Զրույցներ

Գրապահարան-ից
Զրույցներ

հեղինակ՝ Կոնֆուցիոս
թարգմանիչ՝ Արա Առաքելյան (գերմաներենից)


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


Գլուխ առաջին

1.1. Կոնֆուցիոսն ասաց.

― Մի՞թե մեծ բավականություն չէ այն, երբ սովորում ես մի բան և հետո մշտապես վարժվում սովորածիդ մեջ[1]։

― Մի՞թե ուրախանալու պատճառ չէ այն, որ դիմավորում ես հեռվից եկող բարեկամներիդ։

Մի՞թե ազնվականի նշաններ չունի այն մարդը, որը թեև չի ճանաչվում մարդկանցից, սակայն դրա համար երբեք ու երբեք չի դառնանում։

1.2. Յոու-ցզին[2]՝ Կոնֆուցիոսի աշակերտներից մեկն, ասաց.

― Հազվագյուտ մարդիկ կարող են լինել, որ ծնողների նկատմամբ պատկառանք և եղբայրների նկատմամբ հարգանք[3] ունենալով հանդերձ՝ ձգտեն ըմբոստանալ ավագների դեմ։ Եվ առհասարակ չեն կարող լինել այնպիսիք, որ ավագների նկատմամբ ըմբոստությանը դեմ լինելով, այնուամենայնիվ անկարգություն և խռովություն սերմանեն։

Ազնվական մարդը ամենից առաջ նա է, ով իր ուժերը նվիրաբերում է կյանքի հիմքերը ամրապնդելուն, քանզի եթե ամուր են հիմքերը, ապա կգտնվի նաև ճիշտ ճանապարհը։

Պատկառանք ծնողների հանդեպ և սեր եղբայրների (նկատմամբ՝ սրանք են բարոյականության արմատները[4]։

1.3. Կոնֆուցիոսն ասաց.

— Շողոքորթ խոսքեր և կեղծավոր դեմք՝ ինչպե՞ս կարելի է դրանք համատեղել լավ բնավորության հետ։

1.4. Ցզեն-ցզին՝ Կոնֆուցիոսի աշակերտներից մեկն, ասաց.

— Ամեն օր ես ինձ ստուգում եմ երեք բանում։ Արդյո՞ք ուրիշների հանդեպ եղել եմ անկեղծ ու վստահելի, շիտա՞կ եմ վարվել ընկերներիս հետ, և վերջապես՝ ըմբռնե՞լ եմ այն, ինչ կարդացել եմ։

1.5. Կոնֆուցիոսն ասաց.

— Ընդամենը հազար մարտակառք[5] ունեցող պետության թագավորը պարտավոր է ուշադիր և իմաստուն լինել իր բոլոր արարքների մեջ։ Նա պետք է կարողանա չափը պահպանել և սիրել մարդկանց։ ժողովրդի նկատմամբ նրա պահանջները չպետք է կամայական լինեն։

1.6. Կոնֆուցիոսն ասաց.

— Երիտասարդ մարդը տանը լսող ու հարգալից պետք է լինի ծնողների հանդեպ, իսկ դրսում իրեն պահի ճիշտ այնպես, ինչպես կրտսեր եղբայրը ավագի մոտ, այսինքն՝ ակնածանքով և ուշադրությամբ։ Նա պետք է ամենքի հանդեպ համակված լինի սիրով ու բարությամբ։

Այս ամենից հետո, եթե նրա մեջ դեռ ուժ կմնա, թող է նվիրվի գրքերին։

1.7. Աշակերտը՝ Ցզի-սյան, ասաց.

Ով մեծապես գնահատում է բնավորությունը, խիզախությունը և իմաստությունը, բայց ոչ՝ ձևականությունը, Ով պատրաստակամ է ծնողների համար և անձնվիրաբար ծառայում է իր թագավորին, ով հարգանքով է վարվում ընկերների հետ, եթե անգամ ինձ առարկեն, ես կասեի, որ այդ մարդը կրթված է։

1.8. Կոնֆուցիոսն ասաց.

― Եթե ազնվականն իրեն չպահի լուրջ ու արժանապատվորեն, ապա հարգանք չի վայելի, եթե անգամ կրթված լինի, ուրեմն նրա կրթությունը հիմնավոր չէ։

Պետք է միշտ հավատարիմ լինել, անկեղծ ու վստահելի։ Մի ունեցիր բարեկամներ, որոնք արժանի չեն քեզ։

Եթե սխալ ես գործել, երբեք մի վախեցիր ուղղելուց։

1.9. Ցզեն-ցզին ասաց.

— Եթե մարդիկ ծնողների մահվան ժամանակ իրենց պահեն պատշաճ, ինչպես պահանջում է ծեսը, և հետևեն նախնիների խորհուրդներին, ապա դրանից ավելի կամրանա ժողովրդի բարոյականությունը։

1.10. Ցզի-ցին հարցրեց Ցզի-գունին.

