Խորհրդածություններ կրոնի մասին
հեղինակ՝ Մարկ Տվեն |
Բովանդակություն
Գլուխ առաջին
Մեր աստվածաշունչը աստծու բնավորությունը նկարագրում է սպառիչ և անողոք ճշգրտությամբ։ Դիմանկարը, որ այն մեզ առաջարկում է, հիմնականում մարդու դիմանկար է, եթե, իհարկե, կարելի է պատկերացնել այնպիսի չարությամբ լեցուն մի մարդու, որը դուրս է մարդկային բոլոր սահմաններից, դիմանկարը մի անձի, որի հետ այժմ, երբ արդեն վախճանվել են Ներոնն ու Կալիգուլան, ոչ ոք չէր ցանկանա ծանոթություն հաստատել։ Հին կտակարանում պատկերված աստծու բոլոր արարքները խոսում են նրա հիշաչարության, անարդարության, մանրախնդրության, անողոքության, ոխակալության մասին։ Նա զբաղված է միայն այն բանով, որ պատժում է, պատժում աննշան զանցանքների համար հազարապատիկ խստությամբ, պատժում է անմեղ մանուկներին՝ իրենց ծնողների զանցանքների համար․ պատժում է ոչ մի բանում չմեղանչած երկրի բնակիչներին՝ իրենց տիրակալների զանցանքների համար, և հասնում է այն աստիճանի, որ իր արյունահեղ վրեժի կրակը թափում է հլու հնազանդ հորթուկների, գառնուկների, ոչխարների ու եզների գլխին, որպեսզի նրանց տերերին պատժի չնչին մեղքերի համար։ Տպագիր վիճակում ավելի զազրելի ու մերկացուցիչ կենսագրություն գոյություն չունի։ Կարդալով այն, սկսում ես Ներոնին համարել լույսի ու կատարելության հրեշտակ։
Այն սկսվում է հրեշավոր ուխտադրժության մասին պատմությամբ, ուխտադրժությունն ամբողջ գրքի գլխավոր թեման է։ Այդ սկիզբը հավանաբար հորինված է մանուկ ծովահենի սենյակում՝ այնքա՜ն նողկալի է այն և միաժամանակ այնքա՜ն մանկականորեն պարզունակ։ Ադամին արգելված է ճաշակել ինչ֊որ ծառի պտուղ, նաև միանգամայն լրջորեն տեղեկացվում է, որ չհնազանդելու դեպքում կմեռնի։ Ինչպե՞ս կարելի էր հուսալ, թե այդպիսի սպառնալիքը գեթ փոքր֊ինչ տպավորություն կգործի նրա վրա։ Չէ որ Ադամը լոկ արտաքնապես էր հասուն տղամարդ։ Իսկ գիտելիքներով ու փորձով չէր գերեզանցում երկու տարեկան երեխային։ Նա չէր կարող իմանալ, թե ինչ է նշանակում «մահ» բառը։ Նա կյանքում ոչ մի անգամ ոչ մի մեռած արարած չէր տեսել։ Նախկինում նա երբեք չէր լսել մահվան մասին։ Այդ բառը նրա համար ոչ մի իմաստ չուներ։ Նույն հաջողությամբ նրան կարող էին սպառնալ, որ եթե խնձորը ուտի, անմիջապես կվերածվի միջօրեականի։ Ադամը նույն ձևով չէր կարող հասկանալ ոչ մեկ, ոչ մյուս բառերը։
Կարելի էր չկասկածել, որ այդ արժանահիշատակ սպառնալիքը հորինած ջրիկ միտքը դա կուղեկցի արդարության ու արդարադատության մասին բավականին ցածրորակ հասկացությունների վրա հիմնված ամեն տեսակ այլ գռհեկություններով․ այդպես էլ եղավ։ Հայտարարվեց, որ Ադամի բոլոր սերունդները մինչև արարման վերջին օրը պատիժ կկրեն, քանզի այդ մանչուկը խախտել էր իր մանկական սենյակի օրենքը, որ նրան պարտադրել էին նախքան բարուրից դուրս գալը։ Բազմաթիվ հազարամյակներ շարունակ նրանք բոլորը, մեկը մյուսի հետևից ենթարկվել են անդուլ հալածանքի և ամեն տեսակ դժբախտությունների՝ ի պատիժ մանկան սովորական չարաճճիության, որը փառահեղորեն կոչեցին «Ադամի մեղք»։ Եվ այդ անվերջանալի ժամանակի ընթացքում պակասություն չկար ռաբբիների, Հռոմի պապերի, եպիսկոպոսների, քահանաների, պաստորների և աշխարհական ստրկամիտ հոգիների, որոնք հանդիսավորությամբ փառաբանում էին այդ խայտառակ հանցագործությունը, այն հռչակում անճառելիորեն արդար և ճշմարտացի և այն ստեղծողին այնպիսի բռի ու անպատկառ շողոքորթությամբ օծում, որ աստծուց բացի, ով ուզում է լինի, լսելով նման որևէ բան, ամոթից ու գարշանքից երեսը կթեքեր։ Չնայած շողոքորթության հանդեպ երկարամյա սովորությունը կոփել է մեր արևելյան միապաետներին, այնուամենայնիվ, նույնիսկ նրանք ի վիճակի չէին լինի դիմանալու կիրակի օրերը եկեղեցիներում լսվող անամոթ ներբողներին, որոնք մեր աստվածը լսում է ինքնագոհությամբ ու բավարարվածությամբ։
Առանց կարմրելու մենք մեր աստծուն կոչում ենք գթասրտության աղբյուր, թեպետ հիանալի գիտենք, որ նրա ամբողջ պատմության մեջ չկա գեթ մի դեպք, երբ նա իսկապես գթասրտություն ցուցաբերեր։ Մենք նրան կոչում ենք բարոյականության աղբյուր, թեպետ նրա պատմությունը և ամենօրյա վարքը, որի մասին վկայում են հենց մեր զգացմունքները, անժխտելի ապացուցում են, որ նա բացարձակապես զուրկ է չնչին իսկ բարոյականությունից։ Մենք նրան Հայր ենք կոչում, ընդ որում, ոչ քմծիծաղելով, թեպետ ատելությամբ ու զզվանքով կհամակվեինք ցանկացած հողեղեն հոր հանդեպ, եթե նա իր երեխային այն տառապանքների, դառնությունների ու դաժան աղետների հազարերորդական մասին ենթարկեր, որոնց մեր աստվածը դատապարտում է իր երեխաներին ամեն օր, որոնց դատապարտել է ամեն օր բոլոր հարյուրամյակների ընթացքում, որ անցել են այն պահից, երբ տեղի է ունեցել այդ մեծ հանցագործությունը՝ երբ արարվել է Ադամը։
Աստծո մասին մեր պատկերացումը գաղափարների անհեթեթ ու ծիծաղաշարժ խառնուրդ է։ Մենք աստծուն երկու կեսի ենք բաժանում, նրա մի կեսն իջեցնում ենք երկրի խուլ անկյուն, ուր նա պետք է փրկություն բերի հրեաների պստլիկ բնակավայրին, ընդ որում միայն հրեաներին և ուրիշ ոչ ոքի։ Իսկ նրա երկրորդ կեսը թողնում ենք երկնային գահին, որտեղից այն տագնապով ու հետաքրքրասիրությամբ ցած է նայում, արդյունքի սպասելով։ Մենք ակնածանքով ուսումնասիրում ենք երկրային կեսի պատմությունը և այդ պատմությունից եզրակացություն անում, որ երկրային կեսն ուղղվել, բարոյական բարձր հատկանիշներ ու ամեն տեսակ առաքինություններ է ձեռք բերել և կորցրել է ամեն մի ընդհանրություն երկնային գահին բազմած իր լքյալ չար կեսի հետ։ Մենք համարում ենք, որ երկրային կեսը արդարամիտ է, գթառատ, բարի, հեզ, մարդկության տառապանքների հանդեպ լի է ամենաներողությամբ ու կարեկցությամբ և ձգտում է մեղմել ու ոչնչացնել դրանք։ Միանգամայն ակնհայտ է, որ այդ բնավորության մասին պատկերացումն ստեղծել ենք ոչ թե փաստերն ուսումնասիրելով, այլ ջանադրաբար խույս տալով դրանց ուշադրությամբ ծանոթանալուց, դրանք գնահատելուց ու կշռադատելուց։ Երկրային կեսը բարեգթության կոչ է անում մեզ և հենց ինքը օրինակ է ծառայում՝ կրակից ու ծծմբից լիճ ստեղծելով, որի մեջ մեզանից նա, ով նրան աստված չի ընդունում և չի խոնարհվում նրա առջև որպես աստծու, դատապարտված է հուրհավիտյան այրման։ Եվ այրվելու ենք ոչ միայն մենք՝ այդ պայմաններին տեղյակներս․ բոլոր առաջին բյուրավոր մարդկային սերունդները դատապարտված են միևնույն սարսափելի ճակատագրին, թեև նրանք բոլորն ապրել ու մեռել են, երբևէ անգամ լսած չլինելով նրա կամ նրա առաջադրած պայմանների մասին։ Գթասրտության նման օրինակը կարելի է փայլուն անվանել։ Խե՜ղճ երկրային վայրենիներ և անտառի արյունարբու գիշատիչներ։ Մեզ հրամայված է ներել մեր մերձավորին յոթնապատիկ յոթանասուն անգամ և ուրախանալ ու շնորհապարտ լինել, եթե բարեպաշտ կյանքից հետո մեր հոգին մահվան մահճում դուրս չթռչի մեր մարմնից, նախքան քահանայի գալը, որպեսզի սա հապճեպորեն իր քրթմնջոցներով, մոմերով ու ժամերգություններով նրան անցաթուղթ տա։ Ներելու անսպառ պատրաստակամության այդ օրինակը նույնպես կարելի է փայլուն անվանել։
