Ազատության ճանապարհ. մայրուղիներ եւ փակուղիներ
հեղինակ՝ Էդվարդ Աթայան |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
Քանի դեռ մենք հակված էինք ժողովրդավարության հաղթանակի եւ մեր ժողովրդի անկախության երազանքի շոշափելի դարձած հնարավորության գիտակցման երանկությամբ, թերեւս կարելի էր լռել եւ գլուխը կախ աշխատել։ Սակայն այժմ, երբ նշմարվում է այն հակամարդկային ուժերի (հուսով եմ՝ ժամանակավոր) վերահաստատման վտանգւ, որոնք աշխարհի մեկ վեցերորդը դարձրել էին մարդկային հոգիների վրա բռնանալու ասպարեզ, անհրաժեշտ եմ համարում ճշգրտել դիրքորոշումս ինչպես փաստացիորեն տեղի ունեցողի, այնպես էլ, մանավանդ, մի շարք ավելի ընդհանուր բնույթ ունեցող խնդիրների վերաբերյալ։
Անձամբ ես Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելու պահը թե՜ քաղաքացիական, թե՜ մարդկային առումով ընկալեցի որպես բանտից ազատվելու պահ. բանտ, որում ես, շատերի նման, անց էի կարել ոչ ավել, ոչ պակաս, գրեթե ողջ գիտակցական կյանքս։
Ես, բնականաբար, կգերադասեի կործանվել նոր ղեկավարության հետ միասին, քան վերստին ստիպված լինել ապրել հնի ինչ-որ նմանակի օրոք, քանի որ ինձ համար, բոլոր հնարավոր վերապահումներով, ակնհայտ է նոր իշխանության ժողովրդավարական բնույթը։ Եւ քանի դեռ այն այդպիսին է, ես պատրաստ եմ օգնելու այդ ղեկավարությանը ուժերիս ներածին չափ՝ երախտապարտ լինելով նրան թեկուզ այն պատճառով, որ խորագույն ճգնաժամի պահին, ստանձնելով մարդկային ճակատագրերի պատասխանատվությունը, ժողովրդին փրկեց քաղաքացիական պատերազմի արհավիրքից, որն անխուսափելի կլիներ հին կարգերի պահպանման դեպքում։ Նաեւ այն պատճառով, որ լավագույններից լավագույնները, զոհաբերելով ըստ էության ամեն բան, երկրի սահմաններում ստեղծեցին մեր ազգային ինքնահաստատումն ու պարզապես ժողովրդի գոյությունն ապահովող պատնեշ, բայց հատկապես այն պատճառով (եւ հոգեբանորեն դա, ըստ իս, հիմնականն է), որ ինձ, այնուամենայնիվ, վիճակվեց վերապրել մի պահ, որի հնարավորությանը գրեթե ոչ ոք (այդ թվում՝ նաեւ ես) արդեն չէր հավատում՝ ունենալ այն զգացողությունը, որ այժմ արդեն ոչ ոք չի հավակնում մտածել կամ որոշումներ կայացնել քո փոխարեն (հիշո՞ւմ եք «Ստալինը մտածում է մեր մասին» պաշտամունքային դարձած բանաձեւը, որը, ըստ էության նշանակում էր. «Ստալինը մտածում է մեր փոխարեն»)։ Մնացած բոլոր նկատառումները չնչին են թվում ազատության այդ ցնծալի իրողության կողքին։
Ես, անշուշտ, ի վիճակի չեմ (եւ ո՞վ է ի վիճակի) որեւէ պատնեշ առաջարկելու զինված ուժով «համեմված» արտաքին ճնշման դեմ, բայց կցանկանայի, որ մենք բոլորս զգոն գտնվենք սպառնացող ներքին վտանգի առջեւ։ Դա բոլոր հեղափոխություններին զուգորդող այն հայտնի իրողությունն է, երբ զոհաբերական-լուսավոր ուժերի հետ մեկտեղ գլուխ են բարձրացնում ժողովրդի հոգեբանորեն բացասական «կրկնորդը» հանդիսացող մռայլ երեսպաշտ ուժերը, որոնք իրենց համար նպաստավոր իրավիճակ ստեղծելու (մեզանում հատկապես «ի վերուստ»՝ ամենավերեւից, սատարվելու) դեպքում կարող են մագլցել ընդհուպ մինչեւ իշխանության գագաթնակետը այնպես, որ հետք անգամ չի պահպանվի այն մարդկանց սխրանքից, որոնք ժամանակին իրենց ձեռքն էին առել իշխանությունը ժողովրդի անունից եւ հանուն ժողովրդի։ Ես չեմ «կռավում», չեմ էլ կարծում, որ այդ անխուսափելի է, բայց ամեն դեպքում պետք է զգույշ լինել։ Այդ ուժերը, այդ մարդիկ երկու կարգի են՝ գիտակից (ու հիմարացնող) եւ անգիտակից (ու հիմարացվող)։ Երկրորդները սովորաբար դառնում են առաջինների զոհը, նրանց գլխավոր հարվածային ուժը« Առաջինները կարիերիստներն են, որոնք ըստ իրադրության պահանջի, կարող են ձեւանալ մե՜րթ կոմունիստներ, մե՜րթ ազգայնամոլներ, մե՜րթ որեւէ այլ բան։ Դրանք կարող են հատկապես վտանգավոր դառնալ ժողովրդավարության համար անբարենպաստ պատմական շրջադարձերին. առանձնապես մեծ խելքի տեր չլինելով (մեծ խելքը սկզբունքորեն անհամատեղելի է բարոյական թերարժեքության հետ)՝ նրանք բավականին ճկուն են եւ ճարպիկ։ Երկրորդները՝ մոլեռանդները (պապիս բնորոշմամբ «ազնիվ հիմարները»), ծայրաստիճան վտանգավոր են իբրեւ մարտնչող տգիտության դրոշակակիրներ, ինչը, թերեւս, ամենազարհուրելի բանն է աշխարհիս երեսին։ Այսպես, նրանք պահանջում են անկախություն, բայց ընդունակ չեն ազատության՝ ոպես այդպիսին ընկալելով ու պարտադրելով սեփական քմահաճությունը։ Սրանք կույրեր են, որ ոչ մի պարագայում չէին ցանկանա տեսունակ դառնալ։ Նման երեւույթ գոյություն ուներ նաեւ մեր անցյալում. խոսքս, այպես կոչված «հին բոլշեւիկների» մասին է (նկատի ունեմ ոչ թե տարիքը կամ անգամ կուսակցական պատկանելությունը, այլ որեւէ դավանանքի կուրորեն հակված լինելը)՞