Տարեկանի արտում՝ անդունդի եզրին
հեղինակ՝ Ջերոմ Սելինջեր |
Բովանդակություն
1
Եթե դուք իսկապես ուզում եք իմանալ այս պատմությունը, ապա, հավանաբար, նախևառաջ կցանկանաք իմանալ որտեղ եմ ծնվել ես, ինչպես եմ անցկացրել իմ անմիտ մանկությունը, ինչով էին զբաղվում ծնողներս մինչև իմ ծնվելը, մի խոսքով՝ Դավիթ Կոպպերֆիլդյան այդ ամբողջ շիլան։ Բայց, ճիշտն ասած, ես տրամադիր չեմ դրանք փորփրել։ Նախ ձանձրալի է, երկրորդն էլ՝ իմ նախնիները հավանաբար երկու ինֆարկտ կստանային եղբորս երեսից, եթե ես պատմեի նրա անձնական գործերի մասին։ Նրանք տանել չեն կարող նման բաները, հատկապես՝ հայրս։ Ընդհանրապես նրանք լավ մարդիկ են, բան չունեմ ասելու, բայց չափից դուրս նեղացկոտ են։ Ես մտադիր էլ չեմ պատմել կենսագրությունս կամ նման դատարկ֊մատարկ բաներ, կպատմեմ միայն այն խելահեղ պատմությունը, որ տեղի ունեցավ անցյալ Ծննդյան տոներին։ Իսկ հետո քիչ էր մնում շունչս փչեի, ու ինձ տեղափոխեցին այստեղ հանգստանալու ու բուժվելու։ Ես նրան էլ՝ Դ․ Բ.֊ին, միայն այդքանը պատմեցի, չէ որ ինչքան չլինի հարազատ եղբայրս է։ Նա ապրում է Հոլիվուդում։ Դա այստեղից, այս երիցս անիծյալ սանատորիայից, այնքան էլ հեռու չէ։ Նա հաճախ է ինձ այցելության գալիս, գրեթե ամեն շաբաթ։ Տուն էլ նա ինքը կտանի, գուցե եկող ամսին։ Վերջերս «յագուար» է գնել իր համար։ Մոտ չորս հազար է տվել։ Հիմա նա փող շատ ունի, առաջվա նման չէ։ Առաջ, երբ տանն էր ապրում, իսկական գրող էր։ Կարող է լսած լինեք, նա է գրել պատմվածքների այն հիանալի գիրքը՝ «Թաքցրած ձկնիկը»։ Ամենալավ պատմվածքը հենց այդպես էլ կոչվում էր՝ «Թաքցրած ձկնիկը»։ Այնտեղ պատմում է մի տղայի մասին, որը ոչ մեկին թույլ չէր տալիս նայել իր ոսկի ձկնիկին, որովհետև իր սեփական փողով էր գնել։ Ի՜նչ պատմվածք է, գժվելու բան ուղղակի։ Իսկ հիմա եղբայրս գլխովին ծախվել է Հոլիվուդին։ Եթե աշխարհում մի բան կա, որ ատում եմ՝ դա կինոն է։ Տանել չեմ կարող։
Ավելի լավ է սկսեմ պատմել այն օրվանից, երբ Փենսիից հեռացա։ Փենսին միջնակարգ փակ դպրոց է Էգերսթաունում, Փենսիլվանիայի նահանգում։ Երևի լսած կլինեք։ Հազարավոր ամսագրերում տպագրում են։ Ճարպիկ մեկը ձին նստած ոստանում է արգելքների վրայով։ Կարծես Փենսիում հենց միայն պոլո են խաղում։ Իսկ ես այնտեղ ոչ մի անգամ ձիու երես չեմ տեսել։ Ու այդ հեծյալի տակ գրված է՝ «Սկսած 1888 թվականից մեր դպրոցում կոփում են խիզախ ու ազնիվ պատանիներ»։ Ա՜յ թե կեղծիք է։ Ոչ մեկին էլ չեն կոփում այնտեղ, ոչ էլ ուրիշ դպրոցներում։ Եվ այնտեղ ես ոչ մի «խիզախ ու ազնիվ» չեմ տեսել, գուցե մեկ֊երկուսը լինեն ու վերջ։ Դե նրանք մինչև դպրոց գալն էլ այդպիսին են եղել։
Մի խոսքով այդ բանն սկսվեց շաբաթ օրը, երբ ֆուտբոլի մրցություն էր գնում Սեքսոնն֊հոլլի հետ։ Մենք գտնում էինք, որ Փենսիի համար այդ խաղը ախարհում ամեն ինչից թանկ է։ Մրցությունը եզրափակիչ էր, ու եթե մեր դպրոցը տանուլ տար, բոլորս վշտից ուղղակի կկախվեինք։ Հիշում եմ, այդ օրը ես մոտ երեք ժամ կանգնած էի աստված գիտե թե որտեղ, ուղղակի Թոմսոն սարի գլխին, այն հիմար թնդանոթի մոտ, որ տնկված էր այնտեղ, կարծեմ, ազատագրական պատերազմից ի վեր։ Այդտեղից երևում էր ամբողջ դաշտը և այն, թե ինչպես էին երկու թիմերը դաշտի մի ծայրից մյուսը քշում իրար։ Տրիբունաները ես կարգին չէի կարողանում տեսնել, միայն լսում էի, ինչպես են գոռգոռում այնտեղից։ Մերոնք բոլորը գոռում էին կոկորդով մեկ, մեր ամբողջ դպրոցն այնտեղ էր, բացի ինձնից, իսկ հակառակորդները ինչ֊որ բան էին ճղճղում․ սովորաբար եկվոր թիմի ժողովուրդը քիչ էր լինում։
Ֆուտբոլային մրցումներին աղջիկներ միշտ քիչ են լինում։ Միայն բարձր դասարանցիներին է թույլատրվում աղջիկ բերել։ Գարշելի դպրոց է, խոսք չկա։ Իսկ ես սիրում եմ լինել այնտեղ, որտեղ աղջիկներ կան, եթե նույնիսկ ոչինչ չեն անում, հենց այնպես նստած են, մազերն են սանրում, քիթները սրբում կամ քրքջում։ Մեր դիրեկտորի՝ ծերուկ Թերմերի դուստրը, հաճախ էր գալիս մրցումներին, բայց դե նա այնպիսի աղջիկ չէր, որի համար հնարավոր լիներ գժվել։ Թեև ընդհանրապես վատը չէր։ Մի անգամ ավտոբուսում իրար կողքի էինք նստած, Էգերսթաունից էինք գնում ու զրուցում էինք։ Նա ինձ դուր եկավ։ Ճիշտ է, քիթը երկար է, իսկ եղունգները արյունոտելու չափ կրծմրծած, կրծքակալի մեջ էլ ինչ֊որ բան է դնում, որ ցցված մնա, բայց, չգիտեմ ինչու, խղճացի նրան։ Ինձ դուր եկավ, որ նա գլուխ չէր գովում, թե ինչպիսի հրաշալի հայրիկ ունի։ Երևի ինքն էլ գիտեր, որ նա անմիտ դատարկախոսի մեկն է։
Ես դաշտ չգնացի, բարձրացա սարը, որովհետև Նյու֊Յորքից նոր էի վերադարձել սուսերամարտիկների թիմի հետ։ Ես այդ գարշելի թիմի պետն էի։ Մե՜ծ բան։ Գնացել էինք Նյու֊Յորք՝ Մակ֊Բերնի դպրոցի հետ մրցելու։ Միայն թե մրցությունը տեղի չունեցավ։ Ես սուսերները, կոստյումները և առհասարակ բոլոր այդ պարագաները մոռացել էի մետրոյի վագոնում։ Բայց ես այնքան էլ մեղավոր չէի։ Անընդհատ ստիպված էի լինում վեր կենալ ու նայել պլանին, թե որտեղ պետք է իջնենք։ Մի խոսքով, Փենսի վերադարձանք ոչ թե ճաշին, այլ արդեն երկուսն անց կեսին։ Տղաներն ամբողջ ճանապարհին բոյկոտ արեցին ինձ։ Նույնիսկ ծիծաղելի էր։
Բացի այդ, ֆուտբոլի դաշտ չգնացի, որովհետև մտադիր էի այցելել ծերունի Սպենսերին՝ իմ պատմության ուսուցչին, որպեսզի հրաժեշտ տամ մեկնելուց առաջ։ Նա հիվանդ էր գրիպով, ու ես մտածում էի, որ մինչև ծննդյան արձակուրդը նրան չեմ տեսնի։ Իսկ նա երկտող էր ուղարկել, որ ուզում է ինձ տեսնել մինչև տուն գնալս։ Գիտեր, որ չեմ վերադառնալու։
Հա, մոռացա ասել, որ ինձ վտարել էին դպրոցից։ Ծննդյան տոներից հետո ես չպետք է վերադառնայի, որովհետև չորս առարկաներից կտրվել էի և ընդհանրապես չէի պարապում ու նման բաներ։ Հարյուր անգամ նախազգուշացրել էին ինձ՝ աշխատի՛ր, սովորի՛ր։ Իսկ ծնողներիս քառորդի կեսին կանչել էին ծերուկ Թերմերի մոտ, բայց, միևնույն է, չէի պարապում։ Դրա համար էլ վտարեցին։ Նրանք շատերին էին վռնդել Փենսիից։ Նրանց ակադեմիական առաջադիմությունը շատ բարձր էր, իսկապես, շատ բարձր էր։
Մի խոսքով դեկտեմբերն էր, ու սոսկալի ցուրտ՝ հատկապես այդ երիցս անիծյալ սարի վրա։ Միայն բաճկոնով էի, ոչ ձեռնոցներ ունեի, ոչ էլ մեկ այլ բան։ Անցյալ շաբաթ ինչ֊որ մեկը թռցրել էր ուղտի բրդից կարված իմ վերարկուն, տաք ձեռնոցներս գրպաններում։ Այդ դպրոցում լիքն են գողերը։ Տղաներից շատերի ծնողները հարուստ են, բայց, միևնույն է, էլի գող ու ավազակներ են։ Որքան դպրոցը թանկ է, այնքան գողությունը շատ։ Մի խոսքով, կանգնել էի այդ հիմար թնդանոթի մոտ, ու հետևս սառույց էր դարձել։ Բայց խաղին գրեթե չէի նայում։ Կանգնել էի միայն, որպեսզի զգամ, որ հրաժեշտ եմ տալիս այդ դպրոցին։ Ընդհանրապես ես հաճախ եմ տեղից տեղ մեկնում, բայց երբեք մտքովս չի անցնում հրաժեշտի մասին մտածել։ Ես դա ատում եմ։ Չեմ մտածում՝ տխուր է թե հաճելի այդ մեկնումը։ Բայց երբ բաժանվում եմ որևէ տեղից, պետք է զգամ, որ իսկապես բաժանվում եմ։ Թե չէ ավելի դժվար է լինում։
Իմ բախտը բերեց։ Հանկարծ մի բան հիշեցի ու անմիջապես զգացի, որ մեկնում եմ ընդմիշտ։ Հիշեցի, թե ինչպես մի անգամ հոկտեմբերին երեքով՝ ես, Ռոբերտ Տիչները և Պոլ Քեմբլը, գնդակ էինք խաղում ուսումնական առանձնաշենքի առաջ։ Դրանք շատ լավ տղաներ էին, հատկապես Տիչները։ Մոտենում էր ճաշի ժամը, բոլորովին մթնել էր, բայց մենք դեռ շարունակում էինք խաղալ։ Արդեն լրիվ մութ էր, գրեթե չէինք տեսնում գնդակը, բայց խաղը չէինք ուզում թողնել։ Այնուամենայնիվ, ստիպված եղանք թողնել։ Բնագիտության ուսուցիչ միստր Զեմբիգին գլուխը դուրս հանեց ուսումնական առանձնաշենքի պատուհանից ու կարգադրեց՝ անցնել հանրակացարան, հագնվել ճաշի գնալու համար։ Հենց որ այդպիսի բան ես հիշում, անմիջապես զգում ես, որ քեզ համար ոչ մի արժեք չունի այստեղից ընդմիշտ մեկնելը․ ես, համենայն դեպս, միշտ այդպես եմ։ Ու հենց զգացի, որ ընդմիշտ եմ մեկնում, շուռ եկա ու ցած վազեցի ուղիղ դեպի ծերունի Սպենսերի տուն։ Նա դպրոցից հեռու էր ապրում, Էնտոնի Ուեյն փողոցում։
Ես վազեցի ճանապարհով մինչև գլխավոր ելքը, իսկ հետո սպասեցի, մինչև որ շունչս տեղն եկավ։ Ճիշտն ասած, շունչս շուտ է կտրվում։ Նախ՝ ես ծխում եմ շոգեքարշի նման, այսինքն՝ առաջ էի ծխում։ Այստեղ, սանատորիայում ստիպեցին թողնել։ Եվ երկրորդ՝ անցյալ տարվա ընթացքում աճել էի վեցուկես դյույմ։ Հավանաբար, այդ պատճառով էլ հիվանդացա տուբերկուկյոզով ու ընկա այստեղ ստուգման և այս հիմար բուժման համար։ Իսկ ընդհանրապես ես բավական առողջ եմ։
Մի խոսքով, հենց որ շունչ առա, վազ տվի դեպի Ուեյն փողոցը։ Ամբողջ ճանապարհը սոսկալի սառցակալած էր, ու քիչ էր մնում դրմփայի։ Չգիտեմ, ինչու էի վազում, հավանաբար, հենց այնպես։ Երբ անցա փողոցը, հանկարծ ինձ թվաց, թե կորա։ Մի տեսակ խելագար օր էր, սոսկալի ցուրտ, արևի շող էլ չէր երևում ու թվում էր, բավական է անցնես ճանապարհի մյուս կողմը, ամիջապես կչքվես ընդմիշտ։
Ո՜ւհ, համա թե հնչեցրի զանգը, երբ հասա ծերուկ Սպենսերի տանը։ Մինչև ոսկորներս սառել էի։ Ականջներս ցավում էին, մատներս շարժել չէի կարող։ «Դե շո՛ւտ, շո՛ւտ, ― ասում եմ գրեթե լսելի, ― բա՜ց արեք»։ Վերջապես պառավ Սպենսերը բացեց դուռը։ Նրանք սպասավոր չունեն, ընդհանրապես ոչ ոք չունեն, միշտ իրենք են բացում դուռը։ Նրանք հարուստ չեն։
― Հոլդե՜ն, ― ասաց միսիս Սպենսերը։ ― Որքա՜ն ուրախ եմ քեզ տեսնելուս համար։ Ներս արի, սիրելիս։ Երևի փայտացել ես ցրտից, հա՞։
Ինձ թվում էր, նա իսկապես ուրախ էր ինձ տեսնելու համար։ Նա իսկապես սիրում էր ինձ։ Համենայն դեպս, ինձ այդպես էր թվում։
Ես գնդակի պես ներս ընկա։
― Ինչպե՞ս եք, միսիս Սպենսեր, ― ասում եմ։ ― Ինչպե՞ս է միստր Սպենսերի առողջությունը։
― Տուր բաճկոնդ, սիրելիս, ― ասաց նա։ Չլսեց էլ, որ հարցրի միստր Սպենսերի առողջության մասին։ Նա մի քիչ խուլ էր։
Նա բաճկոնս կախեց նախասենյակի պահարանում, և ես ձեռքով հարդարեցի մազերս։ Ընդհանրապես իմ մազերը կարճ «ոզնի» է կտրված և սանրվելու հարկ չի լինում։
― Ինչպե՞ս եք, միսիս Սպենսեր, ― հարցրի ես, բայց այս անգամ բարձր, որ նա լսի։
― Հրաշալի՜, Հոլդեն, ― նա ծածկեց պահարանի դուռը։ ― Իսկ դո՞ւ ինչպես ես։
Ու ես նրա ձայնից հասկացա, որ ծերունի Սպենսերը պատմել է նրան ինձ վտարելու մասին։
― Շատ լավ, ― ասում եմ։ ― Միստր Սպենսերն ինչպե՞ս է։ Նրա գրիպը անցա՞վ։
― Անցավ, Հոլդեն, նա ինքն իրեն այնպես է պահում, ինչպես, ինչպես չգիտեմ թե ով․․․ իր սենյակում է, գնա նրա մոտ։
2
Նրանք առանձին սենյակներ ունեին։ Երկուսն էլ յոթանասունին մոտ էին, գուցե ավելի։ Ու այնուամենայնիվ, կյանքից հաճույք էին ստանում, թեև նրանց մի ոտքը գերեզմանում էր։ Ճիշտ է, խոզություն է այդպես ասելը, բայց ես դա չեմ ուզում ասել։ Պարզապես ուզում եմ ասել, որ շատ եմ մտածել ծերունի Սպենսերի մասին, իսկ երբ նրա մասին շատ ես մտածում, սկսում ես զարմանալ, թե ինչպե՞ս է, որ կարողանում է դեռ ապրել։ Հասկանո՞ւմ եք, նա ամբողջովին կռացել է ու հազիվ է քայլում, և եթե հանկարծ կավիճը ձեռքից գցում է, ապա առջևի շարքից որևէ մեկը պետք է վերցնի ու մատուցի նրան։ Իմ կարծիքով, դա սարսափելի է։ Բայց եթե շատ խոր չես մտածում, այլ հենց այնպես, ի միջի այլոց, ապա ստացվում է, որ նա այնքան էլ վատ չի ապրում։ Օրինակ՝ մի անգամ, կիրակի օրը, երբ նա ինձ ու մի քանի տղաների տաք շոկոլադ էր հյուրասիրում, մի հնամաշ վերմակ ցույց տվեց, որ ինքն ու միսիս Սպենսերը գնել էին մի հնդկացուց, Իելլո ուսթոնի զբոսայգում։ Երևում էր, որ ծերունի Սպենսերը հիացած էր այդ գնումով։ Հասկանո՞ւմ եք, ինչ եմ ուզում ասել։ Մի այդպիսի ծերուկ, որ արդեն հայհայը գնացել է, վայվայն է մնացել, դեռևս հիանում է ինչ֊որ վերմակով։
Նրա դուռը բաց էր, բայց ես այնուամենայնիվ ծեծեցի, ուղղակի քաղաքավարությունից։ Ես տեսա նրան, նստած էր կաշվե հին բազկաթոռին, փաթաթված նույն վերմակով, որի մասին ասացի։ Նա շրջվեց, երբ ծեծեցի դուռը։
― Ո՞վ է, ― գոչեց նա, ― դո՞ւ ես, Քոլֆիլդ, արի, տղաս, ներս արի։
Նա միշտ գոռգոռալով էր խոսում տանը, էլ ո՜ւր մնաց թե դասարանում։ Նյարդերիս վրա ազդում էր, իսկապես։
Հենց որ ներս մտա, արդեն փոշմանեցի, թե ինչու եկա։ Նա «Ատլանտիկ մանսլի» էր կարդում ու շուրջն ամենուրեք սրվակներ ու հաբեր էին դրված, հարբուխի դեմ գործածվող կաթիլների հոտ էր տարածվել։ Տրամադրությունս ընկավ։ Ընդհանրապես այնքան էլ չեմ սիրում հիվանդներին։ Ու ավելի քան թախծալի է դառնում, երբ նայում ես ծերունի Սպենսերի հագի մաշված, խիստ ողորմելի հին խալաթին, երևի ծնված օրից դա էր հագնում, ազնիվ խոսք։ Չեմ սիրում պիժամաներով ու խալաթներով ծերունիներին։ Միշտ կուրծքները բացվում է, պառավ կողերը երևում։ Ոտքերն էլ սոսկալի են։ Ծերուկները, տեսած կլինեք լողափերում, ինչպիսի անմազ, ճերմակ ոտքեր են ունենում։
― Բարև ձեզ, սը՛ր, ― ասում եմ։ ― Ես ստացա ձեր երկտողը։ Շատ շնորհակալ եմ։ ― Նա երկտող էր գրել, որ արձակուրդից առաջ գնամ իրեն հրաժեշտ տալու։ Գիտեր, որ այլևս չեմ վերադառնալու։ ― Իզուր եք նեղություն կրել, միևնույն է, ես անպայման կգայի հրաժեշտ տալու։
― Նստիր, ա՛յ, այնտեղ, տղաս, ― նա ցույց տվեց մահճակալի եզրը։
Ես նստեցի։
― Ինչպե՞ս է ձեր գրիպը, սըր։
― Գիտես, տղաս, եթե լավ զգայի, հարկ կլիներ բժիշկ կանչել, ― ծերուկն ինքն իրեն ծիծաղեցնում էր։ Նա սկսեց քրքջալ խելագարի պես։ Վերջապես շունչ առավ ու հարցրեց․ ― Իսկ ինչո՞ւ դու չես գնացել մրցության, չէ՞ որ այսօր եզրափակիչ հանդիպումն է։
― Այո, բայց ես հենց նոր եմ վերադարձել Նյու֊Յորքի սուսերամարտի մրցումներից։
Տեր աստված, այ թե անկողին է, հա՜, ասես քար լինի։ Նա հանկարծ խստադեմ արտահայտություն ընդունեց․ գիտեի, որ այդպես է լինելու։
― Նշանակում է, գնո՞ւմ ես մեզնից, ― հարցնում է։
― Այո, սըր, ինչպես երևում է, գնում եմ։
Այստեղ նա սկսեց տարուբերել գլուխը։ Կյանքումս չեմ տեսել, որ մարդ այդքան երկար կարողանա տարուբերել գլուխը։ Չեմ հասկանում՝ մտահոգվելո՞ւց է այդպես օրորում գլուխը, թե՞ արդեն այնքան ծեր է, որ ոչ մի բան չի հասկանում։
― Իսկ դոկտոր Թերմերն ի՞նչ ասաց քեզ, տղաս։ Ես իմացել եմ, որ դուք երկար եք խոսել։
― Այո, երկար ենք խոսել։ Երկու ժամ մնացի նրա առանձնասենյակում, եթե ոչ ավելի։
― Ի՞նչ ասաց նա քեզ։
― Դե․․․ շատ բան։ Որ կյանքը զուտ խաղ է։ Եվ որ պետք է խաղալ օրենքներով։ Նա լավ էր խոսում։ Առանձնապես որևէ բան չի ասել։ Անընդհատ նույն բանի մասին՝ որ կյանքը խաղ է և այլն։ Դե դուք ինքներդ էլ գիտեք։
― Բայց կյանքն իսկապես խաղ է, տղաս, և պետք է խաղալ օրենքներով։
― Այո, սըր, գիտեմ, ես այդ ամենը գիտեմ։
Բա՜ն գտան համեմատելու։ Լա՜վ խաղ է։ Եթե այնպիսի մարդկանց մեջ ընկնես, որտեղ բոլորը հմուտ խաղացողներ են, այդ դեպքում լա՜վ, ինչ էլ լինի, այդտեղ իսկապես խաղ կլինի։ Իսկ եթե մեկ ուրիշ խմբի մեջ ընկնես, որտեղ բոլորը ապաշնորհներ են, այն ժամանակ ի՞նչ։ Էլ ի՞նչ խաղ։ Ոչինչ դուրս չի գա։
― Իսկ դոկտոր Թերմերը արդեն գրե՞լ է քո ծնողներին, ― հարցրեց ծերունի Սպենսերը։
― Ոչ, նա մտադիր է գրել երկուշաբթի օրը։
― Իսկ ինքդ ոչինչ չե՞ս հայտնել նրանց։
― Ոչ, սըր, ես ոչինչ չեմ հայտնել, նրանց կասեմ չորեքշաբթի օրը, երբ տուն գնամ։
― Քո կարծիքով նրանք ինչպե՞ս կվերաբերվեն այդ լուրին։
― Ինչ ասեմ․․․ կբարկանան, հավանաբար, ― ասացի, ― պետք է որ բարկանան։ Չէ՞ որ արդեն չորրորդ դպրոցում եմ սովորում։
Ու թափ տվի գլուխս։ Ես այդպիսի սովորություն ունեմ։
― Է՛հ, ― ասում եմ։ Դա էլ է սովորություն, ասել՝ «էհ» կամ «այ քեզ բա՜ն», մասամբ այն պատճառով, որ հարմար բան չեմ գտնում, մասամբ էլ այն պատճառով, որ ես տարիքիս համապատասխան չեմ պահում ինձ։ Այն ժամանակ տասնվեց տարեկան էի, իսկ հիմա արդեն տասնյոթ եմ, բայց երբեմն ինձ այնպես եմ պահում, ասես ընդամենը տասներեք տարեկան եմ, ոչ ավելի։ Սոսկալի անհեթեթ բան է դուրս գալիս, հատկապես այն պատճառով, որ ես վեց ֆուտ և երկուսուկես դյույմ հասակ ունեմ, մազերս էլ ճերմակախառն են։ Դա ճիշտ է։ Աջ կողմում միլիոն հատ ճերմակ մազ ունեմ։ Դեռ մանկուց։ Եվ այնուամենայնիվ, երբեմն ինձ տասներկու տարեկանի պես եմ պահում։ Բոլորն էլ այդ են ասում, հատկապես՝ հայրս։ Դա մասամբ ճիշտ է, բայց ոչ լիովին։ Մինչդեռ մարդիկ կարծում են, որ թափանցում են քո ներսը։ Ես, իհարկե, թքած ունեմ, բայց երբեմն ձանձրանում ես, որ սկսում են քարոզ կարդալ, թե քեզ մեծի պես պահիր։ Երբեմն ես ինձ այնպես եմ պահում, իբրև թե անհամեմատ մեծ եմ իմ տարիքից, բայց դա արդեն մարդիկ չեն նկատում։ Ընդհանրապես ոչ մի բան էլ նրանք չեն նկատում։
Ծերուկ Սպենսերն էլի սկսեց օրորել գլուխը ու այդ ընթացքում քչփորեց քիթը։ Նա ջանում էր ձևացնել, թե տրորում է քիթը, բայց իրականում ամբողջ մատը ներս էր մտցրել։ Հավանաբար մտածում էր, որ դա կարելի է, որովհետև ինձնից բացի ուրիշ մարդ չկար այդտեղ։ Ինձ համար միևնույն է, թեև զզվելի է տեսնել ինչպես են քչփորում քիթը։
Հետո նա խոսեց։
― Ես պատիվ եմ ունեցել ծանոթանալու քո մայրիկի հետ, հորդ հետ, երբ մի քանի շաբաթ առաջ եկել էին դոկտոր Թերմերի հետ խորհրդակցելու։ Նրանք հիանալի մարդիկ են։
― Այո, իհարկե, լավ մարդիկ են։
«Հիանալի՜»։ Զզվում եմ այդ բառից։ Սոսկալի գարշանք է, ուղղակի սիրտդ խառնում է, երբ այդպիսի բառեր ես լսում։
Եվ հանկարծ ծերունի Սպենսերը այնպիսի դեմք ընդունեց, որ կարծես հիմա մի շա՜տ կարևոր բան էր ասելու, խելացի բան։ Նա ուղղվեց տեղում, ավելի հարմար տեղավորվեց։ Պարզվեց, որ կեղծ տագնապ էր։ Պարզապես ամսագիրը վերցրեց իր ծնկներից և ցանկացավ գցել մահճակալի վրա, որտեղ ես էի նստած։ Բայց չհասցրեց։ Մահճակալն ընդամենը երկու դյույմ էր հեռու նրանից, բայց միևնույն է, չհասցրեց։ Ես ստիպված տեղիցս ելա, ամսագիրը վերցրի և դրեցի մահճակալին։ Հանկարծ ես այդ սենյակից դուրս փախչելու ցանկություն ունեցա։ Զգացի, որ հիմա անտանելի քարոզ է սկսելու։ Ընդհանրապես դեմ չեմ, թող խոսեն, բայց երբ քեզ նախատում են, իսկ շուրջդ սոսկալի դեղահոտ է տարածված, ու ծերունի Սպենսերն նստած է քո առաջ պիժամայով ու խալաթով, դրան արդեն դիմանալ չի լինի։ Չէի ուզում լսել։
Բայց սկսեց։
― Այդ ի՞նչ ես բերում դու քո գլխին, տղա, ― ասաց ծերունի Սպենսերը։ Նա շատ խիստ խոսեց, այդպես երբեք չէր խոսել։ ― Քանի՞ առարկա պիտի հանձնեիր այս քառորդին։
― Հինգ, սը՛ր։
― Հինգ, իսկ քանիսից եք կտրեվե՞լ։
― Չորսից։ ― Ես ինձ ուտում էի նստած տեղս, կյանքումս երբեք այդքան կոշտ մահճակալի նստած չկամ։ Անգլերենը լավ հանձնեցի, որովհետև Բեովուլֆը, «Լորդ Ռենգալ, որդիս» և այդ ամբողջ պատմությունը սովորել էի դեռ Հուտտոնի դպրոցում։ Անգլերենով զբաղվում էի միայն այն ժամանակ, երբ շարադրություն էին հանձնարարում։
Նա ինձ նույնիսկ չէր լսում։ Նա երբեք չի լսել, թե ինչ են ասում իրեն։
Ես պատմությունից քեզ կտրեցի, որովհետև ոչինչ չէիր սովորել։
― Հասկանում եմ, սըր, շատ լավ եմ հասկանում։ Հապա ի՞նչ պիտի անեիք։
― Ոչինչ չէիր սովորել, ― կրկնեց նա։ Ինձ կատաղեցնում է, երբ մարդիկ կրկնում են այն, ինչի հետ դու անմիջապես համաձայնել ես։ Իսկ նա երրորդ անգամ էլ կրկնեց․ ― Ոչինչ չես սովորել։ Կասկածում եմ, թե ամբողջ քառորդի ընթացքում գոնե մեկ անգամ բացել ես դասաքիրքը։ Բացե՞լ ես, միայն ճիշտն ասա, տղաս։
― Ոչ, ես, իհարկե, երկու անգամ աչքի եմ անցկացրել, ― ասում եմ։ Չէի ուզում նրան վշտացնել, նա գժվում է իր պատմության համար։
― Ախ, աչքի ես անցկացրե՜լ, ― ասաց նա շատ թունոտ։ ― Քո, թույլ տվեք ասել, քննական աշխատանքը ահա այստեղ է, գրադարակում։ Մի այստեղ տուր, խնդրեմ։
Դա գարշելի խոզություն էր նրա կողմից, բայց ես վերցրի տետրս ու տվեցի նրան, ուրիշ ճար չկար։ Հետո նորից նստեցի այդ ցեմենտե մահճակալին։ Չեք կարող պատկերացնել, թե ինչպես էի ափսոսում, որ եկել եմ հրաժեշտ տալու։
Նա տետրս բռնել էր ձեռքին, ինչպես աթարի կտորը կամ մի ավելի վատ բան։
― Նոյեմբերի չորսից մինչև դեկտեմբերի երկուսը մենք մենք անցել ենք Եգիպտոսը։ Դու ինքդ ես քննության համար այդ թեման ընտրել։ Չէի՞ր կամենա լսել, թե ինչ ես գրել։
― Չէ, սըր, կարիք չկա։
Իսկ նա, միևնույն է, սկսեց կարդալ։ Եթե ուսուցիչը որոշել է մի բան անել, դու այլևս չես կարող նրան ետ պահել։ Միևնույն է, իր ասածն է անելու։
«Եգիպտացիք հին ցեղեր են, ծագումով կովկասցի, և բնակվում են Աֆրիկայի հյուսիսային շրջաններից մեկում։ Աֆրիկան, ինչպես հայտնի է, արևելյան կիսագնդի ամենամեծ մայր ցամաքն է»։
Եվ ես պետք է նստեի ու ունկնդրեի այդ ամբողջ անհեթեթությունը։ Խոզություն է, ազնիվ խոսք։
«Մեր օրերում մենք հետաքրքրվում ենք եգիպտացիներով բազմաթիվ պատճառներով։ Ժամանակաից գիտությունը դեռևս ջանում է պատասխանել այն հարցին, թե ինչ գաղտնի նյութերի խառնուրդ էին գործածում եգիպտացիք՝ զմռսելով իրենց հանգուցյալներին, որպեսզի նրանց դեմքերը չփտեին բազում դարերի ընթացքում։ Այդ խորհրդավոր առեղծվածը դեռևս մարտահրավեր է նետում քսաներորդ դարի ժամանակակից գիտությանը»։
Նա լռեց և ցած դրեց տետրս։ Ես գրեթե ատում էի նրան այդ պահին։
― Քո, այսպես ասած, էքսկուրսը գիտության մեջ, սրանով ավարտվում է, ― շարունակեց նա միևնույն թունոտ ձայնով։ Երբեք չէի կարծի, թե այդքան զառամյալ ծերուկի մեջ այդքան թույն կարող է լինել։ ― Բայց դու ստորև հատուկ ավելացում ես կատարել՝ ուղղված անձամբ ինձ։
― Այո՛, այո՛, հիշում եմ, ― ասացի։ Ես շտապեցի, որպեսզի գոնե այդ մասը չկարդա։ Բայց ինչ, մի՞թե նրան հնարավոր է կանգնեցնել։ Նրանից ուղղակի կայծեր դուրս ցայտեցին։
«Թանկագին միստր Սպենսեր, ― նա չափից դուրս բարձր էր կարդում։ ― Ահա այն ամենը, ինչ ես գիտեմ եգիպտացիների մասին։ Չգիտեմ ինչու, նրանք ինձ առանձնապես շատ չեն հետաքրքրում, թեև Դուք նրանց մասին շատ լավ եք դասախոսում։ Ոչինչ, եթե դուք ինձ կտրեք, ես արդեն մյուս առարկաներից կտրվել եմ, բացի անգլերենից։ Ձեզ հարգող՝ Հոլդեն Քոլֆիլդ»։
Այստեղ նա ցած դրեց իմ երիցս անիծյալ տետրը ու այնպես նայեց ինձ, ասես պինգ֊պոնգում չորով տարել էր։ Երբեք չեմ ների, որ այդ անհեթեթությունը նա բարձրաձայն կարդաց։ Եթե նա ինքը այդպիսի բան գրած լիներ, ես ոչ մի դեպքում չէի կարդա, ազնիվ խոսք եմ ասում։ Իսկ որ կարևորն է, ես այդ հավելումը կատարել էի, որպեսզի նա վատ չզգա ինձ կտրելով։
― Դու բարկանո՞ւմ ես, որ ես քեզ կտրել եմ, տղաս, ― հարցրեց նա։
― Ի՞նչ եք ասում, սըր, բոլորովին։ ― Գոնե այլևս ինձ «տղաս» չասեր, գրողը տանի։
Նա տետրս նետեց մահճակալին։ Եվ իհարկե, դարձյալ չկարողացավ տեղ հասցնել։ Ստիպված տեղիցս ելա, վերցրի։ Դրեցի «Ատլանտիկ մանսլիի» վրա։ Սա էլ մի կրակ է, րոպեն մեկ կռացիր։
― Իսկ դու ինչպե՞ս կվարվեիր իմ փոխարեն, ― հարցրեց նա։ ― Միայն ճիշտն ասա, տղաս։
Այո, երևում է, նա շատ վատ էր զգում, որ ինձ կտրել էր։ Ես, իհարկե, սկսեցի գլուխը յուղել։ Ասացի, որ ես մտավոր հետամնաց երեխա եմ, ընդհանրապես ապուշի մեկը, որ նրա փոխարեն ինքս էլ այդպես կվարվեի, որ շատերը չեն հասկանում, թե ինչ դժվար բան է ուսուցչի աշխատանքը։ Ու այդպես շարունակ, մի խոսքով գլուխը յուղեցի, ինչպես հարկն է։
Բայց ամենածիծաղելին այն էր, որ ես շարունակ ուրիշ բանի մասին էի մտածում։ Համ գլուխը յուղում էի, համ էլ ուրիշ բանի մասին մտածում։ Ես Նյու֊Յորքում եմ ապրում ու մտածում էի Կենտրոնական զբոսայգու այն լճակի մասին, որ գտնվում էր Հարավային ելքի մոտ․ հետաքրքիր է՝ սառչո՞ւմ է այն, թե չէ, իսկ եթե սառչում է, հապա բադերն ո՞ւր են գնում։ Չէի կարողանում պատկերացնել, թե բադերն ուր են գնում, երբ լիճը ամբողջությամբ ծածկվում է սառույցով։ Գուցե բեռնատար է գալիս ու նրանց տեղափոխում որևէ կենդանաբանական այգի՞։ Իսկ գուցե չվո՞ւմ են պարզապես։
Այնուամենայնիվ, դա շատ լավ է հաջողվում ինձ։ Ուզում եմ ասել, որ կարող եմ ուզածիս պես յուղել ծերունի Սպենսերի գլուխը ու այդ ընթացքում մտածել բադերի մասին։ Հետաքրքիր է։ Բայց երբ խոսում ես ուսուցչիդ հետ, առհասարակ ոչինչ չպետք է մտածես։ Եվ հանկարծ նա ընդհատեց ինձ։ Նա միշտ ընդհատում է․
― Ասա տեսնեմ, իսկ ի՞նչ ես մտածում այդ կապակցությամբ։ Հետաքրքիր է իմանալ։ Շատ հետաքրքիր է։
― Այն մասին, որ ինձ վտարե՞լ են Փենսիից, ― հարցնում եմ։ Գոնե իր անտեր խալաթը կոճկեր։ Զզվելի է նայելը։
― Եթե չեմ սխալվում, դու այդպիսի դժվարությունների ես հանդիպել նաև Հուտտոնի դպրոցում և Էլքտոն֊հիլլում։
Նա այդ բանը ոչ միայն թունոտ, այլև գարշելի ձևով ասաց։
― Էլքտոն֊հիլլում ես ոչ մի դժվարություն էլ չեմ ունեցել։ Ոչ կտրվել եմ, ոչ էլ մեկ ուրիշ բան, պարզապես դուրս եմ եկել և վերջ։
― Թույլ տուր հարցնել՝ ինչո՞ւ։
― ԻՆչո՞ւ։ Դա երկար պատմություն է, սըր։ Այդ ամենը բավական բարդ պատմություն է։
Իսկի չեմ ուզում պատմել նրան, թե ինչպես և ինչու։ Միևնույն է, ոչինչ չի հասկանալու։ Դա նրա խելքի բանը չէ։ Իսկ Էլքտոն֊հիլլից հեռացա գլխավորապես այն պատճառով, որ այնտեղ ծայրից ծայր կեղծիք է։ Ամեն ինչ ցուցադրական է, անհնար է ազատ շնչել։ Օրինակ՝ հենց նրանց դիրեկտոր միստր Հաասը։ Այդպիսի ստոր, երկերեսանի մարդու կյանքումս չեմ հանդիպել։ Ծերունի Թերմերից տասն անգամ ավելի վատ է։ Կիրակի օրերին, օրինակ, այդ գրողի տարած Հաասը գալիս էր ու այցելության եկած բոլոր ծնողների ձեռքը սեղմում։ Ու այնպես սիրալիր, այնպես քաղաքավարի, ոնց որ պատկեր։ Բայց բոլորովին միանման չէր ողջունում։ Երեխաներից մի քանիսի ծնողները ավելի հասարակ մարդիկ էին, աղքատ։ Դուք մի տեսնեիք, թե նա ինչպես էր բարևում սենյակի իմ հարևանի ծնողներին։ Հասկանո՞ւմ եք, եթե որևէ մեկի մայրը գեր է, կամ ծիծաղելի է հագնված, իսկ հայրը խիստ բարձր ուսերով կոստյում է հագնում ու հնաձև կոշիկներ, սև ու սպիտակ, այստեղ այդ Հաաս կոչվածը ընդամենը երկու մատների ծայրն էր մեկնում ու կեղծ ժպտում էր, իսկ հետո երբ սկսում էր խոսել ուրիշ ծնողների հետ՝ կես ժամից ավելի շաղակրատում էր։ Տանել չեմ կարող այդպիսի բաները։ Կատաղելս գալիս է։ Այնպես եմ կատաղում, որ գժվել կարելի է։ Ատում եմ այդ անիծյալ Էլքտոն֊հիլլը։
Ծերունի Սպենսերը ինչ֊որ բան հարցրեց ինձ, բայց ես լավ չլսեցի, անվերջ այդ սրիկա Հաասի մասին էի մտածում։
― Ի՞նչ ասացիք, սըր, ― ասում եմ։
― Բայց գոնե վշտացա՞ծ ես, որ ստիպված ես հեռանալ Փենսիից։
― Այո, իհարկե, մի քիչ վշտացած եմ։ Իհարկե․․․ Բայց համենայն դեպս, ոչ շատ։ Երևի դեռ չի ազդել վրաս։ Դրա համար ժամանակ է հարկավոր։ Հիմա ավելի շատ մտածում եմ, թե ինչպես եմ գնալու տուն չորեքշաբթի օրը։ Երևում է, ես, այնուամենայնիվ, ապուշ եմ։
― Մի՞թե դու բոլորովին չես մտածում քո ապագայի մասին, տղաս։
― Ինչպես չէ, մտածում եմ, իհարկե։ ― Ես կանգ առա։ ― Միայն թե ոչ շատ հաճախ։ Ո՛չ հաճախ։
― Կմտածես, խելքի կգաս, ― ասաց ծերունի Սպենսերը։ ― Խելքի կգաս, բայց ուշ կլինի։
Ինձ դուր չեկավ։ Ինչո՞ւ է այդպես ասում՝ կարծես արդեն մեռել եմ։ Սոսկալի տհաճ է։
― Անպայման կմտածեմ, ― ասում եմ, ― ես կմտածեմ։
― Ինչպես բացատրեմ քեզ, տղաս, ինչպես գլուխդ մտցնեմ այն, ինչ հարկավոր է։ Ախր ես ուզում եմ քեզ օգնած լինել, հասկանո՞ւմ ես։
Երևում է, նա իսկապես ուզում էր օգնել։ Իսկականից։ Բայց մենք տարբեր կողմերի վրա էինք քաշում, ահա թե ինչ։
― Գիտեմ, սըր, ― ասում եմ։ ― Եվ շատ շնորհակալություն։ Ազնիվ խոսք, ես դա գնահատում եմ, իսկապես։
Այստեղ ես ոտքի ելա։ Աստված վկա, էլ չէի կարող նույնիսկ տասը րոպե նստել, թեկուզև մահվան սպառնալիքի տակ։
― Դժբախտաբար, իմ գնալու ժամանակն է։ Պետք է իրերս վերցնեմ մարմնամարզական դահլիճից, ես այնտեղ շատ բան ունեմ, որոնք ինձ պետք կգան։ Աստված վկա, գնալուս ժամանակն է։
Նա միայն նայեց վրաս ու դարձյալ սկսեց օրորել գլուխը։ Եվ դեմքը այնպես լուրջ ու տխուր դարձավ։ Ես հանկած շատ խղճացի նրան։ Բայց հո չէի կարող մի ամբողջ դար մնալ նրա մոտ ցցված, համ էլ, չէ որ մենք տարբեր կողմերի վրա էինք քաշում։ Ու նա անվերջ ինչ֊որ բան էր նետում դեպի մահճակալը և վրիպում էր, և նրա այդ խղճուկ խալաթը, որի տակից ամբողջ կուրծը երևում էր, այդքանը բավական չէ, դեռ շուրջն էլ գրիպային դեղերի հոտ էր փչում։
― Գիտեք ինչ, սըր, դուք իմ պատճառով մի վրդովվեք։ Չարժե, ― ասում եմ, ― ազնիվ խոսք։ Ամեն ինչ կկարգավորվի։ Ես անցման տարիքում եմ, ինքներդ էլ գիտեք։ Բոլորին էլ պատահում է։
― Չգիտեմ, տղաս, չգիտեմ․․․
Զզվում եմ, որ այդպես մրմնջում են։
― Պատահում է, ― ասում եմ, ― բոլորի հետ էլ պատահում է։ Իսկապես, սըր, հարկ չկա, որ իմ պատճառով տխրեք։ ― Ես նույնիսկ ձեռքս դրեցի նրա ուսին։ ― Չարժե, ― ասում եմ։
― Մի բաժակ տաք շոկոլադ չե՞ս խմի գնալուց առաջ։ Միսիս Սպենսերը հաճույքով․․․
― Կխմեի, սըր, ազնիվ խոսք, բայց ուշանում եմ։ Հարկավոր է շուտ հասնել մարմնամարզական դահլիճ։ Շատ շնորհակալ եմ ձեզնից, սըր, շատ շնորհակալ եմ։
Ու միմյանց ձեռք սեղմեցինք։ Այս ամենը դատարկ բան է, իհարկե, բայց չգիտեմ ինչու, տխրեցի։
― Ես ձեզ կգրեմ, սըր։ Ձեզ լավ պահեք գրիպից հետո, լա՞վ։
― Գնաս բարով, տղաս։
Իսկ երբ ծածկեցի դուռն ու դուրս եկա ճաշասենյակ, նա ինչ֊որ բան գոռաց ետևիցս, բայց ես լավ չլսեցի։ Կարծեմ, «բարի ճանապարհ» էր գոռում։ Իսկ գուցեև ոչ։ Հուսով եմ, որ չէ։ Ես երբեք որևէ մեկի ետևից չէի գոռա «բարի ճանապարհ»։ Որ մտածում ես՝ գարշելի սովորություն է։
3
Ես սոսկալի ստախոս եմ, նմանը կյանքում տեսած չեք լինի։ Գնում եմ խանութ մի որևէ ամսագիր գնելու, բայց որ ճանապարհին հարցնեն, թե ուր եմ գնում, կարող եմ ասել՝ օպերա։ Սարսափելի բան է։ Ու որ ծերունի Սպենսերին ասացի, թե գնում եմ մարմնամարզական դահլիճ, դա էլ էր փչոց։ Ես այդ երիցս անիծյայլ դահլիճում ոչինչ չեմ պահում։
Քանի դեռ սովորում էի Փենսիում, ապրում էի նոր հանրակացարանում, Օսենբերգերի անվան առանձնաշենքում։ Այդտեղ միայն ավագներն ու կրտսերներն էին ապրում։ Ես կրտսերներից էի, հարևանս՝ ավագներից։ Առանձնաշենքը Օսենբերգերի անունով էր կոչվում, կար այդպիսի մեկը, որ առաջ Փենսիում էր սովորել։ Իսկ երբ ավարտել էր, բավական փող էր կուտակել և թաղման բյուրո հիմնադրել։ Նա այնպիսի թաղման բյուրոներ էր ստեղծել գրեթե ամբողջ նահանգում, գիտեք, այնպիսի բյուրոներ, որոնց միջոցով հարազատներիդ կարող ես թաղել չնչին գումարով՝ հինգ դոլարով։ Դուք մի տեսնեի՜ք այդ Օսենբերգեր կոչվածին։ Գրազ կգամ, որ նա հանգուցյալներին ուղղակի պարկի մեջ է մտցնում ու գետը նետում։ Ահա այդ տիպը բավական փող է հատկացրել Փենսիին, ու մեր առանձնաշենքը կոչել են նրա անունով։ Առաջին մրցությանը նա եկել էր իր շքեղ «կադիլակով», իսկ մենք պետք է բարձրանայինք տրիբունաներն ու աշխարհով մեկ փողհարեինք, այսինքն՝ «ուռա» գոռայինք։ Իսկ հաջորդ առավոտյան մատուռում մի տասը ժամ ճառ կարդաց։ Նա մի հիսուն անեկդոտ պատմեց, ուղղակի նավթալինից հանած, ուզում էր ցույց տակ, թե ինչպիսի կտրիճն է։ Ուժ ունի։ Իսկ հետո սկսեց պատմել, որ դժվարությունների հանդիպելիս, առհասարակ նեղն ընկած ժամանակ երբեք չի ամաչում՝ չոքում է ու աղոթում աստծուն։ Ու մեզ էլ էր խորհուրդ տալիս միշտ աղոթել աստծուն, ուզած ժամանակ զրուցել երկնավորի հետ։ «Դուք, ― ասում է, ― դիմեցեք Քրիստոսին, ինչպես ձեր բարեկամին, ես ինքս միշտ էլ սիրտս բացում եմ Քրիստոսի առաջ։ Նույնիսկ մեքենան վարելիս»։ Քիչ էր մնում շունչս փչեի։ Պատկերացնում էի, թե այդ շան որդին ինչպես է մեքենան առաջին արագության վրա փոխադրում ու միաժամանակ Քրիստոսին խնդրում ավելի շատ հանգուցյալներ ուղարկել։ Բայց այդ ժամանակ նրա ճառի ընթացքում մի շատ լավ բան պատահեց։ Նա արդեն հասել էր կեսին, հենց իր մասին էր պատմում, թե ինչ հրաշալի մարդ է ինքը, որքան ճարպիկ, ու մեկ էլ Էդդի Մարսալան, որ ուղիղ իմ առջևում էր նստած, մի հատ ուժգին բաց թողեց։ Իհարկե, դա սարսափելի է, խիստ անքաղաքավարություն, եկեղեցում, բոլորի ներկայությամբ, բայց շատ ծիծաղելի ստացվեց։ Կեցցե՛ս, Մարսալա։ Քիչ էր մնում տանիքը փլվեր։ Ոչ ոք բարձրաձայն չծիծաղեց, իսկ այդ Օսենբերգերը ձևացրեց, թե բան չի լսել, բայց ծերունի Թերմերը՝ մեր դիրեկտորը, նրա կողքին էր նստած ամբիոնում, ու անմիջապես երևաց, որ շատ լավ էլ լսել է։ Ո՜ւհ, այ թե բարկացավ նա։ Ոչինչ չասաց, բայց պահանջեց երեկոյան ներկայանալ լրացուցիչ պարապմունքի ու ճառ ասաց։ Ասաց, թե այն աշակերտը, որ խախտեց կարգը արարողության ժամանակ, արժանի չէ մեր դպրոցում մնալու։ Մենք փորձեցինք ստիպել մեր Մարսալային մի կրակահերթ էլ բաց թողնել ծերունի Թերմերի ելույթի ժամանակ, բայց նա տրամադիր չէր։ Եվ այսպես, ուրեմն, ես ապրում էի այդ Օսենբերգերի անվան նոր հանրակացարանում։
Ծերունի Սպենսերի մոտից հաճելի էր ընկնել հանրակացարան, մանավանդ որ բոլորը ֆուտբոլ էին գնացել, իսկ ջեռուցումը բացառության կարգով լավ էր տաքացնում։ Նույնիսկ մի տեսակ հարմարավետ էր դարձել։ Հանեցի բաճկոնս, փողկապս, արձակեցի բլուզիս օձիքը, իսկ հետո դրի կարմիր գլխարկս, որ առավոտյան էի գնել Նյու֊Յորքում։ Դա որսորդական գլխարկ էր՝ չափից շատ երկար հովհարով։ Ես սպորտային խանութի ցուցափեղկում տեսա, երբ դուրս եկանք մետրոյից, որտեղ մոռացել էի այդ անիծյալ սուսերները։ Ընդամենը մեկ դոլար էի վճարել։ Գլխարկը թարս էի դրել գլխիս, հիմարություն է, իհարկե, բայց ինձ շատ էր դուր գալիս։ Հետո վերցրի գիրքը, որ կիսատ էի թողել, ու նստեցի բազկաթոռին։ Ամեն սենյակում երկու բազկաթոռ կար։ Մեկն իմն էր, մյուսը՝ հարևանինս՝ Ուորդ Ստրեյդլեյթերինը։ Բազկաթոռները կոտրված էին, որովհետև միշտ որևէ մեկը նստում էր դրանց վրա, բայց բազկաթոռն ինքը շատ հարմարավետ էր։
Կարդում էի այն գիրքը, որը գրադարանում սխալմամբ էին ինձ տվել։ Ես միայն տանը նկատեցի, որ իմ ուզած գիրքը չեն տվել։ Նրանք ինձ տվել էին Իսահակ Դայնսենի «Աֆրիկայի թավուտներումը»։ Կարծում էի անպետք բան է, բայց հետաքրքիր դուրս եկավ։ Ընդհանրապես ես շատ անկիրթ եմ, բայց շատ եմ կարդում։ Իմ սիրած գրողը Դ․ Բ.֊ն է՝ իմ եղբայրը, իսկ երկրորդ հերթին արդեն՝ Ռինգ Լարդները։ Ծննդյանս օրը եղբայրս ինձ նվիրեց Ռինգ Լարդների գիրքը։ Դա Փենսի ընդունվելուցս առաջ էր։ Գրքում շատ ծիծաղելի պիեսներ էին տպագրված ու մեկ էլ մի պատմվածք՝ կարգավորող֊ոստիկանի մասին, սա սիրահարվում է մի շատ սիրունիկ աղջկա, որը անընդհատ խախտում է երթևեկության կանոնները։ Բայց ոստիկանը ամուսնացած է և, իհարկե, չի կարող ամուսնանալ աղջկա հետ։ Վերջում աղջիկը կործանվում է, որովհետև մշտապես խախտում է երթևեկության կանոնները։ Ցնցող պատմվածք է։ Ընդհանրապես ես ամենից շատ այնպիսի գրքեր եմ սիրում, որոնց մեջ գոնե մի որևէ ծիծաղելի բան կա։ Իհարկե, ամեն տեսակ դասականներ էլ եմ կարդում, ինչպես ասենք՝ «Վերադարձ հայրենիքը», [1] և կռվի մասին հազար ու մի գրքեր, և դեդեկտիվ, բայց դրանք մի տեսակ այնքան էլ չեն հրապուրում ինձ։ Այ, ինձ դուր են գալիս այնպիսի գրքեր, որոնք կարդալուց հետո անմիջապես մտածում ես՝ ի՜նչ լավ կլիներ այդ գրողը քո բարեկամը լիներ, որին ցանկացածդ ժամանակ կարողանայիր զանգահարել ու զրուցել հետը։ Բայց այդպես հազվադեպ է լինում։ Ես հաճույքով կզանգահարեի այդ Դայնսենին, դե, իհարկե, նաև Ռինգ Լարդերին, միայն թե Դ․ Բ֊ն ասաց, որ նա արդեն մեռել է։ Իսկ այ, այնպիսի գիրք, ինչպիսին, օրինակ, Սոմերսեթ Մոեմի «Մարդկային կրքերի բեռն» է, այն չէ, ես անցած ամռանը կարդացի։ Գիրքն ընդհանրապես ոչինչ, բայց ես ոչ մի ցանկություն չունեմ զանգահարելու այդ Սոմերսեթ Մոեմին։ Ինքս էլ չգիտեմ ինչու։ Պարզապես նա այն մարդը չէ, ում հետ կցանկանայի զրուցել։ Ես ավելի շուտ կզանգահարեի հանգուցյալ Թոմաս Հարգիին։ Ինձ դուր է գալիս նրա Յուստաիսա Վեյը։
Ուրեմն դրի նոր գլխարկս, նստեցի բազկաթոռին ու սկսեցի կարդալ «Աֆրիկայի թավուտներումը»։ Մի անգամ արդեն կարդացել էի, բայց ուզում էի որոշ տեղեր նորից կարդալ։ Ընդամենը մի երեք էջ էի կարդացել, երբ ինչ֊որ մեկը դուրս եկավ ցնցուղարանից։ Առանց նայելու էլ հասկացա, որ Ռոբերտ Էկլին է․ սա ապրում էր հարևան սենյակում։ Մեր թևում երկու սենյակը մի ընդհանուր ցնցուղարան ունեին, ու այդ Էկլին օրը տասն անգամ իրեն ինձ մոտ էր գցում։ Բացի այդ, ամբողջ հանրակացարանից մենակ նա էր, որ ֆուտբոլ չէր գնացել։ Նա ընդհանրապես ոչ մի տեղ չէր գնում։ Տարօրինակ տիպ էր։ Նա բարձր դասարանցի էր և արդեն չորս տարի է, սովորում էր Փենսիում, բայց բոլորը նրան ազգանունով էին դիմում՝ Էկլի։ Նույնիսկ նրա սենյակի հարևանը՝ Հերբ Հեյլը, երբեք նրան «Բոբ» կամ գոնե «Էկ» չէր ասում։ Երևի կինն էլ նրան «Էկլի» կանվանի, եթե, իհարկե, երբևէ ամուսնանա։ Նա չափից դուրս բարձրահասակ էր՝ վեց ֆուտ, չորս դյույմ, սոսկալի կուզիկ, ատամներն էլ փտած։ Ես ոչ մի անգամ չեմ տեսել, որ նա մաքրեր ատամները։ Կեղտոտ, մի տեսակ բորբոսնած էին նրա ատամները, իսկ երբ ճաշարանում բերանը կարտոֆիլ կամ սիսեռ էր լցնում, քիչ էր մնում սիրտս ետ տամ։ Հապա պզուկնե՜րը։ Ոչ միայն ճակատին ու ծնոտին, ինչպես բոլոր տղաներին է պատահում, նրա ամբողջ դեմքն էր պզուկոտ։ Ընդհանրապես նա զզվելի էր։ Ու մի տեսակ ստոր։ Ճիշտն ասած, ես այնքան էլ չէի սիրում նրան։
Զգացի, որ կանգնած է ցնցուղարանի շեմին, բազկաթոռիս ետևը, ու նայում է տեսնի՝ տա՞նն է Ստրեյդլեյթերը։ Նա Ստրեյդլեյթերին ատում էր ու երբեք ներս չէր մտնում, երբ սա տանն էր լինում։ Ընդհանրապես նա բոլորին էլ ատում էր։
― Ողջույն, ― ասում է։ Նա միշտ այնպիսի տոնով է խոսում, ասես մահու չափ հոգնած է կամ ձանձրացած։ Չէր ուզում, որ ես մտածեմ, թե ինքը, իբր, հյուր է եկել ինձ։ Ձևացրեց, թե իբր պատահմամբ է ներս մտել, գրողը տանի։
― Ողջույն, ― ասում եմ, բայց գիրքը ցած չեմ դնում։ Այնպիսի տիպի պատճառով, ինչպիսին Էկլին է, եթե ցած դնես գիրքդ, կորած ես, գլուխդ կտանի։ Միևնույն է, գլուխդ տանելու է, բայց ոչ անմիջապես, եթե շարունակես կարդալ։
Նա սկսեց անցուդարձ անել սենյակում ինչպես միշտ՝ դանդաղ և ձեռք տալ սեղանին ու աթոռակին դրված իմ բոլոր իրերին։ Միշտ այդպես է, վերցնելու է, դնի, նորից նայի։ Ինչպե՜ս էր ազդում նյարդերիս վրա։
― Հը, ինչպե՞ս անցավ սուսերամարտը, ― ասում է։ Նա ուզում էր այնպայման խանգարել ինձ, փչացնել ամբողջ հաճույքս։ Նա թքած ուներ սուսերամարտի վրա։ ― Ո՞վ հաղթեց, մե՞նք, թե ոչ մենք, ― հարցնում է։
― Ոչ ոք էլ չհաղթեց, ― ասում եմ, բայց գլուխս չեմ բարձրացնում։
― Ի՞նչ, ― հարցնում է։ Նա միշտ կրկնում էր հարցը։
― Ոչ ոք էլ չհաղթեց։ ― Աչքիս պոչով նայեցի տեսնեմ նա ինչ է անում իմ պահարանի վրա։ Զննում էր աղջկա լուսանկարը, որի հետ ես ընկերություն էի անում Նյու֊Յորքում․ Սալլի Հեյսի լուսանկարը։ Նա այդ անիծյալ լուսանկարը, հավանաբար, արդեն հազարերորդ անգամ էր նայում ու երբեք իր տեղը չէր դնում։ Դիտմամբ․ ամիջապես երևում էր դա։
― Ոչ ոք չհաղթե՞ց ― ասում է։ ― Այդ ինչպե՞ս։
― Դե այդ անտեր սարքավորումները մոռացել էի մետրոյում։ ― Այդպես էլ գլուխս չբարձրացրի։
― Մետրոյո՞ւմ։ Գրողը տանի, կորցրե՞լ ես, ինչ է։
― Ճիշտ ուղղությամբ չէինք գնում։ Ստիպված շուտ֊շուտ վեր էինք կենում նայելու։
Նա մոտեցավ կտրեց լույսս։
― Լսիր, ― ասում եմ, ― քո պատճառով արդեն քսաներորդ անգամ եմ կարդում միևնույն նախադասությունը։
Ով էլ լիներ նրա տեղը, ակնարկը կհասկանար։ Բայց Էկլին չէ։
― Իսկ քեզ չե՞ն ստիպի վճարել արժեքը, ― հարցնում է։
― Չգիտեմ և չեմ էլ ուզում իմանալ։ Գուցե կնստես, Էկլի, բալիկս, թե չէ լույսս ամբողջովին փակում ես։
Նա ատում էր, որ ես իրեն «Էկլի, բալիկս» էի ասում։ Իսկ ինքը անվերջ կրկնում էր, որ ես դեռևս փոքրիկ եմ, որովհետև տասնվեց տարեկան եմ, իսկ ինքը՝ արդեն տասնութ է։ Նա կատաղում էր, որ իրեն «բալիկ» էի ասում։
Ու այդպես էլ մնաց կանգնած։ Այդպիսին է այդ Էկլին ― ոչ մի դեպքում չի հեռանա, եթե նրան խնդրես։ Հետո, իհարկե, կհեռանա, բայց եթե խնդրես՝ դիտմամբ չի հեռանա։
― Ի՞նչ ես կարդում, ― հարցնում է։
― Չես տեսնում՝ գիրք եմ կարդում։
Նա շրջեց էջը, նայեց վերնագիրը։
― Լա՞վն է, ― հարցնում է։
― Այո, հատկապես այս նախադասությունը, որ անընդհատ կարդում եմ։ ― Ես էլ կարող եմ երբեմն բավական թունոտ լինել, եթե տրամադրված լինեմ։ Բայց տեղ չհասավ։ Էլի սկսեց շրջել սենյակում, էլի ձեռք տալ, շոշափել իրերս, նույնիսկ Ստրեյդլեյթերի իրերը։ Վերջապես գիրքը նետեցի սեղանին։ Միևնույն է, Էկլիի ներկայությամբ ընթերցելն իմաստ չունի։ Ուղղակի անհնար է։
Ես փռվեցի բազկաթոռին ու սկսեցի նայել, թե Էկլին ինչպես է տնօրինում սենյակում։ Նյու֊Յորք մեկնելուց կարգին հոգնել էի, սկսեցի հորանջել։ Հետո էլ սկսեցի հիմարություններ անել։ Սիրում եմ երբեմն ձանձրույթից հիմարություններ անել։ Գլխարկիս հովարն առաջ բերի ու իջեցրի մինչև աչքերս։ Այդպես ոչինչ չէի կարողանում տեսնել։
― Ավա՜ղ, ավա՜ղ, կարծես թե կուրանում եմ, ― ասում եմ ես նվնվալով։ ― Օ՜, թանկագին մայրիկ, ինչ մութ է շուրջս։
― Խելքդ թռցրել ես, աստված վկա, ― ասում է Էկլին։
― Մայրիկ, հարազա՜տս, ձեռքդ տուր դժբախտ զավակիդ։ Ինչո՞ւ օգնության ձեռք չես մեկնում։
― Դե վերջ տուր, տխմար։
Ես սկսեցի կույրի պես ափլփել շուրջս, առանց տեղիցս վեր կենալու։ Ու անվերջ նվնվալ։
― Մայրիկ, մայրիկ։ Ինչո՞ւ չես ձեռքդ տալիս։
Իհարկե, ես ուղղակի խաղում էի։ Դրանից երբեմն ուրախանում եմ։ Բացի այդ, գիտեի, որ Էկլին սոսկալի կատաղում է։ Նրա մոտ ես ուղղակի սադիստ էի դառնում։ Կատաղեցնում էի ինչպես կարող էի, դիտմամբ էի կատաղեցնում։ Բայց հետո ձանձրացա։ Նորից հովարս ետ տարա ու փռվեցի բազկաթոռին։
― Սա ո՞ւմն է, ― հարցրեց Էկլին։ Նա ձեռքն առավ հարևանիս ծնկակապը։ Այդ անիծյալ Էկլին ամեն ինչի ձեռք էր տալիս։ Ինչ ասես կվերցնի, նույնիսկ կոշիկներիդ կապիչները։ Ես նրան ասացի, որ ծնկակապը Ստրեյդլեյթերինն է։ Նա անմիջապես նետեց Ստրեյդլեյթերի մահճակալին․ վերցրել էր պահարանիկի վրայից, բայց դիտմամբ գցեց մահճակալին։
Հետո մոտեցավ, նստեց երկրորդ բազկաթոռի բազկակալին։ Երբեք մարդավարի չի նստի, անպայման բազկակալի վրա պիտի նստի։
― Որտե՞ղ ես գնել այդ հիմար գլխարկը, ― հարցնում է։
― Նյու֊Յորքում։
― Որքա՞ն ես տվել։
― Մեկ դոլար։
― Խաբել են քեզ։ ― Նա սկսեց լուցկու հատիկով մաքրել իր գարշելի եղունքները։ Տարօրինակ սովորություն է։ Ատամները բորբոսնած են, ականջները լիքը կեղտ, բայց եղունգները միշտ մաքրում է։ Հավանաբար, կարծում է, թե մաքրասեր է։ Մաքրում է ու նայում գլխարկիս։ ― Մեր կողմերում որսի գնալիս են այդպիսի գլխարկ գնում, հասկանալի՞ է։ Դա գլխներին՝ որս են խփում։
― Գրողի ծոցը, ― ասում եմ։ Հետո հանում եմ գլխարկը, նայում։ Մի աչքս կկոցում եմ, ասես նշան եմ բռնում։ ― Սա դրած՝ մարդն են խփում, ― ասում եմ։ ― Ես սա դրած՝ մարդ եմ խփում։
― Իսկ հարազատներդ գիտե՞ն, որ քեզ վտարել են։
― Ոչ։
― Որտե՞ղ է Ստրեդլեյթերը։
― Ֆուտբոլի մրցությունում։ Նա այնտեղ տեսակցություն ունի։ ― Նորից հորանջեցի։ Քունս տարավ։ Սենյակում սոսկալի շոգ էր, թուլացել էի, ուզում էի քնել։ Այս դպրոցում կամ մրսում էինք շան պես, կամ շոգից տանջվում։
― Նշանավոր Ստրեյդլեյթե՜ր ― ասաց Էկլին։ ― Լսիր, մի րոպեով մկրատդ տուր ինձ։ Մոտդ չէ՞։
― Չէ, պահել եմ, պահարանում է, ամենավերևը։
― Մի րոպեով տուր, հա՞, եղունգս պոկվել է, հարկավոր է կտրել։
Նրա համար միևնույն էր՝ հավաքել ես իրերդ, թե ոչ, ամենավերևն է դրված թե մեկ ուրիշ տեղ։ Համենայն դեպս, մկրատը տվի նրան։ Քիչ էր մնում ինձ սպանեի։ Հենց որ բացեցի պահարանը, Ստրեյդլեյթերի ձեռնաթիակը (այն էլ շրջանակի մեջ) ընկավ գլխիս։ Այնպես դրխկաց, որ գլուխս սոսկալի ցավեց։ Էկլին քիչ մնաց մեռներ, այնպես էր հռհռում։ Նրա ձայնը բարակ է, ծվծվան։ Ես նրա համար դուրս եմ բերում ճամպրուկս, հանում մկրատը, իսկ նա քրքրջում է։ Այդ Էկլիի նմաններին հենց միայն բավական է տեսնել, թե քարն ինչպես ընկավ մարդու գլխին, ուրիշ էլ բան հարկավոր չէ, կքրքջան։
― Պարզվում է, դու հումորի զգացում ունես, Էկլի, բալիկս, ― ասում եմ ես։ ― Չգիտեի՞ր։ ― Ու մկրատը մեկնում եմ նրան։ ― Ուզո՞ւմ ես քո մենեջերը դառնամ, տեղավորեմ քեզ ռադիոյում։
Ես նստեցի բազկաթոռին, իսկ նա սկսեց իր գարշելի եղունգները կտրտել։
― Գուցե սեղանի վրա՞ կկտրես եղունգներդ, ― ասում եմ։ ― Սեղանի վրա կտրիր, ես չեմ ուզում բոբիկ ոտքերով քայլել քո գարշելի եղուգների վրա։ ― Բայց նա, միևնույն է, շարունակում է թափել ուղղակի հատակին։ Գարշելի սովորություն է։ Ազնիվ խոսք, զզվում ես։
― Իսկ Ստրեյդլեյթերն ո՞ւմ հետ է ժամադրվել, ― հարցնում է։ Նա միշտ հետաքրքրվում էր, թե Ստրեյդլեյթերը ում հետ է ման գալիս, թեև ատում էր նրան։
― Չգիտեմ, իսկ քեզ ի՞նչ։
― Հենց այնպես։ Տանել չեմ կարող այդ շան որդուն։ Բոլորովին տանել չեմ կարող։
― Իսկ նա քեզ պաշտում է։ Ասում է՝ իսկական արքայազն է։ ― Ընդհանրապես ես հաճախ եմ սկսում հիմարություններ անել, երբ ձանձրանում եմ։
― Նա միշտ ցցում է քիթը, ― ասում է Էկլին։ ― Չեմ դիմանում այդ շան որդուն։ Կարելի է կարծել, թե նա․․․
― Լսիր, գուցե դու, այնուամենայնիվ, եղունգներդ սեղանի վրա՞ կտրես, ― ասում եմ։ ― Ես հիսուն անգամ քեզ խնդրած կլինեմ․․․
― Միշտ ցցում է քիթը, ― կրկնում է Էկլին։ ― Իմ կարծիքով, նա ուղղակի էշի մեկն է։ Բայց կարծում է, թե խելոք է, կարծում է, թե ամենախելոքն է․․․
― Էկլի, գրողի տարած, վերջապես սեղանի վրա՞ պիտի կտրես եղունգներդ, թե ոչ։ Հիսուն անգամ խնդրեցի, լսո՞ւմ ես։
Հիմա նա սկսեց, իհարկե, սեղանի վրա կտրել։ Միայն գոռալով կարող ես նրան ստիպել որևէ բան անել։
Ես նայեցի նրան, ապա ասացի․
― Դու Ստրեյդլեյթերի վրա կատաղած ես, որովհետև նա ասաց, որ ատամներդ գոնե երբեմն լվանաս։ Նա բոլորովին էլ չէր ուզում քեզ նեղացնել և ոչ էլ դիտավորյալ ասաց, այնպես որ նրա ասածի մեջ ոչ մի վիրավորական բան չկար։ Միայն ցանկանում էր ասել, որ դու քեզ ավելի լավ կզգայիր, ավելի լավ տեսք կունենայիր, եթե երբեմն մաքրեիր ատամներդ։
― Իսկ ես չե՞մ մաքրում, ինչ է։ Դու էլ ես նրա ասածը կրկնում։
― Ոչ, չես մաքրում։ Քանի անգամ եմ հետևել, չես մաքրում և վերջ։
Ես նրա հետ հանգիստ էի խոսում։ Նույնիսկ խղճում էի նրան։ Հասկանում եմ, այնքան էլ հաճելի բան չէ, որ քեզ դիտողություն անեն, թե ատամներդ չես մաքրում։
Ստրեյդլեյթերը շան որդի չէ։ Նա այնքան էլ վատը չէ։ Դու պարզապես չես ճանաչում նրան, դա է պատճառը։
― Իսկ ես ասում եմ՝ շան որդի է։ Եվ երևակայող։
― Գուցե և երևակայո՞ւմ է, բայց ուրիշ հարցերում նա լայնասիրտ մարդ է, ― ասում եմ։ ― Իսկապես։ Հասկացիր։ Օրինակ՝ պատկերացրու, որ Ստրեյդլեյթերը մի փողկապ ունի կամ մեկ այլ բան, որ քեզ շատ է դուր գալիս։
Ասենք թե փողկապ, ու այդ փողկապը քեզ շատ է դուր գալիս։ Ես օրինակի համար եմ ասում։ Գիտե՞ս նա ինչ կաներ։ Նա, հավանաբար, կհաներ այդ փողկապն ու կտար քեզ։ Այո, կտար։ Կամ գիտե՞ս ինչ կաներ։ Նա այդ փողկապը կթողներ քո սեղանի կամ մահճակալի վրա, հասկանալի՞ է։ Իսկ ուրիշները՝ երբեք։
― Գրողի ծոցը, ― ասաց Էկլին։ ― Եթե ես էլ այդքան փող ունենայի, ես էլ փողկապներ կնվիրեի մարդկանց։
― Չէ, չէիր նվիրի, ― ես նույնիսկ գլուխս տարուբերեցի։ ― Մտքովդ այնգամ չէր անցնի, բալիկս։ Եթե դու այնքան փող ունենայիր, որքան նա, դու կլինեիր իսկական․․․
― Չհամարձակվես ինձ «բալիկ» անվանել։ Գրողը տանի։ Ես քեզ հայր կսազեմ, հիմարի գլուխ։
― Ոչ, չես սազի։ ― Թե ինչպես կատաղեցրեց ինձ՝ չեմ էլ կարող ասել։ Առիթը բաց չի թողնի աչքդ խոթելու, որ ինքը տասնութ տարեկան է, իսկ դու՝ ընդամենը տասնվեց․․․ ― Նախ ես թույլ չէի տա, որ ոտքդ իմ շեմին դնեիր․․․
― Մի խոսքով, չհամարձակվես ինձ․․․
Հանկարծ դուռը բացվեց, ու ներս ընկավ Ստրեյդլեյթերն ինքը։ Նա միշտ վազքի մեջ էր։ Երբեք ժամանակ չուներ, միշտ շտապ գործեր ուներ։ Վազեց ինձ մոտ, թփթփացրեց այտերիս, ― նույնպես բավական տհաճ սովորություն, ― ու հարցնում է․
― Երեկոյան որևէ տե՞ղ ես գնալու։
― Չգիտեմ։ Հնարավոր է։ Իսկ ինչպիսի՞ եղանակ է, ձյո՞ւն է գալիս, ինչ է։
Նա ամբողջապես ձյունաթաթախ էր։
― Այո, ձյուն է գալիս։ Լսիր, եթե տեղ չունես գնալու, քո զամշե բաճկոնը այս երեկո տուր ինձ։
― Իսկ ո՞վ տարավ։
― Դեռ չի վերջացել։ Մենք գնում ենք։ Չէ, իսկապես, կտա՞ս, եթե քեզ հարկավոր չէ։ Ես իմ գորշագույնի վրա ինչ֊որ բան եմ թափել։
― Այո, բայց դու կլայնացնես, քո ուսերը սատանան գիտի թե որքան են լայն, ― ասում եմ։ Ես ու նա նույն հասակն ունեինք, բայց նա ինձնից երկու անգամ ծանր էր կշռում և ուսերն էլ շատ լայն էին։
― Չեմ լայնացնի։ ― Նա վազեց դեպի պահարանը։ ― Գործերդ ո՞նց են, Էկլի, ― ասում է։ Շատ բարեհամբյուր տղա է այդ Ստրեյդլեյթերը։ Իհարկե, ձևացնում է, բայց և այնպես նա միշտ բարևում է Էկլիին։
Իսկ սա միայն ինչ֊որ բան մռթմռթաց, երբ Ստրեյդլեյթերը հարցրեց․ «գործերդ ո՞նց են»։ Էկլին չէր ուզում պատասխանել, բայց, այնուամենայնիվ, ինչ֊որ բան մռթմռթաց, սիրտ չարեց լռության մատնել։ Իսկ ինձ ասում է․
― Դե լավ, ես գնացի։ Դեռ կհանդիպենք։
― Լավ, ― ասում եմ։ Ոչ ոք մտադիր չէր լաց լինել, որ նա վերջապես գնում էր իր սենյակը։
Ստրեյդլեյթերն արդեն հանում էր բաճկոնն ու փողկապը։
― Հարկավոր է սափրվել, ― ասաց նա։ Նրա մորուքը առատորեն աճում էր։ Իսկական մորուք։
― Իսկ ո՞ւր է աղջիկը։
― Սպասում է մյուս թևում, ― ասում է։ Նա վերցրեց սրբիչը, սափրվելու սպասքը ու դուրս եկավ սենյակից։ Հենց այդպես, առանց վերնաշապկի էլ գնաց։ Նա միշտ մինչև գոտկատեղը մերկ էր շրջում, կարծում էր, որ շատ լավ կազմվածք ունի։ Ու դա ճիշտ էր, ոչինչ չես կարող ասել։
4
Անելիք չունեի, դրա համար էլ նրա ետևից գնացի լվացարանի մոտ մի քիչ լեզու ծեծելու, մինչ նա կսափրվեր։ Մեզնից բացի այնտեղ ոչ մի մարդ չկար, տղաները բոլորը ֆուտբոլ էին գնացել։ Դժոխային շոգ էր, բոլոր պատուհանները քրտնել էին։ Պատի երկարությամբ տասը հատ լվացարան էր ամրացված։ Ստրեյդլեյթերը զբաղեցրեց մեջտեղինը, իսկ ես նստեցի կողքինի վրա ու սկսեցի խաղալ ծորակի հետ, մերթ բացելով ու մերթ փակելով այն։ Դա իմ նյարդայնությունից էր։ Ստրեյդլեյթերը սափրվում էր ու միաժամանակ «Հնդկական երգ» սուլում։ Սոսկալի տհաճ էր սուլում նա ու միշտ նոտաները կեղծում էր, և այնպիսի երգեր էր ընտրում, որ լավ սուլողն էր դժվարությամբ գլուխ կհաներ, օրինակ՝ «Հնդկական երգը» կամ «Սպանություն հինգերորդ ավենյուում»։ Նա ուզածդ երգն էլ կաղավաղեր։
