Դժվար է աստված լինել

Գրապահարան-ից
Դժվար է աստված լինել

հեղինակ՝ Արկադի Ստրուգացկի, Բորիս Ստրուգացկի
թարգմանիչ՝ Ջուլիետա Ղազարյան ( ռուսերենից)
աղբյուր՝ «Աշխարհի կործանումից միլիարդ տարի առաջ»


Այդ օրերին էր, որ ես իմացա,թե ինչ է նշանակում տառապել,ինչ է նշանակում ամաչել,ինչ է նշանակում հուսահատվել։
Պիեռ Աբելյառ


Ահա թե ինչի մասին պետք է ձեզ նախազգուշացնեմ։ Առաջադրանքը կատարելիս ձեզ հետ զենք կվերցնեք հեղինակության համար։ Սակայն և ոչ մի պարագայում ձեզ չի թույլատրվում այն գործադրել։ Ո՜չ մի պարագայում։ Դուք ինձ հասկացա՞ք։
Էռնեստ Հեմինգուեյ


Նախերգանք

Անկայի աղեղնազենի կոթը սև պլաստմասսայից էր, իսկ լարը՝ քրոմային պողպատից, ու ձգվում էր անձայն սահող լծակի մի շարժումով։ Անտոնը դեմ էր նորույթներին․ նրա մարտական զենքը հին էր՝ մարշալ Տոցի, Պիցա Առաջին թագավորի ոճով, պղնձակուռ, անվակով, որի վրա փաթաթվում էր եզան ջլերից պատրաստած լարը։ Ինչ վերաբերում է Պաշկային, ապա նա վերցրել էր օդաճնշից հրացան։ Աղեղնազենը նա համարում էր մարդկության մանկություն, քանի որ ծույլ էր ու հյուսնի արհեստից բան չէր հասկանում։

Նրանք մոտեցան հյուսիսային ափին, որտեղ զառիթափի դեղին ավազների միջից դուրս էին ցցվել սոճիների ծուռումուռ արմատները։ Անկան ձեռքից գցեց ղեկաթին ու շուրջը նայեց։ Արևն արդեն անտառի վերևում էր, և ամեն ինչ կապույտ էր, կանաչ ու դեղին՝ կապույտ մշուշ լճի վրա, մուգ կանաչ սոճիներ ու դեղին ափ այն կողմում։ Եվ այս բոլորի վերևում՝ վճիտ, կապտաճերմակ երկինք։

― Այնտեղ ոչ մի բան չկա, ― ասաց Պաշկան։

Երեխաները հենվել էին նավակողին ու նայում էին ջրի մեջ։

― Խոշոր գայլաձուկ է, ― համոզված ասաց Անտոնը։

― Այսպիսի լողաթևերո՞վ, ― հարցրեց Պաշկան։

Անտոնը չպատասխանեց։ Անկան էլ նայեց ջրի մեջ, բայց միայն սեփական արտացուլումը տեսավ։

― Լավ կլիներ լողանայինք, ― ասաց Պաշկան, ձեռքը մինչև արմունկը մտցնելով ջրի մեջ։ ― Սառն է, ― հայտնեց նա։

Անտոնը քայլեց դեպի ցռուկը և թռավ ափ։ Նավակն օրորվեց։ Անտոնը բռնեց նավակողից ու սպասողական նայեց Պաշկային։ Այդ ժամանակ Պաշկան վեր կացավ․ թին դրեց վզին և, պտտեցնելով իրանի ներքևի մասը, երգեց․

Հե՜յ նավապետ վիսլիպուսլի Չլինի՞ թե քնած ես, Զգույշ թե չէ տապակած շնաձկան Վտառներն են հասնում քեզ։

Անտոնը լուռ ցնցեց նավակը։

― Վա՜յ֊ա՜յ, ― գոռաց Պաշկան ու բռնեց նավակողից։

― Ինչո՞ւ տապակած, ― հարցրեց Անկան։

― Չգիտեմ, ― պատասխանեց Պաշկան։ ― Նրանք ափ դուրս եկան։ ― Բայց լավ է, չէ՞, «․․․ տապակած շնաձկան վտառներ»։

Նրանք նավակը ափ հանեցին։ Ոտքերը խրվում էին խոնավ ավազի մեջ, որը ծածկված էր սոճու չորացած փշատերևով ու կոներով։ Նավակը ծանր էր ու լպրծուն, բայց նրանք դուրս քաշեցին ջրից ու, ծանր հևալով, կանգ առան։

― Ոտքս ցավացրի, ― ասաց Պաշան և ուղղեց գլխի կարմիր կապը։ Նա շատ աչալուրջ հետևում էր, որ գլխակապի հանգույցը լինի աջ ականջի վերևում, ինչպես որ իրուկանյան ծովահեններինը։ ― Կյանքը թանկ բան չէ, օ քե՜յ, ― հայտարարեց նա։

