Գարգանտյուան և Պանտագրյուելը

Գրապահարան-ից
Գարգանտյուան և Պանտագրյուելը

հեղինակ՝ Ֆրանսուա Ռաբլե
թարգմանիչ՝ Ե․ Թաղիանոսյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Գարգանտյուան և Պանտագրյուելը»


Նախերգանք

Սիրելի բարեկամներ, գիտե՞ք արդյոք, թե ով էր Սոկրատը։ Սոկրատը նշանավոր հույն իմաստուն էր։ Ասում են, որ նա արտաքուստ նման է եղել սիլենի։[1] Իսկ սիլեն հին ժամանակ կոչվում էին այն տուփերը, որոնց մեջ հարուստները պահում էին իրենց թանկարժեք իրերը։ Այս տուփերը զարդարված էին լինում զանազան նկարներով՝ կոտոշավոր նապաստակներով, թամբած բադերով, թևավոր այծերով․․․ Եվ այնքան ծիծաղաշարժ էին այդ նկարները, որ տեսնողը չէր կարողանում ծիծաղը զսպել։ Ոչ ոքի մտքով անգամ չէր անցնի, որ այդ տուփերում պահված են հազվագյուտ և թանկարժեք իրեր։ Եվ իրոք, դրանց մեջ պահում էին մատանիներ, մանյակներ, թանկագին քարեր ու զանազան անուշահոտ համեմունքներ, ինչպես անանուխ, հել, մուշկ։

Ասում են, որ Սիլենի նման է եղել և Սոկրատը։ Արտաքուստ նա մի ծիծաղելի ու անճոռնի ծերուկ է եղել։ Քիթը կարտոֆիլի նման, աչքերը՝ եզան աչքերի, հագնվել է, ինչպես պատահի, բանն ու գործն էլ ուրիշին ծաղրելն է եղել։ Կարճ ասած՝ ցանցառ մարդ է եղել նա, իսկ հայտնի է, թե ցանցառից ինչ խելոք բան կարելի է սպասել։

Բայց այդպես թվացել է միայն նրան առաջին անգամ տեսնելիս։ Սոկրատը, իրոք, ամենաիմաստուն մարդն է եղել իր ժամանակի բոլոր իմաստունների մեջ։ Ծաղր ու կատակով նա այնպիսի խոր մտքեր է արտահայտել, որոնք մինչ այդ ոչ ոքի մտքով չէին անցել։ Բացի այդ, Սոկրատը միշտ ուրախ է եղել, միշտ անվրդով և միանգամայն դատարկ ու անարժեք է համարել շատ ու շատ այնպիսի բաներ, որոնց համար մարդիկ այնքան չարչարվում են, ծովեր են կտրում֊անցնում, պատերազմներ են մղում․․․

Երևի դուք կմտածեք, թե ինչի՞ համար են իմ այսքան երկար ու բարակ դատողությունները։ Նպատակս այն է, սիրելի բարեկամներ, որ այս գիրքը կարդալիս չկարծեք, թե գրածներս լոկ կատակ են ու զանազան զվարճալի հեքիաթներ։ Դուք էլ անշուշտ կասեք, թե «մարդուն հագուստով չեն ճանաչում»։ Իմ գրքի մասին էլ մի դատեք, միայն նրա զվարճալի արտաքինով։ Հեքիաթը֊հեքիաթ, բայց հեքիաթներից բացի դուք այս գրքում ուրիշ ավելի լուրջ բան էլ կգտնեք։

Տեսած կա՞ք արդյոք, երբ շունն աղբանոցում լավ ոսկոր է գտնում։ Տեսեք, թե ինչպես է շունն այդ ոսկորը պահում, պահպանում, ինչպես է պինդ բռնում ատամներով, ինչպիսի զգուշությամբ է կծում, ծակում ու համբերությամբ կրծում այդ ոսկորը և ինչպես մաքուր է ծծում նրա միջի ծուծը։ Ինչո՞ւ է շունն այդպես վարվում։ Ի՞նչ է ուզում ստանալ այդ կեղտոտ ու բոլորի համար անպետք ոսկորից։ Պարզ է, թե ինչ, շունն ուզում է ծծել ոսկորի միջի ծուծը։ Ամենքին հայտնի է, թե դա որքան համեղ բան է։

Ես էլ ահա կուզեի, սիրելի բարեկամներ, որ դուք նմանվեիք այդ խելացի, կռահող ու համբերատար շանը։ Դուք պետք է նախ լավ հոտոտեք իմ գիրքը, որպեսզի զգաք նրա ներքին իմաստը։ Հետո, ազատ ժամերին, մտածեք նրա մասին, ջարդեք ոսկորը և ծծեք միջի ուղեղը։ Իմացեք, որ ես միայն ձևի համար եմ ձեզ զանազան զվարճալի հեքիաթներ պատմում, իսկ իրոք խոսքս տերտերների, վարդապետների, թագավորների, դատավորների և ուրիշ շատ ու շատ բաների մասին է։

