Տոն, որը միշտ քեզ հետ է

Գրապահարան-ից
Տոն, որը միշտ քեզ հետ է

հեղինակ՝ Էռնեստ Հեմինգուեյ
թարգմանիչ՝ Ռաֆայել Ավագյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Տոն, որը միշտ քեզ հետ է»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում

Եթե բախտդ բանել է, եւ ջահել օրերիդ ապրել ես Փարիզում, ապա հետագայում որտեղ էլ լինես, այդ քաղաքը մինչեւ քո օրերի վերջը քեզ հետ կլինի, որովհետեւ Փարիզը մի տոն է, որը միշտ քեզ հետ է։

(էռնհստ Հեմինգուեյի՝ իր բարեկամին գրած նամակից. 1950 թ.)

Նախաբան

Շատ վայրեր, մարդիկ, դիտումներ ու տպավորություններ, հեղինակի համար բոլորովին համոզիչ պատճառներով, չեն մտել այս գրքի մեջ։ Դրանցից մի քանիսը պետք է գաղտնի մնան, իսկ մնացածները հայտնի են ամենքին, բոլորն էլ գրել են դրանց մասին եւ, անշուշտ, դեռ էլի կգրեն։

Այստեղ ոչինչ չի ասվում «Անաստազի» ստադիոնի մասին, ուր բռնցքամարտիկներն աշխատում էին որպես մատուցողներ, իսկ սեղանները դրված էին ծառերի տակ, եւ ռինգը գտնվում էր այգում։ Ոչինչ չի ասվում ո՛չ Լարի Հայնսի հետ իմ մարզումների, ո՛չ Ձմեռային կրկեսում քսան ռաունդանոց նշանավոր մրցումների, ո՛չ էլ այնպիսի մոտ բարեկամներիս մասին, ինչպիսիք են Չառլի Սոլինին, Բիլ Բեռդը եւ Մայք Ստրեյտերը կամ Անդրե Մասոնն ու Միրոն։ Ոչինչ չի ասվում ո՛չ Շվարցվալդ կատարած մեր ճանապարհորդությունների, ոչ էլ Փարիզի շրջակայքի սիրելի անտառներում մեկօրյա զբոսանքների մասին։ Շատ լավ կլիներ, եթե այս ամենը մտներ գրքիս մեջ, բայց առայժմ հարկ կլինի բավարարվել այսքանով։

Եթե ընթերցողը ցանկանում է, կարող է այս գրրքը վեպ համարել։ Բայց չէ՞ որ հորինվածքն էլ կարող է մի քիչ լուս սփռել այն ամենի վրա, ինչի մասին գրված է որպես իրական փաստերի։

Սան֊Ֆրանցիսկո֊դե֊Պաուլա, Կուբա 1960 թ.

Էռնեստ Հեմինգուեյ


Սեն֊Միշել հրապարակի փառավոր սրճարանը

Իսկ հետո եղանակը փչացավ։ Այն փոխվեց մեկ օրում, եւ աշունը վերջացավ։ Անձրեւի պատճառով մենք պատուհանները փակ էինք պահում, իսկ սառը քամին Կոնտրեսկարպի հրապարակում ծառերից տերեւներ էր պոկում։ Տերեւներն ընկած էին անձրեւից թրջված, եւ քամին վերջին կանգառում անձրեւ էր շպրտում մեծ, կանաչագույն ավտոբուսի մեջ, իսկ «Սիրողների համար» սրճարանը լեփ-լեցուն էր, եւ պատուհանները ներսից քրտնել էին տաքությունից ու ծխախոտի ծխից։ Դա վատ համբավ ունեցող մի մռայլ սրճարան էր, որտեղ հավաքվում էին ամբողջ թաղամասի հարբեցողները, եւ ես այնտեղ չէի գնում այն պատճառով, որ քրտինքի ու թթված գինու հոտ էր գալիս։ «Սիրողների համար» սրճարանի մշտական հաճախորդները տղամարդիկ ու կանայք, միշտ հարբած էին, ավելի ճիշտ, խմում էին այնքան ժամանակ, քանի դեռ փող ունեին, իսկ նրանք ավելի շատ գինի էին խմում, որ գնում էին կեսական կամ մեկական լիտրը։ Այնտեղ ռեկլամվում էին արտասովոր անուն ունեցող բազմաթիվ ըմպելիքներ, բայց շատ քչերը հնարավորություն ունեին խմելու եւ եթե խմում էին, ապա միայն որպես սկիզբ ավելի շուտ հարբելու համար։ Հարբեցող կանանց անվանում էին poivrottes, որ նշանակում է «ալկոհոլիկուհիներ»։

«Սիրողների համար» սրճարանր Մուֆտար փողոցի կոյանոցն էր, բազմամարդ, նեղ, առեւտրական մի հրաշալի փողոց, որ տանում է դեպի Կոնտրեսկարպի հրապարակը։ Բնակելի հին տների յուրաքանչյուր հարկում, աստիճանների մոտ, կային առանց նստատեղի զուգարաններ՝ անցքի երկու կողմից ցեմենտե ոտնատեղերով, որպեսզի locataire֊ն (բնակիչը)չսայթաքի։ Այդ զուգարանները միացված էին աղբահորերին, որոնց պարունակությունը գիշերը դատարկում Էին աղբահան տակառներով։ Ամառը, երբ պատուհանները բաց են, լսվում էր աշխատող պոմպերի աղմուկը, եւ ուժեղ գարշահոտություն էր տարածվում։ Տակառները ներկված էին դարչնա-դեղնագույն եւ լուսնի լույսի տակ, երբ ձիերը դրանք տանում էին կարդինալ Լեմոլանի փողոցով, հիշեցնում էին որակի նկարները։ Բայց ոչ ոք չէր դատարկում «Սիրողների համար» սրճարանի պարունակությունը, եւ հասարակական վայրերում հարբեցողության համար օրենքով նախատեսվող պատժի միջոցների մասին խունացած, ճանճերի հետքերից կեղտոտված հայտարարությունները նույնքան ուշադրության էին արժանանում, որքան մշտական այցելուները, որոնցից վատ հոտ էր գալիս։

Ձմեռային առաջին սառը անձրեւների հետ հանկարծ դուրս հորդեց մեծ քաղաքի ամբողջ թախիծը, եւ այլեւս չէին երեւում գորշ մշուշով լցված փողոցների բարձր, սպիտակ տների վերին հարկերը, տեսանելի էին միայն փոքրիկ խանութների, դեղատների, գրենական պիտույքների ու թերթերի տաղավարների փակ դռները, էժանագին մանկաբարձուհու եւ այն հյուրանոցի ցուցանակը, որտեղ վախճանվել է Վեռլենը։ Այնտեղ ամենավերին հարկում իմ սենյակն էր, ուր աշխատում էի։

Վեց, թե ութ միջնասանդուղք տանում էր վերնահարկ։ Այնտեղ շատ ցուրտ էր, եւ ես գիտեի, թե որքան թանկ արժե մի խտիտ ցախը, կես մատիտի երկարություն ունեցող սոճու տաշեղների երկաթաթելով փաթաթված երեք խրձիկը, որ կպչան էր ծառայում թաց ծղանների համար, որ ես ստիպված էի դնել, որպեսզի կրակ վառեմ ու տաքացնեմ սենյակը։ Այդ պատճառով ես անձրեւի տակ դուրս եկա փողոցի մյուս կողմը, որպեսզի նայեմ կտուրին ու տեսնեմ, թե որեւէ խողովակից ծուխ չի բարձրանում եւ կամ ինչպե՞ս է բարձրանում։ Բայց ծուխ չէր ելնում, եւ ես որոշեցի, որ խողովակներրը հավանաբար սառել են. լավ չեն քաշի, ու սենյակը կլցվի ծխով, փայտը անտեղի կվառվի, նրա հետ մեկտեղ կվառվի նաեւ փողը, եւ ես քայլեցի անձրեւի տակ։ Ծածկ փնտրելու համար ես անցա Հենրիկ Չորրորդի լիցեյի, Սենտ֊Էտիեն֊դյու֊Մոնի հինավուրց եկեղեցու մոտով, կտրեցի հողմահար Պանթեոնի հրապարակը, ձախ թեքվեցի, դուրս եկա Սեն֊Միշել բուլվարի քամահարվող կողմը եւ անցնելով Կլյոլնիի ու Ս են֊Ժերմեն բուլվարի կողքով, վերջապես հասա Սեն֊Միշել հրապարակի ինձ լավ հայտնի փառավոր սրճարանը։

Դա մի հաճելի սրճարան էր հարմարավետ, մաքուր ու տաք։ Ես իմ հին անձրեւանոցը փռեցի, որ չորանա, ինչեր ասես չտեսած ֆետրե գլխարկս կախեցի նստարանի դեմի կեռիկից եւ պատվիրեցի cafe au lait (կաթով սուրճ)։ Մատուցողը սուրճ բերեց, եւ ես բաճկոնիս գրպանից ծոցատետր ու մատիտ հանեցի եւ սկսեցի գրել։ Ես գրում էի, թե ինչպիսին էր մեր Միչիգանը, եւ քանի որ շատ ցուրտ, հողմահար ու անհրապույր օր էր, այն հենց այդպիսին էլ ստացվեց պատմվածքում։ Ես ուշ աշունը արդեն տեսել եմ երեխայի, պատանու ու երիտասարդի աչքերով եւ գիտեի, որ այդ մասին կարելի է տարբեր ձեւով գրել, մի տեղ լավ, մի տեղ՝ վատ։ Հենց սա է, հավանաբար, փոխապատվաստումը, մտածում էի ես, եւ դա մարդկանց նույնքան անհրաժեշտ է, որքան եւ բույսերին։ Իմ պատմվածքում որսորդները խմում էին, եւ ես նույնպես ծարավ զգացի ու պատվիրեցի «սենտ-ջեյմս» ռոմ։ Այն ինձ բացառիկ հաճելի թվաց այդ ցուրտ օրը, եւ շարունակելով գրել, ես զգացի, թե ինչպես է Մարտինիկիի հիանալի ռոմը ջերմացնում իմ մարմինն ու հոգին։

Մի աղջիկ մտավ սրճարան եւ նստեց պատուհանի տակ դրված սեղանի մոտ։ Նա շատ լավիկն էր. նրա թարմ դեմքը փայլում էր ինչպես նոր դրամ, եթե միայն հնարավոր է փող կտրել անձրեւից թարմացած, փափուկ մաշկից։ Ագռավի թեւի նման սեւ մազերը ուղիղ անկյունով կտրում էին այտը։

Ես նայեցի նրան, եւ ինձ համակեց անհանգստությունն ու հուզմունքը։ Ես ցանկացա նրան նկարագրել այս պատմվածքում կամ մեկ ուրիշում, բայց նա այնպես էր նստել, որ գիտի փողոցն ու սրճարանի մուտքը, եւ ես հասկացա, որ սպասում է ինչ-որ մեկին։ Ես կրկին սկսեցի գրել։

Պատմվածքն ինքն իրեն էր ստացվում, եւ ես հազիվ էի հասցնում գրել։ Ես նորից ռոմ պատվիրեցի եւ երբ բարձրացնում էի գլուխս կամ սրում մատիտս, մերթ ընդ մերթ նայում էի աղջկան։ Ըմպանակի կողքին դրված ափսեի մեջ սրիչից թափվում էին փայտե տաշեղների բարակ օղակներ։

Ես տեսա քեզ, գեղեցկուհի, եւ այժմ դու, ում էլ սպասելիս լինես, ինձ ես պատկանում, եթե նույնիսկ քեզ այլեւս չտեսնեմ, մտածեցի ես։ Դու ինձ ես պատկանում, եւ ամբողջ Փարիզն է պատկանում ինձ, իսկ ես պատկանում եմ այս ծոցատետրին ու մատիտին։

Այնուհետեւ ես կրկին սկսեցի գրել եւ այնքան էի տարվել, որ մոռացա ամեն ինչ։ Այժմ պատմվածքն ինքն իրեն չէր ստացվում, այժմ ես էի գրում այն, առանց գլուխս բարձրացնելու, ժամանակը մոռացած, տեղը մոռացած։ Եվ ինձ համար արդեն «սենտ֊ջեյմս» ռոմը գոյություն չուներ։ Ինձ ձանձրացրել էր այդ ռոմը, թեեւ չէի մտածում նրա մասին։ Վերջապես պատմվածքը պատրաստ էր, եւ ես զգացի, որ շատ հոգնած եմ։ Ես վերընթերցեցի վերջին պարբերությունը, բարձրացրի գլուխս, հայացքով որոնեցի այն աղջկան, բայց նա արդեն գնացել էր։ Թերեւս լավ մարդու հետ գնաց, մտածեցի ես, բայց տխրեցի։

Ավարտելով պատմվածքը, ծոցատետրը փակեցի, դրեցի գրպանս եւ մատուցողին խնդրեցի բերել մի դյուժին portugaises (Պորտուգալական ― էժանագին ոստրեներ) ու կես գրաֆին սեղանի սպիտակ գինի։ Գրելուց հետո ես միշտ ինձ դատարկված եմ զգում, միշտ տխրում եմ եւ ուրախանում, ինչպես լինում է կնոջ հետ մերձենալուց հետո։ Ես վստահ էի, որ պատմվածքը շատ լավ է ստացվել, բայց թե որքան, կարող եմ իմանալ միայն հաջորդ օրը ընթերցելիս։

Երբ ես ոստրե էի ուտում, որից ծովի ուժեղ հոտ էր գալիս եւ մետաղի թեթեւակի համ, որը կորչում է սպիտակ, սառը գինուց, ու հետո բերանումդ մնում է լոկ ծովի հոտն ու հյութեղ ոստրեների զգացումը, եւ տտիպ գինու հետ կուլ էի տալիս յուրաքանչյուր խեցու սառը հյութը, չքացավ դատարկության այգ զգացողությունը, եւ ես ինձ երջանիկ զգացի ու սկսեցի ծրագրեր կազմել։

Այժմ, երբ անձրեւներն սկսվել են, մենք կարող ենք որոշ ժամանակով Փարիզից մեկնել այնտեղ, ուր ոչ թե անձրեւ, այլ ձյուն է թափվում սոճիների արանքից, ծածկում ճանապարհներն ու լեռնալանջերը, եւ որտեղ մեր ոտների տակ ձյունը կճքճքա, երբ մենք երեկոյան տուն վերադառնանք։ Լեզ– Ավան լեռան ստորոտում կա մի պանդոկ, որտեղ հրաշալի կերակրում են, որտեղ մենք երկուսով կլինենք եւ մեզ հետ գրքեր, իսկ գիշերները միասին տաք կլինի անկողնում, եւ բաց պատուհաններից կփայլեն աստղերը։ Ահա թե մենք ուր կգնանք։ Եթե երրորգ կարգի տոմս վերցնենք, էժան կնստի։ Իսկ պանդոկի համար ստիպված կլինենք մի քիչ ավել վճարել, քան ծախսում ենք Փարիզում :

Ես կհրաժարվեմ հյուրանոցի իմ համարից, որտեղ գրում եմ, եւ մեզ կմնա միայն գրոշներ վճարել կարդինալ Լեմուանի փողոցի N74 տան մեր բնակարանի համար։ Ես արդեն նյութ եմ ուղարկել Տորոնտո եւ պետք է հոնորար ստանամ։ Ես հոդվածներ կարող եմ գրել որտեղ էլ ուզեմ եւ բոլոր պայմաններում, իսկ ուղեւորության փող մենք ունենք։

Գուցե Փարիզից հեռու ես կարողանամ Փարիզի մասին գրել այնպես, ինչպես Փարիզում գրեցի Միչիգանի մասին։ Ես չէի հասկացել, որ դեռ դրա ժամանակը չի. ես դեռեւս լավ չգիտեի Փարիզը։ Բայց, ի վերջո, այդպես էլ ստացվեց։ Իսկ գնալը, մենք կգնանք, եթե կինս ցանկանա։ Ես վերջացրի ոստրեն ու գինին եւ վճարելով, բարձրացա ամենակարճ ճանապարհով դեպի տուն, սուրբ ժենեւայի բլրով, անձրեւի տակ, որը փչացնում էր միայն եղանակը, բայց ոչ կյանքը։

— Ես կարծում եմ դա հրաշալի կլինի, Տետի,— ասաց կինս։

Նա նուրբ դիմագծեր ուներ, եւ երբ մենք որեւէ որոշում էինք կայացնում, նրա աչքերը փայլում էին, դեմքին ժպիտ էր բռնկվում, կարծես թանկագին նվեր էին տվել նրան։

― Ե՞րբ ենք մեկնում։

— Երբ ուզես։

— Օ , ես հենց հիմա կուզեի։ Չէ որ դու գիտես։

— Գուցե, երբ մենք վերադառնանք, եղանակները պարզվեն։ Այստեղ շատ լավ է լինում պարզկա ցուրտ օրերին։

— Երեւի հենց այդպես էլ լինի,— ասաց նա,— ինչ լավն ես, որ մտածել ես այդ ուղեւորության մասին։

Միսս Ստայնը խրատում է

Երբ մենք Փարիզ վերադարձանք, օրը պարզ էր, սառն ու հրաշալի։ Քաղաքը պարտաստվում էր ձմռանը։ Մեր տան դիմաց, փայտի ու ածխի պահեստում, հիանալի փայտ էին ծախում, եւ բազմաթիվ լավ սրճարանների պատշգամբներում մանղալներ էին դրված։ Մեր բնակարանը տաք էր ու հարմարավետ։ Վառվող խանձողների վրա դնում էինք boulets՝ մամլած ածխափոշու ձվաձեւ սալիկներ, իսկ փողոցում լույս էր, ձմեռային լույս։ Արդեն սովորական էին դարձել մերկ ծառերը երկնքի ֆոնի վրա եւ զբոսանքները՝ Լյուքսեմբուրգյան այգու անձրեւից լվացված ծառուղիներում, երբ փչում էր խիստ, բայց զովաշունչ քամին։ Տերեւաթափ ծառերը կանգնել էին քանդակների նման, ձմեռային քամիներն ակոսում էին լճակների ջրերը, եւ շատրվաններն էին ցայտում արեւի տակ։ Այն օրերից ի վեր, երբ մենք երկար ճանապարհորդել էինք լեռներում, մեզ արդեն չէր վախեցնում ոչ մի տարածություն։

Լեռներում դժվարին վերելքներից հետո հաճելի էր քայլել դիք փողոցներով եւ բարձրանալ հյուրանոցի ամենավերին հարկը, այն սենյակը, ուր ես աշխատում էի․ այնտեղից երեւում էին բլրալանջին ծվարած տների կտուրներն ու ծխնելույզները։ Բուխարիկը լավ էր վառվում, եւ տաք սենյակում հաճելի էր աշխատել։ Ես թղթե ծրարների մեջ իմ սենյակն էի բերել մանդարին ու բոված շագանակ, եւ երբ քաղցած էի լինում, ուտում էի շագանակ ու մանդարինի չափ մանր նարինջ, կեղեւը նետում բուխարիկի մեջ։ Կորիզները եւս թքում էի այնտեղ։ Զբոսանքը, ցուրտն ու աշխատանքը միշտ գրգռում էին ախորժակս։ Իմ սենյակում պահում էի մի շիշ բալի թրմօղի, որ մենք լեռներից էինք բերել, եւ երբ ավարտում էի որեւէ պատմվածք կամ ցերեկվա աշխատանքս, մի գավաթ թրմօղի էի խմում։ Աշխատանքս ավարտելով, ծոցատետրս կամ թղթերս դնում էի սեղանի գզրոցում, իսկ մնացած նարինջները՝ գրպանս։ Եթե դրանք գիշերը թողնես սենյակում, կցրտահարվեն։

Հաճելի է իջնել լայն միջնասանդուղքներով, երբ գիտակցում ես, որ լավ աշխատել ես։ Ես միշտ աշխատել եմ այնքան երկար, մինչեւ որ հաջողվել է որեւէ բանի հասնել եւ միշտ աշխատանքս դադարեցրել եմ այն ժամանակ, երբ արդեն գիտեի, թե ինչ պիտի լինի հետո։ Այնուհետեւ ես արդեն վստահ եմ եղել, որ գրելու եմ նաեւ վաղը։ Բայց երբեմն նոր պատմվածք սկսելով եւ ոչ մի կերպ սիզբը չգտնելով, ես նստում էի բուխարիկի դիմաց, մանր նարինջների կեղեւի հյութը ցայտեցնում էի ուղիղ կրակին եւ դիտում բոցի կապույտ բռնկումները։ Կամ կանգնում էի պատուհանի մոտ, նայում Փարիզի տանիքներին ու մտածում՝ «Մի՛ անհանգստանա։ Դու առաջ էլ գրել ես, հիմա էլ կգրես։ Քո անելիքը ընդամենն այն է, որ գրես մի իսկական դարձվածք։ Ամենաիսկականը, որպիսին միայն դո՛ւ գիտես»։ Եվ վերջ ի վերջո ես գրում էի մի իսկական դարձվածք, իսկ դրա հետեւից գալիս էին մյուսները։ Դա հեշտ էր, որովհետեւ միշտ գտնվում էր մի իսկական դարձվածք, որը ես գիտեի կամ կարդացել էի, կամ լսել ուրիշից։ Իսկ եթե ես որոշ հեղինակների նման փորձում էի մանրազնին հղկել յուրաքանչյուր բառը, բացատրել ու պարզաբանել, ապա համոզվում էի, որ կարող եմ առանց ցավ զգալու պոկել բոլոր այդ զարդարանքները, դեն նետել, եւ պատմվածքը սկսել նախկինի պես, այն պարզ ու իսկական դարձվածքով, որով հենց սկսել էի։ Վերին հարկի իմ սենյակում ես որոշեցի մեկական պատմվածք գրել այն ամենի մասին, ինչ գիտեմ։ Գրելիս միշտ աշխատել եմ հետեւել դրան, եւ դա շատ կարգապահ է դարձրել ինձ։

Այդ սենյակում, դրանից բացի, ես սովորեցի աշխատանքս դադարեցնելու պահից մինչեւ հաջորդ օրվա այն րոպեն, երբ կրկին սկսում եմ գրել, չմտածել, թե ինչի մասին եմ գրում։ Այսպիսով, իմ ենթագիտակցությունը շարունակում էր աշխատել պատմվածքի ուղղությամբ․ ես լսում էի մյուս մարդկանց եւ հուսով էի, որ ամեն ինչ կնկատեմ, հուսով էի, որ ինչ֊որ նոր բանե կսովորեմ, եւ բացի այդ, կարդում էի, որպեսզի մոռանամ աշխատանքս եւ չկորցնեմ աշխատելու ընդունակությունս։ Շատ հաճելի է սանդուղքներով ներքեւ իջնել, երբ գիտես, որ լավ շախատել ես․ իսկ դրա համար ներշնչանք է պահանջվում, ինչպես եւ կարգապահություն։ Այժմ ես կարող եմ Փարիզում գնալ ուր ուզում եմ։

Աշխատանքից հետո ես տարբեր փողոցներով գնում էի Լյուքսեմբուրգյան այգի, զբոսնում էի այնտեղ, այնուհետեւ մտնում Լյուքսեմբուրգյան թանգարան, որտեղ կային հոյակապ կտավներ, որոնց մեծ մասը այժմ գտնվում է Լուվրում եւ «Գնդակ խաղալու դահլիճում»[1]։ Ես գրեթե ամեն օր այնտեղ էի գնում Սեզանի պատճառով, ինչպես նաեւ Մանեի ու Մոնեի եւ մյուս իմպեսիոնիստների կտավները դիտելու համար, որոնց առաջին անգամ ծանոթացել եմ Չիկագոյի արվեստի ինտիստուտում։ Սեզանի գեղանկարչությունը ինձ սովորեցնում էր, որ միայն իսկական պարզ դարձվածքները դեռեւս քիչ են պատմվածքին այնպիսի տարողություն ու խորություն հաղորդելու համար, որին ես ձգտում էի հասնել։

Ես նրանցից շատ բան եմ սովորել, բայց չեմ կարող պարզորոշ բացատրել՝ հատկապես ինչ։ Բացի այդ, դա գաղտնիք է։ Իսկ ամպամած օրերին, երբ Լյուքսեմբուրգյան թանգարանում մութ էր լինում, ես քայլում էի այգով եւ մտնում Ֆլերյուս փողոցի № 27 տան բնակարան֊ստուդիան, որտեղ ապրում էր Գերտրուդ Ստայնը։

Ես եւ կինս այցելեցինք միսս Ստայնին, որն ապրում էր իր բարեկամուհու հետ, եւ նրանք մեզ ընդունեցին բարեկամաբար ու շատ սրտագին։ Մեզ շատ դուր եկավ հիանալի կտավներով զարդարված ստուդիան։ Այն հիշեցնում էր ամենանշանավոր թանգարանների լավագույն սրահները, միայն թե այնտեղ դրված էր մի մեծ բուխարի, տաք էր ու հարմարավետ, եւ մեզ հյուրասիրում էին համեղ բաներ, թեյ էին տալիս, նաեւ կարմիր ու դեղին սալորի կամ անտառամորու բնական լիկյորներ։ Այդ բուրումնավետ, անգույն ըմպելիքները մատուցում էին բյուրեղապակյա սրվակներով, լցնում էին փոքրիկ գավաթների մեջ, եւ ինչպես էլ դրանք կոչվեն՝ quetsche, mirabelle կամ framboise, միեւնոյն է, ունեին այդ մրգերի համը, հաճելիորեն վառում էին լեզուդ, ե՛ւ ջերմացնում, ե՛ւ խոսելու ցանկություն առաջացնում։

Միսս Ստայնը խոշոր կին էր, ոչ այնքան բարձրահասակ, բայց գեղջկուհու նման հաստամարմին։ Նա գեղեցիկ աչքեր ուներ եւ գերմանական հրեուհու հաստատակամ դեմք, որպիսին կարող էր լինել նաեւ Ֆրիուլիի[2] բնակչուհու դեմքը, եւ ընդհանրապես, նա ինձ Հյուսիսային Իտալիայում ծնված գեղջկուհի էր հիշեցնում ե՛ւ իր հագուստով, ե՛ւ արտահայտիչ, շարժուն դեմքով, ե՛ւ գեղեցիկ, փարթամ, անհնազանդ մազերով, որ նա, երեւի դեռեւս կոլեջում, ծամ է հյուսել ու փաթաթել գլխին։ Նա անընդհատ խոսում էր եւ սկզբից պատմեց զանազան մարդկանց ու երկրների մասին։

Նրա ընկերուհին հաճելի ձայն ուներ, փոքրահասակ էր, թխադեմ, Բուտտե դե Մոնվելի նկարած Ժաննա դʼԱրկի մազերով եւ կեռ քթով։ Երբ մենք ներս մտանք, նա ինչ֊որ բան էր ասեղնագործում եւ շարունակելով ասեղնագործել, սկսեց հյուրասիրել մեզ ու, դրանից բացի՝ կնոջս զբաղեցնել զրույցով։ Նա խոսում էր կնոջս հետ, լսում, թե մենք ինչ ենք խոսում եւ հաճախ միջամտում մեր զրույցին։ Ավելի ուշ նա ինձ բացատրեց, որ միշտ զրուցում է հյուրերի կանանց հետ։ Ես ու Հեդլին զգացինք, որ այստեղ հյուրերի կանանց սոսվ հանդուրժում են։ Բայց մեզ դուր եկան միսս Ստայնն ու նրա ընկերուհին, թեեւ վերջինս առանձնապես հաճելի կանանցից չէր։ Կտավները, կարկանդակն ու օղին լավն էին։ Մեզ թվաց, թե մենք եւս դուր ենք գալիս այդ երկու կանանց, եւ նրանք մեզ հետ վարվում են ինչպես դաստիարակված, հույսեր ներշնչող լավ երեխաների հետ, եւ ես զգացի, որ նրանք մեզ ներում են նույնիսկ այն, որ մենք սիրում ենք միմյանց եւ ամուսնացած ենք,— ժամանակը ամեն ինչ կհարթի,— եւ երբ կինս նրանց թեյի հրավիրեց, նրանք ընդունեցին հրավերը։ Երբ նրանք եկան, մենք կարծես թե նրանց է՛լ ավելի դուր եկանք։ Սակայն, գուցե դա բացատրվում էր մեր բնակարանի նեղությամբ, որտեղ բոլորս միմյանց շատ ավելի մոտ գտնվեցինք։ Միսս Ստայնը նստեց գետնին դրված ներքնակի վրա, որ մեր անկողինն էր, խնդրեց ցույց տալ իմ պատմվածքները եւ ասաց, որ դրանք բոլորն էլ իրեն դուր են գալիս, բացառությամբ «Մեզ մոտ՝ Միչիգանու» պատմվածքի։

— Լավ պատմվածք է,— ասաց նա,— բայց բանը դրանում չէ։ Այն inaccrochable[3] է։ Դա նշանակում է՝ նման է այնպիսի կտավի, որ նկարիչը կերտել է, բայց չի կարող ցուցադրել, քանի որ հնարավոր չէ կախել, եւ ոչ ոք չի գնի, որովհետեւ տանը եւս չես կարող կախել։

— Իսկ եթե պատմվածքը ամենեւին էլ անպարկե՞շտ չէ, այնտեղ պարզապես այնպիսի խոսքեր են գործածված, որպիսիք մարդիկ կիրառում են նման դեպքերո՞ւմ։ Եվ եթե միայն այդ խոսքերն են պատմվածքը ճշմարտացի դարձնո՞ւմ եւ դրանք չես կարող շրջանցել։ Ահա եւ հարկադրված ես օգտագործել դրանք։

— Դուք ոչինչ չհասկացաք,— ասաց նա,— պետք չէ գրել inaccrochable բաներ։ Դրա մեջ ոչ մի իմաստ չկա։ Դա սխալ է եւ անմիտ։

Նա ասաց, որ ուզում է տպագրվել «Ատլանտիկ Մանսլի»֊ում եւ կհասնի դրան։ Իսկ ես դեռեւս այնքան լավ գրող չեմ, որպեսզի տպագրվեմ այդ հանդեսում կամ «Սաթերդեյ իվնինգ պոստ»֊ում, թեեւ հնարավոր է, որ ես սեփական ոճ ունեցող նոր տիպի գրող եմ, բայց ամենից առաջ ես պետք է հիշեմ, որ չի կարելի գրել inaccrcochable պատմվածքներ։ Ես չփորձեցի նրա հետ վեճի բռնվել, եւ չուզեցի կրկնել, թե ես ինչպես եմ դիալոգներ ստեղծում։ Դա իմ անձնական գործն է։ Բայց ինձ համար հետաքրքիր էր նրան լսել։ Այդ երեկո նա, դրանից բացի, մեզ բացատրեց, թե ինչպես պետք է նկարներ գնել։

— Պետք է գնել կամ հագուստ, կամ նկար,— ասաց նա,— տեսնո՞ւմ եք, ինչ հասարակ բան է։ Ոչ ոք, շատ հարուստ մարդկանցից բացի, չի կարող իրեն թույլ տալ ե՛ւ այս, ե՛ւ այն։ Ուշադրություն մի՛ դարձրեք, թե դուք ինչպես եք հագնված։ Եվ հատկապես՝ ոչ մի ուշադրություն նորաձեւությանը։ Գնեցեք ամուր եւ հարմարավետ հագուստ, եւ այդ դեպքում ձեզ մոտ փող կմնա նկարներ գնելու։

Ես առարկեցի։

— Բայց եթե նույնիսկ այլեւս երբեք հագուստ չգնեմ, միեւնույն է, ես փող չեմ ունենա առնելու Պիկասոյի այն կտավները, որոնք ինձ դուր են գալիս։

— Այո, ձեզ համար նա անմատչելի է։ Դուք հարկադրված եք գնելու ձեր հասակի մարդկանց, ձեր զորահավաքի տարիքն ունեցող մարդկանց նկարները։ Դուք նրանց հետ կծանոթանաք։ Դուք նրանց կհանդիպեք ձեր թաղամասում, միշտ կան լուրջ ու նոր լավ նկարիչներ։ Բայց երբ խոսում էի հագուստեղենի մասին, ես նկատի ունեի ավելի շուտ ոչ թե ձեզ, այլ ձեր կնոջը։ Թանկ արժե հատկապես կանացի հանդերձանքը։

Ես նկատեցի, որ կինս աշխատում է չնայել միսս Ստայնի համար զարմանալիորեն էժան նրա զգեստին, եւ դա նրան լավ էր հաջողվում։ Երբ նրանք գնացին, ես որոշեցի, որ մենք դեռեւս նրանց դուր ենք գալիս, քանի որ մեզ հրավիրեցին կրկին այցելել Ֆլերյուս փողոցի № 27 տունը։

Ավելի ուշ, ձմռանը, ինձ հրավիրեցին ստուդիա այցելել ցանկացածս պահին, ժամը հինգից հետո։ Այն ժամանակ ես միսս Ստայնին հանդիպեցի Լյուքսեմբուրգյան այգում։ Չեմ հիշում՝ նա իր շան հե՞տ էր զբոսնում, թե ոչ, եւ ընդհանրապես այն ժամանակ նա շուն ունե՞ր արդյոք։ Միայն գիտեմ, որ ես մենակ էի զբոսնում, քանի որ միջոցներ չունեի ոչ թե շուն, այլ նույնիսկ կատու պահելու, եւ կատու տեսնում էի սոսկ սրճարաններում ու փոքրիկ ռեստորաններում կամ բարապանների սենյակների պատուհաններում՝ հիանալի, գիրուկ կատուներ։ Ավելի ուշ, ես միսս Ստայնին իր շան հետ հաճախ էի հանդիպում Լյուքսեմբուրգյան այգում։ Սակայն ինձ թվում է, որ այն ժամանակ նա դեռ շուն չուներ։

Շունը՝ շուն, բայց ես ընդունեցի նրա հրավերը եւ սկսեցի ավելի հաճախ այցելել նրա ստուդիան, եւ նա ինձ միշտ հյուրասիրում էր իսկական օղի, մերթ ընդ մերթ լցնելով բաժակս, իսկ ես դիտում էի նկարները, ու մենք զրուցում էինք։ Նկարները զարմանալի գեղեցիկ էին, իսկ զրույցը՝ շատ հետաքրքիր։ Մեծ մասամբ միսս Ստայնն էր խոսում։ Նա ինձ պատմում էր ժամանակակից նկարների ու նկարիչների մասին, նրանց՝ ավելի շատ որպես մարդկանց, քան նկարիչների մասին, եւ իր աշխատանքի վերաբերյալ։ Նա ինձ ցույց տվեց իր ծավալուն ձեռագրերը, որոնք նրա ընկերուհին մեքենագրում էր։ Միսս Ստայնը հպարտանում էր, որ ամեն օր աշխատում է եւ դրանով երջանիկ է, բայց նրան ավելի մոտիկից ճանաչելով, ես հասկացա, որ նա երջանիկ է լինում միայն այն ժամանակ, երբ նրա ամենօրյա արտադրանքը, որի քանակը կախված էր նրա եռանդից, հրապարակվում է, եւ ինքն էլ համբավ է վաստակում։

Երբ ես ծանոթացել էի նրա հետ, դա նրան դեռեւս չէր հուզում, քանի որ նա հրապարակել էր բոլորին հասկանալի երեք պատմվածք։ Այդ պատմվածքներից մեկը՝ «Մելանկտան» շատ լավն էր, իսկ նրա էքսպերիմենտալ ստեղծագործության գերազանց նմուշները հրապարակվել էին առանձին գրքով եւ նրան այցելով կամ պարզապես բարեւող քննադատները դրանք բարձր էին գնահատել։ Նա օժտված էր անձնական հատուկ հմայքով եւ երբ ցանկանում էր որեւէ մեկին իր կողմը գրավել, անհնարին էր դրան դիմադրել։ Քննադատները, որոնք ծանոթ էին նրան եւ տեսել էին նրա նկարները, այնքան էին նրանով՝ որպես մարդ, հիացած, եւ այնքան էին վստահ նրա դատողությունների ճշտությանը, որ հավատով ընդունում էին նրա ստեղծագործությունը, թեեւ չէին հասկանում այն։ Բացի այդ, նա բազմաթիվ ստույգ եւ արժեքավոր ճշմարտություններ է բացահայտել ռիթմի ու կրկնողությունների վերաբերյալ եւ կարողանում էր շատ հետաքրքիր կերպով խոսել այդ թեմայի շուրջը։

Սակայն, նա չէր սիրում ուղղել իր ձեռագրերը եւ աշխատել այն հաշվով, որպեսզի դրանք դուրընթեռնելի դարձնի, թեեւ նրան անհրաժեշտ էր տպագրվել ու պաշտոնական ճանաչում ստանալ։ Դա հատկապես վերաբերում է «Ամերիկացիների ձեւավորումը» խորագիրը կրող անասելի երկարաշունչ գրքին։

Գիրքը հոյակապ սկիզբ ուներ, հետո գալիս էին տասնյակ էջեր, որոնցից շատերը ուղղակի փայլուն էին, այնուհետեւ սկսվում էին անվերջանալի կրկնողությունները, որոնք առավել բարեխիղճ եւ սակավ ծույլ գրողը զամբյուղ կնետեր։ Ես այդ ստեղծագործությանը մոտիկից ծանոթացա, երբ Ֆորդ Մեդոքս Ֆորդին հորդորեցի, իսկ ավելի ճիշտ՝ հարկադրեցի այն շարունակաբար տպել «Տրանսատլանտիկ Ռեվյու»֊ում, հավատացած լինելով, որ հանդեսը իր գոյությունը ավելի շուտ կդադարեցնի, քան կտեսնի նրա վերջը։ Եվ այդ ամբողջ ժամանակաընթացքում ես հարկադրված էի միսս Ստայնի փոխարեն կարդալ հանդեսի շարվածասյուները, քանի որ նման աշխատանքը նրան հաճույք չէր պատճառում։

Այն ցուրտ օրը, երբ ես անցնելով բարապանուհու փոքրիկ սենյակի կողքով, ցուրտ բակի միջով մտա տաք ստուդիան, այս ամենը դեռեւս առաեւումն էր։ Այդ օրը միսս Ստայնը ինձ ուսուցանեց սեռի հարցերը։ Մինչ այդ, մենք արդեն սկսել էինք շատ սիրել միմյանց, եւ ես հասցրել էի յուրացնել, որ այն ամենը, ինչ ես չեմ հասկանում, ինչ֊որ արժանիքներ ունի։ Միսս Ստայնը գտնում էր, որ պարզապես ոչինչ չեմ հասկանում սեռի հարցերում։ Պետք է խոստովանեմ, որ ես որոշակի կանխակալ կարծիք ունեի հոմոսեքսուալիզմի դեմ, քանի որ ինձ սոսկ հայտնի էին նրա առավել պրիմիտիվ ասպեկտները։ Ես գիտեի, թե ինչու դեռահաս պատանիները դանակ էին կրում, իսկ հաճախ էլ դա թափառաշրջիկների շրջապատում գործադրում այն օրերին, երբ «գայլ» բառը դեռեւս չէր նշանակում կանանց համար խելագարված տղամարդ։ Ես բազմաթիվ inaccrochable խոսքեր ու արտահայտություններ գիտեի, որոնք լսել էի Կանզաս֊Սիթիում բնակվածս տարիներին, ինչպես նաեւ ծանոթ էի այդ քաղաքի տարբեր շրջաններում, Չիկագոյում եւ լճանավերում տիրող շատ բարքերի։ Ի պատասխան միսս Ստայնի հարցերին, ես փորձեցի բացատրել, որ տղամարդկանց շրջանում ապրող դեռահաս պատանին պետք է պատրաստ լինի մարդ սպանելու, կարողանա սպանել եւ վստահ լինել՝ կսպանի, որպեսզի իր հետեւից չընկնեն։ Դա accrochable[4] էր։ Եթե դու գիտես, որ պատրաստ ես սպանելու, մյուսները դա շատ շուտ են զգում եւ քեզ հանգիստ են թողնում։ Լինում է այնպես, երբ մարդ չի կարող թույլ տալ, որ իրեն ուժով կամ խորամանկությամբ թակարդ գցեն։ Ես իմ միտքը կարող էի ավելի պերճախոս արտահայտել լոկ մի inaccrochable դարձվածքի օգնությամբ, որը «գայլերը» կիրառում են լճանավերում։ Բայց միսս Ստայնի հետ զրույցի ժամանակ ես միշտ դարձվածքների ընտրություն էի կատարում նույնիսկ այն դեպքում, երբ ուղղակի խոսքը կարող էր ավելի ճիշտ բացատրել կամ արտահայտել որեւէ նախապաշարմունքի իմաստը։

— Այդ բոլորը ճիշտ է, Հեմինգուեյ,— հայտարարեց նա,— բայց դուք ապրել եք այնպիսի միջավայրում, որտեղ տիրապետել են հանցագործությունն ու այլասերվածությունը։

Ես չվիճեցի նրա հետ, թեեւ գիտեի, որ ապրել եմ այնպիսի աշխարհում, ինչպիսին այն կա, եւ այնտեղ եղել են տարբեր մարդիկ, ու ես ձգտել եմ հասկանալ նրանց, թեեւ նրանցից ոմանք ինձ դուր չեն եկել, իսկ ոմնց էլ ատում եմ մինչեւ այսօր։

— Դե, իսկ դուք ի՞նչ կասեք հիանալի շարժուձեւ եւ մեծ անուն ունեցող այն ծերունու մասին, որը եկավ ինձ մոտ իտալական հոսպիտալ եւ բերեց մի շիշ չեմ հիշում «մարսալի» թե «կամպարի» եւ իրեն անբասիր էր պահում, իսկ այնուհետեւ, մի գեղեցիկ օր, ես հարկադրված եղա բուժքրոջը խնդրել, որպեսզի այդ մարդուն այլեւս թույլ չտա մտնելու իմ հիվանդասենյակը,— հարցրի ես։

Դրանք հիվանդ մարդիկ են, որոնք ի վիճակի չեն իշխել իրենց արարմունքների վրա, եւ դուք պետք է խղճաք նրանց։

— Նշանակում է, ես պետք է խղճամ նաեւ այնինչի՞ն,— հարցրի ես եւ տվի նրա անունը, բայց նա հենց ինքն այնքան է սիրում իր անունը տալ, որ հարկ չկար նրա փոխարեն մի անգամ եւս այդ անել։

— Ոչ, նա արատավոր մարդ է։ Նա այլասերված է եւ իրոք արատավոր։

— Բայց նա լավ գրող է համարվում։

— Նա վատ գրող է,— ասաց նա,— նա ուղղակի կեցվածքամոլ է եւ այլասերում է, որովհետեւ նրան դուր է գալիս այլասերելը։ Բացի այդ, նա մարդկանց մեջ այլ արատներ էլ է ներարկում։ Օրինակ, նրանց հրապուրում է նարկոտիկներով։

— Դե, իսկ միլանցի այն մարդը, որին ես պետք է խղճամ, մի՞թե նա եւս չի փորձել այլասերել ինձ։

— Անմիտ բաներ եք ասում։ Նա ինչպե՞ս կարող էր այլասերել ձեզ։ Մի՞թե կարելի է մի շիշ «Մարսալի»֊ով այլասերել նրան, ով մաքուր սպիրտ է խմում ձեզ նման։ Նա ուղղակի մի ողորմելի ծերունի է, որը պատասխանատու չէ իր արարքների համար։ Նա հիվանդ է, չի տիրապետում իրեն, եւ դուք պետք է խղճաք նրան։

— Այն ժամանակ ես նրան խղճացի,— ասացի ես։ — Բայց ես շատ հուսախաբված էի․ չէ՞ որ նա այնպիսի լավ շարժուձեւեր ուներ։

Ես խմեցի մի կում օղի եւս ու խղճացի այն ծերունուն։ Սկսեցի դիտել Պիկասոյի ծաղիկների դամբյուղով մերկ աղջկան։ Ես չէ, որ սկսել էի այդ խոսակցությունը եւ այժմ մտածում էի, որ այն մի քիչ վտանգավոր է դառնում։ Միսս Ստայնի հետ մեր զրույցների պահին գրեթե երբեք դադար չէր լինում, բայց այժմ մենք լռել էինք, եւ նա ինչ֊որ բան էր ուզում ասել ինձ։ Ես լցրեցի իմ գավաթը։

— Դուք, Հեմինգուեյ, այս հարցում իրոք ոչինչ չեք հասկանում,— ասաց նա,— դուք կամ հանցագործների եք հանդիպել, կամ հիվանդների, կամ էլ արատավոր մարդկանց։ Բայց գլխավորն այն է, որ հոմոսեքսուալիզմը նողկալի ու գարշելի բան է, եւ մարդիկ դրանից սկսում են ատելի դառնալ իրենք իրենց աչքում։ Նրանք խմում են եւ նարկոտիկներ կիրառում, որպեսզի մոռանան, բայց շարունակում են զզվանք տածել իրենց արածի նկատմամբ։ Հաճախ փոխում են իրենց պարտնյորներին, բայց չեն կարողանում իսկական երջանկություն գտնել։

— Հասկանում եմ։

Այն օրերին ինձ անհրաժեշտ էր այնքան շատ բան հասկանալ, որ ես ուրախացա, երբ մենք սկսեցինք այլ բաներից խոսել։ Այգին փակ էր, եւ ես հարկադրված էի ցանկապատի երկայնքով անցնել մինչեւ Վոժիրար փողոցը եւ շրջանցել այն։ Տխուր էր, որ այգին փակ էր ու դռները կողպած, եւ իմ սրտին թախիծ էր իջել այն բանից, որ ես քայլում եմ ցանկապատի երկայնքով, այլ ոչ թե ուղիղ ճանապարհով եմ գնում դեպի տուն, որը գտնվում է կարդինալ Մեմուանի փողոցում։ Բայց չէ որ օրը այնքա՜ն լավ էր սկսվել։ Վաղը ես հարկադրված կլինեմ շատ աշխատել։ Այն ժամանակ ես հավատում էի, ինչպես եւ այժմ եմ հավատում, որ աշխատանքը բոլոր փորձանքների համադարմանն է։ Այնուհետեւ ես սկսեցի մտածել, թե միսս Ստայնը ցանկանում է ինձ բուժել ընդամենը ջահելությունից ու կնոջս նկատմամբ ունեցած իմ սիրուց։ Այնպես որ, երբ եկա կարդինալ Լեմուանի փողոցի մեր տունը եւ կնոջս պատմեցի իմ հասկացածը, ես արդեն տխուր չէի։ Իսկ գիշերը մենք բավականություն ստացանք նրանով, ինչ վաղուց գիտեինք եւ այն նոր գիտելիքներով, որ ձեռք էինք բերել լեռներում։

«UNE GENERATION PERDUE»[5]

Շուտով ինձ համար սովորություն դարձավ երեկոները այցելել Ֆլերյուս փողոցի № 27 տունը՝ ջերմության, նկարների ու զրույցի համար։ Միսս Ստայնը հաճախ մենակ էր լինում, ինձ միշտ դիմավորում էր շատ սրտաբաց ու երկար ժամանակ համակրանք էր տածում իմ նկատմամբ։ Երբ ես վերադառնում էի քաղաքական տարբեր կոնֆերանսներից, Մերձավոր Արեւելքից կամ Գերմանիայից, ուր մեկնում էի կանադական թերթի եւ այն գործակալությունների առաջադրանքով, որոնց համար աշխատում էի, նա պահանջում էր, որ պատմեմ բոլոր ծիծաղելի դեպքերը։ Զավեշտական պատմությունների պակասություն չկար, եւ դրանք նրան դուր էին գալիս, ինչպես եւ այն պատմությունները, որոնցից, գերմանացիների ասած, մահապարտի հումորի հոտ էր փչում։ Նա ցանկանում էր իմանալ աշխարհի իրադարձությունների միայն ուրախ կողմը, այլ ոչ թե ամբողջ ճշմարտությունը, ամբողջ հոռի կողմը։

Ես երիտասարդ էի եւ հակված չէի վստահության, իսկ զվարճալի ու անհեթեթ դեպքերը պատահում են նույնիսկ ամենավատ պահերին, եւ միսս Ստայնը սիրում էր լսել հենց դրանք։ Մնացած բաները ես նրան չէի պատմում, դրանց մասին գրում էի ինձ համար։

Իսկ երս ես Ֆլերյուս փողոցն էի մտնում ոչ թե ուղեվորություններից, այլ աշխատանքից հետո, հաճախ փորձում էի միսս Ստայնի հետ զրույց սկսել գրքերի շուրջը։ Երբ ես աշխատում եմ, գրելն ավարտելուց հետո զգում եմ կարդալու անհրաժեշտություն։ Եթե շարունակ մտածես աշխատանքի մասին, նախքան հաջորդ օրը սեղանի առջեւ նստելը, կարող ես կորցնել այն, ինչի մասին գրում ես։ Անհրաժեշտ է մարզել ոտները, ֆիզիկապես հոգնել եւ հատկապես լավ սիրել սիրեցյալիդ։ Ամենից լավը դա է։ Բայց հետո, երբ զգում ես, որ դատարկված ես, անհրաժեշտ է կարդալ, որպեսզի աշխատանքի մասին չմտածես ու չհոգաս այնքան ժամանակ, մինչեւ կրկին ձեռնամուխ լինես աշխատանքիդ։ Ես արդեն սովորել եմ երբեք մինչեւ վերջ չդատարկել ստեղծագործական մտքի ջրհորը եւ միշտ, երբ այդ ջրհորի խորքում դեռեւս որեւէ բան մնացել է, գրելը դադարեցրել եմ, որպեսզի նրան սնուցող աղբյուրները գիշերվա ընթացքում կարողանան վերստին լցնել այն։

Որպեսզի աշխատանքից հետո չխորհեմ գրածիս շուրջը, ես հաճախ կարդում էի այն տարիներին ստեղծագործող հեղինակների, օրինակ Օլդոս Հաքսլիի, Դ․ Գ․ Լոուրենսի եւ այլոց այն գրքերը, որ կարողանում էի գտնել Սիլվիա Բիչի գրադարանում կամ առափնյա փողոցի գրավաճառների մոտ։

— Հաքսլին ննջեցյալ է,— ասաց միսս Ստայնը,— ի՞նչ կարիք կա կարդալ մեռածի գրքերը։ Մի՞թե չեք տեսնում, որ նա մեռած է։

Ոչ, ես չէի տեսնում, թե նա մեռած է եւ ասացի, որ նրա գրքերը ինձ զվարճացնում են ու թույլ են տալիս չմտածել։

— Դուք պետք է կարդաք սոսկ այն, ինչ իսկապես լավ է կամ բացահայտորեն անպետք։

— Ես իսկական լավ գրքեր կարդացել եմ այս ամբողջ ձմռանը եւ ամբողջ անցած ձմռանը ու կկարդամ հաջորդ ձմռանը, իսկ բացահայտորեն անպետք գրքերը ես չեմ սիրում։

— Բայց ինչի՞ համար եք կարդում այդ դատարկությունը։ Դա հավակնոտ դատարկություն է, Հեմինգուեյ։ Ննջեցյալի գրվածք է։

— Ես ցանկանում եմ իմանալ, թե մարդիկ ինչ են գրում,— ասացի ես,— եւ դա ինձ ետ է պահում նույն բանը գրելուց։

— Է՞լ ում գործերն եք կարդում։

— Դ․ Գ․ Լոուրենսի,— պատասխանեցի։— Նա մի քանի շատ լավ պատմվածքներ է գրել, հատկապես «Պրուսացի սպան»։

— Ես փորձել եմ կարդալ նրա վեպերը։ Նա անտանելի է։ Ողորմելի ու անմիտ։ Եվ հիվանդի նման է գրում։

— Իսկ ինձ դուր են եկել «Զվավկներն ու սիրեկանները» եւ «Ճերմակ սիրամարգը»,— ասացի ես,— վերջինս, թերեւս, ոչ այնքան։ Բայց ահա «Սիրահարված կանայք» չկարողացա մինչեւ վերջ կարդալ։

— Եթե դուք չեք ուզում վատ գրքեր կարդալ եւ գերադասում եք ինչ֊որ առավել գրավիչ ու յուրովի գեղեցիկ բան, կարդացեք Մարի Բելլոկ Լաունդսին։

Ես առաջին անգամն էի լսում այդ անունը, եւ միսս Ստայնը ինձ հանձնարարեց կարդալ «Կենվորը»՝ Ջեկ Դիահատի մասին այդ հիանալի վիպակը, եւ էլի մի վեպ Փարիզի ինչ֊որ մատույցում (որը միայն Էնգիեն֊լե֊Բենը կարող էր լինել) կատարված սպանության վերաբերյալ։ Այդ երկու գրքերն էլ աշխատանքից հետո կարդալու հոյակապ բաներ են։ Նրանց հերոսները բավականին կենսական են, եւ նրանց արարմունքներն ու սարսափները՝ միանգամայն համոզիչ։ Աշխատանքից հետո կարդալու ավելի լավ բան չես գտնի, եւ ես ընթերցեցի միսիս Բելլոկ Լաունդսի բոլոր այն ստեղծագործությունները, որ կարողացա գտնել։ Բայց նա այնքան էլ շատ գրքեր չուներ, եւ ոչ մեկը չէր կարող համեմատվել առաջին երկուսի հետ, ու քանի դեռ չէին հայտնվել Սիմենոնի առաջին հիանալի գրքերը, ինձ չհաջողվեց դրանց հավասար ոչ մի այլ բան գտնել՝ ցերեկվա եւ գիշերվա ազատ ժամերիս կարդալու։

Կարծում եմ, միսս Ստայնին դուր կգային Սիմենոնի լավ գրվածքները (իմ կարդացածներից առաջինը կարծեմ «LʼEcluse Numero 1»ը կամ «Li Maison du Canal[6]»֊ն է եղել), ինչեւէ, ես դրանում վստահ չեմ, որովհետեւ երբ ծանոթացա միսս Ստայնի հետ, նա չէր սիրում ֆրանսերեն կարդալ, թեեւ նրան շատ էր դուր գալիս խոսել այդ լեզվով։ Սիմենոնի իմ կարդացած առաջին երկու գրքերը ինձ տվել էր Ջեյնեթ Ֆլեները։ Նա սիրում էր ֆրանսերեն կարդալ եւ Սիմենոնին կարդում էր դեռեւս այն ժամանակներից սկսած, երբ վերջինս ոստիկանական թղթակից էր։

Երեք֊չորս տարվա մեր բարեկամության ընթացքում ես չեմ հիշում թե Գերտրուդ Ստայնը գեթ մեկ անգամ լավ կարծիք հայտնված լինի որեւէ գրողի մասին, բացի այն գրողներից, որոնք գովում էին նրա ստեղծագործությունները կամ որեւէ օգտակար բան էին անում նրա կարիերայի համար։ Բացառություն էին կազմում Ռոնալդ Ֆերբենկը եւ ավելի ուշ՝ Սկոտ Ֆիցջերալդը։ Երբ ես ծանոթացել էի նրա հետ, նա Շերվուդ Անդերսոնի մասին չէր խոսում որպես գրողի, բայց դրա փոխարեն նրան փառաբանում էր՝ որպես մարդ, հատկապես գովում էր նրա իտալական գեղեցիկ ու մեծ, թավշե աչքերը, նրա բարությունն ու հմայքը։ Ինձ չէին հետաքրքրում նրա իտալական գեղեցիկ ու մեծ, թավշե աչքերը, բայց շատ էին դուր գալիս նրա որոշ պատմվածքները։ Դրանք գրված էին պարզ ու հասարակ, հաճախ հիանալի, եւ նա ճանաչում ու շատ էր սիրում այն մարդկանց, որոնց մասին գրում էր։ Միսս Ստայնը չէր ցանկանում զրուցել նրա պատմվածքների շուրջը, եւ նրա մասին խոսում էր միայն որպես մարդու։

