Վերջին թարմացում 21 Հուլիսի 2017, 21:58
1984

հեղինակ՝ Ջորջ Օրուել
թարգմանիչ՝ Աստղիկ Աթաբեկյան
աղբյուր՝ «1984»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Մաս I

I

Սառը, վճիտ ապրիլյան օր էր, ու ժամացույցը խփում էր տասներեքը։ Չար քամուց թաքնվելու համար կզակը սեղմելով կրծքին՝ Ուինսթըն Սմիթն արագ ներս խցկվեց «Հաղթանակ» բնակելի տան ապակե շքադռնից՝ իր ետևից ներս թողնելով հատիկավոր փոշու մի ամբողջ փոթորիկ։

Նախասրահում խաշած կաղամբի ու հնամաշ ուղեալաթերի հոտ էր գալիս։ Շքադռանը դեմ հանդիման պատին կախված էր մի գունավոր ցուցապաստառ, որ շա՜տ մեծ էր այդ շինության համար։


Մաս II

Մաս III

I

Նա չգիտեր որտեղ է։ Ենթադրում էր, որ՝ Սիրո նախարարությունում, բայց հնարավոր չէր վստահ ասել։ Բարձր առաստաղով, անպատուհան, փայլող, սպիտակ ճենապակուց պատերով խցում էր։ Քողարկված լամպերն այն ողողում էին պաղ լույսով, լսվում էր ցածր, անդադար բզզոց, որը, Ուինսթընի կարծիքով, ինչ-որ կապ ուներ օդափոխության հետ։ Պատի ողջ երկայնքով նստարան թե պահարան էր, այնքան լայն, որ հնարավոր էր նստել, այն ընդհատվում էր միայն դռնով, իսկ հեռավոր ծայրում՝ դռան դիմաց, զուգարանակոնք էր՝ առանց փայտե նստելատեղի։ Չորս հեռէկրան կար, յուրաքանչյուր պատին՝ մեկական։

Ստամոքսում բութ ցավ էր զգում։ Դա սկսվել էր այն օրից, երբ նրան խցկել էին փակ վագոն ու տարել։ Բայց նաև քաղցած էր. կրծող, անառողջ քաղց էր։ Վերջին անգամ կերել էր երևի քսանչորս, գուցե երեսունվեց ժամ առաջ։ Դեռ չգիտեր ու երևի երբեք էլ չիմանար՝ առավոտ էր, թե երեկո, երբ իրեն ձերբակալեցին։ Ձերբակալվելուց ի վեր ոչինչ չէր կերել։

Հնարավորինս անշարժ նստել էր նեղ նստարանին՝ ձեռքերը ծնկներին խաչած։ Արդեն սովորել էր անշարժ նստելուն։ Եթե անսպասելի շարժումներ ես անում, հեռէկրանից գոռում են վրադ։ Բայց քաղցը հասունանում էր նրա մեջ։ Ամենից շատ փափագում էր մի կտոր հաց։ Գլխում միտք ծագեց. գուցե գրպանում մի քանի փշուր հա՞ց լինի։ Նույնիսկ հնարավոր է՝ չորացած հացի մեծ կտոր (դրա մասին մտածեց, որովհետև ինչ-որ բան ժամանակ առ ժամանակ խուտուտ էր տալիս ոտքը)։ Ի վերջո, պարզելու գայթակղությունը հաղթահարեց վախը, նա ձեռքը տարավ գրպանը։

— Սմի՛թ,― ճչաց ձայնը հեռէկրանից։― 6079, Սմիթ Ու.։ Խցում ձեռքերը հանե՛լ գրպաններից։

Նա նորից անշարժ նստեց՝ ձեռքերը ծնկներին խաչած։ Մինչ այստեղ ընկնելը նրան ուրիշ տեղ էին տարել՝ սովորական բանտ թե պարեկային ժամանակավոր կալանախուց։ Չգիտեր՝ ինչքան է մնացել այնտեղ, համենայն դեպս՝ մի քանի ժամ. ժամացույց չկար, ցերեկային լույս՝ նույնպես, ուստի դժվար էր իմանալ ժամը։ Աղմկոտ, գարշահոտ վայր էր։ Նրան տեղավորել էին նույնպիսի մի խցում, որտեղ հիմա էր, բայց՝ սարսափելի կեղտոտ և միշտ տասը֊տասնհինգ մարդկանցով լի։ Մեծամասնությունը սովորական հանցագործներ էին, բայց նրանց թվում մի քանի քաղաքական բանտարկյալ կար։ Նա անձայն նստել էր պատի տակ, որին հենվել էին կեղտոտ մարմինները, վախից ու ստամոքսի ցավից ուշադրություն չէր դարձնում խցակիցներին, սակայն նկատեց կուսակցական բանտարկյալների և մյուսների վարքի ապշեցուցիչ տարբերությունը։ Կուսակցական բանտարկյալները միշտ լուռ էին ու սարսափահար, իսկ սովորական հանցագործները կարծես չէին վախենում որևէ մեկից։ Նրանք վիրավորական խոսքերով էին դիմում պահնորդներին, կատաղի կռվում, երբ բռնագրավում էին իրենց իրերը, հատակին գրում էին անպարկեշտ բառեր, ուտում մաքսանենգ ուտելիք, որ հանում էին իրենց հագուստի առեղծվածային թաքստոցներից և նույնիսկ հոխորտում հեռէկրանի վրա, երբ փորձում էր կարգի հրավիրել իրենց։ Մյուս կողմից՝ ոմանք կարծես թե լավ հարաբերությունների մեջ էին հսկիչների հետ, նրանց կոչում էին մականուններով և փորձում կեղծավորությամբ դռան անցքից սիգարետ ձեռք բերել։ Վերակացուները նույնպես սովորական հանցագործներին որոշակի համբերատարությամբ էին վերաբերվում, նույնիսկ երբ ստիպված էին լինում ուժ կիրառել։ Շատ էին խոսակցությունները տաժանապարտների ճամբարների մասին, ուր ուղարկվելու էր բանտարկյալների մեծամասնությունը։ Ճամբարներում ամեն ինչ «կարգին է», մտածեց Ուինսթընը, եթե ունես լավ ծանոթներ ու կապեր։ Կաշառակերություն կար, հովանավորչություն և զանազան նենգաշորթություն, համասեռամոլություն և մարմնավաճառություն, նույնիսկ կարտոֆիլից թորած արգելված ալկոհոլ։ Բարձր պաշտոնները վստահում էին միայն սովորական հանցագործներին, հատկապես ավազակներին ու մարդասպաններին, որոնք ազնվականությունն էին։ Բոլոր կեղտոտ գործերն անում էին քաղբանտարկյալները։

Անընդհատ գալիս ու գնում էին տարբեր բանտարկյալներ, թմրավաճառներ, գողեր, ավազակներ, սպեկուլյանտներ, հարբեցողներ, մարմնավաճառներ։ Հարբեցողներից ոմանք այնքան կատաղի էին, որ մյուս բանտարկյալները ստիպված միավորվում էին՝ նրանց ճնշելու համար։ Չորս պահնորդ չորս կողմից բռնած քարշ տալով ներս բերեցին մի հսկայական, խոշտանգված կնոջ՝ մոտ վաթսուն տարեկան, մեծ, կախված կրծքով ու սպիտակ մազերի հաստ հյուսքերով, որ ցաքուցրիվ էին եղել կռվշտոցի ընթացքում։ Նա ոտքերով խփում ու գոռում էր։ Պահնորդներր հանեցին երկարաճիտ կոշիկները, որոնցով փորձում էր խփել իրենց, ու կնոջը շպրտեցին Ուինսթընի ծնկներին՝ գրեթե կոտրելով նրա ազդրոսկրերը։ Կինը նստեց ու ճանապարհեց նրանց՝ ճչալով «Անիծյալ տականքներ»։ Հետո, նկատելով, որ նստած է անհարթ տեղում, Ուինսթընի ծնկներից սահեց նստարանին։

― Ների՛ր, սիրելի՛ս,— ասաց նա։ Չէի ուզում նստել վրադ, ստորներն ինձ այդտեղ գցեցին։ Չգիտեն կնոջ հետ վարվելու ձևը, չէ՞,― նա լռեց, թփթփացրեց կրծքին ու գխտաց։— Ների՛ր,— ասաց նա։― Չէի ուզում։

Նա թեքվեց առաջ և առատ փսխեց հատակին։

― Հիմա ավելի լավ է,― ասաց նա՝ աչքերը փակ, պատին հենվելով։― Մի բան կասեմ, երբեք մեջդ չպահես։ Հանիր դուրս, քանի փորումդ չի թթվել։

Նա ուշքի եկավ, շրջվեց, որ մի անգամ էլ նայի Ուինսթընին ու թվաց՝ անմիջապես համակրեց Նրան։ Խոշոր թևը գցեց Ուինսթընի ուսով ու նրան քաշեց իր կողմը՝ գարեջրի ու փսխուքի հոտ փչելով նրա դեմքին։

― Անունդ ի՞նչ է, սիրելի՛ս,― հարցրեց։

― Սմիթ,— ասաց Ոփնսթընը։

― Սմի՞թ,— կրկնեց կինը։ Տե՜ս, է՜։ Իմ ազգանունն էլ է Սմիթ,― ու հուզված ավելացրեց,― ես կարող էի քո մայրը լինել։

Գուցե, մտածեց Ուինսթընը, նա իր մայրն է։ Գրեթե նույն տարիքին էր և նույն կազմվածքով, և հնարավոր է՝ մարդն ինչ-որ կերպ փոխվում է քսանյոթ տարի տաժանապարտների ճամբարում անցկացնելուց հետո։

Ուրիշ ոչ ոք չէր խոսել նրա հետ։ Զարմանալի էր, թե սովորական հանցագործներն ինչպես էին արհամարհում կուսակցական բանտարկյալներին։ Սնտարբեր արհամարհանքով նրանց կոչում էին «քաղգործիչներ»։ Ձերբակալված կուսակցականները կարծես վախենում էին խոսել որևէ մեկի, իսկ ամենից առավել՝ իրար հետ։ Միայն մեկ անգամ, երբ կուսակցության երկու անդամի՝ երկու կնոջ, շատ մոտ էին նստեցրել նստարանին, նրանց հապճեպ շշնջոցի մեջ լսեց մի ինչ֊որ «սենյակ հարյուր մեկի» մասին ու ոչինչ չհասկացավ։

Մոտ երկու֊երեք ժամ էր անցել, որ նրան բերել էին այստեղ։ Ստամոքսի բութ ցավը չէր անցնում, երբեմն թուլանում էր, երբեմն՝ ուժեղանում, ու մտքերն էլ համապատասխանաբար զարգանում ու կրճատվում էին։ Երբ ցավն ուժեղանում էր, մտածում էր միայն ցավի և ուտելու ցանկության մասին։ Երբ թուլանում էր, նրան համակում էր խուճապը։ Լինում էին պահեր, երբ կանխատեսում էր ապագան, այնքան պարզ, որ սիրտն արագ բաբախում էր, իսկ շնչառությունը կանգ էր առնում։ Զգում էր մահակի հարվածն արմունկներին և պայտած կոշիկները՝ սրունքների վրա. տեսնում էր իրեն՝ հատակին թավալվելիս, փշրված ատամներով գութ աղերսելիս։ Ջուլիայի մասին գրեթե չէր մտածում։ Չէր կարողանում միտքը կենտրոնացնել նրա վրա։ Սիրում էր Նրան ու չէր դավաճանի, բայց ղա ընդամենը հանրահայտ փաստ էր, ինչպես իր իմացած թվաբանության օրենքները։ Սեր չէր տածում Ջուլիայի հանդեպ և գրեթե չէր մտածում՝ ինչ է կատարվում նրա հետ։ Ավելի հաճախ, առկայծող հույսով մտածում էր Օ՚Բրայընի մասին։ Օ՚Բրայընը գուցե գիտի, որ իրեն ձերբակալել են։ Նա ասել էր, որ Եղբայրությունը երբեք չի փորձում փրկել իր անդամներին։ Բայց կար նաև ածելին. եթե կարողանան, ածելի կուղարկեն։ Կանցնի հինգ վայրկյան, մինչև պահակը կշտապի խուց։ Ածելին կկտրի այրող սառնությամբ, և նույնիսկ այն բռնած մատները մինչև ոսկոր կկտրվեն։ Այս ամենը զգում էր իր հիվանդ մարմնով, որն ընկրկում էր անգամ ամենաթույլ ցավի դեպքում։ Վստահ չէր, որ կօգտվի ածելուց, նույնիսկ եթե հնարավորություն ունենա։ Ավելի բնական է ապրել այս պահի համար՝ ընդունելով կյանքի ևս տասը րոպեն՝ նույնիսկ հստակ գիտակցելով, որ այն ավարտվելու է տանջանքով։

Երբեմն փորձում էր հաշվել խցի պատերի ճենապակյա սալիկները։ Թվում էր՝ հեշտ գործ է, բայց միշտ նույն կամ ուրիշ կետում կորցնում էր հաշիվը։ Ավելի հաճախ մտածում էր՝ որտեղ է և օրվա որ ժամն է։ Մի պահ վստահ էր, որ դրսում ցերեկ է, իսկ հաջորդ պահին՝ նույնչափ վստահ, որ անթափանց խավար է։ Բնազդաբար զգում էր, որ այստեղ լույսերը երբեք չեն անջատվում։ Այստեղ խավար չկա. հիմա հասկանում էր, թե Օ՚Բրայընն ինչու էր հասկացել ակնարկը։ Սիրո նախարարությունում պատուհաններ չկան։ Իր խուցը գուցե շենքի կենտրոնում է կամ արտաքին պատի դիմաց, գուցե տասը հարկ գետնի տակ կամ երեսուն հարկ՝ վերև։ Մտքով մի տեղից մյուսն էր տեղափոխվում ու փորձում էր մարմնի զգացողությամբ որոշել՝ օ՞դ է բարձրացել, թե՞ թաղվել գետնի տակ։

Դրսում համաչափ ոտնաձայներ լսվեցին։ Պողպատե դուռն աղմուկով բացվեց։ Մի երիտասարդ սպա՝ կոկիկ սև համազգեստով կերպար, որ ամբողջությամբ փայլում էր լաքապատ կաշվից, և որի գունատ, ուղիղ դիմագծերով դեմքն ասես մոմե դիմակ լիներ, վստահ ներս մտավ շեմից։ Դրսի պահակներին ձեռքով նշան արեց, որ բերեն բանտարկյալին, որին ուղեկցում էին։ Բանաստեղծ Էմփլֆորթը քստքստացնելով մտավ խուց։ Դուռը դարձյալաղմուկով փակվեց։

Էմփլֆորթը մեկ֊երկու անվստահ քայլ արեց մի կողմից մյուսը, ասես մտածում էր, թե մեկ այլ դուռ կա՝ ելքի համար, ապա սկսեց հետուառաջ անել խցում։ Դեռ չէր նկատել Ուինսթընին։ Անհանգիստ հայացքը հառել էր պատին, որ մեկ մետր բարձր էր Ուինսթընի գլխից։ Նա բոբիկ էր. մեծ, կեղտոտ մատները դուրս էին պրծել գուլպաների անցքերից։ Մի քանի օր չէր սափրվել։ Խոզանակ հիշեցնող մորուքը ծածկել էր դեմքը մինչ այտոսկրերը՝ նրան խուլիգանի տեսք տալով, որ սազում էր մեծ, թուլացած մարմնին ու նյարդային շարժումներին։

Ուինսթընը մի քիչ սթափվեց թմրությունից։ Նա պետք է խոսի Էմփլֆորթի հետ՝ ի հեճուկս հեռէկրանի ճչոցի։ Չի բացառվում, որ ածելին հենց Էմփլֆորթի մոտ է։

― էմփլֆո՛րթ,— ասաց նա։

Հեռէկրանից ճչոց չլսվեց։ Էմփլֆորթը, փոքր-ինչ վախեցած, կանգ առավ։ Աչքերը դանդաղ կենտրոնացան Ուինսթընի վրա։

— Ա՜հ, Սմի՛թ,— ասացնա։― Դուք է՞լ եք այստեղ։

― Իսկ դո՞ւք ինչի համար եք այստեղ։

― Ճիշտն ասած...― նա վախեցած նստեց Ուինսթընի դիմացի նստարանին։― Միայն մեկ հանցանք կա, ճիշտ չէ՞,― ասաց նա։

― Ու դուք այն գործե՞լ եք։

― Երևում է՝ գործել եմ։

Նա ձեռքը դրեց ճակատին ու մի պահ սեղմեց քունքերը՝ ասես փորձելով ինչ-որ բան հիշել։

― Նման բաներ պատահում են,― անորոշ սկսեց նա։― Ես կարող եմ հիշել մի դեպք... հնարավոր է՝ դեպք։ Անկասկած, անխոհեմություն էր։ Մենք տպագրության էինք պատրաստում Քիփլինգի բանաստեղծությունների լիակատար ժողովածուն։ Ես թույլ տվեցի, որ «Աստված» բառը մնա տողի վերջում։ Չդիմացա,— գրեթե վրդովված ավելացրեց նա՝ բարձրացնելով գլուխը, որ նայի Ուինսթընին։― Անհնար էր փոխել տողը։ Հանգը «հարվածն» էր։ Հասկանո՞ւմ եք, ամբողջ լեզվում «հարված» բառն ընդամենը տասներկու հանգ ունի։ Օրեր շարունակ չարչարում էի ուղեղս։ Ուրիշ ոչ մի հանգ չկար։

Նրա դեմքի արտահայտությունը փոխվեց։ Անհանգստությունն անցավ, ու մի պահ գրեթե գոհ էր։ Կեղտոտ ու խոզանականման մազերի միջով շողաց֊անցավ ինտելեկտուալ ջերմություն, տառակերի ուրախություն, որն ինչ-որ անպետք փաստ էր հայտնաբերել։

― Ձեր մտքով երբևէ անցե՞լ է,― ասաց նա,― որ անգլիական պոեզիայի ողջ պատմությունը սահմանվում է այն փաստով, որ անգլերենը հանգեր չունի։

Ոչ, դա երբեք չէր անցել Ուինսթընի մտքով։ Նույնիսկ որոշ հանգամանքներում չէր մտածել, թե դա շատ կարևոր է կամ հետաքրքիր։

― Գիտե՞ք՝ ժամը քանիսն է,— հարցրեց նա։

Էմփլֆորթը նորից վախեցավ։

— Չեմ մտածել այդ մասին։ Ինձ ձերբակալեցին երևի երկու֊երեք օր առաջ,― հայացքը թափառում էր պատերի վրա, ասես հույս ուներ ինչ-որ տեղ պատուհան գտնել։― Այստեղ տարբերություն չկա գիշերվա ու ցերեկվա միջև։ Չեմ հասկանում՝ ինչպես կարելի է որոշել ժամանակը։

Նրանք ևս մի քանի րոպե կցկտուր խոսեցին, ապա առանց որևէ պատճառի հեռէկրանից հնչած ճչոցը հրամայեց լռել։ Ուինսթընը նստեց՝ լուռ, ձեռքերը խաչած։ Էմփլֆորթը շատ խոշոր էր ու չէր կարողանում տեղավորվել նստարանին, անհանգիստ այսուայնկողմ էր անում՝ նիհար թևերով գրկելով նախ մի ծունկը, հետո՝ մյուսը։ Հեռէկրանը հաչաց՝ անշա՛րժ նստել։ Ժամանակն անցնում էր։ Քսան րոպե, մեկ ժամ. դժվար էր պարզել։ Մի անգամ էլ դրսից երկարաճիտ կոշիկների դոփյուն լսվեց։ Ուինսթընի աղիները կծկվեցին։ Շուտով, շատ շուտով, գուցե հինգ րոպեից, գուցե հիմա, այդ դոփյունը նշանակելու էր, որ իր հերթն է։

Դուռը բացվեց։ Պաղ դեմքով երիտասարդ սպան մտավ խուց։ Ձեռքի փութկոտ շարժումով ցույց տվեց Էմփլֆորթին։

― Սենյակ 101,— ասաց Նա։

ԷմփլֆորթՆ անփույթ քայլերով անցավ պահակների միջով, դեմքը փոքր֊ինչ հուզված էր ու շփոթված։

Երևում է՝ շատ ժամանակ էր անցել։ Ուինսթընի ստամոքսի ցավը նորից հայտնվել էր։ Միտքը շարունակ պտտվում էր նույն թեմայի շուրջ, ինչպես գնդակը նորից ու Նորից ընկնում է նույն անցքի մեջ։ Ընդամենը վեց բանի մասին էր մտածում։ Ստամոքսի ցավ, հացի կտոր, արյուն ու ճչոցներ, Օ՚Բրայըն, Ջուլիա, ածելի։ Աղիքները դարձյալ ջղաձգվեցին, ծանր կոշիկների դոփյունը մոտենում էր։ երբ դուռը բացվեց, օղի ալիքն իր հետ բերեց սառը քրտինքի ուժեղ հոտ։ Փարսընսը մտավ խուց։ Հագին բաց կանաչ կարճ տաբատ ու մարզական վերնաշապիկ էր։

Այս անգամ Ուինսթընը ինքնամոռացության աստիճանի վախեցավ։

― Դուք, այստե՞ղ,― ասաց նա։

Փարսընսը Ուինսթընի վրա մի հայացք նետեց, որի մեջ ոչ հետաքրքրություն կար, ոչ զարմանք. միայն թշվառություն։ Նա սկսեց նյարդային հետուառաջ անել, ակնհայտ էր, որ չէր կարող հանգիստ նստել։ Ամեն անգամ, երբ ուղղում էր թմբլիկ ծնկները, երևում էր, որ դողում են։ Զարմանքից չռված աչքերով անթարթ նայում էր ինչ֊որ հեռավոր կետի։

— Ինչի՞ համար եք այստեղ,― հարցրեց Ուինսթընը։

— Մտքի հանցագործության,— ասաց Փարսընսը՝ գրեթե հեկեկալով։ Ձայնից միանգամից երևաց սեփական մեղքի լիակատար ընդունումն ու մի տեսակ անվստահ սարսափ. մի՞թե այդ բառն ինչ֊որ կապ ունի իր հետ։ Նա կանգնեց Ուինսթընի դիմաց ու ոգևորված դիմեց նրան.

— Ինձ չեն գնդակահարի, ճի՞շտ է, Սմիթ։ Եթե իրականում ոչինչ չես արել, չեն գնդակահարում. գնդակահարում են միայն մտքերի համար, որոնք հնարավոր չէ զսպել։ Գիտեմ, որ այնտեղ կլսեն, կհասկանան։ Դրանում համոզված եմ։ Նրանք գիտեն՝ ինչքան ջանք եմ թափել, ճի՞շտ է։ Դուք հո գիտեք, թե ինչ մարդ եմ։ Ի դեպ, վատ մարդ չեմ։ Անշուշտ, խելացի չեմ, բայց խորաթափանց եմ։ Ջանք չեմ խնայել Կուսակցության համար, այնպես չէ՞։ Ի՞նչ եք կարծում, հինգ տարով կազատազրկվե՞մ։ Թեկուզ տասը տարով։ Ինձ նման մարդը կարող է մեծ օգուտ բերել աշխատանքային գաղութին։ Ինձ չեն սպանի միայն մեկ անգամ սխալվելու համար։

― Մեղավո՞ր եք,― հարցրեց Ուինսթընը։

— Իհարկե մեղավոր եմ,— ճչաց Փարսընսը՝ ստորաքարշ հայացք նետելով հեռէկրանին։ Մի՞թե Կուսակցությունը կձերբակալի անմեղ մարդու, ի՞նչ եք կարծում,— նրա գորտանման դեմքը խաղաղվեց և նույնիսկ փոքր֊ինչ սրբանման արտահայտություն ստացավ։― Մտահանցագործությունը սարսափելի բան է, ընկեր,― խրատական տոնով ասաց նա։― Նենգ է։ Վրա է հասնում՝ առանց քո իմացության։ Գիտե՞ք՝ ինչպես վրա հասավ։ Քնի մեջ։ Այո՛, փաստ է։ Աշխատում էի, ամեն ջանք թափում էի՝ չիմանալով, որ իմ գլխում վատ մտքեր կան։ Հետո սկսեցի խոսել քնիս մեջ։ Գիտե՞ք՝ նրանք ինչ են լսել,— նա իջեցրեց ձայնը, ասես բժշկական պատճառներով ստիպված էր տհաճ բան ասել։— «Կորչի Մեծ Եղբայրը»։ Ահա թե ինչ եմ ասել։ Երևում է՝ մի քանի անգամ։ Մեր մեջ ասած, ուրախ եմ, որ ինձ բերեցին այստեղ, քանի դեռ շատ հեռուն չէի գնացել։ Գիտե՞ք ինչ կասեմ նրանց, երբ կանգնեմ դատարանի առաջ։ Կասեմ՝ շնորհակալություն, շնորհակալ եմ, որ ինձ փրկեցիք ճիշտ ժամանակին։

— Ո՞վ մատնեց ձեզ,— հարցրեց Ուինսթընը։

― Փոքր աղջիկս,— թախծոտ հպարտությամբ ասաց Փարսընսը։— Բանալու անցքից գաղտնի լսում էր։ Լսել էր, թե ինչ եմ ասում ու հենց հաջորդ օրը ծլկել պարեկների մոտ։ Խելացի քայլ է յոթ տարեկանի համար, ճիշտ չէ՞։ Քեն չեմ պահում դրա համար։ Հակառակը, հպարտանում եմ նրանով։ Դրանից երևում է, որ ճիշտ ոգով եմ դաստիարակելնրան։

Նա ևս մի քանի անգամ նյարդային նստեց ու վեր կացավ՝ բաղձալի հայացք գցելով զուգարանակոնքին։ Հետո հանկարծ իջեցրեց կարճ տաբատը։

― Ներող եղեք, ծերուկ,― ասաց նա։― Չեմ դիմանում։ Հուզմունքից է։ Նա մեծ հետույքը թմփացրեց զուգարանակոնքին։ Ուինսթընը ձեռքերով ծածկեց երեսը։

― Սմի՛թ,― ճչաց հեռէկրանը։― 6079, Սմիթ Ու.։ Բացեք ձեր ղեմքը։ Խցերում դեմքը չփակե՛լ։

Ուինսթընը բացեց դեմքը։ Փարսընսը աղմկոտ ու առատ օգտվեց ցուգարանակոնքից։ Հետո պարզվեց, որ կափարիչն անսարք է, և ժամեր անց խցում գարշահոտություն էր։