Անկան մտազբաղ մատն էր ծծում։

― Փո՞ւշ մտավ, ― հարցրեց Անտոնը։

― Չէ։ Մաշկս քերծվեց։ Ձեզանից մեկնումեկը այնպիսի ճանկեր ունի, որ․․․

― Հապա ցուց տուր։

― Այո, ― ասաց Անտոնը։ ― Քերծվել է։ Հը, ի՞նչ անենք։

― Դնենք ուսներիս ու ափի երկայնքով․․․ ― առաջարկեց Պաշկան։

― Էլ ինչի՞ դուրս եկանք նավակից, ― ասաց Անտոնը։

― Նավակով հավն էլ կկարողանա, ― բացատրեց Պաշկան։ ― Իսկ ափով եղեգնուտը՝ մեկ, զառիթափը՝ երկու, գետափոսերը՝ երեք։ Շերեփաձկներով։ Լոքո էլ կա։

― Տապակած լոքոների վտառներ, ― ասաց Անտոնը։

― Դու իսկի սուզվե՞լ ես գետափոսի մեջ։

― Հա, սուզվել եմ։

― Ես չեմ տեսել։ Ոչ մի անգամ չեմ տեսել։

― Դու շատ բան չես տեսել։

Անկան մեջքը դարձրեց նրանց, բարձրացրեց աղեղնազենն ու նետն արձակեց քսան քայլ այն կողմ կանգնած սոճու վրա։ Կեղևի կտորները թափվեցին ցած։

― Ապրե՛ս, ― ասաց Պաշկան ու իսկույն էլ կրակեց իր հրացանով։ Նա նշան բռնեց Անկայի նետի վրա, բայց չկավ։ ― Շունչս չպահեցի, ― բացատրեց նա։

― Իակ եթե պահեի՞ր, ― հարցրեց Անտոնը։ Նա նայում էր Անկային։

Անկան թափով ձգեց աղեղնալարը։ Նա հոյակապ մկաններ ուներ։ Անտոնը հիացած նայում էր, թե թուխ մաշկի տակ ինչպես գլորվեց երկգլուխ մկանի գնդիկը։

Անկան շատ ուշադիր նշան բռնեց ու մի անգամ էլ նետն արձակեց։ Երկրորդ նետը ճայթյունով խրվեց բնի մեջ՝ առաջինից մի քիչ ներքև։

― Իզուր տեղն ենք այսպես անում, ― ասաց Անկան, իջեցնելով աղեղնազենը։

― Ի՞նչը, ― հարցրեց Անտոնը։

― Ծառերն ենք փչացնում։ Մի երեխա երեկ նետերով խփում էր ծառին, ու ես նրան ստիպեցի, որ ատամներով նետերը հանի բնից։

― Պաշկա, ասաց Անտոնը։ ― Հապա վազիր, քո ատամները պինդ են։

― Իմ ատամը ծակ է, ― պատասխանեց Պաշկան։

― Լավ, ― ասաց Անկան։ ― Եկեք մի բան անենք։

― Ես հավես չունեմ զառիթափերը բարձրանալու, ― ասաց Անտոնը։

― Ես էլ։ Ուղիղ գնանք։

― Ո՞ւր, ― հարցրեց Պաշկան։

― Ուր պատահի։

― Դե ասա։

― Ուրեմն գնանք սայվա, ― ասաց Պաշկան։ ― Տոշկա, գնանք մոռացված խճուղին։ Հիշո՞ւմ ես։

― Բա ո՜նց։

― Գիտե՞ս Անեչկա․․․ ― սկսեց Պաշկան։

― Ես քեզ համար Անեչկա չեմ, ― կտրեց նրա խոսքը Անկան։ Նա տանել չէր կարող, երբ իրեն ոչ թե Անկա էին ասում, այլ մի ուրիշ ձևով։

Անտոնը դա իսկույն մտքում պահեց ու անմիջապես ասաց․

― Մոռացված խճուղի։ Այդտեղով ոչ ոք չի գնում։ Ու քարտեզի վրա էլ չկա։ Եվ հայտնի չէ, թե ուր է գնում այդ խճուղին։

― Իսկ դուք եղե՞լ եք այնտեղ։

― Եղել ենք։ Բայց չենք հասցրել ուսումնասիրել։

― Ճանապարհ ոչ մի տեղից դեպի ոչ մի տեղ, ― ասաց ուշքի եկած Պաշկան։

― Դա շատ լավ է, ― ասաց Անկան։ Նրա աչքերը դարձան նեղ անցքեր։ ― Գնանք։ Երեկոյան կհասնե՞նք։

