Թիթեղյա թմբուկը

Գրապահարան-ից
Թիթեղյա թմբուկը

հեղինակ՝ Գյունթեր Գրաս
թարգմանիչ՝ Կարլեն Մատինյան
աղբյուր՝ «Թիթեղյա թմբուկը»

Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Գիրք առաջին

Ընդարձակ շրջազգեստը

Չեմ թաքցնի, ես հատուկ բժշկական հիմնարկության հիվանդ եմ, խնամողս հետևում է ինձ, գրեթե աչք չի կտրում ինձնից, քանի որ դռան վրա կա դիտանցք, իսկ իմ խնամակալի աչքն այն դարչնագույններից է, որոնք ունակ չեն միջթափանց տեսնել ինձ՝ կապուտաչյաիս։

Հետևաբար, իմ հիվանդապահը երբեք չի կարող լինել իմ թշնամին։ Ես նույնիսկ սիրեցի նրան՝ դռան ետևից աչք դնողին, և հենց նա իմ սենյակն է մտնում, նրան զանազան դրվագներ եմ պատմում իմ կյանքից, որպեսզի նա, չնայած դիտանցքի խոչընդոտին, ինձ ավելի լավ ճանաչի։ Ամեն ինչից դատելով՝ այդ բարին գնահատում է իմ պատմվածքները, քանզի հերիք է, որ ես նրան հերթական պատմությունս հորինեմ, նա, ցանկանալով արտահայտել իր երախտագիտությունը, ցուցադրում է ինձ իր ձեռքի աշխատանքի հերթական նորագույն նմուշը։ Մի կողմ թողնենք այն հարցը, թե արվեստագետ է նա, թե ոչ։ Չնայած նրա ստեղծած ցուցահանդեսը նույնիսկ հրապուրել էր մի քանի գնորդների։ Նա հանգույցներ է հյուսում սովորական առասանակից, որը հավաքում, խճճվածքից քանդում է հիվանդասենյակներում, այցեժամերից հետո դրանք վերածում բազմահանգույց հրեշների, հետո թաթախում գիպսի մեջ, թողնում, որ չորանան, և հագցնում փայտյա ձողերին ամրացված գործելու ճաղերի վրա։

Հաճախ նա տարվում է իր ստեղծագործությունները գունազարդելու գաղափարով։ Ես նրան ետ եմ պահում այդ մտքից՝ մատնացույց անելով իմ սպիտակ, լաքապատ, մետաղյա մահճակալը, և խնդրում նրան՝ այդ ամենակատարյալ մահճակալը մտովի պատկերացնել գունազարդ։ Այդ ժամանակ նա գլխավերևում սարսափով իրար է խփում խնամակալի իր ձեռքերը՝ միաժամանակ փորձելով իր փոքր֊ինչ անշարժ դեմքի վրա արտահայտել սարսափի բոլոր հնարավոր ձևերը և ձեռ է քաշում բազմագույն ծրագրերից։

Այսպիսով իմ պետական, մետաղյա, սպիտակ լաքով պատված նահճակալը ծառայում է որպես չափանիշ։ Ինձ համար այն նույնիսկ շատ ավելին է․ իմ մահճակալը՝ դա ի վերջո հասած նպատակակետ է, իմ ափոփանքը, այն կարող էր դառնալ իմ հավատքը, եթե հիմնարկության տնօրինությունը թույլ տար կատարել որոշ կատարելագործումներ․ ես բարձրացնել կտայի մահճակալի ճաղավանդակը, որպեսզի այլևս ոչ ոք ինձ չափից շատ չմոտենար։

Շաբաթը մեկ անգամ՝ այցելությունների օրը, խախտվում էր իմ սպիտակ մետաղաձողերով հյուսված լռությունը։ Այդ ժամանակ գալիս են նրանք, ովքեր ցանկանում են ինձ փրկել, ում հաճույք է պատճառում ինձ սիրելը, ովքեր կուզենային իմ մեջ գնահատել, հարգել և ճանաչել իրենք իրենց։ Որքան կույր են նրանք, նյարդային, անդաստիրակ։ Եղունգների մկրատով քերծում են ճաղավանդակի սպիտակ լաքը, գրիչներով ու կապույտ մատիտներով երկարավուն անպարկեշտ մարդուկներ են նկարում։ Իմ փաստաբանը՝ իր ողջյունով պայթեցնելով սենյակը, ամեն անգամ նեյլոնե գլխարկը ցցում է մահճակալիս որմնակողմի ձախ սյան վրա։ Եվ ճիշտ այնքան ժամանակ, որքան տևում է նրա այցը, ― իսկ փաստաբանները կարող են երկար խոսել, ― նա նման բռնի գործողությամբ խլում է իմ հավասարակշռությունը և հոգու կայտառությունը։

Այն բանից հետո, երբ իմ այցելուներն իրենց ընծաները ի ցույց դրեցին ջրաներկ հողմածաղիկների կտավի ներքևում գտնվող սպիտակ սփռոցով սեղանիկի վրա, և այն բանից հետո, երբ նրանց հաջողվեց տեղեկացնել ինձ իմ փրկությանն ուղղված՝ իրենց ընթացիկ կամ ծրագրվող գաղափարների մասին և համոզել ինձ՝ ում նրանք առանց հոգնելու ջանում են փրկել, մերձավորի հանդեպ իրենց սիրո բարձր մակարդակ ունենալու մեջ, դրանով իսկ կրկին իրենց գոյության հաճույքն են վերագտնում և լքում ինձ։ Հետո գալիս է իմ խնամողը՝ օդափոխելու և ընծաների փաթեթների ժապավենները հավաքելու։ Հաճախ նրան էլի ժամանակ է մնում, որպեսզի օդափոխելուց հետո նստի իմ մահճակալին և, խճճված ժապավենները քանդելով, իր շուրջը լռություն տարածի այնքան ժամանակ, մինչև որ ես սկսում եմ լռությունը անվանել Բրունո, իսկ Բրունոյին՝ լռություն։

Բրունո Մյունսթերբերգը, ես ի նկատի ունեմ խնամողիս և մի կողմ եմ դնում բառախաղը, իմ փողերով ինձ համար հինգ հարյուր գրելաթուղթ է գնել։ Չամուսնացած, երեխա չունեցող և արմատներով Զաուերլանդից Բրունոն պատրաստ է, եթե պահուստը չբավականացնի, կրկին գնալ գրենական պիտույքների փոքրիկ կրպակ, ուր նաև մանկական խաղալիքներ են վաճառում, որպեսզի ինձ ապահովի գծեր չունեցող անհրաժեշտ մակերեսով՝ իմ, հուսանք, ճշգրիտ հիշողությունների համար։ Ես երբեք չէի կարողանա խնդրել, որ նման ծառայություններ մատուցեն իմ այցելուները, ասենք, փաստաբանը կամ Բլեփը։ Իմ նկատմամբ հոգսաշատ սերը ընկերներիս հաստատ թույլ չէր տա իրենց հետ բերել այնպիսի վտանգավոր մի բան, ինչպիսին մաքուր թուղթն է, և այն տրամադրել հոգուց անդադար դուրս ժայթքող իմ խոսքերին։

