Անցյալից

Գրապահարան-ից
Անցյալից

հեղինակ՝ Լեո
աղբյուր՝ [1]

Երկու խոսք

Այս գործի ամենագլխավոր աղբյուրը կազմում են իմ անձնական հիշողությունները։

Ես շատ ապրեցի։ Իմ ապրածների մի մասն է, որ այժմ տալիս եմ այս գրքի մեջ։ Ամենակարևոր մասը, որ իհարկե ըստ իմ հասկացողության պիտի պատմի ընթերցողիս, թե ինչպես էր, որ գրեթե կես դար առաջ Հայոց հարց ծնվեց և ինչպես էր, որ այդ հարցի հետևանքով բնաջինջ եղավ թուրքահայ ժողովուրդը և իսպառ ջնջվեց Թուրքաց Հայաստան աշխարհագրական անունը։

Ես, ուրեմն, պիտի պատմեմ մեծագույնն այն աղետներից, որոնք երբևիցե վիճակվել են հայ ժողովրդին։

Հայոց հարցը, եթե ոչ ամբողջովին, գոնե իր ամենախոշոր մասով այն սերնդի գործն էր, որին պատկանում եմ և ես։ Վերջին տարիներիս, երբ նա խորտակվում էր այնքան ահռելիորեն, ես շատ անգամ էի լսում իմ սերնդակիցներից.

― Երանի՜ նրանց, որոնք մեռան միամտության մեջ, հավատալով, թե Հայոց հարցը պիտի լուծվի հայ ժողովրդի երջանկության համար… Ինչո՞ւ ես էլ չմեռա, որ չտեսնեի այս օրը…

― Հեր օրհնված,- մտածում էի ես,- մեր կանաչ ու ալվան սարերը հո՞ սև չէին հագնի, թե դու էլ, մի թշվառ միավոր, ավելանայիր այն տասնյակ միլիոն դիակների վրա, որոնցով մարդկությունը պարարտացրեց պատերազմի Մողոքի որկորը 1914 թվականից սկսած։

Ինքս բոլորովին այդպես չէի մտածում։ Եթե մահն ինձ մոռացել է, այդ պատահականությանը ես ամենից առաջ այն եմ պարտական, որ տեսնում եմ այսօրվա օրը, երբ ամեն ինչ պարզված է վերջնականապես և անդառնալիորեն։ Իսկ այս բոլորովին անխորհուրդ մի առավելություն չէ, որ տվել է ինձ ճակատագիրը։ Ներկայումս կատարվում է և սերունդների փոփոխություն։ Մենք հեռացել ենք, մեջտեղ կանգնել են նորերը։ Այս միանգամայն բնական է և մարդկային։ Յուրաքանչյուր սերունդ իր ժամանակի տերն ու տնօրենն է. անում է այն, ինչ լավ է համարում. ստեղծագործում է այնպես, ինչպես ինքն է ըմբռնում։ Թե ինչ կասի արդեն իր դիրքերի տերը դարձած [հաջորդ] սերունդը, այդ նրա՛ գիտնալու բանն է։ Մեզ՝ հնացածներիս, մնում է մի պարտք՝ ճանաչել, հաշիվ տալ նոր սերնդին ու այդպե՛ս հեռանալ ասպարեզից։

Ահա՛, ես էլ, իբրև մի անհատ, ուզում եմ իմ պարտքը կատարել։

Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր որպիսությունն այն ժամանակ, երբ մենք էինք տերն ու տնօրենը, երբ մենք դրություններ և հոսանքներ էինք ստեղծում և կյանքը մեր մտապատկերներին, մեր կառուցվածքներին ենթարկում։ Կամենո՞ւմ եք դուք իմանալ մեր արատներն ու առաքինությունները, մեր «Այո»-ն և «Ոչ»-ը, մեր սխալները, մեր ոճիրները։

Համեցե՛ք։

Ես կտամ ձեզ, բայց ոչ իբրև այն օրերի մարդ, որովհետև այն օրերը միայն պատրանքներ էին տալիս, միայն անորոշություններ էին ներկայացնում, այլ իբրև այսօր ապրող մարդ, որովհետև այսօր ամեն ինչ պարզ է, սոսկալի կերպով պարզ։

