Վերջին սեանսը

Գրապահարան-ից
16:55, 16 Հունվարի 2017 տարբերակ, Ժան (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Մեղադրող կողմի վկան

հեղինակ՝ Ագաթա Քրիստի
թարգմանիչ՝ Ա․ Խաչատրյան
աղբյուր՝ «XXրդ դարի արտասահմանյան արձակ» (1 հատոր)

Ռաուլ Դեբրելը անցավ Սենան՝ քթի տակ մի եղանակ դնդղալով։ Նա մոտ երեսուներկու տարեկան, թարմ, վառվռուն դեմքով, փորիկ, սև բեղերով ֆրանսիացի բարետես մի երիտասարդ էր, մասնագիտությամբ ինժեներ։ Ռաուլը ճիշտ ժամանակին հասավ Կարդոնիտ և N 17 տան մուտքի մոտ շրջվեց, ներս մտավ։ Դռնապանուհին դուրս նայեց խցիկից, դժկամությամբ բարի լույս մաղթեց, որին երիտասարդը պատասխանեց ուրախ ժպիտով և աստիճաններով բարձրացավ վերև։ Ռաուլ Դեբրելը արտասովոր թեթևություն էր զգում այդ առավոտ և մինչ դռան մոտ կանգնած սպասում էր զանգի պատասխանին, նորից քթի տակ մռմռաց այն մեղեդին։ Տարեց սպասուհին բացեց դուռը և երբ տեսավ այցելուին, դեմքին ժպիտ փայլեց։

― Բարի լույս, պարոն։

― Բարի լույս, Էլիզ։

Ռաուլն անցավ նախասրահ՝ ձեռնոցները հանելով։

― Տիկինը սպասում է ինձ, այդպես չէ՞։

― Այո, իհարկե, պարոն։

Էլիզը փակեց մուտքի դուռը և շրջվեց երիտասարդի կողմը։

― Պարոն, բարեհաճեցեք անցնել փոքրիկ ընդունարանը, տիկինը մի րոպեից կգա։

Ռաուլը հարցական նայեց նրան։

― Իրեն լավ չի՞ զգում։

― Լա՞վ, ― կրկնեց ծեր կինը, ― ինչպես կարող է լավ լինել, խե՜ղճ գառնուկ։ Սեանսներ, սեանսներ, անընդհատ սեանսներ։ Դա ճիշտ չէ, անբնական։ Դա մի տեսակ սատանայի հետ գործարքի մեջ մտնել է։

― Դե լավ, լավ, Էլիզ, ― փորձեց հանգստացնել նրան Ռաուլը, ― մի հուզվիր։ Ինչ քեզ անհասկանալի է, սատանայական է թվում։ Էլիզը կասկածամտորեն օրորեց գլուխը։

― Դե, իհարկե, պարոնը կարող է ասել, ինչ ցանկանում է, բայց այդ բոլորը ինձ դուր չի գալիս։ Նայեցեք տիկնոջը։ Նա օրեցօր գունատվում է ու հալվում․ իսկ գլխացավե՞րը․․․

Էլիզը վեր պարզեց ձեռքերը։

― Էհ, ոչ մի լավ բան չկա այս ոգու բիզնեսում։ Ոգիներ․․․ իհարկե, բոլոր բարի ոգիները դրախտում են, մյուսները՝ քավարանում։

― Էլիզ, դու անդրշիրիմյան կյանքի մասին միամիտ պատկերացումներ ունես, ― ասաց Ռաուլը, ընկղմվելով բազկաթոռի մեջ։

Ծեր կինը զգաստացավ։

― Ես մի բարեպաշտ կաթոլիկ եմ, պարոն։

Նա խաչակնքեց երեսը, մոտեցավ դռանը և ձեռքը բռնակին դնելով, մի պահ կանգ առավ։

― Հետագայում, երբ ամուսնանաք, պարոն, ― ասաց նա թախանձանքով, ― վերջ կտրվի՞ այս ամենին։

Ռաուլը սիրալիր ժպտաց։

― Դու տիրուհուդ նվիրված բարի էակ ես, Էլիզ։ Մի անհանգստանա, երբ Սիմոնան իմ կինը դառնա, այս «ոգու բիզնեսը», ինչպես դու ես անվանում, կվերջանա։

Էլիզի դեմքը ողողվեց ժպիտով։

― Իսկապե՞ս, պարոն, ― հարցրեց նա ոգևորված։

Ռաուլը լրջորեն գլխով արեց։

― Այո, ― ասաց նա, ― ավելի շատ ինքն իր, քան Էլիզի հետ խոսելով։ ― Այո, այս բոլորը պետք է վերջանա։ Սիմոնան զարմանալի շնորհք ունի, նա օգտվել է դրանից և այժմ իր դերը կատարել, վերջացրել է։ Դու ճիշտ ես նկատել, Էլիզ, Սիմոնան օրեցօր գունատվում է և նիհարում։ Մեդիումի կյանքը շատ տանջալից ու տաժանելի է, և սարսափելի նյարդային լարում է պահանջում։ Ինչևիցե, Էլիզ, քո տիրուհին ամենահրաշալի մեդիումն է Փարիզում, ավելին՝ Ֆրանսիայում։ Աշխարհի բոլոր կողմերից գալիս են նրա մոտ, որովհետև գիտեն, որ նա ընդունակ չէ նենգության ու խաբեության։