Դեհ, գործի անցնենք, սիրելի բարեկամներ։ Կարդացեք իմ գիրքը և զվարճացեք որքան քեֆներդ կուզի։ Միայն լսեցեք, չարաճճիներ, թե ինչ եմ ասում․ երբ կարդալիս կլինեք գրքիս վերջին էջը, չմոռանաք հիշել ինձ և մի բարի խոսք ասել իմ մասին։


Առաջին մաս

Պանտագրյուելի Հայր Մեծ Գարգանտյուայի զարմանալի սխրագործությունների մասին


Գլուխ I

Այն մասին, թե ինչպես է ծնվում Գարգանտյուան


Կար ժամանակ, երբ հսկա Գրանգուզիեն[2] շատ ուրախ մարդ էր և լավ ուտող։ Նրա մառաններում միշտ անպակաս էին լինում խոզապուխտը, տեսակ֊տեսակ երշիկներ, աղը դրած և մանանեխով համեմված միսը, խավիարը և յուղալի նրբերշիկները։ Գրանգուզիեն հասակն առած էր, երբ պսակվեց Գարգամելի հետ, որ մի սիրուն ու առողջ աղջիկ էր, իսկ մի տարի հետո ծնվեց Գարգանտյուան, հենց այն Գարգանտյուան, որը հետագայում փախցրեց Փարիզի Աստվածամոր տաճարի զանգը և մի զարհուրելի կռվում հաղթեց Պիկրոշոլ թագավորին։

Արու զավակ ունենալու առթիվ Գրանգուզիեն մի այնպիսի խնջույք է սարքում, որի նմանը վաղուց չէին տեսել այդ կողմերում։ Հենց այդ ժամանակ մորթում են 367014 չաղ արջառ, որոնց միսը պետք է աղեին ու պահեին մինչև գարուն։ Հնարավոր չէ նկարագրել, ինչքան շատ փորոտիք, երիկամներ ու լյարդ էր ստացվել, այն էլ այնքան լավ ու յուղալի, որ մարդ մատները հետը կուտեր։ Բայց որտե՞ղ և ինչպես պահեին այդքան հարստությունը, որ չհոտեր։ Մի ճար կար միայն՝ բոլորը միանգամից խժռել վերջացնել։ Դրա համար հրավիրում են շրջակայքի կտիճներին, որոնք բոլորն էլ ուտող֊խմող և աննման կեգլի խաղացողներ էին։

Խնջույքն իսկապես որ փառահեղ էր։ Շշերը ձեռքից ձեռք էին անցնում, խոզապուխտները խլխլում միմյանց ձեռքից, բաժակները տեղներում չէին մնում, և գավաթները զնգզնգում էին։ Ի՜նչ ասել կուզի, որքան երիկամ ու թոք կար, բոլորը փառավորապես մաքրազարդեցին֊պրծան։ Ինքը՝ Գրանգուզիեն, քեֆի ժամանակ կերավ տասնհինգ տակառ, երկու դույլ և վեց թաղար երիկամ ու թոք։ Փորն այնպես էր ուռել, որ քիչ էր մնում պայթի։

Ճաշից հետո գնացին անտառ և այստեղ դալար ու թավ խոտի վրա պարում էին պարկապզուկների ու սրինգների նվագի տակ, և այն էլ այնպիսի էշխով, որ տեսնողի քեֆն էր գալիս։

Քեֆի ամենաթունդ պահին Գրանգուզիեի ականջին հասավ նորածին տղայի ճիչը։

― Խմե՜լ, խմե՜լ, խմե՜լ, ― ճչում էր մանուկը։

― Գը գրան տյուա՜, ― բացականչեց բարեսիրտ Գրանգուազիեն, ― այդ ինչ մեծ կոկորդ ունես։[3]

― Ինչ եմ ասել ճշմարիտ խոսքին, ― ասացին հյուրերը, ― թող ուրեմն այսուհետև տղան կոչվի «Գարգանտյուա»՝ նրա հոր առաջին խոսքի համաձայն։

Գրանգուզիեին այդ անունը շատ դուր եկավ։ Երեխան հանգստացնելու համար նրան մի կուշտ գինի խմեցրեց, հետո տարավ եկեղեցի և մկրտեց քրիստոնեական օրենքի համաձայն։

