուռ։ Նա քշեց ձին և մոտեցավ պանդոկին այն վայրկյանին, երբ մութն արդեն ընկնելու վրա էր։
Այդ միջոցին պատահաբար դարպասի մոտ երկու երիտասարդ կին կար կանգնած, այն կանանցից, որ թեթև վարքի տիկիններ են կոչվում։ Նրանք մի քանի ջորեպանների հետ ուղևորվում էին Սևիլիա և վեր էին եկել, որ գիշերն այս պանդոկում անցկացնեն։ Իսկ որովհետև մեր արկածախնդրի աչքում ա՛յն ամենը, որ նա խորհում, տեսնում ու երևակայում էր ― ներկայանում էր իրական և իր կարդացած վեպերի ոգով ու ձևով ստեղծված, ապա պանդոկը տեսնելուն պես նա իսկույն վճռեց, թե սա դղյակ է չորս աշտարակով, փայլուն արծաթից կապած կտուրով, շարժական կամուրջով և խոր խրամատով, մի խոսքով՝ այն բոլոր պարագաներով, որ հիշատակվում են դղյակների նկարագրություններում։ Նա մոտեցավ պանդոկին (որ նրան դղյակ էր թվում) և դարպասից մի քանի քայլ հեռու, սանձը քաշելով, պահեց Ռոսինանտին, որովհետև սպասում էր, որ աշտարակի ատամների արանքում որևէ թզուկ կերևա և փող կփչի, ազդարարելով, որ դղյակը ասպետ է եկել։ Սակայն, որովհետև թզուկը հապաղում էր, իսկ Ռոսինանտը՝ շտպում, որ գոմ հասնի, ապա դոն Կիխոտը մոտեցավ դարպասին և հասավ այնտեղ կանգնած թեթև վարքի տեր աղջիկներին, որոնք նրան թվացին գեղանի աղջիկներ կամ չնաշխարհիկ տիկիններ՝ դուրս եկած դղյակի առջև զբոսանքի։ Եվ պատահեց, որ այդ իսկ վայրկյանին ինչ֊որ խոզապան, արտերից խոզերի բոլուկը քշելուց (ընթերցողը թող ների, որ ես նրանց իրենց անունով եմ կոչում) փող փչեց, որ նրանց մեկ տեղ հավաքի, և դոն Կիխոտը իսկույն երևակայեց, ինչ որ նա սաստիկ ուզում էր, այսինքն՝ թե դա թզուկն է իր գալուստը ազդարարում։ Ուստի նա մեծ գոհունակությամբ մոտեցավ տիկիններին, որոնք էլ տեսնելով, որ ինչ֊որ ձիավար տարօրինակ զինված, նիզակ ու վահանով մոտենում է իրենց, վախեցան և ուզում էին ներս վազեն։ Սակայն դոն Կիխոտը, կռահելով, որ նրանք երկյուղից են փախչում, բարձրացրեց ստվարաթղթե սաղավարտը և ցույց տալով իր նիհար ու փոշոտ դեմքը, քաղցր քաղաքավարությամբ ու մեղմ ձայնով ասաց նրանց․
― Մի՛ փախեք ինձնից, տիկիններ և մի՛ք վախենա, որ ես որևէ բանով կվիրավորեմ ձեզ, որովհետև ասպետական միաբանությանը, որին ես պատկանում եմ, թույլ չի տրվում վիրավորել որևէ մեկին, առավել ևս այդքան նշանավոր ― ինչպես կարելի է հետևեցնել ձեր տեսքից ― օրիորդներին։
Կանայք աչքերը տնկեցին նրա վրա, աշխատելով լավ տեսնել նրա դեմքը, որ կիսով չափ ծածկված էր անպետք սաղավարտով։ Իսկ երբ նրանք լսեցին, որ անծանոթն իրենց օրիորդ անունով է մեծարում, մի տիտղոս, որ այնքան քիչ էր սազում իրենց արհեստին, նրանք չկարողացան իրենց ծիծաղը պահել։ Նրանց զվարթությունը բարկացրեց դոն Կիխոտին և նա ասաց․
― Գեղուհիներին վայել է խելամիտ լինել և ընդհանրապես միայն հիմարներն են իզուր ծիծաղում։ Թող ասածս կշտամբանք և վիրավորանք չլինի, որովհետև իմ միակ ցանկությունն է ծառայել ձեզ։
Այս լեզուն, որի նմանը երկու կանայք դեռևս չէին լսել, համ էլ մեր ասպետի խղճուկ արտաքինը կրկնապատկեցին նրանց ծիծաղն ու դոն Կիխոտի բարկությունը և անհայտ է, թե ինչով կվերջանար այս ամենը, եթե այդ վայրկյանին երևան չգար պանդոկապանը՝ մի շատ գեր և ուստի շատ խաղաղասեր մարդ։ Տեսնելով իր առջև այդ անճոռնի կերպարանքը, զինված այդքան պես֊պես առարկաներով,[40] ինչպես՝ թեթև վահան, նիզակ, զրահ և ծանր սարքը, նա մեկ կամեցավ միանալ երկու աղջիկներին իր հիացման արտահայտությամբ, սակայն վախենալով ռազմական զենք ու զրահի այդ կույտից, նա վճռեց քաղաքավարի խոսել և այսպես սկսեց․
― Եթե ձերդ ողորմածությունը, սինյոր ասպետ, հաճի այստեղ իջևանել, դուք այստեղ ամեն բան առատորեն կգտնեք բացի մահճակալից․ մեր հյուրանոցում ոչ մի մահճակալ չկա։
Դոն Կիխոտը, լսելով, թե ինչ ակնածությամբ է խոսում հետը ամրոցի պարետը (որովհետև նա պանդոկի տիրոջը, բնականաբար, պարետի տեղ էր դրել, իսկ պանդոկը՝ ամրոցի) պատասխանեց․
― Ինչ էլ ինձ առաջարկելու լինեք, սինյոր ամրոցատեր,[41] ես ամեն բանից գոհ կմնամ, որովհետև ինչպես ասվում է՝
Իմ զգեստը զենք ու զրահն է միայն,
Իմ հանգիստը ճակատամարտն է դաժան։[42]
Պանդոկապետը կարծեց, թե դոն Կիխոտը նրան ամրոցատեր անվանեց, ազնիվ կաստիլիացու տեղ ընդունելով (մինչդեռ իրոք նա անդալուզցի էր, Սանլո՛ւկարի ծովափից[43] և գողունակության կողմից կարող էր մրցել Կակի հետ, իսկ խարդախության կողմից՝ ամեն մի դպրոցականի կամ ծառայի հետ), ուստի և պատասխանեց այսպես․
― Ասել է թե՝ ձերդ ողորմածության համար չոր քարը կարող է անկողին լինել և մշտական զարթոնքը՝ քո՞ւնը։[44] Եթե այդպես է, դուք կարող եք իջնել ձիուց և լիահույս լինել, որ դրա համար այս տնակում դուք կգտնեք ինչ որ անհրաժեշտ է և անքուն կմնաք ոչ թե մեկ գիշեր, այլ ամբողջ տարի։
Այս խոսքերն ասելիս նա բռնեց ասպանդակը, և դոն Կիխոտն իջավ ձիուց մեծ դժվարությամբ և ճիգ գործադրելով, որովհետև ողջ օրը բան չէր կերել։ Ապա նա խնդրեց պանդոկապանից, որ առանձին հոգատարություն ունենա ձիու նկատմամբ, որ գարով կերակրվող անասուններից դա լավագույնն է։ Աչք գցելով Ռոսինանտի վրա, պանդոկապանը նրան բնավ այնպիսի երևելի ձի չտեսավ, ինչպես դոն Կիխոտն էր ասում, այլ ավելի շուտ՝ բոլորովին ընդհակառակը։ Ձին գոմը քաշելուց հետո նա վերադարձավ, որ հարցնի, թե հյուրը ի՞նչ կկամենար։ Այդ պահին աղջիկները, որ արդեն իսկ հաշտվել էին մեր ասպետի հետ, հանում էին նրա զենքն ու զրահը։ Նրանք աջողել էին հանել կրծքի և մեջքի զրահը, բայց վզակապի կոճակներն արձակել և անճոռնի սաղավարտը հանել միանգամայն անհնրարին էր։ Վերջինս կապած էր պարանոցին կանաչ ժապավենով, և որովհետև կապերն անհնարին էր արձակել, ապա մնում էր ժապավենը կտրել, իսկ դոն Կիխոտը դրան ոչ մի կերպ չէր ուզում համաձայնել։ Այդպես էլ, ողջ այդ գիշերը, նա մնաց սաղավարտը գլխին։ Դժվար էր ավելի տարօրինակ և ծիծաղաշարժ պատկեր երևակայել։
Մինչդեռ նրա զենքն ու զրահն էին հանում (իսկ ինքը երևակայում էր, թե այդ թրև եկող կանայք ազնվազարմ տիկիններ են, որ բնակվում են այս դղյակում), նա մեծ նրբությամբ արտասանում էր՝
Ոչ մի ասպետ իշխանազուն
Չի տոչորել տիկիններին՝
Կալվածքներից իմ ժամանած՝
Դոն Կիխոտի պես տակավին։
Ծառայում են նրան կույսեր, իսկ նժույգին՝ կոմսուհիներ։
Այսինքն՝ Ռոսինանտին, որովհետև այդ անունն է կրում իմ երիվարը, տիկիններ, իսկ դոն Կիխոտ Լամանչեցին ― իմ անունն է, որ ես չպիտի բաց անեի, քանի որ ձեր ծառայության և իմ փառքի համար դեռ չեմ կատարել այն սխրագործությունները, որ իմ անունս հայտնի դարձնեն։ Սակայն Լանսելոտի այս հին ռոմանը մտաբերելու առիթը պատճառ եղավ, որ ժամանակից առաջ հայտնեմ ձեզ անունս։ Ասենք, կգա ժամանակ, դուք ինձ կհրամայեք, իսկ ես ձեզ կհնազանդեմ, և իմ ձեռքի զորությունը կվկայի, թե որքան վառ է իմ մեջ ձեզ ծառայելու ցանկությունը։
Կանայք, որ սովոր չէին նման հռետորական գեղեցկությունների, ոչ մի բառ չպատասխանեցին, նրանք միայն տեղեկացան, չի՞ ուզում նա արդյոք ուտել։
― Այո՛, ես մի բան կուտեի, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և, կարծես թե, դա շատ տեղին կլիներ։
Հակառակի պես օրը ուրբաթ էր, և ողջ պանդոկում մի քիչ ձկից բացի ուրիշ բան չգտնվեց։ Կաստիլիայում այդ ձուկը աբադեխո է կոչվում, Անդալուզիայում՝ բակալյաո, մի տեղ՝ կուրադիլյո, մի տեղ՝ մանր կարմրախայտ։ Դոն Կիխոտից հարցրին՝ չէ՞ր կամենա արյդոք նրա ողորմածությունը մանր կարմրախայտ անուշ անել, քանի որ ոչ մի ուրիշ տեսակ ձուկ չեն կարող առաջարկել նրան։ Նա պատասխանեց։
― Միայն թե այդ մանր կարմրախայտից շատ լինի, այնժամ նրանք կփոխարինեն մի մեծ կարմրախայտի, մեկ չէ՞ ութ ռեալ մանր փող ստանալ, թե մեկ ութ ռեալանոց դրամ։ Համ էլ կատարելապես հնարավոր է, որ մանր կարմրախայտերը ավելի քնքուշ լինեն, քան մեծ կարմրախայտերը, ինչպես հորթի միսը ավելի նազուկ է, քան տավարի միսը և ուլի միսն ավելի համով, քան այծի միսը։ Այսպես թե այնպես, տալիս եք՝ շուտ տվեք, որովհետև ոչ ոք չի կարող ռազմական աշխատանք վարել և ծանր զենք ու զրահ կրել առանց ստամոքսի պահանջների մասին հոգալու։
Պանդոկի դարպասի առջև սեղան դրեցին, որ զով լինի և պանդոկապանը դոն Կիխոտի համար բերեց մեկ բաժին վատ թրջած և զզվելի խաշած ձուկ և մի կտոր հաց, նույնքան սև ու մգլած, որքան նրա զենքն ու զրահը։ Դժվար էր չծիծաղել, տեսնելով, թե նա ինչպես էր ուտում, որովհետև նրա գլխին սաղավարտ կար, երեսակալը բարձրացրած էր, և նա իր ձեռքերով ոչ մի կտոր չէր կարող բերանը դնել և պետք էր, որ աղջիկներից մեկն ու մեկը նրան այդ ծառայությունը մատուցեր։ Տիկիններից մեկը այդ բանը իր վրա վերցրեց։ Իսկ նրան խմացնելը ուղղակի անկարելի կլիներ, եթե պանդոկապանը եղեգի մեջը չմաքրեր և մեկ ծայրը չդներ նրա բերանը, իսկ մյուսը՝ գինու մեջ։ Դոն Կիխոտն այդ ամենը տանում էր մեծ համբերությամբ, միայն թե սաղավարտի կապը չարձակեր։ Այդ միջոցին պատահմամբ պանդոկը մտավ մի գյուղացի, որի զբաղմունքը խոզ կռտելն էր և ներս մտնելով նա չորս թե հինգ անգամ շվացրեց իր եղեգնի շվիով։ Այստեղ դոն Կիխոտը վերջնականապես համոզվեց, որ մի հռչակավոր դղյակ է ընկել, որ խրախճանքի պահին երաժշտություն է նվագում, որ ձուկը կարմրախայտ է, մոխրագույն հացը՝ ճերմակ, թրև եկող կանայք՝ ազնվազարմ տիկիններ, իսկ պանդոկապետը՝ դղյակի տերը։ Այդ պատճառով նա հիացած էր թե՛ իր մտահղացումից, թե՛ իր առաջին արշավից։ Մի բան էր միայն նրան վշտացնում, այն, որ ինքը ասպետ չի կարգված։ Նա համարում էր, որ իրավունք չունի արկածներ որոնելու, քանի որ չի պատկանում ասպետական դասին։
Գլուխ III
Ուր պատմվում է, թե ինչ ծիծաղաշարժ կերպով դոն Կիխոտը ասպետ կարգվեց
Մաշվելով այդ մտքերից՝ դոն Կիխոտը փութաց ավարտելու իր սուղ պանդոկային ընթրիքը, վեր կացավ, կանչեց պանդոկապետին և, տանելով նրան գոմն ու փակելով դուռը, չոքեց նրա առջև և ասաց․
― Ով արի՜ ասպետ, ես այս տեղից վեր չեմ կենա, մինչև որ ձեր սիրալիրությունը չհաճի շնորհելու մի պարգև, որ ես մտարիր եմ ձեզնից խնդրելու, և որը կնպաստի ձեր փառքին և մարդկային ցեղի բարօրությանը։
Տենելով որ հյուրը ծնկաչոք է և լսելով նման խոսքեր՝ պանդոկապանը շփոթվեց և նայում էր նրան, առանց իմանալու, թե ինչ ասի և ինչ անի․ ապա նա սկսեց թախանձել, որ վեր կենա, սակայն իզուր, որովհետև դոն Կիխոտը չէր ուզում վեր կենալ, մինչև որ պանդոկապետը չխոստանա, որ կշնորհի իր ուզած պարգևը։
― Ես հավատացած էի, սինյոր, որ ըստ ձեր անսահման ազնվության դուք ինձ չեք մերժի, ― ասաց դոն Կիխոտը։ ― Արդ, ձեզնից խնդրածս շնորհը, որ դուք, ըստ ձեր առատաձեռնության խոստացաք ինձ, այն է, որ վաղը արևածագին, դուք ինձ ասպետ կարգեք։ Այսօրվա ողջ գիշերը ես հսկում կկատարեմ ձեր դղյակի մատուռում՝ զենքի առջև, իսկ վաղը, ինչպես ես արդեն ասացի, վերջապես կկատարվի իմ վառ ցանկությունը, և ես ի վիճակի կլինեմ օրինավոր կերպով աշխարհիս չորս կողմերը թափառել, արկածներ որոնել՝ զրկվածներին և թշվառներին օգնելու համար, որովհետև թափառական ասպետների օրենքն ու բոլոր ինձ նման ասպետների նպատակը այդ է՝ ձգտել կատարելու հիշածս սխրագործությունները։
Մենք արդեն ասացինք, որ պանդոկապետը խելքը գլխին մարդ էր և մի քիչ կռահում էր, որ իր հյուրը խելագար է․ լսելով այսքան տարօրինակ խոսքեր, նա վերջնականապես համոզվեց այդ բանում և գիշերը զվարճացած լինելու համար վճռեց թև տալ նրա խելագարությանը։ Ուստի նա պատասխանեց դոն Կիխոտին, թե նրա ցանկությունն ու խնդիրքը միանգամայն բանական են, թե, դատելով նրա հպարտ արտաքինից և շարժուձևերից, նա, ըստ երևույթին, ազնիվ ասպետ է, թե նման մտադրությունը միանգամայն բնական է և արժանի նրա կոչմանը, թե ինքն էլ, երիտասարդ հասակում, զբաղվել է այդ պատվաբեր գործով և թափառել է աշխարհիս զանազան կողմերում արկածներ որոնելով, չզլանալով հաճախել Մալահայի Պերչելեսը, Ռիարանի կղզիները, Սեվիլիայի Կոմպասը, Սեգովինիայի Ասոգեխոն, Վալենսիայի Օլիվերան, Գրենադայի Ռոնդիլյան, Սանլո՛ւկարի ծովափը, Կորդովայի Պոտրոն, Տոլեդոյի պանդոկները[45] և շատ ուրիշ վայրեր, որտեղ նա վարժվել է ոտների արագաշարժության և ձեռների հմտության մեջ և շատ օյիններ է խաղացել՝ վիրավորել է որբևայրի կանանց, նեղել է աղջիկներին, խաբել է մանկահասակներին, մի խոսքով՝ անուն է հանել Իսպանիայի բոլոր դատարաններում և բանտերում։ Սակայն իր օրերի մայրամուտին նա բնակվել է այս դղյակում և ապրում է այստեղ իր հաշվով, այլև ուրիշների հաշվին, հյուրընկալելով բոլոր թափառական ասպետներին, ինչ կոչման և կարողության տեր էլ լինեն նրանք, դրդված միմիայն դեպի նրանց իր ունեցած մեծ սիրուց, իհարկե պայմանով, որ, ի հատուցումն իր լավ վերաբերմունքի, նրանք իրեն բաժին հանեն իրենց ունեցածից։ Ապա նա ավելացրեց, որ դղյակում մատուռ չկա, որտեղ կարելի լիներ գիշերը հսկում կատարել զենքի առջև, որովհետև ինքը հինը քանդել է տվել, կամենալով կառուցել նորը, սակայն նրան հայտնի է, որ անհրաժեշտության դեպքում կարգվելու նախընթաց գիշերը կարելի է անցկացնել որտեղ էլ լինի, որ դոն Կիխոտը կարող է անցկացնել դղյակի բակում, իսկ վաղը, եթե հաճելի լինի Աստծուն, նա բոլոր պարտադիր արարողություններով կարգված կլինի ասպետ, այն էլ այնպիսի ասպետ, որ ավելի լավը գոյություն չի ունենում։ Վերջապես նա հարցրեց՝ դոն Կիխոտը ունի՞ արդյոք փող։ Սա էլ պատասխանեց, թե գրոշ չունի, որովհետռ ոչ մի վեպում նրան չի պատահել կարդալ, թե թափառական ասպետները հետները փող են ունենում․ պանդոկապանը դրան պատասխանեց, թե նա սխալվում է, թե, ճիշտ է, վեպերում այդ մասին չի գրվում, որովհետև հեղինակները անհրաժեշտ չեն համարում հիշատակելու այդքան պարզ ու անհրաժեշտ իրերի մասին, ինչպես օրինակ փողը կամ մաքուր շապիկները, սակայն դրանից բնավ չի բխում, թե ասպետները չեն ունենում ո՛չ այս, ո՛չ այն․ ընդհակառակը՝ նա ստույգ ու հաստատ գիտե, որ բոլոր թափառական ասպետները, որոնց սխրագործություններով լեփ լեցուն են այնքան վեպեր, միշտ ունենալիս են եղել հետները լիքը֊լիքը քսակներ, ինչպես և շապիկներ և մի սրվակ դեղ, որով բուժելիս էին լինում իրենց վերքերը՝ դաշտ ու անապատներում, որտեղ նրանք մարտնչում և ընկնում էին վիրավոր, հո միշտ հնարավոր չե՛ր լինում բժիշկ կանչել։ Իհարկե, նրանցից ոմանք բարեկամություն էին ունենում որևէ իմաստուն կախարդի հետ, այն ժամանակ վերջինս ուղղակի օդի միջով ամպի վրա ուղարկելիս է եղել որևէ աղջիկ կամ թզուկ՝ մի սրվակ անմահական ջուր հետը․ հենց որ ասպետը խմելիս էր լինում մի քանի կաթիլ, իսկույն նրա վերքերն ու խոցերը անհետանում էին, ասես չէին էլ եղել, բայց երբ որ նրանք նման հովանավորող չէին ունենում, հինավուրց ասպետները համարում էին միանգամայն տեղին, որ իրենց զինակիրները հետները ունենան փող և այլ անհրաժեշտ իրեր, ինչպես օրինակ վիրավորվելու դեպքի համար, իսկ եթե պատահում էր, որ նրանց զինակիրները չէին ունենում (ասենք՝ դա շատ քիչ էր պատահում), նրանք իրենք էին հետները վերցնում փոքրիկ խուրջինների մեջ, որ խմամքով թաքցնում էին ձիու ետևին՝ իբրև այլ առաջնակարգ անհրաժեշտության առարկա, որովհետև, բացառությամբ նման դեպքերի, թափառական ասպետները սովորություն չունեին հետները խուրջին ման ածել։ Այսպիսով, պանդոկապետը դոն Կիխոտին խորհուրդ տվեց (թեև նա կարող էր նրան անգամ հրամայել, որպես կրտսեր եղբորը, որովհետև շուտով նա պետք է այդպիսին դառնար) այլևս ճամփա չընկնել առանց փողի և անհրաժեշտ իրերի՝ նա ինքը կտեսնի, այդ բաները իրեն հարկավոր կգան այն ժամանակ, երբ ամենքից քիչը նրանց վրա դրած լինի իր հույսը։
Դոն Կիխոտը խոստացավ կետ առ կետ հետևել նրա խորհուրդներին և իսկույն պատրաստվեց հսկելու զենքի առջև՝ պանդոկին կից մեծ բակում։ Նա հավաքեց իր զենքը ու զրահը, դրեց ջրհորի մոտի կոճղի վրա և բռնելով նիզակն ու վահանը սկսեց մեծ արժանապատվությամբ ետ ու առաջ անցնել կոճղի առջև։ Գիշերն արդեն վրա էր հասնում, երբ նա սկսեց այդ զբոսանքը։
Պանդոկապանը պատմեց ամենքին, ովքեր իջևանել էին պանդոկում, դոն Կիխոտի խելագարության մասին, նրա հսկումը զենքի առջև և սպասումը, որ վաղը ասպետ է կարգվելու։ Խելագարության այդ տարօրինակ տեսակից զարմացած՝ նրանք բոլորն էլ գնացին, որ տեսնեն նրան և հեռվից տեսան, որ մեր ասպետը մերթ խաղաղ ու ծանր զբոսնում է, մերթ հենված նիզակի վրա, աչքը հառում է իր զենք ու զրահին և նայում անընդհատ, երկար ժամանակ։ Այնինչ գիշերը վրա էր հասել և լուսինն այնպես պայծառ էր փայլում, որ շուրջը ցերեկվա պես լուսավոր էր, և հանդիսատեսներին երևում էր ամենը, ինչ որ անում էր միաբանության մեջ մտնող մեր ասպետը։ Այդ միջոցին պանդոկում գիշերող ջորեպաններից մեկի խելքին փչեց ջրի գնալ, որ իր ջորիներին ջրի, իսկ դրա համար պետք էր զենք ու զրահը ջրհորի կոճղից ետ քաշեր։ Դոն Կիխոտը, լսելով սրա ոտնաձայնը, բարձր խոսեց․
― Ով որ էլ դու լինես, հանդուգն ասպետ, որ մեկնում ես ձեռքդ, երբևէ սրով գոտեպնդված թափառական ասպետներից ամենաարի զենք ու զրահին, խորհի՛ր նախապես, թե ի՜նչ ես անում և չհամարձակվես ձեռք տալ, թե չէ հանդգնությանդ համար կվճարես քո կյանքը։
Ջորեպանը այդ խոսքերի վրա անգամ գլուխը շուռ չտվեց (և իզուր, որովհետև այդ դեպքում նրա գլուխը ողջ կմնար)։ Ընդհակառակը, նա բռնեց զենք ու զրահի փոկերից և շպրտեց հեռու մի կողմ։ Տեսնելով այդ, դոն Կիխոտը աչքերը հառեց երկնքին և ըստ երևույթին մտքով դիմելով իր տիկնոջը՝ Դուլսինեային, ասաց․
― Օգնեցեք ինձ, իմ տիկին, այս առաջին վիրավորանքի պահին, որ հասցնում են ձեր ստրկացրած արի սրտին․ մի՛ զրկեք ինձ այս առաջին փորձության ժամին ձեր ողորմածությունից և օգնությունից։
Արտասանելով այս խոսքերը և այլ սրանց նմանները՝ նա մի կողմ գցեց վահանը, երկու ձեռքով բարձրացրեց նիզակը և այնպիսի ուժով հարվածեց ջորեպանի գլխին, որ վերջինս փռվեց գետնին ամենաողբալի վիճակում․ եթե դոն Կիխոտը մի հարված էլ հասցնելու լիներ, ապա նրա հակառակորդը բժշկի դիմելու կարիք չէր ունենա։ Իր գործը կատարելուց հետո դոն Կիխոտը հավաքեց իր զենքն ու զրահը, դրեց նախկին տեղը և վերսկսեց ետ ու առաջ գնալը՝ նույնքան հանգիստ, ինչպես առաջ։ Մի պահ անց, եղելությունից բոլորովին անտեղյակ (որովհետև առաջին ջորեպանը դեռ ընկած էր՝ շշմած հարվածից) դուրս եկավ երկրորդ ջորեպանը, որ նույնպես ուզում էր ջրել իր ջորիներին և երբ որ կոճղը ազատելու համար նա սկսեց վրայի զենք ու զրահը վերցնել, դոն Կիխոտը, առանց մի բառ արտասանելու և ոչ ոքի օգնությունը չհայցելով, երկրորդ անգամ մի կողմ դրեց վահանը, երկրորդ անգամ բարձրացրեց նիզակն ու վեր բերեց երկրորդ ջորեպանի գլխին՝ այնքան հաջող, որ նիզակը չեղավ երեք կտոր, այլ գանգը՝ չորս։ Աղմուկի վրա վազեվազ հավաքվեցին պանդոկի իջևանողները, որոնց թվում էր նաև պանդակապանը։ Տեսնելով նրանց՝ դոն Կիխոտը բռնեց վահանը, սուրը և բացականչեց․
Օ՛հ, արքայական գեղեցկություն, ամրություն և ուժ իմ խոշտանգված սրտի։ Հասել է ժամը, երբ դու պետք է քո մենության հայացքը դարձնես քեզնով գերված և այսպիսի վտանգավոր մարտի մեջ մտնող ասպետի վրա։
Եվ թվում էր նրան, թե այս խոսքերը նրա մեջ այնպիսի արիություն են զարթնեցրել, որ եթե նրա վրա աշխարհիս բոլոր ջորեպաններն էլ հարձակվելու լինեին, նա դարձյալ ոչ մի քայլ չէր նահանջի։ Վիրավորված ջորեպանների ընկերները, տեսնելով իրայիններին գետնին փռված, հեռվից սկսեցին քարկոծել դոն Կիխոտին, որը կարյաց չափ պաշտպանվում էր նրանցից վահանով, բայց կոճղից չէր հեռանում, չկամենալով լքել իր զենք ու զրահը։ Իսկ պանդոկապանը գոռում էր, որ նրանք դադարեն՝ չէ՞ որ նա նախազգուշացրել է նրանց արդեն, որ այս մարդը խելագար է, ամենքին էլ կկոտորի և որպես խելագար անպատիժ կմնա։ Սակայն դոն Կիխոտը ավելի բարձր էր ճչում, ամենքին էլ անպիտան և դավաճան անվանելով, իսկ դղյակի տիրոջը՝ չար ու նենգամիտ, որ թույլ է տալիս թափառական ասպետներին իր իսկ դղյակում այսպիսի վիրավորանքներ հասցնել։ Եվ ավելացնում էր, թե եթե նա արդեն կարգված ասպետ լիներ, նա իսկույն կխրատեր նման դավաճանության համար։
Իսկ դուք, ստորաքարշ ճորտեր, ձեզ ես պարզապես արհամարհում եմ․ քար շպրտեցեք, մոտեցեք, հարձակվեցեք, ինչքան կամենաք, դուք իսկույն ևեթ կպարգևատրվեք ձեր հանդգնության և անմտության համար։
Այս ամենը նա ասում էր այնքան սրտոտ ու վճռական, որ հարձակվողներին մեծ երկյուղ պատեց։ Այդ երկյուղի ազդեցության ներքո, այլև պանդոկապանի հորդորի հետևանքով նրանք վերջ ի վերջո դադարեցին քար գցելուց, ապա թե դոն Կիխոտը թույլ տվեց, որ հավաքեն վիրավորներին և վերսկսեց իր հսկումը զենք ու զրահի առջև այնպիսի պաղարյունությամբ, ասես թե ոչինչ չէր պատահել։
Այս կատակները պանդոկապանին դուր չեկան և գործին վերջ տալու համար նա վճռեց հյուրին անհապաղ մտցնել սատանի այդ ասպետական միաբանության մեջ, քանի դեռ նոր աղետ չի պատահել։ Ուստի նա մոտեցավ դոն Կիխոտին և ներողություն խնդրեց ստոր ճորտերի լկտի վարմունքի համար, որ առանց իր գիտության է եղել, թեև նրանց հանդգնությունը լավ պատժի ենթարկվեց։ Ապա մեկ էլ ասաց, որ դղյակում մատուռ չկա, ասենք իսկի հարկավոր էլ չի, որովհետև արդեն ամեն ինչ գրեթե արված է, որքան որ ինքը տեղյակ է ասպետական ծիսակատարության, ասպետ կարգելու ամբողջ գաղտնիքը ծոծրակին՝ ձեռքով, ուսին՝ սրով հարված հասցնելու մեջ է, իսկ չէ՞ որ այդ կարելի է անգամ բաց դաշտում անել։ Գալով զենքի առջև հսկում կատարելուն, ապա այդ ավարտված է, քանի որ սովորաբար դա տևում է ընդամենը երկու ժամ, իսկ դոն Կիխոտը չորս ժամից ավել է արդեն կանգնել։ Դոն Կիխոտն այս ամենին հավատաց և պատասխանեց, որ պատրաստ է հնազանդելու և խնդրում է ծեսը ըստ կարելվույն շուտ կատարել։ Որովհետև, երբ որ նա կարգված կլինի և մեկն ու մեկի խելքին կփչի դարձյալ հարձակվել նրա վրա, նա դղյակում կենդանի շունչ չի թողնի, խնայելով, դղյակի տիրոջ հարգանքից դրդված, միմիայն նրանց, որոնց համար նա բարեխոս կլինի։
Այս խոսքերից վախեցած պանդոկապանը, որ խելքը գլխին մարդ էր, իսկույն բերեց տետրը, որի մեջ նա գրի էր առնում, թե ինչքան գարի ու դարման է բաց թողնված ջորեպաններին։ Ապա ուղեկցությամբ մոմի կտոր բռնած մի տղայի և երկու արդեն հիշատակված աղջիկների, նա մոտեցավ դոն Կիխոտին, հրամայեց, որ չոքի և ինչ֊որ ջեռմեռանդ աղոթք կարդալու ձև անելով, ընթերցանության միջոցին բարձրացրեց ձեռքը և ամբողջ թափով խփեց նրա ծոծրակին, ապա նրա իսկ թրով զարկեց նրա ուսին, շարունակելով քթի տակին աղոթքի պես բան մրթմրթալ։ Այդ անելուց հետո նա հրամայեց, որ տիկիններից մեկը գոտեպնդի նրան սրով, մի բան, որ տիկինը կատարեց վարժ և զուսպ կերպով։ Հասկանալի է, թե ինչու նա պիտի ինքն իրեն զսպեր․ այս ծիսակատարության միջոցին նա յուրաքանչյուր վայրկյան քիչ էր մնում ծիծաղից պայթեր։ Այնուամենայնիվ, ասպետի սխրագործությունները, որ նա, նախապատրաստվելով իր կարգվելուն, կատարել էր նրա աչքի առջև՝ բակում, հարկադրում էին ծիծաղը զսպելու։ Գոտեպնդելով նրան թրով՝ բարի տիկինն ասաց․
― Աստված պարգևի ձեր ողորմությանը բախտ ասպետական գործերում և աջողություն մարտերում։
Դոն Կիխոտը հարցրեց նրա անունը, որովհետև նա ապագայի համար կամենում էր գիտենալ՝ ինչ տիկնոջ է պարտական այսպիսի մեծ ողորմածության համար, որպեսզի ժամանակ անց նրա հետ կիսի պատիվները, որոնց նա հույս ուներ հասնելու իր բազկի զորությամբ։ Տիկինը խորին խոնարհությամբ պատասխանեց, որ իր անունը Լա Տոլոսա է, որ ծնվել է Տոլեդոյում, հայրը կոշկակար է, որ ապրում է Սանչո Բրենայի շուկայում և որ որտեղ էլ ինքը լինի, միշտ պատրաստ կլինի ծառայելու և համարելու դոն Կիխոտին իր տերը։ Դոն Կիխոտը խնդրեց նրան, եթե սիրում է իրեն, ողորմածություն շնորհի իրեն՝ այսուհետև իր անվանը ավելացնի դոն և կոչվի դոն Տոլոստա։ Աղջիկը համաձայնեց։ Ապա մյուս տիկինը կապեց խթանը, սրա հետ էլ նույն խոսակցությունը տեղի ունեցավ, ինչպես և առաջինի հետ, որ նրան գոտեպնդեց թրով։ Դոն Կիխոտը հարցրեց, թե ինչ է նրա անունը և նա պատասխանեց, որ իր անունը Լա Մոլիներա է և ինքը Անտեկերզի ազնիվ ջրաղացպանի աղջիկն է։ Սրանից էլ դոն Կիխոտը խնդրեց, ավելացնել իր անվանը դոն և կոչվել դոն Մոլիներա։ Միաժամանակ նա շատ և շատ շնորհակալ եղավ և առաջարկեց իր ծառայությունը։ Երբ որ այս չտեսնված ծեսերը կատարված էին այսպիսի արագությամբ, դոն Կիխոտը աճապարեց ձի հեծնելու՝ այնքան անհամբեր էր նա արկածախնդրությանը։ Նա թամքեց Ռոսինանտին, թռավ վրան և, գրկելով պանդոկապետին, շնորհակալություն հայտնեց կարգելու համար այնպիսի արտասովոր խոսքերով, որ ամենևին հնար չկա վերարտադրելու։ Իսկ պանդոկապանը, ուրախացած, որ նա գնում է, պատասխանեց նրա խոսքերին ավելի կարճ, բայց ոչ պակաս հռետորական ֆրազներով, օթևանի համար բան չվերցրեց և բաց թողեց, որ գնա բարով։
Գլուխ IV
Այն մասին, թե ինչ պատահեց մեր ասպետին պանդոկից դուրս գալուց հետո
Լույսը բացվում էր արդեն, որ դոն Կիխոտը դուրս եկավ պանդոկից և այնքան գոհ, այնքան հպարտ, ուրախությունից այնքան հուզված՝ ասպետ կարգված լինելու համար, որ նրա ձիու կողերն էլ էին զգում ուրախությունը։ Սակայն մտաբերելով պանդոկապանի խորհուրդները անհրաժեշտ պաշարի մասին, որ մարդ պիտի հետը վերցրած լինի, մանավանդ փող ու շապիկները, ― նա վճռեց տուն դառնալ, որ ամեն ինչի պատրաստություն տեսնի և զինակիր գտնի․ այն էլ ասենք, որ նա աչք ուներ իր հարևանի՝ աղքատ և մեծ ընտանիքի տեր մի գյուղացու վրա, որը շատ պիտանի էր թափառական ասպետի զինակրի պաշտոնի համար։ Այս մտքերով նա շուռ տվեց Ռոսինանտին գլուխը դեպի գյուղ, և վերջինս, ասես իր տիրոջ միտքն ըմբռնելով, այնպիսի պատրաստակամությամբ և այնքան թեթև վազ տվեց, որ թվում էր թե նրա սմբակները չեն դիպչում գետնին։ Հազիվ էր դոն Կիխոտը մի քանի քայլ արել, որ նրան թվաց, թե աջ կողմում գտնվող անտառի թավուտից թույլ և աղեխարշ հեծեծանք է լսում։ Եվ լսեց թե չէ, նա ասաց․