— Իսկ ի՞նչ կարծիք ունեք նրա վեպերի մասին,— հարցրի ես նրան։

Նա չէր ցանկանում խոսել Անդերսոնի ստեղծագործության, ինչպես նաեւ Ջոյսի մասին։ Բավական էր միայն երկու անգամ հիշատակել Ջոյսին, եւ ձեզ այլեւս երբեք չէին հրավիրի այդ տունը։ Դա նույնքան անտակտ բան էր, որքան եւ մի գեներալի հետ զրուցելիս մյուսի մասին լավ կարծիք հայտնելը։ Մեկ անգամ սխալ թույլ տալով, դուք այլեւս չեք կարող այն ուղղել։ Սակայն գեներալի հետ զրուցելիս թույլ է տրվում հիշատակել այն մյուս գեներալի անունը, որին նա հաղթել է։ Այս դեպքում ձեր զրուցակից գեներալը կսկի գովել իր ջախջախած գեներալին եւ գոհունակությամբ մանրամասնություններ կվերհիշի, թե ինչպես է ջախջախել նրան։

Անդերսոնի պատմվածքները չափազանց լավն էին հաճելի զրույցի թեմա դառնալու համար։ Ես կարող էի միսս ՍՏայնին ասել, որ Անդերսոնի վեպերը ծայր աստիճան վատն են, բայց այդ եւս անթույլատրելի էր, քանի որ կնշանակեր, թե ես քննադատում եմ նրա առավել նվիրված կողմնակիցներից մեկին։ Երբ Անդերսոնը գրեց ի վերջո «Մութ ծիծաղ» անունը ստացած վեպը, այնքան հիմար, վատ ու մտացածին մի գործ, որ ես չհամբերեցի ու պարոդիա[7] գրեցի, միսս Ստայնը լրջորեն նեղացավ ինձանից։ Ես ինձ թույլ էի տվել հարձակվել մի մարդու վրա, որը նրա շքախմբին էր պատկանում։ Առաջ նա չէր բարկանում։ Եվ ինքը սկսեց գովեստներ շռայլել Շերվուդի հասցեին, երբ նրա՝ գրողի վարկը լիակատար անկում էր ապրում։

Նա Էզրա Պաունդի դեմ զայրացել էր սոսկ նրա համար, որ վերջինս բավականին փութաջան կերպով է նստել փոքրիկ, մաշված եւ հավանաբար բավականին անհարմարավետ աթոռին(որ, հնարավոր է, հենց հատուկ նրա համար էլ դրել էին), եւ այդ աթոռը չեմ հիշում ճաքել էր, թե ջարդվել։ Իսկ այն, որ նա մեծ պոետ էր, նրբազգաց ու ազնիվ մարդ եւ, անշուշտ, կարող էր նստել սովորական աթոռին, դա ուշադրության չի առնվել։ Էզրայի նկատմամբ նրա անբարյացկամության՝ մեծ ու չարաշունչ արվեստով շարադրված պատճառները հնարվել են շատ տարիներ անց։

Երբ մենք Կանադայից վերադարձել եւ բնակություն էինք հաստատել Նոտր֊Դամ֊դե֊Շան փողոցում, եւ միսս Ստայնն ու ես դեռեւս լավ բարեկամներ էինք, ահա հենց այդ օրերին էլ նա արտասանեց իր դարձվածքը կորած սերնդի մասին։ Այն տարիներին միսս Ստայնին պատկանող «Թ» մոդելի հին «ֆորդի» վառոցքի հետ ինչ֊որ բան էր պատահել, եւ ջահել մեքենագետը, որը ընդամենը մեկ տարի ռազմաճակատում ծառայելուց հետո այժմ աշխատում էր գարաժում, չէր կարողացել կարգի բերել այն, իսկ գուցե եւ չէր ցանկացել արտահերթ նորոգել նրա «ֆորդը»։ Մի խոսքով, նա չէր դրսեւորել բավականաչափ serieŭ[8], եւ միսս Ստայնի բողոքից հետո գարաժի տերը նրան խիստ նկատողություն էր հայտարարել։ Տերը նրան ասել էր․ «Դուք բոլորդ génération perdue եք»։

— Ահա թե դուք ինչ եք։ Դուք բոլորդ՝ պատերազմում եղած ամբողջ երիտասարդությունը, այդպիսին եք,— ասաց միսս Ստայնը,— դուք կորած սերունդ եք։

— Դուք այդպե՞ս եք կարծում,— հարցրի ես։

— Այո, այո,— պնդեց նա,— դուք հարգանք չունեք ոչ մի բանի նկատմամբ։ Դուք բոլորդ կխմեք—կկործանեք ձեզ…

— Իսկ այդ մեքենագետը հարբա՞ծ էր։

— Իհարկե ոչ։

— Իսկ ինձ դուք երբեւէ հարբած տեսե՞լ եք։

— Ոչ, բայց ձեր բարեկամները հարբեցողներ են։

— Եղել է, որ ես լավ խմել եմ,— ասացի,— բայց ձեզ մոտ ես երբեք հարբած չեմ եկել։

— Իհարկե ոչ։ Ես այդպիսի բան չասացի։

— Հավանաբար ձեր այդ մեքենագետի տերը ժամը 11֊ին արդեն հարբած է եղել․ հենց դրանից էլ նա այդպիսի հիանալի աֆորիզմներ է ասել։

— Չվիճեք ինձ հետ, Հեմինգուեյ․ դա ոչինչ չի տա։ Գարաժի տերը ճիշտ է․ դուք բոլորդ կորած սերունդ եք։

Ավելի ուշ, երբ ես գրել էի իմ առաջին վեպը, փորձեցի միսս Ստայնի՝ գարաժում լսած դարձվածքը որեւէ կերպ համադրել «Գիրք ժողովի» խոսքերի հետ։ Բայց այն գիշեր տուն վերադառնալով, ես մտածում էի գարաժի երիտասարդ մեքենագետի մասին եւ այն մասին, որ գուցե նրան տարել են սանիտարական մեքենայի վերածած հենց մի այդպիսի «ֆորդով»։ Ես հիշում եմ, ինչպես էին վառվում նրանց արգելակները, երբ նրանք, վիրավորներով լցված, ամենափոքր արագությամբ իջնում էին լեռնային ուղիներով եւ հարկ էր լինում միացնել հետեւի հաղորդակը, հիշում եմ նաեւ, թե ինչպես էին վերջին մեքենաները դատարկ գլորում զառիթափն ի վրա, որովհետեւ նրանց փոխարինել էին հուսալի գլխավոր հաղորդակ ու անկոճղակ արգելակներ ունեցող մեծ «ֆիատներով»։ Ես մտածում էի միսս Ստայնի, Շերվուդ Անդերսոնի մասին, էգոիզմի մասին եւ այն մասին, թե որն է ավելի լավ՝ հոգեւոր ծուլությո՞ւնը, թե՞ կարգապահությունը։ Հետաքրքիր է, մտածում էի ես, մեզանից ո՞վ է կորած սերունդը։ Ես արդեն մոտեցել էի «Կլոզերի դե Լիլային»։ Լույսը ընկել էր իմ հին բարեկամի՝ մարդալ Նեյի արձանի վրա, եւ ծառերի ստվերը նստել էր նար մերկացրած թրի բրոնզին։ Կանգնած է մեն֊մենակ եւ թիկունքում ոչ ոք չունի։ Ա՜խ, ինչպես նրա բախտը չժպտաց Վաթերլոոյի օրը։ Եվ ես մտածեցի, որ բոլոր սերունդներն էլ ինչ֊որ չափով կորած են․ այդպես եղել է եւ այդպես կլինի։ Ես մտա «Լիլա», որպեսզի նա այդպես մեն֊մենակ չլինի եւ նախքան տուն՝ սղոցարանի վերին հարկում գտնվող սենյակս կգնայի, սառը գարեջուր խմեցի։ Բայց գարեջրի շուրջը նստած, ես նայում էի արձանին ու վերհիշում, թե Նեյը քանի օր է մարտնչել արիերգարդում, երբ նահանջում էր Մոսկվայից, որտեղից Նապոլեոնը Կոլենկուրի հետ մեկնել էր կառեթով։ Ես մտածում էի, թե ինչ լավ ու հոգատար բարեկամ է միսս Ստայնը եւ թե նա որքան գեղեցիկ է պատմում Ապոլիների ու նրա մահվան մասին՝ 1918 թվականին, հաշտության օրը, երբ ամբոխը գոռում էր «A bas Guillaume»[9], իսկ զառանցանքի մեջ գալարվող Ապոլիներին թվացել է, թե այդ բացականչությունները իրեն են վերաբերում, եւ ես մտածեցի, որ ամեն ինչ կանեմ միսս Ստայնին օգնելու համար եւ կաշխատեմ, որ նրան արժանին հատուցեն նրա արած ամբողջ բարության համար․ վկա են աստված ու Մայք Նեյը։ Բայց թող սատանայի ծոցը կորչեն նրա խոսակցությունները կորած սերնդի մասին եւ այդ բոլոր էժան, կեղտոտ պիտակները։ Երբ տուն հասա, բակ մտա, բարձրացա սանդուղքներով եւ տեսա կնոջս, տղայիս ու նրա Ֆ․ փիսա կատվին, որոնք շատ երջանիկ էին վառվող բոխարիկի մոտ, ես կնոջս ասացի․

— Գիտե՞ս, Գերտրուդը, այնուամենայնիվ, շատ լավ կին է։

— Իհարկե, Տետի։

— Բայց նա հաճախ դատարկ բաներ է ասում։

— Ես չեմ լսում, թե նա ինչ է ասում,— ասաց կինս,— չէ որ ես քո կինն եմ։ Ինձ հետ զրուցում է նրա ընկերուհին։

«Շեքսպիր եւ ընկերություն»

Այն օրերին ես գիրք գնելու փող չունեի։ Գրքեր վերցնում էի Օդեոն փողոցի № 12֊ից, Սիլվիա Բիչի «Շեքսպիր եւ ընկերություն» գրախանութից, որը միաժամանակ նաեւ գրադարան էր։ Փողոցից հետո, որտեղ ցուրտ քամին էր ոռնում, այդ գրադարանը՝ մեծ վառարան, սեղաններ ու գրադարակներ ունեցող, ցուցանակում նոր գրքերով, հայտնի գրողների՝ ողջ ու մեռած գրողների լուսանկարներով այդ գրադարանը հատկապես տաք ու հարմարավետ էր թվում։ Բոլոր լուսանկարները սիրող լուսանկարչի աշխատանքներ էին թվում, եւ նույնիսկ մեռած գրողները այնպիսի տեսք ունեին, ասես դեռ ապրում են։ Սիլվիան շարժուն, հստակորեն քանդակված դեմք ուներ, գազանիկի նման արագաշարժ եւ ջահել աղջկա նման ուրախ խաժ աչքեր, մաքուր ճակատից հետ նետած ալիքաձեւ շագանակագույն մազեր, որոնք կտրված էին ականջներից ներքեւ, նրա մահուդե դարչնագույն ժակետի օձիքի մակարդակին հավասար։ Նա գեղեցիկ ոտքեր ուներ, բարեսիրտ էր, ուրախ, հետաքրքրասեր եւ սիրում էր կատակել ու զրուցել։ Եվ նրանից ավելի լավ ինձ հետ ոչ ոք երբեք չի վերաբերվել։

Երբ առաջին անգամ եկա նրա հաստատությունը, ինձ շատ քաշված էի պահում․ փողս չէր հերիքում գրադարանին անդամագրվելու։ Սիլվիան ասաց, որ գրավը կարող եմ մուծել ավելի ուշ, երբ ինձ հարմար լինի, իմ անունով քարտ բացեց եւ առաջարկեց այնքան գիրք վերցնել, որքան ցանկանում եմ։

Նա ոչ մի հիմք չուներ ինձ վստահելու, նա ինձ չէր ճանաչում, իսկ հասցես, որ ես նրան ասացի՝ կարդինալ Լեմուանի փողոց, թիվ 74, խոսում էր միայն աղքատության մասին։

Եվ այսուամենայնիվ Սիլվիան հմայիչ, սիրալիր ու հրապուրիչ էր, եւ նրա թիկունքի ետեւում դեպի առաստաղն էին բարձրանում եւ պատուհաններով դեպի բակը նայող հարեւան սենյակն էին ձգվում անթիվ դարակներ՝ գրադարանի ամբողջ հարստությամբ հանդերձ։

Ես սկսեցի Տուրգենեւից, վերցրի «Որսորդի հուշերի» երկու հատորը եւ, եթե չեմ սխալվում, Դ․ Գ․ Լոուրենսի վաղ շրջանի վեպերից մեկը՝ «Զավակներն ու սիրեկանները», բայց Սիլվիան ինձ առաջարկեց վերցնել եւս մի քանի գիրք։ Ես ընտրեցի «Պատերազմ եւ խաղաղությունը» Կոնստանս Հարնետի թարգմանությամբ եւ Դոստոեւսկու «Խաղամոլն» ու մյուս պատմվածքները։

— Եթե դուք նպատակադրվել եք այս բոլորը կարդալ, ապա նորից շուտ չեք գա այստեղ,— ասաց Սիլվիան։

— Ես կգամ վճարելու,— պատասխանեցի,— ես տանը փող ունեմ։

— Ես դա նկատի չունեի,— ասաց նա,— վճարեցեք, երբ ձեզ հարմար կլինի։

— Ջոյսը ե՞րբ է ձեզ մոտ լինում,— հարցրի ես։

— Որպես կանոն՝ օրվա վերջին,— պատասխանեց նա,— մի՞թե դուք նրան երբեք չեք տեսել։

— Մենք նրան տեսանք, երբ ընտանիքով ճաշում էր Միշոյի մոտ,— ասացի ես,— բայց դա թանկ ռեստորան է եւ անքաղաքավարություն է մարդկանց դեմքին նայել, երբ նրանք ճաշում են։

— Դուք տա՞նն եք ճաշում։

— Ամենից հաճախ տանը,— պատասխանեցի,— մենք լավ խոհարարուհի ունենք։

— Ձեր տան մոտ կարծեմ ոչ մի ռեստորան չկա։

— Չկա։ Դուք որտե՞ղից գիտեք։

— Լարբոն այնտեղ է ապրել,— ասաց,— մյուս բոլոր բաներում նրան այնտեղ դուր էր գալիս։

Մեզ ամենամոտ էժան ռեստորանը Պանթեոնի կողքին է։

— Ես չգիտեմ ձեր շրջանը։ Մենք տանն ենք ճաշում։ Մի օր մեզ մոտ եկեք ձեր կնոջ հետ։

— Դուք դեռ մի՛ հրավիրեք։ Չէ որ ես դեռ չեմ վճարել ձեզ։ Համենայն դեպս շնորհակալություն։

— Կարդացեք, կարող եք չշտապել,— ասաց նա։

Կարդինալ Լեմուանի փողոցի վրա գտնվող մեր տունը երկու սենյականոց բնակարան էր, առանց տաք ջրի ու կոյուղու, որին փոխարինում էր բաքը, որը սակայն առանձնապես մեծ անհարմարություն չէ նրանց համար, ովքեր սովոր են ուղիղ բակում գտնվող միչիգանյան զուգարաններին։ Բայց տան պատուհաններից հրաշալի տեսք էր բացվում։ Գետնին դրված էր զսպանակավոր մի լավ ներքնակ, որը ծառայում էր որպես հարմարավետ անկողին, պատերից կախված էին նկարներ, որոնք մեզ դուր էին գալիս, եւ բնակարանը թվում էր լուսավոր ու հարմարավետ։

Գրքերը թեւիս տակ տուն վերադառնալով, ես կնոջս պատմեցի, թե ինչպիսի հիանալի տեղ եմ գտել։

— Բայց, Տետի, դու հենց այսօր էլ պետք է գնաս այնտեղ եւ փողը տաս,— ասաց նա։

— Դե իհարկե,— ասացի,— մենք միասին կգնանք։ Հետո մենք կիջնենք դեպի գետը եւ գետափին կզբոսնենք։

— Եկ ավելի լավ է քայլենք Սենայի փողոցով, մտնենք նկարավաճառների բոլոր կրպակներն ու դիտենք խանութների ցուցափեղկերը։

— Անպայման։ Մենք կարող ենք զբոսնել որտեղ ցանկանանք, իսկ հետո կմտնենք որեւէ նոր սրճարան, որտեղ մենք ոչ ոքի չենք ճանաչում եւ որտեղ մեզ ոչ ոք չի ճանաչում ու մեկական գավաթ կխմենք։

— Կարելի է նույնիսկ երկուական։

— Հետո մենք որեւէ տեղ կընթրենք։

— Այ, այդ մեկը չեղավ։ Մի՛ մոռանա, որ մենք պետք է վճարենք գրադարանին։

— Որ այդպես է, ընթրելու համար տուն կվերադառնանք, իսկական խնջույք կկազմակերպենք եւ «բոն» կվերցնենք դիմացի խանութից․ տեսնո՞ւմ ես ցուցափեղկում «բոնի» շիշը։ Այնտեղ գինն էլ է նշված։ Իսկ հետո մենք կկարդանք եւ կպառկենք անկողնում ու կսիրենք իրար։

— Ես մենք միշտ կսիրենք միայն իրար, ուրիշ ոչ ոքի։

— Այո, միշտ։

— Ի՜նչ հրաշալի օր է ու երեկո։ Իսկ այժմ վատ չէր լինի, եթե ճաշեինք։

— Սարսափելի ուտել եմ ուզում,— ասացի,— սրճարանում ես աշխատել եմ միայն café créme֊ով[10]։

— Գործդ ո՞նց էր, Տետի։

— Իմ կարծիքով՝ լավ։ Ինձ այդպես է թվում։ Ճաշին ի՞նչ ունենք։

— Մատղաշ բողկ եւ կարտոֆիլի պյուրեով հրաշալի foie de veau[11] ու սալաթ։ Խնձորի կարկանդակ։

— Եվ այժմ մենք կունենանք մեր ցանկացած յուրաքանչյուր գիրքը ու այդ գրքերը մեզ հետ կվերցնենք, եթե որեւէ տեղ մեկնենք։

— Ճի՞շտ ես ասում։

— Իհարկե։

— Իսկ նրա մոտ Հենրի Ջեյմս է՞լ կա։

— Իհարկե։

— Ի՜նչ լավ է,— ասաց նա,— մեր բախտը բանեց, որ դու գտար այդ տեղը։

— Միշտ էլ մեր բախտը բանում է,— ասացի եւ հիմարի նման մատով չթխկացրի որեւէ փայտի վրա, որպեսզի աչքով չտան։ Բայց չէ որ այդ բնակարանում ամենուրեք փայտ էր, որի վրա կարելի էր մատով թխկացնել։

Սենայի մարդիկ

Կարդինալ Լեմուանի փողոցի ամենահեռավոր ծայրից գետափ կարելի է իջնել տարբեր ուղիներով։ Ամենակարճ ճանապարհը փողոցով ուղիղ ներքեւ է տանում, բայց շատ զառիթափ է եւ, դրանից բացի, հենց որ հասնեք հարթությանը եւ կտրեք Սեն֊Ժերմենի աշխույժ երթեւեկություն ունեցող զբոսայգու սկիզբը, այն ձեզ կհասցնի գետափի հողմահար ու մռայլ հատվածը, որ գտնվում է Գինու շուկայի ձախ կողմում։ Այդ շուկան նման չէ Փարիզի մյուս շուկաներին, այլ ավելի շուտ հիշեցնում է մաքսատնային համբարանոց, որտեղ գինին սպասում է, որպեսզի նրա դիմաց մաքս վճարեք, եւ կառույցները իրենց տխուր տեսքով հիշեցնում են ոչ այն է զորանոցներ, ոչ այն է բանտային բարաքներ։

Սենայի գետաբազուկից այն կողմ գտնվում է Սեն֊Լուի կղզին իր նեղ փողոցներով, հինավուրց, բարձր, գեղեցիկ տներով եւ կարելի է այնտեղ գնալ կամ ձախ թեքվելով քայլել գետափով, մինչեւ որ Սեն֊Լուի կղզին մնա ետեւում, եւ դուք կանգնեք Նոտր֊Դամին ու Սիտե կղզուն դեմ դիմաց։

Գետափի գրավաճառներից հաճախ ամենաչնչին գնով կարելի է ձեռք բերել նոր լույս տեսած ամերիկյան էժանագին գրքեր։ «Արծաթե աշտարակ» ռեստորանի վերին հարկում այն ժամանակներում մի քանի սենյակ էր վարձով տրվում, եւ ովքեր վարձում էին, ռեստորանում զեղջ էին ստանում․ իսկ եթե նրանք իրենցից հետո թողնում էին գրքեր, valet de chambre֊ն[12] դրանք ծախում էր գետափից ոչ հեռու գտնվող գրավաճառ կնոջը։ Եվ դուք կարող եք դրանք այնտեղ գնել մի քանի ֆրանկով։ Գրավաճառ կինը անգլիական գրքերի նկատմամբ վստահություն չէր տածում, դրանց համար գրոշներ էր տալիս եւ աշխատում էր որքան կարելի է շուտ վաճառել, նույնիսկ ամենաչնչին շահույթով։

— Իսկ դրանց մեջ լավերը կա՞ն,— մի անգամ, երբ մենք արդեն բարեկամացել էինք գրավաճառուհու հետ, հարցրեց նա ինձ։

— Հաճախ լինում են։

— Իսկ ինչպե՞ս իմանանք։

— Ես, օրինակ, իմանում եմ, երբ կարդում եմ։

— Այնուամենայնիվ, այդ գործը ռիսկի հետ է կապված։ Մանավանդ անգլերեն շատ քչերն են կարդում։

— Որ այդպես է, այդ գրքերը մի կողմ դրեք եւ ցույց տվեք ինձ։

— Ես դա չեմ կարող անել։ Չէ որ դուք ամեն օր չէ, որ գալիս եք այստեղ։ Հաճախ ձեզ երկար չենք տեսնում։ ոչ, ես պետք է վաճառեմ առիթը ներկայանալուն պես։ Դրանք այնուամենայնիվ ինչ֊որ բան արժեն։ Եթե ոչինչ չարժենային, ես երբեք չէի կարող վաճառել։

— Իսկ դուք ինչպե՞ս եք որոշում ֆրանսերեն գրքի արժեքավոր լինելը։

— Դե, ամենից առաջ նայում եմ, թե գրքում նկարներ կա՞ն։ Այնուհետեւ որոշում եմ նկարների որակը։ Մեծ նշանակություն ունի նաեւ կազմը։ եթե գիրքը լավն է, տերը այն ինչպես հարկն է, կազմել կտա։ Անգլերեն գրքերը եւս կազմված են, բայց նրանց կազմը վատն է։ Դրանց մասին դժվար է դատել։

«Արծաթե աշտարակի» մոտ գտնվող այդ խանութից մինչեւ Մեծ օգոստոսափառների գետափը գրավաճառները չէին վաճառում ոչ անգլիական, ոչ ամերիկյան գրքեր։ Իսկ այնտեղից դենը, ներառյալ Վոլտերի գետափը, մի քանի գրաջավառներ կային, որոնք վաճառում էին Սենայի ձախ ափից, մասնավորապես «Վոլտեր» պանդոկի ծառայողներից գնված գրքեր, պանդոկ, որտեղ, որպես կանոն, իջեւանում էին հարուստ մարդիկ։ Մի այլ գրավաճառուհու, որը նույնպես իմ լավ բարեկամուհին էր, ես մի անգամ հարցրի, թե արյդո՞ք պատահում է այնպես, որ գրքերը նրան վաճառեն իրենք՝ դրանց տերերը։

— Ոչ,— պատասխանեց նա,— այդ բոլորը մոռացված գրքեր են։ Ահա թե ինչու պարզ է, որ դրանք ոչ մի արժեք չունեն։

— Դրանք նրանց նվիրում են բարեկամները, որպեսզի նավում կարդալու բան ունենան։

— Հնարավոր է,— ասաց նա,— երեւի այդ գրքերից շատ է մնում նավերում։

— Այո,— ասացի ես,— նավային ընկերությունը այդ գրքերը դեն չի նետում, այլ կազմել է տալիս եւ դրանցից ստեղծում նավի գրադարան։

— Դա շատ խելացի է,— պատասխանեց նա,— համենայն դեպս, գրքերը լավ կազմ են ստանում։ Ահա այդպիսի գիրքն արդեն արժեք ունի։

Ես զբոսնելու համար գետափ եմ իջնում, երբ ավարտում էի գրելս կամ պետք ունեի որեւէ բանի շուրջը մտածել։ Ինձ համար մտածելը հեշտ է, երբ զբոսնում եմ կամ ինչ֊որ բանով զբաղված եմ եւ կամ դիտում եմ, թե մյուսները ինչպես են զբաղված մի գործով, որից գլուխ են հանում։ Նոր կամուրջի մոտ, որտեղ կանգնած է Հենրիխ Չորրորդի արձանը, Սիտե կղզու ներքին վերջավորությունը վերածվում է նավի սուր քթի նմանող մի նեղ սլաքի եւ այնտեղ, հենց ջրի մոտ, գցված է ճյուղատարած ու հսկայական, հոյակապ շագանակենիների մի փոքրիկ այգի, իսկ սահանքներն ու խոր գետախորշերը, որ այստեղ առաջացնում է Սենան, ձկնորսության հիանալի տեղ են։ Աստիճաններով կարելի է իջնել այգին եւ հետեւել ձկնորսներին, որոնք տեղավորվել են այստեղ եւ մեծ կամրջի տակ։ Ձկնորսության տեղերը փոխվում էին գետի մակարդակի փոփոխման հետ մեկտեղ, եւ ձկնորսները օգտվում էին բամբուկե ծալովի կեռերից, որոնք, սակայն, ունեին բարակ կարթաթելեր, թեթեւ սարք եւ բադի փետուրից պատրաստված լողակներ․ նրանք վարպետորեն կերակրում էին ձկանը այն վայրում, որտեղ որսում էին։ Նրանց միշտ հաջողվում էր որեւէ բան որսալ եւ հաճախ կարթից կախվում էր մանրածածանի նման հիանալի ձուկ, որն անվանում են goujon։ Ամբողջովին տապակած շատ համեղ է, եւ ես կարող էի դրանից մի ամբողջ լիքը ափսե ուտել։ Նրա միսը շատ նուրբ է եւ իր համով հաճելի է նույնիսկ թարմ սարդիններից, ճարպի հոտ չունի, եւ մենք ձուկն ուտում էինք ուղղակի ոսկրներով։

Ամենից լավ այդ ձուկը պատրաստում էին ներքին Մեդոնի գետափնյա բաց ռեստորանում։ Ռեստորանը կոչվում էր «Հրաշալի ձկնորսություն», եւ այնտեղ մատուցում էին «մյուսկադեի» տիպի հիանալի սպիտակ գինի։ Այստեղ ամեն ինչ նման էր Մոպասանի պատմվածքներին, իսկ գետի տեսքը այնպիսին էր, ինչպես այն նկարագրել է Սկսլեյը։ Իհարկե, goujon ուտելու համար պետք չէր այդքան հեռու գնալ։ Սեն֊Լուի կղզում պատրաստում էին հիանալի friture[13]։

Ես ճանաչում էի մի քանի ձկնորսների, որոնք որսում էին Սենայի ամենաձկնառատ վայրերում, Սեն֊Լուի կղզու եւ Վերտ Գալանտ հրապարակի միջեւ ընկած մասում, եւ հաճախ պարզ օրերին վերցնում էի մի լիտր գինի, հաց, երշիկ, նստում էի արեւի տակ, ընթերցում հենց նոր գնածս գիրքը եւ հետեւում ձկնորսությանը։

Ճանապարհորդական նոթերի հեղինակները սիրում են Փարիզի ձկնորսներին այնպես պատկերել, ասես դրանք դիվահար մարդիկ են, որոնց երբեք չի հաջողվում որսալ գոնե մեկ ձուկ, բայց իրականում այդ զբաղմունքը միանգամայն լուրջ է, նույնիսկ՝ շահավետ։ Ձկնորսների մեծամասնությունը ապրում էր համեստ կենսաթոշակով, դեռեւս չկասկածելով, որ ինֆլյացիան այն զրոյի կհավասարեցնի։ Բայց կային նաեւ իրենց գործով խորապես տարված ձկնորսներ, որոնք ամբողջ ազատ ժամանակը անց էին կացնում գետափին։ Շարանտոնում, որտեղ Մառնան թափվում է Սենա, եւ քաղաքից դուրս, ձկնորսությունը ավելի լավ էր, բայց հենց բուն Փարիզում էլ կարելի էր որսալ ինչպես հարկն է։ Ես ինքս ձուկ չէի որսում, որովհետեւ դրա համար անհրաժեշտ սարքեր չունեի եւ գերադասում էի փող կուտակել, որպեսզի մեկնեմ Իսպանիա ձուկ որսալու։ Բացի այդ, ես ստույգ չգիտեի, թե երբ եմ ավարտելու աշխատանքս կամ երբ պիտի մեկնեմ, ուստի չէի ցանկանում ինձ կաշկանդել ձկնորսությամբ, որով զբաղվել կարելի է միայն որոշակի ժամերի։ Բայց ես ուշադիր հետեւում էի ձկնորսներին եւ ինձ համար միշտ հաճելի էր գիտակցել, որ ես գլուխ եմ հանում բոլոր նրբություններից, իսկ այն միտքը, որ նույնիսկ այս մեծ քաղաքում մարդիկ ձուկ են որսում ոչ թե հանուն հետաքրքրության եւ մի քիչ տուն են բերում friture֊ի համար, ինձ ուրախություն էր պատճառում։

Ձկնորսներ եւ աշխույժ գետ, գեղեցկուհի֊նավակներ՝ իրենց հատուկ կյանքով, բուքսիրներ՝ ծխնելույզներով, որոնք ծալվում էին, որպեսզի չդիպչեն կամուրջներին, բուքսիրանավերի հետեւից ձգվող բարժերի սյունաշար, քարակոփ ափերի հոյակապ ծփիներ, սոսիներ եւ նույնիսկ բարդիներ։ Գետափին ինձ երբեք մենակ չեմ զգացել։ Երբ քաղաքում այդքան շատ ծառ կա, թվում է՝ ահա, ուր որ է, գարունը կգա, որ մի գեղեցիկ առավոտ գիշերային տաք քամին անսպասելիորեն գարուն կբերի։ Սառը տեղատարափ անձրեւները հաճախ գարնանը ստիպում էին նահանջել, եւ թվում էր, նա այլեւս երբեք չի վերադառնա, ու քո կյանքից դուրս կմնա տարվա մի ամբողջ եղանակ։ Փարիզում դրան միակ իրոք թախծալի օրերն էին, որովհետեւ այդպիսի գարունը անբնական է թվում։ Աշնանը թախծի հետ հաշտվում ես։ Ամեն տարի քո մեջ ինչ֊որ բան մեռնում է, երբ ծառերից թափվում են տերեւները, եւ նրանց մերկ ճյուղերը ձմեռային սառը լույսի մեջ անպաշտպան օրորվում են քամուց, բայց դու գիտես, որ գարունը անպայման կգա, այնպես, ինչպես վստահ ես, որ սառած գետը կրկին կազատվի սառույցից։ Երբ սառը անձրեւները անընդհատ թափվում էին եւ սպանում գարունը, թվում էր, թե զուր տեղը խորտակվել է մի երիտասարդ կյանք։ Ինչեւէ, չնայած այդպիսի օրերին, գարունը վերջ ի վերջո միշտ վրա էր հասնում, բայց սիրտս սարսափ էր պատում, որ գարունը կարող էր եւ չգալ։

Խաբուսիկ գարուն

Երբ գարունը գալիս էր, թող նույնիսկ խաբուսիկ գարունը, այլ հոգսեր չկային, մեկից բացի․ որտե՞ղ երջանկություն վայելես։ Միակ բանը, որ կարող էր փչացնել օրը, մարդիկ էին, բայց եթե հաջողվում էր խուսափել հրավերներից, օրն անսահման էր դառնում։ Մարդիկ միշտ սահմանափակել են այդ երջանկության հնարավորությունը, շատ քչերի բացառությամբ, որոնք նույն բերկրանքն էին բերում, ինչ բերում է ինքը՝ գարունը։

Գարնանը ես սովորաբար աշխատում էի վաղ առավոտյան, երբ կինս դեռեւս քնած էր լինում։ Պատուհանները կրնկի վրա բաց են։ Սալարկուղու խճաքարերը չորանում են անձրեւից։ Արեւը չորացնում է իմ պատուհանի դիմացի տների թաց երեսը։ Խանութների փեղկերը դեռեւս փակ են։ Հովիվը, սրինգ փչելով, փողոցով քշում է այծերի հոտը, եւ մեր վերեւում ապրող կինը դուրս է գալիս փողոց, մի մեծ սափոր ձեռքին։ Հովիվը ընտրում է ուռած կրծքով սեւ այծը եւ կթում ուղղակի սափորի մեջ, իսկ նրա շունը մինչ այդ մյուս այծերին քշում է դեպի մայթը։ Այծերը նայում են չորս կողմը եւ տուրիստների նման թափահարում գլուխները։ Հովիվը փող է ստանում այդ կնոջից, շնորհակալություն հայտնում եւ շարունակում իր ճանապարհը՝ շվի փչելով, իսկ շունը քշում է այծերին, եւ նրանք սնգսնգալով քայլում են սալարկի վրայով, թափահարելով պոզերը։

Ես կրկին սկսեցի գրել, իսկ կինը կաթի սափորը ձեռքին ահա բարձրացավ սանդուղքներով։ Նա թաղիքե ներբանով հողաթափեր էր հագել եւ երբ կանգ առավ մեր հարթակի վրա, ես միայն նրա ծանր հեւքը լսեցի, իսկ հետո լսեցի նրա ետեվից ծածկվող դռան թրխկոցը։ Մեր տանը նրանից բացի ոչ ոք այծի կաթ չէր գնում։

Ես որոշեցի փողոց դուրս գալ եւ գնել ձիարշավի առավոտյան ծրագիրը։ Նույնիսկ ամենաաղքատ թաղամասում կարելի է գտնել համենայն դեպս մեկ օրինակ, բայց այդպիսի օրը անհրաժեշտ է վաղ գնել ծրագիրը։ Ես այն գնեցի Դեկարտի փողոցի եւ Կոնտրեսկարպի հրապարակի անկյունում։ Այծերն իջնում էին Դեկարտի փողոցով, իսկ ես խոր շնչեցի առավոտյան օդը եւ արագ ետ դարձա, որպեսզի շուտ հասնեմ սենյակս եւ ավարտեմ աշխատանքս։ Քիչ էր մնում գայթակղվեի եւ տուն վերադառնալու փոխարեն առավոտյան քայլեի այծերի ետեւից։ Սակայն, նախքան կսկսեի գրել, ես աչքի անցկացրի ծրագիրը։ Այդ օրը ձիարշավը տեղի էր ունենալու Էնգիենում՝ փոքրիկ, համակրելի եւ մի քիչ էլ խարդախաբարո ձիարշավարանում, որը աուտսայդերների[14] ապաստարանն էր։

Նշանակում է, երբ ես աշխատանքս ավարտեմ, մենք ձիարշավարան կգնանք։ Տորոնտյան թերթը, որի համար ես գրում էի, մի քիչ հոնորար էր ուղարկել, եւ մենք որոշեցինք գրազ գալ որեւէ մութ ձիու[15] վրա, որից կարելի է մի կարգին գումար շահել։ Կինս մի անգամ Օտեյլում Ոսկե Այծ մականունով ձիու համար գրազ էր բռնել, դնելով մեկի դիմաց հարյուր քսան, եւ ձին արդեն քսան մարմնով առաջ էր անցել, բայց վերջին արգելքի մոտ ընկել էր, մեզ անվերադարձորեն զրկելով խնայողություններից, որոնք մեզ կես կարի կբավարարեին։ Մենք աշխատում էինք չհիշել այդ մասին։ Այն տարի, մինչեւ Ոսկե Այծի հետ պատահած դեպքը, մենք շարունակ շահում էինք։

— Իսկ մենք փող ունե՞նք իսկապես խաղալու համար, Տետի,— հարցրեց կինս։

— Ոչ։ Անհրաժեշտ է հաշվել եւ ծախսել ճիշտ այնքան, որքան մենք կվերցնենք մեզ հետ։ Բայց գուցե դու ցանկանում ես այդ գումարը որեւէ ա՞յլ բանի վրա ծախսել։

— Ինչ ասեմ…— պատասխանեց կինս։

— Հասկանում եմ։

Այն տարիներին մենք շատ դժվար էինք ապրում, եւ ես գծուծ էի։

— Ոչ,— ասաց նա,— բայց…

Ես գիտեի, թե որքան խիստ էի ծախսերի հարցում եւ թե որքան վատ էր դասավորվել ամեն ինչ։ Կարիքը չի դառնացնում նրան, ով աշխատում է եւ բավարարություն ստանում աշխատանքից։ Լողասենյակները, ցնցուղները եւ տաք զուգարանները ես այնպիսի հարմարանքներ էի համարում, որոնք գոյություն ունեն մեզանից բոլոր տեսակետից ցածր կանգնած մարդկանց համար, իսկ մեզ դրանք գոհունակություն էին պատճառում միայն ճանապարհորդությունների ժամանակ, եւ մենք հաճախ էինք ճանապարհորդում։ Իսկ սովորական օրերի համար գետի մոտ, փողոցի ծայրին, բաղնիսներ կային։ Կինս երբեք չէր գանգատվում այդ բոլորից ճիշտ այնպես, իչնպես եւ լաց չեղավ, երբ Ոսկե Այծը ընկավ։ Հիշում եմ, նա լաց եղավ, որովհետեւ ափսոսաց ձիուն, այլ ոչ թե դրամը։ Ես ինձ հիմար կերպով պահեցի, երբ նրան ցիգեյկայի գորշագույն բաճկոնակ էր պետք, բայց երբ նա գնեց այդ բաճկոնակը, այն ինձ շատ դուր եկավ։ Ես ինձ հիմար էի պահել նաեւ այլ դեպքերում։ Բայց այդ ամենը աղքատության դեմ մղվող պայքարի հետեւանքն էր, աղքատության, որը կարելի է հաղթել, եթե փողը չվատնես։ Հատկապես, երբ հագուստեղենի փոխարեն նկարներ ես գնում։ Բայց բանն այն է, որ մենք մեզ ամենեւին էլ աղքատ չէինք համարում։ Մենք պարզապես չէինք ցանկանում հաշտվել այդ մտքի հետ։ Մենք մեզ դասում էինք ընտրյալների թվին, իսկ նրանք, որոնց մենք վերեւից ներքեւ էինք նայում, եւ որոնց ամենայն իրավունքով չէինք վստահում, հարուստ էին։ Ինձ միանգամայն բնական էր թվում այն, որ տաք լինելու համար ներքնաշապիկի փոխարեն սվիտր էին հագնում։ Դա տարօրինակ էր թվում միայն հարուստներին։ Մենք սնվում էինք լավ ու էժան, խմում էինք լավ ու էժան, լավ քնում էինք եւ միասին տաք էինք զգում ու սիրում էինք միմյանց։

— Իմ կարծիքով պետք է գնալ,— ասաց կինս,— շատ վաղուց է, որ ձիարշավներում չենք եղել։ Մեզ հետ ուտելու որեւէ բան վերցնենք ու մի քիչ գինի։ Ես լավ բուտերբրոդներ կպատրաստեմ։

— Մենք գնացքով կգնանք եւ, ի դեպ, դա էժան է։ Բայց եթե դու գտնում ես, որ մենք չպետք է գնանք, արի չգնանք։ Այսօր հիանալի օր է։

— Իմ կարծիքով, պետք է գնալ։

— Իսկ գուցե քեզ համար ավելի հաճելի կլինի փողը որեւէ այլ բանի վրա ծախսե՞լ։

— Ոչ,— գոռոզամտորեն պատասխանեց նա։ Նրա ցցուն այտոսկրները ասես թե ստեղծված էին հենց գոռոզամտության համար,— վերջ ի վերջո ո՞վ ենք մենք։

Մենք գնացք նստեցինք Հյուսիսային կայարանում, անցանք քաղաքի ամենակեղտոտ ու ամենատխուր մասը եւ կառամատույցից ոտքով հասանք ձիարշավարանի օազիսը։ Դեռեւս շատ վաղ էր, մենք իմ անձրեւակալը փռեցինք նոր հնձած կանաչի վրա, նստեցինք ու նախաճաշեցինք։ Գինին խմում էինք ուղղակի շշից եւ նայում էինք հին տրիբունաներին, տոտալիզատորի փայտե դարչնագույն փայլին, ճերմակացրած քարե պարսպին, սպիտակ սյուներին ու ճաղերին, կանաչ ծառերի տակ գոյացած պադդոկներին[16] եւ այն առաջին ձիերին, որոնց դուրս էին բերում այնտեղ։ Մենք մի քիչ էլ գինի խմեցինք եւ ուշադիր ուսումնասիրեցինք ձիարշավի ծրագիրը։ Կինս պառկեց անձրեւակալի վրա մի քիչ ննջելու, դեմքը հառելով արեւին։ Ես գնացի դեպի տրիբունաները եւ շուտով հանդիպեցի մի մարդու, որին ճանաչում էի դեռեւս Միլանում եղածս օրերին։ Նա ինձ խորհուրդ տվեց գրազ բռնել երկու ձիերի վրա, մատնացույց անելով դրանց։

— Նրանք, իհարկե, ոսկու տակառ չեն, բայց չվախենաք խաղագումար դնելուց։

Դրանցից առաջինի վրա գրազ բռնելով, մենք դրեցինք մեր փողի կեսը, որ միտք ունեինք ծախսել, եւ այն մեզ շահույթ բերեց մեկի դիմաց տասներկու հաշվով։ Ձին լավ հաղթահարեց արգելքները, ճանապարհի հեռավոր ծայրում առաջ անցնելով մյուսներից, ֆինիշին հասավ նրանցից չորս մարմնով շուտ։ Մենք պահեցինք շահույթի կեսը, իսկ մյուս կեսը ներդրեցինք մյուս ձիու օգտին, որը իսկույն առաջ սլացավ, հաղթահարեց բոլոր դժվարությունները, սակայն հարթ ճանապարհին քիչ էր մնում տանուլ տար․ ֆավորիտը յուրաքանչյուր ցատկի հետ հասնում էր նրան, եւ երկու հեծնորդների խարազաններն էլ աշխատում էին անընդհատ։

Մենք գնացինք տրիբունաների տակ գտնվող ճաշարանում մի֊մի գավաթ շամպայն խմելու եւ սպասելու, մինչեւ հայտարարեն շահույթները։

— Այսուամենայնիվ, ձիարշավները սարսափելի քամում են մեզ,— ասաց կինս,— դու տեսա՞ր, այն ձին քիչ էր մնացել առաջինը հասներ։

— Սիրտս մինչեւ հիմա էլ դողում է։

— Որքա՞ն են վճարելու։

— Արժենշումը մեկի դիմաց տասնութ է եղել, բայց հնարավոր է՝ վերջին րոպեին նրա օգտին շատ խաղագումարներ են դրել։

Մեր կողքով տարան ձիերին։ Մերը ամբողջովին փրփուրի մեջ էր, նրա ռունգերը լայնացել էին, եւ հեծնորդը շոյում էր նրան։

— Խեղճ ձիուկ,— ասաց կինս,— իսկ մենք միայն խաղագումար ենք դնում դրանց օգտին։

Մենք այնքան նայեցինք, մինչեւ ձիերն անցան, մի֊մի գավաթ եւս շամպայն խմեցինք եւ այդ պահին հայտարարեցին շահույթը՝ 85։ Դա նշանակում էր, որ այդ ձիու համար տասը ֆրանկանոց տոմսի դիմաց վճարում են 85֊ական ֆրանկ։

— Երեւի վերջում այդ ձիու հետ շատերն են հույս կապել,— ասացի ես։

Բայց մենք շատ փող էինք շահել, շատ՝ մեզ համար, եւ այժմ մենք գարուն ունեինք եւ դրան գումարած՝ փող։ Եվ ես մտածեցի, որ մեզ ուրիշ ոչինչ պետք չէ։ Այդպիսի օրը, եթե ծախսերի համար մեզնից յուրաքանչյուրի հաշվով առանձնացնեինք շահույթի նույնիսկ մեկ քառորդ մասը, հնարավորություն էր տալիս մյուս կեսն էլ ետ գցել ձիարշավների ֆոնդի համար։ Ձիարշավների ֆոնդը ես գաղտնի էի պահում, մյուս փողերից առանձին։

Այդ նույն տարին, երբ մենք վերադարձել էինք մեր մի ճանապարհորդությունից եւ ձիարշավում մեր բախտը կրկին բանել էր, մի անգամ մենք մտանք Պրյունիեի մոտ, որպեսզի բարում ճաշենք։ Նախապես ծանոթացել էինք ցուցափեղկերի բոլոր հրաշալիքներին, ցուցափեղկեր, որոնցում դրված են գները ցույց տվող պարզորոշ պիտակներ։ Մենք պատվիրեցինք ոստրե ու crabe Mexicaine[17] եւ դրանք խմեցինք մի քանի գավաթ «սանսերա»֊ով։ Վերադարձի ճանապարհին մենք մթության միջով անցանք Թյուիլրիով եւ կանգ առանք, որպեսզի Կարուսելի կամարի միջով նայենք մութ այգիներին, որոնց թանձր մթության ետեւում երեւում էր Համաձայնության լուսավորված հրապարակը, եւ կրակների մի երկար շղթա էր բարձրանում դեպի Հաղթակամարը։ Հետո նայելով Լուվրի մութ բծին, ես ասացի․

— Դու իրո՞ք կարծում ես, որ բոլոր երեք կամարները գտնվում են միեւնույն ուղղաձիգի վրա։ Այս երկուսը եւ Միլանի Սերմիոնի կամարը։

— Չգիտեմ, Տետի։ Ասում են, որ այդպես է եւ հավանաբար իզուր չեն ասում։ Դու հիշո՞ւմ ես, թե ինչպես էինք մենք մագլցում ձյան միջով եւ Սեն֊Բերնարի իտալական մասում իսկույն ընկանք գարնան գիրքը, ու հետո դու, Չինկը եւ ես ամբողջ օրը գարնան միջով իջնում էինք դեպի Աոստա։

— Չինկը դա անվանեց «կոշիկներով՝ Սեն֊Բերնարի վրայով»։ Հիշո՞ւմ ես այն կոշիկները։

— Իմ խեղճ կոշիկներ։ Իսկ հիշո՞ւմ ես ինչպես մենք «Գալերեայում» մրգի սալաթ կերանք Բիֆիի մոտ եւ «կապրի» խմեցինք ու սառույցով գետնամորի կերանք ապակե բարձր սկահակից։

— Հենց այդ պատճառով է, որ ես մտածեցի երեք կամարների մասին։

— Ես հիշում եմ Սերմիոնի կամարը։ Այն նման է սրան։

— Իսկ հիշո՞ւմ ես պանդոկը Էգլեյում, որտեղ դուք Չինկի հետ ամբողջ օրը այգում կարդում էիք, իսկ ես ձուկ էի որսում։

— Հիշում եմ, Տետի։

Ես հիշեցի Ռոնան, որ նեղ էր, գորշ եւ ուռել էր հալած ձյունաջրերից, հիշեցի երկու գետակները, որոնցում իշխանաձուկ է լինում՝ Ստոկալպերը եւ Ռոնի ջրանցքը։ Ստոկալպերը այն օրը արդեն միանգամայն թափանցիկ էր, բայց Ռոնի ջրանցքում ջուրը դեռեւս պղտոր էր։

— Իսկ հիշո՞ւմ ես, ինչպես էին ծաղկել վայրի շագանակենիները, եւ ես աշխատեցի հիշել գլիցինիայի հետ կապված պատմությունը, որ ինձ պատմել էր կարծեմ Ջիմ Գեմբլը ու ոչ մի կերպ չէի կարողանում հիշել։

— Հիշում եմ, Տետի։ Եվ դուք Չինկի հետ շարունակ խոսում էիք այն մասին, թե գրելուց ինչպես պետք է հասնել ճշմարտության եւ ճիշտ արտացոլել, այլ ոչ թե նկարագրել։ Ես հիշում եմ բոլորը։ Մերթ նա էր ճիշտ, մերթ էլ՝ դու։ Ես հիշում եմ, թե ինչպես էիք դուք վիճում լուսավորության, տեքստուրայի եւ ձեւի շուրջը։

Այդ ժամանակ մենք դուրս էինք եկել Լուվրի դարպասից, անցել էինք փողոցը եւ կանգ առնելով կամրջի վրա, հենվեցինք ցանկապատին ու սկսեցինք դիտել գետը։

— Մենք երեքով վիճում էինք աշխարհում ամեն ինչի մասին եւ միշտ ինչ֊որ շատ կոնկրետ բանի մասին ու ձեռ էինք առնում միմյանց։ Ես հիշում եմ այն ամենը, ինչ մենք արել ենք ու խոսել այն ճանապարհորդության ժամանակ,— ասաց Հեդլին,— ճիշտ եմ ասում։ Բոլորը, բոլորը։ Երբ դուք Չինկի հետ խոսում էիք, ես ետ չէի մնում։ Այնպես չէր, ինչպես միսս Ստայնի մոտ, որտեղ ես սոսկ կին եմ։

— Ափսոս, որ ես չեմ կարողանում հիշել գլիցինիայի հետ կապված այն պատմությունը։

— Դա կարեւոր չէ։ Կարեւորը ինքը՝ գլիցինիան է, Տետի։

— Հիշո՞ւմ ես, Էգլից ես գինի բերեցի մեր տնակը։ Գինին մեզ վաճառել էին հյուրանոցում եւ ասել, որ դա իշխան ձկան հետ լավ է։ Կարծեմ գինին մենք փաթաթել էինք «Գազետ դե Լյուցերն» թերթի մի քանի համարների մեջ։

— Սիոնյան գինին ավելի լավ էր։ Հիշո՞ւմ ես, ինչպես տիկին Գանգեսվիշը կապույտ իշխանաձուկ տապակեց, երբ մենք մեր տնակն էինք վերադարձել։ Ի՜նչ համեղ ձուկ էր, Տետի, եւ մենք սիոնյան գինի խմեցինք, ճաշեցինք հենց խորխորատի վրա կախված պատշգամբում եւ նայում էինք լճին, կիսով չափ ձյունապատ Դան֊դյու֊Միդին, նայում էինք Ռոնայի գետաբերանում բուսած ծառերին, որտեղ գետը թափվում էր լճի մեջ։

— Ձմռանն ու գարնանը մենք միշտ զգում ենք Չինկի կարիքը։

— Միշտ։ Եվ այժմ, երբ ամեն ինչ ետեւում է մնացել, նրա կարիքը ես զգում եմ։

Չինկը կադրային զինծառայող էր եւ Սանդհերստից[18] ընկել էր ուղիղ Մոնս[19]։ Ես նրա հետ ծանոթացել եմ Իտալիայում, եւ նա երկար ժամանակ սկզբում իմ, իսկ հետո մեր լավագույն բարեկամն էր։ Այն ժամանակ նա մեզ հետ էր անցկացնում իր արձակուրդը։

— Նա կփորձի գարնանը արձակուրդ ստանալ։ Այդ մասին անցյալ շաբաթ գրել էր Քյոլնից։

— Գիտեմ։ Բայց այժմ պետք է ապրել այսօրվա օրով եւ օգտագործել նրա յուրաքանչյուր րոպեն։

— Մենք հիմա տեսանք, թե ջուրը ինչպես է խլթխլթում կամրջասյուների մոտ, իսկ այժմ, ես գետի երկայնքով վերեւ նայենք, տեսնենք այնտեղ ինչ է երեւում։

Մենք նայեցինք ու տեսանք ամեն ինչ՝ մեր գետը, մեր քաղաքը, մեր քաղաքի կղզին։

— Մենք լավ բախտ ունենք,— ասաց նա,— ես հուսով եմ, որ Չինկը կգա։ Նա միշտ այնքա՜ն հոգատար է մեր նկատմամբ։

— Նա չի կարծում, թե դա այդպես է։

— Իհարկե։

— Նա կարծում է, թե մենք միասին ենք փնտրում։

— Դա հենց այդպես է։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ինչ ես փնտրում։

Մենք անցանք կամուրջը եւ հասանք մեր ափը։

— Դու քաղցած չե՞ս,— հարցրի,— թե չէ մենք մի գլուխ քայլում ենք ու զրուցում։

— Իհարկե, քաղցած եմ, Տետի, իսկ դո՞ւ։

— Գնանք որեւէ լաւ ռեստորան եւ արքայավայել ճաշենք։

— Ո՞ւր գնանք։

— Միշոյի մոտ։

— Շատ լավ։ Դա շատ մոտ է։

Մենք քայլեցինք սուրբ Հայրերի փողոցով, հասանք Ժակոբ փողոցի անկյունը, կանգ առնելով ու դիտելով ցուցափեղկերը, որոնցում դրված են նկարներ եւ կահույք։ Մենք մի պահ կանգ առանք Միշոյի ռեստորանի մուտքի առջեւ եւ կարդացինք ճաշացուցակը, որ փակցված էր դռանը։ Միշոյի մոտ ազատ տեղեր չկային, եւ մենք հարկադրված էինք սպասել, մինչեւ որեւէ մեկը գնա, ու մենք հետեւում էինք այն սեղաններին, որոնց արդեն սուրճ էին մատակարարում։

Քայլելուց մենք ավելի էինք քաղցել, իսկ Միշոյի ռեստորանը մեզ համար շատ հրապուրիչ էր ու թանկ։ Այն տարիներին այնտեղ ճաշում էր Ջոյսը իր ընտանիքով։ Նա եւ իր կինը նստել էին պատի մոտ, եւ Ջոյսը ճաշաքարտը աչքերին մոտեցրած, ակնոցի հաստ ապակիների միջով ուսումնասիրում էր։ Նրա կողքին նստել էր Նորան, որը ախորժակով էր ուտում, բայց քիչ, դիմացը՝ Ջորջին, նիհար, կտրիճավարի, ծոծրակի մոտ մազերը հարթ սղալած, եւ Լյուչիան, որը դեռ գրեթե փոքրիկ աղջիկ էր, գանգուր մազերի ծանր դեզով։ Ամբողջ ընտանիքը խոսում էր իտալերեն։