Այս պարզությունն ինքնըստինքյան, ինքնաբերաբար և հաղթականորեն բերել է բոլոր արժեքների վերագնահատություն, տապալել է բազմաթիվ կուռքեր, չափազանց պահանջկոտ, անխնա մի քննադատություն է նստեցրել մեր գործերի վրա, մանրացրել է մեր գործիչներին և քանդել ու տակնուվրա է արել մեր այն ժամանակվա գաղափարներն ու զգացմունքները, մեր մտածողությունն ու գեղարվեստն անգամ։

Այսօրվա այդ մեծ քննադատական կարողությունն էլ կլինի իմ միակ ղեկավարը։ Ես կտամ ձեզ ոչ թե անտարբեր ու անորոշ հիշողություններ, ո՛չ՝ դրանք այլևս ոչ մի արժեք չունեն, այլ կտամ քննական, վերլուծական հիշողություններ։

Իմ վերլուծումները խիստ են, գուցե նույնիսկ անողորմ, ես ոչ ոքի չեմ խնայել։ Այսպես է նախևառաջ այն պատճառով, որ ես ուրիշ կերպ գրել երբեք էլ չեմ իմացել, երկրորդ՝ որովհետև այսպես է պահանջում մեզ վիճակված սոսկալի դժբախտությունը, այսպես է պահանջում միլիոնավոր մորթվածների հիշատակը…

Անխնա լինենք նախևառաջ դեպի մեզ։

Խնդրում եմ ընթերցողին, որ այնպես չկարծի, իբր թե ես ինձ առանձին դիրք եմ տալիս իմ ժամանակակիցների մեջ, իբր թե՝ չսխալված, իբր թե՝ միակ խելոք և հեռուները, ապագան տեսնող։ Ո՛չ և ո՛չ։ Եթե շարժումների մեջ գործուն դեր չեմ կատարել, այդ չի նշանակում, թե ես միշտ առանձին կարծիքի և հայացքի եմ եղել։ Ամենևին։ Ընդհանրապես, մտածողության եղանակը մի է եղել ամբողջ մեր սերնդի։ Հարյուրավոր գրվածքներ ունեմ, որոնք տպված են։ Հրաժարվել նրանցից չէ կարելի։ Եվ ինչ օգուտ կլինի հրաժարվելուց։ Ավելի բարեխիղճ, ավելի ազնիվ գործ չի՞ լինի, եթե մենք բաց ու անկեղծորեն ցույց տանք մեր արածները։ Այդ արածներն անհատներինը չեն, այլ ժամանակինը, սերնդինը։

Մենք միայն հաշիվ ենք տալիս։

Ազնվությամբ կատարենք մեր հաշվետվությունը։ Մնացածը մեր գործը չէ։

Մեծ ճշմարտություններ են այսօր արձանացել պատմության հրապարակի վրա։ Նրանք դատաստան են անում։ Թող գոնե այդ դատաստանը լինի շինարար ուժն այն ահռելի իլյուզիաների մեջ, որոնց փլատակների տակ թաղված է վերջին հիսնամյակի մեր համարյա ամբողջ պատմությունը։

1924 թ., մայիս

Ներածություն

Ա

Ես 17 տարեկան աշակերտ էի Շուշիի քաղաքային դպրոցում, երբ սկսվեց ռուս-թուրքական պատերազմը (1877)։ Այս մի ահագին հիշողության դրդիչ էր, որի ուժը ես էլ զգացի ինձ վրա։ Մինչև այդ մենք ուրիշ բան էինք, հիմա պետք էր լինում ուրիշ բան դառնալ։

Ի՞նչ էինք։

Իմ ծննդավայրը՝ Շուշի քաղաքը, մեկն էր մեր չափազանց խեղճ ու խուլ գավառական անկյուններից։ Հեծնած իր բարձրաբերձ ժայռերի կատարներին, հեռու նետված կենտրոններից ու մեծ ճանապարհներից, դրսի աշխարհի հետ հաղորդակցություն պահպանելով շաբաթը երկու անգամ ստացվող փոստի միջոցով՝ նա առանձնացած, լճացած էր ինքն իր մեջ, ապրում էր իր ներքին, մանր ու ողորմուկ շահերով։ Հայերն ու թուրքերն ապրում էին իրարից առանձնացած, իրար խորթ ու անհաղորդակից։ Խանական ժամանակների սարսափները դեռ ապրում էին հայերի մեջ։ Ընդհանուր քաղաքային հասարակական կյանք չկար և չէր կարող լինել, քանի որ հասարակություն կազմող երկու ազգությունները լցված էին իրար դեմ փոխադարձ ատելությամբ։

