Վեց նապոլեոն
հեղինակ՝ Արթուր Կոնան Դոյլ |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Սկոտլենդ֊Յարդի խուզարկու Լեստրեյդը երեկոները հաճախակի էր այցելում մեզ։ Նրա այցելությունները հաճելի էին Շերլոկ Հոլմսին։ Լեստրեյդը բերում էր ոստիկանական ամեն տեսակի նորություններ, իսկ Հոլմսը, ի շնորհակալություն դրան, հաճությամբ լսում էր խուզարկուին հանձնարարված գործերի մանրակրկիտ պատմությունները և կարծես թե պատահականորեն խորհուրդներ տալիս նրան, վերցնելով դրան իր փորձի գանձարանից ու լայն ճանաչողականությունից։
Բայց այդ երեկո Լեստրեյդը միայն խոսում էր միմիայն եղանակի մասին։ Հետո նա հանկարծ լռեց և սկսեց մտասուզված փչել սիգարի մոխիրը։ Հոլմսը սևեռուն հայացքով նայեց նրան։
Դուք ինչ֊որ հետաքրքիր բա՞ն ունեք ինձ ասելու։
― Օ՜, ոչ, միստր Հոլմս, հետաքրքիր ոչինչ չկա։
― Այդ դեպքում պատմեցեք։
Լեստրեյդը ծիծաղեց․
― Ձեզանից ոչինչ հնարավոր չէ թաքցնել, միստր Հոլմս։ Ես իսկապես նկատի ունեմ մի դեպք, բայց այնքան աննշան, որ չուզեցի ծանրաբեռնել ձեզ։ Ասենք, աննշանը՝ աննշան է, բայց և այնպես բավական տարօրինակ է, իսկ ես գիտեմ, որ դուք հետաքրքրվում եք հատկապես ամեն տեսակի արտասովոր գործերով։ Թեև, ճիշտն ասած, այդ բանը ավելի շատ պետք է զբաղեցներ դոկտոր Ուոտսընին և և ոչ թե ինձ ու ձեզ։
― Հիվանդությո՞ւն է, ― հարցրի ես։
― Խելագարություն։ Եվ ընդ որում բավականին տարօրինակ խելագարություն․ դժվար է պատկերացնել մի մարդ, որն, ապրելով մեր ժամանակներում, այն աստիճանի է ատում Նապոլեոն Առաջինին, որ ոչնչացնում է աչքովն ընկած նրա ամեն մի կերպարը։
Հոլմսը հենվեց բազկաթոռի թիկնատեղին։
― Այդ ինձ չվերաբերող գործ է։
― Այո՛, այո՛, ես այդպես էլ ասում էի։ Ինչևիցե, եթե այդ մարդը փականք է ջարդում և գողություն է անում և եթե Նապոլեոնի այդ կերպարները, որոնք նա ոչնչացնում է, պատկանում են ոչ թե իրեն, այլ ուրիշների, միևնույն է, նա բժշկի ձեռքից դարձյալ մեզ մոտ է ընկնելու։
Հոլմսը կրկին ուղղվեց։
― Գողությո՜ւն փականք ջարդելով։ Դա անհամեմատ ավելի է հետաքրքրաշարժ։ Դե պատմեք ինձ բոլորը ամենայն մանրամասնությամբ։
Լեստրեյդը հանեց պաշտոնական հուշատետրը ու թերթեց՝ հիշողությունը թարմացնելու համար։
― Առաջին դեպքի մասին մեզ հայտնեցին չորս օր առաջ, ― ասաց նա։ ― Այդ դեպքը տեղի է ունեցել Մորզ Հեդսընի կրպակում, որը Կեննինգտոն֊րոդում նկարներ ու արձաններ է վաճառում։ Գործակատարը մի րոպեով դուրս է եկել խանութից և հանկարծ լսել է ինչ֊որ շրխկոց։ Նա շտապ վերադարձել է և տեսել, որ Նապոլեոնի գիպսե կիսանդրին, որը արվեստի մյուս ստեղծագործությունների հետ միասին դրված է եղել վաճառասեղանին, ջարդուփշուր եղած ընկած է հատակին։ Գործակատարը փողոց է վազել, բայց չնայած անցորդներից շատերը հաստատել են, թե կրպակից դուրս փախչող մարդուն տեսել են, այնուամենայնիվ, գործակատարին չի հաջողվել հասնել նրան։ Թվացել է, թե դա այն անմիտ֊խուլիգանական դեպքերից մեկն է, որը տեղի է ունենում ժամանակ առ ժամանակ․․․ Եվ այդպես էլ զեկուցել են մոտեցող կոնստեբլին։ Գիպսե կիսանդրին ընդամենը մի քանի շիլինգ արժեր, և այդ ամբողջ գործն այնպիսի մի մանրուք էր, որ չարժեր դրա համար քննություն սկսել։
Այնուամենայնիվ, նոր դեպքը ավելի լուրջ դուրս եկավ և դրա հետ նաև ոչ պակաս տարօրինակ։ Այն տեղի է ունեցել այսօր գիշերը։ Մորզ Հեդսընի կրպակից ընդամենը մի քանի հարյուր քայլ հեռավորության վրա Կեննինգտոն֊րոդում ապրում է ամենքին հայտնի մի բժիշկ՝ Բարնիկոտը, որը Թեմզայի հարավային ափին չափազանց մեծ պրակտիկա ունի։ Դոկտոր Բարնիկոտը Նապոլեոնի ջերմեռանդ երկրպագուն էր։ Նրա ամբողջ տունը լեփլեցուն է ֆրանսիական իմպերատորի գրքերով, նկարներով և հիշատակներով։ Վերջերս նա Մորզ Հեդսընից ձեռք էր բերել ֆրանսիական քանդակագործ Դեվինի ծեփած Նապոլեոնի հռչակավոր գլխի երկու միանման պատճենները։ Դրանցից մեկը նա տեղավորել էր Կեննինգտոն֊րոդի իր բնակարանում, իսկ երկրորդը դրել էր Լաուրեր֊Բրիգստոն֊րոդի վիրաբուժարանի բուխարիկի վրա։ Այսօր առավոտյան վերադառնալով տուն, դոկտոր Բարնիկոտը հայտնաբերել է, որ գիշերն իր տունը թալանել են, սակայն ոչինչ հափշտակված չի եղել, բացի գիպսե կիսանդրուց, որը դրված է եղել նախասրահում։ Գողը կիսանդրին դուրս է բերել տնից և, խփելով պարտեզի ցանկապատին, փշրել է։ Լուսադեմին ցանկապատի մոտ գտնվել է բեկորների կույտը։
Հոլմսը շփեց ձեռքերը։
― Դեպքը իսկապես որ բացառիկ է, ― բացականչեց նա։
― Ես համոզված էի, որ դեպքը ձեզ դուր կգա։ Բայց դեռ չեմ վերջացրել։ Դոկտոր Բարնիկոտը ժամը տասներկուսի մոտ եկել է իր վիրաբուժարանը և պատկերացրեք նրա զարմանքը, երբ տեսել է, որ առանձնասենյակի լուսամուտը բաց է, և ամբողջ հատակով մեկ սփռված են երկրորդ կիսանդրու բեկորները։ Կիսանդրին փշրված է եղել ամենամանրագույն մասերի։ Մենք հետազոտեցինք երկու դեպքն էլ, բայց մեզ չհաջողվեց պարզել, թե ով է նա, այդ հանցագործը․․․ կամ այդ խելագարը, որ զբաղվում է այդպիսի գիշատիչ գործով։ Ահա միստր Հոլմս, բոլոր փաստերը։
― Այո՛, օրիգինալ են նույնիսկ տարօրինակ, ― ասաց Հոլմսը։ ― Ես կուզենայի իմանալ, թե դոկտոր Բարնիկոտի սենյակներում ջարդված կիսանդրիները արդյո՞ք ճիշտ պատճեներն էին այն կիսանդրու, որը ջարդված է եղել Մորզ Հեդսընի կրպակում։
― Նրանց թափել էին միևնույն կաղապարով։
― Նշանակում է, չի կարելի պնդել, որ կիսանդրիները ջարդող մարդը գործել է Նապոլեոնի նկատմամբ տածած ատելության ազդեցության տակ։ Եթե հաշվի առնենք, որ Լոնդոնում մեծ կայսրին պատկերող մի քանի հազար կիսանդրիներ կան, դժվար է ենթադրել, որ անհայտ ֆանատիկոսը միանգամայն պատահականորեն է սկսել միևնույն կիսանդրու երեք պատճենների ոչնչացման գործողությունը։
