«Գլուխ II (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
Տող 1. Տող 1.
 +
{{Գլուխ I (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)=Սպիտակ առաջնորդը|հաջորդ=Գլուխ III (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)}}
 +
 
== Գլուխ II ==
 
== Գլուխ II ==
  

17:03, 28 Հունիսի 2015-ի տարբերակ

Կաղապար:Գլուխ I (Սպիտակ առաջնորդը, Մայն Ռիդ)=Սպիտակ առաջնորդը

Գլուխ II

Թերևս ոչ մի երկրում այնքան կրոնական տոներ չկան, որքան Մեքսիկայում։ Գտնում են, որ եկեղեցական տոներն օգնում են տեղական բնակչությանը քրիստոնեական կրոնին տրամադրելու գործում և այդ պատճառով մեքսիկական կարծեցյալ սուրբ հողում ծննդյան տոները զգալիորեն ընդլայնված են։ Հազվագյուտ շաբաթներ են լինում, որոնք անցնում են առանց տոնակատարությունների ու դրանց բոլոր ատրիբուտների. խաչվառներ ու կրոնական երթեր, հանդիսավորությամբ զգեստավորված քահանաներ, որոնք ասես «Պիսարրո»[1] ներկայացման պատրաստված լինեն, օդաձիգ հրացաններ ու հրավառություններ, և ամենուրեք բաց գլուխներով, ուղղակի փոշու մեջ ծնկաչոք խոնարհված պարզամիտ բնակիչներ։ Այդ բոլորը միասին խիստ հիշեցնում է Լոնդոնյան երթերը ի հիշատակ «վառոդային դավադրության»[2] և գրեթե նույն չափով բարերար ազդեցություն է ունենում բնակչության բարոյական զարգացման ընթացքի վրա։

Իհարկե, սուրբ հայրերն այդ արարողությունները ձեռնարկում են ոչ պարզապես զվարճանալու համար։ Ամենևին էլ դա այդպես չէ: Նրանք պատրաստ ունեն տարբեր ոչ մեծ աղոթքներ, ինդուլգենցիաներ[3], սուրբ ջուր, և տոների ժամանակ նրանք այդ ամենը շնորհում են հավատացյալներին, ընդ որում ոչ ձրիաբար. և երբ դժբախտ մեղավորը ցանկանում է ապաշխարել, նրան վերջնականապես կողոպտում, այնուհետև կարճ ու դյուրին ճանապարհ են խոստանում ուղիղ դեպի դրախտ։

Թվում էր, թե այդ արարողությունները պետք է կատարվեին հանդիսավորությամբ, բայց ամենևին էլ դա այդպես չէ։ Դրանք, ըստ էության, պարզապես վեր են ածվում զվարճության։ Հաճախ տեսնում ես ծնկաչոք ուխտավորին, որը ուժ չխնայելով աշխատում է զսպել սերապեյի ծալքերում թաքցրած և ծուղրուղու կանչելու անհագ ցանկությամբ լցված աքաղաղին։ Եվ դա՝ արարիչ եկեղեցու սուրբ կամարների տակ։

Տոնակատարությունների օրերին ժամերգությունները երկար չեն տևում, որից հետո իրենց իրավունքների մեջ են մտնում մոլեխաղերը, ձիարշավները, շներով արջերին հետապնդելը, աքլորակռիվները և նման այլ պարզ զվարճանքներ։ Խաղացողների մեջ դուք կհանդիպեք նաև սուտանով քահանային, որն առավոտյան աղոթքներ էր կարդում, և, եթե հարմար է, կարող եք ձեր դոլարը կամ դուբլոնը դնել նրա դրամի դիմաց։

Մեքսիկայում ամենահանդիսավոր ու ճոխ տոներից է սուրբ Հովհաննեսի օրը: Այդ օրը, հատկապես Նոր Մեքսիկայի գյուղերում, ոչ ոք տանը չի նստում։ Մարդիկ զուգված խմբերով գնում են ինչոր որոշակի տեղ, սովորաբար հարևան մարգագետինը, որպեսզի զվարճանան զանազան մրցախաղերով ձիարշավներով, ցլամարտերով ու աքլորավազքերով: Ընդմիջումներին զբաղվում են թղթախաղով, ծխում են, սիրաբանում աղջիկների հետ։

