Խամսայի Մելիքությունները

Գրապահարան-ից
Խամսայի Մելիքությունները

հեղինակ՝ Րաֆֆի
աղբյուր՝ Երկերի ժողովածու 12 հատորով, հ. 9


Անավարտ.jpg
Անավարտ
Այս ստեղծագործությունը դեռ ամբողջովին տեղադրված չէ Գրապահարանում


ԽԱՄՍԱՅԻ ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (1600—1827)

ՆՅՈՒԹԵՐ ՀԱՅՈՑ ՆՈՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

Իր հանգուցյալ հայր
ՄԵԼԻՔ-ՄԻՐԶԱ-ԲԵԿԻ
անմոռանալի հիշատակին
խորին երախտագիտությամբ
նվիրում է որդին
նրա դասակիցների պատմությունը


I

Հայաստանը իր անկման զանազան շրջաններում, կորցնելով իր գահը, ամեն անգամ թողել է իր ներկայացուցիչներին, որպես դեռ չմարած կայծեր, պահպանված նախկին փառքի մոխիրի մեջ։ Հայկազանց թագավորող տունը վերջանալուց հետո թողեց իր ետևից մի շարք իշխողներ, որ կոչվում էին կուսակալներ։ Արշակունիք թողին մարզպաններին, կյուրապաղատներին, պատրիկներին և ոստիկաններին։ Իսկ Բագրատունիները և Ռուբինյանները թողին զանազան, միմյանցից բաժանված, անկախ իշխանություններ։

Հիշյալ իշխանությունների ներկայացուցիչները ըստ մեծի մասին եղել են հայոց հին նախարարական տների ժառանգները։ Դրանք հայոց թագավորության մի շրջանի վերջանալուց հետո պահպանում էին նրա իշխանությունը մինչև մի նոր շրջանի ստեղծվիլը և այսպիսով ծառայում էին որպես օղակներ, որոնք անխզելի կերպով պահպանում էին հայկական անկախության շարունակությունը, մինչև կործանված գահի կրկին վերականգնելը։ Այդ իշխանությունները թեև երբեմն օտարներից նշանակված և օտարների հարկատու են եղել, բայց երբեք չեն կորցրել իրանց ինքնավարության իրավունքները։

Վերջին դարերում նախարարական հին տների փոխարեն երևան եկան մելիքները, որոնց իշխանությունը ավելի կանոնավոր ձև ստացան Շահ-Աբաս մեծի օրերից (1603)։ Պարսից այդ աշխարհաշեն թագավորը, որի քաղաքական հայացքները օտարազգիների վերաբերությամբ բոլորովին տարբեր էին իր նախորդներից, ավելի բարվոք էր համարում իր հպատակ այլասեռ ժողովուրդներին կառավարել հենց իրանց ներկայացուցիչների ձեռքով և դրանով ամրացնել ամբողջ պետության մեջ համերաշխության կապերը։ Նա առաջինը եղավ, որ հաստատեց հայոց իշխանների «մելիք»[1]տիտղոսը, որ կրում էին ավելի հին ժամանակներից։ Դրանով Շահ-Աբասը կամեցավ վարձատրել այն մեծ ծառայությունը, որ հայոց մելիքները կատարեցին նրա՝ օսմանցիների դեմ ունեցած հաղթությունների մեջ[2]։

Մելիքների իշխանությունը տևեց շատ երկար, իսկ Անդրկովկասում՝ մինչև ռուսների տիրապետության օրերը։ Ես պիտի խոսեմ այդ իշխանություններից միայն մի խմբի վրա, որը ընդհանուր անունով կոչվում էր Խամսայի մելիքություններ[3]։

Խամսայի մելիքությունները բաղկանում էին հինգ փոքրիկ գավառներից, որոնք, միմյանց սահմանակից լինելով, կազմում էին մի ամբողջ նահանգ, որը այժմ կոչվում է Ղարաբաղ, իսկ մեր պատմության մեջ հայտնի է Արցախ կամ Փոքր-Սյունիք անունով։ Դա ավելի հին ժամանակներում Աղվանից աշխարհի մի մասն էր ներկայացնում։

Հիշյալ հինգ գավառները հետևյալներն են.

1) Գյուլիստան կամ Թալիշ, որ սկսվում է Քյուրակ-Չայ գետից, այսինքն՝ Գանձակի սահմաններից և տարածվում է մինչև Թարթար գետը։

2) Ջրաբերդ կամ Չարաբերդ, որ սկսվում է Թարթար գետից և տարածվում է մինչև Խաչենի գետը։

3) Խաչեն, որը սկսվում է նույն անունով գետից և տարածվում է մինչև Բալլու-Չայ գետը։

4) Վարանդա, որը սկսվում է այդ գետից և տարածվում է մինչև Դիզափայտի լեռնային գոտին։

5) Տիզակ կամ Դուզախ, որը սկսվում է այդ լեռներից և տարածվում է մինչև Երասխ գետը։

Այդ երկրները, որ, ինչպես վերևում հիշեցի, մի ժամանակ Աղվանից թագավորության մի մասն էին կազմում, հետո ապաստան դարձան հայոց մելիքների։ Երկրի անմատչելի դիրքը նպաստում էր այնտեղ հայոց իշխանության պահպանվելուն դառն ժամանակների փոթորիկներից։ Վայրենի բնությունը, դարևոր խուլ անտառներով պատած ահագին լեռները, անդնդախոր ձորերի մթությունը, ստեղծել էին այստեղ մի մթին ժողովուրդ, որը իր շրջապատող ժայռերի նման ամուր կուրծք աներ և իր ծմակների վագրների նման աներկյուղ սիրտ ուներ։ Այդ ժողովուրդը ապրում էր իր սիրելի լեռների այրերի մեջ, քարանձավների խորքում, ապրում էր գետնի տակ, կերակրվում էր իր անտառների պտուղներով, իր անասունների բարիքներով և, որպես մի դարանամուտ գազան, իր թաքստի միջից հարձակումներ էր գործում, երբ թշնամին հանդգնում էր վրդովել նրա խաղաղությունը։

Յուրաքանչյուր մելիք իր գավառի տերն էր, նա ուներ իր առանձին բերդը և իր ամրոցները։ Գյուլիստանի մելիքի ամրոցը գտնվում էր Գյուլիստան գյուղի մոտ[4] մի անմատչելի սարի գագաթի վրա. մի այլ ամրոց նույն գավառում գտնվում էր Թալիշ ավանի մոտ, Հոռեկա վանքի հանդեպ։ Ջրաբերդի մելիքի ամրոցը գտնվում էր Թարթար գետի ափի մոտ, Երիցմանկանց վանքի հանդեպ։ Այդ բերդի անունով ամբողջ գավառը կոչվում է Ջրաբերդ, որովհետև բերդը կանգնած է համարյա թե ջրի մեջ, մի ահագին սեպաձև ժայռի գագաթի վրա, որի ստորոտը քերելով, անցնում են կատաղի Թարթարը և Թըրղին։ Այդ երկու գետերը, կտրելով միմյանց, բերդին թերակղզու ձև են տալիս։ Խաչենի մելիքների բերդերը գտնվում էին Խաչեն գետի մոտ. նրանցից մեկը կանգնած է Գանձասարի հռչակավոր վանքի հանդեպ, բարձր, անտառապահ լեռան գլխի վրա և կոչվում է Թարխանաբերդ (Խոխանաբերդ)։ Այս բերդում տասնևերորդ դարու սկզբներում պաշտպանվում էր Հասան-Ջալալ իշխանը թաթարների արշավանքների դեմ։ Մի այլ բերդ, դարձյալ Խաչեն գավառում, գտնվում է հիշյալից մի քանի ժամ ճանապարհով հեռու, սուրբ Հակոբա վանքի հանդեպ։ Այդ բերդը արժանի է իր անվանը. նա կոչվում է Կաչաղակաբերդ (Սազսաղան-կալասի), որովհետև սրաթռիչ կաչաղակները միայն կարող են բարձրանալ մինչև նրա սրածայր գագաթը, որ կորչում է ամպերի մեջ։ Վարանդայի Մելիքի ամրոցը գտնվում էր Չանախչի (Ավետարանոց) ավանում, կուսանաց անապատի հանդեպ։ Տիզակի Մելիքի ամրոցը գտնվում էր Տող ավանում, Գտչի վանքի հանդեպ, որը բարձրացել է մինչև երկինքը։

Այդ երկրում աշխարհից հրաժարված աբեղաների վանքերի հանդեպ կանգնած էին իշխանական ամրոցները, նրանց սարսափելի բերդերը, իսկ խաչի հետ միացրած էր սուրը։

Մելիքների իշխանությունը ժառանգական էր. հոր մահից հետո տիրում էր անդրանիկ որդին և կոչվում էր մելիք, իսկ մյուս եղբայրները կոչվում էին բեկ։ Օրենքի փոխարեն կառավարում էր տիրողի կամք և ժողովրդական սովորությունները, որոնք դեռ պահպանված էին իրանց նահապետական ձևերի մեջ։ Մելիքները անսահման իրավունք ունեին իրանց հպատակների վրա, նրանց դատելու, պատժելու և մինչև անգամ մահվան դատապարտելու։

Մելիքները թե քաղաքական շահերով և թե խնամության կապերով միացած էին միմյանց հետ, և այսպիսով, Խամսայի բոլոր հինգ իշխանությունները կազմում էին մի ամբողջ դաշնակցական միություն։ Պատսպարված իրանց անմատչելի լեռների և մթին անտառների մեջ, նրանք ոչ մի մահմեդականի թույլ չէին տալիս բնակություն հաստատելու իրանց երկրներում, և ամբողջ Ղարաբաղի ազգաբնակությունը բաղկացած էր միայն հայերից, որոնց քանակությունը բազմաթիվ էր։

Այժմ դառնանք Խամսայի հինգ գավառների տիրապետող մելիքների ծագմանը։

II

1. Գյուլիստանի Մելիք-Բեգլարյանների ծագումը[5]։

Մելիք-Բեգլարյանները բնիկ ուտեացիներ են, Նիժ գյուղից։ Թե ի՞նչ հանգամանքներ ստիպեցին նրանց թողնել իրանց հայրենիքը և, գաղթելով Ղարաբաղի կողմերը, Գյուլիստան գավառում նոր բնակություն հաստատել,— այդ մասին լռում է պատմությունը։ Միայն այսքանը հայտնի է, որ առաջին գաղթականը, որին թուրքերը կոչում էին «Ղարա-յուզբաշի» (սև հարյուրապետ), իսկ հայերի մեջ հայտնի էր անունովս սև Աբով, հասարակ մարդ չէր[6]. նա իր հայրենիքում ժողովրդի կառավարիչ էր, հարուստ էր։

Տասնևվեցերորդ դարու սկզբներում հանկարծ այդ «սև հարյուրապետը» հայտնվում է Ղարաբաղի կողմերում, բոլորովին աղքատ, իր հետ ունենալով միայն յոթն ընտանիքներ և մի քանի անասուններ, որ կրում էին նրանց ճանապարհի ծանրությունները։ Երևում է, որ իրանց հայրենիքում մի աղետալի դեպք պետք է պատահած լիներ նրանց հետ, որով թե կողոպտված են եղել և թե տարագրված։

Գալով մի անծանոթ աշխարհ, նրանք ոչ բնակության տեղ ունեին և ոչ պատսպարան։ Թեև աշնան ցրտերը արդեն սկսվել էին, նրանք դեռ բնակվում էին իրանց չատրներում, Թարթար գետի ձախ ափերի մոտ, այժմյան Թալիշ գյուղից փոքր-ինչ հեռու։

Գուցե «սև հարյուրապետը» կցանկանար իր նոր եկած աշխարհում առժամանակ անհայտության մեջ ծածկված մնալ, բայց մի դեպք երևան հանեց նրան։ Մի օր նրա գրաստները դաշտում արածելու ժամանակ վրա հասան մի խումբ ավազակներ և ավարի առին անասունները։ Այդ միջոցին դուրս եկավ «սև հարյուրապետը», և նրա հետ մի քանի երիտասարդներ, նետվեցան ավազակների ետևից։ Մի քանի ժամից հետո վերադարձան նրանք, բերելով իրանց հետ ոչ միայն կողոպտված անասուններին, այլև կողոպտող ավազակներին, որոնց բոլորին կալանավորեցին։

Մյուս օրը հայտնվեցան մի այլ խումբ ձիավորներ, որոնք, դիմելով «սև հարյուրապետին», ասացին նրան, թե իրանք Բարդայի խանի մարդիկն են, թե իրանց հրամայված էր այդ ավազակներին բռնելու, որովհետև նրանք մեծ վնասներ են հասցրել երկրին, և այժմ շատ ուրախ են, որ ավազակները կալանավորվեցան առանց իրանց աշխատության։ Այդ խոսքերով առնում են ավազակներին և տանում են Բարդայի խանի մոտ, առանց հայտնելու նրան, թե ով եղավ ավազակների բռնողը, որպեսզի խանի պարգևները իրանք ստանան։

Խանը հրամայում է ավազակներին գլխատել, իսկ իր մարդիկներին պարգևներով վարձատրել նրանց քաջության համար։ Այդ միջոցին ավազակապետը ասում է խանին. «Պատժեցեք մեզ, որպես ձեր կամքն է, որովհետև մենք քո երկրները ավերակ դարձրինք։ Բայց մի անպատվեցեք մեզ, այդ ողորմելի մարդիկների չկատարած քաջությունները վարձատրելով, իբր թե դրանք են եղել մեզ հաղթողները...»։

Խանը ստուգելով իմանում է, որ իր մարդիկը խաբել են իրան և կանչել է տալիս «սև հարյուրապետին»։ Նա մի այլ վարձատրություն չէ պահանջում իր մատուցած ծառայության համար, միայն, որպես գաղթական մարդ, խնդրում է, որ իրան բնակության տեղ տա։ Խանը որոշում է նրա համար որպես մշտական սեփականություն հին Թալիշ կամ Թարիջ գյուղը Գյուլիստանի գավառում, Հոռեկա վանքի մոտ։ Ահա այսքանը միայն հայտնի է «սև հարյուրապետի» կյանքից։ Նրա գերեզմանի քարի վրա, որ գտնվում է հիշյալ վանքի մոտ, փորագրված է մի տող միայն, որից երևում է, թե նա վախճանվեցավ հայոց ՌՁԱ (1081) թվականին, իսկ փրկչական 1632 թվականին։

Սև Աբովը ուներ մի քանի որդիներ, որոնցից երեցը՝ Մելիք-Բեգլարը, հաջորդում է հորը։

Մելիք-Բեգլար 1-ը իր նախնիքների քաջասրտության հետ ուներ և խելք։ Նա հիմքը դրեց Գյուլիստանի մելիքների իշխանությանը և, տիրապետելով նոր երկրներ, ավելի ընդարձակեց իր իշխանությունը։ Նա խլեց տեղային նախկին տիրապետողից, որ կոչվում էր Աբրահամ յուզբաշի[7](Իբրահիմ գավուր), մի քանի գյուղեր, որպես էին՝ Վերի-շենը, Ներքի-շենը, Էրքեջը և այլն։ Եվ տիրապետելով Գյուլիստան բերդին, նորոգեց այդ անմատչելի ամրոցը և իր բնակությունը այնտեղ հաստատեց։ Նա թողեց երկու որդի, երեցը կոչվում էր իր պապի անունով Աբով, իսկ կրտսերը՝ Թամրազ (Թեյմուրազ)։

Հոր մահից հետո հաջորդեց երեց որդին՝ Աբով 2-ը, որի մի ոտքը հրացանի գնդակից վնասված լինելով, հայտնի էր անունովս կաղ Աբով։

Կաղ Աբովը իր անպարտելի քաջագործություններով շատ նման էր իր պապին՝ սև Աբովին։ Հափշտակությունը, ավարառությունը և հանդուգն ասպատակությունները նրա ժամանակում երկրների իշխողների համար ոչ միայն անբարոյականություն չէին համարվում, այլ ընդունվում էին որպես քաջազնական արժանավորություններ, որոնց անպատճառ պետք է ունենար երկրի իշխողը, իր շրջակա թշնամիներին երկյուղի մեջ պահելու համար։ Այդ հատկություններից զուրկ չէր կաղ Աբովը։ Նա ամեն ինչ ձեռք էր բերում հափշտակությունով։ Նա հափշտակեց մինչև անգամ իր կնոջը՝ գեղեցիկ Ղամար-սոլթանին։

Մի անգամ, երբ իր խումբով գնում էր Գանձակի կողմերում ավարառություններ անելու, Գետաշեն գյուղից բարձր, Դուլուսլու գյուղի մոտ, լեռների վրա հանդիպում է Գանձակի Մամադ-խանի օբաներին (кочевка)։ Հարձակման միջոցին տեսնում է խանի աղջկան, որը իր «քառասուն» աղախինների հետ եկել էր այնտեղ իր հոր հովիվների մոտ, ամառը անցկացնելու։ Օրիորդի գեղեցկությունը այն աստիճան հափշտակում է Աբովին, որ նա մոռանում է Մամադ-խանի հոտերի հարուստ ավարը և առևանգում է միայն նրա դստերը։ Աբովը այն ժամանակ ազապ երիտասարդ էր, բայց գեղեցիկ երիտասարդ, թեև ոչ այնքան հաղթանդամ, և դեմքով բավական թուխ, որպես էին առհասարակ սև Աբովի ժառանգները։ Բերելով իր չքնաղագեղ ավարը Գյուլստանի բերդի մոտ գտնվող Ամենափրկչի վանքը, այնտեղ քրիստոնյա է մկրտել տալիս և ամուսնանում է նրա հետ։

Այդ առևանգությունը առիթ տվեց Աբովի և Գանձակի խանի մեջ մի քանի արյունահեղ կռիվների, որոնք վերջացան խանի պարտությունով։ Խանը միշտ անհաշտ մնաց թե իր դստեր և թե իր ինքնակոչ փեսայի հետ։ Բայց ծերության հասակում նա հաշտվեցավ։ Եվ որովհետև ինքը մի այլ ժառանգ չուներ բացի միակ աղջկանից, այդ պատճառով իր բոլոր գյուղերը, հարստությունը կտակով նրան թողեց։ Կնոջ միջոցով Աբովը տեր եղավ ահագին ժառանգության։

Աբով 2-ը վախճանվեցավ 1728 թ.։ Նրա մահից հետո, մելիքների սովորության համեմատ, պիտի հաջորդեր որդին՝ Մելիք-Յուսուբը։ Բայց որովհետև Մեքիք-Յուսուբը դեռ անփորձ պատանի էր, այդ պատճառով երկրի կառավարությունը հանձնվեցավ հանգուցյալի եղբայր Թամրազին, և պատանի Յուսուբը մնաց նրա հոգաբարձության ներքո, մինչև չափահաս դառնալը։

Մելիք-Թամրազը իր բնակության տեղ ընտրեց Հոռեկա վանքի մոտ գտնված պալատը[8] և վարում էր իր իշխանությունը ոչ իբրև ժամանակավոր հոգաբարձու, այլ որպես երկրի լիակատար տերը։ Նա խիստ դաժան մարդ էր և անգութ։ Մտադրված լինելով իսպառ զրկել պատանի Յուսուբին հոր ժառանգությունից, նա սկսեց հետզհետե ճնշել, հարստահարել նրան, մինչև բոլորովին աղքատացրեց։ Նա մինչև անգամ մտածում էր իր եղբորորդու կյանքի դեմ որոգայթ լարել, որ իշխանությունը միանգամայն իրան մնա։ Պատանի Յուսուբը ապրում էր Գյուլիստանի բերդում իր մոր հետ, աննախանձելի վիճակի մեջ։

Այդ միջոցներում Շահ-Սուլթան-Հուսեինի հարկահաններից մեկը, որ կոչվում էր Միրզա-Թահիր, և որը Ատրպատականի վեզիր էր, Դերբենդից սկսյալ արքունի հարկերը հավաքելով, գալիս է, հասնում է Գանձակի և Ղարաբաղի կողմերը։ Մելիք-Թամրազը ընդունում է նրան իր տանը և, կամենալով շողոքորթել պարսից կառավարությանը, հրամայում է իր ժողովրդից ևս ավելորդությամբ հավաքել հարկերը, որը մինչև այնօր վճարելու սովորություն չունեին։ Այդ բավական չէ. նա կամենում է մի արժանավոր ընծա տալ իր հյուրին նրա սիրտը գրավելու համար։

«Իմ եղբոր հրացանը»,— ասում է նրան,— գտնվում է իմ եղբորորդի Յուսուբի ձեռքում. այդ զենքը մի հազվագյուտ բան է և շահի գանձարանին վայել է։

Պարսիկը խաբեությամբ կանչել է տալիս Յուսուբին և խնդրում է, որ հոր հրացանը բերե տեսնելու համար։ Երբ նա բերում է, ձեռքիցը առնելով, ասում է նրան. «Այդ հրացանը շահի գանձարանին է վայել և ոչ թե քեզ». այլևս ետ չէ տալիս։

Մանկահասակ Յուսուբը բարկության արտասուքը աչքերում վերադառնում է մոր մոտ, պատմում է նրան այն անցքը։ Մայրը սաստիկ վշտանում է. նրան մնացել էր իր ամուսնի ժառանգությունից այդ նվիրական զենքը միայն, որ մի թանկագին հիշատակ էր նրա քաջագործությանը։ Որդու սրտմտությունը ավելի սաստկանում է, երբ լսում է մոր հանդիմանությունը. «Քաջ հոր անարժան որդի, լավ էր, որ քո սպանված դիակը ինձ մոտ բերեին և ասեին, որ դու կռվեցար քո հոր հիշատակը չկորցնելու համար»։

— Ես կվերադարձնեմ հորս հրացանը...,— ասում է որդին և խնդրում է մորից, որ իրան փող տա մի քանի զենքեր գնելու համար։ Մայրը տալիս է նրան իր գլխի ոսկիներից մի քանիսը։

Պարսիկ հարկահանը, հավաքելով տեղային հարկերը, բեռնում է ջորիների վրա և իր նոքարների հետ ճանապարհ է ընկնում։ Այդ ժամանակ մանկահասակ Յուսուբը, մի խումբ կազմելով իր բարեկամ երիտասարդներից, ծածուկ հետևում է հարկահանին։ Հարձակման պայմանական նշանը որոշվում է «ծըկըտ» բառը, իսկ դադարման նշանը՝ «մըկըտ» բառը։ Երբ հարկահանը մտնում է Թարթար գետի նեղ ձորի մեջ, «ծըկըտ» կոչելով, Յուսուբը տալիս է հարձակման նշանը։ Նա իր ձեռքով կտրում է պարսիկի գլուխը և խլում է նրանից իր հոր հրացանը[9][10]։

Նրա ջորիների բեռները, որ բովանդակում էին իրանց մեջ ամբողջ գավառներից հավաքած ոսկիները, ավար դարձան մանկահասակ Յուսուբի և նրա քաջ ընկերների ձեռքով։ Նրա նոքարների մի մասը կոտորեցին, իսկ փախչողները ազատվեցան։

Երիտասարդ Յուսուբը, իր հափշտակած գանձը առնելով, ամրացավ Գյուլիստանի բերդում։ Նրա վարմունքը մնաց անպատիժ, որովհետև որպես հետո կտեսնենք, այդ միջոցներում Պարսկաստանում մեծ խռովություններ և փոփոխություններ պատահեցան։ Շահ-Սուլթան-Հուսեինը գահընկեց եղավ. ավղանները տիրեցին պարսից մայրաքաղաքին և այդ ժամանակվա պատերազմական շփոթությունների մեջ ո՞վ պիտի մտածեր, թե Ղարաբաղի կողմերում մի այդպիսի անցք էր պատահել։

Երիտասարդ Յուսուբը, հարստության տեր դառնալով, սկսեց օրըստօրե զորացնել իր ուժերը։ նա դաշնակցություն կապեց Ջրաբերդի Մելիք-Աթամի հետ, որի հարաբերությունները իր հորեղբոր՝ Մելիք-Թամրազի, հետ բարեկամական չէին։ Այժմ մտածում էր ոչ միայն խլել նրանից Գյուլիստանի իշխանությունը, որ նա բռնությամբ հափշտակել էր, այլ ցանկանում էր վրեժխնդիր լինել այն բոլոր անիրավությունների և զրկանքների համար, որ իր անգութ հոգաբարձուն՝ Մելիք-Թամրազը, կատարել էր, երբ ինքը դեռ անչափահաս էր։ Միանալով Մելիք-Աթամի հետ, երիտասարդ Յուսուբը հարձակվեցավ Մելիք-Թամրազի ամրոցի վրա։ Մի քանի օրվա սաստիկ կռիվներից հետո ամրոցը գրավվեցավ, և Մելիք-Թամրազը գերի բռնվեցավ։ Յուսուբը հրամայեց նրան կախ տալ մի չինարի ծառից[11], և ինքը այսուհետև սկսեց կառավարել Գյուլիստանի իշխանությունը։ Մելիք-Թամրազից մնաց մի որդի՝ Սարուխանբեկ անունով, որ 1723 թվականի հայոց գունդերի չորս քաջ զորապետներից մեկն էր։

Մելիք-Յուսուբի մայրը՝ խելացի Ղամար-Սոլթանը, որ իր խորհուրդներով ոչ սակավ օգնեց որդու բարձրանալուն, վախճանվեցավ 1753 թ.։ Նրա մարմինը թաղվեցավ Մելիք-Բեգլարյանների տոհմային գերեզմանատանը, Հոռեկա վանքի հանդեպ։

Մելիք-Բեգլարյանների մնացած պատմությունը ժամանակագրական կարգով կտեսնենք մեր հոդվածի շարունակության մեջ։

2. Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների ծագումը։

Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների ծագման մասին մենք շատ փոքր տեղեկություններ ունենք։ Մի գրչագիր պատմությունից քաղում ենք այսքանը միայն, թե Մելիք-Իսրայելի որդի Մելիք-Եսային Սյունյաց աշխարհի գլխավոր խանին (?) սպանելու համար, որը անբարոյական նպատակներ ուներ նրա քրոջ վերաբերությամբ, 1687 թ. գաղթում է Ղարաբաղ, բերելով իր հետ բազմաթիվ ընտանիքներ։ Խանի զորքերը հետամուտ են լինում նրան, բայց Մելիք-Եսային Մռավ լեռան ձորերի մեջ ջարդում է նրանց, և սպանում է խանի յոթն որդիներին, հափշտակելով նրանցից ահագին պատերազմական ավար, իսկ մնացածներին Հանդաբերդի և Ծար գավառի կողմերից փախցնում է։

Այնուհետև Մռավ սարի լեռնաբնակներին և վրանաբնակներին հետզհետե դեպի ինքը գրավելով, Մելիք-Եսային ավելի զորանում է, տիրում է Կուանք կոչված ձորին և սկսյալ Ռմբոստյան լեռներից մինչև Դյութական գյուղը, որ այժմ կոչվում է Կաթուղկասար, տարածում է իր տիրապետությունը։

Մելիք-Եսայու մահից հետո նրան հաջորդում են մյուս եղբայրները, նախ՝ Ալլահ-ղուլի սոլթանը, հետո՝ Մելիք-Աթամը։ Դրանք, ավելի զորանալով, տիրում են Վերին Խաչենին, Հավքախաղացին, Հանդաբերդին, Հաթերքին, Ականային և Ջրաբերդին, այսպիսով, ավելի ևս ընդարձակում են իրանց իշխանությունը։

Ալլահ-ղուլի սոլթանը, որպես հետո կտեսնենք, դավաճանությամբ սպանվեցավ Շուշի բերդի Փանահ-խանի ձեռքով, իսկ Մելիք-Աթամը երկար պատերազմեց այդ խանի հետ։

Մելիք-Աթամը իր բնակության համար նորոգեց քաղաքատեղ կամ մայրաքաղաք կոչված ավերակների մոտ մի հոյակապ պալատ, որի մեջ տասներկուերորդ դարու վերջերում բնակվում էր Խաչենի և Շամքորի իշխան Վահրամ-շահը։ Իսկ որպես ամրոց ընտրեց իր համար անմատչելի Ջրաբերդը[12]։

3. Խաչենի Հասան-Ջալալյան մելիքների ծագումը։

Ղարաբաղի տիրապետող հինգ մելիքական տներից միայն Խաչենի իշխողները բնիկներ են եղել, իսկ մնացած չորսը, որպես տեսանք և որպես հետո պիտի տեսնենք, օտար երկրներից գաղթականներ էին։

Խաչենի մելիքների ծագումը շատ հին պետք է համարել, նրանք առաջ են եկել Հասան-Ջալալյան իշխաններից։ Դարերի ընթացքում այնքան բազմացել և ճյուղավորվել էին նրանք, որ Խաչենի փոքրիկ գավառը ամենամանր կտորներով բաժանված էր այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում, որոնք բնականաբար շատ հաշտ չէին կարող լինել միմյանց հետ։ Այդ էր պատճառը նրանց վերջին ժամանակների թուլության, որ չէին կազմում մի զորեղ, միացյալ իշխանություն։ Բացի դրանից, միևնույն տոհմից ընտրվում էին Գանձասարի վանքի կաթողիկոսները, որոնց ճնշման ներքո այս երկրի մելիքները շատ չէին զորանում։

Տասնևվեցերորդ դարում Հասան-Ջալալյան իշխաններից նշանավոր էին երեք եղբայրներ՝ Երեմյա կաթողիկոսը, Վելիջան-բեկ 3-ը և Մուլքի-բեկը։

Երեմյա կաթողիկոսը վախճանվեցավ 1700 թվին։ Վելիջան-բեկը վախճանվեցավ 1686 թվին և նրա որդի Եսային Երեմյայի փոխարեն կաթողիկոս դարձավ։ (Դա միևնույն Եսայի կաթողիկոսն է, որ ինչպես հետո պիտի տեսնենք, Պետրոս Մեծի ժամանակ[13] սկսեց ռուսաց կառավարության հետ բանակցություններ անել Դարաբաղում հայոց անկախ իշխանություն հիմնելու համար, ռուսաց հովանավորության ներքո)։ Իսկ Մուլքի-բեկը վախճանվեցավ 1716 թվին և թողեց երկու որդի, երեցը կոչվում էր Մելիք-Գրիգոր, կրտսերը կոչվում էր Մելիք-Ալլահվերդի։

Մելիք-Գրիգորը խելացի, ճարտարախոս մարդ էր. իր շեկության համար պարսիկներից և օսմանցիներից մականուն ստացավ «սարի-մելիք», որ նշանակում է շեկ մելիք։ Զանազան քաջագործություններից հետո նա հեռացավ աշխարհից և, մտնելով Գանձասարի վանքը, վարդապետ ձեռնադրվեցավ։ Մելիք-Գրիգորից հետո նրա եղբայր Մելիք-Ալլահվերդին վարեց Խաչենի իշխանությունը, իսկ այդ վերջինի մահից հետո՝ իր որդի Մելիք-բեկը, որը ութն որդիներ թողեց։ Նրա որդիներից մեկն էր Գանձասարի Հովհաննես կաթուղիկոսը, որ սպանվեցավ Շուշի բերդի Իբրահիմ-խանից։

4) Վարանդայի Մելիք-Շահնազարյանների ծագումը։

Առաքել պատմագրի մեջ կարդում ենք հետևյալը[14]. «Թիֆլիսից դուրս գալով շահը (Աբաս մեծը) գնաց Գեղամա գավառը և այնտեղ դրեց իր արքունի բանակը, իսկ ինքը Շահ-Աբասը իջևանեց Մելիք-Շահնազարի տանը, որ գտնվում էր Մազրա գյուղում և ինքը (մելիքը) բնիկ նույն գյուղացի էր։ Եվ այս Մելիք-Շահնազարը հայոց ազգից էր, հավատով քրիստոնյա, նա փառավոր և հզոր իշխան էր, որը այնպիսի հյուրընկալություն արեց շահին, որպես վայել էր մի թագավորի։ Եվ նա ինքը թագավորի մտերիմը ու բարեկամն էր և հարգելի էր նրա առջև։ Դրա համար թագավորը պատվական ու ազնիվ զգեստներով շքեղացրեց նրան և խալաթներ տվեց, այլև պարգևեց նրան այն գավառի մելիքության իշխանությունը, և ուրիշ դաստակերտներ և գյուղեր ընծայեց նրան և նրա եղբայրներին։ Եվ հաստատուն նոմոս (հրովարտակ) գրեց և կնքեց թագավորական կնիքով և տվեց նրանց, որ այդ ժառանգությունները անփոփոխ լինեն, թե նրանց համար և թե նրանց զավակների համար, սերունդից սերունդ մինչև հավիտյան»։

1682 թվին կովկասյան լեռնաբնակների փոթորկալից արշավանքները Գեղարքունյաց երկիրը ավերակ դարձրին։ Այդ ժամանակ վերոհիշյալ Մելիք-Շահնազարի որդի Մելիք-Հուսեինը և նրա եղբոր (Մելիք-Միրզա-բեկի) որդի Մելիք-Բաղին թողին Գեղամա լճի եզերքը և գաղթեցին, իրանց ժողովրդի մի մասի հետ, դեպի Ղարաբաղի կողմերը։ Վարանդա գավառի Ավետարանոց (Չանախչի) գյուղը ընտրեցին նրանք իրանց բնակության համար։ Այստեղ կառուցին եկեղեցի, կուսանաց անապատ, և Ավետարանոցը շրջապատեցին ամուր պարիսպներով և նրան բերդի ձև տվին։ Նույն բերդում հիմնեցին իրանց համար ամրոցներ, որոնց հոյակապ շենքերը կիսավեր դրության մեջ մինչև այսօր էլ մնում են։

1721 թվին, երբ կովկասյան լեռնաբնակները դարձյալ հեղեղի նման թափվեցան, ասպատակեցին Շաքին, Շիրվանը, Գանձակը և անցան մինչև Երասխ գետը,— այդ ժամանակ, երբ մոտեցան Վարանդային, նրանց առջև դուրս եկավ Մելիք-Բաղին և ազատեց երկիրը ավերմունքից։ Այդ և դրա նման մի քանի անցքեր այն աստիճան գրավեցին տեղային ժողովրդի համակրությունը դեպի Մելիք-Շահնազարյանները, որ ամբողջ Վարանդան ընդունեց իր վրա այդ տոհմի իշխանությունը։

5) Տիզակի Մելիք-Ավանյանների ծագումը։

Մելիք-Ավանյանները նույնպես գաղթականներ են, Լոռի գավառի Արտու անունով գյուղից։ Տասնևվեցերորդ դարում այդ գավառում զորացան Լորիս-Մելիքյանները. այդ տոհմից էր Մելիք-Ավանը (Եգանը), որը Ղուկաս վարդապետի որդին էր։

Մելիք-Ավանը անընդհատ կռիվներ ուներ իր տոհմակից Մելիք-Էլիզբարի հետ, որը բռնությամբ խլել էր Մելիք-Ավանից նրա հայրենի ժառանգությունը՝ Փամբակի ձորը և Լոռիի մի մասը։ Չկարողանալով հաղթել իր թշնամուն և հալածված նրանից, Մելիք-Ավանը իր հոր՝ Ղուկաս վարդապետի հետ և իր ժողովրդով գաղթեց Ղարաբաղի Տիզակ գավառի Տող գյուղը։ Այստեղ նրա հայրը նորոգեց Գտիչ վանքը, միաբանություն հաստատեց և բնակվեցավ նույն վանքում։ Իսկ որդին, Մելիք-Ավանը, Տող գյուղում հիմնեց հոյակապ եկեղեցի և ամրացրեց այդ գյուղը շրջապարիսպներով։ Նրա փառավոր պալատը նույն գյուղում մինչև այսօր էլ մնում է, հայկական արձանագրություններով, որի մեջ բնակվում են նրա ժառանգներից այն մնացորդները միայն, որոնք Շուշի բերդի Իբրահիմ-խանի հալածանքների ժամանակ ընդունեցին մահմեդականություն։ Այդ մահմեդականները ազնվականներ են և պարծանքով են հիշում իրանց նախահոր՝ Մելիք-Ավանի անունը, նրա գերեզմանը օրհնել են տալիս ամեն մի տոն օրերում, և ամեն տարի զատկի ավագ կյուրակեի պատարագը տեղային եկեղեցում նրանց հաշվով է կատարվում[15][16]։

Մենք համառոտ կերպով ցույց տվեցինք Ղարաբաղի հինգ գավառների — Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Տիզակ — տիրապետող մելիքների ծագումը։ Տեսանք, որ այդ մելիքական տներից միայն Խաչենի իշխողները բնիկներ են եղել, իսկ մյուս բոլորը օտար երկրներից գաղթականներ, որոնք համարյա միօրինակ պատմական հանգամանքներից ստիպված, ապաստան են գտել Ղարաբաղի անտառների և անմատչելի լեռների մեջ և հիմնել են իրանց հզոր իշխանությունը։ Այժմ դառնանք դեպի այդ մելիքների ապագա գործունեությունը, որոնք նշանավոր տեղ են բռնում մեր նոր պատմության մեջ։

III

Տասնևութերորդ դարու սկզբներում Պարսկաստանում պատահեցան նշանավոր փոփոխություններ, որոնք Ղարաբաղի մելիքների դրության վրա ոչ սակավ ազդեցություն ունեցան։ Շահ-Սուլթան-Հուսեինի թույլ կառավարությունը ամեն կողմից հրավիրեց Պարսկաստանի վրա նրա թշնամիներին։ Աղվանները ապստամբվեցան. Ղանդահարի Միր-Մահմուդ-խանը, արշավանք գործելով, տիրեց պարսից մայրաքաղաքը՝ Սպահանը, և, շահին գահընկեց անելով, ինքը թագավոր դարձավ (1722)։ Կովկասյան լեռնաբնակները, Դաղստանի Ալի-սոլթանի և Սուրխեյ-խանի առաջնորդությամբ, հեղեղի նման թափվեցան, ավերակ դարձրին Վրաստանը և պարսկական այլ նահանգները մինչև Սևանա լիճը, մինչև Երասխ գետը (1721—22—23)։ Միևնույն ժամանակներում, Պետրոս Մեծի կայսրության օրերում (1722—1723) ռուսները տիրեցին Կասպից ծովեզրյա պարսկական գավառները, որպես էին Դերբենդը, Բաքուն, Գիլանը, Մազանդարանը և Աստրապատը։ Հենց այդ միջոցներում (1722—1723) օսմանցիք, տեսնելով ռուսների իրանց սահմաններին մոտենալը և մանավանդ, տեղյակ լինելով Պետրոս Մեծի աշխարհակալական ձգտումներին դեպի արևելք, գրավեցին իրանց սահմանակից բոլոր պարսկական նահագները։ Երկու տարվա մեջ, մինը մյուսից հետո տիրեցին նրանք ամբողջ Ատրպատականը, Նախիջևանը, Երևանը, Թիֆլիսը, Գանձակը և այլ պարսկական երկրներ, մինչև հասան Ղարաբաղի մելիքների իշխանություններին։

Տեսնելով, որ քայքայված Պարսկաստանը բաժան-բաժան է դառնում, Ղարաբաղի մելիքները ևս մտածեցին մի մեծ պատառ իրանց ձեռքը ձգելու։ Մինչև այնօր մելիքները համարվում էին պարսից ավատական իշխաններ, իսկ այժմ կամենում էին բոլորովին, թոթափել պարսկական լուծը և հայոց անկախ պետություն հիմնել։ Իրանց դիտավորությունների մասին խորհելու և կարգադրություններ անելու համար նրանք գաղտնի ժողովներ էին կազմում Գանձասարի վանքում, նույն ժամանակվա Եսայի կաթողիկոսի նախագահությամբ։

Այդ ժամանակներում Ղարաբաղի հինգ մելիքները հետևյալ անձինք էին.

1) Գյուլիտանում տիրում էր Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբով 2-ը։

2) Ջրաբերդում տիրում էր Մելիք-Իսրայելյան Մելիք-Եսային։

3) Խաչենում տիրում էր Հասան-Ջալալյան Մելիք-Գրիգորը, հետո նրա եղբայր Մելիք-Ալլահվերդին։

4) Վարանդայում տիրում էր Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսեինը։

5) Տիզակում տիրում էր Ղուկաս վարդապետի որդը Մելիք-Եգանը (Ավանը)։

IV

Ղարաբաղի մելիքների ձգտումները, իրանց հայրենիքում մի անկախ հայկական իշխանություն հիմնելու վերաբերմամբ, նոր մտածություններ չէին։ Դեռ 1701 թվին նրանք, ուղարկեցին Պետրոս Մեծի մոտ որպես պատգամավոր Իսրայել Օրի անունով հնդկաստանցի հային Մինաս Վարդապետի և մի քանի այլ անձինքների հետ[17]։ Նրանք ներկայացան կայսրին Սմոլենսկի մեջ։ Այդ դեսպանության նպատակն այն էր, որ նրանք համոզեին կայսրին ընդունելու հայերին իր պաշտպանության ներքո, և հայերը այն ժամանակ իրանց սեփական ուժերով կպատերազմեին պարսիկների հետ և կթոթափեին իրանցից մահմեդական լուծը և կընդունեին իրանց վրա ռուսաց քրիստոնյա պետության հովանավորությունը։ Իրանց հայրենիքի փրկության առաջ տանելու համար, հայտնեց Օրին, հայերը արդեն պատրաստած ունեն Շամախու կողմերում 17 հազար զինվոր, Ղարաբաղում 60 հազար, իսկ Հայաստանի պարսկական 17 նահանգներից կարելի է հավաքել ավելի քան 100 հազար հոգի։ Եվ եթե կայսրի զորքերը այդ կողմերը կգան, հայերը հանձն են առնում իրանց ծախքով պահպանել նրանց։

Որպես արևելքի հետ լավ ծանոթ մարդ, Օրին ցույց տվեց կայսրին Հայաստանի քարտեզը, ծանոթացրեց նրանց հայոց հին պատմության և թագավորների[18] հետ և բացատրեց այն օգուտները, որ կայսրը կարող էր ունենալ Հայաստանը իր հովանավորության ներքո առնելով։ Նա հայտնեց, որ ինքը դիմել է եվրոպական և այլ պետություններին և արդեն ստացել է Ավստրիայի կայսրի ու Բավարիայի կուրֆիրստի հաճությունը, իրանց ուժերը միացնելու ռուսների հետ, Հայաստանի վերականգնման գործը հաջողեցնելու համար։

Մեծ կայսրի արծվի աչքերը իսկույն նախադիտեցին այն մեծ շահերը, որ նա կարող էր քաղել, ձեռք առնելով մի ճարպիկ առևտրական և միևնույն ժամանակ պատերազմող ժողովուրդ, որի հետ ծանոթ էր նա դեռ իր երիտասարդական հասակում[19]։ Նրա աշխարհակալական ցանկությունների համար դեպի արևելք, նրա հեռատես նպատակների համար՝ կապելու Հնդկաստանը Ռուսաստանի հետ առևտրական հարաբերություններով, հարկավոր էին հմուտ միջնորդներ և լավ առաջնորդներ,— այդ գործիչներին նա գտնում էր հայերի մեջ։ Այդ էր պատճառը, որ նա խիստ սիրով ընդունեց հայոց պատգամավորների առաջարկությունը և խոստացավ չխնայել իր օգնությունը հայերի իրանց հայրենիքի վերաբերությամբ ունեցած դիտավորություններն իրագործելու համար։

Բայց արևելքում մի վճռական գործ սկսելու համար Պետրոս Մեծը ժամանակ չուներ, որովհետև նա զբաղված էր շվեդական պատերազմով, որը այդ միջոցներում ավելի սաստիկ կերպով բորբոքված էր։ Բացի դրանից, նա հարկավոր համարեց ավելի լավ ծանոթանալ Պարսկաստանի նույն ժամանակվա դրության և քաղաքական հանգամանքների հետ։ Այդ մտքով Պետրոս Մեծը կազմեց մի դեսպանություն, որի լիազորը կարգվեցավ նույն իսկ Իսրայել Օրին[20] և ճանապարհ դրեց դեպի Պարսկաստան (1707) Շահ-Սուլթան-Հուսեինի մոտ։

Նրա ընկեր Մինաս վարդապետը մնաց Ռուսաստանում և շարունակում էր բանակցությունները Գանձասարի վանքի «հայոց ժողովրդի»> կողմից ռուսաց արքունիքի հետ։

Օրին իր Պարսկաստանի ճանապարհորդությունը կատարեց Հայաստանի վրայով, անցավ Շամախու, Ղարաբաղի, Նախիջևանի կողմերով, որպեսզի ավելի մոտից տեսնե հայոց պատրաստությունները, խրախուսե նրանց և գրգռե պարսից դեմ հօգուտ Ռուսաստանի։

Բայց չնայելով, որ նրա դեսպանախումբը ծածկված էր Հռոմի պապի դեսպանության անմեղ անունով, որը արևելքում որևէ քաղաքական շահեր ունենալ չէր կարող, այսուամենայնիվ, մինչև Օրիի պարսից մայրաքաղաքը հասնելը Շամախու կառավարիչ Մուսաբեկյան Հյուսեին-խանը[21] իմացում տվեց շահին, որ այդ Օրին աշխատում է հայոց թագավորություն հիմնել, պարսիկների իշխանությունը ոչնչացնել և այլն։ Այդ տեղեկությունները ստանալուց հետո շահը այն աստիճան վրդովվեցավ, որ մինչև անգամ չէր կամենում ընդունել պապի պատրվակյալ դեսպանությունը։ Բայց Օրին մի լավ դիպլոմատի հատուկ ճարպկությամբ կարողացավ փարատել շահի տարակուսանքները և Սպահանում փառավոր ընդունելություն գտավ։

Օրին մնաց Սպահանում մի քանի տարի։ Այդ միջոցներում նրան հաջողվեցավ կատարել կայսրի զանազան հանձնարարությունները, հաջողվեցավ հավաքել նրա ցանկացած բոլոր տեղեկությունները և գաղտնի ուղարկել Ռուսաստան իր ընկեր Մինաս վարդապետին, որը իր կողմից ներկայացնում էր կայսրին։

Իր դեսպանության խորհուրդը հաջողությամբ կատարելուց հետո Օրին վերադարձավ Ռուսաստան, տանելով իր հետ 200,000 ռուբլու արժեք ունեցող ընծաներ պարսից շահի կողմից Պետրոս Մեծին։

Կայսրը այնքան գոհ մնաց դեսպանի գործակատարաթյան համար, որ խոստացավ տալ նրան 40 հազար զինվորներ իր հայրենիքը ազատելու համար, իսկ նրա Պարսկաստանից բերած ընծաները հրամայեց գործ դնել պատերազմական ծախքերի վրա։ Բայց Օրին ազնիվ մարդու հատուկ մեծահոգությամբ հրաժարվեցավ կայսրի ընծաներից, հայտնելով, թե հայերը կարոտություն ունեն նրա ողորմածությանը միայն, զորքեր իրանք պատրաստ ունեն և որքան էլ հարկավոր լինի, կարող են պատրաստել։

Բայց Ղարաբաղի մելիքները շուտով զրկվեցան այդ եռանդոտ հայասերից, որովհետև Օրին, կայսրի մի այլ հանձնարարությամբ Հաշտարխանից անցնելու ժամանակ, այնտեղ հիվանդացավ և Հայաստանի վերականգնման բոլոր ցանկությունները իր հետ գերեզման տարավ (1711)[22]։ Բայց նրա սկսած գործը չմեռավ։

V

Օրիի մահից հետո նրա ընկեր Մինաս վարդապետը շարունակեց նրա սկսած գործը։ Նա Ռուսաստանից չհեռացավ և կատարում էր միջնորդի պաշտոն կայսրի և Գանձասարի վանքի «հայոց ժողովի» մեջ, ուր խմբվում էին խորհրդի համար Ղարաբաղի մելիքները։ Այդ եռանդոտ վարդապետը, թեև նշանակված էր այն ժամանակ Ռուսաստանի հայոց արքեպիսկոպոս, բայց ավելի քաղաքական գործերով էր զբաղված, քան թե եկեղեցական։ Նա իր գաղտնի գործակատարները տարածել էր Պարսկաստանի բոլոր նշանավոր տեղերում, որոնք ամեն կողմից նրան տեղեկություններ էին հաղորդում[23][24][25]։ Նրա գործակատարներից ոմանք արժանացան կայսրի առանձին ողորմածությանը[26]։

Այդ ժամանակներում Պարսկաստանում հետզհետե կատարվեցան 1721, 22 և 23 թվերի անցքերը, որ նկարագրեցինք մեր III գլխում։ Շահ-Սուլթան-Հուսեինը գահընկեց եղավ, աղվանները տիրեցին պարսից մայրաքաղաքին, օսմանցիք սկսեցին գրավել իրանց սահմանակից պարսկական նահանգները։ Սեֆեվիների պետությունը իր կատարյալ քայքայման վիճակի մեջն էր գտնվում։ Բայց ռուսները, փոխանակ Հայաստանի վրա ուշադրություն դարձնելու, տիրում էին Կասպից ծովեզրյա պարսկական գավառները։

Մելիքները կրկին սկսեցին դիմել դեպի ռուսաց արքունիքը։ Նրանց պատվիրակները, որպես էին՝ Հովհաննես երեցը, տեր Անտոնը, տեր Պետրոսը, Չելեբի-քյոխվան, Սիմոն Պապովը անդադար դիմում էին դեպի Ռուսաստան և Մինաս վարդապետի միջնորդությամբ հայոց մելիքների, Եսայի և Ներսես կաթողիկոսների խնդիրքները ներկայացնում էին կայսրին։ Պետրոս Մեծը միշտ պատասխանում էր նրանց իր ամենաողորմած խոստմունքներով, խորհուրդ էր տալիս սպասել, հուսադրելով, թե նրանց բոլոր բաղձանքները կատարված կլինեն։ Այդ բանակցությունները տևեցին մի քանի տարի։ Եվ որովհետև Վրաստանն էլ այդ ժամանակ միևնույն դրության մեջն էր՝ ինչպես Հայաստանը, այսինքն՝ օսմանցիք այնտեղ էլ էին տիրել, այդ պատճառով վրացիներն ևս հայերի նման միևնույն խնդիրքներով դիմում էին կայսրին։ Վերջը հայերը պատասխան ստացան, որ իրանց ուժերը միացնեն վրացիների հետ և սպասեն մինչև այն ժամանակ, երբ կայսրը ինքն անձամբ ռուսաց զորքերով կգա պարսկական նոր գրաված երկրները տեսնելու համար,— այն ժամանակ հայերը և վրացիները, միանալով ռուսաց զորքերի հետ, կարող են սկսել ապստամբության գործը։

VI

Վերջին խոստմունքը սաստիկ ուրախություն պատճառեց թե հայերին և թե վրացիներին։ Երկու վիճակակից քրիստոնյա ազգեր, ձեռք ձեռքի տված, քրիստոնյա մեծ կայսրի պաշտպանության ներքո, պիտի պատերազմեին մահմեդական բռնակալության դեմ, պիտի կռվեին իրանց հայրենիքի փրկության համար։

Ղարաբաղի մելիքները այդ ժամանակ դիմեցին վրաց թագավոր Գեորգի-Շահնավազին, խնդրելով, որ տա իրանց մի հմուտ և ընդունակ զորավար հայոց զորքերին առաջնորդելու համար։ Թագավորը ընտրեց հայազգի իշխան Դավիթ Բեկին[27], որը այն ժամանակ վրաց ծառայության մեջ էր պահվում։ Դավիթ Բեկը եկավ Ղարաբաղ (1722) և ժողովեց մինչև 69 հազար զորք, որոնց վրա զորապետներ կարգեց Մելիք-վան-խանին (Մելիք-Եգանին) և Ավան Միրզային (Ավան-յուզբաշուն), իսկ ինքը իր գլխավոր զորաբաժնի հետ գնաց դեպի Ղափանի նահանգը Չավնդուր կոչված տեղում, որը իշխանի հայրենիքն էր։

Պետրոս Մեծի նոր արշավանքի նշանավոր պատրաստությունները դեպի Պարսկաստան մի կողմից, և Դավիթ Բեկի գործողությունները մյուս կողմից, առիթ տվեցին Էրզրումի օսմանցոց փաշային Բեկից բացատրություններ պահանջել Ղարաբաղի հայ զորքերի հավաքման մասին։ Գործը այն աստիճան ակներև ձև էր ստացել, և ռուսների խոստումները այն աստիճան անկասկած էին համարվում, որ Դավիթ Բեկը, որքան էլ ցանկանար, ծածկել չէր կարող։ Նա համարձակ պատասխանեց, թե այդ բոլորը կատարում է թագավոր Պետրոս Մեծի հրամանով։ Այդ ժամանակ օսմանցիները փութապես սկսեցին գրավել իրանց սահմանակից պարսկական երկրները և տիրեցին Երևանից սկսյալ մինչև Թարվեզ, որպեսզի արգելք դնեն մեծ թագավորի արշավանքի հաջողությունների դեմ։

Դավիթ Բեկը և հայոց մյուս մելիքները, տեսնելով օսմանցոց ուժերի մոտենալը, որը իրանց նպատակներին միանգամայն վտանգ էր սպառնում,— շուտով այդ մասին տեղեկություն տվին Պետրոս Մեծին, խնդրելով, որ չուշանա, այլ փութացնե իր արշավանքը։ Կայսրը այս անգամ չուշացավ. նա իսկույն հրամայեց իր զորքերին (թվով 30 000) առաջ խաղալ դեպի պարսից սահմանը, իսկ ինքը, զորքերի ճանապարհ ընկնելուց հետո, անձամբ գնաց Դերբենդ (1722 թ. օգոստոսի 23)։

Մինչև Պետրոս Մեծի Դերբենդ հասնելը, հայերը և վրացիները, առաջուց բանակ դրած Գանձակ քաղաքի մոտ, սպասում էին ընդունելու կայսրին։ Վրաց զորքերը գտնվում էին Շահնավազ-Գեորգիի երկրորդ հաջորդ Վախթանգի հրամանատարության ներքո, իսկ հայոց զորքերը՝ Դավիթ Բեկի հրամանատարության ներքո։ Երկու կողմերի զորքերի թիվը հասնում էր 52 000 հոգու։ Հայոց բանակի մեջ գտնվում էր հայոց շարժման պարագլուխ Գանձասարի Եսայի կաթողիկոսը[28][29]։ Բայց այդ փառավոր պատրաստությունը, թե հայոց և թե վրաց կողմից, մնաց անգործադրելի, որովհետև, հանկարծ մի տխուր լուր ստացվեցավ, որ կայսրը Դերբենդից վերադարձել է Աստրախան և այնտեղից՝ Ռուսաստան։

Կայսրի անակնկալ վերադարձի պատճառները բացատրում էին նրանով, որ մրրիկը Կասպից ծովի վրա մեծ մասամբ ոչնչացրեց նրա նավերը, որոնք զորքերի համար պաշար էին կրում, և կայսրը վախեցավ իր զորքերի սովամահ լինելուց, եթե նրանց դուրս կբերեր Հայաստանի կողմերի ցամաքի վրա։ Բայց այսքանը ճիշտ է, որ նա Աստրախանից ուղարկեց մի քանի գունդեր, որոնք պոլկովնիկ Շիպովի և գեներալ Մատյուշկինի առաջնորդությամբ ոտք կոխեցին Կասպից ծովի հարավային եզերքի վրա և գրավեցին մի քանի պարսկական գավառներ, որպես էին՝ Գիլանը, Մազանդարանը, Աստրաբատը և Բաքուն։

Հայոց և Վրաց զորքերը, տխուր, սրտաբեկ, խաբված իրանց հույսերի մեջ, վերադարձան իրանց տեղերը։ Վախթանգը գնաց Թիֆլիս և աղետալի դեպքերի պատահեց[30], իսկ Դավիթ Բեկը դիմեց դեպի Սյունյաց աշխարհը։

VII

Այդ անհաջողությունը սաստիկ վատթարացրեց հայերի սկսած գործը։ Մինչև այսօր նրանք պարծենում էին ռուսներով, սպառնալիքներ էին կարդում մահմեդականներին մեծ թագավորի անունով, բայց հենց որ մահմեդականները նկատեցին, որ այդ բոլորը երևակայական ցնորք էր, սկսեցին ավելի կատաղությամբ բռնանալ քրիստոնյաների վրա։

Հենց միևնույն ժամանակ (1723), երբ ռուսները տիրեցին պարսից ծովեզրյա գավառները, օսմանցիք սկսեցին առաջ խաղալ դեպի Հայաստանի խորքը։ Տիրելով Նախիջևանը, Երևանը, Թիֆլիսը և Գանձակը, նրանք հասան Ղարաբաղին։

Սարի-Մուստաֆա-փաշան, որ դեպի Ղարաբաղի կողմերը ուղարկված օսմանցոց գունդերի հրամանատարն էր, նստած էր Գանձակ քաղաքում և իր զորքերը տարածել էր դեպի ամեն կողմ։ Հայոց մելիքները այժմ սարսափելով տեսան, որ թուլացած, ուժից ընկած պարսիկների փոխարեն հայտնվեցավ մի նոր և ավելի զորավոր թշնամի, որ կարող էր ոչնչացնել նրանց բոլոր հույսերը։

Նրանք իրանց դաշնակից Վախթանգի[31] հետ փորձեցին երրորդ անգամ դիմել կայսրին, օգնություն խնդրելով օսմանցիների դեմ։ Բայց կայսրը այդ ժամանակ այլևս վերականգնյալ Հայաստանի անկախության վրա չէր մտածում, այլ մտածում էր ավելի նրա վրա, որ իր նոր գրաված պարսկական ծովեզրյա երկրները՝ Գիլանը և Մազանդարանը, բնակեցնե մի քրիստոնյա և հավատարիմ ժողովրդով, որպես էին հայերը։ Այդ ժողովրդի ընտիր զորապետները իրանց հայկական գունդերով նպաստեցին նրան հիշյալ երկրները տիրապետելու ժամանակ, այդ ժողովրդից դուրս եկած խելացի քաղաքագետները ճանապարհ ցույց տվին նրան, առաջնորդեցին և համարյա առանց պատերազմի գրավեցան հիշյալ երկրները,— այժմ կայսրը ցանկանում էր, որ նույն ժողովուրդը թողներ իր սիրելի հայրենիքը, որի վերածնելության մասին այնքան ոգևորված էր և գաղթեր մի անծանոթ և հեռու աշխարհ։ Այդ ժողովուրդը պետք էր այդ նոր աշխարհի համար. նա հավատարիմ էր, հլու էր, և գլխավորն այն է, որ նրա ձեռքումն էր արևելքի վաճառականությունը, և նրա միջոցով մեծ կայսրը կարող էր իրագործել իր մեծ նպատակները՝ արևելքի վաճառականությունը կապել Եվրոպայի հետ Ռուսաստանի վրայով և իր պետությանը մի նոր կյանք տալ։

Բայց որպես հայերը, նույնպես և վրացիները չէին դադարում կայսրի պաշտպանությունը խնդրել իրանց հայրենիքի փրկության համար։ Նրանք ավելի բարվոք էին համարում մնալ իրանց հայրենիքում, միայն ազատ լինել մահմեդական լծից։

Իսկ այդ միջոցներում կատարվեցան մի քանի դիպլոմատիական կապակցություններ, որոնք իսպառ զրկեցին թե հայերին և թե վրացիներին իրանց բաղձանքներից։

Հենց նույն ժամանակ, երբ կայսրը Աստրախանից վերադարձավ Ս. Պետերբուրգ (1723, 3 սեպտեմ.), այնտեղ եկավ Շահ-Թահմասի[32] դեսպանը, ռուսաց և պարսից մեջ խաղաղության դաշն կապվեցավ, որի հիման վրա պարսիկները թողեցին ռուսների տիրապետության ներքո Դերբենդ և Բաքու քաղաքները, այլև Գիլանի, Մազանդարանի և Աստրաբատի նահանգները, իսկ կայսրը իր կողմից պարտավորվեցավ զորք ուղարկել Շահ-Թահմասին օգնելու համար աղվանների և օսմանցիների դեմ։ Թեև այդ դաշնագրին վերջը չստորագրեց շահը, այսուամենայնիվ, օսմանցիները սաստիկ վրդովվեցան, երբ նկատեցին ռուսների միջամտությունը պարսից գործերի մեջ։ Բայց կայսրը հանգստացրեց սրանց, Բ. Դռան հետ կապած իր դաշնագրությամբ (1724, 12 հունիսի), որի հիման վրա համաձայնվեցավ, որ օսմանցիք տիրեին Վրաստանին, ստորին Դաղստանին և հայոց նահանգներին, որպես էին՝ ամբողջ Ատրպատականը, Նախիջևանը, Երևանը, Գանձակը, Ղարաբաղը և այլն, մինչև Շիրվանի մի մասը։ Այդ դաշնագրության զորությամբ իզուր էին հայերի հույսերը Ռուսաստանից օգնություն սպասել, որովհետև որքան էլ ցանկանային ռուսները, չէին կարող օգնել։

Այդ էր պատճառը, երբ հայոց կաթողիկոսները և մելիքները կրկին անգամ դիմեցին Պետրոս Մեծին, իր հրովարտակով (1724, 10 նոյեմ.), կայսրը բարեհաճեց հայերին ընդունել իր բարձր հովանավորության ներքո և ամենաողորմածաբար հրամայեց Դերբենդի բերդապահ գեներալ Կրոպոտովին, որ հայերին բնակության տեղ տա Սուրբ Խաչ բերդի մոտ, Սուլակու, Ագրախանա և Թերեկ գետերի ափերի մոտ։ Միևնույն ժամանակ կայսրի կանցլեր գրաֆ Գավրիլո Գոլովկինը գաղտնի հրահանգներ է ուղարկում իրանց նոր գրաված պարսկական նահանգների կառավարիչներին, որ համոզեն հայերին թողնել իրանց հայրենիքը և գաղթել Կասպից ծովեզրյա երկրների վրա, որպես էին Գիլանը և Մազանդարանը։ Որովհետև օսմանցոց Բ. Դռան հետ կապած դաշնագրի պատճառով կայսրը չէ կարող օգնել հայերին, քանի որ նրանք իրանց հայրենիքումը կմնան։ Դեռ դրանից առաջ Կասպից ծովեզերքի կառավարիչ գեներալ Մատյուշկինը հրաման էր ստացել, որքան կարելի է աննկատելի կերպով աշխատել մաքրելու Դիլանը և Մազանդարանը մահմեդականներից, հանդարտ կերպով ոչնչացնելով նրանց, որպեսզի հետո կարելի լինի նրանց տեղը լցնել հայ գաղթականներով։

Բայց Պետրոս Մեծի վաղահաս մահը (1725, 28 հունիսի) թողեց Ղարաբաղի հայերի գաղթականության խնդիրը անկատար։ Կայսրի մահից հետո ռուսաց գահի վրա նստեց նրա ամուսինը՝ Եկատերինա I[33], որի թագավորության ժամանակ հայերի վիճակը ավելի ծանրացավ։

Թեև Պետրոս Մեծը չկարողացավ իր կողմից օգնել հայերին մահմեդականների դեմ, այսուամենայնիվ, մեծ թագավորի մահվան բոթը հայերին սուգի մեջ դրեց։ Հայոց Եսայի և Ներսես կաթողիկոսները և Ղարաբաղի մելիքները Դերբենդից ուղարկեցին մի պատգամավորություն կայսրուհի Եկատերինա I մոտ, հայտնելու իրանց խորին ցավակցությունը։ Այդ պատգամավորության գլխավորներն էին Յուզբաշի Բաղին, Չելեբի քյոխվան և ուրիշ նշանավոր անձինք։ Նրանք միևնույն ժամանակ հայտնեցին, որ Սարի-Մուստաֆա փաշան 40 հազար հոգով հարձակվեցավ Ղարաբաղի վրա, և հայերը ութ օր հուսահատ կերպով պատերազմելով, հազիվ կարողացան հաղթել օսմանցիներին։ Պատգամավորները ավելացրին, թե դժվար կլինի հայերին երկար պաշտպանվել, եթե նրանց օգնություն չհասնի։

Կայսրուհին իր հրովարտակով (1726, 22 փետրվարի) բարեհաճեց արտահայտել իր ողորմածությունը և համակրությունը դեպի հայերը, իսկ ինչ որ գործին էր վերաբերում, գրվեցավ, որ Չելեբի քյոխվան բերանացի կհաղորդե։

Հայոց պատգամավորներին պատվիրված էր հաղորդել Ղարաբաղի ապստամբներին, որ նրանք հաստատ մնան իրանց ապստամբության շարժման մեջ, շարունակեն իրանց կռիվները մահմեդականների դեմ, շուտով նրանց օգնության կհասնեն վրաց Վախթանգ իշխանը և գեներալ Դոլգորուկի իշխանը։

Այնուհետև հայերը մի քանի անգամ կրկնեցին իրանց խնդիրները, բայց ոչ ոք նրանց օգնության չհասավ, և ստիպված էին իրանց սեփական ուժերով պատերազմել թշնամու դեմ։ Բայց երևի հայերին վիճակված չէր մի լավ օր տեսնել, որովհետև Աննա Իվանովնա կայսրուհու թագավորության ժամանակ (1732) հայտնվեցավ սարսափելի Նադիրը[34], և Պարսկաստանում նշանավոր փոփոխություններ կատարվեցան, որոնք մեծ ազդեցություն ունեցան հայերի սկսած գործի ապարդյուն մնալու վրա։

VIII

Նադիրը[35] հայտնվեցավ այն ժամանակ, երբ, որպես տեսանք վերևում, Պարսկաստանը բաժան-բաժան էր եղած, և պարսից գահի վրա նստում էին օտարները։ Պարսկաստանի մի մասին տիրում էին աղվանները, մի մասը գրավել էին ռուսները, իսկ պարսկական Հայաստանը, Վրաստանը և մի քանի այլ նահանգներ օսմանցիների ձեռքումն էին։

Նադիրը հայտնվեցավ ինչպես մի կատաղի փոթորիկ, որը զորավոր ձեռքով նախ մաքրեց Պարսկաստանը աղվաններից, տիրեց Հնդկաստանի մի մասը, հետո իր սուրը դարձրեց օսմանցիների դեմ։ Նրա զարմանալի հաջողությունները նոր ուժ, նոր խրախույս ներշնչեցին Ղարաբաղի հայոց մելիքներին։ Այս վերջինները սկսեցին իրանց սեփական ուժերով մաքրել իրանց հայրենիքը օցմանցիներից։

Այդ ժամանակ օսմանցիների սերասկեր (գլխավոր հրամանատար) Սարի-Մուստաֆա փաշան իր գլխավոր բանակով զետեղված էր Գանձակ քաղաքում, իսկ մնացած զորքերը տարածել էր Ղարաբաղի մելիքների երկրներում։ Մելիք-Ավանը, որ բոլոր մյուս մելիքների գահերեցն էր, օգուտ քաղելով փաշայի դեպի ինքն ունեցած բարեկամական հարաբերություններից, և առերես հնազանդություն ցույց տալով, գաղտնի կերպով սարքեց մի մեծ դավադրություն։ Ղարաբաղի բոլոր մելիքները միաբանվեցան նրա հետ։ Ապստամբության նշանաբանը բովանդակվում էր հետևյալ խոսքերի մեջ. «պահպանեցեք հին սերմերը, որպես բուսնելու հույս տվողներ և ոչնչացրեք նորը, որ պտուղ չէ խոստանում»։ Այսինքն՝ խնայել պարսիկներին և կոտորել օսմանցիներին։ Կոտորածը պետք է կատարվեր մեծ պասի առաջին գիշերվա մեջ։ Այդ Բարթոլոմյան գիշերում հայերը ոչնչացրին թե Ղարաբաղի և թե Գանձակի կողմերում գտնված բոլոր օսմանցի զորքերին[36]։ Ձմեռվա ցրտի պատճառով զինվորները հայերի տներումն էին բնակվում։ Ամեն մի տանտեր սպանեց իր ինքնակոչ հյուրին։ Սարի-Մուստաֆա փաշան հազիվ կարողացավ ազատվել, փախչելով Երևան։ Այդ հիշատակի արժանի անցքը կատարվեցավ 1733 թ.։

Որպես մի փոքրիկ միջնավեպ, ես ավելորդ չեմ համարում նկարագրել մի դեպք, որ նույն գիշերը տեղի ունեցավ Վարանդայի Ավետարանոց գյուղում։ Դրա մեջ փայլում է հայ կնոջ հերոսությունը։ Ավետարանոցը Վարանդայի մելիքության բերդավանն է։ Այստեղ իր զինվորներով զետեղված էր օսմանցիների զորապետներից մեկը, որ կոչվում էր Սուլեյման-Բեկ։ Դա, լսելով տեղային Մելիք-Հուսեինի դստեր՝ Գայանեի գեղեցկությունը, մտածում է տիրապետել նրան։ Բայց չհամարձակվելով հայտնի բռնություն գործ դնել, առաջարկում է ամուսնանալ Գայանեի հետ։ Հայրը և մայրը անպատկառ մահմեդականին միամտացնելու համար խոստանում են տալ աղջիկը, բայց միշտ հետաձգում են, հայտնելով, թե հայերի ազգային և կրոնական սովորությունների համեմատ պետք է դեռևս այս և այն ծեսերը կատարված լինեն։ Այսպես օրըստօրե ժամանակ են խլում, մինչև հասնում է նշանակյալ գիշերը։ Սկսվում է կոտորածը։ Մելեք-Հուսեինը այն գիշեր տանը չէ լինում. նա գնացել էր իր գավառի մյուս տեղերում գործելու համար։ Ավետարանողի կոտորածին առաջնորդում էր նրա քաջասիրտ կինը՝ Աննա խաթունը[37]։ Երբ այդ զինված հերոսուհին ավանի փողոցների մեջ կոտորել էր տալիս օսմանցիներին, այդ միջոցին նրա ինքնակոչ փեսացուն՝ Սուլեյման-բեկը, իր կյանքը ազատելու համար, փախչում է դեպի Աննա խաթունի տունը։ Նույն րոպեում Գայանեն, նույնպես զինված, կանգնած է լինում տան դռան մոտ։ Տեսնելով իր ատելի փեսացուին ներս մտնելիս, օրիորդը իր խենջարը խրում է նրա սրտի մեջ... Այդ սպանությունից հետո Գայանեն իր անձը նվիրեց կուսակրոնության և մտավ Ավետարանոց գյուղի կուսանաց անապատը[38]։

Աննա խաթունի և Գայանեի քաջագործության հիշատակը պահպանված է միայն ժողովրդական ավանդության մեջ, իսկ Մելիք-Հուսեինի հիշատակը մնում է արձանագրված իր գերեզմանի քարի վրա, որը գտնվում է Ավետարանոց բերդի կուսանաց անապատի զավթում[39]։

Ղարաբաղի մելիքների կռիվները օսմանցիների հետ մի մեծ տեղ են բռնում այդ ժամանակի պատմության մեջ, որը դեռևս ոչ ուսումնասիրված է և ոչ տպագրված։ Մենք այժմ այսքանը միայն կասենք, որ հայերը, սրի ուժով մաքրելով իրանց հայրենիքը օսմանցիներից, բավական հեշտացրին նադիրի հաղթությունները օսմանցիների դեմ, և պարսիկ սպարապետը թագավոր դառնալուց հետո, որպես կտեսնենք, չմոռացավ հայոց մելիքների ծառայությունները։ Նա ավելի երախտամատույց գտնվեցավ, քան թե քրիստոնյա կայսրները։

Մինչ Ղարաբաղում հայոց մելիքները ջարդում էին օսմանցիներին, հենց միևնույն ժամանակներում Սյունյաց իշխան Դավիթ Բեկը Ղափանի կողմերում հրաշքներ էր գործում։ Մահմեդական տիրապետողների բերդերը մինը մյուսից հետո ընկնում էին նրա ահեղ զորության առջև։ Հալիձորի բերդի պաշարման ժամանակ մի բուռն քաջերով ցրվեց նա օսմանցիների ավելի քան քսան հազար զորքերը[40], Ղափանը, Բարգյուշատը, Չավնդուրը, Գենուազը և Գողթանը բոլորովին մաքրեց օսմանցիներից, խլեց նրանցից Մեղրի և Օրդուբադ քաղաքները։ Այդ բոլորը լսելով՝ պարսից Շահ-Թահմասը[41], թե որքան նա օգնեց իրան, պատերազմելով Պարսկաստանի թշնամիների հետ, վարձատրեց քաջի հաղթությունները, զանազան արտոնություններ շնորհելով Դավիթ Բեկին։ Նա ուղարկեց բեկին մի դրոշակ, մի պատվական նժույգ ձի և թագավորական ֆիրմանով հաստատեց, որ նա ժառանգաբար իր տիրած երկրների տերը և իշխանաց-իշխանը լինի. նա իրավունք տվեց բեկին իր անունով դրամ կտրելու։ Բայց հանկարծակի մահը թույլ չտվեց այդ հերոսին երկար վայելելու իր հաղթությունների փառքը... 1728 թվին դավաճանի թույնը նրան գերեզման տարավ։ Միևնույն տարվա մեջ մեռան Ղարաբաղի երեք նշանավոր գործիչները՝ Մելիք-Բեգլարյան Աբով II, Մելիք-Իսրայելյան Մելիք-Եսային և Գանձասարի Եսայի կաթողիկոսը։ Մելիք-Աբովին Հաջորդեց իր որդի Մելիք-Յուսուբը, Եսայի կաթողիկոսին հաջորդեց Երիցմանկանց վանքի Ներսես կաթողիկոսը, իսկ Մելիք-Եսայուն հաջորդեց իր եղբայր Ալլահ-Ղուլին, որ իր քաջագործությունների համար Նադիրից ստացավ սուլթանության տիտղոս և կոչվեցավ Ալլահ-ղուլի սուլթան։

Նադիրը, հաջողությամբ առաջ տանելով իր արշավանքները, մի քանի տարվա մեջ հետզհետե խլեց այն բոլոր պարսկական նահանգները, որ օտարները և օսմանցիները տիրել էին (Ատրպատականը, Նախիջևանը, Երևանը, Վրաստանը, Գանձակը և այլն)։ Նրա հաղթությունները երկյուղի մեջ դրին մինչև անգամ ռուսաց կառավարությանը, որը առանց պատերազմի, Աննա Իվանովնա կայսրուհու օրերում (1732—1735), վերադարձրեց Նադիրին Պետրոս Մեծի գրաված բոլոր պարսկական գավառները (Գիլանը, Մազանդարանը, Աստրապատը, Բաքուն և Դերբենդը)։

Իր հաղթությունները փառավոր կերպով կատարելուց հետո, 1730 թ. ձմեռը, Նադիրը բանակ դրեց Երասխ գետի մոտ, Մուղանի լայնատարած անապատում։ Այնտեղ կանչված էին Պարսկաստանի բոլոր նահանգապետները, այնտեղ էր Կախեթիայի վալին՝ Իմամ—ղուլի խանի (Դավիթ III) որդի մահմեդականացած Ալի-Միրզա-խանը. այնտեղ հրավիրված էր Էջմիածն՚ի Աբրահամ կաթողիկոսը[42] և Ղարաբաղի Ներսես կաթողիկոսը, այնտեղ էին Ղարաբաղի, Նախիջևանի, Երևանի հայոց բոլոր մելիքները և քալանթարները, այնտեղ էր Թիֆլիսի իշխան Մելիք-Աշխալ-բեկի որդի Աղա-բեկը (իշխան Բեհբուդյանների պապը), որը մասնակցեց Նադիրի հնդկական արշավանքներին։

Նույն տարվա փետրվար ամսում, Մուղանի անապատում, կատարվեցավ Նադիրի թագադրության հանդեսը։ Հայոց Աբրահամ կաթողիկոսը օրհնեց նրա սուրը և իր ձեռքով կապեց պարսից նոր թագավորի մեջքին։

Թագադրությունից հետո Նադիր-շահը այնտեղ հավաքված ավագներին զանազան պաշտոններ և աստիճաններ շնորհելու ժամանակ վարձատրեց և հայոց մելիքների կատարած քաջագործությունները, որոնք այնքան եռանդ էին ցույց տվել օսմանցիներին կոտորելու գործում։ Առանձին ֆիրմաններով նրանց կրկին հաստատեց իրանց հայրենական իշխանությունների մեջ, իրավունք տալով յուրաքանչյուրին անկախ կերպով կառավարելու երկիրը, վճարելով ամեն տարի մի որոշյալ քանակությամբ հարկ։ Այնուհետև մեքիքները կախումն ունենալով միայն շահից, իսկ իրանց իշխանության մեջ վայելելով ինքնավարության կատարյալ իրավունքներ, որպես վալիներ (ավատական իշխաններ) ավելի հանգիստ և ապահով դրություն ստացան և սկսեցին ավելի ևս զորացնել իրանց աժերը։

Մի քանի մելիքներ առանձին աստիճաններ ստացան։ Ջրաբերդի Մելիք-Իսրայելի որդի Մելիք-Ալլահ-ղուլին ստացավ սոլթանի աստիճան[43] և կոչվեցավ Ալլահ-ղուլի-սոլթան։ Շահի առանձին շնորհը վայելում էր Տիզակ գավառի Մելիք-Ավանը (Եգանը), որին շահը «բաբալըղ» էր կոչում, որ նշանակում է հոգևոր հայր։ Մելիք-Ավանը Ղարաբաղի մելիքների գահերեցն էր. դա մի ամբողջ տարի իր ծախքով կերակրեց շահի զորքերին. դա էր պարագլուխը մեր վերև հիշած սարսափելի կոտորածի, որով մի գիշերվա մեջ հայերը ոչնչացրին Ղարաբաղում գտնված բոլոր օսմանցիներին։ Շահը շնորհեց նրան խանության աստիճան, կոչվեցավ Մելիք-Ավան-խան և կարգեց Խամսայի հինգ մելիքությունների գլխավոր. դրա մոտ էին հավաքվում վճարելիք հարկերը և դրա ձեռքով էին հանձնվում արքունի գանձարանին։

Երբ Աբրահամ կաթողիկոսը Մուղանի անապատում, շահի խնդրելով, Երասխ գետի ափի մոտ կատարեց սուրբ ծննդյան և մկրտության տոնի հանդեսը, ներկա էին, բացի քրիստոնյաներից, մինչև երեք հարյուր պարսիկ ազնվականներ, շեյխուլիսլամը, ղազին և այլ նշանավոր անձինք։ Բոլորի մեջ միայն Մելիք-Ավան-խանը արժանացավ այն պատվին, որ խաչը ջրից դուրս հանեց։

Ավելորդ չեմ համարում հիշել մի փոքրիկ դեպք, որը, ինքնըստինքյան, թեև շատ ծաղրական է, բայց ցույց է տալիս, թե որ աստիճան հայոց այդ ավագը մտերիմ և բարեկամ էր Պարսկաստանի ահարկու թագավորին։

Նադիր-շահը սովորություն ուներ շուտ-շուտ ճաշել Մելիք-Ավան-խանի տանը, որի ճոխ սեղանը հռչակված էր, թե այնտեղ ամեն բարիք կարելի է գտնել։ Մի անգամ շահը, կամենալով փոքր-ինչ ամաչացնել իր հյուրընկալին, պատվիրեց ճաշի համար թարմ սունկ պատրաստել։ Թեև ձմեռն էր, թեև տարվա այն ժամանակին Ղարաբաղի անտառներում թարմ սունկ գտնելը անկարելի բան էր, այսուամենայնիվ, Մելիք-Ավան-խանը ցույց տվեց, թե շահի փափագը կատարված կլինի։ Ճաշի ժամանակ, երբ թագավորը պահանջեց ցանկացած կերակուրը, մելիքի սպասավորները դրեցին նրա առջև մի մատուցարան, լիքը դիզած ոսկիներով։— Ես սունկ էի պատվիրել,— ասաց շահը։— Մենք առանց սունկի ևս կարող ենք կշտանալ, պատասխանեց մելիքը,— իսկ ձեր զինվորներին ոսկի է հարկավոր թշնամու հետ պատերազմելու համար։ Շահին խիստ հաճո թվեցավ մելիքի պատասխանը և ընդունեց ոսկիները։

Մելիք-Ավան-խանը հարգված էր և ռուսաց կառավարությունից։ Աննա Իվանովնա կայսրուհու թագավորության ժամանակ (1734) նա իր աստիճանավորներով գնաց Ռուսաստան, փառավոր ընդունելություն գտավ և արժանացավ կայսրուհու առանձին ուշադրությանը։ Պետրոս Մեծի պարսկական արշավանքների ժամանակ իր ցույց տված նշանավոր ծառայությունների համար Մելիք-Ավան-խանը ստացավ գեներալ-մայորի աստիճան և զանազան շքանշաններ։ Նրա ամբողջ սվիտային նույնպես աստիճաններ, շքանշաններ շնորհեցին և թոշակ նշանակեցին։

Հետո Ելիսավետա Պետրովնա կայսրուհու թագավորության ժամանակ Մելիք-Ավան-խանը, արդեն ծերացած հասակում, կրկին անգամ գնաց Ռուսաստան, իր ընտանիքը իր հետ տանելով։ Ղարաբաղի երևելի տիրապետողը կրկին անգամ արժանացավ զանազան շքանշանների և պատվի, թեև նրա այցելությունների նպատակը իր անձնական փառասիրությունը չէր, այլ նա աշխատում էր իր դժբախտ հայրենիքի փրկության համար։ Մեծն Պետրոսի օգոստափառ դուստրը ցանկացավ ծերունի հերոսին անձամբ տեսնել Ս. Պետերբուրգում և նշանակեց առանձին աուդիենցիա։ Գրաֆ Մինիխը և գրաֆ Րազումովսկին Մելիք-Ավան-խանին իր ամբողջ ընտանիքի հետ ներկայացրին կայսրուհուն։ Ընդունելության ժամանակ կայսրուհին, տեսնելով մի մանկահասակ գեղեցկուհի, որը մելիքի թոռն էր, այնքան սիրեց նրան, որ ցանկացավ պահել իր արքունիքում, իբրև պալատական օրիորդ (ֆրեյլեյն)։ Մինչև Ավան խանի Ս. Պետերբուրգից հեռանալը կայսրուհին պահեց նրան իր պալատում և միայն ծերունի մելիքի շատ խնդրելու համար թույլ տվեց օրիորդին, որ իր ծնողների հետ վերադառնա իր հայրենիքը, պարգևելով նրան շատ ընծաներ։

Վերադառնալով իր հայրենիքը՝ Տիզակ, Մելիք-Ավան-խանը երկար չապրեց. նա վախճանվեցավ 1744 թ. և մարմինը թաղվեցավ իր Տող անունով բերդի եկեղեցու զավթում։ Նրա մահից հետո երեց որդին՝ Մելիք-Արամը, միայն մի տարի իշխեց և մեռավ, հետո իշխանությունը ձեռք առեց կրտսեր եղբայրը՝ Մելիք-Եսային, որը, ինչպես հետո կտեսնենք, սպանվեցավ Շուշիի Իբրահիմ-խանի դավաճանությամբ։ Մելիք-Ավան-խանի ժառանգների մեծ մասը դավաճանության զոհ եղան։ Այդ էր պատճառը, որ նրա այրի կինը՝ Գոհար-խանումը (ханша) ստիպված եղավ թողնել իր հայրենիքը և մնացած զավակների հետ գաղթել Աստրախան, որտեղից իր բնակությունը տեղափոխեց Ղզլար, երբ այդ քաղաքը շինվեցավ։ Մելիք-Ավան-խանի և նրա եղբոր ժառանգներից առաջ եկան իշխան Սումբատյանները, իշխան Մելիքովները և Հայրապետյանները, որոնք մի ժամանակ Աստրախանում, Ս. Պետերբուրգում և Մոսկվայում ռուսաց նշանավոր պաշտոնների մեջ մտան։

IX

Փանահ-խանի հայտնվելը

Երբ նադիր-շահը Մուղանի դաշտում իրան պարսից թագավոր հայտնեց, այդ ժամանակ Կուր գետի աջ եզերքի մատ գտնված անապատների վրա թափառող մի թուրք ցեղից, որ տեղի անունսվ կոչվում էին ջուահշիրցիք, բավական մեծ բազմություն գաղթեցրեց Խորասանի կողմերը, բնակեցնելով նրանց Սարխաս կոչված գավառում։ Ջուանշիրցիք, որպես հովվական կյանքով ապրող մի ժողովուրդ, իրանց գլխավոր պարապմունք էին ընտրել խաշնարածությունը և ավազակությունը։ Երկրի խաղաղությունը պահպանելու համար Նադիրը ավելի բարվոք համարեց այդ անհանգիստ, կիսավայրենի ցեղը հեռացնել դեպի Պարսկաստանի խորքերը։

Այդ ցեղի մի տոհմից, որ առանձին անունով կոչվում էր Սարիջայլու, առաջ եկավ Փանահ անունով մի մարդ, որը Պարսկաստան գաղթելուց հետո շնորհ գտավ շահի դռանը և ստացավ մի աննշան պաշտոն։ Այդ պաշտոնի համար մի այլ արժանավորություն պետք չէր, բայց միայն ունենալ զորեղ ձայն և, երկրի սովորության համեմատ, թագավորի հրամանները քաղաքի հրապարակում բարձր ձայնով հրատարակել։ Փանահը ուներ այդ արժանավորությունը և թագավորի դռան մունետիկը դարձավ, կոչվեցավ այնուհետև «ջառչի» Փանահ։ Երկար այդ պաշտոնը կատարում էր նա, բայց մի անկարգության համար, երբ պիտի գլխատման դատապարտվեր, Պարսկաստանից փախավ և կրկին եկավ իր հայրենիքը։ Որպես հանցավոր, նա անհայտ կերպով թափառում էր Ղարաբաղի անապատներում, աննշան, աստանդական կյանք էր վարում։

Հետո դիմեց նա Ջրաբերդի Մելիք-Ալլահ-ղուլի սոլթանին և նրա մոտ ապաստան գտավ։ Սոլթանը նշանակեց նրան իր գյուղերի վրա որպես դարուղա, այսինքն՝ տուրքեր հավաքող։ Թեև Պարսկաստանից մի քանի անգամ սաստիկ հրամաններ ստացվեցան, որ բռնեն Փանահին և ետ ուղարկեն, բայց նա, պահպանվելով հայ սոլթանի պաշտպանության ներքո, ազատ մնաց։

Երբ Խորասանում, գիշերն իր վրանի մեջ քնած ժամանակ, իր դրանիկների դավաճանությամբ Նադիր-շահը սպանվեցավ հենց իր վրանի պահապանների ձեռքով (1747), այդ ժամանակ պարսից գահը ժառանգելու համար սարսափելի խռովություններ բարձրացան։ Զանազան տեղերում զանազան թագավորներ նստեցին, նահանգներից շատերը ապստամբվեցան։ Մաշհադի մեջ թագավորեց նրա թոռը՝ Շահ-ռուխ կոչվածը. Ատրպատականում թագավորեց նրա եղբորորդի Ադիլ-շահը, որի եղբայրը՝ Միրզա-Իբրահիմը, հետո կուրացնելով հարազատ եղբորը, ինքը թագավոր դարձավ։ Այդ երկպառակությունների ժամանակ, երբ Պարսկաստանում շատ իշխողների պատճառով երկիրը անիշխանության մեջ էր գտնվում, Նադիրի Խորասան տարած ջուանշիրցի գաղթականները վերադարձան իրանց հայրենիքը՝ Ղարաբաղի անապատները։

Այդ ժամանակ «ջառչի» Փանահը իրան ազատ զգաց. այլևս պատժվելու, գլխատվելու երկյուղ չուներ։ Այդ մարդը, այդ հովվի, անապատների պարզամիտ որդին, երկար տարիներ ապրելով պարսկական Բարձր Դռան ինտրիգների մեջ, սովորեց պարսիկների խորամանկությունը, վարժվեցավ նրանց խաբեությունների մեջ։

Նա արդեն Ջրաբերդի հզոր մելիքի՝ Ալլահ-ղուլի սոլթանի ծառայության մեջ բավական նշանակություն էր ստացել։ Երբ լսեց Նադիր-շահի մահը և իր ցեղակիցների վերադարձը Խորասանից, թողեց այդ ծառայությունը և մտավ ջուանշիրցի խաշնարածների մեջ, սկզբում նրանց նման կյանք էր վարում, որպես մի հասարակ հովիվ։ Բայց հետո սկսեց փոքր առ փոքր դեպի իր կողմը գրավել միամիտ խաշնապահներին, մինչև հաջողվեցավ նրան հրաժարացնել տալ ցեղի նախկին տանուտերին (старшина) և իրան ընտրել տալ նրա տեղը։

Այդ չնչին պաշտոնը միայն մի առիթ էր, որով Փանահը կարողացավ փոքր ժամանակում խաշնարածների մի քանի ցեղեր իր հրամանին ենթարկել։ Բայց նրա փառասիրությունը դրանով չհագեցավ։ Նադիրի մահից հետո, երբ նրա եղբոր որդի Ադիլ-շահը Թավրիզում թագավոր դարձավ, նա ուղարկեց դեպի Ղարաբաղի կողմերը Ամիր-Ասլան-խան անունով մեկին, տեղային խռովությունները խաղաղեցնելու համար։ Այդ ժամանակ պարսից շահերը այն անհաստատ դրության մեջ էին, որ մի օրվա համար ևս իրանց վիճակը ապահով չէին համարում։ Այդ պատճառով, շտապելով շուտափույթ օգուտ քաղել իրանց դիրքից, մի քանի թումանով վաճառում էին պաշտոններ, աստիճանները, տիտղոսներ և այլն։ «Ջառչի» Փանահը, նույնպես օգուտ քաղելով այդ հանգամանքներից, հիշյալ Ամիր-Ասլան-խանի միջնորդությամբ ստացավ Ադիլ-շահից խանության տիտղոս։

Բայց նա խելացի մարդ էր, նա մտածում էր ստեղծել մի ավելի հիմնավոր իշխանություն, որի գլուխը, իհարկե, ինքը պետք է լիներ։ Իսկ այդ նպատակը իրագործելու համար շատ դժվարություններ կային. գլխավորը իր ցեղի կենցաղավարության պայմաններն էին։

Ջուանշիրցիները, որպես մի խաշնարած և թափառաշրջիկ ժողովուրդ, ձմեռը անց էին կացնում Կուր գետի աջ ափերի մոտ տարածված տափարակների վրա, բնակվելով շարժական տաղավարների մեջ, կամ գետնափոր խրճիթներում, իսկ գարնան սկզբից մինչև աշնան վերջը սփռվում էին Ղարաբաղի լեռների վրա, իրանց անասունները արածացնելու համար։ Զուրկ լինելով հաստատ բնակությունից, նրանք զուրկ էին և հողի սեփականությունից։ Ամբողջ Ղարաբաղը գտնվելով հայ մելիքների իշխանության ներքո, ջուանշիրցիները ստիպված էին իրանց ոչխարներից տասանորդ վճարել, որպեսզի թույլ տրվի իրանց անասունները արածացնել մելիքների արոտատեղիներում։

Երկրի աշխարհագրական դիրքն այնպես էր, որ լեռնային անտառապատ բարձրավանդակները, հովասուն հովիտները, որոնց վրա ամառնային տոթերի ժամանակ կարող էր խաշնարածը ապաստան գտնել, հայ մելիքների ձեռքումն էին։ Իսկ լեռներից սկսված անդուր, ցամաք տափարակների վրա, որ տարածվում էին մինչև Կուր գետի ափերը, թափառում էին ջուանշիրցիները։ Փանահ-խանը մտածում էր Ղարաբաղի լեռների վրա, մի տեղում, հաստատ ոտքի տեղ ունենալ։ Մի ամուր դիրք ռազմագիտական նպատակով նրան պետք էր իր նպատակները իրագործելու համար։

Սկզբում նա գնաց Բայաթ[44] և այնտեղ սկսեց մի բերդ հիմնել։ Բայց Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Ալլահ-ղուլի սոլթանը, միանալով Շիրվանի Հաջի Չելեբի անունով կառավարչի հետ, ոչնչացրին այդ հիմնարկությունը։ Հետո նա սկսեց Շահ-բուլաղի մոտ, Թարնակյուրտ (Տիգրանակերտ) կոչված ավերակների վրա, մի այլ բերդ կառուցանել Ասկարան անունով։ Բայց Գյուլիստանի Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Ալլահ-ղուլի սոլթանը և Խաչենի Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդին, այդ բերդը մոտ գտնելով իրանց երկրների սահմաններին, սկսեցին պատերազմել նրա հետ և դարձյալ ոչնչացրին։

Տեսնելով այդ արգելքները հայ մելիքների կողմից, խորամանկ Փանահ-խանը մտածեց երկպառակել նրանց միաբանությունը և այսպիսով թուլացնել նրանց ուժերը, որպեսզի կարողանա իրագործել իր նպատակները։ Նրան նպաստեցին մի քանի անցքեր, որ կատարվեցան այդ միջոցներում և որոնք սկիզբ դրեցին Ղարաբաղի մելիքությունների քայքայմանը... Այդ էջերն այնքան տխուր տեղ են բռնում Ղարաբաղի մելիքների պատմության մեջ, որ մենք ավելորդ չենք համարում մի փոքր ընդարձակ խոսել այդ մասին։

X

Տիզակի Մելիք-Ավան-խանը՝ Պետրոս Մեծի և Նադիր-շահի սիրելին, Ղարաբաղի մելիքների գահերեցը, վաղուց արդեն վախճանված էր (1744)։ Նրա մահից հետո Ղարաբաղի իշխանների մեջ չկար մի այնպիսին, որ նրա չափ հանճար և հեղինակություն ունենար, որ կարողանար պահպանել մելիքների մեջ խաղաղ ներդաշնակություն։ Հանգուցյալի երեց որդին՝ Մելիք-Արամը, միայն մի տարի իշխեց։ Նա այնքան թույլ մարդ էր, որ երբ Նադիր-շահի միակ որդին վախճանվեցավ և հարկավոր եղավ շահին մխիթարելու համար մի պատգամավորություն ուղարկել, փոխանակ ինքը գնալու կամ ուրիշ արժանավոր մարդիկ ուղարկելու, ուղարկեց իր կնոջը։ Խելացի կինը, զարմացրեց պարսից բոլոր պալատականներին, երբ իր սվիտայի հետ սգազգեստ ներկայացավ շահին։ Իր մխիթարական ճառից հետո տիկինը, բավական խորամանկ քաղաքավարությամբ, մատուց շահին 6,000 թուման փիշքեշ, ասելով. «Դուք այնքան ողորմած էիք, որ գնահատելով Մելիք-Ավան-խանի ձեզ մատուցած ծառայությունները և հարգելով նրա ծերությունը, ձեր «բաբալըղ» (հոգևոր հայր) էիք կոչում։ Նրա վախճանից հետո արժան էր, որ դուք ևս ձեր մասը ստանայիք ձեր հայրացուի ժառանգությունից։ Եվ ես ահա բերեցի ձեր բաժինը։ Շահին այնքան հաճո թվեցավ այդ ընծան, որ հրամայեց երկու այն չափով պարգևներ տային նրան իր գանձարանից և մեծ հարգանքով ճանապարհ դրեց, նրա ձեռքով ուղարկելով նրա ամուսնի՝ Մելիք-Արամի, հաստատության ֆիրմանը։

Վերադառնալով Պարսկաստանից, տիկինը գտավ իր ամուսնին վախճանված։ Փանահ-խանի թելադրությամբ մի դավաճան հայ թունավորել էր նրան։

Մելիք-Արամի մահից հետո Տիզակի իշխանությունը իր ձեռքն առեց հանգուցյալի կրտսեր եղբայր Մելիք-Եսային, որը իր հատկություններով բոլորովին նման էր իր հորը։

Մինչև այսօր Տիզակ գավառի բնակիչները հիշում են հին ավանդությունը, թե երբ Մելիք-Եսային ծնվեցավ, մանկաբարձ պառավները նկատեցին, որ տղայի աջ ձեռքի մատները խփված էին։ Երբ բուռը բաց արին, տեսան ափի մեջ լիքն էր արյունով։ Այն օրից նախագուշակեցին, որ երբ այդ մանուկը կմեծանա, դրա ձեռքով շատ արյունահեղություններ կլինեն։ Եվ իրավ, Մելիք-Եսային իր ամբողջ կյանքը անցկացրեց պատերազմներով։ Տիզակը, պարսից սահմանի վրա լինելով, Երասխ գետի ափի մոտ, ենթարկված էր պարսիկների անընդհատ հարձակումներին։ Քաջ իշխանը, իր երկիրը նրանց արշավանքներից պահպանելու համար, ստիպված էր անդադար պատերազմել նրանց հետ։

Մելիք-Եսային առաջինն էր Ղարաբաղի մելիքների մեջ, որ հասկացավ կանոնավոր զորքի և ընդհանուր զինվորագրության անհրաժեշտությունը երկրի ապահովության համար. նա տուգանք նշանակեց գյուղացիների վրա, եթե նրանց զենքերից մեկը պակաս կլիներ, կամ եթե իրանց զենքերը չէին պահպանի անխանգար դրության, մեջ։ Որոշյալ օրերում, երկրագործական պարապմունքներից հետո, գյուղացի երիտասարդները զբաղվում էին զինվորական մարզություններով, նրանց վրա կարգված էին տասնապետներ, հիսնապետներ, հարյուրապետներ կրթելու համար։ «Նրա ժամանակում, գրում է մի վարդապետ, մեր երկրում այնպիսի ապահովություն էր տիրում, որ դեռահաս աղջիկները այգիների ծառերի տակ նստած, կար էին կարում, մնում էին այնտեղ, մինչև մութը պատում է. հարսները զուգված, զարդարված դուրս էին գալիս տներից և աներկյուղ զբոսնում էին լեռների վրա, բոլորովին չմտածելով, թե թուրքը կամ պարսիկը կգա, կհափշտակե և կտանե նրանց։ Երբ թշնամին հայտնվում էր, երկրի երիտասարդները զենքը ձեռքում միշտ պատրաստ էին նրան հանդիպելու համար»։

Նադիր-շահի մահից հետո Մելիք-Ավան-խանի տան բարեկամական հարաբերությունները պարսից արքունիքի հետ կտրվեցան։ Մելիք-Եսային, տեսնելով Պարսկաստանում տիրող անիշխանությունը, խռովությունները և ներքին պատերազմները և մանավանդ ձանձրացած լինելով պարսից հարկահաններից, վճռեց միանգամայն չճանաչել նրանց և մերժել հարկապահանջներին։ Այդ առիթից օգուտ քաղեց Փանահ-խանը և Մելիք-Եսայուն մատնեց Թավրիզում նստող Ադիլ-շահին։ Շահը հրամայեց Ղարադաղի[45] կառավարիչ Քազըմ-խանին գնալ և պատժել Մելիք-Եսայուն։ Ղարադաղի խանը եկավ զորքերի մեծ բազմությամբ. ինքը Փանահ-խանը մի քանի հազար հոգով միացավ նրա հետ, պաշարեցին Մելիք-Եսայու Տող բերդը։ Ով որ տեսել է Տողը, կարող է երևակայել, որ թշնամու զորքերի բազմությունը չէր կարող սարսափեցնել Մելիք-Եսայուն, երբ որ իր քաջ զինվորների փոխարեն առավելաապես բնությանն ամրությունները պիտի պատերազմեին թշնամու զորության դեմ։ Հայոց զինվորները մասամբ պաշտպանված բերդի մեջ, մասամբ թաքնված շրջակա լեռների խիտ անտառների մեջ, անակնկալ հարձակումներ էին գործում և ջարդում են պարսիկներին։ Ղարադաղի խանը հաղթված, իր զորքերի մեծ մասը կորցրած, ետ է դառնում Պարսկաստան։ Հետևյալ տարին նա արշավանք է գործում ավելի մեծ բազմությամբ. Փանահ-խանը դարձյալ միանում է նրա հետ, բայց երկուսի ջանքերը ևս ապարդյուն են անցնում, Մելիք-Եսային հաղթող է հանդիսանում։

Այնուհետև Փանահ-խանը ամբողջ յոթն տարի պատերազմեց Մելիք-Ավանյան Մելիք-Եսայու հետ, երբ նկատեց, որ հնար չկա նրան հնազանդեցնելու, ստիպվեցավ հաշտվել, մտածելով, գուցե բարեկամական միջոցներով կարող կլինի ոչնչացնել նրան և, որպես հետո կտեսնենք, խորամանկ խանի այդ մտադրությունը հաջողվեցավ...

XI

Փանահ-խանը մի քանի անհաջող փորձերից հետո վերջապես համոզվեցավ, որ Ղարաբաղի մելիքների միաբանությունը քանդելու համար և Ղարաբաղի մեջ մի հաստատ դիրք բռնելու համար անպատճառ հարկավոր է, որ մելիքներից գոնե մեկին գրավե դեպի իր կողմը։ Մի աղետալի անցք կատարեց նրա ցանկությունը։

Որպես վերևում հիշեցինք, Նադիր-Շահը Մուղանի անապատում իրան պարսից թագավոր հրատարակելուց հետո Ղարաբաղի հինգ մելիքներին հաստատեց իրանց իշխանությունների մեջ, տալով նրանց հայրենական վաղեմի իրավունքները։ Բայց միևնույն տարվա մեջ (1736) վախճանվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսեինը, որի կինը Ավետարանոց գյուղում կոտորել տվեց օսմանցիներին։ Մելիք-Հուսեինի փոխարեն Վարանդային սկսեց կառավարել նրա ազգական Մելիք-Միրզա-բեկ։ Դա իր հանդուգն անհնազանդությամբ գրգռեց շահի բարկությունը, և շահը հրամայեց գլխատել նրան։ Մելիք-Միրզա-բեկ II[46] փոխարեն շահը Վարանդայի մելիք նշանակեց Մելիք-Հուսեինի որդի Մելիք-Հովսեփին։ Այդ Մելիք-Հովսեփը, որին պարսիկները Հուսեին էին կոչում, չափազանց հեզաբարո, գրասեր և խելացի մարդ էր, բայց մի ոտքով կաղ և փոքրահասակ։ Նա ուներ մի եղբայր ևս, որը ընդհակառակն վայելչահասակ, գեղեցիկ և չափազանց փառասեր տղամարդ էր։ Դա էր Մելիք-Շահնազար II[47], Ղարաբաղի կործանիչը...

Իր ընտանեկան կյանքում Մելիք-Շահնազարը սաստիկ անբարոյական մարդ էր. պարսիկների սովորությանը հետևելով, իր տունը լցրել էր բազմաթիվ հարճերով։ Բացի դրանից, նա ուներ իր առաջին օրինավոր կինը Թագում (Թագուհի) անունով, որը Խաչենի Հասան-Ջալալյան իշխանների տնիցն էր։ Թագումի մեռնելուց հետո Մելիք-Շահնազարը բռնությամբ խլեց կենդանի ամուսնից նրա գեղեցիկ կինը Սոնա անունով (որը Տիզակի իշխան Մելիք-Եսայու աղջիկն էր) և պսակվեց նրա հետ։ Նույնիսկ Սոնայի կենդանության ժամանակ Մելիք-Շահնազարը ամուսնացավ իր հանգուցյալ կնոջ Թագումի հարազատ եղբոր Մալայիկ անունով դստեր հետ և այսպիսով մտցրեց իր ընտանիքի մեջ մահմեդական բազմակնությունը։ Մելիքի այդ տեսակ վարմունքները սաստիկ վիրավորեցին ժողովրդի կրոնական զգացմունքը, և նրան ատելի դարձրին Ղարաբաղի մյուս մելիքների մոտ։ Բայց նրա կատարած եղեռնագործությունը հրավիրեց իր վրա բոլոր մելիքների վրեժխնդրությունը։

Մելիք-Շահնազարը փառասեր, հանդուգն և ոխերիմ մարդ էր. նա չկարողացավ համբերել, որ իր եղբայր Մելիք-Հովսեփը վարեր Վարանդայի իշխանությունը, թեև նա կարգված էր Նադիր-շահից։ Մի գիշեր հարձակվելով Մելիք-Հովսեփի տան վրա, իր ձեռքով սպանեց եղբորը և նրա ամբողջ ընտանիքը կոտորել տվեց։ Կոտորածից ազատվեցավ մի երեխա միայն, փոքրիկ Սայի-բեկը, որին դայակը ծածուկ փախցրեց Խաչեն գավառի Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդու մոտ, որը երեխայի քեռին էր[48]։

Սպանելով իր եղբորը, Մելիք-Շահնազարը բռնությամբ իր ձեռքը ձգեց Վարանդայի իշխանությունը։ Բայց նրա եղեռնագործությունը սաստիկ բորբոքեց իր դեմ Ղարաբաղի մյուս չորս մելիքների բարկությունը։ Նրանք միաբանվեցան Մելիք-Շահնազարից վրեժխնդիր լինելու համար։ Դրանք էին՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Ալլահ-ղուլի-սոլթանը, Խաչենի Մելիք-Ալլահվերդին և Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Եսային։ Իրանց զորքերով այդ չորս մելիքները դիմեցին դեպի Վարանդա։ Մելիք-Շահնազարը ամրացավ իր Ավետարանոց բերդի մեջ։ Պաշարումը երկար տևեց, ձմեռը վրա հասնելով, բերդը չկարողացան գրավել, բայց Վարանդայի գյուղերի մեծ մասը ավարի առնելով, ավերակ դարձնելով, մելիքները վերադարձան իրանց տեղերը, պայման գնելով, որ հետևյալ գարունքին կրկին արշավանք գործեն Ավետարանոց բերդը կործանելու համար։

Փանահ-խանը այժմ հասավ իր նպատակին։ Ղարաբաղի մելիքների մեջ սկսվեցավ ներքին պատերազմը։ Նա շտապեց օգուտ քաղել այդ հանգամանքներից։

Մելիք-Շահնազարը որքան էլ հանդուգն, աներկյուղ մարդ լիներ, դարձյալ գիտեր, որ իր ուժերը չէր կարող հավասարեցնել բոլոր չորս մելիքների անհամեմատ մեծ զորությանը։ Այդ պատճառով նա սաստիկ անհանգստությամբ սպասում էր գարնան արշավանքին։ Նրան պետք էր մի դաշնակից, մի օգնական, և նա ձեռք մեկնեց իր հայրենիքի ոխերիմ թշնամուն՝ ջվանշիրցի ավազակին...

Մյուս մելիքները ավելի կատաղեցան, երբ նկատեցին, որ Մելիք-Շահնազարը միացավ Փանահ-խանի հետ, որի չար դիտավորությունները, Ղարաբաղի հայկական բոլոր իշխանություններդ ոչնչացնելու մասին, ամենքին հայտնի էին։

Փանահ-խանը իր կողմից շատ ուրախ եղավ, երբ մելիքների միաբանությունը քանդված տեսավ, երբ նրանցից մեկը, և ամենանշանավորը, անցավ իր կողմը։

Վաղուց նա դիտավորություն ուներ մտնելու անմատչելի Ղարաբաղի սրտի մեջ և մի հարմար դիրքի վրա ցանկանում էր մի ամուր բերդ հիմնել։ Նրա Բայաթի և Ասկարանի բերդերը, ինչպես տեսանք, հայոց մելիքները ոչնչացրին։

«Ձեր Չանախչին պաշտպանության համար խիստ անհուսալի դիրք ունի,— ասաց Փանահ-խանը Մելիք-Շահնազարին,— պետք է որոնել մի ավելի ամուր դիրք, և ես մի այսպիսի տեղ ի նկատի ունեմ, որի վրա բերդ հիմնելով, կլինենք այնուհետև բոլորովին ապահովված...»։

Փանահ-խանը ցույց տվեց Վարանդայի գավառում մի տեղ, Գարգար գետի վրա, որը Մելիք-Շահնազարի սեփական կալվածքն էր և բնությունը, իրավ որ, այդ անմատչելի բեռնային բարձրավանդակը ստեղծել էր ամուր բերդ լինելու համար։ Երկու դաշնակիցները սկսեցին բերդի հիմնարկությունը։ Մելիք-Շահհազարը իր ձեռքով դրեց նրա առաջին քարը, որ իր և ամբողջ Ղարաբաղի մելիքությունների գերեզմանը դարձավ...

Մի կողմից բերդի կառուցումը առաջ տանելով, մյուս կողմից՝ մելիքների հետ պատերազմ մղելով, երկու դաշնակիցները շուտով վերջացրին շինությունը (1752) և մերձակա Շոշի ավանի հայ բնակիչներին տեղափոխելով այնտեղ, բերդը կոչվեցավ Շոշի կամ Շուշի։

Փանահ-խանը մտնելով Ղարաբաղի սրտի մեջ, իր դաշնակից Մելիք-Շահնազարի աջակցությամբ, ոչ միայն կարողացավ պաշտպանվել մյուս հայ մելիքների հարձակումների դեմ, այլ իր իշխանությունը տարածեց և այն թուրք ցեղերի վրա, որոնք առաջ չէին խոնարհվում նրան։

Ինքը Փանահ-խանը իր ծագումը ստացած լինելով ավելի աննշան և ստոր ցեղից, որպես էին սարուջալլուցիք, մյուս ավելի զորեղ և նշանավոր ցեղերը (ջվանշիրցիք, քաբիրլուցիք և օթուզիքի՝ այսինքն՝ երեսունևերկու կոչված ցեղը) արհամարհանքով էին նայում նրա վրա։ Եվ մանավանդ իրանց նահապետական սովորություններին խիստ հակառակ էր թվում խոնարհվել մեկ միապետի հրամանի ներքո, որը պարսից խանի տիտղոս էր կրում։ Բայց Մելիք-Շահնազարի օգնությամբ այդ բոլորին կարողացավ հետզհետե զսպել նա։

Իսկ հայոց մելիքների վերաբերությամբ դեռ վճռական քայլ չէր անում նա, աշխատում էր առանձնացնել նրանց, աշխատում էր երկպառակություն սերմանել նրանց մեջ և փոքր առ փոքր նրանց ուժերը թուլացնել։

Սկսեց Խաչենի մելիքությունից, որը մնացածներից ավելի մոտ էր Շուշի բերդին։ Այստեղ ամենահին ժամանակներից իշխում էին Հասան-Ջալալյան իշխանների ժառանգները։ Դրանք դարերի ընթացքում այնքան բազմացել էին, որ Խաչեն գավառը ամենամանր կտորներով բաժանված էր այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում, որոնք բնականաբար շատ հաշտ չէին կարող լինել միմյանց հետ։ Փանահ-խանը մտածեց ստեղծել այստեղ մի նոր մելիքություն, նրանց բոլորին հետզհետե ոչնչացնելու նպատակով։ Նրան զորավիգ եղավ ինքը Մելիք-Շահնազարը։

Մենք տեսանք, երբ Մելիք-Շահնազարը սպանեց իր եղբորը՝ Մելիք-Հովսեփին, և բռնությամբ գրավեց Վարանդայի իշխանությունը, սպանվածի որդիներից մեկին դայակը փախցրեց Խաչեն գավառը և թաքցրեց իր քեռիների տանը։ Մանուկի քեռին էր Հասան-Ջալալյան իշխան Մելիք-Ալլահվերդին։ Մտածելով, որ մի ժամանակ այդ մանուկը կմեծանա և իր քեռիների օգնությամբ վրեժխնդիր կլինի իր հոր արյան համար և գուցե ետ կխլե հոր իշխանությունը,— Մելիք-Շահնազարը վճռեց ոչնչացնել թե մանուկին և թե նրա քեռիներին։ Փառասեր մելիքը այդ ձեռնարկության մեջ իր առանձին հաշիվները ուներ, իսկ այդ հաշիվները նպաստավոր էին Փանահ-խանի համար այն կողմից, որ նա Խաչենի մելիքությունները ոչնչացնելով այնտեղ կնշանակեր իր ցանկացած մարդուն և այսպիսով մի ամբողջ գավառ իր ձեռքը կառներ։ Մելիք-Ալլահվերդին բնակվում էր սեփական ամրոցում, որ իր պապերից մեկի անունով կոչվում էր Ուլու-պապի բերդ[49]։ Նա հայտնի էր որպես քաջ և անպարտելի պատերազմող։ Երբ Փանահ-խանը, միանալով Մելիք-Շահհազարի հետ, իրանց հայ և թուրք զորքերով արշավեցին նրա վրա, Մելիք-Ալլահվերդին այնպիսի մի սաստիկ ջարդ տվեց նրանց, որ երկու դաշնակիցները հազիվ կարողացան իրանց կյանքը ազատել, փախչելով և մտնելով Շուշի բերդը։

Այդ ժամանակ Փանահ-խանը, Մելիք-Շահնազարի խորհրդով, գաղտնի կերպով կանչեց իր մոտ Խնզիրիստան գյուղի տանուտեր Միրզա-խանին, որը, Մելիք-Ալլահվերդուց կարգված, նույն գյուղի կառավարիչն էր։ Խանը, առաջուց իմացած լինելով տանուտերի փառասիրական ձգտումները, խոստացավ նրան, եթե Մելիք-Ալլահվերդուն մի հնարքով կբռնի և իր ձեռքը կտա, նրան ամբողջ Խաչեն գավառի վրա մելիք կկարգե։

Միրզա-խանը, հրապուրված խանի խոստմունքներից, դիմեց Մելիք-Ալլահվերդու մոտ, հայտնեց նրան, թե իրան հայտնի է, որ Փանահ-խանը ավելի մեծ պատրաստություններով հարձակվելու է նրա վրա, և թե նրա սեփական ամրոցը այնքան հուսալի մի տեղ չէ, որի մեջ կարելի լինի պաշտպանվել թշնամու այս անգամվա ահագին զորաթյան դեմ, և խորհուրդ տվեց ամրանալ Կաչաղակաբերդի մեջ, որը անառիկ և անմատչելի դիրք ուներ։ Որպես ստորադրյալ և պաշտոնյա, Միրզա-խանը առաջարկեց իր պատրաստականությունը՝ ամեն կերպով օգնելու իշխանին, ավելացնելով, թե ինքը արդեն պատրաստ ունի Կաչաղակաբերդի մեջ մի քանի ամիսների համար պաշար, ուր նա կարող է ապահով կերպով պաշտպանվել թշնամու դեմ, եթե այդ բերդը պաշարված կլինի։ Նա իշխանին հրավիրեց իր տունը, որ այնտեղից միասին գնան Կաչաղակաբերդը, որը շատ հեռու չէր Խնզիրիստանից։ Բայց նույն գիշերը ընթրիքի ժամանակ, դավաճանը սենյակից դուրս եկավ և իր ետևից կողպեց դուռը, իշխանին այնտեղ մենակ թողնելով։ Այդ միջոցին Փանահ-խանի և Մելիք-Շահնազարի մարդիկը, որ առաջուց պահված էին նրա տան մեջ, վրա հասան և կալանավորեցին իշխանին։ Փանահ-խանը նրան տվեց դահիճների ձեռքը, և գլխատեցին, նրա ամբողջ ընտանիքը կոտորել տվեց։ Այդ ժամանակ Մելիք-Շահնազարը սպանել տվեց իր եղբորորդի փոքրիկ Սայի բեկին, որ նույն ընտանիքի մեջ պահված էր։ Եղեռնագործը իր եղբոր արյան մեջ շաղախված ձեռքերը թաթախեց դժբախտ զավակի արյան մեջ...

Փանահ-խանը կատարեց իր խոստմունքը, դավաճան Միրզա-խանին կարգեց Խաչենի վրա մելիք (1755) և այն օրից Հասան-Ջալալյան իշխանների տիրապետությունը համարյա թե ընկավ։ Թե ինքը Մելիք-Միրզա-խանը և թե նրա ժառանգները (Մելիք-Ալլահվերդին[50] և Մելիք-Ղահրամանը) հավատարմությամբ ծառայեցին Շուշիի խաներին և, կտրվելով հայոց մելիքների դաշնակցությունից, անթիվ վնասներ հասցրին Ղարաբաղի հայոց իշխանություններին։

Եվ այսպես Ղարաբաղի հինգ մելիքություններից երկուսը. Վարանդան և Խաչենը, անցան Փանահ-խանի կողմը։

XII

Մնում էին երեք մելիքություններ՝ Գյուլիստանը, Ջրաբերդը և Տիզակը։

Գյուլիսաանում տիրում էր Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը, Ջրաբերդում տիրում էր Մելիք-Իսրայելյան Ալլահ-Կուլի-սոլթանը, իսկ Տիզակում տիրում էր Մելիք-Ավանյան Մելիք-Եսային։

Տեսնելով, որ մի կողմից Մելիք-Շահնազարը իր բերդը՝ Շուշին, պարգևեց Փանահ-խանին և նրա ամենահավատարիմ դաշնակիցը դարձավ, մյուս կողմից Խաչենում մի նոր մելիքություն կազմվեցավ, որը նույնպես մահմեդական խանի դաշնակից եղավ, վերոհիշյալ երեք մելիքները ոչ միայն չվհատեցան, այլ իրանց միացած ուժերով սկսեցին սաստիկ պատերազմներ մղել Փանահ-խանի և նրա հայ դաշնակիցների հետ։ Այդ արյունահեղ պատերազմները, որպես կտեսնենք, տևեցին ամբողջ քսան տարի, որոնք խիստ զգալի վնասներ պատճառեցին Ղարաբաղին։

Վերջը Փանահ-խանը անճար մնալով, մտածեց հաշտություն խոսել Ալլահ-Կուլի-սոլթանի, Մելիք-Յուսուբի և Մելիք-Եսայու հետ։ Խաղաղության պայմանների վրա բանակցելու համար որոշվեցավ ոչ թե Շուշի բերդը, այլ մի չեզոք տեղ Ամարասա վանքը։ Ջրաբերդի Ալլահ-Կուլի-սոլթանը ուղարկվեցավ հայոց դաշնակից մելիքների կողմից իբրև հավատարմատար Ամարասա վանքը։ Այնտեղ եկավ և Փանահ-խանը իր հավատարիմ Մելիք-Շահնազարի հետ։

Այդ միջոցներում Փանահ-խանի մոտ միևնույն վանքում տեսության է գալիս Նախիջևանի Հեյդար-Կուլի-խանը։ Երբ նրան ներս են տանում, Փանահ-խանի մոտ նստած է լինում հայոց մելիքների հավատարմատարը՝ Ալլահ-Կուլի-սոլթանը։ Տեսնելով շքեղ կերպով հագնված, հսկայատիպ սոլթանին, Նախիջևանի խանը շփոթվում է և, կարծելով, թե այդ գեղեցիկ տղամարդը լինելու է ինքը Փանահ-խանը, ողջունում է նրան և ամենայն խոնարհությամբ սկզբից նրան է գլուխ տալիս։ Բայց հետո, երբ հասկացնում են նրան իր սխալը, նա հիշեցնում է Փանահ-խանին պարսից երևելի բանաստեղծի՝ Սաադիի խոսքը. «Տասը դերվիշներ կարող են մի փալասի կտորի վրա պառկել, բայց երկու թագավորներ չեն կարող մի աշխարհի մեջ հաշտ ապրել...»։

Այդ խոսքերով նենգավոր նախիջևանցին կամեցավ հասկացնել Փանահ-խանին, թե նրա իշխանությունը չէ կարելի ապահովված համարել, մինչև որ Ղարաբաղում կգտնվեն այս տեսակ նշանավոր հայ պետեր։ Փանահ-խանը, արդարև, դավաճանեց իր պայմանին. Ալլահ-Կուլի-սոլթանին կալանավորեց, տարավ Շուշի բերդում բանտարկեց և մի քանի օրից հետո գլխատել տվեց (1756)։ Այսպես վարվեցավ իր բարերարի հետ, որի մոտ առաջ ծառայում էր նա, և որը ազատեց նրա կյանքը Նադիր-շահի դահիճների ձեռքից...

Այդ անցքը, որի իսկությունը չէ ուրանում և պարսից պատմությունը, Ղարաբաղի ժողովրդական ավանդությունների մեջ լեգենդական ձև է ստացել։ Մինչև այսօր չեն մոռացվել ժողովրդի բերանում այն երգերը, որ հսկա կալանավորը երգում էր իր բանտի մեջ։ Նա կոչում էր իր քաջ եղբորը Մելիք-Աթամին, նա կոչում էր իր անպարտելի նիզակակցին՝ Դալի-Մահրասային, հորդորում էր Շուշին քարուքանդ անել, արյունով շաղախել նրա մոխիրն ու հողը և իրան ազատել բանտից։ Դրանցից և ոչ մեկը չէ հայտնվում. հսկայի ձայնին օգնության է հասնում սիրող կինը. նա Փանահ-խանի հարեմի ամենագեղեցիկն էր։ Գիշերը, կալանավորին ընթրիք տանելու ժամանակ սիրահարված գեղեցկուհին թաքցնում է փլավի մատուցարանի մեջ բանտի և նրա երկաթյա ոտնակապերի բանալիները, որ նա բաց անե և փախչե։ Բայց հսկան պատասխանում է, հայոց քաջերը փախչելու սովորած չեն. եթե ինքը ցանկանա, այդ բանալիներին կարոտություն չունի։ Եվ նա զորավոր ձեռքով փշրում է իր շղթաները և նրանց կտորտանքը լցնելով փլավի մատուցարանի մեջ, ետ է ուղարկում, ասելով. «Դավաճանությունը կպատժվի... իր արյունը առանց վրեժխնդրության չի մնա...»։

Ալլահ-Կուլի-սոլթանի աղետալի մահից հետո Ջրաբերդի մելիքության կառավարությունը անցավ նրա կրտսեր եղբոր՝ Մելիք-Աթամի ձեռքը։ Դա իր բոլոր հատկություններով շատ նման էր իր քաջ եղբորը։ Մանկության հասակից իբրև պատանդ պահված լինելով Դաղստանի Խոսրով-սուլթանի մոտ, Մելիք-Աթամը վարժվեցավ տեղային լեռնաբնակների հերոսական հատկությունների մեջ։ Նրան ազատեց այնտեղից Նադիր-շահը իր Դաղստանի արշավանքի ժամանակ։

Զրկելով Ջրաբերդը իր հզոր իշխանից, Փանահ-խանը կարծեց դաշնակից մելիքների ուժերը բոլորովին թուլացած, և նա հանդգնաբար հրաման գրեց Գյուլիստանի Մելիք-Յուսուբին, բացարձակ կերպով պահանջելով նրանից, որ հպատակություն ընդունե։ Այդ ժամանակն էր, որ Մելիք-Յուսուբի որդի Մելիք-Բեգլար II, որը սաստիկ գոռոզ ու դյուրաբորբոք երիտասարդ էր, թույլ չտվեց իր հորը պատասխանելու, ասելով, թե ինքը կտա Փանահ-խանի պատասխանը։ Նա իր սուրը բռնելով խանի պատգամավորի գլխի վրա, ստիպեց նրան կուլ տալ բերած հրամանագիրը։ Երբ խեղճ պատգամավորը սարսափելով կուլ տվեց թղթի վերջին պատառը, երիտասարդը ասաց նրան. «Հիմա գնա, ինչ որ կերար այստեղ, նրա արտադրությունը... կլինի Փանահ-խանի պատասխանը...»[51]։

Այդ անցքերից հետո ավելի սաստիկ կերպով բորբոքվեցավ պատերազմը Փանահ-խանի և դաշնակից մելիքների մեջ։ Վարանդայի Մելիք-Շահնազարը և Խաչենի Մելիք-Միրզախանը, ինչպես առաջ, նույնպես և այժմ հավատարիմ մնացին հայոց ոխերիմ խանին։ Ոչ թե միայն իրանց խորհուրդներով, այլ շատ անգամ իրանց զորքերով օգնում էին նրան։ Բայց չնայելով այդ բոլորին, դաշնակից մելիքները (Գյուլիստանի Մելիք-Յուսուբը, Ջրաբերդի Մելիք-Աթամը և Տիզակի Մելիք-Եսային) այն աստիճան նեղության մեջ էին դրել Փանահ-խանին, որ նրա Շուշի բերդը մշտական պաշարման դրության մեջ էին պահում։

Մինչև այսօր առակ է դարձել Ղարաբաղի ժողովրդի մեջ, թե Թյուլի-Արզումանը, Դալի-Մահրասան և Չալաղան-յուզբաշին ամբողջ յոթն տարի թույլ չտվեցին, որ մի թուրք անցկենար Մազե-կամուրջից[52] դեպի Ջրաբերդի և Գյուլիստանի կողմերը։

Հիշյալ երեք անձնավորությունները երեք հերոսներ են, որոնց դեռ ժողովուրդը չէ մոռացել։ Ես ավելորդ չեմ համարում ծանոթացնել նրանց մեր ընթերցողներին։

Դալի-Մահրասա թուրքաց լեզվով նշանակում է գիժ աբեղա։ Եվ իրավ, այդ մարդը աբեղա էր, Ջրաբերդի Եղիշե առաքելո վանքի միաբան։ Ամեն ուխտավոր և այսօր կարող է տեսնել հիշյալ վանքում այն բարձր աշտարակը, որի մեջ, առանձնացած վանականների աղոթող միաբանությունից, բնակվում էր «գիժը»։ Նրա իսկական անունը Ավագ վարդապետ էր, բայց ժողովուրդը նրան դալի (գիժ) տիտղոսը տվեց։ Մի այսպիսի տիտղոս կրում էին արևելքի տասնևվեցերորդ դարու հերոսը՝ Քոր-օղլին և նրա խմբի մեջ գտնված քաջերը, դրանք կոչվում էին Քոր-օղլու դալիներ (գժեր)։

Դալի-Մահրասան Ղարաբաղի հայոց Քոր-օղլին էր. ժողովուրդը գուցե մինչև հավիտյան կհիշե այն բոլոր հրաշքները, որ կատարել է նա իր կռիվների մեջ։ Երբ նստում էր իր նշանավոր մոխրագույն (բոզ) նժույգի վրա և կայծակի նման նետվում էր դեպի պատերազմի դաշտը, նրա ահարկու, որոտալից ձայնը բավական էր թշնամուն սարսափեցնելու համար։ Եկեղեցու մոլեռանդությունը պատժեց գիժ աբեղային իր կատարած արյունահեղությունների համար։ Սիմոն կաթողաիկոսի ժամանակ նրան տարան Էջմիածին և բանտարկեցին սառցատան մեջ, որ ապաշխարե։ Մի օր իր բանտի մեջ լսեց նա, որ վանքում ինչ-որ աղմուկ և իրարանցում է տիրում։ Նրա հարցին պատասխանեցին, թե Ջալալի քրդերը եկել վանքի անասունները թալանեցին, հիմա վտանգ կա, որ վանքն էլ կողոպտեն։

— Կարո՞ղ եք տալ ինձ մի ձի և մի քանի զենքեր,— ասաց ապաշխարողը։

Երբ նրա խնդիրը կատարվեցավ, նա նստեց ձին և նետվեցավ ջալալների ետևից։ Մի քանի ժամից հետո վերադարձավ նա, ետ բերելով քրդերի տարած ավարը։ Այդ օգուտը վանքին տալուց հետո նրան արձակեցին, խոստմունք առնելով, որ այլևս մարդասպանություն չանե։ Բայց նա չկատարեց իր խոստմունքը։ Հայրենիքի թշնամիներին սպանելը նա մեղք չէր համարում և շարունակում էր մասնակցել մելիքների բոլոր պատերազմների մեջ։ Մի անգամ Գանձակ քաղաքի մոտ, լեզգիների հետ պատերազմելու ժամանակ, գիշերը վրա հասավ։ Նա կռվից հոգնած նստել էր գերեզմանաքարի վրա, որ փոքր-ինչ հանգստանա։ Նրա շուրջը ծածկված էր դիակներով, որ ընկել էին իր ձեռքով։ Այդ միջոցին վիրավոր լեզգիներից մեկը, որի շունչը դեռ չէր կտրված, ատրճանակը բարձրացրեց և գնդակով զարկեց նրան։ Քաջի մարմինը թաղվեցավ Գանձակի մայր եկեղեցու գավթում։

Գժի հետ ծանոթացանք, հիմա անցնենք Թյուլի-Արզումանին։

Թյուլի թուրքաց լեզվով նշանակում է ավազակ, բայց ոչ այն տեսակ մանր ավազակներից, որոնք գիշերը ծածուկ կերպով մտնում են քնած քաղաքացու տունը և կողոպտում են նրան։ Թյուլին բացարձակ կերպով է գործում. օր-ցերեկով քարավաններ, գյուղեր և քաղաքներ է կողոպտում։ Այդպես էր և Արզումանը։ Նա Մելիք-Աթամի հոր (Մելիք-Իսրայելի) հովիվի որդին էր, մանկության օրերում ոչխարներ էր արածացնում, իսկ հետո Մելիք-Աթամի ընտիր զորապետներից մեկը դարձավ։

Փանահ-խանը այն աստիճան նեղված էր Թյուլի-Արզումանից, որ մի հնարքով նրա հորը՝ Սարգսին, բռնել տվեց, տարավ Շուշի բերդում իբրև պատանդ պահեց, գուցե դրանով ազատվեր որդու հասցրած վնասներից։ Մի օր խանը ասաց Սարգսին.

— Խրատիր քո որդուն, որ դադարե չարագործությունից. նա Ղարաբաղի երկիրը ավերակ դարձրեց. Մազե-կամուրջը թողեց կարոտ մարդիկների անցուդարձից։

— Ես Արզուման անունով որդի չունեմ,— պատասխանեց ծերունի հայրը սառնասրտությամբ։

— Ինչպե՞ս չունես,— հարցրեց խանը բարկանալով։— Մի՞թե այն արյունարբու Արզումանը, որ իմ երկրները կողոպտում է, որ իմ շինականների տները հրդեհում է, որը ինձ ամեն օր հանգստություն չէ տալիս, մի՞թե այդ ավազակը քո որդին չէ։

— Այո՛, իմ որդին չէ,— պատասխանում է դառնացած ծերունին,— եթե նա իմ որդին լիներ, քեզ մինչև այսօր կենդանի չի պիտի թողներ և քո բերդի ավերակները քո գերեզմանը պիտի դարձներ...»։

Խանը հրամայեց, իսկույն գլխատեցին հանդուգն ծերունուն։ Իսկ Արզումանը սպանվեցավ Գանձակի պաշարման ժամանակ, որի մանրամասնությունները կտեսնենք հետո։

Չալաղան-Յուզբաշու պատմությունը կարճ է. նա բովանդակվում է հենց իր մականունի մեջ, որ ժողովուրդը տվել էր նրան։ Դա բառացի թարգմանությամբ նշանակում է հափշտակող կամ ասպատակող հարյուրապետ։ Եվ իրավ, նա ավելի մի ավազակապետ էր, քան թե զորապետ։ Մինչև այսօր Ջրաբերդի գավառում, Երիցմանկանց վանքի հանդեպ, մի նեղ ձորի մեջ, որի երկու կողմից բարձրանում էին ահագին անտառապատ լեռներ, Թըրղի գետի ափի մոտ ցույց են տալիս մի հին ամրոցի ավերակներ։ Այստեղ էր բնակվում «հափշտակող և ասպատակող հարյուրապետը»։ Նրա իսկական անունը հայտնի չէ, ժողովուրդը իր սիրելի հերոսին կոչում էր իր արհեստի անունով։ Այն ևս հայտնի չէ, թե որպիսի վախճան ունեցավ այդ քաջը։ Միայն պատմում են, թե դա էր այն պատգամավորներից մեկը, որոնք անդադար դիմում էին դեպի ռուսաց արքունիքը և իրանց հայրենիքի փրկության համար օգնություն էին խնդրում։ Երբ տեսավ դիպլոմատիան չօգնեց, սկսեց գործել սրով։

XIII

Հայոց դաշնակից մելիքները նկատեցին, որ Փանահ-խանին իսպառ ոչնչացնելու համար և նրա կողմնակից երկու հայ մելիքներին (Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզախանին) պատժելու համար պետք էր արտաքին ուժերից ևս օգուտ քաղել։

Երբ Պարսկաստանից եկավ Ղարաբաղի կողմերը ուրմեցի օվշար Ֆաթալի-խանը (1761), Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը միացան նրա հետ։ Այդ Ֆաթալի-խանը Նադիր-շահի սիրելի և քաջ զորապետներից մեկն էր։ Շահի մահից հետո, Պարսկաստանում հուզված խռովությունների ժամանակ, Ֆաթալի-խանը սրի ուժով հնազանդեցրեց ամբողջ Ատրպատականը, հետո արշավեց դեպի Ղարաբաղի կողմերը։ Միանալով հայոց մելիքների հետ, նա պաշարեց Շուշի բերդը։ Փանահ-խանը և Մելիք-Շահնազարը առժամանակ կարողացան քաջությամբ պաշտպանվել, բայց հետո անճարացած ստիպված եղան անձնատուր լինել։ Ֆաթալի-խանը մեղանչեց այն պայմանի դեմ, որ դրել էր իրան օգնող երկու մելիքների՝ Աթամի և Յուսուբի հետ։ Այդ պայմանը կայանում էր նրանում, որ Ֆաթալի-խանը[53] պիտի բավականանար միայն Շուշի բերդի կողոպուտով, իսկ Փանահ-խանին պիտի հանձներ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի ձեռքը, որպես կամենային, այնպես վարվեին նրա հետ։ Բայց նա, ստանալով Փանահ-խանից տասն հազար թուման փող և նրա որդի երիտասարդ Իբրահիմ-աղային պատանդ առնելով, իր հետ տարավ Պարսկաստան։

Այդ պարտությունը երկար մոռանալ չկարողացավ Փանահ-խանը, պահելով իր սրտում այն ոխը, որ եթե հայոց մելիքները չօգնեին, պարսիկ խանը չէր կարող գրավել իր բերդը և իր որդուն որպես գերի տանել Պարսկաստան։ Այդ անցքն ավելի գրգռեց Փանահ-խանի թշնամությունը դեպի հայոց դաշնակից մելիքները և նորանոր կռիվների առիթ տվեց։

Հայոց դաշնակից մելիքներին հարկավոր էին նոր ուժեր։ Պետք է ի նկատի առնել, որ Ղարաբաղի մելիքությունների աշխարհագրական բաժանումներն այնպես էին դասավորված, որ երեք դաշնակից մելիքները խիստ դժվարությամբ կարողանում էին միանալ և ընդհանուր ուժերով դեմ դնել թշնամուն։ Որպես մեղ հայտնի է, դաշնակից երեք մելիքությունները Գյուլիստանի, Ջրաբերդի և Տիզակի մելիքություններն էին։ Գյուլիստանը և Ջրաբերդը սահմանակից էին և այդ պատճառով կարող էին իրանց ուժերը միացնել, իսկ Տիզակը իր աշխարհագրական դիրքով բաժանված էր այդ երկու գավառներից։ Տիզակի և հիշյալ երկու գավառների մեջտեղում ընկած էին՝ Խաչենի մելիքությունը, Շուշի բերդը և Վարանդայի մելիքությունը, որոնք կապված էին Փանահ-խանի հետ։ Ուրեմն թշնամին մտել էր դաշնակիցների մեջտեղում։ Այդ էր պատճառը, որ Գյուլիստանի և Ջրաբերդի մելիքները շատ օգուտ չէին կարողանում քաղել իրանցից անջատված Տիզակի մելիքից, որը այդ ժամանակ Մելիք-Եսային էր։

Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը դիմում են վրաց իշխան Հերակլեի հայր Թեյմուրազին, առաջարկում են միանալ նրա հետ՝ Փանահ-խանի իշխանությունը ոչնչացնելու համար, խոստանում են, որ իրանք ևս պատրաստ կլինեն ամեն մի հարկավորած դեպքում օգնել վրաց իշխանին, որպես հավատարիմ դաշնակիցներ։ Թեյմուրազն ընդունում է հայոց մելիքների առաջարկությունը, որովհետև ինքն ևս թշնամություն ուներ Փանահ-խանի հետ։ Նա հավաքում է վրացիների, օսեթի, խեսուրների և այլ լեռնցիների ահագին խառնիճաղանջ բազմություն, արշավում է դեպի Ղարաբաղի կողմերը (1762)։ Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը իրանց զորքերով միանում են նրա հետ։ Ասկարանի ավերակների[54] մոտ բանակ է դրվում, հայոց մելիքները մատակարարում են իրանց դաշնակից հյուրերի բոլոր պաշարեղենները։

Այդ միջոցին Փանահ-խանը նույնպես անգործ չէ մնում, նա ամրացնում է իր բերդը՝ Շուշին, օգնության է կանչում իր երկու հավատարիմներին՝ Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին, որոնք իրանց ուժերով միանում են նրա հետ։

Ճակատամարտը կատարվում է Գարգար գետի ափերի մոտ, Ասկարանի ավերակներից փոքր-ինչ հեռու։ Փանահ-խանի զորքերը ջարդվում են, և ինքը փախչում է դեպի Պարսկաստան։ Բայց երկու քաջեր՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը փախստականին Խուդափիրինի կամուրջից[55] բռնելով, ետ են բերում։

Մելիք-Շահնազարը հաղթվելուց հետո փախչում է և ամրանում իր Ավետարանոց բերդում, Մելիք-Միրզա-խանն էլ նրա մոտ ապաստան է գտնում։ Այդ միջոցին հայոց և վրաց միացած ուժերը պաշարում են Ավետարանոց բերդը և մի քանի օրվա ընդդիմադրությունից հետո գրավում են նրան։ Մելիք-Շահնազարը և Մելիք-Միրզա-խանը գերի ընկնում. Ավետարանոց բերդը ավերակ է դառնում, այդ երկու մելիքների և Փանահ-խանի երկրները բոլորովին ավարի են առնում, հրդեհում են և ամեն ինչ ոչնչացնում են։

Այդ բոլորից հետո Թեյմուրազը հիշյալ երկրների իշխանությունը տալով Մելիք-Աթամին և Մելիք-Յուսուբին, կամենում է վերադառնալ դեպի Վրաստան, Փանահ-խանին, Մելիք-Շահնազարին և Մելիք-Միրզա-խանին իր հետ տանելով որպես գերիներ։ Բայց հայոց դաշնակից մելիքները, Թեյմուրազի հետ սկզբից դրած պայմանի համեմատ, պահանջում են, որ Փանահ-խանին և հիշյալ երկու մելիքներին իրանց ձեռքը տա, որպես կամենան, այնպես վարվեն նրանց հետ, իսկ ինքը պետք է բավականանա միայն պատերազմական ավարով։ Թեյմուրազը կամենում է նույն խաբեությունը գործ դնել իր դաշնակիցների հետ, ինչ խաբեություն որ գործ դրեց օվշար Ֆաթալի-խանը։ Նա բացարձակ կերպով չէ մերժում Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի պահանջը, բայց զանազան պատրվակներով հետաձգում է, մինչև իր զորքերի և գերիների հետ դուրս է գալիս Ղարաբաղի սահմաններից։

Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը հասկանում են, որ վրաց ընչաքաղց իշխանը դիտավորություն ունի մեծագումար փրկանք ընդունել Փանահ-խանից և նրա երկու մելիքներից և այնուհետև նրանց բաց թողնել։ Այդ առիթ է տալիս սաստիկ հակառակության, հայ և վրաց դաշնակցությունը քանդվում է, և Մելիք-Աթամը ու Մելիք-Յուսուբը վիրավորված բաժանվում են Թեյմուրազից։

Բայց Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը այն տեսակ մարդիկներից էին, որ չէին կարող անպատիժ թողնել խաբեբային։ Նրանք իսկույն դիմում են Շիրվանի կառավարիչ Հաջի-Չելեբի[56] անունով խանին և առաջարկում են նրան իրանց դաշնակցությունը, միանալու միասին վրաց իշխանի դեմ։ Այդ Հաջի-Չելեբին հաշտ էր հայոց մելիքների հետ. մենք տեսանք, դեռ մի քանի տարի առաջ նա միացավ Մելիք-Աթամի և Մելիք-Յուսուբի հետ, և միասին քանդեցին Փանահ-խանի Ասկարան անունով բերդը։ Բայց նա սաստիկ ատելություն ուներ դեպի վրացիները, այդ պատճառով սիրով ընդունեց Մելիք-Աթամի և Մեքիք-Յուսուբի առաջարկությունը։

Մինչև Հաջի-Չելեբիի Կուր գետը անցնելը, մինչև հայոց երկու մելիքների հետ միանալը, կատարվեցավ մի այլ անցք։ Վրաց իշխան Թեյմուրազը Գանձակի մոտից անցկենալու ժամանակ, նրա զորքերը կողոպտում էին ճանապարհի վրա պատահած գյուղերը։ Նրա առաջը դուրս եկավ տեղային իշխան Շահվերդի-խանը, երկուսի մեջ սաստիկ կռիվ ծագեց։ Շահվերդի-խանը գերի բռնվեցավ։ Այդ միջոցին վրա հասավ Հաջի-Չելեբին հայոց երկու մելիքների հետ։ Մի թեթև ճակատամարտից հետո, որ կատարվեցավ Շեյխի Նիզամի կոչված տեղում, վրացիները հաղթվեցան և, թողնելով իրանց հափշտակած բոլոր ավարը, սկսեցին փախչել դեպի Թիֆլիս։ Հայոց և Հաջի-Չելեբիի զորքերը հետամուտ եղան, հալածեցին նրան մինչև Սընըղի կամուրջը, անցան Ղազախի և Շամշադինի գավառները և, ամեն տեղ թալանելով, ետ դարձան։

Բայց այն, ինչ որ հայոց մելիքների ամենագլխավոր ցանկությունն էր, դժբախտաբար չկատարվեցավ։ Նրանք չկարողացան ձեռք ձգել ոչ Փանահ-խանին, ոչ Մելիք-Շահնազարին և ոչ էլ Մելիք-Միրզա-խանին։ Որովհետև մինչև նրանց հասնելը, Թեյմուրազը հիշյալ գերիներից մեծ գումար ստանալով՝ բաց էր թողել։ Հայոց մելիքները կարողացան ազատել միայն Գանձակի Շահվերդի-խանին, և այդ երախտիքը ապագայում մեծ օգուտ ունեցավ, որովհետև, որպես պիտի տեսնենք հետո, Գանձակի խաների և հայոց մելիքների մեջ կազմվեցավ սերտ բարեկամական հարաբերություն։ Գանձակի բերդը դարձավ հայոց մելիքների և նրանց ժառանգների ապահով ապաստարան. ամեն մի տագնապի և դժվարին դեպքերի ժամանակ այստեղ էին պատսպարվում։

XIV

Գանձակի Շահվերդի-խանը[57], բացի վերոգրյալ պատճառներից, վաղուց արդեն երախտապարտ էր Մելիք-Աթամին և նրա լավ բարեկամը։ Երբ Շահվերդի-խանի հայրը մեռավ, նրա եղբայրը, Մամատ-խանը, կամենում էր սպանել նրան Գանձակի խանությունը գրավելու համար։ Այդ միջոցին Շահվերդի-խանը փախավ Ջրաբերդ՝ Մելիք-Աթամի մոտ և իր կյանքը ազատեց։ Հետո Մելիք-Աթամը հայոց զորքերով նրան տարավ Գանձակ, և Մամատ-խանին խեղդել տալով, Շահվերդի-խանին հաստատեց իր հոր իշխանության մեջ։ Այդ օգնությունը չմոռացավ Շահվերդի-խանը, չմոռացավ և նրա որդի Ջավադ-խանը Մելիք-Աթամի ժառանգ Մելիք-Մեջլումի վերաբերությամբ, որպես պիտի տեսնենք մեր պատմության ընթացքում։

Իսկ Մելիք-Յուսուբը, որպես մեր ընթերցողին հայտնի է, մոր կողմից տոհմակից էր Շահվերդի-խանին։ Մելիք-Յուսուբի մայրը՝ Ղամար-սոլթանը, Շահվերդի-խանի եղբոր աղջիկն էր, քրիստոնեություն ընդունած։ Նրա պատմությունը հիշեցինք մեր հոդվածի սկզբներում։

Թեյմուրազի հետ ունեցած պատերազմներից հետո Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը առժամանակ մնացին Գանձակում։ Շահվերդի-խանը նրանց հյուրասիրեց իր մոտ։ Շահվերդի-խանը բարեսիրտ մարդ էր, որպես առհասարակ եղել են Գանձակի խաները։ Նա ծագումով թուրք չէր, այլ պարսիկ էր. պարսիկները համեմատաբար ավելի բարի են եղել դեպի քրիստոնյաները, քան թե վայրենի, մանգոլական թուրքերը։ Իր սահմանակից և հեռավոր խաների մեջ (որպես էին Շաքիի, Շիրվանի, Շուշիի, Դերբենդի, Բաքվի և այլ խաները) Շահվերդի-խանը ավելի բարձր դիրք ուներ և ձայն. նա պարսից կառավարությունից ճանաչված էր որպես բեգլեր-բեգի, այսինքն՝ իշխանների իշխան։

Շահվերդի-խանը կամեցավ հաշտեցնել Մելիք-Աթամին և Մելիք-Յուսուբին Փանահ-խանի հետ։ Քսանամյա անընդհատ պատերազմները, որոնք այնքան արյան և դժբախտությունների պատճառ դարձան, մաշել էին երկու կողմերի ուժերն ևս։ Ժողովուրդը բոլորովին ձանձրացել էր շարունակ կռիվներից, հանգստանալ էր ուզում։ Այդ էր պատճառը, որ Մելիք-Աթամը և Մելիք-Յուսուբը հաճությամբ ընդունեցին Շահվերդի-խանի առաջարկությունը։ Հաշտության գլխավոր պայմանները դրանք էին, որ Փանահ-խանը տեր լինի Շուշի բերդին, առանց իրավունք ունենալու միջամտել մելիքների երկրի և հպատակների գործերի մեջ, եթե հարկավոր լինի պատերազմ արտաքին թշնամիների հետ, պետք է վճռվի ընդհանուր համաձայնությամբ. Փանահ-խանը ինքնագլուխ ոչ ոքի հետ պատերազմելու իրավունք չի պիտի ունենա. հայոց մելիքների երկրներից հավաքված հարկերը պետք է գործ դրվեն տեղային պետքերի համար. Փանահ-խանը Ղարաբաղի մեջ նոր նվաճումներ անելու համարձակություն չի պիտի ունենա և այլն։

Փանահ-խանը, քանի կենդանի էր, պահպանեց խաղաղության այդ պայմանները։ Նրա մահից հետո որդին՝ Իբրահիմ-խանը, թեև առժամանակ հետևեց հոր օրինակին, բայց հետո ոչնչացրեց հոր դաշնադրությունը, և հանգամանքները փոխվեցան...

Ավելորդ չէր լինի մի քանի խոսք ասել Փանահ-խանի մահվան մասին։

Մենք տեսանք, որ ուրմեցի օվշար Ֆաթալի-խանը, միանալով հայոց մելիքների հետ, պատերազմեց Փանահ-խանի հետ և նրան հաղթելով, որդուն՝ Իբրահիմ-աղային, իբրև պատանդ տարավ Պարսկաստան։ Այդ Ֆաթալի-խանը հետո Պարսկաստանում պատերազմ ունեցավ Ասկար-խանի հետ (որը զենդ Քերիմ-խանի եղբայրն էր) և սպանեց նրան։ Երբ Քերիմ-խանը զորացավ և Պարսկաստանում շատ նվաճումներ կատարեց, կամեցավ պատժել Ֆաթալի-խանին իր եղբոր սպանման համար։ Շիրազից գալով, պաշարեց նա Ֆաթալի-խանի Ուրմի բերդը (1762) և նրան կալանավորելով, տարավ Շիրազ։ Այն ժամանակ Քերիմ-խանը ազատեց Փանահ-խանի որդի Իբրահիմ-աղային, որը Ուրմի բերդում պահված էր, նրան ևս իր հետ Շիրազ տարավ։

Փանահ-խանը, լսելով այդ դեպքը, մեծ ընծաներով գնաց Պարսկաստան Քերիմ-խանի մոտ, իր որդուն ստանալու դիտավորությամբ։ Երկու տարի մնաց Շիրազում, վերջը տեսնելով, որ ոչ իրան են բաց թողնում և ոչ որդուն են տալիս, իր հատուկ խորամանկությամբ հնարեց մի խաղ, որ գոնե իր անձը կարողանա ազատել։ Որովհետև Քերիմ-խանը, որ այդ ժամանակ իրան ամբողջ Պարսկաստանի թագավոր էր համարում, երկրի խաղաղությունը պահպանելու համար, չէր ցանկանում Ղարաբաղի խռովարարին կրկին բաց թողնել իր հայրենիքը։ Փանահ-խանը իրան ձևացրեց մեռած և դրվեցավ դագաղի մեջ։ Նրա մարդիկը, դիմելով Քերիմ-խանին, խնդրեցին, որ թույլ տա կատարելու հանգուցյալի կտակը, նրա մարմինը տանելով իր հայրենիքը, այնտեղ թաղելու համար։ Քերիմ-խանը հասկացավ խորամանկությունը։— Ես նրան պետք է պատվով հուղարկավորեմ...— ասաց նա,— նրա մարմինը ճանապարհին կհոտի. հարկավոր է զմռսել նրան...

Քերիմ-խանի հրամանով դահիճները դուրս թափեցին կենդանի հանգուցյալի փորոտիքը, որպես անում են դիակները զմռսելու համար, հետո հանձնեցին նրա մարդիկներին, ասելով, թե հիմա կարող եք տանել։ Նրա մարմինը բերվեցավ Ղարաբաղ։

Այս մահով մեռավ Փանահ-խանը (1763)։ Այնուհետև Քերիմ-խանը մտածելով, որ որդին ավելի հավատարմությամբ կծառայե Պարսկաստանին, քան թե խորամանկ հայրը, նրան խանության աստիճան շնորհեց և ուղարկեց Ղարաբաղ։ Իբրահիմ-աղան դարձավ Իբրահիմ-խան և հաջորդեց հորը։

XV

Իբրահիմ-խանը սկզբում պահպանեց իր հոր կապած դաշնագրության պայմանները հայոց մելիքների հետ, որովհետև դեռ թույլ էր և բոլորովին չէր ամրացած իր տեղի մեջ։ Բայց հետո մի քանի հանգամանքներ նպաստեցին նրան զորանալ, և հայոց մելիքների հետ բռնությամբ վարվել։

Այդ հանգամանքներից մեկն այն էր, որ Վարանդայի Մելիք-Շահնազարը, այդ հայրենիքի դավաճանը, որ իր Շուշի բերդը տալով Փանահ-խանին, նրան ուժ և զորություն տվեց, որը իր աջակցությամբ այնքան բարձրացրեց հասարակ ջուանշիրցի խաշնարածին, որ Ղարաբաղի հայ իշխանությունների քայքայման պատճառը դարձավ,— այժմ միևնույն Մելիք-Շահնազարը, Փանահ-խանի մեռնելուց հետո, իր վաղեմի բարեկամությունը նրա որդու հետ պահպանելու համար, կատարեց մի այլ ամոթալի գործ։ Նա իր աղջկան՝ գեղեցիկ Հյուրի-զադին, տվեց Իբրահիմ-խանին կնության։ Մելիք-Շահնազարի այդ վարմունքը սաստիկ վրդովեցրեց հայոց մյուս մելիքներին, մանավանդ Տիզակի Մելիք-Եսայուն, որովհետև Հյուրի-զադը իր աղջկանից ծնված էր[58]։

Այդ դեպքը առիթ տվեց սարսափելի կռիվների Մելիք-Շահնազարի և Մելիք-Եսայու մեջ, որոնք տևեցին մի քանի տարիներ։ Մելիք-Շահնազարը միացավ Խաչենի Մելիք-Միրզա-խանի հետ, և երկուսը միասին հարձակումներ էին գործում Մելիք-Եսայու Տող բերդի վրա։ Մի ճակատամարտի մեջ Մելիք-Միրզա-խանը գերի բռնվեցավ։ Մելիք-Եսային[59], իր սուրը բռնելով նրա գլխի վրա, արտասանեց հետևյալ խոսքերը. «Դո՛ւ, Միրզա-խան, շատ նման ես այն դավաճանին, որին կոչում էին Մեհրուժան։ Նա ուրացավ մեր կրոնը, նա պարսից ձեռքում գործիք եղավ և սկսեց մեր հայրենիքը ավերակ դարձնել։ Նրան, որպես վարձատրություն իր կատարած չարագործությունների համար, խոստացել էին Հայաստանի թագը։ Մի ճակատամարտի մեջ նա ևս քեզ նման գերի ընկավ հայերի ձեռքը։ Այդ միջոցին հայոց զորավարներից մեկը, որին կոչում էին Սմբատ Բագրատունի, կրակի մեջ շիկացած շամփուրին պսակի ձև տվեց և, դնելով նրա գագաթի վրա, ասաց. «Դու ցանկանում էիր հայոց թագավոր լինել, ահա՛ ես, իբրև ասպետ և թագադիր, պսակում եմ քեզ...»[60]։ Բայց դու գոնե Մեհրուժանի չափ փառասիրություն չունեիր. դու միայն մի ցած դավաճան էիր, որ առօրյա չնչին փառքի համար թուրք խանի և Մելիք-Շահնազար չարագործի արբանյակը դարձար։ Քեզ հետ պետք է վարվել ինչպես մի կատաղած շան հետ, որին սպանում են, որպեսզի մյուս արարածները նրա կծոտելուց չվարակվեն...»։ Վերջին խոսքերի հետ նա իջեցրեց իր սուրը (1775)։

Մելիք-Միրզա-խանի փոխարեն Իբրահիմ-խանը Խաչենի կառավարիչը կարգեց նրա որդի Մելիք-Ալլահվերդուն, որը հոր նման հավատարիմ մնաց թուրք խանին։ Դրանով կռիվը ավելի բորբոքվեցավ։ Եվ որովհետև կռիվների սկզբնապատճառը գեղեցիկ Հյուրի-զադն էր, այդ պատճառով Իբրահիմ-խանը նույնպես խառնվեցավ կռիվների մեջ, իհարկե, բռնելով Մելիք-Շահնազարի կողմը։

Մելիք-Եսային միայնակ պիտի պատերազմեր իր երեք թշնամիների դեմ, որպես էին՝ Իբրահիմ-խանը, Մելիք-Շահնազարը և Մելիք Ալլահվերդին։ Նրա հզոր դաշնակիցները այլևս չկային։ Մենք հետո կտեսնենք, որ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը վախճանվեցավ (1775) և նրա որդին՝ Մելիք-Աբով III, ավելի զբաղված էր իր երկրի կառավարությունով, քան թե պատերազմներով։ Մելիք-Յուսուբից հինգ տարի հետո՝ 1780 թվին վախճանվեցավ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Աթամը, այն սարսափելի մարդը, որից դողում էր Իբրահիմ-խանը։ Հանգուցյալի մահից հետո հաջորդեց որդին՝ Մելիք-Մեջլումը։ Այդ երիտասարդը թե հոր քաջությունը և թե նրա հայրենասիրությունն ուներ։ Բայց չափազանց դյուրագրգիռ և բարկացկոտ բնավորության տեր լինելով, նա հրացանի բռնել տվեց մի քանի նշանավոր հայ ազնվականների[61] և այդ պատճառով բարձրացրեց իր իշխանության մեջ ներքին կռիվ։ Դրա համար ժամանակ չունեցավ Մելիք-Եսայուն օգնելու։

1781 թվին Իբրահիմ-խանը իր բարեկամ երկու մելիքների հետ պաշարեցին Մելիք-Եսայու Տող բերդը։ Նա քաջությամբ պաշտպանվում էր։ Պաշարումը տևեց երկար։ Հետո խանը Մելիք-Շահնազարի խորհուրդով ուղարկեց նրա մոտ մի քահանա և մի նշանավոր հայ մարդ[62], երդումով, խաչով ու Ավետարանով, որ Մելիք-Եսային ցած իջնե իր բերդից հաշտվելու համար։ Նա հավատաց և դուրս եկավ բերդից։ Իբրահիմ-խանը նրան բանտի մեջ խեղդել տվեց, նրա ամբողջ կայքը հափշտակեց և տունը ավերակ դարձրեց[63]։

Մելիք-Եսային խաբեության զոհ դառնալուց հետո նրան հաջորդեց իր եղբոր (Մելիք-Աթամի) որդի Մելիք-Բախտամը։

Իբրահիմ-խանը ունեցավ մի երկրորդ ամուսնություն ևս, որը ոչ սակավ նպաստեց նրա զորանալուն։ Նա կին առեց Դաղստանի Ավարիա գավառակի իշխող Օմար-խանի (Ումայի-խան) աղջկան, որ կոչվում էր Բիքա։ Այդ Օմար-խանը Նուսխալ-խանի որդին էր։ Փեսա դառնալով, մի կողմից Վարանդայի հայոց իշխանին, մյուս կողմից՝ Դաղստանի լեռնաբնակների խանին, Իբրահիմ-խանը սկսեց օրըստօրե զորանալ։ Ամեն մի սպառնալից դեպքում նա կամ Դաղստանից օգնություն էր ստանում, կամ փախչում էր իր աներոջ մոտ, կյանքը ազատում էր։

Բայց միայն Մելիք-Շահնազարը և Օմար-խանը չէին Իբրահիմ-խանի զորանալու պատճառները. տեղի ունեցան և ուրիշ առիթներ, որոնք ոչ սակավ ուշադրության արժանի են։

XVI

1775 թվին, որպես հիշեցինք, վախճանվեցավ Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Յուսուբը ծերության հասակում։ Ղարաբաղի մելիքների մի հայրենասեր և եռանդոտ դաշնակիցը պակսեցավ։ Նա կտակեց որդուն իր սուրը պատյանի մեջ չդնել, մինչև Ղարաբաղը իսպառ մաքրված չլինի մահմեդականներից։

Նա թողեց երկու որդի. երեցը կոչվում էր Բեգլար, կրտսերը՝ Աբով։ Հոր մահից հետո հաջորդեց Բեգլարը։

Դա Մելիք-Բեգլար II է, որը սաստիկ գոռոզ, քաջասիրտ և պատերազմասեր երիտասարդ էր։ Նա դեռ հոր կենդանության ժամանակ մասնակցում էր նրա կռիվների մեջ և հայտնի էր իր զարմանալի հաղթություններով։

Բայց այդ անպարտելի տղամարդը, որ իր երիտասարդությունը անցուցել էր պատերազմների մեջ, երկար չվարեց իր երկրի իշխանությունը։ Մի անգամ լեզգիների հետ ունեցած ճակատամարտում, որ տեղի ունեցավ Գանձակից ոչ այնքան հեռու, Գորանի գետի ափին, նույն անունով գյուղի մոտ Մելիք-Բեգլարը հրացանի գնդակից սպանվեցավ։

Նրա մահվան մասին ավանդությունը ստեղծել է մի այսպիսի լեգենգա. թե այն րոպեում, երբ մելիքը պատրաստվում էր պատերազմ գնալու, նրա մայրը՝ բարեսիրտ Հերիքնազը դուրս եկավ որդու առջև և արտասուքը աչքերում բռնեց նրա ձեռքից, աղաչում էր, որ իրան հեռու պահե արյունահեղությունից, որ գոնե այս անգամ պատերազմ չգնա, որովհետև ինքը վատ երազ է տեսել... տխուր կասկածներ տանջում են նրա սիրտը... Խստասիրտ որդին մերժեց մոր աղաչանքը և, ձեռքով մի կողմ հրելով նրան, ցած ձգեց և ձին նստելով գնաց։ Բայց այլևս չվերադարձավ. մոր անեծքը պատժեց նրան...

Բայց Մելիք-Բեգլարի սպանման մեջ կար մի ամբողջ ռոման։

Մելիք-Բեգլարը ամուսնացած էր Վարանդայի Մելիք-Շահնազարի դստեր՝ Ամարնանի (Մարիամի) հետ։ Բացի օրինավոր կնոջից նա պահում էր մի սիրուհի Բալա անունով։

Մինչև այսօր, երբ ուղևորը անցնում է Գյուլիստանի Խարխափուտ գյուղից և մտնում է նույն անունով ձորի մեջ, ճանապարհի աջ կողմում ցույց են տալիս մի հին այգի։ Անտառային ծառերը աճելով՝ խառնվել են պտղատու ծառերի հետ և այգու վաղեմի գեղեցկությունը ծածկվել է վայրենի մացառների տակ։ Այդ տեղին կոչում են Մելիք-Բեգլարի այգի։ Այստեղ հատկապես շինել տված գեղեցիկ ամառանոցում ապրում էր իշխանի սիրուհին։ Ամառանոցի ավերակներն են մնացել այժմ։

Ամուսնի այդ տեսակ վարմունքը չէր կարող չգրգռել նրա օրինավոր կնոջ՝ Ամարնանի, խանդոտությունը։ Այդ կինը, ինչպես վերևում հիշեցի, Վարանդայի Մելիք-Շահնազարի աղջիկն էր։ Իր հոր նման միջոցների մեջ ընտրություն անել չգիտեր նա. վաղուց մտածում էր վրեժխնդիր լինել Բալայից։ Նա ընտրեց հենց այն գիշերը, երբ իր ամուսինը զբաղված էր պատերազմական պատրաստություններով, իսկ առավոտյան պետք է կռվելու գնար։ Նա կաշառեց իրանց ծառաներից մեկին, որ կոչվում էր Լալա և ուղարկեց իր ախոյանուհուն սպանելու համար։ Եղեռնագործությունը կատարելու համար մի այլ զենքի կարոտություն չկար, ասում են՝ գեղեցիկ կնոջ մազերի հյուսերն այնքան երկար էին, որ չարագործը փաթաթեց նրա պարանոցով և իր մազերով իրան խեղդեց։ Մարմինը ձգվեցավ հորի մեջ։

Առավոտյան հենց այն րոպեում, երբ Մելիք-Բեգլարը պատրաստվում էր նստել ձին, որ գնա կռվելու, նրան լուր տվին, թե Բալան սպանված է։ «Երբ կվերադառնամ պատերազմից, ես գիտեմ, թե ի՞նչ կանեմ սպանողներին...»,— ասաց նա և գնաց։

Մելիք-Բեգլարի խստասրտությունը հայտնի էր եղեռնագործին։ Նա հասկացավ, որ մելիքը ամեն հնարներ գործ կգներ երևան հանելու սպանությունը և այն ժամանակ ոչ միայն իրան մահով կպատմեր, այլ իր ամբողջ ընտանիքը սրից անց կկացներ։ Երկյուղը նրան մի հանցանքից մի ավելի մեծ հանցանքի մեջ ձգեց։ Նա հետևեց մելիքին, որպես նրա թիկնապահներից մեկը, պատերազմի դաշտը։ Կռվի խռովության ժամանակ թուփերի միջից անցավ հրացանի գնդակը և մելիքին ցած գլորեց։ Իհարկե, այն խառնաշփոթության մեջ ոչ ոք չէր կարող ստուգել, թե գնդակը արդյոք մի որևիցե լեզգու հրացանից արձակվեցավ, թե՞ մելիքի անձնական թիկնապահից։

Մելիք-Բեգլար II մահից հետո նրա որդի Ֆրեյդունը անչափահաս լինելով, Գյուլիստանի կառավարությունը անցավ հանգուցյալի եղբայր Աբով III ձեռքը։ Այդ Աբովն իր նախկին մյուս Աբովների նման, նույնպես հայտնի եղավ որպես մի քաջ պատերազմող։ Դրա կառավարության օրերում, որպես պիտի տեսնենք, կատարվեցան Ղարաբաղի բախտավոր և ամենադժբախտ անցքերը։

Եվ այսպես, Գյուլիստանի Մելիք-Յուսուբը մեռավ, նրա որդին՝ Մելիք-Բեգլարը, սպանվեցավ. Տիզակի Մելիք-Եսային Իբրահիմ-խանի խաբեությանը զոհ դարձավ. Ջրաբերդի Մելիք-Աթամը մեռավ։ Նշանավոր, փորձված մարդիկը անհետացան, մնացին դյուրագրգիռ, տաքարյուն երիտասարդները...

Մնացած մելիքների մեջ Իբրահիմ-խանը ավելի երկյուղ ուներ Ջրաբերդի Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումից։ Այդ երիտասարդը իր հոր՝ Մելիք-Աթամի նման ամենակատաղի թշնամի էր Շուշի բերդի մահմեդական բռնակալներին։ Նրան ոչնչացնելու համար Իբիահիմ-խանը հետևեց իր հոր՝ Փանահ-խանի, քաղաքականությանը։ Այդ խորամանկ ջուանշիրցին, ինչպես իր տեղում տեսանք (XI գլ.), Խաչենի Հասան-Ջալալյան մելիքների իշխանությունը թուլացնելու համար ստեղծեց այնտեղ (Խնզիրիստան գյուղում) մի նոր մելիքություն՝ Մելիք-Միրզախանյանների տունը, որոնք ոչ սակավ, քան մահմեդականները վնասեցին Ղարաբաղի հայկական իշխանությունների քայքայմանը։ Այժմ Իբրահիմ-խանը, իր հոր օրինակին հետևելով, Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանների իշխանությունը թուլացնելու համար, մտածեց ստեղծել այնտեղ մի նոր մելիքություն։ Այստեղ Գյուլ-Յաթաղ գյուղում ապրում էին Ալլահվերդի-Յուզբաշու ժառանգները։ Դրանց հայրը ծառայում էր Մելիք-Աթամի մոտ, իսկ ժառանգները ծառայում էին Մելիք-Աթամի որդի Մելիք-Մեջլումի մոտ։ Իբրահիմ-խանը կանչեց իր մոտ Ալլահվերդի-յուզբաշու որդի Միսայել-բեկին, հայտնեց նրան, եթե մի կերպով Մելիք-Մեջլումին կոչնչացնե, ինքը խոստանում է նրան օգնել, որ ամբողջ Ջրաբերդի վրա մելիք դառնա։ Միսայել-բեկը, հրապուրված խանի խոստմունքով, համաձայնվեցավ կատարելու նրա ցանկությունը։

Միսայել-բեկը իր փեսա Հակոբ-յուզբաշուն[64] իր հետ առնելով գնաց Մելիք-Մեջլումի մոտ իբրև հյուր։ Մելիքը այդ ժամանակ գտնվում էր իր սեփական ամառանոցում, Թարթար գետի ափի մոտ, Ղազարխ կոչված տեղում[65]։ Նա առանց կասկածանքի ընդունեց հյուրերին, որովհետև մեկը իր գյուղերի կառավարիչն էր, իսկ մյուսը՝ նրա փեսան։

Ընթրիքից հետո, երբ հյուրերը առանձնացան իրանց համար պատրաստված սենյակում քնելու, երկար նրանց ճրագը վառ մնաց։ «Հիմա հարկավոր է ճրագները հանգցնել...»— ասաց Միսայել-բեկը։— «Այո՛, ժամանակն է...»— պատասխանեց նրա փեսան։ Այդ ինքնըստինքյան անմեղ խոսակցությունը գրավեց մելիքի սպասավորներից մեկի ուշադրությունը, և նա սկսեց ծածուկ լրտեսել խոսակցության շարունակությունը, որից նկատեց, որ հյուրերը ինչ-որ չար դիտավորություն ունեն։ Նա իսկույն իմացում տվեց մելիքի կնոջը, որը հրամայեց ծառաներին գաղտնի հսկել իր ամուսնի բնակարանի մոտ և սպասել հետևանքին։ Եվ իրավ, գիշերից բավական անցած, նրանք նկատեցին, որ հյուրերը մոտեցան մելիքի բնակարանին և փորձում էին ներս մանել։ Երկուսին ևս կալանավորեցին։

Մյուս օրը Մելիք-Մեջլումը քննելով այն դրդիչ պատճառները, որոնցից հրապուրված իր հյուրերը կամենում էին սպանել իրան, հրամայեց թե Միսայել-բեկին և թե նրա փեսա Հակոբ-յուզբաշուն, երկուսին էլ հրացանի բռնեցին։ Մելիքը այն աստիճան զայրացած էր, որ հրամայեց նրանց ամբողջ ընտանիքը բնաջինջ անել, բայց Միսայել-բեկի փոքր եղբայր Ռուստամ-բեկը առեց նրանց և փախավ Շուշի բերդը, Իբրահիմ-խանի մոտ։

Այդ անցքը ոչ միայն ներքին երկպառակությունների պատճառ դարձավ, այլ հիշյալ Ռուստամ-բեկը, Իբրահիմ-խանի ձեռքում գործիք դառնալով, շատ չարիքներ գործեց Մելիք-Մեջլումի դեմ։ Այդ կտեսնենք մեր պատմության շարունակության մեջ, բայց այժմ այսքանը պետք է հիշել, որ Ռուստամ-բեկը մի նշանավոր մարդու՝ Ապրես աղայի փեսան էր[66]։ Իր աներոջ հետ կազմեց մի զորեղ կուսակցություն ոչ միայն Մելիք-Մեջլումի դեմ, այլև բոլոր այն մելիքների դեմ, որոնք դաշնակից էին Մելիք-Մեջլումին, որպես էին՝ Գյուլիստանի Մելիք-Բեգլալյանները և Տիզակի Մելիք-Ավանյանները։

Եվ այդպես, թեև Իբրահիմ-խանին չհաջողվեցավ Մելիք-Մեջլումին սպանել տալ և Ջրաբերդում ստեղծել մի նոր մելիքություն իր հովանավորության ներքո, այսուամենայնիվ, նա հասավ իր նպատակին։ Նա կարողացավ կազմել մի նոր և հակառակ կուսակցություն, որի մեջ կար և կաթողիկոս։ Այսպիսով, Ղարաբաղի մելիքները երկու հակառակ կուսակցությունների բաժանվեցան. մեկը՝ Մելիք-Շահնազարյանների կուսակցությունը, որին պատկանում էին խանին համակրողները և Երիցմանկանց վանքի կաթողիկոսները, մյուսը՝ Մելիք-Մեջլումի և Մելիք-Բեգլարյանների կուսակցությունը, որոնք հակառակ էին խանին և միացած էին Գանձասարի վանքի կաթողիկոսի հետ։

XVII

Որպես մի միջանկյալ պատմություն, մենք հարկավոր ենք համարում մեր ընթերցողներին ծանոթացնել վերև հիշած երկու, միմյանց հակառակ, կաթողիկոսությունների հետ, որոնցից մեկը գտնվում էր Գանձասարի վանքում, իսկ մյուսը՝ Երիցմանկանց վանքում, որոնք ոչ սակավ ներգործություն ունեցան Ղարաբաղի հայկական իշխանությունների կործանման վրա։

Մեր պատմության մեջ սակավ չէ այն տխուր երևույթների թիվը, որ ամեն անգամ, երբ ծագել է մի որևիցե ազգային կարևոր հարց, ամեն անգամ, երբ հայրենիքը տագնապի մեջ է գտնվել, ամեն անգամ, երբ ժողովրդի բարօրության համար մխիթարական երևույթներ են նշմարվել,— մի խոսքով, ամեն մի բախտավոր և դժբախտ րոպեներում, երբ ժողովրդի ուշադրությունը լարված է եղել դեպի իր դրությունը,— հանկարծ ծագել են կրոնական կամ եկեղեցական վեճեր։ Ժողովուրդը թողել է իր կենսական հարցերը և զբաղվել է այդ վեճերով։

Մենք կարող էինք շատ օրինակներ բերել անցյալից[67], բայց կվեր առնենք հենց նույն պատմությունից, որը մեր հոդվածի նյութ ենք ընտրել։

Հայտնի է, որ Աղվանից կաթողիկոսությունը, սկսյալ Գրիգորիսի[68] օրերից, ավանդական կերպով շարունակվեցավ մինչև 1828 թվականը. ուրեմն նա ամբողջ 15 դար գոյություն ուներ։ Այդ կաթողիկոսության ներկայացուցիչները նստում էին Աղվանից աշխարհի զանազան վանքերում, իսկ վերջին ժամանակներում նրանց աթոռատեղին եղավ Ղարաբաղի Խաչեն գավառի Գանձասարա վանքը։

Խաչենը Հասան-Ջալալյան իշխանների ժառանգությունն էր. այնտեղ տիրում էին վերջին ժամանակներում այդ տոհմից առաջ եկած մելիքները։ Կաթողիկոսները ընտրվում էին դարձյալ միևնույն տոհմից։ Եվ այսպիսով քահանայապետությունը և մարմնավոր իշխանությունը գտնվում էր միևնույն տոհմի ներկայացուցիչների ձեռքում։

1651 թվին խոտորաշենցի Սիմեոն անունով մեկը (որը Հասան-Ջալալյանների տոհմից չէր, այլ մի հասարակ քահանայի որդի էր), Մռավ լեռան մթին ձորերի մեկի մեջ հիմնեց մի վանք Երիցմանկանց անունով և այդ վանքի կաթողիկոսը դարձավ։ Նրանից սկսվեցավ մի նոր և Աղվանից վաղեմի կաթողիկոսարանին հակաթոռ կաթողիկոսություն[69]։ Այդ երկու միմյանց հակառակ կաթողիկոսարանները (Գանձասարա վանքը և Երիցմանկանց վանքը), կանգնած էին միմյանց հանդեպ, ոչ ավելի, քան 24 ժամ ճանապարհի հեռավորությամբ։ Առաջինը գտնվում էր Խաչենի գավառում, իսկ երկրորդը՝ Ջրաբերդի գավառում։

Երիցմանկանց վանքի կաթողիկոսների աթոռակալությունը տևեց 1651 թվից մինչև 1800 թվականի վերջը։ Դա այն ժամանակամիջոցն էր, երբ Ղարաբաղի հայերի ամեն մի իզուր վատնած րոպեն նրանց համար մեծ կորուստ էր։ Այդ ժամանակամիջոցում զարթնել էին Ղարաբաղի մելիքների անկախության ձգտումները, նրանք, սկսյալ Պետրոս Մեծի օրերից, ծանրակշիռ բանակցություններ ունեին ռուսաց արքունիքի հետ, պատերազմում էին պարսիկների և օսմանցիների հետ. ամբողջ Ղարաբաղը շարժման մեջ էր։ Այդ տարիները Ղարաբաղի պատմության ամենատագնապալի ժամանակներն էին...

Բայց ի՞նչ էին շինում կաթողիկոսները։

Բաղդասար միտրոպոլիտի կազմած և մեր ձեռքում այժմ գտնված զանազան ֆիրմանների և հրովարտակների հավաքածուից երևում է, որ Գանձասարի և Երիցմանկանց կաթողիկոսարանների միմյանց հակառակ աթոռակալները[70], հիշյալ ժամանակամիջոցում, երբ Ղարաբաղի ժողովուրդը զբաղված էր իր հայրենիքի անկախության խնդրով,— կաթողիկոսները, ընդհակառակն, զբաղված են եղել կռիվներով, միմյանց վրա գանգատներ անելով, միմյանց ձեռքից վիճակներ խլելու համար։

Իհարկե, կաթողիկոսներից յուրաքանչյուրն ուներ իր կուսակցությունը, և այդ պատճառով կռիվների մեջ մասնակցում էին թե ժողովուրդը և թե ժողովրդի ներկայացուցիչները՝ մելիքները։

Չէ կարելի հերքել, որ կաթողիկոսների մեջ կային և օրինավոր մարդիկ, ինչպես Եսային և Ներսեսը, որոնք, մելիքների հետ միացած, գործում էին հայրենիքի փրկության համար։ Բայց մի օրինավորի շինածը մյուս անպիտանները ոչնչացնում էին...

Այդ կտեսնենք հետո, հիմա շարունակենք մեր պատմությունը։

Երբ Իբրահիմ-խանը հաջորդեց Փանահ-խանին, միևնույն տարվա մեջ (1763) Գանձակում վախճանվեցավ Երիցմանկանց վանքի Ներսես կաթողիկոսը։ Դարձյալ միևնույն տարվա մեջ Ղարաբաղի մելիքները, գլխավորապես Ջրաբերդի իշխան Մելիք-Աթամը[71] օծել տվին Հովհաննեսին Գանձասարի վանքի կաթողիկոս։

Նույն միջոցում, երբ Հովհաննեսը Գանձասարի կաթողիկոս դարձավ, նրա հակառակ, Գանձակի հայերը, տեղային խանի օգնությամբ, օծել տվին Իսրայել եպիսկոպոսին կաթողիկոս Երիցմանկանց վանքի անունով (1763)։

Երկու կաթողիկոսների մեջ երկար հակառակություններ եղան։ Մելիքները դիմեցին Էջմիածին, որը ավելի խառնեց գործը։ Խռովությունները վերջացան նրանով, որ Հովհաննեսը ընդունվեցավ որպես Գանձասարի օրինավոր աթոռակալ, իսկ Իսրայելը մնաց Գանձակում որպես նրա հակաթոռ։ Նա համարձակություն չունեցավ մինչև անգամ Գանձակից գալ իր վանքը (Երիցմանկանց վանքը), որի անունով օծված էր և այդ վիրավորանքի համար միշտ մի հարմար առիթ էր որոնում վրեժխնդիր լինելու իր հակառակորդից՝ Հովհաննես կաթողիկոսից։ Այդ առիթը գտավ նա. և իր վրեժխնդրությամբ ոչ միայն սպանել տվեց Հովհաննես կաթողիկոսին, այլ սպանեց այն մեծ գործը, որ Ղարաբաղի մելիքները ստեղծել էին...

XVIII

1762 թվին ռուսաց գահը ժառանգեց Եկատերինա II կայսրուհին։ Նա սկսեց ուշադրություն դարձնել Հայաստանի և Վրաստանի վրա։ Հայոց հարցը կրկին զարթնեցավ։

Եկատերինա II կամեցավ իրագործել Պետրոս Մեծի նպատակները Հայաստանի և Վրաստանի վերաբերությամբ։ Այդ ժամանակ Ռուսաստանի հայոց առաջնորդն էր Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկը։ Վայելելով կայսրուհու առանձին ողորմածությունը և ավելի մոտ հարաբերություններ ունենալով ռուսաց արքունիքի հետ, Հովսեփ արքեպիսկոպոսը դարձավ թարգման հայ ժողովրդի բաղձանքների, որ վաղուց սնուցանում էր նա իր հայրենիքի վերականգնման մասին։

Նա ավելի մեծ եռանդով սկսեց հետևել իր նախորդի, Մինաս արքեպիսկոպոսի, օրինակին։ Այդ արժանահիշատակ եկեղեցականը, որպես տեսանք մեր պատմության սկզբում, գործում էր Պետրոս Մեծի օրերում, իր ընկեր Իսրայել Օրիի հետ։ Իսկ Հովսեփ արքեպիսկոպոսը գործում էր Հովհաննես Լազարյանի հետ։ Թե Օրին և թե Լազարյանը միևնույն հայրենիքից էին, այսինքն՝ Սպահանից գաղթած հնդկաստանցիներ։

Սպահանի և Հնդկաստանի հայերը թեև պատմական հանգամանքների պատճառով տարագրվեցան իրանց հայրենիքից, բայց իրանց սրտերը թողեցին Հայաստանի ավերակների մեջ։ Նրանք արևելքի հեռավոր խորքերում բախտ և հարստություն գտան, բայց Ինդոս գետի ափերից միշտ խորին կարոտով հիշում էին հայկական աշխարհը, որպես տարագրված Իսրայելը Տիգրիսի ափերից հիշում էր իր սուրբ Երուսաղեմը։

Նրանք չէին խնայում իրանց հարստությունը, եթե կարելի լիներ առանց արյունի ոսկով գնել հայրենիքի փրկությունը։ Եկատերինա II կայսրուհու գահակալությունից երկու տարի առաջ (1760) Անգլիայից Ս. Պետերբուրգ եկավ հայազգի Էմին Հովսեփյանը, որը բնիկ Պարսկաստանի Համադան քաղաքիցն էր, իսկ Հնդկաստանում միլիոնների էր վաստակել։ Նա առաջարկեց իր բոլոր հարստությունով օգնել ռուսներին, եթե կընդունեին իրանց զորքերով մասնակցել հայերի հետ, Հայաստանը պարսից լծից ազատելու գործում։ Նրա առաջարկությունը համակրությամբ ընդունվեցավ։ Էմինը Ս. Պետերբուրգից եկավ Հայաստան, Ղարաբաղի մելիքները մեծ ոգևորությամբ ընդունեցին նրան։ Իրանք պատերազմելու համար սիրտ և զորեղ բազուկներ ունեին, իսկ Էմինը փող էր տալիս զենքեր գնելու համար։ Ուրեմն ամեն ինչ պատրաստ էր։ Վրաց և հայոց մեջ մի զորեղ դաշնակցություն կապելու համար Էմինը դիմեց և Քարթալինիայի իշխան Հերակլին, հայտնեց նրան իր միտքը։ Բայց այդ երկերեսանի իշխանը, որը այդ ժամանակ մի կողմից պարսիկների փեշիցն էր բռնած, իսկ մյուս կողմից աչքերը դարձրած ուներ դեպի Ս. Պետերբուրգ, անհամակրությամբ վերաբերվեցավ դեպի Էմինի առաջարկությունը. Հայոց Կրեսոսը գնաց այնուհետև Կալկաթա քաղաքական առանձին խորհուրդներով։ Բայց վաղահաս մահը թողեց նրա նպատակները անկատար։ Նրա միլիոնները անտեր մնալով անգլիական բանկում, այնպես էլ կորան...

Հովսեփ արքեպիսկոպոսն այն աստիճան ոգևորված էր Հայաստանի փրկության գաղափարով, որ նա իր հայրենիքի վերականգնման հարցը կայսրուհու ողորմածությամբ արդեն իրականացած էր համարում։ Վերանորոգված Հայաստանը պիտի գտնվեր Ռուսաստանի հովանավորության ներքո, որպես առանձին ավատական իշխանություն։ Հովսեփ արքեպիսկոպոսին մինչև անգամ առաջարկվեցավ կազմել դաշնակցության ծրագիրը, թե որպիսի հարաբերություններ պիտի ունենար հայոց ազգը իրան հովանավորող պետության հետ։ Այդ դաշնագիրը, որպես հետո կտեսնենք, բաղկացած էր 19 հոդվածներից և բովանդակում էր իր մեջ գլխավոր հիմունքները, թե որպիսի կազմակերպություն պիտի ստանար վերանորոգված Հայաստանը և ինչ պարտավորություններ պիտի հանձն առներ նա ռուսաց պետության վերաբերությամբ։

Հիշյալ դաշնագիրը գրվեցավ 1790 թվին. միևնույն ժամանակ Հովսեփ արքեպիսկոպոսը կազմեց մի ընդարձակ տեղեկագիր, որի մեջ մանրամասնաբար նկարագրեց Ղարաբաղի մելիքների ունեցած հարաբերությունները ռուսաց արքունիքի հետ, սկսյալ Պետրոս Մեծի օրերից մինչև իր ժամանակը, և հիշեցրեց նրանց մատուցած մեծ ծառայությունները Ռուսաստանին։ Այդ տեղեկագիրր վերոհիշյալ դաշնագրի հետ արքեպիսկոպոսը ներկայացրեց կայսրուհուն գեներալ ֆելդմարշալ իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամբ։

Պոտյոմկինը Հովսեփ արքեպիսկոպոսի լավ բարեկամը և մտերիմն էր։ Ինչպես երևում է շատ պատմական փաստերից, նա արդեն իրան հայկական նոր իշխանության աթոռի կանդիդատ էր համարում։

Ընդհանուր հայերի ոգևորությանը չափ չկար. աշխարհի ամեն ծագերում սփռված հայերը արդեն գիտեին, թե շուտով Հայաստանը կվերականգնի։ Հովսեփ արքեպիսկոպոսը, այդ եռանդոտ, անխոնջ եկեղեցականը, շարունակ թղթակցություններ ուներ ամեն երկրների հետ, ուր որ հայեր կային։ Սկսյալ Հնդկաստանից մինչև Լեհաստան, սկսյալ Եգիպտոսից մինչև Պարսկաստան նա տարածում էր իր թղթերը և ամեն տեղ բորբոքում էր հայրենասիրություն։ Նա թղթակցություն ուներ Վրաստանի իշխանների, Էջմիածնի կաթողիկոսի, Աղվանից կաթողիկոսի և Ղարաբաղի մելիքների հետ։

Ոգևորությունը այնքան մեծ էր, որ Հայաստանի ազատության գործը այնքան իրականացած էր համարվում, որ Հնդկաստանում Հակոբ Շահամիրյանի հեղինակությամբ տպագրեցին մի գիրք, որ բովանդակում էր իր մեջ հայոց և վրաց միացյալ թագավորությունների վարչական և դատաստանական օրենքները։

Հնդկաստանի դրամատերերը չէին խնայում իրանց փողերը հեռավոր Հայաստանի ազատության գործին ծառայեցնելու համար։ Այդ միջոցներում հայտնվեցավ մի այլ հնդկաստանցի հայրենասեր, որ ցանկանում էր Հայաստանի ազատությունը գնել Պարսկաստանից և Թուրքիայից ոսկով։ Նա արդեն գնել էր վրաց Գիորգի իշխանից Լոռու գավառը և դիտավորություն ուներ գնելու նաև Բորչալուի գավառը, Երևանի նահանգը և ուրիշ երկրներ, որպեսզի այդ կողմերում զարգացներ բամբակի, շաքարեղեգնի, լեղակի և ղահվեի մշակությունը, գործարաններ բաց անել տար և իր հայրենիքը տնտեսապես կենդանացներ։

Այդ բոլոր շարժումներին զարկ էր տալիս Հովսեփ Արքեպիսկոպոսը։

Ռուսաց կառավարության այն ժամանակվա քաղաքական շահերը պահանջում էին, որ պետության արևելյան սահմանները պարսից և օսմանցոց հարձակումներից ազատ պահելու համար, որպես մի ամուր պատնեշ, վերականգնեցնեին հայ-վրաց միացյալ իշխանությունը, որը, Ռուսաստանի հովանավորության ներքո, խոստանում էր հավատարիմ սահմանապահ լինել։ Արևելյան մահմեդականությունը, մանավանդ Անդրկովկասի մահմեդականությունը միշտ մեծ վտանգ էին սպառնում Ռուսաստանին։ Հարկավոր էր մի միջնապարիսպ նրանց կատաղի հոսանքի առաջն առնելու համար, և այդ միջնապարիսպը պետք է լինեին քրիստոնյա հայերը և վրացիները։

Դեռ 1783 թ. ապրիլի 6-ին իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, որը հրապուրված էր անկախ Հայաստանի իշխանության գլուխը անցնելու բաղձանքով, հրամանագրեց նույն ժամանակվա կովկասյան զորքերի գլխավոր հրամանատար գեներալ պորուչիկ Պավել Սերգեյիչ Պոտյոմկինին, որ նա իշխանությունից հեռացնե Շուշիի Իբրահիմ-խանին, օգնե հայոց մելիքներին հաստատելու համար Ղարաբաղում հայոց անկախ իշխանություն։ Միևնույն բովանդակությամբ հրաման կրկնվեցավ 1783 թ. մայիսի 10-ին, միևնույն գեներալ պորուչիկ Պոտյոմկինին, որ հայերին հուսադրե, որպեսզի նրանք գործակցեն ռուսաց կառավարության նպատակներին, որը դիտավորություն ունի կազմելու նրանցից մի զորեղ քրիստոնյա պետություն, Ռուսաստանի բարձրագույն հովանավորության ներքո։

Այդ բոլորը գիտեին Ղարաբաղի մելիքները, այդ բոլորը հայտնի էր Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին, որը մելիքների խորհրդակիցն էր. այդ բոլորը հայտնի էր և Էջմիածնի կաթողիկոսին, որը գաղտնի մասնակցում էր ընդհանուր գործին։ Ղարաբաղի մելիքները խոստանում էին մատակարարել ռուսաց զորքերի բոլոր պաշարները և այլ պիտույքները, երբ նրանք իրանց կողմը կգային, խոստանում էին իրանց ուժերով միանալ ռուսաց զորքերի հետ։ Պատերազմը նշանակված էր 1784 թվի ամառը, գեներալ-պորուչիկ Պոտյոմկինը պատրաստված էր պարսիկների դեմ պատերազմ գնալու։ Այդ ժամանակ Ղարաբաղի մելիքների կողմից Ստեփան Դավթյան անունով մի պատվիրակ գնաց գեն. պոր. Պոտյոմկինի մոտ, հայոց պատրաստությունների և Անդրկովկասի քաղաքական դրության մասին նրան մանրամասն տեղեկություններ հաղորդելու։ Այդ Ստեփան Դավթյանը իր արժանավոր ծառայության համար վարձատրվեցավ պրեմիեր-մայորի աստիճանով։

XIX

Մինչ ռուսաց կողմից այսպիսի պատրաստություններ էին կատարվում, մինչ Ռուսաստանի հայոց արքեպիսկոպոս Հովսեփը, վառված հայրենասիրության հոգվով, անխոնջ կերպով աշխատում էր իրագործել իր սկսած գործի մեծ գաղափարը, այդ միջոցներում Ղարաբաղում կատարվեցան մի քանի աղետալի դեպքեր։

Մենք տեսանք. մինը մյուսից հետո (1775—1780) վախճանվեցան Ղարաբաղի երկու նշանավոր իշխողները՝ Գյուլիստանի Մելիք-Յուսուբը և Ջրաբերդի Մելիք-Աթամը, որոնք իրանց հայրենիքի ազատության համար ամենաեռանդոտ գործիչներ էին, որոնք ամբողջ քսան տարի պատերազմեցին Փանահ-խանի հետ և թույլ չտվեցին, որ նրա իշխանությունը տարածվի Ղարաբաղի վրա. Մելիք-Յուսուբին հաջորդեց որդին՝ Մելիք-Աբով III, իսկ Մելիք-Աթամին հաջորդեց որդին՝ Մելիք-Մեջլումը։ Դրանք պահպանեցին նույն դաշնակցությունը, որ կապել էին իրանց հայրերը և շարունակեցին նույն բանակցությունը, որ սկսել էին նրանք ռուսաց կառավարության հետ, իրանց հայրենիքի ազատության վերաբերությամբ։

Դարձյալ տեսանք, որ Մելիք-Աթամի վախճանվելուց մի տարի հետո (1781) Տիզակի տիրապետող Մելիք-Ավանյան Մելիք Եսային Իբրահիմ-խանի խաբեությանը զոհ դարձավ։ Նրա հաջորդը Մելիք-Բախտամը, ամենայն հավատարմությամբ պահպանեց իր նախորդի դաշնակցությունը վերոհիշյալ երկու մելիքների հետ։

Նույնպես տեսանք, երբ Հասան-Ջալալյան Հովհաննեսը Գանձասարի վանքի կաթողիկոս ձեռնադրվեցավ (1763), նրա հակառակ նույն տարվա մեջ Գանձակում Իսրայել անունով մեկը նույնպես Աղվանից կաթողիկոս ձեռնադրվեցավ և մնաց տեղային Ջավադ-խանի պաշտպանության ներքո։ Այդ հակաթոռ Իսրայել կաթողիկոսը կործանեց այն մեծ շենքը, որը Հովհաննեսը և Ղարաբաղի երեք մելիքները մեծ ջանքերով կառուցել էին...

Մինչ Ղարաբաղի մելիքները մի կողմից քաղաքական բանակցություններ էին վարում ռուսաց կառավարության հետ, իսկ մյուս կողմից, ներքին երկպառակությունը ջլատում էր նրանց ուժերը, այդ միջոցներում Իբրահիմ-խանը քնած չէր, նա խիստ արթուն էր և գիտեր ամեն հանգամանքներից օգուտ քաղել։

Նա նկատում էր ռուսների պատրաստությունները. նրան աղոտ կերպով հայտնի էր, որ այդ պատրաստությունների և Ղարաբաղի մելիքների շարժումների մեջ կար մի գաղտնի կապ։ Նրան հայտնի էր այն, որ վրաց Հերակլ իշխանը ծածուկ բանակցություններ ունի մելիքների հետ։ Նա գիտեր, որ այդ բոլորը իր իշխանությանը կործանման վտանգ էր սպառնում։ Նա սկսեց ամրացնել Շուշի բերդը, պատրաստվեցավ վտանգի առաջն առնելու։

Ռուսները խոստանում էին օգնություն հասցնել հայերին և վրացիներին, բայց ուշանում էին։

Իբրահիմ-խանը տեսնում էր, որ առանց ռուսների օգնության ևս հայոց և վրաց միացյալ ուժերը կարող էին նրան միանգամայն ոչնչացնել, մտածեց Վրաստանին կողմնակի կերպով մի հարված տալ, իսկ հետո դառնալ դեպի հայերը։

Մենք XV գլխում հիշեցինք, որ Իբրահիմ-խանը, բացի Մելիք-Շահնազարի աղջիկը իրան կին առնելուց, ամուսնացավ Ավարիայի տիրապետող Օմար-խանի քրոջ հետ։ Այդ խնամությունը մի ամուր դաշնակցական կապ դարձավ նրա և Օմար խանի մեջ։ Իբրահիմ-խանը մտածեց վրաց Հերակլ իշխանին զբաղեցնել իր աներոջ բարբարոս լեռնաբնակների հետ, որպեսզի նա ժամանակ չունենա հայերի հետ միանալու և իր դեմ գործելու։

Նրա դրդելով Օմար-խանը կովկասյան լեռնաբնակների ահագին բազմությամբ հարձակվեցավ Վրաստանի վրա (1782)։ Նախ Բորչալուն Ավերակ դարձրեց, հետո մտավ Լոռու գավառը, պաշարեց Գյումուշ-խանա կոչված բերդը[72]։ Այդ բերդում ամրացած էին այն հույները, որոնք հանքերում աշխատում էին, այնտեղ էին ապաստանած և մերձակա հայոց գյուղերի բնակիչները։ Օմար-խանը գրավեց բերդը և բոլոր հույներին կոտորել տվեց, իսկ հայերից բազմաթիվ գերիներ վեր առեց։ Թեև Հերակլ իշխանը բացի վրացիներից, իր հետ 300 ռուսաց զինվորներ ունենալով, շտապեց Օմար-խանի բարբարոսությունների առաջը առնել, բայց նա այնքան երկչոտ գտնվեցավ, որ մինչև անգամ չհամարձակվեցավ մոտենալ նրան։ Օմար-խանը, կատաղի կերպով ամեն ինչ ավերակ դարձնելով, գերիների բազմությամբ անցավ Ախալցխա, որը այդ ժամանակ օսմանցիների ձեռքումն էր, և ձմեռը անցկացրեց տեղային կառավարիչ Սուլեյման-փաշայի մոտ։ Այստեղից Օմարը իր զորքերը ուղարկեց վրաց Վախամու բերդի վրա։ Այնտեղ ընտանիքով բնակվում էր իշխան Աբաշիձեն։ Օմարի զորքերը հիշյալ բերդը գրավեցին, բնակիչներին գերի վեր առին, որոնց թվում էին Աբաշիձեի երկու աղջիկները, որոնցից մեկը Օմարը իր համար պահեց, իսկ մյուսին ընծա ուղարկեց Իբրահիմ-խանին։

Գարնանը Օմարը թողեց Ախալցխան և Երևանի նահանգի միջով անցավ Ղարաբաղի կողմերը և այնտեղից գնաց իր երկիրը, տանելով իր հետ բազմաթիվ գերիներ և կողոպուտ։ Բայց Երևանի և Ղարաբաղի բնակիչներին շատ վնասել չկարողացավ, որովհետև մինչև նրա հասնելը, բոլորը ամրացած էին անմատչելի տեղերում։ Այսուամենայնիվ, լեռնային գազանի կատարած այդ փոթորկալից շրջանը Վրաստանի և Հայաստանի միջով մի ազդու ցույց էր, որով Իբրահիմ-խանը կամեցավ զգալ տալ քրիստոնյաներին իր զորությունը։

XX

Ղարաբաղի մելիքները սպասում էին 1784 թվի ամառին և գեներալ-պորուչիկ Պոտյոմկինի զորքերին, որ նրա հետ միանալով, սկսեն պատերազմել մահմեդականների դեմ։ Անցավ մի տարի ևս, խոստացած օգնությունը չհասավ։

1785 թ. ապրիլ ամսում մի մարդ մուրացկանի հագուստով, ձեռքին բռնած մի ծանր ճանապարհորդական մահակ, Գանձասարի վանքից ճանապարհ, ընկավ դեպի Գանձակ։ Այդ մուրացկանին սաստիկ արագընթացության համար կոչում էին «յորղա» Գրիգոր։ Նույն ամսի նույն, օրում մի այլ մարդ Շահ-Մանսուր գյուղից ուղևորվեցավ դեպի Շաշի։ Վերջինը մուրացկան չէր, ազնվական էր։ Նա ուղիղ ներկայացավ Իբրահիմ-խանի մոտ, հայտնեց նրան, թե հայոց մելիքները, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսի հետ միացած, մի նոր թուղթ գրեցին ռուսաց կայսրուհուն և հրավիրում են ռուսներին, որ գան տիրեն քո երկրները,— մի խոսքով, դավաճանը մանրամասնաբար տեղեկություններ տվեց այն բոլոր պատրաստությունների և ռուսաց հետ ունեցած հարաբերությունների մասին, որ մինչև այնօր կատարել էին մելիքները և Հովհաննես կաթողիկոսը։

Թեև մելիքները իրանց պատրաստությունները սաստիկ զգուշությամբ էին կատարում, թեև նրանց մեջ պահպանվում էր խորին գաղտնապահություն, բայց այդ դավաճանը Հովհաննես կաթողիկոսի ընտանին էր, նրա հարազատ եղբայրն էր, նա ինքը մասնակցում էր խորհուրդների մեջ։ Դա Հասան-Ջալալյան Մելիք-բեկի որդի Ալլահ-ղուլի-բեկն էր։ Մի եղբոր շինածը մյուս եղբայրը քանդում էր... Մեր պատմությունը բավական աղքատ է լավ մարդիկներով, իսկ հարուստ է դավաճաններով...

Իբրահիմ-խանին հայտնի էին ռուսաց պատրաստությունները. նա վաղուց արդեն սկսել էր ամրացնել Շուշի բերդը։ Նրան անորոշ կերպով հայտնի էին և հայոց գաղտնի հարաբերությունները ռուսների հետ, բայց այդ մասին նա մի հաստատ փաստ չուներ իր ձեռքում հայերին պատժելու համար։ Դավաճանը ցույց տվեց նրան փաստեր։ Նա հայտնեց, թե մի սուրհանդակ, մուրացկանի հագուստով, իր ձեռքի գավազանի մեջ թաքցրած, նոր թղթեր տարավ Գանձակ, իսկ այնտեղից պիտի գնա Թիֆլիս։ Այդ թղթերին, ավելացրեց նա, ստորագրել են իմ եղբայյր Հովհաննես կաթողիկոսը, Գյուլիստանի Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբուլը, Ջրաբերդի Մելիք-Իսբայելյան Մելիք-Մեջլումը, Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը և այլ նշանավոր եկեղեցական ու աշխարհական անձինք։

Վարանդայի Մելիք-Շահնազարը, Խնզիրիստանի Մելիք-Ալլահվերդին, Գյուլ-Յաթաղի Ռուստամ-բեկը, խանի կողմնակիցները լինելով և միանգամայն հակառակ մյուս մելիքների ձգտումներին,— այդ պատճառով դաշնակից մելիքները չէին հրավիրել նրանց մասնակցելու իրանց խորհրդի մեջ։

Խանի հարցմունքին, թե կարելի՞ է արդյոք սուրհանդակի տարված թղթերը մի հնարքով ձեռք բերել, դավաճանը պատասխանեց, թե սուրհանդակը ներկայանալու է Գանձակում Իսրայել կաթողիկոսին, որ նրանից ևս թղթեր առնե ու հետո գնա. բավական է ձեզ հայտնել Իսրայել կաթողիկոսին, նա իսկույն կկալանավորե բոլոր թղթերը։

Իսրայելը վերջին ժամանակներում, թաքցնելով իր հին թշնամությունը, որ ուներ Հովհաննես կաթողիկոսի դեմ, առերես ցույց էր տալիս, թե նրա հետ համամիտ և համակամ է այն բոլոր խորհուրդների մեջ, որ պիտի կատարվեին հայրենիքի փրկության համար։ Նա Գանձասարի վանքում խաչի Ավետարանի վրա հանդիսավոր կերպով երդում տվող եկեղեցականներից մեկն էր, որոնք ուխտեցին հավատարիմ մնալ հայրենիքի ազատության գործին։ Բայց միևնույն ժամանակ այդ չարագործը շատ անգամ գաղտնի կերպով դիմել էր Իբրահիմ-խանին, հայտնելով նրան, որ եթե Հովհաննես կաթողիկոսին կհեռացնե և Գանձասարի վանքի կաթողիկոսական աթոռը իրան կտա, ինքը խոստանում է հավատարիմ լինել խանին։

Խանը այժմ հարմար առիթ գտավ փորձելու նրա հավատարմությունը։ Գանձակի Ջավադի-խանը իր հետ թշնամական հարաբերությունների մեջ լինելով, ինքը չէր կարող մարդ ուղարկել սուրհանդակին կալանավորելու համար։ Նա մի նամակ գրեց Իսրայել կաթողիկոսին, հայտնելով, թե նրա մոտ գալու է մի թղթատարի մուրացկանի հագուստով, որի ձեռքի գավազանի մեջ թաքցրած կան կասկածավոր թղթեր, եթե այդ թղթերը կկալանավորե և իրան կուղարկե, ինքը խոստանում է ամեն միջոցներով օգնել նրանք որ գրավե Գանձասարի կաթողիկոսական աթոռը։ Նամակը ուղարկվեցավ միևնույն դավաճանի՝ Հասան-Ջալալյան Ալլահ-ղուլի բեկի ձեռքով։

Թեև Իսրայել կաթողիկոսը շատ լավ գիտեր, որ խանի կամքը կատարելով, ո՛րպիսի սարսափելի վտանգի պիտի ենթարկեր հայոց մելիքներին և Հովհաննես կաթողիկոսին, թեև նա կարող էր հասկանալ, որ իր մատնությունով պիտի սպաներ հայրենիքի ազատության գործը, այսուամենայնիվ, իր փառքը և Գանձասարի կաթողիկոսական աթոռն ավելի բարձր դասելով ամեն ազգային գործերից, նա կալանավորեց թղթերը և ուղարկեց Իբրահիմ-խանին։

XXI

Իբրահիմ-խանը Իսրայել կաթողիկոսի ուղարկած թղթերը ստանալուց հետո լուռ մնաց, այնպես ձևացնելով, թե ինքը մելիքների գործողություններից ամենևին տեղեկություն չունի։ Հետո բարեկամաբար հրավիրեց իր մոտ Մելիք-Մեջլումին, Մելիք-Աբովին և Մելիք-Բախտամին, իբր թե երկրի կառավարության գործերի վերաբերությամբ նրանց հետ կարևոր խորհելիքներ ունի։ Երբ նրանք եկան, Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին կալանավորեց Շուշի բերդում, իսկ Մելիք-Բախտամին, որի հետ ավելի մեծ թշնամություն ուներ, մատնեց պարսից կառավարությանը, իբրև քաղաքական հանցավոր, որ ձգտում էր պարսից երկրների մեջ մտցնել ռուսներին։ Մելիք-Բախտամին տարան Պարսկաստան և բանտարկեցին Արդավիլի բերդում։ Պետք է ի նկատի առնել, որ այդ բերդում, պարսից վաղեմի սովորությունների համեմատ, բանտարկվում էին ոչ թե հասարակ հանցավորները, այլ միայն նշանավոր քաղաքական հանցավորները իշխանական բարձր տոհմերից։ Մելիք-Բախտամը Մելիք-Ավան-խանի թոռը, նույնպես փոքր մարդ չէր։ Նրա ազգատոհմը ծանոթ էր Պարսկաստանին սկսյալ Նադիր-շահի օրերից։ Մելիք-Բախտամի կալանավորությունից հետո նրա երկիրը (Տիզակը) պարսկական գավառ դարձավ։

Մելիքներին իր ճանկերի մեջ պահելուց հետո նա մի խումբ ձիավորներ ուղարկեց, Գանձասարի հարուստ վանքը կողոպտեցին. կայքերի մի մասը միայն կարողացան առաջուց թաքցնել։ Հետո Հովհաննես կաթողիկոսին բռնելով, իր հինգ եղբայրների հետ[73] բերեցին Շուշի բերդը։ Բոլորը բանտարկվեցան։ Այնուհետև սկսեց զանազան բարբարոսական տանջանքներով չարչարել նրանց։ Հովհաննես կաթողիկոսին թունավորելով, բանտի մեջ սպանեց (1786). իսկ նրա եղբայրներին և մյուս ազգականներին ամբողջ ինն ամիս բանտի մեջ մաշեց։ Քսան օր շարունակ Սարգիս եպիսկոպոսի ոտները փայտով ծեծել էր տալիս, որ նա ցույց տա ռուսաց կառավարությունից ստացած թղթերը։ Բայց թղթերը առաջուց կրակի մեջ ձգելով այրել էին։ Վերջը Գանձասարի վանքը ութն հազար թուման[74] տուգանքի ենթարկելով, Սարգիս եպիսկոպոսից ստացավ այդ գումարը, հետո նրան իր եղբայրների հետ արձակեց բանտից։

Բայց Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը երկար չմնացին բանտում։ Նրանք կալանավորված էին առանձին տեղում։ Հենց որ կալանավորությունը լսեց Մելիք-Մեջլումի քաջ զորապետ Արզումանը, նա իր հետ առեց իր երկու աներկյուղ ընկերներին,— Դալի Մահրասային (Ավագ վարդապետին) և զարգար Մելքումին, գիշերով մտան Շուշի բերդը և բանտի դռները խորտակելով, ազատեցին մելիքներին։

Իսրայել կաթողիկոսը իր մատուցած ծառայությունների համար ստացավ Իբրահիմ-խանից Աղվանից կաթողիկոսական աթոռը, այն աթոռը, որի գրավելու համար նա սպանել տվեց Հովհաննեսին։ Բայց նրան թույլ տվեցին նստել Ամարասա վանքում, որ ավելի մոտ լինի խանին և մնա նրա ձեռքի տակ։ Գանձասարի վանքում այդ ժամանակ նստած էր նահատակված Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսը։

Եվ այսպես, Խամսայի հինգ տիրապետող մելիքներից մնաց երկուսը՝ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը և Մելիք-Իսրայհլյան Մելիք-Մեջլումը։ Մյուս երեքը համարյա թե ոչնչացան։ Տիզակի Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը աքսորվեցավ Պարսկաստան և որպես Արշակ Երկրորդը պահվում էր Անուշ բերդում, դա էլ նույնպես պահվում էր Արդավիլի բերդում։ Խաչենի Հասան-Ջալալյան մելիքները, որպես հետո կտեսնենք, Հովհաննես կաթողիկոսի մահից հետո, բոլորը ցրիվ եկան, տարագրվեցան։ Խաչենում տիրում էին Իբրահիմ-խանից կարգված մելիքները։ Մնում էր Վարանդայի իշխողը — Մելիք-Շահնազարը, բոլոր չարիքների հորինողը, Իբրահիմ-խանի սիրելին։

1787 թվին գեներալ Բուրնաշովը վրաց Հերակլ իշխանի հետ ռուսաց զորքերով մոտեցան Գանձակին։ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը Շուշի բերդից փախչելուց հետո անմիջապես գնացին Հերակլի և Բուրնաշովի մոտ։ Նրանք հույս ունեին, որ իրանց շատ անգամ հաղորդված խոստմունքների համեմատ, օգնական զորք կստանային, որ գան Իբրահիմ-խանի հետ պատերազմեն և իրանց հպատակներին կրկին տիրեն։ Եվ իրավ, նրանց խոստացան տալ չորս հազար զինվորներ իշ. Օրբելյանիի հրամանատարության ներքո։

Բայց միևնույն ժամանակ (1787) ծագեց ռուսաց երկրորդ պատերազմը օսմանցիների հետ. գեներալ Բուրնաշովը անսպասելի հրաման ստացավ, որ իր գունդերով վերադառնա Ռուսաստան։ Այդ պատճառով Բուրնաշովը և Հերակլը չկարողացան կատարել իրանց խոստմունքը։

Հերակլը ռուսաց զորքերի հետ գնաց Թիֆլիս, իսկ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը, զրկված օգնությունից, գնացին նրա հետ։

Այդ տեսնելով, Իբրահիմ-խանը ավելի վստահություն ստացավ, ավելի կատաղի դարձավ։ Մինչև այնօր նա երկյուղ ուներ ռուսներից, բայց ռուսները հայտնվեցան և երազի նման դարձյալ աներևութացան։ Այնուհետև այլևս ի՞նչը կարող էր նրան զսպել։ Մելիքների միաբանությունը քայքայված էր. հայոց կաթողիկոսն անգամ նրա ձեռքում մի անարգ գործիք էր դարձել իր հայրենիքի կործանման համար։ Մնացել էին երկու մելիքներ միայն,— Աբովը և Մեջլումը,— ճշմարիտ հայրենասերներ, պատվի և զգացմունքի տեր տղամարդիկ,— դրանք ևս օտարների դռներում օգնություն էին մուրում,— այն մարդիկը, որոնց զորությունից սարսափում էր Իբրահիմ-խանը։

Իբրահիմ-խանը, երբ լսեց, որ երկու մելիքները ռուսաց զորքերի հետ գնացել էին Թիֆլիս, Մելիք-Մեջլումի մորը և Մելիք-Աբովի ընտանիքից մի քանի հոգի բռնել տվեց և բերելով Շուշի բերդը, այնտեղ պահեց իբրև պատանդ։ Հետո Մելիք-Մեջլումի երկիրը կողոպտեց, ավերակ դարձրեց. նրա տեղը կարգեց Գյուլ-Յաթաղ գյուղի Ռուստամ-բեկին[75], որը խանի սիրելի Իսրայել կաթողիկոսի քրոջ ամուսինն էր։ Մելիք-Աբովի տեղը նույնպես ուրիշին կարգեց։

Իբրահիմ-խանը այժմ հասավ իր նպատակին. նա իրան ամբողջ Ղարաբաղի տերն էր համարում։ Այնտեղ մնացած մելիքները, թեև վայելում էին իրանց վաղեմի արտոնությունները, բայց բացի Վարանդայի Մելիք-Շահնազարից, մյուսները խանի ստորադրյալներն էին համարվում։

Բայց Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգիստ չմնացին. նրանք չէին կարող անպատիժ թողնել մահմեդական խանին, որ իրանց հայրենիքը ավերակ դարձրեց...

XXII

Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը Թիֆլիսում երկար չմնացին։

Այնքան զոհողություններ կրելուց հետո, հայրենիքը, ընտանիքը թշնամու ձեռքում թողնելուց հետո, մեծ հույսերով Թիֆլիս գալուց և այնտեղ հուսահատ մնալուց հետո, երկու մելիքները՝ Մեջլում և Աբով, դարձյալ իրանց երեսները հետ չէին դարձնում Ռուսաստանից, դարձյալ մեծ ակնկալություններ ունեին նրա պաշտպանության վրա։

Նրանք նամակով դիմեցին գեներալ-անշեֆ Տեկելլուն, նկարագրելով այն բոլոր դժբախտությունները, որ կրեցին իրանք, սկսյալ այն օրից, երբ, գեներալ-պորուչիկ Պոտյոմկինի խոստմունքներից հրապուրված, անձնատուր եղան Ռուսաստանին, սկսեցին պատերազմել Իբրահիմ-խանի հետ, նկարագրեցին այն բոլոր բարբարոսությունները, որ կատարեց այդ խանը։

Նրանք դարձյալ խնդրում էին կայսրուհու պաշտպանությունը՝ հետևյալ պայմաններով.

1) Բարբարոսների լուծը իրանցից հեռացնելու համար տալ իրանց իսկությամբ օգնություն զորքերով, թեև փոքր թվով։ Որովհետև նրանք, միացնելով իրանց ուժերը ռուսաց զորքերի հետ, կարող էին միայն իրանց ահարկու անունով ոչնչացնել պարսից զորությունը և ճնշել Շուշվա խանի իշխանությունը։ Միևնույն ժամանակ խնդրում էին տալ իրանց մի գլխավոր հրամանատար, որ իր արժանավորություններով և հատկություններով ընդունակ լիներ գործին։

2) Եթե իրանք հիշյալ պաշտպանությունը ստանալ չէին կարող, խնդրում էին, որ թույլ տրվի իրանց տեղափոխվել Կասպից ծովի ափերի մոտ, Դերբենդի շրջակայքում, այնտեղ նոր գաղթականություն հիմնելու համար։ Իսկ իրանց տրվելիք նոր երկրները պիտի համարվին իրանց սեփականություն, տալով մելիքներին և նրանց ժառանգներին լիակատար իշխանություն իրանց հպատակների վրա տիրելու։

Միևնույն ժամանակ Ղարաբաղի մելիքների պատգամավոր և ռուսաց գործակատար Ստեփան Դավթյանը խնդրում էր Պոտյոմկինից շուտափույթ օգնություն հասցնել մելիքներին։ Նա էլ խոստանում էր ուղարկել Դերբենդ վեց գունդ զորք, ցանկացողներին ռուսաց հովանավորության ներքո ընդունելու համար։

Հիշյալ գաղթականության մասին Ռուսաստանի Հայոց արքեպիսկոպոս Հովսեփը իր ընդարձակ տեղեկագրի մեջ, որը իշխան Գրիգոր Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացրեց Եկատերինա II կայսրուհուն, ի միջի այլոց գրում է հետևյալը.

«Սեպտեմբերի 19-ին, 1789 ամի Ղարաբաղի մելիքները, իրանց ստացած մխիթարական թղթերի համար, հայտնեցին ինձ՝ հայոց արքեպիսկոպոսիս իրանց շնորհակալությունը, և իմացում են տալիս հետևյալի մասին.— թե իրանք, մելիքները, տեղեկություն են ստացել, իբր թե նորին պայծառափայլությունը, իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինը, հրամայել է գեներալ Պետր Աբրամովիչ Տեկելլուն, որ մելիքներին կանչե Ռուսաստան և թե հիշյալ գեներալ Տեկելլու կողմից այդ գործի մասին իրանց ոչինչ հաղորդված չէ։ Այդ պատճառով ինձանից (արքեպիսկոպոսից) հատկապես խնդրում են, որ նրանց ճիշտ տեղեկություն տամ։ Մելիքները հայտնում են ինձ իրանց մեջ վճռած բոլոր պայմանները իրանց պահանջների վերաբերությամբ և խնդրում են, որ նրանց իմացում տամ նորին պայծառափայլության բարի կարգադրության մասին։

Հիշելով այն խնդիրքները, որ իրանց նախնիքը մատուցել են Պետրոս Մեծին, և հիմնվելով կայսրի ողորմածության վրա, որ նա ցույց էր տվել նույն խնդիրքների առիթով,— մելիքները այժմ նույնպես խնդրում են, որ իրանց թույլ տրվի գաղթել Դերբենդի կողմերը, և այդ երկրները վավերացվեն նրանց անունով որպես մշտական ժառանգություն։ Իսկ եթե հարկ կհամարվի նրանց գաղթել Ռուսաստան, խնդրում են Վրաստանում գտնված ռուսաց զորքից օգնություն, որպեսզի իրանց ժողովրդի հետ միասին կարողանան անվտանգ կերպով հեռանալ Ղարաբաղի իշխանությունից։ Միևնույն ժամանակ հայտնում են, որ իրանց ամբողջ հասարակությունը, այդ երկու առաջարկության մեջ, համաձայնվելով մելիքների հետ, խնդրում են, որ նրանց տեղեկություն տան, թե արդյոք որտե՞ղ, ո՞ր երկրում նրանց հողեր կտան,— եթե Ռուսաստանում, ուրեմն, ի՞նչ պայմաններով։ Մելիքները պահանջում են, որ բարեհաճեն վերահաստատելու իրանց ունեցած վաղեմի արտոնությունները, որ ամենահին ժամանակներից վայելում էին իրանք, և որը մինչև անգամ իրանց թշնամիները չեն կամեցել խափանել։ Այսինքն, որ նրանք իրավունք ունենան տիրելու իրանց հպատակների վրա, և իրանց հաջորդները նույնպես իրավունք ունենան ժառանգելու հոր իշխանությունը։ Նույնպես և, այն երկրները, որ կտրվեն նրանց բնակության համար, կարողանան սեփականացնել իրանց միևնույն իրավունքներով։

Հիշյալ երկու մելիքները, Մեջլում և Աբով, իրանց խնդիրքը մատուցանելուց հետո, հավատացնում են, որ մնացյալ երեք մելիքներն ևս, որ մնացել են Ղարաբաղում, համաձայն են իրանց հետ։ Այդ բոլորը հաղորդելով ի գիտություն ձերդ պայծառափայլության, (Պոտյոմկինին) նորին կայսերական մեծությանը զեկուցանելու համար, հատկապես և ամենախոնարհաբար խնդրում եմ, որ շնորհվի նրանց բարձրագույն ողորմած հովանավորություն, որով նշանավոր օգուտ կլինի Ռուսաստանին։ Իսկ ինձ պետք է հրահանգ տալ, թե ի՛նչ կարող եմ հայտնել նրանց։ Որովհետև ես առանց առանձին թույլտվության, առանց բարձրագույն բարեհաճության կամ ձեր պայծառափայլությունից տեղեկություն ստանալու, նրանց պատասխանել կարող չեմ։ Իսկ հիշյալ երկու մելիքների, Մեջլումի և Աբովի, նամակների իսկականը, իրանց թարգմանության հետ, ուղարկում եմ այդ թղթով»։

Թե ի՞նչ պատասխան ստացան մելիքները, մեզ հայտնի չէ, միայն այդքանը հայտնի է, որ ռուսները այդ միջոցներում զբաղված էին թուրքական պատերազմով և հազիվ թե ժամանակ ունեին մի հիմնավոր կարգադրություն անելու մելիքների ծանր դրությունը փոքր-ինչ հեշտացնելու համար։

Նրանք, առժամանակ միայն մնալով Հերակլ իշխանի մոտ, առաջարկում էին նրան միանալ իրանց հետ և ոչնչացնել Իբրահիմ-խանի իշխանությունը, հիշեցնում էին նրան այն բարբարոսական ասպատակությունները, որ մի քանի տարի առաջ Վրաստանում կատարեց Ավարիայի Օմար-խանը Իբրահիմ-խանի դրդելով։ Հերակլը խոստանում էր կատարել նրանց ցանկությունը, միայն խորհուրդ էր տալիս փոքր-ինչ սպասել։ Բայց մելիքները սպասելու համբերություն չունեին, նրանց հպատակները, նրանց ընտանիքը մինչև անգամ գտնվում էին Իբրահիմ-խանի ձեռքում։

Այդ միջոցներում Հերակլը նամակ է ստանում Իբրահիմ-խանից։ Խանը գրում է նրան, որ Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին բռնե և իր մոտ ուղարկե։ Իսկ դրանց փոխարեն խոստանում էր խանը հետ ուղարկել այն 3000 թուրք ընտանիքներին, որոնք առաջ վրաց հպատակներ էին, բայց Բորչալուի կողմերից փախել էին Ղարաբաղ, բնակվում էին Ասկարանի բերդի մերձակայքում։

Վրաց իշխանը ոչ այնքան իր հպատակները հետ ստանալու ցանկությամբ, որքան երկյուղ կրելով Իբրահիմ-խանի վրեժխնդրությունից, մտածում է կատարել նրա հրամանը և իր մոտ ապաստանած հյուրերին վատությամբ կալանավորելով, ուղարկել դահճի մոտ։

Նրա խորհուրդը հայտնվում է հայոց մելիքներին։ Հերակլի քարտուղարը, որը կոչվում էր Միրզա-Գիորգին, և գիտեր պարսկերեն ու արաբերեն, ազգով հայ էր։ Իբրահիմ-խանի նամակը կարդալուց հետո բովանդակությունը հայտնում է մելիքներին։

Որպես պատմում են, Հերակլը Թիֆլիսի Օրթա-ճալա կոչված այգիներում ճաշ է պատրաստում, այնտեղ հրավիրում է երկու մելիքներին, որ արբեցնե, այնուհետև իր սեղանի վրա կալանավորե հյուրերին։ Մելիքներին արդեն հայտնի էր նրա դիտավորությունը. դեռ ճաշից առաջ ձի են նստում, պատճառելով, թե կամենում են մերձակայքում որսորդություն անել իշխանի սեղանի համար։ Նրանք այլևս չեն վերադառնում։ Երկու մելիքները ունեին իրանց մոտ հարյուր ձիավորներ միայն, թողնում են անհյուրընկալ Թիֆլիսը և ուղևորվում են դեպի Գանձակ։ Ճանապարհին հանդիպում են նրանց վրացի սայլապաններ, որ գնում էին դեպի քաղաքը. դրանց միջոցով Մելիք-Մեջլումը լուր է տալիս Հերակլին, ասելով, թե գնացեք հայտնեցեք ձեր իշխանին, որ Մելիք-Մեջլումը չի մոռանա նրա հյուրասիրությունը...

Եվ իրավ, Մելիք-Աթամի պատվասեր որդին չմոռանալով վրեժխնդիր լինել վրաց իշխանի խաբեության համար, նրա սարքած ճաշը մի քանի տարուց հետո Թիֆլիսի կործանման պատճառը դարձավ...

Վրաց իշխանի նենգավորությունը սաստիկ վիրավորեց Մելիք-Մեջլումի զգայուն սիրտը։ Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը այնքան մեծ համարում ուներ Հերակլի վրա, որ մինչև անգամ մտածում էր, եթե չհաջողվի իշխան Պոտյոմկինին հայ-վրաց միացյալ իշխանության աթոռի վրա բազմեցնել, նրանից հետո ի նկատի ուներ միայն Հերակլին։ Իսկ այդ երկչոտը, սարսափած Իբրահիմ-խանի նամակից, կամենում էր նրա ձեռքը մատնել Ղարաբաղի երկու նշանավոր մելիքներին, որոնց նույն խանի դեմ օգնական զորք տալու հույսով հրավիրեց իր մոտ Թիֆլիս։

Երկու մելիքները Թիֆլիսից եկան Գանձակ, տեղային Ջավադ-խանը սիրով ընդունեց նրանց, բնակության տեղ տվեց իր քաղաքում և նրանց կեցության համար ռոճիկ նշանակեց։ Թեև Իբրահիմ-խանը մի քանի անգամ դիմեց Ջավադ-խանին և զանազան խոստմունքներում խնդրեց նրանից, որ մելիքներին իր ձեռքը տա, բայց Ջավադ-խանը ավելի մեծահոգի գտնվեցավ, քան թե վրաց իշխանը և մերժեց նրա խնդիրքը։

XXIII

Երբ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հանգստություն գտան Գանձակ քաղաքում, այստեղ լսեցին այն բոլոր բարբարոսությունները, որ Իբրահիմ-խանը գործ էր դրել Հովհաննես կաթողիկոսի և առհասարակ Հասան-Ջալալյան տոհմի վրա,— լսեցին Գանձասարի հարուստ վանքի կողոպտվիլը և շարունակ հալածանքները, որ բռնակալը կատարում էր այդ վանքի միաբանության վրա, չարչարելով նրանց և պահանջելով, եթե այլևս վանքային թաքցրած կայքեր են մնացել, իրանց ցույց տան։ Մելիք-Մեջլումը, որպես գիտենք, նահատակված Հովհաննես կաթողիկոսի քրոջ որդին էր։ Նա Գանձակից ուղարկեց մի խումբ ձիավորներ Թյուլի-Արզումանի և զարգար Մելքումի առաջնորդությամբ, որ գնան Գանձասարի վանքը և Հովհաննես կաթողիկոսի եղբայր Սարգիս եպիսկոպոսին մյուս միաբանների հետ բերեն Գանձակ։

Արզումանի խումբը, գալով Խաչեն, թաքնվում են Գանձասարի վանքի մոտ, անտառի մեջ, Կրատափ կոչված տեղում, և իմացում են տալիս Սարգիս եպիսկոպոսին, որ պատրաստվի փախչելու։ Լրտեսների թիվը այդ ժամանակ այնքան բազմացել էր հայերի մեջ, որ Սարգիս եպիսկոպոսը ստիպված, է լինում սկզբից մի խորամանկություն գործ դնել, որպեսզի իրանց փախուստի մասին խանին չմատնեն։ Նա հանկարծ լուր է տարածում, թե ասպատակներ են հայտնվել, պետք է հարձակում գործեն։ Այդ լսելով, շրջակա գյուղացիները հավաքվում են Գանձասարի վանքի, ամրության մեջ, որ այնտեղ պատսպարվեն։ Այդ ժամանակ եպիսկոպոսը նրանցից, որին որ կասկածավոր էր համարում, բռնել է տալիս և վանքում բանտարկում է։ Բայց չնայելով նրա գործ դրած նախազգուշությանը, թշնամու համար միշտ պատրաստ հայ լրտեսներից մեկը արդեն խանին իմացում էր տվել բոլորը, թե Սարգիս եպիսկոպոսը փախչելու է Գանձակ և վանքի մնացած հարստությունը տանելու է իր հետ։

Խանը ուղարկեց մի խումբ ձիավորներ, որ փախստականներին կալանավորեն և վանքային բոլոր իրեղենները հափշտակեն։ Նրանք այնպես շուտափույթ կերպով վրա հասան, որ, փախստականները միջոց չունեցան իրանց հետ վեր առնել վանքային իրեղենները, որոնք մնացին իրանց թաքցրած տեղերում։

Թեև վանքային հարստությունը ազատվեցավ, այսուամենայնիվ, Մելիք-Մեջլումի ուղարկած մարդիկներին մեծ քաջություն էր հարկավոր, որ կարողանային եպիսկոպոսին և նրա ընկերներին ազատել խանի ձիավորների ձեռքից։ Այդ միջոցին օգնության հասավ ինքը բնությունը։ Մռավ լեռների վրա պատեց Ղարաբաղի այն սովորական թանձր մառախուղը, որ մի քայլ հեռավորության վրա ոչինչ չէ կարելի տեսնել։ Արզումանը իր խումբը երկու մասի բաժանեց, մի մասը հանձնեց զարգար Մելքումին և պատվիրեց նրան, որ եպիսկոպոսին մյուսների հետ առանձին ճանապարհով տանե դեպի Գանձակ, իսկ ինքը մնացած մասի հետ ետ մնաց և սկսեց կռվել խանի ձիավորների հետ։ Նրան հաջողվեցավ մեծ հաղթություն գործել մի քանի հարյուր ձիավորների դեմ, որոնցից շատերին բռնելով, ականջները և քթները կտրեց և ետ ուղարկեց, ասելով. «Գնացեք ձեր խանին խաբար տարեք, որ Արզումանը հեշտ կուլ տալու պատառ չէ...»։

Սարգիս եպիսկոպոսը իր եղբայրների հետ եկան Գանձակ 1791 թվին, նրա հետ էր պատանի Բաղդասարը[76], որ այդ ժամանակ 22 տարեկան էր։ Ջավադ-խանը[77] սիրով ընդունեց նրան, եպիսկոպոսին բնակության տեղ տվեց, ռոճիկ նշանակեց և այնուհետև Սարգիսը Գանձակի գավառի հայոց առաջնորդը դարձավ։ Գանձասարի վանքը մնաց ավերակ դրության մեջ, զուրկ հոգևոր միաբանությունից։

Միևնույն տարում (1791), երբ Հասան-Ջալալյան Սարգիս եպիսկոպոսը եկավ Գանձակ, իր երկու եղբայրներին՝ Դանիել-բեկին և Ջալալ-բեկին այնտեղից ուղարկեց Գանձասար, որ վանքի թաքցրած կայքերը դուրս հանեին և բերեին Գանձակ։ Այդ վանքի անբավ հարստությունը Իբրահիմ-խանը հափշտակելու ժամանակ՝ կարողացել էին մի մասը միայն թաքցնել, որովհետև Սարգիս եպիսկոպոսի փախուստը այն աստիճան շուտափույթ կատարվեցավ, որ նա ժամանակ չգտավ վանքի կայքերը իր հետ վեր առնելու։

Բայց նրա եղբայրներին նույնպես չհաջողվեցավ։ Դանիել-բեկը և Ջալալ-բեկը, թեև գաղտնի եկան Գանձասար, բայց իսկույն մատնվեցան։ Իբրահիմ-խանի մարդիկը բռնեցին նրանց, Ջալալ-բեկի գլուխը կտրեցին, իսկ Դանիել-բեկին կենդանի տարան խանի մոտ։ Խանը հրամայեց բանտարկել նրան, ասելով. «Գնա այնտեղ մնա՛, թող ռուսները գան և ազատեն քեզ...»։ Այդ խոսքերով գոռոզ խանը կամեցավ ծաղրել հայերի այն հույսերը, որ դրած էին ռուսների վրա։ Մի քանի օրից հետո նրան բանտից դուրս բերելով, հրամայեց մաս-մաս կտրատել...

Նրա քույրը, տիկին Ղամար-սոլթանը (Մելիք-Մեջլումի մայրը) այդ ժամանակ պահված էր Շուշի բերդում իբրև պատանդ։ Նա հավաքեց եղբոր մարմնի կտորտանքը և թաղել տվեց տեղային գերեզմանատնում[78]։

Մենք վերևում հիշեցինք, որ, Իբրահիմ-խանը դավաճան Իսրայել կաթողիկոսին մատուցած ծառայությունների համար, Մելիք-Շահնազարի խորհրդով, նրան տվեց Ամարասա վանքը և Ղարաբաղի վրա հովիվ կարգեց։ Այդ ժամանակ Երիցմանկանց վանքում նստած էր փոքր Սիմոն անունով մեկը կաթողիկոս։ Եվ այսպես, Ղարաբաղում երկու կաթողիկոսներ կային, Իբրահիմ-խանի հովանավորության ներքո։

Այդ տեսնելով Գանձակում գտնված հայոց մելիքները՝ Մեջլումը և Աբովը, Ջավադ-խանի հետ միաբանվելով, Իբրահիմ-խանի հակառակի Սարգիս եպիսկոպոսին Գանձակում կաթողիկոս օծել տվին (1794)։

Պատմում են, օծության խորհուրդը կատարելու ժամանակ եպիսկոպոսների թվից մեկը պակաս էր. այդ պակասը լրացնելու համար ինքը Ջավադ-խանը կանգնեց եպիսկոպոսների շարքում, ասելով՝ «Օծեցեք, թող մեկն էլ ես լինեմ»։

Գանձակի հայերը այնտեղ գտնված մելիքների հետ դիմեցին Էջմիածին, խնդրելով, որ Սարգսին հաստատեն Աղվանից կաթողիկոսության մեջ[79]։ Բայց Էջմիածինը մերժեց նրանց խնդիրքը, պատճառ բերելով, թե Ղարաբաղում կան արդեն երկու կաթողիկոսներ՝ Իսրայելը և Սիմոնը։ Թեև այդ երկու կաթողիկոսներն ավելի մահմեդականների հոգևորականներ էին, քան թե հայոց։

Եվ այսպես ծագեցան երկպառակություններ երեք միմյանց հակառակ կաթողիկոսների մեջ, որոնցից Սիմոնը նստած էր Երիցմանկանց վանքում, Իսրայելը նստած էր Ամարասա վանքում, իսկ Սարգիսը՝ Գանձակում։

Այդ երկպառակությունները երկար զբաղեցրին Ղարաբաղի և Գանձակի հայ հասարակություններին, մի այնպիսի ժամանակում, երբ Ղարաբաղի հայկական իշխանությունները Իբրահիմ-խանի ոտքերի տակ հետզհետե խորտակվում էին... և Հայերը պետք է լուծեին մի մեծ ազգային խնդիր...

XXIV

Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Գանձակում գտնված ժամանակ Իբրահիմ-խանը իրան դեռևս այդ երկու մելիքների վտանգից ազատված չէր համարում, մանավանդ, երբ տեսնում էր, որ նրանք միացել են իր թշնամու՝ Ջավադ-խանի հետ։ Նա նկատում էր, որ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Ղարաբաղում թողած ժողովրդի մեջ ինչ-որ գաղտնի շարժում կա։ Այդ ժողովուրդը չէր կարող մոռանալ իր սիրելի մելիքներին և հպատակել այնպիսի հայ դավաճանների, որոնք մահմեդական խանից կարգված և մահմեդականի հլու էին։ Մենք տեսանք, որ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի Ղարաբաղից հեռանալուց հետո նրանց հպատակներին, Իբրահիմ-խանի օգնությամբ, սկսեցին տիրել նոր մելիքներ։ Այդ օտար և խորթ մելիքներն անտանելի էին ժողովրդին։

Այդ էր պատճառը, որ Իբրահիմ-խանը կասկածելով, թե Գյուլիստանի և Ջրաբերդի հայերը (այսինքն՝ Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի հպատակները) կարող են միանալ Գանձակի հայերի հետ և, մեծ ուժ կազմելով, կարող են իրան վտանգ սպառնալ, այդ մտքով սկսեց նրանց Գանձակի սահմանների մոտից տեղափոխել ուրիշ տեղ։ Գյուլիստանի բնակիչներին տարավ Խաչենի գավառը, իսկ Ջրաբերդի բնակիչներին տարավ Տիզակի գավառը[80] և այսպես ցրեց նրանց դեպի ամեն կողմեր։ Այդ ժամանակներում էր (1788), որ Մելիք-Աբովի հպատակներից (Գյուլիստանից) 500 ընտանիք, չկարողանալով համբերել Իբրահիմ-խանի բռնությանը, թողեցին իրանց հայրենիքը և գաղթեցին Գանձակի գավառը։ Ջավադ-խանը նրանց բնակության տեղ տվեց Շամքորի մեջ, որը իր իշխանության տակ էր գտնվում։ Դարձյալ այդ ժամանակներում էր, որ Մելիք-Մեջլումի հպատակներից մոտ հազար ընտանիք թողեցին Ջրաբերդը, նույնպես գաղթեցին Գանձակի գավառը։ Ջավադ-խանը նրանց բնակության տեղ տվեց Շամշադինում։

Այդ գաղթականները, թեև անցան մի օտար հողի վրա, բայց դարձյալ գտնվում էին իրանց մելիքների հպատակության ներքո։ Ջավադ-խանը չէր իշխում նրանց վրա։ Մելիք-Մեջլումը տիրում էր իր ժողովրդին, իսկ Մելիք-Աբովը տիրում էր իր ժողովրդին։ Դրանք բնակվում էին Գանձակի գավառում որպես ժամանակավոր հյուրեր։

Այժմ ի դեպ է հիշել, որ ինչպես Ղարաբաղում կային հինգ հայկական մելիքություններ, այնպես էլ Գանձակի գավառում կային չորս հայկական մելիքություններ[81], որոնց մասին մեր պատմության մեջ ոչինչ չենք խոսացել։

Ղարաբաղի հայերի մի մասը, խմբվելով Գանձակի գավառում, իրանց վաղեմի մելիքների իշխանության ներքո, սկսեցին այստեղից արշավանքներ գործել Իբրահիմ-խանի վրա։ Նրանց երբեմն օգնում էին և Գանձակի գավառի հայ մելիքները Ջավադ-խանի դրդելով։ Այդ արշավանքները տևեցին մի քանի տարի։ Արշավանքները ոչ այնքան տիրապետական նպատակներով էին կատարվում, որքան ասպատակության և ավարառության նպատակներով։ Ամեն մի հարձակում վերջանում էր կոտորածով, հրդեհով, ավերածով և գերիվարությամբ։ Ղարաբաղի թուրքերը սկսեցին այդ ժամանակ հայի ձևով հագնվել, որ չճանաչվեն։ Ամեն մի թուրք, որ հայերի ձեռքն էր ընկնում, անխնա կերպով սպանվում էր։ Արշավանքներին առաջնորդում էին Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը), Թյուլի-Արզումանը և շուշեցի զարգար Մելքումը։ Նրանք այն աստիճան նեղի մեջ դրին Իբրահիմ-խանին, որ բոլորովին կտրեցին Թարթար գետի անցքը և ոչ մի մահմեդական չէր համարձակվում դեպի Գանձակի կողմերը անցկենալ։

Իբրահիմ-խանը հարկադրվեցավ մի քանի անգամ դիմել Ջավադ-խանին, խնդրելով նրա միջնորդությունը, որ իրան հաշտեցնե Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի հետ, որ նրանք դադարեցնեն իրանց թշնամական գործողությունները և, վերադառնալով իրանց հայրենիքը, վայելեն իրանց վաղեմի իրավունքները, տիրելով իրանց երկիներին։ Բայց մելիքները չէին հավատում խաբեբայի խոստմունքներին, առաջարկում էին, թե իրանց հաշտությունը կկայանա այն ժամանակ միայն, երբ Շուշի բերդը կքանդվի, և Իբրահիմ-խանը, դուրս գալով այդ որջից, կհեռանա Ղարաբաղից, հիմնելով իր համար նոր բնակություն Ջուանշիրի անապատներում, ուր ապրում էին նրա նախնիքը։ Այդ առաջարկությունը խիստ ծանր էր. զրկվել Շուշի բերդի ամրությունից, նշանակում էր զրկվել ամեն բանից։ Պետք է ասած, որ Ջավադ-խանը նույնպես համակրում էր այն մտքին, որ Շուշի բերդը դատարկված և քանդված լինի։ Նրան, անտանելի էր տեսնել իր հարևանության վրա մի նորաբուսիկ խանություն, ամրացած Շուշիի անմատչելի բարձրության վրա։ Նա անդադար կրկնում էր այդ խոսքը. «Նզովյալ լինի Մելիք-Շահնազարը, որ կյանք տվեց սառած օձին, իր կուրծքի վրա ջերմացնելով նրան։ Եթե չլիներ Շուշի բերդը, չէր լինի և ջուանշիրցիների խանությունը...»։

Եվ իրավ, այդ բերդը հիմնեց Մելիք-Շահնազարը և տվեց Փանահ-խանին։ Նա Ղարաբաղի կուրծքի վրա սկսեց զարգացնել մի նենգավոր, օձաբարո մահմեդական խանություն...

Փանահ-խանը համեմատաբար ավելի լավ էր. նա փոքրիշատե պահպանել էր իր ցեղի պարզությունը, նա ազատ էր մահմեդական մոլեռանդությունից և հայոց մելիքների հետ վարվում էր ոչ իբրև իշխող, այլ որպես դաշնակից։ Բայց Իբրահիմ-խանը հոր նման չէր։ Մանկությունից կրթված լինելով Պարսկաստանում, սովորել էր նա մահմեդական կրոնի բոլոր մոլեռանդությունները։ Նա ոչ միայն հալածում էր քրիստոնեությունը, այլ բռնությամբ ստիպում էր շատերին ընդունել մահմեդականություն։ Մելիքների տիրապետության ժամանակներում Ղարաբաղում ոչ մի թուրք բնակիչ չկար։ Եթե այսօր հանդիպում ենք Ղարաբաղում ամբողջ գյուղերի հայ-մահմեդական բնակիչներով, եթե տեսնում ենք, հայոց գյուղերում թուրք ընտանիքներ, որոնք խոստովանվում են, թե իրանց նախնիքը հայեր են, եղել,— այդ բոլորը Իբրահիմ-խանի ժամանակների պտուղներն են։

Խանի այդ վարմունքը սաստիկ վիրավորում էր հայոց մելիքների կրոնական զգացմունքը։ Նրանք մի այլ հնար չէին գտնում կրոնափոխության առաջը առնելու, միայն պատահած ժամանակ սպանում էին Քրիստոսի հավատքը ուրացողներին։ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) այլապես էր վարվում։ Նա երդվել էր, թե որքան թվով Իբրահիմ-խանը հայերից մահմեդական կդարձնե, ինքը նույնքան թվով թուրքեր պիտի կոտորե։ Իսկ Թյուլի-Արզումանը միսիոնարի դեր էր կատարում։ Նա իր ձեռքն ընկած մահմեդականներին ստիպում էր խոստովանել քրիստոնեական կրոնի ճշմարտությունը և մահմեդականությանն ստությունը, իհարկե, ոչ թե քարոզներով, այլ սրի ուժով։ Մի դեպք, որ Ղարաբաղի հայերի բերանում առակի ձև է ստացել, արտահայտում է այդ մարդու կրոնական նախանձախնդրության հատկանիշները։ Մի անգամ Արզումանը պատահում է մի բարձրաստիճան թուրք մոլլայի, որը իր ծառաների հետ գնում էր Շուշի բերդը։ Բռնում է մոլլային և, իր սուրը նրա պարանոցի վրա դնելով, ասում է. «Եթե կխոստովանվես, որ Քրիստոսն աստված է, ես քեզ չեմ սպանի»։ Մոլլան խոստովանվում է։ Արզումանը այդ խոստովանությունը երեք անգամ կրկնել է տալիս և ապա բաց է թողնում մոլլային։ Այդ անցքը իմացում են տալիս Իբրահիմ-խանին։ Խանը, մոլլային իր մոտ կանչելով, բարկությամբ հարցնում է. «Մի՞թե դու խոստովանվեցար, որ Քրիստոս աստված է։— «Այո՛, խոստովանվեցա,— պատասխանում է մոլլան։— Իսկ եթե դուք, վեհափառ խան, Արզումանի ձեռքը ընկնեիք, կասեիք, ոչ թե միայն Քրիստոսը աստված է, այլ և դու, ինքդ, Արզուման, աստվածների աստվածն ես...»։

XXV

Մի քանի տարի Գանձակի գավառում մնալուց հետո Մելիք-Մեջլումի և Մելիք-Աբովի մեջ տիրող միաբանությունը սկսեց փոքր առ փոքր խախտվել։ Մելիք-Մեջլումը մի տղամարդ էր խոհեմ, զգաստ և սուր դատողությունով։ Իսկ Մելիք-Աբովը, թեև պատերազմների մեջ քաջ, աներկյուղ և անպարտելի էր, բայց բնավորությամբ սաստիկ դյուրագրգիռ և անհեռատես էր։ Ջավադ-խանը ավելի հարգում էր Մելիք-Մեջլումին. այդ գրգռեց Մելիք-Աբովի նախանձը։

Նրանց հակառակությունը ավելի սաստկացավ այն պատճառով, որ Մելիք-Աբովը ցանկանում էր իր ժողովրդով թողնել Գանձակի գավառը և գաղթել Վրաստան և Բոլնիսում նոր գաղթաշենք հիմնել։ Բայց Մելիք-Մեջլումը չէր համաձայնում այդ մտքի հետ։ Նա այժմ բոլորովին ցանկություն չուներ թողնել հայրենիքը և ապաստան գտնել մի նոր գաղթականության մեջ։ Նրանք առանց դրան ևս իրանց հայրենիքից դուրս էին ապրում։ Բայց Գանձակի գավառը, Մելիք-Մեջլումի մտածելով, ավելի մոտ էր Ղարաբաղին, այստեղից ավելի հեշտ կլիներ պատեհ ժամանակում կրկին անցնել Ղարաբաղ։ Բայց Վրաստան գնալ և վրաց իշխանի գործ դրած նենգավորություններից հետո վրացիների հետ դարձյալ գործ ունենալ, նա ամենևին չէր կամենում։

Ջավադ-խանի բոլոր ջանքերը իզուր անցան երկու մելիքներին հաշտեցնելու համար։ Մի անգամ ամենաչնչին առիթով Մելիք-Աբովը կռվեց Մելիք-Մեջլումի հետ։ Երկուսն էլ Ջավադ-խանի մոտ ճաշի էին հրավիրված. օրը պաս էր. Մելիք-Մեջլումը անխտիր ուտում էր բոլոր կերակուրներից, իսկ Մելիք-Աբովը հրաժարվում էր ասելով, թե ինքը մեղք է համարում պասը լուծել։ Այդ առիթ տվեց վիճաբանության և Մելիք-Աբովը սկսեց սաստիկ նախատել Մելիք-Մեջլումին, թե նա մեղանչում է հայոց կրոնի դեմ և այլն։ Այդ օրից նա թողեց Գանձակը և իր ժողովուրդը վեր առնելով գնաց Բոլնիս։

Բոլնիսում ևս Մելիք-Աբովը հակառակություն ունեցավ վրաց իշխանների հետ, երկար այնտեղ մնալ չկարողացավ։ Հետո (1795) թողեց Բոլնիսը և, Իբրահիմ-խանի հետ հաշտվելով, վերադարձավ Ղարաբաղ, բնակվեցավ իր հայրենի երկրում, Գյուլիստանում։ Բայց հանգամանքները, որպես հետո կտեսնենք, կրկին ստիպեցին նրան թողնել հայրենիքը...

XXVI

1791 թվին վախճանվեցավ Մելիք-Շահնազար II։ Ղարաբաղը ազատվեցավ իր կործանողից։ Բայց Խամսայի մելիքություններին հասցրած նրա հարվածը այն աստիճան մահացու էր, որ այլևս ոչնչով բժշկել չէր կարելի...

Մահվան անկողնում զղջաց նա, կամեցավ հաշտվել իր խղճի և աստծո հետ։ Եվ որպես այդ տեսակ մարդիկ միշտ կրոնական բարեպաշտության մեջ են որոնում իրանց մեղքերի թողությունը, նա ևս շրջապատեց իրան աբեղաներով, բաց արեց հարստահարությամբ մթերած ցորենի ամբարները և մի սովի ժամանակ ձրի կերակրեց ժողովրդին իր հացով։

Մելիք-Շահնազարը շատ հարուստ մարդ էր։ Նա մտածեց ավելի նշանավոր գործերով քավել իր նշանավոր հանցանքները։ Ամարասա վանքը, որի մեջ ամփոմփված էին Լուսավորիչ թոռի՝ սուրբ Գրիգորիսի նշխարները, խիստ անշուք և կիսավեր դրության մեջ էր նրա ժամանակում։ Նա սկսեց այդ վանքի շինությունները վերանորոգել. շրջապատեց վանքը ամուր և բարձր պարիսպներով, աշտարակներով, միաբանության համար խուցեր, սենյակներ շինեց, վանքային տնտեսության համար ընդարձակ սեղանատուն, ամբարանոցներ և ախոռատուն հիմնեց, բոլորը սրբատաշ քարից, բոլորը մեծ և վայելուչ։ Բայց դեռ տաճարի կառուցմանը չձեռնարկած, մահը վրա հասավ, նրա բաղձանքը թողեց անկատար։ Հանգուցյալի արկղների մեջ գտան մի քանի քսակներ լիքը ոսկիներով, որ կտակել էր տաճարի շինվածքը ավարտելու համար։ Ժառանգները չկատարեցին կտակը։

Մելիք-Շահնազարը թողեց չորս որդի՝ Ջումշուդ, Հուսեին III, Ջհան-բախշ և Ջհանգիր։

Դեռ մեռնելուց առաջ նա կարգեց որդիների վրա հոգաբարձու իր բարեկամ Իբրահիմ-խանին, հանձնելով նրան, որ ժառանգներից որին որ հարմար կհամարե, կարգե իր փոխարեն հաջորդ։

Օրենքով պետք է հաջորդեր Ջումշուդը, որովհետև նա ծնված էր Մելիք-Շահնազարի օրինավոր ամուսնությունից։ Բայց Իբարահիմ-խանը իր կնոջ՝ Հուրի-զատ-խանումի ազդեցությամբ, ընտրեց նրա հարազատ եղբորը՝ Հուսեինին[82]։ Խանի կամայականությունը առիթ տվեց ժառանգների մեջ երկպառակության։ Ջհան-բախշը դիմեց պարսից շահին, նրանից ֆիրման ստացավ, աշխատում էր ինքը իշխել։ Բայց Մելիք-Հուսեինը, Իբրահիմ-խանի օգնությամբ, հարձակվեցավ Ջհան-բախշի տան վրա, նրա կայքը կողոպտեց և Ջհան-բախշը հազիվ կարողացավ իր կյանքը ազատել, իր եղբայր Ջհանգիրի հետ փախչելով Շամախի Մուստաֆա-խանի մոտ։ Ժառանգների մեջ այդ երկպառակությունները տևեցին մինչև Աղա-Մահմադ-խանի գալուստը, երբ ինքը՝ Իբրահիմ-խանը, իր կյանքը պարսից ներքինի շահի ձեռքից ազատելու համար, ստիպվեցավ փախչել Բալաքան։

XXVII

Մելիք-Շահնազարի մեռնելուց հետո Իբրահիմ-խանի զորությունը թուլացավ։ Այդ մարդու ձեռքումն էր բռնված այն շղթայի մի ծայրը, որով հայոց մի քանի նորաբուսիկ մելիքն էր հնազանդվում էին թուրք խանին։ Այդ մելիքները, որոնք առաջ իշխանության և աստիճանի տեր լինելու բաղձանքով դիմեցին թուրք խանի օգնությանը և նրան անձնատուր եղան, Մելիք-Շահնազարի մահից հետո սկսեցին փոքր առ փոքր զգալ իրանց սխալը, սկսեցին վերջապես հասկանալ, որ իրանք իրանց ձեռքով քանդեցին իրանց տունը և մահմեդական բռնավորին բարձրացրին իրանց գլխի վրա։

Այդ ինքնաճանաչությունը առաջ եկավ զանազան հանգամանքներից, որոնց հարկավոր ենք համարում համառոտ կերպով անցնել, ցույց տալու համար, թե իսկապես ի՞նչ նշանակություն ունեին Շուշի բերդի խաները, և իրանց հարաբերությունների մեջ հայոց մելիքների հետ ո՛ր աստիճան իրավունքներ ունեին, և արդյոք կարելի՞ է համարել նրանց երկրի տերը կամ իշխանը։

Մենք գիտենք Փանահ-խանի ծագումը. մենք գիտենք և այն, որ Պարսկաստանը կառավարող զենդ-Քերիմ-խանը (որը թագավոր չէր, այլ Պարսկաստանի մի մասը բռնությամբ տիրացած մի աննշան լոռեցի[83] Փանահ-խանին սպանել տալուց հետո, նրա որդի Իբրահիմին խանության աստիճան շնորհեց և կարգեց Շուշի բերդի կառավարիչ։ Ուրեմն, Իբրահիմ-խանը ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ Պարսկաստանից կարգված, պարսից մի հասարակ խան, որը Պարսկաստանի նույն ժամանակվա երկպառակությունների և անիշխանության պատճառով կարողացավ երկար ժամանակ իր տեղում մնալ,— չկարողացավ հայոց անմիաբան մելիքների հաշվով նրանց գլխին նստել։ Բայց իսկապես նա երկրի տերը կամ իշխանը չէր, նա մի ժամանակավոր կառավարիչ էր, որի նմաններին պարսից կառավարությունը անդադար փոփոխում էր։ Նա ինքը պարսից հարկատու էր, իր պաշտոնի մեջ մնալու համար ամեն տարի ահագին փեշքեշներ և ընծաներ էր ուղարկում Պարսկաստան։

Մելիքների անմիաբանության շնորհիվ նա կարողացավ և կարողանում էր իր դիրքը պահպանել։ Եթե մելիքներից մի քանիսը նրան թշնամի էին, ընդհակառակն, մի քանիսն էլ բարեկամներ էին, և այսպիսով, նրա կացության հավասարակշռությունը պահպանվում էր։

Իբրահիմ-խանը դեռ չէր դիպել հայոց մելիքների ուղղակի և զգալի շահերին։ Թեև նրա հայրը և ինքը, օրինակ, Խաչենում և Ջրաբերդում երկու նոր մելիքություններ վերականգնեցին, բայց այդ կատարեցին նրանք որպես օգնողներ և ոչ որպես կարգողներ կամ հիմնողներ։ Եվ այդ պատճառով խաների հարաբերությունները դեպի այդ մելիքները ավելի դաշնակցական էին, քան թե իշխողի և ստորադրյալի հարաբերության բնավորությունն ունեին։

Բայց Մելիք-Շահնազարի մահից հետո Իբրահիմ-խանը հետ քաշեց դիմակը և, օգուտ քաղելով հանգուցյալի դեպի ինքն ունեցած հավատարմությունից, որով իրան հոգաբարձու էր կարգել իր ժառանգների վրա,— նա բացարձակ իրավունք համարեց հաջորդ նշանակելու մելիքի որդիներից նրան, որ բոլորից անընդունակն էր, բայց որը, իր կնոջ եղբայրը լինելով, ավելի հավատարմությամբ կծառայեր իրան։ Այդ էր պատճառը, որ վրդովեցրեց ժառանգներին, որովհետև խանի միջամտությունը միանգամայն հակառակում էր նրանց ավանդական սովորություններին հաջորդության կարգերի վերաբերությամբ։

Բայց Իբրահիմ-խանը ավելի հեռու գնաց։ Նա դիպավ ժողովրդի և մելիքների ամենազգալի շահերին. նա սկսեց միջամտություն գործել երկրի հողային խնդիրների մեջ, որոնք մինչև այնօր թողված էին անձեռնմխելի և կառավարվում էին միմիայն հայոց վաղեմի սովորություններով, որոնք օրենքի ձև էին ստացել։ Մեր պատմության նպատակից դուրս է մանրամասնաբար բացատրել, թե ի՞նչ դրության մեջ էր հողային հարցը Ղարաբաղում, կամ ի՞նչ պարտավորություններ ունեին գյուղացիները մելիքների վերաբերությամբ ընդհանրապես, իսկ խանի վերաբերությամբ մասնավորապես[84][85]։ Միայն այսքանը կասենք, այն աղետալի անցքերը, որ նկարագրեցինք մեր XXIV գլխում, միջոց տվին Իբրահիմ-խանի կամայականությանը բացարձակ կերպով հողային բաշխումներ և կարգադրություններ անելու, մի իրավունք, որից նա առաջ զուրկ էր։ Մենք տեսանք, որ Ջրաբերդի Մելիք-Մեջլումը և Գյուլիստանի Մելիք-Աբովը, իրանց ժողովրդի մի մասը առնելով, գաղթեցին Գանձակի գավառը։ Նրանց գյուղերը, նրանց հողերը մնացին անտեր, դատարկ։ Այդ ժամանակ խանը սկսեց նրանց հողերը բաժանել ում որ կամեցավ, նրանց տեղերում բնակեցրեց նոր գաղթականներ[86]։ Եվ այսպիսով, հանգամանքների շնորհիվ նա իրավունք գտավ հայոց հողերի վրա, որը մինչև այնօր չուներ։

Այդ կամայականությունը վրդովեցրեց մինչև անգամ խանին անձնատուր եղած մելիքներին, առավել այն ժամանակ, երբ տեսան, որ խանը հայոց հողերի վրա բնակեցրեց և թուրք գաղթականներ, որպես էին գոլանիները, մի վայրենի և ավազակ ցեղ, որ թափառում էր Ջուանշիրի անապատներում։ Բոլորովին հայաբնակ Ղարաբաղում մտան թուրք բնակիչներ, որոնք առաջ չկային։ Խանի այդ վարմունքը հուզեց ընղհանուր դժգոհություն թե Ղարաբաղի հայ ժողովրդի և թե խանի բարեկամ մելիքների մեջ։

Բայց այդ մելիքները դեռևս ոչինչով չէին ցույց տալիս իրանց անբավականությունը, միայն իրանց սրտերում սնուցանում էին մի խուլ բողոք և սպասում էին հարմար ժամանակի։

Առաջին բողոքը բարձրացրեց Վարանդայի Մելիք-Շահնազարի որդի Մելիք-Ջումշուդը որը իր բոլոր եղբայրների մեջ ավելի հառաջադեմը և ավելի խելացին էր։ Նա արդեն հասկացել էր, թե որքան կորցրեց իր հայրը և որքան կորցնել տվեց Ղարաբաղի մյուս մելիքներին, բարեկամություն պահպանելով Շուշի բերդի խաների հետ։

Հասարակության վրա տարածված բռնությունը այնքան զգալի չէր լինում անհատներին, մինչև իրանց անձի վրա դեռ չեն փորձել նրա ճնշող ներգործությունը։ Մելիք-Ջումշուդը անձամբ նրա փորձը առեց։ Բռնավորը նրան զրկեց օրինավոր հաջորդությունից և նրա փոխարեն կարգեց անարժան եղբորը։ Նրա երկու մյուս եղբայրները՝ Ջհանգիրը և Ջհան-բախշը, հալածված նույն բռնավորից, փախան Մուստաֆա-խանի մոտ։ Ինքը մնաց միայնակ և անօգնական։

Նրա տոհմային հպարտությունը սաստիկ վիրավորված էր։ Նրա նախնիքը՝ Մելիք-Շահնազար մեծը, ամբողջ Գեղարքունյաց տերը, բարեկամություն ուներ Շահ-Աբասի հետ, որից սարսափում էր Արևելքը։ Նրա պապը՝ Մելիք-Հուսեին մեծը, հարաբերություն ուներ կայսրների հետ։ Իսկ այժմ այդ մեծ մարդկանց ավելի քան մի քանի հարյուր տարի գոյություն ունեցող հոյակապ տան մեջ կարգադրություններ էր անում մի նորելուկ ջուանշիրցի խան, որի իշխանության թվականը իր հասակի տարեթվից հեռու չէր անցնում։ Բայց ո՞վ բարձրացրեց ջուանշիրցուն, ո՞վ օգնեց նրա զորանալուն։ Դարձյալ մի հայ, մի անբարիշտ, և խռովարար հայ, որը հայրենիքի ազատությունը զոհեց իր մանր անձնական ջահերին և նրա ավերակների պատճառը դարձավ։ Մելիք-Ջումշուդը չէր կարող առանց վրդովմունքի հիշել, որ այդ հայը իր հայրն էր...

Այդ բոլորը անվերադառնալի կորուստներ էին։ Բայց Մելիք-Ջումշուդը մտածում էր կարելվույն չափ կորուստը ետ դարձնել և դարման տանել հայրենիքի վերքերին։ Նա պարզ տեսնում էր, որ այդ վերքերը առաջ եկան անմիաբանությունից, երկպառակությունից և հային հատուկ օտարասիրությունից։ Մելիք-Ջումշուդը բավական կարդացած երիտասարդ էր։ Նա չէր զարմանում, երբ հիշում էր, որ մի ժամանակ հայոց նախարարները դիմեցին պարսից արքային, խնդրում էին նրանից, որ Հայաստանի հարազատ թագավորին վեր առնե և նրա տեղը պարսիկ մարզպան դնե։ Նա չէր զարմանում, նա միայն ցավում էր հայերի օտարասիրության վրա, նա միայն վրդովվում էր, երբ նույնը տեսնում էր կատարված իր ժամանակում, իր աչքերի առջև։

Նրա հայրը անմատչելի Ղարաբաղի մեջ մտցրեց մի օտար ցեց, որը ուտելով, մաշելով խախտեց տեղային բոլոր հայկական իշխանությունների հիմքը և վերջապես կործանեց այն հաստատուն շենքը, որ դարերով կառուցված էր։ Այդ ավերմունքին գլխավորապես նպաստեցին իրանց՝ հայերի գործակցությունները։ Մելիք-Ջումշուդը մտածում էր վերականգնել խորտակված շենքը։ Նա գիտեր, որ կործանման պատճառը եղավ նույն իսկ հայ մելիքների երկպառակությունը. ուրեմն շինությունը կարող էր հաջողվել դարձյալ նույն մելիքների միաբանությամբ։ Նա աշխատում էր կրկին նորոգել միաբանության խզված կապերը մելիքների մեջ։ Բայց որտե՞ղ էին մելիքները։

Մեկը, Տիզակի Մելիք-Բախտամը, շղթաների մեջ պահված էր Արդավիլի բերդում, երկուսը, Գյուլիստանի Մելիք-Աբովը և Ջրաբերդի Մելիք-Մեջլումը, գտնվում էին հայրենիքից դուրս, պանդխտության և գաղթականության մեջ ապահովություն էին որոնում։ Երկրի նշանավոր և հիմնակալ ուժերը ցրիվ էին եկած օտար աշխարհներում։ Իսկ հայրենիքի մեջ մնում էին դավաճանները, խանին անձնատուր եղած մելիքները։ Մելիք-Ջումշուդը մտածում էր այդ վերջիններին իր կողմը ձգել և նրանց բարեկամական հարաբերությունները անջատել խանից։ Մի դեպք նպաստեց նրա ցանկությանը։ Այդ դեպքը թեև ընտանեկան էր, բայց քաղաքական կերպարանք ստացավ։

Իբրահիմ-խանը սաստիկ անբարոյական մարդ էր. նրա հարեմը լի էր հայոց աղջիկներով, և ամեն տեղ, եթե գտնվում էր մի գեղեցիկ հայ աղջիկ, հազիվ թե կարող էր ազատ մնալ նրա կրքերից։ Մենք գիտենք, որ նրա հավատարիմ մելիքներից մեկը, Ռուստամը, ամուսնացած էր կսապատցի Ապրես-աղայի դստեր՝ Վարդ-խաթունի հետ։ Երբ Վարդ-խաթունը դեռ օրիորդ էր, Իբրահիմ-խանը ցանկացավ նրան իր կին ունենալ։ Օրիորդի հայրը աղջկան մահմեդական հարեմից ազատելու համար տվեց Մելիք-Ռուստամին, թեև աղջիկը դեռ փոքրիկ էր և կին լինելու հասակին չէր հասած։ Բայց դրանով Իբրահիմ-խանը չհանգստացավ. նա շատ բաներ էր լսած Վարդ-խաթունի գեղեցկության մասին, ցանկանում էր նրան իր մոտ ունենալ։

Մենք տեսանք, երբ Մելիք-Մեջլումը և Մելիք-Աբովը հեռացան Ղարաբաղից, Իբրահիմ-խանը նրանց ընտանիքներից մի քանի հոգի բերեց Շուշի բերդը, պահեց այնտեղ իբրև պատանդ։ Այդ ժամանակ պահանջեց նա Մելիք-Ռուստամից պատանդի անունով նրա կնոջը՝ Վարդ-խաթունին։ Մելիք-Ռուստամը անճարացած տվեց, թեև նրան լավ հայտնի էր, որ խանը ավելի իր համար սիրուհի է տանում, քան թե պատանդ, որովհետև իր հավատարմության վրա կասկածելու առիթ չուներ նա։

Մենք գիտենք և այն, որ Մելիք-Ռուստամը Խամսայի մելիքներից չէր, այլ Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումի կյանքի դեմ դավադրություն սարքելու համար որպես վարձատրություն ստացավ խանից Ջրաբերդի իշխանությունը։ Իսկ այժմ հիշյալ ընտանեկան անպատվությունն այն աստիճան վիրավորեց նրան, որ նա թողեց Իբրահիմ-խանի ծառայությունը և իր մնացած ընտանիքով[87] գնաց Նուխի, Սելիմ-խանի մոտ, որը այդ ժամանակ թշնամական հարաբերության մեջ էր Իբրահիմ-խանի հետ։

Սելիմ-խանը սիրով ընդունեց Մելիք-Ռուստւվմին և Դաշ բուլաղ անունով գյուղը ընծայեց նրա բնակության համար։ Այնտեղից Մելիք-Ռուստամը սկսեց հարձակումներ գործել Շուշի բերդի վրա և շատ վնասներ տալ Իբրահիմ-խանին։

Թեև մի առանձին մեծ նշանակություն չունեին նրա հարձակումները, որովհետև Իբրահիմ-խանին ոչնչացնելու համար հարկավոր էր, որ հայոց բոլոր մելիքները հավաքական ուժերով պատերազմեին։ Բայց այդ էլ բավական էր, որ խանի հավատարիմ մելիքներից մեկը ոչ միայն անջատվեցավ նրանից, այլև թշնամացավ նրա հետ։

Խանին բարեկամ մնացին միայն երկու մելիքներ՝ Խնզիրիստանի Մելիք-Միրզախանյան Մելիք-Ալլահվերդին և Վարանդայի Մելիք-Շահնազարյան Մելիք-Հուսեին III, որը Իբրահիմ-խանի կնոջ (Հուրի-զատ խանումի) հարազատ եղբայրն էր, և քրոջ ազդեցությամբ իր ձեռքը ձգեց Վարանդայի իշխանությունը։ Այդ անցքը, որպես վերևում ցույց տվեցինք, սաստիկ գրգռեց Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի թշնամությունը, և նա սկսեց այնուհետև մտածել Իբրահիմ-խանի կործանման վրա, միայն սպասում էր մի հարմար ժամանակի։ Նա սկսեց գաղտնի թղթակցել Մելիք-Մեջլումի, Մելիք-Աբովի և Մելիք-Ռուստամի հետ, որոնք խանից հալածված նույնպես թշնամի էին խանին։

XXVIII

Ռուս-տաճկական երկրորդ պատերազմի հետ (1787—1791) միևնույն ժամանակ ծագեց շվեդական պատերազմը։ Ռուսաց կառավարությունը այն աստիճան զբաղված էր այդ պատերազմներով, որ ամենևին ժամանակ չուներ մտածելու Անդրկովկասի քրիստոնյաների վրա, թեև այդ վերջինները անդադար տեղեկություններ էին տալիս իրանց աննախանձելի դրության մասին։ Իշխան Պոտյոմկինը և Հովսեփ արքեպիսկոպոսը մասնակցում էին ռուսաց արշավանքներին, դրանք ևս. որ խիստ հետաքրքրված, էին Անդրկովկասով, այդ ժամանակ հազիվ թե կարող էին իրանց ցանկությունները իրագործել։

Իսկ վերոհիշյալ պատերազմների ընթացքում, որպես տեսանք, Ղարաբաղում կատարվեցան մի շարք աղետալի անցքեր։ Իբրահիմ-խանը, ձեռք բերելով հայոց մելիքների ռուսաց հետ ունեցած թղթակցությունները, սկսեց հալածել նրանց։ Նույն խանի ձեռքով Հովհաննես կաթողիկոսը սպանվեցավ, Գանձասարի վանքը կողոպտվեցավ, Տիզակի Մելիք-Բախտամը աքսորվեցավ, Խաչենի Հասան-Ջալալյաններից երկու մելիքները սպանվեցան, և ամենացավալին այն էր, որ նշանավոր մելիքներից երկուսը, Մեջլումը և Աբովը, իրանց ժողովրդի հետ դուրս եկան Ղարաբաղից, այնտեղ մնացին կամ խանին համակրող, կամ նրանից վախեցող մելիքները։

Այդ բոլոր տխուր անցքերը առիթ տվին Հովսեփ արքեպիսկոպոսին շտապելու, կրկին ողորմած կայսրուհու ուշադրությունը դարձնելու հայերի վրա։

Այդ ժամանակ արքեպիսկոպոսը կազմեց իր նշանավոր պատմական տեղեկագիրը, որ բովանդակում էր իր մեջ Ղարաբաղի տիրապետող մելիքների հարաբերությունները ռուսաց կառավարության հետ, սկսյալ Պետրոս Մեծի օրերից, և նրանց մատուցած նշանավոր ծառայությունները Ռուսաստանին, և հասցրեց մինչև իր օրերը։ Հիշյալ տեղեկագիրը իշխան Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացվեցավ կայսրուհուն 1790, 23 հունվարի։

Այդ տեղեկագիրը իր առանձին ազդեցությունն ունեցավ։ Օսմանցոց հետ ունեցած պատերազմը միայն արգելք էր լինում կայսրուհուն Անդրկովկասի քրիստոնյաների վերաբերությամբ մի վճռական գործ սկսելու։ Այդ պատճառով եռանդոտ արքեպիսկոպոսի խնդիրքները հետաձգվում էին, հուսադրելով նրան, թե իր բաղձանքները կկատարվեն, միայն հարկավոր էր փոքր-ինչ ևս համբերել։

Բայց մի ցավալի կորուստ թե արքեպիսկոպոսին և թե Ղարաբաղի մելիքներին սաստիկ հուսահատություն պատճառեց։ Թուրքաց պատերազմը վերջանալու վրա էր, երբ իշխան Պոտյոմկինը կռվի դաշտից կանչվեցավ Ս. Պետերբուրգ և ապա կրկին ետ ուղարկվեցավ (1791) թուրքերի հետ հաշտության պայմանների մասին բանակցելու համար։ Նույն տարվա աշնան սկզբումը իշխանը վախճանվեցավ։ Նրա մահը սուգի մեջ դրեց հանգուցյալի մտերիմ բարեկամ Հովսեփ արքեպիսկոպոսին։ Սրբազանը ոչինչով իրան մխիթարել չէր կարողանում, նա իր հիմնած մեծ շենքը բոլորովին կործանված էր համարում և նրա ավերակների տակ խորտակված էր տեսնում իր սրտին խիստ մոտ ցանկությունները...

1791 թվի դեկտեմբերի 29-ին հաշտության պայմանը ստորագրվեցավ Ռուսաստանի և Թուրքիայի մեջ։ Կայսրուհին կրկին ուշադրություն դարձրեց Անդրկովկասի վրա։ Այդ ժամանակ թե հայերը և թե վրացիները ավելի մեծ տագնապի մեջ էին։ Պարսկաստանում զորացել էր Աղա-Մամադ-խան ներքինին և մի քանի տարի անդադար արշավանքներ էր գործում դեպի Արարատյան նահանգը, վտանգ էր սպառնում Վրաստանին։ Վրաց Հերակլ իշխանը մի կողմից, Թիֆլիսի հայերը մյուս կողմից, սարսափած ներքինի խանի բարբարոսություններից, սկսեցին օգնություն խնդրել։ 1795, 4 սեպ. բարձրագույն հրովարտակով հրամայվեցավ կոմս Գուդովիչին, ռուսաց զորքով օգնության հասնել և պաշտպանել Վրաստանը։ Բայց նա ուշացավ...

XXIX

Աղա-Մամադ-խանի արշավանքները.

Կուրացրած Շահ-Ռուխից հետո Պարսկաստանը ամբողջ ութն տարի խռովության մեջ էր, կեղեքվում էր զանազան ինքնիշխան տիրապետողների ձեռքում, որոնք շարունակ միմյանց հետ պատերազմելով, երկիրը դարձրել էին արյան ընդարձակ դաշտ։ Այդ տիրապետողներն էին՝ Ալի-Մուրադ-խանը, զենդ-Քերիմ-խանը, Ազատ-խանը, Մուհամեդ-Հասան-խանը և ուրիշ շատեր։

Վերջը հաղթող հանդիսացավ լորիստանցի զենդ-Քերիմ-խանը, նստեց Շիրազ քաղաքում, թեև ոչ իբրև թագավոր, բայց՝ Պարսկաստանի իշխող։ Այդ միջոցներում նրա մոտ իբրև պատանդ Շիրազ քաղաքում պահվում էր ներքինիացրած Աղա-Մամադ-խանը, որը վերոհիշյալ Մուհամեդ-Հասան-խանի որդին էր, ցեղով ղաջար, իսկ տեղով մազանդարանցի։

Քերիմ-խանի մահից հետո (1779) Աղա-Մամադ-խանը փախավ Շիրազից և, գալով Մազանդարանի կողմերը, հավաքեց իր շուրջը մեծ բազմություն, ապստամբվեցավ և, տիրելով Արաղստանին, իրան պարսից թագավոր հրատարակեց, Թեհրան քաղաքը իր համար աթոռանիստ ընտրելով[88]։

1795 թվի գարնանը Աղա-Մամադ-խանը Թեհրանից արշավանք գործեց դեպի Ատրպատական, նվաճեց այդ պարսկական ընդարձակ նահանգը, տիրեց Թավրիզը և ուրիշ շատ քաղաքներ, հետո իր եղբայր Ալի-ղուլի-խան սարդարին ուղարկեց դեպի Երևանի կողմը։ Այդ վերջինը, տիրելով Նախիջևանը, նույն տարվա հուլիս ամսում, բանակ դրեց Երևանի պարիսպների մոտ։ Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը սարսափելով նրա մոտ եկավ և, ներկայացնելով ծանրագին ընծաներ, աղաչում էր խնայել իր վանքը։ Ներքինի շահի եղբայրը պատվով ընդունեց կաթողիկոսին, խոստանալով, թե ոչ հայերին և ոչ վանքին վնաս չի հասցնի, եթե հայերը հավատարիմ կմնան Պարսկաստանին, ինչպես միշտ եղել են։

Երևանը առանց պատերազմի անձնատուր եղավ. տեղային խանը իր կնոջը և որդիներին պատանդ տալով, հպատակություն խոստացավ։ Այդ միջոցին ինքը Աղա-Մամադ-խանը, ուրիշ ճանապարհով դիմում էր դեպի Ղարաբաղի կողմերը, որ այնտեղից անց կենա Թիֆլիս։ Նա Խուդափիրինի կամրջով անցավ Երասխ գետը և լուր տվեց եղբորը, որ դադարեցնե արշավանքը Երևանի կողմով և շտապե իր մոտ։ Երկուսի նպատակն էլ այն էր, որ նվաճեին Վրաստանը, պատժեին Հերակլ իշխանին։

Պետք է ի նկատի ունենալ, որ Վրաստանը այն ժամանակ և նրանից առաջ, ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի պարսկական նահանգ, որ հարկ էր վճարում Պարսկաստանին։ Նրա մի մասը օսմանցիների ձեռքումն էր և Ախալցխայի մեջ նստած էր թուրք փաշա։ Իսկ երբ Հերակլը, պարսիկներից ազատվելու համար, Վրաստանը դրեց ռուսների հովանավորության ներքո, նրա վարմունքը իհարկե, չէր կարող չգրգռել պարսից շահի բարկությունը, որը ճանաչում էր Վրաստանը իբրև պարսից պետության մի մասը, իսկ վրաց իշխաններին՝ իբրև պարսից Դռնից նշանակված կառավարիչներ կամ վալիներ։

Աղա-Մամադ-խանը մտադիր էր անցկենալ դեպի Թիֆլիս, Ղարաբաղի և Գանձակի գավառների միջով։ Ահարկու ներքինիի արշավանքը մի նոր և ամենասաստիկ հարված պիտի տար Ղարաբաղի մելիքների նպատակներին և միանգամայն պիտի ոչնչացներ նրանց ունեցած հույսերը իրանց հայրենիքի ազատության մասին։ Նրանք վաղուց իմացում էին տվել ռուսաց կառավարությանը ներքինիի դեպի Հայաստան և դեպի Վրաստան կատարելիք արշավանքի մասին[89]։ Թեև կոմս Գուդովիչին հրամայված էր հայերին և վրացիներին օգնության հասնել, բայց Աղա-Մամադ-խանի բանակն արդեն դրած էր Շուշի բերդի մոտ, իսկ կոմսը տակավին չէր հայտնվել։

Պետք չէ մոռանալ, որ Աղա-Մամադ-խանը, թեև սիրում էր իր նախկին «խան» տիտղոսով կոչվել, բայց նա արդեն Պարսկաստանի ինքնակալ Շահն էր։ Նրան հայտնի էին Ղարաբաղի մելիքների ձգտումները, նրանց հարաբերությունները ռուսների հետ, և այդ վերջինների խոստմունքները հայերի վերաբերությամբ և այլն։ Նրան հայտնի էին նաև Իբրահիմ-խանի բռնակալությունը և նրա գործ դրած բարբարոսությունները հայերի դեմ։ Այդ էր պատճառը, որ դեռ Երասխ գետից չանցած, նա հրաման ուղարկեց Ղարաբաղի մելիքներին, հրավիրելով նրանց, որ խոնարհվեն իրան, խոստանալով, որ ինքը կվերահաստատե նրանց իրանց վաղեմի իշխանությունների և արտոնությունների մեջ, և կոչնչացնի Իբրահիմ-խանին։

Աղա-Մամադ-խանը թեև բարբարոս, բայց միևնույն ժամանակ խելացի և քաղաքագետ մարդ էր։ Նա շատ լավ հասկանում էր, որ հայերի առաջնորդությամբ ռուսները ավելի հեշտությամբ կարող էին մուտք գործել իր տերության մեջ,— ուրեմն, հայոց մելիքներին գոհացնելով, նա կփակեր ռուսների հառաջադիմության ճանապարհը դեպի Պարսկաստան։

Բայց հայոց մելիքները ավելի բարվոք համարեցին հավատարիմ մնալ ռուսներին, և Աղա-Մամադ-խանին ընդդիմադրելու համար միացան մինչև անգամ իրանց վաղեմի թշնամի Իբրահիմ-խանի հետ, մտածելով, որ նրան հետո հեշտ կլինի ոչնչացնել, բայց եթե մի անգամ հպատակվեցան Աղա-Մամադ-խանին, այնուհետև հայրենիքը պարսից լծից ազատելը անհնարին կլինի։ Միայն Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլումը չհամաձայնվեցավ մյուս մելիքների հետ։

Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը և Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը հայոց զորքերով ամրացան Շուշի բերդի մեջ և Իբրահիմ-խանի հետ միասին սկսեցին պաշտպանել բերդը։

Բերդի պաշարումը տևեց ամբողջ քառասուն օր։ Հայ և թուրք զորքերի քաջությունը, միացած բերդի բնական ամրությունների հետ, ի չիք դարձրին Աղա-Մամադ-խանի բոլոր ջանքերի բերդը գրավելու համար։

Այդ ժամանակ Աղա-Մամադ-խանի բանակի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Իսրայելյան Մելիք-Մեջլհւմը և Գանձակի Ջավադ-խանը, որոնք երկուսն էլ Իբրահիմ-խանի թշնամիներն էին և միացած էին Աղա-Մամադ-խանի հետ։

Մելիք-Մեջլումի վարմունքը բացատրության կարոտ է։

Մելիք-Մեջլումը ազնիվ երիտասարդ էր, բայց չափազանց վրեժխնդիր, և ոչինչ միջոցների դեմ չդողացող՝ թշնամուն ոչնչացնելու համար։ Մենք հիշում ենք այն սպառնալիքը, երբ, Թիֆլիսից վիրավորված դուրս գալու ժամանակ, վրացի սայլապանների բերանով ուղարկեց նա Հերակլ իշխանին. «Ասացեք ձեր իշխանին, որ Մելիք-Մեջլումը չի մոռանա նրա հյուրասիրությունը...»

Այդ երիտասարդը վշտացած էր, դառնացած էր անդադար իր բարեկամներից խաբված լինելուց։ Հոր մահից հետո նա տարիներով շարունակ պատերազմում էր Իբրահիմ-խանի հետ։ Նրան հույսեր էին տալիս, օգնություններ էին խոստանում, բայց խաբում էին... Վերջը դարձյալ մեծ խոստմունքներով նա հրավիրվեցավ Թիֆլիս, բայց Հերակլը փոխանակ իր խոստմունքները կատարելու, կամենում էր իր հյուրին կալանավորել և մատնել նրա թշնամու, Իբրահիմ-խանի ձեռքը...

Մեր նախընթաց գլուխներում տեսանք, որ ամեն կողմից խաբված, ամեն տեղից հուսահատված, Մելիք-Մեջլումը ապաստան գտավ իր հոր վաղեմի բարեկամի՝ Գանձակի Ջավադ-խանի մոտ։ Նրա ժողովուրդը թողեց Ղարաբաղը և հյուրասիրվեցավ նույն խանի երկրում։ Ջրաբերդի հայրենազուրկ իշխանը իր ժողովրդի հետ օտար հողի վրա էր բնակվում և որպես մի ժամանակավոր հյուր, իսկ նրա հայրենի երկրին տիրել էր Իբրահիմ-խանը...

Մելիք-Մեջլումը խելացի երիտասարդ էր։ Նա շատ լավ էր իմանում, եթե իրանց նախնիքը ունեցել են և պահպանել են Ղարաբաղի լեռների մեջ մի ինքնուրույն հայկական իշխանություն,— այդ եղել է ոչ թե քրիստոնյա թագավորների օգնությամբ, այլ պարսից շահերի շնորհիվ։ Այդ էր պատճառը, երբ Աղա-Մամադ-խանը անցավ Երասխ գետը և հրավեր կարդաց Ղարաբաղի մելիքներին, խոստանալով, եթե կմիանան իր հետ, նա կոչնչացնե Իբրահիմ-խանին և կհաստատե նրանց իրանց հայրենական իշխանությունների մեջ,— բոլոր մելիքները մերժեցին շահի հրավերը, միայն Մելիք-Մեջլումը միացավ նրա հետ։

Պետք է խոստովանել, որ, բացի ընդհանուր շահերից, Մելիք-Մեջլումը ուներ և իր նեղ անձնական հաշիվները ևս։ Նա հին թշնամի էր Իբրահիմ-խանի հետ. նա նոր թշնամացել էր Հերակլ իշխանի հետ. Աղա-Մամադ-խանի ձեռքով կամենում էր պատժել թե առաջինին և թե երկրորդին։

Բայց Շուշի բերդի պաշարումը երկար տևեց։ Այդ բերդը, որ Ղարաբաղի մելիքությունների քայքայմանը պատճառ դարձավ, այժմ նույն մելիքները նույն բերդի միջից պատերազմում էին պարսից շահի դեմ, որը խոստանում էր կրկին վերանորոգել նրանց վաղեմի իշխանությունը, եթե կթողնեն Իբրահիմ-խանին և կանցնեն իր կողմը։

Ժամանակ չկորցնելու համար, Մելիք-Մեջլումը խորհուրդ տվեց Շահին թողնել Շուշի բերդի պաշարումը, ասելով, թե ավելի նպատակահարմար կլինի նախ գնալ Թիֆլիսը գրավել, իսկ Շուշին այնուհետև ինքն իրան անձնատուր կլինի։

Աղա-Մամադ-խանին հավանական երևեցավ Մելիք-Մեջլումի խորհուրդը, նա իր զորքերի մի մասը թողեց Շուշի բերդի մոտ, իսկ մնացածը իր հետ առնելով, դիմեց դեպի Թիֆլիս։ Նրան առաջնորդում էին Մելիք-Մեջլումը և Գանձակի Ջավադ-խանը։

XXX

Աղա-Մամադ-խանը դեռ Գանձակից չէր անցել, Թիֆլիսը արդեն սարսափի մեջ էր գտնվում։ Հերակլը հրավիրեց իր ազնվականներին, որ պատրաստվեն թշնամու առաջը առնելու։ Բայց նրա հրավերքին ոչ ոք ուշադրություն չդարձրեց։ Ազնվականները զբաղված էին իրանց քեֆերով։ Նրան օգնության հասավ միայն Իմերեթիայի Սոլոմոն իշխանը մի քանի հազար հոգով։

Բայց պետք է ասած, որ Հերակլի երկչոտությունը սաստիկ վհատեցրեց նրա զորքերին։ Նա իր ընտանիքը Թիֆլիսից տեղափոխեց Վրաստանի խորքերում։ Այդ տեսնելով, նրա զորապետները և զորքերը նույնը խնդրեցին, որ իրանց ընտանիքները հեռացնեն, հետո կգան պատերազմելու։ Բայց գնացողը այլևս հետ չդարձավ։ Եվ այսպես, դեռ թշնամուն չհանդիպած, զորքերի մեծ մասը ցրիվ եկավ։

Իր մոտ մնացած զորքերով Հերակլը դուրս եկավ Թիֆլիսից և, Ղազախի Ինջա կոչված գետի մոտ բանակ դնելով, սպասում էր թշնամուն։ Բայց երբ լսեց, որ Աղա-Մամադ-խանը արդեն անցավ Գանձակից, նա թողեց իր դիրքը և վերադառնալով կրկին մտավ քաղաքը։

Նա սկսեց կարելվույն չափ ամրացնել քաղաքը։ Այստեղ նրան օգնության եկած իմերելները քաղցածությունից սկսեցին, նախքան թշնամու ավարառությունը, իրանք կողոպտել քաղաքացիներին։

1795 թ. սեպտեմբեր ամսի 12-ին Աղա-Մամադ-խանը հասավ Սողանլու գյուղի մոտ և, գիշերը այնտեղ բանակ դնելով, վաղ առավոտյան հարձակվեցավ Թիֆլիսի վրա։ Հերակլը դուրս եկավ նրա առաջ, բայց մի փոքրիկ ճակատամարտից հետո վրացիները ջարդվեցան և փախչելով մտան քաղաքը։

Այդ միջոցին պարսից զորքերի մի մասը Մելիք-Մեջլումի առաջնորդությամբ Սոլոլակի կողմից, իսկ մյուս մասը իրա՝ Աղա-Մամադ-խանի առաջնորդությամբ բաղնիքների կողմից, նույնպես մտան քաղաքը։ Հերակլը Հավլաբարի կամուրջով մի ջորեպանի հետ փախավ դեպի Կախեթիայի կողմերը, թաքնվեցավ լեռների մեջ։ Իսկ նրա ավելի երկչոտ զորքերը բոլորը ցիրուցան եզան։

Անպաշտպան քաղաքը մնաց գազանաբարո պարսիկների ձեռքում։ Ամբողջ ութն օր շարունակվում էր կոտորածը և ավարառությունը։ Աղա-Մամադ-խանը, 12 Հազար գերիներ իր հետ առնելով, հեռացավ ավերակ քաղաքից։ Մելիք-Մեջլումը առեց իր վրեժը Հերակլ իշխանից, բայց նրա անգթությունը ոչինչով արդարացնել չէր կարելի։ Մինչև այսօր Հավլաբարի հին կանանց բերանում կարդացվում է մի այսպիսի անեծք.


Մելիք-Մեջլումը շուն դառնա,
Ջավադ-խանը պստիկ կուճի,
Մելիք-Մեջլումի ազգեմեն
Թո՜ղ չմնա մեկը Շուշի...

Որովհետև Աղա-Մամադ-խանը իր հաղթությունով առավել պարտական էր Մելիք-Մեջլումին, ճանապարհին, հենց առաջին իջևանում, հրամայեց իր զորապետներին, որ ավարից նրա մարդիկների համար բաժին հանեն, ասելով, «քրիստոնյային պատկանածը քրիստոնյային տվեցեք»։ Մելիք-Մեջլումի ձիավորները իրանց յափունջիները տարածեցին գետնի վրա և պարսից զորքերը որքան խաչեր, եկեղեցական անոթներ և զգեստներ կողոպտել էին Թիֆլիսի եկեղեցիներից, բոլորը թափեցին նրանց յափունջիների վրա։ Մելիք-Մեջլումը այս բոլորը հետ ուղարկեց Թիֆլիս, բայց դրանով չկարողացավ գրավել թիֆլիսցիների սիրտը...

Շահը շնորհեց Մելիք-Մեջլումին այդ երեք արտոնությունները. 1. երբ և կամենա, կարող է անարգել կերպով ել և մուտ գործել իր մոտ. 2. ինչ որ խնդրելու լինի, նրա կամքը կկատարվի. 3. արքունի գանձարանը նրա տրամադրության ներքո կլինի։

Բայց Մելիք-Մեջլումը այն աստիճան հպարտ և անշահասեր երիտասարդ էր, որ շահից ուրիշ ոչինչ չպահանջեց, միայն Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո խնդրեց նրա օգնությունը Շուշի բերդը նույնպես կործանել, Իբրահիմ-խանին ոչնչացնել և ավելի հաստատություն տալ Ղարաբաղի մելիքների իշխանությանը։

Շահը հոժարվեցավ ուղղակի գնալ Ղարաբաղ, Շուշին գրավելու և Մելիք-Մեջլումի ցանկությունները կատարելու համար։ Բայց դժբախտաբար այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և նա ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար[90]։ Նա հանձնեց Ջավադ-խանին և Մելիք-Մեջլումին սպասել, խոստանալով, որ շուտով կվերադառնա։

Ջավադ-խանը Մելիք-Մեջլումի հետ գնացին Գանձակ, իսկ շահը ուրիշ ճանապարհով դիմեց դեպի Պարսկաստան։

Թիֆլիսը ավերակ դառնալուց 25 օրից հետո Հերակլը մտավ մոխիր դարձած քաղաքը։

XXXI

Աղա-Մամադ-խանի հեռանալուց հետո Հերակլը իր դժբախտությունը հայտնելով Եկատերինա կայսրուհուն, սկսեց նրանից օգնություն խնդրել։ Բոլորը սարսափով սպասում էին, որ այդ գազանը կրկին պիտի վերադառնա։

Աղա-Մամադ-խանի արշավանքը մեծ հարված տվեց ռուսաց արևելյան շահերին։ Ռուսները աշխատում էին իրանց ազդեցությունը տարածել Անդրկովկասի ոչ միայն քրիստոնյաների, այլև մահմեդականների վրա։ Բայց Աղա-Մամադ-խանը բոլորովին վայր ձգեց նրանց վարկը։ Դեռ 1783 թվին, Եկատերինայի թագավորության հենց առաջին տարում, իշխան Պոտյոմկինի աշխատությամբ, Վրաստանն ընդունեց իր վրա Ռուսաստանի գերիշխանությունը և մտավ նրա հովանավորության ներքո։ Հասկանալի է, թե ռուսները որքան պիտի կորցնեին իրանց համարումը, որ չկարողացան պաշտպանել իրանց հոգաբարձության ներքո առած երկիրը, որին շատ բան էին խոստացել։

Իրանց համարումը վերականգնելու համար ռուսները ստիպված էին սկսել մի նոր արշավանք պարսիկների դեմ։ 1796, 19 փետրվարի գրված հրովարտակով հրամայվեցավ կոմս գեներալ Վ. Ա. Զուբովին, որ Անդրկովկասի քրիստոնյաներին օգնության հասնե[91]։ Նույն հրովարտակի մեջ, ի թիվս այլոց, հիշված էր, որ Ռուսաստանը զենք է բարձրացնում հանուն ճնշյալ ազգերի ազատության։

Ռուսաստանի հայոց Հովսեփ արքեպիսկոպոսը, որպես երևում է նրա՝ Հերակլ իշխանին գրած մխիթարական նամակներից, սաստիկ հուսահատված և վշտացած էր Աղա-Մամադ-խանի բարբարոսություններից և Թիֆլիսի ավերակ դառնալուց։ Բայց ռուսաց զորքերի նոր արշավանքը պարսիկների դեմ նրան կրկին սիրտ և հոգի տվեց, կրկին կենդանացրեց նրա հույսերը հայրենիքի ազատության մասին։

Հովսեփ արքեպիսկոպոսը հրավիրվեցավ ռուսաց կառավարությունից, որ անձամբ մասնակցե արշավանքին։ Ծերացած, ուժից ընկած արքեպիսկոպոսը պատրաստ էր ամեն տեսակ զոհողություններ, ամեն տեսակ նեղություններ հանձն առնել, միայն թե ռուսաց սուրը հաջողություն գտներ, այն սուրը, որ պիտի պատերազմեր Անդրկովկասի քրիստոնյաների ազատության և նրանց մի խաղաղ կյանք տալու համար։

1796, մարտ ամսում, Ղզլարում արքեպիսկոպոսը տեսնվեցավ կոմս Զուբովի հետ արշավանքի մասին խորհրդակցելու և զանազան նախապատրաստություններ կարգադրելու համար։ Այդտեղից արքեպիսկոպոսը գաղտնի նամակներ գրեց հայոց մելիքներին, ավետում էր նրանց ռուսաց զորքերի գալուստը, հորդորում էր պատրաստվել, թե զենքով և թե պաշարներով ռուսներին օգնելու համար։ Բացի արքեպիսկոպոսի մասնավոր նամակներից, լույս ընծայվեցավ կայսրուհու հրովարտակի բովանդակության մտքով մի շրջաբերական հրավերք, որ ուղղված էր Անդրկովկասի և Պարսկաստանի բնակիչներին։ Արքեպիսկոպոսը այդ շրջաբերականի թարգմանությունը Հաշտարխանում տպել սովեց և մի քանի հազար օրինակ տարածեց հայերի մեջ։[92]

Նույն տարվա գարունքին ռուսաց զորքը Ղզլարից ճանապարհ ընկավ։

Զուբովը մոտեցավ Դերբենդին (մայիս ամսում), տեղային Ֆաթալի-խանի որդի Շըխալի-խանը ընդդիմացավ նրան, պատրաստվում էր պատերազմելու։ Բայց Դերբենդի հայ բնակիչները քաղաքը մատնեցին Զուբովի ձեռքը, բացի դրանից, բռնեցին Շըխալի-խանին, նույնպես մատնեցին Զուբովի ձեռքը։ Ռուսները համարյա առանց պատերազմի, հայերի աջակցությամբ, տիրեցին Դերբենդին։

Զուբովը Դերբենդից անցավ Ղուբա, իր հետ տանելով Շըխալի-խանին։ Ղուբան նույնպես առանց արյունի գրավվեցավ։ Այստեղ մի օր ձիարշավի հանդես կատարելու ժամանակ, որին հանդիսատես էր ինքը Զուբովը, Շըխալի-խանը մտրակելով իր նժույգին ասպարեզից դուրս եկավ, փախավ դեպի Պարսկաստան. ոչ ոք չկարողացավ բռնել նրան։ Բայց Բաքվի մեջ նրան կալանավորեցին, երբ այդ քաղաքը առանց պատերազմի անձնատուր եղավ ռուսներին։

Նույն թվի հուլիս ամսում Զուբովը մոտեցավ Շամախի քաղաքին։ Տեղային Մուստաֆա-խանը պատրաստվել էր պատերազմելու։ Բայց Հովսեփ արքեպիսկոպոսն առաջուց անձամբ գնաց նրա մոտ, աշխատեց համոզելու, որ ընդդիմադրությունն ապարդյուն կլիներ, ավելի լավ էր առանց արյունահեղության ընդունել ռուսաց հպատակությունը։ Մուստաֆա-խանը համաձայնվեցավ ընդունել արքեպիսկոպոսի առաջարկությունը։ Բայց երբ նրանից մի հուսալի պատանդ պահանջեցինք նա դրժեց իր խոստմունքին և դիմեց Շուշի բերդի Իբրահիմ-խանին, որ միանա նրա հետ, և երկուսը միասին պատերազմեն ռուսաց դեմ։ Այդ ժամանակ (օգոստոս ամսում) արքեպիսկոպոսը կրկին ուղարկվեցավ Մուստաֆա-խանի մոտ, և տեսնվեցավ նրա հետ սուրբ Ստեփաննոսի վանքում։ Այս անգամին արքեպիսկոպոսին կատարելապես հաջողվեցավ կատարել իր միջնորդության խորհուրդը, և Շամախին նրա աշխատությամբ առանց արյունահեղության անցավ ռուսների ձեռքը։

Վերոհիշյալ քաղաքները դյուրությամբ գրավելուց հետո, ձմեռն անվտանգ անցկացնելու համար, Զուբովը անցավ Մուղանի անապատը և ձմեռեց Սալիանում։

Հետևյալ տարվա գարունքին Զուբովը դիմեց դեպի Գանձակ։

Մելիք-Աբովը այդ ժամանակ գտնվում էր Գանձակում, տեղային Ջավադ-խանի մոտ։ Մինչև ռուսաց զորքերի հասնելը, Մելիք-Աբովը Հովսեփ արքեպիսկոպոսի խորհրդով կարողացավ համոզել Զավադ-խանին, որ առանց պատերազմի անձնատուր լինի ռուսներին։ Ջավադ-խանը պատրաստեց իր սեփական պալատը և հարգանքով ընդունեց թե կոմս Զուբովին և թե Հովսեփ արքեպիսկոպոսին իր քաղաքում։

Այդ ժամանակ Ջավադ-խանը ընծայեց նորին սրբազանությանը Կենաց փայտի մի մասը, որ Հաղբատա վանքից բերված էր Թիֆլիս և այդ քաղաքի ավարառության ժամանակ ընկել էր պարսից զինվորների ձեռքը, որոնցից գնել էր խանը։

Այդ միջոցներում Շուշի բերդի Իբրահիմ-խանը տեսնելով, որ հայերը միասիրտ և միահոգի կերպով միացած են ռուսների հետ, տեսնելով, որ մյուս գավառների մահմեդական խաները հնազանդվեցան, ինքն ևս անճար մնալով, իր որդի Աբդուլ-Ֆաթիհ-խանին ուղարկեց կոմս Զուբովի մոտ և հայտնեց իր հպատակությունը։ Կոմսը սիրով ընդունեց նրա որդուն և հարգանքով ճանապարհ դրեց, ուղարկելով նրա ձեռքով ընծաներ Իբրահիմ-խանին, այլև մի թանկագին գավազան Շուշի բերդի մահմեդական հոգևորականների գլխավոր մոլլա Փանահին։

Կոմսի բարեկամական ցույցերը դեպի Շուշի բերդի բեռնակալը բավական խախտեցին Ղարաբաղի հայոց մելիքների հավատը դեպի ռուսները։ Նրանք բոլորովին ուրիշ բան էին սպասում. նրանք հույս ունեին, որ Իբրահիմ-խանի իշխանությունը կոչնչացնեն և Ղարաբաղում կրկին կհաստատեն մելիքների վաղեմի իշխանությունը։ Դրա համար էլ մելիքները ամեն զոհողություն հանձն առին ռուսների տիրապետությունը հեշտացնելու համար։ Բայց Հովսեփ արքեպիսկոպոսը դարձյալ հանգստացնում էր նրանց, ասելով, թե դա քաղաքագիտականն առժամանակյա խաղ է միայն, թե Իբրահիմ-խանը երկար չի մնա իր տեղում, և թե մելիքները դարձյալ տեր կլինեն Ղարաբաղին, ինչպես միշտ եղել են և այլն։

Գուցե արքեպիսկոպոսի հույսերը երազներ չէին, գուցե այդ բոլորը կկատարվեր, բայց երևում է, որ ինքը նախախնամությունը վճռել էր պատժել հայերին իրանց մեղքերի համար...

Հանկարծ հասավ Եկատերինա կայսրուհու մահվան բոթը (1796, 6 նոյեմ.)։ Եվ մինչդեռ կոմս Զուբովը պատրաստվում էր կատարելու իր արշավանքի այլ խորհուրդները, հրաման ստացավ վերադառնալ Ռուսաստան։ Նրա հետ ռուսաց զորքերը թողեցին Անդրկովկասը (1797, գարունքին)։

Այդ անակնկալ դժբախտությունից հետո, հասկանալի է Հովսեփ արքեպիսկոպոսի անմխիթար սրտի դառնությունը։ Նրա ողորմած կայսրուհին վախճանվեցավ։ Նրա բոլոր բարձր գաղափարները, որոնցով ոգևորված առաջնորդում էր նա ռուսաց զորքերին, նրա բոլոր պլանները հայրենիքի ազատության մասին, միանգամայն խորտակվեցան։

Նա անմխիթար, հուսահատ սրտով ինքն ևս վերադարձավ Ռուսաստան։

XXXII

Ռուսաց զորքերի հանկարծ հեռանալը բոլորովին այլ կերպով էին բացատրում Անդրկովկասի մահմեդականները։ Արդեն Պարսկաստանից լսվում էր, որ Աղա-Մամադ-խանը պատրաստվում էր մի նոր արշավանք գործել դեպի Անդրկովկաս։ Այդ պատճառով ռուսների հեռանալը վերաբերում էին նրանց վախենալուն, նրանց երկչոտությանը, իբր թե շահի գալուստը լսածին պես, սկսեցին փախչել։ Թեև ալդ ենթադրությունը պարծենկոտ մահմեդականների երևակայության ցնորքն էր միայն, այսուամենայնիվ ռուսաց հեռանալը մեծ հարված տվեց անդրկովկասյան քրիստոնյաներին, առավելապես հայերին։

Մենք տեսանք, թե ո՛րպիսի եռանդով, թե ո՛րքան անձնազոհությամբ աշխատում էին հայերը ռուսաց հաղթությունները հեշտացնելու համար։ Բոլոր գավառների տիրապետող խաները, համարյա առանց պատերազմի, անձնատուր եղան։ Ինչո՞ւ, որովհետև ժողովուրդը խաների դեմ էր և ռուսների բարեկամ։ Իսկ ժողովուրդը բաղկացած էր ըստ մեծի մասին հայերից։ Ինքնըստինքյան հասկանալի է, որ այդ խաները և առհասարակ մահմեդական ամբոխը, ռուսների հեռանալուց հետո, պիտի սկսեին իրանց բոլոր վրեժխնդրության թույնը թափել հայերի վրա։

Մենք տեսանք, որ Ղուբայի և Դերբենդի հայ բնակիչները իրանք բաց արին այդ քաղաքների դռները ռուսաց զորքերի առջև և տեղային Շխալի-խանին բռնելով, մատնեցին կոմս Զուբովի ձեռքը։ Իհարկե, ռուսաց զորքերի հեռանալուց հետո նույն հայերը այլևս չէին կարող մնալ իրանց տեղերում, նրանք թշնամացան մահմեդականների հետ. նրանք դավաճան հայտնվեցան խանի աչքում։ Եվ այդ էր պատճառը, որ Դերբենդի ու Ղուբայի հայերը համարյա բոլորը գաղթեցին ռուսաց զորքերի հետ և գնացին Ռուսաստան։ Դրանցից ավելի քան հազար ընտանիք կոմս Զուբովը բնակեցրեց Ղզլարի գավառում։

Շամախու Մուստաֆա-խանը, նույնպես վիրավորված իր քաղաքի հայերից, նրանց դեպի ռուսները ունեցած համակրության մասին, սկսեց հալածել նրանց։ Նա սպանել տվեց Հովհաննես վարդապետին, որ գրգռում էր հայերին խանի դեմ՝ հօգուտ ռուսների։

Իբրահիմ-խանը միայն լուռ մնաց, պահելով իր սրտում Ղարաբաղում գտնված մելիքների վերաբերությամբ սաստիկ ոխակալություն։ Նա խորամանկ, միևնույն ժամանակ իր գործը հասկացող մարդ էր. նա մելիքների մեջ դեռևս շատ պետքեր ուներ, մի կողմից լսվում էր Աղա-Մամադ-խանի նոր արշավանքի ձայնը դեպի Ղարաբաղ, մյուս կողմից, նա մտադիր էր վրեժխնդիր լինել Մելիք-Մեջլումին, որը, Աղա-Մամադ-խանի հետ միանալով, պաշարեց նրա բերդը՝ Շուշին։

XXXIII

Վրաց Հերակլ իշխանը չէր մոռացել Թիֆլիսի ավերումը Մելիք-Մեջլումի և Ջավադ-խանի ձեռքով։ Շուշի բերդի Իբրահիմ-խանը նույնպես չէր մոռացել, որ հիշյալ երկու անձինքը, առաջնորդելով Աղա-Մամադ-խանին, պաշարեցին իր բերդը և ահագին վնասներ պատճառեցին։ Ուստի, երկուսն էլ միաբանվելով, կամեցան իրանց այդ ոխերում թշնամիներից վրեժխնդիր լինել։

Համարյա կոմս Զուբովի Դերբենդը տիրելուց մի ամիս հետո (1796, ապրիլ ամսում) Հերակլը վրացի և վարձված լեզգի զորքերով, այլև իր հետ վեր առնելով Թիֆլիսում գտնված ռուսաց զորքերի մի մասը, իսկ Իբրահիմ-խանը Ղարաբաղի հայ և թուրք զորքերով պաշարեցին Գանձակի բերդը։ Նրանց օգնության հասավ և Ավարիայի Օմար-խանը։

Իբրահիմ-խանի զորախմբի մեջ գտնվում էր Մելիք-Ռուստամը, բացի նրանից, Ղարաբաղի մյուս մելիքներից ոչ ոք չմասնակցեց խանի արշավանքին։ Այդ փոփոխամիտը, որպես տեսանք XXVII գլխում, իր կնոջ պատճառով թշնամացավ խանի հետ, բայց Մելիք-Մեջլումի դեմ պատերազմելու համար կրկին հաշտվեցավ։ Նա վաղեմի թշնամություն ուներ Մելիք-Մեջլումի հետ, որովհետև այդ վերջինը, որպես ցույց տվինք XXVI գլխում, մի դավադրության համար հրացանի բռնել տվեց Մելիք-Ռուստամի եղբորը և փեսային։

Գանձակի բերդի մեջ իր զորքերով գտնվում էր Մելիք-Մեջլումը, տեղային Ջավադ-խանի մտերիմ բարեկամը։ Բացի նրանից, Գանձակի հայ մելիքները իրանց մարդիկներով նույնպես բերդի մեջն էին, պաշտպանում էին նրան։ Բերդի ութն աշտարակներից չորսը հայերի պաշտպանության ներքո էր, իսկ մնացածը պաշտպանում էր ինքը Ջավադ-խանը։

Պաշարումը տևեց երկար, ավելի քան չորս ամիս։ Ռուս, թուրք, վրացի և լեզգի զորքերը ահագին քանակությամբ շրջապատվել էին բերդը և անդադար հարձակումներ էին գործում, բայց պաշարվածները քաջությամբ պատասխանում էին նրանց։ Վերջը Հերակլ իշխանը անճարացած մի գաղտնի պատգամավորություն ուղարկեց Ջավադ-խանի մոտ, հայտնելու նրան, եթե Մելիք-Մեջլումին իր ձեռքը կտա, դրանով ամեն ինչ կվերջանա։

Ջավադ-խանը խիստ արհամարհանքով, պատասխանեց, ասելով, թե մի այդպիսի վարմունք միայն իրան Հերակլին կվայելե, իսկ ինքը չէ կարող իր բարեկամին և դաշնակցին մատնել թշնամու ձեռքը։ Այդ խոսքերով Ջավադ-խանը կամեցավ հիշեցնել վրաց իշխանին նրա անազնիվ վարմունքը Մելիք-Մեջլումի վերաբերությամբ, երբ նա Թիֆլիսում կամենում էր կալանավորել իր հյուրին և մատնել Իբրահիմ-խանի ձեռքը, որի համար սաստիկ պատժվեցավ, Թիֆլիսը ավերակ դարձավ...

Այդ պատասխանից հետո Հերակլը և Իբրահիմ-խանը սաստկացրին իրանց հարձակումները։ Երկու կողմից ևս սարսափելի կռիվներ էին լինում, բայց բերդի գրավելը օրըստօրե անհնարին էր դառնում։ Թշնամին սկսեց ավարի առնել, ավերակ դարձնել Գանձակի շրջակա գյուղերը։

Կռիվների մեջ առանձին հերոսությամբ հանդիսացան Մելիք-Մեջլումի երկու քաջերը՝ Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) և Թյուլի-Արզումանը. առաջինը լեզգիների դեմ, իսկ երկրորդը վրացիների դեմ։ Այդ երկուսը իրանց խումբերով շատ անգամ դուրս էին գալիս պաշարված բերդից և կայծակի նման նետվելով թշնամու բանակի վրա, սարսափելի կոտորածներ գործելով, հետ էին դառնում։ Բայց երկու քաջերն ևս իրանց հանդուգն հարձակումների զոհը դարձան. Թյուլի-Արզումանը գնդակի հարվածք ստացավ Գանձակի այգեստանի մեջ տեղի ունեցած կռվում, իսկ Դալի-Մահրասան, որպես նկարագրեցինք XII գլխում, սպանվեցավ Գանձակի գերեզմանատան մեջ։ Այդ քաջերի կորուստը Մելիք-Մեջլումին սաստիկ ցավ պատճառեց։

Երեք ամիս անցավ, բայց բերդը դեռ աներկյուղ պաշտպանվում էր։ Այդ միջոցներում մի ծերունի, որ չնայած գլխի ալևոր մազերին դեռ պահպանել էր մարմնի ժրությունը և սրտի աշխույժը, թշնամու բանակից բաժանվելով, աննկատելի կերպով մտավ բերդի մեջ։ Նա մոտեցավ այն աշտարակներից մեկին, որ գտնվում էին հայերի պաշտպանության ներքո։ Այդ ծերունու ներկայությունը, կարծես, մի դյութական զորությամբ ազդեց աշտարակի հայ պահակների վրա, որոնց թիվը մի քանի հարյուր հոգի էր, և գիշերը բոլորն էլ ապստամբվեցան, աշխատում էին բաց անել թշնամու առջև բերդի դռները։ Մելիք-Մեջլումը այդ լսելով թողեց իր բռնած դիրքը, շտապեց զսպելու ապստամբությունը։ Գիշերային խռովության մեջ նա գնդակի հարվածք ստացավ. նրան վիրավորված տարան Ջավադ-խանի պալատը։ Ծերունին բռնվեցավ։ Ո՞վ էր այդ չարագործը։

Դա Իսրայել կաթողիկոսի հայր Ապրես-աղան էր։ Նորա օծյալ որդին դավաճանություն գործեց Ղարաբաղի բոլոր հայ մելիքների դեմ և նրանց թղթերը բռնելով, մատնեց Իբրահիմ-խանին, և Ղարաբաղին կործանման պատճառը դարձավ։ Այժմ ծերունի հայրը նույն եղեռնագործության դերը կատարեց։ Նրա փեսան[93], Մելիք-Ռուստամը, թշնամու բանակի մեջն էր, կամեցավ նրան և Իբրահիմ-խանին մի մեծ ծառայություն անել։

Նույն գիշերվա առավոտյան պահուն Ջավադ-խանը Ապրես-աղայի գլուխը կտրել տվեց և որպես ընծա ուղարկեց թշնամու բանակը նրա փեսա Մելիք-Ռուստամին։ Իսկ ապստամբներից շատերը նույնպես պատժվեցան։

Մեքիք-Մեջլումը, այդ վիրավոր առյուծը, խնամվում էր Ջավադ-խանի պալատում։ Երրորդ օրում նա վախճանվեցավ։ Բայց Ջավադ-խանը երկու ամբողջ շաբաթ նրա մարմինը պահեց իր տան մեջ, բժիշկը գնում-գալիս էր, իր ժամանակին նրա սենյակը ընթրիք և ճաշ էին տանում, և ամեն օր Ջավադ-խանը ուրախությամբ հայտնում էր հայոց զորքերին, թե շուտով Մելիք-Մեջլումը բոլորովին առողջացած դուրս կգա։ Դրանով խանը կամենում էր պահպանել հայոց զորքերի եռանդը, որպեսզի իրանց իշխանի մահը լսելով չվհատվեն, մինչև ինքը թշնամու հետ գործը վերջացնե։

Գանձակի բերդի պաշարման չորրորդ ամիսը լրանալու մոտ էր, երբ Ջավադ-խանը, առանց որևիցե զիջում անելու, հաշտվեցավ իր թշնամիների հետ։ Իբրահիմ-խանը հեռացավ դեպի Ղարաբաղ, Հերակլը գնաց Թիֆլիս, իսկ Օմար-խանը՝ դեպի Դաղստան։ Մելիք-Մեջլումի մահը իմացան նրանք այն ժամանակ միայն, երբ հաշտությանն պայմանները արդեն կնքված էին։

Չնայելով, որ Թիֆլիսը ավերակ դարձնելուց հետո Մելիք-Մեջլումը փոքր-ինչ կորցրել էր իր համարումը հայ հասարակության աչքում, բայց Ջավադ-խանը, հարգելով իր հանգուցյալ բարեկամի հիշատակը, ուշադրություն չդարձրեց հայերի դժգոհության վրա և նրա մարմինը հանդիսավոր կերպով թաղել տվեց Գանձակի մայր եկեղեցու տաճարի աջակողմյան խորանի մեջ։ Նույն եկեղեցու գավթում ամփոփվեցան Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) և Թյուլի-Արզումանի մարմինները։

Ջավադ-խանը իր հոգաբարձության ներքո առեց Մելիք-Մեջլումի միակ որդի Մելիք-Աթամ II։

Նրա հայրը, դեռ Թիֆլիսում եղած ժամանակ, նշանադրել էր իր որդու համար տեղացի երևելի ազնվական Յասսեի[94]կրտսեր աղջկան, գեղեցիկ Ռեհանին։ Երբ Մելիք-Մեջլումի մահից հետո Ջավադ-խանը հարսնախոսներ ուղարկեց Թիֆլիս Ռեհանին բերելու, նրա հայրը փոխանակ գեղեցիկ Ռեհանին տալու, տվեց երեց քրոջը, Թամարին, որը բավականին տգեղ էր։ Այդ դժբախտ ամուսնության պատճառով, Մելիք-Աթամ II, երկար չապրեց, նա մեռավ երիտասարդական հասակում, թողնելով մի աղջիկ միայն Սըհար-նազ անունով։

Իսկ Թամարը թեև շատ գեղեցիկ չէր, բայց խելացի և ճարպիկ կին էր։ Ամուսնի մահից հետո նա երկար կարողացավ կառավարել Մելիք-Իսրայելյանների թողած մեծ ժառանգությունը և նրանց հպատակներին, որ այն ժամանակ գտնվում էին Գանձակի գավառում։ Հետո իր աղջկան, Սըհար-նազին, կնության տալով նախիջևանցի Ասրի-բեկի որդի Սայի-բեկին, տիկին Թամարը ընտրեց նրան իբրև տնային փեսա, և Մելիք-Իսբայելյանների ժառանգությունը անցավ այդ Սայի-բեկի ձեռքը, որը սկսեց այնուհետև կրել իր կնոջ տոհմանունը։

XXXIV

Մելիք-Մեջլումի մահը զրկեց Ջավադ-խանին լավ դաշնակցից, իսկ Ղարաբաղը զրկվեցավ իր քաջ հայրենասերից։ Նա իր հետ գերեզման տարավ ավելի ընդարձակ և հիմնավոր ծրագիրը Ղարաբաղի մելիքությունների վերականգնման մասին, որը բոլորովին տարբերվում էր մյուս մելիքների և Հովսեփ արքեպիսկոպոսի գաղափարներից։ Երբ մի անգամ նրա նիզակակից Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) համարձակվեցավ հանդիմանել նրան Թիֆլիսի ավերակ դարձնելու պատճառով, երիտասարդ մելիքը դառնացած կերպով պատասխանեց նրան. «բավական խաբվեցանք... մինչև երբ պետք է երազներով հրապուրվենք... մեր բարերարները մեզ կռվեցնում են իրանց թշնամիների հետ, իսկ իրանք մեջտեղից շահվում են... Մենք ավելի հաստատ պատճառներ ունենք հավատալու պարսից շահերին, քան թե ուրիշներին։ Շահ-Աբասը հաստատեց Ղարաբաղի մելիքություններ, Նադիրը վերահաստատեց, իսկ Աղա-Մամադ-շահը խոստացել է ինձ ավելի, քան թե իր նախորդները[95]...»։

Ինչ էլ որ լիներ Աղա-Մամադ-խանի խոստմունքը, Մելիք-Մեջլումը այժմ նրանից օգուտ քաղել չէր կարող։ Նրա թշնամիները՝ Իբրահիմ-խանը և Հերակլ իշխանը, ավելի լավ էին հասկանում այդ բոլորը, և այդ էր պատճառը, որ մինչև Աղա-Մամադ-խանի կրկին վերադարձը, աշխատեցին Մելիք-Մեջլումին ոչնչացնելու։

Հերաթի և Ղանդահարի ապստամբությունները զսպելով, Աղա-Մամաղ-խանը վայելում էր իր հաղթությունների փառքը իր նոր աթոռանիստ Թեհրան քաղաքում, երբ Գանձակի Ջավաղ-խանից նամակ ստացավ Անդրկովկասում պատահած անցքերի մասին։ Նամակագիրը տեղեկացնում էր նրան կոմս Զուբովի արշավանքների և խաների ռուսաց հպատակությունը ընդունելու մասին, հետո Կոմս Զուբովի անակնկալ վերադարձի մասին դեպի Ռուսաստան, տեղեկացնում էր Հերակլ իշխանի միաբանության մասին Իբրահիմ-խանի հետ, և իր բերդի, Գանձակի, պաշարման մասին հիշյալ երկու դաշնակիցներից, և վերջապես Մելիք-Մեջլումի սպանման մասին, որը շատ սիրելի էր շահին։ Այդ բոլորը լսելով, Աղա-Մամադ-խանը 1797 թվի ամառը կատարեց մի նոր արշավանք դեպի Անդրկովկաս։

Դեռ նա Երասխ գետից չէր անցած, Իբրահիմ-խանը տեսնելով, որ չէր կարող ընդդիմադրել պարսից ահագին զորությանը և մանավանդ հույս չունենալով, որ հայոց մելիքները այս անգամ ևս կօգնեն իրան Աղա-Մամադ-խանի դեմ, վեր առեց իր ընտանիքը և, գիշերով թողնելով Շուշի բերդը, փախավ Բալաքան իր աներ Օմար-խանի մոտ։

Այդ ժամանակ հայոց մելիքները նույնպես մեծ երկյուղի մեջ ընկան։ Նրանք դեռ Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքի ժամանակ մերժել էին շահի հրավերքը, որով կոչում էր նրանց ընդունել Պարսկաստանի հովանավորությունը, խոստանալով ոչնչացնել Իբրահիմ-խանին և վերահաստատել Ղարաբաղում մելիքների վաղեմի իշխանությունը։ Բայց մելիքները այնքան անխոհեմ գտնվեցան, որ բռնեցին Իբրահիմ-խանի կողմը և, որպես տեսանք XXIX գլխում, սկսեցին իրանց բոլոր ուժերով պաշտպանել նրան և Շուշի բերդը շահի ահագին զորության դեմ։ Իսկ այժմ ի՞նչ պիտի անեին, երբ նույն շահը ավելի մեծ պատրաստությամբ հարձակվեցավ Ղարաբաղի վրա։

Մելիքների զորքը իրանց ժողովուրդն էր, իսկ ժողովուրդը սկսել էր ցրիվ գալ, ոչ այնքան Աղա-Մամադ-խանի երկյուղից, որքան մի նոր և ավելի անգութ թշնամուց, որը այդ միջոցներում վրա հասավ։— Դա էր Ղարաբաղի սարսափելի սովը, որին հետևեց ժանտախտը։

Մենք հետո ցույց կտանք, թե սովը և ժանտախտը, խառնվելով քաղաքական տագնապների հետ, որպիսի կործանիչ ներգործություն ունեցան Ղարաբաղի հայ իշխանությունների վրա, իսկ այժմ այդքանը կասենք, որ մելիքները, որքան էլ ցանկանային, չէին կարող դեմ դնել Աղա-Մամադ-խանին, որովհետև նրանց ժողովուրդը այդ ժամանակ միայն հացի համար էր մտածում և վազում էր դեպի այն կողմը, ուր կարող էր հաց գտնել։

Դեռ Աղա-Մամադ-խանը չհասած Շուշի բերդին, Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը գնաց Վրաստանի կողմը, իսկ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը կամենում էր գնալ Թիֆլիս, բայց ճանապարհին պատահեց Աղա-Մամադ-խանի խումբերին և, նրանց հետ կռիվ ունենալով, գլխից վերք ստացավ։ Նրան վիրավոր բերին Աղա-Մամադ-խանի մոտ, երբ նա արդեն բանակ էր դրած Ասկերանի ավերակների մոտ, Շուշի բերդից մի քանի մղոն հեռավորության վրա։

Քսան հազար թուման տուգանքը հազիվ կարողացավ ազատել Մելիք-Ջումշուդի գլուխը շահի դահիճների ձեռքից։ Նրա տունը կողոպտելուց և կայքը հափշտակելուց հետո շահը նրան ներում շնորհեց։

Մելիք-Ջումշուդն անձամբ առաջնորդեց նրան, տարավ Շուշի բերդը, որը առանց ընդդիմության իր դռները բաց արեց ներքինի թագավորի առջև։ Հայոց հոգևորականությունը հանդեսով դուրս եկավ նրանց առջևը և տարավ Իբրահիմ-խանի պալատը։

Այդ հանդիսի ժամանակ շահի մանկահասակ սենեկապետներից մեկի, որ կոչվում Էր Սաֆարալի-բեկ, ուշադրությունը գրավեց սուրբ Աստվածածնի պատկերը, ոսկեզօծ շրջանակի վրա, որ կրում էր իր կուրծքի վրա մանուկ Հիսուսին։ Նա հարցրեց՝ ո՞ւմ պատկերն է այդ, երբ պատասխանեցին, մոտեցավ և համբուրեց։ Նույն րոպեում նրա աչքերում երևացին մի քանի կաթիլ արտասուքներ, իսկ այդ մի քանի կաթիլները պատճառ եղան շատ արյան կաթիլների...

Աղա-Մամադ-խանը մնաց Շուշի բերդում 25 օր։ Այդ ժամանակ համեցավ նա պատժել այն բոլոր հայ և թուրք ավագներին, որոնք իրան ընդդիմություն էին գործել Շուշի բերդի առաջին պաշարման ժամանակ և որոնք Իբրահիմ-խանի կուսակիցներ էին։ Դրանց թվումն էին՝ Մելիք-Ռուստամը, Մելիք-Միրզախանյան Մելիք-Ալլահվերդին և մի քանի հայ հոգևորականներ, յուզբաշիներ և տանուտերներ։ Դրանց թվումն էին Իբրահիմ-խանի եղբոր որդի Մամադ-բեկը և մի քանի ուրիշ բեկեր։ Ամենքն էլ բանտարկված էին։

Մի գիշեր, որի առավոտը բանտարկյալներին պիտի դուրս բերեին հրապարակի վրա գլխատելու համար, շահի մոտ մտավ մեր վերև հիշած սենեկապետը՝ պատանի Սաֆարալի-բեկը։ Նա այնքան սիրելի էր շահին, որ համարձակվեցավ նրա ոտները համբուրելով աղաչել, որ ներումն շնորհե այն դատապարտյալներին, որոնց մյուս օրը պիտի գլխատեին։ Երբ շահից մերժում ստացավ, նա սկսեց խնդրել, որ գոնե խնայե հայերին։ Վերջին խնդիրքը սաստիկ բորբոքեց շահի բարկությունը, և նա ասեց հետևյալ խոսքերը. «կարմիր արյունով ցողելով «սև այգին»[96], ես նրան վարդի գույն պիտի տամ... առավոտյան այն բոլոր դավաճանների գլուխներից հրապարակի վրա մի աշտարակ պիտի կազմել տամ, իսկ քո գլուխը, Սաֆարալի-բեկ, այդ աշտարակի գագաթի վրա պիտի դնեմ...»։

Պատանին սարսափած դուրս եկավ շահի սենյակից։

Նրան ծանոթ էր իր թագավորի խստասրտությունը, նա գիտեր, ինչ որ ասեց նա, անպատճառ կկատարե։ Հղացավ մի չար խորհուրդ...

Նույն գիշերը պալատում տեսնվեցավ նա շահի մի այլ սենեկապետի հետ, որ իրան խիստ մտերիմ էր։ Այդ վերջինը կոչվում է Աբաս-բեկ։ Դեռ առավոտյան լույսը չբացված, երկուսն էլ մտան շահի քնարանը։ Աբաս-բեկը այնքան սրտի արիություն չունենալով, երկյուղից ուշաթափ եղավ և ընկավ քնարանի հատակի վրա։ Շահը խորին քնի մեջ էր. նրա թանկագին մահճի չորս կողմերում, ոսկյա աշտանակների վրա, դեռ վառվում էին ճրագները։ Սաֆարալի-բեկը մոտեցավ ու խենջարի մի քանի հարվածներով վերջացրեց գործը...

Առավոտյան ամբողջ բերդի մեջ շշուկ տարածվեցավ, թե Աղա-Մամադ-խանը սպանված է։ Բայց ոչ ոք չէր հավատում, մինչև նույն Սաֆարալի-բեկը, թագավորի կտրած գլուխը իր ձեռքին բռնած, դուրս եկավ պալատից, բերեց և ձգեց հրապարակի վրա։ Այդ միջոցին բերդի հայ և թուրք բնակիչները թափվեցան պալատի վրա, սկսեցին կողոպտել շահի գանձերը։

Պարսից զորքերը անմիջապես թողեցին բերդը և փախան դեպի Պարսկաստան։ Սադղ-խան շաղաղին, որը Աղա-Մամադ-խանի նշանավոր զորապետներից էր, հազիվ կարողացավ երկու արքայասպաններից մեկին միայն՝ Աբաս-բեկին, կալանավորել և իր հետ տարավ Պարսկաստան, իսկ Սաֆարալի-բեկը թաքնվեցավ։

Մեզ համար շատ պարզ չէ այդ արքայասպանի ի՞նչ ազգից կամ ո՞վ լինելը, միայն մի ձեռագիր պատմության մեջ, որը գրված է Ղարաբաղի վանքերից մեկում, կարդում ենք, որ Սաֆարալի-բեկը ազգով հայ էր, մանկության հասակում իբրև գերի տարված էր Պարսկաստան և այնտեղ բռնի մահմեդականություն էին ընդունել տվել։ Բայց նրա սրտում դեռ բոլորովին չէին հանգած հայության և քրիստոնեական կրոնի կայծերը, որոնք իսկույն բորբոքվել սկսան, երբ նա Շուշի բերդը մտնելու ժամանակ տեսավ հայոց եկեղեցական հանդեսը և համբուրեց սուրբ աստվածածնի պատկերը[97]...

Չնայելով, որ Աղա-Մամադ-խանի սպանման, լուրը տարածվեցավ ամեն տեղ, բայց Իբրահիմ-խանը տակավին չէր համարձակվում Բալաքանից վերադառնալ Շուշի բերդը։ Նրա բացակայությունից օգուտ քաղելով, բերդին սկսեց տիրել Իբրահիմ-խանի եղբորորդի Մամադ-բեկը։

Այդ Մամադ-բեկը առաջարկեց հայոց Մելիք-Ռուստամին միանալ իր հետ, հակառակել Իբրահիմ-խանին, պայման դնելով, որ Ղարաբաղի հայերի գլխավորը ինքը, Մելիք-Ռուտամը, կլինի, իսկ թուրքերի գլխավորը Մամադ-բեկը։

Հայերը ըստ մեծի մասին, տիրասեր են դեպի օտարները, իսկ անհավատարիմ դեպի իրանց հարազատ ազգայինները,— այդ իսկ պատճառով Մելիք-Ռուստամը մերժեց Մամադ-բեկի առաջարկությունը և չկամեցավ անհավատարիմ լինել Իբրահիմ-խանին, որը այնքան չարիքներ էր հասցրել Ղարաբաղի հայ ժողովրդին։

Մելիքը նամակով հայտնեց Իբրահիմ-խանին բոլոր անցքերը, խոստացավ նրան իր օգնությունը, փութացնելով, որ առանց ժամանակ կորցնելու վերադառնա Բալաքանից և կրկին ձեռքն առնե Շուշի բերդի իշխանությունը։ Իբրահիմ-խանը ինքը չվստահացավ գալ և ուղարկեց իր որդի Մեհտի-խանին։ Մելիք-Ռուստամը կես ճանապարհի վրա իր ձիավորների խումբերով հանդիպեց Մեհտի-խանին և նրան գիշերով մտցնելով Շուշի բերդը՝ ուղղակի տարավ նրա հոր պալատը, որի մեջ այդ ժամանակ բնակվում էր Մամադ-բեկը։

Մամադ-բեկը, իրան արդեն բերդի տերը համարելով, ընդունեց Մեհտի-խանին իբրև մի հյուր։ Բայց Մելիք-Ռուստամը, առանց ժամանակ կորցնելու, հայերից պահապաններ դրեց նրա տան վրա, և կալանավորեց Մամադ-բեկին։

Այդ միևնույն Մելիք-Ռուստամը, որը նույն տարվա մեջ Իբրահիմ-խանին առաջնորդելով՝ պաշարեց Գանձակի բերդը և Մելիք-Մեջլումին սպանել տվեց,— այժմ նույն մարդը, Մամադ-բեկին կալանավորելով, և Իբրահիմ-խանի որդուն պաշտպանելով, կրկին հաստատեց Ղարաբաղի բռնակալների իշխանությունը, մի այնպիսի ճգնաժամի ժամանակ, որ խիստ հարմար միջոցներ կային ոչնչացնելու նրանց...

Երբ ամեն ինչ խաղաղացած էր Շուշի բերդում, Իբիահիմ-խանը վերադարձավ Բալաքանից։ Մամադ-բեկը այդ ժամանակ բանտից փախավ, գնաց Շամախու Մուստաֆա-խանի մոտ։ Այնտեղից, երկու աչքերը կուրացրած, կրկին հետ բերեցին փախստականին։

Ավելորդ չէր լինի մի երկու խոսք ասել, թե ի՞նչ եղավ արքայասպան Սաֆարալի-բեկը։

Աղա-Մամադ-խանի սպանումից հետո պարսից գահը ժառանգեց Ֆաթալի-շահը։

Իբրահիմ-խանը, ցույց տալու համար, թե սպանությունը կատարվել է ոչ միայն առանց իր կամքի, այլ հակառակ իր կամքի, վատությամբ կալանավորեց նրան և ուղարկեց Պարսկաստան։ Այստեղ մեջ ենք բերում աշխարհաբար թարգմանությունը այն տողերի, ար քաղում ենք վերոհիշյալ անտիպ պատմությունից։

«Բռնելով ողորմելի պատանու ձեռքից, տվեցին մարդախանձ և գիշատիչ գազանների ձեռքը։ Այդ կատաղիները կանչեցին նույն ժամում մի պայտառ[98] արհեստավոր, պատվիրեցին նրան կտրել և կազմել մի նոր օրինակով պայտ, որ վշտակիր պատանու ոտների չափին համեմատ լիներ։ Նա փութաց անմիջապես կատարելու նրանց պատվերը։ Հետո նրա ոտները մերկացնելով, և ամեն կողմից երկաթե կապանքներով պնդացնելով, դրեցին մահացու պայտերը նրա ոտների տակ, և սրածայր մեխելով գամեցին։ Առվակի նման վազում էր հորդահոս արյունը տանջվողի վերքերից և ներկում էր այն տեղը։ Հետո շղթաներով կապեցին նրա ձեռքերը, ոտները, նաև պարանոցը, և վեր առնելով, տարան Տավրեժ քաղաքը։ Այնտեղ կանգնացրին նրան ատյանում դատավորի առջև և բազմատեսակ հարցաքննություններից հետո մահվան դատապարտեցին, հրամայելով, որ չարաչար կերպով տանջեն նրան, և անդամ-անդամ կտրատեն, հետո թողնեն գազաններին ու թռչուններին ուտելու համար։ Դատավորի հրամանի համեմատ, արյունարբու դահիճները խստագույն չարչարանքներով տանում էին նրան կատարման տեղը։ Այդ միջոցին մահապարտը բաց արեց իր բերանը, սկսեց անարգել Մուհամեդի աղանդը և խոստովանվեց թե իսկապես ինքը հավատում էր քրիստոնյաների կրոնին։ Երբ որ լսեցին նրա հայհոյությունները, կատաղի գազանների նման հարձակվեցան նրա վրա, և ամեն մարդ իր սրի ծայրը ներկում էր նրա արյունով։ Այսպես տանջելով հասցրին նրան մահապարտների տեղը, քաղաքից դուրս։ Այնտեղ, անտանելի չարչարանքներ տալով, մաս-մաս կտրատեցին նրա մարմինը և թողեցին այնտեղ, որ արքունի հրամանի համեմատ թռչունների ու գազանների կերակուր դառնա։

Որովհետև հայերը վաղուց գիտեին նրա քրիստոնյայի զավակ լինելու, նաև Քրիստոսի հավատալը, այդ պատճառով մեծ աղաչանքով խնդրում էին, որ նահատակի մարմինը տան իրանց թաղելու համար։ Ասեցին նախարարները. թույլ տվեցեք, որ հայերը իրանց անարգ օրենքի համեմատ թաղեն։ Որովհետև ավելի վատթար էին համարում հայոց թաղումը, քան գազանների կերակուր լինելը։»

Շարունակության մեջ նկարագրված է, թե ինչպես գիշերը լույս ծագեց նրա գերեզմանից և այլն։

Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ այդ սենեկապետը առանձին համակրություն ուներ դեպի հայերը, նա Մելիք-Մեջլումի լավ բարեկամն էր, և մելիքը նրա միջնորդությամբ էր ազդում Աղա-Մամադ-շահի վրա։

XXXV

Մենք համարյա մոռացության տվեցինք, թե ի՞նչ եղավ Տիզակի իշխան Մելիք-Ավանյան Մելիք-Բախտամը, որը իբրև քաղաքական հանցավոր աքսորված էր Պարսկաստանի Արդավիլ բերդում (տե՛ս գլ. XXI)։

Այն օրից անցել էր ամբողջ տասն տարի, այդ հերոսը դեռ մաշվում էր հեռավոր բանտարկության մեջ։

Երբ Աղա-Մամադ-խանը վերջին անգամ արշավանք գործեց դեպի Ղարաբաղի կողմերը և Շուշի բերդում սպանվեցավ (1797), նա գալու ժամանակ անցավ Արդավիլի բերդաքաղաքով։ Այստեղ գտնվում է այն երևելի մեչիդը, որի մեջ զետեղված են Շեյխ-Սեֆիի և մյուս Սեֆեվի թագավորների շիրիմները։ Պարսից նոր թագավորների սովորության համեմատ, Աղա-Մամադ-խանը, որպես ուխտավոր, այցելություն գործեց արքաների գերեզմաններին։ Այդ ծեսը կատարելուց հետո նա պետք է այցելություն գործեր բերդի բանտարկյալների մոտ, ում որ արժան էր, ներումն շնորհելու համար։

Այդ բերդում պահվում էին նշանավոր քաղաքական հանցավորները միայն։ Աղա-Մամադ-խանը նրանց շատերին ներումն շնորհեց, որոնց թվում և Մելիք-Բախտամին, մանավանդ երբ իմացավ, որ նա Մելիք-Ավան-խանի թոռն է, և նրա նախնիքը Պարսկաստանին մեծ ծառայություններ են արել։

Շահը առաջարկեց Մելիք-Բախտամին իր հետ գնալ Ղարաբաղ և այնտեղ վարել իր հայրենի իշխանությունը։ Իսկ մելիքը թեև քաջ, պատերազմական մարդ էր, բայց ուներ և իր կրոնական մոլեռանդությունները։ Երկար տարիներ պարսկական աքսորանքի մեջ ապրելով, զուրկ եկեղեցուց, զուրկ պահեցողությունից, այդ համարում էր նա մի մեծ հանցանք կրոնի և եկեղեցու դեմ։ Այդ պատճառով, փոխանակ Աղա-Մամադ-խանի զորքերի հետ իր հայրենիքը գնալու, նա ուղղակի դիմեց Էջմիածին իր մեղքերը քավելու համար։

Էջմիածնից վերադարձավ նա Ղարաբաղ այն ժամանակ, երբ Աղա-Մամադ-խանը Շուշի բերդում սպանված էր և Իբրահիմ-խանը ավելի մեծ վստահությամբ վարում էր տեղային իշխանությունը։

Մելիքը գտավ իր հայրենիքը թշվառ վիճակի մեջ, սովը սարսափելի կոտորածներ էր անում, և ժողովրդի մեծ մասը ցրիվ էր եկած։ Իսկ ինքը ավելի անբախտ գտնվեցավ։ Իբրահիմ-խանը, լսելով նրա գալուստը, սկսեց բարեկամական կեղծ ցույցերով հրապուրել նրան, մինչև իր սեղանի վրա կարողացավ թունավորել նրան[99]։

Տիզակի տիրապետողների իշխանությունը ամենավտանգավորն էր Իբրահիմ-խանի համար։ Նրանք, Պարսկաստանին ավելի մոտ լինելով, ուղղակի հարաբերություններ ունեին պարսից բարձր Դռան հետ։ Մելիք-Բախտամի ազատություն գտնելը Արդավիլի բանտից Աղա-Մամադ-խանի շնորհիվ, և վերջինի սպանվելը Շուշի բերդում, շատ հասկանալի է, որ ավելի կսաստկացներ Իբրահիմ-խանի երկյուղը։ Տիզակի տիրապետողներից, և այդ պատճառով, Մելիք-Բախտամին տմարդությամբ ոչնչացնելուց հետո, սկսեց նա որոգայթներ լարել նրա ժառանգների համար։

Մելիք-Բախտամին հաջորդեց որդին՝ Մելիք-Աբասը։

Մեր ձեռքում գտնված մի ձեռագիր պատմությունից քաղում ենք հետևյալը Մելիք-Աբասի հատկանիշների մասին.

«Նրանց (Մելիք-Ավանյանների) ազգի և սերունդների մեջ տակավին չէր ծնված, արդարև, մի այնպիսի տղամարդ պարթևական, հսկայազոր կերպարանքով և ահագնակերպ հասակով։ Իր քաջագործություններով սկսեց հետզհետե նվաճել նա ոչ միայն իր բոլոր հայրենիքը, այլ մահմեդականների ազգը։ Այդ պատճառով տարածվելով սփռվեցավ նրա քաջության և անաչառ դատաստանների համբավը, որով պատժում էր հանցավորներին և վնասակար անձինքներին։ Առանց արծաթասիրության և կաշառքի էր կատարում նա իր դատավճիռները, մահապարտներին պատժում էր առանց խնայելու՝ շատերին կախում էր մեծ ճանապարհների վրա կախաղաններից, և շատերին տալիս էր իր ծառաների ձեռքը, որ սրախողխող անեն հասարակության և ավազակ մարդիկների աչքերի առջև, որպեսզի ոչ ոք այնուհետև չվստահանա նույն չարությունները գործելու։ Արդարև, սարսափելով դողում էր ամբողջ գավառը նրանից։ Նրա քաջագործությունների համբավը շատ վաղ հասել էր մեծ բռնավորի (Իբրահիմ-խանի) ականջներին... Բայց նա իր սրտի ոխը ծածկած ուներ, չէր կամենում հանկարծ հայտնել մեր նախարարներին (Մելիք-Աբասին), որովհետև նրա նպատակը այն էր, որ դարձնի նրան հայկական դավանությունից մահմեդական դենին...»։

Հետո երկար խոսվում է այն միջոցների մասին, որ Իբրահիմ-խանը գործ դրեց իշխանի հավատքը խախտելու համար։

Իբրահիմ-խանը, արդարև, այժմ փոխել էր իր քաղաքականության եղանակը հայոց մելիքների վերաբերությամբ։ Նա տեսնում էր, որ դավադրությունը, սպանությունը, թույնը և այլ որոգայթները նրանց կյանքի դեմ չեն հասցնում իր ցանկացած նպատակին։ Սպանված հոր փոխարեն իշխում էր որդին, կամ նրա տոհմակիցներից մեկը։ Վերջ ի վերջո համոզվեցավ, որ փոխանակ թույնի, ավելի լավ էր նրանց ընդունել տա մահմեդական կրոնը։ Կրոնը փոխելով նրանք ավելի հեշտությամբ կոչնչանային և կխառնվեին թուրքերի հետ։

Առաջին փորձը կատարեց նա Մելիք-Աբասի վրա, բայց նրա բոլոր խորամանկությունները փշրվեցան, առաքինի իշխանի հաստատամտության առջև։ Իբրահիմ-խանը մինչև անգամ աշխատեց հրապուրել նրան իրա աղջիկների գեղեցկությամբ, բայց երբ նկատեց, որ նրա հավատքը խախտելու հնար չկա՝ կրկին ձեռք առեց սպանության հնարները...

Մի անգամ Մելիք-Աբասը անձամբ գնացել էր Ցոր գյուղը մի քրեական գործ քննելու համար. գիշերը ստիպվեցավ մնալ և հյուրասիրվեցավ տեղային ավագ քահանայի տանը։ Գիշերը նույն տան վրա հարձակվեցան մի խումբ ձիավորներ, որ պատրաստված էին Իբրահիմ-խանից։ Նրանք գտան մելիքին քնած և անպատրաստ վիճակի մեջ։ Սրերի տակ կոտրատեցին նրան

Սպանվածի մարմինը բերվեցավ իր Տող բերդը։ Նույն ժամում, երբ եկեղեցու մեջ պատարագ էր մատուցվում և պատրաստվում էին թաղման հանդեսը կատարելու, Իբրահիմ-խանի հրամանով կատարվեցավ մի այլ չարագործություն։ Հանկարծ եկեղեցում ներս մտան խանի զինված մարդիկը, աշխատում էին հափշտակել հանգուցյալի մարմինը, ասելով, թե նա կենդանության ժամանակ խոստովանվել էր մահմեդական կրոնը, իրավունք չէ նրան քրիստոնեական ծերերով թաղել։ Զայրացած ժողովուրդը մի կողմից, հանգուցյալի բարեկամները մյուս կողմից, հարձակվեցան խանի մարդիկների վրա, նրանցից շատերին կոտորեցին, ջարդեցին, տեղի ունեցան բավական մեծ թվով սպանություններ։ Խանի մնացած մարդիկը փախչելով, իրանց ջարդվելու մասին լուր տարան Շուշի բերդը։ Այս անգամ զայրացած խանը զորքեր ուղարկեց, բայց մինչև զորքերի հասնելը թաղման խորհուրդը կատարված էր։

Նրանք կամեցան գերեզմանից դուրս հանել հանգուցյալի մարմինը։ Այդ հանդգնությունը պատճառ տվեց մի ավելի սարսափելի կռիվի հայերի և թուրքերի մեջ։ Բայց որովհետև հայերը անտպատրաստ էին և չէին պասում մինչև այս աստիճան բռնություն խանի կողմից, այս պատճառով հաղթվեցան։ Հանգուցյալի մարմինը դուրս հանեցին իր տոհմային գերեզմանատնից[100] և տարան մահմեդականների գերեզմանատան մաջ թաղեցին։

Ի՞նչ նպատակ կար այդ բարբարոսության մեջ։ Այն, որ հետո Իբրահիմ-խանը առիթ ունենա ասելու հանգուցյալի ժառանգներին, թե ձեր հայրը մահմեդական էր և մահմեդականության մեջ մեռավ, դուք ևս պետք է ընդունեք նույն կրոնը։ Այդպես էլ եղավ։ Այնուհետև խանը, կալանավորելով Մելիք-Ավանյանների արդեն բավական ուժից ընկած ժառանգներին, սկսեց բացարձակ կերպով կրոնական հալածանքի ենթարկել նրանց։

Այդ միջոցներում Ղարաբաղում սովը և ժանտախտը սարսափելի կոտորածներ էին անում։ Գյուղերը հետզհետե դատարկվում էին, ժողովուրդը գաղթում էր։ Այդ ժամանակն էր, որ հանգուցյալ Մելիք-Աբասի որդի Մելիք-Ղահրամանը (որ և կոչվում էր Բաղր-բեկ) Տիզակի ժողովրդի մի մասը իր հետ առնելով գաղթեց դեպի Վրաստան։

Մելիք-Ավանյան Բաղդադ-բեկը (Մելիք-Եսայու որդին[101]) մնաց Իբրահիմ-խանի բանտում։ Երկար չարչարանքներ կրելուց հետո ստիպվեցավ նա իր երկու որդիների հետ, որոնք կոչվում էին Ասլան և Վահան, ընդունել մահմեդականություն։ Դրանց իշխանությունը կարճատև եղավ, որովհետև Բաղդադ-բեկը մի հակառակության համար խեղդամահ եղավ նույն Իբրահիմ-խանի ձեռքով։ Իսկ նրա որդի Ասլանը, կամենալով կրկին վերադառնալ դեպի քրիստոնեական կրոնը, նույն խանի մահադեղով սպանվեցավ։ Վահանի վախճանը մեզ հայտնի չէ։

Եվ այսպես, Մելիք-Ավանյանների, Տիզակի հզոր տիրապետողների, համարյա ամբողջ սերունդը կամ մահադեղով կամ սպանությունով ոչնչացավ Իբրահիմ-խանի ձեռքով։ Եվ չմոռանանք, որ այդ նշանավոր տոհմի աոաջին ներկայացուցիչն էր այն մեծ մարդը, որը Պետրոս Մեծի հետ թղթակցություններ ուներ, որը փառավոր ընդունելություն գտավ Աննա Իվանովնա և Ելիզավետա Պետրովնա կայսրուհիների պալատում, որը ռուսաց կառավարությունից ստացավ գեներալի աստիճան, իսկ Նադիր-շահից՝ խանության աստիճան։— Դա գեներալ Մելիք-Ավան-խանն էր, որի կատարած մեծագործությունների հետ ծանոթացանք մեր պատմության սկզբի գլուխներում։

Մելիք-Ավանյանների տոհմի վերջին ներկայացուցիչների մի ճյուղը մահմեդական դարձավ, մյուսը մնաց քրիստոնյա։ Նրանց ընդարձակ կալվածներին, Շուշի բերդի խաների օգնությամբ, տիրեցին մահմեդական ժառանգները, իսկ քրիստոնյա մնացածները զրկվեցան ժառանգությունից[102]։ Այդ տոհմի մի այլ ճյուղը, որպես էին՝ իշխան Մելիքովները, իշխան Սումբատովները, Հայրապետյանները, Ռուսաստանում մեծ-մեծ պաշտոնների մեջ մտան, փայլեցին, իսկ հետո ի՞նչ եղան,— մեզ հայտնի չէ։

XXXVI

Սովը, ժանտախտը և Ղարաբաղի գաղթականությունը

1795 թվից մինչև 1798 թվի սկիզբը պարբերաբար կատարվեցան մի քանի, մինը մյուսից ավելի կորստաբեր, ավելի փոթորկալի արշավանքներ։ Ղարաբաղը և նրա շրջակա գավառներն անընդհատ պատերազմների, ասպատակության և արյան ասպարեզ դարձան։ Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքից հետո տեղի ունեցավ կոմս Զուբովի արշավանքը, հետո Գանձակի պաշարումը, հետո Աղա-Մամադ-խանի երկրորդ արշավանքը։ Այդ արյունահեղ կռիվների ժամանակ, որ տևեցին ամբողջ երեք տարի, շինականների կյանքը այն աստիճան անապահով դրության մեջ էր, որ չկարողացան ոչ իր ժամանակին ցանել և ոչ իր ժամանակին հնձել։ Եվ երբ տեղի ունեցավ 1797 թվի սարսափելի երաշտությունը, որ ցամաքացրեց բոլոր բուսականությունը, այդ ժամանակ եղած ցանքերն էլ իսպառ ոչնչացան։

Կարծես, ինքը բնությունը միաբանվել էր մարդկային գազանությունների հետ Ղարաբաղը բոլորովին ամայի և անապատ դարձնելու համար։ Մարդիկ սպառեցին բոլորը, ինչ որ կարելի էր ուտել, հետո անասունների նման սկսեցին կերակրվել խոտերով և արմատներով։ Դա այն զարհուրելի սովերից մեկն էր, որոնց սարսափելի նկարագրությունները մեծ տեղ են բռնում Հայաստանի պատմության մեջ լանկթեմուրների և այլ այսպիսի մարդկային հրեշների կատաղի արշավանքներից հետո։

Անկարգ, անսովոր սնունդի պատճառով երկրները ծածկվեցան դիակներով։ Սովից հետո տեղի ունեցավ 1798 թվի ժանտախտը, որը լրացրեց ժողովրդի դժբախտության պակասը։

60 հազար տուն հայ բնակիչներ ունեցող Ղարաբաղը համարյա թե դատարկվեցավ։ Այդ ժամանակ տեղի ունեցա Սյունյաց աշխարհի մեծ գաղթականությունը։ Սարսափած ժողովուրդը սկսվեց ցրիվ գալ, սկսեց թողնել հայրենիքը և հեռանալ դեպի Տաճկաստան, դեպի Պարսկաստան, դեպի Ռուսաստան և դեպի Վրաստան։

Թե ի՞նչ եղան Տաճկաստան, Պարսկաստան և Ռուսաստան գաղթողները,— մենք նրանց մասին խիստ փոքր տեղեկություններ ունենք, բացի դրանից, մեր պատմության նպատակից դուրս է նրանց վրա խոսելը. կխոսենք Վրաստանի գաղթականների մասին։

Ղարաբաղի հայոց գաղթականությունը գլխավոր պատճառը դարձավ Ղարաբաղի հայկական իշխանությունների կործանման։ Փանահ-խանը, Իբրահիմ-խանը և այլ դրանց նմանները այնքան չվնասեցին հայոց մելիքություններին, որքան վնասեցին իրանք մելիքները, երբ, թողնելով հայրենի հողը, սկսեցին իրանց ժողովրդի հետ օտար հողի վրա ապահովություն որոնել։ Կտրվելով հայրենի աշխարհից, նրանք զրկվեցան ամեն բանից...

Թեև Ղարաբաղի մելիքները այն նախատեսությունն ունեին, որ ամեն անգամ, երբ հայրենիքում կյանքը անտանելի էր դառնում, երբ ստիպված էին լինում գաղթել մի օտար երկիր, նրանք միշտ պահանջել են թե իրանց համար և թե իրանց ժողովրդի համար առանձին արտոնություններ։ Բայց այդ արտոնական կացությունը մի օտար հողի վրա չէր կարող կատարելապես լրացնել այն կորուստը, որ նրանք պիտի կրեին հայրենիքը թողնելով։

1798 թվի հունվար ամսում վախճանվեցավ վրաց Հերակլ իշխանը, նրան հաջորդեց որդին՝ Գիորգի XII։

Հերակլի մահից հետո իշխանական ընտանիքի թե տղամարդերի և թե կանանց մեջ ծագեցան անհաշտ կռիվներ և անվերջանալի երկպառակություններ։ Ռուսաստանի Հովսեփ արքեպիսկոպոսը, որը վրաց իշխանական գերդաստանի մտերիմ բարեկամներից մեկն էր, շատ աշխատեց միաբանությունը և խաղաղությունը նրանց մեջ վերականգնելու համար։ Բայց նրա բոլոր ջանքերը ցանկացած արդյունքը չունեցան։ Արքեպիսկոպոսը այդ երկպառակությունները վնասակար էր համարում Վրաստանի համար։

1797 և 1798 թվականներում, այսինքն՝ սովի և ժանտախտի ամենասաստիկ ժամանակներում, Վրաստանում խմբվեցավ Ղարաբաղի հայերի ահագին բազմություն։ Այդ միախմբումը հայերի և վրացիների Հովսեփ արքեպիսկոպոսն ավելի նպաստավոր էր համարում իր նպատակների իրագործմանը։ Բայց այդ բոլորը շատ ուշ էր արդեն։ Եթե հարգելի արքեպիսկոպոսը իր անչափ եռանդի և հայրենասիրության հետ փոքր-ինչ լուրջ քաղաքագիտություն ունենար, կարելի է այն սխալանքների մեջ չընկներ, որոնց հանդիպեց նա իր ամբողջ քաղաքական գործունեության ասպարեզում։ Նա սաստիկ շուտ հափշտակվող և հեշտ խաբվող մարդ էր...

Եկատերինա II վախճանվելուց և Պողոս I կայսրի գահակալությունից հետո ռուսաց կառավարության քաղաքական հայացքը Անդրկովկասի քրիստոնյաների վերաբերությամբ բոլորովին փոխվեցավ։ Այժմ ոչ ոք չէր մտածում իրագործելու Պետրոս Մեծի և Եկատերինա II ունեցած նպատակները արևելքի քրիստոնյաների մասին։ Այժմ Վրաստանն ուրիշ ոչինչ չէր, եթե ոչ մի ռուսական նահանգ։

Այդ էր պատճառը, երբ Ղարաբաղի հայոց երկու իշխանները, Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը և Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը, կամեցան Վրաստանում հաստատ գաղթարաններ հիմնել, նրանք վշտացած Հերակլ իշխանի և նրա հաջորդ Գիորգիի վարմունքից, այլևս չկամեցան վերջինի հետ բանակցություններ ունենալ, ուղղակի դիմեցին Ս. Պետերբուրգ Պողոս I կայսրի մոտ։

Վրաստան գաղթած Ղարաբաղի հայերը սկզբում խիստ անմարդասիրաբար ընդունվեցան վրացիների կողմից։ Սովից, տանջված, աղքատ եկան նրանք այդ երկիրը, շատերը վրացիների դռները ընկած մուրացկանություն էին անում։ Վրաց իշխանները ստիպում էին նրանց, որ ճորտ գրվեն, որպեսզի փոխարենը կերակրեն նրանց։ Ողորմելիները մի կտոր հացի համար վաճառում էին իրանց զավակներին և ստրկության էին մատնում[103]։ Վրաց ազնվականների այդ անողորմ վարմունքն էր գլխավոր պատճառը, որ ստիպեց հայոց մելիքներին Ս. Պետերբուրգ դիմել։

Հայոց մելիքները իրանց հպատակների հետ[104] գաղթել էին մի երկիր, ուր այդ ժամանակ տիրում էր ճորտությունը։ Բայց հայ ժողովուրդը սովորած չէր ճորտության։ Թե Հայաստանի անկախության ժամանակ, թե պարսից և թե օսմանցիների տիրապետության ժամանակներում հայ գյուղացին վայելում էր կատարյալ ազատություն։ Մելիքները ցանկանում էին, որ իրանց ժողովուրդը պահպաներ իր վաղեմի ազատությունը, իսկ իրանք վայելեին նույն իրավունքները, որ միշտ ունեին իրանց հպատակների վերաբերությամբ։ Նրանք պահանջում էին, որ Վրաստանի սահմաններում, որը այդ ժամանակ գտնվում էր ռուսաց հովանավորության ներքո, տային նրանց ազատ հողեր, որպես մշտական սեփականություն, և այդ հողերի վրա նրանք հիմնեին իրանց գաղթարանները և բնակվեին իրանց վաղեմի օրենքներով ու սովորություններով։

Այդ նպատակներով Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը[105] և Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը գնացին Ս. Պետերբուրգ[106] անձամբ աղերսամատույց լինելու կայսրի մոտ իրանց պահանջների մասին։

Մելիքները Ս. Պետերբուրգում արժանավոր ընդունելություն գտան։ Պողոս I կայսրի 1799 թ. 2 հունիսի բարձրագույն հրովարտակով հրամայվեցավ տալ մելիքներին Ղազախի գավառը բնակության համար և պահպանել իրանց հպատակների վերաբերությամբ միևնույն իրավունքները, որ նրանք վայելում էին իրանց հայրենիքում։ Այդ հրովարտակը գրվեցավ Վարանդայի իշխան Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյանի և Գյուլիստանի իշխան Մելիք-Ֆրեյդուն Մելիք-Բեգլարյանի անունով։ Նույն մելիքներին շնորհվեցան գերազանցության մեդալներ (медали отличия) և նշանակվեցավ մշտական թոշակ. Մելիք-Ջումշուդի համար տարեկան 1400 ռ., նրա որդու համար տարեկան 600 ռ., իսկ Մելիք-Ֆրեյդունի համար 1000 ռ.։

Հիշյալ բարձրագույն հրովարտակի մտքի համեմատ կայսրը նույն թվով առանձին հրովարտակ ուղղեց վրաց իշխան Գիորգիին, բացի դրանից, նույն թվի ապրիլի 16-ից առանձին բարձրագույն հրահանգով հրամայվեցավ ստատսկի սովետնիկ Կովալենսկուն (որը այդ ժամանակ նշանակված էր Վրաստանի մինիստր) հետևյալը.

«Հայոց մելիքները՝ Ջումշուդ և Ֆրեյդուն, որոնք գտնվում են այստեղ (Ս. Պետերբուրգ) և մյուսները, որոնք մնացել են Վրաստանում և Պարսկաստանում (Ղարաբաղում) իրանց այլ հայրենակիցների հետ, դիմեցին նորին կայսերական մեծության հովանավորության ներքո և ստացան ամենաողորմած թույլտվություն բնակվելու Վրաստանում, այն պայմանով, որ թագավորը (վրաց Գիորգի XII) պետք է տա նրանց հողեր բնակության համար թե իրանց հպատակների հետ և թե Պարսկաստանի այն բնակիչների հետ, որոնք կարող կլինեն հետո դուրս դալ այնտեղից։ Թագավոր կայսրը, ցանկանալով, որ մի այսպիսի քրիստոնյա ժողովուրդը, որքան կարելի է, ծաղկեր Վրաստանում, հենց նույն իսկ երկրի օգուտների համար,— դուք (Կովալենսկին) պետք է աշխատեք, որ թագավորը (Գիորգին) հողերի այնպիսի զիջումներ աներ, որ մելիքների համար ամենաշահավետ պայմաններով լիներ, և որովհետև մի այսպիսի հասարակություն չէ կարող բնակության հաստատ հիմք ունենալ և ընդարձակել իր հառաջադիմությունը, մինչև որ պահպանված չլինեն նրա սովորությունները և կառավարության ձևերը, որոնք հին ժամանակներից հատուկ են եղել նրան,— այդ պատճառով և ցանկալի կլիներ, որ նա (հայոց հասարակությունը) ոչ այլ տեսակ կախումն ունենար Վրաստանից, բայց միայն վասալների տեսակով, վճարելով այնուամենայնիվ թեթև հարկ թագավորին և բաժանելով նրա հետ այն ամենը, ինչ որ հարկավոր կլինի թե ծախքերի վերաբերությամբ, և թե մարդիկների գործակցությամբ երկրի պաշտպանության դեպքերում»։

Վրաստանն այդ ժամանակ այն աստիճան խռովյալ դրության մեջ էր, որ իշխան Գիորգին խիստ նպաստավոր համարեց հայոց մելիքների և նրանց հպատակների ահագին բազմությամբ վրաց հողի վրա բնակություն հաստատելը։ Մելիքները կարող էին նրան զորավոր դաշնակիցներ լինել։ Կովկասյան լեռնաբնակների հարձակումները մի կողմից, վրաց իշխանական գերդաստանի անդամների երկպառակությունները մյուս կողմից, երկիրը անդադար ալեկոծության մեջ էին պահում։ Գիորգիի եղբայրները, նրա ազգականները ամեն օր նորանոր խռովություններ էին հարուցանում։ Եղբայրներից մեկը, իշխանազն Ալեքսանդրը, հակված էր պարսիկների կողմը և գործում էր հակառակ ռուսների և հակառակ իր եղբորը։

Այդ հանգամանքներն էին պատճառը, որ մելիքների պահանջը կատարվեցավ։ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը ստացավ Գիորգի իշխանից Հոռիի գավառը իր սահմաններով և Բորչալուի մի մասը, որոնց մեջ նա իր հպատակների հետ բնակություն հաստատեց։ Իսկ Մելիք-Բեգլարյան Մելիք-Ֆրեյդունը ստացավ Բորչալուի մնացած մասը և Աղջա-Կալան։ Իսկ Մելիք-Աբովը (Մելիք-Ֆրեյդունի հորեղբայրը) ստացավ Բոլնիսը իր սահմաններով։ Այնուհետև մելիքները ձեռք բերեցին և ուրիշ հողեր, այն չափով, ինչ չափով որ հետզհետե ավելանում էր նրանց հպատակների թիվը։

XXXVII

Երբ Ղարաբաղի հայ ժողովրդի մի մասը իրանց մելիքների հետ զետեղվեցան Վրաստանում, այդ ժամանակ Ղարաբաղի երեք կաթողիկոսները գտնվում էին զանազան տեղերում։ Նրանցից երկուսը մնացին Ղարաբաղում. Իսրայել կաթողիկոսը նստած էր Ամարասա վանքում, իսկ փոքր Սիմոն կաթողիկոսը՝ Երիցմանկանց վանքում։ Երրորդը՝ Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը, գտնվում էր Ղարաբաղի սահմաններից դրսում, Գանձակ քաղաքում (տե՛ս գլ. XVII)։

Բայց մի ճակատագրական դժբախտությամբ, կարծես, անխուսափելի էր դարձել, որ Ղարաբաղի մելիքները ուր և գնային, պետք էր, որ մի եկեղեցական կռիվ չար դևի նման հետևեր նրանց։

Հենց նույն տարվա մեջ, երբ մելիքները իրանց ժողովրդի հետ գաղթեցին Վրաստան, Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը, իր եղբորորդի Բաղդասարի հետ (որը արդեն վարդապետ էր ձեռնադրված) և իր այլ ազգականների ու մերձավորների հետ Գանձակից տեղափոխվեցան Թիֆլիս (1798, 25 մարտի)։ Հերակլ իշխանը սիրով ընդունեց կաթողիկոսին և մեռնելուց առաջ հանձնեց իր ժառանգ Գիորգիին, որը ավելի հարգանք ցույց տվեց իր վեհափառ հյուրին։

Թիֆլիսում այդ ժամանակ, որպես Վրաստանի հայոց առաջնորդ, Էջմիածնի բարձր հոգևոր իշխանության կողմից նստած էր Հովհաննես արքեպիսկոպոս պոլսեցին, որը հայտնի էր «գեղարդակիր» մականունով։ Դա խիստ գործունյա և բնավորության տեր մի եկեղեցական էր և մեծ ազդեցություն ուներ Էջմիածնի վրա։

Սարգիս կաթողիկոսի Թիֆլիսում բնակություն հաստատելը, իհարկե, շատ հաճելի չէր կարող լինել «գեղարդակրին», մանավանդ, երբ նկատում էր նա իշխան Գիորգիի համակրությունը դեպի կաթողիկոսը և վերջինի ձգտումները Վրաստանում այդ ժամանակ զետեղված ղարաբաղցի գաղթականների հովիվը լինելու։

Պետք է ասած, որ ղարաբաղցի գաղթականների ցանկությունն էլ հենց այդ էր։ Այդ ժողովուրդը սովորած էր Էջմիածնից անկախ իր առանձին հոգևոր կառավարությունն ունենալ, որպես էր բազմադարյան Աղվանից կաթողիկոսությունը։ Իսկ Սարգիսը այդ կաթողիկոսության ներկայացուցիչներից մեկն էր։

Ղարաբաղի հայերը մի ժամանակ Գանձակի գավառում զետեղվելով, նույն Սարգսին իրանց համար կաթողիկոս օծել տվին։ Այժմ Վրաստան գաղթելով, դարձյալ ցանկանում էին ունենալ իրանց առանձին հոգևոր իշխանությունը, անկախ Էջմիածնից, նույն Սարգսի հովվության ներքո։

Իշխան Գեորգիի հարաբերություններն այդ ժամանակ Էջմիածնի հետ լարված լինելով, նպաստում էր ղարաբաղցոց ցանկության իրագործելուն[107]։

Այդ բոլորը, հայտնի բան է, պիտի հակառակեին «գեղարդակրի», որպես Վրաստանի, հայոց առաջնորդի, շահերին մի կողմից, իսկ Էջմիածնի իրավասությանը մյուս կողմից։ Այդ էր պատճառը, երբ իշխան Գիորգին առաջարկեց Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսին, խնդրելով, որ Սարգիս կաթողիկոսը Ղարաբաղի գաղթականների առաջնորդ նշանակվի, Ղուկասը բացարձակապես մերժեց իշխանի խնդիրքը, և այդ առիթ տվեց երկար դժգոհությունների վրաց իշխանի և Էջմիածնի մեջ։

Գիորգին Ղուկասի համառությունից վշտացած հայտնեց, եթե իր խնդիրքը չկատարվի, ինքը այնուհետև կարգելե, որ Էջմիածնից ոչ մի հոգևորական իրավունք չունենա Վրաստանի սահմաններից անցկենալու և տեղային հայերից հոգևոր տուրք հավաքելու։

Ղուկաս կաթողիկոսը տեսնելով, որ դրանով Վրաստանի հայերը բոլորովին պիտի կտրվեն Էջմիածնից, սպիպվեցավ զիջումն անել։ Նա խոստացավ, թե իշխանի ցանկությունը կկատարե, միայն պետք Սարգիս կաթողիկոսը անձամբ գնա Էջմիածին, իր խոնարհությունը հայտնելու և իր պաշտոնը ստանալու համար։

Սարգիս կաթողիկոսը իր եղբորորդի Բաղդասար վարդապետի հետ գնացին Էջմիածին։ Թեև այնտեղ խիստ սառն ընդունելություն գտան, այսուամենայնիվ, Ղուկաս կաթողիկոսը վրաց իշխանի հետ ունեցած վիճաբանություններին վերջ տալու համար Սարգսին կարգեց Հաղպատու վանքի վանահայր և միևնույն ժամանակ Ղարաբաղի գաղթականների առաջնորդ։ Նույնը հաստատեց իշխան Գիորգին իր երկու հրովարտակներով, որոնցից մեկը ուղղած էր Ղարաբաղի գաղթականների հասարակությանը, իսկ մյուսը՝ իրան Սարգսին։

Բայց Էջմիածնում Սարգսից խոստումն առին, որ նա իրավունք չունենա կաթողիկոսական կնիք կամ տիտղոս գործածելու, այլ պետք է կրե արքեպիսկոպոսի աստիճան և գործածե առաջնորդական կնիք։ Թեև Սարգիսը պահպանեց այդ պայմանները, այնուամենայնիվ, նրա հակառակությունները Թիֆլիսի Էջմիածնական ներկայացուցիչների հետ իսպառ չվերջացան։

Սարգսի գործը հազիվ թե փոքր-ինչ կարգի էր դրված, Ղարաբաղից հայտնվեցավ մի նոր կաթողիկես։ Դա էր Երիցմանկանց վանքի փոքր Սիմոն կաթողիկոսը, որը, Իբրահիմ-խանից նեղվելով, փախավ Թիֆլիս։

Բայց այս անգամ Թիֆլիսի Էջմիածնականները նրա հետ ցերեմոնիա չարեցին։ «Շահագեդան» Հովհաննես վարդապետի[108] քթախոտի տուփը ձեռնածուի արկղիկի նման երկու խորշեր ուներ. մեկից ինքն էր քաշում, մյուսից առաջարկում էր այն անձինքներին, որոնց հարկավոր էր ուղարկել ոգիների աշխարհը։ Սիմոն կաթողիկոսին վիճակվեցավ վերջին խորշի մեջ ածած քթախոտով կազդուրել իր պնչերը։ Նա թունավորվեցավ և թողեց Թիֆլիսը, գնաց Գանձակ։ Մինչև այնտեղ չհասած, կաթողիկոսի մորուքի և գլխի մազերը թափվեցան և Գանձակում վախճանվեցավ։ Դա Երիցմանկանց վանքի վերջին կաթողիկոսն էր։

XXXVIII

Մեր պատմության նախընթաց գլուխներից մեկում, Ղարաբաղի մինը մյուսին հակաթոռ, բազմաթիվ կաթողիկոսների առիթով նկատեցինք, թե դարերի ընթացքում, ամեն անգամ, երբ ծագել են բուն ազգային կամ ժողովրդական ամենակարևոր խնդիրներ, միևնույն ժամանակ սատանան մեջ է ձգել մի որևիցե եկեղեցական կռիվ, երկպառակություն։ Դա թեև շատ տխուր է, բայց փաստ է։

Ռուսները արդեն տիրել էին Վրաստանին և պետք է տիրեին ամբողջ Անդրկովկասին։ Հայերի համար սկսվում էր մի նոր կյանք. պարսկական բռնապետությունը քայքայվում էր և տեղի էր տալիս քրիստոնյա պետության կառավարությանը։ Հայոց մելիքները աշխատում էին պահպանել իրանց վաղեմի իրավունքները այդ նոր պետության հովանավորության ներքո։ Ժողովրդի կյանքը գտնվում էր փոխանցական տագնապի մեջ, հազար ու մեկ կարիքներ կային, հազար ու մեկ հարցեր պիտի վճռվեին,— հենց այդ ժամանակներում Էջմիածնում սկսվեցան կաթողիկոսական կռիվները, որ զբաղեցրին հայոց մտքերը այնքան ժամանակ, մինչև ռուսները բոլորովին հաստատվեցան Անդրկովկասում։

1799, 27 դեկտեմբերի վախճանվեցավ Էջմիածնի Ղուկաս կաթողիկոսը։ Հայրապետական աթոռը ժառանգելու համար հայտնվեցան բազմաթիվ նախանձորդներ, որոնք մինը մյուսին տեղի տալով, կռվի դաշտի վրա մնացին հինգը։ Դրանք էին՝ Ռուսաստանի արքեպիսկոպոս Հովսեփը, Կ. Պոլսի պատրիարք Դանիելը, Աստրախանի եպիսկոպոս Եփրեմը և էնագետցի Դավիթ եպիսկոպոսը, որը սաստիկ խորամանկ մարդ էր և միջոցների ընտրության մեջ ամենևին խտրություն դնել չգիտեր, իսկ հինգերորդն էր թիֆլիսեցի «բոկոտն» (բոբլիկ) կոչված Ստեփան արքեպիսկոպոսը[109]։

Ռուսաց կառավարության նպատակն այն էր, որ Էջմիածնի հայրապետական աթոռի վրա նստեր մի մարդ, որը նշանավոր ծառայություններ էր մատուցել Ռուսաստանին, մանավանդ նրա արևելյան պատերազմների ժամանակ թե պարսիկների և թե օսմանցիների հետ։ Դա էր մեզ նախածանոթ Արղության Հովսեփ արքեպիսկոպոսը։ Այդ գործունյա, եռանդոտ եկեղեցականը դեռևս պետք էր ռուսաց տիրապետություններն առաջ տանելու համար։ Պարսիկների հետ գործը տակավին վերջացած չէր. Երևանյան նահանգը և ուրիշ շատ խանություններ դեռ մահմեդականների ձեռքումն էին։

Ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը վաղուց ձգտում էր այդ նպատակին, որ ընդհանուր հայոց կաթողիկոսը դառնա, և նրա մի այդպիսի փառասիրական ձգտումը սաստիկ վայր ձգեց նրա համարումը մտածող Հայերի աչքում, երբ նա, իր ավելի ընդարձակ և ավելի ազգօգուտ գաղափարները չթողնելով, սկսեց հետևել նեղ, եսական շահերին...

Թեև նա Էջմիածնում և հայ հասարակության մեջ բազմաթիվ հակառակորդներ ուներ, բայց ռուսաց կառավարության և օսմանցոց Բ. Դռան հաճությունը ստացած, Ռուսաստանից ճանապարհ ընկավ դեպի Անդրկովկաս, որ գնա Էջմիածին հայրապետական օծումն ընդունելու համար։ Արքեպիսկոպոսի վարմունքը, որ բոլորովին հակառակ էր հայոց վաղեմի ընտրողական կարգերին, շատ կարելի է, որ մեծ խռովությունների պատճառ տար, եթե ճակատագիրը այլ կերպ չտնօրիներ։ 1801 թ. փետրվարի 10-ին փառավոր հանդեսով մտավ նա Թիֆլիս։ Նա գտավ իր բարեկամ վրաց Գիորգի իշխանին արդեն դրած դագաղի մեջ[110]։ Իշխանի մահը արքեպիսկոպոսին սաստիկ տխրություն պատճառեց։ Նրա հետ մեռան սրբազանի սրտի խիստ խորին բաղձանքները...

Իշխանի դագաղը դեռ դրված էր Սիոնի մայր եկեղեցում, երբ 1801 փետրվարի 16-ին, նույն եկեղեցում կատարվեցավ Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության տոնախմբությունը և կարդացվեցավ Պողոս I կայսրի հրովարտակեր, որ ավետում էր այդ միավորությունը։

Այդ ժամանակ Թիֆլիսում գտնվում էր գեներալ-մայոր Լազրևը, որ կարգված էր իբրև Վրաստանի զինվորական իշխանության ներկայացուցիչ։

Կայսրի հրովարտակի ընթերցումից երեք օր հետո կատարվեցավ իշխան Գիորգիի թաղման հանդեսը, որին ներկա էր ինքը Հովսեփ արքեպիսկոպոսը։ Գիորգիի թաղման հետ վրաց իշխանությունը վերջացավ։

Այդ թաղումից հետո ինքը Հովսեփ արքեպիսկոպոսն անկողին մտավ և կարճատև հիվանդությունից հետո վախճանվեցավ, առանց Էջմիածինը տեսնելու, առանց կաթողիկոսական օծումն ընդունելու։ Նրա հետ մեռան և հայոց մելիքների մնացած հույսերը...

Նույն տարվա մեջ (1801, 12 մարտի) վախճանվեցավ Պողոս I կայսրը, և ռուսաց գահի վրա նստեց Ալեքսանդր I։

Գիորգիի մահից հետո ավելի սաստիկ կերպով հուզվեցավ երկպառակությունը վրաց իշխանազն ժառանգների մեջ։ Գտնվեցան նրանց մեջ այնպիսիները, որ սկսեցին բողոք հայտնել Վրաստանի Ռուսաստանի հետ միավորության մասին, սկսեցին գրգռել կովկասյան լեռնաբնակներին և պարսիկներին ռուսների դեմ[111]։

Այդ բողոքողներից ամենանշանավորը և ամենահաստատամիտն էր հանգուցյալ Գիորգիի եղբայր Ալեքսանդրը։[112] Նրա գործողությունները բավական մեծ տեղ են բռնում այդ ժամանակի պատմության մեջ, բայց մենք համառոտ կերպով մեջ կբերենք այնքանը միայն, որ վերաբերություն ուներ հայոց մելիքների հետ։

Վրաստան գաղթած հայոց մելիքներից ավելի ուժ և նշանակություն ստացավ Մելիք-Բեգլարյան Մելիք-Աբովը։ Նա որպես քաջ և պատերազմասեր էր Ղարաբաղում, նույնը եղավ և Վրաստանում։ Բացի Ղարաբաղից իր հետ բերած հպատակներից, նա իր իշխանության ներքո հետզհետե հավաքում էր և այն գաղթականներին, որոնք, Հայաստանի զանազան կողմերից փախչելով, Վրաստանում ապաստան էին գտնում։ Այսպիսով, նա այնքան բազմացրեց իր ժողովրդի թիվը, որ կարող էր ամեն անգամ մի քանի հազար ձիավորներ կռիվի դաշտ դուրս բերել։ Դրանով չբավականանալով, Մելիք-Աբովը աշխատում էր 1000 հայ ընտանիքներ Ախալցխայի վիճակից (որը այդ ժամանակ օսմանցոց իշխանության ներքո էր գտնվում) տեղափոխել Վրաստան իր կալվածների վրա։ Այդ մտքով նա իր ձիավորների խումբերով անդադար արշավանքներ էր գործում, անցնում էր Տաճկաստանի սահմաններից և ամեն անգամ ահագին ավարով հետ էր դառնում։ Շատ անգամ նրա ասպատակները հասնում էին մինչև Էրզրումի պարիսպների մոտ։ Եվ որովհետև այդ բոլորը այն ժամանակ սովորական իրերի կարգում էր, այդ պատճառով Մելիք-Աբովի վստահություններին սահման չէր դրվում։

Մելիք-Աբովն այնքան նշանակություն ստացավ իր քաջ ձիավորների խումբերով, որ երկրի մեջ վաճառականական հարաբերությունները ապահով դրության մեջ պահելու համար և ճանապարհների վրա կարավանների երթևեկությունը ավազակների հարձակումներից անվտանգ պահպանելու համար, հանձնվեցավ նրան քարվան-բաշխության պաշտոնը։ Այդ պաշտոնի նշանակությունն այն էր, որ նա պիտի պահեր ճանապարհների վրա պահականոցների նրա ձիավորները պետք է ուղեկցեին կարավաններին մի իջևանից մինչև մյուսը, որ վտանգ չպատահեր։ Այդ հսկողության համար Մելիք-Աբովի մարդիկը յուրաքանչյուր բեռնից հարկ էին ստանում 1 ռուբլի, հօգուտ մելիքի, որի տարեկան գումարը հասնում էր 500 թումանի[113], որպես խոստովանվում է Մելիք-Աբովը իր նամակներից մեկի մեջ։

Այդ բոլորը նկատելով, վրաց իշխանազն Ալեքսանդրը տեսնում էր Մելիք-Աբովի մեջ մի լավ օգնական իր նպատակները իրագործելու համար։ Դեռ Գիորգիի կենդանության ժամանակներում նա թափառում էր երբեմն Դաղստանի լեռնաբնակների մեջ, երբեմն Ղազախի և Շամշադինի թարաքամաների մեջ և երբեմն Երևանի կողմերում և ամեն տեղ գրգռում էր մահմեդականներին ռուսների և իր եղբոր՝ Գիորգիի դեմ։

Նա շատ անգամ, թե ժամակներով և թե առանձին պատվիրակներ ուղարկելով, դիմում էր Մելիք-Աբովին, առաջարկում էր միանալ իր հետ և ռուսների հակառակ գործել։ Թեև Մելիք-Աբովը, հավատարիմ մնալով այն երդմանը, որ տվել էր ռուսաց կառավարությանը, ամեն անգամ մերժում էր իշխանազն Ալեքսանդրի առաջարկությունները, այսուամենայնիվ, Թիֆլիսի ռուս աստիճանավորները, կասկածելով նրա վրա, Մելիք-Աբովին կալանավորեցին։ Նա մի քանի ամիս մնաց բանտում, մինչև Վրաստանի համար նշանակված մինիստր Կովալենսկին Թիֆլիս գալով (1800) արձակեց նրան։

Մելիք-Աբովը ուներ երեք որդի՝ Ռոստոմ-բեկ, Սայի-բեկ և Մանաս-բեկ։ Դրանցից իր քաջությամբ նշանավոր եղավ Ռոստոմ-բեկը։

XXXIX

1804 թվին ռուսաց զորքերը իշխան Ցիցիանովի հրամանատարության ներքո մոտեցան Երևանի պարիսպներին, բանակ դրեցին Էջմիածնի մոտ։ Միևնույն ժամանակ պարսկական բազմաթիվ զորքեր, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի անձնական հրամանատարության ներքո, շտապեցին Երևանը ազատելու և Ցիցիանովի արշավանքների առաջն առնելու։ Պարսից զորապետների թվում գտնվում էր վրաց իշխանազն Ալեքսանդրը մի քանի վրաց ազնվականների հետ։ Դրանք իրանց հետ առնելով մի քանի գունդ պարսկական հեծելազորներ, և միանալով Ղազախի ու Շամշադինի թարաքամաների հետ, և մի կողմից էլ ապստամբեցնելով լեզգիներին, բոլորովին կտրեցին Վրաստանի հաղորդակցությունը Ցիցիանովի բանակի հետ, որը գտնվում էր Երևանի պարիսպների մոտ։

Ցիցիանովը, որ կամենում էր պաշարել Երևանը, ինքը պաշարման դրության մեջ մնաց։ Պարսիկները ամեն կողմից շրջապատեցին նրան։ Այդ ժամանակ պակասեց Ցիցիանովի զորքերի պաշարը։ Թեև Էջմիածնի վանքը իր հացի ամբարներից մեծ օգնություն մատակարարեց, բայց Ցիցանովը կարոտություն ուներ և ռազմամթերքի. վառոդը սպառվելու վրա էր. նրան պետք էին ավելի շատ թվով թնդանոթներ։

Այդ միջոցին Մելիք-Աբովի որդի Ռոստոմ-բեկը, իր սեփական հեծելազորների խումբով, այլև իր հետ առնելով 500 ռուսաց զինվորներ, երկու անգամ զարմանալի քաջությամբ անցավ պարսիկնքերի միջից և Ցիցիանովի բանակին Թիֆլիսից վառոդ, թնդանոթներ և այլ ռազմամթերք հասցրեց։

Երբ նա այդ նպատակով պիտի կատարեր իր երրորդ արշավանքը Փամբակի ձորում, Ղուրսալու գյուղի մոտ պատահեց պարսից զորքերի։ Նրանց թիվը 800 հոգի էր, գտնվում էին Փիր-Կուլի-խան անունով մեկի գլխավորության ներքո։ Այդ միջոցին պարսից զորքերի հետ միացավ վրաց իշխանազն Ալեքսանդրը 3000 ձիավորներով։ Չնայելով պարսից ուժերի անհամեմատ գերազանցությանը, նրանք ամբողջ երեք օր կանգնած մնացին և չէին վստահանում կռիվ սկսել Ռոստոմ-բեկի փոքրաթիվ խումբի հետ։ Երբ վերջապես սկսվեցավ կռիվը, Ռոստոմ-բեկն՝ ընկած ռուսաց զորքերի առջևը, երկար քաջությամբ պատերազմում էր։ Հանկարծ նրա ձին գնդակահար լինելով, ցած գլորվեցավ։ Ռոստոմ-բեկը նստեց մի այլ ձիու վրա և կրկին նետվեցավ կռիվի մեջ։ Չնայելով, որ նա արդեն երկու վերք էր ստացել, բայց տակավին շարունակում էր կռվել։ Երբ երրորդ վերքը ստացավ աջ ձեռքի վրա, այդ ժամանակ արյունաշաղախ ցած ընկավ։ Նրա ընկնելուց հետո պարսիկները մայոր Մոնտրեզորին սպանեցին և ռուսաց բոլոր զինվորներին կոտորեցին։

Ռոստոմ-բեկին տարան պարսից թագաժառանգի՝ Աբաս-Միրզայի բանակը։

Վրաց իշխանազն Ալեքսանդրը լավ ծանոթ էր Ռոստոմ-բեկի հետ, ճանաչում էր և նրա հորը՝ Մելիք-Աբովին, որը, ինչպես ցույց տվին նախընթաց գլխում, մերժեց Ալեքսանդրի առաջարկությունները, երբ նա խնդրում էր միանալ իր հետ, ռուսների հակառակ գործելու համար։ Այժմ համառ մելիքի ավելի ևս համառ որդին, առաջնորդելով ռուսաց զինվորներին, ընկավ թշնամու ձեռքը։ Ալեքսանդրը կամեցավ հոր վրեժը առնել որդուց։ Եվ առաջուց տեղյակ լինելով, թե պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան ո՛ր աստիճան ատելություն ունի դեպի Ղարաբաղի մելիքները, որոնք Աղա-Մամադ-խանի սպանման պատճառը դարձան Շուշի բերդում,— այդ մտածությամբ, իբրև մի լավ առարկա Աբաս-Միրզայի վրեժխնդրությանը բավականություն տալու,— Ալեքսանդրը ուղարկեց Ռոստոմ-բեկին Աբաս-Միրզայի մոտ։

Պարսից թագաժառանգը իսկույն սպանել չտվեց նրան, այլ շղթայակապ ուղարկեց Թավրիզ, հրամայելով, որ այնտեղ բանտարկեն և խնամք տանեն նրա վերքերը բժշկելու համար։

Այդ հերոսը երեք ամիս բանտարկված մնաց Թավրիզում։ Միևնույն բանտում կալանավորված էր այդ ժամանակ Էջմիածնի ռուսաց կուսակից Դանիել կաթողիկոսը։[114] Այդ վերջինը հետո թավրիզեցի Օհանես-աղայի երաշխավորությամբ ազատվեցավ։ Բայց Ռոստոմ-բեկը մնաց բանտում այնքան ժամանակ, մինչև Աբաս-Միրզան ռուսներից հաղթված և բարկացած վերադարձավ Թավրիզ։ Նա իսկույն տվեց քաջին դահիճների ձեռքը և հրամայեց գլխատել նրան։ Թավրիզի հայերը մեծ սուգով նրա մարմինը թաղեցին իրանց եկեղեցու բակում գտնված գերեզմանատնում և սովորեցրին իրանց զավակներին երգել մի երգ, որը ինքը երիտասարդը գրել էր բանտում եղած ժամանակ։[115] Երևում է, Ղարաբաղի հերոսը որքան հաջողակ էր զենք գործ ածելու մեջ, նույնքան հմուտ էր և բանաստեղծության մեջ։ Այժմ այդ երգը բոլորովին մոռացված է։ Վաղեմի տխուր հիշողությունները կրկին զարթեցնելու համար մենք կդնենք նրա ամբողջ օրինակը.


Մունետիկն ի ձայն բարձր աղաղակէ,
Ժանտ դահիճն սուր ի ձեռին անյագ սրէ,
Վազեր հանգոյն զիմ կենաց թել կտրել խնդրէ,
Ի կախաղան և կամ ի սպանդ,— ո՞ւր զիս տանէ,
Քաղաքս համայն մահմեդական, աստ խուռն գան, զիմ մահ սգան,
Դառնագին լան զիս Աբովեան՝ քաջ ախոյեան։
Մի՞թէ չիք ոք աստ քրիստոնեայ, զիս փրկեսցէ
Յայս ամեհի և մահագոյժ վայրագ դահճէ։
Ընդէ՞ր զանմեղ արիւն թափել, յէ՞ր ցանկայ,
Նուիրական զենման իմոյ լերուք վկայ։
Սէր հայրենեաց ի թշնամեաց ձեռս մատնեաց,— ուրախ մեռայց,
Եվ դասեցայց ընդ դիցազանց իմոց նախնեաց։
Փշրանք մնացեալ իմ սիրելի հայոց ազգի,
Որք գտանիք ի ձեռս պարսից յայս քաղաքի,
Մի՛ մոռասջիք պատմել և զայս յորդւոց յորդի,
Թէ քաջն Ռոստոմ վասն հայրենեաց ի սպանդ վարի։
Թէպէտ ցաւիմ զի չմեռանիմ ի մարտ ընդդեմ թշնամեաց իմ,

Այլ յօժարիմ, զի զոհ լինիմ այսպես վսեմ։
Այս քաջ բազուկք յարեաց պարսից հսկայ հզօրս
Տապաստ արկին ի բազում նուագս հարիւրաւորս.
Ավա՜ղ, կնատ անգութ դահճի եղէ ես որս,
Պատմեսջի՛ք զայս վեհ դիւցացին՝ զառամեալ հօրս.
Քաջ նահատակ որդիդ միակ ի ձեռս վայրագ պարսից էանկ,
Իւր յաղթանակ մահ դժնդակ էառ պսակ։
Մեծդ յարեաց, արքայորդիդ Աբաս Միրզա,
Սուր ի ձեռին դահիճն հէգ առ ընթեր կայ,
Զիս թշնամիս քոյոյ ազգի պատրաստ ի մահ
Զիա՞րդ կամիս սպանանել՝ շու՛տ հրամայեա՛։
Միայն սգամ, զի կապեալ կամ. թե միւս անգամ հրացան, սուր իմ
Ի ձեռս ունիմ,— զբազուկս իմ ձեզ ցուցանեմ...

Սիրելի որդո աղետալի վախճանից հետո, նրա ալևոր հայրը, Մելիք-Աբովը, երկար չապրեց։ Ծերունի հերոսի վերջին օրերը անցան ցավերով և տրտմությամբ...

Ահա ինչ է գրում նա Ս. Պետերբուրգ իր 1807 թ. նոյեմբերի 23-ի նամակի[116] մեջ աղա Մինաս Լազարյանին, որին, Հովսեփ արքեպիսկոպոսի վախճանվելուց հետո, ստեպ դիմում էին Ղարաբաղի մելիքները, իրանց զանազան վշտերը հայտնելով.

«Իմ մատուցած մեծ ծառայությունները Ռուսաստանի սուրբ գահին և Շուշիում իմ ցույց տված քաջագործությունները, դեռ Զուբով զորավարի ժամանակից,— բոլորին հայտնի են։ Կարելի է որ ձեզ ևս անհայտ չէ, թե որպես հալածական արինք և ցրվեցինք երկրի երեսին Աղա-Մամադ-խանի ահարկու զորախումբը։ Այս պատճառով Հերակլ թագավորը, կամենալով մեզ (Ղարաբաղի մելիքներին) իրան օգնական ունենալ, երդումներով և թղթերով հավատացրեց մեզ, որ գայինք նրա մոտ, բնակվեինք նրա տերության մեջ և համարվեինք հավասար նրա առաջնակարգ թավադների ու կնյազների հետ։ Մենք եկանք։ Իր խոստման համեմատ թագավորը տվեց մեզ Բոլնիսը, իսկ իր պալատում մեզ տեղ նշանակեց իր բոլոր ավագներից բարձր։ Մեր մի այսպիսի դրությունը տևեց Հերակլի և Գիորգիի թագավորության ընթացքում։ Իսկ այժմ մենք զրկված ենք թե հողից, թե կալվածներից և թե հարգանքից. որովհետև ամենքը նեղացնում են մեզ, աշխատում են խլել մեզանից Բոլնիսը և պահանջում են տասներորդ մասը մեր հունձքերից։ Այդ բոլորը այն աստիճան անախորժ է մեզ, որ մենք այսուհետև ամենևին ցանկություն չունենք այլևս բնակվել այստեղ (Բոլնիսում)։ Երբ որ ես շինություններով և բնակիչներով ծաղկեցրի այդ գավառը, մաքրեցի նրան բոլոր թշնամիներից և վայրենիներից, ապա այնուհետև միայն հայտնվեցան զանազան տերեր, որոնցից մեկը տեր է կանգնում ջրանցքներին, մյուսը աշխատում է սեփականացնել իրան լեռները, երրորդը՝ հողը... Այդ բոլորից հետո, եթե Բոլնիսի բոլոր քարերը ոսկի դառնալու լինեն, այն ժամանակ ևս, հրաժարվելով կհրաժարվենք այդ երկրից։ Ոչ փող մնաց մեր քսակներում և ոչ համբերություն... մեր օրերը անց ենք կացնում ատենական տեղերի դռներում և ոչ մի տեղից օգնություն չենք գտնում...

Այդ բոլորի առիթով ես մատուցի հանուն կայսրի ամենախոնարհաբար խնդիր, որպեսզի ամենաողորմածաբար թույլատրվեր մեզ մեր ժողովրդի հետ տեղափոխվել մեր հայրենիքը՝ Ղարաբաղ, ապրելու և բնակություն հաստատելու այնտեղ։ Բոլորը, ինչ որ ես թղթի վրա խոստացել եմ ամենաողորմած Թագավորին, միևնույնը այժմյանից երդումով եմ կատարել հօգուտ արքունի գանձարանի։

Ո՛րքան մեծ է եղել իմ ծառայությունը իմ ամենաողորմած Թագավորին,— այդ մասին դեռ չգիտե բարձր կառավարությունը։ Այլևս ի՞նչ է մնում ինձ անել։ Ունեի ես անդրանիկ որդի — Ռոստոմ-բեկը, իմ ծերության զավակը և իմ նախնյաց ժառանգը և նրան ես զոհ բերեցի իմ ամենաողորմած և ինքնակալ Կայսրին... Ինչ որ ես գործել եմ և ինչ որ այժմ կատարում եմ, դրանից ավելին ոչ ոք կարող չէ անել։

Ես ունեմ մի կաթիլ արյուն, և այն ամեն րոպե պատրաստ է թափվելու իմ Թագավորի անվան համար։ Դրանից ավելի էլ ի՞նչ կարող եմ անել ես։

Իսկապես երևում է մի բան միայն, այն է, որ ես հայ եմ, և այդ պատճառով բոլոր գլխավոր հրամանատարները և զորավարները չարանում են ինձ վրա, իմ կատարած հաղթությունների և քաջագործությունների համար։ Իմ գործողությունների մասին նրանք չեն կամենում տեղեկություններ տալ ուր որ հարկն է, որովհետև ցանկանում են, որ ես հուսահատվեմ և տխրությունից մեռնեմ անհայտության մեջ։ Աստուծո օգնությամբը այդ չի լինի։ Մինչև գերեզման չմտնեմ, տխրությունը և հուսահատությունը չեն կարող վհատեցնել ինձ։ Ընդհակառակն, ես և այսուհետև նպատակ ունեմ կատարելու այնպիսի հաղթություններ, որ զարմացնեին բոլորին։ Իսկ գերեզման կմտնեմ իմ քաջագործությունների և արիությունների ժամանակ, երբեք չեմ մեռնի տկարների ու հիվանդների նման, որոնք հոգի են տալիս անկողնի մեջ»։

Հետո մի առ մի թվելով իր կատարած ծառայությունները Ռուսաստանին, ծերունի հերոսը ավելացնում է.

«Ես շատ անգամ խնդրել եմ կոմսին (Գուդովիչին), որ թույլ տա մեզ, Մելիք-Ջումշուդի նման տեղափոխվել մեր հայրենիքը՝ Ղարաբաղ։ Բայց նա չհոժարվեցավ, պատասխանելով, որ եթե մենք թողնելու լինենք այդ երկիրը (Վրաստանը), այն ժամանակ Բոլնիսը կոչնչանա, իսկ ախալցխացիները, լեզգիները և այլ վայրենիներն ու ավազակները կոչնչացնեն Թիֆլիսի շրջակա գյուղերը։ Բայց երբ որ մենք ասում ենք. որովհետև Հերակլ թագավորը շնորհել է մեզ Բոլնիսը իր բոլոր հողերով, ջրերով, անտառներով և այլ պատկանելիքներով,— ուրեմն խնդիրում ենք ձեզ, որ այդ բոլորը հաստատեք մեր անունով։ Այն ժամանակ կոմսը մեր պահանջներին պատասխանում է, ասելով, ես չեմ կարող ուրիշների կալվածները տալ ձեզ, և դրա նման խոսքեր։ Ես չեմ կամենում ձանձրացնել ձեզ բոլոր մանրամասնություններով...»։

Վերջացնում է նամակը, խնդրելով Լազարյանի միջնորդությունը Կայսրի մոտ, իր առաջարկած մի քանի պահանջների մասին, որոնց մեջ դառնացած ծերունին առանձին կերպով շեշտում է, որ թույլ տրվի իրան իր հպատակների հետ վերադառնալ Ղարաբաղ։

Մեր ընթերցողներին հայտնի է, որ Պողոս I կայսրի բարձրագույն հրովարտակի համեմատ, վրաց Գիորգի իշխանը իր առանձին հրովարտակներով Բոլնիսի գավառը շնորհեց Մելիք-Աբովին, իսկ Լոռիի գավառը շնորհեց Մելիք-Ջումշուդին, որոնց մեջ նրանք առանձին արտոնություններով գաղթականություն էին հիմնել դեռ Հերակլ իշխանի օրերում (տե՛ս գլ. XXXVI)։ Մելիք-Ջումշուդը, որպես հետո կտեսնենք, նկատելով Գիորգիի մահից հետո Վրաստանում տեղի ունեցած անախորժ հանգամանքները, և մելիքների հարաբերությունների տեղային ռուս պաշտոնակալների հետ աննպաստ կերպարանք ստանալը, վշտացավ, և վաճառելով Լոռին ռուսաց կառավարությանը, իր հպատակների հետ վերադարձավ Ղարաբաղ։ Նույնը, նույն հանգամանքների պատճառով, կամենում էր անել Մելիք-Աբովը։ Բայց նրան արգելում էին, որովհետև վրացիները այժմ մելիքների մեջ շատ պետքեր չունեին...

Որքան էլ մեծ լիներ Մելիք-Աբովի ցանկությունը իր հայրենիքը տեսնելու, իր ժողովրդի հետ իր նախահարց հողի վրա ապրելու, այսուամենայնիվ, իր բաղձանքին հասնել չկարողացավ նա։

Հետզհետե նրա հարաբերությունները վրաց ազնվականների հետ, Բոլնիսի և այլ կալվածական խնդիրների պատճառով, ավելի և ավելի թշնամական կերպարանք ստացան։ Եվ որպես պատմում են, մի հրավերքի մեջ, Թիֆլիսում, թունավորված լոբին կարճատև հիվանդությունից հետո նրան գերեզման տարավ (1808) նույն հրավերքի մեջ թունավորվելով մեռավ նրա քարտուղարը՝ Միրզա-Իսաբախշը։

Մելիք-Աբովի մահից հետո հաջորդության մասին երկպառակություններ ծագեցան Մելիք-Բեգլարյանների տոհմի մեջ։ Հանգուցյալի անդրանիկ որդին՝ Ռոստոմ-բեկը, որը մելիքների սովորությամբ պետք է հաջորդեր նրան, որպես տեսանք, Թավրիզում մահվան դատապարտվեցավ։ Նրա մյուս երկու որդիները՝ Մանաս-բեկը և Սայի-բեկը, դեռ բավական երիտասարդ էին։ Տոհմի մեջ նշանավոր մնում էր հանգուցյալի եղբորորդի Ֆրեյդունը[117], որը շատ խելացի և քաջ տղամարդ էր, և դեռ Մելիք-Աբովի կենդանության ժամանակ հայտնի էր իր արժանավորություններով։ Նա Ղարաբաղի մելիքների կողմից Ս. Պետերբուրգ ուղարկված (1799) պատգամավորներից մեկն էր, որը ներկայացավ Պողոս I կայսրին և արժանացավ նրա ամենաողորմած շնորհներին (տե՛ս գլ. XXXVI)։

Ամենի ցանկությունն այն էր, որ Մելիք-Աբովի հաջորդը լինի Ֆրեյդունը, և նա ընտրվեցավ, բայց նրա իշխանությունը կարճատև եղավ։ Նա գրգռեց իր եղբոր՝ Սամի նախանձը, որը սաստիկ կատաղի մարդ էր։ Մի անգամ տաք վիճաբանության ժամանակ Սամը հարձակվեցավ Ֆրեյդունի վրա և խենջարով այնպիսի սաստիկ զարկավ նրա գլխին, որ սպանեց հարազատ եղբորը (1808)։ Այդ ցավալի անցքից հետո եղբայրասպանը ատելի դարձավ իր տոհմի մեջ և չհասավ այն փառքին, որին ձգտում էր։ Մելիք-Ֆրեյդունի[118] փոխարեն հաջորդ ընտրվեցավ հանգուցյալ Մելիք-Աբովի որդի Մանաս-բեկը։

Այդ վերջինի ժամանակներում մելիքների նշանակությունը Վրաստանում բավական ընկավ։ Հակառակ Պողոս I Կայսրի բարձրագույն շնորհված արտոնությունների, հակառակ այն իրավունքների, որ նրանք վայելում էին Հերակլ և Գիորգի իշխանների օրերից,— այժմ սկսեցին փոքր առ փոքր սահմանափակել նրանց իրավունքները, իսկ հետո աշխատում էին իսպառ ոչնչացնել։

Այդ բոլորի պատճառը էր այն ժամանակվա ռուս կառավարիչների կամայականությունը, որի դեմ սաստիկ բողոքում էին մելիքները, շատ անգամ դիմելով ռուսաց բարձր կառավարությանը։ Երբ Մելիք-Աբովի և Մելիք-Ֆրեյդունի մահից հետո Մանաս-բեկը դիմեց գլխավոր հրամանատար գեներալ Տորմասովին, խնդրելով, որ հաստատեն իրան ժառանգական տիրապետողի իրավունքներով Բոլնիսի բնակիչների վրա, նրան բոլորովին մերժեցին, պատասխանելով, թե ոչ Բոլնիսը և ոչ այդ գավառի բնակիչները ոչ ոքին չեն պատկանում, բացի թագավորից։ Եվ մինչև անգամ հրամայվեցավ կալանավորել Մանաս-բեկին, պահել Թիֆլիսում խիստ հսկողության ներքո, որ նա Բոլնիսի բնակիչների մեջ այլևս վրդովմունք չհարուցանե։

Հայտնի է, որ Բոլնիսը բնակեցրած էր ղարաբաղցի գաղթականներով, որոնք Մելիք-Բեգլարյանների հպատակներն էին և տեղափոխված էին նրանց հայրենի Գյուլիստան գավառից։ Այն ևս հայտնի է, որ Բոլնիսը շնորհվեցավ որպես մշտական սեփականություն Մելիք-Բեգլարյաններին իրանց հպատակների հետ բնակվելու համար։ Վրաստանում այդ ժամանակ տիրում էր ճորտատիրության իրավունքը։ Թեև մելիքները Վրաստան գաղթելով չկամեցան իրանց հպատակների վերաբերությամբ ընդունել ճորտության իրավունքներ, այսուամենայնիվ, նրանք պահպանեցին տիրապետողի և հպատակի իրավունքները, այն ձևերի մեջ, որպես վաղուց սովորական էին Ղարաբաղում։ Երբ այդ իրավունքներից ևս կամենում էին զրկել նրանց, այնուհետև ուրիշ ոչինչ չէր մնում, բայց միայն թողնել Վրաստանը և կրկին տեղափոխվել Ղարաբաղ։

Այդ էր պատճառը, որ Մելիք-Բեգլարյանների ժառանգները և նրանց հպատակները, երկու վերջին նշանավոր իշխողների, Մելիք-Աբովի և Մելիք-Ֆրեյդունի մահից հետո սկսեցին հետզհետե թողնել Վրաստանը և տեղափոխվել Ղարաբաղ[119]։ Նրանք մնացին Վրաստանում մոտավորապես տասներկու տարի (1797—1809)։ Մելիք-Բեգլարյանների բացակայության ժամանակում նրանց գյուղերը, կալվածները, մի խոսքով, ամբողջ Գյուլիստանի գավառը, որ այդ տոհմի հայրենական ժառանգությանն էր, անցել էր Իբրահիմ-խանի ձեռքը։ Բայց Մելիք-Բեգլարյանները կրկին հետ խլեցին խանից բոլորը և իրանց հայրենի երկրի տերը դարձան[120]։

XL

Ղարաբաղի հայոց գաղթականությունը Վրաստանում[121] բախտավոր լինել չկարողացավ։ Դրա պատճառները այնքան մթին են, որ այժմ անհարմար կլիներ ամբողջությամբ երևան հանել։ Թե մելիքները և թե նրանց ժողովուրդը շատ դժբախտությունների հանդիպեցան։ Ժանտախտը, որի պատճառով նրանք ցիրուցան եղան և եկան Վրաստան, այստեղ ևս հայտնվելով, շատ զոհեր տարավ։

Մելիքներից ավելի խելացի գտնվեցավ Մելիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդը։ Հերակլի և Գիորգիի մահից հետո, զզվելով տեղային անախորժ հանգամանքներից, կամեցավ Լոռին վաճառել և կրկին տեղափոխվել Ղարաբաղ, իր հայրենի երկիրը՝ Վարանդա։

Նույն ժամանակվա Վրաստանի լեռնային մասի կառավարիչ կոմս Մուսին-Պուշկինը օգտավետ համարեց գնել Մելիք-Ջումշուդից Լոռին, գնահատելով այդ երկիրը 6000 ռուբլով։ Դրա հակառակ, նույն ժամանակվա գլխավոր հրամանատար իշխան Ցիցիանովը (վրացի) զանազան պատճառներ բերելով, կամենում էր ցույց տալ, որ Լոռին Մելիք-Ջումշուդի սեփականությունը չէ, և վաճառելու իրավունք չունի։ Բայց Ս. Պետերբուրգում արդեն գիտեին իշխան Ցիցիանովի անհամակրությունը դեպի հայոց մելիքները, որը արտահայտել էր նա շատ դեպքերի մեջ[122]։ Այդ էր պատճառը, որ իշխանի կարծիքներին Ս. Պետերբուրգում չհամաձայնվեցան, և ֆինանսական մինիստրի 1805 թ. 22 մայիսի կարգադրությամբ իրավունք տրվեցավ Մելիք-Ջումշուդին Լոռին վաճառելու, և տեղային կառավարությանը հրամայվեցավ կալվածագիրը հաստատելու։

Իհարկե, եթե մի քանի տարի ևս ուշացնելու լիներ Մելիք-Ջումշուդը, նա ամեն բանից կզրկվեր, որպես Մելիք-Աբովի ժառանգները զրկվեցան Բոլնիսից։ Բայց Լոռին վաճառելուց հետո նույն տարվա մեջ (1805) Մելիք-Ջումշուդը թողեց Վրաստանը և իր հպատակների հետ տեղափոխվեցավ Ղարաբաղ, իր հայրենի գավառը՝ Վարանդա։

Այդ քաջ, միևնույն ժամանակ խելացի պատերազմողը շատ նպաստեց ռուսաց տիրապետության տարածվելուն Անդրկովկասում։ Դեռ 1803 թվի դեկտեմբեր ամսում, երբ իշ. Ցիցիանովը պաշարեց Գանձակը, Մելիք-Ջումշուդը իր սեփական ձիավորներից կազմված հայկական գունդով կանգնած էր այդ բերդի պարիսպների մոտ։ Նրա զորքերի թվում գտնվում էին Թիֆլիսի հայոց առաջնորդ Հովհաննես արքեպիսկոպոսը և Ներսես վարդապետը, որը վերջը հայոց անմոռանալի Ներսես Ե-րդ կաթողիկոսը դարձավ։ Այդ եռանդոտ եկեղեցականը, իր հայրենիքը պարսից լծից ազատելու համար, մասնակցում էր իշ. Ցիցիանովի աշխատանքներին, որպես Երկայնաբազուկ-Արղության Հովսեփ արքեպիսկոպոսը մի ժամանակ մասնակցում էր կոմս Զուբովի արշավանքներին։ Բերդի պաշարումը երկար տևեց։ Ջավադ-խանը, որը արդեն ծանոթ է մեր ընթերցողներին, քաջությամբ պաշտպանվում էր։ Վերջը, 1804 3 հունվարի, ռուսաց և հայոց զորքերը, սաստիկ հարձակում գործելով, պարսպի մի մասը խորտակում են և ներս են մտնում։ Բերդի մեջ մի քանի ժամ շարունակվում էր կռիվը և կոտորածը, որը դադարեց այն ժամանակ, երբ Ջավադ-խանը սուրը ձեռքում իր որդիների հետ ընկան։

Այնուհետև Մելիք-Ջումշուդը մյուս մելիքների հետ իրանց զորքերով մասնակցեցին իշ. Ցիցանովի շիրվանյան և երևանյան արշավանքներին, և ոչ սակավ ծառայություններ ցույց տվին։

Մելիք-Ջումշուդի խորհրդով և աշխատությամբ Գանձակի բերդը գրավելուց հետո Շուշի բերդի Իբրահիմ-խանը, Ղարաբաղի մելիքների վաղեմի թշնամին, բոլորովին առանց պատերազմի ընդունեց ռուսաց հպատակությունը (1805)։

Իսկ երբ մի քանի ամսից հետո (1806, 8 փետ.) իշ. Ցիցիանովը սպանվեցավ Բաքվի Հուսեին-Կուլի-խանի դավադրությամբ[123], այդ քաղաքը ներս մտնելու միջոցին,— նույն ժամանակ, հենց որ ռուսաց զորքերի գլխավոր հրամանատարի մահվան լուրը տարածվեցավ, Անդրկովկասի ամբողջ մահմեդական ժողովրդաբնակությունը մեծ հուզմունքի մեջ ընկավ, համարյա ամեն տեղ սկսեցին ապստամբական ցույցեր անել։

Այդ Ժամանակ պարսից զորքերը գտնվում էին Երասխ գետի աջ ափերի վրա, պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի անձնական հրամանատարության ներքո։

Նույն ժամանակ Շուշի բերդի Իբրահիմ-խանը, չնայելով, որ մի քանի ամիս առաջ հպատակության երդում էր ավել ռուսաց կառավարությանը, հենց որ լսեց իշ. Ցիցիանովի մահը, կրկին դավաճանեց իր երդմանը։ Նա գաղտնի կերպով ուղարկեց իր եղբայր Մամադ-Հասան-աղային Աբաս-Միրզայի մոտ և, հայտնելով նրան երկրի թափուր դրությունը ռուսաց դիրքերից, այլև մահմեդականների կատաղությունը ռուսների դեմ, հրավիրեց նրան փութով անցնել Երասխը, խոստանալով, թե ինքն էլ կմիանա պարսից զորքերի հետ և կառաջնորդե նրանց ռուսներին ջարդելու։

Աբաս-Միրզան զորքերի ահագին բազմությամբ անցավ Երասխը և մոտեցավ Շուշի բերդին։ Այնտեղ գտնվում էին մի քանի հարյուր ռուս սալդատներ միայն, փոքրաթիվ կոզակների հետ, պոդպոլկովնիկ Լիսանևիչի հրամանի ներքո, որը հայտնի էր տեղացիներին անունովս դալի-մայոր, որ նշանակում է գիժ մայոր։

Աբաս-Միրզայի բանակը արդեն դրած էր Շոշի գյուղի[124] մոտ գտնված լեռան բարձրավանդակի վրա և այնտեղից պատրաստելում էր ռմբակոծել Շուշի բերդը։ Այդ միջոցին Իբրահիմ-խանը, իր հետ առնելով իր ընտանիքը, որ բաղկացած էր 24 հոգուց, գիշերով ծածուկ դուրս եկավ բերդից և կամենում էր դիմել դեպի Աբաս-Միրզայի բանակը։ Ոչ ոք չկարողացավ նկատել այդ, բացի Մելիք-Ջումշուդից, որին առաջուց հայտնի էին խանի դիտավորությունները։ Մելիք-Ջումշուդն այդ ժամանակ իր հեծելախմբով գտնվում էր բերդի մեջ։ Նա անմիջապես իմացում տվեց պոդպոլկովնիկ Լիսանևիչին և, երկուսը միասին, վեր առնելով իրանց հետ մի խումբ ձիավորներ, փութով հետամուտ եղան Իբրահիմ-խանին։ Նրան բռնեցին կես ճանապարհի վրա։ Խնայեցին կնիկներին և երեխաներին միայն, իսկ Իբրահիմ-խանին և նրա հետ եղող բոլոր ազգականներին կոտորեցին[125] (1806, մայիս ամսում)։

Ղարաբաղի հայոց իշխանությունների կործանողը սպանվեցավ։ Մելիք-Ջումշուդը առեց ոչ միայն իր, այլ բոլոր մելիքների վրեժը Իբրահիմ-խանից։ Նրա հայրը՝ Մելիք-Շահնազարը, բարձրացրեց այդ գազանին, և բոլոր ղարաբաղցիների անեծքի ու նախատինքի առարկան դարձավ։ Իսկ անպիտան հոր պիտանի որդին քավեց հոր մեղքերը... Բայց, արդեն շատ ուշ էր... Իբրահիմ-խանի մահը չէր կարող բժշկել այն վերքերը, որ ստացել էին Ղարաբաղի մելիքները Շուշի բերդի խաներից...

Այս բոլոր ծառայությունների համար Մելիք-Ջումշուդը ստացավ պոլկովնիկի աստիճան։

Ահա ինչ է գրում Մելիք-Ջումշուդը իր 1806 ամի 2 դեկտեմբերի նամակի մեջ Ս. Պետերբուրգ աղա Մինաս Լազարյանին.

«Թեև դրանից առաջ մի քանի անգամ պատասխանել եմ ձեր նամակներին, բայց որովհետև չգիտեմ, արդյոք հասնո՞ւմ են նրանք ձեր ձեռքը, այղ պատճառով հարկավոր եմ համարում նորից պատասխանել ձեր բոլոր հարցերին։

Նախ, դուք դժգոհ եք այն մասին, թե ինչո՞ւ մեր (մելիքների) անունները չեն հիշվում վրաց կնյազների անունների թվում, որոնք նշանավոր են գտնվել զանազան կռիվներում։

Այդ առարկայի մասին թեև ես ինքս վշտացած եմ, բայց դարձյալ կասեմ, որ մենք՝ Խամսայի մելիքներս, ավելի, քան թե նրանք (վրաց իշխանները) գերազանցել ենք պատերազմների մեջ և պետք է արժանի լինենք ավելի բարձր պարգևների ու շնորհների,— բայց հանգուցյալ իշխան Ցիցիանովի սրտում արմատացած ատելությունը դեպի հայոց ժողովուրդը (թեև Վրաստանում ծնված հայերին նա վրացիներ էր համարում) թույլ չէր տալիս նրան հասցնել ի տեղեկություն ամենաողորմած Թագավորի մեր կատարած ամենադժվարին ծառայությունները և այն քաջությունները, որ մենք ցույց տվինք Գանձակի գրավման ժամանակ, այլև Շիրվանի ու Երևանի արշավանքների միջոցներում։ Այնտեղ իշխանը (Ցիցիանովը) տեսնելով ինձ իմ գեղեցիկ կերպով կազմակերպած զորքերի հետ, որ ծառայում էին ռուսաց կառավարությանը առանց որևէ շահի (ձրի, առանց ռոճիկ ստանալու), խոստացավ աղերսամատույց լինել ինձ համար Կայսրից դրոշակ բերել տալու, որը, կարելի է, ես կստանայի, եթե չպատահեր իշխանի հետ մի այնպիսի դժբախտություն (Բաքվի մեջ սպանվելը)։

Իշխան Ցիցիանովի մահից հետո ես գտնվելով այստեղ (Թիֆլիսում) և տեղյակ լինելով պարսիկների բոլոր չար դիտավորություններին,— և որպեսզի կարելի լինի հաստատել Ռուսաստանի տիրապետությունը Ղարաբաղի նոր գրաված երկրի վրա,— գրավոր կերպով բացատրեցի իմ մի քանի խորհրդածությունները գեներալ-մայոր Նեսվետաևին, իսկ ես ինքս անձամբ գնացի Շուշի բերդը և միացա ռուսաց զորքերի հետ։

Երբ որ պարսիկները լսեցին իշխան Ցիցիանովի մահվան լուրը, իսկույն Բաբա-խանի[126] որդի Աբաս-Միրզայի առաջնորդությամբ նրանց բազմաթիվ զորքերը թափվեցան Ղարաբաղի վրա, և միանալով տեղային թաթառների հետ, կամենում էին կոտորել ռուսաց ամբողջ զորքերը և այն բոլոր հայերին, որ գտնվում էին բերդում (Շուշում)։ Այդ մտքի հետ համաձայն էր և Շուշիի տիրապետող Իբրահիմ-խանը և այդ պատճառով էլ ստացավ իր արժանավոր պատիժը (սպանվեցավ)։

Միևնույն ժամանակ գեներալ-մայոր Նեսվետաևին հաճո թվեցան իմ գրավոր առաջարկությունները, և նա իմ խորհրդով ուղարկեց տրոիցկի զորագունդը՝ Ղարաբաղ, հօգնություն այնտեղ գտնված ռուսաց զորքերի։ Հիշյալ զորագունդը, Գանձակից անցկենալու միջոցին, առեց իր հետ պոլկովնիկ Կարյագինին նրա զորքերի հետ, և շտապեց մեզ մոտ (Շուշի) օգնություն հասնելու։ Բայց դեռ ճանապարհի վրա գտնված ժամանակ նրանք գրեցին ինձ, որ իմ ձիավորների խումբով դուրս գամ նրանց առաջ։ Թողնելով իմ զորքերից բավականաչափ թվով բերդի (Շուշիի) պահպանության համար, ես վեր առի իմ ձիավորների մի մասը և գնացի միացա նրանց հետ, իսկ երեք օրից հետո մենք ամենքս միասին կռվում էինք և Ամենաբարձրյալի օգնությամբ կատարելապես հաղթեցինք մեր թշնամիներին (պարսիկներին) և նրանց հալածեցինք մի այնպիսի արագությամբ, որ (Աբաս-Միրզայի) 20 000-ի չափ հեծելազորքը սարսափելի երկյուղով անցավ Երասխի մյուս կողմը։

Գեներալ-մայոր Նեբոլսինը, միևնույն տրոիցկի զորագունդի շեֆը, և պոլկովնիկ Կարյագինը, եգերյան զորագունդի շեֆը, տեսան ինձ կռվելու ժամանակ, տեսան իմ և իմ զորքերի քաջությունները, վերջապես տեսան իմ հավատարմությունը, որովհետև հացի պակասության ժամանակ ես մատակարարեցի պաշար ռուսաց զորքերին և ցույց տվի նրանց բազմաթիվ ծառայություններ, այդ բոլորը խիստ հաճելի թվեցան նրանց, և այդ պատճառով, հաղորդագրելով իմ մատուցած բոլոր ծառայությունների մասին, նրանք խնդրեցին գեներալ-մայոր Նեսվետաևից, որ նա հասցնե ի տեղեկություն մեր ամենաողորամած Թագավորին։ Բայց դժբախտաբար, և ինձ անհայտ պատճառներով, նա (Նեսվետաևը) չներկայացրեց։

Իսկ երբ որ ես եկա այստեղ (Թիֆլիս), այն ժամանակ խնդիր մատուցի նորին պայծառափայլության կոմս Ի. Վ. Գուդովիչին, որը, հույս ունեմ, այն սիրո համար, որ ունի դեպի ձեզ և դեպի մեր ժողովուրդը (որին նա խնամք է ցույց տալիս), կվարձատրե ինձ այն ամենի համար, ինչ որ ես մինչև այսօր կատարել եմ, իհարկե, ևս զրկված չեմ լինի այդ դեպքում Ամենաբարձրալի օգնությունից և ձեր ողորմածությունից։

Երկրորդ, դուք գրում եք, թե ինչո՞ւ մենք չենք կազմակերպում կանոնավոր զորագունդեր։ Դուք հավատացած եղեք, օր մենք հեշտությամբ կարող էինք անել այդ, և այն ևս առանց ուրիշի օգնության, եթե մենք այժմ տեր լինեինք մեր առաջվա հարստության և ժողովրդին, որը, սովի և ժանտախտի պատճառով, ցրիվ եկավ դեպի Շիրվան և Վրաստան։ Իմ հայրը (Մելիք-Շահնազարը) և մեր նախնիքը միշտ պահվում էին իրանց մոտ այնպիսի զորագունդեր, որոնց կազմակերպելը դուք ինձանից պահանջում էք։ Բայց այն ժամանակ նրանք տիրում էին ամբողջ Ղարաբաղի վրա, և բոլոր հայերն ու թուրքերը նրանց հպատակներն էին։ Ուրեմն. եթե դուք ցանկանում եք, որ հայոց ժողովուրդը ազատվեր բարբարոսների (թաթառների) բռնակալությունից,— եթե ցանկանում եք, որ բոլորը (գաղթածները) կրկին վերադառնային դեպի իրանց հայրենիքը, պահպանեին կանոնավոր զորագունդեր և լավ ծառայություններ մատուցանեին մեր ամենաողորմած Թագավորին,— պետք է որ դուք միջնորդեք, 1-ին, որ հրամայեին մեր ցրիվ եկած ամբողջ ժողովրդին, որոնք գտնվում են Շիրվանում և Վրաստանում, որ նրանք կրկին վերադառնային իրանց հայրենիքը (Ղարաբաղ)։ 2-րդ, որ նրանք ազատ լինեին բոլոր հարկերից և տուրքերից երեք տարի ժամանակով։ Իսկ 3-րդը այն է, որ մեր հայերը չլինեին թուրքերի իշխանության ներքո, որովհետև դրանք չեն կարող միշտ հավատարիմ մնալ մեր քրիստոսապսակ Թագավորի կառավարությանը[127], այլ, ընդհակառակն, աշխատում են օրըստօրե ուժաթափ անել հայոց ժողովուրդը, որպեսզի դյուրությամբ կարողանան կատարել իրանց չար դիտավորությունները։ 4-րդ, որ նշանակեին մեզ համար մի գումար, որով մենք կարողանայինք պատրաստել հարկավոր եղած զենքերը այն զորագունդերի համար, որ պետք է կազմակերպել, որպեսզի միշտ առանց որևիցե պակասության պատրաստ լինեին պատերազմ գնալու ռուսաց զորքերի հետ։

Եթե մեր ամենաողորմած Թագավորը ցույց կտա մեզ այսպիսի գթածություն, այն ժամանակ դրանով Նա իրականապես կվերանորոգե հայերի ուժերը և կհարկադրե նրանց ամեն կողմից դիմել Նորին Կայսերական Մեծության քաղցր հովանավորության ներքո։

Ես հարկավոր չեմ համարում այդ մասին երկար ձանձրացնել ձեզ իմ խնդիրքներով, որովհետև դուք հազար անգամ ավելի, քան թե ես, աշխատում եք հայոց ժողովրդի ծաղկելու համար, և գիշեր ու ցերեկ չեք դադարում այդ մասին հոգ տանելուց։ Դրա համար ես հուսով եմ, որ առանց իմ խնդրելու, դուք եռանդով կաշխատեք այդ գործի ի կատար ածելու համար, որով կթողնեք ձեզանից հետո հավիտենական հիշատակ, ձեր մի այսպիսի բարեգործության համար...»։

Ստորագրված է Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյան[128].

1806 թվին, Ղարաբաղի տիրապետող հինգ մելիքները[129], բոլորը միասին, համարյա միևնույն բովանդակությամբ նամակ են գրում աղա Մինաս Լազարյանին Ս. Պետերբուրգ։ Այդ նամակի մեջ մելիքները դարձյալ արտահայտում են միևնույն գանգատները, թե նրանց մատուցած ծառայությունները ոչ միայն չեն գնահատվում, այլ մինչև անգամ հարկավոր չեն համարում հաղորդել ի տեղեկություն թագավոր կայսրի և այլն։

«Դուք (Լազարյանը) ասում եք, թե ափսոսում եք և միանգամայն զարմանում եք, որ մեր անունները և մեր մատուցած ծառայությունները ոչ մի տեղ չեն հիշատակվում, և թե մեր աշխատությունները իզուր կորչում են։ Այդ հարցին մենք պատասխանում ենք, թե ահա հենց դրա մեջն է կայանում մեր ցավն ու դժբախտությունը. որովհետև մենք մինչև մեր արյան վերջին կաթիլը չենք խնայում մեր անձը ռուսաց հայրենիքի համար և միշտ աշխատում ենք, որ մեր ամեն հավատարիմ հպատակության զգացմունքները հասնեին մինչև նորին Կայսերական մեծության ամենաողորմած գահը, բայց ի՜նչ օգուտ, որ այդ բոլորը մնում է ծածկված վարագույրի տակ...»։

Հետո իրանց նամակում ի միջի այլոց մելիքները խնդրում են. 1-ին, որ թույլ տրվի նրանց հավաքել իրանց զանազան երկրներում ցրիվ եկած ժողովուրդը Ղարաբաղում, իրանց՝ մելիքների կառավարության ներքո. 2-րդ, որ նրանք ազատ լինեին խանի իշխանությունից և նրանց ժողովուրդը բաժանված լիներ թուրքերից, և խանի փոխարեն նշանակված լիներ մի ռուս աստիճանավոր, 3-րդ, որ մելիքներին տրվեր, որպես առաջուց խոստացել էին նրանց, նույնպիսի ամենաողորմած արտոնություններ, որպիսին վայելում էր Նախիջևան քաղաքը (Դոնի վրա), այսինքն, նրանց օրենքները և դատարանները հիմնված լինեին իրանց երկրի վաղեմի սովորությունների և ավանդությունների վրա։ Եվ եթե նրանց այսպիսի արտոնություն կտային, մելիքները խոստանում էին կազմել ավելի կանոնավոր զորքեր, օգնելու համար ռուսներին ամեն դեպքերում։ Բացի դրանից, խոստանում էին, որպես հարկ վճարել ռուսաց կառավարությանը յուրաքանչյուր տարի 4000 չետվերտ հաց և 4000 ոսկի փող։

Այդ նամակից երևում է, որ մելիքներն այժմ իրանց պահանջները բավական չափավորել էին, նրանք այլևս չէին մտածում Ղարաբաղի վաղեմի հայկական իշխանությունները վերականգնելու մասին, այլ պահանջում էին մի տեսակ ինքնավարություն, ռուսաց հովանավորության ներքո, խոստանում էին պահպանել իրանց երկիրը իրանց զորքերով, ամեն տարի վճարելով մի որոշյալ քանակությամբ հարկ։

Մելիքների զորության թուլանալու գլխավոր պատճառը պետք է որոնել նրանց հպատակների գաղթականության մեջ։ Սովը, ժանտախտը և զանազան քաղաքական հանգամանքներ նրանց ցիրուցան արեցին դեպի ամեն կողմեր։ Ամեն տեղ նրանց արեցին փայլուն խոստմունքներ և ամեն տեղ նրանք խաբվեցան իրանց հույսերի մեջ։

Կրկին ի մի վայր գումարել այդ ժողովուրդը, հայրենի հողի վրա, նրանց ոչ միայն թույլ չէին տալիս, այլ մինչև անգամ արգելում էին։ Այդ քաջ ժողովուրդն ավելի հարկավոր էին համարում այն երկրների պահպանության համար, ուր որ զետեղված էին։ Թեև Ղարաբաղի գաղթականների մի մասը Վրաստանից տեղափոխվեցավ իր հայրենիքը, բայց դարձյալ դեռ բավական թվով մնացել էին այնտեղ։ Շամախու գավառը գաղթողներից, դեռ ոչ ոք չէր վերադարձել։

Ամենակորստաբերն այն էր, որ գաղթականության պատճառով, Ղարաբաղի հայ ժողովրդի բացակայության ժամանակ, նրանց երկրները, գյուղերը, հողերը մնացին անտեր, դատարկ։ Այդ դեպքից օգուտ քաղելով, Շուշի բերդի Իբրահիմ-խանը և նրա հաջորդ Մեհտի-խանը գրավեցին մելիքների երկրները և բնակեցրին մահմեդականներով։ Երբ Ղարաբաղի գաղթականների մի մասը կրկին վերադարձավ իր հայրենիքը, մելիքներին մեծ ջանք էր հարկավոր, որ կարողանային խաներից հետ խլել իրանց գյուղերն ու հողերը և, նոր բնակեցրած մահմեդականներին հեռացնելով, նրանց տեղը հաստատեին երկրի վաղեմի բնակիչներին՝ հայերին։ Ռուսաց նոր տիրապետությունն այդ ժամանակ դեռ այն աստիճան օրորվող դրության մեջ էր, որ ռուսները ոչ միայն ժամանակ չունեին, այլ մինչև անգամ հարկավոր չէին համարում մելիքների և խաների կալվածական վեճերի մեջ մտնել, և այդ էր պատճառը, որ մելիքներից շատերը կորցրին իրանց ընդարձակ կալվածները, կամ ձեռք բերեցին նրանց մի մասը միայն։ Ինչպես ասում են, խաների «խաթրին» այդ ժամանակ չէին ուզում դիպչել, իսկ հավատարիմ, քրիստոնյա մելիքներին շողոքորթելու հարկ չկար։

XLI

Մնում է մեզ մի քանի խոսք ասել Գյուլ-Յաթաղ բերդի Մելիք-Ալլահվերդյան Մելիք-Ռուստամի մասին, և մենք շուտով կվերջացնենք Խամսայի մելիքությունների հետ։

Ընթերցողը հիշում է, որ Մելիք-Ռուստամը Խամսայի տիրապետող մելիքների կարգից չէր, այլ Շուշի բերդի մահմեդական խաներին մատուցած ծառայությունների համար մելիքություն ստացավ։ Նա իր զորքերով օգնեց Իբրահիմ-խանին Գանձակի պաշարման ժամանակ և Մելիք-Մեջլումի սպանման պատճառը դարձավ (տես գլ. XXXIII)։ Նա Աղա-Մամադ-խանի սպանվելուց հետո օգնեց Իբրահիմ-խանին, և վերջինը կրկին Շուշի բերդի տերը դարձավ (տե՛ս գլ. XXXIV)։ Նա ուրիշ շատ ծառայություններ կատարեց Շուշի բերդի բռնակալի օգտին ի վնաս հայոց մելիքների, այդ բոլորը իրանց տեղերում պատմել ենք։

Ղարաբաղի մելիքների վերջին գաղթականության ժամանակ Մելիք-Ռուստամը իր հայրենիքից չհեռացավ։ Նրա հարաբերությունները Շուշի բերդի Իբրահիմ-խանի հետ այնքան լավ էին, որ նա կարիք չուներ օտար երկրներում ապահովություն որոնելու։ Բայց մյուս կողմից նրան սպառնում էր մի վտանգ, այն էր Գանձակի Ջավադ-խանի վրեժխնդրությունը։

Ջավադ-խանը չէր կարող մոռանալ, որ նա, Իբրահիմ-խանի հետ միանալով, պաշարեց իր բերդը, դավաճանությամբ իր աներ Ապրես-աղային մտցրեց բերդի մեջ, տեղային հայերին ապստամբեցրեց իր դեմ, Մելիք-Մեջլումին սպանել տվեց և այլն։

1799 թվին, այսինքն՝ Մելիք-Մեջլումի մահից երեք տարի հետո, Ջավադ-խանը հարմար ժամանակ գտավ Մելիք-Ռուստամից վրեժխնդիր լինելու։ Նա իր զորապետներից մեկի առաջնորդությամբ, որին կոչում էին Մըրղ-հաջի, որը ավելի հսկա էր, քան թե հասարակ մարդ, բազմաթիվ ասպատակներ է ուղարկում Մելիք-Ռուստամի երկիրը ավերակ դարձնելու և նրան գերի բերելու համար։ Մելիք-Ռուստամը, այս լսելով, վեր է առնում իր ձիավորների խումբը և դուրս է գալիս թշնամու հանդեպ։ Մելիքի հետ է լինում նրա քաջ նիզակակից տեր-Հարություն քահանան[130]։ Նրանք հանդիպում են թշնամուն Սուլթանի տափ կոչված դաշտում[131]։ Թշնամին մի քանի անգամ ավելի բազմաթիվ է լինում, քան մելիքի զորքերը։ Բայց որովհետև այդ ժամանակվա կռիվների մեջ հակառակ կողմերի բախտը վճռվում էր շատ անգամ առաջնորդող անձինքների մենամարտությամբ, քան թե զորքերի հավաքական պատերազմով, այդ պատճառով Մըրղ-հաջին կայծակի արագությամբ նետվում է Մելիք-Ռուստամի վրա։ Վերջինը ժամանակ չէ տալիս նրան իր մոտ հասնելու և հեռվից հրացանի գնդակով ցած է գլորում նրա ձին, և հսկան մնում է ձիու տակը։ Այդ միջոցին Մելիք-Ռուստամն արծվի արագությամբ վրա է հասնում, թուրը մերկացնում է, պատրաստվում է սպանել նրան։ Բայց հսկան աղաչում է խնայել իր կյանքին, հայտնելով, թե անձնատուր է լինում է Մելիքը մեծահոգությամբ խղճում է նրան և, իր թուրը պատյանում դնելու միջոցին, ուխտազանց թուրքը, որ թավալված էր նրա ոտների մոտ, տակից հանկարծ արձակում է ատրճանակը և մելիքին մահացու վերք է պատճառում։ Այդ միջոցին վրա է հասնում մելիքի նիզակակից տեր-Հարությունը, գտնում է նրան հոգեվարքի մեջ։ Թողնելով նրան նույն դրության մեջ, հարձակվում է Մըրղ-հաջիի վրա և սպանում է նրան։ Բայց ինքն ևս սպանվում է նույն կռվի մեջ, երբ կատաղած մահմեդականները, տեսնելով իրանց առաջնորդի դիակը, ավելի սաստկացնում են կռիվը։

Մելիք-Ռուստամի գլուխը կտրում են և տանում Գանձակ, նվիրում են նրա թշնամի Ջավադ-խանին, որից տեղային հայերը խնդրելով առնում են քաջ մարդու գլուխը և թաղում են իրանց եկեղեցու դռան մոտ։ Իսկ մարմինը թաղվում է իր հայրենի Գյուլ-Յաթաղ բերդի գերեզմանատանը[132]։

Մելիք-Ռուստամը որդի չթողեց[133]. այդ պատճառով նրա մահից հետո մելիք եղավ նրա եղբոր՝ Միրզա-բեկի որդի Րովշանը։

Մելիք-Րովշանը իր նախորդների նման բարեկամ չմնաց Շուշի բերդի խաներին և մասնակցում էր ռուսաց կռիվներին խաների դեմ։ Գանձակի պաշարման ժամանակ նա իր խումբով գտնվում էր իշ. Ցիցիանովի բանակի մեջ և քաջությամբ կովում էր Ջավադ-խանի դեմ, որի հետ ունեցած թշնամությունը, թե Մելիք-Ռուստամի սպանման պատճառով և թե առաջ, մեր ընթերցողներին հայտնի է։

Երբ իշ. Ցիցիանովը գրավեց Գանձակը, Մելիք-Րովշանը թողեց Ջրաբերդը և իր ընտանիքով տեղափոխվեցավ այդ քաղաքը, վայելում էր իշ. Ցիցիանովի առանձին համակրությունը։

Այնուհետև նա շատ ծառայություններ արեց ռուսաց զորքերին, թե նյութապես և թե իր քաջ ձիավորների խումբերով օգնելով նրանց։ Երբ պոլկովնիկ Կարյագինը, Շուշի բերդի մոտ ջարդվելով պարսից բազմաթիվ զորքերից, փախավ և ամրացավ Շահբուլաղի բերդի մեջ[134], այստեղ նրա հրամանատարության ներքո հանձնված ռուսաց զորագունդը, ամեն կողմից պաշարված պարսից զորքերով, անպատճառ կոչնչանար քաղցածությունից, եթե Մելիք-Րովշանը նրանց օգնություն չհասցներ։ Նա իր ձիավորների խումբով պատռեց, անցավ պարսից զորքերի միջով և Կարյագինի զորագնդին ուտեստի պաշար հասցրեց։

Այդ բոլորը այն աստիճան հռչակեցին Մելիք-Րովշանի անունը, որ ռուսները կամենում էին ուղարկել նրան իր ձիավորների հետ դեպի Կարսի կողմերը տաճկաց սահմանների վրա։ Երբ նա պատրաստվել էր գնալու, մի գիշեր Գանձակի կամուրջից անցնելու միջոցին, անհայտ ձեռքից հրացանի մի գնդակ արձակվեցավ, և նա մեջքից վերք ստացավ։

Մելիք-Րովշանը ոչ ոքի վրա չէր կարող կասկածել, բացի Մելիք-Մեջլումի որդի փոքր Մելիք-Աթամից, որ այդ ժամանակ Գանձակումն էր գտնվում։ Հին տոհմային թշնամությունը նորից գրգռվեցավ երկու ոխերիմ ընտանիքների մեջ, որոնք, որպես տեսանք մեր պատմության ընթացքում, շատ չարիքներ էին գործել միմյանց դեմ։ Մելիք-Րովշանը գանգատվեց, և Գանձակի ռուս բերդապահը կալանավորեց փոքր Մելիք-Աթամին։ Բայց երբ ոչինչ չհաստատվեցավ, մի քանի օրից հետո Մելիք-Աթամին արձակեցին։ Այդ սաստիկ վիրավորեց Մելիք-Րովշանին, և նա բողոքեց ռուսաց բարձր կառավարությանը բերդապահի դեմ։ Վերջինս սաստիկ հանդիմանություն ստացավ և մի քանի օր տնային բանտարկության ենթարկվեցավ։

Բայց երբ իշ. Ցիցիանովը Բաքվի մոտ սպանվեցավ, այնուհետև Մելիք-Րովշանը կորցրեց իր պաշտպանին, և նրա հարաբերությունները Գանձակի բերդապահի հետ հետզհետե թշնամական դարձան։ Մելիք-Րովշանը մտածեց հեռանալ Գանձակից։ Նա իր հայրենիքը՝ Ջրաբերդ, գնալ չկարողացավ, որովհետև Շուշի բերդի Ւբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի հետ նույնպես լավ հարաբերությունների մեջ չէր։ Կարյագինի անցքի պատճառով նա հրավիրել էր իր վրա Շուշի բերդի խաների ատելությունը, որոնք թեև ռուսներին առերես հպատակություն էին ցույց տալիս, բայց սրտով կապված էին պարսիկների հետ։

Իր անձնանվեր, բայց չվարձատրված ծառայությունների համար վշտացած, Մելիք-Րովշանը թողեց Գանձակը և գնաց Շաքի Դաշ-բուլաղ գյուղը, որ հիմնել էր մի ժամանակ (տե՛ս գլ. XXVII) նրա հորեղբայր Մելիք-Ռուստամը, և այնտեղ առանձնացավ, իրան առժամանակ հեռու պահելով պատերազմի դաշտից։ Դաշ-բուլաղում դեռ բնակվում էին Մելիք-Ռուստամի Ջրաբերդից տարած հայ գաղթականները։ Մելիք-Րովշանը նրանց իր հպատակության ներքո առեց և խաղաղ կյանք էր վարում։ Այնտեղ մի քանի տարուց հետո վախճանվեցավ նա, այն վերքի պատճառած հիվանդությունից, որ ստացել էր նա Գանձակի կամուրջի վրա։ Նա թողեց մի որդի Ալլահվերդի-բեկ անունով, որը այդ տոհմի մեջ Մելիք-Ալլահվերդի II էր[135], որի հետ այդ տոհմի մելիքությունը վերջացավ։

Խոսելով Կարյագինի անցքի մասին, մենք չենք կարող չհիշել մի քաջ տղամարդի անունը, որը նշանավոր եղավ ռուսաց զանազան կռիվների մեջ։ Դա էր կսապատցի Մելիք-Վանի Աթաբեկյանը։

Թեև Աթաբեկյանները հայոց հին ազնվականների ծագումից էին, բայց Վանիի հայրը, զարգար Թունին (Հարություն) մի հասարակ արհեստավոր էր, պարապվում էր ոսկերչությամբ։ Վանին իր պատանեկության հասակում աշխատում էր հոր արհեստանոցում և նրա լավ օգնականն էր։ Բայց այդ զբաղմունքը շուտով ձանձրացրեց նրան, երբ Ղարաբաղում ամեն րոպե լսվում էր զենքի շառաչյունի ձայնը, որոտում էր պատերազմների աղմուկը,— նրա տոհմային արյունը եռ եկավ, մտածեց թողնել ոսկերչի փուքսն ու մուրճը, վճռեց զենք կրել և նետվել կռվի դաշտը։ Նա, առանց իր դիտավորությունը հայտնելու իր ծնողներին, ծածուկ հեռացավ հայրենի տնից։ Մի ժամանակ իմացան, որ Վանին Ջրաբերդի Մելիք-Րովշանի մոտ ծառայության է մտել, նրա հեծելազորքի խումբերից մեկի գլխավորն է դարձել և կոչվում է Վանի յուզբաշի (հարյուրապետ Վանի)։

1804 թվին Ջրաբերդի բնակիչներից 300 ընտանիք, Իբրահիմ-խանի գազանությունից ազատվելու համար, գաղթեցին Գանձակ և բնակվեցան այդ քաղաքի շրջակայքում։ Տոթի և անսովոր կլիմայի պատճառով նույն տարվա ամառը այդ գաղթականներից մոտ 500 հոգի մեռան, մնացածները փախան Գանձակի գավառի Ոսկանապատ գյուղը, ուր օդը համեմատաբար ավելի հովասուն էր։

Այդ գաղթականների հետ գտնվում էր և Վանի յուզբաշին։ Գանձակում նա ծանոթացավ պոլկովնիկ Կարյագինի հետ այն ժամանակ, երբ Կարյագինին հրամայված էր Շուշի բերդին օգնությանն հասնել։ Դա այն ժամանակն էր (1806), երբ պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան բազմաթիվ զորքերով պաշարել էր Շուշի բերդը, երբ տեղային Իբրահիմ-խանը, թեև ռուսաց կառավարությանը հպատակության երդում էր տվել, բայց հենց որ Աբաս-Միրզայի զորքերը մոտեցան Շուշի բերդին, նա իր ընտանիքով դիմեց ռուսաց նենգավոր թշնամու՝ Աբաս-Միրզայի բանակը և կես ճանապարհի վրա սպանվեցավ Մելիք-Ջումջուդի և մայոր Լիսանևիչի ձեռքով (տե՜ս գլ. XXXIX)։ Բայց Շուշին դարձյալ պաշարված մնաց Աբաս-Միրզայի բազմաթիվ զորքերով։ Մայոր Լիսանևիչը և Մելիք-Ջումշուդը, փակված բերդի մեջ, ունեին իրանց ձեռքի տակ խիստ աննշան թվով զինվորներ թշնամուն ընդդիմադրելու համար։ Նրանց գլխավորապես օգնում էին բերդի մեջ բնակվող հայերը և դրսից օգնություն էին սպասում։

Օգնությունը պիտի հասցներ պոլկովնիկ Կարյագինը, որը արդեն Գանձակից ճանապարհ էր ընկել, և հայ հեծելախումբով նրան առաջնորդում էր Վանի յուզբաշին։ Ռուսաց զորախումբը բաղկացած էր 600 զինվորներից և ունեին 2 թնդանոթներ միայն։ Նրանք Գարգար գետի մոտ հանդիպեցին պարսից առաջապահի զորքերին, թվով ավելի քան 10000, որ գտնվում էին Փիր-Ղուլի-խանի հրամանատարության ներքո։ Կռիվը սկսվեցավ հիշյալ գետի ափերի մետ։ Չնայելով, որ թշնամու զորքը թվով անհամեմատ ավելի էր, քան թե ռուսաց զինվորները, և Վանի յուզբաշու հեծելախումբը, այսուամենայնիվ, պարսիկները սկզբում սարսափելի կերպով ջարդվեցան և իրանց թնդանոթները և այլ ռազմամթերքը թողնելով պատերազմի դաշտի վրա, պատրաստվում էին փախչել, երբ նրանց օգնության հասավ ինքը Աբաս-Միրզան ավելի բազմաթիվ զորքերով։ Վանի յուզբաշու հեծելախումբը և ռուսաց զինվորները մի քանի օր քաջությամբ պաշտպանվում էին, բայց ի՞նչ կարող էր անել մի բուռն զորքը Աբաս-Միրզայի ահագին բազմության դեմ։ Կարյագինը վերք ստացավ. նրա զինվորներից կեսը չմնաց, մեծ մասը ընկան կռվի դաշտում, մնացածները ամրացան մերձակա Շահ-բուլաղի ամայի բերդում[136]։

Ռուսաց զորքը բոլորովին կոչնչանար այդ ամայի բերդի մեջ, թե քաղցածությունից և թե թշնամու կրակից, եթե ութն օրվա սարսափելի պաշարումից հետո Վանի յուզբաշին նրանց գիշերով դուրս չբերեր այնտեղից և չազատեր բոլորին, փախցնելով հայոց Մոխրաթաղ գյուղը։ Այստեղ նա իր սեփական ծախքով բավական ժամանակ պահեց և կերակրեց ռուսաց զորքերին, մինչև նրանք նոր օգնություն ստացան և Աբաս-Միրզայի ահագին զորությունը ցրիվ տալով հալածեցին մինչև Երասխ գետի աջ կողմը։ Այդ կռիվների ժամանակ մեծ քաջություններ գործեցին Մելիք-Ջումշուդը, Մելիք-Րովշանը և Վանի յուզբաշին։

Այնուհետև Վանի յուզբաշին իր սեփական հեծելախումբով մասնակցում էր ռուսաց զանազան կռիվների մեջ և ամեն տեղ հայտնվում էր իր զարմանալի քաջություններով։ 1812 թվի ձմեռը Աբաս-Միրզան զորքերի ահագին բազմությամբ կրկին անգամ հարձակվեցավ Ղարաբաղի վրա։ Այդ ժամանակ ռուսաց տրոիցկի պոլկի բատալիոնը, մայոր Ժինևի զորապետության ներքո, գտնվում էր Թարթար գետի մոտ, Սուլթան-բուդ կոչված ձմեռանոցում։ Պարսից հեծելազորները Ջաֆար-Ղուլի-խանի[137] առաջնորդությամբ հարձակվում են հիշյալ ձմեռանոցի վրա և ռուսաց ամբողջ բատալիոնը ջարդում են։ Այդ միջոցին Շուշի բերդից օգնություն ուղարկեցին Վանի յուզբաշուն 200 ռուս զինվորներով, 2 թնդանոթներով և իր սեփական հայ ձիավորներով։ Բայց մինչև նրա հասնելը պարսիկները գործը արդեն վերջացրել էին։ Վանի յուզբաշին այդ տեղեկությունը ստացավ կես ճանապարհի վրա, այն ժամանակ, երբ պարսիկները վերադառնում էին կոտորածից և պատահեցան նրան։ Նա ստիպվեցավ ամրանալ Շահ-բուլաղի բերդում, որը իսկույն պաշարվեցավ Ջաֆար-Ղուլի-խանի զորքերով։ Մեծ քաջություն էր հարկավոր Վանի յուզբաշուն, որ կարողանար իր փոքրաթիվ զորքերով պատերազմել պարսից ահագին բազմության դեմ, իսկ այդ քաջությունը ունեցավ նա, մի քանի օր շարունակ պատասխանելով թշնամու ամեն կողմից տեղացող կրակներին։

Վերջը թնդանոթների հարվածներից բերդի դռները խորտակվում են, պարսից զորքերը կատաղությամբ ներս են թափվում, բայց մեծ է լինում նրանց զարմանքը, երբ բերդի մեջ ոչ ոքի չեն գտնում։ Վանի յուզբաշին մի օր առաջ իր զորքերը գիշերով դուրս էր բերել բերդից և լեռների վրայով, սարսափելի բարձրավանդակներից տարել էր հայոց Ֆարուղ կոչված գյուղը։ Բերդի մեջ թողել էր նա իր մարդիկներից մի քանի հոգի միայն, որոնք թշնամուն խաբելու համար ժամանակ առ ժամանակ պատասխանում էին։ Հենց որ պարսիկները ներս մտան, այդ մարդիկը սատանայի նման աներևութացան։

Իրանց կամավոր զորքերով ռուսաց տիրապետությունը Անդրկովկասում հաստատելու գործին ամենայն անձնվիրությամբ նպաստող հայոց քաջերից մեկն էր Վանի յուզբաշին։ Երբ 1812 թվին, 20 հոկտեմբերի գեներալ Կոտլարևսկին ջարդեց Աբաս-Միրզայի զորքերը Երասխի աջ ափի վրա, Ասլանդուզի ճակատամարտում, Վանի յուզբաշին իր մարդիկներով կռվում էր պարսից դեմ։ Հետևյալ տարին (1813, 1 հունվարի) Լենքորանի բերդը գրավելու միջոցին, Վանի յուզբաշին նույն գեներալ Կոտլարևսկիի քաջ գործակիցներից մեկն էր։

Բայց հայերը առհասարակ օտարի ծառայության մեջ մի առանձին համեստություն ունեն, մեծ գործեր կատարել, բայց փոքր պահանջներով բավականանալ։

Վանի յուզբաշին իր մատուցած ծառայությունների ճամար ստացավ ռուսաց կառավարությունից պրապորշչիկի աստիճան, մեդալ և մշտական թոշակ։ Իսկ Շուշի բերդի Մեհտի-խանը (Իբրահիմ-խանի որդին) ընծայեց Վանի յուզբաշուն որպես սեփականություն իր հայրենի Կսապատ գյուղը և շնորհեց մելիքության տիտղոս։ Նա կոչվելու էր այնուհետև Մելիք-Վանի։

Ջրաբերդի հին տիրապետող մելիքների (Մելիք-Իսրայելյանների) վերջին ժառանգները (Մելիք-Աթամ II) տեղափոխված լինելով Գանձակի գավառը, իսկ նոր մելիքների (Մելիք-Ալլահվերդյանների) վերջին ժառանգը (Մելիք-Րովշանը) տեղափոխված լինելով Նուխվա գավառը,— Ջրաբերդը մնացել էր առանց մելիքների կառավարության։ Իր արժանավորություններով Ջրաբերդը կառավարելու և այդ գավառը ժամանակի փոթորիկներից պահպանելու համար ընդունակ էր միայն Մելիք-Վանին, և նա ստացավ Մեհտի-խանից ամբողջ Ջրաբերդի մելիքությունը։

Մելիք-Վանին իր պատերազմական արժանավորությունների հետ ուներ և կառավարչական ընդունակություններ։ Նա ամբողջ 42 տարի խաղաղությամբ վարեց Ջրաբերդի մելիքության պաշտոնը, աշխատեց այդ երկրի ցրված բնակիչներին հետզհետե վերադարձնել իրանց հայրենիքը և ծաղկացրեց երկրագործությունը ու արհեստը։ Նա վախճանվեցավ խորին ծերության մեջ (1854) և նրանից հետո Աթաբեկյանների տոհմը ավելի և ավելի նշանակություն ստացավ Ղարաբաղում[138]։

XLII

1808 թվին վախճանվեցավ Ղարաբաղի Իսրայել կաթողիկոսը։ Դա այն չարագործն էր, որ մատնեց հայոց մելիքներին, որ Հովհաննես կաթողիկոսին սպանել տվեց և իր դավաճանությամբ Իբրահիմ-խանի սիրելին դարձավ (տե՛ս գլ. XX և XXI)։

Մեզ հայտնի է, որ նույն չարագործից հալածվելով, սպանված Հովհաննես կաթողիկոսի եղբայր Հասան-Ջալալյան Սարգիս կաթողիկոսը Ղարաբաղի գաղթականների հետ ապրում էր Վրաստանի Հաղպատա վանքում։ Այնտեղ մնաց նա ամբողջ 14 տարի (տե՛ս գլ. XXXVII)։

Երբ Սարգիս կաթողիկոսը լսեց իր ոխերիմ հակառակորդի՝ Իսրայել կաթողիկոսի մահը, երբ իմացավ, որ Իբրահիմ-խանը հայերի անհաշտ թշնամին, սպանված է, և երբ տեսավ, որ հայոց մելիքները իրանց հպատակների հետ Վրաստանից տեղափոխվեցան Ղարաբաղ, ինքն ևս մտածեց վերադառնալ Գանձասարի վանքը և կրկին տիրանալ Աղվանից կաթողիկոսության աթոռին, որից բավական ժամանակ անջատված էր։

Նախ ուղարկեց նա իր եղբոր որդի Բաղդասար վարդապետին, որ հետո ինքը գնա։

1808 թվին, այսինքն՝ հենց նույն տարվա մեջ, երբ Իսրայել կաթողիկոսը վախճանվեցավ, Բաղդասար վարդապետը Թիֆլիսից ճանապարհ ընկավ դեպի Ղարաբաղ[139]։ Նա գտավ Գանձասարի վանքը բոլորովին ամայի դրության մեջ։ Եռանդոտ, գործունյա և ժրաջան վարդապետը կարողացավ փոքր ժամանակում ոչ միայն կարգի դնել վանքը, այլ նրան հաջողվեցավ մասամբ ետ խլել վանքի ընդարձակ կալվածները, որ զանազան թուրք բեկեր կամ հայ ազնվականներ տիրացել էին։

Երբ Գանձասարի վանքում ամեն ինչ կարգի էր դրված, Սարգիս կաթողիկոսը թողեց Վրաստանը և Հաղպատա վանքից տեղափոխվեցավ Ղարաբաղ (1812)։ Նրա հետ գնացին Ղարաբաղի գաղթականներից նրանք, որ դեռևս մնացել էին Վրաստանում։

Սարգիս կաթողիկոսը Գանձասար տեղափոխվելով, շուտով նրա և Էջմիածնի մեջ նոր վիճաբանություններ ծագեցան։ Այդ վիճաբանություններին առիթ տվեց կաթողիկոսի փառասիրական վարմունքը։

Մեր պատմության XXXVII գլխում տեսանք, որ Սարգիս կաթուղիկոսը Վրաստանում գտնված ժամանակ, այնտեղից Էջմիածին գնալով, խոստումն տվեց, որ այլևս չի պիտի գործածե կաթողիկոսական տիտղոս և կնիք, այլ պիտի բավականանա միայն արքեպիսկոպոսական տիտղոսով ու կնիքով, և դրա համար նրան հանձնեցին Հաղպատա վանքի վանահայրությունը և Վրաստանում գտնված ղարաբաղցի գաղթականների առաջնորդությունը։ Եվ ամբողջ 14 տարի Վրաստանում կառավարում էր իր հոտը որպես արքեպիսկոպոս։ Բայց հենց որ վերադարձավ Ղարաբաղ, կրկին սկսեց իրան Աղվանից կաթողիկոս կոչել և կաթողիկոսական իրավունքների գործ դնել։ Սարգսի այդ վարմունքը, իհարկե, պետք է հուզեր մի նոր կռիվ նրա և Էջմիածնի մեջ։

Էջմիածնից նրան ազդարարեցին, որ պահպանե իր խոստմունքը, բայց նա ոչ միայն ուշադրություն չդարձրեց, այլ, դիմելով Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի պաշտպանությանը, իրան բոլորովին Էջմիածնից անկախ հայտնեց։ Այդ երկպառակությունները տևեցին երեք տարի, մինչև 1815 թվին Էջմիածնի բարձր հոգևոր կառավարությունը, ռուսաց իշխանության ուժով, հարկադրեց Սարգսին հրաժարվել կաթողիկոսության տիտղոսից և տվեց նրան միտրոպոլիտության տիտղոս արքեպիսկոպոսի աստիճանով։ Այնուհետև վերջացավ Աղվանից կաթողիկոսությունը, որ սկսված էր Լուսավորչի թոռ Գրիգորիսի ժամանակից։

Դեռ իր կենդանության ժամանակ Սարգիս միտրոպոլիտը իր եղբորորդի Բաղդասար վարդապետին ուղարկեց Էջմիածին, որ եպիսկոպոս ձեռնադրվի, որպեսզի իր հաջորդը նա լինի։ Որպես Աղվանից կաթողիկոսությունը դարերով շարունակվում էր։ Հասան-Ջալալյանների տոհմի մեջ, Սարգիսը ցանկանում էր, որ Աղվանից միտրոպոլիտությունը ևս, որը իրանից սկսվեցավ, նույնպես շարունակվեր նույն տոհմի մեջ։

Բաղդասարը Էջմիածին գնալով՝ 1820 թվին Եփրեմ կաթողիկոսի ձեռքով եպիսկոպոս ձեռնադրվեցավ և, վերադառնալով Գանձասարի վանքը, Սարգսի ծերության պատճառով, համարյա ինքն էր կառավարում վիճակի հոգևոր իշխանությունը։

1826 թվին Ղարաբաղը ենթարկվեցավ մի նոր դժբախտության. պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 80000 հոգով անցավ Երասխը, տիրեց Ղարաբաղին. տեղային մահմեդականները միացան պարսիկների հետ. Շուշիի բերդապահ պոլկովնիկ Րեուտը ռուսաց փոքրաթիվ զորքերով մնաց փակված բերդի մեջ։ Աբաս-Միրզան 48 օր պաշարված դրության մեջ պահեց բերդը։ Միևնույն ժամանակ Ֆաթալի-շահի փեսա Ամիր-խան սարդարը և Աբաս-Միրզայի երեց որդի Մահմատ-Միրզան, զորքերի ահագին բազմությամբ, անցան Գանձակի գավառը, տիրեցին Գանձակի բերդին և այնտեղից առաջացան մինչև Շամքոր, պատրաստվում էին գնալու, որ Թիֆլիսը տիրեն։ Երկրի քրիստոնյա ազգաբնակությունը գտնվում էր սարսափի և մահվան տագնապի մեջ։

Մեր պատմության հետագա գլուխներում ցույց կտանք, թե որպես հայազգի իշխան գեներալ Մադաթովի փառավոր հաղթություններով պարսիկները ջարդվեցան և կրկին փախան դեպի Պարսկաստան, իսկ այժմ կասենք այնքանը միայն, որ վերաբերում է Սարգիս միտրոպոլիտին։

Հայերին սպասում էր ընդհանուր կոտորած։ Սարսափած ժողովուրդը ամեն ինչ թողած ցրիվ էր եկել, թաքնվել էր լեռների և անտառների մեջ։ Աբաս-Միրզան, Պարսկաստանի այդ հայրենասեր թագաժառանգը, Ղարաբաղի ռուսաց զորքերով գրավվիլը վերաբերում էր ոչ այնքան ռուս զինվորների հաղթական սվիններին, որքան հայերի գործակցությանը հօգուտ ռուսների (և իրավ, ռուսները Ղարաբաղը տիրելու համար ամենևին արյուն չէին թափել)։ Այդ էր պատճառը, որ նա կամենում էր պատժել հայերին, որոնք, նրա կարծիքով, դավաճանել էին Պարսկաստանի դարևոր հպատակության դեմ։

Աբաս-Միրզայի բարկությունը ամոքելու համար և հայ ժողովրդին նրա վրեժխնդրությունից ազատելու համար ծերունի Սարգիս միտրոպոլիտը վեր առեց իր հետ Ջրաբերդի իշխող Մելիք-Վանի Աթաբեկյանին և Գյուլիստանի իշխող Մելիք-Հովսեփ II[140], Մելիք-Բեգլարյանին, և երեքը միասին գնացին Աբաս-Միրզայի մոտ։ Պարսից թագաժառանգը ընդունեց նրանց Խանքենդի գյուղում, որը գտնվում է Շուշի բերդից մի քանի վերստ հեռավորության վրա։

Ծերունի միտրոպոլիտը իր արտասուքով և Աթարբեկյան Մելիք-Վանին իր պերճախոսությամբ կարողացան ոչ միայն ամոքել թագաժառանգի բարկությունը, այլ արժանացան նրա առանձին հարգանքին։ Աբաս-Միրզան շնորհեց նրանց փառավոր «խալաթներ» և հանգստացնելով ճանապարհ դրեց, խոստանալով, թե հայոց ժողովրդին ոչինչ վնաս չի հասցնի, եթե հայերը հավատարիմ կմնան Պարսկաստանին և կդադարեն ռուսներին օգնելուց։

Իհարկե, հայերը չէին կարող չհամակրել ռուսներին և, որպես հետո կտեսնենք, նրանք եղան, որ ամեն հնարներով նպաստեցին իշխան Մադաթովի հաղթություններին Աբաս-Միրզայի դեմ և Ղարաբաղը բոլորովին մաքրեցին պարսից զորքերից։ Այսուամենայնիվ, Սարգիս միտրոպոլիտի և նրա ընկեր երկու մելիքների տեսությունը Աբաս-Միրզայի հետ բավական թանկ նստեց նրանց համար։

Երբ պարսից զորքերը հեռացան Ղարաբաղից, իշխան Մադաթովը նրանց երեքին էլ կալանավորել տվեց։ Ռուսաց անհաշտ թշնամու հետ տեսություն անելը համարվեցավ նրանց համար մի տեսակ դավաճանություն։ Սարգիս միտրոպոլիտին ուղարկեցին Թիֆլիս, այնտեղ բանտարկվեցավ։ Իսկ Աթաբեկյան Մելիք-Վանիին և Մելիք-Բեգլարյան Մելիք-Հովսեփին աքսորեցին Բաքու, որ այնտեղից տանեն Սիբիր։

Ութն ամիս թե մելիքները և թե Սարգիս միտրոպոլիտը բանտարկված մնացին։ Վերջը նրանց անմեղությունը հայտնվելով՝ ազատվեցան։

Սարգիս միտրոպոլիտը ազատվեցավ Ներսեսի (փերջը կաթողիկոս) աշխատությամբ։ Բայց այն տանջանքները, որ նա կրեց իր բանտարկության ժամանակ, սաստիկ մաշեցին նրա ծերացած կազմվածքը։ Նա բոլորովին հիվանդ վերադարձավ Թիֆլիսից և նույն հիվանդությունով 1828 թվին վախճանվեցավ։

Սարգսի մահից երկու տարի հետո (1830) Ղարաբաղի մելիքները խնդիրքով դիմեցին Էջմիածնի Եփրեմ կաթողիկոսին, որ հանգուցյալի եղբորորդի Բաղդասար եպիսկոպոսը նրա փոխարեն միտրոպոլիտ նշանակվի։ Բաղդասարը կանչվեցավ Էջմիածին և նույն տարվա մեջ ստացավ միտրոպոլիտության աստիճան։

Պետք է մի առանձին բախտ համարել, որ այն ժամանակներում, երբ ռուսները տիրեցին Ղարաբաղին և Երևանյան նահանգին, Էջմիածնում գտնվում էր Ներսեսի նման մի եկեղեցական, իսկ Գանձասարի վանքում՝ Բաղդասար միտրոպոլիտը։ Այդ երկուսը իրանց գործունեությամբ բավական նման էին միմյանց, այն զանազանությամբ միայն, որ Ներսեսը ուներ քաղաքական իդեալներ, իսկ Բաղդասարը՝ եկեղեցական և վանքային բարեկարգության եռանդ։

Եթե չլիներ Բաղդասար միտրոպոլիտը, այսօր Գանձասարի վանքը և Ղարաբաղի մյուս վանքերը չէին ունենա մի քանի հարյուր հազար դեսյատին տարածությամբ վանքային կալվածներ։

Ղարաբաղի մելիքների և Սարգիս միտրոպոլիտի Վրաստանում գաղթած ժամանակ, Ղարաբաղի վանքապատկան կալվածների անտեր մնալով, ընկել էին զանազան թուրք բեկերի ձեռքը։ Բաղդասար միտրոպոլիտի մեծ ջանքերին ենք պարտական, որ կարողացավ ազատել և կրկին վանքերի անունով հաստատել, եթե ոչ կորուսած կալվածների ամբողջը, այլ գոնե նրանց մեծ մասը։

Պատմության դեմ չմեղանչելու համար պետք է խոստովանել և այն, որ Բաղդասար միտրոպոլիտը, որպես առհասարակ մեր բոլոր բարձրաստիճան եկեղեցականները, ուներ և իր թույլ կողմերը։ Այն է, որ իր աղքատ ազգականների՝ Հասան-Ջալալյանների, վիճակը ապահովելու համար, նրանց օգտին վանքային կալվածներից փոքրիկ բաժիններ հանեց... Այդ բաժիններից իր մասը ստացավ և միտրոպոլիտի վեզիրը։

Բայց այդ բոլոր թուլությունները, համեմատելով այն մեծ ծառայությունների հետ, որ նա կատարեց, վանքապատկան կալվածքները կորզելով զանազան հափշտակիչների ձեռքից, այդ թուլությունները, կրկնում ենք, պետք է ներելի համարել...

Ղարաբաղի վանքապատկան կալվածքների վերաբերությամբ ավելի անազնիվ կերպով վարվեցավ Իսրայել կաթողիկոսը, Սարգիս կաթողիկոսի (հետո միտրոպոլիտի) ժամանակակիցը։ Չմոռանանք, որ այդ Իսրայել կաթողիկոսը, Իբրահիմ-խանի սիրելին, հայոց մելիքների մատնիչը, Գանձասարի վանքի Հասան-Ջալալյան կաթողիկոսների տոհմից չէր, այլ Երիցմանկանց վանքի ինքնիշխան և հակաթոռ կաթողիկոսներից մեկն էր։ Գուցե ընթերցողը հիշում է, որ Ղարաբաղի մելիքների և Սարգիս կաթողիկոսի Վրաստան գաղթած ժամանակ, Իբրահիմ-խանի պաշտպանությամբ, այդ Իսրայելն էր վարում Աղվանից կաթողիկոսության իշխանությունը։ Այդ դավաճանը վախճանվեցավ իր ազգականներից մեկի տանը, որի մռայլոտ անունը հիշելու ցանկություն չունենք։ Նույն տան մեջ կաթողիկոսը հավաքած ուներ Ղարաբաղի մի քանի հարուստ վանքերի արծաթեղեն անոթները, սրբությունները և թանկագին զգեստները։ Կաթողիկոսի վախճանվելուց հետո այդ բոլորը մնացին որպես սեփականություն նրա ազգականի։ Դա մի մեծ կորուստ չէր լինի, եթե նույն տան մեջ չմնային և զանազան վանքերի կալվածագրերը։

Եթե Բաղդասար միտրոպոլիտին չհաջողվեցավ ձեռք բերել Ղարաբաղի վանքապատկան բոլոր կալվածքները, դրա գլխավոր պատճառներից մեկն էլ այն էր, որ կալվածագրերը մնացել էին նույն մարդու մոտ, որի տանը վախճանվեցավ Իսրայել կաթողիկոսը։ Այդ պարոնը զանազան զարտուղի և մթին ճանապարհներով կամ ինքը տեր եղավ նույն կալվածքներին և կամ թույլ տվեց, որ թուրքերը տիրեն, ծածուկ նրանցից փողեր ստանալով և վանքային կալվածագրերը ոչնչացնելով, որ իր գողությունը չհայտնվի։

Բաղդասար միտրոպոլիտը սկզբում ուշադրություն դարձրեց Խաչենի գավառում գտնվող և Գանձասարի վանքին պատկանող կալվածները թափել հափշտակողների ձեռքից։ Այդ կալվածները այնքան լայնատարած էին, որ նրանց վրա զետեղված էին 60-ի չափ վանքապատկան գյուղեր, իրանց հարուստ անտառներով, արգավանդ վարելահողերով և արոտատեղիներով։ Բայց նա կարողացավ միայն 30000 դեսյատինի չափ կրկին սեփականացնել վանքին, իսկ մնացյալ մեծ մասը մնացին վիճելի։

Բաղդասար միտրոպոլիտի աշխատությունների նպատակը վանքապատկան կալվածների վերաբերությամբ այն չէր, որ նա դրանցով ապհովեցներ վանականների և վանքերի գոյությունը, այլ գլխավորապես այն էր, որ նրանք լինեին եկամուտների մշտական և հաստատուն աղբյուր Ղարաբաղի զանազան տեղերում դպրոցներ հիմնելու համար։

Ինքը, Բաղդասար միտրոպոլիտը, թեև անուս և, որպես ղարաբաղցի, կոշտ-կոպիտ մարդ էր, բայց, որպես ղարաբաղցի, ուներ և բնական խելք, տոկունություն և հեռատեսություն[141]։ Նա ուսում չուներ, բայց սաստիկ ուսումնասեր էր։ Սկզբում հիմնեց նա Գանձասարի վանքում մի դպրոց և Նուխիի կողմերից հրավիրեց ճարտասան և լավ հայկաբան Հովսեփ վարդապետին[142], որպես վարժապետ և նույն դպրոցի կառավարիչ։

1836 թվին Շուշի բերդում հասատվեցավ վիճակային հոգևոր կառավարության կոնսիստորիա։ Բաղդասար միտրոպոլիտը հրավիրվեցավ Էջմիածին և, այնտեղ հավատարմության երդում տալով, կարպեցի Հովհաննես կաթողիկոսից նշանակվեցավ Ղարաբաղի թեմական առաջնորդ (1837)։ Շատ հասկանալի է, որ դրանով Բաղդասարի իրավունքները սահմանափակվեցան։ Մինչև այն օր նա համարվում էր Աղվանից միտրոպոլիտ և ազատ էր իր հոգևոր իշխանության մեջ, բայց կոնսիստորիայի հաստատվելուց հետո նա բոլորովին ենթարկվեցավ Էջմածնի իրավասությանը, որը ոչ սակավ խոչընդոտներ դրեց միտրոպոլիտի ազատ գործունեությանը...

Կոնսիստորիայի հաստատվելուց հետո նա հարկադրվեցավ թողնել Գանձասարի վանքը, Աղվանից բազմադարյան կաթողիկոսարանը և տեղափոխվեցավ Շուշի բերդը։ Այստեղ սպասում էր միտրոպոլիտի գործունեությանը ընդարձակ ասպարեզ, միևնույն ժամանակ ծանր աշխատանք։

Միտրոպոլիտի առաջին ջանքն եղավ դուրս կորզել Մեհտի-խանի Խուրշիտ անունով դստեր և ուրիշ մի քանի թուրք բեկերի ձեռքից Խոթա վանքի[143] լայնատարած կալվածները, որոնց, միևնույն հանգամանքների պատճառով, որպես Ղարաբաղի մյուս վանքերի կալվածները, անիրավությամբ տիրել էին։

Այս անգամ միտրոպոլիտի հակառակորդները բավական զորավոր և ազդեցության տեր անձինք էին։ Բայց տոկուն և ամեն դժվարություններից չհուսահատվող Բաղդասարը մի քանի տարի շարունակ դատ վարեց խանի դստեր և մյուս բեկերի հետ, մինչև կարողացավ վերջապես նրանցից հետ խլել հիշյալ վանքի կալվածները, որոնք մոտ 150000 դեսյատինի չափ ընդարձակությամբ տարածվում են Թարթար գետի հյուսիսային և հարավային ափերի երկարությամբ և ընդհանուր անունով կոչվում են՝ Դոդխու-Քալբաջար, Լևա և Մարջումակ։ Իր դատավորության ծախքերի համար միտրոպոլիտը գործ դրեց մինչև 30000 ռուբլի, որը այն ժամանակ մեծ գումար էր։

Խոթա վանքի կալվածները, այղ միլիոնների արժեք ունեցող ազգային մեծ հարստությունը, կարելի է մի ամբողջ գավառ համարել։ Նրանց մեջ բացի հրաշալի, կուսական անտառներից, բացի ընդարձակ արոտատեղիներից և լեռներից, բացի լայնատարած և արգավանդ վարելահողերից, զետեղված էին թվով մինչև 100 գյուղեր։ Նրանց լեռների բարձրավանդակների վրա և հովիտներում թափառում էին թվով մինչև 20 զանազան խաշնարած ցեղեր, զանազան անուններով։ Դրանք Խոթա վանքին (այսինքն՝ Ղարաբաղի հոգևոր իշխանությանը) չնչին հարկ էին վճարում, եթե ասեմ որքան,— շատ ծիծաղելի կլիներ...

Բաղդասար միտրոպոլիտը արդարև թողեց ազգի համար մի մեծ հարստություն, բայց նրա անպիտան հաջորդները հետզհետե վատնեցին այդ հարստությունը[144]։

Բաղդասար միտրոպոլիտի օգտավետ աշխատությունների թվում կարելի է հիշել նրա 1843 թվին կառուցած հոյակապ առաջնորդարանը, որը Շուշի բերդի փառավոր տներից մեկը կարելի է համարել։ Նույն առաջնորդարանին կից գնեց նա ընդարձակ գետին, որի վրա դիտավորություն ուներ իր արդեն բաց արած հոգևոր դպրոցի համար առանձին շենք կառուցանել, բայց վաղահաս մահը միտրոպոլիտի այդ ձեռնարկությունը թողեց անկատար[145]։

Բաղդասար միտրոպոլիտի աշխատություններից մեկն էլ այն եղավ, որ թուրքերի և ռուսների ձեռքից ազատեց Ամարասա սուրբ Գրիգորիսի վանքը։ Այդ վանքը, բավական ժամանակ անտեր մնալով, թուրքերը գրավել էին և, տալով նրանց իրանց հասկանալի մի անուն, Աղ-օղլան[146], համարում էին իրանց սրբավայր։ Վանքի շրջակա հողերը և Ամարասա ձորի ամբողջ կալվածները թուրքերի տիրապետության ներքո էին։ Իսկ վանքի ընդարձակ սենյակները և ամբողջ շինությունը, բացի տաճարից, ռուսները ծառայեցնում էին որպես մաքսատուն։

Միտրոպոլիտի աշխատությամբ 1848 թվին, ռուսաց կառավարության հրամանով մաքսատունը տեղափոխվեցավ Երասխի ափի մոտ, Ջաբրայելում, իսկ վանքը իր կալվածներով դարձավ սեփականություն հայոց հոգևոր կառավարության։

Բացի հոգևոր դպրոցից, Բաղդասար միտրոպոլիտը հիմնեց Շուշի բերդում տպարան, որի մամուլները և տառերը գնեց նա Ղարաբաղում այն ժամանակ գտնված գերմանացի միսիոնարից, երբ նրանց ռուսաց կառավարության հրամանով հեռացրին Ղարաբաղից։ Նա բավական նշանավոր գումար ուղարկեց Վենետիկի Մխիթարյանների վանքը և բերել տվեց մի-մի օրինակ նրանց բոլոր հրատարակություններից և կազմեց հոգևոր դպրոցին կից մի հարուստ գրադարան, այնտեղ հավաքելով և Ղարաբաղի վանքերում գտնված նշանավոր գրչագիր մատյանները։ Այդ գրքերը հետզհետե տպագրելու դիտավորություն ուներ իր սեփական տպարանում[147]։

Գուցե այդ գործունյա և եռանդոտ մարդն ավելի մեծ օգուտներ կհասցներ Ղարաբաղին, եթե մի քանի տարի ավելի ևս ապրելու լիներ։ Մաշող հոդացավը, որ ստացել էր նա վերջին ժամանակներում, սկսեց սաստկանալ և 1854 թ. հունիսի 27-ին նրան գերեզման տարավ 79-ամյա հասակում։ Նրա մարմինը թաղվեցավ Գանձասարի վանքի գավթի մեջ, իր երկու հորեղբայրների՝ Հովհաննես կաթողիկոսի և Սարգիս միտրոպոլիտի շիրիմների մոտ[148]։ Նրա մահից հետո Աղվանից միտրոպոլիտությունը բոլորովին վերջացավ։

Բաղդասար միտրոպոլիտից հետո Ջալալյանների տոհմից միայն Սարգիս արքեպիսկոպոսը բավական ժամանակ վարեց Ղարաբաղի թեմական առաջնորդի պաշտոնը. նրա մահից հետո Հասան-Ջալալյաններից այլևս նշանավոր եկեղեցականներ չհայանվեցան։

Խաչենի Հասան-Ջալալյան վերջին մելիքներից նշանավոր եղավ Բաղդասար միտրոպոլիտի եղբայր Մելիք-Ալլահվերդի II, որը վախճանվեցավ 1827 թվին և նրանից հետո այդ տոհմի մելիքությունը վերջացավ։ Նա թողեց չորս որդի՝ Երեմիա քահանա, Մովսես վարդապետ, Աբրահամ-բեկ և Հովսեփ-բեկ։

XLIII

1813 թ. հոկտեմբերի 12-ին կայացավ Գյուլիստանի դաշնադրությունը Զեյվա բերդի[149]մոտ, որի զորությամբ պարսից պետությունը թողեց հօգուտ Ռուսաստանի՝ Ղարաբաղի, Շամախու, Գանձակի, Շաքիի, Թալիշի, Բաքվի, Ղուբայի և Դերբենդի խանությունները։

Երևում էր, որ այդ դաշնադրությամբ պիտի վերջանային պարսից կռիվները ռուսաց հետ, և պիտի դադարեին պատերազմասեր Աբաս-Միրզայի անընդհատ հարձակումները ռուսաց նոր գրաված երկրների վրա։ Բայց հաշտությունը երկար չտևեց։ Այդ հաշտությունը Աբաս-Միրզայի կողմից ավելի ժամանակ վաստակելու համար էր, որ Պարսկաստանը կազդուրե իր ուժերը և նորոգված զորությամբ հետ խլե իր կորցրած գավառները։

Վերոհիշյալ խանությունները պահպանելու համար և դեռ չզսպված կովկասյան լեռնաբնակներին նվաճելու համար հարկավոր էր մի մարդ, որ ծանոթ լիներ տեղային պայմանների հետ։

Այդ ժամանակներում իր զարմանալի հաղթություններով արդեն մեծ փայլ և հռչակ էր ստացել հայազգի իշխան գեներալ Մադաթովը, մանավանդ այն կռիվների մեջ, որ Ռուսաստանը ունեցավ թուրքերի հետ։ Այդ հերոսը համարվում էր ռուսաց քաջ և ընդունակ զորավարներից մեկը, և նրա արևելյան ազգերի սովորություններին և նրանց հետ պատերազմելու եղանակներին ծանոթ լինելը միշտ նպաստում էր նրա անվրեպ հաջողություններին։

Իշխանի այդ հատկությունները ի նկատի առնելով, գեներալ Երմոլովի առաջարկությամբ, երբ այդ վերջինը նշանակվեցավ Անդրկովկասի գլխավոր կառավարիչ, միևնույն ժամանակ, 1816 թվին, բարձրագույն հրամանով իշխան Մադաթովը նշանակվեցավ Անդրկովկասի առանձին զորաբաժնի հրամանատար։

Իսկ 1817 թ. նշանակվեցավ նա Ղարաբաղի, Շաքիի և Շիրվանի խանությունների զինվորական-նահանգային գլխավոր (военно-окружной начальник)։ Նրան հանձնված էր հսկել հիշյալ խանությունների կառավարության և բարեկարգության վրա։

Իշխան Մադաթովը դուրս էր եկել Ղարաբաղից տրեխներով, բայց վերադարձավ իր հայրենիքը գեներալ-լեյտենանտի աստիճանով, կուրծքը զարդարած բազմաթիվ շքանշաններով։ Բոլորը, ինչ որ չուներ նա, ստացել էր տոկուն զինվորի և քաջ պատերազմողի աշխատությամբ։ Հայրենիքը ուրախությամբ ողջունեց նրան. բոլոր հայերի սրտերը լցված էին պարծանքով և հպարտությամբ։ Մելիքների ոգևորությանը չափ չկար. բոլորը հույս ունեին, որ իշխանի շնորհիվ կվայելեն իրանց վաղեմի իրավունքները։

Երկու տարի զբաղվեցավ իշխանը կովկասյան լեռնաբնակների հետ ամենադժվարին կռիվներով, և նա պսակեց իր հաղթությունները ամբողջ հյուսիսային Դաղստանը նվաճելով և տեղային կիսավայրենի, ավազակաբարո ցեղերը հանգստացնելով։

Վերադառնալով Ղարաբաղ, նա սկսեց զբաղվել իր հսկողությանը հանձնված երեք խանությունների բարեկարգություններով. հիմնեց նրանց մեջ գավառական դատարաններ կամ դիվաններ, և ինքը շատ անգամ ներկա էր գտնվում գործերի քննությանը։

Իսկ Ղարաբաղի կառավարիչը դարձյալ մնացել էր Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանը, որը այդ ժամանակ ռուսներից գեներալի աստիճան էր ստացել և պահպանում էր խաների, թեև սահմանափակված, բայց վաղեմի իրավունքները։ Սահմանափակված ասում ենք նրա համար միայն, որ նրան արգելված էր պատժել, մահվան դատապարտել, իսկ մյուս արտոնությունների վերաբերությամբ, կարելի է ասել, որ նա այժմ ավելի իրավունքներ էր բանացնում, քան թե ուներ պարսիկ տիրապետության ժամանակներում։ Նա ինքնակամ կերպով հողեր, գյուղեր, կալվածներ էր ընծայում, ուր որ ցանկանում էր (իհարկե, ոչ իր սեփականությունից) կամ խլում էր մեկից և մյուսին էր տալիս, մի խոսքով, վարվում էր երկրի հողի և հպատակների հետ իբրև նրանց լիակատար տերը։

Մեհտի-խանի այդ կամայականությունը առաջ եկավ Ղարաբաղի նոր տիրապետող ռուսների սխալ հասկացողությունից առհասարակ խաների նշանակության մասին և նրանց իրավունքների ո՛ր աստիճան տարածվելու մասին։ Ռուսները, որոնք իրանց երկրում տեսել էին ճորտություն, տեսել էին կալվածատերերի անսահման իրավունքները իրանց հողերի և ճորտերի վերաբերությամբ, որոնց մինչև անգամ որսորդական շների հետ էին փոխում,— հասկանալի է, որ ռուսներին չէր կարող օտարոտի երևնալ խանի վարմունքը, մանավանդ, որ արդեն համարում էին նրան իբրև Ղարաբաղի տիրապետող և ժառանգական իշխան (владетельный князь)։

Այդ ժամանակ ռուսները շատ փոքր ծանոթություններ ունեին Պարսկաստանի կառավարչական կարգերի, օրենքների և սովորությունների մասին։ Խանը, եթե ուներ մի գյուղ կամ այլ կալվածք, իբրև հասարակ սեփականատեր, կարող էր վաճառել։ Բայց նա երկրի տերը և թագավորը չէր, որ իրավունք ունենար հասարակաց հողերը բաշխելու, ընծայելու ում որ ցանկանար, կամ հետ խլելու ումից որ ցանկանար։ Կրկնում ենք, որ խանի այդ կամայականությունը առաջ եկավ ռուսաց այն ժամանակվա պաշտոնակալների սխալ հասկացողությունից խաների նշանակության մասին, և այդ սխալից աշխատեցին օգուտ քաղել խաները։ Այդ կտեսնենք հետո։

Մեր պատմության նպատակից դուրս է և շատ երկար կլիներ բացատրել, թե այն ժամանակ կալվածական կամ հողատիրական (մուլքադարության) որպիսի օրենքներ կամ սովորություններ էին տիրում Պարսկաստանում ընդհանրապես և Ղարաբաղում, իբրև պարսկական մի գավառ, մասնավորապես։ Բայց այսքանը կասենք, nր Ղարաբաղում, ինչպես ամբողջ Պարսկաստանում, հողը համայնքի (էլլիգի) սեփականություն էր, ոչ այն կարգով, որ համայնքը պարտավոր էր յուրաքանչյուր ընտանիքը կազմող անդամների թվի համեմատ հողը բաժանել գյուղացիների մեջ, այլ յուրաքանչյուր գյուղացի իր ձեռքում գտնված հողի տերն էր. նա իրավունք ուներ վաճառելու, գրավ դնելու կամ իր դրացուց ավելին գնելու։ Իսկ միևնույն ժամանակ, յուրաքանչյուր գյուղ ուներ, իր գյուղատերը. այդ գյուղատերը կարող էր լինել մի որևիցե մելիք, խան կամ այս և այն վանքը։ Գյուղատերը վայելում էր այն իրավունքը միայն, որ ստանում էր գյուղացիների վարուցանքի կամ առհասարակ մշակության բերքի մի որոշ մասը (չոփբաշի)։ Բայց նա իրավունք չուներ մեկ գյուղացու ձեռքում գտնված հողը խլել և մյուսին տալ և մինչև անգամ, եթե ինքը, գյուղատերը, ցանկանալու լիներ իրան պատկանող գյուղի հողերի վրա վարուցանք անել, գյուղացիները նրան թույլ չէին տա։ Դրա համար գյուղատերը ուներ իր ազատ հողերը, որոնց վրա նա վարուցանք էր անում։

Ամբողջ Ղարաբաղի գյուղատերությունը[150] պատկանում էր կամ հայոց մելիքներին կամ հայոց վանքերին։ Խաները սկզբում ոչ գյուղեր և ոչ մասնավոր կալվածներ չունեին։

Մի քանի փաստեր բավական են այդ իրողությունը ապացուցանելու համար։ Փանահ-խանը, որպես մեր ընթերցողներին հայտնի է, առաջինը եղավ, որ հետզհետե տկարացնելով մելիքների զորությունը, Ղարաբաղի մահմեդական խանության հիմքը դրեց։ Նա Ղարաբաղի ամբողջ գավառում մի տեղ չուներ, որի վրա բերդ հիմներ. Շուշի բերդի տեղը գնեց Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարից։ Նա ամբողջ Ղարաբաղում մի կտոր գետին չուներ, որ ծառայեցներ իր տոհմային գերեզմանատան համար, և այդ պատճառով Խաչենի Հասան-Ջալալյան իշխաններից գնեց Աղդամը (Ասկարանի մոտ), որ մինչև այսօր ծառայում է նրա ժառանգների համար իբրև տոհմային գերեզմանատուն։

Փանահ-խանի որդի Իբրահիմ-խանը, որը ավելի զորավոր եղավ, քան թե իր հայրը, նույնպես զուրկ էր կալվածներից, Ղարաբաղում հողեր չուներ նա, թեև համարվում էր այդ գավառի իշխող խանը։ Իր ժառանգների և եղբայրների ապրուստը ապահովացնելու համար, Ղարաբաղի սահմաններից դուրս, Բարդայի մահալում, գնեց նա կալվածներ Նուխվա բեկերից։ Այդ բոլորից երևում է, որ խաները ոչ թե երկրի տերն էին, այլ երկրի կառավարիչներն էին, նշանակված պարսից պետությունից։

Երկրի արմատական տերը հայոց հինգ մելիքական տների ներկայացուցիչներն էին, որոնք դարերով, սերունդից սերունդ, ժառանգաբար տիրում էին Ղարաբաղին։

Երբ հայոց մելիքները իրանց հպատակների հետ, որպես ցույց տվեցինք նախընթաց գլուխներում, գաղթեցին Վրաստանի, Շիրվանի և Գանձակի գավառները, այդ ժամանակ նրանց հողերն ու գյուղերը անտեր ու դատարկ մնալով, իրավ է, Իբրահիմ-խանը տիրապետեց, և գաղթածների տեղի լցրեց մահմեդական բնակիչներով։ Բայց երբ, տարիներից հետո, մելիքները իրանց ժողովրդի հետ վերադարձան գաղթականությունից, այդ ժամանակ հեռացրին մահմեդականներին և կրկին տեր եղան իրանց վաղեմի գյուղերին և հողերին։

Բայց որովհետև գաղթականների մի մասը մնաց օտար երկրներում, և մելիքներից մի քանիսի (որպես էին Ջրաբերդի Մելիք-Իսրայելյանները և Տիզակի Մելիք-Ավանյանները) վերջին ժառանգները բոլորովին ոչնչացան, այդ պատճառով, նրանց հողերը անտեր մնալով, Իբրահիմ-խանը տիրեց, այսինքն, սկսեց ինքն ստանալ մշակության բերքի այն մասը, որ առաջ ստանում էին այն հողերի նախկին տիրապետողները։ Բայց իսկապես Իբրահիմ-խանը միայն վայելող էր և ոչ թե սեփականատեր իր ընդարձակ նշանակությամբ։ Նա բացի բերքի մի որոշյալ մասը ստանալուց, ուրիշ իրավունքներ չաներ ոչ հողի և ոչ հողը մշակող գյուղացիների վրա։ Գյուղացիները ազատ հպատակներ էին պետության, իսկ հողը սեփականություն էր գյուղական համայնքի նույն ձևով, որպես ցույց տվինք վերևում։

Իբրահիմ-խանի հաջորդ Մեհտի-խանի ժամանակ հանգամանքները փոխվեցան։ Այդ ժամանակ ռուսները թեև տիրել էին Ղարաբաղին, բայց կալվածական հարցը և խաների իրավունքների չափը դեռևս որոշված չէր։ Թողյալ այդ, ռուսները, որպես վերևում հիշեցինք, խիստ բարձր կարծիք ունեին խաների նշանակության մասին։ Այդ հանգամանքներից օգուտ քաղելով, Մեհտի-խանը սկսեց ավելի իրավունքներ բանացնել, քան թե որ ուներ առաջ։

Թե խանը և թե նրա շրջապատողները շատ լավ հասկանում էին, որ իրանց իշխանությունը արդեն անցել էր,— հասկանում էին, թե որքան ժամանակավոր և անհաստատ էր իրանց դրությունը և այդ պատճառով շտապեցին ժամանակից օգուտ քաղել։

Մեհտի-խանը սկսեց աջ ու ձախ իր մերձավորներին, բարեկամներին, ազգականներին ամբողջ գյուղեր, կալվածներ և հողեր պարգևել։ Նրա կամայականությանը ավելի վստահություն տվողը եղավ ինքը իշխան Մադաթովը, որը, իբրև նահանգաչին-զինվորական գլխավորը, ռուսաց կառավարությունից նշանակված էր խանի գործողությունների վրա հսկելու և նոր գրաված երկրի մեջ կարգ պահպանելու համար։

Իշխան Մադաթովի ծագումը մենք մասնավորապես ցույց տվինք մեր պատմության XXXVI գլխի մի ծանոթության մեջ։ Նրա հայրը՝ Մեհրաբյանց Գյուքին, հասարակ գյուղացի էր, բնակվում էր Չանախչի (Ավետարանոց) բերդում, և մի ստոր պաշտոն էր կատարում Վարանդայի տիրապետող Մելիք-Շահնազարյունների տանը։ Նրա մոր եղբայր Պետրոս յուզբաշի Մադաթյանը Մեյիք-Շահնազարյան Մելիք-Ջումշուդի տան նազիրն (տնտեսն) էր։ Իշխանը կրեց իր մոր տոհմի ազգանունը, որը փոքր-ինչ պատվավոր էր և, իր Ռոստոմ անունը փոխելով, կոչվեցավ Վալերիան Գրիգորևիչ Մադաթով։

Որպես իր իշխանական տիտղոսը ստացավ նա Ս. Պետերբուրգում Մելիք-Շահհազարյան Մելիք-Ջումշուդի շնորհած վկայականով (տե՛ս գլ. XXXVI), այժմ իր բարձր փառքով իր հայրենիքը՝ Ղարաբաղ, վերադառնալուց հետո, ցանկացավ նույն Մելիք-Շանազարյանների, իր բարերարների, հայրենական կալվածների վրա ինքը կալվածատեր լինել։ Մեհտի-խանը ընծայեց նրան Վարանդայի գավառում 15 գյուղեր իրանց ընդարձակ հողերով, սահմաններով և բնակիչներով։ Այդ գյուղերը Մելիք-Շահնազարյանների դարևոր կալվածներն էին։ Ամբողջ Վարանդան, որպես ընթերցողին հայտնի է, ամենահին ժամանակներեից Մելիք-Շահնազարյանների տիրապետության ներքո էր գտնվում։

Հիշյալ 15 գյուղերի թվում գտնվում էր և Չանախչի (Ավետարանոց) բերդը, որի մեջ զետեղված էին Մելիք-Շահնազարյանների ամրոցները. այնտեղ էին՝ Մելիք-Հուսեին I, Մելիք-Բաղիի և Մելիք Շահնազար II պալատները։ Իշխան Մադաթովը այդ վերջինի պալատը քանդել տվեց և նրա տեղում իր համար մի նոր պալատ հիմնեց։ Երբ նրանից հարցրին, ինչո՞ւ էր քանդել տալիս, նա ծիծաղելով պատասխանեց. «Երբ Մելիք-Շահնազարը այդ պալատը շինել էր տալիս, ես դեռ մանուկ էի. նա ինձ շատ քարեր է կրել ավել այդ պալատի շինվածքի համար. մինչև այս օր էլ այն ցավը զգում եմ մեջքիս վրա...»։

Մեհտի-խանի պարգևագրի բովանդակությունը, որով հիշյալ 15 գյուղերը ընծայվեցան իշխան Մադաթովին, ինքնըստինքյան ցույց է տալիս այդ պարգևագրի ինչ բնավորությամբ հեղինակված լինելը։ Խանը իր պարգևագրի մեջ հայտնում է, որովհետև իշխան Մադաթովի նախնիքը վաղեմի ժամանակներից Ղարաբաղում տիրապետում էին հիշյալ 15 գյուղերին իրանց ընդարձակ սահմաններով, իսկ իշխանի բացակայության ժամանակ այդ կալվածները խլվեցան (ո՞վքեր խլեցին), ուստի ինքը խանը այդ գյուղերը կրկին վերադարձնում է իշխանին, որպես իր նախնիքների օրինավոր ժառանգին և այլն։

Իսկ ովքե՞ր էին նրա նախնիքը,— հայտնի է։ Ունեի՞ն արդյոք նրանք կալվածներ,— այն ևս հայտնի է...

Թե որ աստիճան իշխան Մադաթովի մատը գործել էր այդ պարգևագրի խմբագրության մեջ, հայտնի է նրանից, որ իշխանը ստացավ այդ գյուղերն իրանց բնակիչների հետ ճորտության իրավունքներով։ Ճորտությունը թե պարսկական և թե տաճկական Հայաստանում երբեք գոյություն չէ ունեցել։

Իշխանը թեև ծնված էր Ղարաբաղում, բայց իր կրթությունը ստացած լինելով ռուսաց մայրաքաղաքների բարձր ազնվական շրջաններում, նույն ժամանակվա արիստոկրատիայի ոգվով Էլ զարգացած էր։ Ռուսաստանում այն ժամանակ ճորտություն կար. իսկ ճորտությունը նրա համար մի անհրաժեշտություն էր. նույնը ցանկացավ մտցնել իրան ընծայված գյուղերի մեջ։

Հասկանալի է, որ մի այսպիսի օտարոտի, միևնույն ժամանակ անմարդասեր նորաձևությունը պիտի գրգռեր նրա դեմ գյուղացիների դժգոհությունը մի կողմից, իսկ Մելիք-Շահնազարյանների ժառանգների բողոքը մյուս կողմից, որովհետև հիշյալ կալվածները նրանց տոհմին էին պատկանում։

Բայց ամենավնասակարն այն էր, որ իշխան Մադաթովի վարմունքը թուլացրեց Ղարաբաղի բոլոր տիրապետող մելիքների ժառանգական իրավունքները և դրա հակառակ բարձրացրեց խանի նշանակությունը։

Երբ որ նա խանի պարգևագրով ընծա ստացավ 15 գյուղեր, շատ հասկանալի է, որ այդ պարգևագիրը վավերական դարձնելու համար ինքը, իբրև տեղային նահանգային-զինվորական գլխավոր, որ կարգված էր խանի գործողությունների վրա հսկելու համար, ոչ միայն ստիպված էր ճանաչելու խանի մեջ բաշխելու և ընծայելու իրավունքը, այլ պիտի աշխատեր այդ իրավունքը ճանաչել տալ և ռուսաց կառավարությանը, որը դեռևս տեղային գործերի հետ լավ ծանոթ չէր։ Մյուս կողմից, նա պիտի աշխատեր ոչնչացնել մելիքների տիրապետական իրավունքները, երկրի տեր և իշխանը ցույց տալով միայն խանին։ Այսպես էլ վարվեց նա։

Դրա հետևանքն այն եղավ, որ Մեհտի-խանը սկսեց Ղարաբաղի բուն, արմատական կալվածատերերին (որպես էին հայոց մելիքները, վանքերը և հայ ժողովուրդը) զրկել և նրանց հողերը աջ և ձախ բաժանել իր ազգականներին և մերձավորներին։ Հայոց մելիքներից այդ ժամանակ նշանավոր մարդիկ չէին մնացել, որ կարողանային խանի զեղծումների մասին բողոքել, տեղեկություններ տալ, ուր որ հարկն էր։ Իսկ իշխան Մադաթովը, որպես ասում են, մատների միջից էր նայում խանի անկարգությունների վրա և թույլ էր տալիս նրան բաշխումներ անել, պարգևներ տալ, որպեսզի իր ստացածը ևս օրինական ձև ստանա, այսինքն՝ խանի մեջ հաստատվի ընծայելու, պարգևելու իրավունքը։

Ով որ ուշի-ուշով քննել է Ղարաբաղի խոշոր կամ մանր կալվածատերերի ձեռքում գտնված թղթերը, անպատճառ նկատած կլինի, որ այդ թղթերը, խիստ մասնավոր բացառությամբ, գրված են Մեհտի-խանի ժամանակներում և վավերացրած են նրա կնիքով։ Իսկ Մեհտի-խանի նախորդների՝ Փանահ-խանի և Իբրահիմ-խանի ժամանակներից, որոնք ավելի զորավոր մարդիկ էին, որոնք մի ժամանակ ամբողջ Ղարաբաղը իրանց իշխանության ներքո ունեին, այդ խաներից տված խիստ հազիվ են գտնվում այնպիսի թղթեր, որ դրանք որևիցե մեկին գյուղ կամ մի մեծ կալված ընծայած լինեին։

Այդ առատ բաշխումները կատարվեցան Մեհտի-խանի ժամանակ, երբ ռուսները տիրել էին Ղարաբաղին և երբ իշխան Մադաթովը կարգված էր տեղային նահանգային զինվորական գլխավոր և նրան հանձնված էր հսկել խանի գործողությունների վրա։

Թե ո՛րպիսւի մարդիկ էին ստանում գյուղեր, ընդարձակ կալվածներ, մենք կբերենք մի քանի օրինակներ.

Ֆարաջուլլայ-բեկ, Ռահիմ-բեկ, Իբրահիմ-բեկ և Հասան-բեկ, եղբայրները ստացան Մեհտի-խանից 8 գյուղեր։ Դրանց հայրը (Ուղուրլուն) Մեհտի-խանի հոր մոտ դահճի, պաշտոն էր կատարում։

Մեհտի-խանի ղաթրչի (ջորեպան) Մուրադի որդիքը՝ Վալի-բեկ և Թայիր-բեկ, նույնպես ստացան մի քանի գյուղեր։

Տեղ անունով հայաբնակ գյուղը, որը մի քանի հարյուր տուն բնակիչ ունի, պատկանում էր հայազգի Մելիք-Գեորգին։ Այդ գյուղից մի հասարակ հայ մշակ տարել էին Շուշի բերդի պարիսպների վրա բանեցնելու. որովհետև նրան շատ էին աշխատեցնում, նա բարկությունից մահմեդականություն ընդունեց և կոչվեցավ Ղասըմ։ Այդ Ղասըմի որդի Ռոստոմ-բեկը դարձավ Մեհտի-խանի տան նազիրը (տնտեսը), իսկ վերջինի որդի Ասատ-բեկը խանից պարգև ստացավ Տեղ գյուղը։

Պատմում են, երբ Մեհտի-խանի եղբոր որդի Ջաֆար-Ղուլի խանը նկատեց, որ Ղարաբաղի գյուղերը այսպես առատությամբ բաժան-բաժան է անում, ինքն ևս 12 գյուղերի ցուցակ կազմեց, և որովհետև իր հարաբերությունները իր հորեղբոր հետ լավ չէին, վերոհիշյալ նազիր Ռոստոմ-բեկի միջնորդությամբ ներկայացրեց Մեհտի-խանին, խնդրելով, որ իր անունով հաստատե ցույց տված գյուղերը։ Ռnստոմ-բեկը 12 գյուղերի պարգևագիրը գրել տվեց և, խանի կնիքով վավերացնելով, հանձնեց Ջաֆար-Ղուի-խանին։ Իսկ այդ վերջինը մի քանի օրից հետո փոշմանեց, ինչո՞ւ հայոց Խնածակ գյուղը ևս չէ մտցրել այն ցուցակի մեջ, որովհետև այդ գյուղը Շուշի բերդին բավական մոտ էր և կարող էր իր համար լավ ամառանոց լինել։ Նա կրկին դիմում է նազիր Ռոստոմ բեկի միջնորդությանը։ Նազիրը, պարսից սովորության համեմատ, խանի պարգևագիր լուսանցքի (հաշիա) վրա ավելացնում է Խնածակ գյուղի անունը և ներկայացնում է կնքելու։ Բայց Մեհտի-խանը զարմանում է, նա բնավ չէ հիշում, որ մի այդպիսի պարգևագիր տված լիներ իր եղբոր որդուն, որին սաստիկ ատում էր։ Նա փոխանակ կնքելու, թուղթը պատռում է և մի կողմ է ձգում։ Բանից դուրս է գալիս, որ սկզբում այդ թուղթը խանին վավերացնեի էին տվել այն րոպեների մեջ, երբ նա բնական դրության մեջ չէր գտնվում...

Մեհտի-խանը սովորություն ուներ սաստիկ մեծ քանակությամբ ռոմ գործածելու և խիստ հազիվ էր պատահում, որ նա զգաստ դրության մեջ գտնվեր։

Եվ այսպես Մեհտի-խանի ազգականները, ջորապանները, ախոռապանները և այլ մերձավորները, «բեկ» տիտղոս ստանալով, միևնույն ժամանակ ստացան գյուղեր, ընդարձակ հողեր և այլն։ Իսկ այդ բոլորը խլվեցավ հայոց մելիքների սեփականությունից։

Բայց այդ անկարգությունները երկար շարունակվեք չէին կարող։ Ամենքը գիտեին, որ ռուսաց կառավարությունը վերջ ի վերջո կհասկանար այդ զեղծումները և խանի կամայականությանը սահման կդներ։

Միևնույն ժամանակ գիտեին և այն, որ մշտական արբեցության մեջ գտնվող Մեհտի-խանը խիստ վատ հիշողություն ունի. նա իր երեկվա ասած խոսքը, տված թուղթը կարող է այսօր մերժել։ Այդ էր պատճառը, որ խանի դրությունից օգուտ քաղողները աշխատեցին մի կերպով հեռացնել նրան Ղարաբաղից, որպեսզի նրանից ստացած թղթերը պահպանեն իրանց նշանակությունը։

Մեհտի-խանը բավական երկչոտ մարդ էր։ Ամեն կողմից սկսեցին վախեցնել նրան, թե ռուսները դիտավորություն ունեն նրան սպանել տալու, Սիբիր ուղարկել և այլն։ Ասում են, թե ինքը իշխան Մադաթովը նույնպես կողմնակի կերպով նպաստում էր խանի անվստահությանը։

1822 թվին Մեհտի-խանը փախավ Պարսկաստան[151]։ Բայց նրա փախուստը ճանապարհ բաց արեց պարսից թագաժառանգ Աբաս-Միրզայի 1826 թվի մի նոր արշավանքին դեպի Ղարաբաղի և Գանձակի կողմերը, որը ռուսներին բավական հոգսեր պատճառեց, և որի ժամանակ հայերը դարձյալ ցույց տվին իրանց անձնվիրությունը։

XLIV

1826 թվի ամառը պարսից թագաժառանգ Աբաս-Միրզան 180 000 զինվորներով դարձյալ անցավ Երասխ դետը։ Ֆաթալի-շահի անձնավստահ որդին, որը առաջին փորձն էր արել իր զորքերի մեջ մտցնելու եվրոպական կրթություն, որը նպատակ էր դրել վերականգնելու Պարսկաստանի վաղեմի փառքը, չէր կարող համբերել, որ Պարսկաստանի մի ամենալավ մասը, որպիսին էր Անդրկովկասը, տիրեին ռուսները։

Նրա բանակի մեջ գտնվում էին Ղարաբաղի Մեհտի-խանը, Շաքիի Սելիմ-խանը և Շիրվանի Մուստաֆա-խանը, որոնք առաջ ռուսաց կառավարության հպատակության երդում էին տվել, իսկ հետո դավաճանելով, փախել էին Պարսկաստան, և պարսից զորքերի հետ վերադառնալով, աշխատում էին ապստամբեցնել Անդրկովկասի մահմեդականներին ռուսների դեմ։ Նրա զորապետների թվում գտնվում էր վրաց իշխանազն Ալեքսանդրը մի քանի վրացի ազնվականների հետ, որոնք հուզում էին Ղազախի, Բորչալուի և Շամշադինի թարաքամաններին ռուսների դեմ։

Անցնելով Երասխը և մտնելով Զանգեզուրի մահալը, Աբաս-Միրզան բոլորովին ջարդեց ռուսաց մի բատալիոն, որ գտնվում էր Կորիս գյուղում։ Այստեղից արագությամբ մտավ նա Ղարաբաղի գավալը և տիրեց ամեն տեղ։

Ղարաբաղի պահպանության համար ռուսները թողել էին եգերյան զորագունդից 6 ռոտա միայն, պոլկովնիկ Ի. Ա. Րեուտի հրամանի ներքո, որոնք գտնվում էին Չանախչի ավանում, որը այդ ժամանակ պատկանում էր իշխան Մադաթովին։ Երբ պարսից զորքերը մոտեցան, պոլկովնիկ Րեուտը թողեց Չանախչին և, իր զինվորների հետ փախչելով, հազիվ կարողացավ ամրանալ Շուշի բերդում։

Պարսիկները գրավեցին Չանախչին և Աբաս-Միրզայի առաջին գործը եղավ հրամայել, որ քանդեն իշխան Մադաթովի պալատը, որը կառուցել էր նույն ավանում։

Նախընթաց գլխում տեսանք, որ իշխան Մադաթովը ստացավ Մեհտի-խանից 15 գյուղեր, որոնց թվում գտնվում էր Չանախչին։ Այդ գեղեցիկ ավանը Մելիք-Շահնազարյանների ամրոցն էր. այնտեղ էին գտնվում այդ տոհմի վաղեմի պալատները։ Իշխան-Մադաթովը այդ պալատները քանդել տալով՝ նրանց ավերակների վրա հիմնեց իր նոր պալատը, որի փառքը երկար վայելել չկարողացավ նա...

Աբաս-Միրզան, Չանախչին ավերակ դարձնելով, անցավ և պաշարեց Շուշի բերդը։ Իր առաջապահ զորքերը իր երեց որդի Մահմադ-Միրզայի և Ամիր-խան սարդարի[152] առաջնորդությամբ ուղարկեց նա դեպի Գանձակի գավառը, որոնք տիրեցին Գանձակի բերդին, բոլորովին ոչնչացրին մերձակա գերմանական կալոնիաները, առաջացան մինչև Շամքորի գետը, այնտեղից պատրաստվում էին գնալ Թիֆլիսը տիրելու համար։

Ամբողջ անդրկովկասյան քրիստոնյաները գտնվում էին սարսափի մեջ. բոլորը սպասում էին, որ Աղա-Մամադ-խանի բարբարոսությունները պետք է կրկնվեն։ Տեղային մահմեդականությունը մեծ հուզմունքի մեջ էր, բոլորը պատրաստված էին միանալու պարսիկների հետ, ռուսներին ջարդելու համար և պարսկական իշխանությունը կրկին Անդրկովկասում վերականգնելու համար։

Իշխան Մադաթովը այդ ժամանակ գտնվում էր կովկասյան հանքային ջրերի մոտ, ուր գնացել էր իր առողջությունը կազդուրելու։ Այնտեղ տեղեկություն ստացավ Վրաստանի գլխավոր հրամանատար գեներալ Երմոլովից, թե որպիսի վտանգ էր սպառնում Անդրկովկասին։ Նա մոռացավ իր հիվանդությունը և երկու օրվա մեջ ջրերից հասավ Թիֆլիս։ Անմիջապես (10 օգոստոսի) նրան առաջարկվեցավ ընդունել այն զորքերի հրամանատարությունը, որ պատրաստել էին ուղարկելու պարսիկների դեմ։ Իշխանը մեծ ուրախությամբ ընդունեց, որովհետև վտանգը գլխավորապես իր հայրենիքին էր սպառնում։

Մինչև իշխան Մադաթովի հասնելը, դառնանք դեպի Շուշի բերդը, տեսնենք այնտեղ ինչ էր կատարվում։

Աբաս-Միրզայի բոլոր ջանքերը բերդը տիրելու համար իզուր անցան։ Իզուր նրա մոտ գտնված ֆրանսիացի և իտալացի ինժեներները գործ էին դնում իրանց բոլոր արհեստը։ Բնությունից անառիկ ստեղծված բերդը գրավելու հնար չկար։ Նա ընդդիմացավ 48 օրվա սարսափելի պաշարման։

Բայց միայն բերդի բնական ամրությունը չէր, որ նրան պահպանեց թշնամու հարձակումներից։ Նրան պահպանեց գլխավորապես հայերի անձնազոհությունը։

Բացի բերդի մեջ բնակվող հայերից, այնտեղ շրջակա գյուղերից հավաքվել էին բազմաթիվ հայեր։ Այնտեղ կային, որպես վերևում հիշեցինք, 6 ռոտա ռուս զինվորներ միայն, պոլկովնիկ Րեուտի հրամանի ներքո։ Թե ինչպես էին գործում հայերը, մենք իբրև ապացույց, մեջ կբերենք մի փոքրիկ կտոր իշխան Մադաթովի կենսագրությունից։

«Ոչինչ չէր կարող խռովեցնել մի բուռն ռուսներին, որոնք ընկերաբար միանալով հայերի հետ (դրանք ըստ մեծի մասին իշխան Մադաթովի կալվածներիցն էին), քաջությամբ պատասխանում էին պաշարված բերդի բոլոր կետերի վրա թշնամու հարձակումներին, որը թվով երեսուն անգամ ավելի էր, քան թե բերդի մեջ գտնված գարնիզոնը, որը չուներ ոչ բավականաչափ ուտելու պաշար և ոչ հրանոթներ, որոնք մնացել էին Չանախչիի մեջ, 42-րդ եգերյան զորագունդի բնակության տեղում։ Տեսնելով գարնիզոնի այդքան համառ ընդդիմադրությունը, և հույս չունենալով ուժով նվաճելու նրան, Աբաս-Միրզան աշխատում էր տկարացնել նրան գիշերային անընդհատ հարձակումներով և կրակ թափելով... Վերջապես և դրա մեջ հաջողություն չգտնելով, սկսեց զանազան խոստմունքներով հրապուրել բերդի մեջ գտնված հայերին, աշխատելով համոզել նրանց, որ բաժանվեն ռուսներից։ Բայց և այդ ձեռնարկության մեջ հանդիպեց հայերի կողմից միահոգի և հաստատուն մերժման։ Սահմանագլխի այդ նշանավոր բերդի գրավումը անպատճառ կունենար մեզ (ռուսների) համար չափազանց վատ հետևանքներ, որովհետև, Աբաս-Միրզան, տիրելով նրան, այլևս արգելք չէր ունենա կանգնեցնել իր արշավանքը և ուղղակի առաջ կխաղար դեպի Թիֆլիս, ուր կարող էր հասնել, նախքան թե մեր զորքերը ժամանակ կգտնեին միանալու, որ պաշտպանեին այդ քաղաքը։ Շուշիի մեջ կատարված գործողությունները սքանչելի էին։ Գիշերով պատրաստված վառոդի և գնդակների քանակությունը գործ էր ածվում ցերեկով։ Մինչև անգամ (հայոց) կնիկները և մանկահասակ աղջիկները ցույց էին տալիս եռանդ և քաջություն, օգնում էին պաշարվածներին հենց պատնեշների վրա, կռվելու ժամանակ բաժանելով նրանց պատրոններ։ Դեռ մինչև այսօր պատմվում են շատ զրույցներ Շուշիի բնակիչների այդ ժամանակի ինքնազոհությունների մասին...»[153]։

Այդ ինքնազոհության օրինակներից մենք կհիշենք մեկը միայն, որի մեջ փայլում է ղարաբաղցի կնոջ հերոսությունը։

Հենց նույն օրը, երբ Աբաս-Միրզայի զորքերը պաշարում են Շուշի բերդը, մի աղքատ կին իր ամուսնի հետ տարել էին մի պարկ ցորյան ջաղացը աղալու համար։ Շուշի բերդի ջրաղացները գտնվում են Գարգար գետի ձորի մեջ, Հյունուտ անունով գյուղի մոտ։ Ով որ տեսել է այդ անդնդախոր ձորը, ով որ տեսել է այն նեղ ճանապարհը, որ քարափների կուրծքի վրայով սարսափելի գահավեժներից բարձրանում է դեպի բերդը, կարող է երևակայել, թե ո՛րքան քաջություն, ո՛րքան սրտի ամրություն պետք էր մի կնոջ, որ նա կարողացավ այդ ճանապարհով գնալու ժամանակ ոչ միայն իր անձը ազատել պարսիկ սարվազների ձեռքից, այլ կոտորեց նրանցից շատերին։

Աղքատ կնոջ ամուսինը ալյուրի պարկը շալակած, երկուսը միասին բարձրանում էին քարափներից, հանկարծ վրա են հասնում մի խումբ սարվազներ։ Ամուսին այրը պարկը ցած է գցում և սկսում է փախչել։ Իսկ կինը մնում է, սկսում է քարերով կռվել սարվազնեթի հետ։ Նրան հաջողվում է մեկին ցաղ գլորել և խլել նրանից հրացանը ու սուրը։ Այնուհետև, մի կողմից պատերազմելով սարվազների հետ, մյուս կողմից՝ ալյուրի պարկը իր ետևից քարշ տալով, նա բարձրանում է դեպի բերդը։ Բերդի միջից հեռվից տեսնում են նրա կռիվը և աղաղակներով քաջալերում են։ Նա ազատում է իր զավակների ապրուստի պաշարը և մինչև բերդը մտնելը սպանում է մի քանի սարվազներ։

Մինչև այսօր ամեն մի շուշեցի չէ մոռացել այդ կնոջ անունը, նրան կոչում էին Խաթայի[154]։

Շուշի բերդը հայերի օգնությամբ ամբողջ 48 օր պաշտպանվեցավ Աբաս-Միրզայի բազմաթիվ զորքերի դեմ։ Այդ սահմանագլխյան բերդը մի հզոր խոչընդոտ էր, մի մեծ արգելք էր նրա արշավանքի առաջադիմությանը դեպի Անդրկովկասի խորքերը։ Եթե Աբաս-Միրզան այստեղ աջողություն գտներ, գործերի դրությունը շատ պիտի դժվարանար ռուսների համար։ Ղարաբաղի Մեհտի-խանը, այդ ռուսներից հարգված և գեներալի աստիճանի հասցրած դավաճանը, արդեն ոտքի էր կանգնեցրել Ղարաբաղի մահմեդական բnլnր խաշնարած, կիսավայրենի ցեղերին ռուսների դեմ։ Բացի Աբաս-Միրզայի կանոնավոր զորքերից, ռուսաց սահմանների մոտ թափառող պարսից բոլոր ավազակ ցեղերը, ինչպես էին շահսևանները, ղատադաղցիները, ահագին խումբերով անցել էին Երասխը ավարառության և կողոպուտի նպատակով։

Բայց Շուշին պաշտպանվում էր։

Այդ ժամանակ Աբաս-Միրզայի առաջապահ զորքերը նրա երեց որդի Մահմադ-Միրզայի և Ամիր-խան-սարդարի առաջնորդությամբ, տիրելով Գանձակին, անցել էին մինչև Շամքորի գետը, այնտեղից պատրաստվում էին գնալ Թիֆլիսը գրավելու համար։

Դեռ Օգոստոսի 4-ին ռուսաց զորքերը Թիֆլիսից։ ճանապարհ էին ընկած թշնամու առաջը առնելու համար։ Իշխան Մադաթովը սկզբում նրանց հետ չէր. նա արագությամբ հետո հասավ իր հրամանատրությանը հանձնված զորքերին Կարմիր-կամուրջի մոտ և այնտեղից առանց ժամանակ կորցնելու ճանապարհ ընկավ դեպի Գանձակ։

Զագամ գետի մոտ իշխան Մադաթովը հանդիպեց վրաց իշխանազն Ալեքսանդրին, որը 2 000 պարսիկ զորքերով և մի քանի վրացի ազնվականների հետ կամենում էր անցնել դեպի Նուխվա գավառը, լեզգիներին և տեղային մահմեդականներին ապստամբեցնելու ռուսների դեմ։ Իր զորաբաժնից իշխան Մադաթովը առեց փոքրաթիվ ձիավորներ և հարձակվեցավ Ալեքսանդրի վրա։ Կարճատև կռվից հետո վրաց իշխանազնը ստիպվեցավ խույս տալ դեպի Շամքորի լեռները։

Հաջողակ ձեռքով ջարդելով թշնամու առաջապահ գունդերը, իշխան Մադաթովը սեպտեմբերի սկզբներում հասավ Շամքոր գետի մոտ, որի աջ ափի վրա սպասում էր նրան պարսից գլխավոր զորությունը, պատերազմական կարգով։ Նրանց թիվը անցնում էր 10 000-ից, չհաշվելով Ղազախի և Շամշադինի թուրքերին, որոնք ահագին խումբերով միացել էին պարսիկների հետ։ Այդ խառնիճաղանջ բազմությանը առաջնորդում էր Ամիր-խան-սարդարը, որը շահի փեսան և նրա լավ զորապետներից մեկն էր, բացի նրանից, զորապետների թվում գտնվում էր Աբաս-Միրզայի երեց որդին։

Իսկ իշխան Մադաթովը ուներ իր հրամանի ներքո միայն 2 բատալիոն, 2 ռոտա և 4 թնդանոթներ։ Բայց քաջ և փորձված զորավարի անձնավստահությունը փշրեց թշնամու ահագին զորությունը։ Նրա ահարկու անունը, որը արդեն մահմեդականների մեջ առասպելական նշանակություն էր ստացել, բավական էր թշնամուն սարսափեցնելու համար։ Եվ իշխան Մադաթովը իր պատերազմական ճարպկությունների մեջ գիտեր այնպիսի հնարքներ բանացնել, որ ազդեր արևելքցիների երևակայության վրա։ Որպես Հոմերոսի հերոսները Տրոյան գրավելու համար կազմեցին իրանց ամեհի փայտեղեն երիվարը, այնպես էլ իշխան Մադաթովը սարքեց մի ահագին սայլ, որը, իբրև մի հրեշավոր մեքենա, հանդարտ ընթացքով առաջ էր տանում իր զորքերի առջևից։ Սայլի միջից որոտում էին թնդանոթները, որ կապված էին նրա վրա։ Սարսափած թշնամին կարծում էր, որ այդ վիթխարի հրեշը իր բերանիցն էր հոսում անընդհատ կրակը ու գնդակները։

Պարսիկները չարաչար կերպով ջարդվեցան։ Նրանց գլխավոր հրամանատարը՝ Ամիր-խան-սարդարը, սպանված ընկավ կռվի դաշտում։ Աբաս-Միրզայի որդի Մահմեդ-Միրզան առաջինը եղավ, որ փախչելով խույս տվեց պատերազմի դաշտից։ Նրան հետևեցին հաղթված սարվազները, թողնելով Շամքոր գետի ափերի մոտ իրանց բոլոր ռազմամթերքը։

Իշխանը սկսեց հալածել թշնամուն, որ նա Գանձակի մոտ կանգ չառնե տեղային հաներին վնասելու համար։ Սեպտեմբերի 4-ին հասավ նա Գանձակի պարիսպների մոտ։ Քաղաքի հայ հասարակությունը մեծ հանդեսով հանդիպեց նրան, շնորհավորում էր նրա փառավոր հաղթությունը։ Ամբոխը երգում էր նրա անունով արդեն հորինված ժողովրդական երգերը։

Շամքորի հաղթությունը ազատեց Գանձակը թշնամու բարբարոսությունից[155] և փոքր-ինչ հանգստացրեց հուզված մահմեդականներին[156]։ Բայց դեռ ամենագլխավորը մնացել էր. Շուշի բերդը դեռևս գտնվում էր պաշարված դրության մեջ Աբաս-Միրզայի զորքերով, որոնց հետ միացան Շամքորի պարտությունից հետո փախած պարսիկները։

Իշխան Մադաթովը արդեն պատրաստված էր գնամու Շուշին ազատելու համար, հանկարծ հրաման ստացավ գեներալ Պասկևիչից (որը այդ ժամանակ եկել էր Թիֆլիս), որ Գանձակում սպասե իրան։

11 սեպտեմբերի ինքը Պասկևիչը անձամբ եկավ Գանձակ և ընդունեց բոլոր զորքերի հրամանատարությունը։

«13 սեպտեմբերի, գիշերը, պարսից բանակից հայտնվեցան երկու հայեր, որոնցից մեկը, իբրև ռուսաց լեզվի թարգման, գտնվում էր Սբաս-Միրզայի մոտ և մի ժամանակ ծառայել էր իշխան Մադաթովի տանը։ Նրանք թախանձանոք պահանջում էին, որ, իրանց թողնեն իշխանի (Մադաթովի) մոտ և հաղորդեցին նրան, թե պարսիկները, իրանց բոլոր ծանրությունները թողնելով Թարթար գետի մյուս կողմում, արդեն անցան Քուրակ-չայ գետը և առաջ են ընթանում, որ հանկարծակի հարձակում գործեն մեր (ռուսաց) զորքերի վրա։ Իշխան Մադաթովը անհապաղ այդ մասին տեղեկություն տվեց գեներալ-ադյուտանտ Պասկևիչին, որից տրվեցան այդ դեպքի համար բոլոր հարկավոր եղած հրամանները»[157]։

Եվ իրավ, Աբաս-Միրզան Շամքորի պարտությունից հետո, իր զորքերի մի մասը թողնելով Շուշի բերդի մոտ և առնելով իր հետ 15 000 կանոնավոր հետևակներ և 20 000 ձիավորներ, 26 թնդանոթներով, այնքան առաջ էր եկել, որ գտնվում էր 7 վերստ հեռավորության վրա Գանձակ քաղաքից։ Եվ ռուսները նրա շարժման մասին հազիվ թե տեղեկություն կունենային, եթե վերոհիշյալ երկու հայերը, որոնք Աբաս-Միրզայի ծառայության մեջ էին գտնվում, լրտեսի պաշտոն չկատարեին։

Գանձակի մոտ ռուսաց զորքերը բաղկացած էին մի այն 6 բատալիոն հետևակներից և երեք պոլկ ձիավորներից, ունեին 24 թնդանոթներ։ Զորքերի այդ անհամեմատ սակավությունը Աբաս-Միրզայի ահագին զորության դեմ կարող էր միայն պաշտպանողական դիրք պահպանել և ոչ հարձակողական, և այսպես էլ վարվելու դիտավորություն ուներ գեներալ Պասկևիչը։ Բայց իշխան Մադաթովը, որ ավելի լավ ծանոթ էր արևելքցիների հետ, համոզեց նրան, որ, թշնամուն ժամանակ տալով, նրա զորությունը ավելի կբարդվի, տեղացի մահմեդականները կմիանան նրա հետ, բացի դրանից, հասկացրեց, որ ասիացիների հետ պատերազմելու համար զորքերի թիվը այնքան նշանառություն չունի, որքան համարձակ և վճռական հարձակմունքը։

Վճռեցին կռվել։ Իշխան Մադաթովի պատերազմական տաղանդը, որպես Շամքորի ճակատամարտում, նույնպես և Գանձակի մոտ կատարված կռիվում, ցույց տվեց նրա զինվորական բարձր արժանավորությունները։

Աբաս-Միրզան հաղթվեցավ։ Պարսիկները այնքան շտապով սկսեցին փախչել, որ պատերազմի դաշտում և ճանապարհների վրա թողեցին իրանց բոլոր ծանրությունները։ Աբաս-Միրզան սեպտեմբերի 15-ին, իսկ նրա ջարդված զորքերը նույն ամսի 17-ին անցան, Երասխ գետը։ Իշխան Մադաթովը հալածեց նրանց մինչև պարսից սահմանները։

Թշնամու հեռանալովը Շուշի բերդի պաշարումն ինքնըստինքյան լուծվեցավ։ Իշխան Մադաթավը շտապեց այնտեղ բերդի դրությունը տեսնելու համար։ Մի քանի վերստ հեռավորության վրա, ահագին բազմությամբ նրա առաջ դուրս եկավ պոլկովնիկ Րեուտը հայոց հոգևորականության հետ։ Մինչև անգամ կանայքը, երեխաները ուրախության աղաղակներով արտահայտում էին իրանց շնորհակալությունը իրանց ազատչին։

Այստեղ իմացավ նա, որ թշնամին ոչ միայն ավերակ էր դարձրել նրա Չանախչի ամրոցը, այլ բոլորովին ոչնչացրել էր նրա գյուղերից 6-ը։ Ինչ որ կարողացել էին տանել, տարել էին, ինչ որ չէին կարողացել՝ այրել էին։

Բայց կողոպտված Ղարաբաղը տակավին հուզման մեջ էր։ Մեհտի-խանը դեռևս գրգռում էր մահմեդականներին զանազան անկարգություններ գործելու, հորդորում էր նրանց թողնել Ղարաբաղը, անցնել Երասխի մյուս կողմը, պարսից հողի վրա, և այնտեղից հարձակումներ գործել։

Իշխան Մադաթսվը պետք է իրան ցույց տար Ղարաբաղի բնակիչներին, մանավանդ, որ պարսիկները նրա մասին սուտ լուրեր էին տարածել, որ կռիվի մեջ սպանված է։

Բայց նա իր ձեռքի տա զորքեր չուներ, որովհետև, նրա հրամանատարության ներքո գտնված զորքերը այդ ժամանակ հանձնած էին գեներալ Պասկևիչին։ Այդ դեպքում ևս նրան օգնության հասան հլու և հնազանդ հայերը։ Շուտով կազմվեցան կամավորների խումբեր, որոնց իր հետ առնելով, իշխանը սկսեք թռչել դեպի Ղարաբաղի զանազան կողմերը և ամեն տեղ հանգցնել Մեհտի-խանի բորբոքած խռովությունները։

Հայերի օգնությամբ իշխանը խաղաղացրեց մահմեդականների խռովությունը։ Նրանց անհավատարմությունը շուտով մոռացվեցավ, մnռացվեցավ և հայերի անձնազոհությունը։ Այդ բավական չէր, իշխանը սկսեց այնուհետև ավելի շողոքորթել, ավելի նշանակություն տալ մահմեդականներին, որպես դաստիարակության մեջ տգետ մայրերը ավելի լրբացնում են չար երեխաներին, նրանց խոստումներ անելով, քաղցրավենիք տալով, որ ձայները կտրեն, անկարգություն չգործեն։ Այսպես էին վարվում մահմեդականների հետ, իսկ հայերի համար ասում էին՝ «դրանք մերն են...»։

XLV

Բայց ովքե՞ր էին այն երկու հայերը, որոնք դեռ Գանձակի կռվից առաջ թողեցին Աբաս-Միրզայի բանակը, եկան իշխան Մադաթովի մոտ և նրան խիստ նշանավոր տեղեկություններ հաղորդեցին պարսիկների գործողությունների մասին։ Նրանց անունները, կամ ով լինելը մեզ հայտնի չէ։

Մեզ հայտնի է միայն մեկ հայ երիտասարդի անունը, որը այդ միջոցներում թողեց Աբաս-Միրզայի ծառայությունը և եկավ իշխան Մադաթովի մոտ։ Բայց նախքան նրա մասին խոսելը, մենք հարկավոր ենք համարում խիuտ համառոտ կերպով ցույց տալ, թե որպիսի հայացք ուներ Աբաս-Միրզան իր հպատակ հայերի վերաբերությամբ և ի՞նչ վիճակի մեջ էին նրա ժամանակ հայերը Պարսկաստանում։

Աբաս-Միրզան՝ պարսից գահի թագաժառանգը, էր միևնույն ժամանակ Պարսկաստանի մի նշանավոր մասի՝ Ատրպատականի փոխարքան։ Ատրպատականը ավելի խիտ բնակեցված էր հայերով և այլ քրիստոնյա ազգերով, որպես էին ասորի նեստորականները։ Ատրպատականը սահմանակից էր պարսկական այն նահանգներին, որ ռուսները մասամբ գրավել էին և մնացածը ցանկություն ունեին գրավելու, Երաասխ գետը թողնելով իբրև սահմանագիծ երկու պետությունների մեջ։

Աբաս-Միրզան թեև Նադիրի, Աղա-Մամադ-խանի նման հզոր պատերազմող չէր, բայց խելացի քաղաքագետ էր և երկրի լավ կառավարիչ։ Նա այն տեսակ անձնավորություններից էր, որ գիտեր ամեն տեսակ ուժերից օգուտ քաղել։ Իսկ Պարսկաստանի շինության համար մի մեծ ուժ նա տեսնում էր հայերի մեջ։ Այդ էր պատճառը, որ նա սկսեց հայերին օրըստօրե բարձրացնել, նրանց լայն ասպարեզ և ընդարձակ արտոնություններ շնորհելով։ Նրա ողորմածությունը հայերի վերաբերությամբ համակրում էր և նրա հայրը, բարի և մարդասեր Ֆաթալի-շահը, որի թագավորության ժամանակներում Պարսկաստանի հայերը վայելում էին կատարյալ բախտավորություն։

Որպես Շահ-Աբաս մեծը, մի ժամանակ Պարսկաստանի վաճառականությունը ծաղկեցնելու համար, Սպահանի հայերից առևտրական ընկերություններ էր կազմում, և ինքը ևս իր սեփական դրամագլխով մասնակցում էր նրանց առևտրական ձեռնարկությունների մեջ,— այնպես էլ Աբաս-Միրզան ուներ իր հայ վաճառականները, որոնք գործում էին նրա դրամագլխով։

Երկրի հայ ազգաբնակությունը մահմեդական կառավարիչների հարստահարությունից ազատ պահելու համար նա բարձրացրեց հայոց մելիքների նշանակությունը, նրանց ընդարձակ իրավունքներ տալով, նրանց համար ռոճիկներ սահմանելով և այլն։

Ճանաչելով, որ հայ ժողովուրդը սերտ կերպով կապված է իր եկեղեցու և եկեղեցականների հետ, նա սկսեց զսպել ոչ միայն մահմեդականների կրոնական հալածանքը քրիստոնյաների դեմ, այլ աշխատում էր ավելի ուժ և խրախույս տալ քրիստոնեությանը։ Հաճախում էր հայոց եկեղեցին, ներկա էր գտնվում հայոց եկեղեցական հանդեսներին, nր իր օրինակով ցույց տա, թե հայերի կրոնական պաշտամունքները ամենայն հարգանքի արժանի են։ Նրա ժամանակ հայոց եկեղեցիները սկսեցին զանգակ հարկանել, որ առաջ արգելված էր։

Նույն ժամանակվա Ատրպատականի Իսրայել եպիսկոպոսը նրա ամենալավ բարեկամն էր։ Նա հատկացրեց եպիսկոպոսի համար նշանավոր ռոճիկ, բացի դրանից, առաջնորդարանի ծախքերի համար, իբրև մշտական սեփականություն, ընծայեց ընդարձակ կալվածներ, որ նրանց եկամուտներով պահպանվի առաջնորդարանը[158]։

Ատրպատականի հայոց վանքերի գոյությունը ապահովեցնելու համար շնորհեց նա, իբրև մշտական սեփականություն, յուրաքանչյուր վանքին մի-մի գյուղ, իրանց բնակիչներով, հողերով և սահմաններով։ Այդ գյուղերը ազատ թողեց նա արքունի հարկերից, այնպես, որ կառավարության փոխարեն ինքը վանքը իրավունք ուներ ստանալ ոչ միայն մշակության բերքերի մի մասը, այլև արքունի հարկերը[159]։

Թավրիզը Աբաս-Միրզայի աթոռանիստն էր. այդ քաղաքի հայ հասարակության դրությունը բարվոքելու համար ազատեց նրանց ամեն տեսակի հարկերից։ Նույն արտոնությունը թավրիզեցի հայերը վայելում են մինչև այսօր, իսկ նրանց հարևան մահմեդականները հարկ են վճարում։

Երկար կլիներ մի առ մի թվել, թե որքան ողորմած էր նա դեպի հայոց ժողովուրդը և որքան բարձրացրեց նա այդ ժողովրդի դրությունը, նրան ամեն կերպ ապահովություններ շնորհելով։ Բայց այն ևս պետք է նկատել, որ Աբաս-Միրզան այդ բոլորի մեջ ուներ և իր քաղաքական նպատակները։ Նա ամեն հնարներ գործ էր դնում, որ հայերի սրտերը ամուր կերպով կապե Պարսկաստանի հետ և նրանց համակրությունը դեպի ռուսները սառեցնե։ Այսուամենայնիվ, ինչ էլ որ լինեին նրա քաղաքական նպատակները, բայց դարձյալ նրա համակրությունը դեպի հայերը բոլորովին անկեղծ էր[160]։

Աբաս-Միրզան և նրա նախորդները հայերի մեջ գտնում էին ոչ միայն լավ երկրագործի, վաճառականի և արհեստավորի արժանավորություններ, այլ զինվորական տաղանդ և կառավարչական ընդունակություններ ևս։ Նրա ժամանակ, կամ նրանից առաջ՝ հայերից շատերը ոչ միայն զինվորական բարձր աստիճանների հասան, այլ վարում էին ամբողջ նահանգների փոխարքայության պաշտոն, դեր էին խաղում դիպլոմատիայի մեջ, կառավարում էին պետական գանձը և մինչև անգամ իշխում էին շահերի կանանոցներում ներքինիների և ներքինապետների պաշտոնով[161]։

Մենք կվեր առնենք Աբաս-Միրզայի մոտ գտնված հայ ծառայողների մի անձնավորություն միայն, որի գործունեությունը մեր պատմության հետ կապ ունի և գուցե դա լինի այն երկու հայերից մեկը, որ հիշում է իշխան Մադաթովի ռուս կենսագրողը։ Այդ քաջը կոչվում էր Բայինդուրյան կամ Բահաթուրյան Ասրի-բեկ։

Մեր պատմության մեջ աշխատել ենք փոքր-ինչ ընդարձակ տեղ տալ ոչ թե նշանավոր տոհմական ազնվականներին, այլ ժողովրդի ստորին ծալքերից հայտնված, ժողովրդի զորությունը և ոգին արտահայտող հերոսներին, որպես էին Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը) Թյուլի-Արզումանը, Չալաղան յուզբաշին, Մելիք-Վանին և դրանց նմանները։ Այդ տեսակ անձնավորություններից մեկն էր Բայինդուրյան Ասրի-բեկը, որը թողնելով Աբաս-Միրզայի ծառայությունը, եկավ իշխան Մադաթովի մոտ և նրա հետ մեծ քաշություններ գործեց։

Ասրի-բեկի նախապապը՝ Բայինդուրը, կամ որպես պարսեկները կոչում էին Բահաթուրը, դեռ շահ սուլթանի Հուսեինի թագավորության ժամանակ Սյունյաց աշխարհից գնաց Պարսկաստան և պարսից ծառայության մեջ մտնելով, շահի քաջ և նշանավոր զորավարներից մեկը դարձավ։ Հետո Պարսկաստանից զզվելով, եկավ Վրաստան, այստեղ միացավ Դավիթ Բեկի հետ և, գնալով իր հայրենիքը, Սյունյաց ապստամբության պարագլուխներից մեկը դարձավ։ Դա մեր «Դավիթ Բեկ» վեպի հերոսներից մեկը՝ Բայինդուր իշխանն է, որը իրան միշտ պարսից թագավորի «բաթման ղլիճ» է կոչում։

Այդ Բայինդուրի թոռներից մեկն էր Ասրի-բեկը։ Նրա պապի քաջագործությունները ավանդությամբ մնացել էին այդ տոհմի մեջ, և Ասրի-բեկը դեռ պատանեկության հասակում, հրապուրվելով իր պապի հիշատակներով, թողեց Ղարաբաղը, գնաց Պարսկաստան իր բախտը փորձելու։ Համարձակ, վայելչահասակ պատանուն հաջողվեցավ մի ձիարշավի ժամանակ Աբաս-Միիզայի ուշադրությունը դարձնել իր վրա և մտավ պարսից թագաժառանգի ադյուտանտների խումբի մեջ։ Հետո զանազան դժվարին դեպքերում իր ցույց տված, քաջություններով նա ավելի և ավելի շնորհ գտավ Աբաս-Միրզայի մոտ։

Ղարաբաղի արշավանքի ժամանակ Ասրի-բեկը գտնվում էր թագաժառանգի թիկնապահների խումբի մեջ։ Այդ միջոցին Աբաս-Միրզան հանձնեց նրան մի վտանգավոր ծառայություն, որը իր ամենամտերիմ պաշտոնյաներին միայն կարող էր հավատալ։ Անդրկովկասյան մահմեդականներին ռուսների դեմ ապստամբեցնելու համար Աբաս-Միրզան գրել էր շրջաբերական թղթեր զանազան խաների, բեկերի և ազդեցություն ունեցող անձինքների անուններով.— այդ թղթերը հանձնեց ճարպիկ Ասրի-բեկին տեղ հասցնելու համար։ Նա մի ընդարձակ շրջան պիտի գործեր Թալիշի, Բաքվի, Դերբենդի, Շիրվանի և Շաքիի գավառներով, իսկ հետո պիտի անցկենար դեպի Դաղսաանի կողմերը։ Բայց Ասրի-բեկը, քրիստոնյա ռուսների շահերը գերադասելով պարսիկների շահերից, դավաճանեց իր տիրոջը։ Նա, Աբաս-Միրզայի թղթերը փոխանակ իրանց նշանակած տեղը հասցնելու, ուղղակի դիմեց Գանձակ և բոլորը հանձնեց իշխան Մադաթովին։ Թե որ աստիճան ծանրակշիռ նշանակություն ուներ ռուսների համար մի այդպիսի մատնությունը պատերազմի ժամանակ — ինքնըստինքյան հասկանալի է։ Թողյալ այդ, որպես Աբաս-Միրզայի մերձավորներից մեկը, Ասրի-բեկին հայտնի էին պարսից բանակի բոլոր գաղտնիքները, նրանց թույլ և զորավոր կողմերը, թագաժառանգի դիտավորությունները և այլն,— այդ բոլորը հաղորդեց նա իշխան Մադաթովին այն ժամանակ, երբ պարսից զորքերը գտնվում էին Գանձակից 7 վերստ հեռավորության վրա, իսկ գեներալ Պասկևիչը և իշխան Մադաթովը Գանձակում նստած, ամենևին տեղեկություն չունեին։

Թե որպես վերջացավ Գանձակի մոտի կռիվը, մեր ընթերցողներին հայտնի է։ Այդ հաղթությամբ իշխան Մադաթովը և գեներալ Պասկևիչը ազատեցին ամբողջ Անդրկովկասը։

Իշխան Մադաթովը մեծ խոստմունքներով ընդունեց Ասրի-բեկին իր թիկնապահների խումբի մեջ։ Պարսից թագաժառանգի սիրելին դարձավ նրա ձեռքում մի լավ գործիք։

XLVI

Պարսիկներին մշտական սարսափի մեջ պահելու համար հարկավոր համարվեցավ նրանց մի սաստիկ հարված տալ նույնիսկ պարսկական հողի վրա։ Այդ նպատակով 26 թվի դեկտեմբերի սկզբներում իշխան Մադաթովը ստացավ գեներալ Երմոլովից գաղտնի հրահանգ մի արշավանք գործելու դեպի Երասխի մյուս կողմը։

Ձմեռային արշավանքը մի անծանոթ և լավ ճանապարհներից զուրկ երկրում, սաստիկ պիտի դժվարացներ իշխան Մադաթովին ցանկացած հաջողությունը գտնել, եթե նա չունենար իր հետ մի այնպիսի ճարպիկ առաջնորդ, որպիսին էր Ասրի-բեկը։ Այդ երիտասարդը, երկար ժամանակ Պարսկաստանում մնալով, ծանոթ էր պարսից թե երկրի և թե բնակիչների բոլոր դրությունների հետ։

Իշխանը ուներ իր հետ 42-րդ եգերյան զորագնդից մի բատալիոն միայն, նրա մնացած զորքը բաղկացած էր Ղարաբաղի հայ հետևակներից և ձիավորներից։ Դեկտեմբերի 28-ին նա արդեն գտնվում էր Խուդափիրինի կամուրջի մոտ, որը այդ կողմից միակ անցքն է Երասխ գետից։ Այստեղ միացավ նրա հետ պոլկովնիկ Մեսչենկոն իր զորքերով։ Բայց կամուրջից անցկենալ անհնարին էր, պարսիկները նրա կամարներից մի քանիսը խորտակել էին։ Չնայելով սաստիկ ցրտին, զորքը անցավ գետի միջով, ուր ջուրը հասնում էր մինչև նրանց թիկունքը։

Պարսից հողի վրա նրանց ոչ ոք չհանդիպեց և Դիլայուրտի ձորամիջով սկսեցին առաջ գնալ դեպի Սամբուր գետը։ Տարվա այդ ժամանակ, այդ կողմերում, իրանց անասունների հետ, գետնափոր ձմեռանոցներում բնակվում էին զանազան խաշնարած ցեղեր, որպիսիներն էին շահսևանները, շաղազիները, աջալիբցիները և այլն։ Դրանք երբեմն ասպատակություններ էին գործում Ղարաբաղի և ռուսաց նոր գրաված մյուս գավառների վրա և ավարառություններ էին անում։ Իշխան Մադաթովի առաջին գործը եղավ պատժել դրանց, ասիացի ավազակների հետ վարվելով ասիական կերպով։ Հարձակվեցավ նրանց ձմեռանոցների վրա, հափշտակեց մինչև 20 000 ոչխար, բազմաթիվ ուղտեր, ձիաներ, տավարներ և այլ իրեղեններ։

Մտնելով Միշկինի գավառը, և օգուտ քաղելով տեղային շահսևանների միամտությունից, իշխանը լուր տարածեց, թե կամենում է այնտեղից անցնել դիպի Թալիշի խանությունը։ Շահսևանները հավատալով, հոժարվեցան նրան ճանապարհ տալ իրանց երկրի միջով։ Բայց իշխանը, փոխանակ դեպի Թալիշի խանությունը գնալու, հարձակվեցավ խաղաղ շահսևանների ձմեռանոցների վրա և, բարբարոսական կոտորածներից հետո, հափշտակեց նրանցից 2 000 ուղտեր, 10 000 կովեր և եզներ, 60 000 ոչխարներ։

Դեպի ամեն կողմ սարսափ տարածելով, հետո մտավ նա Միշկինի գավառաքաղաքը՝ Լորի, ուր ներկայացավ նրան տեղային կառավարիչ խանը, խնդրելով խնայել իրանց։ Այստեղ նա երդում ընդունեց մահմեդականների ներկայացուցիչներից, որ հավատարիմ մնան ռուսաց կայսրին, թեև սրի ուժով առած երդումը մի առանձին նշանակություն չուներ։

Թողնելով Լորիի մեջ մի բատալիոն հետևակ և 600 կազակներ, իշխանը մնացած զորքերով սկսեց դիմել դեպի Ահար, որը Ղարադադի գլխավոր քաղաքն է։ Ճանապարհին, Նասիր-Աբադ գյուղում, նրա առաջ եկան Ղարադաղի խանի պատգամավորները և հայտնեցին իրանց հնազանդությունը։ Այստեղ հանդիպեցին նրան Ղատադաղի հայոց քահանաները իրանց մելիքների և տանուտերների հետ, որոնք նույնպես հպատակություն հայտնեցին։ Իշխանը պահեց նրանց իր մոտ և հունվարի 6-ին թնդանոթների որոտմունքով միասին կատարեցին սուրբ ծննդյան և մկրտության տոնի հանդեսը։ Բայց հայերը այդ համակրության համար սաստիկ պատժվեցան, երբ ռուսաց զորքերը թողեցին պարսից հողերը։

Հունվարի 7-ին իշխանը գտնվում Էր Ղարադաղի գլխավոր քաղաքի՝ Ահարի մոտ. 17 վերստ հեռավորության վրա հանդիպեցին նրան քաղաքի ավագները, հայտնելով իրանց հնազանդությունը։ Ահարից նա առաջ չգնաց և նույն ամսի 9-ին կրկին վերադարձավ դեպի Ղարաբաղ։

Այդ արշավանքը կատարվեցավ, որպես վերևում հիշեցինք, տարվա ամենացուրտ և վտանգավոր ժամանակում։ Ռուսաց զորքերը մեծ արգելքների և անհաջողությունների պիտի հանդիպեին, եթե չունենային մի այնպիսի ճարպիկ և քաջ առաջնորդ, որպիսին էր Ասրի-բեկը։

Այդ արշավանքը այն օգուտը ունեցավ, որ իշխանը տարածեց սարսափ բոլոր սահմանակից ցեղերի վրա, բացի դրանից, ծանոթացավ Պարսկաստանի ներքին դրության հետ և իր հավաքած տեղեկությունները հաղորդեց կոմս Դիբիչին, որը այդ ժամանակ գտնվում էր Թիֆլիսում։ Արշավանքը ունեցավ և նյութական օգուտ. նա բերեց իր հետ ահագին ավար և կողոպուտ։ Իր ավարի մի մասը բաժանեց նա հայոց կամավորներին, որոնց ռուսաց կառավարությունից ոչինչ չէին ստանում, իսկ մնացած մասը թողեց ռուսաց զորքերի վայելման համար։ 2 000 ուղտերը գործ էին ածում նոր բորբոքված ռուս-պարսկական պատերազմի ժամանակ ծանրություններ տեղափոխելու։

Ռուս-պարսկական նոր պատերազմը սկսվեցավ 1827 թվի գարունքին։ Դեռ մարտի 17-ին գեներալ Երմոլովը հանձնեց իշխան Մադաթովին մի առանձին զորաբաժնի հրամանատարությունը և հրամայեց պատրաստ լինել գարնանային արշավանքին մասնակցելու համար։ Նրան պատվիրված էր իր զորքերի պակասը լրացնել Ղարաբաղի կամավորներով։ Այդ պատվերը արագությամբ կատարեց նա և կամավորների մեջ հայերը մեծամասնություն էին կազմում։

Դեռ իրան խոստացված զորքերի մի մասը չհասած, իշխան Մադաթովը իր կամավորներով և ձեռքի տակ գտնված փոքրաթիվ պատրաստի զորքերով առաջինը եղավ, որ սկսեց հարձակողական գործողություններ դեպի Պարսկաստան։ Ապրիլի 18-ին նա արդեն գտնվում էր Խուդափիրինի կամուրջի մոտ։ Այս անգամ գտավ կամուրջը բոլորովին ոչնչացրած պարսիկներից. կամարների սյուներն էին մնացել միայն։ Գարնանային հեղեղների հորդության պատճառով գետի միջով անցնել անկարելի էր։ Թվով 5 000 պարսիկներ կանգնած էին գետի ափի մոտ։ Նրանց գնդակների տարափի տակ իշխանը հրամայեց կամուրջը պատել տախտակամածով, որի վրայից անցավ զորքը։ Հենց առաջին օրում նրան հաջողվեցավ ցրվել պարսից զորքերը և ոտք դնել պարսից հողի վրա Երասխի աջ կողմում։ Բայց այնտեղից առաջ գնալ չկարողացավ նա, հենց այստեղ վերջացավ նրա մասնակցությունը 27 թվականի ռուս-պարսկական պատերազմին։

Ապրիլի 22-ին հանկարծ հրաման ստացավ նա գեներալ Պասկևիչից, որ իր հրամանատարությանը հանձնված զորարաժինը հանձնե գեներալ-մայոր Պանկրատևին։

Տխուր, սրտաբեկ կերպով վերադարձավ իշխանը Ղարաբաղ։ Այստեղ կանգ չառեց նա, և մինչև անգամ առանց իր կալվածները տեսնելու, հեռվից վերջին անգամ հայացք ձգելով իր հայրենիքի, իր ծննդյան տեղի վրա, հեռացավ, գնաց Թիֆլիս։

Թե ի՞նչ էր իշխան Մադաթովին այսպես անակնկալ կերպով հետ կանչելու պատճառը,— այդ հարցը բացատրվում է միայն զանազան ենթադրություններով և զանազան տարակուսանքներով, որոնք ստուգության կարոտ են։ Այսքանը կասենք, որ նա ամբողջ հինգ ամիս մնաց Թիֆլիսում կատարյալ անգործության մեջ, մինչև վերջապես իրավունք ստացավ գնալ Ս. Պետերբուրգ։

Դեռ ռուս-պարսկական պատերազմը բոլորովին վերջացած չէր, երբ 1828 թ. ապրիլի 14-ին հրատարակվեցավ ռուս-թուրքական պատերազմը։ Իշխան Մադաթովը նշանակվեցավ առանձին զորաբաժնի հրամանատար և Դունայի կողմից գնաց թուրքերի հետ կռվելու։ Այդ արշավանքի մեջ ևս, որպես կարելի էր սպասել նրանից, ամեն կռիվների մեջ հանդիսացավ փառավոր հաղթություններով։ Բայց դեռ պատերազմի վախճանին չհասած, հիվանդացավ և նայն տարվա սեպտեմբերի 4-ին վախճանվեցավ իր բանակի մեջ, Շումլայի պարիսպների մոտ, թշնամու երկրի վրա։ Նրա մարմինը հանդիսավոր կերպով տարվեցավ նույն բերդը, թաղվեցավ սուրբ Գեորգ զորավորի եկեղեցու գավթում[162]։ Նրա թաղման հանդիսին ներկա էին մինչև անգամ նրա թշնամիները, թուրք օֆիցերները և բազմաթիվ մահմեդականներ, որոնց նա շատ անգամ ռմբակոծել էր։

«Ճակատագրով վիճակված էր իշխանին հանդիպել իր խաղաղ վախճանին թշնամու երկրի վրա, որը վկա էր եղել նրա հաղթություններին նրա երիտասարդական հասակում, որը տեսել էր նրա փառավոր գործերը նրա այրական հասակում։ Նրա մարտակիցների անկեղծ տրտմությունը և հաղթված թշնամիների խորին հարգանքը հուղարկավորում էին նրան դեպի գերեզման։

Դա խիստ փաղաքշական է. այդ է պարգևը կյանքի աշխատանքների և կռիվների։

Մի հայացք ձգելով նրա անցած ճանապարհի վրա, նրա գործերի, բնավորության և նրա թողած հիշատակների վրա, համարձակ կարելի է հայտնել հետևյալ կարծիքը նրա մասին, թե բնությունը ստեղծել էր նրան միայն պատերազմող լինելու համար։ Չնայելով կրթության պակասությանը, բայց բնականից ունենալով անհամեմատ լուսավոր խելք և հասկացողություն, ունենալով բնավորության զորություն և հաստատամտություն, նա իր պարզ և սուր ըմբռնողությամբ փոխարինում էր այն հմտությունները, որոնց ուրիշները հազիվ կարողանում են ստանալ արհեստի և գիտության շնորհիվ։ Հայացքների ճշտությունը երբեք չէր սխալեցնում նրան, ոչ պատերազմական դիրքեր ընտրելու ժամանակ և ոչ թշնամու ուժերը և դիրքերը հետազոտելու ժամանակ։ նրա կշռադատության ձիրքը երբեմն զարմացնում էր մինչև անգամ նրանց, որոնք ճանաչում էին նրան։ Բավական էր հարևանցիորեն հայացք ձգել մի որևիցե անծանոթ երկրի վրա, նա արդեն կատարյալ հասկացողություն կստանար նրա տեղագրական դրության մասին։ Մի քանի անգամ հանդիպելով իր նոր ախոյանին, նա արդեն կչափեր նրա ուժերը։ Երբեք չէր սխալվում նա, երբ նշանակում էր այն կետերը, թե որտեղ պետք է ընդդիմադրել թշնամուն կամ որտեղ պետք էր հարվածել նրան։ Երբ հասնում էր հարձակման վճռական րոպեն, որը նա միշտ սկզբից նախագուշակում էր, գտնում էր նրան միշտ պատրաստ։

Բայց հայացքների և ըմբռնողության ճշտությունը, խելքի և հասկացողության խորությունը գտնվում են շատ զորավարների մեջ և մնում են ապարդյուն։ Նրանք բավական են մի խորհրդատուի համար, բայց բավական չեն մի զինվորական առաջնորդի համար։ Մադաթովը միացնում էր դրանց հետ և ուրիշ ամենանշանավոր հատկություններ, անձնական քաջություն, որը չէր վհատում ոչ մի վտանգի առջև, սառցային սառնասրտություն, որը չէր վրդովվում ոչ մի անակնկալ դեպքի ժամանակ, և այն, որ ամենից հազվագյուտն է,— դա էր նրա բարոյական արիությունը, որը չէ վախենում ոչ մի պատասխանատվությունից։ Վճռելու մեջ խիստ համարձակ էր նա, իսկ իր դիտավորությունները կատարելու մեջ չափազանց շուտափույթ։ Այդ արագությունը, որը մեծ զորություն է պատերազմի գործի մեջ, որը նրա պաշտած հանճարների՝ Նապոլեոնի և Սուվորովի գլխավոր հատկանիշն էր,— էր միևնույն ժամանակ հաստատ երաշխավորություն իշխան Մադաթովի բոլոր ձեռնարկությունների հաջողությանը։

Այդ եզրակացությունները ակամայից ներկայանում են մեր մտքում, երբ քննում ենք իշխան Մադաթովի մշտական հաջողությունները անհամեմատ գերազանց ուժերի դեմ, երբ տեսնում ենք այն նշանավոր հետևանքները, որոնց հասնում էր նա խիստ սահմանափակ միջոցներով, և երբ ի նկատի ենք առնում այն անհամեմատ փոքր կորուստը, որ կրում էին նրա զորքերը ամենափառավոր հաղթությունների մեջ։ Երիտասարդական հասակում իր ուրախ բնավորությամբ գրավեց նա իր ընկերների սերը, իր ստորադրյալների հետ սրտաբաց էր նա, խիստ սաստիկ կարգապահություն պահպանելով հանդերձ, սիրում էր նա իր զինվորներին, միշտ ուներ նրանց մասին ջերմ հոգատարություն, բորբոքում էր նրանց ոգին, իր վարմունքով բարձրացնում էր նրանց բարոյական զորությունը և դրանով ներշնչում էր իր և նրանց մեջ այն փոխադարձ հավատարմությունը, որը տանում է դեպի քաջագործություններ։ Բախտավոր գտնվելով իր բոլոր ձեռնարկությունների մեջ, նա հավատում էր իր բախտին, որը երբեք չէր դավաճանում նրան։ Այդ հավատը դեպի իր աստղը շատ անգամ նկատվել է մեծ զորավարների մեջ։ Հարևանցիորեն դատողները ծաղրում են այդ հավատը, իսկ ավելի խոր քննողները հարգում են նրան, որովհետև նրա մեջ միանում են մարդու թե ճշմարիտ զորությունը և թե զորության զգացմունքը։ Ավելացնում ենք, որ նա հավատում էր ռուսաց զինվորի ոգուն և նրա համակրությանը դեպի իր գլխավորը, և այդ պատճառով նրա հրամանատարության ներքո զորքը առաջ էր գնում ուրախությամբ, ասելով. «Մենք գիտենք, որ նրա հետ ոչ մի մարդ իզուր չի կորչի»։ Սկսած կապիտանի

աստիճանից՝ իշխան Մադաթովը իր քաջությամբ միայն ստացավ այն բոլոր գերազանցությունները, այն բոլոր պատվանշանները, որ ուներ նա։ Այսպես էր խոսում նա ինքը, և այսպես կասեն ամենքը, որոնք ծանոթ են նրա կատարած ծառայությունների հետ։

Նա ապրեց և մեռավ որպես հայրենիքի հավատարիմ որդի, իր աձնազոհությամբ միշտ նվիրված մնաց իք Թագավորին, մշտապես հոգ տանելով Ռուսաստանի փառքի համար»[163]։

Մենք մեր կողմից կավելացնենք, որ Ղարաբաղը իրավունք ունի պարծենալու, որ տվեց Ռուսաստանին մի այսպիսի հերոս, բայց ցավում ենք, որ այդ քաջը իր հայրենիքի սերը գրավել չկարողացավ...

Իշխան Մադաթովը ուղղակի ժառանգ չթողեց։ Մահից հետո նրա իշխանուհի տիկինը եկավ Ղարաբաղ, որ հանգուցյալի ընդարձակ կալվածները բաժանե նրա հեռավոր և մերձավոր ազգականների մեջ, և ինքն էլ իր մասը ստանա։ Բայց ժառանգների և տիկնոջ մեջ անհամաձայնություններ ծագեցան, այդ պատճառով տիկինը վշտացած գնաց Ս. Պետերբուրգ և բոլոր 15 գյուղերը տվեց արքունի գանձարանին, ստացավ մի նշանավոր գումար։ Ժառանգները մնացին առանց բավականություն ստանալու։



27 թվի ռուս-պարսկական պատերազմը վերջացավ հօգուտ Ռուսաստանի. Երասխ գետը նշանակվեցավ սահմանագիծ երկու պետությունների մեջ. և այդ գետի ձախ կողմում գտնված բոլոր պարսկական խանությունները մտան ռուսաց տիրապետության ներքո։

Ռուսաստանը դրեց Պարսկաստանի վրա պատերազմական տուգանք, և որ ամենագլխավորն էր, 40 000 հայեր Պարսկաստանից գաղթեցրեց և բնակեցրեց իր նոր գրաված երկրների վրա։

Որպես պարսից խաների, այնպես էլ հայոց մելիքների իշխանությունը վերջացավ։ Այնուհետև հայոց մելիքների ժառանգները այլևս ուրիշ բանի վրա չէին մտածում, աշխատում էին միայն մտնել ռուսաց ծառայությունների մեջ, աստիճան և շքանշաններ ստանալու համար։ Այդ փառասիրական ձգտումները անգիտակցաբար այն օգուտը ունեցավ, որ մելիքների ժառանգները, ռուսաց ծառայության մեջ գտնվելով և ռուսաց օրենքների ու ազդեցության տեր անձինքների հետ ծանոթանալով, կարողացան ձեռք քերել իրանց հայրենական կալվածների մի մասը։

Բայց մի հարց կմնա անվճիռ, թե ինչո՞ւ հայոց տիրապետող մելիքների ժառանգներն ընդունվեցան իբրև տոհմական ազնվականներ և ոչ իբրև իշխանազներ, քանի որ Խամսայի հինգ մելիքությունները կազմող տները իսկապես իշխանական ծագումից էին։

ՎԵՐՋԱԲԱՆ

Խամսայի մելիքությունների պատմությունը վերջացավ։ Երբ այդ պատմությունը մաս-մաս լույս էր տեսնում «Մշակի» համարների մեջ, ամեն անգամ, երբ հանդիպում էի ծանոթներիս, նրանը առաջին խոսքը լինում էր՝ «լավ է...», իսկ հետո մի հարց՝ «ո՞րտեղից եք առել այդ տեղեկությունները...»։

Այդ հարցի մեջ, որ ստեպ առաջարկում էին ինձ, նշմարվում էր մի տեսակ կասկած, մի տեսակ անվստահություն... Բարեկամներիցս մի քանիսը մինչև անգամ նկատեցին ինձ. «Մի՞թե մենք ունեցել ենք Ղարաբաղում այսպիսի իշխանություններ, եթե կային, ինչո՞ւ մենք չգիտեինք...»։

Այդ մարդիկը, որոնք Վանի բևեռագրների վրա դատողություններ են անում, որոնք ցջրհեղեղյան անցքերի վրա են խոսում, զարմանալի է, որ իրանց քթի տակ, մեզանից կես դար առաջ կատարված իրողությունների վրա նայում են իբրև առասպել, իբրև ֆանտազիայի ծնունդ։

Իմ ընթերցողների կասկածը փարատելու համար ես հարկավոր եմ համարում ցույց տալ այն աղբյուրները, որոնցից քաղել եմ իմ պատմությունը։

Դեռ 1881 թվի հուլիս ամսում, նախքան իմ ճանապարհորդությունը դեպի Սյունյաց աշխարհը, «Մշակի» համարներից մեկում ես տպեցի մի հոդված[164], որի մեջ բացատրում էի իմ ճանապարհորդության նպատակը, այն է՝ հավաքել Ղարաբաղի մելիքների պատմության համար թե գրավոր և թե բերանացի տեղեկություններ և հրավիրում էի ձեռնահաս անձինքներին օգնել ինձ իմ ձեռնարկության մեջ, եթե գտնվում էին նրանց մnտ որևիցե պատմական նյութեր։

Որպես մեր ամեն այդ տեսակ հրավերքները մնում են ապարդյուն, իմ հրավերքը ես մի առանձին հետևանքի չհասավ։ Ինձ մնում էր անձամբ գնալ Ղարաբաղ, մտնել ամբոխի մեջ և դիմել այն հարուստ պատմական աղբյուրին, որը դեռևս թարմ կերպով պահպանված է ժողովրդական ավանդությունների մեջ։

Ես անցա Ղարաբաղի հինգ գավառները, որ կազմում էին Խամսայի հինգ մելիքությունների իշխանության տեղերը։

Գանձակից գնացի Գյուլիստանի գավառը։ Այստեղ են Մելիք-Բեգլարյանների կալվածները. այստեղ տիրում էին նրանց նախնիքը։ Ղարա-Չինար գյուղում, մի ամբողջ շաբաթ մնալով Մելիք-Բեգլարյան Սերգեյ-բեկ և Ալեքսան-բեկ եղբայրների տանը, տեղային ծերունիները գնում ու գալիս էին ինձ մոտ, ոգևորված պատմում էին իրանց երկրի մելիքների պատմությունը։ Ես գրում էի։ Հետո սկսեցի ճանապարհորդել Գյուլիստանի զանազան տեղերը, այլևայլ հիշատակարաններ քննելու համար։ Տեսա Մելիք-Բեգլարյանների տոհմային գերեզմանատունը Հոռիկի վանքի մոտ, մի ամայի, անմարդաբնակ տեղում, մթին անտառի մեջ, և դարերով աճած թուփերի, մացառների մեջ գտա այդ տոհմի հերոսների մոռացված շիրիմները։ Մեծ դժվարությամբ հաջողվեցավ ինձ կարդալ մամռապատ տապանաքարերի արձանագրությունները, որոնք ժամանակագրական և տոհմագրական կողմից պատմության համար նշանակություն ունեին։ Հենց նույն վանքի մոտ դեռ կանգնած է մի հոյակապ, սյունազարդ ամրոց, բարձր աշտարակներով, բազմաթիվ սենյակներով, որոնց մեջ մի ժամանակ բնակվում էին Մելիք-Բեգլարյանների նախնիքը։ Տեսա և Գյուլիստանի ահռելի բերդը, որ իր կիսավեր դրության մեջ դարձյալ. հրաշալի է։ Գյուղը պտտելով, քննում էի եկեղեցիներում կամ մասնավոր անձինքների մոտ գտնված գրչագիր մատյանների հիշատակարանները, քննում էի եկեղեցիների կամ վանքերի պատերի վրա գտնված արձանագրությունները։ Գանձասարի վանքի պատի վրա մի ընդարձակ արձանագրություն նվիրված է Մելիք-Բեգլարյանների հիշատակին։

Գյուլիստանից անցա Ջրաբերդի գավառը։ Այստեղ հավաքեցի այն ավանդությունները, որ պահպանված էին Մելիք-Իսրայելյանների մասին։ Գետաշեն գյուղի եկեղեցում գտա մի գեղեցիկ գրչագիր ավետարան[165][166], արծաթե կազմով, որի հիշատակարանի մեջ արձանագրված էր Մելիք-Իսրայելյանների տոհմագրությունը։ Թարթար գետի հակառակ ընթացքով դեպի վեր բարձրանալով, ամեն քայլում հանդիպում էին Մելիք-Իսրայելյանների հիշատակարանները։ Ես այցելություն գործեցի Եղիշե առաքյալի ամայի վանքին, որ գտնվում է բոլորովին կուսական անտառների խորքում, սարսափելի լեռների բարձրավանդակի վրա։ Դա վանք չէ, այլ վանքերի մի խումբ է։ Ավելի քան ութն տաճարներ կանգնած են միմյանց մոտ, այնքան մերձ, որ մի մարդ հազիվ կարող է նրանց մեջտեղից անցնել։ Այդ տաճարներից մեկի մեջ դրած է Վաչական թագավորի գերեզմանը, իսկ նրա դռան հանդեպ գտա Ջրաբերդի հզոր տիրապետողի՝ Մելիք-Աթամ մեծի փառավոր շիրիմը։ Այդ վանքում տեսա այն աշտարակը, որի մեջ բնակվում էր իմ պատմության հերոսներից մեկը՝ երևելի Դալի-Մահրասան (Ավագ վարդապետը)։ Աշտարակի վերին հարկի միջից այժմ աճել է մի ահագին կաղնի ձառ։ Մատաղիս գյուղից ինձ հետ վեր առած ուղեցույցը, որը այն ահռելի լեռների և անտառների համարձակ որսորդներից մեկն էր, առանց լռելու պատմում էր ինձ Դալի-Մահրասայի գործերը։ Վարդապետ-հերոսի քաջագործությունները արձագանք էին գտել երիտասարդի տպավորվող սրտում։

Եղիշե առաքյալի վանքից անցա Երիցմանկանց վանքը։ Այդ վանքի մոտ գտնվում է Ջրաբերդ կոչված հռչակավոր ամրոցը, որ և կոչվում է Ջերմուկի բերդ։ Այդ բերդի միջից վտանգի ժամանակ կռվում էին Մելիք-Իսրայելյանները։ Երիցմանկանց վանքում մնացի մի օր։ Ծերունի Տոնի-ապերը, միակ միաբանը այն վանքի, որի մեջ մի ժամանակ կաթողիկոսներ էին նստում, ամբողջ գիշերը պատմում էր ինձ Չալաղան յուզբաշու և Մելիք-Իսրայելյանների տոհմի զանազան ներկայացուցիչների մասին և զարմանում էր, որ նրա պատմածներին այնքան նշանակություն էին տալիս, որ գրի էին առնում։

Երիցմանկանց վանքից ոչ այնքան հեռու, Թարթար գետի աջ ափերի մոտ, մի անտառապատ ձորի մեջ, գտնվում են ավերակները մի հին քաղաքի, որի տեղը մինչև այսօր, կոչվում է «Մայրաքաղաք» կամ «Քղաքատեղ»։ Այստեղ տեսա Մելիք-Աթամ մեծի կիսավեր պալատը, որ իր փոշիների մեջ դարձյալ հրաշալի է։ Իսկ Նոր Մոխրաթաղ գյուղի մոտ, Իննմասանց անապատի հանդեպ տեսա Մելիք-Աթամի մեծ ամրոցը, որ բոլորովին ամբողջությամբ մնացած է։ Դռների ճակատների վրա կան երկար արձանագրություններ, որոնք պատմական նշանակություն ունեն։

Այստեղից ես հատկապես գնացի Մարդակերտ անունով գյուղը, մի մոտ հարյուրամյա ծերունի տեսնելու համար, որի մասին առաջուց լսած էի։ Նրան կոչում են Միրզա-Ասրի, հմուտ է հայերեն, պարսկերեն, արաբերեն և թուրքերեն լեզուների գրագիտության մեջ. մի ժամանակ թարգմանի պաշտոն է կատարել Շուշի բերդի վերջին իշխողների՝ Իբրահիմ-խանի և Մեհտի-խանի մոտ, իսկ մի ժամանակ ծառայել է նույն բերդում գտնված գերմանացի միսիոնարների մոտ։ Այդ կենդանի պատմագրությունը երկու ամբողջ օր ինձ գրել էր տալիս Ղարաբաղի մելիքների և Շուշիի խաների անցքերը, որոնք նրա հիշողության մեջ խիստ անմոռաց կերպով պահպանված էին։ Զառամյալ ծերունին երեխայի նման ուրախանում էր, որ վերջապես գտնվեցավ մի մարդ, որին հաղորդեց իր սրտի մոտ եղած տեղեկությունները։ Ինքը գրելու անընդունակ էր դարձել. աչքերը չէին տեսնում, իսկ ձեռքերը դողում էին։ Նա տվեց ինձ մի հնամաշ տետրակ (թերթերից պակաս), որի մեջ կային զանազան ժամանակագրական նկատողություններ Ղարաբաղի նշանավոր անցքերի մասին։ Մարդակերտից անցնելով Կսապատ գյուղը, այստեղ տեղեկություններ հավաքեցի Աթաբեկյանների մասին։ Հետո գնացի Գյուլ-Յաթաղ բերդը, որ պատկանում էր Մելիք-Ալլահվերդյաններին։ Այստեղ տեսա Մելիք-Ռուստամի ամրոցը, տեսա նրանց տոհմային գերեզմանատունը։ Մի քանի օր մնալով Բժիշկ Աղասարյանցի տանը, ինձ հաջողվեցավ բավական նյութեր հավաքել Մելիք-Ալլահվերդյանների պատմության համար։

Այստեղից գնացի Խաչեն՝ Հասան-Ջալալյան իշխանների դարևոր բնակավայրը։ Տեսա Գանձասարի հռչակավոր վանքը՝ Աղվանից կաթողիկոսների վեհարանը, որը վերջին ժամանակներում դարձավ Ղարաբաղի մելիքների գաղտնի ժողովների խորհրդարանը։ Գանձասարի վանքի տաճարի մեջ և նրա շուրջը գտնված գերեզմանատներում ես քննեցի Հասան-Ջալալյան կաթողիկոսների և մելիքների շիրիմները։

Գանձասարի վանքի գյուղում, Վախթանգ-բեկ Հասան-Ջալալյանի տանը գտա մի հնամաշ տետրակ (սկզբի թերթերից պակաս)։ Դա սկսած, բայց չավարտած մի պատմության սևագրությունն է՝ գրված Բաղդասար միտրոպոլիտի ձեռքով, գլխավորապես Հասան-Ջալալյանների տոհմի վերաբերությամբ։ Առաջին մասը այնքան հետաքրքիր չէ, որովհետև քաղած է մեզ արդեն հայտնի Կաղանկատվացիի և Կիրակոս Գանձակեցու գրքերից։ Իսկ վերջին մասը բովանդակում է իր մեջ հետաքրքիր տեղեկություններ Ղարաբաղի մելիքների, Պետրոս Մեծի և վրաց Վախթանգ իշխանի հետ ունեցած հարաբերությունների մասին, նրանց հարաբերությունների մասին Փանահ-խանի և Իբրահիմ-խանի հետ, վերջինիս կատարած բարբարոսությունները Հասան-Ջալալյան Հովհաննես կաթողիկոսի և Ղարաբաղի մելիքների վերաբերությամբ. համառոտ կերպով նկարագրված է Ղարաբաղի մելիքների իրանց հպատակների հետ դեպի Վրաստան գաղթականությունը և այնտեղից վերադարձը և այլն։ Պատմությունը հասցրած է մինչև 1808 թվականը, այսինքն՝ մինչև այն ժամանակը, երբ Բաղդասար միտրոպոլիտը հայ գաղթականների հետ ինքը վերադարձավ Վրաստանից։ Տետրակի մեջ տեղ-տեղ ջնջված է և միևնույն գրչով հետո ուղղված է։ Լուսանցքների վրա ժամանակ առ ժամանակ հավելվածքներ են արել, գրիչը նույնն է, բայց մելանի գույները զանազանվում են։ Ինչպես հիշեցի, այդ տետրակը սևագրություն է միայն, ցանկալի կլիներ, եթե դրա ամբողջը և սրբագրվածը գտնվեր։ Հեղինակը անցքերի ժամանակակիցը լինելով, նրա գրվածը ավելի արժանահավատ պետք է համարել։

Խաչենում տեսա Հասան-Ջալալի բերդը, որ այժմ կոչվում է Թարխանա (Խոխանա) բերդ, տեսա այդ բերդի ստորոտում իշխանի պալատի ավերակները, որ կոչվում են «դարպասներ» — տեսա հրաշալի Կաչաղակաբերդը, այցելություն գործեցի սուրբ Հակոբա վանքին, վերջապես տեսա մի պատմական ժողովուրդ, որ ճանաչում է այդ հիշատակարանները և հազարավոր բաներ է խոսում նրանց մասին։

Խաչեն գետի ընթացքով ցած իջնելով և թեքվելով դեպի Խնզիրստան գյուղը, տեղեկություններ հավաքեցի Մելիք-Միրզախանյանների մասին։ Այստեղ մնացի միայն մեկ օր, որովհետև սաստիկ վատ ընդունելություն գտա։ Ինձ առհասարակ չէր հաջողվում այն տեղերում, ուր գտնվում էին մելիքների ժառանգներ, և մանավանդ, երբ նրանց տոհմի պատմության մեջ կային արատավոր կետեր։ Մելիք-Միրզախանյանների պատմությունը շատ մաքուր չէ։

Այստեղից անցա Շուշի բերդը։ Իջևանելով տեղային առաջնորդարանում, ինձ հաջողվեցավ քննել հոգևոր կոնսիստորիայի արխիվը։ Ոչինչ չգտա։ Բոլոր հին դոկումենտները, որոնք կարող էին Ղարաբաղի պատմության վրա փոքրիշատե լույս ձգել, ինչպես ասում էին, զանազան ժամանակներում գողացել էին։ Այստեղ ես ծանոթացա ծերունի Հաթամի հետ, որը մի ժամանակ Բաղդասար միտրոպոլիտի կանցլերն է եղել։ Նա տվեց ինձ բավական մանրամասն և ընդարձակ տեղեկություններ Ղարաբաղի կաթողիկոսների, մելիքների և խաների մասին։ Հարգելի ծերունին իր պատմությունները այնքան հաճախ անգամ կրկնել էր, որ «Հայր մեր»-ի նման անգիր սերտած ուներ։

Շուշիում Գրիգար-բեկ Հասան-Ջալալյանը հանձնեց ինձ մի հարուստ հավաքածու զանազան ֆիրմանների, հրովարտակների, պաշտոնական թղթերի, որ շնորհված են եղել պարսից շահերից և օսմանցոց տիրապետողներից Ղարաբաղի կաթողիկոսներին ու մելիքներին։ Այդ հավաքածուի մեջ գտնվում է Հասան-Ջալալյան տոհմի ամբողջ ճյուղագրությունը ժամանակագրական կարգով. բացի դրանից, հավաքված են օրինակները այն արձանագրությունների, որ մնացել են քարերի վրա և որ վերաբերում են այդ տոհմին։ Հավաքածուն կազմել է Բաղդասար միտրոպոլիտը և յուրաքանչյուր թղթի թարգմանության տակ իր ձեռքով ստորագրել է «ուղիղ է ընդ նախագաղափարին»։ Թե որ աստիճան տիրապետում էր Բաղդասար միտրոպոլիտը պարսկերեն, թուրքերեն, ռուսերեն և վրացերեն լեզուներին, որ կարողանար այդ լեզուներով գրված թղթերի թարգմանությունը համեմատել բնագրի հետ,— այդ մեգ հայտնի չէ, միայն այսքանը կասենք, որ թարգմանությունը սաստիկ անպիտան է, մանավանդ աշխարհարար թարգմանվածները. շատ տեղերում ոչինչ չէ հասկացվում։ Բաղդասար միտրոպոլիտը մեծ սխալ է գործել, որ պատմության համար այդ թանկագին հավաքածուի բնագրերի օրինակները չէ դրել թարգմանությունների հետ։

Շուշիում բավական տեղեկություններ հավաքելով այդ բերդի վաղեմի իշխողների՝ Փանահ-խանի, Իբրահիմ-խանի և Մեհտի-խանի մասին, ես անցա Վարանգայի գավառը, Մելիք-Շանազարյանների տիրապետության երկիրը։ Երկու օր մնացի Չանախչի կամ Ավետարանոց բերդում, ուր բնակվում էին Մելիք-Շահնազարյանները, ուր մինչև այսօր տեսնվում են նրանց ամրոցների ավերակները, ուր դրած են այդ տոհմի նշանավոր ներկայացուցիչների շիրիմները։ Այստեղ ամեն մի ծերունի դեռևս չէ մոռացել, թե ինչե՞ր են կատարվել այդ բերդում, գիտե այդ բերդի իշխողների յուրաքանչյուրի կատարած գործը։

Ցույց տալու համար, թե մեր գավառներում ո՛րպիսի արգելքների և մինչև անգամ անախորժությունների կարող է հանդիպել մի ուղևոր, որ ուսումնական նպատակներով ճանապարհորդություն է անում, ես մեջ կբերեմ մի դեպք, որ տեղի ունեցավ Չանախչի բերդում։

Այստեղ գալու ժամանակ Շուշվա հոգևոր իշխանության հաջորդը ինձ տվել էր տեղային կոնսիստորիայի անդամ քահանաներից մեկին, իբրև առաջնորդ, որ ցանկացած տեղերը ման ածե ինձ և գյուղացիներին հասկացնե իմ ճանապարհորդության նպատակը։ Բացի դրանից, գերապատիվ հաջորդը ինձ պատիվ էր արել, տալով իր սեփական ձին նստելու համար։ (Հաջորդի ձին էլ մեծ նշանակություն ունի գյուղացիների աչքում)։ Չնայելով այդ բոլոր նախապատրաստություններին, Չանախչի բերդում հազիվ կարողացա ազատվել մի մեծ սկանդալից։ Հյուրասիրվելով տեղային քահանաներից մեկի տանը, խնդրեցի ինձ մոտ կանչել մի քանի ծերունիներ, որոնք կարողանային ինձ բաներ պատմել Մելիք-Շահնազարյանների մասին։ Շատերը ներկայացան։ Նրանք խոսում էին, ես հարկավոր համարած տեղեկությունները նշանակում էի իմ նկատողության գրքույկի մեջ։ Հանկարծ հայհոյանքներով ներս թափվեցան մի խումբ մարդիկ և պատմողներին բռնությամբ դուրս քաշեցին սենյակից, կամենում էին ծեծել նրանց։ Ես շվարած մնացի։ Ինձ հետ եկած քահանան հազիվ կարողացավ հանգստացնել նրանց։ Բանից դուրս եկավ, որ այդ մարդիկը Մելիք-Շահնազարյանների տոհմիցն էին և նրանց շատ հաճելի չէր, որ իրանց նախնիքների պատմությունը գրվեր։

Առհասարակ ժողովուրդը սաստիկ վախենում է գրչից. հենց որ նրա աչքի առջև մի բան գրում ես, նա սարսափում է։ Ինձ շատ անգամ առաջարկում էին այսպիսի հարցեր, «Աղա, դրանից խո մեզ վնաս չի՞ լինի...»։ Ի՞նչ անե խեղճ ժողովուրդը, նա ամեն գրությունների վրա նայում է պաշտոնական կետից։ Օրինակ, եթե մի գյուղատնտես, կամենալով ուսումնասիրել երկրի բեղմնավորության չափը, հարցնելու լինի գյուղացուց, թե քո ցանքը հարյուրին որքա՞ն արդյունք է բերում, նա իսկույն կսկսե ստել, մտածելով, թե կամենում են հարկերը ավելացնել։ Այսպես էլ, երբ կամենում ես հարցնել մելիքների տոհմին պատկանող այս և այն անձնավորության մասին, իսկույն սկսում են մտածել, չլինի՞ թե նոր քննություններ պիտի սարքեն, չլինի՞ թե հողերի, ազնվականության մասին էլի նոր բան կա... Այդ մարդիկը միշտ գործ են ունեցել ստորին պաշտոնյաների հետ, իսկ ուսումնասեր գիտնականը, պատմաբանը նրանց չի հանդիպել։

Վարանդայից անցա Տիզակի գավառը, գնացի Տող բերդը։ Այս բերդում իշխում էին Մելիք-Ավանյանները։ Տեսա նրանց տոհմային գերեզմանատունը, տեսա Մելիք-Եգանի կիսավեր պալատը, որի մեջ բնակվում է մի մահմեդական բեկ, որը այդ տոհմի կրոնափոխ եղած ժառանգներից մեկն է։

Այստեղ ինձ հաջողվեցավ ձեռք բերել երկու բավական հաստ հատորների մեջ ամփոփված զանազան պատմական գրվածքներ[167]։ Այդ աշխատության հեղինակն է Գտիչ վանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանյանցր։ Եթե մեր բոլոր վանքերի ծույլ, հացկատակ վարդապետները հետևեին Առաքել վարդապետի օրինակին և իրանց շրջապատող ժողովրդի ու պատմական տեղերի ավանդությունները հավաքելով գրեին, դրանով ավելի մեծ ծառայություն արած կլինեին մեր գրականությանը, քան թե իրանց աղոթքներով։

Առաքել վարդապետը, իրավ է, իր պատմության մեջ ժամանակագրական կարգ չէ պահպանել, նյութերը իրանց տեսակի համեմատ չէ դասավորել, և նրա աշխատությունը ավելի մի անկապ հավաքածու է, քան թե պատմություն, այսուամենայնիվ նրա գրքերը բովանդակում են իրանց մեջ թեև անմշակ, բայց բավական առատ նյութ պատմության համար։ Երկու հատորները բաղկացած են 75 ընդարձակ գլուխներից և 428 երեսներից։

Նրա նյութերի մեծ մասը կարող էր ծառայել հայոց Այսմավուրքին, քան թե պատմության, օրինակ, հանդիպում են դրանց նման շատ գլուխներ. «Պատմութիւն հրաշից ուրումն աղքատի», «Յաղագս մարդակերպ հարսնաքար անուանեալ վիմին», «Յաղագս հրաշագործ Ջուղալու խաչին», «Յաղագս ուրումն ագահ վաճառականի, թէ որպէս եղև այր կատարեալ ի ձեռն սատանայի» — և այսպիսի գլուխների մեջ հանկարծ «Պատմութիւն Լանկ-թամուրայ» — մի բոլորովին անհայտ կտոր Լանկ-Թեյմուրի արշավանքներից։

Առաքել վարդապետի երկու հատորների մեջ կան և այնպիսի գլուխներ, որ կարող են ծառայել իբրև աղբյուր Ղարաբաղի մելիքների պատմության համար։ Այդ տեսակ գլուխներից բավական ընդարձակ տեղ է բռնում Տիզակի Մելիք-Ավանյանների մանրամասն պատմությունը, սկսյալ Մելիք-Եգանից մինչև այդ տոհմի վերջին ժառանգները։ Հետո Վարանդայի Մելիք-Շահնաղար II պատմությունը, նրա հարաբերությունները Շուշի բերդի խաների հետ։ Աղա-Մամադ-խանի վերջին արշավանքը, նրա սպանվիլը Շուշի բերդում. Ղարաբաղի սովը և ժանտախտը Աղա-Մամադ-խանի արշավանքներից հետո, ժողովրդի ցրիվ գալը դեպի զանազան կողմեր։ Կան և այնպիսի գլուխներ, որ նվիրված են ռուսաց զանազան գեներալների արշավանքներին դեպի Ղարաբաղի կողմերը. դրանց մեջ հետաքրքիր են՝ իշխան Մադաթովի ճակատամարտը Շամքոր գետի և Գանձակի բերդի մոտ, գեներալ Կոտչարևսկու Լենքորանի և Սալանդուղի կռիվները. իշխան Ցիցիանովի արշավանքները,— այդ բոլորը թեև իրանց բովանդակության կողմից շատ հետաքրքիր են, բայց ժամանակագրական կարգով դասավորված չեն։ Գրքերի մեջ պատահում են զանազան հին ձեռագրներից արտադրած հիշատակարաններ, նշանավոր անձինքն երի շիրիմների տապանագրեր, Ղարաբաղի այլևայլ վայրերի մասին ժողովրդի մեջ մնացած ավանդություններ և այլն։ Իսկ որ ամենից հետաքրքիրն է, դա է մի ժամանակագրական ցուցակ Ղարաբաղի նշանավոր անցքերի մասին, սկսյալ 1721 թվականից մինչև 1813 թվականը։ Այդ ժամանակագրությունը, հեղինակի ասելով, դուրս է բերել նա մի ձեռագիր Մաշտոցից, որը գրված է եղել տեր-Գասպար քահանայի ձեռքով։

Ինձ հետ առնելով Առաքել վարդապետի գրքերը, հեռացա Տող բերդից, մի օր այնտեղ մնալուց հետո։ Այստեղից գնացի Ամարասա վանքը, իսկ հետո վերադարձա կրկին Շուշի բերդը։

Եվ այսպես ես անցա Ղարաբաղի բոլոր հինգ գավառները — Գյուլիստան, Ջրաբերդ, Խաչեն, Վարանդա և Տիզակ, որոնք մի ժամանակ կազմում էին Խամսայի հինգ մելիքությունները։ Այդ ճանապարհորդությունը տևեց երկու ամիս։ Որքան կարող էի, թե բերանացի և թե գրավոր տեղեկություններ հավաքեցի մելիքների պատմության մասին։ Միևնույն անցքը ևս պատմել էի տալիս զանազան անձինքների, համեմատում էի միմյանց հետ, ստուգում էի, հետո նշանակում էի իմ գրքի մեջ։

Հայտնի բան է, միայն ժողովրդական ավանդությունների վրա հիմնվելով, շատ դժվար կլիներ կազմել մի քանի դարերի շարունակ պատմությունը։ Ժողովուրդը շատ անգամ շփոթում է անցքերը, մեկի գործողությունը մյուսին է վերաբերում, և ամենադժվարինն այն է, որ ժամանակագրական և տոհմագրական ճշմարտություններ չէ պահպանում, պատմական իրողությունները տեղափոխում է կամ շատ առաջ և կամ շատ հետո։ Բացի դրանից, ժողովուրդը ունի իր լեգենդները, իր իդեալները, իր սիրած հերոսները, որոնց ընծայում է նա այնպիսի մեծագործություններ, որոնք նրանց կատարածը չէին կարող լինել։ Օրինակ, ինձ շատ անգամ պատահում էր նկատել, որ միևնույն պատմական իրողությունը ամեն մի գավառի ավանդությունների մեջ ընծայում էին նույն գավառի մի հայտնի հերոսին, քանի որ այդ անձնավորությունը չէր կարող այն գործը կատարած լինել, որովհետև կամ այն ժամանակ նա դեռ ծնված չէր կամ վաղուց մեռած էր։ Բայց պատմական փաստը դարձյալ մնում է իբրև իրողություն, միայն հարկավոր է նրա կատարող տերը գտնել։

Այդ բոլոր խառնաշփոթությունները ստուգելու համար, և անցքերը, գործողությունները ու գործողները պատմական ճիշտ ձևի մեջ դասավորելու համար, ես օգուտ եմ քաղել գրավոր աղբյուրներից, որ ցույց կտամ հետո։ Իսկ որտեղ պակասել են ինձ գրավոր աղբյուրները, ես հիմնվել եմ ավանդությունների վրա։

Պետք է ասած, որ ավանդությունները Խամսայի մելիքների պատմության ամենահարուստ մասն են կազմում։ Ավանդությունների հետ ես վարվել եմ նույն կերպով, ինչպես որ վարվում է բնագետը մի հնադարյան անծանոթ կենդանու ոսկորների կույտի հետ։ Ընդհանուր կենդանաբանական օրենքներով նա գիտե խառնված ոսկորների կտորները ջոկել միմյանցից, ամեն մի մասը իր պատշաճավոր տեղը դնել, և այսպիսով կազմել մի ամբողջ կմախք։ Գուցե անգամներից մի քանիսը կպակասեն, բայց բնագետը դարձյալ կարող է գաղափար ստանալ, թե իր գյուտը կենդանիների ո՛ր տեսակին էր պատկանում։

Իբրև գրավոր աղբյուրներ, ես ի նկատի եմ ունեցել հետևյալ, ձեռագիր, դեռևս չտպված աշխատությունները.

1. Բաղդասար միտրոպոլիտի ժամանակագրությունը, որ գտա ես Գանձասար գյուղում և որի մասին վերևում տեղեկություններ տվի։

2. Բաղդասար միտրոպոլիտի հրովարտակների, ֆիրմանների, կալվածագրերի, արձանագրությունների և զանազան պաշտոնական թղթերի հավաքածուն, որ գտա ես Շուշի բերդում և որի մասին վերևում տեղեկություններ տվի։

3. Առաքել վարդապետ Կոստանյանցի երկու հատոր հավաքածուն, որ գտա ես Տող բերդում և որի մասին վերևում տեղեկություն տվի։

4. Երկու տետրակներ, բաղկացած 84 երեսներից, քաղվածք է արած Միրզա-Ադիգոզալի պարսկերեն պատմությունից։ Այդ տետրակների մեջ բովանդակվում են հետևյալ գլուխները. I. «Որպիսութիւնք խանացն Գանձակայ»։ II. «Որպիսութիւնք խանացն Ղարաբաղու».— այդ գլխի մեջ խոսվում է Ղարաբաղի խաների ծագման մասին, Փանահ-խանի հետզհետե զորանալու մասին, թե որպես այդ խանը, միանալով Վարանդայի իշխան Մելիք-Շահնազարի հետ, հիմնեց Շուշի բերդը, և նրա հետ միասին սկսեցին պատերազմել Խամսայի մյուս մելիքների և Շիրվանի խանի դեմ։ Նույն գլխի մեջ պատմվում է Փանահ-խանի հիմնած Բայաթ և Շահբուլաղ բերդերի մասին, որ կործանեցին հայոց մելիքները։ III. «Համառօտ պատմութիւն Խամսայի հինգ մելիքութիւնների».— այդ գլխի մեջ խոսվում է (Տիզակի) Մելիք-Եգանի, Վարանդայի Մելիք-Շահնազարյանների, Խաչենի Հասան-Ջալալյանների, Ջրաբերդի Մելիք-Աթամի և Մելիք-Ալլահղուլու և Թալիշի (Գյուլիստանի) Մելիք-Բեգլարյանների մասին։ IV. «Հանգամանք Փանահ-խանին ընդ Խամսայ մէլիքաց».— այդ գլխի մեջ խոսվում է Փանահ-խանի կռիվների մասին հայոց մելիքների հետ։ V. «Հիմնարկութիւն Շուշի բերդին».— այդ գլխի մեջ ավելի պարզ երևում է Մելիք-Շահնազարի գործակցությունը Փանահ-խանի հետ ի վնաս Ղարաբաղի մյուս մելիքների։ VI. «Կալանաւորութիւն Քէրիմ-խանին, Քազմ-խանին, Հէյդար-ղուլի-խանին և ազատութիւն նոցա ի հաջի Չալապէն».— այդ գլխի մեջ խոսվում է վրաց Հերակլ իշխանի նենգավոր արշավանքի մասին դեպի Ղարաբաղի կողմերը և նրա պարտության մասին Հաջի Չելեբիից։ VII. «Գալուստ աւշար Ֆաթալի-խանին ուրմեցւոյ ի վերայ Ղարաբաղայ և պատերազմ նորա».— այդ գլխի մեջ խոսվում է, թե որպես հայոց մելիքները, միանալով Ֆաթալի-խանի հետ, սկսեցին կռվել Փանահ-խանի հետ և ստիպեցին նրան իր որդի Իբրահիմ-աղային (հետո Իբրահիմ-խան) պատանդ տալ, որին Ֆաթալի-խանը տարավ Պարսկաստան։ Հետո Փանահ-խանի իր որդու ազատության համար Պարսկաստան գնալը, այնտեղ մեռնելը և Իբրահիմ-խանի վերադարձը Ղարաբաղ, որպես այդ երկրի պարսից կառավարությունից նշանակված կառավարիչ։ VIII. «Որպիսութիւնք Իբրահիմ-խանին».— այդ գլխի մեջ պատմվում է Իբրահիմ-խանի զորանալու մասին, Աղա-Մամադ-խանի առաջին արշավանքի մասին, որ Շուշի բերդը պաշարելով և չկարողանալով գրավել, Մելիք-Մեջլումի և Ջավադ-խանի առաջնորդությամբ գնաց Թիֆլիսը ավերակ դարձրեց, կոմս Զուբովի արշավանքը, Իբրահիմ-խանի և ուրիշ մի քանի խաների ռուսաց հպատակություն ընդունելը. Ավարիայի Օմար-խանի ասպատակությունը Վրաստանում. Հերակլի մահը և վրաց իշխանական գերդաստանի երկպառակությունները։ IX «Յաղագս կրկնակի գալստեան Աղա-Մամադ-շահին ի վերայ Ղարաբաղայ և գնալոյ Իբրահիմ-խանին ի Բալաքիան».— այդ գլխի մեջ պատմվում է Աղա-Մամադ-շահի Շուշի բերդում սպանվելու մանրամասնությունները։ Հետևյալ գլուխներում պատմվում է վրաց Հերակլ իշխանի մահը, Գիորգիի հաջորդելը, Ավարիայի Օմար-խանի երկրորդ արշավանքը դեպի Վրաստան, գեներալ Լազրովի հաղթությունը նրա դեմ, գեներալ Ցիցիանովի արշավանքը և այլն։ Միրզա-Ադիոգալի պատմությունից քաղած վերոհիշյալ երկու տետրակները ես ստացել եմ Ղարաբաղի հոգ[ևոր] իշխանության հաջորդ Կարապետ վարդապետ Այվազյանցից։

5. Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի «Պատմութիւն աշխարհին Աղուանից» կոչված անտիպ գրքույկը[168]։ Այդ գրքույկը, որ Ղարաբաղի մելիքների պատմությանն է վերաբերում, և հեղինակը չգիտենք ինչու է նրան Աղվանից պատմություն կոչում, բովանդակում է իր մեջ հետևյալ գլուխները. «Ավան իւզբաշի»— «Յաղագս գալստեան տաճկաց ի Ղարաբաղ», «Գաղթումն Ավանայ ի Ռուսաստան», «Վերաբնակութիւն մէլիք-Եսայիայի Սիւնեաց յԱրցախ», «Յաղագս մէիք-Եգանայ և գործոց նորա», «Յաղագս պատերազմին խանին Փանահայ ընդ մէլիք-Եգանայ», «Դարձեալ վասն պատերազմին խանին Փանահա ընդ մէլիք-Եգանայ», «Յաղագս մէլիքութեան Եսայիայ և յաղագս պատերազմի նորին», «Պատերազմ խանին Ղարաբաղայ, որ է մասն Փայտակարանի, ընդ մէլիք-Եսայիայ», «Տեղեկութիւն ի վերայ ազգին մէլիք-Շահնազարայ», «Յաղագս պաշարելոյ մէլիքաց զբերդն Աւետարանոց», «Յաղագս միաբանելոյ մէլիք-Շահնազարայ ընդ խանին Փանահայ և յաղագս պատերազմին հաջի-Չալաբիայ», «Վասն հաստատութեան մէլիք-Միրզա-խանայ հայկազնւոյ ի թուին հայից ՌՄԴ», «Յաղագս պատերազմին Չալաբիայ ընդ արքային վրաց Թամրազայ», «Վասն պատերազմի խանին Ուրմվոյ աւշար Ֆաթալի կոչեցելոյ ընդ խանին Փանահայ ի թուին ՌՄԺ», «Յաղագս պատերազմին քսանին Փանահայ ընդ մէլիք-Ադամա ի թուին ՌՄԳ», «Դարձեալ պատերազմ խանին Փանահայ ընդ մէլիք-Ադամայ», «Ծագումն ազգին մէլիք-Յովսեփայ տիրապետողին նահանգին Իգիրմիդորդու (Գիւլիստանի), որ ի հնումն Դիւթական», «Գաղթումն մէլիք-Աթամայ և մէլիք-Յովսեփայ ի Գանձակ», «Յաղագս վերստին մարտի Իբրահիմ-խանին ընդ մէլիքաց հայոց», «Մահ խանին Շահվերդւոյ, և գաղթումն Մխիթարայ քալանթարին», «Դարձ մէլիքաց ի հայրենիս», «Յաղագս դիմելոյ մէլիքաց հայոց առանձին գրութեամբ առ Կայսրուհին ռուսաց Եկատերինէ», «Դաշնագիր մէլիքաց», «Մահ Յովհաննէս կաթողիկոսին Հասան-Ջալալեանց», «Յաղագս պատճառաց հակառակ աթոռոցն Գանձասարայ», «Յաղագս գաղթելոյ մէլիք-Մեջլումայ և մէլիք-Աբովայ», «Գալուստ Սարգիս միտրօպօլիտին ի Ղարաբաղայ ի Գանձակ», «Արշաւանք մէլիքաց հայոց», «Հարցումն Արզումանայ յումեմնէ ախունդէ», «Յաղագս դարձի մէլիք-Աբովայ ի Ղարաբաղ», «Գալուստ Աղա-Մամադ-խանին ի Ղարաբաղ», «Գալուստ Աղա-Մամադ-շահին ի Վիրս», «Յաղագս գալստեան Զուբուայ յաշխարհն Աղուանից», «Դարձ Զուբուայ ի Ռուսաստան», «Պաշարումն քաղաքին Գանձակայ և մահ մէլիք-Մէջլումայ», «Դարձ Աղա-Մամադ-շահին ի Ղարաբաղ և մահ նորա», «Դարձ մէլիք-Աբովայ ի Բօլնիսէ հանդերձ բնակչօք», «Յաղագս մեծ սովուն Արցախու, և յաղագս գնալոյ մէլիք-Ջումշուդայ առ Կայսրն ռուսաց» — ընդամենը 39 գլուխ։ Մնացյալ 8 գլուխները վերաբերում են ռուսաց զանազան գեներալների արշավանքներին։ Գրքույկը բաղկացած է 124 երեսներից։ Սարգիս արքեպիսկոպոսը, թեև ինքը չէ հայտնում, բայց իր պատմությունը կազմելու ժամանակ մեծ մասամբ օգուտ է քաղել վերև հիշած Միրզա-Ադիգոզալի պարսկերեն թարգմանությունից, իսկ մնացյալ մասը հավաքել է ավանդություններից։ Անցքերը ժամանակագրական կարգով չեն դասավորված, տեղ-տեղ հանդիպում են տոհմագրական սխալներ, որդին իր հոր հայրն է դառնում, իսկ հարազատ եղբայրը հորեղբայր և այլն։ Ժամանակագրական թվականներ համարյա թե չկան։ Այն տեղերում, որ քաղել է Միրզա Ադիգոզալի պատմությունից, գործ է ածում հիջրեթի թվականները, որոնց շատերը չեն համապատասխանում իրանց ժամանակին։ Ինչպես Ղարաբաղի մելիքների պատմությունը նա «Պատմութիւն աշխարհին Աղուանից» է կոչում, այնպես էլ աշխարհագրական զանազան տեղերի անունները գործ է ածում հին պատմական ձևով, որոնց շատերը չեն համապատասխանում այժմյան տեղերին։ Զարմանալու է, որ Մելիք-Մեջլումին և Մելիք-Աբովին Հայկ կամ Արամ չէ կոչում։ Ես միայն աչքի առաջ եմ ունեցել Սարգիս արքեպիսկոպոսի գրքույկը, բայց նրան չեմ հետևել։ Այդ գրքույկը ես ստացա պոլկովնիկ Հ. Դ. Լազարովից[169]։

6. Մի այլ տետրակ, 16 մեծ երեսներից բաղկացած, կրում է այսպիսի վերնագիր՝ «Ծագումն Ղարաբաղու մէլիքների» Սար. Վ. Ջալալյանցի, բովանդակում է իր մեջ միայն 4 գլուխներ։ I. «Ծագումն ազգին մէլիք-Աթամայ տիրապետողին նահանգին Չարաբերդու», II. «Ծագումն ազգին մէլիք-Յովսեփայ տիրապետողին նահանգին Իգիրմիդորդու, որ ի հնումն Դիւթական», III. «Ծագումն ազգին մէլիք-Եգանայ տիրապետողին նահանգին Տիզակու», IV. «Ծագումն ազգին մէլիք-Շահնազարայ տիրապետողին Վարանդու»։ Ստորագրված է. «Համառօտեալ զայս ի պատմութեանց (՞) յինեն յօրինելոց. Սարգիս վարդապետ Ջալալեանց»։ Այդ Փոքրիկ տետրակն ավելի ամփոփ է և ավելի խղճմտանքով մշակված է, քան Ջալալյանի վերև հիշած ընդարձակ պատմությունը։ Այդ տետրակը ես ստացա պ. Սեդրակ Տեր-Առաքելյանից։

7. Հին գրչագիր մատյանների հիշատակարաններից քաղած Ղարաբաղի մելիքների վերաբերությամբ արձանագրություններ,— եկեղեցիների, վանքերի, մելիքների ամրոցների, նրանց տոհմային շիրիմների վրա գտնված արձանագրություններ,— մելիքների ժառանգների կամ մասնավոր անձինքների ձեռքում գտնված հրովարտակների, ֆիրմանների, կալվածագրերի և այլ պաշտոնական թղթերի օրինակներ,— մելիքների անունով կաթողիկոսների կոնդակների և օրհնության թղթերի պատճեններ,— հիշյալ դոկումենտները, որքան հաջողել է ինձ հավաքել իմ ճանապարհորդության ժամանակ, ծառայել են ինձ որպես գլխավոր աղբյուր ժամանակագրության և մելիքների տոհմային ճյուղագրության համար։

Մինչև այստեղ հիշած աղբյուրները, դեռևս տպագրությամբ լույս չտեսած, ձեռագրերի մեջ մնացածներն էին. այժմ դառնանք դեպի այն աղբյուրները, որոնք արդեն տպված են։

1) Չամչեան Հ. Միքայէլ վարդապետ։ Պատմութիւն հայոց ի սկզբանն է աշխարհի մինչև ցամ տեառն 1784. հատոր III։ Վենետիկ, 1786.

2) Առաքել Դավրիժէցի։ Պատմութիւն սակս դիպուածոց Հայաստանեայց և ևս գաւառին Արարատոյ և մասին Գողթան գավառի, սկսեալ ի թուոյն հայոց 1054 մինչև յաւարտ պատմագրութեանս (1601—1666, այլ և ի յիշեցումն ածեալ մասնաւորաբար աստի և անտի։ Ամստելօդամ (Ամստերդամ) 1669.

3) Հասան-Ջալալեանց Եսայի կաթողիկոս Աղուանից։ Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիմելոց յաշխարհին Աղուանից ի թուականին հայոց 1160, իսկ ի թուականին տեառն մերոյ փրկչին Յիսուսի

1171, Շուշի, 1839։ Այդ փոքրիկ գրքույկը, ինչպես երևում է, համառոտություն է, քաղած մի ընդարձակ պատմությունից, որի իսկականը, եթե գտնվեր, մեծ գանձ կարելի էր համարել մեր նոր ժամանակների պատմության համար։ Հեղինակը, Աղվանից Եսայի կաթողիկոսը, ինքը լինելով Ղարաբաղի մելիքների ապստամբության (1700—1728) գլխավոր պարագլուխներից մեկը, գրել է իր ժամանակի անցքերի մանրամասն պատմությունը։

4) Դավիթ-Բէկ. Պատմութիւն Դաւիթ Բէկին և պատերազմաց հայոց Խափանոյ, որք եղեն ընդդէմ թուրքաց ի մերում ժամանակի, այն է յամի տեառն 1722 և հայոց 1171։ Վաղարշապատ, 1871։ Այդ հետաքրքիր պատմության հեղինակը մինչև այսօր մնում է անհայտ, ձեռքից ձեռք անցնելով, հեղինակի անունը եղծվեցավ։ Ես այժմ անտեղի եմ համարում խոսել այդ մասին, միայն կհիշեցնեմ հայկական առածը. «Գողը գողից գողացավ, աստված տեսավ, զարմացավ...»։

5) Աբրահամ կաթողիկոս Կրետացի։ Պատմութիւն անցիցն իւրոց և Նադիր-շահին պարսից։ Վաղարշապատ, 1870։

6) Գիլանենց Պետրոս դի-Դարգիս։ Ժամանակագրութիւն 1722—1723։ Հայերեն բնագիրը, որ տպված է եղել «Կռունկ հայոց Աշխարհին» ամսագրի 1863 թվի տետրակներում, ձեռքի տակ չունենալով, ես աչքի առաջ եմ ունեցել այդ ժամանակագրության Ք. Պատկանյանի ռուսերեն թարգմանությունը։ Ս. Պետերբուրգ, 1870։

7) Արղությանց-Երկայնաբազուկ Հովսեփ արքեպիսկոպոս։ «Ղարաբաղի ժառանգական տիրապետողների, որ կոչվում են մելիքներ, Ռուսաստան դեսպաններ ուղարկելու ստիպողական պատճառները և նրանց խնդիրքը նորին կայսերական մեծության Պետրոս Մեծից»։ Այդ հետաքրքիր պատմական գրությունը շարադրված է Ռուսաստանի հայոց վիճակավոր առաջնորդ Արղությանց Երկայնաբազուկ Հովսեփ արքեպիսկոպոսի աշխատությամբ և գեներալ ֆելդմարշալ իշխան Գրիգորի Ալեքսանդրովիչ Պոտյոմկինի միջնորդությամբ 1790 թվին ներկայացրած է Եկատերինա II կայսրուհուն։ Այդ գրության հայերեն թարգմանությունը, Պետրոս Մեծի, Եկատերինա II և Պողոս I Ղարաբ. մելիք. շնորհված հրովարտակների հետ տպվեցավ 1858 թվի Մանդինյանցի «Մեղու Հայաստանի» 4, 5 համարներում, իսկ ռուսերեն բնագիրը կարելի է գտնել «Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа» ч. I, с. 165—201 и ч. II, с. 52—62. Այլև Сев. Apxив, 1823, т. 6, № 10, с. 233։ Նույն Հովսեփ արքեպիսկոպոսի նույն թվով (1790, 23 հունվարի) կազմած մի այլ գրություն այսպիսի վերնագրով՝ «Հայոց տիրապետող իշխանների կամ Ղարաբաղի մելիքների մասին։ Նրանց անունները և տիրած երկրները։ Շուշվա Իբրահիմ-խանի Շուշին գրավելու պատճառները»։ Այդ գրությունը, որ նույնպես իշխան Պոտյոմկինի միջնորդությամբ ներկայացվեցավ Եկատերինա II կայսրուհուն, բովանդակում է իր մեջ Խամսայի հինգ տիրապետող մելիքների անունները, նրանց համառոտ պատմությունը ու հարաբերությունները Փանահ-խանի ու Իբրահիմ-խանի հետ։ Ռուսերեն բնագիրը տպված է նույնպես «Собрание актов относящихся к обозрению истории армянского народа», ч. II, с. 52—62. Պետք է ասած, որ հիշյալ ակտերի հավաքածուից ես քաղել եմ Ղարաբաղի կաթողիկոսների և մելիքների ռուսաց կառավարության հետ ունեցած հարաբերությունների այլևայլ մանրամասները, սկսյալ 1701—1801 թվականը։

8) Երիցյան Ա. Դ. «Карабагские мелики в Грузии с 1800 по 1808 годы». Кав. Стар., 1872, № 2։ Իր պատմական հոդվածը կազմելու համար հեղինակը օգուտ է քաղել այն տեղեկություններից, որ բովանդակվում են 1—3 հատորների մեջ «Актов Кав. Археогр. Ком.» և աչքի առաջ է ունեցել ուրիշ մի քանի աղբյուրներ։ Պ. Երիցյանի ամսագրի նույն համարում զետեղված են Հովսեփ արքեպիսկոպոսի և Ղարաբաղի մելիքների մի շարք խիստ հետաքրքիր նամակների ռուսերեն թարգմանությունները։

Ես ձեռքի տակ եմ ունեցել նաև հետևյալ գրքերը. «Закавказье от 1803—1806 года», Н. Дубровина, С. Петербург, 1866. «Жизнь генерал-лейтенанта князя Мадатова», издание второе, С. Петербург, 1863. «Материалы для истории Кавказа», П. Г. Буткова. 3 ч. С. Петербург, 1869. Պետք է խոստովանել, որ ցանկանալով իմ աշխատությանը տալ, որքան կարելի է, հայոց տոհմային պատմության ձև, ես շատ դեպքերում գերադասել եմ այն նյութերը, որ հաջողվել է ինձ գտնել հայոց թե գրավոր և թե բերանացի ավանդությունների մեջ և այս պատճառով ռուսաց աղբյուրների վրա նայել եմ որպես օժանդակող նյութերի վրա։

Եթե «Խամսայի մեչիքությունների» առաջին հատորը ընդունելություն գտավ ընթերցող հասարակությունից և տպված գրքերը վաճառվեցան, այն ժամանակ ես կտպեմ մի երկրորդ հատոր որպես հավելվածք առաջին հատորի։ Այդ վերջին հատորի մեջ զետեղված կլինեն այն բոլոր նյութերը, որոնք ծառայել են ինձ իբրև աղբյուր առաջին հատորը կազմելու համար։ Բովանդակությունը կլինի հետևյալ կարգով. զանազան անձինքների զանազան ժամանակներում Ղարաբաղի կաթողիկոսների, մելիքների մասին գրած և անտիպ մնացած պատմական աշխատություններ. մեր պարբերական հրատարակությունների կամ այլևայլ գրքերի մեջ ցրված հոդվածները Ղարաբաղի մելիքների մասին, ռուսաց ակտերի մեջ գտնված տեղեկությունները Ղարաբաղի մելիքների մասին. որպիսի են Կովկասյան հնագրության մասնաժողովի ակտերը (Акты Кав. Археогр. Ком.) Մոսկվայում տպված հավաքածու ակտերի, որ վերաբերում են հայոց ազգի պատմության հետազոտությանը (Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа). ռուսաց պատմագիրների՝ Սոլովևի, Բուտկովի, Դուբրովինի, Հ. Արարատսկիի[170] (հայ) և այլոց գրքերի մեջ գտնված տեղեկությունները Ղարաբաղի մելիքների մասին, այլև պարսից պատմագրության մեջ հայոց մելիքների մասին գտնված տեղեկությունները, ռուսաց կայսրների, պարսից շահերի, վրաց իշխանների և զանազան խաների Ղարաբաղի կաթողիկոսներին ու մելիքներին շնորհած անվանական հրովարտակների, ֆիրմանների օրինակները, մելիքների տոհմերի վերաբերությամբ գտնված արձանագրությունների օրինակները՝ եկեղեցիների, վանքերի, շիրիմների քարերի վրա գրքերի հիշատակարանների մեջ. մելիքների տոհմային ճյուղագրության աղյուսակները։ Այդ բոլորը տպված կլինեն իմ սեփական բացատրություններով և ծանոթություններով։

Այդ գիրքը կազմելու համար ես ձեռքի տակ ունեմ բավական պատրաստի նյութեր։ Անտարակույս, ուրիշների մոտ գուցե գտնվում են և այնպիսի թղթեր, որոնք ինձ հայտնի չեն, որոնք ավելի լույս կարող էին ձգել մելիքների դարու պատմության վրա։ Եվ որովհետև մի լիակատար, ճոխ հավաքածու կազմելը ավելի ընդհանրության օգնությանը կարոտություն ունի, այդ մտքով ես հրավիրում եմ օգնել ինձ, նրանով միայն, որ յուրաքանչյուր ոք, եթե գտնվում էր նրա մոտ մի որևիցե նյութ, որ կարող էր ծառայել իմ նպատակին, ուղարկեր ինձ իմ հավաքածուի մեջ զետեղելու համար։ Ես չեմ պահանջում թղթերի իսկականները, եթե այդ հնարավոր չէր, ինձ թող ուղարկեն ճիշտ պատճեններ, միայն թե այդ պատճենները պետք է վավերացրած լինեն, որ համեմատ են իսկականի հետ։ Վավերացնել կարելի է կամ տեղային ուսուցչական խումբի մոտ, որտեղ կան թեմական դպրոցներ կամ տեղային կոնսիստորիայում, եթե կընդունեն։

Ես ավելի շատ բան եմ սպասում մեր գավառական վարժապետներից, որոնք թե միջոցներ և թե պատրաստականություն ունեն պատմական նյութեր հավաքելու։ Իբրև օրինակ, ես կհիշեմ մի վարժապետի անուն. պարոնը Շուշվա հոգևոր դպրոցի ուսուցիչ է՝ Խոջամիրյանցը։ Նա իրան նպատակ է դրել ամեն տեղ պատահած գրչագիր մատյանների հիշատակարանները արտագրելու, այլև հավաքելու այն բերանացի ավանդությունները, որոնք ժողովրդի մեջ պահպանված են զանազան ավերակների, բերդերի, ժայռերի, բլուրների և այլ վայրերի մասին։ Ես Շուշիում եղած ժամանակ պարոնը տվեց ինձ իր հետաքրքիր հավաքածուն։ Մի Ավետարանի հիշատակարանում կարելի է գտնել հայոց մի նշանավոր իշխանական տան շարունակությունը, որը պատմության համար կորած էր։ Այսպիսի շատ գյուտեր կարող են պատահել, միայն թե հետախուզողներ լինեին։

Ի դեպ է հիշել, որ Խամսայի մելիքությունների պատմությունը գրելու ժամանակ ինձ ավելի նվազ օգնեցին նույն իսկ մելիքների ժառանգները, որոնց ավելի պիտի հետաքրքրեր իրանց նախահարց պատմությունը։ Նրանք կարող էին ուղարկել ինձ իրանց տոհմային դոկումենտների օրինակները, բայց, բացի մի քանիսից, մյուսները ուշադրություն անգամ չդարձրին կամ երկյուղ կրեցին...

Ես մասամբ իրավացի եմ գտնում այդ երկյուղը։ Մելիքների ժառանգներից ոմանք աղքատ, աննշան մարդիկ են, բայց իրանց ձեռքում պահում են նշանավոր թղթեր։ Շատ անգամ պատահել է, որ ավելի ճարպիկները նրանց խաբել են, թղթերը առել են կամ գողացել են և, իրանց ազգանունը փոխել, նրանց ազգանունը կրելով, ազնվական են դարձել, տիրացել են նրանց թե հողերին և թե տիտղոսին... Բայց մի պատմագրից այս տեսակ կասկածներ ունենալ, կարծեմ, շատ ծիծաղելի կլիներ, երբ նրա խնդրածը միայն թղթերի պատճենն է և ոչ թե իսկականը։

Կան և այնպիսիները, որ մերժում են բոլորովին տգիտությունից։ Նրանց համար ոչինչ այնքան արժեք չէ ստանում, որպես մի հին թղթի կտոր, որ ընկած է լինում նրանց տան փոշիների մեջ և իրանք էլ չգիտեն նրա նշանակությունը։ Բայց հենց որ սկսում ես այդ թղթի կտորին նշանակություն տալ, պահանջել, իսկույն ծագում է նրանց գլխում մի այսպիսի միտք. «Դրանում մի բան կա» (անպատճառ փողի բան) և թաքցնում են թղթի կտորը։ Այդպիսի շատ դեպքեր պատահեցան ինձ իմ ճանապարհորդության ժամանակ։

Ինչո՞ւ ենք զարմանում ռամկի վրա։ Ես կարող եմ ցույց տալ ուսյալ, զարգացած մարդիկ, որոնք լավ հասկանում են, թե ինչ է պատմությունը, և որոնք խոստացել էին ինձ տալ իրանց մոտ գտնված այս և այն թղթերը, բայց վերջը չկատարեցին իրանց խոստմունքը։ Ինչո՞ւ,— միայն նախանձից։ Որովհետև իրանք այնքան պատրաստականություն չունեն, որ կարողանան իրանց ձեռքի տակ եղած նյութից օգուտ քաղել, իսկ ուրիշներին ևս թույլ չեն տալիս օգուտ քաղելու։ Իսկ եթե նույն թղթերը նրանց երեխաները իրանց աչքերի առջև պատառոտելու լինեն, ես հավատացած եմ, որ ամենևին ցավ չեն զգա. միայն կնայեն և կզվարճանան իրանց զավակների խաղի վրա։

Թե այսպես և թե այնպես, մենք ունենք մի պատմություն, որը դեռևս ուսումնասիրված չէ, որը դեռևս գրված չէ, դա է մելիքների տիրապետության ժամանակների պատմությունը։ Հայաստանը զանազան դարաշրջաններում, կորցնելով իր թագավորությունը, ունեցավ կուսակալների, մարզպանների, ոստիկանների, կուրապաղատների դարերը։ Իսկ վերջին ժամանակներում — մելիքների դարերը։ Այդ դարերի պատմությունը պետք է ներկայացնե մեր նոր պատմությանը։

Մեր նախնի գրողները ավելի փութաջան գտնվեցան մեզանից։ Նրանք թողեցին մեզ իրանց ժամանակների պատմությունները։ Իսկ մենք, տասնիններորդ դարու զավակներս, ի՞նչ պիտի թողնենք մեր ապագա սերունդներին։ Մի ամբողջ պատմություն կորչում է, անհետանում է, իսկ մենք դրա վրա ուշադրություն չենք դարձնում։

Հայտնի գրողներից մեկը ասում է. «Քրքրիր մի ազգի հնությունները և մի գիշերվա մեջ կզարթնի նրա հոգին...»։ Պատմությունը այդ ազդեցությունը ունի ազգերի և ժողովուրդների համար։ Պատմությունը մի վարդապետարան է, մի դասարան է, որի մեջ ապագա սերունդը կրթվում է, զգուշանալով իր նախահարց սխալներից և հետևելով նրանց լավ գործերի օրինակին։

Կրկնում եմ, մենք ունենք մի պատմություն, որը կորչելու, անհետանալու վրա է։ Խամսայի մելիքությունների պատմությունը գրելը միայն մի փորձ էր, ցույց տալու համար, թե ունենք նոր ժամանակների պատմություն, որի վրա ուշադրություն չենք դարձնում։ Թե որքան հաջողվեցավ ինձ այդ փորձը,— դա ուրիշ բան է, բայց կարծում եմ, որ ես կարողացա ապացուցանել, թե կա պատմություն։

Իբրև փորձ, ես վեր առի մի գավառ միայն — Ղարաբաղը, և գրեցի այդ գավառում եղած հայկական հինգ իշխանությունների պատմությունը, հասցրի մինչև ռուսաց տիրապետության ժամանակները։ Բայց մելիքություններ Անդրկովկասում եղել են բոլոր հայաբնակ գավառներում։ Միայն Երևանի նահանգում կային յոթն նշանավոր մելիքություններ, որոնց ներկայացուցիչները, Մուղանի դաշտում, Աբրահամ կաթողիկոսի հետ, ներկա գտնվեցան Նադիր-շահի թագադրության հանդեսին։ Մելիք-Աղամալյանները, Գեղամյանները, Լոռիս-Մելիքյանները, Արղությանները և այլ իշխանական հին տներ հայտնի էին և ռուսաց տիրապետության սկզբի տարիներում։

Ես չեմ խոսում Շիրվանի, Շաքիի, Դերբենդի և Բաքվի գավառների մասին, որովհետև այդ կողմերում չեմ եղել, այդ երկրների մելիքությունների մասին շատ փոքր տեղեկություններ ունեմ։ Բայց իմ անցյալ տարվա ճանապարհորդության ժամանակ, բացի Ղարաբաղից, ես պտտեցի Գանձակի, Զանգեզորի, Սիսիանի, Բարգյուշատի, Չավնդուրի, Ղափանի, Մեղրիի և Օրդուբադի վիճակներում, անցա Հին-Նախիջևանի կողմերը և այնտեղից գնացի Պարսկաստան։ Հիշյալ երկրներում կային հզոր մելիքություններ, որոնք 1722 թվի ապստամբության ժամանակ մասնակցում էին Դավիթ Բեկի և Ղարաբաղի մելիքների կռիվներին։ Օրինակ, Զանգեզորի վիճակում հայտնի էին Մելիք-Հայկազյանները[171], Սիսիանի մեջ (Տաթևի կողմերում) հայտնի էին Օրբելյանները, Բարգյուշատի մեջ՝ Մելիք-Ֆրանգյուլը, Չավնդուրի մեջ՝ Թորոս իշխանը, Ղափանի մեփ՝ Մելիք-Փարսադանյանները, Մեղրիի կողմերում՝ Շահումյանները, Օրդուբադի կողմերում՝ Մելիք-Մուսան և այլն։

Որքան կարող էի, որքան իմ ժամանակը և միջոցները ներում էին, ես տեղեկություններ հավաքեցի վերոհիշյալ մելիքությունների մասին, բայց այդ տեղեկությունները դեռ այնքան թերի են, որ հազիվ թե կարելի կլիներ նրանց մասին մի ամբողջ բան գրել։ Այդ մթության մեջ մնացած իշխանությունները ի լույս ածելու համար պետք է սպասել մինչև նյութերի քանակությունը բավականաչափ հավաքվեր, որ կարելի լիներ պատմություն գրելու ձեռնարկել։

Ավելորդ չեմ համարում հիշել, որ իմ ճանապարհորդությունից դեպի Թիֆլիս վերադառնալու ժամանակ գնացի Էջմիածնի վանքը։ Ես մեծ հույսեր ունեի, որ ընդհանուր հայոց Մայր Աթոռի արխիվում կգտնեի շատ թղթեր, որոնք նյութ կտային մեր նոր ժամանակների պատմությանը։ Մանավանդ, դեռ 1853 թվին Մանդինյանցի «Մեղուի» № 15-ում կարդացել էի Սանահնի վանքի գրադարանի մոտ 100 նշանավոր գրչագիր մատյանների թվում[172] հետևյալ գրքերի անունները, որոնք ինձ շատ հարկավոր էին՝ «Պատմութիւն Դաւիթ-բէգի», «Տետրակ պատմութեան խանիցն Ղարաբաղոյ, թարգմանեալ իպարսից լեզուէ», «Պատմութիւն Ղազի-Մոլլայի յԱբրպհամ քահանայէ», «Պատմութիւն Մանուէլ վարդապետի անցիցն Էջմիածնի 1801 ամէ ց1835-ն», «Վերլուծութիւն յԱրիստակէս վարդապետէ և հին նշանագիրք հայոց»։ Այդ պատմական գրքերը, ինչպես մյուս մոտ 100 հատոր նշանավոր գրչագրերի մեծ մասը Սանահնի վանքից այժմ անհետացել են. ես հույս ունեի գոնե իմ ցանկացած գրքերը գտնել Էջմիածնի մատենադարանում։ Բացի դրանցից, «Մեղուի» նույն տարվա 11 համարում կարդացել էի Մխիթարյան Աբել վարդապետի (հետո եպիսկոպոսի) 11 հատոր զանազան անտիպ աշխատությունների ցուցակը, որոնց թվում գտնվում էր «Պատմութիւն հայոց ի 1761 թուականէ ց1857, շարունակութիւն Չամչյան պատմութեան»[173]։ Աբել եպիսկոպոսը ներկա դարու Էջմիածնի միաբանների մեջ, Կարապետ վարդապետ Շահնազարյանից հետո, միակ եկեղեցականն էր, որ իր անձը նվիրել էր գրականության։ Նա բանաստեղծ և լավ պատմաբան էր։ Մի ժամանակ Պարսկաստանի հայոց թեմական առաջնորդ լինելով, մի ամբողջ ձմեռ ապրում էր նա իմ տան մեջ, շատ անգամ գիշերները կարդում էր ինձ իր հետաքրքիր պատմությունը։ Միայն նա, Էջմածնում երկար ժամանակներ ապրած լինելով, այդ վանքի բոլոր գաղտնիքներին տեղյակ լինելով, կարող էր գրել մի այդպիսի պատմություն, որը իսկապես Չամչյանի շարունակությունը կարելի էր համարել։ Բայց ո՞ւր մնաց նրա աշխատությունը, ինչպես հալածվեցավ հեղինակը, այնպես էլ հալածվեցավ նրա գիրքը... Այդ բազմարդյուն և բազմաշխատ գրողին թույլ չտվեցին մինչև անգամ իր հոգին ավանդել Էջմիածնի պարիսպների մեջ։ Նա քաղցածությունից մեռավ և ծառայի տանը, դառն չքավորության մեջ։ Իսկ նրա պատմության գիրքը և ուրիշ շատ անտիպ մնացած աշխատությունները մի քանի հարյուր ռուբլու կաշառքով անցան մեկի ձեռքը, ուր այժմ կամ մոխիր էն դարձել, կամ երբեք դուրս բերելու հնար չկա...

Եվ այսպես, Էջմիածնի մատենադարանում իմ նպատակներին համապատասխանող ոչինչ չգտա։ Ես հույս ունեի գոնե արխիվում գտնել զանազան պաշտոնական թղթեր, որոնք կծառայեին իբրև նյութ պատմության համար։ Բայց իմ բարեկամ եպիսկոպոսներից երեքը, որոնք լավ գիտեին, թե Էջմիածնի արխիվում ինչ է մնացել, հայտնեցին թե իզուր կանցներ իմ աշխատանքը, որովհետև ոչինչ գտնել չէի կարող։ Ես չզարմացա և հավատացի։ Մի վանքում, ուր մի կաթողիկոս իր նախորդների հիշատակը ոչնչացնելու համար փութերով այրել է տալիս նրանց ժամանակներից մնացած պաշտոնական թղթերը,— այլևս ի՞նչ կարելի է գտնել արխիվում։ Իսկ այդ բարբարոսությունը կատարվել է մի քանի կաթողիկոսների փոխվելու ժամանակներում։

Հայտնի է, որ ռուսաց կառավարությունը մի ժամանակ արտոնություն էր տված Էջմիածնի կաթողիկոսներին քննելու զանազան ազնվական տոհմերի ծագումը. և կաթողիկոսները, եթե իրավացի էին գտնում նրանց ազնվականությունը, շնորհված կոնդակները ընդունվում էին իբրև հաստատ վկայականներ։ Երբ կաթողիկոսները այդ տեսակ վկայականներ էին տալիս, հարկավ, քննության գործերը պետք է մնային Էջմիածնի դիվանում։ Իսկ այդ գործերը այժմ կարող էին պատմության նյութ տալ, եթե պահված լինեին։

Ինչևիցե, մի այնպիսի ձեռնարկություն, որպիսին է հավաքել և կազմել Անդրկովկասի նախքան ռուսաց տիրապետությունը եղած մելիքների, տիրապետող իշխանների և զանազան նշանավոր անձինքների պատմությունը,— դա մի մարդու գործ չէ. դա մի ամբողջ խումբի և մի ընկերության գործ է։ Բայց որովհետև մեզանում եսականությունը այն աստիճան տիրած է, որ խումբեր չեն կազմվում, իսկ ընկերություններից մի օրինավոր բան սպասելը հիմարություն կլիներ, այդ տխուր երևույթները ի նկատի առնելով, ավելի նպատակահարմար կլիներ միջոցներ տալ մասնավոր, ձեռնհաս անձինքներին գործելու։ Եվ փորձը մեր բոլոր ազգային հիմնարկությունների մեջ ցույց է տալիս, որ մասնավոր անձինք ավելի գործ են կատարում, քան թե ամբողջ ընկերություններ։

Խամսայի մելիքությունների պատմությունը գրելով, ես կամեցա ցույց տալ, որ մենք ունենք մի պատմություն, որը արդեն սկսել է մոռացվիլ, կորչել, անհետանալ,— և իմ ծանոթներին անդադար խոսում էի, թե հարկավոր է այդ պատմությունը ժամանակի հոսանքից ազատել, քանի որ դեռ ավանդությունները թարմ են, քանի որ մնացած գրավոր նյութերը բոլորովին չեն ոչնչացած զանազան անհայտ անկյուններում։ Եվ գլխավորապես իմ և մի քանի բարեկամներիս հորդորմունքն էր պատճառ, որ այս տարի ծագեց դեպի Սյունյաց աշխարհը ճանապարհորդներ ուղարկելու միտքը՝ գիտական հետազոտությունների նպատակով։ Միտքը գեղեցիկ էր, և նպատակը՝ օգտավետ։ Սյունյաց աշխարհը, ուր կատարվել են այնքան նշանավոր գործեր, ուր մինչև վերջին ժամանակները պահպանվել էին հայկական իշխանությունները, ուր ճանապարհորդը ամեն մի քայլում հանդիպում է հոյակապ հնությունների, պատմական վաղեմի արձանների,— արդարև, Սյունյաց աշխարհը առանձին ուսումնասիրության կարոտ է։ Մի քանի բարեմիտ անձինք ձեռնարկեցին ստորագրությամբ մի գումար հավաքելու այդ գիտնական արշավանքի ծախքերը հոգալու համար։ Հարցը սկսվեցավ քննվել մինչև անգամ մեր մամուլի մեջ[174]։ Մամուլի մեջ էլ մեռավ։

Դեռ գումարը չհավաքած, որ հայտնի լիներ, թե նրա քանակության համեմատ ի՞նչ գործ կարելի էր կատարել, սկսեցին վիճել պարապմունքների տեսակի և մարդիկների ընտրության վրա (իհարկե, յուրաքանչյուրը աշխատելով, որ իր մարդը ներս խրե և երևակայական գումարից նրան մի բաժին հանե)։ Դա միևնույն պարզամտությունն է, որ դեռ երեխան չծնված, դեռ աղջիկ կամ տղա լինելը չհայտնված, վիճում են այն բանի վրա, թե ի՞նչ անուն պետք է տալ երեխային։

Վիճում էին, թե ի՞նչ անուն պետք է տալ այդ գիտնական արշավանքին, այսինքն՝ նա ինչո՞վ պետք է զբաղվի։ Մեկը ասում էր, թե պետք է քարեղեն և բրոնզե դարաշրջանները քննել, պետք է այրերի և գերեզմանների մեջ մտնել, տեսնելու համար, թե Նոյ նահապետից առաջ ի՞նչ ազգեր են անցել Սյունյաց աշխարհի վրայով։ (Կարծես մենք շատ ենք իմանում, թե մի հարյուր կամ երկու հարյուր տարի առաջ ի՞նչ անցքեր են կատարվել այնտեղ, իսկ հիմա հարկավոր է միայն ցջրհեղեղյան դարերը քննել)։ Մյուսը ասում էր, թե երկիրը պետք է բնագիտական, հանքաբանական, աշխարհագրական և չգիտեմ այլևս ինչական կետերից ուսումնասիրել։ (Կարծես կառավարությունը, ահագին գումարներ գործ դնելով, չի արել այդ բաները և չէ շարունակում անել, թողել է, որ մենք մեր մի քանի կոպեկներով երկիրը հազար ու մեկ տեսակետից ուսումնասիրենք)։ Մեկ ուրիշը առաջարկում էր՝ ծերունի, ալեզարդ Ալիշանին, որը իր սենյակի դռնից դուրս գալ չէ կարողանում, անպատճառ բերել տալ, դնել պատգարակի մեջ, Ղարաբաղի լեռների վրա ման ածել, որ քարերի արձանագրությունները կարդա։ (Կարծես հայր Ալիշանը իր գեղեցիկ գիրքը կազմելու համար ինքը անձամբ եկավ, Շիրակի գավառում ճանապարհորդեց և արձանագրությունները հավաքեց)։ Մխիթարյանները իրանց միլիոնների հարստությամբ մեր օգնության կարոտություն չունեն, նրանք եթե հարկավոր համարեն, կարող են իրանց երիտասարդ աբեղաներից մեկին Հայաստանի ամեն կողմերը ուղարկել և ծերունի Ալիշանին երբեք չեն անհանգստացնի։ Առաջարկվում էր և մի լուսանկար ուղարկել ավերակների պատկերները հանելու համար։ (Կարծեմ լուսանկարի էլ մի մեծ պետք չկար, դա առևտրական մի գործ է. դրա համար հարկավոր չէր ոչ օժանդակոլթյուն հավաքել, և ոչ գումար կազմել։ Եթե Բարկանովը և Ֆիլիպովիչը հասկանան, որ հայերը այն աստիճան գժված են իրանց հայրենիքի ավերակների լուսանկարներով, որ 5 ռուբլ. արժեք ունեցող պատկերները գնում են 20 ռուբլով, անպատճառ իրանց աշակերտներից մեկին կուղարկեն և Հայաստանի բոլոր ավերակների պատկերները հանել կտան, գուցե ավելի լավ, քան թե հանգուցյալ Արտյուրի աշակերտի լուսանկարները)։ Ինչևիցե, էլ ո՞ւր իմ խոսքս երկարացնեմ, կա՛րճ կասեմ, գիտության, արհեստի, ճարտարության մեջ ոչ մի ճյուղ չէր մնում, որ կամենում էին այդ ողորմելի ուսումնական արշավանքի վզին փաթըթել,— այնքան փաթըթեցին, որ խեղդվեցավ...

Մեզանում նրա համար ամեն օգտավետ առաջարկություններ, ամեն գեղեցիկ մտքեր շատ անգամ մնում են անկատար, որ կամ ոչինչ չենք շինում, իսկ եթե կամենում ենք մի գործ կատարել, ցանկանում ենք անպատճառ, ամեն ինչ միանգամից կատարել, քանի որ այդ «ամեն ինչի» հարյուրերորդ մասը իրագործելու համար ոչ միջոցներ ունենք և ոչ՝ պատրաստականություն։ Մենք գործը փոքրից սկսելու սովոր չենք։ Գոնե օտարներից օրինակ առնենք։ Կան ընկերություններ, որ միմիայն իրանց նպատակ են դրել ժողովրդական առակները, առածները, հեքիաթները, նախապաշարմունքների, սնոտիապաշտությունների նկարագիրները հավաքելու։ Բայց այս տեսակ ընկերություններ երբեք չեն զբաղվի նույն ժողովրդի բնակած երկիրը բնագիտական, աշխարհագրական կամ գիտության այլ կետերից ուսումնասիրելու, դրանք կարող են մի ուրիշ ընկերության պարապմունք լինել։

Ես դարձյալ կկրկնեմ միևնույն միտքը, որ վերևում հիշեցի՝ մեզանում ընկերությունները կազմվում են ոչ թե գործ կատարելու համար, այլ գործը սպանելու համար։ Իսկ մասնավոր մարդիկ իրանց եռանդով, անձնանվիրությամբ, տոկունությամբ ավելի են գործում, ավելի արդյունք են ցույց տալիս, քան թե մի ամբողջ ընկերություն։

Ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի մի երիտասարդ Նավասարդյանցի աշխատությունը[175], որը աղքատ, ամեն միջոցներից զուրկ, բայց սիրտը լի եռանդով դերվիշի նման ոտքով ման է գալիս հայոց գյուղերը, մտնում է ժողովրդի ամեն ծալքերի մեջ, հեքիաթներ է հավաքում և մեր զավակներին ընթերցանություն տետրակներ է տալիս։ Բայց ի՞նչ է շինում հայոց գրքերի տպագրական ընկերությունը,— ոչ ոք չգիտե։

Այդ բոլորը ինձ ակամայից ասել տվին մի քանի տխուր հանգամանքներ, որոնց վրա երկար խոսելը ավելի հեռու կտաներ։ Բայց ինչ որ ճշմարիտ է, այն է, որ մեզանում մեծ պետք է զգացվում մեր երկիրը, մեր ժողովուրդը, մեր անցյալը և ներկան ուսումնասիրելու։

Աշխատության բաժանության սկզբունքի վրա հիմնվելով, ես մյուս բաժինները թողնում եմ ավելի ընդունակներին, ավելի կարող անձինքներին։ Իսկ ես ընտրել եմ մի մաս միայն, այն է՝ գրել Անդրկովկասում վերջին դարերում ապրող հայոց իշխանների և մելիքների պատմությունը և երջանիկ կհամարեմ ինձ, եթե կհաջողվի այդ ձեռնարկության մեջ մի փոքրիկ ծառայություն անել մեր գրականությանը։



  1. Մելիք կամ մալիք նշ. իշխող, տիրապետող, արքա։
  2. Սյունյաց աշխարհի հայոց մելիքները և Էջմիածնի կաթողիկոսը, մի քանի եպիսկոպոսների հետ, օսմանցիների լծից ազատվելու համար, իրանք դիմեցին Սպահան և հրավիրեցին Շահ-Աբասին Հայաստանը տիրելու համար։
  3. Խամսա արաբերեն նշ. հինգ, իսկ Խամսայի մելիքություններ նշ. հինգ մելիքություններ։
  4. Ղարաբաղի մելիքների բերդերը, ամրոցները, մի քանիսը ավերակ, մի քանիսը ամբողջ դրության մեջ, գոյություն ունեն մինչև այսօր։ Բայց պետք է նկատի առնել, որ այդ ամրոցներից շատերը Աղվանից թագավորների և իշխանների ժամանակներից մնացած են, մելիքները միայն նորոգեցին իրանց գործածության համար։
  5. Մեր ձեռքում գտնված մի գրչագիր պատմություն Մելիք-Բեգլարյանների ծագումը դուրս է բերում Աղվանից ամենահին թագավորների մեկից՝ Առանից, որ ապրում էր Քրիստոսից շատ առաջ։ Այդ ենթադրությունը խիստ ստուգության կարոտ է։
  6. Ղարաբաղի բոլոր մելիքների նախնիքը կրում էին «յուզբաշի» տիտղոսը, այդ տիտղոսը տրվում էր այն անձանց, որոնք սեփական երկիրների տեր էին և իրավունք ունեին զորքեր պահելու։
  7. Աբրահամ յուզբաշու ժառանգները այժմ բնակվում են Գյուլիստան գյուղում որպես հասարակ շինականներ։
  8. Այդ հոյակապ պալատը կիսավեր դրության մեջ մնում է մինչև այսօր. նա մի խոսուն վկա է Գյուլիստանի մելիքների վաղեմի փառքի և զորության։
  9. Այդ հրացանը Մելիք-Բեգլարյանների ժառանգները վաճառեցին 1000 ռուբլով գեներալ Երմոլովին, և նա ուղարկեց Ս. Պետերբուրգի Արուժեյնի պալատը։
  10. Գեներալ Երմոլովին։— Ալեքսեյ Պետրովիչ Երմոլով (1777—1861)։ Ռուս ռազմական և պետական գործիչ։ Մասնակցել է 1796 թվականին Պարսկաստանի դեմ մղվող պատերազմին։ 1816 թվականին եղել է Կովկասյան կորպուսի հրամանատար, ապա Կովկասյան գլխավոր զորահրամանատար և կառավարիչ։ 1817 թվականին դիվանագիտական հանձնարարությամբ եղել է Պարսկաստանում։ Դեկաբրիստների հետ ունեցած կապի համար 1827 թվականին հետ է կանչվել Կովկասից և պաշտոնաթող է արվել։— Խմբ.
  11. Այդ չինարի հինավուրց ձառը մինչև այսօր էլ ցույց են տալիս Գյուլիստանի և Ջրաբերդի սահմանի վրա և կոչվում է «Ղանլու չինար», որ նշանակում է արյունոտ չինարի։
  12. Մելիք-Աթամը ուներ մի քանի ամրոցներ, որոնցից մեկը այժմ ամբողջությամբ մնում է Կսապատ և Հին-Մոխրաթաղ գյուղերի մոտ, Իննմասանց անապատի հանդեպ։ Այդ գեղեցիկ շենքը կարող է բավական լույս ձգել մեր նախնիքների ճարտարապետական ճաշակի վերաբերությամբ։
  13. Պետրոս մեծի ժամանակ։— Ռուսական ցար Պետրոս Մեծի (1682—1725) անվան հետ հայ ժողովրդի ազատագրության և ինքնուրույն պետականության հարցը առնչվում է սկսած 1701 թվականից, երբ Իսրայել Օրին գալիս է Ռուսաստան։— Խմբ.
  14. Առաքել պատմագրի մեջ կարդում ենք հետևյալը։— Խոսքը 16-րդ դարի պատմիչ Առաքել Դավրիժեցու մասին է։ Հատվածը Րաֆֆին աշխարհաբարի վերածած մեջ է բերում նրա հայոց պատմության աշխատությունից (տե՛ս «Պատմութիւն Առաքել վարդապետի Դավրիժեցւոյ», Վաղարշապատ, 1884, էջ 71)։— Խմբ.
  15. 1881 թվում, Սյունյաց աշխարհում ճանապարհորդելու ժամանակ, մի գիշեր մնացի Տող գյուղում, այստեղ ինձ պատմեցին, թե հիշյալ մահմեդականների գլխավոր ներկայացուցիչը իր երկու որդիներին հանձնեց Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցին, որ նա հայկական ոգով կրթել տար, հետո քրիստոնեություն ընդունեին և շարունակեին Մելիք-Ավանյանների ժառանգությունը իբրև հայեր։ Բայց բարեհոգի եպիսկոպոսը, փոխանակ նրանց դպրոց տալու, սկսեց ծառայացնել իր մոտ որպես սպասավորներ։ Նրա խոհանոցում մանուկները լրբացան և գողացան եպիսկոպոսի թեյի գդալները։ Եպիսկոպոսը այնուհետև ստիպվեցավ նրանց վռնդել իր տնից։ Ջալալյանը այդ ժամանակ Շուշիի առաջնորդն էր։
  16. Սարգիս եպիսկոպոս Ջալալյանցին։— Ջալալյանը (1810—1879) եղել է Սանահինի վանքի վանահայր։ 1855 թվականին ձեռնադրվել է եպիսկոպոս և նշանակվել Էջմիածնի Սինոդի անդամ։ 1857 թվականին դարձել է Թիֆլիսի թեմի առաջնորդը։ Իր ձեռքում պահելով Ներսիսյան դպրոցի դպրոցի ղեկավարությունը՝ նա գլխավորել է պայքարը դպրոցի տեսուչ Շանշյանի դեմ։ Վախճանվել է 1879 թվականին։— Խմբ.
  17. Իսրայել Օրի անունով հնդկաստանցի հային... Մինաս վարդապետի հետ։
    Իսրայել Օրի, (1659—1711) քաղաքական գործիչ, որը նպատակ ուներ Ռուսաստանի օգնությամբ կազմակերպեր Հայաստանի ազատագրումը Պարսկաստանի լծից։ 1701 թվականին Օրին հանդիպում է Պետրոս Մեծի հետ և նրան է ներկայացնում Հայաստանի ազատագրության վերաբերյալ իր կազմած ծրագիրը։ 1707 թվականին Պետրոս Մեծի կողմից իբրև դեսպանության ղեկավար մեկնում է Պասկաստան։ 1709 թվականին հանդիպում է պարսից Շահի հետ։ Նույն թվականին վերադառնում է Անդրկովկաս։ 1717 թվականին վախճանվում է Աստրախանում՝ անկատար թողնելով իր նախագծած ծրագրի իրականացումը։
    Մինաս վարդապետ Տագրանյան։— Եղել է Իսրայել Օրու համախոհն ու օգնականը։ Օրին Մինաս վարդապետի հետ է մշակել Պետրոս Մեծին ներկայացրած Հայաստանի ազատագրության ծրագիրը։— Խմբ.
  18. Մինչև այսօր Գանձասարի վանքի գրադարանում կարելի է տեսնել հայոց թագավորների ձիթանկար պատկերների մնացորդները, որ պատրաստվեցան այն ժամանակ Եվրոպայի թագավորներին ներկայացնելու համար։
  19. Մեծն Պետրոս արտասահմանում գտնված ժամանակ, Հոլանդիայում ծանոթացավ մի Աբրո անունով զմյուռնիացի վաճառականի հետ, որին հետո հրավիրեց Ռուսաստանում առևտուր անելու։
  20. Իսրայել Օրին այդ ժամանակ պոլկովնիկի աստիճան էր ստացել կայսրից։
  21. Այդ Հյուսեին-խանը ագուլեցի էր, ազգով հայ, Մուսաբեկյանց տնից։ Նրա մի եղբայրը, որ կոչվում էր Մեհմետ-ղուլի-խան, նույն ժամանակ Երևանում պարսից փոխարքա էր։ Այդ վերջինը մեծ տուգանքի ենթարկեց Էջմիածնի վանքը, երբ կասկածեց, որ Աստվածատուր կաթողիկոսը գաղտնի բանակցություններ ունի վրաց իշխանների հետ և կամենում է միանալ նրանց հետ Հայաստանը պարսից լծից ազատելու համար։ Առհասարակ մահմեդականություն ընդունած Մուսաբեկյան եղբայրները մեծ վնաս տվեցին հայոց ապստամբության գործին։
  22. Օրիի մահից հետո Հաշտարխանի ռուս աստիճանավորները կողոպտեցին նրա կայքը և սկսեցին զրպարտել նրան զանազան խարդախությունների մեջ։ Մեծ ջանք էր հարկավոր նրա ընկեր, Մինաս վարդապետին, մինչև կարողացավ ձեռք բերել հափշտակված կայքի մի մասը և վերականգնել իր հանգուցյալ ընկերոջ պատիվը։
  23. Այդ գործակատարներից մեկն էր Սարգիս դի-Գիլանենց, որի հետաքրքիր օրագրությունը, Պարսկաստանի այն ժամանակվա անցքերի վերարեբությամբ, տպվեցավ «Կռունկ» ամսագրում։ Իսկ 1870 թվին պրոֆեսոր Ք. Պատկանյանը ռուսերեն թարգմանելով, որպես հարուստ պատմական նյութ, ներկայացրեց Ս. Պետերբուրգի կայսերական ակադեմիային։
  24. Սարգիս դի-Գիլանյանցը, որի օրագրությունը... տպվեցավ «Կռունկ» ամսագրում։— Րաֆֆու հիշատակած օրագրությանը «Աղբյուր ազգային արդի պատմության ժամանակագրություն» վերնագրով տպագրվել է «Կռունկ Հայոց աշխարհի» ամսագրում, տե՛ս 1863, № 2, էջ 81—112 և № 3, էջ 181—212։— Խմբ.
  25. պրոֆեսոր Ք. Պատկանյանը։— Խոսքը անվանի արևելագետ-հայագետ Քերովբե Պատկանյանի (1833—1889) մասին է։ 1850 թվականին ավարտել է Լազարյան ճեմարանը, ապա սովորել Դորպատում։ Ունի հայագիտության ու արևելագիտության վերաբերյալ հետազոտություններ, թարգմանաբար ռուսերեն է հրատարակել հայ մատենագիրների աշխատությունները, որոնց թվում նաև Սարգիս դի Գիլանյանցի օրագրությունը։— Խմբ.
  26. Դրանցից մեկն էր Նավասարդ անունով մի հայ, որի մատուցած ծառայությունների համար, երբ կայսրը կամեցավ վարձատրել նրան, Նավասարդին գտան Պարսկաստանում վախճանված, առանց ժառանգ անգամ թողնելու։ Մնացել էր միայն Ղազար անունով մի հայ, որ ծառայում էր հանգուցյալի մոտ և ծանոթ էր նրա գործերի հետ։ Կայսրը կանչել տվեց Ղազարին և արժանացրեց գեներալի աստիճանի։ Դա միևնույն գեներալ Ղազար Խրիստաֆորովիչն էր, որ, հայերից կազմված մի առանձին զորախմբի հրամանատար դառնալով, բավական նշանավոր գործեր կատարեց Պետրոս Մեծի պարսկական արշավանքների ժամանակ։ Հետո (1736) իր զորքով և հայ օֆիցերներով տեղափոխվեցավ Ղզլար։
  27. Դա միևնույն անձնավորությունն է, որ մեր «Դավիթ-բեկ» անունով վեպի մեջ ներկայանում է որպես հերոս։
  28. Այդ երևելի հոգևորականը, որ իր ժամանակի անցքերի ոչ միայն ականատեսը, այլ գլխավոր գործիչն էր, օրագրության ձևով գրեց բոլոր անցքերի մանրամասն և ընդարձակ պատմությունը։ 1839 թվին Բաղդասար մետրոպոլիտը Շուշի քաղաքում տպագրել տվեց այդ պատմությունը, բայց սաստիկ համառոտած և անխնա կերպով կրճատած։ Մենք այժմ ավելորդ ենք համարում բացատրել, թե ի՞նչ նպատակով է կատարել հանգուցյալ միտրոպոլիտը այդ գրականական սպանությունը, միայն այսքանը կասենք, որ Եսայի կաթողիկոսի պատմության իսկականը շատ ընդարձակ է եղել, ինչպես երևում է այդ մեր ձեռքը հասած մի գրչագիր օրինակից, որը դժբախտաբար կիսով չափ փտած է։ Ցանկալի կլիներ, որ գտնվեր այդ աշխատության ամբողջը, և դա առատ նյութ կտար մեր նոր պատմությանը։
  29. 1839 թվին Բաղդասար միտրոպոլիտը Շուշի քաղաքում տպագրել տվեց այդ պատմությունը։— Խոսքը Եսայի Հասան-Ջալալյանի «Պատմութիւն կամ յիշատակ ինչ-ինչ անցից՝ դիպելոց յաշխարհին Աղուանից։ Համառօտագրեալ ի սրբազանակատար կաթողիկոսէն Աղուանից ի տեր Եսայեայ Հասան-Ջալալեանց ի թուականին Հայոց ՌՃԿ, իսկ ի թուականիս տեառն մերոյ փրկչին Յիսուսի՝ 1711։ Շուշի տպ. «Բարձր սրբազան ասպետափառ մետրոպօլիտին Բաղդասարայ», 1839, 69 էջ։— Խմբ.
  30. Նազար-Ալի-խանի (Հերակլ I) որդի Մահմադ-Ղուլի-խանը (Կոստանդին I), որը իր հոր և եղբոր՝ Իմամ-Ղուլի-խանի (Դավիթ III) նման մահմեդականություն ընդունելով, ստացել էր պարսից շահի Կախեթիայի իշխանությունը,— այդ չարագործը դիմեց Լեզգիների գլխավոր Ալի-սոլթանին, խոստացավ նրա զորքերի յուրաքանչյուրին 3 թուման վարձ տալ, եթե նրանք կօգնեն իրան Թիֆլիսին տիրելու և Վախթանգին սպանելու գործում։ Լեզգիները կատարեցին նրա խնդիրքը, Թիֆլիսը, գրավեցին, և Վախթանգը փախավ դեպի Իմերեթիայի կողմերը։ Բայց Մահմադ-Ղուլի-խանը չկարողացավ վճարել իր խոստացած վարձատրությունը, թույլ տվեց, որ լեզգիները դրա փոխարեն կողոպտեն Թիֆլիսը, ամբողջ քաղաքը բարբարոսների ավարառության զոհ դարձավ։
  31. Թիֆլիսը գրավված լինելով օսմանցիներից, Վախթանգը այդ ժամանակ հալածված իր հայրենիքից և գտնվում էր Իմերեթիայի կողմերում, հետո, բոլորովին հուսահատված, իր ընտանիքով գնաց Մոսկվա (1724)։
  32. Շահ-Թահմասը Շահ-սուլթան-Հուսեինի որդին էր։
  33. ...գահի վրա նստեց նրա ամուսինը՝ Եկատերինա I։— Խոսքը Եկատերինա Ալեքսեևնա (1684—1727) կայսրուհու մասին է, որը գահ է բարձրացել 1725 թվականին։— Խմբ.
  34. ...հայտնվեցավ սարսափելի Նադիրը.— հոսքը Իրանի նադիր Շահ Աֆշարի (1688—1747) մասին է, որը գահ է բարձրացել 1736 թվականին։— Խմբ.
  35. Նադիրը կոչվում է և Թահմազ-Ղուլի-խան, նա սկզբում մի հասարակ ավազակապետ էր, ասպատակություններ էր գործում Խորասանի անապատներում. հետո Շահ-Թահմասի մոտ զորապետ և ապա ընդհանուր սպարապետ դարձավ, վերջը, Շահ-Թահմասին սպանել տալով, ինքը թագավոր եղավ։
  36. Այդ Բարթոլոմյան գիշերում հայերը ոչնչացրին թե՛ Ղարաբաղի և թե՛ Գանձակի կողմերում գտնված բոլոր օսմանցի զորքերին։— Խոսքը 1572 թվականի ս. Բարդուղիմիոսի օրվան նախորդող գիշերը Կառլոս 9-րդ թագավորի կողմից Փարիզում ապրող բողոքականներին զանգվածաբար կոտորելու մասին է։— Խմբ.
  37. Աննա խաթունը Տիզակի գավառի Մելիք-Ավանի (Մելիք-Եգանի) քույրն էր, նույն անձի, որ սարքեց ընդհանուր ապստամբության։
  38. Իմ 1881 թվի ճանապարհորդության ժամանակ Ավետարանոց գյուղում ինձ հաջողվեցավ տեսնել մի հրաշալի գրչագիր ավետարան, որ գրված էր նույն Գայանեի ձեռքով։
  39. «Այս է տապան Մէլիք Շահնազարի որդի Մէլիք Յուսէինին, թվ. ՌՃՁ, 1185» (1736)։
    «Ոգեմ բանս գովեստի ի վերայ Մէլիք Յուսէինի, զոր գրեցի այս տապանի. սա էր տէր երկրին Վարանդի. երեսուն և հինգ մասն գեղի սա էր հացով սեղանով լի. ողորն էր ամեն ազգի. կերպարանօքն էր գովելի. սա ոչ ետ հարկ թագավորի. ամուր պարիսպ էր աշխարհի. թագ պարծանք հայոց ազգի. պատերազմեաց հետ օսմանցի. յոյժ կոտորեաց ազգեն տաճկի»։
  40. Պատմության մեջ 70 հազար է նշանակված. այդ թիվը չափազանց է։
  41. Պետք չէ մոռանալ, որ մինչև Շահ-Թահմասի սպանվիլը, Նադիրը շահի սպարապետն էր. Շահի մահից հետո նա թագավոր դարձավ։
  42. Այդ Աբրահամ կաթողիկոսը, որ կոչվում էր Կրիտացի, վայելում էր Նադիրի առանձին սերը և համակրությունը։ Պարսից քաջ զորապետը նրա մոտ հյուր եղավ Էջմիածնի վանքում և իր արշավանքների ժամանակ, Հայաստանի և Վրաստանի կողմերում, նրան չէր հեռացնում իր բանակից։ Այդ հեշտացրեց կաթողիկոսին ավելի մոտից ծանոթանալ նրա գործողությունների հետ և օրագրության ձևով թողեց մեզ մի հետաքրքիր պատմություն, որ կոչվում է «Աբրահամ կաթողիկոսի կրիտացւոյ պատմագրութիւն անցիցն իւրոյ և Նադիր-Շահին պարսից», տպված Էջմիածնում 1870 թ.։
  43. Սոլթանը չպետք է հասկանալ այն մտքով, ինչ նշանակություն որ ունի այժմ Թուրքիայում։ Սոլթանը այժմյան Պարսկաստանում զինվորական աստիճան է, իսկ Նադիրի ժամանակ այդ տիտղոսը տրվում էր առանձին գավառների կամ փոքրիկ վիճակների տիրապետողներին։
  44. Բայաթ ավերակ քաղաքատեղ է Գարգար գետի մոտ։
  45. Պետք է ի նկատի ունենալ, որ Ղարադաղը (հին Փայտակարանի մի մասը) և Տիզակ գավառը սահմանակից են, բաժանվում են միայն Երասխ գետով։
  46. Մելիք-Միրզա-բեկ II Մելիք-Բադիի որդին էր, իսկ այդ վերջինը՝ Մելիք-Հուսեինի հորեղբայր Մելիք-Միրզա-բեկ I որդին էր։
  47. Մելիք-Հովսեփը և Մելիք-Շահնազարը խորթ եղբայրներ կին, վերջինը ծնված էր Մելիք-Ավան-խանի Աննա-խաթուն անունով կնոջից, որը Տիզակի իշխան Մելիք-Ավան-խանի քույրն էր, իսկ Մելիք-Շահնազարը ծնված էր Զոհրա-խանումից, որը Նախիջևանի խանի աղջիկն էր, ազգով թուրք։ Մելիք-Հուսեինը նրան իբրև գերի բերեց Նախիջևանից, հետո ամուսնացավ նրա հետ։
  48. Ավետարանոց (Չանախչի) Բերդը շատ անգամ եղել է հանդիսարան արյունոտ գործերի։ Մենք նկարագրեցինք Մելիք-Հուսեին մեծի ժամանակ տեղի ունեցած օսմանցիների կոտորածը այդ բերդում։ 1723 թ. օգոստոս 20-ին ղափանցի Ղանլու-Շաբան անունով հայ իշխանը 300 ձիավորներով հյուր է գալիս Ավետարանոց բերդի Մելիք-Միրզա-բեկի մոտ (Մելիք-Բաղիի որդին)։ Չնայելով, որ Մելիք-Միրզա-բեկը հին ոխ ուներ Ղանլու-Շաբանի հետ, այսուամենայնիվ, սիրով ընդունում է նրան իր տանը և նրա սվիտային որպես հյուրեր բաժանում է իր գյուղացիների տներում։ Գյուղացիները պատվեր են ստանում՝ հենց որ գիշերը Մելիքի տնից լսելի կլինի հրացանի ձայն, ամեն մարդ պատրաստ լինի իր հյուրին սպանելու։ Այսպիսով մի գիշերվա մեջ կոտորում են բոլոր 300 ձիավորներին՝ իրանց իշխանի հետ։ Դա միևնույն Մելիք-Միրզա-բեկն էր, որին Նադիր-շահը գլխատել տվեց։
  49. Ուլու-պապի բերդը գտնվում է Խաչեն գետի մոտ, Քարամեջ կամ Օրախաչ գյուղում, Պըտկեսի սուրբ Գևորգ անունով մատուռի մոտ։ Այդ ամրոցին թարքերը կոչում են Բալլու-Կալա։
  50. Այդ Մելիք-Ալլահվերդուն պետք չէ շփոթել Հասան-Ջալալյան Մելիք-Ալլահվերդու հետ։
  51. Այդ պատմական փաստը չէ մոռացված և «Ղարաբաղի Աստղագետը» կոչված վեպի երկրորդ հատորի 9-րդ գլխում։
  52. Մազե-կամուրջ կոչվում է Գարգար գետի վրա գտնված կամուրջը Շուշի բերդի մոտ։
  53. Դա միևնույն օվշար (ցեղի անուն է) Ֆաթալի-խանն էր, որ Տաթևի վանքը կողոպտեց (1762), մի մասը ավերակ դարձրեց և Տաթևի վանահայր Հովհաննես եպիսկոպոսին սպանել տվեց։
  54. Ասկարանի ավերակները Շուշի բերդից մոտավորապես 30 վերստ հազիվ հեռավորություն ունեն։
  55. Երասխ գետի վրա։
  56. Հաջի-Չելեբին ծագումով հայ էր։ Տասնևյոթերորդ դարու վերջերում, Շիրվանի Ղաբալա կոչված գավառի Սոգութլու գյուղում բնակվում էր Բարսեղ անունով մի քահանա, որին թուրքերը կոչում էին «ղարա֊քեշիշ» (սև քահանա)։ Դա գաղթական էր Ղարաբաղի Խաչեն գավառից և տեղային մելիքների տոհմից էր։ «Սև քահանան» իշխանական փառասիրություն ուներ, դիմեց Սպահան պարսից շահից մելիքության ֆիրման ստացավ։ Բայց նա ուներ մի հակառակորդ՝ Մելիք-Մուհամմեդ անունով Ղաբալա գավառի Ղուրթաշին գյուղում, որը թույլ չտվեց «սև քահանայի» ստացած ֆիրմանը գործ դրվեր։ Այդ Մելիք-Մուհամմեդը, ինչպես երևում է, նույնպես հայոց ծագումից էր, բայց մահմեդականություն ընդունած։ «Սև քահանան» նույնպես ընդունում է մահմեդականություն, որ կարողանա իր ֆիրմանը գործ գնել։ Բայց հակառակորդը ավելի զորավոր է լինում, և քահանայի կրոնափոխությունը անցնում է ապարդյուն։ «Սև քահանայի» որդին էր Ղասաբ-Ղուրբանալին, որը մի հասարակ մսավաճառ էր։ Իսկ այդ հասարակ մսավաճառից ծնվեցավ Հաջի-Չելեբին, որը Շիրվանի զորավոր խաների նախահայրը եղավ։
  57. Շահվերդի-խանը Ուզուբլու-խանի որդին էր։
  58. Մելիք-Շահնազարն ուներ մի քանի կնիկներ, նրա Սոնա անունով կինը Հյուրի-զադի մայրն էր և Մելիք-Եսայու աղջիկը։
  59. Մելիք-Եսային կարդացած մարդ էր, նա բավական հմտություններ ուներ հայոց, պարսից և արաբական դպրության մեջ։
  60. «Դու ցանկանում էիր հայոց թագավոր լինել, ահա ես իբրև ասպետ և թագադիր պսակում եմ քեզ...»։— Հատվածը ամբողջությամբ առնված է Մովսես Խորենացուց, տե՛ս «Հայոց պատմութիւն», հատված երրորդ, գլուխ ԼԷ։—Խմբ.
  61. Դրանցից մեկն էր Գյուլ-յաթաղ գյուղի Միսայել-բեկը, մյուսը՝ նրա փեսա Հակոբ-Յուզբաշին։
  62. Անունները հայտնված չեն այն գրչագիր պատմության մեջ, որից մենք քաղում ենք այդ անցքը։
  63. Նրա գերեզմանը գտնվում է իր բերդի եկեղեցու զավթում. տապանաքարի վրա կարդացվում է Հետևյալ արձանագրությունը.
    «Այս է տապան քաջ իշխանին, Սայի անուն մեծ մելիքին. Կարգեալ իշխան Նադիր-շահին, երեսուն երեք ամ տիրեաց Տիզակ երկրին, զքաջութիւն և զհաշտութիւն արար բազում ձեռամբ նորին։ Ընդ անօրինաց էր հակառակ. ի սուր մաշեր զթշնամին։ Ինքն պարթև և զորաւոր, քան զառաջինսն էր ահաւոր։ Մինչ վաթսուն և վեց ամաց եղեալ, ի յաշխարհէ վերափոխեալ։
    Վախճանեցավ թուին ՌՄԼ (1781)»։
  64. Այդ Հակոբ-Յուզբաշին (հարյուրապետը) հայտնի էր անունովս Թյուլի-Հակոբ, այսինքն՝ ավազակ Հակոբ, իր հատկանիշները բացատրվում են իր ստացած մականունով։
  65. Այդ տեղը այժմ կոչվում է Մարաղա, որովհետև բնակեցրած է 1828 թվի Պարսկաստանի Մարաղա անունով քաղաքից բերված գաղթականներով։
  66. Այդ Ապրես աղան կսապատցի էր, նա ամուսնացած էր Երիցմանկանց վանքի Ներսես կաթողիկոսի քրոջ հետ։ Այդ ամուսնությունից ծնվեցավ մի որդի Իսրայել անունով և մի աղջիկ՝ Վարդ-խաթուն անունով։ Իսրայելը Երիցմանկանց վանքի կաթողիկոս դարձավ, իսկ Վարդ-խաթունը ամուսնացավ Ռուստամ-բեկի հետ։
  67. Մի՞թե ներկայումս միևնույնը չէ. Բեռլինի 61-րդ հողվածը մնացել է թղթի վրա, Կ. Պոլսի հայոց պատրիարքը նստած է իր տանը. Սսի կաթողիկոսը դեգերվում է թուրքաց նախարարների դռներում և նորանոր չարիքների ճանապարհ է բաց անում, իսկ Մանկունին հայտնի է, թե ինչով է զբաղված...
  68. Գրիգորիսը սուրբ Գրիգոր Լուսավորչի թոռն էր։
  69. Սիմոնին հաջորդեց նրա ազգական Ներսեսը, հետո Ներսեսի քրոջ որդի Իսրայելը, հետո Սիմոնի եղբորորդի՝ փոքր Սիմոն կաթողիկոսը, որ վերջինն էր։
  70. Երիցմանկանց վանքի կաթողիկոսների ժամանակակիցները Գանձասարի վանքում էին՝ Երեմիա, Եսայի, Հովհաննես և վերջինը՝ Սարգիս, որ վախճանվեցավ 1828 թվին։ Բոլորը Հասան Ջալալյան իշխանների տոհմից էին։
  71. Հովհաննես կաթողիկոսը Մելիք-Աթամի հետ խնամություն ուներ, նրա քույր Ղամար-սոլթանը Մելիք-Աթամի կինն էր։
  72. Գտնվում է Հաղպատի և Սանահնի մոտ և տեղային հանքերի անունով կոչվում է Գյումուշ-խանա, որ նշանակում է արծաթի տուն կամ արծաթի հանք։
  73. Հովհաննես կաթողիկոսը յոթ եղբայրներ ուներ, դրանցից մեկն էր Սարգիս եպիսկոպոսը, որ հետո կաթողիկոս դարձավ. մյուս վեց եղբայրները դրանք էին՝ Գաբրիել-բեկ, Դանիել-բեկ, Իսրայել-բեկ, Միսայել-բեկ, Ջալալ-բեկ և Ալլահ-Ղուլի-բեկ դավաճանը, որ մատնեց բոլորին։
  74. Մի ձեռագրի պատմության մեջ գրված է 56 հազար թուման։
  75. Այդ Ռուստամ-բեկը Միսայել-բեկի եղբայրն էր. մեր պատմության մեջ տեսանք, որ Միսայել-բեկը, կաշառված Իբրահիմ-խանից, կամենում էր Մելիք-Մեջլումին սպանել, որ Ջրաբերդի մելիքությունը ինքն ստանա։ Այժմ ստացավ նրա եղբայրը, անպատիվ հպատակություն խոստանալով մահմեդական խանին։
  76. Բաղդասարը Սարգիս եպիսկոպոսի եղբայր Հասան-Ջալալյան Դանիել-բեկի որդին էր. նա եպիսկոպոս ձեռնադրվելուց հետո Ղարաբաղի միտրոպոլիտ նշանակվեցավ և շատ նշանավոր գործեր կատարեց։
  77. Ջավադ-խանը իր հոր՝ Շահ-Վերդի-խանի նման շատ հայասեր մարդ էր. նա շարունակ հայոց եկեղեցի էր գնում և ներկա էր գտնվում հայոց բոլոր կրոնական տոներին և հանդեսներին։ Գանձակի մայր եկեղեցու սյուներից մեկի վրա կա փոքրիկ արձանագրություն. «Ջավադ-խանի սյունը» — այդ սյունի մոտ էր կանգնում նա, երբ որ գալիս էր հայոց եկեղեցին։ Հին, ցեղական թշնամություն ունենալով Շուշիի խաների հետ, Ջավադ-խանը ավելի բարվոք էր համարում բարեկամություն պահպանել հայոց մելիքների հետ և Իբրահիմ-խանի հակառակ գործել։
  78. 1851 թվին Դանիել-Բեկի որդի Բաղդասար միտրոպոլիտը մի արձան կանգնեցնելով հոր շիրիմի վրա, փորագրել տվեց հետևյալ տողերը. «Յարձանիս շիրմի ամփոփեալ դնի՝ մարմին իշխանին Խաչէն գավառի, վեհ իշխանազնեայ Դանիել-բեկի, որդւոյ Մէլիք-բէկ իշխանապետի, ի տանէ հայկազն մեծ Ջալալ-Դօլի, տեառն Արձախայ հայոց Աշխարհի, որ Ղարաբաղայ կամ Շուշւոյ նահանգ՝ նա սովորաբար արդ վերաձայնի։ Առ սուրբ հավատոյ սա լուսահոգին՝ նահատակի աստ յամրոցիս Շուշի, դառն տանջանոք Իբրահիմ-խանի, որ թշնամի էր խաչին Քրիստոսի։ Ի 1240 թուին հայոց (1791)։
  79. Պետք չէ մոռանալ, որ ոչ միայն Ղարաբաղը Աղվանից կաթողիկոսության թեմ էր համարվում, այլև Գանձակի գավառը, Շամախու, Նուխու, Դերբենդի և ուրիշ մի քանի գավառներ։
  80. Այդ տեղափոխություններին պետք է վերաբերել այն երևույթը, որ այսօր Ղարաբաղի զանազան վիճակներում հանդիպում ենք շատ միևնույն անունով գյուղերի, որպես են՝ Հին-Խնածակ, Նոր-Խնածակ, Հին-Զեյվա, Նոր-Զեյվա և այլն։
  81. Բարսումի մելիքները, որպես էր Մելիք-Ռոստոմը և այլն։ 2) Խաչակապի մելիքները, որպես էր Մելիք-Մովսեսը և այլն։ 3) Ոսկանապատի մելիքների, որպես էր Մելիք Յուսուբը և այլն։ 4) Գետաշենի մելիքները, որպես էր Մելիք-Էդգարի որդի Մելիք-Մնացականը և այլն։ Այդ մելիքները նույնպես ժառանգաբար իշխում էին իրանց ժողովրդի վրա, միայն դրանց և Գանձակի խանի մեջ այն հակառակությունը չկար, որպես Ղարաբաղի մելիքների և Շուշիի խաների մեջ։ Այդ մելիքները միշտ հաշտ են եղել Գանձակի խաների հետ և համարվել են նրանց ստորադրյալներ։
  82. Մելիք-Շահնազարը ուներ մի քանի կնիկներ, Թագուհի-խանումից ծնվեց Մելիք-Ջումշուդը, Սոնա-խանումից ծնվեց Մելիք-Հուսեին III և մի աղջիկ՝ Հուրի-զատ անունով, որին հայրը կնության տվեց Իբրահիմ-խանին, իսկ Մալայիկ-խանումից ծնվեց Ջհան-բախշը, Ջհանգիրը և մի աղջիկ Հումայի անունով։
  83. Դա մեր Լոռին չէ, հարավային Պարսկաստանում մի գավառ նույնպես կոչվում է Լոռի կամ Լոռիստան։
  84. Այդ հարցերը մենք դիտավորություն ունենք հրատարակել առանձին բրոշյուրով, որ կկրե այսպիսի վերնագիր. «Հողային հարցը Ղարաբաղում մելիքների տիրապետության ժամանակ»։
  85. Այդ հարցերը մենք դիտավորություն ունենք հրատարակել առանձին բրոշյուրով, որ կկրի «Հողային հարցը Ղարաբաղում մելիքների տիրապետության ժամանակ»։— Րաֆֆին չի հասցրել ի կատար ածելու այս աշխատության գրությունը։— Խմբ.
  86. Խանի այդ բաշխումները այնքան անհիմն և անհաստատ էին, որ երբ հայոց գաղթականների մի մասը վերադարձավ, կրկին տեր դարձան իրանց հողերին, և արտաքսեցին խանի նոր բնակեցրած գյուղացիներին։
  87. Ղարաբաղի մելիքներից շատերը բազմակնության սովորություն ունեին. Մելիք-Ռուստամը ուներ երկու կին, մեկը վերև հիշած Վարդ-Խաթունը, մյուսը՝ Մարիամ անունով մի կին։
  88. Աղա-Մամադ-խանի տոհմից սկսվեցավ Պարսկաստանի այժմյան թագավորող տան գահակալությունը։
  89. Աղա-Մամադ-խանը մի քանի անգամ պատրաստվեցավ արշավանք գործելու դեպի Հայաստան և Վրաստան, բայց ժամանակ չունեցավ անցնելու Երասխ գետը, որովհետև ամեն անգամ Պարսկաստանի խորքերում նորանոր ապստամբություններ էին ծագում, և նա ստիպված էր լինում հետ դառնալ, ապստամբությունները զսպելու համար։
  90. ...այդ միջոցներում Ղանդահարի և Հերաթի կողմերում խռովություններ ծագեցան, և ստիպվեցավ շտապել դեպի Պարսկաստան ապստամբությունները զսպելու համար։— Մակար Բարխուդարյանի «Գաղտնիք Ղարաբաղի» գրքի առիթով հրատարակած գրախոսականի մեջ Րաֆֆին խոստովանում է, որ Աղա-Մահմադ-խանի վերադարձը Պարսկաստան՝ Հերաթում և Ղանդահարում ծագած ապստամբությունը ճնշելու համար, եղել է թյուրիմացության արդյունք (տե՛ս Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հ. 10, Ե., 1959, էջ 426)։ Րաֆֆին այս գրախոսականի մեջ շտկում է «Խամսայի մելիքություննհրի» մեջ թույլ տված սխալը։—Խմբ.
  91. ...հրամայվեցավ կոմս գեներալ Վ. Ա. Զուբովին, որ Անդրկովկասի քրիստոնյաներին օգնության հասնե։— Վալերիան Ալեքսանդրովիչ Զուբովը (1771—1804) եղել է հետևակային գեներալ։ 1795 թվականին Եկատերինա երկրորդ կայսրուհին Զուբովին է վստահում 35 հազարանոց կորպուսի գլխավոր հրամանատարությունը, որը նախատեսված էր Պարսկաստանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար։ Կայսրուհու հրամանով 1796 թվականի ապրիլին սկսելով արշավանքը Պարսկաստանի դեմ Զուբովը գրավում է Դերբենդը, ապա Բաքվի, Շիրվանի, Շաքիի, Գանձակի խանությունները և մտնում է Մուղանի դաշտավայրը՝ սպառնալիք ստեղծելով Թեհրանի համար։ Եկատերինայի մահվանից հետո, 1797 թվականին, Զուբովը ստիպված է լինում հրաժարական տալ զինվորական ծառայությունից։— Խմբ.
  92. Արքեպիսկոպոսը այդ շրջաբերականի թարգմանությունը Հաշտարխանում տպագրել տվեց և մի քանի հազար օրինակ տարածեց հայերի մեջ։— Գրքույկը, որի մասին խոսում է Րաֆֆին, կրում է հետևյալ վերնագիրը. «Խօսք ասացեալ ի Յովսեփայ պսակազգեաց ս. արքեպիսկոպոսի հիւսիսային կողմանս եղեալ ամենայնի ազգիս Հայոց, ի 1796 թուոյ՝ ապրիլի 5 ի Ղզլար... ի ներկայութեան բարձր գերազանցութեան... Իվան Վասիլիչ Գուդովիչին», Աստրախան «ի տպ. Նորին սրբազնությանն» (Արղությանց) 1796, 9 էջ։— Խմբ.
  93. Ապրես-աղայի աղջիկը՝ Վարդ-խաթունը, Մելի-Ռուստամի կինն էր։
  94. Այդ Յասսեն չգիտենք Թիֆլիսի հայոց որ ազնվականների տոհմից էր։
  95. Մի հին ձեռագրի մեջ կարդում ենք, որ Աղա-Մամեդ-խանը խոստացել էր Մելիք-Մեջլումին, ոչ միայն Իբրահիմ-խանին ոչնչացնելով բարձրացնել Ղարաբաղի մելիքությունները, այլն պիտի հանձներ նրան և Վրաստանի կառավարությունը։
  96. Ղարաբաղ թուրքաց լեզվով նշանակում է սև այգի։
  97. Մեր ծանոթության մեջ հարկավոր ենք համարում դնել մի քանի քաղվածքներ հիշյալ ձեռագիր պատմությունից. «Բայց նա (Աղա-Մամադ-խանը) զօրոքն եկն մտանել ի բերդաքաղաքն Շուշի։ Հայք վասն երկիւղի ելին ընդ առաջ նորա դասուք քահանայից, խաչիւ և խաչվառաւ և ամենայն զարդուք։ Իբրև ետես զխումբս հայոց մեծ բռնաւորն, զկայ առեալ անդ ի տեղի, և եհարց ի մերձակայ նախարարաց իւրանոց. թե արդյոք ո՞յք են դոքա, զի այդպես հրաշափառ զգեստուք և զարդուք գան ընդ առաջ մեր։ Եվ որք հմուտք էին և տեղեակք իրանց գործելոց, ետուն զարժանն պատասխանի, թէ ի հայս կան հնական սովորութիւնք այսպիսիք, գնալ ընդ առաջ թագաւորաց ի մեծաբանս և ի պատիվ երեսաց նոցա, առ շարժել ի գթածութիւն և ի խնամս վասն ողորմելի ազգին իւրեանց։ Առ այս պատասխան սիրայորդոր բանիւք մխիթաթեաց և քաջալերեաց զազգս մեր տառապեալ, բայց վերին երեսօք, զի գազեիլ նենգութիւնն ծրարեալ պահէր ծածկաբար ի մտի իւրում։
    Մինչ խօսեր բռնաւորն ընդ ազգիս մերոյ իշխանաց, ընդ իւր ունելով պատանեակ մի մտերիմ, և ամենայն ինչ ի ձեռս նորա էր. ի ձեռաց նորա կերակրւեր։ Պատանին էր յազգիս հայոց, ի վաղուց գերեալ և տարեալ ընծաեալ էին, նմա։ Ետիս ի նմին ժամու զպատկեր Տիրամօրն, որ ուներ ի գիրկս զմանկացելն Յիսուս, կարի իմն գեղեցկազարդ և ոսկեզօծ նկարեալ։ Եհարց պատանին, թէ պատկերս այս որո՞յ է. նոքա չծանեան, զի անդ հիշեաց զտառապանս ազգի մերոյ...»
    Հետո մանրամասնաբար նկարագրում է այն շարժառիթները, որ դրդեցին պատանուն սպանելու թագավորին։
  98. Պայտառ նշ. պայտ կամ նալ շինող։
  99. Նրա գերեզմանի արձանագրության մեջ պահպանված է նենգավար խանի ցած դավաճանության հիշատակը. «Յասմ տապանի հանգչի մարմին՝ քաջ և արի Մելիք-Բախտամին. սա էր որդի Մեղիք-Աթամին. մահ և վախճան պատմեն սորին մահադեղով Իբրահիմ-խանին. և որք հանդիպիք ի տապան սորին, միով բանիւ ողորմի ասէք ամեն։
  100. Մելիք-Ավանյաննհրի տոհմային գերեզմանատունը գտնվում է Տող բերդի եկեղեցու գավթում։
  101. Տե՛ս X, XI և հետևյալ գլուխներում։
  102. Տող բերդում, Մելիք-Ավան-խանի պալատում այժմ բնակվում է մի Ֆարհադ-բեկ անունով թուրք ազնվական, որը պարծանքով հիշում է, թե ինքը Մելիք-Ավանյանների նշանավոր տոհմի ժառանգներիցն է։ Եվ իրավ, նա Բաղդադ-բեկի թոռը և Մելիք-Ասլանի որդին է։ Իսկ Մելիք-Ավանյանների քրիստոնյա մնացած ժառանգները այժմ թշվառ աղքատության մեջ բնակվում են նույն Տող բերդում, թեև ազնվականներ են համարվում։
  103. Վրաստանում մինչև վերջին ժամանակները գտնված հայ ճորտերի մեծ մասն այս տեսակ հանգամանքների զոհ պետք է համարել։
  104. Վրաստան գաղթեցին գլխավորապես Գյուլիստան և Վարանդա գավառների ժողովուրդը, այսինքն՝ Մելիք-Բեգլարյանների և Մելիք-Շահնազարյաններոի հպատակները։ Մելիք-Մեջլումի հպատակները (որը արդեն մեռած էր) մնացին Գանձակի գավառում Ջավադ-խանի հովանավորության ներքո։ Իսկ Խաչենի և Տիզակի ժողովուրդը մասամբ մնացին իրանց տեղերում, մասամբ գաղթեցին ուրիշ երկրներ և մասամբ եկան Վրաստան, խառնվեցան վերոհիշյալ երկու մելիքների ժողովրդի հետ։
  105. Մելիք-Ֆրեյդունը Մելիք-Աբովի եղբոր՝ Մելիք-Բեգլար II որդին էր (տե՛ս գլ. XVI)։
  106. Մելիքների սվիտայի մեջ գտնվում էր և պատանի Ռոստոմը, որը Մելիք-Շահնազարի ջորեպանի որդին էր։ Նրա հորը կոչում էին Մեհրաբենց Գյուքի։ Դեռ 14 տարեկան հասակում Ռոստոմը Ղարաբաղից փախչելով գնաց Աստրախան, այնտեղ մի պոլկովոյ մարկիտանտի մոտ աշակերտ դարձավ։ Այդ պարապմունքը միջոց տվեց նրան սովորելու ռուսաց լեզուն։ Երբ մելիքները Աստրախանից անցնում էին Ս. Պետերբուրգ գնալու, պատանի Ռոստոմը խառնվեցավ նրանց սվիտայի հետ, որը բավական բազմաթիվ էր։ Նրան վեր առին, մտածելով, թե ճանապարհին հարկավոր կլինի, որպես ռուսաց լեզվի թարգման։ Ս. Պետերբուրգը այն աստիճան գրավեց պատանի Ռոստոմին, որ նա այլևս վերադառնալ չցանկացավ։ Մելիք-Ջումշուդը իր հոր ջորեպանի որդուն ազնվականության թուղթ շնորհեց, և նրա խնդրելով պատանի Ռոստոմը մտավ զինվորական դպրոց։ Եվ այդ պատանին էր, որ վերջը դարձավ հռչակավոր իշխան գեներալ Մադաթովը, որը այնքան նշանավոր գործեր կատարեց, ռուսաց, տաճկական, ֆրանսիական և պարսկական արշավանքների ժամանակ։
  107. Իշխան Գիորգիի հարաբերությունների Էջմիածնի հետ լարված լինելու պատճառները, թեև ինքնըստինքյան շատ հասարակ բաներ էին, բայց կրոնականն կետից նայելով, մեծ նշանակություն ունեին։ Ղարաբաղում ժանտախտ հայտնվելու ժամանակ, ժողովուրդը տեղափոխվեցավ Վրաստան, այդ սարսափելի ախտը տարավ իր հետ։ Այդ ժամանակ վրաց Գիորգի իշխանը դիմեց Էջմիածին, խնդրելով Ղուկաս կաթողիկոսից, որ ուղարկեն Թիֆլիս Գեղարդը, որը Էջմիածնի հրաշագործ սրբություններից մեկն է և հռչակված է որպես փարատող վարակիչ հիվանդությունների։ Ղուկաս կաթողիկոսը չկատարեց իշխանի խնդիրքը, նախ այն պատճառով, որ ժանտախտը Վաղարշապատում էլ հայտնվել էր և սուրբ Գեղարդի օգնությանը իրանք ավելի կարոտություն ունեին, իսկ երկրորդ պատճառն այն էր, որ վստահություն չուներ վրաց իշխանի վրա, թե կարող էր հիշյալ սրբությունը Վրաստանից կրկին հետ ստանալ։
    Երբ Գիորգին սկսեց ավելի և ավելի թախանձել, կաթողիկոսը ստիպված եղավ հիշյալ «գեղարդակիր» Հովհաննես արքեպիսկոպոսի ձեռքով ուղարկել։ Բայց սրբությունը Թիֆլիս հասնելուց և հանդիսավոր թափորներ կատարելուց հետո կալանավորվեցավ։ Էջմիածնից քանիցս անգամ խնդրեցին հետ ուղարկել, բայց վրաց իշխանը, միշտ զանազան պատճառներ բերելով, խաբում էր։ Վերջը Հովհաննես արքեպիսկոպոսը Մելիք-Աբովի օգնությամբ մի գիշեր վեր առեց սրբությունը և մի քանի ձիավորների հետ ծածուկ փախավ Էջմիածին։ Գուցե այդ դեպքի պատճառով նա ստացավ «գեղարդակիր» մականունը։
  108. Մեզ հայտնի չէ Հովհաննես վարդապետի ով լինելը, կամ ինչո՞ւ էր կրում նա «շահագեդան» մականունը, որ նշանակում է շահի մոտ գնացող։ Միայն այսքանը հայտնի է, որ նա Եփրեմ կաթողիկոսի ժամանակներում Էջմիածնում դեր խաղացող միաբաններից մեկն էր։
  109. Համարյա այդ ժամանակից սկսվեցան Դավթի և Դանիելի կռիվները, որոնք Էջմիածնի վերջին կաթողիկոսների պատմության մեջ խիստ տխուր, միևնույն ժամանակ բավական ընդարձակ տեղ են բռնում։
  110. Գիորգին վախճանվեցավ 1800 թ. դեկտեմբեր ամսում։
  111. Այդ ժամանակ տեղի ունեցավ Ավարիայի Օմար-խանի երկրորդ արշավանքը Վրաստանի վրա։
  112. Այդ բողոքներից ամենանշանավորը և ամենահաստատամիտն էր հանգուցյալ Գիորգիի եղբայր Ալեքսանդրը։— Արքայազն Ալեքսանդրի կյանքի հանգամանքներին լինելով լավատեղյակ՝ Րաֆֆին դեռևս 1872 թվականին հոդված է գրել նրա մասին ու հրատարակել «Մշակ» լրագրում, (տե՛ս նաև Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հ. 9, Ե., 1958, էջ 82)։— Խմբ.
  113. 500 թումանը մոտավորապես հավասար է 1500 ռուբլու։ Եթե յուրաքանչյուր բեռնից ստացվում էր 1 ռուբլ., այդ հաշվով ամբողջ տարվա մեջ Վրաստան մտնող և դուրս եկող մթերքների քանակությունը պետք է համարել 1500 բեռ։ Դա ցույց է տալիս երկրի այն ժամանակվա վաճառականության ամենաստոր աստիճանի վրա կանգնած լինելը։
  114. Այդ հերոսը երեք ամիս բանտարկված մնաց Թավրզում։ Միևնույն բանտում կալանավորված էր այդ ժամանակ Էջմիածնի, ռուսաց կուսակից Դանիել կաթողիկոսը։— Լեոն հենվելով «Փորձում» հրատարակված վավերագրերի վրա, այն միտքն է հայտնում, որ Դանիել կաթողիկոսը բանտարկված է եղել ո՛չ թե Թավրիզի, այլ Մարաղայի բանտում (տե՛ս Լեո, «Վե՞պ, թե՞ պատմություն», Շուշի 1887, էջ 90—91)։— Խմբ.
  115. ...մարմինը թաղեցին իրենց եկեղեցու բակում գտնված գերեզմանատնում, և սովորեցրին իրենց զավակներին երգել մի երգ, որը ինքը երիտասարդը գրել էր բանտում եղած ժամանակ։— Րաֆֆու մեջ բերած Ռոստոմ բեկի՝ «Մունետիկն ի ձայն բարձր աղաղակե» սկսվածքով երգը առաջին անգամ տպագրվել է «Բազմավեպ» ամսագրում Գալուստ Շիրմազանյանի ուղարկած նյութերի հիման վրա (տե՛ս «Բազմավեպ» 1847, № 3, էջ 40)։ Այնահետև այս երգը տեղ է գտել նաև Ոսկան Հովհաննիսյանի «Նոր քնար Հայաստանի» երգարանում (տե՛ս Մոսկվա, 1858, տետրակ Դ, էջ 110—111)։ Ինչպես «Բազմավեպում», այնպես էլ «Նոր քնար Հայաստանի» երգարանում, այդ երգի հեղինակությունը, ի տարբերություն Րաֆֆու, վերագրված է Դանիել կաթողիկոսին. այն դեպքում, երբ նա բանտարկված լինելով Մարաղայի բանտում (տե՛ս նախորդ ծանոթագրությունը), չէր կարող տեղեկություն ունենալ երգում արծարծվող խնդիրների հետ։ Այս երգը «Տաղ ի Ռոստոմ-Բեգ» վերնագրով տեղ է գտել նաև Մ. Միանսարյան «Քնար Հայկական» ժողովածուի մեջ, սակայն առանց հեղինակության (տե՛ս Ս. Պետերբուրգ, 1868, էջ 505)։— Խմբ.
  116. Այդ նամակի հայերեն բնագիրը մեր ձեռքում չունենալով, թարգմանված է ռուսերենից, որ տպված էր պ. Երիցյանի «Кавказская старина» ամսագրի համար 2, դեկտեմբեր ամսի 1872 թվի տետրակում։
  117. Մելիք-Ֆրեյդունը Մելիք-Բեգլար II-ի որդին էր։
  118. Մելիք-Ֆրեյդունը թողեց վեց որդի՝ Մելիք-Հովսեփ, Շամիրխան, Դավիթ, որ տեղափոխվեցավ Հնդկաստան, Թալիշ, Թեյմուրազ և Բեգլար։
  119. Մելիք-Բեգլարյանների տոհմը Ղարաբաղի մյուս տիրապետող մելիքների մեջ կարելի է առաջինը համարել, որ կարողացավ պահպանել մինչև վերջին ժամանակները իր հայրենի ժառանգության եթե ոչ ամբողջը, այլ նրա մեծ մասը։ Այժմ Գյուլիստանի գավառում այդ տոհմի ներկայացուցիչների ձեռքում մնացել են 18 գյուղեր, որ գտնվում են ավելի քան հարյուր հազար դեսյատին հողի տարածության վրա։ Գյուղերը բոլորը հայաբնակ են, մեկը միայն բնակեցրած է մալականներով։
  120. Ժողովրդի ամենափոքր մասը միայն մնաց Վրաստանում, որը գաղթեց 1812 թվին դարձյալ դեպի Ղարաբաղ։
  121. Թեև մենք անդադար գործ ենք ածում Վրաստան բառը, բայց այն գավառները, որպես էին Բոլնիսը, Լոռին, Բորչալուն, որ տվել էին հայ գաղթականներին բնակության համար, իսկապես հայկական կավառներ էին։
  122. Նույն կոմս Մուսին-Պուշկինը իր 1802 ամի 9 սեպտեմբերի առաջադրությամբ խնդրեց թագավոր կայսրից պարգևատրել Մելիք-Ջումշուդին նրա ռուսաց կառավարությանը ցույց տված ծառայությունների համար ոսկյա թրով։ Իսկ իշ. Ցիցիանովը դրա հակառակ իր 1804 թվի 20 հունվարի զեկուցումով հաղորդեց, որ մի այդպիսի պարգևատրություն հայոց մելիքին կարող էր վիրավորել վրաց իշխաններին, և ամեն մի համեմատություն հայ իշխանների վրաց իշխանների հետ, վերջինների համար վիրավորական պետք է համարել։
    Իր 1804 30 դեկտեմբերի հաղորդագրության մեջ, ի թիվս այլոց, գրում է իշ. Ցիցիանովը թագավորին. «Իբրահիմ-խանը (Շուշի բերդի) ուներ մինչև 60 000 տուն միայն Ղարաբաղի հայեր, որոնք կառավարվում էին հինգ նշանավոր մելիքներով, որոնցից ոմանք, որպես ես մտածում եմ, հիմարաբար իրանց ծագումը դուրս են բերում հին Հայաստանի թագավորներից...»
  123. Իշխան Ցիցիանովի սպանման մանրամասները հայտնի են Անդրկովկասի պատմության մեջ, բայց մեզ, հայերիս համար, հետաքրքիր է այն, որ Բաքվի ամբողջ հայ հասարակությունը պետք է ռուսաց գլխավոր հրամանատարի վիճակին ենթարկվեր, եթե մի բարեսիրտ պարսիկ չազատեր նրանց։ Դեռ Ցիցիանովը Բաքվին չհասած, տեղային հայերը ցույց տվին ռուսներին սաստիկ համակրություն և աջակցություն այդ բերդը տիրելու համար։ Բացի դրանից, մի հայ, որ ավելի մոտ էր Հուսեին-Կուլի-խանին և տեղյակ նրա չար դիտավորություններին, իր գաղտնի նամակով առաջուց իմացում տվեց իշխանին, որ զգուշանա, որովհետև նրա դեմ դավադրություն կա։ Իշ. Ցիցիանովը նրա նախազգուշության վրա ուշադրություն չդարձրեց և պատժվեցավ։ Այնուհետև խանը կամեցավ պատժել Բաքվի ամբողջ հայ հասարակությանը, նրանց ռուսներին ցույց տված համակրության համար։ Նա խորհրդակցեց քաղաքի մահմեդականների նշանավորների հետ և ստացավ նրանց հավանությունը բոլոր հայերին կոտորելու։ Այդ մտքով խանը հրամայեց հայերին հավաքեցին եկեղեցիների մեջ։ Բայց մի պարսիկ հաջի, որը խոհեմ և բարեսիրտ մարդ էր, շտապում է խանի մոտ և, ցույց տալով նրա բարբարոսության վատ հետևանքները, կարողանում է ամոքել նրա բարկությունը և ազատում է հայերի կյանքը։ Այնուհետև Բաքվի հայերը միշտ մեծ հարգանքով և երախտագիտությամբ են վերաբերվել դեպի այդ մարդու տունը։
  124. Շոշի հայաբնակ գյուղը գտնվում էր մոտավորապես երեք վերստ հեռավորության վրա Շուշի բերդից։
  125. Իբրահիմ-խանի որդի Մեհտի-խանը հիվանդության պատճառով չկարողացավ հետևել հորը, մնաց Շուշի բերդում և այսպիսով ազատվեցավ կոտորածից։ Ռուսները հետո դրան նշանակեցին Իբրահիմ-խանի տեղը։
  126. Բաբա-խան կամ Բաբա-խան-շահ կոչում էին պարսից Ֆաթալի շահին։
  127. Ռուսները Ղարաբաղի մելիքների ջանքերով տիրելով Ղարաբաղին, նույն մելիքների վաղեմի թշնամի Իբրահիմ-խանին թողեցին որպես այդ երկրի գլխավոր կառավարիչ։ Իբրահիմ-խանը դավաճանեց ռուսներին և սպանվեցավ։ Նրա տեղը նշանակեցին դավաճանի մեծ որդի Մեհտի-խանին, ավելի ընդարձակ իրավունքներով. դա ևս ավելի մեծ դավաճանություն գործեց. 1822 թվին Ղարաբաղից փախավ Պարսկաստան և, պարսից զորքերի հետ վերադառնալով, սկսեց պատերազմել ռուսների հետ։ Անհասկանալի է, թե նույն ժամանակվա ռուսաց պաշտոնակալները ի՞նչ էին գտնում այդ նենգավոր խաների մեջ, որ նրանց գերադասում էին հայոց մելիքներից, որոնք ամենայն զոհաբերությամբ անձնատուր էին եղած Ռուսաստանին։
  128. Թե այս նամակը և թե հետևյալը, որից քաղվածքներ ենք անում, թարգմանված են պ. Երիցյանի («Кавказская старина» ամսագրի № 2, 1872 թվի տետրակից։
  129. Այդ նամակին ստորագրել են 1. Վարանդայի տիրապետող պոդպոլկովնիկ Մելիք-Ջումշուդ Մելիք-Շահնազարյան։ 2. Ջրաբերդի տիրապետող Մելիք-Արամ Մելիք-Մեջլումյան։ 3. Գյուլիստանի տիրապետող Մելիք-Բաղիր (հանգուցյալ Մելիք-Ֆրեյդունի եղբայրը) և Մելիք-Աբով Մելիք-Բեգլարյան։ 4. Խաչենի տիրապետող Մելիք-Ալլահվերդի Մելիք-Միրզախանյան։ 5. Տիզակի տիրապետող Մելիք-Ղահրաման Մելիք-Ավանյան։
  130. Այդ տեր-Հարությունը Աստվածատուր քահանայի որդին էր և նշանավոր Դալի-Մահրասայի (Ավագ վարդապետի) տոհմիցն էր, Ջրաբերդի Մեծ-շեն կոչված գյուղից, ուր մինչև այսօր ապրում են Դալի-Մահրասայի ժառանգները և հայտնի են իրանց քաջությամբ։
  131. Սուլթանի տափը գտնվում է Մարդակերտ գյուղի մոտ, Թարթար գետի աջ ափի մոտ։
  132. Մելիք-Ռուստամի և նրա քաջ նիզակակից տեր-Հարություն քահանայի շիրիմները կից են, դրած են միմյանց մոտ. երկուսի տապանաքարերն ևս կրում են միևնույն թվականը՝ հայոց ՌՄԽԸ (1799)։
  133. Մելիքի մահից չորս ամիս հետո նրա կին Վարթ-խաթունը ծնեց Բալա-բեկին։
  134. Շահբուլաղի բերդը մի ամայի բերդ էր այդ ժամանակ, կառուցած Թառնագյուրտի (Տիգրանակերտի) հին ավերակների վրա։ Այդ բերդը շատ մոտ է Շուշի բերդին։
  135. Մելիք-Ալահվերդի II մնացին երեք որդիներ՝ Միսայել-բեկ, Ղահրաման-բեկ և Մեջլում-բեկ։
  136. Այդ ժամանակն էր, որ Մելիք-Րովշանը, ուտեստի պաշար հասցնելով, ազատեց նրանց սովամահ լինելուց, իսկ Մելիք-Ջումշուդը, Շուշի բերդից իր ձիավորների խումբով վրա հասնելով, ազատեց նրանց իսպառ կոտորվելուց։
  137. Ջաֆար-Ղուլի-խանը Մամադ-Հասան-աղայի որդին էր, իսկ այդ վերջինը Շուշի բերդի Իբրահիմ-խանի որդին էր։
  138. Մելիք-Վանին թողեց չորս որդի՝ Հովսեփ-բեկ, Սարգիս-բեկ, Աթաբեկ (պոլկովնիկ) և Միքայել-բեկ։ Իսկ Մելիք-Վանիի եղբայր Հակոբ-յուզբաշին ուներ մի որդի միայն՝ Ասլան-բեկը, դրանից ծնվեցան՝ Ներսես-բեկ, Մովսես-բեկ և Նիկոլա-բեկ։
  139. Բաղդասար վարդապետի հետ Ղարաբաղ գնաց Սարգիս կաթողիկոսի մյուս եղբոր (Գաբրիել-բեկի) որդի Մելիք-Գրիգորը։ Այս ծանոթության մեջ հարկավոր ենք համարում նկատել և այն, որ Սարգիս կաթողիկոսի ազգականների թվում Վրաստանում գտնվում էր և նրա եղբայր Ալլահ-Ղուլի-բեկը։ Այդ դավաճանը նույն անձնավորությունն է, որ Իբրահիմ-խանի մոտ մատնեց Ղարաբաղի մելիքներին, նրանց ռուսաց կառավարության հետ ունեցած գաղտնի հարաբերությունների համար (տես գլ. XX)։ Վրաստանում նա մի ժամանակ անպատիվ կերպով թափառում էր, մինչև Ղարաբաղի մելիքները վրեժխնդիր եղան նրանից և գլուխը կտրելով մարմինը անհետացրին...
  140. Մելիք-Հովսեփ II հանգուցյալ Մելիք-Ֆրեյդունի երեց որդին էր։
  141. Բաղդասար միտրոպոլիտի զվարճախոսությունները, նրա կյանքից ստեղծված անեկդոտներ, Ղարաբաղի հայ հասարակության մեջ նույն ժողովրդականությունն են ստացել, որպես Մոլլա-Նասրատտինի առակները։
  142. Այդ Հովսեփ վարդապետը, որ բազմաթիվ հասցրած աշակերտներ և մինչև այսօր լավ անուն է թողել Ղարաբաղում, որպես հետո իմացվեցավ, նա իսկապես եպիսկոպոս է եղել, բայց իր բարձր աստիճանը թաքցնելով, պարապվում էր մանկավարժությամբ իբրև մի հասարակ վարդապետ։
  143. Խոթա կամ Խութա վանքը գտնվում է վերին Խաչենի մեջ, Թարթար գետի ափի մոտ։ 1214 թվին իր սեփական ծախքով այդ վանքը հիմնեց իշխանուհի Արզում խաթունը Թադեոս առաքյալի անունով։ Չնայելով, որ մի ամենահարուստ լորդի չափ կալվածքներ ունի այդ վանքը, բայց, այսօր, մեր ծույլ եկեղեցականների անհոգությունից, նա գտնվում է բոլորովին ամայի դրության մեջ և ծառայում է խաշնարած թուրքերի համար որպես գոմանոց։
  144. Մեր 1881 թվի Սյունյաց աշխարհի ճանապարհորդության մեջ, որը դեռևս ի լույս ընծայված չէ, մի օր կկարդան Ղարաբաղի վանքապատկան կալվածների թշվառ դրության նկարագիրները ընդհանրապես, իսկ Խոթա վանքի կալվածների բարբարոսաբար վատնումը՝ մասնավորապես։ Իսկ առայժմ այսքան կասենք, որ Բաղդասար միտրոպոլիտի վախճանվելուց հետո, Էջմիածնի բարձր հոգևոր իշխանության անհոգությունից, և Ղարաբաղի թեմական առաջնորդների մի քանիսի կաշառակերությունից, Խոթա վանքի կալվածների մի մասը դարձյալ անցավ Մեհտի-խանի Խուրշիտ անունով դստեր ձեռքը։ Մի մասին տիրեց գեներալ Հասան-բեկ Աղալարովը, մի մասը անցավ ուրիշ բեկերի ձեռքը, մի մասը ևս անտեր, անխնամ մնալով, տիրեցին կամ մասնավոր անձինք, և կամ արքունի գանձարանը։ Այժմ զուտ անվիճելի կալվածքը Խոթա վանքի տիրապետության ներքո մնացել է մոտ 100000 դեսյատին, իսկ մնացյալ կեսը վիճելի է, և այդ մի քանի տարի է, որ հոգ[ևոր] կառավարությունը սկսել է նորից դատ վարել, գուցե հետ դարձնե իր կորուստը։
  145. 1872 թվին Սարգիս արքեպիսկոպոս Հասան Ջալալյանը ավարտեց դպրոցի շենքը և առաջնորդարանի շինությունը ավելի ընդարձակեց։ Այն օրից այդ տան մեջ զետեղվեցան Շուշիի թեմական դպրոցը, առաջնորդարանը և կոնսիստորիան։
  146. Աղ-օղլան նշանակում է սպիտակ տղա։ Ամարասա վանքում ամփոփված էր Լուսավորչի թոռ Գրիգորիսի մարմինը, որը իր մանկության հասակում կաթողիկոս ձեռնադրվեցավ։ Երևի, հենց դրա համար էլ այլազգիք նրան կոչեցին «սպիտակ տղա»։
  147. Այդ հարուստ գրադարանը այժմ համարյա բոլորովին կողոպտված է. բազմաթիվ գրչագիր մատյանները այս և այն անձանց ձեռքն են անցել, մենք գտանք այնտեղ մի գրչագիր Աղվանից պատմության միայն, որի կես մասը կտրած էին։
  148. Գերեզմանը կրում է հետևյալ տապանագիրը.
    «Այս է տապան միտրոպօլիտին՝ Բաղդասարայ մեծի Արհին, կայսերապսակ հովուապետին, տանս Աղուանից հայոց ազգին։ Յազգէ Ջալալ մեծ իշխանին, տեառն Արցախական աշխարհին։ Թուին ՌՅԳ. 1854, յուլիս 9։»
  149. Զեյվա բերդը Մելիք-Բեգլարյանների բերդն է։
  150. Գյուղատերություն ասելով պետք է հասկանանք մշակության բերքից մի որոշ մասը ստանալու իրավունքը։
  151. Պատմում են, որ խանի փախուստը այն աստիճան շտապով կատարվեցավ, որ կնիքը մոռացությամբ թողեց իր քարտուղար Միրզա-Ջամալի մոտ. և խանի բացակայությունից հետո այդ կնիքը երկար ժամանակ գործ էր ածվում...
  152. Ամիր-խան-սարդարը Աբաս-Սիրզայի հոր՝ Ֆաթալի շահի փեսան էր։
  153. «Жизнь генерал-лейтенанта князя Мадатова». Издание второе. Санкт-Петербург, 1863. Երես 115—116.
  154. Պոլկովնիկ Րեուտի առաջարկությամբ ռուսաց կառավարությունը նշանակեց այդ կնոջ համար ցմահ պենսիս։
  155. Աբաս-Միրզայի Նազար-Ալի-խան անունով զորապետը, 1 500 մարաղեցի սարվազներով թողված էր Գանձակի բերդի պահպանության համար։ Այդ գազանը, պատրաստվել էր կոտորել տալ տեղային հայերին, բայց հենց որ լսեց իշ. Մադաթովի Շամքորի հաղթությունը, շտապով թողեց Գանձակը և փախավ։
  156. Պարսիկները տեղային մահմեդականներին հուզելու համար գործ էին դնում ամեն միջոցներ։ Պարսկաստանի նշանավոր հոգևորականներից մեկը, որը իրան կոչում էր Իմամ Հուսեին, հավատացնում էր տեղային մահմեդականներին, որ իր աղոթքների զորությամբ ռուսների գնդակները չեն կարող վնասել նրանց։ Իշ. Մադաթովը բռնել տվեց այդ երևելի ֆանատիկոսին և հրամայեց խեղդել։
  157. «Жизнь генерал-лейтенанта князя Мадатова». Издание второе. Санкт-Петербург, 1863. Երես 116.
  158. Այդ ժամանակ Ատրապատականի հայոց հոգևոր կառավարության առաջնորդաբանը գտնվում էր Սալմաստ գավառի Հավթևան գյուղում, և կալվածները այդ գյուղի հողերիցն էին, որոնք հետզհետե վաճառվեցան հետագա թեմական առաջնորդների ագահությամբ...
  159. Ատրպաաականում երեք նշանավոր վանքեր կան, Նախավկայի վանքը, որ գտնվում է Երասխի ափի մոտ, Հին-Ջուղայից ոչ այնքան հեռու, Թադեոս առաքյալի վանքը Մագուի գավառում և Բարդուղիմեոս առաքյալի վանքը Հաղբակի գավառում։ Այդ վանքերը դեռ պահպանում են Աբաս-Միրզայի շնորհած կալվածները, բայց հոգ. իշխանության անհոգությունից խիստ ողորմելի դրության մեջ։
  160. Նրա անկեղծությանը կարող է ապացույց լինել այն, որ 1827 և 1828 թվերում Պարսկաստանի հայոց դեպի Անդրկովկաս գաղթականության ժամանակ, որքան աշխատեց նա, որ հայերը չգաղթեն։ Բայց ռուսաց սվինները, Ներսեսը և Լազարյանը, նրա բոլոր ջանքերը թողեցին ապարդյուն և ավելի քան 40 հազար հայեր գաղթեցին դեպի Արարատյան նահանգը և այլ տեղեր։
  161. Պարսկաստանում այդ ժամանակներում ծաղկած հայ ավագների պատմությունը առանձին գրքի կարոտ է. մենք կհիշենք նրանց անունները միայն. 1. Յուսուֆ-խան սփանդիար (մարզպան) Արաղստանի։ 2. Մյուս Յուսուֆ-խան թոփչի-բաշի (թնդանոթաձիգների գլխավոր)։ 3. Մուսա-բեկ թոփչի-բաշի։ 4. Աղա Յաղուբ ներքինապետ շահի։ 5. Աղա-Իբրահիմ ղարաբաղցի, ազդեցության տեր ներքինի Ֆաթալի-շահի կանանոցում։ 6. Մյուս Աղա-Յաղուբ երևանցի, ներքինի և մատակարար Ֆաթալի-շահի կանանոցում։ 7. Բժշկապետ Դավիթ-խան Մկրտչյան նոր ջուղայեցի, Ֆաթալի-շահի և Մահմեդ-շահի ժամանակներում բարձր Դռան բժիշկ։ 8. Խուդադատ-խան սալմաստնցի, կառավարիչ Ատրպատականի զանազան գավառների։ 9. Դավիթ-խան ասպետ և Միրզա-Յուսուֆ-խան Մելիք-Շահնազարյան դը-Շապուր, առաջինն էր թարգման Ֆաթալի-շահի մոտ և իբրև Պարսկաստանի լիազոր դեսպան ուղարկվեցավ Նապոլեոն I մոտ, երկրորդը առաջինի հորեղբոր որդին էր, Պարսկաստանից դժգոհ լինելով, եկավ Թիֆլիս. հետո գնաց Ս. Պետերբուրգ, այնտեղ վախճանվեցավ։ 10. Զոհրաբ-խան խազնադար-շահրիար, այսինքն՝ արքունի գանձապետ, դա Ֆաթալի-շահի գանձապետը և նրա փեսան էր։ 11. Մյուս Զոհրաբ-խան Վարդանյանց՝ արքունի գանձապետ էր Սպահանում։ 12. Աղա-Բահրամ ներքինի, ամիր-դիվանխանե, այսինքն՝ պետական դիվանի գլխավորը։ 13. Զոհրաբ-խան ղուլամ-փիշխդմաթ-բաշի, շահի արքունիքի սենեկապետների գլխավորը։ 14. Յուսուֆ-խան ամիր թոփխանե՝ պարսից արտիլերիայի գլխավոր, Թիֆլիսեցի, բաղկալ Գելոենց տնից։ 15. Զոհրաբ-խան ամիր-թոփխանե։ 16. Սպանդիար-խան իշխանազն Ամատունի. թիֆլիսեցի, ղուլամ-փիշ-խդմեթ, շահի սենեկապետ։ 17. Բեժան-խան զորապետ։ 18. Ալլահվերդի-բեկ ղարաբաղցի, Մահմեդ-շահի մոհրդարը՝ այսինքն՝ կնքապահն էր. նրա եղբայրները՝ Մեհտի-խան սարհանդը Բհադրան կոչված գունդի զորապետն էր, իսկ Ըրզա-Կուլի-խանը շահի փիշ-խդմեթ (սենեկապետ) էր։ 19. Աղաջան-խան սարհանգ (գնդաետ)։ 20. Ոսկան Սամուրի սպահանցի, Ֆաթալի-շահի վաճառականը։ 21. Մահտեսի Հովհաննես Ղազարյան թավրիզեցի՝ Աբաս-Միրզայի վաճառականը, դա ազատեց Դանիել կաթողիկոսին բանտարկությունից։ 22. Մանուչար-խան, որ կրում էր մոհթամեդ-ուդ-դովլե տիտղոսը, նշանակում է նեցուկ պետության։ Դա Էնիկոլոփյանների տնիցն էր, Պարսկաստանում այն աստիճան բարձրացավ, որ մի ժամանակ վարում էր հետևյալ նահանգների փոխարքայության պաշտոնը՝ Ռաշտի, Սպահանի, Լոռիստանի, Բակտրիայի, Շուշտերի և Դասֆիչի։ 23. Խոսրով-խան վալի (տիրապետող իշխան), թիֆլիսեցի էր, Կայթիմաղյանց տոհմից, չափազանց ուժեղ լինելու պատճառով կոչվում էր և Խոսրով-խան շիր (առյուծ)։ 24. Յաղուբ-խան սուլթան (զորապետ)։ 25. Սեթի-խան բուշեռցի, սկզբում ծառայում էր անգլիական դեսպանատանը, հետո պարսից ծառայության մեջ մտավ, դրա որդի Ծատուր-խան սուրհանդը (գնդապետ) այժմ Թավրիզի արտուքին գործոց նախարարի պաշտոնեության առաջին թարգմանն է։ 26. Դավութ-խան կամ Ժան-Դավութ-խան զմյուռնացի, ներկա շահի առաջին թարգմանն էր։ 27. Թադեոս-խան կամ Թուրաբ-խան թավրիզեցի, ջավահիրջի-բաշի, Բ. Դռան ակնագործների (յուվելիրների) գլխավորը։ 28. Կուլամ-Հուսեին-խան սըփանդիար (մարզպան) Արաղստանի, Յուսուֆ-խան սըփանդիարի որդին։ 29. Իսմայիլ-խան Մելիք-Մինասյան թավրիզեցի, ջվահիրջի-բաշի (Բ. Դռան ակնագործների գլխավոր)։ 30. Միրզա-Ֆարրուխ Ամիրխանյանց, ղարաբաղցի, նախ ֆաթալի-խանի մոտ, իսկ հետո Մամմեդ-շահի մոտ քարտուղարի պաշտոն էր կատարում (որդին այժմ հայ-բողոքականների քարոզիչ է Թիֆլիսում։ 31. Միրզա-Ռոստոմ Էնիկալոփյանց։ 32. Աղալար-խան Էնիկոլոփյանց, թե առաջինը և թե երկրորդը ծառայում էին Աբաս-Միրզայի մոտ։ 33. Միրզա-Գյուրգեն-խան Էնիկոլոփյանց, կուլամփիշ-խդմաթ (սենեկապետ) Աաբաս-Միրզայի մոտ։ 34. Յուսուֆ-բեկ Էնիկոլոփյանց, թիկնապահ Աբաս-Միրզայի։ 35. Սուլեյման-խան Էնիկոլոփյանց. իբրև երևելի զորավար, դա այն աստիճան բարձրացավ Պարսկաստանում, որ կառավարությունը նրան շնորհեց սամը-դովլե տիտղոսը, որ նշանակում է սուր պետության։ Երկար ժամանակ վարեց Շիրազի, Բակտրիայի, Լոռիստանի, Շուշտերի և Դասֆիջի փոխարքայության բարձր պաշտոնը։ Դրա որդիներից մեկը, գեներալ Նարիման-խանը, այժմ պարսից Վիեննայի դեսպանն է, իսկ մյուսը՝ գեներալ Ջհանգիր-խանը այժմյան շահի աջուդան-բաշին (ադյուտանտների գլխավորը) միևնույն ժամանակ ամբողջ Պարսկաստանի արտիլերիայի գլխավորն է։ 36. Դավութ-խան սարթիփ (գեներալ) և Զալ-խան սարհանգ (գնդապետ) Սագինյանց, քաջ և նշանավոր զինվորականներ էին։ 37. Ավագ-խան Մելիք-Մեհրաբյանց, հին-նախիջևանցի, ծառայում էր Թավրիզի ռուսաց հյուպատոսարանում, միևնույն ժամանակ տեղային ռուսահպատակ վաճառականների թաջիր-բաշին, այսինքն՝ առևտրական դիվանի գլխավորն էր. իր կատարած նշանավոր գործերով նա մեծ հարգանք և հռչակ ստացավ Պարսկաստանում, և թողեց անմոռանալի հիշատակ տեղային քրիստոնյաների մեջ, երկու անգամ ազատելով Թավրիզի հայերին մոլեռանդությունից կատաղած մահմեդականների սարսափելի կոտորածից։ Դրա որդին՝ Սուլեյման-խանը, այժմ Թիֆլիսում արևելյան լեզուների գլխավոր ցենզորի պաշտոն է վարում։ 38. Միրզա-Յուսուֆ Ներսիսյանց ղարաբաղցի, քարտուղար շահի դիվանում (դա Մոսկվայի պրոֆեսոր Ներսեսյանի հայրն էր)։ 39. Ասրի-բեկ Բըհատուրյանց, Աբաս-Միրզայի մոտ թիկնապահի պաշտոն էր կատարում, դա միևնույն անձնավորությունն էր, որ թողեց պարսից ծառայությունը և եկավ իշխան Մադաթովի մոտ։
    Բացի զինվորական, քաղաքական, դիվանագիտական ասպարեզներից, բացի շահի Բարձր Դռան մոտ զանազան նշանավոր պաշտոններ վարելուց, հայերը երևելի գտնվեցան և պարսից հոգևորական դասակարգի մեջ, իհարկե, կրոնափոխ լինելուց հետո։ Դրանցից կհիշենք Մոլլա-բաշի (մոլլաների գլխավոր) Միզա-Աբասի անունը և Հաջի-Մոլլա-Քարիմ Տեր-Գրիգորյանի անունը, որի եղբոր թոռը այժմ Թիֆլիuու Մողնու եկեղեցում քահանա է։
    Ավելորդ չենք համարում նկատել, որ վերոհիշյալ անձնավորություններից, ոմանք Աղա-Մամադ-խանի Թիֆլիսից և Անդրկովկասից այդ տեղերից տարած, (1795) և ոմանք Աբաս-Միրզայի իշխան Ցիցիանովի հետ ունեցած կռվի ժամանակ (1804) Աբարանից տարած գերիներից են, որոնք իրանց բնական ձիրքերով Պարսկաստանում այնքան առաջ գնացին, որ բարձր պաշտոնների հասան։ Անունների պարսկական ձևով փոփոխությունը թող չսխալեցնե ընթերցողին, իբր թե դրանք մահմեդականներ եղած լինեն, ընդհակառակը, միայն մի քանիսի բացառությամբ, մնացած պահպանեցին իրանց հայությունը և քրիստոնեական կրոնը։
  162. Հետո հանգուցյալի ամուսնի խնդրելով, բարձրագույն հրամանով մարմինը բերվեցավ Ռուսաստան և դրվեցավ Ալեքսանդրա-Նևյան մենաստանի մեջ (Александро-Невская Лавра)։
  163. «Жизнь генерал-лейтенанта князя Мадатова». Издание второе. Санкт-Петербург, 1863 г. Երես 188—191.
  164. Դեռ 1881 թվի հուլիս ամսում, նախքան իմ ճանապարհորդությունը դեպի Սյունյաց աշխարհ, «Մշակի» համարներից մեկում ես տպեցի մի հոդված։— Խոսքը «Մշակի» հուլիսի 17-ի 131-րդ համարում տպագրված «Իմ ընթերցողներին» վերնագրով հոդվածի մասին է (տե՛ս Րաֆֆի, «Երկերի ժողովածու», հ. 10, Ե., 1959, էջ 41)։— Խմբ.
  165. Այդ ավետարանը մի ժամանակ գերի ընկած լինելով Պարսկաստան, Մելիք-Աթամ մեծը թափել է գերությունից և գրել է տվել նրա վերջին թերթերի վրա իր տոհմի հիշատակարանը։ Այդ գիրքը հայկական արհեստի ամենագեղեցիկ գործերից մեկը կարելի է համարել, արծաթե կազմը այնպիսի հրաշալի քանդակներ ունի, մագաղաթը այնքան նուրբ է, պատկերները այնքան կենդանի են և գրիչը այնքան կանոնավոր է, որ կարող է ամենանշանավոր թանգարանի զարդը լինել։
  166. Գետաշեն գյուղի եկեղեցում գտա մի գեղեցիկ գրչագիր Ավետարան։— Այդ Ավետարանը այժմ «Հաղբատի Ավետարան» անվան տակ պահվում է Մաշտոցի անվան մատենադարանում, 6288 համարի տակ։— Խմբ.
  167. Այստեղ ինձ հաջողվեցավ ձեռք բերել երկու բավական հաստ հատորների մեջ ամփոփված զանազան պատմական գրվածքներ։— Խոսքը Գտիչ վանքի վանահայր Առաքել վարդապետ Կոստանյանցի երկու հատորանոց ձեռագիր աշխատության մասին է, որը այժմ պահվում է Մաշտոցի անվան մատենադարանում 7822 և 7823 համարների տակ։—Խմբ.
  168. Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցի «Պատմություն աշխարհի Աղվանից» կոչված անվանից գրքույկը։— Այս ձեռագիրը «Աղվանք» վերնագրով այժմ պահվում է Մաշտոցի անվան մատենադարանում, 2622 համարի տակ գրանցված ժողովածուի մեջ, տե՛ս էջ 304—311։—Խմբ.
  169. Այդ գրքույկը ես ստացա պոլկովնիկ Հ. Դ. Լազարովից։— Հակոբ Դավթի Լազարյան (1824—1902) ծնվել է Շուշի քաղաքում։ Ավարտել է կադետական կորպուսը, ապա ծառայել է ռուսական բանակի կովկասյան զորամասերում։ Եղել է Րաֆֆու մտերիմ բարեկամը։ 1880 թվականին մասնակցել է Թիֆլիսում Գ. Արծրունու ղեկավարած հայդուկային շարժումը կազմակերպող խմբակի գործունեությանը (փե՛ս Խ. Սամվելյան, «Րաֆֆի, կյանքի ստեղծագործական ուղին», Ե., 1987, էջ 288—289)։
    Զինվորական ծառայությունից հանգստի կոչվելով Լազարևը, ըստ Րաֆֆու վկայության, «Ամբողջ 20 տարի ուսումնասիրել է կովկասյան ցեղերի հին ու նոր պատմությունը»։ Մեծ քանակությամբ փաստական նյութեր է հավաքել 1877—97 թթ. Վասպուրականում տեղի ունեցած անցքերի և հայ մելիքության պատմության վերաբերյալ։ «Խամսայի մելիքությունները» գրելու ժամանակ Րաֆֆին առատորեն օգտվել է նրա ձեռագիր աշխատություններից ու հավաքած նյութերից։ Հ. Դ. Լազարևի հավաքած նյութերից օգտվել է նաև ռուս պատմաբան Վ. Պոտտոն՝ ինչպես գեներալ Հովհաննես Լազարյանի մասին գրած մենագրության, այնպես էլ «Ղարաբաղի առաջին կամավորները» գրքույկի առիթով (տե՛ս Վ. Պոտտո «Ղարաբաղի առաջին կամավորները», Երևանի պետական համալսարանի հրատ., Ե. 1974, էջ 9)։
    Նրա հրատարակած գործերից արժանի են հիշատակության.
    1 Появление османских турок в Малой Азии и завоевание ими Костантинополя, Թիֆլիս 1881, 16 էջ։
    2 Причины бедствий армян в Турции и ответственность за разорении Сасуна, Թիֆլիս, 1881, 46 էջ։—Խմբ.
  170. ...ռուսաց պատմագիրների՝ Սոլովևի, Բուդկովի, Դուբրովինի, Հ. Արարատսկիի։
    Սոլովև Սերգեյ Միխայելովիչ (1822—1879), ռուս պատմաբան, կովկասագետ։
    Բուտկով Պյոտր Գրիգորևիչ (1775—1857), ռուս պատմաբան, կովկասագետ։
    Դուբրովին Նիկոլայ Ֆեոդորովիչ (1837—1904), ռուս պատմաբան, կովկասագետ։
    Արարատյան Հարություն Արտեմի (1774—1831), հասարակական-քաղաքական գործիչ։ Ծնվել է Վաղարշապատում, նախնական կրթությունը ստանալուց հետո աշխատել է վանքի տպարանում։ 1797 թվականին մեկնել է Պետերբուրգ, ապա նաև արտասահման։ Մտերմական կապերի մեջ է եղել Լազարյանների, Աբամելիքի, Մադաթովի ու Ներսես Աշտարակեցու հետ, ծառայել է Զուբովի բանակում։
    1813 թվականին տպագրել է «Жизнь Артемия Араратского» վերնագրով գիրքը, որը փաստական հարուստ տեղեկություններ է պարունակում Կովկասի պատմության վերաբերյալ։ Այս գիրքը հրատարակվել է նաև գերմաներեն (1821) և անգլերեն (1822)։ Արարատյանի հուշերի համառոտած տարբերակը Պ. Պռոշյանի թարգմանությամբ տպագրվել է Թիֆլիսում (1892 թ.)։— Խմբ.
  171. Շահ-Աբաս մեծի Մելիք-Հայկազին շնորհած մի ֆիրմանի մեջ տալիս է նրա սադրնիշին տիտղոսը, որ նշանակում է թագավորի մոտ առաջին տեղում նստող, գահերեց։
  172. ...Սանահնի վանքի գրադարանի մոտ 100 նշանավոր մատյանների թվում...— Ըստ «Մեղու Հայաստանի» լրագրում տպագրված ցուցակի (տե՛ս 1858, ապրիլ 12, № 15) այդ գրչագրերի քանակը հավասար է 119 միավորի։ Այդ ամենից Էջմիածնի ձեռագրատան միջոցով Մաշտոցի անվան մատենադարան է հասել ընդամենը 81 միավոր գրչագիր, որոնք պահվում են Գևորգյան հավաքածուի մեջ (տե՛ս «Ցուցակ ձեռագրոց», հ. Ա, Ե., 1965, էջ 54)։— Խմբ.
  173. ...Մխիթարյան Աբել վարդապետի (հետո եպիսկոպոս) 11 զանազան անտիպ աշխատությունների ցուցակը, որոնց թվում գտնվում էր «Պատմություն Հայոց ի 1761 թվականե ց 1857, շարունակութիւն Չամչյան պատմութեան»։— Այս ձեռագրի ճակատագիրը շատ է զբաղեցրել Րաֆֆուն։ Ներսես Աբելյանին ուղղված 1884 թվականի 12 մարտի նամակում նա գրում է. «Այս եպիսկոպոսը (խոսքը Աբել Մխիթարյանի մասին է, Խ. Ս.) մի պատմություն ուներ գրած, որ բովանդակում էր իր մեջ Էջմիածնի վերջին ժամանակների անցքերը ու հասցրած էր մինչև Գևորգի օրերը։ Պարսկաստանում, մեր տանը եղած ժամանակ, նա շատ անգամ այդ աշխատությունը կարդում էր ինձ մոտ, խիստ հետաքրքիր տեղեկություններ կային։ Նա շարունակում էր այդ պատմությունը մինչև իր մահվան ժամանակը։ Հանգուցյալի մահից հետո, այդ թանկագին աշխատությունը անհետացավ նրա թղթերի միջից։ Ձեզ պետք է հայտնի լինի, որ նա իր ծառայի տանը մեռավ։ Ասում են, որ Մանկունին ծառային կաշառելով, նրանից առած և ոչնչացրած լինի հիշյալ ձեոագիրը, որովհետև Գևորգի մասին աննպաստ տեղեկություններ է բովանդակում իր մեջ։
    «Մեղու Հայաստանի» լրագրի 11-րդ համարում բերված ձեռագրերի մեծ մասը այժմ հանգրվանում են Երևանի Մաշտոցի անվան մատենադարանում։ Ինչ վերաբերում է «Պատմութիւն Հայոցին... ապա մեզ չհաջողվեց հայտնաբերել այդ ձեռագրի հետքը Մատենադարանում»։— Խմբ.
  174. Հարցը սկսվեցավ քննվել մինչև անգամ մեր մամուլի մեջ։— Ղարաբաղ և Սյունիք ճանապարհորդությունից վերադարձած Րաֆֆու և իր «մի քանի բարեկամների հորդորանքի» շնորհիվ Թիֆլիսի հնագիտական ընկերությունը 1881 թվականի վերջերին որոշում է 1882 թվականին հետազոտական նպատակով մի արշավախումբ ուղարկել Սյունիք (Լեռնային Ղարաբաղ)։ Այդ հարցը բարձրացնում է «Մեղու Հայաստանի» լրագիրը, տպագրելով «Մեր աշխարհի հետ ծանոթանալու ընտիր միջոցը» վերնագրով հողվածը (տե՛ս 1882, մար, № 28)։ Հարցի քննարկմանը մասնակցում է նաև պատմաբան Ա. Երիցյանը՝ տպագրելով «Նախկին Հայաստանի ուսումնասիրությունը» վերնագրով հողվածը (տե՛ս «Արձագանք», 1982, ապրիլ 11, № 8, էջ 113—115)։ Արշավախմբի աշխատանքներին Ալիշանին մասնակից դարձնելու միտքը վերաբերում է «Մեղվի» հոդվածագիր Ա. Մ. Փ.-ին, իսկ արշավախմբի աշխատանքները բազմաբնույթ դարձնելու առաջարկը արված է Ա. Երիցյանի հողվածում։— Խմբ.
  175. Ինձ համար ավելի մեծ նշանակություն ունի մի երիտասարդ Նավասարդյանի աշխատությունը։— Նավասարդյան Տիգրան (1861—1927) ծնվել է Վաղարշապատում։ Սովորել է Ներսիսյան դպրոցում, ռուսական գիմնազիայում, ապա նաև Ժնևում։
    Սկսած 1876 թվականից նա հավաքել, գրի է առել, հետազոտել ու հետզհետե հրատարակել է հայ ժողովրդական հեքիաթները, ավանդությունները, անեծքները, հանելուկները, խաղերն ու Վաղարշապատի կենցաղում օգտագործվող բառերը։
    1884 թվականին Բագրատ Նավասարդյանը իր հետ առնելով Տիգրան Նավասարդյանին, Կարինի վրայով հատուկ նպատակով մեկնում են Վան։ Նրանց, առաքելության նպատակը հայտնի լինելով Րաֆֆուն և համահնչուն զուգահեռներ հայտնաբերելով «Կայծեր» վեպում զարգացող գործողությունների միջև, նա Տիգրան Նավասարդյանին դարձնում է նախատիպ ֆաթհադի կերպարի համար։— Խմբ.