Ալեքսանդր՝ որդի Ամմոնի

Գրապահարան-ից
20:13, 27 Օգոստոսի 2016 տարբերակ, Gaulst (Քննարկում | ներդրում)

(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Այրվելու գնացողը

հեղինակ՝ Արծրուն Պեպանյան
աղբյուր՝ Էզոթերիկա

Պատմավեպ Ալեքսանդր Մակեդոնացու մասին

Գլուխ առաջին

Նախ եղավ լուրը, որ նժույգի արագությամբ տարածվեց Գեդրոսիայի սահմանագլխից մինչև Պերսեպոլիս, թե մակեդոնացիք համոզել են Ալեքսանդրին՝ դադարեցնել մինչև Աշխարհի եզրը նախատեսված արշավանքը և այժմ արքային ենթակա մարզերից վերցնելով բազմաթիվ ձիեր, քարշող ու բեռնակիր անասուններ, համալրելով պարենի պաշարը՝ Ասիան և Հնդկաստանը նվաճած Դիոնիսոս Աստծո նման շքեղ սայլերի վրա խնջույքի անզուսպ սեղաններ բացած՝ վերադառնում են Պարսկաստան։

Հետո հայտնվեցին իրենք՝ երեսուն հազար մակեդոնացիները, որ վերադարձի պատվին համատարած ճերմակ էին հագել ու բազմել ծաղկավոր շորերով վրանների նման զարդարված սայլերի վրա. խաղողի ողկույզի պսակ էր նրանց գլխին և ձեռքերին բաղեղազարդ թիրսոս ունեին բռնած։ Հավերժահարսերի պատկերներով գինու լայնահատակ սափորներ էին շարված բոլորաձև, որ թաղված էին լաջվարդի փնջերի մեջ, և դրանց միջև, ուտելիքներից ծանրացած հսկա սկուտեղների շուրջ, բարձր բարձերի վրա անբռնազբոս ընկողմանած էին աշխարհին տիրած պելլացիները։ Նրանց շուրջը երգում ու ճիչեր էին արձակում մենադներն ու պոչ կպցրած սատիրները։ Գրավված երկրների դրոշներ ու զինանշաններ էին փռված վրանների անկյուններում։

Երթի առջևում հետերների ու արքայական կոհորտայի պճնազարդ սայլերն էին՝ անկյունները զարդարված ջայլամի փետրափնջերով. բյուրեղյա շղթաներ ու մարգարիտների շարաններ էին բախվում վարագույրներին։ Ինքը՝ արքան, քիլիարքոս Հեփեստիոնի ու չորս զորավարների՝ Պտղոմեոսի, Պերդիկոսի, Սելևկոսի և Մեդիոսի հետ էր։ Ապա գալիս էին չորս հարյուր սայլ զբաղեցրած վետերանները՝ անագապղնձե կոթուրնոսներ հագին, հեծելազորայինները, որ տաս տարվա մեջ առաջին անգամ էին ելել անձի երթի, հետևազորայինները, որ ուրախ էին սայլերով ճանապարհ գնալու համար. նրանք պարզել էին փաղանգների բազում մարտերում աղքատի հագուստի պես քրքրված դրոշները։

Բոլոր ճակատամարտերում առաջինը կռվի մեջ մտած ագրիանացիները մյուսներին բարձրաձայն ծաղրում էին միայն տունդարձի ժամանակ զորագլխում հայտնվելու համար։

Քնարահարներ էին բոլոր սայլերի վրա, և զորքը երգում էր, ու գինովնալուն զուգընթաց երգը դառնում էր խրոխտ և անըմբռնելի։

Մակեդոնացիներից հետո գալիս էր հունական պոլիսների զորքը. նրանք արծնապատ երկար սրեր էին կրում, որոնք օրորվում էին քայլելիս, ուսերին հենած տանում էին բամբուկե ձիգ նիզակներ, որոնց սայրերը շողարձակում էին թանկագին ակների պես։ Ծնկներից վեր նրանց մարմինը ծածկված էր քարանետ մեքենաների հարվածներից ծռմռված վահանով, իսկ սրունքներն առնված էին դրվագազարդ կնեմիդների մեջ։ Ջայլամի և սիրամարգի փետուրներով, մետաքսե ոլորաձև թելիկներով զարդարված սաղավարտները ծփում էին արևի տակ, և երթը նմանվում էր առասպելական ոսկեթեփուկ վիշապի։ Զենքերի, զրահների, դրոշների, ոսկեզօծ ճարմանդներով ալ թիկնոցների հեղեղը հոսում էր ճանապարհներով և թվում էր, թե այս ամենին վերջ չի լինի այլևս։

Ճանապարհները նեղ էին, և նրանք գալիս էին մանիպուլներով, միմյանց սեղմված, հպարտության ժպիտը դեմքերին։

Ապա գալիս էին թիկունքով լայնալիճ աղեղ գցած եգիպտացի թեթևազեն նետաձիգները. նրանք վահան չունենալով՝ սովորաբար կռվում էին առաջապահ մանիպուլների թիկունքում՝ թշնամուն խոցելով շարժական աշտարակներից կամ նժույգների վրայից։ Նրանց հետևում էին տրիբալների գնդերը՝ բոլորը հաղթանդամ, այծենու հագուստով և առատ բեղմորուսով։ Ապա, դանդաղ վարգով, գալիս էին թաղիքե թասակ դրած թրակիական ընտիր հեծելավաշտերը։ Օրը զով էր, նրանք ազատվել էին թիկնոցներից, և լանջազրահի պղնձե թերթիկները փայլում էին կուրացուցիչ ցոլքերով։ Զինվորական երթը եզրափակում էր ասիայում հավաքագրած զորքը, որ գալիս էր անկանոն. աղեղնավորները հոպլիտների հետ, հեծյալները հետևակի հետ, հրամանատարները զինվորների հետ, պարսիկները բաբելացիների, սոդգերի, պարապամիսցիների ու դրանդիանացիների հետ։ Նրանք քայլում էին՝ դեմքերին անսքող հպարտություն. ասես Ասիան իրենք էին նվաճել, և երկիրը դողում էր փոշու հաստ շերտով պատված նրանց ծանր կոթուրնոսների խրոխտ հարվածներից։ Նրանց զենքն ու զրահը ծռված էր կատապուլտներից ու ծակծկված՝ տեգերից, և նրանք միտումնավոր չէին նորոգել դրանք, ցուցանելու համար, թե որքան դաժանություններ են իրենց պատահել Մարականդից այն կողմ։ Նրանց հագուստը միանման չէր, և հիսուն հազարանոց բազմությունը երփներանգվում էր ծիածանի բոլոր գույներով, որի վրա անվիճելիորեն իշխում էր զարդանախշ մեդականը. այդպես նաև արքան էր հագնված։

Զինվորներին հաջորդում էին կանացի զգեստ հագած և դեմքերը կարմիրով ներկած դերասանները, որոնք զավեշտալի տեսարաններ էին ներկայացնում բաքոսուհիների կյանքից։ Իսկ գոտկատեղից վեր բոլորովին մերկ, խոպոպիկներով կեղծամ դրած մի պատանի, որ մարմնավորում էր Բաքոսին, հարբածի պես օրորվելով հերթով գրկում էր «կանանց» և արծաթե բարակավիզ սափորից գինի հեղում նրանց բերանը։ Տղեկների ոտաբոբիկ երամը վազում էր դերասանների ետևից, քաշում գետնին քսվող նրանց շրջազգեստների փեշերից, փորձում քայլել հարբածի պես՝ առաջ բերելով ճամփեզրին կուտակված ամբոխի ծիծաղը։ Այծենի հագած երգիչների խումբը դիֆերամբներ էր երգում։

Դերասաններին հետևում էին Ասիայում մակեդոնացիների ունեցած կանայք՝ երեխաների ու ծառաների հետ։ Սրանք արդեն կառքերի վրա էին ու խառնիխուռն գալիս էին գումակի հետ. ոսկե գավաթներով ու զարդերով լի պարկեր էին երկու հազար ուղտերի մեջքին ու սայլերի վրա, հազար փիղ էր գալիս նրանց ետևից, որ նվիրել էր հնդիկների Պորոս թագավորը. դրանք ձգվում էին տասը ասպարեզի վրա. սև մազերն աշտարակի պես գագաթին հավաքած հնդիկներ էին ամեհի կենդանիների մեջքին և բզում էին նրանց սուրսայր նիզակով, իսկ ուսերին թութակներ էին կրում։ Երթը եզրափակում էր գրանդիանացի, արաքոսիացի, բակարացի ստրուկների անհամար բազմությունը. նրանց ոչ ոք չէր հսկում, բայց և ոչ մեկը չէր մտածում փախչելու մասին։

Շեների ճանապարհները, որով անցնում էին, արքայի հրամանով զարդարված էին ծաղկեպսակներով. նախշազարդ գորգեր էին տների պատերին։ Բոլոր այն վայրերում, ուր մակեդոնական կայազոր կար, նրանց դիմավորում էին ցնծությամբ, արջառներ էին մորթում նրանց պատվին, հրամցնում գինու մեջ եփած, հատուկ այդ նպատակի համար Աֆրիկայից բերած անտիլոպներ՝ իրենց եղջյուրներով, որ զինվորները թրերով պատառոտում էին՝ հրճվալից բացականչություններով, վարազներ, գոմեշի ազդրեր, անհամար ու բազմատեսակ թռչուններ, պունիկյան ափերից բերած խեցեմորթներ։ Հին մառաններից դուրս էին բերում գինու տակառներ, ու երբ սայլերի քարավանը տեղ էր հասնում, կարմիր հագած սպասավորները հընթացս թարմացնում էին սեղաններն այնպես արագ, որ գինովցած մակեդոնացիները դա չէին էլ նկատում։ Մրգերի բուրգեր էին փլվում սայլերի վրա։ Իսկ պարսիկները, որ չորս ամիս առաջ լուր էին առել, թե արքան մեռել է մալերի երկրում ու այնքան էլ չէին հավատացել մակեդոնացիների պնդումներին, թե նա սոսկ ծանր վիրավոր է եղել ու երեք օր մնացել անգիտակից, հազարներով խմբվել էին ճամփեզրին՝ անձամբ ստուգելու իրականությունը։ Նրանք մեծաթիվ էին այնքան, որ խանգարում էին միմյանց, ու երբ երթը մոտենում էր նրանց, հրմշտում էին իրար առաջին շարքերում հայտնվելու համար։ Առաջապահ հեծյալները սաստում էին նրանց երկար նիզակներով։ Երեխաների երամներ էին խռնվել հավաքվածների թիկունքում։

Մակեդոնացիները ողջագուրվում էին միմյանց ու խրոխտ կանչերով խմում պատերազմի ավարտի և արքայի երջանկության համար։ Ու վերադարձողները որքան ավելի էին հարբում, այնքան դժվարանում էին վանել վերջին ամիսներին տեսած զարհուրանքների հուշերը։ Եվ չկամենալով՝ մտաբերում էին, թե ինչ պատահեց իրենց հետ պատալների երկիրը գրավելուց հետո, ու փշաքաղվում էին։

Այն ժամանակ նրանք գետով նավարկելով հեռացել էին դեպի օվկիանոս, երբ անփութորեն հսկվող ուղեկցողները փախան, և Ալեքսանդրը մարդիկ ուղարկեց՝ ուրիշներին բերելու։ Նորերին չգտան, սակայն օվկիանոսը տեսնելու և Աշխարհի եզրը հասնելու ձգտումը ստիպեց արքային ուղեկցորդների բացակայության պայմաններում իր և բազմաթիվ խիզախ այրերի բախտը հանձնել անծանոթ գետին։ Ու նրանք նավարկեցին՝ լրիվ անտեղյակ այն երկրին, որով անցնում էին։ Հեռո՞ւ էր արդյոք մինչև ծովը, ի՞նչ ցեղեր էին ապրում այնտեղ, որքանո՞վ էր հանդարտ գետաբերանը, կարո՞ղ էին արդյոք նավարկել ռազմանավերը. այս բոլորի մասին նրանք միայն աղոտ պատկերացում ունեին։ Հանդուգն այդ ձեռնարկման միակ սփոփանքն ամեն ինչում ուղեկցող անփոփոխ հաջողությունն էր։ Նրանք չորս հարյուր ասպարեզ էին անցել, երբ նավավարներն ասացին արքային, թե ծովային օդ են զգում և համոզված են, որ օվկիանոսը հեռու չէ։ Ուրախացած՝ նա համոզեց թիավարներին՝ ավելի ուժ տալ թիերին. նրանց համար այդքան ցանկալի ճանապարհի վերջը մոտ էր՝ ձեռք էր բերվում լիարժեք փառք, ոչինչ չէր խոչընդոտում նրանց արիությանը։ Աշխարհի եզրը նվաճված է՝ առանց մարտի ու արյունահեղության. բնությունը՝ ինքն էլ, սրանով ավարտվում է. շուտով նրանք կտեսնեն այն, ինչ հայտնի է միայն անմահներին...

Նրանք հիշում էին, թե ինչպես արքան նավից զինվորներ ափ իջեցրեց, որպեսզի մի քանի քոչվոր բռնեն՝ հուսալով նրանցից որևէ բան իմանալ երկրի մասին։ Սրանք ամեն տեղ հետախուզեցին և, վերջապես, գտան լավ քողարկված վրաններ։ Այն հարցին, թե հեռո՞ւ է արդյոք ծովը, քոչվորները պատասխանեցին, որ ոչ մի ծովի մասին իրենք չեն լսել, բայց երեք օրվա ճանապարհ անցնելով՝ կարելի է հասնել դառը ջրի, որը փոխարինում է քաղցրին։ Նավաստիները թիավարեցին ավելի ջանասիրությամբ, և օր օրի, որքանով ավելի էր մոտենում նրանց հույսերի իրականացումը, մեծանում էր նաև նրանց ոգևորությունը։ Երրորդ օրը, վերջապես, նրանք մոտեցան ծովին, որը դեռևս թույլ ալեբախությամբ էր խառնվում գետի ջրերին։ Այստեղ ալիքների դիմադրության պատճառով նրանք դանդաղորեն մոտեցան գետի մեջտեղում գտնվող մի կղզու, խարսխեցին նավերը և գնացին սնունդ հայթայթելու։

Հազիվ էին հեռացել ափից, երբ սարսափով նկատեցին, թե ինչպես է ծովի ջուրը բարձրանում և ետ մղում գետի ջրերը՝ ավելի մեծ արագությամբ, քան սովորաբար հոսում է իր հունով։ Բարձրացող ջուրը սկսեց հեղեղել մինչ այդ չոր ափերը։ Ալիքները վեր հանեցին նավերը և ցաք ու ցրիվ արին ողջ նավատորմը՝ այնպես, որ ափ իջած մարդիկ անսպասելի պատուհասից սարսափած՝ սկսեցին ամեն կողմից վազել դեպի նավակայան։ Սակայն իրարանցման մեջ նույնիսկ արագաշարժությունը չօգնեց։ Ոմանք երկար փայտերով նավերը մոտեցնում էին ցամաքին, ուրիշները, նստած, փորձում էին գործի դնել թիերը։ Ոմանք շտապում էին հեռանալ ափից, առանց սպասելու նրանց, ովքեր պետք է նավարկեին իրենց հետ, և դժվարությամբ էին շարժման մեջ դնում դանդաղաշարժ և անհնազանդ նավերը։ Մյուսներին չէր հաջողվում նավերի վրա բարձրացնել ամեն կողմից լողալով մոտեցող մարդկանց, արագորեն գործողներին խանգարում էր նաև մեծաթիվ մարդկանց խռնվածությունն ու աշխատուժի պակասը։

Աններդաշնակ ու համաձայնության չեկող աղաղակները, որոնք մեկ կոչ էին անում մարդկանց՝ սպասել, մեկ՝ շտապել, խանգարում էին նրանց առաջնորդվել ոչ միայն տեսողությամբ, այլև՝ լսողությամբ։ Չէին կարողանում օգնել նաև նավավարները, քանի որ աղմուկից նրանց ոչ ոք չէր լսում, և ջրում ցրիվ եկած մարդիկ սարսափից չէին կարողանում կատարել նրանց հրամանները։ Այսպես նավերը սկսեցին բախվել և խանգարել միմյանց, թիերը՝ ջարդվել։ Ասես դա ոչ թե մի նավատորմի կայան էր, այլ երկու թշնամական նավատորմերի ծովային ճակատամարտ։ Հետևից եկող նավերը, հրելով առաջիններին, շեղում էին նրանց իրենց ուղուց. բորբոքված մարդիկ սկսում էին իրար ծեծել։ Բարձրացած ջուրն արդեն ողողել էր գետի շրջակայքի դաշտերը, այնպես որ, բլուրները, փոքրիկ կղզիների նման, ջրից դուրս էին ցցվել, դեպի ուր շտապում էին լողալով մոտենալ նավերից հեռու մնացածները։ Ցրված նավատորմի մի մասը կանգնած էր խոր ջրի վրա՝ օրորվելով ալիքներից, մի մասն էլ, քանի որ ջուրը ծածկել էր գետնի անհարթությունները, խրվել էր ծանծաղուտներում, երբ հանկարծ տեղի ունեցավ մեկ այլ, ավելի սարսափելի երևույթ։ Ծովը սկսեց նահանջել, ալիքները աղմուկով ետ գնացին, հասնելով իրենց նախկին մակարդակին. ծովի ջրով քիչ առաջ ծածկված գետինը մերկացավ։ Նավերը շուռ էին գալիս՝ մի քանիսը՝ քթի վրա, մյուսները՝ նավակողի։ Ափը ծածկված էր սարքերով, զենքերով, տախտակների ու թիակների կտորտանքով։ Զինվորները ոչ համարձակվում էին ափ իջնել, ոչ էլ նավերի վրա մնալ, ամբողջ ժամանակ սպասելով նոր, ավելի սարսափելի երևույթների։ Նրանք չէին հավատում, որ տեսնում են, թե ինչ է կատարվում իրենց հետ՝ ցամաքում՝ նավաբեկություն, գետում՝ ծով։

― Աստվածները զայրացե՜լ են, աստվածները զայրացե՜լ են,― կանչում էին ամեն կողմից և իրար խառնվելով՝ աղոթում։ Նրանք սովահարություն և ծայրահեղ աղետ էին կանխատեսում, ու սարսափած էին՝ տեսնելով, թե ինչպես են ափով սողում ալիքների թողած զարհուրելի ծովային հրեշներ՝ գետաձիեր, որ խժռում էին տիղմի մեջ խրված զինվորներին, ահռելի խեցգետիններ, որ ձիեր էին ուտում, սղոցատամ արարածներ, որ երախով եզ էին կիսում։

Վրա հասավ գիշերը, և նրանք բոլորովին հուսալքված՝ տրվեցին մռայլ մտորումների։ Ողջ գիշերը դիտաշտարակի վրա անցկացրած Ալեքսանդրն առավոտյան զինվորներ ուղարկեց դեպի գետաբերան՝ պարզելու, թե չի՞ բարձրանալու արդյոք ջուրը կրկին։ Նրանք վերադարձան և հայտնեցին, թե ծովը նորից գալիս է ցամաքի վրա...

Նրանք մտաբերում էին այս ամենը և շուրջը նայում, երկյուղելով, թե ուր որ է ավազի միջից ծով կհայտնվի ու կհեղեղի Պերսեպոլիս տանող ճամփան։

Ապա հիշում էին վաթսուն օր տևած ու ընդամենը մեկ շաբաթ առաջ ավարտված անցումը գեդրոսների երկրով, երբ, սպառելով սեփական պաշարները, կարիքի մեջ ընկան, հետո սովը վրա տվեց և սկսեցին սնվել արմավենու արմատներով, քանի որ այդտեղ միայն այդ ծառերն էին աճում։ Իսկ երբ այդ սնունդն էլ սկսեց չբավականացնել, մորթեցին բեռնակիր անասուններին, չխնայեցին նույնիսկ ձիերին, և երբ բեռները կրելու համար անասուն չմնաց, նրանք կրակի մատնեցին թշնամուց վերցրած այն ավարը, հանուն որի նրանք հասել էին արևելյան ծայրագույն երկրները։

Սովին հետևեցին հիվանդությունները. վատ սննդի անսովոր համը, ճանապարհի դժվարություններն ու ոգու ճնշված վիճակը օժանդակում էին դրանց տարածմանը, և անհնար էր առանց մարդկային կորուստների ո՛չ տեղում մնալ, ո՛չ էլ առաջ ընթանալ։ Ճամբարում նրանց ճնշում էր քաղցը, ճանապարհին՝ ավելի շատ՝ հիվանդությունները։ Սակայն ճանապարհին այնքան շատ դիակներ չէին մնում, որքան՝ կիսակենդան, մահացող մարդիկ։ Բոլորի հետևից գնալ չէին կարողանում նույնիսկ թեթև հիվանդները, քանի որ երթը գնալով արագանում էր. մարդկանց թվում էր, որ ինչքան ավելի արագ շարժվեն առաջ, այնքան ավելի մոտ կլինեն իրենց փրկությանը։ Այդ պատճառով հետ մնացողներն օգնություն էին խնդրում ծանոթներից ու անծանոթներից։ Բայց նրանց տեղափոխելու համար բեռնակիր անասուններ չկային, իսկ զինվորները հազիվ իրենց զենքն էին քարշ տալիս, և նրանց աչքերի մեջ գալիք պատուհասների սարսափն էր։ Դրա համար էլ նրանք նույնիսկ չէին շրջվում յուրայինների հաճախակի կանչերին. սարսափի զգացումը խեղդում էր կարեկցանքը։ Իսկ լքվածները վկայակոչում էին աստվածներին ու բոլորի համար ընդհանուր սրբերին և արքայից օգնություն էին խնդրում, սակայն զուր. ոչ ոք նրանց ականջ չէր դնում։ Այնժամ, հուսահատությունից դաժանացած, նրանք մյուսներին ցանկանում էին նույն ճակատագիրը, ինչ իրենց էր վիճակվել, ցանկանում նրանց նման դաժան բարեկամներ ու ընկերներ ունենալ...

Հիմա բոլորը հիշում էին այդ անեծքները և դրանք շշնջացող դեմքերն, ու ամոթից դադարում էին երգել։ Նրանք լաց էին լինում անզուսպ, որ ավելի շուտ բառաչյուն էր հիշեցնում։ Նրանք ողբում էին այն բոլոր կորուստները, որ ունեցել էին հայրենի Պելլան թողնելուց հետո։ Նրանց մարմինը դեռ չէր ազատվել անապատում կլանած ջերմությունից, ու երբ իջնում էր զովը, մրսում էին ու փաթաթվում գորգերի մեջ։

Ու քնում էին սայլերի վրա՝ հարբած ու վշտաբեկ, և սարսափելի տեսիլներ էին երևում նրանց։

Առավոտը նոր տրամադրություն էր բերում. երթը տեսնելու եկած և պլշած իրենց նայող իրենց իսկ կողմից նվաճված ժողովուրդների տեսքը խանդավառում էր նրանց հոգին, և նրանք վերսկսում էին գինարբուքը էլ ավելի խելահեղորեն։

Նրանք միրգ ու մսակտորներ էին նետում երթի հետ վազող պարսիկ մանչուկներին, պղնձեդրամներ էին շպրտում արքայի աստվածային դեմքը տեսնելու ձգտումով ճամփեզրերին խմբված ու բազմապիսի հագուստներից երփներանգված խառնամբոխի վրա և հիացմունքով հետևում, թե ինչպես են նրանք հրմշտում միմյանց։

Նրանք սպառազեն չէին, և հազար հոգանոց զինյալ ջոկատը բավարար էր՝ նրանց բոլորին մորթելու համար, հատկապես, որ խումհարի մեջ էին և որկրամոլությունից ծանրացած։

Երրորդ օրը Պուլաայում նրանց միացավ պարթևների սատրապ Թրատաթերնոսը։ Նա հինգ հարյուր ուղտաբեռ գինի էր բերել, չորս հազար ոչխար ու նաև դերասանների բազում խմբեր. սրանք, ցրվելով երթի երկարությամբ, զվարճացնում էին զորքին մինչև իրիկուն, երբ, տրվելով կորուստների դառնահամ հիշողություններին, մակեդոնացիք քշում էին նրանց դաժան սպառնալիքներով։

Հետաքրքրասեր պարսիկներ էին միանում նրանց՝ կանանց ու երեխաների հետ, զարմանահրաշ իրադարձությունների սպասումով՝ ամբողջ գյուղեր էին կառչում երթի պոչից, ու երբ հինգերորդ օրը հասան Պարսկական Ալեքսանդրիա, ուղեկցողների հախուռն բազմությունն անցավ հարյուր հազարից։ Այստեղ արքան աստվածների պատվին մուսաների մրցում կազմակերպեց, սնունդ ու գինի բաժանեց բազմությանը և կարգադրեց հեռանալ իրենց տները. նրանք փոքրինչ հեռացան, բայց տուն չվերադարձան, այլ հեռվից ուղեկցեցին երթը։

Յոթերորդ օրը գինարբուքից և անընդմեջ ցնցումներից հոգնատանջ զորքը կանգ առավ Պերսեպոլիսի հրդեհված պալատի առջև, և Մարաստանից հենց նոր վերադարձած Կլեանդրոսը՝ զարդարուն ճերմակ ձի հեծած, ընդառաջ գալով արքային՝ զեկուցեց, թե հաջողությամբ կատարել է նրա հանձնարությունը և սպանել սատրապ Պարմենիոնին։

Գլուխ երկրորդ

Նրան երևում էր, թե ինչպես է զինավառ թափորը տանում իրեն, և ինքը բաց պատգարակի վրա էր՝ անշունչ և ձեռքերը կողք տարածած։ Թափորը սրտակեղեք կանչում էր իր անունը՝ ավելի ու ավելի ուժգին։ Եվ, նախևառաջ այդ ձայներից, քան սահմռկեցուցիչ տեսիլի ազդեցությունից՝ նա աչքերը բացեց։ Դեռ որոշ ժամանակ դժվարանում էր զանազանել՝ երազում է, թե՞ արթմնի, և շարունակում էր սգալ սեփական մահը։ Երկու աշխարհների սահմանագծում մնալուն նպաստում էր նաև այն, որ իր անունը վանկարկող բազմության աղմուկը զարմանալիորեն չէր դադարում։ Ի վերջո նա երջանկացավ՝ հետզհետե պարզվող հայացքի առջև նշմարելով արքայական առագաստի թույլնարնջագույն վարագույրը, որի միջով երևում էին որսի տեսարան պատկերող առաստաղը, քիվազարդ լուսամուտի վերնամասը, որ երկնքի անամպ կապույտն էր բացել իր համար։ Երջանկությունից ընդարմացած՝ մնաց առժամանակ անշարժ պառկած, ապա սոսկումով նկատեց, որ ձեռքերը տարածված են կողքի՝ ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես մահվան պատգարակին էր։ Բացատրություն փնտրող ու զգույշ հայացքով նայեց մերթ մեկ, մերթ մյուս ձեռքին, որոնք ծանր էին այնքան, ասես մեխված լինեին։

Հախուռն մտքեր եկան նրան այցի, մեկը մյուսից անմխիթարական, և նա այս ամենի մեջ ճակատագրի նշան տեսավ։ «Ժա՞մն է արդեն»,― մտածեց ինքն իրեն՝ հայացքը չհեռացնելով ձեռքերից։ Բայց երազի և իրականության զարմանալի մերձության վրա երկար խորհել չհաջողեց, քանի որ պարտեզից նրան հասնող ու իր անունը վանկարկող բազմության ձայնը նրան վերջնականապես բերեց իրականություն։

Նա զանգ հնչեցրեց, և դռների մեջ հայտնվեց նախշազարդ տունիկայով մի ընդոծին, որ նրա հարցին այսպես պատասխանեց.

― Պատգամավորներ են եկել Մարաստանից և բողոքում են Կլեանդրոսից, արքա, ու խնդրում են լսել իրենց։

Իսկ ինքը երեկ խնջույքի ժամանակ գովաբանեց Կլեանդրոսին ու արքայական ընծաների արժանացրեց Պարմենիոնի սպանությունը հաջողեցնելու համար։

Մտածելով այսպես՝ նա նոր միայն զգաց, որ խումհարից մթագնած է միտքը։

― ՈՒղեկցի՛ր նրանց գահասրահ և թող այստեղ գա Հեփեստիոնը։

«Իսկ գուցե գինովությո՞ւնն էր պատճառը տեսիլների»,― մտածեց ինքն իրեն՝ հագնվելով սպասյակ պատանիների օգնությամբ։

Մոտեցող կալիգաների աշխույժ չքչքոց լսվեց, ապա դռները բացվեցին կրնկի վրա՝ ներս թողնելու համար զինվորական պերճ հանդերձանքի մեջ առնված քիլիարքոսին։

― Աստվածները Չար Երազին էին ուղարկել այս գիշեր ինձ այցի, արքա, և ես տեսա, թե ինչպես էի մեռել,― զվարթորեն սկսեց պատմել Հեփեստիոնը՝ ողջագուրվելուց հետո։ Ոսկե գամերով ու շղթայիկներով որմզնդեղնի սպիտակ կաշվե զգեստն ամուր սեղմում էր նրա հզոր կուրծքը և ավարտվում մերկ ծնկներից վեր, սպիներով ծածկված պիրկ բազուկները վկայում էին նրա մարտական փառավոր ուղու մասին։ Նրա հագուստի զարդերը պսպղում էին աստղափնջերի նման, մավրիտանական արմավենու յուղով օծված նրա շահմար մազերը փայլում էին նուրբ կապույտ ցոլքերով, և նա արքայի առջև կանգնած էր իր ողջ վեհությամբ՝ ձիգ և անսասան, ինչպես Արեսը։ Խիստ գինարբուք էր, և ես խմել էի այնքան, որ սիրտս ճեղքվել էր. դա ես, մեռած, զգում էի։ Իսկ դու, արքա, վշտից կտրել էիր մազերդ՝ ինչպես Աքիլլեսը՝ Պատրոկլեսի դիակի առջև։ Հեփեստիոնը ծիծաղեց, ապա գլխի շարժումով լուսամուտները ցույց տալով՝ կեղծ տրտնջաց. Այս պիղծ մարերն իրենց վայրի ժխորով խանգարեցին պարզել, թե որքան եմ արժենում քեզ համար։

Ալեքսանդրը նրան հրավիրել էր իր տարօրինակ երազը պատմելու և նրանից խորհուրդ հարցնելու համար, բայց Հեփեստիոնի խոսքերը ցնցեցին իրեն, և մանկության ընկերոջն արձագանքեց գերլարումով ստեղծված շինծու ժպիտով միայն։

Մահվան նախանշանների առատությունը պաշարել էր նրա սիրտը, ու հեղման արարողության ժամանակ, նաև՝ գահասրահի ճանապարհին,― իսկ այն անցնում էր երկու կարգ լամպերով առատորեն լուսավորված միջանցքով, որի պատերի երկայնքով ցածր պատվանդաններին դրված էին պարսկական թագավորների արձանները,― ձևացնում էր, թե հետևում է Հեփեստիոնի մտքերի ընթացքին։ Իսկ Հեփեստիոնը, որ պատմում էր գինեխմության մրցույթի մասնակիցների խնջույքից հետո ունեցած հարբած արկածների մասին, կարծում էր, թե արքան իրեն հրավիրել է բողոքավորներին միասին լսելու։

Երդիկից ներս թափանցող լույսն անզոր էր փարատել խավարը, և բազմաթիվ ջահեր էին վառվում հրդեհից արքայի կամքով փրկված գահասրահի զանգվածեղ առաստաղը պահող սյուների վրա ու անկյուններում։ Մարմարածածկ պատերից ոսկե շուրջառներով նկարների հարուստ հավաքածու էր կախված, ուր կարելի էր տեսնել դեսպաններ ընդունող Դարեհ առաջինին՝ բազմած գահին ու շրջապատված իր մեծամեծներով, երկանիվ ռազմակառքին թևավոր վիշապներ լծած Քսերքսեսին, և սափորից ջուր հեղող մերկաստինք Անահիտին՝ լիազեն ամազոնուհու կերպարանքով։

Օրը դառնում էր տապ, և մարմինների վրա բուսահյութով խոշոր ծաղիկներ նկարած պոնտացի պատանիները ջայլամի փետուրներ ճոճելով զով էին բերում ոսկեհյուս ամպհովանիով գահին բազմած արքային ու նաև քիլիարքոսին, որ նստել էր հարևանությամբ՝ փղոսկրե աթոռին, իսկ արձանի անշարժությամբ եգիպտացի թխադեմ ստրուկներն առաջ պարզված ափերին կրում էին աշխարհի վրա իշխանություն խորհրդանշող օձազարդ գայիսոնն ու ոսկե սուրը։

Մարերի պատվիրակները հիսունն էին, նրանց մեջ նաև սևազգեստ կանայք կային, որ եկել էին վկայություն տալու։

Արքան պարսկերեն գիտեր, բայց քանի որ պատգամավորները խոսում էին բարբառով, նրանց դժգոհություններին տեղեկանում էր թարգմանչի օգնությամբ։

Պարմենիոնից սատրապությունն առնելով՝ Կլեանդրոսը տիրացել էր ազնվատոհմիկ մարերի ողջ ունեցվածքին. չբավարարվելով դրանով՝ նա և իր զորախումբը թալանել էին նաև տաճարները, բռնաբարել թե՛ աղջիկներին, թե՛ ազնվազարմ կանանց, և սրանք Ալեքսանդրի առջև աղիողորմ ողբում էին իրենց պղծված մաքրությունը։

Զորախմբի ագահությունն ու այլասերվածությունը մակեդոնացիների անունն ատելի էր դարձրել մարերի մոտ, բայց իր սանձարձակությամբ բոլորից առանձնացել էր Կլեանդրոսը. բռնաբարելով մի ազնվազարմ աղջկա՝ նրան տվել էր իր ստրուկին՝ որպես հարճ, իսկ դա մարերի համար վեր էր ամեն տեսակ նվաստացումից։

Անմեկնաբանելի տեսիլներն ու Հեփեստիոնի երազը հանգիստ չէին տալիս Ալեքսանդրին. նա ոչ մի կերպ չէր կարողանում ազատվել իրեն տանջող մտքերից, և ամեն անգամ, երբ խոսում էին մարերը ու թարգմանիչը լսում էր նրանց, իսկ ինքն առանձնանալու ակնթարթ էր ունենում, պարզորեն զգում էր, թե անտեսանելի ոգիներն ինչպես են հմայում իրեն և ինչպես է ինքը հայտնվում կաթնագույն անեզր մշուշի մեջ։ Ու նրան թվում էր, թե դատը, մարերը, սգացող կանայք թափանցիկ տեսիլներ են սոսկ, ու բավական է ինքը ցնցի իրեն և ամենքը կչքանան։

Նա անսպասելիորեն շրջվեց դեպի Հեփեստիոնը։ Մարերին թվաց, թե արքան ցանկանում է խորհրդակցել հեծելազորի պետի հետ, և սսկվեցին։

― Սրահը պարուրվա՞ծ է արդյոք մշուշով, թե՞ ինձ է թվում,― հարցրեց ու Հեփեստիոնի հայացքի անբացատրելիությունից առավ պատասխանը։ Անորոշ հեռուներում դեգերող նրա միտքը վերադարձավ գահադահլիճ, և նա նշան արավ պատգամավորներին շարունակել պատմելը։

Երբ ամեն ինչ ասված էր, մարերը սպասեցին արքայի վճռին։

― Քանի՞ մակեդոնացի կա Կլեանդրոսի զորաբանակում,― մտացրիվ հարցրեց արքան քիլիարքոսին։

― Վեց հարյուր,― եղավ պատասխանը։

Մարերը հաստատեցին ասվածը։

Եգիպտացի ստրուկն արքայի նշանով մոտ եկավ, Ալեքսանդրը նրա ձեռքից առավ գայիսոնը և այն պահելով հայացքի դեմ՝ ասաց անշտապ ու տիրականորեն.

― Բոլոր նրանք, ովքեր պատճառ են դարձել ձեր դժբախտության, կպատժվեն դաժանորեն։ Հիմա ևեթ Կլեանդրոսը կախաղան կբարձրացվի ձեր աչքերի առաջ, երբ դուրս գաք այս պալատից։ Այսօր ևեթ արքայական կոհորտայից պատժիչ ջոկատ կուղարկեմ Մարաստան, և երբ ետ դառնաք՝ բոլոր օրինազանցները սպանված կլինեն որպես վայրի գազաններ, որոնք ստեղծված են որպես աղետ մարդկանց։

Մարերը նման վճռի չէին սպասում, և նրանց դեմքերն արտահայտում էին ավելի շատ սարսափ, քան բավականություն, ու շփոթված նայում էին միմյանց՝ ասես անուղղելի հանցանք էին գործել։

Երբ Ալեքսանդրը ելավ գահից և մարերի քարացած հայացքների ներքո պատրաստվում էր հեռանալ, հանկարծ նրանք բարձրաձայն աղաղակելով և մազերը գլխից պոկելով՝ տապալվեցին գետին։

― Արքա, դու այնպես հեշտությամբ մահվան ուղարկեցիր վեց հարյուր մակեդոնացիներին և Կլեանդրոսին, որն իր քաջությամբ մեծապես պայմանավորել էր հաղթանակը Իսոսի մոտ և Գավգամելիայում, որպիսի հեշտությամբ չկոտորեցիր նույնիսկ տյուրոսցիներին, որ ամբողջ վեց ամիս կաշկանդում էին մեր երթը և պարիսպների վրայից բաց հետույքները ցուցադրելով՝ ծաղրում էին մեզ՝ մատնացուցելով կատապուլտներից արձակված հրե գնդերից այրվող մեր նավերը,― տրտնջում էր Հեփեստիոնն անկեղծորեն՝ պատանիների ուղեկցությամբ արքայի հետ վերադառնալով գրադարան, ուր Ալեքսանդրին էին սպասում վերջին ամսում ստացված նամակները։

― Եթե ես չներեցի Պարմենիոնին, ում շնորհիվ հաղթեցի Դարեհին և դարձա Ասիայի թագավոր, ով նաև մեծապես աջակցել էր իմ հայր Փիլիպոսին,― թող հավերժ պայծառ մնա նրա անունը,― հաղթելու հույներին, մի՞թե կարող էի ներել Կլեանդրոսին,― արձագանքեց Ալեքսանդրը կիսաձայն, որպեսզի իր խոսքը լսելի չլիներ ուղեկիցներին, թեև զգուշության հարկ չկար, քանի պայտած տասնյակ մույկերի աշխույժ չքչքոցը խլացնում էր ամեն ձայն։

― Բայց Պարմենիոնը դավ էր նյութել քո դեմ, արքա, մինչդեռ Կլեանդրոսը... Ես հասկանում եմ քեզ. դու թագավոր ես, աստվածների ընտրյալը և նրանց անունից կարգ ես հաստատում ամենուր, ու ես չէ, որ պիտի դատեմ վարքն արքաների։ Բայց մի՞թե պատժի այլ միջոց հնարավոր չէր գտնել. բռնաբարված երեսուն մարուհիներն արժե՞ն արդյոք վեց հարյուր մակեդոնացի, և դա այն դեպքում, երբ մենք այս տաս տարում նվազել ենք արդեն զգալի։ Հեփեստիոնի դեմքն անհուն անհանգստություն էր արտահայտում, և նա ոչ մի կերպ չէր կարողանում համակերպվել այդքան զինվորների անպատերազմ կորստյան իրողության հետ։ Նա հաստատապես վստահ էր, որ արքան ոչ մի դեպքում չի փոխի հրապարակայնորեն ասված իր վճիռը, բայց վճռի անսպասելիությունն ու աննախադեպ դաժանությունը նրան դրդում էին կառչել անգամ անիրականանալի հույսերից։

― Բայց մի՞թե հայտնի չէ քեզ, Հեփեստիոն, որ քանակը չէ բնորոշում ժողովրդին, Ալեքսանդրը չէր դադարեցնում քայլելը, և նրա պատասխանի տոնից Հեփեստիոնին դժվար չէր կռահել, որ արքային բոլորովին չի մտատանջում մահվան դատապարտված մակեդոնացիների մեծաթիվությունը։ Բայցևայնպես, հեծելազորի պետը, որ անձամբ էր կազմել Կլեանդրոսի զորախումբը՝ ներգրավելով նաև իր լավագույն զինվորներին ու հարազատներին, անկարող էր զսպել ընդվզումը, պարզ պատկերացնելով, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել.