Տոն օրերին հավասարության նման ինչոր վիճակ էր ստացվում, ճիշտ այնպես, ինչպես հանրապետության ժամանակ։ Հարուստն ու աղքատը, բարձր ազնվականությունն ու հասարակ ժողովուրդը խառնվում են նույն բազմության մեջ, բոլորը զվարճանում են միասին։

Այսօր սուրբ Հովհաննեսի օրն է։ Քաղաքի ծայրամասում փռված լայն ու կանաչ մարգագետնի վրա էին հավաքվել Սան Իլդեֆոնսոյի բնակիչները։ Այստեղ տոնակատարությունների ժամանակ միշտ խաղեր են տեղի ունենում, և շուտով դրանք կսկսվեն։ Իսկ առայժմ եկեք շրջենք ամբոխի մեջ և տեսնենք, թե ինչպիսի մարդիկ կան այնտեղ։

Այստեղ ներկա են հասարակության բոլոր խավերը, ավելի ճիշտ՝ տեղի ամբողջ հասարակությունը։

Ահա արագարագ անցնում են միսիայի երկու հաստափոր սուրբ հայրեր՝ կոպիտ սարժից կարված սուտաններով և մինչև ծնկները կախված տերողորմյաներով ու խաչերով. երկուսի մոտ էլ փայլում են խնամքով սափրված տոնզուրաները։ Հնդկացիապաչուին չէր հաջողվել օգտվել նրանց քերթած գանգամաշկերից։

Ահա և քաղաքային եկեղեցու քահանան՝ երկար սև սուտանով, լայնեզր գլխարկով, սև մետաքսե գուլպաներով և ճարմանդավոր ոտնամաններով. նրան անմիջապես կնկատես: Նա մեկ ողորմածությամբ ժպտում է ամբոխին, մեկ նրա վրա նետում իր սև աչքերի չար ու խորամանկ հայացքը, մեկ էլ օգնելով հենց նոր ժամանած սինյորին զբաղեցնելու իր տեղը, ցուցադրում է մաքուր ու կոկիկ, մատանիներով ծածկված մատները։ Իրականում դրանք, մեքսիկական եկեղեցու այդ անբիծ, սպասավորները, կանանց մեծ հաճոյակատարներ են։

Ամֆիթատրոնով մոտենանք մի քանի շարք բարձրացող նստարաններին և տեսնենք, թե ովքեր են այստեղ տեղավորված։ Առաջին հայացքից արդեն պարզ է, որ դա հասարակության սերուցքը՝ տեղական ազնվականությունն է։ Եվ իսկապես, ահա խոշոր վաճառական դոն Խոսե Ռինկոնն իր հաղթանդամ կնոջ ու չորս թմբլիկ, քնկոտ դուստրերի հետ։ Այստեղ են նաև ալկալդի կինն ու նրա ամբողջ ընտանիքը, և ինքը՝ ալկալդն իր զարդարված ձեռնափայտով, իր տիտղոսանշանով, և Էչեվարիայի աղջիկները՝ այդ չքնաղ արարածները (ինչպես իրենք են ենթադրում) կարմրակատար եղբոր ուղեկցությամբ, որը հանուն փարիզյան մոդայի դեն էր նետել ազգային զգեստը։ Այստեղ է նաև հարուստ հասիենդադո[4] անթիվ հոտերի ու ընդարձակ կալվածքի տեր սինյոր Հոմ ես դել Մոնտեն, ներկա են նաև բազմաթիվ այլ հողատերեր՝ իրենց կանանց ու երեխաների հետ։ Այստեղ է նաև բոլորի հայացքները գրավող չքնաղ Կատալինա դը Կրուսեսը՝ հարուստ հանքատեր դոն Ամբրոսիոյի դուստրը։