― Շնորհակալ եմ երկնքից ինձ առաքած ողորմության համար։ Ահա դեպքը բերում է ինձ կատարելու ասպետի պարտականությունը և իմ ազնիվ որոշման պտուղը քաղելու՝ անտարակույս իմ օգնության և պաշտպանության կարոտ որևէ տղամարդ կամ կին է հեծեծում։
Եվ Ռոսինանտի գլուխը շուռ տալով՝ նա փութաց դեպի այն կողմը, որտեղից հեծեծանքի ձայն էր գալիս։ Հենց որ նա մտավ անտառը, նրա աչքին երևաց կաղնուց կապած տասնհինգ տարեկան տղա, որ մինչև գոտետեղին մերկ էր։ Հեծողն էլ հենց սա էր և ոչ առանց պատճառի, որովհետև մի բռի գյուղացի նրան անխնա ծեծում էր կաշվե գոտիով, յուրաքանչյուր հարվածի հետ խրատ ու խորհուրդ տալով։
― Աչքդ բաց պահիր, ― ասում էր նա, ― իսկ բերանդ՝ փակ։
― Այլևս երբեք չեմ անի, վարպետ, ― պատասխանում էր տղան, ― երդվում եմ տիրոջ չարչարանքով, որ այլևս երբեք չեմ անի։ Խոսք եմ տալիս ձեզ, որ այսուհետև ավելի լավ կհետևեմ հոտին։
Տեսնելով այս պատկերը՝ դոն Կիխոտը բացականչեց ցասկոտ ձայնով․
― Անարժան ասպետ, ամոթ է հարձակվելը նրանց վրա, որոնք ի վիճակի չեն պաշտպանվելու, հեծե՛ք ձին, վերցրե՛ք նիզակը (գյուղացու նիզակը[46] հենված էր նույն կաղնուն, որից կապված էր նրա մադիանը), և ես կապացուցեմ ձեր վարմունքի ողջ ստորությունը։
Տեսնելով իր գլխի վերև ինչ֊որ կերպարանք, որի վրա զանազան զենքեր են կախված և որը քիչ է մնում նիզակը խրի իր փորը՝ գյուղացին վճռեց, որ հասել է իր վախճանը, ուստի ահ ու դողով պատասխանեց․
― Սինյոր ասպետ, տղան, որին ես պատժում եմ, իմ ծառան է, որ այստեղից ոչ հեռու արածեցնում է իմ ոչխարներին։ Նա այնքան բերանբացն է, որ ամեն օր մեկական ոչխարս կորչում է։ Ես նրան պատժում եմ անփութության և չարամտության համար, իսկ նա պնդում է, որ ես այդ չարությունից դրդված եմ անում, որ իր ռոճիկը կտրեմ։ Աստված վկա, նա ստում է։
― «Ստո՜ւմ է»։ Եվ դու այդ իմ ներկայությամբ ես ասում, ստոր և կոպիտ մարդ,[47] ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Երդվում եմ մեզ լուսավորող արևով, որ իսկույն նիզակով կծակեմ քեզ։ Անմիջապես վճարիր նրան և մի՛ խոսիր, թե չէ երդվում եմ երկնավոր հորով՝ մեկ հարվածիցս շունչդ կփչես և տեղն ու տեղը կսատկես։ Իսկույն ևեթ արձակիր նրան։
Գյուղացին գլուխը քաշ արեց և առանց մի բառ արտասանելու արձակեց տղին, իսկ դոն Կիխոտը հարցրեց տղայից, թե տերն իրեն ինքան է պարտ։ Տղան պատասխանեց, թե ինը ամսվան ռոճիկը, հաշվելով ամսական յոթ ռեալ։ Դոն Կիխոտը հաշվեց ― դուրս եկավ վաթսուներեք ռեալ ― և հրամայեց, որ գյուղացին իսկույն քսակը հանի կամ պատրաստվի մահվան։ Ահաբեկված գյուղացին երդվեց իրեն սպառնացող կործանումով և վերհիշեց իր նախընթաց երդումը (թեև նա իսկի չէր էլ երդվել), որ իր պարտքը բնավ այդքան մեծ չէ, որ պետք է հաշվի առնել և այդ գումարից հանել երեք զույգ կոշիկի արժեքը, որ մաշել է ծառան և երկու անգամ արյուն առնելու վճարը, որ արված է եղել նրա հիվանդության պահին և նստել է մեկ ռեալ։
― Ենթադրենք, թե այդպես է,― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն ծեծելով նրան անմեղ տեղը, դուք լրիվ ստացել եք թե՛ կոշիկների, թե՛ արյուն առնելու համար, որովհետև եթե նա ճղել է կոշիկի կաշին, որ դուք գնել եք նրա համար, դուք նրա սեփական կաշին եք ճղել։ Եթե դալլաքը արյուն է առել նրա հիվանդության միջոցին, դուք առողջի արյունն եք առնում։ Կնշանակի՝ տեղը դուրս է եկել։
― Ցավն այն է, սինյոր ասպետ, որ մոտս ձեռաց փող չունեմ։ Թող Անդրեսը հետս գա տուն, և ես կվճարեմ մինչև վերջին ռեալը։
― Ես նրա հետ գնամ տո՞ւն, ― բացականչեց տղան։ ― Երբե՛ք, սինյոր, Աստված ինձ պահի։ Չեմ էլ մտածի գնալու մասին։ Չէ՞որ նրա հետ մենակ մնանք թե չէ, նա իմ կաշիս կքերթի, ինչպես սուրբ Բարդուղիմեոսինը։
― Նա այդ չի անի, ― առարկեց դոն Կիխոտը։ ― Բավական է, որ ես նրան հրամայեմ, նա իմ պատիվը կպահի։ Թող միայն նա երդվի ասպետական ուխտով, որին պատկանում է, և ես նրան բաց կթողնեմ և կերաշխավորեմ, որ նա քեզ կվճարի։
― Խորհեցեք, ձերդ ողորմածություն, սինյոր, թե դուք ի՜նչ եք ասում, ― ասաց տղան։ ― Իմ տերը բնավ ասպետ չէ և ոչ մի ասպետական ուխտի մեջ չի գրված։ Նա Խուան Հալդուդոն է, Կինտանար գյուղի հարուստներից։
― Դա կարևոր չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Հալդուդոն էլ կարող է ասպետ լինել, առավել ևս, որ մեզնից ամեն մեկը իր գործերի զավական է։
― Դա, իհարկե, ճիշտ է, ― ասաց Անդրեսը, ― միայն թե այդ ի՞նչ գործերի զավակ է իմ տերը, եթե հրաժարվում է վճարել աշխատանքի և ծառայության համար։
― Ես չեմ հրաժարվում, Անդրես բալիկ, ― ընդհատեց նրան գյուղացին, ― հաճեցեք միայն հետո գալ, և ես երդվում եմ բոլոր ասպետական ուխտերով, որ գոյություն ունեն աշխարհիս երեսին, կվճարեմ ձեզ, ինչպես արդեն ասացի, մինչև վերջին ռեալը, այն նոր֊նոր դրամներով։
― Թույլատրում եմ ձեզ և ոչ նորերով, ― ասաց դոն Կիխոտը։ ― Ես միանգամայն բավարարված կլինեմ, եթե դուք սովորական ռեալներով վճարելու լինեք։ Ձեր երդումը պահեք, հա՜, թե չէ, ես իմ հերթին երդվում եմ, որ կվերադառնամ, կգտնեմ ձեզ և կպատժեմ։ Դուք կարող եք թաք կենալ մողեսի պես, միևնույն է, դարձյալ ես ձեզ կգտնեմ։ Իսկ եթե հաճեիք իմանալ, թե ով է ձեզ այդ հրամայում, ապա իմացած եղեք՝ (հիմա դուք ավելի եռանդուն կկատարեք ձեր խոստումը), ես՝ արի դոն Կիխոտ Լամանչեցին եմ, անարգանք ու անարդարություն պատճառողների վրիժառուն։ Տերը ձեզ հետ, և մի՛ք մոռանա ձեր խոստումն ու երդումը, թե չէ խոստացածս պատիժը վրա կհասնի։
Այս խոսքերը բերնին՝ նա խթանեց Ռոստինանտին և արագ֊արագ հեռացավ։ Գյուղացին նրան աչքերով ճամփա գցեց և համոզվելով, որ ասպետն անհետացավ անտառի թավուտում և այլևս չի երևում, նա դարձավ իր ծառային և ասաց․
― Աբա մոտեցիր, Անդրես բալիկ, ես ուզում եմ վճարել քեզ պարտքս, ինչպես հրամայեց այն անարգանք պատճառողների վրիժառուն։
― Խոսք եմ տալիս ձեզ, ― պատասխանեց Անդրեսը, ― որ ձերդ ողորմածությունը շատ լավ կանի, եթե կատարի այն բարի ասպետի հրամանը։ Աստված նրան հազար տարի կյանք տա իր արիության և արդար դատաստանի համար։ Երդվում եմ սուրբ Ռոկեի անվամբ, որ եթե դուք ինձ վճարելու չլինեք, նա իսկույն կվերադառնա և ձեր հախիցը կգա, ինչպես որ խոստացավ։
― Ես էլ եմ երդվում, ― պատասխանեց գյուղացին, ― և որովհետև ես քեզ շա՜տ եմ սիրում, ապա իսկույն կավելացնեմ պարտքս, որպեսզի հատուցումն էլ ավել լինի։
Եվ բռնելով նրա թևից՝ նա տղին կրկին կապեց նույն կաղնուց և գանահարեց՝ հասցնելով տղին կիսամեռ վիճակի։
― Դե, հիմա, սինյոր Անդրես, ― ասաց գյուղացին, ― դուք կարող եք կանչել անարգանք պատճառողների վրիժառուին և դուք կտեսնեք, թե ձեզ համար նա ինչպե՜ս վրեժ կլուծի։ Ասենք՝ ինձ թվում է, որ ես այդ անարգանքը դեռ լրիվ չեմ հասցրել՝ շա՜տ եմ ուզում ձեր կաշին կենդանի֊կենդանի մաշկած լինել, ինչպես դուք ինքներդ դրանից երկյուղ էիք կրում։
Վերջ ի վերջո գյուղացին այնուհանդերձ արձակեց տղին և թույլ տվեց, որ նա գնա իր դատավորին որոնի, որպեսզի վերջինս ի կատար ածի իր արտասանած դատավճիռը։ Անդրեսը հուսահատ գնաց, երդվելով որ կգտնի արի դոն Կիխոտ Լամանչեցուն և մանրամասն կպատմի նրան եղելությունը, և տերը հարկադրված կլինի հարյուրապատիկը վճարել։ Բոլոր այս սպառնալիքներով հանդերձ նա գնաց արտասվաթոր, մինչդեռ իր տերը մնաց կանգնած և լիաթոք ծիծաղում էր․ ահա՜ թե ինչպես արի դոն Կիխոտը պատժեց անարգողին։
Նույն այդ միջոցին մեր ասպետին թվում էր, որ նա գեղեցիկ և վեհ սկիզբ է դրել իր ասպետական սխրագործություններին։ Միանգամայն բավարարված տեղի ունեցածով և ծայր աստիճան գոհ ինքն իրենով՝ նա շարունակում էր գնալ դեպի իր գյուղը, կիսձայն ասելով․
― Օ՜, գեղեցիկ Դուլսինեա Տոբոսցի, ճշմարտապես դու կարող ես քեզ բոլոր աշխարհիս երեսին ապրող կանանցից երջանկագույնը համարել, օ՜, գեղեցիկդ գեղեցիկներից։ Որովհետև բախտը տվել է քեզ հրամայել, որպես ստրուկի, որ հլու է քո կամքին և քո ցանկություններին, այնպիսի մի խիզախ և հռչակավոր ասպետի, որպիսին ցույց տվեց ինքն իրեն և ցույց է տալու դոն Կիխոտ Լամանչեցին։ Արար աշխարհը գիտի, որ նա երեկ կարգվեց ասպետ, իսկ այսօր արդեն այնպիսի անարգանքի և անարդարության համար վրեժ առավ, որ դեռևս չի հնարել չարամտությունը և չի կատարել խստասրտությունը, որովհետև նա այսօր խլեց պատվազուրկ չարագործի ձեռքից խարազանը, որ առանց որևէ պատճառի գանակոծում էր թույլ պատանուն։
Այս խոսքերի վրա նա հասավ այն տեղը, որտեղ ճամփան բաժանվում էր չորս ճյուղի և նա իսկույն մտաբերեց, որ թափառական ասպետները սովորաբար կանգ են առնելիս եղել ճամփաբաժաններին և խորհելիս, թե որ ճամփով ընթանան։ Որպեսզի նրանց օրինակին հետևած լինի, նա՛ էլ պահ մի կանգ առավ, սկսեց խորհել դրության մասին, բաց թողեց Ռոստինանտի սանձը, և ենթարկեց իր կամքը քնձռոտ ձիու կամքին, որ հավատարիմ մնալով իր սկզբնական մտադրության, բռնեց գոմը տանող ճամփան։ Մի երկու մղոն կտրելուց հետո դոն Կիխոտը նկատեց մարդկանց մի մեծ խումբ։ Դրանք, ինչպես հետո պարզվեց, Տոլեդոցի վաճառականներ էին, որ անցնում էին Մուրսիա մետաքս գնելու նպատակով։ Վեց հոգի էին և գնում էին գլխներին հովանոց բռնած, ուղեկցությամբ չորս ձիավոր ծառաների և երեք ջորեպան֊տղաների, որ ոտով էին գնում։ Հազիվ էր նրանց նշմարել դոն Կիխոտը, իսկույն նրան թվաց, թե նրան նոր արկած է սպասում։ Եվ կամենալով ամեն բանում, ինչ չափով որ դա հնարավոր էր թվում, հետևած լինի սովորություններին, որոնց մասին նա կարդացել էր վեպերում, նա վճռեց, որ տեղին կլինի այստեղ ի կատար ածել իր խորհած մեկ ծրագիրը։ Ուստի հպարտ ու խիզախ տեսքով նա ոտներն ամրացրեց ասպանդակների մեջ, ավելի ամուր բռնեց նիզակը, կուրծքը ծածկեց վահանով և, կանգ առնելով ճամփի մեջտեղում, սպասեց, որ թափառական ասպետները մոտենան (որովհետև վաճառականներին նա համարում էր թափառական ասպետներ)։ Եվ հենց որ նրանք մոտեցան այնչափ, որ կարող էին նրան տեսնել և լսել նրա ձայնը, նա բարձր ձայնով և հպարտ֊հպարտ ասաց․
― Ոչ ոք ձեզնից մի քայլ առաջ չի անի, եթե չխոստովանի, որ ամբողջ աշխարհում ավելի գեղեցիկ աղջիկ չկա, քան Լամանչի կայսրուհին, աննման Դուլսինեա Տոբոսցին։
Լսելով այս խոսքերը և տեսնելով խոսողի տարօրինակ կերպարանքը՝ վաճառականները կանգ առան։ Անծանոթի խոսքերից էլ, կերպարանքից էլ նրանք իսկույն կռահեցին, որ սա խելագար է։ Սակայն նրանք կամեցան իմանալ, թե ինչու է նա պահանջում նրանցից այդպիսի խոստովանություն և նրանցից մեկը՝ կատակ սիրող ու սրամիտ, պատասխանեց․
― Սինյոր ասպետ, մենք չգիտենք, թե ո՛վ է այդ բարի տիրուհին, որի մասին դուք խոսում եք, մենք ամենայն սիրով և առանց որևէ հարկանդրանքի կճանաչենք և կկատարենք ձեր պահանջը։
― Եթե ձեզ ցույց տամ, ― ասաց դոն Կիխոտը, ― դուք ճանաչեք այնքան ակներև մի ճշմարտություն, ապա ի՞նչ կլինի ձեր արժանիքը։ Ես հենց պահանջում եմ ձեզնից, որպեսզի դուք առանց նրան տեսնելու հավատաք, ճանաչեք, հաստատեք, երդվեք և պաշտպանեք այդ ճշմարտությունը։ Հակառակ դեպքում ես ձեզ մարտի եմ կանչում անճոռնի՛ և ժպի՛րհ մարդուկներ։ Դուրս եկեք կամ մեկ֊մեկ, ինչպես պահանջում է ասպետական օրենքը, կամ բոլորդ միասին, ըստ ձեր կոչման մարդկանց վատ սովորության․ ես սպասում եմ ձեզ և պատրաստ եմ ըստ արժանվույն դիմավորել ձեզ, հավատացած լինելով, որ կատարելապես արդարացի եմ։
― Սինյոր ասպետ, ― պատասխանեց վաճառականը, ― բոլոր այս արքայորդիների՝ իմ ուղեկիցների անունից աղաչում եմ ձերդ ողորմածությանը, որպեսզի մենք մեր հոգու վրա մեղք վերցրած չլինենք, ճանաչելով մի բան, որ մենք երբեք չենք տեսել և որի մասին երբեք չենք լսել, նամանավանդ որ դրանով մենք մեծ վնաս հասցրած կլինենք Ալկաբրիայի և Էստրեմադուրայի[48] կայսրուհիներին և թագուհիներին․ ցույց տվեք այդ կնոջ որևէ պատկերը, անգամ եթե այդ պատկերը ցորենի հատիկից մեծ չլինի՝ չէ՞ որ ասվում է, թե բրդի փոքրիկ մի կտորից ճանաչվում է ոչխարը։ Այդ մեզ միանգամայն կհանգստացնի ու կհամոզի, ձերդ ողորմածությունն էլ բավարարված կլինի՝ ստանալով ցանկացածը։ Մենք հիմա իսկ այնքան հակամետ ենք համաձայնելու ձեզ, որ եթե պատկերի վրա, որ դուք մեզ ցույց կտաք, երևա, թե ձեր տիկնոջ մեկ աչքը կույր է, իսկ մյուսից խրուկ ու ծծումբ է ծորում, միևնույն է, մենք ի հաճույս ձերդ ողորմածության, կճանաչենք ինչ արժանիքներ էլ դուք հաճեք։
― Ոչինչ էլ նրա աչքից չի ծորում, ստոր սրիկա, ― զայրույթով վառված գոչեց դոն Կիխոտը, ― լսո՞ւմ եք, այդ տեսակ բան չկա։ Թանկագին մուշկ ու համպարի հոտ է բուրում նրանից, և նա բնավ մի աչքով կույր չէ, ոչ էլ կուզ, այլ վայելչակազմ՝ որպես Գուադարամայի իլիկ։[49] Դուք կպատժվեք այն մեծագույն պղծության համար, որով վիրավորեցիք իմ տիրուհու աննման գեղեցկությունը։
Եվ, ասելով այս խոսքերը, նա նիզակը ճոճեց և կատաղի ու ցասումնալից հարձակվեց իր խոսակցի վրա այնպես, որ եթե վերջինիս բախտից Ռոսինանտը ճամփի կեսին չսայթաքեր և վայր չընկներ, ապա հանդուգն վաճառականի բանը բուրդ կլիներ։ Ռոսինանտը վայր ընկավ, և դոն Կիխոտը գլորվեց մի կողմ։ Չնայած իր թափած ճիգերին, նա ոչ մի կերպ չկարողացավ ոտի ելնել՝ նրան շատ էին խանգարում նիզակը, վահանը, խթանները, սաղավարտը և ծանր, հին զենք ու զրահը։ Ապարդյուն ճգնելով բարձրանալ, նա միաժամանակ շարունակում էր խոսել։
― Մի՛ք փախչի, վախկոտներ, անպիտաններ, սպասեցեք։ Իմ մեղքը չէ, որ ես վայր ընկա, իմ երիվարն է մեղավոր։
Ջորեպաններից մեկը, որ, ըստ երևույթին, հեզ բնավորության տեր չէր, լսելով, որ վայր ընկած ասպետը շարունակում է վիրավորանքներ թափել իրենց գլխին, չհամբերեց և վճռեց՝ ի պատասխան, նրա բուրդը գզել։ Նա մոտեցավ դոն Կիխոտին, խլեց նրա ձեռքից նիզակը, կտոր֊կտոր արեց և մի կտորով սկսեց հարվածել մեր ասպետին այնպես, որ չնայած նրա զրահին, ջարդեց նրան, ասես մի ջվալ ցորեն։ Վաճառականները գոռում էին, որ նա դադարի, այլևս չխփի, բայց ջորեպանը ոգևորվել էր և չէր ուզում խաղն ավարտել, մինչև որ չսպառեց իր ցասումի որղջ պաշարը։ Նիզակի կտորները, մեկը մյուսի ետևից վերցնելով նա կոտրում էր՝ հարվածելով գետնին փռված, թշվառական ասպետի մեջքին, որը չնայած կարկուտի պես տեղացող հարվածներին չէր լռում և շարունակում էր սպառնալ երկնքին, երկրին և նրանց, որոնց նա ավազակների տեղ էր դնում։
Վերջապես ջորեպանը հոգնեց, և վաճառականները շարունակեցին իրենց ճամփան։ Ամբողջ ճամփորդության ընթացքում նրանք ասում ու խոսում էին ծեծ կերած ասպետի մասին։ Դոն Կիխոտը տեսնելով, որ թշնամիները հեռացան, նորից վեր կենալու փորձ արեց։ Սակայն եթե առաջ նա ողջ ու առողջ չէր կարողանում ոտի կանգնել, ապա հիմա՝ ծեծված, կիսամեռ վիճակում, ինչպե՞ս ելներ։ Այնուհանդերձ, նա իրեն երջանիկ էր համարում, երևակայելով, որ հենց այդպիսի ձախորդություններ են պատահում թափառական ասպետներին, և որ ամբողջ մեղքը ձիունն է։ Միայն թե վեր կենալ նա չէր կարողանում, այնքան էին ցավում նրա ոսկորները։
Գլուխ V
Որ շարունակում է մեր ասպետի ձախորդությունների պատմութմունը։
Այսպիսով համոզվելով, որ իրոք ի վիճակի չի տեղից շարժվելու, մեր ասպետը որոշեց դիմել իր սովորական դեղին, այսինքն՝ մտաբերել որևէ դեպք վեպերից։ Եվ նրա խելահեղ երևակայությանը ներկայացավ Բալդովինոյի և մարկիզ Մանտուացու տեսարանը, երբ որ Կարլոտոն վիրավոր Բալդովինոյին թողեց լեռներում․ մի պատմություն, որ լավ ծանոթ է մանուկներին, անհայտ չէ պատանիներին և վայելում է ծերերի սերն ու վստահությունը, և չնայած այդ ամենին, ավելի ստույգ չէ, քան Մոհամմեդի հրաշագործությունները։ Դոն Կիխոտին թվաց, որ այդ պատմությունը շատ սազում է իր ցավալի վիճակին։ Եվ ահա նա սկսեց գլորվել գետնին և խորունկ զգացմունքով կրկնել թույլ ձայնով խոսքեր, որ երգի հեղինակը դրել է վիրավոր Անտառի Ասպետի շուրթերում․
Արի՛, ցավս բաժանիր,
Ո՜հ, իմ տիկին փափկասուն,
Մի՞թե ցավս չգիտես,
Կամ թե ինձ չես ափսոսում։
Շարունակելով այս երգը՝ նա հասավ հետևայլ տողերին․
Մանտուանի դու իշխան,
Ո՜հ իմ տեր ու հորեղբայր։
Բախտն այնպես էր տնօրինել, որ այն պահին, երբ նա հասավ այս տողերին, ճանապարհով պատահմամբ մի գյուղացի էր անցնում, միևնույն գյուղի բնակիչ, որտեղից որ մեր ասպետն էր։ Նա վերադառնում էր ջրաղացից, որտեղ ցորեն էր տարել և, գետնին պառկած մարդ տեսնելով, մոտեցավ ու հարցրեց, թե ո՞վ է նա, ի՞նչն է ցավում և ինչո՞ւ է նա այդքան աղիողորմ հառաչում։ Դոն Կիխոտը երևի կարծեց, թե իր առջև իր հորեղբայր մարկիզ Մանտուացին է և այդ պատճառով ոչ մի բառ չարտասանեց, այլ շարունակեց իր երգը, որ ասում էր նրա դժբախտությունների մասին և կայսրորդու սիրո մասին՝ դեպի իր կինը, մի խոսքով այն ամենը, որ այդ երգում երգվում է։
Այս բոլոր անմտություններից գյուղացին ապշեց։ Հանելով դոն Կիխոտի երեսկալը, որ ջարդվել էր փայտի հարվածներից, նա սրբեց նրա փոշոտ դեմքը և սրբելուց հետո իսկույն ճանաչեց նրան և ասաց․
― Սինյոր Կիխադա (որովհետև նա այդպես էր կոչվում, քանի խելքը տեղն էր և խաղաղ հիդալգոյից թափառական ասպետ չէր դառել), այդ ո՞վ է ձերդ ողորմածության բուրդը գզել։
― Սակայն դոն Կիխոտը, առանց պատասխանելու, շարունակում էր իր երգը։ Ապա թե բարի մարդը ջանասիրությամբ, որքան որ կարող էր, հանեց նրա կրծկալն ու մեջկալը, որպեսզի տեսնի՝ վիրավորված չի՞ նա արդյոք։ Սակայն ոչ վերք, ոչ արյուն երևաց։ Հետո նա բարձրացրեց նրան գետնից և մեծ դժվարությամբ նստեցրեց իր էշի վրա, որովհետև նրան թվում էր, թե հիվանդի համար էշով գնալն ավելի հանգիստ կլինի, քան ձիով։ Վերջապես նա հավաքեց զենքերը, անգամ նիզակի կտորները, այդ ամենը կապեց Ռոսինանտի թամքին, բռնեց ձիու և էշի սանձերն ու ուղևորվեց դեպի գյուղ, խորհելով խելագար խոսքերի մասին, որ արտասանում էր դոն Կիխոտը։ Սակայն դոն Կիխոտն էլ պակաս մտահոգված չէր գնում, այնքան ջարդված ու տրորված էր, որ հազիվ էր կարողանում փալանի վրա նստած մնալ։ Մերթ ընդ մերթ նա խորը հոգոց էր քաշում, որ ասես հասնում էին երկնքին իսկ։ Այդ մղեց գյուղացուն դարձյալ հարց տալու, թե նրա ինչն է ցավում։ Պետք է կարծել, որ ինքը դևն էր հիշեցնում դոն Կիխոտին զանազան պատմություններ, հար ու նման իր սեփական արկածներին․ որովհետև այդ վայրկյանին նա մոռացավ Բալդովինոյին և մտաբերեց, թե ինչպես Անտեկերայի կառավարիչ Ռոդրիգո դե Նարվա՛եսը բռնել էր մավր Աթինդարբ՛նեսին և բանտարկել իր սեփական դղյակում։ Ուստի երբ որ գյուղացին երկրորդ անգամ հարցրեց նրանից, թե ինչպե՞ս է նրա քեֆը և ի՞նչն է ցավում, նա պատասխանեց նույն բառերով և դարձվածքներով, ինչպես գերի Աբենսերա՛եսը[50] պատասխանեց Ռոդրիգո դե Նարվա՛եսին Խորգե դե Մոնտեմայորի «Դիանայի» մեջ, որ մեր ասպետը կարդացել էր։ Եվ նա այնքան աջող գործադրեց իր նկատմամբ այդ տեղը, որ գյուղացին անմտությունների այդ կույտը լսելով, պատրաստ էր հոգին սատանին վաճառելու։ Ահա այստեղ նա գլխի ընկավ, որ իր հարևանը ցնդել է և շտապեց շուտ տուն հասնել, որովհետև դոն Կիխոտի երկար ու բարակ ճառերը նրան սաստիկ ձանձրացրել էին։ Իսկ դոն Կիխոտը ի վերջո հայտարարեց․
― Իմացած եղեք, ձերդ ողորմածություն, սինյոր դոն Ռոդրիգո դե Նարվաե՛ս, որ գեղեցկուհի Խարիֆան, որի մասին ես նոր ասում էի ձեզ, այժմ չքնաղ Դուլսինեա Տոբոսացին է, ի պատիվ որի ես կատարեցի, կատարում եմ և կատարելու եմ այնպիսի փառավոր սխրագործոըթյուններ, որ ոչ ոք աշխարհիս երեսին չի տեսել, չի տեսնում և չի տեսնի երբեք։
Գյուղացին դրան պատասխանեց․
― Ախր հասկացեք, ձերդ ողորմածություն, սինյոր, վա՛յ ինձ, մեղավորիս, որ ես բնավ դոն Ռոդրիգո Նարվաե՛սը չեմ, ոչ էլ մարկիզ Մանտուացին, այլ Պեդրո Ալոնսոն՝ ձեր համագյուղացին, իսկ ձեր ողորմածությունը Բալդովինոն չէ, ոչ էլ Աբինդարբաե՛սը, այլ պատվավոր հիդալգո սինոր Կիխադան։
― Ես ինքս գիտեմ, թե ով եմ, ― հակաճառեց դոն Կիխոտը, ― այն էլ գիտեմ, թե կարող եմ լինել ոչ միայն այդ ասպետներից մեկն ու մեկը, այլ Ֆրանսիայի տասներկու պերերից և Փառքի ինը այրերից[51] յուրաքանչյուրը, որովհետև նրանց կատարած սխրագործությունները բոլորը միասին և ամեն մեկն առանձին չեն հավասարվի իմ սխրագործություններին։
Շարունակելով խոսակցել այս եղանակով՝ նրանք իրիկնադեմին հասան գյուղ։ Սակայն գյուղացին սպասեց, որ բոլորովին մթնի, որովհետև նա չէր կամենում, որ մեկն ու մեկը տեսնի մեր հիդալգոյին՝ ծեծված և հազիվ էշի վրա նստած։ Երբ որ նրա կարծիքով հարմար ժամանակ հասավ, նա ներս մտավ գյուղը և դիմեց դոն Կիխոտի տունը։ Այստեղ բոլորը շփոթմունքի մեջ էին։ Եկել էին երկու նրա մտերիմ բարեկամները՝ տեղական դալլաքն ու քահանան, և խոսում էին տնտեսուհու հետ, որ բարձրաձայն բացականչում էր․
― Ի՞նչ կասեք, ձերդ ողորմածություն, սինյոր լիցենտիատ Պերո Պերես (այդպես էր քահանայի անունը) իմ տիրոջ դժբախտության մասին։ Ահա՛, երեք օր է, ինչ անհետացան և՛ նա, և՛ նրա քնձռոտ ձին, և՛ վահանը, և՛ նիզակը, և՛ զրահները։ Ա՜խ, ես դժբախտ կին եմ։ Ես այսպես եմ կարծում, և դա նույնպիսի ճշմարտություն է, ինչպիսին է այն, որ մենք ծնվել ենք մեռնելու համար։ Այն անիծյալ ասպետական վեպերը, որ նա շարունակ կարդում էր, նրան խելագարեցրին։ Ես հիմա մտաբերում եմ, որ նա քանիցս խոսելով ինձ հետ, ասում էր, որ ինքն ուզում է թափառական ասպետ դառնալ և գնալ զանազան երկրներ արկածներ որոնելու համար։ Սատանան և Բարրաբասը տանեն բոլոր այդ գրքերը, որ կործանեցի Լամանչի ամենաբանական գլուխը։
Նույնն էր ասում նաև դոն Կիխոտի քրոջ աղջիկը, որ դեռ ավելացնում էր․
― Գիտե՞ք, սինյոր վարպետ Նիկոլաս (այդպես էր դալլաքի անունը), հաճախ իմ սինյոր քեռին տարվում էր այդ անիծյալ վեպերի ընթերցանությամբ երկու օր, երկու գիշեր առանց դադարի։ Վերջը նա գցում էր գիրքը, բռնում սուրը և սկսում ծակել պատերը։ Իսկ երբ որ բոլորովին ուժասպառ էր լինում, հայտարարում էր, որ չորս հսկա է սպանել, որոնցից յուրաքանչյուրի հասակը չորս անգամ բարձր է աշտարակից։ Հոգնությունից նա քրտնաթոր էր լինում, իսկ ինքը պնդում էր, որ արյուն է հոսում իր վերքերից, որ նա ստացել է մարտի ժամանակ։ Ապա թե նա խմում էր մի մեծ փարչ սառը ջուր, թարմանում, հանգստանում, և հայտարարում, որ դա ջուր չէր, այլ թանկագին խմիչք, որ բերել է իր բարեկամը և մեծ կախարդ, իմաստուն Էսկիֆեն։ Սակայն այս ամենի մեղքն իմն է, որովհետև ես գլխի չընկա իմ սինյոր քեռու խելագարության մասին նախօրոք հաղորդել ձեր ողորմածություններին․ դուք վերջ կդնեիք, նախքան նա հասավ այս վիճակին, եթե այրեիք բոլոր այս աստվածահակառակ գրքերը (իսկ նա դրանցից շատ ունի), որ արժանի են խառույկի ոչ պակաս, քան հերձվածային գրությունները։
― Ես նույն կարծիքի եմ, ― վրա բերեց քահանան, ― խոսք եմ տալիս ձեզ, որ վաղն իսկ մենք աուտոդաֆեի կենթարկենք և կմատնենք կրակի, որպեսզի այլևս նրանց ընթերցողներին չհրեն դեպի այնպիսի գործեր, որ, երևի, կատարում է հիմա իմ խեղճ բարեկամը։
Դոն Կիխոտն իր ուղեկցի հետ լսեց այս բոլոր խոսակցությունը, և գյուղացու համար բոլորովին պարզվեց իր հարևանի ցավը։ Ուստի նա բարձրաձայն աղաղակեց․
― Բաց արեք, տիրուհի, ժամանել են ծանր վիրավորված սինյոր Բալդովինը և սինյոր մարկիզ Մանտուացին, նույն ինքը՝ սինյոր մավր Աբինդարրաե՛սը, որին, գերի վարած, բերում է արի Ռոդրիգո դե Նարվաե՛սը՝ Անտեկերի կառավարիչը։
Բոլորը դուրս վազեցին ձայնի վրա։ Տղամարդիկ ճանաչեցին իրենց բարեկամին, կանայք ― մեկը՝ իր տիրոջը, մյուսը՝ իր քեռուն, և բոլորը վրա տվին, որ գրկեն, մինչդեռ դոն Կիխոտը մնացել էր նստած էշի վրա, որովհետև ոչ մի կերպ չէր կարողանում իջնել։ Նա ասաց․
― Բոլորդ էլ համբերեցեք, իմ երիվարի երեսից ես ծանր վիրավորված եմ։ Ինձ տարեք դրեք անկողնի մեջ և, եթե հնարավոր է, կանչեցեք իմաստուն Ուրգանդային, որպեսզի նա կապի ու բուժի իմ վերքերը։
― Ի՜նչ դժբախտություն, տեսա՞ք, ― բացականչեց տնտեսուհին։ ― Սիրտս ճիշտ էր ասում, թե մեր սինյորի որ ոտն է կաղում։ Համեցեք, ձեր գալուստը բարի, ձերդ ողորմածություն, մենք կկարողանանք ձեզ բժշկել և առանց այդ Ուրգանդայի։[52] Մի անգամ էլ, հազար անգամ էլ անիծվեն այն ասպետական գրքերը, ահա՛ թե նրանք ձերդ ողորմածությանը որտեղ հասցրին։
Ապա նրանք դոն Կիխոտին տարան֊դրեցին անկողին և ուզում էին կապել նրա վերքերը, սակայն ոչ մի վերք չկար։ Նա բացատրեց, որ պարզապես ցավել է, որովհետև իր երիվար Ռոսինանտի հետ գլորվել է գետին մարտի ամենաթեժ պահին տասը հսկաների դեմ․ ավելի հանդուգն և կատաղի էակներ, նրա ասելով, աշխարհս չի ստեղծել։
― Պա֊պա֊պա, ― ընդհատեց քահանան, ― մեզանում հսկաներ են երևան եկել։ Երդվում եմ Մադոննայով, վաղն ևեթ, արևը դեռ մայր չմտած, նրանք բոլորը այրված կլինեն։