Քանի դեռ կանգնած էինք, ես մտածեցի, թե կարելի՞ է արդյոք պարզապես քաղց անվանել այն, ինչ մենք զգում էինք այնտեղ, կամրջի վրա։ Ես այդ հարցը տվի կնոջս եւ նա ասաց․

— Չգիտեմ, Տետի։ Կան քաղցի բազմաթիվ տարատեսակներ։ Գարնանը դրանք է՛լ ավելի են շատանում։ Բայց այժմ դա արդեն անցել է։ Վերհուշները նույնպես քաղց են։

Ես բթացել էի, եւ նայելով ռեստորանի պատուհանից ու տեսնելով մատուցողին, որ ափսեի մեջ տանում էր երկու teurnedos[20], հասկացա, որ ինձ տանջում է ամենասովորական քաղցը։

— Դու ասացիր, որ այսօր մեր բախտը բանում է։ Դա իրոք այդպես է։ Բայց չէ որ մեզ հուշել էին, թե որ ձիու համար գրազ բռնենք։

Նա ծիծաղեց։

Ես նկատի ունեի ոչ թե ձիարշավը։ Դու իմ բոլոր ասածները հասկանում ես տառացիորեն։ Ես դա ուրիշ մտքով ասացի։

— Իմ կարծիքով Չինկին ձիարշավները չեն հետաքրքրում,— ասացի ես, հաստատելով իմ բթությունը։

— Այո։ Դրանք նրան կհետաքրքրեին միայն այն դեպքում, եթե նա ինքը արհավեր։

— Դու այլեւս չե՞ս ուզում գնալ ձիարշավի։

— Ուզում եմ։ Եվ այժմ մենք կարող ենք գնալ, երբ ցանկանանք։

— Չէ, ճիշտն ասա, ուզո՞ւմ ես։

— Իհարկե։ Չէ որ դու եւս ցանկանում ես։ Չէ՞։

Երբ մենք վերջապես ընկանք Միշոյի մոտ, հրաշալի ճաշեցինք։ Բայց երբ մենք վերջացրինք եւ քաղցի հարցը այլեւս չկար, այն զգացումը, որը կամրջի վրա մենք ընդունել էինք քաղցի տեղ, չանհետացավ եւ ապրեց մեր մեջ այնքան ժամանակ, մինչեւ որ ավտոբուսով տուն էինք վերադառնում։ Այն չանհետացավ նաեւ այն ժամանակ, երբ մենք մտանք սենյակ եւ պառկեցինք անկողնում։ Այն չանհետացավ նաեւ, երբ մթան մեջ սիրում էինք իրար։ Երբ ես արթնացա եւ բաց պատուհաններից այն կողմ, բարձր տների կտուրներին տեսա լուսնի լույսը, այն ահա այնտեղ էր։ Ես մի կողմ թեքվեցի, որպեսզի լուսինը չլուսավորի իմ դեմքը, բայց արդեն քնել չէի կարող եւ պառկել էի բաց աչքերով ու մտածում էի այդ մասին։ Մենք գիշերվա ընթացքում երկու անգամ արթնացել էինք, բայց այժմ կինս անխռով քնած էր, եւ լուսնի լույսը ընկել էր նրա դեմքին։ Ես ճիգ էի գործադրում հասկանալու, բայց չափազանց բթացած էի։ Բայց չէ որ դեռեւս առավոտյան, երբ ես արթնացել էի, տեսել կեղծ գարունը, լսել այծերին քշող հովվի շվին ու գնացել ձիարշավի առավոտյան ծրագիր ձեռք բերելու, կյանքը այնքա՜ն պարզ էր թվում։

Բայց Փարիզը հին քաղաք է, իսկ մենք երիտասարդ էինք, եւ այնտեղ ամեն ինչ պարզ ու հստակ չէր՝ ե՛ւ աղքատությունը, ե՛ւ անսպասելի հարստությունը, ե՛ւ լոսնի լույսը, ե՛ւ արդարությունը կամ չարիքը, ե՛ւ շնչառությունը նրա, ով լուսնի լույսի տակ պառկած էր կողքիդ։

Մի հրապուրանքի վերջը

Այդ տարի եւ հետագա մի քանի տարիների ընթացքում, առավոտյան աշխատանքս ավարտելուց հետո, մենք միասին շատ անգամ եղանք ձիարշավներին, եւ Հեդլիին այդ դուր էր գալիս, իսկ հաճախ նույնիսկ կլանում էր նրան։ Բայց դա ամենեւին նման չէր նրան, որ մենք բարձրանում էինք անտառների գոտուց այն կողմ ընկած բարձրանիստ մարգագետինները, կամ ուշ երեկոյան վերադառնում մեր պանդոկը, կամ Չինկի՝ մեր լավագույն բարեկամի հետ լեռնանցքով գնում դեպի տակավին անծանոթ վայրերը։ Եվ մեզ հետաքրքրում էր ոչ թե բուն ձիարշավը, այլ խաղալու հնարավորությունը։ Բայց մենք դա անվանեցինք ձիարշավի հրապուրանք։

Ձիարշավները մեզ երբեք չբաժանեցին․ դրան ընդունակ են միայն մարդիկ։ Սակայն երկար ժամանակ ձիարշավը ասես թե մեր մերձավոր ու պահանջկոտ բարեկամն էր։ Համենայն դեպս, հաճելի էր այդպես մտածել։ Եվ ես, որ մարդկանց վրա արդարացիորեն վրդովված էի այն պատճառով, որ նրանք ընդունակ են ամեն ինչ ավերելու, ներողամիտ էի այդ ամենակեղծ, ամենագեղեցիկ, ամենագրավիչ, արատավոր ու պահանջկոտ բարեկամիս նկատմամբ, որովհետեւ նրանից կարելի էր օգուտ ստանալ։ Որպեսզի ձիարշավը եկամտի աղբյուր դառնա, պետք է ամբողջ ժամանակդ նվիրես դրան։ Իսկ ես ժամանակ չունեի։ Բայց ես իմ հրապուրանքը նրանով էի արդարացնում, որ գրում էի դրա մասին, թեեւ այն ամենը, ինչ գրել եմ, ի վերջո կորել է, եւ ձիարշավների մասին իմ պատմվածքներից ընդամենը մեկն է մնացել, որովհետեւ այն խմբագրությունից վերադառնալով, ճանապարհորդում էր փոստից֊փոստ։

Հետո ես ավելի հաճախ սկսեցի մենակ գնալ ձիարշավների, եւ դրանք ինձ ավելի ու ավելի էին գրավում ու ձգում։ Հենց որ հնարավորություն էր ստեղծվում, ես հաճախում էի ե՛ւ Օթեյլի, ե՛ւ Էնգիենի ձիարշավարանները։ Շատ թե քիչ խելացի խաղալու համար անհրաժեշտ էր դրան նվիրել ամբողջ ժամանակդ, բայց միայն դրանով ապրել անհնարին է։ Թղթի վրա կատարած հաշիվները հենց այդպես էլ թղթի վրա էին մնում։ Եվ դրանց արդյունքները կարելի էր իմանալ յուրաքանչյուր լրագրից։

Օթեյլում ստիպլ֊չեզը ամենից լավ կարելի էր դիտել վերին տրիբունաներից եւ հարկադրված էի լինում աստիճաններով վեր բարձրանալ, որպեսզի տեսնեմ, թե ինչպես է գալիս ձիերից յուրաքանչյուրը, նկատեմ այն ձիուն, որը կարող էր շահել, բայց չի շահել, եւ հասկանամ, թե ինչու կամ ինչ պատճառով նա չի արել այն, ինչ կարող էր անել։ Անհրաժեշտ էր ամեն անգամ, երբ քո կողմից ուսումնասիրվող ձին վազքի մեջ է, հետեւել խաղագումարներին եւ արժենշումների փոփոխություններին։ Եվ անհրաժեշտ էր հմուտ լինել գնահատելու, թե տվյալ ձին ինչպես է աշխատում, որպեսզի կռահես այն պահը, թե երբ են ախոռի աշխատողները խաղագումար դնելու նրա վրա։ Այս դեպքում եւս նա կարող է տանունլ տալ, բայց դու արդեն գիտես նրա հնարավորությունները։ Դա դժվար խնդիր էր, բայց ի՜նչ հրաշալի բան էր օրեցոր ձիարշավներ տեսնել Օթեյլում, երբ հաջողվում էր խցկվել այնտեղ եւ ներկա լինել հրաշալի ձիերի ազնիվ մրցումներին։ Մինչ այդ, դու արդեն ձիարշավարանը ճանաչում ես հինգ մատիդ պես։ Վերջ ի վերջո դու այնտեղ ձեռք ես բերել բազմաթիվ ծանոթներ՝ հեծնորդներ, վարժեցնողներ, ձիատերեր եւ ճանաչել ես բազում ձիեր ու շատ այլ բաներ։

Որպես կանոն, ես գրազ էի բռնում միայն այն ձիու վրա, որը ճանաչում էի, բայց հաճախ բացահայտում էի այնպիսի ձիեր, որոնց ոչ ոք չէր հավատում վարժեցնողներից ու հեծնորդներից բացի, եւ որոնք շահում էին մրցաելույթը մրցաելույթի ետեւից, իսկ ես էլ խաղագումար էի դնում նրանց օգտին։ Ի վերջո ես դադարեցի ձիարշավ հաճախելուց, որովհետեւ դա չափազանց շատ ժամանակ էր խլում ու կլանում էր ինձ, եւ բացի այդ, ես չափազանց շատ բան գիտեի այն մասին, ինչ տեղի էր ունենում Էնգիենում եւ մյուս ձիարշավարաններում, որտեղ կազմակերպվում էին հարթ ձիարշավներ։

Ես ուրախ էի, որ դադարել եմ ձիարշավներում խաղալուց, բայց ասես ինչ֊որ բան էի կորցրել։ Այն ժամանակ ես արդեն գիտեի, որ երբ կյանքում ինչ֊որ բան վերջանում է, վատ բան լինի, թե լավ, մնում է դատարկությունը։ Սակայն վատ բանից հետո մնացած դատարկությունը ինքն իրենով է լցվում։ Լավից հետո գոյացած դատարկությունը կարելի է լցնել միայն լավագույնը գտնելով։ Ձիարշավների համար նախատեսված դրամը ես մտցրեցի ընդհանուր ֆոնդի մեջ եւ դրանից ինձ թեթեւացած ու լավ զգացի։

Այն օրը, երբ որոշել էի ձեռք քաշել ձիարշավներից, ես գնացի Սենայի մյուս ափը եւ «Գարանտի տրաստ» ընկերության ճանապարհորդական բյուրոյում, որը այն ժամանակ գտնվում էր Իտալական փողոցին եւ Իտալական բուլվարի անկյունում, հանդիպեցի իմ բարեկամ Մայք Ուորդին։ Ես գնացել էի այնտեղ ձիարշավների համար նախատեսված փողը բանկ գցելու նպատակով, բայց ոչ ոքի այդ մասին չէի ասել։ Ես այդ փողը չմտցրի չեկային գրքույկի մեջ, այլ ուղղակի հիշեցի թիվը։

— Գնանք ճաշենք,— առաջարկեցի Մայքին։

— Գնանք, փոքրիկս։ Ես դեմ չեմ։ Ի՞նչ է պատահել։ Միթե դու չես գնալու ձիարշավարան։

— Ոչ։

Լուվուա հրապարակում մենք ճաշեցինք մի շատ լավ, հասարակ ճաշարանում, որտեղ հրաշալի սպիտակ գինի էին մատուցում։ Ճաշարանի դիմաց գտնվում էր Ազգային գրադարանը։

— Մայք, չէ՞ որ դու հաճախ չես լինում ձիարշավներին,— հարցրի ես։

— Ոչ։ Ես արդեն վաղուց է, ինչ չեմ եղել ձիարշավարանում։

— Իսկ ինչո՞ւ այլեւս չես հաճախում։

— Չգիտեմ,— պատասխանեց Մայքը,— ինչեւէ, գիտեմ, եթե տեսարանը քեզ կլանում է միայն այն պատճառով, որ դու փող ես մուծել այդտեղ, նշանակում է չարժե այն դիտել։

— Եվ դու այլեւս ձիարշավարան չե՞ս գնում։

— Մեկ֊մեկ գնում եմ։ Երբ մեծ ձիարշավներ են լինում, լավագույն ձիերի մասնակցությամբ։

Մենք պաշտետը քսեցինք համեղ հացին, որ մատուցում էին ճաշարանում եւ վրայից սպիտակ գինի խմեցինք։

— Իսկ դու առաջ ձիարշավով հրապուրվո՞ւմ էիր, Մայք։

— Այո, իհարկե։

— Իսկ ի՞նչն է, քո կարծիքով, դրանից ավելի հետաքրքիր։

— Մոտովազքը։

— Մի՞թե։

— Այնտեղ պարտադիր չէ խաղալ։ Այ կտեսնես։

— Ձիարշավները շատ ժամանակ են խլում։

— Չափազանց շատ։ Դրանք խլում են քո ամբողջ ժամանակը։ Եվ այնտեղ հավաքվող բազմությունն էլ ինձ դուր չի գալիս։

— Ես դրանով շատ եմ հրապուրվել։

— Գիտեմ։ Դու չես վառվե՞լ։

— Ոչ։

— Իսկը ժամանակն է թողնելու,— ասաց Մայքը։

— Դե, ես էլ թողել եմ։

— Դա հեշտ բան չէ։ Լսիր, փոքրիկս, եկ մի օր գնանք մոտովազքի։

Մոտովազքը հիանալի նորություն էր, ինձ գրեթե անծանոթ։ Բայց իսկույն չէ, որ մենք հրապուրվեցինք դրանով։ Դա տեղի ունեցավ ավելի ուշ։ Այն մեծ դեր խաղաց մեր կյանքում, երբ փարիզյան առաջին փուլը անվերադարձ կերպով ավարտվել էր։

Բայց երկար ժամանակ մեզ համար լավ էր ապրել Փարիզի մեր մասում, ձիարշավարանից հեռու, եւ հույս դնել ինքներս մեզ վրա, մեր աշխատանքի վրա, մեր ծանոթ նկարիչների վրա, փոխանակ օրվա ապրուստը խաղով հոգալու եւ դա այլ կերպ անվանելու։ Ես մոտովազքերի մասին շատ պատմվածքներ եմ սկսել, բայց այդպես էլ չավարտեցի ոչ մի այնպիսի պատմվածք, որը կարողանար համեմատվել փակ կամ բաց վազքուղիներում կամ խճուղու վրա տեղի ունեցող բուն մրցումների հետ։ Բայց ես այնուամենայնիվ ցույց կտամ ե՛ւ Ձմեռային մոտո֊արշավարանը՝ անցնող օրվա մշուշի մեջ, ե՛ւ փայտե դիք վազքուղին, ե՛ւ դողերի առանձնահատուկ սվվոցը, երբ նրանք քսվում են փայտին, ե՛ւ վարորդների լարվածությունն ու նրանց հնարանքները, երբ իրենց մեքենաներին ձուլված վեր են սլանում կամ նետվում ներքեւ, ցույց կտամ demi֊fond֊ի[21] ամբողջ հմայքը, ետնանիվավոր հռնդացող մոտոցիկլները, ե՛ւ նրանց՝ պաշտպանիչ ծանր սաղավարտներով ու կաշվե ներշնչուն բաճկոններով, entraîneurs[22]֊ներին, որ նստում էին ուսերը շտկած, որպեսզի հանդիպակաց օդի, հոսանքից պաշտպանեն ավելի թեթեւ սաղավարտ դրած վարորդներին, որոնք ղեկին հակված ամեհի արագությամբ պտտում են ատամնավոր հսկայական հաղորդակները, որպեսզի առջեւի փոքրիկ անիվը ետ չմնա մոտոցիկլի ետեւի անիվներից, որոնց համար առաջինը ճեղքում է օդը, ցույց կտամ ե՛ւ մոտորների հռնդյունը, ե՛ւ վարորդների շնչակտուր մրցավազքը, որոնք արմունկ֊արմունկի, անիվն անիվին քսելով, վեր ու վար շարունակ առաջ են սուրում կատաղի արագությամբ, մինչեւ որ որեւէ մեկը կորցնելով թափը, ետ մնա լիդերից եւ զարնվի օդի կոշտ շերտին, որից նա մինչ այդ պաշտպանված էր։

Մոտովազքը բազմաթիվ ձեւեր ունի։ Անջատ֊անջատ ստարտով սովորական սպրինտը կամ մատչային վազքերը, երբ երկու վարորդներ իրենց մեքենաների վրա երկար վայրկյանների ընթացքում հավասարակշռվում են, ստիպելով, որ ախոյանը առաջինը սկսի վազքը, հետո մի քանի դանդաղ շրջապտույտ են կատարում եւ վերջապես մոլեգնորեն նետվում գլխապտույտ արագության մեջ։ Բացի այդ, կան նաեւ ցերեկային երկժամյա թիմային վազքեր որոնց դեպքում սպրինտ ձեւի մի քանի վազք է կատարվում՝ ժամանակը լրացնելու համար։ Կան նաեւ բացարձակ արագության անհատական մրցումներ, երբ վարորդը մի ժամ շարունակ մրցում է վայրկենացույցի սլաքի հետ։ Վերջապես, շատ վտանգավոր, բայց եւ շատ գեղեցիկ մրցումներ՝ հարյուր կիլոմետրի վրա փայտե թեք վազքուղով «Բուֆֆալո»֊յի հինգ հարյուր մետրանոց գոգավոր, բացօթյա ստադիոնում, որ գտնվում է Մոնրուժում, որտեղ վարորդները ընթանում էին ծանր մոտոցիկլերի ետեւից։ Մենք տեսանք Լինարին՝ բելգիացի նշանավոր չեմպիոնին, որին դեմքի պատճառով Սիու[23] էին անվանել, եւ որը, վազքի վերջում ավելացնելով առանց այն էլ կատաղի արագությունը, գլուխը թեքում էր եւ իր մայկայի տակ գտնվող ռետինե պարկին միացրած խողովակից կոնյակ ծծում։ Տեսանք նաեւ Ֆրանսիայի չեմպիոնատը՝ լիդերի ետեւից վազքերի գծով, որ տեղի ունեցավ Օթեյլի մոտ գտնվող Արքայազնի այգում վեց հարյուր վաթսուն մետրանոց բետոնե վազքուղու վրա, ամենախարդախ վազքուղին, որտեղ մեր աչքի առջեւ ջախջախվեց մեծ Գանեն, եւ մենք լսեցինք պաշտպանիչ սաղավարտի տակ ջարդվող գանգի ճքճքոցը, ասես զբոսախնջույքի ժամանակ ինչ֊որ մեկը պինդ եփած ձու է կոտրել՝ քարին խփելով։ Ես պետք է նկարագրեմ վեցօրյա մոտովազքերի արտասովոր աշխարհը եւ լեռներում տեղի ունեցած խճուղային զարմանալի վազքերը։ Ֆրանսերենը միակ լեզուն է, որ կարող է արտահայտել այդ ամենը, որովհետեւ բոլոր տերմինները ֆրանսերեն են։ Ահա թե ինչու այդքան դժվար է դրա մասին գրել։ Մայքը ճիշտ էր ասում։ Մոտովազքերը լավ են նաեւ առանց տոտալիզատորի։ Բայց դա արդեն վերաբերում է Փարիզում անցկացրած իմ կյանքի մյուս փուլին։

Քաղցի դպրոցը

Երբ Փարիզում կիսաքաղց կյանք ես վարում, հատկապես շատ ես ցանկանում ուտել, որովհետեւ բուլկեղենի բոլոր խանութների ցուցափեղկերում ամեն տեսակի համեղ բաներ կան, իսկ մարդիկ ճաշում են ուղղակի մայթի վրա դրած սեղանների շուրջը, եւ դու տեսնում ես ուտելիքները, շնչում նրանց բուրմունքը։ Եթե դու լրագրությունը թողել ես եւ գրում ես այնպիսի բաներ, որոնք Ամերիկայում ոչ ոք չի գնի, իսկ տանն էլ ասել ես, թե այսինչը քեզ ճաշի է հրավիրել, ապա ամենից լավն այն է, որ գնաս Լյուքսեմբուրգյան այգի, որտեղ Աստղադիտարանի հրապարակից մինչեւ Վոժիրար փողոցը տանող ամբողջ ճանապարհին քեզ չեն շփոթեցնի ուտելեղենի ո՛չ տեսքը, ո՛չ էլ հոտը։ Եվ կարելի է մտնել Լյուքսեմգուրյան թանգարանը, որտեղ կտավները ավելի պարզ, ավելի հուզիչ ու գեղեցիկ են երեւում, եթե սրտագդալիդ տակ բութ ցավ ես զգում եւ քաղցից փորդ սեղմվել է։

Քանի քաղցած էի, սովորեցի շատ ավելի լավ ընկալել Սեզանին եւ հասկանալ, թե նա ինչպես է ստեղծել իր բնանկարները։ Ես հաճախ հարցնում էի ինձ՝ նա սոված չի՞ եղել արդյոք, երբ աշխատում էր։ Բայց որոշեցի, որ նա հավանաբար ուղղակի մոռանում էր ճաշել։ Այսպիսի ոչ այնքան առողջ միտք֊հայտնագործությունները ծնվում են անքնությունից կամ թերսնվելուց։ Ավելի ուշ ես որոշեցի, որ Սեզանը այնուամենայնիվ քաղց զգացել է, բայց ուրիշ քաղց։

Լյուքսեմբուրգյան թանգարանից կարելի է Ֆերուի նեղ փողոցով գնալ Սեն֊Սյուլպիսի հրապարակը, որտեղ նույնպես ոչ մի ռեստորան չկա, այլ կա միայն մի խաղաղ պուրակ՝ նստարաններով ու ծառերով։ Եվ շատրվան կա այնտեղ առյուծաքանդակ, աղավնիներ կան, որ վխտում են փողոցում եւ նստում եպիսկոպոսների արձաններին։ Հրապարակի հյուսիսային մասում կա եկեղեցի եւ խանութներ կան, ուր եկեղեցական զանազան իրեր են վաճառում։

Եթե այստեղից գնաս դեպի գետը, անպայման ստիպված կը լինես անցնել հրուշակեղեն, մրգեղեն, բանջարեղեն ու գինի վաճառող խանութների կողքով։ Սակայն ճանապարհը մանրազնին ուսումնասիրելով, կարելի է առաջ թեքվել, շրջանցել ճերմակագորշ եկեղեցին եւ դուրս գալ Օդեոնի փողոցը, այնտեղից մի անգամ էլ թեքվել աջ, դեպի Սիլվիա Բիչի գրախանութը․ այդ ճանապարհին այնքան էլ շատ չեն ուտելեղեն վաճառով հիմնարկները։ Օդեոնի փողոցում չկան ո՛չ սրճարաններ, ո՛չ էլ խորտկարաններ մինչեւ հրապարակ, որտեղ գործում է միանգամից երեք ռեստորան։

Մինչեւ հասնում ես Օդեոնի փողոցի № 12 տունը, քաղցի զգացումդ բթանում է, փոխարենը կրկին սրվում են ընկալումներդ։ Լուսանկարները այլ են թվում, եւ դու տեսնում ես գրքեր, որոնք մինչ այդ երբեք չես նկատել։

— Հեմինգուեյ, դուք աչքիս մի տեսակ նիհարել եք,— ասաց Սիլվիան,— դուք կանոնավո՞ր եք սնվում։

— Իհարկե։

— Դուք ճաշին ի՞նչ եք կերել։

Քաղցիս սիրտս խառնեց, բայց ես պատասխանեցի․

— Ես հենց տուն եմ գնում ճաշելու։

— Ժամը երեքի՞ն։

— Ես չնկատեցի, որ այդքան ուշ է։

— Այս քանի օրը Անգրիենան ասաց, թե ցանկանում է ձեզ ու Հեդլիին ընթրիքի հրավիրել։ Մենք Ֆարգին էլ կհրավիրենք։ Նա, կարծեմ, ձեզ դո՞ւր է գալիս։ Կամ Լարբոյին։ Դե, նա ձեզ անշուշտ դուր է գալիս։ Ես գիտեմ, որ դուր է գալիս։ Կամ էլի որեւէ մեկին, որը ձեզ իրոք դուր է գալիս։ Խոսեցեք Հեդլիի հետ, լա՞վ։

— Ես հավատացած եմ, որ նա սիրով կգա։

— Ես նրան pneu[24] կուղարկեմ։ Եվ այդքան շատ մի աշխատեք, քանի որ վատ եք սնվում։

— Չեմ աշխատի։

— Դե լավ, տուն գնացեք, թե չէ ճաշից կուշանաք։

— Ոչինչ, ինձ համար կպահեն։

— Հետո, սառը ճաշ մի կերեք։ Լավ, տաք ճաշ՝ ահա թե ինչ է ձեզ պետք։

— Ես նամակ չունե՞մ։

— Կարծում եմ՝ ոչ։ Ինչեւէ, հիմա նայեմ։

Նա փնտրեց, գտավ մի երկտող, ուրախ ժպտաց ինձ եւ բացեց իր գրասեղանի գզրոցը։

Սա իմ բացակայության ժամանակ են բերել,— ասաց նա։

Ես վերցրի ծրարը, շոշափելով զգացի, որ այնտեղ փող կա։

— Վեդդերկոպից է,— ասաց Սիլվիան։

— Պետք է որ «Քվերշնիտտ»֊ից[25] լինի։ Դուք տեսնվե՞լ եք Վեդդերկոպի հետ։

— Ոչ, Բայց նա Ջորջի հետ եկել էր այստեղ։ Նա ձեզ կհանդիպի, մի անհանգստացեք։ Երեւի նախ ցանկացել է վճարել ձեզ։

— Այստեղ վեց հարյուր ֆրանկ է։ Նա գրում է, թե էլի կուղարկի։

— Ի՛նչ լավ է, որ դուք ինձ հարցրիք նամակի մասին։ Որքա՜ն լավն է այդ պարոն Շատ Հաճելին։

— Շատ հետաքրքիր է, որ իմ գործերը գնում են միայն Գերմանիայում։ Նա եւ մեկ էլ «Ֆրանկֆուրտեր Ցայտունգը»։

— Ճիշտ որ զարմանալի է։ Բայց պետք չէ հուզվել։ Կարող եք ձեր պատմվածքները վաճառել Ֆորդին,— ծաղրանքով ասաց նա։

— Էջը երեսուն ֆրանկով։ Եթե երեք ամիսը մեկ մի պատմվածք տպվի «Տրանսատլանտիկ»֊ում, հինգ էջանոց պատմվածքի համար եռամսյակում վճարեն հարյուր հիսուն ֆրանկ, նշանակում է տարեկան կստանամ վեց հարյուր ֆրանկ։

— Լսեցեք, Հեմինգուեյ, մի՛ մտածեք, թե այժմ որքան են դրանց համար վճարում։ Կարեւորն այն է, որ դուք կարողացել եք դրանք գրել։

— Գիտեմ։ Ես կարողանում եմ պատմվածքներ գրել։ Բայց չէ որ դրանք ոչ ոք չի վերցնում։ Այն օրից, ինչ ես վերջ եմ տվել լրագրությանը, ոչինչ չեմ վաստակում։

— Մի հուզվեք, դրանք դեռ կգնեն։ Հետո տեսեք, դուք արդեն ստացել եք մեկի համար։

— Ներողություն, Սիլվիա։ Ներեցեք, որ ես սկսեցի խոսել այդ մասին։

— Ինչ կարիք կա ներողություն խնդրել։ Խոսեցեք, որքան ուզում եք ե՛ւ այդ մասին, ե՛ւ ինչի մասին որ ուզում եք։ Մի՞թե դուք չգիտեք, որ գրողները հենց մի գլուխ խոսում են իրենց ցավերից։ Բայց խոսք տվեք ինձ, որ այլեւս չեք հուզվի եւ կսնվեք ինչպես հարկն է։

— Խոստանում եմ։

— Որ այդպես է, տուն գնացեք եւ ճաշեցեք։

Դուրս գալով Օդեոնի փողոցը, ես իմ նկատմամբ գարշանք զգացի այդ բողոքների համար։ Այն, ինչ արել եմ, իմ բարի կամքով եմ արել, քեֆս ուզածին պես, բայց ինձ հիմարի պես պահեցի։ Պետք է մի մեծ կտոր հաց գնել եւ ուտել, քաղցած ման գալու փոխարեն։ Ես նույնիսկ զգացի կարմրած, ղրճղրճացող հացի համը։ Բայց պետք է նրա վրայից ինչ֊որ բան խմել։ «Էխ դու, նվնվացող սատանա, ցանկանում էիր սուրբ նահատակ ձեւանալ,— ասացի ինքս ինձ,— դու լրագրությունը թողեցիր քո բարի կամքով։ Դու վարկ ունես եւ Սիլվիան քեզ միշտ պարտք կտա։ Նա քեզ բազմիցս տվել է։ Այստեղ կասկածելու բան չկա։ Բայց դու միշտ ձգտում ես արդարացում գտնել քեզ համար։ Քաղցը օգտակար է առողջության համար, եւ նկարները սոված փորով իրոք ավելի լավ են դիտվում։ Բայց ուտելիքը նույնպես հրաշալի բան է, եւ դու գիտե՞ս արդյոք, թե այդմ որտեղ ես ճաշելու։

Լիպպի մոտ՝ ահա թե որտեղ ես ուտելու, նաեւ խմելու»։

Մինչեւ Լիպպը հեռու չէր, եւ ճանապարհի բոլոր այն տեղերը, որոնք իմ ստամոքսը նույնքան արագ էր նկատում, որքան եւ աչքերս ու քիթս, այժմ հատկապես հաճելի էին դարձնում ճանապարհը։ Brasseria֊ն[26] դատարկ էր, եւ երբ ես մեջքովս դեպի հայելին նստեցի պատի տակ դրված սեղանի մոտ ու մատուցողն հարցրեց, թե գարեջուր բերի՞ ինձ, ես պատվիրեցի distingue՝ մեկ լիտր տարողությամբ ապակյա մի մեծ փարչ ու կարտոֆիլի սալաթ։

Գարեջուրը շատ սառն էր, եւ ես խմեցի մեծ հաճույքով։ Կարտոֆիլը չէր ճխլել, համեմված էր քացախով ու սեւ պղպեղով, իսկ ձիթապտղի յուղը հիանալի էր։ Ես սեւ պղպեղ ցանեցի սալաթի վրա եւ հացը թաթախեցի ձիթապտղի յուղի մեջ։ Գարեջրի առաջին տենչագին կումից հետո ես սկսեցի ուտել ու խմել անշտապ։ Երբ սալաթը վերջացրի, պատվիրեցի մի բաժին եւս, ինչպես նաեւ cervelas՝ երկայնքով երկու մասի բաժանած ու մանանեխի հատուկ սոուսով համեմված հաստ ու մեծ նրբերշիկ։

Ես հացով սրբեցի ամբողջ յուղն ու սոուսը եւ դանդաղ ծծեցի գարեջուրը, մինչեւ տաքացավ, հետո մինչեւ վերջ խմելով, պատվիրեցի demi՝ կես լիտրանոց մի գավաթ, հետեւելով, թե ինչպես է այն լցվում։ Գարեջուրն ինձ ավելի սառը թվաց, քան առաջ, եւ ես կեսը խմեցի։

Ամենեւին էլ չեմ հուզվում,— մտածեցի ես։ Գիտեի, որ իմ պատմվածքները լավն են, եւ վաղ թե ուշ որեւէ մեկը դրանք կտպագրի նաեւ իմ հայրենիքում։ Հրաժարվելով թերթի աշխատանքից, ես չէի կասկածում, որ պատմվածքներս կհրապարակվեն։ Բայց դրանք մեկը մյուսի հետեւից վերադարձնում էին ինձ։ Իմ վստահությունը բացատրվում էր նրանով, որ Էդվարդ օʼԲրայենը «Իմ ծերունին» պատմվածքը զետեղել էր «Տարվա լավագույն պատմվածքները» ժողովածուի մեջ եւ այդ ժողովածուն ինձ ձոնել։ Ես ծիծաղեցի ու մի կում գարեջուր խմեցի։ Այդ պատմվածքը չէր տպվել ոչ մի հանդեսում եւ օʼԲրայենը ժողովածուի մեջ մտցրել էր հակառակ իր բոլոր կանոնների։ Ես կրկին ծիծաղեցի, ու մատուցողը ինձ նայեց։ Ծիծաղելի էր, որ այդ բոլորով հանդերձ, նա իմ ազգանունը ճիշտ չէր գրել։ Դա մեկն էր այն երկու պատմվածքներից, որոնք ինձ մոտ մնացել էին այն բանից հետո, երբ իմ բոլոր գրածները Լիոնի կայարանում Հեդլիից գողացել էին ճամպրուկի հետ մեկտեղ, որի մեջ նա իմ ամբողջ ձեռագրերը, որպես անակնկալ նվեր, բերում էր Լոզաննա, որպեսզի ես հնարավորություն ունենայի լեռներում մեր հանգստի պահին աշխատել դրանց վրա։ Նա բնագրերն ու մեքենագրված նմուշները, բոլոր պատճենների հետ մեկտեղ, դրել էր թղթապանակների մեջ։ Այս պատմվածքը պահպանվել էր այն պատճառով, որ Լինկոլն Ստեֆենսը ուղարկել էր ինչ֊որ խմբագրի, իսկ վերջինս հետ էր տվել։ Երբ մնացած բոլորը գողացել էին, այս պատմվածքը գտնվում էր փոստում։ Երկրորդ պատմվածքը՝ «Մեզ մոտ՝ Միչիգանում» գրել էի նախքան միսս Ստայնի մեզ այցելելը։ Ես չէի մեքենագրել, որովհետեւ միսս Ստայնը այն հայտարարել էր inaccrochable։ Այդ պատմվածքը ընկած էր գզրոցներից մեկում։

Եվ ահա երբ մենք Լոզաննայից մեկնեցինք Իտալիա, ես ձիարշավի մասին այդ պատմվածքը ցույց տվեցի օʼԲրայենին։ Նա մեղմաբարո, ամոթխած մի մարդ էր, լուսավոր կապույտ աչքերով եւ հարթ մազերով, որ անձամբ ինքն էր խուզում։ Այն ժամանակ նա ապրում էր Ռապալլոյի լեռների մենաստանում։ Վատ ժամանակներ էին, եւ ես համոզված էի, որ այլեւս երբեք չեմ կարող գրել, եւ պատմվածքս նրան ցույց տվի որպես մի ինչ֊որ արտասովոր բան․ այդպիսի բութ դեմքով կարելի է ցույց տալ քեզ անհասկանալի պատճառներով խորտակված նավիդ կողմնացույցը կամ աղետից հետո անդամահատված սեփական ոտքդ՝ կոշիկի մեջ, ու կատակել այդ առթիվ։ Բայց երբ օʼԲրայենը կարդաց պատմվածքը, ես հասկացա, որ նա նույնիսկ ավելի շատ է ցավում, քան ես։ Ես կարծում էի, թե նման ցավ կարող է միայն մահը առաջացնել կամ ինչ֊որ անտանելի տառապանք, քանի դեռ չէի տեսել Հեդլիին, երբ նա պատմում էր իմ բոլոր ձեռագրերի կորստյան մասին։ Սկզբում նա միայն լացում էր եւ չէր համարձակվում ասել։ Ես նրան համոզեցի, որ ինչքան էլ տխուր բան պատահած լինի, չի կարող այդքան սարսափելի լինել, եւ ինչ էլ պատահած լինի, պետք չէ հուզվել, ամեն ինչ լավ կլինի։ Միայն դրանից հետո նա ինձ պատմեց։ Ես չէի ուզում հավատալ, թե նա իր հետ վերցրել էր նաեւ երկրորդ օրինակները։ Գտա մեկին, որը ժամանակավորապես ստանձնեց թղթակցի իմ պարտականությունները, գնացք նստեցի եւ իսկույն մեկնեցի Փարիզ։ Այն ժամանակ ես վատ չէի վաստակում լրագրությամբ։ Հեդլիի ասածը ճիշտ դուրս եկավ, եւ ես լավ հիշում եմ, թե ինչ արեցի այդ գիշեր, երբ մտել էի մեր սենյակը եւ համոզվել դրանում։ Բայց այժմ այդ ամենը անցած էր, եւ Չինկը ինձ սովորեցրել էր երբեք չխոսել կորցրածի մասին։ Ես օʼԲրայենին ասացի, որ դա իր սրտին այդքան մոտ չընդունի։ Գուցե հենց լավն էլ այն է, որ իմ վաղ շրջանի պատմվածքները կորել են, եւ ես սփոփում էի օʼԲրայենին, ինչպես զինվորներին են մխիթարում մարտից հետո։ Ես շուտով կրկին կսկսեմ պատմվածքներ գրել, ասացի, ձգտելով նրան մխիթարելու համար կեղծել, բայց իսկույն էլ հասկացա, որ ճշմարտությունն եմ ասում։

Եվ այժմ Լիպպի մոտ նստած, ես սկսեցի վերհիշել, թե երբ է ինձ հաջողվել գրել առաջին պատմվածքը, բոլորը կորցնելուց հետո։ Դա Կորտինա֊դʼԱմպեցցոյումն էր, երբ ես ժամանակավորապես դադարեցնելով գարնանային դահուկազբոսանքները, վերադարձել էի Հեդլիի մոտ, որպեսզի թերթի առաջադրանքով մեկնեմ Հռենոսի մարզ եւ Ռուր։ Դա շատ պարզամիտ մի պատմվածք էր, կոչվում էր «Ոչ սեզոնին», եւ ես բաց էի թողել նրա իսկական վերջաբանը, որտեղ ծերունին կախվում է։ Ես այդպես էի վարվել իմ նոր տեսության համաձայն՝ կարելի է բաց թողնել այն ամենը, ինչ ուզում ես, պայմանով, եթե դու գիտես, թե ինչն ես բաց թողնում․ այդ դեպքում դա միայն ամրապնդում է սյուժեն, եւ ընթերցողը զգում է, որ գրածիդ ետեւում կա դեռեւս չբացահայտված ինչ֊որ բան։

Լավ է, մտածում էի, այժմ ես սովորել եմ պատմվածքն այնպես գրել, որ այն չեն հասկանում։ Դա միանգամայն պարզ է։ Եվ միանգամայն անկասկած է նաեւ այն, որ այդ պատմվածքները պահանջարկ չեն վայելում։ Բայց դրանք կհասկացվեն, ինչպես նկարների հետ է պատահում։ Միայն ժամանակ է պետք եւ հավատ՝ սեփական անձիդ նկատմամբ։

Երբ հարկադրված ես տնտեսել սննդի հաշվին, պետք է կարողանաս քեզ հավաքել, որպեսզի շատ չմտածես քաղցի մասին։ Քաղցը մարդուն կարգապահ է դարձնում եւ շատ բան է սովորեցնում։ Եվ այնքան ժամանակ, մինչեւ ընթերցողները այդ բանը չեն հասկանում, դու նրանցից առաջ ես։ Է՜լ ինչ,— մտածեցի ես,— ներկայումս ես նրանցից այնքա՜ն առաջ եմ, որ նույնիսկ չեմ կարողանում ճաշել ամեն օր։ Վատ չէր լինի, եթե նրանք մի քիչ կրճատեին այդ խզումը։

Ես գիտեի, որ պետք է վեպ գրեմ, բայց այդ խնդիրը իմ ուժերից վեր էր թվում, քանի որ ինձ դժվար էին հաջողվում նույնիսկ այնպիսի պարբերությունները, որոնք սոսկ քամվածքն են հանդիսանում այն ամենի, ինչից պատրաստում են վեպը։ Մեծ տարածության վազքից առաջ կատարվող մարզումների նման, ես պետք է փորձեի գրել ավելի երկար պատմվածքներ։ Երբ գրում էի այն վեպը, որը Լիոնի կայարանում գողացել էին ճամպրուկիս հետ մեկտեղ, դեռ չէի կորցրել պատանեկության լիրիկական թեթեւությունը, որը նույնքան անկայուն ու խաբուսիկ է, որքան եւ ինքը՝ պատանեկությունը։ Ես հասկանում էի՝ գուցե հենց լավն այն է, որ այդ վեպը կորել է, բայց հասկանում էի մի այլ բան եւս՝ պետք է նորը գրել։ Բայց կսկսեմ միայն այն ժամանակ, երբ այլեւս չեմ կարողանա հետաձգել։ Թող անիծված լինեմ, եթե վեպ գրեմ միայն նրա համար, որպեսզի ամեն օր կարողանանք ճաշել։ Ես այն կսկսեմ, երբ այլեւս չեմ կարողանա զբաղվել ոչ մի այլ բանով եւ երբ ուրիշ ընտրություն չեմ ունենա։

Թող պահանջը ավելի ու ավելի հրամայական դառնա։ Իսկ մինչ այդ, ես երկար պատմվածք կգրեմ այն մասին, ինչ ամենից լավ գիտեմ։

Ես արդեն վճարել էի։ Դուրս եկա, շրջվելով դեպի աջ, կտրեցի Ռեննի փողոցը, որպեսզի խուսափեմ «Դյո Մագո» սրճարանը մտնելու գայթակղությունից եւ ամենակարճ ճանապարհով՝ Բոնապարտի փողոցով տուն գնացի։

Իմ չգրածներից ու չկորցրածներից ի՞նչն է, որ ամենից լավ գիտեմ։ Ի՞նչն է, որ ես ամենից ավելի ստույգ գիտեմ եւ ամենից շատ եմ սիրում։ Ես ընտրելու բան չունեի։ Ես միայն կարող էի ընտրել այն փողոցները, որոնք ինձ ամենից արագ կհասցնեն իմ գրասեղանին։ Բոնապարտի փողոցով ես հասա Գինեմեի փողոցը, հետո Ասսի փողոցը եւ Նոտր֊Դամ֊դե֊Շանով քայլեցի դեպի «Կլոզերի դե Լիլա» սրճարանը։

Ես նստեցի անկյունում այնպես, որ իմ ուսի վրայով ընկնեն երեկոյան արեւի շողերը, եւ սկսեցի գրել ծոցատետրումս։ Մատուցողը բերեց café créme, ես կես բաժակ խմեցի, երբ այն սառել էր, հետո բաժակը հեռացնելով, շարունակեցի գրել։ Երբ ես գրել վերջացրել էի, չէի ցանկանում բաժանվել գետից, բուծարանի իշխանաձկնից, ցցագերանների մոտ ուռչող ջրից։ Դա մի պատմվածք էր պատերազմից տուն վերադառնալու մասին, պատերազմը այնտեղ չէր հիշատակվում։

Բայց չէ որ գետը առավոտյան եւս այստեղ կլինի, եւ ես պետք է նկարագրեմ այն, նկարագրեմ ամբողջ շրջակայքը, եւ այն ամենը, ինչ տեղի կունենա։ Եվ ամեն օր, բազմաթիվ օրեր, ես պետք է այդ բանն անեմ։ Մնացածը նշանակություն չունի։ Իմ գրպանում փող կա, Գերմանիայից ստացված փողը, եւ կարելի է ոչ մի բանի մասին չմտածել։ Երբ այդ փողը վերջանա, ուրիշ տեղից կստանամ։

Իսկ այժմ միայն պահանջվում է՝ մինչեւ առավոտ պահպանել մտքի հստակությունը, երբ ես կրկին ձեռնամուխ կլինեմ գործի։

Ֆորդ Մեդոքս Ֆորդը եւ Սատանայի աշակերտը

Երբ մենք բնակվում էինք սղոցարանի վերեւ, Նոտր֊Դամ֊դե֊Շան փողոցի № 113 տանը, մերձավոր լավ սրճարանը «Կլոզերի դե Լիլան» էր՝ Փարիզի լավագույն սրճարաններից մեկը։ Ձմեռը այնտեղ տաք էր լինում, գարնանն ու աշնանը կլոր սեղանները դրվում էին մարշալ Նեյի արձանի մոտ, ծառերի շվաքի տակ, իսկ սովորական քառակուսի սեղանները դասավորում էին մայթի երկայնքով, մեծ ծածկի տակ, եւ այնտեղ հաճելի էր նստել։ Մատուցողներից երկուսը մեր լավ բարեկամներն էին։ «Կուպոլ»֊ի եւ «Ռոտոնդա»֊յի մշտական հաճախորդները երբեք չէին գալիս «Լիլա»։ Նրանք այստեղ ոչ ոքի չէին ճանաչում, եւ ոչ ոք նրանց չէր ճանաչի, եթե նրանք այնուամենայնիվ գային։ Այն օրերին շատերն էին հաճախում Մոնպառնասի եւ Ռասպայի բուլվարների խաչմերուկում գտնվող սրճարանները, որպեսզի երեւան մարդկանց, եւ այդ սրճարանները ինչ֊որ չափով նրանց նույնպիսի կարճատեւ անմահություն էին պարգեւում, ինչպես գրագրային խրոնիկայի սյունակները։

Մի ժամանակ «Կլոզերի դե Լիլա»֊յում շատ թե քիչ կանոնավոր հավաքվում էին պոետները եւ նրանցից վերջին հայտնի բանաստեղծը Պոլ Ֆորն էր, որից ես այդպես էլ ոչինչ չկարդացի։ Սակայն միակ պոետը, որին ես այնտեղ տեսա, Բլեզ Սանդրարն էր՝ բռնցքամարտիկի խեղված դեմքով եւ ուսից կախված դատարկ թեւքով մի մարդ։ Նա անվնաս ձեռքով սիգարեթ էր փաթաթում եւ լավ զրուցակից էր, քանի դեռ չէր հարբել։ Նրա սուտը շատ ավելի հետաքրքիր էր մյուսների ճշմարտացի պատմություններից։ Նա միայկ պոետն էր, որ այն օրերին հաճախում էր «Լիլա», բայց ես նրան այնտեղ միայն մեկ անգամ եմ տեսել։ Այցելուների մեծամասնությունը մաշված կոստյումով, մորուքավոր, հասակ առած մարդիկ էին, որ գալիս էին իրենց կանանց կամ սիրուհիների հետ։ Նրանցից ոմանք կոճականցքի վրա «Պատվո լեգիոնի» կարմիր նեղ ժապավեն ունեին, մյուսները չունեին։ Մենք վեհանձնորեն նրանց համարում էինք գիտնականներ՝ savants, եւ նրանք իրենց ապերիտիվների շուրջը գրեթե նույնքան երկար էին նստում, որքան եւ ավելի մաշված կոստյումով այն հաճախորդները, որ իրենց կանանց ու սիրուհիների հետ խմում էին café créme ու կոճականցքերում կրում էին Ֆրանսիական ակադեմիայի հետ ոչ մի առնչություն չունեցող ակադեմիական մանուշակագույն վարդակապ, որոնք, մեր կարծիքով, նշանակում էին, թե դրանց կրողները դասախոսներ են կամ ուսուցիչներ։

Այդ հաճախորդները սրճարանը դարձրել էին շատ հանգստավետ, քանի որ նրանք հետաքրքրվում էին սոսկ միմյանցով, իրենց ապերիտիվներով ու սրճով, ինչպես նաեւ փայտե ձողիկների արանքում ամրացված թերթերով ու ամսագրերով, եւ ոչ ոք այնտեղ չէր հանդիսանում զննման առարկա։

«Լիլա» էին գալիս նաեւ Լատինական թաղամասի բնակիչները, եւ նրանցից ոմանք կոճականցքերում կրում էին «Զինվորական խաչի» ժապավեն, ոմանք դրա հետ մեկտեղ նաեւ «Զինվորական մեդալի» դեղնա֊կանաչ ժապավեն, եւ ես դիտում էի, թե նրանք որքան ճարպկորեն են սովորել յոլա գնալ առանց կորցրած վերջնավորությունների, գնահատում էի նրանց արհեստական աչքերի որակը եւ այն վարպետությունը, որով վերականգնվել են նրանց դեմքերը։ Պլաստիկ լուրջ վիրահատությունը կաշվին հաղորդում է գրեթե ծիածանային փայլ,— այդպես փայլում է լավ տոփանած դահուկադաշտը,— եւ այդ հաճախորդներին մենք ավելի էինք հարգում, քան savants֊ներին կամ ուսուցիչներին, թեեւ վերջիններս, հնարավոր է, նույնպես եղել են պատերազմում, բայց խեղվածք չեն ստացել։

Այն օրերին մենք չէինք վստահում պատերազմում չեղած մարդկանց, իսկ մենք ոչ ոքի ընդհանրապես լիովին չէինք վստահում եւ շատերը գտնում էին, որ Սանդրարը կարող է ավելի քիչ ցուցադրել իր ձեռքի բացակայությունը։ Ես ուրախ էի, որ նա «Լիլա» էր մտել ցերեկը, երբ դեռեւս չէին հավաքվել ամենօրյա հաճախորդները։

Այն երեկո ես նստել էի սեղանի մոտ՝ «Լիլա»֊յի առջեւ եւ դիտում էի, թե ինչպես է փոխվում ծառերի ու տների լուսավորությունը եւ թե ինչպես են լծկան ձիերը բուլվարի այն կողմում դանդաղ ձգում սայլերը։ Սրճարանի դուռը ետեւից, իմ աջ կողմից բացվեց, եւ ինչ֊որ մեկը մոտեցավ իմ սեղանին։

— Ա՜, ահա թե դուք որտեղ եք,— ասաց նա։

Դա Ֆորդ Մեդոքս Ֆորդն էր, ինչպես նա այն ժամանակ իրեն անվանում էր։ Նա ծանր շնչում էր ներկած թավ բեղերի մեջ եւ կանգնել էր ուղիղ, ասես մոդայիկ կոստյում հագած, ուղղահայաց դրված գարեջրի շարժական տակառ լիներ։

— Թույլ կտա՞ք ձեզ հետ նստել,— նստելով հարցրեց նա եւ դժգույն կոպերի ու անգույն արտեւանունքների տակից ջրալի կապույտ աչքերով սկսեց դիտել բուլվարը։— Ես կյանքիս մի քանի տարիները ծախսել եմ, որպեսզի այդ յաբուներին հումանիստական ձեւով սպանեն,— ասաց նա։

— Դուք այդ արդեն ինձ ասել եք,— ասացի ես։

— Չեմ կարծում։

— Ես բացարձակ վստահ եմ։

— Զարմանալի է։ Ես ոչ ոքի երբեք այդ մասին չեմ ասել։

— Խմել ուզո՞ւմ եք։

Մատուցողը այդտեղ էր, եւ Ֆորդը նրան պատվիրեց «շամբերի» ու «կասսի» վերմուտ։ Բարձրահասակ, նիհար, դրագունական հնաոճ թավ բեղերով մատուցողը, որի մեծ ճաղատը խնամքով թաքցված էր սղալած մազերի տակ, կրկնեց պատվերը։

— Ոչ։ Fine à l’eau[27] բերեք,— ասաց Ֆորդը։ — Պարոնի համար fine à l’eau,— կրկնեց մատուցողը։

Ես միշտ խուսափում էի նայել Ֆորդին եւ ձգտում էի շունչս պահել, եթե նրա հետ միեւնույն սենյակում էի գտնվում, բայց այժմ մենք նստած էինք բացօթյա, եւ քամին ընկած տերեւները ինձնից քշում էր նրա կողմը, այնպես որ ես ուշադիր տնտղեցի նրան, ափսոսացի դրա համար եւ սկսեցի նայել բուլվարի կողմը։ Լուսավորությունը արդեն փոխվել էր, բայց ես չէի հետեւել այդ փոփոխության ընթացքին։ Ես մի կում արեցի ստուգելու, թե Ֆորդի ներկայությունը չի՞ փչացրել արդյոք կոնյակի համը, բայց համոզվեցի, որ կոնյակը առաջվա նման լավն է։

— Դուք ինչ֊որ մռայլ եք երեւում,— ասաց նա։

— Ոչ։

— Մռայլ եք, մռայլ։ Դուք պետք է ավելի հաճախ օդափոխվեք։ Ես այստեղ եմ եկել ձեզ հրավիրելու մեր համեստ երեկոներին, որ կազմակերպում ենք կարդինալ Լեմուանի փողոցի, Կոնտրեսկարպ հրապարակի մոտ գտնվող այդ զվարճալի պարասրահում։

— Ես երկու տարի ապրել եմ այդ պարասրահի վերին հարկում, վերջին անգամ ձեր Փարիզ գալուց շատ առաջ։

— Տարօրինակ է։ Դուք համովզա՞ծ եք։

— Այո,— պատասխանեցի,— համոզված եմ։ Այդ հիմնարկի տերը տաքսի ուներ, եւ երբ ես շտապում էի ինքնաթիռին հասնել, նա ինձ օդանավակայան էր տանում, եւ մենք միշտ կանգ էինք առնում պարասրահի ցինկապատ վաճառասեղանի մոտ, մթության մեջ մեկական բաժակ գինի էինք խմում,, նախքան օդանավակայան մեկնելը։

— Ինքնաթիռ չեմ սիրում,— ասաց Ֆորդը,— շաբաթ երեկոյան ձեր կնոջ հետ եկեք պարասրահ։ Շատ ուրախ կլինի։ Ես ձեզ կգծեմ պլանը, որպեսզի հեշտ գտնեք այդ տեղը։ Ես այն միանգամայն պատահմամբ եմ գտել։

— Կարդինալ Լեմուանի փողոցի № 74 տան նկուղը,— ասացի,— ես ապրել եմ այդ տան չորրորդ հարկում։

— Այնտեղ համար չկա,— ասաց Ֆորդը,— բայց դուք հեշտությանմբ կգտնեք այդ տեղը, եթե կարողանաք ընկնել Կոնտրեսկարպի հրապարակ։

Ես մի մեծ կում էլ արեցի։ Մատուցողը բերեց Ֆորդի պատվերը, եւ Ֆորդը նրան դիտողություն արեց․

— Ես ոչ թե կոնյակ ու սոդայաջուր եմ խնդրել, այլ պատվիրել եմ վերուտ՝ «շամբերի» ու «կասսի»,— խրատական, բայց խիստ տոնով ասաց նա։

— Լավ, Ժան,— ասացի ես,— այդ կոնյակը ես կվերցնեմ, իսկ պարոնին բերեցեք այն, ինչ նա պատվիրեց։

— Ինչ ես պատվիրել էի առաջ,— ուղղեց Ֆորդը։

Այդ պահին մայթի վրայով, մեր կողքով անցավ թիկնոց հագած բավականին նիհար մի մարդ։ Նա մի բարձրահասակ կնոջ հետ էր եւ սահուն հայացք գցելով մեր սեղանին, մի կողմ նայեց ու շարունակեց ճանապարհը։

— Դուք նկատեցի՞ք, որ ես նրան չբարեւեցի,— հարցրեց Ֆորդը,— չէ, ասացեք, նկատեցի՞ք, որ չբարեւեցի։

— Ոչ։ Իսկ դուք ում չբարեւեցի՞ք։

— Վա՜հ, Բելլոկին,— ասաց Ֆորդը,— ի՜նչ փայլուն կերպով ես նրան չբարեւեցի։

— Չնկատեցի։ Իսկ ինչո՞ւ չբարեւեցիք։

— Դրա համար ես բազում հիմնավոր պատճառներ ունեմ,— պատասխանեց Ֆորդը,— ա՜յ թե փայլուն կերպով ես նրան չբարեւեցի։

