Գարնան տասնյոթ ակնթարթ
հեղինակ՝ Յուլիան Սեմյոնով |
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում |
«Ով ով է»
Շտիրլիցը սկզբում չհավատաց ականջներին, թվաց, թե այգում սոխակն է երգում։ Օդը սառն էր, մի տեսակ կապտավուն, ու թեև չորս կողմը գարնանային, փետրվարյան, զգուշավոր երանգներ էին, ձյունը դեռևս շատ էր ու չուներ այն ներքին, թեթևակի կապտությունը, որը միշտ նախորդում է գիշերային հալոցքին։
Սոխակը երգում էր կաղնուտում, դեպի գետն իջնող թփուտների մոտ։ Հին ծառերի հզոր բները սև էին, այգուց նոր սառեցրած ձկան հոտ էր գալիս։ Դեռևս չկար անցյալ տարվա կեչու և կաղնու տերևների սուր հոտը, որ ուղեկցում է գարնանը, իսկ սոխակը դայլայլում էր հափշտակված. կլկլացնում էր, գեղգեղում՝ դյուրաբեկ ու անպաշտպան բեկբեկում այս սև, լռին այգում։
Շտիրլիցը հիշեց պապին։ Ծերուկը թռչունների հետ խոսել գիտեր։ Նստում էր ծառի տակ, երաշտահավին գրավում֊կանչում էր մոտն ու երկար նայում թռչնակին։ Ծերուկի աչքերն էլ էին թռչնային դառնում թրթռուն, սև ուլունքների պես, և ծտերն ամենևին չէին վախենում նրանից։
— Թյո՛ւն֊թյո՛ւն-թրյությությո՛ւն,— շվշվացնում էր պապը։
Ու երաշտահավերը պատասխանում էին նրան՝ վստահ և ուրախ։
Արևը մայր էր մտել, և ծառերի մութ բները շրջվել էին սպիտակ ձյան վրա մանուշակագույն, համաչափ ստվերներով,
«Կսառչի, կմնա խեղճը,— մտածեց Շտիրլիցը և փաթաթվելով շինելի մեջ, տուն վերադարձավ։— Ոչ մի կերպ օգնել էլ հնարավոր չի. միայն մի թռչուն չի հավատում մարդկանց՝ սոխակը»։
Շտիրլիցը նայեց ժամացույցին։
«Կլաուսը հիմա կգա,— մտածեց Շտիրլիցը։— Նա միշտ ճշտապահ է։ Ինքս նրան խնդրեցի կայարանից անտառով գալ, որպեսզի ոչ ոքի չհանդիպի։ Ոչի՛նչ։ Կսպասեմ։ Այստեղ այնքան գեղեցիկ է...»։
Այդ գործակալին Շտիրլիցը միշտ ընդունում էր այստեղ՝ լճափի փոքրիկ առանձնատանը, որն իր ամենահարմար գաղտնի բնակարանն էր։ Երեք ամիս շարունակ նա համոզում էր ՍՍ[1]-ի օբերգրուպպենֆյուրեր Պոլին՝ գումար հատկացնել ռմբակոծության ժամանակ զոհված «օպերայի» պարողների երեխաներից այդ առանձնատունը գնելու համար։ Երեխաները շատ էին պահանջում, և Պոլը, որ պատասխանատու էր ՍՍ-ի և ՍԴ[2]-ի տնտեսական քաղաքականության համար, կտրականապես մերժում էր Շտիրլիցին. «Դուք խելագարվել եք,— ասում էր նա,— մի ավելի համեստ բան վերցրեք։ Դա ի՜նչ շքեղության ձգտում է։ Մենք չենք կարող փողերն աջ ու ձախ քամուն տալ։ Դա անազնվություն կլիներ պատերազմի լուծը կրող ազգի նկատմամբ»։
Շտիրլիցն ստիպված էր այստեղ բերել իր շեֆին՝ անվտանգության ծառայության քաղաքական հետախուզության պետին։ ՍՍ-ի երեսունչորսամյա բրիգադենֆյուրեր Վալտեր Շելլենբերգն իսկույն հասկացավ, որ լուրջ գործակալների հետ զրույցների համար ավելի լավ տեղ գտնել հնարավոր չէ։ Փոխանձանց միջոցով գնման կայքագիրը հասաատվեց, և ոմն Բոլզեն, «Ռոբերտ Լեյի անվան քիմիական ժոդովրդական ձեռնարկության» գլխավոր ինժեներ, առանձնատնից օգտվելու իրավունք ստացավ։ Հենց նա էլ բարձր աշխատավարձով և լավ օրապարենով մի պահակ վարձեց։ Բոլզենը ՍՍ-ի շտանդարտենֆյուրեր ֆոն Շտիրլիցն էր։
... Շտիրլիցր սեղանը գցեց և ընդունիչը միացրեց։ Լոնդոնն ուրախ երաժշտություն էր հաղորդում։ Ամերիկացի Գլեն Միլլերի նվագախումբը «Արևավառ հովտի սերենադից» կոմպոզիցիա էր կատարում։ Այդ կինոնկարը դուր էր եկել Հիմմլերին, և Շվեդիայից մի օրինակ գնել էին։ Այդ ժամանակից ի վեր կինոնկարը բավական հաճախ էին դիտում Պրինցալբրեխտշտրասսեի ներքնահարկում, հատկապես գիշերային ռմբակոծությունների ժամանակ, երբ չէր կարելի հարցաքննել ձերբակալվածներին։
Շտիրլիցը զանգահարեց պահակին և երբ սա եկավ, ասաց․
— Բարեկամս, այսօր կարող եք գնալ քաղաք, երեխաների մոտ։ Վաղը վերադարձեք առավոտյան ժամը վեցին և եթե դեռ գնացած չլինեմ, շատ թունդ, որքան հնարավոր է թունդ սուրճ եփեք ինձ համար...
