«Սպիտակ կամուրջը»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
չ
Տող 2. Տող 2.
 
|վերնագիր = Սպիտակ կամուրջ
 
|վերնագիր = Սպիտակ կամուրջ
 
|հեղինակ = [[Ռեւազ Գաբրիաձե]]
 
|հեղինակ = [[Ռեւազ Գաբրիաձե]]
|աղբյուր = «Արդի վրացական արձակ» գրքից, ՀԳՄ հրապատարկչություն, Երեւան 2010
+
|աղբյուր = [[«Արդի վրացական արձակ»]]
 
|թարգմանիչ = Մաղլավա Գեուրկովա եւ Հրաչկա Բայրամյանը (վրացերենից)
 
|թարգմանիչ = Մաղլավա Գեուրկովա եւ Հրաչկա Բայրամյանը (վրացերենից)
 
}}
 
}}

21:20, 25 Փետրվարի 2013-ի տարբերակ

Սպիտակ կամուրջ

հեղինակ՝ Ռեւազ Գաբրիաձե
թարգմանիչ՝ Մաղլավա Գեուրկովա եւ Հրաչկա Բայրամյանը (վրացերենից)
աղբյուր՝ «Արդի վրացական արձակ»

Ես մայրիկի բալիկ էի։ Գրքեր էի կարդում, մաքուր օձիք ունեի, գլուխս այնքան հարմար ու լավ էր կտտոցի համար, որ գրեթե ոչ մեկը իրեն չէր զրկում այդ հաճույքից, բացի գործուղվածից՝ ճամպրուկները ձեռքներին եւ դագաղին գլխահակ հետեւող մեռելատեր սգվորից։ Պատերազմը նոր էր վերջացել։ Կյանքը ծանր էր․ մարդիկ քիչ բան ունեին ուրախանալու։
Թիվ 6 գրադարանի ակտիվ ընթերցողներից էի։ Գրադարան մտնելը զգուշություն էր պահանջում։ Եթե մեկը տեսներ, կծեծեր։ Ահա ինչու զգուշանում էի։ Նախ անտարբեր պիտի քայլեի դիմացի մայթով, հետո նույնքան անտարբեր կամրջից պիտի թքեի եւ համոզվելով՝ ինձ ոչ ոք չի նայում, ակնթարթորեն նետվեի գրադարան։
Այդ օրը ընթերցասրահում նստած պարապում էի։ Հանկարծ Ռիոնը աղմկեց, եւ զգացի դռան բացվելը, գլուխս բարձրացրի ու նայեցի գրադարանավարուհիներին։ Երկու չամուսնացած կին էին։ Ամեն ինչ արդել պատմել էին մեկմեկու։ Ծինան նավթավառի վրա շեք արած եւ սփրթնած նայում էր դռան կողմը։ Նրա ոտքերը ներսի կողմից ասես վարդերով էին ծածկվել տաքությունից։ Քեթոն, պովիդլոյոտ գդալը բերանում առանց շարժելու, նստատեղը դանդաղ պտտելով՝ աթոռ էր փնտրում։ Սարսափը պատեց գրադարանին։
Նախ մտածեցի․ «Կա֊չկա Իպոլիտին են տեսել»։ Այն տարիներին մեր քաղաքում առնետ էր ապրում՝ Իպոլիտ մականունով, քանզի ինչ֊որ ժամանակ դերասան Խվիչիան նրան այդպես էր կանչում։
Որտեղ ասես չէիր հանդիպիսի էդ Իպոլիտին։ Քութսննդառի մոտ, լոմբարդի մոտ, շուկայի մոտ, բանկի մոտ։ Գրուզվտորսիրիոյի մոտ՝ անդուր, վարդագույն, երկար կանաչ պոչով, իսկապես որ ծանր տեսարան էր։
Թիվ 6 գրադարան միայն ես եւ Իպոլիտն էինք հաճախում։ Այն օրերին երկուսս էլ դասականներով էինք հափշտակված։ Իպոլիտը՝ կազմերով, ես՝ ինչ֊որ մնում էր նրանցից։ Այսօր էլ զգում եմ այդ պակասը։ Ռիոնը լռեց, դռները փակվեցին։ Զգուշորեն ետ նայեցի։