― Ի՜նչ ես ասում։ Մինչև տասներկուսը կհասնենք։

Նրանք մագլցեցին զառիթափի վրայով։ Հասնելով զառիթափի ծայրին՝ Պաշկան հետ նայեց։ Ներքևում դեղին ծանծաղուտներով կապույտ լիճն էր, ավազի վրա ընկած նավակը ու մերձափնյա հանգիստ, յուղափայլ ջրի վրա կոհակվող կլոր օղակները․ երևի դա հենց գայլաձուկն էր պոչով շրմփացրել ջրին։ Պաշկայյին համակեց սովորական անորոշ հիացմունքը, որն ինքը միշտ զգում էր, երբ Տոշկայի հետ փախչում էր գիշերօթիկից, ու առջևում օրն էր, լրիվ անկախ օր՝ չհետախուզված տեղերով, գետնամորիով, ամայի, տոթակեզ մարգագետիններով, մոխրագույն մողեսներով, անսպասելի հայտնվող աղբյուրների սառնորակ ջրով։ Ու, ինչպես միշտ, ուզեց գոռալ ու բարձր ցատկոտել, և նա անմիջապես արեց իր սրտի ուզածը, իսկ Անտոնը, ծիծաղելով, նայեց նրան, և նա Անտոնի աչքերում լրիվ փոխըմբռնում կարդաց։ Իսկ Անկան երկու մատները մտցրեց բերանը և կտրիճավարի սուլեց, ու նրանք մտան անտառ։

Սոճուտը ցանցառ էր, և նրանք անընդհատ սայթաքում էին գետնին թափված փշատերևների վրայով քայլելիս։

Արևի շեղ ճառագայթները թափանցում էին սլացիկ բների արանքներից, ու հողը ծածկված էր ոսկեգույն ցոլքերով։ Խեժի, լճի ու մորու հոտը բռնել էր անտառը, երկնքում գեղգեղում էին անտեսանելի թռչնակները։

Անկան քայլում էր առջևից, աղեղնազենը դրած թևի տակ, մերթ ընդ մերթ կռանում պոկում էր արնակարմիր, ասես լաքապատ մորին։ Անտոնը գնում էր նրա հետևից, ուսին դրած մարշալ Տոցի մարտական զենքը։ Նետերով ծանր կապարճը թփթփում էր նրա մեջքին։ Նա քայլում էր ու նայում Անկայի արևախանձ, համարյա սև, դուրս ցցված ողերով պարանոցին։ Երբեմն նա շրջվում էր ու չորս կողմը նայում, փնտրելով Պաշկային, բայց Պաշկան չէր երևում, միայն երբեմն, մերթ աջից, մերթ ձախից արևի տակ բոցկլտում էր նրա կարմիր գլխարկը։ Անտոնը պատկերացրեց, թե Պաշկան, հրացանը պատրաստ պահած, ինչպես է սողոսկում սոճիների արանքով, պլոկված քթով, նիհար, գիշատիչ դեմքը առաջ մեկնած։ Պաշկան թաքուն մոտենում էր սայվային։ Իսկ սայվան կատակներ չի սիրում։ Սայվան, բարեկամս, քեզ հարց կտա, ու դու պիտի կարողանաս պատասխանել, մտածեց Անտոնը, և արդեն ուզում էր կռանալ, բայց Անկան առջևում էր, ու նա կարող էր հետ շրջվել։ Շատ անհարմար բամ կստացվեր։

Անկան հետ նայեց ու հարցրեց։

― Դուք սուսուփո՞ւս դուրս եկաք։

Անտոնը թոթվեց ուսերը։

― Իակ ո՞վ է աղմուկ֊աղաղակով գնում։

― Ես ոնց որ աղմուկ բարձրացրի, ― մտահոգ ասաց Անկան։ ― Ես վայր գցեցի թասը, ու հանկարծ միջանցքում ոտնաձայներ լսվեցին։ Երևի Կույս Կատյան էր, այսօր նա է հերթապահում։ Ստիպված էի թռչել ծաղկաթմբի վրա։ Ի՞նչ ես կարծում, Տոշկա, ի՞նչ ծաղիկներ են այդ թմբի վրա աճում։

― Քո պատուհանի տա՞կ։ Չգիտեմ։ Իսկ ի՞նչ կա որ։

― Շատ համառ ծաղիկներ են։ «Քամին չի կոտրում դրանց, փոթորիկը չի պոկում»։ Արդեն քանի տարի է թռչում են այդ թմբի վրա, իսկ ծաղիկների հեչ պետքն էլ չէ։

― Հետաքրքի՜ր է, ― խորիմաստ ասաց Անտոնը։ Նա հիշեց, որ իր պատուհանի տակ էլ այդպիսի մի ծաղկաթումբ կա, ու այդ ծաղիկներն էլ «չեն կոտրվում» քամուց ու փոթորկից։ Բայց ինքը երբեք չի մտածել այդ մասին։

Անկան կանգ առավ, սպասեց, մինչև Անտոնը հասավ իրեն, ու մի բուռ մորի մեկնեց նրան։ Անտոնը զգուշորեն վերցրեց երեք հատապտուղ։

