Ագռավը (Վիգեն Բաբայան)

Գրապահարան-ից
22:20, 23 Նոյեմբերի 2013 տարբերակ, Թափառաշրջիկ (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Ագռավը

հեղինակ՝ Էդգար Ալլան Պո
թարգմանիչ՝ Վիգեն Բաբայան
աղբյուր՝ «Գարուն» ամսագիր, 8, 1977, օգոստոս


Մի անգամ մութ կեսգիշերին խոկում էի խոնջ ու լռին
Խորախորհուրդ հատորների վրա մեռած մի գիտության,
Երբ մրափում էի հոգնած, մի թույլ հարված լսվեց հանկարծ,
Կարծես մեկն էր զգուշորեն բախում, բախում դուռն իմ տան.
«Մի այցելու է, ― հեծծեցի ես, ― որ բախում է դուռն իմ տան,
Լոկ այս, ուրիշ ոչ մի բան…»։
Ա՞հ, հիշում եմ հստակորեն, դեկտեմբերին էր սառնեղեն,
Մեռնող ամեն կոճղ հատակին գծագրում էր մի ուրվական։
Կաթոգին այգն էի տենչում, ի զուր էի իմ գրքերում
Լենորի մահն անվերջ լացող վշտիս փնտրել մի դարման,
Հրեշտակներից Լենոր կոչվող այն սուրբ կույսի, որ սակայն
Անանուն է հավիտյան։
Ու ծիրանի վիժակների դողն անորոշ ու տխրալի
Սարսում էր ինձ, լցնում հոգիս արհավիրքով ցնորական։
Խաղաղվելու համար սրտով ոտքի ելա ես կրկնելով.
«Մի այցելու է, որ իմ տան դուռն է թակում անպայման,
Ուշ մնացած մի այցելութակում է դուռն անպայման,
Այս է, ուրիշ ոչ մի բան»։

Գոտեպնդվեց սիրտըս տկար, չերկբայելով արդեն երկար`
«Պարո՛ն, ― ասի,― կամ էլ տիկի՛ն, խնդրեմ ներող եղեք միայն,
Բայց ես նիրհում էի հուշիկ, և դուք այնքան մեղմ բախեցիք
Եվ դուք այնքան մեղմ բախեցիք, բախեցիք մեղմ դուք այնքան,
Որ լոկ թվաց, թե լսեցի»։ Իսկույն դուռս բացի լայն`
Խավա՞ր, ուրիշ ոչ մի բան։
Ու խավարին աչքերս հառած` մնացի լուռ ու շվարած,
Անրջելով երազներ, որ չէր երազել ոչ ոք մինչ այն.
Լռությունն էր սակայն խորունկ, չկար շուրջըս ձև ու շշուկ.
Արտաբերվող միակ բառը «Լենոր» բառն էր, որ անձայն
Ես հեծծեցի։ «Լենո՞ր» կրկնեց արձագանքը անխափան…
Լոկ այս, ուրիշ ոչ մի բան։

Ետ դառնալով դեպի սենյակ, բոցերի մեջ հոգիս համակ`
Մի նախկինից ուժգին հարված լսեցի ես կրկին անգամ։
«Վստահորեն, վստահորեն ինչ֊որ բան է ճաղերիս դեմ,
Տեսնենք` ի՞նչ է, ― ասի ես ինձ,― պարզենք խորհուրդն այս դաժան։
Հո՞վն է, ուրիշ ոչ մի բան»։
Ու հրեցի փեղկերն ուժով, և աղմկոտ մի թռիչքով
Մի փառահեղ Ագռավ մտավ սուրբ օրերից վաղնջական։
Խոնարհություն չարեց բնավ, չվարանեց ու կանգ չառավ,
Բայց սենյակիս դռան վրա թառեց տեսքով տիրական,
Ճիշտ Պալլասի կիսարձանի վրա թառեց տիրական,
Թառե՞ց, ուրիշ ոչ մի բան։

Իմ խոհանքը ցրեց այնժամ այդ թռչունը եբենոսյան,
Իր կեցվածքը վայելչատես, կերպարանքը խիստ ու խոլոր։
«Թեև կատարդ է անփետուր, սակայն, գիտե՛մ, ստոր չես դու,
Գիշերային ափունքներից հեռու հածող ուղևո՛ր.
Դժոխային այդ ափերինի՞նչ է անունդ ազնավոր»։
Ագռավն ասաց`«նե՞վըրմոր»։

Ես զարմացա, որ այդ տխեղծ թռչունն իսկույն ինձ ընբռնեց,
Պատասխանն իր թեև մի քիչ անիմաստ էր ու անսովոր
Քանզի պետք է դուք հասկանաք, թե մարդկային ո՛չ մի էակ
Իր սենյակի դռան վրա դեռ չի տեսել թևավոր,
Անասուն կամ թռչուն, թառած կիսարձանի վրա, որ
Կոչվի այսպես` «նե՞վըրմոր»։

Բայց Ագռավը, հանգիստ նստած` այդ մեկ բառը միայն ասաց,
Կարծես թե նա իր ողջ հոգին ձուլած լիներ բառում այդ խոր։
Չարտասանեց էլ ո՛չ մի բան ու չշարժեց փետուր անգամ,
Մինչև ասի. «Արդեն թռան ընկերներն իմ բյուրավոր,
Վաղը նա էլ հույսերիս պես ինձ կթողնի մենավոր»։
Թռչունն ասաց` «նե՞վըրմոր»։

Ես, սարսափած իմաստալից բառով խզված լռությունից`
«Անշուշտ, ― ասի, ― այս բառն է լոկ որպես լեզու, ձիրք ու շնորհ
Ժառանգել նա մի ուսուցչից, որի բախտը անկարեկից
Հալածել է նրան, մինչև որ երգերն իր սգավոր,
Մինչև հույսի երգերն իր մութ ունեցել են տրտմաթոր
Այս հանգերգը` «նե՞վըրմոր»։

Բայց Ագռավը կրկին անգամ ցրեց թախիծն իմ հոգեկան։
Դռան առջև ու Պալլասի ես հրեցի մի թիկնաթոռ
Եվ թաղվելով թավշում նրա, սկսեցի հյուսել իրար
Երազներըս, միշտ խորհելով, թե ուրվային ու խոշոր
Այս թռչունը ի՞նչ է ուզում ասել այսպես ահավոր
Կոչելով` «նե՞վըրմոր»։

Այս բառն էր մեկնել փորձումսև թռչունի լուռ սևեռուն,
Որի աչքերը հրեղեն մրրկում էին հոգիս մոլոր,
Փորձում էի դեռ ավելին, խոնջ գլուխս լքած նրբին
Բարձերի մեջ, ուր կաթում էր լամպարի լույսը բոսոր,
Նուրբ բարձերի, որոնց վրա չի սահելու էլ աղվոր
Գլուխն իր, ա՞հ, նե՞վըրմոր։
Ու խտացավ օդը անտես մի բուրվառի բույրից կարծես,
Որ միջոցում սերովբեներ ճոճում էին կշռութավոր,
«Հրճվի՛ր, դժբա՛խտ, ― գոռացի ես,― քո աստվածն է ուղարկում քեզ
Այս դադարի մոռացոնքը սրտիդ համար վիրավոր։
Խմի՛ր, խմի՛ր ու հասկացի՛ր, թե չկա ո՛չ մի Լենոր»։
Ագռավն ասաց` «նե՞վըրմոր»։

«Դո՛ւ, մարգարե, դև կամ թռչուն, մարգարե կամ ոգի դժգույն,
Թե փորձիչն է ուղարկում քեզ կամ մրրիկն է փոխել մի օր
Այս ավերյալ, բայց աննվաճ հողի վրա կախարդըված,
Տունն այս վախով միշտ հաճախված` ասա՛, խնդրո՞ւմ եմ անզոր։
Կա՞, արդյոք, կա՞ մի բալասան։ Ասա՛, խնդրո՞ւմ եմ անզոր»։
Ագռավն ասաց`«նե՞վըրմոր»։
 «Դո՛ւ, մարգարե, դև կամ թռչուն, մարգարե կամ ոգի դժգույն,
Ի սեր անհուն այս երկնքի, իսեր տիրոջ մեր երկնավոր
Ասա՛, սրտին այս վշտագին, թե եդեմի մեջ նա կրկին
Պիտի գրկի՞ այն աղջկան, որի անունն է Լենոր,
Այն պայծառ ու սուրբ աղջկան, որի անունն է Լենոր»։
Ագռավն ասաց` «նե՞վըրմոր»։

«Թող հրաժե՛շտ տանք այդ բառով, ― գոռացի ես վեր ցատկելով,―
Վերադարձի՛ր մրրիկի մեջ ու գեհենի ափերը չոր.
Ո՛չ մի փետուր ինձ չթողնես քո կեղծիքի վկա որպես,
Թո՛ղ կիսանդրին դռանս վրա, առանձնությունըս` անդորր,
Հանի՛ր կտուցդ իմ սրտից, տա՛ր տեսիլըդ ահավոր»։
Ագռավն ասաց` «նե՞վըրմոր»։

Եվ Ագռավը միշտ աներեր նստած է դեռ, նստած է դեռ
Ճիշտ իմ դռան վրա դրված կիսարձանին` գիշեր ու զօր,
Եվ աչքերն իր երազամույն դևի աչքեր են սևեռուն,
Եվ հատակին լամպի լույսը նետում է շուքն իր խոժոռ,
Եվ իմ հոգին այդ սև շուքի շրջանակից մեղմօրոր
Չի՛ ելնելու նե՞վըրմոր…