12.2.1945 (Ժամը 18-ն Անց 38 րոպե)
«— Ինչ եք կարծում, պաստոր, մարդու մեջ որն է շատ՝ անհատականությո՞ւնը, թե՝ արարածը։
— Կարծում եմ, հավասարաչափ։
— Այդպես չի կարող լինել։
— Միայն այդպես կարող է լինել։
— Իսկ ի՞նչ է, աստված ամե՞ն մարդու մեջ կա։
— Հարկավ,
— Ֆյուրերի մեջ ո՞ւր է։ Գյորինգի մե՞ջ ուր է։ Ո՞ւր է այն Հիմմլերի մեջ։
— Դուք դժվար հարց եք տալիս։ Իսկ մենք խոսում ենք մարդկային էության մասին։ Որպես սկզբունք, ես չեմ հավատում, թե լույս աշխարհ եկած մարդն իր մեջ անպայմանորեն կրում է կապկային ծագման նզովքը։
— Ինչո՞ւ «կապկային ծագման նզովքը»։
— Ես խոսում եմ իմ լեզվով։
— Դուք միշտ շատ բարոյական ձևով խուսափում եք պատասխանել ինձ տանջող հարցերին։ Դուք «այո» կամ «ոչ» պատասխան չեք տալիս, իսկ հավատ փնտրող յուրաքանչյուր ոք կոնկրետություն է սիրում, մեկ «այո» և մեկ «ոչ»։ Դուք ասում եք «դե, ոչ», «այնքան էլ չէ», «ավելի շուտ, ոչ...» Իսկ դա, եթե կուզեք, մարդու վանում է ոչ այնքան ձեր մեթոդից, որքան ձեր պրակտիկայից։
— Դուք անբարյացակամորեն եք վերաբերվում իմ պրակտիկային։ Եվ, այնուամենայնիվ, համակենտրոնացման ճամբարից փախաք, եկաք ինձ մոտ։ Հետաքրքիր է, ինչպե՞ս հասկանանք դա։
— Պաստոր, ես անհարմար եմ զգում, գուցե ձեր գաղտնիքն եմ շոշավաւմ, բայց ֆրաու Այզենշտադտն ինձ ասաց... ի՞նչ է, դուք ժամանակին գեստապոյում եղե՞լ եք։
— Ես եղել եմ այնտեղ...
— Հասկանալի է։ Ձեզ համար դա ցավոտ հարց է, և գուք գերադասում եք շրջանցել։ Իսկ ձեզ չի՞ թվում, թե պատերազմից հետո ձեր ծուխը չի կարող հավատալ ձեզ։
— Ով ասես, չի նստել գեստապոյում։
— Իսկ եթե ծխականների ականջին փսփսան, թե հոգևոր հորը որպես պրովոկատոր նստեցրել են այն բանտարկյալների խցերը, որոնք չեն վերադարձել։ Իսկ վերադարձողներն էլ հատուկենտ մարդիկ են միլիոններից․․․ Այն ժամանակ ձեր ճշմարտությունն ո՞ւմ պիտի քարոզեք։
— Հարկավ, նման մեթոդներով ում ասես կարելի է ոչնչացնել։
— Եվ այդ ժամանակ ի՞նչ։
— Այդ ժամանա՞կ։ Հերքե՛լ դա։ Հերքել, որքան կկարողանամ, հերքել մինչ այն պահը, քանի դեռ կլսեն ինձ։ Երբ էլ չեն լսի, մեռնել ներքնապես։
— Ներքնապես։ Ուրեմն, կենդանի, որպես մարմնական մարդ դուք կմնա՞ք։
— Տերն է դատավոր։ Եթե կմնամ՝ կմնամ։
— Ձեր կրոնը դե՞մ է անձնասպանության։
— Այդ պատճառով էլ հենց կյանքիս վերջ չեմ տալիս։
— Դուք ի՞նչ կանեք, զրկվելով քարոզելու հնարավորությունից։
— Կհավատամ, առանց քարոզելու։
— Իսկ ինչո՞ւ ուրիշ ելք չեք տեսնում ձեզ համար՝ աշխատել բոլորի հետ միասին։
— «Աշխատել» ասելով ի՞նչ եք հասկանում։
― Թեկուզ քար կրել գիտության տաճարներ կառուցելու համար։