― Էլի վերցրու, ― ասաց Անկան։

― Շնորհակալություն, ― ասաց Անտոնը։ ― Ես սիրում եմ մեկ մեկ հավաքել։ Իսկ Կույս Կատյան ոնց որ վատը չի, չէ՞։

― Նայած ում համար, ― ասաց Անկան։ ― Երբ ամեն երեկո մարդուն հայտարարում են, որ նրա ոտքերը կամ փոշոտ են կամ ցեխոտ․․․

Նա լռեց։ Զարմանալիորեն հաճելի էր անտառում Անկայի հետ միասին քայլելը, արմունկներով իրար կպնելը ու նրան նայելը․ ի՜նչ սիրուն է, ճարպիկ ու արտակարգ բարյացակամ, ու ինչքան մեծ են նրա խաժ, սև թարթիչներով աչքերը։

― Այո, ― ասաց Անտոնը, ձեռքը մեկնելով առաջ, որ պոկի արևի տակ պսպղացող սարդոստյանը։ ― Ի՜նչ֊ի՜նչ, բայց նրա ոտքերը փոշոտ չեն։ Եթե քեզ գրկած են տանում ջրափոսերի վրայով, ուրեմն ոտքերդ չեն ցեխոտվի․․․

― Ո՞վ է նրան գրկած տանում։

― Օդերևութաբանական կայանի Հենրիխը։ Ճանաչում ես, հաղթանդամ, շեկ մազերով․․․

Նրանք նորից լռեցին։ Անտոնը նայեց Անկային։ Անկայի աչքերը ոնց որ սև անցքեր լինեին։

― Իսկ դա ե՞րբ է եղել, ― հարցրեց Անկան։

― Մի լուսնյակ գիշեր, ― արդեն անտրամադիր պատասխանեց Անտոնը։ ― Մենակ թե բերանիցդ բան չթռցնես, հա։

Անկան ծիծաղեց։

― Ոչ ոք քեզ չստիպեց, որ ասեիր, Տոշկա, ― ասաց նա։ ― Մորի ուզո՞ւմ ես։

Անտոնը մեքենաբար վերցրեց հատապտուղները հողոտ ափից ու գցեց բերանը։

― Մի օր էլ քեզ գրկած կտանեն։ Քեզ դուր կգա՞, որ սկսեն այդ մասին խոսել։

― Որտեղի՞ց հնարեցիր, որ ես մտադիր եմ խոսել, ― ցրված ասաց Անկան։ ― Ես ընդհանրապես չեմ սիրում բացբերաններին։

― Լսիր, ի՞նչ ես մտածում։

― Առանձնապես ոչ մի բան։ ― Անկան ցնցեց ուսերը։ Մի քիչ հետո մտերմաբար հայտնեց․ ― Ախր ես ձանձրացել եմ ամեն աստծո իրիկուն ոտքերս երկու անգամ լվալուց։

Խեղճ Կույս Կատյա, մտածեց Անտոնը։ Սա քեզ համար սայվա չէ։

Նրանք դուրս եկան արահետ։ Արահետը իջնում էր ներքև, անտառն ավելի ու ավելի էր մթնում։ Այստեղ փարթամորեն աճել էր ձարխոտը։ Սոճիների բները ծածկված էին մամուռով ու քարաքոսների սպիտակ փրփուրով։ Սակայն սայվան կատակ չի սիրում։ Հանկարծ խռպոտ ձայնը, որի մեջ ոչ մի մարդկային բան չկար, մռնչաց․

― Կանգնի՛ր։ Զենքդ ցած գցիր, դո՛ւ, ազնվազարմ դո՛ն և դու, դոնա՛։

Երբ սայվան հարց է տալիս, պետք է հասցնես պատասխանել։ Կտրուկ շարժումով Անտոնը Անկային գցեց ձախ կողմի ձարխոտերի մեջ, իսկ ինքը թռավ աջ կողմի ձարխոտերի մեջ, գլորվեց ու պառկեց փտած կոճղի հետևում։ Խռպոտ արձագանքը դեռևս թնդում էր սոճիների արանքում, իսկ արահետն արդեն դատարկ էր։ Լռություն տիըեց։

Կողքի վրա պառկած՝ Անտոնը պտտեց անվակը ու ձգեց աղեղնալարը։ Չրխկաց կրակոցը, և Անտոնի վրա ինչ֊որ աղբ թափվեց։ Անմարդկային խռպոտ ձայնը հայտնեց․

― Դոնը վիրավորվել է գարշապարից։

Անտոնը տնքաց ու ոտքն իրեն ձգեց։

― Չէ, այդ ոտքդ չի, մյո՜ւսը, ― ճշտեց ձայնը։

Լսվեց Պաշկայի հռհռոցը։ Անտոնը զգուշորեն գլուխը դուրս հանեց կոճղի հետևից, սակայն մթնշաղի կանաչ մշուշում ոչ մի բան չէր երևում։