Ես արդեն ասել եմ, որ Էկլին մաքրասեր չէր, Ստրեյդլեյթերը նույնպես մաքրասեր չէր, բայց մի տեսակ ուրիշ ձևով։ Արտաքուստ դա աննկատելի էր։ Միշտ էլ հրաշալի տեսք ուներ։ Բայց մի տեսնեիք, թե ինչպիսի ածելիով է սափրվում․ ժանգոտ, մազերն ու չորացած փրփուրը վրան կպած։ Երբեք դա չէր լվանում։ Ու թեև հրաշալի տեսք ուներ, հատկապես իրեն կարգի բերելուց հետո, բայց, միևնույն է, փնթի էր, ես հո նրան գիտեի։ Իսկ զուգվել սիրում էր, որովհետև խելահեղորեն սիրահարված էր իրեն։ Նա գտնում էր, որ իրենից գեղեցիկը չկա։ Իսկապես շատ գեղեցիկ էր։ Բայց նրա գեղեցկությունն այնպիսիսն էր, որ բոլոր ծնողները նրա լուսանկարը տեսնելով դպրոցական ալբոմում, անպայման հարցնում էին․ «Ո՞վ է այս տղան»։ Հասկանո՞ւմ եք, նրա գեղեցկությունը մի տեսակ ալբոմային էր։ Մեզ մոտ՝ Փենսիում, որքան ասես տղաներ կային, որոնք հազար անգամ նրանից գեղեցիկ էին, բայց լուսանկարում այդպես սիրուն չէին երևում։ Մեկի քիթն էր չափից դուրս երկար թվում, մեկի ականջներն էին ցցված։ Ես դա լավ գիտեմ։
Նստել էի Ստրեյդլեյթերի կողքի լվացարանին և բացում ու փակում էի ծորակը։ Իմ կարմիր որսորդական գլխարկը դեռ գլխիս էր, հովարը դեպի ետ դրած։ Չափից դուրս շատ էր դուր գալիս ինձ այդ գլխարկը։
― Լսիր, ― ասաց Ստրեյդլեյթերը, ― կարո՞ղ ես ինձ մեծ ծառայություն մատուցել։
― Ինչպիսի՞, ― հարցրի ես։ Առանձին մի հաճույք զգացի։ Միշտ նա խնդրում է մեծ ծառայություն մատուցել իրեն։ Այդ գեղեցիկ տղաները իրենց աշխարհի պարոն են կարծում ու մշտապես խնդրում են մեծ ծառայություն մատուցել։ Նրանք այնպես են սիրահարված իրենց, որ կարծում են դու էլ ես սիրահարված և ուղղակի երազում ես ծառայություն մատուցել իրենց։ Խենթ են, ճիշտ եմ ասում։
― Երեկոյան որևէ տե՞ղ ես գնալու, ― հարցնում է։
― Կարող է գնամ, կարող է՝ ոչ, ի՞նչ է որ։
― Երկուշաբթի օրվա համար մոտ հարյուր էջ բան պիտի կարդամ պատմությունից, ― ասում է նա, ― իմ փոխարեն չե՞ս գրի անգլերենի շարադրությունս։ Եթե երկուշաբթի չհանձնեմ, կորած եմ, դրա համար էլ խնդրում եմ։ Կգրե՞ս։
Դե ասենք, սա ծաղր չէ՞։ Ազնիվ խոսք, ուղղակի ծաղր է։
― Ինձ դպրոցից վռնդում են գրողի ծոցը, իսկ դու խնդրում ես, որ ես քո փոխարեն ինչ֊որ շարադրություն գրեմ, ― ասում եմ։
― Գիտեմ, գիտեմ, բայց դժբախտությունն էլ հենց այն է, որ իմ բանը վատ կլինի, եթե շարադրությունը չհանձնեմ։ Եղբոր պես, հա՞, Հոլդեն, կգրե՞ս։
Ես անմիջապես չպատասխանեցի, այդպիսի տիպերին օգտակար է անորոշ վիճակի մեջ պահել։
― Ինչի՞ մասին պիտի գրեմ, ― հարցնում եմ։
― Ինչի մասին ուզում ես։ Ամեն ինչ էլ կարող ես գրել։ Նկարագրիր սենյակ, կամ տուն, կամ մի վայր, որտեղ դու ապրել ես։ Ինչ ուզում ես, հասկանո՞ւմ ես։ Միայն թե գեղարվեստական ստացվի, գրողը տանի։ ― Այստեղ նա հորանջեց՝ բերանը լայն բացելով։ Այ, այդպիսի վերաբերմունքից իմ աղիքները ոլորվում են։ Հասկանո՞ւմ եք, քեզ խնդրում է ծառայություն մատուցել, իսկ ինքը հորանջում է։ ― Շատ ջանք չթափես, ― ասում է նա։ ― Այդ գրողի տարած Հարտսելը գտնում է, որ դու անգլերենում շատ ես գնացել, և նա գիտի, որ ես ու դու միասին ենք ապրում։ Այնպես որ շատ ջանք չթափես, ստորակետները, կետադրության մյուս նշանները տեղը տեղին դնել։
Այսպիսի խոսակցությունից փորս կտրտվում է։ Մարդը կարող է լավ շարադրություն գրել, իսկ նրան ստորակետներ դնելու մասին են զգուշացնում։ Ստրեյդլեյթերը հենց այդպես էր հասկանում այդ գործը։ Ջանում է ապացուցել, որ չի կարողանում գրել միմիայն այն պատճառով, որ ստորակետները ճիշտ տեղում չի դնում։ Ճիշտ Էկլիի նման։ Նա էլ է այդպես։ Մի անգամ բաստկետբոլի մրցումներին նստել էի Էկլիի մոտ։ Թիմում մի չտեսնված խաղացող կար՝ Հովի Քոյլը, նա նույնիսկ դաշտի կենտրոնից կարող էր գնդակը ցանցի մեջ գցել, անգամ առանց տախտակին կպչելու։ Իսկ Էկլին ամբողջ խաղի ընթացքում գլուխս տանում էր, թե Քոյլը լավ հասակ ունի բասկետբոլի համար, ու վերջ, հասկանո՞ւմ եք։ Ատում եմ այդպիսի զրախոսությունը։
Վերջապես ձանձրացա լվացարանի վրա նստելուց, ցած թռա ու սկսեցի չեչոտկա պարել, հենց այնպես, ծիծաղելու համար։ Ուզում էի մի քիչ թարմանալ, իսկ չեչոտկա պարել բոլորովին չեմ կարողանում։ Բայց լվացարանում հատակը քարից է, ու շատ հավեսին է ստացվում չեչոտկան։ Ես սկսեցի ընդօրինակել մի կինոարտիստի։ Մի երաժշտական կատակերգության մեջ մեջ էի տեսել։ Սոսկալի ատում եմ կինոն, բայց շատ եմ սիրում կապկել դերասաններին։
Ստրեյդլեյթերը սափրվելիս անընդհատ նայում էր ինձ հայելու մեջ։ Իսկ ինձ էլ հանդիսատես էր պետք։ Ընդհանրապես սիրում եմ ցուցադրվել։
― Ես հենց իր՝ նահանգապետի որդին եմ, ― ասում եմ։ Ու սկսեցի կաշվից դուրս գալ։ Պարում եմ ամբողջ սենյակով մեկ։ ― Հայրս թույլ չի տալիս պարող դառնալ։ Նա ինձ Օքսվորդ է ուղարկում, բայց չեչոտկան իմ երակների մեջ է, արյան մեջ, գրո՜ղը տանի։
Ստրեյդլեյթերը քրքջում էր, համենայն դեպս, նա հումորի զգացում ուներ։
― Այսօր Զիգֆիլդի պրեմիերան է։ ― Արդեն սկսեցի շնչահեղձ լինել, շնչառությունս մի բանի պետք չէ։ ― Հերոսը չի կարող ելույթ ունենալ։ Հարբած է կառապանի պես։ Էլ ո՞ւմ են վերցնելու նրա փոխարեն։ Ի՛նձ, այ թե ում, խեղճ ու աղքատ նահանգապետի որդուս։
― Որտեղի՞ց ես հաջողացրել այդ գլխարկը, ― հարցրեց Ստրեյդլեյթերը․ նա նոր միայն նկատեց իմ որսորդական գլխարկը։
Շունչս կտրվում էր, վերջ տվի հիամարություններին։ Հանեցի գլխարկս ու արդեն հարյուրերորդ անգամ նայեցի վրան։
― Նյու֊Յորքում եմ գնել, մի դոլլար եմ տվել։ Քեզ դո՞ւր է գալիս։
Ստրեյդլեյթերը գլխով արեց։
― Հրաշալի է, ― ասաց նա։ Քծնում էր։ Ու անմիջապես էլ հարցրեց․ ― Լսիր, կգրե՞ս շարադրությունս, թե չէ։ Ես պետք է իմանամ։
― Ժամանակ ունենամ՝ կգրեմ, չեմ ունենա՝ չեմ գրի։
Ես նորից նստեցի նրա կողքի լվացարանին։
― Իսկ ո՞ւմ հետ ես ժամադրված։ Ֆիցջերալդի՞։
― Գրողի ծոցը։ Ես այդ խոզից վաղուց եմ ձեռք քաշել։
― Ի՞նչ ես ասում։ Որ այդպես է, զիջիր ինձ, բարեկամս։ Լրջորեն։ Նա իմ ճաշակովն է։
― Խնդրեմ։ Միայն թե նա քեզ համար մի քիչ պառավ է։
Ու հանկարծ, հենց այնպես, առանց պատճառի, ուզեցի ցած թռչել լվացարանից ու կրկնակի նելսոն անել այդ հիմար Ստրեյդլեյթերին։ Հիմա կբացատրեմ, դա ըմբշամարտի այսպիսի ձև է․ բռնում ես հակառակորդիդ վզից ու մի լավ ջարդում, եթե պետք է։ Ու ես ցատկեցի։ Հովազի նման ոստնեցի նրա վրա։
― Թո՛ղ Հոլդեն, ապո՛ւշ, ― ասաց Ստրեյդլեյթերը։ Նա չէր սիրում, երբ հիմարություններ էին անում։ Մանավանդ որ սափրվում էր։ ― Ուզում ես կոկորդս կտրե՞մ։
Բայց ես նրան բաց չէի թողնում։ Ես նրան լավ հուպ էի տալիս կրկնակի նելսոնով։
― Դե փորձիր, դուրս պրծնել իմ երկաթե ճանկերից։
― Օ՜, գրողը տանի, ― նա ածելին ցած գցեց, հանկարծ ձեռքերը բարձրացրեց ու դուրս պրծավ գրկիցս։ Նա շատ ուժեղ էր, իսկ ես՝ շատ թույլ։ ― Թող կատակներդ, ― ասաց նա։ Սկսեց երկրորդ անգամ սափրվել։ Նա միշտ կրկնակի է սափրվում, գեղեցկանում է։ Իսկ նրա ածելին կեղտոտ է։
― Հապա ո՞ւմ հետ ես հանդիպելու, եթե ոչ Ֆիցջերալդի, ― հարցնում եմ։ ― Փոքրիկ Ֆիլիս Սմիթի, հա՞։
― Ոչ։ նրա հետ պետք է հանդիպեի, բայց ամեն ինչ խառնվեց։ Ինձ սպասելու է Բեդ Թոուի ընկերուհին։ Սպասիր, քիչ էր մնում մոռանայի։ Նա ճանաչում է քեզ։
―Ո՞վ է ճանաչում ինձ։
― Իմ աղջիկը։
― Չէ մի՜, ― ասացի։ ― Իսկ ի՞նչ է անունը։ ― Նույնիսկ հետաքրքրեց ինձ։
― Հիմա կհիշեմ․․․ Հա՛, Ջին Գալլահեր։
Տեր աստվա՜ծ, քիչ էր մնում ուշաթափվեի, երբ լսեցի։
― Ջեյն Գալլահե՜րը, ― ասում եմ։ Ես նույնիսկ լվացարանից ցած թռա, երբ իմացա։ Ազնիվ խոսք, քիչ մնաց ուշաթափվեի։ ― Դե, իհարկե, մենք իրար ծանոթ ենք։ Նախանցյալ ամռանը շատ մոտիկ էր ապրում մեզ։ Նա մի վիթխարի դոբերման֊պինչեր էլ ուներ։ Հենց դրա առիթով էլ ծանոթացել էինք։ Այդ շունը միշտ մեր այգին էր վազում։
― Լույսս փակում ես, Հոլդեն, ― ասում է Ստրեյդլեյթերը։ ― Ետ քաշվիր գրողի ծոցը, ուրիշ տեղ չկա՞, ի՛նչ է։
Օ՜հ, ինչպես էի հուզվում, ազնիվ խոսք։
― Որտե՞ղ է նա, ― հարցնում եմ։ ― Պետք է գնալ նրան բարևել։ Որտե՞ղ է, մյուս թևում, հա՞։
― Ըհը՛։
― Այդ ինչպե՞ս է ինձ հիշել։ Հիմա նա որտե՞ղ է սովորում, Բրին֊Մորեո՞ւմ։ Ասում էր, որ գուցե այնտեղ ընդունվի։ Կամ Շիպլիում։ Ասում էր, որ կարող է և Շիպլի գնա։ Կարծում էի, թե Շիպլիում է սովորում։ Այդ ինչպե՞ս հիշեց ինձ։ ― Իսկապես հուզվում էի, գիտե՞ք։
― Դե ինչ իմանամ, գրողը տանի։ Վեր կաց, լսո՞ւմ ես։ Դու իմ սրբիչի վրա ես նստել։
― Ջեյն Գալլահե՜րը, ― ես ոչ մի կերպ ուշքի չէի գալիս։ ― Ա՛յ, քեզ պատմություն։
Ստրեյդլեյթերը օծեց մազերը։ Իմ բրիոլինով։
― Նա պարում է, ― ասացի ես։ ― Բալետ է պարապում։ Օրական երկու ժամ պարապում է, նույնիսկ ամենաշոգ օրերին։ Վախենում էր, թե ոտքերը կփչանան, կհաստանան և նման բաներ։ Ես նրա հետ միշտ շաշկի էի խաղում։
― Իի՞նչ։
― Շաշկի։
― Թո՛ւհ, սատանա, շաշկի է խաղացե՜լ։
― Այո, Ջեյնը միշտ մոռանում էր դամաները։ Նա շաշկին հասցնում էր դամայի ու մոռանում տեղից շարժել, այդպես էլ թողնում էր վերջին շարքում ու մի այլ քայլ չէր անում։ Նրան պարզապես դուր էր գալիս, որ իր դամաները վերջին շարքում շարված լինեն։
Ստրեյդլեյթերը լուռ էր։ Այդպիսի բաներն ընդհանրապես ոչ֊ոքի չեն հետաքրքրում։
― Նրա մայրը այն նույն ակումբումն էր, որտեղ որ մենք էինք, ― ասացի։ ― Ես տանում էի նրա գոլֆի ձողիկները։ Նա իններորդ փոսիկի մոտ հարյուր յոթանասուն անգամ եղած կլինի։
Ստրեյդլեյթերը գրեթե չէր լսում։ Նա սանրում էր իր շքեղ մազափունջը։
― Հավանաբար պետք է գնալ տեսնել նրան, չէ՞, ― ասացի ես։
― Հապա ինչո՞ւ չես գնում։
― Եվ կգնամ, մի րոպե հետո։
Նա նորից բացեց իր մազաբաժանը։ Առհասարակ մի ամբողջ ժամ սանրում էր։
― Նրա մայրը բաժանվել էր հորից։ Հետո ամուսնացել էր մի ինչ֊որ հարբեցողի հետ, ― ասացի ես։ ― Նիհար, ոնց որ սատանա, մազոտ ոտքերով։ Ես նրան լավ եմ հիշում։ Միշտ վարտիքով էր շրջում։ Ջեյնը պատմում էր, որ նա ինչ֊որ գրող է, սցենարիստ է, թե սատանան գիտի ինչ է, բայց իմ ներկայությամբ միայն խմում էր ձիու պես և ունկնդրում էր ռադիոյով հաղորդվող ամեն տեսակի ապուշ դեդեկտիվներ։ Ու մերկ էր ման գալիս տանը։ Ջեյնի ներկայությամբ, բոլորի ներկայությամբ։
― Ե՞վ, ― ասաց Ստրեյդլեյթերը։ Այստեղ նա հանկարծ աշխուժացավ, երբ ասացի, թե հարբեցողը մերկ վազվզում էր Ջեյնի ներկայությամբ։ Սոսկալի անառակ սրիկա է այդ Ստրեյդլեյթերը։
― Սոսկալի մանկություն է ունեցել աղջիկը։ Լուրջ եմ ասում։
Բայց դա նրան չէր հետաքրքրում։ Նա միայն ամեն տիպի լկտիություններով էր հետաքրքրվում։
― Օ՜, սատանա։ Ջեյն Գալլահե՜րը։ ― Ես ոչ մի կերպ ուշքի չէի գալիս։ Ոչ մի կերպ։ ― Հարկավոր է գոնե գնալ բարևել նրան։
― Հապա ինչո՞ւ չես գնում։ Կանգնել, դուրս ես տալիս։
Մոտեցա պատուհանին։ Բայց ոչինչ չէր երևում, ապակիները ամբողջապես քրտնել էին։
― Հիմա տրամադրություն չունեմ, ― ասում եմ։ Եվ իսկապես, տրամադրություն չունեի։ Իսկ անտրամադիր ոչինչ չպիտի անես։ ― Կարծում էի, թե նա Շիպլի է ընդունվել։ Պատրաստ էի երդվել, որ նա Շիպլիում է սովորում։ ― Ես շրջում էի լվացարանների սենյակում։ ― Նրան դո՞ւր էր գալիս ֆուտբոլը, ― հարցնում եմ։
― Այո, կարծես թե։ Չգիտեմ։
― Նա քեզ չի՞ պատմել, թե մենք ինչպես էինք շաշկի խաղում, ընդհանրապես ոչինչ չի՞ պատմել։
― Չեմ հիշում։ Մենք հենց նոր ենք ծանոթացել, մի՛ կպչիր, ― Ստրեյդլեյթերն արդեն սանրել էր իր փարթամ գանգուրները և հավաքում էր կեղտոտ ածելին։
― Լսիր, բարևիր նրան իմ կողմից, լա՞վ։
― Լավ, ― ասաց Ստրեյդլեյթերը, բայց ես գիտեի, որ նա ոչինչ էլ չի ասի։ Ստրեյդլեյթերի նման տիպերը երբեք չեն հաղորդում բարևը։
Նա գնաց մեր սենյակը, իսկ ես դեռ տնկված էի լվացարանի մոտ։ Հիշում էի Ջեյնին։ Հետո ես էլ գնացի սենյակ։
Ստրեյդլեյթերը հայելու առաջ կանգնած փողկապն էր կապում։ Նա կյանքի կեսը հայելու առաջ էր անցկացնում։ Ես նստեցի իմ բազկաթոռին ու սկսեցի հետևել նրան։
― Է՛յ, ― ասացի, ― դու նրան չասես, որ ինձ վտարել են դպրոցից։
― Չեմ ասի։
Ստրեյդլեյթերը մի լավ գիծ ուներ։ Հարկ չկար ամեն մի մանրուք բացատրել նրան, ինչպես, օրինակ, Էկլիին։ Երևի այն պատճառով, որ Ստրեյդլեյթերը թքած ուներ ամեն ինչի վրա։ Իսկ Էկլին ուրիշ բան էր։ Իր երկար քիթը ամեն տեղ խոթում էր։
Ստրեյդլեյթերը հագավ իմ բաճկոնը։
― Չլայնացնես, լսո՞ւմ ես, ― ասացի։ ― Ես ընդամենը երկու անգամ եմ հագել դա։
― Չեմ լայնացնի։ Ո՞ւր կորան իմ սիգարեթները։
― Է՛ն է, սեղանի վրա են։ ― Նա երբեք չգիտեր ինչը որտեղ է։ ― Շարֆիդ տակ։ ― Սիգարետները խոթեց իմ բաճկոնի գրպանը։
Հանկարծ ես գլխարկս շուռ տվի հովհարը դեպի առաջ։ Մի տեսակ նյարդայնանում էի։ Իմ նյարդերն առհասարակ վատ վիճակում էին։
― Լսիր, իսկ դու ո՞ւր ես գնալու նրա հետ, ― հարցրի ես։ ― Արդեն որոշե՞լ ես։
― Ինքս էլ չգիտեմ։ Եթե ժամանակ եղավ, Նյու֊Յորք կգնանք։ Նա հիմարաբար արձակուրդ է վերցրել միայն ինն անց կեսից։
Ինձ դուր չեկավ նրա արտահայտվելու ձևը։
― Նա արձակուրդ է վերցրել միայն ինն անց կեսից, որովհետև չի տեսել, թե որքան գեղեցիկ ու հմայիչ ես դու, շան որդի։ Եթե տեսած լիներ, կվերցներ առավոտյան ինն անց կեսից։
― Եվ ճիշտ է, ― ասաց Ստրեյդլեյթերը։ Նրան ոչ մի բանով չես կարող վիրավորել։ Չափից դուրս շատ է երևակայում։ ― Հերիք է ցանես։ Գրելո՞ւ ես շարադրությունը թե ոչ։ ― Նա արդեն հագել էր վերարկուն և ուզում էր դուրս գալ։ ― Շատ ջանք չթափես։ Միայն թե գեղարվեստական ստացվի, հասկացա՞ր։ Կգրե՞ս։
Ես նրան չպատասխանեցի։ Տրամադրություն չունեի։ Միայն ասացի․
― Նրան կհարցնես, թե էլի դամաները շարո՞ւմ է վերջին շարքում։
― Լավ, ― ասաց Ստրեյդլեյթերը։ Բայց ես գիտեի, որ չի հարցնելու։ ― Առայժմ։ ― Նա շրխկոցով փակեց դուռն ու գնաց։
Իսկ ես դեռ մի կես ժամ էլ նստեցի։ Ուղղակի նստել էի բազկաթոռին, ոչինչ չէի անում։ Միայն Ջեյնի մասին էի մտածում, մեկ էլ, որ նա ժամադրվել էր Ստրեյդլեյթերի հետ։ Այնպես էի նյարդայնանում, որ քիչ էր մնում խելքս թռցնեի։ Ես արդեն ձեզ ասել եմ, թե նա ինչ լկտին է, սրիկայի մեկը։
Ու հանկարծ Էկլին նորից ցնցուղարանից խուժեց մեր սենյակը։ Այստեղ գտնվելուս ամբողջ ընթացքում ես առաջին անգամ ուրախացա նրա գալու համար։ Ցրեց մտքերս։
Նստել էր ինձ մոտ մինչև ճաշ ու խոսում էր տղաների մասին, որոնց ատում էր, և փորփորում էր ծնոտին բսնած խոշոր պզուկը։ Մատներով, առանց թաշկինակի։ Չգիտեմ, այդ անասունը առհասարակ թաշկինակ ունե՞ր թե չէ։ Երբեք չեմ տեսել։
5
Շաբաթ օրերին մեր ճաշը միշտ նույնն էր լինում։ Դա շքեղ ճաշ էր համարվում, որովհետև բիֆշտեքս էին տալիս։ Գրազ կգամ՝ հազար դոլլարի վրա, որ բիֆշտեքս էին տալիս, որովհետև կիրակի օրերին ծնողները այցելության էին գալիս երեխաներին, և ծերունի Թերմերը, հավանաբար, մտածում էր, թե որևէ մեկի մայրը սիրասուն զավակին կարող է հարցնել՝ ինչ են տվել նրան, երեկ, ու որդին կպատասխանի՝ բիֆշտեքս։ Այդ ամենը խարդախություն էր։ Մի այդ բիֆշտեքսերը տեսնեի՜ք։ Կոշտ էին, ինչպես կոշիկի ներբանը, դանակով չէիր կարող կտրել։ Դրա հետ միշտ կարտոֆիլի պյուրե էին մատուցում գնդիկներով, իսկ որպես քաղցրեղեն՝ «շեկ Բետտի», մրգահյութով պուդինգ, միայն թե դա ոչ մեկը չէր ուտում, բացի առաջին դասարանցիներից և Էկլիի նմաններից, որոնք ամեն ինչին վրա էին պրծնում։
Ճաշից հետո մենք դուրս եկանք փողոց, հիանալի եղանակ էր։ Մի երեք դյույմ արդեն ձյուն էր նստել ու մի կողմից էլ դեռ գալիս էր։ Չտեսնված գեղեցիկ էր։ Սկսեցինք ձնագնդի շինել ու մեկմեկու լավ ծեծել։ Երեխայություն էր իհարկե, բայց բոլորս էլ ուրախացանք։
Ես անելիք չունեի և իմ բարեկամ Բրոսարի հետ, որ ընբշամարտիկների խմբից էր, որոշեցի ավտոբուսով գնալ Էգերթաուն՝ կոտլետ ուտել, գուցեև որևէ ախմախ ֆիլմ նայել։ Չէի ուզում ամբողջ երեկոն մնալ տանը վեր ընկած։ Մելին հարցրի՝ ոչի՞նչ, որ Էկլին էլ մեզ հետ գա։ Որոշեցի Էկլիին կանչել, որովհետև նա նույնիսկ շաբաթ օրերը որևէ տեղ չէր գնում, նստում էր տանն ու պզուկները հուպ տալիս։ Մելն ասաց, դե, իհարկե, ոչինչ, թեև հիացած չէր, նա այնքան էլ չէր սիրում այդ Էկլիին։ Մի խոսքով, մենք գնացինք հագնվելու, ու մինչ կհագնեի կրկնակոշիկներս ու մյուս բաները, ձայն տվի Էկլիին, թե չի՞ ուզում կինո գալ։ Նա իմ ձայնը լսեց ցնցուղարանի կողմից, բայց միանգամից չպատասխանեց։ Նրա նմանները միանգամից չեն պատասխանում։ Վերջապես հայտնվեց նա, ետ քաշեց ցնցուղարանի վարագույրը և, կանգնելով շեմքին, հարցրեց, թե է՞լ ով է գալիս։ Ազնիվ խոսք եմ ասում, եթե նա երբևէ նավաբեկության ենթարկվեր և մի որևէ նավակ մոտենար փրկելու, անպայման հարձուփորձ կաներ, թե այդ նավակն ո՞վ է թիավարում, այլապես չէր նստի նավակ։ Ասացի՝ Մել Բրոսարը։ Իսկ նա թե․
― Ա՜խ, այդ տակա՞նքը․․․ Դե լավ։ Մի րոպե սպասիր ինձ։
Կարծես մեծագույն ծառայություն է մատուցում քեզ։
Նա հինգ ժամ պիտի հագնվեր։ Ես էլ մոտեցա պատուհանին, լայն բաց արի փեղկը ու սկսեցի ձնագնդի շինել։ Ձյունը շատ լավ էր կպչում։ Բայց ես չնետեցի ձնագունդը, թեև մտադիր էի նետել։ Սկզբում ուզեցի խփել մեքենային, որ կանգնած էր ճամփի մյուս եզրին։ Բայց փոշմանեցի՝ մեքենան շատ էր մաքուր ու ճերմակ։ Հետո ցանկացա նետել ջրհանի վրա, բայց դա էլ էր ճերմակ ու մաքուր։ Եվ այդպես էլ ոչ մեկի վրա չնետեցի։ Պատուհանը փակեցի ու սկսեցի ձնագունդը տրորել, որպեսզի ավելի ամրանա։ Երբ Բրոասրի ու Էկլիի հետ ավտոբուս բարձրացա, դեռ ձեռքիս էր։ Ուղեկցողը բացեց դռնակն ու կարգադրեց դուրս նետել ձնագունդը։ Ես ասացի, որ մտադիր չեմ որևէ մեկին խփել, բայց չհավատաց։ Մարդիկ երբեք քեզ չեն հավատում։
Բրոսարն ու Էկլին երկուսն էլ տեսել էին ցուցադրվող ֆիլմը, այնպես որ մենք մեկական կոտլետ կերանք, ավտոմատ֊ռուլետկա խաղացինք և վերադարձանք դպրոց։ Ես չէի ափսոսում, որ կինո չգնացինք։ Մի ինչ֊որ կատակերգություն էր Գերի Գրանտի մասնակցությամբ՝ հավանաբար, ախմախ բան։ Բացի այդ էլ, ես մի անգամ կինո էի գնացել այդ Բրոսարի ու Էկլիի հետ, նրանք երկուսն էլ հռհռում էին նույնիսկ ոչ ծիծաղելի տեղերում։ Ինձ համար նրանց կողքին նստելը նույնիսկ հաճելի չէր։
Ընդամենը իննից քառորդ էր պակաս, երբ վերադարձանք հանրակացարան։ Բրոսարը գժվում էր բրիջ խաղալու համար և գնաց խաղընկեր գտնելու։ Էկլին, իհարկե, խցկվեց ինձ մոտ։ Միայն այս անգամ ոչ թե նստեց Ստրեյդլեյթերի աթոռի բազկակալին, այլ փռվեց իմ մահճակալին, երեսն ուղղակի բարձիս վրա։ Փռվեց ու սկսեց մզմզալ իր միալար ձայնով և միաժամանակ քչփորել երեսի պզուկները։ Մի հարյուր անգամ ակնարկեցի, բայց ոչ մի կերպ չկարողացա գլուխս ազատել։ Նա իր միալար ձայնով երկար֊բարակ պատմում էր ինչ֊որ աղջկա մասին, որի հետ քարշ էր եկել անցյալ ամառ։ Արդեն մի հարյուր անգամ ինձ պատմել էր այդ պատմությունը, ու ամեն անգամ նոր ձևով։ Մեկ նրա հետ իր զարմիկի «բյուիքում» էր գրկախառնվել, մեկ՝ ինչ֊որ շենքի մուտքում։ Կարևորն այն է, որ բոլորը փչոց էր։ Գրազ կգամ, որ նա կյանքում կին չի տեսել, անմիջապես երևում է։ Երևի ոչ մի անգամ մատ էլ չի կպցրել որևէ մեկին, ազնիվ խոսք։ Մի խոսքով, ստիպված եղա բացեիբաց նրան ասել, որ պետք է շարադրություն գրեմ Ստրեյդլեյթերի համար, որ նա քաշվի գնա, թե չէ չեմ կարողանում կենտրոնանալ։ Վերջ ի վերջո գնաց, բայց դե ոչ անմիջապես, շա՜տ տաղտկալին է։ Իսկ ես հագա պիժամաս, խալաթս, դրեցի իմ որսորդական կարմիր գլխարկը և նստեցի շարադրություն գրելու։
Ցավն այն էր, որ չգիտեի, թե որ սենյակի կամ շենքի մասին պիտի գեղարվեստորեն գրեմ, ինչպես հանձնարարել էին Ստրեյդլեյթերին։ Ընդհանրապես շատ էլ չեմ սիրում սենյակներ ու տներ նկարագրել։ Ես էլ վերցրի ու սկսեցի նկարագրել իմ պստլիկ եղբոր՝ Ալլիի, բեյսբոլային ձեռնոցը։ Դա շատ գեղեցիկ ձեռնոց էր, ազնիվ խոսք։ Եղբայրս, Ալլին, ձախ ձեռքի բեյսբոլային ձեռնոց ուներ։ Նա ձախլիկ էր։ Ու գեղեցիկ էր այդ ձեռնոցը, որովհետև եղբայրս նրա վրա բանաստեղծություններ էր գրել և՛ թաթին, և՛ գրպանի վրա, ամեն տեղ։ Կանաչ թանաքով։ Նա գրել էր, որպեսզի ազատ ժամանակ, երբ գնդակը իր կողմը չի գալիս, և դաշտում անելիք չունի, կարողանա կարդալ։ Ալլին մեռավ։ Հիվանդացավ սպիտակարյունությամբ և մեռավ 1946 թվականի հուլիսի 18֊ին, երբ մենք ապրում էինք Մեյնում։ Նա ձեզ դուր կգար։ Ինձնից երկու տարով փոքր էր, բայց հիսուն անգամ ավելի խելացի էր։ Չափից դուրս խելոք էր։ Նրա ուսուցիչները միշտ գրում էին մայրիկիս, թե որքան հաճելի է, որ իրենց դասարանում այդպիսի տղա է սովորում, ինչպիսին Ալլին է։ Ու չէին ստում, իսկապես այդպես էին մտածում։ Բայց նա մեր ընտանիքի ոչ միայն ամենախելոքն էր, այլև ամենալավ մարդը բազմաթիվ առումներով։ Երբեք չէր բարկանում, չէր բորբոքվում։ Ասում են շեկերը պատրաստ են կատաղելու համար, իսկ նա՝ բոլորովին, թեև շատ շիկահեր էր։ Ես սկսել եմ գոլֆ խաղալ տասը տարեկանից։ Հիշում եմ, մի անգամ գարնանը, երբ արդեն տասներկու տարեկան էի, գլորում էի գնդակը ու անընդհատ այնպիսի զգացում ունեի, թե բավական է շուռ գամ, կտեսնեմ Ալիին։ Ու ես շրջվեցի և տեսնեմ, այդպես էլ կա․ ցանկապատի ետևում, այն ցանկապատի, որ շրջափակում էր ամբողջ դաշտը, նա ինձնից մի հարյուր հիսուն յարդի վրա, իր հեծանվին նստած, հետևում էր, թե ինչպես եմ խփում գնդակին։ Այ թե որքան շիկահեր էր նա։ Ու շա՜տ լավն էր, աստված վկա։ Երբեմն սեղանի մոտ նստած մի որևէ բան էր հնարում ու այնպես է հռհռում, որ քիչ էր մնում աթոռից գլորվեր։ Այդ ժամանակ ես տասներեք տարեկան էի, և ծնողներս ուզում էին ինձ տանել հոգեբույժի մոտ, որովհետև ջարդել էի գարաժի բոլոր պատուհանները։ Ես նրանց հասկանում եմ, ազնիվ խոսք։ Այն գիշեր, երբ Ալլին մահացավ, ես գիշերեցի գարաժում և ջարդեցի բոլոր պատուհանները, ուղղակի բռնցքով, չգիտեմ ինչու։ Նույնիսկ մեքենայի ապակիներն էի ուզում ջարդել (այդ ամռանը մենք «պիկապ» ունեինք), բայց ձեռքս արդեն վնասվել էր, էլ չկարողացա։ Հասկանում եմ, որ դա հիմարություն էր, բայց ինքս էլ չէի գիտակցում ինչ եմ անում, հետո, բացի այդ էլ, դուք չգիտեք, թե Ալլին ինչպիսին էր։ Մինչև հիմա էլ ձեռքս ցավում է, հատկապես անձրևային եղանակներին, բռունցքս չեմ կարողանում լավ սեղմել, բայց դա դատարկ բան է։ Միևնույն է, ես մտադիր չեմ վիրաբույժ կամ ջութակահար դառնալ, ոչ էլ նման որևէ բան։
Ահա այդ մասին էլ գրեցի Ստրեյդլեյթերի շարադրության մեջ։ Մեր Ալլիի բեյսբոլյան ձեռնոցի մասին։ Այն պատահմամբ իմ ճամպրուկում էր, վերցրի և արտագրեցի նրա վրայի բոլոր բանաստեղծությունները։ Միայն Ալիի ազգանունը փոխեցի, որպեսզի ոչ ոք չհասկանա, որ նա իմ եղբայրն է, ոչ էլ Ստրյդլեյթերի։ Այնքան էլ չէի ուզում փոխեմ ազգանունը, բայց ուրիշ բան չկարողացա հորինել։ Համ էլ ինձ համար հաճելի էր այդ մասին գրել։ Մի ամբողջ ժամ նստեցի, որովհետև գրում էի Ստրեյդլեյթերի անպետք գրամեքենայով, որն անվերջ տառեր էր կուլ տալիս։ Իսկ իմը ես տվել էի միաջանցքի մյուս ծայրին ապրող մի տիպի։
Վերջացրի տասն անց կեսի մոտերքը։ Բայց առանձնապես շատ չէի հոգնել ու սկսեցի պատուհանից դուրս նայել։ Ձյունը դադարել էր, հեռվից մոտորի ձայն էր լսվում, որը ոչ մի կերպ գործի չէր ընկնում։ Լսվում էր նաև Էկլիի խռմփոցը։ Նա հայմորիտ ուներ և չէր կարողանում քնած ժամանակ կանոնավոր շնչել։ Ամեն ինչ ուներ՝ և՛ հայմորիտ, և՛ պզուկներ, և՛ հոտած ատամներ, բերանից հոտ էր գալիս, եղունգները կոտրտվում էին։ Նույնիսկ խղճում եմ այդ հիմարին։
6
Պատահում է, ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ինչն ինչպես եղավ։ Անընդհատ մտածում եմ, թե Ստրեյդլեյթերը ե՞րբ վերադարձավ Ջեյնի հետ ունեցած տեսակցությունից։ Հասկանո՞ւմ եք, ոչ մի կերպ չեմ կարողանում հիշել, թե ես ինչ էի անում, երբ լսեցի միջանցքից եկող նրա քայլերը՝ բարձր, լկտի։ Հավանաբար, դեռ դուրս էի նայում պատուհանից, բայց ոչ մի կերպ ճիշտ չեմ կարողանում հիշել, թեկուզ սպանես։ Շատ էի հուզվում, դրա համար էլ չեմ կարողանում հիշել, թե ինչպես եղավ։ Իսկ եթե ես հուզվում եմ, դա ձևական չէ։ Նույնիսկ զուգարան եմ ուզում գնալ, երբ հուզվում եմ։ Բայց չեմ գնում։ Հուզվում եմ, դրա համար էլ չեմ գնում։ Ոչ մի կերպ չեմ կարողանում զսպել հուզմունքս ու ոչ մի տեղ էլ չեմ գնում։ Եթե Ստրեյդլեյթերին ճանաչեիք, դուք էլ կհուզվեիք։ Ես այդ սրիկայի հետ երկու անգամ տեսակցության եմ գնացել։ Ես գիտեմ, թե ինչ եմ ասում։ Նա բոլորովին խիղճ չունի, աստված վկա չէ՛։
Իսկ մեր միջանցքում ամբողջապես լինոլեում է քաշած, այնպես որ դեռ հեռվից լսվում էր, թե նա, այդ սրիկան, ինչպես էր մոտենում մեր սենյակին։ Նույնիսկ չեմ հիշում, թե որտեղ էի նստած, երբ նա ներս մտավ։ Իմ բազկաթոռի՞ն, պատուհանի մո՞տ, թե նրա՞ բազկաթոռին։ Ազնիվ խոսք, չեմ կարողանում հիշել։
Նա ներս մտավ ու սկսեց բողոքել ցրտից։ Հետո հարցնում է․
― Այս ո՞ր գրողի ծոցն են կորել բոլորը։ Շունչ կենդանի չկա, ասես թե դիականոց լինի։
Ես տրամադիր չէի նրան պատասխանելու։ Եթե ապուշի մեկն է, չի հասկանում, որ շաբաթ երեկոյան են բոլորը գնացել, կամ քնած են, կամ գնացել են հարազատների մոտ, հանուն ինչի՞ պիտի կաշվիցս դուրս գամ, նրան բացատրեմ։ Նա սկսեց հանվել։ Իսկ Ջեյնի մասին՝ ոչ մի խոսք։ Ոչ մի բառ։ Ես էլ չեմ խոսում։ Միայն նայում եմ նրան։ Ճիշտ է, նա շնորհակալություն հայտնեց բաճկոնիս համար, հանեց ու կախեց պահարանում։
Իսկ երբ փողկապն էր արձակում, հարցրեց՝ գրե՞լ եմ իր այդ հիմար շարադրությունը։ Ասացի այն է, իր սեփական մահճակալի վրա գցած է։ Նա մոտեցավ ու սկսեց կարդալ՝ արձակելով բլուզի կոճակները։ Կանգնել կարդում էր ու շոյում իր մերկ կուրծքը, դեմքին ապուշային մի արտահայտություն։ Նա միշտ շոյում է իր կուրծքը կամ էլ փորը։ Ուղղակի պաշտում է իրեն։
Հանկարծ ասում է․
― Այս ի՞նչ ապուշություն է, Հոլդեն։ Ինչ֊որ ախմախ ձեռնոցի մասին ես գրել։
― Իսկ ի՞նչ կա որ, ― հարցնում ես սառցե ձայնով։
― Ինչպես թե՝ ինչ կա որ։ Չասացի՞, պետք է որևէ սենյակ կամ տուն նկարագրել։
― Դու ասացիր մի որևէ նկարագրություն։ Միևնույն չէ՞ ինչ ես նկարագրում՝ ձեռնո՞ց, թե մեկ ուրիշ բան։
― Է՛հ, գրողը տանի, ― նա լրջորեն զայրացավ, ուղղակի կատաղեց։ ― Ամեն ինչ թարս ես անում, շուռ տված։ ― Այստեղ նա նայեց ինձ։ ― Զարմանալի չէ, որ քեզ վռնդել են, ― ասում է։ ― Երբեք ոչ մի բան մարդավարի չես կարող։ Երբե՛ք։ Հասկացա՞ր։
― Լա՛վ, լա՛վ, տուր թերթը, ― ասում եմ։ Մոտեցա, ձեռքից խլեցի այդ երիցս անիծյալ թերթը ու պատռեցի։
― Գրողը տանի՛, ― ասում է, ― ինչո՞ւ պատռեցիր։
Ես նույնիսկ չպատասխանեցի նրան։ Կտորները զամբյուղը նետեցի, ու վերջ։ Հետո պառկեցի մահճակալին, ու երկուսս էլ երկար ժամանակ լուռ էինք։ Նա հանվեց, մնաց միայն տրուսիկով, իսկ ես, մահճակալին պառկած, կպցրի սիգարետս։ Ննջասենյակում չի թույլատրվում ծխել, բայց ուշ գիշերին, երբ ոմանք քնած են, իսկ ոմանք գնացել են, ոչ ոք չի նկատի, որ ծխի հոտ է գալիս։ Եվ հետո ես ցանկանում էի զայրացնել Ստրեդլեյթերին։ Նա համբերությունից դուրս էր գալիս, երբ խախտում էին կարգը։ Նա ինքը երբեք չէր ծխում ննջասենյակում։ Իսկ ես ծխում էի։
Եվ այդպես էլ նա ոչ մի խոսք չասաց Ջեյնի մասին, ոչինչ։ Այդ ժամանակ ինքս ասացի․
― Շատ ուշ եկար, գրողը տանի, եթե նրան ինն անց կես էին բաց թողել։ Իսկ նա ինչպես, չուշացա՞վ քո պատճառով։ Ժամանակի՞ն վերադարձավ։
Նա նստել էր իր մահճակալի եզրին ու ոտքերի եղունգներն էր կտրատում, երբ խոսում էի։
― Մի քիչ ուշացավ, ― ասում է։ ― Ինքն է մեղավոր, ինչո՞ւ էր ինն անց կեսին խնդրում, այն էլ շաբաթ օրը։
Օ՜, տեր աստված, ինչպե՜ս էի ատում նրան այդ պահին։
― Նյու֊ Յորք գնացի՞ք, ― հարցնում եմ։
― Խելքդ թռցրե՞լ ես։ Ոնց կարող էինք Նյու֊Յորք գնալ, եթե ինն անց կեսին էր թույլտվություն խնդրել։
― Ափսո՜ս, ափսո՜ս, ― ասացի ես։
Նա նայեց ինձ։
― Լսիր, եթե ծխել ես ուզում, գնա զուգարան։ Դու գլուխդ առնելու ես կորչելու ես այստեղից, իսկ ես պիտի մնամ դպրոցում մինչև ավարտելս։
Ես նույնիսկ ուշադրություն չդարձրի նրա վրա, կարծես նա իսկի գոյություն էլ չուներ։ Գժի պես ծխում էի ու վերջ։ Միայն կողքի շուռ եկա ու նայում եմ, թե ինչպես է կտրում իր գարշելի եղունգները։ Այ թե դպրոց է, հա՜, մեկը իր երեսի պզուկներն է քո ներկայությամբ քչփորում, մյուսը ոտքի եղունգներն է կտրատում։
― Դու բարևս հաղորդեցի՞ր նրան։
― Ըհը՛։
Շ՜ատ էլ հաղորդած կլինի այդ տականքը։
― Իսկ նա ի՞նչ ասաց։ Հարցրի՞ր, առաջվա պես բոլոր դամաները վերջին շարքո՞ւմ է հավաքում։
― Չէ։ Ինչ է, քո կարծիքով, ես նրա հետ ամբողջ երեկոյան շաշկի՞ էի խաղում։
Ոչինչ չպատասխանեցի։ Տեր աստվա՜ծ, ինչպես էի ատում նրան։
― Բա որ Նյու֊Յորք չգնացիք, որտե՞ղ էիք ման գալիս, ― հարցրի ես քիչ հետո։ Ուղղակի ջանք էի թափում, որ ձայնս չդողար։ Շա՜տ էի ջղայնանում։ Հավանաբար, սիրտս վատ բան էր նախազգում։
Վերջապես նա ավարտեց եղունգները կտրատելը։ Վեր կացավ տեղից հենց այնպես, միայն տրուսիկով ու հանկարծ սկսեց հիմարություններ անել։ Մոտեցավ ինձ, կռացավ ու հրեց ուսս․ խաղ էր անում սողունը։
― Թո՛ղ ասում եմ, ― բա ո՞ւր էիր կորել, որ Նյու֊Յորք չէիք գնացել։
― Ոչ մի տեղ։ Նստել էինք մեքենայի մեջ ու վերջ։ ― Նա էլի սկսեց հրշմտել ուսս, այդ ապուշը։
― Թո՛ղ, ― ասում եմ։ ― Ո՞ւմ մեքենայում։
― Էդ Բենկիի։
Էդ Բենկին մեր բաստկետբոլի մարզիչն էր։ Ստրեյդլեյթերը նրա սիրելիներից էր, մեր դպրոցական թիմի կենտրոնական հարձակվող էր խաղում, և Էդ Բենկին մեքենան միշտ տրամադրում էր նրան։ Ընդհանրապես աշակերտներին չի թույլատրվում ուսուցիչներից մեքենա վերցնել, բայց այդ անասուն սպորտսմենները միշտ խոսքները մեկ են անում։ Բոլոր դպրոցներում էլ, որտեղ որ սովորել եմ, սպարտսմենները միշտ էլ խոսքները մեկ են անում։
Ու Ստրեյդլեյթերը անվերջ ձևացնում է, թե բռնցքահարում է ստվերին, անընդհատ խփում է, հրում ուսս։ Ատամի խոզանակը ձեռքին էր, նա խոթեց բերանը։
― Ի՞նչ էիք անում իրար հետ։ Լկստվո՞ւմ էիք Էդ Բենկիի մեքենայի մեջ, ― չեք պատկերացնի, թե ձայնս ինչպես էր դողում։
― Ա՛յ֊ ա՛յ֊ ա՛յ, ինչպիսի՜ գարշելի խոսքեր։ Այ, հիմա դրա համար դունչդ մի լավ կտրորեմ օճառով։
― Ի՞նչ էիք անում։
― Դա պրոֆեսիոնալ գաղտնիք է, եղբայրս։
Այնուհետև ինչ֊որ լավ չեմ հիշում։ Գիտեմ միայն, որ վեր թռա անկողնուցս, իբրև թե ինչ֊որ տեղ եմ ուզում գնալ, ու հանկարծ ձեռքս վրա բերեցի ուղղակի ատամի խոզանակին, որ պատռեր նրա ստոր կոկորդը։ Միայն թե չկպա։ Վրիպեցի։ Ուղղակի գլխին հասցրի։ Հավանաբար, ցավ պատճառեցի, բայց ոչ այնպես, ինչպես կցանկանայի։ Ես ավելի ուժգին կարող էի հասցնել, բայց աջ ձեռքով խփեցի, իսկ աջս լավ չի սեղմվում։ Հիշո՞ւմ եք, պատմեցի, թե ինչպես էի ջարդել այդ ձեռքս։
Բայց մեկ էլ հայտնվեցի հատակին, իսկ նա խեցգետնի նման կարմրատակած՝ նստել էր վրաս։ Հասկանո՞ւմ եք, չոքել էր կրծքիս, իսկ նա մի տոննա քաշ ուներ։ Սեղմել էր ձեռքերս, որպեսզի չխփեմ։ Կուզեի սպանել ես այդ ստորին։
― Ի՞նչ է, խենթացե՞լ ես, ― կրկնում էր նա, իսկ այդ ապուշի մռութը գնալով ավելի ու ավելի էր կարմրում։
― Բա՛ց թող տխմա՛ր, ― ասում եմ։ Քիչ էր մնում գոռայի, ազնիվ խոսք։ ― Կորի՛ գնա, շուն շան որդի, լսո՞ւմ ես։
Իսկ նա բաց չի թողնում։ Պինդ բռնել է ձեռքերս։ Ես նրան է՛լ շան լակոտ եմ անվանում, է՛լ ինչ խոսքեր ասես որ չեմ ասում, տասը ժամ շարունակ։ Չեմ հիշում նույնիսկ, թե ինչ եմ ասել։ Ասացի, որ նա երևակայում է, թե ում հետ ուզենա՝ կլինի։ Ասացի, որ նրա համար ոչ մի նշանակություն չունի, թե աղջիկը շաշկին ինչպես է դասավորում, և ընդհանրապես նրա համար ոչ մի բան ոչ մի նշանակություն չունի, որովհետև նա տխմար ու ապուշ է, կրետին։ Նա չէր դիմանում, որ իրեն կրետին էին անվանում։ Բոլոր կրետիններն էլ չեն դիմանում, որ իրենց կրետին են ասում։
― Հապա մի ձայնդ կտրիր, Հոլդեն, ― ասում է նա, ու դեմքը հիմար արտահայտություն է ստանում, կարմրում է։ ― Լսո՞ւմ ես, ինչ եմ ասում, ձայնդ կտրի՜ր։
― Դու նույնիսկ չգիտես, թե ինչ է նրա անունը՝ Ջին թե Ջեյն, դժբախտ կրետին։
― Քեզ ասում են ձայնդ կտրիր, Հոլդեն, գրողը տանի։ ― Այնուամենայնիվ, ես նրան համբերությունից հանեցի։ ― Ձայնդ կտրիր, թե չէ այնպես կհագցնեմ որ․․․
― Հոտած ծնկներդ դենը քաշիր, դմբո՛, ապո՛ւշ։
― Բաց կթողնեմ, միայն ասա, ձայնդ կկտրե՞ս։
Ես չպատասխանեցի։
― Նա նորից ասաց․
― Որ բաց թողնեմ՝ ձայնդ կկտրե՞ս։
― Հա՛։
― Նա իջավ վրայիցս, ես էլ ելա։ Նրա գարշելի ծնկներից ամբողջ կուրծքս ցավում էր։
― Միևնույն է, դու կրետին ես, տհաս ապուշ, շան որդի, ― ասում եմ։
Այստեղ նա արդեն կատաղեց։ Բռունցը բռնել է քթիս տակ այդ կրետինն ու սպառնում է։
― Հոլդեն, վերջին անգամ եմ զգուշացնում, եթե բերանդ չփակես, էնպե՜ս կհագցնեմ․․․
― Իսկ ինչո՞ւ լռեմ որ, ― հարցնում եմ ու արդեն ինքս եմ գոռում նրա վրա։ ― Ցավն էլ հենց դա է, որ դուք, կրետիններդ, մարդավարի խոսել էլ չեք կարող։ Հարյուր մղոնի վրա էլ կրետինը երևում է․ նույնիսկ խոսել չի կարող։
Այստեղ նա թափով շուռ եկավ, ու ես կրկին հայտնվեցի հատակին։ Չեմ հիշում, գիտակցությունս կորցրի թե չէ, կարծում եմ որ չէ։ Մարդուն շատ դժվար է նոկաուտ անել․ դա միայն կինոյում են հեշտությամբ անում։ Բայց քթիցս սոսկալի արյուն էր հոսում։ Երբ աչքերս բացեցի, այդ հիմար Ստրեյդլեյթերը կանգնած էր ուղիղ գլխավերևումս։ Նրա ձեռքին լվացարանային սպասք կար։
― Ես քեզ զգուշացրի, չէ՞, ― ասում է։ Երևում է, շատ էր վախեցել, կարծել էր, թե գլուխս ջարդվել է հատակին շրմփալիս։ Ափսոս, որ չէր ջարդվել։
― Ի՛նքդ ես մեղավոր, գրողը տանի, ― ասում է։ Ո՜ւհ, այ թե վախեցել էր, հա՜։
Իսկ ես տեղիցս չեմ շարժվում։ Հատակին ընկած հայհոյում եմ նրան՝ շա՛ն որդի, տխմա՛ր։ Այնպես կատաղած էի նրա վրա, որ քիչ էր մնում լաց լինեի։
― Լսիր, վեր կաց, գնա լվացվիր, ― ասում է նա։ ― Լսո՞ւմ ես։ ― Իսկ ես ասում եմ, թե թող ինքը գնա լվանա իր գարշելի մռութը, իհարկե, դա երեխայություն էր, հիմարություն էր այդպես ասել, բայց դե շատ էի կատաղած նրա վրա, թող, ասում եմ, ինքդ գնա ու ճանապարհին գրկի միսիս Շմիտին։ Իսկ միսիս Շմիտը մեր դռնապանի կինն էր, յոթանասուն տարեկան մի պառավ։
Ու այդպես էլ մնացի հատակին նստած այնքան ժամանակ, մինչև որ ապուշ Ստրեյդլեյթերը գնաց։ Լսեցի, թե ինչպես էր միջանցքով գնում դեպի լվացարանը։ Այդ ժամանակ վեր կացա։ Ու ոչ մի կերպ չէի կարողանում գտնել երիցս անիծյալ գլխարկս։ Հետո, այնուամենայնիվ, գտա։ Ընկել էր մահճակալի տակ։ Դրի գլխիս, հովարը դեպի ետ (ինձ այդպես ավելի էր դուր գալիս) ու հայելու մեջ նայեցի հիմար կերպարանքիս։ Կայնքումս երբեք այդքան արյուն չեմ տեսել։ Ամբողջ բերանս, ծնոտս կորել էր արյան մեջ, նույնիսկ պիժամաս և խալաթս։ Ե՛վ սարսափելի էր, և՛ հետաքրքրիր։ Մի տեսակ խանձվածքի տեսք ունեի այդ արյան պատճառով։ Ամբողջ կյանքիս մեջ ընդամենը երկու անգամ էի կռվել, երկու անգամն էլ պարտվել էի։ Ես վատ կռվող եմ։ Եվ ընդհանրապես պացիֆիստ եմ, եթե ճիշտն ասենք։
Ինձ թվաց, որ Էկլին քնած չէ և բոլորը լսում է։ Ցնցուղարանով գնացի նրա սենյակը, տեսնեմ ինչ է անում այնտեղ։ Ընդհանրապես ես հազվադեպ էի այցելում նրան։ Նրա սենյակից ինչ֊որ գարշելի հոտ էր փչում, շատ փնթի էր նա։
7
Վարագույրի միջով լույսը թեթևակի թափանցում էր մեր սենյակը, ու ես տեսա, որ նա պառկած է անկողնում։ Բայց հաստատ գիտեի, որ քնած չէ։
― Էկլի, ― ասում եմ, ― քնած չե՞ս։
― Ոչ։
Մութ էր, ոտքիս տակ ինչ֊որ կոշիկ ընկավ ու քիչ մնաց փռվեի։ Էկլին քիչ բարձրացավ տեղից, հենվեց արմունկներին։ Նրա ամբողջ դեմքին ինչ֊որ սպիտակ քսուկ կար պզուկների դեմ։ Մթության մեջ ուրվականի տեսք էր ստացել։
― Այդ ի՞նչ ես անում, ― հարցնում եմ։
― Այսինքն, ինչպե՞ս թե ինչ եմ անում։ Ուզում էի քնել, իսկ դուք այնպիսի աղմուկ եք բարձրացրել, որ, գրողը տանի։ Այդ ինչի՞ համար էիք կռվում։
― Որտե՞ղ է լույսը։ ― Ես ոչ մի կերպ չէի կարողանում գտնել անջատիչը։ Ձեռքերով շոշափում էի դատարկ պատը։
― Իսկ ինչի՞դ է պետք լույսը․․․ Ձեռքդ հենց անջատիչի վրա է։
Ես գտա անջատիչը և միացրի լույսը։ Էկլին ափով ծածկեց աչքերը, որպեսզի լույսից պաշտպանվի։
― Օ՜, սատանա, ― ասաց նա։ ― Այդ ի՞նչ է պատահել, ― նա տեսավ դեմքիս արյունը։
― Մի քիչ գզվրտվել ենք, ― ասացի։ Հետո նստեցի հատակին։ Նրանց սենյակում երբեք աթոռ չէր լինում։ Չգիտեմ ինչ էին անում նրանք աթոռները։
― Լսիր, ուզո՞ւմ ես մի օյին կանաստա խաղանք։
― Գժվե՞լ ես՝ կանաստա՜։ Գիտե՞ս ժամը քանիսն է։
― Դեռ ուշ չէ։ Տասնմեկն է, տասնմեկանց կես։
― Եվ դա քո կարծիքով ուշ չէ՞, ― ասում է Էկլին։ ― Լսիր, վաղը շուտ պետք է վեր կենամ, եկեղեցի եմ գնալու, գրողը տանի։ Իսկ դուք սատանայի պես, գիշերվա կեսին կռիվ֊ղալմաղալ եք գցել։ Գոնե ասա, թե ինչի համար էիք կռվում։
― Երկար պատմություն է։ Կձանձրանաս լսես, Էկլի։ Տեսնո՞ւմ ես, ինչպես եմ մտածում քո մասին։ ― Նրա հետ ես երբեք անձնական գործերիս մասին չէի խոսում։ Նախ նա Ստրեյդլեյթերից էլ հիմար էր։ Ստրեյդլեյթերը նրա համեմատությամբ հանճար էր։ ― Գիտես ինչ, ― ասում եմ, ― կարելի՞ է, այս գիշեր ես Էլի մահճակալին քնեմ։ Նա մինչև վաղը երեկոյան չի վերադառնալու։
― Գիտեի, որ Էլը չի վերադառնալու։ Նա ամեն շաբաթ օր տուն էր գնում։
― Աստված գիտե, թե երբ կվերադառնա, ― ասում է Էկլին։
Թո՛ւհ, զզվացրեց ուղղակի։
― Ինչպե՞ս թե, ― ասում եմ։ ― Դու գիտես չէ՞, որ նա մինչև կիրակի երեկո չի վերադառնում։
― Գիտեմ, բայց ինչպես կարող եմ ասել՝ քնիր, խնդրեմ, նրա մահճակալին։ Մի՞թե կարելի է այդպիսի բան անել։
Սպանեց թողեց։ Ես մեկնեցի ձեռքս, դեռևս հատակին նստած, ու թփթփացրի այդ հիմարի ուսին։
― Դու արքայազն ես, Էկլի, բալիկս, ― ասում եմ։ ― Դու գիտե՞ս այդ բանը, թե ոչ։
― Չէ, իսկապես, ինչպե՞ս կարող եմ ասել՝ քնիր ուրիշի մահճակալին։
― Դու իսկակա՜ն արքայազն ես։ Դու ջենտլմեն ես ու գիտնական, բալիկս, ― ասացի ես։ Իսկ գուցեև նա իսկական գիտնական էր։ ― Պատահմամբ սիգարետ չունե՞ս։ Որ չունենաս՝ կմեռնեմ։
―Ոչինչ չունեմ։ Լսիր, ինչի՞ց սկսվեց կռիվը։ ― Բայց ես նրան չպատասխանեցի։ Միայն վեր կացա ու մոտեցա պատուհանին։ Այնպես տխրեցի հանկարծ։ Կուզեի այդ րոպեին մեռնել, ազնիվ խոսք։
― Ինչի՞ համար սկսեցիք կռվել, ― արդեն որերորդ անգամ հարցնում էր Էկլին։ Նա կարող է մարդու հոգի հանել։
― Քո պատճառով, ― ասում եմ։
― Ի՞նչ ես դուրս տալիս։ Ինձ հետ ի՞նչ գործ ունեք։
― Այո, ես պաշտպանում էի քո պատիվը։ Ստրեյդլեյթերը ասաց, որ դու զզվելի ես։ Ինչպես կարող էի թույլ տալ նման հանդգնություն։
Նա ուղղակի վեր թռավ տեղից։
― Չէ, իսկապես։ Ճի՞շտ ես ասում։ Այդպես էլ ասա՞ց։
Բայց ես բացատրեցի, որ կատակ եմ անում, իսկ հետո պառկեցի Էլի մահճակալին։ Օ՜հ, ինչքան վատ էի զգում։ Տրամադրությունս ուղղակի անտանելի էր։
― Ձեր սենյակից շատ վատ հոտ է գալիս, ― ասում եմ։ ― Այստեղից զգացվում է գուլպաներիդ հոտը։ Լվանալ չե՞ս տալիս, ի՛նչ է։
― Դուր չի՞ գալիս, գնա գիտես որտեղ, ― ասաց Էկլին։ ― Ա՜յ քեզ խելքի տոպրակ։ Գուցե կհանգցնե՞ս լույսը, գրողը տանի։
Բայց ես անմիջապես չհանգցրի։ Պառկել էի ուրիշի մահճակալին ու մտածում էի Ջեյնի մասին, և այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել։ Ուղղակի գժվում էի, երբ պատկերացնում էի նրան Ստրեյդլեյթերի հետ, այդ հաստաքամակ Էդ Բենկիի մեքենայի մեջ։ Հենց որ մտածում եմ այդ մասին, ուզում եմ լուսամուտից ցած նետվել։ Դուք ախր չեք ճանաչում այդ Ստրեյդլեյթերին, ձեր բանը հեշտ է, իսկ ես ճանաչում եմ։ Փենսիի բոլոր տղաները միայն պարծենում էին, թե կապված են աղջիկների հետ, ինչպես Էկլին, օրինակ, իսկ այդ Ստրեյդլեյթերն իսկապես կապված էր։ Ես ինքս ծանոթ էի երկու աղջիկների, որոնց հետ նա քարշ էր գալիս։ Ճիշտ եմ ասում։
― Պատմիր քո կենսագրությունը, Էկլի, բալիկս, հավանաբար դա շատ հետաքրքիր է, ― ասում եմ։
― Դե հանգցրու այդ անտեր լույսը։ Առավոտյան շուտ եկեղեցի եմ գնալու, հասկանո՞ւմ ես։
Վեր կացա, մարեցի լույսը, քանի որ նա այդպես էր ցանկանում, հետո նորից պառկեցի Էլի մահճակալին։
― Դու, ինչ է, մտադիր ես այստե՞ղ քնել, ― հարցրեց Էկլին։ Խոսք չկա, շա՜տ բարեհամբյուր տան տեր է։
― Չգիտեմ։ Գուցե։ Մի՛ հուզվիր։
― Դե ես չեմ հուզվում։ Միայն թե շատ անհարմար կլինի, եթե Էլը հանկարծ վերադառնա, տեսնի իր մահճակալին մարդ է քնած․․․
― Հանգստացիր։ Այստեղ չեմ քնելու։ Մի՛ վախենա, չեմ չարաշահի քո հյուրասիրությունը։
Երկու րոպե անց նա արդեն խռմփացնում էր անզուսպ։ Իսկ ես պառկել էի մթության մեջ ու ջանում էի չմտածել Ջեյնի ու Ստրեյդլեյթերի մասին՝ այդ անիծյալ Էդ Բենկիի ավտոմեքենայում։ Բայց չէի կարողանում չմտածել։ Վատն այն էր, որ ես գիտեի այդ անիծված Ստրեյդլեյթերի մոտեցումը։ Դրանից ավելի վատ էի դառնում։ Մի անգամ մենք երկուսով աղջիկների հետ նստել էինք այդ Բենկիի ավտոմեքենան։ Ստրեյդլեյթերն իր աղջկա հետ նստել էր ետևում, իսկ ես՝ առջևում։ Օ՛հ, այ թե մոտեցում ուներ այդ գրողի տարածը։ Նա սկսեց այն բանից, որ պտտեցրեց իր աղջկա գլուխը մեղմ ու քնքուշ, սոսկալի անկեղծ ձայնով, կարծես ոչ միայն գեղեցիկ, այլև լավ, շիտակ մարդ է ինքը։ Սիրտս քիչ մնաց խառներ, երբ լսեցի, թե ինչպես է խոսում աղջկա հետ։ Աղջիկն անընդհատ ասում էր․ «Չէ՛, չէ՛, պետք չէ․․․ Խնդրում եմ, չէ՛։ Պետք չէ․․․» Բայց Ստրեյդլեյթերը անվերջ համոզում էր նրան։ Նրա ձայնը ասես պրեզիդենտ Լինքոլնի ձայնը լիներ, շատ անկեղծ ու ազնիվ էր հնչում, ու մեկ էլ սոսկալի լռություն տիրեց։ Սարսափելի անհարմար վիճակ էր։ Չգիտեմ, այդ անգամ նրան հաջողվեց, թե չէ։ Բայց ամեն ինչ այդ ուղղությամբ էր արվում։ Անկասկած։
Պառկել ու ջանում էի չմտածել, մեկ էլ լսեցի, որ այդ տխմար Ստրեյդլեյթերը լվացվելուց վերադարձել է մեր սենյակը։ Զգացվում էր, որ նա իր անիծյալ օճառամանն ու ատամների խոզանակմ է տեղավորում, ու բացեց պատուհանը։ Թարմ օդը պաշտում էր։ Հետո հանգցրեց լույսը։ Նույնիսկ չնայեց՝ այնտեղ եմ թե չէ։
Պատուհանից դուրս նույնպես թախծալի էր։ Ոչ մեքենա էր երևում, ոչ մի բան։ Այնպես տխուր ու միայնակ զգացի ինձ, որ որոշեցի արթնացնել Էկլիին։
― Էյ, Է՛կլի, ― ասացի շշուկով, որպեսզի Ստրեյդլեյթերը չլսի։
Բայց Էկլին չլսեց։
― Էյ, Է՛կլի։
Նա դարձյալ չլսեց։ Քնած էր մեռածի պես։
― Էյ, Է՛կլի։
Վերջապես լսեց այս անգամ։
― Հը, ի՞նչ պատահեց։ Հազիվ էր աչքս կպել։
― Լսիր, ինչպե՞ս են վանք գնում, ― հարցնում եմ։ Հանկարծ մտքովս անցավ մենաստան գնալ։ ― Պետք է կաթոլի՞կ լինես, թե ոչ։
― Իհարկե, պետք է։ Խոզի մեկն ես։ Մի՞թե դրա համար կարթնացնեն մարդուն։
― Դե լավ, քնիր։ Միևնույն է, վանք չեմ գնա։ Ես գիտեմ ինձ, բախտս չի բերի և օրինավոր հոգևորականի չեմ հանդիպի։ Հավանաբար այնտեղ հենց միայն կրետիններ են։ Կամ պարզապես տականքներ։
Հենց որ այդ ասացի, Էկլին վեր թռավ տեղից, ասես գլխին եռացրած ջուր էին լցրել։
― Գիտես ի՜նչ, ― ասում է, ― իմ ներկայությամբ ամեն ինչ կարող ես դուրս տալ, բայց որ փորձել ես ձեռ առնել իմ հավատը, գրողը տանի․․․
― Հանգստացիր, ― ասում եմ, ― ոչ ոք քո հավատին ձեռք չի տալիս, գրողը տանի։
Վեր կացա ուրիշի մահճակալից, գնացի դեպի դուռը։ Այլևս չէի ցանկանում մնալ այդ հեղձուցիչ օդում։ Բայց կես ճամփին կանգ առա, բռնեցի Էկլիի ձեռքը և դիտմամբ հանդիսավոր կերպով սեղմեցի։ Նա ձեռքը խլեց։
― Սա ի՞նչ բան է։
― Ոչինչ։ Պարզապես ուզում էի շնորհակալություն հայտնել, որ դու իսկական արքայազն ես, ուրիշ ոչինչ, ― ասացի ես, ու ձայնս այնպես անկեղծ ու ազնիվ էր։ ― Կեցցես դու, Էկլի, բալիկս, ― ասացի, ― գիտե՞ս ի՜նչ տղա ես դու։
― Խելքիդ զոռ տուր, զոռ տուր։ Երբևէ կջարդեն գլուխդ․․․
Բայց ես բանի տեղ չդրի։ Դուռը շրխկացրի ու դուրս եկա միջանցք։
Բոլորը քնել էին, ոմանք էլ կիրակի օրով տուն էին գնացել, և միջանցքում լուռ ու թախծալի էր։
Լեգիփ ու Հոֆման դռան մոտ «Կոլինոս» ատամնամածուկի մի դատարկ տուփ էր ընկած, ու դեպի սանդուղքը գնալիս ես խփում էի դրան կոշիկիս քթով, հագիս տնային մորթե մաշիկներ էին։ Սկզբում մտածեցի գնամ ցած, տեսնեմ ինչպես է ապրում իմ ծերուկը՝ Մել Բրոսարը։ Բայց մեկ էլ միտքս փոխեցի։ Հանկարծ որոշեցի ինչ պետք է անեմ։ Հենց այս րոպեին պետք է գլուխս առնեմ ու գնամ Փենսիից։ Չսպասեմ մինչև չորեքշաբթի, և վերջ։ Սոսկալի չէի ուզում մնալ այստեղ տնկված։ Շատ էի տխուր և միայնակ զգում ինձ։ Ու որոշեցի ահա թե ինչ անել․ համար վերցնել Նյու֊Յորքի որևէ հյուրանոցում, իհարկե, ոչ թանկարժեք հյուրանոցում, ու հանգիստ ապրել այնտեղ մինչև չորեքշաբթի։ Իսկ չորեքշաբթի օրը վերադառնալ տուն․ մինչև չորեքշաբթի կարգին կհանգստանամ, տրամադրությունս էլ կբարձրանա։ Հաշվում էի, որ ծնողներս իմ հեռացման մասին ծերունի Թերմերի նամակը կստանան ոչ շուտ, քան երեքշաբթի կամ չորեքշաբթի։ Չէի ցանկանում տուն վերադառնալ, մինչև նամակն ստանալն ու դրա հետ հաշտվելը։ Չէի ուզում ականատես լինել այդ ամենն առաջին անգամ կարդալուն։ Մայրս անմիջապես հիստերիկայի մեջ էր ընկնելու։ Իսկ հետո, երբ մի քիչ հնանա, արդեն ոչինչ։ Իսկ ինձ հարկավոր էր հանգստանալ։ Նյարդերս սոսկալի լարված էին։ Ազնիվ խոսք, սոսկալի։
Մի խոսքով, այդպես էլ որոշեցի։ Վերադարձա սենյակ, վառեցի լույսը, սկսեցի հավաքել իրերս։ Համարյա ամեն ինչ տեղավորել էի։ Իսկ այդ Ստրեյդլեյթերը իսկի չարթնացավ էլ։ Ծխեցի, հագնվեցի, երկու ճամպրուկներս դասավորեցի։ Երկու րոպեում դասավորեցի։ Ես շատ արագ եմ դասավորում։
Մի բան միայն տրամադրությունս գցեց։ Տեղավորեցի նաև նոր չմուշկներս, որ մայրս նախօրյակին էր ուղարկել։ Տրամադրությունս ընկավ, որովհետև պատկերացրի, թե մայրիկս ինչպես է գնացել սպորտխանութ, վաճառողին միլիոն տարօրինակ հարցեր տվել, իսկ այստեղ ինձ կրկին վտարել են դպրոցից։ Մի տեսակ տխուր էր։ Չմուշկներն էլ այն չի գնել, որն ինձ հարկավոր է, ինձ վազքային է հարկավոր, իսկ նա գնել է հոկեյի, բայց միևնույն է, տրամադրությունս ընկավ։ Միշտ այդպես է ստացվում՝ ինձ նվեր են տալիս, իսկ տրամադրությունս դրանից ընկնում է։
Ամեն ինչ տեղավորեցի, նորից հաշվեցի փողս։ Չեմ հիշում կոնկրետ որքան էր, բայց բավական շատ էր։ Հենց անցյալ շաբաթ էր տատիկս փող փոխանցել ինձ։ Մի տատիկ ունեմ, որ փողը չի խնայում։ Ճիշտ է, խելքն այնքան էլ տեղը չէ․ հարյուր տարեկան է նա և տարին մի չորս անգամ ծննդյանս կապակցությամբ փող է ուղարկում ինձ։ Ու թեև բավականին փող ունեի, այնուամենայնիվ, մտածեցի, որ մի ավելորդ դոլարը փոր չի ծակի։ Գնացի միջանցքի ծայրը, արթնացրի Ֆրեդերիկ Ուդրոֆին, այն տղային, որին փոխարինաբար տվել էի գրամեքենաս։ Հարցրի, թե որքան կտա գրամեքենայիս դիմաց։ Նա հարուստներից էր։ Ասաց՝ չգիտեմ։ Ասաց՝ մտադիր չէ գնել։ Բայց, այնուամենայնիվ, գնեց։ Գրամեքենան արժեր մոտ իննսուն դոլար, իսկ նա գնեց քսանով։ Դեռ բարկացավ էլ, որ արթնացրի իրեն։
Երբ ամեն ինչ պատրաստ էր, վերցրի ճամպրուկներս և ինչ֊որ հարկավոր էր, կանգ առա սանդուղքի մոտ ու հրաժեշտի համար նայեցի մեր միջանցքին։ Կարծեմ՝ լաց եղա։ Ինքս էլ չգիտեմ ինչու։ Հետո որսորդական գլխարկս դրեցի իմ սիրած ձևով՝ հովարը դեպի ետ, ու կոկորդովս մեկ գոռացի․
― Բարի գիշեր, կրետիննե՜ր։
Գրազ կգամ, որ արթնացրի բոլոր այդ պնակալեզներին։ Հետո ցած վազեցի աստիճաններով։ Տխմարի մեկը մի ինչ֊որ ընկույզի կեղև էր գցել ոտքի տակ, ու ես քիչ մնաց կոտրեի վիզս և գրողի ծոցը գնայի։
8
Պարզվեց, որ ուշ է տաքսի կանչելու համար, ու ես ստիպված ոտքով գնացի կայարան։ Կայարանը հեռու չէր, բայց սոսկալի ցուրտ էր ու դժվար էր ձյան վրայով քայլելը, ճամպրուկներն էլ մի կողմից էին զարկվում ոտքերիս, ասես դիտմամբ։ Բայց հաճելի էր օդը։ Վատն այն էր, որ սառը օդից քիթս ու վերին շրթունքս մրմռում էին, Ստրեյդլեյթերը հասցրել էր դնչիս։ Շրթունքս պատռվել էր ատամներիս խփվելուց, դա շատ ցավոտ բան է։ Փոխարենը ականջներս տաք էին։ Գլխարկս ականջակալներ ուներ, և իջեցրել էի դրանք։ Թքած ունեի, թե ինչպիսի տեսք եմ ստացել։ Միևնույն է, շուրջս ոչ ոք չկար։ Բոլորն էլ վաղուց խռմփացնում էին։
Բախտս բերեց, երբ եկա կայարան։ Ընդամենը տասը րոպե սպասեցի գնացքին։ Մինչև գնացքի գալը ձյուն հավաքեցի և շփեցի դեմքս։
Ընդհանրապես սիրում եմ գնացքով տեղ գնալ, հատկապես գիշերը, երբ վագոնում լույս է, իսկ դրսում՝ խավար, և վագոնում սուրճ, սանդվիչներ ու ամսագրեր են բաժանում։ Սովորաբար ես ապուխտով սանդվիչներ և չորս հատ ամսագիր եմ վերցնում։ Երբ գնացքով գնում ես, կարելի է նույնիսկ առանց զզվանքի անենաապուշ պատմվածքները կարդալ։ Դուք գիտեք ինչպիսի։ Քառակուսի ծնոտներով զանազան ցուցադրական Դեվիդների ու ցուցադրական գեղեցկուհի Լինդաների կամ Մարսիաների մասին․ սրանք միշտ վառում են այդ Դեվիդների տխմար ծխամորճները։ Գիշերը վագոնում ես կարող եմ կարդալ նույնիսկ նման աղբը։ Բայց հիմա չէի կարողանում։ Չգիտեմ ինչու, կարդալու տրամադրություն չունեի։ Ուղղակի նստել էի ու ոչինչ չէի անում։ Միայն հանեցի որսորդական գլխարկս ու դրեցի գրպանս։
Մեկ էլ Տրենտոնում մի տիկին բարձրացավ վագոն և նստեց կողքիս։ Վագոնը գրեթե դատարկ էր, ժամը ուշ, իսկ նա միևնույն է, եկավ ու նստեց կողքիս և ոչ թե ազատ նստարանին, որովհետև ես նստել էի առջևում, իսկ նա մի վիթխարի պայուսակ ուներ։ Եվ նա իր այդ պայուսակը ուղղակի անցուղու վրա դրեց, այնպես որ ուղեկցողի կամ ուղևորներից որևէ մեկի ոտքը կարող էր կպչել դրան։ Երևում էր, ինչ֊որ ընդունելությունից կամ պարահանդեսից էր վերադառնում, զգեստի վրա օրխիդեաներ կային։ Նա մոտ քառասուն֊քառասունհինգ տարեկան կլիներ, բայց շատ գեղեցիկ էր։ Կանայք ինձ վրա շշմեցուցիչ տպավորություն են թողնում։ Ազնիվ խոսք։ Չէ, ոչ այն իմաստով, ես կնամոլ չեմ, թեև բավական տպավորվող եմ։ Պարզապես նրանք ինձ դուր են գալիս։ Ու միշտ նրանք իրենց այդ հիմար պայուսակները դնում են անցուղու վրա։
Այդպես նստած էինք, մեկ էլ նա ասաց․
― Ներեցեք, բայց, կարծեմ, այս պիտակը Փենսիի դպրոցինն է։
Նա վերևի ցանցին էր նայում, որտեղ դրված էին իմ ճամպրուկները։
― Այո,― ասում եմ։ Նա իրավացի է, ճամպրուկներիցս մեկի վրա իրոք մնացել էր դպրոցական պիտակը։ Էժանագին բան է։
― Ա՜խ, ուրեմն դուք Փենսիո՞ւմ եք սովորում, ― ասում է նա։ Շատ հաճելի ձայն ունի։ Այդպիսի ձայնը լավ է հնչում հեռախոսով։ Արժե որ հետը փոքրիկ հեռախոս ման ածի։
― Այո, այնտեղ եմ սովորում, ― ասում եմ։
― Որքա ՜ն հաճելի է։ Գուցե ճանաչո՞ւմ եք իմ որդուն։ Էռնեստ Մորոուին։ Նա էլ է Փենսիում սովորում։
― Ճանաչում եմ, մեր դասարանից է։
Նրա որդին այդ գարշելի դպրոցի անենազզվելի սողուններից մեկն էր։ Ցնցուղ ընդունելուց հետո միշտ անցնում էր միջանցքով ու թաց սրբիչով խփում բոլորին։ Այ թե ինչպիսի սողուն էր։
― Ի՜նչ եք ասում, շատ հաճելի է, ― ասաց տիկինը։ Ու այնպե՜ս անմիջական, առանց ձևականությունների։ Շատ բարեհամբյուր տիկին էր։ ― Անպայման կասեմ Էռնեստին, որ հանդիպել եմ ձեզ։ Ի՞նչ է ազգանունդ, բարեկամս։
― Ռուդոլֆ Շմիտ, ― ասում եմ։ Չէի ուզում ողջ կենսագրությունս պատմել նրան։ Իսկ Ռուդոլֆ Շմիտը մեր մասնաշենքի ծերունի դռնապանն էր։
― Ձեզ դո՞ւր է գալիս Փենսին, ― հարցրեց նա։