— Դուք գտնում եք, թե հոգևոր քարոզով իր ծխին դիմող մարդը պորտաբույծ է ու շառլատա՞ն։ Դուք դա աշխատանք չե՞ք համարում։ Ձեզ համար աշխատանքը քար կրելն է։ Ես գտնում եմ, որ հոգևոր աշխատանքը, քիչ է ասել, թե հավասարազոր է ցանկացածդ գործին, հոգևոր աշխատանքը առանձնապես կարևոր է։
— Մասնագիտոլթյամբ ես Ժուռնալիստ եմ և հասկանում եմ ձեզ։ Բայց իմ թղթակցություններն օստրակիզմի[3] էին ենթարկվում թե՛ նացիստների, թե՛ ուղղափառ եկեղեցու կողմից։
— Ուղղափառ եկեղեցու կողմից դրանք դատապարտվել էն, հավանորեն այն պարզ պատճառով, որ դուք սխալ էր քննել մարդուն անձամբ։
— Ես չեմ քննել մարդուն։ Ես ցուցադրել եմ Բրեմենի և Համբուրգի կատակոմբներում ապրող գողերի և անբարոյականների աշխարհը։ Հիտլերյան պետությունը դա անվանեց նողկալի զրպարտանք վերին ռասայի հասցեին, իսկ եկեղեցին՝ զրպարտանք մարդու հասցեին։
— Մենք չենք վախենում կյանքի ճշմարտությունից։
— Վախենո՛ւմ եք։ Ես ցույց եմ տվել, թե ինչպես այդ մարդիկ ջանում էին սփոփանք փնտրել եկեղեցում և ինչպես եկեղեցին վանում էր նրանց։ Հենց ծուխն էր վանում նրանց, իսկ պաստորը չէր կարող դեմ գնալ նրանց։
— Հարկա՛վ, չէր կարող։ Ես չեմ կարող ձեզ դատապարտել ճշմարտության համար։ Ես ձեզ դատապարտում եմ ոչ նրա համար, որ ճշմարտությունն եք ցույց տվել։ Իմ տարաձայնությունը ձեզ հետ մարդու ապագայի գուշակումների մեջ է։
— Պաստոր, իսկ ձեզ չի՞ թվում, թե ձեր պատասխաններում դուք հոգևոր հովիվ չեք, այլ քաղաքագետ։
— Կարևորն ինձ համար ի՛մ ճշմարտությունն է։ Այդ ճշմարտությունը ծավալուն է, ամբողջական։ Իմ մեջ հենց միայն քաղաքականություն եք տեսնում։ Ճիշտ այնպես, ինչպես լոգարիթմական քանոնը կարելի է դիտել իբրև մեխ խփելու գործիք։ Լոգարիթմական քանոնով կարելի է մեխ խփել, այն որոշակի մասսա և տարածականություն ունի։ Բայց դա հենց այն տարբերակն է, ըստ որի տեսնում ես առարկայի տասներորդական, քսաներորդական ֆունկցիան։
— Պաստոր, ես հարց եմ առաջ քաշում, իսկ դուք, չպտաախանելով, մեխում եք բերանս։ Մի տեսակ շատ ճարպկորեն հարց տվողից պատասխանող եք դարձնում ինձ, որոնողից՝ հերետիկոս։ Իսկ ինչո՞ւ եք դուք ասում, թե վեր եք գոտեմարտից, երբ նույնպես գոտեմարտի մեջ եք։
— Դա ճիշտ է. ես գոտեմարտի մեջ եմ, պատերազմի մեջ, բայց ես պատերազմում եմ հենց պատերազմի դեմ։
— Դուք շատ մատերիալիստորեն եք վիճում։
— Ես վիճում եմ մատերիալիստի հետ։
— Ուրեմն, դուք կարող եք ինձ հետ իմ զենքո՞վ կռվել։
— Ես ստիպված եմ այդ անել։
— Լսեցեք ինձ... հանուն ձեր ծխի բարօրության, ինձ պետք է, որ դուք կապվեք իմ ընկերների հետ։ Հասցեն ձեզ կտամ։ Ես ձեզ կվստահեմ իմ ընկերների հասցեն... Պաստոր, դուք չեք մատնի անմեղ մարդկանց...»
