Մարգագետինը

Գրապահարան-ից
Մարգագետինը

հեղինակ՝ Ռեյ Բրեդբերի
թարգմանիչ՝ Լևոն Անանյան
աղբյուր՝ «451 աստիճան ըստ Ֆարենհայթի»

Պատերից մեկը փլվեց... Հետո փլվեց երկրորդը, երրորդը։ Խուլ դղրդոց, ամբողջ քաղաքն էր կործանվում։

... Ինչ-որ տեղից դուրս պրծավ գիշերային քամին։

Աշխարհի վրա անդորր իջավ։

Այդ օրը երկրի վրայից սրբել էին Լոնդոնը։ Ավերել էին Պորտ-Սաիդը։ Սան-Ֆրանցիսկոյից դուրս էին քաշել բոլոր գամերը։ Գլազգոն ևս դադարել էր գոյություն ունենալուց։

Այդ քաղաքներն այլևս չկան։ Այդ քաղաքներն ընդմիշտ անհետացել են։

Քամին ցածրաձայն հարվածում է տախտակներին, և փոքրիկ պտուտակահողմի պես գալարվում է ավազը։

Ադամամութի մեջ սուզված ավերակները տանող ճանապարհին հայտնվեց մի ծերունի՝ գիշերապահը։ Նա քայլում է դեպի փշալարե բարձր պատնեշը, բացում դռնակն ու նայում։

Ահա լուսնի շողերով ողողված Ալեքսանդրիան, Մոսկվան, Նյու-Յորքը։ Ահա Յոհաննեսբուրգը, Դուբլինը, Ստոկհոլմը։ Եվ Կանզաս նահանգի Քլայրուոթեր քաղաքը, Պրովինսթաունը և Ռիո-դե-ժանեյրոն։

Մի քանի ժամ առաջ ծերունին ականատես էր, թե ինչպես տեղի ունեցավ այդ ամենը։ Տեսավ դեպի պարիսպը եկող ոռնացող մեքենան, տեսավ մեքենայում նստած ամրակազմ ու արևախանձ տղամարդկանց՝ սև, էլեգանտ կոստյումներով, փայլուն, ոսկեզօծ կոճակներով, ձեռքի ժամացույցի ոսկե հաստ ապարանջաններով, շլացնող մատանիներով. տղամարդիկ, որոնք ծխախոտները կպցնում էին ոսկերիչների պատրաստած վառիչներով...

— Ջենթլմեններ, տեսե՛ք, թե ի՜նչ օրի է հասել այս ամենը։ Այստեղ միշտ քամի ու մռայլ եղանակներ են։

— Այn՜-ո՜, միստր Դուգլաս, ձեռքից գնացել են, սը՛ր։

— Թերևս հաջողվի փրկել Փարիզը։

— Այո, սը՛ր։

— Մի րոպե... գրո՛ղը տանի։ Տես թե ինչպես է թրջվել անձրևից։ Սա էլ՝ Հոլլիվուդը։ Վերացրե՛ք։ Սրբեք մինչև վերջին քարը։ Այս տարածությունը մեզ պետք կգա դեռևս։ Այսօր ևեթ այստեղ ուղարկեք բանվորներին։

— Անպայման, սը՛ր... Միստը՜ր Դուգլաս...

Մեքենան վնգստալով հեռացավ։

Գիշեր է։ Ծերունի գիշերապահը մոտենում է դռնակին։

Նա հիշում է, թե ինչ կատարվեց հետո, երբ իրիկնադեմի անդորրը խախտեցին բանվորները։

Թակոց, աղմուկ, ճռինչ, անկումից առաջացող որոտ։ Փոշի և դղիրդ, դղիրդ և փոշի։

Ամբողջ աշխարհն էր քարուքանդ լինում և մասնատվում, չորս կողմ սփռելով երկաթե գամեր, դիմկալներ, որմնաքանդակներ, շրջանակներ, ցելուլոիդե պատուհաններ, քաղաք քաղաքի ետևից, քաղաք քաղաքի ետևից փլվում էր ու մարում։

Մեղմ թրթիռ... ծավալվող և ապա մարող որոտ... և դարձյալ միայն մեղմ զեփյուռ։

Գիշերապահը դանդաղ թափառում է ամայի փողոցներով։

Նա արդեն Բաղդադում է, ուր կան դերվիշների տարօրինակ հնոտիներ, նեղլիկ պատուհաններում չադրայով պատսպարված կանացի ժպիտ և շափյուղայի պես ջինջ աչքեր։

Քամին ավազ ու շաղաթղթիկներ է քշում ու տանում։

Կանայք ու դերվիշներն անէանում են։

Եվ նորից գերաններ ու ձողեր, ստվարաթուղթ, յուղաներկով կտավներ, ընկերության մարկայով դրոշմված բեմական կահկարասիք, իսկ շինությունների ճակատին՝ ոչինչ, միայն գիշեր, աստղեր ու տիեզերք։

Ծերունին գործիքների արկղից վերցնում է մուրճն ու մի բուռ երկար գամեր, հետո քչփորում է շինարարական աղբը, մինչև որ գտնում է մեկ տասնյակ հրաշալի, ամուր տախտակներ և մի քիչ էլ կտավ։ Կոշտուկածածկ մատներով վերցնում է երկաթյա փայլուն գամերը, փոքր գլխիկներով գամերը։

Եվ սկսում է գամել Լոնդոնը, գամում է ու գամում... Տախտակ տախտակի ետևից, պատ՝ պատի, պատուհանը՝ պատուհանի, թր՛խկ-թր՛խկ, բա՜րձր, բա՜րձր, երկաթը՝ երկաթին, երկաթը՝ փայտին, փայտը՝ փայտին, աշխատում է ժամերով, մինչև կեսգիշեր, առանց խոնջանքի, մեխում է, հարմարեցնում ու դարձյալ մեխում։

— Է՜յ,> դո՛ւք։

Ծերունին շունչ է առնում։

— Է՜յ, գիշերապա՛հ։

Խավարից դուրս է վազում մի անծանոթ։ Նա բանվորական հագուստով է. նա բղավում է.

— Է՜յ, դո՛ւք... ո՛նց ասեմ...