Մեզ հավատացնում են, թե մեր աստծու երկու կեսերը լոկ արտաքնապես են բաժանված, իսկ իրականում ամբողջական են և հավասարապես զորեղ, չնայած դաժան լինելուն։ Եվ ահա երկրային կեսը, այն, որ ողբում է մարդկության տառապանքները ու կուզենար դրանք ոչնչացնել, եթե մտքով անցնի, բավարարվում է այն բանով, որ դեպքից դեպք մի կույրի տեսողություն է պարգևում, փոխանակ պարգևի բոլոր կույրերին, դեպքից դեպք ապաքինում է մի խեղանդամի, փոխանակ ապաքինի բոլոր խեղանդամներին, մի անգամ ընթրիք է տալիս հինգ հազար մարդու և մնացած միլիոնավոր սովյալներին առաջվա պես քաղցած է թողնում, և այդ ամբողջ ժամանակ նա անզոր մարդուն հորդորում է իր բոլոր մերձավորներին ազատել այն չարիքներից, որոնք աստված ինքն է նրանց գլխին բերել և որոնք նա, եթե ցանկանա, կարող է մի բառով ոչնչացնել, դրանով իսկ կատարելով իր ուղղակի պարտականությունը, որ զանց է առել ի սկզբանե և զանց կառնի մինչև աշխարհի վերջը։ Նա մի քանի մեռած մարդու հարություն է տվել։ Միանգամայն ակնհայտ է, որ նա դա շատ լավ արարք է համարել։ Բայց այդ դեպքում լավ բան չէր սահմանափակվել հինգ֊վեց մարդով, նա պետք է հարություն տար մնացած բոլոր մեռյալներին։ Ես ինքս այդ բանը չէի անի, որովհետև, ըստ իս, մեռածները միակ մարդիկ են, որոնց կարելի է նախանձել, իսկ այդ մասին հիշատակեցի լոկ հպանցիկ, որպես այն տարօրինակ հակասություններից մեկը, որոնցով լեփ֊լեցուն է մեր սուրբ գիրքը։
Թեպետ Հին կտակարանի աստվածը սարսափելի ու զզվելի անձնավորություն է, բայց, համենայն դեպս, հետևողական է։ Նա անկեղծ է ու շիտակ։ Նա կեցվածք չի ընդունում, թե իբր ինչ֊որ բարոյականություն կամ ինչ֊որ առաքինություններ ունի․ թերևս միայն խոսքով։ Նրա վարքագծում անհնար է նման որևէ բանի հետք իսկ գտնել։ Իմ կարծիքով, նա անհամեմատ ավելի է արժանի հարգանքի, քան նրա ուղղված «եսը», որն այնքան պարզամտորեն մերկացված է Նոր կտակարանում։ Պատմության մեջ, նույնիսկ նրա ամբողջ պատմության մեջ՝ ամբողջությամբ վերցված, ոչ մի բան իր գազանային դաժանությամբ հեռավոր կերպով իսկ չի կարող համեմատվել դժոխքի ստեղծման հետ։
Նրա երկնային «եսը», Հին կտակարանի «եսը» երկրային ուղղված «եսի» համեմատությամբ թվում է համակ բարություն, հեզություն ու օրինավորություն։ Երկնքում նա ոչ մի արժանիքի չի հավակնում և իսկապես ոչ մի հատ չունի, եթե հաշվի չառնենք այն, որ խոսքով է վերագրում իրեն։ Իսկ երկրի վրա նա հավակնում է արժանիքների ցուցակում եղած յուրաքանչյուր արժանիքին, սակայն գործով նա դրանք հազվադեպ ապացուցեց, չափազանց ժլատորեն և վերջացրեց մեզ դժոխք պարգևելով, որը միանգամից ոչնչացրեց նրա բոլոր շինծու արարքները։
Գլուխ երկրորդ
- Չորեքշաբթի, 20 հունիսի 1906 թվականի
Սուրբ գրքերը պարտադիր կերպով ունեն միևնույն բնորոշ թերությունները։ Դրանք բոլորն աչքի են ընկնում երևակայության պարզապես սրտառուչ աղքատությամբ։ Դա առաջին հերթին է աչքի զարնում։ Երկրորդ թերությունն այն է, որ դրանցից յուրաքանչյուրը, առանց դյուզն֊ինչ իրավունքի, ինքնատիպության է հավակնում։ Յուրաքանչյուրը նախորդներից առատորեն փոխառում է, առանց աղբյուրը վկայակոչելու, ինչն անշուշտ, անազնիվ արարք է։ Յուրաքանչյուրը հերթով յուրացնում է նախորդների հնամաշ հագուստ֊կապուստը և պարզամիտ ինքնավստահությամբ ջանում է այն ներկայացնել որպես երկնքից հենց նոր տեղ հասած ամենաթարմ ու վերջին հայտնություն։ Մենք Կոֆուցիոսից փոխառում ենք Ոսկե պատվիրանը,[1] այն բանից հետո, երբ դա արդեն մի քանի դար օգտագործվել է, և առանց կարմրելու մեզ ենք վերագրում հեղինակ լինելը։ Երբ մեզ ջրհեղեղ է պետք լինում, դիմում ենք ճերմակահեր հնամենի Բաբելոնին, դա այնտեղից փոխառում ենք, իսկ հետո հպարտանում դրանով և այնպես ուրախանում, կարծես այն արժանի էր նման չարչարանքների։ Մեր օրերում էլ դեռևս պատկառանք ենք տածում դրա հանդեպ և հիանում դրանով, և պնդում, թե իբր դրա մասին մեզ անմիջականորեն աստված է հաղորդել, թեև հիանալի գիտենք, որ Նոյան ջրհեղեղ երբեք չի եղել և չէր էլ կարող լինել։ Առհասարակ ջրհեղեղները սուրբ գրքերի բոլոր ստեղծողների սիրելի թեման են։ Եթե մի սուրբ գիրք գտնվի կամ թեկուզ վայրենիների մի որևէ ցեղի ավանդություն, ուր չհիշատակվի համաշխարհային ջրհեղեղը, կնշանակի այդ կրոնը ձեռքի տակ հարմար աղբյուր չի ունեցել, որ այն փոխ առներ։
Սուրբ գրականության հեղինակների ու կրոնի հիմնադիրների մեկ այլ նախասիրած թեման Անարատ հղիությունն է։ Այն արդեն մաշվել քրքրվել էր, երբ մենք հավատացինք դրան, որպես վերջին նորույթի։ Եվ այսօր էլ մեզ հիացմունք է պատճառում ոչ պակաս, քան հիացմունք էր պատճառում այն հորինողին, երբ միլիոն տարի առաջ նրա ուղեղը երկնեց այդ գաղափարը։ Հնդիկներն այն դրվատում էին դեռևս անհիշելի ժամանակներից, երբ Անարատ հղիությունից ծնվեց իրենց Կրիշնան։ Բուդդայականները չափազանց երջանիկ էին, երբ 2500 տարի առաջ նույն հղիության օգնությամբ ձեռք բերեցին Գաուտամային։ Հույները նույն ժամանակներում չափազանց բարձր էին այն գնահատում, որովհետև իրենց գերագույն աստվածն ու նրա մերձավորները սովորություն ունեն լեռնագագաթներից ցած իջնել և Հունաստանը բնակեցնել վիժվածքներով՝ կիսամարդ֊կիսաաստվածներով։ Հռոմեացիները Հունաստանից փոխ առան այդ գաղափարը, և պտուղները, որ Անարատ հղիությամբ նրանց տրամադրում էր Յուպիտերը, մեծագույն ուրախություն էին պատճառում իրենց։ Իսկ մենք այդ գաղափարն