Եվ նրանք սկսեցին դոն Կիխոտին հարց ու փորձ անել, սակայն նա չուզեց նրանց բան պատմել, միայն խնդրեց, որ իրեն ուտելու բան տան և հանգիստ թողնեն, որովհետև ամենից շատ ուտելու և քնելու կարիք ունի։ Նրա ցանկությունը կատարեցին, ապա թե քահանան մանրամասն հարց ու փորձ արեց գյուղացուց, թե նա ինչպես գտավ դոն Կիխոտին։ Գյուղացին պատմեց և կրկնեց բոլոր անմտությունները, որ մեր ասպետն ասում էր թե՛ գետնին պառկած, թե՛ էշով գնալիս։ Այս տեղեկություններից հետո մեր լիցենցիատի մեջ առավել ևս ամրցավ իր ծրագիրն ի կատար ածելու ցանկությունը։ Նա այդպես էլ արեց՝ հետևյալ օրը նա անցավ իր բարեկամի՝ դալլաք վարպետ Նիկոլասի ետևից և նրանք երկուսով գնացին դոն Կիխոտի տունը։
Գլուխ VI
Մեծ ու զվարճալի հետազոտության մասին, որին ենթարկեցին քահանան ու դալլաքը մեր հնարամիտ հիդալգոյի գրադարանը
Դոն Կիխոտը դեռ քնած էր։ Քահանան խնդրեց նրա քրոջ աղջկանից այն սենյակի բանալին, որտեղ պահված էին գրքերը՝ այսպիսի մեծ դժբախտության պատճառները, և աղջիկը մեծ պատրաստակամությամբ բանալին հանձնեց։ Բոլորը տնտեսուհու ուղեկցությամբ ներս մտան և տեսան հարյուրից ավելի փոքրադիր գրքեր։ Հենց որ տնտեսուհին տեսավ, որ նրանք ներս մտան, ինքը շուտափույթ դուրս վազեց սենյակից և իսկույն վերադարձավ մի թաս օրհնված ջրով և վրձինով ցանելու համար։
― Ապա վերցրեք, պարոն լիցենցիատ, ― ասաց նա, ― և ցողեցեք սենյակը, թե չէ մեկն ու մեկը այն անիծյալ կախարդներից, որոնցով այդ գրքերը լիքն են, դուրս կպրծնի և կկախարդի մեզ և վրեժը կհանի, որ մենք ուզում ենք նրանց ջինսը խայտառակել և ջնջել աշխարհիս երեսից։
Տնտեսուհու պարզամտությունն ստիպեց լիցենցիատին խնդալ, և նա խնդրեց, որ դալլաքը գրեքերը մեկը մյուսի ետևից տա իրեն, որպեսզի ինքը պարզի, թե նրանց մեջ ինչից է խոսվում, չէ՞ որ կարող է պատահել, որ նրանցից մի քանիսը արժանի չլինեն մահապատժի կրակի միջոցով։
― Չէ, չէ, ― բացականչեց դոն Կիխոտի քրոջ աղջիկը, ― պետք չէ նայել նրանցից և ոչ մեկին, նրանք բոլորն էլ մեր ցավին մեղապարտ են։ Ամենից լավը կլինի, եթե մենք լուսամուտից դուրս թափենք բակը, մի կույտ անենք և վառենք, կամ թե ասենք անասնաբակը ու այնտեղ խարույկ վառենք՝ այնտեղից ծուխը մեզ անհանգիստ չի անի։
Նույնն էր ասում նաև տնտեսուհին՝ ահա՛ թե որ աստիճան նրանք ծարավի էին այդ անմեղ մանուկների կորստյան։ Սակայն քահանան չմաձայնեց նրանց հետ, և կամեցավ նախապես կարդալ գոնե նրանց վերնագրերը։ Առաջին գիրքը, որ տվեց նրան վարպետ Նիկոլասը, Ամադիս Գաղղիացու պատմությունը դուրս եկավ՝ չորս մասից բաղկացած։ Քահանան ասաց․
― Ես սրա մեջ տեսնում եմ բախտի մատը, որովհետև լսել եմ, որ սա Իսպանիայում տպագրված առաջին ասպետական վեպն է և որ սրանից են սկիզբ առել ու ծագել բոլոր մյուսները։ Ուստի ես կարծում եմ, որ մենք պետք է անողոքաբար դատապարտենք այրելու, որպես այն բովանդակ չարավնաս աղանդի պարագլխին։
― Ո՛չ, սինյոր, ― առարկեց դալլաքը, ― իսկ ես լսել եմ, որ այս վեպը լավագույն գործն է այն ամենից, որ երբևիցե գրված է եղել այդ ուղղությամբ, ուստի և, իբրև միակը իր տեսակի մեջ, արժանի է ներման։
― Այո՛, դուք արդարացի եք, ― պատասխանեց քահանան, ― նկատի կառնենք այդ և առժամապես նրան կբաշխենք կյանքը։ Իսկ հիմա տեսնենք, թե նրա կողքին ինչ կա։
― Ամադիս Գաղղիացու օրինական որդու՝ Էսպլանդիանի սխրագործությունները,[53] ― ասաց դալլաքը։
― Ճշմարիտն ասած, ― նկատեց քահանան, ― հոր արժանիքները չեն փրկում որդուն։ Ապա վերցրեք, տիրուհի տնտեսուհի, բաց արեք լուսամուտն ու բակը նետեցեք՝ նա կդառնա հիմքը պատրաստվող խարույկի։
Տնտեսուհին ամենամեծ հաճույքով հնազանդեց, և բարի Էսպլանդիանը թռավ բակը, այնտեղ մեծ համբերությամբ իրեն սպառնացող խարույկին սպասելու համար։
― Իսկ հետո՞, ― ասաց քահանան։
― Հետևյալը, ― ասաց դալլաքը, ― Ամադիս Հունաստանցին է, ― և ինձ թվում է, որ այս դարակի վրա բոլոր գրքերը Ամադիսի ցեղից են։
― Որ այդպես է, ապա թող երթան բակը, ― պատասխանեց քահանան։ ― Ես այնպես եմ ուզում այրել թագուհի Պինտիկինեստրային, Դարինել Հովվին իր էկլոգներով և այդ հեղինակի բոլոր ճոռոմ հիմարությունները, որ եթե ինձ աշխարհ բերող հայրը թափառական ասպետի կերպարանք ընդուներ, ես նրան՝ էլ սրանց հետ կայրեի։
― Ե՛ս էլ նույն կարծիքի եմ։
― Դե որ այդպես է, ― ասաց տնտեսուհին, ― ապա բոլորին էլ բակը նետենք։
Նրան բեռնեցին այդ բազմաթիվ հատորներով, և նա, առանց սանդուղքով իջնելու, ուղղակի լուսամուտից թափեց բակը։
― Սա՞ ինչ տակառ է, ― հարցրեց քահանան։
― Սա, ― պատասխանեց դալլաքը, ― դոն Օլիվանտեե դե Լաուրան է։
― Այս վեպը նույն հեղինակին է պատկանում, որ հորինել է Ծաղկի պարտեզը, ― ասաց քահանան, ― և, ճշմարիտն ասած, ես դժվարանում եմ ասել, թե այս երկու գրվածքից ո՞րն է ավելի ճշմարտապատում, ավելի ճիշտ՝ ո՞րն է պակաս սուտ։ Մի բան կասեմ միայն՝ այս գիրքն էլ բակը կերթա, որպես խենթ ու քմահաճ գրվածք։
― Այնուհետև՝ Ֆլորիսմարտե Հերկանացին է, ― շարունակեց դալլաքը։
― Ա՜, ահա թե դուք որտեղ եք, սինյոր Ֆլորիսմարտե, ― բացականչեց քահանան։ ― Ազնիվ խոսք, նա էլ կթռչի բակը, չնայած իր տարօրինակ ծնունդին և զարմանալի արկածներին՝ նրա չոր ու ծանր ոճը ուրիշ բանի արժանի չէ։ Բակը նետեք նրան, տիրուհի տնտեսուհի, սրան էլ նրա հետը։
― Հաճույքով, սինյոր, ― պատասխանեց տնտեսուհին, մեծ ուրախությամբ կատարելով ամենը, ինչ որ նրան հանձնարարում էին։
― Ահա՛ և Պլատիր ասպետը, ― ասաց դալլաքը։
― Սա հին գիրք է և մեջը մի բան չկա, որ արժանի լիներ ներման։ Թող մյուսների հետ երթա, առանց հակաճառության, ― ասաց քահանան։
Այդ էլ կատարվեց։ Ապա նրանք բաց արին հետևյալ գիրքը և կարդացին վերնագիրը՝ Խաչի ասպետը։
― Այս գրքի սուրբ վերնագրի համար կարելի էր նրա հեղինակի տգիտությունը ներել։ Սակայն զուր չի ասված՝ «Խաչի ետևը նստած է սատանան»։ Նետեցեք կրակը։
Դալլաքը մի ուրիշ գիրք վերցրեց և ասաց․
― Սա Ասպետության հայելին է։
― Ծանոթ է, ― պատասխանեց քահանան։ ― Մեջը սինյոր Ռեյնալդոս Մոնտալբանացին է թրև գալիս իր ընկերների և բարեկամների հետ, որոնք ավելի գող են, քան ինքը՝ Կակոն և Ֆրանսիայի տասներկու պերերը, իրենց ճշմարտապատում պատմաբան Տուրպինի հետ։ Ճշմարիտն ասած, ես նրանց կդատապարտեի ոչ ավել, մշտենջենական աքսորի, որովհետև նրանցից օգտվել էր իր գրվածքում հռչակավոր Մատեո Բոյարդոն, որից քրիստոնյա բանաստեղծ Լյուդովիկոս Արիոստոն փոխ է առել իր պոեմի հյուսվածքը։ Եթե այս վերջինս գտնվի մեր գրքերի մեջ, և մենք տեսնենք, որ նա ոչ թե իր մայրենի, այլ օտար լեզվով է խոսում, ես ոչ մի հարգանք չեմ տածի դեպի նա․ իսկ եթե նա իր լեզվով խոսելու լինի, ես նրան գլխիս վրա կդնեմ։[54]
― Ես ունեմ իտալերենը, ― ասաց դալլաքը, ― միայն թե բան չեմ հասկանում։
― Ձեզ պետք էլ չէ հասկանալ, ― առարկեց քահանան, ― և մենք սիրով կներեինք նույնը սինյոր կապիտանին,[55] որովհետև նա հակառակ դեպքում չէր տարածի Իսպանիայում այդ գիրքը՝ այն կաստիլցի դարձնելով, մի բան, որ զրկում է նրան իր բազմաթիվ բնական հատկություններից։ Ասենք նույնն են անում նրանք, ովքեր փորձում են թարգմանել ոտանավորները, որովհետև թարգմանիչներն ինչքան էլ ջանասեր և հմուտ լինեն, նրանք երբեք չեն հասնի այն կատարյալ ձևին, ինչ ձևով նրանք առաջին անգամ ծնվել են։ Ուստի սրա, ինչպես և մնացած ֆրանսիական պատմության գրքերի նկատմամբ, որ գտնվելու լինեն այս գրադարանում, ես առաջարկում եմ այսպես վարվել՝ դարսել չորացած ջրհորի հատակին և այնտեղ պահել, մինչև որ ծանր ու բարակ խորհելուց հետո մենք կորոշենք թե ինչ անենք, բացառությամբ, սակայն, Բերնարդո դել Կարպիոյից, որ անշուշտ այստեղ նույնպես ապաստանած կլինի, մեկ էլ Ռոնսևալից։ Եթե սրանք իմ ձեռքն ընկնելու լինեն, ես իսկույն կհանձնեմ տնտեսուհուն, իսկ նա, առանց ներման նշույլի, կրակի գիրկը կնետի։
Դալլաքը համաձայնեց սրան և հայտարարեց, որ այս ամենը ճիշտ ու ճշմարիտ է, որովհետև նա գիտեր, որ քահանան այնքան բարի քրիստոնյա է և այնպիսի բարեկամ ճշմարտության, որ ոչ մի բան աշխարհիս երեսին նրան չի կարող հակառակը ասել տալ։ Ապա նա բաց արեց հետևյալ գիրքը՝ դա Օլիվացի Պալմերինն էր, որի կողքին կանգնած էր մի ուրիշը, որի վերնագիրն էր՝ Պալմերին Անգլիացի։ Տեսնելով սրանց՝ լիցենցիատն ասաց.
― Օլիվացուն իսկույն ևեթ կարելի է ոչնչացնել և այրել, այնպես որ մոխիրն էլ չմնա, իսկ Պալմա Անգլիացուն պահել և պահպանել որպես հազվագյուտ առարկա և նրա համար տուփ պատրաստել, այն տուփի նման, որ Ալեքսանդրը գտավ Դարեհի գանձերում և հատկացրեց Հոմերոսի պոեմները մեջը պահելու համար։ Այս գիրքը, սիրելի խնամի, հարգանքի է արժանի երկու պատճառով՝ մեկ, որ նա ինքնըստինքյան սքանչելի է, ապա կարծիք կա, որ դա մի իմաստուն փորթուգալցի արքայի հեղինակությունն է։ Միրագուրդայի դղյակի բոլոր արկածները գեղեցիկ են և ճարպիկ հնարած, ոճը՝ սահուն ու վճիտ, իսկ խոսակցությունները՝ հմուտ և ճաշակով հարմարեցված խոսողների բնավորության և բնության։ Ուստի ես կարծում եմ, եթե միայն դուք համաձայնելու լինեք, սինյոր վարպետ Նիկոլաս, այս վեպը և Ամադիս Գաղղիացին կարող են խուսափել խարույկից, իսկ մնացածը՝ նայել էլ չարժե՝ թող բոլորն էլ կորչեն։
― Ոչ, սինյոր խնամի, ― առարկեց դալլաքը, ― իսկ այս հռչակավոր դոն Բելյանի՞սը, որ իմ ձեռքին է։
― Է՜, սրան, ― պատասխանեց քահանան, ― իր երկրորդ, երրորդ և չորրորդ մասերի հետ պետք է դեղ տալ, որ մաղձից մաքրվի, բացի այդ նրանցից պետք է հանել այն ամենը, որ վերաբերում է Փառքի դղյակին և շատ ուրիշ անհեթեթություններ՝ ավելի ևս վատթար։ Սակայն տանք նրան ժամանակ և եթե նա ուղղվի, այն ժամանակ կորոշենք՝ խիստ վարվել հետը, թե՞ ողորմած լինենք։ Իսկ առայժմս, սիրելի խնամի, տարեք հետներդ տուն, միայն թե մարդու չտաք կարդալու։
― Ամենամեծ հաճույքով, ― պատասխանեց դալլաքը, և, չկամենալով իրեն այլևս ծանրաբեռնել մնացյալ ասպետական վեպերի քննությամբ, նա կարգադրեց, որ տնտեսուհին հավաքի բոլոր մեծադիր հատորները և գցի բակը։
Տնտեսուհին ո՛չ հիմար էր, ո՛չ էլ խուլ։ Նա ավելի սիրով կայրեր աշխարհիս բոլոր գրքերը, քան ամենանուրբ քաթան կհյուսեր։ Նա միանգամից ութ հատ խոշոր հատոր խտտելով լուսամուտից դուրս գցեց։ Բայց որովհետև նա շատ էր վերցրել, գրքերից մեկը վայր ընկավ դալլաքի ոտների մոտ։ Սա կամեցավ տեսնել գրքի անունը և կարդաց՝ Հռչակավոր ասպետ Տիրանա Ճերմակի պատմությունը։
― Տեր ողորմյա, ― գոչեց բարձրաձայն քահանան, ― մի՞թե Տիրանա Ճերմակն այստեղ է։ Շուտով տվեք ինձ նրան, սիրելի խնամի։ Հավատացած եղեք, որ ձեր առջև են հաճույքի գանձ և զվարճալիքների անսպառ աղբյուր։ Նրա մեջ նկարագրված են արի ասպետ դոն Կիրիելեյսոն Մոնտալբանցին, նրա եղբայր Թոմաս Մոնտալբանցին և Ֆոնսեկա ասպետը։ Նրա մեջ պատմված է արի Տիրանտի մարտի մասին շան դեմ, Պլասերդեմիվիդա աղջկա խորամանկության մասին, Ռեսպոսադա այրիի[56] սիրաբանությունների և բանսարկությունների մասին, կայսրուհու մասին, որ սիրահարված է եղել իր կառապան Հիպպոլիտին։ Սուտ ասած չեմ լինի, սինյոր խնամի, ըստ ոճի՝ դա աշխարհիս ամենալավ գիրքն է՝ ասպետներն ուտում, քնում, մեռնում են իրենց մահճակալների վրա, մեռնելուց առաջ կտակ են գրում և հազար ուրիշ օգտակար բաներ, որ այդ տեսակի այլ վեպերում չեն հիշատակվում։ Եվ այնուհանդերձ, ասում եմ ձեզ, հեղինակն արժանի է իր օրերն ավարտելու տաժանակիր աշխատանքի մեջ, որովհետև այդ բոլոր ախմախությունը նա հիմարաբար է գրել։ Վերցրեք այդ գիրքը, կարդացեք և դուք կտեսնեք, որ իմ բոլոր ասածները զուտ ճշմարտություն են։
― Ես այդպես էլ կանեմ, ― պատասխանեց դալլաքը, ― իսկ մնացած մանր գրքե՞րն ինչ անենք։
― Դրանք ասպետական վեպեր չեն, ― ասաց քահանան, ― այլ, հավանորեն, ոտանավորների գրքեր են։
Եվ նրանցից մեկը բաց անելով, նա կարդաց վերնագիրը՝ Դիանա Խորխե դե Մոնտեմայոր։ Ենթադրելով, որ մնացյալներն էլ նույն տեսակ բաներ են, նա ասաց․
― Սրանք կրակի արժանի չեն, որովհետև չեն պատճառում և երբեք չեն պատճառի այնպիսի վնաս, ինչպես ասպետական վեպերը։ Սրանք զբաղեցնում են մարդու միտքը և ամենևին վտանգավոր չեն։
― Ա՜խ, սինյոր, ― բացականչեց դոն Կիխոտի քրոջ աղջիկը, ― իսկ ըստ իս, ձերդ ողորմածությունը պետք է նրանց նետեր կրակը մյուսների հետ միասին։ Չէ՞ որ կարող է պատահել, որ իմ սինյոր քեռին, բուժվելով իր ասպետական հիվանդությունից, սկսի ոտանավորներ կարդալ և նրա խելքին փչի հովիվ դառնալ և գնալ թափառելու անտառներն ու դաշտերը, սրինգ փչելով կամ երգ ասելով, կամ, ինչ որ ավելի վատթար է, հենց ինքը բանաստեղծ դառնա, որովհետև ասում են, թե այդ հիվանդությունը ամենից անբուժելին ու վարակիչն է։
― Աղջիկը ճիշտ է ասում, ― ասաց քահանան։ ― Ավելի լավ կլինի, որ մենք հավաքենք մեր բարեկամի ճամփից այս նոր վտանգն ու գայթակղությունը։ Եվ քանի որ մենք Մոնտեմայորի Դիանայից սկսեցինք, ապա ես կարծում եմ հետևյալը՝ այրել նրան պետք չէ, բայց նրա միջից պետք է դուրս գցել այն ամենը, որ վերաբերում է իմաստուն Ֆելիսիային և անմահական ջրին, և գրեթե բոլոր երկար տողերով գրած ոտանավորները։ Թող որ մնա իրեն արձակը և նման պոեմների միջև առաջինը լինելու արժանիքը։
― Ապա գալիս է այսպես կոչված Երկրորդ Դիանան, որ հորինել է Սալամանտինցին, ― շարունակեց դալլաքը, ― ահա ևս մի գիրք, որի հեղինակը Գիլ Պոլոն է։
― Ինչ արած, ― պատասխանեց քահանան, ― Սալամանտինցու Դիանան թող հետևի մյուսներին և բազմացնի այրվելու դատապարտվածների քանակը։ Իսկ Գիլ Պոլոյի Դիանան մենք կպահենք, ինչպես եթե այն հորինած լիներ ինքը Ապողղոնը։ Հետո ինչ կա, սինյոր խնամի, ― ավելացրեց նա, ― պրծնենք, թե չէ ուշ է արդեն։
― Ահա Սիրո երջանկության տասը գիրքը, որ գրել է սարդինցի բանաստեղծ Անտոնիո դե Լոֆրասոն։
― Հավատ ընծայեք իմ հոգևոր կոչմանը, ― ասաց քահանան, ― այն պահից, ինչ Ապողղոնը Ապողղոն է կոչվում, մուսաները՝ մուսա, իսկ պոետները՝ պոետ, ավելի զվարճալի և հաճելի գիրք դեռ գրված չի եղել, և դա իր տեսակի լավագույն և արժանագույն հեղինակությունն է բոլոր լույս տեսածներից։ Նա, ով այդ գիրքը չի կարդացել, կարող է հավատացած լինել, որ ոչ մի հռչակավոր բան չի կարդացել։ Ապա դեսը տվեք, սիրալիր խնամի։ Եթե ինձ Ֆլորենցիայի մետաքսից փարաջա նվիրելու լինեին, ես պակաս կուրախանայի, քան այս գյուտից։
Եվ նա մեծ գոհունակությամբ գիրքը մի կողմ դրեց, իսկ դալլաքը շարունակեց․
― Հետո գալիս են՝ Իբերիացի հովիվը, Հենարեսի նիմֆերը և Միջոց խանդի դեմ։
― Սրանց հետ գլուխ դնել չարժե, ― ասաց քահանան, ― հանձնեցեք նրանց աշխարհիկ իշխանության ձեռքը՝ տնտեսուհուն։ Մի՛ք հարցնի ինձնից, թե ինչու, թե չէ մենք երբեք չենք վերջացնի։
― Այա Ֆիլիդայի հովիվը։
― Նա բնավ հովիվ չէ, ― նկատեց քահանան, ― այլ իսկական պալատական։ Պահպանեցեք, որպես գանձ։
― Այս ստվար հատորը, ― շարունակեց դալլաքը, ― խորագրված է՝ Զանազան ոտանավորների գանձարան։
― Եթե ոտանավորները սակավաթիվ լինեին, ― պատասխանեց քահանան, ― մենք ավելի բարձր կգնահատեինք։ Այդ գիրքը պետք է քաղհան անել և մաքրել տափակ կտորներից, որ ընկել են մեջը խոշոր գործերի հետ։ Ներում շնորհեք, որովհետև հեղինակը իմ բարեկամն է և նրա մյուս գրվածները՝ ավելի վեհ ու հերոսական են։
― Ահա Լոպես Մալդոնադոյի Ոտանավորների ժողովածուն։
― Այդ հեղինակը նույնպես իմ բարեկամն է, ― ասաց քահանան, ― նրա ոտանավորները իր շուրթերին հիանալի են, այնպիսի հրապուրիչ ձայն ունի նա։ Ճիշտ է, նրա էկլոգները քիչ ձգձգված են, սակայն չէ՞ որ լավ բանից մարդ միշտ ավելի շատ է ուզում։ Արդ՝ կցենք նրան ընտրյալներին։ Իսկ նրա կողի՞նն ինչ է։
― Սա Միգուել դե Սերվանտեսի Գաղաթեան է, ― պատասխանեց դալլաքը։
― Շատ տարի է, ինչ ես բարեկամացել եմ այդ Սերվանտեսին և գիտեմ, որ նա ավելի փորձ ունի դժբախտություններում, քան ոտանավորներում։ Նրա գրքում կա մտահղացում, նա խոստանում է, բայց չի ավարտում։ Սպասենք խոստացած երկրորդ մասին։ Թերևս ուղղված նա կարժանանա վերջապես թողության, որ առայժմ նրան մերժվում է։ Իսկ մինչ այդ պահեք նրան ձեզ մոտ բանտարկված, սինյոր խնամի։
― Սիրով, ― պատասխանեց դալլաքը։ ― Ահա ևս երեք գիրք՝ դոն Ալոնսո դե Էրսիլյայի Արաուկանան, Խուան Ռուֆոյի, կորդովցի դատավորի՝ Աուստրիադան և վալենսիացի պոետ Կրիստո՛բալ դե Վիրուեսի Մոնսերրատը։
― Այս երեք գրքերը լավագույններն են այն ամենից, որ գրված է հերոսական ոտանավորով իսպաներեն։ Նրանք ոչնչով պակաս չեն հռչակավոր իտալացի պոետներից։ Պահեցեք նրանց որպես իսպանական պոեզիայի թանկագին գանձարանը։
Վերջապես քննությունը հոգնեցրեց քահանային և նա առաջարկեց մնացած բոլոր գրքերը այրել առանց խտրության։ Սակայն այդ վայրկյանին դալլաքը մի հատորիկ էլ բաց արեց, որ խորագրված էր Անջելիկայի արցունքները։
― Ես էլ նրա հետ կարտասվեի, եթե հրամայած լինեի այդպիսի մի գիրք կրակը նետել։ Նրա հեղինակը ամենահռչակավոր պոետներից մեկն է ո՛չ միայն Իսպանիայում, այլև ամբողջ աշխարհում։ Նա մեծ վարպետությամբ թարգմանել է Օվիդիոսի առասպելներից մի քանիսը։
Գլուխ VII
Մեր բարի ասպետ դոն Կիխոտ Լամանչեցու երկրորդ արշավի մասին
Նույն այդ րոպեին նրանք լսեցին դոն Կիխոտի ձայնը․
― Այստե՛ղ, այստե՛ղ, ասպետնե՜ր, ― ճչում էր նա, ― հասել է ժամը ցույց տալու, ձեր հզոր բազուկների ուժը։ Այս պալատական ասպետները կամենում են հափշտակել հաղթանակը մրցության մեջ։
Պետք էր թողնել մնացած գրքերն առանց քննության և դուրս վազել աղմուկ աղաղակի վրա։ Պետք է կարծել, թե Կարոլեան և Լևոն Իսպանացին, դոն Լուիս դե Ավելայի Կայսեր գործերի հետ միասին, որ անշուշտ արժանի են ներման, առանց դատի և հարցաքննության կրակն ընկան, թեև հնարավոր է, որ եթե քահանան նրանց տեսած լիներ, նա այդքան խիստ դատավճիռ չէր արտասանի։
Ներս մտնելով ննջարանը, նրանք տեսան, որ դոն Կիխոտը արդեն վեր է կացել անկողնից, աղաղակում է, աղմկում և տանում֊բերում, խփում ու ծակում, այնքան առույգ, որ կարծես թե դրանից առաջ նա քնած չի էլ եղել։ Նրան բռնեցին և բռնի դրին անկողնու մեջ, ապա թե նա, մի քիչ հանգստացած, դարձավ քահանային հետևյալ խոսքերով․
― Ճշմարտապես, սինյոր արքեպիսկոպոս Տուրպին, մեծ ամոթ նրանց, որոնց մենք տասներկու պերեր ենք կոչում, որ նրանք, առանց մի խոսքի, թույլ են տալիս պալատականներին հափշտակել այս մրցության հաղթանակը։ Մինչդեռ երեք օրվա ընթացքում բոլոր հաղթությունները մենք՝ թափառական ասպետներս ենք տարել։
― Հանգստացեք, ձերդ ողորմածություն, սինյոր խնամի, ― պատասխանեց քահանան։ ― Աստուծով վաղը բախտը կփոխվի և այն, ինչ մենք այսօր կորցրինք, վաղը կվերադարձնենք, դեռ ավելին։ Իսկ հիմա թող ձեր ողորմածությունը մտածի իր առողջության մասին, որովհետև ինձ թվում է, որ դուք, եթե վիրավորված էլ չեք, անշուշտ ծայր աստիճան հոգնած կլինեք։
― Ոչ, ես վիրավորված չեմ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն իրոք բավական ջարդված ու տրորված եմ։ Այն ապօրինի ծնունդ դոն Ռոլդանը[57] ինձ հարվածեց կաղնու բնով և նախանձից դրդված։ Չէ՞ որ ես եմ նրա միակ մրցակիցը ասպետական գործերում։ Սակայն ինձ այլևս Ռեյնալդո Մոնտալբանցի մի՛ կոչեք, անկողնուց վեր կացա թե չէ, ես նրա հախիցը կգամ, ինչպես էլ նա կախարդված լինի։ Իսկ հիմա ինձ համար նախաճաշ բերեք, որովհետև ներկայիս ես ամենից շատ կարոտ եմ կազդուրվելու, իսկ նրանից վրեժ առնելն արդեն իմ գործն է։
Նրանք այդպես էլ արին՝ դոն Կիխոտի համար ուտելու բան բերին, ապա թե նա կրկին քնեց, իսկ նրանք կրկին զարմացան նրա խելագարությունից։
Նույն գիշերը տնտեսուհին վառեց բոլոր գրքերը, թե՛ բակը նետածները, թե՛ տանը մնացածները, որոնց մեջ անշուշտ այրվեցին նաև այնպիսիները, որ արժանի են առմիշտ պահելու հանրային դիվաններում։ Սակայն այդպես էր բախտի կամքը, քննությունը կատարված էր անփույթ և այդպիսով գրքերի բախտի վրա արդարացավ առածը՝ մեղավորների երեսից հաճախ տուժում են նաև արդարները։
Իբրև առաջին դեղ իրենց բարեկամի հիվանդության դեմ քահանան ու դալլաքը խորհեցին պատ շարել և ծածկել գրադարանի դուռը, այնպես որ վեր կենալուց հետո նա չկարողանա գտնել գրքերը (նրանք հույս ունեին, որ վերացնելով պատճառը, կվերացնեն նաև հետևանքները)։ Իրար մեջ որոշված էր ասել դոն Կիխոտին, որ մի կախարդ թռցրել է սենյակը, գրքերն էլ հետը։ Այդ ամենը կատարվեց մեծ փութկոտությամբ։ Երկու օր անց դոն Կիխոտը վեր կացավ և նրա առաջին գործը գնալ գրքերին նայելն էր։ Չգտնելով տեղը, որտեղ նրանք գտնվում էին, նա սկսեց թափառել ողջ տունը և որոնել նրանց բոլոր սենյակներում։ Նա մոտենում էր այն տեղին, որտեղ առաջ դուռ կար, և լռելայն ձեռք էր տալիս մատներով, աջ ու ձախ նայում։ Վերջապես երկար փնտրուքներից հետո նա հարցրեց տնտեսուհուց, թե որ կողմն է մատենադարնը։ Իսկ սա, նախապես սովորեցրած լինելով՝ պատասխանեց․
― Մատենադարա՞նը։ Այդ ի՞նչ եք որոնում, ձերդ ողորմածություն։ Մատենադարան չկա՜, և ո՛չ մի գիրք՝ դևն այդ ամենն տարել է։
― Իսկի էլ դևը չի, ― առարկեց քրոջ աղջիկը, ― այլ կախարդը։ Եկավ մի գիշեր ամպի վրա բազմած, ձեր ողորմության պարտեզից գնալուց հետո և իջնելով վիշապից, որի վրա հեծել էր, ներս մտավ մատենադարանը և էլ չգիտեմ, թե ինչ արեց նա այնտեղ, միայն թե պահ մի անց կտուրից թռավ դուրս, իսկ տունը լցվեց ծխով։ Երբ որ մենք սիրտ արինք նայելու, թե ինչ արեց նա, արդեն ոչ գիրք կար, ոչ սենյակ։ Ե՛ս էլ, տնտեսուհի՛ն էլ, միայն մի բան ենք լավ հիշում՝ երբ որ այդ չար ծերուկը թռչում֊գնում էր, նա բարձրաձայն գոռաց թե՝ գաղտնի թշնամանքից գրքերի և սենյակի տիրոջ դեմ նա մեծ վնաս հասցրեց և թե մենք հետագայում կտեսնենք, թե ինչ վնաս։ Եվ նա ավելացրեց, որ կոչվում է իմաստուն Մունյատոն։
― Մունյատոն չէ, այլ Ֆրեստոն, ― ընդհատեց դոն Կիխոտը։
― Ես ի՞նչ իմանամ, ― պատասխանեց աղջիկը, ― Ֆրեստոն է, թե Ֆրիտոն, հիշում եմ միայն, որ անունը վերջանում էր տոն֊ով։
― Այդպես է որ կա, ― ասաց դոն Կիխոտը, ― դա մի իմաստուն կախարդ է, իմ ոխերիմ թշնամին, որ ոխ ունի, որովհետև իր արվեստի և գրքերի շնորհիվ նա իմացել է, թե հասնելու է ժամը, և ես մենամարտելու եմ մի ասպետի հետ, որին նա հովանավորում է և թե ինձ վիճակված է հաղթելու՝ հակառակ նրա բոլոր ճիգերին։ Ահա թե ինչու նա աշխատում է ինձ ամեն տեսակ անախորժություն պատճառել։ Սակայն հավատացնում եմ, որ նա սխալվում է և չի խուսափի երկնքի նախախնամությունից։
― Ո՞վ կարող է կասկածել որ, ― ասաց քրոջ աղջիկը։ ― Սակայն ձերդ ողորմածություն, սինյոր քեռի, ո՞վ է հարկադրում ձեզ մտնելու բոլոր այդ կռիվների մեջ։ Ավելի լավ չէ՞ տանը խաղաղ նստել, քան թափառել աշխարհովս մեկ՝ թռչնի կաթ որոնելու համար։ Խոմ գիտեք՝ պատահում է, որ մարդ բրդի հետևից է ընկնում և ինքն է խուզված վերադառնում։
― Ա՜խ, քրոջ աղջիկ, ― բացականչեց դոն Կիխոտը, ― ի՜նչ վատ ես դու այդ բանը հասկացել։ Առաջ քան ինձ խուզեն, ես ինքս կպոկեմ և կփետեմ բոլորի միրուքը, ովքեր միայն հանդգնեն իմ մի հատիկ մազին դիպչելու։
Կանայք որոշեցին այլևս չառարկել, որպեսզի չդրդեն նրա զայրույթը։
Սրանից հետո դոն Կիխոտը ամբողջ տասնհինգ օր խաղաղ նստեց տանը՝ ոչ մի բանով չարտահայտելով իր ցանկությունը շարունակելու իր առաջվա գժությունները։ Այդ օրերի ընթացքում նա քանիցս զվարճալի զրույցներ ունեցավ իր երկու բարեկամների՝ քահանայի և դալլաքի հետ, այն մասին, թե աշխարհս ոչ մի բանի այնքան կարիք չունի՝ ինչքան թափառական ասպետների, և թե ինքը պիտի հարություն տա թափառական ասպետությանը։ Երբեմն քահանան ընդդիմախոսում էր նրան, իսկ երբեմն առերես համաձայնում, որովհետև առանց այդ խորամանկությունը բանեցնելու հնարավոր չէր լինի ապացուցելու նրան իր մոլորությունը։
Միևնույն միջոցին դոն Կիխոտն սկսեց համոզել մի գյուղացու, իր հարևանին, բարի մի մարդու (եթե կարելի է այդպիսի մի անուն տալ, աղքատ մի մարդու), բայց ծերը պակաս։ Վերջ ի վերջո նա այնքան համոզեց, այնքան խոսեց ու խոստացավ, որ խեղճ գյուղացին համաձայնեց գնալ նրա հետ, որպես զինակիր։ Ի միջի այլոց դոն Կիխոտը նրան խորհուրդ տվեց երկար ու բարակ չխորհել և անմիջապես ելնել թափառելու։ Ձեռնտու կլինի, որովհետև կարող է մի այնպիսի արկած պատահի, որ ինքը ձեռաց մի կղզի կնվաճի և նրան կնշանակի կառավարիչ։ Այս և նման խոստումների ազդեցության տակ Սանչո Պանսան (այդպես էր կոչվում գյուղացին) թողեց կնոջն ու երեխաներին և մտավ ծառայության իր հարևանին, իբրև զինակիր։
Ապա դոն Կիխոտը սկսեց փող հավաքել՝ մի բան ծախեց, մյուսը գրավ դրեց և մեծ վնասով բավական գումար հավաքեց։ Բացի այդ, իր բարեկամներից մեկից նա փոխ վերցրեց մի կլոր վահան, կարգի բերեց, ինչքան կարող էր, ջարդված սաղավարտը և նախազգուշացրեց իր զինակիր Սանչոյին, որ այսինչ օրն ու ժամը նա մտադիր է ճամփա ընկնելու, այնպես որ ինքն էլ պատրաստություն տեսներ։ Դոն Կիխոտը հատկապես պնդում էր, որ Սանչոն չմոռանա ճամփորդական պայուսակ վերցել։ Վերջինս խոստացավ, որ չի մոռանա և ասաց, որ իր երևելի էշն էլ կվերցնի հետը, որովհետև ոտով գնալու համար իր կազմվածքն այնքան էլ հարմար չէ։ Այդ հանգամանքը մի քիչ շփոթեցրեց դոն Կիխոտին, և նա աշխատում էր մտաբերել՝ ունեցե՞լ են արդյոք թափառական ասպետները զինակիրներ, որոնք էշով են գնալիս եղել, սակայն միտքը ոչ մի դեպք չէր գալիս։ Այնուհանդերձ նա համաձայնեց, հավատացած լինելով, որ առաջին իսկ հարմար դեպքում, առաջին իսկ հանդիպումի պահին որևէ անպարկեշտ ասպետի հետ, նրանից կխլի ձին և այդ ավելի պատվավոր կենդանին կտա իր զինակրին։ Վերջապես նա շապիկների և այլ անհրաժեշտ իրեղենների պաշար տեսավ՝ հետևելով պանդոկապանի տված խորհուրդներին։ Երբ որ ամեն ինչ կազմ ու պատրաստ էր, մի գիշեր նրանք երկուսով աննկատ դուրս եկան գյուղից։ Սանչոն անգամ մնաք բարով չասաց կնոջն ու երեխաներին, իսկ դոն Կիխոտը՝ տնտեսուհուն ու քրոջ աղջկան։ Ողջ գիշերը նրանք առաջ ընթացան, այնպես որ երբ լույսը բացվեց, այլևս երկյուղ չկար, որ նրանց կարող են գտնել, եթե որոնելու էլ լինեն։