Էլիզը մի տեսակ արհամարհանքով փնչացրեց։

― Խաբեոիթյուն․․․ Իհարկե՝ ոչ։ Տիկինը չի կարող խաբել անգամ մանկանը, եթե նույնիսկ ուզենա։

― Նա հրեշտակ է, ― ասաց երիտասարդը ֆրանսիացուն հատուկ ավյունով։

― Հավատո՞ւմ ես, Էլիզ, ես ամեն ինչ կանեմ նրան երջանկացնելու համար։

Էլիզը զգաստացավ և որոշակի արժանապատվությամբ ասաց․

― Պարոն, ես ծառայել եմ տիկնոջը երկար տարիներ և սիրում եմ նրան ամբողջ հոգով։ Եթե չհավատայի, որ պաշտում եք նրան, ձեզ պատառ֊պատառ կանեի։

Ռաուլը ծիծաղեց։

― Կեցցե՜ս, Էլիզ։ Դու նվիրված բարեկամ ես։ Հիմա հավատա իմ ասածներին, տիկինը այլևս սեանսներ չի տա։

Ռաուլին թվում էր, թե ծեր կինը ուրախությամբ կընդունի իր խոսքերը, բայց, ի զարմանս նրա, Էլիզը անհանգիստ հարցրեց․

― Իսկ եթե ոգիները նրանից չհրաժարվե՞ն։

Ռաուլն ուշադիր նայում էր նրան։

― Ի՞նչ ես ուզում ասել։

― Ասում եմ, եթե ոգիները նրանից չհրաժարվե՞ն, ― կրկնեց Էլիզը։

― Էլիզ, ես կարծում էի, թե դու ոգիների գոյությանը չես հավատում։

― Չեմ հավատում, ― ասաց նա համառորեն, ― նրանց գոյությանը հավատալը հիմարություն է։ Համենայն դեպս․․․

― Հետո՞։

― Դժվար է բացատրել, պարոն։ Հասկանո՞ւմ եք, ինձ միշտ թվացել է, թե այդ մեդիումները, ինչպես նրանք են անվանում իրենց, պարզապես, խելոք սուտասաններ են, որոնք խաբում են իրենց սիրեցյալներին կորցրած խեղճ մարդկանց։ Բայց տիկինը այդպիսին չէ։ Նա բարի է։ Նա ազնիվ է և․․․

Հետո Էլիզը վախվորած ավելացրեց․

― Նման բաներ պատահում են։ Դա խաբեություն չէ, նման բաներ պատահում են, և այդ իսկ պատճառով էլ վախենում եմ։ Հավատում եմ, որ դա սխալ է, պարոն։ Դա անբնական է և․․․ մեկը պետք է պատասխան տա դրա համար։

Ռաուլը վեր կացավ աթոռից, մոտեցավ նրան և ժպտալով ասաց․

― Հանգստացիր, իմ բարի Էլիզ, ուզում եմ քեզ մի լավ նորություն հայտնել․ այսօր կլինի վերջին սեանսը, վերջինը։

― Ուրեմն այսօ՞ր էլ, ― հարցրեց ծեր կինը տարակուսանքով։

― Վերջինը, Էլիզ, վերջինը։

Էլիզը թերահավատությամբ նայեց նրան։

― Տիկինը ի վիճակի չէ․․․ ― սկսեց նա։

Սակայն խոսքը կիսատ մնաց․ դուռը բացվեց և ներս մտավ բարձրահասակ մի կին։

Նա բարեկազմ էր ու գեղեցիկ, ինչպես Բոտչելլիի մադոննան։

Ռաուլի դեմքը իսկույն պայծառացավ, իսկ Էլիզը խոհեմորեն հեռացավ։

― Սիմոնա՜։

Ռաուլը ափերի մեջ վերցրեց նրա սպիտակ ու նուրբ ձեռքերը և համբուրեց։

― Ռաո՜ւլ, սիրելի՜ս, ― ասաց երիտասարդ կինը չափազանց մեղմ ձայնով։

Ռաուլը նորից համբուրեց նրա ձեռքերը և ուշադիր նայեց դեմքին։

― Սիմոնա, որքան գունատ ես, սիրելիս։ Հիվանդ հո չե՞ս։

― Ո՛չ, ո՛չ, ― պատասխանեց երիտասարդ կինը անվճռական։

Ռաուլը նրան տարավ բազմոցի մոտ․ նստեցին կողք֊կողքի։

― Դե, ասա ինձ․․․

Մեդիումը թույլ ժպտաց։

― Դո՜ւ ինձ անմիտ կհամարես․․․

― Ե՞ս․․․ երբե՛ք։

Սիմոնան ետ քաշեց ձեռքը և մի քանի վայրկյան մնաց կատարյալ անշարժության մեջ՝ հայացքը հատակի գորգին։ Այնուհետև խոսեց ցածրաձայն ու շտապելով։