Նա անսահման երջանիկ էր։ Ես գրեթե չէի նկատել Բելլոկին եւ կարծում եմ նա եւս չէր նկատել մեզ։ Նա մտախոհ էր, եւ նրա հայացքը ավտոմատ կերպով էր սահել մեր սեղանի վրայով։ Ինձ համար տհաճ էր, որ Ֆորդը կոպիտ էր նրա հետ․ որպես երիտասարդ, սկսնակ գրող, ես հարգանք էի տածում Բելլոկի՝ ավագ սերնդի այդ գրողի նկատմամբ։ Ներկայումս դա դժվար է հասկանալ, բայց այն օրերին այդպես հաճախ էր լինում։

Ես մտածեցի, որ վատ չէր լինի, եթե Բելլոկը կանգ առներ մեր սեղանի մոտ, եւ ես հնարավորություն ունենայի ծանոթանալու նրա հետ։ Ֆորդի հետ հանդիպումից երեկոս փչացել էր, բայց ես կարծում եմ, որ Բելլոկը դրությունը կշտկեր։

— Ինչո՞ւ եք կոնյակ խմում,— հարցրեց Ֆորդը,— մի՞թե չգիտեք, որ կոնյակը սպանում է երիտասարդ գրողներին։

— Ես շատ հազվադեպ եմ կոնյակ խմում,— պատասխանեցի։

Ես ճիգ գործադրեցի հիշելու, թե Էզրա Պաունդը ինձ ինչ է ասել Ֆորդի մասին․ այն, որ ես չպետք է նրան կոպտեմ եւ պետք է հիշեմ, որ Ֆորդը կեղծում է միայն այն ժամանակ, երբ շատ հոգնած է լինում, որ նա իրոք լավ գրող է եւ ընտանեկան մեծ անախորժություններ ունի։ Ես ամբողջ ուժով ձգտում էի հիշել այդ ամենը, բայց շատ դժվար էր, որովհետեւ իմ կողքին նստած էր ինքը՝ Ֆորդը, ծանրամարմին, քնկոտ, տհաճ մի մարդ։ Եվ այսուհանդերձ ես փորձեցի հիշել։

— Բացատրեցեք ինձ, ո՞ր դեպքերում է, որ մարդիկ իրար չեն բարեւում,— հարցրի ես։

Մինչ այդ ես կարծում էի, թե դա միայն Ույդայի վեպերումն է պատահում։ Ես երբեք չէի կարդացել Ույդայի վեպերը, նույնիսկ Շվեցարիայում՝ դահուկավազքի սեզոնում, երբ փչում էր հարավային խոնավ քամին եւ հետս վերցրած բոլոր գրքերն արդեն ընթերցել էի ու մնացել էին միայն Տաուխնիցի՝ պանսիոնում մոռացված մինչպատերազմյան հրատարակությունները։ Բայց ինչ֊որ վեցերորդ մի զգայարան ինձ հուշում էր, թե նրա վեպերում մարդիկ չեն բարեւում միմյանց։

— Ջենտլմենը,— բացատրեց Ֆորդը,— երբեք չի բարեւում սրիկային։

Ես արագորեն կուլ տվի կոնյակը։

— Իսկ գյադա՞յին,— հարցրի ես։

— Ջենտլմենը ծանոթ չի լինում գյադայի հետ։

— Ուրեմն, չեն բարեւում միայն ձեր շրջապատի մարդկանց։

— Ինքնըստինքյան հասկանալի է։

— Իսկ ինչպե՞ս է, որ ծանոթանում են սրիկայի հետ։

— Այդ պահին կարող է չիմանաս, որ նա սրիկա է, եւ բայց այդ, մարդը կարող է սրիկա դառնալ։

— Իսկ ի՞նչ բան է սրիկան,— հարցրի ես,— կարծեմ, դա նա է, ում քիթումռութին պետք է մի լավ հասցնել։

— Ամենեւին էլ պարտադիր չէ,— պատասխանեց Ֆորդը։

— Իսկ Էզրա Պաունդը ջենտլե՞ն է,— հարցրի ես։

— Իհարկե ոչ,— պատասխանեց Ֆորդը,— նա ամերիկացի է։

— Իսկ ամերիկացին չի՞ կարող ջենտլմեն լինել։

— Գուցե միայն Ջոն Կուինը,— ճշտեց Ֆորդը,— կամ ձեր դեսպաններից ոմանք։

— Մայրոն Թ․ Գերրի՞կը։

— Հնարավոր է։

— Իսկ Հենրի Ջեյմսը ջենտլե՞ն է։

— Գրեթե։

— Դե, իսկ դուք ջենտլմե՞ն եք։

— Դա հասկանալի է։ Ես ծառայել եմ Նորին Մեծությանը։

— Բարդ բան է,— ասացի ես,— իսկ ես ջենտլմե՞ն եմ։

— Իհարկե ոչ,— պատասխանեց Ֆորդը։

— Որ այդպես է, ինչո՞ւ եք ինձ հետ խմում։

— Ես խմում եմ ձեզ հետ որպես բազմախոստում երիտասարդ գրողի հետ։ Որպես գրչակից ընկերոջ հետ։

— Ձեր կողմից շատ սիրալիր է,— ասացի։

— Իտալիայում ձեզ, հավանաբար, ջենտլմեն կհամարեին,— մեծահոգաբար ասաց Ֆորդը։

— Բայց ես սրիկա չե՞մ։

— Իհարկե ոչ, սիրելիս։ Մի՞թե ես այդպիսի բան ասացի։

— Բայց կարող եմ սրիկա դառնալ,— տխրությամբ ասացի ես,— կոնյակ եմ խմում եւ ընդհանրապես… Տրոլլոպի մոտ հենց այդպես պատահեց լորդ Հարի Հոտսպերի հետ։ Ասացեք, իսկ Տրոլլոպը ջենտլե՞ն էր։

— Իհարկե ոչ։

— Դուք հավատացա՞ծ եք։

— Այստեղ կարող են տարբեր կարծիքներ լինել։ Իմ կարծիքով՝ ոչ։

— Իսկ Ֆիլդինգը՞։ Չէ որ նա դատավոր է եղել։

— Ձեւականորեն հնարավոր է։

— Մարլո՞ն։

— Իհարկե ոչ։

— Ջոն Դո՞ննը։

— Նա քահանա էր։

— Հետաքրքիր է,— ասացի։

— Ուրախ եմ, որ դա ձեզ համար հետաքրքիր է,— ասաց Ֆորդը,— նախքան ձեր գնալը ես ձեզ հետ կոնյակ կխմեմ։

Երբ Ֆորդը գնաց, արդեն միանգամայն մութ էր, եւ ես գնացի կրպակ, գնեցի «Պարի֊սպորտի» երեկոյան թողարկումը, որտեղ հրապարակված էին Օթեյլի ձիարշավի արդյունքներն ու հաջորդ օրը Էնգիենում կայանալիք ձիավազքի ծրագիրը։ Մատուցող Էմիլը, որ փոխարինել էր Ժանին, մոտեցավ ինձ՝ իմանալու Օթեյլում տեղի ունեցած վերջին ձիավազքի արդյունքը։ Իմ մոտիկ բարեկամը, որ հազվադեպ էր «Լիլա» մտնում, նստեց իմ սեղանի մոտ եւ այն պահին, երբ նա Էմիլին կոնյակ էր պատվիրում, մեր կողքի մայթով կրկին անցան թիկնոցավոր նիհար տղամարդն ու բարձրահասակ կինը։ Տղամարդը, իր հայացքը սահեցնելով մեր սեղանով, առաջ անցավ։

— Դա Իլեր Բելլոկն է,— ասացի բարեկամիս,— քիչ առաջ այստեղ էր Ֆորդը եւ չցանկացավ նրան բարեւել։

— Դատարկ բաներ մի՛ ասի,— պատասխանեց բարեկամս,— դա Ալիստեր Կրոուլին է, դեւին երկրպագողն ու սատանայապաշտը։ Նրան համարում են աշխարհի ամենաարատավոր մարդը։

— Ներողություն եմ խնդրում,— ասացի։

Նոր դպրոցի ծնունդը

Կապույտ ծոցատետրեր, երկու մատիտ ու սրիչ (գրպանի դանակից մատիտի ծայրը չափազանց շուտ է բթանում), մարմարյա սեղաններ, վաղ առավոտի թարմ ու ամեն ինչ մաքրող բուրմունք եւ մի քիչ էլ հաջողություն՝ ահա այն ամենը, ինչ պահանջվում էր։ Իսկ հաջողություն պետք է բերեն վայրի շագանակներն ու աջ գրպանումս գտնվող ճագարի թաթը։ Վերջինիս վրայից մորթին վաղուց ի վեր քերվել էր եւ ոսկորներն ու ջլերը հղկվել էին։ Եղունգները ճանկռում են գրպանիդ աստառը, եւ դու գիտես, որ հաջողությունդ քեզ հետ է։

Լինում էին օրեր, երբ ամեն ինչ լավ էր գնում եւ հաջողվում էր այնպես գրել, որ տեսնում էիր նկարագրածդ երկրամասը, կարող էիր անցնել սոճիների անտառով եւ արահետներով, այնտեղից բարձրանալ զառիթափը եւ հայացքով ընդգրկել լճի ոլորանից այն կողմ գտնվող բլուրները։ Պատահում էր, մատիտի ծայրը կոտրվում էր սրիչի ձագարի մեջ, եւ այն ժամանակ դու բացում էիր գրպանի դանակիդ սուր բերանը, որպեսզի մաքրես սրիչը, կամ սուր լեզվակով լավ սրում էիր մատիտը, այնուհետեւ ձեռքդ խրում ուսապարկիդ՝ աղի քրտինքով ներծծված փոկերի մեջ, ուսապարկդ բարձրացնում, ներս խոթում մյուս ձեռքդ եւս ու սկսում իջնել դեպի լիճը, մոկասիններիդ տակ զգալով սոճու փշերը, իսկ մեջքիդ՝ պարկի ծանրությունը։

Բայց այդ պահին լսվեց ինչ֊որ մեկի ձայնը։

— Է՜յ, Հեմ, դու այդ ինչո՞վ ես զբաղված։ Սրճարանո՞ւմ ես գրում։

Նշանակում է հաջողությունը փախավ քեզանից, եւ դու փակում ես ծոցատետրը։ Դա վատթարագույնն է այն ամենից, ինչ կարող է պատահել։ Եվ լավագույնը այն կլիներ, եթե կարողանայիր զսպել քեզ, սակայն այն տարիներին ես չէի կարողանում զսպել ինձ, ուստի եւ ասացի․

— Ախ դու, շան լակոտ։ Ո՞ր սատանան է քեզ այստեղ բերել քո սովորական որջերից։

— Եթե ցանկանում ես ինքնատիպ երեւալ, դա դեռեւս քեզ իրավունք չի տալիս հայհոյելու։

— Կորիր այստեղից քո կեղտոտ երկար լեզվովդ հանդերձ։

— Սա սրճարան է։ Եվ ես այստեղ նստելու նույնպիսի իրավունք ունեմ, ինչպիսին եւ դու։

— Կորիր քո «Խրճիթը»։ Այստեղ քո տեղը չէ։

— Օ՜, աստված իմ։ Վերջ տուր հիմարություններիդ։

Այժմ արդեն կարելի էր արտահայտվել ուղղակի, հուսալով, որ նա այստեղ մտել է պատահականորեն, առանց հետին մտքերի եւ նրա ետեւից չի ներխուժի մի ամբողջ հեղեղ։ Կարելի էր աշխատել նաեւ այլ սրճարաններում, բայց նրանք հեռու են գտնվում, եւ այս սրճարանը դարձել էր իմ հարազատ տունը։ Ես չէի ցանկանում, որ ինձ դուրս մղեն «Կլոզերի դե Լիլա»֊յից։ Անհրաժեշտ էր կամ դիմադրել, կամ նահանջել։ Ավելի խելացի կլիներ նահանջել, բայց ես սկսել էի բարկանալ։

— Լսիր, քեզ նման սրիկայի համար միեւնույն է՝ որտեղ թափառել։ Ի՞նչ իրավունքով ես դու հատկապես այստեղ գալիս եւ կեղտոտում այս կարգին սրճարանը։

— Ես պարզապես մտա խմելու։ Այստեղ ի՞նչ կա որ։

— Մեր տանը քեզ խմելու բան կտային, իսկ հետո կշպրտեին քո բաժակը։

— Այդ ո՞րն է ձեր տունը։ Երեւում է, հիանալի տեղ է։

Նա նստել էր հարեւան սեղանի մոտ։ Բարձրահասակ, հաստամարմին, ակնոցավոր մի երիտասարդ։ Նա արդեն հասցրել էր գարեջուր պատվիրել։ Ես որոշեցի ուշադրություն չդարձնել նրա վրա եւ փորձել գրել։ Եվ նրա վրա ուշադրություն չդարձնելով, ես երկու պարբերություն գրեցի։

— Չէ որ ես քեզ հետ պարզապես զրուցեցի։

Ես չպատասխանեցի ու գրեցի մի պարբերություն եւս։ Երբ պատմվածքը ստացվում է, եւ դու լծվել ես, նրան այնքան էլ հեշտ չէ սպանել։

— Դու, երեւում է, այնքան մեծ գրող ես դարձել, որ քեզ հետ հնարավոր չէ նույնիսկ խոսել։

Ես պարբերությունը վերջացրի ու կարդացի։ Առայժմ ամեն ինչ լավ էր գնում, եւ ես գրեցի հաջորդ պարբերության առաջին նախադասությունը։

— Դու երբեք չես մտածում ուրիշների մասին, բայց չէ որ նրանք եւս կարող են ունենալ իրենց խնդիրները։

Ամբողջ կյանքումս հարկադրված եմ եղել բողոքներ լսելու։ Պարզվեց, որ ես կարող եմ չդադարեցնել աշխատանքս․ նա ինձ խանգարում է ոչ ավելի, քան յուրաքանչյուր այլ աղմուկ, համենայն դեպս ավելի պակաս, քան Էզրան, երբ նա սովորում էր ֆագոտ նվագել։

— Օրինակ, ուզում ես գրող դառնալ, այդ զգում ես ամբողջ էությամբ եւ այնուամենայնիվ ոչինչ չի ստացվում։

Ես շարունակեցի գրել եւ կարծես թե հաջողությունս կրկին վերադարձավ։

— Օրինակ, մեկ անգամ ներխուժեց անկասելի հեղեղի նման, եւ այդ պահից ի վեր քեզ համր ու խուլ ես զգում։

Դե, դա ավելի լավ է, քան խուլ ու շատախոս լինելը, մտածեցի ես եւ շարունակեցի գրել։ Նա միանգամայն սանձազերծվել էր, եւ նրա անմիտ խոսքերը նույնքան կախարդիչ էին, որքան սղոցարանում բռնության ենթարկվող տախտակի ոռնոցը։

— Մեզ քշեց֊տարավ Հունաստան։

Ես հանկարծ կրկին սկսեցի տարբերել բառերը։ Բավականին երկար ժամանակ նրա խոսքերը ընկալում էի որպես անկապ աղմուկ։ Ես արդեն անցել էի սահմանագիծը եւ կարող էի աշխատանքս հետաձգել մինչեւ վաղը։

— Ներիր, եւ ձեզ ուժե՞ղ քշեց։

— Հիմարություններ դուրս մի՛ տա,— ասաց նա։— Մի՞թե դու չես ուզում, որ ես քեզ պատմեմ, թե հետո ինչ եղավ։

— Ոչ,— պատասխանեցի ես։

Ես ծոցատետրս փակեցի ու դրի գրպանս։

— Եվ քեզ չի՞ հետաքրքրում, թե ինչպես ավարտվեց այդ ամենը։

— Ոչ։

— Եվ քեզ չե՞ն հետաքրքրում ուրիշների կյանքն ու տառապանքները։

— Միայն թե ոչ քոնը։

— Դու խոզ ես։

— Այո։

— Ես կարծում էի, դու ինձ կօգնես, Հեմ։

— Ես ուրախությամբ կգնդակահարեի քեզ։

— Իրո՞ք։

— Ոչ։ Դա արգելված է օրենքով։

— Իսկ ես քեզ համար կանեի այն ամենը, ինչ սիրտդ կամենար։

— Իրո՞ք։

— Իհարկե։

— Որ այդպես է, որքան հնարավոր է, հեռու մնա այս սրճարանից։ Սկսիր դրանից։

Ես ոտքի ելա։ Մատուցողը մոտեցավ, եւ ես վճարեցի։

— Կարելի՞ է, ես քեզ ուղեկցեմ մինչեւ սղոցարանը, Հեմ։

— Դե, այն ժամանակ մի ուրիշ անգամ կհանդիպենք։

— Միայն ո՛չ այստեղ։

— Դա ինքնըստինքյան հասկանալի է,— ասաց նա,— չէ որ ես խոստացա։

— Դու ի՞նչ ես գրում,— հարցրի ես ու սխալվեցի։

— Աշխատում եմ որեւէ լավ բան գրել։ Ճիշտ այնպես, ինչպես եւ դու։ Բայց դա անասելի դժվար է։

— Եթե չի ստացվում, ավելի լավ է չգրել։ Էլ ի՞նչ ես նվնվում։ Տուն գնա։ Աշխատանք գտիր։ Թեկուզեւ կախվիր, միայն թե լռիր։ Դու երբեք չես կարողանա գրել։

— Ինչո՞ւ ես այդպես ասում։

— Դու երբեւիցե լսե՞լ ես, թե ինչպես ես խոսում։

— Բայց չէ որ մենք խոսում ենք այն մասին, թե ինչպես պետք է գրել։

— Որ այդպես է, ավելի լավ է չխոսենք։

— Դու ուղղակի դաժան մարդ ես,— ասաց նա,— բոլորն են ասում, որ դու դաժան ես, անսիրտ ու ինքնավստահ։ Ես միշտ քեզ պաշտպանել եմ։ Բայց այլեւս չեմ պաշտպանի։

— Այ, դա լավ է։

— Դու ինչպե՞ս ես կարող այդքան դաժան լինել մարդկանց հետ։

— Չգիտեմ,— ասացի,— լսիր, քանի որ դու չես կարողանում գրել, ինչո՞ւ չես զբաղվում քննադատությամբ։

— Քո կարծիքով արժե՞։

— Դա հիանալի բան կլինի,— ասացի նրան,— դու կկարողանաս գրել, երբ ցանկանաս։ Եվ ստիպված չես լինի տանջվելու, որ քեզ վրա չի հորդում հեղեղը, որ դու մնացել ես համր ու խուլ։ Քեզ կկարդան ու կհարգեն։

— Քո կարծիքով, ինձնից լավ քննադատ դուրս կգա՞։

— Լավը՝ չգիտեմ։ Բայց քննադատ դու կարող ես դառնալ։ Միշտ կգտնվեն մարդիկ, որոնք կօգնեն քեզ, իսկ դու էլ ձերոնց կօգնես։

— Այդ ովքե՞ր են մերոնք։

— Նրանք, ում հետ շփվում ես։

— Ախ, նրանց։ Նրանք իրենց քննադատներն ունեն։

— Ամենեւին էլ պարտադիր չէ գրքեր քննադատել,— ասացի ես,— չէ որ գոյություն ունեն նկարներ, պիեսներ, բալետ, կինո…

— Դա շատ հրապուրիչ է հնչում, Հեմ։ Ի սրտե շնորհակալ եմ։ Դա այնքա՜ն հրապուրիչ է։ Հետո, չէ որ դա նույնպես ստեղծագործություն է։

— Ստեղծագործական կողմը, հավանաբար, որոշ չափով գերագնահատվում է։ Վերջ ի վերջո աստված աշխարհը ստեղծել է վեց օրում եւ յոթերորդ օրը հանգստացել։

— Եվ չէ որ ոչ մի բան ինձ չի խանգարի միաժամանակ զբաղվելու ստեղծագործական աշխատանքով։

— Աշխարհում ոչ մի բան։ Միայն թե այն պահանջները, որոնք դու կներկայացնես քո քննադատական հոդվածներում, չափազանց բարձր կլինեն հենց անձամբ քեզ համար։

— Դրանք բարձր կլինեն։ Կարող ես հավատալ ինձ։

— Ես չեմ կասկածում։

Իմ առաջեւ արդեն քննադատն էր կանգնած, եւ ես հարցրի, թե նա արդյոք չի ցանկանում խմել, ու նա համաձայնեց։

— Հեմ,— ասաց նա,— եւ ես հասկացա, որ այժմ ինձ հետ քննադատն է խոսում, քանի որ նրանք խոսակցության ժամանակ զրուցակցի անունը դնում են նախադասության սկզբից, այլ ոչ վերջից։— Պետք է ասեմ, որ քո պատմվածքները ինձ մի քիչ չորավուն են թվում։

— Շատ ափսոս։

— Հեմ, նրանք չափազանց անհյութ են, չափազանց պատառոտված։

— Դա լավ չէ։

— Հեմ, նրանք չափազանց չոր են, չափազանց անհյութ, չափազանց պատառոտված, չափազանց ջլոտ։

Ես մեղավոր հայացքով գրպանումս շոշափեցի ճագարի թաթը։

— Ես կաշխատեմ նրանց մի քիչ սնել։

— Բայց տես, այնպես չլինի, որ նրանք ճարպակալվեն։

— Հել,— ասացի ես, փորձելով խոսել որպես քննադատ,— ես կաշխատեմ թույլ չտալ այդ բանը։

— Ուրախ եմ, որ մեր կարծիքները համընկնում են,— մեծահոգաբար ասաց նա։

— Բայց դու չե՞ս մոռանա, որ այստեղ չի կարելի մտնել, երբ ես աշխատում եմ։

— Հեմ, դա հասկանալի է։ Այժմ ես իմ սրճարանը կունենամ։

— Դու շատ սիրալիր ես։

— Կաշխատեմ,— ասաց նա։

Հետաքրքիր եւ ուսանելի կլիներ, եթե այդ երիտասարդը հայտնի քննադատ դառնար, բայց նա քննադատ չդարձավ, թեեւ ես որոշ ժամանակ մեծ հույս ունեի։

Ես չէի կարծում, թե նա կարող է գալ անմիջապես հաջորդ օրը, բայց չէի ուզում ռիսկի դիմել եւ որոշեցի մեկ օր չգնալ «Կլոզերի»։ Ուստի հաջորդ օրը վաղ արթնացա, ծծակներն ու շշերը եռացրի, կաթնախառնուրդ պատրաստեցի, լցրի շշերի մեջ, մեկը տվի միստր Բամբիին եւ ճաշասեղանի մոտ նստեցի աշխատելու, քանի դեռ բոլորը՝ մեր կատվիկ Ֆ․ փիսիկից, նրանից եւ ինձնից բացի, քնած էին։ Նրանք երկուսն էլ իրենց հանգիստ էին պահում, նրանց ներկայությունը հաճելի էր, եւ ես աշխատում էի, ինչպես երբեք։ Այն օրերին կարելի էր յոլա գնալ առանց ոչ մի բանի, նույնիսկ առանց ճագարի թաթիկի, բայց հաճելի էր այն զգալ գրպանումդ։

Պասխինի հետ «Կուպոլ» սրճարանում

Երեկոն հիանալի էր, ես ամբողջ օրը լարված աշխատել էի եւ այժմ դուրս եկա սղոցարանի վերին հարկում գտնվող մեր սենյակից, անցա բակում դասավորված տախտակների ու կոճղերի միջով, իմ ետեւից ծածկեցի դռնակը, կտրեցի փողոցը, մտա փռի ետեւի դռնից, որտեղից փչում էր թխվող հացի համեղ հոտը, եւ դուրս եկա Մոնպառնասի բուլվարը։ Փռում լույս էր վառվում, դրսում արդեն իջնում էր աղջամուղջը, եւ ես քայլելով մթնող փողոցով, մի պահ կանգ առա «Թուլուզյան նեգր» ռեստորանի բաց պատշգամբի առջեւ, որտեղ կարմիր եւ սպիտակ քառակուսիներով անձեռոցիկները, փայտե օղակի մեջ հագցրած, սպասում էին մեզ՝ անձեռոցիկների սինու վրա։ Ես կարդացի միմեոգրաֆի վրա տպված մանուշակագույն ճաշաքարտը եւ տեսա, որ plat du jour֊ը[28] cassoulet[29] է։ Եվ հենց միայն դրանից ես ուտել ցանկացա։

Ռեստորանի տերը՝ պարոն Լավինը, հարցրեց, թե ինչպե՞ս աշխատեցի, եւ ես պատասխանեցի՝ շատ լավ։ Նա ասաց, որ տեսել է, թե ինչպես վաղ առավոտյան «Կլոզերի դե Լիլա»֊յի պատշգամբում ես գրում էի, բայց չի խոսել, որովհետեւ կլանված եմ եղել աշխատանքով։

— Դուք տրոպիկական անտառում մոլորված մարդու տեսք ունեիք,— ասաց նա։

— Երբ ես աշխատում եմ, նման եմ կույր վարազի։

— Բայց մի՞թե դուք տրոպիկական անտառում չէիք, մսյո։

— Թավուտներում,— պատասխանեցի ես։

Ես շարունակեցի առաջ գնալ, նայելով ցուցափեղկերին եւ հրճվելով գարնանային երեկոյով ու ինձ ընդառաջ քայլող մարդկանցով։ Երեք ամենամեծ սրճարաններում նստած էին մարդիկ, որոնց ես ճանաչում էի դեմքով կամ որոնց հետ ծանոթ էի։ Բայց երեկոյան, երբ վառվում էին լույսերը, շուրջս միշտ անհամեմատ ավելի շատ համակրելի ու ինձ միանգամայն անծանոթ մարդիկ էի տեսնում, որոնք շտապ֊շտապ անցնում էին իմ կողքով, որոնելով այնպիսի տեղ, ուր հնարավոր լինի խմել երկուսով, ընթրել երկուսով, իսկ հետո սիրել մեկ֊մեկու։ Մեծ սրճարանների մարդիկ, հնարավոր է, որ նույն բանով են զբաղվում, իսկ գուցե եւ նրանք նստում ու խմում են, զրուցում ու սիրում են միայն նրա համար, որպեսզի ուրիշները տեսնեն։ Այն մարդիկ, որոնք ինձ դուր էին գալիս եւ որոնց հետ ծանոթ չէի, մեծ սրճարաններն էին գնում, որովհետեւ այնտեղ կարելի է կորչել եւ նրանց վրա ոչ ոք ուշադրություն չէր դարձնում, նրանք կարող են երկուսով լինել։ Բացի այդ, այն օրերին մեծ սրճարաններում գները էժան էին, այնտեղ լավ գարեջուր էին մատուցում եւ ապերիտիվները թանկ չէին․ դրանց գինը հստակորեն նշված էր ապերիտիվների տակի ափսեիկներում։

Այն երեկո գլխումս ծնվում էին ահա այդպիսի առողջ, բայց ոչ առանձնապես օրիգինալ մտքեր, եւ ես ինձ արտակարգ առաքինի մարդ էի զգում, որովհետեւ ամբողջ օրը լավ էի աշխատել ու շատ, թեեւ շատ էի ուզում ձիարշավ գնալ։ Բայց միաժամանակ ես ինձ չէի կարող թույլ տալ ձիարշավի գնալ, չնայած, եթե ձգտես, միշտ կարելի է որեւէ բան շահել։ Այն ժամանակ դեռեւս չէր կիրառվում ո՛չ թքի ստուգումը, ո՛չ էլ մյուս մեթոդները, որոնց օգնությամբ հայտնաբերում են արհեստականորեն գրգռված ձիերը, եւ դոպինգը գործադրվում էր շատ լայնորեն։ Բայց հույս դնել արհեստական միջոցներով խթանված ձիերի վրա, նրանց վիճակը որոշել դեռեւս պադդոկում, վերջին փողերը դնել, հենվելով ինտուիցիային առնչվող դիտումներիդ վրա՝ այս ամենը հազիվ թե կարողանա կին ու երեխա ունեցող երիտասարդին առաջ մղել նրա գրական գործերում, որոնք պահանջում են նրա բոլոր ուժերն ու ամբողջ ժամանակը։

Բոլոր նորմաների տեսակետից մենք առաջվա նման շատ աղքատ էինք, եւ ես, մի քիչ տնտեսելու համար, դեռեւս շարունակում էի կնոջս ասել, թե ճաշի եմ հրավիրված, հետո երկու ժամ զբոսնում էի Լյուքսեմբուրգյան այգում եւ վերադառնալով, նրան պատմում էի, թե ի՜նչ հոյակապ ճաշ էր։ Երբ դու քսանհինգ տարեկան ես եւ ծանր քաշայինի կազմվածք ունես, չճաշելու դեպքում քաղցը անտանելի է դառնում։ Բայց քաղցը սրում է ընկալումները, եւ ես նկատել եմ, որ շատ մարդիկ, որոնց մասին ես գրել եմ, կատաղի կրքեր ունեն, սիրում են լավ ուտել եւ ճնշող մեծամասնությամբ դեմ չեն խմիչքին։

«Թուլուզյան նեգր» ռեստորանում մենք խմում էինք լավ կագոր, պատվիրում մի քառորդ շիշ, կես շիշ, իսկ հաճախ էլ մի ամբողջ գրաֆին եւ սովորաբար գինուն մեկ երրորդ չափով ջուր էինք խառնում։ Սղոցարանի վերին հարկի մեր տանը մենք ունեինք կորսիկական գինի, որն աչքի էր ընկնում իր թունդությամբ եւ էժան գնով։ Դա իսկական կորսիկական գինի էր, եւ եթե նույնիսկ կիսով չափ ջուր խառնես, դարձյալ գինի էր մնում։ Այն տարիներին Փարիզում կարելի էր վատ չապրել գրոշներով, իսկ եթե պարբերաբար չճաշեիր եւ նոր հագուստ ամենեւին չգնեիր, կարող էիր երբեմն քեզ թույլ տալ նույնիսկ ավելին։

Այն օրը ես «Սելեկտա»֊յից անմիջապես դուրս եկա, հենց որ այնտեղ տեսա Հարոլդ Ստիրնսին, որը անպայման կխոսեր ձիերի մասին, իսկ ես հենց նոր էի մաքուր խղճով ու թեթեւ սրտով որոշել ընդմիշտ բաժանվել այդ կենդանիներից։ Այն երեկո ես իմ առաքինության գիտակցությամբ լցված, անցա «Ռոտոնդա»֊յի մշտական հաճախորդների ամբողջ հավաքածոյի մոտով, եւ արհամարհելով արատն ու նախրային բնազդը, դուրս եկա բուլվարի մյուս կողմը, որտեղ գտնվում էր «Կուպոլ» սրճարանը։ «Կուպոլը» եւս լեփ֊լեցուն էր, բայց այնտեղ նստած էին մարդիկ, որոնք այդ օրը լավ աշխատել էին։

Այնտեղ կային լավ աշխատած բնորդուհիներ եւ նկարիչներ, որոնք աշխատել էին մինչեւ մութն ընկնելը, եւ գրողներ, որոնք ցերեկվա աշխատանքն ավարտել էին ի տխրություն կամ ուրախություն իրենց, եւ հարբեցողներ, եւ ամեն տեսակի հետաքրքիր անձնավորություններ․ դրանց որոշ մասին ես գիտեի, իսկ մյուսները հենց այնպես, ռեկվիզիտի համար էին։

Ես անցա սրահով եւ նստեցի Պասխինի մոտ, որի հետ երկու բնորդուհի֊քույրեր կային։ Պասխինը ինձ ձեռքով էր արել, երբ ես Դելամբր փողոցի մայթին կանգնած, դեռեւս մտածում էի՝ մտնե՞մ խմեմ, թե՞ ոչ։ Պասխինը շատ լավ նկարիչ էր, եւ նա հարբած էր, հարբած՝ ըստ սովորականի ու նպատակասլաց, սակայն դրանով հանդերձ նա պահպանել էր մտքի լիակատար պայծառությունը։ Երկու բնորդուհիներն էլ մանկամարդ էին ու գեղեցիկ։ Մեկը՝ թխահեր էր, պստլիկ, հիանալի կազմվածքով, խաբուսիկորեն փխրուն ու արատավոր։ Մյուսը՝ մանկական դեմքով էր ու հիմար, բայց շատ էր գեղեցիկ եւ աչքի էր ընկնում իր ոչ֊երկարատեւ մանկական գեղեցկությամբ։ Նա իր կազմվածքով զիջում էր քրոջը․ ինչ֊որ շատ էր նիհար, ինչպես բոլորը այն գարնանը։

— Ահա բարի քույրը եւ չար քույրը,— ասաց Պասխինը,— ես փող ունեմ։ Ի՞նչ կխմես։

— Une demi֊blonde[30],— ասացի ես մատուցողին։

— Վիսկի խմիր։ Ես փող ունեմ։

— Ես գարեջուր եմ սիրում։

— Եթե դու իրոք գարեջուր սիրեիր, նստած կլինեիր Լիպպի մոտ։ Դու, երեւի, աշխատում էիր։

— Այո։

— Առա՞ջ է գնում։

— Կարծես թե։

— Հիանալի է։ Ես ուրախ եմ։ Եվ քեզ առայժմ ոչ մի բան չի՞ ձանձրացրել։

— Ոչ։

— Քանի՞ տարեկան ես։

— Քսանհինգ։

— Ուզո՞ւմ ես պառկել սրա հետ,— նա նայեց թխահեր քրոջը եւ ժպտաց,— դա աղջկան օգտակար կլինի։

— Նրա համար այսօր, հավանաբար, դուք էլ բավական եք։

Աղջիկը շուրթերը բացելով ժպտաց ինձ։

— Նա անառակ մարդ է,— ասաց,— բայց շատ լավն է։

— Դու կարող ես նրա հետ ստուդիա գնալ։

— Չի՞ կարելի առանց խոզության,— հարցրեց շիկահեր քույրը։

— Իսկ քեզ ո՞վ է հարցնում,— կտրեց Պասխինը։

— Ոչ ոք։ Ցանկացա եւ ասացի։

— Եկեք մեզ ազատ զգանք,— ասաց Պասխինը,— մի լուրջ երիտասարդ գրող եւ մի բարյացակամ, իմաստուն ծեր նկարիչ ու երկու ջահել գեղեցիկ աղջիկներ, որոնց ամբողջ կյանքը առջեւումն է դեռ։

Մենք այդպես նստել էինք, եւ աղջիկները խմում էին իրենց ըմպանակներից, Պասխինը խմեց սոդայաջրով մի կոնյակ եւս, իսկ ես գարեջուր էի խմում, բայց ոչ ոք իրեն ազատ չէր զգում, Պասխինից բացի։ Թխահեր քույրը շարունակ փոխում էր դիրքը, իրեն ցուցադրում, կիսադեմով այնպես շրջվում, որպեսզի լույսը շեշտակի դարձնի նրա դիմագծերը, եւ ինձ ցույց էր տալիս իր՝ սեւ սվիտրի տակ պրկված կուրծքը։ Նրա կարճ խուզած մազերը թուխ էին ու հարթ, ինչպես արեւելյան կանանց մոտ է լինում։

— Դու ամբողջ օրը քեզ ցուցադրել ես,— նրան ասաց Պասխինը,— եւ քեզ անպայման անհրաժեշտ է, որ այդ սվիտրդ հենց այստեղ, սրճարանո՞ւմ ցուցադրես։

— Ինձ այդպես է դուր գալիս,— ասաց թխահերը։

— Դու նման ես ճավայական խաղատիկնիկի,— ասաց նա։

— Բայց ոչ աչքերով,— պատասխանեց նա,— դա այնքան էլ հեշտ բան չէ։

— Դու նման ես գայթակղեցված խեղճ poupée[31]֊ի։

— Կարող է պատահել,— պատասխանեց թխահերը,— սակայն՝ կենդանի խաղատիկնիկի, մի բան, որ չես ասի քո մասին։

— Դա մենք դեռ կտեսնենք։

— Շատ լավ,— ասաց աղջիկը,— ես սիրում եմ ապացույցներ։

— Դրանք այսօր քեզ համար բավական չէի՞ն։

— Ախ, դա,— ասաց աղջիկը եւ դեմքը հառեց երեկոյան լույսի ցոլքերին,— քեզ պարզապես գրգռել է աշխատանքը։ Նա սիրահարված է իր կտավներին,— ասաց նա ինձ,— միշտ որեւէ կեղտ։

— Դու ուզում ես, որ ես քեզ նկարեմ, քեզ վճարեմ, քեզ հետ քնեմ, որ իմ գլուխը պայծառ լինի եւ որ այդ բոլորին գումարած նաեւ սիրահարված լինեմ քեզ,— ասաց Պասխինը։— Ախ, դու, խեղճ իմ խաղատիկնիկ։

— Ես ձեզ դուր եմ գալիս, մսյո, այդպես չէ՞,— հարցրեց նա։

— Շատ։

— Բայց դուք չափազանց խոշոր եք,— վշտացած ասաց նա։

— Անկողնում բոլորն էլ մի հասակի են։

— Ճիշտ չէ,— ասաց նրա քույրը,— եւ ինձ ձանձրացրել է այդ խոսակցությունը։

— Լսիր,— ասաց Պասխինը,— եթե դու գտնում ես, որ ես սիրահարված եմ կտավներին, վաղը ես քեզ ջրաներկով կնկարեմ։

— Ե՞րբ ենք մենք ընթրելու,— հարցրեց նրա քույրը,— եւ որտե՞ղ։

— Դուք մեզ հետ կընթրե՞ք,— հարցրեց թխահերը։

— Ոչ։ Ես գնում եմ ընթրելու իմ légitime[32]֊ի հետ։— Այն ժամանակ կանանց այդպես էին անվանում։ Իսկ այժմ ասում են «Իմ régulière[33]»։

— Դուք անպայմա՞ն պետք է գնաք։

— Եվ պետք է, եւ ցանկանում եմ։

— Դե որ այդպես է, գնա,— ասաց Պասխինը,— եւ տես, չսիրահարվես գրամեքենային։

— Այդ դեպքում կսկեմ մատիտով գրել։

— Վաղը՝ ջրաներկ,— հայտարարեց նա,— դե լավ, մանկիկներս, ես մի գավաթ էլ կխմեմ եւ կգնամ ընթրելու որտեղ որ ցանկանաք։

— «Վիկինգում»,— ասաց թխահերը։

— Հենց այնտեղ,— նրան պաշտպանեց քույրը։

— Լավ, համաձայնեց Պասխինը,— բարի գիշեր, jeune homme։ Հաճելի երազներ։

— Փոխադարձաբար։

— Երազները չեն թողնում, որ քնեմ,— ասաց Պասխինը,— ես երբեք չեմ քնում։

— Այսօր քնեցեք։

— «Վիկինգից» հետո՞։— Նա, գլխարկը ծոծրակին թեքելով, քմծիծաղեց։ Նա ավելի շուտ նման էր իննսունական թվականների Բրոդվեյցի քեզ անող որեւէ տղայի, քան սքանչելի նկարչի, ինչպիսին էր իրոք, եւ ավելի ուշ, երբ նա իրեն կախեց, ես նրան վերհիշում էի այնպիսին, ինչպես նրան տեսա այն երեկո, «Կուպոլ»֊ում։ Ասում են՝ մեր բոլորիս մեջ թաքնված են հունդերը այն բանի, ինչ մենք անելու ենք, բայց ինձ միշտ թվացել է, որ նրանց մոտ, ովքեր կարողանում են կատակել կյանքի հետ, այդ հունդերը ծածկված են ավելի լավ հողով եւ ավելի առատորեն են պարարտացված։

Էզրա Պաունդը եւ նրա «Բել Էսպրին»

Էզրա Պաունդը միշտ լավ բարեկամ է եղել եւ միշտ ծառայություններ է մատուցել որեւէ մեկին։ Նոտր֊Դամ֊դե֊Շանի վրա նրա ստուդիան, որտեղ նա ապրում էր իր կնոջ՝ Դորոտիի հետ, նույնչափ աղքատ էր, որքան որ հարուստ էր Գերտրուդ Ստայնի ստուդիան։ Բայց այն ավելի լուսավոր էր, այնտեղ վառարան կար եւ պատերին կախված էին Էզրային ծանոթ ճապոնացի նկարիչների կտավներ։ Այդ նկարիչները բոլորն էլ իրենց հայրենիքում ազնվականներ են եւ ծամեր էին պահում։ Սեւ, փայլուն ծամեր, որ առաջ էին թափվում, երբ ճապոնացիները խոնարհաբար բարեւում էին․ նրանք ինձ վրա մեծ տպավորություն էին թողնում, բայց նրանց նկարները ինձ դուր չէին գալիս։ Ես դրանք չէի հասկանում, թեեւ նրանցում գաղտնիք չկար, իսկ երբ հասկացա, անտարբեր մնացի։ Շատ ափսոսում եմ, բայց դա ինձնից չէր կախված։

Իսկ ահա Դորոտիի նկարները ինձ շատ էին դուր գալիս, եւ ես գտնում էի, որ Դորոտին շատ գեղեցիկ է, բարեկազմ։ Ինձ դուր էին գալիս նաեւ Էզրայի գլուխը, որ Գոդիե֊Բրժեսկիի գործն էր, ինչպես եւ այդ քանդակագործի ստեղծագործությունների բոլոր լուսանկարները, որոնք ինձ ցույց էր տվել Էզրան եւ որոնք զետեղված էին Էզրայի՝ նրա մասին գրած գրքում։ Բացի այդ, Էզրային դուր էին գալիս Պիկաբիայի նկարները, որոնք, սակայն, ես այն ժամանակ համարում էի անպետք։ Եվ մեկ էլ ինձ դուր չէին գալիս Ուինդհեմ Լյուիսի նկարները, որոնք շատ էր հավանում Էզրան։ Նրան դուր էին գալիս իր բարեկամների գործերը, մի բան, որ ապացուցում էր նրա բարեկամության խորությունը եւ ամենակործանիչ կերպով անդրադառնում նրա ճաշակի վրա։ Մենք երբեք չէինք վիճում այդ նկարների շուրջը, քանի որ ես չէի խոսում այն մասին, ինչ ինձ դուր չէր գալիս։ Ես գտնում էի, որ բարեկամների կամ գրական ստեղծագործությունների նկատմամբ եղած սերը քիչ է տարբերվում ընտանիքի սիրուց, հետեւապես դրանց հասցեին քննադատական դիտողություններ անելը անքաղաքավարություն է։ Հաճախ հարկադրված ես լինում շատ բան տանել, նախքան կսկսես քննադատաբար արտահայտվել մերձավորներիդ կամ կնոջդ ազգականների մասին․ իսկ վատ նկարիչների նկատմամբ բանն ավելի հեշտ է, որովհետեւ նրանք, ի տարբերություն մերձավորներիդ, չեն կարող ոչ մի սարսափելի բան անել եւ վիրավորել ամենացավոտ տեղդ։ Վատ նկարիչների գործերը պարզապես չպետք է նայել։ Բայց երբ նույնիսկ սովորեք չնկատել ձեր մերձավորներին, չլսել եւ չպատասխանել նրանց նամակներին, միեւնույն է, նրանց մոտ մնում են ձեզ չարիք պատճառելու բազմաթիվ միջոցներ։ Էզրան մարդկանց ավելի մեծ բարությամբ եւ քրիստոնեական գթասրտությամբ էր վերաբերվում, քան ես։ Նրա հաջողված ստեղծագործությունները այնքան լավն էին, եւ իր մոլորությունների մեջ նա այնքան անկեղծ էր, եւ իր սխալներում այնքան զմայլված, եւ մարդկանց հանդեպ այնքան բարի, որ ես միշտ նրան մի յուրօրինակ սուրբ էի համարում։ Նա, ճիշտ է, ծայր աստիճան դյուրագրգիռ էր, բայց սրբերից շատերն էլ, հավանաբար, այդպես են եղել։

Էզրան ինձ խնդրեց, որ ես նրան բռնցքամարտ սովորեցնեմ եւ ահա նրա ստուդիայում, այդ մարզանքներից մեկի ժամանակ, երեկոյան, ես ծանոթացա Ուինդհեմ Լյուիսի հետ։ Էզրան նոր էր սկսել պարապել բռնցքամարտով, ինձ համար տհաճ էր նրան սովորեցնել իր ծանոթի ներկայությամբ եւ ձգտում էի, որ նա իրեն դրսեւորի լավ կողմից։ Սակայն դա առանձնապես հաջող չէր ստացվում, որովհետեւ Էզրան լավ սուսերամարտիկ էր, իսկ ես պետք է նրան սովորեցնեի աշխատել ձախ ձեռքով, առաջ շարժել ձախ ոտքը, իսկ այնուհետեւ նրան զուգահեռ դնել աջը։ Դրանք ամենատարրական հնարանքներն էին։ Բայց ինձ այդպես էլ չհաջողվեց նրան սովորեցնել ձախով խուկը, իսկ աջով ճիշտ դիրք գրավելը նրա համար հեռավոր ապագայի գործ էր։

Ուինդհեմ Լյուիսը լայնեզր, սեւ գլխարկ էր ծածկել, ասես Լատինական թաղամասի բնակիչ լիներ, եւ հագնված էր «Բոհեմի» հերոսների նման։ Նրա դեմքը հիշեցնում էր գորտի, ոչ թե ցուլ֊գորտի, այլ այնպես, որեւէ գորտուկի, որի համար Փարիզը չափազանց մեծ ջրափոս էր։ Այն տարիներին մենք գտնում էինք, որ յուրաքանչյուր գրող, յուրաքանչյուր արվեստագետ իրավունք ունի հագնվել ինչպես ինքն է ուզում եւ որ արվեստի մարդկանց համար չկա պաշտոնական տարազ։ Լյուիսը հագել էր մինչպատերազմյան նկարչի վիցմունդիր։ Տհաճ էր նրան նայելը, իսկ նա արհամարհանքով հետեւում էր, թե ես ինչպես եմ խույս տալիս Էզրայի ձախ ձեռքի հարվածներից կամ դրանք ընդունում անպաշտպան աջ ձեռնոցով։

Ես ցանկացա վերջացնել, բայց Լյուիսը պնդեց, որ մենք շարունակենք, եւ ինձ համար պարզ էր, որ նա, բացարձակապես ոչինչ չհասկանալով տեղի ունեցող գործից, հույս ունի տեսնել, թե ինչպես պիտի Էզրան ծեծ ուտի։ Բայց ոչինչ չպատահեց։ Ես չէի հարձակվում, այլ միայն Էզրային հարկադրում էի առաջ մեկնած ձախ ձեռքով հետապնդել ինձ եւ մեկ֊մեկ հարվածել աջով, այնուհետեւ ասացի, որ մենք արդեն վերջացրինք, սափորից ջուր խմեցի, երեսսրբիչով շփեցի մարմինս եւ հագա սվիտրս։

Մենք նստեցինք ինչ֊որ բան խմելու, եւ ես լսում էի, թե ինչպես էին Էզրան ու Լյուիսը զրուցում իրենց լոնդոնյան ու փարիզյան ծանոթների մասին։ Ես ուշադիր հետեւում էի Լյուիսին, աննկատ, ինչպես բռնցքամարտիկն է հետեւում իր ախոյանին, եւ ինձ թվում է, որ ո՛չ մինչ այդ, եւ ո՛չ էլ հետո ես չեմ հանդիպել նրանից ավելի նողկալի մարդու։ Որոշ մարդկանց մոտ արատը այնպես է երեւում, ինչպես ցեղայնությունը՝ ձիարշավում մրցության ելած նժույգի մոտ։ Նա կոշտ շանկրի արժանապատվություն ունի։ Լյուիսի դեմքին արատ չկար գրված, այդ դեմքը պարզապես նողկալի էր։

Տուն վերադառնալու ճանապարհին ես աշխատում էի հասկանալ, թե նա ինձ հատկապես ինչ է հիշեցնում եւ պարզվեց, որ հիշեցնում է ամենատարբեր բաներ։ Դրանք բոլորն էլ վերաբերում էին բժշկագիտության բնագավառին, «փսխունքից» բացի, բայց այդ բառը եւս ընդունված չէ հասարակության մեջ։ Ես փորձեցի նրա դեմքը բաժանել մասերի եւ նկարագրել յուրաքանչյուր մասն առանձին, բայց դրան ենթարկվեցին միայն աչքերը։ Երբ ես առաջին անգամ այդ աչքերը տեսա սեւ գլխարկի եզրերի տակից, ինձ թվաց, որ դրանք ձախողակ բռնաբարողի աչքեր են։

— Ես այսօր ծանոթացա մի մարդու հետ, որից ավելի նողկալին չեմ տեսել,— ասացի կնոջս։

— Տետի, նրա մասին մի՛ պատմիր։ Խնդրում եմ, մի՛ պատմիր։ Մենք հիմա պիտի ճաշենք։

Շաբաթ անց ես հանդիպեցի միսս Ստայնին եւ նրան պատմեցի, որ ծանոթացել եմ Ուինդհեմ Լյուիսի հետ ու հարցրի՝ ճանաչո՞ւմ է նրան։

— Ես նրան տերեւաչափ֊թրթուր եմ անվանում,— ասաց միսս Ստայնը։— Նա Լոնդոնից գալիս է, գտնում որեւէ լավ նկար, գրպանից հանում է մատիտը եւ սկսում մատիտի ու մեծ մատի օգնությամբ չափել այդ նկարը։ Նշան է բռնում, չափում եւ ճիշտ որոշում, թե ինչպես է նկարված։ Հետո վերադառնում է Լոնդոն եւ նկարում այդպիսի մի նկար, եւ նրա մոտ ոչինչ չի ստացվում, որովհետեւ գլխավորը նկարում նա չի հասկացել։

Այդ օրվանից ես նրա մասին սկսեցի մտածել հենց այդպես՝ որպես տերեւաչափ֊թրթուրի։ Դա ավելի մեղմ եւ ավելի քրիստոնեական մականուն էր, քան այն, որ ես էի գտել նրա համար։ Ավելի ուշ աշխատեցի համակրանք զգալ նրա նկատմամբ եւ մերձենալ նրա, ինչպես եւ Էզրայի գրեթե բոլոր բարեկամների հետ, այն բանից հետո, երբ նա ինձ բացատրում էր նրանց էությունը։ Բայց նա ինձ այդպիսին թվաց, երբ ես նրան առաջին անգամ տեսա Էզրայի ստուդիայում։

Էզրան իմ իմացած բոլոր գրողներից ամենազգայունն էր եւ թերեւս ամենաանշահախնդիրը։ Նա օգնում էր բոլոր այն բանաստեղծներին, նկարիչներին, քանդակագործներին ու արձակագիրներին, որոնց հավատում էր, եւ պատրաստ էր օգնելու դժբախտության մեջ ընկած յուրաքանչյուրի, անկախ այն բանից, հավատո՞ւմ է նրան, թե՝ ոչ։ Նա մտածում էր բոլորի մասին, իսկ երբ ես նրա հետ ծանոթացա, նա ամենից շատ մտահոգված էր Տ․ Ս․ Էլիոտով, որը, ինչպես Էզրան ինձ ասաց, հարկադրված է ծառայելու լոնդոնյան ինչ֊որ բանկում, ուստի, որպես բանաստեղծ կարող էր աշխատել սոսկ ծայր աստիճան սահմանափակ եւ այն էլ ամենաանհարմար ժամերի։

Եվ ահա Էզրան, հարուստ ամերիկուհի ու մեկենաս միսս Նատալիա Բարնիի աջակցությամբ ինչ֊որ բան հիմնադրեց «Բել էսպրի»[34] անվամբ։ Միսս Բարնին ժամանակին բարեկամություն էր անում Ռեմի դը Գուրմոնի հետ, որին ես չտեսա, եւ նա սալոն ուներ, որտեղ հավաքվում էին որոշակի օրերի, իսկ նրա այգում հունական մի փոքրիկ տաճար կար։ Սալոն պահում էին բավականին կարողություն ունեցող մի շարք ամերիկուհիներ ու ֆրանսուհիներ,— եւ ես շատ շուտով հասկացա, որ ավելի լավ է հեռու մնամ այդ գեղեցիկ վայրերից,— բայց, որքանով ինձ հայտնի է, հունական տաճար կար միայն միսս Բարնիի այգում։

Էզրան ինձ ցույց տվեց «Բել էսպրի»֊ի մասին բրոշյուրը։ Միսս Բարնին նրան թույլ էր տվել կազմի վրա զետեղելու իր հունական փոքրիկ տաճարի լուսանկարը։ «Բել էսպրի»֊ի գաղափարը կայանում էր նրանում, որ մենք բոլորս մեր վաստակի մի մասը մուծելու ենք պարոն Էլիոտի ֆոնդը, նրան բանկից դուրս բերելու եւ նրա համար պոեզիայով զբաղվելու հնարավորություն ստեղծելու նպատակով՝ առանց փողի մասին մտահոգվելու։ Դա, իմ կարծիքով, վատ միտք չէր։ Երբ մենք պարոն Էլիոտին բանկից դուրս բերենք, կշարունակենք գործել, մինչեւ որ բոլորին տեղավորենք,— ասաց Էզրան։

Ես մի փոքրիկ խճճվածություն ստեղծեցի Էլիոտին «մայոր Էլիոտ» անվանելով, նրան շփոթելով տնտեսագետ մայոր Դուգլասի հետ, որի գաղափարներով հիացած էր Էզրան։ Բայց Էզրան հասկանում էր, որ ես ամենաբերի դիտավորություններն ունեմ եւ հավատարիմ եմ «Բել էսպրի»֊ին, թեեւ նրա համար տհաճ էր, որ ես իմ բարեկամներից փող էի խնդրում մայոր Էլիոտին բանկից դուրս բերելու համար, եւ որեւէ մեկը անպայման հարցնում էր, թե մայորը, վերջին հաշվով, ի՞նչ գործ ունի բանկում, իսկ եթե նրան պահեստ են արձակել, ապա ինչո՞ւ նա չի ստացել թոշակ կամ գոնե միանվագ նպաստ։

Նման դեպքերում ես բարեկամներիս ասում էի, թե դա գործին չի վերաբերում։ Կամ ձեր գլխում «Բել էսպրի» կա, կամ՝ չկա։ Եթե կա, ուրեմն փող եք մուծում մայորին բանկից դուրս բերելու համար։ Եթե ոչ, ապա շատ ցավալի է։ Մի՞թե դուք չեք հասկանում հունական փոքրիկ տաճարի նշանակությունը։ Ո՞չ։ Ես այդպես էլ գիտեի։ Ցավալի է, բարեկամս։ Փողդ քեզ պահիր։ Այն մեզ պետք չէ։