Կերջանկանա նա, ով կարժանանա Կատալինայի ժպտին, ավելի ճիշտ, նրա հոր բարեհաճությանը, որովհետև միայն նա կարող է ասել վերջնական ու վճռական խոսքը, երբ գործը հասնի դստեր ամուսնությանը։ Այնուամենայնիվ, լուրեր են պտտվում, որ ամեն ինչ լուծված է, և որ Կատալինայի ամուսինը դառնալու հաջողակ հավակնորդը կապիտան Ռոբլադոն է, բերդային կայազորի առաջին դեմքը՝ բերդակալից հետո։ Ահա և նա՝ բեղավոր կտրիճը. նրա կուրծքն ու մեջքը ոսկե արեգներով ու ժապավեններով են պատված. նա զայրացած հոնքերն է կիտում, երբ որևէ մեկը նայում է չքնաղ Կատալինային։ Բայց չնայած նրա ոսկե տրեզներին ու հպարտ տեսքին՝ այդ ընտրությունը հազիվ թե վկայի Կատալինայի բարձր ճաշակի մասին։

Սակայն, արդյոք դա նրա ընտրությունն էր։ Գուցե և ոչ, գուցե դա դոն Ամբրոսիոյի ընտրությունն է։ Փառասիրական երազանքները պատել էին նրան, ի ծնե լինելով պլեբեյ, նա որոշել էր ազգակից դառնալ ազնվացեղ իդալգոյին։ Կապիտանը ոչ մի դրոշ հոգեպահուստ չունի, եթե չհաշվենք նրա զինվորական ռոճիկը, որը նախօրոք մի քանի ամսվա համար արդեն վերցված է. բայց դրա փոխարեն նա իսկական աչուպինո[5] է, նրա երակներում իսկական իդալգոյի «երկնագույն» արյուն է հոսում։ Իր փառասիրական երազանքներով ծեր ու գծուծ դոն Ամբրոսիոն եզակի չէ. այդպես է մտածում ամեն մի նորելուկ։

Այդտեղ է կանգնած նաև բերդակալ Վիսկարրան, քառասնամյա բարձրահասակ գնդապետը: Նա ամբողջովին տրեզների մեջ է, գլխին փետրավոր գլխարկ ունի, իսկական սիրամարգ:

Դա մի ուրախ, տարիքն առած ամուրի է: Նա աշխույժ զրուցում է մեկ ճիզվիտ հոր, մեկ քաղաքային քահանայի կամ ալկալդի հետ և միաժամանակ նայում անցնող ջահել գեղջկուհիներին, որոնք եկել են մասնակցելու տոնակատարությանը, և նրա հայացքը մի սիրունիկ դեմքից անցնում է մյուսին։ Աղջիկները զարմանքով են նայում նրա շլացնող համազգեստին, իսկ նա՝ երևակայական երկրորդ Դոն Ժուանը, նրանց հայացքներում հիացմունք է տեսնում և, որպես պատասխան, սիրալիր ու ներողամտորեն ժպտում։

Այստեղ է նաև երրորդ սպան (ամրոցում նրանք ընդամենը երեքն են), լեյտենանտ Գարսիան: Նա ավելի գեղեցիկ է ավագ սպաներից և այդ պատճառով մեծ հաջողություն ունի և հասարակ գեղջկուհիների, և հարուստ ու ճանաչված սինյորինաների մոտ։ Ես, իրավամբ, զարմացել եմ, որ չքնաղ Կատալինան նրան չի տվել նախապատվությունը։ Սակայն ո՞վ կարող է երաշխավորել, որ դա այդպես չէ: Մեքսիկայում կինը կարող է թաքցնել իր հոգու գաղտնիքները, դրանք չես կարող կարդալ նրա դեմքի վրա և որոնք հեշտությամբ չեն պոկվում նրանց լեզուներից։