― Ես վախենում եմ, Ռաուլ։

Երիտասարդը սպասեց, որ Սիմոնան շարունակի, բայց կինը լուռ էր։

― Ինչի՞ց ես վախենում։

― Պարզապես վախենում եմ․․․ և վերջ։

― Սակայն․․․ ― Ռաուլը հարցականորեն նայեց նրան։

Սիմոնան պատասխանեց անմիջապես։

― Իհարկե, դա անիմաստ է, բայց ես ոչինչ չեմ կարող անել։ Վախենում եմ։ Չգիտեմ ինչու․ գլխումս միշտ այն միտքն է, թե ինձ մի սարսափելի բան է պատահելու։

Նա հայացքը հառել էր ինչ֊որ կետի։ Ռաուլը քնքշանքով գրկեց նրա իրանը և ասաց․

― Սիմոնա, մի հուսահատվիր, սիրելիս։ Ես զգում եմ, թե ինչ սոսկալի է մեդիումի ապրած լարվածությունը։ Քեզ միայն հանգիստ է պետք։

Նա երախտագիտությամբ նայեց Ռաուլին։

― Այո, Ռաուլ, դու իրավացի ես, ինձ միայն հանգիստ է պետք։ ― Նա փակեց աչքերն ու թեթևակի հենվեց Ռաուլի բազկին։

― Եվ երջանկություն, ― շշնջաց Ռաուլը նրա ականջին։

Ռաուլն ավելի ամուր սեղմեց նրան։ Սիմոնան աչքերը բացելով խոր շունչ քաշեց։

― Այո, ― շշնջաց նա, ― երբ քո գրկում եմ, ինձ ապահով եմ զգում։ Մոռանում եմ իմ կյանքը, մեդիումի իմ սարսափելի կյանքը։ Դու շատ բան գիտես այդ մասին, Ռաուլ, բայց նույնիսկ դու չես կարող պատկերացնել, թե ինչ է նշանակում այդ ամենը։

Ռաուլը զգաց, թե ինչպես նրա մարմինը պրկվեց իր գրկում։

Սիմոնան անթարթ հայացքը նորից հառեց ինչ֊որ կետի։

― Նստում, սպասումով առանձնանում ես մթության մեջ․․․ և այդ մթությունը սարսափելի է, Ռաուլ։ Դա դատարկության, անէության մթություն է, որ աստիճանաբար կլանում է մարդու։ Դրանից հետո ոչինչ չես գիտակցում, ոչինչ չես զգում, մինչև որ տեղի է ունենում տանջալից վերադարձը․․․ որից հետո սարսափելի հոգնածություն ես զգում։

― Գիտեմ, գիտեմ, ― ասաց Ռաուլը։

― Սարսափելի հոգնածություն, ― կրկնեց Սիմոնան և թվաց, թե նրա ողջ մարմինը թոշնեց։

― Այնուամենայնիվ, դու սքանչելի ես, Սիմոնա։

Նա Սիմոնայի ձեռքերն առավ իր ձեռքերի մեջ, աշխատելով նրան ազատել ծանր մտքերից և մասնակից դարձնել սեփական խանդավառությանը։

― Դու անզուգական ես, ամենամեծ մեդիումը, որ երբևիցե այս աշխարհը ճանաչել է։

Սիմոնան մեղմ ժպտալով օրորեց գլուխը։

― Այո՛, այո՛, ― կրկնեց Ռաուլը համառորեն։

Նա երկու նամակ հանեց գրպանից։

― Նայիր, սա պրոֆեսոր Ռուխից է, Սալպետրիերից, իսկ սա՝ դոկտոր Ջենիից, Նանսիից։ Երկուսն էլ խնդրում են, որ դու երբեմն֊երբեմն սեանսներ տաս նրանց համար։

― Օ՜, ոչ, ― բացականչեց Սիմոնան և ոտքի ելավ, ― երբե՛ք։ Այս բոլորին պետք է վերջ տալ։ Դու խոստացել ես ինձ, Ռաուլ։

Ռաուլը հիացմունքով նայում էր նրան։ Սիմոնան վանդակն ընկած թռչունի նման դողում էր։

― Այո, այո, ― ասաց Ռաուլը, ― հասկանալի է, որ այս բոլորը վերջացել է։ Բայց ես հպարտանում եմ քեզանով, Սիմոնա, այդ պատճառով էլ ցույց տվեցի նամակները։

Սիմոնան մի կասկածկոտ հայացք գցեց նրա վրա։

― Եվ դու երբեք չե՞ս ցանկանա, որ ես սեանսների նստեմ։

― Ոչ, ― ասաց Ռաուլը, ― մինչև ինքդ չցանկանաս, պարզապես մեր հին բարեկամների սիրուն․․․

Սիմոնան հուզված ընդհատեց նրան․

― Ոչ, երբեք։ Վտանգավոր է։ Ես զգում եմ այդ մեծ վտանգը։

Մի պահ նա ձեռքերը սեղմեց ճակատին, հետո մոտեցավ լուսամուտին․․․

― Խոստացիր, որ դա այլևս չի կրկնվի, ― ասաց նա շատ խաղաղ ձայնով։

Ռաուլը մոտեցավ, գրկեց նրա ուսերը։

― Սիրելիս, ― ասաց նա քնքշորեն, ― խոստանում եմ, որ այսօրվանից բացի դու երբեք սեանսի չես նստի։