― Այդ բանը իմ մտքով էլ է անցել, ― ասաց Լեյստրեդը։ ― Դուք ի՞նչ եք կարծում, դոկտոր Ուոտսըն։
― Խելացնորությունները մի որևէ կետում անսահման տարատեսակ են լինում, ― պատասխանեցի ես։ ― Կա այնպիսի երևույթ, որը ժամանակակից հոգեբանները կոչում են «սևեռուն գաղափար»։ Այդ գաղափարը կարող է լինել միանգամայն աննշան, և դրանից տառապող մարդը կարող է առողջ լինել մնացած բոլոր դեպքերում։ Ենթադրենք, այդ մտամոլը չափազանց շատ է կարդացել Նապոլեոնի մասին, կամ ասենք, իմացել է որևէ մի վիրավորանք, որը հասցվել է նրա նախնիներին՝ Նապոլեոնական կռիվների ժամանակ։ Նրա մոտ առաջացել է «սևեռուն գաղափար», և դրա ազդեցության տակ նա ընդունակ է դառել ամենաֆանտաստիկ արարքներ կատարելուն։
― Ձեր տեսությունն այստեղ չի համապատասխանում, իմ սիրելի Ուոտսըն, ― ասաց Հոլմսը, օրորելով գլուխը, ― քանի որ ոչ մի «սևեռուն գաղափար» չէր կարող հուշել ձեր հետաքրքրաշարժ մտամոլին, թե որտեղ են գտնվում այս կիսանդրիները։
― Իսկ դուք ինչպե՞ս կբացատրեք այդ։
― Ես փորձ չեմ անում բացատրելու։ Ես միայն տեսնում եմ, որ այդ ջենտլմենի էքսցենտրիկական արարքներում ինչ֊որ մի սիստեմ կա։
Հետագա գործողությունները տեղի ունեցան ավելի արագ և դուրս եկան ավելի ողբերգական, քան մենք ենթադրում էինք։ Հաջորդ առավոտը, երբ ես հագնվում էի իմ ննջարանում, Հոլմսը բախեց դուռը և ներս մտավ ձեռքին բռնած մի հեռագիր։ Նա բարձրաձայն կարդաց այն․
«Անհապաղ եկեք Կենսինգտոն, Պիտտ֊ստրիտ 131։ Լեստրեյդ։
― Դա ի՞նչ է նշանակում, ― հարցրի ես։
― Չգիտեմ։ Դա կարող է ամեն ինչ նշանակել։ Բայց ես կարծում եմ, որ դա կիսանդրիների պատմության շարունակությունն է։ Եթե չեմ սխալվում, դրանից հետևում է, որ մեր մտամոլ բարեկամը իր գործողությունը փոխադրել է Լոնդոնի մի այլ մասը․․․ Սուրճը սեղանին է, Ուոտսըն, իսկ կեբը՝ դռան մոտ։
Կես ժամ հետո մենք արդեն Պիտտ֊ստրիտում էինք, մի նեղ նրբանցքում, որը ձգվում է Լոնդոնի ամենաաշխույժ մագիստրալներից մեկին զուգահեռ։ Համար 131 տունը մի պատվարժան տափակակուրծք շինություն էր, որտեղ ռոմանտիկ ոչ մի բան չկար։ Երբ մենք մոտեցանք, տան պարտեզի երկաթե ցանկապատի առաջ կանգնած էր պարապ֊սարապների մի ամբոխ։ Հոլմսը սուլեց։
― Սատանան տանի, ինչպես երևում է, այստեղ ամենաքիչը սպանություն է եղել։
Լեստրեյդը դուրս եկավ մեզ դիմավորելու շատ մռայլ դեմքով․ նա մեզ առաջնորդեց հյուրասենյակ, որտեղ այս ու այն կողմ էր վազվզում արտասովոր կերպով գզգզված, ֆլանելե խալաթով հասակն առած մի մարդ։ Նրան մեզ ներկայացրին։ Պարզվեց, որ դա տան տերն է, միստր Խորես Հարկըրը, որը մամուլի կենտրոնական սինդիկատում լրագրային աշխատող է։
― Նապոլեոնների հետ կապված պատմությունը շարունակվում է, ― ասաց Լեստրեյդը։ ― Երեկ երեկոյան դա ձեզ հետաքրքրեց, միստր Հոլմս, և ես մտածեցի, որ հաճելի կլինի ձեզ մասնակցել այդ գործի հետաքննությանը, հատկապես այժմ, երբ այն հանգել է այսպիսի մռայլ իրողության։
― Ինչպիսի՞ իրողության։
― Սպանության։ Միստր Հարկըր, պատմեցեք խնդրեմ, այս ջենտլմեններին այն ամենը, ինչ կատարվել է։
Խալաթավոր մարդը մեր կողմը շրջեց իր հուզված դեմքը։
― Տարօրինակ բան է, ― ասաց նա։ ― Ամբողջ կյանքում ես թերթում նկարագրել եմ դեպքեր, որոնք կատարվել են ուրիշների հետ, իսկ այժմ ահա, երբ վերջապես ինձ մոտ է տեղի ունեցել, այդպիսի մի մեծ իրողություն, ես այն աստիճանի եմ շփոթվել, որ երկու բառ անգամ գրել չեմ կարողանում։ Ի միջի այլոց ձեր անունը ինձ ծանոթ է, միստր Շերլոկ Հոլմս, և եթե ձեզ հաջողվի բացատրել այս առեղծվածային գործը, ես վարձատրված կլինեմ՝ կատարվածը նորից պատմելու ցավալի անհրաժեշտության համար։
Հոլմսը նստեց և սկսեց լսել։
― Այս սպանությունը կապված է Նապոլեոնի կիսանդրու հետ, որը ես գնել էի մոտ չորս ամիս սրանից առաջ։ Ես այն գնեցի շատ էժան գնով Հարդինգ եղբայրների խանությում՝ Հայ֊ստրիտյան կայարանի մոտ։ Սովորաբար ես իմ հոդվածները գրում եմ գիշերները և հաճախ մնում եմ նստած մինչև լուսաբաց։ Այդպես էլ այսօր եղավ։ Ես նստել էի վերնահարկի ծայրին գտնվող իմ որջում, երբ հանկարծ մոտ ժամը երեքին, ներքևից ականջիս հասավ ինչ֊որ աղմուկ։ Ականջ դրի, բայց աղմուկը այլևս չկրկնվեց, ես ենթադրեցի, թե աղմուկը փողոցից էր։ Բայց մոտ հինգ րոպեից հետո հանկարծ սոսկալի աղաղակ լսեցի, միստր Հոլմս, ես երբեք այդպիսի սարսափելի ձայն չեմ լսել։ Այդ աղաղակը ականջներումս հնչելու է մինչև մահս։ Մեկ թե երկու րոպե ես սարսափից կարկամած անշարժ նստեցի, հետո վերցրի կրակխառնիչը և ներքև իջա։ Մտնելով այս սենյակը, ես նկատեցի, որ լուսամուտը լայն բացված է, իսկ բուխարիկի վրա գտնվող կիսանդրին անհետացել է։ Ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ, թե գողն ինչու հրապուրվեց այդ կիսանդրիով։ Գիպսե սովորական ընդօրինակություն էր, և ոչ մի արժեք չուներ։ Ինչպես դուք ինքներդ եք տեսնում, ով էլ փորձի այս լուսամուտից թռչել, կընկնի շքամուտքի աստիճանների վրա։ Քանի որ թալանչին, անկասկած փախել է հենց այդտեղից, ես անցա նախասենյակով և բացեցի դրսի դուռը։ Ոտքս գցելով մթության մեջ, կպա այնտեղ ընկած դիակին և քիչ մնաց փռվեի նրա վրա։ Ես գնացի և լամպ բերի։ Դժբախտի կոկորդին վերք էր բացվել։ Վերևի բոլոր աստիճանները արյունով էին ողողված։ Նա ընկած էր մեջքի վրա, ծնկները վեր բարձրացրած և բերանը բաց։ Դա սոսկալի էր։ Ամեն գիշեր տեսնելու եմ երազում։ Ես սուլեցի իմ ոստիկանական սուլիչը և անմիջապես գիտակցությունս կորցրի։ Ուրիշ ոչինչ չեմ հիշում։ Ուշքի եկա նախասենյակում։ Կողքիս կանգնած էր մի պոլիսմեն։
― Սպանվածն ո՞վ էր, ― հարցրեց Հոլմսը։
