«Հինգ նմանակի մասին»–ի խմբագրումների տարբերություն

Գրապահարան-ից
(Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Հինգ նկանակի մասին |հեղինակ =Կարել Չապեկ |թարգմանիչ = Խաչիկ Հրաչյան ռուսեր...»:)
 
(Տարբերություն չկա)

Ընթացիկ տարբերակը 19:43, 31 Օգոստոսի 2015-ի դրությամբ

Հինգ նկանակի մասին

հեղինակ՝ Կարել Չապեկ
թարգմանիչ՝ Խաչիկ Հրաչյան ռուսերենից
աղբյուր՝ Կարել Չապեկ


․․․ Ինչ ունեմ նրա դե՞մ։ Ուղղակի կասեմ, հարևան, նրա վարդապետության դեմ ոչինչ չունեմ։ Ոչ։ Մի անգամ նրա քարոզը լսեցի ու գիտեք, քիչ մնաց դառնայի նրա աշակերտը։ Տուն եկա ու ասում եմ մորաքրոջս տղային՝ թամբագործին․ լավ կլինի լսել նրան․ գիտես, նա յուրատեսակ մարգարե է։ Ինչ ճիշտ է՝ ճիշտ, գեղեցիկ է խոսում, ուղղակի սիրտդ տակնուվրա է անում։ Աչքերս արցունքով լցվեցին, և ամենից շատ ուզում էի փակել դուռս ու հետևել նրան, որպեսզի էլ երբեք աչքից չկորցնեմ։ « Ինչ ունես֊չունես, բաժանիր ուրիշներին, ― ասում էր Նա, ― ու արի իմ ետևից։ Սիրիր մերձավորին քո, օգնիր աղքատներին ու ներիր նրանց, ովքեր վիրավորել են քեզ», ― և ուրիշ այդպիսի խոսքեր։ Ես հասարակ հացթուխ եմ, բայց երբ լսում էի Նրան, ասեմ ձեզ, իմ մեջ մի զարմանալի ուրախություն ու ցավ ծնվեց՝ չգիտեմ ոնց բացատրեմ․ մի տեսակ ծանրություն, որ մարդ ուզում է ծունկի գալ ու լաց լինել, ― ու միաժամանակ այնպիսի թեթևություն, որ ասես ամեն ինչ ուսերիցդ ցած է ընկնում՝ բոլոր հոգսերը, ողջ չարությունը։ Այն ժամանակ ես այդպես էլ ասացի մորաքրոջս տղային՝ Է՜խ, դու, դանդալոշ, գոնե ամաչեիր, մի գլուխ զազրախոսում ես, մի գլուխ հաշվում, թե ով և որքան է պարտք քեզ, և որքան ինքդ պիտի վճարես՝ տասանորդ է, հարկեր, տոկոսներ, ավելի լավ է ողջ ունեցվածքդ բաշխես աղքատներին, թողնես կին, երեխա, ու գնաս նրա ետևից․․․