Նա զգաց, թե ինչպես Սիմոնան ցնցվեց․

― Այսօ՞ր․․․ Ա՜հ, ես մոռացել էի տիկին Էքսին։

Ռաուլը նայեց ժամացույցին։

― Ուր որ է կերևա։ Բայց գուցե, Սիմոնա․․․ Եթե լավ չես զգում․․․

Թվում էր, թե Սիմոնան չէր լսում նրան, ընկել էր մտքերի ետևից։

― Նա տարօրինակ կին է, Ռաուլ, շատ տարօրինակ կին։ Գիտես, ես գրեթե սարսափում եմ նրանից։

― Սիմոնա․․․

Ռաուլի ձայնի մեջ հանդիմանություն կար, որ Սիմոնան շատ լավ հասկացավ։


― Ես գիտեմ Ռաուլ, դու նման ես բոլոր ֆրանսիացի տղամարդկանց։ Ձեզ համար մայրը սրբություն է։ Սակայն ես չեմ կարող բացատրել, թե ինչու այդ խոշոր, սևազգեստ կինը իմ մեջ սարսափի զգացում է արթնացնում։ Դու երբևիցե նկատե՞լ ես նրա ձեռքերը, Ռաուլ։ Դրանք այնքան մեծ, խոշոր ու ամուր են, կարծես տղամարդու ձեռքեր լինեն։

― Ես իսկապես չեմ հասկանում քեզ, Սիմոնա։ Դու, որպես կին, պետք է որ ցավակցես մի կնոջ, որը զրկվել է միակ զավակից։

Սիմոնան անհանգիստ շարժում արեց։

― Այդ բանը դու չես հասկանում, բարեկամս։ Նման դեպքերում մարդ ոչինչ անել չի կարող։ Առաջին անգամ, երբ տեսա նրան, զգացի․․․ ― Նա ձեռքով մի տենդագին շարժում արեց։ ― Սարսափ․․․ մի՞թե չես հիշում, թե որքան ժամանակ ես չէի համաձայնվում նրան սեանսներ տալ։ Մի տեսակ համոզված էի, որ նա դժբախտություն է բերելու ինձ։

Ռաուլը թոթվեց ուսերը։

― Այնուամենայնիվ, իրականում ճիշտ հակառակը կատարվեց, ― ասաց նա չորությամբ։ ― Բոլոր սեանսները հաջողությամբ պսակվեցին։ Փոքրիկ Ամելիի ոգին անմիջապես կարողանում էր ղեկավարել քեզ, և իրականում նյութականացումները միշտ էլ ցնցող են եղել։ Պրոֆեսոր Ռուխը պետք է որ ներկա լիներ վերջին սենասի ժամանակ։

― Նյութականացում, ― ասաց Սիմոնան ցածր ձայնով։ ― Ասա ինձ, Ռաուլ, դու չգիտես, որ տրանսի մեջ եղած ժամանակ ես ոչինչ չեմ գիտակցում։ Մի՞թե նյութականացումներն այդքան հաջող են լինում։

Ռաուլը խանդավառությամբ հավանության նշան արեց։

― Առաջին մի քանի սեանսների ժամանակ երեխայի մարմինը տեսանելի դարձավ մի տեսակ ամպամած մառախուղի նման, ― բացատրեց նա, ― բայց վերջին սեանսի ժամանակ․․․

― Ճի՞շտ․․․

Ռաուլը խոսում էր մեղմ ձայնով։

― Սիմոնա, այնտեղ կանգնած երեխան իրավ միս ու արյունից կազմված կենդանի էակ էր։ Ես նույնիսկ շոշափեցի նրան, սակայն տեսնելով, որ երեխային դիպչելը սաստիկ ցավ է պատճառում քեզ, թույլ չտվեցի տիկին Էքսին նույնը անելու։ Ես վախենում էի, որ նա դուրս կգար ինքնատիրապետումից և կվնասեր քեզ։

Սիմոնան նորից շուռ եկավ դեպի պատուհանը։

― Ես սարսափելի հոգնած էի, երբ արթնացա, ― շշնջաց նա, ― Ռաուլ, դու հավատո՞ւմ ես, դու իսկապե՞ս հավատում ես, որ այս ամենը ճիշտ է։ Գիտե՞ս, թե ինչ է մտածում Էլիզը․ կարծում է, թե ես սատանայի հետ գործարքի մեջ եմ մտել։

Նա անվստահորեն ծիծաղեց։

― Գիտե՞ս ես ինչի եմ հավատում, ― ասաց Ռաուլը լրջորեն, ― անհայտին ձեռք մեկնելիս միշտ վտանգը պետք է նախատեսել։ Աշխարհում շատ են եղել գիտության նահատակներ, ռահվիրաներ, որոնք թանկ են վճարել, բայց ուրիշների համար ճանապարհ են հարթել իրենց հետքերով անվրեպ շարժվելու։ Արդեն տասը տարի է, ինչ դու աշխատում ես գիտության համար, որը քեզ սարսափելի նյարդային լարվածություն է պատճառել։ Այսօրվանից ազատ ես երջանիկ լինելու։