― Այդքան զինվոր մենք չկորցրինք անգամ Հալիկառնասում, արքա, իսկ այժմ, առանց ճակատամարտի...

Ալեքսանդրն անսպասելի կանգ առավ և մանկության ընկերոջ աչքերի մեջ նայելով՝ մտորեց մի պահ, ապա ասաց դանդաղ՝ կշռադատելով յուրաքանչյուր բառը.

― Գուցե թե կարելի լիներ որպես պատիժ սահմանել շղթայելը կամ գանահարելը, բայց ինչո՞ւ չես ցանկանում նկատել, որ սա սովորական զանցանք չէ։ Մի՞թե Կլեանդրոսը կամ որևէ այլ զորապետ նման արարք թույլ տալով՝ կարող էին հուսալ, որ կմնան անպատիժ...

Հեփեստիոնի դեմքը կնճռոտվեց մտածմունքից, նա դժվարանում էր պատասխան գտնել արքայի հարցին, քանի որ չէր կարողանում հիշել որևէ դեպք, երբ արքան ներողամիտ գտնված լիներ իր սահմանած կարգը խախտած զինվորների հանդեպ։ Եվ ջանալով ինքն իր համար պարզել, թե ինչում է կայանում Կլեանդրոսի զանցանքի արտասովորությունը՝ մտախոհ քայլեց անվերջանալի թվացող միջանցքով, որ մի կողմից եզերված էր կամարաձև բացվածքներով, իսկ մյուս կողմում գորշ բազալտե պատը ծածկված էր Քսերքսեսի հունական արշավանքը հավերժացնող զարդաքանդակներով։

― Այդ դեպքում ո՞րն է եղել Կլեանդրոսի ինքնավստահության պատճառը, Հեփեստիոն,― հարցրեց Ալեքսանդրը՝ քիլիարքոսի լռությունն ընկալելով որպես անորոշության արտահայտություն, և կարծես կամենալով հուշել պատասխանը, ավելացրեց,― եթե նա որևէ կասկած ունենալ չէր կարող, որ զանցանքն անպատիժ կմնա, քանի դեռ ողջ եմ ես։

Հեփեստիոնը վերջապես կռահեց՝ ուր է տանում արքայի մտքերի ընթացքը և արտաբերեց զարմանքից կլորացած աչքերով.

― Նա հաշվարկել է, որ մենք ետ չե՞նք դառնա Հնդկաստանից։

Մի խորիմաստ ժպիտ ակոսեց Ալեքսանդրի դեմքը։

Այդ պահին նրանք հասան գրադարանի դռներին։ Հեփեստիոնը պատրաստակամորեն կողմ քաշվեց՝ արքային առանձնանալու հնարավորություն ընձեռելով։ Սակայն Ալեքսանդրը ձեռքի հրավիրող նշանով հասկացրեց, որ ցանկություն ունի շարունակել զրույցը և հեծելազորի պետը կարող է ներս անցնել։

Պատանիները մնացին դռների մոտ։

Սրահը, ուր նրանք հայտնվեցին, օծված էր անուշահոտությամբ, քանի որ մետաքսապատ որմնախորշերում, ինչպես նաև գավիթ նայող լուսամուտի գոգին, խեցե զամբյուղների մեջ հալիբոնյան յուղ էր այրվում։ Մարմարե սև ու սպիտակ սալիկներով շախմատաձև ծածկված հատակը ողորկ էր այնպես, որ նրա վրա գրեթե չաղավաղված գծերով արտացոլվում էին պոնտական մայրիփայտե հսկա գրապահարանը, գորգազարդ պատի տակ դրված կաշեպատ երկտեղ բազմոցը, եգիպտական արնագույն կերպասով ծածկված օթոցը, միոտանի կլոր սեղանը, որի վրա պնակիտներ էին դարսդարսված, ու նրա շուրջը բոլորաձև շարված անբազկակալ, կրիայի խեցեմորթով երեսքաշված գահավորակները։ Լուսամուտները քողարկող ծիրանագույն վարագույրներն այդ պատկերը ողողել էին թույլ բոսորով։

Ալեքսանդրը բազմեց գահավորակներից մեկին, քիլիարքոսին ևս հրավիրեց նստել, բայց Հեփեստիոնը գերադասեց մնալ կանգնած և հզոր բազուկները կրծքին հավաքած՝ արքային նայում էր պարզաբանում հայցող հայացքով։

― Բոլոր այդ հանցանքները Կլեանդրոսը գործել է՝ վստահ լինելով, թե ես կմեռնեմ Հնդկաստանի անապատներում և ոչ ոք իրենից հաշիվ չի պահանջի,― ասաց Ալեքսանդրը՝ ակամա հիանալով ընկերոջ հերակլեսյան կառուցվածքով։ Սեփական արքայի մահը տենչացող զորականը արժանի է մահապատժի, Հեփեստիոն, և ես սա ասում եմ՝ ո՛չ որպես թագավոր. այդպես է ամրագրված մեր սուրբ գրքերում։ Եթե, իհարկե, թագավորը ճիվաղ չէ. սա ես ասում եմ՝ արդեն որպես արքա։

Նա հայացքը դարձրեց պնակիտներին և լռեց մի պահ։

― Այո, Կլեանդրոսը թանկ է ինձ համար, բայց մի՞թե թանկ է ավելի, քան Տիմոլեսի համար իր պատանի որդին էր, որին նա զորաշարքի առջև մահվան ուղարկեց սոսկ այն բանի համար, որ տաքարյուն տղան վրեժով բռնված՝ չէր ենթարկվել հոր հրամանին և հարձակման ժամանակ խախտել էր շարքն ու միայնակ կռիվ սկսել թշնամու դեմ։ Իսկ այդ ո՞ր սուրբ նպատակով է առաջնորդվել Կլեանդրոսը պարսիկ ազնվազարմ կանանց բռնաբարելիս, որ հույս ունենա գթասրտության և արժենա, որպեսզի քեզ նման զորավարը նվաստանա և արքային դիմի ներման խնդրանքով։

Ալեքսանդրն անհանգիստ շարժվեց գահավորակին։ Հեփեստիոնի սուր աչքից չվրիպեց նրան համակող զայրույթը։

― Դու ասում ես՝ նվազում ենք։ Բայց պե՞տք է արդյոք մեզ մեր անհամարությունը, եթե պիտի լինենք արքայի մահը տենչացող, ասել է, թե՝ ծախու, պիտի չիմանանք՝ ինչ է կարգը, ինչ՝ վեհանձնությունը։ ո՞ւմ է պետք այն բանակի մեծաթիվությունը, որի զորավարների ոգին կերել են ոսկու փայլն ու վայելքների հանդեպ անզուսպ տենչը։ Մտածե՞լ ես երբևիցե՝ ի՞նչն է մշտական հաղթանակ բերում մեզ, Հեփեստիոն, երբ ամեն անգամ թշնամին թվապես գերազանցում է մեզ առնվազն հինգ անգամ, իսկ Գավգամելայում մեր քառասուն հազարի դեմ Դարեհը հանել էր հինգ հարյուր հազար զինվոր։ Մի՞թե կարծում ես՝ նրանց աստվածները պակաս զորավոր են կամ մեր թշնամիները պակաս ջերմեռանդ են աղոթքներում և կամ զլանում են հագեցնել իրենց աստվածներին ճենճերով...

Նա ելավ գահավորակից և մոտեցավ լուսամուտներին. Հեփեստիոնը հայացքով ուղեկցեց նրան։

Դրսում, Կյուրոսի նոճիազարդ պուրակի բացատում պարսիկ զինվորները շտապով կառափնարան էին կառուցում, իսկ հրդեհված պալատի կամարաձև բացվածքները նայում էին նրան որպես ամենակուլ մութ հրեշներ։ Տեսարանը հաճելի չէր ամենևին Ալեքսանդրին, և նա շրջվեց դեպի հեծելազորի պետը։

― Եվ մի՞թե ես արժանի եմ պարսավանքի՝ սեփական զինվորներին չխնայելու մեղադրանքով, երբ ամեն անգամ ինքս եմ նետվել առաջինը գրոհի և իմ վրա եմ սևեռել նետաձիգների ցասումը, որի վկան բազում վերքերս են,― հարց տվեց ինքն իրեն՝ ռազմիկի լայն քայլվածքով ճեմելով սրահի երկայնքով և մտախոհ հայացքը սահեցնելով ողորկ հատակի վրայով։ Մի՞թե իսկապես կարծում ես, թե ես չեմ հասկանում՝ ի՞նչ է Մակեդոնիայի համար վեց հարյուր զինվորը, և չեմ պատկերացնում, թե որքան մայր, կին ու զավակ է անիծելու ինձ՝ իմ այս որոշման համար։ Բայց թագավորը, Հեփեստիոն, զրկված է զգացմունքներով առաջնորդվելու իրավունքից. ինձ անիծողները կլինեին շատ ավելի շատ, եթե թույլ գտնվեի և տրվելով հույզերին՝ ներեի նրանց։

Դու պատկերացնո՞ւմ ես՝ որպիսի չար օրինակ կլիներ Կլեանդրոսի ու նրա զինվորների պահվածքը ողջ զորքի համար, և դա այն դեպքում, երբ բանակի սփռվածության պատճառով ես անկարող եմ լինել բոլոր զորամասերում և անձամբ ստուգել վիճակը։ Մի՞թե ինձ պարսավողներն ավելի մեծաթիվ չեն լինի, եթե ես թույլ տամ՝ բանակը բարոյալքվի, ջախջախվի օտարության մեջ ու մեր կանայք, այլոց նման, քշվեն ստրկության։ Եվ հետո, եթե ես ներեմ Կլեանդրոսին, որ իմ մտերիմն է, մի՞թե ես իրավունք կունենամ նվազ հանցանքի համար պատիժ սահմանել ուրիշներին և, կարծում ես, նման թագավորի համար զինվորը պատրա՞ստ կլինի այլևս զոհել կյանքը։

Հեփեստիոնը նրան լսում էր անխոս, և Ալեքսանդրը նրա դեմքին վատ քողարկված թերահավատություն նշմարեց։

― Դու չե՞ս հավատում ինձ,― հարցրեց՝ անթարթ հայացքով նայելով քիլիարքոսի աչքերի մեջ։

― Դու թագավոր ես և պարտավոր չես արդարանալ որևէ մեկի առջև, արքա։

Հեփեստիոնի պատասխանը նրան խուսափողական թվաց, և համառեց.

― Չէ, դու չես հավատում ինձ։

― Քո փոխարեն ինքս էլ գուցե թե այդպես վարվեի, արքա,― պատասխանեց Հեփեստիոնը՝ հայացքը փախցնելով Ալեքսանդրի հայացքից։

Ալեքսանդրն այլևս չէր կասկածում, որ ընկերոջը բոլորովին այլ մտքեր են զբաղեցնում, և նա համբերությունը կորցրած՝ պահանջում էր ոչինչ չթաքցնել, հիշեցնելով, որ ինքը վաղուց ի վեր Հեփեստիոնին օժտել է թագավորի հետ ամեն ինչից աներկյուղ խոսելու իրավունքով։ Հեփեստիոնը չէր մոռացել դա և մեկ անգամ չէր արքային ներկայացրել իր առարկությունները, երբ այլոք, թագավորի բռնկուն բնավորությունը հաշվի առնելով, գերադասել էին հեռու մնալ վտանգից։ Բայց այս անգամ Հեփեստիոնը մտադիր չէր վիճել արքայի հետ ու չէր ներում իրեն զգացմունքները վերահսկելու անկարողության համար։ Սակայն այժմ նա խուսափելու ելք չուներ, իսկ խաբել արքային չէր կարող, և մտքերը ժողովելով՝ ասաց.

― Քո պատճառաբանություններն, անշուշտ, ընդունելի են, արքա, և, իսկապես, եթե դու ինքդ չհետևես քո իսկ խորհրդին, մենք կկործանվենք անվերապահ. մենք առաջինը չենք, որ տիրում ենք աշխարհին և գիտենք, թե ինչ վախճան են ունեցել աշխարհի հզորները՝ տրվելով վայելքներին և ոտնահարելով իրենց իսկ ընդունած օրենքները. ասվածի ապացույցը մեր գտնվելն է այս սրահում, ուր ժամանակին ճեմել են աշխարհի տիրակալները։ Բայց ինձ ահա արդեն վեց ամիս մտահոգում է բոլորովին այլ հարց, և այսօր ես համոզվեցի, որ անհանգստությունս անհիմն չի եղել։ Այն, ինչ հիմա կասեմ, անշուշտ, դուր չի գա քեզ, և դու կարող ես խախտել քո իսկ դրած պայմանը և պատժել ինձ՝ անխոհեմ իմ համարձակությամբ արքայական քո հանգիստը խռովելու համար, բայց ինձ այս պահին առաջնորդում է Մակեդոնիայի ճակատագրի հանդեպ ունեցած տագնապը, և ուրիշ ոչինչ այլևս կարևոր չէ ինձ համար, նույնիսկ սեփական կյանքը։

Ալեքսանդրը, որ կանգնած էր անմիջապես նրա առջև, խոժոռված, բայց և անկեղծության հրավիրող հայացքով նրան էր նայում։

― Դու, արքա, արդեն վեց ամիս ատում ես մակեդոնացիներին, որ նրանք թուլամորթ գտնվեցին և, արտասուքն աչքերին, ծնկաչոք քեզ աղերսեցին խղճալ իրենց և չշարունակել արշավանքը դեպի Աշխարհի եզրը, որը քո կյանքի նպատակն էր։ Նրանք երկնչեցին՝ լսելով, որ Հիփասի այն ափին հնդիկներից առավել ռազմաշունչ բազում ցեղեր կան ու հինգ հազար մարտափիղ ունեն։ Քեզ զրկել են ապրելու իմաստից, և այժմ դու այդ անչափելի տառապանքի համար վրեժխնդիր ես լինում մակեդոնացիներից։ Եվ հետո, այն պահից ի վեր, ինչ հանդիպեցիր մերկիմաստասեր Դանդամիսին՝ փոխվել ես անճանաչելիորեն։ Ես կասկած չունեմ՝ բոլոր դեպքերում դու մահվան կուղարկեիր Կլեանդրոսին և նրա զորախմբին, բայց այժմ դու նաև բավականությո՛ւն ես ստանում դրանից, որը չի կարող չմտահոգել ինձ։

Ավարտելով խոսքը՝ Հեփեստիոնը հեռանալու թույլտվություն խնդրեց և չսպասելով արքայի պատասխանին՝ գնաց դեպի ելքը։

Ալեքսանդրը մնացել էր կանգնած շիրիմի անշարժությամբ, չիմանալով ինչ պատասխանել։

Հասնելով դռներին՝ Հեփեստիոնը կանգ առավ ու շրջվելով

դեպի անկենդան հայացքով անորոշ հեռուն նայող արքան՝ ավելացրեց.

― Դու մինչ այդ էլ հիմքեր ունեիր մակեդոնացիներին ատելու, արքա. նրանք չէին ցանկանում ընդունել, որ դու որդին ես Ամմոնի։

Հեծելազորի պետը չելավ սրահից, այլ մնաց դռների մեջ կանգնած. դա Ալեքսանդրին հիմք տվեց ենթադրելու, որ նա չի ավարտել խոսքը, և լարումից արնագունած աչքերը դարձրեց նրան՝ խիստ կարևոր լուրի սպասումով։

― Ես ոչինչ չեմ հասկանում այս աշխարհից, Ալեքսանդր,― Հեփեստիոնն արքային դիմեց որպես մանկության ընկերոջ, իսկ դա հազվադեպ էր պատահում, և նրա ձայնի մեջ ակնածանք երևակվեց,― ու հաճախ եմ զարհուրում անբացատրելի երևույթների առատությունից։ Ամենքը դեմ են քո ծագման աստվածայնացմանը, ինքս էլ, առ այսօր, տարակուսել եմ...

Ալեքսանդրի հայացքի մեջ պայծառության նշույլ նկատվեց, և նա այն զգացողությունն ուներ, թե հիմա ընկերոջ շուրթերը կարտաբերեն բախտորոշ մի նորություն։

― Գիտե՞ս ինչու մարերը ահաբեկվեցին, երբ վճիռն արձակելուց հետո ելար գահից։

Ալեքսանդրի շունչը կտրվում էր, նա այրվում էր անհամբերությունից և կլանող հայացքով նայում էր Հեփեստիոնին։ Ու Հեփեստիոնը, պարզ տեսնելով նրա ներքին լարումի ահագնությունը, սպասեցնել չտվեց.

― Նրանք բոլորը տեսել են քո մարմինն ուրվագծող հրե շրջանակ. իսկ դա հատուկ է միայն աստվածներին։

Ալեքսանդրը ցնցվեց խայթվածի նման և լուրի ազդեցությունից աչքերն ակամա փակեց։

Գլուխ երրորդ

Այն նույն միջոցին, երբ մայրեփայտե դուռը փակվեց Հեփեստիոնի ետևից, գալարափողերի զրնգուն աղմուկ արձագանքվեց Քսերքսեսի հիմնած պալատում, որ կլանեց արքային համակած հանկարծահաս զարմանքը և ստիպեց նրան իր իսկ սահմանած կարգի համաձայն դուրս գալ պատշգամբ՝ ներկա լինելու սեփական հրամանի կատարմանը։

Երբ արքայական վեհությունը հայտնվեց պալատի երկրորդ հարկի պատշգամբում, պարսկական պատժիչ ջոկատը, որ քառանկյուն շարված՝ կառափնարանն առել էր իր մեջ ու աչալուրջ հետևում էր կարգ ու կանոնին, փաղանգի հրամանատարի ռազմական ողջ հանդերձանքով պճնված Սելևկոսի հրամանով թեքվեց դեպի նա և պատվի առավ։ Կառափնարանի տակ կանգնած Կլեանդրոսը ևս շրջվեց՝ զրնգացնելով շղթաները, ու նկատելով Ալեքսանդրին՝ երկար նայեց նրան. նրանք հեռու էին բավականին և միմյանց դեմքի արտահայտություններն անկարող էին նշմարել։

Հետաքրքրասերների հսկա բազմության հետ պատժիչ ջոկատը պաշարած մարերը նկատելով արքային՝ կրկին աղաղակեցին բարձրաձայն ու մազերը գլխից պոկելով՝ տապալվեցին գետին։

Ալեքսանդրը, որ նրանց վարքի պատճառը գիտեր արդեն, հրե շրջանակ տեսնելու հույսով ակամա զննեց իր մարմինը։

Փողեր հնչեցին, կարմիր հագած երկու դահիճ անշտապ մոտեցան Կլեանդրոսին ու երբ ջանում էին նրան շրջել դեպի բազմությունը, սատրապը կանչեց խրոխտ և ուժգին՝ ոտքով տենդագին խփելով փայտամածին.

― Դո՛ւ էլ շուտով կգաս իմ ետևից, Ալեքսա՛նդր։

― Արիությունը քեզ երբեք չի հրապուրել,

Դու մշտապես նախընտրել ես չքնաղ կանանց գրկում լինել.
Զզվելի է հիմար մարդու զվարճանքը այդ հեշտագին,

― հանդարտ կրկնեց Ալեքսանդրը Ավլիսում ասված Աքիլլեսի խոսքերը, ապա, երբ արդեն դահիճներն արել էին իրենց գործը և սատրապի մարմինն անօգնական ճոճվում էր օդում, խոսեց ինքն իր հետ՝ քայլելով պատշգամբի երկարությամբ.

― Ի տարբերություն քեզ, Կլեանդրոս, ես չեմ դողում կյանքից համար։ Այն ես չեմ գնել ոսկով, այն ունենալու համար չեմ խնդրել թախանձագին. այն նվիրել են աստվածները՝ իմ կամքը չհարցնելով և ետ վերցնելու պայմանով, ու երբ գտնեն, թե եկել է հոգուս վերադարձի պահը, ես չեմ լա կամ տրտնջա։ Կյանքն ինձ աստվածները չեն տվել վայելքների համար, Կլեանդրոս, դու դա գիտես. քեզ նման չեմ տիրացել կանանց, որոնք իմ գերին էին և որոնց տիրելու համար ամենևին քաջություն պետք չէր ունենալ։ Դու գիտես, որ ես ինձ գոռոզ եմ պահել այն կանանց մոտ, ովքեր հպարտ են պահել իրենց, և արհամարհել եմ նրանց, ովքեր տենչացել են կիսել իմ անկողինը։ Ճակատագիրն ինձ գերի հանձնեց Ասիայի ամենագեղանի կնոջը, և դու տեսար, որ նրա մազին անգամ չկդիպա, թեպետ նրա ամուսնու հանդեպ տածած թշնամությունը դրդում էր գոհացում տալ կրքերին և այդկերպ վրեժխնդիր լինել նրանից ստացած վերքի համար, որ դեռ խանգարում է ինձ քայլել։ Մինչդեռ ինքդ նրան տիրելու համար պատրաստ էիր զոհաբերել և՛ փառք, և՛ հարստություն, և աղերսում էիր ինձ՝ տալ նրան քեզ՝ հակառակ նրա կամքի։

Հասնելով պատշգամբի եզրին, ուր հպարտ մի նժույգ էր քարացել ծառս եղած, նա շրջվեց ռազմիկի հատու շարժումներով։

― Եվ քո կյանքն էլ ե՛ս չեմ խլում, Կլեանդրոս, այլ աստվածները, որ որոշում են բոլորիս ճակատագիրը. նրանք ստեղծել էին քեզ՝ քո պահվածքով ապացուցելու մյուսներին, որ տաճար ավերողին մահ է սպասվում անփառունակ, ինչպես նաև նրան, ով տիրում է կնոջն ուժով։

Գոհացում ստացած մարերը լքել էին արդեն հրապարակը, պարսկական զորաջոկատն արքայի նշանի սպասումով շարունակում էր մնալ անշարժ կանգնած, որպես գունագեղ արձանախումբ։

Ալեքսանդրը վերադարձավ գրադարան և մի քանի րոպե անշարժ ընկողմանած էր օթոցին՝ ափով դեմքը ծածկած։ Ջանում էր ջնջել սրտից մահապատժի տեսարանը, բայց Կլեանդրոսն անվերջ նրա հայացքի առջև էր. երևում էր մերթ Տյուրոսի պաշարմանը, երբ ծովը հողով լցնելուց հետո առաջինը գրոհեց պարսպի վրա, մերթ Իսոսի մարտում, երբ աջ թևից նեղեց պարսիկներին և հարկադրեց նահանջել, ապա Գավգամելայում՝ Դարեհին հալածելիս, նաև՝ երեկվա խնջույքի սեղանի շուրջ, ուր նա զվարթ էր սատիրոսի նման։

― Չէ՛, դա ես անել չեմ կարող,― խոր հառաչանքով արտաբերեց նա՝ ափը հեռացնելով հոգեկան ալեկոծությունից մթագնած դեմքից,― թող աստվածներն ուրիշին ուղարկեն. իմ ուժերից վեր է։

Զանգ հնչեցրեց ու կարգադրեց ներս մտած մատռվակին.

― Սև գինի բեր ինձ, Բագոաս, և մի՛ խառնիր այն ջրով։

Երբ սպասավորը վերադարձավ, նա գավաթը ձեռքին մոտեցավ Զևսի արձանին, հեղեց գինին և խոնարհվելով՝ շշնջաց.

― Մարդկային ամեն ինչ ատելի է ինձ համար, օ՜, Զևս Հաղթանակած, բայց, միևնույն է, դա ես անել չեմ կարող. ե՛տ կանչիր ինձ։

Այդպես խոնարհված մնաց մեկ րոպեի չափ, ասես սպասում էր իր աղերսը հասներ աստվածներին, ապա հապշտապ մի քանի գավաթ գինի խմեց, սեղանիկը, որի վրա նամակներն էին, մոտեցրեց օթոցին ու ընկողմանեց։ Փրկարար թմրություն համակեց նրան, ու աչքերը փակ՝ փորձեց տրվել խմիչքի ազդեցությանը։ Նրան երևացող պատկերները թրթռացին ու հալվելով՝ չքացան։ Այդպես նա մնաց քառորդ ժամի չափ, ապա իրեն զբաղեցնելու նպատակով ձեռքն առավ պնակիտներից մեկն ու հարկադրեց իրեն կարդալ այն։ Մայրը դժգոհում էր, թե Անտիպատրոսը, ում ինքը թողել էր կառավարելու Մակեդոնիան, որևէ չափ չի ճանաչում, պետության գործերը թողած՝ մտածում է իր փառքի մասին միայն և իրեն՝ թագուհուն, հեռու է պահում երկրի կառավարումից։ Իսկ Անտիպատրոսն իր նամակում գրում էր, թե թագուհին անհարկի միջամտում է ամեն ինչում և խանգարում իրեն կառավարել։

― Փո՜քր մարդիկ՝ մե՜ծ վեճեր,― մտածեց Ալեքսանդրը բացահայտորեն ձանձրացած։ Նա հոգնել էր տարիներ տևող փոխադարձ այս բողոքներից, որոնք գալիս գտնում էին իրեն անգամ Հնդկաստանի անմարդաբնակ վայրերում։ «Անտիպատրոսին հարկավոր է կանչել Բաբելոն, թող Էլիոսը գնա Մակեդոնիա նրա փոխարեն»,― որոշեց Ալեքսանդրը՝ ինքն իրեն խոստանալով այդ մասին կարգադրություն անել արքայական քարտուղար Քարեսին։ Նա ձեռքն առավ մեկ այլ նամակ, որից տեղեկացավ, թե հունական մարզերի միջև անհաշտություն է և Կորնթոսի մոտ սպարտացիներն ու թեսալացիները ճակատամարտել են։ Նողկանքի զգացումով նա պնակիտը շպրտեց հատակին, ասես այն ներծծված լիներ աղտեղությամբ, ապա արտաբերեց թունոտ.

― Մինչ մենք հաղթում էինք հնդիկներին, Արկադիայում պատերազմ էր մղվում մկների՜ միջև։

Բագոասն ուրվականի պես հայտնվեց դռների մեջ և արքայի հարցական հայացքին ի պատասխան՝ զեկուցեց, թե սոփեստ Անաքսարքոսն է եկել։

― Ես Հեփեստիոնից տեղեկացա, արքա, մարերի նկատած հրե շրջագծի մասին ու նաև ինքս տեսա, թե ինչպես նրանք մահապատժից առաջ երկրպագեցին քեզ որպես Աստծո, դռների միջից սկսելով՝ Անաքսարքոսը ոգևորված մոտեցավ արքային, բայց սոփեստին համակած խանդավառությունն արագ մարեց, երբ մոտիկից նայելով Ալեքսանդրի դեմքին՝ չտեսավ այլևս նրա հայացքի փողփողացող մեղմությանը միախառնված քաջազնական արտահայտությանը, չտեսավ պարիսպներ կործանելու ընդունակ նրա աչքերի փայլը, և զգաց, որ անբացատրելի տրտմություն է համակել աշխարհի տիրակալին։ Մինչդեռ ինքն առավել քան համոզված էր, թե աստվածայնության նոր նշաններն իմանալուց հետո արքան անչափ ոգևորված պիտի լիներ։

Որևէ լուրջ պատճառ չունենալով՝ նա արքայի տրամադրությունը պայմանավորեց արշավանքի հոգնությամբ, խնջույքին հաջորդած խումհարով, և որոշեց այնուամենայնիվ ներկայացնել իրեն արքայի մոտ բերած առաջարկը.

― Հասնելով Հնդկաստան և հաղթելով նրանց, արքա, դու արել ես ավելին, քան Դիոնիսոսը, որ Աստված է։ Եվ մարդիկ առավել քան պարտավոր են այսուհետ դասել քեզ աստվածների շարքը և երկրպագել՝ ինչպես վայել է Աստծուն։ Մարերին երևացած աստվածային նշանը վերացնում է արդեն ամեն մի կասկած, և մակեդոնացիներն այլևս ոչինչ չեն ունենա առարկելու և կընդունեն քեզ որպես Աստծո։

Ի մեծ զարմանք Անաքսարքոսի՝ առաջարկն ամենևին չոգևորեց Ալեքսանդրին։ Եվ նա, որ արքային մինչ այդ նայում էր այնպիսի գորովանքով, ինչպես քանդակագործը՝ իր հաջող կերտած արձանին, մոլորվել էր։ Արքան անշտապ գինի լցրեց և իրեն, և սոփեստին, որ իր առաջին ուսուցիչն ու դաստիարակն էր եղել, ապա ասաց հանգստությամբ.

― Դու չես մոռացել, կարծում եմ, թե ինչ եղավ Էկտաբանում։

Ալեքսանդրի հրավերով Անաքսարքոսը նստեց բազմոցին։ Նա չէր մոռացել հնդկական արշավանքից առաջ տեղի ունեցած միջադեպը։ Այն ժամանակ նա արքային համոզեց փորձել մակեդոնացիներին պարտադրել պաշտել իրեն որպես Աստծու։ Դա պիտի արվեր խնջույքի ժամանակ, որին մասնակցելու էին նաև երևելի պարսիկներ։ Անաքսարքոսի մտերիմ սոփեստներն ու ազնվազարմ պարսիկները խնջույքի ժամանակ, երբ ամենքը գինովցած լինեին, խոսք պիտի բացեին այդ մասին, ապա Անաքսարքոսը ելույթ էր ունենալու, և նրանք պաշտպանելու էին իրեն։

Ամեն ինչ ընթանում էր ծրագրվածի պես, և հարմար պահն ընտրելով, Անաքսարքոսը փորձեց հավաքվածներին համոզել, որ ավելի ճիշտ է որպես մակեդոնացիների Աստված մեծարել Ալեքսանդրին, և ոչ թե Դիոնիսոսին ու Հերակլեսին, և ոչ միայն նրա մեծ արարքների քանակի համար, այլև այն բանի, որ Դիոնիսոսը թեբեացի է և մակեդոնացիների հետ ոչ մի կապ չունի, իսկ Հերակլեսը՝ արգիվացի։ Արդարացի կլինի, եթե մակեդոնացիներն իրենց արքային աստվածային մեծարանքներ մատուցեն։ Չէ՞ որ ոչ մի կասկած չկա, որ կյանքից հեռանալուց հետո նրան պաշտելու են որպես Աստծո. ավելի ճիշտ չէ՞ փառաբանել ողջին, քան մեծարել մեռածին։

Անաքսարքոսի համախոհները հավանություն տվին նրա խոսքերին և հայտարարեցին, որ իրենք ցանկանում են անմիջապես մինչև գետին խոնարհվել Ալեքսանդրին՝ որպես Աստծո։ Մակեդոնացիների մեծամասնությունը լսածից վրդովված՝ լռություն էր պահպանում։ Այդ միջոցին, երբ ոմանք ելել էին արդեն արքայի առջև գետնատարած խոնարհվելու, օլինթացի իմաստասեր Կալիսթենեսը, որ Ալեքսանդրին ուղեկցում էր նրա արշավանքի պատմությունը գրելու նպատակով, անսպասելիորեն կտրեց նրանց ճամփան և դիմեց Անաքսարքոսին, ասելով.

― Ես կարծում եմ, որ Ալեքսանդրը արժանի է մարդուն վայել բոլոր պատիվներին։ Մարդիկ, սակայն, խիստ սահման են դրել մարդկանց և աստվածներին մատուցվող մեծարանքների միջև. վերջիններիս պատվին տաճարներ են կառուցում, արձաններ դնում, նրանց համար սրբազան հողակտորներ առանձնացնում, զոհեր մատուցում և գինի հեղում, նրանց պատվին հիմներ են հորինում, իսկ մարդկանց համար գրում են գովաբանական երգեր։ Մարդիկ իրար ողջունելիս համբուրվում են, բայց աստվածությունը մեզանից չափազանց վեր է և նրան դիպչելը սրբապղծություն է։ Այդ իսկ պատճառով մենք մեծարում ենք նրան՝ նրա առջև խոնարհվելով. աստվածների պատվին խմբերգեր ենք կազմակերպում, աստվածների պատվին օրհներգեր ենք երգում։ Անվայել է այս ամենն իրար խառնել և լիովին խառնաշփոթություն ստեղծել, մարդկանց բարձրացնելով անհասանելի բարձունքների և մատուցել նրանց չափազանցված մեծարանքներ, և միաժամանակ գահընկեց անել և նվաստացնել։ Չէ՞ որ Ալեքսանդրը չէր տանի այն վիրավորանքը, եթե սովորական մահկանացուին ձեռք բարձրացնելով կամ ոչ ճիշտ քվեարկությամբ պատիվներ տրվեին։ Ավելի արդարացի կլինեն աստվածներն իրենց ցասումի մեջ այն մարդկանց հանդեպ, որոնք իրենց հպատակներից պահանջում են աստվածային մեծարանք կամ համաձայնում են դրա վերագրմանը։

Ալեքսանդրին ավելի քան բավարար է լինել և համարվել քաջերից քաջը, ամենաարքայականը արքաներից, զորավարներից ամենաարժանին այդ կոչմանը։ Նման բաներ ասելու փոխարեն դու, Անաքսարքոս, պետք է հիշեիր, որ խորհրդատուն ես ոչ թե Կամբյուսեսին կամ Քսերքսեսին, այլ Փիլիպոսի որդուն։ Նրա նախնիները Մակեդոնիա են եկել Արգոսից և սկսել կառավարել այն ոչ որպես բռնապետներ, այլ օրենքի համաձայն։ Իրեն՝ Հերակլեսին էլ կենդանության ժամանակ հելլենները աստվածային մեծարանքներ չեն մատուցել և սկսել են մեծարել նրան որպես Աստծո ոչ անմիջապես, այլ հետագայում՝ դելփյան Աստծո հրամանով։

Իսկ եթե մարդը, որը դատողություններ է անում բարբարոս երկրում, ստիպված է նաև բարբարոս մտածելակերպ ունենալ, ապա խնդրում եմ քեզ, Ալեքսանդր, հիշիր Հելլադան, հանուն որի դու ձեռնարկեցիր այս ամբողջ արշավանքը։ Մտածի՛ր, արդյո՞ք այնտեղ վերադառնալով՝ հելլեններին՝ ամենաազատ մարդկանց, նույնպե՞ս պիտի ստիպես խոնարհվել քեզ մինչև գետին, թե՞ հելլեններին հանգիստ կթողնես և միայն մակեդոնացիներին կենթարկես այդ անարգանքին, թե՞ ընդհանրապես քեզ պատիվ կտան տարբեր ձևերով՝ հելլեններն ու մակեդոնացիները կմեծարեն քեզ որպես մարդու՝ հելլենական սովորույթի համաձայն, և միայն բարբարոսները կմեծարեն բարբարոսական ձևով։

Խոնարհվելու ելածները կարկամել էին, իսկ մակեդոնացիները, որ անտեղյակ էին արքայի գաղտնի գործերին, սկսեցին նրանց ծաղրել, ու խնջույքի սրահը լցվեց անզուսպ քրքիջով...

― Բայց հիմա ամենը շատ ավելի դյուրին կլինի, արքա, Անաքսարքոսը զգում էր, որ շփոթությունից խամրել է իր պերճախոսությունը, քանի որ այժմ չկա Կալիսթենեսը, որը ոչ միայն խանգարում էր վերաբերվել քեզ որպես Աստծո, այլև անմտություն ուներ ամենուր տարածելու, թե Ալեքսանդրը և Ալեքսանդրի գործերը կախված են իրենից և իր կողմից գրվող պատմությունից, որ Ալեքսանդրը կառնչվի աստվածներին ոչ թե նրա ծննդի մասին Օլիմպիադայի պատմած ստերով, այլ այն պատմության շնորհիվ, որը ինքը կգրի աշխարհի համար, և որն, ի վերջո, արքայադավության մղեց Պարմենիոնին և նրա որդուն։

Անաքսարքոսը դիտավորյալ հիշեցրեց Կալիսթենեսի վարքը, քանի որ իրեն լուրեր էին հասել, թե արքան զղջացել է նրան մահվան դատապարտելու համար։ Եթե այդ լուրերը համապատասխանում են իրականությանը, ապա չար ամպեր են կուտակվում իր գլխին։

Ալեքսանդրը նկատեց վատ քողարկված այդ ձգտումը, բայց ուշադրության չարժանացրեց։

― Ես կարիք չունեմ մակեդոնացիների կողմից Աստված ճանաչվելու,― ասաց նա կտրուկ՝ ելնելով օթոցից,― և չեմ պատրաստվում նրանց խնդրել այդ մասին. նրանք իրենց աստվածներին օժտելու են իրենց սեփական արատներով, որպեսզի այդ կերպ արդարացնեն իրենց թուլությունները։ Այլոց արատները կրել ես չեմ ուզում։

Անաքսարքոսը, որ չէր սպասում արքայի կողմից հարազատ ժողովրդի հանդեպ այդպիսի վերաբերմունքի, գունատվեց մումիայի պես և անհանգիստ շարժումներով փոխեց դիրքը բազմոցի վրա։ Լայն բացված աչքերով նա ուղեկցում էր սրահում քայլող արքային՝ անկարող լինելով զսպել զարմանքը։ ՈՒշացումով նա համաձայնեց Հեփեստիոնի հետ, ինքը ևս գտնելով, որ արքան անբարյացակամ է դարձել մակեդոնացիների հանդեպ, և Հեփեստիոնի նման կարծեց, թե պատճառն Աշխարհի եզրը գնալուց հրաժարվելն է։

― Բայց, արքա,― Անաքսարքոսին դժվար էր խոսելը. նրա սրտի մեջ բոլորովին հանգավ այն վստահությունը, որով հավատացել էր, թե մարերին երևացած տեսիլը կօգնի իրեն իրագործելու փայփայած երազանքը,― մակեդոնացիները ցանկանան ընդունել, թե ոչ՝ կա անողոք իրականություն...

― Իսկ ո՞վ է հավատում դրան՝ մեր երկուսից բացի, Անաքսարքոս,― Ալեքսանդրը ընդհատեց սոփեստին՝ դառնալով նրա կողմը։ Ես չգիտեմ՝ ի՞նչ պատասխանեմ նրանց, ովքեր հարցնում են, որ եթե ես Աստծո որդին եմ, ապա ինչո՞ւ են ինձ բաժին հասնում այսքան փորձություններ, այն դեպքում, երբ աստվածների կողմից հովանավորված մահկանացուները,― և ոչ ամենևին՝ աստվածազունները,― զգացել են նրանց աջակցությունը. Աթենասը Մենելավոսին ուղղված նետը շեղեց դեպի սպառազինության ամենաամուր տեղերը՝ զրահին, սաղավարտին ու գոտուն, վերացրեց հարվածի ուժն այնպես, որ վերքը սոսկ առիթ էր լինում, որպեսզի մի քիչ արյուն երևար։ Ապոլոնը փոշով պարուրեց ռազմի դաշտը, երբ Պարիսի կյանքն էր վտանգվում, և նրան փոխադրեց ապահով վայր։ Ի՞նչ պատասխանեմ ես, երբ այդ նույն աստվածները մերկ էին թողնում մարմնիս ամենախոցելի տեղերը, հարվածներն ուղղելով ոսկորներիս։ Ճակատագիրը, որ կամակատարն է նրանց, չորս կողմից զննելով՝ հարձակվում էր մերթ աչքիս վրա, մերթ՝ ոտքիս, դժվարացնում թշնամուն հետապնդելը, ձգձգում հաղթանակները, խորտակում հույսերս։ Նայի՛ր, տե՛ս, թե ինչպես է վիրավորված ամբողջ մարմինս,― Ալեքսանդրը ցույց տվեց սրունքների սպիները,― ոտից գլուխ կտրտվել է և ջարդոտվել թշնամիների հարվածներից և՛ նիզակով, և՛ սրով, և՛ վիթխարի քարերով։ Գրանիկոսի մոտ սուրը ճեղքեց իմ սաղավարտը, հասավ մազերիս, Գազայում տեգով վիրավորվեցի ուսից, Մարականդայի մոտ՝ նետով՝ սրունքից, այնպես, որ կոտրված ոսկորը դուրս էր ցցվել վերքից։ Հիրկանիայում քարով վիրավորվեցի ծոծրակից, որից հետո վատացել էր տեսողությունս և քանի օր կուրանալու սպառնալիքի տակ էի։ Ասսականների մարզում հնդկական նիզակով վիրավորվեցի կոճից, Իսոսի մոտ՝ սրով՝ ազդրից, որ հասցրեց ինձ Դարեհը։ Մալերի երկրում երկու արմունկ երկարության նետը ծակելով զրահը՝ վիրավորեց կուրծքս, նույն մարտում էլ գուրզով հարված ստացա ծոծրակիս։

Զգալով, որ Անաքսարքոսը կամենում է արտահայտվել, Ալեքսանդրն առարկեց նրա չհայտնած մտքերին.