Երբ ես ասացի Բրունոյին․ «Ախ, Բրունո, ինձ համար հինգ հարյուր թերթ անմեղ թուղթ չե՞ս գնի», նա, աչքերը բարձրացնելով դեպի առաստաղ և հայացքի ուղղությամբ տանելով ցուցամատը, պատասխանեց․ «Դուք նկատի ունեք սպիտակ թո՞ւղթ, պարոն Օսկար»։

Ես պնդեցի իմ «անմեղ» բառը և խնդրեցի, որ Բրունոն կրպակում օգտագործի հենց դա։ Վերադառնալով փաթեթով, երեկոյան մոտ, նա աշխատեց ինձ թվալ մտքերով ալեկոծված Բրունո։ Բազմաթիվ անգամ երկար հայացքը պահում էր առաստաղի վրա, որտեղից քաղում էր իր բոլոր հայտնությունները, և քիչ անց արտահայտվեց․ «Դուք ինձ պատշաճ բառ առաջարկեցիք։ Ես այնտեղ անմեղ թուղթ խնդրեցի, և վաճառողուհին գույն տվեց֊գույն առավ ու միայն դրանից հետո կատարեց իմ խնդրանքը»։ Գրենական պիտույքների խանութների վաճառողուհիների մասին երկարատև զրույցից խուսափելով՝ ես զղջացի, որ թուղթն անմեղ եմ անվանել, իսկ հետո լռեցի՝ սպասելով մինչև Բրունոն դուրս գա սենյակից և միայն դրանից հետո բացեցի հինգ հարյուր թուղթ պարունակող փաթեթը։

Ճկուն չենթարկվող փաթեթն իմ ձեռքում երկար չպահեցի և ծանրութեթև չարեցի։ Ես հաշվեցի տասը թերթ, մնացածը թաքցրեցի մահճակալի սեղանիկի դարակում, ինքնահոսը հայտնաբերեցի արկղում՝ լուսանկարների ալբոմի կողքին։ Գրիչը լիցքավորված է, թանաքի պակասություն չի կարող լինել, բայց ինչպե՞ս սկսեմ։

Ցանկության դեպքում պատմությունը կարելի է սկսել մեջտեղից և, խիզախորեն առաջ կամ ետ շարժվելով, բոլորին շփոթեցնել։ Կարելի է աշխատել մոդեռնիստի ոճով․ մերժել բոլոր ժամանակները և տարածությունները՝ հետո հայտնաբերելու համար, որ հենց նոր ի վերջո քեզ հաջողվեց լուծել տարածության և ժամանակի խնդիրը։ Կարելի է հենց առաջին էջերից հայտարարել նաև, որ մեր օրերում ընդհանրապես հնարավոր չէ վեպ գրել, որից հետո հենց սեփական հեղինակությունդ քեզ թիկունք դարձրած՝ մի հզոր գործ ներկայացնես և արդյունքում որպես վերջին ընդունելի վիպասան հանդես գաս։ Ես թույլ կտայի ինձ նաև ասել, որ համեստ է հնչում, երբ դու, որպես սկիզբ, հայտարարում ես, թե այլևս չկան վիպային հերոսներ, քանի որ այլևս չկան անհատականություններ, քանի որ անհատականությունն անվերադարձ կորսված է, քանի որ մարդը միայնակ է, յուրաքանչյուրը հավասարապես միայնակ է և անհատական միայնակության իրավունք չունի և միախառնվում է անանուն ու հերոսականությունից զուրկ միատարր ամբոխին։ Թերևս դա այդպես էլ է և ունի իր հիմնավորումը։ Սակայն ինչ վերաբերում է ինձ՝ Օսկարիս և իմ խնամողին՝ Բրունոյին, կցանկանայի հայտարարել․ մենք երկուսս էլ հերոսներ ենք, բացարձակապես տարբեր հերոսներ ենք․ նա՝ դիտանցքի այն կողմում, ես՝ անցքի դիմաց, և նույնիսկ երբ նա բացում է դուռը, մենք երկուսս, մեր արած ընկերությամբ ու մեր միայնակությամբ հանդերձ, ամենևին էլ անանուն, հերոսականությունից զուրկ ամբոխի չենք վերածվում։

Ես սկսում եմ ավելի վաղ ժամանակից, քանի որ ոչ ոք չի համարձակվի նկարագրել իմ կյանքը, եթե բավականաչափ համբերություն չունի, որպեսզի, նախքան սեփական կեցության դարաշրջանը նախագծելը, չհիշատակի իր պապերի ու տատերի գոնե կեսին։ Դե, ուրեմն, թույլ տվեք ինձ ձեզ բոլորիդ՝ իմ ընկերներին և իմ ամենշաբաթյա այցելուներին, որ իմ բժշկական հիմնարկության պատերից դուրս գտնվելով՝ ստիպված են ապրել խառնաշփոթ կյանքով, ձեզ բոլորիդ, որ նույնիսկ կասկածներ էլ չունեք գրաթղթի վրա արված իմ գրառումների մասին, ներկայացնել Օսկարի մորական տատիկին։

Աննա Բրոնսկի անունով իմ տատը հոկտեմբերյան մի օրվա ավարտին նստած էր կարտոֆիլի դաշտի եզրին։ Հողին նստած էր հենց շրջազգեստներով։ Նախքան ճաշի ժամը կարելի էր հետևել, թե ինչպես է տատս հմտորեն փոցխում թառամած տերևները՝ խնամքով դասավորելով խմբերի, ճաշին մոտ նա կերավ օշարակի մեջ քաղցրացրած մի կտոր ճարպոտ հաց, այնուհետև վերջին անգամ քաղհանեց դաշտը և վերջապես իր շրջազգեստներով նստեց երկու գրեթե բերնեբերան լցված կողովների միջև։ Քթերով միմյանց ուղղված նրա երկարաճիտ կոշիկների ներբանների կողքին ծխում էր տերևների փոքրիկ խարույկը՝ երբեմն ասթմատիկորեն կենդանանալով և ծուխը ջանասիրաբար առաքելով հազիվ նկատելի թեքություն ունեցող երկրակեղևն ի վար։ Իննսունինը թիվն էր, իսկ տատս նստած էր Կաշուբյան երկրամասի հենց սրտում, Բիսաուից ոչ հեռու, և էլ ավելի մոտ Ռամքաուի դիմացի աղյուսի գործարանին, Ֆիրեքից այն կողմ, որտեղ Դիրշաուի և Քարթհաուսի միջև ընկած մայրուղին տանում էր դեպի Բրենթաու։ Նստած էր թիկունքով դեպի սև Հոլդքրուգ անտառը և այրված ընկուզենու այրված ճյուղի ծայրով կարտոֆիլները հրում էր տաք մոխրի տակ։