Սիմոնան սիրալիր ժպտաց։ Նրա հանգստությունը վերականգնվեց։ Այնուհետև նա մի արագ հայացք գցեց պատի ժամացույցին։

― Տիկին Էքսը ուշանում է, ― շշնջաց նա, ― գուցե չգա՞։

― Ինձ թվում է, որ կգա, ― ասաց Ռաուլը։ ― Քո ժամացույցը մի փոքր առաջ է։

Սիմոնան անհանգիստ քայլում էր սենյակում։

― Ես չեմ հասկանում, թե ով է այդ տիկին Էքսը, ― որտեղի՞ց է, ովքեր են նրա ծնողները։ Տարօրինակ է, որ ոչինչ չգիտենք նրա մասին։

Ռաուլը ցնցեց ուսերը։

Մարդկանց մեծ մասը հնարավորին չափ ծպտյալ է մնում, երբ գալիս է մեդիումի մոտ, ― ասաց նա, ― դա տարրական նախազգուշություն է։

― Ես էլ եմ այդպես կարծում, ― համաձայնվեց Սիմոնան անտարբերությամբ։ Նրա ձեռքին գտնվող չինական փոքրիկ ծաղկամանը սահեց մատների արանքից և փշուր֊փշուր եղավ վառարանի կղմինդրի վրա։ Նա արագ շուռ եկավ Ռաուլի կողմը։ ― Ես գլուխս կորցրել եմ, ― մրմնջաց նա։ ― Ռաուլ, դու ինձ շատ վախկոտ չե՞ս համարի, եթե տիկին Էքսին ասեմ, որ այսօր սեանս տալ չեմ կարող։

Ռաուլի գորովալից նախատինքով լի հայացքը նորից ստիպեց նրան լռել։

― Ես փողի մասին չեմ մտածում, Սիմոնա, չնայած պետք է հասկանաս, որ վերջին սեանսի համար նրա առաջարկած փողը հսկայական գումար է։

― Կան բաներ, որ ավելի արժեք ունեն, քան փողը, ― ասաց Սիմոնան արհամարհանքով։

― Իհարկե, հենց այդ մասին է, որ խոսում եմ։ Նկատի ունեցիր այդ կինը մայր է, իր միակ զավակին կորցրած մայր։ Եթե դու հիվանդ չես, այլ դա պարզապես քմահաճույք է քո կողմից, կարող ես մերժել մի հարուստ կնոջ, բայց ոչ իր միակ զավակին կորցրած մորը։

Մեդիումը հուսահատորեն տարածեց ձեռքերը։

― Օհ, Ռաուլ, դու տանջում ես ինձ, ― մրմնջաց նա։ ― Գուցե դու իրավացի ես։ Ես կանեմ այնպես, ինչպես ցանկանում ես, բայց հիմա նոր եմ հասկանում, թե ինչից եմ վախենում․․․ «մայր» բառից։

― Սիմոնա՜․․․

― Հնուց ի վեր գոյություն են ունեցել տարրական բռնություններ, Ռաուլ։ Բայց նրանց մեծ մասը քաղաքակրթությունը վերացրել է, սակայն մայրությունը կա այնպես, ինչպես եղել է ի սկզբանե։ Կենդանիները, մարդկային էակները, բոլորն էլ միևնույնն են։ Երեխայի հանդեպ տածած մոր սերը նմանը չունի աշխարհում։ Այն ոչ օրենք գիտի, ոչ գութ։ Մարտահրավեր է նետում ամեն ինչի և անգթորեն ոչնչացնում իր ճանապարհին հանդիպած բոլոր խոչընդոտները։

Նա լռեց՝ մի փոքր հևալով, հետո շուռ եկավ դեպի Ռաուլը՝ զինաթափ անող ժպիտը դեմքին։

― Այսօր ես հիմարություններ եմ անում, Ռաուլ, հասկանում եմ։

Ռաուլը նրա ձեռքերն առավ իր ափերի մեջ։

― Մինչև տիկին Էքսի գալը պառկիր, մի փոքր հանգստացիր։

― Շատ լավ, ― ժպտաց Սիմոնան և դուրս եկավ սենյակից։

Ռաուլը մի քանի րոպե թաղվեց մտքերի մեջ, հետո մոտեցավ դահլիճի դռանը, բացեց և անցավ կողքի սենյակներից մեկը։ Սենյակի ծայրում մի խորշ կար, որտեղ մեծ բազկաթոռ էր դրված։ Ծանր թավշյա սև վարագույրները ծածկում էին խորշը։ Էլիզը կարգի էր բերում սենյակը։ Խորշին շատ մոտիկ նա դրել էր երկու բազկաթոռ և մի փոքրիկ կլոր սեղան։ Սեղանի վրա դրված էր դափ, եղջերափող, մի քանի թուղթ և մատիտներ։