Շտիրւիցը լսեց մագնիտոֆոնային այս ձայնագրությունը, թափով ելավ տեղից ու մոտեցավ պատուհանին, որպեսզի հայացքով չհանդիպի այն մարդուն, որը երեկ պաստորից օգնություն էր խնդրում, իսկ այժմ քմծիծաղում էր, լսելով իր ձայնը, կոնյակ էր խմում և ագահորեն ծխում։
— Պաստորի մոտ ծխելոլ բանը դժվա՞ր էր,— առանց շրջվելու հարցրեց Շտիրլիցը։
Նա կանգնած էր վիթխարի, ամբողջ պատը բռնող լուսամուտի մոտ և նայում էր, թե ձյան վրա ինչպես են կռվշտում ագռավները հացի կտորտանքի համար։ Պահակը կրկնակի օրապարեն էր ստանում և դրա համար էլ սիրում էր թռչուններին։ Պահակը չգիտեր, որ Շտիրլիցը ՍԴ-ից է, և կարծում էր, թե առանձնատունը պատկանում է կամ արվամոլների, կամ մեծ կշիռ ունեցող առևտրականների, ոչ մի անգամ այստեղ ոչ մի կին չէր եկել, իսկ երբ հավաքվում էին տղամարդիկ, խոսակցությունը ցածրաձայն էր լինում, ուտելիքը ընտրովի, խմիչքն՝ առաջնակարգ։
— Այո, այնտեղ հոգիս դուրս եկավ առանց ծխելու... Ծերուկը խոսելու հետ սեր ունի, իսկ ես կախվել էի ուզում չծխելուց...
Գործակալի ազգանունը Կլաուս էր։ Նրան հավաքագրել էին երկու տարի առաջ։ Ինքն էր հավաքագրվել․ նախկին սրբագրիչը ծարավի էր սուր զգացողությունների։ Նա աշխատում էր արտիստորեն, զրուցակիցներին զինաթափ անելով անկեղծությամբ ու կտրուկ դատողություններով։
«Իսկ գուցե նա հիվանդ է,— ավելի ու ավելի հաճախ էր մտածում Շտիրլիցը, զննելով Կլաուսին։— Մատնչության ծարավը նույնպես ինքնատիպ հիվանդություն է։ Հետաքրքիր է՝ Կլաուսը լիովին ոչնչացնում է Լամբրոզոյին, սա ամենասարսափելին է բոլոր հանցագործներից, որոնց ես տեսէլ եմ, իսկ որքան բարետես է ու գրավիչ»։
Շտիրլիցը ետ եկավ դեպի սեղանիկը, նստեց Կլաուսի դիմաց ու ժպտաց նրան։
— Դե՛,— հարցրեց նա,— ուրեմն, համոզվա՞ծ եք, որ ծերունին կկարգավորի ձեր կապը։
— Այո, դա վճռված հարց է։ Ամենից շատ ես սիրում եմ աշխատել մտավորականների և հոգևորականների հետ։ Գիտեք, ապշեցուցիչ բան է հետևելը, թե մարդն ինչպես է գնում դեպի կործանում։ Երբեմն ուզում ես ասել. «Սպասի՛ր, հիմա՛ր։ Ո՞՜ւր...»։
— Դե, դա արդեն չարժե,— ասաց Շտիրլիցը,— խելացի բան չէ։
— Ձկան պահածո չունե՞ք։ Առանց ձկան խելագարվում եմ։ Գիտեք էլի, նյարդային բջիջները ֆոսֆոր են պահանջում...
— Ինչպիսի՞ն եք ուզում։
— Սիրում եմ յուղի մեջ...
— Դա հասկանում եմ... Ի՞նչ արտադրության։ Մե՞ր, թե...
— «Թե»,— ծիծաղեց Կլաուսը։— Թեկուզ և հակահայրենասիրական բան է, բայց ես սիրում եմ այն մթերքներն ու խմիչքները, որոնք Ամերիկայում կամ Ֆրանսիայում են պատրաստված...
— Ես ձեզ մի արկղ իսկական ֆրանսիական սարդին կտամ։ Ձիթայուղի մեջ, շատ գրգռիչ։ Ֆոսֆոր՝ ինչքան ուզեք․․․ Գիտեք, ես երեկ ձեր դոսյեն էի նայում։
— Շատ բան կտայի մի անգամ տեսնելու համար։
― Դա այնքան էլ հետաքրքիր չէ, որքան թվում է։ Երբ դուք խոսում եք, ծիծաղում, բողոքում եք լյարդի ցավերից, դա տպավորիչ է, եթե նկատի առնենք, որ դրանից առաջ մի շշմեցուցիչ օպերացիա եք անցկացրել... Իսկ ձեր դոսյեն՝ տխուր բան է. զեկուցագրեր, տեղեկություններ, ամեն բան խառնվել է, ձեր մատնագրերը, մատնագրեր ձեր վրա․․․ Հետաքրքիրն ուրիշ բան է․ հաշվեցի, որ ձեր նախաձեռնության շնորհիվ ձերբակալվել է իննսունյոթ մարդ։ Ընդ որում, բոլորն էլ ձեր մասին լռել են։ Բոլորն՝ անխտիր։ Իսկ գեստապոյում նրանց բավական լավ են մշակել․․․
— Այգ մասին ինչո՞ւ եք ինձ ասում։
— Չգիտեմ։ Փորձում եմ վերլուծել, թե ինչ, չգիտեմ․․․ Ձեզ հետաքրքրե՞լ է նրանց հետագա ճակատագիրը։
— Սատանան գիտի... ինձ հետաքրքրել է գոտեմարտը։ Այն, ինչ հետո կկատարվի նրանց հետ, չգիտեմ։ Հետո մեզ հե՞տ ինչ կկատարվի, Բոլորի հե՞տ՝ ինչ...