― Փենսի՞ն։ Ինչպես ասեմ։ Վատ չէ։ Իհարկե, դրախտ չէ, բայց մյուս դպրոցներից վատ չէ։ Բավական բարեխիղճ ուսուցիչներ կան այնտեղ։
― Իմ Էռնեստը ուղղակի պաշտում է դպրոցը։
― Այո, գիտեմ, ― ասում եմ։ Ու սկսում եմ վրա տալ։ ― Նա շատ հեշտությամբ է հարմարվում։ Ուզում եմ ասել՝ կարողանում է լեզու գտնել մարդկանց հետ։
― Իսկապե՞ս, դուք այդպե՞ս եք գտնում, ― հարցրեց նա։ Երևում է, դա շատ էր հետաքրքրում նրան։
― Էռնե՞ստը։ Դե, իհարկե, ― ասացի ես։ Ու նայում եմ, թե ինչպես է հանում ձեռնոցները։ Ա՜յ թե մատանիներ ունի նա։
― Եղունգս ջարդեցի տաքսու մեջ, ― ասում է։ Նայում է ինձ ու ժպտում։ Նա զարմանալիորեն հաճելի ժպիտ ունի։ Շատ հաճելի։ Չէ՞ որ մարդիկ ընդհանրապես չեն ժպտում կամ մի տեսակ գարշելի են ժպտում։
― Ես ու Էռնեստի հայրը հաճախ ենք անհանգստանում նրա համար, ― ասում է։ ― Երբեմն ինձ թվում է, թե նա այնքան էլ չի կարողանում յոլա գնալ մարդկանց հետ։
― Ի՞նչ իմաստով։
― Հասկանո՞ւմ եք, նա շատ նրբազգաց տղա է։ Նա երբեք իսկական ընկերություն չի արել ուրիշ տղաների հետ։ Գուցե ամեն ինչին շատ ավելի լրջորեն է վերաբերվում, քան վայել է նրա տարիքին։
«Նրբազգա՜ց, այ քեզ զարմանք»։ Լվացարանակոնքի կափարիչը շատ ավելի նրբազգաց է, քան Էռնեստը։
Ես նայեցի այդ կնոջը։ Արտաքուստ այնքան էլ հիմարի տպավորություն չէր թողնում, կարելի էր կարծել, որ շատ լավ էլ հասկանում է, թե ինչպիսի սողունն է իր որդին։ Բայց այստեղ ուրիշ խնդիր կա, խոսքս ընդհանրապես մայրերին է վերաբերում։ Բոլոր մայրերն էլ մի փոքր խախտված են։ Եվ այնուամենայնիվ, այդ ստոր Մորոուի մայրն ինձ դուր էր գալիս։ Շատ լավն էր։
― Սիգարետ չէի՞ք կամենա, ― հարցնում եմ։
Նա աչք ածեց ամբողջ վագոնը։
― Իմ կարծիքով, այս վագոնը չծխողների համար է, Ռուդոլֆ, ― ասում է նա։ «Ռուդո՜լֆ», ես կմեռնեմ, ազնիվ խոսք։
― Ոչինչ, կարելի է ծխել, մինչև որ կգոռան մեզ վրա, ― ասում եմ։ Նա մի սիգարետ վերցրեց, ու ես վառեցի նրա սիգարետը։
Նա շատ հաճելի էր ծխում։ Ներս էր քաշում, իհարկե, բայց ոչ ագահաբար, ոչ իր տարիքի ուրիշ կանանց նման։ Նա շատ հմայիչ էր։ Եվ որպես կին՝ նույնպես, եթե անկեղծ խոսենք։
Հանկարծ նա շատ ուշադիր նայեց ինձ։
― Կարծես թե ձեր քթից արյուն է հոսում, բարեկամս, ― ասաց նա հանկարծ։
Ես գլխով արեցի ու հանեցի թաշկինակս։
― Ձնագունդը կպել է քթիս, ― ասում եմ, ― հասկանում եք, սառցակտորով ձնագունդը։
Հավանաբար, ամբողջ ճշմարտությունը կպատմեի նրան, միայն թե դա շատ երկար կտևեր։ Բայց նա ինձ շատ դուր եկավ։ Նույնիսկ ափսոսացի, որ որպես Ռուդոլֆ Շմիտ եմ ներկայացել։
― Այո, ձեր Էռնին մեր դպրոցի սիրելին է, դուք այդ բանը գիտեի՞ք։
― Ոչ, չգիտեի։
Ես գլխով արեցի։
― Մենք միանգամից չճանաչեցինք նրան։ Նա հետաքրքիր տղա է։ Ճիշտ է, տարօրինակություններ ունի, հասկանո՞ւմ եք։ Վերցնենք թեկուզ մեր ծանոթությունը։ Երբ ծանոթացանք, ինձ թվաց, թե նա մի քիչ քիթը ցցում է։ Սկզբում այդպես թվաց։ Բայց նա այդպիսին չէ։ Պարզապես շատ յուրորինակ տղա է, միանգամից դժվար է նրան ճանաչել։
Խեղճ միսիս Մորոուն ոչինչ չէր ասում, բայց մի տեսնեիք նրան։ Ուղղակի մնացել էր սառած։ Մայրերը միշտ էլ այդպես են, միայն թե ասա, որ նրանց որդին հրաշալի տղա է։
Այստեղ ես չափն անցկացրի։
― Նա ձեզ ոչինչ չի՞ ասել ընտրությունների մասին, ― հարցնում եմ։ ― Մեր դասարանային ընտրությունների մասին։
Նա տարուբերեց գլուխը։ Աստված վկա, ես ուղղակի հիպնոսել էի նրան։
― Հասկանո՞ւմ եք, շատերն էին ուզում Էռնիին դասարանի ավագ ընտրել։ Այո, բոլորը միաձայն տվեցին նրա թեկնածությունը։ Հասկանո՞ւմ եք, ոչ ոք նրանից լավ չէր անի այդ գործը, ― ասում եմ։ Օ՜հ, այ թե փչեցի ես։ ― Բայց մեկ ուրիշին ընտրեցինք, գիտեք, Հարրի Ֆենսներին։ Եվ ընտրեցինք միայն այն պատճառով, որ Էռնին թույլ չտվեց իր թեկնածությունը առաջադրել։ Ու բոլորն այն պատճառով, որ նա այդպես համեստ է, ամաչկոտ։ Լավ կլինի, դուք նրան մի քիչ փոխեք, գիտե՞ք, ազնիվ խոսք։ ― Ես նայեցի նրան։ ― Մի՞թե նա ձեզ ոչինչ չի պատմել։
― Չէ, չի պատմել։
Ես գլխով արեցի։
― Դա նման է նրան։ Այո, նրա ամենամեծ թերությունն այդ է, որ չափից ավելի համեստ է, ամաչկոտ։ Ազնիվ խոսք, դուք նրան ասացեք, որ այդքան շատ չամաչի։
Այդ պահին ուղեկցորդը ներս մտավ, որպեսզի ստուգի միսիս Մորոուի տոմսը, ու նա ինձ նշան արեց, որպեսզի լռեմ։ Իսկ ես ուրախ եմ, որ այդ ամենն ասացի։ Ընդհանրապես, իհարկե, այնպիսի տիպերը, ինչպիսին այդ Մորոուն է, որ մարդկանց խփում են թաց սրբիչով և դեռ ուզում են ցավ պատճառել, այդպիսինները ոչ միայն մանկության օրերին են սրիկա, այլև ամբողջ կյանքում։ Բայց գլուխս կտամ, որ իմ այդ զառանցանքներից հետո խեղճ միսիս Մորոուն իր տղային միշտ պատկերացնելու է այդպես համեստ ու ամաչկոտ, որը թույլ չի տվել նույնիսկ իր թեկնածությունն առաջադրել։ Դա միանգամայն հնարավոր է։ Ի՛նչ իմանաս։ Մայրերն այդպիսի հարցերից լավ գլուխ չեն հանում։
― Չէի՞ք կամենա կոկտեյլ խմել, ― հարցնում եմ։ Ես ինքս էլ խմելու ցանկություն ունեցա։ ― Կարելի է գնալ վագոն֊ռեստորան։ Գնա՞նք։
― Բայց, սիրելիս, մի՞թե ձեզ թույլատրվում է կոկտեյլ պատվիրել, ― հարցնում է նա։ Ու բոլորովին էլ ոչ բարձրից։ Նա այնքա՜ն լավն էր, որ երբեք վերևից չէր խոսի։
― Ընդհանրապես չի թույլատրվում, բայց ինձ մատուցում են, որովհետև ես բարձրահասակ եմ, ― ասում եմ։ ― Բացի այդ, մազերս ճերմակել են։ ― Ես թեքեցի գլուխս ու ցույց տվի ճերմակ մազերս։ Նա ուղղակի ապշեց։ ― Իսկապես, ինչո՞ւ չխմենք միասին։ ― Հարցնում եմ։ Ես շատ էի ուզում նրա հետ խմել։
― Չէ, թերևս, չարժի։ Շնորհակալ եմ, բարեկամս, ացելի լավ է չգնանք, ― ասում է։ ― Համ էլ ռեստորանն այս ժամին փակ է լինում, ախր հիմա շատ ուշ է, չգիտե՞ք։
Նա իրավացի է։ Բոլորովին մոռացել էի ժամը քանիսն է։
Այստեղ նա նայեց ինձ և հարցրեց այն, ինչից վախենում էի։
― Էռնեստը գրել էր, որ վերադառնալու է տուն չորեքշաբթի օրը, որ Ծննդյան տոներն սկսվում են միայն չորեքշաբթի։ Հո ձեզ շտապ տուն չե՞ն կանչել, հուսով եմ, տանը հիվանդ չունե՞ք։
Երևում էր, որ նա իսկապես անհանգստանում էր ինձ համար, հենց այնպես հետաքրքրասիրությունից չէր հարցնում, լրջորեն անհանգստանում էր։
― Չէ, տանը բոլորն էլ առողջ են, ― ասում եմ։ ― Պատճառը ես եմ։ Ինձ պետք է վիրահատեն։
― Ախ, ի՜նչ եք ասում։ ― Ես տեսա, որ նա իսկապես ցավում է ինձ համար։ Ինքս էլ ափսոսացի, որ այդպիսի հիմարություններ դուրս տվի, բայց արդեն ուշ էր։
― Ոչի՜նչ, առանձնապես լուրջ բան չէ։ Պարզապես մի փոքրիկ ուռուցք կա ուղեղիս վրա։
― Չի՛ կարող պատահել, ― նա սարսափից ձեռքով փակեց բերանը։
― Դատա՜րկ բան է։ Մակերեսային ուռուցք է։ Ու բոլորովին փոքրիկ։ Երկու րոպեում կհեռացնեն։
Այդ ժամանակ գրպանիցս հանեցի չվացուցակն ու սկսեցի կարդալ, որպեսզի վերջ տամ փչոցին։ Որ սկսում եմ փչել, էլ ժամերով չեմ կարողանում կանգ առնել։ Ուղղակի ժամերով։
Այնուհետև գրեթե էլ չխոսեցինք։ Նա «Վոգ» էր կարդում, իսկ ես պատուհանից նայում էի դուրս։ Նա իջավ Նյու֊Յորքում։ Բաժանվելիս ցանկացավ, որ վիրահատությունս հաջող անցնի և այլն։ Ու ինձ Ռուդոլֆ անվանեց։ Իսկ վերջում հրավիրեց ամռանը գնալ Էռնիի մոտ՝ Գլոստեր, Մասաչուսետս։ Ասաց, որ իրենց տունը ուղղակի ափին է, իսկ այնտեղ թենիսի հրապարակ կա, բայց ես շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ տատիկիս հետ մեկնում եմ Հարավային Ամերիկա։ Ես թունդ փչեցի, որովհետև մեր տատիկը նույնիսկ տնից դուրս չի գալիս, բացի երբեմն առավոտյան աղոթքի գնալուց։ Բայց միևնույն է, ես երբեք չէի գնա այդ սողուն Էռնեստի մոտ, ոչ մի գնով, եթե նույնիսկ գնալու տեղ չունենայի։
9
Փենսիլվանյան կայարանում առաջին հերթին գնացի հեռախոսախցիկ։ Ուզում էի որևէ մեկին զանգահարել։ Ճամպրուկներս դրի հեռախոսախցիկի մոտ, որպեսզի լավ երևան, բայց հենց որ լսափողը վերցրի, տեսա, որ ոչ մեկին չեմ կարող զանգ տալ։ Եղբայրս՝ Դ․ Բ֊ն, Հոլիվուդում էր, Ֆիբին՝ փոքրիկ քույրիկս, ժամը իննին պառկում էր քնելու, նրան հնարավոր չէր զանգ տալ։ Նա չէր բարկանա, որ արթնացնեի, բայց ամբողջ գաղտնիքը նրանում էր, որ հեռախոսին մեկ ուրիշը կմոտենար։ Ծնողներիցս որևէ մեկը։ Ուրեմն՝ չէր կարելի։ Ես ցանկացա զանգահարել Ջեյն Գալլահերի մորը, իմանալ, թե երբ է սկսվում Ջեյնի արձակուրդը, բայց հետո փոշմանեցի։ Բացի այդ էլ, ուշ էր այնտեղ զանգահարելու համար։ Հետո ցանկացա զանգահարել այն աղջկան, որի հետ հաճախ էի հանդիպում՝ Սալլի Հեյսին, գիտեի, որ նրա արձակուրդն արդեն սկսվել է, նա ինձ այսպես կոչված նամակ էր գրել, ծայրից ծայր կեղծ, սոսկալի երկար, հրավիրում էր ճրագալույցին օգնեմ տոնածառը զարդարելուն։ Բայց վախեցա հեռախոսին մոտենա նրա մայրիկը։ Նա ծանոթ էր մայրիկիս, ու պատկերացնում եմ, թե ինչպես կվերցներ հեռախոսն ու գլխապատառ կզանգահարեր մորս, որ ես Նյու֊Յորքում եմ գտնվում։ Բացի այդ էլ, հավես չկար պառավ Հեյսի հետ հեռախոսով խոսելու։ Նա ինչ֊որ մի անգամ Սայլիին ասել էր, թե ես անզուսպ եմ։ Նախ՝ անզուսպ եմ, երկրորդն էլ՝ կյանքում որևէ նպատակ չունեմ։ Հետո ցանկացա զանգել մի տիպի, որի հետ սովորել էի Հուտտոնի դպրոցում՝ Կառլ Լյուսին, բայց նրան շատ չէի սիրում։ Ի վերջո ոչ ոքի էլ չզանգահարեցի։ Մի քսան րոպե հետո դուրս եկա խցիկից, վերցրի ճամպրուկներս ու թունելով գնացի տաքսիների կայան։
Ես այն աստիճան ցրված եմ, որ, սովորության համաձայն, վարորդին տվեցի մեր տան հասցեն։ Բոլորովին դուրս էր թռել գլխիցս, որ երկու օր որոշել էի սպասել հյուրանոցում և չգնալ տուն, մինչև արձակուրդի սկսվելը։ Այդ մասին հիշեցի, երբ արդեն անցել էինք գրեթե ամբողջ զբոսայգին։ Ես նրան ասում եմ․
― Խնդրում եմ ետ դարձեք, ես ձեզ ճիշտ հասցեն չեմ տվել, հարկավոր է ետ գնալ, կենտրոն։
Բայց երևում է խորամանկ վարորդ էր․
― Չեմ կարող, Մաք, այստեղ երթևեկությունը միակողմանի է։ Հիմա պետք է մինչև իննսուներորդ փողոցը հասնեմ։
Չուզեցի վիճել։
― Լավ, ― ասում եմ։ Ու հանկարծ հիշեցի․ ― Ասացեք, դուք տեսե՞լ եք այն բադերը, Կենտրոնական զբոսայգու։ Հարավային մուտքի մոտի լճում։ Այն փոքրիկ լճակում։ Գուցե պատահմամբ գիտե՞ք, թե ուր են չվում այդ բադերը, երբ լիճը ծածկվում է սառույցով։ Գուցե պատահմամբ գիտե՞ք։
Ես, իհարկե հասկանում էի, որ դա զուտ պատահականություն կարող էր լինել։
Նա շուռ եկավ ու նայեց ինձ այնպես, կարծես ես աննորմալ էի։
― Դու ինչ է, եղբայրս, ― ասում է նա, ― ծիծաղո՞ւմ ես ինձ վրա։
― Ոչ, ― ասում եմ, ― պարզապես ինձ հետաքրքրում է դա։
Նա այլևս ոչինչ չասաց, ես՝ նույնպես։ Երբ մենք զբոսայգուց դուրս եկանք և հասանք իննսուներորդ փողոց, նա շրջվեց․
― Դե, եղբայրս, հիմա՞ ուր ենք գնում։
― Հասկանում եք, չեմ ուզում գնալ Իստ֊Սայդ հյուրանոց, այնտեղ կարող են ծանոթներ հանդիպել։ Ես ծպտված եմ ճանապարհորդում, ― ասացի։ Ասում եմ անհամ արտահայտությունները․ «Ծպտվա՜ծ եմ ճանապարհորդում»։ Բայց հիմարների հետ այլ կերպ չես կարող զրուցել։ ― Պատահմամբ չգիտե՞ք ինչ նվագախումբ է նվագում Տաֆտի մոտ կամ «Նյու֊Յորքում»։
― Գաղափար անգամ չունեմ, Մաք։
― Լա՜վ, տարեք ինձ «Էդմոնտ», ― ասում եմ, ― գուցե դուք չե՞ք մերժի ճանապարհին ինձ հետ կոկտեյլ խմել։ Հյուրասիրում եմ։ Ես բավական շատ փող ունեմ։
― Չի կարելի, Մաք։ Ներեցեք։
Այո, ուրախ ուղևոր եմ, խո՜սք չկա։ Անվանի անձնավորությո՜ւն։
Մենք եկանք «Էդմոնտ», և ես համար վերցրի։ Տաքսիում գլխիս դրի իմ որսորդական գլխարկը, հենց այնպես, կատակի համար, բայց նախասրահում հանեցի, որպեսզի ինձ խելառի տեղ չդնեին։ Ծիծաղելի է, ես այն ժամանակ չգիտեի, որ այդ ստոր հյուրանոցը լեփ֊լեցուն է ամեն տիպի խելառներով։
Ինձ սոսկալի մռայլ համար էին տվել, թախիծը ուղղակի համակում էր հոգիս։ Պատուհանից ոչինչ չէր երևում, բացի հյուրանոցի ետևի պատհից։ Բայց ինձ համար միևնույն էր։ Երբ վատ տրամադրության մեջ ես, ի՜նչ նշանակություն ունի, թե պատուհանից ինչ է երևում։ Ինձ համար ուղեկցեց միջանցքի ծառայողը, զառամած մի ծերուկ՝ մոտ յոթանասուն տարեկան։ Նա ավելի տխուր տպավորություն թողեց ինձ վրա, քան համարը։ Լինում են այնպիսի ճաղատներ, որոնք կողքից են սանրում մազերը, որպեսզի ծածկեն ճաղատությունը։ Ես ավելի շուտ ճաղատ ման կգայի, քան այդպես կսանրվեի։ Ընդհանրապես դա ինչ աշխատանք է ծերունու համար՝ տեղափոխե՜լ ուրիշի ճամպրուկները և սպասել թեյավճարի։ Հավանաբար, նա այլևս ուրիշ բանի պետք չէ, այնուամենայնիվ, դա սոսկալի է։
Երբ նա գնաց, սկսեցի պատուհանից դուրս նայել առանց վերարկուս հանելու։ Միևնույն է, անելիք չունեի։ Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե ինչ էր կատարվում դիմացի մասնաշենքում։ Այնտեղ նույնիսկ նեղություն չէին կրել վարագույրներն իջեցնել։ Ես տեսնում էի, թե ինչպես մի տիպ, միայն տրուսիկով, ճերմակահեր, օրինավոր տեսքով մի պարոն այնպիսի բաներ էր անում, որ չեք հավատա, եթե ասեմ։ Նախ ճամպրուկը դրեց մահճակալին։ Հետո այնտեղից կանացի հագուստներ հանեց ու սկսեց հագնվել։ Իսկական կանացի հագուստներ՝ մետաքսե գուլպաներ, բարձրակրունկ կոշիկներ, կրծքակալ և այնպիսի գոտի, որից կախված են լինում ռեզինները։ Հետո նեղ, սև զգեսը հագավ, երեկոյան զգեստ, երդվում եմ աստծո՜վ։ Հետո սկսեց կանացի փոքրիկ քայլերով անցուդարձ անել սենյակում ու սիգարետ ծխել և նայել հայելուն։ Նա մեն֊մենակ էր։ Եթե, իհարկե, լոգարանում որևէ մեկը չկար․ դա արդեն ես չէի տեսնում։ Իսկ նրա վերևի լուսամուտում ես տեսնում էի մի տղամարդու և մի կնոջ, որոնք բերանով ջուր էին ցողում իրար վրա։ Գուցեև ոչ ջուր, այլ՝ կոկտեյլ։ Ես չէի տեսնում նրանց բաժակների մեջ ինչ կա։ Սկզբում տղամարդն էր բերանը լցնում ու փչում ուղիղ կնոջ վրա։ Հետո էլ՝ կինը, հերթով, գրողի ծոցը գնան նրանք։ Միայն տեսնեիք, թե ինչպես էին անում դա։ Չեմ կատակում։ Հյուրանոցը լիքն էր գժերով։ Հավանաբար, ես միակ լուրջ մարդն էի նրանց մեջ, իսկ դա այնքան էլ շատ չէ։ Քիչ էր մնում հեռագիր ուղարկեի Ստրեյդլեյթերին, որ առաջին իսկ գնացքով գար Նյու֊Յորք։ Նա այստեղ արքա կարող էր լինել, այս հյուրանոցում։
Վատն այն է, որ նման գարշանքին նայում ես առանց աչքդ կտրելու, նույնիսկ չուզենալով հանդերձ։ Իսկ այն աղջիկը, որին ամբողջապես ջուր էին արել, նույնիսկ լավիկն էր։ Ահա թե որն է իմ դժբախտությունը։ Հոգուս խորքում ես, հավանաբար, սոսկալի անբարոյական եմ։ Երբեմն նույնիսկ սոսկալի անբարոյականություններ եմ պատկերացնում, ու թերևս ինքս ի վիճակի եմ անելու դրանք, եթե առիթ լինի։ Ինձ երբեմն թվում է, թե դա գուցե հաճելի է, թեև զազրելի է։ Օրինակ՝ ես նույնիսկ հասկանում եմ, որ կարող է և հետաքրքիր լինել, եթե երկուսդ էլ հարբած եք ու բերանով ջուր կամ կոկտեյլ եք ցողում իրար վրա։ Բայց ճիշտն ասաց դա բոլորովին դուր չի գալիս ինձ։ Եթե խոր մտածես, ապա դա ուղղակի գռեհկություն է։ Իմ կարծիքով, եթե աղջիկը քեզ դուր է գալիս, ապա հարկ չկա հիմարություններ անելու, եթե նա քեզ դուր է գալիս, ուրեմն դեմքն էլ է դուր գալիս, դե էլ ինչ հարկ կա անվայելուչ արարքների, նրա դեմքին ջուր կամ չգիտեմ թե էլ ինչ թքելու։ Վատն այն է, որ երբեմն ամեն տեսակ հիմարություններն էլ հաճույք են պատճառում մարդուն։ Աղջիկներն իրենք էլ մի բան չեն, միայն խանգարում են, երբ ջանում ես որևէ հիմարություն թույլ չտալ, որպեսզի չփչացնես մի որևէ իսկական լավ բան։ Ես մի ծանոթ աղջիկ ունեի երկու տարի առաջ։ Նա ինձնից վատն էր։ Օհ, ինչպիսի՜ տականք էր։ Եվ այնուամենայնիվ, երբեմն հետաքրքիր էր նրա հետ, թեկուզև զազրելի։ Ընդհանրապես ես այդ սեքսուալ հարցերից լավ չեմ գլուխ հանում։ Երբեք չես իմանում, թե ինչն ինչոց է։ Ես ինքս ինձ համար վարվեցողության կանոններ եմ մշակում և տեղնուտեղն էլ խախտում։ Անցյալ տարի ինքս ինձ որոշեցի, որ կապ չպետք է ունենամ այնպիսի աղջիկների հետ, որոնցից զզվում եմ։ Ու ինքս էլ խախտեցի որոշումս այդ նույն շաբաթ, ճիշտն ասած հենց նույն երեկոյան։
Ամբողջ երեկոն համբուրվեցի մի սոսկալի ջարդրտվողի հետ, որին Աննա Լուիզա Շերման էին անվանում։ Չէ, ես լավ չեմ հասկանում ամեն տիպի սեքսը։ Ազնիվ խոսք, չեմ հասկանում։
Կանգնել էի պատուհանի մոտ ու մտածում էի՝ ինչպես զանգահարեմ Ջեյնին։ Միջքաղաքայինով զանգեմ ուղիղ քոլեջ, որտեղ նա սովորում է, փոխանակ զանգահարելու մորն ու հարցնելու, թե երբ է սկսվում նրա արձակուրդը։ Իհարկե, չի թույլատրվում ուշ գիշերով զանգահարել ուսանողուհիներին, բայց ես արդեն ամեն ինչ մտածել էի։ Եթե մոտենան հեռախոսին, կասեմ, որ նրա քեռին եմ։ Կասեմ, որ նրա մորաքույրը հենց նոր վթարի է ենթարկվել, մահամերձ վիճակում է, ու ես պետք է անհապաղ խոսեմ Ջեյնի հետ։ Հավանաբար, նրան իմաց կտան։ Չզանգահարեցի միայն այն պատճառով, որ անտրամադիր էի։ Իսկ եթե տրամադրություն չես ունենում, միևնույն է, ոչինչ չի ստացվի։
Հետո նստեցի բազկաթոռին ու ծխեցի բոլոր սիգարետներս։ Ես ինձ շատ վատ էի զգում, խոստովանում եմ։ Ու մեկ էլ մի բան մտածեցի։ Սկսեցի պրպտել դրամապանակս, որոնել մի հասցե, որ տվել էր ինձ Պրինսթոնում սովորող մի տղա․ մենք ամռանն էինք ծանոթացել, մի երեկույթի ժամանակ։ Վերջապես գտա երկտողը։ Բավական ճմրթվել էր դրամապանակիս մեջ, բայց ընթերցել հնարավոր էր։ Դա մի կնոջ հասցե էր, ոչ իսկական պոռնիկի, բայց, ինչպես պրինսթոնցի այդ տղան էր ասում, նա երբեմն և չի մերժում։ Մի անգամ նա այդ աղջկան տարել է Պրինսթոն պարերի, ու քիչ է մնացել այդ պատճառով նրան վտարեն դպրոցից։ Աղջիկը կաբարեում պարում է հանվելով, թե նման մի բան։ Մի խոսքով, վերցրի հեռախոսն ու զանգահարեցի նրան։ Անունը Ֆեյ Կեվենդիչ էր, ապրում էր «Ստենֆորդ» հյուրանոցում, Վաթսունվեցերորդի և Բրոդվեյի անկյունում։ Հավանաբար մի որևէ ետնախորշում։
Սկզբում կարծեցի, թե տանը չէ։ Ոչ ոք չէր պատասխանում։ Հետո վերցրին լսափողը։
― Ալլո, ― ասացի։ Ես թավ ձայնով էի խոսում, որպեսզի չհասկանա քանի տարեկան եմ։ Բայց ձայնս ընդհանրապես բավական ցածր է։
― Ալլո, ― ասաց կանացի ձայնը ոչ այնքան սիրալիր։
― Դա միսս Ֆեյ Կեվենդի՞չն է։
― Այո, ո՞վ է, ― հարցրեց նա։ ― Այդ ո՞վ է գիշերվա կեսին զանգահարում ինձ, գրողը տանի։
Ես մի քիչ վախեցա։
― Այո, ես հասկանում եմ, որ հիմա ուշ է, ― ասացի մեծավարի։ ― Հուսով եմ, դուք ինձ կներեք, բայց ինձ ուղղակի անհրաժեշտ էր ձեզ հետ խոսել։ ― Ու այդ ամենը բարձրաշխահիկ տոնով, ազնիվ խոսք։
― Այդ ո՞վ է ախր, ― հարցնում է նա։
― Դուք ինձ չեք ճանաչում, ես Էդի Բերդսելի ընկերն եմ։ Նա ասաց, որ եթե քաղաք գամ, անպայման ձեզ հանդիպեմ ու միասին կոկտեյլ խմենք։
― Ով ասա՞ց։ Դուք ում ընկերն ե՞ք։ ― Իսկական էգ վագր է, հա՜, աստված վկա։ Նա ուղղակի բղավում էր ինձ վրա հեռախոսով։
― Էդմունդ Բերդսելի, Էդի Բերդսելի, ― կրկնեցի ես։ Լավ չէի հիշում նրան անունը՝ Էդմունդ էր թե Էդվարդ։ Միայն մեկ անգամ էինք հանդիպել մի ապուշ երեկույթում։
― Ես այդպիսի մարդ չեմ ճանաչում, Ջեկ։ Ու եթե ձեր կարծիքով ինձ համար հաճելի է գիշերվա կեսին վեր թռչել․․․
― Էդի Բերդսել, Պրինսթոնից, ― ասացի ես։
Լսում էի, թե նա ինչպես է կրկնում ազգանունը։
― Բերդսել․․․ Բերդսել․․․ Պրինսթոնի քոլեջի՞ց։
― Այո, այո, ― ասացի ես։
― Դո՞ւք էլ եք այնտեղից։
― Մոտավորապես։
― Ըհը․․․ Իսկ ինչպե՞ս է Էդին, ― ասաց նա։ ― Այնուամենայնիվ, այլանդակություն է զանգահարել գիշերվա կեսին։
― Նա՝ ոչինչ։ Խնդրել է ձեզ բարևներ հաղորդել։
― Դե, շնորհակալ եմ։ Դուք էլ իրեն բարևեք, ― ասաց։ ― Նա շատ լավ տղա է։ Ի՞նչ է անում հիմա։ ― Կամաց֊կամաց սիրալիր էր դառնում, գրողը տանի։
― Նույն բանը, ինքներդ էլ հասկանում եք, ― ասացի ես։ Ինչ իմանայի, թե ինչ է անում։ Ես գրեթե անծանոթ էի նրան։ Չգիտեի նույնիսկ՝ սովորո՞ւմ է դեռ Պրինսթոնում, թե չէ։ ― Լսեցեք, ― ասում եմ։ ― Գուցե հանդիպենք հիմա, մի֊մի կոկտեյլ խմենք։
― Դուք պատկերացնո՞ւմ եք ժամը քանիսն է, ― ասաց նա։ ― Եվ թույլ տվեք հարցնել ձեր անունը։ ― Նա հանակարծ սկսեց խոսել անգլիական շեշտադրությամբ։ ― Ինչ֊որ շատ ջահել ձայն ունեք։
― Շնորհակալություն կոմպլիմենտի համար, ― ասում եմ ամենաբարձրաշխարհիկ տոնով։ ― Իմ անունը Հոլդեն Քոլֆիլդ է։ ― Հարկավոր էր ուրիշ անուն մտածել, բայց ես անմիջապես գլխի չընկա։
― Գիտեք ինչ, միստր Քոֆլ, ես սովոր չեմ գիշերները տեսակցության գնալու։ Չէ՞ որ աշխատում եմ։
― Վաղը կիրակի է։
― Միևնույն է, ես պետք է լավ քնեմ։ Ինքներդ էլ հասկանում եք։
― Իսկ ես կարծում էի, մենք միասին գոնե մի կոկտեյլ կխմեինք։ Եվ հիմա այնքան ուշ չէ։
― Դուք շատ սիրալիր եք, իսկապես, ― ասում է նա։ ― Որտեղի՞ց եք խոսում։ Որտե՞ղ եք հիմա։
― Ե՞ս։ Ես ավտոմատից։
― Ախ այդպե՜ս։ ― Հետո երկար լռեց։ ― Գիտեք ինչ, ես շատ ուրախ կլինեմ ձեզ հետ հանդիպել, միստր Քոֆլ։ Ձայնից երևում է, որ դուք շատ լավ մարդ եք։ Զարմանալի հաճելի ձայն ունեք։ Բայց հիմա, այնուամենայնիվ, ուշ է։
― Ես կարող եմ գալ ձեզ մոտ։
― Մեկ ուրիշ ժամանակ կասեի՝ հիանալի է։ Բայց հարևանուհիս հիվանդացել է։ Նա ամբողջ երեկոյան պառկած է եղել ու չի կարողացել քնել։ Հենց միայն նոր փակեց աչքերը, քնած է։ Հասկանո՞ւմ եք։
― Այո, դա վատ է։
― Որտե՞ղ եք իջևանել։ Գուցե վա՞ղը հանդիպենք։
― Չէ, վաղը չեմ կարող։ Միայն այսօր եմ ազատ։
Ա՜յ թե հիմարն եմ, այդպես չպետք է ասեի։
― Ինչ արած, շատ ափսոս։
― Ձեր ողջյունը կհաղորդեմ Էդիին։
― Իսկապես կհաղորդե՞ք։ Հուսով եմ, ուրախ ժամանակ կանցկացնեք Նյու֊Յորքում։ Հրաշալի քաղաք է։
― Դա ես գիտեմ։ Շնորհակալություն։ Բարի գիշեր, ― ասացի ու կախեցի լսափողը։
Հիմա՛ր։ Ինքդ ամեն բան փչացրիր։ Հարկավոր էր գոնե վաղվա համար պայմանավորվել, կոկտեյլ խմելու հրավիրել կամ նման մի բան։
10
Դեռ բավական շուտ էր։ Չեմ կարող որոշակի ասել, թե ժամը քանիսն էր, բայց այնքան էլ ուշ չէր։ Ամենից շատ չեմ սիրում պառկել քնելու, երբ բոլորովին չեմ հոգնել։ Բացեցի ճամպրուկս, մաքուր վերնաշապիկ վերցրի, գնացի լոգարան, լվացվեցի ու փոխեցի հագուստս։ Մտածեցի՝ գնամ տեսնեմ ինչ է կատարվում նրանց «Յասամանագույն դահլիճում»։ Հյուրանոցին կից գիշերային ակումբ կար, որ կոչվում էր «Յասամանագույն դահլիճ»։
Հագնվելու ընթացքում մտածում էի՝ չփորձե՞մ զանգահարել քրոջս՝ Ֆիբիին։ Շատ էի ուզում նրա հետ խոսել։ Նա ամեն ինչ հասկանում էր։ Բայց չէր կարելի ռիսկ անել և զանգահարել տուն, այնուամենայնիվ, նա փոքրիկ էր ու, հավանաբար արդեն քնած էր, չէր մոտենա հեռախոսին։ Իհարկե, կարելի էր լսափողը դնել, եթե ծնողներս մոտենային, բայց, միևնույն է, ոչինչ չէր ստացվի։ Նրանք կճանաչեին, որ ես եմ։ Մայրիկս միշտ գլխի է ընկնում։ Զգացողությունն ուժեղ է։ Բայց չափից դուրս շատ էի ուզում խոսել մեր Ֆիբիի հետ։
Եթե միայն տեսնեիք նրան։ Այդքան լավիկն ու խելացին հավանաբար, տեսած չեք լինի։ Շատ խելոքն է, ճիշտ եմ ասում։ Հասկանում եք, ինչ ընդունվել է դպրոց, միայն գերազանց գնահատականներ է ստացել, երբեք երկուսներ չի ստացել։ Ճիշտն ասած, մեր ընտանիքում միայն ես եմ այսպես բութ։ Ավագ եդբայրս՝ Դ․ Բ.֊ն, գրող է, իսկ մյուս եղբայրս՝ Ալլին, որ մեռավ, ուղղակի կախարդ էր։ Միայն ես եմ այսպես բութ։ Իսկ դուք Ֆիբիին տեսնեիք։ Նրա մազերը գրեթե Ալլիի մազերի գույնին են՝ շեկ, ամռանը շատ կարճ է կտրում։ Ամռանը նա հավաքում է ականջների ետևը։ Իսկ ականջները փոքրիկ են, սիրունիկ։ Ձմռանը արձակում է, երբեմն մայրիկը հյուսում է, երբեմն՝ ոչ, ամեն ձևի էլ գեղեցիկ է։ Նա ընդամենը տասը տարեկան է։ Ինձ պես նիհարիկ է, բայց գեղեցիկ կազմվածքով, նիհարությունը հենց հարմար է չմշկասահքին։ Մի անգամ պատուհանից նայում էի, թե նա ինչպես է փողոցից անցնում զբոսայգի, ու մտածեցի, որ շատ հարմար է չմշկասահքի համար՝ նիհարիկ ու թեթև։ Ձեզ շատ դուր կգա նա։ Հասկանո՞ւմ եք, ինչ որ ասես, անմիջապես հասկանում է խոսքն ինչին է վերաբերում։ Նրան նույնիսկ ուր ասես կարող ես տանել հետդ։ Օրինակ՝ տանես անհաջող ֆիլմ նայելու, անմիջապես հասկանում է, որ թույլ նկար է, լավ ֆիլմ տանես, անմիջապես հասկանում է, որ լավն է։ Ես ու Դ․ Բ֊ն մի անգամ նրան տարանք ֆրանսիական այդ նկարը նայելու՝ «Հացթուխի կինը»։ Ռեյմսն է խաղում այնտեղ։ Ֆիբին ուղղակի գժվեց։ Բայց նրա սիրած ֆիլմը «Երեսունինը աստիճանն» է, Ռոբերտ Դոնատի խաղով հանդերձ։ Նա այդ ամբողջ նկարը գրեթե անգիր գիտի։ Մենք միասին մի տասն անգամ նայել ենք։ Օրինակ՝ երբ այդ Ռոբերտը ոստիկաններից թաքնվում է շոտլանդական ֆերմայում, Ֆիբին այդ շոտլանդացու հետ միաժամանակ բարձրաձայն ասում է․ «Դուք սելյոդկա՞ եք ուտում»։ Ամբողջ երկխոսությունն անգիր գիտի։ Իսկ երբ այդ պրոֆեսորը, որն իրականում գերմանական լրտես է, բարձրացնում է ճկույթը, որի մի հոդը չկա, ու ցույց տալիս Ռոբերտ Դոնատին, մեր Ֆիբին նրանից շուտ է իր ճկույթը մթության մեջ խփում դեմքիս։ Չէ, նա լավն է։ Ձեզ անպայման դուր կգա։ Ճիշտ է, նա մի քիչ շատ է կպչուն։ Ամեն ինչ չափից խորն է ապրում, ոչ մանկականորեն։ Դա ճիշտ է։ Եվ հետո ամբողջ ժամանակ գրքեր է գրում։ Միայն թե երբեք դրանք չի ավարտում։ Ամեն ինչ մի աղջկա մասին է գրում՝ Գիզելա Ուզերֆիլդի մասին։ Միայն թե մեր Ֆիբին գրում է՝ «Կիսելա»։ Այդ Կիսելա Ուզերֆիլդը խուզարկու աղջիկ է։ Նա կարծես թե որբ է, բայց հետո հայրը գտնում է նրան։ Իսկ նրա հայրը «բարձրահասկ, հրապուրիչ ջենտլմեն է, քսան տարեկան»։ Գժվել կարելի է։ Այո, մեր Ֆիբի՛ն։ Ազնիվ խոսք, նա անպայման ձեզ դուր կգա։ Նա նույնիսկ շատ պստլիկ ժամանակ էլ խելացի էր։ Երբ նա շատ֊շատ փոքրիկ էր, ես ու Ալլին նրան տանում էինք զբոսայգի, հատկապես կիրակի օրերին։ Իսկ Ալլին առագաստանավակ ուներ, նա սիրում էր կիրակի օրերին այն բաց թողնել, ու մենք միշտ մեր փոքրիկ Ֆիբիին տանում էինք մեզ հետ։ Նա ճերմակ ձեռնոցներ էր հագնում ու քայլում մեր մեջտեղով, ինչպես իսկական լեդի։ Երբ ես ու Ալլին որևէ բանի մասին խոսում էինք, նա ականջ էր դնում։ Երբեմն մոռանում էինք նրա գոյությունը, համենայն դեպս, շատ փոքրիկ էր, բայց նա անպայման հիշեցնում էր իր մասին։ Միշտ միջամտում էր։ Կհրեր ինձ կամ Ալլիին ու կհարցներ․ «Իսկ ո՞վ, ո՞վ ասաց, Բոբի՞ն, թե՞ աղջիկը»։ Ու մենք նրան պատասխանում էինք, թե ով ասաց, և նա ասում էր՝ «Աաա՜» ու կրկին ականջ դնում մեծի պես։ Ալլին էլ էր նրա համար գժվում։ Ուզում եմ ասել, որ նա էլ էր շատ սիրում Ֆիբիին։ Հիմա Ֆիբին արդեն տասը տարեկան է, այնքան էլ փոքր չէ, բայց միևնույն է, բոլորն էլ գժվում են նրա համար, ով հասկանում է, իհարկե։
Համենայն դեպս ես շատ էի ուզում նրա հետ հեռախոսով խոսել։ Բայց վախենում էի, թե ծնողներս կմոտենան ու գլխի կընկնեն, որ ես Նյու֊Յորքում եմ, և որ ինձ վտարել են դպրոցից։ Այնպես որ, երբ նոր վերնաշապիկ հագա, իջա հոլլ՝ տեսնեմ ինչ է կատարվում այնտեղ։
Բայց այնտեղ գրեթե մարդ չկար, բացի ինչ֊որ սուտենյորներից և պոռնկատիպ շիկահեր աղջիկներից։ «Յասամանագույն դահլիճից» երաժշտության ձայն էր գալիս, և ես գնացի այնտեղ։ Ու թեև այնտեղ դատարկ էր, ինձ մի անպետք սեղան առաջարկեցին, հեռու մի անկյունում։ Հարկավոր էր մատուցողի ձեռքը մի դոլար խոթել։ Նյու֊Յորքում փողով ամեն ինչ էլ կարելի է, ես դա հաստատ գիտեմ։
Բադի Սինգերի նվագախումբը գարշելի էր։ Սոսկալի աղմկոտ, ոչ լավ իմաստով աղմկոտ, ուղղակի անտանելի։ Եվ դահլիճում իմ հասակակիցները քիչ էին։ Ճիշտն ասած, բոլորովին չկային․ այնտեղ միայն պճնված ծերուկներ էին իրենց դամաների հետ։ Միայն հարևան սեղանի մոտ նստածներն էին բոլորովին այլ տիպի այցելուներ։ Հարևան սեղանի մոտ նստած էին երեսունին մոտ երեք աղջիկներ։ Երեքն էլ տգեղ էին ու նրանց գլխարկներից երևում էր, որ եկվորներ են։ Բայց շիկահերը այնքան էլ տգեղ չէր։ Նրա մեջ ինչ֊որ հետաքրքիր բան կար։ Հենց որ սկսեցի նրան զննել, մատուցողը եկավ։ Ես պատվիրեցի սոդայով վիսկի, բայց խնդրեցի չբացել․ արագ էի խոսում, թե չէ երբ ծամծմում ես, կարծում են, անչափահաս ես ու այդպիսի դեպքում ոգելիչ խմիչքներ չեն տալիս։ Եվ այնուամենայնիվ, նա սկսեց կպչել․
― Ներեցեք, սըր, ― ասում է, ― բայց ձեզ մոտ որևէ հավաստագիր չկա՞ ձեր չափահասությունը հաստատող։ Գուցե վարորդական գրքույկը ձեզ մո՞տ լինի։
Ես սառցե հայացքով նայեցի նրան, կարծես մահացու կերպով վիրավորել էր ինձ, ու ասացի․
― Մի՞թե ես նման եմ անչափահասի։
― Ներեցեք, սըր, բայց մեզ կարգադրված է․․․
― Լավ, լավ, ― ասում եմ ու մտածում՝ «գրողի ծոցը»։― Կոկա֊կոլա տվեք։
Նա արդեն գնում էր, բայց ես կանչեցի․
― Դուք չե՞ք կարող մի երկու կաթիլ ռոմ ավելացնել, ― ես նրան խնդրեցի շատ սիրալիր, քաղաքավարությամբ։ ― Ինչպե՞ս կարող եմ այսպիսի տեղում նստել սթափ։ Դուք չե՞ք կարող մի երկու կաթիլ ռոմ ավելացնել։
― Ներեցեք, սըր, ոչ մի կերպ, ― և գնաց։ Բայց նա մեղավոր չէ։ Նա կարող է զրկվել իր տեղից, եթե ոգելից խմիչք տա անչափահասին։ Իսկ ես, դժբախտաբար, անչափահաս եմ։
Ես էլի սկսեցի նայել հարևան սեղանի այդ վհուկներին։ Ավելի շատ՝ շիկահերին։ Այն երկուսը սոսկալի այլանդակ էին, ինչպես մահացու մեղք։ Բայց ես հիմարի պես աչքս չէի տնկել։ Ընդհակառակը, նրանց նայում էի անտարբեր հայացքով։ Եվ ձեր կարծիքով ի՞նչ արեցին նրանք։ Սկսեցին ապուշների պես հռհռալ։ Հավանաբար մտածում էին, որ ես չափից դուրս ջահել եմ աչք տնկելու համար։ Ես սոսկալի վրդովվեցի, կարծես ուզում եմ ամուսնանա՜լ նրանց հետ։ Հարկավոր էր արհամարհել, բայց շատ էի ուզում պարել։ Երբեմն ուղղակի շատ եմ ուզում պարել ու հիմա էլ էի ուզում։ Ես թեքվեցի նրանց կողմն ու ասում եմ․
― Աղջիկներ, չե՞ք ուզում պարել։ ― Քաղաքավարությամբ հարցրի, շատ բարձրաշխարհիկ տոնով։ Իսկ նրանք հիմարի պես իրար անցան ու կրկին սկսեցին հռհռալ։ Ազնիվ խոսք, իսկական տխմարներ։ ― Գնանք պարենք, ― ասում եմ։ ― Եկեք հերթով։ Հը՞։ Գնա՞նք։ ― Չափից դուրս շատ էի ուզում պարել։
Վերջապես շիկահերը ոտքի ելավ, հավանաբար, հասկացավ, որ գլխավորապես իրեն եմ դիմում։ Մենք դուրս եկանք պարահրապարակ, իսկ այն երկու խրտվիլակները դեռ հռհռում էին հիստերիկայի մեջ։ Այդպիսիների հետ դարդից կարող ես գլուխ դնել։
Բայց խնդրելս արժեր։ Այդ ինչպե՜ս էր պարում շիկահերը։ Կյանքումս ավելի լավ պարող չեմ տեսել։ Գիտեք, երբեմն արտաքուստ հիմարի մեկն է, բայց պարում է ինչպես աստված։ Բայց պատահում է նաև, որ խելացի աղջիկը կամ անվերջ ինքն է ձեզ ուղղություն տալիս, կամ էլ այնպես վատ է պարում, որ գերադասում ես սեղանի մոտ նստած մնալ ու խմել։
― Դուք հրաշալի եք պարում, ― ասում եմ շիկահերին։ ― Ձեզ անհրաժեշտ է դառնալ պրոֆեսիոնալ պարուհի։ Ազնիվ խոսք։ Մի անգամ ես պարել եմ պրոֆեսիոնալի հետ, բայց դուք հարյուր անգամ նրանից լավ եք պարում։ Լսե՞լ եք Մարկոյի և Միրանդուի մասին։
― Ի՞նչ, ― նա նույնիսկ չէր լսում ինձ։ Ամբողջ ժամանակ շուրջն էր նայում։
― Ասում եմ դուք լսած կա՞ք Մարկոյի և Միրանդուի մասին։
― Չգիտեմ։ Չէ, չեմ լսել։
― Դրանք պարողներ են։ Աղջիկը պարուհի է։ Այնքան էլ լավը չէ։ Այսինքն՝ ինչ որ հարկավոր է, նա անում է, բայց ոչ շատ հաջող։ Գիտե՞ք, ինչպես ես զգում, երբ քո դաման լավ է պարում։
― Ի՞նչ եք ասում, ― նորից հարցրեց նա։ Բոլորովին չէր լսում, ուշադրություն չէր դարձնում ինձ վրա։
― Ասում եմ, գիտե՞ք ինչպես են զգում, երբ դաման շատ լավ է պարում։
― Ըհը՛․․․
― Տեսնո՞ւմ եք, ձեռքս ձեր մեջքին է, չէ՞։ Դե ուրեմն եթե մոռանում ես ինչ է ձեռքիդ տակ և որտեղ են դամայիդ ոտքերը, ձեռքերը և ընդհանրապես ամեն ինչ, նշանակում է նա հրաշալի է պարում։
Նա իսկի չէր էլ լսում, թե ինչ եմ ասում։ Որոշեցի էլ չխոսել։ Միայն պարում էինք, ուրիշ ոչինչ։ Օ՛հ, ինչպե՜ս էր պարում այդ ապուշը։ Բադի Սինգերն ու իր անպետք նվագախումբը նվագում էին «Աշխարհում միայն մի բան կա․․․» ― և նույնիսկ նրա՛նք չէին կարողանում փչացնել այդ երգը։ Հրաշալի երգ է։ Ես պարում էի հենց այնպես, առանց ֆոկուսների, ― ատում եմ, երբ պարի ժամանակ հազար ու մի ֆոկուսներ են ցուցադրում, ― բայց լավ պտտեցրի այդ շիկահերին, ու նա հրաշալի ենթարկվում էր։ Ես էլ հիմարի պես կարծում էի, թե նրա համար էլ է հաճելի պարելը, մեկ էլ նա սկսեց ինչ֊որ հիմար֊հիմար դուրս տալ։
― Գիտեք, երեկ երեկոյան, մենք ընկերուհիներով տեսանք Պիտեր Լորեին, ― ասում է, ― կինոդերասանին։ Կյանքում։ Թերթ էր գնում։ Այնպես լա՜վն էր։
― Ձեր բախտը բերել է, ― ասում եմ։ ― Լա՜վ է բերել, հասկանո՞ւմ եք։ ― Իսկակակն ապուշ է։ Բայց ինչպե՜ս է պարում։ Ես չդիմացա ու համբուրեցի նրա գլուխը, այդ հիմարի, ուղղակի մազաբաժանը։ Իսկ նա նեղացավ։
― Դա՞ ինչ բան է։
― Ոչինչ։ Հենց այնպես։ Դուք շատ լավ եք պարում, ― ասացի։ ― Ես մի քույր ունեմ, չորրորդ դասարանում է սատանան։ Դուք նրանից վատ չեք պարում, իսկ նա այնպե՜ս է պարում, չտեսնված, գրողը տանի։
― Կարգին խոսեք, խնդրեմ։
Գլխիս լեդի՜ է դարձել, թագուհի՜ է, գրողը տանի։
― Դուք որտեղի՞ց եք եկել, ― հարցնում եմ։ Չի պատասխանում։ Չորս կողմն է աչք ածում։ Երևում է, սպասում է, թե կհայտնվի ինքը՝ Պիտեր Լորեն։
― Որտեղից՞ եք եկել, ― կրկնում եմ։
― Ի՞նչ։
― Դուք բոլորդ որտեղի՞ց եք եկել։ Մի՛ պատասխանեք, եթե չեք կամենում։ Նեղություն մի՛ կրեք, խնդրեմ։
― Սիեթլից, Վաշինգտոնի նահանգից, ― ասում է։ Ներողամիտ գտնվեց, ծառայություն մատուցեց ինձ։
― Դուք հրաշալի զրուցակից եք, ― ասում եմ։ ― Դա ձեզ հայտնի՞ է։
― Դա ի՞նչ է նշանակում։
Ես այլևս չկրկնեցի։ Միևնույն է, տեղ չէր հասնում։
― Ուզո՞ւմ եք ջիտերբագ պարել, եթե արագ երաժշտություն լինի։ Իսկական ազնիվ ջիտերբագ, առանց հիմարությունների, ոչ թե ոստոստել, այլ իսկապես պարել։ Եթե արագ երաժշտություն նվագեն, բոլորը կնստեն, չհաշված ծերուկներին ու հաստլիկներին, տեղը կբավականացնի մեզ։ Լա՞վ։
― Ինձ համար միևնույն է, ― ասում է։ ― Լսեք, իսկ դուք քանի՞ տարեկան եք։
Ես այնպե՜ս վրդովվեցի․
― Օ՜, գրողը տանի, ինչո՞ւ եք ամեն ինչ փչացնում, ― ասում եմ։ ― Ես արդեն տասներկու կամ։ Պարզապես սատանայի պես բոյ եմ քաշել։
― Լսեք, ասացի կարգին խոսեք։ Թե որ շարունակեք սատանայի անուն տալ, կգնամ ընկերուհիներիս մոտ, հասկացա՞ք։
Ես սկսեցի ներողություն խնդրել գժի պես, որովհետև նվագախումբը արագ պարեղանակ նվագեց։
Նա ինձ հետ եկավ ջիտերբագ պարելու՝ շատ արժանավայել ձևով, թեթև։ Նա շա՜տ լավ էր պարում, ճիշտ եմ ասում։ Հազիվ մատդ կպչում է, անմիջապես ենթարկվում է։ Իսկ երբ պտույտներ էր գործում, այնպես հաճելի էր պտտվում նրա քամակը, ուղղակի հիանալի էր։ Շա՜տ լավ, աստված վկա։ Մինչ պարում էինք, ես մի քիչ սիրահարվեցի նրան։ Կրակ են այդ աղջիկները։ Երբեմն վրան նայել էլ չես ուզում, տեսնում ես, որ հիմարների հիմարն է, բայց բավական է մի որևէ բան լավ անի, արդեն սիրահարվում ես։ Օ՜հ, այդ աղջիկները, գրողը տանի։ Խելքահան կանեն մարդու։
Ինձ չհրավիրեցին իրենց սեղանի մոտ․ անդաստիարակությունից, իհարկե, իսկ ես, այնուամենայնիվ, գնացի։ Շիկահերին, որի հետ պարել էի, անվանում էին Բերնիս Կրաբս կամ Կրեբս։ Իսկ այն տգեղներին՝ Մարտի և Լավերն։ Ասացի, որ անունս Ջիմ Ստիլ է, դիտմամբ ասացի։ Փորձեցի խելացի զրույց սկսել նրանց հետ, բայց դա անհնար էր։ Նրանց զոռով էլ չես կարող խոսեցնել։ Մեկը մյուսից հիմար էին։ Ու ամբողջ ժամանակ աչք են ածում շուրջները, ասես սպասում են, որ հիմա դահլիճը լցվելու է կինոաստղերով։ Նրանք կարծում են, հավանաբար, որ կինոաստղերը, երբ գալիս են Նյու֊Յորք, ամբողջ ժամանակ ցցվում են «Յասամանագույն դահլիճում» և ոչ թե «Էլ Մարոկոյում» կամ «Սթորք ― ակումբում»։ Մի կերպ դուրս կորզեցի, թե ինչ գործն են անում իրենց Սիեթլում։ Պարզվեց, որ երեքն էլ աշխատում են միևնույն ապահովագրական ընկերությունում։ Հարցրի՝ սիրո՞ւմ են իրենց աշխատանքը։ Բայց մի՞թե հնարավոր էր այդ հիմարներից մի կարգին բան իմանալ։ Կարծում էի, թե այն երկու այլանդակները՝ Մարտին ու Լավերնը, քույրեր են, բայց նրանք սոսկալի նեղացան, երբ հարցրի այդ մասին։ Հասկանալի է, նրանցից ոչ մեկը չէր ուզում մյուսին նման լինել, դա բնական է, բայց, այնուամենայնիվ, ծիծաղս եկավ։
Ես երեքի հետ էլ պարեցի հերթով։ Այլանդակներից մեկը՝ Լավերնը, այնքան էլ վատ չէր պարում, բայց երկրորդը՝ Մարտին, սոսկալի էր։ Նրա հետ պարել, միևնույն է, թե Ազատության արձանը քարշ տալ դահլիճով մեկ։ Հարկավոր էր ինչ֊որ բան նախաձեռնել, որպեսզի նրան քարշ տալն այդքան ձանձրալի չլիներ։ Ու ես ասացի, թե Հերի Կուպերը՝ կինոդերասանը, ա՜յ, գնում է։
― Ո՞ւր է, ո՞ւր է, ― նա սոսկալի հուզվեց։ ― Ո՞ւր է նա։
― Է՛հ, ուշացաք։ Նա հենց նոր դուրս եկավ։ Ինչո՞ւ հենց որ ասացի, անմիջապես չնայեցիք։
Նա նույնիսկ կանգ առավ ու գլուխների վրայով սկսեց նայել, թե կինոդերասանը չի՞ երևում արդյոք։
― Ախր ո՞ւր է, է՛, ― ասում է։ Քիչ էր մնում լաց լիներ։ Այ թե ինչ արեցի։ Ես շատ ափսոսացի, որ խաբել եմ։ Մարդիկ կան, որոնց չի կարելի խաբել, թեև հենց միայն դրան են արժանի։
Ամենածիծաղելին այն ժամանակ եղավ, երբ վերադարձանք սեղանի մոտ։ Մարտին ասաց, թե Հերի Կուպերն այստեղ էր։ Այն երկուսը՝ Լավերն ու Բերնիսը, քիչ էր մնում ինքնասպան լինեին։ Տխրեցին, հարցնում են Մարտիին, թե տեսա՞վ նրան։ Իսկ Մարտին թե՝ այո՛, միայն անցողակի։ Ա՜յ քեզ հիմար։
Բարը փակվում էր, և ես նրանց համար երկուական բաժին ոգելից խմիչք պատվիրեցի, իսկ ինձ համար՝ երկու կոկա֊կոլա։ Նրանց ամբողջ սեղանը ծածկված էր բաժակներով։ Այլանդակներից մեկը՝ Լավերնը, անընդհատ ծաղրում էր ինձ, որ ես միայն կոկա֊կոլա եմ խմում։ Փայլո՜ւն համար։ Նա ու Մարտին զովացուցիչ էին խմում դեկտեմբերին, սատանան տանի ինձ։ Նրանք ոչինչ չէին հասկանում։ Իսկ շիկահեր Բերնիսը փչում էր սոդայով վիսկին։ Ձիու պես խմում էր։ Ու երեքն էլ անվերջ աչք էին ածում շուրջը, կինոաստղեր էին որոնում։ Նրանք նույնիսկ միմյանց հետ չէին զրուցում։ Այդ Մարտին մյուսներից ավելի էր խոսում։ Ու ամբողջ ժամանակ հիմար անհեթություններ էր դուրս տալիս, օրինակ՝ զուգարանին ասում էր «մի տեղ», իսկ նվագախմբի պառավ, ճաղատ կլարնետահարին «հոգյակ» էր անվանում, հատկապես երբ նա վեր կացավ ու ինչ֊որ անհասկանալի բան ծվծվաց։ Իսկ կլարնետը «շվի» էր անվանում։ Սոսկալի գռեհիկ էր։ Իսկ երկրորդ այլանդակը՝ Լավերնը, ձևացնում էր, թե չտեսնված սրամիտ է։ Անվերջ խնդրում էր զանգահարեմ հայրիկիս ու հարցնեմ՝ ազա՞տ է այս երեկո։ Անվերջ հարցնում էր, թե հայրիկս տեսակցության հո չի՞ գնացել։ Չորս անգամ խնդրեց՝ զարմանալի՜ սրամտություն։ Միայն շիկահերն էր լուռ մնում։ Մի բան ես հարցնում, անպայման պիտի հարցնի՝ «դա ի՞նչ է»։ Ուղղակի նյարդերիդ վրա ազդում է։
Եվ հանկարծ երեքն էլ դատարկեցին բաժակներն ու վեր կացան, թե՝ քնելու ժամանակն է։ Ասում էին, առավոտյան վաղ պետք է արթնանան, գնալու են Մյուզիկ֊հոլլ, ռադիո֊սիթիի առաջին սեանսին։ Ես խնդրեցի նրանց մի քիչ էլ նստել, բայց չուզեցին։ Ստիպված էի հրաժեշտ տալ։ Ասացի, որ իրենց կփնտրեմ Սիեթլում, եթե երբևէ այնտեղ գնամ։ Բայց հազիվ թե։ Այսինքն՝ հազիվ թե նրանց փնտրեմ։
Ընդհանուր հաշիվը, ներառյալ նաև սիգարետները, կազմեց երեսուն դոլար։ Իմ կարծիքով, նրանք պետք է ասեին, որ իրե՛նք կվճարեն բոլորը, գոնե մինչ իրենց միանալս։ Ես, իհարկե, թույլ չէի տա, որ նրանք վճարեն, բայց, համենայն դեպս, կարող էին առաջարկել։ Ինչևիցե, դա նշանակություն չունի։ Չափից դուրս հիմար էին, հապա այդ ոլորված շլյապանե՜րը։ Տրամադրությունս ընկավ, երբ իմացա, որ ուզում են շուտ վեր կենալ, որպեսզի հաջողացնեն ընկնել ռադիո֊սիթի։ Երբ պատկերացնում ես, որ սոսկալի շլյապաներով այդ էակը Նյու֊Յորք է ժամանել չգիտես թե որտեղից, ինչ֊որ հեռավոր Սիեթլից, միայն այն բանի համար, որ լույսը բացվելուն պես իրեն գցի ռադիո֊սիթի հիմար ծրագիրը դիտելու, այնպես է ընկնում տրամադրությունդ, որ դիմանալ չես կարող։ Ես նրանց բոլորի համար հարյուրական բաժակ խմիչք կպատվիրեի, միայն թե այդ բանը չասեին։
Նրանց գնալուց հետո ես անմիջապես դուրս եկա «Յասամանագույն դահլիճից»։ Միևնույն է, դահլիճը փակվում էր, և նվագախումբն էլ վաղուց դադրել էր նվագել։ Նախ՝ նման տեղերում տխուր է նստելը, երբ պարընկեր չունես, և երկրորդ, որ մատուցողը կոկա֊կոլայից բացի ոչինչ չի տալիս։ Աշխարհում այնպիսի գինետուն չկա, որտեղ հնարավոր լինի երկար նստել, եթե չի կարելի ոգելից խմիչք պատվիրել ու խմել։ Կամ էլ՝ եթե հետդ աղջիկ չկա, որի համար իսկապես խելքդ թռցնում ես։
11
Դուրս գալով հոլից՝ հանկարծ ես կրկին հիշեցի Ջեյն Գալլահերին։ Հիշեցի ու այլևս մտքիցս դուրս չեկավ։ Նստեցի հոլլում մի գարշելի բազկաթոռի, ու սկսեցի մտածել, թե նա Ստրեյդլեյթերի հետ միասին ինչպես է նստել այդ ստոր Էդ Բենկիի մեքենայում, ու թեև միանգամայն համոզված էի, որ նրանց միջև ոչինչ տեղի չէր ունեցել, ես հո լավ էի ճանաչում Ջեյնին, միևնույն է, ուղեղիցս դուրս չէր գալիս։ Ես նրան հրաշալի՜ էի ճանաչում, ազնիվ խոսք։ Հասկանում եք, նա ոչ միայն շաշկի էր խաղում, այլև սիրում էր ամեն տիպի սպորտ, ու երբ ծանոթացանք, ամբողջ ամառը ամեն առավոտ թենիս էինք խաղում, իսկ ճաշից հետո՝ գոլֆ։ Ես նրա հետ շատ մոտիկից եմ շփվել, ոչ ֆիզիկական իմաստով, իհարկե, երբե՜ք, պարզապես ամբողջ ժամանակ միասին էինք լինում։ Աղջկա հետ ընկերություն անելու համար բոլորովին էլ պարտադիր չէ սիրահետելը։
Մենք ծանոթացանք, որովհետև նրանց դոբերման֊պինչերը միշտ վազում էր մեր պարտեզը ու այնտեղ կեղտոտում, իսկ մայրս սոսկալի զայրանում էր դրանից։ Նա զանգահարեց Ջեյնի մորը և սոսկալի աղմուկ բարձրացրեց։ Մայրիկս նման բաների համար կարողանում է աղմուկ բարձրացնել։ Հետո պատահեց այնպես, որ ես մի քանի օր հետո Ջեյնին տեսա մեր ակումբի ավազանի մոտ, պառկած էր փորի վրա։ Ես բարևեցի նրան։ Գիտեի, որ մեր կողքին է ապրում, բայց երբեք չէի խոսել նրան հետ։ Բայց սկզբում, երբ բարևեցի, նա շատ սառը վերաբերվեց։ Ես կաշվիցս դուրս էի գալիս ապացուցելու, որ անձամբ ինձ համար ոչ մի նշանակություն չունի, թե նրա շունը որտեղ է կեղտոտում։ Թեկուզ հյուրասենյակում վազվզի, ինձ համար միևնույն է։ Մի խոսքով, դրանից հետո ես ու Ջեյնը շատ մտերմացանք։ Հենց այդ նույն օրը մենք գոլֆ խաղացինք։ Այսօրվա պես հիշում եմ, նա ութ գնդակ կորցրեց։ Այո, ո՛ւթ։ Ուղղակի հոգիս դուրս եկավ, մինչև որ սովորեցրի գնդակին խփելիս գոնե բացել աչքերը։ Բայց շատ լավ մարզեցի նրան։ Ես հրաշալի եմ խաղում գոլֆ։ Եթե ասեմ, թե քանի շրջան կատարելով եմ ավարտում խաղը, չեք հավատա։ Մի անգամ քիչ էր մնում ինձ նկարահանեին կարճամետրաժի համար, բայց վերջին պահին փոշմանեցի։ Մտածեցի՝ եթե կինոն այնպես ես ատում, ինչպես ես, ապա հարկ չկա ցուցադրվել և թույլ տալ, որ քեզ նկարահանեն կարճամետրաժի համար։
Ծիծաղելի աղջիկ էր այդ Ջեյնը։ Չէի ասի, թե նա գեղեցկուհի է։ Բայց ինձ դուր էր գալիս։ Բերանը շատ մեծ էր։ Հատկապես, եթե որևէ բանից հուզվում էր։ Ես գժվում էի։ Ու երբեք կարգին չէր փակվում նրա բերանը, միշտ կիսաբաց էր, մանավանդ՝ գոլֆ խաղալիս կամ գիրք կարդալիս։ Նա շատ էր կարդում և միշտ լավ գրքեր։ Հատկապես՝ բանաստեղծություններ։ Բացի իմ հարազատներից, ես միայն նրան եմ ցույց տվել Ալլիի ձեռնոցը՝ ամբողջապես բանաստեղծություններով ծածկված։ Նա Ալիին չէր ճանաչում, որովհետև առաջին անգամ էր ամռանը Մեյնում անցկացնում, մինչ այդ գնում էր Կոդ հրվանդանը, բայց ես շատ բան էի պատմել նրան եղբորս մասին։ Դա հետաքրքրում էր Ջեյնին։ Նա սիրում էր լսել Ալլիի մասին։
Մայրիկիս շատ էլ դուր չէր գալիս Ջեյնը։ Բանն այն է, որ նրան թվում էր, թե Ջեյնը և նրա մայրը վերևից են նայում իրեն, որովհետև միշտ չեն բարևում։ Մայրիկը հաճախ էր նրանց տեսնում ավանում, որովհետև Ջեյնը մոր հետ միասին շուկա էր գնում իրենց մեքենայով։ Մայրիկս Ջեյնին նույնիսկ լավիկը չէր համարում։ Իսկ ես համարում էի։ Ինձ դուր էր գալիս նրա տեսքը և վերջ։
Հիշում եմ հատկապես մի օր։ Դա միակ օրն էր, որ ես ու Ջեյնը համբուրվում էինք, այն էլ ոչ իսկականի պես։ Շաբաթ օր էր, և անձրևն ասես դույլերով էր թափվում, իսկ ես նստել էի նրանց պատշգամբում․ նրանք մեծ ապակեպատ պատշգամբ ունեին։ Մենք շաշկի էինք խաղում։ Ես նրան երբեմն ձեռ էի առնում, որ դամաները չի շարժում վերջին շարքից։ Բայց շատ չէ։ Մի տեսակ չէի ուզում նրան ջղայնացնել։ Իսկ ես առիթը եկած դեպքում շատ եմ սիրում զայրացնել աղջիկներին, լացացնելու աստիճան։ Բայց ահա թե ինչն է ծիծաղելի․ երբ աղջիկը լրջորեն ինձ դուր է գալիս, բոլորովին չեմ ուզում բարկացնել։ Երբեմն մտածում եմ, թե նա ուզում է, որ բարկացնեմ իրեն, նույնիսկ հաստատ գիտեմ, որ ուզում է, բայց եթե վաղուց ես ծանոթ նրա հետ ու երբեք չես բարկացել, ապա մի տեսակ դժվար է նրան բարկացնելը։ Այսպես ուրեմն, պատմում էի այն օրվա մասին, երբ ես ու Ջեյնը համբուրվեցինք։ Սոսկալի անձրև էր գալիս, նստել էինք նրանց պատշգամբում, մեկ էլ այդ հարբեցողը՝ նրա մոր ամուսինը, դուրս եկավ պատշգամբ ու Ջեյնին հարցրեց, թե տանը սիգարետ կա՞։ Ես նրան լավ չէի ճանաչում, բայց դա նրանցից էր, ովքեր խոսում են հետդ միայն այն դեպքում, երբ պետք ես իրենց։ Գարշելի տիպ է։ Ջեյնը նույնիսկ չպատասխանեց, երբ նա հարցրեց՝ տանը սիգարետ կա՞։ Նա էլի հարցրեց, Ջեյնը նորից չպատասխանեց։ Նա նույնիսկ հայացքը չկտրեց տախտակից։ Հետո այդ տիպը ներս մտավ։ Երբ նա ներս մտավ, ես Ջեյնին հարցրի՝ ինչ է պատահել։ Ջեյնն ինձ էլ չպատասխանեց։ Ձևացրեց, թե հաջորդ քայլն է մտածում։ Մեկ էլ տախտակի վրա արցունք կաթեց։ Ուղիղ կարմիր դաշտի վրա, գրողը տանի, հիմա էլ կարծես աչքիս առաջ լինի։ Եվ Ջեյնը միայն մատով սրբեց արցունքի կաթիլն ու այլևս ոչ մի խոսք։ Չգիտեմ ինչու, բայց ես խիստ հուզվեցի։ Վեր կացա, մոտեցա նրան ու ստիպեցի, որ ինձ տեղ տա կողքին, գրեթե նրա ծնկներին նստեցի։ Այդ ժամանակ նա իսկականից լաց եղավ, ու մինչև կհասկանայի ինչ եմ անում, ես պաչպչում էի նրան, որտեղը պատահեր՝ ճակատը, քիթը, աչքերը, հոնքերը, նույնիսկ ականջները։ Միայն շրթունքները չհամբուրեցի․ նա ինչ֊որ անընդհատ փախցնում էր շրթունքները։ Համենայն դեպս, դրանից հետո մենք այլևս ոչ մի անգամ չենք համբուրվել։ Հետո նա վեր կացավ, մտավ սենյակ ու հագավ իր կարմիր ու ճերմակ նախշերով սվիտերը, որից ես գժվում էի ուղղակի, ու մենք գնացինք մի ախմախ կինո։
Ճանապարհին ես հարցրի, թե հո չի՞ անհանգստացնում նրան այդ միստր Կյուդեխին՝ այդ հարբեցողը։ Թեև Ջեյնը դեռ փոքրիկ էր, բայց հրաշալի կազմվածք ուներ, և առհասարակ ես այդ Կյուդեխիի, այդ սրիկայի հախիցը կգայի։ Ջեյնն ասաց՝ ոչ։ Այդպես էլ չիմացա, թե ինչի համար էր լաց լինում։
Միայն դուք մի՛ կարծեք, թե Ջեյնը սառույցի կտոր էր, դրա համար չէինք համբուրվում։ Բոլորովին էլ ոչ։ Օրինակ՝ մենք միշտ իրար ձեռք բռնած էինք ման գալիս։ Հասկանում եմ, դա հաշիվ չի, բայց շատ հաճելի էր նրա ձեռքը բռնելը։ Երբ ուրիշ աղջիկների ձեռք ես բռնում, ասես նրանց ձեռքը մեռած լինի, կամ անվերջ շարժում են ձեռքը, ասես վախենում են, թե այլապես կձանձրանաս։ Իսկ Ջեյնը բոլորովին ուրիշ էր։ Միասին մի որևէ կինո էինք գնում թե չէ, անմիջապես իրար ձեռք էինք բռնում, ու մինչև ֆիլմի վերջը էլ բաց չէինք թողնում։ Եվ այլևս ուրիշ բանի մասին չէինք մտածում, չէինք շարժվում։ Ջեյնի հետ երբեք չեմ անհանգստացել, թե ափս կքրտնի։ Պարզապես նրա հետ հաճելի էր։ Զարնանալիորեն հաճելի։
Մի բան էլ հիշեցի։ Մի անգամ կինոյում Ջեյնն այնպիսի մի բան արեց, որ ես ապշեցի։ Կինոխրոնիկա էին ցուցադրում և էլի ինչ֊որ բան, ու մեկ էլ զգացի, որ մեկը շոյում է գլուխս։ Պարզվեց, որ Ջեյնն է։ Զարմանալիորեն տարօրինակ էր, այնուամենայնիվ։ Ախր նա դեռ շատ փոքր էր, իսկ կանայք սովորաբար շոյում են որևէ մեկի գլուխը, երբ արդեն երեսուն տարեկան են, շոյում են իրենց ամուսնու կամ որդու գլուխը։ Ես երբեմն շոյում եմ քույրիկիս գլուխը, հազվադեպ, իհարկե։ Իսկ նա դեռևս այնքա՜ն փոքրիկ է, բայց շոյում է գլուխդ։ Ու այնքան հաճելի էր անում, որ ես ուղղակի խենթացա։
Մի խոսքով, ես այդ ամենն էի վերհիշում, նստել էի հոլլում, այդ գարշելի բազկաթոռին ու մտածում էի։ Այո, Ջեյնը։ Հենց հիշում եմ, որ նա այդ ստոր Ստրեյդլեյթերի հետ նստել է այդ գրողի տարած մեքենայում, խելքս թռցնում եմ։ Գիտեմ, որ Ջեյնը նրան ոչ մի այնպիսի բան թույլ տված չի լինի, բայց միևնույն է, գժվում եմ։ Ճիշտն ասած, նույնիսկ չեմ ուզում հիշել դա։
Հոլլում գրեթե ոչ ոք չկար։ Նույնիսկ բոլոր պոռնկատի ջահելներն էին գնացել։ Սոսկալի շատ էի ուզում գլուխս առնել ու կորչել այստեղից։ Անտանելի տխուր էի։ Ու բոլորովին չէի հոգնել։ Գնացի իմ համարը, հագա վերարկուս։ Պատուհանից նայեցի, տեսնեմ ինչ են անում այդ գժերը, բայց ոչ մի տեղ լույս չէր երևում։ Նորից իջա վերելակով, տաքսի վերցրի և պատվիրեցի տանել ինձ Էռնիի մոտ։ Դա գիշերային գինետուն է Գրինիջ֊վիլեջում։ Եղբայրս՝ Դ․ Բ.֊ն, հաճախ էր գնում այնտեղ, մինչև որ ծախվեց Հոլիվուդին։Նա ինձ էլ մի քանի անգամ տարել է իր հետ։ Էռնին մի վիթխարի նեգր է, դաշնամուր է նվագում։ Նա սոսկալի պճնամոլ է և չի խոսի հետդ, եթե նշանավոր կամ մի երևելի մարդ չես, բայց հրաշալի է նվագում։ Նա այնքան լավ է նվագում, որ երբեմն նույնիսկ անտանելի է։ Չգիտեմ ինչպես բացատրեմ, բայց դա այդպես է։ Ես շատ եմ սիրում լսել նրա նվագը, բայց երբեմն ուզում եմ գլխի վրա շուռ տալ նրա դաշնամուրը։ Հավանաբար, դա նրանից է, որ նրա նվագից զգացվում է, որ նա երևակայում է իրեն ու չի խոսի քեզ հետ, եթե մի երևելի մարդ չես։
12
Տաքսին հին էր ու այնպես գարշելի հոտ էր փչում, ասես ինչ֊որ մեկն այդտեղ թափել էր իր ընթրիքը։ Միշտ ինձ այդպիսի գարշահոտ տաքսիներ են պատահաում, երբ գիշերն եմ ճամբորդում։ Շուրջն էլ այնպես լուռ էր, այնպես ամայի, որ ավելի շատ էի տխրում։ Փողոցում ոչ մի մարդ չկար, թեև օրը շաբաթ էր։ Երբեմն միայն գրկախառնված մի որևէ զույգ էր անցնում կամ խուլիգանական մի խումբ՝ աղջիկների հետ, հռհռում բորենիների նման, թեև, հավանաբար, ծիծաղելի ոչինչ չկար։ Ընդհանրապես Նյու֊Յորքը սարսափելի է, երբ գիշերը դատարկություն է տիրում և որևէ մեկն էլ հռհռում է։ Հարյուր մղոնի վրա էլ լսվում է։ Ու այնպես տխուր ու միայնակ ես զգում քեզ։ Շատ էի ուզում վերադառնալ տուն, գզվռտվել քույրիկիս հետ։ Բայց հետո խոսքի բռնվեցի վարորոդի հետ։ Նրա անունը Գորվից էր։ Նա նախորդ վարորդից անհամեմատ լավն էր, մտածեցի, որ գոնե սա կիմանա բադերի մասին։
― Լսեցեք, Գորվից, ― ասում եմ, ― դուք երբևէ անցե՞լ եք Կենտրոնական զբոսայգու լճակի մոտով։ Հարավային մուտքի կողմով։
― Ի՞նչ, ի՞նչ։
― Այնտեղ մի լճակ կա, փոքրիկ մի լիճ, որտեղ բադեր են լողում։ Ասենք, երևի գիտեք։
― Այո, գիտեմ, ի՞նչ է որ։
― Տեսել եք, չէ՞, որ այնտեղ բադեր են լողում, գարնանն ու ամռանը։ Պատահմամբ չգիտե՞ք ուր են կորչում ձմռանը։