Սանչո Պանսան, բեռնավորված պայուսակով և տիկով, բազմել էր իր էշի վրա, ասես պատրիարք լիներ։ Նա շատ էր ուզում շուտով խոստացած կղզու կառավարիչ դառնալ։ Դոն Կիխոտը պատահմամբ շուռ տվեց այն ճամփի վրա, որով նա գնաց առաջին անգամ, այսինքն՝ Մոնտելի հովիտը, միայն թե հիմա նա ավելի հաճույքով էր գնում, որովհետև ժամը վաղորդյան էր և արևի շեղ ճառագայթները նրան անհանգիստ չէին անում։ Այստեղ Սանչո Պանսան ասաց իր տիրոջը․
― Տեսեք հա՜, ձերդ ողորմածություն, սինյոր թափառական ասպետ, չմոռանաք ձեր խոստումը կղզու վերաբերյալ՝ ինչքան էլ մեծ լինի, ես գիտեմ, թե ինչպես կկառավարեմ։
Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
― Իմացած եղիր, իմ բարեկամ Սանչո Պանսա, որ հին ժամանակվա թափառական ասպետների միջև շատ տարածված սովորույթ է եղել իրենց զինակիրներին նշանակելու նվաճած կղզիների կամ թագավորությունների կառավարիչ, և ես հաստատ որոշել եմ այդ գովելի սովորույթը վերականգնել։ Ավելին, ես կամենում եմ ավելի հեռուն գնալ՝ իմ նախորդները երբեմն կամ ավելի ճիշտ՝ միշտ սպասում էին, մինչև որ իրենց զինակիրները ծերանան և ծառայությունից ուժասպառվեն, շատ դժնի օրեր և ավելի վատթար գիշերներ անց կացնեն, ապա թե շնորհում էին նրանց որևէ հովտի կամ գավառի մարկիզություն կամ կոմսություն և նույնիսկ ավելի պակաս բան։ Իսկ ես, ― եթե մենք երկուսս էլ կենդանի մնացինք, ― հնարավոր է, որ մի վեց օրից նվաճեմ այնպիսի թագավորություն, որին հպատակված լինեն մի քանի ուրիշները և, որ քեզ ավելի հարմար գա, կտամ քեզ՝ թագադրելով քեզ արքա։ Չկարծես, թե ես չափազանցում եմ թափառական ասպետներին այնպիսի պատմություններ ու դեպքեր են պատահում, որ ոչ ոք ո՛չ տեսել է, ո՛չ երևակայել, այնպես որ ես հեշտությամբ կարող եմ նվիրել քեզ խոստացածիցս էլ ավելին։
― Ասել է թե, ― պատասխանեց Սանչոն, ― եթե, ոնց որ ձերդ ողորմածությունն է ասում, ես հրաշքով թագավոր դառնամ, իմ կնիկս էլ, Խուանա Գուտիերրեսը, առնվազն թագուհի կլինի, իսկ բալիկներս՝ թագաժառանգեր։
― Ո՞վ է կասկածում որ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Ես եմ կասկածում, ― պատասխանեց Սանչո Պանսան, ― որովհետև, եթե Աստծու կամոք թագերը անձրևի պես թափվելու լինեին երկրի վրա, այն ժամանակ էլ, կարծեմ, ոչ մեկը Մարի Գուտիերրեսի գլխին չէր գա։ Ախր նա, ինչպես թագուհի, երկու գրոշ չարժե։ Կոմսությունը՝ այ դա՛, թերևս, նրան սազեր, այն էլ Աստծո օգնությամբ։
― Է՛հ, այդ գործում ապավինիր Աստծուն, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Աստված նրան կտա այն, ինչ իրեն ավելի հարմար լինի։ Իսկ դու մի նվաստացնի քեզ և ավելի պակասով, քան նահանգապետությամբ, մի՛ բավարարվիր։
― Մտքովս էլ չի անցնի, տեր իմ, ― պատասխանեց Սանչոն, ― մանավանդ որ ես այնպիսի հզոր տեր ունեմ, ինչպես ձերդ ողորմածությունն է՝ անշուշտ դուք կնվիրեք ինձ այն, ինչ որ ինձ ավելի հարմար ու հաճելի լինի։
Գլուխ VIII
Փառավոր հաղթանակի մասին, որ տարավ արի դոն Կիխոտը սարսափելի և աներևակայելի արկածում քամաղացների դեմ, ինչպես և այլ անցքերի մասին, որ արժանի են հաճելի հիշատակության։
Այստեղ նրանք տեսան երեսուն թե քառասուն քամաղաց՝ կանգնած դաշտի մեջ։ Նկատելով նրանց՝ դոն Կիխոտն ասաց իր զինակրին․
― Բարի բախտը ավելի լավ է ղեկավարում մեր գործերը, քան մենք կարող էինք ցանկանալ։ Այն կողմը նայիր, Սանչո Պանսա բարեկամ, տեսնո՞ւմ ես, այնտեղ երեսուն ահեղ հսկաներ, գուցե էլ ավելի։ Իսկույն ես կմարտնչեմ նրանց դեմ և կկոտորեմ բոլորին, մինչև վերջինը։ Այս ավարը կդառնա մեր հարստության սկիզբը, որովհետև այս մարտն արդար է և հաճո Աստծուն, որ սույն չար սերմը վերացած լինի աշխարհի երեսից։
― Ի՞նչ հսկաներ են որ, ― հարցրեց Սանչո Պանսան։
― Այն, որ քո առջև են, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Տեսնո՞ւմ ես, ինչ ահագին ձեռներ ունեն։ Ոմանց ձեռների երկարությունը գրեթե երկու մղոն է։
― Հավատացեք, ձերդ ողորմածություն, ա՛յն, ինչ այստեղ երևում է, իսկի էլ հսկաներ չեն, այլ քամաղացներ, իսկ ա՛յն, ինչ դուք ձեռների տեղ եք դնում, թևեր են, որ պտույտ են գալիս քամուց և պտտացնում ջաղացքարերը։
― Իսկույն երևում է, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ արկածների գործում դու դեռ սկսնակ ես։ Այդ ― հսկաներ են։ Եթե դու վախենում ես, ապա մի կողմ քաշվիր և աղոթք ասա, իսկ ես այդ միջոցին կմտնեմ դժնակ և անհավասար մարտի մեջ նրանց դեմ։
Այս խոսքերով նա խթանեց Ռոսինանտի կողերը, առանց Սանչոյի ճիչերին ուշ դարձնելու, որ հավատանցում էր նրան, որ անտարակույս նա ոչ թե հսկաների վրա կհարձակվի, այլ քամաղացների վրա։ Դոն Կիխոտը, հաստատ համոզված լինելով, որ իր առջև հսկաներ են, ականջ չդրեց իր զինակիր Սանչոյի ճիչերին և չճանաչեց ջրաղացները, չնայած որ սրանք բոլորովին մոտիկ էին։ Նա թռչում է առաջ՝ բարձրաձայն բացականչելով․
― Մի՛ք փախչի, վատահոգի և ստոր արարածներ, որովհետև ձեզ վրա հարձակվողը մեն֊մենակ ասպետ է։
Այդ միջոցին թեթև քամի բարձրացավ և ահագին թևերն սկսեցին պտտվել։ Նկատելով այդ՝ դոն Կիխոտը շարունակեց․
Եթե դուք ավելի շատ ձերներ ունենայիք, քան ինքը՝ հսկա Բրիայերը և դուք թափահարեիք նրանք, դարձյալ չէիք կարող խուսափել հատուցումից։
Այս ասելով և հոգին տիկին Դուլսինեային պահ տալով, խնդրելով նրա օգնությունը վտանգավոր վայրկյանին՝ նա՝ ծածկված վահանի ետևը, նիզակը ճոճելով, բաց թողեց Ռոսինանտի գլուխը, հարձակվեց մերձագույն քամաղացի վրա և նիզակը խրեց նրա թևը։ Այդ րոպեին քամին թափով պտույտ տվեց թևը և թևը փշուր֊փշուր անելով նիզակը, քաշեց իր ետևից և՛ ձիուն, և՛ ձիավորին, որոնք ամենաթշվառական վիճակում դեն թռան բավական հեռու տեղ։ Սանչոն իր էշի ողջ արագությամբ շտապեց իր տիրոջը օգնության և մոտենալով համոզվեց, որ տերը ի վիճակի չէ տեղից շարժվելու՝ այնքան ուժգին էր նա Ռոսինանտի հետ գետին տապալվել։
― Տեր ողորմյա՛, ― բացականչեց Սանչոն, ― չէ՞ի ասում ձեզ, ձերդ ողորմածություն, որ ավելի զգույշ լինեք, և որ դրանք քամաղացներ են։ Ախր դա միայն ա՛յն մարդու համար չի պարզ, որի գլուխը ջրաղաց է։
― Լռի՛ր, Սանչո բարեկամ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ Ռազմական արհեստը, ավելի քան որևէ այլ բան, ենթակա է բախտի փոփոխականության։ Նամանավանդ որ, թվում է ինձ, (ասենք, իրոք հենց այդպես էլ է), այդ իմաստուն Ֆրեստոնը, որ փախցրեց իմ առանձնասենյակն ու գրքերը, հսկաներին էլ քամաղացներ դարձրեց, որպեսզի հաղթանակի փառքից ինձ զրկած լինի․ այդ աստիճան ուժգին է նրա թշնամանքը իմ նկատմամբ։ Սակայն վաղ թե ուշ նրա չար դյութանքը տեղի պիտի տա իմ թրին։
― Թո՛ղ Աստծու կամքը լինի, ― պատասխանեց Սանչոն։ Ապա նա օգնեց իր տիրոջը վեր կենալ և նորից հեծնել Ռոսինանտը, որի առաջին ոտները գրեթե ջարդված էին։ Չզրուցելով այդ արկածի շուրջը, նրանք առաջացան Պուերտո Լապիսեի ճամփով, որովհետև, դոն Կիխոտի ասելով, այնտեղ նրանց սպասում էին բազմաթիվ ու զանազան արկածներ, քանի որ այդ վայրում ճամփան շատ բանուկ է։ Մի բան միայն նրան վշտացնում էր՝ նիզակի կորուստը։ Իր ցավը Սանչոյին բաց անելուց հետ նա ասաց․
― Ես կարդացել եմ, միտս է գալիս, Դիեգո Պերես դե Վարգաս անունով մի իսպանացի ասպետ, որի նիզակը մարտի միջոցին կոտրվեց։ Նա կոտրեց կաղնի ծառից մի ծանր ճյուղ, թերևս հենց բունը և այդ մահակով այնքան սխրագործություններ կատարեց այդ օրը և այնքան մավրեր սպանեց, որ նրան Մահակ անվանեցին և այն օրից ի՛նքն էլ, նրա սերո՛ւնդն էլ կոչվում են Վարգաս Մահակ։ Նրա համար եմ այդ ասում քեզ, որ ես էլ առաջին իսկ ճամփին մեզ հանդիպած կաղնուց կկոտրեմ մի ճյուղ ― իսկ և իսկ Վարգասինի նմանը ― և այդ ճյուղը ձեռքիս, հույս ունեմ, որ կկատարեմ այնպիսի մեծ սխրագործություններ, որ դու կօրհնես բախտը, որ քեզ արժանացրել է պատվին լինելու մասնակից և վկա այդ գործերի, որոնք հետագայում անհավանական են թվալու։
― Ամեն ինչ Աստծո ձեռին է, ― պատասխանեց Սանչոն, ― ես հավատում եմ ամենին, որ ձեր ողորմածությունը պատմում է։ Միայն թե ուղիղ նստեցեք, թե չէ ասես բոլորովին կախ ընկած լինեք մի կողքի․ երևի վայր ընկնելը ձեզ սաստիկ ցավ է պատճառել։
― Այո, այդ ճիշտ է, ― ասաց դոն Կիխոտը, ― և եթե ես չեմ գանգատվում ցավից, ապա նրանից է, որ թափառական ասպետներին վայել չէ գանգատվել վերքերից, թեկուզ նրանց աղիքները դուրս գալու լինեն։
― Դե որ այդպես է, ես ասելիք չունեմ, ― պատասխանեց Սանչոն, ― սակայն մենակ Աստծուն է հայտնի, թե ես ինչքան կուրախանայի, եթե ձերդ ողորմածությունը գանգատվեր, երբ որ մի տեղը ցավի։ Գալով ինձ՝ ես ամենաչնչին ցավից կճչամ, եթե միայն չգանգատվելու կանոնը չի վերաբերում նաև թափառական ասպետների զինակիրներին։
Դոն Կիխոտը չկարողացավ ծիծաղը պահել իր զինակրի պարզամտությունից, որ Սանչոյին թույլ է տրվում հեծել երբ և ինչպես կամենա, ունենալով պատճառ, թե առանց պատճառի, քանի որ ասպետական գրքերում նա մինչև հիմա հակառակ ցուցմունքների չի հանդիպել։ Սանչոն նկատեց, որ ժամանակ է արդեն բան ուտելու։ Դոն Կիխոտը պատասխանեց, թե ինքն առայժմս չի ուզում, բայց թե Սանչոն կարող է ուտել, երբ որ կամենա։ Տիրոջ թույլտվությունն առնելով, Սանչոն ավելի հարմար նստեց էշի վրա և պայուսակից հանելով իր պատրաստած պաշարը, սկսեց ուտել՝ շարունակելով կամաց֊կամաց գնալ դոն Կիխոտի ետևից։ Մերթ ընդ մերթ նա բերանը դնում էր տկին այնպիսի հաճույքով, որ նրան կնախանձեր յուրաքանչյուր ղոչաղ միկիտանչի Մալագայում։ Այսպես, դանդաղ քայլով, տմբտմբալով և կում֊կում գինի խմելով՝ նա իսպառ մոռացավ բոլոր խոստումների մասին, որ տվել էր նրան դոն Կիխոտը, և թվում էր նրան, թե արկածների որոնումներով թափառելը, անգամ վտանգավոր արկածների, բնավ աշխատանք չէ, այլ զուտ հաճույք։
Վերջապես, երբ որ վրա հասավ գիշերը, մեր ճամփորդները պառկեցին ծառերի տակ, և դոն Կիխոտը, կոտրելով մի չորացած ճյուղ, որը մի կերպ կարող էր փոխարինել նիզակը, կպցրեց երկաթե ծայրը, որ պոկել էր կոտրած նիզակից։ Ամբողջ այդ գիշերը նա աչքերը խուփ չարեց, խորհելով իր տիրուհու՝ Դուլսինայի մասին, որպեսզի ոչ մի բանով տարբերված չլինի ասպետներից, որոնց մասին նա կարդացել էր վեպերում։ Քանի՜֊քանի՜ անքուն գիշերներ են անցկացրել նրանք անտառներում և անապատներում խորասուզված հուշերի մեջ իրենց սրտի սիրուհիների մասին։ Բոլորովին այլ կերպ անց կացրեց գիշերը Սանչոն։ Սրա փորը լիքն էր, այն էլ ցիկորի ջրով չէր լի,[58] ուստի նա մեռածի պես քնեց մինչև առավոտ։ Եվ եթե դոն Կիխոտը նրան մի քանի անգամ ձայն չտար, նա չէր զարթնի ո՛չ արևի ճառագայթներից, որ ընկել էին նրա երեսին, ո՛չ էլ բազմաթիվ թռչունների ճռվողյունից, որ խնդությամբ ողջունում էին նոր օրվա ծագումը։ Ւսկ վեր կենալով, նա նախ և առաջ բերանը տարավ տկին և նկատելով, որ երեկվա պես կլորիկ չէ, վշտացավ, որովհետև նրան թվում էր, որ այդ պակասը շուտով չի աջողի լրացնել։ Դոն Կիխոտը չկամեցավ նախաճաշել, որովհետև, ինչպես մենք արդեն ասացինք, նա սնվում էր լոկ անուշ հուշերով։ Նրանք առաջ ընթացան Պուերտո Լապիսի ճամփով և ժամի երեքին մոտ կիրճին հասնելու վրա էին։ Տեսնելով հեռվից կիրճը՝ դոն Կիխոտն ասաց․
― Այստեղ, եղբայր Սանչո Պանսա, մենք կարող ենք մեր ձեռները մինչև արմունկ կոխել արկած ասածիդ մեջ։ Սակայն նկատի ունեցիր՝ աշխարհիս ի՜նչ չարաչար վտանգների մեջ էլ ընկնելու լինեմ, դու չպիտի թուր քաշես ինձ պաշտպանելու համար, բացառությամբ միայն, եթե տեսնելու լինես, որ վրաս հարձակվող թշնամին ամբոխ է, թշվառ խուժան։ Այդ դեպքում միայն դու կարող ես ինձ օգնություն հասցնել։ Իսկ եթե նրանք ասպետներ լինեն, ապա ասպետական օրենքներով ոչ մի դեպքում վայել չէ և չի թույլատրվում, որ դու ինձ օգնես, քանի որ դու դեռ ասպետ չես կարգված։
― Կարող եք բոլորովին ապահով լինել, սինյոր, ― պատասխանեց Սանչոն, ― այդ հարցում ես կհնազանդեմ ձերդ ողորմածության, մանավանդ որ խաղաղ բնավորության տեր մարդ եմ և չեմ սիրում տուրուդմփոցի մեջ մտնել։ Բայց խղճի մտոք ասած՝ եթե հարկ լինի կաշիս պաշտպանելու, այն ժամանակ ոչ մի ասպետական օրենքի դնչին մտիկ չեմ տա, որովհետև և՛ աստվածային, և՛ մարդկային օրենքները թույլ են տալիս պաշտպանվելու վիրավորողներից։
― Նույնն էլ ե՛ս եմ ասում, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Հիշի՛ր միայն, որ եթե կամենալու լինես ինձ պաշտպանել ասպետներից, դու պետք է սանձահարես քո բնական մոլեգնությունը։
― Խոստանում եմ, ― ասաց Սանչոն, ― կկատարեմ այդ պատվիրանը նույն սրբությամբ, ինչպես կիրակի օրը։
Այսպես խոսակցելով, նրանք ճամփին հանդիպեցին ս․ Բենիտոյի ուխտի երկու վարդապետների, որոնք ուղտերի չափ բարձր ջորիներ էին հեծել, ճամբորդական ակնողներ էին դրել աչքերին և գլխներին ամպհովանի բռնել․ նրանց ետևից ընթանում էր մի կառք, շրջապատված չորս թե հինգ ձիավորներով և երկու ջորեպանով, որոնք ոտով էին գնում։ Ինչպես հետագայում պարզվեց, կառքով ինչ֊որ բիսկայեցի տիկին էր գնում, որ ուղևորվում էր Սևիլիա, որտեղ գտնվում էր նրա ամսուսինը, որ շատ պատվավոր պաշտոն ստանալով պիտի Ամերիկա մեկներ։ Վարդապետները, թեև նույն ճամփով էին գնում, ինչ որ տիկինը, բայց անկախ էին ճամբորդում։ Դոն Կիխոտը նրանց տեսավ թե չէ, ասաց իր զինակրին․
― Կամ ես մոլորվում եմ, կամ մեզ այնպիսի նշանավոր արկած է սպասում, որպիսին դեռևս ոչ ոք չի տեսել, որովհետև սև կերպարանքները, որ երևում են, անկասկած կախարդներ են, որ փախցրել են ինչ֊որ իշխանուհի և տանում են կառքով։ Ես պիտի բոլոր ուժերս լարեմ, որպեսզի այս չար գոծը խափանեմ։
― Այդ հո քամաղացներից վատ կլինի, ― պատասխանեց Սանչոն։ ― Մի՞թե դուք չեք տեսնում, սինյոր, որ ձեր առջև ս․ Բենիտոյի վարդապետներ են, իսկ կառքով, երևի, որևէ ճամփորդներ են գնում։ Լսեցե՛ք ինձ և մի լավ խորհեցեք ձեր արածը, թե չէ դարձյալ չար սատանան ձեզ կմոլորեցնի։
― Ես արդեն ասացի քեզ, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― որ դու արկածներից բան չես հասկանում, իմ ասածը ճիշտ է, և դու հիմա կհամոզվես։
Այս խոսքերով նա առաջ անցավ, ճամփի մեջտեղում, որտեղից պիտի անցնեին վարդապետները, կանգ առավ և երբ որ նրանք այնքան մոտեցան, որ նրա հաշվով կարող էին լսել իր խոսքերը, բարձրաձայն աղաղակեց․
― Ո՜հ դուք, դժոխքի նենգամիտ սերունդ, իսկույն ևեթ ազատեցեք ազնիվ իշխանուհուներին, որոնց դուք բռնի տանում եք կառքով, թե չէ պատրաստվեցեք շուտափույթ մահվան՝ որպես արժանի պատիժ ձեր չարագործության։
Վարդապետները ջորիների սանձերը քաշեցին և կանգ առան, զարմացած դոն Կիխոտի թե՛ տեսքից, թե՛ խոսքից, և այսպսի պատասխան տվին․
― Սինյոր ասպետ, մենք բնավ դժոխքի նենգամիտ սերունդ չենք, այլ ս․ Բենիտոյի ուխտի միաբաններ։ Մենք ճամփորդում ենք մեր գործերով և բան չգիտենք այս կառքով իշխանուհիներ փախցնելու մասին։
― Դուք ինձ անուշ խոսքերով չեք խաբի։ Ես ձեզ ճանաչում եմ, ստոր սրիկաներ, ― պատասխանեց դոն Կիխոտը։
Եվ, առանց պատասխանի սպասելու, նա խթանեց Ռոսինանտին և, ցած թեքելով նիզակը, այնպիսի կատաղի արիությամբ հարձակվեց առաջին վարդապետի վրա, որ եթե նա ինքն իրեն ջորուց գետին չնետեր, ապա դոն Կիխոտը նրան անշուշտ վայր կգցեր թամքից և ծանր կվիրավորեր, կամ թե չէ, թերևս, կսպաներ իսկ։ Երկրորդ վարդապետը, տեսնելով, թե ինչպես են վարվում իր ուղեկցի հետ, կրունկները խրեց իր գեր ջորու կողերը և քամուց արագ սլացավ դաշտը։
Սանչո Պանսան նկատելով որ վարդապետը պառկած է գետնին, թեթև թռավ իշից և վազ տալով մոտը, սկսեց հանել նրա շորերը։ Այդ միջոցին մոտեցան վարդապետներին հետևող երկու ծառաները և հարցրեցին Սանչոյից, թե նա ինչու է նրա շորերը հանում։ Սանչոն պատասխանեց, որ ըստ օրենքի, ավարը իրեն է պատկանում, որովհետև իր տեր դոն Կիխոտն է նվաճել մարտում։ Ծառաները, որ կատակ չէին հասկանում և գաղափար չունեին, թե ավարս որն է, մարտս՝ որը, նկատելով, որ դոն Կիխոտը ծռեց մի կողմ և սկսեց խոսակցել կառքի ճամփորդուհու հետ, վրա տվին, Սանչոյին գետին գցեցին, փետտեցին նրա միրուքը և այնպես ջարդեցին, որ նրա շունչը կտրվեց և զգայարանները բթացան։ Այդ միջոցին ահ ու սարսափով բռնված վարդապետը, առանց մի վայրկյան կորցնելու, հեծավ ջորին և, մահու չափ գունատ, քշեց իր չորքոտանուն դաշտը, որտեղ պատկառելի տարածության վրա սպասում էր իր ուղեկիցը, տարակուսանքի մեջ, թե ինչով կվերջանա ամբողջ այս ահուզարը։ Ապա առանց սպասելու այս պատմության վախճանին, նրանք երկուսով էլ առաջ գնացին, երեսները այնպիսի տագնապով խաչակնքելով, ասես նրանց ետևից ինքը դևն էր ընկել֊հետապնդում։
Իսկ դոն Կիխոտը, ինչպես արդեն ասացինք, սկսեց զրուցել կառքում նստած տիկնոջ հետ։
― Ձեր գեղեցկությունը, տիրուհիդ իմ, ― ասում էր նա, ― ազատ է հիմա տրամադրել իր անձով, որպես կամենա, որովհետև ձեզ փախցնողների հանդգնությունը կաշկանդված է արդեն իմ բազկի զորությամբ։ Եվ որպեսզի ձեզ վիշտ չպատճառի ձեր փրկչի անունը չիմանալը, ես կասեմ, որ իմ անունը դոն Կիխոտ Լամանչեցի է։ Ես թափառական ասպետ եմ, արկածախնդիր գերված գեղանի և աննման տիրուհի Դուլսինեա Տոբոսցով։ Իբրև վարձ այն ծառայության համար, որ ես հիմա ձեզ մատուցեցի, ես ձեզնից միյան մեկ բան կխնդրեմ՝ գնացեք Տոբոս, ներկայացեք իմ կողմից իմ սրտի տիրուհուն և ասացեք նրան, որ ես ձեզ ազատություն շնորհեցի։
Կառքն ուղեկցող ձիապաններից մեկը, բիսկայեցի, ուշադրությամբ լսում էր դոն Կիխոտի խոսքերը։ Տեսնելով, որ նա չի ուզում թողնի կառքն առաջ ընթանա և պահանջում է, որ նրանք բոլորն էլ անմիջապես ետ գնան Տոբոս, մոտեցավ նրան և բռնելով նրա նիզակը, Կաստիլիայի վատ լեզվով և ավելի վատթար բիսկայերեն այսպես խոսեց․
Գնա բանի՛դ, ասպետ, ոչ բարով երթաս։ Երդվում եմ արարիչ Աստուծով, կառքը բաց թող, թե չէ բիսկայացի չեմ լինի, թե որ քեզ տեղն ու տեղը չսպանեմ։[59]
Դոն Կիխոտը նրա լեզուն շատ լավ հասկացավ և մեծ արժանապատվությամբ պատասխանեց․
― Թշվա՜ռ արարած։ Եթե դու ասպետ լինեիր, որ չե՛ս, կպատժե՛ի քո հանդգնությունն ու լրբությունը։
Բիսկայեցին իսկույն վրա բերեց․
― Ինչպե՜ս թե ասպետ չեմ։ Երդվում եմ Աստուծով, որ ստում ես քրիստոնյայի պես։ Նիզակդ նետի՛ր, հանի՛ր թուրդ։ Կտեսնես թե ոնց քո ապուրը կեփեմ։ Ցամաքի վրա ես բիսկայեցի եմ, ծովի վրա՝ հիդալգո, սատանայից կարգված հիդա՜լգո։ Ուրիշ բան ասողը սուտ է ասում։
― Իսկույն դու այդ կտեսնես, ինչպես ասաց Ագրահեսը,[60] ― պատասխանեց դոն Կիխոտը։
Եվ նիզակը գետին շպրտելով, նա թուրը քաշեց, վահանով ծածկվեց և հարձակվեց բիսկայեցու վրա՝ նրան սպանելու հաստատ մտադրությամբ։ Այդ տեսնելով բիսկայեցին, որովհետև իր ջորին վարձու էր առնված և վստահելի չէր, կամեցավ իջնել, բայց այդ նրան չաջողվեց և նա ժամանակ ունեցավ միայն թուրը պատյանից հանելու։ Նրա բախտից կառքը հենց իր կողքին էր կանգնած, որի միջից նա հանեց մի բարձ, որ կարող էր փոխարինել վահանի։ Եվ ահա մեր հակառակորդները դեմ առ դեմ կանգնեցին՝ որպես երկու մահացու թշնամիներ։ Ներկա եղողները փորձեցին նրանց հաշտեցնել, բայց գլուխ չեկավ։ Բիսկայեցին իր ջարդված լեզվով երդվում էր, թե եթե նրան խանգարելու լինեն մարտնչելու, նա իր տիրուհուն էլ շան սատակ կանի և բոլորին, ովքեր միջամտելու լինեին։ Կառքում նստած տիկինը, ապշած ու ահաբեկված այդ տեսարանից, հրամայեց, որ կառապանը մի քիչ դենը քշի և սկսեց հեռվից հետևել կատաղի մարտին։ Այդ վայրկյանին բիսկայեցին դոն Կիխոտի վահանի վերևից այնպիսի հարված հասցրեց նրա ուսին, որ եթե վահանը չխանգարեր, մեր ասպետի ուսն անշուշտ մինչև գոտին կկտրվեր։ Դոն Կիխոտը, խլացած կատաղի հարվածից, բարձրաձայն աղաղակեց․
― Օ՜, Դուլսինեա, իմ հոգու հատոր և գեղեցկության ծաղիկ, օգնեցեք ձեր ասպետին, որը ձեր մեծամեծ առաքինություններին արժանանալու համար այս ահավոր վտանգի մեջ է ընկել։
Այդ ասելը, թուրը քաշելը, վահանով մի լավ ծածկվելը և բիսկայեցու վրա հարձակվելը միաժամանակ եղավ։ Դոն Կիխոտը որոշել էր իր ամեն ինչ վտանգել՝ գործը մեկ հարվածով ավարտելու համար։ Իր հակառակորդի տեսքից բիսկայեցին կռահեց նրա խիզախ մտադրությունը և երդվեց ոչ նվազ քաջությամբ դիմադրել հարձակմանը։ Բարձով լավ ծածկված՝ նա սպասում էր թշնամուն, տեղում կանգնած, չկարողանալով իր ջորու գլուխը ծռել ո՛չ աջ, ո՛չ ձախ, որովհետև կենդանին անկարող էր մի քայլ անելու՝ այնքան հյուծված էր և անսովոր նմանօրինակ խաղերի։ Ուրեմն, ինչպես ասացինք, դոն Կիխոտը հարձակվեց խորամանկ բիսկայեցու վրա, բարձրացնելով սուրը և պատրաստելով նրան կտրել֊երկու կտոր անել, իսկ բիսկայեցին սպասում էր, դեմ անելով բարձը և նույնպես սուրը բարձր պահելով, մինչդեռ հանդիսատեսները, ահից շունչները պահած, սպասում էին, թե վերջապես երբ պիտի իջնեն օդում սպառնալիորեն կախված այս սրերը։ Կառքի տիկինը և նրա նաժիշտները աղոթում էին և զանազան ուխտեր անում Իսպանիայի բոլոր աստվածահաճո և սուրբ բնակիչներին, միայն թե տեր Աստված ազատի նրանց և կառապանին այդ սարսափելի վտանգից։ Բայց հենց ցավն էլ այն է, որ այդ իսկ տեղում մեր պատմության հեղինակը ընդհատում է մեր մարտի նկարագրությունը, արդարանալով, որ չի աջողել դոն Կիխոտի գործերի մասին սրանից բացի այլ տեղեկություններ քաղել։ Ճիշտ է, այս աշխատասիրության երկրորդ հեղինակը չէր կարող հավատ ընծայել, որ այսքան հետաքրքրական պատմություն կարող է մոռացության մատնված լինել և որ Լամանչի սուրբ մտքերը կարող էին մինչ այն աստիճան անհետաքրքիր եղած լինել, որպեսզի իրենց դիվաններում ու մատենադարանում պահած չլինեին որևէ ձեռագիր այդ հռչակավոր ասպետի վերաբերյալ։ Այդ նկատառումներով նա հույսը չկտրեց այս հետաքրքրաշարժ պատմության վերջավորությունը գտնելու։ Եվ իրոք, ողորմած երկնքի օգնությամբ, նա գտավ, իսկ թե ինչպես, այդ կպատմենք երկրորդ մասում։[61]
Գլուխ IX
Որ պատմում է քաջ բիսկայեցու և արի Լամանչեցու զարմանալի մարտի վերջն ու վախճանը
Այս պատմության առաջին մասում մենք խիզախ բիսկայեցուն և փառապանծ դոն Կիխոտին թողինք այն վայրկյանին, երբ նրանք պատյանից հանած սրերը քաշել էին իրար վրա և պատրաստվել այնպիսի կատաղի հարված հասցնել, որ եթե նրանք վահան չունենային, անշուշտ իրար մեջտեղից կկիսեին նռան պես։ Այդ վճռական վայրկյանին մեր հետաքրքրական պատմությունն ընդհատվեց և հեղինակը չհաղորդեց անգամ, թե որտեղ կարելի է գտնել շարունակությունը։
Այս հանգամանքը ինձ ծայր աստիճան վշտացրեց և այն հաճույքին, որ ես ստացա կարճատև ընթերցանությունից, հաջորդեց տհաճություն, երբ որ միտք արի, թե ի՜նչ դժվարին ուղի է սպասում ինձ, որպեսզի գտնեմ այդ հետաքրքրաշարժ պատմության պակաս և, ինչպես կարծում էի, շատ ստվար մասը։ Սակայն ինձ անհնար ու բոլոր կանոններին հակառակ էր թվում, որ այդքան արի մի ասպետ չունենար գիտնական մի մարդ, որ իր վրա վերցներ այդպիսի չտեսնված սխրագործությունների նկարագրությունը․ մի բան, որ չի պակասել թափառական ասպետներից և ոչ մեկին, կամ, ինչպես ասում են, արկածների ետևից ընկածներին, որովհետև նրանցից յուրաքանչյուրը ունեցել է մեկ կամ երկու իմաստուն ծերունի, որ ոչ միայն նկարագրել են նրանց սխրագործությունները, այլև նրանցից չեն վրիպել նրանց ամենաանշան և ամենագաղտնի մտքերը և նրանց մանկական չարաճճիությունները։ Հո չէ՜ր կարող այսքան մի արի ասպետ չունենալ այն, ինչ որ առատ ունեին Պլատիրն ու նրա նմանները։ Ուստի, ես չէի կարողանում հարկադրել ինքս ինձ հավատալու, որ այդպիսի գերազանց պատմություն մնացած լիներ հատված և հաշմանդամացած և ողջ մեղքը նենգ ժամանակի վրա էի գցում, որը աշխարհիս ամեն ինչը կլանում ու ոչնչացնում է։ Անշուշտ, մտածում էի ես, ժամանակը կամ ոչնչացրել է այդ պատմությունը, կամ թաքցրել մեզնից։
Մյուս կողմից, մտաբերելով, որ դոն Կիխոտի գրքերի միջև այնպիսի արդիական երկեր կային, ինչպես Միջոց խանդի դեմ կամ Հենարեսի Նիմֆերն ու հովիվները, ես ենթադրում էի, որ նրա պատմությունն էլ չպետք է շատ հին լինի և որ եթե ոչ ոք գրի առած էլ չլինի, այնուամենայնիվ, նրա հայրենի ավանի և շրջակայքի բնակիչների հիշողության մեջ պետք է որ այդ պատմությունը մնացած լինի։ Այդ մտքերն ինձ շփոթեցնում էին և հրահրում իմ տենչը մեր փառապանծ իսպանացի դոն Կիխոտ Լամանչեցու կյանքի և հրաշքների մասին իմանալ զուտ ճշմարտությունը։ Չէ՞ որ նա Լամանչի ասպետության լուսատուն և հայելին էր, առաջինը, որ մեր դարում և մեր աղետավոր ժամանակում նվիրեց իրեն թափառական ասպետության դժվարին գործին, վրեժ լուծելով վիրավորողներից, օգնելով այրիներին և պաշտպանելով կույսերին։ Խոսքս այն կույսերի մասին է, որ հին ժամանակ մտրակը ձեռքին յորդա ձի հեծած, իրենց կուսության բեռը ուսերին, չափում էին սար ու ձորեր։ Եվ եթե որևէ շրջմոլիկ, սրիկայի մեկը կամ հրեշավոր մի հսկա չէր բռնաբարում նրանց, ապա ութսունամյա մոլորումներից հետո, բոլոր այդ ժամանակվա ընթացքում տանիքի տակ և ոչ մի գիշեր չքնած, գերեզման էին իջնում նույնքան կույս, որքան նրանց ծնող մայրը։ Այս և շատ ուրիշ հիմունքներով ես պնդում եմ, որ մեր արի դոն Կիխոտը արժանի է հավերժական և երջանկահիշատակ գովասանքի, ասենք ի՛նձ էլ վատ չէր լինի գովել այն աշխատանքի և ջանասիրության համար, որ թափել եմ այս հաճելի պատմության վերջավորության որոնումներում։ Թեև ես հավատացած եմ, որ եթե երկինքն ու բախտն ինձ օգնած չլինեին, աշխարհս զուրկ կմնար զվարճալիք ու բովանդակությունից, որ այժմ, գրեթե երկու ժամի ընթացքում կարող է վայելել յուրաքանչյուր ոք, ով ուշի֊ուշով կարդա այս պատմությունը։ Իսկ այդ վերջավորությունը ես ահա թե ինչպես գտա։