Եթե ես հենց նոր հատուկ հիշատակեցի իմ տատիկի շրջազգեստը, կարծում եմ՝ լիովին հստակ ասացի․ «Նա նստած էր իր շրջազգեստներով» և նաև գրքիս այս գլուխն անվանեցի «Ընդարձակ շրջազգեստ», նշանակում է՝ գիտեմ, թե ինչով եմ ես պարտական այդ հագուստին։ Իմ տատը մեկ շրջազգեստ չէր կրում, այլ՝ ամբողջ չորսը՝ մեկը մյուսի վրա։ Ընդ որում, նա ոչ թե կրում էր մեկ վերին և երեք ներքին շրջազգեստներ, ոչ, նա կրում էր չորս, այսպես կոչված, վերիններ, ամեն մի շրջազգեստ իր վրա կրում էր հաջորդին։ Տատս չորս շրջազգեստները կրում էր որոշակի համակարգով, համաձայն որի՝ դրանց հաջորդականությունն օրեցօր փոխվում էր։ Այն, ինչ երեկ հագած էր ամենավերևից, այսօր գտնվում էր այդ վերևինի անմիջապես տակը, երկրորդ շրջազգեստը դառնում էր երրորդը։ Երեկվա երրորդ շրջազգեստն այսոր անմիջականորեն հպվում էր մարմնին, իսկ շրջազգեստը, որն երեկ ամենամոտն էր մարմնին, այսօր ցուցադրում էր իր նախշերը, ավելի ճիշտ՝ դրանց բացակայությունը․ Աննա Բրոնսկի անունով իմ տատիկի բոլոր շրջազգեստները նախընտրում էին մեկ և միևնույն՝ կարտոֆիլի գույնը։ Այդ գույնը պետք է որ նրան սազեր։

Տատիկիս շրջազգեստները, գունից բացի, առանձնանում էին կտորի արտառոց չափերով։ Դրանք մերթ կլորանում էին, փոնթ էին տալիս, երբ փչում էր քամին, և կախ էին ընկնում, երբ քամին բացակայում էր, ծածանվում էին, երբ այն կողքով էր անցնում, և բոլոր չորսը թիթեռների պես թռչում էին տատիկիս առջևում, երբ քամին փչում էր թիկունքից։ Իսկ նստելիս նա իր բոլոր շրջազգեստները հավաքում էր իր տակը։

Չորս մշտապես ուռած, թառամած, ծալքերով վայր իջնող կամ դատարկ ցցի պես մահճակալի կողքին կանգնած շրջազգեստներից բացի տատս ուներ նաև հինգերորդը։ Այդ հինգերորդը որոշակիորեն ոչնչով չէր տարբերվում մնացած չորս կարտոֆիլագույններից։ Ընդ որում, ոչ միշտ էր, որ որպես հինգերորդ շրջազգեստ մեկ և միևնույն շրջազգեստն էր ծառայում։ Իր եղբայրակիցների պես, քանզի շրջազգեստները օժտված են տղամարդկային բնավորությամբ, նա ևս ենթակա էր փոխարինման, մտնում էր չորս հագնվողների թվի մեջ։ Մնացած շրջազգեստների նման, երբ գալիս էր իր հերթը՝ այսինքն՝ ամեն հինգերորդ ուրբաթ գնում էր ուղիղ դեպի տաշտակը։ Շաբաթ օրերին կախվում էր խոհանոցի պատուհանի դեմի պարանին, իսկ հետո հայտնվում արդուկի տախտակի վրա։

Երբ տատս այդպիսի մաքրա֊նախապատրաստա֊արդուկային շաբաթ օրերին, կովը կթելուց ու կերակրելուց հետո, ամբողջապես խորասուզվում էր տաշտակային գործերի մեջ, օճառային ինչ֊որ բան էր հաղորդում, այնուհետև ջուրը կրկին թափում, որպեսզի ծաղկավոր սավանի մեջ պարուրված նստի անկողնու ծայրին՝ իր առջևում փռված չորս հագնվող և մեկ թարմ լվացած շրջազգեստների դիմաց։ Տատս աջ ձեռքի ցուցամատը հենում էր աջ աչքի հոնքի ներքևի մասին և ոչ մեկի խորհուրդը չէր լսում, նույնիսկ իր եղբայր Վինցենտի և այդ իսկ պատճառով արագ որոշում էր կայացնում։ Ոտաբոբիկ կանգնած, նա ոտքերի մատներով մի կողմ էր հրում այն շրջազգեստը, որը մնացածներից առավել էր կորցրել կարտոֆիլի գույնի փայլը, իսկ ազատված տեղը զբաղեցնում էր թարմ լվացածը։

Ի փառս Հիսուսի, ում մասին տատս ուներ հստակ պատկերացումներ, կիրակի առավոտյան Ռամքաուի եկեղեցի ուղևորվելու համար նա թարմացնում էր շրջազգեստների հաջորդականությունը։ Իսկ ե՞րբ էր տատս կրում լվացած շրջազգեստը։ Նա ոչ միայն մաքրասեր, այլև սնափառ կին էր, այդ իսկ պատճառով լավագույն շրջազգեստը ցուցադրաբար կրում էր լավ եղանակին, արևին։

Երկուշաբթի կեսօրից հետո էր, երբ իմ տատը նստած էր իր խարույկի մոտ, որի մեջ խորովվում էր կարտոֆիլը, կիրակնօրյա շրջազգեստը դարձել էր իրեն մեկ շերտով ավելի մոտ, իսկ այն շրջազգեստը, որը կիրակի օրը տաքանում էր նրա մաշկի ջերմությամբ, երկուշաբթի օրը՝ հավուր պատշաճի, խամրած տեսքով գրկել էր նրա ազդրերը։ Տատս ինչ֊որ բան էր սուլում, բայց ոչ երգ և միաժամանակ կաղնե ցախի մոխրի միջից դուրս էր քաշում առաջին խորովված կարտոֆիլը։ Կարտոֆիլը տատս դրեց մի կողմ, ծխացող տերևների մոտ, որպեսզի քամին կարողանա այն սառեցնել։ Այնուհետև սուր ճյուղը ծակեց փոքր֊ինչ այրված, կեղևը պայթած կարտոֆիլի պատառը, և տատս այն մոտեցրեց բերանին և դադարեց սուլել։ Դրա փոխարեն նա սկսեց փչելով մաքրել մոխիրն ու հողը ճաքճքած շուրթերի արանքում սեղմված կեղևի վրայից։ Այդ պահին տատիկս կկոցեց աչքերը։ Հետո միայն, որոշելով, որ փչել մաքրել է որքան հարկն է, նա բացեց նախ մեկ, հետո մյուս աչքը, կծեց կարտոֆիլը նոսր կտրիչներով, կրկին դադարեց ատամներով սեղմել։ Ալյուրաշատ և չափազանց տաք ու գոլորշի արձակող կարտոֆիլի կեսը պահելով բաց բերանի մեջ, տատս կլորացած աչքերով նայում էր մինչև հորիզոնն ընկած դաշտին, այն հատող հեռագրասյուներին ու աղյուսի գործարանի ծխնելույզի վերին մասին։