Իսկ որ Նա բուժում է հիվանդներին ու խելագարներին, դրա համար էլ ես Նրան չեմ հանդիմանում։ Ճիշտ է, Նա մի տեսակ տարօրինակ ու անբնական ուժ ունի, բայց ախր հայտնի է բոլորին, որ մեր բժիշկները շառլատաններ են, ասենք հռոմեացի բժիշկներն էլ մերոնցից լավ չեն, փող վերցնել գիտեն, իսկ կանչեք մեռնողի վրա՝ միայն ուսերը կթոթվեն ու կասեն, որ հարկավոր էր ավելի շուտ կանչել։ Ավելի շո՜ւտ։ Հանգուցյալ կինս երկու տարի տանջվեց արնահոսությունից․ մի գլուխ բժիշկների մոտ է որ տանում էի, չեք էլ պատկերացնի, թե ինչքան փող ծախսեցի, բայց այնպես էլ ոչ մեկը չօգնեց։ Այ, այն ժամանակ, երբ Նա անցներ մեր քաղաքով, կընկնեի ոտքերն ու կասեի՝ Տե՛ր, բուժիր այս կնոջը։ Եվ Նա ձեռքը կդիպցներ նրա շորին, ու կինս կառողջանար։ Խեղճն այնպիսի ցավեր քաշեց, որ պատմելու չի․․․ Չէ, այդ լավ է, որ Նա լավացնում է հիվանդներին։ Իհարկե, բժիշկներն աղմկում են, իբր, խաբեություն է այդ ամենը ու սրիկայություն, պետք է արգելել ու նման բաներ․ ինչ եք ուզում, այստեղ տարբեր շահեր են իրար եկել։ Ով ուզում է օգնել մարդկանց ու աշխարհը փրկել, միշտ դեմ է առնում մեկնումեկի շահերին, բոլորին չես կարող գոհացնել, առանց դրա չի լինի։ Այ, ես էլ եմ ասում՝ թող բուժի իր համար, թող նույնիսկ մեռելներին հարություն տա, բայց այն, ինչ Նա արավ հինգ նկանակով՝ այդ արդեն լավ չի։ Իբրև հացթուխ կասեմ ձեզ՝ դա մեծ անարդարություն էր հացթուխների նկատմամբ։

Չե՞ք լսել այդ հինգ նկանակի մասին։ Տարօրինակ է, այդ պատմությունը բոլոր հացթուխներին համբերությունից հանում է։ Ասում են, այսպես է եղել․ մի ամայի տեղ Նրա մոտ է գալիս մի մեծ բազմություն, և նա բուժում է հիվանդներին։ Իսկ ով վրա է հասնում իրիկունը, աշակերտները մոտենում են նրան ու ասում․ «Այստեղ ամայի է, ու օրն էլ տարաժամ։ Արձակիր ժողովրդին, որպեսզի վերադառնան իրենց քաղաքներն ու կերակուր գտնեն»։ Այնժամ Նա ասում է նրանց․ «Կարիք չկա, որ գնան, ուտելու բան տվեք դրանց»։ Իսկ աշակերտները Նրան․ «Մենք հինգ նկանակից ու երկու ձկից ավելին չունենք»։ Եվ պատվիրելով մարդկանց նստել խոտերի վրա ու վերցնելով այն հինգ նկանակը ու երկու ձուկը, նայում է երկնքին, օրհնում նրանց, ու կտրելով, տալիս է աշակերտներին, իսկ սրանք էլ՝ մարդկանց։ Եվ բոլորն ուտում ու կշտանում են։ Դրանից հետո հավաքում են կտորտանքները՝ տասներկու լիքը տակառ։ Իսկ ուտողները մոտ հինգ հազար տղամարդ էին, չհաշված կանանց ու երեխաներին։