― Դա չհաջողվեց որոշել, ― ասաց Լեստրեյդը։ ― Դուք ինքներդ կարող եք տեսնել նրան դիականոցում։ Մենք արդեն նայել ենք, բայց ոչինչ իմանալ չկարողացանք։ Բարձրահասակ, արևավառ, շատ ուժեղ տղամարդ է, դեռ երեսունին չհասած։ Հագնվել է աղքատիկ, բայց նման չէր բանվորի։ Նրա կողքին, լճացած արյունի մեջ ընկած էր երղջերվակոթ ծալովի մի դանակ։ Չգիտեմ ումն էր, սպանվածինը, դե մարդասպանինը։ Սպանվածի հագուստի վրա ոչ մի նշան չկար, որով հնարավոր լիներ որոշել նրա անունը։ Գրպանում գտել են խնձոր, մի փոքր պարան, Լոնդոնի քարտեզը և մի լուսանկար, ահա այն։
Դա վայրկենական նկար էր, արված փոքրիկ ապարատով։ Նկարում պատկերված էր խիստ դիմագծերով, թավ հոնքերով, պավիանի ծնոտի պես առաջ ցցված և շատ զարգացած ծնոտով մի երիտասարդ։ Առհասարակ նրա մեջ կապկային ինչ֊որ բան կար։
― Իսկ կիսանդրին ի՞նչ եղավ, ― հարցրեց Հոլմսը, ուշադրությամբ ուսումնասիրելով լուսանկարը։
Կիսանդրին հաջողվեց հայտնաբերել ուղղակի ձեր այստեղ գալուց քիչ առաջ։ Այն գտնվեց Կեմպդեն֊հաուզ֊րոդում գտնվող դատարկ տան առջևի փոքրիկ պարտեզում ջարդուփշուր եղած։ Ես հենց այնտեղ էլ գնում եմ դիտելու։ Ուզո՞ւմ եք ինձ հետ գալ։
Այն տեղը, ուր գտնվել էին կիսանդրու բեկորները, տանից մի քանի յարդ հեռավորության վրա էր։ Մեզ առաջին անգամ հաջողվեց տեսնել մեծ կայսեր այդ կերպարը, որը ինչ֊որ անծանոթի սրտում այդքան կատաղի ու կործանիչ ատելություն էր առաջացրել։ Կիսանդրին փշրված ընկած էր խոտերի մեջ։ Հոլմսը վերցրեց մի քանի բեկոր և ուշադրությամբ սկսեց զննել։ Նրա լարված դեմքից ես հասկացա, որ նա հետքը գտել է։
― Հը, ինչպե՞ս է, ― հարցրեց Լեստրեյդը։
Հոլմսը ուսերը թոթվեց։
― Մենք ստիպված կլինենք դեռ երկար չարչարվել այդ գործով, ― ասաց նա։ ― Եվ այնուամենայնիվ․․․ այնուամենայնիվ․․․ այնուամենայնիվ, մենք արդեն որոշ բաներ ունենք սկզբի համար։ Այդ գրոշանոց կիսանդրին տարօրինակ հանցագործի աչքին մարդկային կյանքից ավելի թանկ է եղել։ Ահա մեր հաստատած առաջին փաստը։ Կա նաև մի այլ փաստ, որը պակաս տարօրինակ չէ։ Եթե հանցագործի միակ նպատակը եղել է կիսանդրու ջարդելը, ապա ինչո՞ւ նա չի ջարդել այդ տանը կամ տան մոտ։
― Նա շփոթվել է այն մարդու հանդիպումից, որին ստիպված է եղել սպանել։ Նա ինքը չի հասկացել, ինչ է անում։
― Ի՞նչ կար որ, դա հավանական է։ Բայց և այնպես ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել պարտեզում գտնվող տան վրա, որտեղ կիսանդրին ջարդված է։
Լեստրեյդը նայեց շուրջը։
― Այդ տունը դատարկ է, ― ասաց նա, ― և հանցագործը գիտեր, որ այդտեղ ոչ ոք նրան չի անհանգստացնի։
― Այո՛, բայց այդ փողոցի վրա կա նաև ուրիշ դատարկ տուն, ― առարկեց Հոլմսը, ― և նա պետք է անցներ այդ տան մոտով՝ սրան հասնելու համար։ Ինչո՞ւ կիսանդրին չի կոտրել առաջին դատարկ տան մոտ։ Չէ՞ որ նա հասկանում էր, որ ամեն մի ավելորդ քայլը մեծացնում է որևէ մեկին հանդիպելու վտանգը։
― Ես դրա վրա ուշադրություն չդարձրի, ― ասաց Լեստրեյդը։
Հոլմսը ցույց տվեց փողոցի լապտերը, որը վառվում էր մեր գլխավերևը։
― Այստեղ այդ մարդը կարող էր տեսնել այն, ինչ անում է, իսկ այնտեղ՝ չէր կարող, ահա ինչն է նրան այստեղ բերել։
― Սատանան տանի, դուք իրավացի եք, ― ասաց խուզարկուն։ ― Այժմ ես հիշում եմ, որ դոկտոր Բարնիկոտին պատկանող կիսանդրին ջարդված էր նրա կարմիր լամպից ոչ հեռու։ Բայց դրանով ի՞նչ կարող ենք ենթադրել, միստր Հոլմս։
― Հիշենք այն։ Հետագայում մենք կարող ենք հանդիպել այնպիսի հանգամանքների, որոնք մեզ կստիպեն վերադառնալ դրան։ Այժմ դուք ի՞նչ եք ուզում նախաձեռնել, Լեստրեյդ։
― Իմ կարծիքով, այժմ ամենաօգտակար բանը սպանվածի անձնավորության պարզաբանությամբ զբաղվելն է։ Այդ գործը այնքան էլ դժվար չէ։ Երբ մենք իմանանք, թե ով է նա և ովքեր են նրա ընկերները, մեզ կհաջողվի պարզել, թե նա ինչ էր անում գիշերը Պիտտ֊ստրիտում, ում է հանդիպել և ով է սպանել նրան միստր Խորես Հարկըրի աստիճանների վրա։ Դուք համաձայն չե՞ք դրա հետ։
― Համաձայն եմ։ Բայց ես այդ առեղծվածի լուծմանը կմոտենայի բոլորովին այլ ծայրից։
― Ո՞ր։
― Օ՜, ես չեմ ուզում ազդել ձեր վրա։ Դուք վարվեք ձեր ուզած ձևով, իսկ ես՝ իմ։ Հետագայում մենք կբաղդատենք մեր հետախուզությունների արդյունքները և այդպիսով կօգնենք միմյանց։
― Հրաշալի է, ― ասաց Լեստրեյդը։
― Դուք այժմ վերադառնում եք Պիտտ֊ստրիտ և, իհարկե, կտեսնեք միստր Խորես Հարկըրին։ Ուրեմն, հաղորդեք նրան, խնդրեմ, իմ անունից, որ իմ կարծիքով, անցյալ գիշերը նրա տունն այցելել է Նապոլեոնաատյացության մանիայով տառապող մի արյունռուշտ խելագար։ Դա նրան պետք կգա հոդվածի համար։
Լեստրեյդը զարմացած նայեց Հոլմսին։
― Մի՞թե դուք իսկապես այդպես եք մտածում։
Հոլմսը ժպտաց։
― Արդյո՞ք այդպես եմ մտածում։ Գուցե և ոչ այդպես։ Բայց այդպիսի վերսիան միստր Խորես Հարկըրին և մամուլի Կենտրնական սինդիկատի բաժանորդներին շատ հետաքրքրաշարժ կթվա։ Դե, Ուոտսըն, մեզ այսօր սպասում է մի դժվարին օր։ Ես շատ երջանիկ կլինեմ, Լեստրեյդ, եթե դուք երեկոյան, մոտավորապես ժամը վեցին անցնեք մեզ մոտ՝ Բեյքր֊ստրիտ։ Իսկ մինչև այդ լուսանկարը կմնա ինձ մոտ։
Մենք Շերլոկ Հոլմսի հետ ոտով գնացինք Հայ֊ստրիտ և մտանք Հարդինգ եղբայրների կրպակը, որտեղից կիսանդրին գնված էր։ Երիտասարդ գործակալը հաղորդեց մեզ, որ միստր Հարդինգը կրպակ կգա միայն օրվա վերջին, իսկ նա ինքը չի կարող մեզ ոչ մի տեղեկություն տալ, որովհետև շատ կարճ ժամանակ է այստեղ։ Հոլմսի դեմքին հայտնվեց հիասթափության ու դժգոհության մի արտահայտություն։