Դռների մեջ Ադրախնիան էր կանգնած։
Ադրախնիան միայնակ մարդ էր։ Կիսադեմք ուներ սոսկ, որի վրա ընդգծվում էին հին սպիները։ Նրանցից մեկը, ի տարբերություն մյուսների, հրաշալի էր։ Այդ սպին սկիզբ էր առնում մազերից, հատում բարձր ճակատը, անցնում հոնքի միջով, փոքր֊ինչ շոշափում քիթը, բավական թույլ ծեփվում սմքած շրթունքներին, խորանում, եւ կորչում կզակի տակ։ Հատկապես զարհուրելի էր գիշերադեմին, մշուշում եւ «Վրիժառուն Էլդորադոյից» ֆիլմի ցուցադրության ժամանակ։ Նրա հայտնվելուն պես փողոցը խառնվում էր եւ ոտքի կոխան դառնում։ Ահա այսպիսի մարդու հայացք էր գամված ինձ վրա։
Ադրախնիան նստեց իմ սեղանի մոտ, գրպանից հանեց սեւ կազմով տետրը, դրեց իմ առաջ, նայեց ինձ եւ ասաց․ «Դու պիտի նամակ գրես, ― եւ ցուցամատով, որ չուներ, ցույց տվեց տետրը, ― ես չեմ կարող գրել»։ Նորից ցույց տվեց ցուցամատը, որ չուներ։ «Ոչ ոք չպիտի իմանա», ― սպառնաց այն մատով, որ չուներ։ «Դագաղ», ― ասացի ես անձայն։ «Դագաղ», ― իմ շուրթերին արձագանքեց Ադրախիան։
― «Գրի՛, թանկագի՛ն Մարգալիտա, կանգնել եմ ջրում․ կրակ է կպել ինձ», ― թելադրեց Ադրախիան։
Մարգալիտան հանձնաժողովի ապրանքագետ Ռաֆայելի այրին էր։ Երկու տարի է՝ Մարգալիտան սեւերը չի հանում։ Երկրորդ տարին է՝ քացախով մաքրած պատուհանի մոտ նստած, մահացածի սեփական մեքենան է հսկում, որ ոչ մի գնով չվաճառեց եւ, որպես սիրո հուշարձան, թաղված է աղյուսից էլ դեղին ծաղիկների մեջ։ Նստում էր այդպես՝ սգավոր։ Կեռասն ուտում էր ասեղով, ասեղը մաքրում էր թաշկինակով, թաշկինակը տանում էր քթին՝ ի նշան վշտի։
Չեմ հիշում՝ որքան գրեցի։ Շատ բան դասականներից պարտք վերցրի, շատ բան էլ ինքս հորինեցի։ Այժմ էլ հիշում եմ անժամանակ ժամանակը եւ անտեղի տեղը, արյան ճնշման չափումը եւ Ֆրանկֆուրտում անցուղին լուսանշանի տակ։ «Օ՜, հովհարի վրա նկարված դեղին քրիզանթեմ» կամ «Օ՜,թանկագինս, ինչո՞ւ հանդիպեցինք գոբելենում»։
Այդ նամակում կային տեղեր, որոնց բովանդակությունն այժմ էլ դժվարանում եմ հասկանալ․ «Իմ կասկածների պատճառը դու ես։ Հակառակվելով իրար՝ քեզ տեսնելուն պես, նրանք հանգիստ քնում են․ բայց երբ նրանց գլխի տակ բարձի փոխարեն թարթիչներ ենք դնում․ կամ առաջին աչքն է զարթնում երկրորդից շուտ, կամ՝ երկրորդն է արթնանում առաջինից վաղ, որպեսզի հասցնեն՝ գեղեցկության աղբյուրը եւ առաքինության ջահը տեսնելու»։