— Նույնպես ճիշտ է,— համաձայնեց Շտիրլիցը։
— Եվ հետո... Ստրուկների մեջ չի կարելի ազատ լինել։ Դա ճիշտ է, ուրեմն ավելի լավ չէ՞ ամենաազատը լինել ստրուկների մեշ։ Ես հո այս բոլոր տարիներին օգտվել եմ հոգեկան լիակատար ազատությունից․․․
Շտիրլիցը հարցրեց․
— Իսկ երեկ չէ անցյալ օրը երեկոյան ո՞վ եկավ պաստորի մոտ։
— Ժամը իննի մոտ։
— Դուք սխալվում եք,— պատասխանեց Կլաուսը,— համենայն դեպս ձեր կողմից ոչ ոք չի եկել, ես բոլորովին մենակ էի այնտեղ։
— Ուրեմն, դուք համոզվա՞ծ եք, որ ծերունին կաշխատի ձեզ համար։
― Կաշխատի, ընդհանրապես, ես իմ մեշ օպոզիցիոների, տրիբունի, առաջնորդի կոչում եմ զգում։ Մարդիկ ենթարկվում են իմ ճնշմանը, մտածության տրամաբանությանը...
— Դե լա՜վ։ Միայն չափից ավելի մի պարծեցեք։ Հիմա գործից խոսենք... Մի քանի օր կապրեք մեր բնակարաններից մեկում... Որովհետև դրանից հետո ձեզ լուրջ գործ է սպասում, ըստ որում ինձ հետ կապ չունի․․․
Շտիրլիցը ճիշտ էր ասում. գեստապոյի կոլեգաներն այսօր խնդրել էին մի շաբաթով Կլաուսին իրենց տալ. Քյոլնում երկու ռուս ռադիստ էին բռնել։ Նրանց բռնել էին աշխատելիս, հենց հաղորդչի մոտ։ Նրանք լռում էին, հարկավոր էր մի լավ մարդ նստեցնել նրանց մոտ։ Շտիրլիցը խոստացավ գտնել Կլաուսին։
— Մոխրագույն թղթապանակից մի թերթ թուղթ վերցրեք,— ասաց Շտիրլիցը,— և գրեք հետևյալը. «Շտանդարտենֆյուրեր։ Մահու չափ հոգնել եմ։ Ուժերս սպառվելու վրա են։ Ես ազնվորեն աշխատել եմ, բայց այլևս չեմ կարող։ Ես հանգիստ եմ ուզում»...
— Ինչի՞ համար է սա,— հարցրեց Կլաուսը, ստորագրելով նամակը։
— Ես կարծում եմ, որ մի շաբաթով Ինսբրուկ գնալը ձեզ չէր խանգարի,— պատասխանեց Շտիրլիցը, մի կապ դրամ մեկնելով նրան։— Այնտեղ կազինոներն աշխատում են, և դեռատի դահուկորդուհիներն առաջվա պես սահում են սարն ի վար։ Առանց այդ նամակի ես չեմ կարող ձեզ համար երջանկության շաբաթ նվաճել։
— Շնորհակալություն,— ասաց Կլաուսը։
— Մի անգամ էլ վերհիշեք․ պաստորի մոտ ձեզ ոչ ոք չի՞ տեսել։
— Վերհիշելու հարկ չկա՝ ոչ ոք։
— Ես նկատի ունեմ նաև մեր մարդկանց։
— Ինձ կարող էին տեսնել ձեր մարդիկ, եթե նրանք հետևում էին այդ ծերունու տանը։ Դա էլ հազիվ թե։ Ես ոչ ոքի չեմ տեսել։
Շտիրլիցը հիշեց, թե ինչպես էր մի շաբաթ առաջ Կլաուսը հագնում բանտարկյալի հագուստ, նախքան այն գյուղի միջով բանտարկյալներին քշելով տանելու ներկայացումը սարքելը, ուր հիմա ապրում էր պաստոր Շլագը։ Նա հիշեց Կլաուսի այն ժամանակվա դեմքը՝ աչքերը բարություն ու արիություն էին ճառագում։ Արդեն մտել էր այն դերի մեջ, որը պիտի խաղար շուտով։ Այն ժամանակ Շտիրլիցր նրա հետ այլ կերպ էր խոսում, որովհետև մեքենայում իր կողքը նստածը սուրբ մարդ էր։