― Գիտեմ, դու կվկայակոչես, թե ես տիրում եմ աշխարհին, որը չհաջողվեց անել նույնիսկ Դիոնիսոսին, որ Աստված է, բայց դու ինքդ ներկա ես եղել ու տեսել, որ հաջողություններն ուղեկցել են ինձ սոսկ այն պատճառով, որ ես անմնացորդ ներդրել եմ մարմնիս և հոգուս բոլոր կարողությունները, և թշնամուն հաղթել եմ ոչ թե Բախտի հաճությամբ, այլ կարողացել եմ խորամանկել նրան, կռահել նրա միտքը, գերազանցել նրան արիությամբ։ Իմ բանակը հաղթել է, քանի որ ես այն մարզել եմ ինչպես հարկն է և նրա ոգին բարձր եմ պահել իմ վարքով և դաստիարակել նրանց այնպես, որ ինձ նման արհամարհեն մահը։

Ալեքսանդրը դադար տվեց, ապա մոտենալով սոփեստին և զննելով նրա խորշոմածածկ դեմքն այնպես, ասես ինչոր բան էր փնտրում այնտեղ՝ ասաց վհատ տոնով.

― Երբեմն ես էլ եմ սկսում կասկածել իմ մոր և քո ասածներին։

― Բայց, արքա, աշխարհը երեք հազար տարեկան է, և այդ ընթացքում ոչ մի մարդ, այսքան փոքրաթիվ զորքով, չի ունեցել քո հաջողությունը,― առարկեց Անաքսարքոսը՝ ուսերը թոթվելով և տարակուսանքից ափերը կողքի տարածելով. ո՞ւմ պարզ չէ, որ առանց աստվածների աջակցության դա հնարավոր չէր լինի։

― Թող չթվա քեզ, թե փորձ եմ անում ընդհանրապես հերքել աստվածների աջակցությունը, Անաքսարքոս,― պարզաբանեց Ալեքսանդրը՝ շարունակելով ճեմել սրահում,― գիտեմ, Ամոնն աջակցել է ինձ, և դա չեմ կարող ուրանալ, բայց մյուս աստվածները կարծես թե խնդիր են ունեցել խանգարել։ Ահա, ինքս ինձ անկարող եմ ապացուցել, որ հաջողություններս նրանք են կանխորոշել։ Գիտեմ, ընդդիմանալու ես, թե Բախտն օգնել է ինձ. այդպես կարծում են նաև իմ հետերներից ոմանք ու բոլոր վետերանները, որոնց համար իմ սխրանքները ոչինչ են Փիլիպոսի գործերի հանդեպ։ Բայց մի՞թե, Անաքսարքոս, Բախտն է կործանել Տյուրոսը, և Բա՞խտն է իմ առաջ բացել Եգիպտոսը. Բախտի կամքո՞վ է ընկել Հալիկառնասը, գերվել Միլետը, Մազեոսն առանց պաշտպանության թողել Եփրատը, և Բախտի քմահաճույքո՞վ են Բաբելոնի հարթավայրերը ծածկվել սպանվածների դիակներով։ Բա՞խտն է առանց մի հատիկ իսկ վերքի, առանց իմ արյունը հեղելու, առանց ռազմական գործերի բարձրացրել ինձ Կյուրոսի գահին ձիու խրխինջով, ինչպես երբևէ Դարեհը՝ Հիսթապսի որդին, որ արքայական սուրհանդակի գլխարկը փոխարինեց թագով։ Թե՞ անսպասելիորեն տիեզերքի վրա թագավորեցի վիճակահանությամբ, ինչպես որ Աթենքում վիճակահանությամբ օրենսդիրներ և արքոնտներ են նշանակում։ Իսկ գուցե Ասիայի թագավոր դարձա ուտելիքը բանջարանոցում աշխատելով հայթայթող Աբդալոնիմո՞սի նման, որին ինքս թագավոր կարգեցի Պաթոսում, ինչ է թե այդ երկրին տիրած Կինիրադոսների տոհմից միայն ինքն էր ողջ մնացել։ Մի՞թե ինձ ևս մեծություն վիճակվեց առանց քրտինքի և արյան։

Ես արնաներկ գետերի ջուրն եմ խմել, գետերն անցել ընկածների դիակների վրայով, քաղցելիս կերել առաջին պատահած խոտը, թափանցել եմ խորը ձյուներով պատսպարված ցեղերի մեջ և գետնի տակ խորասուզված քաղաքները, կռվել եմ սղոցաձեռ մարդկանց դեմ, որ քսանչորս կանգուն հասակ ունեին և հեռվից բռնելով իմ զինվորներին՝ ուտում էին իմ աչքի առաջ։ Ու նաև վեցձեռանի և վեցոտանի մարդակերպ արարածների դեմ, շնագլուխների դեմ, որոնք անհամար էին և խժռած կլինեին իմ ողջ զորքը, եթե չվախեցնեի նրանց կրակով։

Անաքսարքոսն այլևս կասկած չուներ, որ հնդկական արշավանքի ընթացքում, որին տկարության պատճառով անմասնակից էր ինքը, իրեն անհայտ պատճառներով արքան փոխել է իրերի և երևույթների վերաբերյալ ունեցած պատկերացումները։

― Մակեդոնացիների Աստված լինել ես չեմ ուզում այլևս,― շարունակեց Ալեքսանդրը, արդեն ավելի շուտ խոսելով ինքն իր, քան Անաքսարքոսի հետ,― իսկ ինչ վերաբերում է նրանց, ովքեր Էկտաբանում չցանկացան տեսնել իմ մեջ Աստծո որդուն, ապա նրանք կպատժվեն Ագավայի նման, որ հրաժարվում էր հավատալ Դիոնիսոսի աստվածային ծագմանը, և Ագավայի նման կխելազրկվեն և իրենք էլ կպատառոտեն իրենց որդիներին։ Կամ էլ Եքիդնայի նման ճիվաղներ կծնեն։ Ու դա կլինի ո՛չ թե այն պատճառով, որ այդպես է ինձ հաճելի, այլ դա տեղի կունենա, քանի որ այդպես են ցանկանում աստվածները։ Ես որևէ մեկին խնդրելու ցանկություն չունեմ, և եթե պարսիկներն են ինքնակամ ինձ ճանաչում որպես Աստված, ուրեմն ես նրա՛նց Աստվածն եմ, և քանի դեռ ապրում եմ երկրային կյանքով՝ ես պարսիկ եմ և ո՛չ՝ մակեդոնացի։

Անաքսարքոսը կարկամել էր։ Նա ակամա ձեռքն առավ կրծքից կախված փղոսկրե հմայիլն ու աչքերի դեմ պահելով, ինչ-որ բան շշնջաց։

Գլուխ չորրորդ

Խրախճանական վերադարձին հաջորդած պերսեպոլիսյան խնջույքից հետո քառասուն մակեդոնացի այդպես էլ չարթնացավ քնից. մինչ առավոտ տևած գինեխմության անզուսպ մրցույթից նրանց սիրտը պայթել էր։ Զորահանդեսային շքեղ հագուստով պճնված նրանց մարմինները դիակառքերով փոխադրեցին մերձակա Նախշ ի Ռուսթեմ, տասը հազար մարդ ճեղքեց բլուրը, և մի մեծ անձավ փորելով՝ թաղեցին նրանց այդպես, մուտքը փակեցին հսկա ժայռաբեկորներով ու զմռսեցին յոթ անեծքով։ Դառնալով քաղաք՝ խմեցին նրանց հոգիների հանգստության համար։ Իրենք էլ չիմացան՝ սգո հանդիսությունն ինչպե՞ս վերածվեց խնջույքի և ինչպե՞ս նորեն մատնվեցին գինեխմության մրցույթի։

Առավոտյան Հադեսը տարավ նրանցից ևս երեսունին։ «Պերսեպոլիսն անիծված է, Պերսեպոլիսն անիծված է,― միաբերան կանչում էին գուշակները, որ հասցրել էին զննել հարյուր գառան փորոտիք և հետևել թռչունների վարքին,― պարսիկների աստվածները վրեժխնդիր են լինում արքայանիստ քաղաքը հրդեհելու համար, և այն լքել է պետք անհապաղ»։

Պերսեպոլիսում արքան երկար մնալու մտադրություն չուներ. նախ նա շտապում էր վերադառնալ Բաբելոն՝ իր կայսրության մայրաքաղաքը, ուր չէր եղել ահա արդեն վեց տարի, և հետո, Քսերքսեսի այրված պալատներն անուրախ հուշեր էին արթնացնում նրա հոգում։ Նա նամակ գրեց մորը՝ հայտնելով Անտիպատրոսին ետ կանչելու իր որոշման մասին, Անտիպատրոսին էլ կարգադրություն ուղարկեց հավաքագրել երեք հազար նորակոչիկ և նրանց հետ ընդառաջ գալ իրեն Բաբելոն, իսկ հետերներից Էլիոսին հանձնարարեց պատրաստվել վիրավոր և տարիքն առած տասը հազար զինվորների հետ վերադառնալ Պելլա և ստանձնել Մակեդոնիայի կառավարումը։ Պորոսին նա վստահեց Հնդկաստանի կառավարումը և կարգադրեց ետ դառնալ՝ նրան հարուստ ընծաներ տալով։ Վրկանը հանձնեց Թրատաթերնոսին՝ մարդերի երկրի և Տապուրի հետ միասին։ Մարաստանի կառավարումը վստահեց Արսակին, Բաբելոնիան հանձնեց Ստամենին, իսկ իր հոր հին զինվորներից Կլիտոսին, որ սաստիկ համբավավոր էր ռազմական իր բազմաթիվ սխրագործություններով ու նաև հարազատ եղբայրն էր իրեն դաստիարակած Հելանիկայի, ում սիրում էր մոր պես, նշանակեց Մարականդի կառավարիչ։ Հետո նորանշանակ թագավորներին ու ազնվատոհմիկ ասիացիներին հրաժեշտի խնջույքի հրավիրեց Կյուրոսի Հազարասյուն սրահ, որը լայն էր ու ընդարձակ այնքան, որ մի ողջ բանակ կարող էր տեղավորել։

Նրանք ընկողմանել էին բոլորաձև շարված օթոցներին, որ հագեցած էին փետրե բարձերով։ Ալեքսանդրի հարևանությամբ Հեփեստիոնն ու Պտղոմեոսն էին, ապա մյուս հետերները։ Եզրերից նրանց հաջորդում էին Փիլիպոսի զորավարները՝ իմաստասերների հետ միախառնված, իսկ լայն շրջանը բոլորող ասիացի հրավիրյալները տեղավորվել էին անմիջապես արքայի դիմաց։

Նոր էին նրանք ընկողմանել, երբ երևացին ճերմակ զգեստներ հագած սպասավորները՝ արծաթե մեծ սկուտեղներով բերելով ախորժալուր խորտիկներ, շոգեխաշած սիրամարգ և փասիան, խորոված վիթ, հիրկանյան ձկներ, ծղոտահյուս կողովների մեջ ցողով ծածկված մրգեր, էբենոսե սափորներով՝ հալիբոնյան գինի։ Նրանք գալիս էին ու գալիս՝ միմյանց հերթ չտալով, բայց անձայն, իսկ երբ սեղանները ծանրաբեռնվեցին ամենայն բարիքներով, շարվեցին գորգազարդ պատի տակ, սպասելով նոր հրամանի։ Ինը գեղանի ստրկուհիներ հատուկ թասի մեջ լվացին խնջույքի մասնակիցների ձեռքերը, ծաղկեպսակներով զարդարեցին նրանց, իսկ օթոցների սպասավոր լիբիացի մերկաստինք կանայք, որ նստած էին նրանց ոտքերի մոտ, գինի լցրին արծաթե սափորներից։ Օթոցների շրջանակից դուրս, լուսամուտների տակ, տավիղ էին նվագում, ջրամանի վրա խոնարհված Դանայուհու արձան էր դրված անկյուններից մեկում, մյուսում մարմարացած Նիոբեն ապարդյուն ջանում էր Արտեմիսի աներևույթ նետերից փրկել իր դստերը, իսկ անմիջապես արքայի հայացքի հանդիման, ասիացիների թիկունքում, ջահերով առատորեն լուսավորված բարձր պատվանդանից անթարթ հայացքով դեպի սրահի ելքն էր նայում Աստվածահայր Զևսը։

Անլսելի մի հրամանով ամենքը լռեցին, Ալեքսանդրը ոտքի ելավ և հանդիսավորությամբ հեղում արեց Զևսի պատվին, ապա գավաթը պահելով գլխից վեր՝ Աստծուն խնդրեց բարեհաճ լինել իր երկրի հանդեպ, թույլ չտալ՝ կործանվի այն, իր մարդկանց պաշտպանել հիվանդությունից և փորձանքից, առատություն պարգևել դաշտերին՝ խոստանալով նրան երկրպագել որպես բարերար աստծո։ Հյուրերը կրկնեցին նրա խոսքերը և գավաթը շուրթերին մոտեցնելով՝ գինին հեղեցին սրաբազան սկահակի մեջ, որը ստրուկները հետո դրին աստծո ոտքերի մոտ։ Ապա նրանք մեկ րոպեի չափ լուռ կանգնած էին, ափերը միմյանց սեղմած, հայացքները՝ Զևսի արձանին։

Աստվածամեծարումն ավարտված էր։

Նրանք ուտում էին կողքի պառկած, մեծագույն ախորժակով. արքայի սրտաբուխ հյուրասիրությունն էր պատճառը, թե պերճաշուք սրահի զվարթ լուսավորությունը, ամենքն անկաշկանդ էին զգում իրենց, և նույնիսկ առաջին անգամ արքայի հետ խնջույքի մասնակցելու պատվին արժանացած պարապամիսցի ազնվականները, որ ամենքից տարբերվում էին հրավերի պատվին դեղին ներկած ճակատով, անկաշկանդ էին հետերներից առավել։

Որքան պակասում էր սափորների գինին, այնքան չքանում էր խնջույքի հանդիսավորությունը, և մեկ ժամ հետո այնպիսի բազմալեզու աղմուկ էր սրահում, որ անհնար էր սպասավորներին որևէ բան հասկացնել։ Գինովցած զորավարներն ու թագավորները վերհիշում էին վաղուց մոռացված միջադեպեր, եռանդագին քննարկում կայսրության գործերը, իսկ իմաստասերները վիճում էին իրերի և երևույթների էության շուրջ։

Սրահը մեկեն բռնվեց շրթհարմոնի քաղցր մեղեդիով, ապա լիբիական վինի հնչյունների ներքո նվագածուների հետ ներս մտան պարուհիները։ Նրանք մետաքսե թափանցիկ զգեստներ էին հագել, թևերը կողքի տարածած՝ որպես կախարդական թռչուններ, պտտվում էին օթոցների շուրջ՝ հնչեցնելով զգեստին կարված զանգակները, մերկ ստինքները խաղացնելով՝ խոնարհվում տղամարդկանց վրա. անուշաբույր յուղերով օծված նրանց մարմինները փայլփլում էին կանթեղների ցոլքերից, և տղամարդիկ նրանց նայում էին բոցկլտացող աչքերով։ Մկանուտ տղաներ էին գլուխկոնծի տալիս պտտվող հրե շրջանակի միջով։

Պորոսին պարուհիները բացարձակապես չէին հետաքրքրում, նա գինի էլ չէր խմում, իր ամեհի բազուկներով ջարդոտում էր մսակտորները և ուտում սովահարի մոլեգնությամբ։ Նա երկար, կպրագույն մազերը կնոջ նման բրգաձև հավաքել էր գլխին, և այդ բուրգը ցնցվում էր գլխի շարժումներից՝ առաջ բերելով վետերանների քրքիջը։

Առաջինը գինովացան հետերները, որ պարուհիներով զմայլված՝ մոռացել էին ուտելը ու խմում էին՝ հայացքը նրանցից չկտրելով։

Օրեր առաջ լրացել էր Դիոնիսոսի պատվին անցկացվող տոների ժամկետը, որի ընթացքում Ալեքսանդրը սովորաբար զոհեր էր մատուցում նրան։ Բայց այս անգամ արքան արհամարհել էր Դիոնիսոսին և զոհ մատուցել Դիոսկուրոսներին։ Ու երբ պարուհիները հեռացան՝ խնջույքի մասնակիցների խոսակցության թեման դարձավ դա, և նրանք սկսեցին քննել արքայի արարքը։ Ոմանք գտնում էին, որ Դիոսկուրոսներն ամենևին նվազ արժանի չեն մեծարումի, քանի որ նրանք Զևսի որդիներն են հանդիսանում այն պահից ի վեր, երբ Տինդարեոսին զրկեցին նրանց հայրը լինելու պատվից։ Դիոսկուրոսների քաջագործություններին անցնելով՝ խնջույքի մասնակիցները սկսեցին համեմատել նրանց այլ հերոսների հետ։

Բազմափորձ վետերանները խորհուրդ էին տալիս զգուշանալ Դիոնիսոսի վրեժխնդրությունից, իսկ գինովցած հետերները նրանց ջգրու հայտարարեցին, թե իրենց արքային մեծագործություններով ոչ ոք գերազանցել չի կարող և որ նույնիսկ անհնար է Պոլիդևքեսին Կաստորի հետ միասին համեմատել Ալեքսանդրի հետ և որ նախանձը կանգնում է ողջերի ճանապարհին և խանգարում ժամանակակիցներին պատշաճ մեծարանքներ մատուցել։ Տարեց զինվորներին ու հատկապես Կլիտոսին, որ բացահայտորեն և արդեն վաղուց վշտացած էին բարբարոսների սովորույթների հանդեպ Ալեքսանդրի աճող հակումից, սա այնքան էլ դուր չեկավ և սրտնեղեցին, որ եթե իրենք Փիլիպոսի հետ չհաջողեցնեին մակեդոնացիների հեգեմոնությունը Հելլադայում, ապա Ալեքսանդրին Ասիան նվաճելու հնարավորություն չէր ընձեռվի ընդհանրապես և որ Փիլիպոսի հրամանատարությամբ իրենց ունեցած հաղթանակներն ամենևին չեն զիջում Ալեքսանդրի ձեռնարկումներին։ Հետերներն աղմուկով ընդհատեցին նրանց ու միմյանց հերթ չտալով գոչում էին, թե միայն Պարսկաստանի առումը բավական է, որ իրենք արքայի հետ անմահանան, քանի որ մինչ այդ հույները պարսիկներից միայն պարտվել են։ Վետերանները, անհամբերությունից արդեն օթոցներից ելնելով, ժխորի մեջ բղավելով՝ օրինակներ էին բերում Փիլիպոսի ժամանակներից և ջանում ապացուցել, որ եթե Փիլիպոսը նվազ հզոր արքա լիներ և չշահեր Հերովնիայի ճակատամարտը, մակեդոնիացիները ոչ միայն Ասիայի տեղը չէին իմանա, այլև հարկատու կլինեին այլոց։ Գինովցածությունից ինքնատիրապիտումը կորցրած Ալեքսանդրը նեղացավ վետերանների վարքից և հրավիրյալների մոտ իր պատիվը փրկելու համար, իսկ նրանք իրեն գիտեին որպես Հելլադայի բոլոր ժամանակների հզոր արքա, ինքն էլ չհասկացավ ինչպես՝ սկսեց նվաստացնել իր հորը՝ ասելով, որ Հերովնիայի մոտ տարած հաղթանակը ի՛ր արժանիքն է եղել և որ այդ մեծ հաղթանակի փառքից նա զրկվել է իր հոր չարության պատճառով միայն։ Նա հավատացնում էր խնջույքի մասնակիցներին, որ երբ մակեդոնացի զինվորների և հույն վարձկանների միջև պառակտում սկսվեց, ընդհանուր տուրուդմփոցի մեջ վիրավորված Փիլիպոսը իր անվտանգության համար մեռած ձևանալով՝ պառկեց գետնին, իսկ ինքը վահանով ծածկեց նրան և անձամբ կոտորեց բոլորին, ովքեր փորձում էին հարձակվել նրա վրա։ Նա տրտնջում էր, թե մեկ այլ անգամ, երբ հայրը գնացել էր սամոթրակյան գաղտնածիսություններ դիտելու, ինքն առանց նրա հաղթել էր իլիրիացիներին, մինչդեռ հաղթանակի փառքը բաժին էր հասել հորը։

― Փառքի են արժանի ոչ թե նրանք, ովքեր գնում են գաղտնածիսություններ դիտելու, այլ նրանք, ովքեր գրավել են Ասիան ու կատարել քաջություններ, որոնք գերազանցում են այն ամենը, ինչ հնարավոր է պատկերացնել,― կանչում էր նա գինովցած, իսկ հետերները ոգևորված աջակցում էին նրան ու ծաղրում տարեց զինվորներին։ Գինովանալ հասցրած վետերանները սկսեցին մտածել, թե ասիացիների մոտ ինչպես պաշտպանեն Փիլիպոսի պատիվը նրա իսկ որդու հերյուրանքներից, իսկ Կլիտոսը, որ հայտնի էր իր հանդուգն վարքով և ժամանակին համարձակվել էր բազմիցս հակաճառել նույնիսկ խստաբարո Փիլիպոսին, ցածր, որպեսզի արքայի ականջին հասնեն միայն բառերի ձայները և ոչ դրանց իմաստը՝ արտասանեց Էվրիպիդեսի «Անդրոմաքոս»ից հետևյալը.

Ի՛նչ անարդար է ամբոխի դատը։ Երբ հելլենացիք
Հաղթանշանն են բարձրացնում կրկին պարտված թշնամու
Բանակների մեջ. ապա նրա՛նք չեն փառաբանվածը,
Ովքեր գոռ մարտում արյուն են ոթել, այլ առաջնո՛րդն է
Վերցնում և՛ ավար, և փառք...

Նրա խոսքը հարուցեց վետերանների քրքիջը։ Արքան սթափվեց այդ քրքիջից և կարծելով, թե Կլիտոսի խոսքերը չար ակնարկներ են պարունակում, իր կողքին նստածներից փորձեց իմանալ, թե ինչ են լսել նրանք։ Նրանք համառորեն լռում էին, իսկ Կլիտոսը, որ հարբել էր արդեն, բարձրաձայն հիշեցրեց Փիլիպոսի գործերը և նրա պատերազմները Հունաստանում, և այդ ամենը բարձր դասեց Ալեքսանդրի արածներից։ Մեկ այլ վիճակում արքան գուցե թե չնկատելու տար ամեն ինչին հակաճառելու սովոր Կլիտոսի խոսքերը, բայց գինին նրան դարձրել էր դյուրագրգիռ և հազիվ էր զսպում իրեն համակած զայրույթը՝ տեսնելով, թե ինչպես է իր դայակի եղբայրը նսեմացնում իր փառքը։ Իսկ գինուց մեծամտացած ու հանդգնացած Կլիտոսը չէր դադարում խոսել.

― Դու լավ երկրները կառավարելու ես տալիս նրանց, ովքեր չարամտորեն վարկաբեկում են քո հոր հիշատակը, դու նրանց պարգևների ես արժանացնում, իսկ Փիլիպոսի զինվորներին քամահրում ես՝ հանձնելով այնպիսի երկրներ, որոնք այդքան ապստամբել են և ոչ միայն նվաճված չեն, այլև չեն կարող նվաճվել։ Դու քամահրում ես Փիլիպոսի զինվորներին, մոռանալով, որ եթե մենք ետ չպահեինք ճակատամարտից փախչող երիտասարդներին, ապա դու մինչև այժմ նստած կլինեիր Հալիկառնասի պատերի տակ։ Եվ, իսկապես, ի՞նչ ձևով դու այդ պատանյակների հետ նվաճեցիր Ասիան, որ առաջին անգամ պարսիկ տեսնելուն պես քամակները դեմ արին նրանց։

Վետերանների օթոցներից զվարթ ծիծաղ ելավ օդ։ Դա ավելի ոգևորեց Կլիտոսին, և ձեռքը պարզած դեպի արքան, շարունակեց.

― Ես ճշմարիտ եմ համարում քո հորեղբոր ասած խոսքերն Իտալիայում. որ ինքը ղեկավարում էր հարձակումը այրերի վրա, իսկ դու՝ աթենացի կանանց։

Զվարթ ծիծաղը վերածվեց հռհռոցի, որից արքայի դեմքը ջղաձգվեց, իսկ ձեռքերը բռունցքվեցին։ Կլիտոսը, չնկատելով այդ, շարունակեց.

― Դու գովում ես քո պատանյակներին, իսկ ունե՞ս նրանց մեջ գոնե մեկին, որ լինի քաջ Պարմենիոնի գոնե կեսի չափ, մինչդեռ եթե չլիներ նա, չէր լինի նաև այսօրվա Ալեքսանդրը՝ իր մեծությամբ։

Երկու հարյուր մարդու ներկայությամբ իր կողմից սպանված զորավորին գովաբանելն արքան ընկալեց որպես իրեն ուղղված բացահայտ մեղադրանք. արյունը խփեց քունքերին, աչքերից ցասում էր կաթում, և հազիվ զսպելով իրեն՝ չհարձակվել Կլիտոսի վրա, նա բռունցքն աղմուկով զարկեց սեղանին, որից սպասքը զրնգոցով թափվեց գետին, իսկ լիբիացի ստրկուհին կուչ եկավ օթոցի ծայրին, և ոտքի ելնելով՝ Կլիտոսից պահանջեց լքել խնջույքը։ Ամենքն ակնթարթորեն լռեցին։ Արքայի տեսքից Կլիտոսը սսկվեց, բայց չէր շտապում կատարել նրա հրամանը։ Արքայի ցասմանը տեղյակ մակեդոնացիները փորձում էին Կլիտոսին ուժով դուրս բերել սրահից, միաժամանակ հայհոյելով ու համոզելով, իսկ նա դիմադրում էր՝ հուժկու բազուկներով գետին տապալելով իր կամքի վրա բռնացողներին։ Ի վերջո Կլիտոսին հրելով հասցրին դռների մոտ, և Պտղոմեոսը նրան առավ գրկի մեջ ու դուրս բերեց սրահից։ Սա զվարթացրեց բոլորին, որն օգնեց լարվածության թուլացմանը։

Ամենքը կարծեցին, թե միջադեպը հարթված է, և տեղ զբաղեցրին օթոցներին։ Հրաման ստացած տավղահարները ջանացին լարվածությունը պարուրել երաժշտության հոգեզմայլ մեղեդիով, Անաքսարքոսն աստվածների բնույթին առնչվող նոր զրույց սկսեց, բայց այդ պահին հանկարծ դռների ետևից լսվեց Կլիտոսի խրոխտ ձայնը.

― Եվ ո՞ւմ եք այդպես խոնարհվում գետնատարած, նրա՞ն, ով մահվան հետ արդեն հաշտված՝ հետույքն էր խոնարհաբար արել Հրեսակին և գլխատված կլիներ վաղուց, եթե վերջին պահին ես չծածկեի նրան վահանով ու սրով չկտրեի բարբարոսի ձեռքը։ Պարմենիոնին սպանողի՞ն եք խոնարհվում, Ատալոսին սպանողի՞ն։ Չլինի՞ դուք էլ եք հավատում Աստծո պատգամախոսի զառանցանքին, թե Ամմոնն է հայրը նրա։ Թող հիշի նա Բելոփորոնի վախճանը, որը նույնպես գոռոզանալով ու կուրանալով փառքից՝ կամենում էր հավասար լինել աստվածներին։

Կլիտոսի այս խոսքերն արքային վերջնականորեն հանեցին համբերությունից, նրա դեմքը վայրենի բարկության արտահայտություն ստացավ, աչքերը վայրկենապես դարձան բոսորագույն, ռունգերը լայնացան արշավից հետո շունչ առնող նժույգի նման։ Նա գոռաց ողջ ուժով, աղմուկով շուռ տվեց սեղանը ու ճանկելով թիկունքում կանգնած զինակրի ոսկե ծայրակալով սրբազան նիզակը՝ հուժկու թափով նետեց այն Կլիտոսի ձայնի ուղղությամբ և ամեհի ոստյունով մղվեց դեպի ելքը։ Այդ միջոցին ետ քաշվեց սրահի դուռը, շեմքին հայտնվեց Պտղոմեոսի գրկից ազատված Կլիտոսը՝ ուսից պատռված տոնական կարմիր տունիկայով, և հազիվ ոտքերի վրա մնալով՝ ցանկացավ ինչոր բան ասել, բայց Ալեքսանդրի նետած նիզակը գտավ նրան ու միջանցիկ խոցեց կոկորդը։ Հարվածն այնքան ուժգին էր և անակնկալ, որ Կլիտոսը չհասցրեց հասկանալ՝ որտեղից եկավ այն, և զարմանքախառն հայացքը դեպի իրեն խոյացող Ալեքսանդրին հառած՝ տապալվեց, հազիվ լսելի ձայնով արտաբերելով.

― Դու սպանեցի՞ր ինձ, Ալեքսանդր։

Ամենքը սոսկումով ելան տեղից ու այդպես քարացան՝ անօգնական հայացքով նայելով սեփական արյան լճակի մեջ թավալ եկող զորավարին։ Ալեքսանդրը շանթահարվածի նման մեխվեց տեղում, նրա ձեռքերը մնացին արձանացած օդում, նա այլայլված նայեց իր ոտքերի մոտ մեռնող Կլիտոսին, հետո ջղաձիգ հայացքը դանդաղ սահեցրեց հավաքվածների վրայով. նրանց բոլորի դեմքին անքողարկ դատապարտում տեսավ։ Լռությունը տևեց մի քանի ակնթարթ, ապա նա կտրուկ շարժումներով Հեփեստիոնի, որ իր կողքին էր, գոտուց պոկեց դաշույնը և շեշտակիորեն իջեցրեց իր կոկորդին։ Միայն վերջին պահին Հեփեստիոնը հաջողեցրեց աջն առաջ պարզելով՝ կասեցնել հարվածը, և ուղղությունը շեղած դաշույնը կտրեց նրա դաստակը։ Ցավը մի կերպ զսպելով՝ քիլիարքոսը վիրավոր ձեռքով հնարք բանեցրեց ու խլեց արքայից դաշույնը։ Մահափորձի անհաջողությունն ավելի գրգռեց արքային, և բարկությունը թափելով Հեփեստիոնի վրա՝ ուժգին հրեց ցավից կծկված ընկերոջը՝ կանչելով.

― Այդ ո՞ւմ ես համարձակվում խանգարել, ճիվա՛ղ։

Հարվածից Հեփեստիոնը ետետ գնաց, մեջքով ընկավ սեղաններից մեկի եզրին. այն ջարդվեց հեծելազորի պետի զորեղ մարմնի ծանրության տակ, ու չխմված գավաթները, արծաթյա սպասքը, մրգերով լեցուն սկահակներն իրենց պարունակությամբ զրնգոցով թափվեցին նրա վրա։

Արյունոտված աչքերով շուրջը նայելով՝ Ալեքսանդրը զենք էր փնտրում։ Նա նետվեց դեպի սեղանները, ուր սրաշեղբ մրգադանակ էր նկատել։ Կանխազգալով արքայի հետագա քայլերը՝ Հեփեստիոնն արհամարհելով ցավը՝ կատվի ճարպկությամբ ցատկեց տեղից և բռնելով Ալեքսանդրի ձեռքը, մրգադանակը խլեց նրանից, այս անգամ կտրատելով մատները։ Ամենը կատարվում էր այնքան արագ, որ մյուսները չէին հասցնում նույնիսկ հետևել և մեխվել էին տեղում շիրիմի անշարժությամբ։

― Արքայախո՛ւ մբ,― գոչեց Ալեքսանդրը հուժկու, և նրա հրամանին միշտ պատրաստ թիկնապահները, որ հսկում էին սրահի մուտքը՝ ներս խուժեցին ամբողջովին զինավառ ու տեսան արքային քիլիարքոսի բազուկների մեջ։ Հեփեստիոնի վերքից արյունոտվել էր Ալեքսանդրի զգեստը, և տեսնելով նրան այդ վիճակում՝ կարծեցին արքան վիրավոր է և կռվի պատրաստ՝ մղվեցին դեպի նա։

― Արքայախո՛ւ մբ, դավադրությո՛ւ ն է. իմ զորավարները կալանում են ինձ՝ ինչպես պատահեց Դարեհի հետ,― կանչում էր Ալեքսանդրը՝ ջանալով ազատվել Հեփեստիոնի գրկից։

Քիլիարքոսը վարանումի մեջ էր. եթե թողներ Ալեքսանդրին, նա կփորձեր ինքնասպան լինել, իսկ եթե շարունակեր նրան պահել գրկի մեջ՝ թիկնապահները կխոցեին իրեն։ Օգնություն հայցող հայացքով նա շուրջը նայեց. ամենքը կարկամած էին ու գինով։

― Հավաքեցե՛ք մրգադանակները, պահե՛ք դաշույնները,― կանչեց նա ահեղաձայն ու թողնելով Ալեքսանդրին՝ դուրս քաշեց Կլիտոսի մարմնից նիզակը և այն դեպի իրեն եկող թիկնապահները պարզած՝ ողջ ձայնով կարգադրեց կանգ առնել։ Ուշքի եկած մյուս հետերներն Ալեքսանդրին առան օղակի մեջ, որպեսզի նա զենք չգտներ, իսկ արքան կատաղորեն իրեն շրջապատողներին հարվածելով՝ թիկնապահներին հրամայում էր անմիջապես շղթայել Հեփեստիոնին։ Հեփեստիոնը, աչալրջորեն հետևելով նրանց բոլոր շարժումներին և ամեն վայրկյան պատրաստ ետ մղելու նրանց հարվածները՝ դիմում էր նրանց անունով ու բարձր կանչում, թե արքան ցանկանում է ինքնասպան լինել և հարկավոր է դուրս բերել նրան սրահից ու փակել իր վրանում՝ նախապես այնտեղից հանելով կտրող ամեն ինչ։

Թիկնապահները մոլորվել և չգիտեին ինչ անել. չենթարկվել արքային անկարող էին, բայց և զգում էին, որ Հեփեստիոնից նրան վտանգ չի սպառնում։ Բացի այդ, կռվում Հեփեստիոնն անհաղթ էր, և նրանք քաջ գիտեին այդ։ Նրանք տեսնում էին, թե ինչպես է արքան հարվածում ընկերներին ու զենք պահանջում, և հավատում էին Հեփեստիոնին։

Քիլիարքոսի վերքերից արյունը ծորում էր առատ շիթերով և նիզակի ծայրից կաթում հատակին։ Ուժերը հետզհետե լքում էին նրան։ Նա զգում էր, որ եթե հանգույցն արագ չլուծվի, ինքն անկարող կլինի ոտքերի վրա մնալ, ու տեսնելով թիկնապահների մոլորությունը՝ նիզակը նետեց նրանց ոտքերի տակ, որպես բարի կամքի նշան, ճեղքեց արքային պաշարողների օղակը և նրան առնելով իր ամեհի ուսին՝ դիմեց դեպի սրահի դուռը՝ բոլորին խնդրելով օգնել իրեն։ Հետերներն արագ օգնության հասան և հընթացս արքային առնելով բազուկների մեջ՝ թիկնապահների զարմացած հայացքների ներքո դուրս բերին սրահից։

Մինչ իր կամքի վրա բռնացողներին մահվան սպառնալիքներ տվող Ալեքսանդրին ուժով կպառկեցնեին մահճակալին՝ Պտղոմեոսն ու Սելևկոսը հավաքեցին նրա բոլոր զենքերը։ Ապա ամենքն արագ դուրս եկան՝ թողնելով նրան մենակ։ Կաշկանդումներից ազատվելով՝ Ալեքսանդրը ցատկեց մահճակալից, տակնուվրա արավ ողջ վրանը, շուռ տվեց եռոտանի պահարանիկները և տնտղեց դրանց պարունակությունը, բայց դաշույն կամ սուր որևէ իր չգտավ։ Այդժամ նա մռնչաց վիրավոր առյուծի նման և ցնցեց սյուները, որից քիչ մնաց վրանը փլվեր։ Նա մղվեց դեպի դուռը, բայց Հեփեստիոնի հրամանով թիկնապահներն իրենց մարմնով կենդանի պատնեշ էին ստեղծել՝ խցանելով ելքը։ Հայհոյանքներ տեղալով՝ Ալեքսանդրը ոտքերով հարվածեց վրանի կողերին, ջանաց եղունգներով պատռել կտավը, բայց ապարդյուն։ Նորից մղվեց դեպի դուռը՝ այս անգամ ավելի հուժկու և վճռական, բռունցքներով հարվածեց թիկնապահների թիկունքին, սաղավարտին, սպառնաց պատժել բոլորին սոսկալի տանջանքներով, բայց կենդանի պատնեշն աներեր էր։

Նա կանգնեց վրանի կենտրոնում և եղունգներով ճանկռտելով դեմքը՝ կանչեց աղիողորմ.

― Զե՛նք տվեք ինձ, անզգամներ, զե՛նք տվեք. մի՛ թույլ տվեք ապրեմ աշխարհում այսպիսի խայտառակության մեջ։

Նա մի քանի վայրկյան անշարժացավ ու լռեց, ասես իր զինվորների արձագանքին էր սպասում։ Իսկ երբ անցան սպասումի վայրկյանները ու դրսից որևէ ձայն չեղավ՝ շուռ տվեց մահճակալն ու ոտքերով կոխկրտեց այն այնպես դաժանորեն, ասես ոտքերի տակ չար հրեշ լիներ։

― Օ՜, նզովյալ լինես դու՝ Դիոնիսո՛ս, որ կուրացրիր աչքերս, խամրեցրիր միտքս, բթացրիր զգոնությունս և ծանր մեղք բերեցիր հոգուս։ Օ՜, չարախինդ Դիոնիսոս, դու վրեժխնդիր ես լինում ինձանից՝ փառքով քեզ գերազանցելու համար. ես հաղթեցի հնդիկներին և հնազանդեցրի նրանց, մինչդեռ նրանք հալածել էին քեզ՝ Աստծուդ, իրենց երկրից։ Այդ դո՛ւ չար նախանձից վհատեցրիր իմ մարդկանց և դարձրիր նրանց փոքրոգի, և նրանք, որ չգիտեին ինչ է տրտունջը՝ Հիփասի ափին լալիս էին մանկան նման և թախանձում դարձնել իրենց տուն։ Այդ դո՛ւ Ատեին ուղարկեցիր հմայելու ինձ և համակելու խելացնորությամբ։ Դու Աստվա՛ծ չես, դու մա՛րդ ես՝ նե՛նգ, ստո՛ր, նախա՛նձ, և դու տեղ չունես Օլիմպոսում։ Ես կավերե՛մ քո իսկ ձեռքով կառուցած քո մեհյանները, որ ձգվում են Շոշից Հնդկաստան, որոնք ես վերանորոգում էի հիմարաբար, ես կջնջեմ քո անունը մարդկանց սրտերից և դու կընկղմվես չգոյության ժանտ խավարը։ Ե՛ս, Ամմոնի որդի Ալեքսանդրս, խոստանում եմ դա քեզ...

Ջարդելու աստիճան սեղմած բռունցքներով աչքերը փակած՝ նա արձանացավ վրանի պատին հենված և այդպես մնաց բավական ժամանակ։ «Ո՛չ, դա Աքիլլեսն էր, որ սահման չի ճանաչում զայրույթի մեջ»,― խոստովանեց ինքն իրեն հուսահատությամբ, ապա թուլացած սահեց հատակին և հեկեկաց անձայն։ Նա մահ աղերսեց Հադեսից, բայց Աստված չանսաց նրա խնդրանքին։ Հետո քուն աղերսեց Հերմեսից, բայց նա ևս օգնել չկամեցավ, ասես այդ կերպ արտահայտելով իր դժգոհությունը կատարվածից։

Լուսաբացին ուշքի գալով ճամբարում սկիզբ առած շարժումից՝ Ալեքսանդրն անհասցե և անմիտք հայացքով երկար նայեց վրանի մի կետի, ապա ոտքի ելնելով և հագուստը կարգի բերելով՝ հրամայեց իր մոտ բերել Կլիտոսի մարմինը։ Ու երբ զորապետի դեռևս արնաշաղախ մարմինը դրին արքայի առջև, նա անկարող եղավ զսպել իրեն և արտասվեց դառնաձայն.