Երբ Գարգանտյուան մի փոքր մեծացավ, նրա համար պատրաստել տվին մի գեղեցիկ սայլակ։ Այդ սայլակով երկու եզներ ման էին ածում նրան և բոլոր մարդիկ զարմանում էին, երբ տեսնում էին այդ սքանչելի երեխային։ Եվ պատճառ էլ կար զարմանալու։ Գարգանտյուայի դեմքը իր տասը ծալքանի կզակով իսկապես որ զարմանալի էր։ Բացի այդ, այն էլ պետք է ասել, որ նա շատ քիչ էր ճչում, բայց ուտում էր յուրաքանչյուր րոպե։

Երբ Գարգանտյուան մի քիչ մեծացավ, նրա համար շքեղ հագուստ կարեցին։ Գուցե դուք ուզենայիք իմանալ, որքան կտոր պետք եղավ նրա հագուստի համար։ Դա ես ճշգրիտ կերպով կարող եմ ասել, որովհետև այդ մասին մանրամասն գրված է հին գրքերում։

Նրա համար որպես շապկացու հարկավոր եղավ 900 կանգուն լավագույն ֆրանսիական քաթան, բացի այդ հարկավոր եղավ ևս 200 կանգուն քաթան քառակուսի կտորներ դարձնելու և որպես ուսաստառ օգտագործելու համար։ Բաճկոնի համար վերցրին 813 կանգուն սպիտակ ատլաս, իսկ վարտիքի համար՝ 1105 կանգուն բրդե սպիտակ կտոր։ Վարտիքները կարված էին սյունանման, ետևի կողմից շերտավոր էին և ատամնավոր, և պետք է ասել որ երեխան շատ գեղեցիկ ոտքեր ուներ, որոնց երկարությունը միանգամայն համապատասխանում էր նրա հասակին։ Նրա կոշիկների համար հարկավոր եղավ 406 կանգուն բաց կապտավուն թավիշ։ Ներբանների համար հազիվ հերիքեց հազարավոր կովերի կաշին։ Կոշիկները կարված էին սրածայր։

Վերնազգեստի համար օգտագործեցին 1800 կանգուն վառ կապույտ թավիշ՝ եզրերը ասեղնագործած ոսկեթել տերևներով, իսկ գոտու համար՝ 300 ½ կանգուն կերպաս, որի կեսը սպիտակ էր, կեսը բաց կապույտ։

Նրա քսակը շինված էր փղի կաշվից, իսկ գլխարկը կարված էր թավշից։ Գլխարկի վրա փողփողում էր փետուրների մի հրաշալի փունջ, որ կազմված էր ջրային թռչունների փետուրներից։

Որպեսզի Գարգանտյուայի համար ձեռնոցներ կարեն, քերթեցին տասնհինգ չարքերի կաշին, և այդ նյութից պատրաստեցին ձեռնոցները՝ ընդունված կանոնների համաձայն։

Ինչպես տեսնում եք, Գարգանտյուայի զգեստը երկու գույնի էր՝ սպիտակ և բաց կապույտ։ Գրանգուզիեն դրանով ուզում էր ցույց տալ, որ տղայի ծնունդը երկնային ուրախություն է իր համար, որովհետև սպիտակ գույնը նշան է բերկրանքի, զվարթության ու բախտավորության, իսկ բաց կապույտ գույնը նշան է մի ինչ֊որ երկնային բանի։ Ես շատ լավ եմ հասկանում, որ այս տողերը կարդալիս դուք ծիծաղելիս կլինեք ինձ վրա ու կասեք․ «Ինչեր է դուրս տալիս գլխից այս ծերուկը, ինչո՞ւ պետք է սպիտակ ու բաց կապույտ գույները նշան լինեին երկնային բերկրության»։ Ինչ արած, որքան ուզում եք ծիծաղեցեք։ Իմ այս բոլոր պատմությունները զուտ ճշմարտություն են։

Գիտե՞ք արդյոք, որ հին ժողովուրդների կյանքում սև գույնը նշան էր վշտի, իսկ սպիտակը՝ ուրախության։ Հին հույները իրենց երջանիկ օրերը նշում էին սպիտակ քարերով, իսկ տխուր օրերը՝ սև քարերով։ Երբ հռոմեացի զորավարները հաղթանակած տուն էին վերադառնում, նրանք նստած էին լինում սպիտակ ձիեր լծած հաղթակառքում։ Այս բոլորից հետո մի՞թե պարզ չէ, որ սպիտակ գույնը նշան է ուրախության։ Իսկ ինչ վերաբերում է բաց կապույտ գույնին, մի լավ նայեցեք երկնքին, մի՞թե նրա գույնը բաց կապույտ չէ։ Տեսնում եք, ուրեմն, որ բաց կապույտը երկնային է, իսկ սպիտակն ու բաց կապույտը նշանակում են երկնային ուրախություն։