— Այս նամակը փոստը կձգեք ձեր նոր բնակարանի ճանապարհին,— ասաց Շտիրլիցը։— Եվ մեկն էլ գրեք պաստորին, որպեսզի կասկածներ չլինեն։ Ես ձեզ չեմ խանգարի, մի գավաթ էլ սուրճ կեփեմ։
Երբ նա վերադարձավ, Կլաուսի ձեռքին մի թերթ թուղթ կար․
— «Ազնվությունը գործողություն է ենթադրում,— թեթևակի ծիծաղելով սկսեց կարդալ նա,— հավատը պայքարի վրա է խարսխվում։ Ազնվության քարոզը լիակատար անգործության դեպքում դավաճանություն է թե ծխին, թե ինքն իրեն։ Մարդը կարող է իրեն ներել անազնվության համար, սերունդը՝ երբեք։ Դրա համար էլ չեմ կարող ինձ ներել անգործությունս։ Ոչինչ չանելը դավաճանությունից էլ վատ է։ Ես հեռանում եմ։ Արդարացրեք ձեզ, աստված ձեզ պահապան»։ Հը՞, ինչպե՞ս է։ Ոչի՞նչ։
— Շատ լավ է։ Դուք երբեք չե՞ք փորձել արձակ գրել։ Կամ՝ բանաստեղծություն։
— Ոչ։ Եթե գրել կարողանայի, արդյո՞ք կդառնայի․․․— Կլաուսի լեզուն հանկարծ կապ ընկավ և գողունի նայեց Շտիրլիցին։
— Շարունակեք, խենթ խելառ։ Մենք բաց ենք խոսում միմյանց հետ։ Ուզում էիք ասել, թե գրել կարողանայիք, մի՞թե կաշխատեիք մեզ համար։
— Նման մի բան։
— Ոչ թե նման մի բան,— նրան ուղղեց Շտիրլիցը,— այլ հենց դա էիք ուզում ասել, չէ՞։
— Այո։
— Ապրեք։ Ինձ ստելու ի՞նչ հարկ կա։ Վիսկի խմեք և շարժվենք, արդեն մթնել է, շուտով, ուր որ է, կգան։
— Բնակարանը հեռո՞ւ է։
— Անտառում, տասը կիլոմետր կլինի։ Խաղաղ տեղ է, մինչև վաղը քնից կկշտանաք...
Արդեն մեքենայի մեջ Շտիրլիցը հարցրեց.
— Նախկին կանցլեր Բրյունինգի մասին նա բան չասա՞ց։
— Ես ձեզ այդ մասին ասացի՝ տեղնուտեղը ինքնամփոփ դարձավ։ Ես վախեցա առաջ գնալ...
— Ճիշտ եք արել... Շվեյցարիայի մասի՞ն էլ բան չասաց։
— Ոչ մի խոսք։
— Լավ։ Ուրիշ կողմից կմոտենանք։ Կարևորն այն է, որ նա համաձայնել է օգնել կոմունիստին։ Ա՜յ քեզ քահանա։
Շտիրլիցը Կլաուսին սպանեց, կրակելով քունքին։ Նրանք կանգնած էին լճափին։ Այստեղ արգելված գոտի էր, բայց պահակակետը, Շտիրլիցն այդ ստույգ գիտեր, երկու կիլոմետրի վրա էր, արդեն սկսվել էր օդային հարձակումր, իսկ այդ ժամանակ ատրճանակի կրակոցը չի լսվում։ Նա հաշվի առավ, որ Կլաուսը բետոնե հարթակից, որտեղից նախկինում ձուկ էին որսում, ուղիղ ջուրը կընկնի։
Կլաուսը ջուրն ընկավ լուռ, ջվալի պես։ Շտիրլիցն ատրճանակը շպրտեց այնտեղ, ուր ընկավ Կլաուսը (նյարդային հյուծումից ինքնասպանության մեկնակերպը ստեղծվում էր ճշգրտությամբ, նամակներն ուղարկել էր ինքր՝ Կլաուսը), հանեց ձեռնոցներն ու անտառի միջով գնաց դեպի իր մեքենան։ Մինչև Շլագի բնակված գյուղակը քառասուն կիլոմետր էր։ Շտիրլիցը հալվեց, որ այնտեղ կլինի մեկ ժամ հետո, նա կանխատեսել էր ամեն ինչ, նույնիսկ ժամանակի ալիբիի ներկայացման հնարավորությունը...