Հեռագրասյուների արանքում ինչ֊որ բան էր շարժվում։ Տատիկս փակեց բերանը, սեղմեց շուրթերը, կկոցեց աչքերը և ծամեց կարտոֆիլը։ Ինչ֊որ բան էր շարժվում հեռագրասյուների արանքում։ Ինչ֊որ բան ցատկեց այնտեղ։ Երեք տղամարդ ցատկեցին դեպի ծխնելույզը, հետո վազքով անցան նրա դիմացից, իսկ մեկը՝ տեսքից կարճ ու հաստլիկ, շրջվեց և արագ վազքով կրկին կտրեց անցավ դարսած աղյուսների շարքերի միջով, իսկ երկու ուրիշներ՝ նիհար ու բարձրահասակ, ոչ առանց դժվարության անցան աղյուսների միջով ու կրկին արագ վազեցին սյուների արանքով։ Հաստլիկն ու կարճլիկը նապաստակի պես ոլոր֊մոլոր վազում էր և ակնհայտորեն ավելի շատ էր շտապում, քան նիհարները, և վերջինները ստիպված էին կրկին նետվել ծխնելույզի կողմը, որովհետև կարճլիկն արդեն անցել էր նրա միջով, մինչ իրենք դեռ միայն արագություն էին հավաքում։ Հանկարծ նրանք անհետացան՝ ասես մտքափոխ եղան, և կարճլիկը, ցատկելով ծխնելույզից, ընկավ հորիզոնից այն կողմ։

Նրանք բոլորն այնտեղ մնացին և ընդմիջում տվեցին կամ, հնարավոր է, զգեստափոխվեցին, կամ սկսեցին շարել թարմ աղյուսները՝ դրա համար վճար ստանալով։

Իսկ երբ իմ տատը ցանկացավ օգտվել ընդմիջումից և ճեղքել երկրորդ կարտոֆիլը, նա վրիպեց։ Որովհետև նա, որը հաստլիկ էր ու կարճլիկ, նույն տեսքով հայտնեվեց հորիզոնի վրա՝ երևի թե երկու հետապնդողներին թողնելով ցանկապատի այն կողմում, աղյուսների կամ Բրենաու տանող կամրջի մոտ։ Նա անցավ այս կողմ, սակայն, միևնույն է, շատ էր շտապում, ուզում էր հասնել և ետևում թողնել հեռախոսասյուները, երկար, դանդաղեցված ցատկելով դաշտի միջով, այնպես որ նրա ոտքերից այս ու այն կողմ էին թռչում ցեխի կտորներ, իսկ ինքը անձամբ այդ ցեխից մի կողմ էր թռչում և ինչպես որ թափով էր թռչում, այդ նույն համառությամբ էլ անցնում էր կավի վրայով։ Երբեմն թվում էր, թե նա անշարժանում է օդի մեջ, ճիշտ այնքան, որքան ժամանակը նրան կբավարարի։ Կարճլիկը սրբեց ճակատը, նախքան մի ոտքով կրկին այդ թարմ հերկած հողին հենվելը, որն իր բոլոր ակոսների և կարտոֆիլի իր հինգ կույտերի հետ միասին գլորվեց դեպի ձորակ։

Եվ կարճլիկը հասավ ձորակին, սակայն այնտեղ էլ անհետացավ, երբ նիհար ու բարձրահասակ երկու մյուսները, որոնք հավանաբար այդ ժամանակահատվածում հասցրել էին զննել աղյուսի գործարանի ներսը, նունպես մագլցեցին և անցան հորիզոնի գիծը։ Նրանք սկսեցին խրվել կավի մեջ, ինչի պատճառով իմ տատը կրկին չկարողացավ ճեղքել կարտոֆիլը, որովհետև ամեն օր չէ, որ կարելի է տեսնել, թե ինչպես երեք չափահաս մարդիկ, տարբեր բոյերի, վազում են հեռագրասյուների միջով և քիչ է մնում կոտրեն աղյուսի գործարանի ծխնելույզը։

Հետո մեկը մյուսի հետևից՝ նույն դժվարությամբ, կրունկների վրա ավելի ու ավելի շատ կավ քարշ տալով, ցատկոտում են Վինցենտի երկու օր առաջ հերկած դաշտի միջով ու անհետանում ձորակի մեջ։

Շուտով բոլոր երեքը անհետացան, և իմ տատիկը վերջապես կարող էր շունչ քաշել և ճեղքել արդեն գրեթե սառած կարտոֆիլը։ Նա անփութորեն մաքրեց կեղևի միայն հողն ու մոխիրը, կարտոֆիլն ամբողջությամբ մտցրեց բերանը և մտածեց (եթե կարելի է այդպես ասել), որ այդ երեքը երևի թե աղյուսագործներ էին։ Տատս սկսեց շարժել ծնոտը, երբ մեկը դուրս թռավ ձորակից, սև բեղերից վեր փայլում էին վայրի աչքերը, երկու ցատկով հայտնվեց խարույկի մոտ, դես ու դեն նետվեց, հայհոյեց, վախից դողաց, չգիտեր ուր փախչի․ ետ չի կարելի, որովհետև ետևում ձորակից մոտենում էին նիհար ու բարակ այն երկուսը։ Նա ընկավ ծնկների վրա, և նրա աչքերը քիչ մնաց դուրս թռչեն բներից, և ճակատին քրտինք տվեց։ Խեղդվելով, դողացող բերանով, նա սողաց ավելի մոտ, հասավ տատիս ներբաններին, ինչպես մի փոքրիկ գազան՝ նայեց նրան, այնպես, որ տատս հոգոց հանեց, դադարեց ծամել, ներբանները իջեցրեց գետնին, այլևս չմտածելով ո՛չ գործարանի, ո՛չ աղյուսների, ո՛չ դարսողների մասին, այլ ուղղակի բարձրացրեց շրջազգեստը, ոչ, միանգամից բոլոր չորսը։ Բարձրացրեց այնքան, որ կարճլիկը կարողանար ծլկել դրանց տակ, բոլոր չորսի տակ։ Եվ նա անհետացավ իր բեղերի հետ մեկտեղ և այլևս նման չէր գազանի։ Նա Ռամքաուից չէր և ոչ էլ Ֆիրեքից, այլ՝ իր սարսափի հետ մեկտեղ, շրջազգեստի տակ էր և այլևս ծնկների վրա չէր ընկնում։ Կարճլիկը զբաղեցրեց իր տեղը, մոռացավ դողի մասին, և լռություն տիրեց։ Ինչպես նախորդ օրը թույլ քամին խաղում էր տերևուքի մեջ, հեռախոսասյուներն ասես միմյանց ձայն էին տալիս, աղյուսի գործարանի ծխնելույզները վերադարձան ակզբնական դիրքին, իսկ իմ տատը, երկրորդի վրայով խոհեմաբար հարթեց առաջին շրջազգեստը, հետո չորրորդը և նոր երրորդը և ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչ նոր ու զարմանալի բան է կատարվում այնտեղ՝ իր մաշկի հետ։ Դա զարմանալի էր, չնայած վերևում ամեն ինչ միանգամայն բարեվայելուչ էր։ Տատս մոխրի միջից դուրս քաշեց երկու֊երեք կարտոֆիլ, աջ արմունկի տակի զամբյուղից հանեց չորս հում կարտոֆիլ, դրանք հերթով մեկ առ մեկ, մտցրեց տաք մոխրի մեջ, վերևից էլ տաք մոխիր ավելացրեց և խառնեց, ինչից խարույկը կրկին սկսեց ծխալ՝ էլ ի՞նչ էր մնում նրան անել։