Երեքից մինչև հինգ տարեկան հասակը Գարգանտյուային սնում ու դաստիարակում էին ինչպես կարգն է։ Անց էր կացնում նա իր ժամանակն այնպես, ինչպես բոլոր փոքր երեխաները՝ խմում էր, ուտում ու քնում․ ուտում էր, քնում ու խմում․ քնում էր, խմում և ուտում։ Կուզե՞ք իմանալ, թե ուրիշ էլ ինչ էր անում նա։ Լսեցեք ասեմ ձեզ։


Թավալվում էր ցեխի մեջ օրնիբուն,
Քիթն ու պռունկը կեղտոտում,
Պարապ֊սարապ օրն անցկացնում,
Ամեն ծակ ու ծուկ մտնում։
Փայտե կոշիկով ատամները սրում,
Ձեռքերը ապուրով լվանում,
Բաժակով մարմինը քորում,
Երկու աթոռների միջև նստում,
Օճառի պղպջակներ բաց թողնում,
Քիթն էլ ամեն տեղ խոթում։

Մի խոսքով՝ ապրում էր քեֆով։ Էլի ասե՞մ։


Դատարկապորտ կյանք էր վարում,
Ինքն իրեն խուտուտ ածում,
Մաղով ջուր էր վերցնում,
Կռունկ որսում երկնքում։
Կարպետի չափ ոտն էր մեկնում,
Կացնից իր համար ապուր եփում,
Ոչ մի հոգս ու դարդ չէր իմանում։


Որպեսզի երեխան ձի հեծնել սովորի, նրան փայտե մի մեծ ձի նվիրեցին։ Գարգանտյուան քշում էր իր ձին համրաքայլ, վարգաքայլ, ստիպում էր ընթանալ սրարշավ, գնալ իշաերիշ կամ ուղտի նման։ Ժամանակ առ ժամանակ նա ներկում էր իր ձին զանազան գույներով՝ մեկ նրա ձին աշխետ գույն էր ունենում, մեկ շիկակարմիր, մեկ մոխրագույն, մեկ խայտաբղետ կամ բաց դեղին․․․

Նա իր համար մի որսի ձի շինեց հաստ կոճղից, իսկ զբոսանքի ձի՝ դատարկ տակառից։ Բացի այդ, նա ուներ յոթ պահեստի ձի և յոթ փոստային ձի։ Եվ այդ բոլոր ձիերին գիշերը կանգնեցնում էր իր մահճակալի մոտ։

Մի օր պարոն Պենանսակը[4] շքեղ շքախմբով այցելության եկավ նրա հորը։ Նույն օրը եկան նաև դուքս դը Ֆրանրեպան[5] և կոմս դը Մույևանը։ Ճիշտն ասած՝ այդքան մարդկանց դժվար էր տանը տեղավորել, շատ նեղվածք էր, մանավանդ ախոռներում։ Պարոն Պենանսակի ավագ սպասավորն ու ախոռապետը չէին իմանում, որտեղ կապեն իրենց ձիերը։

― Չկա՞ արդյոք ձեզ մոտ մի ուրիշ ազատ ախոռ, ― հարցրին նրանք Գարգանտյուային։

― Կա, ― պատասխանեց Գարգանտյուան, ― հետևեցեք ինձ, ես ձեզ ցույց կտամ տեղը։

Նա տարավ նրանց մեծ սանդուղքով դեպի վեր, անցկացրեց դահլիճով մեծ սրահը, որ տանում էր ուղիղ դեպի աշտարակը։

― Այս լակոտը, երևի, մեզ խաբում է, ― ասաց ախոռապետը աշտարակի սանդուղքով վեր բարձրանալիս, ― ո՞վ է տեսել, որ վերին հարկերում ախոռ լինի։

― Գուցե մյուս կողմից իջնելու տեղ կա, ― պատասխանեց ավագ սպասավորը, ― բայց ավելի լավ է հենց իրեն՝ երեխային հարցնենք։

― Տղաս, ― ասաց նա Գարգանտյուային ― մեզ ո՞ւր ես տանում։

― Ախոռ, ― պատասխանեց Գարգանտյուան, ― այնտեղ են գտնվում իմ մեծ ձիերը։ Մենք շուտով կհասնենք, պետք է միայն այս սանդուղքով վեր բարձրանանք։

Եվ տարավ նրանց իր սենյակը, որտեղ գտնվում էին փայտե ձիերը։

― Սա է ախոռը, ― ասաց Գարգանտյուան, ― այ սա իմ իսպանական երիվարն է, սա էլ հունգարականը, սա էլ իմ արագավազ ձին է։

Հետո մեծ կոճղը մոտեցրեց նրանց ու ասաց․

― Ձեզ եմ նվիրում այս որսի ձին, որը ստացել եմ Ֆրանկֆուրտից։

― Սուրբ Հովհաննեսը վկա, սա մեզ հիմարի տեղ է դնում, ― ծիծաղելով ասաց ավագ սպասավորը։

