Գարնան տասնյոթ ակնթարթ

Գրապահարան-ից
Գարնան տասնյոթ ակնթարթ

հեղինակ՝ Յուլիան Սեմյոնով
թարգմանիչ՝ Արմեն Հովհաննիսյան

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Հորս հիշատակին եմ նվիրում

«Ով Ով է»

Շտիրլիցը սկզբում չհավատաց ականջներին, թվաց, թե այգում սոխակն է երգում։ Օդը սառն էր, մի տեսակ կապտավուն, ու թեև չորս կողմը գարնանային, փետրվարյան, զգուշավոր երանգներ էին, ձյունը դեռևս շատ էր ու չուներ այն ներքին, թեթևակի կապտությունը, որը միշտ նախորդում է գիշերային հալոցքին։

Սոխակը երգում էր կաղնուտում, դեպի գետն իջնող թփուտների մոտ։ Հին ծառերի հզոր բները սև էին, այգուց նոր սառեցրած ձկան հոտ էր գալիս։ Դեռևս չկար անցյալ տարվա կեչու և կաղնու տերևների սուր հոտը, որ ուղեկցում է գարնանը, իսկ սոխակը դայլայլում էր հափշտակված. կլկլացնում էր, գեղգեղում՝ դյուրաբեկ ու անպաշտպան բեկբեկում այս սև, լռին այգում։

Շտիրլիցը հիշեց պապին։ Ծերուկը թռչունների հետ խոսել գիտեր։ Նստում էր ծառի տակ, երաշտահավին գրավում֊կանչում էր մոտն ու երկար նայում թռչնակին։ Ծերուկի աչքերն էլ էին թռչնային դառնում թրթռուն, սև ուլունքների պես, և ծտերն ամենևին չէին վախենում նրանից։

— Թյո՛ւն֊թյո՛ւն-թրյությությո՛ւն,— շվշվացնում էր պապը։

Ու երաշտահավերը պատասխանում էին նրան՝ վստահ և ուրախ։

Արևը մայր էր մտել, և ծառերի մութ բները շրջվել էին սպիտակ ձյան վրա մանուշակագույն, համաչափ ստվերներով,

«Կսառչի, կմնա խեղճը,— մտածեց Շտիրլիցը և փաթաթվելով շինելի մեջ, տուն վերադարձավ։— Ոչ մի կերպ օգնել էլ հնարավոր չի. միայն մի թռչուն չի հավատում մարդկանց՝ սոխակը»։

Շտիրլիցը նայեց ժամացույցին։

«Կլաուսը հիմա կգա,— մտածեց Շտիրլիցը։— Նա միշտ ճշտապահ է։ Ինքս նրան խնդրեցի կայարանից անտառով գալ, որպեսզի ոչ ոքի չհանդիպի։ Ոչի՛նչ։ Կսպասեմ։ Այստեղ այնքան գեղեցիկ է...»։

Այդ գործակալին Շտիրլիցը միշտ ընդունում էր այստեղ՝ լճափի փոքրիկ առանձնատանը, որն իր ամենահարմար գաղտնի բնակարանն էր։ Երեք ամիս շարունակ նա համոզում էր ՍՍ[1]-ի օբերգրուպպենֆյուրեր Պոլին՝ գումար հատկացնել ռմբակոծության ժամանակ զոհված «օպերայի» պարողների երեխաներից այդ առանձնատունը գնելու համար։ Երեխաները շատ էին պահանջում, և Պոլը, որ պատասխանատու էր ՍՍ-ի և ՍԴ[2]-ի տնտեսական քաղաքականության համար, կտրականապես մերժում էր Շտիրլիցին. «Դուք խելագարվել եք,— ասում էր նա,— մի ավելի համեստ բան վերցրեք։ Դա ի՜նչ շքեղության ձգտում է։ Մենք չենք կարող փողերն աջ ու ձախ քամուն տալ։ Դա անազնվություն կլիներ պատերազմի լուծը կրող ազգի նկատմամբ»։

Շտիրլիցն ստիպված էր այստեղ բերել իր շեֆին՝ անվտանգության ծառայության քաղաքական հետախուզության պետին։ ՍՍ-ի երեսունչորսամյա բրիգադենֆյուրեր Վալտեր Շելլենբերգն իսկույն հասկացավ, որ լուրջ գործակալների հետ զրույցների համար ավելի լավ տեղ գտնել հնարավոր չէ։ Փոխանձանց միջոցով գնման կայքագիրը հասաատվեց, և ոմն Բոլզեն, «Ռոբերտ Լեյի անվան քիմիական ժոդովրդական ձեռնարկության» գլխավոր ինժեներ, առանձնատնից օգտվելու իրավունք ստացավ։ Հենց նա էլ բարձր աշխատավարձով և լավ օրապարենով մի պահակ վարձեց։ Բոլզենը ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր ֆոն Շտիրլիցն էր։

... Շտիրլիցր սեղանը գցեց և ընդունիչը միացրեց։ Լոնդոնն ուրախ երաժշտություն էր հաղորդում։ Ամերիկացի Գլեն Միլլերի նվագախումբը «Արևավառ հովտի սերենադից» կոմպոզիցիա էր կատարում։ Այդ կինոնկարը դուր էր եկել Հիմմլերին, և Շվեդիայից մի օրինակ գնել էին։ Այդ ժամանակից ի վեր կինոնկարը բավական հաճախ էին դիտում Պրինցալբրեխտշտրասսեի ներքնահարկում, հատկապես գիշերային ռմբակոծությունների ժամանակ, երբ չէր կարելի հարցաքննել ձերբակալվածներին։

Շտիրլիցը զանգահարեց պահակին և երբ սա եկավ, ասաց․

— Բարեկամս, այսօր կարող եք գնալ քաղաք, երեխաների մոտ։ Վաղը վերադարձեք առավոտյան ժամը վեցին և եթե դեռ գնացած չլինեմ, շատ թունդ, որքան հնարավոր է թունդ սուրճ եփեք ինձ համար...



  1. ՍՍ ― (շուտցշտաֆելն), նացիստական կուսակցության պահնորդական ջոկատներ, ստեղծված 1925 թ․։ Հատկապես ընտրված նացիստների տեռորիստական բանդաներ, որոնք մինչև հիտլերյան ռեժիմի ավարտը կատարում էին դահճական հատուկ հանձնարարականներ ինչպես բուն Գերմանիայի ներսում, այնպես էլ ժամանակավորապես օկուպացված երկրներում։ (Այս և հետագա բոլոր ծան․ թարգմ․)։
  2. ՍԴ — (զիհերհայտդինստ), ՍՍ֊ի ոայխսֆյուրերին առընթեր անվտանգության ձառայություն և, գերմանական ֆաշիզմի լայնորեն ճյուղավորված լրտեսական֊տեռորիստական կազմակերպություն։