Որպես «Բել էսպրի»֊ի անդամ, ակտիվորեն մասնակցում էի այդ կամպանիային, եւ այն օրերին իմ նվիրական երազանքն էր տեսնել, թե ինչպես է մայորը եռանդուն քայլերով դուրս գալիս բանկից՝ որպես ազատ մարդ։ Ես չեմ հիշում, թե ինչպես «Բել էսպրին» վերջ ի վերջո կործանվեց, բայց թվում է, թե դա ինչ֊որ կերպ կապված էր «Ամայացված երկիր» պոեմի լույս ընծայման հետ, որի համար մայորը ստացավ «Դայլ» հանդեսի սահմանած պարգեւը, իսկ շուտով էլ մի ինչ֊որ տիտղոսավոր տիկին համաձայնեց ֆինանսավորել Էլիոտի «Կրիտերիոն» ամսագիրը, եւ մենք Էզրայի հետ արդեն կարող էինք չանհանգստանալ նրա մասին։ Հունական փոքրիկ տաճարը, կարծեմ, դեռեւս կանգնած է այգում։ Ինձ միշտ դառնություն է պատճառել, որ մեզ այդպես էլ չհաջողվեց մայորին բանկից դուրս բերել միայն «Բել էսպրի»֊ի օգնությամբ։ Իմ երազանքներում ես տեսնում էի, թե նա ինչպես է ժամանում՝ հունական փոքրիկ տաճարում բնակվելու համար, եւ Էզրան, գուցե ինձ էլ իր հետն առած, շտապում է այնտեղ, նրան դափնիներով պսակելու։ Ես գիտեի, թե որտեղ կարելի է դափնի ճյուղեր պոկել, եւ ես այնտեղ կգնայի իմ հեծանվով։ Եվ մեկ էլ մտածում էի, որ մենք նրան կարող էինք դափնիներով պսակել ամեն անգամ, երբ նա տխուր լինի կամ երբ Էզրան ավարտի «Ամայացված երկիր» պոեմի նման մի մեծ ստեղծագործության ձեռագրի կամ շարվածքասյուների ընթերցումը։ Բարոյական տեսակետից ամեն ինչ վատթարագույն տեսք ընդունեց, քանի որ մայորին բանկից ազատելու նպատակով մուծած իմ փողերը ես ինձ հետ տարա Էնգիեն եւ գրազ բռնեցի այնպիսի ձիերի օգտին, որոնց խթանող միջոցներ էին տվել։ Այդ խթանված ձիերը երկու վազքում առաջ անցան չխթանված եւ կիսախթանված ձիերից, բացառությամբ մի վազքի, երբ մեր ձին այնքան էր գերխթանված, որ վազքից առաջ մեջքից նետեց ժոկեյին եւ դուրս պրծնելով, անցավ ստիպլ֊չեզի լրիվ շրջանը, առանց ժոկեյի այնպիսի հիանալի թռիչքներ գործելով, որպիսիք հաջողվում է տեսնել միայն երազում։ Երբ ձիուն բռնեցին, եւ ժոկեյը նստեց թամբին, նա ընթացավ ձիարշավի առջեւից, վազեց պատվով, ինչպես ֆրանսիական ձիարշավարաններում են ասում, բայց ոչինչ չշահեց։

Ինձ համար շատ ավելի հաճելի կլիներ, եթե այդ տանուլ տված փողերը մտնեին «Բել էսպրի»֊ի ֆոնդը, որն արդեն գոյություն չուներ։ Բայց ես ինձ սփոփեցի այն մտքով, որ մնացած հաջող խաղերի շնորհիվ ես «Բել էսպրի»֊ի ֆոնդում կարող էի զգալիորեն ավելի շատ փող մուծել, քան սկզբում մտադրվել էի։

Բավականին տարօրինակ վախճան

Գերտրում Ստայնի հետ իմ ծանոթությունը բավականին տարօրինակ վախճան ունեցավ։ Մենք նրա հետ լավ բարեկամներ էինք դարձել, եւ ես նրան գործնական քիչ ծառայություններ չէի մատուցում՝ աջակցել էի, որ նրա հաստ գիրքը տպագրվի Ֆորդի հանդեսում, օգնել էի մեքենագրելու ձեռագիրը, կարդացել էի շարվածքասյուները, եւ մենք դարձել էինք նույնիսկ ավելի մեծ բարեկամներ, քան ես կուզեի։ Տղամարդու եւ նշանավոր կնոջ բարեկամությունը անհեռանկար է, թեեւ այն կարող է շատ հաճելի լինել, քանի դեռ չի դարձել ինչ֊որ ավելի մեծ կամ ինչ֊որ ավելի փոքր բան։ Փառասեր կին֊գրողների հետ այդ բարեկամությունը առավել անհեռանկար է։ Մի անգամ, երբ ինձ հանդիմանեցին, որ ես վաղուց չեմ եղել Ֆլերյուս փողոցի № 27 տանը, իսկ ես արդարացա նրանով, թե չգիտեի՝ կգտնե՞մ արդյոք նրան տանը, միսս Ստայնը ասաց․

— Բայց, Հեմինգուեյ, իմ ստուդիան ձեր տրամադրության տակ է։ Մի՞թե դուք այդ չգիտեիք։ Եկեք, երբ ուզում եք, եւ սպասուհին (նա սպասուհուն անունով կոչեց, բայց ես մոռացել եմ նրա անունը) ձեզ կմատուցի ինչ որ պետք է, իսկ դուք ձեզ զգացեք ինչպես ձեր տանը եւ սպասեք ինձ։

Ես չչարաշահեցի այդ թույլտվությունը, բայց եւ մեկ֊մեկ այցելում էի նրան, ու սպասուհին ինձ առաջարկում էր խմել, իսկ ես նկարներն էի դիտում, եւ եթե միսս Ստայնը չէր հայտնվում, շնորհակալություն էի հայտնում սպասուհուն, մի երկտող թողնում միսս Ստայնին ու գնում։ Միսս Ստայնը եւ նրա ընկերուհին պատրաստվում էին միսս Ստայնի ավտոմեքենայով մեկնել հարավ եւ մեկնելու օրը միսս Ստայնը ինձ խնդրեց ցերեկը գնամ հրաժեշտ տալու։ Նա ինձ ու Հեդլիին հրավիրեց գնալ իր մոտ, ապրել հյուրանոցում, բայց մենք Հեդլիի հետ այլ պլաններ ունեինք, եւ մենք ուզում էինք այլ վայրեր մեկնել։ Այդ մասին, բնականաբար, ոչինչ չասվեց․ չէ որ կարելի է գնալու ջերմ ցանկություն հայտնել, իսկ հետո հանկարծ ինչ֊որ բան կխանգարի։ Հրավերներից խուսափելու մեթոդներից ես որոշ բան գիտեի։ Ես հարկադրված եմ եղել դրանք ուսումնասիրել։ Շատ ավելի ուշ Պիկասոն ինձ պատմեց, որ հարուստների հրավերը միշտ ընդունել է, որովհետեւ դա նրանց մեծ հաճույք է պատճառում, իսկ հետո անպայման որեւէ բան է պատահել, եւ նա չի կարողացել գնալ։ Բայց դա ոչ մի կերպ չէր վերաբերում միսս Ստայնին․ Պիկասոն նկատի ուներ այլոց։

Գարնանային հրաշալի օր էր, եւ ես Աստղադիտարանի հրապարակից ոտքով գնացի Փոքր Լյուքսեմբուրգյան այգու միջով։ Վայրի շագանակենիները ծաղկել էին, ավազապատ ծառուղիներում խաղում էին երեխաները, նստարաններին նստել էին դայակները, եւ ես ծառերի վրա տեսնում էի վայրի աղավնիներ ու լսում, թե ինչպես են ղունղունում մյուսները, որոնց չէի տեսնում։

Սպասուհին դուռն ավելի շուտ բացեց, քան ես կզանգեի, ինձ առաջարկեց ներս մտնել եւ խնդրեց սպասել։ Միսս Ստայնը հիմա ներքեւ կիջնի։ Ճաշի ժամ չէր, բայց սպասուհին ըմպանակի մեջ օղի լցրեց, ինձ մեկնեց եւ ուրախ աչքով արեց։ Անգույն սպիրտը հաճելիորեն վառեց լեզուս, եւ ես դեռեւս չէի հասցրել կուլ տալ, երբ հանկարծ լսեցի, որ ինչ֊որ մեկը միսս Ստայնի հետ այնպես է խոսում, ինչպես ես երբեք չէի լսել, որ մարդիկ իրար հետ այդպես խոսեին։ Երբե՜ք, ոչ մի անգամ, ոչ մի տեղ։

Հետո լսվեց միսս Ստայնի ձայնը՝ աղեկտուր ու թախանձագին․

—Պետք չէ, կատվիկս։ Պետք չէ։ Խնդրում եմ, պետք չէ։ Ես ամեն ինչի համաճայն եմ։

Ես օղին կուլ տվի, ըմպանակը դրի սեղանին եւ քայլերս ուղղեցի դեպի դուռը։ Սպասուհին ինձ մատով սպառնաց ու շշնջաց․

— Մի՛ գնացեք։ Նա հիմա կիջնի։

— Ես պետք է գնամ,— ասացի ես ու աշխատեցի չլսել, քանի սենյակից դուրս չէի եկել, բայց զրույցը շարունակվում էր եւ որպեսզի չլսեմ, ինձ մնում էր միայն դուրս գալ։

Այն, ինչ ասվում էր, զզվելի էր, իսկ պատասխանները՝ առավել եւս։

Բակում ես սպասուհուն ասացի․

— Խնդրում եմ, ասացեք, որ ես ձեզ հանդիպել եմ բակում, որ ես սպասել չէի կարող, որովհետեւ բարեկամս հիվանդացել է։ Հաղորդեցեք բարի ճանապարհի մաղթանքներս։ Ես կգրեմ։

— Cʼest entendu[35], մսյո։ Ափսոս, որ դուք չեք կարող սպասել։

— Այո,— ասացի,— շատ ափսոս։

Ահա դա այդպես ավարտվեց ինձ համար, ավարտվեց անմտորեն, թեպետ ես շարունակում էի կատարել նրա մանր հանձնարարությունները, այցելում էի, երբ անհրաժեշտ էր, նրա մոտ առաջնորդում էի այն մարդկանց, որոնց մասին խնդրում էին ինձ, եւ նրա տղամարդ֊բարեկամների մեծամասնության հետ մեկտեղ պաշտոնաթող եղա, երբ վրա հասավ նոր փուլ եւ մեր տեղը գրավեցին նոր բարեկամներ։ Տխուր էր տեսնել նոր, բոլորովին անպետք նկարները իսկական նկարների կողքին, բայց դա այժմ նշանակություն չուներ։ Համենայն դեպս ինձ համար։ Միսս Ստայնը կռվել էր գրեթե բոլորի հետ, ովքեր մոտ էին նրան, բացի Խուան Գրիսից, որի հետ նա չէր կարող կռվել, որովհետեւ նա վախճանվել էր։ Կարծում եմ, դա Գրիսի համար միեւնույնը կլիներ․ նա արդեն վաղուց անտարբեր էր ամեն ինչի նկատմամբ, եւ այդ մասին վկայում են նրա նկարները։

Վերջ ի վերջո նա կռվեց նաեւ իր նոր բարեկամների հետ, բայց դա մեզ արդեն չէր հետաքրքրում։ Նա սկսել էր նմանվել հռոմեական կայսրի, մի բան, որ ամենեւին էլ վատ չէ, եթե քեզ դուր են գալիս հռոմեական կայսրների պես կանայք։ Բայց Պիկասոն նկարել է նրան, եւ ես նրան հիշում եմ այնպիսին, ինչպիսին նա կար այն օրերին, երբ նման էր ֆրուլիեցի գեղջկուհու։

Վերջում բոլորը, կամ գրեթե բոլորը, հաշտվեցին նրա հետ, որպեսզի չթողնեն խռովկան կամ չափազանց առաքինի մարդու տպավորություն։ Ես եւս։ Բայց ես այլեւս երբեք չկարողացա նրա հետ իսկական բարեկամություն անել՝ ո՛չ սրտով, ո՛չ խելքով։ Ամենից վատն այն է, երբ դու խելքով հասկանում ես, որ այլեւս չես կարող տվյալ մարդու բարեկամը լինել։ Բայց այստեղ ամեն ինչ նույնիսկ ավելի բարդ էր։

Մահվան կնիքով նշված մարդը

Այն երեկո, երբ ես Էզրայի մոտ ծանոթացա բանաստեղծ Էռնեստ Ուոլշի հետ, վերջինս մենակ չէր։ Նրա հետ ջրաքիսի մորթուց կարած, երկար թիկնոցներով երկու աղջիկ կար, իսկ տան առջեւ կանգնած էր «Կլարիջ» հյուրանոցի մեծ ու փայլուն լիմուզինը, որի ղեկի մոտ նստած էր շքազգեստով վարորդը։ Աղջիկները շիկահեր էին եւ Ամերիկայից Ուոլշի հետ նույն նավով էին եկել։ Նավը ժամանել էր նախօրյակին, եւ Ուոլշը նրանց բերել էր Էզրայի մոտ։

Էռնեստ Ուոլշը սեւահեր էր, ջղային, ավարտված իռլանդացի, որի պոետական արտաքինը նշված էր մահվան կնիքով, ինչպես նշված է լինում կինոֆիլմի հերոսը։ Նա զրուցում էր Էզրայի հետ, իսկ ես՝ աղջիկների, որոնք ինձ հարցրին, թե կարդացե՞լ եմ, արդյոք, պարոն Ուոլշի բանաստեղծությունները։ Ես դրանք չէի կարդացել, եւ աղջիկներից մեկը բացելով Հարիետ Մոնրոյի կողմից հրատարակվող կանաչ կազմով «Պոեզիա» հանդեսը, ինձ ցույց տվեց Ուոլշի բանաստեղծությունները։

— Նրան հազար երկու հարյուր դոլլար են վճարում հատին,— ասաց նա։

— Յուրաքանչյուր բանաստեղծությանը,— ասաց մյուսը։

Ես հիշեցի, որ այդ նույն հանդեսը լավագույն դեպքում ինձ տասներկու դոլլար էր տալիս էջին։

— Երեւում է, նա իրոք մեծ պոետ է,— ասացի։

— Նրան վճարում են ավելի, քան Էդի Գեստին,— ինձ հայտնեց առաջին աղջիկը,— նրան վճարում են նույնիսկ ավելի քան… էդ, ինչպե՞ս էր նրա անունը… դե, դուք գիտեք։

— Կիպլինգին,— ասաց նրա ընկերուհին։

— Նրան բոլորից շատ են տալիս,— ասաց առաջին աղջիկը։

— Դուք երկա՞ր եք մնալու Փարիզում,— հարցրի։

— Ինչպես ասեմ։ Առանձնապես ոչ։ Մենք այստեղ մեր բարեկամների հետ ենք։

— Մենք ժամանել ենք այդ նույն… Էդ ինչպես է կոչվում, նավով… դե, դուք գիտեք։ Այնտեղ ամենեւին մարդ չկար։ Հասկանալի է, պարոն Ուոլշից բացի։

— Նա, կարծեմ, թո՞ւղթ է խաղում,— հարցրի ես։

Աղջիկը հուսախաբված, բայց հասկացող հայացքով ինձ նայեց։

— Ոչ։ Պետք չէ, որ նա խաղա։ Նա կարիք չունի խաղալու, քանի որ կարողանում է գրել այդպիսի բանաստեղծություններ։

— Ո՞ր նավով եք մտադիր վերադառնալ։

— Դժվար է ասել։ Դա կախված է նավերի չվացուցակից։ Եվ ուրիշ շատ բանից։ Դուք է՞լ մտադիր եք մեկնել։

— Ոչ։ ԻՆձ համար այստեղ էլ վատ չէ։

— Սա բավականին աղքատ թաղամաս է, այդպես չէ՞։

— Այո։ Բայց այստեղ լավ է։ Ես գրում եմ սրճարանում եւ ճիարշավարան եմ հաճախում։

— Եվ դուք ձիարշավարան եք գնում ձեր ա՞յդ կոստյումով։

— Ոչ։ Սրանով ես սրճարան եմ գնում։

— Շատ հետաքրքիր է,— ասաց աղջիկներից մեկը,— ես կցանկանայի ծանոթանալ սրճարանի փարիզյան այդ կյանքին։ Իսկ դո՞ւ, սիրելիս։

— Ես նույնպես,— ասաց երկրորդ աղջիկը։

Ես նրանց ազգանունները գրեցի իմ ծոցատետրում եւ խոստացա զանգել «Կլարիջ» հյուրանոցը։ Աղջիկները հաճելի էին, եւ ես հրաժեշտ տվի նրանց, Ուոլշին ու Էզրային նույնպես։ Ուոլշը դեռեւս տաք֊տաք ինչ֊որ բան էր ասում Էզրային։

— Ուրեմն, չե՞ք մոռանա,— ասաց աղջիկներից ավելի բարձրահասակը։

— Ինչպե՜ս կարելի է,— պատասխանեցի ես ու կրկին սեղմեցի ե՛ւ մեկի, ե՛ւ մյուսի ձեռքը։

Որոշ ժամանակ անց, ես Էզրայից լսեցի, որ պոեզիայի ու մահվան կնիքով նշված երիտասարդ բանաստեղծների ոմն երկրպագուհիներ Ուոլշին դուրս են բերել «Կլարիջ» հյուրանոցից, նրա համար վճարելով, իսկ այնուհետեւ լսեցի, որ նա դրամական օգնություն է ստացել մի այլ աղբյուրից եւ մտադիր է դառնալ ինչ֊որ նոր եռամսյա հանդեսի հարակից խմբագիրը։

Այն ժամանակ Սկոֆիլդ Թեյերի հրատարակած «Դայլ» ամերիկյան գրական հանդեսը իր հեղինակներին կարծեմ հազար դոլլարի ամենամյա պարգեւ էր շնորհում գրական բարձր վարպետության համար։ Այն տարիներին դա նշանակալից գումար էր յուրաքանչյուր պրոֆեսիոնալ գրողի համար, էլ չխոսելով հեղինակության մասին, եւ մի քանի հոգի, միանգամայն արժանի կերպով, արդեն ստացել էին այդ պարգեւը։ Եվրոպայում այն տարիներին երկուսով կարելի էր օրական հինգ դոլլարով լավ ապրել եւ նույնիսկ ճանապարհորդել։

Հանդեսը, որի խմբագիրներից մեկը պետք է դառնար Ուոլշը, իբր մտադիր էր խիստ նշանակալից պարգեւ սահմանել այն հեղինակի համար, որի ստեղծագործությունը լավագույնը կճանաչվի չորս համարներում։

Դժվար է ասել, դա բամբասա՞նք էր, լո՞ւր, թե՞ որեւէ մեկը այդ մասին գաղտնի ասել էր մեկ ուրիշի։ Հուսանք ու հավատանք, որ այդ ամենի հետեւում չար նպատակ չէր թաքնված։ Բոլոր դեպքերում Ուոլշի հարակից խմբագիրը եղել ու մնում է ամեն տեսակի կասկածից դուրս։

Այդ պարգեւի վերաբերյալ լուրերը ինձ հասնելուց քիչ անց, Ուոլշը ինձ հրավիրեց իր հետ միասին ճաշելու Սեն֊Միշել բուլվարի շրջանի ամենալավագույն ու թանկարժեք ռեստորանում, եւ ոստրեներից, թանկարժեք, տափակ marennes֊ներից հետո (դարչնագույն երանգաշողով, սովորական ուռուցիկ եւ էժանագին portugaises֊ի փոխարեն), ինչպես եւ մի շիշ «պույի ֆյուիզե»֊ից հետո, նա զրույցը հմտորեն դարձրեց այդ թեմայի շուրջը։ Նա ասես մշակում էր ինձ, ինչպես նավում խաղանենգների խմբի այն աղջիկներին է մշակել,— հասկանալի է, եթե նրանք խաղանենգների խմբից են եղել եւ եթե նա նրանց մշակել է,— եւ երբ հարցրեց, թե չէի՞ ցանկանա արդյոք մի դյուժին, ինչպես ինքն ասաց, տափակ ոստրե եւս ուտել, ես սիրով համաձայնեցի։ Իմ ներկայությամբ նա չէր հետեւում, որպեսզի իր ճակատին երեւար մահվան կնիքը, եւ ես թեթեւություն էի զգում դրանից։ Ինձ հայտնի էր, եւ նա այդ մասին գիտեր, որ նա հիվանդ է թոքախտով ու այն էլ ոչ թե երեւակայական,այլ ամենաիսկական թոքախտով, որից այն ժամանակ մահանում էին։ Ես գիտեի նաեւ, թե նրա հիվանդությունը որ փուլում է գտնվում։ Ուստի նա այստեղ, սեղանի շուրջը, յոլա գնաց առանց հազի նոպայի, եւ ես դրա համար շնորհակալ էի նրան։ Ես մտածեցի, թե նա այդ տափակ ոստրեները այն նույն պատճառով չէ՞ արդյոք կուլ տալիս, ինչ պատճառով որ Կանզաս֊Սիթիի՝ մահվան կնիքով եւ էլի շատ բանով նշված պոռնիկներն են խժռում ամեն տեսակի աղտոտություն։ Բայց նրան չհարցրի այդ մասին։ Ես սկսեցի ուտել տափակ ոստրեների երկրորդ դյուժինը։ Դրանք վերցնում էի արծաթե ամանում մանրած սառցակտորների միջից, հետո նայում, թե դրանց անսահման նուրբ, դարչնագույն ծայրերը ինչպես էին ցնցվում ու կծկվում, երբ լիմոն էի քամում նրանց վրա, այնուհետեւ անջատում էի խեցիից ու երկար֊երկար ծամում։

— Էզրան մեծ է, մեծ բանաստեղծ,— ասաց Ուոլշը, ինձ նայելով իր պոետական մութ աչքերով։

— Այո,— ասացի ես։— Եվ հիանալի մարդ։

— Ազդնիվ,— ասաց Ուոլշը,— հիրավի ազնիվ մարդ։

Որոշ ժամանակ մենք լուռ ուտում֊խմում էինք, հարգանքի տուրք մատուցելով Էզրայի ազնվությանը։ Ես հանկարծ զգացի, որ կարոտել եմ Էզրային եւ ափսոսացի, որ նա այստեղ չէ։ Marennes֊ները ինչպես նրա, այնպես էլ իմ գրպանի չափով չէին։

— Ջոյսը մեծ գրող է,— ասաց Ուոլշը։— Մեծ է։ Մեծ։

— Այո, մեծ է,— ասացի ես,— եւ լավ ընկեր։— Մենք բարեկամացել էինք նրա կյանքի այն հրաշալի շրջանում, երբ նա ավարտել էր «Ուլիս»֊ը եւ դեռ չէր սկսել այն, ինչ երկար ժամանակ կոչվում էր «Աշխատանք զարգացման մեջ»։ Ես մտածեցի Ջոյսի մասին եւ շատ բան հիշեցի։

— Ափսոս, որ նրա տեսողությունը թուլանում է,— ասաց Ուոլշը։

— Նա ինքն էլ է ափսոսում,— ասացի ես։

— Դա մեր ժամանակների ողբերգությունն է,— հաղորդեց Ուոլշը։

— Ամեն մարդ իր վիշտն ունի,— ասացի ես, փորձելով սեղանի շուրջը աշխուժացնել զրույցը։

— Միայն թե ո՛չ դուք,— նա իր ամբողջ հմայքը թափեց ինձ վրա եւ նրա դեմքին երեւաց մահվան կնիքը։

— Դուք ուզում եք ասել, որ ես նշված չե՞մ մահվան կնիքով,— չզսպելով ինձ, հարցրի։

— Ոչ։ Դուք նշված եք Կյանքի կնիքով,— «Կյանքը» նա գլխատառով արտասանեց։

— Միայն ժամանակ տվեք ինձ,— ասացի ես։

Նա արյունոտ լավ բիֆշտեքս ցանկացավ, եւ ես պատվիրեցի երկու տուրնեդո բեառնյան սոուսով։ Ես մտածեցի, որ յուղը նրա համար օգտակար է։

— Գուցե կարմիր գինի՞,— հարցրեց նա։

Մոտեցավ sommelier[36]֊ը, եւ ես պատվիրեցի «շատոնեֆ դյու պապ», որը ցերեկը չեն խմում։

— Ի՞նչ միտք ունի սար ու ձոր ընկնել,— ասաց նա,— դուք գիտե՞ք, որ մեր մրցանակը դուք եք ստանալու։

— Մի՞թե,— հարցրի ես,— ինչի՞ համար։

— Այն դուք եք ստանալու,— ասաց նա եւ սկսեց խոսել իմ գրածների մասին, եւ ես դադարեցի նրան լսել։ Երբ ինձ առերես գովում են, սիրտս խառնում է։ Ես նայում էի նրան, մահվան կնիքով նշված նրա դեմքին եւ մտածում․ «Խաբեբա, ուզում ես ինձ հիմարացնել քո թոքախտով։ Ես փոշոտ ճանապարհին մի գումարտակ զինվորներ եմ տեսել, եւ նրանցից յուրաքանչյուր երրորդը դատապարտված է եղել մահվան կամ մահվանից վատթարագույն բանի եւ նրանց դեմքին ոչ մի կնիք էլ չի եղել, միայն փոշի է եղել։ Լսո՞ւմ ես դու, քո այդ կնիքով, դու, խաբեբա, որ վաստակում ես քո մահով։ Իսկ հիմա ինձ ես ուզում հիմարացնել։ Մի՛ հիմարացրու եւ հիմարացված չես լինի»։ Միայն մահն էր, որ նրան չէր հիմարացնում։ Այն, իրոք մոտ էր։

— Ինձ թվում է, ես արժանի չեմ դրան, Էռնեստ,— ասացի ես, նրան սիրով կոչելով իմ անունով, որ ես ատում էի,— բացի այդ, Էռնեստ, դա անհարմար կլիներ։

— Տարօրինակ է, չէ՞, որ մենք ձեզ հետ անվանակիցներ ենք։

— Այո, Էռնեստ,— ասացի,— մենք երկուսս էլ պետք է արժանի լինենք այդ անվանը։ Ձեզ պարզ է, թե ինչը նկատի ունեմ, այդպես չէ՞, Էռնեստ[37]։

— Այո, Էռնեստ,— ասաց նա եւ ինձ լիուլի պարգեւեց իր իռլանդական տխուր թովչանքը։

Հետագայում եւս ես սիրալիր էի նրա ու իր հանդեսի նկատմամբ, իսկ երբ նրա մոտ արյունհոսություն սկսվեց, եւ նա Փարիզից մեկնեց, ինձ խնդրելով, որ տպարանում, որտեղ անգլերեն չէին կարողանում կարդալ, հետեւեմ հանդեսի շարվածքին, ես կատարեցի նրա խնդրանքը։ Մի անգամ ես ներկա էի նրա արյունահոսության պահին։ Այդտեղ ոչ մի կեղծիք չկար, եւ ես հասկացա, որ նա իրոք շուտով մեռնելու է, եւ իմ կյանքի այն ծանր տարիներին ես ուրախ էի նրա հետ առանձնապես սիրալիր լինելուս, ինչպես եւ նրան Էռնեստ անվանելու համար։ Բացի այդ, ես զմայլված էի նրա հարակից խմբագրով եւ հարգում էի նրան։ Նա ինձ ոչ մի պարգեւ չէր խոստանում։ Նա միայն ցանկանում էր լավ հանդես ստեղծել եւ ինչպես հարկն է, վճարել իր հեղինակներին։

Մի անգամ, շատ ավելի ուշ, ես հանդիպեցի Ջոյսին, որը ցերեկային ներկայացումից հետո մենակ քայլում էր Սեն֊Ժերմենի բուլվարով։ Նա սիրում էր լսել դերասաններին, թեեւ չէր տեսնում նրանց։ Նա ինձ հրավիրեց խմելու, եւ մենք մտանք «Դյո Մագո», պատվիրեցինք սեղանի խերես, թեեւ Ջոյսի մասին գրողները պնդում են, թե նա շվեյցարական սպիտակ գինիներից բացի ուրիշ բան չէր խմում։

— Ի՞նչ լուր ունեք Ուոլշից,— հարցրեց Ջոյսը։

— Սրիկա եղել է, սրիկա էլ մնում է,— ասացի ես։

— Նա այդ մրցանակը ձե՞զ էր խոստացել,— հարցրեց Ջոյսը։

— Այո։

— Ես այդպես էլ կարծում էի,— ասաց Ջոյսը։

— Նա ձեզ է՞լ էր խոստացել։

— Այո,— ասաց Ջոյսը։ Հետո նա հարցրեց։— Ինչպե՞ս եք կարծում, նա Պաունդի՞ն էլ է խոստացել։

— Չգիտեմ։

— Լավ է նրան չհարցնել,— ասաց Ջոյսը։

Մենք այլեւս այդ մասին չխոսեցինք։ Եվ Ջոյսին պատմեցի, թե ինպչես էի Ուոլշին առաջին անգամ տեսել Էզրայի ստուդիայում, մորթե երկար թիկնոց հագած երկու աղջկա հետ, եւ այդ պատմությունը նրան հաճույք պատճառեց։

Իվեն Շիպմենը «Լիլա» սրճարանում

Այն պահից ի վեր, երբ ես գտա Սիլվիա Բիչի գրադարանը, ընթերցեցի ամբողջ Տուրգենեւը, Գոգոլի՝ անգլերեն թարգմանված բոլոր գործերը, Տոլստոյին՝ Կոնստանս Հառնետի թարգմանությամբ եւ Չեխովի անգլերեն հրատարակությունները։ Տորոնտոյում, դեռեւս նախքան մեր Փարիզ մեկնելը, ինձ ասացին, որ Կետրին Մենսֆիլդը լավ պատմվածքներ է գրում, նույնիսկ շատ լավ պատմվածքներ, բայց Չեխովից հետո նրան կարդալ նշանակում է դեռեւս երիտասարդ, բայց արդեն տանը մնացած աղջկա ջանասիրաբար հնարած պատմությունները լսել խելացի ու գիտակ բժշկի զրույցից հետո, որը, բացի այդ, նաեւ գրող է, լավ ու պարզ գրող։ Մենսֆիլդը ջուր խառնած գարեջուր էր։ Այդ դեպքում ավելի լավ է ջուր խմել։ Բայց Չեխովի մոտ ջուրը միայն հստակություն էր ստեղծել։ Նրա որոշ պատմվածքներից թղթակցության հոտ էր փչում, բայց մի քանիսն էլ սքանչելի էին։

Դոստոեւսկին գրվածքներ ունի, որոնց հավատում ես եւ որոնց չես հավատում։ Բայց ունի եւ այնպիսի ճշմարտացի գործեր, որ կարդալուց զգում ես, թե ինչպես ես փոխվում ինքդ․ թուլությունն ու անմտությունը, արատն ու սրբությունը, մոլեգնության կիրքը նրա մոտ իրական են դառնում, ինչպես որ իրական են Տուրգենեւի նկարագրած բնանկարներն ու ճանապարհները, եւ զորքերի տեղաշարժը, ռազմական գործողությունների թատերաբեմը, սպաները, զինվորներն ու ճակատամարտերը՝ Տոլստոյի մոտ։ Մեր քաղաքացիական պատերազմի նկարագրությունը Ստիվեն Կրեյնի մոտ Տոլստոյի համեմատությամբ թվում էր հիվանդ երեխայի փայլուն հնարանք, երեխա, որը երբեք պատերազմ չի տեսել, այլ սոսկ պատմվածքներ է կարդացել ճակատամարտերի ու քաջագործությունների մասին եւ տեսել է Բրեդիի լուսանկարները, ինչպես ժամանակին ես եմ դրանք տեսել պապիս տանը։ Քանի դեռ չէի կարդացել Ստենդալի «Chartreuse de Parm[38]»֊ը, ես Տոլստոյից բացի ոչ մեկի մոտ չէի հանդիպել պատերազմի այդպիսի արտացոլման․ ընդսմին, Ստենդալի մոտ Վաթերլոոյի հրաշալի պատկերումը խորթ մարմին է թվում այդ բավականին ձանձրալի վեպում։ Փարիզի նման քաղաքում, որտեղ կարելի է հիանալիորեն ապրել ու աշխատել, որքան էլ աղքատ լինես, բացել գրքերի այդ ամբողջ նոր աշխարհը, նույն բանն է, ինչ եթե գտնես անգին մի գանձ։ Այդ գանձը կարելի է քեզ հետ ճանապարհորդության տանել ե՛ւ Շվեյցարիայի, ե՛ւ Իտալիայի քաղաքները, ուր մենք գնում էինք, քանի դեռ Ավստրիայում չէինք հայտնաբերել Շրունսը՝ Ֆորարլբերգի բարձրադիր հովիտներից մեկում։ Այնտեղ եւս գրքերը մեզ հետ էին, այնպես որ ապրում էի գտած մի նոր աշխարհում։ Ցերեկը ձյուն էի տեսնում, անտառներ ու սառցադաշտեր՝ իրենց ձմեռային առեղծվածներով, եւ իմ ապաստարանը՝ բարձր լեռներում ծվարած «Տաուբե» գյուղական հյուրանոցում, իսկ գիշերը ինձ հետ էր հրաշալի մի այլ աշխարհ, որ պարգեւել էին ռուս գրողները։ Նախ ռուսները, իսկ հետո մնացած բոլորը։ Բայց երկար ժամանակ՝ միայն ռուսները։

Հիշում եմ՝ մի անգամ, երբ մենք Էզրայի հետ թենիս խաղալուց հետո վերադառնում էինք Արագո զբոսայգուց, եւ Էզրան ինձ առաջարկեց մտնել իր մոտ մի բան խմելու, ես նրան հարցրի, թե նա ի՞նչ կարծիքի է Դոստոեւսկու մասին։

— Ճիշտն ասած, Հեմ,— ասաց Էզրան,— ես այդ ռուսներից ոչ ոքի չեմ կարդացել։

Դա ազնիվ պատասխան էր, եւ ընդհանրապես Էզրան զրույցի ժամանակ միշտ ազնիվ էր ինձ հետ։ Բայց նրա պատասխանը ինձ համար ցավալի էր, որովհետեւ նա մի մարդ էր, որին ես սիրում էի եւ որի կարծիքը՝ որպես քննադատի, այն ժամանակ ինձ համար անվիճելի էր։ Դա մի մարդ էր, որը հավատում էր mot juste֊ին՝ միակ ճիշտ խոսքին, մի մարդ, որն ինձ սովորեցրել էր չվստահել ածականներին, ինչպես ավելի ուշ ես սովորեցի չվստահել որոշ մարդկանց որոշ իրադրություններում,— ես ցանկանում էի իմանալ նրա կարծիքը այն մարդու մասին, որ գրեթե երբեք չի գտել mot juste֊ն եւ այսուամենայնիվ հաճախ կարողանում էր իր հերոսներին այնքան կենդանի դարձնել, ինչպես ոչ ոք։

— Կարդացեք ֆրանսիացիներին,— ասաց Էզրան,— նրանցից դուք շատ բան կարող եք սովորել։

— Գիտեմ,— ասացի ես,— ումնից ասես, ես կարող եմ շատ բան սովորել։

Ավելի ուշ, դուրս գալով Էզրայի մոտից, ես ուղեւորվեցի դեպի սղոցարանը, նայելով առաջ, ուր բարձր տների արանքից փողոցի վերջում երեւում էին Սեն֊Միշել բուլվարի մերկ ծառերը եւ Բյուլե պարադահլիճի ճակատը, այնուհետեւ բացեցի դռնակը, անցա թարմ սղոցած տախտակների կողքով եւ ռակետկան դրեցի մամլիչի մեջ՝ սանդուղքի կողքին, որը տանում էր դեպի վերին հարկը։ Ես ձայնեցի, բայց տանը ոչ ոք չկար։

— Տիկինը դուրս է եկել եւ bonne֊ն[39] նույնպես՝ երեխայի հետ,— ասաց ինձ սղոցարանի տիրոջ կինը։ Նա ծանր բնավորություն ուներ, ծանր մարմին եւ պղնձագույն֊շիկավուն մազեր։ Ես շնորհակալություն հայտնեցի նրան։— Ձեզ ինչ֊որ երիտասարդ էր հարցնում,— ասաց նա «մսյո»֊ի փոխարեն նրան անվանելով «jeune homme»[40]։— Նա ասաց, թե «Լիլա»֊յում կլինի։

— Շնորհակալություն,— ասացի,— եթե տիկինը վերադառնա, խնդրում եմ հայտնեցեք նրան, որ ես կլինեմ «Լիլա»֊յում։

— Նա գնաց ինչ֊որ ծանոթների հետ,— ասաց տանտիրուհին եւ փաթաթվելով մանուշակագույն խալաթի մեջ, իր բարձրակրունկ կոշիկներով քայլեց դեպի իր տիրույթը, դուռը բաց թողնելով։

Ես անցա լայն փողոցի սպիտակ տների արանքով, արեւով ողողված խաչմերուկում աջ թեքվեցի եւ մտա «Լիլա» սրճարանի կիսախավարը։

Այնտեղ ծանոթ մարդիկ չկային։ Ես դուրս եկա պատշգամբ եւ տեսա Իվեն Շիպմենին, որն ինձ էր սպասում։ Նա լավ պոետ էր եւ, բացի այդ, սիրում ու գնահատում էր նժույգներ, գրականություն ու գեղանկարչություն։ Նա տեղից բարձրացավ, եւ ես տեսա մի բարձրահասակ, դժգույն ու նիհար մարդու, ճմրթված օձիքով մի հին սպիտակ վերնաշապիկ, խնամքով հանգույցած փողկապ, մաշված ու ճմրթված կոստյում, մազերից ավելի սեւ մատներ, կեղտոտ եղունգներ եւ բերկրալից, ամոթխած ժպիտ․ ժպտալուց նա բերանը չէր բացում, որպեսզի չերեւան փչացած ատամները։

— Ուրախ եմ ձեզ տեսնելու, Հեմ,— ասաց նա։

— Ինչպե՞ս եք ապրում, Իվեն,— հարցրի ես։

— Սովորական,— ասաց նա,— թեեւ, կարծեմ, հաղթահարեցի «Մազեպա»֊ն։ Իսկ դո՞ւք ինչպես եք, ամեն ինչ լա՞վ է։

— Կարծես թե՝ այո,— ասացի,— երբ դուք ինձ մոտ էիք եկել, ես Էզրայի հետ թենիս էի խաղում։

— Իսկ Էզրայի գործե՞րն էլ լավ են։

— Շատ։

— Ես այնքան ուրախ եմ։ Գիտեմ, Հեմ, ես, թվում է, դուր չեմ եկել ձեր տանտիրուհուն։ Նա ինձ թույլ չտվեց վերեւում սպասել ձեզ։

— Ես կխոսեմ նրա հետ,— ասացի։

— Մի անհանգստացեք, ես միտ էլ կարող եմ ձեզ այստեղ սպասել։ Այտսեղ արեւ է ու հաճելի։

— Հիմա աշուն է,— ասացի,— իմ կարծիքով, դուք շատ թեթեւ եք հագնվում։

— Միայն երեկոյան դեմ է հով լինում,— ասաց Իվենը,— ես վերարկու կհագնեմ։

— Իսկ դուք գիտե՞ք, թե որտեղ է ձեր վերարկուն։

— Ոչ։ Բայց երեւի ապահով տեղ է։

— Որտեղի՞ց գիտեք։

— Ես վերարկուիս գրպանում մի պոեմ եմ թողել,— նա ուրախ ծիծաղեց, ձգտելով շրթունքները չբացել,— խնդրում եմ, Հեմ, միասին վիսկի խմենք։

— Լավ։

— Ժան։— Իվենը բարձրացավ տեղից, կանչեց մատուցողին,— խնդրում եմ երկու վիսկի։

Ժանը բերեց մի շիշ վիսկի, ըմպանակներ, սիֆոն եւ տասը ֆրանկանոց երկու ափսե։ Նա մենզուրկա չէր օգտագործում եւ վիսկին լցնում էր այնքան, մինչեւ որ ըմպանակները կլցվեին երեք քառորդի չափ։ Ժանը սիրում էր Իվենին, որովհետեւ, երբ Ժանը ազատ օր էր ունենում, հաճախ աշխատում էր նրա այգում, Մոնրուժում, որ գտնվում է Օռլեանի ուղեկալից դենը։

— Պետք չէ հրապուրվել,— բարձրահասակ, տարեց մատուցողին ասաց Իվենը։

— Բայց սա երկու վիսկի է, ճիշտ չէ՞,— հարցրեց մատուցողը։

Մենք ջուր ավելացրինք, եւ Իվենն ասաց․

— Առաջին կումը ամենակարեւորն է, Հեմ։ Եթե ճիշտ խմենք, սա մեզ երկար կբավարարի։

— Դուք գոնե մի քիչ մտածո՞ւմ եք ձեր մասին,— հարցրի ես։

— Իհարկե, մտածում եմ, Հեմ, բայց եկեք ուրիշ բանի մասին խոսենք, լա՞վ։

Պատշգամբում մեզնից բացի ոչ ոք չկար, եւ վիսկին մեզ երկուսիս էլ տաքացրել էր, թեեւ ես ավելի տաք էի հագնված, քան Իվենը, որովհետեւ ներքնաշապկի փոխարեն հագել էի սվիտեր, հետո շապիկ, իսկ շապիկի վրայից՝ բրդե կապույտ պուլովեր, ինչպիսին հագնում են ֆրանսիացի ծովայինները։

— Ես շարունակ մտածում եմ Դոստոեւսկու մասին,— ասացի,— մարդ ինչպե՞ս կարող է այնքան վատ գրել, չլսված վատ, եւ այդքան ուժեղ ներգործել։

— Հազիվ թե բանը թարգմանության մեջ լինի,— ասաց Իվենը։— Կոնստանս Հառնետի մոտ Տոլստոյը լավ է գրում։

— Ես գիտեմ։ Ես դեռեւս չեմ մոռացել, թե քանի անգամ չեմ կարողացել «Պատերազմ ու խաղաղությունը» կարդալ մինչեւ վերջ, նախքան վերջապես կգտնեի Կոնստանս Հառնետի թարգմանությունը։

— Ասում են, այն ավելի լավ կարելի էր թարգմանել,— ասաց Իվենը,— ես նույնպես այդպես եմ կարծում, թեեւ ռուսերեն չգիտեմ։ Բայց մենք ձեզ հետ միասին գիտենք, թե ինչ ասել է թարգմանություն։ Եվ այսուամենայնիվ, շատ ուժեղ վեպ է, իմ կարծիքով աշխարհում ամենաուժեղը, եւ անվերջ կարելի է կարդալ։

— Ես գիտեմ,— ասացի,— բայց Դոստոեւսկուն հնարավոր չէ վերընթերցել։ Երբ Շրունսում էինք, ես ինձ հետ վերցրել էի «Ոճիր եւ պատիժ»֊ը ու չկարողացա կրկին ընթերցել, թեեւ կարդալու ուրիշ բան չունեի։ Ես ավստրիական թերթեր էի կարդում եւ պարապում էի գերմաներենով, մինչեւ որ գտանք Տրոլոպի մի ինչ֊որ վեպը՝ Տաուխնիցի հրատարակությամբ։

— Աստված օրհնի Տաուխնիցին,— ասաց Իվենը։

Վիսկին արդեն չէր վառում եւ այժմ, երբ մենք էլի ջուր էինք ավելացրել, այն ուղղակի չափազանց ուժեղ էր թվում։

— Դոստոեւսկին շան որդի էր, Հեմ,— ասաց Իվենը,— եւ նրա մոտ ամենից լավ ստացվել են շան որդիներն ու սրբերը։ Նրա մոտ սրբերը հիանալի են։ Շատ վատ է, որ մենք չենք կարողանում նրան վերընթերցել։

— Ես մտադիր եմ մի անգամ էլ կարդալ «Կարամազով եղբայրները»․ գուցե մեղքը նրանը չէ, այլ իմը։

— Սկզբում ամեն ինչ լավ կգնա։ Եվ բավականին երկար ժամանակ, իսկ հետո դուք կսկսեք զայրանալ, թեեւ դա մեծ գիրք է։

— Դե, ինչ կա որ, մեր բախտը բանեց, երբ մենք նրան առաջին անգամն էինք կարդում։ Եվ գուցե երեւան գա ավելի հաջող թարգմանություն։

— Բայց մի գայթակղվեք, Հեմ։

— Չեմ գայթակղվի։ Ես պարզապես կձգտեմ, որ դա ինքն իրեն ստացվի։ Այդ դեպքում որքան շատ ես կարդում, այնքան ավելի լավ։

— Դե, ինչ կա որ, թող Ժանի վիսկին ձեզ օգնի,— ասաց Իվենը։

— Սրա համար նա դեռեւս անախորժությունների մեջ կընկնի,— ասացի։

— Այդ անախորժություններն արդեն սկսվել են,— ասաց Իվենը։

— Ինչպե՞ս։

— Սրճարանը ուրիշի ձեռք է անցնում,— ասաց Իվենը,— նոր տերերը ցանկանում են ավելի հարուստ հաճախորդներ ունենալ եւ մտադիր են այստեղ ամերիկյան բար կազմակերպել։ Մատուցողներին սպիտակ բաճկոններ կհագցնեն, Հեմ, եւ նրանց կարգադրված է խուզել բեղերը։

— Անդրեին եւ Ժանի՞ն։ Չի կարող պատահել։

— Չի կարող, բայց կպատահի։

— Ժանը ամբողջ կյանքում բեղեր է պահում։ Նա դրագունական բեղեր ունի։ Հեծյալ գնդում է ծառայել։

— Եվ այնուամենայնիվ նա իր բեղերը կխուզի։

Ես խմեցի իմ վիսկին։

— Էլի վիսկի բերե՞մ, մսյո,— հարցրեց Ժանը,— վիսկի՞ բերեմ, մսյո Շիմպեն։

Կախ ընկած թավ բեղերը նրա նիհար, բարի դեմքի մի մասն էին կազմում, իսկ սղալած մազերի տակից գագաթին փայլում էր ճաղատը։

— Պետք չէ, Ժան,— ասացի ես,— վտանգավոր է։

— Ոչ մի վտանգ էլ չկա,— ցածր ձայնով ասաց նա,— չափազանց մեծ խառնաշփոթություն է տիրում։ Entendu[41], մսյո,— ասաց նա բարձրաձայն, գնաց սրճարան եւ վերադարձավ, իր հետ բերելով մի շիշ վիսկի, երկու բաժակ, երկու տասֆրանկանոց ափսե ու մի շիշ զելտերյան ջուր։

— Պետք չէ, Ժան,— ասացի ես։

Նա բաժակները դրեց ափսեի մեջ, գրեթե մինչեւ վերջ վիսկի լցրեց, եւ շիշը, նրա մեջ մնացած վիսկիով, հետ տարավ սրճարան։ Մենք Իվենի հետ մի քիչ զելտերյան ջուր լցրինք բաժակները։

— Լավ է, որ Դոստոեւսկին ծանոթ չի եղել Ժանի հետ,— ասաց Իվենը։— Թե չէ կխմեր, կկործաներ իրեն։

— Իսկ մենք ի՞նչ անենք։

— Խմենք,— ասաց Իվենը։— Դա բողոք է։ Ակտիվ գործողություն։

Երկուշաբթի օրը, երբ ես առավոտյան «Լիլա» եկա գրելու, Անդրեն ինձ համար bovril բերեց՝ մի բաժակ տավարի մսաջուր։ Անդրեն պնդակազմ էր ու շիկահեր, նրա վերին շրթունքը, որի վրա առաջ խոզանականման բեղեր կային, հարթացել էր, ինչպես քահանայի մոտ է լինում։ Նա հագել էր ամերիկյան բարմենի սպիտակ բաճկոն։

— Իսկ ո՞ւր է Ժանը։

— Նա վաղն է աշխատում։

— Ո՞նց է։

— Նրա համար ավելի դժվար է հաշտվել սրա հետ։ Պատերազմի ամբողջ ընթացքում նա ծառայել է դրագունյան գնդում։ Նա «Ջինվորական խաչ» եւ «Զինվորական մեդալ» ունի։

— Ես չգիտեի, որ նա այդքան ծանր վիրավորված է եղել։

— Դա այն չէ։ Նա իրոք վիրավորված է եղել, բայց «Զինվորական մեդալը» այլ բանի համար է ստացել։ Քաջագործության համար։

— Նրան ասացեք, որ ես հարցրել եմ իր մասին։

— Անշուշտ,— ասաց Անդրեն։— Հուսով եմ, որ նա այնուամենայնիվ կհաշտվի այս ամենի հետ։

— Խնդրեմ, նրան ողջույն հաղորդեք նաեւ պարոն Շիպմենի կողմից։

— Պարոն Շիպմենը նրա մոտ է,— ասաց Անդրեն։— Նրանք միասին են աշխատում նրա այգում։

Արատ կրողը

Վերջին խոսքը, որ Էզրան ինձ ասաց Նոտր֊Դամ֊դե֊Շան փողոցից հեռանալուց եւ Ռապալլո մեկնելուց առաջ, հետեւյալն էր․

— Հեմ, օպիում պարունակող այս սրվակը պահեցեք ձեզ մոտ եւ Դաննինգին կտաք, երբ նա դրա կարիքը իրոք զգա։

Դա կոլդկրեմի մի մեծ սրվակ էր եւ կափարիչը բացելով, ես այնտեղ տեսա գորշ ու կպչուն ինչ֊որ բան, որից շատ վատ զտված օպիումի հոտ էր գալիս։ Էզրան ասել էր, թե ինքը դա գնել է Իտալական բուլվարի մոտ, Օպերայի ավենյու֊ում, հնդկական մի առաջնորդից եւ շատ թանկ է վճարել։ Ես որոշեցի, որ այդ օպիումը ձեռք է բերվել «Պատի ծակ» հին բարից, որը առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից հետո դասալիքների ու նարկոտիկներ վաճառողների հանգրվանն էր։ «Պատի ծակ» բարը, որի կարմիր ֆասադը նայում էր Իտալական փողոցին, սովորական միջանցքից մի քիչ լայն, շատ անձուկ հաստատություն էր։ Մի ժամանակ այնտեղից գաղտնի մուտք էր տանում ուղիղ դեպի Փարիզյան կոյուղին, որով, ասում են, կարելի էր հասնել կատակոմբներին։ Դաննինգը՝ բանաստեղծ Ռալֆ Չիվեր Դաննինգն էր, որ օպիում էր ծխում եւ մոռանում սնվել։ Երբ նա չափազանց շատ էր ծխում, միայն կաթ էր խմում։ Նա գրել է տերցիններ, որոնց համար է հենց նրան սիրել Էզրան, որը, ինչեւէ, նրա պոեզիայում բարձր արժանիքներ էր գտնում։ Նա Էզրայի հետ բնակվում էր նույն բակում, եւ Փարիզից մեկնելուց մի քանի շաբաթ առաջ Էզրան ինձ կանչել էր, որովհետեւ Դաննինգը մեռնում էր։

«Դաննինգը մեռնում է,— երկտողում գրել էր Էզրան,— խնդրում եմ անհապաղ եկեք»։

Դաննինգը՝ կմախքի նման մաշված, պառկել էր անկողնում եւ վերջ ի վերջո, անշուշտ, կարող էր մեռնել հյուծվածությունից։ Բայց այժմ ինձ հաջողվեց Էզրային համոզել, որ մեռնողներից շատ քչերն են մահվան մահիճում խոսում այդքան սահուն ու գեղեցիկ, եւ մանավանդ ես չեմ լսել, որ որեւէ մեռնող խոսեր տերցիններով․ նույնիսկ Դանթեին հազիվ թե դա հաջողվեր։ Էզրան ասաց, որ Դաննինգը ամենեւին էլ տերցիններով չի խոսում, իսկ ես ասացի, թե հնարավոր է, ինձ տերցիններ են թվում այն պատճառով, որ երբ իմ ետեւից եկան, ես քնած էի։ Մահվան սպասող Դաննինգի անկողնու մոտ գիշերը անցկացնելուց հետո, վերջ ի վերջո նրանով զբաղվեց բժիշկը եւ նրան տարան մասնավոր հիվանդանոց, օպիումով թունավորվածությունը բուժելու համար։ Էզրան երաշխավորեց հաշիվների վճարումը եւ պոեզիայի՝ չգիտեմ ինչ երկրպագուների համոզեց օգնել Դաննինգին։ Իսկ ինձ հանձնարարված էր ծայրահեղ անհրաժեշտության դեպքում նրան հանձնել օպիումի սրվակը։ Էզրայի յուրաքանչյուր հանձնարարությունը ինձ համար սուրբ գործ էր, եւ ինձ մնում էր միայն հուսալ, որ արժանի կլինեմ նրա վստահությանը եւ կկարողանամ ըմբռնել, թե հատկապես երբ կհասնի ծայրահեղ անհրաժեշտությունը։ Այն վրա հասավ մի գեղեցիկ կիրակի առավոտ․ սղոցարանում հայտնվեց Էզրայի բարապանուհին եւ բաց պատուհանից, որի առջեւ ես ուսումնասիրում էի ձիարշավների ծրագիրը, գոռաց․ «Monsieur Dunning est monté sur le toit et réfuse catégoriquement de descendre»[42]։

Այն, որ Դաննինգը բարձրացել է ստուդիայի կտուրը եւ կտրականապես հրաժարվում է ներքեւ իջնել, ինձ թվաց ծայրահեղ անհրաժեշտության իսկական արտահայտություն եւ վերցնելով օպիումի սրվակը, ես փողոց դուրս եկա բարապանուհու՝ վտիտ, անհանգիստ այդ կնոջ հետ, որին այդ ամենը խիստ հուզել էր։

— Մսյոն իր հետ վերցրե՞լ է այն, ինչ պետք է,— հարցրեց նա ինձ։

— Օ, այո,— ասացի,— ամեն ինչ լավ կլինի։

— Մսյո Պաունդը միշտ ամեն ինչի մասին հոգում է,— ասաց նա,— նա՝ ինքը բարիությունն է։

— Միանգամայն ճիշտ է,— ասացի,— ես ամեն օր հիշում եմ նրան։

— Հուսանք, որ մսյո Դաննինգը խելամիտ կլինի։

— Ես հետս վերցրել եմ հենց այն, ինչ դրա համար պահանջվում է,— հավաստիացրի նրան։

Երբ մենք մտանք բակը, բարապանուհին ասաց․

— Նա արդեն իջել է։

— Ուրեմն կռահել է, որ ես գալիս եմ,— ասացի։

Ես բարձրացա արտաքին սանդուղքով, որ տանում էր դեպի Դաննինգի սենյակը, եւ դուռը թակեցի։ Նա բացեց դուռը։ Անչափ նիհար էր եւ այդ պատճառով էլ շատ բարձրահասակ էր երեւում։

— Էզրան խնդրել է, որ ահա այս սրվակը ձեզ հանձնեմ,— ասացի ես եւ նրան մեկնեցի սրվակը,— նա ասել է, որ դուք գիտեք, թե դա ինչ է։

Դաննինգը վերցրեց սրվակը, տնտղեց նրա պարունակությունը։ Այնուհետեւ սրվակը նետեց ինձ վրա։ Այն դիպավ չեմ հիշում կրծքիս, թե ուսիս եւ աստիճաններով ներքեւ գլորվեց։

— Շան որդի,— ասաց նա,— գարշանք։

— Էզրան ասաց, որ դա կարող է ձեզ պետք գալ,— առարկեցի ես։

Ի պատասխան նա ինձ վրա նետեց կաթի շիշը։

— Դուք համոզվա՞ծ եք, որ դա ձեզ իրոք պետք չէ,— հարցրի ես։

Նա մի շիշ էլ նետեց։ Ես շրջվեցի, որ հեռանամ, եւ նա մեջքիս զարկեց մի շիշ եւս։ Հետո դուռը վրա բերեց։