Մնում էր «ազգային» կյանքը։ Այս նշանակում էր եկեղեցի, որ լցնում էր հայ հասարակության ամբողջ կյանքը, մինչև, այսպես ասած, պռունկները, ներկայանում էր իբրև միակ ուժը և շարժիչը, միակ առարկան, որ լցնում էր համայնքի բոլոր մտավոր և հոգեկան պահանջները։ Հիշում եմ՝ ամեն շաբաթ երեկոյան կրկնվում էր սովորական դարձած, բայց և միշտ խոշոր ու հիասքանչ նշանակություն ունեցող դեպքը՝ առաջնորդի եկեղեցի գնալը։ Բարձրահասակ, ծերունազարդ Սարգիս եպիսկոպոսի ոսկեգույն ձին հայտնի էր ամբողջ քաղաքին և ամբողջ թեմին։ Այդ ամեհի երիվարի վրայից նա ընդունում էր աջից ու ձախից խոնարհվող բաց գլուխների ողջույնները։ Նրա առջևից, նույնպես գեղեցիկ ձիու վրա, գնում էր գավազանակիր տեր-Ավշար քահանան, իսկ ետևից հետևում էր, երրորդ ոսկեգույն ձիու վրա, առաջնորդական ձիապանը՝ Իշխան անունով։ Փողոցները, որոնք այդ գնացքի ճանապարհն էին դառնում, դղրդում էին։ Բազմությունը դուրս էր թափվում նայելու, արմանալու և իր տպավորություններն այդ օրվա և հետևյալ օրերի խոսակցության նյութ դարձնելու համար։

Գլխովին եկեղեցական մի կյանք էր տիրում աղայի և արհեստավորի տանը։ Մի իսկապես տիրացու ժողովուրդ էր ամեն օր արևի տակ ելնում «աստվածապահ» Շուշի քաղաքում։ Կային այդ ժողովրդի հակադրություններ և հակաճառություններ, անգամ կուսակցություններ, բայց այդ բոլորը՝ տերտերի, ժամի, շապիկի, խաչ-խաչվառի, քարոզի, տիրացուի ձայնեղության կամ բաղաձայնության շուրջ։ Գավառական ճահճի բորբոսնած մակերևույթին կյանքի վլվլուկ, եռուզեռ, համայնական խմբումներ, հավաքական հոգեբանություն, զանգվածային պաշտամունք երևան էին հանում միմիայն եկեղեցական թափորները, տոները, ուխտագնացությունները։ Եթե այդժամ մի Ղազանչեցոց եկեղեցի, շնորհիվ այն հանգամանքի, որ նրա ծխականներից շատերը հարուստ վաճառականներ էին Մոսկվայում, դուրս էր բերում հարուստ ու մեծագին զգեստներ, խաչեր, սաղավարտներ, սկիհներ, ոսկե աղավնիներ, այս արդեն միանգամայն բավական էր, որ ամեն մեկի ազգասիրությունը բավարարված լիներ, որ ամեն մեկն ինքն իրեն զգար երջանիկ հայ-քրիստոնյա։ Երեխաներն անգամ իրենց տներում շատ հաճախ զվարճանում էին՝ տերտերների ու տիրացուների պես զգեստավորվելով, եկեղեցական հանդեսներ ձևացնելով և, մանավանդ, տերտեր-տիրացուների երգերին անճոռնիորեն նմանակելով։