― Ի՞նչ անել, Ուոտսըն, անհնար է հույս դնել մշտական հաջողության վրա, ― ասաց նա վերջապես։ ― Անհրաժեշտ է այստեղ անցնել օրվա վերջին, եթե մինչև այդ՝ միստր Հարդինգը այստեղ չի լինելու։ Ես, ինչպես իհարկե կռահեցիք, մտադրություն ունեմ հետևելու այդ կիսանդրիների պատմությանը ամենասկզբից, որպեսզի պարզեմ, թե չե՞ն եղել արդյոք նրանց առաջացման ժամանակ որևէ տարօրինակ հանգամանքներ, որոնք նախապես կկանխորոշեին նրանց տարօրինակ ճակատագիրը։ Եկեք առայժմ գնանք Կեննինգտոն֊րոդ միստր Մորզ Հերդսոնի մոտ և տեսնենք, թե նա չի՞ կարող արդյոք որևէ լույս սփռել այդ առեղծվածի վրա։
Մի ամբողջ ժամ մենք գնում էինք մինչև նկարավաճառի կրպակը։ Պարզվեց, որ նա կարճահասակ, կարմրադեմ, խայթող լեզվով, հաստ մի մարդ է։
― Այո՛, սըր։ Ջարդեց իմ վաճառասեղանի վրա, սըր, ― ասաց նա։ ― Ինչո՞ւ ենք հարկ վճարում, եթե ամեն մի սրիկա կարող է ներխուժել մեզ մոտ և փչացնել ապրանքը։ Այո՛, սըր, այդ ես եմ վաճառել դոկտոր Բարնիկոտին երկու կիսանդրին էլ։ Ամոթ ու խայտառակություն է, սըր։ Անարխիստական դավադրություն, ահա թե դա ինչ է, իմ կարծիքով։ Միայն անարխիստն է ընդունակ ջարդել արձանիկը։ Որտեղից եմ ձեռք բերել այդ կիսանդրինե՞րը։ Չեմ հիշում, դա ի՞նչ առնչություն կարող է ունենալ գործի հետ։ Է՛, ի՞նչ կա որ, եթե ձեզ իրոք անհրաժեշտ է իմանալ, կասեմ։ Ես դրանք ձեռք եմ բերել Հելդըրի և ընկերության մոտ Չերչ֊ստրիտում, Ստեպնիում։ Դա շատ հայտնի ֆիրմա է, որը արդեն քսան տարի է, ինչ գոյություն ունի։ Դրանցից քանի հատ գնեցի՞։ Երեք։ Երկուսին մեկն էլ ավելացնենք, կհավասարվի երեքի։ Երկուսը ես վաճառեցի դոկտոր Բարնիկոտին, իսկ մեկը ջարդվեց, սըր, ցերեկով իմ սեփական կրպակում։ Գիտեմ արդյոք լուսանկարում պատկերված այդ մարդո՞ւն։ Ո՛չ, չգիտեմ։ Ասենք, գիտեմ։ Դա Բեպպոն է, իտալացի մի արհեստավոր։ Նա երբեմն իմ կրպակում որոշ աշխատանքներ է կատարում։ Նա կարող է քանդակել փայտի վրա, շրջանակներ ոսկեզօծել, ամեն բանից՝ մի քիչ։ Նա իմ մոտից մի շաբաթ առաջ գնաց, և այն ժամանակվանից ի վեր նրան մասին ոչինչ չեմ լսել։ Ոչ, ես չգիտեմ, թե նա որտեղից հայտնվեց։ Որտե՞ղ է այժմ, նույնպես չգիտեմ։ Ես նրա դեմ ոչինչ չունեմ։ Վատ չէր աշխատում։ Նա գնաց կիսանդրին ջարդելուց երկու օր առաջ․․․
― Ոչինչ, Մորզ Հեդսընը մեզ ավելի շատ տեղեկություններ տվեց, քան կարող էինք սպասել, ― ասաց Հոլմսը, երբ դուրս եկանք կրպակից։ ― Այսպիսով այդ Բեպպոն մասնակցություն է ունեցել և Կեննինգտոնում և Կենսինգտոնում տեղի ունեցած դեպքերին։ Այդպիսի փաստի սիրույն ափսոս չէ տասը միլ ճանապարհ գնալը։ Իսկ այժմ, Ուոտսըն, գնում ենք Ստեպնի, Հելդըրի և ընկերության մոտ, կիսանդրիների հայրենիքը։ Ես չեմ կասկածում, որ այնտեղ շատ հետաքրքրաշարժ բաներ կիմանանք։
Մենք արագորեն անցանք պերճաշուք Լոնդոնի միջով, հյուրանոցների Լոնդոնով, թատրոնների Լոնդոնով, գրական Լոնդոնով, առևտրական Լոնդոնով, ծովային Լոնդոնով և, վերջապես, մտանք եկամտաբեր տներով կառուցված առափնյա շրջանը։ Այստեղ վխտում էին եվրոպայի բոլոր ծայրերից դուրս նետված աղքատները։ Այստեղ, մի լայն փողոցում, մենք գտանք այն քանդակագործական արհեստանոցը, որը փնտրում էինք։ Նա գտնվում էր մի լայնարձակ բակում, որը լեփլեցուն էր գերեզմանային հուշարձաններով։ Արհեստանոցը իրենից ներկայացնում էր մի մեծ սենյակ, որի մեջ տեղավորված էին մոտ հիսուն բանվոր՝ զբաղված փորագրությամբ ու դարճակմամբ։
Բարձրահասակ ու խարտյաշ տերը քաղաքավարությամբ ընդունեց մեզ և պարզ պատասխաններ տվեց Հոլմսի բոլոր հարցերին։ Նրա գրքերի գրանցումները վկայում էին, որ Դեվինի կերտած մարմարյա Նապոլեոնի գլխից կաղապարված են բազմաթիվ պատճեններ, բայց այն երեք կիսանդրին, որոնք մոտ մի տարի առաջ նա ուղարկել էր Մորզ Հերդսընին, կամզմում էին վեց հատից բաղկացած առանձին պարտիայի կեսը։ Այդ պարտիայի մյուս երեք կիսանդրիները ոչնչով չէին տարբերվում մյուսներից։ Ոչ, նա չգիտի, թե ինչ պատճառով որևէ մեկը միտք կհղանա ոչնչացնել այդ կիսանդրիները, այդպիսի միտքը նրան պարզապես ծիծաղելի է թվում։ Այդ կիսանդրիների մեծածախ գինը վեց շիլլինգ է, բայց մանրածախ վաճառքի մեջ կարելի է նրանց դիմաց վերցնել տասներկու և նույնիսկ ավելի շատ։ Այդ կիսանդրիները պատրաստվում են այսպես․ թափում են երկու գիպսե կաղապար՝ բաղկացած դեմքի երկու կեսերից և հետո երկու պրոֆիլները կպցնում են միմյանց։ Սովորաբար այդ աշխատանքները կատարում են իտալացիները ահա այս սենյակում։ Երբ կիսանդրին պատրաստ է լինում, դնում են միջանցքում՝ սեղանի վրա, որպեսզի չորանա, իսկ այնուհետև, ուղարկում են պահեստը։ Նա այլևս մեզ պատմելու բան չունի։
Բայց այդ ժամանակ Հոլմսը արհեստանոցի տիրոջը ցույց տվեց լուսանկարը, որը վերջինիս վրա թողեց ցնցող տպավորություն։ Նրա դեմքը կատաղությունից բոցավառվեց, հոնքերը կախվեցին նրա երկնագույն տևտոնական աչքերի վրա։
― Ա՛հ, սրիկան, ― գոռաց նա։ ― Այո՛, ես լավ գիտեմ դրան։ Իմ արհեստանոցը վայելում է ընդհանուրի հարգանքը, ամբողջ գոյության ընթացքում միայն մի անգամ է այստեղ ոստիկանություն եղել․․․ Ահա այդ սուբյեկտի պատճառով։ Ավելի քան մի տարի է, ինչ այդ պատահեց։ Նա փողոցում դանակով հարվածել էր մի ուրիշ իտալացու և, փախչելով ոստիկանությունից, եկել մտել էր իմ արհեստանոցը։ Հենց այստեղ էլ նրան բանտարկեցին։ Նրա անունը Բեպպո էր։ Ազգանունը՝ չգիտեմ։ Ես արդար կերպով պատժվեցի այն բանի համար, որ աշխատանքի ընդունեցի այդպիսի դեմքով մի մարդու։ Ասենք, նա լավ աշխատող էր, ամենալավերից մեկը։
― Ինչո՞վ դատապարտեցին նրան։
― Այն մարդը, որին նա դանակի հարված էր հասցրել, չմահացավ և այդ պատճառով էլ նրան տվին ընդամենը մի տարի բանտային կալանք։ Չեմ կասկածում, որ նա արդեն ազատության մեջ է, բայց չի համարձակվի այստեղ անգամ ոտք դնել։ Ինձ մոտ աշխատում է նրա հորեղբոր տղան։ Ըստ երևույթին, նա կարող է ձեզ ասել Բեպպոյի տեղը։