անմիջականորեն երկնքից ստացանք՝ Հռոմի միջոցով։ Եվ առաջվա պես կախարդված ենք դրանով։ Ընդամենը երկու շաբաթ առաջ, երբ Ռոչեստերում ոմն եպիսկոպոսական հոգևորական իր եկեղեցու իշխանությունների կողմից մեղադրվեց այն բանում, որ չի հավատում փրկչի հրաշագործ հղիությանը, հայր սուրբ դոկտոր Բրիգսը՝ ներկայիս ամերիկյան հոգևորականներից թերևս ամենահանդուգնը, մարտի նետվեց հանուն Անարատ հղիության, «Նորս ամերիկեն ռևյուում» դրան նվիրված հոդված հրապարակելով։ Դատելով այդ հոդվածից, նա համոզված է, որ իրեն հաջողվել է մեկընդմիշտ լուծել այդ ցավոտ հարցը։ Այդ հղիության անարատությունը չպետք է կասկածել, պնդում է նա, քանի որ կույս Մարիամը հաստատ գիտեր, որ դա այդպես է, քանզի իրեն այդպես էր ասել ավետաբեր հրեշտակը։ Բացի այդ, դրա մասին վկայում է հետևյալ լրացուցիչ փաստարկը․ այդ իրադարձությունից շատ տարիներ անց Հուդան (կույս Մարիամի ամուսնությունից ծնված կրտսեր որդին) դեռևս ողջ էր և զրուցել էր քրիստոնեական առաջին համայնքների անդամների հետ, և նա որոշակիորեն հաստատել էր, որ դա, անկասկած, Անարատ հղիություն է։ Հետևաբար, դա ճշմարտություն է, չէ որ Հուդան ընտանիքի անդամն էր, ուրեմն էլ ո՞վ է կարող էր դա իմանալ, եթե ոչ նա։
Եթե անարատ հղիության մասին ուսմունքում որևիցե զվարճալի բան էլ կա, ապա դա այն շշմեցուցիչ տրամաբանական կառուցումներն են, որոնց օգնությամբ կարծես բավականին ոչ հիմար մարդիկ իրենց համոզում են, թե այդ անհավատալի իրադարձությունը ապացուցված փաստ է։
Եթե դոկտոր Բրիգսին խնդրեին հավատալ, ասենք Կրիշնայի, Օսիրիսի, Բուդդայի և այդ հասարակությունից որևէ մեկի Անարատ հղիությամբ ծնված լինելուն, նա անկասկած կաշխատեր շնորհակալություն հայտնելով խուսափել և, հավանաբար, կպատասխաներ, որ դրան միայն երեխան կարող է հավատալ, որովհետև այդ իրադարձության հավաստիությունը ամրապնդվում է լոկ մարդկանց վկայություններով, իսկ նման փաստը մարդկանց վկայություններով ապացուցել անհնար է, որովհետև եթե անգամ ամբողջ մարդկությունը ներկա լիներ մի որևէ Անարատ հղիության, միևնույն է, ոչ ոք չէր կարող ասել, թե երբ է դա տեղի ունեցել, և տեղի է ունեցել, արդյոք, առհասարակ։ Եվ այնուամենայնիվ, այդ խիստ խելոք մարդը, որ ժամանակավորապես խելքը թռցրել էր, հավատաց մի անհնարին իրադարձության, որի իսկությունը հաստատվում է մարդու շուրթերից ծնունդ առնող վկայությամբ, ընդ որում, լոկ մի մարդու՝ հենց կույսի շուրթերից և, հետևաբար, ամենևին ոչ անաչառ, այլ ծայրաստիճան շահագրգռված վկայի, մի վկայի, որն անկարող է դատել՝ իրո՞ք այդպիսի իրադարձություն տեղի է ունեցել, և իր բոլոր տեղեկությունները քաղել է երկրորդական սկզբնաղբյուրից՝ կոմնակի, ընդ որում, իրեն լիովին անծանոթ անձից, իբր հրեշտակից, որը, թերևս, կարող էր լինել հրեշտակ, բայց կարող էր լինել նաև հարկահավաք։ Քիչ հավանական է, որ կույսը դրանից առաջ տեսել էր գեթ մի հրեշտակի կամ գիտեր նրանց արտաքին նշանները։ Հրեշտակը նրան ամենևին ծանոթ չէր։ Նա ոչ մի անձնագիր չէր ներկայացրել։ Նրա վկայությունը ոչ մեկի համար մի քոռ կոպեկի արժեք էլ չէր ունենա։ Եվ հիմա էլ դա ոչ մեկի համար մի քոռ կոպեկի արժեք չունի, բացի միայն դոկտոր Բրիգսի նման մարդկանցից, որոնք կորցրել են մտքի պարզությունը, անվերջ անհեթեթություններ են ծամծմում, բարեպաշտորեն ցանկանալով դրանցից որևէ ողջամիտ ու բնական բան կորզել։ Անարատ հղիության մասին ուսմունքն ամբողջապես հիմնվում է մեն֊միակ վկայի ցուցմունքների վրա, ընդ որում այնպիսի վկայի, որի զգացմունքները ոչ մի արժեք չունեն, քանզի հենց այդ վկայի գոյության մասին մենք գիտենք մի ջահել գեղեցկուհու խոսքերից, որին պետք էր հանդարտեցնել իր ամուսնուն։ Մարիամի վկայությունը նրան բավարարեց, բայց միայն այն պատճառով, որ ապրում էր Նազարեթում, այլ ոչ թե Նյու Յորքում։ Նյու Յորքում մի հյուսն իսկ չես գտնի, որ հավատա նման վկայության։ Եթե Անարատ հղիությունը հնարավոր լիներ կրկնել այսօրվա Նյու Յորքում, ապա քաղաքի չորս միլիոն բնակիչներից ոչ մի տղամարդ, ոչ մի կին, ոչ մի երեխա չէր հավատա այդպիսի հրաշքի, բացառությամբ թերևս «քրիստոնեական գիտության» մի քանի կիսախելագար հետևորդների։ Էդիի մոր գոյությանը հավատացող մարդը չի խորշի նաև Անարատ հղիությունից, վեց անարատ հղիություն կուլ կտա։ Այո, անարատ հղիությունը նույնպիսի հաջողությամբ հնարավոր չէր լինի կրկնել ժամանակակից Նյու Յորքում։ Դա ծիծաղ կառաջացներ, այլ ոչ թե ակնածանք ու երկրպագություն։
Նրան, ով չի հավատում Անարատ հղիությանը, դա պարզապես մանկական հեքիաթ է թվում։ Միայն աստված կարող է երևակայել, թե դա ինչ֊որ վիթխարի ու խորամանկ բան է և կարող է ակնածանք ներշնչել։ Միայն աստծու գլխում կարող էր ծագել այն միտքը, որ գեղջկական ընտանիքի հետ արտաամուսնական հարաբերություններից ստացված աստծու որդին կարող է տոհմն ազնվացնել, իսկ չէ որ ամբողջ գաղափարը հենց դա է։ Տոհմն ազնվանում է, բացարձակ, որևէ պակասությունից կամ արատից զերծ մաքրություն է ձեռք բերում սահմանադրությունում և աստվածաշնչյան պատվիրաններում շարադրված թե՛ մարդկային, թե՛ աստվածային օրենքների կոպիտ խախտումների միջոցով։ Այսպիսով, քրիստոնեական կրոնը, որը մարդուց բարոյականության և օրենքների պաշտպանում է պահանջում, ինքն է ծագել աղաղակող անբարոյականությունից և օրենքի ակնհայտ խախտումից։ Ախր, Անարատ հղիության օգնությամբ նույնիսկ կատվին չես ազնվացնի։
Սակայն այդ սրբազան բեմիրերը, ըստ երևույթին, դեռևս օգուտ են բերում, ինչ֊որ բանի պետք են, չնայած չափից ավելի հաճախ օգտագործելուց հնացել ու խիստ մաշվել են։ Ճիշտ այնպես, ինչպես այդ տխրահռչակ ծնեցները։ Այսինչը․․․ անունն ի՞նչ էր․․․ ծնեց Կրիշնային, Կրիշնան ծնեց Բուդդային, Բուդդան ծնեց Օսիրիսին, Օսիրիսը ծնեց բաբելոնյան աստվածներին, նրանք ծնեցին աստծուն, աստված ծնեց Հիսուսին, Հիսուսը ծնեց տիկին Էգիին։ Եթե վերջինս պատրաստվում է շարունակել սերնդաբանությունը և կատարել իր բաժին «ծնեցը», ապա պետք է շտապի, որովհետև արդեն շատ է պառավել։
