Զեդազենին ընդառաջ
հեղինակ՝ Անդրեյ Բիտով |
- Պուշկինի լեռնանցքի ետևում, ուր Հայաստանի բիբլիական բնապատկերն սկսում է տեղը գիջել Վրաստանի ջերմ ու տամուկ շնչին և, ամեն բան լայնագծերը, ծառերի սաղարթապսակները, դաշտերի արգասավորությունը, խոտի գույնը, գետակների խշշոցը փոխվում է այնպես սահուն ու սրընթաց, մենք խճուղուց թեքվեցինք մոտակա թավուտի խորքը: Ավելի նեղ ճամփով միառժամանակ բարձրանում էինք կիրճն ի վեր` խորանալով անտառի խոնավ կիսամութի մեջ: Աջից, սրածայր դեղնականաչ շերտերը մերկացրած, կախվել էր քարափը, ձախից կտրուկ գահավիժում էր սաղարթախիտ հուժկու անտառը, որի ստորոտին խայտում էր ձկան պես արծաթափայլ գետակը: Թավախիտ սաղարթը դեռ գրեթե կանաչ չէր: Կիրճի հատակից ելնող ջրի, քարափի ու սաղարթի բույրն ուրախացնում էր հոգիդ: Ծառերի վայրահակ պսակների արանքից դժվարությամբ անցնող արևի ճառագայթը դողում էր ճանապարհին…
Մեքենան կանգ առավ ցամաքած վտակի վրայի փոքրիկ կամրջակի դիմաց:
- Կամուրջը կիսաքանդ էր: Դուրս եկանք: Վտակը կիսել էր անտառը, և կամրջի վրայով անցնելիս բացակա տախտակամածի միջով կարելի էր տեսնել կիրճի խորությունը: Այնտեղ՝ խորտակված ավտոմեքենայի ժանգոտած կմախքի վրա, փրփրում էր ճերմակ ջուրը:
- Ճանապարհը գնալով նեղանում էր, վերածվելով կածանի և շեշտակիորեն ձգվում աջ ու վեր: Որոշ ժամանակ մենք շարքով բարձրանում էինք այս կանաչ զառիվեր միջանցքով: Ծառերը կորցնում էին փարթամությունը (բարձրությունն զգալ էր տալիս իրեն), դառնում թփեր՝ գլխավերևում ի ցույց հանելով երկինքը, մեկընդմիջելով ու տեղի տալով քարափին:
- Մեր վերևում այլևս միայն երկինքն էր, սակայն հեռանկարը, չգիտես ինչու, չէր լայնանում, այլ նեղանում էր սահմանափակվելով քարափի բերդաթմբի պատով, դեպի ուր մեզ տանում էր կածանը, և երկինքը ծվեն-ծվեն ճոճվում էր: Ուզում էի արագորեն հաղթահարել այս վերելքը և տեսնել` ինչ կա քարափի ետևում: Մեր էքսկուրսիան մի տեսակ հաճելիորեն թեթևամիտ ու անկաշկանդ էր, ասես լեռ մագլցելը մեզ համար ո՜չ պարտադիր էր, ո՜չ էլ դժվար. կենդանի, կանաչ, անխանձ բնության թարմությունը բերկրանք էր լցնում հյուսիսցու իմ սիրտը, շնչելը դյուրին էր, և ես ինձ զգում էի ասես փորագրանկարի վրա` թիկնոցով, լայնեզր գլխարկով ու լեռնագնացի երկար ձեռնափայտով, կարծես ջահել էի ինքս ինձնից մի ամբողջ դար:
- Ահա այսպես ՙլայնեզրավոր՚, ես վերջապես հաղթահարեցի զառիվերը և հայտնվեցի լեռնակի վրա, որտեղից էլ իմ առջև փոքր-ինչ անսպասելի բացվեց մեր էքսկուրսիայի նպատակը: Վանքն էր: Այն իմ դեմ ելավ ոլորանի ետևից հայտնված մարդու պես:
- Փոքրիկ, համեստ, գողտրիկ՝ ոչ մի վեհաշուք ու ճնշող բան: Այն բնակելի էր թվում: Եվ ճանապարհս փակեց շնչավոր, այն էլ բարյացակամ էակի անակնկալ հայտնությամբ, ասես մենք էինք հետաքրքրում նրան, ոչ թե նա մեզ: Նրանում չկար ոչ մի առանձնահատուկ բան, որի համար արժենար այսքան վերև բարձրանալ, բայց հիասթափվելու բան էլ չկար: Ես ժպտալով շրջվեցի դեպի շտապող ուղեկիցներս, սակայն, նրանցից բացի ոչինչ չտեսա ներքևում, քարափն էր, ճանապարհը, վանքի պատը… տեսարան իսկ չկար գյուղական այս խաղաղ վայրում:
Գյուղը հենց այստեղ էր: Վանքն, իհարկե, վաղուց չէր գործում, և անդորր ու առողջություն ճառագող պահակների բարեգութ ընտանիքն այստեղ կով, հորթ, ոչխար, մեղու, տատ ու երեխա էր պահում: Ինչ-որ տաքուկ, նոր կթած կաթի հոտ էր բուրում այս մարդկանցից ու նրանց շփոթված ժպիտներից:
- Մենք դիտեցինք սեղանատունը, որ մեզ ցույց տվեցին մեծ սիրով ու առանձնակի բարեհոգությամբ. ՙԱհա էստեղ էլ ճաշել են…՚,– զարմանալի էր ու հասկանալի: Մենք մեր բարալիկ մոմը վառեցինք մատուռում և քայլեցինք թխսի պես վանական շենքերն իր շուրջը հավաքած ոչ մեծ տաճարի փոշոտ կիսախավարումով: Պահակների ընտանիքը, մեզնից փոքր-ինչ քաշվելով, մի կողմ էր կանգնել: Այստեղ ամեն բան շատ բարեխիղճ էր, պարզ ու խաղաղ` հուզվելու պատճառ չկար, և քնել էիր ուզում: Մենք, այնուամենայնիվ, բարձրացանք շատ ավելի դանդաղ, մինչդեռ որքան արագ ամեն ինչ հայտնվեց մեր առջև և տրվեց մեր հայացքին, դիտվեց, վե՛րջ, սա էր եղածը: Ձգվելով ու ճմլկոտալով, ինչպես քնից հետո, մենք դուրս եկանք տաճարից և դրա ու մատուռի միջև ընկած նեղլիկ անցուղով ևս վերջին մի քանի քայլն արեցինք… Կարճլիկ նրբանցքը մեկեն ընդհատվեց և մեզ դուրս բերեց փոքրիկ բացատը կամ հարթակը: Փչակավոր ճյուղատած ծառը գրեթե ամբողջովին գրավել էր այն: Դրա տակ` հողի մեջ, նստարան ու սեղան էր մեխված: Ծառը փակում էր տեսադաշտը, ուզում ես տեսնել՝ ինչ կա այնտեղ՝ հարթակից դենը… Մենք շրջանցեցինք ծառը և…
- Տե՜ր Աստված: Բայց ոչ, ո՛չ մի գերբնական բան: Մենք հայտնվեցինք այնտեղ, ուր արդեն ապրել էինք հենց մենք, ոչ թե ուրիշը մեր փոխարեն: Մենք հայտնվեցինք այն աշխարհում, ուր ապրում ենք: Բայց այն ամբողջովին, ամբողջովին տեղավորված էր մեր հայացքում, ասես հենց նոր էինք ոտք դրել այս աշխարհ, ասես երկնքից էինք ընկել: Չվել-եկել էինք, արտաքսված էինք եղել… Ասես հենց նոր էին մեր ձեռքից բռնած բերել, ասել. ՙԱճեցեք և բազմացեք՚:
- Շփոթվելով հայացքս կախեցի: Կոշիկիս քթով շուռումուռ տվի խճաքարերից մեկը: Քարը ցած գլորվեց` իր ետևից տանելով եղբորը… Դրան հետևելով միայն ես աստիճանաբար կարողացա դարձյալ վերև նայել: Աշխարհը սկիզբ առնում-բխում էր ոտքերիս տակից, ինչպես առվակ, առու… Այն լայնանում էր այնպես սրընթաց, ասես թռչում էր… Գետ-ծով-տարերք…