― Վերջին անգամ, ― փնթփնթաց Էլիզը չարագուշակ բավականությամբ։

― Ահ, պարոն, ես կցանկանայի, որ դա վերջինը լիներ։

Հնչեց էլեկտրական զանգի սուր ձայնը։

― Ահա և նա․ այդ կին ժանդարմը, ― շարունակեց սպասուհին։ ― Ինչո՞ւ եկեղեցի չի գնում իր երեխայի հոգու համար աղոթելու, սուրբ տիրամոր նկարի առաջ մոմ վառելու։

― Զանգի ձայնը չե՞ս լսում, ― ասաց Ռաուլը տիրականորեն։

Ծեր կինը հայացքով չափեց նրան, բայց ենթարկվեց։ Երկու րոպե անց նա վերադարձավ, ուղեկցելով այցելուին։

― Տիկին, հիմա տիրուհուս կհայտնեմ, որ այստեղ եք։

Ռաուլը առաջացավ սեղմելու տիկին Էքսի ձեռքը։ Նա հիշեց Սիմոնայի խոսքերը՝ «խոշոր և սևազգեստ»։ Տիկին Էքսը հաղթանդամ կին էր, և ֆրանսիական խիստ սև սգո զգեստը ավելի էր շեշտում նրա մարմնեղությունը։ Նա ցածր ձայնով ասաց․

― Մի քիչ ուշացա։

― Միայն մի քանի րոպե, ― ասաց Ռաուլը ժպտալով, հետո ավելացրեց․

― Տիկին Սիմոնան հանգստանում է։ Կներեք․ նա իրեն այնքան էլ լավ չի զգում, շատ է հոգնել։

― Նստելո՞ւ է սեանսի, ― հարցրեց Էքսը խստորեն և ամուր սեղմեց Ռաուլի ձեռքը։

― Իհարկե, տիկին։

Տիկին Էքսը թեթևացած շունչ քաշեց և փլվեց բազկաթոռի մեջ, թուլացնելով մարմնի շուրջ ծփացող շղարշներից մեկը։

― Օ՜, պարոն, չեք կարող պատկերացնել, թե ինչ ուրախություն են պատճառում ինձ սեանսները։ Փոքրիկս, Ամելին․․․ Տեսնել, ձեռքով դիպչել նրան․․․

Ռաուլը արագ ու վճռականորեն ասաց․

― Տիկին․․․ Ինչպես բացատրեմ ձեզ։ Բոլոր դեպքերում դուք միմիայն հետևելու եք իմ ցուցումներին, այլապես շատ լուրջ վտանգ է սպառնում։

― Վտա՞նգ, ի՞նձ․․․

― Ոչ, տիկին։ Պետք է հասկանաք, որ մեդիումի հետ կատարվող անսովոր երևույթներին գիտությունը որոշակի մեկնաբանություն է տալիս։ Ես կաշխատեմ բացատրել դա առանց տեխնիկական արտահայտություններ օգտագործելու։ Մահացածի հոգին հայտնվում է՝ օգտվելով մեդիումի ֆիզիկական մարմնից։ Տեսե՞լ եք այն ծխանման հեղուկը, որ դուրս է գալիս մեդիումի շուրթերից։ Այդ հեղուկը խտանում է և ստանում մահացածի մարմնի ձևը։ Մարդիկ հավատում են, որ այդ էքստոպլազման մեդիումի իրական մարմինն է և կարծում են, որ գիտական մանրազնին ուսումնասիրություններից հետո հնարավոր կլինի դա ապացուցել։ Եթե որևէ մեկը կոպտորեն դիպչի նյութականացված երևույթին, անմիջական արդյունքը կլինի մեդիումի մահը։

Տիկին Էքսը ուշադիր լսում էր։

― Շատ հետաքրքիր է, պարոն, ասացեք, կգա՞ մի ժամանակ, երբ նյութականացումն այնպիսի աստիճանի հասնի, որ հնարավոր լինի անջատել նրան ծնող մեդիումից։

― Դա երևակայական միտք է, տիկին։

― Սակայն, փաստորեն, ոչ անհնարին։

― Առայժմ բոլորովին անհնարին։

― Գուցե ապագայո՞ւմ․․․

Այդ պահին ներս մտավ Սիմոնան՝ Ռաուլին ազատելով պատասխանելու անհրաժեշտությունից։ Չնայած նա իրեն նկատելիորեն ավելի լավ էր տիրապետում, բայց դեռ գունատ էր ու թույլ, և երբ մոտեցավ ու սեղմեց տիկին Էքսի ձեռքը, Ռաուլը նկատեց, թե ինչպես ցնցվեց նրա մարմինը։

― Ցավում եմ, տիկին, որ անտրամադիր եք, ― ասաց նա։

― Ոչինչ, ― պատասխանեց նրան Սիմոնան բավականին կոպիտ, ― սկսենք։ Հետո գնաց դեպի խորշը և նստեց բազկաթոռին։

Ռաուլը հանկարծակի սարսռաց․

― Դու այնքան էլ առողջ չես, ― բացականչեց նա, ― ավելի լավ կլինի սեանսը հետաձգեք․․․ Տիկին Էքսը կհասկանա։