Այդ պահին լսվեց մի ականջ ծակող սուլոց ու դղրդոց, ասես անտառում ծառ տապալվեց։

― Ուո՜ւ, ― խուլ ձայնով ասաց Պաշկան։ ― Գթացե՜ք։ Գթացե՜ք։ Մի՛ սպանեք ինձ։

Անտոնն իսկույն վեր թռավ։ Ձարխոտերի միջից նրան ընդառաջ դուրս եկավ Պաշկան։ Նա ձեռքերը վեր էր բարձրացրել։ Անկայի ձայնը հարցրեց․

― Տոշկա, դու նրան տեսնո՞ւմ ես։

― Ոնց որ ափիս մեջ, ― համոզիչ ասաց Անտոնը։ ― Շուռ չգա՛ս, ― գոռաց նա Պաշկայի վրա։ ― Ձեռքերդ դիր գլխիդ։

Պաշկան հնազանդորեն ձեռքերը դրեց գլխին ու հայտարարեց․

― Ես ոչ մի բան չեմ ասի։

― Ի՞նչ անենք սրան, Տոշկա, ― հարցրեց Անկան։

― Հիմա կտեսնես, ― ասաց Անտոնը ու հարմար նստեց կոճղին, աղեղնազենը դնելով ծնկներին։ ― Անդո՛ւնդ, ― գոռաց նա Գեկսա Իրուկանցու ձայնով։

Պաշկան մեջքով արտայատում էր իր արհամարհանքն ու անհնազանդությունը։ Անտոնի արձակած ծանր նետը ճայթյունով խրվեց Պաշկայի գլխավերևի ճյուղի մեջ։

― Պա֊հո՜, ― ասաց Անկայի ձայնը։

― Իմ անունը Բոն Մորեխ է, ― դժկամորեն խոստովանեց Պաշկան։ ― «Եվ այստեղ նա, հավանաբար, կընկնի, մեկը նրանցից, ովքեր նրա հետ էին»։

― Հայտնի բռնակալ է ու մարդասպան, ― բացատրեց Անտոնը։ ― Բայց նա ոչ մի բան ձրի չի անում։ Ո՞վ է քեզ ուղարկել։

― Ւնձ ուղարկել է Սատարինա Անգութը, ― ստեց Պաշկան։

Անտոնը արհամարհանքով ասաց․

― Ահա այս ձեռքը կտրեց դոն Սատարինայի ժանտահոտ կյանքի թելը Ծանր Թրերի անտառում, երկու տարի առաջ։

― Ես բոլորովին մոռացել էի, ― շտապեց ասել Պաշկան։ ― Ինձ ուղարկել է Արատա գեղեցիկը։ Ձեր գլուխների դիմաց նա ինձ խոստացել էր հարյուր ոսկի։

Անտոնը ձեռքը խփեց ծնկին։

― Ա՜յ քեզ ստախոս, ― գոռաց նա։ ― Ախր Արատան ինչո՞ւ պիտի բանի տեղ դներ քեզ նման ստահակին։

― Թող, այնուամենայնիվ, մի նետ խրեմ նրա գանգը, ― դաժանորեն ասաց Անկան։

Անտոնը բռնվեց դիվային ծիծաղով։

― Ի միջի այլոց, ― ասաց Պաշկան, ― քո աջ կրունկը վիրավոր է, դու պիտի արյունաքամ լինես։

― Չէ՜ մի, ― առարկեց Անտոնը։ ― Նախ՝ անընդհատ սպիտակ ծառի կեղև եմ ծամում, և երկրորդ, երկու սիրուն բարբարոսուհիներ արդեն կապել են իմ վերքերը։

Ձարխոտերը շարժվեցին, և Անկան դուրս եկավ արահետ։ Նրա այտը քերծվել էր, ծնկները հողոտ էին ու կանաչած։

― Ժամանակն է նրան ճահիճը գցելու, ― հայտարարեց նա։ ― Երբ թշնամին չի հանձնվում՝ նրան ոչնչացնում են։

Պաշկան ձեռքերն իջեցրեց։

― Դու ընդհանրապես խաղի կանոնները խախտում ես, ― ասաց նա Անտոնին։ ― Ըստ քեզ ստացվում է, որ Գեկսան լավ մարդ է։

― Դու ինձ չգիտես, ― ասաց Անտոնը և նույնպես դուրս եկավ արահետ։ ― Սայվան կատակ չի անում, կեղտոտ վարձկան։

Անկան հրացանը վերադարձրեց Պաշկային։

― Ինչ է, դուք միշտ այդպես կրակո՞ւմ եք իրար վրա, ― նախանձով հարցրեց նա։

― Բա ոնց, ― զարմացավ Պաշկան։ Ինչ է, մենք պիտի գոռանք «Կը՛խ֊կը՛խ։ Պու֊պո՜ւ», հա՞։ Խաղի մեջ պետք է ռիսկի տարրեր լինեն։