― Ո՛չ, ո՛չ, ― գոռաց Հոլմսը, ― նրա հորեղբոր տղային ոչ մի բառ չասեք այդ մասին․․․ Աղաչում եմ ձեզ, ոչ մի խոսք։ Այդ գործը շատ լուրջ է։ Որքան շատ եմ ես նրա մեջ խորանում, այնքան նա ինձ լուրջ է թվում։ Ձեր առևտրական գրքում ցույց է տրված, որ այդ կիսանդրիները դուք վաճառել եք անցյալ տարի հունիսի երեքին։ Չե՞ք կարող արդյոք ասել ինձ, թե ամսի քանիսին է ձերբակալվել Բեպպոն։
― Ես կարող եմ վերականգնել այդ մոտավորապես վճարման ցուցակի հիման վրա, ― պատասխանեց արհեստանոցի տերը։
― Այո՛, ― շարունակեց նա, քրքրելով իր թղթերը, ― վերջին ռոճիկը նրան վճարվել է մայիսի քսանին։
― Շնորհակալ եմ, ― ասաց Հոլմսը։ ― Ես այլևս ձեզանից ժամանակ չեմ խլի և ի չարը գործ չեմ դնի ձեր համբերությունը։
Հրաժեշտ տալիս խնդրելով նրան ոչ ոքի չասել իր հետ տեղի ունեցած խոսակցության մասին, մենք դուրս եկանք արհեստանոցից և վերադարձանք արևմուտք։
Կեսօրը վաղուց անցել էր, երբ վերջապես մեզ հաջողվեց հապշտապ նախաճաշել մի ռեստորանում։ Ռեստորանի մուտքի մոտ վաճառում էին լրագրեր, և վերջին լուրերի մասին հաղորդող հատուկ պլակատում մեծ տառերով տպագրված էր․ «Հանցագործություն Կենսինգտոնում։ Խելագար մարդասպանը»։ Նայելով լրագրին, մենք համոզվեցինք, որ միստեր Խորես Հարկըրին, այնուամենայնիվ հաջողվել է տպել իր հորդվածը։ Երկու սյունակ լցված էր նրա տանը տեղի ունեցած սենսացիոն և հարուստ դեպքերի նկարագրությամբ։ Հոլմսը թերթը փռեց փոքրիկ սեղանի վրա և կարդաց չընդհատելով ուտելը։ Մի երկու անգամ նա փնչացրեց։
― Ամեն ինչ կարգին է, Ուոտսըն, ― ասաց նա։ ―Լսեք․ «Հաճելի է ընդունել, որ այդ դեպքի համար տարբեր կարծիքներ լինել չեն կարող, քանի որ միստր Լեյստրեդը, ոստիկանական ամենափորձված գործակալներից մեկը, և միստր Շերլոկ Հոլմսը, ամենքին հայտնի կոնսուլտանտը և էքսպերտը, համաձայնության եկան այն բանում, որ այդպիսի ողբերգական վախճան ունեցող տարօրինակ գործողությունների շղթան վկայում է խելագարության, և ոչ թե հանցագործության մասին։ Մեր կողմից պատմած փաստերը, ոչնչով բացատրվել չեն կարող, բացի խելացնորությունից»։ Մամուլը, Ուոտսըն, կատարյալ գանձ է, եթե մարդ կարողանա նրանից օգտվել։ Իսկ այժմ, եթե դուք արդեն կերել եք, մենք կվերադառնանք Կենսինգտոն և կլսենք, թե ինչ կպատմի մեզ «Հարդինգ եղբայրների» սեփականատերը։
Պարզվեց, որ այդ մեծ առևտրական տան հիմնադիրը մի ճարպիկ, անհանգիստ, շատ արագաշարժ խելամիտ ու շաղակրատ մարդ է։
― Այո՛, սըր, ես արդեն գիտեմ ամեն ինչ երեկոյան թերթերից։ Միստր Խորես Հարկըրը մեր մշտական գնորդն է։ Այդ կիսանդրին մենք վաճառել ենք նրան մի քանի ամիս առաջ։ Երեք այդպիսի կիսանդրի մենք ստացել ենք Ստեպնիի Հելդըր և ընկերությունից։ Նրանք արդեն վաճառված են։ Ո՞ւմ։ Ես կնայեմ իմ առևտրական գիրքը և ձեզ կպատասխանեմ։ Այո՛, ահա այստեղ ամեն ինչ գրված է։ Մեկ կիսանդրին՝ միստր Հարկըրին, մյուսը՝ միստր Ջոյզայա Բրաուին, որը բնակվում է Չիզիկում, Լաբուրնում֊վելիի Լաբուրնում լոջում, իսկ երրորդը՝ միստր Սենդֆորդին, որը բնակվում է Ռեդինգում, Լաուեր֊Հրով֊րոդում։
Մինչ միստր Հարդինգը խոսում էր, Հոլմսը ինչ֊որ բան էր գրում։ Նա չափազանց գոհունակ տեսք ուներ։ Այնուամենայնիվ, ինձ ոչինչ չբացատրեց և միայն ասաց, որ մենք պետք է շտապենք, որովհետև մեզ սպասում է Լեստրեյդը։ Իակապես, երբ մենք եկանք Բեյքր֊ստրիտ, խուզարկուն անհամբեր քայլում էր սենյակում և սպասում էր մեզ։ Նրա հպարտ տեսքից դժվար չէր կռահել, որ օրը նրա համար անպտուղ չի անցել։
― Ինչպե՞ս են գործերը, միստր Հոլմս, ― հարցրեց նա։
― Մենք ստիպված եղանք ինչպես հարկն է աշխատել, և աշխատեցինք ոչ իզուր, ― ասաց իմ բարեկամը։ ― Մենք այցելեցինք երկու կրպակատերերին և արհեստանոցի սեփականատիրոջը։ Ես հետևեցի յուրաքանչյուր կիսանդրու ճակատագրին ամենասկզբից։
― Յուրաքանչյուր կիսանդրու ճակատագրի՜ն, ― բացականչեց Լեստրեյդը։ ― Լա՛վ, լա՛վ, միստր Հոլմս, ամեն մեկն իր մեթոդներն ունի, և ես մտադրություն չունեմ ձեզ հետ վիճելու, բայց ինձ թվում է, որ ես օրվա ընթացքում ավելի շատ բանի եմ հասել, քան դուք։ Ես պարզեցի սպանվածի անձը։
― Ի՜նչ եք ասում։
― Եվ որոշեցի հանցագործության պատճառը։
― Հրաշալի է։
― Մենք ունենք իտալական թաղամասերի գծով մասնագետ տեսուչ։ Իսկ սպանվածի պարանոցին կաթոլիկական փոքրիկ խաչ կար։ Բացի դրանից, նրա մաշկի թխությունը ակամայից միտք է առաջացնում, որ նա հարավի ծնունդ է։ Տեսուչ Հիլլը նրան ճանաչեց առաջին իսկ հայացքից։ Նրա անունը Պյետրո Վենուչչի է, նա Նեապոլցի է, Լոնդոնի ամենասարսափելի թոկից փախածներից մեկը։ Ինչպես տեսնում եք, ամեն ինչ սկսում է պարզվել։ Հավանական է, որ նրան սպանողը իտալացի է։ Պյետրոն հետևում էր նրան։ Նա իր գրպանում կրում էր նրա լուսանկարը, որպեսզի սխալմամբ չսպանի մեկ ուրիշին։ Նա գտել է իր թշնամուն, տեսել է, թե ինչպես սա մտել է տուն, սպասել է մինչև դուրս գալը, հարձակվել է նրա վրա և մահացու վերք ստացել․․․ Ի՞նչ եք կարծում այդ մասին, միստր Շերլոկ Հոլմս։
Հոլմսը ջերմորեն սեղմեց նրա ձեռքերը։
― Հրաշալի է, Լեստրեյդ, հրաշալի է, ― բացականչեց նա։ ― Բայց ես լրիվ չեմ հասկանում, ինչպես եք բացատրում կիսանդրիների ոչնչացումը։
― Դարձյալ կիսանդրիները․ դուք ոչ մի կերպ չեք կարողանում ձեր գլխից հանել այդ կիսանդրիները։ Վերջ ի վերջո այդ կիսանդրիների պատմությունը դատարկ բան է։ Մանր գողություն, որի համար կարելի է դատապարտել ամենաշատը վեց ամիս բանտարկության։ Իսկ սպանությունը ― այ դա գործ է, և, ինչպես տեսնում եք, ես արդեն ձեռքիս բռնել եմ բոլոր թելերը։
― Իսկ այսուհետև ի՞նչ եք մտադիր անելու։