― Հիմար մարդը մի վերստից կերևա, ― ասաց Գարգանտյուան։

― Սրա՜ն տես է, ― ասաց ավագ սպասավորը, ― լեզուն կարծես ածելի լինի։ ― Տերը ձեզ հետ, լեզվանիկ պարոն, երևում է խոսքի տակ մնացող չեք։

Այսպես խոսելով նրանք ցած իջան ներքևի դահլիճը, որտեղ ընթրում էր շքախմբի մի մասը։ Այնտեղ պատմեցին իրենց գլխին եկածը և այնպիսի ծիծաղ բարձրացրին, որ քիչ էր մնում խեղճ հյուրերի փորը ծիծաղից պայթեր։


Գլուխ II

Այն մասին, թե ինչպես էր մետր[6] Տյուբալ Օլոֆերնը Գարգանտյուային գրել֊կարդալ սովորեցնում


Մինչև հինգ տարեկան դառնալը Գարգանտյուան իր հորը շատ քիչ էր տեսնում․ այդ ժամանակ Գրանգուզիեն պատերազմ էր մղում հարևանների դեմ։ Երբ պատերազմից տուն վերադարձավ, նա այցելեց իր տղային։ Երեխային համբուրելիս Գրանգուզիեն հարցնում էր դայակներին, սովորեցրե՞լ են արդյոք նրան մաքրասիրություն։ Այդ հարցին պատասխանեց ինքը Գարգանտյուան, թե ինքը լավ կարգեր է հաստատել և այժմ ամբողջ երկրում իրենից ավելի մաքուր տղա չկա։

― Ինչպե՞ս թե չկա, ― հարցրեց Գրանգուզիեն։

― Որովհետև, ― պատասխանեց Գարգանտյուան, ― ես հնարել եմ քիթ սրբելու ամենից հարմար ձևը։

― Իսկ այդ ի՞նչ ձև է, ― հարցրեց Գրանգուզիեն։

― Այս րոպեիս բացատրեմ, ― ասաց Գարգանտյուան։ Մի անգամ քիթս սրբեցի մի օրիորդի շարֆով և դա շատ հաճելի էր, որովհետև շարֆը գործված էր շատ նուրբ ու փափուկ մետաքսից։ Երկրորդ անգամ ցանկացա գլխարկով սրբել քիթս, սակայն գլխարկի վրա կարված ոսկե գնդակները քերծեցին դեմքս։ Բայց ինչքա՜ն դուր եկավ, երբ քիթս սրբեցի մի ուրիշ գլխարկով, որ զարդարված էր փափուկ փետուրներով։

― Բայց այդ ձևերից ո՞րն է ամենահարմարը, ― հարցրեց Գրանգուզիեն։

― Հենց հիմա կասեմ, ― պատասխանեց Գարգանտյուան։ ― Ես սրբել եմ քիթս թասակով, բարձով, հողաթափով, զամբյուղով։ Հետո պատահել է, որ քիթս սրբել եմ հավով, աքլորով, հավի ճուտով,հորթի կաշվով, աղավնիով ու նապաստակով։ Բայց պետք է ձեզ ասեմ, որ քիթը սրբելու համար ամենալավ բանը աղվամազով ծածկված սագի ճուտն է։ Երբ նրան կպցնում ես քթիդ, ինչքան էլ քիթդ սառած լինի, իսկույն տաքանում է։

Երբ տղայի այս խոսքերը լսեց, բարի Գրանգուզիեն հիացավ ու ասաց Գարգանտյուայի դայակներին․

― Իսկ դուք գիտե՞ք, թե ինչպես է Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպը իմացել, որ իր որդի Ալեքսանդրը[7] զարմանալի խելքի տեր է։ Լսեցեք, ես ձեզ պատմեմ այդ պատմությունը։

«Թագավորը մի ձի ուներ, բայց այդ ձին այնքան անզուսպ էր ու սարսափելի, որ ոչ ոք սիրտ չէր անում հեծնելու։ Շատ շատերին էր ոտնատակ տվել ու հաշմանդամ դարձրել այդ ամեհի երիվարը։ Մեկի վիզն էր կոտրել, մյուսի ոտքերը, երրորդի՝ գանգը, չորրորդի՝ ծնոտը։ Մի անգամ, երբ դաշտում վարժեցնելիս էին լինում ձիերին, Ալեքսանդրը նկատում է, որ այդ ձիու կատաղելու պատճառն այն է, որ վախենում է իր սեփական ստվերից։ Ալեքսանդրը թռչում հեծնում է ձին և քշում երեսը դարձրած դեպի արեգակը, այնպես որ ստվերը ոչ թե առաջից, այլ ետևից է լինում։ Ձին միանգամից հնազանդում է։ Երբ Ֆիլիպն իմանում է այդ, վճռում է, որ Ալեքսանդրը շատ ավելի խելոք է, քան պիտի լիներ իր տարիքի համեմատ, և նրա համար ուսուցիչ է հրավիրում Արիստոտելին,[8] որն ամենաիմաստունն էր բոլոր իմաստուններից»։