Անտոնը անփութորեն ասաց։

― Օրինակ, մենք հաճախ ենք Վիլհելմ Տել խաղում։

― Հերթով, ― վրա բերեց Պաշկան։ ― Մի օր ես եմ կանգնում խնձորով, մի օր՝ նա։

Անկան հայացքով չափեց նրան։

― Ախ այդպե՜ս, ― դանդաղ ասաց նա։ ― Հետաքրքիր կլիներ ձեզ նայելը։

― Մենք՝ հաճույքով, ― թունոտ ասաց Անտոնը։ ― Բայց խնձոր չունենք։

Պաշկան հռհռաց։ Այդ ժամանակ Անկան նրա գլխից պոկեց ծովահենական կապը ու իսկույն դրանից մի երկար տոպրակ սարքեց։

― Խնձորը պայմանական բան է, ― ասաց նա։ ― Այ սա հրաշալի թիրախ է։ Եկեք Վիլհելմ Տել խաղանք։

Անտոնը նրա ձեռքից վերցրեց կարմիր տոպրակը և ուշադիր զննեց։ Նա հայացքը գցեց Անկային։ Անկայի աչքերը ոնց որ սև ճեղքեր լինեին։ Իսկ Պաշկան զվարճանում էր՝ նա շատ ուրախ էր։ Անտոնը տոպրակը մեկնեց նրան։

― «Երեսուն քայլից կխփեմ խաղաթղթին, ― հանգիստ ձայնով ասաց նա։ ― Հականալի է, ծանոթ ատրճանակով»։

― Ճի՞շտ, ― ասաց Անկան ու դիմեց Պաշկային։ ― Իսկ դու բարեկամս, երեսուն քայլից կխփե՞ս խաղաթղթին։

― Պաշկան տոպրակը հարմարեցնում էր գլխին։

― Երբևիցե մենք կփորձենք, ― ասաց նա, սեպերը բացելով։ ― Ժամանակի ես վատ չէի կրակում։

Անտոնը շրջվեց ու քայլեց արահետով, բարձրաձայն հաշվելով քայլերը։

Երեսուն քայլ հեռավորությունից Պաշկան շատ փոքր էր երևում։ Տոպրակի կարմիր եռանկյունին տնկվել էր նրա գլխին, ոնց որ խեղկատակի թասակ։ Պաշկան քթի տակ ծիծաղում էր։ Նա դեռևս խաղում էր։ Անտոնը կռացավ ու անշտապ սկսեց ձգել աղեղը։

― Օրհնո՜մ եմ քեզ, իմ հայր Վիլհելմ, ― գոռաց Պաշկան։ ― Ու շնորհակալ եմ քեզնից, ինչ էլ որ լինի։

Անտոնը դրեց նետը ու մեջքը շտկեց։ Պաշկան ու Անկան նայում էին նրան։ Նրանք կանգնած էին իրար կողքի։ Արահետն ասես մի մութ ու խոնավ միջանցք լիներ բարձր, կանաչ պատերի արանքում։ Անտոնը բարձրացրեց աղեղնազենը։ Մարշալ Տոցի ռազմական սարքը շատ էր ծանրացել։ Ձեռքերս դողում են, մտածեց Անտոնը։ Վատ է։ Ափսոս։ Նա հիշեց, ինչպես ձմռանը ինքն ու Պաշան մի ամբողջ ժամ ձնագնդով խփում էին պարսպասյան թուջե կոնին։ Ձնագնդերը նետում էին քսան, տասնհինգ և տասը քայլից, ու ոչ մի կերպ չէին կարողանում նշանին խփել։ Անտոնն ամբողջ ուժով խզակոթը սեղմեց ուսին։ Անկան շատ մոտ է կանգնած, մտածեց նա։ Ուզում էր գոռալ, որ Անկան հեռանա, բայց հասկացավ, որ դա հիմարություն կլինի։ Բարձր։ Ավելի բարձր․․․ Հանկարծ նա համակվեց վստահությամբ, որ եթե հիմա ինքը մեջքով շրջվի նրանց կողմը, ֆունտանոց նետը, այնուամենայնիվ կխրվի ճիշտ Պաշայի քթարմատը՝ ուրախ, կանաչ աչքերի մեջտեղը։ Նա բացեց աչքերն ու նայեց Պաշկային։ Պաշկան էլ չէր ծիծաղում։ Իսկ Անկան դանդաղորեն վեր էր բարձրացնում չռված մատներով ձեռքը, և նրա դեմքը շատ լարված էր ու շատ մեծավարի։ Եվ այնժամ Անտոնն էլ ավելի բարձրացրեց աղեղնազենն ու սեղմեց ձգանը։ Նա չտեսավ, թե ուր թռավ նետը։