Ես էլ, ինչ ասել կուզի, այդ համատարած իրականության մի հարազատ մասնիկն էի։

Եվ ահա գալիս են անսովոր դեպքեր։ Տեղական գունդը զինվորական նվագածությամբ հեռանում է քաղաքից։ Ամենքն ասում են, և իրենք՝ զինվորներն էլ գիտեն, որ պատերազմ է պատրաստվում օսմանցու դեմ։ Պատերազմ գնացողների տեղ Ռուսաստանից գալիս են պահեստի զինվորներ, որոնց մարզում են ամեն օր։ Նահանգապետից ոստիկանությունը հրաման է ստանում կամավոր զորք կամ միլիցիա կազմել տեղացիներից։ Մեր թաղեցի մի երիտասարդ արդեն գրվել է, նոր զգեստ է ստացել, ձի է գնել։ Մի խոսքով, այն պահն է, երբ, ինչպես սովորություն է ասելը, օդի մեջ վառոդի հոտ է զգացվում։

Վառոդը մեզնից շատ հեռու տեղերում պիտի պայթեր։ Բայց այսպես էլ նա բավականաչափ ուժեղ էր, որպեսզի ինձ պես դպրոցականին էլ դուրս շպրտեր հայրենի տիրացուական ճահճից։ Հետաքրքրությունը բռնում է ինձ և իմ մի քանի ընկերներին։ Մեր աղքատության ցնցոտիներից կարողանում ենք կոպեկներ գջլել և «Тифлисский вестник» լրագրի մի ամսվա բաժանորդագինը լրացնել։ Փողը հանձնում ենք փոստին և գրում խմբագրին, թե մեր քաղաքն եկան պահեստի զինվորներ, այս ցույց է տալիս, որ պատերազմ կա, ուրեմն խնդրում ենք մեզ թերթ ուղարկել։

Եվ թերթն եկավ ու սկիզբը դրեց։ Նա մեզ կապում էր սլավոնական կոմիտեների եռանդուն պրոպագանդայով ոգևորված Ռուսաստանի հետ։ Հասարակական մեծ շարժում էր կատարվում։ Մի պաշտամունք կար ամենքի համար՝ թուրքական գազանությունների զոհ դարձած Բուլղարիան։ Եվ նա դառնում էր նաև մեր՝ Շուշիի դպրոցականներիս մի խմբի պաշտամունքը։ Իսկ ռուս զինվորը, որը գնում էր իր արյունով մեր այս պաշտամունքն անարգ ստրկությունից ազատելու, դառնում էր մեզ համար մի նվիրական հասկացողություն։

Որոտացին թնդանոթները Արփաչայի և Դունայի ափերին։ Սրանց ձայնը մեզ չի հասնում, բայց մեր ականջից չի էլ դուրս գալիս։ Օր օրի սաստկանում է հետաքրքրությունը, կլանում է հազարներին, մեզ էլ նրանց հետ։ Խոսքի ու զրույցի մեջ ավելի և ավելի սակավ են ուշադրության առարկա դառնում Նարեկն ու տերտերը, և ավելի հաճախ լսվում են «էն անօրեն Բիկոնսֆիլդը», «Էն օրհնած Գլադստոնը», «էն գազան սուլթանը» և այլ այսպիսի որակումներ, որոնք ցույց են տալիս, թե մենք էլ սովորում ենք դատել, գնահատել։ Պատերազմը մեզ էլ է տալիս սեփական արժանապատվության խոշոր մղումներ։ Օր օրի վրա հնչում են հայկական անուններ՝ Տեր-Ղուկասով, Լոռիս-Մելիքով, Լազարև, Շելկովնիկով։ Մերոնք առանց զորքերի առաջնորդներ են, հաղթության հերոսներ, իրական, այսօրվա մարդիկ, որոնք գալիս են փոխարինելու հին Արտաշեսներին, Տրդատներին և այլ արխիվային հռչակավորների։ Մանավանդ հպարտ ու պարծենկոտ ենք մենք՝ շուշեցիական իրավունքով։ Մեր քաղաքից է այդ մեծահռչակ Վանջին (Օհանջանը)։ Հայրս պատմում է, որ իր հետ նա աշկերտ է եղել դերձակի խանութում, իսկ այժմ նա այլևս Վանջի չէ, այլ Լազարև՝ Դաղստանի, Ալաջայի, Կարսի հերոսը։