Ադրախնիան շրթունքներով երկար ժամանակ կարդում էր տետրը, հետո պատուհանից նմանապես շրթունքներով կարդաց քաղաքի ժամացույցը, կոպերով աչքերը գոցեց եւ ասաց․ «Ծեծելու բան ես»։ Սիրտս կանգ առավ։ Նրա փոխարեն փոխարեն բինտով փաթաթած մատս էր տրոփում։ Ադրախիան ոտքի ելավ։ «Սրանից դենը ով քեզ կնեղի, նրա ոտքերը, ձեռքերը կպոկեմ ու դպրոց կտանեմ հենց իր ոտքով», ― ասաց ու գնաց։
Անցավ մոտավորապես քառասունհինգ տարի։
Մի քանի օր առաջ կրկին հանդիպեցի Քութայիսում․ թափառում էի փողոցներում եւ խոսում ինքս ինձ հետ․ «Ահա եւ դու քո հայրենի քաղաքում ես, դու պիտի թախիծ զգաս, սրտի ցավ զգաս, քնքշանք ու գեղեցկություն պիտի զգաս»։ Այս կողմ գնացի, չզգացի, այն կողմ գնացի, չզգացի։ Կաշվե կեպին, իբրեւ թե նոր էին ընծայել, հոտոտեցի, ոչինչ չզգացի։ Նոստալգիա փնտրելով հայտնվեցի Սպիտակ կամրջի վրա։ «Արի ներքեւ թքեմ, գուցե մի նրբին, քնքուշ բան պարուրի իմ սիրտը», ― մտածեցի ու այդպես էլ արեցի, բայց դարձյալ ոչինչ չստացվեց։ Քանիցս փորձեցի, բոլորն էլ խոնարհ իջան, բայց վերջում չէին շտապում․ «Բոլորովին այլ է, երբ երիտասարդ ժամանակ ես թքում Սպիտակ կամրջից», ― շինծու վշտացա ես։
Քութայիսում մի տեսակ օդի շարժում կա՝ ոչ քամի է արդեն, ոչ էլ զեփյուռ է դեռ։ Գլիցերինի հոտ ունի, տաք է, հանգստացնող է, ավելի քան բարեբույր է․ ինձ որ մնար, նրա անունը կդնեի Շալիկո Գաբունիա ու Քութայիսի մանկավարժական ինստիտուտի ֆրանսերեն լեզվի ֆակուլտետ կընդունեի առանց քննության։
Գլխարկս դրեցի զեփյուռի գլխին։ Իմ մոտից այդպես անցավ, իբր չճանաչեց։ Փողոցի անկյունում զեփյուռը ականջօղը ուղղեց, երեւի թե նայեց ինձ ու չքացավ իմ տեսադաշտից։
Նստեցի լիմոնադի արկղի վրա։ Իմ առաջ՝ մայթին, կանգ առավ մեկը՝ անկրունկ սապոգներով։ Վեր նայեցի։ Ոտքի ելա, կանգնեցի առջեւը։ Ադրախնիան էր։ Սիրուն ծերացել էր, չէր գիրացել, կիսադեմքը թղթի նման ճմռթվել էր։ Չճանաչեց ինձ։ Հիշեցրի Մարգալիտայի նամակը։ Նայեց իմ կողմը, սիգարետ առաջարկեց։ Պարզվեց, որ հաջորդ իսկ օրը լրանում էր Մարգալիտայի մահվան հինգ տարին։ Հրավիրեց գերեզմանատուն։
Մյուր օրը բարձրացա Սափիչխիա։ Այնտեղ՝ եռաճյուղ լորենու տակ, ճանաչեցի Մարգալիտայի եւ Ադրախնիայի երկու զավակներին։ Աղջիկը նման էր հորը՝ չոր, անձայն։ Տղան Մարգալիտայի աչքերն ու ձայնն ուներ՝ արցունքոտ, շրթունքները՝ դեղձի կտրած շերտ, ամաչկոտ, կանգնած էր ստվերում։
Մարգալիտայի գերեզմանին սպիտակ տապանաքար էր, վրան՝ գունավոր լուսանկար։ Մի քիչ անձրեւեց, եւ քարը դարձավ փիրուզագույն։
Այ, հենց այդ քարի մոտ իմացա (երախտագիտության զգացումով), որ իմ առաջին ստեղծագործությունը թաղված է հողի մեջ՝ չքնաղ Մարգալիտայի կրծքին։ Այդ է եղել նրա վերջին կամքը։