― Չկպավ, ― շատ բարձր ասաց նա։

Չծալվող ոտքերով առաջ գնալով, նա քայլեց արահետով։ Պաշկան կարմիր տոպրակով սրբեց դեմքը, հետո թափ տալով բացեց ու նորից կապեց գլխին։ Անկան կռացավ ու գետնից վերցրեց իր աղեղնազենը։ Եթե նա դրանով հիմա խփի գլխիս, մտածեց Անտոնը, ես միայն շնորհակալություն կասեմ նրան։ Բայց Անկան նույնիսկ չնայեց նրան։

Անկան շրջվեց Պաշկայի կողմն ու հարցրեց․

― Գնացի՞նք։

― Հիմա, ― ասաց Պաշկան։

Նա նայեց Անտոնին ու մատով թխկթխկացրեց իր ճակատին։

― Իսկ դու արդեն վախեցար, ― ասաց Անտոնը։

Պաշկան մի անգամ էլ մատով թխկթխկացրեց իր ճակատին ու գնաց Անկայի հետևից։ Անտոնը գնում էր նրանց հետևից ու ճգնում էր խեղդել իր տարակուսանքը։

Լավ, իսկ ես ի՞նչ արեցի, մտածում էր նա։ Ինչո՞ւ են նրանք թթվել։ Դե, հասկանալի է, Պաշկան վախեցավ։ Միայն դեռ հայտնի չէ, թե ով ավելի շատ վախեցավ՝ Վիլհելմ֊հայրի՞կը, թե՞ Տել֊որդին։ Բայց դե Անկան ինչո՞ւ է խռովել։ Երևի վախեցավ Պաշկայի համար։ Իսկ ես ի՞նչ պիտի անեի։ Քարշ եմ գալիս նրանց հետևից, որնց որ օտար մարդ լինեմ։ Այ հիմա կթողնեմ ու կգնամ։ Կթեքվեմ ձախ, այնտեղ լավ ճահիճ կա։ Միգուցե բու էլ բռնեմ այնտեղ։ Բայց նա նույնիսկ քայլերը չդանդաղեցրեց։ Դա կնշանակի՝ ընդմիշտ, մտածեց նա։ Նա կարդացել էր, որ այդպես շատ հաճախ է լինում։

Նրանք ավելի շուտ դուրս եկան լքված ճանապարհը, քան կարծում էին։ Արևը բարձրացել էր, ու սոսկալի շոգ էր։ Ծառերի սուր փշերը լցվել էին նրա ծոցը ու ծակծկում էին։ Ճանապարհը բետոնապատ էր, և երկար մոխրաշեկ սալերը քայքայվել էին։ Սալերի արանքներում չոր խոտ էր աճել։ Ճանապարհի եզրին աճած կռոթուկը կորել էր փոշու մեջ։ Օդում բզզոցով թռչում էին բրոնզաբզեզները․ ու մեկը լկտիաբար զարկվեց Անտոնի ճակատին։ Շուրջը լուռ էր ու տխուր։

― Նայեք, ― ասաց Պաշկան։

Ճանապարհի մեջտեղով ձգված ժանգոտ մետաղալարից կախված էր մի կլոր թիթեղյա վահանակ, որի ներկը վաղուց թափվել էր։ Ըստ երևույթին, այնտեղ կարմիր ֆոնի վրա դեղին ուղղանկյուն է նկարված եղել։

― Սա ի՞նչ է, ― հենց այնպես հարցրեց Անկան։

― Ավտոմոբիլային նշան, ― ասաց Պաշկան։ ― «Մուտքն արգելված է»։

― «Աղյուս է», ― բացատրեց Անտոնը։

― Իսկ ինչի՞ համար է ճանապարհը։

Պաշկան թոթվեց ուսերը։

― Ախր սա հին խճուղի է, ― բացատրեց նա։

― Այս խճուղին միկողմանի է, միայն մեկ ուղղությամբ է թույլ տրվում երթևեկությունը, ― հայտարարեց Անտոնը։

Անկան մեջքով շրջվել էր նրա կողմը։

― Նախնիները իմաստուն են եղել, ― մտազբաղ ասաց Պաշկան։ ― Գնում ես, գնում ես մի երկու հարյուր կիլոմետր, ու հանկարծ շրխկ՝ «աղյուս»։ Ճանապարհը չի կարելի շարունակել, ու մեկն էլ չկա, որ բան հարցնես։

― Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կարող է լինել այս նշանի հետևում, ― ասաց Անկան։ Նա շուրջը նայեց։ Չորս կողմը, մի քանի կիլոմետր տարածությամբ, փռված էր ամայի անտառը, ու ոչ մեկից չէր կարելի իմանալ, թե ինչ կա այնտեղ, այս նշանի հետևում։ ― Իսկ գուցե դա բնավ էլ «աղյուս» չէ՞, ― ասաց Անկան։ ֊ Ներկը, տեսեք, լրիվ թափվել է․․․