― Ահա՛, թե ինչպես ես վարձահատույց եղա քեզ՝ Հելանիկա՝ իմ քնքուշ դայակ. քո երկու որդիները իմ փառքի համար մեռան Միլետի գրավման ժամանակ, իսկ եղբայրդ՝ միայնակության միակ սփոփանքդ՝ սպանվել է ահա խնջույքի ժամանակ իմ ձեռքով։ Այժմ ո՞ւմ պիտի դիմես դու, թշվառ կին։ Բոլորից միայն ես եմ մնացել քեզ համար, բայց հենց ինձ վրա էլ դու չես կարողանա հանգիստ նայել։ Կարո՞ղ եմ ես՝ ինձ փրկողներին սպանողը, վերադառնալ հայրենիք և քեզ այնպես մեկնել ձեռքս, որպեսզի չհիշեցնեմ քեզ քո վշտի մասին։ Օ՜, ո՜չ։ Մեռա՜վ արդեն ինձ համար Մակեդոնիան, մեռա՜վ սիրասուն Պելլան, որի կարոտից մաշվում է սիրտս. ես այլևս չեմ կարող դառնալ հայրենիք և շունչս կփչեմ Ասիայի ավազուտներում՝ որպես անտուն մի թափառական։

Նրա ողբին վերջ չկար, և հետերների հրամանով Կլիտոսի մարմինը տարան։ Իսկ նա նորեն փակվեց իր վրանում և կարգադրեց ոչ մեկին ներս չթողնել և ոչ մի հարցով իրեն չդիմել՝ սպառնալով անհապաղ կախել տալ կարգազանցներին։ Հրաժարվեց սնունդ ընդունել, և նրա վրանում ոչ մի շարժում չէր նկատվում, իրիկունը ճրագ չէր վառվում, ասես այնտեղ անկենդանություն էր։ Անհանգստացած հետերները չէին հեռանում պրետուարից, բայց քաջ իմանալով, որ արքան Աքիլլեսի նման սահման չի ճանաչում զայրույթի և վշտի մեջ՝ չէին համարձակվում վրան մտնել։

Երրորդ օրը նրանց համակած տագնապն արդեն դարձավ անտանելի. տեղյակ լինելով արքայի համառությանը՝ չէին կասկածում, որ նա կարող է գնալ սովամահության։ Մեկ այլ իրավիճակում գուցե առաջարկեին Հեփեստիոնին՝ հաշվի առնելով նրա մտերմությունն արքայի հետ, մտնել վրան և համոզել դադարեցնել քաղցը, բայց քանի որ հեծելազորի պետը բռնացել էր արքայի կամքին, այս միջոցն ամենքին թվում էր անարդյունավետ։ Բոլորը հոգետանջ մոլորության մեջ էին, երբ Անաքսարքոսն առաջարկեց իրեն իբրև բանագնացի։ Նրան բացատրեցին, որ ինքն արքային հանդիպել է իմաստասիրական զրույցների ժամանակ միայն և չգիտի, թե որպիսին է նա զայրույթի պահին, և որ իր անհաջողությունն իր կյանքը կարող է արժենալ։

― Արիստոտելը հարյուր աշակերտ ունի և մեկի կորուստը նկատելի չի լինի աշխարհի համար, իսկ Ալեքսանդրը մեկն է,― համառեց Անաքսարքոսը։

Երբ սոփեստն առանց հրավերի (Հեփեստիոնը սեփական կյանքով հանձն էր առել վրանի մուտքը հսկող պահակների անձեռնմխելիությունը) հայտնվեց վրանի կենտրոնում՝ Ալեքսանդրը նստած էր վրանի անկյուններից մեկում՝ հատակին, թիկունքը՝ հենասյանը։ Մտածմունքից, անքնությունից և քաղցից գունատված նրա դեմքին ու հագուստներին Հեփեստիոնի չորացած արյունն էր։ Անորոշ ու անկենդան հայացքով նա նայում էր վրանի գագաթին, որտեղից երևում էր երկնքի մի կտոր, ու քանի որ Անաքսարքոսն զգուշությունից ներս էր մտել անաղմուկ, նրան չէր նկատում երկար ժամանակ։

Վրանը ջանադրաբար տակնուվրա էր արված, ներսից սպունգով եզրապատված երկեղջյուր սաղավարտը, որի փետրափնջերը դժգունել էին անխնա ոտնատակվելուց, արքայական ալ թիկնոցի հետ ընկած էր գետին, պնակիտներ էին շաղ եկած ամենուր, շուռ տրված աշտանակների տակից շողարձակում էր համայն աշխարհի վրա իշխանություն խորհրդանշող դիադեմը՝ որպես մի անպետքություն։

Երբ վերջապես նրանց հայացքները հանդիպեցին, Անաքսարքոսը սպասված զայրույթը չտեսավ արքայի աչքերում։ Դա քաջալերեց նրան, և ասաց՝ դեմքին շինծու զարմանք հաղորդելով.

― Եվ սա Ալեքսա՞նդրն է, որին այժմ աշխարհն է նայում։ Ահա՛, պառկած է նա՝ հեկեկալով, ասես ստրուկ լինի, սարսափելով օրենքից ու մարդկանց հանդիմանանքից, թեև ինքը պետք է նրանց համար լինի և՛ օրենք, և՛ արդարության չափանիշ, եթե նա իրավ հաղթել է, որպեսզի կառավարի ու հրամայի, այլ ո՛չ թե լինի դատարկ կարծիքի ծառա...

Արքան չարձագանքեց, նա նայում էր վրանից դուրս, բայց նրա դեմքին երևակված թույլ կենդանությունը հուշում էր Անաքսարքոսին շարունակել խոսքը։

― Եվ մի՞թե դու չգիտես, որ Զևսը նրա՛ համար է իր կողքին նստեցրել Արդարությանն ու Արդարադատությանը, որպեսզի այն, ինչ սահմանի ինքը, ընդունվի որպես արդարություն։ Մի՞թե որևէ Աստված կամ մահկանացու եղել է նրա պես դաժան, բայց նրան ոչ ոք չի մեղադրում և նրա արարքներն ընկալվում են որպես անհրաժեշտություն։ Նմանապես այն ամենը, ինչ սկիզբ է առնում մեծն արքայից, պետք է երկրպագվի որպես արդարություն առաջին հերթին իր՝ արքայի կողմից, իսկ հետո՝ մնացած մարդկանց կողմից։ Մի՞թե դու, որ երեսուներկու տարեկան ես, դեռ չես յուրացրել այն, ինչ Կարթագենի սուֆետ Համիլկարի տասներկուամյա որդի Հաննիբալին էր հասու։ Համիլկարը երկիրը երաշտից փրկելու համար քրմերի խորհրդով Մոլոխ աստծուն պիտի զոհաբերեր իր միակ որդուն։ Նա շատ էր կապված որդու հետ և ամենքից ծածուկ զոհաբերեց մի ստրուկի զավակի, որ նման էր Հաննիբալին, իսկ նրան թաքցրեց։ Երբ Համիլկարը տխրությամբ պատմեց իր ոճրի մասին որդուն, նա նախատեց հորը՝ ասելով.

― Դու կարող ես ոչնչացնել ողջ ժողովրդին, քանի որ դո՛ւ ես տերը Կարթագենի։

Անաքսարքոսը տեսավ, թե ինչպես է Ալեքսանդրի դեմքից չքանում տառապանքի մլարը։

― Հետերներն էլ ե՞ն այդպես կարծում,― հարցրեց արքան՝ հայացքը հեռուներից վրան բերելով։

Անաքսարքոսը գլխով արեց։

Ալեքսանդրը լռեց մի պահ՝ տրվելով մտքերին, ապա արտաբերեց անզգացմունք.

― Հարպիաները լափե՛ն քեզ։

Անաքսարքոսի սկզբում ունեցած հուզմունքը չքացավ արքայի այս խոսքերից հետու, ուր նա անուղղակիորեն ընդունել էր ցանկացած իրավիճակից ելք գտնելու սոփեստի շնորհքը։ Դա ոգևորեց Անաքսարքոսին, և նա շարունակեց հաղթանակը վերջնական ու անբեկանելի դարձնելու ձգտումով համակված.

― Այն, ինչ արել ես դու՝ արել ես աստվածների պահանջով. Կլիտոսը համարձակվել էր երկու հարյուր մարդու մոտ ծաղրել Ամոնի պատգամախոսին, իսկ ո՞ւմ հայտնի չէր, որ այդ արարքն անպատիժ չէին թողնի աստվածները. էլ ինչո՞ւ են նրանք Աստված։

Ալեքսանդրը նայեց Անաքսարքոսի աչքերի մեջ, և սոփեստը նրա հայացքի մեջ երկու զգացումի միախառնում տեսավ. խոր ակնածանքի, ինչպես նայում են համբավավոր իմաստունին, և խանդաղատանքի, որ տածում են փրկչի հանդեպ։ Եվ նա խոսքը շարունակեց այնպիսի հանդիսավորությամբ, ասես ողջ աշխարհն էր լսում իրեն.

― Իսկ պատիժն այդ ո՞վ պիտի իրագործեր, եթե ոչ՝ Աստված։ Այդ Աստծո անունը Ալեքսանդր է՝ ծնված Ամմոնից և աստվածազարմ Աքիլլեսի հետնորդ Օլիմպիադայից։

Անաքսարքոսը պարզ տեսավ, թե ինչպես է վրանի հատակին նստած ջախջախված մարդը հետզհետե կերպարանափոխվում Ասիայի տիրակալի։

Լռություն տիրեց, որն ընդհատեց Ալեքսանդրը՝ հառաչանքով ասելով.

― Բայց նա փրկե՛լ էր ինձ, Անաքսարքոս։

― Մոլորությու՜ն,― քմծիծաղով արտաբերեց Անաքսարքոսը՝ ափերը կողք պարզելով,― այդ ո՛չ թե Կլիտոսը, այլ Ամմո՛նն է քեզ փրկել՝ Կլիտոսի կերպարանքն առած, այնպես, ինչպես Գազայի կռվում թույլ չտվեց նա Հերմեսին առաջնորդել քեզ աշխարհը ստորերկրյա, երբ արաբ մի զինվոր գետին ընկնելով՝ քո գութը աղերսեց և կյանք ստանալով՝ ոտքի ելավ ու վահանի տակ թաքցրած սրով կամենում էր կիսել անսաղավարտ մնացած քո գլուխը։ Դու ի՛նքդ ես խոստովանել ինձ, որ ամեն ինչ կատարվել է այնքան արագ, որ չես հասցրել վախենալ անգամ, և արաբը կսպաներ քեզ անվերապահորեն, եթե, ինչպես ինքդ ես զգացել այդ պահին, աննկատ և աննյութ մի ուժ չհրեր քեզ ու չհաներ հարվածի տակից. իսկ դա Ամմո՛նն է եղել։

Ալեքսանդրը, շարունակելով մնալ նույն դիրքում, տրվել էր մտքերին։ Ապա ասաց տխուր.

― Միևնույն է, Անաքսարքոս, քանի ողջ է Հելանիկան, ես Պելլա վերադառնալ չեմ կարող։

Գլուխ հինգերորդ

Հեփեստիոնի վերքերը չէին լավանում. նրա ձեռքը սևացավ կուպրի պես, ապա սևությունն այդ սկսեց վեր բարձրանալ նախաբազուկով՝ պատճառ դառնալով սոսկալի ցավերի։ Քիլիարքոսը՝ բոլոր մարտերի և խնջույքների հերոսը, գամվեց անկողնուն։ Բժշկողների, հմայողների ջանքերը ոչինչ չէին տալիս, նրանց չէր հաջողվում գոնե ցավը մեղմել և ազատել Հեփեստիոնին տանջանքներից։ Գինովությամբ ժամանակավոր ինքնամոռացումի տրվել ևս քիլիարքոսն անկարող էր, քանի որ խմիչքից ցավերն ավելի էին սաստկանում. մի անգամ նրան հազիվ փրկեցին մահից։

Ալեքսանդրը թողել էր թագավորության ամեն գործ և իրեն նվիրել ընկերոջ հոգսերին։ Նա բանագնաց ուղարկեց աշխարհի բոլոր ծայրերը՝ կանչելու հայտնի բժշկողներին ու հմայողներին և երեսուն տաղանղ պարգև սահմանեց Հեփեստիոնին ապաքինողին։ Բարձր պարգևի համբավը հազար դարմանող բերեց Պերսեպոլիս, բայց, միևնույն է, քիլիարքոսի վիճակը գնալով ավելի էր ծանրանում։

Կլիտոսի մահվան երկրորդ ամսին Հեփեստիոնը կորցրեց գիտակցությունը և կյանքի հետ միակ կապը թույլ շնչառությունն էր։ Ամենքը հուսալքվել էին և մահը Հեփեստիոնի համար համարում էին փրկություն։ Արքայից թաքուն շշուկներ էին տարածվում ճամբարում, թե Ալեքսանդրը խելամիտ կվարվի, եթե կարգադրի թույն տալ նրան՝ որպես փրկություն տանջանքներից։ Բայց տեսնելով արքայի համառությունը ու նաև՝ թե ինչպես է հոգնածություն ու ինքն իրեն մոռացած՝ նա դարմանողների հետ լվանում Հեփեստիոնի վերքերը հատուկ նյութերով, արյուն թողնում նրա մարմնից, անքուն գիշերներ լուսացնում առաջին հետերի մահճի մոտ՝ չէին համարձակվում այդ մասին խոսել նրա ներկայությամբ։

Պարսկաստանի խորքերից տարեց մի քուրմ եկավ ճամբար և արքային ասաց, թե Պերսեպոլիսից երկու օր հեռավորության վրա մի տաճար կա՝ կառուցված ժայռի կատարին դեռ Կյուրոսի օրոք, ուր բարձրանալն անչափ դժվար է, ու եթե ինքն այնտեղ գնա և գիշերի միայնակ, ապա քնի մեջ նրան կհայտնվի բուժման միջոցը։ Հետերներն այդտեղ դավ տեսան, և խորհուրդ տվեցին արքային զգուշանալ, բայց նա Հեփեստիոնի փրկությունից զատ ուրիշ ոչնչի մասին չէր մտածում։

Ու երազում նրան Ասկլեպիոսը երևաց՝ ձեռքին ինչոր բույսի տերևներ և ասաց, թե Հեփեստիոնը կապաքինվի վերքերն այդ բույսից պատրաստված թուրմով լվանալուց հետո միայն։ Դառնալով Պերսեպոլիս՝ Ալեքսանդրը զինվորներին ուղարկեց երկրի բոլոր կողմերը՝ կարգադրելով տերևներ բերել իրենց պատահող բույսերից։ Երազում տեսածը վերհիշելով՝ օրեր շարունակ նա, մանագործի նման սրահում փակված, բույսերի բլուրներ էր ջոկջկում։ Ի վերջո գտավ փնտրածը ու երջանկացած՝ ինքն իր ձեռքով թուրմ պատրաստեց և լվաց մանկության ընկերոջ վերքերը։ Ցավերը դադարեցին, Հեփեստիոնի ձեռքը սկսեց ապաքինվել, և մեկ շաբաթից քիլիարքոսն արդեն ոտքի վրա էր։ Հազար ցուլ զոհաբերեց արքան Ասկլեպիոսին, մուսայական եռօրյա խաղեր կազմակերպեց՝ առատորեն պարգևատրելով հաղթողներին, գինի բաժանեց զորքին ու քաղաքին։

Այդ օրերին լուր բերին նրան, թե Կյուրոսի դամբարանը թալանվել է, և նա արքայական կոհորտայի հետ գնաց պարզելու իսկությունը։ Դամբարանն իսկապես թալանել էին, բացի դագաղից և մահճից՝ ամեն ինչ տարել էին։ Կյուրոսի աճյունին էլ վերաբերվել էին առանց հարգանքի. դագաղի կափարիչը հանված էր, դիակը՝ դեն նետված։ Որպեսզի հնարավոր լիներ դագաղը հանել դամբարանից, փորձել էին թեթևացնել այն՝ մասմաս էին արել և տափակեցրել, բայց գողանալ չէին հաջողացրել։

«Ահա՝ ինչպես է վերաբերվում մարդկային բազմությունը նրանց, ովքեր ապրել և զոհվել են հանուն նույն այդ բազմության բարօրության»,― դառնությամբ մտածեց նա՝ նայելով փոշու մեջ ընկած Կյուրոսի դիակին։

«Վաղը նույն կերպ են վարվելու նաև իմ մարմնի հետ»,― գլխահակ դուրս գալով դամբարանից՝ ինքն իրեն ասաց արքան, ապա դարձավ ուղեկիցներին.

― Կթաղեք ինձ համեստ, գանձեր չդնեք ինձ հետ և ոչ էլ ոսկե դագաղ։ Մարմինս էլ չզմռսեք, որ հետո ամեն տխմար մումիաս բաժին չդարձնի փոշուն։ Եվ կտանեք ինձ՝ ձեռքերս կողք տարածած, ափերս պարզած, որպեսզի ամենքը տեսնեն՝ Ալեքսանդրը ոչինչ չի տանում իր հետ, և իրենք էլ չեն տանելու ոչինչ աշխարհից այս ունայն։

Ուղեկիցները շվարած լսում էին նրան, և պարզ չէր նրանց ամենևին՝ արքան տեսածի՞ ազդեցությունից այդպես արտահայտվեց, թե՞ նա մոտալուտ մահվան կանխազգացում ունի։

Ալեքսանդրը հրամայեց դամբարանը բերել նախկին տեսքին, իսկ պահակներին տանջանքների ենթարկելով՝ պարզեց, որ պելլացիների սիրելի, դյուցազուն Անարիսի կարգադրությամբ է թալանվել այն, և կախել տվեց նրան պարսիկների բազմահազարանոց բազմության առջև, որը դեռ չէր հասցրել հավատալ վեց հարյուր մակեդոնացիների և Կլեանդրոսի մահապատժի լուրերին։

Վերադարձին, դեռ Պերսեպոլիս չհասած, սուրհանդակ ընդառաջ եկավ ու հաղորդեց, թե Հեփեստիոնը մեռնում է։ Լուրից ցնցված՝ խթանեց նա Բուկեփալոսին անխնա և ուղեկիցներին ետ թողնելով՝ սուրաց դեպի Պերսեպոլիս։

«Ե՛ս սպանեցի նրան, ե՛ս սպանեցի նրան,― դաժան այս ինքնամեղադրանքն էր անվերջ կրկնվում նրա սրտում։ Ես վիրավորեցի նրան մտագար, ու հիմա նա մեռնում է... Օ՜, էրինիսներ, հանուն ինչի՞ եք այդպես դաժան իմ հանդեպ, ինչո՞ւ եք այսպես դառնացնում հրաժեշտն անխուսափելի. չէ՞ որ ես գալիս եմ դեպի ձեզ աներկբա»։

Նա քաղաք մտավ փլված պարիսպների վրայով. հրդեհից մթագնած տներ էին ուղեկցում նրան, և ներքին մի ձայն նրան հուշում էր, թե սա վրեժ է Պերսեպիլիսն այրելու համար։

Նա ընտրեց մակեդոնական ճամբար տանող ամենակարճ ուղին և սուրաց նեղլիկ նրբանցքներով՝ սարսափի մատնելով շուկայից դարձող ավանակ հեծած գյուղացիներին ու ավազների մեջ խաղացող կիսամերկ տղեկներին. նրանք միմյանց ոտնատակելով՝ հազիվ էին փրկվում Բուկեփալոսի սմբակներից։

Ճամբարում շարժ չկար, ասես ամենքն անէացել էին, և նա սլացավ դեպի պրետուար՝ թանձր փոշի գալարելով իր ետևից։ Մակեդոնացիներին նա գտավ Հեփեստիոնի վրանի առջև գլխահակ խմբված։ Ցած թռչելով ձիուց՝ նետվեց դեպի վրանը և ներս մտնելով՝ քարացավ, քանի որ մեռավ Հեփեստիոնին ողջ տեսնելու վերջին հույսը։ Նրա ձեռքերը բռունցքվեցին, ասես աներևույթ մի օձ էր խեղդում մատներով։ Դեմքը ջղաձգվեց, վշտից ատամները սեղմվեցին ջարդվելու աստիճան, արցունք փայլեց աչքերում, և ծնկի գալով՝ կանչեց դառը հեկեկալով.

― Ես սպանեցի քեզ, Հեփեստիոն, ես սպանեցի և՛ քեզ։

Ամենքը ելան վրանից՝ արքային թողնելով մենակ իր վշտի հետ։

Նա գոտուց հանեց սուրը, կտրեց մազերն ու արցունքներին ազատություն տալով՝ լացից ցնցվելով տարածեց ընկերոջ մարմնի վրա։ Ապա գլուխը դրեց Հեփեստիոնի կրծքին ու անշարժացավ։ Այդպես նա մնաց ողջ երեկոն, ապա գիշերը։ Հաջորդ օրվա կեսօրին հետերները հեռացրին նրան քիլիարքոսի դիակից. իսկ նա գունատ էր ագալմատոլիթե արձանի նման և անուժ։

Նրան ասացին, որ Հեփեստիոնը մեռել է գինարբուքից, և նա կարգադրեց անհապաղ կախել բժիշկ Գլավկոսին այն բանի համար, որ թույլ էր տվել Հեփեստիոնին խնջույքի ժամանակ խմել մինչև լրիվ հարբելը, մինչդեռ ինքն անձամբ բժշկողին հրամայել էր հետևել, որ քիլիարքոսը չտրվի գինուն։ Գլավկոսը սրտակեղեք աղաղակում էր և ջանում պրծնել իրեն դեպի կախաղան քարշ տվող զինվորների ձեռքերից, կանչելով, թե ինքն ամեն ինչ արել է արքայի հրամանը կատարելու համար և որ Հեփեստիոնն իրեն մահվամբ է սպառնացել՝ եթե փորձի խանգարել իր ուրախությունը, բայց նրան լսող չկար։

Ալեքսանդրն առանձնացավ իր վրանում, ամբողջ երեք օր ոչինչ չկերավ, չհարդարեց իրեն և այդ ողջ ժամանակ հեկեկաց։

Հետերները ջանում էին հանել նրան վշտից, հրահրում էին նրան մերթ դրանդիանների, մերթ սուսաների դեմ՝ կեղծելով, թե իբր նրանք հայտարարել են՝ իրենց աստվածները վեր են Զևսից և այդ իսկ պատճառով չեն ընդունի մակեդոնացիների գերիշխանությունը, իսկ Ալեքսանդրին էլ որպես իրենց արքա չեն ճանաչում։ Մերթ էլ դրդում էին որսորդության՝ կեղծ տրտնջալով, թե պարսիկները գլուխ են գովում, որ անմրցելի որսորդ են աշխարհում։

Նա հետզհետե վերադառնում էր կյանք, երբ Բաբելոնից եկած սուրհանդակները լուր բերին, թե Շոշից կես օրվա ճանապարհ հեռու տարօրինակ տեսքով, հեծյալ ու սպառազեն կանանց հարյուր հոգանոց ջոկատ է հանդիպել իրենց և հայտնել, թե Ամազոնիայի թագուհի Ստատիրեն Ալեքսանդրին հրավիրում է իր երկիր, և որ նա իրենց օրենքների համաձայն՝ միայն պատերազմի դեպքում կարող է ելնել Ամազոնիայի սահմաններից, այլապես ինքը հյուր կգար Ալեքսանդրին։

Ամազոնուհիների մասին արքան շատ էր լսել, Աթենքում տեսել էր կանանց այդ ցեղի դեմ աթենացիների մարտը պատկերող նկարներ, բայց և լսել էր, թե նրանք իրականում չկան և դա սոսկ հույների հորինածն է։

Նա հետաքրքրվեց, թե ինչպիսին է նրանց տեսքը, արդյո՞ք նրանց մարմինը մազակալած է՝ ինչպես վայրի խոզ, նրանց մարմնի մեծությունը երեք խոշոր տղամարդու չա՞փ է, եղունգները մեկ կանգո՞ւն են, իսկ ոտները՝ նմա՞ն էշի ոտների, ինչպես պատկերում են աթենացիները։ Նրան պատասխանեցին, թե այդ կանայք նուրբ են նիմփաների նման, նրանց մարմինը ոչ միայն մազոտ չէ, այլև ողորկ է սառույցի պես ու հմայիչ։ Նրանք տղամարդու նման կարճափեշ զգեստ են հագնում, ասպանդակը կարճ է սաստիկ և այդ պատճառով ձիու վրա ծնկածալ են նստում։

Ամազոնուհիների գոյությունն ինքնին գրավում էր Ալեքսանդրին, և բուռն ցանկություն ունեցավ տեսնել նրանց։ Բայց հետերները զգուշանում էին՝ այս ամենի մեջ տեսնելով լավ քողարկված դավ։

― Ոչ մի դեպքում մի՛ անի այդ, թագավոր Ալեքսանդր,― դեմ էր Պտղոմեոսը, որ Հեփեստիոնի մահից հետո քիլիարքոս էր կարգվել,― այլ թող առաջինը ես գնամ ամազոնուհիների երկիրը դիտելու, և եթե փրկվելով՝ վերադառնամ, այնժամ դու կատարիր քո որոշումը։ Եթե թագավոր Ալեքսանդրի հետեր Պտղոմեոսը մեռնի, թագավոր Ալեքսանդրը կկարողանա գտնել մեկ այլ Պտղոմեոս, իսկ եթե թագավոր Ալեքսանդրին որևէ բան պատահի, աշխարհը կդժբախտանա։

Բայց վշտից ամբողջովին դեռ չելած Ալեքսանդրը չէր կամենում վտանգել Պտղոմեոսի կյանքը, քանի որ այդ դեպքում այլևս չէր լինի որևէ մեկը, որ մխիթարեր իրեն նոր վշտի մեջ։

― Զգուշացի՛ր, թագավոր Ալեքսանդր,― համառում էր Պտղոմեոսը,― Աքիլլեսը քո կուռքն է, դու ձգտում ես ամեն ինչում նմանվել նրան, և ես վախ ունեմ, թե չկրկնվի՞ հանկարծ նաև նրա ճակատագիրը. չէ՞ որ նա զոհվեց, երբ անզեն գնացել էր Ապոլոնի տիմբրոսյան տաճար՝ Պրիամոսի դուստր Պոլիքսենեի հետ իր հարսանեկան տոնը կատարելու։

Այս փաստարկը շատերին ստիպեց մտորել, բայց երբ թռչունների վարքը զննած արքայական գուշակ Արիսդանդրոսը հայտնեց, թե աստվածները կողմ են հրավերն ընդունելուն, Ալեքսանդրը հայտարարեց, թե ինքը կմեկնի Ամազոնիա, եթե անգամ այնտեղ մահն է սպասում իրեն։ Նրա խոսքը վերջնական էր, և հետերներին մնում էր քննել, թե ինչ կերպ պետք է արքան գնա թագուհու մոտ։ Սելևկոսն ասում էր, թե սազական չէ աշխարհը նվաճած արքային կանանց մոտ գնալ թիկնազորով, իսկ Պտղոմեոսը դեմ էր.

― Բայց նրանք չե՛ն եկել որպես կին, որպեսզի նրանց մոտ, թագավոր Ալեքսանդր, գնաս որպես տղամարդ. նրանք եկել են որպես ռազմիկներ՝ զինավառ, և նրանց հարկավոր է վերաբերվել որպես զինվորի։

Ի վերջո որոշեցին, որ արքային թիկնազոր կուղեկցի մինչև Ամազոնիայի սահման, այնտեղից նա կշարունակի ճամփան ագրիանացիների տասնյակի հետ։ Եթե նրան դժբախտություն պատահեր, զորքը նվաճելու էր Ամազոնիան և ստրկության քշեր բոլորին։

― Բայց արդյո՞ք լավիկն է այդ ամազոնուհին,― չարաճճի մի ժպիտ դեմքին խաղացնելով՝ հարցրեց Սելևկոսը սուրհանդակներին,― իսկ գուցե նա պառաված մի տա՞տ է՝ անկիրք և անատամ։

Սուրհանդակներն ուսերը թոթվեցին, իսկ Մեդիոսը նայելով Ալեքսանդրի կողմը՝ ծոր տվեց.

― Նրա մասին ասում են, թե քարերը սարսռում են նրա սանդալների տակ և աստղերը կռանում են՝ նրան տեսնելու համար, իսկ Ափրոդիտեն նախանձում է նրան կրքոտության համար, ու բոլոր նրանք, ովքեր արժանանում են նրա սիրո մեկ գիշերվան՝ զրկվում են հիշողությունից անպատճառ։

Ամենքը զվարթ ծիծաղեցին։

― Ստատիրեին քեզ ճակատագիրն է ուղարկել, արքա, շշնջաց գուշակն Ալեքսանդրին,― բոլոր նշանները ողջունում են այդ հանդիպումը։

Գլուխ վեցերորդ

Ալեքսանդրը երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել՝ ինչ աղմուկ է շուրջը։ Սկզբում նրան թվաց, թե դեռ ընկողմանած է Կյուրոսի գահասրահում, ուր խնջույքի էին հրավիրել պարսիկները։ Բայց շուրջը նայելով՝ իրեն գտավ իր վրանում, իսկ դրսում ջերմ օր էր։ Խումհարից գլուխը պտտվում էր և այն ծանրացած էր թվում ամեհիորեն։

Միալար աղմուկը չէր դադարում, բայց նա դեռ անկարող էր պարզել՝ դա իր հուշերի՞ մեջ է, թե՞ այլուր։ Ջանաց մտաբերել գիշերային խրախճանքը։ Պարզ հիշում էր, թե ինչպես երկրորդ պահնորդության մոտերքին, արդեն բավական գինովացած, կամենում էր հեռանալ իր վրան՝ հանգստանալու, երբ Հազարասյուն սրահից պալատի ելք տանող միջանցքում իրեն պատահած տագնապահար դեմքով Անաքսարքոսն աղաչեց ետ դառնալ և շարունակել խնջույքը մինչ լուսաբաց, ասելով, թե սարսափելի վատ կանխազգացում է իրեն համակել։ Իրեն մատռվակող պատանիների հետ խնջույքի սրահ վերադառնալը նույնպես հիշում էր, նաև՝ թե ինչպես արդեն լուսադեմին շնորհակալություն հայտնեց հերթափոխը հանձնած պատանիներին (իսկ նրանք ուշադիր էին և ժրաջան անչափ) ու անբասիր ծառայության համար կարգադրեց պարգևատրել նրանց մեկական տաղանդով։ Մնացյալը չէր հիշում, նույնիսկ՝ աղոտ։ Անգամ՝ վրան վերադառնալը։

― Ի՞նչ աղմուկ է,― հարցրեց նա վրան մտած Բագոասին։

― Մակեդոնացիները բողոքում են, արքա, ուզում են տուն վերադառնալ։ Վիրավորներին և տարեցներին տուն ուղարկելու քո հրամանը նրանց խեղաթյուրված է հասել, և կարծել են՝ ողջ զորքն է Պելլա վերադառնում, ու նրանց ցնծություն է համակել։ Երբ Սելևկոսը նրանց ասել է, որ տուն դառնում է միայն տասը հազարը, նրանք բորբոքվել են ու հիմա գրավել են պրետուարը։

― Օ՜, Զևս Հաղթանակած, դեռ որքա՛ն պիտի տառապեմ՝ ապրելով սրանց մեջ,― կանչեց արքան զայրացած՝ շարունակելով մնալ անկողնում պառկած։ Դեռ որքա՛ն պիտի անիմաստ ջանամ հանել սրանց ճղճիմ հոգսերի և պիղծ վայելքների աղբանոցից՝ աստվածներին մոտեցնելու հույսով։ Իսկ դո՛ւ ք, էրինիսներ՝ վրիժառության անողորմ ոգիներ, որ խարազաններ և օձեր ունեք բռնած ձեր ձեռքերում, ինչո՞ւ եք պապանձվել, երբ աստվածներին դավաճանած բազմությունը տրվում է նյութին և վախկոտությանը։

Ալեքսանդրը հագնվեց Բագոասի օգնությամբ, կարգադրեց գինի լցնել իրեն և խմեց դառնությամբ՝ հուսալով, որ դա կպայծառացնի դեռևս գինով պարուրված իր միտքը։

Նայեց վրանի պատուհանից դուրս և նկատելով պրետուարը հեղեղած բազմությանը՝ կանչեց.

― Երիցս ճիշտ էիր դու, օ՜, Զևս Հաղթանակած, երբ վճռեցիր ոչնչացնել ցեղը մարդկային և արարել նոր էակներ։ Օ՜, Պրոմեթևս, մի՞թե ներել կարելի է քո վարմունքը, որ կրակ հասցրիր ու խոչընդոտեցիր քո իսկ Աստծուն՝ կատարելու ճշմարիտ արարք։

Նա ձեռքերը կարկառեց վեր ու անշարժացավ մի պահ. ասես պատասխանի էր սպասում։ Նա դողում էր զայրույթից, կոկորդը սեղմվում էր և այլևս բառեր չէր գտնում զայրույթն արտահայտելու համար։ Բագոասը գլխահակ ու լուռ կանգնած էր մուտքի մոտ, նա աղոթում էր մտքում, որ արքայի բարկության զեղումն անցներ առանց իրեն վնաս պատճառելու։

Ալեքսանդրը նորից նայեց պատուհանից դուրս։ Ողջ պրետուարը բռնված էր մարդկային բազմությամբ։ Ոմանք սպառազեն էին՝ երկեղջյուր սաղավարտով ու նիզակներ բռնած. այդ նրանք էին, ովքեր առավոտյան Էլիոսի հետ Պելլա էին դառնալու։ Մյուսներն անզեն էին, հասարակ տունիկայով, և նրանց անխնամ տեսքից զգացվում էր, որ նրանց պրետուար է բերել անսպասելի մի լուր։

Նրանք հրմշտում էին միմյանց զորավարական փայտամածին մոտ գտնվելու համար, կարծելով, որ այդ կերպ իրենց խոսքն ավելի լսելի կլինի արքային, հաշմվածներին և դեմքից վիրավորվածներին կանգնեցնում էին առաջին շարքերում՝ ակնկալելով, թե նրանց տառապած տեսքն ու վերքերը կշարժեն արքայի գութը։ Առավել համարձակները ջանում էին մոտենալ արքայական վրանին, բայց նրանց զսպում էին թիկնապահների առաջ պարզված նիզակները։

Ամեն րոպե մարդկանց նոր բազմություն էր գալիս, փոթորկի նման։ Պրետուարն անկարող էր բոլորին կլանել, և նախ այն եզերող ցանկապատը ճռինչով ջախջախվեց, ապա վրանները ճարճատյունով տապալվեցին գետին։ Ձեռքեր էին ճոճվում բազմության գլխավերևում, և հազարաձայն բվվոցի միջից արքային էին հասնում հուսահատ կանչեր.

― Բոլոր պատերազմներն ավարտվել են, էլ ինչո՞ւ ենք մնում այստեղ։

― Հոգնե՛լ ենք արդեն, արքա՛։

― Մեր կանանց ու զավակներին չե՛նք տեսել արդեն տասը տարի։

― Մենք կարոտե՛լ ենք Պելլան։

― Այստեղից մենք ուրիշ ոչ մի տեղ չե՛նք գնա, բացի հայրենիքից։

― Մեր մարմինների վրա չխոցված տեղ չկա՛ այլևս։

Հաստատելու համար ասվածը՝ ոմանք բարձրացնում էին տունիկան և մերկացնում սպիածածկ մարմինները։

― Ոչխարայի՜ն բազմություն, էությամբ բո՛ւթ,― Ալեքսանդրը նետեց ատամների արանքից՝ նայելով նրանց Լինկեյոսի՝ ժայռեր ճեղքող հայացքով։ Եվ ի՞նչ է սրանց ուզածը՝ շնանա՞լ են ցանկանում իրենց կանանց հետ, շարունակե՞լ են ուզում ապրել թշվառության մեջ՝ աննպատակ և անմիտք։ Օ՜, անմա՛հ աստվածներ, հիմա նոր եմ հասկանում, թե ինչու եք հաճախ ձեր զայրույթն արտահայտում փոթորիկով, շանթերով ու երկրի տատանումով՝ ոչնչացնելով հազարավոր մարդկանց։

Նա դուրս եկավ վրանից և արքայական ալ թիկնոցի փեշերը փռփռացնելով՝ ելավ պրետուարի փայտամածին։ Մարդկային բազմությունը դժգոհ բվվում էր մեղվապարսի նման։ Մակեդոնացիների հետ խառնված հնդիկներ ու պարսիկներ կային. նրանց պրետուար էր բերել հետաքրքրասիրությունը, և նրանք զանազանվում էին իրենց հագուստով ու մազերի սանրվածքով։ Նրանք մակեդոներեն վատ էին հասկանում ու քանի որ խառնամբոխի մեջ թարգմանիչ գտնելն անհնարին էր, փորձում էին հավաքվածների շարժումներից ու դեմքի արտահայտությունից հասկանալ հուզումի պատճառը։

Արքայի վեհությունից առջևում կանգնածները պապանձվեցին անմիջապես, Ալեքսանդրը նայեց նրանց լայն բաց արած խռովահույզ աչքերով, ապա ափը վեր պարզեց, որ լռության պահանջի հրաման էր։ Առաջին շարքերը, որ տեսնում էին արքայի դեմքի արտահայտությունը, սսկվեցին, հետո լռությունը դանդաղ սահեց բազմության վրայով դեպի պրետուարի անկյունները՝ խլությամբ պարուրելով ամեն կանչ ու շշուկ։

― Ի՞նչ է նշանակում ձեր այս անակնկալ համառությունն ու հանդուգն սանձարձակությունը,― հարցրեց արքան մակեդոնացիներին՝ կիտված հոնքերի տակից չափելով նրանց։ Ես վախենում եմ նույնիսկ ասել. դուք ակնհայտորեն խախտե՛լ եք իմ հրամանը և ինձ արքայից՝ հայցող դարձրել, ինձ իրավունք չթողնելով ո՛չ խոսել ձեզ հետ, ո՛չ հսկել, ո՛չ համոզել ձեզ, ո՛չ էլ կառավարել։ Ես որոշում էի կայացրել՝ ձեզանից մի մասին հայրենիք ուղարկել այսօր, որպեսզի մյուսների հետ վերադառնամ ավելի ուշ, իսկ այժմ տեսնում եմ, որ աղմկում են ո՛չ միայն նրանք, ում հետ ես որոշել էի հետևել առաջ գնացածներին, այլև նրանք, ովքեր պետք է մեկնեն հիմա։ Ուրեմն ի՞նչ է պատահել. գտնվելով տարբեր պայմաններում, դուք ընդհանուր աղաղա՞կ եք բարձրացնում։ Նա դադար տվեց և խոժոռված հայացքը սահեցրեց բազմության վրայով։ Ես շատ կուզենայի իմանալ, թե ձեզանից ո՞վ է բողոքում ինձանից՝ ովքեր գնո՞ւմ են, թե՞ ովքեր մնում են։

Ամբողջ հավաքը միաբերան պատասխանեց, որ բոլորն են բողոքում, այնպես որ կարելի էր կարծել, թե պատասխանը մի շրթից ելավ։ Նրանց վարմունքից Ալեքսանդրին ցասում համակեց, այնպիսի ահավոր ցասում, որ եթե այդ պահին ինքը Զևսը լիներ, առանց մտատանջության շանթահար կաներ ամենքին։ Ահագնացած ցասումը հաջորդ պահին վերածվեց արհամարհանքի, նա անչափելի ցանկություն ունեցավ հեռու փախչել որդերի չափ մանրացած մարդկային այդ բազմությունից։ Արհամարհալից նրա հայացքն ուղղված էր դեպի զորքը, բայց նա իր առջև ոչինչ չէր տեսնում, քանի որ այդ պահին վերստին նրան պատկերացավ սահմռկեցուցիչ այն տեսարանը, որին պատահեց Հնդկաստանի լեռնային քարանձավներից մեկում և որը հանգիստ չէր տալիս իրեն այդ պահից ի վեր։ Իսկ այն ժամանակ, հալածելով լեռներում թաքնված ապստամբներին, ջահը ձեռքին նա հայտնվեց մի քարանձավում, ուր լույս չէր թափանցել աշխարհի ստեղծման օրից։ Չղջիկների անհաշվելի երամ պատահեց նրան, որ իր ներկայությունից անհանգստացած՝ օդ ելավ քարեղեն խոռոչներից, ուր նրանց բներն էին, և ջահն անզոր էր այլևս փարատել նրանց շարժունսև զանգվածը։ Իրարանցումից հարյուրավոր ձագեր թափվեցին գետին, թռչելը լիովին չյուրացրած չղջիկներ զարնվեցին հատակին, և հայացքով հետևելով նրանց, արքան զարմանքով տեսավ, թե ինչպես նրանք արագ վերածվեցին ոսկրակույտի։ Նա ջահը մոտեցրեց գետնին և փշաքաղվեց հանկարծահաս սարսուռից. անձավի ողջ հատակը բռնված էր անգույն որդերի հաստ շերտով, և հազարաբերան լպրծուն այդ զանգվածը ծանրորեն օրորվում էր կաղապարի մեջ լցված հալեցված մետաղի նման՝ ամեն վայրկյան պատրաստ խժռելու վայր ընկնող ամեն ինչ։ Արքան սարսափած նայում էր սահմռկեցուցիչ այդ տեսարանին՝ անկարող լինելով ետ դառնալ, քանի որ այդ պահին մտածում էր, որ աստվածներն իրեն հատո՛ւ կ նպատակով ուղեկցեցին լույսից և անգամ բնությունից հեռու այդ մութ անկյունը՝ ակնհայտորեն ցուցադրելու երկրային կյանքի էությունը, որին ինքն էլ հանգել էր քանի ամիս առաջ. երկիրը բռնված է աստվածային զգացողությունները կորցրած, մարդկային որդացած բազմությամբ, որն անհագուրդորեն տենչում է խժռել բոլոր նրանց, ովքեր չեն որդացել և գտնվում են իրենցից վեր ու աստվածներին մոտ...