― Ո՞վ է կորչում։
― Դե, բադերն, էլի։ Ասում եմ, գուցե պատահմամբ գիտե՞ք։ Գուցե որևէ մեկը գալիս է բեռնատարով ու նրանց տանում կամ իրե՞նք են չվում մի որևէ տեղ։
Այստեղ Գորովիցը շուռ եկավ ու նայեց ինձ։ Նա, երևում է, շատ ջղային էր, թեև ընդհանրապես ոչինչ։
― Ես ի՞նչ իմանամ, գրողը տանի, ― ասում է։ ― Ինչի՞ս է պետք ամեն հիմարության հետ գլուխ դնեմ։
― Դե մի՛ նեղացեք, ― ասում եմ։ Երևում է շատ նեղացավ։
― Ո՞վ է նեղանում։ Ոչ ոք չի նեղանում։
Որոշեցի այլևս չխոսել նրա հետ, քանի որ այդպես ջղային է։ Բայց նա ինքը սկսեց։ Դարձավ իմ կողմն ու ասաց․
― Համենայն դեպս, ձկները ոչ մի տեղ չեն կորչում։ Ձկներն այնտեղ են մնում։ Նստում են լճակում ու մնում։
― Դե, դրանց մեջ մեծ տարբերություն կա, ― ասում եմ, ― դրանք ձուկ են, իսկ ես հարցնում եմ բադերի մասին։
― Ի՞նչ տարբերություն կա, ի՞նչ։ Ոչ մի տարբերություն էլ չկա, ― ասում է Գորովիցը։ Ու ձայնից երևում է, որ բարկանում է։ ― Տեր աստվա՜ծ, ախր ձկների վիճակը ձմռանն ավելի վատ է, քան բադերինը։ Գլխով մտածեք հապա, տեր աստված։
Ես լռեցի, լռեցի, հետո ասացի․
― Դե լավ, հապա ձկներն ի՞նչ են անում, երբ ամբողջ լճակը սառչում է, ու վրան նույնիսկ չմուշկներով սահում են։
Այստեղ նա շուռ եկավ ու գոռաց ինձ վրա․
― Ինչպե՞ս թե ձկներն ինչ են անում, ի՞նչ պիտի անեն, իրենց համար նստում են լճակում և վերջ։
― Չեն կարող չզգալ չէ՞, որ շուրջն ամբողջ սառույց է։ Նրանք հո այդ բանն զգում են։
― Իսկ ո՞վ ասաց, թե չեն զգում։ Ոչ ոք չի ասում, թե չեն զգում, ― գոռաց Գորվիցը։ Նա այնպես էր նյարդայնացել, որ ես նույնիսկ վախեցա, թե հանկարծ սյանը չխփի մեքենան։ ― Նրանք ապրում են սառույցի մեջ, հասկանո՞ւմ եք։ Նրանք այդպիսին են, գրողը տանի։ Ամբողջ ձմռանը սառչում են սառույցի մեջ, հասկանո՞ւմ եք։
― Այո։ Իսկ ի՞նչ են ուտում։ Եթե սառչում են, ուրեմն չեն կարող լողալ ու կեր փնտրել, ճի՞շտ է։
― Տեր աստված, ինչպե՜ս չեք հասկանում։ Նրանց օրգանիզմն ինքն է սնվում, հասկանալի՞ է։ Այնտեղ սառույցի մեջ ջրիմուռներ կան, ամեն տեսակի աղբ։ Նրանց ծակոտիները բաց են, այդ ծակոտիներով էլ ներծծում են սնունդը։ Նրանց բնույթն այդպիսին է, տեր իմ աստված։ Հասկացա՞ք, թե չէ։
― Ըհը՛, ― ես չուզեցի նրա հետ վիճել։ Վախենում էի մեքենան ջարդի։ Այնքան նյարդային է, որ հետաքրքիր էլ չէ նրա հետ վիճել։ ― Գուցե մի որևէ տեղ մտնենք, միասին խմե՞նք, ― հարցնում եմ։
Բայց նա նույնիսկ չպատասխանեց։ Հավանաբար, ձկների մասին էր մտածում։ Ես նորից հարցրի՝ միասին մի բան չխմե՞նք։ Ընդհանրապես վատ մարդ չէր։ Հետաքրքիր ծերուկ էր։
― Ես խմելու ժամանակ չունեմ, եղբայրս, ― ասում է։ ― Ի դեպ, քանի՞ տարեկան եք։ Ինչո՞ւ մինչև հիմա քնած չեք։
― Չեմ ուզում։
Երբ դուրս եկա Էռնիի մոտ ու վճարեցի նրան, ծերուկ Գորվիցը դարձյալ ձկների մասին խոսեց․
― Լսեցեք, ― ասում է, ― եթե դուք ձուկ լինեիք, մի՞թե մայր բնությունը ձեր մասին չպիտի հոգար։ Ի՞նչ։ Չլինի՞ կարծում եք, թե բոլոր ձկները սատկում են, հենց որ ձմեռը վրա է հասնում։
― Չէ, չեն սատկում, բայց․․․
― Ըհը։ Ուրեմն չեն սատկում, ― գոչեց Գորվիցն ու խելագարի պես առաջ սլացավ։ Կյանքումս այդքան նյարդային տիպ չէի տեսել։ Ինչ ուզում ես ասա, միևնույն է, նյարդայնանում է։
Նույնիսկ այս ուշ ժամին Էռնիի մոտ լեփ֊լեցուն էր։ Ավելի շատ դպրոցներից ու քոլեջներից եկած պիժոններ էին։ Բոլոր դպրոցներն էլ Ծննդյան տոներից առաջ շուտ են վերջացնում դասերը, միայն իմ բախտը չի բերում։ Այնքան մարդ կար, որ հանդերձարանում համարները չէին բավարարում։ Բայց լռություն էր տիրում, Էռնին ինքն էր դաշնամուր նվագում։ Ինչպես եկեղեցում, աստված վկա, բավական է նա նստի դաշնամուրի առաջ, լիակատար երանություն է տիրում, բոլորն աղոթում են նրան։ Իսկ իմ կարծիքով ոչ մեկին էլ չարժի աղոթել։ Կողքս ինչ֊որ զույգեր սպասում էին սեղան ազատվեր ու անընդհատ շարժվում էին, կանգնում ոտքերի թաթերի վրա, միայն թե տեսնեին այդ Էռնիին։ Նրա դաշնամուրի վերևում մի վիթխարի հայելի էր կախված, և ինքն էլ ողողված էր լուսարձակների լույսով, որպեսզի նվագելու ժամանակ բոլորն էլ հնարավորություն ունենային տեսնելու նրա դեմքը։ Ձեռքերը չէին երևում, միայն դեմքն էր երևում։ Լավ էին սարքել։ Չգիտեմ ինչ էր նվագում, երբ ես ներս մտա, բայց նա փչացնում էր ամբողջ երաժշտությունը։ Ցուցադրական հիմար դայլայլներ էր արձակում բարձր նոտաներով, ընդհանրապես այնպես էր կոտրատվում, որ փորս ցավեց։ Բայց մի լեսեի՜ք, հասարակությունը ինչ արեց, երբ նա վերջացրեց։ Սիրտներդ կխառներ։ Կգժվեիք։ Ճիշտ ինչպես այն կինոյի ապուշները, որ հռհռում են բորենիների պես, ամենից ոչ ծիծաղելի տեղերում։ Վկա է աստված, եթե ես դաշմամուր նվագեի կամ բեմում խաղայի ու դուր գայի այդ հաստագլուխներին, ես դա անձնական վիրավորանք կհամարեի։ Ինչի՞ են պետք դրանց ծափահարությունները։ Նրանք երբեք տեղին չեն ծափահարում։ Եթե ես դաշնակահար լինեի, կփակվեի խորդանոցում ու այնտեղ կնվագեի։ Իսկ երբ Էռնին վերջացրեց, ու բոլորն սկսեցին գժի պես ծափահարել, նա շրջվեց աթոռակի վրա և գլուխ տվեց ձևական ու համեստ խոնարհումով։ Ձևացնում էր, թե ոչ միայն հիանալի դաշնակահար է, այլև չտեսնված համեստ անձնավորություն։ Այդ ամենը լիակատար կեղծիք էր, նա այնպիսի պճնամոլ էր, որպիսին աշխարհը դեռ չի տեսել։ Բայց ես, այնուամենայնիվ, մի քիչ խղճում էի նրան։ Իմ կարծիքով, նա այլևս չի կարողանում տարբերել՝ լա՞վ է նվագում, թե վատ։ Բայց նա այս հարցում մեղք չունի։
Մեղավորն այդ հաստագլուխներն են, որ ծափահարում են նրան․ դրանք ում ասես չեն փչացնի, միայն թե հնարավորություն ունենան։ Ու այդ ամենից դարձյալ տրամադրությունս ընկավ, այն աստիճան, որ քիչ էր մնում վերարկուս վերցնեի ու ետ գնայի հյուրանոց, բայց շատ շուտ էր, ու բոլորովին չէի ուզում մենակ մնալ։
Վերջապես այդ գարշելի սեղանը հատկացրին ինձ, պատի տակ, ինչ֊որ սյան ետևում, որտեղից ոչինչ չէր երևում։ Սեղանը փոքրիկ էր, անկյունային, դրա ետևում հնարավոր էր նստել միայն այն դեպքում, եթե հարևան սեղանի շուրջ նստածները բոլորը ելնեին ու քեզ ճանապարհ տային, բայց այդ սողունները մի՞թե վեր կկենան։ Ես սոդայով վիսկի պատվիրեցի, դա իմ սիրած խմիչքն է սառույցով գայկիրիից հետո։ Էռնիի մոտ բոլորին էլ մատուցում էին, թեկուզև վեց տարեկանին, այնտեղ գրեթե բոլորովին մութ էր, բացի այդ էլ, ոչ մեկին չէր հետաքրքրում քանի տարեկան ես։ Նույնիսկ ինչ֊որ հաշիշամոլների վրա էլ ուշադրություն չէին դարձնում։
Շուրջս հենց միայն տականքներ էին։ Ազնիվ խոսք, չեմ ստում։ Ինձնից ձախ գտնվող մեկ այլ փոքրիկ սեղանի մոտ նստած էր մի սոսկալի տգեղ տիպ, մի սոսկալի տգեղ աղջկա հետ։ Հավանաբար, ինձ հասակակիցներ էին, կամ ինձնից մի քիչ մեծ։ Ծիծաղելի էր նրանց նայել։ Նրանք ջանում էին, որքան կարելի է, դանդաղ խմել իրենց բաժինը։ Ես լսում էի նրանց խոսակցությունը, միևնույն է, ուրիշ անելիք չկար։ Տղան ինչ֊որ ֆուտբոլային մրցման մասին էր պատմում, որ տեսել էր այդ օրը։ Մանրամասնորեն, խաղի ամեն մի ակնթարթի մասին, ազնիվ խոսք։ Ես եբեք այդքան ձանձրալի խոսակցություն չեմ լսել, ու երևում էր, որ աղջկան բոլորովին չէր հետաքրքրում այդ պատմությունը, բայց նա սոսկալի տգեղ էր, նույնիսկ տղայից էլ տգեղ, այնպես որ նրան ոչինչ չէր մնում անել, քան լսել։ Տգեղ աղջիկների գործը վատ է։ Ես այնքան եմ խղճում դրանց, որ նույնիսկ չեմ կարողանում նայել, մանավանդ, երբ նրանք նստած են այնպիսի տխմարի հետ, որը պատմում է իր ապուշային ֆուտբոլի մասին։ Իսկ իմ աջ կողմում ավելի վատ էր վիճակը։ Աջ կողմս նստել էր ֆլանելե գորշ կոստյումով ու խիստ ոճամոլի կիտելով իելյան մի պճնասեր, ազնվականական հայրենակցություն ունեցող, բոլոր այդ հիմարները նման են մեկմեկու։ Հայրս ուզում էր ինձ տալ Իեյլ կամ Պրինսթոն, բայց երդվում եմ, ինձ ոչ մի կերպ չեն կարող հրապուրել այդ ազնվական քոլեջները, ավելի լավ է մեռնեմ, ազնիվ խոսք։ Եվ այդ ազնվականիկի հետ մի չտեսնված գեղեցիկ աղջիկ էր նստած։ Ուղղակի գեղեցկուհի։ Բայց մի լսեի՜ք նրանց խոսակցությունը։ Նախ երկուսն էլ թեթևակի խմած էին։ Տղան սեղանի տակ ճմկթում էր աղջկան ու միաժամանակ պատմում հանրակացարանում ապրող մի տիպի մասին, որը մի ամբողջ սրվակ ասպիրին է կերել ու քիչ է մնացել մեռնի։ Աղջիկն ամբողջ ժամանակ ասում էր․ «Ախ, ի՞նչ սարսափելի բան․․․ Պետք չէ, սիրելիս․․․ Դե, խնդրում եմ․․․ Միայն թե ոչ այստեղ»։ Պատկերացրեք հապա, ճմկթել աղջկան ու այդ ընթացքում պատմել ինչ֊որ տիպի մասին, որը փորձել է ինքնասպան լինել։ Ծիծաղելի է ուղղակի։
Այնքան նստեցի, հետևս մաշվեց, սոսկալի ձանձրանում էի։ Անելիք չկար, միայն խմիր ու ծխիր։ Ճիշտ է, ես մատուցողին պատվիրել էի Էռնիին հարցնել, թե չի՛ խմի ինձ հետ արդյոք։ Պատվիրեցի ասել, որ ես Դ․ Բ.֊ի եղբայրն եմ, բայց նա, կարծում եմ, նույնիսկ պատվերս չէր կատարել։ Այդ անասունները մի՞թե երբևէ կհաղորդեն։
Հանկարծ մեկը ձայն տվեց ինձ․
― Հոլդեն Քոլֆի՜լդ։ ― Դա Լիլիան Սիմոնսն էր։ Եղբայրս՝ Դ․ Բ.֊ն, մի ժամանակ սիրահետում էր նրան։ Նա վիթխարի կուրծք ուներ։
― Ողջո՛ւյն, ― ասում եմ։ Ես, իհարկե, փորձեցի վեր կենալ, բայց դա շատ դժվար էր այդպիսի նեղվածքում։ Նրա հետ մի ծովային սպա էր եկել, որ կանգնած էր այնպես, ասես փայտ էր կուլ տվել։
― Շատ ուրախ եմ քեզ տեսնելուս համար, ― ասում է Լիլիան Սիմոնսը։ Ստում է, իհարկե։ ― Ինչպե՞ս է ավագ եղբայրդ։ ― Այ հենց դա էր նրան հետաքրքրում։
― Լավ է։ Նա Հոլիվուդում է։
― Հոլիվուդո՞ւմ է։ Սքանչելի՜ է։ Ի՞նչ է անում այնտեղ։
― Չգիտեմ։ Գրում է, ― ասում եմ։ Չէի ուզում ծավալվել։ Երևում է, որ նրա համար շատ մեծ բան էր եղբորս Հոլիվուդում լինելը։ Բոլորն էլ այդպես են կարծում, հատկապես նրանք, ովքեր չեն կարդացել նրա պատմվածքները։ Իսկ ինձ դա կատաղեցնում է։
― Ի՜նչ հետաքրքիր է, ― ասում է Լիլիանն ու ինձ ծանոթացնում է իր ծովայինի հետ։ Նրան կապիտան Բլոպ, թե նման մի բան են անվանում։ Նա այն մարդկանցից է, ովքեր կարծում են, թե իրենց կին կհամարեն, եթե բարևելիս այնպես չսեղմեն, որ ջարդվեն մատներդ։ Թո՛ւհ, ինչպես եմ ատում։ ― Դու մենա՞կ ես, փոքրիկս, ― հարցնում է Լիլիանը։ Նա փակում էր ամբողջ անցումը և, թվում էր, նրան դուր էր գալիս, որ կտրում է մարդկանց ճանապարհը։ Մատուցողը կանգնել սպասում էր, թե սա երբ է ետ քաշվելու, որ ինքն անցնի, իսկ Լիլիանը չէր նկատում նրան։ Զարմանալի հիմար վիճակ էր։ Անմիջապես երևում էր, որ նա մատուցողի համար սոսկալի տհաճ է, հավանաբար ծովայինին էլ դուր չէր գալիս, թեև նրան բերել էր այստեղ։ Ինձ էլ դուր չէր գալիս։ Ոչ մեկին դուր չէր գալիս։ Նույնիսկ սկսեցի մի քիչ խղճալ նրան։
― Մի՞թե դու աղջիկ չունես, փոքրիկ, ― հարցնում է։
Ես արդեն ոտքի էի ելել, և նա նեղություն չքաշեց նույնիսկ ասելու՝ նստիր։ Այդպիսիները կարող են ժամերով քեզ ոտքի վրա պահել։
― Լավիկն է, չէ՞, ― հարցրեց ծովայինին։ ― Հոլդեն, օր֊օրի գեղեցկանում ես։
Այստեղ ծովայինն ասաց, որ Լիլիանը առաջ անցնի։ Ասաց, որ նա ճանապարհը փակել է։
― Գնանք մեզ մոտ, Հոլդեն, ― ասում է նա։ ― Վերցրու բաժակդ։
― Ես արդեն մտադիր եմ գնալ, ― ասում եմ։ ― Տեսակցություն ունեմ։
Երևում էր որ քծնում է, որպեսզի հետո ես պատմեմ Դ․ Բ.֊ին։
― Ախ դու սատանա՜։ Կեցցե՛ս։ Երբ տեսնես ավագ եղբորդ, ասա, որ ես ատում եմ իրեն։
Եվ գնաց։ Ես ու ծովայինն ասացինք, որ շատ ուրախ ենք ծանոթության համար։ Ծիծաղելի է։ Միշտ ես ասում եմ՝ «Շատ հաճելի է ձեզ հետ ծանոթանալ», երբ բոլորովին էլ հաճելի չէ։ Բայց եթե ուզում ես ապրել մարդկանց հետ, ստիպված ես ամեն բան էլ ասել։
Ինձ ոչինչ չէր մնում անել, քան գնալ, ասացի չէ՞, որ տեսակցություն ունեմ։ Հնարավոր չէր անգամ լսել, թե Էռնին ինչպես է որևէ օրինավոր բան նվագում։ Բայց ես չէի կարող նստել Լիլիան Սիմոնսի ու նրա ծովայինի հետ, ահավոր ձանձրալի էր։ Ու գնացի։ Բայց շատ էի բարկացած, երբ հագնում էի վերարկուս։ Մարդիկ միշտ ամեն ինչ փչացնում են։
13
Ոտքով գնացի մինչև հյուրանոց։ Քառասունմեկ թաղամաս՝ դատարկ բան չէ։ Եվ ոչ թե ուզում էի զբոսնել, դրա համար ոտքով գնացի, այլ պարզապես չէի ուզում նորից տաքսի նստել։ Երբեմն ձանձրանում ես նաև տաքսի նստելուց, վերելակով բարձրանալուց։ Մեկ էլ ուզում էի ոտքով գնալ, թեև հեռու է կամ բարձր։ Երբ փոքր էի, հաճախ էի ոտքով բարձրանում մինչև մեր բնակարանը։ Տասներկուերորդ հարկը։
Չէր երևում, որ նոր է ձյուն եկել, մայթերին հետք անգամ չկար։ Բայց սոսկալի ցուրտ էր, և ես գրպանիցս հանեցի իմ որսորդական գլխարկն ու դրի գլխիս․ ինձ համար որևէ նշանակություն չուներ, թե ինչպիսի տեսք ունեմ։ Նույնիսկ ականջակալներս իջեցրի։ Է՛հ, իմանայի, թե ով էր գողացել ձեռնոցներս Փենսիում։ Ձեռքերս ուղղակի սառչում էին։ Ասենք, որ իմանայի էլ, ոչինչ չէի անելու։ Ես ի բնե վախկոտ եմ։ Աշխատում եմ ցույց չտալ, բայց վախկոտ եմ։ Օրինակ, եթե ես Փենսիում իմանայի, թե ով է գողացել իմ ձեռնոցները, կգնայի այդ ժուլիկի մոտ ու կասեի․ «Հապա այստեղ տուր ձեռնոցներս»։ Իսկ ձեռնոցներս գողացող ժուլիկը, հավանաբար, ամենաանմեղ տոնով կասեր․ «Ի՞նչ ձեռնոցներ»։ Այդ ժամանակ, հավանաբար, կբացեի նրա պահարանն ու որևէ անկյունում կգտնեի ձեռնոցներս։ Դրանք, հավանաբար, թաքցված կլինեին նրա գարշահոտ կրկնակոշիկների մեջ։ Ես կհանեի ու, ցույց տալով այդ տիպին, կասեի․ «Գուցե սրանք քո՞ ձեռնոցներն են»։ Իսկ այդ ժուլիկը, հավանաբար, անմեղ նորածինի կերպարանք կընդուներ․ « Կյանքումս առաջին անգամ եմ տեսնում այդ ձեռնոցները։ Եթե քոնն են, վերցրու, խնդրեմ, ինչի՞ս են պետք։
Իսկ ես, հավանաբար, մի հինգ րոպե կկանգնեի նրա առաջ։ Ձեռնոցները ձեռքիս բռնած կմտածեի, որ հարկավոր է հասցնել նրա մռութին, ու վերջ։ Բայց քաջությունս չէր բավականացնի։ Կկանգնեի, կատաղած դեմք կցուցադրեի։ Գուցե մի շատ վիրավորական բան կասեի դնչին հասցնելու փոխարեն։ Բայց հնարավոր է նաև, որ եթե ես նրան մի շատ վիրավորական բան ասեի, նա ելներ, մոտենար ինձ ու ասեր․ «Լսիր, Քոլֆիլդ, դու կարծեմ ինձ ժուլիկ անվանեցիր»։ Ու փոխանակ ասելու․ «Այո, անվանեցի, կեղտոտ անասուն, սրիկա», հավանաբար կասեի․ «Ես գիտեմ միայն, որ այս գրողի տարած ձեռնոցները քո կրկնակոշիկների միջից դուրս եկան»։ Ու նա անմիջապես կհասկանար, որ ես նրան չեմ ծեծելու և, հավանաբար, կասեր․ «Լսիր, արի պարզ խոսենք, դու ինձ գող ես համարում, հա՞»։ Ու ես, հավանաբար, կպատասխանեի․ «Ոչ ոք ոչ մեկին գող չի համարում։ Գիտեմ, միայն, որ իմ ձեռնոցները քո գարշահոտ կրկնակոշիկների միջից դուրս եկան»։ Եվ այդպես շարունակ։
Վերջապես հավանաբար, դուրս կգայի նրա սենյակից առանց նրա մռութին հասցնելու։ Իսկ հետո, հավանաբար, կգնայի զուգարան, թաքուն մի սիգարետ կծխեի ու հայելու առաջ կատաղած կերպարանք կընդունեի։ Մի խոսքով ամբողջ ճանապարհին այդ մասին էի մտածում։ Տհաճ բան է վախկոտ լինելը։ Գուցե այնքան էլ վախկոտ չեմ։ Ինքս էլ չգիտեմ։ Գուցե մասամբ եմ վախկոտ, իսկ մասամբ ուղղակի թքած ունեմ, կորել են ձեռնոցներս թե ոչ։ Դա իմ ամենամեծ թերությունն է, նշանակություն չեմ տալիս, երբ որևէ բան եմ կորցնում։ Մայրիկս ուղղակի շատ էր զայրանում, երբ ես փոքրիկ էի։ Ուրիշները որ մի բան կորցնեն, օրերով ման կգան։ Իսկ ես երբեք չեմ ափսոսացել որևէ բանի համար, երբ կորցրել եմ։ Գուցե դրա համար էլ մի քիչ վախկոտ եմ։ Ինչևէ, դա արդարացում չէ։ Բոլորովին արդարացում չէ։ Ընդհանրապես չի կարելի վախկոտ լինել։ Եթե անհրաժեշտ է որևէ մեկի մռութին հասցնել, և դու ուզում ես այդ բանը, պետք է հասցնես։ Բայց ես չեմ կարող։ Ինձ համար ավելի հեշտ է մարդուն դուրս նետել պատուհանից կամ գլուխը կտրել կացնով, քան հասցնել դեմքին։ Ատում եմ բռունցքի դատաստանը։ Ավելի լավ է ինձ ծեծեն, թեև դա բոլորովին դուր չի գալիս, ինքներդ էլ հասկանում եք, բայց ես սոսկալի վախենում եմ հասցնել մարդու երեսին, երեսից եմ վախենում։ Չեմ կարող նայել այդ դեմքին, ահա թե որն է ցավը։ Եթե երկուսիս աչքերն էլ փակած լինեին, այնքան էլ տհաճ չէր լինի։ Տարօրինակ վախկոտություն է, որ մտածում ես, բայց, այնուամենայնիվ, վախկոտություն է։ Ես ինձ չեմ խաբում։
Ու որքան շատ էի մտածում ձեռնոցների ու վախկոտության մասին, այնքան ավելի էր փչանում տրամադրությունս, և ես որոշեցի ճանապարհին մտնել մի որևէ տեղ ու խմել։ Էռնիի մոտ ես ընդամենը երեք բաժակ խմեցի, երրորդն էլ դեռ մինչև վերջ չխմեցի։ Մի բան կարող եմ ասել՝ խմել կարողանում եմ։ Կարող եմ թեկուզ ամբողջ գիշերը խմել ու ոչինչ չի նկատվի, եթե հատկապես տրամադրությունս տեղը լինի։ Հուտտոնի դպրոցում ես ու ընկերս՝ Ռայմոնդ Գոլդֆարբը մեկ պինտա վիսկի գնեցինք ու խմեցինք եկեղեցում, շաբաթ երեկոյան․ այնտեղ մեզ ոչ ոք չտեսավ։ Նա թունդ հարբել էր, իսկ իմ վրայից ոչինչ չէր երևում, ես միայն շատ անկախ ու անհոգ էի զգում ինձ։ Սիրտս խառնեց, երբ պառկեցի քնելու, բայց դիտմամբ արեցի, կարող էի և ինձ զսպել։
Մի խոսքով, հյուրանոցի ճանապարհին ես շատ էի ուզում մտնել ինչ֊որ մի խղճուկ բար, բայց այնտեղից դուրս ընկան երկու թունդ հարբած մարդ ու հարցրեցին, թե որտեղ է մետրոն։ Նրանցից մեկը, որ նման էր իսկական իսպանացու, ամբողջ ժամանակ դեմքիս էր փչում գարշահոտ սպիրտը, մինչ ես կբացատրեի ինչպես գնալ։ Նույնիսկ ոտք չդրի այդ գարշելի բարը, պարզապես վերադարձա հյուրանոց։
Հոլլում մարդ չկար, միայն հիսուն միլիոն սիգարետների քնթուկների հոտն էր կանգնած։ Գարշահոտություն։ Քունս չէր տանում, բայց շատ վատ էի զգում ինձ։ Տրամադրությունս անտանելի էր։ Ապրել չէի ուզում։
Ու այդ ժամանակ մի սոսկալի պատմության մեջ խրվեցի։
Դեռ ոտք չէի դրել վերելակ, որ վերելակավարն ասաց․
― Ուզո՞ւմ ես զվարճանալ, երիտասարդ։ Թե՞ արդեն ձեզ համար ուշ է։
― Ինչի՞ մասին եք ասում, ― հարցնում եմ։ Բոլորովին չհասկացա ինչ է ակնարկում։
― Աղջիկ չե՞ք ուզում գիշերվա համար։
― Ե՞ս, ― ասում եմ։ Սոսկալի հիմար բան դուրս եկավ, միաժամանակ անհարմար, որ այդպես բացեիբաց առաջարկում են։
― Քանի՞ տարեկան եք, շեֆ, ― հանկարծ հարցնում է նա։
― Ի՞նչ է որ, ― ասում եմ։ ― Քսաներկու տարեկան եմ։
― Դե ինչպե՞ս։ Ցանկանո՞ւմ եք։ Հինգ դոլար ժամանակավոր, տասնհինգ՝ գիշերվա համար։ ― Նա նայեց ժամացույցին։ ― Մինչև առավոտվա տասներկուսը։ Հինգ՝ ժամանակավոր, տասնհինգ՝ ամբողջ գիշերվա համար։
― Լավ, ― ասում եմ։ Սկզբունքորեն դեմ եմ նման բաներին, բայց այնքան տխուր էի, որ երկար չմտածեցի։ Ցավն էլ հենց այդ է, որ երբ տխուր ես, մտածել էլ չես կարող։
― Ի՞նչ լավ։ Ժամանակավո՞ր, թե՞ ամբողջ գիշերը։
― Ժամանակավոր, ― ասում եմ։
― Եղավ։ Ո՞ր համարում եք։
Նայեցի բանալու վրայի կարմիր համարներին։
― Տասներկու֊քսաներկու, ― ասում եմ։ Արդեն զղջում էի, որ համաձայնվեցի, բայց ուշ էր։
― Լավ, մի տասնիհինգ րոպեից կուղարկեմ։ ― Նա բացեց վերելակի դուռը, ես դուրս եկա։
― Է՛յ, սպասեցեք, իսկ նա լավի՞կն է, ― հարցնում եմ։ ― Ես պառավ չեմ ուզում։
― Ի՞նչ պառավ։ Մի անհանգստացեք, շեֆ։
― Իսկ ո՞ւմ եմ վճարելու։
― Նրան, ― ասում է, ― բաց թողեք, շեֆ, ― ու նա դուռը շրխկացրեց քթիս առաջ։
Մտա համար, մազերս թրջեցի, բայց ոզնաձև էր կտրված, և ոչ մի սանրվածք չէր ստացվում։ Հետո փորձեցի, թե բերանիցս հոտ չի զգացվում սիգարետների ու վիսկու հոտը, որ խմել էի Էռնիի մոտ։ Դա շատ հեշտ է, պետք է ափը շատ մոտ պահել բերանին և արտաշնչել դեպի վեր, դեպի ներս։ Հետո մաքուր վերնաշապիկ հագա։ Ճիշտն ասած՝ չգիտեի՝ պե՞տք է հագուստներս փոխեմ հանուն պոռնիկի, թե ոչ։ Բայց այդպես գոնե զբաղմունք ունեի, թե չէ շատ էի նյարդայնանում։ Եթե ուզում եք ճիշտն իմանալ, ես կույս էի։ Ազնիվ խոսք։ Քանի՞ անգամ է առիթ եղել անմեղությունս կորցնելու, բայց չի ստացվել։ Միշտ մի որևէ բան խանգարել է։ Օրինակ՝ եթե աղջկա տանն ես, կարող են հանկարծ գալ նրա ծնողները, ավելի ճիշտ, վախենում ես, թե կգան։ Իսկ եթե աղջկա հետ նստած ես որևէ մեկի մեքենայի ետևի նստատեղին, ապա առջևում մեկ ուրիշ աղջիկ է նստած ու նրան էլ է հետաքրքրում, թե ինչ է կատարվում ետևում։ Հասկանո՞ւմ եք, նա ամբողջ ժամանակ շուռ է գալիս ու նայում, թե ինչ է կատարվում։ Մի խոսքով, միշտ մի որևէ բան խանգարում է։ Այնուամենայնիվ, երկու անգամ դա քիչ էր մնում տեղի ունենար։ Հատկապես մի անգամը, ես լավ եմ հիշում։ Սակայն էլի մի բան խանգարեց, բայց մոռացել եմ, թե հատկապես ինչ։ Կարևորն այն է, որ հենց բանը հասնում է դրան, ապա աղջիկը, եթե նա պոռնիկ չէ կամ նման մի բան, անպայման ասում է․ «Պետք չէ, թո՛ղ»։ Ու ամբողջ ցավն այն է, որ ես լսում եմ նրան։ Ուրիշները չեն լսում։ Բայց ես չեմ կարող։ Ես լսում եմ։ Երբեք չես հասկանում՝ նա իսկպե՞ս չի ուզում, թե ուղղակի վախենում է, թե դիտմամբ է ասում՝ «թող», որպեսզի դո՛ւ մեղավոր լինես, եթե որևէ բան պատահի, և ոչ թե ինքը։ Մի խոսքով, ես ամիջապես ենթարկվում եմ։ Կարևորն այն է, որ միշտ խղճում եմ նրանց։ Հասկանո՞ւմ եք, աղջիկներն այնքան հիմար են, ողղակի վայ է։ Հենց որ սկսում էի մի քիչ պաչպչել, և այլն, անմիջապես գլուխները կորցնում են։ Հապա մի ուշադրություն դարձրեք աղջկա վրա, երբ նա թունդ բռնկվում է՝ հիմարների հիմարն է։ Ինքս էլ չեմ հասկանում, նրանք ասում են «պետք չէ», ես էլ ենթարկվում եմ։ Հետո փոշմանում եմ, երբ նրան տուն եմ ուղեկցում, բայց միևնույն է, էլի ենթարկվում եմ։
Իսկ հիմա, մինչ փոխում էի վերնաշապիկս, մտածեցի, որ վերջապես առիթը եկել է։ Մտածեցի, քանի որ նա պոռնիկ է, ապա գոնե որևէ բան կսովորեմ նրանից, գուցե երբևէ ամուսնանում եմ։ Երբեմն անհանգստանում եմ դրա համար։ Հուտտոնի դպրոցում ես մի գրքույկ կարդացի խիստ նուրբ, վայելչատես ու անբարոյական մի տիպի մասին։ Նրա անունը մոսյո Բլանշար էր, այսօրվա պես հիշում եմ։ Գիրքը գարշելի բան էր, բայց այդ Բլանշարը՝ ոչինչ։ Նա հոյակապ դղյակ ուներ Րիվիերայում, Եվրոպայում։ Ու ազատ ժամանակ նա գլխավորապես զբաղվում էր ինչ֊որ կանանց քոթակելով։ Ընդհանրապես նա քաջ մարդ է եղել և այլն, բայց կանանց այնքան է ծեծել, որ ուշաթափվել են։ Մի տեղ նա ասում է՝ կնոջ մարմինը ջութակ է, պետք է հրաշալի երաժիշտ լինել, որպեսզի ստիպես նրան լավ հնչել։ Ընդհանրապես անպետք բան էր այդ գիրքը, ― դա ես լավ գիտեմ, ― բայց այդ ջութակը իմ ուղեղից դուրս չէր գալիս։ Այ թե ինչու էի ուզում գոնե մի բան սովորել, որ ամուսնությունից հետո պետք գար ինձ։ Քոլֆիլդը և նրա կախարդական ջութա՞կը, գրողը տանի։ Ընդհանրապես գարշանք է, իսկ գուցեև ոչ այնքան։ Ես կուզենայի փորձված լինել նման գործերում։ Թե չէ, ճիշտն ասած, երբ աղջկա հետ եմ լինում, չգիտեմ, թե ինչպես պետք է վարվեմ։ Օրինակ՝ այն աղջիկը, որ պատմեցի, թե քիչ էր մնում նրա հետ ամեն ինչ լիներ, մի ամբողջ ժամ չարչարվեցի, մինչև որ հանեցի նրա անիծյալ կրծքակալը։ Իսկ երբ հանեցի վերջապես, նա պատրաստ էր թքելու երեսիս։
Ու այսպես անցուդարձ էի անում սենյակում և սպասում պոռնիկի գալուն։ Անընդհատ մտածում էի՝ գոնե հաճելի լինի։ Ինչևէ, ինձ համար միևնույն էր։ Միայն թե շուտ վերջանար այդ ամենը։ Վերջապես դուռը ծեծցին, և ես գնացի բացելու, բայց ճամպրուկս ոտքի տակ էր դրված, կպա ու այնպես շրմփացի հատակին, որ քիչ մնաց ոտքս ջարդեի։ Միշտ այդպես եմ, ամենակարևոր պահին կսայթաքեմ։
Բացեցի դուռը, պոռնիկը կանգնած էր այնտեղ։ Նա սպորտային վերարկուով էր, առանց գլխարկի։ Մազերը բաց գույնի էին, բայց, երևում է, ներկած էին։ Ու բոլորովին էլ պառավ չէր։
― Բարև ձեզ, ― ասում եմ ամենաազնվական տոնով, գետինը մտնեմ ես։
― Մորիսը ձե՞ր մասին էր ասում, ― հարցնում է։
Նա այնքան էլ բարեհամբույր տեսք չուներ։
― Վերելակավա՞րը։
― Այո։
― Այո, իմ մասին։ Ներս եկեք, խնդրեմ, ― ասում եմ։ Ես խոսում էի անբռնազբոսիկ տոնով, աստված վկա։ Ավելի ու ավելի անբռնազբոսիկ։
Նա ներս եկավ, վերարկուն հանեց ու գցեց մահճակալին։ Նրա հագին կանաչ գույնի զգեստ կար։ Հետո կողքանց նստեց գրասեղանի մոտ դրված բազկաթոռին ու սկսեց ոտքը վեր ու վար անել։ Ոտքը գցել է ոտքին ու օրորում է վեր ու վար։ Նյարդայնանում է, նույնիսկ նման չէ պոռնկուհու։ Երևի այն պատճառով, որ շատ է ջահել, աստված վկա։ Երևի ինձնից էլ ջահել։ Ես նստեցի կողքի մեծ բազկաթոռին ու սիգարետ առաջարկեցի նրան։
― Չեմ ծխում, ― ասում է։ Ձայնը բարա՜կ֊բարակ է։ Եվ խոսում է շատ ցածր։ Նույնիսկ «շնորհակալություն» չասաց, որ սիգարետ առաջարկեցի։ Երևում է, նրան այդպիսի բաներ չեն սովորեցրել։
― Թույլ տվեք ներկայանալ, ― ասում եմ։ ― Իմ անունը Ջիմ Ստիլ է։
― Դուք ժամացույց ունե՞ք, ― ասում է։ Թքած ունի, թե իմ անունը ինչ է։ ― Լսեցեք, ― ասում է, ― դուք քանի՞ տարեկան եք։
― Ե՞ս։ Քսաներկու։
― Փչեց։
Տարօրինակ է, որ այդպես ասաց։ Ոնց որ դպրոցական։ Ես մտածում էի, որ պոռնկուհին կասի․ «Չէ՜ մի, գրողը տանի» կամ «Վերջ տուր», իսկ նա մանկականորեն՝ «փչե՝ց»։
― Իսկ դուք ինչքա՞ն եք։
― Որքան որ պետք է, ― ասում է։ Նույնիսկ սրամտում է, պատկերացրեք։ ― Դուք ժամացույց ունե՞ք, ― հարցնում է, հետո վեր կենում ու զգեստը գլխի վրայով հանում է։
Ես սոսկալի շփոթվեցի, որ նա զգեստը հանեց։ Այնպես անսպասելի էր, ազնիվ խոսք։ Գիտեմ, որ եթե քո ներկայությամբ հանում են զգեստը, ապա դու պետք է որոշ բան զգաս։ Ես ընդհակառակը՝ շփոթվեցի ու ոչ մի բան էլ չզգացի։
― Ժամացույց ունե՞ք։
― Չէ՛, չէ՛, ― ասում եմ։ Օ՛հ, որքան էի անհարմար զգում։ ― Ձեր անունն ի՞նչ է, ― հարցնում եմ։ Նա միայն վարդագույն շապիկով էր։ Սոսկալի անհարմար էր։ Ազնիվ խոսք, անհարմար էր։
― Սանի, ― ասում է։ ― Դե, շարժվիր։
― Իսկ մի՞թե դուք չեք ուզում նախ զրուցել, ― հարցնում եմ ես։ Երեխայություն է, իհարկե, բայց ես սոսկալի անհարմար էի զգում։ ― Մի՞թե դուք այդպես շտապում եք։ ― Նա նայեց ինձ, ինչպես կնայեն հոգեկան հիվանդին։
― Ի՞նչ խոսելու բան կա, ― հարցնում է։
― Չգիտեմ։ Հենց այնպես։ Կարծում էի, երևի կցանկանաք մի քիչ զրուցել։
Նա նորից նստեց սեղանի մոտի բազկաթոռին։ Բայց դա նրա սրտովը չէր։ Էլի սկսեց օրորել ոտքը․ շատ նյարդային աղջիկ է։
― Գուցե սիգարետ կցանկանայիք, ― հարցնում եմ։ Մոռցել էի, որ նա չի ծխում։
― Ես չեմ ծխում։ Լսեցեք, եթե ասելու բան ունեք, ասացեք։ Ես ժամանակ չունեմ։
Բայց բոլորովին չգիտեի, թե ինչ խոսեմ նրա հետ։ Կցանկանայի հարցնել, թե ինչպես է պոռնիկ դարձել, բայց վախեցա։ Միևնույն է, չէր ասի։
― Նյու֊Յորքի՞ց եք, ― հարցնում եմ։ Ուրիշ բան չգտա հարցնելու։
― Չէ, Հոլիվուդից եմ, ― ասում է։ Հետո վեր կացավ ու մոտեցավ մահճակալին, որտեղ ընկած էր նրա զգեստը։ Կախիչ ունե՞ք, թե չէ կճմրթվի զգեստս, նոր եմ բերել մաքրման կետից։
― Իհարկե, ― ասում եմ։
Շատ ուրախացա, որ գործ ճարվեց։ Զգեստը վերցրի ձեռքից ու կախեցի պահարանում։ Տարօրինակ է, բայց տխրեցի, երբ կախում էի զգեստը, և ոչ ոք չի կասկածում, որ նա պոռնիկ է։ Գործակատարը, հավանաբար, մտածում է, որ սովորական աղջիկ է, ու վերջ։ Շատ տխրեցի, ինքս էլ չեմ իմանում թե ինչու։
Հետո նորից նստեցի, փորձեցի խոսք բանալ։ Բայց մի՞թե նման զրուցակցուհու հետ կարող էի խոսել։
― Դուք ամեն երեկո աշխատո՞ւմ եք, ― հարցրի ու անմիջապես էլ զգացի, որ սարսափելի բան եմ հարցնում։
― Ըհը՛, ― ասում է։ Նա արդեն քայլում է սենյակում, սեղանի վրայից վերցրեց մենյուն ու կարդաց։
― Իսկ ցերեկն ի՞նչ եք անում։
Նա ուսերը թոթվեց։ Ուսերը նիհարի՜կ, նիհարի՜կ են։
― Քնում եմ։ Գնում եմ կինո։ ― Նա ցած դրեց մենյուն ու նայեց ինձ։ ― Լսիր, ինչո՞ւ ենք․․․ Ես ժամանակ չունեմ․․․
― Գիտեք ինչ, ― ասում եմ։ ― Ես ինձ լավ չեմ զգում։ Ծանր օր եմ անցկացրել։ Ազնվորեն եմ ասում։ Ես ձեզ կվճարեմ ինչ֊որ պետք է, բայց դուք ինձնից չե՞ք նեղանա, եթե ոչինչ չլինի։
Վատն այն էր, որ ոչինչ չէի ուզում։ Ճիշտն ասած, ինձ համակել էր թախիծը, և ոչ թե ինչ֊որ ոգևորություն։ Նա սոսկալի թախիծ էր պատճառում ինձ։ Հապա նրա կանաչ զգե՜ստը, որ կախված էր պահարանում։ Հետո, բացի այդ էլ, ինչպե՞ս կարելի է այդպիսի բանով զբաղվել մի մարդու հետ, որը մի ամբողջ կեսօր նստում ու ապուշ կինոներ էր նայում։ Չէի կարող, և վերջ, ազնիվ խոսք։
Նա մոտեցավ ինձ ու այնպես տարօրինակ նայեց, ասես թե չէր հավատում։
― Ի՞նչ է պատահել, ― հարցնում է։
― Ոչ մի բան, ― ասում եմ։ Այստեղ ինքս էլ սկսեցի նյարդայնանալ։ ― Ես, պարզապես, վերջերս եմ վիրահատության ենթարկվել։
― Հետո՞։ Ի՞նչդ են կտրել։
― Էն բանը, դե՝ կլավիկորդան։
― Հա՞, իսկ որտե՞ղ է էդ բանը։
― Կլավիկոդա՞ն, ― ասում եմ։ ― Գիտեք, դա շատ խորն է, ողնուղեղի մեջ։ Շատ խորը, գիտեք, անմիջապես ողնուղեղի մեջ։
― Հա՞, ― ասում է։ ― Դա շատ վատ բան է։ ― Ու մեկ էլ փլվում է ծնկներիս։ ― Իսկ դու լավիկն ես։
Ես սոսկալի նյարդայնանում էի։ Փչում էի աջ ու ձախ։
― Լավ չեմ առողջացել, ― ասում եմ։
― Դու նման ես մի արտիստի, կինոյից։ Գիտե՞ս։ Ի՞նչ էր անունը։ Ախր գիտես, է՛։ Ինչ էր անո՞ւնը։
― Չգիտեմ, ― ասում եմ։ Իսկ նա չի իջնում իմ ծնկներից։
― Դե չէ, գիտես։ Մելվին Դուգլասի հետ էր խաղում։ Նա, որ կրտսեր եղբոր դերն էր կատարում։ Որ ընկավ նավակից։ Հիշեցի՞ր։
― Չէ, չհիշեցի։ Ես ընդհանրապես կինո չեմ գնում։ ― Այստեղ նա սկսեց լկստվել։ Այնպես կոպտորեն, հասկանո՞ւմ եք։
― Վերջ տվեք, խնդրեմ, ― ասում եմ։ ― Տրամադրություն չունեմ։ Ասացի չէ՞, նոր եմ վիրահատությունից վեր կացել։
Ծնկներիցս չէր իջնու, բայց մեկ էլ ծուռ նայեց ինձ, իսկ աչքերը սոսկալի չարություն էին արտահայտում։
― Լսիր, ― ասում է, ― ես քնած էի, իսկ այդ գրողի տարած Մորիսը ինձ արթնացրեց։ Ինչ է, քո կարծիքով․․․
― Ասացի, չէ՞ որ կվճարեմ։ Ազնիվ խոսք, կվճարեմ։ Շատ փող ունեմ։ Բայց նոր եմ վեր կացել ծանր վիրահատությունից, դեռ չեմ առողջացել։
― Հապա էլ ինչո՞ւ էիր Մորիսին ասում, թե քեզ աղջիկ է հարկավոր։ Եթե վիրահատել են քո այդ, ինչ էր անունը․․․ Ինչո՞ւ էիր ասում։
― Կարծում էի, մի քիչ լավ կզգամ ինձ։ Բայց ժամանակից շատ շուտ եմ ոտքի ելել։ Լուրջ եմ ասում։ Մի՛ նեղացեք։ Մի րոպե վեր կացեք, միայն դրամապանակս վերցնեմ։ Վե՛ր կացեք մի րոպե։
Սոսկալի կատաղած էր, բայց, այնուամենայնիվ, իջավ ծնկներիցս, այնպես որ հնարավորություն ունեցա մոտենալու պահարանին և հանելու դրամապանակս։ Ես հինգ դոլար հանեցի և տվեցի նրան։
― Շատ շնորհակալ եմ, ― ասում եմ, ― շատ֊շատ շնորհակալություն։
― Այստեղ հինգ է, իսկ գինը՝ տասն է։
Երևում է, ինչ֊որ բան էր որոշել։ Իզուր չէր, որ վախենում էի, համոզված էի, որ այդպես էլ լինելու է։
― Մորիսն ասաց՝ հինգ, ― ասում եմ։ ― Նա ասաց․ մինչև առավոտ տասնհինգ, իսկ ժամանակավոր՝ հինգ։
― Ոչ տասը։
― Մորիսն ասաց՝ հինգ, ― ասում եմ։ ― Ներեցեք, ազնիվ խոսք, բայց ավել չեմ կարող։
Նա թոթվեց ուսերը, ինչպես քիչ առաջ, խիստ արհամարհանքով։
― Բարի եղեք, տվեք զգեստս։ Եթե ձեզ համար դժվար չէ, իհարկե։
Սոսկալի աղջիկ է։ Շատ բարալիկ ձայնով է խոսում, բայց միևնույն է, նրա հետ սոսկալի է։ Եթե նա մի հաստամարմին պառավ պոռնկուհի լիներ, ամբողջովին քսմսված, ապա այդքան սարսափելի չէր լինի։
Հանեցի զգեստը։ Նա հագավ։ Հետո վերցրեց վերարկուն։
― Դեհ, առայժմ, հիմարիկ, ― ասում է։
― Առայժմ, ― ասում եմ։ Ես նրան շնորհակալություն չհայտնեցի։ Եվ լավ է, որ չհայտնեցի։
14
Նա գնաց, իսկ ես նստեցի բազկաթոռին ու իրար ետևից երկու սիգարետ ծխեցի։ Դրսում արդեն լույսը բացվում էր։ Տեր աստվա՜ծ, այս որքան վատ եմ զգում ինձ։ Այնպիսի դատարկություն էր, որ պատկերացնել անգամ չեք կարող։ Ու ես սկսեցի բարձրաձայն զրուցել Ալլիի հետ։ Հաճախ եմ նրա հետ զրուցում, երբ թախիծը պատում է հոգիս։ Ես նրան ասում եմ․ թող վերցնի հեծանիվը ու ինձ սպասի Բոբի Ֆելոնի տան մոտ։ Բոբի Ֆելոնը ապրում էր Մեյնում, մեր տան մոտ, դա վաղուց էր։ Եվ ահա թե ինչ եղավ։ Ես ու Բոբին որոշել էինք հեծանիվներով գնալ Սեդերիգս լճի մոտ։ Մտադիր էինք նախաճաշ վերցնել ու այն ամենը, ինչ անհրաժեշտ կլիներ, և մեր փոքր տրամաչափի հրացանները․ մենք շատ փոքր էինք ու կարծում էինք, թե փոքր տրամաչափի մեր հրացաններով կարող ենք որս խփել։ Մի խոսքով, Ալլին լսել էր ինչպես ենք պայմանավորվում, ու խնդրում էր իրեն էլ վերցնենք, իսկ ես նրան չվերցրի, ասացի՝ դեռ փոքր ես։ Իսկ հիմա, երբ թախիծը համակում է սիրտս, ես նրան ասում եմ․ «Լավ, վերցրու հեծանիվդ ու ինձ սպասիր Բոբի Ֆելոնի տան մոտ։ Միայն թե մի՛ ուշանա»։
Ոչ թե ես նրան երբեք ինձ հետ չէի տանում։ Չէ՛, տանում էի։ Բայց այդ օրը չտարա։ Իսկ նա բոլորովին չէր նեղացել, ― նա երբեք չէր նեղանում, ― բայց ես միշտ այդ մասին հիշում էի, երբ շատ էի տխուր լինում։
Վերջապես, այնուամենայնիվ, հանվեցի ու պառկեցի։ Պառկեցի ու մտածում եմ, աղոթե՞մ, թե չէ։ Բայց բան չստացվեց։ Չեմ կարողանում աղոթել, նույնիսկ երբ ուզում եմ։ Նախ՝ ես մասամբ աթեիստ եմ։ Քրիստոսն ընդհանրապես ինձ դուր է գալիս, բայց աստվածաշնչային մնածաց խառնափնթորությունը՝ ոչ այնքան։ Վերցնենք հենց թեկուզ առաքյալներին։ Ճիշտն ասած, նրանք ինձ սոսկալի կատաղեցնում են։ Իհարկե, երբ Քրիստոսը մեռավ, նրանք իրենց վատ չպահեցին, բայց քանի դեռ կենդանի էր, նրանցից միայն վնաս էր տեսնում։ Անընդհատ խաբում էին նրան։ Աստվածաշնչի մեջ ամենից քիչ ինձ առաքյալներն են դուր գալիս։ Ճիշտն ասած, Քրիստոսից հետո ես Աստվածաշնչից սիրում եմ այն խենթուկին, որ ապրում էր քարանձավում ու ամբողջ ժամանակ իրեն ճանկռոտում էր քարերով և այլ բաներով։ Ես այդ ողորմելի հիմարին տասն անգամ ավելի եմ սիրում, քան առաքյալներին։ Երբ Հուտտոնի դպրոցում էի, ես միշտ վիճում էի մեր հարկում ապրող մի տիպի՝ Արթուր Զայլդսի հետ։ Այդ Զայլդսը կվակեր[2] էր և միշտ Աստվածաշունչ էր կարդում։ Նա լավ տղա էր, ես սիրում էի նրան, բայց Աստվածաշնչի հարցում մենք տարբեր կերպ էինք դատում, հատկապես առաքյալների հարցում։ Նա ինձ համոզում էր, որ եթե ես առաքյալներին չեմ սիրում, ուրեմն Քրիստոսին էլ չեմ սիրում։ Նա ասում էր, քանի որ Քրիստոսն ինքն է իր առաքյալներին ընտրել, ուրեմն պետք է նրանց սիրել։ Իսկ ես ասում էի․ գիտեմ, որ նա ինքն է ընտրել, բայց ընտրել է պատահմամբ։ Ասում էի, որ Քրիստոսը ժամանակ չուներ ընտրություն կատարելու, ես բոլորովին էլ չեմ մեղադրում նրան։ Մի՞թե նա մեղավոր էր, որ ժամանակ չուներ։ Հիշում եմ, մի անգամ հարցրի Զայլդսին․ ինչ է կարծում նա, Հուդան, որ մատնեց Քրիստոսին, ինքնասպանություն կատարելուց հետո դժո՞խք ընկավ, թե չէ։ Զայլսը ասում է, իհարկե, ընկավ։ Եվ այստեղ ոչ մի կերպ չէի կարողանում համաձայնել նրա հետ։ Ես ասում եմ․ գրազ կգամ հազար դոլարով, որ Քրիստոսը ոչ մի դեպքում այդ ողորմելի Հուդային դժոխք չէր ուղարկի։ Ես հիմա էլ գրազ կգայի հազար դոլարով, եթե այդքան ունենայի։ Այդ առաքյալներն, օրինակ, անպայման դժոխք կուղարկեին Հուդային, առանց տատանվելու։ Իսկ Քրիստոսը՝ ո՛չ, գլխովս եմ երդվում։ Այդ Զայլդսն ասում էր, որ ես այդպես եմ մտածում որովհետև եկեղեցի չեմ գնում։ Ինչ որ ճիշտ է, ճիշտ է, չեմ գնում։ Նախ՝ իմ ծնողները տարբեր հավատի են, ու մեր ընտանիքում բոլոր երեխաներս աթեիստներ ենք։ Անկեղծ ասած, ես հոգևորականներին տանել չեմ կարողանում։ Բոլոր դպրոցներում, որտեղ որ ես սովորել եմ, բոլոր հոգևորականներն էլ հենց որ սկսում էին քարոզել, նրանց ձայնը դառնում էր քաղցր֊մեղցր, անտանելի։ Օ՛հ, ատում եմ դրանց։ Չեմ հասկանում, թե ինչու չեն կարողանում սովորական ձայնով խոսել։ Այնքան են ծռմռվում, որ անհնար է լսելը։
Մի խոսքով, երբ պառկեցի, ոչ մի աղոթք չեկավ միտքս։ Հենց ուզում էի մի աղոթք հիշել, այդ Սանիի ձայնն եմ լսում, որ ինձ հիմարիկ անվանեց։ Ի վերջո նստեցի անկողնուս մեջ ու մի սիգարետ էլ ծխեցի։ Փենսիից դուրս գալուց հետո երևի արդեն երկու տուփ սիգարետ ծխած կլինեի։
Ու հանկարծ հենց որ պառկեցի, ինչ֊որ մեկը ծեծեց դուռը։ Հույսով մտածում էի, որ երևի իմ դուռը չեն ծեծում, բայց հրաշալի հասկանում էի, որ հենց իմ դուռն է։ Չգիտեմ ինչու, բայց անմիջապես հասկացա ով է։ Ես շատ զգայուն եմ։
― Ո՞վ է, ― հարցնում եմ։ Շատ վախեցա։ Այդպիսի հարցերում վախկոտ եմ։
Նորից ծեծեցին։ Միայն թե ավելի ուժգին։
Վերջապես վեր կացա, միայն պիժամայով, ու բացեցի դուռը։ Նույնիսկ լույսը վառելու հարկ չեղավ․ արդեն առավոտ էր։ Շեմքին կանգնած էին այդ Սանին ու Մոիրսը՝ պզուկոտ վերելակավարը։
― Ի՞նչ է պատահել, ― հարցնում եմ։ ― Ի՞նչ եք ուզում։ ― Ձայնս սոսկալի դողում էր։
― Դատարկ բան, ― ասում է այդ Մորիսը։ ― Ընդամենը հինգ դոլար։ ― Նա խոսում էր երկուսի փոխարեն, իսկ աղջնակը կանգնել էր բերանը բաց և ոչինչ չէր ասում։
― Ես նրան արդեն վճարել եմ, ― ասում եմ։ ― Ես նրան հինգ դոլար եմ տվել։ Իրեն հարցրեք։ ― Օհ, ինչպե՜ս էր դողում ձայնս։
― Տասը պետք է տաք, շեֆ։ Ես ձեզ ասացի, տասը ժամանակավորապես, տասնհինգ՝ ամբողջ գիշերվա համար։ Ես ձեզ ասացի, չէ՞։
― Ճիշտ չէ, չեք ասել։ Դուք ասացիք՝ հինգ ժամանակավորապես, տասնհինգ՝ ամբողջ գիշերվա համար, ես շատ լավ եմ լսել․․․
― Շուտ արեք, շեֆ։
― Ինչի՞ համար, ― հարցնում եմ։ Աստված իմ, սիրտս այնպես էր տրոփում, որ ասես հիմա դուրս է թռչելու։ Գոնե հագնված լինեի։ Անտանելի է պիժամայով կանգնել, երբ այդպիսի բան է կատարվում։
― Դե, տվեք, շեֆ, տվե՛ք, ― ասում է Մորիսը։ Ու այնպես է հրում իր կեղտոտ թաթով, որ քիչ է մնում շրմփամ հատակին․ շատ ուժեղ էր շան որդին։ Ու դեռ չէի սթափվել, որ երկուսն էլ հայտնվեցին սենյակում։ Այնպիսի տեսք ունեին, ասես թե իրենց սենյակն էր։ Սանին նստեց լուսամուտագոգին։ Մորիսը նստեց բազկաթոռին ու արձակեց օձիքը․ նրա հագին վերելակավարի համազգեստ էր։ Տեր աստված, ինչպե՜ս էի նյարդայնանում։ ― Դե լավ, շեֆ, հանեք փողերը, ես պիտի գործի գնամ։
― Ձեզ արդեն ասացի, այլևս ոչ մի ցենտ պարտք չեմ։ Ես նրան հինգանոց եմ տվել։
― Հերիք է աչքներիս թոզ փչեք, փողը դրեք սեղանին։
― Ինչի՞ համար պետք է հինգ դոլար տամ, ― ասում եմ ես, ու ձայնս այնպե՜ս է դողում։ ― Դուք ուզում եք ինձ կողոպտել։
Մորիսը մինչև վերջ արձակեց բաճկոնի կոճակները։ Դրա տակ կեղծ օձիք էր, առանց վերնաշապկի։ Նա հաստ, մազոտ ու վիթխարի փոր ուներ։
― Ոչ ոք ոչ ոքի չի ուզում կողոպտել, ― ասում է նա։ ― Փողը տվեք, շեֆ։
― Չեմ տա։
Դեռ խոսքս բերանումս՝ նա վեր կացավ ու եկավ ինձ վրա։ Նա այնպիսի տեսք ուներ, ասես սոսկալի հոգնած էր կամ ուղղակի զահլան գնացել էր։ Տեր աստված, ինչպե՜ս վախեցա։ Հիշում եմ, ձեռքերս խաչեցի կրծքիս։ Ամենավատն այն էր, որ ես պիժամայով էի։
― Փողը տվեք, շեֆ, ― նա կիպ մոտեցավ ինձ։ Անվերջ նույն բանն էր կրկնում։ ― Տվեք փողը, շե՛ֆ։ ― Իսկակա՜ն կրետին։
― Չե՛մ տա։
― Շեֆ, դուք ինձ համբերությունից հանում եք։ Ստիպված կլինեմ ձեզ հետ կոպտորեն վարվել։ Չեմ ուզում ձեր քեֆին կպչեմ, բայց երևում է ուրիշ ճար չկա։ Դուք մեզ պարտք եք հինգ դոլար։
― Ես ոչ մի բան էլ պարտք չեմ, ― ասում եմ։ ― Իսկ եթե մատով դիպչեք ինձ, այնպես կգոռամ, որ ամբողջ հյուրանոցը գլխիդ կհավաքեմ։ Ոստիկանությանը, բոլորին ոտքի կհանեմ, ― խոսում եմ, բայց ձայնս դոնդողի պես դողում է։
― Դե գոռա՛։ Գոռա՛, ինչքան քեֆդ կտա։ Սկսի՛ր։ Ուզում ես, ծնողներդ իմանան, որ գիշերն աղջկա հետ ես անցկացրե՞լ։ Հլա դեռ լավ ընտանիքի զավակ ես համարվում։ ― Շա՜տ խորամանկն էր այդ շան որդին։ Շա՜տ։
― Ինձ հանգիստ թողեք։ Ուրիշ բան, եթե ասած լինեիք՝ տասը։ Դուք որոշակիորեն ասացիք․․․
― Փողը տալի՞ս եք, թե չէ, ― նա ինձ դեմ տվեց դռանը։ Իր փրչոտ ուռած փորը ուղղակի գցել էր վրաս։
― Հանգիստ թողեք ինձ ու կորեք իմ սենյակից, ― ասացի ես։ Իսկ ինքս ձեռքերս խաչել ու տեղիցս էլ չեմ շարժվում։ Տեր աստված, ինչպիսի՜ ոչնչություն եմ ես։
Հանկարծ Սանին խոսեց․ մինչ այդ նա լուռ էր։
― Լսիր, Մորիս, վերցնե՞մ դրա դրամապանակը։ Այ, այնտեղ է, այն բանի վրա․․․
― Այո՛, այո՛, վերցրու։
― Արդեն վերցրի, ― ասում է Սանին ու ինձ ցույց տալիս հինգ դոլարանոցը։ ― Տե՞ս, ավելին չեմ վերցնում, միայն պարտքս։ Ես գող չեմ։ Մենք գող չենք։
Ու հանկարծ ես լաց եղա, չեմ ուզում լալ, բայց լալիս եմ։
― Հա՜, գող չեք։ Հինգ դոլարը գողանում են ու ասում՝ գող չենք։
― Ձա՛յնդ, ― ասում է Մորիսն ու հրում ինձ։
― Թող կորչի, լսո՞ւմ ես, ― ասում է Սանին։ ― Արի գնանք։ Մենք մեր պարտքն ստացանք։ Գնա՛նք։ Լսո՞ւմ ես, գնանք այստեղից։
― Գալիս եմ, ― ասում է Մորիսը, բայց կանգնած է դեռ։
― Մորիս, լսո՞ւմ ես, ասում եմ, թո՛ղ դրան։
― Իսկ ո՞վ է նրան ձեռք տալիս որ, ― պատասխանում է նա անմեղ ձայնով։ Ու հանկարծ այնպես է հասցնում պիժամայիս։ Չեմ ասում, որ մասիս, բայց սոսկալի ցավ զգացի։ Ես գոռացի, որ նա կեղտոտ, ստոր կրետին է։
― Ի՞նչ ասացիր, ― ասում է։ Ու ձեռքը դրել է ականջին ինչպես խուլը։ ― Ինչ ասացի՞ր։ Ես ո՞վ եմ։
Իսկ ես կանգնած զռում եմ։ Կատաղությունս գալիս է, համբերությունից հանեց ինձ։
― Դու ստոր, կեղտո՛տ կրետին ես, ― ասում եմ։ ― Կեղտոտ կրետին ես, խաբեբա, իսկ մի երկու տարի հետո մուրացիկ ես դառնալու, փողոցներում ողորմություն հավաքես։ Բլուզդ փսլնքոտած, կեղտոտ, հոտած ման ես գալու փողոցներում․․․
Այստեղ նա այնպս հասցրեց, որ չկարողացա մի կողմ թեքվել, սոսկալի հարված զգացի փորիս։
Գիտակցությունս չկորցրի, որովհետև հիշում եմ, հատակին ընկած նայում էի, թե ինչպես գնացին նրանք ու իրենց ետևից ծածկեցին դուռը։ Երկար ժամանակ վեր չէի կենում տեղիցս, ինչպես այն ժամանակ Ստրեյդլեյթերի հետ կռվելուց հետո․․․ Բայց հիմա ինձ թվում էր, թե մեռնում եմ, ազնիվ խոսք։ Թվում էր, թե խեղդվում եմ, շունչս կտրվում էր, չէի կարողանում արտաշնչել։ Իսկ երբ ելա և գնացի լոգարան, չէի կարող նույնիսկ կռանալ, երկու ձեռքով բռնել էի փորս։
Բայց ես, հավանաբար, խենթ եմ, աստված վկա, գիժ եմ ուղղակի։ Լոգարան գնալիս երևակայեցի, թե իբր գնդակ կա աղիքներիս մեջ։ Երևակայեցի, թե Մորիսը կրակել է ինձ վրա։ Ու հիմա գնում եմ լոգարան, որպեսզի մի կում հին վիսկի խմեմ, նյարդերս հանգստացնելու համար, և գործի անցնեմ։ Պատկերացրի, որ դուրս եմ գալիս լոգարանից արդեն հագնված, ատրճանակը ձեռքիս, ու թեթևակի օրորվում եմ։ Ու իջնում եմ աստիճաններով, վերելակ, իհարկե, չեմ նստում։ Գնում եմ բազրիքից բռնած, արյունը կաթում է բերանիս անկյունից։ Ես մի քանի հարկ այդպես ցած կիջնեի փորս բռնած, արյունը կհոսեր հատակի վրա, ու հետո կկանչեի վերելակը։ Ու հենց որ այդ Մորիսը բացեր դուռը, տեսներ ինձ ատրճանակը ձեռքիս, կգոռար սարսափից, վայնասուն կբարձրացներ, որպեսզի ձեռք չտամ իրեն։ Բայց ես նրան ցույց կտայի։ Միանգամից վեց գնդակ կարձակեի նրա ճարպոտ ու փրչոտ փորի մեջ։ Հետո ատրճանակը՝ կնետեի վերելակի հորը, իհարկե, նախապես մաքրելով մատնահետքերս։ Ապա կսողայի իմ համարը ու կզանգահարեի Ջեյնին, որպեսզի նա գար ու կապեր իմ վերքը։ Ու պատկերացնում էի, թե նա ինչպես է սիգարետը բռնել իմ շրթունքների մոտ, իսկ ես ծխում եմ ու արնաքամ լինում։
Անիծյալ կինս։ Այ թե ինչ օրի է գցում մարդուն։ Ինքներդ էլ հասկանում եք․․․
Ես լոգարանում նստեցի մոտ մի ժամ, լոգանք ընդունեցի, մի քիչ ուշքի եկա։ Հետո անկողին մտա։ Երկար ժամանակ չէի կարողանում քնել, ― բոլորովին չէի հոգնել, ― բայց ի վերջո քնեցի։ Շատ էի ուզում վերջ տալ կյանքիս։ Պատուհանից դուրս նետվել։ Թերևս դուրս նետվեի, եթե համոզված լինեի, որ որևէ մեկը անմիջապես կմոտենա ու կծածկի ինձ։ Չէի ցանկանա, որ ինչ֊որ հետաքրքրասեր ապուշներ հավաքվեն նայելու, թե ես ինչպես եմ ընկած արնաշաղախ վիճակում։
15
Երկար քնեցի, կարծեմ ժամը տասն էր, երբ արթնացա։ Մի սիգարետ ծխեցի ու անմիջպես զգացի, որ շատ քաղցած եմ։ Բրոսսարի ու Էկլիի հետ Էգերթաունում կերած կոտլետից հետո բան չէի կերել։ Դա այնքա՜ն վաղուց էր, կարծես տասնհինգ տարի էր անցել։ Հեռախոսը կողքիս էր, ուզում էի զանգահարել ու պատվիրել, որ նախաճաշ մատուցեն համարում, բայց վախեցա, թե այդ վերելակավար Մորիսի հետ կուղարկեն, իսկ եթե կարծում եք, որ երազում էի նրան տեսնել, շատ եք սխալվում։ Պառկել ու սիգարետ էի ծխում։ Ուզում էի զանգահարել Ջեյնին, իմանալ տա՞նն է արդյոք, բայց տրամադրություն չունեի։
Այդ ժամանակ զանգահարեցի Սալլի Հեյսին։ Նա Մերի Է․ Ուդրոֆի պանսիոնում էր սովորում և գիտեի, որ արդեն տանը կլինի․ մի շաբաթ առաջ էի նրանից նամակ ստացել։ Ոչ թե նրա համար գժվում էի, այլ ուղղակի ծանոթներ էինք, ու ես հիմարաբար կարծում էի, թե նա խելացի է։ Այդպես էի կարծում, որովհետև նա շատ֊շատ բան գիտեր թատրոնի, պիեսների և ամեն տեսակ գրականության մասին։ Եթե մարդը հարուստ է նման գիտելիքներով, ապա միանգամից դժվար է գլուխ հանել՝ հիմար է նա, թե ոչ։ Ես այդ Սալլի Հեյսից տարիներ շարունակ գլուխ չէի հանում։ Երևի ավելի շուտ գլխի ընկնեի, որ հիմարի մեկն է, եթե այդքան չհաբուրվեի նրա հետ։ Վատն այն է, որ երբ համբուրվում եմ աղջկա հետ, միշտ կարծում եմ, թե նա խելոք է։ Մեկը մյուսի հետ ոչ մի կապ չունի, բայց ես, միևնույն է, այդպես եմ կարծում։
Մի խոսքով զանգեցի նրան։ Նախ՝ մոտեցավ տնտեսուհին, հետո՝ նրա հայրը։ Վերջապես կանչեցին նրան։
― Դո՞ւ ես, Սալլի, ― հարցնում եմ։
― Այո, ո՞վ է խոսում, ― հարցնում է նա․ շատ ձևացնողն է, հա՜։ Արդեն հորն ասել էի ով է խոսողը։
― Հոլդեն Քոլֆիլդն է։ Ինչպե՞ս ես։
― Ա՜խ, Հոլդեն։ Շնորհակալություն, լավ եմ։ Դո՞ւ ինչպես ես։
― Հրաշալի։ Լսիր, ինչպե՞ս ես, դպրոցի գործե՞րդ ինչպես են։
― Ոչինչ, ― ասում է, ― դե ինքդ էլ գիտես։
― Հրաշալի է։ Ահա թե ինչ էի ուզում հարցնել։ Դու ազա՞տ ես։ Ճիշտ է, այսօր կիրակի է, բայց հավանաբար առավոտյան ներկայացումներ կան։ Բարեգործական, թերևս, կուզե՞ս գնալ։
― Շատ եմ ուզում, շա՜տ։ Դա հիասքանչ կլինի։
«Հիասքանչ», զզվում եմ այդպիսի բառերից։ Ի՞նչ գարշելի բան է։ Քիչ էր մնում ասեի, թե մենք ոչ մի տեղ էլ չենք գնա։ Հետո մի քիչ բլբլացինք հեռախոսով, ավելի ճիշտ նա էր բլբլում, ես լուռ լսում էի։ Նա ոչ մեկին հերթ չի տա խոսելու։ Սկզբում պատմում էր հարվարդցի ինչ֊որ պիժոնի մասին, ― հավանաբար, առաջին կուրսեցու, բայց դա չէր ասում, իհարկե, ― իբր այդ տղան հալվում է իր համար։ Գիշեր֊ցերեկ զանգում է իրեն։ Այո, գիշեր֊ցերեկ, քիչ էր մնում հռհռայի։ Հետո մեկ այլ տիպի մասին, Վեստ֊Փոնթից մի կադետի մասին․ սա էլ է պատրաստ ինքնասպան լինել իր համար։ Սոսկալի՜ բան է։ Ես խնդրեցի նրան ժամը ուղիղ երկուսին ինձ սպասել «Բիլթմոր» հյուրանոցի ժամացաույցի տակ, որովհետև ցերեկային ներկայացումներն սկսվում էին երկուսն անց կեսին։ Իսկ նա միշտ ուշանում էր։ Ու հրաժեշտ տվի։ Զահլաս գնում էր նրանից, բայց նա զարմանալի գեղեցիկ էր։
Պայմանավորվեցի Սալլիի հետ, հետո վեր կացա, հագնվեցի, կարգի բերի ճամպրուկս։ Դուրս գալիս պատուհանից նայեցի տեսնեմ ինչ են անում այդ հոգեկան հիվանդները, բայց նրանք թանձր վարագույրներն իջեցրել էին։ Առավոտյան նրանք համեստից էլ համեստ են։ Հետո վերելակով իջա ու հաշիվս փակեցի դռնապանի հետ։ Բարեբախտաբար, Մորիսը ոչ մի տեղ չերևաց։ Ես առանձնապես չէի էլ ջանում տեսնել այդ սրիկային։
Հյուրանոցի մոտից տաքսի վերցրի, բայց չգիտեի ուր գնամ։ Պարզվում է գնալու տեղ չունեի։
Օրը կիրակի էր, իսկ ես մինչև չորեքշաբթի չէի կարող տուն գնալ, ծայրահեղ դեպքում մինչև երեքշաբթի։ Իսկ մեկ այլ հյուրանոց գնալ, որպեսզի այնտեղ էլ գլուխս ջարդեն՝ շնորհակալ եմ, չեմ ուզում։ Վարորդին պատվիրեցի ինձ տանել Կենտրոնական կայարան։ Դա «Բիլթմոր» հյուրանոցի մոտ էր, որտեղ պետք է հանդիպեի Սալլիին։ Ու որոշեցի այսպես անել։ Իրերս պահպանության հանձնել փոքրիկ պահարանում, որի բանալին տալիս են ձեռքդ, ապա նախաճաշել։ Շատ էի քաղցած։ Տաքսու մեջ հանեցի դրամապանկս ու հաշվեցի։ Չգիտեմ որքան կար, բայց այնքան էլ շատ չէր։ Երկու շաբաթվա ընթացքում ես բավական շատ էի ծախսել։ Բնույթով սոսկալի շռայլ եմ։ Ինչն էլ որ չեմ վատնում կորցնում եմ։ Երբեմն մոռանում եմ մանրը վերցնել որևէ ռեստորանում կամ գիշերային գինետանը։ Ծնողներս ուղղակի կատաղում են։ Ես նրանց հասկանում եմ։ Թեև հայրս բավական հարուստ է, չգիտեմ ամսական որքան է վաստակում, ― ինձ հետ այդ մասին չի խոսում, ― բայց երևի բավական շատ։ Նա կորպորացիայի իրավախորհրդատու է։ Իսկ դրանց փողը բահով են հավաքում։ Գիտեմ, որ հարուստ է, որովհետև միշտ դրամ է ներդնում Բրոդվեյում ինչ֊որ ներկայացումների համար։ Այդ ներկայացումները միշտ էլ տապալվում են, ու մայրիկս կատաղությունից իրեն կորցնում է, երբ հայրս դրանց հետ կապի մեջ է մտնում։ Ընդհանրապես մայրիկս Ալլիի մահից հետո շատ է ընկել։ Դրա համար էլ շատ էի վախենում ասել նրան, որ ինձ դարձյալ վտարել են։
Ճամպրուկներս հանձնեցի պահպանության ու մտա կայարանի բուֆետը նախաճաշելու։ Լավ կերա․ նարնջահյութ, ապուխտով ձվածեղ, տոստ, սուրճ։ Սովորաբար միայն առավոտներն եմ հյութ խմում։ Շատ քիչ եմ ուտում, անչափ քիչ։ Դրանից էլ այսպես նիհար եմ։ Ինձ խորհուրդ են տվել խմորեղեն շատ ուտել ու նման բաներ, որպեսզի քաշս տեղը բերեմ, բայց մտքովս էլ չէր անցնում։ Երբ որևէ տեղ եմ գնում, սովորաբար շվեցարական պանրով բուտերբրոդ եմ վերցնում ու մի բաժակ կաթնային սուֆլե։ Դատարկ բաներ են դրանք, բայց փոխարենը սուֆլեի մեջ վիտամիններ շատ կան։ Հ․ Վ․ Քոլֆիլդ։ Հոլդեն Վիտամին Քոլֆիլդ։
Ես ձվածեղ էի ուտում, երբ ներս մտան երկու միանձնուհիներ՝ ճամպրուկներն ու պայուսակները ձեռքներին, երևի ուրիշ մենաստան էին տեղափոխվում և սպասում էին գնացքին։ Ճամպրուկները վատն էին, էժանագին, ոչ թե կաշվից, այլ այնպես, չգիտես թե ինչից։ Գիտեմ, դա կարևոր չէ, բայց ես տանել չեմ կարողանում էժանագին ճամպրուկները։ Ամոթ է ասելը, բայց ես տհաճությամբ եմ նայում այն մարդուն, որի ճամպրուկները էժանագին են։ Դա ինձ մի դեպք է հիշեցնում։ Երբ սովորում էի Էլքտոն֊հիլլում, ապրում էի Դիկ Սլեգլի հետ մի սենյակում։ Նրա ճամպրուկները անպետք բաներ էին։ Նա դրանք պահում էր իր մահճակալի տակ և ոչ թե դարակի վրա, որպեսզի ոչ ոք չտեսներ դրանք իմ ճամպրուկների կողքին։ Դրանից ես վատ էի զգում, պատրաստ էի ճամպրուկներս դեն նետել կամ ընդմիշտ փոխել նրա ճամպրուկների հետ։ Իմոնք գնված էին Մարկ Կրոսսի մոտից, իսկական կաշվից էին, բոլոր պարագաներով հանդերձ, և աստված գիտե, թե որքան արժեին։ Բայց ահա թե ինչ տարօրինակ բան եղավ։ Մի անգամ ես վերցրի իմ ճամպրուկներն ու խցկեցի մահճակալիս տակ, որպեսզի ծերուկ Սլեգլը ազատվի այդ ոչլիարժեքության կոմպլեքսից։ Գիտե՞ք նա ինչ արեց։ Նոր էի ճամպրուկները մտցրել մահճակալի տակ, նա հանեց ու նորից դրեց դարակի վրա։ Միայն հետո հասկացա, թե ինչու այդպես արեց․ նա ուզում էր, որ բոլորը կարծեն, թե դրանք իր ճամպրուկներն են։ Այո՛, այո՛, ճիշտ այդպես։ Տարօրինակ տիպ էր։ Միշտ ձեռ էր առնում իմ ճամպրուկները։ Ասում էր, թե չափից դուրս շատ են նոր, և խիստ քաղքենիական են։ Դա նրա սիրած բառն էր։ Ինչ֊որ տեղ լսել էր ու յուրացրել։ Ինչ որ ունեի, բոլորը «քաղքենիական» էր համարում։ Նույնիսկ ինքնահոսս քաղքենիական էր։ Նա միշտ վերցնում էր ինձնից ու, միևնույն է, էլի քաղքենիական էր համարում։ Մենք ընդամենը երկու ամիս ապրեցինք միասին։ Իսկ հետո երկուսս էլ խնդրեցինք, որ մեզ տեղափոխեն։ Եվ ծիծաղելին այն է, որ երբ բաժանվեցինք, շատ էի կարոտում նրան, որովհետև նա իսկապես հումորի զգացում ուներ, ու մենք հաճախ էինք լավ զվարճանում։ Իմ կարծիքով, նա էլ ինձ էր կարոտում։ Սկզբում նա միայն ձեռ էր առնում ինձ, իրերս համարում քաղքենիական, իսկ ես ուշադրություն չէի դարձնում դրա վրա, նույնիսկ ծիծաղում էի։ Բայց հետո տեսա, որ նա չի կատակում։ Բանն այն է, որ դժվար է մի սենյակում ապրել մարդու հետ, եթե քո ճամպրուկները անհամեմատ լավն են, քան նրանը, եթե քո ճամպրուկները իսկապես հրաշալի են, իսկ նրանը՝ ոչ։ Դուք կասեք, եթե մարդը խելացի է և հումորի զգացում ունի, ապա նրա համար՝ թքած։ Դրա համար էլ տեղափոխվեցի այդ բութ անասունի՝ Ստրեյդլեյթերի մոտ։ Համենայն դեպս, նրա ճամպրուկները իմից վատը չէին։