― Հասարակ մի բան։ Ես Հիլլի հետ կգնամ իտալական թաղամասը, մենք կգտնենք այն մարդուն, որը պատկերված է լուսանկարում, և ես նրան կձերբակալեմ, մեղադրելով սպանության մեջ։ Ուզո՞ւմ եք մեզ հետ գալ։
― Հազիվ թե։ Հավանական է, ոչ։ Ինձ թվում է, մենք հաջողության կհասնենք ավելի հասարակ միջոցով։ Երաշխավորել չեմ կարող, քանի որ այդ կախված է․․․ Մի խոսքով, դա կախված է մի հանգամանքից, որը մեր իրավասության տակ չէ։ Այսպես, հուսով եմ, որ եթե դուք այս գիշեր ինձ հետ գաք, մենք կբանտարկենք նրան։
― Իտալական թաղամասո՞ւմ։
― Ո՛չ։ Իմ կարծիքով ավելի ճիշտ կլինի փնտրել նրան Չիզիկում։ Եթե դուք, Լեստրեյդ, այսօր գիշեր գաք ինձ հետ Չիզիկ, ես խոստանում եմ վաղը ձեզ հետ միասին ուղևորվել իտալական թաղամասը։ Այդ հետաձգումը ոչ մի վնաս չի բերի։ Իսկ այժմ անհրաժեշտ է մի քիչ քնել, որովհետև ժամը տասնմեկից շուտ դուրս գալը միտք չունի, իսկ վերադառնալ ըստ երևույթին մեզ կհաջողվի միայն առավոտյան։ Իսկ դուք, Ուոտսըն, զանգահարեք և կանչեցեք փոստատարին․ ինձ անհրաժեշտ է շտապ մի նամակ ուղարկել։
Հոլմսը երեկոն անցկացրեց հին լրագրերի կույտերը քրքրելով, որոնցով լեփ լեցուն էր մեր խորթանոցներից մեկը։ Երբ Հոլմսը վերջապես դուրս եկավ խորթանոցից, նրա աչքերը փայլում էին հաղթանակով, բայց նա մեզ ոչինչ չասաց իր որոնումների արդյունքների մասին։ Ես արդեն այնքան էի ուսումնասիրել իմ բարեկամի մեթոդները, որ նույնիսկ չիմանալով նրա մտադրությունները ամբողջապես կռահում էի, թե ինչպես է նա նախատեսում բռնել հանցագործին։ Այդ տարօրինակ հանցագործը այժմ կփորձի ոչնչացնել մնացած երկու կիսանդրիները, որոնցից մեկը, ինչպես ես հիշեցի, գտնվում է Չիզիկում։ Անկասկած, մեր գիշերային արշավանքի նպատակն էր՝ բռնել նրան հանցագործության վայրում։ Ես չէի կարող չհրճվել իմ բարեկամի խորամանկությամբ, որը դիտավորյալ կերպով երեկոյան թերթում հաղորդեց միանգամայն կեղծ ենթադրություններ, հանցագործին համոզելու համար, որ նա կարող է գործել առանց որևէ ռիսկի։ Եվ չզարմացա, երբ Հոլմսը խորհուրդ տվեց ինձ վերցնել ատրճանակը։ Նա ինքը վերցրեց իր սիրելի զենքը՝ որսորդական մտրակը, որի կոթը լցված էր կապարով։
Ժամը տասնմեկին մեր դռան մոտ կանգնեց կառքը։ Հասմերոմիտյան կամրջով մենք անցանք Թեմզայի հակառակ ափը։ Կառապանին կարգադրվեց այստեղ սպասել։ Մենք գնացինք ոտքով և շուտով դուրս եկանք մի ամայի ճանապարհ, որը շրջապատված էր շքեղ տնակներով։ Յուրաքանչյուր տնակ գտնվում էր մի փոքրիկ պարտեզի մեջ։ Փողոցային լույսի լապտերի տակ նրանց դարբասներից մեկի վրա մենք կարդացինք հետևյալ մակագրությունը ― «Վիլա Լաբուրնում»։ Ըստ երևույթին տան բնակիչները արդեն քնած էին, քանի որ նա ամբողջապես սուզված էր խավարի մեջ, և միայն մուտքի վերևի կլոր լուսամուտն էր, որ փայլում էր աղոտ կերպով, պարտեզի փոքրիկ արահետի վրա սփռելով լույսի մի հետք։ Մենք դարբասից ներս մտանք և թաքնվեցինք պարտեզը ճանապարհից բաժանող փայտե ցանկապատի ստվերում։
Ալդտեղ մեր սպասելը երկար չտևեց և վերջացավ ամենաանակնկալ և տարօրինակ ձևով։ Հանկարծակի, առանց որևէ նախազգուշացման, պարտեզի դռնակը կրկնկի վրա բացվեց, և մի ճկուն ու մութ կերպարանք, կապկի նման արագաշարժ ու սրընթաց անցավ պարտեզի արահետով։ Մենք տեսանք, թե նա ինչպես փայլեց պատուհանից ընկած լույսի ճառագայթների տակ, և անհետացավ մութ ստվերում։ Տիրեց երկար լռություն, որի ընթացքում մենք կանգնած էինք՝ շունչներս պահած։ Ի վերջո մեր ականջին հասավ մի թույլ ճռռոց, դա լայնորեն բացվող լուսամուտի ձայնն էր։ Հետո նորից տիրեց լռություն։ Հանցագործը շրջում էր տան մեջ։ Հանկարծ մենք տեսանք, թե ինչպես սենյակում վառվեց նրա գաղտնալապտերը։ Այն, ինչը փնտրում էր նա, ըստ երևույթին այնտեղ չէր, քանի որ մի րոպեից հետո լույսը տեղափոխվեց մյուս սենյակը։
― Գնանք բաց լուսամուտի մոտ։ Մենք նրան կբռնենք դուրս թռչելու պահին, ― շշնջաց Լեստրեյդը։
Բայց մինչև մեր տեղից շարժվելը, հանցագործը դուրս թռավ լուսամուտից։ Նա լույսի շողերի տակ կանգ առավ, ինչ֊որ սպիտակ բան բռնած թևի տակ, ապա գողեգող նայեց շուրջը։ Ամայի փողոցի լռությունը հանգստացրեց նրան։ Թիկունքով շրջվելով դեպի մեզ, նա իր բեռը դրեց գետնին, և մի ակնթարթից հետո մենք լսեցինք ուժեղ հարվածի ձայն, իսկ այնուհետև թխկթխկոց և ճրթճրթոց։ Նա այնքան էր տարվել իր գործով, որ չլսեց մեր գողեգող քայլերի ձայնը։ Հոլսմը վագրի նման ցատկեց նրա մեջքին, իսկ մենք Լեստրեյդի հետ բռնեցինք նրա ձեռքերը և ձեռնակալներ հագցրինք։ Երբ նա շրջվեց, ես տեսա մի այլանդակ դեմք, զայրույթից գունատ և ծամածռված, և համոզվեցի, որ դա իսկապես այն մարդն է, որի լուսանկարը տեսել եմ ես։
Բայց գերու վրա չէր, որ Հոլմսը սևեռել էր իր ամբողջ ուշադրությունը։ Նա մեծ ուշադրությամբ հետազոտեց այն, ինչ մեր գերին դուրս էր բերել տնից։ Դա Նապոլեոնի փշուր֊փշուր եղած կիսանդրին էր, միանգամայն նույնը, ինչպիսին մենք տեսել էինք այսօր առավոտյան։ Հոլմսը հերթով լույսին էր մոտեցնում յուրաքանչյուր բեկորը, բաց չթողնելով ոչ մեկը, բայց նրանք բոլորն էլ ոչնչով չէին տարբերվում գիպսի մյուս ջարդված կտորներից։ Հազիվ էր նա վերջացրել իր հետազոտությունը, երբ դուռը բացվեց և մեր առաջ կանգնեց տան տերը՝ մի բարեհոգի, լիքը֊լիքը տղամարդ, վերնաշապիով և վարտիքով։
― Միստր Ջոզայա Բրաո՞ւն, եթե չեմ սխալվում, ― ասաց Հոլմսը։
― Այո՛, սը՛ր։ Իսկ դուք անկասկած, միստր Շերլոկ Հո՞լմսն եք։ Փոստատարը ինձ բերեց ձեր գրությունը, և ես վարվեցի այնպես, ինչպես խորհուրդ էիք տվել դուք։ Մենք փակեցինք բոլոր դռները և սպասում էինք, թե ինչ է լինելու։ Ուրախ եմ, որ սրիկան չկարողացավ ձեր ձեռքից փախչել։ Համեցեք տուն, ջենտլմեններ, խմեք նախքան ճանապարհ ընկնելը։