Մի անգամ Տոլեդոյում դուրս եկա Ալկանա փողոցը և պատահաբար տեսա մի տղա, որ մի մետաքսավաճառի առաջարկում էր գնել հին տետրակներ ու թղթեր։ Իսկ որովհետև ես ընթերցանության սիրահար եմ և անգամ փողոցում ընկած թղթի կտորներն եմ կարդում, ապա իմ բնական հակումից դրդված՝ ես վերցրի տղայի ծախու տետրակներից մեկը և տեսա, որ գրված է արաբական գրերով։ Թեև ես գիտեյի, որ արաբերեն է գրած, այնուհանդերձ կարդալ չէի կարող։ Եվ ահա սկսեցի որոնել որևէ մորիսկ, որ նրանից խնդրեմ կարդա։ Նման թարգմանիչ գտնելը այնքան էլ դժվար բան չէր մի վայրում, որտեղ կգտնվեին թարգմանիչներ ուրիշ լեզուներից էլ, սրանից ավելի լավ և ավելի հին։ Շուտով բախտը ինձ դեմ արեց այդպիսի մեկին, որ իմանալով, թե ինձ ինչ է հարկավոր, վերցրեց ձեռքիցս տետրակը, բաց արեց մեջտեղը, մի քիչ կարդաց և սկսեց ծիծաղել։ Ես հարցրի նրանից, թե ինչի վրա է ծիծաղում և նա պատասխանեց, թե մի նախադասության վրա, որ գրված է լուսանցքի վրա՝ որպես ծանոթություն։ Ես խնդրեցի նրանից, որ թարգմանի և նա, շարունակելով ծիծաղը, ասաց․
Այստեղ, լուսանցքի վրա, ինչպես ես նոր ասացի, գրված է հետևյալը՝ «Այս Դուլսինեա Տոբոսցին, որ այնքան հաճախ հիշատակվում է ներկա պատմության մեջ, ըստ լուրերի, խոզի միսը աղ դնելու մեջ այնպիսի վարպետ էր, որ ողջ Լամանչում նրա նման կին չկար»։
Լսելով Դուլսինեա Տոբոսցու անունը՝ ես զարմացա և ապշեցի, որովհետև իսկույն կռահեցի, որ այս տետրը պարունակում է դոն Կիխոտի պատմությունը։ Այս մտքից մղված ես խնդրեցի նրանից, որ շուտով կարդա վերնագիրը և նա, կատարելով իմ ցանկությունը, ուղղակի արաբերենից թարգմանեց իսպաներեն, որ հնչում էր այսպես՝ «Դոն Կիխոտ Լամանչեցու պատմությունը, շարադրություն արաբ պատմիչ Սիդ Համիտ Բենենխելիի»։[62] Ինձ հարկավոր եկավ իմ ողջ զսպվածությունը, որպեսզի թաքցնեմ ուրախությունս, որ այդ վայրկյանին համակեց ինձ, երբ ես լսեցի այդ գրքի վերնագիրը։ Եվ, վազելով մետաքսավաճառի մոտ, ես կես ռեալով գնեցի տղայից նրա բոլոր թղթերն ու տետրակները։ Եթե նա ավելի հասկացող լիներ և գլխի ընկներ, թե ի՜նչ ցանկություն կար մեջս ձեռք բերելու նրանց, նա կարող էր ինձնից վեց ռեալից ավելի պահանջել և կստանար։ Ապա, մորիսկի հետ ես հեռացա վանքի բակը և խնդրեցի նրանից թարգմանել իսպաներեն ինձ համար բոլոր տետրակները, որոնց մեջ պատմվում էր դոն Կիխոտի մասին, ոչինչ բաց չթողնելով և ոչինչ չավելացնելով։ Ես նրան առաջարկեցի, որ կվճարեմ նրան՝ ինչքան նա ուզի։ Նա բավարարվեց երկու արրոբ չամիչով և երկու ֆանեգ ցորենով՝[63] խոստանալով լավ թարգմանել՝ ճշգրիտ և ամենակարճ ժամանակամիջոցում։ Սակայն այդ գործը դյուրացնելու, ինչպես և երջանիկ գյուտը ձեռքից բաց չթողնելու համար, ես մորիսկին բնակեցրի տանս և այստեղ, մի քիչ ավելի, քան մեկուկես ամսում, նա բառացի, ինչպես ես այստեղ բերում եմ, թարգմանեց ողջ այդ պատմությունը։
Առաջին էջի վրա նկար կար, որ շատ բնական ներկայացնում էր դոն Կիխոտի մարտը բիսկայեցու դեմ, հակառակորդները նկարված էին նույն դիրքով, ինչպես ասված է պատմության մեջ՝ երկուսն էլ վեր քաշած թրերով, մեկը՝ ծածկված վահանով, մյուսը՝ բարձով։ Բիսկայեցու ջորին նկարված էր այնպես, ասես կենդանի լիներ, այնպես որ հրացանի զարկի հեռավորությունից երևում էր, որ վարձու է։ Բիսկայեցու պատկերի տակ մակագրված էր՝ Դոն Սանչո դե Ասպեյտյա ― այդպես է եղել անտարակույս, նրա անունը, իսկ Ռոսիսնանտի ոտների տակ ուրիշ մակագրություն կար՝ Դոն Կիխոտ։ Ռոսինանտը երևելի էր նկարված՝ այնքան երկար ու ձիգ, այնքան նիհար ու հյուծված, ողնաշարն այնքան դուրս ցցված, այնքան հալիծ ընկած, մի խոսքով՝ կաշի և ոսկոր, այնպես որ իսկույն հասկանալի էր դառնում, որ «Ռոսինանտ» անունը տեղին և ըստ արժանվույն է նրան տրված։ Նրա կողքին կանգնած էր Սանչո Պանսան՝ իր իշի սանձը ձեռքին, և նրա ոտների տակ մակագրված էր՝ Սանչո Սանկաս։ Պատկերից դատելով նա մեծ փոր ուներ, կարճ իրան և բարակ ու երկար ոտներ, դրա համար էլ, երևի, նրան կոչել են՝ Պանսա և Սանկաս․[64] մականուններ, որ շարունակ հանդիպում են այդ պատմության մեջ։ Կարելի էր ուրիշ մանրամասնություններ էլ նշել, սակայն նրանք այնքան էլ կարևոր չեն և պատմության անցքերի ճշմարտապատում շարադրության մեջ աննշան տեղ են գրավում։ Իսկ այդ պատմությունը վատ չէ, որովհետև ճշմարտապատում է։
Միակ առարկությունը, որ կարելի է անել նրա ստույգության դեմ, այն է, որ գրի առնողն արաբ է, իսկ այդ ցեղը բնականից ստասաց է։ Սակայն արաբները մեր ոխերիմ թշնամիներն են, և ավելի շատ կարելի է ենթադրել, որ հեղինակը մի բան բաց թողած լինի, քան ավելացրած։ Այդ է, գոնե, իմ կարծիքը, որովհետև այնտեղ, որտեղ հեղինակը կարող էր և պետք է որ ազատություն տար իր գրչին՝ մեր արի ասպետին գովաբանելու, նա կարծես թե դիտմամբ լռություն է պահպանում։ Մի՞թե դա վատ արարք չէ և չարամիտ մտադրություն չէ, եթե նկատի առնելու լինենք, որ պատմաբանները պարտավոր են և պետք է որ ճշգրիտ ճշմարտապատում և անաչառ լինեն, և ո՛չ հաշիվը, ո՛չ երկյուղը, ո՛չ քենը, ո՛չ կիրքը չպետք է նրանց հանեն ճշմարտության ուղիղ ճամփից, մեր գործերի գանձարանը, անցյալի վկան, օրինակ և խրատ ներկայի համար և նախազգուշացում՝ գալիքի։ Եվ ես գիտեմ, որ այդ պատմության մեջ դուք ամեն ինչ կգտնեք, ինչ որ սովորաբար որոնում են ամենահետաքրքրաշարժ վեպերում։ Իսկ եթե նրա մեջ որևէ թերիներ լինեն, ապա մեղքը, հավատացած եմ, նյութինը չէ, այլ շուն֊հեղինակինը։ Վերջապես, պատմության երկրոդ մասը թարգմանաբար այսպես է սկսվում։
Երբ որ մեր խիզախ և ցասկոտ հակառակորդները իրենց սուր թրերը քաշեցին, կարելի էր կարծել, որ նրանք սպառնում են երկնքին, երկրին և անգամ դժոխքին՝ այնքան արիություն ու վճռականություն կար նրանց դիրքում։ Առաջինը տաքարյուն բիսկայեցին հարված հասցրեց, այն էլ այնպիսի զորությամբ ու կատաղությամբ, որ եթե թուրը նրա ձեռքում շուռ չգար, այդ մի հատիկ հարվածը վերջ կտար ոչ միայն նրանց դժնդակ մենամարտությանը, այլև մեր ասպետի բոլոր արկածներին։ Սակայն հետագա մեծ գործերի համար դոն Կիխոտին պահպանող բարի բախտը շուռ տվեց նրա հակառակորդի ձեռքում թուրն այնպես, որ հարվածը նրա ձախ ուսին դիպավ և մեծ վնաս չհասցրեց։ Միայն թե այդ ուսից պոկվեցին բոլոր զրահները, իր վահանի մի մասն ու ականջի կեսը կտրվեցին։ Այդ բոլոր առարկաները շռինդով ընկան գետին, և մեր ասպետը շատ տխուր վիճակում մնաց։
Տեր Աստված, կգտնվի՞ այնպիսի մարդ, որ կարողանար արժանավոր կերպով նկարագրել կատաղությունը, որով լցվեց մեր Լամանչեցու սիրտը, երբ որ նա տեսավ, թե ինչ օրի գցեցին իրեն։ Գալով ինձ՝ կասեմ միայն, որ դոն Կիխոտը նորից կանգնեց ասպանդակների վրա, ավելի ուժգին երկու ձեռքով սեղմեց թուրը և այնպիսի կատաղությամբ հարվածեց բիսկայեցու բարձին ու գլխին, որ հակառակորդին, չնայած որ լավ ծածկված էր, թվաց, թե նրան մի ամբողջ սար է ճզմել։ Նրա քթից, բերնից ու ականջներից արյուն թափվեց, նա երերաց և անշուշտ վայր կընկներ գետին, եթե իր ջորու պարանոցը բռնած չլիներ։ Չնայած դրան, այնուամենայնիվ, նրա ոտները դուրս սլքեցին ասպանդակներից, ձեռները կախ ընկան, իսկ ջորին, վախեցած այս սարսափելի հարվածից, սլացավ դաշտը քացի տալով և վերջ ի վերջո հեծածին գետնին գցեց։
Դոն Կիխոտը նայում էր այդ ամենին խորին հանգստությամբ, իսկ երբ որ բիսկայեցին վայր ընկավ, նա ձիուց ցած թռավ, թեթև վազեց նրա մոտը և թրի ծայրը նրա երկու աչքերի մեջտեղը դնելով՝ հրամայց, որ անձնատուր լինի, սպառնալով, որ հակառակ դեպքում նրա գլուխը կկտրի։ Բիսկայեցին այն աստիճան շշմած էր, որ չկարողացավ մի խոսք արտասանել, ցասումն այնքան էր կուրացրել դոն Կիխոտին, որ նրա բանն անշուշտ շատ վատ կլիներ, եթե կառքի տիկինները, որոնք հևիհև հետևում էին մենամարտությանը, չմոտենային մեր ասպետին և թախանձագին չխնդրեին, որ իբրև ողորմություն իրենց շնորհվի իրենց ծառայի կյանքը։ Դոն Կիխոտը ի պատասխան, ծանր ու մեծ արժանապատվությամբ ասաց․
― Իհարկե, գեղեցիկ տիկիններ, ես մեծ ուրախությամբ կկատարեմ ձեր խնդիրքը։ Բայց ես մեկ պայման կդնեմ՝ այս ասպետը պիտի խոստանա ինձ, որ կերթա Տոբոսո կոչվող գյուղը, կներկայանա իմ անունից աննման տիրուհի Դուլսինեային, որը կտնօրինի նրա բախտը, ինչպես կամենա։
Ահաբեկված և վշտացած տիկինները, կարգին գլխի չընկնելով, թե նրանցից ինչ է պահանջվում, անգամ հարց ու փորձ չանելով, թե ինչ ազգուտակից է այդ Դուլսինեան, խոստացան, որ իրենց զինակիրը ճշտությամբ կկատարի նրա հրամանը։
― Հավատալով ձեր խոսքին, ― ասաց դոն Կիխոտը, ― ես այլևս նրան վնաս չեմ տա, թեև նա շատ֊շատ արժանի է դրան։
Գլուխ X
Դոն Կիխոտի և նրա զինակիր Սանչո Պանսայի միջև եղած սրամիտ զրույցի մասին
Այդ միջոցին Սանչո Պանսան, որ վարդապետների ծառաներից լավ ծեծ էր կերել, արդեն վեր էր կացել և ուշի֊ուշով հետևում էր իր տիրոջ՝ դոն Կիխոտի մենամարտությանը, իր սրտում աղաչելով, որ Աստված հաճի նրան հաղթանակ շնորհել և որ հաղթանակը տանելուց հետո նա որևէ կղզի նվաճի և Սանչոյին, համաձայն խոստմանը կարողանա նահանգապետ կարգել։ Վերջապես տեսնելով, որ մարտն ավարտված է և որ իր տերը կամենում է հեծնել Ռոսինանտին՝ նա վազ տվեց, որ ասպանդակը բռնի, բայց նախքան նրա ձի հեծելը չոքեց նրա առջև և, բռնելով նրա ձեռքը համբուրեց ու ասաց․
― Թող հաճելի լինի ձերդ ողորմածությանը, տեր իմ դոն Կիխոտ, շնորհել ինձ նահանգապետություն կղզում, որ դուք նվաճեցիկ այս դաժան մարտում։ Ինչքան էլ նա մեծ լինի, զգում եմ ես, որ կկարողանամ կառավարել նույնքան լավ, որքան աշխարհի բոլոր մյուս կղզիների նահանգապետները։
Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
― Նկատի առ, եղբայր Սանչո, որ այս արկածը, ինչպես և սրա նման մյուսները, կղզի շահելու արկածներ չեն։ Ճամփաբաժաններում կարող են քո գլուխը ջարդել կամ ականջդ կտրել, բայց դու մեջտեղը ուրիշ բան չես շահի։ Համբերի՛ր մի քիչ, մենք այնպիսի արկածներ էլ կունենանք, որ թույլ կտան ինձ ոչ միայն նահանգապետ կարգել, այլև ավելի բարձր բան անելու։
Սանչոն ջերմագին շնորհակալություն հայտնեց, մի անգամ էլ համբուրեց նրա ձեռքն ու նրա ռազմական կապայի փեշը և օգնեց որ հեծնի Ռոսինանտին, իսկ ինքը թռավ իր էշի վրա և գնաց իր տիրոջ ետևից։ Կառքում նստած տիկիններին այլևս ոչ մի խոսք չասելով, անգամ հրաժեշտ չտալով դոն Կիխոտը արագ քայլերով մտավ անտառը, որ հեռու չէր։ Սանչոն լխկլխկում էր իր ողջ արագությամբ վազող էշի վրա՝ հետևելով տիրոջը։ Սակայն Ռոսինանտն այնքան արագ էր վազում, որ Սանչոն շուտով ետ մնաց և ստիպված էր ձայն տալ տիրոջը, որ սպասի իրեն։ Նրա ձայնն առենոլվ դոն Կիխոտը Ռոսինանտի սանձը քաշեց, մինչև որ հասավ իր հոգնած զինակիրն ու ասաց․
― Թվում է ինձ, տեր, որ մենք խելացի վարված կլինեինք, եթե պատսպարվեինք որևէ եկեղեցում։ Չէ՞որ այն մարդը, որի դեմ դուք նոր մարտնչեցիք, այնքան ցավալի վիճակի մեջ մնաց, որ զարմանալի չի լինի, եթե այդ անցքի լուրը Սանտա Հերմանդադ[65] հասցեն և այն ժամանակ մեզ կկալանավորեն, իսկ բանտ որ նստացրին, Աստված վկա, շատ քրտինք պիտի թափենք, մինչև որ այնտեղից դուրս գանք։
― Լռի՛ր, ― ասաց դոն Կիխոտը։ ― Այդ որտե՞ղ ես դու լսել կամ կարդացել, որ թափառական ասպետներին մարդասպանության համար դատի ենթարկեն։
― Մարդասպանության մասին ես բան չգիտեմ, ― պատասխանեց Սանչոն, ― և ես երբեք այդ գործով չեմ զբաղվել․ գալով բացօթյա մուշտակռվին՝ ես գիտեմ, որ Սանտա Հերմանդադը նրանցով շատ հետաքրքրվում է, մնացյալի մասին չեմ խոսում։
― Մի՛ վշտանար, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը, ― ես քեզ ոչ միայն Հերմանդադի, այլև անգամ քաղղեացիների[66] ձեռքից կազատեմ։ Բայց խղճի մտոք ասա ինձ՝ տեսե՞լ ես դու երբևիցե աշխարհիս երեսին ինձնից ավելի խիզախ ասպետ։ Կարդացե՞լ ես դու վեպերում, որ որևէ ասպետ ավելի խիզախություն հայտնաբերած լինի հարձակման պահին, ավելի համառություն պաշտպանության պահին, ավելի մահացու լինի՝ հարվածելիս և ավելի ճկուն՝ թամքից ցած գլորելուց։
― Ճիշտն ասած, ― պատասխանեց Սանչոն, ― կյանքումս ոչ մի վեպ չեմ կարդացել, որովհետև ես գրել֊կարդալ չգիտեմ։ Բայց գրազ կգամ, որ ավելի խիզախ տիրոջ, քան ձեր ողորմածությունն է, ես կյանքումս չեմ ծառայել, և տա Աստված, որ այդ արիության համար մենք ասածս տեղը չընկնենք։ Սակայն խնդրում եմ, ձերդ ողորմածություն, հոգացե՛ք ձեր մասին՝ ախր ձեր ականջից սաստիկ արյուն է գալիս․ բարեբախտաբար, իմ պայուսակում ծվատ ու սպիտակ սպեղանի կա։
― Այդ ամենը ավելորդ կլիներ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― եթե ես մոռացած չլինեի մի սրվակ Ֆյերաբրասի բալասան պատրաստելու՝ մի կաթիլը բավական կլիներ, և մենք կտնտեսեինք և՛ ժամանակը, և՛ դեղորայքը։
― Ի՞նչ սրվակ և ի՞նչ բալասան է դա, ― հարցրեց Սանչո Պանսան։
― Այդ բալասանի բաղադրությունը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― մտքումս պահել եմ։ Որ ունեցար՝ կարող ես ո՛չ մահից վախենալ, ո՛չ էլ վերքից մեռնելու երկյուղ ունենալ։ Ես կպատրաստեմ և կտամ քեզ, իսկ դու, որ տեսնես, թե կռվի միջոցին ինձ կտրել երկու կես են արել (մի բան, որ մեր գործերում հաճախ լինում է), զգուշությամբ կբարձրացնես այն կեսը, որ վայր է ընկել գետին և առաջ, քան արյունը լերդանա, կդնես այն կեսի վրա, որ մնացել է թամքի վրա՝ աշխատելով, որ երկու կեսերը խնամքով և ճիշտ իրար բերես։ Ապա թե ասածս բալասանից երկու կաթիլ կտաս, որ խմեմ, և կտեսնես, որ ես կլինեմ ողջ և առողջ, կարմիր խնձորի պես։
― Քանի որ այդպես է, ― ասաց Աանչոն, ― ես իսկույն ևեթ հրաժարվում եմ ինձ խոստացված կղզու վրա նահանգապետությունից և իմ մեծ ու հավատարիմ ծառայության համար ձեզնից մեկ բան եմ խնդրում՝ տվեք ինձ, ձերդ ողորմածություն, այդ զարմանահրաշ հեղուկի բաղադրատոմսը։ Ես հաստատ հավատացած եմ, որ աշխարհիս երեսին ամենուրեք նրա մեկ ունցիան երկու ռեալից ավելի թանկ կծախվի, իսկ ինձ ավելին պետք չէ՝ կյանքիս մնացորդն ազնիվ ու հանգիստ ապրելու համար։ Ասենք, նախապես պետք է պարզել, թե ինչ կնստի նրա պատրաստելը։
― Երեք ռեալով կարելի երեք ասումբրա[67] պատրաստել, ― պատասխանեց դոն Կիխոտը։
― Վա՜յ ինձ, մեղավորիս, ― բացականչեց Սանչոն։ ― Ապա ինչի է սպասում ձերդ ողորմածությունը, ինչո՞ւ ինքներդ չեք պատրաստում և ինձ չեք սովորեցնում։
― Լռի՛ր, բարեկամս, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― դա ի՜նչ է որ, դեռ ավելի մեծ գաղտնիքներ կբանամ քեզ և ավելի շատ բարիքներ կթափեմ քեզ վրա։ Իսկ հիմա զբաղվենք իմ ականջով՝ նա ավելի է ցավում, քան թե ես կուզենայի։
Սանչոն պայուսակից հանեց ծվատն ու սպեղանին։ Բայց երբ դոն Կիխոտը տեսավ, թե ինչ դրության է հասել իր սաղավարտը, նա քիչ մնաց ուշաթափվեր։ Ձեռքը թրի վրա դնելով և աչքերը հառելով երկնքին՝ նա ասաց․
― Երդվում եմ աշխարհիս արարչով և չորս սուրբ ավետարաններով, ասես նրանք առջևս դրած լինեին,[68] որ այսուհետև այնպիսի կյանք եմ վարելու, ինչպես մեծ մարկիզ Մանտուանացին, երբ նա երդվեց իր մորաքրոջ որդի Բալդովինի մահվան վրեժը լուծել, այսինքն՝ սուփրից հաց չճաշակել, չզվարճանալ կնոջ հետ և այլն (իսկ թե ինչ, ես մոռացել եմ, միայն թե այդ ամենը դնում եմ երդմանս մեջ), մինչև որ վրիժառու չլինեմ նրանից, ով ինձ նման վիրավորանք հասցրեց։
Լսելով այս խոսքերը՝ Սանչոն ասաց․
― Ձերդ ողորմածություն, սինյոր դոն Կիխոտ, միտք արեք ապա, չէ՞ որ եթե այն ասպետը կատարել է ձեր հրամանն ու գնացել է ներկայանալու իմ տիրուհի Դուլսինեա Տոբոսցուն, ապա ուրեմն նա իր պարտքը կատարել է և արժանի չէ նոր պատժի, քանի որ նոր հանցանք չի գործել։
― Դու այդ ճիշտ նկատեցիր և ասացիր, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ուստի ես ետ եմ վերցնում իմ երդման այն մասը, որ վերաբերում է այդ ասպետից վրեժ առնելուն։ Սակայն ես դարձյալ երդվում եմ և հաստատում երդումս այնպիսի կյանք վարելու, որ ասում էի, մինչև որ ուժով որևէ ասպետից սաղավարտ չխլեմ, որ իր որակով իմիս հավասար լինի։ Եվ մի մտածիր, Աանչո, որ իմ խոսքերը, որպես դարմանի ծուխ, քամին կտանի, քանի որ իմ առջև մեծ նմուշներ են կանգնած։ Չէ՞ որ նույնը, բառացի նույնը պատահեց Մամբրինոյի սաղավարտին, որ այնքան թանկ նստեց Սակրիպանտեին։
― Տեր իմ, ձերդ ողորմածություն, գրողը տանի այդ տեսակ երդումները, ― վրա բերեց Սանչոն։ ― Նրանք առողջության համար վնասակար են և ձեռնտու չեն խղճին։ Թե չէ, ասացեք ապա՝ ի՞նչ կլինի, եթե դիցուք բազմաթիվ օրերի ընթացքում մեզ ոչ մի սաղավարտավոր մարդ չհանդիպի, ի՞նչ պիտի անենք մենք։ Մի՞թե դուք կատարելու եք ձեր երդումը, հակառակ բոլոր անհարմարություններին և անախորժություններին, այն է՝ շորերը հագներիդ քնեք, գյուղերում չգիշերեք և ձեզ հազար ու մի ուրիշ փորձությունների ենթարկեք, որ հիշատակել է այդ խելքը կորցրած մարկիզ Մանտուանացին, ինչ է թե ձերդ ողորմածությունը կամենում է, նրա երդումը վերակենդանացնել։ Լավ մտածեցեք, ձերդ ողորմածություն, չէ՞ որ բոլոր այս ճամփաներով երթևեկում են լոկ զինված ջորեպաններ, ձիապաններ և կառապաններ, որոնք ոչ միայն սաղավարտ չեն կրում, այլև գուցե իրենց օրում չեն էլ լսել նրա մասին։
― Ախալվում ես, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― երկու ժամ չի քաշի, և մենք այս խաչաձևվող ուղիներում ավելի զինված մարդ կհանդիպենք, քան Ալբրական՝ Անջելիկա գեղեցկուհուն նվաճելու միջոցին։
― Էհ, լավ, թող ձեր ասածը լինի, ― ասաց Սանչոն։ ― Տա Աստված, որ մեր բախտը բերի և շուտով հասնի ժամը նվաճելու կղզին, որ ինձ վրա այսքան թանկ է նստում, իսկ այնուհետև ես հանգիստ կմեռնեմ։
― Ես արդեն ասել եմ քեզ, Սանչո, որ կարիք չունես դրա համար անհանգիստ լինելու։ Կղզի չեղավ՝ Դանիայի կամ Սոբրադիսայի նման որևէ մի թագավորություն կգտնվի և քո չափսին կգա, ոնց որ մատանին՝ մատիդ։ Համ էլ քեզ համար ավելի լավ կլինի, չէ՞ որ այդ թագավորությունները հաստատ հողի վրա են։ Սակայն այդ թողնենք, մենք ժամանակ կունենանք դրա մասին խոսելու, իսկ հիմա տեսնենք, թե քո պայուսակում ուտելու պաշար կա՞։ Կազդուրվենք և իսկույն գնանք որևէ դղյակ որոնելու, որտեղ կգիշերենք և ես կպատրաստեմ բալասանը, որի մասին քեզ պատմեցի, որովհետև, երդվում եմ Աստուծով, ականջս սաստիկ ցավում է։
― Մոտս կա ընդամենը մի գլուխ սոխ, մի կտոր պանիր և մի քանի կտոր քարթու հաց, ― ասաց Սանչոն։ ― Այս ամենը ձեր ողորմածության պես արի ասպետի համար անվայել ուտելիք է։
― Դու բնավ բան չես հասկանում, ― բացականչեց դոն Կիխոտը։ ― Իմացած եղիր, Սանչո, թափառական ասպետի առաքինությունն այն է, որ ամիսներով բան չուտի, իսկ եթե ուտելու էլ լինի, ապա առաջին ձեռքն ընկած բանը։ Դու կասկած չէիր ունենա, եթե այնքան վեպեր կարդացած լինեիր, որքան ես, և թեև ես շատ եմ կարդացել, բայց չեմ հիշում, որ ասպետը երբևէ այլ կերպ ուտելիս լինի, քան բոլորովին պատահմամբ, և միմիայն ճոխ խնջույքներում, որ սարքված են լինում նրանց պատվին։ Մնացած օրերը նրանք ծաղիկների բույրով են սնվում։ Իհարկե, պետք է ենթադրել, որ նրանք այնուամենայնիվ մի բան ուտում էին և բավարարում էին մնացյալ բնական պահանջները, քանի որ վերջ ի վերջո նույն տեսակ մարդիկ են եղել, ինչ որ մենք։ Իսկ որովհետև նրանք իրենց կյանքի մեծ մասը անտառներում և անապատներում են անցկացնելիս եղել, ապա խոհարարներ չէին ունենում, և պետք է ենթադրել, որ նրանց սովորական սնունդը գյուղական հասարակ ուտելիքն է եղել, հիմա ինձ առաջարկածիդ պես մի բան։ Ուստի, Սանչո, բարեկամս, թող քեզ չվշտացնի այն, ինչ ուրախացնում է ինձ, մի աշխատիր ստեղծել նոր աշխարհ և թափառական ասպետներին ճամփից հանել։
― Ներեցեք ինձ, ձերդ ողորմածություն, ― ասաց Սանչոն, ― բայց որովհետև ես ո՛չ գրել գիտեմ, ո՛չ կարդալ, ինչպես մի անգամ էլ ասել եմ ձեզ արդեն, ապա ասպետական պաշտոնի կանոններն էլ ես երբեք չեմ կարդացել։ Այսուհետև ես հետս կվերցնեմ մի պայուսակ՝ լիքը ամեն տեսակ չոր պտուղներով, որովհետև ձերդ ողորմածությունն ասպետ է, իսկ ինձ համար ― որովհետև ես ասպետ չեմ, ― զանազան թռչուններ և ընդհանրապես ավելի էական բաներ։
― Իմ ասածը բոլորովին այն չէր, Սանչո, ― առարկեց դոն Կիխոտը, ― որ թափառական ասպետները պարտավոր են միայն չոր միրգ ուտելու, ես միայն նկատեցի, որ որ նրանք սովորաբար դրանով են սնվել, մեկ էլ մի քանի տեսակ դաշտային բանջարեղենով, որ նրանք գիտեին գտնել դաշտերում, ինչպես ես էլ լավ գիտեմ։
― Օգտակար բան է ճանաչել այդ բանջարեղենը, ― ասաց Սանչոն, ― որովհետև ինչպես ինձ թվում է, այդ գիտությունը երբևիցե մեզ պետք կգա։
Այստեղ նրանք պայուսակից հանեցին իրենց պաշարը և երկուսով, խաղաղ ընկերակցությամբ սկսեցին ուտել։ Սակայն գիշերվա օթևան գտնելու ցանկությունից դրդված՝ նրանք կարճեցին իրենց չոր ու ցամաք ճաշը, իսկույն նստեցին մեկն իր երիվարը, մյուսն՝ իր էշը և քշեցին՝ հուսով, որ մինչև մութը կոխի, հասնեն բնակելի մի վայր։ Սակայն արևը մայր մտավ, և նրա հետ չքացավ ցանկացածին հասնելու հույսը, իսկ որովհետև նրանք այծարածների վրանների մոտ էին, որոշեցին հենց այստեղ էլ կանգ առնել։ Որքան Սանչոն վշտանում էր, որ նրանք այդպես էլ գյուղ չհասան, նույնքան էլ դոն Կիխոտը, ընդհակառակը, ուրախ էր բաց երկնքի տակ գիշերն անց կացնելու մտքից, որովհետև ամեն անգամ, երբ այդպիսի բան էր պատահում, նա հաջողության նշան էր համարում, որ հաստատում էր նրա իրավունքները ասպետական կոչման մեջ։
Գլուխ XI
Թե ինչ պատահեց դոն Կիխոտի և այծարածների միջև
Այծարածները նրանց սիրալիր ընդունեցին, և Սանչոն, որքան կարելի է, լավ հոգ տանելով Ռոսինանտի և իր էշի մասին, այն կողմը դիմեց, որտեղից այծի մսի հոտ էր գալիս, որ կաթսայի մեջ եփվում էր կրակի վրա։ Եվ, թեև նրան քաշում էր անհապաղ համը տեսնելու, պիտանի՞ է արդյոք մսի կաթսայից անմիջապես ստամոքսն ուղևորելու, այնուհանդերձ նա իրեն պահեց, որովհետև այդ իսկ վայրկյանին հովիվները կաթսան կրակից վերցրին և, գետնին ոչխարի մորթիներ փռելով, արագ֊արագ պատրաստեցին իրենց գեղջկական սուփրան, ապա մեծ սիրալիրությամբ առաջարկեցին մեր ճամբորդներին բաժանել նրանց հետ իրենց ունեցածից։ Բոլոր վեց հովիվները, որ ապրում էին վրանում, բոլորաձև նստոտեցին ոչխարի մորթիների վրա, նախապես անշնորհք քաղաքավարությամբ խնդրելով դոն Կիխոտից, որ շուռ տված տաշտի վրա տեղ գրավի։ Դոն Կիխոտը նստեց, իսկ Սանչոն ոտի վրա մնաց, որ նրան սպասարկի և մատուցի եղջյուրից շինած գավաթը։ Սակայն մեր ասպետը տեսնելով, որ նա չի նստում, ասաց նրան․
― Որպեսզի դու տեսած լինես, Սանչո, թե ինչ բարիք է պարփակվում թափառական ասպետության մեջ և թե ինչ արագությամբ մարդիկ, որ այնպես ծառայում են նրան, հասնում են աշխարհում հարգանքի և պատիվների, ես կամենում եմ, որ դու նստես իմ կողքին այս բարի մարդկանց շրջանում և ինձ հավասար լինես՝ քո տիրոջը և բնական սինյորին, որ դու իմ ափսեից ուտես և նույն թասից խմես, որից խմում եմ ես, որովհետև թափառական ասպետության մասին կարելի է ասել նույնը, ինչ որ սովորաբար սիրո մասին է ասվում՝ բոլորին հավասարեցնում է։
― Խորին շնորհակալություն, ― պատասխանեց Սանչոն, ― բայց ահա՛ թե ինչ կասեմ ես ձերդ ողորմածությանը՝ թող ուտելու բան ունենամ, իսկ կանգնած և մենակ ուտելը, թերևս, ինձ համար ավելի հարմար լինի, քան կայսեր կողքին նստած։ Եվ, եթե շիտակն ասել թույլ տաք, ապա իմ սեփական անկյունում սոխով հաց ուտելը, առանց ծեսերի և ծռմռվելու շատ ավելի դուրեկան է, քան ուրիշի սեղանից հնդկահավ ուտել և հարկարդված լինել դանդաղ ծամելու, սակավ խմելու, ամեն վայրկյան բերան սրբելու, չհազալու, չփռշտալու, երբ հազդ ու փռշոցդ գալիս է և չանել շատ ուրիշ բաներ, որ թույլատրվում է մարդուս ազատ և մենակ միջոցին։ Ուստի, տեր իմ, պատիվների փոխարեն, որ ձերդ ողորմածությունն ուզում է ինձ արած լինել, որպես ծառայի և թափառական ասպետի աշխատակցի, քանի որ ես ձեր ողորմածության զինակիրն եմ, շնորհեցեք ինձ ավելի շահավետ և օգտավետ մի բան։ Իսկ այս պատիվը ես ընդունում եմ և շնորհակալությամբ, բայց հրաժարվում եմ նրանից այժմ և հավիտյան։
― Չնայած դրան, դու դարձյալ նստիր, որովհետև նրան, ով որ խոնարհեցնում է իրեն, Աստված բարձրացնում է։
Եվ, քաշելով նրա թևից, դոն Կիխոտը ստիպեց, որ նստի իր կողքին։
Հովիվները, որ զինակիրների ու թափառական ասպետների բարբառից բան չէին հասկանում, զոռ էին տալիս ուտելուն, լռելյայն նայում էին հյուրերին, որոնք մեծ ախորժակով խժռում էին բռունցքի մեծությմբ կտորներ։ Երբ որ մսեղենը պրծավ, հովիվները ահագին քանակությամբ կաղին թափեցին մորթիների վրա, հետն էլ կես գլուխ պանիր դրին, որ այնքան պինդ էր, ասես կրից լիներ շինած։ Իսկ եղջյուրե թասը անգործ չէր մնում, մեկ լիքը, մեկ՝ դատարկ, ինչպես ջուր քաշող դույլ, նա այնպիսի արագությամբ շրջան էր գործում, որ երկու առկա տկերից մեկը, այն էլ առանց առանձին դժվարության, դատարկված էր։ Երբ որ դոն Կիխոտը իր փորը մի լավ կշտացրեց, նա մի բուռ կաղին վերցրեց և, ուշի֊ուշով զննելով սկսեց հետևյալ խոսքը․