Մի խոսքով այդ միանձնուհիները նստեցին ինձ մոտ, ու մենք զրույցի բռնվեցինք։ Կողքիս նստածը ծղոտե զամբյուղ ուներ․ այդպիսի միանձնուհիները և Փրկության բանակի կույսերը սովորաբար փող են հավաքում Ծննդյան տոների կապակցությամբ։ Միշտ կանգնած են լինում փողոցի անկյուններում, հատկապես՝ Հինգերորդ ավենյուի անկյունում, մեծ խանութների մոտ։ Կողքիս նստածը հանկարծ գցեց զամբյուղը, իսկ ես կռացա ու վերցրի։ Հարցրի, թե բարեգոծական նպատակներով հավաքո՞ւմ է։ Նա պատասխանեց՝ ոչ։ Պարզապես զամբյուղը չի տեղավորվել ճամպրուկում, ստիպված ձեռքում է պահում։ Նա այնպես սիրալիր էր ժպտում, նայում էր ու ժպտում։ Քիթը երկար էր և մետաղե շրջանակով ոչ այնքան գեղեցիկ ակնոց էր կրում, բայց դեմքը անսահման բարի էր։
― Ուզում էի ասել, եթե դրամ եք հավաքում, ես էլ կարող էի մի փոքրիկ գումար զոհաբերել, ― ասում եմ։ ― Դուք վերցրեք, երբ հավաքելիս կլինեք, սա էլ կավելացնեք վրան։
― Օ՜, որքան սիրալիր եք դուք, ― ասաց նա, իսկ մյուսը՝ նրա ուղեկցուհին, նույնպես նայեց ինձ։ Մյուսը սուրճ էր խմում ու գիրք էր կարդում, Աստվածաշնչի նման, բայց շատ բարակ մի գրքույկ։ Նախաճաշի համար նրանք միայն տոստով սուրճ էին վերցրել։ Ես հուզվեցի։ Ատում եմ ամեն տեսակ ապխտով ձվածեղն ու մյուս բաները, երբ կողքիդ նստածը միայն տոստով սուրճ է խմում։
Նրանք ինձնից տասը դոլար ընդունեցին։ Անվերջ հարցնում էին, թե ես կարո՞ղ եմ նման բան թույլ տալ։ Ասացի, որ բավականաչափ փող ունեմ, բայց նրանք ինչ֊որ չէին հավատում։ Այնուամենայնիվ, փողը վերցրին։ Ու այնպես էին երկուսն էլ շնորհակալություն հայտնում, որ ես վատ զգացի։ Խոսակցության նյութը փոխեցի ու հարցրի, թե ուր են գնում։ Ասացին, որ ուսուցչուհիներ են, եկել են Չիկագոյից, մտադիր են դասավանդել ինչ֊որ գիշերօթիկում, չգիտեմ Հայրուրվաթսունութերորդի, թե Հարյուրութսունվեցերորդի վրա, մի խոսքով, ինչ֊որ գրողի ծոցում։ Կողքիս նստած ակնոցավորը, պարզվեց, անգլերեն էր դասավանդում, իսկ ընկերուհին՝ պատմություն ու ամերիկյան սահմանադրություն։ Ես ուղղակի այրվում էի հետաքրքրասիրությունից, թե այդ ինչպես է, որ անգլերենի ուսուցչուհին միանձնուհի է և, այնուամենայնիվ, որոշ գրքեր է կարդում անգլիական գրականությունից։ Ոչ թե անվայել գրքեր, ես դրանց մասին չեմ ասում, այլ գրքեր, որտեղ սեր կա, սիրահարներ, ընդհանրապես նման բաներ։ Վերցնենք, օրինակ, Թոմաս Հարդիի «Վերադարձ հայրենիք» գրքի Յուստասիա Վեյին։ Այդտեղ առանձնապես կրքեր չկան, բայց, այնուամենայնիվ, հետաքրքիր է՝ ի՞նչ է մտածում միանձնուհին Յուստասիայի մասին կարդալիս։ Ես, իհարկե, ոչինչ չհարցրի, բայց ասացի որ ամենից լավ անգլիական գրականությունն եմ սովորել։
― Ի՜նչ եք ասում, որքան հաճելի է, ― ուրախացավ անգլերենի ուսուցչուհին, ա՛յն որ ակնոցով էր։ ― Ի՞նչ եք կարդացել այս տարի։ Շատ հետաքրքիր է իմանալ։
Բարեհամբո՜ւյր, բարի՜։
― Դե, ինչ ասեմ, թերևս ավելի շատ անգլոսաքսերին, գիտե՞ք, Բեովուլֆին, Գրենդելին և «Ռենդալ, որդիս», դե, բոլորը, ինչ պետք էր կարդալ։ Բայց մեզ տնային ընթերցանություն էլ էին հանձնարարում ու դրա համար առանձին գնահատակն էին դնում։ Թոմաս Հարդիի «Վերադարձ հայրենիքը», «Ռոմեոն և Ջուլիետը», «Հուլիոս Կես․․․»
― Ա՜խ, «Ռոմեոն և Ջուլիե՜տը», սքանչելի է, երևի, ձեզ շատ դուր եկավ։ ― Նա բոլորովին էլ միանձնուհու նման չէր խոսում։
― Այո, շա՜տ֊շատ դուր եկավ։ Որոշ բաներ իսկի դուր չեկան, բայց ընդհանրապես շատ հուզիչ է։
― Ձեզ ի՞նչը դուր չեկավ։ Չե՞ք կարող հիշել, թե հատկապես ինչը։
Անկեղծ ասած, մի տեսակ անհարմար էի զգում նրա հետ քննարկել «Ռոմեոն ու Ջուլիետը»։ Չէ՞ որ այդ պիեսում շատ տեղեր կան սիրո և այլ բաների մասին, իսկ նա, համենայն դեպս, միանձնուհի էր, բայց դե ինքը հարցրեց, և ես ստիպված եղա պատմել։
― Գիտե՞ք, ես հիացած չեմ հենց Ռոմեոյով ու Ջուլիետով, ― ասում եմ, ― այսինքն՝ նրանք ինձ դուր են գալիս, բայց, այնուամենայնիվ․․․ ինքս էլ չգիտեմ։ Երբեմն ուղղակի վրդովվում ես։ Ուզում եմ ասել, որ ավելի շատ խղճացի, երբ սպանեցին Մերկուցիոյին, քան երբ մեռան Ռոմեոն ու Ջուլիետը։ Հասկանո՞ւմ եք։ Ռոմեոն այլևս ինձ դուր չէր գալիս, երբ այդ խեղճ Մերկուցիոյին սուսերով ծակեց Ջուլիետի այդ զարմիկը, մոռացել եմ անունը․․․
― Տիբալդը։
― Ճիշտ է, Տիբալդը։ Միշտ մոռանում եմ դրա անունը։ Իսկ մեղավորը Ռոմեոն էր։ Ինձ բոլորից շատ այդ Մերկուցիոն է դուր գալիս։ Ինքս էլ չգիտեմ ինչու։ Իհարկե, այդ բոլոր Մոնտեքիներն ու Կապուլետիները նույնպես ոչինչ, հատկապես Ջուլիետը, բայց Մերկուցիոն․․․ Չէ, դժվարանում եմ բացատրել։ Նա այնքան խելացի էր, ուրախ։ Հասկանո՞ւմ եք, կատաղում եմ, որ այդպիսի մարդկանց սպանում են, այդպիսի ուրախ, խելացի մարդկանց, այն էլ ուրիշի մեղքով։ Ռոմեոյի և Ջուլիետի բանն ուրիշ է, նրանք իրենք են մեղավոր։
― Դուք ո՞ր դպրոցում եք սովորում, բարեկամս, ― հարցնում է նա․ երևի ձանձրացավ Ռոմեոյի և Ջուլիետի մասին լսելուց։
Ասում եմ՝ Փենսիում։ Պարզվում է, նա լսել է այդ դպրոցի մասին։ Ասաց, որ հիանալի դպրոց է։ Ես լռեցի։ Այդ ժամանակ, նրա ընկերուհին, որ պատմություն ու սահմանադրություն էր դասավանդում, հիշեցրեց, որ իրենց գնալու ժամանակն է։ Ես վերցրի նրանց չեկը, բայց նրանք թույլ չտվին վճարել իրենց կերածի համար։ Ակնոցավորը չեկը խլեց ձեռքիցս։
― Առանց այդ էլ դուք չափից դուրս ձեռնառատ գտնվեցիք, ― ասաց։ ― Դուք զարմանալի սիրալիր տղա եք։ ― Նա ինքը շատ լավն էր։ Մի փոքր հիշեցնում էր Էռնեստ Մորոուի մորը, որի հետ ճամբորդել էի գնացքով։ Հատկապես ժպտալիս։ ― Այնքան հաճելի էր ձեզ հետ զրուցել, ― ավելացրեց նա։
Ասացի, որ ինձ համար էլ հաճելի էր, ու չէի ձևացնում։ Բայց շատ ավելի հաճելի կլիներ զրուցել, եթե չվախենայի, թե հանկարծ կարող են ինձ հարցնել, թե կաթոլի՞կ եմ արդյոք։ Կաթոլիկները միշտ ջանք են թափում պարզել՝ կաթոլի՞կ ես դու, թե չէ։ Ինձ հետ հաճախ է պատահում, գլխավորապես այն պատճառով, որ ազգանունս իռլանդական է, իսկ իռլանդացիները մեծ մասամբ ծագումով կաթոլիկ են։ Ի դեպ հայրս էլ առաջ կաթոլիկ է եղել։ Իսկ հետո, երբ ամուսնացել է մորս հետ, թողել է դա։ Բայց կաթոլիկները ընդհանրապես միշտ ջանում են պարզել՝ կաթոլի՞կ ես դու, թե չէ, նույնիսկ եթե ազգանունդ չգիտեն։ Ես մի կաթոլիկ ծանոթ ունեի՝ Լուի Գորմանը, նրա հետ Հուտտոնի դպրոցում էի սովորում։ Առաջինը նրա հետ այնտեղ ծանոթացա։ Մենք կողք֊կողքի նստած՝ բժշկի մոտ մտնելու համար հերթի էինք սպասում, պարապմունքների առաջին օրն էր, սպասում էինք բժշկական քննության ենթարկվելու և զրուցում էինք թենիսի մասին։ Նա շատ էր տարված թենիսով, ես՝ նույնպես։ Ասում էր, որ ամեն ամռան լինում է Ֆորեստ֊հիլլի մրցումներին, ասացի, որ ես էլ եմ լինում, իսկ հետո սկսեցինք քննարկել, թե ով է լավագույն խաղացողը։ Իր տարիքի համար նա շատ լավ էր գլուխ հանում թենիսից։ Լրջորեն հետաքրքրվում էր։ Իսկ հետո առանց որևէ կապի հարցրեց․ «Դու չգիտե՞ս, որտեղ է կաթոլիկական եկեղեցին»։ Նրա տոնից անմիջապես հասկացա, որ ուզում է իմանալ՝ ես կաթոլի՞կ եմ թե ոչ։ Ուզում է իմանալ։ Եվ ոչ թե նախապատվություն էր տալիս կաթոլիկներին, ո՛չ, պարզապես ուզում էր իմանալ։ Նա հաճույքով էր խոսում թենիսի մասին, բայց անմիջապես երևում էր, որ այդ զրույցը նրան ավելի մեծ հաճույք կպատճառեր, եթե իմանար, որ ես կաթոլիկ եմ։ Այդպիսի բաներն ուղղակի կատաղեցնում են ինձ։ Չեմ ուզում ասել, որ դրա պատճառով մեր ամբողջ զրույցը գրողի ծոցը գնաց, չէ, զրույցը շարունակվում էր, բայց մի տեսակ ոչ այնպես։ Ահա թե ինչու ուրախացա, որ միանձնուհիները ինձ չհարցրին՝ կաթոլիկ եմ, թե ոչ։ Գուցեև դա չխանգարեր մեր զրույցին, բայց, այնուամենայնիվ, ամեն ինչ այլ կերպ կընթանար։ Ես բոլորովին չեմ մեղադրում կաթոլիկներին։ Գուցե, եթե ես էլ կաթոլիկ լինեի, ես էլ հարցնեի։ Ընդհանրապես, սա ինչ֊որ չափով նման է ճամպրուկների այն պատմությանը, որ պատմեցի։ Ես միայն ուզում եմ ասել, որ իսկական ջերմ զրույցին նման բաները միայն խանգարում են։ Ուրիշ ոչինչ։
Իսկ երբ միանձնուհիները ոտքի ելան և ուզում էին գնալ, ես հանկարծ մի հիմար անշնորհք արարք թույլ տվի։ Սիգարետ էի ծխում, ու երբ ոտքի ելա, որպեսզի նրանց հրաժեշտ տամ, անզգուշորեն ծուխը փչեցի հենց նրանց աչքերի մեջ։ Միանգամայն անզգուշաբար։ Գժի պես սկսեցի ներողություն խնդրել, իսկ նրանք շատ սիրալիրությամբ ընդունեցին իմ ներողությունները, բայց միևնույն է, սոսկալի անհարմար ստացվեց։
Երբ նրանք գնացին, ես ափսոսացի, որ ընդամենը տաս դոլլար տվեցի բարեգործության համար։ Բայց այլ կերպ հնարավոր չէր․ պայմանավորվել էի Սալլի Հեյսի հետ ցերեկային ներկայացում գնալ, դրա համար էլ չպետք է ծախսեի բոլոր փողերս։ Բայց միևնույն է, վրդովվեցի։ Գրողը տանի այդ փողերին։ Միշտ դրանց պատճառով տրամադրությունս ընկնում է։
16
Ժամը տասներկուսին մոտ էր, երբ ավարտեցի նախաճաշս, իսկ Սալլիին պետք է հանդիպեի երկուսին, դրա համար էլ որոշեցի մի քիչ զբոսնել։ Այդ երկու միանձնուհիները դուրս չէին գալիս ուղեղիցս։ Անվերջ աչքիս առաջ էր ծղոտե հին զամբյուղը, որով նրանք գնում էին մանրադրամ հավաքելու, երբ դասեր չէին ունենում։ Ջանում էի պատկերացնել, թե ինչպես մայրս կամ մեր ծանոթներից որևէ մեկը, մորաքույրս կամ այդ թեթևսոլիկը՝ Սալլի Հեյսի մայրը, հանրախանութի մոտ կանգնած, փող են հավաքում աղքատների համար, մաշված ծղոտե զամբյուղով։ Նույնիսկ դժվար է պատկերացնել։ Իմ մայրիկին դեռ կարելի է մի կերպ պատկերացնել, իսկ այն երկուսին՝ չէ։ Թեև մորաքույրս հաճախ է զբաղվում բարեգործությամբ (և՛ կարմիր խաչով, և՛ այլ բաներով), բայց նա միշտ հրաշալի հագնված է լինում, շրթունքները ներկված ու ամեն ինչ տեղը տեղին։ Ես չէի կարողանում պատկերացնել, որ նա կարող է զբաղվել բարեգործությամբ, եթե հարկ լիներ միանձնուհու պարեգոտ հագնել ու չներկել շրթունքները։ Իսկ Սալլիի մայրի՜կը։ Տեր աստվա՜ծ։ Նա կհամաձայներ գավաթը ձեռքին շրջել ու փող հավաքել, միայն եթե յուրաքանչյուր փող տվող համաձայներ քծնել նրան։ Իսկ եթե մարդիկ պարզապես փող գցեին ու թողնեին գնային առանց մի խոսք ասելու, առանց նրան ուշադրություն դարձնելու, ապա նա մի ժամ հետո կհրաժարվեր այդ գործից։ Անմիջապես կձանձրանար։ Գավաթը կհանձներ ու կգնար մի որևէ շքեղ ռեստորանում ճաշելու։ Դրա համար էլ ինձ դուր էին գալիս այդ միանձնուհիները։ Անմիջապես երևում է, որ նրանք երբեք չեն ճաշում շքեղ ռեստորաններում։ Ու տրամադրությունս ընկավ, երբ մտածեցի, որ նրանք երբեք չեն ճաշի շքեղ ռեստորաններում։ Հասկանում էի, որ դա այնքան էլ կարևոր չէ, բայց միևնույն է, տխրեցի։
Ես Բրոդվեյ գնացի, պարզապես հաճույքի համար, հարյուր տարի կլիներ, որ այնտեղ չէի եղել։ Բացի այդ, գրամոֆոնի ձայնապնակների խանութ էի որոնում, որը կիրակի օրերը բաց է լինում։ Ուզում էի Ֆիբիի համար մի ձայնապնակ գնել՝ «Պստլիկ Շերլի Բինգը»։ Այդ ձայնապնակը շատ դժվար է ճարվում։ Դա մի փոքրիկ աղջնակի մասին է, որն ամաչում է տնից դուրս գալ, որովհետև ատամներն ընկել են։ Ես այդ երգը Փենսիում էի լսել, մի տղայի մոտ, որ ինձնից մի հարկ վերևում էր ապրում։ Ուզում էի նրանից գնել այդ ձայնապնակը, գիտեի, որ իմ Ֆիբին ուրախությունից ուղղակի կգժվի, բայց նա չվաճառեց։ Ցնցող ձայնապնակ էր, թեև արդեն մաշված, քսան տարի առաջ երգել էր նեգրուհի Էսթելա Ֆլետչերը։ Նա երգում էր հարավային ձևով, նույնիսկ փողոցային ձևով, որից երգը բոլորովին նվնվան ու ողբաձայն չէր դառնում։ Եթե սովորական սպիտակամորթ երգչուհի երգեր, հավանաբար, կնվնվար, բայց այդ Էսթելա Ֆլետչերը իր գործը գիտեր։ Կյանքումս նման հրաշալի ձայնապնակ չեմ լսել։ Որոշեցի, որ ձայնապնակը կգնեմ մի որևէ խանութում, որտեղ կիրակի օրերին էլ են առևտուր անում, իսկ հետո կտանեմ զբոսայգի։ Կիրակի օրերին Ֆիբին հաճախ է գնում զբոսայգի, այնտեղ չմուշկներով սահում է։ Գիտեի որտեղ է լինում սովորաբար։
Եղանակն ավելի տաքացավ, քան երեկ, բայց արևը չէր երևում, և զբոսնելն այնքան էլ հաճելի չէր։ Ինձ միայն մի բան էր դուր գալիս։ Իմ առջևից մի ամբողջ ընտանիք էր քայլում, հավանաբար, եկեղեցուց էին դուրս եկել, հայրը, մայրը և մոտ վեց տարեկան մի տղա։ Երևում էր, որ բավական աղքատ էին։ Հոր գլխին բաց գորշագույն շլյապա էր․ նման գլխարկներ աղքատներն էին կրում, երբ ցանկանում էին զարդարվել։ Նա քայլում էր կնոջ հետ ու զրուցում, իսկ տղայի վրա ոչ մի ուշադրություն չէին դարձնում։ Իսկ տղան հիանալի երեխա էր։ Նա քայլում էր ոչ թե մայթով, այլ մայթեզրի երկարությամբ սալարկի վրայով։ Նա ջանում էր ուղիղ գծի վրայով քայլել․ երեխաները սիրում են այդպես քայլել։ Գնում էր ու իր համար քթի տակ երգում։ Ես դիտմամբ շատ մոտեցա, որպեսզի լսեմ ինչ է երգում։ Նա այսպիսի երգ էր երգում․ «Եթե դու մեկին բռնել ես երեկոյան տարեկանի արտում․․․»։ Ձայնն էլ շատ հետաքրքիր էր։ Երգում էր սեփական հաճույքի համար, դա պարզ զգացվում էր։ Մեքենաներն անցնում են կողքից, արգելակում այնպես, որ ճռնչում են արգելակները, ծնողները ոչ մի ուշադրություն չեն դարձնում, իսկ նա իր համար քայլում է ճամփեզրով ու երգում․ «Երեկոյան տարեկանի արտում․․․» Տրամադրությունս բարձրացավ։
Բրոդվեյում մարդիկ հրմշտում էին իրար, աղմկում։ Կիրակի էր, բոլորը գնում էին կինո «Պարամաունտ» կամ «Աստոր», «Սթրենդ» կամ «Կապիտոլի», մի խոսքով, որևէ մարդաշատ վայր։ Բոլորը զարդարվել էին։ Կիրակի օր էր։ Ու դա ավելի զզվելի էր։ Իսկ ամենազզվելին այն էր, որ անհամբեր շտապում էին կինո։ Նրանց նայելուց սիրտ էր խառնում։ Ես դեռ հասկանում եմ, երբ կինո են գնում անգործությունից, բայց զզվելի է մտածել, որ մարդիկ վազում են, շտապում, որովհետև իսկապես ուզում են կինո ընկնել։ Հատկապես, երբ միլիոնավոր մարդիկ հերթի են կանգնել մի ամբողջ թաղամաս երկարությամբ, որպեսզի տոմս գնեն, ինչպիսի՜ համբերություն է հարկավոր։ Ես չկարողացա սպասել, այնպես էի ուզում հեռանալ այդ անիծյալ Բրոդվեյից։
Բայց իմ բախտը բերեց։ Գրամձայնապնակների առաջին իսկ խանութում ես ձեռք բերի «Պստլիկ Շերլի Բինգը»։ Հինգ դոլար պոկեցին ինձնից, հազվադեպ ձայնապնակ էր, ես չափսոսացի։ Այնպես ուրախացա, որ չէի դիմանում, ուզում էի շուտ հասնել զբոսայգի և ձայնապնակը տալ քրոջս։
Դուրս եկա խանութից։ Մի սրճարան պատահեց, ներս մտա։ Մտածեցի՝ չզանգահարե՞մ Ջեյնին, գուցե նա արդեն տուն է վերադարձել արձակուրդին։ Մտա ավտոմատ ու զանգահարեցի։ Դժբախտաբար, հեռախոսին մոտեցավ մայրը, սիտպված եղա կախել լսափողը։ Երկար֊բարակ խոսելու տրամադրություն չունեի։ Առհասարակ չեմ սիրում աղջիկների մայրերի հետ խոսել։ Այնուամենայնիվ, հարկավոր էր հարցնել, թե տա՞նն է արդյոք Ջեյնը։ Դրանից ես չէի մեռնի։ Բայց, չգիտեմ ինչու, չուզեցի։ Այդպիսի խոսակցությունների համար տրամադրություն է պահանջվում։
Սակայն հարկավոր էր այդ անիծյալ թատրոնի տոմս ճարել, ստիպված եղա թերթ գնել և նայել, թե որտեղ ինչ է գնում։ Կիրակի օրվա կապակցությամբ բեմադրվում էին միայն երեք պիես։ Ես մոտեցա և երկու տոմս գնեցի «Ես գիտեմ սերը» ներկայացման համար։ Բարեգործական ներկայացում էր հոգուտ ինչ֊որ բանի։ Առանձնապես ցանկություն չունեի այդ պիեսը դիտելու, բայց գիտեի, որ Սալլին ապրել չի կարող առանց կոտրատվելու, անպայման հիացմունք կարտահայտի, երբ ասեմ, որ պիեսում մասնակցում են Լանտերը[3] Սալլին պաշտում է լուրջ և նրբաճաշակ համարվող պիեսները, Լանտերի մասնակցությամբ և այլն։ Իսկ ես չեմ սիրում։ Ընդհանրապես, անկեղծ ասած ես այնքան էլ չեմ սիրում թատրոն գնալ։ Իհարկե, կինոն ավելի վատ է, բայց դե թատրոնում էլ ոչ մի լավ բան չկա։ Նախ՝ ես ատում եմ դերասաններին։ Նրանք բեմի վրա իրենց բոլորովին մարդու նման չեն պահում։ Միայն երևակայում են, թե նման են։ Լավ դերասանները երբեմն բավական նման են լինում, բայց ոչ այնքան, որ հետաքրքիր լինի նայել։ Բացի այդ էլ, եթե դերասանը լավն է, անմիջապես երևում է, որ նա այդ բանը գիտակցում է, իսկ դա անմիջապես փչացնում է ամեն ինչ։ Վերցնենք, օրինակ, սըր Լոուրենս Օլիվյեին։[4] Ես նրան տեսել եմ «Համլետում»։ Դ․ Բ.֊ն անցյալ տարի ինձ ու Ֆիբիին տարավ նայելու։ Սկզբում նա մեզ տարավ նախաճաշելու, իսկ հետո՝ կինո։ Նա արդեն տեսել էր «Համլետը» ու նախաճաշի ժամանակ այնպես էր պատմում դրա մասին, որ ես մեծ ցանկություն ունեցա դիտելու։ Բայց ընդհանրապես ինձ դուր չեկավ։ Չեմ հասկանում, ի՜նչ մի առանձնահատուկ բան կա այդ Լոուրենս Օլիվյեի մեջ։ Ձայնը ցնցող է, նա չափից դուրս գեղեցիկ է, և հաճելի է նրան նայել, երբ քայլում է կամ մենամարտում, բայց բոլորովին այնպիսին չէր, ինչպիսին Դ․ Բ.֊ի ասելով պետք է լիներ Համլետը։ Նա ավելի շատ նման էր մի որևէ գեներալի, քան մի քիչ խախտված տարօրինակություններով մարդու։ Այդ ֆիլմում ինձ ամենից շատ դուր էր գալիս այն մասը, երբ Օֆելյայի եղբայրը, նա, որ վերջում մենամարտում է Համլետի հետ, մեկնում է, իսկ հայրը նրան բազմապիսի խորհուրդներ է տալիս․ մինչ հայրը նրան տալիս է այդ խորհուրդները, Օֆելյան ամբողջ ընթացքում խաղում է, մեկ նրա դաշույնն է դուրս քաշում պատյանից, մեկ ծաղրում է նրան, իսկ նա ջանում է ձևացնել, թե ուշադիր լսում է հիմար խորհուրդները։ Այդ մասը շատ լավ էր։ Ինձ շատ դուր եկավ։ Բայց նման տեղեր քիչ կային։ Իսկ քրոջս՝ Ֆիբիին, դուր էր եկել միայն, երբ Համլետը շոյում է շանը։ Նա ասաց՝ ի՜նչ հետաքրքիր է, ի՜նչ լավ շուն է, և իսկապես շատ լավ շուն էր։ Այնուամենայնիվ, ստիպված կլինեմ կարդալ «Համլետը»։ Վատն այն է, որ պիեսը անպայման պետք է կարդամ ինքս ինձ համար։ Երբ դերասանը խաղում է, ես գրեթե բան չեմ լսում։ Անընդհատ վախենում եմ, որ նա հիմա կսկսի ծռմռվել ու ընդհանրապես ամեն ինչ անել ցուցադրաբար։
Լանտերի մասնակցությամբ ներկայացման տոմսը գնեցի, հետո տաքսի նստեցի ու գնացի զբոսայգի։ Հարկավոր էր մետրոյով գնալ, մոտս քիչ փող էր մնացել, բայց դե ուզում էի որքան հնարավոր է շուտ ազատվել այդ երիցս անիծված Բրոդվեյից։
Զբոսայգում գարշելի էր։ Այնքան էլ ցուրտ չէր, բայց արևը դուրս չէր գալիս, և շուրջն առհասարակ ոչ ոք չկար՝ միայն շների ոտնահետքեր էին, թքահետքեր ու մեկ էլ ծխախոտի մնացորդներ այն նստարանների մոտ, որոնց վրա ծերունիներ էին նստել։ Թվում էր, թե բոլոր նստարանները ամբողջովին թաց են, ու եթե նստես, խոնավությունը կներծծվի քո մեջ։ Ես շատ տխուր էի, նույնիսկ երբեմն դող էր անցնում մարմնովս։ Բոլորովին չէր զգացվում, թե շուտով սկսվելու են Ծննդյան տոները, ընդհանրապես թվում էր, թե երբեք այլևս ոչինչ չի լինելու։ Այնուամենայնիվ, ես հասա վազքուղուն։ Ֆիբին միշտ այնտեղ է գնում․ նա սիրում է նվագախմբին մոտիկ սահել։ Ծիծաղելի է, որ ես էլ էի սիրում այնտեղ սահել, երբ փոքրիկ էի։
Բայց երբ մոտեցա վազքուղուն, Ֆիբին այնտեղ չէր։ Ինչ֊որ երեխաներ կային, որ սահում էին, տղաները գնդակ էին խաղում, բայց Ֆիբին չկար։ Հանկարծ ես մի աղջնակ տեսա նրա տարիքին, նստարանին նստած՝ չմուշկներն էր ամրացնում։ Մտածեցի, գուցե ճանաչում է Ֆիբիին և կասի, թե նրան որտեղ փնտրեմ, ու մոտեցա նստեցի կողքին։
― Պատահաբար, դու չե՞ս ճանաչում Ֆիբի Քոլֆիլդին։
― Ո՞ւմ, ― հարցնում է։ Նրա հագին տաբատ էր և մի քսան հատ սվիտեր։ Երևում էր, որ նրա սվիտերները տանն էին գործում, այնպես անճոռնի էին, մեծ֊մեծ։
― Ֆիբի Քոլֆիլդին։ Ապրում է Յոթանասունմեկերորդ փողոցում։ Չորրորդ դասարանում է սովորում։
― Իսկ դուք ճանաչո՞ւմ եք Ֆիբիին։
― Դե իհարկե։ Ես նրա եղբայրն եմ։ Չգիտե՞ս որտեղ է նա։
― Նա միսս Քելլոնի դասարանի՞ց է, ― հարցնում է աղջիկը։
― Չգիտեմ։ Կարծեմ, այո։
― Նշանակում է, հիմա նրանք թանգարանում են։ Մեր դասարանը անցյալ շաբաթ էր գնացել։
― Ո՞ր թանգարանում, ― հարցնում եմ։
Նա ուսերն է թոթվում։
― Չգիտեմ, ― ասում է, ― պարզապես թանգարանում։
― Հասկանում եմ, բայց դա այն թանգարանո՞ւմ է, որտեղ նկարներ են, թե՞ որտեղ հնդկացիներ են։
― Որտեղ հնդկացիներ են։
― Շատ շնորհակալություն։
Ես ելա, ուզում էի գնալ, բայց հանկարծ հիշեցի, որ այսօր կիրակի է։
― Ախր այսօր կիրակի է, ― ասում եմ ես այդ աղջկան։ Նա նայեց ինձ։
― Ըհը՛։ Ուրեմն այնտեղ չեն։
Նրան ոչ մի կերպ չէր հաջողվում ամրացնել չմուշկը։ Ձեռնոցներ չուներ, թաթիկները կարմրել էին, սառել։ Ես օգնեցի պտտել չմուշկը։ Գրողը տանի, հարյուր տարի կլինի, բանալին ձեռքս չեմ առել։ Բայց դա ոչինչ չի նշանակում։ Հիսուն տարի հետո էլ կարելի է չմուշկի բանալին իմ ձեռքը տալ, թեկուզ խավարում, ու ես անմիջապես կիմանամ, թե դա ինչ բան է։ Աղջիկը շնորհակալություն հայտնեց, որ ամրացրի չմուշկը։ Քաղաքավարի աղջիկ էր, բարեհամբյուր։ Շատ հաճելի բան է, երբ այդպիսի փոքրիկին օգնում ես ամրացնել չմուշկը, ու նա քեզ ասում է՝ «շնորհակալություն», այնպես քաղաքավարությամբ, սիրալիր։
Փոքրիկներն առհասարակ բոլորն էլ լավն են։ Ես նրան հարցրի, թե չի՞ ուզում արդյոք տաք շոկոլադ խմել, նա պատասխանեց՝ շնորհակալություն, չեմ ուզում։ Ասաց, որ ընկերուհին սպասում է իրեն։ Այդ փոքրիկներին միշտ որևէ մեկը սպասում է։ Շատ հետաքրքիրն են։
Թեև օրը կիրակի էր ու Ֆիբին իր դասարանի հետ թանգարան չէր գնացել, ու թեև գարշելի եղանակ էր, խոնավ, այնուամենայնիվ, ես ամբողջ զբոսայգու երկարությամբ գնացի դեպի ազգագրական թանգարան։ Դրա մասին էր ասում աղջիկը։ Ես այդ թանգարանային էքսկուրսիաներն անգիր գիտեի։ Ֆիբին սովորում էր այն նույն տարրական դպրոցում, որտեղ հաճախում էի ես փոքր ժամանակս, ու մենք միշտ գնում էինք այդ թանգարանը։ Մեր ուսուցչուհի միսս Էգլենտինգերը գրեթե ամեն շաբաթ օր մեզ տանում էր այնտեղ։ Երբեմն կենդանիներ էինք նայում, երբեմն հնկական զանազան իրեր՝ ամանեղեն, ծղոտե զամբյուղներ և այլ շատ բաներ։ Նույնիսկ հիմա էլ հաճույքով եմ հիշում այդ թանգարանը։ Հիշում եմ, թե ինչպես հնդկական իրերի դիտումից հետո մեզ համար մի որևէ կինոնկար էին ցուցադրում մեծ լսարանում։ Կոլումբոսի մասին։ Սովորաբար, ցույց էին տալիս, թե Կոլումբոսն ինչպես հայտնաբերեց Ամերիկան, թե ինչպես տանջվեց, մինչև որ կարողացավ Ֆերդինանդից ու Իզաբելլայից փող պոկել նավերի համար, իսկ հետո նավաստիները խռովություն բարձրացրին նրա դեմ։
Կոլումբոսն առանձանպես ոչ ոքի չէր հետաքրքրում, բայց երեխաներն իրենց հետ սառնաշաքար ու ծամոն էին բերում, և դահլիճում հրաշալի բուրմունք էր տարածվում։ Այնպիսի բուրմունք, ասես դրսում անձրև էր տեղում (թեև գուցե անձրև չկար էլ), իսկ դու նստած ես այդտեղ, ու դա աշխարհիս միակ չոր ու տաքուկ անկյունն է։ Շատ էի սիրում այդ հիմար թանգարանը, ազնիվ խոսք։ Հիշում եմ, նախ մենք անցնում էինք հնդկական դահլիճով, հետո մտնում լսարան։ Դա մի հսկայական երկարուկ լսարան էր, և խոսելիս պետք է շշնջայիր։ Ուսուցչուհին գնում էր առջևից, իսկ ամբողջ դասարանը նրա ետևից։ Գնում էինք զույգերով։ Ես էլ իմ զույգն ունեի։ Սովորաբար ինձ հետ կանգնեցնում էին մի աղջկա, որի անունը Գերտրուդա Լեվինա էր։ Նա միշտ բռնում էր ձեռքս, իսկ նրա ձեռքը խոնավ ու կպչուն էր։ Դահլիճի հատակը քարից էր, ու եթե փոքրիկ խճաքարեր էինք ունենում ու հանկարծ գցում էիր ձեռքիցդ, դղրդոցն աշխարհ էր բռնում, և ուսուցչուհին կանգեցնում էր ամբողջ դասարանն ու մոտենում տեսնելու, թե ինչ է պատահել։ Բայց երբեք չէր բարկանում մեր միսս Էգլերինգերը։ Հետո մենք անցնում էինք հնդակական երկարուկ նավակի մոտով, որ երեք «կադիլակից» ավելի երկարություն կունենար, եթե դրանք շարեին իրար հետևից։ Նավակում կային մոտ քսան հնդկացիներ, ոմանք թիավարում էին, ոմանք պարզապես կանգնած էին, նրանք կատաղի տեսք ունեին ու բոլորի դեմքերն էլ ներկված էին։ Իսկ նավախելին նստած էր դիմակով մի սարսափելի տիպ։ Դա նրանց կախարդն էր։ Նրան նայելիս ես փշաղաղվում էի, բայց, այնուամենայնիվ, նա ինձ դուր էր գալիս։ Եվ հետո, երբ անցնելիս ձեռք ես տալիս ասենք թիակին կամ մի որևէ այլ բանի, հսկիչն անմիջապես ասում է․ «Երեխաներ, չի կարելի ձեռք տալ ոչ մի բանի», ― բայց նրա ձայնը բարի է և ոչ թե ոստիկանի ձայնի նման։ Այնուհետև անցնում էինք ապակեպատ վիթխարի ցուցափեղկի մոտով, որտեղ հնդկացիները նստած փայտի կտորներ էին շփում, որպեսզի կրակ ստանան, իսկ մի հնդկուհի էլ գորգ էր գործում։ Այդ կինը, որ գորգ էր գործում, կռացել էր, ու երևում էր կուրծքը։ Մենք բոլորս նայում էինք նրան, նույնիսկ աղջիկները․ նրանք դեռևս փոքրիկ էին ու դեռևս կուրծք չունեին, ինչպես տղաները։ Իսկ անմիջապես լսարանի դռան մոտ դրված էր էսկիմոսը։ Նա նստած էր լճի սառցանցքի մոտ և ձուկ էր որսում։ Սառցանցքի կողքին ընկած էին բռնած երկու ձկները։ Որքա՜ն այդպիսի ցուցափեղկեր կային այդ թանգարանում։ Իսկ վերին հարկում ավելի շատ կային․ այնտեղ եղջերուները ջուր էին խմում առվակից, թռչունները չվում էին հարավ՝ ձմեռելու։ Ավելի մոտ գտնվող թռչուննեըը խրտվիլակներ էին, մետաղալարերից կախված, իսկ հեռվում գտնվողները պարզապես նկարված էին պատի վրա, բայց թվում էր, թե բոլորն էլ իրականում թռչում են դեպի հարավ։ Բայց այդ թանգարանում ամենալավն այն էր, որ ամեն ինչ մնում էր իր տեղում։ Չէր շարժվում։ Կարելի էր հազար անգամ էլ գալ, ու էսկիմոսը միշտ էլ ձուկ էր բռնում ու երկուսն արդեն բռնել էր, թռչունները թռչում էին հարավ, եղջերուները ջուր էին խմում առվից և նրանց եղջույրները միշտ այնպես գեղեցիկ էին, իսկ ոտքերն այնպես բարակ, և այդ մերկկուրծք հնդկուհին միշտ գործում հա գործում էր միևնույն գորգը։ Ոչինչ չէր փոխվում։ Փոխվում ես միայն ինքդ։ Եվ ոչ թե այնպես, որ միանգամից մեծանում ես։ Չէ, դա չէ։ Դու փոխվում ես, և ուրիշ ոչինչ։ Մեկ նոր վերարկու ես հագել, մեկ ուրիշ ընկերոջ հետ ես եկել, որովհետև նախորդ ընկերդ հիվանդացել է քութեշով։ Կամ միսս Էգլետինգերի փոխարեն մեկ այլ ուսուցիչ է առաջնորդում ձեզ թանգարան, կամ առավոտյան լսել ես, թե հայրիկդ ու մայրիկդ ինչպես էին վիճում լոգարանում, կամ փողոցում ջրափոս ես տեսել, որի վրա տարածվել էին բենզինի երփներանգ բծերը։ Մի խոսքով, դու ինչ֊որ չափով այլևս այն չես․ ես չեմ կարող ինչպես հարկն է բացատրել, թե հատկապես ինչ։ Իսկ գուցեև կարող եմ, բայց չեմ ուզում։
Ճանապարհին գրպանիցս հանեցի որսորդական գլխարկս ու քաշեցի գլխիս։ Գիտեի, որ ծանոթ մարդ չեմ հանդիպելու, և շատ խոնավ էր եղանակը։ Ես քայլում էի, քայլում ու մտածում, թե քույրիկս շաբաթ օրերը ինչպես է գնում նույն թանգարանը, որ ես եմ գնացել։ Մտածեցի, որ հիմա նա դիտում է նույն բաները, ինչ որ ես եմ դիտել, ու ամեն անգամ նա փոխվում է, դառնում ուրիշ մարդ։ Այդ մտքերից ոչ թե ավելի շատ ընկավ տրամադրությունս, այլ այդ ամենի մեջ առհասարակ շատ քիչ ուրախ բան կար։ Լավ կլիներ որոշ բաներ առհասարակ չփոխվեին։ Լավ կլիներ դրանք դնել ապակեպատ ցուցափեղկում ու ձեռք չտալ։ Գիտեմ, որ դա անհնար է, բայց հենց դա էլ վատ է։ Ես ամբողջ ժամանակ դրա մասին էի մտածում, քանի դեռ ման էի գալիս զբոսայգում։
Անցնելով խաղահրապարակի մոտով՝ ես կանգ առա ու նայեցի, թե երկու փոքրիկներ ինչպես էին ճոճվում տախտակի վրա։ Մեկը չաղլիկ էր, դրա համար էլ ես բռնեցի տախտակի այն ծայրից, որտեղ նիհարիկն էր նստած, որպեսզի նրանց հավասարակշռեմ, բայց անմիջապես էլ զգացի, որ խանգարում եմ, ու հեռացա։
Իսկ հետո շատ հիմար բան ստացվեց։ Մոտեցա թանգարանին ու անմիջապես զգացի, որ ոչ մի տեսակ փողով ես այնտեղ չեմ կարող գնալ։ Չէր քաշում ինձ, և վերջ, մինչդեռ կտրել անցել էի ամբողջ զբոսայգին ու այնպե՜ս սպասել դրան։ Իհարկե, եթե Ֆիբին այնտեղ լիներ, կմտնեի, բայց նա այնտեղ չէր։ Եվ ես տաքսի վերցրի թանգարանի մուտքի մոտից ու գնացի «Բիլթմոր» հյուրանոցը։ Տրամադիր չէի գնալու, բայց արդեն պայմանավորվել էի Սալլիի հետ։
17
Ես շատ շուտ հասա հյուրանոց, նստեցի կաշվե բազմոցին, ժամացույցի տակ, ու սկսեցի նայել աղջիկներին։ Շատ պանսիոններում ու քոլեջներում արդեն սկսվել էր արձակուրդը, և հոլլում հարյուրավոր աղջիկներ էին հավաքվել, սպասում էին իրենց կավալերներին։ Ոմանք նստել էին ոտքը ոտքին գցած, ոմանք՝ ուղիղ, ոմանք հրաշալի ոտքեր ունեին, ոմանք՝ այլանդակ, ոմանք հաճելի տեսք ունեին, ոմանց վրայից էլ անմիջապես երևում էր, որ տականք են, բավական է միայն մոտենաս։ Ընդհանրապես հաճելի էր նայել նրանց, դուք ինձ հասկանո՞ւմ եք։ Հաճելի էր ու նաև տխուր, որովհետև ամբողջ ժամանակ մտածում ես․ իսկ ի՞նչ է լինելու սրանց բոլորի վերջը։ Ասենք ավարտեցին իրենց քոլեջները, պանսիոնները։ Ես կարծում էի, որ դրանց մեծ մասը կամուսնանա ինչ֊որ գարշելի տիպերի հետ։ Այնպիսի տիպերի, որոնք հենց միայն գլուխ գովել գիտեն, թե ժամում քանի մղոն կարող են կտրել իրենց մեքենայով, այդ ընթացքում ծախսելով ընդամենը մեկ գալոն վառելանյութ։ Այնպիսի տիպերի հետ, որոնք երեխայի պես խռովում են, երբ նրանց տանում ես ոչ միայն գոլֆում, այլև պինգ֊պոնգի նման հիմար խաղում։ Շատ ստոր տիպերի հետ։ Այնպիսի տիպերի հետ, որոնք կյանքում մի գիրք էլ չեն կարդացել։ Սոսկալի ձանձրալի տիպերի հետ։ Ասենք, դա հարաբերական հասկացողություն է, թե ում կարելի ձանձրալի համարել, ում՝ ոչ։ Ես դրանից բան չեմ հասկանում։ Իսկապես, չեմ հասկանում։ Երբ սովորում էի Էլքտոն֊հիլլում, երկու ամիս ապրեցի մի տղայի հետ, որին անվանում էին Հարրիս Մաքլին։ Նա շատ խելացի տղա էր, բայց նրանից ավելի ձանձրալի մարդ աշխարհը դեռ չի տեսել։ Նա սոսկալի ճռճռան ձայն ուներ ու ամբողջ ժամանակ խոսում էր։ Եվ ամենասոսկալին այն էր, որ երբեք որևէ հետաքրքիր բանի մասին չէր խոսում։ Բայց մի բան շատ լավ էր կարողանում։ Այդ սատանան չտեսնված սուլում էր։ Անկողինն էր կարգի բերում, թե իրերը պահում պահարանում (նա իրերը միշտ կախում էր պահարանում ու ինձ կատաղեցնում), մի խոսքով, որևէ բան էր անում ու հետն էլ սուլում, եթե իհարկե, գլուխդ չէր տանում իր ճռճռան ձայնով։ Նա նույնիսկ դասական երաժշտություն էր կարողանում սուլել, բայց ամենից լավ ջազ էր սուլում։ Մի որևէ չափից դուրս աշխույժ ջազ էր սուլում, ասենք՝ «Բլյուզ տանիքի վրա», ու իր լաթերը կախ տալիս կախարանից, այնպես հրաշալի էր սուլում, որ ուղղակի քեֆդ գալիս էր։ Իհարկե, ես երբեք նրան չէի ասում, թե լավ է սուլում։ Հո մարդու երեսին չես ասի՝ «Դու հրաշալի ես սուլում»։ Չնայած ուղղակի զահլաս գնում էր, բայց դե էլի ամբողջ երկու ամիս ապրեցի նրա հետ և դա այն պատճառով, որ կյանքումս նման սուլողի չեմ հանդիպել։ Այնպես որ դեռ հարց է, թե ո՞վ է ձանձրալի, ով՝ չէ։ Գուցե չարժի ափսոսալ, երբ մի լավ աղջիկ ամուսնանում է որևէ ձանձրալի տիպի հետ, ընդհանրապես դրանք բավական անմեղ բաներ են, իսկ գուցեև նրանք առանձին եղած ժամանակ կարողանում են հրաշալի սուլել կամ մի որևէ այլ բան։ Ո՛վ գիտե, դա իմ խելքի բանը չէ։
Վերջապես աստիճանների վրա հայտնվեց իմ Սալլին, ու ես ընդառաջ գնացի նրան։ Որքա՜ն գեղեցիկ էր նա։ Ազնիվ խոսք։ Սև վերարկուով և ինչ֊որ սև բերետով։ Սովորաբար նա գլխաբաց էր ման գալիս, բայց բերետը շատ էր սազում նրան։ Ծիծաղելի է, հենց որ նրան տեսա, ցանկացա հետը ամուսնանալ։ Չէ, այնուամենայնիվ, ես աննորմալ եմ։ Նա նույնիսկ շատ չէր դուր գալիս ինձ, իսկ այդ պահին, զգացի որ սիրահարված եմ և պատրաստ եմ նրա հետ ամուսնանալ։ Աստված վկա, ես աննորմալ եմ, ինքս եմ խոստովանում։
― Հոլդե՜ն, ― ասում է, ― որքա՜ն ուրախ եմ։ Հարյուր տարի կլինի չենք հանդիպել։ ― Սոսկալի բարձր է խոսում, նույնիսկ անհարմար է լինում, երբ նրա հետ որևէ տեղ հանդիպում ես։ Նրա համար դա ոչ մի նշանակություն չուներ, որովհետև այնքա՜ն գեղեցիկ էր, բայց շփոթմունքից իմ աղիքները ոլորվեցին։
― Ուրախ եմ քեզ տեսնելու համար, ― ասացի ես ու չէի ստում, աստված վկա։ ― Հը, ինչպե՞ս ես։
― Հրաշալի, չտեսնված։ Հո չե՞մ ուշացել։
Չէ, ասում եմ, բայց, իսկապես, նա մի տասը րոպե ուշացել էր։ Բայց ինձ համար դա նշանակություն չուներ։ Բոլոր այդ դատարկ֊մատարկ բաները, «Սեթերդեյ Իվնինգ պոստի» բոլոր ծաղրանկարները, որ պատկերում են, թե տղան ինչպես է խեղճ֊խեղճ կանգնել անկյունում, որովհետև աղջիկն ուշացել է տեսակցությունից, հնարովի բաներ են։ Եթե տեսակցության է գալիս գեղեցիկ աղջիկը, ապա ո՞ւմ տրամադրությունը կընկնի, թե նա ուշացել է։ Ոչ ոքի։
― Հարկավոր է գնալ, ― ասում է, ― ներկայացումն սկսվում է երկուսն անց քառասուն։
Մենք աստիճաններով իջանք տաքսիների կայան։
― Ի՞նչ ենք նայելու, ― հարցրեց նա։
― Չգիտեմ։ Լանտերին։ Էլ ուրիշ տոմսեր չկարողացա ճարել։
― Ախ, Լանտերի՜ն։ Սքանչելի՜ է։
Ասացի, չէ՞, որ նա գժվում է, երբ լսում է Լանտերի անունը։
Մենք մի քիչ պաչպչվեցինք տաքսու մեջ։ Սկզբում նա չէր ուզում, որովհետև վախենում էր շրթներկը լղոզվի, բայց ես ինձ պահում էի իսկական գայթակղողի նման, ու նա ստիպված եղավ տեղի տալ։ Երկու անգամ, երբ մեքենան արգելակեց լուսաֆորի առաջ, քիչ մնաց ես ընկնեի։ Անիծյալ վարորդներ, երբեք չեն նայում, թե ինչ են անում։ Երդվում եմ, վարել չգիտեն։ Բայց ուզո՞ւմ եք իմանալ, թե որ աստիճան խենթ եմ ես։ Հենց որ ամուր փաթաթվեցինք, ես նրան ասացի, որ սիրում եմ և նման բաներ։ Իհարկե, դա փչոց էր, բայց աղն էլ հենց այն է, որ այդ պահին ես էլ համոզված էի դրանում։ Չէ, ես աննորմալ եմ։ Աստված վկա, գիժ եմ։
― Ա՛խ․ սիրելիս, ես էլ քեզ եմ սիրում, ― ասում է Սալլին ու անմիջապես էլ ավելացնում։ ― Միայն թե խոստացիր, որ մազերդ կերկարացնես, հիմա ոզնաձև սանրվածքը մոդայից դուրս է եկել, իսկ քո մազիկները սքանչելի են։
«Մազիկնե՜ր» ― պայթել կարելի է։
Ներկայացումն այն անպետքներից չէր, որոնք ես առաջներում տեսել էի։ Բայց դե սա էլ մի բան չէր։ ԻՆչ֊որ ծեր ամուսինների մասին էր, որոնք հինգ հարյուր հազար տարի միասին էին ապրել։ Սկսում է այնտեղից, որ նրանք դեռևս ջահել են, և աղջկա ծնողները թույլ չեն տալիս նրան ամուսնանալ այդ տիպի հետ․ բայց աղջիկը, այնուամենայնիվ, ամուսնանում է։ Իսկ հետո նրանք ծերանում են, ծերանում։ Ամուսինը պատերազմ է գնում, իսկ կնոջ եղբայրը հարբեցող է։ Մի խոսքով հետաքրքիր չէ։ Ուզում եմ ասել, որ ինձ համար միևնույն էր՝ նրանց ընտանիքում մեռնո՞ւմ էր որևէ մեկը, թե ոչ։ Մեջը բան չկար՝ զուտ դերասանություն էր։ Ճիշտ է, մարդ ու կին հրաշալի ծերուկներ էին, սրամիտ և այլն, բայց նրանք էլ ինձ չէին հուզում։ Նախ ամբողջ ժամանակ որևէ մեկը ներս էր մտնում կամ դուրս էր գալիս։ Գլուխդ պտտվում է դրանից, որ անընդհատ ինչ֊որ մարդիկ են նստում կամ վեր կենում։ Ծեր ամուսինների դերերը կատարում էին Ալֆրեդ Լանտը և Լին Ֆոնտանին։ Նրանք շատ լավ էին խաղում, բայց ինձ դուր չէին գալիս։ Ես հասկանում էի, որ նրանք նման չեն մնացած դերասաններին։ Նրանք իրենց պահում էին ոչ դերասանների պես, ոչ էլ սովորական մարդկանց, ինձ համար դժվար է դա բացատրել։ Նրանք այնպես էին խաղում, ասես ամբողջ ժամանակ հասկանում էին, որ իրենք նշանավոր են։ Հասկանո՞ւմ եք, նրանք լավ էին խաղում, միայն թե չափից դուրս լավ։ Հասկանո՞ւմ եք՝ մեկը խոսքը դեռ չվերջացրած, մյուսն արդեն պատասխանում էր։ Ասես իրականում մարդիկ զրուցում էին միմյանց հետ, մեկը մյուսի խոսքը կտրում էր և այլն։ Հենց դա էլ փչացնում էր, որ շատ էր նման, թե մարդիկ ինչպես են կյանքում զրուցում և մեկը մյուսի խոսքը կտրում։ Նրանք իրենց դերը կատարում էին ճիշտ այնպես, ինչպես Էռնին էր նվագում Գրինչ֊Վիլեջում։ Երբ մի որևէ բան չափից դուրս լավ ես կատարում, ապա, եթե չհետևես քեզ, դառնում ես ցուցադրական։ Իսկ այդ դեպքում այլևս լավ չի կարող լինել։ Բայց, համենայն դեպս, այդ ներկայացման մեջ այդ Լանտերը միակն էին, որ նման էին մարդու, նրանց գլուխն աշխատում էր, դա պետք է խոստովանել։
Առաջին գործողությունից հետո մենք բոլոր մյուս պիժոնների հետ գնացինք ծխելու։ Ա՜յ թե տեսարան էր, հա։ Կյանքումս այդ աստիճան ցուցադրական սեթևեթանք չեմ տեսել։ Ծխում էին ու բարձրաձայն խոսում պիեսի մասին, որպեսզի բոլորը լսեն, թե որքան խելացի են իրենք։ Մի ինչ֊որ կեղծ կինոդերասան էլ մեզ մոտ կանգնած էր ծխում։ Ազգանունը չգիտեմ, բայց պատերազմական ֆիլմերում նա միշտ խաղում է այն տիպի դերը, որ վախենում է գրոհից առաջ։ Նրա հետ կանգնած էր մի ապշեցուցիչ շիկահեր, և երկուսն էլ անտարբեր տեսք էին ընդունել, ձևացնում էին, թե չեն նկատում, որ նայում են իրենց։ Համեստ են, գրողի տարածները։ Ծիծաղելի էր։ Իսկ իմ Սալլին գրեթե չէր խոսում, միայն հիանում էր Լանտերով, նա ժամանակ չուներ, աջ ու ձախ հայացքներ էր նետում, կոտրատվում։ Հանկարծ նա ծխարանի հակառակ ծայրում տեսավ մի ծանոթ պիժոնի, գորշագույն կոստյումով ու վանդականիշ բաճկոնով։ Բարձրաշխարհի՜կ առյուծ։ Ազնվակա՜ն։ Ծխել է թունդ ու կանգնել է ձանձրացողի տեսքով, ատելի՜։ Սալլին անընդհատ կրկնում է․
― Ինչ֊որ տեղ ծանոթացել եմ նրա հետ, ես նրան ճանաչում եմ։
Նա միշտ բոլորին ճանաչում է։ Այնքան ձանձրացրեց, անընդհատ նույն բանը կրկնելով, որ ես ասացի․
― Ճանաչում ես, գնա հետը համբուրվիր, նա երևի կուրախանա։
Սալլին սոսկալի վիրավորվեց ինձնից։ Վերջապես այդ պիժոնը ճանաչեց նրան, մոտեցավ մեզ ու բարևեց։ Մի տեսնեիք, թե ինչպես էին բարևում իրար։ Ասես քսան տարի չէին տեսել։ Կարելի էր մտածել, որ երեխա ժամանակ նրանց մի տաշտի մեջ էին լողացրել։ Այնպիսի ընկերներ են, որ սիրտդ խառնում է վրաները նայես։ Ամենածիծաղելին այն է, որ նրանք հավանաբար ընդամենը մեկ անգամ են հանդիպել, մի որևէ ապուշ երեկույթում։ Վերջապես, երբ նրանք դադարեցին հրճվանքի փուչիկներ արձակել, Սալլին ծանոթացրեց մեզ։ Նրա անունը Ջորջ էր, ազգանունը չեմ հիշում, սովորում էր Էնդովերում։ Այո՛, այո՛, ազնվական էր։ Մի տեսնեիք նրան, երբ Սալլին հարցրեց, թե պիեսը դուր եկա՞վ, արդյոք։ Նրա նմանները ամեն ինչ ցուցադրաբար են անում, նրանք նույնիսկ տեղ են բացում իրենց համար նախքան պատասխանելը։ Նա մի քայլ ետ գնաց ու տրորեց ետևում կանգնած մի տիկնոջ ոտք։ Երևի ճզմեց ամբողջ թաթը։ Նա ասաց, որ պիեսն ինքնին գլուխործոց չէ, բայց Լանտերը «ուղղակի հրեշտակնե՜ր են»։ Մեռնել կարելի է։
Հետո նա ու Սալլին սկսեցին հիշել հազար ու մի ծանոթների։ Կյանքումս նման սեթևեթանք չեմ տեսել։ Իրար ետևից որևէ քաղաքի անուն էին տալիս ու տեղնուտեղն էլ հիշում, թե ծանոթներից ով է ապրում այստեղ։ Արդեն սիրտս խառնում էր նրանցից, երբ ընդմիջումն ավարտվեց։ Իսկ հաջորդ ընդմիջմանը նրանք նորից սկսեցին նույն երգը։ Նորից սկսեցին ինչ֊որ մարդկանց հիշել։ Վատն այն էր, որ այդ պիժոնը այնպիսի կեղծ, ազնվանական ձայն ուներ, այնպիսի, գիտեք, հոգնա՜ծ, պճնամոլի ձայնիկ։ Ինչպես աղջկա ձայն։ Ու չամաչեց այդ սրիկան՝ աղջկան խլել իմ ձեռքից։ Մտածում էի, որ մեզ հետ տաքսի էլ կնստի, ներկայացումից հետո երկու թաղամաս մեզ հետ եկավ ոտքով, բայց կոկտեյլարանում պետք է հանդիպեր ուրիշ պիժոնների։ Պատկերացնում էի, թե նրանք ինչպես են նստած որևէ բարում, իրենց պիժոնային վանդակավոր բաճկոններով ու քննադատում են և՛ ներկայացումները, և՛ գրքերը, և՛ կանանց, իսկ ձայները այնքա՜ն հոգնած, պճնամոլային են։ Ուղղակի մեռնել կարելի է այդպիսի տիպերի երեսից։
Ինձ համար Սալլիին նայելն զազրելի էր, երբ տաքսի նստեցինք․ ինչո՞ւ էր տասը ժամ շարունակ ականջ կախել Էնդովարի այդ տականքին։ Որոշել էի Սալլիին տանել տուն, ազնիվ խոսք, բայց հանկարծ նա ասաց․
― Ես մի հանճարեղ բան եմ մտածել, ― նա միշտ հանճարեղ բան է մտածում։ ― Գիտես ինչ, ― ասում է։ ― Ե՞րբ ես գնալու տուն ճաշի։ Շա՞տ ես շտապում, թե չէ։ Որոշակի ժամի քեզ սպասո՞ւմ են տանը։
― Ի՞նձ։ Չէ, չէ, ոչ ոք չի սպասում, ― ասում եմ։ Եվ դա զուտ ճշմարտություն էր։ ― Իսկ ի՞նչ կա որ։
― Արի գնանք Ռադիո֊սիթի, չմուշկներով սահելու։
Ահա թե ինչպիսի հանճարեղ մտքեր ունի։
― Ռադիո֊սիթի՝ սահելո՞ւ։ ԻՆչպես, հենց հիմա՞։
― Թեկուզ մի ժամով, ոչ ավելի։ Չե՞ս ուզում։ Իհարկե, եթե տրամադիր չես․․․
― Մի՞թե ասացի չեմ ուզում, ― ասում եմ։ ― Խնդրեմ, եթե սիրտդ ուզում է։
― Դու իսկապե՞ս ուզում ես։ Եթե չես ուզում պետք չէ։ Ինձ համար միևնույն է։
Չի երևո՜ւմ, թե միևնույն է։
― Այնտեղ ապառիկով այնպիսի սքանչելի կարճ շրջազգեստներ են տալիս, ― ասում է Սալլին։ ― Ջեննետ Կալցը անցյալ շաբաթ վերցրել էր։
Ահա թե ինչու էր ուզում անպայման այնտեղ ընկնել։ Ուզում էր ցուցադրել իրեն այդ շրջազգեստով, որը հազիվ֊հազ է ետևը ծածկում։
Մի խոսքով, մենք գնացինք այնտեղ, և մեզ սկզբում չմուշկներ տվին, իսկ հետո Սալլին հագավ այդպիսի մի կապույտ շրջազգեստ, որը հենց միայն ետևը պարացնելու համար է։ Բայց դե իրեն շատ֊շատ էր սազում, պետք է խոստովանել։ Եվ մի՛ կարծեք, թե նա այդ բանը չէր հասկանում։ Դիտմամբ իմ առջևից էր գնում, որպեսզի ես տեսնեմ, թե ինչպիսի սիրունիկ, կլորիկ ետև ունի։ Պետք է խոստովանել, իսկապես վատը չէր։
Բայց ամենածիծաղելին այն էր, որ այդ անիծյալ սահադաշտում մենք ամենավատ սահողներն էինք։ Այո՛, այո՛, ամենավատ։ Տեր աստվա՜ծ, ի՜նչ էր կատարվում։ Սալլիի կոճերն այնպես էին ոլորվում, որ ուղղակի քսվում էին սառույցին։ Ու ոչ միայն հիմար տպավորություն էր թողնում, հավանաբար նաև ուժեղ ցավ էր զգում։ Համենայն դեպս, իմ բոլոր տեղերը ցավում էին։ Քիչ էր մնում մեռնեի։ Մի տեսնեի՜ք մեզ։ Ու ամենազզվելին այն էր, որ մի երկու հարյուր բերանբացներ էլ կանգնած նայում էին, էլ ուրիշ բան ու գործ չունեին, միայն նայեն, թե մարդիկ ինչպես են ցած ընկնում։
― Գուցե կցանկանայիր գնանք բա՞ր, սեղան վերցնենք, մի որևէ բան խմենք, ― ասացի ես վերջապես։
― Ա՛յ դա հանճարեղ միտք է, ― ասում է։ Նա ուղղակի հալից ընկել էր։ Անմարդկային բան է այդպես տանջանքների ենթարկվել, ես նույնիսկ խղճացի նրան։
Մենք հանեցինք այդ ստոր չմուշկներն ու գնացինք բար, որտեղ կարելի է խմել, նստել միայն գուլպաներով ու հեռվից նայել սահողներին։ Սեղանի մոտ Սալլին հանեց ձեռնոցները, և ես նրան սիգարետ տվի։ Նա բավական ողորմելի տեսք ուներ։ Մատուցողը մոտեցավ, ես նրա համար կոկա֊կոլա և ինձ համար սոդայով վիսկի պատվիրեցի, միայն թե այդ սրիկան հրաժարվեց ինձ վիսկի տալուց, և ես էլ ստիպված կոկա֊կոլա խմեցի։ Հետո սկսեցի լուցկի վառել։ Ես հաճախ եմ անում այդպես, երբ տրամադրությունս ընկնում է։ Լուցկին բռնում էի այնքան, մինչև լրիվ այրվում էր, այնպես որ այլևս հնարավոր չէր լինում բռնել, և գցում էի մոխրամանը։ Նյարդային սովորություն է։
Հանկարծ առանց այլևայլության Սալլին ասում է․
― Լսիր, ես ուզում եմ հաստատ իմանալ՝ ճրագալույցին գալո՞ւ ես մեզ մոտ տոնածառը զարդարելու, թե չէ։ Նախապես պետք է իմանամ։
Երևում է կատաղել էր, որ ոտքերը ցավում էին չմուշկներից։
― Ես գրել եմ, չէ՞, որ կգամ։ Դու հարյուր անգամ արդեն հարցրել ես։ Իհարկե գալու եմ։
― Հասկանո՞ւմ ես, ես պետք է հաստատ իմանամ, ― ասում է նա ու աչք ածում շուրջը, տեսնի ծանոթներ չկա՞ն։ Հանկարծ ես դադարեցի լուցկիներ վառելուց, սեղանի վրայով կռացա դեպի նա։ Շատ բան ունեի նրան ասելու։
― Լսիր, Սալլի, ― ասում եմ։
― Ի՞նչ է, ― հարցնում է։ Ու նայում դահլիճի ծայրին գտնվող ինչ֊որ աղջկա։
― Քեզ պատահո՞ւմ է, որ ամեն ինչի հանդեպ նողկանք զգաս, ― հարցնում եմ։ ― Հասկանում ես, քեզ պատահո՞ւմ է այնպես, որ կարծես ամեն ինչ գրողի ծոցը կգնա, եթե որևէ բան չնախաձեռնես, պատահո՞ւմ է, որ վախենաս։ Ասա, դու սիրո՞ւմ ես դպրոցը, ընդհանարապես ամեն ինչ։
― Չէ, իհարկե, այնտեղ սոսկալի ձանձրալի է։
― Բայց դու ատո՞ւմ ես այդ ամենը, թե ոչ։
― Ինչպե՞ս ասեմ։ Չէ թե ատում եմ։ Միշտ էլ մի տեսակ ստիպված ես լինում․․․
― Իսկ ես ատում եմ։ Տեր աստված, որքա՜ն եմ ատում այդ ամենը։ Եվ ոչ միայն դպրոցը։ Ամեն ինչ ատում եմ։ Ատում եմ Նյու֊Յորքում ապրելը։ Ատում եմ տաքսիները, ավտոբուսները, որտեղ տոմսավաճառները գոռում են քեզ վրա, թե ետևի դռնից դուրս արի, ատում եմ ծանոթություն հաստատել կոտրատվողների հետ, որոնք Լանտերին «հրեշտակներ» են համարում, ատում եմ վերելակով բարձրանալը, երբ ուզում ես ուղղակի դուրս գալ փողոց, ատում եմ անվերջ կոստյումներ չափափորձելը Բրուքսի մոտ, երբ քեզ․․․
― Մի՛ գոռա, խմդրում եմ, ― ընդհատեց Սալլին։
Հիմարություն, մտքովս անգամ չէր անցնում գոռալ։
― Օրինակ՝ մեքենաները, ― ասացի ես շատ կամացուկ։ ― Տես, թե մարդիկ ինչպե՜ս են խելքները թռցնում մեքենաների համար։ Նրանց համար ողբերգություն է, եթե մեքենայի վրա թեկուզ մի փոքրիկ քերծվածք է առաջանում, ու նրանց զրույցի մշտական թեման այն է, թե մի գալոն բենզինով քանի մղոն կարող են կտրել, իսկ երբ նոր մեքենա են գնում, անմիջապես սկսում են գլուխ ջարդել, թե ինչպես այն փոխարինեն նորագույն մակնիշի մեքենայով։ Իսկ ես նույնիսկ հին մակնիշի մեքենաները չեմ սիրում։ Ավելի լավ է ես ինձ համար ձի ճարեմ։ Ձիերի մեջ գոնե մարդկային ինչ֊որ բան կա։ Ձիու հետ գոնե կարելի է խոսել․․․
― Չեմ հասկանում, ինչ ես ուզում ասել․․․ դու այնպես վայրիվերո ես խոսում։
― Գիտե՞ս քեզ ինչ կասեմ, ― ասացի ես։ ― Եթե դու չլինեիր, հիմա ես չէի նստի Նյու֊Յորքում։ Եթե դու չլինեիր, ես հիմա, թերևս, գրողի ծոցը գնայի։ Գլուխս առնեի, անտառները կորչեի, կամ ավելի հեռու։ Դու միակ մարդն ես, որի պատճառով մնում եմ այստեղ։
― Ի՜նչ լավն ես, ― ասում է։ Բայց անմիջապես էլ երևում է, որ ուզում է խոսակցության նյութը փոխել։
― Դու մի արական դպրոցում սովորելիս լինեիր, փորձի համար, ― ասում եմ։ ―Ծայրից ծայր կեղծիք է։ Եվ սովորում են, որպեսզի դառնան մի որևէ խաբեբա, փող վաստակեն ինչ֊որ երիցս անիծյալ «կադիլակ» գնելու համար և մշտապես ձևացնեն, թե իրենց համար շատ կարևոր է, թե որ ֆուտբոլային թիմը կտանի։ Եվ ամբողջ օրը խոսակցության նյութը խմելն է, աղջիկները և թե ինչ բան է սեքսը։ Եվ ամեն մեկն իր շրջապատն ունի՝ մի գարշելի փոքրիկ շայկա։ Բասկետբոլիստներն իրենց շայկան ունեն, կաթոլիկներն՝ իրենց, այդ երիցս անիծված ինտելեկտուալները՝ իրենցը, բրիջ խաղացողներն՝ իրենցը։ Նույնիսկ այդ հիմար Գրքի ակումբի աբոնենտներն՝ իրենցը։ Փորձիր որևէ մեկի հետ օրինավոր խոսակցություն սկսել։
― Չէ, ճիշտ չէ, ― ասաց Սալլին։ ― Տղաներից շատերին դպրոցը շատ բան է տալիս։
― Համաձայն եմ, համաձայն եմ, որ շատերին դպրոցը շատ բան է տալիս։ Իսկ ինձ՝ ոչինչ։ Հասկանալի՞ է։ Ես հենց դրա մասին եմ խոսում։ Հատկապես դրա՛ մասին, գրողը տանի։ Ինձ առհասարակ ո՛չ մի բան չի տալիս։ Ես վատ վիճակում եմ։ Սոսկալի վիճակում եմ։
― Ճիշտ է, դու սարսափելի վիճակում ես։
Ու հանկարծ իմ գլխում մի միտք ծագեց։
― Լսիր, ― ասում եմ։ ― Ահա թե ինչ մտածեցի։ Կուզե՞ս այստեղից փախչենք մի որևէ տեղ։ Այ թե ինչ եմ մտածել։ Ես մի ծանոթ ունեմ Գրինչ֊վիլեջում, կարող եմ նրա մեքենան վերցնել մի երկու շաբաթով։ Նա մեր դպրոցում է սովորել ու մինչև հիմա էլ տասը դոլար ինձ պարտք է։ Տես, թե ինչ կարող ենք անել։ Վաղն առավոտյան կարող ենք գնալ Մասաչուսետս, Վերմոնտ, ման կգանք այնտեղ։ Շա՜տ գեղեցիկ տեղեր կան այնտեղ, գիտե՞ս, գրողը տանի։ Զարմանալի գեղեցիկ տեղեր։ ― Որքան շատ էի խոսում, այնքան ավելի էի հուզվում։ Ես նույնիսկ կռացա ու բռնեցի Սալլիի ձեռքը, անիծյալ ապուշի մեկն եմ։ ― Չէ, առանց կատակի, ― ասում եմ։ ― Ես մոտ հարյուր ութսուն դոլար ունեմ գրքույկիս մեջ։ Վաղն առավոտյան հենց որ բանկը բացեն, կհանեմ, իսկ հետո կարող ենք գնալ ու վերցնել այդ տղայի մեքենան։ Առանց կատակի։ Կապրենք տուրիստական ճամբարներում ու նման տեղերում, մինչև որ փողը վերջանա։ Իսկ երբ վերջանա, ես աշխատանք կճարեմ, կապրենք մի որևէ առվակի ափին, իսկ հետո երբևէ մենք կամուսնանանք, ինչպես հարկն է։ Ես ինքս մեզ համար ձմեռը փայտ կկտրատեմ։ Ազնիվ խոսք, այնպես լավ կլինի, այնպես ուրախ։ Հը, ինչպե՞ս է։ Կգա՞ս։ Կգա՞ս ինձ հետ։ Կգաս, հա՞։
― Ախր ինչպես կարելի է, ― ասում է Սալլին։ Նրա ձայնի մեջ զայրույթ կար։
― Իսկ ինչո՞ւ չի կարելի։ Ինչո՞ւ, գրողը տանի։
― Մի՛ գոռա ինձ վրա, խնդրում եմ, ― ասում է։ Ախր սուտ է ասում, ես նրա վրա իսկի չեմ գոռում։
― Ինչո՞ւ չի կարելի։ Հը, ինչո՞ւ։
― Որովհետև չի կարելի, և վերջ։ Նախ՝ իրականում մենք դեռ երեխաներ ենք։ Մտածո՞ւմ ես, ինչ կանենք, եթե հանկարծ փողը վերջանա, դու էլ աշխատանք չճարես։ Քաղցից կմեռնենք։ Եվ ընդհանրապես այդ ամենը այնպիսի երևակայություն է, որ խոսել չարժի․․․
― Ճիշտ չէ։ Սա երևակայություն չէ։ Ես աշխատանք կճարեմ։ Մի՛ անհանգստանա։ Դու դրա համար անհանգստանալու կարիք չունես։ Ի՞նչ է։ Չե՞ս ուզում ինձ հետ գալ, այդպես էլ ասա։
― Բանը դա չէ։ Բոլորովին էլ դա չէ, ― ասում է Սալլին։ Զգացի, որ սկսում եմ նրան ատել։ ― Մենք դեռ շատ ժամանակ ունենք ապագայում, այն ժամանակ ամեն ինչ կարելի է։ Հասկանո՞ւմ ես, երբ դու ավարտես համալսարանը, կամուսնանանք։ Մենք կարող ենք հազարավոր հրաշալի տեղեր գնալ։ Իսկ հիմա դու․․․
― Չէ, չենք կարող։ Մենք ոչ մի տեղ էլ չենք կարող գնալ, ոչ մի հազարավոր տեղեր։ Ամեն ինչ այլ կերպ կլինի, ― ասում եմ։ Տրամադրությունս շատ ընկավ։
― Ի՞նչ։ Չեմ լսում։ Մեկ գոռում ես վրաս, մեկ քթիդ տակ փնթփնթում․․․
― Ասում եմ՝ չէ, ոչ մի տեղ էլ չենք գնա, ոչ մի «հրաշալի տեղ», երբ ես ավարտեմ համալսարանը և այլն։ Ականջներդ լավ բաց։ Ամեն ինչ այլ կերպ կլինի։ Մենք ստիպված կլինենք ճամպրուկներն ու բազմաթիվ իրեր առած ցած իջնել վերելակով։ Ստիպված կլինենք բոլոր հարազատներին զանգահարել ու հեռախոսով հրաժեշտ տալ, իսկ հետո բացիկներ ուղարկել նրանց բոլոր հյուրանոցներից։ Ես կաշխատեմ մի որևէ գրասենյակում, շատ փող կվաստակեմ, և աշխատանքի կգնամ մեքենայով կամ ավտոբուսով, Մեդիսոն֊ավենյուի վրա, թերթեր կկարդամ ու բրիջ կխաղամ բոլոր երեկոները, և կինո կգնամ, հիմար կարճամետրաժներ ու ռեկլամներ և կինոխրոնիկա կնայեմ։ Օ՜, տեր աստված։ Նախ՝ ինչ֊որ ձիարշավներ, հետո տիկինը շիշ է ջարդում նավի վրա, հետո տաբատ հագած շիմպանզեն հեծանիվ է քշում։ Չէ, այդ բոլորն այն չէ։ Է՛հ, միևնույն է, դու ոչինչ չես հասկանա, գրողը տանի։