Փարսընսին տարան։ Առեղծվածային կերպով գալիս ու գնում էին բազմաթիվ բանտարկյալներ։ Մեկին՝ մի կնոջ, հանձնարարվեց անցնել «Սենյակ 101», և Ուինսթընը նկատեց, թե նա ինչպես կուչ եկավ ու գունատվեց՝ լսելով այդ խոսքերը։ Եթե իրեն բերել էին առավոտյան, ապա հիմա ցերեկ էր, իսկ եթե բերել էին ցերեկը, ապա կեսգիշեր էր։ Խցում վեց բանտարկյալ կար՝ տղամարդ ու կին։ Բոլորն անշարժ նստած էին։ Ուինսթընի դիմաց նստած էր մի մարդ՝ առանց կզակի ու մեծ ատամներով, շատ նման էր մեծ անվնաս կրծողի։ Նրա գեր, բծավոր այտերը պարկանման էին ներքևի մասում, ու այնպիսի տպավորություն էր, որ այնտեղ սննդի փոքրիկ պահոցներ կան։ Նրա բաց մոխրագույն աչքերը երկչոտ թափառում էին մի մարդուց մյուսը և հանդիպելով որևէ մեկին՝ արագ փախչում։

Դուռը բացվեց, ուներս բերվեց ևս մի բանտարկյալ, որի տեսքից Ուինսթընի մարմնով սարսուռ անցավ։ Սովորական, տհաճ արտաքինով մարդ էր, գուցե ինժեներ կամ տեխնիկ։ Բայց ամենասարսափելին նրա դեմքի հյուծվածությունն էր։ Ասես գանգ լիներ։ Նիհարության պատճառով բերանն ու աչքերը անհամաչափորեն մեծ էին երևում, իսկ աչքերն ասես լի էին ինչ֊որ բանի կամ ինչ-որ մեկի հանդեպ անսանձ ատելությամբ։

Տղամարդը նստեց Ուինսթընից քիչ հեռու։ Ուինսթընն այլևս չէր նայում նրան, բայց տանջված, գանգանման դեմքն այնքան վառ էր նրա ուղեղում, ասես աչքի առաջ լիներ։ Հանկարծ հասկացավ՝ բանն ինչ է։ Տղամարդը մեռնում էր քաղցից։ Նույն միտքը գրեթե միաժամանակ ծագեց մյուսների մեջ։ Նստարանով թույլ շարժում անցավ։ Անկզակ մարդն աչքերը հառում էր գանգանման դեմքով մարդու վրա, հետո մեղավոր շրջում հայացքը, ապա նորից նայում անդիմադրելի գայթակղությամբ։ Հետո սկսեց անհանգիստ շարժվել տեղում։ Ի վերջո ոտքի կանգնեց, անփույթ օրորվելով քայլեց խցում, ձեռքը մտցրեց տաբատի գրպանն ու հացի մի կեղտոտ կտոր շփոթված մեկնեց գանգանման դեմքով տղամարդուն։

Հեռէկրանից մոլեգին, խլացնող գոռոց լսվեց։ Անկզակ մարդը վեր թռավ։ Գանգանման դեմքով մարդը ցնցվեց ամբողջ մարմնով՝ ասես ողջ աշխարհին ցուցադրելով, որ հրաժարվել է նվերից։

— Բա՛մսթեդ,― գոռաց ձայնը։― 2713, Բամսթեդ Ջեյ։ Գցե՛ք հացի կտորը։

Անկզակ մարդը հացի կտորր գցեց հատակին։

― Կանգնել տեղո՛ւմ,— հրամայեց ձայնը։― Դեմքով դեպի դո՛ւռը։ Չշարժվե՛լ։

Անկզակ մարդը ենթարկվեց։ Նրա մեծ, պարկանման այտերն անվերահսկելի դողում էին։ Դուռը կրնկի վրա բացվեց։ Երբ երիտասարդ սպան ներս մտավ ու մի կողմ կանգնեց, թիկունքից հայտնվեց կարճահասակ պնդակազմ մի վերակացու՝ հսկայական թևերով և ուսերով։ Նա կանգնեց անկզակ մարդու դիմաց, ապա, սպայի ազդանշանով, մարմնի ամբողջ ծանրությամբ մի սարսափեփ հարված հասցրեց ուղիղ բերանին։ Հարվածի ուժը բավական էր նրան հատակին շպրտելու համար։ Մարմինը թռավ դեպի դիմացի պատն ու ընկավ զուգարանակոնքի մոտ։ Մի պահ ապշած ընկած էր, իսկ բերանից ու քթից մուգ արյուն էր ծորում։ Իրենից անկախ՝ մարմնից թույլ հեծկլտոց թե ճռռոց լսվեց։ Հետո շրջվեց ու երերալով հենվեց ձեռքերին ու ծնկներին։ Բացի արյունից ու թքից, բերանից ընկան նաև դնովի ատամների երկու կեսերը։

Բանտարկյալներն անշարժ նստած էին՝ ձեռքերը ծնկներին խաչած։ Անկզակ մարդը մագլցեց իր տեղը։ Դեմքի մի կողմը մգանում էր։ Բերանն ուռել էր ու վերածվել տձև, բալագույն զանգվածի, որի մեջտեղում անցք կար։

Ժամանակ առ ժամանակ մի քիչ արյուն էր կաթում կոմբինեզոնի կրծքին։ Մոխրագույն աչքերը դեռ անցնում էին մի դեմքից մյուսը՝ ավելի մեղավոր արտահայտությամբ, ասես փորձում էին պարզել՝ ուրիշներն ինչքա՞ն են արհամարհում իրեն ստորացման համար։

Դուռը բացվեց։ Սպան ձեռքի թեթև շարժումով ցույց տվեց գանգանման դեմքով մարդուն։

― Սենյակ 101,― ասաց նա։

Ուինսթընը կողքից ծանր շնչառություն ու հուզմունք զգաց։ Տղամարդը, ձեռքերն աղերսագին կրծքին դրած, ծնկի էր եկել հատակին։

― Ընկե՛ր։ Սպա՜,― գոռաց նա։— Մի՛ տարեք այնտեղ։ Մի՞թե արդեն ամեն ինչ չեմ ասել։ Ուրիշ ի՞նչ եք ուզում իմանալ։ Ես ամեն ինչ կխոստովանեմ, ամե՜ն ինչ։ Ասացեք, ու անմիջապես կխոստովանեմ։ Գրեք, ու ես կստորագրեմ... ցանկացած բան։ Միայն թե ոչ Սենյակ 101-ը։

― Սենյակ 101,― կրկնեց սպան։

Տղամարդու դեմքը, որն արդեն իսկ շատ գունատ էր, մի գույն առավ, որն անհավանական թվաց Ուինսթընին։ Դա հաստատ, անկասկած, կանաչի երանգ էր։

— Ինչ ուզում եք արե՜ք, ինչ ուզում եք արե՜ք,― ճչաց մարդը։— Մի քանի շաբաթ է՝ չեք կերակրում։ Ավարտին հասցրեք գործը, թողեք, որ մեռնեմ։ Գնդակահարեք։ Կախաղան հանեք։ Դատապարտեք քսանհինգ տարվա ազատազրկման։ Ուրիշ ո՞ւմ մատնեմ։ Միայն ասացեք՝ ում, ու կասեմ՝ ինչ ուզում եք։ Ինձ չի հետաքրքրում՝ ով է, կամ ինչպես կվարվեք նրա հետ։ Ես ունեմ կին ու երեք երեխա։ Ավագը վեց տարեկան էլ չկա։ Կարող եք բոլորին էլ բռնել, իմ աչքի առաջ կտրել կոկորդները, իսկ ես կկանգնեմ ու կնայեմ։ Միայն թե ոչ Սենյակ 101֊ը։

― Սենյակ 101,— ասաց սպան։

Տղամարդը մոլեգնած նայեց մյուս բանտարկյալներին, ասես մտադրվել էր իր փոխարեն ուրիշ զոհ գտնել։ Աչքերը կենտրոնացան անկզակ մարդու ջնջխված դեմքին։ Պարզեց նիհար թևը։

― Ոչ թե ինձ պիտի բռնեք, այլ նրան,— գոռաց նա։ Չլսեցիք, թե ինչ ասաց, երբ խփեցիք դեմքին։ Ինձ հնարավորություն տվեք, ու կասեմ բառ առ բառ։ Ոչ թե ես, այլ նա է Կուսակցության դեմ։— Պահնորդներն առաջ եկան։ Տղամարդու ձայնը վերածվեց ճղղոցի։― Դուք չլսեցիք նրան,— կրկնեց։― Հեռէկրանը լավ չէր աշխատում։ Ձեզ նա՛ է պետք։ Նրա՛ն տարեք, ոչ թե ինձ։

Երկու պնդակազմ վերակացուները կանգնել էին, որ բռնեն թևերից։ Բայց հենց այդ պահին նա ընկավ խցի հատակին ու բռնեց նստարանի երկաթե ոտքից։ Կենդանու պես, անխոս ոռնաց։ Պահակները փորձեցին պոկել, բայց ապշեցուցիչ ուժով էր կառչել։ Մոտ քսան վայրկյան փորձում էին պոկել նրան։ Բանտարկյալները լուռ նստած էին, ձեռքերը խաչած ծնկներին, և ուղիղ նայում էին իրենց դիմաց։ Ոռնոցը դադարեց, տղամարդու շունչր հերիքում էր միայն կառչելուն։ Հետո ուրիշ աղաղակ լսվեց։ Պահակը կոշիկի հարվածով ջարդել էր ձեռքի մատները։ Նրան քարշ տալով ոտքի կանգնեցրին։

— Սենյակ 101,— ասաց սպան։

Տղամարդուն դուրս տարան. քայլում էր երերալով, գլխահակ, տրորելով վնասված ձեռքը, նա այլևս չէր դիմադրում։

Երկար ժամանակ անցավ։ Եթե գանգանման դեմքով մարդուն տարել էին կեսգիշերին, ապա հիմա առավոտ էր. եթե տարել էին առավոտյան, ապա հիմա ցերեկ էր։ Ուինսթընը մենակ էր, արդեն մի քանի ժամ մենակ էր։ Նեղ նստարանին նստելուց այնպիսի ցավ էր սկսվել, որ հաճախ վեր էր կենում ու քայլում, իսկ հեռէկրանը չէր կշտամբում։ Հացի կտորն այնտեղ էր, ուր գցել էր անկզակ մարդը։ Սկզբում մեծ ջանք էր պահանջվում, որ չնայի հացին, բայց հետո քաղցին փոխարինեց ծարավը։ Բերանը մածուցիկ էր ու գարշահոտ։ Բզզոցից ու անփոփոխ սպիտակ լույսից գլխում անորոշություն էր, դատարկության զգացում։ Վեր էր կենում, որովհետև ոսկորների ցավն այլևս անտանելի էր, իսկ հետո՝ գրեթե միանգամից դարձյալ նստում էր, որովհետև գլուխը պտտվում էր, ու վստահ չէր՝ արդյոք կկարողանա կանգնել տեղում։ Երբ հաջողվում էր վերահսկել ֆիզիկական զգացողությունները, սարսափը վերադառնում էր։ Երբեմն մարող հույսով մտածում էր Օ՚Բրայընի և ածելու մասին։ Հնարավոր է, որ ածելին իրեն հասնի ուտելիքի մեջ, եթե երբևէ կերակրեն։ Ավելի աղոտ մտածում էր Ջուլիայի մասին։ Ինչ֊որ տեղ նա տառապում էր, գուցե իրենից էլ շատ։ Գուցե հիմա ճչում է ցավից։ «Եթե կարողանայի փրկել Ջուլիային՝ կրկնապատկելով իմ ցավը, կանեի՞,― մտածում էր նա,― այո, կանեի»։ Բայց սա ընդամենը մտավոր որոշում էր, և կայացվեց, որովհետև ինքն այդպես էր ճիշտ համարում։ Բայց ոչինչ չէր զգում։ Այստեղ ոչինչ չես կարող զգալ, բացի ցավից ու ցավի կանխազգացումից։ Բացի այդ, հնարավո՞ր է տառապել ցավից և այդ ընթացքում ցավն ուժեղացնելու որևէ պատճառ փնտրել։ Բայց այդ հարցը դեռ պատասխան չուներ։

Դարձյալ ոտնաձայներ լսվեցին։ Դուռը բացվեց։ Ներս եկավ Օ՚Բրայընը։

Ուինսթընը ոտքի կանգնեց։ Նա այնպես էր ապշել իր տեսածից, որ կորցրել էր վախը։ Շատ տարիների ընթացքում առաջին անգամ մոռացել էր հեռէկրանի ներկայության մասին։

― Ձեզ է՞լ են բռնել,― գոռաց նա։

― Ինձ վաղուց են բռնել,— ասաց Օ՚Բրայընը մեղմ, գրեթե կարեկցող հեգնանքով։ Նա մի կողմ քաշվեց։ Թիկունքից հայտնվեց թիկնեղ պահնորդը՝ ձեռքին երկար, սև մահակ։

― Դուք գիտեիք, Ուինսթըն,— ասաց Օ՚Բրայընը։ Մի խաբեք ձեզ։ Գիտեիք... միշտ էլ գիտեիք։

Այո, հիմա հասկանում էր, որ միշտ գիտեր։ Բայց մտածելու ժամանակ չկար։ Միայն նայում էր պահակի ձեռքի մահակին։ Այն կարող էր հարվածել ցանկացած տեղ՝ գլխին, ականջի ծայրին, ուսին, արմունկին...

Արմունկին։ Ցավից գրեթե կաթվածահար՝ նա ծնկի էր եկել մյուս ձեռքով բռնելով վնասված արմունկը։ Ամեն ինչ վառվում էր դեղին լույսով։ Անհավատալի էր, անհավատալի էր, որ մի հարվածը կարող է այդպիսի ցավ պատճառել։ Դեղին լույսն անցավ, և նա տեսավ իրեն նայող երկու մարդու։ Պահնորդը ծիծաղում էր նրա աղավաղված տեսքի վրա։ Ամեն դեպքում, մի բան պարզ էր։ Երբեք և ոչ մի պատճառով չես ցանկանում, որ ցավն ուժեղանա։ Ցավից միայն մի բան ես ուզում, որ դադարի։ Աշխարհում չկա ավելի վատ բան, քան ֆիզիկական ցավը։ «Ցավի առաջ չկան հերոսներ, չկան հերոսներ»,― շարունակ մտածում էր նա՝ հատակին կուչ եկած և անօգուտ սեղմելով վնասված ձախ թևը։

II

Պառկած էր մի բանի վրա, որ Նման էր ծալովի մահձակալի, բայց՝ հատակից ավելի բարձր, և այնպես էր ամրացված, որ Նա չէր կարոր շարժվել։ Սովորականից ուժեղ լույսն ընկել էր դեմքին։ Օ՚Բրայընը կանգնել էր կողքին և ուշադիր Նայում էր։ Նրա մյուս կողմում սպիտակ վերարկուով մարդ էր՝ ձեռքին ենթամաշկային Ներարկիչ։

Նույնիսկ աչքերը բացելուց հետո աստիճանաբար էր ընկալում շրջապատը։ Այնպիսի տպավորություն էր, ասես այդ սենյակ էր լողացել լրիվ այլ աշխարհից՝ ստորջրյա աշխարհից, որ ներքևում էր։ Չգիտեր ինչքան ժամանակ էր այդտեղ։ Ձերբակալվելուց ի վեր չէր տեսել ոչ խավար, ոչ լույս։ Բացի այդ, հիշողություններր միշտ ընդհատվում էին։ Երբեմն գիտակցությունը, նույնիսկ այն, որ պահպանվում է քնի մեջ, անջատվում էր, ապա հայտնվում դատարկ ընդմիջումից հետո։ Բայց անհնար էր պարզել՝ այդ ընդմիջումները տևել են օրե՞ր, շաբաթնե՞ր, թե՞ ընդամենը վայրկյաններ։

Արմունկին ստացած առաջին հարվածից սկսվել էր մղձավանջը։ Ավելի ուշ պետք է հասկանար, այն, ինչ եղավ այն ժամանակ, ընդամենը նախապատրաստական, սովորական հարցաքննություն էր, որին ենթարկվում էին գրեթե բոլոր բանտարկյալները։ Բոլորը պարտավոր էին խոստովանել հանցագործությունների մի երկար շարք՝ լրտեսություն, նենգաշորթություն և նման բաներ։ Խոստովանությունը ձևականություն էր, իսկ տանջանքը՝ իրական։ Չէր կարող հիշել իրեն քանի անգամ են ծեծել և ինչ տևողությամբ։ Նրանով միշտ զբաղվում էր միաժամանակ հինգ-վեց մարդ՝ սև համազգեստներով։ Երբեմն խփում էին բռունցքներով, երբեմն՝ մահակներով, երբեմն՝ պողպատե ձողերով, երբեմն էլ՝ երկարաճիտ կոշիկներով։ Լինում էին պահեր, երբ նա գլորվում էր հատակին, առանց ամոթի, կենդանու պես, ողջ մարմնով կուչ էր գալիս՝ ոտքերի հարվածներից խուսափելու անվերջ, անհույս փորձեր անելով, բայց ավելի ու ավելի շատ հարվածներ ստանալով կողերին, փորին, արմունկներին, սրունքներին, աճուկներին, ամորձիներին, ողնաշարի հիմքի ոսկորներին։ Լինում էին պահեր, երբ դա տևում ու տևում էր այնքան, որ նրան թվում էր՝ ամենադաժանը, չարն ու աններելին ոչ թե այն է, որ պահակները շարունակում են ծեծել իրեն, այլ որ իրեն չի հաջողվում կորցնել գիտակցությունը։ Լինում էին պահեր, երբ նյարդերը տեղի էին տալիս, ու նա սկսում էր գութ աղերսել նույնիսկ ծեծը վերսկսվելուց առաջ, երբ միայն հարվածի պատրաստվող բռունցքի տեսքը բավական էր՝ իրական ու երևակայական հանցագործությունների խոստովանության հեղեղ տեղալու համար։ Լինում էին նաև պահեր, երբ վճռում էր ոչինչ չխոստովանել, և յուրաքանչյուր բառ ուժով ու ցավի հևոցներով էին դուրս քաշում նրանից, պատահում էր, որ երբ փոխզիջման գնալու թույլ փորձ էր անում, ասում էր ինքն իրեն. «Կխոստովանեմ, բայց ոչ հիմա։ Պետք է դիմանամ, քանի դեռ ցավն անտանելի չէ։ Եվս երեք հարված ոտքով, ևս երկու հարված, հետո կասեմ ինչ ուզում են»։ Երբեմն նրան այնքան էին ծեծում, որ հազիվ էր ոտքի կանգնում, հետո կարտոֆիլի պարկի նման նետում էին խցի քարե հատակին, մի քանի ժամ թողնում, որ վերականգնի ուժերը, ապա տանում ու նորից ծեծում։ Լինում էին նաև ուժերի վերականգնման ավելի տևական շրջաններ։ Դրանք աղոտ էր հիշում, քանի որ հիմնականում քնած կամ ընդարմացած վիճակում էր լինում։ Հիշում էր խուցը՝ պատին ամրացված դարակ հիշեցնող ծալվող մահճակալով ու թիթեղյա լվացարանով, հիշում էր ուտելիքը՝ տաք ապուր, հաց, երբեմն՝ սուրճ։ Հիշում էր նոթոտ սափրիչին, որը գալիս էր՝ իր կզակը քերելու և մազերը կտրելու, ինչպես և գործարար, ոչ համակրելի տեսքով տղամարդկանց՝ սպիտակ վերարկուներով, որոնք չափում էին իր զարկերակը, ստուգում ռեֆլեքսները, բարձրացնում կոպերը, կոպիտ մատներով ստուգում՝ կոտրված ոսկորներ ունի՞, և քնաբեր ներարկում թևի մեջ։

Ծեծում էին ավելի հազվադեպ, ծեծը գլխավորապես սպառնալիք էր դարձել, սարսափ, որ նրա հանդեպ կարող էր կիրառվել ցանկացած պահի, երբ պատասխանը գոհացնող չլիներ։ Հիմա նրան հարցաքննում էին ոչ թե սև համազգեստներով սրիկաներ, այլ կուսակցական ինտելեկտուալներ՝ թմբլիկ տղամարդիկ՝ արագ շարժումներով ու փայլող ակնոցներով. Նրանք Ուինսթընի հետ աշխատում էին հերթափոխով. երբեմն դա տևում էր (այդպես կարծում էր, բայց չէր կարող վստահ լինել) տասը֊տասներկու ժամ։ Այս մյուս հարցաքննողները ջանում էին, որ նա մշտապես թույլ ցավ զգա, բայց նրանց գլխավոր մեթոդը ցավը չէր։ Ապտակում էին նրան, ձգում ականջները, քաշում մազերը, ստիպում կանգնել մեկ ոտքի վրա, արգելում էին միզել, դեմքին շլացնող լույս էին պահում, այնքան, մինչև աչքերից ջուր էր հոսում, բայց այդ ամենի իմաստն ընդամենը նրան նվաստացնելն էր և վիճելու ու բանական մտածելու ունակության ոչնչացումը։ Նրանց իրական զենքն անգութ, անընդհատ, ժամեր ու ժամեր տևող հարցաքննությունն էր. նրան խճճում էին, նրա համար ծուղակներ էին լարում, նենգափոխում նրա ասած ամեն մի խոսքը, ամեն քայլափոխի մեղադրում՝ որ ստում է ու հակասում ինքն իրեն, այնքան, մինչև սկսում էր արտասվել թե՝ ամոթից, թե՝ նյարդային ուժասպառությունից։ Երբեմն մեկ հարցաքննության ընթացքում հինգ֊վեց անգամ արտասվում էր։ Հիմնականում նրանք վիրավորական խոսքերով էին դիմում, և ամեն անգամ, երբ հապաղում էր, սպառնում էին, որ դարձյալ կհանձնեն պահնորդների ձեռքը, բայց երբեմն նրանք հանկարծ փոխում էին խոսելաոճը, նրան անվանում էին ընկեր, կոչ անում Անգսոցի և Մեծ Եղբոր անունից ու տխրությամբ հարցնում՝ արդյոք նույնիսկ հիմա՞ բավարար հավատարմություն չունի Կուսակցության հանդեպ և չի ցանկանում զղջալ իր գործած չարիքի համար։ Երբ ժամեր տևած հարցաքննություններից հետո նյարդերը տեղի էին տալիս, նույնիսկ նման կոչը նրան ստիպում էր արտասվել։ Ի վերջո, փնթփնթան ձայները նրան ավելի հիմնովին էին ոչնչացնում, քան պահնորդների կոշիկներն ու բռունցքները։ Նա վերածվել էր բերանի, որ խոսում էր, ձեռքի, որ ստորագրում էր այն ամենը, ինչ պահանջում էին իրենից։ Նրա միակ մտահոգությունն էր՝ պարզել, թե ինչ խոստովանություն են պահանջում, հետո արագ խոստովանել՝ սպասելով նոր ծեծի։ Նա նշանավոր կուսակցականների սպանություն խոստովանեց, ընդդիմադիր ազդագրերի տարածում, հանրային ֆոնդերի յուրացում, ռագմական գաղտնիքների վաճառք, ամեն տեսակի վնասարարություն։ Խոստովանեց, որ դեռևս 1968 թվականից աշխատել է որպես արևելաասիական կառավարության վճարվող լրտես։ Խոստովանեց, որ հավատացյալ է, կապիտալիզմի հետևորդ և որ այլասերված է։ Խոստովանեց, որ սպանել է իր կնոջը, թեև գիտեր, և հարցաքննողներն էլ պետք է որ իմանային, որ կինը դեռ ողջ է։ Խոստովանեց, որ տարիներ շարունակ անձամբ կապ է ունեցել Գոլդսթեյնի հետ և եղել ընդհատակյա կազմակերպության անդամ, որի անդամ են նաև իր գրեթե բոլոր ծանոթները։ Ավելի հեշտ էր խոստովանել ամեն ինչ և հանցակից դարձնել բոլորին։ Բացի այդ, ինչ֊որ չափով այդ ամենը ճիշտ էր։ Նա իսկապես եղել էր Կուսակցության թշնամի, իսկ Կուսակցության համար տարբերություն չկար մտքի և արարքի միջև։

Կային նաև այլ հիշողություններ։ Դրանք իրար հետ կապ չունեին, ինչպես սևով շրջանակված նկարներ։

Նա խցում էր. այնտեղ գուցե մութ էր, գուցե՝ լույս, որովհետև բացի մի զույգ աչքից, ուրիշ ոչինչ չէր տեսնում։ Մոտիկից ղանդաղ ու համաչափ ինչ-որ գործիք էր տկտկում։ Աչքերը խոշորացել էին ու ավելի ուժեղ էին փայլում։ Հանկարծ նա դուրս թռավ տեղից, սուզվեց աչքերի մեջ, և աչքերը կուլ տվեցին Նրան։

Նրան կապել էին աթոռին՝ շլացուցիչ լույսի տակ, շրջապատված թվատախտակներով։ Սպիտակ վերարկուով մի մարդ հետևում էր թվատախտակին։ Դրսում ծանր երկարաճիտ կոշիկների աղմուկ լսվեց։ Դուռը կրնկի վրա բացվեց։ Մոմե դեմքով սպան քայլեց ներս. նրա ետևից մտան երկու պահնորդ։

― Սենյակ 101,― ասաց սպան։

Սպիտակ վերարկուով տղամարդը չշրջվեց։ Ուինսթընին նա նույնպես չնայեց, նայում էր միայն թվատախտակներին։

Նա սահում էր հզոր, մեկ կիլոմետր լայնությամբ միջանցքն ի վար՝ լեցուն փառահեղ ոսկեգույն լույսով, բարձր ծիծաղում էր ու ողջ կոկորդով խոստովանություններ գոռում։ Նա խոստովանում էր ամեն ինչ, նույնիսկ այն, ինչ կարողացել էր թաքցնել տանջանքների ժամանակ։ Իր կյանքի ողջ պատմությունը ներկայացնում էր հանդիսատեսին, որն արդեն գիտեր այդ մասին։ Նրա հետ պահնորդներ կային, ուրիշ հարցաքննողներ, սպիտակ վերարկուներով մարդիկ, Օ՚Բրայընը, Ջուլիան, պարոն Չարրինգթընը, բոլորը միասին սահում էին միջանցքով ու բարձր ծիծաղում։ Իրեն հաջողվել էր խուսափել ապագայում ամրագրված մի սարսափելի բանից, որր չէր պատահել։ Մմեն ինչ կարգին էր, ցավ այլևս չկար, կյանքի վերջին մանրամասնը բաց էր, հասկացված ու ներված։