Ես վերցրի սրվակը, որ մի քիչ ճաքել էր, եւ գրպանս դրի։

— Մսյո Պաունդի նվերը հավանաբար նրան պետք չէ,— ասացի բարապանուհուն։

— Գուցե նա հիմա հանգստանա,— ասաց նա։

— Գուցե նա այդ դեղը ունի,— ասացի ես։

— Խեղճ մսյո Դաննինգ,— ասաց նա։

Պոեզիայի երկրպագուները, որոնց միավորել էր Էզրան, ի վերջո օգնության հասան Դաննինգին։ Իսկ մենք պարաբանուհու հետ այդպես էլ ոչինչ չկարողացանք անել։ Ճաքած սրվակը, որի մեջ իբր օպիում կար, ես փաթաթեցի մոմաթերծում եւ խնամքով թաքցրի ձիազբոսանքի ժամանակ օգտագործվող հին սապոգի մեջ։ Երբ մի քանի տարի անց մենք Իվեն Շիպմենի հետ այդ բնակարանից տեղափոխում էինք իմ իրերը, սրվակը սապոգի մեջ չգտանք։ Չգիտեմ, թե Դաննինգը ինչու էր կաթի շշեր նետում ինձ վրա․ գուցե նա վերհիշել էր իմ սկեպտիցիզմը այն գիշեր, երբ նա մեռնում էր առաջին անգամ, իսկ գուցե դա ուղղակի անգիտակից զզվանք էր իմ անձի նկատմամբ։ Բայց ես հիշում եմ, թե Իվեն Շիպմենին ինչպիսի հրճվանք պատճառեց «Monsieur Dunning est monté sur le toit et réfuse catégoriquement de descendre» արտահայտությունը։ Նա դրա մեջ ինչ֊որ սիմվոլիկ բան էր տեսնում։ Չեմ ուզում դատել։ Գուցե Դաննինգը ինձ ընդունել էր արատ կրողի կամ թե ոստիկանության գործակալի տեղ։ Ես միայն գիտեմ, որ Էզրան ցանկանում էր բարի ծառայություն մատուցել Դաննինգին, ինչպես շատ֊շատերին էր մատուցում, եւ ես միշտ ուզում էի հավատալ, որ Դաննինգը իրոք այնպիսի լավ պոետ էր, ինչպիսին նրան համարում էր Էզրան։ Բայց պոետի համար նա չափազանց դիպում էր նետում կաթի շշերը։ Ինչեւէ, Էզրան եւս, որ արտակարգ մեծ բանաստեղծ էր, հիանալի թենիս էր խաղում։ Իվեն Շիպմենը, որը շատ լավ բանաստեղծ էր եւ միշտ անկեղծորեն անտարբեր այն բանի նկատմամբ, թե կտպագրվե՞ն արդյոք իր բանաստեղծությունները, կարծում էր, որ այդ գաղտնիքի լուծումը պետք չէ որոնել։

— Մեր կյանքում անհրաժեշտ են ավելի շատ իսկական գաղտնիքներ, Հեմ,— մի անգամ ասաց նա ինձ,— սնապարծությունից միանգամայն զերծ գրող եւ իրոք լավ, չհրապարակված բանաստեղծություններ՝ ահա թե մենք այժմ ամենից շատ ինչի կարիք ենք զգում։ Ճիշտ է, կա նաեւ մի այնպիսի պրոբլեմ, ինչպիսին է հոգսը առ հացն հանապազօրյա։

Սկոտ Ֆիցջերալդ

Նրա տաղանդը այնքան բնական էր, ինչպես փոշուց գոյացող նախշը թիթեռնիկի թեւերին։ Մի ժամանակ նա այդ հասկանում էր ոչ ավելի, քան թիթեռնիկը, եւ չնկատեց, թե ինչպես նախշը մաշվեց ու խունացավ։ Ավելի ուշ նա հասկացավ, որ իր թեւերը վնասվել են եւ հասկացավ, թե դրանք ինչպես են կառուցված, սովորեց մտածել, բայց թռչել այլեւս չէր կարող, որովհետեւ չքացել էր թռչելու սերը, իսկ հիշողության մեջ միայն մնացել էր այն, թե դա որքա՜ն հեշտ էր մի ժամանակ…

Երբ ես ծանոթացա Սկոտ Ֆիցջերալդի հետ, շատ տարօրինակ մի բան տեսա։ Նրան բազմաթիվ տարօրինակություններ էին պատահում, բայց հիշողությանս մեջ մխրճվել է հենց այդ դեպքը։ Սկոտը մտավ Դելամբր փողոցի վրա գտնվող «Դինգո» բարը, որտեղ ես նստած էի ինչ֊որ սակավ արժանապատիվ անձնաց հետ, ներկայացավ ինքը եւ մեզ ներկայացրեց իր ուղեկցին՝ բարձրահասակ, համակրելի մի մարդու, որ նշանավոր բեյսբոլիստ Դանկ Չապլինն էր։ Ես պրինստոնյան բեյսբոլին չէի հետեւում եւ երբեք լսած չէի Դանկ Չապլինի մասին, բայց նա իրեն պահում էր շատ լավ, հանգիստ ու սիրալիր եւ ինձ ավելի դուր եկավ, քան Սկոտը։

Այն տարիներին Սկոտը թողնում էր պատանու տպավորություն՝ ավելի շուտ սիրունիկ, քան գեղեցիկ։ Շատ բաց գույնի ալիքաձեւ մազեր, բարձր ճակատ, վառվռուն, բայց բարի աչքեր եւ իռլանդացու երկար շուրթերով նուրբ բերան, գեղեցկուհու բերան, եթե կանացի լիներ։ Նա հղկված ծնոտ ուներ, գեղեցիկ ականջներ եւ գրեթե անբասիր, ուղիղ քիթ։ Այդպիսի քթով դեմքը հազիվ թե հնարավոր լիներ սիրուն անվանել, եթե չլիներ դեմքի գույնը, շատ բաց գույնի մազերը եւ բերանի ձեւը։ Այդ բերանը աղոտ անհանգստություն էր առաջացնում, քանի դեռ Սկոտին մոտիկից չես ճանաչում, իսկ ճանաչելուց հետո անհանգստությունդ ավելի էր սաստկանում։

Ես վաղուց արդեն ուզում էի ծանոթանալ նրա հետ։ Այդ ամբողջ օրը լարված աշխատել էի եւ ինձ իսկական հրաշք թվաց, երբ սրճարանում երեւացին Սկոտ Ֆիցջերալդն ու մեծ Դանկ Չապլինը, որի մասին ես երբեք չէի լսել, բայց որն այժմ դարձել էր իմ բարեկամը։ Սկոտն անվերջ խոսում էր եւ քանի որ նրա խոսքերը ինձ սաստիկ շփոթում էին,— նա միայն իմ ստեղծագործությունների մասին էր խոսում եւ դրանք անվանում հանճարեղ,— ես լսելու փոխարեն ուշադիր տնտղում էի նրան։ Ըստ այն ժամանակվա մեր վարվելակերպի, երեսին ասվող գովասանքը ուղղակի վիրավորանք էր համարվում։ Սկոտը շամպայն պատվիրեց, եւ նա, Դանկ Չապլինն ու ես խմեցինք սակավ արժանապատիվ այդ անձնավորություններից ինչ֊որ մեկի հետ։ Դանկն ու ես, հավանաբար, առանձնապես ուշադիր չէինք լսում Սկոտի ճառը,— դա ամենաիսկական ճառ էր,— իսկ ես շարունակում էի ուսումնասիրել Սկոտին։ Նա նիհարավուն էր, երեսը թեթեւակի ուռած եւ առողջ մարդու տպավորություն չէր թողնում։ Բրուկս[43] եղբայրներից գնված կոստյումը նրա վրա լավ էր նստում, հագել էր սպիտակ շապիկ՝ կոճկովի օձիգով, կրում էր գվարդիական փողկապ[44]։ Ես մտածեցի՝ չասե՞մ նրան փողկապի մասին։ Չէ որ Փարիզում անգլիացիներ կային եւ նրանք կարող էին մտնել «Դինգո», երկուսը նույնիսկ արդեն նստած էին այնտեղ, բայց հետո միտքս փոխեցի․ «Դե, թող սատանի գիրքը կորչի այդ փողկապը»։ Ավելի ուշ պարզվեց, որ նա փողկապը Հռոմում է գնել։

Նրան տնտղելով, ես ինձ համար գրեթե ոչինչ չհայտնաբերեցի բացի այն, որ նա ուներ ոչ այնքան փոքր, գեղեցիկ, եռանդուն ձեռքեր, իսկ երբ նա վաճառասեղանի մոտ նստեց աթոռակին, ես նկատեցի, որ նրա ոտքերը շատ կարճ են։ Եթե նրա ոտքերը բնականոն լինեին, նա երկում մատնաչափ բարձր կլիներ։ Մեք խմեցինքշ շամպայնի առաջին շիշը, անցանք երկրորդին, եւ Սկոտի պերճախոսությունը սկսեց սպառվել։

Իսկ ես ու Դանկը մեզ նույնիսկ ավելի լավ էինք զգում, քան մինչեւ շամպայնը, եւ շատ հաճելի էր, որ ճառը մոտենում էր իր ավարտին։ Մինչ այդ ես ենթադրում էի, թե իմ՝ հանճարեղ գրող լինելու նվիրական գաղտնիքը հայտնի է միայն ինձ, կնոջս եւ մեր մերձավոր ծանոթներին։ Ես ուրախ էի, որ Սկոտը հանգել էր այդ նույն հաճելի եզրակացությանը՝ իմ պոտենցիալ հանճարեղության հարցում, բայց ես ուրախ էի նաեւ, որ նրա պերճախոսությունը սկսել էր հատնել։ Սակայն ճառին հետեւեցին հարցերը։ Ճառը կարելի էր չլսել եւ նայել նրան, բայց հարցերից փրկություն չկար։ Սկոտը, ինչպես ես շուտով համոզվեցի, ենթադրում էր, թե վիպասանը իրավասու է իր բարեկամներից ու ծանոթներից իմանալ այն ամենը, ինչ իրեն պետք է։ Նա հարցերը նետում էր ուղիղ ճակատիդ․

— Էռնեստ, — ասաց նա,— դուք չե՞ք նեղանա, եթե ես ձեզ Էռնեստ անվանեմ։

— Դանկին հարցրեք,— ասացի ես։

— Մի սրամտեք։ Ես լուրջ եմ խոսում։ Ասացեք, մինչեւ ամուսնությունը դուք քնե՞լ եք ձեր կնոջ հետ։

— Չգիտեմ։

— Այսինքն ո՞նց թե չգիտեք։

— Չեմ հիշում։

— Բայց ինչպե՞ս կարող եք չհիշել նման կարեւոր բաները։

— Չգիտեմ,— ասացի,— տարօրինակ է, չէ՞։

— Դա ավելի քան տարօրինակ է,— ասաց Սկոտը։— Դուք պետք է անպայման հիշեք։

— Ներեցեք, չեմ կարող։ Ցավալի է, չէ՞։

— Խնդրում եմ, թողեք արտահայտվելու անգլիական այդ ձեւը,— ասաց նա,— լուրջ վերաբերվեցեք գործին եւ աշխատեցեք վերհիշել։

— Չի ստացվի,— ասացի,— դա անհուսալի բան է։

— Բայց գոնե փորձեցեք։

Նրա գովասանքը բավականին թանկ է նստում, որոշեցի ես։ Ուզում էի մտածել, թե նա իր բոլոր նոր ծանոթներին դիմում է նման ճառերով։ Բայց հետո հրաժարվեցի այդ մտքից եւ տեսա, թե նա ինչպես էր քրտնել, քանի խոսում էր։ Նրա վերին, իսկական իռլանդական երկար շրթունքի վրա քրտինքի ման կաթիլներ էին գոյացել։ Ես աչքերս շրջեցի նրա դեմքից եւ մտովի չափեցի նրա ոտքերի երկարությունը, որոնք նա, վաճառասեղանի մոտի աթոռակին նստած, սեղմել էր իրեն։ Այժմ ես կրկին նայեցի նրա դեմքին, եւ ահա հենց այստեղ էր, որ պատահեց այն տարօրինակությունը, որի մասին ես հիշատակեցի սկզբում։

Գավաթը ձեռքին, վաճառասեղանի մոտ նստած, նրա դեմքի մորթը ասես թե ձգվեց, այնպես որ դեմքի ուռածությունը անցավ, հետո ավելի ուժեղ ձգվեց, եւ դեմքը սկսեց նմանվել գանգի։ Աչքերը դուրս պրծան ու ապակիացան, այտերից չքացավ կարմրությունը, եւ նրանք կեղտոտ մոմի գույն ստացան։ Դա իմ երեւակայության խաղը չէր։ Նրա դեմքը իրոք վերածվել էր գանգի կամ հանգուցյալի երեսից հանած դիմակի։

— Սկոտ,— ասացի,— ի՞նչ պատահեց ձեզ։

Նա չպատասխանեց։ Նրա դեմքը է՛լ ավելի սմքեց։

— Պետք է նրան տանել առաջին օգնության կետ,— ասացի ես Դանկ Չապլինին։

— Կարիք չկա։ Նա միանգամայն առողջ է։

— Նա այնպիսի տեսք ունի, ասես մեռնում է։

— Ոչ։ Նրա հետ այդպես պատահում է։

Մենք նրան տաքսի նստեցրինք, եւ ես շատ էի անհանգստանում, բայց Դանկն ասաց, որ ամեն ինչ կարգին է եւ անհանգստանալու կարիք չկա։

— Մինչեւ տուն հասնի, հավանաբար, միանգամայն լավ կզգա իրեն,— ասաց նա։

Երեւի հենց այդպես էլ եղավ, որովհետեւ երբ մի քանի օր անց ես նրան «Կլոզերի դե Լիլա»֊յում հանդիպեցի ու ասացի, թե շատ եմ ցավում, որ շամպայնը նրա վրա այնպես ազդեց, հնարավոր է մենք զրույցի ընթացքում շատ արագ էինք խմում, նա ասաց․

— Չեմ հասկանում։ Ի՞նչ շամպայն։ Եվ ինչպե՞ս է այն ինձ վրա ազդել։ Դուք ինչի՞ մասին եք խոսում, Էռնեստ։

— Այն երեկոյի մասին, «Դինգո»֊յում։

— «Դինգո»֊յում ինձ հետ ոչինչ չի պատահել։ Ինձ ուղղակի ձանձրացրին այն ստոր անգլիացիները, որոնց հետ դուք նստած էիք, եւ ես տուն գնացի։

— Ձեր ներկայությամբ այնտեղ ոչ մի անգլիացի չկար։ Միայն բարմենն էր։

— Ի՞նչ եք դրանից ինչ֊որ գաղտնիքներ սարքում։ Դուք գիտեք, թե ես ում մասին եմ խոսում։

— Ա՜,— ասացի ես, մտածելով, որ նա ավելի ուշ կամ հաջորդ օրը վերադարձել է «Դինգո»։ Բայց ես հանկարծ հիշեցի, որ այնտեղ իրոք երկու անգլիացի կային։ Նա ճիշտ էր։ Ես հիշեցի։ Այո, նրանք իրոք այնտեղ էին։— Այո։— ասացի ես,— իհարկե։

— Իբր տիտղոսավոր այն կոպիտ կինը եւ նրա հետ եղած հարբած ապուշը։ Նրանք ասացին, որ ձեր բարեկամներն են։

— Դա ճիշտ է։ Եվ այդ կինը իրոք երբեմն կոպիտ է լինում։

— Այ, տեսնում եք։ Պետք չէ գաղտնիք սարքել, եթե որեւէ մեկը ուղղակի մի քանի գավաթ գինի է խմել։ Դա ձեր ինչի՞ն է պետք։ Ես ձեզնից այդ չէի սպասում։

— Չգիտեմ։— Ես ուզում էի փոխել զրույցի թեման։ Եվ հանկարծ հիշեցի։— Նրանք ձեզ կոպիտ բաներ ասացին ձեր փողկապի՞ պատճառով։

— Նրանք ինչո՞ւ պետք է ինձ կոպիտ բաներ ասեին իմ փողկապի պատճառով։ Ես սովորական գործվածքի սեւ փողկապով էի եւ սպորտային սպիտակ շապիկով։

Ես հանձնվեցի, եւ նա հարցրեց, թե ինչո՞ւ է ինձ դուր գալիս այս սրճարանը։ Ես նրան պատմեցի, թե անցած ժամանակներում այն ինչպիսին էր, եւ նա սկսեց իրեն ներշնչել, թե «Լիլա»֊ն իրեն էլ է դուր գալիս, եւ մենք շարունակեցինք նստել։ Ես՝ որովհետեւ այս սրճարանը ինձ դուր էր գալիս, նա՝ որովհետեւ այդ բանը իրեն ներշնչել էր։ Նա հարցեր էր տալիս եւ ինձ պատմում գրողների ու հրատարակիչների, գրական գործակալների ու քննադատների մասին, եւ Ջորջ Հորացիո Լուրիմերի, եւ ամեն տեսակի ասեկոսների մասին եւ նա, հայտնի գրողի կյանքի նյութական կողմի մասին պատմելով, ցինիկ էր, սրամիտ, բարեհոգի, թովիչ ու սիրալիր, այնպես որ ինձ չօգնեց նույնիսկ համակրանքի նոր առարկաներին դիմադրելու իմ սովորությունը։ Նա որոշ արհամարհանքով, բայց առանց դառնության էր խոսում իր բոլոր գրածների մասին, եւ ես հասկացա, որ նրա նոր գիրքը պետք է որ շատ լավը լինի, քանի որ նա առանց դառնության է խոսում նախորդ գրքերի թերությունների մասին։ Նա ցանկություն հայտնեց, որ ես կարդամ իր «Մեծ Գետսբի» նոր գիրքը եւ խոստացավ ինձ տալ, հենց որ վերադարձնեն իր վերջին եւ միակ օրինակը, որ նա կարդալու էր տվել ինչ֊որ մեկին։ Լսելով նրան, անհնարին էր նույնիսկ կասկածել, թե որքան լավն է այդ գիրքը․ դա ցույց էր տալիս ինչ֊որ շատ լավ բան ստեղծած բոլոր ոչ֊ինքնասիրահար գրողներին հատուկ շփոթմունքը, եւ ես ցանկացա, որ նրան շուտ վերադարձնեն գիրքը, որպեսզի ես կարողանամ որքան կարելի է շուտ կարդալ։

Մաքսուել Պերկինսը, ասաց նա, գրում է, թե գիրքը վատ է վաճառվում, բայց մամուլը շատ բարձր կարծիք է հայտնել նրա մասին։ Չեմ հիշում՝ այդ օրը, թե ավելի ուշ նա ինձ ցույց տվեց Գիլբերտ Սելդեսի ծայր աստիճան լավ գրախոսականը։ Այն կարող էր ավելի լավ լինել, եթե միայն ինքը՝ Գիլբերտ Սելդեսը ավելի լավ լիներ։ Սկոտը մտահոգված ու վրդովված էր, որ գիրքը վատ է վաճառվում, բայց, ինչպես ասացի, նրա խոսքերում չկար դառնություն, նա միայն ուրախանում ու շփոթվում էր, որ գիրքը այդպես հաջողվել է իրեն։

Այն օրը, երբ մենք «Լիլա»֊յի բաց պատշգամբում նստած դիտում էինք, թե ինչպես էր թանձրանում աղջամուղջը, ինչպես են մայթով անցնում մարդիկ, ինչպես է փոխվում երեկոյան գորշ լուսավորությունը, մեր խմած սոդայաջրով երկու վիսկին Սկոտի մոտ ոչ մի փոփոխություն չառաջացրեց։ Ես զգուշորեն սպասում էի, բայց ոչինչ չպատահեց, եւ Սկոտը անպատկառ հարցեր չտվեց, ոչ ոքի անհարմար դրության մեջ չդրեց, ճառ չարտասանեց եւ իրեն պահում էր որպես նորմալ, խելոք ու առինքնող մարդ։

Նա պատմեց, որ ինքն ու Զելդան՝ իր կինը, վատ եղանակի պատճառով հարկադրված են եղել իրենց փոքրիկ «Ռենո»֊ն թողնել Լիոնում, եւ հարցրեց, թե չէի՞ ցանկանա իր հետ գնացքով մեկնել Լիոն, մեքենան վերցնել եւ նրանով վերադառնալ Փարիզ։ Ֆիցջերալդները կահավորված բնակարան էին վարձել Տիլզիտի փողոցի № 14 տանը, որ Աստղի հրապարակի մոտ է գտնվում։ Գարնան վերջն էր, եւ ես մտածեցի, որ դա Ֆրանսիայում տարվա ամենալավ ժամանակն է, ուղեւորությունը կարող է հրաշալի լինել։ Սկոտը այնքան սիրալիր ու խելոք էր թվում, իմ աչքի առաջ նա երկու բաժակ մաքուր վիսկի խմեց ու նրա հետ ոչինչ չպատահեց, եւ նա այնքան թովիչ էր ու իրեն այնքան խելոք էր պահում, որ «Դինգո»֊յում անցկացրած երեկոն ինձ տհաճ երազ թվաց։ Ուստի ես ասացի, թե նրա հետ հաճույքով կմեկնեմ Լիոն։

Մենք պայմանավորվեցինք հանդիպել հաջորդ օրը եւ Լիոն գնալ ճեպընթացով, որը առավոտյան է մեկնում։ Այդ գնացքը շատ հարմար ժամանակ է մեկնում եւ շատ արագ է գնում։ Նա միայն մի տեղ է կանգ առնում, որքանով հիշում եմ՝ Դիժոնում։ Մենք մտադրվել էինք Լիոն գնալ, ստուգել ու սարքի բերել մեքենան, մի լավ ընթրել եւ վաղ առավոտյան վերադառնալ Փարիզ։

Առաջիկա ուղեվորության միտքը ինձ հիացմունք էր պատճառում։ Ես կընկերակցեմ ավագ, հայտնի մի գրողի եւ մեքենայում տեղի ունենալիք զրույցից, անշուշտ, օգտակար շատ բան կիմանամ։ Տարօրինակ է վերհիշել, որ ես Սկոտի մասին մտածում էի որպես ավագ սերնդի գրողի, բայց այն ժամանակ ես դեռեւս չէի կարդացել նրա «Մեծ Գետսբին» վեպը եւ նա ինձ անհամեմատ ավագ էր թվում։ Ես գիտեի, որ նա «Սետերդեյ իվնինգ պոստ»֊ի համար գրում է պատմվածքներ, որոնք երեք տարի առաջ լայնորեն ընթերցվում էին, բայց երբեք նրան լուրջ գրող չէի համարել։ «Կլոզերի դե Լիլա»֊յում նա ինձ պատմեց, թե ինչպես է այնպիսի պատմվածքներ գրում, որոնք «Սետերդեյ իվնինգ պոստ»֊ի համար լավ պատմվածքներ է համարում,— եւ որոնք իրոք լավն են,— իսկ հետո, նախքան խմբագրություն ուղարկելը, փոփոխության է ենթարկում, քաջ իմանալով, թե ինչ միջոցներով կարելի է դրանք վերածել լավ վաճառվող ամսագրային պատմվածքների։ Դա ինձ վրդովմունք պատճառեց, եւ ես ասացի, որ իմ կարծիքով, դա պոռնկացում է։ Նա համաձայնեց, որ դա պոռնկացում է, բայց ասաց, թե հարկադրված է այդպես անել, որովհետեւ ամսագրերը իրեն փող են վճարում, որն անհրաժեշտ է իսկական գրքեր գրելու համար։ Ես ասացի, որ իմ կարծիքով մարդ սպանում է իր տաղանդը, եթե գրում է ավելի վատ, քան կարող է գրել։ Սկոտն ասաց, որ սկզբում նա իսկական պատմվածք է գրում, իսկ այն, որ հետո փոփոխում է ու փչացնում, իրեն չի կարող վնասել։ Ես դրան չէի հավատում եւ ուզում էի համոզել նրան, բայց իմ դիրքը ամրապնդելու համար անհրաժեշտ էր, որ ունենայի գոնե մեկ սեփական վեպ, իսկ ես դեռեւս ոչ մի վեպ չէի գրել։ Այն պահից, երբ ես փոխել էի գրելու իմ ոճը, սկսել էի խուսափել հարդարելուց եւ նկարագրելու փոխարեն փորձում էի ստեղծել, գրելը բերկրանք էր դարձել։ Բայց դա չափազանց դժվար էր, եւ ես չգիտեի, թե կարո՞ղ եմ արդյոք գրել մի այնպիսի մեծ բան, ինչպիսին է վեպը։ Հաճախ մի պարբերություն գրելու համար ամբողջ առավոտը աշխատում էի։

Հեդլին՝ կինս, իմանալով մեր ուղեվորության մասին, շատ ուրախացավ, թեեւ լուրջ չէր վերաբերվում Սկոտի այն ստեղծագործություններին, որոնք կարդացել էր։ Լավ գրողի նրա իդեալը Հենրի Ջեյմսն էր։ Բայց նա գտնում էր, որ ինձ չէր խանգարի, եթե աշխատանքից մի քիչ հանգստանամ ու մեկնեմ, թեեւ մենք իսկույն եւեթ ափսոսացինք, որ չենք կարող ավտոմեքենա գնել ու մեկնել երկուսով։ Այն ժամանակ ես չէի պատկերացնում, թե դա երբեւէ հնարավոր կլինի։ Ես երկու հարյուր դոլլար կանխավճար էի ստացել «Բոնի եւ Լիվրայտ»֊ից պատմվածքներիս առաջին գրքի համար, որը պետք է աշնանը լույս տեսներ Ամերիկայում, պատմվածքներ էի վաճառում ե՛ւ «Ֆրանկֆուրտեր Ցայտունգին», ե՛ւ բեռլինյան «Կվերշնիտ» հանդեսին, ե՛ւ փարիզյան «Կաուրտեր» ու «Տրանսատլանտիկ Ռեվյու»֊ին, մենք շատ խնայողաբար էինք ապրում, մեզ թույլ էինք տալիս միայն ամենաանհրաժեշտ ծախսերը, որպեսզի փող կուտակենք ու հուլիսին մեկնենք Պոմպլոնուի feria[45], իսկ հետո Մադրիդ եւ Վալենսիայի feria։

Այն առավոտ, երբ մենք պայմանավորվել էինք հանդիպել Լիոնյան կայարանում, ես ժամանակին եկա այնտեղ եւ կառամատույցի մոտ սպասեցի Սկոտին։ Նա պետք է բերեր տոմսերը։ Գնացքի մեկնման ժամը հասավ, իսկ նա դեռ չկար։ Ես կառամատույցի տոմս գնեցի եւ սկսեցի քայլել գնացքի երկայնքով, հուսալով տեսնել նրան։ Նա չէր երեւում, իսկ ճեպընթացը ահա֊ահա պետք է շարժվեր, եւ ես նետվեցի վագոն, անցա ամբողջ գնացքով, հուսալով, որ նա այսուամենայնիվ այնտեղ է։ Կառաշարը երկար էր, բայց ես Սկոտին չգտա։ Ես կոնդուկտորին բացատրեցի գործի էությունը, վճարեցի երկրորդ կարգի տոմսի համար,— երրորդ կարգի տոմս չկար,— եւ նրանից տեղեկացա, թե Լիոնում ո՞ր հյուրանոցն է համարվում լավագույնը։ Ես այլ ընտրություն չունեի եւ Դիժոնից հեռագրեցի Սկոտին, հաղորդելով Լիոնյան հյուրանոցի հասցեն, որտեղ նրան սպասելու եմ։ Ես հասկանում էի, որ նա չի հասցնելու մինչեւ մեկնելը ստանալ հեռագիրը, բայց մտածում էի, որ նրա կինը այն ետ կուղարկի նրան։ Նախքան այդ դեպքը ես երբեք չէի լսել, որ հասուն մարդը ուշանա գնացքից, բայց այդ ուղեւորության ընթացքում ես շատ նոր բաներ իմացա։

Այն տարիներին բնավորությունս շատ վատ էր եւ դյուրագրգիռ էի, բայց մինչեւ Մոնտերոն կանցնեինք, ես որոշ չափով խաղաղվեցի ու զայրույթս արդեն չէր խանգարում հիանալու վագոնի պատուհանից բացվող տեսարաններով, իսկ կեսօրին վագոն֊ռեստորանում լավ ճաշեցի, մի շիշ «սենտէմիլիոն» խմեցի եւ որոշեցի, որ եթե նույնիսկ հիմարություն եմ արել ընդունելով հրավերը մի ուղեւորության, որի համար պիտի վճարի մեկ ուրիշը, եւ դրա հետեւանքով ծախսում եմ Իսպանիայում ճանապարհորդելու համար մեզ անհրաժեշտ փողերը, դա ինձ լավ դաս կլինի։ Ես մինչ այդ երբեք չեմ ճանապարհորդել ուրիշի հաշվին, միշտ ինքս եմ ինձ համար վճարել, եւ ես այս անգամ նույնպես պնդել էի, որ հյուրանոցի ու ճաշի փողը հավասար վճարենք երկուսով։ Իսկ այժմ ահա նույնիսկ չգիտեի, թե Ֆիցջերալդը ընդհանրապես գալո՞ւ է։ Զայրույթից ես նրան Սկոտից պաշտոնանկ էի արել, հասցրել Ֆիցջերալդի մակարդակին։ Ավելի ուշ ես շատ գոհ էի, որ ամբողջ զայրույթս թափել եմ սկզբից։ Այդ ուղեւորությունը այնպիսի մարդու համար չէր, որին հեշտ է ջղայնացնել։

Լիոնում ես իմացա, որ Սկոտը Փարիզից մեկնել է Լիոն, բայց չի զգուշացրել, թե որտեղ է իջեւանելու։ Ես կրկնեցի իմ Լիոնյան հասցեն եւ սպասուհին ասաց, որ նրան կհաղորդի, եթե նա զանգի։ Տիկինը վատ է զգում եւ դեռեւս քնած է։ Ես զանգահարեցի բոլոր մեծ հյուրանոցները եւ հայտնեցի իմ հասցեն, բայց Սկոտին չփնտրեցի եւ գնացի սրճարան ապերիտիվ խմելու ու թերթ կարդալու։ Սրճարանում ես ծանոթացա մի մարդու հետ, որն իր ապրուստը հայթայթում էր նրանով, որ կրակ էր կուլ տալիս, ինչպես եւ ցուցամատով ու մեծ մատով ծռում էր մետաղյա դրամներ, դրանք սեղմելով անատամ լնդերի արանքում։ Նա ինձ ցույց տվեց իր լնդերը, որոնք բորբոքված էին, բայց ամուր էին թվում, եւ նա ասաց, թե դա վատ metier[46] չէ։ Ես նրան հրավիրեցի ինձ հետ խմելու, եւ նա սիրով կրակ ։ Նա նուրբ, թուխ դեմք ուներ, որ լուսավորվում ու փայլում էր, երբ նա կրակ էր կուլ տալիս։ Նա ասաց, որ կրակ կուլ տալու եւ մատների ու լնդերի օգնությամբ ուժի հրաշքներ ցուցադրելու կարողությունը Լիոնում մեծ եկամուտ չի տալիս։ Կեղծ կրակ կուլ տվողները կործանել են նրա metier֊ը եւ այսուհետեւ էլ կշարունակեն կործանել ամենուրեք, որտեղ նրանց թույլատրվի հանդես գալ։ Նա ամբողջ երեկոյի ընթացքում կրակ է կուլ տվել, ասաց նա, եւ այսուամենայնիվ փող չունի նույնիսկ մի կաթիլ որեւէ էական բան խմելու։ Ես նրան առաջարկեցի մի բաժակ եւս խմել, կրակ կուլ տալուց կոկորդում մնացած բենզինի հոտը մաքրելու համար, եւ ասացի, թե մենք կարող ենք միասին ընթրել, եթե նա որեւէ լավ ու բավականին էժան տեղ գիտե։ Նա ասաց, որ գիտե մի հիանալի տեղ։

Մենք շատ էժան ընթրեցինք ալժիրյան ռեստորանում եւ ինձ դուր եկան ուտելիքն ու ալժիրյան գինին։ Կրակ կուլ տվողը համակրելի մարդ էր եւ հետաքրքիր էր հետեւել, թե նա ինչպես է ուտում, որովհետեւ նա լնդերով ավելի վատ չէր ծամում, քան ատամ ունեցող մարդկանց մեծամասնությունը։ Նա հարցրեց, թե ինչո՞վ եմ հոգում ապրուստս, ես ես պատասխանեցի, որ փորձում եմ գրող դառնալ։ Նա ինձ հարցրեց, թե ինչ եմ գրում, եւ ես պատասխանեցի, որ գրում եմ պատմվածքներ։ Նա ասաց, թե բազմաթիվ պատմություններ գիտե, որոնք ավելի սարսափելի են ու անհավատալի, քան այն ամենը, ինչ գրվել է մինչեւ այժմ։ Նա կարող է դրանք ինձ պատմել, որպեսզի ես գրեմ, իսկ հետո, եթե դրանց համար վճարեն, ես ազնվաբար նրա բաժինը տամ իրեն։ Իսկ ավելի լավ կլինի միասին գնալ Հյուսիսային Աֆրիկա, նա ինձ կօգնի հասնել Կապույտ Սուլթանի երկիրը, որտեղ ես այնպիսի պատմություններ կլսեմ, ինչպիսիք դեռեւս չի լսել ոչ մի մարդ։

Ես նրան հարցրի, թե ի՞նչ պատմություններ են դրանք, եւ նա ասաց՝ ճակատամարտեր, մահապատիժներ, տանջահարություններ, բռնություններ, անտանելի սովորություններ, անհավատալի ծիսակատարություններ, օրգիաներ, մի խոսքով այնպիսի բաներ, որոնք ինձ կարող են պետք գալ։ Ժամանակն էր հյուրանոց վերադառնալու, կրկին փորձելու Սկոտին գտնել, եւ ես վճարեցի ընթրիքի համար ու ասացի, թե մենք հավանաբար նորից կհանդիպենք։ Նա ասաց, թե մտադիր է Մարսել հասնել, իսկ ես ասացի, որ վաղ թե ուշ մենք որեւէ տեղ կհանդիպենք եւ որ ինձ համար շատ հաճելի էր նրա հետ ընթրեքը։ Նա սկսեց շտկել ծռած դրամները, դրանք սյունաձեւ դասավորել սեղանին, իսկ ես գնացի հյուրանոց։

Լիոնը երեկոյան առանձնապես ուրախ քաղաք չէ։ Դա մեծ, դանդաղաշարժ, դրամային քաղաք է, գուցե հիանալի քաղաք, եթե փող ունեք եւ եթե ձեզ դուր են գալիս նման քաղաքները։ Ես վաղուց ի վեր լսել էի լիոնյան ռեստորաններում մատուցվող ճտերի մասին, բայց մենք ոչ թե ճուտ կերանք, այլ ոչխարի միս։ Ոչխարի միսը հիանալի էր։

Սկոտը ցույց չէր տալիս կենդանության նշաններ, եւ ես հյուրանոցային անսովոր ճոխության մեջ անկողին մտա ու սկսեցի կարդալ Տուրգենեւի «Որսորդի հիշատակարանի» առաջին հատորը, որ վերցրել էի Սիլվիա Բիչի գրադարանից։ Երեք տարվա ընթացքում առաջին անգամ ես ընկել էի մեծ հյուրանոցի ճոխության մեջ, պատուհանները լայն բացել էի, ուսերիս ու գլխիս տակ բարձեր դրել եւ մինչեւ գիրքը ձեռքիս կքնեի, երջանիկ էի Տուրգենեւի հետ Ռուսաստանում թափառելու համար։ Առավոտյան, երբ հայելու առջեւ սափրվում էի, զանգահարեց դռնապանը եւ ասաց, որ ներքեւում ինձ սպասում է ինչ֊որ պարոն։

— Խնդրում եմ, հրավիրեք նրան բարձրանալ իմ համարը,— ասացի ես եւ շարունակեցի սափրվել, ունկնդրելով քաղաքի աղմուկին, որն արդեն վաղուց դանդաղ արթնացել էր։

Սկոտը չբարձրացավ իմ համարը, եւ ես իջա ճեմասրահը, նրա մոտ։

— Ես շատ ցավում եմ, որ այսպիսի թյուրիմացություն է պատահել,— ասաց նա,— եթե ես իմանայի դուք ո՞ր հյուրանոցում եք մտադիր իջեւանելու, ամեն ինչ պարզ կլիներ։

— Սարսափելի ոչինչ չի պատահել,— ասացի ես։ Մեզ սպասում էր համատեղ երկարատեւ ուղեւորություն, եւ ես գերադասում էի խաղաղ հարաբերությունները։— Ո՞ր գնացքով եք ժամանել։

— Ձեր գնացքից մի քիչ հետո։ Դա շատ հարմար գնացք է, եւ մենք կարող էինք նրանով միասին հիանալի ճանապարհորդել։

— Դուք նախաճաշե՞լ եք։

— Դեռեւս ոչ։ Ես ամբողջ քաղաքը ոտնատակ եմ տվել ձեզ փնտրելով։

— Շատ ցավալի է,— ասացի,— մի՞թե տանը ձեզ չէին ասել, որ ես այստեղ եմ։

— Ոչ։ Զելդան վատ է զգում, եւ ես, հավանաբար, չպիտի մեկնեի։ Այս ճանապարհորդությունը առայժմ ծայր աստիճան անհաջող է ստացվում։

— Եկեք նախաճաշենք, մեքենան գտնենք եւ ճանապարհ ընկնենք,— ասացի ես։

— Շատ լավ։ Այստե՞ղ ենք նախաճաշելու։

— Սրճարանում ավելի շուտ կլինի։

— Բայց այստեղ, անշուշտ, լավ են կերակրում։

— Դե, լավ։

Դա ամերիկյան ոճով՝ ձվածեղով ու ապուխտով, առատ ու շատ լավ նախաճաշ էր։ Մինչեւ մենք այն պատվիրեցինք, սպասեցինք, կերանք եւ կրկին սպասեցինք, որպեսզի վճարենք, անցավ մոտ մի ժամ։ Իսկ երբ մատուցողը հաշիվը բերեց, Սկոտը որոշեց ճանապարհի համար մի զամբյուղ ուտելիք պատվիրել։ Ես փորձեցի համոզել, որ նա չպատվիրի, քանի որ հավատացած էի, որ Մակոնում մենք կկարողանանք մի շիշ «մակոն» գնել, իսկ բուտերբրոդների համար որեւէ բան կգտնենք charcuterie֊յում[47]։ Իսկ եթե մինչ այդ ամեն տեղ փակ լինի, ճանապարհին որքան ասես ռեստորաններ կան, որտեղ կարելի է ճաշել։ Բայց նա ասաց, որ ըստ իմ իսկ պատմածի, Լիոնում հիանալի ճտեր են պատրաստում, եւ մենք անպայման պետք է մեզ հետ ճուտ վերցնենք։ Վերջ ի վերջո հյուրանոցթ մեզ ճանապարհի համար ուտելիք մատակարարեց, որը չորս֊հինգ անգամ ավելի թանկ նստեց, քան եթե մենք ինքներս գնեինք։

Սկոտը նախքան ինձ մոտ գնալը անշուշտ խմել էր, եւ դատելով ըստ նրա տեսքի, պետք է էլի խմեր, այնպես որ ես հարցրի, թե մինչեւ ճանապարհ ընկնելը չի՞ ուզում արդյոք մտնել բար։ Նա ասաց, որ առավոտյան չի խմում եւ հարցրեց, թե ես խմո՞ւմ եմ, արդյոք։ Ես պատասխանեցի, որ դա կախված է սոսկ նրանից, թե տրամադրությունս ինչպես է եւ թե ինչ անելիքներ ունեմ։ Իսկ նա ասաց, որ եթե ես տրամադրություն ունեմ, ապա նա ինձ կընկերակցի, որպեսզի ես մենակ չխմեմ։ Այնպես որ, սպասելով, մինչեւ ուտելիքի զամբյուղը պատրաստեն, մենք վիսկի խմեցինք հանքային ջրով, եւ մեր երկուսի տրամադրությունն էլ նկատելիորեն բարձրացավ։

Ես վճարեցի սենյակի ու վիսկիի համար, թեեւ Սկոտը ցանկանում էր բոլորն ինքը վճարել։ Ուղեւորության հենց սկզբից ես ինձ մի տեսակ վատ էի զգում, եւ համոզվեցի, որ անհամեմատ լավ եմ զգում, երբ ինքս եմ վճարում ամեն ինչի համար։ Ես ծախսում էի այն փողերը, որ մենք կուտակել էինք Իսպանիա մեկնելու համար, բայց ես գիտեի, որ Սիլվիա Բիչը ինձ միշտ պարտք կտա, եւ ես կկարողանամ լրացնել այն, ինչ հիմա ծախսում եմ։

Գարաժում, որտեղ Սկոտը թողել էր իր մեքենան, ես զարմանքով նկատեցի, որ նրա փոքրիկ «ռենո»֊ն ծածկ չունի։ Այն բեռնելու ժամանակ ճխրտել են Մարսելում, թե ինչ֊որ այլ տեղ, եւ Զելդան կարգադրել է դեն նետել ու թույլ չի տվել նոր ծածկ դնել։ Սկոտը բացատրեց, որ կինը ընդհանրապես տանել չի կարողանում ծածկած մեքենաներ, որ իրենք այդ վիճակում հասել են մինչեւ Լիոն, եւ այստեղ նրանց ետ է պահել անձրեւը։ Մնացած բոլոր տեսակետներից մեքենան լավ վիճակում էր, եւ Սկոտը վճարեց ըստ հաշվի, կանխապես փորձելով վիճարկել լվանալու, յուղելու եւ երկու լիտր քսուքի արժեքը։ Գարաժում մեքենագետը ինձ բացատրեց, որ անհրաժեշտ է փոխել մխոցային օղակները, քանի որ մեքենայի մեջ, ակներեւ է, լավ չեն լցրել բենզինն ու ջուրը։ Նա ինձ ցույց տվեց, որ մոտորը չափազանց շատ է տաքացել եւ վրայի ներկը վառվել է։ Մեքենագետը ավելացրեց, որ եթե ես կարողանամ պարոնին համոզել՝ Փարիզում օղակները փոխի, ապա ավտոն, այդ փոքրիկ հիանալի մեքենան, կծառայի ինչպես որ պետք է։

— Մսյոն ինձ թույլ չտվեց, որ նոր ծածկ դնեմ,— ասաց մեքենագետը։

— Այո՞։

— Մեքենան պետք է հարգել։

— Իհարկե։

— Դուք թիկնոցներ չե՞ք վերցրել։

— Ոչ,— ասացի,— ես ծածկի մասին չգիտեի։

— Աշխատեցեք պարոնին ստիպել, որ նա լուրջ լինի,— թախանձագին ասաց մեքենագետը,— գոնե մեքենայի նկատմամբ։

— Հմ՜մ,— ասացի ես։

Անձրեւը մեզ բռնեց մոտ մի ժամ հետո, Լիոնից հյուսիս։

Այդ օրը մենք մի տասը անգամ կանգ առանք անձրեւների պատճառով։ Դրանք անակնկալ տեղատարափ անձրեւներ էին, հաճախ բավականին տեւական։ Եթե մենք թիկնոցներ ունենայինք, ապա գարնանային անձրեւի տակ նույնիսկ հաճելի կլիներ։ Բայց հիմա մենք հարկադրված էինք թաքնվել ծառերի տակ կամ կանգ առնել ճանապարհին հանդիպող սրճարաններում։ Մենք Լիոնի հյուրանոցից վերցրած հիանալի ուտելիք ունեինք, տապակած ճուտ ու գետնասունկ, փառավոր հաց եւ մակոնյան սպիտակ գինի։ Եվ Սկոտը յուրաքանչյուր կանգառում մեծ հաճույքով էր այն խմում։ Մակոնում ես այդ հիանալի գինուց եւս չորս շիշ գնեցի ու բացում էի, երբ պետք էր։

Սկոտը թերեւս առաջին անգամն էր գինի խմում ուղղակի շշի բերանից, ուստի բերկրալից հուզմունք էր զգում հասարակաց տների կյանքին ծանոթացող մարդու նման կամ այն աղջկա նման, որն առաջին անգամ որոշել է լողանալ առանց լողազգեստի։ Բայց շուտով, կեսօրից հետո, նա սկսեց անհանգստանալ իր առողջության համար։ Նա ինձ պատմեց երկու հոգու մասին, որոնք վերջերս մահացել էին թոքերի բորբոքումից։ Նրանք երկուսն էլ մեռել էին Իտալիայում, եւ նա խորապես ցնցված էր դրանից։

Ես նրան ասացի, որ թոքերի բորբոքումը դա ուղղակի պնեւմոնիայի հին անունն է, իսկ նա պատասխանեց, թե ես դրանից ոչինչ չեմ հասկանում եւ միանգամայն սխալ եմ։ Թոքերի բորբոքումը՝ դա միայն եւ միայն եվրոպական հիվանդություն է, եւ ես դրա մասին ոչինչ չեմ կարող իմանալ, եթե նույնիսկ կարդացել եմ հորս բժշկական գրքերը, քանի որ դրանցում քննարկված են միայն զուտ ամերիկյան հիվանդությունները։ Ես ասացի, որ իմ հայրը սովորել է նաեւ Եվրոպայում։ Բայց Սկոտն հայտարարեց, որ թոքերի բորբոքումը Եվրոպայում միայն վերջերս է հայտնվել եւ իմ հայրը չէր կարող նրա մասին որեւէ բան իմացած լինել։ Նա, դրանից բացի, հայտարարեց, որ Ամերիկայի տարբեր մասերում տարբեր հիվանդություններ են լինում, եւ եթե իմ հայրը աշխատած լիներ Նյու֊Յորքում, այլ ոչ Միջին Արեւմուտքում, ապա նա ճանաչած կլիներ հիվանդությունների միանգամայն այլ գամմա։ Նա այդպես էլ ասաց՝ «գամմա»։

Ես ասացի, որ մի բանում նա ճիշտ է․ Միացյալ Նահանգների մի մասում հանդիպում են հիվանդություններ, որոնք բացակայում են մյուսում, եւ օրինակ բերեցի բորոտության համեմատաբար բարձր տոկոսը Նոր Օռլեանում ու ցածր տոկոսը՝ Չիկագոյում։ Բայց ես ասացի, որ բժիշկները սովորություն ունեն գիտելիքներ ու տեղեկություններ փոխանակելու, եւ հիմա, երբ նա խոսք բացեց այդ մասին, ես հիշում եմ, որ «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի հանդես»֊ում կարդացել եմ մի հեղինակավոր հոդված թոքերի բորբոքման վերաբերյալ Եվրոպայում, որտեղ այդ հիվանդության պատմությունը հասնում է մինչեւ Հիպոկրատի ժամանակները։ Դա նրան ստիպեց միառժամանակ լռել, եւ ես նրան համոզեցի էլի «մակոն» խմել, պնդելով, որ քիչ ալկոհոլ պարունակող սպիտակ լավ գինին փորձված միջոց է այդ հիվանդության դեմ։

Դրանից հետո Սկոտը մի քիչ ուրախացավ, բայց շուտով կրկին վհատվեց եւ հարցրեց, թե մեզ կհաջողվի՞ արդյոք որեւէ մեծ քաղաքի հասնել, նախքան նրա ջերմությունը բարձրանա ու սկսի զառանցել, որոնք, ինչպես ես նրան ասացի, իսկական, եվրոպական թոքերի բորբոքումի նշաններ են։ Այն ժամանակ ես նրան պատմեցի նույն հիվանդության մասին ֆրանսիական հանդեսում տպագրված մի այլ հոդվածի բովանդակությունը, որ ես կարդացել էի Նեյիի ամերիկյան հոսպիտալում, երբ սպասում էի ինհալյացիայի իմ հերծին։ «Ինհալյացիա» բառը մի քիչ հանգստացրեց Սկոտին։ Բայց նա կրկին հարցրեց, թե ե՞րբ կհասնենք քաղաք։ Ես ասացի, որ եթե գնանք առանց կանգառի, այնտեղ կլինենք մի քսանհինգ րոպեից կամ մի ժամվա սահմաններում։

Հետո Սկոտն ինձ հարցրեց, թե ես վախենո՞ւմ եմ մահից, եւ ես ասացի, որ հաճախ վախենում եմ, հաճախ էլ՝ առանձնապես ոչ։

Ուժեղ անձրեւ էր սկսել, եւ մենք պատսպարվեցինք մոտակա գյուղի սրճարանում։ Ես չեմ հիշում այդ երեկոյի բոլոր մանրամասնությունները, բայց երբ մենք ի վերջո հյուրանոց ընկանք,— կարծեմ Սոնի Շալոնումն էր,— այնքան ուշ էր, որ բոլոր դեղատները արդեն փակ էին։ Հենց որ հասանք հյուրանոց, Սկոտը հանվեց, անկողին մտավ։ Ինքը դեմ չէ թոքերի բորբոքումից մեռնելուն,— ասաց նա։ Միակ բանը, որ նրան անհանգստացնում է, դա նա է, թե ով կհոգա Զելդայի եւ փոքրիկ Սկոտտիի մասին։ Ես առանձնապես լավ չէի պատկերացնում, թե ինչպես կարող եմ հոգալ նրանց նկատմամբ, քանի որ ես արդեն հոգում էի իմ կնոջ՝ Հեդլիի ու փոքրիկ Բամբիի մասին, եւ դա ինձ համար միանգամայն բավական էր, եւ այսուամենայնիվ ասացի, որ ամեն ինչ կանեմ իմ ուժերի չափով, եւ Սկոտը շնորհակալություն հայտնեց։ Ես պետք է հետեւեի, որ Զելդան չխմի եւ որպեսզի Սկոտտին անգլիացի դաստիարակչուհի ունենա։

Մենք մեր հագուստը տվինք չորացնելու եւ մնացել էինք պիժամաներով։ Անձրեւը չէր դադարել, բայց սենյակը հարմարավետ էր եւ էլեկտրական լույսով ողողված։ Սկոտը պառկել էր անկողնում, որպեսզի ուժ հավաքի հիվանդության դեմ մաքառելու։ Ես բռնեցի նրա զարկերակը՝ րոպեում յոթանասուներկու, եւ շոշափեցի ճակատը՝ սառն էր։ Ես քննեցի նրան, կարգադրեցի խոր շնչել, բայց արտասովոր ոչինչ չլսեցի։

— Լսեցեք, Սկոտ,— ասացի ես,— ձեզ մոտ ամեն ինչ կարգին է։ Բայց որպեսզի չմրսեք, մի քիչ էլ պառկեցեք, ես լիմոնի հյութ ու վիսկի կպատվիրեմ եւ դուք ասպիրին էլ կխմեք, ձեզ շատ լավ կզգաք եւ նույնիսկ հարբուխ էլ չեք ստանա։

— Այդ բոլորը պապենական միջոցներ են,— ասաց Սկոտը։

— Դուք ջերմություն չունեք։ Իսկ թոքերի բորբոքումը, սատանան տանի, առանց ջերմություն չի լինում։

— Մի հայհոյեք,— ասաց Սկոտը,— որտեղի՞ց գիտեք, թե ջերմություն չունեմ։

— Ձեր զարկերակը նորմալ է եւ ճակատը շոշափելուց սառն է։

— Շոշափելո՜ւց,— դառնությամբ ասաց Սկոտը,— եթե դուք իմ իսկական բարեկամն եք, ջերմաչափ գտեք։

— Բայց ես պիժամայով եմ։

— Որ այդպես է, ուղարկեք, թող բերեն։

Ես զանգեցի միջանցքի ծառայողին։ Նա չեկավ, եւ ես կրկին զանգեցի, հետո դուրս եկա, որ նրան գտնեմ։ Սկոտը պառկել էր աչքերը փակ եւ շնչում էր դանդաղ ու համաչափ․ մեղրամոմի գույնի մաշկը եւ ուղիղ դիմագծերը նրան նման էին դարձրել փոքրիկ մեռնող խաչակրի։ Ինձ արդեն սկսել էր ձանձրացնել այդ գրական կյանքը,— եթե դա գրական կյանք էր,— եւ ինձ մոտ բացակայում էր կատարված աշխատանքի զգացողությունը, եւ ինձ արդեն համակել էր սպանիչ ձանձրույթը, որ իր հետ բերում էր յուրաքանչյուր իզուր ապրած օրը։ Ինձ խիստ ձանձրացրել էին Սկոտն ու այդ հիմար կոմեդիան, բայց ես գտա միջանցքի ծառայողին, նրան փող տվի ջերմաչափ ու ասպիրին գնելու համար եւ պատվիրեցի երկու citron presse[48] ու երկու կրկնակի վիսկի։

Երբ ես վերադարձա մեր համարը, Սկոտը դեռեւս պառկած էր՝ ինչպես արձանը իր սեփական շիրմի վրա․ նրա աչքերը փակ էին, եւ նա շնչում էր անխռով արժանապատվությամբ։

Լսելով, որ ներս եմ մտել, հարցրեց․

— Դուք ջերմաչափ գտա՞ք։

Ես մոտեցա եւ ձեռքս դրի ճակատին։ Մեռելային ցրտություն չէր փչում նրա ճակատից։ Բայց այն պաղ էր ու չոր։

— Ոչ,— ասացի ես։

— Ես կարծում էի, թե կբերեք։

— Ես ուղարկել եմ, որ բերեն։

— Դա նույն բանը չէ։

— Այո։ Ամենեւին էլ նույնը չէ։

Սկոտի վրա չէր կարելի զայրանալ, ինչպես չէր կարելի զայրանալ խելագարի վրա, եւ ես սկսեցի ինքս ինձ վրա բարկանալ նրա համար, որ ընկել եմ այդ հիմար պատմության մեջ։ Ինչեւէ, ես հասկացա, թե նա ինչու է իրեն այդպես պահում։ Այն օրերին հարբեցողների մեծամասնությունը մեռնում էր պնեւմոնիայից, հիվանդություն, որ հիմա գրեթե անվտանգ է։ Բայց դժվար էր Սկոտին հարբեցող համարել, քանի որ նրա վրա ազդում էր ալկոհոլի նույնիսկ ամենաչնչին դոզան։