― Գուցե ես չեմ հասկանում։ Իսկ գուցեև դո՛ւ ոչինչ չես հասկանում, ― ասում է Սալլին։ Մենք արդեն սոսկալի ատում էինք միմյանց։ Երևում էր, որ իմաստ չուներ նրա հետ մարդավարի խոսել։ Ես սոսկալի զայրացել էի ինձ վրա, որ նման խոսակցություն բացեցի։
― Դե լավ, վեր կաց, կորչենք այստեղից, ― ասում եմ։ ― Եվ ընդհանրապես, կորի գնա, գիտե՞ս ուր․․․
Օ՛հ, այ թե իչպես սկսեց ճղճղալ, որ այսպես ասացի։ Գիտեմ, չպետք է այդպես ասեի, ու չէի հայհոյի, եթե նա համբերությունից չհաներ ինձ։ Սովորաբար ես աղջիկների ներկայությամբ չեմ հայհոյում։ Ո՜ւհ, այ թե ճղճղոց դրեց։ Ես խելագարի պես սկսեցի ներողություն խնդրել, բայց նա լսել անգամ չէր ուզում։ Նույնիսկ լաց եղավ։ Ճիշտն ասած, մի քիչ վախեցա, որ կգնա տուն և կբողոքի հորը, թե ես նրան հայհոյել եմ։ Նրա հայրը մի երկարահասակ ու լռակյաց մարդ էր, և ինձ առհասարակ չէր սիրում սրիկան։ Նա Սալլիին ասել էր, թե ես չափից դուրս աղմկարար եմ։
―Չէ, լրջորեն, ներիր, ― ես շատ խնդրեցի նրան։
― Ներե՜լ, քե՜զ ներել, տարօրինակ է, ― ասում է։ Նա դեռևս լալիս էր, և ես հանկարծ խղճացի նրան, որ վիրավորել եմ։
― Գնանք, քեզ տուն ուղեկցեմ։ Լրջորեն։
― Ինքս էլ կարող եմ գնալ, շնորհակալ եմ։ Եթե կարծում ես, որ թույլ կտամ ինձ ուղեկցես, ուրեմն հիմար ես։ Ոչ մի տղա ամբողջ կյանքիս ընթացքում դեռևս իմ ներկայությամբ այդպես չի հայհոյել։
Դրա մեջ ինչ֊որ ծիծաղելի բան կար, որ խորն ես մտածում, ու հանկարծ ես արեցի այն, ինչ֊որ պետք չէր անել։ Հռհռացի։ Իսկ իմ ծիծաղը սոսկալի բարձր ու հիմար ծիծաղ է։ Հասկանո՞ւմ եք․ եթե ես նստած լինեի ինքս իմ ետևում, կինոյում կամ մի որևէ այլ տեղ, հավանաբար, առաջ կհակվեի ու կասեի ինքս ինձ, որ այդպես չհռհռաս։ Ու դրանից Սալլին ավելի կատաղեց։
Ես գնում էի նրա ետևից, ներողություն էի խնդրում, բայց նա ոչ մի կերպ չէր կարողանում ինձ ներել։ Միայն կրկնում էր՝ հեռացիր, ինձ հանգիստ թող։ Վերջ ի վերջո ես հեռացա։ Վերցրի կոշիկներս ու հագուստս և գնացի առանց նրան։ Չպետք է լքեի նրան, բայց արդեն համբերությունս սպառվել էր։
Ճիշտն ասած, ինքս էլ չգիտեի, թե ինչու նրան այդ բոլորը ասացի։ Մասաչուսետս, Վերմոնտ մեկնելու մասին, ընդհանրապես ամեն ինչ։ Հավանաբար, նրան չտանեի էլ ինձ հետ, եթե նույնիսկ ինքը խնդրեր։ Մի՞թե նրա նման մարդու հետ կարելի է ճանապարհորդել։ Բայց ամենասարսափելին այն է, որ ես անկեղծորեն էի առաջարկում մեկնել ինձ հետ։ Դա՛ է ամենասարսափելին։ Չէ, այնուամենայնիվ, ես աննորմալ եմ, ազնիվ խոսք։
18
Երբ դուրս եկա սահադաշտից, քաղց զգացի, վազեցի բուֆետ, պանրով բուտերբրոդ և սուֆլե կերա, ապա մտա հեռախոսախցիկ։ Մտածեցի գուցե, այնուամենայնիվ, մի անգամ էլ զանգեմ Ջեյնին, իմանամ՝ եկե՞լ է տուն, թե ոչ։ Չէ՞ որ ամբողջ երեկոն ազատ եմ, և մտածեցի զանգ տամ նրան, ու եթե արդեն տանն է, հրավիրեմ մի որևէ տեղ պարելու։ Ես նրա հետ ոչ մի անգամ չեմ պարել մեր ամբողջ ծանոթության ընթացքում։ Բայց մի անգամ տեսել եմ, թե ինչպես է պարում։ Նա շատ լավ էր պարում։ Դա հուլիսի չորսին էր, ակումբում։ Այն ժամանակ դեռ լավ ծանոթ չէինք իրար, ու ես սիրտ չէի անում նրան խլել կավալերի ձեռքից։ Նա մի գարշելի տիպի հետ էր, Էլ Փայքի հետ, որը Չոուտում էր սովորում։ Ես սրան էլ լավ ծանոթ չէի, բայց սա ամբողջ օրը ավազանի մոտ էր լինում։ Նեյլոնե լողավարտիք էր հագնում և անընդհատ ցանտկում էր աշտարակից։ Ամբողջ օրը ցատկում էր ինչ֊որ հիմար ձևով։ Ուրիշ բան չէր կարողանում անել, բայց, երևում է, իրեն լավագույն սպորտսմեն էր համարում։ Ամբողջը մկաններ էր, ուղեղի ոչ մի նշույլ, մի խոսքով։ Ջեյնն այդ երեկո նրա հետ էր պարում։ Ինձ համար դա անհասկանալի էր։ Ազնիվ խոսք, բոլորովին անհասկանալի։ Երբ բարեկամացանք, ես հարցրի, թե նա ինչպես էր հանդիպում այնպիսի մեծամիտ տիպի հետ, ինչպիսին այդ Էլ Փայքն էր։ Բայց Ջեյնն ասաց, թե նա բոլորովին էլ մեծամիտ չէ, թե ընհակառակը, թերարժեքության կոմպլեքսով է տառապում։ Ընդհանրապես երևում էր, որ Ջեյնը խղճում էր նրան, և չէր կեղծում։ Լրջորեն խղճում էր նրան։ Տարօրինակ մարդիկ են այդ աղջիկները։ Ամեն անգամ, երբ հիշատակում ես մի որևէ զտարյուն սողունի, որ շատ ստորն է կամ խիստ ինքնահավան, երբ խոսում ես այդպիսի մեկի մասին, անպայման ասում են՝ «նա թերարժեքության կոմպլեքս ունի»։ Գուցեև ճիշտ է, բայց դա չի խանգարում, որ այդ անձնավորությունը սողուն լինի։ Այդպես են այդ աղջիկները։ Երբեք չես հասկանա, թե նրանց գլխին ինչ քամի կարող է փչել։ Մի անգամ ես Ռոբերտա Ուոլշի ընկերուհուն ծանոթացրի իմ մի բարեկամի հետ։ Տղայի անունը Բոբ Ռոբինսոն էր։ Այ նա իսկապես թերարժեքության կոմպլեքս ուներ։ Անմիջապես երևում էր, որ ամաչում է իր ծնողներից, որովհետև նրանք ասում էին՝ «ոզըմ եք» ու նման բաներ, և բացի այդ էլ, նրանք շատ աղքատ էին, բայց նա ինքը բոլորովին էլ ետ ընկածներից չէր։ Շատ լավ տղա էր, այդ Ռոբերտա Ուոլշի ընկերուհուն նա բոլորովին դուր չեկավ։ Նա Ռոբերտային ասել էր, թե Բոբը մեծամիտ է, որովհետև սա պատահմամբ ասել էր, թե նա բանավեճային ակումբի պետն է։ Այդպիսի մանրուք, և նա որոշել էր, որ տղան մեծամիտի մեկն է։ Ամբողջ դժբախտությունն այն է, երբ տղան դուր է գալիս դրանց, թեկուզ հարյուրապատիկ անգամ էլ սողուն լինի, անպայման կասեն՝ նա թերարժեքության կոմպլեքս ունի, իսկ եթե տղան զուր չի գալիս, թեկուզ աշխարհիս ամենալավ մարդը լինի, միևնույն է, կասեն՝ մեծամիտի մեկն է։ Նույնիսկ խելացի աղջիկներն են այդպիսին։
Մի խոսքով, ես նորից զանգահարեցի Ջեյնին, բայց ոչ ոք չմոտեցավ հեռախոսին, ստիպված կախեցի լսափողը։ Սկսեցի որոնել ծոցատետրիս մեջ, թե ում հետ կարելի է անցկացնել երեկոն։ Դժբախտաբար իմ ծոցատետրում ընդամենը երեք համար էր գրված՝ Ջեյնինը, միստր Անտոլինիինը, որ իմ ուսուցիչն էր եղել Էլքտոն֊հիլլում, և հորս աշխատանքային համարը։ Հեռախոսի համարները միշտ մոռանում եմ։ Վերջապես ստիպված եղա զանգահարել մի տղայի։ Կառլ Լյուսին։ Նա Հուտտոնի դպրոցն է ավարտել, երբ ես արդեն այնտեղից հեռացել էի։ Նա ինձնից երեք տարով մեծ էր, և առանձնապես չէի սիրում նրան, բայց շատ խելոք էր, մտավոր զարգացման գծով ամենաբարձր ցուցանիշը նրանն էր ամբողջ դպրոցում։ Մտածեցի գուցե ինձ հետ ճաշի, ու մենք որևէ խելացի բանի մասին զրուցենք։ Երբեմն նա շատ հետաքրքիր բաներ էր պատմում։ Որոշեցի զանգահարել նրան։ Նա արդեն սովորում էր Կոլումբիայի համալսարանում, բայց ապրում էր Վաթսունհինգերորդ փողոցում, ու ես գիտեի, որ տանն է։ Երբ զանգ տվի, նա ասաց, որ ճաշին զբաղված է, բայց երեկոյան տասին կարող է ինձ հետ հանդիպել Վիկեր֊բարում, Հիսունչորսերորդի վրա։ Կարծում եմ, նա շատ զարմացավ, լսելով իմ ձայնը։ Մի անգամ ես նրան հաստաքամակ կոտրատվող էի անվանել։
Մինչև երեկոյան տասը հարկավոր էր մի կերպ սպանել ժամանակը, և ես գնացի Ռադիո֊սիթի՝ կինո նայելու։ Ավելի վատ բան հնարավոր չէր մտածել, բայց դե շատ մոտ էի դրան և անելիք էլ չունեի։
Ներս մտա այն ժամանակ, երբ դիվերտիսմենտ էր սկսվում։ Ռոկետի խումբը աստված ազատի թե ինչ օյիններ էր անում, գիտեք, նրանք ինչպես են պարում՝ բոլորը կողք֊կողքի կանգնած, միմյանց գոտկատեղից բռնած։ Հասարակությունը խելագարի պես ծափ էր տալիս, իսկ իմ ետևում նստած մի տիպ ամբողջ ժամանակ կրկնում էր․ «Գիտե՞ք, ինչպես է կոչվում սա։ Մաթեմատիկական ճշգրտություն»։ Սպանե՜ց։ Իսկ Ռոկետի խմբից հետո, անվաչմուշկներով ֆրակավոր մի մարդ դուրս եկավ, սկսեց մտնել փոքրիկ սեղանների տակ և այդ ընթացքում սրամտել։ Նա շատ լավ էր սահում, բայց ձանձրանում էի, որովհետև մտածում էի, որ նա ամբողջ օրը մարզվում է, որպեսզի հետո բեմի վրա վարժ սահի։ Հիմար զբաղմունք է։ Իսկ հետո սկսվեց Ծննդյան մնջախաղը, որ ամեն տարի Ծննդյան տոներին ցուցադրում են Ռադիո֊սիթիում։ Բազմապիսի հրեշտակներ էին դուրս գալիս արկղերից, հետո ինչ֊որ տիպեր բեմով խաչելություն էին տանում շալակած, հետո բոլորը միասին երգում էին․ «Եկեք, հավատացյալներ»։ Շատ հին բան է։ Գիտեմ, այդ ամենը խիստ կրոնական և գեղեցիկ է համարվում, բայց ո՞ւր է այստեղ կրոնը և գեղեցկությունը, գրողը տանի, եթե արտիստների մի խումբ խաչելությունը քարշ է տալիս բեմում։ Իսկ երբ ավարտեցին երգն ու ցրվեցին իրենց տեղերը, երևում էր, թե ինչպես են շտապում, որ գնան ծխեն, հանգստանան։ Անցյալ տարի ես այդ ներկայացումը տեսել էի Սալլի Հեյսի հետ, և նա շատ էր հիացած՝ ախ, ի՞նչ կոստյումներ են, ախ, ինչպիսի՜ գեղեցկություն։ Իսկ ես կասեի, որ խեղճ Քրիստոսի սիրտը կխառներ, հավանաբար, եթե նա տեսներ այդ դիմակահանդեսային լաթերը։ Սալլին ասում էր, թե ես աստվածանարգող եմ ու աթեիստ։ Հավանաբար, դա այդպես է։ Բայց, ա՛յ, մի բան, երևի, դուր կգար Քրիստոսին․ դա նվագախմբի թմբկահարն էր։ Ես նրան հիշում եմ դեռ ութ տարեկանից։ Երբ ծնողներս ինձ ու եղբորս՝ Ալլիին բերում էին այստեղ, մենք աշխատում էինք մոտ նստել նվագախմբին, որպեսզի նայենք այդ թմբկահարին։ Ես նրան հիշում եմ այն ժամանակվանից ի վեր։ Նրանից լավին դեռ չեմ տեսել։ Ճիշտ է, ամբողջ համարի ընթացքում նրան միայն երկու անգամ է վիճակվում խփել այդ բանին, այնուամենայնիվ, նրա դեմքին ձանձրույթի հետք անգամ չես նկատում, քանի դեռ սպասում է։ Բայց երբ խփում է, փոխարենն զգում ես, թե դա ինչպես է նրան հաջողվում, որքան մաքուր, լավ է ստացվում, նույնիսկ դեմքից ես զգում, որ նա ջանք է թափում։ Երբ հորս հետ գնացինք Վաշինգտոն, Ալլին այդ թմբկահարին բացիկ ուղարկեց, բայց երևի նա չստացավ։ Մենք հասցեն կարգին չգիտեինք։
Վերջապես Ծննդյան մնջախաղն ավարտվեց, ու սկսվեց այդ երիցս անիծյալ ֆիլմը։ Այնքան գարշելի ֆիլմ էր, որ աչքս չէի կարողանում կտրել։ Մի անգլիացու մասին էր՝ Ալեքի։ Նա պատերազմ էր գնացել և հոսպիտալում զրկվել հիշողությունից։ Հոսպիտալից դուրս է գալիս ձեռնափայտով, կաղալով շրջում է քաղաքում՝ Լոնդոնում, ու չի իմանում, թե որտեղ է գտնվում։ Իրականում նա հերցոգ է, բայց դա չի հիշում։ Հետո հանդիպում է մի տգեղ, հասարակ ու ազնիվ աղջկա, ավտոբուս բարձրանալուս է հանդիպում։ Աղջկա գլխարկը թռչում է, նա բռնում է, հետո երկուսով բարձրանում են վերև ու սկսում զրուցել Չարլզ Դիկենսի մասին։ Պարզվում է, որ նա երկուսի էլ սիրած գրողն է։ Տղամարդը նույնիսկ իր հետ ման է ածում «Օլիվեր Թվիստը», աղջիկը՝ նույնպես։ Սիրտս ուղղակի խառնում էր։ Մի խոսքով, նրանք անմիջապես սիրահարվում են, որովհետև երկուսն էլ գժվում են Չարլզ Դիկենսի համար, և տղամարդը օգնում է աղջկան աշխատանքի անցնել հրատարակչությունում։ Մոռացա ասել, որ աղջիկը հրատարակիչ է։ Բայց աղջկա գործերը լավ չեն գնում, որովհետև եղբայրը հարբեցող է ու ամբողջ փողերը խմում է։ Նա շատ է դաժան դարձել, այդ եղբայրը, որովհետև պատերազմի ժամանակ վիրաբույժ է աշխատել, իսկ հիմա չի կարողանում վիրահատություն կատարել, նյարդերը չեն դիմանում, դրա համար էլ իրեն խմելու է տվել, խմում է գիշեր֊ցերեկ, թեև ընդհանրապես խելացի մարդ է։ Մի խոսքով, Ալեքը գիրք է գրում, իսկ աղջիկը հրատարակում է, և նրանք երկուսով շատ փող են կուտակում։ Քիչ է մնում որ ամուսնանան, մեկ ուրիշ աղջիկ է լույս ընկնում, ոմն Մարսիա։ Այդ Մարսիան Ալեքի հարսնացուն է եղել մինչև նրա հիշողությունը կորցնելը, և ճանաչում է տղային, երբ սա գրախանութում իր գրքերի վրա մակագրություն էր անում սիրողների համար։ Մարսիան խեղճ Ալեքին ասում է, որ նա իրականում հերցոգ է, բայց սա չի հավատում և չի ուզում աղջկա հետ հյուր գնալ իր մորը։ Իսկ Ալեքի մայրը կույր է խլուրդի պես։ Բայց մյուս աղջիկը՝ տգեղը, ստիպում է գնալ։ Նա շատ երախտապարտ է զգում իրեն և այլն։ Տղան գնում է, բայց միևնույն է, հիշողությունը չի վերականգնվում, նույնիսկ այն ժամանակ, երբ նրա վիթխարի դանիական դոգը գժի պես նետվում է նրա վրա, իսկ մայրը ափերով բռնում է նրա դեմքը ու նրան տալիս թավշյա արջուկը, որով տղան խաղացել է երեխա ժամանակ։ Բայց մի անգամ երեխաները մարզադաշտում կրոկետ խաղալիս գնդակով խփում են այդ Ալեքի գլխին։ Նրա հիշողությունն անմիջապես վերականգնվում է, նա վազում է տուն, համբուրում մոր ճակատը։ Նա կրկին իսկական հերցոգ է դառնում ու բոլորովին մոռանում հասարակ աղջկան, որն իր հրատարակչությունն ունի։ Ես ձեզ կասեի, թե հետո ինչ է լինում, բայց սիրտս խառնում է։ Բանն այն չէ, որ վախենում եմ ձեր տպավորությունը փչացնել, այստեղ փչացնելու բան էլ չկա։ Մի խոսքով, բանն ավարտվում է նրանով, որ այդ Ալեքը ամուսնանում է այդ հասարակ աղջկա հետ, իսկ նրա եղբայրը՝ վիրաբույժը, որ խմում էր, բուժում է իր նյարդերը և վիրահատում Ալեքի մոր աչքերը, ու այդ ժամանակ նախկին հարբեցողն ու Մարսիան սիրահարվում են։ Իսկ վերջին տեսարանում պատկերված է, թե ինչպես բոլորը նստած են երկար սեղանի շուրջ ու քրքջում են ուրախ, որովհետև դանիական դոգը հանկարծ մի ամբողջ կույտ քոթոթներ է բերում։ Բոլորը կարծում էին, թե նա արու է, պարզվում է՝ էգ է։ Մի խոսքով, մի բան կարող եմ խորհուրդ տալ․ եթե չեք ուզում, որ ձեր սիրտը խառնի ուղղակի ձեր հարևանների վրա, մի՛ գնացեք այդ կինոն։
Բայց դե ես չկարողացա հասկանալ կողքիս նստած կնոջը, որ ամբողջ կինոյի ընթացքում լաց եղավ։ Ու որքան շատ կեղծիք էր ցուցադրվում, այնքան դառն էր լալիս նա։ Կարելի էր կարծել, թե նա շատ գթառատ է, բարի, բայց ես նստած էի կողքին և տեսնում էի, թե ինչքանով է բարի։ Նրա հետ եկել էր որդին, փոքրիկ մի տղա, որի համար տխուր էր, ձանձրալի, և ամբողջ ժամանակ նվնվնում էր, թե զուգարան է ուզում, իսկ մայրը նրան չտարավ։ Ամբողջ ժամանակ ասում էր․ հանգիստ նստիր, քեզ կարգին պահիր։ Գայլը թերևս նրանից բարի լիներ։ Ընդհանրապես, եթե վերցնենք կեղծ կինոնկար նայելիս սրտակեզ արտասվող տասը մարդ, հաստատ կարելի է ասել, որ նրանցից ինը կյանքում ամենաթունդ սրիկաներ են։ Լուրջ եմ ասում։
Երբ ֆիլմն ավարտվեց, գնացի Վիկեր֊բար, որտեղ պետք է հանդիպեի Կառլ Լյուսի հետ, ու գնալիս անընդհատ մտածում էի պատերազմի մասին։ Պատերազմական նկարները միշտ այդպիսի մտորումների առիթ են տալիս։ Հավանաբար, ես չէի դիմանա, եթե հարկ լիներ պատերազմ գնալ։ Ընդհանրապես սարսափելի չէ, եթե քեզ ուղարկեն մի որևէ տեղ ու այնտեղ սպանեն, բայց ախր հարկավոր է բանակում մնալ աստված գիտի, թե որքան։ Դա է ցավը։ Իմ եղբայր Դ․ Բ.֊ն չորս տարի մնացել է բանակում։ Նա պատերազմում էլ է եղել, մասնակցել է երկրորդ ճակատի մարտերին, բայց, կարծում եմ, բանակում ծառայելն ավելի էր ատում, քան պատերազմը։ Ես դեռ բավական փոքր էի, երբ նա գալիս էր տուն, ամբողջ ժամանակ մահճակալին պառկած էր լինում։ Նա նույնիսկ հյուրասենյակ հազվադեպ էր մտնում։ Հետո գնաց Եվրոպա, պատերազմ, բայց չի վիրավորվել, նրան չի վիճակվել նույնիսկ կրակել որևէ մեկի վրա։ Նրա արածն այն է եղել, որ շտաբի մեքենայով ամբողջ օրը ման է ածել մի կովբոյական գեներալի։ Նա մի անգամ ինձ ու Ալլիին ասաց, որ եթե ստիպված լիներ կռվել, չէր իմանա, թե ում վրա կրակի։ Նա ասաց, թե մեր բանակում էլ քիչ շան որդիներ չկան, քան ֆաշիստների մոտ։ Հիշում եմ, Ալլին հարցրեց նրան, թե գուցե լա՞վ է, որ նա եղել է պատերազմում, որովհետև գրող է, ու հիմա գրելու նյութ ունի։ Իսկ նա Ալլիին ստիպեց բերել բեյսբոլի այն ձեռնոցը, որի վրա բանաստեղծություններ էր արտագրել, և հարցրեց․ ո՞վ է ավելի լավ գրել՝ Ռուպերտ Բրո՞ւկը, թե Էմիլի Դիքինսոնը։ Ալլին ասաց՝ Էմիլի Դիքինսոնը։ Ես ոչինչ չէի կարող ասել, որովհետև առհասարակ բանաստեղծություններ չեմ կարդում, բայց մի բան հաստատ կարող եմ ասել՝ ես հավանաբար կխենթանայի, եթե հարկադրված լինեի ծառայել, ապրել Էկլիի, Ստրեյդլեյթերի և այն վերելակավարի՝ Մորիսի նման տիպերի հետ։ Մի անգամ մի ամբողջ շաբաթ ես բոյսքաութ էի, և գլուխս արդեն պտտվում էր, երբ նայում էի իմ առջև կանգնած տղայի ծոծրակին։ Իսկ մեզ հարկադրում էին նայել առջևը կանգնածի ծոծրակին։ Ազնիվ խոսք, եթե պատերազմ լինի, թող ինձ տանեն ու գնդակահարեն։ Ես չեմ դիմադրի։ Բայց մի հարցում ինձ վրդովում է իմ ավագ եղբայրը․ ատում է պատերազմը, բայց անցյալ ամառ տվեց ինձ կարդալու «Մնաս բարով, զենք» գիրքը։ Ասաց, թե հրաշալի գիրք է։ Այ թե ինչն է ինձ համար անհասկանալի։ Այնտեղ հերոսը, այդ լեյտենանտ Հենրին, հրաշալի տղա է համարվում։ Չեմ հասկանում, թե Դ․ Բ.֊ն ինչպե՞ս է ատում պատերազմը, ատում բանակը և, այնուամենայնիվ, հիանում այդ կոտրտվածով։ Չեմ կարողանում հասկանալ, թե նրան ինչո՞ւ է դուր գալիս այդպիսի կեղծիքը, և միաժամանակ դուր են գալիս նաև Ռինգ Լարդներն ու «Մեծ Գետսբին»։ Դ․ Բ.֊ն ինձնից նեղացավ և ասաց, թե դեռևս ես շատ փոքր եմ «Մնաս բարով, զենքը» գնահատելու համար, բայց, իմ կարծիքով, դա ճիշտ չէ։ Ես նրան ասացի․ չէ՞ որ ինձ դուր է գալիս Ռինգ Լարդներն ու «Մեծ Գետսբին»։ Հատկապես՝ «Մեծ Գետսբին»։ Այո, Գետսբին։ Այ դա մա՜րդ է։ Ո՜ւժ է։
Մի խոսքով, ես ուրախ եմ, որ հայտնագործել են ատոմային ռումբը։ Եթե երբևէ պատերազմ սկսվի, ես կնստեմ ուղղակի այդ ռումբի վրա։ Կամավոր կնստեմ, ազնիվ, անկեղծ խոսք։
19
Գուցե դուք Նյու֊Յորքում չեք ապրել և չգիտեք, որ Վիկեր֊բարը գտնվում է շատ շքեղ հյուրանոցում՝ «Սեթոն֊օթելում»։ Առաջ ես հաճախ էի այնտեղ լինում, բայց հետո դադարեցի։ Բոլորովին չեմ գնում այնտեղ։ Խիստ նրբաճաշակ բար է համարվում դա, և բոլոր պիժոնները այնտեղ են խցկվում։ Մի երեկոյի ընթացքում երեք անգամ ելույթ են ունենում այդ ֆրանսուհիները՝ Թինան ու Ժանինը, դաշնամուր են նվագում ու երգում։ Մեկը սոսկալի վատ է նվագում, իսկ մյուսը կամ անվայելուչ երգեր էր երգում, կամ ֆրանսիական։ Նա, որը երգում է՝ Ժանինը, նախ մոտենում է միկրոֆոնին ու փչում նախքան երգելը։ Ասում է․ «Իսկ հիմա մենք ձեզ համար կերգենք «Վուլե վու ֆրանսե» պոկրիկ երգ։ Տա պոկրիկ ֆրանսածի աղջկա մասին է, որ եկավ շատ մեծ քաղաք Նուույորկ և սիրահարվեց մի պոկրիկ տղա Բրուկլինից։ Մենք համոզված, որ երգ ձեզ շատ դուր գա»։ Կշշնջա, կփսփսա, իսկ հետո կերգի այդ հիմար երգը՝ կեսը ֆրանսերեն, կեսը անգլերեն, ու բոլոր պիժոնները կսկսեն հիացմունքից խենթանալ։ Եթե այնտեղ մի կողմ նստած լսեիք, թե ինչպես են ծափահարում, ամբողջ աշխարհը կատեիք, պատվովս եմ երդվում։ Բարի տնօրենն էլ անասուն։ Սոսկալի պճնամոլի մեկն է։ Նա ձեզ հետ մի բառ անգամ չի փոխանակի, եթե որևէ նշանավոր անձ չեք կամ երևելի մեկը։ Իսկ եթե նշանավոր անձ եք, ապա կաշվից դուրս կգա, հազար կտոր կլինի, զզվում ես նայելուց։ Կմոտենա, այնպես լայն կժպտա, սովորական, իբր, տեսեք, թե ինչպիսի՜ հրաշալի մարդ եմ, կհարցնի․ «Հը՞, ինչպե՞ս է ձեզ մոտ, Կոննետիկոուտում», կամ՝ «Հը՞, ինչպե՞ս է ձեզ մոտ, Ֆլորիդայում»։
Գարշելի բար է, լրջորեն։ Ես գրեթե դադարել եմ այնտեղ գնալուց։ Դեռ բավական վաղ էր, երբ գնացի այնտեղ։ Նստեցի վաճառասեղանի մոտ, ― մարդիկ քիչ կային, ― և սոդայով վիսկի խմեցի, չսպասելով Լյուսին։ Երբ պատվիրում էի, վեր էի կենում աթոռակից, թող տեսնեն, որքան բարձրահասակ եմ ու ինձ անչափահասի տեղ չդնեն։ Հետո սկսեցի զննել բոլոր պիժոններին։ Կողքիս նստածն ամեն կերպ հոգ էր տանում իր աղջկան։ Անվերջ հավատացնում էր, թե նա ազնվական ձեռքեր ունի։ Ծիծաղս գալիս էր։ Իսկ դահլիճի մյուս ծայրում հավաքվել էին աննորմալները։ Նրանց արտաքին տեսքը, ճիշտ է, այնքան էլ աննորմալ չէր՝ ոչ երկար մազեր, ոչ որևէ այլ բան, բայց անմիջապես կասեիր, թե ինչ մարդիկ են դրանք։ Եվ վերջապես, ներկայացավ Լյուսն ինքը։
Լյուսը տիպ է։ Այդպիսիները հազվադեպ են։ Երբ մենք սովորում էինք Հուտտոնի դպրոցում, նա իմ դասացույց֊բարձրդասարանցին էր։ Բայց նրա արածն այն էր, որ սեքսի մասին հազար ու մի զրույցներ էր անցկացնում, երբ իր սենյակում հավաքվում էին տղաները։ Նա այդպիսի բաների մասին շատ քաջատեղյակ էր, հատկապես բազմապիսի աննորմալների մասին։ Միշտ ինչ֊որ այլասեվածների մասին էր պատմում, որ ընկնում են ոչխարների ետևից կամ իրենց շլյապաների աստառին կանացի վարտիքեր են կարում։ Այդ Լյուսը անգիր գիտեր, թե ով է արվամոլ, ով՝ լեսբուհի, գրեթե ամբողջ Ամերիկայում։ Մի որևէ ազգանուն տաս, ումն ուզում է լինի, և Լյուսը անմիջապես կասի արվամոլ է նա, թե ոչ։ Ուղղակի դժվար էր հավատալ, որ բոլոր այդ մարդիկ՝ կինոդերասանները և այլն, կամ արվամոլներ են, կամ լեսբուհիներ։ Ախր նրանցից շատերն ամուսնացած էին։ Սատանան գիտի, թե նա որտեղից էր դա հորինում։ Հարյուր անգամ կարող ես նրան հարցնել․ «Մի՞թե Ջո Բլոուն էլ է դրանցից։ Ջո Բլոո՛ւն, այդ հսկան, այդպիսի ուժի տեր մարդը, նա՛, որ միշտ գանգստերի ու կովբոյի դերեր է կատարում, մի՞թե նա էլ»։ Եվ Լյուսը պատասխանում էր՝ անկասկած։ Նա միշտ ասում էր՝ անկասկած։ Նա ասում էր, ոչ մի նշանակություն չունի՝ մարդը ամուսնացա՞ծ է, թե ոչ։ Ասում էր, թե ամուսնացածների կեսը այլասերվածներ են ու իրենք էլ դա չեն գիտակցում։ Ասում էր՝ ամեն մարդ էլ կարող է հանկարծ այդպիսին դառնալ, եթե նախադրյալներ ունի։ Վախեցնում էր մեզ սոսկալի։ Երբեմն ես գիշերը չէի քնում, անվերջ վախենում էի՝ հանկարծ ես էլ աննորմալ դառնամ։ Բայց ամենածիծաղելին այն է, որ Լյուսն ինքն այնքան էլ նորմալ չէր։ Միշտ ափեղցփեղ դուրս էր տալիս, ամեն ինչի մասին, բայց միջանցքում ուղղակի հոգիդ հանում էր։ Եվ միշտ զուգարանից լվացարան տանող դուռը բաց էր թողնում․ դու ատամներդ ես լվանում կամ լվացվում ես, իսկ նա այնտեղից քեզ հետ զրուցում է։ Իմ կարծիքով դա էլ է ինչ֊որ չափով այլասերվածություն, աստված վկա։ Դպրոցներում ես հաճախ եմ տեսել իսկական աննորմալների, և նրանք միշտ այդպիսի օյիններ էին անում։ Դրա համար էլ կասկածում էի, որ Լյուսն ինքը այդպիսին է։ Բայց նա շատ էր խելոք, կատակը մի կողմ։
Նա երբեք չի բարևում, չի ասում «ողջույն»։ Հիմա էլ հայտնեց, որ մի րոպեով է եկել։ Ասաց, որ տեսակցություն ունի։ Հետո պատվիրեց, որ չոր մարտինի մատուցեն իրեն։ Ասաց, որ բարմենը քիչ թուլացնի և ձիթապտուղ չգցի։
― Լսիր, ես քեզ համար մի լավ աննորմալ եմ գտել, ― ասում եմ, ― ա՜յ, վաճառասեղանի ծայրին։ Հիմա դեռ մի՛ նայիր։ Քեզ համար եմ նշան արել։
― Ինչպիսի՜ սրամտություն, ― ասում է։ ― Էլի նույն Քոլֆիլդն ես։ Ե՞րբ ես մեծանալու։
Երևում է, ես նրան զայրացնում էի։ Իսկ ինձ համար ծիծաղելի էր։ Այդպիսի տիպերը միշտ ինձ ծիծաղ են պատճառում։
― Հը՞, ինչպե՞ս են անձնական գործերդ, ― հարցնում եմ։ Նա տանել չէր կարող, երբ այդ մասին հարցնում էին։
― Վերջ տուր, ― ասում է, ― ի սեր աստծո, հանգիստ նստիր և վերջ տուր հիմարություններ դուրս տալուն։
― Իսկ ես հանգիստ եմ նստած, ― ասում եմ։ ― Ինչպե՞ս է Կոլումբիան։ Քեզ դո՞ւր է գալիս այնտեղ։
― Անպայման։ Շատ է դուր գալիս։ Եթե դուր չգար, չէի գնա, ― ասում է։ Երբեմն նա էլ ինձ է զայրացնում։
― Իսկ ի՞նչ մասնագիտություն ես ընտրել, ― հարցնում եմ։ ― Ամեն տիպի այլասերվածություննե՞րն ես ուսումնասիրում։ ― Ես ուզում էի ձեռ առնել նրան։
― Դու, կարծեմ, փորձում ես սրամտե՞լ։
― Չէ, հենց այնպես, ― ասում եմ։ ― Լսիր, Լյուս, դու շատ խելոք տղա ես, զարգացած։ Ինձ անհրաժեշտ է քո խորհուրդը։ Սոսկալի վիճակի մեջ եմ․․․
Նա բարձր տնքաց․
― Օ՛հ, Քոլֆիլդ, վերջ տուր։ Մի՞թե չես կարող հանգիստ նստել, խոսել․․․
― Լավ, լավ, ― ասում եմ, ― մի՛ հուզվիր․․․
Երևում է, չէր ուզում ինձ հետ լուրջ բաների մասին խոսել։ Դժվար է այդ խելոքների գործը։ Երբեք չեն կարող լրջորեն խոսել մարդու հետ, եթե անտրամադիր են։ Ստիպված նրա հետ սկսեցի խոսել ընդհանուր բաների մասին։
― Չէ, լուրջ եմ ասում, ինչպե՞ս են անձնական գործերդ։ Էլի էն տիկնիկի հե՞տ ես ման գալիս, հիշո՞ւմ ես, Հուտտոնի դպրոցում։ Նա էլի այնպիսի խոշոր․․․
― Օ՜, տեր աստված, իհարկե, չէ։
― Ինչպես թե, իսկ որտե՞ղ է հիմա նա։
― Ոչ մի տեղեկություն չունեմ։ Եթե կուզես իմանալ, նա, իմ կարծիքով, դարձել է նյու֊հեմպշիրյան պոռնկհու նման մի բան։
― Դա խոզություն է։ Եթե նա քեզ այդքան բան է թույլ տվել, դու, համենայն դեպս, նրա մասին այդպես գարշելի ձևով չպետք է արտահայտվես։
― Օ՜, սատանա, ― ասաց Լյուսը։ ― Մի՞թե տիպիկ քոլֆիլդյան խոսակցություն է սկսվում։ Գոնե նախազգուշացնեիր։
― Ոչինչ էլ չի սկսվում, ― ասացի ես։ ― Եվ, այնուամենյանիվ, դա խոզություն է։ Եթե նա այդպես լավ է վերբերվել քեզ, որ թույլ է տվել․․․
― Մի՞թե հարկ կա շարունակելու այդ տհաճ տիրադներ․․․
Ես ոչինչ չասացի։ Վախեցա, որ եթե չլռեմ, նա վեր կկենա ու կգնա։ Հարկ եղավ մի բաժին էլ վիսկի պատվիրել։ Հանկարծ թունդ խմելու ցանկություն առաջացավ։
― Ո՞ւմ հետ ես հիմա ման գալիս, ― հարցնում եմ։ ― Կարո՞ղ ես ինձ պատմել։ Եթե ուզում ես, իհարկե։
― Դու նրան չես ճանաչում։
― Գուցե ճանաչում եմ։ Ո՞վ է։
― Գրինիչ֊վիլեջից է։ Քանդակագործուհի, եթե շատ ես ուզում իմանալ։
― Իսկապե՞ս։ Իսկ քանի՞ տարեկան է։
― Տեր աստվա՜ծ, մի՞թե ես նրան հարցրել եմ։
― Դե, մոտավորապես, որքա՞ն է։
― Դե, երեսունն անց, ― ասում է Լյուսը։
― Երեսունն ա՞նց։ Եվ դա քեղ դո՞ւր է գալիս, ― հարցնում եմ։ ― Քեզ այդպիսի պառավնե՞րն են դուր գալիս։ ― Ես նրան հարցնում էի գլխավորապես այն պատճառով, որ նա գլուխ էր հանում այդ գործերից։ Ամեն մարդ չի կարող այդպես գլուխ հանել, ինչպես նա։ Նա անմեղությունը կորցրել էր տասնչորս տարեկանում, Նանտուկետում, ազնիվ խոսք։
― Ուզում ես իմանալ, թե ինձ հասո՞ւն կանայք են դուր գալիս։ Անպայման։
― Ահա թե ի՜նչ։ Ինչո՞ւ։ Չէ, իսկապես, նրանց հետ ավելի՞ լավ է։
― Լսիր, մեկ էլ եմ ասում, վերջ տուր քո էդ քոլֆիլդյան հարցուփորձին, գոնե այս երեկո։ Ես հրաժարվում եմ պատասխանել։ Ե՞րբ, վերջապես, կմեծանաս դու, գրողը տանի։
Ես ոչինչ չպատասխանեցի, որոշեցի մի փոքր լռել։ Հետո Լյուսն էլի մարտինի պատվիրեց և խնդրեց բոլորովին ջուր չավելացնել։
― Լսիր, այնուամենայնիվ, ասա, վաղո՞ւց ես նրա հետ ապրում, այդ քանդակագործուհու։ ― Ինձ իսկապես հետաքրքիր էր դա։ ― Դու նրա հետ Հուտտոնի դպրոցի՞ց ես ծանոթ։
― Չէ, նա վերջերս է եկել Նահանգներ, մի քանի ամիս առաջ։
― Հա՞։ Որտեղացի՞ է նա։
― Պատկերացրու, որ Շանհայից։
― Մի՛ ստի։ Չինուհի՞ է, ինչ է։
― Անկասկած։
― Սուտ ես ասում։ Եվ քեզ դո՞ւր է գալիս, որ նա չինուհի է։
― Անշուշտ, դուր է գալիս։
― Բայց ինչո՞ւ։ Ազնիվ խոսք, ինձ հետաքրքիր է իմանալ, ինչո՞ւ։
― Պարզապես ինձ արևելյան փիլիսոփայությունն ավելի է գոհացնում, քան եվրոպականը, եթե շատ ես ուզում իմանալ։
― Ի՞նչ փիլիսոփայություն։ Սեքսուա՞լ։ Ինչ է, նրանց մոտ, Չինաստանում, դա ավելի՞ լավ է։ Դա՞ ես ուզում ասել։
― Ես Չինաստանի մասին չեմ ասում։ Ընդհանրապես՝ Արևելքի։ Տեր աստված։ Մի՞թե հարկավոր է շարունակել այս անմիտ զրույցը։
― Լսիր, ես լրջորեն եմ հարցնում քեզ, ― ասում եմ, ― կատակ չեմ անում։ Արևելքում ինչո՞ւ է այդ ամենն ավելի լավ։
― Չափից դուրս բարդ բան է դա, հասկանո՞ւմ ես, ― ասում է Լյուսը։ ― Պարզապես նրանք գտնում են, որ սերը ոչ միայն ֆիզիկական կապ է, այլև հոգեկան։ Դե ինչո՞ւ պիտի ես քեզ սկսեմ․․․
― Բայց ես էլ եմ այդպես գտնում։ Ես էլ եմ գտնում, որ դա, ինչպես ասացի՞ր, և՛ հոգեկան է, և՛ ֆիզիկական։ Ազնիվ խոսք, ես էլ եմ այդպես գտնում։ Բայց ամեն ինչ կախված է նրանից, թե ում հետ ես կապված։ Եթե դա ինչ֊որ մեկն է, որին դու բոլորովին էլ․․․
― Մի՛ գոռա այդպես, ի սեր աստծո, եթե չես կարող ցածր խոսել, գոնե վերջ տանք այս․․․
― Լա՛վ, լա՛վ, միայն թե լսիր, ― ասում եմ։ Ես մի քիչ հուզված էի և իսկապես բարձր էի խոսում։ Պատահում է, որ չափից դուրս բարձր եմ խոսում, երբ հուզվում եմ։ ― Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ուզում ասել, ես ուզում եմ ասել, որ կապը պետք է լինի և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան, և՛ գեղեցիկ, մի խոսքով, անեն տիպի։ Բայց հասկացիր, չի կարող պատահել, որ բոլորի հետ էլ այդպես լինի, ― այն բոլոր աղջիկների, ում հետ որ համբուրվում ես, ― չի՛ կարող։ Իսկ դու կարո՞ղ ես։
―Արի վերջացնենք այս խոսակցությունը, ― ասում է Լյուսը։ ― Չե՞ս առարկում։
― Լավ, բայց, այնուամենայնիվ, լսիր։ Վերցնենք թեկուզ քեզ և այդ չինուհուն։ Ի՜նչ մի լավ բան կա ձեր մեջ։
― Ասացի՝ վերջացնենք։
Իհարկե, հարկ չկար այդպես քիթը խոթելու նրա անձնական կյանքի մեջ։ Ես դա հասկանում եմ։ Բայց Լյուսը մի սոսկալի տհաճ հատկություն ուներ։ Երբ մենք սովորում էինք Հուտտոնի դպրոցում, նա ստիպում էր ինձ պատմել իմ ամենագաղտնի ապրումները, իսկ հենց որ հերթն իրեն էր հասնում, զայրանում էր։
Այդ խելոքները չեն սիրում խելոք խասակցություն վարել, նրանք սիրում են, որ միայն իրենք ճամարտակեն։ Գտնում են, որ եթե իրենք լռել են, դու էլ պիտի լռես, եթե իրենք գնացին իրենց սենյակը, ապա դու էլ քո սենյակը պիտի գնաս։ Երբ սովորում էինք Հուտտոնոնի դպրոցում, Լյուսն ուղղակի տանել չէր կարողանում, որ մենք էինք սկսում խոսել իր պատմել վերջացնելուց հետո։ Նույնիսկ եթե հավաքվում էինք մեկ ուրիշ սենյակում, Լյուսը տանել չէր կարողանում։ Նա միշտ պահանջում էր, որ բոլորը ցրվեն իրենց սենյակները և նստեն այնտեղ, քանի որ ինքը վերջացրել էր իր ասելիքը։ Ամբողջ գաղտնիքը այն էր, որ նա վախենում էր հանկարծ որևէ մեկը մի ավելի խելոք բան ասեր, քան ինքը։ Այնուամենայնիվ, նա շատ ծիծաղելի տիպ էր։
― Հավանաբար, հարկ կլինի մեկնել Չինաստան, ― ասում եմ։ ― Իմ անձնական կյանքը ոչ մի բանի պետք չէ։
― Դա բնական է, քո գիտակցությունը դեռ չի հասունացել։
― Ճիշտ է։ Դա շատ ճիշտ է, ինքս էլ գիտեմ, ― ասում եմ։ ― Բայց գիտե՞ս, ցավն ինչ է։ Ես չեմ կարողանում իսկական հույզ ապրել, հասկանո՞ւմ ես, իսկական, եթե աղջիկն ինձ իսկապես դուր չի գալիս։ Հասկանո՞ւմ ես, նա պետք է ինձ դուր գա։ Իսկ եթե դուր չի գալիս, ապա ես չեմ էլ ուզում աղջկան, հասկանո՞ւմ ես։ Տեր աստվա՜ծ, իմ ամբողջ կյանքը դրա պատճառով գրողի ծոցն է գնում։ Գարշանք է ամբողջությամբ։ Սա հո կյանք չի։
― Դե, իհարկե, գրողը տանի։ Ես քեզ դեռ անցյալ անգամ եմ ասել, թե ինչ պետք է անել։
― Գնամ հոգեվերլուծաբանի մոտ, այո՞, ― ասացի ես։ Անցյալ անգամ նա էր խորհուրդ տվել ինձ։ Նրա հայրը հոգեվերլուծող է։
― Դե դա քո գործն է, աստված իմ։ Իմ ի՞նչ գործն է, թե դու ինչպես կվարվես։
Ես ոչինչ չասացի։ Մտածում էի։
― Լավ, ասենք, գնացի քո հոր մոտ ու խնդրեցի հոգեվերլուծության ենթարկել ինձ, ― ասացի ես, ― իսկ ի՞նչ է անելու նա ինձ։ Ասա տեսնեմ, ի՞նչ է անելու։
― Ոչ մի բան էլ չի անելու։ Պարզապես կխոսի, դու էլ նրա հետ կխոսես։ Ինչ է, չե՞ս հավատում։ Կարևորն այն է, որ նա կօգնի քեզ հասկանալու մտքերիդ ընթացքը։
― Ի՞նչը, ի՞նչը։
― Մտքերիդ ընթացքը։ Դու խճճվել ես բարդությունների մեջ․․․ Օ՛հ, գրողը տանի, ինչ է, հոգեվերլուծության դասընթա՞ց պիտի կարդամ քեզ համար։ Ուզում ես, հորս մոտ ընդունելության հերթի գրվիր, չես ուզում, մի՛ գրվիր։ Անկեղծ ասած, դա ինձ համար միանգամայն միևնույնն է։
Ես ձեռքս դրի նրա ուսին։ Ինձ համար շատ ծիծաղելի էր։
― Իսկ դու իսկական ընկեր ես, հա՜, շան որդի, ― ասում եմ, ― դա քեզ հայտնի՞ է։
Նա նայեց ժամացույցին։
― Հարկավոր է շտապել, ― ասաց ու վեր կացավ։ ― Ուրախ եմ քեզ տեսնելուս համար։ ― Նա կանչեց բարմենին և խնդրեց ներկայացնել հաշիվը։
― Լսիր, ― ասում եմ, ― իսկ քո հայրը քեզ հոգեվերլուծության ենթարկե՞լ է։
― Ի՞նձ։ Ինչո՞ւ ես հարցնում։
― Հենց այնպես, ենթարկե՞լ է, թե ոչ։
― Ինչպես ասեմ։ Ոչ լրիվ։ Պարզապես նա օգնել է ինձ հարմարվել կյանքին, բայց խոր վերլուծության անհրաժեշտություն չի եղել։ Իսկ ինչո՞ւ ես հարցնում։
― Հենց այնպես։ Հետաքրքիր է։
― Դե մնաս բարով, հաջողություն, ― ասաց նա։ Թեյավճար թողեց ու պատրաստվեց գնալու։
― Ինձ հետ մի բաժակ էլ խմիր, ― ասում եմ։ ― Խնդրում եմ։ Թախիծը սիրտս ուտում է։ Լրջորեն, մնա՛։
Նա ասաց, որ չի կարող։ Ասաց, որ առանց այդ էլ ուշացել է և գնաց։
Այո, Լյուսը տիպ է։ Իհարկե, նա մզմըզ է, բայց վիթխարի բառապաշար ունի։ Մեր դպրոցի բոլոր աշակերտներից ամենամեծ բառապաշարը նա ուներ։ Մեզ համար հատուկ ստուգումներ էին կազմակերպում։
20
Նստել, խմում էի և սպասում, թե վերջապես երբ են դուրս գալու Թինան ու Ժանինը, իրենց օյիններով, բայց, պարզվեց, նրանք այլևս չկան։ Դուրս եկավ կանացի կերպարանքով, գանգրացրած մազերով մի տիպ ու սկսեց դաշնամուր նվագել, իսկ հետո մի նոր գեղեցկուհի՝ Վալենսիան, երգեց։ Սրա մեջ ոչ մի լավ բան չկար, բայց, համենայն դեպս, Թինայից ու Ժանինից լավն էր, գոնե լավ երգեր էր երգում։ Դաշնամուրը դրված էր անմիջապես վաճառասեղանի մոտ, որտեղ նստած էի ես, և այդ Վալենսիան գրեթե իմ կողքին էր կանգնած։ Ես թեթևակի աչքով արեցի նրան, բայց նա ձևացրեց, թե չի նկատում ինձ։ Երևի աչքով չանեի, բայց սոսկալի հարբած էի։ Նա ավարտեց երգն ու այնպես արագ չքվեց, որ չհասցրի հրավիրել ինձ հետ մի որևէ բան խմելու։ Ես կանչեցի ավագ մատուցողին և պատվիրեցի հարցնել պառավ Վալենսիային, թե չի՞ ցանկանա արդյոք ինձ հետ մի բան խմել։ Նա ասաց, որ անպայման կհայտնի, բայց հավանաբար, նույնիսկ չհաղորդեց իմ խնդրանքը։ Երբեք ոչ ոք չի հաղորդում ասածդ, երբ մի բան ես խնդրում։
Ես նստեցի այդ անիծյալ բարում գրեթե մինչև գիշերվա մեկը ու խմեցի ինչպես մի շան որդի։ Թունդ հարբեցի։ Բայց մի բան լավ էի հիշում՝ չի կարելի աղմկել, չի կարելի խանգարել։ Չէի ուզում, որ ինձ վրա ուշադրություն դարձնեին, մեկ էլ տեսար հարցրին նաև, թե քանի տարեկան եմ։ Բայց ինչպե՜ս էի հարբել, ուղղակի սոսկալի էր։ Իսկ երբ վերջնականապես հալից ընկա, էլի սկսեցի երևակայել այն սոսկալի պատմությունը, իբր իմ աղիքներում գնդակ կա։ Մենակ նստած եմ բարում, գնդակը փորիս մեջ։ Ձեռքս ամբողջ ժամանակ պահում էի բաճկոնիս տակ, որպեսզի արյունը չկաթեր հատակին։ Չէի ուզում ցույց տալ, որ վիրավոր եմ։ Թաքցնում էի, որ ինձ՝ հիմարիս, վիրավորել են։ Եվ էլի սոսկալի ցանկություն ունեցա զանգահարել Ջեյնին, իմանալ՝ վերադարձե՞լ է նա, տա՞նն է, թե չէ։ Հաշիվը փակեցի և գնացի ավտոմատի խցիկը։ Գնում եմ, ձեռքս վերքիս սեղմած, որպեսզի արյունը չկաթի։ Այ թե ինչ օրի էի։
Բայց երբ հայտնվեցի հեռախոսախցիկում, փոշմանեցի և, Ջեյնին զանգահարելու փոխարեն, երևի չափից դուրս հարբած էի, զանգահարեցի Սալլիին։
Հավանաբար, մի քսան համար փորձեցի, մինչև որ ճիշտը հավաքեցի։ Թո՛ւհ, ի՜նչ աստիճան եմ խմած։
― Ալլո, ― գոչեցի ես, երբ ինչ֊որ մեկը մոտեցավ այդ երիցս անիծյալ հեռախոսին։ Նույնիսկ ոչ թե գոչեցի, այլ բղավեցի, այնքան որ խմած էի։
― Ո՞վ է խոսում, ― հարցնում է կանացի մի սառցե ձայն։
― Ես եմ, Հոլդեն Քոլֆիլդը։ Կանչեցեք խնդրեմ, Սալլիին․․․
― Սալլին արդեն քնած է։ Տատիկն է խոսում։ Ինչո՞ւ եք այսպես ուշ ժամի զանգահարում, Հոլդեն։ Գիտե՞ք ժամը քանիսն է։
― Գիտեմ։ Ես պետք է խոսեմ Սալլիի հետ։ Շատ կարևոր է։ Այստեղ տվեք նրան։
― Սալլին քնած է, երիտասարդ, զանգահարեցեք վաղը։ Բարի գիշեր։
― Արթնացրեք նրան։ Է՜յ, արթնացրեք նրան։ Լսո՞ւմ եք։ Ու հանկարծ մեկ ուրիշ ձայն խոսեց․
― Հոլդեն, ես եմ։
― Այդ ի՞նչ օյիններ ես հանում։
― Սալլի, դո՞ւ ես։
― Այո, այո, մի՛ գոռա, խնդրեմ։ Հարբա՞ծ ես։
― Ըհը՛։ Լսիր։ Լսիր, է՛յ, ես ճրագալույցին կգամ, լա՞վ։ Քեզ հետ կզարդարեմ այդ գրողի տարած տոնածառը, լա՞վ։ Լսո՞ւմ ես։ Լա՞վ։ Հա՞։
― Հա՛, հա՛, իսկ հիմա գնա քնիր։ Որտե՞ղ ես, ո՞վ կա հետդ։
― Ոչ ոք։ Ես եմ, մեն֊մենակ, ես ինքս։ ― Օ՜հ, ինչպես էի հարբել։ Կանգնել եմ ու փորս բռնել։ ― Ինձ գնդակահարել են։ Ռոկկի ավազակախումբը ինձ սպանել է։ Լսո՞ւմ ես, Սալլի, Սալլի, դու ինձ լսո՞ւմ ես։
― Ես ոչինչ չեմ հասկանում։ Գնա քնիր։ Ես էլ պետք է քնեմ։ Վաղը զանգահարիր։
― Լսիր, Սալլի, ուզո՞ւմ ես գամ տոնածառը զարդարելու։ Ուզո՞ւմ ես, հը՞։
― Այո, այո, բարի գիշեր։
Եվ լսափողը կախեց։
― Բարի գիշեր։ Բարի գիշեր, Սալլի, սիրելլիս։ Արևս, իմ սիրելի աղջիկ, ― ասում եմ։ Պատկերացնո՞ւմ եք, որքան եմ խմած։
Հետո ես էլ կախեցի լսափողը։ Ու մտածեցի, որ նա, հավանաբար, հենց նոր է վերադարձել հյուրընկալությունից։ Հանկարծ պատկերացրի, որ նա ինչ֊որ տեղ ուրախանում է այդ Լանտերի ու մեկ էլ էնդովերցի այն թիթիզի հետ։ Իբր նրանք բոլորը լողում են մի վիթխարի թեյնիկի մեջ ու զրուցում այնպիսի խիստ նրբաճաշակ բառերով, կոկետություններ անում ցուցադրաբար, կոտրատվում։ Ես արդեն անիծում էի ինձ, որ զանգահարել եմ նրան։ Բայց երբ հարբում եմ, ասես աննորմալ լինեմ։
Երկար կանգնեցի այդ երիցս անիծյալ խցիկում։ Կախվեցի լսափողից, որպեսզի գիտակցությունս չկորցնեմ։ Ճիշտն ասած, սոսկալի վատ էի զգում։ Վերջապես, մի կերպ դուրս եկա խցիկից, գնացի զուգարան, ապուշի նման օրորվելով, այնտեղ սառը ջուր լցրի լվացարանը ու գլուխս մինչև ականջներս մտցրի ջրի մեջ։ Իսկ հետո, նույնիսկ չսրբեցի։ Թող կաթի ինչքան ուզում է։ Հետո մոտեցա պատուհանի մոտի ջեռուցիչին ու նստեցի վրան։ Այնպե՜ս տաք էր, հաճելի։ Հաճելի էր, որովհետև դողացնում էի շան լակոտի նման։ Ծիծաղելի է, հենց որ խմում եմ, սկսում եմ դողացնել։
Անելիք չունեի, նստել էի ջեռուցիչի վրա ու հատակի ճերմակ սալիկներն էի հաշվում։ Սոսկալի թրջվել էի։ Ջուրը գլխիցս վզիս վրայով հոսում էր ծոցս։ Փողկապս ամբողջովին թրջվել էր, օձիքս, բայց ես թքած ունեի։ Այդ ժամանակ ներս մտավ այն տղան, որ նվագակցում էր Վալենսիային, կանացի կերպարանքով այն գանգրահեր ֆրանտը, ու սկսեց սանրել իր ոսկեգույն խոպոպիկները։ Ու մինչ կսանրվեր, ես նրա հետ զրույցի բռնվեցի, թեև նա ինձ հետ այնքան էլ հարգալից չէր խոսում։
― Լսեք, դուք կտեսնե՞ք այդ Վալենսիային, երբ մտնեք դահլիճ, ― հարցնում եմ։
― Դա զուրկ չէ հավանականությունից, ― պատասխանում է։ Սրամտում է տխմարը։ Սրամիտ տխմարներն իմ գլխին եկովի են։
― Լսեցեք, իմ կողմից ողջույն հաղորդեք նրան։ Հարցրեք, այդ ստոր ավագ մատուցողը նրան հայտնե՞լ է իմ ողջույնը, թե չէ։
― Ինչո՞ւ տուն չեք գնում, Մաք։
― Չեմ գնալու։ Օ՛հ, շատ լավ եք նվագում դուք, գրողը տանի։
Ես դիտմամբ էի շողոքորթում նրան։ Ճիշտն ասած նա զզվելի էր նվագում։
― Դուք կարող եք ռադիոյով ելույթ ունենալ, ― ասում եմ։ ― Չէ՞ որ գեղեցիկ եք։ Ոսկեգույն գանգուրներ և այլն։ Ձեզ իմպրեսարիո է հարկավոր երևի, այո՞։
― Գնա տուն, Մաք, խելոք եղիր և գնա տուն, քնիր։
― Ես տուն չունեմ։ Առանց կատակի՝ ձեզ իմպրեսարիո հարկավո՞ր է։
Նա նույնիսկ չպատասխանեց։ Դուրս եկավ, և վերջ։ Սանրեց գանգուրները, սղալեց ու գնաց։ Ճիշտ և ճիշտ Ստրեյդլեյթերն է որ կա։ Այդ սիրունատես տականքները բոլորն իրար նման են։ Սանրվում են, սղալվում և քեզ միայնակ թողնում։
Երբ վերջապես վեր կացա ջեռուցիչի վրայից ու գնացի հանդերձարան, սկսեցի զռալ։ Առանց մի պատճառի, քայլում էի ու լաց լինում։ Գուցե այն պատճառով, որ շատ էի միայնակ ու տխուր։ Իսկ երբ մոտեցա հանդերձապահին շատ լավ կին դուրս եկավ։ Վերարկուս տվեց առանց համարի։ Եվ «Պստլիկ Շերլի Բինգի» ձայնապնակը։ Ես այն ուղղակի հետս ման էի ածում։ Ուզեցի մեկ դոլլար տալ հանդերձապահուն, որ այդքան լավն է, բայց նա չվերցրեց։ Համոզում էր, որ գնամ տուն ու քնեմ։ Ես փորձեցի ժամադրվել նրա հետ, բայց նա չցանկացավ։ Ասաց, որ ինձ մայր կսազի։ Իսկ ես իմ ճերմակ մազերը ցույց եմ տալիս ու ասում, որ արդեն քառասունռորս տարեկան եմ, կատակով, իհարկե։ Նա շատ լավիկն էր։ Նրան դուր եկավ նույնիսկ իմ հիմար որսորդական գլխարկը։ Պատվիրեց դնել գլխիս, որովհետև մազերս ամբողջովին թաց էին։ Հիանալի կին էր։
Թարմ օդում հարբածությունս անցավ։ Սոսկալի ցուրտ էր և ատամներս իրար էին զարկվում։ Այնպես էի դողում, ոչ մի կերպ չէի կարողանում ինձ զսպել։ Գնացի Մեդիսոն֊ավենյու և սպասեցի ավտոբուսի։ Գրեթե փող չէր մնացել գրպանումս, չէի կարող տաքսի նստել։ Բայց բոլորովին չէի ուզում նաև ավտոբուս նստել։ Բացի այդ, ինքս էլ չգիտեի ուր գնամ։ Վերցրի ու գնացի զբոսայգի։ Մտքովս անցավ, անցնել լճակի մոտով ու տեսնել որտե՞ղ են այն գրողի տարած բադերը, այնտե՞ղ են, թե չէ։ Ես այդպես էլ չիմացա՝ անտե՞ղ են, թե ոչ։ Զբոսայգին հեռու չէր։ Իսկ ես, միևնույն է, գնալու տեղ չունեի։ Չգիտեի նույնիսկ որտեղ պետք է գիշերեմ, դրա համար էլ գնացի այնտեղ։ Հոգնածություն չէի զգում, առհասարակ ոչինչ չէի զգում, բացի սոսկալի տրտմությունից։
Եվ հանկարծ, հենց որ ոտք դրեցի զբոսայգի, սարսափելի բան կատարվեց։ Ձեռ քիցս գցեցի քրոջս ձայնապնակը։ Հազար կտոր եղավ։ Հենց ծրարի մեջ էլ փշրվեց։ Քիչ էր մնում հեկեկայի, այնպես էի ափսոսում, բայց միայն կտորները հանեցի ծրարի միջից ու լցրի գրպանս։ Դրանք այլևս ոչնչի պետք չէին, սակայն չէի կարողանում դեն նետել։ Ես քայլեցի զբոսայգու երկարությամբ։ Սոսկալի խավար էր։
Ամբողջ կյանքս Նյու֊Յորքում է անցել, և Կենտրոնական զբոսայգին գիտեմ հինգ մատիս պես, մանկուց ի վեր այնտեղ և՛ հեծանիվ եմ քշել, և՛ անվաչմուշկներ, և այնուամենայնիվ, ոչ մի կերպ չէի կարողանում գտնել այն լճակը։ Հրաշալի գիտեի, որ Հարավային ելքի կողմում է, բայց չէի կարողանում գտնել։ Հավանաբար, ավելի շատ էի հարբած, քան թվում էր։ Քայլում էի ու քայլում, առանց կանգ առնելու։ Գնալով ավելի ու ավելի շատ էր մթնում և ավելի ու ավելի սարսափելի դառնում։ Ոչ մի մարդ չհանդիպեց, և, փառք աստծո, թե չէ վախից վեր կթռչեի, երևի, եթե հանդիպեր։ Վերջապես լճակը գտա։ Կիսով չափ սառել էր, կիսով չափ՝ ոչ։ Բայց բադերը չկային։ Ես պտտվեցի լճի շուրջը, քիչ մնաց նույնիսկ մեջը ընկնեի, բայց ոչ մի բադ չտեսա։ Մտածեցի, գուցե ափին են քնած, թփերի մեջ, եթե առհասարակ այստեղ են։ Ահա հենց այդ ժամանակ էլ քիչ մնաց ջուրն ընկնեի, բայց բադեր չգտա։
Վերջապես նստեցի մի նստարանի, որտեղ այնքան էլ մութ չէր։ Սիրտս սոսկալի խառնում էր, իսկ մազերս, ծոծրակիս կողմում, սառցալուլաներ էին դարձել, թեև որսորդական գլխարկս գլխիս էր։ Վախեցա։ Հանկարծ թոքերի բորբոքում ստանամ ու մեռնեմ։ Պատկերացրի, թե ինչպես միլիոնավոր երկերեսանիներ կգան իմ թաղմանը։ Պապիկս էլ կգա Դետրոյթից, ― նա միշտ բարձրաձայն տալիս է փողոցների անունները, երբ նրա հետ գնում ես ավտոբուսով, ― մորաքույրերս էլ կգան, ― ես հենց միայն հիսուն մորաքույր ունեմ, ― կգան նաև իմ տականք քեռորոդիներն ու հորեղբոր որդիները։ Հսկայական ամբոխ կհավաքվի, խոսք չկա։ Դրանք բոլորը եկել էին, երբ Ալլին մահացել էր, դրանց ամբողջ ոհմակը։ Դ․ Բ֊ն ինձ պատմում էր, որ մի հիմար֊մորաքույր (նրա բերանից միշտ հոտ էր գալիս) անվերջ հիանում էր, թե որքան անվրդով է պառկած Ալլին։ Ես ներկա չեմ եղել, պառկած էի հիվանդանոցում։ Ստիպված էի բուժվել, խորն էի կտրել ձեռքս։
Ու հիմա հանկարծ սկսեցի մտածել, թե ինչպես եմ հիվանդանում թոքերի բորբոքումով (մազերս բոլորովին սառել էին) և ինչպես եմ մեռնում։ Ծնողներիս խղճացի։ Հատկապես մայրիկիս, նա դեռ խելքի չէր եկել Ալլիի մահից հետո։ Պատկերացրի, թե ինչպես է կանգնել ու չի իմանում ինչ անի իմ կոստյումներն ու սպորտային իրերը։ Մի բան է ինձ մխիթարում։ Քույրիկիս չեն թողնի մասնակցի իմ հիմար թաղմանը, որովհետև նա դեռ փոքր է։ Միակ սփոփանքս դա է։ Բայց մեկ էլ պատկերացրի, թե ամբողջ այդ անհեթեթ խումբը ինչպես է թաղում ինձ գերեզմանոցում, քար է գցում շիրիմիս, ազգանունս վրան գրված և նման բաներ։ Իսկ շուրջս՝ միայն մեռյալներ են։ Հա՛, բավական է մեռնես, անմիջապես կթաղեն։ Միակ հույսս այն է, որ երբ մեռնեմ, մի խելոք մարդ գտնվի ու մարմինս նետի գետը։ Ուր ուզում են գցեն, միայն թե ոչ այդ երիցս անիծյալ գերեզմանոցը։ Դեռ կիրակի օրերին էլ պիտի գան, ծաղիկներ դնեն փորիդ։ Դա էլ գարշելի սովորություն է։ Մեռածի ինչի՞ն են պետք ծաղիկները, ո՞ւմ են պետք։
Լավ եղանակին ծնողներս հաճախ են գնում գերեզմանոց, ծաղիկներ են դնում Ալլիի շիրիմին։ Ես երկու անգամ գնացի նրանց հետ, հետո դադարեցի գնալ։ Նախ այնքան էլ մի հաճելի բան չէ տեսնել նրան այդ գարշելի գերեզմանատանը։ Պառկած է, շուրջը միմիայն մեռելներ են ու շիրմաքարեր։ Երբ արև է, դեռ ոչինչ, բայց երկու անգամ, այո, երկու անգամ, երբ մենք այնտեղ էինք, անձրև սկսվեց։ Դա անտանելի էր։ Անձրևը թափվում էր ուղղակի այդ գրողի տարած տապանաքարի վրա, ուղղակի նրա փորին բուսած խոտի վրա։ Ասես դույլերով էր թափվում։ Եվ գերեզմանոցի այցելուները հանակարծ գժի պես նետվեցին դեպի իրենց մեքենաները։ Այ թե ինչից տրաքվեցի։ Նրանք կարող են նստել մեքենա, միացնել ռադիոն ու գնալ մի որևէ լավ ռեստորանում ճաշելու, բոլո՛րը, բոլո՛րը կարող են, բացի Ալլիից։ Անտանելի խոզություն է։ Գիտեմ, որ այնտեղ գերեզմանատանը միայն նրա մարմինն է, իսկ հոգին երկնքում է և նման հիմարություններ, բայց միևնույն է, ինձ համար անտանելի էր։ Այնպես կցանկանայի, որ նա այնտեղ չլիներ։ Այ, դուք նրան չեք ճանաչում, իսկ եթե ճանաչեիք, կհասկանայիք ինձ։ Երբ արև է, դեռ ոչինչ, բայց արևն էլ դուրս է գալիս, երբ քեֆը տալիս է, այնպես որ աչինչ չես կարող անել։
Ու մեկ էլ, որպեսզի չմտածեմ թոքերի բարբոքման մասին, հանեցի փողերս ու սկսեցի հաշվել, թեև փողոցի լապտերի տակ գրեթե ոչինչ չէր երևում։ Ընդամենը երեք դոլար էր մնացել, քսան ցենտանոց հինգ թղթադրամ, և երկու՝ տասը ցենտանոց, մի ամբողջ կարողություն էի մսխել Փենսիից դուրս գալուց հետո։ Այդ ժամանակ մոտեցա լճակին ու սկսեցի դրամներն այնտեղ նետել՝ որտեղ որ դեռ չէր սառել։ Չգիտեմ ինչու էի այդպես անում, հավանաբար, որպեսզի ցրեմ թոքերի բորբոքման ու մահվան մասին մտքերս։ Բայց չկարողացա ցրել։
Էլի սկսեցի մտածել, թե ինչ կլինի Ֆիբիին, եթե ես հիվանդանամ թոքերի բորբոքումով ու մեռնեմ։ Իհարկե, երեխայություն է այդ մասին մտածելը, բայց այլևս չէի կարողանում կանգ առնել։ Երևի շատ կտխրի, որ ես մեռնեմ։ Բա լավ է վերաբերվում ինձ։ Ճիշտն ասած, իսկականից սիրում է ինձ։ Ոչ մի կերպ գլխիցս չէի կարողանում հանել այդ հիմար մտքերը, և, վերջապես, որոշեցի ահա թե ինչ անել, գնալ տուն և տեսնել նրան, գուցեև իսկապես հիվանդանում եմ ու մեռնում։ Մեր բնակարանի բանալին ունեի և որոշեցի․ կամացուկ կմտնեմ ներս ու գոնե մի երկու խոսք կփոխանակեմ Ֆիբիի հետ։ Մի բան էր ինձ անհանգստացնում՝ մեր շքամուտքի դուռը սոսկալի ճռռում է։ Բավականին հին է մեր տունը․ տնտեսվարն էլ անտանելի ալարկոտ է, բոլոր բնակարանների դռները ճռռում են ու ճռնչում։ Ես վախենում էի՝ ծնողներս հանկարծ լսեն, որ եկել եմ։ Այնուամենայնիվ, որոշեցի փորձել։
Անմիջապես դուրս վազեցի զբոսայգուց ու գնացի տուն։ Ամբողջ ճանապարհը ոտքով անցա։ Մենք շատ հեռու էինք ապրում, ու ես բոլորովին չէի հոգնել, հարբածությունս էլ անցել էր, և շուրջս ոչ ոք չկար։
21
Վաղուց բախտս այդքան չէր բերել․ երբ եկա տուն, մեր մշտական վերելակավարը՝ Փիթը, չէր հերթապահում։ Վերելակի մոտ կանգնած էր մի ինչ֊որ նոր, բոլորովին անծանոթ վերելակավար, ու ես հասկացա, որ եթե անմիջապես դեմ հանդիման չելնեմ ծնողներիցս որևէ մեկին, կկարողանամ տեսնել քույրիկիս, իսկ հետո կփախչեմ, և ոչ ոք չի իմանա, որ ես եկել եմ։ Ինչ խոսք, բախտս բերեց, բացի դրանից այդ նոր վերելակավարը մի տեսակ հիմարավուն է։ Ես անփութորեն նետեցի, որ գնում եմ Դիկսթայնների մոտ։ Իսկ Դիսկթայնները ապրում էին մեր հարկում։ Որսորդական գլխարկս արդեն հանել էի, որպեսզի շատ կասկածելի չլինի, և արագ մտա վերելակ, իբրև թե շատ եմ շտապում։
Նա արդեն փակել էր դուռը և ուզում էր սեղմել կոճակը, բայց հանկարծ շուռ եկավ ու ասաց․
― Նրանք տանը չեն։ Հյուր են գնացել տասնչորսերորդ հարկը։
― Ոչինչ ասում եմ։ ― Ինձ հանձնարարված է սպասել։ Ես նրանց զարմիկն եմ։
Նա բութ կասկածամիտ հայացքով նայեց ինձ։
― Այդ դեպքում ավելի լավ է ցածում սպասեք, երիտասարդ։
― Ես հաճույքով, իհարկե, դա ավելի հարմար կլիներ, ― ասում եմ, ― բայց ոտքս ցավում է, պետք է որոշակի դիրքով մեկնեմ։ Ավելի լավ կլինի նստեմ նրանց դռան առաջ դրված բազկաթոռին։
Նա նույնիսկ չհասկացավ ինչ եմ ասում․ միայն ասաց․ «Դե, տեսեք», ու բարձրացրեց վերև։ Վատ չստացվեց։ Հետաքրքիր է, բավական է ինչ֊որ անհասկանալի բան ասես մարդուն, և նա կանի այնպես, ինչպես դու ես ուզում։
Ես դուրս եկա մեր հարկում և, կաղ շան պես ոտքս քարշ տալով, գնացի դեպի Դիկսթայյների բնակարանը։ Իսկ երբ շրխկաց վերելակի դուռը, ետ դարձա դեպի մեր բնակարանը։ Ամեն ինչ հրաշալի էր գնում։ Հարբածությունս լրիվ անցել էր։ Ես հանեցի բանալին ու բացեցի շքամուտքի դուռը, մկան պես կամացուկ։ Հետո շատ զգուշորեն կիսաբաց արի դուռը և մտա նախասենյակ։ Այ թե ինչպիսի գանգստեր է մեռնում իմ մեջ։
Նախասենյակը մութ էր, ինչպես դժոխում, իսկ լույսը, ինքներդ էլ հասկանում եք, չէի կարող միացնել։ Հարկավոր էր շատ զգուշորեն շարժվել, որպեսզի ոչ մի բանի չկպչեմ, աղմուկ չհանեմ։ Բայց ես զգացի, որ գտնվում եմ տանը։ Մեր նախասենյակում մի առանձնահատուկ բույր կա, հարազատ, ոչ մի տեղ այդպիսի բուրմունք չի զգացվում։ Ինքս էլ չգիտեմ ինչ բուրմունք է դա՝ ուտելիքի՞, օծանելիքի, չեմ կարող ասել, բայց անմիջապես զգում եմ, որ տանն եմ։ Սկզբում ցանկացա վերարկուս հանել և կախել նախասենյակի պահարանում, բայց այնտեղ լիքն են կախիչները և խելագար աղմուկ են հանում, երբ բացում ես դուռը, դրա համար էլ մնացի վերարկուով։ Հետո կամացուկ, ոտքերիս մատների վրա, գնացի Ֆիբիի սենյակի կողմը։ Գիտեի, որ տնտեսուհին ինձ չի լսի, որովհետև նա մի թմբկաթաղանթ ուներ միայն․ երեխա ժամանակ եղբայրը ծղոտը մտցրել էր նրա ականջը, ինքն է ինձ պատմել։ Նա գրեթե չէր լսում։ Բայց փոխարենը ծնողներս, մանավանդ մայրիկս, լավագույն խուզարկուի լսողություն ունեն։ Ես նրանց ննջարանի մոտից անցա հնարավորին չափ զգուշորեն։ Ջանացի նույնիսկ չշնչել։ Հայրս դեռ ոչինչ, բազկաթոռն էլ խփես գլխին, չի արթնանա, իսկ, այ, մայրիկս, Սիբիրում էլ որ հազաս, կլսի։ Նա այնպես նյարդային է, ինչպես չգիտեմ թե ով ասեմ։ Գիշերները չի քնում, ծխում է անվերջ։
Թվում է, թե մի ամբողջ ժամ տևեց, մինչև հասա Ֆիբիի սենյակը։ Բայց նա այնտեղ չէր։ Միանգամայն մոռացել էի, ուղղակի գլխիսցս դուրս էր թռել, որ նա քնում է Դ․ Բ֊ի աշխատասենյակում, երբ եղբայրս մեկնում է Հոլիվուդ կամ մի որևէ այլ տեղ։ Ֆիբին սիրում է քնել նրա աշխատասենյակում, որովհետև դա մեր բնակարանի ամենամեծ սենյակն է։ Ինչպես նաև այն բանի համար, որ այնտեղ կար մի մեծ սեղան, չափից դուրս մեծ, Դ․ Բ֊ն այն գնել է մի հարբեցող կնոջից Ֆիլադելֆիայում։ Մահճակալն էլ այնտեղ մեծ է, մի տասը մղոն երկարություն ունի, տասը մղոն լայնություն, չգիտեմ, թե որտեղից է ճարել այդ մահճակալը։ Մի խոսքով, Ֆիբին սիրում է քնել Դ․ Բ֊ի սենյակում, երբ նա այնտեղ չէ, Դ․ Բ֊ն էլ չի առարկում։ Դուք մի տեսնեի՜ք, թե նա դասերն ինչպես է պատրաստում այդ անհեթեթ սեղանի մոտ։ Սեղանն էլ մահճակալի չափ մեծ է։ Ֆիբին գրեթե չի երևում, երբ նստում է այդ սեղանի մոտ։ Իսկ դա նրան դուր է գալիս։ Նա ասում է, թե իր սենյակը չի սիրում այն բանի համար, որովհետև նեղվածք է։ Ասում է, թե սիրում է տարածվել։ Ծիծաղելի է ուղղակի, որտեղ պիտի տարածվի, հիմարիկը։