- Այս թխակապույտ աշխարհը դեռ բնակեցված չէր: Հայացքիս դեմ, որքան այն զորու էր ընդգրկել, ո՛չ տանիք էր երևում, ո՛չ ծուխ… Չէր կարող երևալ՝ այնքան ամեն բան հեռու էր ու անվերջ: Ես կանգնած էի ձագարի ծոցաբերանին: Տեղը նեղ էր: Կիրճի թևերն ընդհուպ իրար էին մոտենում՝ միակցվելով իմ թիկունքում: Ապա ամեն բան լայնանում, արթնանում, ճմլկոտում, խայտում, ապրում, ծաղկում, ծավալվում, փթթում ու հորդում էր, ինչպես առատության եղջյուրից: Իմ առջև՝ ներքևում ընդարձակվող հովիտն իր ձևով, լայնությամբ ու կորագծով մի տեսակ հիշեցնում էր այդ եղջյուրը: Ասես այդ եղջյուրը վայր էին գցել և նրա վերին կամարը թափանցիկ էր դարձել երկնքի պես: Ես՝ փոշեհատիկ, նետված էի եղջյուրի հատակը, ոտքերիս տակից արթնանում էր այն ամենը, ինչով լեցուն էր հայացքս:
- Հողը փափուկ էր, բեղմնավորված, լուռ: Երկնագույն ալպիական մարգագետնից անդին վեր էին ձգվում հսկա կապույտ եղևնիները, սպիտակ առու-գետը, մեկ ձախ, մեկ աջ սեղմվելով, դրանք իրարից հեռացնում, ցրում էր, ասես ցած էր քշում եղևնիների այդ երամակը… Խստաշունչ անտառն սկսում էր կլորանալ, գանգրանալ՝ թափվելով թեթևակի ծփացող տերևախիտ ծովը, և հովտի խորունկ շափյուղերանգ կոնքը լուռ ու համակ ընկողմանել էր ամենախորքում, իսկ դրա ետևում նույնքան դանդաղորեն ուրվագծվում էին լեռները: Եվ սիրտս քաղցր ծխում էր հայացքիս ետևից, երբ ես իմ դիտակետից սահուն հետևում էի աշխարհի հոսքին և անբարբառ երկնքի միջով վերադառնում ետ՝ ինքս ինձ մոտ: Ինքս չէի կարող տեսնել ինձ: Եվ այնժամ զարմացած նայում էի ձեռքիս, որ համոզվեմ: Ձեռքս: Այն դեռ չէր հպվել այս աշխարհին: Այն դեռ ոչինչ չէր արարել նրա մեջ: Դեռ չէր բանել: Ձեռքս, մանկան նման շարժում էր մատիկները՝ աչքերը չռած աշխարհի վրա, որ դեռ տրվելու էր իրեն:
Ասես ձեռքիցս բռնած` ինձ բերել-հասցրել էին այստեղ… Նայեցի ու թառանչեցի, իսկ երբ հիշեցի ու շուռ եկա, Նա արդեն չկար: Եվ միայն թափուր ափն էր դեռ պահպանում հպումը նրա, ով բերել էր մեզ: Ափս դատարկ էր: …Կյանքումս մի քանի տաճար եմ տեսել, որ ցնցել են երևակայությունս: Երևակայություն, բառի այն իմաստով, որ դեռ տարանջատ չէր իրականությունից, այլ խորհրդանշում էր մտապատկերի արագությունը… Ո՛չ ֆանտազիան, այլ հենց երևակայությունը: Պատկերը հառնում էր իմ առջև:
- Այդ դիտարկումը ասես միշտ իմ տեղն էր դնում ինձ, այսինքն՝ ես կորցնում էի այն, ինչ ապարդյուն վերագրում էի ինքս ինձ: Դա երկար չէր տևում: Ես անզոր էի լինում երկարաձգել վիճակը, երբ տաճարն այլևս չէի տեսնում: Նման տաճարը միշտ գտնվելիս էր լինում բնության մեջ, հեռանկարի ֆոնի վրա՝ ձուլվում բնությանը` մարդու և նրա ձեռակերտ գործերով չպատնեշված: Եվ ես արդեն հասկանում էի, որ տաճարի տեղի ընտրությունը թերևս նրա ճարտարապետական գլխավոր հղացումն է: Ինչպես տայգայի անվերջության մեջ հանկարծ հանդիպում ես գորշ եռանկյունավորման կետի, այսինքն՝ տեղագրական հանգուցակապի, այդպես էլ ճշգրտորեն, բացառապես այնտեղ կառուցված տաճարը, որ միշտ ինձ թվում էր մարդու հանգուցակապի կետի նման մի բան, բայց արդեն ոչ թե մակերեսին, այլ տիեզերքում, մարդուն հիշեցնում էր, թե որտեղ է ինքը, եթե հայացքը բարձրացնելու լինի հանապազօրյա հացից: Կային