Մարդկային փոքրոգությունից հեռու փախչելու ձգտումը կլանում էր նրան, բայց ներքին մի ձայն հուշում էր, որ ժամը չէ դեռ, և գերագույն լարումով զսպելով իրեն՝ նա դիմեց զորքին.

― Երդվում եմ աստվածներով, ես չեմ հավատում, որ բոլորիդ դժգոհության պատճառը նույնն է. այն, որի մասին ասում էի. չէ՞ որ դա զորքի մեծ մասին չի վերաբերում, քանի որ ես ավելի շատ զինվորներ եմ արձակում, քան թողնում ինձ հետ։ Անկասկած, գոյություն ունի ավելի ծանրակշիռ պատճառ՝ դուք բոլորդ երես եք թեքել ինձանից։ Այդ ե՞րբ է ողջ զորքը հետ կանգնել իր արքայից։ Նույնիսկ ստրուկները բոլորը միասին չեն լքում իրենց տիրոջը. միշտ գտնվում են այնպիսինները, որոնց խիղճը թույլ չի տալիս լքել մյուսների կողմից լքվածին։ Բայց ես, ջանալով մոռանալ ձեր հրեշավոր անհնազանդության մասին, փորձում եմ անբուժելի չարիքի դեմ միջոց գտնել։ Եվ այդ միջոցը հետևյալն է. ա՛յս պահից ես հրաժարվում եմ բոլոր այն հույսերից, որ կապել էի ձեզ հետ, և կվերաբերվեմ ձեզ ո՛չ որպես իմ զինվորների. դուք դադարել եք այդպիսին լինելուց, այլ որպես իրենց պարտքը մոռացած անշնորհակալների։

Դուք տրվել եք խելահեղության՝ ձեզ համար ստեղծված բարենպաստ պայմաններում, մոռանալով այն վիճակի մասին, որից ձեզ հանել էր իմ գթասրտությունը։ Բայց, երդվում եմ աստվածներով, դուք արժանի եք, որ այդ վիճակում էլ ծերանաք, քանզի ավելի լավ եք գլուխ հանում թշվառությունից, քան բարեկեցությունից։ Ի՞նչ է սա, վերջ ի վերջո. իլիրիացիների և պարսիկների երեկվա հարկատուներդ արհամարհո՞ւմ եք Ասիան և այդքան ժողովուրդներից հավաքած ավարը։ Ձե՛զ, ովքեր դեռ երեկ մերկ էիք ման գալիս Փիլիպոսի օրոք, այսօր անհրապո՞ւյր են թվում ծիրանիով զարդարված թիկնոցները։ Ձեր աչքերը զզվե՞լ են ոսկուց ու արծաթից։ Դուք կարոտե՞լ եք փայտե ամաններին, հյուսված վահաններին, ժանգոտած թրերին։ Ես ձեզ ծառայության եմ վերցրել հենց այդպիսի զենքերով, հետն էլ՝ հինգ հարյուր տաղանդ պարտք, այն դեպքում, երբ արքայական ողջ ունեցվածքը՝ իմ բոլոր գործերի հիմքը, կազմում էր վաթսուն տաղանդից ոչ ավելի։ Սակայն հիմք ընդունելով այդքանը, թող օրհնյալ լինի այդ ժամը, ես ստեղծեցի իմ իմպերիան, որն ընդգրկել է աշխարհի մեծ մասը։ Թե՞ ձեզ ձանձրացրել է Ասիան, որը ձեր սխրանքների գնով ձեզ դարձրել է ամենաարժանավորը ժողովուրդների մեջ։ Եվ չե՞ք ամաչում վերադառնալ ձեր կանանց ու զավակների գիրկը՝ ձեր նիհարած մարմինների վրա պարտված ժողովուրդների զրահը հագած. ասենք ձեզանից շատ քչերը կկարողանան տանը ցույց տալ հաղթանակի պարգևներ, իսկ մնացածների համար նրանց իղձերի կատարման երաշխիքը կմնա իրենց իսկ զենքը։

Ալեքսանդրը զղջում նկատեց մակեդոնացիների դեմքին, նրանցից ոմանք անհանգիստ շարժվում էին տեղում, և դժվար չէր կռահել, որ կամենում էին արքային պաշտպանող խոսքեր ասել։ Բայց արքան այլևս դրա կարիքը չէր զգում, և ձեռքը դեպի ճամբարի ելքը պարզելով՝ կանչեց որոտաձայն.

― Ինձանից փախչողների առջև բոլոր դռները բաց կլինեն. գնացե՛ք, շտապ հեռացե՛ք այստեղից, իսկ ես պարսիկների ու հնդիկների հետ կպաշտպանեմ ձեր թիկունքը։ Ես ոչ մեկին ետ չեմ պահում, չքվե՛ք աչքիցս, անշնորհակալ քաղաքացիներ։

Նա դադար տվեց, ասես սպասում էր իր հրամանի կատարմանը։ Ապա, ոչ մեկին թույլ չտալով արտահայտվել, շարունակեց.

Ուրախությա՞մբ կընդունեն ձեզ ձեր ծնողներն ու զավակները, որ վերադարձել եք առանց արքայի։ Կարո՞ղ է պատահել, որ նրանք ընդառաջ դուրս գան դասալիքներին և փախստականներին։ Երդվում եմ աստվածներով, ես ինձ պարգևատրած կլինեմ հոգ տանելով և առավելությունը տալով նրանց, ում հետ դուք ինձ թողնում եք։ Այդժամ էլ ձեզ հայտնի կդառնա, թե ինչքան ուժ ունի բանակն առանց արքայի և միայն ի՛մ մեջ որքան ուժ կա։ Գնացե՛ք, գնացե՛ք Պելլա՝ քարշ տալով ձեր ետևից խայտառակություն և ամոթ...

Այդ միջոցին պրետուար մտնող ձախակողմյան ճանապարհին զինվորների բազմություն երևաց՝ Պտղոմեոսի գլխավորությամբ. նրանք փութով բերում էին շղթայակապ ինչոր մարդկանց, որ նույնպես մակեդոնական զգեստով էին։ Ամենքը շրջվեցին դեպի եկողները, և երբ նրանց մոտեցան, ճանաչեցին գիշերն արքային սպասարկած պատանիներին և տարակուսած նայեցին միմյանց՝ ջանալով կռահել կալանման պատճառը։

― Ինչո՞ւ են նրանք շղթայված, Պտղոմեո՛ս,― վատ լուրի կանխազգացումից էլ ավելի բորբոքված՝ հարցրեց արքան՝ փայտամածի բարձրությունից խեթ հայացքով չափելով պատանիներին, որոնք հավաքվածներին նայում էին ահաբեկ աչքերով։ Նրանց ես շնորհակա՛լ եմ եղել ծառայության համար և նվերներ մատուցել, իսկ հիմա անազա՞տ են։

Պտղոմեոսը բազմության մեջ բացված միջանցքով մոտեցավ արքային և կիսաշրջվելով դեպի մակեդոնացիները, որպեսզի ամենքը լսեն, զեկուցեց բարձրաձայն.

― Նրանք գիշերը ցանկացել են սպանե՛լ քեզ, թագավո՛ր Ալեքսանդր։

Համր սարսուռ համակեց բազմությանը, նրանք խոժոռված նայում էին արքայադավներին. ոմանք ձեռքն ակամա տարան դաշույնին՝ պատրաստ հոշոտելու նրանց, նիզակներ սեղմվեցին ափերի մեջ, բայց պատանիներն առնված էին Պտղոմեոսի թիկնախմբի մեջ, իսկ ձերբակալվածների հարազատները գունատվեցին սոսկումից, քանի որ մակեդոնական օրենքը պարտադրում էր պատժել նաև մեղադրյալի հետ արյունակցական կապ ունեցողներին։

Ամենքը նայեցին Ալեքսանդրին, իսկ նա արձանացել էր լուրի անսպասելիությունից։ Նրա աչքերը շանթեր էին արձակում, բռունցքները սեղմված էին։ Նա անթարթ հայացքով նայում էր պատանիներին, ապա նետեց ատամների արանքից.

― Հայրերին արժանի՛ զավակներ։

Մակեդոնացիները համրությամբ կուլ տվեցին անարգանքը և ամոթից գլխահակվեցին։

Ալեքսանդրը կարգադրեց Պտղոմեոսին պատմել եղելությունը, և մակեդոնացիները շունչը պահած լսում էին նրան։ Պատանիներից Հերմոլայոսը, որին արքան օրեր առաջ հրամայել էր ճիպոտահարել մյուս պատանիների ներկայությամբ՝ որսի ժամանակ առաջ ընկնելու և արքայից վաղ վարազին խոցելու համար, որոշել էր վրեժխնդիր լինել և համոզել էր պատանիների մի խմբի՝ իրենց հերթապահության գիշերը սպանել Ալեքսանդրին, երբ նա քնած լիներ։ Դավը չէր իրագործվել, քանի որ Ալեքսանդրը մնացել էր խնջույքի սրահում մինչև պահակների հերթափոխը։ Ձախողումից հույսը չկորցնելով՝ նրանք պայմանավորվել էին արքային սպանել հաջորդ անգամ, երբ նրան կսպասարկեին նույն կազմով։ Բայց պատանիներից կրտսերը, մտածելով, թե աստվածներն են խափանել իրենց ծրագիրը և երկյուղելով նրանց զայրույթից, առավոտյան դավադրության մասին պատմել էր ընկերներից մեկին, սա էլ՝ իր եղբորը, որը Պտղոմեոսի զինվորներից էր։ Իմանալով այդ մասին՝ Պտղոմեոսն անհապաղ կալանել էր նրանց պահակների զորանոցում, որպեսզի չհասցնեին փախչել։

Լսելով այս ամենը, արքան հրամայեց արձակել պատանիների ձեռքերը, որպեսզի նրանք բանակի դատին ներկայանան որպես ազատ մարդիկ և ոչ որպես ստրուկ, ու հարցրեց Հերմոյալոսին, թե հաստատո՞ւմ է ինքը Պտղոմեոսի պատմածը և որո՞նք են եղել իրեն սպանելու դրդապատճառները։

Քաջ իմանալով, որ այլևս ո՛չ զղջումը, ո՛չ աղերսը, ո՛չ կեղծիքը չեն փրկի իրեն քարկոծվելով սպանվելուց, մահվան մտքի հետ հաշտված պատանին այսպես պատասխանեց արքային.

― Եթե դու հարցնում ես դրդապատճառների մասին, ապա ես կպատասխանեմ։ Մենք որոշել էինք սպանել քեզ, որովհետև դու սկսել էիր վերաբերվել մեզ ո՛չ որպես ազատածինների, այլ ինչպես ստրուկների։ Քանի՞ մակեդոնացիներ են, չնայած քո դաժանությանը, կենդանի մնացել, հատկապես անվանի մարդիկ՝ Ատալոսը, Փիլոտեսը, Պարմենիոնը, Ալեքսանդր Լինկեստացին և Կլիտոսը, երբ անհրաժեշտ է եղել կռվել թշնամու դեմ, նրանք ապրում են և կանգնած են շարքում, պաշտպանում են քեզ վահաններով, վերքեր են ստանում հանուն քո փառքի, հանուն հաղթանակի։ Նրանց դու մեծապես շնորհակալ եղար։ Մեկն իր արյունով ներկեց քո սեղանը, մյուսը մեռավ տանջալի մահով. ցցի վրա հանված քո առաջնորդները դարձան զվարճանքի առարկա պարսիկների համար, որոնց հենց իրենք էին մինչ այդ հաղթել։ Ատալոսին, որն ապահովել էր քո հաղթանակը տրիբալների դեմ, դու մահվան ուղարկեցիր, Պարմենիոնը, որի օգնությամբ դու ժամանակին հաղթեցիր Ատալոսին ու նաև Դարեհին, մեռցվեց առանց դատի։ Իսկ մինչ այդ տանջամահ էիր արել նրա որդի Փիլոտասին։ Դժբախտ մարդկանց ձեռքերով դու հերթով մահապատիժներ ես անում, իսկ այդ սպանությունները կատարածներին սպանում ես, հրամայելով ուրիշներին անել դա։

Հերմոլայոսի հայրը զինվորներին հրմշտելով՝ մղվեց դեպի որդին, անվանելով նրան հայրասպան, և փակելով նրա բերանը՝ կանչեց, թե չարժե լսել մի մարդու, որը հանցագործությունից ու չարիքից կորցրել է բանականությունը։ Հերմոլայոսը հրեց հորը, սա քաշեց թուրը և կսպաներ որդուն, եթե չզսպեին նրան։ Մակեդոնացիների մեջ խլրտում սկսվեց, մահվան սպառնալիքներ էին հնչում Հերմոլայոսի հասցեին, ոմանք նեղում էին Պտղոմեոսի զինվորներին՝ ցանկանալով խեղդել դավադիրներին։ Վեր պարզած ափով լռություն հաստատելով՝ արքան հրամայեց Հերմոլայոսին խոսել և մյուսներից պահանջեց համբերությամբ լսել։ Ու երբ մակեդոնացիները հանդարտվեցին, Հերմոլայոսը շարունակեց.

― Դու հեղում ես մակեդոնացիների արյունը, որպես ոչ պետքական և աղտոտ բան։ Քո երեսուն հազար ջորիները կրում են թալանված ոսկին, այն դեպքում, երբ զինվորները ոչինչ չունեն տուն տանելու՝ բացի սպիներից, որոնք ոչ մեկին պետք չեն։ Սակայն այս ամենին մենք կարող էինք դիմանալ, մինչև դու չմոռացար մեզ հանուն բարբարոսների և մեր վզին չդրեցիր նոր սովորույթների լուծը։ Քեզ դուր է գալիս պարսկական հագուստը և պարսկական ապրելակերպը։ Ստացվում է, որ մենք ցանկացել ենք սպանել պարսից և ոչ՝ մակեդոնական արքային։ Մենք քեզ հետապնդում ենք պատերազմի օրենքով՝ որպես փախստակի։ Դու ցանկացար, որպեսզի մակեդոնացիները քո առջև ծնկի գան և ողջունեն քեզ որպես Աստծո. դու հրաժարվեցիր քո հայր Փիլիպոսից, իսկ եթե աստվածներից որևէ մեկը Ամմոնից բարձր լիներ, դու կարհամարհեիր նաև Ամմոնին։ Դու զարմանում ես, որ մենք՝ ազատ մարդիկս, չենք կարող տանել քո գոռոզությունը։ Քեզանից մենք ի՞նչ սպասենք, որոնց առանց մեղքի սպասում է մահը կամ դրանից ավելի ծանր բան՝ ստրկության մեջ ապրելը։ Իսկ դու, եթե դեռ կարող ես ուղղվել, շատ բանով պարտական կլինես ինձ։ Չէ՞ որ ինձանից առաջին անգամ իմացար, թե ինչ չեն կարող տանել ազատածինները։ Գթա՛ նրանց, մի՛ ծանրացրու նրանց միայնակ ծերությունը տանջանքներով։ Իսկ մեզ հրամայիր տանել, որպեսզի մենք մեր մահով ձեռք բերենք այն, ինչին ձգտում էինք քո՛ մահվան գնով։

Մակեդոնացիների շարքերը խռնվեցին միանգամից, մի քանիսը նետվեցին դեպի Հերմոլայոսը՝ ցանկանալով խողխողել նրան արքային վիրավորելու համար, բազմության միջից մի նիզակ արձակվեց, որ կխոցեր պատանուն, եթե Պտղոմեոսն օդում չորսար այն։ Սաստելով բազմության կիրքը՝ արքան լռություն պահանջեց, և երբ այն իշխեց պրետուարի վրա, ասաց առանց դույզն իսկ հուզումի.

― Իմ համբերությունն ապացուցում է, թե ինչքան կեղծ է այն, ինչ նա ասում էր։ Ես լսեցի նրա մեծագույն հանցագործության խոստովանությունը և ձեզ էլ ստիպեցի լսել, համոզված լինելով, որ երբ թույլ տամ խոսել նրան, նա կբացահայտի իր ողջ չարությունը, որը հրահրել է նրան ինձ սպանելու, թեև նա պարտավոր էր մեծարել ինձ հոր հետ հավասար։ Դեռ վերջերս, երբ նա հանդուգն պահեց իրեն որսի ժամանակ, ես հրամայեցի պատժել նրան հայրական սովորույթի համաձայն, որը գալիս է հնագույն մակեդոնական արքաներից։ Այդպես էլ պետք է լինի՝ դաստիարակները պատժում են իրենց սաներին, ամուսինները՝ կանանց. մենք թույլ ենք տալիս նույնիսկ ստրուկներին ճիպոտահարել իրենց տերերի այդ տարիքի երեխաներին։ Ահա թե ո՞րն է իմ դաժանությունը, որի համար նա ցանկացել է վրեժխնդիր լինել չարագործ սպանությամբ։ Իսկ թե ինչքա՛ն գթասիրտ եմ ես նրանց հանդեպ, ովքեր թողնում են ինձ գործել իմ հայեցողությամբ, դուք ինքներդ գիտեք. այդ մասին հիշեցնելն ավելորդ է։ Երդվում եմ աստվածներով՝ ամենաքիչն ինձ զարմացնում է այն, որ Հերմոլայոսը հավանություն չի տալիս մարդասպանների պատժին. չէ՞ որ ինքն էլ է արժանանում դրան։ Ինչ վերաբերում է երկու անգամ իմ դեմ դավեր նյութած Ալեքսանդր Լինկեստացուն, ապա երկու անգամ էլ ես ներել եմ նրան։ Նույնիսկ երբ նա կրկին մերկացվեց, ես երկու տարի ձեռնպահ էի մնում նրան պատժելուց, մինչև դուք չպահանջեցիք, որպեսզի նա քավի իր մեղքը արժանի հատուցմամբ։ Մոռացե՞լ եք, որ Լինկեստացուն սպանեցի ո՛չ թե ես, այլ հարցաքննության ժամանակ նրան մոտ կանգնած զինվորները, իսկ պատճառը նրա բացահայտ կեղծ վկայություններն էին։ Հարցաքննե՛ք նրան սպանած զինվորներին, խոշտանգե՛ք և դուք կհամոզվեք, որ նրանք ամենևին իմ հրամանը չեն կատարել։

Նա խոսում էր ինքնավստահ, և այդ վստահությունը հավատ էր ներշնչում։

― Դուք հիշում եք, որ մինչև իմ արքա դառնալը Ատալոսն իմ թշնամին էր և մեծ նեղություններ էր պատճառում ինձ, մինչև ես կարգի բերեցի բանակը։ Մի՞թե մոռացել եք, որ ես հնարավորություն տվեցի նրան զղջալու կատարվածի համար ու պահանջեցի հանձնել միայն Փյունիկեին ու Պրոտիտեսին և խոստացա չպատժել նրանց, ովքեր իմ կողմը կանցնեն։ Իսկ ի՞նչ եղավ նրա պատասխանը՝ պահանջեց հանձնել Հեփեստիոնին և Անտիպատրոսին ու կոչ արեց իր կողմն անցնել բոլոր նրանց, ովքեր ուզում են օգնել հույներին։ Ես հետո նրանցից շատերի հետ գթասիրտ վարվեցի ու չեղավ գոնե մեկը նրանցից, որը գար ինձանից որևէ բան խնդրելու և մերժում ստանար։ Դուք դա մոռացե՞լ եք։

Ա՜խ, եթե Կլիտոսը չստիպեր ինձ զայրանալ նրա վրա։ Նրա հանդուգն լեզուն, որն այդքան զազրանք թափեց իմ և ձեր վրա, ես ավելի երկար հանդուրժեցի, քան կաներ նա նման բան ինձանից լսելիս։ Արքաների և առաջնորդների գթասրտությունը պայմանավորված է ոչ միայն իրենց, այլև ենթակաների բնույթով։ Հնազանդությունը մեղմացնում է իշխանությունը. և իսկապես, եթե հոգում հարգանք չկա, և մենք տարբերություն չենք դնում վերևի ու ներքևի միջև, մենք ստիպված ենք լինում ուժին հակահարված տալ ուժով։

Դրվատելով Պարմենիոնին և Փիլոտասին, նա փորձում է արդարացնել իրեն։ Ինձ մեղադրում եք Պարմենիոնի սպանության մեջ. սա միայն Հերմոլայոսի կարծիքը չէ, այդ մեղադրանքը ես կարդացել եմ ձեզանից շատերի աչքերում, բայց չէի կարող ամեն ինչ պատմել ձեզ և հեռու վանել հիմար կասկածներն իմ անվան վրայից, քանի որ չէի ցանկանում զոհաբերել ինձ սիրելի մարդկանց։ Ես ձեզանից գաղտնի եմ պահել այս ողջ ընթացքում, որ Պարմենիոնը ծախված է եղել Դարեհին և նամակ է գրել իմ բժշկին՝ խոշոր գումարի դիմաց առաջարկելով թունավորել ինձ։ Իմ բժիշկն այստեղ է, ահա՛, հարցրեք նրան և նա կհաստատի իմ ասածը։

Մակեդոնացիների հայացքները փնտրեցինգտան բժշկին և նրա տեսքից հասկացան, որ արքան իրենց ասում է ճշմարտությունը։ Իսկ նա շարունակեց.

― Դուք լա՛վ գիտեք՝ ես կասկածում էի, որ ինձ հրամցված դեղի մեջ թույն կա, բայց և խմեցի այն՝ նայելով բժշկի աչքերի մեջ, ում քիչ առաջ ասել էի իմ կասկածների մասին։ Ես վարվեցի այդկերպ, քանի որ մտածում էի, որ եթե իմ բոլոր ընկերները ցանկանում են իմ մահը, ուրեմն անիմա՛ստ է իմ ապրելը։

Այո՛, Պարմենիոնը դավաճանել էր ինձ, մոռանալով, որ հայրս վարձահատույց էր եղել նրա ծառայություններին արժանապատվորեն՝ վերականգնելով իր իսկ կողմից ավերված Ստագիրան՝ նրա հայրենի քաղաքը, և այնտեղ վերադարձնելով փախած կամ ստրկության մեջ գտնվող քաղաքացիներին։ Ես նրան սիրում էի ոչ պակաս, քան իմ հորը և բազմաթիվ անգամ ասել եմ, որ եթե հորս պարտական եմ, որ ապրում եմ, ապա նրան պարտական եմ, որ ապրում եմ արժանապատվությամբ։ Բայց թագավորության երկրորդ մեծությունը լինելու փառքը չէր բավարարում նրան։

Ես գաղտնի եմ պահել այս ամենը և Պարմենիոնին մահապատժի ենթարկել առանց դատաստանի, քանի որ այդ դեպքում, մեր օրենքների համաձայն, պիտի մեռցվեին Պարմենիոնի բոլոր ազգականները ևս, նաև քո քեռին, Հերմոլայոս, Մեդիո՛սը։

Ես խախտե՛լ եմ մեր հայրերից եկող օրենքները՝ ձեր հանդեպ ունեցած մտահոգությունից դրդված, և եթե դու որոշել էիր ինձ սպանել, Հերմոլայոս, ապա դա պիտի անեիր որպես օրինախախտի, և ոչ որպես փախստակի՝ պատերազմի օրենքներով, ինչպես ինքդ ես ասում։ Այսօր էլ ես խախտելու եմ այդ օրենքը և մահվան չեմ ուղարկի քո և դավակիցներիդ հարազատներին, Հերմոլայոս, ու քանի դեռ մակեդոնացիներից այլոք քո օրինակով չեն հասցրել սպանել ինձ այս մեղադրանքով, այս պահից ահա, որպես արքա, համարում եմ այդ օրենքը չեղյալ։ Սա ես անում եմ՝ ո՛չ ամենևին իմ, այլ ձե՛ր անձը պատժից փրկելու մտահոգությամբ։

Ալեքսանդրը նայեց իր քարտուղար Քարեսի կողմը և կարգադրեց.

― Սոճյա տախտակ բե՛ր ինձ և կնի՛քս մատանե։

Ու երբ ասվածն արձանագրված էր որպես արքայական հրաման, շարունակեց.

― Ես չեմ զարմանում, որ ինձ դաժանության մեջ մեղադրում է մեկը, որը համարձակվել է հանդիմանել ինձ ագահության համար։ Ձեզանից ոչ մեկին ես չեմ ցանկանում բորբոքել, որպեսզի իմ առատաձեռնությունը ատելի չդառնա, եթե դա դիպչում է ձեր ինքնասիրությանը։ Նայե՛ք ողջ զորքին. նրանք, ովքեր դեռ վերջերս ոչինչ չունեին՝ բացի զենքից, այժմ թի՛կն են տալիս արծաթե մահիճներին, նրանց սեղանները լիքն են ոսկով, նրանք իրենց հետևից տանում են ստրուկների ամբոխներ և ի վիճակի՛ չեն կրելու հակառակորդից վերցված ավարը։

Պարսիկներին, որոնց մենք հաղթեցինք, իհարկե, ես մեծապես հարգում եմ։ Իմ չափավորության ամենաճշգրիտ ցուցանիշն այն է, որ նույնիսկ նվաճվածների՛ն ես գոռոզաբար չեմ ղեկավարում։ Չէ՞ որ ես Ասիա եկա ո՛չ թե ժողովուրդներ կործանելու և աշխարհի կեսը անապատ դարձնելու նպատակով, այլ նրա համար, որպեսզի չտրտնջան իմ հաղթանակի համար նրանք, ովքեր պատերազմում հպատակվել են ինձ։ Դրա համար էլ նրանք կռվում են ձեզ հետ միասին, արյուն թափում ձեր իշխանության համար, իսկ եթե նրանց մենք վերաբերվեինք ինչպես բռնակալներ, նրանք կապստամբեին. սրով ձեռք բերված տիրապետությունը կարճատև է, իսկ բարեգործության երախտագիտությունը՝ հարատև։ Ես այսօր տիրում եմ աշխարհին, քանի որ չեմ վարվում աշխարհի հետ որպես բռնակալ, այլ բարեկամների հետ բարեկամություն եմ անում և թշնամիներին բարեկամ դարձնում։ Եթե դուք ուզում եք շարունակել տիրել Ասիային, ապա պիտի որոշ ներողամտություն ցուցաբերեք այդ մարդկանց հանդեպ. նրանց հավատարմությունը ձեր իշխանությունը կդարձնի ամուր ու մշտական։ Իսկապես, ես նրանց սովորույթները պատվաստել եմ մակեդոնացիներին։ Ես շատ ժողովուրդների մոտ տեսնում եմ այնպիսի բաներ, որոնց ընդօրինակելը մեզ համար ամոթ չէ։ Այսքան մեծ տերությունը անհնար է կառավարել՝ առանց որոշ բաներ այդ ժողովուրդներին հանձնելու և նրանցից սովորելու։

Արքան մի պահ դադար տվեց, ասես կամենալով մտքերը ժողովել, ապա շարունակեց.

― Դուք ինձ մեղադրում եք ագահության մեջ, բայց զննե՛ք ձեր վարքը և համեմատեք իմ վարքի հետ, որ բոլորիդ աչքի առաջ է։ Այդ ե՞ս եմ ինձ ճոխություններ թույլ տալիս, որ արքա եմ, թե՞ դուք՝ հպատակներդ։ Այսօր դուք սատրապներ եք, դուք ստրատեգոսներ եք, տաքսիարքոսներ։ Ի՞նչ է ինձ բաժին հասել այդ գործերից, բացի այս ծիրանագույն պատմուճանից և այս ադամանդե թագից։ Ինձ համար ես ոչի՛նչ ձեռք չեմ բերել. ո՛չ ոք չի կարող մատնացույց անել իմ գանձերը, բացի նրանցից, որոնց մեջ ձեր կամ ձեզ համար պահվող բարիքներն են։ Դրանք ինձ համար պահելն իմաստ չունի. ես նույն հացն եմ ուտում, ինչ դուք, և քնում եմ այնպես, ինչպես դուք։ Ասենք, ես այնպես չեմ ուտում, ինչպես ձեր մեջ եղած ճոխության սիրահարներից ոմանք, և գիտեմ, որ ես արթուն եմ մնում, որպեսզի դուք կարողանաք հանգիստ քնել։

Դուք կարո՞ղ եք ասել, թե ես աշխարհի վրա իշխանություն եմ ձեռք բերել ձեր ջանքերի և տառապանքների գնով և միայն տնօրինել եմ ձեզ, ինքս չչարչարվելով և չտանջվելով։ Ձեզանից ո՞վ է ինձանից շատ չարչարվել, և ո՞վ էր այդտեղ տունիկան բարձրացնում՝ թող հանվի և իր վերքերը ցույց տա, իսկ ես իմ հերթին ցույց կտամ իմը. տեսնենք ո՞վ է շատ խոցոտվել թշնամու զենքերից։

Նա հայացքը սահեցրեց բազմության վրայով. ոչ ոք չարձագանքեց։

― Այդ ե՞ս եմ ագահը. նայե՛ք ձեր շուրջը և ուշադիր զննե՛ք միմյանց. ո՞ւր են նրանք, ովքեր կյանքի նպատակ էին դարձրել՝ հետևել աստվածների պատգամներին ու եկել էին այս ավազուտները՝ բարեփոխելու կյանքը։ ո՞ւր են։ Ե՛ս կասեմ. նրանք չկա՛ ն այլևս, քանի որ ամենքը հարստանալով ու մեծամտանալով՝ ձգտում էին միայն պերճանքի ու անգործության, տհաճություն էին զգում թափառումներից ու ռազմերթերից, և աստիճանաբար հասան այնտեղ, որ համարձակվում են հանդիմանել ինձ ու վատ արտահայտվել իմ մասին։ Մելոյասն արծաթե մեխերով կոշիկնե՛ր է հագնում, Լեոնատոսի գիմնասիոնի համար Եգիպտոսից ուղտերով ավա՛զ են բերում, Փիլոտասի մոտ այնքան որսացանց է կուտակվել, որ դրանք կարելի է ձգել մինչև հարյո՛ւ ր ասպարեզ։ Լողանալիս կամ տրորելիս նրանք արդեն անհարմար են զգում շփվել իրենց մարմիններին անգամ և բաղնեպաններ են պահում ու ամենուրեք իրենց հետ ննջարանապետեր են տանում, մինչդեռ երբ հայրս գտավ ձեզ՝ աղքատ թափառաշրջիկներ էիք. քուրքներդ հագած՝ դուք սարերում մի քանի ոչխար էիք արածեցնում և դժվարությամբ պաշտպանում դրանք իլիրիացիներից, տրիբալներից և հարևան թրակացիներից։

Այդ ե՞ս եմ ագահ, երբ իմ բարերարության մասին լուրերը հասել են Պելլա, և այնտեղից իմ մայր Օլիմպիադան անհանգստությունից տրտնջում է, թե բարերարությամբ ես իմ բարեկամներին դարձնում եմ ինձ հավասար ու տալիս նրանց շատ բարեկամներ ունենալու հնարավորություն՝ ինքս ինձ դատապարտելով մենակության. և նա ճշմարտությո՛ւ նն է ասում։ Այդ ե՞ս եմ ագահ, երբ ամենքդ գիտեք, որ ավելի շատ բարկանում եմ նրա՛նց վրա, ովքեր հրաժարվում են իմ ընծաներից, քան նրանց, ովքեր նվեր են խնդրում։ Այդ ե՞ս եմ ագահ, երբ այստեղ արշավելուց առաջ մեկիդ կալվածք շնորհեցի, մյուսիդ՝ գյուղ, եկամուտներ որևէ բնակավայրից կամ նավահանգստից ու բաժանեցի թագավորական համարյա բոլոր ունեցվածքը, և դու, Մեդիո՛ս, այնժամ հարցրիր ինձ. «Արքա, իսկ քե՞զ ինչ ես թողնում», և ես պատասխանեցի՝ «Հո՛ւ յս»։

Ամենքը մեկ մարդու նման նայեցին մահվան սարսափն ամբողջովին չհաղթահարած Մեդիոսին, որ նույնպես մեռցվելու էր, եթե արքան չփոխեր օրենքը, և նա հաստատեց ասվածը։ Նրանք ուզում էին արտահայտվել, բայց արքան թույլ չտվեց այդ։ Հերմոլայոսն այստեղ տվեց անուններ, որոնց մահվան պատճառն իբր ես եմ, ու նա չհասկացավ, որ ակամա թվարկեց, թե քանի անգամ եք դուք՝ մակեդոնացիներդ, ցանկացել իմ մահը։ Եթե իմ դեմ դավի պարսիկը, հնդիկը, ասորին, բակտրիացին, պարապամիսցին, արաքոսիացին և ցանկանա իմ մահը, դա ես կընկալեմ որպես անհրաժեշտություն նրանց կողմից, քանի որ ես նվաճել եմ իրենց երկիրը և պարտադրել հարկ տալ ինձ, նրանք զոհեր են ունեցել իմ դեմ կռվում։ Բայց նրանք, ահա՛, ծառայում ինձ հավատարմորեն. նայե՛ք ձեր շուրջը,― Ալեքսանդրն աջը տարածեց բազմության վրա,― նայե՛ք շարքերի մեջ՝ նրանք կանգնած են ձեզ հետ և զարմացած են հղացված ոճրից։ Հարցրե՛ք նրանց՝ չէի՞ն ցանկանա, որ ես լինեի իրե՛նց արքան և այժմ իրե՛նք տիրեին աշխարհին՝ ձեր փոխարեն։ Հարցրե՛ք և լսեք, թե ի՞նչ պատասխան կտան նրանք ձեզ, հարցրե՛ք՝ հանուն այդ երանության չէի՞ն տա արդյոք ինձ ավարի գերակշիռ մասը, որը որպես ագահություն եք վերագրում ինձ, երբ այն չի՛ ծառայում ամենևին իմ կարիքներին։

Մակեդոնացիները գունատվել էին արքայի խոսքերից և պատերազմի ու արշավների հողմերից ծեծված նրանց երեսները դարձել էին անարյուն. ոմանք պոկում էին իրենց զարդերն ու թքում դրանց վրա, ուրիշներն իրենց սաղավարտները բարձրացրին նիզակների ծայրին՝ որպես մեծ խայտառակվածության հավաստում։ Նրանք հավատում էին, թե պակաս ջերմեռանդ են եղել աղոթքներում, որը հարուցել է աստվածների անարդարությունը և նրանք իրենց վհատությամբ են համակել։ Նրանք ուզում էին արքայական փայտամածից ամոթանք տալ միմյանց, բայց Ալեքսանդրն առաջ պարզված ափով կրկին սաստեց ձայն խնդրողներին և հայտարարեց, որ ինքը ոչ մեկին լսել չի կամենում, քանի որ իրենք այս ըմբոստ հավաքով և մահափորձով արդեն ասել են ամեն ինչ, և որպես արքա արգելեց ընդհատել իրեն։

― Հիշո՞ւմ եք արդյոք իմ խնդրանքը ձեզ՝ Պելլայից դուրս գալու պահին։ Մոռացել եք դուք այն վաղուց, և ստիպված եմ հիշեցնել. «Պահպանե՛ք ինձ թիկունքից և ես աշխարհը կնվաճեմ ձեզ համար»։ Հիշո՞ւմ եք, թե ինչպես ամենքդ երդվեցիք բոլոր աստվածների անուններով՝ չգնալ դավերի և չթուլացնել իմ թիկունքը, քանի որ ինքս ձեզ խոստովանել էի, որ դիմացից եկող թշնամուց ես վախ չունեմ, թեկուզ աշխարհի ողջ զորքը լինի միատեղված, բայց անզոր եմ թիկունքում արվող դավերի հանդեպ՝ դրանցից գլուխ հանել չկարողանալու պատճառով։ Եղա՞ք արդյոք տերը ձեր խոսքերի. ես ձե՛զ եմ հարցնում, Պելլայի քաղաքացիներ։ Ինչպե՞ս եք հիմա դուք աղոթքներով դիմում աստվածներին և նրանցից պաշտպանություն ու աջակցություն խնդրում, երբ ամենքդ երդմնազանց եք։ Իսկ ես եղա տերը իմ խոսքերի, թեև ստիպված էի կռվել թե՛ թշնամու, թե՛ քողարկված դավադիրների դեմ, որից մեկն, ահա, բացահայտված է։ Եվ սա վերջին փորձը չէր ամենևին. դուք էլի՛ եք դավելու իմ դեմ, դուք թո՛ւյն եք բերում ինձ համար Մակեդոնիայից, դա ես գիտե՛մ, և ես ձե՛ր ձեռքից եմ մեռնելու և դուք խայտառակվելու եք այդկերպ բոլոր ժողովուրդների առաջ։ Տասներկու տարվա կռիվներում ինձ անկարող եղան սպանել իմ և ձեր թշնամիները, և էլի՛ չեն կարողանալու, իսկ դուք դա կանե՛ք՝ տրվելով հիմարությանը և փոքր շահերին, քանի որ այնքան եք վարժվել ապահովությանը, որ մոռացել եք ձեր խղճուկ անցյալը ու հիմարաբար կարծում եք, թե ձեր երանելի այս վիճակը հավերժ է։

Նա Բագոյասին նշան արեց բերել Բուկեփալոսին։

― Երդվում եմ Զևսի անունով,― շարունակեց արքան՝ նայելով համր լռության մեջ արձանացած մակեդոնացիներին,― չեմ հասկանում իմ մահը ցանկացողների նպատակը. մի՞թե նրանք հարց չեն տալիս իրենց, թե ի՞նչ է սպասվում իրենց և իրենց երկրին, եթե ես չլինեմ այլևս։ Մի՞թե այդքան դժվար է հաշվել, որ իմ մահից հետո զորքը թափառելով՝ ինքն իրեն է դեմ առնելու կիկլոպի պես, որը կուրանալուց հետո ձեռքերը մեկնում էր բոլոր կողմերը՝ ոչ մի տեղ նպատակ չգտնելով։ Ինչպես հոգուց զրկված մարմինը կորցնում է իր բաղադրությունն ու կապը, քայքայվում է, փտում, հեռանում, այդպես էլ՝ կորցնելով ինձ՝ զորականությունը կսառսռի, կդողա, կբորբոքվի զորավարներից, ինչպես տաք մրրիկներից ու ալեկոծություններից, որոնք բախվում ու վիճում են իրար հետ... Սա դժվա՞ր է պատկերացնել։ Դժվա՛ր է, և դուք կգնա՛ք ինձ սպանելու խելագարությանը, ու հետո ձեզ կմոռանան ամենքը, ձեր երկրի տե՛ղն անգամ կմոռացվի և սոսկ իմ անվան փառքով կմնաք պատմության մեջ՝ որպես երբեմնի ժողովուրդ։