Դժվար է ասել, թե ում մասին է այժմ մտածում Կատալինան: Նրա տարիքում (իսկ նա քսան տարեկան է) երիտասարդի սիրտը հազվադեպ է ազատ լինում։ Բայց ո՞վ է նա։ Ռոբլա՞դոն։ Պատրաստ եմ գրազ գալու, որ ոչ։ Գա՞րսիան։ Այստեղ, այնուամենայնիվ, կարելի է վիճել: Բայց չէ որ նրանցից բացի ուրիշներն էլ կան՝ և՛ երիտասարդ հասիենդադոներ, և՛ հանքահորերի ծառայողներ, և քաղաքի մի քանի կարմրակատար վաճառականներ: Նա կարող է ընտրել նրանցից յուրաքանչյուրին։ Ինչ իմանաս։

Մի փոքր էլ շրջենք ամբոխի մեջ։

Ահա կայազորի զինվորները. ժամանակ առ ժամանակ զրնգում են նրանց կոշկախթանները, սրերը քարշ են գալիս գետնի վրայով, նրանք եղբայրաբար խառնվել են սերապե հագած արհեստավորների, հանքավորների ու անասնապահների բազմությանը: Նրանք ընդօրինակում են իրենց սպաների շարժուձևերը և շրջում են այնպիսի պարծենկոտ ու հպարտ տեսքով, որ անմիջապես կհամոզվես, թե զինվորականներն այստեղ ուժ են և իշխանություն։ Դրանք բոլորը ուլաններ են՝ նիզակազեն թեթև հեծելազորի մարտիկներ. հետևազորն անօգտակար կլիներ հնդկացիների հետ տեղի ունեցող պայքարում, և նրանք կարծում էին, թե խթանների բարձր զնգզնգոցն ու թրերի զրնգոցը շրջապատողների աչքերում ավելի են բարձրացնում իրենց։ Ռազմիկներն առանց քաշվելու նայում են աղջիկներին, իսկ գեղջուկ տղաներին դա այնքան էլ դուր չի գալիս, և նրանք խանդով հետևում են իրենց հարսնացուներին ու սիրած աղջիկներին։

Բոլոր աղջիկները, անկախ նրանից գեղեցիկ էին, թե տգեղ, տոնի առթիվ հագել են իրենց լավագույն, ամենավառվռուն հագուստները։ Մի քանիսի շրջազգեստները երկնագույն են, մյուսներինը՝ վառ կարմիր կամ ծիրանագույն, և շատ հաճախ դրանք ներքևում զարդարված են բարակ ժապավենաթելով եզրակարված շքեղ բոլորածալերով: Նրանք հագել են ձյունափայլ բոլորածալերով ասեղնագործված փոքրիկ կոֆտաներ ե նրբորեն իրենց վրա են գցել կապտավուն սև շալեր՝ ծածկելով պարանոցը, կուրծքն ու ուսերը, իսկ երբեմն էլ, խիստ կոկետությունից, նաև դեմքը։ Բայց երեկոյան արդեն այդ քողերն այլևս այնպիսի եռանդով չեն թաքցնում իրենց տիրուհիների ամոթխածությունը։ Այդ գեղեցիկ ծալքերի ետևից արդեն դուրս են նայում ամենաչքնաղ դեմքերը, և տեսնելով արևից զերծ մնացած նրանց նուրբ մաշկը, կարելի է գլխի ընկնել, որ նրանք տոնից անմիջապես առաջ են իրենց դեմքերից լվացել մրգահյութը, որն այլանդակել էր նրանց վերջին երկու շաբաթում:

Անասնապահներն էլ են իրենց տոնական լավագույն զգեստներով. նրանք հագել են թավշյա, ներքևում՝ լայն, իսկ կողքերից՝ ծոպերիզներով շալվարներ, լավ փայլեցրած կաշվե երկարաճիտ կոշիկներ, դաբաղած ոչխարենուց կամ թավիշից խայտաբղետ կարված բաճկոններ, իսկ բաճկոնների տակից՝ ասեղնագործ ներքնաշապիկներ, որոնց վրա կապել են մետաքսյա վառ կարմիր շարֆեր։ Գլխներին լայնեզր, սև ու փայլուն սոմբրերոներ ունեն, դրանց կատարները կապված են ոսկե կամ արծաթե ժապավենաթելերով, որոնց ծայրերն ազատ կախվել են։ Մի քանիսը բաճկոնի փոխարեն ուսերին անփութորեն սերապեներ են գցել: Նրանք բոլորն էլ բռնել են ձիերի սանձերը, իսկ ոտքերին հինգ ֆունտանոց անվակավոր խթաններ կան: Անվակների տրամագիծը հասնում է մինչև երեք, չորս, իսկ երբեմն, նույնիսկ վեց դյույմի։

Հանքահորերի ծառայողները, երիտասարդ քաղաքացիներն ու մանր արհեստավորները գրեթե միանման են հագնված, բայց հասարակության սերուցքին պատկանող անձինք աստիճանավորներն ու վաճառականները, հագել են սև նուրբ մահուդից կարված բաճկոններ և նույնպիսի վարտիքներ: Դրանք յուրահատուկ ձև ունեն, ոչ թե եվրոպական, այլ դրա նման ինչոր մի բան՝ փարիզյան մոդայի ու տեղական ազգային զգեստի միջինը։

Ահա և բոլորովին մի այլ զգեստ. բազմության մեջ այն շատերն են կրում, շատ շատերը՝ խաղաղ հնդկացիները, վերջերս սուրբ եկեղեցու հետ կապեր հաստատած կիսաաղքատ հանքափորները: Նրանց հագուստը պարզ է. ամենից առաջ աչքի է զարնում թիլման, որը նման է անթև բաճկոնի։ Եթե պարկի տակից անցք բացվի, որտեղից մարդ կարող է դուրս հանել գլուխը, իսկ կողքերից թևերի համար ճեղքեր արվեն՝ ապա հենց դա էլ կլինի թիլման։ Այդ բաճկոնը գոտկատեղ բոլորովին չունի, դա բոլորովին անձև է, կախված է ուսերից ու համարյա հասնում է մինչև ազդրերը։ Սովորաբար թիլման կարում են գյուղական արտադրության բրդյա կոպիտ կտորից. այդ կտորը «գերգա» է կոչվում։ Այն սպիտակավուն է, և միայն մի քանի գունավոր զոլեր են զարդարում նրան։ Դրան ավելացրեք դաբաղած ոչխարենուց կարված շալվարն ու կոպիտ ոտնամանները՝ և ահա մեքսիկական խաղաղ հնդկացու ամբողջ հագուստը: Նա գլխաբաց է, մերկ են նաև ոտքերը, ծնկներից մինչև կոճերը երևում է պղնձակարմիր մաշկը։

Տեղացի հարյուրավոր կարմրամաշկ բնակիչներ՝ պեոնները[6], որոնք աշխատում են միսիայում ու հանքահորերում, ետ ու առաջ են քայլում, իսկ նրանց կանայք ու դուստրերը պպզել են գետնին: Նրանց առջև, խսիրների վրա դասավորված են այդ երկրում աճող բոլոր տեսակի պտուղներն ու մրգերը թուզ, ցետկայա, սալոր, ծիրան, խաղող, ձմերուկ ու մայրի ծառի բոված ընկույզներ, որոնք այստեղ են բերում լեռնականները։ Ինչոր մեկը քաղցրավենիք, մեղրաջուր ու լիմոնադ է վաճառում, ուրիշները բոված շաքարի ոչ մեծ գլուխներ կամ ագավայի արմատներ։ Մի քանիսը պպզել են կրակի առաջ ու եգիպտացորենի բլիթներ կամ կարմիր տաքդեղ են տապակում, կամ հին սափոր հիշեցնող կավե կճուճում մանրած կակաոն խառնում են շաքարի հետ։ Այդ խղճուկ առևտրականներից մի քանի մանր դրամով կարելի է մի բաժին խիստ պղպեղած ու շոգեխաշած միս, մի ափսե եգիպտացորենի բլիթներ կամ մի բաժակ եգիպտացորենի ըմպելիք գնել։ Ուրիշ վաճառարկղների տերերից կարելի է փոքրիկ էժանագին սիգար դնել կամ Տաոսից ու Էլ Պասոյից այստեղ բերված հրակարմիր ագվարդիենտ խմել։ Այս վաճառականների մոտ ամենից շատ հավաքվում են ծարավից մշտապես տառապող հանքափորներն ու զինվորները։ Այստեղ վրաններ չկան, բայց գրեթե բոլոր վաճառականները իրենց գլխից վեր արմավենու խսիրներ են հարմարեցրել, որոնք վիթխարի հովանոցների նման նրանց պաշտպանում են արևից։