Նա վեր թռավ տախտակե մահճակալից՝ վստահ, որ լսել է Օ՚Բրայընի ձայնը։ Թեև հարցաքննության ողջ ընթացքում երբեք չէր տեսել նրան, միշտ այն զգացողությունն էր, որ Օ՚Բրայընը կողքին է, միայն թե ինքը չի տեսնում նրան։ Օ՚Բրայընն էր թելադրում ամեն ինչ։ Հենց նա էր պահակներ նշանակել Ուինսթընի համար և թույլ չէր տվել, որ նրան սպանեն։ Հենց նա էր որոշում՝ Ուինսթընը երբ ճչա ցավից, երբ կարճատև ընդմիջում ունենա, երբ նրան կերակրեն, երբ քնի, երբ թմրադեղ ներարկվի նրա թևի մեջ։ Հենց նա էր հարցեր տալիս ու պատասխաններ առաջարկում։ Նա էր տանջողը, նա էր պաշտպանը, նա էր հավատաքննիչը, նա էր ընկերը։ Մի անգամ (Ուինսթընը չէր հիշում՝ թմրաքնի՞ մեջ էր, իսկակա՞ն քնի, թե՞ նույնիսկ արթմնի) մի ձայն շշնջաց ականջին. «Մի՛ անհանգստացեք, Ուի՛նսթըն, դուք իմ հովանու տակ եք։ Յոթ տարի է՝ հետևում եմ ձեզ։ Հիմա եկել է շրջադարձային պահը։ bu կփրկեմ ձեզ։ Կատարյալ կդարձնեմ»։ Նա վստահ չէր՝ արդյո՞ք Օ՚Բրայընի ձայնն էր, բայց հենց նույն ձայնը յոթ տարի առաջ ուրիշ երազում ասել էր. «Մենք կհաՆդիպենք մի վայրում, ուր մթություն չկա»։

Նա չէր հիշում հարցաքննությունը վերջ ունեցա՞վ, թե՝ ոչ։ Վրա հասավ մի սև շրջան, որից աստիճանաբար նյութականացավ խուցը կամ սենյակը, որտեղ հիմա էր։ Ուղիղ պառկած էր և ի վիճակի չէր շարժվել։ Մարմինն ամրացված էր բոլոր կենսական կետերում։ Նույնիսկ ծոծրակն ինչ-որ կերպ ամրացված էր։ Օ՚Բրայընը մռայլ ու բավական տխուր նայում էր վերևից։ Ներքևից նրա դեմքը կոպիտ ու մաշված տեսք ուներ, աչքերի տակ պարկեր էին, իսկ քթից մինչև կզակը՝ ծալքեր։ Նա ավելի տարիքով էր, քան Ուինսթընն էր կարծում, գուցե քառասունութ֊հիսուն տարեկան։ Ձեռքը կլոր թվատախտակի լծակին էր։

― Ես ասացի ձեզ,—― ասաց Օ՚Բրայընը,— որ եթե հանդիպենք, ապա՝ այստեղ։

― Այո,— ասաց Ուինսթընը։

Առանց որևէ այլ նախազգուշացման, բացի Օ՚Բրայընի ձեռքի թեթև շարժումից, մարմնով ցավի ալիք անցավ։ Սարսափելի ցավ էր. նա չէր տեսնում ինչ է կատարվում, և այն զգացողությունն ուներ, թե իրեն մահացու վնասվածք են հասցնում։ Չգիտեր՝ դա իսկապե՞ս կատարվում էր, թե՞ էլեկտրականության ազդեցությունն էր, բայց մարմինն աղավաղվում էր, իսկ հոդերը դանդաղ հեռանում էին իրարից։ Չնայած ցավից ճակատին քրտինք էր հայտնվել, ամենից շատ վախենում էր, թե ողնաշարն ուր որ է կկոտրվի։ Նա սեղմեց ատամները և խոր շունչ քաշեց՝ քթով փորձելով հնարավորինս լուռ մնալ։

― Դուք վախենում եք,— ասաց Օ՚Բրայընը՝ ուսումնասիրելով նրա դեմքը,― որ ձեր մեջ ինչ֊որ բան կկոտրվի։ Ամենից շատ՝ որ կկոտրվի հենց ողնաշարը։ Վառ տեսնում եք այն պատկերը, թե ողերն ինչպես են հեռանում իրարից, իսկ հեղուկը կաթում է նրանցից։ Ահա թե ինչի մասին եք մտածում, ճի՞շտ է, Ուի՛նսթըն։

Ուինսթընը չպատասխանեց։ Օ՚Բրայընը հետ մղեց լծակը։ Ցավի ալիքը հեռացավ նույնքան արագ, որքան հայտնվել էր։

― Քառասուն էր,— ասաց Օ՚Բրայընը։— Տեսնո՞ւմ եք, այս թվատախտակի վրա թվերը հասնում են հարյուրի։ Խնդրում եմ, մեր խոսակցության ընթացքում հիշեք, որ ես իրավունք ունեմ ցավ պատճառել ցանկացած պահի և ցանկացած աստիճանի։ Եթե ստեք, կամ փորձեք խուսափել պատասխանից, կամ նույնիսկ պատասխանեք ոչ այնպես, ինչպես թույլ են տալիս ձեր մտավոր կարողությունները, անմիջապես ճչալու եք ցավից։ Հասկացա՞ք։

— Այո,— ասաց Ուինսթընը։

Օ՚Բրայընը մի փոքր մեղմացավ։ Նա մտազբաղ ուղղեց ակնոցը և մեկ֊երկու քայլ արեց։ Հիմա խոսում էր մեղմ ու համբերատար ձայնով։ Ասես բժիշկ լիներ կամ ուսուցիչ, կամ նույնիսկ քահանա, ավելի շատ ջանում էր բացատրել ու համոզել, քան պատժել։

― Շատ եմ տանջվում ձեզ հետ, Ուինսթըն,— ասաց նա ― որովհետև դուք արժանի եք դրան։ Դուք փայլուն հասկանում եք, թե ինչ է կատարվում ձեզ հետ։ Վաղուց գիտեք, թեև չեք ցանկանում խոստովանել։ Դուք մտավոր խնդիրներ ունեք։ Տառապում եք հիշողության արատից։ Ի վիճակի չեք հիշել իրական դեպքերը և համոզում եք ձեզ, որ հիշում եք դեպքեր, որ երբեք չեն պատահել։ Բարեբախտաբար, դա հնարավոր է բուժել։ Երբեք չեք բուժվել, որովհետև չեք ցանկացել։ Դրա համար մի փոքր կամքի ուժ էր պետք, որին պատրաստ չէիք։ Ես քաջատեղյակ եմ, որ նույնիսկ հիմա կառչում եք ձեր հիվանդությունից՝ կարծելով, որ դա արժանիք է։ Հիմա մի օրինակ կբերեմ։ Այս պահին Օվկիանիան ո՞ր տերության հետ է պատերազմում։

― Երբ ինձ ձերբակալեցին, Օվկիանիան պատերազմում էր Արևելաասիայի հետ։

— Արևելաասիայի։ Լա՛վ։ Օվկիանիան միշտ էլ պատերազմել է Արևելաասիայի դեմ, ճի՞շտ է։

Ուինսթընը շունչ քաշեց։ Նա բացեց բերանը, որ խոսի, բայց չխոսեց։ Չէր կարողանում աչքերը հեռացնել թվատախտակից։

— Խնդրում եմ՝ ճշմարտությունը, Ուինսթըն։ Ձեր ճշմարտությո՛ւնը։ Ասացեք ինձ՝ ի՞նչ եք հիշում։

― Հիշում եմ, որ իմ ձերբակալվելուց ընդամենը մեկ շաբաթ առաջ բնավ պատերազմ չէինք մղում Արևելաասիայի դեմ։ Դաշնակից էինք նրան։ Պատերազմը Եվրասիայի դեմ էր։ Տևեց չորս տարի։ Մինչ այդ... Օ՚Բրայընը ձեռքի շարժումով ընդհատեց նրան։

— Մեկ ուրիշ օրինակ,— ասաց նա։ Մի քանի օր առաջ դուք իսկապես լուրջ մոլորության մեջ էիք։ Հավատացած էիք, որ երեք մարդ՝ Կուսակցության երբեմնի անդամներ Ջոնսը, Աարոնսոնն ու Ռութերֆորդը՝ մարդիկ, որոնց մահապատժի էին ենթարկել դավաճանության ու նենգաշորթության համար՝ այն բանից հետո, երբ ամեն ինչ ամբողջությամբ խոստովանեցին, մեղավոր չեն այն հանցագործությունների համար, որոնց մեջ մեղադրվում էին։ Հավատում էիք, որ տեսել եք անսխալ փաստաթուղթ, որն ապացուցում էր նրանց խոստովանությունների կեղծ լինելր։ Կա մի լուսանկար, որը ձեզ հայտնվել է տեսիլքում։ Հավատացած էիք, որ այն պահել եք ձեր ձեռքին։ Լուսանկարը համարյա այսպիսին էր։

Թերթի երկարավուն կտորը հայտնվել էր Օ՚Բրայընի ձեռքին։ Մոտ հինգ վայրկյան Ուինսթընի տեսադաշտում էր։ Դա լուսանկար էր, իսկ թե ինչ լուսանկար, ոչ մի կասկած չկար։ Հենց ԱՅՆ լուսանկարն էր։ Ջոնսի, Աարոնսոնի և Ռութերֆորդի նյույորքյան կուսակցական հանդիպման լուսանկարի ևս մի օրինակ, որը Ուինսթընը պատահաբար տեսել էր տասնմեկ տարի առաջ ու արագորեն ոչնչացրել։ Միայն մի պահ այն աչքի առաջ էր, հետո դարձյալ անհետացավ տեսադաշտից։ Բայց ինքը տեսել էր այն, անկասկած, տեսել էր։ Անհույս, ցավոտ ջանքով փորձեց մարմինը պոկել մահճակափց։ Անհնար էր որևէ ուղղությամբ նույնիսկ մեկ սանտիմետր շարժվել։ Մի պահ նույնիսկ մոռացել էր թվատախտակի մասին։ Միայն ուզում էր դարձյալ մատներով դիպչել լուսանկարին կամ գոնե տեսնել։

― Այն գոյությո՜ւն ունի,― ճչաց նա։

― Ոչ,― ասաց Օ՚Բրայընը։

Նա սկսեց քայլել սենյակում։ Դիմացի պատի մեջ հիշողության անցք կար։ Օ՚Բրայընը բարձրացրեց ցանցավոր կափարիչը։ Թղթի փխրուն կտորը հեռացավ տաք օդի հոսանքով, անհետացավ բոցերի մեջ։ Օ՚Բրայընը շրջվեց պատից։

― Մոխիր,— ասաց նա։― Նույնիսկ ոչ թե մոխիր, այլ փոշի։ Այն գոյություն չունի ու երբեք էլ գոյություն չի ունեցել։

― Բայց եղել է։ Գոյություն ունի։ Գոյություն ունի հիշողության մեջ։ Ես հիշում եմ։ Դուք հիշում եք։

― Ես չեմ հիշում,― ասաց Օ՚Բրայընը։

Ուինսթընի սիրտը տակնուվրա եղավ։ Դա կրկնամիտք էր։ Նա մահացու անօգնականության զգացում ուներ։ Եթե վստահ լիներ, որ Օ՚Բրայընը ստում է, դա այնքան էլ կարևոր չէր լինի։ Բայց չի բացառվում, որ Օ՚Բրայընն իրոք մոռացել է լուսանկարի մասին։ Ու եթե այդպես է, ապա երևի արդեն մոռացել էնաև այն, որ հերքել է, որ հիշում է, և մոռացել է, որ մոռացել է։ Ինչպե՞ս կարող ես վստահ լինել, որ դա հասարակ խաբեություն է։ Գուցե մտքի մեջ խելագար տեղաշարժն իրական է. այդ միտքը հուսահատեցնում էր։

Օ՚Բրայընը մտազբաղ նայում էր նրան։ Ավելի քան երբևէ նման էր ուսուցչի, որը չարչարվում է կամակոր, բայց խոստումնալից երեխայի հետ։

― Կա կուսակցական մի կարգախոս, որն առնչվում է հիշողության վերահսկման հետ,― ասաց նա։― Կրկնեք, խնդրեմ։

― Ով վերահսկում է անցյալը, վերահսկում է ապագան, ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը,— հնազանդ կրկնեց Ուինսթընը։

— Ով վերահսկում է ներկան, վերահսկում է անցյալը,― ասաց Օ՚Բրայընը՝ գլխով հավանության նշան անելով։― Ուի՛նսթըն, ձեր կարծիքով անցյալն իսկապե՞ս գոյություն ունի։

Ուինսթընին դարձյալ համակեց անօգնականության զգացումը։ Աչքերը թափառում էին թվատախտակի վրա։ Նա չգիտեր՝ ո՞ր պատասխանն իրեն կփրկի ցավից՝ «այո՞»֊ն, թե՞ «ոչ»-ը. բայց նաև չգիտեր, թե որ պատասխանն էր ճիշտ։

Օ՚Բրայընը թույլ ժպտաց։

— Դուք մետաֆիզիկ չեք, Ուինսթըն,― ասաց նա։— Մինչ այս պահը երբեք չեք մտածել՝ ինչ է նշանակում գոյություն։ Ավելի կոնկրետ կարտահայտվեմ։ Անցյալը գոյություն ունի՞ կոնկրետ, տարածության մեջ։ Կա՞ որևէ տեղ, մի վայր, ֆիզիկական առարկաների աշխարհ, որտեղ անցյալը դեռ շարունակվում է։

― Ոչ։

― եթե անցյալ գոյություն ունի, ապա՝ որտե՞ղ։

― Արձանագրություններում։ Գրի է առնված։

— Արձանագրություններում։ Ե՞վ։

― Մտքում։ Մարդկային հիշողության մեջ։

― Հիշողության մեջ։ Շատ լավ։ Մենք՝ Կուսակցությունը, վերահսկում ենք բոլոր արձանագրություններն ու բոլոր հիշողությունները։ Հետևաբար՝ վերահսկում ենք անցյալը, ճի՞շտ է։

— Բայց ինչպե՞ս կարող եք մարդկանց ստիպել մոռանալ,― դարձյալ ճչաց Ուինսթընը՝ մի պահ մոռանալով թվատախտակի մասին։― Դա լինում է կամքից անկախ։ Վեր է մարդու ուժերից։ Ինչպե՞ս կարող եք վերահսկել հիշողությունը։ Դուք չեք վերահսկել իմ հիշողությունը։

Օ՚Բրայընի շարժումները դարձյալ խստացան։ Ձեռքը դրեց թվատախտակի վրա։

— Հակառակըասաց նա,― դո՛ւք չեք վերահսկել այն։ Եվ դրա համար էլ ձեզ այստեղ են բերել։ Դուք այստեղ եք, որովհետև չկարողացաք լինել հնազանդ և կարգապահ։ Դուք չհնազանդվեցիք, ինչի դիմաց վճարելու եք հոգեկան առողջությամբ։ Նախընտրեցիք լինել խելագար, փոքրամասնություն դառնալ։ Միայն կարգապահ միտքը կարող է տեսնել իրականությունը, Ուի՛նսթըն։ Դուք կարծում եք՝ իրականությունը օբյեկտիվ, արտաքին, ինքնուրույն գոյություն ունեցող երևույթ է։ Կարծում եք նաև, որ իրականության բնույթն ակնհայտ է։ Երբ խաբում եք ինքներդ ձեզ կարծելով, թե ինչ֊որ բան եք տեսնում, ենթադրում եք, որ բոլորն էլ տեսնում են նույնը։ Բայց ասում եմ ձեզ, Ուի՛նսթըն. իրականությունն արտաքին երևույթ չէ։ Իրականությունը գոյություն ունի մարդու գիտակցության մեջ և ուրիշ ոչ մի տեղ։ Ոչ թե անհատական գիտակցության մեջ, որը կարող է սխալվել և ամեն դեպքում շուտով անհետանալու է. միայն Կուսակցության գիտակցության մեջ, որը հավաքական է և անմահ։ Ճշմարտություն է այն, ինչ Կուսակցությունն է ճշմարտություն համարում։ Անհնար է տեսնել իրականությունը, եթե չնայես Կուսակցության աչքերով։ Դուք պետք է դա նորից սովորեք, Ուինսթըն։ Դրա համար պետք է ինքնաոչնչացում, կամքի ուժ։ Դուք պետք է զսպեք ձեզ, մինչ վերգտնեք մտավոր հավասարակշռությունը։

Նա մի քանի վայրկյան դադար առավ, որպեսզի Ուինսթընը յուրացնի իր լսսածը։

— Հիշո՞ւմ եք,― շարունակեց նա,— ինչպես էիք գրել ձեր օրագրում. «Ազատություն է՝ ազատ ասել, որ երկու գումարած երկու չորս է»։

— Այո,— ասաց Ուինսթընը։

Օ՚Բրայընը ձախ ձեռքը մեկնեց Ուինսթընին, թաքցրեց բութն ու բացեց չորս մատները։

― Քանի՞ մատ է, Ուինսթըն։

― Չորս։

— Իսկ եթե Կուսակցությունն ասում է, որ ոչ թե չորս է, այլ հինգ, ապա քանի՞սն է։

― Չորս։

Վերջին բառից հետո հևաց ցավից։ Թվատախտակի սլաքը ցույց էր տվել հիսունհինգ։ Ուինսթընի ողջ մարմինը պատվել էր քրտինքով։ Օդը ներխուժում էր թոքերն ու դուրս գալիս խոր տնքոցներով, որ Ուինսթընը չէր կարոց զսպել նույնիսկ ատամները սեղմելով Դեռ չորս մատները պարզած՝ Օ՚Բրայընը հետևում էր նրան։ Նա հետ տարավ լծակը։ Այս անգամ ցավը միայն մի փոքր թուլացավ։

— Քանի՞ մատ է, Ուի՛նսթըն։

― Չորս։

Սլաքը հասավ վաթսունի։

― Քանի՞ մատ է, Ուինսթըն։

— Չորս, չորս։ Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել։ Չորս։

Սլաքը երևի դարձյալ բարձրացել էր, բայց Ուինսթընը չէր նայում։ Նրա տեսադաշտում միայն ծանր, դաժան դեմքն ու չորս մատներն էին։ Մատներն աչքի առաջ ասես սյուներ լինեին՝ հսկայական, աղոտ, կարծես շարժվում էին, բայց կասկածչկար. չորսն էին։

― Քանի՞ մատ է, Ուի՛նսթըն։

— Չորս։ Բավական է։ Բավական է։ Ինչպե՞ս կարող եք շարունակել։ Չորս, չորս։

― Քանի՞ մատ է, Ոի՛նսթըն։

― Հինգ։ Հի՛նգ։ Հի՛նգ։

― Ոչ, Ուինսթըն, անօգուտ է։ Դուք ստում եք։ Դեռևս մտածում եք, որ չորս մատ է։ Ասացեք խնդրեմ, քանի՞ մատ է։

― Չորս։ Հի՛նգ։ Չորս։ Որքան ուզում եք։ Միայն թե վերջ տվեք, վերջ տվեք ցավին։

Հանկած պարզվեց, որ նստած է, իսկ Օ՚Բրայընը գրկել է Նրա ուսերը։ Երևում է՝ Ուինսթընը մի քանի վայրկյան կորցրել էր գիտակցությունը։ Մարմինր պրկող կապերը թուլացրել էին։ Նա շատ էր մրսում, անվերահսկելի դողում էր, ատամները զնգում էին, այտերով արցունքներ էին հոսում։ Մի պահ երեխայի նման փարվեց Օ՚Բրայընին ու զարմանալի հարմարավետություն զգաց, երբ նա իր ծանր թևով գրկեց իր ուսերր։ Թվում էր՝ Օ՚Բրայընն իր պաշտպանն է, որ ցավը եկել է դրսից, ուրիշ ծագում ունի, և որ հենց Օ՚Բրայընը կփրկի իրեն ցավից։

― Դանդաղ եք սովորում, Ուինսթըն,― մեղմ ասաց Օ՚Բրայընը։

— Ի՞նչ կարող եմ անել,— հեկեկաց նա։ Ինչպե՞ս չտեսնեմ այն, ինչ աչքիս առաջ է։ Երկու գումարած երկու հավասար է չորս։

― Երբեմն, Ուի՛նսթըն։ Երբեմն հինգ է։ Երբեմն՝ երեք։ Երբեմն՝ բոլորը միաժամանակ։ Դուք պետք է ջանք թափեք։ Նորմալ հոգեվիճակը վերականգնելն այնքան էլ հեշտ չէ։

Նա Ուինսթընին պառկեցրեց մահճակալին։ Վերջույթների կապերը դարձյալ ձգվեցին, բայց ցավը տեղի էր տվել, իսկ դողը դադարել էր՝ թողնելով միայն թուլություն ու մրսածություն։ Օ՚Բրայընը ձեռքով արեց սպիտակազգեստ մարդուն, որն այդ բոլոր գործողությունների ընթացքում անշարժ կանգնած էր։ Սպիտակազգեստը կռացավ ու մոտիկից նայեց ՈւինսթրՆի աչքերի մեջ, չափեց նրա զարկերակը, ականջը դրեց կրծքավանդակին, թփթփացրեց այսուայնտեղ, ապա գլխով ցույց տվեց Օ՚Բրայընին։

― Նորից,― ասաց Օ՚Բրայընը։

Ցավը հեղեղեց Ուինսթընի մարմինը։ Սլաքը երևի հասել էր յոթանասուն-յոթանասունհինգի։ Այս անգամ նա փակեց աչքերը։ Գիտեր, որ մատներր դեռ աչքի առաջ են, ու դեռ չորսն են։ Հիմա մի բան էր կարևոր, դիմանալ ջղաձգությանը։ Նա այլևս չէր նկատում՝ լալի՞ս է, թե ոչ։ Ցավը դարձյալ պակասեց։ Նա բացեց աչքերը։ Օ՚Բրայընը հետ էր տարել լծակը։

― Քանի՞ մատ է, Ուինսթըն։

― Չորս։ Երևի չորս։ Եթե կարողանայի, հինգ կտեսնեի։ Ես փորձում եմ հինգ մատ տեսնել։

— Ի՞նչ եք ուզում, համոզել ինձ, որ հի՞նգ եք տեսնում, թե՞ իսկապես տեսնել։

— Իսկապես տեսնել։

― Նորից,— ասաց Օ՚Բրայընը։

Սլաքը երևի ութսուն֊իննսունի վրա էր։ Միայն ժամանակ առ ժամանակ Ուինսթընին հաջողվում էր հիշել, թե ցավն ինչից էր։ Սեղմած կոպերի ետևում թվում էր՝ մատների անտառը պարում էր, ավելանում ու պակասում, մեկը մյուսի ետևից անհետանում և դարձյալ հայտնվում։ Նա փորձում էր հաշվել դրանք, բայց չէր հիշում՝ ինչու։ Միայն գիտեր, որ անհնար է հաշվել, և պատճառը գուցե առեղծվածային նույնությունն էր հինգի ու չորսի։ Ցավը դարձյալ թուլացավ։ Երբ բացեց աչքերը, պարզեց՝ դեռ նույն բանն է տեսնում։ Շարժվող ծառեր հիշեցնող անհամար մատները շարված էին բոլոր կողմերում՝ մերթ խաչվելով, մերթ հեռանալով։ Նա նորից փակեց աչքերը։

― Քանի՞ մատ եմ ցույց տալիս, Ուի՛նսթըն։

— Չգիտեմ։ Չգիտեմ։ Դուք կսպանեք ինձ, եթե կրկնեք։ Չորս, հինգ, վեց. անկեղծ, չգիտեմ։

― Ավելի լավ է,— ասաց Օ՚Բրայընը։

Ասեղը մտավ Ուինսթընի թևի մեջ։ Գրեթե նույն պահին էլ երանելի, ապաքինող ջերմություն տարածվեց ողջ մարմնով։ Ցավը գրեթե մոռացվեց։ Նա բացեց աչքերն ու երախտապարտ նայեց Օ՚Բրայընին։ Տեսնելով նրա ծանր, ակոսված դեմքը՝ այնքան տգեղ ու այնքան խելացի, սիրտն ասես տակնուվրա եղավ։ Եթե կարողանար շարժվել, կմեկներ ձեռքն ու կդիպչեր Օ՚Բրայընի թևին։ Երբեք այդքան չէր սիրել նրան, որքան այդ պահին և ոչ միայն այն պատճառով, որ նա վերջ էր տվել ցավին։ Վերադարձել էր հին զգացողությունը, ու հիմա կարևոր չէր՝ ով է Օ՚Բրայընը՝ ընկեր, թե թշնամի։ Օ՚Բրայընը մարդ է, ում հետ կարելի է խոսել։ Գուցե մարդը ոչ այնքան սիրվելու, որքան հասկացված լինելու կարիք ունի։ Օ՚Բրայընը տանջանքով իրեն հասցրել էր խելագարության, իսկ քիչ անց անկասկած մահվան գիրկն էր ուղարկելու։ Կարևոր չէր։ Ինչ-որ իմաստով իրենց կապում էր մի բան, որ ընկերությունից էլ խորն էր. թեև դրա մասին երբեք չէր խոսվում, ինչ-որ տեղ կար մի վայր, ուր նրանք կարող են հանդիպել ու խոսել։ Օ՚Բրայընը նայում էր նրան այնպիսի արտահայտությամբ, ասես նույնն էր մտածում։ Նա խոսեց թեթև, անբռնազբոսիկ։

― Գիտե՞ք՝ որտեղ եք, Ուի՛նսթըն,— հարցրեց նա։

― Չգիտեմ։ Կռահում եմ, որ Սիրո նախարարությունում եմ։

— Գիտե՞ք՝ երբվանից եք այստեղ։

― Չգիտեմ։ Օրեր, շաբաթներ, ամիսներ... կարծում եմ՝ ամիսներ։

― Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ ենք մարդկանց այստեղ բերում։

― Որպեսզի նրանց ստիպեք խոստովանել։

— Ոչ, պատճառը դա չէ։ Նորից փորձեք։

— Որպեսզի պատժեք նրանց։

— Ոչ,— բացականչեց Օ՚Բրայընը։ Նրա ձայնն անճանաչելիորեն փոխվեց, իսկ դեմքը հանկարծ լրջացավ ու աշխուժացավ։― Ո՛չ։ Ոչ միայն խոստովանություն կորզելու, ոչ միայն ձեզ պատժելու համար։ Կուզե՞ք՝ բացատրեմ ինչու ենք ձեզ այստեղ բերել։ Որպեսզի բուժենք։ Որպեսզի ձեզ ողջամիտ դարձնենք։ Հասկանո՞ւմ եք, Ուի՛նսթըն, բոլոր նրանք, ում բերում ենք այստեղ, հեռանում են բուժված։ Մեզ չեն հետաքրքրում ձեր գործած հիմար հանցանքները։ Կուսակցությանը չի հետաքրքրում բացահայտ գործողությունը, մեզ մտահոգում է միայն միտքը։ Մենք ոչ միայն ոչնչացնում ենք մեր թշնամիներին, այլև փոխում ենք նրանց։ Հասկանո՞ւմ եք՝ դա ինչ է նշանակում։

Նա կռացավ Ուինսթընի վրա։ Մոտիկության պատճառով դեմքը հսկայական էր թվում, ու նաև՝ սարսափելի տգեղ, քանի որ Ուինսթընը նայում էր ներքևից։ Ավելին, նրա դեմքին նկատելի էր ինչ֊որ խանդավառություն, խելագար լարվածություն։ Ուինսթընի սիրտը դարձյալ կծկվեց։ Եթե հնարավոր լիներ, ավելի խոր կուչ կգար անկողնու մեջ։ Նա վստահ էր, որ Օ՚Բրայընը պատրաստվում է հենց այնպես ձգել լծակը։ Սակայն այդ պահին Օ՚Բրայընը շրջվեց։ Նա մեկ֊երկու քայլ հետուառաջ արեց։ Հետո շարունակեց ոչ այնքան կրքոտ, որքան առաջ։

― Նախ և առաջ պետք է հասկանաք, որ այստեղ չկան նահատակներ։ Դուք կարդացել եք անցյալի կրոնական հալածանքների մասին։ Միջին դարերում գոյություն ուներ Ինկվիզիցիա։ Սակայն ձախողվեց։ Նպատակը հերետիկոսությունն արմատախիլ անելն էր, մինչդեռ հավիտենական դարձրեց այն։ Խարույկի մեջ այրված յուրաքանչյուր հերետիկոսի հետևում էին հազարավորները։ Ինչո՞ւ։ Որովհետև Ինկվիզիցիան բացահայտ սպանում էր իր թշնամիներին և սպանում էր նաև չզղջացողներին, իրականում՝ սպանում էր, որովհետև չէին զղջում։ Մարդիկ մահանում էին, որովհետև չէին հրաժարվում իրենց իրական համոզմունքներից։ Բնականաբար, փառքը լիովին բաժին էր ընկնում զոհին, իսկ ամոթը՝ Հավատաքննիչին, ով այրում էր նրան։ Ավելի ուշ՝ քսաներորդ դարում, դա կոչվեց ամբողջատիրական համակարգ։ Կային գերմանացի նացիստներ և ռուս կոմունիստներ։ Ռուսները հալածում էին հերետիկոսությունն ավելի դաժանորեն, քան Ինկվիզիցիան։ Նրանք կարծում էին, որ դասեր են քաղել անցյալի սխալներից, ամեն դեպքում, նրանք գիտեին, որ մարտիրոս դառնալու կարիք չկա։ Մինչ իրենց զոհերին հանրության դատին հանձնելը, միտումնավոր ոչնչացնում էին նրանց արժանապատվությունը։ Բանտարկյալներին ոչնչացնում էին խոշտանգումներով ու մենությամբ և վերածում արհամարհելի, ստորաքարշ թշվառ արարածների, որոնք խոստովանում էին այն ամենը, ինչ ասում էին. իրենց ողողում էին վիրավորանքներով, մեղադրում միմյանց, թաքնվում իրար թիկունքում, թնկթնկում և գութ աղերսում։ Սակայն ընդամենը մի քանի տարի անց դարձյալ նույնն էր կրկնվում։ Մեռյալները դառնում էին մարտիրոսներ, նրանց ստորաքարշությունը մոռացվում էր։ Կրկնում եմ, ինչո՞ւ։ Նախ և առաջ, որովհետև նրանց խոստովանություններն ակնհայտորեն կորզված էին ու ոչ ճշմարիտ։ Մենք նման սխալներ թույլ չենք տալիս։ Այստեղ արված բոլոր խոստովանությունները ճիշտ են։ Մենք ճիշտ ենք դարձնում դրանք։ Ամենակարևորը՝ թույլ չենք տալիս, որ մեռյալները կանգնեն մեր դեմ։ Պետք չէ երևակայել, որ սերունդները կարդարացնեն ձեզ, Ուի՛նսթըն։ ժառանգները երբեք չեն լսի ձեր մասին։ Ձեզ կմաքրեն պատմության հոսքից։ Մենք ձեզ կվերածենք գազի ու բաց կթողնենք ստրատոսֆերա։ Ձեզնից ոչինչ չի մնա՝ ոչ անուն ցուցակներում, ոչ հիշողություն կենդանի մարդկանց ուղեղներում։ Ձեզ կոչնչացնեն ինչպես անցյալում, այնպես էլ ապագայում։ Ասես երբեք էլ գոյություն չեք ունեցել։

«Այդ դեպքում ինչո՞ւ եք տանջում ինձ»,― մի պահ դառնացած մտածեց Ուինսթընը։ Օ՚Բրայընը դադարեց խոսել, ասես Ուինսթընն իր միտքը բարձրաձայն էր արտահայտել։ Նա իր մեծ, տգեղ դեմքը մոտեցրեց Ուինսթընին. աչքերը փոքր֊ինչ նեղացան։

― Մտածում եք,― ասաց նա,― որ եթե մտադրվել ենք լիովին ոչնչացնել ձեզ, այնպես, որ ձեր ասած ոչ մի բառ փոքրիկ նշանակություն անգամ չունենա, այդ դեպքում ինչո՞ւ ենք նախ հարցաքննում ձեզ։ Այդ մասին էիք մտածում, ճի՞շտ է։

― Այո,― ասաց նա։

Օ՚Բրայընը թույլ ժպտաց։

― Դուք ընդհանրական կարգի արատն եք, Ուի՛նսթըն։ Բիծ եք, որը պետք է մաքրել։ Հենց նոր չասացի՞, որ մենք տարբերվում ենք անցյալի հալածողներից։ Մեզ չի գոհացնում բացասական հնազանդությունը և ոչ էլ ամենաանարգ հպատակությունը։ Երբ ի վերջո հանձնվեք մեզ, դա կլինի ձեր կամքի ազատ դրսևորում։ Մենք ոչնչացնում ենք հերետիկոսին ոչ թե որ դիմադրում է մեզ. քանի դեռ դիմադրում է, չենք ոչնչացնում։ Մենք նրան շրջում ենք, գրավում նրա ներքին միտքը, վերափոխում նրան։ Նրանից հեռացնում ենք ողջ չարիքն ու պատրանքները, մեր կողմն ենք քաշում նրան, ոչ թե պաշտոնապես, այլ անկեղծորեն, սրտով ու հոգով։ Նա դառնում է մեզնից մեկը, հետո սպանում ենք նրան։ Մեզ համար անընդունելի է, որ աշխարհում ինչ֊որ տեղ կա սխալ միտք, որքան էլ գաղտնի ու թույլ լինի այն։ Նույնիսկ մահվան պահին չենք կարող ընդունել որևէ շեղում։ Անցյալում հերետիկոսը նույնիսկ խարույկի մոտ շարունակում էր փառաբանել հերետիկոսությունը, հրճվել դրանով։ Նույնիսկ ռուսական զտումների զոհը միջանցքում քայլելիս և փամփուշտի սպասելիս կարող էր իր գանգի մեջ փակ պահել ապստամբ միտքը։ Մինչ ուղեղը ոչնչացնելը, մենք նախ այն կատարյալ ենք դարձնում։ Հին դեսպոտիզմի հրամանը սկսվում է այսպես՝ «Չհամարձակվեն»։ Ամբողջատերերի հրամանը՝ «Դու պետք է»։ Մեր հրամանն է՝ «Դու ես»։ Այստեղ բերվածներից ոչ ոք չի ընդդիմանում մեզ։ Բոլորին մաքրում են։ Ի վերջո մեզ հաջողվեց կոտրել նույնիսկ այն երեք թշվառ դավաճաններին՝ Ջոնսին, Աարոնսոնին և Ռութերֆորդին, որոնց անմեղությանը մի ժամանակ հավատում էիք։ Տեսել եմ, թե նրանց ինչպես են աստիճանաբար տանջում, ինչպես են նրանք թնկթնկում, քծնում, արտասվում, ի վերջո ոչ թե ցավից կամ վախից, այլ միայն զղջումից։ Երբ ավարտեցինք աշխատանքը, նրանք ընդամենը մարդու կաղապար էին։ Նրանց ներսում ոչինչ չէր մնացել՝ բացի արածի համար զղջումից և Մեծ Եղբոր հանդեպ սիրուց։ Հուզիչ էր տեսնել, թե ինչպես են սիրում նրան։ Աղաչում էին, որ իրենց արագ գնդակահարեն, որպեսզի մեռնեն, քանի դեռ միտքը մաքուր է։

Նրա ձայնը գրեթե երազկոտ էր դարձել։ Դեմքին փառաբանություն, խելագար խանդավառություն էր վառվում։ «Նա չի ձևացնում,— մտածեց Ուինսթընը,— նա կեղծավոր չէ, հավատում է իր ամեն մի խոսքին»։ Մմենից շատ նրան ճնշում էր սեփական ինտելեկտուալ թերարժեքության գիտակցումը։ Նա հետևում էր, թե այդ ծանրամարմին, բայց վայելչագեղ մարդն ինչպես է քայլում՝ մերթ հայտնվելով իր տեսադաշտում, մերթ դուրս գալով։ Օ՚Բրայընը բոլոր առումներով իրենից խոշոր էր։ Չկար մի գաղափար, որ երբևէ ծագել էր կամ կարող էր ծագել Ուինսթընի մտքում, որն Օ՚Բրայընը վաղուց չէր իմացել, ստուգել ու մերժել։ Նրա միտքը պարունակում էր Ուինսթընի միտքը։ Բայց այդ դեպքում Օ՚Բրայընն ինչպեն կարող էր խենթ լինել։ Ավելի հավանական է, որ ինքը՝ Ուինսթընն է խենթ։ Օ՚Բրայընը կանգ առավ և նայեց նրան։ Ձայնը դարձյալ խստացավ։

― Մի՛ երևակայեք, թե կփրկվեք, Ուի՛նսթըն, նույնիսկ եթե ամբողջովին հանձնվեք մեզ։ Մենք երբեք չենք խնայում որևէ մեկին, ով գոնե մեկ անգամ շեղվել է ուղուց։ Ու եթե նույնիսկ որոշենք թույլ տալ, որ ապրեք մինչև ձեր բնական մահը, միևնույն է, երբեք չեք խուսափի մեզնից։ Այն, ինչ այստեղ կատարվում է ձեզ հետ, հավերժ է։ Նախօրոք իմացեք։ Այնպես կոչնչացնենք, որ ոտքի չեք կանգնի։ Ձեզ հետ կպատահեն դեպքեր, որոնցից չեք կարող վերականգնվել, նույնիսկ եթե հազար տարի ապրեք։ Այլևս երբեք չեք ունենա սովորական մարդկային զգացմունքներ։ Ձեր ներսում ամեն ինչ կմեռնի։ Այլևս երբեք չեք զգա սեր, ընկերություն, կյանքի ուրախություն, ծիծաղ, հետաքրքրասիրություն, խիզախություն կամ մաքրություն։ Դուք դատարկ կլինեք։ Մինչև վերջին կաթիլը կճցմենք ձեզ, ապա կլցնենք մեզնով։

Նա կանգ առավ ու ձեռքով նշան արեց սպիտակազգեստ տղամարդուն։ Ուինսթընը զգաց, թե ինչպես թիկունքից ինչ֊որ ծանր սարքավորում մոտեցրին գլխին։ Օ՚Բրայընը նստել էր մահճակալին այնպես, որ դեմքը հավասար լինի Ուինսթընի դեմքին։

― Երեք հազար,— ասաց նա՝ Ուինսթընի գլխի վրայով դիմելով սպիտակազգեստին։

Երկու փափուկ, փոքր֊ինչ խոնավ բարձիկ սեղմվեց Ուինսթընի քունքերին։ Նա ցնցվեց։ Նորից ցավ զգաց, բայց՝ ուրիշ ցավ։ Օ՚Բրայընը բռնեց Նրա ձեռքը՝ համոզելով, գրեթե սիրալիր։

― Այս անգամ ցավ չի լինի,— ասաց նա։— Նայեք ուղիղ աչքերիս մեջ։

Այդ պահին կործանիչ պայթյուն եղավ, կամ թվաց, թե պայթյուն էր, չնայած վստահ չէր՝ արդյոք ուղեկցվեց աղմուկով։ Լույսի կուրացնող բռնկումը, սակայն, անկասկած էր։ Ուինսթընը չէր վնասվել, բայց տապալվել էր։ Չնայած արդեն պառկած էր մեջքի վրա, երբ դա պատահեց, տարօրինակ զգացողություն ունեցավ, ասես իրեն գցել են, ու հայտնվել է այդ դիրքում։ Սարսափելի անցավ հարվածը տապալեց նրան։ Գլխի հետ նույնպես ինչ֊որ բան էր պատահել։ Երբ տեսողությունը պարզվեց, նա հիշեց, թե ով է և որտեղ է, ճանաչեց իր դեմքին ուշադիր նայողին, բայց ինչ֊որ տեղ ընդարձակ դատարկություն էր, ասես ուղեղից մի կտոր հեռացրել էին։

— Երկար չի տևի,— ասաց Օ՚Բրայընը։― Նայեք աչքերիս մեջ։ Օվկիանիան ո՞ր երկրի հետ է պատերազմում։

Ուինսթընը մտածեց։ Նա գիտեր ինչ է Օվկիանիան, և որ ինքը Օվկիանիայի քաղաքացի է։ Նաև հիշեց Եվրասիան և Արևելաասիան, բայց չգիտեր՝ ով է պատերազմում ում դեմ։ Ըստ էության, տեղյակ էլ չէր, որ պատերազմ է։

― Չեմ հիշում։

― Օվկիանիան պատերազմում է Արևելաասիայի դեմ։ Հիմա հիշեցի՞ք։

― Այո։

― Օվկիանիան միշտ էլ պատերազմել է Արևելաասիայի դեմ։ Ձեր ծնունդից, կուսակցության ստեղծումից, պատմության առաջին օրից ի վեր պատերազմը շարունակվում է առանց դադարի, միշտ նույն պատերազմը։ Հիշո՞ւմ եք դա։

― Այո։

― Տասնմեկ տարի առաջ դուք լեգենդ եք հորինել երեք մարդու մասին, որոնք դավաճանության համար դատապարտվել են մահվան։ Հորինել եք, թե տեսել եք նրանց անմեղությունն ապացուցող թղթի մի կտոր։ Այդպիսի թուղթ երբևէ գոյություն չի ունեցել։ Դուք հնարել եք, իսկ ավելի ուշ սկսել եք հավատալ դրան։ Հիմա հիշում եք այն պահը, երբ առաջին անգամ հորինեցիք։ Հիշո՞ւմ եք։

— Այո։

― Հենց նոր ձեզ ցույց տվեցի մատներս։ Դուք տեսաք հինգ մատ։ Հիշո՞ւմ եք։

― Այո։

Օ՚Բրայընը բարձրացրեց ձախ ձեռքի մատները՝ թաքցնելով բութ մատը։

― Հինգ մատ է։ Տեսնո՞ւմ եք հինգ մատ։

― Այո։

Աի կարճ ակնթարթ նա տեսավ դրանք, իսկ հետո մտքում տեսարանը փոխվեց։ Տեսավ հինգ մատ՝ առանց աղավաղման։ Հետո ամեն ինչ նորից կարգին էր, և հին վախը, ատելությունն ու շփոթմունքը դարձյալ ներս էին խցկվել։ Բայց եղավ լուսաշող վստահության մի պահ, նա չէր հիշում՝ որքան, գուցե երեսուն վայրկյան, երբ Օ՚Բրայընի ցանկացած նոր առաջարկ լցրեց դատարկության կտորը ու դարձավ բացարձակ ճշմարտություն, երբ երկու գումարած երկու հավասար կլիներ երեքի, ինչպես և հինգի, եթե դրա կարիքը լիներ։ Այդ վիճակն անցավ ավելի շուտ, քան Օ՚Բրայընը կթողներ նրա ձեռքը, բայց չնայած Ուինսթընը չէր կարող վերականգնել այդ վիճակը, հիշում էր այն, ինչպես հիշում ես կյանքում ինչ-որ ժամանակ պատահած պայծառ դեպքը, երբ դու, ըստ էության, այլ մարդ էիր։

― Հիմա տեսնո՞ւմ եք,― ասաց Օ՚Բրայընը,― որ դա ցանկացած դեպքում հնարավոր է։

― Այո,― ասաց Ուինսթընը։

Օ՚Բրայընը բավարարված ոտքի կանգնեց։ Ուինսթընը տեսավ, թե իր ձախ կողմում սպիտակազգեստ մարդն ինչպես կոտրեց սրվակն ու քաշեց ներարկիչի մխոցը։ Օ՚Բրայընը ժպիտով շրջվեց Ուինսթընի կողմը։ Նա առաջվա պես ուղղեց ակնոցը քթի վրա։

— Հիշո՞ւմ եք՝ ինչպես էիք գրել օրագրում,— ասաց նա,― կարևոր չէ՝ ես ընկեր եմ թե թշնամի, քանի որ միակ մարդն եմ, ով հասկանում է ձեզ, և որի հետ կարելի է խոսել։ Դուք իրավացի եք։ Ինձ համար հաճելի է խոսել ձեզ հետ։ Ձեր մտածողությունն ինձ դուր է գալիս։ Նման է իմ մտածողությանը, այն տարբերությամբ, որ դուք խենթ եք։ Մինչ զրույցն ավարտելը կարող եք մի քանի հարց տալ, եթե ուզում եք։

— Ցանկացած հա՞րց։

― Ցանկացած,— նա տեսավ, որ Ուինսթընն աչքերը հառել էր թվատախտակին։— Անջատված է։ Ո՞րն է ձեր առաջին հարցը։

— Ի՞նչ եք արել Ջուլիային,― ասաց Ուինսթընը։

Օ՚Բրայընը դարձյալ ժպտաց։

― Նա դավաճանեց ձեզ, Ուի՛նսթըն։ Անմիջապես և անվերապահորեն։ Հազվադեպ ենք հանդիպում մարդկանց, որոնք այդքան արագ են հանձնվում մեզ։ Եթե տեսնեիք, հազիվ թե ճանաչեիք նրան։ Ապստամբ ոգին, ստախոսությունը, անխոհեմությունը, արատավոր միտքը, ամեն ինչ վերացել էր նրանից։ Կատարյալ փոփոխություն էր։ Դասագրքային օրինակ։

— Դուք տանջե՞լ եք նրան։

Օ՚Բրայընը չպատասխանեց հարցին։

— Հաջորդ հարցը,— ասաց նա։

— Մեծ Եղբայրը գոյություն ունի՞։

— Իհարկե գոյություն ունի։ Կուսակցությունը գոյություն ունի։ Մեծ Եղբայրը Կուսակցության մարմնավորումն է։

— Նա նույն կե՞րպ գոյություն ունի, ինչպես ես։

― Դուք գոյություն չունեք,— ասաց Օ՚Բրայընը։

Դարձյալ անօգնականության զգացումը համակեց նրան։ Նա գիտեր կամ կարող էր պատկերացնել այն փաստարկները, որոնք կապացուցեին իր չգոյությունը, բայց դրանք անհեթեթ էին, ընդամենը բառախաղ։ Մի՞թե «դուք գոյություն չունեք» դրույթը տրամաբանական անհեթեթություն չի պարունակում։ Բայց ի՞նչ իմաստ ունի ասել դա։ Միտքը կծկվում էր, երբ մտածում էր այն անհերքելի, խենթ փաստարկների մասին, որոնցով Օ՚Բրայընը ջախջախում էր իրեն։

— Կարծում եմ՝ ես գոյություն ունեմ,— հոգնած ասաց նա։― Ես գիտակցում եմ իմ էությունը։ Ես ծնվել եմ և կմեռնեմ։ Ունեմ թևեր ու ոտքեր։ Որոշակի տարածություն եմ զբաղեցնում։ Ոչ մի պինդ առարկա չի կարող ինձ հետ միաժամանակ նույն տեղը զբաղեցնել։ Այդ իմաստով Մեծ Եղբայրը գոյություն ունի՞։

— Կարևոր չէ։ Նա գոյություն ունի։

— Մեծ Եղբայրը երբևէ կմեռնի՞։

— Իհարկե ոչ։ Ինչպե՞ս կարող է մեռնել։ Հաջորդ հարցը։

— Եղբայրություն գոյություն ունի՞։

― Դուք դա երբեք չեք իմանա, Ուի՛նսթըն։ Եթե որոշենք ազատել ձեզ, երբ ավարտենք գործը ձեզ հետ, ու եթե ապրեք մինչև իննսուն տարեկան, միևնույն է, երբեք չեք իմանա պատասխանը՝ այո թե ոչ։ Որքան ապրեք, այնքան չգուշակված հանելուկը մնալու է ձեր մտքում։

Ուինսթընը լուռ պառկած էր։ Նրա կուրծքն ավելի արագ էր վերուվար անում։ Նա դեռ չէր տվել այն հարցը, որն առաջինն էր ծագել մտքում։ Պետք է տար այդ հարցը, մինչդեռ լեզուն չէր պտտվում։ Նույնիսկ նրա ակնոցն էր հեգնական փայլում։ «Գիտի՜,— հանկարծ մտածեց Ուինսթընը,― գիտի, թե ինչ եմ ուզում հարցնել»։ Այդ մտքից բառերն իրենք իրենց հորդեցին։

― Ի՞նչ կա Սենյակ 101-ում։

Օ՚Բրայընի դեմքի արտահայտությունը չփոխվեց։ Նա չոր պատասխանեց.

― Դուք գիտեք՝ ինչ կա Սենյակ 101-ում։ Բոլորն էլ գիտեն՝ ինչ կա Սենյակ 101-ում։

Նա մատով նշան արեց սպիտակազգեստին։ Ակնհայտ էր, որ զրույցն ավարտված էր։ Ասեղը մտավ Ուինսթընի թևի մեջ։ Նա գրեթե անմիջապես խոր քուն մտավ։

III

― Ձեր վերականգնումը բաղկացած է երեք փուլից,— ասաց Օ՚Բրայընը։― Ուսում, ըմբռնում և ընդունում։ Հիմա ժամանակն է, որ անցնենք երկրորդ փուլին։

Ինչպես միշտ, Ուինսթընը պառկած էր մեջքի վրա։ Բայց վերջին շրջանում կապերը թուլացնում ԷիՆ։ Նրան դեռ գամված էին պահում անկողնուն, բայց կարող էր փոքր֊ինչ շարժել ծնկները, մի կողմից մյուս կողմ շրջել գլուխը և արմունկից բարձրացնել թևերը։ Թվատախտակի հանդեպ սարսափը նույնպես պակասել էր։ Կարող էր խուսափել դրա պատճառած ցավից, եթե բավական հնարամիտ լիներ. հիմնականում Օ՚Բրայընը քաշում էր լծակը, երբ Ուինսթընն ինչ-որ հիմարություն էր դուրս տալիս։ Երբեմն ողջ խոսակցությունն անցնում էր առանց թվատախտակն օգտագործելու։ Նա չէր հիշում՝ քանի զրույց են ունեցել։ Թվում էր՝ ողջ գործընթացը ձգվել էր երկար, անորոշ ժամանակ՝ գուցե շաբաթներ, իսկ զրույցների միջև ընդմիջումները երբեմն տևում էին մի քանի օր, երբեմն ընդամենը մեկ֊երկու ժամ։

― Քանի դեռ պառկած էիք այստեղ,— ասաց Օ՚Բրայընը,― հաճախ եք մտածել, նույնիսկ հարցրել եք ինձ. ինչո՞ւ Սիրո նախարարությունն այսքան ժամանակ ու ջանք է թափում ձեզ վրա։ Իսկ երբ ազատ էիք լինում, ըստ էության նույն հարցի շուրջ էիք մտածում։ Դուք հասկացել եք այն հասարակության մեխանիկան, որի մեջ ապրում եք, բայց չեք ընկալել նրա հիմքում ընկած շարժառիթները։ Հիշո՞ւմ եք՝ ինչ էիք գրել ձեր օրագրում. «Ես հասկանում եմ՝ ինչպես, բայց չեմ հասկանում՝ ինչու»։ Հենց այն ժամանակ, երբ մտածեցիք ինչո՞ւ, կասկածի տակ դրեցիք ձեր սեփական ողջամտությունը։ Դուք կարդացել եք գիրքը, Գոլդսթեյնի գիրքը, կամ գոնե որոշ գլուխներ։ Այնտեղ հանդիպե՞լ եք որևէ բանի, որի մասին չգիտեիք։

— Դուք այն կարդացե՞լ եք,― հարցրեց Ուինսթընը։

― Ես եմ գրել։ Այսինքն մասնակցել եմ ստեղծմանը։ Ինչպես գիտեք, ոչ մի գիրք հնարավոր չէ ստեղծել մենակ։

― Ինչ գրված է, ճի՞շտ է։

― Նկարագրությունը՝ այո։ Առաջադրված ծրագիրն անհեթեթություն է։ Գաղտնի կուտակել իմացություն... աստիճանաբար լուսավորել զանգվածներին... ի վերջո պրոլետարական ապստամբություն... Կուսակցության տապալում։ Ինքներդ էիք կռահում՝ հետո ինչ է լինելու։ Այդ ամենն անհեթեթություն է։ Պրոլետարները երբեք չեն ապստամբի, նույնիսկ հազար կամ միլիոն տարի հետո։ Նրանք չեն կարող։ Կարիք չկա, որ բացատրեմ պատճառը, դուք արդեն գիտեք։ Եթե երբևէ մոլեգին ապստամբության երազանքներ եք փայփայել, թողեք դրանք։ Կուսակցության տապալումն անհնար է։ Կուսակցության իշխանությունը հարատև է։ Սա թող դառնա ձեր մտքերի ելակետը։

Նա մոտեցավ մահճակալին։

— Հավե՛րժ,— կրկնեց նա։― Իսկ հիմա թույլ տվեք վերադառնալ «ինչպես» և «ինչու» հարցերին։ Դուք բավական լավ եք հասկանում, թե Կուսակցությունն ինչպես է պահպանում իր իշխանությունը։ Հիմա ասացեք՝ մենք ինչու ենք կառչում իշխանությունից։ Ո՞րն է մեր շարժառիթը։ Մեզ ինչի՞ համար է պետք իշխանությունը։ Դե, խոսեք,— ավելացրեց նա, քանի որ Ուինսթընը լուռ էր։

Այնուամենայնիվ, Ուինսթընը ևս մեկ֊երկու վայրկյան չխոսեց։ Նրան համակել էր հոգնածությունը։ Խանդավառության աղոտ, խենթ փայլը դարձյալ հայտնվեց Օ՚Բրայընի դեմքին։ Նա նախապես գիտեր, թե ինչ է ասելու Օ՚Բրայընը. որ իշխանությունը Կուսակցությանը պետք է ոչ թե իր, այլ մեծամասնության բարեկեցության համար։ Իշխանություն պետք է, որովհետև մարդկանց մեծամասնությունը թուլամորթ, երկչոտ արարածներ են, որոնք չեն կարող դիմանալ ազատությանը, չեն կարող նայել ճշմարտության աչքերին, նրանց պետք է կառավարեն և կանոնավոր ստեն նրանք, ովքեր իրենցից ուժեղ են։ Որ մարդկությունն ընտրության առաջ է՝ ազատություն կամ երջանկություն, որ մարդկության մեծ մասի համար երջանկությունն ավելի լավ է։ Որ կուսակցությունը թույլերի հավերժական պաշտպանն է, նվիրյալների խումբ, որը չարիք է գործում հանուն մոտալուտ բարիքի, զոհում իր երջանկությունը՝ հանուն ուրիշների։ Ուինսթընը մտածում էր՝ սարսափելին ու ահավորն այն է, որ երբ Օ՚Բրայընն ասի դա, ինքը կհավատա։ Դա գրված էր նրա դեմքին։ Օ՚Բրայընն ամեն ինչ գիտի։ Ուինսթընից հագար անգամ ավելի լավ գիտի, թե իրականում ինչ է աշխարհը, ինչպիսի անկում է ապրում մարդկային հասարակության մեծամասնությունը, և թե ինչ ստերով ու բարբարոսություններով է Կուսակցությունը նրանց պահում այդ վիճակում։ Նա ամեն ինչ հասկացել էր, ամեն ինչ կշռադատել, բայց ոչինչ չէր փոխվել, վերջնական նպատակն արդարացնում է ամեն ինչ։ «Ի՞նչ կարող ես անել,— մտածեց Ուինսթընը,― խելագարի դեմ, որը քեզնից խելացի է, որն անկողմնակալ լսում է փաստարկներդ, ապա ուղղակի պնդում իր խելագարությունը»։

— Դուք մեզ իշխում եք՝ ձեր շահերից ելնելով,― խամրած ձայնով ասաց նա։― Դուք հավատում եք, որ մարդ արարածները չեն կարող կառավարել իրենց, հետևարար...

Նա ցնցվեց ու գրեթե ճչաց։ Ցավը խայթեց մարմինը։ Օ՚Բրայընը լծակը հասցրել էր երեսունհինգի։

— Հիմարություն է, Ուի՛նսթըն, հիմարություն,― ասաց նա։― Նման բան ասելուց առաջ ավելի լավ մտածեք։

Նա հետ քաշեց լծակն ու շարունակեց.

― Հիմա ինքս կպատասխանեմ իմ հարցին։ Ահա թե ինչ։ Կուսակցությունն իշխանության է ձգտում միայն սեփական շահի համար։ Մեզ չի հետաքրքրում ուրիշների բարօրությունը, հետաքրքրում է միայն իշխանությունը։ Ոչ հարստություն, ոչ ճոխություն, ոչ երկար կյանք, ոչ երջանկություն, միայն իշխանություն, մաքուր իշխանություն։ Շուտով կհասկանաք, թե ինչ է մաքուր իշխանությունը։ Մենք գիտենք, թե ինչ ենք անում, ու դրանով էլ տարբերվում ենք անցյալի բոլոր օլիգարխներից։ Մյուսները, նույնիսկ նրանք, որ նման են մեզ, վախկոտ ու կեղծավոր էին։ Գերմանացի նացիստներն ու ռուս կոմունիստներն իրենց մեթոդներով շատ էին մոտեցել մեզ, բայց երբեք համարձակություն չունեցան հասկանալու սեփական շարժառիթները։ Նրանք երևակայում կամ գուցե նույնիսկ հավատում էին, որ զավթել են իշխանությունն իրենց կամքից անկախ և սահմանափակ ժամանակով, իսկ մոտակայքում՝ թեկուզ հենց առաջին շրջադարձին, դրախտն է, որտեղ մարդիկ կլինեն ազատ ու հավասար։ Մենք ուրիշ ենք։ Գիտենք, որ ոչ ոք երբեք չի զավթում իշխանությունը՝ նրանից հրաժարվելու մտադրությամբ։ Իշխանությունը միջոց չէ, նպատակ է։ Դիկտատուրան հեղափոխությունը պաշտպանելու համար չի հաստատվում, հեղափոխությունն արվում է դիկտատուրա հաստատելու համար։ Հետապնդման նպատակը հետապնդումն է։ Տանջանքի նպատակը տանջանքն է։ Իշխանության նպատակն իշխանությունն է։ Հիմա հասկանո՞ւմ եք ինձ։

Ուինսթընն ապշեց, ինչպես և ավելի վաղ, Օ՚Բրայընի դեմքի հոգնածությունից։ Այն ուժեղ էր, մսոտ ու դաժան, դեմքին երևում էր խելք և մի տեսակ զսպված կիրք, որի առաջ նա անօգնական էր. բայց դեմքը հոգնած էր։ Աչքերի տակ պարկեր էին, իսկ մաշկը կախ էր ընկել այտոսկրերից։ Օ՚Բրայընը կռացավ նրա վրա՝ միտումնավոր մոտեցնելով տանջված դեմքը։

― Դուք մտածում եք,— ասաց նա,— որ իմ դեմքը ծեր է ու հոգնած։ Մտածում եք, որ խոսում եմ իշխանության մասին, մինչդեռ ի վիճակի չեմ կանխել իմ սեփական մարմնի քայքայումը։ Չե՞ք հասկանում, Ուի՛նսթըն, որ անհատն ընդամենը բջիջ է։ Բջջի հոգնածությունն օրգանիգմի ուժն է։ Դուք մեռնո՞ւմ եք, երբ կտրում եք ձեր եղունգները։

Նա շրջվեց մահճակալից ու սկսեց հետուառաջ անել՝ մի ձեռքը գրպանում։

— Մենք իշխանության քրմերն ենք,― ասաց նա։— Աստված իշխանություն է։ Բայց ինչ վերաբերում է ձեզ, իշխանությունն ընդամենը բառ է։ ժամանակն է, որ գաղափար կազմեք, թե ինչ է նշանակում իշխանություն։ Նախ և առաջ պետք է հասկանաք, որ իշխանությունը հավաքական է։ Անհատն իշխանություն է ձեռք բերում այն դեպքում, երբ դադարում է անհատ լինել։ Ձեզ հայտնի է Կուսակցության կարգախոսը. «Ազատությունը ստրկություն է»։ Երբևէ մտածե՞լ եք, որ այն կարելի է փոխել։ Ստրկությունն ազատություն է։ Մենակ և ազատ մարդը միշտ պարտության է մատնված։ Այդպես էլ պետք է լինի, որովհետև յուրաքանչյուր արարած դատապարտված է մահվան, իսկ դա մեծագույն ձախողումներից մեկն է։ Բայց եթե նրան հաջողվի ամբողջությամբ, անմնացորդ ենթարկվել, եթե հաջողվի հրաժարվել իր ինքնությունից, եթե ձուլվի Կուսակցությանը, Կուսակցությունն էլ՝ իրեն, ապա կդառնա հզոր և անմահ։ Երկրորդ, դուք պետք է հասկանաք, որ իշխանությունը մարդկանց իշխելն է։ Իշխանություն մարմնի, բայց առավել մտքի վրա։ Մատերիայի, կամ ինչպես դուք եք կոչում՝ արտաքին իրականության վրա իշխանություն ունենալն արժեք չունի։ Մատերիայի հանդեպ մենք արդեն բացարձակ իշխանություն ունենք։

Մի պահ Ուինսթընն անտեսեց թվատախտակը։ Ջանքերի գերլարումով փորձեց նստել, բայց նրան հաջողվեց միայն ցավեցնել մարմինը։

― Բայց ինչպե՞ս կարող եք վերահսկել մատերիան,— Ուինսթընն ասես պայթեց։― Դուք նույնիսկ չեք կարող վերահսկել եղանակը կամ ձգողականության օրենքը։ Կան հիվանդություններ, ցավ, մահ...

Օ՚Բրայընը ձեռքի շարժումով լռեցրեց նրան։

― Մենք վերահսկում ենք մատերիան, որովհետև վերահսկում ենք միտքը։ Իրականությունն ուղեղի ներսում է։ Աստիճանաբար կսովորեք դա, Ուի՛նսթըն։ Մեզ համար անհնար ոչինչ չկա։ Անտեսանելիություն, ազատ անկում, ցանկացած բան։ եթե ուզեմ, կարող եմ թռչել հատակից օճառի պղպջակի պես։ Ես դա չեմ ուզում, որովհետև Կուսակցությունը չի ուզում։ Դուք պետք է ազատվեք բնության օրենքների մասին տասնիններորդ դարի պատկերացումներից։ Մենք ինքներս ենք ստեղծում բնության օրենքները։

― Չեք ստեղծում։ Դուք նույնիսկ այս մոլորակի տերերը չեք։ Իսկ ի՞նչ կասեք Եվրասիայի և Արևելաասիայի մասին։ Դուք դեռ չեք նվաճել դրանք։

― Կարևոր չէ։ Կնվաճենք, երբ մեզ հարմար լինի։ Ու եթե չնվաճենք, ի՞նչ տարբերություն։ Կարող ենք վերացնել դրանք։ Օվկիանիան է ամբողջ աշխարհը։

— Բայց աշխարհն ընդամենը փոշեհատիկ է։ Իսկ մարդը՝ փոքրիկ ու անօգնական։ Նա երբվանի՞ց գոյություն ունի։ Միլիոնավոր տարիներ երկիրը բնակեցված չէր։

— Անհեթեթություն է։ Երկիրը մեր տարիքին է, ոչ ավելի։ Ինչպե՞ս կարող է ավելի մեծ լինել։ Մարդկային գիտակցությունից դուրս ոչինչ գոյություն չունի։

— Բայց ապարաշերտերը լի են բնաջնջված կենդանիների ոսկորներով մամոնտներ, մաստոդոնտներ և հսկայական սողուններ, որ ապրել են այստեղ մարդու ծագումից շատ ավելի առաջ։

— Դուք երբևէ տեսե՞լ եք այդ ոսկորները, Ուինսթըն։ Իհարկե՝ ոչ։ Տասնիններորդ դարի կենսաբաններն են հնարել դրանք։ Մարդուց առաջ ոչինչ չի եղել։ Մարդուց հետո, եթե նրա վերջը գա, ոչինչ չի լինի։ Մարդուց դուրս ոչինչ չկա։

— Բայց ամբողջ տիեզերքը մեզնից դուրս է։ Նայեք աստղերին։ Նրանց մի մասը միլիոնավոր լուսային տարվա պատմություն ունի։ Մենք երբեք չենք հասնի նրանց։

― Ի՞նչ են աստղերը,— անտարբեր ասաց Օ՚Բրայընը։― Այստեղից մի քանի կիլոմետր հեռու գտնվող կրակի կտորներ։ Եթե ցանկանանք, կարող ենք հասնել նրանց։ Կամ կարող ենք բնաջնջել։ Երկիրը տիեզերքի կենտրոնն է։ Արևն ու աստղերը պտտվում են նրա շուրջը։

Ուինսթընը մի ջղաձգական շարժում էլ արեց։ Բայց այս անգամ ոչինչ չասաց։ Օ՚Բրայընը շարունակեց, ասես պատասխանում էր նրա առարկությանը։

— Դա, իհարկե, պիտանի չէ որոշակի նպատակների համար։ Երբ նավարկում ենք օվկիանոսով կամ կանխատեսում ենք խավարումը, հաճախ ավելի հարմար է ենթադրել, որ երկիրը պտտվում է արևի շուրջը, և որ միլիոնավոր կիլոմետրերի վրա աստղեր կան։ Բայց դրանից ի՞նչ։ Կարծում եք՝ չե՞նք կարող ստեղծել աստղագիտության կրկնակի համակարգ։ Աստղերը կարող են լինել մոտ կամ հեռու՝ կախված մեր ցանկությունից։ Կարծում եք՝ մեր մաթեմատիկոսներն ի զորու չե՞ն դրան։ Մոռացե՞լ եք կրկնամտքի մասին։

Ուինսթընը դարձյալ պառկեց մահճակալին։ Ինչ էլ ասում էր, արագ պատասխանը մահակի պես տապալում էր նրան։ Բայց նա գիտեր, գիտե՜ր, որ իրավացի է։ Հավատը, որ մեր գիտակցությունից դուրս ոչինչ չկա... հաստատ կա այն հերքելու որևէ միջոց։ Մի՞թե դա վաղուց մոլորություն չի համարվում։ Նույնիսկ անուն ունի, միայն թե նա մոռացել էր։ Օ՚Բրայընի շուրթերին թույլ ժպիտ հայտնվեց, երբ նայեց Ուինսթընին։

― Մսել եմ ձեզ, Ուի՛նսթըն,— ասաց նա,— որ թույլ եք մետաֆիզիկայից։ Բառը, որ փորձում եք հիշել, սոլիպսիզմն է։ Բայց դուք սխալվում եք։ Դա սոլիպսիզմ չէ։ Հավաքական սոլիպսիզմ, եթե կուզեք։ Բայց դա այլ բան է. իրականում՝ հակառակը։ Շեղվեցինք թեմայից,― ավելացրեց նա այլ տոնով։― Իրական իշխանությունը, իշխանություն, որի համար ստիպված ենք պայքարել գիշեր ու ցերեկ, իշխանությունն է ոչ թե իրերի, այլ մարդկանց հանդեպ,— նա լռեց ու մի պահ նորից հայտնվեց դպրոցի տնօրենի դերում, որը հարցեր է տալիս խոստումնալից աշակերտին։— Մարդն ինչպե՞ս է իշխանություն հաստատում ուրիշ մարդու վրա, Ուի՛նսթըն։

Ուինսթընը մտածեց.

― Նրան տառապանք պատճառելով,— ասաց նա։

— Իրավացի եք։ Նրան տառապանք պատճառելով։ Հնազանդությունը բավական չէ։ Եթե նա չտառապի, ինչպե՞ս կարող եք վստահ լինել, որ հնազանդվում է ձեր, և ոչ թե իր կամքին։ Իշխանությունը ցավ պատճառելու և ստորացնելու մեջ է։ Իշխանությունը հետևյալն է. կտոր֊կտոր անել մարդկանց մտքերը ու կրկին հավաքել նոր ձևով՝ ինչպես ինքդ ես ուզում։ Հիմա հասկանո՞ւմ եք, թե ինչ աշխարհ ենք ստեղծում։ Սա հիմար հեդոնիստական ուտոպիայի ճիշտ հակառակն է, որ երևակայում էին հին բարեփոխողները։ Վախի ու դավաճանության աշխարհը չարչարանք է, տրորողների ու տրորվողների աշխարհ, աշխարհ, որը բարեփոխվելով ոչ թե պակաս, այլ ավելի անգութ կդառնա։ Մեր աշխարհում առաջընթացն ավելացնելու է ցավը։ Հին քաղաքակրթությունները պնդում էին, որ հիմնվել են սիրո կամ արդարության վրա։ Մերը հիմնված է ատելության վրա։ Մեր աշխարհում չեն լինի այլ զգացմունքներ՝ բացի վախից, ցասումից, հրճվանքից ու ինքնանվաստացումից։ Մենք կոչնչացնենք մնացած ամեն ինչ։ Արդեն արմատախիլ ենք անում մտածողության եղանակները՝ նախահեղափոխական շրջանի մնացուկները։ Կտրել ենք կապերը երեխայի ու ծնողի, մարդու և այլ մարդու, տղամարդու և կնոջ միջև։ Ոչ ոք այլևս չի համարձակվում վստահել կնոջը, երեխային կամ ընկերոջը։ Բայց ապագայում չեն լինի ոչ կանայք, ոչ ընկերներ։ Ծնվելուն պես երեխաներին կխլեն մայրերից, ինչպես ձուն են հավից առնում։ Սեռական բնազդն արմատախիլ կարվի։ Վերարտադրողականությունը կդառնա ամենամյա ձևականություն, ինչպես մթերային քարտի թարմացումը։ Կվերացնենք օրգազմը։ Մեր նյարդաբանները հիմա աշխատում են այդ ուղղությամբ։ Չի լինի հավատարմություն, բացի Կուսակցության հանդեպ հավատարմությունից։ Չի լինի սեր, բացի Մեծ Եղբոր հանդեպ սիրուց։ Չի լինի ծիծաղ, բացի պարտված թշնամու դեմ հաղթական ծիծաղից։ Չի լինի ոչ արվեստ, ոչ գրականություն, ոչ գիտություն։ Երբ ամենակարող լինենք, գիտության կարիք այլևս չի լինի։ Չի լինի տարբերություն գեղեցիկի և տգեղի միջև։ Չի լինի հետաքրքրություն և հաճույք կյանքի ընթացքի հանդեպ։ Մնացած բոլոր հաճույքները կվերացվեն։ Բայց միշտ, մի՛ մոռացեք սա, Ուի՛նսթըն, միշտ կլինի իշխանության արբեցում, որ մշտապես կաճի ու մշտապես կսրվի։ Միշտ, ցանկացած պահի, կլինի հաղթանակի հրճվանք, ցնծություն, երբ կոխոտենք անօգնական թշնամուն։ Եթե ձեզ պետք է ապագայի պատկերը, պատկերացրեք երկարաճիտ կոշիկ, որով տրորում են մարդու դեմքը, ընդմիշտ։

Նա լռեց, ասես սպասում էր, որ Ուինսթընը կխոսի։ Ուինսթընը դարձյալ փորձեց կուչ գալ մահճակալի մեջ։ Նա ոչինչ չէր կարող ասել։ Սիրտն ասես սառած լիներ։ Օ՚Բրայընը շարունակեց.

― Ընդմիշտ հիշեք։ Միշտ կլինի դեմք, որը կկոխոտեն։ Միշտ կլինի հերետիկոս՝ հասարակության թշնամի, որին կհաղթեն ու կնվաստացնեն։ Այն ամենը, ինչի ենթարկվել եք մեր ձեռքում հայտնվելուց ի վեր, այդ ամենը կշարունակվի ու դեռ ավելի վատ։ Լրտեսությունը, մատնությունները, ձերբակալությունները, խոշտանգումները, մահապատիժները, անհետացումները երբեք չեն վերանա։ Դա կլինի որքան սարսափի, այնքան էլ հաղթանակի աշխարհ։ Որքան հզոր լինի Կուսակցությունը, այնքան անհամբեր կլինի, որքան ընդդիմությունը թույլ լինի, այնքան բռնատիրությունը կուժեղանա։ Գոլդսթեյնը և նրա հերետիկոսությունները միշտ կլինեն։ Ամեն օր, ամեն վայրկյան դրանք կպարտվեն, կպատվազրկվեն, կենթարկվեն ծաղրի, նրանց վրա կթքեն, բայց նրանք կպահպանեն իրենց գոյությունը։ Այս դրաման, որ խաղում եմ ձեզ հետ յոթ տարի, կշարունակվի նորից ու նորից, սերնդից սերունդ՝ միշտ ավելի նուրբ ձևով։ Մեր տրամադրության տակ միշտ կլինի հերետիկոս, որր կճչա ցավից, կլինի կոտրված ու արհամարհելի, որն ի վերջո, փրկվելով ինքն իրենից, ինքնակամ մեր ոտքերի տակ սողալով, կզղջա։ Սա է աշխարհը, որ պատրաստում ենք, Ուի՛նսթըն։ Հաղթանակ հաղթանակի ետևից, ցնծություն ցնծության ետևից, ազդել, ազդել, ազդել իշխանության նյարդերի վրա։ Ինչպես տեսնում եմ, սկսում եք հասկանալ, թե ինչպիսին է լինելու աշխարհը։ Բայց վերջում ոչ միայն կհասկանաք։ Դուք կընդունեք այն, կողջունեք և կդառնաք նրա մի մասը։

Ուինսթընը բավականաչափ ուշքի էր եկել, որ խոսեր.

— Չեք կարող,― թույլ֊թույլ ասաց նա։

― Ի՞նչ եք ուզում ասել, Ուի՛նսթըն։

― Դուք չեք կարող ստեղծել ձեր նկարագրած աշխարհը։ Դա երազ է։ Անհնար է։

― Ինչո՞ւ։

― Անհնար է վախի, ատելության և դաժանության վրա քաղաքակրթություն հիմնել։ Այն չի հարատևի։

— Ինչո՞ւ։

― Կենսունակ չի լինի։ Կմասնատվի։ Ինքնասպան կլինի։

― Անհեթեթություն է։ Դուք հավատացած եք, որ ատելությունն ավելի հոգնեցնող է, քան սերը։ Իսկ ինչո՞ւ։ Եթե նույնիսկ այդպես լիներ, ի՞նչ կփոխվեր։ Ենթադրենք, մենք որոշում ենք ավելի արագ մաշվել։ Ենթադրենք, մարդկային կյանքն արագացնում ենք այնպես, որ մարդը ծերունի դառնա երեսուն տարեկանում։ Միևնույն է, ի՞նչ կփոխվի։ Չե՞ք հասկանում, որ անհատի մահը մահ չէ։ Կուսակցությունն անմահ է։

Ինչպես միշտ, նրա ձայնը Ուինսթընին հուսահատության գիրկը գցեց։ Ավելին, վախենում էր, որ եթե շարունակի վիճել, Օ՚Բրայընը դարձյալ կդիմի թվատախտակին։ Բայց չէր կարող լռել։ Թույլ, առանց փաստարկների, դարձյալ անցավ հարձակման, նրան ոչինչ չէր օգնում, բացի սարսափից, որ զգում էր Օ՚Բրայընի խոսքերի հանդեպ։

— Չգիտեմ... ինձ չի հետաքրքրում։ Ձեզ չի հաջողվի։ Ինչ֊որ բան կհաղթի ձեզ։ Կյանքը կհաղթի ձեզ։

― Մենք վերահսկում ենք կյանքը, Ուի՛նսթըն, նրա բոլոր մակարդակներում։ Երևակայում եք, թե կա մարդկային էություն կոչվող մի բան, որին կվիրավորենք մեր գործողություններով, և որը կկանգնի մեր դեմ։ Բայց մենք ենք ստեղծում մարդկային էությունը։ Մարդիկ անսահման դյուրաբեկ են։ Կամ գուցե վերադարձել եք ձեր երբեմնի գաղափարի՞ն, որ պրոլետարները կամ ստրուկները ոտքի կկանգնեն ու կտապալեն մեզ։ Հանեք դա ձեր մտքից։ Նրանք անօգնական են, ինչպես կենդանիները։ Մարդկությունը Կուսակցությունն է։ Մյուսները, որ դրսում են, ոչ մի արժեք չունեն։

― Ինձ չի հետաքրքրում։ Ի վերջո նրանք կհաղթեն ձեզ։ Վաղ թե ուշ նրանք կտեսնեն, թե ով եք իրականում, ու ձեզ պաստառ-պատառ կանեն։

― Դուք որևէ փաստ ունե՞ք, որ նման բան է կատարվում։ Իսկ ինչո՞ւ պիտի լինի։

― Ոչ։ Ես հավատում եմ։ Գիտեմ, որ կործանվելու եք։ Այս տիեզերքում կա ինչ֊որ բան, չգիտեմ, թե ինչ, ինչ֊որ հոգի, ինչ-որ սկզբունք, որ երբեք հնարավոր չէ հաղթահարել։

― Դուք հավատո՞ւմ եք Աստծուն, Ուի՛նսթըն։

― Ոչ։

― Այդ դեպքում ո՞րն է այն սկզբունքը, որ կհաղթի մեզ։

― Չգիտեմ։ Մարդու ոգին։

― Իսկ դուք ձեզ մարդ համարո՞ւմ եք։

― Այո։

― Եթե դուք մարդ եք, Ուի՛նսթըն, ապա վերջին մարդն եք։ Ձեր տեսակը բնաջնջվել է. մենք կժառանգենք Երկիրը։ Հասկանո՞ւմ եք, որ մենակ եք։ Դուք դուրս եք պատմությունից, դուք գոյություն չունեք,― նա հանկարծ դաժանացավ ու կտրուկ ասաց։— Եվ ձեզ բարոյապես մեզնից գերագա՞նց եք համարում՝ ձեր ստերով ու դաժանությա՞մբ։

— Այո, ես ինձ գերազանց եմ համարում։

Օ՚Բրայընը լուռ էր։ Ուինսթընը երկու ուրիշ ձայն լսեց։ Շուտով ճանաչեց դրանցից մեկը, իր ձայնն էր։ Իր ու Օ՚Բրայընի զրույցի ձայնագրությունն էր այն գիշեր, երբ ինքը մտավ Եղբայրության մեջ։ Նա լսեց, թե ինչպես է խոստանում ստել, գողանալ, կեղծել, սպանել, խրախուսել թմրամոլությունն ու մարմնավաճառությունը, տարածել վեներական հիվանդություններ, երեխայի դեմքին արջասպ լցնել։ Օ՚Բրայընը ձեռքի անհամբեր շարժում արեց, կարծես ուզում էր ասել, որ այլևս չարժե լսել։ Հետո սեղմեց կոճակը, ու ձայները լռեցին։

— Վեր կացեք մահճակալից,― ասաց Նա։

Կապերը թուլացել էին։ Ուինսթընը կռացավ հատակին և անհաստատ ոտքի կանգնեց։

— Դուք վերջին մարդն եք,— ասաց Օ՚Բրայընը։― Դուք մարդկային հոգու պաշտպան եք։ Դուք ձեզ պետք է տեսնեք այնպիսին, ինչպիսին կաք։ Հանվե՛ք։

Ուինսթընը քանդեց թոկը, որը պահում էր կոմբինեզոնը։ Շղթայիկը վաղուց էին պոկել։ Նա չէր հիշում՝ ձերբակալությունից ի վեր գոնե մի անգամ շոր հանե՞լ էր։ Կոմբինեզոնի տակից մարմինը պատել էին կեղտոտ դեղնավուն ցնցոտիները, դժվարությամբ ճանաչեց նախկին ներքնաշորերի մնացորդները։ Երբ հագուստը նետեց հատակին, տեսավ, որ սենյակի հեռավոր անկյունում եռակողմ հայելի կա։ Մոտեցավ դրան ու քարացավ։ Ու ճչաց։ Ակամա։

― Շարունակեք,― ասաց Օ՚Բրայընը։― Կանգնեք հայելու թևերի միջև։ Ձեզ կողքից էլ կտեսնեք։

Ուինսթընը քարացել էր վախից։ Հայելուց նրան էր մոտենում կորացած, մոխրագույն, խրտվիլականման մի երևույթ։ Նրա իրական արտաքինը վախեցնող էր ոչ միայն այն պատճառով, որ գիտեր՝ դա ինքն էր, այլ ինքնին։ Նա մոտեցավ հայելուն։ Թվաց՝ արարածի դեմքը դուրս է ցցվել՝ կորացած կեցվածքի պատճառով։ Կալանավորի չարչրկված դեմք՝ դուրս պրծած ճակատով, լերկ գանգ, ներս ընկած քիթ, ասես ջնջխված այտոսկրեր, կատաղի ու զգուշավոր հայացք։ Այտերը կնճռոտ էին, բերանն ասես սուզված լիներ դրանց մեջ։ Դա հաստատ իր դեմքն էր, բայց նրան թվում էր՝ դեմքն ավելի շատ է փոխվել, քան ներսը։ Նրա ցուցադրած զգացմունքները տարբերվում էին իր զգացածից։ Լրիվ ճաղատացել էր։ Առաջին պահին մտածեց, որ մազերն են սպիտակել, բայց իրականում գանգը մոխրագույն էր դարձել։ Բացի ձեռքերից ու դեմքի շրջագծից, մարմինն ամբողջովին մոխրագույն էր՝ հին ու ներծծված կեղտից։ Կեղտի տակ՝ այսուայնտեղ, վերքերի կարմիր սպիներ էին, իսկ կոճի մոտ երակային խոցը վերածվել էր բորբոքված զանգվածի, որից մաշկի թեփիկներ էին պոկվում։ Բայց ամենասարսափելին մարմնի հյուծվածությունն Էր։ Կողերի գլանը նեղ էր, ինչպես խրտվիլակինը. ոտքերն այնպես էին բարակել, որ ծնկներն ազդրերից հաստ էին։ Հիմա նա տեսնում էր, թե Օ՚Բրայընն ինչ նկատի ուներ՝ խոսելով կողքից նայելու մասին։ Ողնաշարի թեքությունն ապշեցնող էր։ Բարակ ուսերը կռացել էին առաջ այնպես, որ կրծքավանդակին խոռոչ էր գոյացել, վտիտ պարանոցն ասես կրկնակի ծալվել էր գանգի ծանրության տակ։ Կարելի էր ասել, որ դա վաթսուն տարեկան տղամարդու մարմին է, որր տառապում է ինչ-որ մահացու հիվանդությունից։

― Երբեմն մտածում էիք,— ասաց Օ՚Բրայընը,— որ իմ դեմքը՝ ներքին կուսակցության անդամի դեմքը, ծեր է ու մաշված։ Իսկ ի՞նչ կարծիքի եք ձեր դեմքի մասին։

Նա բռնեց Ուինսթընի ուսն ու նրան շրջեց իր կողմը։

― Տեսեք, թե ինչ վիճակում եք,— ասաց նա։― Նայեք՝ կեղտն ինչպես է ներծծվել ձեր ամբողջ մարմնի մեջ։ Նայեք՝ ինչ կեղտ կա ձեր ոտքերի մատների արանքում։ Նայեք ձեր ոտքի թարախոտ զզվելի վերքին։ Գիտեք, որ այծի պես գարշահոտում եք։ Իսկ գուցե դադարե՞լ եք նկատել։ Նայեք՝ ինչպես եք հյուծվել։ Տեսնո՞ւմ եք։ Ես կարող եմ բթամատով ու ցուցամատով բռնել ձեր մկանը։ Կարող եմ կծել ձեր պարանոցը, ինչպես գազար կկծեի։ Գիտե՞ք, որ մեր ձեռքն ընկնելուց ի վեր քսանհինգ կիլոգրամ նիհարել եք։ Նույնիսկ ձեր մազերն են բռերով թափվում։ Նայեք,— նա բռնեց Ուինսթընի գլխից ու մի խուրձ մազ պոկեց։― Բացեք բերանը։ Ինը, տասը, տասնմեկ ատամ է մնացել։ Քանի՞ ատամ ունեիք, երբ եկաք մեզ մոտ։ Ասենք, մնացած մի քանիսն էլ պոկվելու վրա են։ Տեսեք։

Նա ցուցամատով և ուժեղ բութ մատով քաշեց մնացած դիմացի ատամներից մեկը։ Սուր ցավը խայթեց Ուինսթընի կզակը։ Օ՚Բրայընը արմատով պոկեց առջևի ատամը։ Ու շպրտեց հատակին։

― Դուք փտում եք,― ասաց նա,— քայքայվում եք։ Ի՞նչ եք դուք։ Կեղտի պարկ։ Հիմա շրջվեք ու նորից նայեք հայելու մեջ։ Տեսնո՞ւմ եք՝ ով է նայում ձեզ։ Վերջին մա՜րդը։ Եթե դուք մարդ եք, ապա սա է մարդկությունը։ Հիմա դարձյալ հագեք ձեր հագուստը։

Ուինսթընը սկսեց հագնվել դանդաղ, անվճռական շարժումներով։ Մինչև հիմա կարծես չէր նկատել՝ որքան նիհար ու թույլ է։ Միայն մի միտք կար ուղեղում, երևի այստեղ է շատ ավելի վաղուց, քան պատկերացնում էր։ Հետո հանկարծ, երբ թշվառ ցնցոտիները քաշեց մարմնին, նրան տիրեց ափսոսանքն իր կործանված մարմնի համար։ Չհասկանալով, թե ինչ է անում, ընկավ մահճակալի կողքին դրված աթոռակին ու սկսեց լաց լինել։ Գիտեր իր տգեղության, անվայելուչ տեսքի մասին. Նա ոսկորների մի կապոց էր կեղտոտ ներքնաշորերով, որ նստել արտասվում էր ծակող սպիտակ լույսի տակ, բայց չէր կարող դադարել։ Օ՚Բրայընը գրեթե քնքշորեն ձեռքը դրեց նրա ուսին։

― Հավերժ այդպես չի լինի,— ասաց նա։— Դուք կարող եք խուսափել դրանից, եթե ցանկանաք։ Ամեն ինչ կախված է ձեզնից։

― Դո՜ւք,― հեծեծաց Ուինսթընը։— Դուք եք ինձ հասցրել այս վիճակին։

― Ոչ, Ուի՞նսթրն, դուք եք ձեզ հասցրել այս վիճակին։ Դուք ընդունեցիք դա, երբ ընդդիմացաք Կուսակցությանը։ Ամեն ինչ սկսվեց առաջին գործողությունից։ Չի եղել ոչինչ, որ հնարավոր չէր կանխատեսել։

Նա մի փոքր դադար տվեց, ապա շարունակեց.

― Մենք ծեծել ենք ձեզ, Ուի՛նսթըն։ Մենք կոտրել ենք ձեզ։ Տեսաք, թե ինչպիսին է ձեր մարմինը։ Ձեր միտքը նույն վիճակում է։ Չեմ կարծում, թե ձեր մեջ հպարտություն է մնացել։ Ձեզ տրորել են ոտքերով, մտրակել ու վիրավորել, դուք ճչացել եք ցավից, թավալվել եք հատակին՝ ձեր իսկ արյան ու փսխուքի մեջ։ Գութ եք աղերսել, դավաճանել եք բոլորին և ամեն ինչի։ Մտածե՞լ եք ձեր անկման մասին, որի հավասարը չկա։

Ուինսթընն այլևս չէր լալիս, արցունքներն իրենք իրենց էին հոսում։ Նա դեմքը դարձրեց Օ՚Բրայընին։

― Ես չեմ դավաճանել Ջուլիային,― ասաց նա։

Օ՚Բրայընը մտածկոտ նայեց Ուինսթընին։

― Այո՛,— ասաց նա,― այո՛։ Միանգամայն ճիշտ է։ Դուք չեք դավաճանել Ջուլիային։

Օ՚Բրայընի հանդեպ յուրահատուկ ակնածանքը, որ թվում էր հնարավոր չէ վերացնել, դարձյալ ողողեց Ուինսթընի սիրտը։ «Ի՜նչ խելացի է,— մտածեց նա,— ի՜նչ խելացի է»։ Օ՚Բրայընը միշտ հասկացել էր նրան։ Աշխարհում ցանկացած ոք անմիջապես կասեր, որ նա դավաճանել է Ջուլիային։ Բայց ինչո՞ւ դա նրանից չէին կորզել տանջանքներով։ Նրանց պատմել էր այն ամենը, ինչ գիտեր Ջուլիայի մասին, սովորությունները, բնավորությունը, անցյալ կյանքը, ամենայն մանրամասնությամբ խոստովանել էր այն ամենը, ինչ պատահել էր իրենց հանդիպումների ժամանակ, այն ամենը, ինչ ինքն ասել էր նրան, ու նա՝ իրեն, սև շուկայից գնած ուտելիքները, իրենց դավաճանությունները, անհասկանալի դավադրությունը Կուսակցության դեմ. ամեն ինչ։ Բայց նա չէր դավաճանել Ջուլիային այնպես, ինչ իմաստով հիմա մտածում էր։ Նա չէր դադարել սիրել Ջուլիային. նրա հանդեպ իր զգացմունքները նույնն էին մՆացել։ Օ՚Բրայընը հասկացել էր նրան. բացատրության կարիք չկար։

— Ասացեք,― հարցրեց նա,— ինձ ե՞րբ են գնդակահարելու։

― Գուցե և շատ ուշ,― ասաց Օ՚Բրայընը։— Ձեր գործը բարդ է։ Բայց մի՛ հուսահատվեք։ Բոլորն էլ վաղ թե ուշ ապաքինվում են։ Ի վերջո, մենք կգնդակահարենք ձեզ։

IV

Նա շատ ավելի լավ էր զգում։ Գիրանում և ուժ էր հավաքում օրեցօր, եթե իհարկե կարելի էր խոսել օրերի մասին։

Սպիտակ լույսն ու գվվոցը առաջվա պես էին, բայց խուցը փոքր-ինչ հարմարավետ էր նախորդներից։ Սենյակում աթոռ կար, որի վրա կարելի էր նստել, իսկ տախտակե մահճակի վրա՝ բարձ ու ներքնակ։ Նրան տարել էին բաղնիք, թույլ էին տալիս, որ հաճախ լվացվի անագե լվացարանի մեջ։ Նույնիսկ տաք ջուր էին տալիս լվացվելու համար։ Նոր ներքնաշորեր ու մի ձեռք մաքուր վերնազգեստ էր ստացել։ Երակային վերքի վրա հանգստացնող քսուք էին քսել։ Հեռացրել էին ատամների մնացորդներն ու նոր ատամնաշար դրել։

Երևի շաբաթներ կամ ամիսներ Էին անցել։ Ցանկության դեպքում հիմա հնարավոր էր հետևել ժամանակի ընթացքին, քանի որ նրան կարծես թե կանոնավոր էին կերակրում։ Ենթադրում էր, որ իրեն սնունդ են տալիս օրական երեք անգամ, երբեմն հարցնում էր իրեն՝ գիշե՞րն է ուտում, թե ցերեկը։ Ուտելիքը զարմանալիորեն լավն էր. ամեն երրորդին՝ միս։ Մի անգամ նույնիսկ մի տուփ ծխախոտ բերեցին։ Լուցկի չուներ, բայց անխոս պահակը, որ ուտելիք էր բերում, վառում էր ծխախոտը։ Երբ առաջին անգամ փորձեց ծխել, սրտխառնոց զգաց, բայց դիմացավ ու երկար օգտագործեց տուփը՝ ամեն անգամ ուտելուց հետո կես ծխախոտ ծխելով։

Նրան սպիտակ թերթաքար էին տվել, որի անկյունում մատիտ էր ամրացված։ Սկզբում Ուինսթընը չօգտվեց դրանից։ Նույնիսկ արթուն ժամանակ լրիվ թմրած էր։ Հաճախ մի ճաշից մյուսը գրեթե անշարժ պառկում էր, երբեմն՝ քնում, իսկ երբեմն էլ հայտնվում էր աղոտ անուրջների մեջ, երբ շատ դժվար էր բացել աչքերը։ Արդեն ընտելացել էր դեմքին ընկած ուժեղ լույսի տակ քնելուն։ Տարբերություն չկար, միայն թե երազները հիմա փոքր-ինչ կապված էին իրար հետ։ Ողջ ընթացքում հաճախ երազներ էր տեսնում, ու միշտ՝ երջանիկ երազներ։ Նա Ոսկե երկրում էր, կամ նստած էր հսկայական փառահեղ, արևի լույսով ողողված ավերակների մեջ, մոր, Ջուլիայի, Օ՚Բրայընի հետ, ոչինչ չէր անում, միայն նստում էր արևի տակ ու խոսում խաղաղ բաներից։ Արթուն ժամանակ գերազանցապես մտածում էր իր երազների մասին։ Հիմա, երբ ցավի ազդակը վերացել էր, նա ասես կորցրել էր մտավոր ջանք ցործադրելու ունակությունը։ Չէր ձանձրանում, զրուցելու կամ ցրվելու ցանկություն չուներ։ Միանգամայն գոհ էր, որ մենակ է, որ իրեն չեն ծեծում կամ հարցաքննում, որ կուշտ է և մաքուր տեսք ունի։

Ժամանակի ընթացքում սկսեց ավելի քիչ քնել, բայց անկողնուց վեր կենալու ցանկություն չուներ։ Նրան մի բան էր պետք, հանգիստ պառկել և զգալ, թե ուժն ինչպես է կուտակվում մարմնում։ Շոշափում էր մարմնի տարբեր մասերը՝ փորձելով համոզվել՝ արդյոք պատրանք չէ՞, որ մկանները կլորանում են, իսկ մաշկը՝ պրկվում։ Ի վերջո, լիովին համոզվեց, որ գիրանում է. հիմա ազդրերը զգալիորեն ավելի հաստ էին, քան ծնկները։ Հետո, նախ դժկամորեն, սկսեց կանոնավոր կերպով մարզվել։ Շատ շուտով նրան հաջողվեց քայլել երեք կիլոմետր՝ քայլերով չափելով խուցը, և կորացած ուսերը սկսեցին ուղղվել։ Ավելի բարդ վարժություններ փորձեց և ապշած ու նվաստացած պարզեց, թե ինչ չի կարող անել։ Կարող է տեղաշարժվել միայն քայլելով, չի կարող աթոռակը երկար պահել պարզած թևով, չի կարող կանգնել մի ոտքի վրա՝ առանց ընկնելու։ Նա պպզեց ու պարզեց, որ միայն ազդրի ու սրունքի տանջալի ցավով է հաջողվում ոտքի կանգնել։ Ուղիղ պառկեց փորին ու փորձեց ձգվել ձեռքերի վրա։ Բայց անհույս էր, ոչ մի սանտիմետր չկարողացավ բարձրանալ հատակից։ Սակայն էլի մի քանի օր անց, ևս մի քանի անգամ սնվելուց հետո այդ սխրանքը հաջողվեց։ Որոշ ժամանակ անց կարողացավ նույնիսկ վեց անգամ անընդմեջ ձգվել։ Նա սկսեց հպարտանալ իր մարմնով ու երբեմն֊երբեմն փայփայել հավատը, որ դեմքը նույնպես վերգտնում է սովորական տեսքը։ Միայն այն ժամանակ, երբ պատահաբար դիպավ ճաղատ գլխին, հիշեց սպիապատ ու ավերակ դեմքը, որ նայում էր իրեն հայելուց։

Նրա միտքն արթնացավ։ Նստեց տակտակե մահճակալին, դեմքը հենեց պատին, թերթաքարը դրեց ծնկներին ու սկսեց զբաղվել ինքնակրթությամբ։

Նա հանձնվել էր. դա վճռված էր։ Իրականում, ինչպես հիմա էր հասկանում, պատրաստ էր հանձնվել՝ որոշում կայացնելուց շատ առաջ։ Սկսած այն պահից, երբ հայտնվեց Սիրո նախարարությունում, ոչ, նույնիսկ այն րոպեներից, երբ ինքն ու Ջուլիան անօգնական կանգնած էին սենյակում, իսկ հեռէկրանից հնչող երկաթե ձայնը հրահանգում էր, թե ինչ անեն, նա գիտակցեց, թե որքան թեթևամիտ ու մակերեսային էին Կուսակցության իշխանությանն ընդդիմանալու իր փորձերը։ Հիմա գիտեր, որ Մտքի ոստիկանությունը յոթ տարի հետևել է իրեն, ինչպես բզեզին՝ խոշորացույցով։ Չկար ոչ մի ֆիզիկական գործողություն, բարձրաձայն խոսք, որ նրանք չէին նկատել, ոչ մի միտք, որ չէին կռահել։ Նույնիսկ օրագրի կազմի վրա հայտնված ճերմակ փոշեհատիկը զգուշորեն դրել էին տեղը։ Նրանք Ուինսթընի համար միացրել էին ձայնագրություններ, ցույց էին տվել լուսանկարներ։ Այդ թվում և՝ Ջուլիայի ու իր լուսանկարները։ Այո, նույնիսկ... Նա այլևս չէր կարող պայքարել Կուսակցության դեմ։ Բացի այդ, Կուսակցությունն իրավացի էր։ Հավանաբար իրավացի էր. ինչպե՞ս կարող է սխալվել անմահ, հավաքական ուղեղը։ Ի՞նչ արտաքին չափանիշով կարելի է ստուգել նրա դատողությունները։ Ողջամտությունը վիճակագրական երևույթ է։ Պետք է միայն մի բան՝ սովորել մտածել նրանց պես։ Միայն դա։

Մատների մեջ մատիտը հաստ ու անշնորհք էր թվում։ Նա սկսեց գրի առնել գլխում ծագած մտքերը։ Նախ գրեց խոշոր, ծուռումուռ մեծատառերով.

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՏՐԿՈՒԹՅՈՒՆ Է

Հետո գրեթե միանգամից՝ դրա տակ.

ԵՐԿՈՒ ԳՈՒՄԱՐԱԾ եՐԿՈՒ ՀԱՎԱՍԱՐ Է ՀԻՆԳ

Բայց հետո մի տեսակ դադար եղավ։ Միտքը, կարծես ինչ-որ բանից վարանելով, ի վիճակի չէր կենտրոնանալ։ Գիտեր՝ որն է հաջորդ միտքը, բայց չէր կարողանում հիշել։ Իսկ երբ հիշում էր, դրան հասնում էր միայն դատողությունների միջոցով, միտքը ինքնաբերաբար չէր գալիս։ Նա գրեց.

ԱՍՏՎԱԾ ՈՒԺ Է

Նա ընդունեց ամեն ինչ։ Անցյալը փոփոխելի է։ Անցյալը երբեք չի փոխվել։ Օվկիանիան պատերազում Է Արևելաասիայի դեմ։ Օվկիանիան միշտ էլ պատերազմել էր Արևելաասիայի դեմ։ Ջոնսը, Աարոնսոնը և Ռութերֆորդը մեղավոր էին այն հանցագործությունների համար, որոնց մեջ մեղադրվում էին։ Ինքը երբեք չէր տեսել նրանց մեղքը հերքող լուսանկարը։ Այն երբեք էլ գոյություն չի ունեցել, ինքը հորինել է։ Հիշեց, որ հակառակն ապացուցող փաստեր էր հիշում, բայց դրանք կեղծ հիշողություններ էին, ինքնախաբեության արդյունք։ Ինչ հեշտ էր ամեն ինչ։ Միայն հնազանդվիր, մնացածն ինքն իրեն կգա։ Դա նման էր հոսանքին հակառակ լողալուն. որքան շատ ես պայքարում, այնքան հոսանքը հետ է շպրտում քեզ, հետո հանկարծ որոշում ես շրջվել ու գնալ նրա ուղղությամբ, և ոչ՝ հակառակ։ Ոչինչ չէր փոխվել, բացի սեփական վերաբերմունքից, ամեն դեպքում, կատարվել էր նախասահմանվածը։ Նա չէր հասկանում, թե ինչու է ապստամբել։ Ամեն ինչ հեշտ էր, բացի...

Ցանկացած բան կարող էր ճիշտ լինել։ Այսպես կոչված բնության օրենքներն անհեթեթություն են։ Ձգողականության օրենքն անհեթեթություն է։ «Եթե ցանկանամ,― ասել էր Օ՚Բրայընը,— կարող եմ օճառի պղպջակի պես թռչել հատակից»։ Ուինսթընը մշակել էր նրա միտքը։ «Եթե նա կարծում է, որ կարող է թռչել հատակից, ու եթե ես միաժամանակ մտածեմ, որ տեսնում եմ դա, ապա այդպես էլ կա»։ Հանկարծ, ինչպես խորտակված նավի բեկորն է հայտնվում ջրի երեսին, նրա գլխում միտք ծագեց. «Իրականում նման բան չկա։ Մենք երևակայում ենք։ Դա պատրանք է»։ Բայց անմիջապես վանեց այդ միտքը։ Ակնհայտ սխալ էր։ Ենթադրում էր, որ ինչ-որ տեղ, մարդուց դուրս, գոյություն ունի «իրական» աշխարհ, որտեղ տեղի են ունենում «իրական» դեպքեր։ Բայց ինչպե՞ս կարող էր նման աշխարհ գոյություն ունենալ։ Իրերի մասին մենք գիտենք այն, ինչ կա մեր մտքում։ Ամեն ինչ կատարվում է մարդու գիտակցության մեջ։ Այն, ինչ կատարվում է բոլորի գիտակցության մեջ, իսկապես կատարվում է։

Նա հեշտությամբ գտավ իր սխալը, և կրկին սխալվելու վտանգ այլևս չկար։ Այնուամենայնիվ, գիտակցում էր, որ իր հետ այլևս նման բան չի լինի։ Երբ որևէ վտանգավոր միտք ծագի, մտքում պետք է առաջանա կույր կետ։ Գործընթացը պետք է լինի ավտոմատ, բնազդային։ Նորալեզվում դա կոչվում է հանցականգ։

Նա սկսեց մարզել հանցականգը։ Իրեն պնդումներ էր առաջարկում. «Կուսակցությունն ասում է, որ երկիրը հարթ է», «Կուսակցությունն ասում է, որ սառույցը ջրից ծանր է», և սովորում էր չտեսնել կամ չհասկանալ դրանց հակասող փաստարկները։ Հեշտ չէր։ Անհրաժեշտ էր կշռադատելու և իմպրովիզացիայի ունակություն։ Թվաբանական խնդիրները, օրինակ, այնպիսիք, որ ծագում էին «երկու գումարած երկու հավասար է հինգ» պնդումից, դուրս էին նրա մտավոր կարողություններից։ Պահանջվում էր նաև մտքի ճկունություն՝ նախ տրամաբանությունից նրբորեն օգտվելու, իսկ հաջորդ պահին՝ ամենակոպիտ տրամաբանական սխալները չգիտակցելու ունակություն։ Հիմարությունը նույնքան անհրաժեշտ էր, որքան խելքը, և նույնքան դժվար էր ձեռք բերել։

Այդ ողջ ընթացքում նրա միտքը զբաղեցնում էր մի հարց՝ ե՞րբ կգնդակահարեն իրեն։ «Ամեն ինչ կախված է ձեզնից»,— ասել էր Օ՚Բրայընը, բայց Ուինսթընը գիտեր, որ չի կարող մոտեցնել այն որևէ գիտակցված գործողությամբ։ Գուցե տասը րոպե, իսկ գուցե՝ տասը տարի անց։ Հնարավոր է, որ տարիներ շարունակ իրեն պահեն միտեղանոց բանտախցում, գուցե ուղարկեն աշխատանքային գաղութ, գուցե որոշ ժամանակով ազատ արձակեն, ինչպես երբեմն անում էին։ Միանգամայն հնարավոր է, որ իր բանտարկության և հարցաքննության ողջ դրաման դարձյալ կրկնվի գնդակահարությունից առաջ։ Մի բան հաստատ էր. մահը երբեք չի գալիս, երբ նրան սպասում ես։ Ավանդույթ է, ավանդույթ, որի մասին ոչ ոք չի խոսում, ինչ-որ տեղից գիտես, բայց երբեք չես լսել դրա մասին. գնդակահարում են թիկունքից, միշտ ծոծրակին, երբ քայլում ես միջանցքով մի խցից մյուսը։

Մի օր, թեև «մի օրը» ճիշտ բառ չէ. գուցե հենց գիշերվա կեսին, մի անգամ նա ընկավ տարօրինակ, երանելի մոռացության գիրկը։ Քայլում էր միջանցքով՝ սպասելով գնդակի։ Գիտեր՝ դա լինելու է հաջորդ իսկ պահին։ Ամեն ինչ որոշված էր, դասավորված, վճռված։ Այլևս չկային կասկածներ, փաստարկներ, չկար ցավ, չկար վախ։ Մարմինն առողջ էր և ուժեղ։ Նա թեթև քայլում էր, ուրախանում իր շարժումներից և թվում էր՝ քայլում է արևի լույսի տակ։ Նա այլևս Սիրո նախարարության նեղ ու սպիտակ միջանցքներում չէր, այլ արևի լույսով ողողված, մեկ կիլոմետր լայնությամբ հսկա միջանցքում, ու թվում էր՝ շարժվում է թմրազառանցանքի մեջ։ Նա Ոսկե երկրում էր, քայլում էր հին, ճագարների կրծոտած մարգագետնի արահետով։ Զգում էր՝ ոտքերի տակ ինչպես է զսպանակվում տորֆը, իսկ արևը տաքացնում էր դեմքը։ Մարգագետնի եզրին թույլ օրորվում էին ծփիները, ինչ֊որ տեղ՝ հեռվում, գետակ կար, իսկ ուռիների տակ կանաչ ավազաններում, մանրածածաններ էին լողում։

Հանկարծ սարսափահար ցնցվեց։ Ողնաշարը պատվեց քրտինքով։ Նա լսեց իր ճիչը.

― Ջո՜ւլիա, Ջուլիա։ Ջուլիա, իմ սե՜ր։ Ջո՜ւլիա։

Մի պահ թվաց՝ Ջուլիան կողքին է։ Բայց ոչ միայն կողքին, այլև իր ներսում։ Ասես մտել էր մաշկի հյուսվածքների մեջ։ Այդ պահին սիրում էր Ջուլիային ավելի ուժգին, քան երբ միասին էին և ազատ։ Նաև գիտեր, որ նա կա ինչ-որ տեղ, դեռ ողջ է և իր օգնության կարիքն ունի։

Նա հենվեց մահճակալին ու փորձեց հավաքել մտքերը։ Ի՞նչ արեց։ Մի պահ տևած թուլությամբ քանի՞ տարով երկարացրեց իր ստրկությունը։

Ապա դրսից ոտնաձայներ լսեց։ Անհնար էր, որ նման պոռթկումն անպատիժ մնար։ Հիմա նրանք կիմանան, եթե, իհարկե, դեռ չգիտեն, որ նա խախտում է պայմանավորվածությունը։ Հնազանդվել էր Կուսակցությանը, բայց առաջվա պես ատում էր Կուսակցությունը։ Նախկինում արտաքին համաձայնության քողի տակ թաքցրել էր հերետիկոսի իր մտքերը։ Հիմա նահանջել էր ևս մի քայլով բանականությամբ հնազանդվել էր, բայց հույս ուներ անաղարտ պահել սիրտը։ Գիտեր, որ սխալվում է, բայց նախրնտրում էր սխալվել։ Նրանք կհասկանան. Օ՚Բրայընը կհասկանա։ Իսկ այդ հիմար ճչոցը մատնեց իրեն։

Նա ստիպված կլինի ամեն ինչ սկսել նորից։ Գուցե տարիներ տևի։ Ուինսթընը ափը քսեց դեմքին, որպեսզի լավ պատկերացնի, թե ինչպիսին է։ Այտերի վրա խոր ակոսներ կային, այտոսկրերը սրվել էին, քիթը տափակել։ Բացի այդ, վերջին անգամ իրեն հայելու մեջ տեսնելուց հետո լրիվ նոր ատամնաշար էին դրել։ Հեշտ չէր պահպանել անթափանցությունը, երբ չգիտես, թե ինչպիսին է դեմքդ։ Ամեն դեպքում, միայն դիմագծերը վերահսկելը բավական չէր։ Նա առաջին անգամ գիտակցեց, որ եթե ուզում ես գաղտնիք պահել, այն պետք է թաքցնես քեզնից։ Պետք է իմանաս, որ կա, բայց քանի դեռ անհրաժեշտ չէ, թույլ տաս, որ գիտակցությանդ մեջ մուտք գործի այն տեսքով, որին կարելի է անուն տալ։ Այսուհետ նա ոչ միայն պետք է ճիշտ մտածի, այլև ճիշտ զգա, տեսնի ճիշտ երազներ։ Միևնույն ժամանակ պետք է ատելությունը կողպած պահի իր ներսում, ինչպես մատերիայի մաս, որ իր մասն է, բայց միևնույն ժամանակ անջատ է իրենից, գոյացության պես։

Մի օր նրանք կորոշեն գնդակահարել իրեն։ Անհայտ է՝ երբ, բայց վայրկյաններ առաջ գուցե հնարավոր լինի կռահել։ Կրակում են միշտ թիկունքից, երբ քայլում ես միջանցքով։ Տասը վայրկյանը բավական կլինի։ Այդ պահին իր ներքին աշխարհը կարող է գլխիվայր շուռ գալ։ Եվ հետո հանկարծ, առանց մի բառ արտաբերելու, առանց երերուն քայլերի, առանց դիմագծերի փոփոխության, հանկարծ կնետի դիմակը, և ատելությունը կպայթի։ Ատելությունը կլցնի իր ներսը ահռելի մռնչացող բոցի նման։ Եվ գրեթե նույն պահին դուրս կթռչի գնդակը՝ չափազանց ուշ, կամ չափագանց շուտ։ Նրանք իր ուղեղը փշուր-փշուր կանեն մինչև բուժելը։ Հերետիկոսի միտքը չի պատժվի, չի ապաշխարի, երբեք չի ընկնի նրանց ձեռքը։ Նրանք կկրակեն իրենց իդեալի վրա։ Մեռնել՝ նրանց ատելով․ ահա թե որն է ազատությունը։

Նա փակեց աչքերը։ Դա ավելի դժվար էր, քան մտավոր կարգուկանոնն ընդունելը։ Դա հավասար է ինքնաոչնչացման, ինքնախեղման։ Սուզվել էր ամենակեղտոտ կեղտի մեջ։ Իսկ ի՞նչն էր ամենասարսափելին, ամենազզվելին։ Նա մտածում էր Մեծ Եղբոր մասին։ Հսկայական դեմքը (պաստառների վրա անընդհատ տեսնելով այդ դեմքը՝ մտածում էր, որ այն մեկ մետր լայնություն ունի), թանձր սև բեղերով ու աչքերով, որոնք երբեք չէր կտրում քեզնից, ասես իր կամքից անկախ հառնում էր աչքերի առաջ։ Իրականում ի՞նչ զգացմունքներ էր տածում Մեծ Եղբոր հանդեպ։

Միջանցքում ծանր ոտնաձայներ լսվեցին։ Պողպատե դուռը շառաչյունով բացվեց։ Օ՚Բրայընը մտավ խուց։ Նրա թիկունքում մոմե դեմքով սպան և սև համազգեստով պահնորդներն էին։

― Վեր կացեք,— ասաց Օ՚Բրայընը։― Եկեք այստեղ։

Ուինսթընը կանգնեց նրա դիմաց։ Օ՚Բրայընն իր ամուր ձեռքերով բռնեց Ուինսթընի ուսերն ու ուշադիր նայեց նրան։

― Մտածում էիք՝ կխաբեք ինձ,— ասաց նա։— Հիմարություն է։ Ուղիղ կանգնեք։ Նայեք դեմքիս։

Նա լռեց, ապա շարունակեց ավելի մեղմ ձայնով։

— Դուք ուղղվում եք։ Ինտելեկտուալ առումով շատ քիչ խնդիրներ ունեք։ Միայն թե զգացմունքային առումով ոչ մի առաջրնթաց չկա։ Ասացեք ինձ, Ուի՛նսթըն, և հիշեք՝ չստե՛լ, դուք գիտեք, որ ղժվար է ինձնից սուտ թաքցնել. ասացեք՝ իրականում ինչպե՞ս եք վերաբերվում Մեծ Եղբորը։

— Ատում եմ նրան։

— Ատում եք նրան։ Լա՜վ։ Ուրեմն ժամանակն է, որ անեք վերջին քայլը։ Դուք պետք է սիրեք Մեծ Եղբորր։ Հնազանդվելը բավական չէ. պետք է սիրեք նրան։

Օ՚Բրայընը թողեց Ուինսթընի ուսերը ու նրան թեթև հրեց պահակների կողմը։

— Սենյակ 101,— ասաց նա։

V

Բանտարկության յուրաքանչյուր փուլում Ուինսթընը գիտեր կամ կարծում էր՝ գիտի, թե առանց պատուհանների շենքի կոնկրետ որ մասում է։ Գուցե օդի ճնշման ինչ֊որ տարբերություն էր զգում։ Խցերը, որտեղ պահակները ծեծում էին իրեն, գետնից ներքև էին։ Սենյակը, որտեղ Օ՚Բրայընը հարցաքննելէր իրեն, բարձր էր՝ տանիքին մոտ։ Իսկ այս խուցը գետնի տակ էր՝ շատ ներքև, գուցե հենց ամենաներքևում։

Իր տեսած խցերից ամենամեծն էր։ Բայց նա չէր էլ նկատում՝ ինչ կա շուրջը։ Նկատեց միայն, որ ուղիղ իր առաջ երկու փոքր սեղան կա՝ երկուսն էլ պատված կանաչ մահուդով։ Մեկն իրենից մեկ֊երկու մետր էր հեռու, իսկ մյուսը՝ ավելի հեռու, դռան մոտ։ Նրան այնքան ամուր էին կապել աթոռին, որ նույնիսկ գլուխը չէր կարողանում շարժել։ Ծոծրակին ինչ֊որ բարձիկ էր ամրացված, որը նրան ստիպում էր ուղիղ առաջ նայել։

Մի պահ նա մենակ էր, հետո դուռը բացվեց, ու ներս մտավ Օ՚Բրայընը։

— Մի անգամ ինձ հարցրիք,— ասաց Օ՚Բրայընը,— թե ինչ կա 101 սենյակում։ Ասացի, որ ինքներդ արդեն գիտեք պատասխանը։ Բոլորն էլ գիտեն։ Բանն այն է, որ սենյակ 101-ն աշխարհի ամենա վատ բանն է։

Դուռը նորից բացվեց։ Պահակը ներս մտավ, ձեռքին հաղորդալարերից հյուսված ինչ-որ բան՝ զամբյուղ թե վանդակ։ Դրեց հեռու սեղանի վրա։ Օ՚Բրայընը խանգարում էր. Ուինսթընը չէր տեսնում՝ ինչ է։

— Ամենավատ բանն աշխարհում, ասաց Օ՚Բրայընը,— տարբեր է տարբեր մարդկանց համար։ Մեկի համար սարսափելին ողջ-ողջ թաղվելն է կամ հրդեհից մեռնելը, մյուսի համար՝ ջրի մեջ խեղդվելը, ցից հանվելը. հարյուրավոր տարբեր մահեր։ Կան դեպքեր, երբ դա առօրյա երևույթ է, նույնիսկ՝ ոչ մահացու։

Նա մի կողմ քաշվեց, որպեսզի Ուինսթընն ավելի լավ տեսնի՝ ինչ դրված է սեղանին։ Հաղորդալարից պատրաստված երկարավուն վանդակ էր, որը բռնակ ուներ՝ տեղափոխելու համար։ Դիմացից ամրացրած էր մի բան, որ ցանցավոր դիմակ էր հիշեցնում՝ գոգավոր մասով դեպի դուրս։ Չնայած վանդակը երեք֊չորս մետր հեռու էր, նա տեսնում էր, որ այն երկարությամբ բաժանված է երկու բաժնի, յուրաքանչյուրում՝ ինչ-որ արարածներ։ Առնետներ էին։

― Ձեր դեպքում,― ասաց Օ՚Բրայընը,― աշխարհում ամենասարսափելին առնետներն են։

Վանդակը տեսնելու առաջին իսկ պահից Ուինսթընի մարմնով ինչ֊որ նախազգացման սարսուռ անցավ, վախ՝ չգիտեր, թե ինչից։ Բայց այդ պահին հանկարծ հասկացավ, թե ինչ է նշանակում վանդակի դիմականման հարմարանքը։ Աղիները կծկվեցին։

― Դուք դա չեք անի,― գոռաց նա բարձր, խզված ձայնով։― Չեք անի։ Չեք կարող։ Անհնա՜ր է։

― Հիշո՞ւմ եք,— ասաց Օ՚Բրայընը,― խուճապի այն պահը, որ հաճախ էր վրա հասնում ձեր երազներում։ Ձեր դիմաց խավարի պատ էր, իսկ ականջներում՝ մռնչոց։ Պատից այն կողմ ինչ֊որ սարսափելի բան կար։ Կարծում էիք՝ գիտեք, թե ինչ, բայց չէիք համարձակվում խոստովանել։ Իրականում պատի հետևը առնետներ էին։

― Օ՚Բրայըն,― ասաց Ուինսթընը՝ ջանալով վերահսկել իր ձայնը։― Դուք գիտեք, որ դրա կարիքը չկա։ Ի՞նչ եք ուզում, որ անեմ։

Օ՚Բրայընը ուղիղ պատասխան չտվեց։ Ու խոսեց ուսուցանող ոճով, որ երբեմն սիրում էր գործածել։ Նա մտահոգ նայեց հեռուն, ասես դիմում էր Ուինսթընի թիկունքում գտնվող հանդիսատեսին։

― Ինքնին ցավը,― ասաց նա,― երբեմն բավարար չէ։ Լինում են դեպքեր, երբ մարդն ընդդիմանում է ցավին մինչև մահվան պահը։ Բայց բոլորի համար էլ կա ինչ-որ անդիմադրելի բան, մի բան, որ հնարավոր չէ նախատեսել։ Խիզախությունն ու երկչոտությունը կապ չունեն։ Երբ ընկնում ես բարձունքից, պարանից կառչելը վախկոտություն չէ։ Երբ ընկնում ես խոր ջրերի մեջ, թոքերդ օդով լցնելը վախկոտություն չէ։ Դա ընդամենը բնազդ է, որ անհնար է ոչնչացնել։ Նույնն էլ՝ առնետների դեպքում։ Ձեզ համար դրանք անտանելի են։ Դա ճնշման մի տեսակ է, որին չեք կարող դիմադրել, նույնիսկ եթե ցանկանաք։ Դուք կանեք այն, ինչ պահանջում են ձեզնից։

― Բայց ի՞նչ, ի՞նչ են ուզում ինձնից։ Ինչպե՞ս կարող եմ անել, եթե չգիտեմ, թե ինչ է պետք։

Օ՚Բրայընը վերցրեց վանդակը ու տեղափոխեց մոտակա սեղանին։ Զգուշորեն դրեց այն մահուդե սփռոցի վրա։ Ուինսթընը զգում էր արյան հոսքն ականջներում։ Այնպիսի զգացողություն ուներ, որ նստած է կատարյալ միայնության մեջ։ Նա մեծ, անմարդաբնակ դաշտի կենտրոնում էր, արևի լույսով ողողված հարթ անապատում, ու բոլոր ձայները հեռու տարածություններից հասնում էին նրան։ Սակայն առնետների վանդակն իրենից երկու մետր հեռա վորության վրա էր։ Ահռելի առնետներ էին։ Հասել էին այն տարիքին, երբ առնետի դունչը կոպտանում ու կատաղի է դառնում, իսկ մորթին ոչ թե մոխրագույն է, այլ՝ դարչնագույն։

― Առնետը,— ասաց Օ՚Բրայընը՝ դեռևս դիմելով իր անտեսանելի հանդիսատեսին,― չնայած՝ կրծող, բայց մսակեր է։ Դուք դա գիտեք։ Երևի լսել եք, թե ինչ է կատարվում այս քաղաքի աղքատ թաղամասերում։ Որոշ Փողոցներում մայրերը չեն համարձակվում կրծքի երեխային մենակ թողնել տանը, նույնիսկ հինգ րոպեով։ Առնետները հաստատ կհարձակվեն նրա վրա։ Կարճ ժամանակում երեխայից միայն ոսկորները կթողնեն։ Հարձակվում են նաև հիվանդ կամ մեռնող մարդկանց վրա։ Ապշելու է, բայց հասկանում են, թե մարդը երբ է անօգնական։

Վանդակում ծղրտոց բարձրացավ։ Թվաց՝ աղմուկը հեռվից է հասնում Ուինսթընին։ Առնետները կռվում էին. նրանք փորձում էին միջնապատը հաղթահարելով հասնել իրար։ Նաև հուսահատության խոր հառաչանք լսեց։ Դա նույնպես ասես դրսից էր գալիս։

Օ՚Բրայընը վերցրեց վանդակը և ինչ-որ բան սեղմեց։ Սուր չխկոց լսվեց։ Ուինսթընը մոլեգին ջանքով փորձեց պոկվել աթոռից։ Բայց անհույս էր. մարմնի բոլոր մասերը, նույնիսկ գլուխը ամրացված էին։ Օ՚Բրայընը մոտեցրեց վանդակը։ Հիմա այն Ուինսթընի դեմքից մի մետրի վրա էր։

― Սեղմեցի առաջին լծակը,— ասաց Օ՚Բրայընը։― Դուք գիտեք այս վանդակի կառուցվածքը։ Դիմակը կհարմարեցվի ձեր գլխին՝ բացառելով փախուստի հնարավորությունը։ Երբ սեղմեմ մյուս լծակը, վանդակի դուռը սահելով կբարձրանա։ Այս սովյալ գազանները փամփուշտի նման դուրս կթռչեն։ Երբևէ տեսե՞լ եք՝ առնետն ինչպես է ցատկում օդում։ Նրանք կցատկեն ձեր դեմքին ու կսկսեն կրծոտել։ Երբեմն հարձակվում են նախ աչքերի վրա։ Երբեւմն անցք են բացում այտերի մեջ ու խժռում լեզուն։

Վանդակը մոտ էր, ու ավելի էր մոտենում։ Ուինսթընը հաճախակի սուր ծղրտոցներ լսեց, որ ասես շրջում էին օդում՝ իր գլխավերևում։ Բայց կատաղի պայքարեց իր խուճապի դեմ։ Մտածե՛լ, մտածել, նույնիսկ եթե մեկ վայրկյան է մնացել. մտածելը միակ հույսն էր։ Հանկարծ քթանցքներին հասավ գազանների գարշելի բորբոսահոտը։ Ներսում սրտխառնուքի կատաղի կծկում էր, ու նա գրեթե կորցրեց գիտակցությունը։ Ամեն ինչ կորել էր սևի մեջ։ Մի պահ նա վերածվեց խելագար, ճչացող կենդանու։ Սակայն խավարից դուրս եկավ՝ կառչելով մի գաղափարից։ Փրկվելու միայն մեկ միջոց կար։ Իր ու առնետների միջև պետք է դնել մեկ այլ մարդու, մեկ այլ մարդու մարմին։ Դիմակի շրջագիծն այնքան մեծ էր, որ փակում էր մնացած ամեն ինչ։ Ցանցադռնակը մի քանի թիզ էր հեռու դեմքից։ Առնետները հասկանում էին, թե ինչ է լինելու հիմա։ Նրանցից մեկը վերուվար էր ցատկոտում, մյուսը կոյաջրերի ծեր ու թեփուկավոր պապիկը, կանգնել էր՝ վարդագույն թաթերով ճաղերին հենված, ու կատաղի ներս էր քաշում օղը։ Ուինսթընը տեսնում էր բեղերն ու դեղին ատամները։ Դարձյալ սև խուճապր տիրեց նրան։ Նա կույր էր, անօգնական և ոչինչ չէր հասկանում։

— Ընդունված պատիժ էր Չինական կայսրությունում,— շարունակեց Օ՚Բրայընը խրատական ոճով։

Դիմակը մոտենում էր դեմքին։ Հաղորդալարը դիպչում էր այտին։ Եվ ահա... ոչ, դա փրկություն չէր, միայն հույս, հույսի մի փոքր նշույլ։ Չափազանց ուշ է, գուցե չափազանց ուշ է։ Բայց Ուինսթընը հանկարծ հասկացավ, որ ամբողջ աշխարհում միայն մի մարդ կա, ում կարող է փոխանցել իր պատիժը. մի մարմին, որ կարող է խցկվել իր ու առնետների արանքը։ Ու նա մի քանի անգամ մոլեգին գոռաց.

— Ջուլիային տվեք նրանց։ Ջուլիային։ Ո՛չ ինձ։ Ջո՛ւլիային։ Ինձ համար մեկ է՝ ինչպես կվարվեք Նրա հետ։ Պատառոտեք նրա դեմքը, կրծոտեք մինչև ոսկորները։ Ո՛չ ինձ։ Ջո՛ւլիային։ Ո՛չ ինձ։

Նա մեջքի վրա ընկնում էր հսկայական խորության մեջ՝ առնետներից հեռու։ Դեռ սեղմված էր աթոռին, բայց հատակի, շենքի պատերի, երկրի, օվկիանոսների, մթնոլորտի միջով ընկնում էր արտաքին աշխարհ, միջաստղային անդունդ՝ միշտ հեռու, հեռու, առնետներից հեռու։ Նրանց բաժանում էր լուսային տարիների հեռավորությունը, բայց Օ՚Բրայընը դեռ կանգնած էր իր կողքին։ Իսկ սառը հաղորդալարը դեռևս դիպչում էր այտին։ Բայց իրեն պարուրած խավարի միջով Ուինսթընը մի մետաղական շաչյուն էլ լսեց, և հասկացավ, որ վանդակի դուռը ոչ թե բացվեց, այլ փակվեց։

VI

«Շագանակենի» սրճարանը համարյա դատարկ էր։ Արևի շողը պատուհանից շեղակի ընկել էր փոշոտ սփռոցների վրա։ ժամը տասնհինգն էր. հանգստի ժամ։ Հեռէկրաններից աշխույժ երաժշտություն էր տարածվում։

Ուինսթընը նստել էր իր սովորական անկյունում և կլանված նայում էր դատարկ գավաթին։ ժամանակ առ ժամանակ հայացք էր նետում հսկայական դեմքի վրա, որ իրեն հետևում էր դիմացի պատից։ «ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ ՀԵՏԵՎՈՒՄ Է ՔԵԶ»,― ասում էր մակագրությունը։ Առանց կանչելու՝ մատուցողը եկավ, նրա բաժակը «Հաղթանակ» ջին լցրեց, ապա խառնեց մի քանի կաթիլ մեկ այլ շշից, որի խցանի մեջ խողովակ կար։ Դա մեխակի թուրմով սախարին էր՝ սրճարանի ֆիրմային խմիչքը։

Ուինսթընը լսում էր հեռէկրանը։ Հիմա միայն երաժշտություն էր հնչում, բայց ցանկացած պահի կարելի էր սպասել Խաղաղության նախարարության հատուկ ամփոփագրին։ Աֆրիկյան ռազմաճակատից չափազանց անհանգստացնող նորություններ էին ստացվում։ Օրվա ընթացքում նա անընդհատ անհանգստանում էր այդ մասին։ Եվրասիական բանակը (Օվկիանիան պատերազմում էր Եվրասիայի դեմ. Օվկիանիան միշտ էլ պատերազմել էր Եվրասիայի դեմ) սարսափազդու արագությամբ շարժվում էր դեպի հարավ։ Կեսօրվա ամփոփագրում ոչ մի հիշատակություն չկար որոշակի տարածքի մասին, բայց հնարավոր է՝ արդեն կռիվներ էին մղվում Կոնգոյի մոտ։ Բրազավիլն ու Լեոփոլդվիլը վտանգի մեջ էին։ Քարտեզին նայելու կարիք չկար՝ հասկանալու համար, թե դա ինչ է նշանակում։ Խնդիրը միայն Կենտրոնական Աֆրիկան կորցնելը չէր. ողջ պատերազմի ընթացքում առաջին անգամ վտանգված էր հենց Օվկիանիայի տարածքը։

Նրան համակեց մի մոլեգին զգացմունք, ոչ թե վախ, այլ՝ ինչ-որ անորոշ հուզմունք, ապա դարձյալ անհետացավ։ Նա դադարեց մտածել պատերազմի մասին։ Այդ օրերին մի քանի րոպեից երկար չէր կարողանում միտքը կենտրոնացնել որևէ բանի վրա։ Վերցրեց գավաթն ու մի ումպով դատարկեց։ Ինչպես միշտ, սարսռաց ջինից և նույնիսկ թույլ գխտաց։ Հեղուկը սարսափելի էր։ Մեխակն ու սախարինը, որ ինքնին բավական զզվելի էին, անկարող էին թաքցնել ջինի անհամ յուղային հոտը. իսկ ամենասարսափելին այն էր, որ օր ու գիշեր իրեն ուղեկցող ջինի հոտն անքակտելիորեն խառնված էր նրանց հոտին...

Երբեք, նույնիսկ մտքում, անուն չէր տալիս նրանց և ամեն կերպ փորձում էր մտքում անգամ չտեսնել։ Նրանք կիսով չափ գիտակցված էին, թռչում էին իր դեմքի առաջ, իսկ հոտը չէր հեռանում քթանցքներից։ Երբ ջինը բարձրացավ ստամոքսում, բխկաց մուգ կարմիր շուրթերի արանքից։ Ազատ արձակվելուց հետո գիրացել էր, երեսի նախկին գույնը վերականգնվել էր, այսինքն՝ ավելի վառ էր դարձել։ Դիմագծերը կոպտացել էին, քթի ու այտոսկրերի մաշկը՝ կոշտացել ու կարմրել, նույնիսկ ճաղատ գլուխն էր մուգ վարդագույն։ Մատուցողը, դարձյալ առանց պատվերի, շախմատի տախտակ ու «Թայմս» թերթի վերջին համարը բերեց՝ շախմատային խնդրի վրա բացված էջով։ Հետո, տեսնելով, որ Ուինսթընի գավաթը դատարկ է, բերեց ջինի շիշն ու լցրեց։ Պատվիրելու կարիք չկար։ Նրանք գիտեին իր սովորությունները։ Շախմատի տախտակը միշտ սպասում էր իրեն, անկյունի սեղանը միշտ ազատ էր. նույնիսկ երբ սրճարանը լիքն էր, նա մենակ էր զբաղեցնում սեղանը. ոչ ոք չէր ուզում, որ իրեն նկատեն Ուինսթընի կողքին։ Երբեք չէր հաշվում, թե քանի բաժակ է խմել։ երբեմն֊երբեմն նրան թղթի մի կեղտոտ կտոր էին տալիս և ասում, որ հաշիվն է. բայց այնպիսի տպավորություն ուներ, որ միշտ ավելի փոքր հաշիվ են գրում։ Բայց եթե նույնիսկ այդպես չլիներ, դա նրան չէր անհանգստացնի։ Հիմա ձեռքին միշտ շատ գումար կար։ Նույնիսկ աշխատանք ուներ՝ անաշխատ պաշտոն, որի համար ավելի լավ էին վարձատրում, քան նախորդ աշխատավայրում։

Հեռէկրանից հնչող երաժշտությունը դադարեց. ձայն լսվեց։ Ուինսթընը բարձրացրեց գլուխն ու ականջ դրեց։ Սակայն ռազմաճակատից հաղորդագրություն չկար։ Միայն Առատության նախարարության համառոտ հայտարարությունն էր։ Պարզվում է՝ նախորդ եռամսյակում կոշկաքուղերի տասներորդ եռամյա պլանի մասնաբաժինը գերակատարվել է 98 տոկոսով։

Նա ուսումնասիրեց շախմատային խնդիրն ու դասավորեց խաղաքարերը։ Խորամանկ խաղավարտ էր՝ երկու ձիով։ «Սկսում են սպիտակները։ Մատ երկու քայլից»։ Ուինսթընը նայեց Մեծ Եղբոր դիմանկարին։ «Սպիտակները միշտ մատ են անում»,― մտածեց նա աղոտ միստիցիզմով։ Միշտ, առանց բացառության, այդպես է լինում։ Անհիշելի ժամանակներից ի վեր սևերը երբեք չեն հաղթում շախմատային խաղում։ Մի՞թե դա չի խորհրդանշում չարի հանդեպ բարու հավերժ, անխախտ հաղթանակը։ Հանգիստ ուժով լի հսկայական դեմքը նայում էր նրան։ Սպիտակները միշտ մատ են անում։

Հեռէկրանի ձայնը լռեց, ապա ավելացրեց ավելի ծանրակշիռ արտահայտությամբ։

― Ուշադրություն, ժամը տասնհինգ երեսունին կարևոր հայտարարություն է հնչելու։ Տասնհինգ երեսունին։ Լուրերը հույժ կարևոր են։ Բաց չթողնեք։ Տասնհինգ երեսունին։

Երաժշտությունը շարունակվեց։

Ուինսթընի սիրտր թրթռաց։ Հաղորդագրությունը ռազմաճակատից էր. բնազդը հուշում էր, որ վատ լուրեր են լինելու։ Ամբողջ օրը, հուզմունքի փոքրիկ պոռթկումներով, նրա գլխում հայտնվում ու անհետանում էր Աֆրիկայում ջախջախիչ հաղթանակի մասին միտքը։ Նա ասես տեսնում էր՝ եվրասիական բանակն ինչպես է խմբվում երբեք չգրավված սահմանի երկայնքով ու մրջյունների զորասյան պես տարածվում մինչև Աֆրիկայի ծայրամասերը։ Ինչո՞ւ հնարավոր չէր ինչ-որ կերպ խանգարել նրանց։ Աչքերի առաջ հառնեց Արևմտյան Աֆրիկայի ափի վառ ուրվագիծը։ Նա վերցրեց սպիտակ ձին ու տարավ տախտակի հակառակ կողմը։ Ահա՛ ճիշտ տեղը։ Նա տեսնում էր, թե սև հրոսակախումբն ինչպես է շարժվում հարավ, տեսնում էր նաև, թե մեկ այլ ուժ ինչպես է առեղծվածային կերպով հավաքվում, հանկարծ կուտակվում թիկունքում՝ կտրելով նրանց հաղորդակցության ուղիները ցամաքով ու ծովով։ Զգում էր, թե ինչպես իր բուռն ցանկությամբ կյանքի է կոչում այդ ուժը։ Բայց անհրաժեշտ էր արագ գործել։ Եթե նրանք կարողանան զավթել ողջ Աֆրիկան, օդակայաններ և սուզանավերի բազաներ ձեռք բերել Բարեհուսո Հրվանդանում, Օվկիանիան կբաժանվի երկու մասի։ Դրանից կարող էր հետևել ցանկացած բան. պարտություն, անկում, աշխարհի վերաբաժանում, Կուսակցության ոչնչացում։ Նա խոր հոգոց հանեց։ Նրա ներսում զգացմունքների յուրահատուկ խառնուրդ էր պայքարում, ավելի ճիշտ՝ ոչ թե խառնուրդ, այլ իրար հաջորդող շերտեր, և անհնար էր գուշակել՝ որն է ամենախորքում։

Կծկումն անցավ Նա սպիտակ ձին դրեց իր տեղը, բայց ոչ մի կերպ չէր կարողանում կենտրոնանալ շախմատային խնդրի վրա։ Մտքերը դարձյալ թափառում էին։ Գրեթե անգիտակցաբար մատով փոշոտ սեղանին գրեց.

2 + 2 = 5

«Նրանք չեն կարող հայտնվել քո ներսում»,— ասել էր Ջուլիան։ Բայց կարողացել էին։ «Այն, ինչ ձեզ հետ կատարվում է այստեղ մեկընդմիշտ է»,― ասել էր Օ՚Բրայընը։ Դա ճիշտ էր։ Կան բաներ, օրինակ՝ քո սեփական քայլերը, որոնցից երբեք չես ապաքինվի։ Ինչ֊որ բան սպանել են քո կրծքում. այրել, խարել։

Նա տեսել էր Ջուլիային, նույնիսկ խոսելնրա հետ։ Դրանում ոչ մի վտանգ չկար։ Բնազդը հուշում էր, որ հիմա գրեթե չեն հետաքրքրվում իր գործերով։ Եթե երկուսից մեկը ցանկանար, կարող էին երկրորդ անգամ հանդիպել։ Իրականում հանղիպել էին պատահաբար։ Դա պատահել էր այգում, մարտի մի զզվելի, խայթող օր, երբ հողն ասես երկաթից լիներ, բոլոր կանաչները մեռած էին թվում, և ոչ մի տեղ բողբոջ չկար, բացի մի քանի քրքմածաղկից, որ ձգվել էին վեր, որպեսզի մասնատվեն քամուց։ Ձեռքերը սառել էին, աչքերը՝ քամուց արցունքոտվել. Ուինսթընն արագ քայլում էր, երբ մոտ տասը մետրի վրա տեսավ նրան։ Ապշեց. Ջուլիան փոխվել էր, բայց անհնար էր հասկանալ, թե ինչպես։ Նրանք անցան իրար կողքով, բայց հետո Ուինսթընը շրջվեց ու գնաց նրա ետևից՝ ոչ այնքան մեծ ցանկությամբ։ Գիտեր, որ վտանգ չկա, գիտեր, որ ոչ ոք չի հետաքրքրվում իրենով։ Ջուլիան չէր խոսում։ Նա թեքվեց ու քայլեց խոտերի միջով՝ ասես փորձելով ազատվել Ուինսթընից, հետո կարծես հարմարվեց այն մտքի հետ, որ Ուինսթընը քայլում է իր կողքով։ Շուտով նրանք հայտնվեցին մերկ թփերի մեջ, որ պիտանի չէին թե՛ ինչ֊որ բան թաքցնելու, թե՛ քամուց պաշտպանելու համար։ Կանգ առան։ Դաժան ցուրտ էր։ Քամին սուլում էր ոստերի արանքով ու տարուբերում հատուկենտ կեղտոտ քրքմածաղիկներր։ Նա գրկեց Ջուլիայի գոտկատեղը։

Հեռէկրան չկար, բայց պետք է որ թաքնված բարձրախոսներ լինեին, բացի այդ, նրանց կարող էին տեսնել։ Բայց դա կարևոր չէր։ Ոչինչ կարևոր չէր։ Նրանք կարող էին պառկել գետնին ու անել ինչ ուզում են։ Միայն այդ մտքից Ուինսթընի մարմինը սարսափից քարացավ։ Ջուլիան չարձագանքեց գրկախառնությանը. նույնիսկ չփորձեց ազատվել։ Հիմա Ուինսթընը հասկացավ, թե ինչն է փոխվել նրա մեջ։ Դեմքն ավելի դեղնած էր, ճակատի ու քունքի երկայնքով երկար սպի կար, որ մասամբ թաքցրած էր մազերի տակ. բայց միայն դա չէր փոխվել։ Իրանը գիրացել էր և զարմանալիորեն քարացել։ Ուինսթընը հիշեց, թե ինչպես մի անգամ՝ հրթիռի պայթյունից հետո, օգնել էր ավերակներից մի դիակ հանել և ապշել էր ոչ միայն նրա անհավանական ծանրությունից, այլև կարծրությունից, ի՜նչ սարսափելի էր. ասես ոչ թե մարդկային մարմին էր, այլ քար։ Ջուլիայի մարմինն այդպիսին էր։ Ուինսթընը հասկացավ, որ մաշկի կառուցվածքը նույնպես զգալիորեն փոխվել է։

Ուինսթընը չփորձեց համբուրել նրան, ու նրանք լուռ մնացին։ Երբ վերադառնում էին խոտերի միջով, Ջուլիան առաջին անգամ ուղիղ նայեց նրան։ Դա վայրկենական հայացք էր՝ լի արհամարհանքով ու ատելությամբ։ Նա չգիտեր՝ ատելությունը միայն անցյալից է, թե կապված է նաև իր փքված դեմքի և քամուց անընդհատ արցունքուովող աչքերի հետ։ Նրանք նստեցին երկաթե աթոռների վրա, կողք կողքի, բայց ոչ շատ մոտ։ Ուինսթընը զգաց, որ նա ուզում է խոսել։ Ջուլիան մի քանի սանտիմետր շարժեց իր կոպիտ կոշիկն ու դիտավորյալ մի ոստ կոխրճեց։ Ուինսթընը նկատեց, որ նրա ոտքերը լայնացել են։

― Ես դավաճանել եմ քեզ,― ուղիղ ասաց նա։

— Ես էլ քեզ եմ դավաճանել,― ասաց Ուինսթընը։

Ջուլիան ևս մեկ անգամ զզվանքով նայեց նրան։

— Երբեմն,― ասաց նա,— սպառնում են ինչ-որ բանով, ինչ֊որ բանով, որին չես կարող դիմանալ, որի մասին անգամ չես կարող մտածել։ Հետո ասում ես. «Ինձ հետ այդպես մի՛ վարվեք։ Ուրիշ մեկի՛ն արեք, ուրիշի՛ն.... և այլն, և այլն»։ Կարող ես երևակայել, թե դա ընղամենը խորամանկություն է. ասել ես, որ վերջ տան, և իրականում դա չես ուզել։ Սուտ է։ Երբ այդ ամենը կատարվում է, ցանկությունդ հենց դա է։ Մտածում ես՝ փրկության ուրիշ ելք չկա և միանգամայն պատրաստ ես այդպես փրկել քեզ։ Ուզում ես, որ դա ուրիշին պատահի։ Քեզ բնավ չեն հետաքրքրում նրա տառապանքները։ Մտածում ես միայն քո մասին։

— Մտածում ես միայն քո մասին,― արձագանքեց Ուինսթընը։

― Ու դրանից հետո այլևս նույնը չես զգում մարդու հանդեպ։

― Ոչ,— ասաց Ուինսթընը,― նույնը չես զգում։

Թվաց՝ այլևս ասելիք չկա։ Քամին բարակ հագուստը կպցնում էր նրանց մարմիններին։ Համարյա միանգամից զգացին, թե ինչ շփոթեցնող է լռությունը, բացի այդ, սաստիկ ցուրտ էր՝ լուռ նստելու համար։ Ջուլիան ինչ֊որ բան ասաց մետրո հասնելու մասին ու վեր կացավ։

— Մենք պետք է նորից հանդիպենք,— ասաց Ուինսթընը։

— Այո,― ասաց Ջուփան,— պետք է նորից հանդիպենք։

Նա անվստահ հետևեց Ջուլիային՝ կես քայլ հեռավորություն պահպանելով։ Նրանք այլևս չխոսեցին։ Ջուլիան չէր փորձում ազատվել նրանից, բայց արագ էր քայլում, որ Ուինսթընը չհասնի իրեն։ Ուինսթընը վճռել էր ուղեկցել նրան մինչև մետրոյի կայարան, բայց շուտով զգաց, թե որքան անիմաստ ու անտանելի է այդ ցրտին Ջուլիային հետևելը։ Նրան ավելի շատ գրավում էր ոչ թե Ջուլիայից ազատվելու, այլ «Շագանակենի» սրճարան վերադառնալու ցանկությունը, միտքը երբեք այդքան գայթակղիչ չէր եղել, որքան հիմա։ Կարոտել էր իր անկյունային սեղանը՝ վրան թերթ, շախմատի տախտակ ու անպակաս ջին։ Իսկ ամենակարևորը՝ այնտեղ տաք կլինի։ Հաջորդ պահին, ոչ պատահաբար, մարդկանց մի փոքրիկ խումբ նրան բաժանեց Ջուլիայից, և Ուինսթընը չընդդիմացավ։ Նա Ջուլիային հասնելու թույլ փորձ արեց, ապա դանդաղեցրեց քայլերը, շրջվեց ու հեռացավ հակառակ ուղղությամբ։ Երբ արդեն հիսուն մետր հեռացել էր, հետ նայեց։ Փողոցն այնքան էլ մարդաշատ չէր, բայց արդեն չկարողացավ ճանաչել Ջուլիային։ Տասնյակ շտապող մարդկանցից ցանկացածը կարող էր նա լինել։ Գուցե նրա գիրացած, պրկված մարմինն այլևս անճանաչեփ էր հետևից։

«Երբ դա պատահում է,— ասել էր նա,― ցանկությունդ հենց այդ է»։ Ուինսթընը նույնպես այդպիսի ցանկություն էր ունեցել։ Ցանկացել էր, միայն թե չէր ասել այդ մասին։ Ցանկացել էր, որ ոչ թե իրեն, այլ Ջուլիային հանձնեին նրանց ձեռքը...

Ինչ֊որ բան փոխվեց հեռէկրանից հոսող երաժշտության մեջ։ Ծղրտան ու ծաղրական նոտա։ Իսկ հետո (գուցե այդպես չէր, գուցե հիշողությունն էր ձայնի խաբուսիկ տպավորություն թողնում) ձայնը երգեց.

Սաղարթաշատ շագանակի ծառի տակ
Դու ծախեցիր ինձ, ես ծախեցի քեզ

Աչքերից արցունքներ հոսեցին։ Անցնող մատուցողը նկատեց, որ նրա գավաթը դատարկ է, և վերադարձավ ջինի շիշը ձեռքին։

Նա վերցրեց գավաթն ու սկսեց հոտոտել։ Ամեն ումպից հեղուկը ոչ թե պակաս, այլ ավելի գգվելի էր դառնում։ Նա ասես լողում էր ջինի մեջ։ Դա իր կյանքն էր, իր մահն ու հարությունը։ Ամեն երեկո ջինը նրան սուգում էր ընդարմացման մեջ, և ամեն առավոտ վերակենդանացնում։ Երբ արթնանում էր, իսկ դա սովորաբար լինում էր ժամը տասնմեկից ոչ շուտ, սոսնձված կոպերով ու այրվող բերանով, իսկ մեջքն ասես կոտրված լիներ, նույնիսկ չէր կարողանում ոտքի կանգնել հորիգոնական դիրքից, եթե գիշերր մահճակալի կողքին չէր լինում շիշ և թեյի բաժակ։ Կեսօրվա ժամերին, ապակյա դեմքով, շիշը ձեռքի տակ, նստում ու հեռէկրան էր լսում։ ժամը տասնհինգից մինչև փակվելը լինում էր «Շագանակենի» սրճարանում։ Այլևս ոչ ոք չէր հետաքրքրվում նրանով սուլոցը չէր արթնացնում, հեռէկրանը չէր հորդորում։ Երբեմն, գուցե շաբաթական երկու անգամ, գնում էր ճշմարտության նախարարության փոշոտ ու մոռացված գրասենյակն ու մի քիչ աշխատում էր, եթե դա կարելի էր աշխատանք կոչել։ Նրան աշխատանքի էին ուղարկել ենթակոմիտեի ենթակոմիտե, որը ստեղծվել էր անհամար կոմիտեներից մեկից և զբաղվում էր Նորալեզվի բառարանի տասնմեկերորղ հրատարակության պատրաստման ընթացքում ծագող մանր դժվարություններով։ Հրատարակության էին պատրաստում այսպես կոչված Համաժամանակյա զեկույցը, բայց Ուինսթընը հստակ չգիտեր, թե այն ինչի մասին է։ Կապված էր ստորակետերը փակագծերի մեջ, թե դրանցից դուրս դնելու խնդրի հետ։ Կոմիտեում ևս չորս աշխատող կար, բոլորն էլ՝ իր նման մարդիկ։ Լինում էին օրեր, երբ նրանք հավաքվում և դարձյալ արագ անհետանում էին՝ անկեղծորեն խոստովանելով միմյանց, որ իրականում ոչ մի անելիք չկա։ Բայց լինում էին նաև օրեր, երբ եռանդով անցնում էին գործի՝ ցուցադրաբար կազմելով արձանագրություններ ու երկար հուշաթերթեր, որոնք միշտ կիսատ էին մնում, օրեր, երբ վեճերն այն մասին, թե ինչի շուրջ են վիճում, դառնում էին խիստ բարդ ու խրթին՝ լի սահմանումների վերաբերյալ նուրբ դիտողություններով, խոշոր նահանջներով, վեճերով, ընդհուպ մինչև ավելի բարձր պաշտոնյայի դիմելու սպառնալիքով։ Հետո հանկարծ կյանքը լքում էր նրանց, ու նրանք նստում էին սեղանի շուրջ՝ հանգած աչքերով նայելով իրար, ինչպես աքլորականչին ցրվող ուրվականներ։

Հեռէկրանը մի պահ լուռ էր։ Ուինսթընը դարձյալ բարձրացրեց գլուխը։ Ամփոփագի՜րը։ Բայց ոչ, ուղղակի երաժշտությունն էին փոխել։ Աչքերի առաջ Աֆրիկայի քարտեզն էր։ Բանակի շարժումր նա տեսնում էր սխեմայի տեսքով․ սև նետը կատաղի շարժվում էր ուղղահայաց՝ դեպի հարավ, իսկ սպիտակը հորիզոնական դեպի արևելք՝ առաջինի հետևից։ Համոզվելու համար նա աչքերը հառեց նկարի անխռով դեմքին։ Հավանակա՞ն է, որ երկրորդ նետը բոլորովին էլ գոյություն չունի։

Հետաքրքրությունը դարձյալ մարեց։ Նա մի կում ջին էլ խմեց, վերցրեց սպիտակ ձին ու փորձնական քայլ արեց։ Շախ։ Բայց քայլն ակնհայտորեն սխալ էր, որովհետև...

Հանկարծ մտքում հիշողություն ծնվեց։ Նա տեսավ մոմի լույսով լուսավորված սենյակ՝ ընդարձակ, սպիտակ ծածկոցով մահճակալ, և իրեն՝ ինը֊տասը տարեկան տղային, որը հատակին նստած թափահարում էր զառախաղի տուփն ու հուզված ծիծաղում։ Մայրը նստած էր նրա դիմաց ու նույնպես ծիծաղում էր։

Երևի մոր անհետանալուց մի ամիս առաջ էր։ Հաշտեցման պահ էր, երբ իր ստամոքսը սղոցող քաղցը մոռացվել էր, և ժամանակավորապես վերածնվում էր մոր հանդեպ վաղեմի սերը։ Լավ հիշում էր այդ օրը, թաց, անձրևոտ օրը, երբ ջուրը հոսում էր պատուհաններից, իսկ սենյակում լույսն այնքան աղոտ էր, որ հնարավոր չէր կարդալ։ Երկու երեխաներն անտանելի ձանձրանում էին մութ ու նեղ ննջասենյակում։ Ուինսթընը նվնվում ու տրտնջում էր, ուտելիքի անօգուտ պահանջներ դնում, թափառում սենյակում, ամեն ինչ հանում տեղից ու ոտքով այնքան հարվածում պատերին, որ հարևանները ծեծում էին պատը, իսկ կրտսեր երեխան ժամանակ առ ժամանակ արտասվում էր։ Ի վերջո մայրն ասաց.

— Եթե քեզ լավ պահես, քեզ համար խաղալիք կգնեմ։ Լավ խաղալիք։ Քեզ դուր կգա։

Հետո դուրս եկավ ու անձրևի տակ գնաց մոտակա հանրախանութ, որը պատահաբար դեռ բաց էր, ու վերադարձավ՝ ձեռքին ստվարաթղթե տուփ. «Օձեր և աստիճաններ» խաղն էր։ Ուինսթընը դեռ հիշում էր խոնավ ստվարաթղթի հոտը։ Խաղը խղճուկ տեսք ուներ։ Տախտակը ճաքճքված էր, իսկ փոքրիկ փայտե զառերն այնքան անհավասար էին, որ հազիվ էին կանգնում իրենց տեղում։ Ուինսթընը անտրամադիր ու առանց հետաքրքրության նայում էր խաղին։ Բայց հետո մայրը մի կիսատ մոմ վառեց ու նստեց հատակին, որ խաղա։ Շուտով Ուինսթընի հետաքրքրությունը շարժվեց, և նա սկսեց ցնցվել ծիծաղից. փոքրիկ մարդուկները լիահույս մագլցում էին սանդուղքներն ի վեր, ապա օձերի վրա ցած սահում՝ գրեթե հասնելով ելակետին։ Նրանք ութ անգամ խաղացին, և յուրաքանչյուրը հաղթեց չորսական անգամ։ Կրտսեր քույրը շատ փոքր էր և չէր հասկանում, թե ինչ խաղ է։ Նա նստել էր, հենվել բարձին ու ծիծաղում էր, որովհետև մյուսներն էլ էին ծիծաղում։ Ողջ օրվա ընթացքում նրանք երջանիկ էին միասին, ինչպես վաղ մանկության տարիներին։

Ուինսթընը մտքից վանեց պատկերը։ Հիշողությունները կեղծ էին։ Երբեմն-երբեմն կեղծ հիշողություններն անհանգստացնում էին նրան։ Եթե գիտես, թե ինչ է, այլևս չես վախենում դրանից։ Որոշ բաներ պատահում էին իրականում, մյուսները՝ ոչ։ Նա վերադարձավ շախմատին ու դարձյալ վերցրեց սպիտակ ձին։ Ու համարյա նույն պահին շխկոցով գցեց տախտակին։ Ցնցվեց, ասես մարմնի մեջ քորոց մտցրին։

Սուր շեփորականչը ծակեց օդը։ Ամփոփագի՜րն էր։ Հաղթանա՜կ։ Եթե լուրերից առաջ շեփորականչ էր լինում, միշտ նշանակում էր հաղթանակ։ Ողջ սրճարանով էլեկտրական հոսանք անցավ։ Նույնիսկ մատուցողներն էին ցնցվել ու սրել ականջները։

Շեփորականչին սարսափելի աղմուկ հաջորդեց։ Մի հուզված ձայն փնթփնթում էր հեռէկրանից. բայց գրեթե մարեց դրսից լսվող ծափահարությունների թնդյունից։ Լուրը կախարդական արագությամբ տարածվեց փողոցներում։ Նա բավականաչափ լսել էր հեռէկրանից հնչող հաղորդագրություններ, որպեսզի հասկանար, պատահել էր այն, ինչ ինքը կանխատեսել էր. հսկայական նավատորմը գաղտնի կերպով հանկարծահաս հարված էր պատրաստել թշնամու թիկունքում, սպիտակ նետը հատել էր սև նետի պոչը։ Աղմուկի մեջ առանձնանում էին հաղթական արտահայտությունների ծվեններ, «Լայնածավալ ռազմավարական հնարք... կատարյալ համակարգում... ջախջախիչ պարտություն... կես միլիոն գերի... լիակատար բարոյալքում... ամբողջ Աֆրիկայի զավթում... պատերազմը մոտեցնել մոտալուտ հաղթական ավարտին... խոշորագույն հաղթանակը մարդկության պատմության մեջ... հաղթանակ, հաղթանակ, հաղթանակ»։

Ուինսթընը ոտքերով ջղային շարժումներ արեց սեղանի տակ։ Նա չշարժվեց տեղից, բայց մտքով վազում էր, արագ վազում, նա դրսում էր՝ ամբոխի հետ, գոռում էր խլանալու աստիճան։ Նորից նայեց Մեծ Եղբոր նկարիՆ։ Կոթող, որ վեր էր խոյացել աշխարհի վրա։ ժայռ, որին զուր բախվում էին Ասիայի հրոսակախմբերը։ Նա մտածեց, թե ինչպես տասը րոպե առաջ, այո, ընդամենը տասը րոպե առաջ, սրտում դեռ կասկած կար. չգիտեր՝ ինչ նորություն կլինի ռազմաճակատից. հաղթանա՞կ, թե պարտություն։ Ոչ միայն եվրասիակաՆ բանակն էր հօդս ցնդել։ Իր մեջ շատ բան էր փոխվել Սիրո Նախարարությունում անցկացրած առաջին օրից, բայց վերջնական ու անհրաժեշտ ապաքինումը տեղի ունեցավ միայն այս պահին։ Հեռէկրանից հնչող ձայնը դեռ պատմում էր գերիների, ավարի ու արնահեղության մասին, բայց դրսի գոռգոռոցները փոքր֊ինչ մեղմացել էին։ Մատուցողները վերադառնում էին իրենց աշխատանքին։ Նրանցից մեկը մոտեցավ ջինի շիշը ձեռքին։ Ուինսթընը, որ երանելի երազանքների գրկում էր, չնկատեց, թե գավաթն ինչպես լցրեցին։ Նա այլևս չէր վազում ու չէր գոռում։ Վերադարձել էր Սիրո նախարարություն, ամեն ինչ ներկած էր, իսկ հոգին՝ ձյան պես ճերմակ։ Նա նստած էր մեղադրյալի աթոռին, խոստովանում էր ամեն ինչ, վկայություն տալիս բոլորի դեմ։ Քայլում էր սպիտակ սալիկապատ միջանցքով, ու թվում էր՝ արևի տակ է, իսկ հետևից գնում էր զինված պահակը։ Երկար սպասված փամփուշտը մտնում էր իր ուղեղի մեջ։

Նա նայեց հսկայական դեմքին։ Պետք եկավ քառասուն տարի՝ հասկանալու, թե ինչ ժպիտ է թաքնված թավ բեղերի տակ։ Օ՜ դաժան, անպիտան թյուրիմացություն։ Օ՜ համառ, կամակոր արտաքսում քեզ սիրող կրծքից։ Ջին բուրող երկու արցունք հոսեց քթեզրերից։ Բայց ամեն ինչ կարգին էր, ամեն ինչ կարգին էր։ Պայքարն ավարտված էր։ Նա հաղթել էր ինքն իրեն։ Նա սիրում էր Մեծ Եղբորը։

Հավելված։ Նորալեզվի սկզբունքները