― Երջանիկ է եղել այն ժամանակը և բախտավոր այն դարը, որ հնում կոչելիս են եղել ոսկեդար, այն էլ ոչ թե նրա համար, որ ոսկին, այնքան գնահատելի մեր եկաթե դարում, որ երանելի ժամանակ ձեռք էր բերվում առանց որևէ աշխատանքի, այլ նրա համար, որ այն ժամանակ ապրող մարդիկ չգիտեին երկու բառ՝ «իմը» և «քոնը»։ Այդ սրբազան ժամանակներում ամեն ինչ ընդհանուր էր։ Իրենց օրվա պարենն ստանալու համար մարդուն մնում էր միայն ձեռքը բարձրացնել զորավոր կաղնու ճյուղերին, որ առատությամբ քաղցր ու համեղ պտուղներ էր տալիս։ Վճիտ աղբյուրներն ու արագահոս վտակները առատորեն առաջարկում էին իրենց զով ու առողջարար ջրերը։ Ժայռերի ճեղքերում ու ծառերի փչակներում համեստ ու ժրաջան մեղուները հիմնում էին իրենց թագավորությունները, և յուրաքանչյուր ձեռք կարող էր ձրի տիրանալ նրանց անուշ աշխատանքի առատ բերքին։ Խցանային հզոր կաղնիները, առանց որևէ հարկադրանքի, առատաձեռն սիրալիրությունից դրդված՝ հանելիս են եղել իրենց արձակ ու թեթև կեղևը և մարդիկ նրանով ծածկելիս են եղել իրենց տնակները՝ կառուցած անտաշ սյուների վրա, միմիայն փոփոխական եղանակից պատշտպանվելու համար։ Այն ժամանակ ամենուրեք խաղաղություն, բարեկամություն, համաձայնություն էր տիրում։ Ծուռ գութանի ծանր խոփը դեռևս չէր խիզախում կտրել ու բանալ մեր նախամոր ողորմած որովայնը, որովհետև առանց հարկադրանքի նա իր բերրի և լայնարձակ ծոցի ամբողջ տարածության վրա տալիս էր, ինչ որ կարող է կշտանցել, հագեցնել և ուրախացնել մանուկներին, որ այն միջոցին տիրում էին նրան։ Այն պահին, երբ պարզամիտ և չքնաղ հովվուհիները զբոսնում էին հովտից հովիտ և բլուրից բլուր, արձակ մազերով կամ ծամերը հյուսած, և նրանց վրա մի քող կար միայն, որ ողջմամտորեն ծածկում էր այն տեղերը, որ պատշաճությունը միշտ պահանջել և պահանջում է ծածկել։ Եվ նրանք զգեստներ չունեին, որ ընդունված են մեր ժամանակ՝ Տիր ծիրանիով կամ հազար ծվեն արած մետաքսով զարդարված, այլ կանաչ տերևների հյուսած պսակներ։ Եվ այդ արդուզարդով նրանք, թերևս, պակաս շքեղ և պճնված չեն եղել, քան մեր ոստանիք կանայք իրենց արտասովոր հնարքներով, որ սովորեցրել է նրանց տարակամ պարապությունը։ Այն ժամանակ հոգու սիրային տենչը նույնքան պարզ ու անկեղծ էին արտահայտվում, ինչպես և ծագում էին հոգում, առանց ինքնազարդարության համար խոսքի ճարպիկ հյուսվածքի ետևից ընկնելու։ Ստությունը, նենգությունն ու խորամանկությունը չէին խառնվում ճշմարտության և անկեղծության։ Արդարադատությունը իշխում էր լիակատար կերպով, և ո՛չ շահամոլությունը, ո՛չ կողմնապահությունը, որ հիմա այնքան ստորացնում ու հալածում են նրան, չէին հանդգնում ո՛չ վիրավորել նրան, ո՛չ շփոթել։ Անձնական կամայականության օրենքը դատավորների գլխից չէր անցնում, որովհետև դատելու համար ո՛չ մարդ կար, ո՛չ մեղք։ Ինչպես արդեն ասացի ես, ողջամիտ աղջիկները ման էին գալիս, որտեղ խելքներին փչում էր, մեն֊մենակ, առանց վախենալու, որ օտարի հանդգնությունը կամ ցանկամոլությունը կարող է նրանց վիրավորել, իսկ եթե կորցնում էլ էին պատիվը, ապա այդ պատահում էր իրենց սեփական հակումից և բարի կամքից։ Իսկ հիմա, մեր ատելի ժամանակում, նրանցից և ոչ մեկը ապահով չէ, անգամ եթե թաքցրած լինի և փակված որևէ անտեսանելի լաբիրինթոսում, ինչպիսին կա Կրետե կղզու վրա, որովհետև հիմա, այդ անիծյալ քաղաքավարության հետ միասին, բոլոր ծակոտիներից նրանց վրա օդից փչում է սիրային վարակը, իսկ նրա հետ՝ մնա՜ս բարով ամեն զսպվածություն։ Քանի շատ էր ժամանակն անցնում, այնքան ավելի էր աճում այդ չարիքը, մինչև որ աղջիկների ապահովության համար հիմնվեց թափառական ասպետների ուխտը, որ իր նպատակը դրել է պաշտպանել կույսերին, հովանավորել այրիներին, օգնել որբերին և աղքատներին։ Ես էլ եմ պատկանում այդ ուխտին, հովիվ եղբայրներ, և ես շնորհակալ եմ բարի ընդունելության և հյուրասիրության համար, որ դուք ցույց տվիք ինձ և իմ զինակրին։ Թեև բնական օրենքով աշխարհի բոլոր շունչ֊կենդանիները պարտավոր են աջակցելու թափառական ասպետներին, այնուհանդերձ ես գիտեմ, որ դուք այդ պարտականությանը անգիտակ ընդունեցիք մեզ և հյուրասիրեցիք, ուստի ես պարտավոր եմ սրտանց շնորհակալ լինելու ձեր բարեսրտության համար։
Այս ամբողջ երկար ճառը (որ նա շատ լավ կարող էր արտասանած չլինել) մեր ասպետն արտասանեց միմիայն նրա համար, որ իրեն առաջարկած կաղինը նրա միտքը գցեց ոսկեդարը, և նրա խելքին փչեց ապարդյուն դուրս տալու հովիվների առջև, որոնք, առանց մի բառ արտասանելու, լսում էին նրան մտամոլոր ու շփոթված։ Սանչոն էլ էր լուռ, նա կրծում էր կաղինը և շուտ֊շուտ մոտենում երկրորդ տկին, որ գինին սառը պահելու նպատակով, կախված էր կաղնուց։
Ընթրիքն արդեն ավարտված էր, իսկ դոն Կիխոտը տակավին խոսում էր, մինչև որ վերջապես հովիվներից մեկը դիմեց նրան հետևյալ խոսքերով․
― Որպեսզի ձերդ ողորմածությունը, սինյոր թափառական ասպետ, ունենա ավելի հիմք՝ հավատալու մեր ընդունելության անկեղծ բարեսրտությանը, մենք ուզում ենք զվարճացնել և ուրախացնել ձեզ մեր ընկերներից մեկի երգով, որ իսկույն պիտի գա այստեղ։ Նա էլ է հովիվ, խելքը գլխին տղա, սաստիկ սիրահարված, իսկ գլխավորը՝ գիտե կարդալ֊գրել և ռաբելե[69] է ածում այնպես, որ ավելի լավ կամենալ անկարելի է։
Հազիվ հովիվն ասաց այս խոսքերը, որ նրանց ականջին հասավ ռաբլեի ձայնը, իսկ շուտով ինքը երաժիշտն էլ երևան եկավ, մոտ քսաներկու տարեկան մի երիտասարդ՝ շատ դուրեկան արտաքինով։ Նրանից հարցրին՝ ընթրե՞լ է նա, թե՞ ոչ, երբ նա դրական պատասխան տվեց, այն հովիվը, որ նրան գովաբանում էր ասաց․
― Դե որ այդպես է, Անտոնիո, մեր խաթեր համար մի բան երգիր։ Թող սինյորը, որ այսօր մեր հյուրն է, տեսնի, թե լեռներում էլ, անտառներում էլ պատահում են մարդիկ, որոնց խելքը երաժշտությունից բան է կտրում։ Մենք նրան արդեն քո ընդունակությունների մասին հաղորդել ենք, դե՛ հայտաբերի՛ր և համոզիր նրան, որ մենք ճիշտ ենք ասել։ Ուստի, քո որևը, խնդրում եմ նստես և քո սիրուհու պատվին երգ ասես, որ քո քահանա հորեղբայրն է հորինել, և որ մեր գյուղում բոլորին այնքան դուր եկավ։
Սիրում ես ինձ, ես այդ գիտեմ,
Թեև երբեք ինձ այդ մասին
Չես ակնարկել գեթ հայացքով՝
Սիրո քաղցր լեզվով լռին։
Սիրում ես ինձ, և իմ հոգին
Էլ չեն մաշում վիշտ ու հառաչ։
Օ, ի՜նչ հրճվանք, երբ սիրտն արդեն
Բաց է սիրող սրտի առաջ։
Իմ Օլայլա, հաճախ դու ինձ
Ցույց ես տվել, որ հոգիդ կույս
Բրոնզ է սառն ու անզգա,
Շուշան֊կուրծքդ քար է անհույզ։
Բայց երբեմն էլ քամահրանքի,
Հպարտության բարձրությունից,
Հույսն է գաղտնի իր հանդերձի
Լույս քղանցքը ցույց տվել ինձ։
Ես քո գիրկն եմ տենչում նետվել
Ինչպես ձուկն է խայծին ձգտում,
Ո՛չ թոշնում եմ մերժումներից,
Ո՛չ ստանում սիրո խոստում։
Եթե իղձը պարկեշտ է միշտ,
Պարկեշտությունդ ասում է ինձ,
Որ պսակը իմ հույսերի
Կլինի քո սերը անբիծ։
Եթե ազնիվ պաշտամունքը
Շնորհների է արժանի,
Ե՜ս էլ նույնը պիտի հուսամ,
Ի՜մ Օլալյա, ի՜մ աղավնի։
Թե նկատել կամենայիր,
Կտեսնեիր այնքա՜ն, այնքա՜ն,
Որ ամեն օր եմ ես կրում
Իմ զգեստները տոնական։
Եվ քանի որ նույնն է ուղին
Թե՛ զգեստի և թե՛ սիրո,
Կամեցել եմ ես միշտ քեզ մոտ
Փայլել շքեղ հանդերձներով։
Չեմ հիշեցնում պարերն աշխույժ,
Սերենադները սրտահույզ,
Որ օրորո՜ւմ էին անուշ
Վերջալույսից մինչև արշալույս։
Չեմ հիշեցնում և գովքը այն,
Որ թովչանքիդ եմ ես ձոնել,
Որով միայն շատ շատերից
Լոկ նախատինք եմ վաստակել։
Իսկ Թերեսան Բերոկալցի
Ծաղրով ասաց․ «Աղջիկներ կան,
Որ հրեշտակ են պատմելով,
Իսկ մոտիկից կապիկ միայն։
Ի՞նչ մեծ բան է հիմա մեզ մոտ
Հիմարացնել և ամուրին
Ոսկեգանգուր կեղծամներով,
Փերիներով խանությային»։
Ես պատասխան տվի նրան,
Նա ինձանից վիրավորվեց,
Հետո եկավ քեռու տղան,
Սկսվեցին կռիվ ու վեճ։
Տենչում եմ քեզ սիրատոչոր
Ու երազում կարոտագին
Ոչ թե մարմինդ նրբագեղ,
Այլ քո մաքուր, անբիծ հոգին։
Օ, կհյուսի եկեղեցին,
Մետաքս օղակն ամուսնական,
Ե՛կ, միասին կրենք, ի՛մ սեր,
Կապանքները այդ սրբազան։
Իսկ թե մերժես, երդվում եմ քեզ
Սուրբ անունով սրբոց դասի,
Որ աշխարհից կհեռանամ
Ու կճգնեմ խցում վանքի։
Այս խոսքերով հովիվն ավարտեց իր երգը, և դոն Կիխոտը խնդրեց, որ նա մի բան էլ երգի, սակայն Սանչո Պանսան առարկեց, թե ավելի քնել կուզենար, քան երգ լսել և ասաց իր տիրոջը․
― Ժամանակ է արդեն, որ ձերդ ողորմածությունը մի տեղ պատրաստի պառկելու համար, չէ՞ որ այս բարի մարդիկ ամբողջ օրն աշխատում են և չեն կարող գիշերը մինչև լույս երգով անց կացնել։
― Հասկանալի է, Սանչո, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― պարզ է, որ տկին արածդ հաճախ այցելությունները ավելի քնով պիտի վարձատրվեն, քան երաժշտությամբ։
― Այն ով է, որ գինի չի սիրում, փառք քեզ Աստված, ― բացականչեց Սանչոն։
― Ես այդ չեմ ժխտում, ― ասաց դոն Կիխոտը։ ― Դե՛, պառկիր, որտեղ կուզենաս, իսկ իմ արհեստի մարդկանց ավելի վայել է զարթուն մնալը, քան քնելը։ Համ էլ վատ չէր լինի, Սանչո, եթե դու նորից կապեիր ականջս, որովհետև ավելի սաստիկ է ցավում, քան պետք էր։
Սանչոն կատարեց հրամանը։ Իսկ այծարածներից մեկը, տենելով վերքն, ասաց որ անհանգստանալու տեղիք չկա, որ ինքը դեղ ունի, որից վերքն իսկույն կսաղանա։ Եվ շուրջը մեծ առատությամբ բսած կնդրուկի տերևներ քաղելով, նա ծամեց, աղ արեց և դրեց վերքի վրա։ Ապա թե խնամքով կապեց ականջը և հավատացրեց, որ ոչ մի ուրիշ դեղի կարիք չի լինի։ Այդպես էլ դուրս եկավ։
Գլուխ XII
Թե դոն Կիխոտի հետ եղած այծարածներից մեկն ինչ պատմեց
Այս միջոցին գյուղից վերադարձավ մի տղա, որ գնացած էր եղել պաշարեղենի ետևից, և ասաց․
― Ընկերներ, գիտե՞ք, ինչ է պատահել գյուղում։
― Որտեղի՞ց իմանանք, ― պատասխանեց հովիվներից մեկը։
― Դե՛ իմացած եղեք, ― շարունակեց եկածը, ― որ այսօր առավոտ վախճանվեց հռչակավոր հովիվ֊ուսանող Խրիզոստոմոն, և լուր կա, որ մեռել է այն սատանա Մարսելային սիրելուց, հարուստ Գիլերմոյի աղջկան, որ հովվի զգեստով թափառում է այս խուլ վայրերում։
― Մարսելայի՞ն, ― ասում ես, ― հարցրեց մեկը։
― Այո՛, Մարսելային, ― պատասխանեց այծարածը։
― Իսկ ամենից նշանավորն այն է, որ իր կտակում նա կարգադրել է, որ իրեն թաղեն մավրի պես, արձակ դաշտում, մի ժայռի տակ, որտեղ աղբյուրի վրա մի կաղնի է աճում, որովհետև համաձայն լուրերի (իբր թե նա ինքն է ասել), այդտե՛ղ է նա առաջին անգամ տեսել Մարսելային։ Նա զանազան ուրիշ ցանկություններ էլ է հայտնել, միայն թե այստեղի տերտերներն ասում են, որ պետք չէ դրանք կատարել, որովհետև նրանք հեթանոսականի պես են։ Իսկ դրան առարկում է հանգուցյալի ամենամտերիմ բարեկամ ուսանող Ամբրոսիոն, որ նրա պես հովվի զգեստ է հագել։ Նա ուզում է Խրիզոստոմոյի կտակը լրիվ կատարած լինել, ինչպես նա ինքն է կարգադրել, և այդ առիթով ողջ գյուղը հիմա հուզված է։ Դատելով խոսակցություններից՝ վերջ ի վերջո ամեն ինչ Ամբրոսիոյի և նրա այլ հովիվ֊բարեկամների ցանկությամբ է կատարվելու, և վաղը մեծ հանդիսականությամբ նրան կտանեն թաղելու այն իսկ տեղը, որ ես ասացի։ Ըստ իս, տեսնելու բան է լինելու։ Համենայն դեպս ես անպատճառ կերթամ այնտեղ, եթե վաղը դարձյալ ստիպված չլինեմ վերադառնալու գյուղ։
― Մենք բոլորս էլ կերթանք այնտեղ, ― պատասխանեցին հովիվները, և վիճակ կգցենք, թե ով մնա մեր այծերին պահպանելու։
― Ճիշտ է, Պեդրո, ― վրա բերեց նրանցից մեկը, ― միայն թե չարժի այդ միջոցին դիմել․ ձեր բոլորիդ փոխարեն ե՛ս կմնամ։ Եվ չկարծեք, թե ես այդ առաջակում եմ բարությունից կամ հետաքրքրության բացակայությունից, այլ անցյալ օրը ոտս փուշ է մտել և դժվարանում եմ ման գալ։
― Ինչ էլ լինի, մենք բոլորս էլ շնորհակալ կլինենք քեզնից, ― պատասխանեց Պեդրոն։
Դոն Կիխոտը խնդրեց, որ Պեդրոն պատմի, թե ո՞վ է մեռել և ո՞վ է հովվուհին։ Պեդրոն պատասխանեց, թե ինչքան իրեն հայտնի է, ննջեցյալը հարուստ հիդալգո է եղել, բնակիչ մի գյուղի, որ գտնվում է լեռներում, շատ տարիներ ուսել է Սալամանկայում և ապա դարձել իր ծննդավայրը և շատ գիտուն և կարդացած մարդու համբավ ուներ։ Ասում էին, թե նա առանձնապես տեղյակ է եղել աստղերի գիտությունից և գիտեր, թե երկնքում արևն ու լուսինն ինչ են անում։ «Նա ճշտությամբ նախազգուշացնում էր արևի և լուսնի խաբարումները»։
― Այդ կոչվում է խավարումներ, բարեկամս, և ոչ թե խաբարումները, երբ որ այդ երկու մեծ լուսատուները խավարում են, ― նկատեց դոն Կիխոտը։ Բայց Պեդրոն, առանց ուշ դարձնելու նման մանրուքի վրա, շարունակեց իր պատմությունը։
― Նմանապես նա գուշակում էր, թե տարին ինչպես կլինի՝ բերքառատ թե չբերք։
― Դուք ուզում եք անբերրի ասած լինեք, բարեկամս, ― նկատեց դոն Կիխոտը։
― Չբերք թե անբերրի, ― պատասխանեց Պեդրոն, ― մեկ հաշիվ է։ Մի խոսքով, նրա գուշակությունների շնորհիվ հայրն ու բարեկամները շատ հարստացան, որովհետև հավատ էին ընծայում նրան և բոլոր գործերում հետևում էին նրա խորհուրդներին, երբ որ նա ասում էր՝ «այս տարի գարի ցանեցեք և ոչ թե ցորեն, իսկ այս տարի սիսեռ ցանեցեք և գարի մի՛ք ցանի, գալ տարի առաջ զեյթունի յուղ կլինի, իսկ հետո երեք տարի իրար վրա ոչ մի կաթիլ չի լինի»։
― Այդ գիտությունը կոչվում է ասղագիտություն, ― ասաց դոն Կիխոտը։
― Չգիտեմ, թե ինչպես է կոչվում, ― պատասխանեց Պեդրոն, ― սակայն գիտեմ, որ նա այդ ամենը գիտեր և դեռ ավելին։ Վերջապես նրա՝ Սալամանկայից գալուց հազիվ մի քանի ամիս էր անցել, որ մի գեղեցիկ օր հանկարծ նա դեն գցեց իր երկարափեշ ուսանողական զգեստը և հանդես եկավ մեր մեջ հովվի հագուստով՝ ոչխարի մորթից և ցուպը ձեռքին, իսկ նրա հետ հովվի հագուստ էր հագել նաև նրա հավատարիմ բաեկամ Ամբրոսիոն՝ նրա դասընկերը։ Ես մոռացա ասեմ ձեզ, որ հանգուցյալ Խրիզոստոմոն լավ երգ հյուսող էր և հորինում էր ավետիսներ, որ երգվում էին ծննդյան գիշերը և սրբազան ներկայացումներ, որ մեր գյուղական երիտասարդությունը խաղում էր մարմնո և արյան օրին, և բոլորն ասում են, որ շատ գեղեցիկ էին։ Երբ որ այդ երկու ուսանողներն այդպես անսպասելի հովվի հագուստ հագան, բոլորը գյուղում զարմացած մնացին և այդքան անսովոր կերպարանափոխության պատճառը ոչ մի կերպ չէին կարողանում գուշակել։ Իսկ այդ միջոցին մեռավ մեր Խրիզոստոմոյի հայրը, և նա ժառանգեց մեծ կարողություն՝ շարժական և անշարժ, նմանապես մեծ քանակությամբ եղջյուրավոր և մանր անասուններ և փողի մի խոշոր գումար։ Այդ ամենը հասավ նրան և ճիշտն ասած, նա միանգամայն արժանի էր դրան, որովհետև լավ ընկեր էր, լավ մարդկանց բարեկամ և ղալամով քաշած գեղեցկության տեր։ Ապա իմացվեց, որ նա հագուստը փոխել և այս ամայի վայրերն է հեռացել հովվուհի Մարսելայի ետևից ընկնելու համար, որովհետև խեզճ հանգուցյալը՝ Խրիզոստոմը, սիրահարված էր նրա վրա։ Հիմա ես կպատմեմ ձեզ, որ դուք իմանաք, թե ով է այս աղջիկը։ Գուցե, թերևս առանց գուցեի, դուք ձեր օրում նման բան լսած չլինեք, անգամ եթե Սառնայից[70] ավելի տարիքավոր լինեք։
― Սառա կասեն, ― ընդհատեց նրան դոն Կիխոտը՝ չկարողանալով համբերել, որ հովիվը այդքան աղճատում է բառերը։
― Սառնան ավելի երկար է քաշում, ― առարկեց հովիվը։ ― Իսկ եթե դուք, սինյոր, իմ ամեն մի խոսքին բծախնդիր լինեք, ապա ես մի տարի չեմ վերջացնի։
― Ներեցեք, բարեկամս, ― ասաց դոն Կիխոտը, ― ես ձեզ ընդհատեցի, որովհետև սառնայի և Սառայի միջև մեծ տարբերություն կա։ Բայց դուք շատ լավ պատասխանեցիք ինձ, թե սառնան ավելի երկար է քաշում, քան Սառայի կյանքը։ Շարունակեցեք ձեր պատմությունը, ես այլևս ձեզ չեմ ընդհատի։
― Այն էի ասում, սիրելի սինյոր, ― ասաց հովիվը, ― ես շարունակում եմ։ Մեր գյուղում մի գյուղացի կար, Խրիզոստոմոյի հորից էլ հարուստ և նրան կոչում էին Գիլլյերմո, որին բացի բազում հարստությունից, Աստված մի աղջիկ էր տվել, որի մայրը, ― մեր ողջ շրջանում պատվելի մի կին, ― վաղճանվեց ծննդաբերության միջոցին։ Ոնց որ հիմա տեսնում եմ նրա դեմքը։ ― Մեկ կողմից լույս էր տալիս արևի պես, իսկ մյուս կողմից՝ լուսնի։ Իսկ գլխավորը՝ բարի տնտեսուհի էր և սիրում էր աղքատներին, այնպես որ ես կարծում եմ՝ հիմա նրա հոգին տեր Աստծո մոտ երանության մեջ է։ Այսքան բարի կնոջ մահից հետո նրա ամուսին Գիլլյերմոն դարդամահ եղավ, և մնաց նրա աղջիկը՝ դեռատի և հարուստ Մարսելան, իր հորեղբոր խնամքին, քահանայի, որ մեր գյուղում կալված ունի։ Աղջիկը մեծանում էր այնքան սիրուն, որ մենք բոլորս ակամա հիշում էինք նրա գեղեցկուհի մորը, իսկ ոմանք անգամ ենթադրում էին, որ ժամանակի ընթացքում աղջիկը կգերազանցի։ Ահա այսպես, երբ որ լրացավ նրա տանսչորս թե տասնհինգ տարին, չէր կարելի նրա վրա նայել առանց օրհնելու Աստծուն, որ նրան ասքան չքնաղ է ստեղծել, և մեր ջահելների մեծ մասը մահացու սիրահարված էր նրա վրա։ Իսկ հորեղբայրը նրան փականքի տակ էր պահում մեծ խստությամբ։ Այնուամենայնիվ, նրա մեծ գեղեցկության և խոշոր հարստության համբավը տարածվեց ոչ միայն մեր գյուղում, այլև շատ մղոն հեռու շուրջը և լավագույն փեսացուները ամեն կողմից գալիս էին խնդրելու, աղաչելու, պաղատելու հորեղբորից, որ նրան մարդու տա։ Սա էլ, իբրև իսկական բարի քրիստոնյա, թեև հակառակ չէր նրան մարդու տալու, երբ որ նա հասակն առավ, այնուամենայնիվ, չէր ուզում այդ՝ հակառակ նրա կամքի արած լինել, թեև, իհարկե, նրա համար չէր հետաձգում այդ ամուսնությունը, որ եկամուտ ու շահի մասին էր մտածում, որ նա քաղում էր աղջկա կարողությունից խնամակալության հետևանքով։ Հավատացեք ինձ, դրա մասին հաճախ խոսք էր լինում մեր քեֆերի ժամանակ, և գովում էինք բարի քահանային։ Իսկ պետք է ձեզ ասեմ, թափառական սինյոր, որ մեր գյուղորայքում ամենքի նկատմամբ սրտացավ են և ում ասես կարող են չարախոսել։ Եվ հավատացած եղեք, ինչպես հավատացած եմ ես, որ եթե ծխականները, մանավանդ գյուղի ծխականները, լավ են արտահայտվում որևէ հոգևոր անձի մասին, ապա դա կնշանակի, որ նա միանգամայն արժանի է դրան։
― Միանգամայն ճիշտ է, ― նկատեց դոն Կիխոտը, ― դե շարունակեցեք, ձեր պատմությունը շատ լավն է, և դուք, բարի Պեդրո, հիանալի պատմում եք։
― Միայն թե Աստծու կամքը լինի, դա է գլխավորը։ Էհ, հետո այսպես է եղել։ Թեև հորեղբայրը իր եղբոր աղջկան բազմաթիվ փեսացուներ է առաջարկած եղել, մանրամասն թվելով յուրաքանչյուրի արժանիքները, ով որ կամեցել է նրա հետ ամուսնանալ և խնդրելիս է եղել ընտրություն անել նրանցից ըստ իր ճաշակի, նա բոլոր առաջարկներին ի պատասխան ասելիս է եղել, որ առայժմ մարդու գնալու ցանկություն չունի, որ ինքը դեռ շատ երիտասարդ է և իրեն ընդունակ չի համարում ամուսնության ծանր լուծը կրելու։ Նրա առարկությունները ճիշտ էին թվում, և հորեղբայրը նրան հանգիստ թողեց, սպասելով, որ նա մեծանա և վերջապես ըստ իր ճաշակի ամուսին ընտրի, քանի որ ինքն էր հայտարարել, և միանգամայն արդարացի, որ ծնողները չպետք է իրենց զավակների բախտը տնօրինեն հակառակ նրանց կամքի։ Եվ հանկարծ, առանց որևէ պատճառի, հանկարծակի կերպով, քմահաճ Մարսելան, մի գեղեցիկ օր հովվուհի է դառնում։ Թեև նրա հորեղբայրը և բոլոր համագյուղացիները ետ էին պահում նրան, նա ականջ չդրեց և մեր գյուղի մյուս հովվուհիների հետ գնաց հանդը իր սեփական հոտը արածացնելու համար։ Իսկ երբ որ նա ներկայացավ բոլորի առջև, և բոլորն էլ վերջապես տեսան նրա գեղեցկությունը, բազմաթիվ հարուստ երիտասարդներ՝ հիդալգո և գյուղացի, Աստված վկա, չեմ էլ կարողանա նրանց բոլորի անունը տալ, Խրիզոստոմոյի պես հագնվեցին և գնացին թափառելու աղջկա հետ՝ ձգտելով ձեռք բերել նրա բարեհայեցողությունը։ Ես արդեն ասացի ձեզ, որ հանգուցյալ Խրիզոստոմոն էլ նրանցից մեկն էր, որի մասին պատմում են, թե նա ոչ թե սիրում էր աղջկան, այլ ուղղակի պաշտում։ Եվ չկարծեք, թե եթե Մարսելան ազատ և արձակ կյանք էր ընտրել, որ ոչ մի ճնշում չի ճանաչում, ապա դա նշանակում էր, որ նրա պատիվն ու առաքինությունը դրանից կարող էին տուժել։ Ընդհակառակը՝ նա այնքան արթուն պահպանում էր իր պատիվը, որ իրեն ծառայողներից և իր սերը հայցողներից և ոչ մեկը չէր կարող պարծենալ, ճիշտ ասած, երևի, երբեք էլ չի կարող պարծենալ, որ աղջիկը նրան գեթ ամենափոքր հույս է տվել, որ իր ցանկությունը կբավարարվի։ Մարսելան չի խուսափում հասարակությունից և հովիվների հետ խոսակցելուց, նրանց հետ սիրալիր և բարեկամաբար է վարվում, սակայն հենց որ նրանցից մեկն ու մեկը բաց է անում իր ցանկությունը ― լինի դա օրինական և սուրբ ցանկություն ամուսնանալու նրա հետ ― աղջիկն իսկույն վանում է նրան՝ ասես թնդանոթ արձակելով։ Եվ իր այդպիսի վարմունքով նա մեր կողմերում ավելի աղետ է բերում, քան ժանտախտը, որովհետև նրա սիրալիրությունն ու գեղեցկությունը բոլոր երիտասարդներին, որ նրան հանդիպում էին, հարկադրում էին նրան սիրել և ծառայել։ Իսկ նրա արհամարհանքն ու անզգայականությունը հուսակտուր է անում նրանց, և նրանք այլ կերպ չեն կոչում նրան, բայց եթե խստասիրտ, անշնորհակալ և այլ նման անուններով, որոնցով կարելի է դատել նրա բնավորության մասին։ Եվ եթե դուք, սինյոր, մի քանի օր այստեղ մնալու լինեիք, դուք կլսեիք, թե ինչպես մեր սար ու ձորերում մերժված սիրահարների գանգատներն են հնչում, որ նրա ետևից ընկած էին։ Այստեղից ոչ հեռու մի տեղ կա, որտեղ մի երկու տասնյակ հին հաճարի է բուսնում, և մեկը չկա, որի հարթ կեղևի վրա կտրած֊գրած չլինի Մարսելայի անունը, իսկ ծառերից մի քանիսի վրա նրա անվան վերևից թագ է կտրած, կարծես թե սիրահարը այդ նշանով կամեցել է ասած լինել, թե ողջ մարդկության գեղեցկության թագը Մարսելային է պատկանում։ Մի տեղ մեկ հովիվ է ախ քաշում, մյուս տեղ մի ուրիշն է գանգատվում, այստեղ սիրո երգ է հնչում, այնտեղ՝ ցավագին մրմունջ։ Մեկ սիրահար կաղնու կամ ժայռի տակ է ողջ գիշերն անց կացնում և հարբած ու հափշտակված անուրջներով՝ մինչև ցայգալույս չի փակում աչքերը։ ՄԻ ուրիշը՝ անընդհատ և առանց հանգստանալու ախ է քաշում և ամառային ամենաանտանելի ջեռ տոթին պառկած է մնում շիկացած ավազի վրա և առաքում է իր տրտունջը գթառատ երկնքին։ Իսկ չքնաղ Մարսելան ազատ և անհոգ հաղթանակում է մեկի՛ն էլ, մյուսի՛ն էլ, սրա՛նց էլ, նրա՛նց էլ։ Մենք բոլորս՝ նրան ճանաչողներս, սպասում ենք, թե երբ պիտի վերջանա նրա գոռոզությունը և ով է լինելու այն երջանիկը, որ կզսպի նրա սարսափելի բնավորությունը և կվայելի նրա արտասովոր գեղեցկությունը։ Իսկ որովհետև այն ամենը, որ ես ձեզ պատմեցի, զուտ ճշմարտություն է, ապա, թվում է ինձ, այն էլ է ճիշտ, ինչ մեր հովիվը հաղորդեց Խրիզոտոմոյի մահվան մասին։ Ուստի, խորհուրդ եմ տալիս ձեզ, սինյոր, անպատճառ վաղը եկեք թաղմանը՝ ճիշտ, արժի տեսնել, որովհետև Խրիզաստոմոն բազմաթիվ բարեկամներ ուներ։ Իսկ այն տեղը, որտեղ նա կտակել է, որ իրեն թաղեն, այստեղից հազիվ կես մղոն լինի։
― Իհարկե կերթամ, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և շնորհակալ եմ ձեզնից այն բավականության համար, որ պատճառեցիք ինձ այդքան հետաքրքրական պատմությամբ։
― Օ՜, Մարսելայի սիրահարի հետ եղածի կեսն էլ ես չգիտեմ, ― պատասխանեց այծարածը։ ― Բայց գուցե վաղը ճամփին մենք հանդիպենք որևէ ուրիշ հովվի, և նա մեզ կպատմի մնացյալը։ Իսկ հիմա չէր խանգարի, որ դուք պառկեք վրանի տակ, որովհետև գիշերային զովը կարող է վնասել ձեր վերքին, թեև, ասենք, սպեղանին դրել ենք, և դուք կարող եք անախորժ բարդություններից չվախենալ։
Սանչո Պանսան, որ վաղուց արդեն սատանի մոտն էր ուղարկում հովվի շաղակրատությունը, նույնպես սկսեց խնդրել, որ դոն Կիխոտը պառկի Պեդրոյի վրանում։ Դոն Կիխոտը զիջեց և գիշերվա մնացորդը անց կացրեց մտքերով տիրուհի Դուլսինեայի մասին՝ ընդօրինակելով Մարսելայի սիրահարներին։ Իսկ Սանչո Պանսան, Ռոսինանտի և էշի մեջտեղը փռվեց ու քնեց ոչ որպես անհույս սիրահար, այլ մուշտակռվում կարգին ծեծ կերած մարդ։
Գլուխ XIII
Որ պարունակում է Մարսելա հովվուհու պատմության վերջավորությունը և զանազան ուրիշ անցքեր
Հազիվ էր արևելքի պատշգամբներից օրը դուրս նայել, որ վեց հովիվներից հինգը վեր թռան և սկսեցին արթնացնել դոն Կիխոտին՝ հարցնելով նրանից՝ հո չի՞ փոխել իր մտադրությունը Խրիզոստոմոյի արտասովոր թաղմանը գնալու և ուզո՞ւմ է արդյոք միանալ իրենց խմբին։ Դոն Կիխոտը, որ հենց դրա մասին էր մտածում վեր կացավ և հրամայեց, որ Սանչոն իսկույն թամբի ձին և փալանի էշը, մի բան, որ Սանչոն կատարեց շատ արագ և նույնքան արագ նրանք բոլորը ճամփա ընկան։ Հազիվ քառորդ մղոն էին անցել նրանք, որ երկու խաչաձևող արահետի վրա վեց հովիվ տեսան, որ գալիս էին իրենց հանդեպ։ Նրանց հագին սև ոչխարի մորթի էր, իսկ գլուխներին նոճու և դափնեվարդի տերևներից հյուսած պսակ էր դրած։ Ամեն մեկի ձեռքին մի֊մի չիչխանի մեծ փայտ կար։ Նրանց կողքին հարուստ ճամբորդական հագուստով երկու ազնվական էր ձիով գալիս, որոնց հետիոտն ուղեկցում էին երեք ծառա։ Հանդիպելով իրար՝ հովիվները քաղաքավարի ողջունեցին իրար և հարցրին իրարից, թե ով ուր է ուղևորվում։ Պարզվեց, որ բոլորն էլ ուղևորվում են թաղման տեղը, ուստի նրանք միասին առաջ գնացին։ Ձիավորներից մեկը դառնալով մյուսին, ասաց․
― Սինյոր Վիվալդո, ինձ թվում է, թե ժամանակը, որ մեզնից կխլի այս տարօրինակ թաղման գնալը, կորած չի լինի, որովհետև անշուշտ նշանավոր բան է լինելու, եթե հավատալու լինենք այն զարմանալի բաներին, որ մեր ուղեկիցները պատմեցին մեզ թե հանգուցյալ հովվի, այնպես էլ մարդասպան հովվուհու մասին։