Բայց Լեստրեյդը ուզում էր որքան հնարավոր է շուտ փոխադրել գերուն ապահով ապաստարան, և մի քանի րոպեից հետո կեբը մեզ չորսիս արդեն տանում էր Լոնդոն։ Գերին ոչ մի բառ չարտասանեց․ գլխին դիզված գանգուր մազերի տակից նա զայրույթով նայում էր մեզ։
Ոստիկանական բաժանմունքում մանրակրկիտ կերպով խուզարկեցին նրան, բայց ոչինչ չգտան, բացի մի քանի շիլլինգից և երկար դաշույնից, որի դաստակի վրա հայտնաբերվեցին արյան հետքեր։
― Ամեն ինչ պարզ է, ― ասաց Լեստրեյդը, հրաժեշտ տալով մեզ։ ― Հիլլը գիտե այդ մարդկանց և առանց դժվարության կորոշի նրա ով լինելը։ Կտեսնեք, իմ տեսությունը ամբողջապես կհաստատվի։ Այնուամենայնիվ, ես շատ շնորհակալ եմ ձեզանից, միստր Հոլմս, այն բանի համար, որ դուք այդքան վարպետորեն կազմակերպեցիք հանցագործի թակարդ ընկնելը։ Ես մինչև այժմ էլ լրիվ չեմ հասկանում, ինչպե՞ս ձեր գլխում ծագեց այդ միտքը։
― Ինձ թվում է, այս ուշ ժամին կարիք չկա զբաղվելու բացատրություններով, ― ասաց Հոլմսը։ ― Բացի դրանից, մի քանի մանրամասնություններ դեռ ոչ լիովին են պարզաբանված, իսկ դա այն գործերից է, որն անհրաժեշտ է հասցնել մինչև վերջը։ Եթե վաղը ժամը վեցին դուք անցնեք ինձ մոտ, ես ձեզ կապացուցեմ, որ նույնիսկ այժմ էլ մենք դեռ լիովին չենք հասկանում այդ յուրօրինակ գործի իսկական նշանակությունը։
Հաջորդ երեկոյան այցելելով մեզ, Լեստրեյդը հայտնեց այն ամենը, ինչ հաջողվել էր պարզել բանտարկյալի անձի վերաբերյալ։ Նրա ազգանունը հայտնի չէ, իսկ անունը Բեպպո է։ Դա ամենահանդուգն դատարկապորտն է ամբողջ իտալական գաղութում։ Մի ժամանակ եղել է հմուտ քանդակագործ, բայց հետո ճանապարհից շեղվել է և երկու անգամ բանտ է ընկել․ մի անգամ՝ մանր գողության, մյուս անգամ՝ իր հայրենակցին վերք հասցնելու համար։ Անգլերեն նա խոսում է սքանչելի։ Մինչև այժմ էլ պարզված չէ, թե ինչ նպատակով էր նա ջարդում կիսանդրիները, իսկ նա համառորեն հրաժարվում է պատասխան տալ այդ հարցին։ Բայց ոստիկանությանը հաջողվեց պարզել, որ նա ինքը գիտե պատրաստել կիսանդրիներ, և որ ինքն է պատրաստել դրանք, Հելդըրի և ընկերության արհեստանոցում աշխատելիս։
Այդ բոլոր տեղեկությունները, որոնց մեծ մասը մեզ արդեն հայտնի էր, Հոլմսը լսեց բարեկիրթ ուշադրությամբ, բայց ես, որ Հոլմսին լավ եմ ճանաչում, նկատեցի, որ նրա մտքերը զբաղված են ինչ֊որ մի այլ բանով, և բարեկամիս հագած դիմակի միջից ես տեսնում էի, որ նա ին֊որ բանի է սպասում, և տագնապվում է ինչ֊որ մի բանի մասին։ Վերջապես նա վեր թռավ աթոռից, նրա աչքերը փայլեցին։ Զանգը հնչեց։ Մի րոպեից հետո մենք լսեցինք ոտնաձայներ, և սենյակ մտավ տարիքավոր, կարմրադեմ, ալեհեր այտամորուսով մի մարդ։ Նա իր աջ ձեռքում բռնել էր հնաձև մի փոքրիկ ճամպրուկ։ Մտնելով ներս նա այն դրեց սեղանին։
― Կարելի՞ է տեսնել միստր Շերլոկ Հոլմսին։
Իմ բարեկամը ողջունեց, և նրա դեմքին ժպիտ երևաց։
― Եթե չեմ սխալվում, միստր Սենդֆո՞րդն եք, Ռեդինգից, ― ասաց նա։
― Այո՛, սըր։ Կարծեմ ես մի քիչ ուշացա, բայց գնացքի չվացուցակը այնքան անհարմար է կազմված․․․ Դուք գրել էիք ինձ մոտ եղած կիսանդրու մասին։
― Միանգամայն ճիշտ է։
― Ես ձեր նամակը բերել եմ ինձ հետ։ Դուք գրում եք․ «Ցանկանալով ձեռք բերել Դևինի կերտած Նապոլեոնի կիսանդրուց մի կաղապար, ես պատրաստ եմ վճարել տասը ֆունտ այն կաղապարի համար, որը պատկաննում է ձեզ»։ Այդպե՞ս է։
― Այդպես է։
― Ձեր նամակը ինձ շատ զարմացրեց, որովհետև ես չկարողացա գլխի ընկնել, թե դուք ինչպես իմացաք, որ այդ կիսանդրին գտնվում է ինձ մոտ։
― Մինչդեռ այդ ամենը բացատրվում է շատ պարզ։ Հարդինգ եղբայրներ առևտրական տան սեփականատեր միստր Հարդինգն ինձ ասաց, որ ձեզ է վաճառել այդ կիսանդրու վերջին պատճեն, և հայտնեց ձեր հասցեն։
― Հասկանում եմ։ Իսկ նա ձեզ ասա՞ց, թե ինչքան եմ նրան վճարել այդ կիսանդրու համար։
― Ո՛չ, չի ասել։
― Ես ազնիվ մարդ եմ, թեև ոչ այնքան հարուստ։ Ես այդ կիսանդրու համար վճարել եմ միայն տասնհինգ շիլլինգ, և մինչև ձեզանից տասը ֆունտ ստանալը ուզում եմ այդ մասին ձեզ տեղյակ պահել։
― Այդպիսի մանրակրկիտությունը պատիվ է բերում ձեզ, միստր Սենդֆորդ։ Բայց ես ինքս եմ ասել այդ գինը և մտադրություն չունեմ հրաժարվելու նրանից։
― Դա ձեր կողմից մեծ ազնվություն է, միստր Հոլմս։ Ես, համաձայն եմ ձեր խնդրանքին, կիսանդրին բերել եմ ինձ հետ։ Ահա այն։
Նա բացեց ճամպրուկը, և վերջապես մենք մեզ մոտ, սեղանի վրա, տեսանք ամբողջական ձևով այն կիսանդրին, որը մինչև այժմ մեզ հաջողվել էր տեսնել միայն բեկորներով։
― Հոլմսը գրպանից հանեց թղթի մի թերթ և սեղանի վրա դրեց տասը ֆունտանոց մի վարկատոմս։
― Միստր Սենֆորդ, բարի եղեք ստորագրել այդ թուղթը, ահա այս վկաների ներկայությամբ։ Այստեղ ասված է, որ դուք ինձ զիջում եք այն բոլոր իրավունքները, որոնք բխում եմ այդ կիսանդրու տերը լինելուց։ Ինչպես տեսնում եք, ես շրջահայաց մարդ եմ։ Նախապես երբեք չի կարելի իմանալ, թե հետագայում ինչպես կդասավորվեն հանգամանքները․․․ Շնորհակալություն, միստր Սենդֆորդ։ Ահա ձեր փողերը։ Ցանկանում եմ ձեզ հաջողություն։
Երբ մեր այցելուն հեռացավ, Շերլոկ Հոլմսը դարձյալ զարմացրեց մեզ։ Նա սկսեց այն բանից, որ կոմոդից հանեց սպիտակ, մաքուր մի սփռոց և նրանով ծածկեց սեղանը։ Ապա հենց նոր գնած կիսանդրին դրեց սփռոցի ուղիղ կենտրոնում։ Հետո նա բարձրացրեց իր որսորդական մտրակը և նրա ծանր կոթով հարվածեց Նապոլեոնի գագաթին։ Կիսանդրին փշուր֊փշուր եղավ, և Հոլմսը ուշի֊ուշով դիտեց նրա ամեն մի կտորը։ Վերջապես հաղթական ճիչով նա մեզ մեկնեց մի բեկոր, որի մեջ մի կլոր, սևավուն բան էր գտնվում՝ նման պուդինգի մեջ եղած չամչի։