Ծերունին շրջվում է։

— Իմ ազգանունը Սմիթ է։

— Օ'քեյ, Սմիթ, այս ի՞նչ ապուր եք եփում։

Գիշերապահն անվրդով նայում է անծանոթին։

— Դուք ո՞վ եք։

— Քելլին, բրիգադիրը։

Ծերունին գլխով է անում։

— Ա՜, դուք նրանցից եք, ովքեր ամեն ինչ քարուքանդ են անում։ Այսօր դուք հասցրեցիք բավականին գործ անել։ Միայն թե հիմա տանը նստած պետք է գլուխներդ գովեիք։

Քելլին հազում է ու թքում։

— Ես ստուգում եմ այնտեղի մեխանիզմները, որտեղ Սինգապուրն է...— Նա սրբում է շրթունքները։— Իսկ դուք, Սմիթ, ինչո՞վ եք զբաղված այստեղ, գրողը տանի։ Հապա ցած դրեք մուրճը։ Ի՛նչ է, դուք քանդածը դարձյա՞լ գամում եք։ Մենք ավերում ենք, իսկ դուք նորից կառուցո՞ւմ։ Ի՛նչ է, ցնդե՞լ եք։

Ծերունին գլխով է անում։

— Երևի։ Կարծում եմ, մեկն էլ պետք է, որ քանդածը վերակառուցի։

— Լսե՛ք, Սմիթ։ Ես իմ գործն եմ անում, դուք՝ ձեր. իրար չենք խանգարում և բոլորս էլ կյանքից գոհ ենք։ Ես թույլ չեմ տա, որ դուք հիմար բաներով զբաղվեք, պա՞րզ է։ Զգուշացնում եմ, որ կզեկուցեմ միստր Դուգլասին։

Ծերունին շարունակում է հարվածել մուրճով։

— Զանգահարեցեք նրան։ Կանչեցեք այստեղ։ Ես կխոսեմ նրա հետ։ Այդ նա է ցնդել։

Քելլին քրքջում է։

— Ծաղրո՞ւմ եք, ի՛նչ է։ Դուգլասը պատահական մարդկանց հետ զրույցի չի բռնվի։— Նա ձեռքով արհամարհական մի շարժում է անում, հետո թեքվում և ուսումնասիրում է Սմիթի աշխատանքը։— Է՜յ, գրողի տարած։ Այս ի՞նչ գամեր են։ Փոքր գլխիկներո՜վ։ Վե՛րջ տվեք։ Ստիպված վաղը դարձյալ այս գամերը դուրս ենք քաշելու։

Սմիթը շրջվում և նայում է Քելլիին։

— Պարզ բան է, որ աշխարհը չես գամի մեծագլուխ գամերով։ Այդպիսի գամերը աքցանով կարելի է հեշտությամբ դուրս քաշել։ Այստեղ ուրիշ գամեր են պետք։ Փոքր գլխիկներով։ Եվ դրանք տախտակի մեջ պետք է մեխել վարպետորեն։ Ա՛յ, այսպես։

Նա ուժով հարվածում է գամին, որը ամբողջությամբ մխրճվում է փայտի մեջ։

Քելլին ձեռքերը կանթում է գոտկատեղին։

— Վերջին անգամ եմ զգուշացնում։ Սուսիկ-փուսիկ վերջ տվեք։

— Երիտասարդ,— ասում է գիշերապահը, մեխելով հաջորդ գամը, հետո լռում է մտախոհ nւ քիչ անց շարունակում.— Ես այստեղ եմ հաստատվել ձեր ծնվելուց շատ ավելի վաղ։ Ես եկել եմ, երբ այս կողմերում դեռ ոչինչ չկար և միայն համատարած մարգագետին էր։ Երբ փչում էր քամին, մարգագետնով վազում էին ալիքները... Ավելի քան երեսուն տարի ես ականատես եմ եղել, թե ինչպես են աճել այս ամենը, ինչպես է այստեղ մի հսկա աշխարհ ստեղծվել։ Եվ ապրել եմ դրանով։ Եվ երջանիկ եմ եղել։ Ինձ համար միայն սա է իսկական աշխարհը։ Պատնեշից այն կողմ գտնվող աշխարհը մի վայր է միայն, որտեղ ես քնում եմ։ Նեղլիկ փողոցի վրա գտնվող տանը ես մի փոքր սենյակ ունեմ, այնտեղ ես տեսնում եմ թերթերի վերնագրեր, կարդում եմ պատերազմի և օտար ու չար մարդկանց մասին։ Իսկ այստե՞ղ։ Այստեղ հավաքված են բոլոր երկրները, և ամեն բան խաղաղ է այստեղ։ Վաղուց եմ ես թափառում այս քաղաքներում։ Ուզենամ՝ գիշերվա ժամը մեկին մի կտոր բան կուտեմ Ելիսեյան դաշտի բարերից մեկում։ Ուզենամ՝ Մադրիդի ամառային սրճարաններից մեկում կխմեմ հրաշալի ամոնտիլյադո։ Կարող եմ այնտեղ, վերևում գտնվող քարե կուռքերի հետ,— տեսնո՞ւմ եք, նստած են Փարիզի Աստվածամոր տաճարի տանիքի տակ,— խոսք ու զրույց ունենալ պետական կարևոր գործերի մասին և ընդունել քաղաքական իմաստուն որոշումներ։

— Այո՛, այո՛, պապիկ, ճիշտ է։— Քելլին ձեռքով մի անհամբեր շարժում է անում։

— Եվ հանկարծ այստեղ հայտնվում եք դուք ու ավերում այս ամենը։ Թողնում եք միայն դրսի աշխարհը, որտեղ մարդիկ չեն պատկերացնում, թե ի՛նչ է նշանակում ապրել համերաշխ, չեն իմանում թեկուզ հարյուրերորդական մասը այն ամենի, ինչ սովորեցի այս աշխարհում։ Եկաք ու սկսեցիք քանդել ամեն բան... Ինչո՞վ եք պարծենում դուք և ձեր բրիգադը։ Նրանով, որ ավերո՞ւմ եք... Ավերում, հողին եք հավասարեցնում գյուղեր, քաղաքներ, հսկա երկրնե՞ր։

— Ես ընտանիք ունեմ,— ասում է Քելլին։— Եվ պարտավոր եմ կերակրել կնոջս ու երեխաներիս։

— Բոլորն էլ հենց այդ են ասում։ Ամեն մեկն էլ կին ու երեխաներ ունի։ Այդ պատճառով էլ կոտորում են, ոչնչացնում և սպանում։ Ասել կուզի՝ հրաման է։ Ասել կուզի՝ այդպես են հրամայել։ Իբր՝ ստիպված են։

— Բավակա՛ն է։ Տո՛ւր մուրճը։

— Չմոտենա՛ս։

— Ի՞նչ, պառավ շատախոս․․․

— Այս մուրճով կարելի է ոչ միայն գամել, այլև․․․— Մուրճը շաչելով ճեղքում է օդը, և բրիգադիր Քելլին մի կողմ է նետվում։

— Գրողի տարած,— ասում է Քելլին,— դուք գժվել եք, գժվել։ Ես կզանգեմ գլխավոր ստուդիա, որպեսզի ոստիկաններ ուղարկեն։ Սատանան գիտե, թե ինչ կլինի։ Հիմա գամեր եք մեխում և հիմարություններ դուրս տալիս, իսկ երկու րոպե հետո, ո՞վ գիտե, գուցե նավթը շաղ կտաք ու կվառեք։