― Ես նույն կարծիքի եմ, ― պատասխանեց Վիվալդոն, ― և ոչ թե մեկ, այլ չորս օր եմ պատրաստ կորցնելու այդ բանը տեսնելու համար։
Դոն Կիխոտը հարցրեց նրանից, թե ինչ են լսել նրանք Մարսելայի և Խրիզոստոմոյի մասին։ Ձիավորը պատասխանեց, որ այսօր լուսաբացին նրանք հանդիպեցին այս հովիվներին և, տեսնելով նրանց սգանշանը, հարցրին, թե ինչի համար է այդ։ Նրանցից մեկը բացատրեց բանը, պատմեց Մարսելա անունով տարօրինակ և չքնաղ հովվուհու մասին, նրա բազմաթիվ երկրպագուների սիրո և Խրիզոստոմոյի մահվան մասին, որի թաղմանը նրանք գնում էին։ Մի խոսքով՝ նա դոն Կիխոտին պատմեց այն ամենը, որ սա գիտեր Պեդրոյի խոսքերից։
Նրանց միջև այս խոսակցությունը վերջացավ և մի ուրիշը սկսվեց, որովհետև ձիավորը, որին Վիվալդո էին կոչում, դոն Կիխոտից հարցրեց, թե ինչ առիթով է նա այսքան մի խաղաղ երկրում սպառազինված ման գալիս։ Դոն Կիխոտը դրան պատասխանեց․
― Իմ արհեստի հատկությունները, թույլ չեն տալիս ինձ և չեն արտոնում այլ կերպ ման գալու։ Հարմարությունները, ճոխությունն ու հանգիստը հնարված են մայրաքաղաքի մեղկ բնակիչների համար, իսկ աշխատանքը, տագնապը և ռազմի գործը հնարված ու ստեղծված են նրանց համար, որոնց աշխարհս անվանում է թափառական ասպետներ և որոնցից մեկը ես՝ անարժանս, համարում եմ ինձ ամենահետնյալը։
Լսելով այս խոսքերը՝ բոլորը որոշեցին, որ նա խելագար է։ Սակայն ստուգելու և հայտնաբերելու համար, թե ինչ տեսակ խելագարություն է, Վիվալդոն մեկ էլ խոսք վերցրեց և հարցրեց, թե ի՞նչ է թափառական ասպետը։
― Մի՞թե ձերդ ողորմածությունները, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― չեն կարդացել Անգլիայի ժամանակագրություններն ու պատմությունները, որոնց մեջ պատմված են Արթուր արքայի փառապանծ սխրագործությունները, որ մեր Կաստիլի բառբառով սովորաբար կոչվում է Արթուս։ Մեծ Բրիտանիայի բովանդակ թագավորության մեջ կա մի հին, շատ տարածված ավանդություն, թե այդ արքան չի մեռել, այլ դյութանքով ագռավ է դարձած եղել, և թե կգա ժամանակ, երբ նա նորից արքա կդառնա և հետ կբերի իր թագավորությունն ու գայիսոնը։ Այդ պատճառով չէ՞, որ դուք մի անգլիացի չեք գտնի, որ այն իսկ ժամանակից մինչև հիմա գեթ մի ագռավ սպանի։ Ահա այդ բարի արքայի օրոք հիմնվեց ասպետական ուխտ Ջինեվրա թագուհու վրա, միաժամանակ նրանց միջև բարեկամ ու միջնորդը եղել է ամենապատվելի տիրուհի Կինտանյոնան ― ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես պատմվում է դրա մասին։ Ահա թե որտեղից է ծագում հայտնի երգը, որ այնքան հաճախ երգվում է մեզանում, Իսպանիայում՝
Երբեք այնքան քնքշորեն
Տիկինները չեն խնամել ասպետին,
Ինչպես արի Լանցելոտին,
Բրիտանիայից ժամանած․․․
և այլն, որ հետո քաղցր ու քնքուշ երգվում է Լանցելոտի սիրային և ռազմական գործերի մասին։ Այն ժամանակից ի վեր ասպետական այդ ուխտը աստիճանաբար աճեց և տարածվեց աշխարհիս բազում և զանազան մասերում։ Նրա մեջ փառավոր ու հռչակավոր դարձան իրենց սխրագործություններով խիզախ Ամադիս Գաղղիացին իր բոլոր որդիներով ու թոռներով մինչև հինգերորդ պորտը, քաջարի Ֆելիսմարտե Հիրկանացին և ամեն գովասանքից բարձր Տիրանա Ճերմակը։ Իսկ անհաղթ և արի ասպետ դոն Բելյանիս Հունաստանցուն մենք գրեթե մեր օրերում տեսանք, շփվեցինք նրա հետ ու լսեցինք նրան։ Ահա՛, սինյորներ, ինչ է նշանակում թափառական ասպետ լինելը և ահա՛ թե ինչ է այդ ասպետական ուխտը։ Նրան, ինչպես արդեն ասացի, պատկանում եմ և ես՝ մեղավորս, և այն ամենը, որ դավանել են վերոհիշյալ ասպետները, դավանում եմ նաև ես։ Ուստի թափառում եմ այս մենավոր և ամայի վայրերում արկածախնդիր, թուր ու կրծքով բոլոր բախտի առաքած վտանգները դիմավորելու ու զուրկերին պաշտպանելու հաստատ վճռականությամբ։
Այս ճառից հետո դոն Կիխոտի ուղեկիցները վերջնականապես հասկացան և՛ այն, որ նա խելագար է, և՛ այն, թե ինչ տեսակ խելագարություն է պաշարել նրան։ Նրանք ապշած էին մնացել, ինչպես, ասենք, բոլոր նրանք, ովքեր առաջին անգամ հանդիպում էին մեր ասպետին։ Իսկ Վիվալդոն՝ սրամիտ և ուրախ մեկը, ճամփի մնացորդը անձանձիր անցկացնելու համար (հովիվների ասելով՝ այն տեղը լեռներում, որտեղ տեղի պիտի ունենար թաղումը, արդեն բոլորովին մոտ էր) վճռեց դոն Կիխոտին առիթ տա իր ցնդաբանությունը շարունակելու, ուստի և ասաց․
― Սինյոր թափառական ասպետ, ինձ թվում է, թե ձերդ ողորմածությունն ընտրել է աշխարհիս ամենադժվարին արհեստներից մեկը, և ես հավատացած եմ, որ կարտեզյան վանականների կյանքն անգամ այդչափ դժվարին չի եղել։
― Թերևս պակաս դժվարին չէ նրանց կյանքը, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― սակայն պակաս անհրաժեշտ է մարդկության համար ― ձեռքս կտամ կտրեն, թե սա ճիշտ չլինի։ Որովհետև, եթե ճիշտ խոսելու լինենք, ապա զինվորը, որ կատարում է իր պետի հրամանը, պակաս կարևոր գործ չի կատարում, քան ինքը պետը, որ հրաման է արձակում։ Ես ուզում եմ ասած լինել, որ վանականները խաղաղ ու հանգիստ աղոթում են առ երկինք երկրի բարօրության համար, իսկ մենք՝ զինվոր ու ասպետներս, կատար ենք ածում այն, ինչի համար որ նրանք աղոթում են՝ մենք, մեր բազկի զորությամբ և մեր սրի սուր ծայրով պաշտպանում ենք երկիրը, այն էլ ոչ թե տանիքով ծածկված, այլ բաց երկնքի տակ՝ դառնալով թիրախ, որին ամառը արևի անտանելի ճառագայթներն են հարվածում, ձմեռը ծակծկող սառնամանիքը։ Ուստի մենք աշխարհիս երեսին Աստծո ծառաներն ենք, մենք այն ձեռներն ենք, որոնց միջոցով երկրի վրա իրականանում է արդարությունը։ Եվ որովհետև ռամզկան և հարակից այլ գործերով առանց մեծ լարվածության, քրտինքի և աշխատանքի չի կարելի պարապել, ուստի դրանից բխում է, որ այդ գործին նվիրածները, անտարակույս, աշխատում են ավելի, քան նրանք, ովքեր անխռով խաղաղության և հանգստի մեջ խնդրում են, որ Աստված ողորմի զրկանքներին։ Ես չեմ ուզում ասած լինել ― այդպիսի միտք գլխովս էլ չի կարող անցնել ― որ թափառական ասպետների գործը նույնքան սուրբ է, ինչպես փակ վանականների կյանքը։ Ես միայն այն զրկանքներից, որ պատահում է ինձ կրել, եզրափակում եմ, որ մեր գոյությունն ավելի ծանր է, աղքատիկ, մաշող, աղեքարշ, ավելի է ենթակա քաղցի, ծարավի, ոջլոտության, որովհետև անտարակույս է, որ բոլոր վաղեմի թափառական ասպետներին իրենց կյանքի ընթացքում պատահել է կրել բազմաթիվ տառապանքներ։ Իսկ եթե նրանցից մեկն ու մեկին աջողել է սեփական սրի զորությամբ կայսր դառնալ, ապա հավատացած եղեք, որ այդ քիչ քրտինք ու արյուն չի նստել։ Համ էլ, եթե այդ բարձր աստիճաններին հասնելու պահին նրանց օգնած չլինեին իմաստուններն ու կախարդները, ապա նրանք իրենց թե՛ ցանկություններում խաբված կմնային, թե՛ իրենց հույսերում հիասթափված։
― Միանգամայն համաձայնեմ ձեզ հետ, ― պատասխանեց ճամբորդը, ― սակայն թափառական ասպետների մասին բոլոր իմացածներիցս մեկ բան չեմ հավանում՝ երբ որ նրանք որևէ մեծ և վտանգավոր արկածի մեջ են նետվում, որի մեջ նրանց կյանքը ենթարկվում է ակներև վտանգի, այդ վճռական վայրկյանին նրանց գլխով երբեք չի անցնում հանձնել իրենց Աստծո ողորմածությանը, ինչպես նման վտանգի միջոցին պարտավոր է անել յուրաքանչյուր քրիստոնյա, ընդհակառակը՝ նրանք հանձնում են ինքներն իրենց տիկիններին, այն էլ այնպիսի ջերմությամբ ու ակնածությամբ, ասես թե այդ աղջիկները աստվածություն են։ Խոստովանում եմ, դրանից մի քիչ հեթանոսության հոտ է փչում։
― Այլ կերպ չի էլ կարող լինել, ― պատասխանեց դոն Կիխոտը, ― և եթե թափառական ասպետն այդ չաներ, նա ինքն իրեն խայտառակած կլիներ։ Որովհետև թափառական ասպետության մեջ կանոն և սովորույթ կա, որ թափառական ասպետը, պատրաստվելով մեծ մարտի մեջ մտնելու, սիրով ու քնքշությամբ հայացք գցի իր տիկնոջ վրա, եթե նա ներկա է, կարծես թե խնդրելով նրա օգնությունն ու պաշտպանությունը առաջիկա ծանր փորձության մեջ, և անգամ եթե ոչ ոք չի լսում, նա պետք է ատամների արանքից մի քանի խոսք շշնջա, ամբողջ սրտով կոչելով նրա ողորմածությունը։ Վեպերում դուք կգտնեք անթիվ օրինակներ այդ բանի։ Սակայն դրանից չի կարելի եզրակացնել, որ ասպետներն իրենց Աստծուն պահ չեն տալիս՝ դրա համար նրանք միշտ ժամանակ էլ կունենան, դեպք էլ՝ հենց մարտի ընթացքում։
― Այնուամենայնիվ, ― պատասխանեց ճամփորդը, ― իմ մեջ կասկած է մնում։ Շատ անգամ ես կարդացել եմ, որ երկու թափառական ասպետ վեճի են բռնվում, ապա աստիճանաբար վառվում ցասումով, շուռ են տալիս ձիերը և գնում մի կողմ, որ այնտեղից թափով քշեն գան, հարձակվեն իրար վրա, և սրընթաց արշավի պահին իրենց պահ են տալիս իրենց տիկիններին։ Իսկ կռիվը սովորաբար վերջանում է նրանով, որ նրանցից մեկն ու մեկը վայր է ընկնում ձիուց մեջքի վրա, խոցված հակառակորդի նիզակով, իսկ մյուսը պինդ բռնում է ձիու բաշից և միայն այդ պատճառով գետին չի գլորվում։ Եվ ես, ճիշտն ասած, չեմ հասկանում, թե սպանված ասպետը ինչպե՞ս կարող է այդքան արագընթաց մարտի միջոցին իրեն Աստծուն պահ տալու ժամանակ ունեցած լինել։ Նրա համար ավելի լավ կլիներ, եթե ձին քշելիս նա տիկնոջը կոչելու վրա ժամանակ կորցրած չլիներ, այլ՝ իր քրիստոնեական պարտք ու պարտավորության վրա, մանավանդ որ ― ես հավատացած եմ ― հո բոլոր թափառական ասպետները հնարավորություն չունեն իրենց պահ տալու իրենց տիկիններին, քանի որ բոլորն էլ հոր սիրահարված չե՛ն լինում։
― Այդ հնարավոր չէ, ― պատասխանեց դոն Կիխոտը։ ― Ես ուզում եմ ասած լինել, որ առանց տիկնոջ թափառական ասպետ լինել չի կարող, քանի որ նրանցից ամեն մեկին նույնքան հատուկ է սիրահարված լինել, ինչպես երկնքին՝ աստղեր ունենալ, և կարելի է հաստատ ասել, որ աշխարհիս երեսին այնպիսի վեպ չկա, որի մեջ թափառական ասպետն անսեր լինի՝ չէ՞ որ եթե այդպիսի անսեր ասպետ եղած լիներ, նա դրանով իսկ ապացուցած կլիներ, որ ինքը ապորինի ասպետ է, ասպետության խորթ զավակն է, որ նա ասպետության ամրոցը մտել է ոչ թե դարպասից, այլ թռել է պատի վրայով գող ավազակի պես։
― Այնուամենայնիվ, ― առարկեց ճամփորդը, ― ինձ թվում է, եթե միայն հիշողությունս ինձ չի դավաճանում, թե դոն Գալաորը՝ արի Ամադիս Գաղղիացու եղբայրը, երբեք ազնվազարմ տիկին չի ունեցել, որին կարողանար իրեն պահ տալ, և ոչ ոք նրան չի մեղադրել, որովհետև նա շատ արի և փառավոր ասպետ է եղել։
Դրան մեր դոն Կիխոտը պատասխանեց․
― Սինյոր, մեկ ծիծեռնակը գարուն չի բերում, բացի այդ՝ ինձ հայտնի է, որ այդ ասպետը գաղտնի սաստիկ սիրահարված է եղել։ Եվ եթե նա սիրաշահում էր բոլոր տիկիններին, որ նրան դուր էին գալիս, ապա այդ բնական հակումից մղված էր անում, որ չէր կարողանում զսպել։ Սակայն ինձ համար միանգամայն ակներև է, որ նա ունեցել է տիկին, որին նա իր սրտի տիրուհին էր դարձրել և որին նա միշտ և գաղտնի իրեն պահ էր տալիս, որովհետև ձգտում էր շատ գաղտնի ասպետ լինել։
― Քանի որ դուք պնդում եք, ― ասաց ճամփորդը, ― որ յուրաքանչյուր ասպետ ըստ իր էության պետք է սիրահարված լինի, ապա դրանից կարելի է հետևեցնել, որ ձեր ողորմածությունն էլ է սիրահարված, որովհետև դուք այդ ուխտին եք պատկանում։ Եվ եթե ձերդ ողորմածությունը չի ձգտում դոն Գալաորի չափ գաղտնապահ լինել, ապա ես շատ և շատ խնդրում եմ ձեզնից իմ և բոլոր հասարակության անունից՝ հայտնել ձեր չքնաղ տիկնոջ անունը, ծննդավայրը և տիտղոսը։ Որովհետև նա պետք է երջանիկ լինի, եթե ամբողջ աշխարհը իմանա, որ նրան սիրում ու ծառայում է այնքան ականավոր մի ասպետ, ինչպիսին ներկայանում է ինձ ձերդ ողորմածությունը։
Այստեղ դոն Կիխոտը խորը հոգվոց քաշեց և ասաց․
― Չեմ կարող պնդել, թե իմ քնքուշ թշնամուն ցանկալի է, որ արար աշխարհն իմանա՝ ինչպե՞ս եմ ես ծառայում նրան։ Ձեր այնքան քաղաքավարի հարցին ի պատասխան մի բան միայն կարող եմ ասել՝ նրան Դուլսինեա են կոչում, նրա ծննդավայրը Տոբոսն է Լամանչի մի շեն, նա առնվազն իշխանուհի է, քանի որ նա իմ տիրուհին ու թագուհին է։ Նրա գեղեցկությունը գերմարդկային է, որովհետև գեղեցկության բոլոր անհնարին և ցնորական հատկանիշները, որոնցով պոետները օժտում են իրենց տիկիններին, նրա մեջ իրականություն են։ Նրա մազերը ոսկին են, դեմքը՝ Ելիսեյան դաշտ, հոնքերը՝ երկնային ծիածան, աչքերը արևներ, այտերը՝ մարմար, ձեռները՝ փղոսկր, մորթի սպիտակությունը՝ ձյուն, իսկ մարմնի այն մասերը, որ ողջախոհությունը թաքցնում է մարդկային հայացքից, այն տեսակ են, որ իմ կարծիքով ու հասկացողությամբ, նրանցով կարելի է լոկ համեստաբար հիանալ, որովհետև ամեն համեմատությունից վեր են։
― Մենք կկամենայինք իմանալ նրա ծագումը, ցեղի պատմությունն ու ծննդաբանությունը, ― ասաց Վիվալդոն։
Դոն Կիխոտը պատասխանեց․
― Նա սերում է ո՛չ թե հին հռոմեական Կուրցիոսներից, Կայերից կամ Սցիպիսներից և ո՛չ այժմյան հռովմայեցիներից՝ Կոլոննա և Օբսինի, ո՛չ կատալոնցի Մոնկադաներից և Ռեկեսեններից, նմանապես ո՛չ վալենսական Ռեբելյաներից և Վիլյանովաներից, արագոնացի Ալադոններից, Ուրրեաներից, Ֆոսսերից և Հուրրեաներից, Կաստիլցի Սերդաներից, Մանրիկեներից, Մենդոսներից և Հուսմաններից, պորտուգալացի Ալենկաստրոներից, Պալյաներից և Մենեսներից։ Նա Տաբոս Լամանչեցիների ցեղից է, որ այնքան էլ հին չէ, բայց կարող է ազնիվ սկիզբ դնել ամենաազնվական սերունդների գալիք ժամանակներում։ Եվ եթե մեկն ու մեկի խելքին փչի առարկելու ինձ, ես նրա առջև կդնեմ նույն պայմանները, որ Զերբինոն դրեց Ռոլանդի ավարի ներքո՝
․․․Նրանց ձեռք տալու նա՛ է լոկ արժան,
Ով ռազմիկ է քաջ Ռոլանդի նման։[71]
Թեև ես Լարեդցի Կաչոպինների[72] ցեղից եմ սերում, ― պատասխանեց ճամփորդը, ― բայց չեմ հանդգնի նրան Տոբոս Լամանչեցիների ցեղին համեմատելու, թեև ճիշտն ասած, մինչև օրս ես եբեք այդպիսի անուն լսած չկամ։
― Դուք ասացիք, ես էլ հավատացի, որ չե՜ք լսել, ― բացականչեց դոն Կիխոտը։
Մեր զրուցակիցների ուղեկիցները մեծ ուշադրությամբ լսում էին նրանց խոսակցությունը, և հիմա հովիվներն անգամ գլխի ընկան, որ մեր դոն Կիխոտը վերջնականապես ցնդել է։ Մենակ Սանչո Պանսան էր հավատացած, որ իր տիրոջ բոլոր խոսքերը զուտ ճշմարտություն են, որովհետև նա լավ էր ճանաչում նրան և ծանոթ էր նրա ծննդյան օրից։ Մի բան միայն նրան կասկածելի էր թվում, ― դա չքնաղ Դուլսինեա Տոբոսցու գոյությունն էր, որովհետև թեև նա Տոբոսոյի մոտերքում էր ապրում, դեռ երբեք այդպիսի անուն և այդպիսի իշխանուհու մասին լսած չկար։ Այսպես զրուցելով, նրանք շարունակեցին ուղին, մինչև որ վերջապես երկու բարձր սարի միջև՝ կիրճում մի երկու տասնյակ հովիվներ տեսան, որ սև ոչխարի մորթ ունեին հագին և գլուխներին դրել էին պսակներ, որոնք, ինչպես շուտով պարզվեց, մասամբ նոճու, մասամբ կարմրածառի ճյուղերից էին հյուսված։ Վեց հոգի նրանցից տանում էին մի պատգարակ՝ ծածկված զանազան ծաղիկներով ու ճյուղերով։ Տեսնելով այդ՝ մեր հովիվներից մեկն ասաց․
― Ահա, տեսնում եմ Խրիզոստոմոյի դիակը։ Այս լեռան ստորոտում է նա հրամայել թաղել իրեն։
Մեր ճամփորդներն արագացրին քայլերը և մոտեցան հենց այն վայրկյանին, երբ պատգարակը դրված էր գետնի վրա, և պատգարակը կրողներից չորս հոգի սրածայր քլունքներով սկսել էին փորել գերեզմանը՝ լերկ ժայռից ոչ հեռու։
Երկու խումբը ողջույններ փոխանակեցին, և դոն Կիխոտն իր ուղեկիցների հետ իսկույն մոտեցավ պատգարակին, և նրանք տեսան վրան, ծաղիկների մեջ թաղված, հանգուցյալին, որ, տեսքին նայած, մոտ երեսուն տարեկան էր և ուներ հովվի հագուստ։ Նայելով մեռածին՝ չէր կարելի չհետևցնել, որ նա կենդանի ժամանակ գեղեցիկ դեմք և վայելուչ կազմվածք էր ունեցել։ Նրա շուրջը, պատգարակի վրա մի քանի գիրք ու ձեռագիր էր ընկած, որոնցից մի քանիսը բաց էր։ Ներկա եղողները՝ և՛ նրանք, որ նայում էին, և՛ նրանք, որ գերեզման էին փորում, և բոլոր մնացածները ― խորին լռություն էին պահպանում, մինչև որ պատգարակը բերողներից մեկն ասաց մյուսին․
― Մի լավ նայեք, Ամբրոսիո, այն տե՞ղն է սա, որի մասին ասում էր Խրիզոստոմոն, քանի որ դուք կամենում եք նրա կտակը ամենայն ճշտությամբ կատարած լինել։
― Այո, հենց այն է, որ կա, ― պատասխանեց Ամբրոսիոն, ― քանի՜֊քանի՜ անգամ, այստեղ նստած, իմ դժբախտ բարեկամը պատմել է իր ցավագին պատմությունը։ Այստեղ, նրա ասելով, նա առաջին անգամը տեսել է մարդկային ցեղի մահազդու այդ թշնամի Մարսելային, այստեղ նա առաջին անգամը նա բաց է արել իր ազնիվ և սիրահարված սիրտը, և այստեղ վերջին անգամը Մարսելան իր արհամարհանքով նրան հուսահատեցրեց, որից հետո նա վճռեց ավարտել իր չարաչար կյանքի ողբերգությունը։ Եվ ահա, ի հիշատակ այսքան աղետների, նա կամեցավ, որ հենց այստեղ նրան հավիտյան մոռացման ծոցն ընկղմեն։
Եվ դառնալով դոն Կիխոտին ու նրա ուղեկիցներին, նա շարունակեց․
― Այս մարմինը, սինյորներ, որին դուք նայում եք ցավակցությամբ, իր մեջ պահում էր մի հոգի, որին երկինքը շնորհել էր իր անհամար գանձերը։ Սա Խրիզոստոմոյի աճյունն է, որ առաջինն էր խելքով, միակը՝ քաղաքավարությամբ, աննմանը՝ ազնվությամբ, բարեկամության փյունիկը, անչափ մեծահոգին, արժանավորը առանց մեծամտության, ուրախը առանց սանձարձակության, մի խոսքով՝ առաջնագույնը բոլոր առաքինություններով, որ չունեցավ իրեն հավասարը իր դժբախտություններով։ Նա սիրում էր ― նրան ատում էին, նա աստվածացնում էր ― նրան մերժում էին։ Նա աղերսում էր գազանային սրտին, սեր հայցում մարմարե կուռքից, ընկել էր քամու ետևից, կանչում էր անապատում, ծառայում էր անսրտության մարմնացումին ― և ահա՛, ի պարգև այդ ամենի, նա մահվան ավար դարձավ ծաղիկ հասակում։ Նրան սպանեց հովվուհին, որին նա ձգտում էր անմահացնել, որպեսզի նա ապրի մարդկանց հիշողության մեջ, դրան ապացույց ձեռագրերը, որ ձեր աչքի առջև են, եթե նա հրամայած չլիներ հրին մատելու դրանք, իր մարմինը հողին հանձնելուց հետո։
― Եթե դուք այդ անելու լինեք, ― առարկեց Վիվալդոն, ― դուք ավելի դաժան ու խստասիրտ վարված կլինեք, քան ինքը տերը, որովհետև պետք չէ և կարիք չկա կատարել այն հրամանները, որ առողջ իմացականության հակառակ են։ Եվ անարդարացի կլիներ կայսր Օգոստոսը, եթե նրան թույլ տար կատարելու այն, ինչ կտակել էր աստվածային մանտուանեցին։[73] Ուստի, սինյոր Ամբրոսիո, հանձնեցեք հողին ձեր բարեկամի աճյունը, բայց մոռացության մի՛ք մատնի նրա գրությունները։ Որովհետև, եթե նա նեղացած հրամայել էլ է անել այդ, պետք չէ՛, որ դուք առանց դատողության կատարեք, ընդհակառակը՝ թող նրա գրություններն ապրեն և թող նրանց մեջ ապրի հավետ Մարսելայի դաժանությունը, և թող ապագայում դա բոլոր կենդանի մնացածների համար խրատ լինի, որպեսզի նման անդունդներ ընկնելուց զգուշանան և խուսափեն։ Ե՛ս էլ, իմ բոլոր ուղեկիցնե՛րն էլ գիտենք արդեն ձեր սիրահարված և հուսահատված բարեկամի պատմությունը, թե որքան խորը դուք նրան սիրելիս եք եղել և ինչպես է նա մահացել և ինչ է կտակել ձեզ մեռնելուց ։ Այս ողբալի վեպից կարելի է հետևեցնել, թե որքան մեծ է եղել Մարսելայի խստասրտությունը, Խրիզաստոմոյի սերն ու ձեր հավատարիմ բարեկամությունը։ Ահա՛ թե ի՜նչ նպատակի են սլանում աչքերը խուփ նրանք, որոնց ուղի է ցույց տալիս սերը։ Երեկ երեկոյան մենք տեղեկացանք Խրիզոստոմոյի վախճանի մասին և որ նրա թաղումը տեղի կունենա այստեղ։ Ափսոսանքն ու հետաքրքրությունը հարկադրեցին մեզ ծռել ուղիղ ճամփից, և մենք վճռեցինք մեր աչքերով տեսնել այն, ինչի պատմությունը մեզ այնքան խղճահարեց։ Եվ ահա՛, որպես վարձատրություն մեր ցավակցության և ցանկության՝ օգնելու ձեր ցավին, մենք խնդրում ենք քեզնից, որ այդ թղթերը չայրեք և գոնե մի քանիսը տաք ինձ։
Եվ, առանց հովվի պատասխանին սպասելու, նա մեկնեց ձեռքը և բռնեց ձեռագրերը, որ ավելի մոտ էին նրան։ Տեսնելով այդ՝ Ամբրոսիոն ասաց․
― Ձեզ սիրալիրություն անելու համար, սինյոր, ես համաձայն եմ ձեզ տալու այն թղթերը, որ դուք արդեն վերցրիք, բայց զուր կլիներ ձեր հույսը, որ մնացածը չի այրվի։
Վիվալդոն, որ կամենում էր ծանոթանալ ձեռագրերի բովանդակությանը, իսկույն նրանցից մեկը բաց արեց և կարդաց վերնագիրը՝ «Հուսահատության երգ»։ Ամբրոսիոն լսեց ու ասաց․
― Դա վերջին պոեմն է, որ գրել է իմ դժբախտ բարեկամը, և եթե դուք կամենում եք տեսնել, թե ինչ օրի հասցրին նրան դժբախտությունները, կարդացեք բարձր, որպեսզի ձեզ բոլորը լսեն՝ դուք ժամանակ կունենաք այդ անելու, մինչև հովիվները գերեզմանը փորեն պրծնեն։
― Սիրով կկարդամ, ― պատասխանեց Վիվալդոն։
Եվ որովհետև բոլոր ներկա եղողները կամենում էին լսել, նրանք խմբվեցին նրա շուրջը, և նա պարզ ձայնով սկսեց այսպես։
Գլուխ XIV
Որտեղ բերված են հուսահատ հովվի ոտանավորները և, այլ անսպասելի եղելություններ
Խրիզոստոմոյի երգը
Անգո՛ւթ, եթե կամենամ ես հիրավի,
Որ տոհմից֊տոհմ, երկրից֊երկիր, ամենուր
Բերնե֊բերան քո համբավը տարածվի,
Ազդարարվի դաժանությունդ անլուր,
Լա՛վ իմացիր, այնպե՜ս, այնպես ես կանեմ,
Որ դժո՛խքն իսկ ուժ կտա ինձ և ավյուն,
Կներարկի վերքերիս մեջ մաղձ ու թույն,
Եվ ես քեզ հետ ուրի՜շ լեզվով կխոսեմ։
Ես կպատմեմ, կազդարարեմ աշխարհին
Վշտիս մասին ու վարմունքի քո դաժան,
Եվ ձայնիս մեջ կթրթռան տենդագին
Բեկորները իմ տանջահար էութայն։
Դու կլսես ոչ թե ձայներ ներդաշնակ,
Այլ ճիչ հոգու՝ խռովահույզ, մոլեգին,
Որը բանտված սիրատոչոր կրծքիս տակ,
Պիտի պոռթկա ու փոթորկի քո հոգին։
Մռնչյունը նետահարված առյուծի,
Ձիգ ոռնոցը չար, սովատանջ գայլամոր,
Վրիժավառ, ցասկոտ ֆշշոցը օձի,
Հրեշների խոլ քրքիջը ահավոր,
Չարագուշակ կռնչյունը ագռավի,
Շառաչյունը մրրիկների ալեհույզ,
Որ գեհեն են դարձնում ընդերքը ծովի,
Եվ մահամերձ եզան բառաչը անհույս,
Հեզ աղավնու մնչյունն անո՜ւշ, սրտագե՜ղ,
Բուի ողբը միալար ու հոգեմաշ,
Տարտարոսի դժնի ժխորը ահեղ
Եվ անսփոփ հառաչանքն իմ աղեխարշ ―
Թող այս բոլորն ի մի ձուլվեն ու պոռթկան,
Ցնցե՛ն, այրե՛ն, լսողի սիրտն ու հոգին․․․
Ավա՜ղ, չունեմ ուրիշ միջոց մոգական
Ցույց տալու իմ տվայտանքը աշխարհին։
Բայց չեն լսի հառաչանքս ողբաձայն
Ոչ ավազներն իմ հայրենի Տագոյի,
Ո՛չ Բեթիսի ձիթենիները բուրյան։
Վես լեռներում, ժեռոտ գրկում վիհերի,
Թավուտներում, հովիտներում ծաղկազարդ,
Ուր չի դրել մարդն իր ոտքը տակավին,
Ու վայրերում արևազուրկ ու անհայտ,
Ճողփյունի տակ զեռունների նեղոսյան,
Որ լիբիացու շնորհներով են սնվում, ―
Հառաչանքս կծավալվի ողբաձայն
Ու կմեռնի արձագանքի պես տրտում․․․
Բայց թող անդորը անապատում ամայի
Տառապանքիս ձայնը հնչի այսուհետ,
Ողջ աշխարհին անգթությունդ պատմի,
Ճակատագիրն իմ դաժան ու չարաղետ։
Քամահրանքը կեղեքում է իմ հոգին,
Սպառվում է համբերությունս արդեն,
Կասկածներս արդյոք զո՞ւր են, թե՞ տեղին,
Տոչորում է սիրտս խանդը հրեղեն։
Բաժանումից ի՞նչ կա ծանր առավել,
Երբ լքումն է սիրող սրտին սպառնում․․․
Հույսն ինչքան էլ փորձի սիրտն այդ սփոփել,
Զուր է, այնտեղ մահվան գիշեր է իջնում։
Մինչդեռ ես կամ հրաշքով մի անմեկին,
Ճաշակում եմ թույնը խանդի ու լքման,
Եվ գիտեմ, որ ընդմիշտ մերժված է հոգիս։
Մորմոքում եմ և չունեմ ելք փրկության։
Տանջվում եմ ես տիվ ու գիշեր
Եվ խզում եմ իմ հույսի թելը վերջին,
Որ անդունդը տանջանքներիս անհամար
Էլ ավելի խորանա ու խավարի։
Մի՞թե, մի՞թե հնարավոր է կյանքում
Միաժամանակ և՛ երկնչել, և՛ հուսալ,
Երբ հույսն աղոտ և խորն են ահ ու անկում․․․
Կարո՞ղ եմ ես ուսիս խանդի լուծն զգալ,
Սակայն լռել ցավիս մասին հոգետանջ։
Ո՞վ, ո՞վ արդյոք երկմտության, հեգնանքի
Սև դռները բաց չի անի քո առաջ,
Երբ հայտնի է, որ տանջված ես դառնագին
Եվ ծաղրված, արհամարհված վատաբար,
Երբ ճշմարիտն արդեն թվում է կեղծիք․․․
Ո՛վ խանդ, սիրո տառապանքի՛ տիրամայր,
Շղթայի՛ր ինձ, դիր ձեռքերիս կապանքներ․․․
Բայց կամովքի՞ տանջանքներով անհամար
Սիրող սիրտս, որ խոցված է կարեվեր։
Ես կմեռնեմ ու որպեսզի չխմեմ
Դառը թույնը կյանքի հույսի ու մահվան,
Աշխարհով մեկ ես անդադար կգոչեմ․
Ճշմարիտը սիրող սրտե՛րն են միայն։
Այն հոգին է միայն ազատ լուսնի տակ,
Որ տրվում է խոնարհաբար Ամուրին։
Ես կգոչեմ, որ մաքուր են, անապակ
Իմ սիրածի և՛ մարմինը և՛ հոգին։
Իսկ որ հեգնում, քամահրում է ինձ այսպես,
Դրա համար հանցավոր եմ միայն ես,
Ես կգոչեմ, որ Ամուրը աշխարհին
Տանջանքի հետ շնորհում է և բարին։
Այս մտքի հետ վզիս՝ օղակը մահվան,
Ես քարշ կտամ ճակատագիրս տրտում,
Եվ կքայլեմ դեպի մթին գերեզման,
Ուր մղում են ինձ ահա վերք ու մերժում։
Ես հողմերին կտամ հոգի ու մարմին,
Ու բաժին չի մնա ինձնից էլ փառքին։
Ո՛վ դու, որի վարմունքն անխիղճ, անարդար
Ապացույցն է իմ անսփոփ տանջանքի,
Երբ իմանաս իմ վերքերից անհամար
Որ բորբ սիրտս հեզ ստրուկն է թովչանքիդ,
Ու լազուրը պայծառ, անվիշտ աչքերիդ
Թե մռայլվի, մթնի հանկարծ իմ մահով,
Օ՛, մի՛ ցողիր արտասուքի ոչ մի շիթ,
Թող չտխրի հպարտ հոգիդ սիրաթով։
Չեմ ուզում, որ նշխարներս հողեղեն
Ծանր զղջման արցունքներդ հեղեղեն։
Ոչ, ծիծաղի՛ր, երբ լսես բոթն իմ մահվան,
Ինչո՞ւ իզուր քեզ տանջի վիշտը ունայն,
Բայց աղերսն իմ, գիտեմ, շատ է միամիտ,
Քանզի մահն իմ կուրախացնի լոկ հոգիդ։
Ժամն է արդեն, ո՞ւր է, թող գա, հայտնվի
Տանտալն անհագ՝ Տարտարոսից իր խավար,
Անագորյուն Սիզիֆը թող հայտնվի,
Ժսյռեր բերի ու դարձնի շիրմաքար։
Իկսիոնը թող գա կառքով սրընթաց,
Տիցիոսը՝ ուրուրի հետ իր սիրած,
Եվ Դանայան քույրերն՝ իրենց տակառով
Թող գան, թող գան խայտաճամուկ թափորով,
Եվ ամենքն էլ թող տանջանքներ տան հերթով,
Ու անպատանք մարմնիս վրա թող կարդան
Տխուր ախոթքն հրաժեշտի մեղմաձայն։
Թող ձայնակցեն Տարտարոսից խորախոր
Եռագլուխ դռնապանը դժոխքի,