Մակեդոնացիներին ճնշում էր մի տխրություն, որն ավելի ծանր էր, քան պարտության խայտառակությունը։ Նրանք զգում էին, որ վհատության այս ժամը ոչնչացրեց տասներկու տարվա իրենց արիությունը և ցանկանում էին ձաղկել իրենց, պատրաստ էին արյուն թափել իրենց մարմիններից և ենթարկվել տանջանքների, միայն թե ետ բերեին կորցրած վստահությունն արքայի մոտ։ Նրանց բոլորի սրտով անցնում էր նույն միտքը, իսկ փայտամածին մոտեցող Բուկեփալոսին տեսնելով՝ նրանց սիրտը սարսափելի վատ բան կանխազգաց. նրանք ուզում էին ոռնալ հոգեկան ցավից, բայց երկյուղեցին չենթարկվել արքայի հրամանին և մնացին պապանձված ։

― Դուք ցանկանում եք տո՞ւն գնալ՝ գնացե՛ք բոլորդ և տուն հասնելով՝ հայտնեք, որ Ալեքսանդրին՝ ձեր արքային, որը հաղթել է պարսիկներին, մարերին, բակտրիացիաներին և սադկերին, նվաճել է ուքսերին, արաքոսիացիներին և դրանգներին, գրավելով Պարթևաստանը, Խորեզմը և Վրկանը՝ մինչև Կասպից ծով՝ անցել է Օքսոսը, Տանաիսը, իսկ հետո և Ինդոսը, որն անցնել չի կարողացել ոչ ոք, բացի Դիոնիսոսից, անցել է Հիդասպը, Ակեսինը և Հիդրաոտը, և կանցներ նաև Հիփասը. եթե դուք չխանգարեիք, նավարկել է Մեծ ծովով, այնտեղ իջնելով Ինդոսից թե՛ մեկ, թե՛ մյուս գետաբազուկներով, անցել է գեդրոսների անապատով այն տեղում, որտեղ մինչ այդ ոչ ոք զորքով չի անցել, ճանապարհին միացրել է նաև Կարմանիան և օրիտների երկիրը, մինչդեռ նրա նավատորմը հնդիկների երկրից գնացել է դեպի Պարսից ծով. այդպիսի արքային լքե՛լ եք Պերսեպոլիսում և հեռացել, թողնելով նրան պարտված բարբարոսների պահպանությանը։ Այդպիսի լուրը ձեզ հավանաբար կարժանացնի փառքի՝ մարդկանց մեջ և ողորմածության՝ աստվածներից։ Գնացե՛ք։ Ես կհամարեմ, որ զորք չունեմ այլևս, դուք էլ համարեք, որ Ալեքսանդր անունով արքա՛ չեք ունեցել։

Այս ասելով՝ նա ցատկեց Բուկեփալոսի թամբին։

― Ես կդառնամ թագավորը ամազոնուհիների, որոնք տղամարդ են՝ ձեզանից առավել,― կանչեց արքան արդեն նժույգի վրայից։ Եվ թող ո՛չ ոք ինձ չուղեկցի և չձևացնի, թե անհանգստացած է իմ կյանքի համար. ձեզ համար այն ոչինչ է այլևս։

Բուկեփալոսը ծառս եղավ տեղում, շրջվեց դեպի պրետուարից ելնող ճամփան և առաջին իսկ խթանումից սուրաց դեպի ճամբարի ելքը՝ փոշով պարուրելով իրեն ուղեկցող որբացած հայացքները։

Գլուխ յոթերորդ

Աքիլլեսի ձեռքով սպանված Մեմնոնի հիմնադրած Շոշ քաղաքից կես օրվա ճանապարհ դեպի հյուսիս Ալեքսանդրն իսկապես հանդիպեց հեծյալ մերկազդր կանանց, որ թամբին աղեղ էին կրում և զույգ նիզակ։ Նրանք նախ զարմացան, որ աշխարհի տիրակալը Պերսեպոլիսից եկելհասել է առանց թիկնախմբի՝ որպես հասարակ բանբեր, բայց հարկ համարեցին ավելորդ հարցեր չտալ նրան, ապա արագընթաց սուրհանդակ ուղարկեցին՝ թագուհուն իմացնելու արքայի ժամանման մասին։

Իրեն ուղեկցող ամազոնուհիներից Ալեքսանդրը տեղեկացավ, որ նրանք անհայր են՝ ինչպես Երկինքը, Լեռները և հարատև աղմկող Ծովը, ու բնակվում են Ամազոնյան գետից ներս, նրա մեջտեղում։ Իրենց երկրի շրջագիծը մեկ տարվա շրջան ունի և նրանց շրջապատող գետը չունի սկիզբ։ Մեկ մատույց կա դեպի երկիր, որտեղով էլ ելումուտ են անում։ Երկրում բնակվողները քսանյոթ բյուր զինված կույսեր են, նրանց մեջ ոչ մի արու չկա, իսկ այրերը բնակվում են գետից այն կողմ՝ ապրելով հոտերի և հովիվների հետ։ Ամեն տարի նրանք Ձիասպանության տոնախմբություն են կատարում երեսուն օր, զոհեր մատուցելով Զևսին, Պոսեյդոնին, Հեփեստոսին, Արեսին ու նաև Սիկկա Ամազոնուհուն,― նրան ծառայում են առավել ջերմեռանդորեն, որ առաջինն է հեռացել մարդկանցից և հիմնել իրենց երկիրը. սպանվելով Բելոփորից՝ նա կերպարանափոխվել է օձի, ինչպես Կադմոսն ու իր կին Հարմոնիան։

Ձիասպանության տոնախմբության օրերին արուների հետ մերձենալ ցանկացող ամազոնուհիներն անցնում են գետը և մնում նրանց մոտ. ծնող էգերը մեծանում են նրանց մոտ և յոթ տարեկան դառնալուց հետո փոխադրվում կանանց մոտ։ Երբ նրանց երկրի վրա թշնամի է հարձակվում, նրա դեմ դուրս են բերում տասներկու բյուր հեծյալուհիներ, մնացյալը կղզին է պահպանում։ Եթե մեկն ընկնում է պատերազմում նրանց պաշտպանելիս՝ նրա մերձավորները ստանում են ոչ սակավ ինչք, քան երբ նա կենդանի էր, իսկ եթե որևէ մեկը թշնամու դիակ է բերում կղզի, նրան հատկացնում են ոսկի և արծաթ և պարեն ամբողջ կյանքի համար, այնպես որ իրենք կռվում են իրենց փառքի համար և եթե հաղթում են թշնամիներին կամ նրանք փախչում են՝ ամբողջ ժամանակի համար նրանց մնում է ամոթի խայտառակությունը, իսկ եթե հաղթում են իրենց, ընդամենը կանանց են հաղթած լինում։

Պարսկաստանը թողնելով՝ նրանք պատահեցին լայն մի գետի, որի մյուս ափից մակույկավար կանայք ընդառաջ եկան։ Ամազոնիայի գլխավոր քաղաք Թեմիսկիրան երեք կողմից բոլորաձև առնված էր անանցանելի լեռների մեջ, իսկ դեպի հարթավայր նայող հատվածը պաշտպանված էր նախ լեռնաբերանները միացնող նեղ ու խոր փոսով, հետո՝ ճիմերից շինված պատնեշով և վերջապես, երեսուն արմնկաչափ բարձրությամբ պարսպով. լայն այնքան, որ ախոռներ ու կայազորատներ էր առել իր մեջ։

Քաղաքն ամֆիթատրոնի պես փռվել էր լեռների վրա իր հսկա, կրաքարի փոշով ճերմակված խորանարդաձև տներով։ Դրանք զորանոցներն էին. ընտանիք չունենալով, ամազոնուհիները կարիք չունեին առանձնատների և ապրում էին համատեղ։ Թեքության վրա տարածված այդ միջնաբերդը պաշտպանված էր երկրորդ պարսպով, որը զգալի ցածր էր և զուրկ աշտարակներից։ Փողոցներ էին անցնում նրա բաց անցքերի միջով, ինչպես գետեր են անցնում կամուրջների տակով։

Երկու պարիսպների միջև պղնձագմբեթ տաճարներն էին, որոնց պուրակներն ասես կանաչ կղզիներ լինեին, իսկ ամենացածում, լեռներից իջնող գետակի ափին, բոլորովին մեկուսի, թագուհու պալատն էր՝ կառուցված հելլենական ու բաբելական ոճերի համադրությամբ։

Քաղաքի սահմաններից դուրս, կարմրահող դաշտում ձիավարժարաններնն էին ու նետաձգարանները, որ առատ էին մերկազդր կանանցով։

Ալեքսանդրին առաջնորդեցին պալատ, գահույք մատուցեցին գավթում և հայտնեցին, թե ընդհատելով շրջայցը զորակայաններ՝ թագուհին վերադառնում է և ուր որ է՝ կներկայանա իրեն։ Մնալով մենակ՝ Ալեքսանդրը զննեց շուրջը, իսկ գավիթը ոսկեզարդ առաստաղով էր, ու վիմակերտ որմերում կանանց պղնձե անդրիներ էին, որ մարմարե հատակից անդրադարձող արևի ճառագայթներից փայլում էին կարմիր գույնով։ Ցածր սեղանը, որի առջև ինքը նստած էր, փղոսկրից էր։ Բոլոր կողմերից սյունազարդ ճեմասրահով եզերված պարտեզում ծույլ-ծույլ ղունղունում էին կուշտ սիրամարգերը՝ երկար, կախ ընկած ագիներով սրբելով կիպարիսի կանոնավոր շարքերի միջով ձգվող ծառուղու խճազարդ հատակի փոշին։ Դեղնապոչ ինչոր թռչուններ էին ոստոստում մրտենու դալար թփերի վրա։ Թասաձև զույգ ավազաններից քիչ հեռու՝ մշտադալար ճյուղերը նազելիորեն փռած արմավենիներով, թանձրասաղարթ դափնիներով ու բուրումնավետ պինիաներով կազմված ուղղանկյունաձև բացատի կենտրոնում հաճելիորեն խոխոջում էր ձյունածածկ լեռներից անագապղնձե խողովակներով պարտեզ հասած կենարար ջուրը, որ քարակերտ առյուծի բաց երախից թափվում էր ամառային ձկնարանի մեջ։

Մեկ քարից դրոշմված գավթի ողջ պարագծով, վերից վար ակոսներ ունեցող սյուների խարիսխների մոտ, խեցե զամբյուղներ էին դրված, որոնց մեջ փթթում էին դամասկոսյան վարդեր ու նարգիզներ, լինոսներ, մարգարտածաղիկներ ու հիրիկներ, իսկ սյուները կանաչել էին բաղեղի դալար ընձյուղներից։ Պարտեզի խորքում, դափնեվարդերի խնամքով մշակված թփերի մեջ առնված, հղկած պորփյուրից մանգաղակիր կառքերի արձաններ էին՝ նժույգներով հանդերձ, այնպես, որ թվում էր, թե նրանք վազում են։ Նրանց դիմաց նույն քարից քանդակված փղեր էին, որոնք կոխոտում էին և կնճիթներով պատռում թշնամիներին։

Ճանապարհի ցնցումներից փոքրինչ հանգստանալով՝ Ալեքսանդրը ելավ ու մոտիկից զննեց կիսանդրիները։ Մակագրություններից նրան պարզ դարձավ, որ տեսնում է Հերակլեսի դեմ պատերազմած Հիպոլիտե թագուհուն, այդ նույն կռվում յոթ հույն խոցած Պրատոյային, Աելլեյին, որ առաջինն է հարձակվել Հերակլեսի վրա, ամենահզոր Մելանիկեին, Պենթեսիլեա թագուհուն, որը Հեկտորի մահից հետո օգնության էր շտապել տրոյացիներին և սպանվել Աքիլլեսի ձեռքով։ Հետո նա իջավ պարտեզ, որ չորս սանդուղք ցածր էր գավթից, և զննեց արձանախումբը։ Ամեն ինչ բնականին անչափ նման էր, և նա անսքող զարմանք ապրեց, որ աշխարհից հեռու կանանց այս թագավորությունում այսպես գնահատում են արվեստը։ Նա ստիպված էր ընդունել, որ Լիսիպոսից կատարյալ քանդակագործ էլ կա լուսնի տակ։

Մարտակառքերի վրա մարմնագույն քարից կանացի երկուական արձաններ էին՝ կառավար և նետաձիգ։ Քայլելով արձանախմբի միջով՝ Ալեքսանդրն առջևի կառքի նետաձիգի վարսերին դիադեմ նշմարեց, որ զարդարված էր ադամանդով։ Կառքի հունատառ գրությունը վկայում էր, որ արքայի դեմ թագուհի Ստատիրեն է։ Ալեքսանդրը մի քանի քայլ ետ գնաց՝ թագուհուն ամբողջական զննելու համար. ողջ ճանապարհին նրան հետաքրքրել էր, թե ինչպիսին է տեսնելու Ստատիրեին, և ահա եկել էր պահը համադրելու պատկերացումներն իրականության հետ։

Թույլ շրշյուն հասավ նրան, և շրջվելով՝ իր առջև տեսավ նույն նետաձգուհուն, բայց այս անգամ ոչ թե քարե, այլ՝ իրական։ Ստատիրեն հագել էր նուրբ եզրազարդերով ծովագույն կարճափեշ տունիկա, որ պահվում էր մարմնի վրա աջ ուսի միակ ճարմանդով և ավարտվում սլացիկ ազդրերին։ Մյուս ուսը զերծ էր հագուստից, և տունիկան կիսաբացել էր նրա ողորկ կուրծքն այնպես, ասես հագուստը ցանկացած պահի կարող էր ցած սահել ու մերկացնել նրան։ Մոխրագույն փարթամ վարսերը բրգաձև հավաքված էին ծոծրակից վեր, ուր պահվում էին զույգ հերակալներով. այդպես նրա երկար պարանոցն ավելի էր ընդգծվում, իսկ նրբորեն գծագրված անրակների վրայով սահող մարգարտաշար վզնոցը կրծքի արագ զարկերին համաչափ պսպղում էր ձյունեփաթիլի նման։ Ադամանդազարդ դիադեմը շողարձակում էր նրա վարսերին, որից ալկարմիր ժապավեն էր թիկունքով իջնում ու ալիքվում գետին՝ ընդգծելով մաշկի ճերմակությունը, իսկ սանդալների ոսկեթել քուղերը զույգ օձի նման գալարվելով՝ ընդգրկում էին նրա քանդակածո սրունքները։ Նա թովիչ էր աստվածուհու նման. նա կարծես աստվածուհի էր, ու նազելի գլուխն այնպես փառահեղորեն էր նստում ուսերին, որ Լիսիպոսը կխենթանար նրա տեսքից։ Անօրինակ գեղեցկության հետ մեկտեղ՝ նրա կեցվածքը հանդուգն էր ու անհնազանդ, և նա Ալեքսանդրին նայում էր սևեռուն հայացքով՝ կամար հոնքերի տակ փայլեցնելով գինեգույն աչքերը, որոնցում կանացի անիմանալի թովչանքի հետ միասին կորով էր խայտում։

Այսպիսի պատկեր արքան տեսել էր հունական սափորանկարներում և միշտ կարծել, թե մարմնի նման համաչափություն և հմայք մարդկային երևակայությունը միայն կարող է ծնել, իսկ իրականության համար այն անհասանելի է։

Ալեքսանդրն սպասում էր տեսնել նրան թագավորական շքեղ հանդերձների մեջ, ընդգծուն շպարված, մազերը ծածկած ոսկու փոշով, թանկագին քարերով պճնված, ինչպես իրեն դիմավորել էին Աշխարհի ազնվազարմ կանայք, բայց իր առջև լեռնային նիմփա էր, աննյութ՝ որպես մեգ, երազային տեսիլ, որ անզգույշ շարժումից կարող էր անէանալ։ Ու նա արձանացել էր, զգուշանալով անգամ շնչել։

Ստատիրեն նկատեց, թե ինչպես Ալեքսանդրի դեմքով հիացումի չքողարկված ալիք անցավ, և զգալով, որ արքան համրացած զննում է իրեն, թույլ ժպտաց, որից այտերին հաճելի փոսիկներ երևակվեցին։

Ալեքսանդրը մոտեցավ նրան և ասես ստուգելու համար՝ իր առջև մարդ արարած է, թե՝ տեսիլք, մատների ծայրով զգուշորեն դիպավ մերկ ուսին։ Ապա պտտվեց նրա շուրջը, հետո նրա ծով աչքերի մեջ նայելով՝ խոսեց, ավելի շուտ ինքն իր հետ.

― Ահա թե ինչպիսի՛ն ես դու, ամազոնուհիների թագուհի Ստատիրե, ում գոյությանն աշխարհը չի հավատում։

Ստատիրեի գեղանի շուրթերը փեռեկվեցին հաճելի ժպիտից, ակամա ցուցադրելով գեղեցիկ ատամնաշարերը, որ փայլում էին մարգարիտի պես։ Աշխարհի տիրակալին այդքան մոտիկությունից նա շիկնել էր նկատելի։

Հենց նոր հասնելով Թեմիսկիրա՝ նա չէր հասցրել շպարվել, բայց նրա մարմինը բուրում էր հաճելիորեն, որը հրաշագործ որևէ անուշահոտության արդյունք չէր, այլ նրա մարմնի անարատ ջերմության։ Ալեքսանդրը զարմանքով նկատեց, որ այդ բուրմունքը ցրում է վերջին ամիսներին իր հոգուն իջած մգամածության թուխպը, իսկ սիրտը բաբախում է լսելի։

Ստատիրեն շնչում էր արագ, որից սիրտը նկատելի ուռչում էր, և տեսնելով, որ արքան ակնդետ հետևում է իր կրծքի շարժումներին, ասաց՝ նաև իրեն համակած շփոթմունքը քողարկել ջանալով.

― Հեռու էի քաղաքից երեք հարյուր ասպարեզ՝ երբ իմացա լուրը, և նոր եմ իջել ձիուց։

Նա ձեռքերը պարզեց դեպի արքան՝ այդ կերպ ողջունելով հյուրին՝ իր երկրի օրենքներին համաձայն։ Ալեքսանդրը թագուհու ափերն առավ իր ձեռքերի մեջ, ու գլխի խոնարհումով պատասխանեց նրա ողջույնին՝ շարունակելով կախարդվածի նման զննել նրա դեմքը։

Աջն արքայի ափի մեջ՝ թագուհին նրան առաջնորդեց դեպի գավթի խորքը, ուր խորաններից մեկի առջև միմյանց նայող բազմոցներ էին։ Նստեցին, և Ստատիրեն գլխից առավ դիադեմը. նազելի շարժումից նրա վարսերը թափվեցին ուսերին՝ առանձնակի հմայք հաղորդելով վիթատեսք նրա դեմքին։ Նրա անմիջականությունն արքային դրդեց զերծ մնալ արարողակարգային ավելորդություններից և անկաշկանդ ընկողմանելով ջայլամի աղվամազե բարձերին՝ շարունակեց հմայված հայացքով նայել թագուհուն։

― Ահա՛, թե ինչպիսի՞ն ես դու, Ալեքսանդր՝ Մակեդոնիայից, ում անվան փառքն աշխարհն է տիրում,― հաստատված լռությունը խախտեց Ստատիրեն, և արքան նրա ձայնի մեջ կարոտ որսաց, որը զարմացրեց իրեն։ Նա ուշադիր նայեց Ստատիրեի աչքերի մեջ, իսկ դրանք փայլում էին ներքին կրակով։ Թագուհին խոնարհեց հայացքը, ձեռքում պահած դիադեմը դրեց սեղանին։

― Հոգնել ես, անշուշտ, ճանապարհից, ու գուցե լոգա՞նք ցանկանայիր,― հարցրեց։

― Երկօրյա արշավը, այն էլ չքնաղ ամազոնուհիների ուղեկցությամբ, անկարող է հոգնեցնել ինձ, երբ վարժվել եմ վաթսունօրյա երթերին անապատում,― պատասխանեց Ալեքսանդրը՝ ակամա թույլ ցնցվելով, ասես այդ կերպ կամենում էր ցուցադրել իր չմարած կայտառությունը։

― Այդ դեպքում, հուսով եմ, չես հրաժարվի վայելել Ամազոնիայի անուշահամ միրգը և մանտրագոր, որ իմ կախարդուհիները պատրաստում են միայն իրենց հայտնի բույսերից,― ասաց թագուհին ու չսպասելով համաձայնության՝ նայեց դռների կողմը։ Չորս սպասուհի, որ ասես նրա հրամանին էին սպասում, ծղոտե կողովներով միրգ բերին ու ձյունով սառեցված կաթնագույն հյութ։ Երկու այլ սպասուհի անագապղնձե թասի մեջ կրակ բերին և վառեցին առաստաղից շղթաներով կախված ջահերն ու անկյուններում դրված աշտանակները. սկիզբ առած հրացոլքն աշխուժացնում էր թագուհու մաշկի ճերմակությունը։

― Ինչպե՞ս անցավ հնդկական արշավանքը. ես բացարձակապես անտեղյակ եմ դրանից,― հարցրեց Ստատիրեն սպասուհիների շարժումներին հետևող արքային և տևական զրույցի ակնկալումով հարմար տեղավորվեց բազմոցին։ Երկար ժամանակ լուր չկար քեզանից, և ամենքը կարծում էին, թե դու հասել ես Աշխարհի եզրին և դուրս եկել Օյկյումենեի սահմաններից։

Ալեքսանդրը նրան արձագանքեց դառը ժպիտով։

― Հետո լուր եկավ քո զոհվելու մասին, և հայտնի չէ՝ որպիսի խառնակություն կսկսվեր աշխարհում, եթե արագ չհերքվեր դա։

Ստատիրեն արքային նայեց միգամած աչքերով, և Ալեքսանդրին զարմանքով պարզ դարձավ, թե որքան տառապալից է եղել թագուհու համար այդ լուրերի միջև ընկած ժամանակահատվածը։

― Պատմի՛ր, ի՞նչ պատահեց քեզ այնտեղ,― խնդրեց Ստատիրեն անքողարկ թովչանքով,― ես կլսեմ քեզ ուշադրությամբ։

― Օ՜, դա անչափ երկար պատմություն է,― ծոր տվեց Ալեքսանդրը՝ զգալով, որ անկարող է մերժել թագուհու որևէ խնդրանք։

― Բայց մենք ամբողջ յոթ օր ժամանակ ունենք,― հանգիստ արտաբերեց Ստատիրեն՝ շուրթերը սրբելով ասեղնագործ վարշամակով։

Ալեքսանդրը բացատրություն պահանջող հայացքով նայեց նրան։

― Դու կմնաս այստեղ՝ մինչև որ լուսնի շրջանակը բարեհաջող բոլորվի. այդպես է կարգը, և ոչ ոք այն խախտելու իրավունք չունի։ Նույնիսկ աշխարհի տիրակալը,― ասաց թագուհին և ժամանակ չտալով արքային համակերպվել գերյալի իր կարգավիճակին՝ կրկնեց խնդրանքը. պատմի՛ր ինձ Հնդկաստանի մասին, չէ՞ որ դու առաջին հույնն ես՝ Դիոնիսոսից հետո, որ հասել է զարմանահրաշ այդ երկիրը։ Պատմի՛ր, ճի՞շտ է արդյոք, որ այնտեղ ոսկին գտնվում է գետերում, ծովը ափ է նետում թանկարժեք քարեր ու մարգարիտներ, մարդիկ ականջներին ադամանդ են կրում և ձեռքերը դաստակից մինչև ուսը զարդարում ոսկով։ Որ նրանց արքան ժողովրդին ներկայանում է ոսկե պատգարակով, որի վրայից կախված են մարգարիտներ, իսկ արքայական պալատում ոսկե սյուներ կան. դրանց վրա փաթաթում են ոսկուց պատրաստված խաղողի ողկույզներ։ Որ հեռավոր ճամփորդության արքան մեկնում է փղեր լծած կառքով, և հսկա այդ կենդանիները ծածկված են ոսկով, իսկ արքային հետևում է հարճերի երկար շարասյունը՝ ոսկյա պատգարակներով։ Որ արքան ունի տուն՝ անբիծ փայտից, որի հիմքերը հաստատված են ոչ թե երկրի վրա, այլ հույժ խոշոր քառակուսի փայտերի, և այն քարշում են քսան փղեր...

Ալեքսանդրին ոչինչ չէր մնում անել՝ ժպտալուց բացի, թեև ինքը ևս այդպիսի պատկերացում էր ունեցել Հնդկաստանի մասին արշավանքից առաջ։ Մանտրագորի գավաթը սեղանին դնելով ու հարմար թիկնելով բարձերին՝ նա սկսեց պատմել, թե ինչպես Մարականդի ճակատամարտից հետո քառասուն հազար հետևազորի ու վեց հազար հեծյալների հետ մտավ Օքսիանա, ապա Օքսիդրակիա։

Աշխարհին անհայտ այդ երկրներում հավքեր էին պատահել իրեն հսկա, որ մարդուց չէին վախենում, ու զինվորները նստելով դրանց ուսերին՝ ճախրում էին երկնքում։ Եվ գետաձիեր էին թաքնված գետերում, որ խժռում էին ջուրը մտած զինվորներին։ Չղջիկներ կային աղավնուց մեծ և ունեին ատամներ, առյուծներ կային՝ առավել խոշոր, քան ցուլերը։ Եվ մարդիկ կային տարատեսակ՝ անգլուխ, որոնք աչք ու բերան ունեին կրծքի վրա։ Հիդրաոտի ափին տեսնելով հնդիկների արքա Պորոսի՝ անհամար փղերից ու այլ սարսափելի կենդանիներից կազմված զորքը, նա բացականչել է այլայլված. «Այս անգամ ստիպված եմ լինելու կռվել ոչ թե մարդկանց, այլ գազանների դեմ»։ Հետո Ալեքսանդրը պատմեց, թե ինչպես փոքրաթիվ զորքով գրավեց անառիկ համարված Ահորն ժայռը, որի գագաթին թաքնվել էին բարբարոսները, և որը ժամանակին անկարող էր եղել նվաճել Հերակլեսն անգամ։ Իսկ ինքն այն գրավեց՝ ժայռին հավասար հողաթումբ կառուցելով։ Հետո անսպասելիորեն իրեն պատահել էր Նիսա քաղաքը, որ հիմնել էր Դիոնիսոսը, ուր նա բաղեղ էր տեսել, որ չէր աճում Հնդկաստանի որևէ այլ վայրում։ Պատմեց, որ պարապամիսների երկրում գտել է այն ժայռը, որին շղթայված է եղել Պրոմեթևսը։

― Երբ հաղթեցի Պորոսին, այնտեղի ժողովուրդների արքայիկները շտապեցին ինձ ընդառաջ՝ պատրաստ կատարելու իմ առաջադրանքները։ Նրանք ինձ ընդունում էին որպես Զևսի երրորդ որդի, ասում էին, թե Դիոնիսոսի և Հերակլեսի մասին լսել են, իսկ ինձ, ահա, տեսնում են իրենց աչքերով։

Իմ ճանապարհին գետեր կային լայնանիստ, և ես նավեր կառուցեցի այնպես, որ դրանք հնարավոր լիներ քանդել, սայլերով տեղափոխել և հետո կրկին հավաքել։

Հանկարծ Ալեքսանդրը նկատեց, որ թագուհին իրեն նայում է երազային հայացքով, ասես չի լսում իրեն։ Նա ակամա դադար տվեց։

Ստատիրեն շարունակում էր հմայված նայել արքային, ապա արտաբերեց թովչանքով.

― Դու այնպե՜ս հետաքրքիր ես խոսում։

Ալեքսանդրը նրա աչքերում անափ կիրք տեսավ։ Իսկ Ստատիրեն, հայացքը նրա աչքերից չկտրելով՝ հարցրեց.

― Իմ աղջիկները քեզ հայտնե՞լ են հրավերիս իրական պատճառը։

― Իրակա՞ն,― անկեղծորեն զարմացավ Ալեքսանդրը՝ ելնելով բարձերից,― նրանք ընդամենը հայտնել են Ամազոնիա այցելելու քո հրավերը։ Եվ ես այստեղ եմ իմ գուշակ Արիստանդրոսի խորհրդով, իսկ նա վստահեցնում էր, թե մեր հանդիպումը նախանշված է աստվածների կողմից։

― Նախանշան աստվածներն ինձ էլ են ուղարկել,― հուզված ասաց թագուհին, ապա երկար դադար տվեց։ Եվ քո գուշակը չի՞ հայտնել քեզ հանդիպման նպատակը։

― Նա ասել է միայն, որ պարտավոր եմ ենթարկվել աստվածների կամքին,― պատասխանեց Ալեքսանդրը՝ Ստատիրեի հայացքից կռահելով, որ նրան հայտնի է ավելին։ Ու նայեց թագուհուն բացատրություն պահանջող հայացքով։

― Դու կիմանաս այդ մասին, երբ գա ժամը,― Ստատիրեն ափն ակամա տարավ դեպի Ալեքսանդրի ձեռքը։

Երեկոյանում էր։ Հորիզոնը ներկվել էր արյան գույնով և գավթի արևահայաց տանիքն ասես հրդեհի մեջ լիներ։

... Կեսգիշերը բավական անց սպասուհիները Ստատիրեին հանեցին քնից՝ երկյուղած հայտնելով, թե Ալեքսանդրի ննջարանից աղմուկ է լսվում, ասես թե նա կռվում է այլոց հետ, և իրենք չեն համարձակվում ներս մտնել և խանգարել նրա արքայական առանձնությունը։

Ստատիրեն փութով ելավ անկողնուց, կարգադրեց իմաց տալ զինակիրներին և առնվեց լայն գիշերազգեստի մեջ։

Լուսակալը բարձր պահած՝ նա քայլում էր առջևից, մյուսները մի փոքր ետ էին ընկել՝ չհամարձակվելով առաջ անցնել թագուհուց։ Նրա դեմքին տագնապ էր սառել, արքայի համար անհանգստությունից ձեռքերը դողում էին, նրա վարսերն անփութորեն թափվել էին ուսերին ու երկար պարանոցին, իսկ ակնագնդերի մեջ չարագուշակ փայլով պսպղում էին լուսակալի կորացված պատկերները։

Ամեն սյան ետևում նրանց թաքնված տղամարդ էր երևում. կանթեղների շիկավուն բոցերը փռփռալով՝ տարուբերվում էին պալատ թափանցած գիշերասյուքից. պարտեզում օրորվող արմավենիների՝ պատերի վրայով սահող ստվերները նմանվում էին բազմաձեռ պարուհիների. երկկանթ ծաղկամանները, որոնց մեջ նարգիզներ էին փթթում, կտրված գլուխներ էին թվում նրանց, մարմարե արձանները մտահոգված հետևում էին նրանց պատվանդանների վրայից. թվում էր, թե խոժոռ հայացքով քարակերտ այդ կերպարանքները ևս պալատ ներխուժած դավադիր են փնտրում։

Արքայի ննջարանին հասնելով՝ թագուհու նշանով բոլորը սսկվեցին ու համակ լսողություն դարձան։ Ներսից նրանց էր հասնում Ալեքսանդրի զայրացած ձայնը, բայց բառերն անհնար էր զանազանել։ Թագուհին զգուշությամբ ու շունչը պահած հրեց դուռը և ջահով լուսավորեց ննջարանի ներսը։ Նրան անմիջապես հանգստություն համակեց՝ արքային մենակ տեսնելով. Ալեքսանդրը քնի մեջ խոսում էր բարձրաձայն։ Ստատիրեն ձեռքը տարավ դեպի բռնակը՝ կամենալով փակել դուռը, բայց այդ պահին աներևույթ մի ուժ, կամ թե ոգի (թագուհին հասկանալ չկարողացավ) նրան նրբորեն հրեց ներս, և հուշիկ քայլերով առաջանալով դեպի արքայի մահիճը, ջահակալը դրեց հատակին, որպեսզի լույսի ցոլքերը չընկնեին Ալեքսանդրի դեմքին։ Նա համրությամբ կանգնեց մահճի մոտ և այրող հետաքրքրասիրությամբ նայեց անհանգիստ շարժումներով ծածկոցից ազատված արքայի մարմնին. իսկ նա մորեմերկ էր։

Ալեքսանդրը խոշոր չէր, բայց նրա մարզված մարմինն ամեհիություն էր հաղորդում նայողին։ Սակայն Ստատիրեին գրավեց ոչ թե մարմնի պիրկությունը, այլ արքայի մաշկի ոչ մարդագույն ճերմակությունը, իսկ դեմքն այնքան գունատ էր, կարծես մարմարի փոշով ծածկված լիներ։

«Որքա՜ն են վիրավորել ու խոցել քեզ»,― շշնջաց թագուհին սրտի ցավով՝ արքայի սպիածածկ մարմնին նայելով, իսկ մալերի երկրում կրծքին ստացած վերքը դեռ չէր ապաքինվել։ Բուռն ցանկություն ունեցավ նա քնքշորեն շոյել արքայի վերքերը՝ ինքն իրեն հավատացնելով, թե այդ կերպ կմեղմվեն նրա կրած տառապանքները, բայց սիրտ չարեց դիպչել նրան, այլ միայն զգուշությամբ ծածկոցը քաշեց նրա վրա ու զարմանքով զգաց, որ նրա ողջ մարմինը բուրում է հաճելիորեն։ Բայց թագուհու զգուշությունը բավարար չէր, և Ալեքսանդրն անչափ դանդաղ բացեց աչքերը՝ ասես վերադառնում էր մեկ այլ աշխարհից։ Մի քանի ակնթարթ կիսարթուն հայացքով նայելով անսահման հեռուն՝ արքան նկատեց արձանի անշարժությամբ կանգնած թագուհուն և առանց զարմանալու գիշերային անհրավեր այցից՝ հարցրեց.

― Վաղո՞ւց ես այստեղ։

Թագուհին պատմեց ննջարանում գտնվելու պատճառը։

― Ասում ես՝ ես խոսո՞ւմ էի քնի մեջ,― ոչ այն է՝ հարցրեց, ոչ այն է՝ ինքն իրեն ասաց Ալեքսանդրը։

― Դու վիճում էր մեկի հետ,― ասաց թագուհին՝ չհամարձակվելով մոտենալ Ալեքսանդրին,― նրան արքա էիր կոչում ու սրտնեղում, թե նա տիրանում է քո ավար հանդիսացող կնոջը, և կանչում էիր, որ դու, ի նշան բողոքի, հեռանում ես և չես մասնակցի մարտին։ Իսկ երբ խնջույքից հետո ամազոնուհիներն ուղեկցում էին քեզ ննջարան, դու խիստ գինովցած՝ մարտի կարգադրություններ էիր անում, բայց քո զորավարների փոխարեն այլ անուններ էիր տալիս և...,― թագուհին ակամա դադար տվեց։

― և այդ անունները հայտնի էին քեզ «Իլիականից»,― նրա կիսատ թողած միտքը շարունակեց արքան, և Ստատիրեի դեմքի արտահայտությունը նկատելով՝ բավական երկար լռեց՝ անորոշ հայացքով նայելով դիմացի պատի՝ իրիկնային որսի տեսարան պատկերող նկարին, ուր ինքն էր՝ Բուկեփալոսի վրա։

Ստատիրեն տանջում էր իրեն՝ հասկանալու համար արքայի հետ կատարված արտասովոր երևույթի պատճառը, բայց քանի որ Ալեքսանդրը շարունակում էր մտացրիվ նայել նկարին՝ կամեցավ հեռանալ և մենակ թողնել նրան, բայց այդ պահին արքան հայացքը հեռվից թագուհուն բերելով՝ ասաց.