― Այսօր, ― շարունակեց բարի Գրանգուզիեն, ― մենք բոլորս տեսանք, թե որքան խելոք ու սրամիտ երեխա է իմ Գարգանտյուան։ Կարծում եմ, որ եթե ինչպես հարկն է դաստիարակենք ու գիտություններ սովորեցնենք նրան, այս երեխան, անշուշտ, ժամանակին նշանավոր մարդ կդառնա։ Այսպես ուրեմն, ես ցանկանում եմ նրա համար ուսուցիչ հրավիրել մի որևէ գիտնական մարդու։

Շուտով գտնվեց մի այդպիսի գիտնական մարդ։ Դա նշանավոր մետր Տյուբալ Օլոֆերնն էր։ Տյուբալ Օլոֆերնը այնպես լավ սերտել տվեց Գարգանտյուային այբուբենը, որ նա կարող էր բերանացի ասել, առանց կանգ առնելու, սկզբից մինչև վերջ, վերջից մինչև սկիզբը և ինչպես կուզեք։ Դրա վրա Գարգանտյուան հինգ տարի ու երեք ամիս ժամանակ կորցրեց։ Ա՜յ դա գիտություն է։

Հետո նույն ձևով Գարգանտյուան բերանացի սերտեց լատիներեն քերականությունը, աղոթագիրքը և եկեղեցական օրացույցը․ դրա վրա էլ նա տասներեք տարի, վեց ամիս ու երկու շաբաթ ժամանակ կորցրեց։

Պետք է ասել, որ այն ժամանակներում չգիտեին գիրք տպագրել, այդ պատճառով էլ Գարգանտյուան գրագիտություն սովորելուց հետո պետք է ինքը իր ձեռքով արտագրեր իր համար բոլոր գրքերը, այն էլ շատ գեղեցիկ ձեռագրով։

Գարգանտյուան գրենական բոլոր պիտույքները մի տուփի մեջ պահած՝ սովորաբար ման էր ածում հետը իր գոտուց կախ։ Այդ տուփն այնքան մեծ էր, որ կարծես եկեղեցու սյուն լիներ։ Երկաթե հաստ շղթայով կախված թանաքամանը նման էր ահագին տակառի։

Երբ Գարգանտյուան ուրիշ շատ իմաստուն գրքեր էլ բերանացի արեց, Գրանգուզիեն վերջապես գլխի ընկավ, որ նրա սովորելուց բան դուրս չի գալիս։ Գարգանտյուան ինչքան շատ էր սովորում, այնքան ավելի էր հիմարանում։

Այդ հանգամանքն ստիպեց նրան գանգատվելու իր բարեկամ դոն Ֆիլիպին։

― Դա ամենևին զարմանալի չէ, ― ասաց դոն Ֆիլիպը, ― նրա դաստիարակն ինքը հիմարների թագավորն է։ Նրա իմացած ամբողջ գիտությունը հիմարություն է, իսկ բոլոր գրքերը տխմար բաներ են։ Եթե ինձ չեք հավատում, կաչեցեք այն երեխաներից մեկին, որոնք սովորում են մեր ուսուցիչ Պոնոկրատի՝[9] մոտ և համեմատեցեք նրան ձեր տղայի հետ, այն ժամանակ կտեսնեք, թե նրանցից որն է ավելի խելոք։

Գրանգուզիեին այդ խորհուրդը դուր եկավ, և նա հրամայեց, որ այդպես էլ անեն։

Երեկոյան ընթրիքի ժամանակ դոն Ֆիլիպն իր հետ բերեց մանկլավիկ Եվդեմոնին։[10] Եվդեմոնի գլուխը այնպես լավ էր սանրված, նա այնպես լավ էր հագնված, այնպես քաղաքավարի էր բարևում ու ժպտում, որ ավելի շատ նման էր հրեշտակի, քան մարդու։

― Տեսնո՞ւմ եք այս տղային, ― ասաց դոն Ֆիլիպը, ― նա տասներկու տարեկան է։ Իսկ հիմա կտեսնենք, թե ինչ է սովորել։ Պոնոկրատի մոտ ընդամենը երկու տարվա ընթացքում։

Գրանգուզիեն տվեց իր համաձայնությունը լսել Եվդեմոնին և պատվիրեց նրան սկսել իր ճառը։