Մեր քրիստոնեությունը մի ուշագրավ գիծ ունի․ ինչքան էլ այն զզվելի, արյունարբու, դաժան, ագահ ու գիշատիչ լինի հատկապես մեր երկրում, ինչպես նաև մյուս քրիստոնեական երկրներում, թեպետև ավելի մեղմ տեսքով, այնուամենայնիվ, հարյուրապատիկ լավն է սուրբ գրքի քրիստոնեությունից, վերջինիս չլսված հանցագործությամբ, դժոխքի գյուտով հանդերձ։ Մեր ներկայիս քրիստոնեության չափանիշներով, ինչքան էլ զազրելի, երեսպաշտական, մակերեսային ու սնամեջ այն լինի, ոչ աստված, ոչ նրա որդին քրիստոնյաներ չեն և չունեն նույնիսկ այդ բավականին համեստ կոչման իրավունքը տվող հատկություններ։ Մեր կրոնը սարսափելի կրոն է։ Նրա թափած անմեղ արյան ծովերում հեշտ ու հանգիստ կարող էին տեղավորվել աշխարհի բոլոր նավատորմները։
Գլուխ երրորդ
- Ուրբաթ, 22 հունիսի 1906 թվականի
Արդեն երկու տարի է, ինչ ցարական Ռուսաստանում քրիստոնեությունը ջանադրաբար սպանություններ ու կոտորած է կիրառում, որոնց օգնությամբ տասնինը դար շարունակ ամեն հարյուրամյակում կրկին ու կրկին հաջողությամբ քրիստոնեական աշխարհին համոզել է, որ ինքը միակ ճշմարիտ կրոնն է, խաղաղության ու սիրո միակ իսկական կրոնը։ Արդեն երկու տարի է, ինչ Ռուսաստանի ծայրահեղ քրիստոնեական կառավարությունը պաշտոնապես հրահրում ու կազմակերպում է իր հրեա հպատակների կոտորածն ու ջարդը։ Այդ ջարդերն այնքան հաճախակի են տեղի ունենում, որ մենք դրանց հանդեպ համարյա անտարբեր ենք դարձել։ Դրանց մասին պատմությունները մեզ ավելի չեն հուզում, քան երկաթուղու այն բաժնետոմսերի գնի անկումը, որոնց մեջ փող չենք ներդրել։ Մենք այնքան ենք ընտելացել այդ սարսափելի նկարագրություններին, որ հիմա, կարդալով դրանց մասին, նույնիսկ չենք էլ ցնցվում։
Ահա XX դարի այդ խոնարհ առաքյալների վերջին փորձերից մեկի մանրամասները, առաքյալներ, որոնք այլադավաններին փորձում են համոզել միանալու հեզահամբույր ու բարեգութ հոտին։
Սարսափելի մանրամասներ է հաղորդել «Բիրժեվայա գազետայի» թղթակիցը, որը Դումայի դեպուտատ Շչեպկինի հետ Բելոստոկ էր ժամանել շաբաթ օրը և իր թղթակցությունը սուրհանդակի հետ հասցրել էր ուղարկել կիրակի երեկոյան։
«Ասել միայն, թե դիակներն այլանդակված էին, ― գրում է թղթակիցը, ― նշանակում է դույզն֊ինչ պատկերացում չտալ սարսափելի իրականության մասին։ Սպանվածների դեմքերն այն աստիճան էին այլանդակված, որ մարդկային ոչ մի բան չէր մնացել։ Կապված ձեռքերով ուսուցիչ Ապշտեյնի մարմինն ընկած էր խոտին։ Նրա դեմքի ու աչքերի մեջ մխրճված էին երեք մատնաչափ մեխեր։ Այդ ձևով սպանելով նրան, ջարդարարները ներխուժել էին տուն ու կոտորել նրա ամբողջ ընտանիքը՝ յոթ հոգու։ Երբ նրա մարմինը տարան հիվանդանոց, նրա վրա հայտնաբերեցին նաև սվինների հարվածների հետքեր։
Ապշտեյնի կողքին ընկած էր տասնամյա մի երեխայի դիակ, որի ոտքը կացնով կտրել էին։ Հենց այդտեղ ընկած էին Շլյախտերի տան զոհերը, ուր, վկաների ցուցմունքների համաձայն, ներխուժել էին զինվորները, որոնք տունը թալանելուց հետո սպանել էին Շլյախտերի կնոջը, որդուն և հարևանի աղջկան, իսկ նրան ու նրա երկու աղջիկներին ծանր վերքեր հասցրել։
Ինձ հայտնեցին, որ զինվորները ներխուժել են մարդկանցով լեփ֊լեցուն Լապիդոս եղբայրների բնակարանը և հրամայել, որ քրիստոնյաներն անջատվեն հրեաներից։ Դիկար ազգանունով մի քրիստոնյա ուսանող փորձել է բողոքել և տեղնուտեղը սպանվել է։ Հետո բոլոր հրեաներին գնդակահարել են»։
Հիվանդանոցներում թղթակիցը վիրավորներից լսել է բազմաթիվ ողբերգական պատմություններ՝ բոլորն էլ համարյա նույն բովանդակությամբ։ Ահա ծանր վիրավոր առևտրական Նևյաժսկու պատմածը․
«Ես ապրում եմ արվարձանում։ Տեղեկանալով ջարդի մասին, ուզեցի դաշտերի միջով քաղաք հասնել, բայց ջարդարարները նկատեցին ինձ։ Եղբորս սպանեցին, իմ ձեռքերն ու ոտքերը կոտրեցին, գլուխս ջարդեցին և դանակով խփեցին կողիս։ Ես գիտակցությունս կորցրի, իսկ երբ ուշքի եկա, տեսա գլխավերևումս կանգնած մի զինվորի, որն ասաց․ «Ա՜, դու ողջ ես։ Սվինո՞վ խփեմ քեզ, ինչ է»։ Ես աղաչեցի խնայել ինձ։ Ջարդարարները վերադարձան, բայց ինձ ձեռք չտվեցին, ասելով․ «Միևնույն է, կմեռնի, թող երկար տանջվի»։
Թղթակիցը, որը կառավարության մասին շատ խիստ է արտահայտվում, պնդում է, թե ջարդը հրահրված էր և դրանում մեղադրում է ոստիկանապետ Շերեմետևին։ Նա հայտարարում է, որ ջարդին մասնակցել են ոչ միայն ցարական զինվորները, այլև սպաները, և որ հենց ինքը շաբաթ օրն ականատես է եղել, թե ինչպես Վլադիմիրյան գնդի պորուչիկ Միլերը հյուրանոցի լուսամուտից մի հրեա աղջիկ է գնդակահարել։ Այդ ժամանակ կառքով անցնող Գրոդնոյի նահանգապետը հրամայել է հետաքննություն սկսել»։[2]
Քահանաներն ու լավատեսները սիրում են քարոզել, որ մարդկությունը շարունակ առաջ է ընթանում դեպի կատարելություն։ Սովորաբար նրանք իրենց կարծիքը վիճակագրությամբ չեն ամրապնդում։ Քահանաների մոտ այդպես է կարգը, լավատեսների մոտ էլ։
Շա՞տ է, արդյոք, մարդկությունն առաջ ընթացել դեպի համբերատարությունը այն ժամանակիմիջոցում, որ ընկած է ալբիգոնցիների եղեռնի և ցարական Ռուսաստանի հրեական այս ջարդերի միջև։ Համենայն դեպս նրանց միջև, անկասկած, մի տարբերություն կա։ Ցարական սպանդը հինավուրցին շատ է գերազանցել և՛ գազանությամբ, և՛ նրբին դաժանությամբ։ Հնարավո՞ր է, արդյոք, որևէ առաջընթաց նկատել Բարդումիեղոսյան գիշերի և այս ջարդերի միջև ընկած ժամանակամիջոցում։ Այո, տարբերությունը նույնն է։ 1906 թ․ սևհարյուրակային քրիստոնյաները և նրանց ցարը այնպիսի արյունարբու ու անասնական դաժանությունների են հասել, որ չէին կարող երազել անգամ 335 տարի առաջ ապրած նրանց անտաշ արյունակիցները։
Աշխարհի ավետարանը մշտապես աղմկում է իր հաջողությունների մասին, մշտապես ուրախանում այն առաջընթացով, որ կատարել է վերջնական կատարելության տանող ճանապարհին և մշտապես բավականին ջանասիրաբար խուսափում է վիճագրական տվյալներ մեջ բերելուց։ Գևորգ III֊ը թագավորել է վաթսուն տարի, դա այն ժամանակների համար ամենաերկար թագավորումն էր անգլիական պատմության մեջ։ Երբ նրա երջանկահիշատակ հաջորդը՝ Վիկտորիան, հետևում թողեց վաթսունամյա ժամանակասյունը, Անգլիան ու նրա գաղութներն այդ իրադարձությունը տոնեցին մեծ հանդիսավորությամբ ու շքեղությամբ։ Համընդհանուր հիացմունք առաջացնելու նպատակով հրապարակված վիճագրական տվյալների մեջ կային նաև այսպիսիները․ Վիկտորիայի իշխանության վաթսուն տարիներից ամեն մեկում նրա քրիստոնյա զինվորները վարել էին մեկական առանձին և ինքնուրույն պատերազմ։ Այդ ընթացքում անօգնական կռապաշտներին թալանելու շնորհիվ Անգլիայի տիրույթներն այն աստիճան ուռճացան, որ Մեծ Բրիտանիայում թվերը չբավականացրին նշելու համար գողացված հողերի մակերեսները, և ստիպված եղան դրանք մեծ քանակությամբ ներմուծել այլ երկրներից։