Սակայն հենց նոր էին տատիկիս շրջազգեստները հանգստացել, հենց նոր էր նա նեխած տերևների խիտ ծուխը դարձյալ ուղղել դեպի հարավ֊արևմուտք, երբ ձորակից դուրս պրծան նիհար ու բարձրահասակ այն երկուսը, որոնք հետապնդում էին կարճլիկին, որը ներկայումս կենում էր շրջազգեստների տակ։ Պարզվեց, որ նիհար ու բարձրահասակները, ըստ ծառայության պատկանելության, կրում են դաշտային ոստիկանության համազգեստ։

Նրանք փամփուշտի պես սլացան տատիս մոտով։ Կարծես նրանցից մեկը թռավ խարույկի վրայով։ Սակայն նրանք հանկարծակի ուշքի եկան, արգելակեցին իրենց երկարաճիտ կոշիկների կրունկներով, շրջվեցին, կոշիկներով դոփեցին, հետո հայտնվեցին ծխի մեջ։ Հազալով, նրանք համազգեստներն ազատեցին ծխից և, ծուխը տանելով իրենց հետևից, խոսակցություն սկսեցին իմ տատիկի հետ։ Նրանք հետաքրքրվեցին, թե չի՞ տեսել նա արդյոք, Կոլյաչեկին, քանի որ անպայման պետք է տեսած լիներ նրան՝ նստած լինելով այստեղ՝ ձորակի մոտ։ Կոլյաչեկը հենց ձորակով հեռացավ։

Իմ տատիկը ոչ մի Կոլյաչեկ չէր տեսել, որովհետև ոչ մի Կոլյաչեկի չի ճանաչում։ Նա հարցրեց, թե աղյուսի գործարանից չի՞ արդյոք նա պատահաբար, քանի որ այնտեղի աշխատողներից բացի ինքը ուրիշնեին չգիտի։ Համազգեստավորները նրան նկարագրեցին Կոլյաչեկին՝ մարդու, որն աղյուսի գործարանի հետ կապ չունի, իսկ արտաքնապես կարճ է ու հաստլիկ։ Տատս հիշեց, որ կարծես թե տեսել է, թե ինչպես այդպիսի մեկն այստեղով վազեց և սուր ոստի վրա խրած ծխացող կարտոֆիլով ցույց տվեց փախուստի ուղղությունը դեպի Բիսաու։ Եթե հավատանք կարտոֆիլին, այն ընկած էր գործարանից հաշված, վեցերորդ ու յոթերորդ սյունեի միջև։ Սակայն այդ վազողը Կոլյաչեկն էր, թե ոչ՝ իմ տատիկը չգիտեր, նա ներողություն խնդրեց իր անտեղյակության համար՝ մեղքը գցելով ծխացող խարույկի վրա։ Հոգսը շատ է, խարույկն էլ հազիվ է այրվում, ահա թե ինչու նրան չեն հետաքրքրում մարդիկ, որոնց ինքը չի ճանաչում։ Նա գիտի միայն նրանց, ովքեր Բիսաուից, Ռամաքուից, Ֆիրեքից են կամ աղյուսի գործարանից, իրեն դա էլ բավարար է։

Ասելով այս խոսքերը տատս հոգոց հանեց թեթևակի, սակայն բավականաչափ բարձր, այնպես որ համազգեստավորները հետաքրքրվեցին, թե ինչն է նրա հոգոցի պատճառը։ Նա գլխի շարժումով ցույց տվեց դեպի խարույկը, իբր հոգոց է հանում թույլ կրակի համար և մի քիչ էլ՝ ծխի միջի մարդկանց համար։ Հետո նա՝ իր սակավաթիվ կտրիչներով կծելով կարտոֆիլի կեսը, ամբողջապես տրվեց ծամելուն, իսկ աչքերի խնձորակները տարավ դեպի վեր ու ձախ։

Դաշտային ոստիկանության համազգեստավորները հաստատապես չէին կարողանում հասկանալ տատիս անտարբեր հայացքը, չգիտեին՝ արժե՞, արդյոք, փնտրել հեռախոսասյուներից այն կողմ Բիսաուի ուղղությամբ և այդ պատճառով ժամանակ առ ժամանակ իրենց կարաբիններով խփում էին կողքը գտնվող դեռ չայրված տերևուքի կույտերին։ Այնուհետև՝ հետևելով հանկարծահաս մղումին, միանգամից շուռ տվեցին երկու լի կողովները, որոնք դրված էին տատի արմունկների տակ, և ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ, թե ինչու կողովներից իրենց ոտքերի տակ գլորվեցին բացառապես կարտոֆիլներ, և ոչ մի Կոլյաչեկ։ Անվստահությամբ լցված, նրանք անցան կարտոֆիլի ծղոտով ծածկված կույտերի միջով, կարծես Կոլյաչեկը կարող էր այդքան կարճ ժամանակահատվածում ծածկվել ձմեռվա համար նախապատրաստած ծղոտով, նրանք արդեն խփում էին նպատակաուղղված, սակայն այդպես էլ ոչ մի ճիչ չլսեցին։ Նրանց կասկածներն ուղղված էին նույնիսկ դեպի ամենախղճուկ թուփը, յուրաքանչյուր մկան բնիկը, դեպի կուղբերի թմբերը և կրկին ու կրկին՝ դեպի իմ տատը, որը նստել էր կարծես այդ տեղին սերտաճած, ախ ու վախ էր անում, պտտում էր աչքերը, սակայն այնպես, որ սպիտակուցը մնա տեսանելի, թվարկում էր կաշուբացի բոլոր սրբերի անունները, սակայն թույլ ծխացող խարույկը և շուռ տված երկու զամբյուղները հազիվ թե կարողանային բացատրել նրա չափից դուրս ողբալի և չափից դուրս բարձր հոգոցները։