Այն ժամանակ Եվդեմոնը վեր կացավ, գլխարկը ձեռքին բռնեց և քաղցր ժպտալով իր վարդակարմիր շրթունքներով, սկսեց ճառել։ Դարձնելով հայացքը դեպի Գարգանտյուան, սկսեց գովել ու գովաբանել նրան նախ՝ որ բարեհամբյուր է, երկրորդ՝ որ խելոք է, երրորդ՝ որ ազնիվ է, չորրորդ՝ որ գեղեցիկ է, հինգերորդ՝ Եվդեմոնը քաղցրությամբ ու հեզությամբ սկսեց համոզել նրան ավելի ևս սիրել ու հարգել իր հորը, որը ոչ մի ջանք չի խնայում որպեսզի լավ կրթություն տա իր որդուն։ Եվդեմոնը վերջացրեց իր խոսքը, հայտնելով Գարգանտյուային, որ իրեն համարում է նրա խոնարհ ծառան և ոչ մի բան այնքան չի ցանկանում, որքան այն, որ իր նոր տիրոջ առաջ սևերես չմնա։

Եվ այս բոլորը նա արտասանեց այնպիսի հաճելի շարժուձևերով, այնպիսի զարմանալի պերճախոսությամբ և այնպիսի գեղեցիկ լատիներենով, որ ավելի նմանվեց Ցիցերոնին,[11] քան ժամանակակից ֆրանսիացի պատանու։

Իսկ երբ հերթը հասավ Գարգանտյուային, նա գլուխը կախեց իր գլխարկի մեջ և իշի զռռոց գցեց։ Եվ ինչ արեցին֊չարեցին, նրա բերանից ոչ մի խոսք դուրս չեկավ։

Հայրն այնքան էր բարկացել, որ ուզում էր Տյուբալ Օլոֆերնին տեղն ու տեղը սպանի։ Բարեբախտաբար, դոն Ֆիլիպը ժամանակին միջամտեց և հանգստացրեց խեղճ Գրանգուզիեին։ Գրանգուզիեն հրամայեց լրիվ վճարել Տյուբալ Օլոֆերնի ռոճիկը և դուրս արեց նրան իր տնից։

Երբ Տյուբալ Օլոֆերնը հեռացավ, Գրանգուզիեն վճռեց իր տղայի համար ուսուցիչ նշանակել Պոնոկրատին, այն ուսուցչին, որի մոտ սովորել էր Եվդեմոնը։ Բացի այդ, նա վճռեց Գարգանտյուային Եվդեմոնի և նոր ուսուցչի հետ Փարիզ ուղարկել, որ տեսնեն, թե այնտեղ ֆրանսիացի պատանիներին ինչպիսի կրթություն են տալիս։[12]


Գլուխ III

Այն մասին, թե ինչպես Գարգանտյուային ուղարկեցին Փարիզ։

Հենց այդ ժամանակ Գրանգուզիեն Աֆրիկայից նվեր է ստանում մի ահագին ձի։ Այդ ձիու նման մեծ ձի՝ աշխարհում ոչ ոք չէր տեսել։

Նա վեց փղի չափ կլիներ։ Նրա ոտքերը մատներ ունեին, ականջները Լանգեդոկի այծերի[13] ականջների նման կախ էին ընկած, իսկ ետևից մի փոքրիկ եղջյուր ուներ։ Գույնը գորշակարմրավուն էր, տեղ֊տեղ մոխրագույն բծերով։ Բայց ամենից սարսափելին նրա պոչն էր, որը սյան պես հաստ էր և ամբողջովին ծածկված էր փշերով։

Ձին բերել էին ծովով՝ երեք լաստանավերով և մի նավով։ Ձիուն տեսնելիս Գրանգուզիեն բացականչել էր․

― Լավ ժամանակին հասավ այս ձին, իմ տղային Փարիզ կտանի։ Հիմա որ գործը հաջող կգնա ու ժամանակին տղաս մեծ գիտնական կդառնա։

Մյուս օրը կուշտ ուտելուց հետո Գարգանտյուան ճանապարհ ընկավ իր նոր ուսուցիչ Պոնոկրատի, մանկլավիկ Եվդեմոնի և ուրիշ ուղեկիցների հետ։ Եղանակը հիանալի էր, և մեր ճամփորդները ուրախ ու զվարթ, լավ ուտելով ու խմելով, գնում էին իրենց ճանապարհով մինչև Օռլեան հասնելը։ Այնուհետև ճանապարհն անցնում էր մի խիտ անտառով, որի երկարությունը երեսունհինգ վերստ էր, լայնությունը՝ մոտ տասնյոթ վերստ։ Անտառում անչափ բոռ ու բորեխ կար, որոնք կատարյալ պատիժ են ձիերի համար։ Բայց Գարգանտյուայի ձին վճռել էր բոռերի հախից գալ իր ուզած եղանակով։ Եվ նա իրոք իր կծոտված ցեղակիցների վրեժը հանեց բոռերից։