― Ջենտլմեններ, ― բացականչեց նա։ ― Թույլ տվեք ներկայացնել ձեզ Բորջիաների[1] հայտնի սև մարգարիտը։
Ես և Լեստրեյդը լուռ էինք․ բայց հետո, հանկարծակի պոռթկումով բռնկված, սկսեցինք ծափահարել, ինչպես ծափահարում են դրամայի հաջող վերջանալու պահին։ Հոլմսի գունատ այտերը շիկնեցին, և նա մեզ գլուխ տվեց, ինչպես հանդիսատեսների ծափահարությամբ բեմ կանչված դրամատուրգը։
― Այո՛, ջենտլմեններ, ― ասաց նա, ― սա ամենահայտնի մարգարիտն է ամբողջ աշխարհում, և, բարեբախտաբար, մտորումների միջոցով ինձ հաջողվեց հետևել նրա ճակատագրին, «Դակր» հյուրանոցի իշխան Կոլոննայի ննջարանից, որտեղ նա կորել էր, մինչև Ստեպնիում գտնվող Հելդըրի և ընկերության արհեստանոցում պատրաստված վեց կիսանդրիներից ամենավերջինի մեջն ընկնելը։
Դուք, իհարկե, հիշում եք, Լեստրեյդ, այդ թանկարժեք քարի՝ սենսացիոն անհայտացումը և Լոնդոնի ոստիկանության անարդյունք որոնումները՝ այն գտնելու համար։ Ոստիկանությունը դիմեց նույնիսկ իմ օգնությանը, բայց ես նույնպես անզոր գտնվեցի։ Կասկածներն ընկնում էին իշխանուհու աղախնի վրա, որը ծագումով իտալուհի էր։ Բոլորին էլ հայտնի էր, որ այդ աղախինը եղբայր ունի Լոնդոնում, բայց նրանց միջև ոչ մի կապ չհաջողվեց հաստատել։ Աղախնի անունն էր Լուկրեցիա Վենուչչի, և ես չեմ կասկածում, որ Պյետրոն, որին սպանել են երկու օր առաջ, նրա եղբայրն էր։ Ես նայեցի հին թերթերը և հայտնաբերեցի, որ մարգարիտը անհայտացել է Բեպպոյի բանտարկությունից երկու օր առաջ։ Իսկ Բեպպոն բանտարկվել է Հելդըրի և ընկերության արհեստանոցում ճիշտ այն ժամանակ, երբ այնտեղ պատրաստվում էին այդ կիսանդրիները։
Այժմ ձեզ համար պարզ է դեպքերի հերթականությունը։ Մարգարիտը եղել է Բեպպոյի մոտ։ Հնարավոր է, որ նա գողացել է Պյետրոյից, հնարավոր է, նա ինքը գործակցել է Պյետրոյին․ հնարավոր է, որ նա միջնորդ է եղել Պյետրոյի և նրա քրոջ միջև։ Էապես մեզ համար կարևոր չէ, թե այդ ենթադրություններից որն է ճիշտ։ Մեզ համար կարևորն այն է, որ մարգարիտը եղել է նրա մոտ ճիշտ այն ժամանակ, երբ ոստիկանությունը հետապնդում էր նրան։
Նա վազելով մտել է արհեստանոցը, որտեղ աշխատում էր։ Նա գիտեր, որ իր տրամադրության տակ ընդամենը մի քանի րոպե է մնում այն բանի համար, որպեսզի թաքցնի իր արտասովոր արժեք ունեցող ավարը, որն անպայման կգտնեն, եթե խուզարկեն նրան։ Նապոլեոնի վեց կիսանդրիները չորանալիս են եղել միջանցքում։ Նրանցից մեկը եղել է դեռ ամբողջապես փափուկ։ Բեպպոն, որ հմուտ աշխատող էր, խոնավ գիպսի վրա վայրկենապես բացել է մի անցք, այնտեղ է դրել մարգարիտը և հարդարելով՝ կիսանդրուն տվել է իր նախկին տեսքը։ Դա հիանալի պահարան էր․ մարգարիտն այնտեղ անհնար էր գտնել, բայց Բեպպոյին դատապարտեցին մի տարի բանտարկության, իսկ այդ ժամանակամիջոցում բոլոր վեց կիսանդրիներն էլ վաճառվեցին Լոնդոնի տարբեր ծայրամասերում։ Նա չէր կարող իմանալ, թե նրանցից որի մեջ է գտնվում իր գանձը։ Մարգարիտը նա կարող էր գտնել միայն այն դեպքում, եթե ջարդեր բոլոր կիսանդրիները։ Այնուամենայնիվ, Բեպպոն չի հուսահատվել։ Ոգևորված և հետևողականորեն նա ձեռնամուխ է եղել որոնումների։ Հելդըրի մոտ աշխատող իր հորեղբոր տղայի օգնությամբ նա իմացել է, թե որ ֆիրմաներին են վաճառվել այդ կիսանդրիները։ Նրան հաջողվել է Մորզ Հեդսընի մոտ աշխատանք ստանալ, և հետևել է, թե ո՞ւր են տանում երեք կիսանդրինեը։ Այդ երեքի մեջ մարգարիտը չի գտնվել։ Իր ազգականների օգնությամբ նա հետախուզել և իմացել է, թե ում են վաճառել մնացած երեք կիսանդրիները։ Նրանցից առաջինը գտնվել է Հարկըրի մոտ։ Այդ ժամանակ Բեպպոյին հետևել է իր համագործակիցը, որը նրան մարգարիտի կորստյան հանցավորն է համարել, և նրանց միջև կռիվ ու վեճ է ծագել։
― Եթե Պյետրոն եղել է նրա գործակիցը, հապա ինչո՞ւ է իր մոտ պահել նրա լուսանկարը, ― հարցրի ես։
― Որպեսզի հնարավոր լիներ նրա մասին հարցուփորձ անել կողմնակի անձանց, դա ամենահավանական ենթադրությունն է։ Մի խոսքով, ես եկա այն համոզմունքին, որ սպանությունից հետո Բեպպոն ոչ միայն չի հետաձգի, այլ, ընդհակառակը, կարագացնի իր որոնումները։ Նա կաշխատի ոստիկանությունից առաջ ընկնել, վախենալով, չլինի թե վերջինս տեղեկանա իր գաղտնիքի մասին։ Իհարկե, ես չէի կարող հաստատել, թե նա Հարկըրին պատկանող կիսանդրու մեջ չի գտել մարգարիտը։ Ես նույնիսկ հաստատ չգիտեի, որ դա իսկապես մարգարիտ է, բայց ինձ համար պարզ էր, որ նա ինչ֊որ բան է որոնում, քանի որ հափշտակած կիսանդրիները ջարդում էր միայն այն տեղերում, որտեղ լույս կա։ Հարկըրի մոտի կիսանդրին երեքից մեկն էր, և հետևաբար, շանսերը դասավորված էին ճիշտ այնպես, ինչպես ես ձեզ ասացի։ Շանսերից մեկը, դեմ էր, իսկ երկուսը՝ կողմ։ Մնացել էին երկու կիսանդրի, և պարզ էր, որ նա կսկսի այն մեկից, որը գտնվում է Լոնդոնում։ Ես նախազգուշացրի տան բնակիչներին, որպեսզի նրանք խուսափեն երկրորդ ողբերգությունից, և մենք հասանք փայլուն արդյունքների։ Այդ ժամանակ ես արդեն հաստատ գիտեի, որ մենք գնում ենք Բորջիաների մարգարտի հետքերով։ Սպանվածի անունը բոլոր փաստերը կապեց միմյանց հետ։ Մնում էր ընդամենը մի կիսանդրի․ այն, որը գտնվում էր Ռեդինգում, և մարգարիտը կարող էր լինել միայն նրա մեջ։ Ես ձեր ներկայությամբ գնեցի այդ կիսանդրին։ Եվ ահա մարգարիտը։
Մենք մի քանի վայրկյան լուռ էինք։
― Այո՛, ― ասաց Լեստրեյդը, ― շատ անգամ եմ համոզվել ձեր արտասովոր ունակությունների մեջ, միստր Հոլմս, բայց այդպիսի վարպետության ես դեռ երբեք չէի հանդիպել։
― Շնորհակալ եմ, ― ասաց Հոլմսը։ ― Շնորհակալ եմ։
- ↑ Բորջիա ― հարուստ և նշանավոր տոհմ, որը Իտալիայի պատմության մեջ աչքի ընկնող դեր է կատարել։