― Երևի թե աստվածներն ինձ մարդկանցից հեռու այս աշխարհն են բերել, որպեսզի ես վերջապես ունենամ մեկը, ում կարելի է ամեն գաղտնիք վստահել։ Քո երկիրը մի մութ խոռոչ է աշխարհի վրա, և այստեղ բացահայտված գաղտնիքները կմնան անհայտ մարդկությանը, քանի որ նրանք չեն հավատում ո՛չ քո, ո՛չ էլ այս երկրի գոյությանը։

Եվ կողմ քաշվելով՝ նա Ստատիրեին մտերմորեն առաջարկեց նստել անկողնու վրա, ասես հարյուր տարվա մտերիմներ լինեին։ Ստատիրեն նստեց և խորհրդավոր այս նախաբանից համակ ուշադրություն դարձած՝ նայում էր արքային լայն բացված աչքերով։

― Այն, ինչ կասեմ հիմա ես քեզ, ոչ մեկին հայտնի չէ՝ ինձանից բացի. այս մասին ես չեմ խորհրդակցում ոչ մեկի հետ, ո՛չ Անաքսարքոսի, որ իմ առաջին ուսուցիչն է և ուղեկցում է ինձ ասիական արշավանքում, ո՛չ էլ անգամ՝ մորս։ Դու երկրորդ մարդն ես, որ իմանալու է այս մասին։ Ալեքսանդրն ափով տրորեց դեմքը։ Ես գինովցած եմ, և գուցե դա է պատճառը իմ այս անկեղծության, բայց և չեմ թաքցնի, որ իմ մեջ առաջացել է մի զգացում քո հանդեպ, որպիսին չեմ ունեցել երբևիցե։ Ես չգիտեմ՝ ի՞նչ անուն ունի դա, եթե ունի ընդհանրապես, բայց այն ծնունդ է քո հանդեպ անչափելի վստահություն։ Արքան դադար տվեց՝ ասես մտքերը ժողովելու համար, իսկ Ստատիրեն նայում էր նրան հետաքրքրասիրությունից բոցավառվող աչքերով։

― Այն, ինչ լսել են իմ շուրթերից ամազոնուհիները խնջույքից հետո,― շարունակեց արքան,― և դու ինքդ՝ այստեղ, իմ մտքերը չեն ամենևին. դա ե՛ս չեմ արտաբերել, այլ․․․ մեկ ուրիշը, որ խոսում է իմ բերանով։

Ստատիրեի դեմքին հանկարծահաս լարում երևակվեց, որն անհավատալի գեղեցկություն բերեց նրան։ Ալեքսանդրի աչքից չվրիպեց նրա կերպափոխությունը։

― Մի քանի տարի առաջ, իսկ դա ավելի վաղ էր, քան ես կառնեի Հալիկառնասը, մի անգամ, խնջույքից վրանս վերադառնալիս, իսկ ես գինովցած էի սաստիկ, ավելի, քան այժմ, հանկարծ զգացի, որ ինքս ինձ բարձրաձայն ասում եմ մտքեր, որոնք իմը չեն ամենևին։ Ես քար կտրեցի զարմանքից, կանգ առա ու շոշափեցի ինքս ինձ, ասես կամենալով ստուգել՝ ե՞ս եմ արդյոք ինձ հետ։ Այլ պատասխան չգտնելով՝ այն ժամանակ դա վերագրեցի գինովությանը։ Առավոտյան ինձ ասացին, որ գիշերը քնի մեջ մարտի կարգադրություններ եմ արել ու կռվի բռնվել․․․ հանուն Տրոյայի։

Ստատիրեն Ալեքսանդրին նայում էր հանկարծակի խշշոցից անհանգստացած եղնիկի հայացքով։

― Ես հասկանում եմ քեզ համակած զարմանքը, Ստատիրե, քանի որ այդ մասին լսելով իմ մատռվակներից՝ ես զարմացել էի քեզնից առավել. չէ՞ որ այդ տարօրինակությունը կատարվում էր ի՛նձ հետ։ Իսկ այն էլի կրկնվեց, դառնալով ավելի ու ավելի հաճախակի. բավական էր գինովանայի՝ զարմանքով ունկնդրում էի իմ բերանից հնչող ինձ օտար մտքեր, կարգադրություններ, հրամաններ։ Ես տալիս էի անուններ, և ինքս ինձ լսելով՝ հասկանում էի, որ խոսում եմ զույգ Այաքսների, Ոդիսևսի, Ագամեմնոնի, ավելի հաճախ՝ Պատրոկլեսի հետ։ Եթե դա կատարվեր ինձ հետ միայն քնի մեջ, կվերագրեի ինձ այցի եկած Բարի կամ Չար Երազին, բայց ես նույնն անում էի նաև արթմնի, որի բացատրությունը չունեի։

Նա խոր շունչ քաշեց և ետ նստեց անկողնում։

― Երբ սադկերի երկրում կրծքից վիրավորվելով՝ եռօրյա անգոյությունից հետո նորեն վերադարձա կյանք, իմ ընդոծի Բագոասը, որ մատռվակել է նաև Դարեհին, ու այդ ողջ ընթացքում չէր հեռացել մահճակալիս մոտից, ինձ ասաց, որ երբեմներբեմն խոսել եմ, գուցե թե՝ զառանցել։ Նա գրի էր առել իմ որոշ խոսքեր, և երբ կարդացի այն, սարսափ համակեց ինձ, քանի որ ակնհայտ դարձավ, թե տաս տարի շարունակ գինովցած ժամանակ կամ քնի մեջ իմ շուրթերով խոսել է․․․ Աքիլլեսը։

Ստատիրեն ակամա ետ ընկրկեց, ասես իր վրա նիզակ պարզեցին. նա ոչ մի կերպ չէր կարողանում գտնել երևութի բացատրությունը։

― Իսկ գուցե դու պարզապես արտասանե՞լ ես Հոմերոսից,― շշնջաց թագուհին այնպես կամացուկ, կարծես վախենում էր իր իսկ ձայնից ։ Չէ՞ որ լինում է այդպես։

― Ես ուշադիր վերընթերցեցի և՛ նրան, և՛ Էսքիլեսին,՛և՛ Եվրիպիդեսին, և՛ մյուսներին, բայց Բագոասի գրառումներին ոչ մի տեղ չպատահեցի։ Ես խոսել էի Աքիլլեսի կյանքի այնպիսի դեպքերի մասին, որ հայտնի չէին ոչ մեկին։ Այդ ժամանակ ես քննեցի վերջին տարիների իմ վարքը և ինձ համար պարզ դարձան մինչ այդ դժվար բացատրելի իմ որոշ արարքներ։ Ես ուշացումով հասկացա, որ Աքիլլեսը ոչ միայն խոսում է իմ շուրթերով, այլև երբեմն ստիպում է ինձ անել այն, ինչ կաներ ինքը։ Այո՛, նա իմ կուռքն է եղել, նա՛, ում հայրը դաստիարակ ընտրել էր Քիրոնին կենտավրոս, որ այդպիսով հեռու պահի որդուն մարդկանց հատուկ վատ բարքերից, և ձգտել եմ ամեն ինչում նմանվել նրան, բայց ուշացումով պարզեցի, որ շատ և շատ դեպքերում ես ո՛չ թե ընդօրինակել եմ նրան, այլ նա իմ անունից արել է իր կամեցածը։ Ես դա հասկացա հետո։

Երբ վերցրի Հռոքսանային որպես կին, համոզված էի, թե դա անում եմ երկու ժողովուրդներին մերձեցնելու մղումով, մինչդեռ հետո հասկացա, որ այդ վճիռն ի՛մը չէր ամենևին՝ Աքիլլեսինն էր. բազում արքայադուստրերի թողած՝ ամուսնական կապ ունենալ գերուհո՞ւ հետ՝ այդպես կարող էր վարվել միայն նա. չէ՞ որ Պոլիքսենեն, ում առավ նա որպես կին, գերուհի էր։ Եվ միայն դա չէ. երկար ժամանակ ես անկարող էի բացատրել ինքս ինձ, թե ինչը դրդեց ինձ, Գազան գրավելուց հետո նրա պաշտպան Բեթիսի արիությունն ընդունելու փոխարեն (ով վիրավորված հարյուր նետերից և անկարող՝ ոտքի վրա մնալ, ծնկի եկած կռվում էր իմ զինվորների դեմ՝ զենքը շաղախված թե՛ իր սեփական, և թե՛ թշնամու արյամբ), նրա սրունքներով փոկեր անցկացնել և կապելով մարտակառքին՝ քա՛րշ տալ նրան քաղաքի շուրջ... Իմ հետերներն իմ այդ արարքը պայմանավորում են Գազան գրավելուց ստացած իմ երկու վերքերով, բայց ես հո գիտե՞մ, որ ո՛չ մի վերք չի զրկի ինձ թշնամու արիությունն ընդունելու շնորհից։ Ուշացումով ինձ պարզ դարձավ, որ այդ ո՛չ թե ես, այլ իմ մեջ ապրող Աքիլլե՛սը քարշ տվեց Բեթիսին, ինչպես Հեկտորին՝ Տրոյայի շուրջ։ Ես գաղտնի բանագնաց ուղարկեցի Դելփիք, ուր գտնվում է պորտը երկրի, հարցում անելու Աստծուն։ Եվ ինձ պատասխան բերին, թե ճիշտ այնպես, ինչպես Աթենասն էր մտնում Անտենոսի որդու՝ Լաոդիկոսի մարմնի մեջ և նրա կերպարանքն առած՝ համոզում նետաձիգ Պանդարոսին մահաբեր նետ արձակել Մենելաոսի վրա, կամ Հերան՝ ամազոնուհու կերպարանք առած՝ համոզում Հիպոլիտե թագուհուն հարձակվել Հերակլեսի վրա, այդպես էլ Աստված դարձած Աքիլլեսն է գալիս ինձ այցի, որպեսզի աջակցի ինձ՝ կատարելու աստվածների պատգամը։

Նա դադար տվեց և նայեց Ստատիրեի աչքերի մեջ։ Իսկ թագուհին լսում էր նրան հափշտակությամբ ու շունչը պահած։

― Իմ վարքի մեջ կա մի դրվագ, որն առ այսօր անհասկանալի է ամենքին. պարսպի վրայից ես մեն մենակ ցատկեցի մալերի պաշարված քաղաք, իսկ դա անխուսափելի մահ էր նշանակում։ Առասպելասեր իմ զինվորները դա վերագրում են իմ անվեհերությանը։ Ի՞նչ խոսք, քաջությամբ ո՛չ մեկին չեմ զիջում, բայց և այնքան անմիտ չեմ, որ միայնակ պատերազմեմ մի ողջ քաղաքի դեմ։ Իմ հետերները, որ առնչվում են ինձ մոտիկից և գիտեն իմ մտատանջություններից որոշը, մինչ այսօր կարծում են, թե վհատությունն է ինձ պարսպի վրայից հրել քաղաք, թե Աշխարհի եզր հասնելու՝ կյանքիս երազանքն իրենց փոքրոգության հետևանքով չիրագործվելը, ապրելն ինձ համար դարձրել էր այլևս անիմաստ և մահն էր մնացել սոսկ որպես փրկություն։ Ի՞նչ խոսք, անտանելի վիշտ է, երբ պատանեկությունից երազած, համարձակությամբ աստվածներին արժանի սխրանքն անավարտ է մնում նպատակից ընդամենը կես քայլ հեռու, բայց իմ խենթությունն ամենևին հետևանք չէր ինձ համակած տրտմության, և ոչ էլ փայփայած երազանքի անկատարության զգացողությունն էր որոշիչը․․․

Ստատիրեն նրան նայում էր հմայվածի պես։

― Աշխարհի Եզրը տեսնելու հույսով ես անցա հարյուր հազարավոր ասպարեզ, ու երբ թվում էր, թե հիմահիմա կհասնեմ նպատակիս, հանկարծ իմացա, որ իմ ուսուցիչների պատկերացումներն աշխարհի մասին պարզունակ են եղել ու տարիներ շարունակ ուսուցանել են ինձ թյուր գիտելիքներ՝ իրենք էլ դա չգիտակցելով։ Նրանց նշած աշխարհի Եզրից կես քայլ հեռավորության վրա ես սարսափով իմացա, որ աշխարհը Ե՛զր չունի ամենևին. այն տափակ չէ, ինչպես համոզել էր ինձ Արիստոտելը, այլ՝ կլոր, և հսկա գնդի վրա ելած մրջյունի նման ես որքան էլ շարժվեմ առաջ, ճամփաս ավարտ չի ունենա։ Ես խաբված էի պարզամիտ մանչուկի նման, և կեղծ նպատակին հասնելու համար վատնել էի կյանքիս տասներկու տարին, զրկվել լավագույն ընկերներից, որոնց մարմինները՝ քարե շապիկ հագած, փտում են հիմա ավազներում ասիական։ Իմ զայրույթն անչափելի էր, և ես երդվեցի Զևսի անունով՝ վերադառնալուն պես կախե՛լ Արիստոտելին, և վհատված էի պայքարիս անիմաստությունից։ Կարո՞ղ ես պատկերացնել վշտիս ահռելիությունը, երբ հնդիկ մի իմաստասերից ցավով իմացա, որ անիրագործելի երազանքներ եմ փայփայել։

Նա ակամա դադար տվեց, ասես Ստատիրեին հնարավորություն էր տալիս պատկերացնելու իր վշտի ահռելիությունը։ Այո, երբ զինվորների մեծաթիվությունից սանդուղքը կոտրվեց և ես միայնակ մնացի պարսպի վրա՝ ետ ցատկելու փոխարեն նետվեցի մալերի պաշարված քաղաքը, բայց ես այնժամ ամենևին մահ չէի ցանկանում, ինչպես կարծում են իմ հետերները. պատճառը բոլորովին այլ էր։

Ալեքսանդը կրկին ափով տրորեց դեմքը, ասես այն բռնված էր անտեսանելի սարդոստայնով, որից չէր կարողանում ազատվել։

― Երբ զինվորների ծանրության տակ սանդուղքը ջարդվեց ու նրանք բոլորը գլորվեցին ցած, ես, որ առաջինն էի ու հասցրել էի ելնել պարսպի վրա՝ մնացի մենակ։ Նետերի ու նիզակների տարափ էր տեղում ինձ վրա, և ծածկվեցի վահանով, մինչ զինվորներս այլ սանդուղք կմոտեցնեին պարսպին և օգնության կհասնեին ինձ։

Վահանի ետևից ծիկրակելով՝ ես տեսա ցածում գտնվող քաղաքը։ Այդ նույն պահին ինձ հետ ինչոր բան կատարվեց ու ես այն զգացողությունն ունեցա, թե ցածում Տրոյան է։

Հիմա, երբ ամենն անցյալ է և հայտնի է այլևս ինձ իմ հոգու երկվությունը, արդեն գիտեմ, որ այն պահին պարսպի վրա ոչ թե ես էի՝ Ալեքսանդրը՝ Մակեդոնիայից, այլ՝ Աքիլլեսը, և ետ վերադառնալու փոխարեն այդ նա՛ ցատկեց քաղաք, քանի որ վստահ էր իր անխոցելիությանը։

Ես աղոտ եմ հիշում հետագան. դեպի ինձ եկող մարդկային զինավառ կերպարանքներ էին երևում ու ինձ թվում էր, թե նրանց նայում եմ գինու գավաթի միջով։ Ես, այսինքն՝ Աքիլլեսը, չէի վախենում նրանցից բոլորովին, քայլում էի դեպի նրանք հաստատապես վստահ, որ նրանք ոչինչ ինձ անել չեն կարող։ Ես բռնված էի սաստիկ ատելությամբ, ինչպիսին Բեթիսին քարշ տալուց էր, և փողոտում էի ինձ մոտեցողներին անխնա և ճարպկորեն (հետո իմ հետերներն ասացին, թե սպանել եմ քսանչորս մալի)։ Ու մեքենայից արձակված նիզակը շամփրեց ինձ և զրահը ճեղքելով՝ թափանցեց կրծքիս մեջ չորս մատնաչափ... Ահա իրական պատճառը պարսպից միայնակ մալերի քաղաքը ցատկելու, որն այդպես էլ կմնա գաղտնի մարդկանցից։

Այս ամենն այնքան անսպասելի էր ու զարմանալի, որ Ստատիրեն ակամա նայում էր արքային թերահավատությամբ շաղախված հայացքով։

― Հետո Աքիլլեսը խնջույքի սրահում իմ ձեռքով սպանեց Կլիտոսին՝ զրկելով ինձ Պելլա վերադառնալու հնարավորությունից, վիրավորեց Հեփեստիոնին, որը նրան մահ բերեց, իսկ ինձ՝ խայտառակություն։

Ալեքսանդրը խորը շունչ քաշեց, հառաչեց ծանրորեն, ապա շարունակեց անշտապ, և նրա դեմքը զննող Ստատիրեն զգաց, որ նա երկար է սպասել հոգի մաշող գաղտնիքը վստահելի մեկին հայտնելու այս պահին։

― Իմ մեջ ապրում է երկու մարդ, և ես խելագարվում եմ այդ երկվությունից, ասես երկու դև կռվում են իմ հոգում։ Ես մերթ սառնասիրտ Աքիլլեսն եմ, որ անգթորեն ավերել է Թեբեն ու Տյուրոսը, այրել Պերսեպոլիսը, և այդ ամենը հիշում է անսքող հպարտությամբ։ Մերթ էլ փոխվում ու դատապարտում եմ ինձ Քսերքսեսի հրաշալի պալատը խոլ խրախճանքի միջոցին այրելու համար, և ամաչում եմ։ Ես մերթ պահանջում եմ, որ իմ հայրենակիցները ճանաչեն ինձ որպես Աստծո որդի, ինչպես հույները ճանաչեցին Աքիլլեսին, մերթ էլ սարսռում եմ՝ աստվածների վեհությանն իմ մանր արարքները համեմատելով։ Ես չգիտեմ՝ ինչպե՞ս ազատվել երկվությունից, և մխիթարություն եմ փնտրում գինու մեջ, որը, ինքդ արդեն համոզվեցիր, փրկություն չէ ամենևին։

Նա դադար տվեց. լռություն տիրեց՝ այնքան անաղարտ, որ Ստատիրեն լսում էր իր սրտի զարկերը։

― Բայց միայն խելագարեցնող երկվությունը չէ ինձ տանջում. այն ոչինչ է մեկ այլ երևույթի պատճառած հոգսի հանդեպ, որի անունը ես չգիտեմ և պարուրել է այն հոգիս ահա արդեն վեց ամիս։ Երբ մալերի քաղաքում նիզակը թափանցեց կրծքիս մեջ ու մշուշն ակնթարթորեն խտացավ աչքերիս դեմ, զգացի, թե ինչպես են ուժերս լքում ինձ և անզորությունից ծնկի եկա, մեջքս հենեցի ծառին, որպեսզի թիկունքից չխոցեն ինձ, ու ծածկվեցի վահանով։ Հետո կատարվեց զարմանալին. այն զգացողությունն ունեցա, թե դուրս եմ գալիս ինքս իմ մարմնից և, իսկապես, քիչ անց բարձրից տեսա ծառին հենված ու անշարժացած իմ մարմինը։ Ու հայացքս չկտրելով նրանից, սկսեցի բարձրանալ վեր, ինչպես քամուց տարվող թիթեռ։ Մարմինս ճեփճերմակ էի տեսնում, ասես այրվում էր այն սպիտակ կրակով, նրա շուրջը ոչինչ չէր երևում, կարծես փարոս լիներ գիշերային խավարի մեջ, և այն դանդաղ պտտվում էր աջից դեպի ձախ։

Ես շարունակեցի բարձրանալ վեր՝ հետզհետե ահագնացող արագությամբ. ձիուց էլ արագ, նետից էլ արագ, քամուց էլ արագ, մտքից էլ արագ, բայց քանի որ ես աննյութ էի, ոչինչ չէր դիմադրում ինձ և չէի զգում արագ շարժվելս։ Այդպես բարձրացա այնքան, մինչև ցածում մնացած մարմինս փոքրանալով՝ վերածվեց կետի և անէացավ։ Հետո անցա մութի միջով, որն անկշիռ էր, անշոշափելի, բայց և՝ ոչ նոսր։ Մտածեցի, որ գնում եմ այնտեղ, ուր չծնվածների հոգիներն են։ Բարձրանալը տևեց բավական երկար։ Հետո հանկարծ կանգ առա, և ամեն ինչ, իսկ շուրջս նյութեղեն ոչինչ չկար և անգոյություն էր, սկսեց պտտվել դանդաղ՝ աջից ձախ, ու խավարի միջից հեռավոր թույլ լույս երևաց։ Երբ այն ահագնացավ, ինչպես օրը, ամպերի մեջ սեգ պարիսպներով մի քաղաք տեսա։ Զգացի, որ կարող եմ լողալ օդի մեջ, ինչպես ուրվական՝ ամպից էլ թեթև. ես չունեի մարմին, չէի տեսնում ու չէի զգում ինքս ինձ. ես սահմանափակված չէի մարմնիս չափերի մեջ և ես անսահման էի տիեզերքի պես։ Լողացի դեպի երևացող քաղաքը, իսկ այն․․․ Տրոյան էր։ Բազեի պես, բազեից էլ ցածր՝ լողացի քաղաքը եզերած դանայացիների ճամբարի վրայով (իսկ նրանց ճանաչեցի իրենց նշաններից), տեսա նրանց՝ վրանների առջև խմբված, խարույկ անելիս, զենքեր մաքրելիս, տեսա Աքիլլեսին՝ Բրիսեիսից զրկվելուց նեղացած ու մեկուսացած Պատրոկլեսի և միրմիդոնցիների հետ։

Լողացի դեպի քաղաք ու պարսպի վրա տեսա ալեհեր Պրիամոսին՝ թիկնախմբի հետ։ Լողացի փողոցների վրայով, ուր մարդիկ էին անկանոն անցուդարձ անում։ Հետո զգացի, որ կարող եմ թափանցել քարերի, պատերի միջով, ու արքայական պալատի սրահներում և միջանցքներում անհանգիստ դեմքեր տեսա ու խուճապ։ Ես կարող էի մոտենալ նրանց անչափ ու միշտ օդում մնալով՝ լսել նրանց, տեսնել նրանց դեմքը։ Նրանք չէին զգում իմ ներկայությունը, և ես էլ անկարող էի լսելի լինել նրանց։ Ես չէի հիշում մալերի քաղաքում թողնված մարմինս և այդ հարցն ինձ չէր մտահոգում։ Երբ արթնացա, ինձ ասացին, որ մեռած եմ եղել ամբողջ երեք օր, չեմ շնչել և չի գործել սիրտս անգամ։ Ես ցավ ապրեցի վերադառնալու համար, քանի որ այնտեղ երջանկության մեջ էի՝ անհոգս, անմարմին։ Դա հոգու երանելի վիճակ էր, և այդ պահից ի վեր ինձ տանջում է անդիմանալի մի կարոտ այդ աշխարհի հանդեպ և տենչում եմ կրկին լինել այնտեղ։ Ես պատրաստ եմ զոհել և՛ փառք, և՛ իշխանություն՝ հավերժ այդ երանության մեջ լինելու համար, քանզի թե մեկը, թե մյուսը ոչինչ են հոգու այդ վիճակի հանդեպ։ Ես փախչում եմ աղմուկից, մարդկանցից, քանի որ լռությունն ու խաղաղությունն օգնում են ինձ գոնե կարճ ժամանակով տեղափոխվել Այն աշխարհ։ Երբեմն ես մոռանում եմ այս իրականությունը և, քեզ կարող է տարօրինակ թվալ, ինձ զգում եմ Տրոյայի պարիսպների տակ։ Այդպես կարող է լինել ցանկացած վիճակում՝ խնջույքի պահին, ձիու վրա, կռվելիս, շատ ավելի հաճախ՝ մենության պահերին։ Ու երբ որևէ ցնցում կամ ձայն վերադարձնում է ինձ իրականություն, մի որոշ ժամանակ անկարող եմ լինում պարզել՝ որտեղ եմ գտնվում, ու մերձավորներիս զարմացնում է դեմքիս տարօրինակ արտահայտությունը։

Նա ավարտեց խոսքը և նայելով Ստատիրեի լարումից այլայլված դեմքին՝ ասաց.

― Ես խելագար եմ, չէ՞։

― Ո՜չ, ի՞նչ ես ասում. դու սարսափելի հետաքրքիր ես,― Ստատիրեի դեմքին անհուն քնքշանքը փոխարինեց լարումին, ապա նա մոտ նստելով՝ շոյեց արքայի դեմքը, մազերը, ջերմ մի համբույր դրոշմեց նրա շուրթերին, հետո փաղաքշեց պարանոցը, ուսերը, մեղմ հպվեց նրա վերքին ու նազելի գլուխն իջեցրեց արքայի կրծքին։

― Կուզե՞ս իմանալ, թե ո՞րն է աստվածների կամքը,― հարցրեց՝ երազկոտ հայացքով հետևելով ջահից ելնող կանաչավուն ծխի քուլաներին և արձագանքի չսպասելով՝ շարունակեց.

― Նրանք ցանկանում են, որ ես երեխա ունենամ քեզանից. եթե լինի տղա, կվերադարձնեմ քեզ, թե աղջիկ՝ կմնա ինձ մոտ և կդառնա Ամազոնիայի թագուհի։ Բայց դա կարող է տեղի ունենալ միայն վեցերորդ օրը՝ համաձայն մեր օրենքի։

Ստատիրեն հանկարծ ձեռքը կտրուկ հեռացրեց Ալեքսանդրի մարմնից, ասես նրան օձ խայթեց, և արքայի աչքերի մեջ նայելով՝ գոչեց զարմացած.

― Տարօրինակ է... դու սառն ես և անզգա՝ արձանի պես։

Այդ նույն միջոցին նրան թվաց, թե Ալեքսանդրի աչքերը ապակուց են, և այդ զգացողությունից նրան սարսուռ համակեց։

Գլուխ ութերորդ

Ստատիրեն գիշերն անցկացրեց մղձավանջի մեջ։ Չար երազներ էին այցի գալիս անվերջ. զարհուրելի հրեշներ հալածում էին նրան, այլանդակված դեմքով ինչոր տղամարդիկ սպանում էին նրան դաժանորեն։ Նա հասկանում էր, որ դա արքայի հետ ունեցած զրույցի հետևանք է, բայց տեսիլներից ազատվել ոչ մի կերպ չէր կարողանում։ Նա քնից հանեց ու դիմեց բոլոր գուշակներին՝ նրանց, ովքեր գուշակում էին օձի ընթացքով, նրանց, ովքեր հետևում էին հավքերի վարքին, նրանց, ովքեր գուշակում էին աստղերով ու նաև նրանց, ովքեր լսում էին ծառերի սոսափյունը։ Նրանց լսեց առանձինառանձին, և բոլորը զգուշացրին նրան Սիկկայի զայրույթից, քանի որ Չար գայթակղությունը, որ ունի տղամարդու տեսք, մտել է իր մարմնի մեջ և կխելազրկի իրեն։ Եվ տարեց կանանց խորհուրդը, որ անվերահսկելի իշխանություն ուներ և հետևում էր թագուհու վարքին, նրան ուղեկցեց Սիկկա Ամազոնուհու պղնձեսյուն տաճար, ուր մերկացնելով՝ նրա գեղանի մարմինը դաղեցին օձեկաշե սրբազան մտրակով՝ դուրս քշելու համար Գայթակղությունը, իսկ ճակատը ծակծկեցին ոսկյա ասեղներով, որպեսզի Գայթակղությունը մոռացության չտար տասնվեց տարեկանում տված երդումը և չկրկնվեր Անտիոպե թագուհու հետ կատարվածը, իսկ նա, Բելոփորոնին գերվելով ու տարվելով Աթենք՝ դարձել էր Թեսևսի կինը և սիրահարվելով ամուսնուն՝ նրա հետ միասին կռվի էր ելել իրեն ազատելու եկած ամազոնուհիների դեմ։

Հետո նրան եղինջից և լոտոսի ցողուններից պատրաստված թուրմ հրամցրին, որը նաև օձի թույն էր պարունակում, ու մինչ նա խմում էր դանդաղ ու փոքր կումերով,― այդպես էր կարգը,― Սիկկայի արձանի ոտքերի տակ նստած կանայք կրակին դիակի փոշի էին ցանում ու ցածրաձայն երգում։ Երբ թագուհին քնեց, ծածկեցին նրան օձապատկեր շղարշով ու անաղմուկ հեռացան։

Հաջորդ օրը Ստատիրեն Ալեքսանդրին հրավիրեց միասին ավարտել ընդհատված շրջայցը զորանոցներ. դրանք երկրի գեղատեսիլ վայրերում էին, և արքան հնարավորություն կունենար ճանաչել Ամազոնիան, որի գոյությանը չէր հավատացել մինչ այն տեսնելը։

Հեծյալ հարյուրյակի ուղեկցությամբ նրանք շրջում էին երկտեղ քառաձի կառքով, երբեմն՝ նժույգ հեծած։ Սկյութների երկրից տակառներով նավթ ու պարկերով բամբակ բերող ուղտեր էին պատահում նրանց։ Ալեքսանդրին գրավում էր Ամազոնիայի բնությունը, ուր գույներն ավելի թանձր էին, քան այլուր, լեռները՝ անառիկ, հովիտներն՝ անուշաբույր։ Նա զորանոցներում, իսկ դրանք պատահում էին ամեն երկու հարյուր ասպարեզը մեկ, ապշած և լուռ հետևում էր զինական հմտություններ ցուցադրող մերկաստինք կույսերին, թագուհու խնդրանքով գնահատում սահմանապահ բերդերի ամրությունը։ Ստատիրեն երեխայի ոգևորությամբ ցույց էր տալիս նրան իր կառուցած բերդերը, այգեստանի վերածած երբեմնի անապատները, հատուկ ամազոնուհիների համար բուծած երամակները, որ բյուրերով արածում էին անընդգրկելի հովիտներում։ Որևէ հարթավայրում կամ լեռնանցքի մոտ նա կանգնացնում էր երթը և պատմում այդ վայրերում եղած ճակատամարտերի մասին, թե ինչպես Սիկկան կռվեց Բելոփորոնի դեմ ու զոհվելով՝ օձ դարձավ, ինչպես Հիպոլիտեն հարկարծակիի բերեց Հերակլեսին կամ ամազոնուհիները պարտության մատնեցին սկյութներին։ Նա պատմում էր դարերի վաղեմության այդ ճակատամարտերի մասին ականատեսի մանրակրկիտությամբ, իսկ Ալեքսանդրը,― նրա համար խորթ էր մարտերգություն լսել կանացի շուրթերից,― պատումի տարերքից փայլփլող աչքերով թագուհուն նայում էր զարմանքախառն ակնածանքով և ակամա ընդունում, որ նա իրեն պատահած կանանց գերազանցում է հմայքով և արտառոցությամբ։

Նրանք հանգստանում էին բնության գրկում, հատուկ այդ նպատակի համար կառուցված ծաղկազարդ տաղավարներում։

Շրջայցի հինգերորդ օրը գլխին ձիթենու պսակ կրող սուրհանդակ ամազոնուհի հասավ նրանց՝ լուր բերելով, թե մակեդոնական բանակը ճամբար է խփել Ամազոնիայի սահմանագլխին և սպասում է արքային։ Ալեքսանդրը նրան ոչինչ չպատվիրեց հաղորդել զորքին, և Ստատիրեն ենթադրեց, որ նա անհաշտ է բանակի հետ, բայց քանի որ արքան չխոսեց այդ մասին, գերադասեց չտանջել նրան իր կասկածներով։

Հետո նրանք բաժանվեցին բոլոր ուղեկիցներից և երկուսով գնացին դեպի լեռները՝ օր անցկացնելու Մոռացության հովտում, ուր յուրաքանչյուր թագուհի իրավունք ուներ լինել կյանքում մեկ անգամ։ Եվ քանի որ Մոռացության հովիտ այցելող եղել էր տասնչորս տարի առաջ, այնտեղ տանող միակ արահետը կորել էր փարթամորեն աճած թփերի մեջ, ու Ստատիրեն առաջնորդվում էր՝ մերթ ապավինած հիշողությանը,― այս արահետի մասին տարեց կանանց խորհուրդը նրան պատմել էր թագուհի օծվելու առաջին գիշերը,― մերթ՝ բնազդին։

Իրիկնամուտին նրանք հասան լեռնանցքին ու դադար չառնելով՝ սկսեցին վերելքը, որը տևեց մինչև լուսաբաց։ Զառիվայր լանջեր էին պատահում նրանց, անդունդի վրա ժայռեր, որոնց տակով պիտի անցնեին, և նրանք իջան ձիերից։ Նրանք սայթաքում էին և կառչում քարե ելուններից ու ծառերի ճյուղերից՝ արյունոտելով ձեռք ու երես. զգուշանում էին բռնել ձիերից, քանի որ դրանք ամեն վայրկյան կարող էին սայթաքել ու գլորվել անդունդը։

Երբ վերջապես իջան լեռներից ու ամպամեգը մնաց թիկունքում, զմայլելի տեսարան բացվեց նրանց առջև. ցողածածկ, անընդգրկելի հարթավայրը փայլում էր անաղարտ ցոլքերով, ինչպես Արարումի յոթերորդ օրը։ Նրանք մտրակեցին ձիերին և հարթավայրով սուրացին խելակորույս. քնատ արտույտներ էին փռփռալով ելնում երկինք, Էոսի արցունքները կանաչի ու ծաղիկների վրա փայլփլում էին ադամանդի պես, ամենայն ինչ ախորժելի հոտ էր արձակում, բուրմունք էր ծխում ամենուրեք. նրանց ռունգերը թրթռում էին հաճույքից, նրանք զգում էին, թե ինչպես է մոռացության դիցուհին անջրպետում իրենց սրտերը մինչ այդ ապրած կյանքից։ Նրանք գլխներից առան արքայական դիադեմները և նետեցին հեռու, ազատվեցին իշխանության բոլոր խորհրդանիշներից, իսկ ձիերին արձակեցին։

Նրանք մոռացել էին և՛ ժամանակ և՛ տարածություն, ու Ստատիրեն վազում էր վիթի պես արագ ծնկներին հասնող խոտերի միջով, թռչել էր տենչում հովտի վրա ճախրող արծիվների պես թեթև, թավալվում էր կանաչի մեջ զմրուխտ, մինչև ճերմակ զգեստը արնագունվում էր արևից հուրհրացող կակաչներից։ Ու գետնին տարածված, հայացքը՝ դեպի երկինք, իսկ ձեռքերը կողք մեկնած՝ շնչում էր նա լիաթոք՝ որպես Աստված, նեկտարի բույրը եդեմական, ու տրորվող խոտերի հաճելի շրշյուն էր հասնում նրան, և ծնկի եկած Ալեքսանդրը խոնարհվում էր նրա վրա ու զարդարում նրան ծաղկեպսակով իր գործած։ Եվ Ստատիրեին արթմնի Երազ էր գալիս այցի, ուր ճերմակաթույր երկու կարապ կտուց կտուցի և անվերջ պտույտ գործելով՝ ելնում էին վեր, վե՜ր, վե՜՜ր։ Հոգեզմայլ երաժշտությամբ էր եթերը բռնված, որ նվագել հնարավոր չէր ոչ մի գործիքով, իսկ երկինքը թանձր կապույտ էր... Հետո Ստատիրեն սուզվում էր գետի մեջ վճիտ, ու երբ ելնում էր՝ կրծքին իջնող նրա վարսերից ջուր էր հոսում արծաթյա շիթերով, և մարմնի ձևն ընդունած ու խոնավությունից թափանցիկ դարձած հագուստի մեջ նա ասես Ափրոդիտեն լիներ. Ալեքսանդրը նրան նայում էր այնպիսի հայացքով, ինչպես Լիսիպոսը՝ սքանչելի մի ստեղծագործության։

Թամբազերծ ձիերի երամակներ էին ջուր խմում գետից, վիթերի հետաքրքրասեր հայացք էր ծիկրակում ամեն թփի ետևից։

Իսկ երեկոյան, երբ քարայրներում արևից պատսպարված մութը սկսեց դուրս գալ ու լեռներից մեգի նման իջնել հովտի վրա, սոճիների անտառում նրանք ալեբաստրե մի դղյակ գտան, ուր ոչ մի սպասավոր չտեսան, բայց ամենուր ջահեր էին վառվում, օդն օծված էր անուշահոտությամբ, ցողապատ մրգեր էին սրահների սեղաններին ու թարմ ծաղիկներ։

Ստատիրեն սպասում էր տեսնել հաջողությունից մեծամտացած ու ինքնահավան թագավորի, քանզի չափահասության ինը տարիներին իրեն պատահած տղամարդիկ, իսկ նա Ձիասպանության ամեն տոնի հյուրընկալում էր որևէ նշանավոր այրի, այլոց վրա ունեցած իշխանությունը պաշտել էին իրենց աստվածներից առավել ջերմորեն և նրանց բոլորին անխտիր տանջել էր Ալեքսանդրի փառքը։ Ու նա համոզված էր եղել, թե բոլոր տղամարդկանց նախանձի առարկա Ալեքսանդրն անպայմանորեն կուրացած պետք է լինի փառքից Բելոփորոնի նման, մանավանդ որ իրեն լուրեր էին հասել, թե արքան Էկտաբանում իր զորքին փորձել է պարտադրել երկրպագել իրեն որպես Աստծո։ Բայց ահա իր առջև ինքը՝ աշխարհի տիրակալն է, բոլոր թագավորների թագավորը, և հղփացած չէ նա ամենևին Ճակատագրի բարեհաճությունից, այլ, որ նվազ սպասելի էր, մելամաղձոտ է ավգուրի նման և զուսպ՝ որպես քուրմ։

Նա ինքն էլ չէր հասկանում՝ հմայում է, թե երկյուղ, բայց հոգի կլանող արտասովոր մի զգացում խոնարհեցնում էր նրան Ալեքսանդրի առջև, թեև արքան իր հետ վարվում էր որպես մտերիմի։ Ի՛նքը, Ամազոնիայի թագուհի Ստատիրեն, ում դեռ յոթ տարեկանից սովորեցրել էին ժուժկալության և վարժեցրել դիմագրավելու տղամարդու կերպարանք ունեցող Չար ուժերի գայթակղություններին, ում հաստատակամությունն արձանագրվել էր Սառցեսիրտ մականվան մեջ և ով քաջ գիտեր, որ սերն ամազոնուհու համար կործանարար է, ինչպես ջերմությունը՝ սառույցի համար, անկարող էր զսպել սիրտ լցվող զգացմունքի հեղեղը։ Ու նա վերջին ընթրիքի եկավ՝ աչքերի մեջ սիրո ոչնչով չքողարկված ժայթքում։

Խնկամաններից սպիտակ ծխի անուշաբույր քուլաներ էին ելնում, և սրահը բռնած մեղմ կաթնամշուշի մեջ նա արքայի դեմ կանգնած էր այնպես հմայիչ, ինչպես Մոռացության հովտում էր՝ գետից ելնելիս, այնպես ցանկալի, ինչպես Ափրոդիտեն։ Նա արքային նայում էր սիրառատ հայացքի որոնումով, բայց շուտով այն զգացողությունն ունեցավ, ասես արքան չէր նկատում իրեն, ասես նայում էր նա իր միջով, չէր տեսնում իրեն որպես կին։ Անսպասելի այդ վարմունքից Ստատիրեն անկարող եղավ զսպել այլայլումը և ծարիրած կոպերի տակից արքային նայում էր որպես անծանոթի։ Ալեքսանդրի ուշադրությունից չվրիպեց թագուհուն համակած հոգեկան ալեկոծությունը և առաջարկելով նրան նստել, մի քանի վայրկյան նայեց իր առջև, կարծես ուզում էր զննել ինչոր անցած և անչափ հեռավոր բաներ, ապա ասաց մտածկոտ հայացքով.

― Ես հասկանում եմ քեզ, Ստատիրե, հասկանում եմ և՛ քո տենչանքը, և՛ զարմանքը, բայց․․․

Թագուհու դեմքին մի մեծ հարցական դրոշմվեց։

― Բայց և վստահ չեմ, թե դու ճիշտ կհասկանաս ինձ, քանի որ առ այսօր ես չեմ վստահել որևէ մեկին, հատկապես՝ կնոջ, հաստատապես իմանալով, որ...,― Ալեքսանդրը նորից դադար տվեց, և այդ դադարից ակնհայտ էր, որ նա գաղտնիք բացելչբացելու երկընտրանքի մեջ է։

― Դու կարող ես անկեղծ լինել ինձ հետ,― հորդորեց թագուհին, որ դեռ չէր ձերբազատվել հոգեկան ալեկոծությունից ,― չէ՞ որ ինքդ ես ասել, որ իմ երկիրը մի մութ խոռոչ է աշխարհի վրա, և այստեղ բացահայտված գաղտնիքները մարդկությանը կմնան անհայտ, քանի որ նրանք չեն հավատում ո՛չ իմ, ո՛չ էլ այս երկրի գոյությանը։

Թագուհու այս խոսքերն ասես ազատեցին արքային կաշկանդումներից, և նա Ստատիրեի ափն առավ իր ձեռքերի մեջ։

― Այդ դեպքում դու հիմա կիմանաս այն, ինչ աշխարհում ինձանից բացի գիտեն միայն մայրս և Անաքսարքոսը։

Այս ասելով՝ Ալեքսանդրը թագուհուն ուղեկցեց սրահի անկյունը, ուր աշտանակներն էին և երկկանթ ծաղկամանների մեջ նարգիզներ էին փթթում, և ձեռքն առնելով վառվող ջահերից մեկը՝ պահեց աչքերի դեմ։

― Ուշադիր զննի՛ր աչքերս,― ասաց նա Ստատիրեին։

Թագուհին ընդհուպ մոտեցավ և լարված հայացքով նայեց արքայի աչքերի մեջ։

― Իմ աչքերից մեկը վայրաբեր է, մյուսը՝ խաժ. նկատեցի՞ր,― հարցրեց Ալեքսանդրը՝ շարունակելով ջահով լուսավորել սեփական դեմքը։

Թագուհին ակամա գլխով արեց՝ կարկամելով տեսածից։

― Իսկ հիմա զննիր ատամներս,― ասաց Ալեքսանդրը՝ ցուցադրելով այն։

― Դրանք սուր են, արքա, ասես վիշապի ատամներ լինեն, թեև խոշոր չեն ամենևին,― իրեն համակած սարսափը հազիվ զսպելով՝ արտաբերեց թագուհին։

― Իսկ հիմա նայիր վարսերիս,― դիմեց շփոթահար կնոջն Ալեքսանդրը և առնելով դիադեմը՝ ցնցեց գլուխն այնպես, որ վարսերը դառնային անհնազանդ։ Ի՞նչ է հիշեցնում այն քեզ։

Ստատիրեն ետետ գնաց՝ արքայի դեմքն ավելի ամբողջական տեսնելու համար, ու բացականչեց.

― Անկասկած է՝ դու նման ես առյուծի։

Ապա երկյուղած հեռացավ դեպի հակնթագույն ծածկոցով կաղնեփայտե բազմոցը և լայն բացված աչքերով նայում էր արքային։

― Դու ինքդ դրդեցիր ինձ գաղտնիքը բացելուն,― ասաց Ալեքսանդրը հորդորով, և նույնպես տեղավորվելով բազմոցին՝ կամենում էր կրկին թագուհու ափն առնել ձեռքերի մեջ, բայց զգաց, որ նա արդեն խուսափում է իր հետ շփումից։

― Ես հրեշ չեմ, Ստատիրե, ոչ էլ՝ Կերբերոս,― Ալեքսանդրի ձայնի մեջ թախանձանք նշմարվեց,― իսկ այն ամենը, ինչ դու տեսար, նշաններն են իմ ոչ մարդկային ծնունդի, որոնք ես չեմ ցուցադրում մարդկանց։ Դու առաջին գիշերը տեսել ես արդեն, թե որքան ճերմակ է մաշկս՝ ի տարբերություն դեմքիս և ձեռքերիս, ու նաև զգացել, որ մարմինս բուրում է անուշահոտությամբ։ Սրանք նույնպես նշաններ են։

Ալեքսանդրը հեռացավ թագուհուց, որպեսզի այդ կերպ օգներ նրան՝ վերագտնելու իրեն։

― Ո՞վ ես դու, Ալեքսանդր,― հարցրեց Ստատիրեն՝ հոգեկան գերլարումից մթագնած հայացքով նայելով արքային։ Եվ մի՞թե... Նրա ձայնը դողում էր հուզմունքից, և նա ափերով փակեց բերանը։

― Ես մա՛րդ չեմ, Ստատիրե։ Ավելի ստույգ՝ կիսամարդ եմ. ես որդին եմ Ամմոնի...