Այն տարիներին մենք Եվրոպայում գինին նույնչափ օգտակար ու բնական էինք համարում, որքան եւ ուտելիքը, եւ բացի այդ, գինին երջանկության, բարեհաջողության ու բերկրանքի զգացողություն էր առաջացնում։ Գինի էինք խմում ոչ թե սնոբիզմի պատճառով կամ կեցվածք ընդունելու համար, եւ ոչ էլ գինին պաշտամունք էր։ Խմելը նույնքան բնական էր, որքան եւ ուտելը, իսկ ինձ համար՝ նաեւ անհրաժեշտություն, եւ ես չէի ճաշի առանց գինու, սիդրի կամ գարեջրի։ Ինձ դուր էին գալիս բոլոր գինիները, բացի քաղցրը, կիսաքաղցրը կամ չափազանց տտիպը, եւ մտածել անգամ չէի կարող, որ մեր խմած մի քանի շիշ սեղանի շատ թեթեւ սպիտակ «մակոնան» կարող է Սկոտի մեջ առաջացնել քիմիական փոփոխություններ, որոնցից նա խենթացել էր։ Ճիշտ է, առավոտյան մենք հանքային ջրով վիսկի էինք խմել, բայց ես այն ժամանակ դեռեւս ոչինչ չգիտեի ալկոհոլիկների մասին եւ չէի կարող պատկերացնել, թե մի ըմպանակ վիսկին կարող է այդքան ուժեղ ազդել անձրեւի տակ բաց մեքենայով սլացող մարդու վրա։ Ալկոհոլը պետք է որ շատ շուտով քամահարվեր։

Միջանցքի ծառայողին սպասելով, ես նստել թերթ էի կարդում եւ խմում էի վերջին կանգառում բացած «մակոնայի» շիշը։ Ֆրանսիական թերթերում միշտ հանդիպում է որեւէ ցնցող հանցագործություն, որի բացահայտմանը կարելի է հետեւել օրըստօրե։ Այդ նկարագրությունները ընթերցվում են վեպի նման, բայց հաճույք ստանալու համար անհրաժեշտ է իմանալ նախորդ գլուխների բովանդակությունը, քանի որ ֆրանսիական թերթերը, ի տարբերություն ամերիկյան թերթերի, չեն հրապարակում նախորդ իրադարձությունների համառոտ շարադրանքը, ինչեւէ, շարունակաբար տպվող ամերիկյան վեպերն էլ հետաքրքիր չէ կարդալ, եթե չգիտես, թե ինչ է ասված եղել ամենակարեւոր առաջին գլխում։ Երբ Ֆրանսիայում ճանապարհորդում ես, թերթերը շատ բանով են կորցնում իրենց հմայքը, քանի որ ընդհատվում է ամեն տեսակի crimes֊ների, affaires֊ների կամ scendeles֊ների[49] հետեւողական շարադրանքը եւ կորչում է այն հաճույքը, որ ստանում ես, երբ դրանց մասին կարդում ես սրճարանում։ Ես այժմ կգերադասեի սրճարանում լինել, որտեղ կկարողանայի կարդալ Փարիզի առավոտյան թերթերը, եւ նայել անցորդների վրա, ու ընթրիքից առաջ խմել «մակոնայի» ավելի սոլիդ որեւէ բան։ Բայց իմ ձեռքին Սկոտն էր, եւ ես բավարարվեցի եղածով։

Եկավ միջանցքի ծառայողը, իր հետ բերելով երկու բաժակ լիմոնի հյութ՝ սառույցով, վիսկի եւ «պերիե» հանքային ջուր ու ինձ ասաց, որ դեղատներն արդեն փակ են, եւ ինքը չի կարողացել ջերմաչափ գնել։ Բայց ասպիրին նա ինչ֊որ մեկից փոխարինաբար վերցրել է։ Ես հարցրի, թե նա չի՞ կարող արդյոք փոխարինաբար նաեւ ջերմաչափ գտնել։ Սկոտը բացեց աչքերը եւ իռլանդական մի չար հայացք նետեց միջանցքի ծառայողի վրա։

— Դուք նրան բացատրե՞լ եք, թե դա որքան լուրջ է։

— Ինձ թվում է, նա հասկանում է։

— Խնդրում եմ, աշխատեցեք այդ բանը նրա գլուխը մտցնել։

Ես «աշխատեցի», եւ միջանցքի ծառայողն ասաց․

— Կփորձեմ մի բան անել։

— Դուք նրան բավականաչափ թեյի փող տվե՞լ եք։ Նրանք միայն թեյի փողով են աշխատում։

— Ես դա չգիտեի,— ասացի ես,— կարծում էի, հյուրանոցը եւս նրանց վճարում է։

— Ես ուզում էի ասել, որ նրանք ձեզ համար ոչինչ չեն անի առանց թեյի փողի։ Նրանք գրեթե բոլորն էլ անուղղելի սրիկաներ են։

Ես հիշեցի Իվեն Շիպմենին եւ «Կլոզերի դե Լիլա»֊յի մատուղոցին, որին ստիպեցին բեղերը խուզել, երբ «Կլոզերի»֊ում ամերիկյան բար էին բացել, եւ մտածեցի այն մասին, ինչպես էր Իվենը աշխատել Մոնրուժի նրա այգում, Սկոտի հետ ծանոթանալուցս շատ առաջ, եւ ինչպես մենք բոլորս վաղուց իրար հետ լավ բարեկամություն էինք անում «Լիլա»֊յում, ինչ փոփոխություններ են այնտեղ տեղի ունեցել եւ թե դրանք ինչ նշանակություն են ունեցել մեզ բոլորիս համար։ Ես ուզում էի Սկոտին պատմել, թե ինչ է տեղի ունենում «Լիլա»֊յում, թեպետ, ավելի վաղ, հավանաբար, նրան պատմել էի այդ մասին, բայց ես գիտեի, որ նրան չեն հուզում ո՛չ մատուցողները, ո՛չ նրանց ցավերը, ո՛չ նրանց բարիությունն ու համակրանքը։ Այն տարիներին Սկոտը ատում էր ֆրանսիացիներին եւ քանի որ նա շփվում էր գերազանցապես մատուցողների հետ, որոնց չէր հասկանում, տաքսիի վարորդների հետ, գարաժների ծառայողների եւ տանտերերի հետ, նա նրանց վիրավորելու քիչ հնարավորություններ չէր գտնում։

Ավելի քան ֆրանսիացիներին, նա ատում էր իտալացիներին եւ չէր կարողանում նրանց մասին խոսել առանց վրդովմունքի, եթե նույնիսկ խմած չէր լինում։ Անգլիացիներին նա նույնպես ատում էր, բայց հաճախ նրանց հանդուրժում էր, ներողամտորեն էր վերաբերվում, իսկ մեկ֊մեկ էլ հիանում էր նրանցով։ Չգիտեմ, թե ինչպես էր վերաբերվում գերմանացիներին ու ավստրիացիներին։ Հնարավոր է, այն ժամանակ նա դեռեւս առիթ չէր ունեցել շփվելու նրանց, ինչպես եւ շվեյցարացիների հետ։

Այն երեկո հյուրանոցում ես միայն ուրախ էի, որ նա այդպես հանգիստ էր։ Ես նրա համար լիմոնադով վիսկի սարքեցի եւ ասպիրինի երկու հաբ տվի։ Նա հաբերը կուլ տվեց հանգիստ ու անխոս, այնուհետեւ սկսեց վիսկի խմել։ Այժմ նրա աչքերը բաց էին եւ հառված ինչ֊որ անորոշ կետի։ Ես թերթի ներսի էջերում հանցագործության մասին հաշվետվություն էի կարդում եւ ինձ շատ լավ էի զգում։

— Բայց դուք անսիրտ մարդ եք, այնպես չէ՞,— հարցրեց Սկոտը, եւ նրան նայելով, ես հասկացա, որ, հնարավոր է, ախտորոշման մեջ չեմ սխալվել, բայց, բոլոր դեպքերում, նրան այն դեղը չեմ տվել, ինչ պետք է, եւ վիսկին աշխատում է մեր դեմ։

— Իսկ ինչո՞ւ, Սկոտ։

— Ահա դուք կարող եք նստել ու կարդալ այդ քոսոտ թերթուկը, եւ ձեզ համար միեւնույն է, որ ես մեռնում եմ։

— Ուզում եք, որ ես բժի՞շկ կանչեմ։

— Ոչ։ Ես չեմ ուզում գործ ունենալ Ֆրանսիայի այդ գավառական կեղտոտ բժշկի հետ։

— Իս ի՞նչ եք ուզում։

— Ես ուզում եմ ջերմությունս չափել։ Հետո ես ուզում եմ՝ իմ հագուստը չորացնեն, որ մենք կարողանանք ճեպընթացով մեկնել Փարիզ եւ այնտեղ իսկույն եւեթ գնալ Նեյիի ամերիկյան հոսպիտալը։

— Մեր հագուստը մինչեւ լույս չի չորանա, իսկ ճեպընթացներն այստեղ կանգ չեն առնում,— ասացի ես,— փորձեք հանգստանալ, հետո անկողնում թեթեւակի կընթրեք։

— Ես ուզում եմ ջերմությունս չափել։

Դա տեւեց բավականին երկար, մինչեւ միջանցքի ծառայողը ջերմաչափ բերեց։

— Մի՞թե ուրիշ ջերմաչափ չկար,— հարցրի ես։

Երբ միջանցքի ծառայողը ներս մտավ, Սկոտը աչքերը փակել էր, եւ նրա տեսքը նման էր մեռնող Կամիլլային։ Ես երբեք չէի տեսել, որ մարդու արյունը այդքան արագ հոսի դեմքից, եւ չէի կարողանում հասկանալ, թե որտեղ է կորչում այն։

— Հյուրանոցում ուրիշը չկա,— ասաց միջանցքի ծառայողը եւ ջերմաչափը ինձ տվեց։ Դա լոգարանի ջերմաչափ էր՝ փայտյա կորպուսով եւ մետաղյա ընկղմիչով։ Ես վիսկի խմեցի եւ պատուհանը բացելով, մի պահ նայեցի անձրեւին։ Երբ շրջվեցի, տեսա, որ Սկոտը սեւեռուն հայացքով ինձ է նայում։

Ես պրոֆեսիոնալ բժշկի շարժումով թափահարեցի ջերմաչափը եւ ասացի․

— Ձեր բախտից է, որ սա հետանցքի ջերմաչափ չէ։

— Իսկ դա ո՞րտեղ են դնում։

— Թեւի տակ,— ասաց ես եւ կոխեցի թեւիս տակ։

Պետք չէ, թե չէ ճիշտ չի ցույց տա,— ասաց Սկոտը։

Ես կրկին մի կտրուկ հարվածով թափ տվի ջերմաչափը, բացեցի Սկոտի պիժամայի կոճակները, ջերմաչափը դրի նրա թեիւ տակ, հետո շփեցի նրա սառը ճակատը եւ կրկին ստուգեցի զարկերակը։ Նա նայում էր ուղիղ իր դիմացը։ Զարկերի թիվը հավասար էր յոթանասուներկուսի։ Ես նրան ստիպեցի ջերմաչափը պահել չորս րոպե։

— Իսկ ես կարծում էի այն ընդամենը մի րոպե են պահում,— ասաց Սկոտը։

— Սա մեծ ջերմաչափ է,— բացատրեցի ես,— հաշվի է առնվում ջերմաչափի ամբողջ մակերեսը։ Սա Ցելսիուսի ջերմաչափ է։

Վերջապես ես ջերմաչափը հանեցի եւ բռնեցի սեղանին դրած լամպի դիմաց։

— Որքա՞ն է։

— Երեսունյոթ ու վեց։

— Իսկ նորմալը որքա՞ն է։

— Սա հենց նորմալն է։

— Դուք վստա՞հ եք։

— Այո։

— Ստուգեք ձեր վրա։ Ես պետք է ճիշտը իմանամ։

Ես ջերմաչափը թափահարեցի, պիժամայիս կոճակները բացեցի, ջերմաչափը դրի թեւիս տակ եւ նշեցի ժամանակը։ Հետո հանեցի։

— Որքա՞ն է։

Ես ուշադիր նայեցի ջերմաչափին։

— Ճիշտ ձերի չափ։

— Իսկ դուք ինչպե՞ս եք ձեզ զգում։

— Հիանալի,— ասացի ես։

Ես փորձեցի հիշել, թե նորմա՞լ է արդյոք երեսունյոթ ու վեց ջերմաստիճանը։ Բայց դա ոչ մի նշանակություն չուներ, որովհետեւ, միեւնույն է, ջերմաչափը ցույց էր տվել երեսուն։

Սկոտը ինչ֊որ բան կասկածեց, եւ ես նրան առաջարկեցի ջերմաչափը մի անգամ էլ դնել։

— Պետք չէ,— ասաց նա,— ուրախանանք, որ ամեն ինչ այսպես արագ անցավ։ Ես միշտ չափազանց շուտ եմ ապաքինվում։

— Կեցցեք,— ասացի ես,— բայց ինձ թվում է, որ այսուամենայնիվ ավելի լավ կլինի, եթե շարունակեք պառկել անկողնում եւ թեթեւակի ընթրեք, իսկ վաղ առավոտյան մենք կկարողանանք ճանապարհ ընկնել։

Ես մտադիր էի մեզ երկուսիս համար թիկնոց գնել, բայց այդ նպատակով ստիպված պիտի լինեի փող պարտք անել Սկոտից, եւ ես չէի ուզում այդ առթիվ վիճել Սկոտի հետ։

Սկոտը չցանկացավ մնալ անկողնում։ Նա ուզում էր վեր կենալ, հագնվել, ներքեւ իջնել եւ զանգահարել Զելդային, որպեսզի վերջինս իմանա, որ իր հետ ոչինչ չի պատահել։

— Իսկ նա ինչո՞ւ պիտի մտածի, որ ձեզ հետ ինչ֊որ բան է պատահել։

— Սա մեր ամուսնությունից հետո առաջին գիշերն է, որ ես պիտի քնեմ նրանից հեռու եւ անհրաժեշտ է, որ ես խոսեմ նրա հետ։ Մի՞թե դուք չեք կարող հասկանալ, թե դա ինչ է նշանակում մեր երկուսիս համար։

Դա ես կարող էի հասկանալ, թեեւ չէի հասկանում, թե ինքն ու Զելդան ո՞նց են հաջողացրել միասին քնել անցյալ գիշեր։ Սակայն հարցնելը անօգուտ կլիներ։ Սկոտը միանգամից խմեց լիմոնահյութ խառնած վիսկին եւ ինձ խնդրեց էլի պատվիրեմ։

Ես գտա միջանցքի ծառայողին, վերադարձրի ջերմաչափը եւ հարցրի, թե մեր հագուստը չի՞ չորացել արդյոք։ Նա ասաց, թե կչորանա մոտ մի ժամից։

— Խնդրեցեք արդուկել։ Փույթ չէ, եթե մի քիչ խոնավ լինի։

Միջանցքի ծառայողը երկու ըմպանակ մրսածի խմիչք բերեց եւ իմ բաժինը խմելով, ես Սկոտին առաջարկեցի չշտապել, խմել փոքր ումպերով։ Այժմ ես լրջորեն անհանգստանում էի, որ նա կարող է մրսել։ Ես արդեն հասկանում էի, որ եթե նա իրոք մրսի, ապա նրան, հավանաբար, ստիպված կլինեմ հիվանդանոց տանել։ Բայց խմելով, նա որոշ ժամանակ իրեն լավ զգաց, եւ երջանիկ էր, որ այնպիսի ողբերգություն է ապրում, երբ ինքն ու Զելդան, հարսանիքից հետո առաջին անգամ, գիշերը միասին չեն անցկացնում։ Ի վերջո, նա ցանկացավ, ինչ գնով էլ լինի, հենց հիմա զանգահարել Զելդային եւ խալաթը հագնելով, ներքեւ իջավ՝ հեռախոս պատվիրելու։

Փարիզը խոստացան տալ, բայց ոչ անմիջապես, եւ Սկոտի սենյակ վերադառնալուց հետո շուտով հայտնվեց միջանցքի ծառայողը, իր հետ բերելով երկու ըմպանակ լիմոնահյութ խառնած վիսկի։ Սկոտը իմ ներկայությամբ առաջին անգամն էր այդքան շատ խմում, բայց դա գրեթե չազդեց նրա վրա, նա միայն աշխուժացավ, լեզուն բացվեց եւ նա սկսեց պատմել, թե ինչպես է դասավորվել իրենց կյանքը Զելդայի հետ։ Նա պատմեց, թե ինչպես է պատերազմի ժամանակ ծանոթացել նրա հետ, ինչպես է կորցրել նրան եւ թե ինչպես կրկին նվաճել է նրա սերը։ Պատմեց իրենց ամուսնության եւ մի սարսափելի դեպքի մասին, որ մոտ մի տարի առաջ իրենց հետ պատահել է Սեն֊Ռաֆայելում։ Զելդայի եւ ֆրանսիացի ծովային օդաչուի սիրահարության մասին նրա պատմածի այդ առաջին տարբերակը իրոք վշտալի էր, եւ ես կարծում եմ, դա ճիշտ է եղել։ Ավելի ուշ նա ինձ պատմեց այդ նույն պատմության այլ տարբերակներ, ասես ծանրութեթեւ էր անում, թե որը կարող է վեպի համար հարմար լինել, բայց ոչ մեկը այնքան թախծոտ չէր, որքան առաջինը, եւ ես մինչեւ վերջ հավատում էի հենց առաջին տարբերակին, թեեւ դրանցից յուրաքանչյուրը կարող էր ճշմարիտ լինել։ Ամեն անգամ նա պատմում էր մեծ վարպետությամբ, բայց ոչ մի տարբերակ այնքան չէր հուզում, որքան առաջինը։

Սկոտը պարզ էր խոսում եւ լավ պատմող էր։ Այստեղ նա ստիպված չէր հետեւելու ուղղագրությանը կամ տրոհման նշաններին, եւ այդ պատմությունները, ի տարբերություն նրա չսրբագրված նամակներին, չէին հարուցում անգրագիտության զգացում։ Մենք արդեն երկու տարվա ծանոթներ էինք, երբ նա վերջապես սովորեց ճիշտ գրել իմ ազգանունը, բայց, իհարկե, դա շատ երկար ազգանուն է, եւ հարավոր է, որ ամեն անգամ այն գրելը ավելի ու ավելի դժվարանում էր եւ նրան մեծ պատիվ է բերում, որ նա վերջ ի վերջո սովորեց ճիշտ գրել ազգանունս։ Նա սովորեց ճիշտ գրել, սովորեց նաեւ շատ ավելի կարեւոր բաներ եւ աշխատում էր տրամաբանորեն մտածել ուրիշ այլեւայլ բաների մասին։

Բայց այդ երեկո նա ցանկանում էր, որպեսզի ես իմանամ, հասկանամ եւ գնահատեմ այն, ինչ տեղի էր ունեցել Սեն֊Ռաֆայելում, եւ ես զարմանալիորեն պարզորոշ տեսա այդ ամենը՝ մի տեղանոց հիդրոպլանը, որ ցածր թռչում էր ջուրը ցատկելու կամրջակների վրայով, ե՛ւ ծովի գույնը, ե՛ւ հիդրոպլանի լողաթեւերի ձեւը, ե՛ւ ծովի վրա նրանց ստվերը, ե՛ւ Զելդային արեւախանձուկը, ե՛ւ Սկոտի արեւախանձուկը, ե՛ւ նրանց գլուխները՝ մութ֊շիկավուն ու բաց֊շիկավուն, ե՛ւ Զելդային սիրահարված պատանու արեւավառ դեմքը։ Ես չէի կարող նրան հարցնել այն մասին, ինչ դուրս չէր գալիս գլխիցս․ եթե նրա պատմությունը ճիշտ է եւ այդ ամենը եղել է, ապա Սկոտը ինչպե՞ս է կարողանում ամեն գիշեր քնել Զելդայի հետ նույն անկողնում։ Բայց գուցե այդ պատմությունը հենց այդ պատճառով է ամենավշտալին երբեւէ իմ լսած բոլոր պատմություններից։ Իսկ գուցե եւ նա ուղղակի մոռացել էր, ինչպես մոռացել էր անցյալ գիշերվա մասին։

Մեր հագուստը ավելի շուտ բերին, քան Փարիզը կպատասխաներ, եւ մենք հագնվեցինք ու ներքեւ իջանք ընթրելու։ Սկոտը ոտքերի վրա ամուր չէր կանգնած եւ մարտական շեղ հայացք էր նետում շրջապատի մարդկանց վրա։ Սկզբում մեզ մատուցեցին հիանալի խխունջներ ու մի գրաֆին «ֆլյորի», բայց մենք կեսն էլ չհասցրինք ուտել, երբ Սկոտին կանչեցին հեռախոսի մոտ։ Նա գրեթե մի ժամ բացակայեց, եւ ի վերջո ես կերա նրա բաժին խխունջները, հացի կտորները թաթախելով հալած յուղի, սխտորի ու մաղադինոսի սոուսի մեջ, եւ մինչեւ վերջ դատարկեցի «ֆլյորի»֊ի գրաֆինը։ Երբ նա վերադարձավ, ես առաջարկեցի էլի խխունջ պատվիրել, բայց նա ասաց, որ չի ուզում։ Նա որեւէ հասարակ բան էր ուզում։ Նա ո՛չ բիֆշտեքս էր ուզում, ո՛չ լյարդ, ո՛չ լանջամիս, ո՛չ օմլետ։ Նա ճուտ պահանջեց։ Ցերեկը մենք շատ համեղ սառը ճուտ էինք կերել, բայց այս վայրերը եւս աչքի էին ընկնում իրենց հավերով, այնպես որ մենք պատվիրեցինք poularde de Bresse[50] եւ մի շիշ «մոնտանի»՝ թեթեւ ու հաճելի տեղական սպիտակ գինի։ Սկոտը քիչ էր ուտում եւ ոչ մի կերպ չէր կարողանում խմել֊վերջացնել մի գավաթ գինին։ Հետո գլուխը դրեց ձեռքերին եւ դադարեց շրջապատը զգալուց։ Դա էֆեկտ հետապնդող շինծու խաղ չէր, եւ նույնիսկ թվում էր, թե նա հսկայական ջանք է գործադրում, որպեսզի որեւէ բան չթափի կամ չկոտրի։ Մենք միջանցքի ծառայողի հետ նրան վերեւ տարանք, պառկեցրինք մահճակալին, եւ ես նրա վրայից հանեցի բոլորը, սպիտակեղենից բացի, հագուստը կախեցի, հետո տակից քաշեցի վերմակը եւ ծածկեցի նրան։ Ես պատուհանը բացեցի, տեսա որ անձրեւը կտրել է, եւ պատուհանը բաց թողեցի։

Ես ներքեւ իջա ու շարունակեցի ընթրել, մտածելով Սկոտի մասին։ Նրան, անշուշտ, չի կարելի խմել, եւ ես վատ էի նայում նրան։ Նույնիսկ ամենաչնչին քանակությամբ ալկոհոլը նրան ծայր աստիճան գրգռում է, հետո թունավորում, եւ ես որոշեցի, որ վաղը մենք չենք խմի։ Ես նրան կասեմ, որ շուտով Փարիզ ենք հասնելու, եւ ես պետք է ինձ հավաքեմ, որպեսզի կարողանամ գրել։ Դա ճիշտ չէր։ Բավական էր, որ ես չխմեմ ճաշից հետո, նախքան գրելս եւ աշխատանքի ժամանակ։ Ես վերեւ բարձրացա, բացեցի բոլոր պատուհանները, հանվեցի եւ իսկույն եւեթ քնեցի։

Հաջորդ օրը եղանակը հրաշալի էր, եւ մենք Փարիզ մեկնեցինք Կոտ դʼՕրով, շնչելով լվացված օդը ու նայելով նորոգ բլուրներին, դաշտերին ու խաղողի այգիներին, եւ Սկոտը շատ ուրախ էր, իրեն հիանալի էր զգում ու ինձ պատմեց Մայքլ Առլենի բոլոր գրքերի մասին։ Մայքլ Առլենը, ասաց նա, ուշադրության արժանի մարդ է, եւ մենք երկուսս էլ կարող ենք շատ բան սովորել նրանից։ Ես ասացի, որ չեմ կարողանում կարդալ նրա գրքերը։ Նա ասաց, թե պետք էլ չի, որ ես դրանք կարդամ։ Նա ինձ կպատմի դրանց ֆաբուլան եւ կնկարագրի գործող անձանց։ Դա բանավոր դիսերտացիա էր Մայքլ Առլենի ստեղծագործության մասին։

Մենք բաժանվեցինք նրա տան մոտ, ես տաքսիով վերադարձա իմ սղոցարանը եւ հրաշալի հանդիպում ունեցա կնոջս հետ, ու մենք գնացինք «Կլոզերի դե Լիլա» մի քիչ խմելու։ Մենք երջանիկ էինք երկար ժամանակ իրարից բաժանված երեխաների նման, որ այժմ կրկին միասին են, եւ ես նրան պատմեցի մեր ուղեւորության մասին։

— Եվ դու ձանձրանո՞ւմ էիր, դու ոչ մի հետաքրքիր բան չտեսա՞ր, Տետի,— հարցրեց նա։

— Ես կարող էի շատ բան իմանալ Մայքլ Առլենի մասին, եթե լսեի։ Եվ հետո ես այնպիսի բան իմացա, որ դեռ չեմ պարզել ինձ համար։

— Մի՞թե Սկոտը այդքան դժբախտ է։

— Հնարավոր է։

— Խեղճ։

— Բայց մի բան ես այնուամենայնիվ իմացա։

— Ի՞նչ։

— Ճանապարհորդիր միայն նրանց հետ, ում սիրում ես։

— Դա արդեն մի բան արժե։

— Այո։ Եվ մենք մեկնում ենք Իսպանիա։

— Այո։ Եվ մինչեւ մեկնելը մեկուկես ամսից էլ քիչ ժամանակ է մնում։ Եվ այս տարի արդեն մենք ոչ ոքի թույլ չենք տա, որ մեր գործերը խանգարի, ճի՞շտ չի։

— Ճիշտ է։ Իսկ Պամպլոնայից մենք կգնանք Մադրիդ, այնուհետեւ Վալենսիա։

— Մ֊մ֊մ֊֊մ,— կատվի ձագի նման մլավեց նա։

— Խեղճ Սկոտ,— ասացի ես։

— Մենք բոլորս էլ խեղճ ենք,— ասաց Հեդլին։— Հարուստ ենք մեր թեթեւամտությամբ, բայց գրպանում ոչ մի գրոշ չունենք։

— Մեր բախտը բանում է։

— Պետք է մեզ լավ պահենք հաջողությունը ձեռքից չգցելու համար։

Մենք թխկացրինք սեղանը, որպեսզի աչքով չտան, եւ մատուցողը մոտեցավ իմանալու, թե ի՞նչ է մեզ պետք։ Բայց այն, ինչ մեզ պետք էր, չէր կարող տալ ո՛չ մատուցողը, ո՛չ որեւէ մեկ ուրիշը եւ ո՛չ էլ տախտակին կամ մարմարին,— սեղանը մարմարից էր,— թխկացնելը։ Սակայն այն երեկո մենք այդ չգիտեինք եւ երջանիկ էինք։

Մեր ուղեւորությունից մեկ թե երկու օր անց Սկոտը ինձ բերեց իր գիրքը։ Նրա սուպեր֊շապիկը խայտաբղետ էր, եւ ես հիշում եմ, անհարմար զգացի, որ այդքան աչք ծակող էր, անճաշակ, լպրծուն։ Այն նման էր գիտա֊ֆանտաստիկ վատ վեպի սուպեր֊շապիկի։ Սկոտը ինձ խնդրեց ուշադրություն չդարձնել դրա վրա․ այն թելադրված է Լոնգ֊Այլենդի խճուղու ռեկլամային վահանիկով, որը սյուժեում կարեւոր դեր է խաղում։ Նա ասաց, որ սուպեր֊շապիկը իրեն առաջ դուր էր գալիս, իսկ այժմ՝ ոչ։ Նախքան կարդայի, ես այն հանեցի։

Երբես այդ գիրքը վերջացրի, հասկացա, որ Սկոտը ինչպես էլ իրեն պահի, ինչ էլ որ անի, ես պետք է հիշեմ, որ դա հիվանդություն է եւ պետք է օգնեմ նրան, աշխատեմ լավ բարեկամ լինել նրան։ Նա շատ ու շատ լավ բարեկամներ ուներ, ավելի շատ, քան իմ ծանոթներից որեւէ մեկը։ Բայց ես ինձ մտցրեցի նրանց շարքը, չմտածելով, պետք կգա՞մ նրան, թե՞ ոչ։ Եթե նա կարողացել է գրել այդպիսի հոյակապ գիրք, ինչպիսին է «Մեծ Գետսբին», ես չէի կասկածում, որ նա կարող է գրել նաեւ մեկ ուրիշը, որն ավելի լավը կլինի։ Այն ժամանակ ես դեռ ծանոթ չէի Զելդայի հետ, ուստի չգիտեի, թե ամեն ինչ որքա՜ն սարսափելի է դասավորվում Սկոտի դեմ։ Բայց մենք դրանում համոզվեցինք ավելի շուտ, քան կցանկանայինք։

Բազեները իրենց որսը չեն կիսում

Սկոտ ֆիցջերալդը մեզ հրավիրեց իր կնոջ՝ Զելդայի եւ փոքրիկ աղջկա հետ ճաշելու իրենց կահավորված բնակարանում, որ վարձում էին Թիլզիտի փողոցի № 14 տանը։ Ես գրեթե մոռացել եմ այդ տունը եւ միայն հիշում եմ, որ այն մութ էր ու հեղձուցիչ եւ այնտեղ, կարծեմ, նրանց պատկանող ոչինչ չկար, Սկոտի՝ բաց֊երկնագույն կաշեկազմ եւ ոսկեդրոշմ առաջին գրքերից բացի։ Սկոտը մեզ նաեւ ցույց տվեց մի մեծ մատյան, որի մեջ նա կանոնավոր գրանցում էր իր բոլոր հրապարակված ստեղծագործությունների անունները, դրանց համար ստացած հոնորարի գումարը, իր գրքերի վաճառքի տոկոսները, ինչպես նաեւ այն գումարները, որ նա ստանում էր այդ ստեղծագործությունների էկրանացման համար։ Ամեն ինչ այնքան մանրակրկիտ էր գրված, ասես դա նավամատյան լիներ, եւ Սկոտը դա մեզ ցույց էր տալիս թանգարանի աշխատողի անդեմ հպարտությամբ։ Սկոտը գրգռվում էր, աշխատում էր հյուրասեր լինել եւ իր վաստակի գրանցումները այնպես էր ցույց տալիս, ասես թե դա է այլ գլխավորը, որին արժե նայել։ Բայց նայելու բան չկար։

Նախօրյակի գինարբուքից հետո Զելդայի տրամադրությունը ընկած էր։ Երեկ երեկոյան նրանք եղել են Մոնմարտրում եւ կռվել այն պատճառով, որ Սկոտը չկ ցանկացել խմել֊հարմել։ Նա ինձ ասաց, որ ուզում է համառորեն աշխատել եւ չխմել, իսկ Զելդան իրեն այնպես էր պահում, իբր Սկոտը քրթմնջացող մարդ է եւ դիտավորյալ փչացնում է նրա հաճույքը։ Նա հենց այդպես էլ ասաց եւ, իհարկե, դրան հետեվեցին փոխադարձ մեղադրանքներ, ու Զելդան, ինչպես միշտ, սկսեց հերքել․ «Ես չեմ ասել․ Ես այդպիսի բան չեմ ասել։ Դա ճիշտ չէ, Սկոտ»։ Հետո նա, ասես թե ինչ֊որ բան հիշելով, սկսում էր ուրախ֊ուրախ ծիծաղել։

Այն օրը Զելդայի տեսքը լավ չէր։ Նրա գեղեցիկ շեկ մազերը ժամանակավորապես փչացել էին Լիոնում կատարած անհաջող տեւագանգրացումից, երբ անձրեւը նրանց ստիպել էր դադարեցնել մեքենայով ճանապարհորդությունը, աչքերը հոգնած էին, դեմքը՝ սմքած։

Նա պաշտոնական սիրալիր էր Հեդլիի ու ինձ հետ, բայց թվում էր, թե մտովի դեռեւս գտնվում է երեկույթում, որտեղից առավոտյան էր վերադարձել։ Ե՛վ Սկոտը, ե՛ւ նա հավանաբար կարծում էին, թե Սկոտի հետ մեր ուղեւորությունը շատ ուրախ է անցել։

— Քանի որ դուք այդքան հիանալի ուղեւորություն եք կատարել, ապա ես եւս արդարացիորեն իրավունք ունեի բարեկամներիս հետ մի քիչ զվարճանալ Փարիզում,— ասաց նա Սկոտին։

Սկոտը իրեն հյուրընկալ տանտեր էր ձեւացնում, եւ մենք կերանք մի շատ վատ ճաշ, որը մի քիչ ախորժելի դարձրեց գինին։ Նրա դստրիկը խարտյաշ էր, թմբլիկ, ամուր էր ու խոսում էր լոնդոնյան արվարձանների ուժեղ ակցենտով։ Սկոտը բացատրեց, որ նրա համար անգլուհի դայակ են վարձել, քանի որ ինքն ուզում է, որպեսզի նա՝ դստրիկը, երբ մեծանա, խոսի լեդի Դիանա Մեներսի նման։

Զելդան բազեի աչքեր ուներ եւ բարակ շուրթեր, իսկ խոսվածքն ու շարժումները մատնում էին, որ Հարավի ծնունդ է։ Նրա դեմքից երեւում էր, թե ինչպես է նա մերթ ընդ մերթ մտովի փոխադրվում երեկվա երեկույթը եւ այնտեղից վերադառնում կատվի նման դատարկ հայացքով, հետո նրա աչքերում փայլեց գոհունակությունը, սահեց նրա բարակ շուրթերով ու չքացավ։ Սկոտը ձեւացնում էր հոգատար ուրախ տանտեր, իսկ Զելդան նայում էր նրան եւ նրա աչքերում ու բերանի վրա երջանիկ ժպիտն էր վետվետում, որովհետեւ Սկոտը գինի էր խմում։ Հետագայում ես լավ ուսումնասիրեցի այդ ժպիտը։ Այն նշանակում էր՝ Զելդան գիտեր, որ Սկոտը նորից չի կարողանալու գրել։

Զելդան խանդում էր Սկոտի աշխատանքին, եւ մենք նրանց որքան մոտիկից էինք ճանաչում, այնքան ամեն ինչ ավելի պարզորոշ էր դառնում։ Սկոտը հաստատ որոշեց չգնալ գիշերային գինարբուքների, ամեն օր մարմնամարզությամբ զբաղվել ու կանոնավոր աշխատել։ Նա սկսում էր աշխատել եւ հենց ուզում էր ինքնիրեն հավաքել, Զելդան սկսում էր տրտնջալ, թե տխուր է, եւ նրան քաշում֊տանում էր հերթական գինարբուքի։ Նրանք կռվում էին, հետո հաշտվում, եւ նա ինձ հետ հեռավոր զբոսանքների էր դուրս գալիս, որպեսզի ուշքի գա ալկոհոլային թույնից եւ հաստատ որոշում էր աշխատել։ Աշխատանքը սկսում էր եռալ։ Եվ հետո ամեն ինչ կրկնվում էր նորից։

Սկոտը սիրահարված էր Զելդային եւ շատ էր խանդում նրան։ Մեր զբոսանքների ժամանակ նա կրկին ու կրկին ինձ պատմում էր, թե ինչպես է Զելդան սիրահարվել ծովային օդաչուին։ Բայց այդ պահից ի վեր Զելդան երբեք նրան իսկական առիթ չի տվել խանդելու տղամարդկանց։ Այդ գարնանը նա Զելդային խանդում էր կանանց նկատմամբ եւ Մոնմարտրի երեկույթների ժամանակ վախենում էր իրեն կորցնելու աստիճան խմելուց, վախենում էր, որ նույնը տեղի չունենա նաեւ Զելդայի հետ։ Սակայն վայրկենական արբեցումը նրանց գլխավոր փրկությունն էր։ Նրանք քնում էին սպիրտի կամ շամպայնի այնպիսի չնչին դոզայից, որը ոչ մի ազդեցություն չի կարող գործել խմելու սովոր մարդու վրա, եւ քնում էին երեխայի նման։ Ես մեկից ավելի անգամ տեսել եմ՝ ինչպես են նրանք գիտակցությունը կորցնում ասես ոչ թե գինուց, այլ նարկոզից, եւ բարեկամները, կամ հաճախ էլ տաքսիի վարորդները, նրանց անկողին էին դնում, եւ արթնանալով, նրանք իրենց շատ լավ էին զգում, որովհետեւ այնքան շատ չեն խմել, որ օրգանիզմին վնաս պատճառեն։

Բայց հետո նրանք կորցրին այդ փրկարար միջոցը։ Այժմ արդեն Զելդան կարող էր խմել ավելի, քան Սկոտը, եւ վերջինս վախենում էր, որ Զելդան կարող է իրեն կորցնելու աստիճան խմել այն մարդկանց ներկայությամբ, որոնց հետ նրանք շփվում էին այն գարնանը, կամ այն վայրերից մեկում, ուր նրանք այցելում էին։ Նրան դուր չէին գալիս ո՛չ այդ մարդիկ, ո՛չ էլ այդ վայրերը, բայց նա ստիպված էր լինում այնքան խմել, որ կորցնում էր գիտակցությունը եւ հանդուրժում այդ մարդկանց ու այդ վայրերը, իսկ հետո՝ նա արդեն խմում էր, որպեսզի չքնի, այդ այն ժամանակ, երբ առաջ վաղուց արդեն ընկած կլիներ անզգա վիճակի մեջ։ Ի վերջո, նա սկսեց ավելի ու ավելի սակավ աշխատել ինչպես որ հարկն է։

Բայց նա շարունակ փորձում էր աշխատել։ Ամեն օր փորձում էր, բայց ոչինչ չէր ստացվում։ Նա մեղադրում էր Փարիզը՝ քաղաք, որից լավը գրողների համար չկա, եւ նա հավատում էր, թե աշխարհում կա մի տեղ, որտեղ իրեն ու Զելդային կհաջողվի նորից սկսել իրենց կյանքը։ Նա վերհիշում էր Ռիվերան, ինչպիսին այն կար մինչեւ նրա վերակառուցումը, վերհիշում էր նրա ծովի կապույտ հեռաստանը, ավազե լողափերը, սոճու պուրակները եւ ծովը մտնող Էստերելյան լեռները։ Նա Ռիվերան հաշիում էր այնպիսին, ինչպիսին կար, երբ ինքն ու Զելդան առաջին անգամ գտան այն։

Սկոտը ինձ պատմում էր Ռիվերայի մասին եւ ասում, որ հաջորդ ամառը ես պետք է կնոջս հետ անպայման գնամ այնտեղ, նկարագրում էր, թե ինչպես պիտի ապրենք այնտեղ, ինչպես ինքը մեզ համար էժան պանսիոն կգտնի եւ թե ինչպես մենք երկուսս էլ ամեն օր կաշխատենք, կլողանանք, կմեկնվենք ավազի վրա, կարեւախանձվենք եւ միայն ապերիտիվ կխմենք ճաշից ու ընթրիքից առաջ։ Զելդան այնտեղ երջանիկ կլինի, ասաց նա։ Նա սիրում է լողանալ եւ հիանալի սկվել գիտե, նրան դուր է գալիս այդ կյանքը, եւ նա կցանկանա, որ Սկոտն աշխատի ու ամեն ինչ կկարգավորվի։ Նա Զելդայի ու իրենց դստրիկի հետ ամառը անպայման կմեկնի այնտեղ։

Ես փորձեցի նրան համոզել, որ պատմվածքներ գրի ամբողջ ուժով, այլ ոչ թե դրանք հարմարեցնի շաբլոններին, ինչպես, իր ասելով, անում է։

— Չէ որ դուք հիանալի վեպ եք գրել,— ասացի նրան,— եւ դուք իրավունք չունեք դատարկ բաներ գրելու։

— Բայց վեպս չի ծախվում,— պատասխանեց նա,— եւ ես պետք է պատմվածքներ գրեմ, այնպիսի պատմվածքներ, որոնք հնարավոր լինի վաճառել։

— Գրեցեք ամենալավ պատմվածքը, ինչպիսին դուք ի վիճակի եք գրել, եւ գրեցեք ազնիվ։

— Ես այդպես էլ կանեմ,— ասաց նա։

Բայց նրա բախտից էր, որ նա դեռեւս կարողանում էր ընդհանրապես աշխատել։ Զելդան չէր խրախուսում իրեն հետամտող մարդկանց։ Բայց դա նրան զվարճացնում էր, իսկ Սկոտը խանդում էր եւ ամենուրեք գնում նրա հետ։ Դա սպանում էր նրա աշխատանքը, իսկ Զելդան ամենից շատ հենց նրա աշխատանքին էր խանդում։

Գարնան վերջերին ու ամռան սկզբներին Սկոտը փորձեց աշխատել։ Բայց դա նրան միայն ընդհատումներով էր հաջողվում։ Երբ ես նրան հանդիպում էի, նա միշտ ուրախ էր լինում, հաճախ հիվանդագին ուրախ, սրամտորեն կատակում էր եւ միշտ լավ զրուցընկեր էր։ Երբ վրա հասան հատկապես սեւ օրերը, ես ունկնդրում էի նրա բողոքները եւ փորձում էի ներշնչել, որ բավական է միայն նա իրեն ստիպի եւ նորից կգրի այնպես, ինչպես ինքն է կարողանում գրել, եւ որ միայն մահն է անուղղելի։ Նա ինքն իրեն հեգնում էր եւ քանի դեռ ի վիճակի էր դրան, ես գտնում էի, որ նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այդ ժամանակաընթացքում նա մի լավ պատմվածք գրեց՝ «Հարուստ տղան», եւ ես համոզված էի, որ նա կարող է նույնիսկ ավելի լավ գրել, ինչպես որ այդ հետո հաստատվեց։

Ամռանը մենք եղանք Իսպանիայում, եւ ես սկսեցի աշխատել վեպիս վրա, որն ավարտեցի սեպտեմբերին, Փարիզում։ Սկոտը եւ Զելդան եղել էին Անտիբյան հրվանդանում, եւ երբ աշնանը մենք Փարիզում հանդիպեցինք, ես տեսա, որ Սկոտը շատ է փոխվել։ Նա Ռիվերայում խմելը չէր թողել եւ այժմ հարբած էր լինում ոչ միայն երեկոները, այլեւ ցերեկը։ Նա հիմա հաշվի չէր առնում այն, որ ուրիշներն աշխատում են եւ մեզ մոտ՝ Նոտր֊Դամ֊դե֊Շան փողոց էր գալիս ե՛ւ ցերեկը, ե՛ւ երեկոյան, երբ հարբած էր լինում։ Նա սկսել էր կոպիտ վարվել բոլորի հետ, ովքեր իրենից ցածր էին կանգնած, եւ ում նա իրենից ցածր էր համարում։

Մի անգամ նա սղոցարան եկավ իր դստրիկի հետ,— անգլուհի֊դայակի կիրակի օրն էր, երեխային Սկոտն էր նայում,— եւ սանդուղքի վրա երեխան ասաց, թե ուզում է զուգարան գնալ։ Սկոտը սկսեց նրա շորը հանել հենց սանդուղքի վրա, եւ ներքեւում ապրող տանտերը դուրս եկավ ու ասաց․

— Մսյո, զուգարանը ուղիղ ձեր դիմացն է, սանդուղքից ձախ։

— Այո, եւ ես քո գլուխը այնտեղ կկոխեմ, եթե չկորչես այստեղից,— պատասխանեց Սկոտը։

Այդ ամբողջ աշնանը նրա վիճակը շատ ծանր էր, բայց սթափ ժամերին սկսում էր աշխատել վեպի վրա։ Ես շատ քիչ եմ նրան տեսել սթափ վիճակում, բայց նման պահերին նա միշտ սիրալիր էր, առաջվա պես կատակում էր եւ հաճախ նույնիսկ առաջվա պես ձեռ առնում իրեն։ Բայց երբ խմած էր լինում, սիրում էր հարբած ինձ մոտ գալ եւ ինձ խանգարում էր աշխատել գրեթե նույնպիսի հաճույքով, ինչպիսին Զելդան էր զգում, երբ խանգարում էր նրան աշխատել։ Այդպես շարունակվեց մի քանի տարի, բայց դրա փոխարեն այդ բոլոր տարիներին ես չունեի Սկոտից ավելի նվիրված բարեկամ, երբ նա սթափ էր։

Այն աշնանը, 1925 թվականի աշնանը, նա ինձնից վիրավորվեց, որ ես չէի ուզում նրան ցույց տալ «Եվ ծագում է արեւը» վեպիս առաջին տարբերակի ձեռագիրը։ Ես նրան բացատրեցի, որ նախ ես ինքս պետք է այն կարդամ ու նորից գրեմ, եւ մինչ այդ չեմ ուզում վեպս ո՛չ քննարկել, ո՛չ էլ ցույց տալ որեւէ մեկին։ Մենք պատրաստվում էինք մեկնել Շրունս, որ բնակավայր է Ավստրիայում, Ֆորարլբերգում, հենց որ այնտեղ իջնի առաջին ձյունը։

Այնտեղ ես վերակառուցեցի վեպի առաջին մասը եւ այդ աշխատանքը, հիշում եմ, ավարտեցի հունվարին։ Ես ձեռագիրը տարա Նյու֊Յորք, Սկրիբներսի հրատարակչությունում այն ցույց տվի Մաքս Պերկինսին, այնուհետեւ վերադարձա Շրունս եւ ավարտեցի գիրքը։ Սկոտը այդ վեպը տեսավ միայն ապրիլի վերջին, երբ այն լիովին վերամշակված էր, վերաձեւված եւ ուղարկված Սկրիբներսին։ Ես հիշում եմ, թե ինչպես էինք նրա հետ կատակում այդ առթիվ եւ թե նա ինչպես էր հուզվում ու վառվում ինձ օգնելու ցանկությամբ, ինչպես միշտ, երբ գործն արդեն կատարված է։ Բայց մինչ ես վերամշակում էի գիրքը, նրա օգնության կարիքը չէի զգում։

Քանի դեռ ապրում էինք Ֆորարլբերգում, եւ ես մշակում էի վեպս, Սկոտը կնոջ ու դստրիկի հետ Փարիզից մեկնեց Ներքին Պիրենեյան լեռների ջրերը։ Զելդայի մոտ սկսվել էր խիստ տարածված աղիքային մի հիվանդություն, որ առաջանոմւ է չափազանց շատ շամպայն խմելուց եւ որը այն տարիներին համարվում էր խթաղիքի բորբոքում։ Սկոտը չէր խմում, նա փորձում էր աշխատել եւ գրում էր, որ հունիսին գնանք իրենց մոտ՝ Ժուան֊լե֊Պեն։ Նրանք մեզ համար կգտնեն ամառանոցային էժան առանձնատուն, այս անգամ նա արդեն չի խմի եւ ամեն ինչ կընթանա ինչպես այն լավ, հին օրերին․ մենք կլողանանք, առողջ կլինենք ու արեւախանձ, եւ միայն մեկական ապերիտիվ կխմենք ճաշից առաջ ու ընթրիքից առաջ։ Զելդան ապաքինվել է, նրանք իրենց հիանալի են զգում, եւ նրա վեպը փայլուն կերպով առաջ է շարժվում։ Նա պետք է փող ստանա «Մեծ Գետսբի»֊ի բեմականացման համար, որ մեծ հաջողությամբ է բեմադրվում, եւ էկրանացման իրավունքի համար, ուստի նրան ոչինչ չի անհանգստացնում։ Զելդան իրեն հիանալի է զգում, եւ ամեն ինչ լավ կլինի։

Մայիսին ես մենակ ապրում էի ու աշխատում Մադրիդում, եւ գնացքով ուղեւորվեցի Ժուան֊լե֊Պեն, ուր հասա Բայոննայից, երրորդ կարգով ու սարսափելի քաղցած, որովհետեւ հիմարաբար մնացել էի առանց փողի եւ վերջին անգամ ճաշել էի Անդայում, ֆրանս֊իսպանական սահմանագլխին։ Ամառանոցային առանձնատունը շատ լավն էր, Սկոտը ապրում էր մեզնից ոչ հեռու, մի հիանալի տան մեջ, եւ ես ուրախ էի կնոջս հետ հանդիպելու համար, որը ամառանոցում շատ լավ էր վարում տնտեսությունը, ինչպես եւ ուրախ էի բարեկամներիս հետ հանդիպումից։ Ճաշից առաջ ապերիտիվը անգերազանց էր, եւ մենք այն մի քանի անգամ կրկնեցինք։ Երեկոյան մեր պատվին «Կազինո»֊յում հասարակություն հավաքվեց․ առանձնապես շատ մարդ չկար՝ Մակլիչներն էին, Մերֆիները, Ֆիցջերալդները եւ մենք՝ ամառանոցի բնակիչներս։ Ոչ ոք շամպայնից բացի այլ բան չէր խմում, եւ ես մտածեցի, թե այստեղ որքա՜ն ուրախ է, ու գրելու համար որքա՜ն հարմար։ Այստեղ ամեն ինչ կար, որ մարդուն անհրաժեշտ է գրելու համար, բացի միայնակությունից։

Զելդան շատ գեղեցիկ էր,— ոսկեգույն արեւախանձուկ, մուգ֊ոսկեգույն մազեր,— եւ շատ սիրալիրս։ Նրա բազեի աչքերը պարզ էին ու հանգիստ։ Ես մտածեցի, որ ամեն ինչ լավ է եւ վերջ ի վերջո ամեն ինչ կանցնի, բայց հենց այդ պահին նա թեքվեց իմ կողմը եւ բացեց իր մեծ գաղտնիքը․ «Էռնեստ, ձեզ չի՞ թվում, որ Քրիստոսը շատ փոքր է Էլ Ջոլսոնից»։

Այն ժամանակ ոչ ոք դրա վրա ուշադրություն չդարձրեց։ Դա ուղղակի Զելդայի գաղտնիքն էր, որ կիսեց ինձ հետ, ինչպես բազեն կարող է որեւէ բան կիսել մարդու հետ։ Բայց բազեները իրենց որսը չեն կիսում։

Սկոտը ոչ մի լավ բան չգրեց, մինչեւ չհասկացավ, որ Զելդան խելագարվել է։

Մարմնակազմվածքի պրոբլեմը

Ավելի ուշ, երբ Զելդան արդեն կրել էր առաջին, այսպես կոչված նյարդային խանգարումը, մենք, չեմ հիշում երբ, միաժամանակ Փարիզ եկանք, եւ Սկոտը ինձ հրավիրեց միասին ճաշելու Միշոյի ռեստորանում, որ գտնվում է Ժակոբ եւ Սուրբ Հայրերի փողոցի անկյունում։ Նա ասաց, թե ուզում է ինձ մի շատ կարեւոր բան հայտնել, որն իր համար աշխարհում ամենակարեւոր բանն է, եւ որ ես պետք է իրեն անկեղծ պատասխանեմ։ Ես ասացի՝ կաշխատեմ։ Երբ նա ինձ խնդրում էր որեւէ բան անկեղծ ասել,— իսկ դա հեշտ չէր անել, եւ ես փորձում էի կատարել նրա խնդրանքը,— այն, ինչ ասում էի, նրան ջղայնացնում էր, ընդսմին ամենից հաճախ՝ հետո, երբ նա ժամանակ էր ունենում մտածել ասածներիս վրա։ Նա ուրախ կլիներ ոչնչացնել դրանք, իսկ հաճախ՝ դրանց հետ միասին նաեւ ինձ։

Ճաշի ժամանակ նա գինի խմեց, բայց դա նրա վրա չազդեց, քանի որ ճաշից առաջ ոչինչ չէր խմել։ Մենք զրուցում էինք մեր աշխատանքի եւ տարբեր մարդկանց մասին, եւ նա ինձ հարցնում էր նրանց մասին, ում մենք վաղուց չէինք հանդիպել։ Ես գիտեի, որ նա ինչ֊որ լավ բան է գրում եւ շատ պատճառներով նրա աշխատանքը չի ստացվում, բայց նա ինձ հետ ուզում էր խոսել ո՛չ այդ մասին։ Ես շարունակում էի սպասել, թե նա երբ կանցնի այն բանին, որի մասին ես նրան պետք է ճշմարտությունն ասեմ, բայց նա այդ թեմային դարձավ ամենավերջում, ասես թե դա գործարար ճաշկերույթ լիներ։

Վերջապես, երբ անցանք բալի տորթին եւ խմեցինք գինու վերջին գրաֆինը, նա ասաց․

— Դու գիտես, որ ես երբեք ոչ ոքի հետ չեմ քնել, Զելդայից բացի։

— Ոչ, ես այդ չգիտեի։

— Ինձ թվում էր, թե ես քեզ ասել եմ։

— Ոչ։ Դու ինձ շատ բան ես ասել, բայց ոչ այդ մեկը։

— Այ, հենց դրա մասին էլ ես ուզում էի հարցնել։

— Լավ, ես լսում եմ։

— Զելդան ասաց, թե ես այնպես եմ կազմված, որ չեմ կարող երջանկացնել ոչ մի կնոջ, եւ նրա հիվանդության նախապատճառը դա է։ Այն պահից, երբ նա այդ բանն ինձ ասաց, ես տեղ չեմ գտնում եւ ուզում եմ ճշմարտությունն իմանալ։

— Գնանք,— ասացի ես։

— Ո՞ւր։

— Զուգարան,— ասացի ես։

Մենք վերադարձանք դահլիճ եւ նստեցինք մեր սեղանի շուրջը։

— Դու միանգամայն բնականոն կազմվածք ունես,— ասացի ես,— բացարձակ բնականոն։ Եվ դու ոչնչից մի անհանգստանա։ Ուղղակի, երբ վերեւից ես նայում, ամեն ինչ փոքրանում է։ Գնա Լուվր եւ նայիր արձաններին, հետո տուն վերադարձիր եւ քեզ նայիր հայելու մեջ։

— Այդ արձանները կարող են անհամաչափ լինել։

— Ոչ, նրանք շատ լավն են։ Շատ մարդկանց միանգամայն կգոհացներ նման մարմնակազմվածքը։

— Բայց ինչո՞ւ Զելդան այդպես ասաց։

— Որպեսզի քեզ գժվացնի։ Դա մարդուն գժվացնելու աշխարհիս ամենահնագույն միջոցն է։ Սկոտ, դու խնդրել ես, որ ես քեզ ճշմարտությունն ասեմ, եւ ես կարող էի քեզ զգալիորեն ավելին ասել, բայց դա ճշմարտություն է եւ մնացածը կարեւոր չէ։ Կարող ես բժշկի դիմել։

— Չեմ ուզում։ Ես ցանկանում էի, որ դու ինձ ճիշտն ասես։

— Այժմ դու ինձ հավատո՞ւմ ես։

— Չգիտեմ,— ասաց նա։

— Գնանք Լուվր,— ասացի ես,— մեզ շատ մոտ է։ Միայն պետք է անցնել կամուրջը։

Մենք գնացինք Լուվր, նա տնտղեց արձանները, բայց դեռեւս կասկածի մեջ էր։

— Մի աղջիկ,— ասաց նա,— շատ սիրալիր էր ինձ հետ։ Բայց այն բանից հետո, ինչ Զելդան ասաց…

— Մոռացիր, թե ինչ է ասել Զելդան,— խորհուրդ տվի ես,— Զելդան խելագար է։ Դու միանգամայն նորմալ մարդ ես։ Պարզապես հավատա ինքդ քեզ եւ արա, ինչ այն աղջիկն ուզում։ Զելդան ուղղակի կկործանի քեզ։