Մեր օրերում խաղաղասեր ազգեր չեն մնացել, եթե չհաշվենք նրանց, ում սահմանները, ավաղ, դեռևս չի ներխուժել աշխարհի Ավետարանը։ Բոլոր քրիստոնյա երկրները ռազմական ճամբարներ են։ Քրիստոնյա աղքատների բոլոր անցյալ սերունդները մշտապես գտնվել են սովամահության եզրին՝ այն վիթխարածավալ զինանոցների համար հարկեր վճարելու պատճառով, որ քրիստոնեական կառավարություններն ստեղծում էին, որպեսզի իրենց պաշտպանեին միաբանության մյուս անդամներից, միաժամանակ նաև որպեսզի փախցնեին ամեն մի հողակտոր, որ առանց հսկողության էին թողել նրանց վայրենի տերերը։ Բելգիայի թագավոր Լեոպոլդ II֊ը թերևս առավել գործնական քրիստոնյա միապետն էր (չհաշված Ակեքսանդր VI֊ին) բոլոր այն թագադիր անձանցից, որոնց դեռևս հաջողվել է դժոխքից խուսափել, որ Աֆրիկայում մի ամբողջ թագավորություն գողացավ և քրիստոնեական ջանքերի տասնչորս տարվա ընթացքում սպանությունների, տանջանքների, ծանր աշխատանքի, թալանի, բռնության շնորհիվ այնտեղ բնակչության թիվը երեսուն միլիոնից հասցրեց տասնհինգ միլիոնի, բռնագրավելով անգամ անօգնական բնիկի ֆիզիկական ուժը, փոխարենը տալով լոկ փրկություն ու ապաստան դրախտում, որ վերջին պահին նրա համար ապահովում էր քրիստոնյա քահանան։ Մեր սերնդի կյանքի ընթացքում բոլոր քրիստոնյա տերությունները հիմնականում զբաղված էին այն բանով, որ ավելի ու ավելի նոր, ավելի ու ավելի արդյունավետ միջոցներ էին փնտրում քրիստոնյաներին, միաժամանակ նաև մեկ֊երկու հեթանոսների սպանելու համար, և նա, ով ուզում է հնարավորին չափ արագ հարստանալ Քրիստոսի երկրային թագավորությունում, բավական է ստեղծի մի թնդանոթ, որը կրակոցով ավելի շատ քրիստոնյա սպանի, քան դրա ցանկացած նախորդը։
Դրանից բացի, այդ նույն սերնդի կյանքի ընթացքում բոլոր քրիստոնյա կառավարություններն առանց հոգնելու ռազմածովային պոկեր էին խաղում իրենց հարևանների հետ։ Այդ խաղում Ֆրանսիան մեկ ռազմանավ է դնում․ Անգլիան տեսնում է այդ նավը և մի նավ ավելի է դնում․խաղի մեջ է մտնում Ռուսաստանը և խաղագումարը բարձրացնում մեկ, իսկ երբեմն էլ երկու ռազմանավով։ Այսինքն առաջ էր այդպես, մինչև որ խաղի մեջ մտավ մի թերուս օտարերկրացի, որը խաղանիշների այդ վեհատես կույտը հանգեցրեց մի ծակ լաստանավի ու հածելու անընդունակ մի հածանավի։ Հիմա մենք էլ ենք այդ խաղին մասնակցում։ Եվ այն դեռ շարունակվում է, շարունակվում, շարունակվում։ Խաղաթղթերը չեն չեն խառնվում, նորից չեն բաժանվում։ Ոչ մի խաղացող մյուսին չի առաջարկում խաղաթղթերը բացել։ Դա պարզապես խաղագումարն անվերջ այնպես բարձրացնելու, բարձրացնելու և բարձրացնելու խաղ է, որ ըստ հավանականության օրենքի արդեն հեռու չէ այն օրը, երբ ցամաքի վրա ոչ մի քրիստոնյա չի մնա։ Բացառությամբ կանանց։ Բոլոր տղամարդիկ կծառայեն ռազմանավերի վրա ու կլողան ծովերով։
Այդ տարօրինակ, այդքան վտանգավոր, այդքան ավերիչ և այդքան անիմաստ խաղը կոչվում է պետական իմաստություն, իսկ դա նույնը չէ, ինչ որ պետական հիմարությունը, քանզի այլ կերպ է գրվում։ Ամեն մարդ, բացի պետական գործչից, կկարողանար միջոց գտնել այդ վիթխարի բանակները կրճատելու հասնցնելու խելքին մոտ ու անհրաժեշտ ոստիկանական ուժերի չափի, որպեսզի հետագայում բոլոր քրիստոնյաները կարողանային հանգիստ քնել իրենց անկողիններում և որպեսզի փրկչին, եթե նա ցանկանար երկնքից իջնել ու քայլել ջրի վրայով, չհետապնդեին քրիստոնեական ռազմանավերը, թեկուզև նա օտարերկրացի է։
Հաջողվե՞լ է, արդյոք, Աստվածաշնչին մեր մոլորակը անմեղ արյան մեջ խեղդելուց ավելի վատ բան անել։ Իմ կարծիքով, հաջողվել է, բայց դա լոկ իմ անձնական կարծիքն է, և, միգուցե, ես սխալվում եմ։ Դեռևս մի բողոքական տղա կամ մի բողոքական աղջիկ չկա, ում ուղեղը Աստվածաշունչը աղտոտած չլինի։ Ոչ մի բողոքական երեխա մաքուր չի մնա Աստվածաշնչին ծանոթանալուց հետո։ Իսկ այդ ծանոթությանը խոչընդոտել չի կարելի։ Երբեմն ծնողները փորձում են օգնել գործին, երեխաներին թույլ չտալով շփվել այն զազրելի անպարկեշտություններին, որոնցով լի է Աստվածաշունչը, բայց դա միայն գրգռում է երեխայի ցանկությունը՝ ճաշակելու արգելված պտուղը, և նա այն ճաշակում է․ ծածուկ գտնում է ու անհագ ագահությամբ կլանում այն։ Աշխարհի բոլոր բողոքական ընտանիքներում Աստվածաշունչը ամեն օր ու ամեն ժամ կատարում է երեխաների շրջանում արատ և կեղտոտ, արատավոր մտքեր տարածելու իր սև գործը։ Նա այդ կործանարար աշխատանքն անում է ավելի շատ, քան քրիստոնյա աշխարհի բոլոր կեղտոտ գրքերը միասին վերցրած, և ոչ թե պարզապես ավելի, այլ հազարապատիկ ավելի։ Մատաղ սերնդի ուղեղները դժվար չէ զերծ պահել այդ մյուս գրքերից, և նրանք զերծ են դրանցից։ Բայց մահաբեր Աստվածաշնչի դեմ նրանք պաշտպանություն չունեն։
Կարելի՞է, արդյոք, կասկածել, որ երեխաներն ու անչափահասները գաղտագողի փնտրում գտնում են արգելված գլուխները և ջանադրաբար ուսումնասիրում դրանք։ Եթե իմ ընթերցողը հիմա այստեղ լիներ, տղամարդ թե կին, տասը տարեկան երեխա, թե իննսունամյա ծերունի, ես կստիպեի, որ ինքը պատասխաներ հարցիս, և պատասխանը միակը կլիներ։ Իր մանկության փորձից ելնելով, նա ստիպված կլիներ խոստովանել, որ Աստվածաշունչը պղծում է բողոքական երեխաների հոգիները․ բոլորի, առանց բացառության։
Գտնո՞ւմ եմ, արդյոք, որ քրիստոնեական կրոնը հավերժորեն գոյություն կունենա։ Ես ոչ մի հիմք չունեմ այդպես մտածելու։ Մինչև նրա երևան գալը աշխարհում հազարավոր կրոններ են եղել։ Դրանք բոլորը մեռել են։ Նախքան մեր աստծու հորինվելը, աշխարհում միլիոնավոր աստվածներ են եղել։ Դրանք բոլորը մեռել են և վաղուց ի վեր մոռացվել։ Մեր աստվածն անհամեմատելիորեն ամենավատն է, որ կարող էր ծնել մարդու հիվանդ երևակայությունը․ մի՞թե նա և նրա քրիստոնեությունը կկարողանան անմահություն պահպանել, հակառակ այն անհամար օրինակների վրա հիմնվող հավանականության, որ գտնում ենք անցյալի աստվածաբանական պատմության մեջ։ Ոչ, ես այն կարծիքին եմ, որ քրիստոնեությունն ու նրա աստվածը բացառություն չեն լինի ընդհանուր կանոնից։ Նրանք իրենց հերթին պետք է անհետանան և տեղ բացեն ուրիշ աստվածի ու էլ ավելի հիմար մի կրոնի համար։ Բայց, գուցե, այն, այնուամենայնիվ, ավելի լա՞վը լինի, քան մերը։ Ոչ, դա քիչ հավանական է։ Պատմությունը ցույց է տալիս, որ կրոնների հարցում ոչ թե առաջընթաց, այլ հետընթաց ենք ապրում։ Դա, ասենք, կարևոր չէ․ ինչ էլ լինի, անպատճառ նոր աստված և նոր կրոն ի հայտ կգան։ Նրանք կներկայացվեն հողագնդի բնակչությանը և կընդունվեն միակ փաստարկների ճնշման տակ, որոնց օգնությամբ հաջողվել է որևէ ժողովրդի համոզել ընդունելու քրիստոնեությունը կամ ցանկացած այլ կրոն, եթե միայն այն չի եղել իրենց հայրերի կրոնը։ Սուրբ գիրք, սուր, հուր և կացին՝ ահա այն միակ քարոզիչները, որոնց երբևէ հաջողվել է հաղթանակի հասնել այն ժամանակներից սկսած, երբ աշխարհում ի հայտ են եկել աստվածներն ու կրոնները։ Այն բանից հետո, երբ նոր աստվածն ու նրա կրոնը հաստատվեն սովորական համամասնությամբ (երկրի մեկ հինգերորդական մասը նրանց պաշտոնական հետևորդներն են, չորս հինգերորդականը՝ քարոզիչների հեթանոսական որսադաշտը, ուր քարոզիչները ինքնագոհ ու ապարդյուն ճանկռում են դրա ծայրը), նորահավատները կհավատա՞ն, արդյոք նրանց։ Իհարկե, կհավատան։ Նրանք միշտ հավատացել են այն միլիոնավոր աստվածներին ու կրոններին, որոնցով լցրել են նրանց գլուխը։ Մի այնպիսի անհեթեթ կամ այնպիսի անհավանական բան չկա, որին միջակ մարդը չհավատա։ Չէ որ մեր օրերում էլ միջակ մտավոր մակարդակի տասնյակ հազարավոր ամերիկացիներ կան, որոնք լիովին հավատում են «Գիտությանն ու առողջությանը», չնայած ի վիճակի չեն ոչ մի տող հասկանալու, և որոնք, դրանից բացի, գլուխ են խոնարհում այդ ավետարանը սեփականացրած շահամոլ և տգետ պառավի՝ տիկին Բերի Բեյքեր Էդիի առջև, անսասանորեն հավատալով, որ նա սուրբ ընտանիքի հոգեդուստրն է և շուտով մի կողմ կմղի փրկչին, կզբաղեցնի ներկայումս նրա զբաղեցրած տեղն ու այն կզբաղեցնի մինչև աշխարհի վերջը։
Գլուխ չորրորդ
- Շաբաթ, 23 հունիաի 1906 թվականի
Հիմա եկեք խոսենք ճշմարիտ աստծու, իսկական աստծու, մեծ աստծու, բարձրագույն ու գերագույն աստծու, իրական տիեզերքի իրական ստեղծողի մասին, տիեզերք, որի հեռավորագույն անկյուններն այցելում են լոկ գիսաստղերը, որոնց համար աներևակայելիորեն հեռավոր Նեպտունը ընդամենը նավահանգստի մուտքի փարոս է, յուրօրինակ Սանդի Հուկ,[3] որը ժպտում է բազում դարերի ընթացքում տարածության խորքերը չափչփաց և, վերջ ի վերջո, հայրենիք վերադարձած պանդուխտներին։ Տիեզերք, որը ձեռքով շինված չէ երեխայի աստղաբաշխական սենյակի համար, այլ անսահմանորեն ձգված տարածության մեջ ծագել է հենց նոր ու վեհ աստծու կամքով, աստված, որի համեմատ մնացած բոլոր մյուս աստվածները, որ հազարներով վխտում են մարդկային ողորմելի երևակայության մեջ, նման են դատարկ երկնքի անսահմանության մեջ կորած մոծակների պարսի։
Երբ մտածում ենք նման աստծո մասին, այլևս չենք կարող նրան վերագրել արժանապատվությունից, վեհությունից զուրկ չնչին գործեր։ Մենք չենք կարող երևակայել, որ նա հրաժարվել է Սիրիուսից, որպեսզի իրեն պատվանդան ընտրի մեր կարտոֆիլը։ Չենք կարող պատկերացնել, որ նա կարող է հետաքրքրվել չնչին մարդկության գործերով, ուրախանալ նրա կիրակնօրյա գովքով ու բարկանալ, եթե այդ գովքը նվազում է կամ առհասարակ լռում։ Ինչպես որ չենք կարող պատկերացնել, որ չինական կայսրը հանկարծ կարող է հետաքրքրվել մանրէներով լի փորձանոթով ու թրթռուն անհանգստությամբ ջանալ դուր գալ նրանց, որպեսզի արբենա վերջիններիս անտաշ շողոքորթությամբ։ Եվ եթե նույնիսկ կարողանայինք պատկերացնել, որ չինական կայսրը խելահեղ հետաքրքրություն կցուցաբերի մանրէներով լի փորձանոթի նկատմամբ, ապա, այնուամենայնիվ, դրանով վերջակետ կդնեինք։ Քանզի ոչ մի կերպ չէիք կարող երևակայել, թե նա բյուրավորների միջից կընտրի քառորդ մատնոցի չափ հրեական մանրէներ՝ ամենասակավ հրապուրիչները այդ բազմությունից, և դրանց կդարձնի իր սիրեցյալները, և դրանց կկոչի ընտրյալ բացիլներ, և այնքան կսիրի, որ կխոստանա միայն դրանց շոյել և փայփայել, իսկ մյուսներին հավերժական նզովքի մատնել։
Երբ հետազոտում ենք այդ անսահման տիեզերքի (հիմա գիտենք, որ տիեզերքն ասահման է) անհամար հրաշքները, վեհաշուքությունը, փայլն ու կատարելությունը և համոզվում, որ դրանում եղած ամեն ինչ՝ խոտի ցողունից մինչև Կալիֆոռնիայի անտառային հսկաները, անհայտ լեռնային վտակից մինչև անծայրածիր օվկիանոսը, մակընթացությունների ու տեղատվությունների ընթացքից մինչև մոլորակների վեհասքանչ շարժումը, անառարկելիորեն ենթարկվում է ճշգրիտ, բացառություն չունեցող օրենքների խիստ համակարգին, ըմբռնում ենք, չենք ենթադրում, չենք եզրակացնում, այլ ըմբռնում ենք, որ մի հղացմամբ այդ չափազանց բարդ աշխարհը, իսկ մյուս հղացմամբ այն ղեկավարող օրենքներն ստեղծած աստվածն անսահման հզորությամբ է օժտված։ Այնժամ ըմբռնում ենք նաև, որ եթե նա ցանկանում է որևէ բան անել, անում է առանց որևէ մեկի օգնության։ Ըմբռնում ենք նաև, որ այն պահին, երբ նա արարել է այս տիեզերքը, արդեն կանխատեսել է, թե ինչ է կատարվելու նրա հետ այդ պահից սկսած մինչև ժամանակների վերջը։
Բայց միաժամանակ հասկանո՞ւմ ենք, որ նա բարոյական արարած է՝ բարոյականության մասին մեր հասկացություններին համապատասխան։ Ո՛չ։ Եթե մենք դրա վերաբերյալ որևէ տեղեկություն էլ ունենք, ապա մեզ հայտնի է միայն, որ նա բացարձակապես զուրկ է բարոյականությունից․ համենայն դեպս՝ մարդկային նմուշի բարոյականությունից։ Հայտնի՞ է, արդյոք, մեզ, որ նա արդարամիտ է, ողորմած, բարի, հեզ, գթառատ, կարեկից։ Ո՛չ։ Մենք ոչ մի ապացույց չունենք, թե նա ունի այդ հատկանիշներից գեթ մեկը։ Եվ միևնույն ժամանակ ամեն մի գալիք օր մեզ հարյուր հազարավոր վկայություններ է բերում (ոչ, ոչ թե վկայություններ, այլ անժխտելի ապացույցներ), որ նա դրանից և ոչ մեկը չունի։
Երբ աղոթում ենք, երբ աղերսում ենք, երբ դիմում ենք նրան, նա լսո՞ւմ է, արդյոք։ Պատասխանո՞ւմ է, արդյոք։ Մարդկության պատմությունը գեթ մի անառարկելի դեպք չգիտի, որ հաստատեր դա։ Կամ գուցե նա լուռ հրաժարվո՞ւմ է լսել, հրաժարվո՞ւմ է պատասխանել։ Չկա ոչ մի բան, որը գոնե անուղղակիորեն վկայեր հակառակը։ Աշխարհի սկզբից ի վեր իրենց նրա ընտրյալ ու վարձու սպասավորներ երևակայող հոգևորականները կրկին ու կրկին ի մի էին հավաքում իրենց բազմաքանակ ջոկատները ու խմբով անձրև աղերսում, բայց ոչ մի անգամ այն չէին ստանում, եթե միայն այն չպետք է տեղար, ենթարկվելով բնության հավերժական օրենքներին։ Եվ բոլոր դեպքերում, երբ այնուամենայնիվ, անձրև գալիս էր, նրանք, եթե եղանակի օրինավոր բյուրո ունենային, կարող էին աղոթելով իրենց նեղություն չտալ, որովհետև բյուրոն կտեղեկացներ, որ մոտակա օրերին, միևնույն է, անձրև է սպասվում, անկախ այն բանից՝ կաղոթեն նրանք, թե ատամների հետևը կպահեն իրենց սուրբ լեզուները։
Ի սկզբանե հենց որ մի միապետը վտանգավոր կերպով հիվանդանում էր, երկրի բոլոր հոգևորականները և բնակչության մի մասը սկսում էին խմբով աղոթել, որ նա ողջ֊առողջ մնա իր վշտացող ժողովրդի համար (այն դեպքերում, երբ ժողովուրդն իսկապես վիշտ էր ապրում, մի բան, որ որպես կանոն չէր լինում), և ոչ մի անգամ նրանց աղոթքը տեղ չէր հասնում։ Երբ պրեզիդենտ Գարֆիլդը[4] մահամերձ պառկած էր, բժիշկներն ու վիրաբույժները գիտեին, որ ոչ մի բան չի փրկի նրան։ Եվ, այնուամենայնիվ, նշանակված ժամին Միացյալ Նահանգների բոլոր եկեղեցիներում միաժամանակ ջերմեռանդ աղոթք հնչեց պրեզիդենտի ապաքինման համար։ Հոգևորականներն այդ բանն արեցին այն նույն հինավուրց, պարզահոգի ինքնավստահությամբ, որով նախնադարյան վայրենին աղոթում է իր երևակայական դևերին, որպեսզի նրանք խնայեին իր մեռնող առաջնորդին․ քանզի հավիտյանս չի գա այն օրը, երբ փաստերն ու փորձը ընդունակ լինեն եկեղեցուն որևէ օգտակար բան սովորեցնելու։ Անշուշտ, պրեզիդենտը, միևնույն է, մեռավ։
Մեծ Բրիտանիայի բնակչությունը կազմում է քառասունմեկ միլիոն մարդ։ Երկրում կա ութսուն հազար եկեղեցի։ Բուրերը հարյուր հիսուն հազար էին և ունեին երկու հարյուր տասը եկեղեցուց բաղկացած մարտկոց։ Անգլոբուրական պատերազմի սկզբում Անգլիայի գահերից արքեպիսկոպոսի ազդանշանով բոլոր ութսուն հազար անգլիական եկեղեցիները մեկեն խլացուցիչ աղաչանք հղեցին առ իրենց աստված, հաղթանակ խնդրելով Հարավային Աֆրիկայում մարտնչող անգլիացիների համար։ Բուրերի երկու հարյուր տասը եկեղեցիներից բաղկացած փոքրիկ մարտկոցը համերաշխ, միաժամանակյա աղաչանքով պատասխանեց առ նույն աստվածը հղած աղոթքով, հաղթանակ խնդրելով բուրերի համար։ Եթե ութսուն հազար անգլիական հոգևորականներն այդ աղոթքը երկինք հղելու փոխարեն իրենք դուրս գային ռազմի դաշտ, անկասկած հաղթանակ կտանեին, մի բան, ինչի համար աղոթում էին, իսկ հիմա հաղթանակը մյուսի կողմն էր, և անգլիական զորքերը բուրերից պարտություն պարտության հետևից էին կրում։ Անգլիական եկեղեցին խոհեմաբար լռում էր իր ջանքերի արդյունքի վերաբերյալ, բայց բուրերի անզգույշ եկեղեցին ցնծության մեջ ի լուր ամենքի հայտարարում էր, թե իր աղոթքները բուրերին հաղթանակ բերեցին։
Անգլիական կառավարությունը հույսն ավելի շատ դրել էր զինվորների, քան թե աղոթքների վրա, և այդ իսկ պատճառով փոխանակ կրկնապատկելու ու եռապատկելու իր հոգևորականների թիվը, կրկնապատկեց և եռապատկեց Հարավային Աֆրիկայում գտնվող իր զորքերի թիվը։ Եվ այնժամ տեղի ունեցավ այն, ինչ միշտ տեղի է ունենում՝ անգլիացիները շահեցին պատերազմը, և դա բավականին հստակ վկայում է, որ տերն ականջալուր չեղավ ոչ մեկ, ոչ մյուս կողմին և նրա համար միևնույն էր, թե ով կհաղթի, ինչպես որ միևնույն է եղել իր ի հայտ գալու օրվանից մինչև օրս։ Պատմությունը մի դեպք չգիտի, որ նա գեթ փոքր իսկ հետաքրքրություն ցուցաբերեր մարդկային կռիվների կամ այն բանի հանդեպ՝ կհաղթի՞ արդյոք արդար գործը, թե կպարտվի։
Այդ փորձից եկեղեցին որևէ դաս քաղե՞ց։ Ոչ, չքաղեց։ Երբ բուրերը հաղթանակի հասան աղոթքների շնորհիվ, այդպես էր թվում բուրերին, աղոթքների զորության հանդեպ նրանց հավատն ավելի ամրապնդվեց։ Իսկ երբ, չնայած վստահ աղաչանքներին, նրանք խորտակիչ ու վերջնական պարտություն կրեցին, մնացին նույն համոզմունքին, և աստծու արդարամտության ու բանականության հանդեպ նրանց վստահությունը ամենևին չպակասեց։
Ինչքա՜ն հաճախ ենք մենք մայր տեսնում, որն աստիճանաբար կորցրել է այն ամենը, ինչ թանկ է եղել իր համար, բացի վերջին երեխայից, որը մահամերձ է։ Եվ տեսնում ենք, թե ինչպես է նա երեխայի մահճակալի մոտ ծնկաչոք, դուրս թափելով սրտակեզ թախիծը, աստծուց գթասրտություն աղերսում։ Ո՞վ ուրախությամբ չէր շտապի սփոփելու մորը, եթե ի զորու լիներ փրկելու այդ մանկանը։ Եվ, անուամենայնիվ, ոչ մի այդպիսի աղոթք ոչ մի անգամ ոչ մի աստծու մեջ խղճահարություն չի արթնացրել։ Սակայն այդպիսի մայրը կորցրե՞լ է այրդյոք հավատը։ Երբեմն, բայց լոկ շատ կարճ ժամկետով։ Չէ որ նա ևս ընդամենը մարդ է, ինչպես մյուս բոլորը և հաջորդ դժբախտության ժամանակ նորից պատրաստ է աղոթելու, նորից պատրաստ է հավատալու, որ իր աղոթքը կլսվի։
Մենք գիտենք, որ ճշմարիտ աստվածը, գերագույն աստվածը, տիեզերքի իսկական արարիչն է ստեղծել այն ամենը, ինչ կա նրանում։ Մենք գիտենք, որ նա է ստեղծել բոլոր կենդանի արարածներին՝ մանրէից ու բրոնտոզավրից, մինչև մարդն ու կապիկները, և նա գիտեր դրանցից յուրաքանչյուրի ճակատագիրը սկզբից մինչև վերջ։ Եվ ամեն մի արարածի, մեծ թե փոքր, նա ենթարկել է անխախտ օրենքի, որով սահմանվել է, որ այդ արարածն իր կյանքի ամեն օրը կրելու է անհարկի և ավելորդ տառապանքներ, և որ ոչ մի արարածի, ինչպիսի խորամանկության էլ նա դիմի, չի հաջողվի խույս տալ այդ տառապանքներից ու դառնություններից, որ նրա ճանապարհը ծնված օրվանից մինչև մահ սփռված է լինելու նենգ, խորամանկորեն թաքցրած թակարդներով, ծուղակներով ու որոգայթներով, իսկ մեկ այլ օրենքի գիտակցաբար կամ անգիտակցաբար կատարված ցանկացած խախտում անպայմանորեն պետք է հանգեցնի տասը հազար անգամ ավելի ծանր պատժի, քան բուն զանցանքն է։ Կարելի է լոկ ապշել այն համընդգրկուն և ամենաթափանց չարության վրա, որ համբերատարությամբ հասել է այն բանին, որ բարդագույն կտտանքներ է հորինել երկրագունդը բնակեցրած անհամար էակներից ամենաթշվառների ու ամենաչնչինների համար։ Սարդն այնպես է կառուցվել, որ խոտ չուտի, այլ սիտպված լինի ճանճեր ու նման այլ արարածներ որսալ և դրանց մատնել դանդաղ, տանջալի մահվան, առանց գիտակցելու, որ շուտով իր հերթն էլ կհասնի։ Իշամեղուն այնպես է կառուցված, որ նույնպես հրաժարվի խոտից ու խայթի սարդին, ընդ որում արագ ու բարեգութ մահ չպարգևելով, այլ լոկ անդամալույծ անելով, որպեսզի հետո խոթի իր բույնը, ուր սարդը դեռ երկար պիտի ապրի ու տառապի, մինչև որ մատղաշ իշամեղուները անշտապ սկսեն ուտել նրա ոտքերը։ Իրենց հերթին ապահովված էին նաև իշամեղվին սպանողը, և իշամեղվին սպանողի սպանողը, և այդպես շարունակ երկրի վրա ապրող բոլոր արարածների համար։ Դրանց թվում չկա գեթ մեկը, որը նախատեսված ու հարմարեցված չլինի մեկ այլ եղբայրակից֊սպանողի կողմից տառապանք ու մահ ընդունելու համար։ Սարդոստայն ընկած ճանճին կարելի է մեղադրել միայն անզգուշության, այլ ոչ թե որևէ օրենք խախտելու մեջ։ Եվ, այնուամենայնիվ, ճանճի կրած պատիժը տասը հազար անգամ ավելի խիստ է, քան արժանի է նման զանցանքը։
Տասհազարապատիկ պատժի օրենքը խստորեն պահպանվում է բոլոր կենդանի էակների նկատմամբ, ներառյալ և մարդը։ Ամեն մի պարտք, արվե՞լ է, արդյոք, գիտակցաբար, թե անգիտակցաբար, բնությունը գանձում է դեռ այս աշխարհում, հաշիվ մաքրելը չհետաձգելով մինչև տասմիլիարդապատիկ լրացուցիչ պատիժը, որը գանձման է ենթակա այն աշխարհում, եթե խոսքը մարդու մասին է։ Մեղքի, չնչին զանցանքների և որևիցէ մեղքի բացակայության համար հրեշավոր պատիժների այդ համակարգը գործի է դրվում այն պահից, երբ անօգնական մանկիկն առաջին անգամ բացում է աչքերը, և չի դադարում նրան կեղեքելուց, քանի դեռ չի սպառվել նրա կյանքի վերջին րոպեն։ Կգտնվի՞ արդյոք գեթ մի հայր, որը ցանկանա իր պստլիկին տանջել անարդարացի ստամոքսախիթերով, ատամ հանելու անարդարացի տանջանքներով, իսկ հետո խոզուկով, կարմրուկով, քութեշով և հազարավոր այլ կտտանքներով, որ հորինվել են միանգամայն անմեղ էակի համար։ Իսկ հետո, պատանեկությունից մինչև գերեզման, կտանջի՞ նրան տասհազարապատիկ պատիժներով՝ օրենքի կանխամտածված կամ պատահական ցանկացած խախտման համար։ Նրբագույն սարկազմով մենք աստծուն վեհացնում ենք հայր կոչումով, և, այնուամենայնիվ, հրաշալի գիտենք, որ եթե ձեռքներս նրա պես մի հայր ընկնի, անմիջապես կկախենք։
Այդ հանցագործությունների եկեղեցական արդարացումն ու փառաբանումը զուրկ է որևէ համոզչականությունից։ Եկեղեցին հայտարարում է, թե դրանք կատարվում են հանուն տառապյալի բարօրության։ Դրանք նաև պետք է ճիշտ ուղու վրա դնեն, մաքրագործեն, վեհացնեն, նախապատրաստեն աստծու ու հրեշտակների ընկերակցությունում գտնվելու՝ ուղարկեն երկինք, որ սբրագործված է քաղցկեղով, ամեն տեսակ ուռուցքներով, ծաղկախոտով և այն ամենով, ինչը մտնում է դաստիարակության ու կրթության այդ համակարգի մեջ։ Եվ եթե եկեղեցին գեթ որևէ բան հասկանում է, պիտի գիտենա, որ ինքն իրեն է հիմարացնում։ Չէ որ կարող էր հասկանալ, որ եթե նման կարգի դաստիարակչական միջոցներն իմաստուն և օգտակար են, ապա մենք բոլորս խելագար ենք, քանզի մինչև օրս դրան չենք դիմում, դաստիարակելով մեր հարազատ երեխաներին։
Մի՞թե եկեղեցին անկեղծորեն հավատում է, որ մենք ընդունակ ենք բարելավելու ամենակարողի հորինած մաքրագործող ու վեհացնող համակարգը։ Ըստ իս, եթե եկեղեցին իսկապես հավատար, որ քարոզում է այդ իմաստով, ամեն մի հոր պետք է խորհուրդ տար ընդօրինակել ամենակարողի եղանակները։
Սակայն հենց որ եկեղեցուն հաջողվում է իր հոտին համոզել, որ այդ համակարգն իմաստուն ու գթառատ է, և ամենակարողն այն հղացել է, որպեսզի ճիշտ ուղու վրա դնի, մաքրագործի ու վեհացնի իր անսահմանորեն սիրելի զավակներին, նա խոհեմաբար լեզուն կծում է։ Նա չի համարձակվում հեռուն գնալ ու բացատրել, թե ինչու միևնույն պատիժներն ու տանջանքներն առաքում է նաև բարձրակարգ կենդանիներին՝ կոկորդիլոսներին, վագրերին և մյուսներին։ Նա նույնիսկ հայտարարում է, թե գազանները դատապարտված են հավերժական մահվան, նկատի ունենալով, որ նրանց տխուր կյանքն սկսվում ու ավարտվում է այստեղ՝ երկրի վրա, որ նրանք այլևս ոչ մի տեղ չեն ուղարկվում, որ նրանց համար դրախտ չկա, որ ո՛չ աստված, ո՛չ հրեշտակները, ո՛չ սրբակյաց հոգիները հանդերձյալ աշխարհում նրանց ընկերակցությանը ծարավի չեն։ Դա ծիծաղելի դրության մեջ է դնում եկեղեցուն, քանզի չնայած նրա բոլոր խորամանկ բացատրություններին ու ջատագովությանը, նա այդպիսով իր աստծուն մերկացնում է որպես միանգամայն անմեղ գազանների հանդեպ չարանենգ ու անխիղճ բռնակալի։ Համենայն դեպս և միանգամայն անվիճելիորեն նա այդ լռությամբ վերջնականապես նրան դատապարտում է որպես չարանենգ տիրակալի, դրանից առաջ հասցնելով իր հոտին համոզել, որ աստված կազմված է լոկ կարեկցանքից, բարեպաշտությունից ու համապարփակ սիրուց։ Եկեղեցին պարզապես չգիտի, թե ինչպես գլուխ հանի աղաղակող հակասություններից և չի էլ փորձում գլուխ հանել։
Այն հատկանիշների լիակատար բացակայության պայմաններում, որոնք կարող էին զարդարել աստծուն, նրա նկատմամբ հարգանք ներշնչել, պատկառանք ու երկրպագություն առաջացնել, իսկական աստվածը, ճշմարիտ աստվածը, անընդգրկելի տիեզերքի արարիչը ոչնչով չի տարբերվում մյուս բոլոր աստվածներից։ Նա ամեն օր միանգամայն պարզ ցույց է տալիս, որ ամենևին չի հետաքրքրվում ոչ մարդով, ոչ մյուս կենդանիներով, թերևս հետաքրքրվում է լոկ այնքանով, որ տանջի նրանց, ոչնչացնի և այդ զբաղմունքից որևէ զվարճություն ստանա, ընդ որում անելով ամեն ինչ, որպեսզի այդ հավերժական և անփոփոխ միապաղաղությունը չձանձրացնի։
- ↑ Ամերիկայում ընդունված պատվիրանի անվանումը․ «Այն ամենում, ինչպես դուք եք ուզում, որ մարդիկ ձեզ հետ վարվեն, այդպես էլ դուք վարվեք նրանց հետ»։ ― Ծան․ ռուս․ թարգ․։
- ↑ Ձեռագրում նշված չէ աղբյուրը, թե որտեղից է վերցված այս պատմությունը։ Հավանաբար, խոսքը 1906 թ․ հունիսի 15֊ին Բելոստոկում ցարական ժանդարմների հրահրած հրեական ջարդի մասին է։ Տվենը հանդես է գալիս սևհարյուրականների սանձարձակ կամայականության, հրեական ջարդերի դեմ, որոնց դեմ վճռական պայքար էին մղում Ռուսաստանի հեղափոխական պրոլետարիատն ու բոլշևիկների կուսակցությունը։ Ծան․ ռուս․ խմբ․։
- ↑ Սանդի Հուկ ― հրվանդան Նյու Յորքի նավահանգստի մուտքի մոտ։ ― Ծան․ ռուս․ թարգմ․։
- ↑ Գարտֆիլդ Ջեյմս (1831 ―1881) ― 1881 թ․ ԱՄՆ֊ի պրեզիդենտը։ Պաշտոնի անցնելուց քիչ անց մահացու վիրավորվել էր մի խնդրարկուի կողմից, որին մերժել էր, և երկու ամիս անց մահացել։ ― Ծան․ ռուս․ թարգմ․։