Պետք է ասել նաև ներկա գտնվողների մի ուրիշ խավի մասին ևս, որոնք կարևոր դեմքեր են սուրբ Հովհաննեսի օրվա տոնակատարության ժամանակ։ Դրանք մրցումների մասնակիցներն են, որոնք խաղերում պետք է պայքարեն առաջնության համար։

Դրանք բոլորը հասարակության ամենատարբեր խավերի երիտասարդներ են, բոլորն էլ, իհարկե, ձիերով և նրանցից յուրաքանչյուրն աշխատել է ձեռք գցել հնարավորին չափ լավ ձի։ Ահա նրանք ճարպիկ ու գեղեցիկ ձիավարում են՝ ստիպելով իրենց երփներանգ զարդարված ձիերին կատարելու ամենաանսպասելի թռիչքներ ու ցատկումներ, հատկապես այն ժամանակ, երբ անցնում են երիտասարդ սինյորինաների մոտով։ Դրանց մեջ կան և՛ հանքափորներ, և՛ երիտասարդ հասիենդադոներ, և՛ անասնապահներ, հովիվներ, բիզոնների որսորդներ ու վաճառականներ, և նրանք բոլորն էլ իրենց հիանալի են պահում թամբի վրա։ Մեքսիկայում բոլորը, նույնիսկ քաղաքացիները, հիանալի ձիավարներ են։

Այստեղ մոտավորապես հարյուր երիտասարդներ կան, որոնք պատրաստ են իրար հետ մրցելու, իրենց դրսևորելու մեծ ճարպկություն ու ձիավարության բարձր արվեստ պահանջող ամենատարբեր խաղերում:

Եվ այսպես, թող սկսվեն մրցումները։

Ծանոթագրություններ

  1. «Պիսարրո» – գերմանացի դրամատուրգ Ա. Ֆ. Կոցեբույի (1761–1819) «Իսպանացիները Պերույում» պիեսի՝ անգլիացի հայտնի դրամատուրգ Ռ. Բ. Շերիդանյին պատկանող թարգմանությունը։
  2. «Վարորդային դավադրություն» – կաթոլիկների անհաջող մահափորձ անգլիական թագավոր Յակովի I-ի դեմ 1605 թվականին: Պառլամենտի սեսիայի բացման օրը պառլամենտի շենքի ներքնահարկում դավադրության կազմակերպիչները պատրաստվում էին պայթեցնել վառոդով տակառները։ Դավադրությունը մերկացվեց, իսկ նրա ղեկավարները մահապատժի ենթարկվեցին: Դրանից հետո երկար ժամանակ այդ օրը նոյեմբերի 5-ին, Լոնդոնի փաղոցներով տանում էին Գայ Ֆոկսի՝ դավադրության պարագլխի խրտվիլակը:
  3. Ինդուլգենցիա – մեղքերի թողության պապական պաշտոնաթուղթ. կաթոլիկ եկեղեցին ինդուլգենցիաները վաճառում են փողով։
  4. Հասիենդադո – հասիենդի, խոշոր կալվածքի տեր:
  5. Աչուպինո – Ամերիկայում վերաբնակեցված իսպանացիների մականուն։
  6. Պեոններ – կալվածատիրոջից կիսաստրուկ կախման մեջ գտնվող գյուղատնտեսական բանվորներ։