Ես կամացուկ մտա Դ․ Բ֊ի սենյակը ու վառեցի գրասեղանի վրայի լամպը։ Իմ Ֆիբին նույնիսկ չարթնացավ։ Ես երկար նայեցի նրան լույսի տակ։ Նա ամուր քնել էր, բարձի մի անկյունը ծալած։ Բերանը կիսաբաց էր։ Տարօրինակ բան է․ բոլոր մեծերը քնում են բերանները բացած ու տհաճ տպավորություն են թողնում, իսկ երեխաները՝ ամենևին։ Երեխաները բոլորովին այլ ձևով են քնում։ Եթե նույնիսկ քնած ժամանակ բերանից ջուր է հոսում, դաձյալ տհաճ չէ նայելը։
Ես կամացուկ շրջեցի սենյակում, տեսնեմ ինչն ինչպես է։ Տրամադրությունս հանկարծ միանգամից բարձրացավ։ Էլ չէի մտածում, որ կհիվանդանամ թոքերի բորբոքումով։ Պարզապես տրամադրությունս բարձրացել էր։ Մահճակալի կողքի աթոռին դրված էր Ֆիբիի զգեստը։ Նա իր տարիքի համար շատ մաքրասերն էր։ Հասկանո՞ւմ եք, երբեք իրերը չէր նետի ուր որ պատահեր, ինչպես ուրիշ երեխաներ։ Բոլորովին թափթփված չէր։ Աթոռի թիկնակին գցած էր կոստյումի բաց դարչնագույն ժակետը, որը մայրիկը նրա համար Կանադայից էր բերել։ Բլուզն ու մնացած բաները դրված էին աթոռին, իսկ գուլպաները և կոշիկները՝ աթոռի տակ էին դրված։ Ես այդ կոշիկները դեռ չէի տեսել, նոր էին։ Մուգ դարչնագույն փափուկ, ես էլ ունեմ այդպիսի կոշիկներ։ Դրանք շատ էին սազում կոստյումին, որ մայրիկը բերել էր Կանադայից։ Մայրիկը նրան լավ էր հագցնում, շատ լավ։ Մայրիկս շատ բարձր ճաշակ ունի, բայց ոչ ամեն ինչում, իհարկե։ Չմուշկեր, օրինակ, նա գնել չգիտի, բայց փոխարենը մնացած հարցերում անբասիր ճաշակի տեր է։ Ֆիբին միշտ այնպիսի զգեստներ է հագնում, որ խելքդ կգնա։ Իսկ ուրիշ փոքրիկների հագին միշտ սոսկալի հագուստներ կտեսնես, նույնիսկ, եթե նրանց ծնողները հարուստ մարդիկ են։ Դուք մեր Ֆիբիին տեսնեի՜ք այդ կոստյումով, որ մայրիկը Կանադայից է բերել։ Հաճելի է նայելը, աստված վկա։
Ես նստեցի եղբորս գրասեղանի մոտ ու նայեցի՝ տեսնեմ ինչ կա այնտեղ։ Ֆիբին այնտեղ դարսել էր իր գրքերն ու տետրերը։ Երեսին դրված էր «Հետաքրքրաշարժ թվաբանություն» վերնագրով մի գիրք։ Ես բացեցի այն ու առաջին էջի վրա տեսա մակագրությունը՝
Ֆիբի Ուեզերֆիլդ Քոլֆիլդ 4բ―I
Հազիվ զսպեցի ծիծաղս։ Նրա երկրորդ անունը Ջոզեֆինա է և ոչ թե Ուեզերֆիլդ։ Բայց նրան այդ անունը դուր չի գալիս։ Ու նա ամեն անգամ նոր երկրորդ անուն է որոնում իր համար։
Թվաբանության տակ դրված էր աշխարհագրությունը, իսկ աշխարհագրության տակ՝ ուղղագրության դասագիրքը։ Նա հրաշալի է գրում։ Ընդհանրապես շատ լավ է սովորում, բայց ամենից լավ գրում է։ Ուղղագրության տակ բլոկնոտներ էին դարսված․ նա հինգ հազար հատ բլոկնոտ կունենա, եթե ոչ ավելի։ Երբեք չեմ տեսել, որ այդ տարիքի փոքրիկն այդքան բլոկնոտներ ունենա։ Բացեցի առաջին բլոկնոտը և կարդացի գրառումը․
«Բեռնիս, սպասիր ինձ, դասամիջոցին շատ կարևոր բան պետք է ասեմ»։
Այդ երեսին ուրիշ բան չկար։ Շրջեցի էջը, այնտեղ էլ գրված էր․
«Ինչո՞ւ հարավարևելյան ալյասկայում պահածոյի այդքան գործարաններ կան։
Որովհետև այնտեղ շատ է սաղմոնը։
Ինչո՞ւ այնտեղ արժեքավոր փայտեղեն կա։
Որովհետև կլիման նպաստավոր է։
Ի՞նչ է արել մեր կառավարությունը, որպեսզի թեթևացնի ալյասկայի էսկիմոսների կյանքը։
Վաղվա համար սովորել։
Ֆիբի Ուեզերֆիլդ Քոլֆիլդ։
Ֆիբի Ու․ Քոլֆիլդ
հանձնիր Շերլիին․․․
Շերլի դու ասում ես քո մոլորակը սատուռնն է, բայց դա ընդամենը մարսն է չմուշկները բեր, երբ կգաս իմ ետևից։
Դ․ Բ֊ի գրասեղանի մոտ նստած՝ կարդացի ամբողջ գրառումները։ Ես արագ կարդացի, բայց կարող էի առավոտից երեկո կարդալ մանկական այդ ծուռտիկ֊մուռտիկ ձեռագիրը, առավոտից երեկո, ումն ուզում է լինի։ Ծիծաղելի են այդ երեխաների գրածները։ Հետո սիգարետ ծխեցի, հավանաբար, տուփիս մեջ մնացած վերջին սիգարետը։ Այդ օրը երևի հարյուր տուփ ծխած կլինեի։ Վերջապես որոշեցի արթնացնել Ֆիբիին։ Հո չէի կարող ամբողջ կյանքս նստել գրասեղանի մոտ, բացի այդ էլ, հանկարծ կարող էին հայտնվել ծնողներս, իսկ ես ուզում էի Ֆիբիի հետ առանձին տեսնվել։ Դրա համար էլ արթնացրի նրան։
Նա շատ հեշտ է արթնանում։ Հարկ չկա գոռալու, ոչ էլ նրան թափահարելու։ Պարզապես պետք է նստել մահճակալին ու ասել․ «Ֆիբ, արթմացիր», և հոպ, կարթնանա։
― Հոլդե՜ն, ― անմիջապես ճանաչեց ինձ։ Եվ կախվեց վզիցս։ Նա շատ քնքշալիր է։ Այդքան փոքրիկ ու այդքա՜ն քնքշալիր։ Երբեմն նույնիսկ չափից դուրս։ Ես նրան համբուրեցի, ու նա ասաց․ «Այս ե՞րբ ես եկել»։ ― Շատ էր ուրախացել։ Անմիջապես երևաց։
― Կամա՜ց։ Նոր եկա։ Ինչպե՞ս ես։
― Հրաշալի։ Ստացե՞լ ես նամակս։ Ես անբողջ հինգ էջ նամակ եմ գրել քեզ։
― Այո՛, այո՛, մի՛ աղմկիր, ստացել եմ, շնորհակալություն։
Նամակն ստացել էի, բայց չհասցրի պատասխանել։ Այնտեղ ամբողջը դպրոցական ներկայացման մասին էր գրված, որին նա մասնակցում էր։ Գրել էր, որ ես ուրբաթ երեկոն ազատ մնամ և անպայնան գնամ նրա ներկայացումը դիտելու։
― Իսկ ինչպե՞ս է ձեր պիեսը, ― հարցնում եմ։ ― Մոռացել եմ անունը։
― «Ծննդյան մնջախաղ ամերիկացիների համար», ― ասում է։ ― Պիեսը հիմար բան է, բայց ես խաղում եմ Բենեդիկտ Առնոլդի դերը։ Ամենամեծ դերը իմն է։ ― Ո՞ւր փախավ քունը։ Նա այնպես էր ոգևորվել, երևում է, ամբողջ պիեսն ուզում էր պատմել։ ― Հասկանո՞ւմ ես, սկսվում է այնտեղից, որ ես մահամերձ եմ։ Ճրագալույց է, գալիս է ոգին և ասում՝ ամոթ չէ՞ ինձ և այլն։ Դե դու գիտես, ամոթ չէ՞, որ դավաճանեցիր հայրենիքիդ և նման բաներ։ Կգա՞ս նայելու, ― նա նույնիսկ թռչոտեց մահճակալին։ ― Ես ամեն ինչ գրել եմ քեզ, ճի՞շտ է։ Կգա՞ս։
― Իհարկե կգամ։ Հապա ինչպե՞ս։
― Հայրիկը չի կարող գալ։ Նա պետք է թռչի Կալիֆոռնիա։ ― Մի րոպե չէր անցել դեռ և քնատության հետքն անգամ չէր երևում։ Չոքել է անկողնում, բռնել ձեռքս։ ― Լսիր, ― ասում է, ― մայրիկն ասաց, որ դու կգաս չորեքշաբթի օրը։ Այո՛, այո՛, չորեքշաբթի։
― Շուտ են բաց թողել։ Մի՛ աղմկիր։ Դու բոլորին կարթնացնես։
― Իսկ ժամը քանի՞սն է։ Մայրիկն ասաց, որ ուշ կվերադառնան։ Նրանք հյուր են գնացել Նորուոլք, Կոնետիկատ։ Գուշակիր, ես ինչ եմ արել այսօր ցերեկը։ Գիտե՞ս ինչ ֆիլմ եմ տեսել։ Գուշակիր։
― Չգիտեմ, լսիր հապա, իսկ նրանք չասացի՞ն որ ժամին․․․
― «Բժիշկը», բա՜։ Դա յուրահատուկ ֆիլմ է, ցուցադրում էին Լիստերովյան ընկերությունում։ Միայն մեկ օր, հասկանո՞ւմ ես։ Դա քենտուկցի մի բժշկի մասին է, նա վերմակը գցում է մի աղջկա երեսին, աղջիկը հաշմանդամ է, չի կարող քայլել։ Բժշկին բանտ են նստեցնում և այլն։ Հրաշալի նկար է։
― Դե լավ, սպասիր։ Նրանք չասացի՞ն որ ժամին․․․
― Իսկ բժիշկը շատ է խղճում աղջկան։ Դրա համար էլ վերմակը գցում է նրա գլխին, որպեսզի աղջիկը խեղդվի։ Բժշկին ցմահ բանտարոկության են դատապարտում, բայց աղջիկը, որին նա խեղդեց վերմակով, միշտ երազում այցելության է գալիս նրա մոտ ու ասում․ «Շնորհակալություն», որ իրեն խեղդել է։ Պարզվում է, որ դա գթասրտություն է և ոչ թե սպանություն։ Բայց միևնույն է, բժիշկը գիտի, որ արժանի է բանտ նստելու, որովհետև մարդը իր վրա չպետք է վերցնի այն, ինչ վերաբերում է աստծուն։ Մեզ մեր դասարանի աղջկա մայրը տարավ այնտեղ, Ալիսա Հոլեմբերգի մայրիկը։ Նա իմ ամենամոտ ընկերուհին է։ Ամբողջ դասարանից միայն նա կարող է․․․
― Դե սպասիր մի րոպե, լսո՞ւմ ես։ Ես քեզ հարցնում եմ, նրանք չասացի՞ն որ ժամին կվերադառնան տուն։
― Չէ, չասացին։ Մայրիկն ասաց՝ շատ ուշ։ Հայրիկը վերցրեց մեքենան, որպեսզի գնացքի համար չշտապեն։ Իսկ մեր մեքենայի մեջ ռադիո կա։ Միայն թե մայրիկն ասում է չի կարելի միացնել, երբ աղմուկը շատ է։
Ես մի քիչ հանգստացա։ Դադարեցի հուզվելուց, թե ինձ կբռնացնեն տանը։ Համ էլ մտածեցի՝ կբռնացնեն, գրողի ծոցը, թող բռնացնեն։
Դուք մի մեր Ֆիբիին տեսնեի՜ք։ Նրա հագին կապույտ պիժամա կար, օձիքի վրա կարմիր փղիկներ։ Նա պաշտում է փղերին։
― Ուրեմն լավ նկար էր, հա՞, ― հարցնում եմ։
― Հրաշալի, միայն թե Ալիսան հարբուխ ուներ, ու նրա մայրիկը անընդհատ հարցնում էր, թե հո չի՞ դողացնում։ Այնտեղ ֆիլմ են ցուցադրում, իսկ նա անընդհատ հարցեր է տալիս։ Հենց որ հասնում է ամենահետաքրքիր տեղը, մայրը կռանում է իմ վրայով ու հարցնում․ «Չե՞ս դողացնում»։ Նյարդերիս վրա ազդում էր։
Այդ ժամանակ ես հիշեցի ձայնապնակը։
― Գիտե՞ս, ես քեզ համար մի ձայնապնակ էի գնել, բայց ճանապարհին ջարդել եմ։ ― Գրպանիցս հանեցի կտորներն ու ցույց տվի նրան։ ― Հարբած էի։
― Կտորները տուր ինձ, ― ասում է։ ― Ես դրանք հավաքում եմ։ ― Ձեռքիցս վերցրեց կտորներն ու անմիջապես էլ թաքցրեց իր գիշերային պահարանում։ Ծիծաղելի է։
― Դ․ Բ֊ն Ծննդյան տոներին տո՞ւն է գալու, ― հարցնում եմ։
― Մայրիկն ասաց, կարող է գա, կարող է՝ ոչ, աշխատանքից է կախված։ Գուցե, հարկ լինի մնա Հոլիվուդում և սցենար գրի Աննապոլիսի մասին։
― Տեր աստված, ինչո՞ւ Աննապոլիսի։
― Այնտեղ սիրո մասին էլ կա, ուրիշ բաների մասին էլ։ Գուշակիր, թե ո՞վ է նկարահանվելու այնտեղ։ Ո՞ր կինոաստղը։ Այ, չես կարող գուշակել։
― Ինձ չի հետաքրքրում։ Մե՜ծ բան է, էլի։ Աննապոլիսի՜ մասին։ Ախր նա ի՞նչ գիտի Աննապոլիսի մասին, աստված իմ։ Դա ի՜նչ կապ ունի նրա պատմվածքների հետ։ ― Թո՛ւհ, ուղղակի խենթանալ կարելի այդ ամենից։ Անիծյալ Հոլիվուդ։ Իսկ ի՞նչ է եղել ձեռքդ, ― հարցնում եմ։ Տեսա, որ արմունկին սպեղանի է կպցրած։ Նրա պիժաման անթև էր, դրա համար էլ նկատեցի։
― Մեր դասարանի մի տղա՝ Կերտիս Վայնտրաուրը, զբոսայգու աստիճաններից ինջնելիս ինձ հրեց։ Ուզո՞ւմ ես ցույց տամ։ ― Ու սկսեց թևից պոկել սպեղանին։
― Ձեռք մի՛ տուր, իսկ ինչո՞ւ հրեց։
― Չգիտեմ, կարծում եմ, նա ատում է ինձ, ― ասում է Ֆիբին։ ― Ես ու մի աղջիկ՝ Սելմա Էթերբերին, նրա սվիտերը թանաքոտել ենք։
― Լավ չեք արել, փոքրի՞կ ես, ինչ է։
― Չէ, բայց նա միշտ իմ ետևից է ման գալիս։ Հենց որ գնում եմ զբոսայգի, գալիս է ետևիցս։ Նյարդերիս վրա ազդում է։
― Իսկ գուցե դու նրան դո՞ւր ես գալիս։ Դրա համար չի կարելի մարդու սվիտերը թանաքոտել։
― Չեմ ուզում նրան դուր գալ, ― ասում է նա։ Ու հանկարծ խիստ կասկածանքով նայում է ինձ։ ― Հոլդեն, լսիր, այդ ինչո՞ւ ես չորեքշաբթիից շուտ եկել։
― Ի՞նչ։
Նրա հետ զգույշ պիտի լինեք։ Եթե կարծում եք, որ հիմարիկ է, շատ եք սխալվում։
― Այդ ինչպե՞ս է, որ չորեքշաբթիից շուտ ես եկել, ― կրկնում է նա։ ― Քեզ էլի՞ վռնդել են։
― Ես քեզ բացատրեցի։ Մեզ շուտ են արձակել։ Ամբողջ դասարանը․․․
― Չէ, քեզ վտարել են, վտարել են, ― կրկնեց նա։ Ու բռունցքով այնպես հասցրեց ծնկիս։ Նա շատ ուժեղ է խփում, երբ կռվում է։ ― Վտարել են։ Օ՛յ, Հոլդեն։ ― Նա ձեռքով փակեց բերանը։ Ազնիվ խոսք, շատ տխրեց։
― Ո՞վ ասաց, որ վտարել են։ Ոչ ոք քեզ այդպիսի․․․
― Չէ՛, վտարե՛լ են, վտարե՛լ են։ ― Ու էլի հասցրեց ծնկիս։ Եթե կարծում եք, որ չցավեց, սխալվում եք։ ― Հայրիկը կսպանի քեզ, ― ասում է։ Ու հանկարծ երեսի վրա փռվեց մահճակալին ու բարձը դրեց գլխին։ Նա հաճախ է այդպես անում։ Ուղղակկի գժվում ես, ազնիվ խոսք։
― Դե թո՜ղ, ― ասում եմ։ ― Ոչ ոք էլ ինձ չի սպանի։ Ոչ ոք ինձ մատով էլ չի կպչի․․․ Դե, վե՛րջ տուր, Ֆիբ, մի կողմ գցիր այդ հիմար բարձը։ Ոչ ոք էլ մտադիր չէ ինձ սպանել։ ― Բայց նա բարձը ետ չքաշեց։ Նրա վրա չես կարող ազդել ոչ մի կերպ։ Պառկել է ու իր ասածն է պնդում։
― Հայրիկը քեզ կսպանի՛, կսպանի՛, ― հազիվ էր լսվում բարձի տակից։
― Ոչ ոք էլ ինձ չի սպանի, բաներ մի հորինիր։ Նախ ես մեկնում եմ։ Գիտե՞ս ինչ եմ անելու։ Աշխատանք կճարեմ մի որևէ ռանչոյում, գոնե ժամանակավորապես։ Ես մի տղա եմ ճանաչում, նրա պապիկը Կոլորադոյում ռանչո ունի։ Գուցե այնտեղ նրանք աշխատանք կտան։ Ես նամակ կգրեմ քեզ այնտեղից, որ գնամ։ Դե, վե՛րջ տուր։ Վերցրու այդ գրողի տարած բարձը։ Լսո՞ւմ ես, Ֆիբ, վերցրո՛ւ։ Դե, խնդրում եմ քեզ, վերցրո՛ւ։
Բայց նա պինդ բռնել է բարձը, և վերջ։ Ես փորձեցի քաշել վրայից, բայց շատ ուժեղ է այդ սատանան։ Եթե բարձը քաշել է գլխին, էլ չես կարող պոկել։
― Ֆիբի, խնդրում եմ, դուրս արի բարձի տակից, լսո՞ւմ ես, ― խնդրում եմ ես նրան։ ― Դե թո՛ղ․․․ Է՛յ, Ուեզերֆիլդ, դուրս արի, դե՛։
Չէ, չի ուզում։ Նրան երբեք չես կարող համոզել։ Վերջապես ես վեր կացա, գնացի հյուրասենյակ, սեղանի վրայի տուփից սիգարետ վերցրի ու դրեցի գրպանս։ Շատ էի հոգնել։
22
Երբ վերադարձա, նա դուրս էր եկել բարձի տակից․ այդպես էլ գիտեի, պառկել էր մեջքի վրա, բայց ինձ չէր նայում։ Մոտեցա մահճակալին, նա անմիջապես շուռ եկավ, ինձ չի նայում։ Գրողի ծոցն է ուղարկում ինձ, բոյկոտ է անում, Փենսիի սուսերամարտի թիմի տղաների նման, երբ ամբողջ սպորտային իրերը մոռացել էի մետրոյում։
― Իսկ ինչպե՞ս է ապրում քո Կիսլա Ուեզերֆիլդը, ― հարցնում եմ։ ― Նրա մասին էլի՞ ես պատմվածք գրել։ Այն, որ ուղարկել էիր, ճամպրուկիս մեջ է։ Լավ պատմվածք է, ազնիվ խոսք։
― Հայրիկը կսպանի։
Որ մի բան է գցում գլուխը, արդեն էլ վերջ։
― Չէ, չի սպանի։ Ծայրահեղ դեպքում էլի կգոռգոռա, հետո կուղարկի զինվորական դպրոց։ Դրանից ավելի բան չի անի։ Իսկ երկրորդն էլ, ես ասյտեղ չեմ մնում։ Ես հեռու կլինեմ։ Շա՜տ հեռու, հավանաբար Կոլորադոյում, այդ ռանչոյում, որ ասացի։
― Հիմար֊հիմար դուրս մի՛ տուր։ Դու իսկի ձի քշել չգիտես։
― Ինչպե՞ս չգիտեմ, գիտեմ։ Այդտեղ ի՜նչ մի իմանալու բան կա։ Համ էլ այնտեղ երկու րոպեում կսովորես, ― ասում եմ։ ― Չհամարձակվես սպեղանին պոկել։ ― Նա անընդհատ քաշում էր թևի սպեղանին։ ― Իսկ ո՞վ է այդպես կտրել մազերդ, ― հարցնում եմ։ Նոր միայն նկատեցի, թե ինչպես վատ են կտրել նրա մազերը։ Ուղղակի խուզել են։
― Քո գործը չէ, ― ասում է։ Նա երբեմն այնպե՜ս կպատասխանի։ Մեծամտորեն, հասկանո՞ւմ եք։ ― Երևի դարձյալ բոլոր առարկաներից կտրվել ես, ― ասում է դարձյալ մեծամտորեն։ Ծիծաղս եկավ։ Խոսում է ուսուցչուհու նման, մինչդեռ մի մատ երեխա է։
― Չէ՛, ոչ բոլոր առարկաներից, ― ասում եմ։ ― Անգլերենը հանձնել եմ։ ― Ու ես այդ ժամանակ կսմթեցի նրա տուտուզիկը։ Պառկել է գունդուկծիկ դարձած, իսկ ետևը դուրս ցցել վերմակի տակից։ Ասենք, նա ետև էլ չունի։ Ես ուժգին չկսմթեցի, բայց նա ուզեց խփել ձեռքիս ու վրիպեց։
Ու մեկ էլ ասաց․
― Ախ, ինչո՞ւ, ինչո՞ւ, դու էլի, ― ուզում էր ասել ինչու էլի դուրս մնացիր դպրոցից։ Բայց դա այնպես ասաց, որ տրամադրությունս ընկավ, սոսկալի տխրեցի։
― Օ՜, տեր աստված, Ֆիբի, գոնե դու մի հարցնի, ― ասում եմ։ ― Բոլորն այդ են հարցնում, անհնար է դիմանալ։ Ինչո՞ւ, ինչո՞ւ․․․ հազար ու մի պատճառով։ Երբեք այդպիսի գարշելի դպրոցում չեմ սովորել։ Ամեն ինչ ցուցադրական է։ Ամեն ինչ ձևական։ Կամ ստոր։ Սրիկաների այդպիսի կուտակում կյանքումս չեմ տեսել։ Օրինակ՝ եթե սենյակում տղաներով նստած շատախոսում եք ու հանկարծ ինչ֊որ մեկը ծեծում է դուռը, ուզում է ներս գալ, ոչ մի դեպքում նրան ներս չեն թողնի, եթե նա հիմարավուն է մի քիչ, պզուկոտ։ Դուռը երեսի վրա կծածկեն։ Այնտեղ մի երիցս անիծյալ գաղտնի միություն էլ կար, վախից ես էլ էի ընդունվել այդ միությունը։ Ու այնտեղ մի մզմըզ պզուկոտ տղա էլ կար՝ Ռոբերտ Էկլին, նա էլ էր ուզում ընդունվել այդ միության մեջ։ Նրան չընդունեցին։ Միայն այն պատճառով, որ մզմըզ է և պզուկոտ։ Հիշելն անգամ զազրելի է։ Հավատա ինձ, այդպիսի կեղտոտ դպրոց կյանքումս չեմ տեսել։
Իմ Ֆիբին լուռ ականջ է դրել։ Ծոծրակից նկատեցի, որ լսում է։ Նա հիանալի կարող է լսել, երբ հետը զրուցում ես։ Եվ ամենածիծաղելին այն է, որ ամեն ինչ հասկանում է, ինչ էլ որ ասես։ Իսկապես հասկանում է։ Ես էլի սկսեցի Փենսիի մասին մասին պատմել, ոզում էի ամեն ինչ ասած լինել։
― Այնտեղ մի քանի լավ ուսուցիչներ կային, բայց նրանք էլ էին երկերասնի, ― ասում եմ։ ― Վերցնենք հենց թեկուզ այն ծերուկին, միստր Սպենսերին։ Նրա կինը միշտ մեզ տաք շոկոլադ էր հյուրասիրում։ Ընդհանրապես երկուսն էլ լավ մարդիկ էին։ Բայց թե մի տեսնեիր, ի՜նչ էր կատարվում նրա հետ, երբ ծերուկ Թերմերը՝ մեր դիրեկտորը, ներս էր գալիս պատմության դասին ու նստում ետևի նստարանին։ Միշտ նա գալիս էր ու կես ժամ նստում ետևի նստարանին։ Կարծես թե ծպտված, հասկանո՞ւմ ես։ Կնստեր, կնստեր, մեկ էլ կսկսեր ծերունի Սպենսերին ընդհատել իր կրետինային օյիններով։ Իսկ ծերուկ Սպենսերը կաշվից դուրս էր գալիս, ծիծաղում էր, հալվում նրա առաջ, կարծես այդ Թերմերը մի ինչ֊որ հանճար էր, գրողի ծոցը գնա նա։
― Մի՛ հայհոյիր, խնդրեմ։
― Սիրտդ կխառներ այնտեղ, աստված վկա, ― ասում եմ։ ― Կամ շրջանավարտների օրը վերցրու։ Նրանց մոտ այդպիսի օր կա, կոչվում է «Շրջանավարտների օր», երբ բոլոր տականքները, որ ավարտել են Փենսին, սկսած գրեթե 1776 թվականից, հավաքվում են դպրոցում ու թրև են գալիս ամբողջ տերիտորիայում, իրենց կանանց ու երեխաների հետ։ Դու մի տեսնեի՜ր մի ծերուկի, որ մոտ հիսուն տարեկան կլիներ։ Ներս մտավ ուղիղ մեր սենյակը, դուռը ծեծեց, իհարկե, ու հարցրեց՝ կարելի՞ է գնա մեր զուգարանը։ Իսկ զուգարանը միջանցքի ծայրին էր, չհասկացանք, թե ինչու հատկապես մեզ հարցրեց։ Եվ գիտե՞ս ինչ ասաց մեզ։ Ասում է, ուզում եմ տեսնել զուգարանի դռան վրա պահպանվե՞լ է իմ անվան սկզբնատառերը։ Հասկանո՞ւմ ես, նա հարյուր տարի առաջ իր հիմար, ապուշ ապաշնորհ անվանատառերը փորագրել է զուգարանի դռան վրա և ուզում է տեսնել՝ պահպանվե՞լ են դրանք։ Եվ ես ու ընկերս ստիպված եղանք նրան ուղեկցել զուգարան և կանգնել այնտեղ, մինչև նա իր կրետինային անվանատառերը կորոներ բոլոր դռների վրա։ Որոնում է և պատմում, թե Փենսիում անցկացրած տարիները իր կյանքի անցկացրած լավագույն տարիներն են եղել և ինչ֊որ ապուշային խորհուրդներ է տալիս մեզ ապագայի համար։ Տեր աստվա՜ծ, ինչպե՜ս ձանձրացա նրանից։ Եվ ոչ թե ինչ֊որ շատ տհաճ էր դրա համար, չէ՛։ Բոլորովին էլ պարտադիր չէ տհաճ լինել ձանձրույթ պատճառելու համար, վերջ ի վերջո լավ մարդն էլ կարող է տրամադրություն փչացնել։ Բավական է ապաշնորհ խորհուրդներ տալ, այդ ընթացքում սեփական անվանատառերը փնտրելով զուգարանի դռան վրա, ու վերջ։ Չգիտեմ, գուցե այնքան էլ չընկներ տրամադրությունս, եթե այդ տիպը նաև չհևար։ Նա շնչահեղձ էր լինում աստիճանները բարձրանալու հետևանքով։ Փնտրում էր իր այդ անվանատառերն ու ֆսֆսացնում, շնչակտուր լինում։ Ե՛վ մեղք էր, և՛ ծիծաղելի ու միաժամանակ իմ ու Ստրեյդլեյթերի գլուխն էր մտցնում, որ ինչ֊որ հնարավոր է, յուրացնենք Փենսիում։ Տեր աստվա՜ծ, Ֆիբի։ Չեմ կարող քեզ բացատրել։ Ինձ ոչ մի բան դուր չէր գալիս Փենսիում։ Չեմ կարող բացատրել։
Այստեղ Ֆիբին ինչ֊որ բան ասաց, որ ես լավ չլսեցի։ Նա դեմքն այնպես էր թաղել բարձի մեջ, որ ասածը չէր լսվում։
― Ի՞նչ, ― ասում եմ, ― շուռ արի իմ կողմը։ Չեմ լսում ինչ ես ասում, բարձի մեջ ես խոսում։
― Քեզ երբեք ոչինչ դուր չի գալիս։
Ես ավելի շատ տխրեցի, որ նա այդպես ասաց։
― Չէ, դուր է գալիս։ Շատ բան է դուր գալիս։ Այդպես մի՛ ասա։ Ինչո՞ւ ես այդպես ասում։
― Որովհետև դա ճիշտ է։ Քեզ ոչինչ դուր չի գալիս։ Բոլոր դպրոցները դուր չեն գալիս։ Աշխարհում ոչ մի բան դուր չի գալիս։ Դուր չի գալիս, և վերջ։
― Ճիշտ չէ, այստեղ դու սխալվում ես, այո՛, այո՛, սխալվում ես։ Այդ ինչե՞ր ես հորինում իմ մասին, ― նրա ասածից տրամադրությունս սոսկալի ընկավ։
― Չէ, չեմ հորինում։ Դե թեկուզ մի բան ասա, որ դու սիրում ես։
― Ի՞նչ ասեմ։ Ասեմ, թե ի՞նչ եմ սիրում, խնդրեմ։
Դժբախտաբար, ես ոչ մի կերպ չէի կարողանում կենտրոնանալ։ Երբեմն դա շատ դժվար է։
― Դու ուզում ես ասել, թե ի՞նչն եմ շատ սիրում, ― նորից հարցրի ես։
Նա միանգամից չպատասխանեց։ Ինձնից ետ քաշվեց աստված գիտի թե որքան, մահճակալի մյուս ծայրը, ասես մի հարյուր մղոն։
― Դե պատասխանիր։ Ասեմ ի՞նչն եմ սիրում, թե՞ ընդհանրապես ինձ ինչ է դուր գալիս։
― Ի՞նչ ես սիրում։
― Լավ, կասեմ։ ― Բայց ոչ մի կերպ չէի կարողանում։ Հիշեցի միայն այն երկու միանձնուհիներին, որ փող էին հավաքում մաշված զամբյուղների մեջ։ Հատկապես այն մեկը, պողպատե ակնոցովը։ Հիշեցի նաև մի տղայի, որի հետ սովորում էի Էլքտոն֊հոլլում։ Այնտեղ մի տղա կար՝ Ջեյմս Քասլը, որ ոչ մի կերպ ետ չէր վերցնի իր խոսքը․ նա մի բան էր ասել սոսկալի երևակայող մի տիպի՝ Ֆիլ Սթեյբլի մասին։ Ջեյմս Քասլը նրան անվանել էր ինքնասիրահարված մարդ, և այդ սրիկաներից՝ Սթեյբլի ընկերներից մեկը, լուրը տարել էր նրան։ Սթեյբլը վեց ուրիշ սողունների հետ միասին եկավ Ջեյմս Քասլի սենյակը, փակեց դուռը և փորձեց ստիպել նրան ետ վերցնել իր խոսքերը, բայց Ջեյմսը չհամաձանեց։ Այդ ժամանակ նրանք գործի անցան։ Ես չեմ կարող ասել, թե նրանք ինչ արին, ― սոսկալի ստորություն, ― բայց Ջեյմսը չհամաձայնեց ետ վերցնել իր խոսքերը, ահա թե ինչպիսին էր այդ Ջեյմս Քասլը։ Դու մի տեսնեի՜ք նրան․ նիհարո՜ւկ, փոքրի՜կ, ձեռքերն ասես մատիտներ լինեին։ Եվ ի վերջո, գիտե՞ք, նա ինչ արեց, փոխանակ հրաժարվելու իր խոսքերից։ Դուրս թռավ պատուհանից։ Ես ցնցուղարանում էի և այնտեղից լսեցի, թե ինչպես թմփաց։ Կարծեցի, թե պատուհանից ինչ֊որ բան ընկավ՝ ռադիոընդունիչ կամ պահարանիկ, բայց մտքովս չէր անցնում, թե տղա էր։ Այդ ժամանակ լսեցի, որ բոլորը միջանցքով դեպի աստիճաններն են վազում։ Խալաթս վրաս քաշեցի ու ես էլ վազ տվի, իսկ այնտեղ, աստիճանների վրա, պառկած էր մեր Ջեյմս Քասլը։ Նա արդեն մեռած էր, արնաթաթախ, ատամները դուրս էին թռել, բոլորը վախենում էին մոտենալ։ Իսկ նրա հագին այն սվիտերն էր, որ ես էի տվել։ Այդ սողուններին, որ փակել էին նրան սենյակում, ոչինչ չարին, միայն դպրոցից հեռացրին։ Նույնիսկ բանտ չնստեցրին։
Էլ ուրիշ բան չկարողացա հիշել։ Երկու միանձնուհիներին, որոնց հետ նախաճաշել էի, և այդ Ջեյմս Քասլին, որի հետ սովորել էի Էլքտոն֊հիլլում։ Ամենածիծաղելին այն է, որ ես գրեթե չէի ճաաչում այդ Ջեյմս Քասլին։ Նա շատ սուսիկ֊փուսիկ տղա էր։ Մենք միևնույն դասարանում էինք սովորում, բայց նա մյուս ծայրում էր նստում և հազվադեպ էր դուրս գալիս գրատախտակի մոտ, պատասխանելու։ Իրար հետ զրուցել էինք ընդամենը մեկ անգամ, երբ նա խնդրեց այդ սվիտերը։ Ես քիչ մնաց զարմանքից մեռնեմ, երբ նա խնդրեց, այնքան անսպասելի էր դա։ Հիշում եմ, ատամներս էի լվանում լվացարանում, նա մոտեցավ ինձ ու ասաց, որ զարմիկն իրեն տանելու է սահադաշտ։ Մտքովս էլ չէր անցնում, թե նա գիտի, որ ես տաք սվիտեր ունեմ։ Ես նրա մասին միայն այնքանը գիտեի, որ դասամատյանում նրա անունը իմից անմիջապես առաջ էր՝ Քեյբլ Ռ, Քեյբլ Վ, Քասլ, Քոլֆիլդ, մինչև հիմա էլ հիշում եմ։ Ու եթե ճիշտն ասենք, քիչ էր մնում մերժեի սվիտերս, որովհետև գրեթե չէի ճանաչում նրան։
― Ի՞նչ, ― հարցրեց Ֆիբին, մինչ այդ էլ նա ինչ֊որ բան էր խոսել, բայց ես լավ չէի լսել։ ― Չես կարող ոչ մի բան ասել, ո՛չ մի բան։
―Չէ՛, կարո՛ղ եմ, կարո՛ղ եմ։
― Դե ասա՛։
Ես սիրում եմ Ալլիին, ― ասում եմ։ ― Ինձ դուր է գալիս նաև ա՛յ, այսպես նստել ու զրուցել քեզ հետ և հազար ու մի բան հիշել։
― Ալլին մեռել է, դու միշտ միևնույն բանն ես կրկնում։ Քանի որ մարդը մեռել է ու երկինք համբառնել, ուրեմն հնարավոր չէ նրան իսկականից սիրել։
― Գիտեմ, որ մեռել է։ Ինչ է, քո կարծիքով ես չգիտե՞մ, որ մեռել է։ Եվ միևնույն է, ես կարողանում եմ նրան սիրել։ Չի կարելի դադարել մարդուն սիրելուց միայն այն պատճառով, որ նա մեռել է, գրողը տանի, մանավանդ որ նա լավն էր բոլոր կենդանի մնացածներից, հասկանո՞ւմ ես։
Այստեղ Ֆիբին ոչինչ չասաց։ Երբ ասելիք չունի, նա միշտ լռում է։
― Այ, հիմա էլ ինձ համար հաճելի է այստեղ, ― ասացի ես։ ― Հասկանո՞ւմ ես, հիմա, նստել այստեղ ու խոսել հազար ու մի բաների մասին․․․
― Դե չէ, սա բոլորովին ուրիշ բան է։
― Ինչպե՞ս թե ուրիշ բան է։ Իհարկե, նույնն բանն է։ Ինչո՞ւ է ուրիշ բան, գրողը տանի։ Զահլաս գնացել է։
― Վերջ տուր՝ գրողը, հա՛ գրողը։ Լավ, մեկ ուրիշ բան էլ ասա։ Ասա, թե ինչ կուզենայիր դառնալ։ Դե, ասենք, գիտնակա՞ն, փաստաբա՞ն, թե մեկ ուրիշ բան։
― Ինձնից ի՜նչ գիտնական, ես ընդունակ չեմ գիտությունների հարցում։
― Դե՛, փաստաբան, ինչպես հայրիկը։
― Փաստաբանը, հավանաբար, վատ չէ, բայց ինձ, միևնույն է, դուր չի գալիս, ― ասում եմ։ ― Հականո՞ւմ ես, վատ չէ, երբ նրանք փրկում են անմեղ մարդկանց կյանքը և ընդհանրապես նման գործերով են զբաղվում, բայց բանն էլ հենց այն է, որ փաստաբանները նման բաներով չեն զբաղվում։ Եթե փաստաբան դառնաս, ապա փող պիտի կուտակես, գոլֆ խաղաս, բրիջ, մեքենաներ գնես, չոր կոկտեյլներ խմես և ման գաս պճնամոլի պես։ Եվ ընդհանրապես, եթե ամբողջ ժամանակ միայն մարդկանց կյանք փրկես, որտեղի՞ց իմանաս, թե հանուն ինչի ես դա անում, հանուն այն բանի, որ իսկապես փրկես մարդկանց կյա՞նքը, թե՞ հանուն այն բանի, որ նշանավոր փաստաբան կոչվես, որպեսզի բոլորը թփթփացնեն թիկունքիդ ու շնորհավորեն, երբ շահես այդ երիցս անիծյալ դատը, մի խոսքով, ինչպես կինոներում, անպետք ֆիլմերում։ Ինչպե՞ս իմանալ, որ այդ ամենը ցուցադրաբա՞ր ես անում, թե՞ իսկապես, այդ ամենը կե՞ղծ է, կեղծ չի։ Ոչ մի կերպ չես կարող իմանալ։
Ես շատ համոզված չէի՝ հասկանո՞ւմ էր այդ ամենն իմ Ֆիբին, թե չէ։ Այնուամենայնիվ, նա շատ փոքրիկ է։ Բայց դե գոնե ուշադիր լսում էր ինձ։ Իսկ երբ լսում են քեզ, դա արդեն լավ է։
― Հայրիկը քեզ կսպանի, նա ուղղակի կսպանի քեզ, ― ասում է նորից Ֆիբին։
Բայց ես նրան չէի լսում։ Մի միտք ծագեց գլխումս, միանգամայն վայրենի մի միտք։
― Գիտե՞ս ինչ կուզեյի դառնալ, ― ասում եմ։ ― Գիտե՞ս ինչ։ Եթե կարողանայի ընտրել այն, ինչ ուզում եմ, գրողը տանի։
― Վերջ տուր գրող ասելուն։ Հը, ի՞նչ։
― Գիտե՞ս, մի այսպիսի երգ կա․ «Եթե դու երեկոյան բռնել ես մեկին տարեկանի արտում․․․»
― Այսպես չէ։ Հարկավոր է ասել «Եթե մեկը կանչել է մեկին երեկոյան տարեկանի արտում»։ Դա Ռոբերտ Բերնսի բանաստեղծությունն է։
― Գիտեմ, որ Բերնսի բանաստեղծությունն է։
Նա իրավացի էր։ Այնտեղ իսկապես այդպես է․ «Եթե մեկը կանչել է մեկին երեկոյան տարեկանի արտում»։ Ճիշտն ասած ես մոռացել էի։
― Ինձ թվում էր, թե այնտեղ «բռնել է մեկին երեկայան տարեկանի արտում», ― ասում եմ։ ― Հասկանո՞ւմ ես, ես պատկերացնում եմ, թե ինչպես փոքրիկները երեկոյան խաղում են վիթխարի դաշտում, տարեկանի արտում։ Հազարավոր փոքրիկներ, և շուրջը ոչ մի մարդ, ոչ մի մեծ չկա բացի ինձնից։ Իսկ ես կանգնած եմ զառիթափի եզրին, անդունդի պռնկին, հասկանո՞ւմ ես։ Ու իմ գործն այն է, որ բռնեմ երեխաներին, թույլ չտամ, որ սայթաքեն, անդունդն ընկնեն։ Հասկանո՞ւմ ես, նրանք խաղում են ու չեն տեսնում ուր են գնում, իսկ ես վազում եմ ու բռնում նրանց, որ ցած չընկնեն։ Ահա և իմ ամբողջ աշխատանքը։ Պահպանել երեխաներին տարեկանի արտում, անդունդի եզրին։ Հասկանում եմ, սա հիմարություն է, բայց միակ բանն է, որ ես ուզում եմ իսկապես։ Երևի հիմար եմ։
Ֆիբին նորից լռեց։ Հետո նորից կրկնեց․
― Հայրիկը քեզ կսպանի։
― Թող սպանի, թքած ունեմ ամեն ինչի վրա։ ― Ես վեր կացա անկողնուց, որոշեցի զանգահարել մի մարդու՝ Էլքտոն֊հիլլի իմ անգլերենի ուսուցչին։ Նրան անվանում էին միստր Անտոլինի, հիմա նա ապրում էր Նյու֊Յորքում։ Նա Էլքտոն֊հիլլից դուրս էր եկել և անգլերենի ուսուցչի աշխատանք էր ստացել Նյու֊Յորքի համալսարանում։ ― Ես պետք է զանգահարեմ, ― ասում եմ։ ― Հիմա կգամ։ Չքնես, լսո՞ւմ ես։ ― Բոլորովին չէի ուզում, որ նա քներ, մինչև հեռախոսային խոսակցությունս ավարտելը։ Գիտեի, որ չի քնի, այնուամենայնիվ, խնդրեցի, որ չքնի։
Ես գնացի դեպի դուռը․ Ֆիբին ձայն տվեց ետևիցս․
― Հոլդե՛ն, ― ու շուռ եկավ։
Նա նստել էր մահճակալին սիրունիկ, ուղղակի սքանչելի։
― Ֆիլիս Մարգուլիս անունով մի աղջիկ ինձ սովորեցրել է զկրտալ, ― ասում է նա։ ― Հապա լսիր։
Ես ականջ դրեցի, բայց առանձնապես մի բան չլսեցի։
― Վատ չէ, ― ասում եմ։
Ու գնացի հյուրասենյակ, զանգահարելու անգլերենի իմ նախկին ուսուցչին՝ միստր Անտոլինիին։
23
Զանգահարեցի շատ շտապ, որովհետև վախենում էի հանկարծ ծնողներս գան։ Բայց նրանք չեկան։ Միստր Անտոլինին շատ բարեհամբյուր մարդ էր։ Ասաց, որ կարող եմ գնալ իր մոտ, թեկուզ հենց հիմա։ Հավանաբար ես նրանց երկուսին էլ արթնացրի, որովհետև երկար ժամանակ ոչ ոք չէր մոտենում հեռախոսին։ Առաջին հերթին նա հարցրեց՝ ի՞նչ է պատահել, իսկ ես պատասխանեցի՝ առանձնապես ոչինչ։ Բայց այնուամենայնիվ, պատմեցի, որ ինձ հեռացրել են Փենսիից։ Միևնույն է, որևէ մեկին պետք է պատմեի։ Նա ասաց․
― Տեր աստվա՜ծ, դու ողորմա մեղավորներիս, ― այնուամենայնիվ, նա հումորի զգացում ուներ։ Պատվիրեց թեկուզև հիմա գնալ իր մոտ, եթե պետք է։
Նա իմ ուսուցիչներից ամենալավն էր։ Բավական ջահել, իմ եղբայր Դ․ Բ֊ից մի քիչ էր մեծ, ու նրա հետ կարելի էր կատակել, թեև բոլորը հարգում էին նրան։ Նա առաջինը գետնից բարձրացրեց այն տղային, որ պատուհանից ցած էր նետվել, Ջեյմս Քասլին։ Ես ձեզ պատմել եմ նրա մասին։ Միստր Անտոլինին շոշափեց նրա զարկերակը, հետո հանեց իր բաճկոնը, ծածկեց Ջեյմս Քասլին ու գրկած տարավ լազարեթ։ Եվ նրա համար նշանակություն չուներ, որ իր բաճկոնը ամբողջապես արյունոտվել էր։
Ես վերադարձա Դ․ Բ֊ի սենյակը, իմ Ֆիբին այնտեղ միացրել էր ռադիոն։ Պարեղանակ էին հաղորդում։ Ռադիոն իջեցրել էր, որպեսզի չարթանցնի մեր տնտեսուհուն։ Դուք մի տեսնեիք Ֆիբիին։ Նստել է մահճակալի մեջտեղը, ոտքերը ծալել, ասես յոգ լինի, և երաժշտություն է լսում։ Ծիծաղից կմեռնես։
― Վեր կաց, ― ասում եմ։ ― Ուզո՞ւմ ես պարենք։
Ես ինքս էի նրան պարել սովորեցրել, երբ նա դեռևս շատ փոքրիկ էր։ Նա շատ լավ էր պարում։ Ընդհանրապես միայն մի քիչ էի ցույց տվել նրան, նա ինքն էր սովորել։ Հնարավոր չէ մարդուն պարել սովորեցնել ինչպես հարկն է, նա ինքը պետք է պարի։
― Հագիդ կոշիկներ կա՞ն, ― ասում է։
― Ոչինչ, կհանեմ։ Վեր կաց։
Նա ցատկեց մահճակալից։ Սպասեց, մինչև հանեցի կոշիկներս, ու սկսեցինք պարել։ Նա շատ լավ է պարում։ Առհասարակ ես չեմ կարող տանել, որ մեծերը պարում են երեխաների հետ, սոսկալի տեսարան է։ Օրինակ՝ մի որևէ հայրիկ հանկարծ սկսում է պարել իր աղջնակի հետ։ Նա այնպես անշնոորհք է տանում աղջկան, որ հագուստը ետևի մասից անընդհատ բարձրանում է, համ էլ աղջիկը բոլորովին պարել չգիտի, մի խոսքով, ողորմելի տեսարան է։ Բայց ես ռեստորանում չէի պարի Ֆիբիի հետ։ Մենք միայն տանն ենք պարում։ Հնազանդվում է քեզ։ Միայն հարկավոր է ամուր բռնել նրան, այդ դեպքում չի խանգարի, որ քո ոտքերը թեկուզ հարյուր անգամ ավելի երկար են։ Նա բոլորովին ետ չի գնում։ Նրա հետ և՛ անցումներ կարելի է անել, և՛ ամեն ձևի շրջադարձեր, նույնիսկ՝ ջիտերբադ․ երբեք ետ չի մնա։ Նրա հետ նույնիսկ տանգո կարելի է պարել, ահա թե ինչ։
Մենք չորս պար պարեցինք։ Ընդմիջումներին Ֆիբին այնպես հետաքրքիր է պահում իրեն, որ ծիծաղդ գալիս է։ Կանգնում է ու սպասում։ Չի խոսում, ոչինչ։ Ստիպում է կանգնել ու սպասել, մինչև որ նվագախումբը նորից սկսի։ Իսկ իմ ծիծաղը գալիս է։ Բայց նա զայրանում է, նույնիսկ թույլ չի տալիս ծիծաղել։
Մի խոսքով, մենք չորս պար պարեցինք, և ես անջատեցի ռադիոն։ Իմ Ֆիբին մտավ վերմակի տակ ու հարցրեց․
― Լա՞վ եմ պարում։
― Այն էլ ինչպե՜ս, ― ասում եմ։ Ես նստեցի նրա մահճակալին։ Շունչս կտրվում էր։ Հավանաբար, չափից դուրս շատ էի ծխել։ Իսկ նա գոնե մի քիչ արագ շնչեր։
― Շոշափիր ճակատս, ― ասում է հանկարծ։
― Ինչո՞ւ։
― Շոշափիր, ձեռքդ դիր։ ― Ես ձեռքս դրի նրա ճակատին, բայց բան չզգացի։ ― Շա՞տ է ջերմությունս, ― ասում է։
― Չէ, մի՞թե ջերմություն ունես։
― Այո, հիմա ես կբարձրացնեմ։ Մի անգամ էլ ձեռք տուր։
Ես նորից ձեռքս դրեցի և նորից ոչինչ չզգացի, բայց, այնուամենայնիվ, ասացի․
― Կարծես թե բարձրանում է։ ― Չէի ուզում, որ նրա մոտ ինչ֊որ թերարժեքության կոմպլեքսի նման մի բան առաջանա։
Ֆիբին գլխով արեց։
― Ես նույնիսկ ջերնաչափում կարող եմ բարձրացնել։
― Ջեր֊մա֊չափում։ Ո՞վ է սովորեցրել քեզ։
― Ալիսա Հոլմբորգը։ Հարկավոր է ոտքերը ծալապատիկ անել ու մտածել մի որևէ շատ տաք բանի մասին։ Օրինակ՝ ջեռուցիչի մասին։ Ու ճակատդ կսկսի այնպես վառվել, որ կարող ես որևէ մեկի ձեռքն այրել։
Ես հազիվ զսպեցի ծիծաղս։ Դիտմամբ ետ քաշեցի ձեռքս, ասես վախենալով այրվելուց։
― Շնորհակալություն, որ նախազգուշացրեցիր, ― ասում եմ։
― Չէ, ես քեզ չէի այրի, շուտ կանգ կառնեի, շը՜շ։ ― Ու նա հանկարծ վեր թռավ մահճակալի վրա։ Ես սոսկալի վախեցա․
― Ի՞նչ եղավ։
― Մուտքի դուռն էր, ― ասում է նա բարձր շշուկով։ ― Նրա՛նք են։
Ես վեր թռա, վազեցի սեղանի մոտ, անջատեցի լամպը։ Հետո հանգցրի սիգարետը, քնթուկը դրի գրպանս։ Ձեռքերս թափահարեցի, որպեսզի ցրեմ ծուխը։ Եվ ինչո՞ւ ծխեցի այստեղ, գրողը տանի ինձ։ Հետո առա կոշիկներս, խցկվեցի պատի պահարանն ու փակեցի դուռը։ Սիրտս թպրտում էր սոսկալի։ Լսեցի, թե ինչպես մայրիկը ներս մտավ։
― Ֆիբի՛, ― ասում է, ― մի՛ ձևանա։ Ես տեսա, որ քեզ մոտ լույս է վառվում, սիրելիս։
― Բարև, ― պատասխանում է Ֆիբին։ ― Այո, քունս չէր տանում։ Ո՞ւրախ անցավ ժամանակը։
― Շա՜տ, ― ասաց մայրիկը, բայց զգացվում էր, որ ճիշտ չէ։ Նա բոլորովին չի սիրում հյուր գնալ։ ― Ինչո՞ւ չես քնել, թույլ տուր իմանալ։ Հո չե՞ս մրսում։
― Չէ, չեմ մրսում։ Պարզապես քունս չի տանում։
― Ֆիբի, դու կարծես ծխե՞լ ես։ Ճիշտն ասա սիրելիս։
― Ի՞նչ ― հարցնում է Ֆիբին։
― Այո, մի րոպեով ծխեցի։ Միմիայն մի անգամ ծուխ արձակեցի։ Հետո պատուհանից դուրս նետեցի։
― Ինչո՞ւ ես այդպիսի բան արել։
― Քունս չէր տանում։
― Դու ինձ վշտացնում ես, Ֆիբի, շատ ես վշտացնում, ― ասաց մայրիկը։ ― Երկրորդ վերմակը տա՞մ։
― Չէ, շնորհակալություն։ Բարի գիշեր, ― ասաց Ֆիբին։ Երևում էր, ջանում է շուտ ազատվել մորից։
― Իսկ կինոն ինչպե՞ս էր, ― հարցնում է մայրիկը։
― Հրաշալի։ Միայն Ալիսայի մայրն էր խանգարում։ Ամբողջ ժամանակ իմ վրայով կռանում էր ու հարցնում՝ Ալիսան դողացնո՞ւմ է, թե չէ։ Տաքսիով էլ տուն եկանք։
― Թող մի շոշափեմ ճակատդ։
― Չէ, ես չեմ վարակվել։ Նա միանգամայն առողջ էր։ Նրա մայրիկն էր ուղղակի հորինում։
― Լավ, քնիր, աստված քեզ հետ։ Ճաշն ինչպե՞ս էր։
― Գարշանք, ― ասաց Ֆիբին։
― Հիշո՞ւմ ես, հայրիկն ինչ ասաց քեզ․ ուտելիքը չի կարելի «գարշանք» անվանել։ Եվ ինչո՞ւ էր «գարշանք»։ Քեզ ոչխարի մսով հրաշալի կոտլետ են տվել։ Հատուկ գնացել եմ Լեկսինգտոն֊ավենյու։
― Կոտլետը համով էր, բայց Չարլինան մատուցելիս միշտ շնչում է երեսիս, ճաշի վրա էլ է շնչում, ամեն ինչի վրա էլ։
― Դե լավ, քնիր։ Համբուրիր մայրիկին։ Աղոթե՞լ ես։
― Այո, լոգարանում եմ աղոթել։ Բարի գիշեր։
― Բարի գիշեր, շուտ քնիր։ Գլուխս սոսկալի ցավում է, ― ասում է մայրիկը։ Նրա գլուխը շատ հաճախ է ցավում։ Ուժեղ է ցավում։
― Ասպիրին ընդունիր, ― ասում է Ֆիբին։ ― Հոլդենը չորեքշաբէի գալո՞ւ է։
― Որքան ինձ հայտնի է, այո։ Դե, լավ ծածկվիր։ Այ այդպես։
Լսեցի, թե մայրիկն ինչպես դուրս եկավ սենյակից ու դուռը ծածկեց։ Մի րոպե սպասեցի, հետո դուրս եկա պահարանից։ Ու տեղնուտեղը կպա քրոջս՝ նա մահճակալից իջել էր, գալիս էր ինձ ազատելու, ու այնպես մութ էր, ինչպես դժոխքում։
― Ես քեզ վնասեցի՞, ― հարցնում եմ։ Ստիպված շշուկով էինք խոսում, քանի որ բոլորն էլ տանն էին։ ― Հարկավոր է փախչել, ― ասում եմ։ Մթության մեջ շոշափեցի մահճակալը, նստեցի ու սկսեցի հագնել կոշիկներս։ Սոսկալի նյարդայնանում էի, չեմ թաքցնում։
― Մի՛ գնա, ― շշնջաց Ֆիբին։ ― Սպասիր, մինչև քնեն։
― Չէ, հարկավոր է գնալ։ Հիմա իսկական ժամանակն է։ Մայրիկը գնաց լոգարան, իսկ հայրիկը հիմա կմիացնի ռադիոն՝ վերջին լուրերը լսելու։ Իսկական ժամանակն է։
Այնպես էի նյարդայնանում, որ չէի կարողանում նույնիսկ ինչպես հարկն է կոշիկներիս թելերը կապեմ։ Իհարկե, ինձ չէին սպանի, եթե տանը տեսնեին, բայց սոսկալի տհաճ բան կլիներ։
― Որտե՞ղ ես, է, ― հարցնում եմ Ֆիբիին։ Ես նրան չեմ կարողանում տեսնել մթության մեջ։
― Այստեղ եմ։ ― Նա կանգնած է ուղղակի կողքիս։ Իսկ ես չեի տեսնում։
― Ճամպրուկներս կայարանում են, ― ասում եմ, ― լսիր, Ֆիբ, փող֊մող ունե՞ս։ Ինձ մոտ ոչինչ չի մնացել։
― Ունեմ, Ծննդյան տոնի նվերների համար։ Ես դեռ ոչինչ չեմ գնել։
― Ախ, միայն դա՞, ― ես չէի ուզում նվերի փողերը վերցնել։
― Ես մի քիչ պարտք կտամ քեզ, ― ասում է։ Ու լսեցի, թե ինչպես է որոնում Դ․ Բ֊ի դարակներում։ Բացում է դարակ դարակի ետևից։ Սենյակում մութ էր ու ոչինչ չէր երևում։ ― Որ գնաս, ինչ չես տեսնի թատրոնում, ― ասում է ու ձայնը դողում է։
― Ինչպես չեմ տեսնի։ Մինչև քեզ չտեսնեմ, չեմ գնա։ Կարծում ես, այդպիսի ներկայացումը բաց կթողնե՞մ, ― հարցնում եմ։ ― Գիտե՞ս ինչ կանեմ։ Ես միստր Անտոլինիի մոտ կմնամ ասենք մինչև երեքշաբթի, մինչև երեկո։ Իսկ հետո կվերադառնամ տուն։ Եթե հաջողվի, քեզ կզանգահարեմ։
― Վերցրու, ― ասում է։ Ինչ֊որ փողեր է մեկնում ինձ, բայց ձեռքս չի գտնում։ ― Որտե՞ղ ես, ― գտավ ձեռքս, փողը դրեց բուռս։
― Է՛, այսքան ինձ հարկավոր չէ, ― ասում եմ։ ― Ինձ ընդամենը մեկ դոլլար տուր, բավական է։ Ազնիվ խոսք, մնացածը ետ վերցրու։
Ես փողը կրկին նրա բուռը դրի, նա չվերցրեց։
― Վերցրու, բոլորը վերցրու։ Հետո կտաս։ Կբերես թատրոն։
― Որքա՞ն է այստեղ, տեր աստված։
― Ութ դոլար, ութսուն ցենտ։ Չէ, վաթսունհինգ։ Ես արդեն շատ եմ ծախսել։
Ու հանկարծ ես լաց եղա։ Ոչ մի կերպ չկարողացա ինձ զսպել։ Ջանում եմ, որ ձայնս ոչ ոք չլսի, բայց լալիս եմ ու լալիս։ Ֆիբին շատ վախեցավ, երբ ես լաց եղա։ Մոտեցավ, հանգստացնում է, բայց մի՞թե միանգամից կարող ես լռել։ Նստել էի անկողնու եզրին ու լաց էի լինում, իսկ նա թևերը փաթաթել է վզիս, ես էլ նրան եմ փարվել ու լաց եմ լինում, ոչ մի կերպ չեմ կարողանում կանգ առնել։ Թվում էր, հիմա կխեղդվեմ արցունքներից։ Խեղճ Ֆիբին սասկալի վախեցավ։ Պատուհանը բաց էր, ու ես զգում էի, թե նա ինչպես է դողում միայն պիժամայով։ Ուզում էի նրան պառկեցնել, ծածկել վերմակով, չէր պառկում։ Վերջապես դադարեցի լաց լինել։ Բայց դեռ երկար֊երկար ժամանակ չէի կարողանում հանգստանալ։ Հետո մինչև վերջ կոճկեցի վերարկուս, ասացի, որ անպայման լուր կտամ նրան։ Նա ասում էր, ավելի լավ կլինի ես պառկեմ այդտեղ, իր սենյակում, բայց ասացի՝ չէ, ինձ արդեն սպասում է միստր Անտոլինին։ Հետո գրպանիցս հանեցի որսորդական գլխարկըս ու նվիրեցի նրան։ Նա չափից դուրս շատ է սիրում ամեն տեսակ անհեթեթ գլխարկներ։ Սկզբում չէր ուզում վերցնել, բայց հետո համոզեցի։ Գրազ կգամ, որ հենց այդ գլխարկով էլ քնեց։ Նա այդպիսի բաներ սիրում է։ Նորից խոստացա հնարավորության դեպքում զանգել ու գնացի։
Տնից գնալը, չգիտեմ ինչու, անհամեմատ հեշտ էր, քան ներս մտնելը։ Նախ՝ արդեն թքած ունեի, կբռնե՞ն ինձ, թե ոչ։ Ազնիվ խոսք։ Ես մտածեցի, կբռնեն՝ թո՛ղ բռնեն։ Անկեղծ ասած, նույնիսկ ուզում էի, որ բռնեն։
Ցած իջա ոտքով և ոչ թե վերելակով։ Իջնում էի ետնամուտքի աստիճաններով։ Քիչ էր մնում գլուխս խփեմ աղբի դույլին, բայց վերջապես դուրս եկա։ Վերելակավարը նույնիսկ չնկատեց ինձ։ Հավանաբար, մինչև հիմա էլ դեռ կարծում է, թե նստած եմ այդ Դիկսթայնների տանը։
24
Միստր ու միսիս Անտոլինիներն ապրում էին շատ շքեղ բնակարանում, Սեթոն֊Փլեյսի վրա, նրանք հյուրասենյակում նույնիսկ սեփական բար ունեին։ Հարկավոր էր միայն երկու աստիճան ցած իջնել։ Ես մի քանի անգամ եղել էի նրանց տանը, որովհետև, երբ հեռացել էի Էլքտոն֊հիլլից, միստր Անտոլինին գալիս էր մեր տուն իմանալու, թե ինչպես եմ ապրում ես, ու հաճախ էր մեր տանը ճաշում։ Այն ժամանակ նա ամուսնացած չէր։ Իսկ երբ ամուսնացավ, ես էի հաճախ թենիս խաղում նրա և միսիս Անտոլինիի հետ՝ Լոնգ֊Այլենդում, Ֆորեստ֊հիլլի թենիսի ակումբում։ Միսիս Անտոլինին այդ ակումբի անդամ էր, և չափից շատ փող ուներ։ Նա մի հարյուր տարով մեծ է միստր Անտոլինիից, բայց նրաք կարծեմ շատ են սիրում իրար։ Նախ երկուսն էլ շատ բարեկիրթ ու զարգացած են, հատկապես միստր Անտոլինին, թեև երբ նա զրուցում է որևէ մեկի հետ, ավելի շատ կատակում է, քան խելացի բաներ ասում մեր Դ․ Բ֊ի նման։ Միսիս Անտոլինին ավելի լուրջ է։ Նա ասթմայի նոպաներ է ունենում։ Երկուսն էլ կարդում եմ Դ․ Բ֊ի բոլոր պատմվածքները, ու երբ Դ․ Բ֊ն պատրաստվում էր գնալ Հոլիվուդ, միստր Անտոլինին զանգահարեց նրան ու համոզում էր չգնալ։ Բայց Դ․ Բ֊ն միևնույն է գնաց։ Միստր Անտոլինին ասում էր՝ եթե մարդը ընդունակ է գրելու Դ․ Բ֊ի նման, ապա նա անելիք չունի Հոլիվուդում։ Ես էլ ճիշտ և ճիշտ նույն բանն էի ասում։
Ես ոտքով կգնայի մինչև նրանց տուն, որովհետև չէի ուզում ծախսել Ֆիբիի նվերի փողերը, բայց երբ տնից դուրս եկա, շատ վատ զգացի։ Գլխապտույտ ունեցա։ Ստիպված եղա տաքսի նստել։ Չէի ուզում, բայց հարկադրված էի։ Հազիվ էլ մեքենա գտա։
Միստր Անտոլինին ինքը բացեց դուռը, երբ զանգ տվի․ վերելակավարը, այդ սրիկան, ոչ մի կերպ չէր թողնում, որ վերև գնամ։ Նա խալաթով ու կոշիկներով էր, ձեռքին՝ գավաթ։ Նա նրբաճաշակ մարդ էր, բայց ձիու պես խմում էր։
― Հոլդե՜ն, տղաս, ― ասում է, ― տեր աստվա՜ծ, օ՜հ, գրեթե կես մետր բոյ ես քաշել։ Ուրախ եմ քեզ տեսնելու համար։
― Դուք ինչպե՞ս եք, միստր Անտոլինի, միսիս Անտոլինի՞ն ինչպես է։
― Օ՜, մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է։ Այստեղ տուր բաճկոնդ։ ― Նա վերցրեց բաճկոնս ու կախեց։ ― Իսկ ես կարծում էի՝ կներկայանաս նորածնին գրկած։ Ինչ կարող ենք անել։ Թարթիչներիդ ձյուն է հալվել։
Նա ընդհանրապես սիրում էր սրմատել։ Հետո շուռ եկավ ու գոռաց խոհանոցի կողմը։
― Լիլիան, ի՞նչ եղավ սուրճը։ ― Կնոջ անունը Լիլիան է։
― Պատրաստ է, ― գոռում է նա։ ― Հոլդե՞նն է։ Բա՛րև, Հոլրդեն։
― Բարև, միսիս Անտոլինի։
Նրանց տանը միշտ հարկ է լինում գոռալ, որովհետև միշտ տարբեր սենյակներում են լինում։ Տարօրինակ է, իհարկե։
― Նստիր, Հոլդեն, ― ասաց միստր Անտոլինին։ Երևում է քեֆը տեղն էր։ Սենյակն այնպիսի տեսք ուներ, ասես հյուրերը նոր էին գնացել։ Ամենուրեք բաժակներ էին դրված, ընկույզով լի ափսեներ։ ― Ներիր անկարգության համար, ― ասում է միստր Անտոլինին։ Մենք միսիս Անտոլինիի բարբիզոնցի ընկերներին էինք ընդունել․․․ բարբիզոնցի բիզոններին։
Ես ծիծաղեցի, իսկ միսիս Անտոլինին ինչ֊որ բան գոռաց խոհանոցից, բայց ես լավ չլսեցի։
― Ի՞նչ ասաց, ― հարցնում եմ։
― Ասում է, չնայես ինձ, երբ ներս մտնեմ։ Նա անկողնուց է վեր կացել։ Սիգարետ ուզո՞ւմ ես։ Դու ծխո՞ւմ ես։
― Շնորհակալություն, ― ես մի սիգարետ վերցրի արկղիկից։ ― Երբեմն ծխում եմ, բայց շատ չափավոր։
― Հավատում եմ, հավատում եմ։ ― Նա վիթխարի վառիչը մոտեցրեց ինձ։ ― Այսպես ուրեմն, դու և Փենսին բաժանվեցիք, ինչպես նավերը ծովում։
Նա սիրում էր այդպես փքուն արտահայտվել։ Երբեմն ինձ համար ծիծաղելի է, երբեմն էլ՝ բոլորովին ոչ։ Հաճախ է չափն անցկացնում։ Ես չեմ կարող ասել, թե նա սրամիտ չէ, չէ՛, շատ է սրամիտ, բայց երբեմն ուղղակի ազդում են նյարդերիս վրա, երբ անվերջ այդպիսի արտահայտություններ են թույլ տալիս․ «Բաժանվեցինք, ինչպես նավերը ծովոում»։ Դ․ Բ֊ն էլ է երբեմն չափն անցնում։
― Իսկ ի՞նչ է պատահել, ― հարցնում է միստր Անտոլինին։ ― Ինչպե՞ս է վիճակդ անգլերնից։ Եթե անգլերենից կտրված լինեիր, ես անմիջապես դուրս կհանեի քեզ տնից։ Դու մեր դպրոցում շարադրությունից ամենաառաջինն էիր։
― Չէ, անգլերենը լավ եմ հանձնել։ Ճիշտ է, մենք ավելի շատ գրականություն էինք անցնում։ Ամբողջ քառորդի ընթացքում ես ընդամենը երկու շարադրություն եմ գրել, բայց կտրվեցի բանավոր խոսքից, մենք այդպիսի առարկա ենք անցնում՝ բանավոր խոսք։ Ես դրանից կտրվեցի։
― Ինչո՞ւ։
― Ինքս էլ չգիտեմ, ― ասում եմ։ Տրամադիր չէի պատմելու։ Վատ էի զգում, գլուխս էլ սկսեց ուժգին ցավել։ Սոսկալի։ Բայց նա, երևում է, չափից դուրս շատ էր ուզում ամեն ինչ իմանալ, ու ես սկսեցի պատմել։ ― Հասկանո՞ւմ եք, այդ դասերին ամեն մեկը պետք է վեր կենար և ելույթ ունենար։ Դե, դուք գիտեք, թեմատիկ իմպրովիզացիայի ձևով, և այլն։ Իսկ եթե հանկարծ որևէ մեկը շեղվում էր թեմայից, բոլորը գոռում էին․ «Շեղվեցի՜ր»։ Դա ինձ ուղղակի կատաղեցնում էր։ Դրա համար էլ մեկ ստացա։
― Ախր ինչո՞ւ։
― Դե, ինքս էլ չգիտեմ։ Ազդում է նյարդերիս վրա, երբ գոռում են՝ «Շեղվեցի՜ր»։ Իսկ ես հենց սիրում եմ, որ շեղվում են թեմայից։ Շատ ավելի հետաքրքրիր է լինում։
― Մի՞թե դու չես ուզում, որ մարդ ասի միայն այն, ինչի մասին քեզ պատմում է։
― Չէ, ուզում եմ, իհարկե։ Իհարկե, ուզում եմ, որ ինձ ամեն ինչ կարգով պատմեն։ Բայց չեմ սիրում, որ միշտ միևնույն բանն են պատմում։ Ինքս էլ չգիտեմ։ Հավանաբար, ինձ համար ձանձրալի է, երբ շարունակ միևնույն բանի մասին են պատմում։ Իհարկե, այն երեխաները, որոնք միշտ միևնույն թեմայի մասին էին պատմում, ամենաբարձր գնահատականներն էին ստանում․ դա արդարացի չէր կարողանում խոսել նույն թեմայով, և նրան միշտ ընդհատում էին՝ «Շեղվո՜ւմ ես»։ Դա սոսկալի էր, որովհետև նախ նա շատ նյարդային էր, հասկանո՞ւմ եք, սոսկալի նյարդային տղա էր, նրա շրթունքները դողում էին նույնիսկ, երբ կանչում էին դաս պատասխանելու, և նա այնպես էր խոսում, որ ոչինչ չէր լսվում, հատկապես, եթե վերջում էիր նստած։ Իսկ երբ շրթունքները մի փոքր դադարում էին դողալուց, նա բոլորից հետաքրքիր էր պատմում։ Բայց դե փաստորեն նա էլ կտրվեց։ Եվ միայն այն պատճառով, որ երեխաները ամբողջ ժամանակ գոռում էին՝ «Շեղվեցի՜ր»։ Օրինակ՝ նա պատմում էր այն ֆերմայի մասին, որն իր հայրը գնել էր Վերմոնտում։ Նա պատմում է․ իսկ չորս կողմից կանչում են՝ «Շեղվո՜ւմ ես», իսկ մեր ուսուցիչ միստր Վինսոնը նրան մեկ դրեց այն բանի համար, որ իբր նա չի պատմում իրենց ֆերմայի կենդանական ու բուսական աշխարհի մասին։ Եվ նա՝ այդ Ռիչարդ Կինսելան, այսպես էր պատմում․ սկսում էր ֆերմայի մասին, ինչ կար այնտեղ, ինչ չկար․ մեկ էլ սկսում էր պատմել մի նամակի մասին, որ մայրն ստացել էր քեռուց, թե այդ քեռին ինչպես էր քառասունչորս տարեկանում հիվանդացել հոդացավով և ոչ ոքի չէր թողնում գնա իր մոտ հոսպիտալ, որովհետև չէր ուզում, որ իրեն տեսնեն հաշմանդամ դարձած։ Իհարկե, դա ֆերմայի հետ ոչ մի կապ չուներ, համաձայն եմ, բայց չէ՞որ հետաքրքիր է։ Հետաքրքիր է, երբ մարդ պատմում է իր քեռու մասին։ Հատկապես, երբ նա սկսում է ինչ֊որ բան դուրս տալ հոր ֆերմայի մասին ու հանկարծ ուզում է ինչ֊որ բան պատմել իր քեռու մասին։ Եվ խոզություն է գոռալ՝ «Շեղվո՜ւմ ես թեմայից», երբ նա նո՜ր֊նոր է սկսել բացվել, ոգևորվել․․․ չգիտեմ, դժվարանում եմ բացատրել։
Ես չէի էլ ուզում բացատրել։ Գլուխս շատ էր ցավում։ Ես միայն երազում էի, որ միսիս Անտոլինին շուտ բերեր սուրճը։ Ինձ սոսկալի զայրացնում է, որ կանչում են, թե սուրճը պատրաստ է, ու դեռ չեն բերում։
― Լսիր, Հոլդեն․․․ Կարո՞ղ եմ ես քեզ համառոտ, մի քիչ հնաոճ մանկավարժական հարց տալ․ չե՞ս կարծում, որ ամեն ինչ իր տեղն ու ժամանակն ունի։ Չե՞ս գտնում, որ եթե մարդն սկսել է պատմել հոր ֆերմայի մասին, պետք է մինչև վերջ հետևի այդ թեմային, իսկ մեկ ուրիշ անգամ արդեն պատմի քեռու հիվանդության մասին։ Իսկ եթե քեռու հիվանդությունը այդքան հրապուրիչ թեմա է, ապա ինչո՞ւ հռետորը հենց այդ թեման չընտրի, և ոչ թե ֆերման։
Տրամադիր չէի ոչ մտածելու և ոչ էլ պատասխանելու։ Սոսկալի ցավում էր գլուխս, և շատ վատ էի զգում ինձ։ Ճիշտն ասած, փորս էլ էր ցավում։
― Այո․ երևի այդպես է։ Հավանաբար, պետք է քեռու թեման վերցներ և ոչ թե ֆերմայի, քանի որ նրան քեռու թեման ավելի էր հետաքրքրում։ Բայց հասկանո՞ւմ եք, հաճախ ինքդ էլ չգիտես, քեզ ինչ է հետաքրքրում, մինչև որ չես սկսում պատմել անհետաքրքրիրը։ Պատահում է, որ դա քեզանից կախված չի լինում։ Բայց, իմ կարծիքով, մարդուն հնարավորություն պետք է տան արտահայտվելու, եթե նա արդեն սկսել է հետաքրքիր պատմել ու տարվել է դրանով։ Շատ եմ սիրում, երբ մարդ հափշտակությամբ է պատմում։ Դա լավ բան է։ Դուք չեք ճանաչում այդ ուսուցչին, այդ Վինսոնին։ Նա ձեզ էլ համբերությունից կհանի, կկատաղեցնի, նա ու այդ դասարանցիները։ Հասկանո՞ւմ եք, նա անընդհատ կրկնում էր՝ հարկավոր է ընդհանրացնել, հարկավոր է պարզեցնել։ Բայց մի՞թե կարելի է ամեն ինչ պարզեցնել, ամեն ինչ ընդհանրացնել։ Չէ՛, դուք այդ Վինսոնին չեք ճանաչում։ Իհարկե, անմիջապես երևում է, որ նա զարգացած մարդ է և այլն, բայց ուղեղը որոշակիորեն լավ չի աշխատում։
― Ահա և վերջապես սուրճը, ջենտլմեններ, ― ասաց միսիս Անտոլինին։ Նա մատուցարանով բերեց սուրճ, թխվածք և ամեն տեսակ ուտելիքներ։ ― Հոլդեն, ինձ մի՛ նայիր, ես սոսկալի տեսք ունեմ։
― Բարև ձեզ, միսիս Անտոլինի, ― ասում եմ։ Ես ուզում եմ վեր կենալ, բայց միստր Անտոլինին թևքիցս քաշում է, նստեցնում։ Միսիս Անտոլինիի գլուխն ամբողջապես ծածկված էր գանգրացնելու այդ երկաթե բաներով, շրթունքները ներկված չէին։ Ընդհանրապես տեսքը լավ չէր, մի տեսակ պառաված էր։
― Ես ամեն ինչ կդնեմ այստեղ, ինքներդ հյուրասիրվեք, ― ասաց նա։ Հետո մատուցարանը դրեց ծխասեղանին, բաժակները ետ հրեց։ ― Ինչպե՞ս է մայրիկդ, Հոլդեն։
― Ոչինչ, շնորհակալություն։ Ես վաղուց չեմ տեսել նրան, բայց վերջին անգամ․․․
― Սիրելիս, ինչ֊որ կարող է պետք լինել Հոլդենին, սպիտակեղենի պահարանում է։ Վերին դարակի վրա։ Ես պառկում եմ քնելու։ Շատ եմ հոգնել, ― ասաց միսիս Անտոլինին։ Դա երևում էր նրա վրայից։ ― Տղաներ, կարո՞ղ եք ինքներդ անկողին բացել։
― Ամեն ինչ կանենք։ Շուտ արա պառկիր, ― ասաց միստր Անտոլինին։ Նա համբուրեց կնոջը, սա հրաժեշտ տվեց ինձ ու գնաց ննջարան։ Նրանք միշտ համբուրվում էին ուրիշների ներկայությամբ։
Ես կես բաժակ սուրճ խմեցի և թխվածք կերա, որ քարի պես ամուր էր։ Իսկ միստր Անտոլինին դարձյալ վիսկի խմեց։ Երևում է, նա վիսկին բոլոովին չէր թուլացնում։ Իսկական հարբեցող կդառնա, եթե իրեն չզսպի։
― Ես քո հայրիկի հետ նախաճաշել եմ երկու շաբաթ առաջ, ― ասում է նա հանկարծ։ ― Դու այդ մասին գիտեի՞ր։
― Ոչ, չգիտեի։
Բայց քեզ, թերևս, հայտնի է, որ նա շատ է մտահոգված քո ճակատագրով։
― Այո, իհարկե։ Իհարկե հայտնի է։
― Հավանաբար, ինձ զանգահարելուց առաջ, նա բավական տագնապալից նամակ է ստացել քո նախկին դիրեկտորից այն մասին, որ դու ոչ մի հետաքրքրություն չես ցուցաբերում պարապմունքների հանդեպ։ Դասախոսությունները բաց ես թողնում, դասերդ չես պատրաստում, ընդհանրապես բոլորովին ոչ մի բանում․․․
― Ոչ, ես ոչ մի բան բաց չեմ թողել։ Մեզ արգելվում էր դասերից բացակայել։ Երբեմն միայն այդ բանավոր խոսքին չէի գնում, բայց ոչ մի բան բաց չեմ թողել։