Հրեշները, քիմեոները ահավոր․․․
Ահա՛ միակ մեծարումը մերժվածի։
Ո՛վ ճիչ հոգու, այսքան վհատ մի հնչիր,
Ինձ թաղելիս սքողի՛ր վիշտն իմ անծիր,
Զի նա, որ քեզ ցավեր տվեց անպատում,
Քո մահվան մեջ իր մեծարումն է տեսնում։
Բոլոր ունկնդիրներին շատ դուր եկավ Խրիզոստոմոյի երգը, բայց Վիվալդոն կարդալուց հետո նկատեց, որ նա չի համապատսխանում Մարսելայի համեստության և առաքինության մասին շրջող լուրերին, քանի որ իր ոտանավորում գանգատվում է խանդից, կասկածներից և անջատումից, իսկ այս ամենն արատավորում է Մարսելայի բարի անունը։ Ամբրոսիոն, որ լավ գիտեր իր բարեկամի ամենածպտյալ մտքերը, պատասխանեց դրան․
― Ձեր կասկածները ցրելու համար, սինյոր, ես պետք է ձեզ ասեմ, որ իմ դժբախտ բարեկամը այդ երգը հորինել է Մարսելայից հեռու եղած պահին և բաժանվել է նրանից իր բարի կամքով, որպեսզի տեսնի՝ չի՞ անի նրա վրա անջատումը իր սովորական ազդեցությունը, իսկ որովհետև սիրահարին անջատման միջոցին ամեն ինչ անտանելի և կասկածելի է թվում, Խրիզոստամոյին էլ հերյուրած խանդ ու երկչոտ կասկածներ էին կեղեքում, այնպես, ինչպես եթե նրանք ունենային հիմք։ Իսկ այն, ինչ լուրերն են ասում Մարսելայի առաքինությունների մասին, մնում է որպես ճշմարտություն։ Ճիշտ է, նա խստասիրտ է, քիչ գոռոզ է և սաստիկ արհամարհող, գալով մնացյալին, ինքը նախանձը չի կարող նրա մեջ և ոչ մի պակասություն գտնել։
― Այո՛, դա ճիշտ է, ― պատասխանեց Վիվալդոն։
Եվ նա մտադիր էր կրակից փրկած ձեռագրերից մեկն էլ կարդալ, սակայն նրան խանգարեց հրաշալի մի տեսիլ (այդպես էր թվում), որ հանկարծակի երևաց նրանց առջև՝ ժայռի կատարին, որի ստորոտում գերեզման էին փորում, երևաց հովվուհի Մարսելան, ― և այնքան չքնաղ էր նա, որ նրա գեղեցկությունը գերազանցում էր այն ամենը, որ նրա մասին ասում էին։ Նրանք, ովքեր նրան առաջ չէին տեսել, լուռ ու սքանչացումով նայում էին նրան, ասենք՝ նրանք էլ, ովքեր սովոր էին նրան հանդիպելու, նրան երբեք չտեսածներից պակաս չէին ապշած։ Սակայն Ամբրոսիոն նրան տեսավ թե չէ, ցասկոտ շեշտով ասաց․
― Օ՜, ամեհի վասիլիսկ այս լեռների, նրա՞ համար ես եկել, որ տեսնես, թե քո մոտենալուց կթափվի, թե չէ արյունը այն դժբախտի վերքերից,[74] որին զրկել է կյանքից քո խստասրտությունը։ Կամ, գուցե, դու ուզում ես պարծենալ քո դաժան բնավորության արածով, կամ թե չէ անսիրտ Ներոնի նման դու մտադիր ես բարձրունքից վայելել այրվող Հռոմի տեսքը և հանդգնորեն տրորել ոտով այս դժբախտ դին, ինչպես Տարկվինիոսի խստասիրտ դուստրը ոտնակոխ արեց իր հորը։[75] Դե՛, շուտ ասա, ինչո՞ւ ես եկել և ի՞նչն է քո սրտին ավելի մոտ, որովհետև, իմանալով, որ քանի Խրիզոստոմոն կենդանի էր, նրա բոլոր մտորումները միշտ հնազանդ են եղել քեզ․ ես կաշխատեմ, որ նրա մահից հետո էլ քեզ հնազանդեն բոլոր նրանք, ովքեր իրենց կոչել են նրա բարեկամը։
― Քո թված պատճառներից և ոչ մեկը, օ՜ Ամբրոսիո, չի մղել ինձ այստեղ գալու, ― պատասխանեց Մարսելան։ ― Ո՛չ, ես եկել եմ պաշտպանվելու և ապացուցելու, թե որքան անարդարացի են նրանք, ովքեր Խրիզոստոմոյի տառապանքի և վախճանի համար ինձ են մեղադրում։ Ուստի խնդրում եմ բոլոր ներկա եղողներից ուշադրությամբ լսելու ինձ, որովհետև խելացի մարդկանց ճշմարտությունը համոզելու համար կարիք չկա շատ ժամանակ և խոսք շռայլելու։
― Երկինքն ինձ ստեղծել է, ինչպես դուք ասում եք, չքնաղ և իմ գեղեցկությունն այնպես է, որ դուք ի վիճակի չեք նրան դիմադրելու, բայց միևնույն ժամանակ դուք ցանկանում ու պահանջում եք, որ, ի վարձատրություն ձեր սիրո, ե՛ս էլ պարտավոր լինեմ ձեզ սիրելու։ Բնական իմաստով, որ պարգևել է ինձ տերը, ես գիտեմ, որ ամեն գեղեցկություն ներշնչում է սեր, բայց ես չեմ հասկանում, թե ի՞նչ պատճառով գեղեցկությունը, որին սիրում են, պարտավոր է սիրելու նրան, ով իրեն սիրում է, միմիայն նրա համար, որ ինքը սիրված է։ Չէ՞որ կարող է պատահել, որ գեղեցկություն սիրողը ինքը տգեղ լինի և քանի որ ամեն տգեղ բան զզվելի է, ապա անմիտ բան կլիներ ասել․ «Ես քեզ սիրում եմ, որովհետև դու չքնաղ ես։ Դե՛, սիրիր ինձ, թեև ես տգեղ եմ»։ Սակայն ենթադրենք, թե սիրողը նույնքան գեղեցիկ է՝ դրանից չի բխում, որ երկուսի ցանկությունն էլ պիտի իրար նման լինեն։ Որովհետև ամեն տեսակ գեղեցկություն սեր չի ներշնչում, երբեմն նա ուրախացնում է հայացքը, բայց չի նվաճում սիրտը։ Եթե ամեն գեղեցկություն սեր ներշնչելու լիներ և նվաճելու լիներ սրտերը, ապա մեր ցանկությունները անկարգ ու աղոտ մոլորվելիս կլինեին, առանց գիտենալու, թե ինչի՛ վրա կանգ առնեն, ― որովհետև ինչպես անթիվ֊անհամար գեղեցիկ էակներ կան, այնպես էլ մեր ցանկությունները անթիվ կլինեին։ Իսկ ես լսել եմ, որ ճշմարիտ սերն անբաժան է, որ նա պետք է ազատ լինի և ոչ թե հարկադրված։ Բայց քանի որ այդպես է , ― ես հաստատ համոզված եմ, ― ապա ինչպե՞ս եք դուք պահանջում, որ ես զոռով իմ սիրտը տամ միմիայն այն պատճառով, որ դուք հայտարարում եք, թե սիրում եք ինձ։ Իրավ, ասացեք ինձ, եթե երկինքը, որ ինձ գեղեցիկ է ստեղծել, ստեղծած լիներ տգեղ, արդարացի կլինեի ես՝ գանգատվելով, որ դուք ինձ չեք սիրում։ Միտք արեք նաև այն մասին, որ իմ գեղեցկությունը ես չե՛մ ընտրել։ Ինչ տեսակ էլ նա լինի, երկինքն է այն պարգևել ինձ, մի բան, որ ես ոչ խնդրել եմ, ոչ ընտրել։ Եվ ինչպես օձին չի կարելի մեղադրել, որ նա թունավոր է, որովհետև թույնը, որով նա սպանում է, ինքը բնությունն է նրան տվել, այնպես էլ ես արժանի չեմ մեղադրանքի՝ գեղեցիկ լինելու համար։ Չէ՞որ ազնիվ կնոջ գեղեցկությունը հեռավոր բոցի կամ սուր թրի նման՝ նա չի այրում և չի վիրավորում, քանի նրան չեն մոտենում։ Պատիվն ու առաքինությունները հոգու զարդերն են, առանց որոնց մարմինն էլ, անգամ գեղեցիկը, չպետք է գեղեցիկ համարվի։ Իսկ եթե մաքրությունը հոգին ու մարմինը ազնվացնող և պճնող առաքինություններից մեկն է, ինչո՞ւ ապա կինը, որին սիրում են նրա գեղեցկության համար, պարտավոր է կորցնել իր մաքրությունը, որպեսզի նրա ցանկությունները կատարած լինի, ով որ միմիայն իր սեփական հաճույքի համար բոլոր ուժով ու միջոցներով ձգտում է, որ նա կորցնի։
Ես ազատ եմ ծնվել և ազատ ապրելու համար ընտրել եմ այս դաշտերի միայնությունը, այս լեռների ծառերը իմ խոսակիցներն են, այս վտակների վճիտ ջուրը՝ իմ հայելիները։ Ծառ ու ջրին ես մասնակից եմ անում իմ մտքերին և իմ գեղեցկությանը։ Ես հեռավոր հուր եմ, ես հեռակա թուր եմ։ Ոմանց ես վառում եմ իմ տեսքով, ոմանց սառցնում եմ իմ խոսքերով։ Ցանկությունները սնվում են հույսերով և որովհետև ես ո՛չ Խրիզոստոմոյին, և ո՛չ որևէ ուրիշին և ո՛չ մի հույս չեմ ներշնչել, ապա արդարացի կլիներ ասել, որ նրան իր սեփական համառությունն է սպանել և ոչ թե իմ խստասրտությունը։ Իսկ եթե դուք ինձ մեղադրում եք նրանում, թե Խրիզոստոմոն ամենաազնիվ դիտավորություններ է ունեցել և թե ես պարտավոր եմ եղել պատասխանելու նրան փոխադարձությամբ, ապա ես դրա դեմ կասեմ՝ երբ որ այն իսկ տեղում, որտեղ դուք հիմա գերեզման եք փորում, նա բաց արեց ինձ իր ազնիվ դիտավորությունները, ես նրան պատասխանեցի, որ մտադիր եմ մշտական մենության մեջ ապրելու և որ միայն հողը կվայելի իմ ողջխոհության պտուղը և իմ գեղեցկության ավարները։ Իսկ եթե նա, չնայած իմ բոլոր համոզումներին, կամեցավ համառել հակառակ հույսի և լողալ ընդդեմ քամու կարելի՞ է ապա զարմանալ, որ նա խեղդվեց իր իսկ ցնորամտության ծովում։ Եթե ես նրան հույս տալու լինեի, ես ստախոս կլինեի։ Եթե ես բավարարեի, ես իմ լավագույն մտադրությունների և վճիռների դեմ գնացած կլինեի։ Սակայն չնայած իմ բոլոր համոզումներին՝ նա համառում էր և, առանց իմ կողմից ատված լինելու, հուսահատության մեջ ընկավ։ Դե, մտածեցեք հիմա, խելացի՞ կլինի արդյոք նրա ցավի համար ինձ մեղադրելը։ Թող գանգատվի խաբվածը, թող հուսահատվի նա, ում դավաճանել են ներշնչված հույսերը, թող հուսա նա, ում որ ես կանչում եմ, թող հպարտանա նա, ում որ ես թույլ եմ տալիս մերձենալ ինձ, բայց թող ինձ խստասիրտ մարդասպան չկոչեն նրանք, ում որ ես ոչինչ չեմ խոստացել, ում որ չեմ խաբել, չեմ կանչել, չեմ մերձեցրել ինձ։
Մինչև օրս երկնքին հաճելի չի եղել, որ բախտն ստիպեր ինձ սիրելու։ Եվ չմտածեք անգամ, որ ես երբևիցե իմ սեփական ընտրությամբ կսիրեմ։ Թող այս նախազգուշացումը դաս դառնա բոլոր նրանց համար, ովքեր ձգտում են յուրաքանչյուրն իր համար ստանալ իմ շնորհները և այսուհետև թող բոլորին հայտնի լինի, որ եթե մեկն ու մեկը մեռնելու լինի իմ պատճառով, ապա նա ո՛չ վշտից, ո՛չ էլ խանդից կմեռնի։ Որովհետև նա, ով ոչ ոքի չի սիրում, ոչ ոքի մեջ խանդ արթնացնել չի կարող, իսկ խլել հույսը՝ չի նշանակում արհամարհել։ Ով որ ինձ գազան ու վասիլիսկ է անվանում, թող լքի ինձ, որպես վնասակար և չար արարածի, ով որ անզգա է համարում, թող ինձ չծառայի, ով որ անշնորհակալ՝ թող հետս ծանոթություն չպահպանի, ով որ խստասիրտ՝ թող չհետևի ինձ։ Որովհետև գազանը, վասիլիսկը, անզգան, անշնորհակալը և խստասիրտը երբեք չի որոնի նրանց, ծառայի նրանց, ծանոթություն անի նրանց հետ, հալածի նրանց։ Խրիզոստոմոյին սպանեցին անհամբերությունն ու բոցավառ կիրքը․ ի՞նչ կարիք կա ուրեմն մեղադրելու իմ զսպվածությունն ու համեստությունը։ Եթե ես ծառերի հասարակության մեջ պահպանում եմ իմ մաքրությունը, ապա ինչո՞ւ եք դուք կամենում, որ ես կորցնեմ այն մարդկանց հասարակության մեջ։ Դուք գիտեք, որ ես սեփական հարստություն ունեմ և ուրիշինն ինձ պետք չէ։ Ես ազատ եմ և իմ մեջ ստրկանալու ցանկություն չկա։ Ես ոչ ոքի չեմ սիրում և չեմ ատում, չեմ հրապուրում մեկին, ծաղր ու ծանակ չեմ անում մյուսին, սիրալիրություն չեմ ցույց տալիս երրորդին։ Ես գոհանում եմ համեստ զրույցով այս գյուղերի հովվուհիների հետ և այծիկների հոգսերով։ Իմ ցանկություններն այս լեռների սահմաններից այն կողմ չեն անցնում, իսկ եթե անցնում էլ են, ապա միայն հայելու գեղանի երկինքը, այն ուղին, որով հոգին ձգտում է իր սկզբնական ապաստարանը։
Այս խոսքերից հետո, առանց պատասխանի սպասելու, Մարսելան շուռ եկավ և չքացավ անտառի թավուտում, որ ծածկել էր մերձագույն սարը, իսկ բոլոր ներկա եղողները ապշած էին մնացել ինչպես նրա խելքից, այնպես էլ գեղեցկությունից։ Մի քանիսը (որոնց նրա չքնաղ աչքերի ճառագայթների հզոր նետը խոցեց) արդեն պատրաստ էին հետևելու նրան, չանսալով պարզ նախազգուշացումին, որ նոր էին լսել։ Նկատելով այդ, դոն Կիխոտը վճռեց, որ իրեն լավ առիթ է ներկայանում կատարելու իր ասպետական պարտականությունը, որ հրամայում է օգնության հասնել հալածական աղջիկներին, ուստի ձեռքը դնելով իր թրի երախին, նա բարձր ու պարզ ձայնով հայտարարեց․
― Ոչ ոք չհանդգնի ինչ դասի ու դիրքի տեր էլ լինի նա, հետապնդելու չքնաղ Մարսելային, եթե չի ուզում իմ կատաղի ցասմանը ենթարկվել։ Նա պարզ ու համոզիչ խոսքերով ապացուցեց, որ գրեթե, կամ, ավելի ճիշտ՝ բնավ մեղավոր չէ Խրիզոստոմոյի մահվան մեջ և ամենևին տրամադիր չէ իր երկրպագուներից որևէ մեկի աղերսանքին անսալու։ Այս պատճառով բոլոր բարի մարդիկ չպիտի ձգտեն նրա հետևից ընկնելու և հետապնդելու նրան, այլ պատվեն ու հարգեն, քանի որ պարզ է, որ աշխարհիս երեսին այսքան մաքուր մտադրություններով ուրիշ էակ չկա։
Դոն Կիխոտի սպառնալիքի ազդեցության ներքո, թե այն պատճառով, որ Ամբրոսիոն խնդրեց հովիվներից մինչև վերջ կատարելու իրենց պարտականությունը բարի բարեկամի հանդեպ, միայն թե նրանցից և ոչ մեկը տեղից չշարժվեց և չհեռացավ, մինչև որ գերեզմանը փորեցին, այրեցին Խրիզոստոմոյի թզթերը և դառն արցունքներով նրա դիակը դրին հողի մեջ։ Գերեզմանի վրա ժամանակավորապես մեծ քար դրին, մինչև որ պատրաստ կլինի գերեզմանաքարը (որ Ամբրոսիոն, ինչպես ինքը հաղորդեց, մտադիր էր պատվիրելու) հետևյալ տապանագրով՝
Սիրահարն է այստեղ հանգչում,
Հովիվ տղան վաղամեռ,
Նա դեգերեց սերը սրտում,
Շիրիմ իջավ սիրամերժ։
Անգութ սե՜րը խոցեց նրան,
Որով Ամուրը անհագ,
Ավա՜ղ, տեր է միահեծան
Տիեզերքում բովանդակ։
Ապա գերեզմանի վրա բազմաթիվ ծաղիկներ ու ճյուղեր թափելով և հանգուցյալի բարեկամ Ամբրոսիոյին ցավակցություն հայտնելով հովիվները ցրվեցին։ Վիվալդոն իր ուղեկիցների հետ ճամփա ընկնելու վրա էր, և դոն Կիխոտը հրաժեշտ տվեց իրեն ապաստանող հովիվներին և ճամփորդներին։ Վերջիններն առաջարկեցին նրան իրենց հետ Սևիլիա գնալ, ասելով, որ արկածախնդրի համար դա չափազանց հարմարավոր տեղ է, թե արկածներ ամեն անկյունում, ամեն նրբափողոցում պատահում են ավելի հաճախ, քան ուրևիցե։ Դոն Կիխոտը շնորհակալություն հայտնեց նրանց խորհուրդի և իրեն ծառայություն անելու պատրաստակամությաան համար, բայց հայտարարեց, որ չի կարող և չպետք է Սևիլիա գա, մինչև որ չազատի այս լեռները գող֊ավազակներից, որոնք, ըստ լուրերի, վխտում են այստեղ։ Համոզվելով, որ նրա բարի մտադրությունն անհողդողդ է, ճամբորդները հնարավոր չհամարեցին պնդելու և մեկ էլ հրաժեշտ տալով նրան, գնացին իրենց ճամփով, որի ընթացքում նրանք կարող էին կուշտ զրուցել Մարսելայի և Խրիզոստոմոյի պատմության շուրջը, ինչպես և դոն Կիխոտի խելագարությունից։ Իսկ մեր ասպետը որոշեց գնա Մարսելային որոնելու, որպեսզի առաջարկի նրան իր ծառայությունը։ Սակայն նրա մտադրություններին վիճակված չէր իրականանալու, ինչպես զրուցում է շարունակությունը այս ճշմարտապատում պատմության, որի երկրորդ մասը ավարտվում է այստեղ։
- ↑ Սերվամտեսը «Դոն Կիխոտը» գրելու միտքը հղացել է բանտում եղած ժամանակ
- ↑ Զոիլ ― հունական գրող մ․թ․ա․ IV-III դարերում․ իր սուր քննադատության պատճառով կոչվել է «Հոմերոսի պատուհաս» և «ճարտասանության շուն»։ Զևքսիս ― հունական նկարիչ V-IV մ․թ․ա․։ Մահվանից հետո Զևքսիսը ոչ մի աշխատանք չի թողել, այդ պատճառով էլ պարզ չէ, թե Սերվանտեսը սխալմա՞մբ է նրան դասում «հեղինակությունների» շարքում, թե՞ կատակով։
- ↑ Հովհաննես երեց ― Հնդկաստանի մարզերից մեկի քրիստոնեական հեքիաթային իշխան, որի մասին եղած առասպելը մեծ ժողովրդականություն է վայելել միջին դարերում։
- ↑ Ոչ մի գնով չպիտի ծախել ազատությունը ― ոտանավոր՝ Եզոպոսին վերագրվող առակների անանուն ժողովածուից։
- ↑ Դժգույն մահը միատեսակ է ծեծում ինչպես աղքատների խրճիթների, այնպես և արքաների պալատների դուռը։ ― Հորացիոս,Carm, գիրք I,ներբող 4֊րդ
- ↑ Իսկ ես ասում եմ, սիրեցեք ձեր թշնամիներին։ ― Մատթ․ Ե,44
- ↑ Սրտից են բխում չար խորհուրդները։
- ↑ Քանի դեռ երջանիկ ես, շատ բարեկամներ ունես, բայց երբ գան ձախորդ օրեր, դու միայնակ կլինես ― երկտողանի ոտանավոր ոչ թե կեղծ Կատոնից, այլ Օվիդիոսից,Tristia,գիրք I, էլեգիա VIII։
- ↑ Գործող անձ հնադարյան դիցաբանությունից, Հերակկեսի եզների հափշտակողը։
- ↑ Անտոնիո դե Գևարա ― Մոնդոնյեդի եպիսկոպոս, Կառլոս V֊ի պատմագիրը, իր «Epistolas familiares» (հրատ․1603) գրվածքներում պատմում է հին ժամանակների կուրտիզանուհիների մասին։
- ↑ Լեոն Էբրիո (գրող XV-XVI դարերում) ― իսպանական հրեա, որ վերաբնակվել է Իտալիայում։ Այն ժամանակներում մեծ ժողովրդականություն ստացած «Դիալոգներ սիրո մասին» գրվածքի (1535) հեղինակ։
- ↑ Ավգուստինյան աբեղա Քրիստոբալ Ֆոնսեկայի «Del amor de Dios» քննախոսությունը, որը հրատարակվել է 1594 թվականին։
- ↑ Ըստ երևույթին դա բանավեճի մի ելույթ է, Լոպե դե Վեգայի դեմ, որն իր «El Isidro» պոեմին միացրել էր իր կողմից այդ աշխատության մեջ օգտագործված 277 հեղինակների ցանկը։
- ↑ Մոնտյել ― մի վայր Լամանչում
- ↑ (լատիներեն) նշանակում է «ողջ եղիր», «մնաս բարով»։
- ↑ Կախարդուհի Ուրգանդա ― Ամադիս Գաղղիացու հովանավորը ՝ Ա․ Գաղղիացու անունը կրող ասպետական վեպի մեջ։ «Անորսալի» մակդիրը բացատրվում է նրա՝ իր արտաքին տեսքը հրաշքով փոխելու ընդունակությունը։
- ↑ Կաստիլիացի կոնետաբլ (բանակի գլխավոր հրամանատար)։ Խուան II թագավորի սիրեցյալը, որը հետագայում թագավորի աչքից ընկել և մահապատժի է ենթարկվել 1453թվին։
- ↑ Ֆրանսիական թագավոր Ֆրանցիսկ I֊ը Պավիայի մոտ տեղի ունեցած ճակատամարտում (1525 թ․) իսպանացիներից վիրավորվել և գերի է ընկել նրանց ձեռքը, որից հետո մի ամբողջ տարի գերության մեջ տանջվել է Մադրիդում։ Ոտանավորի վերջին չորս տողը Սալամանկայի աբեղա Դոմինգո դե Գուսմանի պարոդիական բանաստեղծության մի տան գրեթե բառացի կատակային վերարտադրությունն է։
- ↑ Ծագումով բերբեր, դաստիարակվել է Իսպանիայում և դարձեկ է XVI դարի հայտնի լատինագետ։
- ↑ Ասպետական համանուն վեպի հերոսը։ «Դոն Կիխոտի» տեքստում հաճախ են հիշատակվում այն փորձությունները, որոնց ենթարկել է իրեն այդ հերոսը Պենյա Պոբրեում։
- ↑ Հանրամատչելի ասպետական վեպերից մեկի հերոսը՝ «Ամադիս Գաղղիացուց» հետո։
- ↑ Ամադիս Գաղղիացու սիրուհին։
- ↑ Լոնդոնի մոտ գտնվող շքեղ դղյակ, որտեղ ապրել է Օրիանան։
- ↑ Ի հակադրություն Դուլսինեայի, Օրիանան չի պահպանել իր կուսությունը և հղիացել է Ամադիսից։
- ↑ Buzcorona ― կատակ՝ մեկը մյուսին իր ձեռքն էր մեկնում համբուրել տալու համար և հենց տեղն ու տեղը մի հարված էր հասցնում վզակոթին, սակայն հնարավոր է նաև, որ ուրիշ դեպքում ձեռքը համբուրողն էր իր խաղընկերոջ վզակոթին հասցնում։
- ↑ Ումն է այստեղ Սերվանտեսը պարոդիայի ենթարկում Դոնոսո անվան տակ, ստույգ հայտնի չէ։ «Խելացնոր ոճ» այստեղ ասված է «խճճված, խառնաշփոթ բովանդակության» իմաստով։
- ↑ Հայտնի չէ,թե ով է եղել Վիլյալդյեգոն, որի նվան կապակցությամբ էլ առաջ է եկել «հագնել Վիլյալդյեգոյի կոշիկները» առածը՝ որ նշանակում է «ծլկել»։ Վիլյալդյեգոն մի անգամ էլ հիշվում է վեպի բուն տեքստի մեջ (հտ․1, գլուխ 21,էջ 203)։
- ↑ Հռչակավոր պիես «Տրագիկոմեդիա Կալիստոյի և Մելիբեայի մասին» վերնագրով․ այլ կերպ կոչվում է «Սելեստինա» (կենտրոնական գործող անձի՝ կավատ Սելեստինայի անունով)։ Դա XV դարավերջի գրվածք է և վերագրվում է Ֆերնանդո դե Ռոխասին։ Աչքի է ընկնում իր հանդուգն ռեալիզմով, որի համար էլ Դոնոսոն այդ պիսեսն անվանում է չափազանց «մերկ» (այսինքն՝ անկեղծ)։
- ↑ Սիդի նժույգը։
- ↑ Ակնարկվում է հռչակավոր «Լասարիլյոն Տորմեսի ափերից» (հրատ․ 1554) արկածախնդրական վեպի մի միջադեպը, երբ Լասարիլյոն, ծառայելով կույր մարդուն՝ որպես ուղեկցող, ծղոտաձողիկով նրա ձեռքի մեջ եղած գավաթից ծծում էր գինին։ Այստեղ այդ սխրագործությունը գրոտեսկային ձևով վերագրվում է Ռոսինանտին, որը որկրամոլության իմաստով որպես թե կարող է գերազանցել, հենց իրեն՝ Լասարիլյոյին։
- ↑ Կատաղի Օռլանդո ― «Դոն Կիխոտի» մեջ հաճախ հիշատակվող Լոդովիկո Արիստոյի «Orlando Furioso» պոեմի (1516, վերջնական խմբագրությունը1532֊ին) հերոսը։ Սիրահարված է եղել չքնաղ Անջելիկային, որի սիրուն էլ նա բազմաթիվ սխրագործություններ է կատարել։
- ↑ Իշխանուհի Կլարիդիանա ― Տրապիզոնի կայսեր և ամազոնուհիների թագուհու դուստրը՝ Ֆեբ ասպետի մասին գրված ասպետական վեպի հերոսուհին։
- ↑ Սոլիսդան ― անենայն հավանականությամբ գրաշրջություն է Լասսինդո անվան, որը Բրունեո դե Բոնամարի զինակիրն է՝ «Ամադիս Գաղղիացու» գործող անձերից մեկը։
- ↑ Իսպանական ազգային կերակուր՝ մի տեսակ տաք վինեգրետ
- ↑ Սիգուենցայի համալսարանը (հիմնվել է 1472 թվին) Սերվանտեսի ժամանակ ամենից հետ ընկած համալասարաններից մեկն էր։
- ↑ Ռեալ ― մանր դրամ, պարունակում էր 4 իսկ հետագայում 8 կուարտո։
- ↑ Գոնելլս ― հերցոգ Բորսո Ֆերրարացու (XVդար) հռչակավոր ծաղրածուն․ բազմաթիվ մասսայականացած անեկդոտների հերոս, որոնք հետագայում ժողովվել են «Buffoneri del Connela» գրքում (Վենետիկ, 1568 թ․)։
- ↑ Սոսկ կաշին և ոսկորները
- ↑ Չթարգմանվող բառախաղ․ Rosinantes բառը դոն Կիխոտը բաժանում է երկու բառերի՝ rocin ― յաբու և antes ― առաջ կամ առջևից։
- ↑ Գոյություն ուներ հեծյալ ասպետների երկու տեսակ հանդեձանք․ «թեթև հեծելասարք»՝ կարճ սանձափոկերով և ասպանդակներով, այնպես որ ձիավորի ոտքերը ծալված էին լինում, և «ծանր հեծելասարք» դանդանավանդի լայն այտիկներով ու երկար ասպանդակներով, որոնց մեջ ազատ ձգված էին լինում ձիավորի ոտքերը։ Դոն Կիխոտի խառն սպառազինությունը կոմիկական տպավորություն է թողնում բոլորի վրա։
- ↑ Բառախաղ է, բնագրում castellano նշանակում է և՛ «դղյակի տեր, դղյակի վերահսկիչ կաստելան», և՛ «կաստիլիացի»։
- ↑ Հատված իսպանական հին ռոմանսից։
- ↑ Գողերի և այլ տականքների այն ժամանակներում հռչակավոր դարձած ապաստարան։
- ↑ Պատասխանելով դոն Կիխոտին նույն տոնով՝ պանդոկապանը գործածում է արտահայտություններ նույն ռոմանսի շարունակությունից․ Իմ անկողինը կարծր քարն է, Եվ իմ քունը՝ գիշերային արթնություն։
- ↑ Իսպանիայի զանազան քաղաքներում եղած կասկածելի թաղամասերի, քեֆատեղերի և անառականոցների թվարկում։
- ↑ Սերվանտեսի ժամանակներում գյուղացիները հաճախ ման էին գալիս զինված՝ նիզակներով կամ թրերով։
- ↑ Որևէ մեկին հրապարակավ ստախոսության մեջ մեղադրելը անքաղաքավարություն էր համարվում ներկա եղողների նկատմամբ։
- ↑ Ալկաբրիա ― նոր Կաստիլիայի շրջաններից մեկը։ Էստրեմադուրան Իսպանիայի մի գավառն է՝ ընկած Կաստիլիայից հարավ֊արևմուտք։
- ↑ Գուադարամա ― լեռնաշղթա, որ Հին Կաստիլիան բաժանում է Նոր Կաստիլիայից։ Նրա գյուղերում պատրաստում էին այն ժամանակներում մեծ համբավ ձեռք բերած իլիկներ։
- ↑ Աբենսերաե՛ս ― արաբերեն Բենի֊Սիրաշ ― հին մավրիտանական տոհմ, որն աչքի ընկնող դեր է խաղացել Գրանադայի պատմության մեջ XV դարում։ Նրա հետ կապված ավանդույթներից մեկը Շատոբրիանի «Les aventures du dernier Abencerage» (հրատ․1826 թ․) վեպի համար թեմա է ծառայել։
- ↑ Փառքի ինն այրեր էին համարվում երեք հրեաներ՝ Հեսու Նավիացին, Դավիթը և Հուդա Մակաբայեցին․ երեք հեթանոսներ՝ Ալեքսանդր Մակեդոնացին, Հեկտորը, Հուլիոս Կեսարը և երեք քրիստոնյաներ՝ Արթուր թագավորը, Կառլոս Մեծը և Գոտֆրիդ Բուլոնացին։
- ↑ Որգանդա ― անթարգմանելի բառախաղ՝ urgada կնշանակե «Ժիր, գործունակ կին (մղորդ)։ Դոն Կիխոտի անկիրթ տնտեսուհին այսպես է աղավաղում կախարդուհի Ուրգանդայի անունը։
- ↑ Սովորաբա այդպես է բացատրվում «Las Sergas de Esplandian» վեպի վերնագիրը․ թեև գույություն ունի sergas բառի ուրիշ բացատրություն ևս, այսինքն՝ «հյուսած գորգեր, գոբելեններ»։ Այդ դեպքում վերնագիրը կունենա «Էսպլանդիանի մետաքսյա գորգեր» նշանակությունը (այսինքն՝ գորգեր, որոնց վրա հյուսված է Էսպլանդիանի սխրագործությունների նկարը։
- ↑ Արևելյան վաղեմի սովորություն՝ Սուրբ Գիրքն կամ որևէ հրովարտակի հարգանք արտահայտելու ձև։
- ↑ Նկատի է առնվում Խերո՛նիմո դե Ուրտեան՝ Արիոստոյի իսպաներենի վատ թարգմանության հեղինակը։ (1556)։
- ↑ Մի շարք զավեշտական այլաբանական անուններ։ Quirieleison նշանակում է «տեր ողորմկա», Placerdemavida՝ «իմ կյանքի սփոփանք», Reposoda՝ «հաճայական,գոհացողական»։
- ↑ Ռոլանդ անվան իսպանական ձևը։
- ↑ Այն ժամանակներում ընդունված սովորական քնաբեր միջոց, որն ավելի թույլ էր ներգործում, քան գինին։
- ↑ Բնագրում բիսկայացին շարունակ աղավաղում է իսպանական լեզուն և աղճատում առածներ։ Հետևյալ բառակապակցության մեջ նա ուզում է ասել «տեսնե՛նք, թե կատուն ոնց պիտի լողա ջրի մեջ», այսինքն՝ «տեսնենք ինչպես պիտի իմ հախից գաս»։
- ↑ Արտահայտությունը («Ամադիս Գաղղիացի» վեպից) առած է դարձել։
- ↑ «Դոն Կիխոտի» առաջին հատորը Սերվանտեսը բաժանել է չորս՝ ոչ բոլորովին հավասար մասերի, I մաս՝ գլ․ 1-8, II մաս՝ գլ․ 9-14, III մաս՝ գլ․ 15-27 և IV մաս՝ գլ․ 28-52։
- ↑ Էնխելի արաբական ածական է, որ համապատասխանում է իսպաներեն սերվալ կամ սերվանտեո բառերին, որոնց արմատն է՝ սերվո, այսինքն եղջերու։ Սերվանտեսն այդպիսով թաքցրել է իր անունը արաբերեն համանուն միջոցով։
- ↑ Արոբա ― հավասար է 12 ½ կիլոգրամի, ֆանեգան՝ 55 ½ լիտրի։
- ↑ Panza ― նշանակում է «փոր», Zanca` «երկար ոտք կամ թաթ (հատկապես թռչնի)։
- ↑ Santa Hermandat ― (բառացի՝ «սուրբ եղբայրություն»), այդպես էր կոչվում պահնորդական այն հատուկ կորպուսը, որը հիմնված էր Հյուսիսային Իսպանիայում XV դարում՝ գլխավորպես անկարգություններ անող ֆեոդալների, իսկ այնուհետև ավազակների և հանցագործենրտի դեմ պայքարելու համար։
- ↑ Ակնարկում է Աստվածաշնչի մի դարձվածքը․ «Ահա ես կհանձնեմ այս քաղաքը քաղղեացիներին և բաբելացոց արքային» (Երեմիա, ԼԲ)։
- ↑ Հեղուկների մի չափ, որը երկու լիտրից մի քիչ ավելի է։
- ↑ Երդման ավանդական մի ձև, գործ էր ածվում այն դեպքում, երբ ձեռքի տակ ավետարան չէր լինում։
- ↑ Ռաբելե ― լյուտնյայի տիպի երաժշտական գործիք, ինչ֊որ եռալար, պրիմիտիվ ջութակի նման։
- ↑ Սառնա ― անթարգմանելի բառախաղ․ սառնա նշանակում է քոս։
- ↑ Արիոստո, «Կատաղի Ռոլանդ», երգ XXIV, 57:
- ↑ Հանաքով տրված անուն ոչ ազնվատոհմ ծագում ունեցող, Ամերիկայում հարստացած մարդկանց։ Այդ մականունը մի քիչ փոխված ձևով (գապուչիններ) մինչև այժմ էլ գործ է ածվում Հարավային Ամերիկայում այն իսպանացիների նկատմամբ, որոնք այնտեղ են մեկնում հարստանալու նպատակով։
- ↑ Աստվածային մանտուանցին ― Վերգիլիոս (ծագումով Մանտուա նահանգից), ըստ ավանդության՝ կտակել է, որ այրեն իր «Էնեականի» ձեռագիրը։
- ↑ Ակնարկում է այն ժողովրդական հավատալիքը, ըստ որի սպանվածի վերքերը բացվում են, երբ սպանողը մոտենում է։
- ↑ Այդ քայլը, որ ըստ ավանդության կատարել է հռոմեական Սերվիուս Սուլլիուս թագավորի աղջիկը, Սերվանտեսի ժամանակներում սխալմամբ վերագրվել է Տարկվինիոս թագավորի աղջկան։