Համազգեստավորները մոտ կես ժամից ոչ պակաս մնացին տատիկի կողքին կանգնած։ Երբեմն նրանք կանգնում էին քիչ հեռվում, երբեմն կրակին ավելի մոտ, աչքաչափով մոտավորապես հաշվարկում էին մինչ աղյուսի գործարանի ծխնելույզը ընկած տարածությունը, ուզում էին գրոհել նաև Բիսաուն, սակայն հետաձգեցին հարձակումը։ Նրանք կրակի վրա պահեցին կիսակապտած ձեռքերը, մինչև չստացան իմ տատիկից, որը նախկինի պես անընդհատ հոգոց էր հանում, յուրաքանչյուրը մեկական ճաքած կարտոֆիլ փայտիկի վրա։ Սակայն ծամելու գործընթացի ժամանակ համազգեստավորները մտաբերեցին, որ համազգեստներ են կրում և դաշտի միջով վազեցին ձորակի եզրի որոճի ցողունների արանքով, վախեցրին նապաստակին, որը նույնպես Կոլյաչեկ չէր։ Կրակի մոտ նրանք կրկին հայտնաբերեցին ալյուրոտ տաք գոլորշի արձակող կարտոֆիլներ և, խաղաղասիրությունից դրդված, որոշակի ներքին դիմադրությունը հաղթահարելով, որոշում ընդունեցին հում կարտոֆիլները կրկին ետ գցել կողովների մեջ, որոնց շրջելը իրենց պարտքն էր եղել։

Միայն երբ երեկոն հոկտեմբերյան երկնքից տեղաց բարակ, շեղ անձրևը, և իջավ թանաքագույն աղջամուղջը, նրանք անշտապ և առանց որևէ ցանկության հարձակում գործեցին հեռվում՝ խավարի մեջ ուրվագծվող մի ժայռաքարի վրա, սակայն այդ հարձակումից հետո հրաժարվեցին հետագա փորձերից։ Էլի մի կարճ ժամանակ ոտքից ոտք փոխվելով՝ ձեռքերը օրհնանքի շարժումով պահեցին ամեն ուղղությամբ ծուխ արձակող խարույկի վրա, էլի հազացին կանաչ ծխից, դեղին ծխից աչքերը լցվեցին արտասուքով, ապա՝ հազոցով ու արցունքներով, ճտքակոշիկներն ուղղեցին դեպի Բիսաու։ Քանի որ Կոլյաչեկը այստեղ չէ, նշանակում է Բիսաուում է։ Դաշտային ոստիկանները մշտապես գիտեն միայն երկու հնարավորություն։

Դանդաղ մահացող կրակի ծուխը պարուրեց իմ տատիկին՝ ասես որպես հինգերորդ շրջազգեստ՝ այն աստիչճան ընդարձակ, որ տատը՝ հոգոցներով և բոլոր սրբերի անունները շուրթերին, նույնպես հայտնվեց իր չորս շրջազգեստների տակ, ինչպես Կոլյաչեկը։ Միայն երբ համազգեստավորները վերածվեցին հեռվում թռչկոտող կետերի, որոնք դանդաղ հեռանում են դեպի հեռախոսասյուների միջև ընկած երեկոն, տատիկը ոտքի կանգնեց։ Այն էլ այնպիսի դժվարությամբ, կարծես այդ ժամանակահատվածում հասցրել էր արմատներ գցել, իսկ այժմ իր ետևից տանելով արմատները և հողագնդերը, ասես ընդհատում էր դրանց նոր սկսած աճը։

Կոլյաչեկը սկսեց մրսել, երբ անսպասելիորեն իր ծածկոցից զրկված, հայտնվեց անձրևի տակ՝ կարճլիկ ու հաստ։ Նա շուտափույթ կոճկեց շալվարը, որի բացվելը թելադրված էր մեծ վախով և թաքստոց մտնելու անսահման պահանջով։ Շատ արագ սառչելուց զգուշանալով՝ նա մատներով հապշատապ վազեց կոճակների վրայով, քանի որ նման եղանակին հեշտից էլ հեշտ է աշնանային մրսածություն ձեռք բերել։

Իմ տատը մոխրի տակ հայտնաբերեց ևս չորս տաք կարտոֆիլ։ Դրանցից երեքը նա տվեց Կոլյաչեկին, մեկը ինքը կծեց և էլի հարցրեց՝ արդո՞ք աղյուսի գործարանից չէ այդ մարդը, թեև կարող էր արդեն հասկացած լինել, որ Կոլյաչեկը հայտնվել է ոչ աղյուսի գործարանից, այլ մեկ ուրիշ տեղից։ Հետո նա, ուշադրություն չդարձնելով վերջինի պատասխանի վրա, նրա վրա դրեց ավելի թեթև կողովը, իսկ ինքը կքվեց այն մեկի տակ, որն ավելի ծանր էր։ Տատի մի ձեռքը ազատ մնաց փոցխերի և բրիչի համար, և նա, իր չորս շրջազգեստների մեջ կողովը, կարտոֆիլը, փոցխերը և բրիչը թափ տալով, շարժվեց Բիսաու֊Աբբաուի ուղղությամբ։ Ըստ էության դա բուն Բիսաուն չէր։ Դա ավելի շուտ Ռամքաուի ուղղություն էր։ Աղյուսի գործարանը մնաց ձախ կողմում, իսկ իրենք շարժվեցին դեպի սև անտառը, որտեղ գտնվում էր Գոլդկրուգը, և հետո արդեն գալիս էր Բրենթաուն։ Սակայն անտառի դիմացի ձորակում էլ ընկած էր Բիսաու֊Աբբաուն։ Հենց այստեղ էլ իմ տատի ետևից գնաց կարճլիկ ու հաստ Յոզեֆ Կոլյաչեկը, որն այլևս չէր կարող բաժանվել չորս շրջազգեստներից։


Լաստի տակ

Ամենևին հեշտ չէ այստեղ՝ Բրունոյի աչքով զինված ապակե դիտանցքի նշանառության տակ, հատուկ բժշկական հիմնարկության՝ օճառով լվացված, մետաղյա մահճակալի վրա պառկած վերարտադրել կաշուբյան այրվող տերևների տակի ծխի երիզները և հոկտեմբերյան անձրևի ցանցը։ Եթե մոտս չլիներ իմ թմբուկը, որը, հմուտ և համբերատար վերաբերմունքի դեպքում, երկրորդական մանրուքներից կվերհիշի ամեն անհրաժեշտը՝ թղթի վրա գլխավորը արտացոլելու համար, և եթե ես չունենայի հիմնարկության թույլտվությունն առ այն, որ օրական երեքից չորս ժամ կարող եմ խոսքը տրամադրել իմ թիթեղատուփին, ես կլինեի դժբախտ մարդ՝ առանց փաստացի հաստատված տատի ու պապի։

Ամեն դեպքում իմ թմբուկն ասում է․ իննսունինը թվի այն հոկտեմբերյան օրը, երբ քեռի Կրյուգերը Հարավային Ամերիկայում խոզանակի օգնությամբ փոմփոշացնում էր թփուտների նմանվող իր անգլատյաց հոնքերը, Դիրշաուի և Կարթհաուսի մոտակայքում, Բիսաուի աղյուսի գործարանից ոչ հեռու՝ չորս միագույն շրջազգեստների տակ, խեղդող ծխի, վախերի, տնքոցների մեջ, շեղ անձրևի և սրբերի բարձրագույն հիշատակման ուղեկցությամբ, թուլամիտ հարցուփորձերի և երկու դաշտային ոստիկանների ծխով պատված հայացքների ներքո կարճլիկ, բայց հաստ Յոզեֆ Կոլյաչեկը սաղմնավորեց իմ մորը՝ Ագնեսին։ Աննա Բրոնսկին, իմ տատը, այդ գիշերվա սև ծածկոցի տակ հասցրեց նաև փոխել անունը․ նա թույլ տվեց, որպեսզի սուրբ ընծաները շռայլորեն մսխող վանականի ջանքերով իրեն վերանվանեն Աննա Կոլյաչեկ և իր Յոզեֆի հետ գնաց թող որ ոչ Եգիպտոս, բայց գավառի կենտրոնական քաղաքը՝ Մոթլաու գետի վրա, որտեղ Յոզեֆը գտավ լաստավարի աշխատանք և, որոշ ժամանակով, ապաստան ոստիկաններից։

Միայն այն միտումով, որպեսզի որոշ չափ մեծացնեմ լարումը, առայժմ չեմ տալիս Մոթլաուի գետաբերանում տեղակայված քաղաքի անունը՝ չնայած այն միանգամայն արժանի է հիշատակման՝ առնվազն որպես մի վայր, որտեղ ծնվեց իմ մայրիկը։ Երբ զրո֊զրո թվի հուլիսի վերջին մոտ՝ հենց այդ ժամանակ, ընդունվեց ռազմական նավատորմի շինարարության կայսերական ծրագիրը կրկնապատկելու որոշումը՝ Առյուծի կենդանակերպի տակ լույս աշխարհ եկավ իմ մայրիկը։ Իր հանդեպ հավատ և երազկոտություն, մեծահոգություն և փառամոլություն։ Առաջին տունը, որն անվանում էին նաև Domus vitae,[1] նախնիների կենդանակերպի տակ՝ դյուրազգաց ձկներ։

Արեգակի ընդդիմադիր լինելը Նեպտունի հանդեպ, ինչպես նաև յոթերորդ տունը՝ Somus matrimonil uxoris[2] բարդություններ էին խոստանում։ Վեներան ընդդիմության մեջ է Սատուրնի հանդեպ, որը, որքանով հայտնի է, բերում է լյարդի ու փայծաղի հիվանդություն, անվանվում է «թթու» մոլորակ, որն իշխում է Այծեղջյուրում և պարտությունը տոնում՝ Առյուծում, որը Նեպտունին օձաձկներ է հյուրասիրում, իսկ փոխարենը՝ կուղբ ստանում, որը սիրում է բալենի, սոխ, ճակնդեղ և լավա է արտանետում, իսկ գինին թթվացնում է։ Վեներայի հետ համատեղ նա կենում էր ութերորդ տանը, մահվան տանը, դժբախտության մասին մտքեր էր ներշնչում, այն ժամանակ, երբ կարտոֆիլի դաշտում բեղնավորումը խոստանում էր ազգականների տանը հանդգնության աստիճանի երջանկություն՝ Մերկուրիի հովանավորության ներքո։

Այստեղ ես պետք է ներկայացնեմ մայրիկիս բողոքը, ով բոլոր ժամանակներում վճռականորեն ժխտում էր, որ սաղմնավորվել է կարտոֆիլի դաշտում։ Ճիշտ է, նա ընդունում էր, որ իր հայրը դեռ այնտեղ նախաձեռնեց առաջին փորձերը, սակայն նրա բուն վիճակը, ինչպես նաև Աննա Բրոնսկու բռնած դիրքը, չափազանց անհաջող էին ընտրված, որպեսզի Կոլյաչեկի համար ստեղծեն բեղմնավորման համար անհրաժեշտ պայմաններ։

«Դա պետք է որ տեղի ունեցած լիներ փախուստի գիշերը կամ Վինցենտ քեռու սայլի վրա, կամ վերջապես Տրոիլում, երբ մենք ձուլագոծների մոտ ապաստան գտանք»։

Այսպիսի խոսքերով էր մայրիկս սովորաբար հիմնավորում իր ծագման թվագրումը, և տատիկս, որը դա ավելի լավ պետք է գիտենար, հեզորեն գլխով էր անում և հայտնում աշխարհին․ «Իհարկե, փոքրիկս, դու ճիշտ ես, կա֊չկա դա սայլի վրա է եղել կամ վերջապես Տրոիլում, միայն թե ոչ դաշտում․ այդ ժամանակ և՛ քամի էր փչում, և՛ անձրև էր թափվում ինչպես դույլից»։

Վինցենտը տատիկիս եղբայրն էր։ Կնոջ վաղ մահվանից հետո նա ուխտագնացություն կատարեց դեպի Չենշտոխալու և Չենշտոխովյան Մատակա Բոսկան կարգադրեց նրան՝ իրեն որպես Լեհաստանի ապագա թագուհի ճանաչել։

Այդ ժամանակից ի վեր Վինցենտը զբաղված էր միայն նրանով, որ փորփրում էր արտասովոր գրքերը՝ յուրաքանչյուր արտահայտության մեջ գտնելով Լեհական գահին Աստվածամոր իրավունքների հաստատումը՝ իր քրոջը թողնելով տնամերձի և դաշտի բոլոր հոգսերը։ Վինցենտի որդին՝ Յանը, որն այդ ժամանակ չորս տարեկան էր, թուլակազմ, լացկան երեխա, սագերին էր արածացնում, հավաքում խայտաբղետ նկարներ և, զարմանալիորեն վաղ, փոստային դրոշմանիշներ։

Ահա հենց այդ տունն էր, որն օրհնված էր Լեհաստանի երկնային թագուհու կողմից, և ուր տատիկս հասցրեց կարտոֆիլով լի զամբյուղները, և դրա հետ միասին՝ Կոլյայչեկին։ Վինցենտը ևս իմացավ, թե ինչ է տեղի ունեցել, իսկ իմանալով՝ սլացավ դեպի Ռամքաու և այնտեղ սկսեց թմբկահարել նոտարի դուռը, որպեսզի նա, զինվելոով իր սուրբ ընծաներով, դուրս գար և նշաներ կույս Աննա Յոզեֆին։ Դեռ չէր հասցրել Աստծո քնաթաթախ սպասավորն անել իր օրհնությունը, որը չափից դուրս երկարեց անսանձելի հորանջի պատճառով, և, պարգևատրվելով խոզաճարպի լավ պատառով, հանդիսատեսների կողմը շրջել իր սուրբ թիկունքը, երբ Վինցենտը լծեց իր զամբիկը և նորապսակներին տեղավորեց ծղոտի ու դատարկ պարկերի վրա։ Մրսած ու թնկթնկացող Յանին նստեցրեց իր կողքը, աթոռակի վրա, որից հետո ձիուն հասկացրեց, որ գնա՝ ոչ մի տեղ չթեքվելով, ուղիղ դեպի գիշերը․ նորապսակները շտապում էին։