12.2.1945 (Ժամը 19-ն Անց 56 րոպե)
(ՍՍ-ի գրուպպենֆյուրեր, 1030 թվականից ՆՍԴԱՊ[4] անդամ կուսակցական Կրյուգերի բնութագրից․ «Իսկական արիացի, նվիրվածխ ֆյուրերին։ Բնավորությունը՝ նորդական, հաստատուն։ Ընկերների նկատմամբ հավասարակշռված է, մարդամոտ։ Անխնա է ռայխի թշնամիների նկատմամբ։ Ընտանիքի գերազանց հայր է, իրեն վարկաբեկող կապեր չի ունեցել։ Աշխատանքում իրեն դրսևորել է որպես իր գործի անփոխարինելի վարպետ․․․)
... Այն բանից հետո, երբ 1945 թվականի հունվարին ռուսները մտան Կրակով և այնքան բծախնդրությամբ ականապատված քաղաքն անվնաս մնաց, անվտանգության կայսերական վարչության պետ Կալտենբրունները հրամայեց իր մոտ կանչել գեստապոյի արևելյան վարչության պետ Կլյուգերին։
Կալտենբրունները երկար ժամանակ լռում էր, զննելով գեներալի կոշտ ու կոպիտ դեմքը, ապա շատ մեղմ հարցրեց․
— Որևէ արդարացում ունե՞ք, այնքան օբյեկտիվ, որպեսզի ֆյուրերը հավատա ձեզ։
Գեղջուկի արտաքինով, պարզամիտ թվացող Կրյուգերը սպասում էր այդ հարցին։ Նա պատրաստի պատասխան ուներ։ Բայց պարտավոր էր զգացմունքների մի ամբողջ շարան ցուցադրել, տասնհինգ տարի ՍՍ֊ում և կուսակցության մեջ լինելով, նա դերասանություն էր սովորել։ Գիտեր, որ միանգամից պատասխանել չի կարելի, ինչպես և չի կարելի լիովին վիճարկել իր մեղքը։ Նույնիսկ տանը մեկ֊մեկ հասկանում էր, որ բոլորովին ուրիշ մարդ է դարձել։ Սկզբում նա դեռ հազվադեպ խոսում էր կնոջ հետ, այն էլ շշուկով, գիշերները։ Բայց հատուկ տեխնիկայի զարգացմանը զուգընթաց (իսկ նա բոլորից լավ գիտեր դրա հաջողությունները), նա ընդհանրապես դադարեց րարձրաձայն ասել այն, ինչ ժամանակ առ ժամանակ թույլ էր տալիս իրեն մտածել։ Անգամ անտառում, զբոսնելով կնոջ հետ, լռում էր կամ խոսում դատարկ բաներից, որովհետև ցանկացածդ պահին կենտրոնում կարող էին այնպիսի ապարատ հնարել, որն ի վիճակի կլիներ ձայնագրել մեկ կիլոմետր, գուցե և ավելի տարածությունից։
Այսպես, աստիճանաբար, նախկին Կրյուգերը չքացավ։ Նրա փոխարեն, բոլորին ծանոթ և արտաքնապես ամենևին չփոխված մարդու պատյանի տակ, գոյություն ուներ մեկ ուրիշ, նախկինից սերված, բոլորին բացարձակապես անծանոթ մի գեներալ, որ ոչ միայն վախենում էր ճշմարտությունն ասել, ո՛չ, վախենում էր թույլ տալ իրեն ճշմարիտ մտածել։
— Ոչ,— պատասխանեց Կրյուգերը, խոժոռված, զսպելով հառաչանքը, չափազանց զգացված և ծանր,— բավականաչափ արդարացում չունեմ․․․ Չի էլ կարող լինել։ Ես զինվոր եմ, պատերազմը՝ պատերազմ, և ոչ մի ներողամտություն չեմ սպասում։
Նա ճիշտ էր խաղում։ Նա գիտեր, որ ինչքան ինքն իր նկատմամբ խիստ լինի, այնքան ավելի քիչ զենք կթողնի Կալտենբրունների ձեռքին։
— Կնիկություն մի արեք,— ասաց Կալտենբրունները, ծխախոտ վառելով, և Կրյուգերը հասկացավ, որ ընտրել է իրեն պահելու բացարձակ ճիշտ գիծ։— Պետք է վերլուծել ձախողումը, որպեսզի չկրկնել այն։
Կրյուգերն ասաց.
— Օբերգրուպպենֆյուրեր, ես հասկանում եմ, որ իմ մեղքն անչափ է։ Բայց կկամենայի, որ դուք լսեիք շտանդարտենֆյուրեր Շտիրլիցին։ Նա լիովին տեղյակ էր մեր օպերացիային և կարող է հաստատել. ամեն ինչ նախապատրաստված էր ծայրաստիճան մանրակրկիտ ու բարեխիղճ։
— Շտիրլի՞ցն ինչ կապ ուներ օպերացիայի հետ,— ուսերը ցնցեց Կալտենբրունները։— Նա հետախուզությունից է, Կրակովում նա ուրիշ հարցերով էր զբաղվում։
— Գիտեմ, որ Կրակովում նա անհետացած ՖԱՈՒ-ով էր զբաղվում, բայց ես պարտք համարեցի նրան հաղորդակից դարձնել մեր օպերացիայի բոլոր մանրամասներին, ենթադրելով, որ վերադառնալիս նա կզեկուցի կամ ռայխսֆյուրերին, կամ ձեզ, թե ինչպես ենք կազմակերպել գործը։ Ես լրացուցիչ ցուցումներ էի սպասում ձեզնից, բայց այդպես էլ ոչինչ չստացա։
Կալտենբրունները կանչեց քարտուղարին և նրան ասաց․
— Իմացեք, խնդրեմ, Շտիրլիցը՝ վեցերորդ վարչությունից, եղե՞լ է «Շվարցֆայեր» օպերացիան անցկացնողների ցուցակում։ Իմացեք, Կրակովից վերադառնալուց հետո Շտիրլիցը ղեկավարության մոտ եղե՞լ է ընդունելության և եթե եղել է, ապա ում մոտ։ Հետաքրքրվեք նաև, ի՛նչ հարցեր է շոշափել նա զրույցի ընթացքում։
Կրյուգերը հասկացավ, որ շատ վաղ սկսեց Շտիրլիցին հարվածի տակ դնել։
— Ամբողջ մեղքը մենակ ես եմ կրում,— կրկին խոսեց, նա գլուխը կախ գցած, դժվարությամբ արտաբերելով ծանր ու խուլ բառեր,― շատ ցավալի կլինի ինձ համար, եթե պատժեք Շտիրլիցին։ Ես խորապես հարգում եմ նրան որպես նվիրված մարտիկի։ Ես արդարացում չունեմ և մեղքս կարող եմ միայն արյամբ քավել կռվի դաշտում։
― Իսկ թշնամիների հետ ո՞վ պետք է կռվի այստեղ։ Ե՞ս։ Մենա՞կս։ Հանուն հայրենիքի և ֆյուրերի ռազմաճակատում մեռնելը շատ հասարակ բան է։ Շատ ավելի բարդ բան է այստեղ, ռումբերի տակ ապրելը, շիկացած երկաթով աղտեղությունը խարանելը։ Այստեղ ոչ միայն քաջություն է պետք, այլ նաև խելք։ Մե՜ծ խելք, Կրյուգեր։
Կրյուգերը հասկացավ՝ ռազմաճակատ չեն ուղարկելու։
Անաղմուկ բացելով դուռը, քարտուղարը Կալտենբրունների սեղանին դրեց մի քանի բարակ թղթապանակ։ Կալտենբրունները թերթեց դրանք և սպասողական հայացքով նայեց քարտուղարին։
— Ոչ,— ասաց քարտուղարը,— վերադառնալուն պես Շտիրլիցն անմիջապես անցել է Մոսկվայի համար աշխատող ստրատեգիական հաղորդիչի բացահայտման գործին։
Կրյուգերը որոշեց շարունակել իր խաղը, մտածեց, որ Կալտենբրունները, ինչպես բոլոր դաժան մարդիկ, չափազանց սանտիմենտալ է։
— Օբերգբուպպենֆյուրեր, այնուամենայնիվ խնդրում եմ ձեզ թույլ տալ առաջավոր գիծ գնալ։
— նստեցե՛ք,— ասաց Կալտենբրունները,— դուք գեներալ եք և ոչ թե կնիկ։ Այսօր կարող եք հանգստանալ, իսկ վաղը մանրամասնորեն, դրվագ առ դրվագ, գրեցեք ամեն բան օպերացիայի մասին։ Կմտածենք հետո, թե ուր ուղարկենք ձեզ աշխատելու... Կրյուգեր, մարդիկ քիչ են, գործերը՝ շատ։ Շա՜տ֊շատ են գործերը։
Երբ Կրյուգերը գնաց, Կալտենբրունները կանչեց քարտուղարին և խնդրեց նրան.
— Ինձ համար առանձնացրեք Շտիրլիցի բոլոր գործերը վերջին մեկ-երկու տարում, բայց այնպես, որ Շելլենբերգն այդ մասին չիմանա։ Շտիրլիցն արժեքավոր աշխատող է և համարձակ մարդ, չարժե նրա վրա ստվեր ձգել։ Պարզապես սովորական ընկերական մի փոխստուգում․․․ Եվ հրաման պատրաստեք Կրյուգերի համար, մենք նրան կուղարկենք Պրագա, որպես գեստապոյի պետի տեղակալ՝ թեժ տեղ է․․․
- 15.2.1945 (Ժամը 20-ն Անց 20 րոպե)
- ↑ ՍՍ ― (շուտցշտաֆելն), նացիստական կուսակցության պահնորդական ջոկատներ, ստեղծված 1925 թ․։ Հատկապես ընտրված նացիստների տեռորիստական բանդաներ, որոնք մինչև հիտլերյան ռեժիմի ավարտը կատարում էին դահճական հատուկ հանձնարարականներ ինչպես բուն Գերմանիայի ներսում, այնպես էլ ժամանակավորապես օկուպացված երկրներում։ (Այս և հետագա բոլոր ծան․ թարգմ․)։
- ↑ ՍԴ — (զիհերհայտդինստ), ՍՍ֊ի ոայխսֆյուրերին առընթեր անվտանգության ձառայություն և, գերմանական ֆաշիզմի լայնորեն ճյուղավորված լրտեսական֊տեռորիստական կազմակերպություն։
- ↑ օստրակիզմ — հալաձանք, արտաքսում։
- ↑ ՆՍԴԱՊ ― Նացիոնալ֊սոցիալիստական գերմանական աշխատանքային կուսակցություն։