Այս բոլորը նշանակում էր, որ եկեղեցին իր ճիրանները հետզհետե հեռացնում էր մեր կոկորդից, թույլ էր տալիս, որ մենք շնչենք համաշխարհականության մթնոլորտով։ Երեկ մենք տիրացու ժողովուրդ էինք։ Այսօր կանչվում էինք քաղաքացի լինելու, քաղաքական դաստիարակություն ստանալու։ Ես, իհարկե, չեմ ասում, թե եկեղեցին միանգամայն կորցնում էր իր նշանակությունը։ Այն էլ մեծ բան էր, որ նա միակ ու անսահմանափակ տեր չէր մնում մեր գլխին։

Այսքան խոշոր էր ռուս-թուրքական պատերազմի գործած հեղաշրջումը։ Հասարակական դաստիարակության մեջ կատարվում էր բեկում։ Եվ այնքան ուժեղ էր ժամանակի կատարած այդ փոփոխությունը, որ մենք՝ պատանի ժամանակակիցներս անգամ, տեսնում ու զգում էինք այն։

Բ

Վերջին դասարանում էի, երբ միմյանց հաջորդել սկսեցին ռուսական մեծադղորդ հաղթությունները։ Մուխթար-փաշան ջարդվեց՝ Ալաջայի վրա կորցնելով իր զորքը. վերցվեցին Կարսը, Պլևնան։ Ռուսական բանակը հասավ Ադրիանուպոլսին, և ջախջախված Թուրքիան հաշտություն խնդրեց։ Հրճվանք էր ամեն տեղ։ Ժողովրդական երգը փառաբանում էր ռուս գեներալներին, ամենատգեղ խոսքերով վատաբանում պարտված փաշաներին։ Սան Ստեֆանոյի դաշնագիրը գրեթե աննկատ մնաց։

Բայց ահա 1878թ. մայիս ամսումն ենք։ Քննությունների ժամանակ է, ընկերներիցս մեկը բաժանորդ է գրվել «Մշակին» և ինձ տալիս է կարդալու Րաֆֆու «Ջալալեդդինը»։ Կարդում ենք ընկերներով, հափշտակվում ենք, հուզվում։ Ի՞նչ է այս։

― Իրականությու՛ն,- պատասխանում են մեզ,- այսպիսի Թուրքահայաստան կա, այսպիսի հայ ժողովուրդ կա։ Ճար գտնված է այդ անբախտ ժողովրդի համար,- ասում են մեզ,- և այդ ճարը Սան Ստեֆանոն է՝ իր 16-րդ հոդվածով, որ դառնում է ազգային փրկության, փառք ու պարծանքի մի կոթող։

Նա թողնում է հայ իրականության վրա անջնջելի, խոր ազդեցություն, նա մի ամբողջ դարագլուխ է դառնում կյանքի մեջ։ Հայոց հարցը դրված էր պաշտոնական հողի վրա։ Թուրքահայն այլևս անտեր չէ։

Այսօր 47 տարի է անցել այն օրից, երբ ստորագրվեց 16-րդ հոդվածը։ Մի մեծ արյունոտ պատմություն է մեզ բաժանում այդ օրից։ Եվ երբ այսօր հետ ենք դարձնում մեր հայացքը՝ իմանալու համար, թե իսկապես ի՞նչ էր նա՝ այդ 16-րդ հոդվածը, որ միանգամից սրբություն սրբոց էր դառնում մի ամբողջ ժողովրդի համար, մեր առջև բացվում է այսպիսի մի պատկեր։ Հայերը խնդրում են հաղթական ռուսներից, որ նրանք շնորհ անեն իրենց, կարգադրեն նաև իրենց քաղաքական ճակատագիրը, ինչպես կարգադրում են բուլղարների և այլ քրիստոնյա ազգությունների ճակատագիրը։ Ու ռուսները թեև հաղթել են թուրքերին, բայց սաստիկ ճնշված են եվրոպական պետությունների կողմից, որոնք չեն թողնում նրանց լայնապես օգտվել իրենց հաղթության պտուղներից։

Ռուսներին հաջողվում է միայն Կարսը, Արդահանը, Բաթումը և Հին Բայազետն առնել թուրքերի ձեռքից, բայց նրանց ցանկալի է ամբողջ թուրքական Հայաստանն ունենալ իրենց ձեռքի մեջ։ Եվ այս ձգտումը նրանք փորձում են իրագործել հայերի միջոցով։ Խաղը դիվանագիտական խիստ նուրբ կերպարանք ուներ։ Նրանք պարտավորեցնում են թուրքերին