Դեռևս մութ, սակայն արդեն բավականաչափ նահանջող գիշերվա միջով մեր ուղևորները հասան փայտի նավահանգիստ, որը գտնվում էր գավառի կենտրոնական քաղաքում։ Ընկերները, որոնք Կոլյայչեկի նման լաստառաքիչներ էին, ընդունեցին փախստական զույգին։ Վինցենտը կարող էր իր ձին շրջել ու քշել ետ՝ դեպի Բիսաու, կովը, այծը, խոզը՝ իր խոճկորներով, սագերը և բակի շունը սպասում էին, թե երբ կեր կհասցնեն իրենց, իսկ որդի Յանը պետք է պառկեցվեր անկողին, որովհետև ջերմություն ուներ։

Կոլյայչեկը թաքնվեց երեք շաբաթ, իսկ մազերը սովորեցրեց այլ սանրվածքի՝ մեջտեղի բացվածքով, սափրեց բեղերը, ձեռք բերեց անթերի փաստաթղթեր և Յոզեֆ Վրանկա անվամբ ստացավ լաստավարի աշխատանք։ Իսկ ինչո՞ւ Կոլյայչեկին հարկ եղավ անտառավաճառներին և փայտի սղոցարանների տերերին ներկայացնել Վրանկայի անունով գրված փաստաթղթերը՝ մարդ, որին ծեծկռտուկի ժամանակ լաստից ցած էին նետել Մոդլին բնակավայրի մոտ՝ Բուգ գետի ներքին հոսանքում, ինչից տեղյակ չէր ղեկավարությունը։ Բանն այն է, որ Կոլյայչեկը, որը որոշ ժամանակ առաջ լքել էր լաստառաքիչի գործը և աշխատում էր Շվեցից ոչ հեռու սղոցարանում, ընդհարվել էր վարպետի հետ իր՝ Կոլյայչեկի կողմից ներկված ցանկապատի սպիտակակարմրավուն գույնի համար։[3] Եվ որպեսզի որոշակի ձևով համոզվածություն հաղորդի իր թունդ հայհոյանքներին, տերը ցանկապատից պոկեց երկու տախտակ, մեկը՝ կարմիր, մյուսը՝ սպիտակ։ Զուտ լեհական տախտակներով կակղեցրեց Կոլյայչեկի կոշուբյան թիկունքը, ինչի արդյունքում առաջացան խարույկի համար պիտանի այնքան տաշեղներ, որ ծեծվածն իրեն բացարձակապես իրավասու համարեց հենց հաջորդ պարզկա աստղային գիշերը կրակ գցել նորակառույց և սպիտակեցված սղոցարան՝ ի փառս մասնատված Լեհաստանի միավորման։

Այսպիսով, Կոլյայչեկը հրձիգ էր, անգամ բազմահրձիգ, քանզի դրան հաջորդած ժամանակահատվածում Արևմտյան Պրուսիայի ողջ տարածքի սղոցարաններն ու պահեստները ազգային զգացմունքների երկերանգության համար որպես հրաշալի տաշեղներ էին օգտագործվում։ Եվ, ինչպես ամեն անգամ, երբ խոսք էր լինում Լեհաստանի ապագայի մասին, այդ երկու հրդեհների ժամանակ էլ Կույս Մարիամը լեհերի կողմն էր։ Կան նույնիսկ ականատեսներ, ընդ որում ոմանք, հնարավոր է, ողջ են մինչ օրս, ովքեր մի շարք այրվող սղոցարանների փայտամածերի վրա իրենց սեփական աչքերով տեսել են թագը գլխին Աստվածամորը։ Իսկ ամբոխը, որը մշտապես կուտակվում էր մեծ հրդեհների ժամանակ, իբր թե բազմաձայն օրհներգ էր երգում ի փառս Աստվածածնի՝ Աստծո Մոր․ սրանից դժվար չէ ենթադրություն անել, որ կոլյայչեկյան հրդեհների ժամանակ տիրում էր հանդիսավոր իրավիճակ, և երդումներ էին տրվում։

Եվ որքան ծանրացած էր անցյալը փնտրվող հրձիգ Կոլյայչեկի վրա, այնքան անարատ, անոթևան, անվնաս, փոքր֊ինչ սահմանափակ, աշխարհում ոչ մեկի կողմից չորոնվող, գրեթե բոլորին անծանոթ էր լաստավար Յոզեֆ Վրանկան, որը պարբերաբար իր ծամելու թութունը բաժանում էր ամենօրյա չափաբաժինների, այնքան ժամանակ, քանի դեռ Բուգ գետը չընդունեց նրան իր ջրերի մեջ, իսկ թութունի երեք օրական բաժինները մնացին նրա բաճկոնի գրպանում, փաստաթղթերի հետ միասին։ Քանի որ ջրում խեղդված Վրանկան ոչ մի դեպքում չէր կարող կրկին հայտնվել, և ոչ ոք ոլոր֊մոլոր հարցեր չէր տալիս նրա անհետացման կապակցությամբ, Կոլյայչեկը, որն ուներ մոտավորապես նույն կազմվածքը և նմանապես կրորագլուխ էր, ինչպես և խեղդվածը, սկզբում մտավ նրա բաճկոնի մեջ, այնուհետև, նրա պաշտոնական փասթաթղթային անբասիր անցյալով կերպարի մեջ, ետ վարժվեց ծխամորճ ծխելուց, անցավ թութուն ծամելուն, փոխ առավ նույնիսկ Վրանկայի զուտ անձնական հատկանիշները, օրինակ՝ արտասանության թերությունները, և հետագա բոլոր տարիներին ներկայացրեց հուսալի, խնայող, փոքր֊ինչ կակազող լաստավարի, որը Նեմանի, Բոբիի, Բուգի և Վայքսելի ափերից ջրով լողալու էր ուղարկում ամբողջ անտառներ։ Մնում է միայն ավելացնել, որ այդ Վրանկան Լեյբ֊հուսար թագաժառանգի մոտ, Մաքքենզիների գլխավորությամբ, ծառայելով հասավ եֆրեյտորի կոչման, քանի որ իսկական Վրանկան դեռ ծառայության մեջ չէր եղել, այն դեպքում, երբ Կոլյայչեկը, որը չորս տարով ավելի մեծ էր, քան խեղդվածը, արդեն հասցրել էր իրեն շատ վատ դրսևորել Թորնի հրետանավորների մոտ։
  1. Կյանքի տուն (լատ․)։
  2. Ամուսնական տուն(լատ․)։
  3. Լեհաստանի դրոշի գույնը