— Եթե իմաստունը մի որևէ երկիր է գնում և ցանկանում է իմանալ, թե ինչպես են այնտեղ մարդիկ կառավարվում, ապա այդ մասին նա՞ է հարցնում, թե՞ նրան լուր են տալիս։

Ցզի-գունը պատասխանեց.

— Իմաստունը պարտավոր է լինել սիրալիր, բարեհամբույր, քաղաքավարի, զուսպ և մեղմ։ Նման պահվածքի դեպյքում նա արժանի է ամեն ծառայության։ Եվ մի՞թե դրանով նա չի տարբերվում մյուսներից։

1.11. Կոնֆուցիոսն ասաց․

— Քանի դեռ ողջ է հայրդ, ենթարկվիր նրա կամքին։

Նրա մահվանից հետո կողմնորոշվիր այն գործերով, որ կատարել է նա։ Եվ եթե երկար ժամանակ չշեղվես հորդ ճանապարհից, կարելի է ասել, որ քեզ պահում ես արժանապատվորեն ու հարգանքով։

1.12. Յոու-ցզին ասաց.

— Ծեսերի կատարման և զոհաբերությունների ժամանակ ամենից առաջ մեծ ուշադրություն է դարձվում ներդաշնակությանը։

Հին թագավորների ճանապարհը աչքի էր ընկնում նրանով, որ կյանքի մեծ ու փոքր գործերում նրանք այդպես էին վարվում։ Մարդը ձգտում է ներդաշնակության՝ նկատի ունենալով դժվարությունները, և հասկանում է, որ այդ նպատակին կարող է հասնել միայն այն ժամանակ, երբ իր կենցաղը ենթարկի ժամանակի համար պատշաճ ծեսերին ու արարողություններին։

1.13. Յոու-ցզին ասաց.

— Ով հավատարմորեն կատարում է իր պարտականությունները, պետք է կատարի նաև այն, ինչ խոստանում է։ Ով հոգ է տանում վարքի ու պատշաճության ընդհանուր օրենքների պահպանության մասին, կարող է խուսափել ամոթից ու անպատվությունից։ Հույսդ դիր մերձավորներիդ վրա և կունենաս հուսալի հենարան։

1.14. Կոնֆուցիոսն ասաց.

— Ազնվականը ուտելիս պահպանում է չափը և կյանքում չի ձգտում հարմարավետության։ Նրա արարքները միշտ խելոք են, խոսքերը՝ մտածված։ Նա իր անձը նվիրում է այն ամենին, ինչը ճշմարիտ է ու արդար։

Նման մարդու մասին կարելի է ասել, որ դրանով նա ձգտում է սովորել։

1.15. Աշակերտը՝ Ցզի-գունն, ասաց.

— Ի՞նչ կասեք այն մարդու մասին, որն աղքատության օրերին ստորաքարշ և հարստության օրերին մեծամիտ չէ։

Ուսուցիչը նկատեց.

— Դա շատ լավ է, բայց ավելի լավ է աղքատության մեջ ուրախ լինել, իսկ հարստության մեջ՝ չմոռանալ բարեկրթության, քաղաքավարության ու վայելչության օրենքների նկատմամբ սերը։

Ցզի-գունն ասաց.

— «Երգերի գրքում»[6] գրված է.

Կտրել ու փայլեցնել փղոսկրի նման, Հղկել ու հարթել Ինչպես թանկագին քար[7]։

Ի՞նչ է նշանակում դա։

Ուսուցիչը պատասխանեց.

— Ցզի-գուն, այժմ քեզ հետ կարելի է խոսել «Երգերի գրքի» մասին։ Ես քեզ միայն մեկ օրինակ տվեցի, բայց դա անմիջապես հասկացար, թե խոսքն ինչի մասին է։

1.16. Կոնֆուցիոսն ասաց.

— Ինձ չի վշտացնում այն միտքը, որ մարդիկ ինձ չեն ճանաչում, այլ այն, որ ես նրանց չեմ ճանաչում։



  1. Այս արտահայտության տակ հասկացվում են և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր արժեքները։
  2. Բառացի նշանակում է՝ ուսուցիչ Յոուն։
  3. Այս երկուսը՝ պատկառանքը և հարգանքը, կոնֆուցիականության մեջ հիմնական հանդիսացող «ցիաո» և «թի» հասկացություններն են։
  4. Հստակորեն ընդգծված է Կոնֆուցիոսի և հետագայում նաև կոնֆուցիականության համար շատ կարևոր ընտանիքի և պետության ընդհանրության գաղափարը։
  5. Մարտակառքերի թվով որոշվում էր պետության հզորությունը։ Հազար մարտակառք ունեցող պետությունը համարվում էր թույլ և զորությամբ պակաս։
  6. Հին չինաստանի հինգ կանոնիկ գրքերից մեկն է, որտեղ ժողովված են մ․ թ․ ա․ 11-7-րդ դարերի ներբողներ և երգեր։
  7. Այսինքն՝ մարդուն պետք է կրթել և դաստիարակել այնպես, ինչպես հղկում են թանկագին քարը։