― Պարոն․․․

Տիկին Էքսը զայրացած ոտքի ելավ։

― Այո, ինձ թվում է, ավելի լավ կլինի սեանսը հետաձգենք։

― Դուք խոստացել եք, ― դիմեց նա Սիմոնային։

― Այո, և պատրաստ եմ կատարել իմ խոստումը, ― ասաց Սիմոնան հանգստությամբ։

― Ես էլ եմ այդպես կարծում, ― ասաց Էքսը։

― Ես խոստումս չեմ դրժում, ― ավելացրեց Սիմոնան սառնորեն։ ― Մի վախենա, Ռաուլ, վերջապես վերջին անգամ է, փա՜ռք աստծո, վերջին անգամ։

Նրա արած նշանով Ռաուլը քաշեց խորշի և պատուհանի վարագույրները։ Սենյակը թաղվեց կիսամութի մեջ։ Ռաուլը աթոռներից մեկը առաջարկեց տիկին Էքսին և պատրաստվեց վերցնել մյուսը։ Սակայն տիկին Էքսը տատանվեց։

― Կներեք, պարոն, ես հավատում եմ ձեր և տիկին Սիմոնայի ազնվությանը, բայց որպեսզի իմ վկայությունը ավելի արժեքավոր լինի, ինձ թույլ տվեցի սա հետս բերել։

Նա պայուսակից մի երկար պարան հանեց։

― Տիկին, ― բղավեց Ռաուլը, ― դա վիրավորական է։

― Նախազգուշություն։

― Ես կրկնում եմ, վիրավորական է։

― Ես չեմ հասկանում ձեր առարկությունը, պարոն, ― ասաց տիկին Էքսը սառնորեն։ ― Եթե այստեղ խաբեություն չկա, ուրեմն, վախենալու ոչինչ չունեք։

― Կարող եք վստահ լինել, տիկին, ես վախենալու ոչինչ չունեմ։ Կապեք ձեռքերս ու ոտքերս, եթե ցանկանում եք, ― ծիծաղեց Ռաուլը անփութորեն։

Նրա խոսքը սպասված տպավորությունը չթողեց։

― Շնորհակալություն, պարոն, ― ասաց տիկին Էքսը և պարանը ձեռքին մոտեցավ նրան։ Հանկարծ Սիմոնան վարագույրի ետևից բղավեց․

Ո՛չ, ո՛չ, Ռաուլ, թույլ մի՜ տուր։

― Վախենո՞ւմ եք, ― հարցրեց տիկին Էքսը հեգնանքով։

― Այո, վախենում եմ։

― Մտածիր, թե ինչ ես ասում, Սիմոնա, ― բղավեց Ռաուլը, ― հավանաբար տիկին Էքսը մեզ շառլատան է համարում։

― Ես պետք է համոզվեմ, ― ասաց տիկին Էքսը չարակամորեն։

Նա Ռաուլին խնամքով կապեց աթոռին։

― Շնորհավորում եմ ձեզ, տիկին, դուք լավ հանգուցել գիտեք, ― նկատեց Ռաուլը հեգնանքով, երբ սա վերջացրեց իր աշխատանքը։ ― Այժմ բավարարվա՞ծ եք։

Տիկին Էքսը չպատասխանեց։ Նա քայլում էր սենյակում՝ ուշադրությամբ զննելով պատերի կառուցվածքը։ Այնուհետև փակեց դահլիճ տանող դուռը և հանելով բանալին, վերադարձավ իր տեղը։

― Այժմ, ― ասաց նա աննկարագրելի ձայնով, ― ես պատրաստ եմ։

Վայրկյաններ անցան։ Վարագույրի ետևից Սիմոնայի ձայնը դարձավ ավելի ծանր և խռպոտ։ Հետո հաջորդեցին հևոցներ, որոնք վերջնականապես մարելով՝ լռեցին։ Տիրեց չարագուշակ լռություն։ Հանկարծ լսվեցին դափի հնչյուններ։ Ինչ֊որ մեկը սեղանի վրայից վերցրեց եղջերափողը և նետեց հատակին։ Հնչեց հեգնական ծիծաղ խորշի վարագույրները մի փոքր բացվեցին։ Բացվածքից երևաց մեդիումի ֆիգուրան՝ գլուխը հակած կրծքին։ Տիկին Էքսի շնչառությունը արագացավ։ Ժապավենանման շոգու հոսքը դուրս էր գալիս մեդիումի բերանից։ Այն խտացավ և աստիճանաբար սկսեց ձև ստանալ, մի փոքրիկ երեխայի ձև։

― Ամելի՛, իմ փոքրիկ Ամելի, ― խեղդվող ձայնով շշմջաց տիկին Էքսը։

Մշուշանման մարմինն ավելի էր խտանում։ Ռաուլը անթարթ նայում էր, գրեթե աչքերին չհավատալով։

Երբեք այդքան հաջող նյութականացում չէր եղել։ Այժմ նրա դիմաց կանգնած էր մսից ու արյունից կազմված երեխա։

― Մայրի՜կ, ― լսվեց մանկական մի մեղմ ձայն։

― Փոքրի՜կս, ― բղավեց տիկին Էքսը։ Նա կիսով չափ բարձրացավ տեղից։

― Զգուշացեք, տիկին, ― բղավեց Ռաուլը նախազգուշացնող տոնով։ Նյութականացումը տեղի էր ունենում վարագույրների միջից։ Այնտեղ կանգնած էր մի փոքրիկ աղջիկ՝ ձեռքերը առաջ պարզած։