— Այստեղ ես տաշեղի էլ ձեռք չեմ տա, դուք շատ լավ գիտեք,— առարկում է ծերունին։

— Դուք ընդունակ եք ամբողջ տեղամասը կրակի բաժին դարձնել,— պնդում է Քելլին։— Լսեք, թե ինչ եմ ասում, ծերուկ, կանգնեք այստեղ և ոչ մի տեղ չգնաք։

Քելլին շրջվում և վազում է ծառերի ու փլատակված քաղաքների միջով, վազում է գիշերային այս աշխարհի մեկ հարթության վրա նկարած գյուղերի միջով։ Նրա ոտնաձայները մարում են հեռվում, և լսելի է, թե ինչպես է քամին նվագում արծաթավուն փշալարերի վրա, իսկ ծերունին դեռ հարվածում և հարվածում է մուրճով, երկար տախտակներ է գտնում, որպեսզի պատեր կառուցի, կառուցի անդադար, քանի շունչ կա բերանում։ Սիրտը կատաղությամբ թռչկոտում է, թուլացած մատների արանքից ընկնում է մուրճը, գամերը թափվում են մայթի վրա, թափվում են զրնգոցով, մետաղադրամների պես, և ծերունին, հուսահատված խոսում է յուրովի։

— Իզուր է այս ամենը, շատ իզուր։ Ես ոչինչ չեմ հասցնի վերանորոգել։ Նրանք քիչ հետո կգան։ Ինձ օգնություն է անհրաժեշտ։ Եվ ես չգիտեմ, թե ինչպես վարվեմ։

Մուրճը թողնելով ճանապարհի վրա, ծերունին աննպատակ սկսում է թափառել։ Թվում է, թե նա այժմ մի ձգտում ունի միայն, վերջին անգամ շրջագայել այս աշխարհում, զննել ու հրաժեշտ տալ այն ամենին, ինչ կա և կար այս կողմերում։ Ստվերներով պարուրված, թափառում է նա. իսկ ժամանակն արդեն ուշ է, ստվերները՝ շատ։ Ստվերներն ամեն տեղ են, ամեն ձևի ու տեսակի, դրանք ստվերներն են շենքերի ու մարդկանց։ Ծերունին չի նայում ուղիղ նրանց վրա, ո՛չ, քանի որ եթե նայի՝ ստվերները կհալվեն, կանհետանան։ Ո՛չ. նա ուղղակի քայլում է, քայլում է Փիկադիլլիի երկայնքով... ոտնաձայների արձագանք... կամ Ռյու-դե-լա-Պեով է քայլում․․․ ծերունական հազ․․․ և կամ հինգերորդ ավենյուով․․․ ու չի նայում ո՛չ աջ, ո՛չ ձախ։ Ամեն տեղ էլ, լինի մութ շքամուտքերում, թե դատարկ պատուհաններում, նրա բազում բարեկամներն են, լավ բարեկամները, անչափ մտերիմ բարեկամները։ Ինչ-որ տեղից նրան են հասնում քրթմնջոցներ, քլթքլթոց, սրճամանի մեղմ ձայնն ու իտալական ողբալի մի երգ... Խավարում մատներ են թրթռում բալալայկաների բաց բերանների վրա, շրշում են արմավենիները, հնչում են ծնծղաները, զանգակները, փափուկ խոտի վրա են ընկնում հասուն խնձորները, բայց դրանք բնավ էլ խնձորներ չեն, դրանք կանացի բոբիկ ոտքերն են պարում ծնծղաների և ոսկեփայլ զանգակների մեղմ զրնգոցի տակ։ Հրաբխային սև քարերի միջև խշրտոցով կոտորակվում են եգիպտացորենի հատիկները, եռացրած յուղի մեջ սուզվելով, ֆշշում են կարկանդակները, շուրջը սփռելով հազարավոր փայլատակող լուսատտիկներ, ճայթում է ինչ-որ մեկի վառած փայտածուխը, դողդողում են փապայների տերևները... Եվ կրակի մի տարօրինակ վազք կա այնտեղ, ուր իսպանական գնչուների ջահերով լուսավորված դեմքերը լողում են օդում, լողում են կարծես հրդեհված ջրում, իսկ ձայները երգեր են երգում զարմանալի, տարօրինակ և թախծոտ կյանքի մասին։ Ամենուրեք ստվերներ են ու մարդիկ, ամենուրեք ստվերներ են ու մարդիկ, և երգ, և երաժշտություն։

Կամ գուցե այս ամենը, այս ամենը քամո՞ւ խաղերն են։

Ոչ, մարդիկ են, այստեղ մարդիկ են ապրում։ Նրանք բազում տարիներ արդեն ապրում են այստեղ։ Բայց վա՞ղը։

Ծերունին կանգնում է և ձեռքերը հպում կրծքին։

Վաղը նրանք այստեղ չեն ապրի այլևս։


Շչակի ոռնոց։

Փշալարերից այն կողմ, դռնակի մոտ թշնամին է։ Դարպասի մոտ կանգ էին առել ոստիկանական սև մեքենան և այստեղից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա գտնվող կինոստուդիայի հսկա, սև լիմուզինը։

Դարձյալ շչակի ոռնոց։

Ծերունին բռնում է շարժական սանդուղքի բազրիքն ու բարձրանում է վեր․ շչակի ձայնը նրան վեր, դեպի վեր է մղում։ Դռան փեղկերը բացվում են, թշնամին գրոհում է։

— Ահա նա։

Ոստիկանական մեքենայի կուրացուցիչ լուսարձակները լույսով են ողողում մարգագետնում փռված քաղաքները, լուսարձակները տեսնում են Մանհեթթենի, Չիկագոյի, Չուն-ցինի մեռյալ կուլիսները։ Լույսն ընկնում է Փարիզի Աստվածամոր տաճարի քարե հսկա մակետի վրա, որսում տաճարին դիմհարած սանդուղքով վեր բարձրացող կերպարանքը, որն ավելի ու ավելի վեր է մագլցում, մագլցում է դեպի աստղաթուխ առագաստը։

— Ահա նա, միստր Դուգլաս, վերևումն է։

— Տեր աստված, տես թե բանն ուր է հասել։ Երեկոն էլ չենք կարողանում հանգիստ անցկացնել։ Անպայման մի բան․․․

— Նա լուցկի վառեց։ Կանչեք հրշեջներին։

Տաճարի տանիքի տակ ծերունին, քամուց ափով պաշտպանելով փոքրիկ բոցը, նայում է ցած, տեսնում է ոստիկաններին, բանվորներին, սև կոստյումով թիկնեղ պրոդյուսյորին։ Սրանք էլ ծերունուն են նայում, իսկ նա ափերի մեջ դանդաղ շուռումուռ է տալիս լուցկին և մոտեցնում իր սիգարին։ Կպցնում է սիգարը, ներս քաշելով թանձր ծուխը։

Նա բղավում է.

— Ինչ է, միստր Դուգլասն արդեն եկա՞վ։

Մի ձայն պատասխանում է․

— Իմ կարիքն ինչո՞ւ եք զգացել։

Ծերունին ժպտում է։

— Բարձրացեք վեր, ինձ մոտ։ Միայն թե մենակ։ Եթե ուզում եք, զենք էլ վերցրեք։ Ես պետք է խելք-խելքի տամ ձեզ հետ։

Խուլ ձայները տարածվում են հսկա գերեզմանատան վրա։

— Չբարձրանաք, միստր Դուգլաս։

— Տվեք ձեր ատրճանակը։ Դե շուտ, ես չեմ կարող այստեղ երկար ժամանակ քարշ գալ, ինձ սպասում են։ Նրան պահեք նշանոցի տակ, ես չեմ ուզում կյանքս վտանգի ենթարկել։ Մեկ էլ տեսաք, բոլոր մակետները կրակի բաժին դարձրեց։ Այստեղ մոտ երկու միլիոնի միայն փայտանյութ կա։ Պատրա՞ստ է։ Ես գնացի։

Պրոդյուսյորը մագլցում է մութ սանդուղքով, անցնում գմբեթախեցու եզրով, քայլում դեպի ծերունին, որը գիպսե քիմեռին հենված, անվրդով ծխում է իր սիգարը։ Լյուկից դուրս գալով, պրոդյուսյորը ատրճանակը պատրաստ պահած կանգ է առնում։

— Օլլ ռայթ, Սմիթ, չշարժվե՛ք։

Սմիթն առանց աչքը թարթելու բերանից հանում է սիգարը։

— Դուք իզուր եք ինձնից վախենում։ Ես խելքս չեմ թռցրել։

— Այդ բանում ես համոզված չեմ։

— Միստր Դուգլաս,— ասում է գիշերապահը,— դուք երբևէ կարդացե՞լ եք այն մարդու մասին, որը հայտնվելով ապագայում, այնտեղ միայն խենթերի է տեսել։ Բայց քանի որ նրանք բոլորն էլ, մինչև վերջին մարդը, խենթ էին, ապա այդ բանը նրանցից ոչ ոք չգիտեր։ Բոլորը միատեսակ վարքով էին և բոլորն էլ իրենց բնականոն էին համարում։ Իսկ մեր հերոսը այդ միջավայրում միակ առողջ մարդը լինելով, սովորական նորմայից շեղված էր և մյուսների համար թվում էր ոչ բնականոն։ Այնպես որ, միստր Դուգլաս, խենթությունը հարաբերական հասկացողություն է։ Ամեն ինչ պայմանավորված է այն բանով, թե վանդակի մեջ ով ում է փակել։

Պրոդյուսյորը յուրովի հայհոյում է։

— Ես այստեղ եմ մագլցել ոչ թե այն բանի համար, որպեսզի ամբողջ գիշերը լեզու մաշենք իրար հետ։ Դուք ի՞նչ եք կամենում։

— Ես կամենում եմ խոսել Արարիչի հետ, ձեզ հետ միստր Դուգլաս։ Չէ՞ որ դուք եք այս ամենն ստեղծել։ Մի գեղեցիկ օր հայտնվեցիք այստեղ, կախարդական չեքագրքույկը շրխկացրիք ու գոչեցիք․ «Եվ թող լինի Փարիզ»։ Եվ հայտնվեց Փարիզը իր փողոցներով, ծաղիկներով, գինիով, գրավաճառներով․․․ հետո դարձյալ ծափ զարկեցիք. «Եվ թող լինի Կոստանդնուպոլիս»։ Խնդրեմ, ահա՛։ Դուք հազարավոր անգամներ ծափ զարկեցիք, և ամեն անգամ մի նոր բան էր ստեղծվում։ Այժմ դուք կարծում եք, թե բավական է ծափ զարկել ևս մեկ անգամ, վերջին անգամ, և ամեն ինչ ավերակների կվերածվի։ Ոչ, միստր Դուգլաս, դա այնքան էլ դյուրին բան չէ։

— Իմ ձեռքումն է գտնվում այս ստուդիայի արժեթղթերի հիսունմեկ տոկոսը։

— Ստո՜ւդիա... Իսկ դուք կապվա՞ծ եք արդյոք ստուդիայի հետ։ Երբևէ մտածե՞լ եք ուշ գիշերով այստեղ գալ, մտնել թեկուզ այս տաճարն ու դիտել, թե ինչպիսի հոյակապ աշխարհ եք ստեղծել։ Մտածե՞լ եք արդյոք, որ վատ չէր լինի, այստեղ, վերևում նստած, ինձ ու իմ բարեկամների հետ մի բաժակ ամոնտիլյադո խմեիք։ Թեկուզ և մեր ամոնտիլյադոն իր տեսքով, համով ու հոտով ավելի շատ սուրճի է հիշեցնում... Իսկ երևակայությո՞ւնը, միստր Արարիչ, երևակայությո՞ւնը ինչի է հիշեցնում։ Ո՛չ, դուք ոչ մի անգամ չեկաք այստեղ, չբարձրացաք այս տաճարը, չդիտեցիք, չլսեցիք, այդ ամենը ձեզ չէին հուզում։ Ձեզ անընդհատ ընդունելություններն էին սպասում և ինչ-որ երեկույթներ։ Եվ այժմ, երբ այսքան տարիներ են անցել, դուք կամենում եք առանց մեզ հարցնելու ամեն բան ոչնչացնել։ Թեկուզ ձեզ պատկանեն արժեթղթերի հիսունմեկ տոկոսը, բայց ձեզ չեն պատկանում նրանք։

— Նրա՞նք,— բացականչեց պրոդյուսյորը։— Այդ ովքե՞ր են «նրանք»։

— Դժվար է, շատ դժվար է բառեր գտնելը․․․ Նրանք մարդիկ են, որ այստեղ են ապրում։— Մի լայն շարժումով ծերունին ընդգրկում է գիշերային մթնոլորտում թանձրացող մեկ հարթության վրա նկարած քաղաքները։— Քանի-քանի ֆիլմեր են նկարել այստեղ։ Քանի-քանի անխոս դերասաններ խայտաբղետ հանդերձանքով քայլել են այս փողոցներով, խոսել են հազար-հազար լեզուներով, սիգարեթներ ծխել և կոճղակի ծխամորճեր, նույնիսկ ծխել են նարգիլե։ Պարուհիները պարում էին։ Պատշգամբներում կանգնած կանայք ժպտում էին իրենց շղարշների տակից։ Զինվnրները սալարկի վրա կնքում էին իրենց ծանր կuշիկները։ Խաղամ էին երեխաները։ Արծաթե զրահներով ասպետներն էին մարտնչում իրար հետ։ Չինական թեյարաններում թեյ էին խմում օտար առոգանությամբ խոսող մարդիկ։ Հնչում էր գոնգը։ Վարյագերի նավերն էին դուրս գալիս ծով։

Պրոդյուսյորը դուրս է գալիս լյուկից և նստում տախտակների վրա․ ատրճանակը սեղմած նրա մատները այլևս առաջվա պես լարված չեն։ Նա ծերուկին է նայում հետաքրքրասեր շան լակոտի պես նախ՝ մեկ, ապա՝ մյուս աչքով, լսում է նախ՝ մեկ, ապա՝ մյուս ականջով, վերջապես մտախոհ օրորում է գլուխը։

Գիշերապահը շարունակում է։

— Իսկ երբ անխոս դերասաններն ու կինոապարատներով, միկրոֆոններով և այլ գործիքներով զինված մարդիկ հեռացան, երբ փակեցին դարպասները և բոլորը նստեցին ավտոմեքենաներն ու մեկնեցին, այնուամենայնիվ, ինչ-որ բան մնաց այղ բազմացեղ մարդկանցից։ Մնաց այն, ինչ նրանք էին և կամ կամենում էին լինել։ Օտար լեզուներ և կոստյումներ, օտար կրոններ և երաժշտություն, մարդկային դրամաներ․ այս ամենը, լինեն դրանք փոքր կամ մեծ, մնացին։ Հեռաստաններ, բուրմունք, աղահամ քամի, օվկիանոս։ Եթե ուշադիր ականջ դնեք, այդ ամենը այստեղ են հիմա, այս երեկո։

Պրոդյուսյորն ու ծերունին, ձողանների և իշոտնուկների սարդոստայնով շրջապատված, ականջ են դնում։ Լուսինը շոյում է գիպսե քիմեռների աչքերը, և քամին է ստիպում նրանց շշնջալ հսկա երախներով, իսկ ցածից, այս աշխարհում տարածված հազարավոր երկրների ձայներն են լսվում, աշխարհի, որը հառաչում է, ճոճվում, քամուն տալիս փոշին, և որտեղ կան հազարավոր դեղին մինարեներ, կաթնաճերմակ աշտարակներ և կանաչ բուլվարներ, որոնք դեռևս կանդուն են, բայց շրջապատված հազարավոր ավերակներով, և ինչ-որ բան են փնթփնթում գիշերային խավարի մեջ։ Մրմնջում են պողպատե ճոպաններն ու շենքերի իրանները, թվում է, թե ինչ-որ մեկը պողպատից ու փայտից պատրաստած հսկայական մի տավիղ է նվագում, և քամին էլ այդ մրմունջը հասցնում է դեպի երկինք և դեպի այն երկու հոգին, որոնք իրարից հեռու կանգնել են ու լսում։

Պրոդյուսյորը քմծիծաղում և օրորում է գլուխը։

— Դուք լսեցիք,— ասում է գիշերապահը։ — ճիշտ է, չէ՞, որ լսեցիք։ Ձեր դեմքից էլ երևում է, որ լսել եք։

Դուգլասը ատրճանակը գրպանն է դնում։

— Բավական է ցանկություն ունենաս և ամեն բան կլսես։ Պետք չէր, որ ես ականջ դնեի։ Իսկ դուք իզուր գիրք չեք գրում։ Այդպիսի երևակայությամբ դուք հողին կհավասարեցնեիք իմ հինգ լավագույն սցենարիստներին։ Իսկ հիմ եկեք ցած իջնենք։

— Դուք խոսեցիք գրեթե քաղաքավարի,— պատասխանում է գիշերապահը։

— Որի համար ոչ մի առիթ չկար։ Դուք փչացրիք մի շատ հաճելի երեկո։

— Իսկապե՞ս։ Մի՞թե դուք այստեղ, իրոք, ձանձրացաք: Չեմ կարծում․ ավելի շուտ՝ գուցե հակառա՞կը։ Դուք նույնիսկ մի նոր բան ընկալեցիք այս աշխարհից։

Դուգլասը մեղմ ծիծաղում է։

— Իսկ դուք բնավ էլ վտանգավոր չեք։ Պարզապես ընկերոջ կարիք եք զգում։ Եվ պատճառը ձեր աշխատանքի բնույթն է։ Եվ մեկ էլ այն, որ այստեղ ամեն բան ուղարկում ենք գրողի ծոցը, ու թերևս, նաև՝ մենակությունը։ Ընդհանրապես դժվարությամբ եմ ձեզ հասկանում։

— Արդյոք չե՞ք կամենում ասել, որ ինձ հաջողվեց ստիպել ձեզ մտածելու,— հարցրեց ծերունին։

Դուգլասը բարեհոգաբար փռթկացրեց։

— Հոլլիվուդում որ ապրես, կվարժվես ամեն բանի։ Ես ուղղակի այստեղ բարձրանալու առիթ չէի ունեցել։ Տեսարանը հոյակապ է, այս հարցում դուք իրավացի եք։ Բայց թող ես տեղնուտեղը չորանամ, եթե հասկանում եմ, թե ինչո՞ւ եք այդպես տանջվում այս աղբերի համար։ Դուք ի՞նչ եք կորցրել այստեղ։

Գիշերապահը ծնկում է և մի ձեռքի ափեզրով հարվածում է մյուս ձեռքի ափին՝ կամենալով այդպես ընդգծել իր փաստարկումները։

— Լսեք։ Ես արդեն քիչ առաջ ասացի, որ դուք այս կողմերում հայտնվեցիք տարիներ առաջ, ծափ զարկեցիք, և մի ակնթարթում հայտնվեցին երեք հարյուր հսկա քաղաքներ։ Հետո դուք ավելացրիք բազմաքանակ երկրներ ու ժողովուրդներ, ժողովուրդներ ամենատարբեր դավանանքներով և քաղաքական հայացքներով։ Եվ սկսվեցին բարդությունները։ Դրանք նկատելն անհնարին էր։ Այն ամենը, ինչ տեղի էր ունենում, տեղի էր ունենում ունայնության մեջ, և դրանք ցրիվ էր տալիս քամին։ Այնուամենայնիվ բարդություններն այնպիսին էին, ինչպիսի բարդությունների արդեն վարժվել է պատնեշից այն կողմ գտնվող աշխարհը՝ վեճեր, ընդհարումներ, անտեսանելի պատերազմներ։ Եվ ի վերջո այստեղ թագավորելու եկավ անդորրը։ Կամենո՞ւմ եք իմանալ, թե ինչու։

— Եթե չկամենայի, չէի նստի այստեղ և ատամներս էլ ցրտից չէին կափկափի։

«Որտե՞ղ ես, գիշերային մեղեդի»,— մտովի կանչում է ծերունին և սահուն մի շարժումով թափահարում է ձեռքը, կարծես ինչ-որ մեկը նվագակցելիս լինի նրա պատմությանը...

— Քանի որ դուք միավորեցիք Բոստոնն ու Թրինիդադը,— ասում է նա ցածրաձայն,— այնպես արեցիք, որ Թրինիդադը հենվի Լիսաբոնին, իսկ Լիսաբոնն էլ իր հերթին մի կողով հարի Ալեքսանդրիային, Շանհայն ու Ալեքսանդրիան դիմկայեցիք մի նեցուկով, գամերով ու հենակներով իրար միացրիք Չատտանուգն ու Օշկոշը, Օսլոն և Սուիթուոթերը, Սուասսոնն ու Բեյրութը, Բոմբեյն ու Պորտ-Արթուրը։ Մարդը գնդակահարվում է Նյու-Յորքում, ճոճվում, մի քանի քայլ է անում և ընկնում Աթենքում։ Քաղաքագետները Չիկագոյում կաշառք են վերցնում, իսկ Լոնդոնում ինչ-որ մարդկանց բանտ են նստեցնում։ Ալաբամայում ծառից կախած նեգրին թաղում են հունգարները։ Լեհաստանում զոհված հրեաները Սիդնեյի, Պորթլենդի, Տոկիոյի փողոցներում են կուտակվում։ Դանակը Բեռլինում է ծակում մարդու որովայնը, իսկ զանակի ծայրը դուրս է գալիս ֆերմերի մեջքից Մեմֆիսում։ Ամեն ինչ իրար մոտ են, այնքա՜ն մոտ են իրար։ Մենք այստեղ այնքան սեղմված ենք ապրում, որ խաղաղությունը պարզապես անհրաժեշտ է, այլապես ամեն բան կկորչեր գրողի ծոցը։ Մի սովորական հրդեհ կոչնչացնի բոլորիս, անկախ այն բանից, թե ո՛վ և ինչո՛ւ է այդ հրդեհը ստեղծել։ Հենց դրա համար էլ բոլոր մարդիկ, կամ հարություն առած հիշողությունները, կամ ինչպես որ կամենաք անվանել նրանց, այստեղ հանդարտվել են, խաղաղվել։ Ահա թե ինչպիսի աշխարհ է սա։ Գեղեցիկ աշխարհ է, խաղաղ աշխարհ։

Ծերունին լռում է, լիզում չորացած շրթունքները, շունչ առնում։

— Իսկ դուք,— ասում է,— ուզում եք վաղն այս ամենը ոչնչացնել։

Մի քանի վայրկյան ծերունին լուռ կանգնում է, կռանում, հետո ուղղվում և նայում քաղաքներին, նայում քաղաքների հազար-հազարավոր ստվերներին։ Գիպսե հսկա տաճարը երերվում է քամուց, երերվում է առաջ ու ետ, առաջ ու ետ, կարծես ճոճվում է ամառային ալեբախությունից։

— Այ-յո՜-ո՜,— վերջապես ասում է Դուգլասը,— իսկ հիմա... իջնե՞նք այստեղից․․․

Սմիթը գլխով է անում։

— Սրտումս եղած-չեղածն արդեն ասացի։

Դուգլասն անհետանում է լյուկի մեջ։ Պահակը լսում է, թե ինչպես է նա իջնում սանդուղքներով և մութ անցումներով։ Մի փոքր սպասելուց հետո ծերունին ևս բռնում է սանդուղքի բազրիքը, ինչ-որ բան մրմնջում և սկսում է իր անհանգրվան ճանապարհը ստվերների աշխարհում։


Ոստիկանները, բանվորները, երկու-երեք ծառայողները մեկնում են։ Դարպասի մոտ մնում է միայն սև ու հսկա ավտոմեքենան։ Մարգագետնում փռված գիշերային քաղաքներում զրուցում են երկու հոգի։

— Դուք ի՞նչ եք պատրաստվում անելու,— հարցնում է Սմիթը։

— Երևի կգնամ երեկույթի,— ասում է պրոդյուսյորը։

— Ուրա՞խ կլինի այստեղ։

— Այո,— պրոդյուսյորը շփոթվում է,— իհարկե, ուրախ կլինի։— Նայում է պահակի աջ ձեքին։— Այդ ի՞նչ է... Մո՞ւրճը, որով աշխատում էիք։ Դուք վճռել եք շարունակե՞լ նույն ոգով։ Չե՞ք ուզում հանձնվել։

— Իսկ դուք կհանձնվեի՞ք, եթե լինեիք վերջին շինարարը այն ժամանակ, երբ շրջապատում բոլորը դառնային ավերողներ։

Դուգլասն ու ծերունին քայլում են փողոցներում։

— Ցտեսություն, Սմիթ, գուցե մենք դեռ կհանդիպենք։

— Ոչ,— պատասխանում է Սմիթը,— ես արդեն այստեղ չեմ լինի։ Այստեղ արդեն ոչինչ չի լինի։ Դուք շա՜տ, շատ ուշ կվերադառնաք։

Դուգլասը կանգ է առնում։

— Անե՛ծք։ Ձեր կարծիքով ես ի՞նչ պետք է անեմ։

— Թողեք այնպես, ինչպես որ կա։ Հանգիստ թողեք քաղաքները։ Սրանից էլ պարզ բա՞ն։

— Այդ մեկը չեմ կարող, գրողը տանի։ Բիզնես։ Ստիպված ենք այս ամենը մաքրել ու սրբել։

— Այն մարդը, որն իսկապես հասկանում է, թե ինչ բան է բիզնեսը և եթե մի փոքր էլ երևակայություն ունի, ապա այս մակետները շահավետ կերպով օգտագործելու համար միջոց կգտնի,— ասում է Սմիթը։

— Մեքենան սպասում է։ Ինչպե՞ս դուրս գամ այստեղից։

Պրոդյուսյորը շրջանցում է բեկորների կույտը, հետո քայլում է ուղիղ դեպի փլատակները, ոտքով ճամփից դուրս նետելով փայտի կտորները, հենվելով իշոտնուկներին և գիպսե ֆասադներին։ Վերևից փոշի է թափվում։

— Զգո՛ւյշ։

Պրոդյուսյորը սայթաքում է։ Փոշու ամպ, աղյուսների հեղեղ... Նա երերվում է, կորցնում հավասարակշռությունը․ ծերունին բռնում է նրան ու քարշ տալիս առաջ։

— Թռե՛ք։

Նրանք թռչում են։ Ետևում դդիրդով նստում է շենքի կեսը, վերածվում է փայտի և պատառոտված ստվարաթղթի բլրակի։ Դեպի վեր է խոյանում փոշեղեն հսկա մի ծաղիկ։

— Չվնասվեցի՞ք։

— Ոչ, շնորհակալություն։— Պրոդյուսյորը զննում է փլատակված շինությունը։ Փոշին աստիճանաբար նստում է։— Դուք փրկեցիք ինձ։

— Ի՜նչ եք ասում։ Աղյուսների մեծ մասը ստվարաթղթից են։ Վատթարագույն դեպքում մի քանի քերծվածք կստանայիք միայն։

— Միևնույն է, շնորհակալություն։ Իսկ այդ ի՞նչ շինություն էր, որ փլվեց։

— Նորմանդական աշտարակ, որն այստեղ էին դրել 1925-ին։ Չմոտենաք, դեռ ամբողջապես չի փլվել։

— Ես զգույշ կմոտենամ։— Պրոդյուսյորը անշտապ մոտենում է մակետին։— Տե՜ր աստված, ես մի մատով էլ կկարողանամ հիմնահատակ կործանել այս փտած շինությունը։— Նա հենվում է ձեռքով, շինությունը թեքվում է, դողում և ճռռում է։ Պրոդյուսյորը արագ նահանջում է։— Մի փոքր հրես՝ կփլվի։

— Բայց և այնպես, դուք այդ բանը չեք անի,— ասում է գիշերապահը։

— Չե՞մ անի։ Մեծ բան է կարծես․ ֆրանսիական մի տուն ավելի կամ պակաս այն դեպքում, երբ արդեն այսքան բան սրբել ենք։

Ծերունին բռնում է նրա ձեռքը։

— Գնանք մյուս կողմից դիտելու։

Նրանք շրջանցում են դեկորները։

—— Կարդացեք ցուցանակը,— ասում է Սմիթը։

Պրոդյուսյորը չրխկացնում է վառիչը, բարձրացնում է, որպեսզի լույս լինի, և կարդում է․

— Ֆյորսթ նեյշընըլ բենք, Մելլին Թաnւն։

Դադար։

— Իլլինոյս,— անշտապ եզրակացնում է նա։

Բարձր շինությունը լուսավորված է ժլատ աստղերի և լուսնի մեղմ լույսով։

— Մի կողմից,— Դուգլասի ձեռքերը պատկերում են նժարներ,— մի կողմից ֆրանսիական աշտարակն է։ Մյուս կողմից,— նա յոթ քայլ է անում դեպի ձախ, հետո՝ յոթ քայլ դեպի աջ և անդադար նայում,— մյուս կողմից՝ Ֆյորսթ նեյշընըլ բենքը։ Դրամատուն։ Աշտարակ։ Աշտարակ։ Դրամատուն։ Գրողը տանի։

— Եվ դուք կամենում եք կործանե՞լ ֆրանսիական այդ աշտարակը, միստր Դուգլաս,— ժպտալով հարցնում է Սմիթը։

— Սպասեցեք, սպասեցեք, մի՛ շտապեք,— ասում է Դուգլասը։

Նա հանկարծ սկսում է տեսնել իր առջև կանգնած շինությունները։ Դանդաղ շրջվում է, աչքերը նայում են վեր, ցած, ձախ, աջ, զննում են, ուսումնասիրում, նկատում, դարձյալ զննում։ Պրոդյուսյորը լուռ շարունակում է քայլել։ Երկուսով անցնում-գնում են մարգագետնի քաղաքներով, կոխոտում են խոտը, վայրի ծաղիկները, գնում են դեպի ավերակները, քայլում են ավերակներով, անցնում են ավերակների միջով, կտրում-անցնում են դեռևս ապրող բուլվարները, գյուղերը, քաղաքները։

Եվ խոսում են, խոսում են անդադար։ Դուգլասը հարցնում է, ծերունին՝ պատասխանում։ Դուգլասը դարձյալ հարցնում է, ծերունին՝ դարձյալ պատասխանում։

— Սա ի՞նչ է։

— Բուդդայական տաճար։

— Իսկ հակառակ կողմի՞ց։

— Հյուղակը, որտեղ ծնվել է Լինկհոլնը։

— Իսկ սա՞։

— Նյու-Յորքի սուրբ Պատրիկի եկեղեցին։

— Հակառակ կողմի՞ց։

— Ռոստովի ռուսական ուղղափառ եկեղեցին։

— Սա ինչ է։

— Հռենոսի ափին գտնվող ամրոցի դարպասը։

— Իսկ դարպասի ետևո՞ւմ։

— Կանզաս-սիթիի բարերից մեկը։

— Իսկ այստե՞ղ։ Իսկ այստե՞ղ։ Իսկ այ այնտե՞ղ։ Իսկ ա՞յս,— հարցնում է Դուգլասը։— Իսկ այս մե՞կը։ Մյո՞ւսը։ Այն մե՞կը։

Նրանք շտապում են, գրեթե վազում, իրար ձայն տալով, վազում քաղաքից քաղաք։ Նրանք և՛ այստեղ են, և՛ այնտեղ, և՛ ամեն տեղ, մտնում են, դուրս գալիս, մագլցում վեր, իջնում ցած, շոշափում են, ձեռք տալիս, բացում և փակում դռները։

— Իսկ սա՞, սա՞, սա՞, սա՞։

Պահակը պատմում է այն ամենը, ինչ հնարավոր է պատմել։

Նրանց ստվերները թռչում են առաջ նեղլիկ նրբանցքներով և ընդարձակ պողոտաներով, որոնք քարե և ավազե գետերի են նման։

Խոսելով, նրանք մի հսկա շրջան են գծում, ոտնատակ են տալիս ամբողջ տեղամասը ու վերադառնում այնտեղ, որտեղից սկսել էին իրենց շրջագայությունը։

Նրանք դարձյալ լռում են։ Ծերունին լուռ է, որովհետև ասել է այն ամենը, ինչ պետք էր ասել, պրոդյուսյորը լուռ է, քանի որ լսեց, տեսավ, խորհեց և կշռադատեց։ Նա ցրվածությամբ գրպանից հանում է ծխախոտատուփը։ Մի ամբողջ րոպե պետք եղավ, որպեսզի յուրովի մտածելով բացի այն և հյուրասիրի գիշերապահին։

— Շնորհակալություն։

Նրանք մտախոհ ծխում են։ Եվ նայում են, թե ինչպես է ծուխը հալվում երկնքում։

— Որտե՞ղ է ձեր այդ անիծյալ մուրճը,— ասում է Դուգլասը։

— Ահա,— պատասխանում է Սմիթը։

— Գամեր էլ ունե՞ք։

— Այո, սըր։

Դուգլասը ծուխն ագահությամբ ներս է քաշում և ապա արտաշնչում։

— Օ'քեյ, Սմիթ, շարունակեք աշխատել։

— Ի՞նչ։

— Դուք լսեցիք։ Վերանորոգեք, որքան կարողանաք, որքան հասցնեք։ Քանդածն էլ չես կառուցի։ Բայց երբ գտնեք կանգուն շինություններ, գամեք ամուր։ Փառք աստծո, որ դեռ մի բան մնացել է։ Այո, ես չկարողացա անմիջապես ըմբռնել։ Բիզնեսից գլուխ հանող և մի փոքր էլ երևակայություն ունեցող մարդը, ասացիք դուք․․․ Ահա թե որտեղ է անդորր աշխարհը, ասացիք դուք։ Ես այդ բանը պետք է տարիներ առաջ հասկացած լինեի։ Չէ որ սրանք այն ամենն են, ինչ անհրաժեշտ է, իսկ ես խլուրդի պես ոչ մի ելք չէի տեսնում, չէի տեսնում։ Այս ամայության մեջ ես ստեղծել եմ Համաշխարհային Դաշնակցություն և ուզում եմ ավերել այն։ Աստված է վկա, որ մեզ անհրաժեշտ են ավելի շատ խենթ գիշերապահներ։

— Ճիշտ է,— ասում է պահակը,— ես ծերացել ու սարսաղացել եմ։ Իսկ դուք չե՞ք ծիծաղում ծերուկ սարսաղի վրա։

— Եվ ավելին չեմ խոստանում, ինչ ի վիճակի եմ անելու,— պատասխանում է պրոդյուսյորը։ — Խոստանում եմ միայն փորձել։ Հավանականություն կա, որ գործը գլուխ կգա։ Հոյակապ շարժանկար կստացվի, պարզ բան է։ Ամբողջ շարժանկարը մենք կստեղծենք հենց այստեղ, մարգագետնում, կնկարենք թեկուզ տասը տարբերակ։ Ֆաբուլա որոնելու հարկ էլ չի լինի։ Դուք ինքներդ ստեղծել եք արդեն այդ ֆաբուլան։ Ֆաբուլան հենց դուք եք։ Մնում է գրասեղանի առջև մի քանի սցենարիստների նստեցնել։ Լավ սցենարիստների։ Թեկուզ և կարճամետրաժ շարժանկար ստացվի, երկու մասից, քսան րոպեանոց. դա էլ բավական է, որպեսզի կարողանանք ցույց տալ, թե այստեղ ինչպես են բոլոր երկրներն ու քաղաքները հենվում և նեցուկ լինում իրար։ Գաղափարը սրտովս է։ Ազնիվ խոսք, սրտովս է գաղափարը։ Այդպիսի շարժանկարը որտեղ ուզես՝ կցուցադրես։ Կցուցադրես ում ուզես։ Եվ բոլորն էլ կհավանեն։ Ոչ ոք անտարբեր չի լինի։ Քանի որ շարժանկարով մենք շա՜տ, շատ բան կասենք մարդկանց։

— Ուրախ եմ ձեզ լսելուս, երբ խոսում եք այդ մասին։

— Հուսով եմ, որ առաջիկայում էլ կխոսեմ նույն կերպ։ Բայց ինձ վստահել չի կարելի։ Ես ինքս էլ ինձ չեմ վստահում։ Գրողը տանի, չափից դուրս ենթարկվում եմ տրամադրությունների, այսօր մի բան կասեմ, վաղը՝ ուրիշ։ Գուցե հարկ կլինի, որ դուք հենց այս մուրճով մի զորավոր հարված հասցնեք գլխիս, որպեսզի հիշեմ այս ամենը։

— Հաճույքով,— ասում է Սմիթը։

— Իսկ եթե մենք իրոք սկսենք նկարահանումները,— շարունակում է պրոդյուսյորը,— ապա դուք պետք է օգնեք մեզ։ Ձեզնից լավ էլ ո՞վ գիտե այս մակետների մասին։ Մենք երախտապարտ կլինենք ձեր առաջարկների համար։ Իսկ նկարահանումներից հետո դուք այլևս չեք առարկի, եթե մենք սրբենք այս ամենը։

— Այն ժամանակ թույլ կտամ,— պատասխանում է ծերուկը։

— Ուրեմն պայմանավորվեցինք։ Ետ կկանչեմ բանվորներին, ու կտեսնենք, թե ի՛նչ կստացվի։ Վաղը ևեթ օպերատորներին այստեղ կուղարկեմ։ Գրո՛ղը տանի։ Գործը գլուխ կբերենք։— Դուգլասը շրջվում է դարպասի կողմը։— Իսկ հիմա գործի դրեք մուրճը, եթե ձեզ հաճույք է պատճառում այդ։ Ո՜ւ-ո՜ւ, ինչ ցուրտ է։

Նրանք շտապում են դեպի դարպասը։ Ճանապարհին ծերուկը գտնում է այն արկղը, որտեղ պահել էր իր ընթրիքը, նա հանում է թերմոսն nւ թափահարում։

— Գուցե ձեր գնալուց առաջ խմե՞նք միասին։

— Իսկ ի՞նչ ենք խմելու։ Այն ամոնտիլյադո՞ն, որով դուք այդպես պարծենում եք։

— 1876 թվականի։

— Փորձենք, փորձենք։

Թերմոսը բացում են, տաք հեղուկը հոսում է կափարիչի մեջ։

— Խնդրեմ,— ասում է ծերունին։

— Շնորհակալություն։ Ձեր կենացը։— Պրոդյուսյորը խմում է։— Լավն էր։ Գրողի տարածը շատ լավն էր։

— Գուցե ավելի շատ նման է սուրճի, բայց, երդվում եմ, սրանից լավ ամոնտիլյադո դեռ ոչ ոք չի խմել։

— Համաձայն եմ։

Նրանք կանգնած են լուսնի տակ, նրանք շրշապատված են ամբողջ աշխարհի քաղաքներով, նրանք խմում են տաք հեղուկը. և ծերունին հիշում է հանկարծ.

— Մի հինավուրց երգ կա, որը շատ են երգում խնջույքների ժամանակ, կարծեմ... Մենք բոլորս, որ ապրում ենք մարգագետնում, երգում ենք, երբ տրամադրություն ենք ունենում, երբ ես լսում եմ ամեն ինչ, և քամին էլ թնդում է որպես մեղեդի։ Լսեք.

Մեկ է մեր ճամփան դեպի տուն տանող.
Մենք էլ՝ միաբան։ Մենք էլ՝ միաբան...
Մեր ճամփան մեկ է, դեպի տուն տանող,
Եվ ինչո՞ւ տարբեր չինի մեր ճամփան,
Մենք պետք է հավերժ լինենք միաբան,
Ինչպես մի բաղեղ, պատ ու պատուհան։

Նրանք սուրճը խմում վերջացնում են Պորտ-օ-Պրենսում։

— Է՜յ,— հանկարծ ասում է պրոդյուսյորը։— Սիգարեթի հետ զգույշ եղիր։ Այլապես կհրդեհես ամբողջ աշխարհը։

Երկուսով նայում են սիգարեթին ու ժպտում։

— Ես զգույշ կլինեմ։— ասում է Սմիթը։

— Առայժմ,— ասում է պրոդյուսյորը։— Ես այսօր անհույս կերպով ուշացա երեկույթից։

— Առայժմ, միստր Դուգլաս։

Դռնակը բացվում է և փակվում. ոտնաձայները մարում են․ լուսնի տակ փայլող լիմուզինը հեռանում է, թողնելով մարդագետնի քաղաքները և ծերուկին, որ պարսպի մոտ կանգնած, ձեռքը թափահարելով հրաժեշտ է տալիս։

— Առա՛յժմ,— ասում է գիշերապահը։

Ու դարձյալ միայն քամի...