վեհանիստ ու փառահեղ տաճարներ: Դրանք ճնշում կամ խռովում, տարրալուծում կամ վսեմացնում էին հոգին՝ մեկ ցույց տալով նրան իր տեղը Աստծո հայացքի ներքո մեկ` Աստծո կողքին: Շինարարը իր ստեղծագործության մեջ մարմնավորվում էր այնպիսի լրիվությամբ, ինչպես չէր հաջողվել և ոչ մի աշխարհական ճարտարապետի: Շինարարը տարբեր կերպ էր կերտում իր տաճարը՝ Աստված և ես, ես և Աստված, միայն Աստված… Բայց դեռ երբեք ես չէի տեսել արարումի մեջ ստեղծագործության տարրալուծվելու գաղափարին այսքան ենթակա մի տաճար: Այսպիսի բացակայության ես դեռ չէի հանդիպել: Որքան կարելի է աննկատ, հանդարտ, շշուկով… Շինանարն իր ուրվագծերը հեռացնում էր մեր հայացքից ու շեղում մեր հայացքը, որպեսզի տեսնենք ոչ թե տաճարը, ո՛չ,– այն ունայն, ձեռակերտ գործ է, շինություն, այլ որ տեսնենք, թե որտե՛ղ է այն կանգնած, որտե՛ղ ենք մենք ապրում, Աստծո դեմքի արտացոլումը նրա սեփական արարչագործության մեջ: Քանզի դրանից լավ ի՞նչը կարող էր արտացոլել այն:
- Ինչպե՜ս էր նա հոգացել իմ մասին… Որպեսզի ես երկար բարձրանայի հմտորեն ընտրված ճանապարհով, որպեսզի հայացքս որսալով կարճանար, հանգստանար և ավելի քիչ տեսներ, որպեսզի նպատակակետիս հասնեի հենց այն տեղում, ուր հեռանկարը կրճատվում էր վերջնականապես, որպեսզի մնացած կառույցները չգրգռեին ու չթովեին աչքս, այլ շարունակեին փակել հեռուն, որպեսզի, շուրջս նայելով, ես այլևս չկարողանայի տեսնել այն, ինչ հենց նոր տեսա, որպեսզի բթացնեին ուշադրությունս և սպասումս ու ինձ, մանկան նման ձեռքիցս բռնած, բերեին հասցնեին այնտեղ, որտեղից… ճիշտ այն ժամանակ, երբ:
- Մարդուն իր տեղը կարող է մատնացույց անել միայն նա, ով ինքը լավ գիտե իր տեղը: Չի եղել, չէր կարող լինել ճարտարապետական ավելի հանճարեղ մտահղացում, քան իրեն` Արարչին վերավստահել տաճարի կերտումը:
- Այդպես կանգնած էի՝ կարծես ձյութի մեջ խրված ափս բացուխուփ անելով և չէի կարողանում հասկանալ այն, ինչը ծանոթ էր ինձ առաջին ներշնչումից ի վեր` իմ աշխարհը:
Տե՛ր Աստված: Ահա այն…
- Ոչ, ո՛չ տաճարում, ահա այստե՛ղ ես կարող էի փլվել ծնկաչոք: Ես ոչ մի շարժում չարի, ծունկի չեկա, ոչ մեկին ի ցույց չդրի… Բայց, միևնույն է, այդ պահին ես ծնկաչոք էի վեհ-խոնարհ, նվաստ-շնորհակալ:
- Բառեր չկային: Դրանք ասես չէին եղել:
- Այստեղ պետք էր վերստին լեզու սովորել, ծնել այն, իրարից դժվարությամբ անջատել շուրթերը, թոթովել համակ արիության այն ջանքով, որով համարձակվել էիր լայն բանալ աչքերդ և արտասանել առաջին բառը, միակը, որպեսզի անվանեիր այն, ինչը տեսնում ենք՝ աշխարհը: Այնուհետև՝ վանկ առ վանկ, այբբենարանի թոթովանքով, էլի ծայրից բռնված: Սա աշխարհն է: Սա է համայնը: Ամեն ինչ իմ առջև է: Աշխարհը բացվել էր իմ առջև: Ես քարացել էի շեմին: Աշխարհ տանող դարպասներ: Աշխարհի դարպասները: Ես կանգնած եմ շեմին: Այդ ես եմ կանգնած: Սա՝ ես եմ: