Բաֆուտի քերծեները

Գրապահարան-ից
Բաֆուտի քերծեները

հեղինակ՝ Ջերալդ Դարրել
թարգմանիչ՝ Մ․ Վ․ Արիստակեսյան (ռուսերենից)
աղբյուր՝ «Բաֆուտի քերծեները»


Սրբագրման համար անհրաժեշտ ծրած նյութը՝ Ծրած տեքստերի հղումների պահոց֊ում։




ԲԱՖՈԻՏԻ ՔեՐԾեՆԵՐԸ

Ահա և մենք եկանք

Կրոս գետը, զգույշ գալարվելով, Կամերունի լեռներից իջնում է ցած, մինչև որ բերնեբերան լցվում է իր ամբողջ լայնքով, փայլփլում, շողշողում Մամֆեն շրջապատող անտառների վիթխարի թավուտում։ Լեռներում նա կարկաչում, փրփրում ու ջրվեժներով գահավիժում է ծերպերից, իսկ այստեղ՝ խաղաղվում ու հանդարտ հոսում է քարքարոտ հունով։ Նրա անշտապ ընթացքը ծանծաղուտի հոսանքին հակառակ բերում է ճերմակ ավազ և ողողում մերձափնյա ծառերի հողն այնպես, որ մերկացած արմատներն ասես ութուտնիկի խճճված, գալարուն շոշափուկներ լինեն։ Գետը վեհորեն ընթանում է առաջ, նրա պղտոր ջրերում վխտում են գետաձիերն ու կոկորդիլոսները, իսկ վերևում, տաք օդում, ճռվողելով ճախրում են կապտա֊նարնջագույն ու սպիտակ ծիծեռնակները։

Մամֆեի մոտ գետը փոքր֊ինչ արագացնում է իր վազքը և մխրճվում անտառածածկ ու քարքարոտ երկու մեծ ժայռերի մեջ։ Դրանց ստորոտները հղկել է ջուրը, իսկ վերևից պատառոտված ժանյակների նման կախվել են թփերը։ Դուրս գալով նեղ կիրճից, գետն արագ նետվում է դեպի ընդարձակ ու ձվաձև ավազանը։ Քիչ այն կողմ, նույնանման մի կիրճից այդ նույն ավազանն է լցվում ևս մի գետ, նրանց ջրերը հանդիպում և հյուսվում են փոքրիկ հոսանքների, հորձանուտների և ծփանքների ալեկոծվող կծիկի մեջ, որ հետո միասին շարունակեն իրենց ճամփան։ Իսկ գետի մեջտեղում մնում է նրանց միացման հետքը՝ ճերմակ ավազի փայլփլուն ու վիթխարի բլուրը՝ գետաձիերի ոտնահետքերով և թռչունների հետքերի ժանեկանման շղթայիկներով։ Այս ավազոտ կղզյակի մոտ անտառը վեր է ածվում մի ոչ մեծ հովտի, որը շրջապատում է Մամֆե գյուղը, և ահա հենց այստեղ էլ, անտառի բացատում, գետի հանգիստ ու պղտոր ջրերից վեր մենք որոշում ենք խփել մեր գլխավոր ճամբարը։

Երկու օր պահանջվեց ծառերը կտրելու և գետինը հավասարեցնելու համար, որպեսզի շինարարական հրապարակ պատրաստենք, և, վերջապես, երրորդ օրը մենք Սմիթի հետ միասին կանգնած էինք մարգագետնի ծայրին ու դիտում էինք, թե ինչպես երեսուն տեղացի բնակիչներ, քրտնած դեմքերով ու գոռգոռալով, քաշում էին վիթխարի վրանը․ թվում էր, թե փորփրած կարմիր կավի վրա ընկած է վիթխարի կետի շագանակագույն, կնճռոտ մսեղիքը։

Պարուսինե այս ծովը աստիճանաբար հավաքեցին, և այն ձգվեց դեպի վեր, փքվեց, նմանվելով հրեշավոր անձրևասւնկի։ Հետո սունկը հանկարծ տարածվեց երկայնքով ու լայնքով և դարձավ բավական պատկառելի չափերի մի վրան։ Երբ վերջապես պարզվեց, թե դա ինչ է, լսվեց զարմանքի ու հիացմունքի մի բացականչություն՝ այդ գոռում էին գյուղի բնակիչները, որոնք հավաքվել էին նայելու, թե մենք ինչպես ենք ճամբար խփելու։

Եվ այսպես, մեր գլխավերևում տանիք հայտնվեց, բայց ստիպված եղանք ևս մի ամբողջ շաբաթ չարչարվել, մինչև որ կարողացանք սկսել գազանների որսը։ Պետք է վանդակներ պատրաստեինք, ջրափոսեր փորեինք, հարցուփորձ անեինք մոտակա գյուղերի ավագներին և ասեինք նրանց, թե ինչ գազաններ են մեզ հարկավոր, հոգայինք սննդամթերքի մասին և դեռ էլի բազմաթիվ գործեր կատարեինք։ Վերջապես ճամբարում ամեն ինչ կարգավորվեց, և մենք որոշեցինք, որ կարելի է սկսել։ Դեռ սկզբում պայմանավորվել էինք, որ Սմիթը կմնա Մամֆեում և կհսկի գլխավոր ճամբարը, մանրակրկիտ հավաքելով այն ամենը, ինչ կհաջողվի գտնել մոտակա անտառում տեղական բնակիչների օգնությամբ, իսկ ես այդ ընթացքում կգնամ երկրի խորքը, լեռները, ուր անտառներն իրենց տեղը զիջում են խոտառատ թավ հարթավայրերին։ Տարօրինակ բուսականությամբ և ավելի զով կլիմայով այս լեռնային աշխարհում կարելի է գտնել բոլորովին այլ ֆաունա, քան շոգ անտառներում։

Ես չգիտեի, թե հարթավայրի որ մասն ընտրեմ, որտեղ կանգ առնեմ, և գնացի խորհրդակցելու տեղի պետի հետ։ Ես նրան բացատրեցի, թե ինչ է ինձ հարկավոր, նա սեղանի վրա փռեց լեռնային շրջանների քարտեզը, և մենք երկուսով կռացանք նրա վրա։ Հանկարծ նա մատը դրեց ինչ֊որ կետի և նայեց ինձ։

― Ի՞նչ կասեք Բաֆուտի մասին, ― հարցրեց նա։

― Իսկ դա հարմա՞ր տեղ է։ Ի՞նչ մարդիկ են այնտեղ։

― Բաֆուտում ձեզ պետք է հետաքրքրի միայն մի մարդ՝ Ֆոնը, ― ասաց պաշտոնյան, ― նրան գրավեք ձեր կողմը, և մարդիկ ձեզ համար կանեն այն ամենը, ինչ դուք ցանկանաք։

― Ֆո՞ն։ Ի՞նչ է, նա առաջնո՞րդ է։

― Նա այս երկրում Հռոմի կայսեր նման մի բան է, ― ասաց պաշտոնյան և քարտեզի վրա մատիտով մի մեծ շրջան գծեց։ ― Ֆոնի խոսքը օրենք է նրանց համար։ Այս Ֆոնը գերհաճելի ծերուկ խաբեբա է, և դեպի նրա սիրտը տանող ամենաճիշտ ճանապարհն այն է, որ դուք ապացուցեք, թե կարող եք խմել նրանից ոչ պակաս։ Նա մի հիանալի, մեծ առանձնատուն ունի, և դա կառուցել է հենց նրա համար, որ այնտեղ եվրոպացի հյուրեր հայտնվեն։ Գրեք նրան և, նա ձեզ թույլ կտա մնալ իր մոտ, և նույնիսկ հավանաբար, հենց ինքը ձեզ կհրավիրի։ Եվ հետո ընդհանրապես արժե Բաֆուտ մեկնել, եթե նույնիսկ այնտեղ չմնաք էլ։

― Է՜, ինչ կա որ, ես նրան երկտող կուղարկեմ, տեսնենք, թե նա ինչ կասի։

― Աշխատեք․․․ լավ թրջել ը՜․․․ ը՜․․․ ը՜․․․ ձեր երկտողը, ― ասաց պաշտոնյան։

― Հենց հիմա կգնամ խանութից մի շիշ խմիչք կվերցնեմ, ― հավաստիացրի ես։

Այդ նույն օրը սուրհանդակը, վերցնելով իմ նամակն ու մի շիշ գինի, մեկնեց լեռները։ Չորս օր հետո նա վերադարձավ Ֆոնի պատասխան֊նամակով․ այդ հետաքրքիր փաստաթուղթն ինձ արտակարգ ոգևորեց․

Բաֆուտի Ֆոնի ռեզիդենցիա
Բաֆուտ, Բեմենդա, մարտի 5
1949 թ․

Իմ թանկագին բարեկամ․

Մարտի 3֊ի քո նամակն ստացա, ի դեպ, հավելվածով, և գնահատեցի։

Այո՛, ես ընդունում եմ քո ժամանումը Բաֆուտ՝ երկու ամիս ժամանակով, ինչ վերաբերում է քո կենդանիներին, էլի շատ ուրախ կլինեմ քո տնօրինությանը հանձնելու իմ տերության տներից մեկը, եթե դու ինձ լավ վճարես։

Սրտանց՝ քո
Բաֆուտի Ֆոն

Ես իսկույն պատրաստվեցի Բաֆուտ մեկնելու։


Գլուխ առաջին

Դոդոշներն ու պարող կապիկները


Արևմտյան Աֆրիկայի բեռնատար մեքենաների մեծ մասի մասին երբեք չես ասի, թե գտնվում են երիտասարդության ու գեղեցկության ծաղկուն շրջանում, և ես իմ դառը փորձով սովորեցի նրանցից ոչ մի լավ բան չսպասել։ Եվ, այնուամենայնիվ, ժամանած բեռնատարը, որն ինձ պետք է տաներ լեռները, գերազանցեց իմ վատթարագույն սպասումները։ Թվում էր, թե նա ուր որ է պետք է փլվի։ Մեքենան կանգնած էր կիսափչած դողերի վրա, փնչացնում ու խռխռացնում էր հոգնածությունից ուժասպառված։ Իսկ ընդամենը բարձրացել էր փոքրիկ բլրի թեք լանջով դեպի մեր ճամբարը։ Ու ես տագնապով նրան վստահեցի իմ բեռն ու ինձ։ Վարորդը կենսուրախ մարդ էր և անմիջապես հայտնեց, թե ես պետք է իրեն օգնեմ չափազանց կարևոր երկու գործողություններում։ Առաջինը, երբ մենք կսկսենք իջնել սարնիվար, ես պետք է սեղմեմ ձեռքի արգելակիչը, որովհետև եթե այն չսեղմենք գրեթե մինչև խցիկի հատակը, ապա ընդհանրապես չի ենթարկվի։ Երկրորդ, ես պետք է աչքս չկտրեմ կցման ոտնակից, քանի որ այդ շատ քմահաճ մասը ամեն մի հարմար առիթով դուրս է թռչում կցորդիչից և մռնչում ծուղակն ընկած ընձառյուծի պես։ Միանգամայն պարզ է, որ բեռնատարի վարորդը նույնիսկ Արևմտյան Աֆրիկայում չի կարողանա մեքենա վարել, կռանալով սարքային վահանակի տակ և ծռմռվելով երեքտակ, այնպես որ, եթե ես ցանկանում եմ կենդանի մնալ այս ճամբորդությունից հետո, պետք է օգնեմ նրան ղեկավարելու քմահաճ մեխանիզմները։

Այսպես, ես շարունակ կռանում էի, սեղմում էի արգելակը և շնչում էի շիկացած ռետինի հեղձուցիչ հոտը, իսկ այդ ընթացքում մեր քաջ մեքենան ցնցվում էր լեռների ուղղությամբ, ժամում քսան մղոն մշտական արագությամբ։ Իսկ երբ ճանապարհը ցած էր իջնում, մեքենան հախուռն նետվում էր առաջ և արագությունը հասցնում էր գրեթե քսանհինգի։

Առաջին երեսուն մղոնը գյուղամիջյան կարմիր կավից ճանապարհը ոլորապտույտ անցնում էր անտառածածկ հարթավայրով, ճանապարհի երկու կողմում հոծ պատի նման կանգնած էին վիթխարի ծառեր․ նրանց ճյուղերը վերևում միահյուսվել էին, կազմելով տերևների մի կամար։ Թռչուն֊ռնգեղջյուրների երամները, թափահարելով թևերը, թռչում էին ճանապարհի վրայով և կռկռում, թվում էր, թե այդ ազդանշան էին տալիս ավտոմոբիլիզմի արշալույսի հինավուրց տաքսիների ուրվականները, իսկ ճամփեզրին, որ գեղատեսիլ լուսավորված էր խիտ տերևների կամարի միջից թափանցած արևի շողերով, տաքանում էին ագամները, լույսով ողողված՝ նրանք բոցկլտում էին հուզմունքից, ինչպես վերջալույսի ցոլքեր, և կատաղորեն գլխով էին անում։ Աստիճանաբար, գրեթե աննկատելիորեն՝ ճանապարհը գնում էր դեպի վեր, մեղմորեն ոլորվելով անտառապատ բլուրների կլոր լանջերով։ Բեռնատարի թափքում իմ օգնականները բարձրաձայն երգում էին․

Հավիտյան չեմ մոռանա իմ տունը․․․
Ե՞րբ եմ տեսնելու տունս հարազատ․
Ե՞րբ եմ տեսնելու մորս հարազատ,
Տո՜ւն, տո՜ւն, տո՜ւն եմ ուզում։

Վարորդը կամացուկ երգեց կրկներգը և աչքի տակով նայեց ինձ, թե՝ կարելի՞ է։ Ի զարմանս, ես էլ երգեցի, և այսպես բեռնատարն ընթանում էր առաջ, իր հետևից թողնելով կարմիր փոշու ամպ, թափքից լսվում էր համերաշխ ձայների խմբերգը, իսկ ես ու վարորդը ձայնակցում էինք, զարդարելով երգը զանազան տարբերակներով, ընդ որում նա դեռ հասցնում էր նվագակցել կլակսոնի ընդհատուն շչակներով։

Որքան ավելի էինք բարձրանում լեռները, այնքան ավելի էր նոսրանում անտառը, իսկ հետո մանրանտառն սկսեց փոխվել․ ճանպարհի երկու կողմից մռայլ դավադիրների պես կանգնած էին ծառակերպ ձարխոտերի թավ խմբերը՝ հաստ՝ գետնահակ, մազածածկ բներով։ Նրանց կատարները ցայտում էին նուրբ տերևների կանաչ շատրվաններ։ Ձարխոտերը նոր աշխարհի առաջին պահապաններն էին, որովհետև հանկարծ, ասես լեռները ուսերից գցեցին իրենց ծանր հագուստները, անտառն անհետացավ։ Մնաց ետևում, հովտում․ թավ կանաչ մորթին ալիքաձև գնում էր դեպի տապից առկայծող հեռուն, իսկ մեր առջևում վեհորեն վեր էին խոյանում լեռները, որոնք ծածկված էին քամուց օրորվող և արևից ոսկեզօծված բարձր խոտով։ Բեռնատարը բարձրանում էր ավելի ու ավելի վեր, շարժիչը շնչահեղձ էր լինում ու ցնցվում էր անսովոր ճիգերից։ Ես արդեն մտածում էի, որ մենք վերջին երկու հարյուր ոտնաչափը մեքենան հրելով պիտի բարձրացնենք վեր, բայց ի զարմանս բոլորի, նա ինքը դուրս եկավ այդ վիճակից․ մագլցեց լեռան գագաթը, և, հոգնածությունից դողալով, ռադիատորից ժայթքեց շոգու քուլաներ, ինչպես սատկող կետը՝ ջրի շատրվաններ։ Մենք սողացինք վեր ու կանգ առանք։ Վարորդն անջատեց շարժիչը։

― Մի քիչ սպասենք, շարժիչը շատ է տաքացել, ― բացատրեց նա, ցույց տալով բեռնատարի ռադիատորը, որն արդեն բոլորովին չէր երևում գոլորշու ամպերի մեջ։

Ես ուրախությամբ դուրս եկա շիկացած խցիկից և գնացի դեպի այն տեղը, ուր ճանապարհն իջնում էր դեպի հերթական հովիտը։

Այս դիտակետից երևում էր ամբողջ տեղանքը, որ մենք անցել էինք, և այն, ուր պետք է գնայինք։

Հեռվում էր մնացել վիթխարի կանաչ անտառը, այստեղից այն թվում էր հոծ ու խիտ, ինչպես ոչխարի բուրդը, միայն բլուրների կատարին անթափանց տերևների զանգվածի մեջ կարելի էր տեսնել լույսի շիթեր։ Երկնքի ֆոնի վրա ծառերը պատկերվում էին իբրև ընդհատուն ծոպեր։ Իսկ մեր առջև բացվում էր միանգամայն այլ աշխարհ, ուղղակի անհնարին էր հավատալ, որ այդ երկուսը՝ և՛ այս, և՛ այն, այդքա՜ն տարբեր, գոյություն ունեին կողք֊կողքի։ Եվ այդ հերթագայումը աստիճանաբար տեղի չէր ունենում․ ո՛չ, ետևում մնացել էր ծառ֊հսկաների անտառը, որ փայլում էր լաքապատ տերևների իր շքեղ թիկնոցներով, ինչպես կանաչ վիթխարի մարգարիտ, իսկ առջևում, ընդհուպ մինչև մշուշապատ երկնագույն հորիզոնը, շղթայակերպ բարձրանում էին սարերը, ձուլվելով իրար, նմանվելով վիթխարի, սառած ալիքների, նրանք կարծես դեմքները դարձրել էին դեպի արևը, իսկ լանջերը, ստորոտից մինչև կատար, ծածկված էին ոսկեկանաչ թավշյա խոտով, որ ծփում էր քմահաճ քամուց ու մերթ լուսավորում, մերթ մթնում, երբ քամին այն գալարում էր կամ հարթեցնում։ Ետևում անտառը ծաղկում էր վայրի ծիրանով, խոտի ամենավառ ու ամենաբազմազան երանգներով։ Իսկ առջևում՝ այս տարօրինակ լեռնային աշխարհի բոլոր գույները նուրբ էին ու մեղմ․ բաց դեղնավուն, ոսկեգույն և մուգ դեղնա֊շագանակագույնի բոլոր նրբերանգներով։ Բլուրների սահուն գալարներն ու ծալքերը, որ ծածկված էին նուրբ ու պաստելային երանգներ ունեցող խոտով, շատ էին հիշեցնում Անգլիայի բնությունը, նրա հարավային ցածրավայրերը, միայն ավելի մեծ մասշտաբներով։ Բայց արևն այստեղ փայլում էր առանց հոգնելու և անողոքաբար այրում էր՝ ոչ անգլիական ձևով։

Այստեղից սկսած ճանապարհը վեր էր ածվում ամերիկյան լեռների, մեքենան, արգելակները շխկշխկացնելով ու վնգվնգացնելով, շարունակ իջնում էր հարթավայր և նորից, փնչալով ու հազալով, բարձրանում էր զառիկող լանջերը։ Մի սարի գագաթին մենք նորից կանգ առանք, որ շարժիչը սառչի, ու այստեղից ես տեսա իմ դիմացի հովտում փռված գյուղը․ հեռվից, շրջապատող կանաչ ֆոնի վրա այն թվում էր սև սունկերի մի տձև կույտ։ Երբ շարժիչն անջատեցինք լռությունը պարուրեց մեզ, ինչպես փափուկ վերմակ։ Միայն լսվում էր, ինչպես է կամացուկ սվսվում խոտը, օրորվելով քամուց։ Իսկ գյուղից, որ ընկած էր հեռու ներքևում, մեզ էին հասնում շան հաչոցի ու աքաղաքի կանչի՝ հեռավորությամբ մեղմացած, բայց պարզորոշ ձայներ՝ ինչպես զանգակների ղողանջ։ Հեռադիտակով գյուղում ինչ֊որ իրարանցում տեսա․ խրճիթների շուրջը խռնվել էր մարդկանց բազմությունը, երբեմն փայլատակում էին մաչետի նմանվող դանակներն ու նիզակները, առկայծում էին վառ գույների սարոնգաները։ [1]

― Այդ ինչ իրարանցում է, ― հարցրի ես վարորդին։

Նա աչքերը կկոցելով նայեց և ուրախ ժպտալով շրջվեց դեպի ինձ։

― Դա շուկան է, սըր, ― բացատրեց նա և հարցրեց, հուսալով։ ― Մասսան ուզո՞ւմ է այնտեղ կանգ առնել։

― Իսկ դու կարծո՞ւմ ես, որ մենք այնտեղ որս կգտնենք։

― Այո՛, սըր։

― Իսկապե՞ս։

― Իսկապես, սըր։

Ես ձևացրի, թե զայրանում եմ։

― Դու ստում ես, անպիտան, ― ասացի ես, ― դու ուզում ես այնտեղ կանգ առնել, որ խմես։ Մի՞թե այդպես չէ։

― Այո՛, սըր, ― քմծիծաղեց վարորդը, ― միայն թե մասան էլ այնտեղ որս կգտնի։

― Դե լավ, կանգ կառնենք կարճ ժամանակով։

― Այո՛, սըր, ― ուրախ ասաց վարորդը և բեռնատարն ուղղեց սարի լանջն ի վար։

Ծղոտե սրագագաթ տանիքներով մեծ խրճիթները խնամքով շարվել էին դալար էվկալիպտների ստվերի տակ պատսպարված մի փոքրիկ հրապարակի շուրջը։ Հենց այստեղ էլ գտնվում էր շուկան, առևտրականներն իրենց ապրանքները փռել էին ուղղակի գետնին, սլացիկ ծառերի տակ, ամեն մեկը իր հողակտորի վրա, իսկ շուրջը խռնվել էին գյուղական բնակիչները, նրանք խցկվում էին առևտրականների միջև, համարձակ վիճում էին, շատախոսում ու թափահարում ձեռքերը։ Ի՜նչ ասես, որ չէին վաճառում այստեղ։ Ես ուղղակի զարմացած էի, ի՜նչ ասես որ չկար, ամեն տեսակ անհեթեթ ու անսպասելի բան։ Վաճառում էին կրակի վրա ապխտած և կարճ փայտիկների վրա շարած կապտաձկներ, այս ձուկը կենդանի ժամանակ էլ մի հաճելի տեսք չունի, իսկ չորացած, կնճռոտված, ծխից սևացած, ասես շամանի տիկնիկ լինի, որը, զզվելիորեն գալարվելով պարում է։ Այստեղ կային նաև կտորների վիթխարի հակեր, մեծ մասամբ վառ ու խայտաբղետ գույներով, դրանք բերում էին Անգլիայից ու խիստ համընկնում են աֆրիկացիների ճաշակին․ ավելի դուրեկան տեսք ունեին տեղական գործվածքները՝ ամուր, փափուկ և ոչ այնքան աղաղակող։ Այս վառ գույների մեջ աչքի էին զարնում բամբուկե զամբյուղների մեջ դրած ձվերի ու հավերի ամենաանհավանական զուգորդումները, կանաչ տաքդեղ, կաղամբ, կարտոֆիլ, շաքարեղեգն, արյունոտ մսի հսկայական կտորներ․ թոկերից կախված էին խնամքով քերթված մեծ եղեգնառնետներ, վաճառվում էին նաև կավե ապրանքներ, հյուսած զամբյուղներ և աթոռներ, ասեղներ, վառոդ, գարեջուր, թռչուններ որսալու թակարդներ, մանգոյի ու պապայիի պտուղներ, հոգնաներ, կիտրոններ, տեղական կոշկեղեն, ռաֆիի թելերից սքանչելի պայուսակներ, մեխեր, կայծքար, կարբիդ, լուծողական, սվիններ ու ընձառյուծի մորթիներ, պարուսինե կոշիկներ, ֆետրե փափուկ գլխարկներ, արմավենու գինի, հին թիթեղե նավթամաններով կոկոսի ու պիստակի յուղ։

Շուկայի այցելուները աչքի էին զարնում նույնպիսի բազմազանությամբ ու արտառոցությամբ, ինչպես վաճառքի հանված ապրանքները։ Այստեղ կարելի էր տեսնել խաուս ցեղի մարդկանց՝ կուրացուցիչ ճերմակ հագուստներով ու փոքրիկ սպիտակ գլխարկներով․ տեղական առաջնորդներին՝ բազմերանգ հագուստներով ու շքեղ ծոպավոր գլխարկներով, այստեղ էին նաև հեռավոր լեռնային բնակավայրերի կիսավայրենի բնակիչները․ նրանց վրա ոչինչ չկար, բացի կեղտոտ կաշվե ազդրակապերից, նրանց ատամները սրված էին, իսկ դեմքերը՝ վիտված։ Նրանց համար, իհարկե, այս գյուղը ամենաբազմամարդ մայրաքաղաքն է, իսկ շուկան հավանաբար, ամենաուրախ ժամանցը ամբողջ տարվա համար։ Նրանք կատաղի վիճում էին, թափահարում ձեռքերը, հրմշտում իրար․ նրանց սև աչքերը հիացմունքից փայլատակում էին այնպիսի բաների տեսքից, ինչպիսին յամսն է կամ եղեգնառնետը․ ավելի հաճախ նրանք հոծ խմբով կանգնում էին ու ագահ աչքերը գամում բազմագույն կտորների կույտերին․ գնել դրանք նույնիսկ հույս էլ չունեին և միայն երբեմն փոխում էին իրենց դիտակետները, այդ անհասանելի շքեղությունը ավելի լավ տեսնելու համար։

Իմ օգնականներն ու վարորդը թաղվեցին ամբոխի գունեղ հորձանուտում, ինչպես մրջյունները՝ պատոկայի բանկայի մեջ, և ես մնացի ինքս իմ կամքին։ Մի քիչ թափառեցի չորս կողմը, հետո որոշեցի լուսանկարել լեռնային գյուղերի բնակիչներին և հանեցի լուսանկարչական ապարատն ու սկսեցի ֆոկուսի բերել․․․ Ի՜նչ կատարվեց այնտեղ։ Զարհուրելի՜ դժոխք։ Առևտրականները իսկույն վայր գցեցին իրենց ապրանքները և վայրի գոռում գոչյունով նետվեցին մոտակա թաքստոցը։ Ես նույնիսկ շփոթվեցի․ չէ՞ որ աֆրիկացիները սովորաբար շատ են սիրում լուսանկարվել, և հարցրեցի կողքիս կանգնած խաուսին, թե ինչ պատահեց․ հաջորդեց շատ հետաքրքիր բացատրություն․ ինչպես երևում է, լեռնականներն արդեն գիտեն, որ եթե լուսանկարչական ապարատն ուղղված է մարդու վրա, հետո ստացվում է մարդու դիմանկարը։ Բայց նրանք հաստատ համոզված են, որ նկարի հետ լուսանկարին է փոխանցվում այն մարդու հոգու մի մասնիկը, ով նկարվել է, և եթե իրեն շատ լուսանկարեն, ապա լուսանկարիչը իր նկատմամբ ձեռք կբերի լիիրավ իշխանություն։ Կախարդանքի գերազանց օրինակ, միանգամայն ժամանակակից միջոցներով․ հնում դուք մարդու նկատմամբ իշխանություն էիք ձեռք բերում, եթե տիրանում էիք նրա մազերի փնջին կամ կտրված եղունգներին։ Մեր օրերում այդ նույն նպատակով, հավանաբար, միանգամայն պիտանի է լուսանկարը։ Եվ այնուամենայնիվ, թեև լեռնականները չցանկացան լուսանկարվել, ես հաջողեցի մի քանի նկարահանումներ անել շատ հասարակ եղանակով․ կանգնում էի նրանց կողքին և նայում ուրիշ կողմ ու շրխկացնում թևիս տակ դրած ապարատը։

Սակայն շուտով հայտնաբերեցի մի այնպիսի բան, որ լուսանկարչության ու կախարդանքի մասին բոլոր մտքերը անմիջապես դուրս թռան գլխիցս։ Հրապարակը շրջապատող փոքրիկ ու մութ վրաններից մեկում առկայծեց շիկա֊կարմրավուն ինչ֊որ բան․ ես շարժվեցի այնտեղ և տեսա մի գեղեցիկ կապիկ՝ վզին շատ երկար թոկ կապած․ նա պպզել էր փոշու մեջ և բարձր ու սուր ձայնով գոռում էր՝ «պրրո՜ւպ»։ Նրա բուրդը բաց դեղին էր, կրծքին՝ սպիտակ զոլ, իսկ դնչիկը՝ սգավոր֊սև։ Նրա «պրո՜ւպը» հնչում էր ոչ այն է թռչնի կանչի, ոչ այն է կատվի բարեկամական մլավոցի նման։ Մի քանի վայրկյան կապիկը շատ ուշադիր նայեց ինձ, հետո հանկարծ վեր ցատկեց ու սկսեց պարել։ Սկզբում նա ոտքի կանգնեց և սկսեց բարձր ցատկոտել, լայն տարածելով ձեռքերը, ասես պատրաստվում էր սեղմել ինձ կրծքին։ Հետո չորեքթաթ իջավ և սկսեց գնդակի նման մի կողմից մյուսը ցատկել, բարձր վեր֊վեր թռչելով օդի մեջ։ Հետզհետե նա ավելի ու ավելի էր ոգևորվում և թռչում էր ավելի բարձր։ Այնուհետև եղավ կարճ ընդմիջում, և ապա նոր պար։ Այժմ կապիկը կանգնել էր չորս ոտքի վրա, ուսերը և իրանի ամբողջ առջևի կեսը օրորում էր ճոճանակի պես, իսկ հետևի մասը մնում էր միանգամայն անշարժ։ Պարի հիմնական սխեման շատ պարզ էր, և այստեղ կապիկն ինձ ցույց տվեց, թե ինչի է ընդունակ կապկային ցեղի իսկական, փորձված պարուհին։ Նա պտտվում էր հոլի պես, այնպես էր թռչում ու սուրում, որ գլուխս սկսեց պտտվել։ Կապիկը ինձ դուր եկավ հենց առաջին հայացքից, իսկ դերվիշի այդ մոլեգին պարը միանգամայն ինձ գերեց և, իհարկե, ես ուղղակի չկարողացա չգնել պարուհուն։ Կրկնակի վճարեցի նրա տիրուհուն և հանդիսավորությամբ տարա կապկին։ Մի ինչ֊որ վրանից նրա համար բանաններ գնեցի, և նա այնքան զգացվեց իմ առատաձեռնությունից, որ անմիջապես վարձահատույց եղավ՝ թրջեց ամբողջ շապիկս։ Ես գտա իմ օգնականներին և վարորդին (նրանցից գարեջրի հոտ էր փչում), մենք տեղավորվեցինք մեքենայի մեջ և շարժվեցինք առաջ։ Կապիկը նստել էր ծնկներիս, բերանը բանան էր լցնում, խցիկի պատուհանից դիտում էր շրջակայքը և մեղմիկ վնգստում հուզմունքից ու բավականությունից։ Ի նշան նրա պարային տաղանդների, ես որոշեցի նրան կոչել «Պավլովա», և մենք նրան այդպես էլ անվանեցինք «Կարմիր կապիկ Պավլովա»։

Մեր ճանապարհորդությունը տևեց դարձյալ մի քանի ժամ, և վերջում հովիտը լցվեց մուգ մանուշակագույն ստվերներով, իսկ արևը անշտապ սուզվեց կարմրա֊կանաչավուն փետրավոր ամպիկների մեջ՝ արևմտյան լեռների ամենաբարձր գագաթների ետևում։

Մենք իսկույն հասկացանք, որ, վերջապես, հասել ենք նպատակին, որովհետև Բաֆուտի մոտ պարզապես ճանապարհը վերջանում էր։ Ձախից ձգվում էր հսկայական փոշոտ բակը, որ շրջապատված էր կարմիր աղյուսի բարձր պատով։ Պատի ետևում տեղավորված էին ծղոտե բարձր կտուրներով կլոր խրճիթներ, նրանք շարված էին մի ոչ շատ մեծ, մաքուր առանձնատան շուրջը։ Բայց այս բոլոր կառույցները թվում էին պստլիկ ու խղճուկ այն վիթխարի կառույցի համեմատությամբ, որ նման էր վայրի մեղուների փեթակի, միայն թե հազար անգամ մեծացրած։ Դա գմբեթանման, ծղոտե հաստ կտուրով, հնությունից սևացած ու առևղծվածային մի վիթխարի, կլոր խրճիթ էր։ Ճանապարհի մյուս կողմում շեշտակի վերելք էր սկսվում, վեր էր խոյանում լայն սանդուղքը՝ յոթանասուն աստիճանով, և տանում էր դեպի կոշիկի տուփ հիշեցնող երկհարկանի մի առանձնատուն, որի ամեն մի հարկը երիզված էր լայն պատշգամբով, և երկու պատշգամբներն առատորեն պատված էին բուգենվիլներով և այլ գալարաբույսերով։ Այսպես, ուրեմն, ահա թե ինչպիսին է այս մի քանի ամիսների իմ տունը։

Հազիվ էի դուրս եկել բեռնատարի խցիկից (ոտքերս ուռել էին), երբ ընդարձակ բակի հեռավոր կամարի տակ բացվեց մի դուռ, և մի մեծ թափոր ուղղվեց դեպի ինձ։ Դրանք տղամարդիկ էին, մեծ մասը՝ տարիքավոր, նրանց բազմագույն, ծածանվող հագուստները խշխշում էին քայլելիս․ յուրաքանչյուրի գլուխը ծածկված էր փոքրիկ, խայտաբղետ բրդից գործված գեղեցիկ կլոր գլխարկով։ Խմբի կենտրոնում քայլում էր բարձրահասակ ու բարեկազմ, աշխույժ, ծիծաղկոտ դեմքով մի մարդ։ Նա հագել էր սպիտակ, պարզ հագուստ և առանց որևէ զարդարանքի գլխարկ, ու, չնայած դրան, այնուամենայնիվ ես իսկույն հասկացա, որ այդ բազմերանգ ամբոխի մեջ նա ամենագլխավորն էր՝ այնքան վեհ էր նրա կեցվածքը։ Դա Ֆոնն էր, այսինքն՝ Բաֆուտի տիրակալը, այն վիթխարի մարգագետնային թագավորության, որը մենք անցանք այստեղ բերող ճանապարհին։ Ես գիտեի, որ նա հեքիաթային հարստություն ունի, իր թագավորությունը վարում է հմտորեն և խելացի, թեև փոքր֊ինչ բռնակալորեն։ Ֆոնը կանգ առավ իմ դիմաց, հյուրընկալ ժպտաց ու ինձ մեկնեց մեծ, բարակ ձեռքը․

― Բարի եք եկել, ― ասաց նա․

Հետագայում ես համոզվեցի, որ նա խոսում է կոտրատված անգլերենով ոչ պակաս, քան իր հպատակները։ Բայց, չգիտես ինչու, ամաչում էր, և մենք սկզբում խոսում էինք թարգմանչի միջոցով․ վերջինս կանգնել էր նրա կողքին, հարգալից խոնարհված, և թարգմանում էր իմ ողջյունի խոսքերը, ձեռքերով բերանը ծածկած։ Ֆոնը հարգալից լսում էր, քանի դեռ խոսում էի, իսկ թարգմանիչը թարգմանում էր, հետո մեծ ձեռքը տարածելով ցույց տվեց առանձնատունը, որ կանգնած էր ճանապարհի այն կողմում գտնվող բլրի գագաթին։

― Հիանալի է, ― ասաց նա և լայն ժպտաց։ Մենք նորից իրար ձեռք սեղմեցինք, նա իր խորհրդականների հետ բակի միջով ետ գնաց և անհետացավ կամարի տակի դռան ետևում, թողնելով, որ ես ինքս տնօրինեմ նրա առանձնատանը։

Երկու ժամ հետո, երբ ես արդեն լոգանք էի ընդունել ու նախաճաշել, ներկայացավ սուրհանդակն ու հայտնեց, որ Ֆոնը կցանկանար այցելել ինձ ու զրուցել, եթե իհարկե, ես արդեն հասցրել եմ ճանապարհից հետո հանգստանալ։ Ես պատասխանեցի, որ լիովին հանգստացել եմ, և երջանիկ կլինեմ ընդունել Ֆոնին, հետո ճամպրուկից հանեցի մի շիշ վիսկի և սկսեցի սպասել։ Շուտով նա եկավ փոքրիկ շքախմբի ուղեկցությամբ։ Մենք նստեցինք պատշգամբում, ուր արդեն վառվում էր լամպը, և սկսեցինք խոսել։

Ես նրա կենացը խմեցի ջուր խառնած վիսկիով, իսկ նա իմը՝ մաքուր վիսկիով։ Սկզբում՝ մենք խոսում էինք թարգմանչի միջոցով, բայց երբ վիսկիի մակարդակը շշի մեջ զգալիորեն իջավ, Ֆոնն սկսեց խոսել անգլերեն։ Երկու ժամից ավելի ես նրան մանրամասն պատմում էի, թե ինչու եմ այստեղ եկել, ցույց էի տալիս ինձ անհրաժեշտ գազանների մասին գրքեր ու լուսանկարներ, նկարում նրանց թղթի կտորների վրա և, երբ իմ ասածները չէին հասկացվում, փորձում էի հանել նրանց ձայները, իսկ Ֆոնի բաժակն այդ ընթացքում կրկին ու կրկին լցվում էր։ Ուղղակի սոսկալի էր։

Նա ասաց, որ պետք է հուսալ, թե ինձ կհաջողվի հայթայթել գրեթե բոլոր այն գազաններին, որ ես նրան ցույց տվեցի, և խոստացավ վաղն ևեթ ուղարկել հմուտ որսորդների։ Բայց, թերևս, ավելի լավ կլինի ինքը անձամբ հայտնի մարդկանց, թե ինչ է հարկավոր ինձ, ― շարունակեց Ֆոնը, ― և նրանք բոլորը կաշխատեն ինձ համար որս ձեռք բերել, իսկ այդ մասին հայտարարելու ամենահարմար առիթը կներկայանա տասը օր հետո։ Այդ ժամանակ ինչ֊որ արարողություն պետք է տեղի ունենա․ ինչպես հասկացա, նշանակված օրը նրա հպատակները լեռներում ու հովիտներում հավաքում են հսկայական քանակությամբ չոր խոտ և բերում են Բաֆուտ, որպեսզի Ֆոնը կարողանա ծածկել իր վիթխարի, խորհրդավոր կացարանի տանիքը և իր անհամար կանանց տների կտուրները։ Երբ խոտը բերեն, նա աշխարհով մեկ խնջույք կսարքի։ Տոնակատարությանը հազարավոր մարդիկ են գալիս չորս կողմից, և, ինչպես բացատրեց Ֆոնը, ավելի լավ առիթ չի լինի։ Նա ճառ կարտասանի և մարդկանց կբացատրի, թե ինչ եմ նրանցից ուզում։ Ես ուրախությամբ համաձայնվեցի, սրտանց ու բավականին պերճախոս շնորհակալություն հայտնեցի և նորից լցրի նրա դատարկ բաժակը։ Շիշը արագ դատարկվում էր, վերջապես նրա մեջ ոչ մի կաթիլ չմնաց, թեկուզ այն շուռ տայիր։ Այնժամ Ֆոնը վեհորեն վեր կացավ տեղից, զսպեց զկռտոցն ու ձեռքը մեկնեց ինձ։

― Ես գնացի, ― հայտարարեց նա և ձեռքը պարզեց իր փոքրիկ առանձնատան կողմը։

― Ափսո՜ս, ― հարգալից ասացի ես։ ― Ուզո՞ւմ ես, գամ ճանապարհեմ։

― Այո՛, բարեկամս, ― պայծառացավ նա։ ― Այո՛, հիանալի է։

Ես կանչեցի նրա շքախմբից մեկին, և նա վազելով սլացավ, ձեռքին բռնած «կայծակ» լապտերը։ Լուսավորելով լապտերով, նա գնում էր մեր առջևից, նախ պատշգամբով, իսկ հետո երկար սանդուղքով։

Ֆոնր շարունակում էր բռնել ձեռքս, իսկ մյուս ձեռքով ցույց էր տալիս պատշգամբը, սենյակները և լուսնի լույսով ողողված այգին հեռու ներքևում, ու, շատ գոհ, մռթմռթում ինքն իրեն․ «Հիանալի՜ է, հիանալի՜»։ Երբ մենք հասանք սանդուղքին, նա կանգ առավ, մի պահ մտահոգ նայեց ինձ, հետո երկար ձեռքը մեկնեց ցած։

― Յոթանասունհի՜նգ աստիճան, ― ասաց նա և պայծառացավ։

― Շատ լավ է, ― համաձայնվեցի ես և գլխով արի։

― Հիմա մենք դրանք կհաշվենք, ― առաջարկեց Ֆոնը, հիացած իր բռնած գործից, ― յոթանասունհի՜նգ, մենք դրանք կհաշվենք։

Նա բռնեց ուսերիցս և ամբողջ ծանրությամբ ընկավ վրաս․ մենք սկսեցինք իջնել, չդադարելով բարձրաձայն հաշվել աստիճանները։ Ֆոնը անգլերեն հաշվում էր միայն մինչև վեցը, մնացածը նա մոռացել էր․ կես ճանապարհին մենք սխալվեցինք, ինչ֊որ բան խառնեցինք, և երբ հասանք մինչև ներքևի աստիճանին, պարզվեց, որ նրա հաշվով երեք աստիճան պակաս էր։

― Յոթանասուներկո՞ւ, ― հարցրեց նա ինքն իրեն։ ― Ո՛չ, ո՛չ, յոթանասուհինգ։ Իսկ ո՞ւր են կորել մյուսները։

Եվ զայրույթով նայեց վախից չորացած իր շքախմբին, որն սպասում էր մեզ ներքևում, ճամփի վրա, ասես կասկածում էր, որ պակասող երեք աստիճանը պալատականները թաքցրել են իրենց հագուստի տակ։ Ես արագ առաջարկեցի նորից հաշվել։ Մենք նորից մագլցեցինք վեր, մինչև պատշգամբ, ամբողջ ուժով հաշվելով, հետո վերջնական ստուգման համար ներքև իջնելիս էլ հաշվեցինք։ Հաշվելով մինչև վեցը, Ֆոնն ամեն անգամ սկսում էր նորից, այնպես որ ես շուտով գլխի ընկա՝ եթե չեմ ցանկանում ամբողջ գիշեր այս սանդուղքով մագլցել վեր ու վար, փնտրելով պակասող աստիճանները, ապա պետք է ինչ֊որ բան ձեռնարկեմ։ Ուստի երբ մենք հասանք ամենավերին աստիճանին և նորից իջանք ցած, ես բարձրաձայն, հանդիսավոր հայտարարեցի՝ «Յոթանասունհի՜նգ», և ուրախ ժպտացի իմ ուղեկցին։

Սկզբում նա այնքան էլ հեշտությամբ չհամաձայնվեց իմ հաշվի հետ, քանի որ ինքը հասել էր միայն հինգին, և համոզված էր, որ մնացած յոթանասունի գոյությունը դեռ պետք է ապացուցել։ Սակայն ես նրան հավատացրի, որ պատանի հասակումս շատ պարգևներ եմ ստացել բանավոր հաշվելու համար և որ բոլորը հաշվված է ճիշտ։ Ֆոնն ինձ սեղմեց կրծքին, հետո բռնեց ձեռքս, ուժեղ սեղմեց և քրթմնջաց․ «Հիանալի՜ է, հիանալի՜, բարեկամս»։

Վերջապես նա վիթխարի բակի միջով շարժվեց դեպի իր ռեզիդենցիան, իսկ ես քայլեցի (յոթանասունհինգ աստիճաններով) դեպի վեր, դեպի իմ մահճակալը։

Հետևյալ ամբողջ օրը հաղթահարելով սոսկալի գլխացավը (Ֆոնի հետ խմելու երեկվա արդյունքը), ես խնամքով մեխում էի վանդակները, հուսալով, որ հիմա ուր որ է ինձ «որս» կբերեն։ Կեսօրին ինձ մոտ եկան բարձրահասակ, վստահելի տեսքով չորս երիտասարդներ, որոնք հագել էին տոնական վառ սարոնգաներ և ձեռքներին ունեին կայծքարի հրացաններ։ Այդ սարսափազդու զենքն աներևակայելիորեն հինավուրց էր, կոթերը ժանգից քայքայվել էին, և դրանց տեսքն այնպիսին էր, ասես յուրաքանչյուր հրացանը հիվանդացել էր ծանր տեսակի ծաղկով։ Ես երիտասարդներին խնդրեցի սարսափելի զենքը դուրս տանել դարպասից և դնել այնտեղ, հետո նոր միայն թույլատրեցի բարձրանալ ինձ մոտ։ Դրանք էլ հենց այն որսորդներն էին, որոնց ուղարկել էր Ֆոնը․ կես ժամում ես նրանց ցույց տվի գազանների լուսանկարները և բացատրեցի, թե որ գազանի համար որքան պետք է վճարեմ։ Հետո նրանց հրամայեցի գնալ որսի, իսկ երեկոյան բերել այստեղ, ինձ մոտ այն բոլորը, ինչ նրանք կորսան։ Եթե նրանք ոչինչ չորսան, թող գան մյուս առավոտյան։ Ես նրանց սիգարեթներ բաժանեցի, և նրանք ճամփա ընկան, ինչ֊որ բանի մասին աշխույժ զրուցելով և հրացանները թխկացնելով չորս կողմը։

Հենց այդ երեկո չորսից մեկը վերադարձավ փոքրիկ զամբյուղով։ Նա պպզեց, խեղճ֊խեղճ նայեց ինձ ու սկսեց բացատրել, որ իր ու իր ընկերների որսը այնքան էլ հաջող չանցավ։ Նրանք հեռու էին գնացել, ասաց նա, բայց իմ ցույց տված գազաններից և ոչ մեկին չեն գտել։ Սակայն ինչ֊որ բան, այնուամենայնիվ, նրանք բերել են։

Այստեղ նա առաջ թեքվեց և զամբյուղը դրեց ոտքերիս մոտ։

― Չգիտեմ, մասան այսպես որս ուզի՞, ― հարցրեց նա։

Ես բարձրացրի կափարիչը ու նայեցի զամբյուղի մեջ։ Ես կարծում էի, որ կտեսնեմ սկյուռ կամ էլ, թերևս, առնետ, բայց այնտեղ նստած էին մի զույգ մեծ, հիանալի դոդոշներ։

― Մասա դո՞ւր գա այսպես որս, ― հարցրեց որսորդը, տագնապով նայելով դեմքիս։

― Այո՛, շատ դուր կգա, ― ասացի ես, և նա ողողվեց ժպիտով։

Ես նրան վճարեցի ինչ պետք էր, սիգարեթներ տվեցի, ու նա մեկնեց յուրայինների մոտ, խոստանալով առավոտյան վերադառնալ ընկերների հետ։ Երբ նա գնաց, ես վերջապես կարողացա զբաղվել դոդոշներով։ Ամեն մեկը մի ափսեի մեծություն ուներ, աչքերը հսկայական, փայլուն, իսկ կարճ ու հաստ թաթերը թվում էր, թե առանց դժվարության չէին կրում ծանր մարմինը։ Նրանց գույնը ուղղակի ապշեցուցիչ էր։ Մեջքը մուգ մարմնագույն էր, ծածկված ոլորուն սև գծերով, գլխի երկու կողմերն ու մարմինը մուգ կարմիր էր, ոչ այն է գինու, ոչ այն է կարմրածառի գույնի, իսկ փորը՝ վառ դեղին, հրանունկի գույն ուներ։

Պետք է ասել, որ դոդոշներն ինձ միշտ էլ դուր են եկել, քանի որ ես համոզվել եմ, որ նրանք հանգիստ, բարի արարածներ են և ինչ֊որ հմայք ունեն․ նրանք անհավասարակշռված չեն, և ոչ էլ այնքան հիմար ու անշնորհք, ինչպես գորտերը, նրանց մաշկը արտաքինից այնքան էլ թաց չէ, և նրանք չեն նստում բերանները բաց։ Բայց մինչև այս երկուսին հանդիպելը ես ենթադրում էի, որ թեև դոդոշներն իրենց գույնով և ընդհանրապես արտաքին տեսքով իրարից շատ տարբեր են, բայց նրանց բոլորի վարքուբարքը մոտավորապես նույնն է, եթե մեկին իմանաս, կարող ես ասել, թե բոլորին էլ գիտես։ Սակայն, ինչպես ես շատ շուտով իմացա, այս երկու երկկենցաղների բնավորությունն այնքան յորօրինակ էր, որ նրանք գրեթե ետ չէին մնում կաթնասուններից։

Այս արարածները կոչվում են չոր տերևանման դոդոշներ, որովհետև նրանց անսովոր բաց֊դեղնավուն մեջքերը (մուգ խավերով) գույնով ու նախշերով շատ են հիշեցնում չոր տերևը։ Եթե այսպիսի դոդոշը անշարժ գետնին կպչի աշնանային անտառում, ապա նրան երբեք չես տարբերի չոր տերևներից։ Այստեղից էլ ծագում է նրանց անգլիական անունը։ Իսկ գիտական անունը՝ հոնքավոր դոդոշ է, լատիներեն դրանք ավելի հաջող անուն ունեն ― Bufo supercillaris,[2] որովհետև այդպիսի դոդոշն առաջին հայացքից թվում է անսովոր գոռոզ։ Մեծ աչքերի վերևի մաշկն ասես վեր ցցված ու հավաքված է սուր անկյուններով։ Եվ դրանից այն տպավորությունն է ստացվում, թե դոդոշը բարձրացրել է հոնքերն ու աշխարհին նայում է բարձրից, թունոտ սարկազմով։ Լայն ձգված բերանը դոդոշին տալիս է արիստոկրատական ամբարտավանություն․ բերանի անկյունները թեթևակի ցած են կախված, ասես ծիծաղում է․ այսպիսի արտահայտություն ես տեսել եմ աշխարհում էլի մի կենդանու՝ ուղտի մոտ։ Ավելացրեք դրան նաև անշտապ, օրորվող քայլվածքը և ամեն մի երկու֊երեք քայլից հետո նստելու և արհամարհական կարեկցանքով ձեզ նայելու սովորությունը, և դուք կհասկանաք, որ ձեր առջև կանգնած է աշխարհի ամենագոռոզ արարածը։

Իմ երկու չորտերևիկները կողք֊կողքի նստել էին զամբյուղի մեջ, թարմ խոտի վրա, ու ինձ էին նայում ոչնչացնող արհամարհանքով։ Ես թեքեցի զամբյուղը, և նրանք ճոճվելով, իջան հատակին, մի այնպիսի արժանապատվությամբ ու վրդովմունքով, որ ասես երկու լորդմերներ լինեին, որոնց փակել էին հասարակական զուգարանում։ Նրանք մի քանի քայլ հեռացան զամբյուղից և նստեցին, հազիվ շունչ քաշելով․ ըստ երևույթին, ուժասպառ էին եղել։ Տասը րոպե դոդոշները համառորեն նայում էին ինձ և վայրկյան առ վայրկյան ակնհայտորեն ավելի ու ավելի ուժեղ էին արհամարհում։ Հետո մեկը շարժվեց մի կողմ և տեղավորվեց սեղանի ոտքի մոտ, երևի, այն ընդունելով ծառաբնի տեղ։ Երկրորդը շարունակեց դիտել ինձ և հասուն խորհրդածությամբ իմ մասին մի այնպիսի կարծիք կազմեց, որ սիրտը խառնեց, և հատակին հայտնվեցին կիսամարսած մորեխի ու երկու թիթեռի մնացորդները։ Հետո դոդոշն ինձ վրա նետեց հանդիմանական ու տառապալից հայացք և, օրորվելով, գնաց սեղանի ոտքի մոտ, ուր նստած էր ընկերուհին։

Նրանց հարմար վանդակեր ես չգտա, և չորտերևիկները առաջին մի քանի օրն անցկացրին իմ ննջարանում փակված․ այնտեղ նրանք դանդաղ ու մտածկոտ թափառում էին հատակին կամ նստում խոր մտքերի մեջ թաղված, մահճակալի տակ․ մի խոսքով․ անասելիորեն զվարճացնում էին ինձ իրենց վարքուբարքով։ Մեր ծանոթությունից անցել էր ընդամենը մի քանի ժամ, իսկ ես արդեն համոզվել էի, որ խորապես անարդարացի էի իմ հաստլիկ տնվորների նկատմամբ։ Նրանք ամենևին էլ այդքան ինքնահավան ու ամբարտավան չէին, ինչպես ձևանում էին։ Իրականում դրանք խղճուկ ու ամաչկոտ արարածներ էին, հեշտությամբ շփոթվում էին ու պարզապես զուրկ էին ինքնավստահությունից․ ես նույնիսկ կասկածում եմ, որ նրանք տառապում էին անլիարժեքության խորը, անուղղելի կոմպլեքսով, և նրանց անտանելի հպարտ տեսքը՝ սոսկ մի փորձ է աշխարհից թաքցնելու համար խղճուկ իրողությունը։ Նրանք ամենևին էլ ինքնավստահ չեն։ Դա միանգամայն պատահմամբ հայտնաբերեցի իմ ննջարանում նրանց գտնվելու առաջին իսկ երեկոն։ Ես նկարագրում էի նրանց գույնը, իսկ դոդոշները նստել էին իմ ոտքերի մոտ, ու նրանց տեսքն այնպիսին էր, ասես խորհում էին, թե ինչպես պիտի իրենց կենսագրությունը գրեն Լորդերի Գրքում։ Ինձ անհրաժեշտ էր ուշադիր զննել նրանց մարմնի ստորին մասը, ուստի ես կռացա և մեկին բարձրացրի երկու մատով, բռնելով նրա առջևի երկու թաթերի տակից այնպես, որ նա ճոճվեց օդում, և այդ ժամանակ շատ ողորմելի տեսք ուներ․ այդ դիրքով ուղղակի անհնարին է պահպանել արժանապատվությունը։ Նման վերաբերմունքից ցնցված, դոդոշը բարձր, զայրացած ճղավեց և աքացի տվեց օդում ետևի հաստ թաթերով, բայց ինչպե՜ս կարող էր ինձնից պոկվել։ Եվ նա ստիպված էր ճոճվել օդում, քանի դեռ ես չէի վերջացրել զննումս։ Իսկ երբ, վերջապես, նրան դրի իր նախկին տեղը, ընկերուհու կողքին, դա արդեն բոլորովին ուրիշ դոդոշ էր։ Նրա մոտ չէին մնացել նախկին արիստոկրատական մեծամտության նույնիսկ հետքերը, հատակին նստել էր ընկճված, հնազանդ երկկենցաղը։ Դոդոշն ամբողջովին կուչ էր եկել, խոշոր աչքերը տագնապով թարթում էր, ամբողջ էությունը տխրություն ու երկչոտություն էր արտահայտում։ Թվում էր, թե հիմա պիտի լաց լինի։

Այդ վերափոխումը տեղի ունեցավ այնքան հանկարծակի ու անվերադարձ, որ կարելի էր միայն զարմանալ, և որքան էլ դա ծիծաղելի է, ես շատ վշտացա․ ախր, ես էի նրան այդպես ստորացրել։ Որպեսզի թեկուզ ինչ֊որ ձևով պատահածը հարթեմ, ես բարձրացրի երկրորդ դոդոշին, նրան էլ թույլ տվեցի օդում ճոճվել, և սա էլ կորցրեց իր ինքնավստահությունը․ հազիվ էի նրան իջեցրել գետնին, որ նա էլ դարձավ երկչոտ ու ամաչկոտ։ Այսպես նրանք նստել էին ստորացած, դժբախտ և այնքան ծիծաղելի տեսք ունեին, որ ես անտակտորեն ծիծաղեցի։ Նրանց զգայուն հոգիները դրան արդեն չդիմացան․ երկուսն էլ արագ հեռացան ինձանից, թաքնվեցին սեղանի տակ և նստեցին այնտեղ մի կես ժամ։ Հիմա ես գտել էի նրանց գաղտնիքը և կարող էի նրանց խեղճացնել, երբ որ ուզենայի։ Բավական էր մատով թեթևակի թխկացնել նրանց քթին, և նրանք իսկույն մեղավորի պես չորանում էին տեղում, քիչ էր մնում, որ կարմրեին շփոթվելուց և ինձ էին նայում աղերսագին աչքերով։

Ես իմ չորտերևիկների համար պատրաստեցի մի մեծ ու հարմար վանդակ, և նրանք հիանալի տեղավորվեցին այնտեղ․ հոգալով նրանց առողջության մասին, ես ամեն օր թույլ էի տալիս պարտեզ դուրս գալ զբոսանքի։ Ճիշտ է, երբ իմ կենդանիները շատացան, ես այնքան շատ աշխատանք ունեի, որ արդեն չէի կարող կանգնել ու սպասել, թե երբ պիտի իմ արիստոկրատները՝ կապույտ արյունակիրները, օդ շնչեն․ ի մեծ զարմանս նրանց, հարկ եղավ զբոսանքը կրճատել։ Բայց մի անգամ պատահմամբ ես դոդոշների համար պահակ գտա, որի խնամակալության տակ կարող էի հանգիստ թողնել նրանց, չընդհատելով աշխատանքս։ Այդ պահակը կարմիր կապիկ Պավլովան էր։

Պավլովան հազվադեպ ձեռնասուն և շատ բարեկիրթ կապիկ էր, նա աշխուժորեն հետաքրքրվում էր այն ամենով, ինչ տեղի էր ունենում շուրջը։ Երբ ես առաջին անգամ չորտերևիկներին զբոսանքի բաց թողեցի այնտեղ, ուր կապված էր Պավլովան, կապիկը դյութված հետևում էր նրանց, նա կանգնել էր ետևի ոտքերի վրա ու վիզը անընդհատ այս ու այն կողմ էր դարձնում, ձգտելով աչքից բաց չթողնել դոդոշներին, քանի դեռ նրանք հանդիսավոր քայլում էին պարտեզով։ Տասը րոպե հետո ես վերադարձա պարտեզ, որ տեսնեմ, թե ինչպես են այնտեղ իմ դոդոշները, և տեսա, որ նրանք երկուսն էլ մոտեցել են կապկին։

Պավլովան պպզել էր նրանց մեջտեղում, քնքշորեն շոյում էր նրանց և զարմանքից ու հաճույքից ինչ֊որ բան էր բարձր մռթմռթում։ Դոդոշները ծիծաղելիորեն գոհ տեսք ունեին, նրանք նստել էին անշարժ․ այդ շոյանքները ակնհայտորեն բավականություն էին պատճառում նրանց։

Դրանից հետո ես ամեն օր դոդոշներին բաց էի թողնում այնտեղ, ուր կապված էր Պավլովան, և կապիկը նրանց հետևում էր, քանի դեռ նրանք թափառում էին շուրջը։ Տեսնելով նրանց, կապիկը հիացմունքից բացականչում էր, հետո քնքուշ շոյում էր, մինչև որ նրանք անշարժ հիպնոսացվածի նման պառկում էին իր մոտ։ Եթե նրանք շատ էին հեռանում և կարողանում էին թաքնվել պարտեզի թավ թփուտների մեջ, Պավլովան սարսափելի հուզվում էր և ականջ ծակող ձայնով ճչում, ջանալով իմաց անել ինձ, որ իր խնամակալությանը հանձնվածները փախել են, և ես պետք է նրանց բռնեմ ու հետ բերեմ իր մոտ։ Մի անգամ նա ինձ կանչեց, երբ դոդոշները շատ հեռու էին գնացել, բայց ես չէի լսել նրա ճիչը, և երբ ուշացած իջա պարտեզ, կապիկը հիստերիկ դես ու դեն էր նետվում, պարանը ձգելով մինչև վերջ և հուսահատ բղավում էր, իսկ դոդոշները ոչ մի տեղ չէին երևում։ Ես արձակեցի կապկին, և նա անմիջապես ինձ տարավ պարտեզի ծայրի խիտ թփուտը, այնտեղ նա շատ շուտ գտավ փախստականներին և ընկավ նրանց վրա՝ բարձր և ուրախ ճչալով։

Պավլովան սարսափելի կապվել էր այդ դոդոշների հետ։ Եթե միայն տեսնեիք, թե ինչպիսի անհամբերությամբ էր ողջունում նրանց առավոտները, ինչքան քնքուշ էր շոյում, ինչպես էր անհանգստանում, երբ նրանք շատ հեռու էին գնում, դա իրոք հուզիչ տեսարան էր։ Միայն թե նա ոչ մի կերպ չէր կարողանում հասկանալ, թե ինչու նրանք մորթի չունեն, ինչպես կապիկները։ Մատներով շոյում էր նրանց հարթ կաշին, փորձում էր շարժել գոյություն չունեցող մորթին, և նրա սևուկ մռութիկին ակնհայտորեն տագնապ էր երևում․ երբեմն նա կռանում էր և սկսում էր մտածկոտ լիզել նրանց մեջքերը։ Ի դեպ, շատ շուտով նրանց անմազ մեջքերը դադարեցին անհանգստացնել Պավլովային, և նա նրանց հետ վարվում էր քնքուշ ու սիրալիր, ինչպես կվարվեր իր սեփական ձագերի հետ։ Դոդոշներն էլ, իրենց հերթին, նույնպես կապվել էին կապկի հետ, թեև նա էլ երբեմն ստորացնում էր իրենց արժանապատվությունը։ Հիշում եմ, մի անգամ առավոտյան ես նրանց լողացրի, պատճառելով մեծ հաճույք, իսկ պարտեզից տուն տանող ճանապարհին նրանց փորերին հող ու մանր փշեր էին կպել։ Դա շատ վշտացրեց Պավլովային․ նա ուզում էր, որ իր սիրեցյալները միշտ մաքուր ու կոկիկ լինեն։ Եվ ահա ես ականատես եղա մի այսպիսի տեսարանի․ կապիկը նստել էր արևի տակ, ետևի ոտքերը, ինչպես պատվանդանի վրա, դրված էին մի դոդոշի մեջքին, իսկ մյուս չորտերևիկը կախված էր օդում, կապիկը նրան պահել էր ամենաանհարմար ու ստորացուցիչ դիրքով։ Դոդոշը դանդաղ պտտվում էր օդում, իսկ կապիկը խնամքով հավաքում էր նրա վրայից աղբը և ամբողջ ժամանակ ծվծվում էր, մռմռում ու ինչ֊որ բան բացատրում։ Վերջացնելով իր դոդոշին մաքրելը, Պավլովան նրան դրեց գետնին, որտեղ նա նստեց լուռ, ընկճված, և զբաղվեց մյուսով՝ բարձրացնելով նրան օդ, ստիպեց կրել այդ նույն ստորացումը։ Այո՛, Պավլովայի ներկայությամբ չորտերևիկները ոչ մի կերպ չէին կարողանում դրսևորել իրենց արիստոկրատական գոռոզամտությունը։
  1. Տոնական հագուստ։ Ծան․ հայ․ հր․ թարգմ։
  2. Տառացիորեն՝ ամբարտավան դոդոշ։