Բոլորովին չեմ ուզում խոսել իմ գործերի մասին։ Սուրճից մի փոքր դադարեց փորիս ցավը, բայց գլուխս ուղղակի տրաքվում էր։
― Միստր Անտոլինին երկրորդ սիգարետը ծխեց։ Նա շոգեքարշի պես էր ծխում։ Հետո ասաց․
― Անկեղծ ասած, չգիտեմ ինչ ասեմ քեզ, Հոլդեն։
― Հասկանում եմ։ Ինձ հետ դժվար է խոսելը։ Գիտեմ։
― Ինձ թվում է, թե դու գնում ես դեպի սարսափելի անդունդ։ Բայց անկեղծ ասած, ես ինքս էլ չգիտեմ․․․ Դու ինձ լսո՞ւմ ես։
― Այո։
Երևում էր, որ նա տրամադրված էր շատ լրջորեն խոսելու։
― Գուցե դու կհասնես այն բանին, որ երեսուն տարեկանում կդառնաս որևէ բարի մշտական այցելու և կատես բոլոր այն մարդկանց, ովքեր արտաքուստ նման են համալսարանական ֆուտբոլային թիմի չեմպիոնի։ Գուցե ժամանակին կդառնաս բավական կիրթ ու կատես այն մարդկանց, ովքեր սխալներով են խոսում։ Գուցեև կծառայես մի որևէ գրասենյակում ու ամբակներ կնետես քեզ չգոհացնող սղագրուհու վրա։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում։
― Այո, իհարկե, ― ասացի։ Ես նրան շատ լավ էի հասկանում։ ― բայց դուք իրավացի չեք այն բանոմ, թե ես բոլորին կատեմ։ Ամեն տիպի ֆուտբոլային չեմպիոնների և այլն։ Այդտեղ դուք սխալվում եք։ Շատ քիչ մարդիկ կան, որոնց ես ատում եմ։ Պատահել է, որ ես հանկարծ ատել եմ որևէ մեկին, ինչպես այդ Ստրեյդլեյթերին, որի հետ ապրում էի Փենսիում, կամ այն մյուսին՝ Ռոբերտ Էկլիին։ Պատահել է, իհարկե, որ ես նրանց սոսկալի ատել եմ, խոստովանում եմ, բայց միշտ էլ ոչ երկար ժամանակով, հասկանո՞ւմ եք։ Երբեմն մի որոշ ժամանակ չես տեսնում նրան, նա չի գալիս քո սենյակը կամ նրան չես հանդիպում ճաշարանում և կարոտում ես։ Հասկանո՞ւմ եք, նույնիսկ կարոտում ես նրան։
Միստր Անտոլինին երկար լռեց, հետո վեր կացավ, մի կտոր սառույց գցեց վիսկու մեջ ու նորից նստեց։ Երևում է, մտքերի մեջ ընկավ։ Ավելի լավ կաներ խոսակցությունը առավոտյան շարունակեր և ոչ թե հիմա, բայց նա արդեն տրամադրվել էր։ Մարդիկ միշտ վիճելու ցանկություն են ունենում, երբ դու բոլորովին տրամադիր չես այդ բանին։
― Լավ․․․ Այժմ ուշադիր լսիր ինձ։ Գուցե հիմա էլ բավականաչափ հստակ չկարողանամ արտահայտել իմ միտքը, բայց մի երկու օր հետո նամակ կգրեմ քեզ։ Իսկ առայժմ լսիր։
Երևում էր, որ նա ջանում է կենտրոնանալ։ Հետո ասաց․
― Անդունդը, ուր թռչում ես դու, սոսկալի անդունդ է։ Նա, ով ընկնում է այնտեղ, երբեք չի զգում հատակը։ Շարունակում է ավելի ու ավելի խոր գնալ։ Դա պատահում է այնպիսի մարդկանց, որոնք իրենց կյանքի որոշ շրջանում որոնել են մի բան, որը երբեք չի կարող տալ նրանց առօրյա շրջապատը։ Ավելի ճիշտ, կարծել են, թե առօրյա շրջապատում նրանք ոչինչ չեն կարող գտնել իրենց համար։ Եվ դադարել են որոնել։ Դադարել են որոնել, նույնիսկ առանց փորձելու որևէ բան գտնել։ Դու հետևո՞ւմ ես իմ մտքին։
― Այո, սըր։
― Իսկապե՞ս։
― Այո։
Նա վեր կացավ, էլի վիսկի լցրեց իր համար։ Հետո նորից նստեց։ Եվ երկար ժամանակ լուռ մնաց։
― Չեմ ուզում քեզ վախեցնել, ― ասաց նա վերջապես, ― բայց ես շատ հստակ եմ տեսնում, թե դու ինչպես ազնվորեն զոհաբերում ես կյանքդ մի ինչ֊որ դատարկ, անարժեք գործի համար։ ― Նա նայեց ինձ տարօրինակ աչքերով։ ― Լսիր, եթե ես մի բան գրեմ քեզ, խոստանո՞ւմ ես ուշադիր կարդալ։ Եվ պահպանել։
― Այո, իհարկե, ― ասացի։ Ես իսկապես պահպանել եմ թերթիկը, որ այն ժամանակ նա տվեց ինձ։ Հիմա էլ ինձ մոտ է։
Նա մոտեցավ իր գրասեղանին և առանց նստելու, ինչ֊որ բան գրեց։ Հետո եկավ ու նստեց՝ թերթիկը ձեռքին բռնած։
― Որքան էլ տարօրինակ լինի, սրա գրողը բանաստեղծ չէ։ Սա ասել է Վիլհելմ Շտեկել անունով մի հոգեվերլուծող։ Ահա թե նա․․․ Դու ինձ լսո՞ւմ ես։
― Դե, իհարկե։
― Ահա թե ինչ է ասում նա․ «Մարդու չհասունացածության նշանը այն է, որ նա ուզում է ազնվորեն մեռնել հանուն արդար գործի, իսկ հասունացածության նշանը՝ ա՛յն, որ ուզում է հնազանդորեն ապրել հանուն արդար գործի»։
Նա թեքվեց ու թուղթը հանձնեց ինձ։ Ես մի անգամ էլ կարդացի, հետո շնորհակալություն հայտնեցի և թուղթը դրեցի գրպանս։ Այնուամենայնիվ, մեծ սիրալիրություն էր, որ նա այդպես ջանում էր ինձ համար։ Ափսոս, որ ոչ մի կերպ չէի կարողանում կենտրոնանալ։ Սոսկալի հոգնել էի, ճիշտն ասած։
― Իսկ նա բոլորովին չէր հոգնել։ Եվ որ կարևորն է, շատ էր խմել։
― Կգա մի օր, ― հանկարծ ասում է նա, ― որ դու հարկադրված կլինես որոշել՝ ուր գնալ։ Եվ անմիջապես կգնաս այնտեղ, ուր որոշել ես։ Անհապա՛ղ։ Դու իրավունք չունես կորցնել ոչ մի րոպե։ Դա քեզ չի կարելի։
Ես գլխով արեցի, որովհետև նա նայում էր ուղիղ աչքերիս մեջ, բայց այնքան էլ լավ չէի հասկանում ինչի մասին է խոսում։ Մի քիչ գլխի էի ընկնում, բայց և այնպես համոզված չէի, թե ճիշտ եմ հասկանում։ Չափից դուրս շատ էի հոգնած, ազնիվ խոսք։
― Չեմ ուզում կրկնել միևնույն բանը, ― ասում է նա, ― բայց կարծում եմ, որ երբ որոշես քո հետագա ուղին, առաջին հերթին հարկադրված կլինես լրջորեն վերաբերվել դպրոցական պարապմունքներին։ Սյո, հարկադրված կլինես, դու մտածող մարդ ես, անկախ այն բանից, դուր է գալիս քեզ այդ անվանումը, թե չէ։ Դու գիտության ես ձգտում։ Ու ինձ թվում է, երբ կհաղթահարես բոլոր այդ միստր Վինդսիներին և նրանց «բանավոր կոմպոզիցիաները», դու․․․
― Վինսոններին, ― ասացի ես։ Նա, հավանաբար մտածում էր միստր Վինսոնների մասին և ոչ թե Վինդսիների։ Այնուամենայնիվ, իզուր ընդհատեցի նրան։
― Լավ, բոլոր այդ միստր Վինսոններին։ Երբ դու կհաղթահարես բոլոր այդ Վինսոններին, կսկսես ավելի ու ավելի մոտենալ (իհարկե, եթե ցանկանաս, եթե ձգտես, սպասես դրան), ավելի կմոտենաս այն գիտելիքներին, որոնք մոտ են քո սրտին։ Ու այդ ժամանակ կպարզես, որ դու առաջինը չես, որոնց շփոթություն, վախ, նույնիսկ զզվանք են պատճառել մարդիկ ու նրանց արարքները։ Կհասկանաս, որ միայն դու չես զգացել այդ բանը, և դա կուրախացնի, սատար կլինի քեզ։ Շատ շատերն են ապրել այդ շփոթությունը բարոյական ու հոգեկան հարցերում, որն ապրում ես դու հիմա։ Բարեբախտաբար, նրանցից ոմանք գրի են առել իրենց ապրումները։ Դու նրանցից շատ բան կսովորես, եթե, իհարկե, ցանկանաս։ Ինչպես և ուրիշները կսովորեն քեզնից, եթե դու ասելիք ունենաս նրանց։ Փոխադարձ օգնությունը հրաշալի բան է։ Եվ դա ոչ միայն գիտելիքների ասպարեզում, այլև՝ պոեզիայի, այլև՝ պատմության։
Նա կանգ առավ, խմեց մի կում, էլի շարունակեց։ Երևում է շատ էր տարվել։ Լավ է, չէի ընդհատում, չէի կանգնեցնում։
― Չեմ ուզում քեզ ներշնչել, թե միայն կրթված և զարգացած մարդիկ կարող են արժեքավոր ներմուծում կատարել կյանքում, ― շարունակեց նա։ ― Դա այդպես չէ։ Բայց ես հաստատում եմ, որ կրթված ու զարգացած մարդիկ՝ տաղանդավոր ու ստեղծագործ լինելու դեպքում, որ դժբախտաբար հազվադեպ է պատահում, ավելի մեծ ու արժեքավոր ժառանգություն են թողնում իրենցից հետո, քան միմիայն տաղանդավոր ու ստեղծագործ մարդիկ։ Նրանք ջանում են իրենց միտքն արտահայտել հնարավորին չափ պարզ ու հստակ, իրենց գաղափարները մինչև վերջ են հասցնում համառորեն ու հաստատակամորեն։ Եվ, որ ամենակարևորն է, տասից ինը դեպքում գիտության մարդիկ անհամեմատ ավելի համեստ են, քան չկրթված, թեկուզև մտածող մարդիկ։ Հասկանո՞ւմ ես, ինչ եմ ասում։
― Այո, սըր։
Նա բավական երկար լուռ մնաց։ Չգիտեմ, պատահե՞լ է ձեզ, թե ոչ, բայց շատ դժվար է նստել ու սպասել, մինչև որ մտասուզված մարդը կրկին խոսի։ Ես ամեն կերպ ջանում էի ինձ զսպել, որ չհորանջեմ։ Ոչ թե այն պատճառով, որ ձանձրալի էր լսելը, բոլորովին էլ ոչ, պարզապես քունս սոսկալի տանում էր։
― Մի առավելություն կա, որ կտա քեզ ակադեմիական դասընթացը։ Եթե բավականաչափ խորանաս գիտելիքների մեջ, պատկերացում կկազմես քո ունակությունների ուղղության ու հնարավորությունների մասին։ Ինչն է նրա համար ընդունելի, ինչը՝ ոչ։ Եվ որոշ ժամանակ հետո կհասկանաս՝ որ մտածելակերպն է քեզ հարմար, որը՝ ոչ։ Եվ կօգնի երկար ժամանակ չվատնել քեզ հարմարեցնելու համար մի այնպիսի մտածելակերպ, որը բոլորովին պետք չէ, հարմար չէ քեզ։ Դու կճանաչես քո իսկական չափսերը և դրանից ելնելով հագուստ կընտրես քո խելքի համար։ ― Եվ այստեղ հանկարծ ես լայն հորանջեցի։ Անտաշ անասունի մեկն եմ, գիտեմ, բայց ի՞նչ կարող էի անել։ Միստր Անտոլինին միայն ծիծաղեց։
― Լավ, ― ասաց նա, ― արի քեզ համար անկողին բացենք։
― Ես նրա ետևից գնացի դեպի պահարանը․ նա փորձում էր ինձ համար սավան ու վերմակ հանել վերին դարակից, բայց ձեռքի գավաթը խանգարում էր։ Այդ ժամանակ նա խմեց պարունակությունը, գավաթը դրեց հատակին, հետո հանեց, ինչ որ պետք էր։ Ես օգնեցի նրան այդ ամենը հասցնել բազմոցին։ Միասին սկսեցինք անկողին բացել։ Չի կարելի ասել, թե նա մի առանձին ճարպկություն էր հանդես բերում այդ գործում։ Ոչինչ չէր կարողանում անել, ինչպես հարկն է։ Բայց ինձ համար միևնույն էր։ Ես պատրաստ էի թեկուզ կանգնած քնել, այնքան էի հոգնած։
― Իսկ ինչպե՞ս են քո հրապուրանքները։
― Ոչինչ։ ― Ես մի կարգին զրուցակից չէի առհասարակ, ու հիմա էլ ցանկություն չունեի խոսելու։
― Ինչպե՞ս է Սալլին։ ― Նա ճանաչում էր Սալլի Հեյսին։ Ես մի անգամ ծանոթացրել էի նրանց։
― Լավ է, մենք այսօր ցերեկը տեսնվել ենք։ ― Գրողը տանի, ինձ թվում էր, թե դրանից հետո քսան տարի էր անցել։ ― Բայց հիմա քիչ ընդհանուր բան կա մեր մեջ։
― Զարմանալի գեղեցիկ աղջիկ է։ Իսկ ինչպե՞ս է մյուսը։ Հիշո՞ւմ ես, պատմում էիր, որ նրա հետ Մեյնում ես ծանոթացել․․․
― Ա՜, Ջեյն Գալլահերը։ Նա ոչինչ։ Հավանաբար, ես վաղը կզանգահարեմ նրան։
Վերջապես բացեցինք անկողինը։
― Պառկիր, ― ասաց միստր Անտոլինին։ ― Չգիտեմ ինչպես ես տեղավորելու քո երկար ոտքերը։
― Ոչինչ, ընտելացել եմ կարճ մահճակալներին։ Շատ շնորհակալություն, սըր։ Դուք և միսիս Անտոլինին այսօր իսկապես փրկեցիք իմ կյանքը։
― Լոգարանի տեղը գիտես։ Եթե որևէ բանի կարիք ունենաս, ձայն տուր ինձ։ Ես մի քիչ էլ կնստեմ խոհանոցում։ Լույսը քեզ չի՞ խանգարի։
― Չէ, ինչ եք ասում, շատ շնորհակալություն։
― Դե լավ։ Բացի գիշեր, բարեկամս։
― Բարի գիշեր, սըր։ Շատ շնորհակալություն։
Նա դուրս եկավ խոհանոց, իսկ ես գնացի լոգարան, հանվեցի, լվացվեցի։ Ատամներս չլվացի, որովհետև ատամի խոզանակը չէի վերցրել հետս։ Պիժամա էլ չունեի, իսկ միստր Անտոլինին մոռացավ տալ։ Վերադարձա հյուրասենյակ, հանգցրի բազմոցի գլխավերևի լամպը և միմիայն տրուսիկով մտա վերմակի տակ։ Բազմոցը չափից դուրս կարճ էր, բայց ես պատրաստ էի թեկուզև կանգնած քնել ու աչքս չէի թարթի։ Երկու վայրկյան ես պառկած մտածում էի միստր Անտոլինիի ասածների վրա։ Մտածելակերպի և այլնի մասին։ Նա շատ խելացի է, ազնիվ խոսք։ Բայց աչքերս ինքնաբերաբար փակվեցին, ու ես քնեցի։ Հետո մի բան պատահեց։ Ճիշտն ասած, չեմ էլ ուզում պատմել։
Հանկարծ ես արթնացա։ Չգիտեմ ժամը քանիսն էր, բայց արթնացա։ Ինչ֊որ բան զգացի ճակատիս, ինչ֊որ մեկի ձեռքը։ Տեր աստվա՜ծ, ինչպե՜ս վախեցա։ Պարզվում է, դա միստր Անտոլինիի ձեռքն էր։ Նա նստել էր հատակին, բազմոցի մոտ և ոչ այն է ճակատս շոշափում էր, ոչ այն է՝ շոյում։ Ազնիվ խոսք, ես հազար մետր վեր թռա։
― Ի՞նչ եք անում։
― Պարզապես նայում եմ քեզ․․․ հիանում եմ․․․
― Չէ, դուք ի՞նչ եք անում այստեղ, ― նորից եմ ասում ես։
Ուղղակի չգիտեի ինչ ասեի, տխմարի պես ինձ կորցրել էի։
― Սուս արա, ի՞նչ ես ասում։ Պարզապես մոտեցա տեսնեմ․․․
― Միևնույն է, իմ գնալու ժամանակն է, ― ասում եմ։ Տեր աստվա՜ծ, ինչպես վախեցա։ Սկսեցի մթության մեջ հագնել տաբատս, ու ոչ մի կերպ չէի կարողանում ոտքս ճիշտ տեղը մտցնել, այնպես էի նյարդայնացել։ Դպրոցներում ուզածիդ չափ տեսել էի այդ անիծյալ աննորմալներին։
― Ո՞ր պիտի գնաս, ― հարցրեց միստր Անտոլինին։ Նա ջանում էր շատ հանգիստ ու սառը խոսել, բայց երևում էր, որ կորցրել էր իրեն։
― Ես ճամպրուկներս կայարանում եմ թողել։ Թերևս հարկավոր է գնալ վերցնել։ Բոլոր իրերս այնտեղ են։
― Իրերդ մինչև առավոտ ոչ մի տեղ չեն փախչի։ Պառկիր, խնդրեմ, և քնիր։ Չեմ հասկանում, ինչ է կատարվում քեզ հետ։
― Ոչինչ չի կատարվում։ Պարզապես բոլոր իրերս ու փողերս ճամպրուկներում են։ Ես շուտով կվերադառնամ։ Տաքսի կվերցնեմ և կվերադառնամ։ ― Գրողը տանի, քիչ էր մնում գլուխս ջարդեի մթության մեջ։ ― Բանն այն է, որ իմ փողերը չեն։ Մայրիկինն են, և ես պետք է․․․
― Հիմարություններ մի՛ անի, Հոլդեն։ Պառկիր քնիր։ Ես էլ եմ գնում քնեմ։ Մինչև առավոտ քո փողերը ոչ մի տեղ չեն կորչի․․․
― Չէ, չէ, անպայման պետք է գնամ, ազնիվ խոսք։
Ես գրեթե արդեն հագնվել էի, միայն փողկապս չէի գտնում։ Ոչ մի կերպ չէի կարողանում հիշել, թե որտեղ եմ դրել այդ անիծյալ փողկապը։ Հագա բաճկոնս, առանց փողկապի կգնամ։ Իսկ միստր Անտոլինին նստել էր բազկաթոռին ու հեռվից նայում էր ինձ։ Մութ էր, և ես վատ էի տեսնում նրան, բայց զգում էի, թե ինչպես է հետևում ինձ։ Եվ խմում է։ Այդպես էլ ձեռքից ցած չէր դրել սիրած գավաթը։
― Դու զարմանալի տարօրինակ տղա ես։
― Գիտեմ, ― ասացի։ Ես նույնիսկ փողկապս չփնտրեցի։ Այդպես էլ առանց փողկապի գնացի։ ― Ցտեսություն, սըր, ― ասում եմ։ ― Եվ շատ շնորհակալություն, ազնիվ խոսք։
Նա մինչև դռան մոտ եկավ իմ ետևից, իսկ երբ վերելակ կանչեցի, կանգ առավ շեմին։ Եվ նորից կրկնեց, որ ես շատ, շատ տորօրինակ տղա եմ։ Այո, տարօրինակ եմ, ինչպե՜ս չէ։ Նա այնքան սպասեց, մինչև որ եկավ այդ երիցս անիծյալ վերելակը։ Կյանքումս երբեք այդքան չեմ սպասել վերելակին, գրողը տանի դրան։ Մի ամբողջ հավիտենականություն, աստծով եմ երդվում։
Չգիտեի նույնիսկ, թե ինչի մասին խոսեմ, քանի դեռ սպասում էի վերելակին, իսկ նա կանգնել էր շեմքին, ու ես ասացի․
― Կսկսեմ լավ գրքեր կարդալ, իսկապես, կսկսեմ, ― չէ որ մի բան պետք է ասեի։ Ընդհանրապես անհարմար ստացվեց։
― Վերցրու ճամպրուկներդ ու էլի շուտ այստեղ արի։ Ես դուռը բաց կթողնեմ։
― Շատ շնորհակալություն, ― ասում եմ։ ― Ցտեսություն։ ― Վերջապես վերելակն եկավ։ Ես փակեցի դուռը, սկսեցի իջնել։ Տեր աստվա՜ծ, ինչպես էի դողացնում։ Քրտինքս էլ վրա էր տվել։ Երբ ինձ հետ անսպասելի բան է տեղի ունենում, քրտինքս վրա է տալիս։ Իսկ դպրոցում մի քսան անգամ ամեն տեսակ այլանդակություններ էի հանդիպել։ Մանկուց սկսած։ Ատում եմ։
25
Երբ դուրս եկա տնից, սկսել էր լուսանալ։ Սոսկալի ցուրտ էր, բայց ինձ համար հաճելի էր, որովհետև քրտնել էի։
Բոլորովին չգիտեի, թե ուր գնամ։ Քույրիկիս փողերով հյուրանոցում համար վարձել չէի ուզում։ Վերջ ի վերջո, ոտքով գնացի մինչև Լեքսինգտոն և մետրո նստեցի մինչև Կենտրոնական կայարան։ Ճամպրուկներս կայարաում էին, ու ես որոշեցի քնել սպասասրահում, այնտեղ, ուր ամրացված են այդ անիծյալ նստարանները։ Այդպես էլ արեցի։ Սկզբում ոչինչ, մարդիկ քիչ կային, կարելի էր պառկել, ոտքերը մեկնել նստարանի վրա։ Բայց ես չեմ ուզում այդ մասին պատմել, բավական զզվելի զգացում է։ Ավելի լավ է, այնտեղ մի՛ գնացեք։ Լուրջ եմ ասում։ Թախիծ է պատում հոգիդ։
Քնեցի մինչև ժամը ինը, այդ ժամանակ միլիոնավոր մարդիկ լցվեցին, հարկադրված եղա ոտքերս քաշել։ Իսկ ոտքերս կախած ես չեմ կարողանում քնել։ Նստեցի։ Գլուխս առաջվա պես ցավում էր։ Նույնիսկ ավելի ուժեղ։ Իսկ տրամադրությունս այնքան վատ էր, որ կյանքումս երբեք այդքան վատ տրամադրություն չեմ ունեցել։
Չէի ուզում մտածել միստր Անտոլինիի մասին, բայց չէի կարող չմտածել․ ի՞նչ է ասելու իր կնոջը, երբ սա տեսնի, որ այնտեղ չեմ գիշերել։ Բայց ինձ դա չէր անհանգստացնում, ես հրաշալի գիտեի, որ միստր Անտոլինին բավականաչափ խելացի է և պատասխան կգտնի։ Կասի, որ տուն եմ գնացել, և վերջ։ Դա ինձ շատ չէր անհանգստացնում։ Ինձ մի ուրիշ բան էր տանջում, այն, թե ինչպես արթնացա ես նրա ձեռքի հպումից։ Հասկանո՞ւմ եք, հանկարծ սկսեցի մտածել՝ գուցե ես անտեղի ենթադրեցի, թե նա ուզում է ինձ կպչել։ Գուցե պարզապես ուզում էր շոյել գլուխս, գուցե սիրում է շոյել երեխաների գլուխը, երբ նրանք քնած են։ Մի՞թե կարող ես հաստատ ասել։ Երբեք չես կարող։ Մտածեցի նույնիսկ, որ պետք է ճամպրուկներն առնեի ու վերադառնայի նրանց տուն, ինչպես խոստացել էի։ Հասկանո՞ւմ եք, ես մտածեցի, որ եթե նույնիսկ նա տարօրինակություններ ունի, միևնույն է, իմ հանդեպ շատ լավ է վերաբերվել։ Չի բարկացել, որ գիշերվա կեսին արթնացրել եմ նրան, ասաց՝ արի թեկուզ հիմա, եթե հարկավոր է։ Եվ ինչպե՜ս էր ջանք թափում, ամեն տեսակ խորհուրդներ էր տալիս մտածելակերպի և այլնի մասին, և ինչպես միայն նա չվախեցավ ու մոտեցավ այն տղային՝ Ջեյմս Քասլին, երբ նա ընկած էր մեռած, հիշո՞ւմ եք, ես ձեզ պատմել եմ։ Ես նստել մտածում էի այդ ամենի մասին։ Ու որքան շատ էի մտածում, այնքան ընկնում էր տրամադրությունս։ Ինձ տանջում էր այն միտքը, թե հարկավոր է վերադառնալ նրա տուն։ Հավանաբար, նա իսկապես հենց այնպես էր շոյում գլուխս։
Ու որքան շատ էի մտածում դրա մասին, այնքան ավելի էի տանջվում ու տխրում։ Այդ ժամանակ հակառակի պես սկսեցին աչքերս էլ ցավել։ Ցավում են, կսկծում անիծվածների պես, այն պատճառով, որ անքուն եմ։ Հետո հարբուխ սկսվեց, ես էլ թաշկինակ չունեի։ Ճամպրուկներիս մեջ կային, բայց չէի ուզում ճամպրուկները վերցնել պահպանման կետից ու բոլորի աչքի առաջ բացել։
Կողքիս նստարանի վրա ինչ֊որ մեկը ամսագիր էր մոռացել, սկսեցի կարդալ։ Գուցե, դադարեմ միստր Անտոլինիի ու հազար ու մի բաների մասին մտածելուց, գոնե ժամանակավորապես մոռանամ։ Բայց այդ անիծյալ հոդվածից հարյուրապատիկ վատացա։ Այնտեղ բազմապիսի հորմոնների մասին էր գրված։ Նկարագրված էր, թե ինչպիսի տեսք պետք է ունենանք, ինչպիսի դեմք, աչքեր, եթե ձեր բոլոր հորմոնները կարգին են, իսկ իմ տեսքը ճիշտ հակառակն էր․ ես ճիշտ այնպիսի տեսք ունեի, ինչպես հոդվածում նկարագրվածը, որի բոլոր հորմոնները խախտված էին։ Սկսեցի սոսկալի անհանգստանալ, թե ինչ է պատահել իմ հորմոններին։ Հետո սկսեցի մեկ ուրիշ հոդված կարդալ․ ինչպես կանխավ որոշել՝ քաղցկեղ ունե՞ս, թե ոչ։ Այնտեղ գրված էր, որ եթե բերանում խոցեր կան, որոնք երկար ժամանակ չեն բուժվում, նշանակում է, ամենայն հավանականությամբ դու հիվանդ ես քաղցկեղով։ Իսկ իմ շրթունքին ներսի կողմից արդեն երկու շաբաթ էր, որ վերք կար։ Հը՜մ, ուրախ ամսագիր է, խոսք չկա։ Ես մի կողմ նետեցի այն ու գնացի ման գալու։ Հաշվեցի, որ եթե քաղցկեղ ունեմ, ապա երկու֊երեք ամսից հետո կմեռնեմ։ Լրջորեն այդպես էլ մտածում էի։ Հաստատ համոզված էի, որ կմեռնեմ։ Ու տրամադրությունս դրանից, պարզ է, չէր լավանում։
Կարծես թե անձրև էր գալիս, բայց ես, միևնույն է, գնացի զբոսնելու։ Նախ հարկավոր էր նախաճաշել։ Ախորժակ չունեի, բայց, հասկանում էի, որ, այնուամենայնիվ, հարկավոր է ամրապնդվել։ Համենայն դեպս, մի որևէ սննդավետ բան ուտել։ Գնացի դեպի արևելյան թաղամասերը, որտեղ ռեստորանները համեմատաբար էժան են․ չէի ուզում շատ ծախսել։
Ճանապարհին տեսա, թե ինչպես երկու մարդ տոնածառ էին իջեցնում մեքենայից։ Եվ մեկը անընդհատ ձայն էր տալիս մյուսին՝ բռնիր այդ գրողի տարած տիկնիկը, ամուր բռնիր, դրան այդպես է պետք։ Շատ գեղեցիկ է այդպես խոսել Ծննդյան տոնածառի մասին։ Բայց չգիտեմ ինչու ծիծաղս եկավ, ու ես քրքրջացի։ Ավելի վատ չէր կարող լինել, սիրտս սկսեց խառնել, քիչ էր մնում ետ տայի, բայց հետո անցավ, ինքս էլ չգիտեմ ինչպես։ Չէ՞ որ ես որևէ հնացած բան չէի կերել, բացի այդ էլ, դիմացկուն ստամոքս ունեմ։
Մի խոսքով, առայժմ ամեն ինչ անցավ, ու ես որոշեցի ուտել։ Մտա մի շատ էժանագին ռեստորան և փքաբլիթներ ու սուրճ պատվիրեցի։ Միայն թե փքաբլիթները չկերա, չկարողացա ուտել։ Եթե տրամադրությունդ շատ է ընկած, դժվար է կուլ գնում։ Բայց մատուցողը հիանալի մարդ էր։ Նա փքաբլիթները ետ տարավ ու ինձնից ոչինչ չվերցրեց։ Ես միայն սուրճ խմեցի ու գնացի Հինգերորդ ավենյուի կողմը։
Երկուշաբթի էր, մոտենում էին Ծննդյան տոները, և խանութներում աշխույժ առևտուր էր գնում։ Հինգերորդ ավենյուում շատ հաճելի էր։ Տոնական տրամադրություն էր զգացվում։ Բոլոր անկյուններում մորուքավոր Կլաուսներ էին կանգնած, զնգզնգում էին զանգակները, և փրկության բանակի կանայք, նրանք, որոնք երբեք չեն ներկում շրթունքները, նույնպես զանգակներ էին հնչեցնում։ Ես անվերջ որոնում էի այն երկու միանձնուհիներին, որոնց հետ նախաճաշել էի նախորդ օրը, բայց նրանք ոչ մի տեղ չէին երևում։ Ինչևէ, այդպես էլ գիտեի, որովհետև նրանք ասացին, որ եկել են Նյու֊Յորք ուսուցչություն անելու, բայց և այնպես որոնում էի։ Համենայն դեպս, տրամադրությունս հանկարծ տոնական դարձավ։ Մայրերի հետ հազարավոր երեխաներ էին դուրս գալիս ավտոբուսներից, ելումուտ անում խանութները։ Ի՜նչ լավ կլիներ, եթե Ֆիբին ինձ հետ լիներ։ Նա այնքան փոքր չէ, որ գժվի խաղալիքների համար, բայց սիրում է նայել ամբոխին ու հազար ու մի խենթություններ հորինել։ Անցյալ Ծննդյան տոներին նրան քաղաք տարա գնումներ կատարելու։ Ի՜նչ ասես, որ չարեցինք։ Կարծեմ դա Բլունինգդեյլի մոտ էր։ Մենք մտանք կոշիկի խանութ ու ձևացրինք, թե քրոջս հարկավոր են այդ երկարաճիտ լեռնային կոշիկներից, գիտե՞ք, ա՛յն, որ հարյուր անցքեր ունեն կապիչների համար։ Ուղղակի գժվացրինք այդ վաճառողին։ Իմ Ֆիբին մի քսան զույգ փորձեց, ու ամեն անգամ վաճառողը ստիպված էր լինում նրա կոշիկի կապիչներն ամրացնել մինչև ծունկը։ Խոզություն էր, իհարկե, բայց Ֆիբին ուղղակի մեռնում էր։ Վերջ ի վերջո մենք մի զույգ տնային կոշիկներ գնեցինք և խնդրեցինք ուղղարկել տուն։ Վաճառողը հրաշալի մարդ դուրս եկավ։ Իմ կարծիքով նա հասկանում էր, որ մենք խաղում ենք, որովհետև Ֆիբին անվերջ քրքջում էր։
Ես քայլում էի հինգերորդ ավենյուով, քայլում էի առանց փողկապի, գնում էի ու գնում։ Եվ հանկարծ մի սոսկալի բան կատարվեց ինձ հետ։ Ամեն անգամ, երբ հասնում էի թաղամասի վերջը և մայթից իջնում էի սալարկուղի, ինձ սկսում էր թվալ, որ ոչ մի կերպ չեմ կարողանալու անցնել մյուս կողմը։ Թվում էր, թե հանկարծ կգլորվեմ ցա՛ծ, ցա՛ծ, ցա՛ծ, ու ինձ այլևս չեն տեսնի մարդիկ։ Օ՛հ, որքա՜ն վախեցա, նույնիսկ չեք կարող պատկերացենլ։ Ես ամբողջապես քրտնել էի, ամբողջ վերնաշապիսկս ու սպիտակեղենս ջուր էին դարձել։ Եվ սկսեցի մի բան անել։ Հենց որ հասնում էի անկյունին, սկսում էի խոսել իմ եղբոր՝ Ալլիի հետ։ Ես նրան ասում էի․ «Ալլի՛, չթողնես ընկնեմ։ Ալլի՛, չթողնես ընկնեմ։ Ալլի՛, չթողնես ընկնեմ։ Ալլի՛, խնդրում եմ քեզ»։ Ու հենց որ բարեհաջող հասնում էի մյուս մայթը, ասում էի․ «Շնորհակալություն»։ Ու այդպես բոլոր անկյուններում նորից էի սկսում։ Բայց կանգ չէի առնում։ Կարծեմ, վախենում էի կանգ առնել, ճիշտն ասած, լավ չեմ հիշում։ Գիտեմ միայն, որ հասա Վաթսուներորդ փողոցին, կենդանաբանական այգու մոտով, աստված գիտե, թե ուր։ Այստեղ նստեցի նստարանին։ Քրտինքը կարկտի պես թափվում էր վրայիցս։ Մոտ մի ժամ երևի նստեցի այդ նստարանին։ Վերջապես որոշեցի, թե ինչ պետք է անեմ։ Որոշեցի մեկնել։ Որոշեցի, որ այլևս տուն չեմ վերադառնա և ոչ մի դպրոց էլ չեմ ընդունվի։ Որոշեցի, որ կհանդիպեմ քրոջս, փողը կտամ իրեն, իսկ հետո դուրս կգամ խճուղի ու պատահական մեքենաներով կգնամ հեռո՜ւ Արևմուտք։ Որոշեցի նախ դուրս գալ Հոլլենդ֊Թաննել, այնտեղից պատահական մեքենայով ավելի հեռու, հետո՝ էլի, այնպես որ մի քանի օր հետո կլինեմ հեռավոր Արևմուտքում, որտեղ տաք ու գեղեցիկ է, և որտեղ ոչ ոք ինձ չի ճանաչում։ Ու այնտեղ աշխատանք կճարեմ ինձ համար։ Մտածեցի, որ հեշտությամբ աշխատանք կճարեմ մի որևէ բենզակայանում, կսպասարկեմ ուղևորներին։ Մի խոսքով ինձ համար բոլորովին միևնույն էր, թե ինչ աշխատանք կանեի, միայն թե ոչ ոք ինձ չճանաչեր ու ես էլ ոչ ոքի չճանաչեի։ Որոշեցի ահա թե ինչ անել․ խուլ ու համր ձևանալ։ Այդ դեպքում հարկ չէր լինի ոչ մեկի հետ ոչ մի տեսակ անմիտ հիամար խոսակցություններ ունենալ։ Եթե որևէ մեկը ցանկանա ինձ հետ խոսել, հարկադրված կլինի թղթի վրա գրել ու ցույց տալ ինձ։ Դա վերջ ի վերջո կձանձրացնի նրանց, ու ես ամբողջ կյանքումս կազատվեմ խոսակցություններից։ Բոլորը կհամարրեն, որ ես դժբախտ ու խուլ հիմար եմ ու հանգիստ կթողնեն ինձ։ Ես վառելանյութ կլցնեմ նրանց հիմար մեքենաները, դրա դիմաց աշխատավարձ կստանամ, ետ գցած փողերովս խրճիթ կշինեմ և մինչև կյանքիս վերջը կապրեմ այնտեղ։ Խրճիթը կշինեմ անտառի եզրին, միայն ոչ թավուտում, ես սիրում եմ, որ արևը լավ է լուսավորում։ Ինքս էլ ճաշ կպատրաստեմ, իսկ հետագայում, երբ ցանկանամ ամուսնանալ, գուցե հանդիպեմ մի որևէ խուլ ու համր գեղեցկուհու, և մենք ամուսնանանք։ Նա ինձ հետ կապրի խրճիթում, իսկ եթե կուզի ինչ֊որ բան ասել, նա էլ կգրի թղթի վրա։ Երբ երեխաներ ունենանք, մենք նրանց թաքուն կպահենք բոլորից։ Շատ գրքեր կառնենք նրանց համար ու ինքներս էլ գրել֊կարդալ կսովորեցնենք։
Ես ուղղակի բորբոքվել էի, ազնիվ խոսք։ Իհարկե, հիմարություն էր մտածել, թե խուլ ու համր կձևանամ, բայց միևնույն է, ինձ դուր էր գալիս պատկերացնել, թե դա ինչպես է լինելու։ Ու հաստատ որոշեցի գնալ դեպի Արևմուտք։ Մնում էր միայն հրաժեշտ տալ Ֆիբիին։ Ես վեր թռա ու գժի պես սլացա փողոցով, ճիշտն ասած, քիչ մնաց ընկնեի մեքենայի տակ, ուղիղ գրախանութ վազեցի, բլոկնոտ ու մատիտ գնեցի։ Որոշեցի երկտող գրել Ֆիբիին, թե որտեղ և ինչպես հանդիպենք, որպեսզի կարողանամ հրաժեշտ տալ և վերադարձնել նվերի փողերը։ Երկտողը կտանեմ դպրոց, այնտեղ գրասենյակի աշխատողներից որևէ մեկին կխնդրեմ հանձնել Ֆիբիին։ Եվ, բլոկնոտն ու մատիտը գրպանս դնելով, վազեցի դեպի դպրոց․ ես չափից շատ էի հուզվում, չէի կարող երկտողը գրախանութում գրել։ Շատ էի շտապում, հարկավոր էր երկտողը ժամանակին հասցնել, քանի դեռ նա տուն չէր գնացել նախաճաշելու, շատ քիչ ժամանակ էր մնացել։
Դպրոցը լավ էի ճանաչում, որովհետև փոքր ժամանակ ինքս էլ այնտեղ էի գնում։ Երբ բակ մտա, մի տեսակ դարձա։ Չէի կարծում, թե ամեն ինչ այդպես լավ կհիշեմ, բայց, պարզվեց, ամեն ինչ հիշում էի։ Ամեն ինչ մնացել էր այնպես, ինչպես իմ ժամանակ։ Նույն վիթխարի մարմնամարզական դահլիճը ցածում, որտեղ միշտ լավ չէր լուսավորվում, նույն մետաղալարի ցանցերը լամպերի շուրջը, որպեսզի գնդակը կպչելիս չջարդվեն։ Հատակին նույն սպիտակ շրջանագծերը զանազան խաղերի համար։ Եվ բասկետբոլային նույն օղակները առանց ցանցի․ միայն տախտակե պատվանդանն էր և օղակը։
Ոչ ոք չէր երևում, հավանաբար, այն պատճառով, որ պարապմունքի ժամ էր, և դասամիջոցը դեռ չէր սկսվել։ Ես միայն մի փոքրիկի տեսա՝ մի սևամորթ տղայի, որ վազում էր զուգարան։ Նրա գրպանից դուրս էր ցցվել փայտե համարը, մեզ էլ էին այդպիսի համար տալիս, ի նշան դասից դուրս գալու թույլտվության։
Սիրելի Ֆիբի․
Չեմ կարող մինչև չորեքշաբթի սպասել, դրա համար էլ այսօր երեկոյան ճանապարհ կընկնեմ դեպի Արևմուտք։ Ինձ սպասիր թանգարանում, մուտքի մոտ, տասներկուսն ան տասնհինգ, եթե կարող ես, և ես քո նվերի փողերը կվերադարձնեմ։ Շատ քիչ եմ ծախսել։
Համբուրում եմ։ Հոլդեն։
Թանգարանը ուղղակի դպրոցի կողքին էր, միևնույն է, նախաճաշից հետո Ֆիբին այնտեղով պիտի անցներ, ու գիտեի, որ նա ինձ կհանդիպի։
Աստիճաններով բարձրացա դիրեկտորի գրասենյկը, որպեսզի խնդրեմ որևէ մեկին՝ երկտողը հանձնել քույրիկիս։ Ես մի տասը տակ ծալեցի թուղթը, որպեսզի ոչ ոք չկարդա։ Այդ գարշելի դպրոցներում ոչ ոքի հնարավոր չէ վստահել։ Բայց եղբոր երկտողը, գիտեի, որ անպայման կհանձնեն։
Երբ աստիճաններով վեր էի բարձրանում, էլի սիրտս խառնեց․ բայց հետո անցավ։ Մի քիչ նստեցի, հետո լավ զգացի ինձ։ Ինչ֊որ մեկը պատի վրա անպատկառ բառ էր գրել։ Ես զայրույթից ուղղակի կատաղեցի։ Պատկերացրի, որ Ֆիբին ու մյուս երեխաները կարող են կարդալ ու հարցնել, թե դա ինչ բան է, իսկ մի որևէ կեղտոտ տղա նրանց կբացատրի, այն էլ հիմարավարի, թե դա ինչ է նշանակում, և երեխաները կսկսեն նման բաներ մտածել ու հուզվել։ Ես պատրաստ էի սպանել գրողին։ Պատկերացրի, որ մի որևէ սրիկա, անբարոյական իր կարիքի համար գիշերով մտել է դպրոց, իսկ հետո պատի վրա գրել այդ խոսքերը։ Ու պատկերացրի, թե ինչպես եմ նրան բռնում հանցանքի վայրում և գլուխը խփում քարե աստիճաններին, մինչև որ սատկում է արնաշաղախ եղած։ Բայց մտածեցի, որ համարձակությունս չի բավարարի։ Ես ինձ գիտեմ։ Եու դրանից ավելի վատ զգացի։ Ճիշտն ասած, համարձակությունս չբավարարեց նույնիսկ դա պատից մաքրել։ Վախեցա, հանկարծ ուսուցիչներից որևէ մեկը տեսնի մաքրելիս ու կարծի, թե ես եմ գրել։ Բայց հետո, այնուամենայնիվ, մաքրեցի։ Մաքրեցի ու գնացի դիրեկտորի գրասենյակ։
Դիրեկտորն այնտեղ չէր, բայց գրամեքենայի ետևում նստած էր հարյուրին մոտ մի պառավ։ Ասացի, որ ես 4֊րդ «բ»֊ի Ֆիբի Քոլֆիլդի եղբայրն եմ և շատ եմ խնդրում այս երկտողը հանձնել նրան։ Ասացի, որ դա շատ կարևոր է, որովհետև մայրիկը վատառողջ է ու նախաճաշ չի պատրաստել Ֆիբիի համար, և որ ես պիտի հանդիպիեմ Ֆիբիին ու նրան կերակրեմ նախաճաշարանում։ Պառավը շատ բարեհամբյուր կին դուրս եկավ։ Նա վերցրեց երկտողը, հարևան սենյակից կանչեց ինչ֊որ մի կնոջ, և սա երկտողը տարավ հանձնելու Ֆիբիին։ Հետո ես մի քիչ զրուցեցի այդ հարյուրամյա կնոջ հետ։ Նա շատ բարեհամբյուր կին էր, ու ես պատմեցի, որ մենք բոլորս՝ ես ու իմ եղբայրները, այդ դպրոցում ենք սովորել։ Նա հարցրեց, թե հիմա որտեղ եմ սովորում, ասացի՝ Փենսիում, և նա ասաց՝ Փենսին շատ լավ դպրոց է։ Եթե նույնիսկ ցանկանայի բռնությամբ նրան խելքի բերել, համարձակությունս չէր բավարարի։ Թող նա էլ կարծի, թե Փենսին լավ դպրոց է։ Հիմարություն է մարդու գլուխը մի նոր բան մտցնել, երբ նա արդեն հարյուր տարու մեջ է։ Բացի այդ էլ, նրանք այդպիսի բաներ չեն սիրում։ Հետո ես հրաժեշտ տվի ու գնացի։ Նա ետևիցս ծղրտաց՝ «Բարի ճանապա՜րհ», ճիշտ ինչպես ծերունի Սպենսերը, երբ մեկնեցի Փենսիից։ Տեր աստվա՜ծ, որքան եմ ատում այդ սովորությունը, ետևից ծղրտալ՝ «Բարի ճանապարհ»։ Դրանից տրամադրությունս ընկնում է։
Մյուս սանդուղքով իջա ու նորից պատի վրա լկտիություններ տեսա գրած։ Փորձեցի մաքրել, բայց այս անգամ ինչ֊որ սուր գործիքով էր փորագրված։ Հնարավոր չէր մաքրել։ Եվ անօգուտ էր։ Մարդ եթե միլիոն տարի էլ ժամանակ ունենա, դարձյալ չի հասցնի բոլոր լկտիությունները մաքրել բոլոր պատերի վրայից։
Ես նայեցի մարմնամարզական դահլիճի ժամացույցին, ընդամենը երկուսից քսան էր պակաս։ Մինչև ընդմիջումը դեռ շատ ժամանակ կար։ Բայց ես, այնուամենայնիվ, գնացի թանգարան։ Միևնույն է, ուրիշ գնալու տեղ չունենք։ Մտածեցի՝ ավտոմատից չզանգահարե՞մ Ջեյն Գալլահերին, նախքան Արևմուտք գնալս, բայց տրամադրություն չունեի։ Համ էլ համոզված չէի, թե վերադարձած կլինի։ Գնացի թանգարան ու սկսեցի սպասել այնտեղ։
Մինչ ես սպասում էի Ֆիբիին թանգարանի մուտքի մոտ, երկու երեխա մոտեցան ու ինձ հարցրին, թե չգիտե՞մ, արդյոք, որտեղ են մումիաները։ Հարցնողի տաբատն արձակված էր։ Ես նրան ասացի՝ կոճկիր։ Եվ նա սկսեց կոճկել իմ աչքի առաջ, առանց ամաչելու, նույնիսկ սյան ետևը չանցավ կամ մի անկյուն չքաշվեց։ Ծիծաղելի է։ Ես հավանաբար կքրքջայի, բայց վախեցա էլի սիրտս խառնի, ու զսպեցի ինձ։
― Որտե՞ղ են այդ մումիաները, հը՞, ― կրկնեց տղան։ ― Դուք չգիտե՞ք որտեղ են։
Ես որոշեցի նրան բարկացնել։
― Մումիանե՞րը, իսկ ի՞նչ բան են դրանք։
― Դե, դուք էլ գիտեք, էլի՛, դիակները։ Այն, որ պուրգերի մեջ են պահում։
Պուրգերի՞, այ քեզ ծիծաղ, ուզում է ասել՝ բուրգերի։
― Իսկ ինչո՞ւ դպրոցում չեք, երեխաներ, ― հարցնում եմ։
― Դաս չունենք, ― ասում է այն մեկը, որ անընդհատ խոսում է։ Տեսա, որ խաբում է սրիկան։ Բայց, միևնույն է, մինչև Ֆիբիի գալն անելիք չունեի ու նրանց տարա այնտեղ, որտեղ մումիաներն էին գտնվում։ Առաջ ճիշտ գիտեի, որտեղ են գտնվում, բայց հարյուր տարի կլիներ, որ այնտեղ չէի մտել։
― Իսկ ձեզ հետաքրքրո՞ւմ է տեսնել մումիաները, ― հարցնում եմ։
― Ըհը՛։
― Իսկ քո ընկերը հա՞մր է, ինչ է։
― Նա ոչ թե ընկերս է, այլ՝ եղբայրս։
― Մի՞թե նա չի կարողանում խոսել, ― հարցնում եմ։ ― Դու ի՞նչ է, խոսել չգիտե՞ս։
― Գիտեմ, ― պատասխանում է, ― միայն թե չեմ ուզում։
Վերջապես գտանք այն սրահի մուտքը, որտեղ գտնվում են մումիաները։
― Իսկ դուք գիտե՞ք, եգիպտացիներն ինչպես էին թաղում իրենց մեռելներին, ― հարցնում եմ զրուցասերին։
― Ոո՜չ։
― Հարկավոր է իմանալ։ Դա շատ հետաքրքիր է։ Նրանք փաթաթում էին դիակների գլուխները այնպիսի գործվածքներով, որոնք ներծծված էին հատուկ գաղտնի նյութով։ Ու այդ դիակները կարելի էր պահել թեկուզև հազար տարի, միևնույն է, դրանց գլուխները չէին փտի։ Եգիպտացիներից բացի ոչ ոք չէր կարողանում անել այդ բանը։ Ժամանակակից գիտութունը նույնիսկ չգիտի ինչպես էր արվում դա։
Մումիաները տեսնելու համար հարկավոր էր անցնել շատ նեղլիկ միջանցքով, որը պատված էր ուղղակի փարավոնների գերեզմանից վերցված սալաքարերով։ Բավական սահմռկեցուցիչ տեղ է, և տեսա, թե ինչպես այդ երկու քաջերը, որոնց տանում էի, կարգին վախենում են։ Կատվի ձագերի պես սեղմվել էին ինձ, իսկ չխոսկանը նույնիսկ կառչել էր իմ թևքից։
― Գնանք տուն, ― հանկարծ ասաց նա։ ― Ես արդեն ամեն ինչ տեսա։ Շո՛ւտ գնանք։ ― Նա շուռ եկավ ու փախավ։
― Նա վախկոտ է, ամեն ինչից վախենում է, ― ասաց մյուսը։ ― Առայժմ, ― և նույնպես վազեց եղբոր ետևից։
Ես մենակ մնացի գերեզմանաքարերի մեջ։ Ինձ դուր էր գալիս այդտեղ։ Ու հանկարծ պատի վրա տեսա, գուշակեցեք, թե ինչ։ Դարձյալ լկտիություններ։ Կարմիր մատիտով, ուղղակի ապակեպատ ցուցափեղկի տակ, քարի վրա։
Ամբողջ դժբախտությունն էլ հենց այդ է։ Անհնար է գտնել մի խաղաղ, հանգիստ անկյուն։ Չէ, այս աշխարհում այդպիսի տեղ չկա։ Երբեմն մտածում ես, իսկ գուցեև կա, բայց մինչև հասնես այնտեղ, որևէ մեկը թաքուն առաջ կանցնի քեզնից ու մի որևէ անվայել բան կգրի ուղղակի քթիդ տակ։ Ինքներդ ստուգեցեք։ Ինձ երբեմն թվում է, ա՛յ, կմեռնեմ․ կընկնեմ գերեզմանոց, հուշարձան կդնեն գերեզմանիս, վրան կգրեն «Հոլդեն Քոլֆիլդ», ծննդյան ու մահվան թիվը, և այդ ամենի տակ էլի որևէ մեկը անվայել բան կխզբզի։ Համոզված եմ, որ այդպես էլ կլինի։
Ես դուրս եկա մումիաների դահլիճից ու գնացի զուգարան։ Լուծ էի ընկել, ճիշտն ասած։ Բայց դրանից չվախեցա, վախեցա մեկ այլ բանից։ Զուգարանից դուրս գալու ժամանակ կորցրի գիտակցությունս։ Բախտս բերեց դեռ, որ հաջող ընկա։ Կարող էի գլուխս ջարդել հատակին խփելուց, բայց ուղղակի կողքիս վրա ընկա։ Տարօրինակ զգացում է դա։ Սակայն ուշաթափությունից հետո ես ինձ լավ զգացի։ Ձեռքս, ճիշտ է, ցավում էր, բայց գլուխս էլ շատ չէր պտտվում։
Արդեն տասներկուսն անց տասն էր, և ես գնացի մուտքի մոտ ու սպասեցի իմ Ֆիբիին։ Մտածեցի, որ գուցե վերջին անգամ եմ տեսնում նրան։ Եվ ընդհանրապես հարազատներիցս այլևս ոչ մեկին չեմ տեսնի։ Այսինքն, իհարկե, կտեսնեմ որևէ մեկին, միայն թե ոչ շուտ։ Գուցե տուն կգամ, երբ երեսունհինգ տարեկան լինեմ, եթե նրանցից որևէ մեկը հանկարծ հիվանդանա ու ցանկանա մահից առաջ տեսնել ինձ․ դա միակ բանն է, որի պատճառով կարող եմ թողնել իմ խրճիթն ու վերադառնալ տուն։ Ես նույնիսկ պատկերացրի, թե ինչպես կվերադառնամ։ Գիտեմ, մայրիկը սոսկալի կհուզվի, լաց կլինի, կխնդրի մնալ, չվերադառնալ իմ խրճիթը, բայց ես, այնուամենայնիվ, կգնամ։ Ես անմատչելի կմնամ, ինչպես սատանան։ Կհանգստացնեմ մայրիկին, կգնամ սենյակի մյուս ծայրը, կհանեմ ծխախոտատուփը ու կծխեմ սառը հանգստությամբ։ Ես նրանց կհրավիրեմ ինձ մոտ, եթե ցանկանան, բայց չեմ ստիպի։ Այնպես կանեմ, որ Ֆիբին հյուր գա ինձ ամռանը, և՛ Ծննդյան տոերին, և՛ զատկի արձակուրդին։ Դ․ Բ֊ն էլ թող գա, թող ապրի ինձ մոտ, երբ աշխատելու համար մի խաղաղ անկյունի կարիք կունենա։ Բայց թույլ չեմ տա, որ իմ խրճիթում որևէ սցենար գրի, միայն պատմվածքներ և գրքեր։ Ես այդպիսի կարգ կհաստատեմ՝ ոչ մի կեղծիք թույլ չեմ տա իմ տանը։ Իսկ ով նույնիսկ թեթևակիորեն փորձի կեղծիք կատարել, թող անմիջապես թողնի և հեռանա։
Հանկարծ նայեցի հանդերձարանի ժամացույցին և տեսա, որ մեկից քսանհինգ է պակաս։ Ես վախեցա, հանկարծ գրասենյակի պառավը պատվիրած լինի այն կնոջը՝ երկտողը չտալ Ֆիբիին։ Վախեցա, թե հանկարծ նա այրած լինի երկտողս կամ դեն նետած։ Շատ վախեցա։ Ես շատ էի ուզում քույրիկիս տեսնել մեկնելուց առաջ։ Եվ, բացի այդ, փողն էլ ձեռքիս էր։
Հանկարծ տեսա նրան։ Տեսա ապակե դռան ետևից։ Եվ նկատեցի, որովհետև նրա գլխին իմ արտառոց որսորդական գլխարկն էր, տասը մղոնի վրա էլ կտեսնես այդ գլխարկը։
Դուրս եկա ու սկսեցի իջնել աստիճաններով։ Մի բան միայն չեի հասկանում՝ ո՞ւր էր տանում այդ վիթխարի ճամպրուկը։ Նա անցնում էր Հինգերորդ ավենյուն ու մի կերպ քարշ էր տալիս մի վիթխարի, անհեթեթ ճամպրուկ։ Հազիվ֊հազ էր տանում։ Երբ մոտեցա, հասկացա, որ դա իմ հին ճամպրուկն է, որ դեռ Հուտտոնի դպրոցում ունեի։ Ոչ մի կերպ չէի հասկանում, թե դա նրա ինչին էր պետք։
― Աա՜, ― ասաց նա մոտենալով։ Ուղղակի շունչը կտրվում էր այդ հիմար ճամպրուկի երեսից։
― Կարծում էի, թե էլ չես գա, ― ասում եմ։ ― Ինչի՞ համար ես քարշ տալիս այս ճամպրուկը։ Ինձ ոչինչ հարկավոր չէ։ Ես թեթև եմ գնալու։ Նույնիսկ պահ տվածս ճամպրուկները չեմ վերցնելու։ Այդ ի՞նչ ես լցրել։
Նա ցած դրեց ճամպրուկը։
― Իմ իրերն են, ― ասում է։ ― Ես գալիս եմ քեզ հետ։ Կարելի՞ է։ Հա՞։ Ինձ էլ կտանե՞ս։
― Ի՜նչ, ― քիչ էր մնում վայր ընկնեի։ Ազնիվ խոսք, գլուխս պտտվեց, ուր որ է ուշաթափվելու էի։
― Ամեն ինչ ետնամուտքով եմ իջեցրել, որպեսզի Չարլինան չտեսնի։ Ծանր չէ։ Ընդամենը երկու շոր է, կոշիկներս, սպիտակեղեն, գուլպաներ և զանազան մանրուք։ Դու փորձիր բարձրացրու։ Շատ թեթև է, դե, փորձիր․․․ Կարելի՞ է, ես էլ գամ քեզ հետ, Հոլդեն։ Կարելի՞ է, հը՞։ Խբդրում եմ, կարելի՞ է, ես էլ․․․
― Չէ՛, չի՛ կարելի, լռի՛ր։
― Ինչո՞ւ չի կարելի։ Խնդրում եմ, ի՛նձ էլ վերցրու․․․ Հը՞, Հոլդեն, խնդրում եմ։ Ես քեզ չեմ խանգարի, միայն կգամ քեզ հետ, և վերջ։ Եթե կուզես, շորերս էլ չեմ վերցնի, միայն․․․
― Ոչինչ էլ չես վերցնի։ Եվ ոչ էլ կգաս։ Ես մենակ եմ գնում։ Ձայնդ կտրիր։
― Լա՜վ, էլի, Հոլդեն, խնդրում եմ։ Ես շատ, շատ, շատ․․․ Նույնիսկ չես նկատի։
― Դու ոչ մի տեղ չես գա։ Լռիր, լսո՞ւմ ես։ Այստեղ տուր ճամպրուկը։
Ես վերցրի ճամպրուկը։ Շատ էի ուզում հասցնել նրա հետույքին։ Եվս մի պահ, ու արդեն պետք է հասցնեի։ Լուրջ եմ ասում։
Բայց այստեղ նա լաց եղավ։
― Իսկ ես կարծում էի, դու պատրաստվում ես թատրոնում խաղա՜լ։ Կարծում էի, ուզում ես Բենեդիկտ Առնոլդի դե՜րը կատարել այդ պիեսում, ― ասում եմ։ Ձայնս դարձավ զայրալից, զզվելի։ ― Այս ի՜նչ ես արել, հը՞։ Ի՛նչ է, չե՞ս ուզում խաղալ այդ ներկայացման մեջ։
Այատեղ նա ավելի ուժգին լաց եղավ, ու ես նույնիսկ ուրախացա։ Հանկարծ ցանկացա, որ նա շատ խիստ լաց լինի։ Սոսկալի զայրացած էի նրա վրա։ Իմ կարծիքով, ես զայրացած էի, որ նա ուզում է հրաժարվել իր դերից ու մեկնել ինձ հետ։
― Գնա՛նք, ― ասում եմ։ Ես նորից սկսեցի աստիճաններով բարձրանալ թանգարան։ Որոշեցի, որ այդ հիմար ճամպրուկը կհանձնեմ հանդերձարան, իսկ ժամը երեքին, դասից տուն գնալիս, նա կտանի իր հետ։ Գիտեի, որ դպրոց տանել չի կարող։ ― Դե գնանք, ― ասում եմ։
Բայց նա թանգարան չեկավ։ Չուզեց ինձ հետ գալ։ Ես մենակ գնացի, ճամպրուկը հանձնեցի հանդերձարան ու նորից ցած իջա։ Նա դեռ կանգնած էր մայթին, բայց երբ մոտեցա, շուռ եկավ թիկունքով դեպի ինձ։ Դա կարողանում է անել։ Թիկունքը կդարձնի քեզ, ու վերջ։
― Ես ոչ մի տեղ չեմ գնում։ Միտքս փոխեցի։ Վե՛րջ տուր լացիդ, լսո՞ւմ ես։ ― Հիմարություն էր այդ ասելը, որովհետև նա արդեն չէր լալիս։ Բայց ես, համենայն դեպս, ասացի․ «Վերջ տուր լացիդ»։ ― Դե գնանք։ Ես քեզ կտանեմ դպրոց։ Շուտ արա, գնա՛նք։ Դու ուշանում ես։
Նա նույնիսկ չպատասխանեց ինձ։ Փորձեցի բռնել ձեռքը, բայց նա ետ քաշեց։ Ու ամբողջ ժամանակ երեսը շուռ էր տալիս ինձնից։
― Նախաճաշե՞լ ես, ― հարցնում եմ։ ― Դու արդեն նախաճաշե՞լ ես։
Չի ուզում պատասխանել։ Եվ հանկարծ հանեց իմ որսորդական գլխարկն ու շպրտեց գրեթե երեսիս։ Իսկ ինքն էլի շուռ եկավ։ Ծիծաղս եկավ, ես լռեցի։ Միայն գետնից վերցրի գլխարկն ու դրի գրպանս։
― Լավ, գնանք, ես քեզ կուղեկցեմ մինչև դպրոց։
― Այլևս ես դպրոց չեմ գնալու։
― Ի՞նչ ասեի։ Կանգ առա, լռեցի, հետո ասում եմ․
― Չէ, դպրոց անպայման պետք է գնաս։ Դու ախր պետք է խաղաս այդ ներկայացման մեջ, ճի՞շտ է։ Ուզում ես Բենեդիկտ Առնո՞լդ լինես։
― Ո՛չ։
― Ճիշտ չէ, ուզում ես։ Այն էլ ինչպե՜ս ես ուզում։ Դե, վերջ տուր, գնանք։ Նախ ես ոչ մի տեղ էլ չեմ գնում։ Ճիշտ եմ ասում։ Կվերադառնամ տուն։ Միայն քեզ տանեմ դպրոց, վերադառնալու եմ տուն։ Նախ կգնամ կայարան, կվերցնեմ ճամպրուկներս, իսկ հետո ուղիղ տուն․․․
― Իսկ ես քեզ ասում եմ, որ այլևս դպրոց չեմ գնալու։ Ինչ ուզում ես արա, դպրոց է՛լ չեմ գնալու։ Եվ ընդհանրապես ձայնդ կտրիր։
Կյանքում առաջին անգամ նա ինձ ասաց՝ «ձայնդ կտրիր»։ Կոպտորեն, ուղղակի սարսափելի էր։ Սարսափելի էր լսել։ Ավելի վատ էր, քան փողոցային հայհոյանք լսեի։ Ու չի նայում իմ կողմը, իսկ երբ փորձում եմ ձեռք տալ ուսին, կամ բռնել ձեռքը, դուրս է պրծնում։
― Լսիր, ուզո՞ւմ ես զբոսնել, ― հարցնում եմ, ― ուզո՞ւմ ես միասին գնանք կենտրոնական այգի։ Եթե այսօր թույլ տամ դպրոց չգնաս և տանեմ կենդանաբանական այգի, վերջ կտա՞ս հիմարություններիդ։ ― Չի պատասխանում, իսկ ես կրկնում եմ ասածս․ ― Եթե թույլ տամ բաց թողնել երեկոյան պարապմունքները և տանեմ զբոսանքի, դու վերջ կտա՞ս մոծակներ քշելուն։ Խելացի կվարվե՞ս, վաղը կգնա՞ս դպրոց։
― Կուզեմ կգնամ, կուզեմ՝ չէ, ― ասաց ու նետվեց դեպի փողոցի մյուս կողմը, չնայեց նույնիսկ՝ մեքենա է գալիս, թե ոչ։ Երբեմն նա ուղղակի գժվում է։
Սակայն ես նրա ետևից չգնացի։ Գիտեի, որ նա ինքը իմ ետևից խելոք կգա, և կամաց ճամփա ընկա դեպի կենդանաբանական այգի, փողոցի մյուս կողմով, իսկ նա՝ մյուս։ Ձևացնում է, թե իմ կողմը չի նայում, բայց աչքի պոչով բարկությամբ նայում է, թե ուր եմ գնում։ Այդպես էլ գնացինք ամբողջ ճանապարհը, մինչև կենդանաբանական այգի։ Ես անհանգստացա միայն, երբ անցավ երկհարկանի ավտոբուսը, որովհետև նրան կորցրի տեսադաշտից։
Բայց երբ մոտեցանք այգուն, ձայն տվի։
― Է՛յ, Ֆիբի, ես գնում եմ կենդանաբանական այգի։ Արի այստեղ։
Նա չնայեց էլ իմ կողմը, բայց հասկացա, որ լսեց։ Երբ սկսեցի իջնել այգու աստիճաններից, շուռ եկա ու տեսա, որ անցավ փողոցը և նույնիսկ գալիս է իմ ետևից։
Կենդանաբանական այգում մարդ քիչ կար, գարշելի եղանակ էր, բայց ավազանի շուրջը, որտեղ ծովացուլերն էին լողանում, հանդիսատեսներ էին հավաքվել։ Ես պետք է անցնեի, բայց իմ Ֆիբին կանգնեց ու սկսեց դիտել, թե ինչպես են կերակրում ծովացուլերին, ― նրանց համար ձուկ էին նետում, ― ես էլ դարձա։ Մտածում էի, հիմա կմոտենամ նրան և այլն։ Մոտեցա, կանգնեցի ետևում և ձեռքս դրի ուսին, բայց նա պպզեց ու դուրս պրծավ ձեռքիս տակից, նա հեշտությամբ կպոկվի քեզնից, եթե ուզենա։ Նայում է՝ ինչպես են կերակրում ծովացուլերին, իսկ ես կանգնել եմ ետևը, բայց ձեռքս չեմ դնում ուսին, ընդհանրապես ձեռք չեմ տալիս, վախենում եմ՝ հանկարծ թողնի, փախչի։ Տարօրինակ են այդ երեխաները։ Նրանց հետ պետք է զգույշ վարվես։
Կողքովս չի ուզում քայլել, ― մենք արդեն հեռացել ենք ավազանից, ― բայց, այնուամենայնիվ, շատ հեռու չի գնում։ Նա ճանապարհի մի կողմով է գնում, ես՝ մյուս։ Դա էլ մի հաճելի բան չէ, բայց ավելի լավ է, քան մեկ մղոն հեռավորության վրա մնալը, ինչպես առաջ։ Գնացինք առջերին տեսնելու փոքրիկ բլրակի վրա, բայց այնտեղ տեսնելու բան չկար։ Միայն մի արջ դուրս եկավ՝ սպիտակ, բևեռային։ Իսկ մյուսը՝ գորշը, մտել էր որջը և դուրս չէր գալիս։ Կոզքիս՝ ականջներին հասնող կովբոյական գլխարկով մի տղա էր կանգնած ու ամբողջ ժամանակ կրկնում էր․
― Հայրիկ, ստիպիր, թող դուրս գա։ Հայրիկ, ստիպիր, թող դուրս գա։
Ես նայեցի Ֆիբիին, բայց նա նույնիսկ չծիծաղեց։ Գիտեք, երեխաներն ինչպես են նեղանում, նրանք նույնիսկ չեն ծիծաղում, ոչ մի գնով։
Արջերի մոտից գնացինք դեպի ելքը, անցանք կենդանաբանական այգու փողոցը, հետո դուրս եկանք փոքրիկ թունելով, որտեղից միշտ վատ հոտ է գալիս։ Այդտեղով դուրս ես գալիս կարուսելների մոտ։ Իմ Ֆիբին դեռևս չէր խոսում, բայց արդեն գրեթե կողքովս էր գնում։ Ուզում էի բռնել նրա վերարկուի գոտուց, բայց թույլ չտվեց։
― Ձեռքդ քաշիր, խնդրեմ, ― ասում է։ Դեռևս թթված էր ինձ վրա։ Բայց մենք գնալով մոտենում էինք կարուսելներին, ու արդեն լսվում էր երաժշտության ձայնը․ այնտեղ միշտ նվագում էին «Օ Մերի»։ Մի հիսուն տարի առաջ էլ նրանք այդ երգն էին նվագում, երբ ես փոքրիկ էի։ Կարուսելների ամենալավ բանը դա է, որ երաժշտությունը միշտ նույնն է։
― Իսկ ես կարծում էի կարուսելը ձմռանը փակվում է, ― հանկարծ ասում է Ֆիբին։ Առաջին անգամ խոսեց հետս։ Երևի մոռացել էր, որ նեղացած է։
― Հավանաբար, այն պատճառով, որ շուտով Ծննդյան տոնն է, ― ասում եմ։
Նա ոչինչ չպատասխանեց։ Երևի հիշեց, որ վիրավորված է։
― Ուզո՞ւմ ես կարուսել նստել, ― հարցնում եմ։ Գիտեմ, որ շատ է ուզում։ Երբ նա շատ պստլիկ էր, ես, Ալլին ու Դ․ Բ֊ն նրան բերում էինք այստեղ, և նա գժվում էր կարուսելի համար։ Ուղղակի պոկել չէինք կարողանում կարուսելից։
― Ես արդեն մեծ եմ, ― ասում է։ Կարծում էի, չի պատասխանի, բայց պատասխանեց։
― Հիմարություն։ Նստիր, ես քեզ կսպասեմ։ Գնա՛, ― ասացի։ Մենք արդեն մոտեցել էինք կարուսելին։ Մի քանի երեխաներ էլ կային այնտեղ, շատ փոքրիկներ, իսկ ծնողները նստարաններին նստած սպասում էին։ Ես մոտեցա տոմսավաճառի պատուհանին և իմ Ֆիբիի համար տոմսակ գնեցի։ Գնեցի ու տվի նրան։ Նա արդեն բոլորովին մոտ էր կանգնել։ ― Ահա՛, ― ասում եմ, ― չէ, սպասիր, մի րոպե, վերցրու քո նվերի փողերը, բոլորը վերցրու։ ― Ուզում էի բոլորը վերադարձնել նրան։
― Չէ, քեզ մոտ պահիր, պահիր մոտդ, ― ասում է ու հանկարծ ավելացնում է․ ― խնդրում եմ, պահիր։
Մի տեսակ անհարմար ես զգում, որ քեզ այդպես խնդրում են, հատկապես երբ դա քո փոքրիկ քույրիկն է։ Ես նույնիսկ հուզվեցի։ Բայց փողը ստիպված դրեցի գրպանս։
― Իսկ դու նստելո՞ւ ես, ― հարցրեց նա ու մի հրաշալի հայացքով նայեց ինձ։ Երևում էր, որ բարկությունը բոլորովին անցել էր։
― Հաջորդ անգամ գուցե։ Հիմա կնայեմ քեզ, տոմսակը մո՞տդ է։
― Այո։
Դե գնա, իսկ ես կնստեմ այստեղ, նստարանին, կնայեմ քեզ։
Ես նստեցի նստարանին, իսկ նա գնաց դեպի կարուսելը։ Պտտվեց չորս կողմը։ Այսինքն՝ ամբողջ կարուսելի շուրջը։ Հետո ընտրեց ամենամեծ ձին, գզգզված, պառավ կարմիր խալավորին։ Այդ ժամանակ կարուսելը պտտվեց, ու ես տեսա, թե նա ինչպես սլացավ։ Նրա հետ պտտվում էին նաև մի քանի երեխա՝ հինգ թե վեց, և նվագում էին «Ծուխը պատում է աչքերդ» երգը։ Այնպե՜ս ուրախ էր, զվարճալի։ Ու բոլոր երեխաները աշխատում էին բռնել ոսկե օղակը, իմ Ֆիբին նույնպես։ Ես նույնիսկ վախեցա՝ հանկարծ չընկնի՞ այդ անտեր ձիու վրայից, բայց ոչինչ հնարավոր չէր ո՛չ ասել, ո՛չ անել։ Երեխաներն այդպես են, եթե արդեն որոշել են բռնել ոսկե օղակը, ապա չպետք է նրանց խանգարել։ Կընկնեն՝ կընկնեն, բայց այդ ժամանակ չպետք է խոսել։
Երբ պտույտը վերջացավ, նա իջավ ձիուց և եկավ ինձ մոտ։
― Հիմա էլ դու նստիր։
Չէ, ավելի լավ է նայեմ քեզ։ ― Ես մի քիչ էլ տվի նրան իր փողերից։ ― Գնա մի տոմս էլ գնիր։ ― Նա վերցրեց փողը։
― Ես էլ չեմ բարկանում քեզ վրա, ― ասում է։
― Տեսնում եմ, վազիր, հիմա կպտտվի։ ― Ու մեկ էլ նա՝ համբուրեց ինձ։ Հետո մեկնեց ափը։
― Անձրև, հիմա անձրև կգա։
― Տեսնում եմ։
Գիտե՞ք ինչ արեց նա, քիչ մնաց ուշքս գնար։ Ձեռքը մտցրեց գրպանս, դուրս քաշեց որսորդական կարմիր գլխարկը ու դրեց գլխիս։
― Իսկ դու չե՞ս ուզում դնես, ― հարցնում եմ։
― Նախ դու դիր, ― ասում է։
― Լավ։ Դե վազիր, թե չէ բաց կթողնես այս պտույտը։ Եվ քո ձին էլ կզբաղեցնեն։
Բայց նա չէր հեռանում մոտիցս։
― Դու ճի՞շտ էիր ասում։ Իսկապե՞ս ոչ մի տեղ չես գնալու։ Իսկապե՞ս վերադառնալու ես տուն։
― Այո, ― ասացի ես։ Ու չէի խաբում։ Իսկապես վերադարձա տուն։ ― Դե շո՛ւտ արա, ― ասում եմ։ ― Հիմա կսկսվի։
Նա վազեց տոմսակ գնեց ու վերջին պահին հասավ կարուսելի մոտ։ Էլի պտտվեց շուրջբոլորը։ Մինչև որ գտավ իր նախկին ձին։ Հեծավ, ձեռքը թափահարեց իմ կողմը, ես էլ ձեռքս թափահարեցի։
Ու այդ ժամանակ սոսկալի անձրև սկսվեց։ Իսկական տեղատարափ, աստված վկա։ Բոլոր մայրիկներն ու տատիկները, մի խոսքով, ովքեր կային, վազեցին կարուսելի տանիքի տակ, որպեսզի մինչև ոսկորները չթրջվեն, իսկ ես այդպես էլ մնացի անձրևի տակ նստած։ Սոսկալի թրջվեցի։ Հատկապես օձիքս ու տաբատս։ Որսորդական գլխարկը ինչ֊որ չափով ինձ պաշտպանում էր, բայց, այնուամենայնիվ, մինչև վերջին թելը թրջվեցի։ Ու ինձ համար միևնույն էր։ Հանկարծ այնպես երջանիկ զգացի ինձ, որ Ֆիբին պտտվում էր կարուսելով։ Քիչ էր մնում երջանկությունից գոռայի, ճիշտն ասած։ Ինքս էլ չեմ հասկանում ինչու։ Նա այնքա՜ն լավն էր, այնքա՜ն ուրախ էր պտտվում, իր կապույտ վերարկուն հագին։ Ափսո՜ս, որ դուք չեք տեսել նրան, աստված վկա։
26
Ահա և բոլորը, այլևս ոչինչ չեմ պատմելու։ Իհարկե, կարող էի պատմել, թե ինչ կատարվեց տանը, և ես ինչպես հիվանդացա, և ո՛ր դպրոցն են պատրաստվում ուղարկել ինձ աշնանը, երբ այստեղից դուրս գրեն, բայց այդ մասին չարժե խոսել։ Հավես չկա, ազնիվ խոսք։ Հետաքրքիր չէ։
Շատերը, հատկապես այդ հոգեվերլուծողը, որ գալիս է այս սանատորիան, հարցնում են ինձ՝ կարգին սովորելո՞ւ եմ, երբ աշնանը դպրոց ընդունվեմ։ Իմ կարծիքով դա զարմանալի հիմար հարց է։ Մարդ նախօրոք ինչպե՞ս կարող է ասել, թե ինչ է անելու։ Նախապես ոչինչ չես կարող իմանալ։ Ինձ թվում է, թե պիտի սովորեմ, բայց ի՞նչ իմանամ։ Եվ հիմարություն է հարցնել, ազնիվ խոսք։
Դ․ Բ֊ն ուրիշների նման չէ, բայց նա էլ է զանազան հարցեր տալիս։ Շաբաթ օրը եկել էր ինձ մոտ այն անգլուհու հետ, որը պետք է նկարահանվի նրա ֆիլմում։ Շատ է կոտրատվում այդ անգլուհին, բայց փոխարենը շատ գեղեցիկն է։ Եվ երբ նա գնաց միջանցքի ծայրին գտնվող կանացի սենյակը, Դ․ Բ֊ն ինձ հարցրեց, թե ինչ եմ մտածում այն մասին, ինչ որ կատարվեց, այն մասին ինչ որ ձեզ պատմեցի։ Բոլորովին չգիտեի ինչ պատասխանեմ։ Ճիշտն ասած, ես էլ չգիտեմ ինչ մտածեմ։ Ափսո՜ս, որ շատերին եմ պատմել այս ամենը։ Գիտեմ միայն, որ մի տեսակ զգում եմ այն մարդկանց կարիքը, ում մասին որ պատմել եմ։ Օրինակ՝ Ստրեյդլեյթերի կամ թեկուզ այդ Էկլիի։ Երբեմն թվում է, թե նույնիսկ այդ ստոր Մորիսին եմ կարոտում, տարօրինակ բան է։ Եվ լավ կանեք, որ դուք ոչ մեկին ոչինչ չպատմեք։ Թե չէ ամեն ինչ պատմում եք, հետո տխրում եք առանց դրանց։