Այդ ժամանակ Անտոնը խնամքով նշան բռնեց ու կրակեց։ Չտեսնված բան կլիներ, եթե նետը դիպչեր մետաղալարին, ու նշանն ընկներ ուղիղ Անկայի ոտքերի տակ։ Բայց նետը դիպավ նշանի վերին մասին, ծակեց ժանգոտ թիթեղը, և միայն չորացած ներկը թափվեց։

― Հիմար, ― ասաց Անկան առանց շրջվելու նրա կողմը։

Դա առաջին բառն էր, որով նա դիմեց Անտոնին Վիլհելմ Տել խաղից հետո։ Անտոնը ծուռ ժպտաց։

― "And enterprises of great pitch and moment, ― արտասանեց նա, with this regard their cwurrent turn away and loose the name of action"։

Հավատարիմ Պաշկան գոռաց․

― Տղե՜րք, այստեղով ավտոմեքենա է անցել։ Հիմա, ամպրոպից հետո։ Այ, նայեք, խոտը տրորված է։ Այ սա էլ․․․

Պաշկայի բախտը բերում է, մտածեց Անտոնը։ Նա սկսեց զննել ճանապարհի վրա դրոշմված հետքերը ու նույնպես տեսավ տրորված խոտն ու դողերից մնացած սև շերտն այնտեղ, որտեղ ավտոմեքենան արգելակել էր բետոնի մեջ եղած ճեղքի պատճառով։

― Ըհը, ― ասաց նա։ ― Մեքենան անցել է նշանի տակով։

Դա բոլորին էլ պարզ էր, սակայն Անտոնն առարկեց․

― Ճիշտ հակառակը, մեքենան այն կողմից է եկել։

Պաշկան զարմացած հայացը հառեց նրան։

― Հո չե՞ս կուրացել։

― Նա եկել է այն կողմից, ― համառորեն կրկնեց Անտոնը։ ― Գնանք հետքով։

― Անհեթեթ բաներ ես ասում, ― ջղայնացավ Պաշկան։ ― Նախ ոչ մի կարգին վարորդ չի անցնի «աղյուսի» տակով։ Երկրորդ, նայիր, այս ճեղքը, այ, արգելակման հետքը․․․ Ուրեմն ո՞ր կողմից է եկել։

― Շատ պետք են ինձ քո կարգին վարորդները։ Ես ինքս էլ եմ անկարգ ու հիմա կգնամ նշանի տակով։

Պաշկան կատաղությունից գունատվեց։

― Ուր ուզում ես գնա, ― ասաց նա, ակամա կմկմալով։ ― Անխե՛լք։ Լրիվ ցնդդել ես շոգից։

Անտոնը շրջվեց և, ուղիղ նայելով իր առաջ, գնաց նշանի կողմը։ Նա միայն մի բան էր ուզում, որ առջևում հայտնվեր մի պայթեցված կամուրջ, և որ հարկ լիներ այն կողմ անցնել։ Ինչ գործ ունեմ ես, այդ կարգինների հետ, մտածում էր նա։ Ուր ուզում են, թող գնան․․․ իրենց Պաշենկայի հետ։ Նա հիշեց, որ Անկան շշպռեց Պավելին, երն սա նրան Անեչկա անվանեց, ու մի քիչ հանգստացավ։ Նա հետ նայեց։

Պաշկային իսկույն տեսավ․ Բոն Մորեխը, երեք տակ ծալված, գնում էր խորհրդավոր մեքենայի հետքով։ Ճանապարհի վրա կախված ժանգոտ վահանակը կամացուկ օրորվում էր, և տակից երևում էր կապույտ երկինքը։ Իսկ Անկան նստել էր ճանապարհի պռնկին՝ արմունկները հենած մերկ ծնկներին ու կզակը դրած բռունցքներին։

․․․ Նրանք հետ դարձան արդեն մթնշաղին։ Տղաները թիավարում էին, իսկ Անկան նստած էր ղեկի մոտ։ Սև անտառի վերևում կախվել էր կարմիր լուսինը, մոլեգնորեն կռկռում էին գորտերը։

― Այնպես լավ էինք ամեն ինչ մտածել, ― տխուր ասաց Անկան։ Դուք․․․

Տղաները չպատասխանեցին։ Հետո Պաշկան կամացուկ հարցրեց․

― Տոշկա, ի՞նչ կար այնտեղ, նշանի տակ։

― Պայթեցված կամուրջ, ― Պատասխանեց Անտոնը։ ― Ու մի ֆաշիստի կմախք, որին շղթաներով կապել էին գնդացրին։ ― Նա մի քիչ մտածեց ու ավելացրեց։ ― Գնդացիրը լրիվ խրվել էր հողի մեջ․․․

― Հը՜մ․․․ ― ասաց Պաշկան։ ― Պատահում է։ Իսկ ես այնտեղ մի մարդու օգնեցի, մեքենան էր նորոգում։