— Դու Զելդայի մասին ոչինչ չգիտես։

— Դե լավ,— ասացի,— սրանով ավարտենք։ Դու եկել էիր ճաշելու, որպեսզի ինձ հարց տաս, եւ ես փորձեցի քեզ պատասխանել անկեղծ։

Բայց նա դեռեւս կասկածում էր։

— Ուզո՞ւմ ես նկարները դիտենք,— առաջարկեցի ես,— դու այստեղ Մոնա Լիզայից բացի որեւէ այլ բան տեսե՞լ ես։

— Ես նկարներ նայելու տրամադրություն չունեմ,— ասաց նա,— ես մի երկու հոգու խոստացել եմ հանդիպել «Ռիտցա»֊յի բարում։

Շատ տարիներ անց «Ռիտցա»֊յի բարում, երբ արդեն վաղուց ավարտվել էր երկրորդ համաշխարհային պատերազմը, Ժորժը, որն այժմ էլ դարձել էր ավագ բարմեն, իսկ այն օրերին, երբ Սկոտը Փարիզում էր ապրում, chasseur[51] էր, ինձ հարցրեց․

— Պապա, ո՞վ էր այն մսյո Ֆիցջերալդը, որի մասին բոլորն ինձ հարցնում են։

— Մի՞թե դուք նրան չէիք ճանաչում։

— Ոչ։ Ես հիշում եմ այն ժամանակվա բոլոր հաճախորդներին։ Բայց այժմ ինձ միայն նրա մասին են հարցնում։

— Եվ դուք ի՞նչ եք պատասխանում։

— Որեւէ այնպիսի բան, որ նրանց հետաքրքիր լինի լսել։ Բայց ասացեք, ո՞վ է եղել։

— Ամերիկյան գրող, որն ստեղծագործել է քսանական թվականների սկզբին ու հետո, եւ որոշ ժամանակ ապրել է Փարիզում ու արտասահմանում։

— Բայց ինչո՞ւ ես նրան չեմ հիշում։ Նա լա՞վ գրող է եղել։

— Նա գրել է երկու շատ լավ գիրք եւ մեկն էլ չի ավարտել, բայց նրանք, ովքեր լավ գիտեն նրա ստեղծագործությունը, ասում են, որ դա շատ լավ գիրք կլիներ։ Բացի այդ, նա գրել է մի քանի լավ պատմվածքներ։

— Նա հաճա՞խ էր լինում մեր բարում։

— Կարծեմ այո։

— Բայց դուք քսանական թվականների սկզբներին մեզ մոտ չէիք լինում։ Ես գիտեմ, որ այն տարիներին դուք աղքատ էիք եւ բնակվում էիք այլ թաղամասում։

— Երբ ես փող էի ունենում, գնում էի «Կրիյոն»։

— Ես դա էլ գիտեմ։ Ես շատ լավ հիշում եմ, թե երբ ենք ծանոթացել։

— Ես էլ։

— Տարօրինակ է, որ ես նրան ամենեւին չեմ հիշում,— ասաց Ժորժը։

— Բոլոր այդ մարդիկ մեռել են։

— Սակայն մարդկանց չեն մոռանում, թեեւ նրանք մեռել են, իսկ ինձ նրա մասին ամեն օր հարցնում են։ Դուք պետք է նրա մասին որեւէ բան պատմեք իմ հուշերի համար։

— Լավ։

— Ես հիշում եմ, ինչպես դուք բարոն ֆոն Բլիկսենի հետ մի անգամ գիշերը եկաք այստեղ… Ո՞ր թվին էր դա,— նա ժպտաց։

— Նա նույնպես մեռել է։

— Այո։ Բայց նրան հնարավոր չէ մոռանալ։ Դուք հասկանո՞ւմ եք, ինչի մասին եմ խոսում։

— Նրա առաջին կինը շատ լավ գրում էր,— ասացի ես,— նա Աֆրիկայի մասին թերեւս ամենալավագույն գիրքն է գրել իմ կարդացածներից, Հաբեշստանում Նեղուսի վտակների մասին սըր Սեմյուել Բեյքերի գրած գրքից բացի։ Սա եւս մտցրեք ձեր հուշերի մեջ, քանի որ դուք այժմ հետաքրքրվում եք գրողներով։

— Լավ,— ասաց Ժորժը,— բարոնը այնպիսի մարդ էր, որին չի կարելի մոռանալ։ Իսկ ինչպե՞ս էր կոչվում այդ գիրքը։

— «Աֆրիկայից դուրս»,— ասացի ես,— Բլիկսենը շատ էր պարծենում իր առաջին կնոջ գրածներով։ Բայց մենք ծանոթացել էինք շատ առաջ, նախքան նա կգրեր այդ գիրքը։

— Իսկ մսյո Ֆիցջերա՞լդը, որի մասին ինձ շարունակ հարցնում են։

— Նա այստեղ լինում էր Ֆրենկի ժամանակներում։

— Այն ժամանակ ես chasseur էի։ Չէ որ դուք գիտեք, թե ինչ բան է chasseur֊ը։

— Ես մտադիր եմ նրա մասին գրել այն գրքում, որտեղ պիտի նկարագրեմ Փարիզում կյանքիս առաջին տարիները։ Ես ինձ խոսք եմ տվել գրել այդ գիրքը։

— Հիանալի է,— ասաց Ժորժը։

— Ես նրան կնկարագրեմ այնպես, ինչպես տեսել եմ առաջին անգամ։

— Շատ լավ,— ասաց Ժորժը,— քանի որ նա այստեղ եղել է, ես նրան կհիշեմ։ Մարդիկ այնուամենայնիվ չեն մոռավցում։

— Տուրիստնե՞րը։

— Իհարկե։ Բայց դուք ասում եք, որ նա շատ հաճա՞խ էր գալիս այստեղ։

— Նրա համար՝ հաճախ։

— Դուք նրա մասին գրեցեք այնպես, ինչպես որ հիշում եք, եւ քանի որ նա այստեղ եղել է, ես նրան կհիշեմ։

— Տեսնենք,— ասացի ես։

Փարիզն անվախճան է

Երբ մեր ընտանիքի անդամների թիվը հավասարվեց երեքի, այլ ոչ թե պարզապես մնաց երկու, ցուրտն ու անձրեւները վերջ ի վերջո ձմռանը մեզ վռնդեցին Փարիզից։ Եթե դու մենակ ես, դրանց կարող ես սովորել եւ դրանք քեզ ոչնչով չեն խանգարի։ Ես միշտ կարող էի գրել սրճարանում եւ միայն café crème֊ով աշխատել ամբողջ առավոտը, մինչեւ մատուցողները կավլեին ու կհավաքեին սրճարանը եւ այն աստիճանաբար կտաքանար։ Իմ կինը կարող էր չջեռուցվող շենքում դաշնամուր նվագել եւ որպեսզի տաք լինի, մի քանի սվիտր հագնել ու տուն վերադառնալ՝ Բամբիին կերակրելու։ Բայց ձմռանը երեխային չէր կարելի սրճարան տանել, նույնիսկ այնպիսի երեխայի, որը երբեք չէր լացում, հետաքրքրվում էր շրջապատի բոլոր իրադարձություններով եւ երբեք չէր ձանձրանում։ Այն ժամանակ դեռեւս չկային այնպիսի մարդիկ, որոնց կարելի լիներ վարձել, որպեսզի հետեւեն երեխային եւ Բամբին իր ցանցապատ, բարձր մահճակալում պառկում էր Ֆ․ փիսիկ մականունով հավատարիմ մեծ կատվի ընկերակցությամբ։ Որոշ մարդիկ ասում էին, թե վտանգավոր է երեխային կատվի հետ մենակ թողնել։ Ամենանախապաշարված մարդիկ ասում էին, թե կատուն կարող է ցատկել երեխայի վրա եւ ծծել նրա կյանքը։ Մյուսներն ասում էին, թե կատուն կարող է պառկել երեխայի վրա եւ իր ծանրությամբ խեղդել նրան։ Ֆ․ փիսիկը պառկում էր Բամբիի կողքին, նրա ցանցապատ, բարձր մահճակալում, իր դեղին մեծ աչքերով սեւեռուն նայում դռանը եւ ոչ ոքի թույլ չէր տալիս մոտենալ նրան, երբ մենք տանը չէինք լինում, իսկ femme de ménage[52] Մարին որեւէ տեղ էր գնացած լինում։ Մենք կարիք չունեինք որեւէ մեկին հրավիրելու, որ նա նայեր Բամբիին։ Նրան Ֆ․ փիսիկն էր նայում։

Բայց երբ դու աղքատ ես,— իսկ մենք իրոք աղքատ էինք, երբ վերադարձել էինք Կանադայից, ես թողել էի լրագրությունը ու չէի կարողանում ոչ մի պատմվածք վաճառել,— ձմեռը Փարիզում, երեխայի հետ շատ դժվար է։ Երեք ամսական միստր Բամբին տասներկու օր լողարկել էր Հյուսիսային Ատլանտիկայով «Կյունարդ» ընկերության մի փոքրիկ նավով, որը Նյու֊Յորքից դուրս էր եկել հունվարին ու մտել Գալիֆաքս։ Ամբողջ ճանապարհորդության ընթացքում նա ոչ մի անգամ չէր լացել եւ ուրախ ծիծաղում էր, երբ մահճակալին, նրա շուրջը բարիկադ էինք բարձրացնում, որպեսզի փոթորկոտ եղանակներին նա վայր չընկներ։ Բայց մեր Փարիզը չափազանց սառն էր նրա համար։

Մենք մեկնեցինք Շրունս՝ Ավստրիայի Ֆորարլբերգի շրջանի բնակավայրերից մեկը։ Անցանք Շվեյցարիայով եւ ժամանեցինք Ֆելդկիրխ, որ գտնվում է Ավստրիայի սահմանում։ Գնացքը անցավ Լիխտենշտայնով եւ կանգ առավ Բլուդենցում, որտեղից իշխեն ձկնով հարուստ քարահուն գետի երկայնքով, անտառածածկ դաշտավայրով, գյուղակների մոտով ճանապարհ էր գնում դեպի Շրունս՝ արեւաողող այդ գյուղաքաղաքը, որը սղոցարաններ ունի, խանութներ, հյուրանոցներ, եւ «Տաուբե» կոչվող ձմեռային մի լավ պանդոկ, որտեղ մենք իջեւանեցինք։

«Տաուբե»֊ի համարները ընդարձակ էին ու հարմարավետ, մեծ վառարաններ ունեին, մեծ պատուհաններ ու մեծ մահճակալներ՝ լավ վերմակներով եւ բմբուլալից ներքնակներով։

Այնտեղ կերակրում էին հասարակ, բայց հիանալի, իսկ փայտե պանելներով երեսպատված ճաշարանում եւ բարում տաք էր ու հարմարավետ։ Լայն ու բաց հովիտը ողողված էր արեվով։ Պանսիոնը մեզ երեքիս համար արժեր օրական երկու դոլլար եւ քանի որ ավստրիական շիլլինգը ինֆլյացիայի պատճառով շարունակ անկում էր ապրում, ճաշն ու սենյակը մեզ ավելի ու ավելի էժան էին նստում։ Սակայն այստեղ այնպիսի սարսափելի ինֆլյացիա ու աղքատություն չկար, ինչպես Գերմանիայում։ Շիլլինգի արժեքը մեկ ընկնում էր, մեկ՝ բարձրանում, բայց վերջ ի վերջո, այնուամենայնիվ, ընկնում էր։

Շրունսում դահուկորդների համար վերելակներ չկային, չկար նաեւ ֆունիկուլյոր, բայց փայտահատների ու հովիվների բացած կածաններով կարելի էր բարձրանալ լեռները։ Վերելքի ժամանակ դահուկների տակ փոկի մորթ էին ամրացնում։ Լեռներում Ալպիական ակումբի խրճիթներ կային նրանց համար, ովքեր բարձրանում էին ամռանը։ Այնտեղ կարելի էր գիշերել, թողնելով օգտագործած վառելափայտի արժեքը։ Հաճախ կարող էիր քեզ հետ փայտ տանել, իսկ եթե բազմօրյա զբոսանքի ես գնում դեպի լեռնային սառցադաշտերը, հարկադրված ես վարձել որեւէ մեկին, որպեսզի օգնի՝ փայտն ու ուտելիքը տեղափոել եւ այնտեղ կայան կառուցել։ Բարձրա֊լեռնային խրճիթ֊կայաններից ամենանշանավորներն էին Լինդաուեր֊Հյուտեն, Մադլեներ֊Հաուսը եւ Վիսբադեներ֊Հյուտեն։

«Տաուբեի» ետեւում գտնվում էր փորձնական վայրէջքի նման մի ինչ֊որ բան, որով կարելի էր իջնել այգիներն ու դաշտերը, եւ մի զառիթափ էլ կար Չագունսի ետեւում, որ տանում էր հովտի մյուս կողմը։ Այնտեղ մի փոքրիկ, գեղեցիկ հյուրանոց կար, որի սրճարանի պատերը զարդարված էին եղջյուրների հիանալի հավաքածույով։ Հովտի հեռավոր ծայրում։ Հովտի հեռավոր ծայրում գտնվող փայտահատների գյուղակից՝ Չագունսից դենը վեր էր ձգվում մի հիանալի դահուկաուղի, որը հասցնում էր մինչեւ լեռնանցքը։ Այնտեղից Սիլվրետի վրայով կարելի էր իջնել Կլոստերսի շրջանը։

Շրունսը գերազանց վայր էր Բամբիի համար․ թխահեր, սիրունիկ դայակը նրան սահնակով զբոսանքի էր տանում արեւի տակ եւ նայում էր նրան, մինչեւ ես ու Հեդլին կհետազոտեինք նոր երկրամասն ու շրջակա գյուղերը։ Շրունսի բնակիչները շատ բարի էին մեր նկատմամբ։ Լեռնադահուկային սպորտի ռահվիրան՝ հերր Վալտեր Լենտը, որը մի ժամանակ Արլբերգյան մեծ դահուկորդ Հաննես Շնեյդերի մրցակիցն էր եւ դահուկային քսուքներ էր պատրաստում լեռնային վերելքների ու բոլոր ջերմաստիճանների համար, այժմ մտադիր էր լեռնադահուկային սպորտի դպրոց բացել, եւ մենք երկուսով գրվել էինք այնտեղ։ Վալտեր Լենտի սիստեմի էությունն այն էր, որ նա աշխատում էր, որքան կարելի է շուտ ավարտել փորձնական վայրէջքների պարապմունքները եւ սաներին ուղարկել իսկական լեռները։ Այն ժամանակ դահուկային սպորտը նման չէր ժամանակակից ձեւին, պարուրավոր բեկումները հազվագյուտ էին եւ ոչ ոք իրեն թույլ չէր տա կոտրել ոտքը։ Դահուկային պարեկներ չկային։ Ամեն մի վայրէջքից առաջ անհրաժեշտ էր հաղթահարել վերելքը։ Եվ դա այնպես էր ամրապնդում ոտքերը, որ վայրէջքի ժամանակ կարելի էր հույս դնել նրանց վրա։

Վալտեր Լենտը գտնում էր, որ դահուկային սպորտում ամենամեծ հաճույքն այն է, որ հասնես այնպիսի բարձր լեռան, որտեղ ոչ ոք չկա, չկան դահուկային կածաններ եւ ալպիական սառցադաշտերի ու լեռնանցքների վրայով Ալպիական ակումբի մի խրճիթ֊կայանից հասնես մյուսին։ Չի կարելի նաեւ օգտվել այնպիսի ամրակապերից, որոնց առկայության դեպքում ընկնելիս կարող ես ոտդ ջարդել․ դահուկը պետք է անմիջապես անջատվի ոտքիցդ։ Բայց Վալտեր Լենտը ամենից շատ սիրում էր սառցադաշտերից իջնել առանց ճոպանի, սակայն դրա համար անհրաժեշտ է սպասել գարնանը, երբ բոլոր ճեղքերը փակվում են բավականին ամուր։

Մենք Հեդլիի հետ դահուկավազքով տարվել էինք այն պահից ի վեր, հենց որ սպորտի այդ տեսակը առաջին անգամ փորձել էինք Շվեյցարիայում, այնուհետեւ Կորտինա֊դʼԱմպեցցոյում՝ Դոլոմիտյան Ալպերում, երբ պետք է ծնվեր Բամբին եւ միլանցի բժիշկը Հեդլիին թույլ էր տվել զբոսնել դահուկներով, պայմանով, եթե ես խոստանամ, որ նա վայր չի ընկնի։ Դրա համար պահանջվում էր շատ մանրակրկիտ կերպով ընտրել վայրէջք ու դահուկաուղի եւ շարունակ հետեւել իրեն, բայց նա շատ գեղեցիկ ու զարմանալի ուժեղ ոտքեր ուներ, հիանալի տիրապետում էր դահուկներին եւ ոչ մի անգամ վայր չընկավ։ Մենք բոլորս էլ գիտեինք, թե ձյունը ինչպիսին է եւ կարողանում էինք դահուկներով սղղալ խոր ու փափուկ ձյան վրայով։

Մեզ շատ էր դուր գալիս Ֆորարլբերգը եւ շատ էր դուր գալիս Շրունսը։ Մենք գնում էինք այնտեղ նոյեմբերի վերջերին եւ մնում գրեթե մինչեւ զատիկ։ Այնտեղ միշտ կարելի էր զբոսնել դահուկներով, թեպետ դահուկային կուրորտի համար Շրունսը շատ ցածրադիր էր․ նրա մատույցներում բավականաչափ ձյուն էր լինում միայն ամենաձյունաշատ ձմռանը։ Սակայն լեռներ մագլցելը հաճույք էր եւ այն օրերին ոչ ոք դրա պատճառով չէր տրտնջում։ Դու սահմանում էիր քեզ համար որոշակի թափ՝ քո հնարավորություններից զգալիորեն ցածր, այնպես որ վերելքը հեշտ էր լինում, սիրտդ զարկում էր համաչափ, եւ դու հպարտանում էիր, որ մեջքիդ ծանր ուղեպարկ ունես։ Վերելքը դեպի Մադլեներ֊Հաուս տեղ֊տեղ շատ կտրուկ էր ու ծանր։ Բայց երկրորդ անգամ արդեն հեշտ էր լինում, եւ ի վերջո դու հեշտությամբ բարձրանում էիր՝ մեջքիդ կրկնակի բեռ կրելով։

Մենք միշտ քաղցած էինք եւ յուրաքանչյուր ճաշ իրադարձություն էր։ Մենք խմում էինք մուգ կամ պարզ գարեջուր եւ մաճառ, իսկ հաճախ էլ՝ անցյալ տարվա գինի։ Ամենից լավ սպիտակ գինիներն էին։ Մենք խմում էինք նաեւ հովտում պատրաստված բալի թրմօղի եւ անզենյան շնապս, որ քաշում էին լեռնային օձասխտորից։ Մեկ֊մեկ ճաշին մատուցում էին տապակած ճագար՝ կարմիր գինում սոուսով կամ եղջերվի միս՝ շագանակի սոուսով։ Այդպիսի դեպքերում մենք սովորաբար խմում էինք կարմիր գինի, թեպետ այն սպիտակից թանկ էր, բայց ամենաթանկը՝ լիտրն արժեր քսան ցենտ։ Սովորական կարմիր գինին անհամեմատ էժան էր, եւ մենք մեզ հետ մի տակառիկ տարանք Մադլեներ֊Հաուս։

Մենք գրքերի պաշար ունեինք, որ Սիլվիա Բիչը մեզ թույլատրել էր ձմռան համար վերցնել մեզ հետ։ Մենք բնակիչների հետ կեգլի էինք խաղում պանդոկի ամառային այգին տանող նրբափողոցում։ Շաբաթական մեկ֊երկու անգամ պոքեր էինք խաղում պանդոկի ճաշարանում, փակոցափեղկերով փակելով բոլոր պատուհանները եւ կողպելով դռները։ Այն ժամանակ Ավստրիայում ազարտային խաղերը արգելված էին, եւ ես խաղում էի պանդոկատիրոջ՝ հերր Նելսոնի, լեռնադահուկային սպորտի դպրոցի դիրեկտոր հերր Լենտի, քաղաքի բանկիրի, դատախազի եւ ժանդարմերիայի կապիտանի հետ։ Խաղը լուրջ ընթացք էր ստանում, եւ նրանք բոլորն էլ լավ խաղացողներ էին, թեեւ հերր Լենտը չափազանց մեծ ռիսկով էր խաղում, որովհետեւ լեռնադահուկային սպորտի դպրոցը նրան ոչ մի եկամուտ չէր տալիս։ Երբ շրջագայություն կատարող երկու ժանդարմները կանգ էին առնում դռների մոտ, ժանդարմերիայի կապիտանը մատը մոտեցնում էր ականջին, եւ մենք լռում էինք այնքան ժամանակ, մինչեւ որ նրանք հեռանում էին։

Լուսադեմին, երբ դեռեւս շատ ցուրտ էր լինում, սպասուհին մտնում էր սենյակը, փակում պատուհանները եւ վառում հախճասալե մեծ վառարանը։ Սենյակը տաքանում էր, իսկ նախաճաշին մեզ սպասում էր թարմ թխած հաց կամ պահածոյացրած հրաշալի մրգերով հացի բոված կտորներ եւ մեծ գավաթներով սուրճ, թարմ հավկիթ ու եթե ուզում եք՝ ապխտած միս։ Իմ ոտքերի տակ քնում էր Շնաուտս շունը, որը սիրում էր ինձ հետ գնալ դահուկային զբոսանքի եւ թռնել ուսերիս, երբ սկսում էր վայրէջքը։ Նա բարեկամություն էր անում նաեւ միստր Բամբիի հետ եւ երբ դայակը նրան դուրս էր բերում զբոսանքի, վազում էր սահնակի կողքով։

Շրունսում ես հիանալի էի աշխատում։ Այդ գիտեմ նրանից, որ հենց այնտեղ եմ կատարել ամենադժվար աշխատանքն իմ կյանքում, երբ 1925—1926 թվականներին վեպի վերածեցի «Եվ ծագում է արեւի» առաջին տարբերակը, որ սեւագրել էի մեկուկես ամիս առաջ։ Ճիշտը չեմ հիշում, թե ինչ պատմվածքներ եմ գրել այնտեղ։ Միայն գիտեմ, որ դրանցից մի քանիսը լավ են ստացվել։

Ես հիշում եմ, թե մեր ոտքերի տակ ձյունը ինչպես էր ճրթճրթում, երբ ցրտաշունչ երեկոյան, դահուկներն ու փայտաձողերը ուսերիս, վերադառնում էինք տուն, նայում գյուղաքաղաքի ճրագներին, հետո հանկարծ սկսում տարբերել տները եւ հանդիպողները ասում էին՝ «Grüss Gott»[53]։ «Վայնշտուբում» միշտ նստած էին լինում երիթավոր կոշիկ ու լեռնցու հագուստ հագած գյուղացիներ, օդում կախված էին լինում ծխախոտի ծխի քուլաներ, իսկ փայտե հատակը քերված էր լինում կոշկի երիթներից։ Երիտասարդներից շատերը ծառայում էին ավստրիական ալպիական գնդերում եւ նրանցից մեկը, որին Հանս էին անվանում,— նա սղոցարանում էր աշխատում,— նշանավոր որսորդ էր, եւ մենք բարեկամացանք, որովհետեւ մենք կռվել էինք իտալական նույն լեռներում։ Մենք գինի էինք խմում եւ խմբով երգում լեռնցիների երգեր։

Ես հիշում եմ այգիներով ու դաշտերով գյուղաքաղաքից վեր բարձրացող կածանները եւ տաք ագարակները՝ հսկայական վառարաններով ու ձյան վրա դարսած փայտակույտերով։ Կանայք խոհանոցում բուրդ էին զում եւ դրանից մանում գորշ ու սեկ կարժեր։ Ճախարակը աշխատեցնում էին ոտնակով եւ կարժերը չէին ներկում։ Սեւ կարժը ստանում էին սեւ ոչխարի բրդից։ Բուրդն այդ բնական էր, այն չէին ճարպոտում, եւ գլխարկները, սվիտրներն ու շարֆերը, որ դրանից գործում էր Հեդլին, ձյան մեջ երբեք չէին թրջվում։

Մի անգամ ծննդյան տոներին դպրոցի դիրեկտորի ղեկավարությամբ բեմադրվեց Հանս Սաքսի պիեսը։ Լավ պիես էր, եւ ես դրա մասին գրախոսական գրեցի տեղական թերթում, որը թարգմանեց պանդոկատերը։ Հաջորդ տարին գերմանական մի պաշտոնաթող ծովային սպա, ածիլված գլխով ու ամբողջ դեմքը սպիներով պատած մի մարդ, եկավ, որպեսզի դասախոսություն կարդա Յուտլանդյան ճակատամարտի մասին։ Նա ցույց տվեց երկու նավատորմների շարժումը արտացոլող դիապոզիտիվները, պատմեց Ջլիկոյի վախկոտության մասին, ցուցափայտի փոխարեն օգտագործում էր բիլիարդի զարկաձողիկը եւ հաճախ այնպես էր կատաղում, որ ձայնը կտրվում էր։ Դպրոցի դիրեկտորը վախենում էր, որ նա զարկաձողիկով կպատռի էկրանը։ Իսկ հետո ծովային նախկին սպան ոչ մի կերպ չէր կարողանում հանգստանալ եւ «Վայնշտուբում» բոլորը իրենց անհարմար էին զգում։ Նրա հետ խմում էին միայն դատախազն ու բանկիրը, եւ նրանք նստել էին առանձին սեղանի մոտ։ Հերր Լենտը, որը Հռենոսի ծնունդ էր, չցանկացավ գալ դասախոսությանը։ Այնտեղ նստած էին վիեննացի ամուսիններ, որոնք եկել էին դահուկներով զբոսնելու, բայց չէին ցանկացել բարձրանալ լեռները եւ հետո մեկնել էին Ցուրս, որտեղ, ինչպես լսեցի, մնացել էին ձյան փլվածքի տակ։ Ամուսինն ասաց, թե դասախոսը այն խոզերի թվին է պատկանում, որոնք արդեն կործանել են Գերմանիան եւ այն կրկին կկործանեն քսան տարի հետո։ Նրա կինը նրան ֆրանսերեն ասաց, որ լռի․ փոքրիկ բնակավայր է եւ հայտնի չէ, թե քեզ ով է լսում։

Այն տարի շատ մարդ զոհվեց ձյունափլվածքներից։ Առաջին նշանակալից աղետը տեղի ունեցավ լեռներից դենը՝ Լեխում, Արբերգում։ Մի խումբ գերմանացիներ որոշել էին ծննդյան տոներին դահուկներով զբոսնել հերր Լենտի հետ։ Այն տարի ձյունը ուշ էր եկել, եւ երբ տեղաց առաջին խոր ձյունը, լեռնալանջերը դեռեւս շիկացած էին արեւի ճառագայթներից։ Ձյունը խորն էր, փափուկ եւ ամենեւին չէր կպչում հողից։ Դահուկավազքի պայմանները շատ վտանգավոր էին եւ հերր Լենտը բեռլինցիներին հեռագրեց, որ նրանք չգան։ Բայց նրանք արձակուրդի մեջ էին, ոչինչ չէին հասկանում դահուկային սպորտից եւ չէին վախենում ձյունափլվածքներից։ Նրանք ժամանեցին Լեխ, բայց հերր Լենտը հրաժարվեց նրանց հետ գնալ։ Նրանցից մեկը նրան վախկոտ անվանեց, եւ նրանք ասացին, թե կգնան դահուկավազքի առանց նրա։ Ի վերջո նա նրանց առաջնորդեց դեպի ամենաանվտանգ լանջը, որպիսին միայն կարողացավ գտնել։ Նա ինքը իջավ, նրա հետեւից սկսեցին իջնել գերմանացիները, եւ սարալանջի ձյունը միանգամից փլվեց, մակընթաց ալիքի նման ծածկելով նրանց։ Տասներեք հոգու հանեցին ձյան տակից, բայց նրանցից ինը մեռած էին։ Լեռնադահուկային սպորտի դպրոցը մինչ այդ էլ հաջողակ չէր, իսկ դրանից հետո մենք մնացինք նրա թերեւս միակ աշակերտները։ Մենք սկսեցինք ջանասիրաբար ուսումնասիրել փլվածքները եւ սովորեցինք ինչպես տարբերել դրանք, ինչպես խուսափել դրանցից եւ ինչպես պահել մեզ՝ փլվածքի տակ ընկնելիս։ Այն տարվա իմ գրեթե բոլոր գործերը գրել եմ ձյունափլվածքների շրջանում։

Այդ ձմռան իմ ամենասարսափելի հուշը կապված էր մի մարդու հետ, որին փորել֊հանել էին փլվածքի տակից։ Նա, ինչպես մեզ սովորեցրել էին, պպզել էր եւ ձեռքերը ծալել գլխին, որպեսզի, երբ վերեւից ձյուն է թափվում, օդային տարածություն գոյանա։ Դա մեծ փլվածք էր, եւ բոլորին փորել֊հանելու համար շատ ժամանակ էր պահանջվում, իսկ այդ մարդուն վերջինն էին գտել։ Նա նոր էր մեռել եւ վիզը այնքան էր քերծվել, որ ջլերն ու ոսկորները երեւում էին։ Նա գլուխը շարունակ շրջել էր, եւ վիզը կոշտ ձյան հետ շփվելով, քերծվել էր։ Փլվածքը, ըստ երեւույթին, նոր եկած ձյան հետ մեկտեղ քշել֊բերել էր նաեւ հին, արդեն կարծրացած ձյունը։ Մենք այդպես էլ չկարողացանք որոշել՝ դիտավորյա՞լ էր այդպես արել, թե՞ խելագարված է եղել։ Սակայն տեղի քահանան, միեւնույն է հրաժարվեց նրան թաղել սուրբ հողում, որովհետեւ հայտնի չէր՝ նա կաթոլիկ է, թե ոչ։

Երբ մենք ապրում էինք Շրունսում, հաճախ էինք երկար զբոսանքներ կատարում հովտով դեպի վեր մինչեւ պանդոկ, որտեղ գիշերում էինք Մադլեներ֊Հաուս բարձրանալուց առաջ։ Դա մի գեղեցիկ, հինավուրց պանդոկ էր, եւ նրա այն սենյակի փայտե պատերը, որտեղ մենք ուտում ու խմում էինք, երկար տարիների ընթացքում ասես թե հղկվել֊ողորկվել էին։ Այդպես էին նաեւ սեղանն ու աթոռները։ Մենք մեծ մահճակալին, փետրալից վերմակի տակ քնում էինք միմյանց սեղմված, եւ պատուհանները բաց, աստղերը այնքա՜ն մոտ ու վառ էին լինում։ Առավոտյան, նախաճաշից հետո, մենք բաժանում էինք բեռը եւ մթության մեջ սկսում վերելքը, իսկ աստղերը այնքա՜ն մոտ էին լինում ու այնքան վառ, եւ մենք դահուկները տանում էինք մեր ուսերին։ Բեռնակիրների դահուկները կարճ էին, եւ նրանք տանում էին ամենածանր բեռը։ Մենք մեր միջեւ մրցում էինք, թե ով կտանի ամենածանր բեռը, բայց ոչ ոք չէր կարողանում չափվել բեռնակիրների՝ թիկնեղ ու լռակյաց այդ գյուղացիների հետ, որոնք միայն Մոնտաֆոնի բարբառով էին խոսում, բարձրանում էին բեռնակիր ձիերի անշտապ համառությամբ, իսկ վերեւում, ձյունածածկ սառցադաշտի եզրին, որտեղ կանգնած էր Ալպիական ակումբի խրճիթը, բեռը նետում էին նրա քարե պատի մոտ, պահանջում պայմանավորվածից ավելի վճարել եւ սակարկությունը ավարտելով, իրենց կարճ դահուկներով ներքեւ սլանում, ասես առասպելական թզուկներ լինեին։

Մենք բարեկամացել էինք մի դեռատի գերմանուհու հետ, որ մեզ հետ դահուկավազքի էր գալիս։ Նա լավ լեռնադահուկորդուհի էր, միջահասակ էր, գեղեցիկ կազմվածքով եւ վերցնում էր իմի չափ ծանր ուսապարկ, բայց կարող էր այն ինձնից ավելի երկար տանել։

— Այդ բեռնակիրները մեզ այնպես են նայում, ասես հաշվում են, թե ինչպես են ներքեւ տանելու մեր դիակները,— ասաց նա,— ես դեռեւս երբեք չեմ լսել, որ նրանք մի գին նշանակեն եւ վերելքից հետո ավելցուկ չպահանջեն։

Ձմեռը Շրունսում ես մորուք էի թողել արեւից պաշտպանվելու համար, որ լեռներում ձյունի մեջ վառում էր, եւ սափրվելու նեղություն չէի կրում։ Մի անգամ ուշ երեկոյան, գերանների փոխադրման համար բացված ճռիկով ինձ հետ միասին ներքեւ իջնելով, հերր Լենտն ասաց, թե Շրունսի մոտի ճանապարհներում հանդիպած գյուղացիները ինձ անվանում են Սեւ Քրիստոս։ Իսկ ոմանք էլ, երբ «Վայնշտուբե» են գալիս, ինձ անվանում են Բալի թրմօղի խմող Սեւ Քրիստոս։ Իսկ այն գյուղացիների համար, որոնք բնակվում են Մոնտաֆոնի հեռավոր վերին ծայրում, որտեղ մենք Մադլեներ֊Հաուս բարձրանալու համար բեռնակիրներ ենք վարձում, մենք բոլորս օտարերկրյա սատանաներ էինք, որոնք լեռներն են բարձրանում, երբ մարդկանց պետք չէ այնտեղ գնալ։ Մեր օգտին չէր խոսում նաեւ այն, որ մենք վերելքը սկսում էինք նախքան արեւածագը, որպեսզի ձյունափլվածքի վայրերը անցնենք ավելի շուտ, քան արեւը դրանք կդարձներ հատկապես վտանգավոր։ Դա միայն ապացուցում էր, որ մենք խորամանկ ենք, ինչպես բոլոր օտարերկրյա սատանաները։

Ես հիշում եմ սոճու անտառի հոտը, եւ անտառահատների խրճիներում՝ հաճարենու տերեւներով լցված ներքնակները, եւ անտառում, աղվեսի կամ նապաստակի հետքերով կատարված զբոսանքները։ Հիշում եմ, բարձր լեռներում, անտառների գոտուց վեր, ես այնքան ժամանակ գնացի աղվեսի հետքով, մինչեւ նկատեցի նրան եւ տեսա, թե նա ինչպես կանգ առավ բարձրացնելով առջեւի աջ ոտքը, հետո մի պահ քարացավ ու ցատկեց։ Հիշում եմ ճերմակությունն ու թեւերի թափահարումը լեռնային կաքավի, որ աղմուկով վեր թռավ ձյան միջից ու թաքնվեց ժայռի ետեւում։

Ես հիշում եմ ձյան բոլոր տեսքերը, որ քամին է ստեղծում, եւ այն բոլոր ծուղակները, որ նրանք թաքցրած պահում են դահուկորդների համար։ Եվ ձյունահողմերն եմ հիշում, որ բարձրացան, երբ մենք Ալպիական ակումբի խրճիթում նստած ստեղծում էինք անհայտ նոր աշխարհ, այնպես որ ստիպված եղանք ճանապարհը այնքան զգուշորեն բացել, ասես մինչ այդ մենք այդտեղ երբեք չենք եղել։ Բայց մենք իրոք առաջ այդտեղ երբեք չենք եղել, որովհետեւ շուրջ բոլորը ամեն ինչ նոր տեսք էր ստացել։ Ի վերջո, գարնան մոտերքին, վրա հասավ գլխավորը՝ վայրէջքը սառցադաշտով՝ ուղիղ ու հարթ, անվերջ ուղիղ, միայն թե ոտքերդ դիմանան, եւ մենք սլանում էինք կռացած, ոտքերի կոճերը իրար միացրած, այդ անվերջ անկման մեջ, ձյունափոշու անաղմուկ վշշոցի մեջ մեզ արագության ձեռքը հանձնած։ Դա ամեն տեսակի թռիչքից լավ էր, աշխարհում ամեն ինչից լավ, իսկ անհրաժեշտ կոփվածքը մենք ստացել էինք ծանր ուսապարկերով կատարված երկարատեւ վերելքների ժամանակ։ Մենք ո՛չ կարող էինք վերելք գնել, ո՛չ էլ տոմս վերցնել մինչեւ գագաթը։ Այդ նպատակի համար մենք աշխատել էինք ամբողջ ձմեռը եւ այն, ինչ մեզ սովորեցրել է ձմեռը, հնարավոր էր դարձրել հասնելու այդ նպատակին։

Երբ լեռներում մենք մեր վերջին տարին էինք անցկացնում, մեր կյանքի մեջ արդեն խորապես մտել էին նոր մարդիկ, եւ ամեն ինչ փոխվել էր։Ձյունափլվածքների ձմեռը մանկության երջանիկ ու անմեղ ձմեռ էր հաջորդ ձմռան, ուրախության դիմակի տակ՝ մղձավանջային ձմռան եւ նրան փոխարինած սպանիչ ամռան համեմատությամբ։ Դա այն տարին էր, երբ այնտեղ հայտնվեցին հարուստները։

Հարուստները միշտ ունեն իրենց լոցման֊ձուկը, որը նրանց համար հետախուզում է ճանապարհը․ նա հաճախ վատ է լսում, հաճախ վատ է տեսնում, բայց միշտ հոտոտում֊գտնում է հարմարվողներին ու չափազանց բարեկիրթներին։ Լոցման֊ձուկը այսպես է ասում․ «Դե, չգիտեմ։ Չէ, այնքան էլ չէ։ Բայց նրանք երկուսն էլ ինձ շատ են դուր գալիս։ Նրանք ինձ շատ են դուր գալիս։ Սատանան տանի, Հեմ, նրանք ինձ, ճիշտն ասած, դուր են գալիս։ Ես գիտեմ, թե դուք ինչ եք ակնարկում, բայց նրանք, ճիշտն ասած, ինձ դուր են գալիս եւ նրա մեջ ինչ֊որ հմայիչ բան կա։ (Նա տալիս է կնոջ անունը, հաճույքով արտասանելով այն)։ Դե, Հեմ, թողեք ձեր քմահաճույքները եւ մի՛ համառեք։ Նրանք, ճիշտն ասած, ինձ դուր են գալիս։ Ազնիվ խոսք, երկուսն էլ դուր են գալիս։ Նա ձեզ դուր կգա (նա տալիս է տղամարդու քաղցր֊մեղցր մականունը), երբ դուք նրա հետ մոտիկից ծանոթանաք։ Չէ, ճիշտը, նրանք երկուսն էլ ինձ դուր են գալիս»։

Իսկ հետո հայտնվում են հարուստները, եւ ամեն ինչ անդառնալիորեն փոխվում է։ Լոցման֊ձուկը, իհարկե չքանում է։ Այդ մարդը միշտ մեկնում է որեւէ տեղ կամ որեւէ տեղից վերադառնում է եւ ոչ մի տեղ երկար չի մնում։ Նա քաղաքականության մեջ կամ թատրոնում երեւում ու անհետանում է ճիշտ այնպես, ինչպես երեւում ու անհետանում է տարբեր երկրներում եւ մարդկանց կյանքում, քանի դեռ ջահել է։ Նրան հնարավոր չէ բռնել, եւ հարուստները նրան չեն որսում։ Նրան ոչ ոք չի որսում եւ բռնվում են միայն նրանք, ովքեր վստահել են նրան, ուստի կործանվում են։ Նա ունի շանորդու անփոխարինելի կոփվածք եւ մորմոքվում է փողի նկատմամբ տածած սիրով, որը երկար ժամանակ մնում է անպատասխան։ Վերջ ի վերջո նա ինքն էլ է հարստանում եւ յուրաքանչյուր ձեռք բերած դոլլարի հետ մեկտեղ, դոլլարի լայնքով մեկ շարժվում է դեպի աջ։

Այդ հարուստները նրան սիրել են եւ վստահել, որովհետեւ նա եղել է ամոթխած, զվարճալի, անորսալի, արդեն գործել է իր ասպարեզում, ինչպես նաեւ նրա համար, որ նա եղել է անսխալ հոտառությամբ օժտված լոցման֊ձուկ։

Երբ երկու հոգի սիրում են իրար, երբ նրանք երջանիկ են եւ ուրախ ու նրանցից մեկը կամ երկուսով միասին ինչ֊որ իրոք լավ բան են ստեղծում, նրանք մարդկանց այնպես ուժեղ են առինքնում, ինչպես գիշերը վառ փարոսն է հրապուրում չվող թռչուններին։ Եթե այդ երկու հոգին նույնքան կայուն լինեն, որքան փարոսը, ապա կջարդվեն միայն թռչունները։ Նրանք, ում երջանկությունն ու հաջող աշխատանքը գրավում են մարդկանց, սովորաբար անփորձ են լինում եւ միամիտ։ Նրանք չեն կարողանում դիմակայել ճնշմանը եւ չեն կարողանում հեռանալ ժամանակին։ Միշտ չէ, որ նրանք կարող են պաշտպանվել բարի, սիրալիր, հմայիչ, ազնիվ, զգայուն հարուստներից, որոնք այնքա՜ն շուտ են սեր նվաճում, որոնք զերծ են թերություններից եւ որոնք իրենց յուրաքանչյուր օրը վերածում են ֆիեստայի[54] եւ կշտանալով հեռանում են, իրենց ետեւում թողնելով մեռյալ անապատ, ինչպիսին չեն թողել Աթիլլայի ձիերի սմբակները։

Հարուստները եկան լոցման֊ձկան առաջնորդությամբ։ Դեռեւս մեկ տարի առաջ նրանք երեւի չգային։ Այն ժամանակ նրանք վստահ չէին։ Ե՛վ աշխատանքն էր լավ գնում, ե՛ւ երջանկությունն էր շատ, նույնիսկ չափից ավելի, բայց վեպը դեռեւս գրված չէր, ուստի նրանք վստահ չէին։ Նրանք իրենց ժամանակն ու իրենց հմայքը ծախսում էին միայն ապահովաբար։ Այլ կերպ ինչպե՞ս կարելի է։ Պիկասոն ապահով խաղաթուղթ է․ եւ դա այդպես է եղել նույնիսկ նախքան նրանք կլսեին, թե ընդհանրապես գոյություն ունի գեղանկարչություն։ Նրանք վստահ էին նաեւ մի այլ նկարչի նկատմամբ։ Եվ էլի շատ ուրիշների։ Բայց այժմ արդեն նրանց մոտ վստահություն է երեւան եկել։ Լոցման֊ձուկը նրանց տեղեկացրել է, որ ճանապարհը բաց է, եւ ինքը եւս եկել է, որպեսզի մենք նրանց չդիմավորենք որպես օտարների եւ որպեսզի ես քմահաճույքներ չբանացնեմ։ Չէ որ լոցման֊ձուկը այն ժամանակ մեր բարեկամն է եղել։

Այն տարիներին ես լոցման֊ձկանը այնպես էի հավատում, ինչպես հավատում էի «Միջերկրական ծովի համար նավագնացության հրահանգների՝ Հիդրոգիտական վարչության ուղղված հրատարակությանը» կամ «Բրաունի նավագնացության ալմանախի» աղյուսակներին։ Ենթարկվելով այդ հարուստների հմայքին, ես դարձա ապուշ ու դյուրահավատ, պոյնտեր շան պես, որը պատրաստ է գնալու որսորդական հրացան կրող յուրաքանչյուր մարդու հետեւից կամ կրկեսի վարժեցված խոզի նման, որը վերջապես գտել է մեկին, ով նրան սիրում է ու գնահատում հենց հանուն նրա։ Այն, որ յուրաքանչյուր օրը անհրաժեշտ է վերածել ֆիեստայի, ինձ հրաշալի հայտնագործություն թվաց։ Ես նույնիսկ բարձրաձայն մի հատված կարդացի վեպից, որի վրա աշխատում էի, իսկ դրանից ավելի ստորանալ չի կարող եւ ոչ մի գրող, եւ նրա համար՝ որպես գրողի դա առավել վտանգավոր է, քան ոտքերը դահուկներին չամրացրած վիճակում սառցադաշտով սահելը, երբ ձմռան ձյունը դեռեւս հաստ շերտով չի փակել բոլոր ճաքվածքները։

Երբ նրանք ասում էին․ «Դա հանճարեղ բան է, Եռնեստ։ Իրոք հանճարեղ։ Դուք ուղղակի չեք հասկանում, թե դա ինչ է», ես բերկրանքով խաղացնում էի պոչս եւ սուզվում կյանքի՝ որպես անվերջ ֆիեստայի պատկերացման մեջ, հուսալով ափ հանել որեւէ գեղեցիկ փայտիկ, փոխանակ մտածեի՝ «այս շան թուլաներին վեպս դուր է գալիս․ ի՞նչն է նրա մեջ վատ»։ Ես հենց այդպես էլ կմտածեի, եթե ինձ պահեի որպես պրոֆեսիոնալ, բայց եթե ինձ պահեի որպես պրոֆեսիոնալ, ես երբեք վեպս նրանց չէի կարդա։

Բայց նախքան այդ հարուստների գալը, մեզ արդեն կպչել էին այլ հարուստներ, որոնք դիմել էին աշխարհի չափ հին մի միջոցի։ Այն կայանում է նրանում, որ երիտասարդ չամուսնացած կինը ժամանակավորապես դառնում է երիտասարդ ամուսնացած կնոջ լավագույն ընկերուհին, հյուր է գալիս մարդ ու կնոջը եւ հետո աննկատելիորեն, անմեղ ու անողոքաբար անում է ամեն ինչ, որպեսզի մարդուն ամուսնացնի իր հետ։ Երբ մարդը գրող է եւ զբաղված է դժվար գործով, այնպես որ նա գրեթե շարունակ զբաղված է եւ օրվա մեծ մասը չի կարող իր կնոջ համար լինել ո՛չ զրուցակից, ո՛չ ուղեկից, այդպիսի ընկերուհու հայտնվելը իր առավելություններն ունի, քանի դեռ չի պարզվել, թե դեպի ուր է տանում դա։ Երբ մարդը ավարտում է աշխատանքը, իր կողքին տեսնում է երկու գրավիչ կանանց։ Մեկը՝ անսովոր ու առեղծվածային, եւ եթե նրա բախտը չբանի, նա երկուսին էլ կսկսի սիրել։

Այն ժամանակ իրենց երկուսի ու իրենց երեխայի փոխարեն, նրանք դառնում են երեք։ Սկզբում դա կայտառացնում եւ ուրախացնում է, եւ այդպես շարունակվում է որոշ ժամանակ։ Ամենավատ բանը սկսվում է ամենաանմեղ բանից։ Եվ դու սկսում ես ապրել այսօրվա օրով, բավականություն ես ստանում նրանից, ինչ ունես եւ ոչ մի բանի մասին չես մտածում։ Դու կեղծում ես, եւ դա քեզ զզվանք է պատճառում, եւ դա քեզ կործանում է ու յուրաքանչյուր օր ավելի մեծ վտանգ է սպառնում, բայց դու սոսկ այսօրվա օրով ես ապրում, ինչպես պատերազմում։

Հրատարակիչների հետ կապված հարցը կարգավորելու համար ես հարկադրված էի հեռանալ Շրունսից, մեկնել Նյու֊Յորք։ Ես Նյու֊Յորքում ավարտեցի գործերս եւ երբ վերադարձա Փարիզ, պետք է նստեի Արեւելյան կայարանից Ավստրիա մեկնող առաջին իսկ գնացքը։ Բայց այն կինը, որին ես սիրահարված էի, այն ժամանակ գտնվում էր Փարիզում, եւ ես չնստեցի ո՛չ առաջին, ո՛չ երկրորդ եւ ո՛չ էլ երրորդ գնացքը։

Երբ կայարանում, գերանների կույտի մոտ գնացքը դանդաղեցրեց ընթացքը եւ ենց գծի մոտ ես կրկին տեսա կնոջս, մտածեցի, որ ավելի լավ է մեռնեմ, քան նրանից բացի սիրեմ որեւէ մեկին։ Նա ժպտում էր, եւ արեւը լուսավորել էր նրա՝ արեւից ու ձյունից վառված սիրելի դեմքն ու գեղեցիկ մարմինը եւ կարմիր ոսկի դարձրել նրա մազերը, իսկ նրա կողքին կանգնել էր միստր Բամբին՝ թմբլիկ, լուսավարս, սառնամանիքից կարմրած թշերով, Ֆորարլբերգի իսկական ծնունդ։

— Ախ, Տետի, —ասաց, երբ գրկել էի նրան,— դու վերադարձար եւ ամեն ինչ լավ է։ Ես քեզ սիրում եմ եւ առանց քեզ մենք շատ տխուր էինք։

Ես սիրում էի միայն նրան եւ ուրիշ ոչ ոքի։ Եվ քանի դեռ մենք երկուսով էինք, կյանքը կրկին հրաշք էր։ Ես լավ էի աշխատում, մենք հեռավոր զբոսանքների էինք դուրս գալիս, եւ ես մտածում էի, որ մենք կրկին անխոցելի ենք։ Եվ միայն երբ ուշ աշնանը մենք հեռացանք լեռներից ու վերադարձանք Փարիզ, այն մյուս բանը կրկին սկսվեց։

Այդպես ավարտվեց Փարիզում իմ կյանքի առաջին փուլը։ Փարիզը այլեւս երբեք այնպիսին չի դառնա, ինչպիսին էր առաջ, թեեւ նա միշտ մնում է որպես Փարիզ, եւ դու էլ փոխվել ես նրա հետ միասին։ Մենք այլեւս չգնացինք Ֆորարլբերգ, եւ հարուստներն էլ չգնացին։

Փարիզը անվախճան է, եւ յուրաքանչյուրը, ով այնտեղ ապրել է, նրան հիշում է յուրովի։ Մենք միշտ վերադառնում էինք այնտեղ, ինչ էլ դառած լինեինք եւ որքան էլ նա փոխված լիներ, որքան էլ հեշտ կամ դժվար լիներ այնտեղ ընկնելը։ Փարիզը արժե դրան, եւ դու միշտ լիուլի ստացել ես այն ամենի համար, ինչ տվել ես նրան։ Բայց Փարիզն այնպիսին էր այն հեռավոր օրերին, երբ մենք շա՜տ աղքատ էինք եւ շա՜տ երջանիկ։
  1. Տաղավար է Լուվրի մոտ գտնվող Թյուիրի այգում, որտեղ այժմ գտնվում է իմպրեսիոնիստ նկարիչների թանգարանը։
  2. Նահանգ Հյուսիս֊արեւելյան Իտալիայում։
  3. Այս արտահայտությունը տվյալ դեպքում նշանակում է «բանի պետք չէ», «չի գնա»։
  4. Մի արտահայտություն, որ տվյալ դեպքում նշանակում է «ընդունելի»։
  5. Կորած սերունդ (ֆրանս․)։
  6. «Համար 1 ջրաելակը» եւ «Տունը ջրանցքի վրա» (ֆրանս․)։
  7. «Գարնանային առվակներ»։
  8. Լրջություն (ֆրանս․)։
  9. Կորչի Վիլհելմը (ֆրանս․)։
  10. Սերով սուրճ (ֆրանս․)։
  11. Հորթի լյարդ (ֆրանս․)։
  12. Միջանցքի ծառայողը (ֆրանս․)։
  13. Եռացող յուղի մեջ ամբողջապես տապակած ձուկ։
  14. Վարգաձի, որը սակայն ֆավորիտ չէ։
  15. Մութ ձի (սպորտ․)— հաղթելու հնարավորություններ չունեցող ձի, որը, սակայն, հակառակ սպասածի, մրցանակ է շահում։
  16. Պադդոկ (անգլ․)— ձիարշավարանի տերիտորիայում գտնվող փոքրիկ արոտավայր, մարգագետին։
  17. Կրաբներ մեքսիկական ձեւով (ֆրանս․)։
  18. Անգլիական սպաների դպրոց։
  19. Մոնսի ճակատամարտը (1914 թ․ օգոգտոսի 23—25)։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ անգլիացիների եւ գերմանացիների միջեւ տեղի ունեցած առաջին ճակատամարտը, որը վերջացավ անգլիացիների պարտությամբ։
  20. Ռուլետի նման փաթաթած տավարի ֆիլե (ֆրանս․)։
  21. Վազք լիդերների ետեւից (ֆրանս․)։
  22. Լիդերներ (ֆրանս․)։
  23. Սիու — հնդկական ցեղերից մեկը։
  24. Պնեվմատիկ փոստով ուղարկված նամակ։
  25. Գերմանական հանդես է։
  26. Գարեջրատուն։
  27. Ջրախառն կոնյակ (ֆրանս․)։
  28. Մշտական կերակրատեսակը (ֆրանս․)։
  29. Մսից կամ որսամսից բակլայով ռագու, որ եփում են փոքրիկ, կլոր ամանում։
  30. Կես գավաթ սպիտակ (ֆրանս․)։
  31. Խաղատիկնիկ (ֆրանս․)։
  32. Օրինական կին (ֆրանս․)։
  33. Մշտական (ֆրանս․)
  34. Բառացիորեն՝ փայլուն միտք (ֆրանս․)
  35. Անպայման (ֆրանս․)։
  36. Գինիների գծով մետր֊դոտելը ռեստորանում (ֆրանս․)։
  37. Անգլերենում այդ անունը համահնչյուն է այն բառին, որ նշանակում է համոզված, ազնիվ մարդ։
  38. «Պարմի մենաստանը»։
  39. Դայակ (ֆրանս․)։
  40. Երիտասարդ (ֆրանս․)։
  41. Լսում եմ (ֆրանս․)։
  42. Մսյո Դաննինգը բարձրացել է կտուրը եւ կտրականապես հրաժարվում է իջնել (ֆրանս․)։
  43. Ունիվերսալ խոշոր խանութ Նյու֊Յորքում։
  44. Անգլիայում տարածված է մի սովորություն, ըստ որի մի շարք համալսարանների շրջանավարտներ, որոշ ակումբների անդամներ, նախկին զինծառայողներ եւ ուրիշներ հատուկ գույնի փողկապ են կրում, որով ճանաչում են միմյանց։
  45. Տոնավաճառ (իսպաներեն)։
  46. Արհեստ (ֆրանս․)։
  47. Մսի խանութ (ֆրանս․)։
  48. Լիմոնի հյութ (ֆրանս․)։
  49. Հանցագործություններ, խաբեություններ, սկանդալներ (ֆրանս․)։
  50. Բրեսսի բտահավ (ֆրանս․)։
  51. Վռնդիչ (ֆրանս․)—(պանդոկների դռնապան, որ դուրս է գցում հարբած, աղմկող հաճախորդներին)։
  52. Աղախին (ֆրանս․)։
  53. Աստված պահի ձեզ (գերմ․)։
  54. Ֆիեստա — տոն (իսպ․)։