Համաձայնեք, հարևան, որ այսպիսի բանը ոչ մի հացթուխի սրտով չի կարող լինել։ Եթե սովորույթ դառնա, որ ամեն մեկը կարողանա հինգ նկանակով ու երկու ձկով հինգ հազար մարդ կշտացնել, այն ժամանակ հացթուխները մուրացկանությո՞ւն անեն, ինչ է։ Ձկներն էլի ոչինչ, իրենք իրենց բազմանում են ջրերում, ու ամեն մեկն ինչքան ուզենա՝ կբռնի։ Իսկ հացթուխը պիտի թանկուկրակ գնով ալյուր առնի ու փայտ, օգնական վերցնի ու վճարի նրան, պիտի խանութ պահի, հարկեր վճարի ու էլի հազար ու մի բան, այնպես որ վերջիվերջո ուրախ է լինում, եթե գոնե գրոշից֊բանից մնում է ապրուստի համար, միայն թե ողորմություն չանի։ Իսկ Սա ― Սա բավական է միայն երկինք նայի, և այնքան հաց ունի, որ կարող է կերակրել հինգ հազար մարդ ու էլի ինչքան ուզես։ Ալյուրը նրա համար ձրի է, ու փայտն էլ հեռու տեղերից բերելու կարիք չկա․ ո՛չ մի ծախս, ո՛չ մի աշխատանք, ― իհարկե, այդպես կարելի է հացը ձրի էլ բաժանել, ճիշտ չէ՞։ Եվ նա ուշադրություն չի դարձնում, որ դրա պատճառով շրջակայքի հացթուխները կորցնում են ազնվորեն վաստակած փողերը։ Դե, կասեմ ձեզ, դա անհավասար մրցություն է, և այն պետք է արգելել։ Թե որ մտքով անցել է հացթուխ դառնալ, թող մեզ նման հարկեր վճարի։ Մարդիկ արդեն վրա են տալիս մեզ, ասում՝ ինչպես թե, այս ի՞նչ անաստված փողեր եք պահանջում չնչին մի նկանակի համար։ Հարկավոր է հացը ձրի բաշխել, ինչպես Նա, և ինչպիսի՜ նկանակներ են Նրա նկանակները՝ սպիտակ, փմփուս, համով, մատներդ էլ հետը կուտես։ Մենք արդեն ստիպված իջեցրել ենք բուլկեղենի գինը, ազնիվ խոսք, ինքնարժեքից պակաս ենք տալիս, միայն թե առևտուրը չփակենք․ բայց այսպես ո՞ւր կհասնենք՝ ահա թե ինչի վրա են հացթուխները գլուխ կոտրում։ Ասում են, մի ուրիշ տեղ Նա յոթ նկանակով ու մի քանի ձկով չորս հազար մարդ է կշտացրել, չհաշված կանանց ու երեխաներին, բայց այնտեղ միայն չորս տակառ կտորտանքներ են հավաքել։ Ճիշտ է, Նրա գործերն էլ լավ չեն գնում, բայց Նա մեզ, հացթուխներիս, մաքուր կսնանկացնի։ Եվ ասում եմ ձեզ՝ Նա այդ անում է միայն հացթուխներիս հանդեպ ունեցած թշնամանքից։ Ձկնավաճառները նույնպես աղմկում են, ― դե, նրանք չեն էլ իմանում, թե ձուկը քանիսով ծախեն, ձկնորսությունն այնպիսի պատվավոր արհեստ չի, ինչպես հաց թխելը։

Լսեք, հարևան, ես ծեր ու աշխարհի երեսին մենակ մարդ եմ, ոչ կին ունեմ, ոչ երեխաներ, շատ բան հարկավոր չէ ինձ։ Այ, հենց վերջերս առաջարկեցի օգնականիս՝ փուռը իր վրա վերցնելու։ Այնպես որ խնդիրն այստեղ շահամոլությունը չի․ ազնիվ խոսք, ես կգերադասեի իմ համեստ կարողությունը բաշխել ու գնալ Նրա ետևից, որպեսզի սեր քարոզեմ մերձավորի նկատմամբ ու անեմ այն ամենը, ինչ Նա կհրամայի։ Բայց քանի որ տեսնում եմ, թե նա ինչպիսի թշնամությամբ է վերաբերվում մեզ, հացթուխներիս, ապա ասում եմ․ «Ոչ, ոչ։ Ես իբրև հացթուխ տեսնում եմ՝ սա բոլորովին էլ աշխարհի փրկություն չի, այլ մեզ նմանների տնավերություն։ Շատ ցավում եմ, բայց ես այդ թույլ չեմ տա։ Ոչ մի կերպ չի կարելի»։

Իհարկե, մենք Նրա վրա գանգատ տվինք Անանիային ու կուսակալին՝ ինչո՞ւ է համքարային կանոնագիրքը խախտում ու ոտքի հանում մարդկանց։ Բայց ձեզ լավ հայտնի է, թե այդ գրասենյակներում ինչպիսի քաշքշուկ գոյություն ունի։ Հարևան, դուք ինձ ճանաչում եք, ես հանգիստ մարդ եմ ու ոչ մեկի հետ կռիվ չեմ փնտրում։ Բայց եթե նա գա Երուսաղեմ, ես կկանգնեմ փողոցի մեջտեղը ու կսկսեմ բղավել․ «Խաչեցե՛ք նրան։ Խաչեցե՛ք նրան»։