― Մայրի՜կ․․․

― Օ՜հ, ― ճչաց տիկին Էքսը։ Նա կիսով չափ նորից բարձրացավ տեղից։

― Տիկի՛ն, ― բղավեց Ռաուլը տագնապով, ― մեդիումը․․․

― Ես պետք է նրան ձեռք տամ, ― ասաց տիկին Էքսը խռպոտ։ Նա մի քայլ արեց դեպի վարագույրը։

― Ի սե՜ր աստծո, տիկին, զսպեք ձեզ, ― բղավեց Ռաուլը։

Այժմ նա իսկական տագնապի մեջ էր։

― Նստե՛ք․․․ Անմիջապե՛ս․․․

― Փոքրի՛կս․․․ ես պետք է ձեռք տամ նրան։

― Տիկին, ես հրամայում եմ ձեզ նստել։

Նա հուսահատորեն գալարվում էր իր կապանքների մեջ, սակայն տիկին Էքսը գործը լավ էր տեսել։ Ռաուլը անօգնական էր։ Մի սարսափելի, սպառնացող աղետի զգացողություն տիրապետեց նրան։

― Ի սեր աստծո, տիկին, նստեք, ― բղավեց նա, ― հիշեք մեդիումին։

Տիկին Էքսը նրա վրա ուշադրություն չդարձրեց։ Նա նման էր այլափոխված կնոջ։ Էքստազը և հաճույքը հստակորեն փայլում էին նրա դեմքին։

Նա իր առաջ պարզած ձեռքով դիպավ վարագույրների միջև կանգնած փոքրիկ կերպարանքին։ Լսվեց մեդիումի սարսափելի տնքոցը։

― Ասրվա՜ծ իմ, ― բղավեց Ռաուլը, ― աստվա՜ծ իմ։ Սարսափելի է, մեդիումը։

Տիկին Էքսը շրջվեց նրա կողմը և բիրտ ծիծաղեց։

― Ինձ ի՞նչ ձեր մեդիումը, ― բղավեց նա, ― ես իմ երեխային եմ ուզում։

― Խելագարվե՞լ եք, ինչ է։

― Երեխաս, ասում եմ, իմը, իմ միսն ու արյունը․․․ իմ փոքրիկը վերադարձավ ինձ մոտ։ Նա կենդանի է, նա շնչում է։

Ռաուլը շարժեց շրթունքները, բայց ոչ մի բառ չկարողացավ արտասանել։ Սարսափելի էր այդ կինը՝ անգութ, վայրի, սեփական կրքերով տարված։ Երեխայի շրթունքները շարժվեցին, և երրորդ անգամ կիսամութում լսվեց․

― Մայրի՜կ։

― Արի՛, փոքրի՛կս, ― բղավեց Էքսը։

Մի վճռական շարժումով նա երեխային առավ բազուկների մեջ։

Վարագույրների ետևից լսվեց մի տևական ճիչ։

― Սիմո՜նա, ― բղավեց Ռաուլը, ― Սիմո՜նա․․․

Նա աղոտ կերպով գիտակցեց, թե ինչպես տիկին Էքսը թափով անցավ իր մոտով, ինչպես բացեց դուռը և ինչպես հեռացող ոտնաձայները մարեցին աստիճանների վրա։ Վարագույրների ետևից դեռ լսվում էր սարսափելի, բարձր տևական ճիչը, մի այնպիսի ճիչ, որի նմանը Ռաուլը երբեք չէր լսել։ Ճիչն ավարտվեց սարսափելի հեկեկոցով, ապա լսվեց, թե ինչպես է մարմինը մահանում․․․

Ռաուլը խելագարի նման աշխատում էր ազատվել իր կապանքներից։ Կատաղության մոլուցքի մեջ նա կատարեց անհնարինը․ ամբողջ ուժերը լարելով, կտրեց պարանը։

Երբ նա աշխատում էր ոտքի ելնել, Էլիզը ներս խուժեց։

― Տիկին․․․

― Սիմո՜նա, ― բղավեց Ռաուլը։

Նրանք միասին առաջ նետվեցին և բացեցին վարագույրը։ Ռաուլը ետ ընկրկեց։

― Աստվա՜ծ իմ, ― մրմնջաց նա։

Նրա կողքին լսվեց Էլիզի սոսկալի կերկերուն ձայնը։

― Տիկինը մահացավ։ Ամեն ինչ վերջացավ։ Բայց ասացեք, պարոն, ի՞նչ պատահեց։ Ինչո՞ւ է տիկինը ամբողջովին կծկվել, փոքրացել։ Ինչո՞ւ է նա սովորականից փոքր։ Ի՞նչ է տեղի ունենում այստեղ։

― Չգիտեմ, ― ասաց Ռաուլը։ Նրա ձայնը ճիչի էր նման։

― Չգիտեմ, չգիտեմ։ Ինձ թվում է, թե խելագարվում եմ․․․ Սիմո՜նա․․․ Սիմո՜նա․․․