Հենց որ մեր ճամփորդները անտառ մտան և նրանց վրա հարձակվեցին բոռերը, Գարգանտյուայի ձին այնպես էր շարժում պոչը, որ բոռերը կույտերով վայր էին գլորվում։ Ձին շարժում էր պոչը աջ ու ձախ, այս ու այն կողմ, և այնպես էր հնձում ծառերը, ինչպես խոտհատը հնձում է խոտը։ Քիչ ժամանակ անց անտառի բոլոր ծառերը գետին էին տապալվել։ Չորս կողմը ջարդված ծառեր էին ընկած։ Հասկանալի է, իհարկե, որ դրանից հետո ոչ մի բոռ չմնաց անտառում։

Ճամփորդները շարունակեցին իրենց ճանապարհը և մի քանի օր հետո ողջ և առողջ հասան Փարիզ։
  1. Ըստ հին հունական դիցաբանության, Սիլենը եղել է գինեգործության և այգեգործության աստված Դիոնիսի դաստիարակը և մշտական ուղեկիցը։ Սիլենին միշտ պատկերում էին ճաղատ, հաստլիկ ու հարբած ծերուկի տեսքով։
  2. Գրանգուզիե ֆրանսերեն նշանակում է «մեծ կոկորդ»։ Գրանգուզիեի կնոջ անունը՝ Գարգամել, նույնպես նշանակում է «կոկորդ»։ Այդ երկու անունները ցույց են տալիս, որ հսկան և նրա կինը հայտնի շատակեր են եղել։
  3. Դը գրան տյուա նշանակում է՝ «ինչ մեծ կոկորդ ունես»։
  4. Պենանսակ նշանակում է՝ «Հացը՝ պարկի մեջ»։ Որպես ծաղր այդպես էին Ֆրանսիայում անվանում շատ աղքատ մարդկանց։
  5. Ֆրանրեպա նշանակում է՝ անվճար ճաշ։ Ֆրանսերեն դարձվածքը՝ «անվճար ճաշ ուտել», ― նշանակում է «ճաշել, առանց կերածի համար վճարելու»։
  6. Մետր ֆրանսերեն նշանակում է ուսուցիչ։ Գարգանտյուայի ուսուցչի անունը բաղկացած է աստվածաշնչային երկու անուններից՝ Տյուբալ, որն ըստ աստվածաշնչային առասպելաբանության Կայենի սերնդին է պատկանում և եղել է մետաղագործության հիմնադիրը, և Օլոֆերն, որը Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի զորավարներից մեկի անունն է։
  7. Մակեդոնիայի թագավոր Ֆիլիպ 2֊ի (379―336 մթ․ առաջ) որդի Ալեքսանդրը, (356―323 մթ․առաջ) մեծագույն աշխարհակալներից մեկն է։
  8. Արիստոտելը (384―322 մթ․ առաջ) խոշորագույն հույն գիտնականներից և փիլիսոփաներից մեկն է։ Ճիշտ է, որ Ֆիլիպը հրավիրել էր նրան Մակեդոնիա որպես թագաժառանգի դաստիարակ։
  9. Պոնկրատ հուներեն նշանակում է «անխոնջ», «ուժեղ»։
  10. Եվդեմոն հունարեն նշանակում է «բախտավոր»։
  11. Ցիցերոն, Մարկոս Տուլիոս (106―46 մթ․ առաջ) հին հռոմեական հռետոր, քաղաքական գործիչ և փիլիսոփա։ Նրա ճառերը համարվում էին հռետորական արվեստի և կլասիկ լատիներենի կատարելության օրինակ։
  12. Երկրորդ գլխում Ռաբլեն քննադատում է միջնադարյան կրթությունը, որը դեռևս իշխում էր նրա ժամանակ, և հին ձևի կրթությունը հակադրում էր նոր մանկավարժությանը։ Միջին դարերում կրթությունը լիովին գտնվում էր հոգևորականության ձեռքում։ Բացառապես կրոնական բնույթ ուներ։ Ահա հենց այդպես էր կրթում Գարգանտյուային Տյուբալ Օլոֆերնը (դրանով է բացատրվում նրա աստվածաշնչային անունը)։ Բոլորովին այլ համոզմունքի տեր էր Գարգանտյուայի մյուս ուսուցիչը՝ Պոնոկրատը։ Պանոկրատը ժամանակակից մանկավարժ էր։ Նա իր սաներին սովորեցնում էր աշխատել թե ֆիզիկապես և թե մտավորապես (սրանից էլ առաջացել է նրա անունը)։
  13. Լանգեդոկը Ֆրանսիայի հարավային նահանգներից մեկն է։ Լանգեդոկի այծերի ականջները կախ են ընկած, մինչդեռ սովորկան այծերի ականջները վեր են ցցված և սրածայր են։