Այդ միջոցին որոտ եղավ ուժգին, շանթի բեկյալը փայլատակեց դրսում, սրահ թափանցած երերուն պայծառությունից Ալեքսանդրի աչքերը շողշողացին տարբեր գույներով, նրա մարմինը մի պահ բոցավառվեց ճերմակ լույսով՝ որպես ջահ, և բոցի լեզուներ վազեցին դեպի սրահի անկյունները, ապա երևացողանհետացող ստվերներ դողդողացին նրա դեմքին, վարսերի մեջ խաղացող փայլն այն նմանեցնում էր առյուծի բաշի։ Ալեքսանդրն արձանացել էր՝ ափերը՝ աշտանակի օրորվող բոցին, և այս պատկերից Ստատիրեն ակամա կուչ եկավ բազմոցի վրա։ Երբ երկինքը խաղաղվեց, Ալեքսանդրը, շարունակելով ափերը պահել պարզած՝ ասես աշտանակը գալիս էր իր հետ, քայլեց սրահում։

― Ամմոնից մայրս հղիացել է նախօրեին այն գիշերվա, երբ նա հորս հետ առաջին անգամ պիտի փակվեր ամուսնական ննջարանում,― Ալեքսանդրը ջանում էր ձայնին անմիջականություն հաղորդել և Ստատիրեին էլ նայում էր հանգստացնող հայացքով։ Նախ որոտ է եղել, ինչպես եղավ հիմա, ապա շանթը խփել է նրա որովայնին և այդ հարվածից ուժգին կրակ է բռնկել. բոցի լեզուները վազել են բոլոր ուղղություններով և ապա մարել։ Հետո գիշերները արծաթափայլ հսկա մի օձ է հսկել մորս առագաստը։ Այս պատմությանը քչերն են հավատում, ինձ չսիրողները նույնիսկ ծաղրում են ինձ, բայց դա որևէ նշանակություն չունի, քանի որ կա իրականություն և այն մարդկանց վերաբերմունքով չէ որոշվում։ Թե առյուծը, թե հրեշը Ամմոնի նշաններնն են, որ արձանագրված են եգիպտական մատյաններում և քանդակների վրա։ Իմ ծնունդի ոչ մարդկային լինելը մայրս գաղտնի է պահել ամենքից, անգամ ինձանից, և միայն իմ դաստիարակ Անաքսարքոսն է եղել տեղյակ՝ քանի ողջ էր Փիլիպոսը, քանզի նա, լինելով դաժան մարդ, ոչ մի կերպ թույլ չէր տա գահը ժառանգեի ես, որ չէի կրում նրա արյունը, ու կատեր ինձ, ինչպես Ուրանոսն ատեց իր զավակներին։ Նշանները, որ դու տեսար, իրավունք չունեմ ցուցադրել, քանի որ դա ինձ մահ կբերի, և խուսափում եմ լուսառատ վայրերից, որ չնշմարվի աչքերիս տարագունությունը, ժպտալուս կամ խոսելուս ես ջանում եմ հավաք պահել շուրթերս, իսկ դիադեմը գլխիցս առնում եմ միայն քնելիս (մոռացության հովտում դու նկատել ես այդ նշանները, բայց մոռացել ես)։ Դու այս աշխարհից չես, մարդկանց համար դու գոյություն չունես, և գոյություն չունեցողին եթե ես բացեմ գաղտնիքը, երդմնազանց չեմ համարվի։ Ու երբ տարակուսում էի՝ քեզ ասե՞լ այս ամենը, թե՝ ոչ, ամենևին չվստահելու հարցը չէր ինձ մտահոգում, այլ այն, թե ըմբռնելի կլինի՞ քեզ արդյոք իմ ծագումը, իրերի և երևույթների հանդեպ իմ վերաբերմունքը, քանի որ դրանց ես չեմ նայում այնպես, ինչպես նայում են մարդիկ։

― Ես մա՛րդ չեմ, և կանանց վերաբերվում եմ ո՛չ այնպես, ինչպես մարդիկ,― շարունակեց արքան կարճատև դադարից հետո։ Ճշմարիտ է, իմ կյանքում ևս եղել է շրջան, երբ ես էլ տարվել եմ կանանցով և տրվել կրքին, բայց դա եղել է նախքան իմ ծագման գաղտնիքն իմանալը։ Այդ պահից ես կերպարանափոխվեցի և դարձա ուրիշ Ալեքսանդր։ Որքան էլ ընդվզում եմ և ջանում մոռացության տալ, այնուամենայնիվ հորեղբայրս ինչ որ տեղ ճիշտ էր, երբ ամեն առիթով ասում էր, թե Աթենքի համար կռվում ես ապահովում էի միայն հաղթանակը հույն կանանց նկատմամբ։ Բայց դա կարճատև ընթացք էր, և ես ընդամենը տասնութ էի։ Հետո կինը դադարեց լինել ինձ համար սիրո և հաճույքի աղբյուր, և նրան ես սկսեցի վերաբերվել որպես սոսկ գեղեցկության, ինչպես վերաբերվում եմ Լիսիպոսի արձաններին, որոնք թեև գրավում են ինձ, բայց կիրք չեն առաջացնում։ Ինչ խոսք, Կիպրուհին շատ է ջանացել առնել ինձ իր գրկի մեջ, բայց ես երբեք և ոչ մեկին չեմ սիրել, և Հռոքսանային էլ առել եմ, արդեն ասել եմ, Աքիլլեսին ընդօրինակելու մղումով։ Իսկ այն պահից ի վեր, երբ Անաքսարքոսը բացեց իմ՝ կիսաստվածկիսամարդ լինելու գաղտնիքը, ես զգացի, որ կնոջ հանդեպ սերը դառնում է օտար ինձ համար, և այդ պահից որևէ կնոջ իմ գրկում սեղմելու մտքից ինձ մոլեգին ուրախություն չի համակել, ինչպես կատարվում էր իմ հետերների հետ։

Ամենքը կարծում են, թե իմ այս կերպափոխության մեղավորը իմ մայր Օլիմպիադան է, որ մեռցնելով Հիադա ստրկուհուն, ում սիրահարված էի ես խենթորեն պատանի ժամանակ, մեռցրեց նաև սերն իմ մեջ։ Ուրիշները գտնում են, թե ես զգուշանում եմ կանանցից, քանի որ չեմ ցանկանում Աքիլլեսի ճակատագրին արժանանալ, իսկ նա զոհվեց, գիտես, երբ անզեն գնացել էր Ապոլոնի տաճար՝ Պոլիքսենեի հետ իր հարսանեկան տոնը կատարելու։ Բայց ես հետո հասկացա, որ դա իմ մոր և իմ կամքով չէր ամենևին, և ոչ էլ զգուշությունից. իմ առջև աստվածային խնդիր դրած Զևսը չէր կարող թույլ տալ, որ ես ուրիշ որևէ մեկի մասին մտածեի ավելի շատ, քան իմ, և պատրաստ լինեի կյանքս նվիրել կամ զոհել հանուն կնոջ, քանի որ այդ կյանքը ինձ տրված էր այլ նպատակի համար։

Գիտեմ, դու կառարկես, թե Էրոսի նետերից պաշտպանված չեն նույնիսկ աստվածները, բայց աստվածներն իրենց որդիներից նրանց, ում ուղարկում են մարդկանց մեջ, զրկում են այդ զգացումից, որպեսզի ոչինչ չշեղի նրանց նախասահմանված ուղուց։ Այդպես էլ Զևսն է իմ սիրտը ցանկապատել սիրո զգացումից, քանզի ես որքան կատաղի եմ մարտում, նույնքան բուռն կարող եմ լինել սիրո մեջ ու գուցե թե ես էլ այն Ալեքսանդրի նման խենթանամ սիրուց և մոռանալով լուսնի տակ ամեն ինչ՝ խայտառակվեմ նրա պես։

Ստատիրեի համար այս ամենը դժվար ըմբռնելի էր։ Նա թերահավատությամբ էր վերաբերվել կիսաստվածների մասին լսած պատմություններին, և գուցե թե կարծեր արքան կատակում է, եթե չլինեին նրա ներկայացրած նշանները, բացի այդ, նա հանկարծ հիշեց, որ իրեն հայտնի բոլոր պատմություններում կիսաստվածը ճերմակամաշկ էր, գոտկատեղից վեր սառն ու անզգա։ Իսկ առաջին գիշերը նա արքային տեսել էր այդպիսին։ Նա կարկամել էր Աստծո որդուն անսպասելի այդքան մոտ լինելու իրողությունից, և չգիտեր՝ ինքը, որպես հասարակ մահկանացու, իրավունք ունի՞ այլևս խոսել Աստծո որդու հետ՝ ինչպես հավասարը՝ հավասարի, թե՞ պիտի հեռու փախչի նրա աստվածային էությունից և չպղծի այն իր մերձությամբ։ Նա գունատվեց և ակամա ծնկի եկավ, ինչպես ամեն առավոտ խոնարհվում էր Սիկկայի արձանին, բայց Ալեքսանդրը շտապով բարձրացրեց նրան՝ դեմքի բարեհամբույր ժպիտով խաղաղեցնելով նրա հոգին։ Ստատիրեն սաստիկ ցանկություն ուներ խախտել տիրապետող լռությունը, որ ճնշող էր անչափ, և հարցրեց՝ ջանալով վերագտնել իրեն.

― Եվ դու չե՞ս տխրում սիրելու շնորհից զրկված լինելու համար։

― Բայց ես չգիտեմ՝ ինչի՞ց եմ զրկված, պատասխանեց Ալեքսանդրը՝ ուսերը թոթվելով,― ինչպես վանդակում ծնված կորյունը չգիտի, թե ինչ է ազատ կյանքը։ Այն պահից ի վեր, երբ համոզվեցի խորհրդավոր իմ ծագումի մեջ, ես խուսափում էի կանանցից, քանզի կնոջ հետ քնելն ու մերձենալն ամեն բանից ավելի էին ինձ զգացնել տալիս կիսով չափ իմ մահկանացու լինելը, իսկ հոգնածությունն ու հեշտասիրությունը բխում են մարդկային բնության միևնույն թուլությունից։ Բացի այդ ես, որ ամեն ինչում նմանվում էի Աքիլլեսին, չէի կարող չհետևել նրան և նրա «Իսկ ինձ համար անվայել է մտնել կանանց հետ զրույցի» խոսքը չդարձնել ինձ ուղենիշ։ Դու առաջին կինն ես՝ մորիցս բացի, որ դառնում է ինձ խոհակից, և դա կամքն է աստվածների։

Ստատիրեն մտորեց մի պահ, ապա հարցրեց.

― Իսկ միգուցե քեզ ահաբեկո՞ւմ էր այն իրողությունը, որ չարիքներն աշխարհի կնոջ մեղքով են տարածվել և կամ այն, որ Գորգոն ստեղծվել էր կնոջ կերպարանքով։

― Ահաբեկո՞ւմ,― Ալեքսանդրը քմծիծաղեց անկեղծորեն,― իմ սրտում չկա երկու զգացմունք՝ սեր և վախ, և ես չեմ դժգոհում ամենևին. ես զերծ եմ կանանց ազդեցությունից, իմ միտքը չի տրվում հույզերին և իմ քայլերը չեն կաշկանդված ոչնչով։ Եվ հետո, սերն աստվածներն ստեղծել են իրենց համար, մահկանացուները գողացան այն և աղավաղեցին, և այն, ինչ սեր է կոչվում երկրի վրա, քիչ է առնչվում աստվածների ստեղծածին։

Ստատիրեին ինչ որ բան պարզ չէր, հարցրեց.

― Եվ մի՞թե սին էին Դարեհի կնոջը սիրահարվելու մասին լուրերը։

― Դարեհի կինն ապրում էր ինձ մոտ թագուհու պես, երբեք և ոչնչով չեմ վիրավորել նրա արժանապատվությունը,― պատասխանեց Ալեքսանդրը,― թեև նա իմ գերուհին էր և պատերազմների օրենքով կարող էի տիրել նրան ազատորեն։ Պիտի խոստովանեմ, որ նա միակ կինն է եղել, ում մասին, պատահել է, մտածել եմ ավելի, քան անելիքներիս, բայց, միևնույն է, այդ մտածմունքն ամենևին զգացմունք չի հարուցել իմ սրտում։ Մինչդեռ իմ զորավարները խենթացել էին նրա համար և պատրաստ էին զրկվել ինչքից և դիրքից՝ նրա գորովանքին արժանանալու համար։

― Որ քո զորավարները խենթացել էին նրա համար, այդ մասին լուրեր հասել են ինձ, նաև այն մասին, որ երբ Պարմենիոնը, տեղեկանալով յուրայիններին փրկագնելու Դարեհի ցանկությանը, ասել է քեզ, թե ինքը կկենակցեր նրա մոր, կնոջ, դուստրերի և որդիների հետ, նոր միայն ազատ կարձակեր, դու պատասխանել ես, որ գուցե թե ինքդ էլ այդպես վարվեիր, եթե Պարմենիոնը լինեիր, բայց Ալեքսանդրն ես, և պատանդները պարսից արքային կհասնեն անձեռնմխելի,― ասաց Ստատիրեն՝ դեմքին անթաքույց հիացում խաղացնելով։

Ալեքսանդրը ժպտաց՝ այդ կերպ արտահայտելով իր հիացմունքը թագուհու ամենատեղյակությանը։

― Հապա Թաի՞սը,― հարցրեց Ստատիրեն, և Ալեքսանդրը նրա աչքերի մեջ չարաճճի փայլ տեսնելով՝ ուրախացավ, որ նրան համակած շփոթմունքը չքանում է։

― Թաի՞սը։ Բոլոր արժեքներից բարձր ես դասում եմ միտքը, հատկապես՝ եթե այն կնոջ սրտում է։ Թաիսը գրավում էր ինձ գաղտնի գիտությունների մասին իր ամենատեղյակությամբ, և ինձ համար հետաքրքիր էր զրույցի բռնվել նրա հետ։ Նա չի իշխել իմ հույզերին, և Պերսեպոլիսն էլ նրա թախանձանքով չեմ այրել ամենևին, ինչպես կարծում են ամենքը։ Քեզ արդեն կարող եմ իսկությունն ասել և դու կհասկանաս ինձ,― Ալեքսանդրը մոտեցավ և հույժ կարևոր լուր հաղորդողի խորհրդավորությամբ նայեց թագուհուն,― Պերսեպոլիսն այրել է Աքիլլեսը՝ որպես վրեժ Հելլադան ավերած Քսերքսեսից։ Ապա հեռանալով դեպի լուսամուտները՝ շարունակեց տխրաձայն. Պերսեպոլիսն այրեց Աքիլլեսը, իսկ աստվածները պատժեցին ինձ։

Լռություն տիրեց, տևական ու սոսկալիորեն համր։ Լուսամուտից այն կողմ սևաթույր ձիեր լծած երկանվով ԳիշերՆյուկտեն հանդարտ սահում էր դժգունած երկնքով։ Թեթև հրացոլք եղավ արևելքում այդ միջոցին, և Ալեքսանդրն անխոս նայում էր, թե ինչպես է լեռների թիկունքից վսեմաշուք ելնում Լուսին աստվածուհին իր երկար ու ճերմակ զգեստը հագին, ոսկեշող մանգաղը՝ գլխանոցի վրա։ Նա լարեց հայացքը և պարզ նշմարեց աստվածուհու կառքը տանող կեռեղջյուր եզներին։ Իսկ երկիրը ողողվում էր արծաթավուն դալուկ փայլով։ Գետնի երեսով քարշ եկող մառախուղ էր սկիզբ առնում լեռներից իջնող գետակներից։

Գլուխ իներորդ

― Դու ասացիր, որ պիթիա գուշակուհին հաղորդել է, թե Աքիլլեսն այցի է գալիս քեզ՝ օգնելու իրականացնել աստվածների պատգամը. ո՞րն է այն,― հարցրեց Ստատիրեն՝ խախտելով հաստատված լռությունը։

Թագուհու այս հարցից հանկարծակի եկած՝ Ալեքսանդրը շրջվեց դեպի նա, ապա քայլելով սրահում և մերթ ընդ մերթ Ստատիրեին նայելով՝ խորհեց մի քանի վայրկյան, ասես վճռում էր կարևոր մի խնդիր, հետո վերադարձավ լուսամուտի մոտ ու նայեց երկնքին այնպիսի մի հայացքով, կարծես վճիռն այնտեղից պիտի գար։ Ապա ինչոր բան հաստատապես որոշած՝ եկավ ու նստեց թագուհու դեմ։ Գինի լցրեց իրեն, բայց չխմեց, այլ գավաթը ձեռքում խաղացնելով՝ ասաց.

― Ես դեռ պարմանի՝ զգում էի, որ տարբերվում եմ իմ հասակակիցներից, նրանց հետաքրքրությունները խորթ էին ինձ, երազանքները թվում էին չնչին։ Բոլորն ինձ գոռոզ էին անվանում, բայց ես ընդամենը չէի ուզում նրանց հետ ընկերակցել, քանի որ այն ամենը, ինչ զբաղեցնում էր նրանց, ձանձրալի էր։ Մարդկային ամեն ինչ խորթ էր ինձ համար, և ես կարծում էի՝ ստեղծված եմ այլ նպատակի համար։

Երբ մայրս և Անաքսարքոսը բացեցին իմ ծագման գաղտնիքը, և բազում նշաններ հաստատեցին այդ, կարծիքս վերափոխվեց համոզումի, քանզի գիտեի, որ աստվածներն իրենց որդիներին հենց այնպես երկիր չեն ուղարկում։ «Իսկ հանուն ինչի՞ եմ ես հայտնվել երկրի վրա»,― այս հարցի պատասխանը չգիտեին ո՛չ մայրս, ո՛չ Անաքսարքոսը և ոչ էլ աստվածներն էին ինձ հուշում։

Բաբելոնն առնելուց հետո ես որոշեցի գնալ Եգիպտոս, ուր Ամմոնի մեհյանն է, հարցում անելու Աստծուն, թե արդյո՞ք ես որդին եմ իր ու եթե այո, ապա ո՞րն է երկիր գալու իմ նպատակը։ Մեհյան տանող ճանապարհը երկար էր ու դժվարին, և անցնում էր անապատով երեսուն օր։ Երկու վտանգ սպառնում էր ինձ՝ ջրի բացակայությունը և հարավային կատաղի քամին, որին մի ժամանակ զոհ էր գնացել Կամբյուսեսի բանակից հիսուն հազար զինվոր։

Առաջին իսկ օրը Զևսն առատ ու երկարատև անձրև ուղարկեց՝ իմ մարդկանց ազատելով ծարավի տանջանքների հանդեպ եղած վախից։ Բացի այդ, անձրևները զովացրին շիկացած ավազը՝ դարձնելով խոնավ ու պինդ, և մաքրեցին օդը. այնպես որ շնչելը հեշտացավ։ Սա աստվածության առաջին նշանն էր։ Հետո պարզվեց, որ ուղեցույցներին օգնելու համար տնկված նշանաձողերը քամին ոչնչացրել է, ու իմ մարդիկ թափառում էին անապատում առանց ճանապարհի՝ կորցնելով միմյանց։ Հանկարծ ագռավներ հայտնվեցին և ցույց տվեցին ճանապարհը։ Նրանք արագ թռչում էին առջևից, երբ մարդիկ գնում էին նրանց ետևից, և սպասում էին դանդաղողներին ու ետ մնացողներին։ Գիշերը թռչունները կռկռոցով կանչում էին ճամփից շեղվածներին և կանչում այնքան ժամանակ, մինչև որ մարդիկ նորից գտնում էին ճանապարհը։

Ամմոնի պատգամախոսից ես պատասխան ստացա, որ Աստված ճանաչում է ինձ որպես իր որդի և որ ես Հնդկաստանում կիմանամ՝ ինչու է նա ինձ ուղարկել մարդկանց մեջ։

Ինձ համար պարզ դարձավ, որ հաղթանակներով կանցնեմ Պարսկաստանը, բոլոր մյուս երկրները և կհասնեմ Հնդկաստան՝ մնալով անպարտ։ Ավելի ուշ ես հասկացա, որ Աքիլլեսն ինձ այցի էր գալիս՝ ապահովելու իմ հաղթանակները։ Անպարտ մնալու նշան ես ստացել էի նաև մի փոքր ավելի վաղ՝ Դելփիքում, ուր գնացել էի հարցում անելու աստծուն պարսկական արշավանքից առաջ։ Իմ ժամանումը համընկավ դժբախտ օրերից մեկի հետ, երբ օրենքը չի թույլատրում կանխագուշակում անել։ Ես ժամանակ չունեի և մարդ ուղարկեցի գուշակուհու ետևից, բայց նա ըստ օրենքի հրաժարվեց գալ։ Այդժամ ինքս գնացի նրա մոտ, որպեսզի զոռով բերեմ նրան տաճար։ Նա էլի մերժում էր ինձ, ի վերջո, զիջելով իմ համառությանը, համաձայնեց գալ, ասելով՝ «Դու անպարտելի՜ ես, տղա՜ս»։ Ես ասացի, որ նա այլևս կարող է տաճար չգալ, քանի որ արդեն տվեց իր գուշակությունը։

Անհամբերությունը տանջում էր ինձ. ջանում էի կռահել, թե որն է լինելու Աստծո պատգամը։ Ես կարծում էի, թե ինձ համար նախանշված է հասնել Եզրն աշխարհի և մեհյան կառուցել այնտեղ Զևսի պատվին, որից հետո ինքս էլ կդասվեի աստվածների շարքը։ Ու շտապում էի Հնդկաստան, իսկ Արեսի կողմից ուղարկված Աքիլլեսը ոչնչացնում էր անհնազանդներին ու երթս դանդաղեցնողներին, և այդ է պատճառը, որ իմ արարքները հաճախ ղեկավարվել են ոչ թե բանականությամբ, այլ խելահեղությամբ։

Պարսկաստանում զարմանքով նկատեցի, որ հելլենների կողմից բարբարոս հորջորջվող այս ժողովուրդը դեպի աստվածներ տանող ճանապարհին առաջ է նույն հելլեններից բյուր ասպարեզ և որ ոչ թե մեր բարքերը պիտի պարտադրենք նրանց, այլ սովորենք նրանցից։ Նրանց օրենքները, թվում է, ծառայել են ընդհանուր օգտին ավելի վաղ, քան մյուս պետությունների մեծ մասում։ Քանզի պետություններից շատերը՝ թույլ տալով յուրաքանչյուրին դաստիարակել իր որդիներին ինչպես կամենա, և իրենց ավագներին՝ կենցաղավարել՝ ինչպես կամենան, միաժամանակ պատվիրում էին չգողանալ, չհափշտակել, բռնի չխուժել այլոց տները, չծեծել անմեղին, չշնանալ, չընդդիմանալ իշխանավորին և նման այլ բաներ։ Եթե որևէ մեկը խախտեր դրանք՝ ապա պատժվում էր։ Իսկ պարսկական օրենքները կանխարգելիչ են և նպատակ ունեն ի սկզբանե դաստիարակել քաղաքացիներին այնպես, որ հեռու մնան վատ և ամոթալի արարքից։ Ըստ օրենքի, նրանք բոլորը հաճախում են Ազատ կոչվող հրապարակ և օրն անցկացնում այնտեղ։ Այնտեղ երեխաների պետեր կարգում են ավագագույններից նրանց, ովքեր կարող են բոլորից լավ դաստիարակել երեխաներին։ Պատանիների վրա պետ կարգում են չափահասներից նրանց, որոնք կարող են պատանիներին լավագույն հատկանիշներ հաղորդել։ Իսկ չափահաս այրերի վրա պետեր կարգում են այն մարդկանց, ովքեր կարող են բոլորից լավ նրանց սովորեցնել կատարել գերագույն իշխանության հրամաններն ու կարգադրությունները։ Առավել ավագների համար ևս ընտրում են պետեր, որոնք հետևում են, որպեսզի սրանք ևս կատարեն իրենց պարտականությունները։ Երեխաները դպրոց հաճախելով՝ ժամանակն անց են կացնում արդարություն սովորելով։ Նրանք ասում են, թե ճիշտ այդ նպատակով էլ երեխաները հաճախում են դպրոց, ինչպես այլոց մոտ՝ դպրություն սովորելու։ Նրանց պետերն օրվա մեծ մասն անցկացնում են նրանց դատելով։ Քանզի նրանք ևս, ինչպես չափահասները, իրար մեղադրում են գողության, հափշտակության, բռնության, չարախոսության և նման այլ արարքների մեջ։

Եթե նրանցից որևէ մեկը նման հանցանքի մեջ մեղավոր է ճանաչվում՝ պատժվում է։ Պատժվում է նաև նա, ով անարդարացի մեղադրում է մեկ ուրիշի։ Նրանք դատում են նաև ապերախտության համար՝ այնպիսի զանցանքի, որի պատճառով բոլորից առավել են ատում իրար, բայց բոլորից քիչ են պատիժ կրում։ Եվ նրան, ով, նրանց կարծիքով, հնարավորություն է ունեցել երախտագիտություն հայտնել ուրիշին, բայց դա չի արել, խստորեն պատժում են։ Քանզի նրանք կարծում են, որ ապերախտ մարդիկ խիստ անփույթ են աստվածների, ծնողների, հայրենիքի և բարեկամների հանդեպ։ Նրանց կարծիքով ապերախտությունը առավելապես ուղեկցում է անամոթությանը, որն ամեն մի ստորության տանող մեծագույն չարիքն է։ Նրանք իրենց վարժեցրել են չափավորության և սնվում են օրը մեկ անգամ։

Իսկ Հնդկաստանն ինձ ուղղակի ապշեցրեց։ Նախ ինձ զարմացրեց նրանց տեսքը՝ տղամարդիկ երկարածամ էին և մազերը կապում էին ձիու պոչի պես կամ հավաքում գագաթին։ Կենցաղում նրանք համեստ էին, աննյութապաշտ, չէին լինում երդմնազանց, ազնիվ էին և պատվախնդիր։ Եվ այդպես՝ ամենքը։ Եվ սա ոչ թե այն պատճառով, որ երդմնազանցները և անազնիվները պատժվում էին դաժանորեն. այդպիսիք չկային ընդհանրապես, ասես մի դաժան հիվանդություն տարել էր նրանց։

Նրանք զենքով զիջում էին մեզ, բայց փոխարենը համարձակ էին ու քաջ՝ անհամեմատելի։ Ոչ մի ժողովուրդ այնպես կատաղի չի մարտնչել իմ դեմ, ինչպես նրանք։ Նրանք անվերջ ապստամբում էին, ոչնչացնում պարենի մեկնած իմ ջոկատները։ Մի անգամ Հեփեստիոնը,― դու լսել ես, անշուշտ, նրա մասին, նա իմ մանկության ընկերն էր և միակ մարդը, ում սիրել եմ,― գերեց ապստամբ հնդիկների, որոնք գլխավորել էին ամիսներ առաջ երկու հազարանոց իմ մի ջոկատի ոչնչացումը։ Դա մակեդոնական զենքի միակ պարտությունն էր, և զայրույթս անկարող զսպել՝ նրանցից երեսունին, որ ազնվատոհմիկ էին ու աչքի էին ընկնում ֆիզիկական ուժով, հրամայեցի մահապատժի ենթարկել անմիջապես։ Երբ թարգմանիչն ասաց նրանց այս մասին, նրանք սկսեցին երգել և պարերով ու մարմնի չափազանց տարօրինակ շարժումներով երջանկության նշաններ ցույց տալ։ Զարմացած նրանց արիությունից, որով դիմավորում էին մահը, կարգադրեցի նրանց ետ բերել և հարցրի, թե որն է մահապատժից առաջ այդ անչափ ցնծության պատճառը։ Ինձ պատասխանեցին, որ եթե իրենց մահապատժի ենթարկեր մեկ ուրիշը, նրանք կմեռնեին թախիծով, սակայն իրենց նախնիների մոտ այդքան մեծ արքայի՝ բոլոր ցեղերի հաղթողի կողմից ուղարկվելը, իրենք, երգելով իրենց հարազատ երգերը և ուրախանալով՝ համարում են իրենց համար պատվավոր մահ՝ բոլոր քաջերի բաղձանքի առարկա։

Տասներկու տարի ես անընդհատ պատերազմել եմ, և կարծում էի՝ զարմացնել ոչնչով ինձ այլևս հնարավոր չէ, բայց նրանց վարքը շփոթության մատնեց ինձ։ Ես տեսել էի անձնազոհության բյուր օրինակներ, իմ պատանիներին ևս սովորեցրել էի արհամարհել մահը և նրանք ոչ մեկ անգամ օտար դեսպանների մոտ իմ հրամանով ինքնասպան էին եղել՝ ցուցադրելով մակեդոնական բանակի ոգու զորությունը, բայց այն ուրախությունը, որով հնդիկներն էին ընդունում մահը, անպատկերացնելի էր։ Կյանքից զրկվելը նրանց համար ցնծություն էր, և առաջին անգամ ես անօգնական վիճակում էի, քանի որ անկարող էի պատիժ գտնել նրանց համար։ Հարցրի՝ եթե կյանք պարգևեմ, կցանկանա՞ն ապրել արդեն ոչ որպես իմ թշնամիներ և եթե այո, ապա ո՞րը կլինի նրանց հավատարմության հավաստիքը։ «Կյանքը,― պատասխանեցին նրանք,― որ կստանանք քո ձեռքից։ Երբ դու այն ետ պահանջես, մենք կվերադարձնենք քեզ»։

― Նրանք իրենց խոսքի տերը եղա՞ն,― հետաքրքրվեց թագուհին, որ կլանող հետաքրքրությամբ լսում էր այս պատմությունը։

― Այո,― պատասխանեց արքան։ Նրանք, ովքեր տուն վերադարձան, ժողովրդին պահում են հնազանդության մեջ, իսկ նրանցից չորսն ընդգրկվեցին իմ թիկնապահների կազմի մեջ և հավատարիմ են Եվրիբադեսի նման, առաքինի՝ ինչպես Եվրոլոքոսը, համեստ՝ Լետոյի նման և անկաշառ՝ ինչպես Թանատոսը։ Բայց սա իմ ապրած սոսկ առաջին զարմանքն էր հնդիկների երկրում։ Երբ Պորոսին հաղթելուց հետո խորացա նրանց երկիր և գրավեցի այլ մարզեր ևս, անհնազանդության դեպքերն աճեցին։ Ինձ լուր բերին, թե հնդիկներին մերկափիլիսոփաներն են հրահրում իմ դեմ, որ ապրում են մարդկանցից հեռու, լեռներում, և մարդիկ գնում են նրանց մոտ՝ խորհուրդ հարցնելու։ Ագրիանացիներին, իմ զորքի ամենաքաջ կռվող զինվորներին, որ նույնպես լեռնցի են, ուղարկեցի մերկափիլիսոփաներին պատժելու։ Նրանք շատերին սպանեցին, իսկ տասին շղթայակապ ինձ մոտ բերին։ Նրանք բոլորն իսկապես մորեմերկ էին, ծեր էին ու սաստիկ նիհար։ Նրանցից ավագին դատավոր կարգեցի, մյուսներին ասացի, թե հիմա իրենց հարցեր կտամ և ով որ ամենավատ պատասխան տա, առաջինը նրան կսպանեմ, ապա հերթականությամբ՝ մնացյալ բոլորին։

― Ովքեր են ավելի շատ՝ ողջե՞րը, թե մեռածները,― հարցրի առաջին մերկիմաստասերին։

― Ողջերը,― պատասխանեց նա վարժ,― քանի որ մեռածներն արդեն չկան։

― Ծովը, թե՞ ցամաքն է ավելի խոշոր կենդանիների սնուցում,― հարցրի երկրորդին։

― Ցամաքը,― եղավ պատասխանը,― քանի որ ծովը ցամաքի սոսկ մի մասն է։

Երրորդին հարցրի.

― Կենդանիներից ո՞րն է ամենախորամանկը։

― Ամենախորամանկը այն կենդանին է,― ասաց,― որին մարդը դեռ չի ճանաչել։

― Իսկ ինչո՞ւ եք հնդիկներին անհնազանդության մղել,― եղավ հաջորդ հարցս։

― Մենք ուզում էինք, որ նրանք կամ գեղեցիկ ապրեին, կամ էլ գեղեցիկ մեռնեին։

― Ո՞րն է ավելի առաջ եղել՝ գիշե՞րը, թե ցերե՞կը,― հարցրի հաջորդին։

― Ցերեկը մեկ օրով առաջ է եղել,― ասաց, ապա նկատելով զարմանքս՝ ավելացրեց. խրթին հարց տվողն անխուսափելիորեն խրթին էլ պատասխան կստանա։

― Ինչպե՞ս պետք է մարդ իրեն պահի, որպեսզի իրեն սիրեն ամենքից շատ,― հարցրի վեցերորդին։

― Ամենամեծ սիրո արժանի է նա, ով, լինելով ամենահզորը, սարսափ չի ազդում ուրիշներին։

― Իսկ ինչպե՞ս կարող է մարդս վերածվել Աստծո,― հետաքրքրվեցի յոթերորդից։

― Մարդը վերածվում է Աստծու, եթե չի անում այնպիսի բան, որ մարդու համար անհնար է անելը։

― Ի՞նչն է ավելի ուժեղ՝ կյա՞նքը, թե մահը։

― Կյանքն ավելի ուժեղ է, քանի որ նա ընդունակ է տանել այդքան մեծ ձախորդություններ։

― Մինչև ե՞րբ պիտի մարդն ապրի։

― Մարդը կապրի այնքան ժամանակ, քանի դեռ մեռնելն ավելի լավ չի համարում, քան ապրելը։

Այստեղ ես դարձա դատավորին և հրամայեցի վճիռ արձակել։

― Նրանք մեկը մյուսից վատ պատասխանեցին,― խորամանկեց նա, որպեսզի չիմանամ՝ ում առաջինը սպանել։

― Քանի որ դու այդպիսի վճիռ կայացրիր, առաջինը դո՛ւ կմեռնես,― ասացի դատավորին, իսկ նա թե՝

― Բայց այդժամ դու սուտասան դուրս կգաս, ո՛վ արքա. չէ՞ որ ասացիր, թե առաջինը կսպանես նրան, ով որ ամենավատ պատասխանը տա։ Ընտրությունը քոնն է՝ սպանիր մեզ, և կմնաս աշխարհում որպես սուտասան։ Իսկ ինչ վերաբերում է մահին, որով դու սպառնում ես մեզ, նրանից չենք վախենում։ Ոչ էլ՝ քեզանից։ Մենք ոչինչ չունենք, նույնիսկ հագուստ, որ վախենանք կորցնել։ Եթե սպանես, ապա օգնած կլինես մեզ, որպեսզի մեր հոգիներն ազատվեն նյութասեր մեր մարմիններից և մեր Աստծո մոտ ըմբոշխնեն հավերժական կյանքի երանությունը։

Ես ևս մեկ անգամ անկարող էի պատիժ գտնել իմ հակառակորդի համար։

Ինձ ոչինչ չէր մնում անելու, քան հարուստ ընծաներ տալով՝ կյանք շնորհել նրանց։ Ես առաջարկեցի նրանց միանալ ինձ, քանի որ մտադիր էի նրանց ինձ հետ բերել Աթենք և մեծամիտ հույներին ցույց տալ, որ իրենց կողմից բարբարոս կոչվող ժողովուրդներն իմաստասիրությամբ վաղուց գերազանցում են նրանց և բարբարոս կոչվող երկրի ամեն անկյունում մի Սոկրատ և մի Պլատոն կա։ Նրանք հրաժարվեցին, և տեսնելով իմ պատկառանքն իրենց նկատմամբ, իսկ դա զարմացրել էր նրանց, խորհուրդ տվեցին հանդիպել իրենցից ամենաիմաստունին՝ Դանդամիսին, որ ապրում էր անտառներում։ Նրանցից միայն Կալան անունով իմաստասերը համաձայնեց դառնալ ինձ ուղեկից, որի համար արժանացավ մյուսների նախատինքին, թե ուրանում է իր Աստծուն և միանում իր հայրենիքը նվաճողին։ Նա եկավ ինձ հետ մինչև Պուրսա, հետո տկարացավ ու չցանկացավ հիվանդ ապրել։ Նա բարձրացավ հսկա խարույկի վրա, պառկեց հատուկ սարքված հարթակին ու մարմինը գորգով ծածկելով՝ խնդրեց վառել կրակը։ Ոչ ոք նրա շուրթերից տրտունջ անգամ չլսեց, և նա մինչև վերջին պահը հիմներ և գովերգություններ էր ձոնում իր աստվածներին։ Մարդկային կամքի այսպիսի դրսևորում ես չէի տեսել, և ակամա սկսեցի հարգել իրեն հավատացողներին այդպիսի ուժ հաղորդող աստվածներին։

Դանդամիսի մասին ասում էին, որ պատերազմներ է կանխագուշակում և հաշտեցնում տարաձայնություն ունեցող թագավորներին և որ երբեք չի հայտնվում մարդկանց մեջ, ու ամենքը նրան պաշտում են որպես սրբի։ Մերկիմաստասերների վարքը զարմացրել էր ինձ, և ես ակնածանքով գնացի նրա մոտ։ Դանդամիսը բնակվում էր մեծ անտառում, ու երբ տեսա նրան՝ խաղաղությամբ հանգստանում էր տերևների վրա, աղբյուրի մոտ, որն իբրև անարատ ստինք, նա ծծում էր մայր հողից. այդպես ինքն էր ասում։ Նրան չսարսափեցրեց ամենևին սպառազեն իմ զինվորների տեսքը, ու երբ իմ ուղեկիցները հարուստ ընծաներ մատուցեցին, նա հրաժարվեց այդ բոլորից։ Առաջարկեց ինձ նստել իր կողքին, անմիջապես խոտերի վրա։ Ես նրան հարցրի հնդիկների վարքի, կյանքի իմաստի, արիության, փառքի, դեպի աստվածություն տանող ուղիների մասին։ Ու նա պատասխանեց ինձ այսպես։

― Ի ծնե մենք հարուստ չենք, և մեր բոլորի կյանքին մահն է հետևում։ ՈՒ թեև մահկանացուներից ոմանք կեղծ խոսքեր սովորելով՝ հիմար սլաքներով նետահարում են մեզ, բայց մեր ազատությանը չեն վնասում։ Ստելը և շուտ հավատալը հավասար են, քանզի անարգում է ստին հավատացնողը, անարգում է նաև ստողին հավատացողը՝ համոզվելով նախքան ճշմարտությունն իմանալը։ Զրպարտանքը պատերազմի մայրն է և զայրույթ է ծնում, որի հետևանքով էլ կռվում են ու պատերազմում։ Բայց արիություն չէ մարդկանց սպանելը, քանզի այն ավազակի գործ է։ Արիությունը բոլոր եղանակների դեմ մերկ մարմնով կռվելն է և ստամոքսի ցանկությունը վերացնելը և այդ պայքարում հաղթելը և փառքի և գոռոզության և հեշտասիրության հասնելու ցանկությամբ չտանջվելը։ Նախ սրա՛նց հաղթիր, Ալեքսանդր, սրա՛նց սպանիր։ Քանզի եթե սրանց հաղթես, կարիք չես ունենա դրսինների դեմ կռվելու, քանի որ դրսինների դեմ կռիվը նրանցից հարկ ստանալու համար է։ Չե՞ս տեսնում, որ դրսիններին հաղթելով՝ հաղթվում ես ներսիններից։

Անմիտներին անխելքության քանի՜ թագավորներ են իշխում. լեզուն, լսելիքը, հոտոտելիքը, տեսանելիքը, շոշափելիքը, ստամոքսը, սեռական օրգանները, ամբողջ մարմինը։ Շատերը ևս ներսից, ինչպես անողոք տիրուհիներ և անկուշտ բռնատիրուհիներ, պարտադրում են անսահման ցանկություններ. դրամասիրություն, հեշտասիրություն, մարմնի խառնակություն, մարդասպանություն, հաշվեհարդար. մահկանացուները ծառայում են այս և բազում այլ արատների, որոնց համար էլ սպանում և սպանվում են։ Իսկ բրահմաններս, ներքին կռիվը շահած լինելով, արտաքինների դեմ չենք կռվում։ Հանգստանում ենք՝ դիտելով անտառները և երկինքը, ու լսում ենք հավքերի քաղցրալուր ձայնը և արծիվների ճիչը, ծածկվում ենք տերևներով և ապրում բացօթյա և պտուղներ ուտում և ջուր խմում, հիմներ երգում Աստծուն և ձգտում ապագային, անօգուտ ոչինչ չենք լսում. այսպես ապրում ենք բրահմաններս, առանց շատ խոսքեր ասելու և լռելով։

Իսկ դուք ասում եք այն, ինչ պետք չէ անել և անում այն, ինչ պետք չէ ասել։ Մեզ մոտ ոչ ոք չի ճանաչի փիլիսոփային, եթե չխոսի, քանզի միտքը լեզուն է և խելքը շրթների վրա է։ Կուտակում եք ոսկի և արծաթ, ստրուկների և մեծ տների կարիք ունեք, ձգտում եք իշխանության, ուտում և խմում ինչքան անասունները և ձեզ չեք զգում հասարակ մարդ, զգեստավորվում եք փափուկ՝ նմանվելով մետաքս պատրաստող որդերի, աներկյուղ անում ամեն ինչ և ձեր արարքի համար զղջում, իրար դեմ խոսում եք իբրև թշնամիների, լեզվի վրա իշխանություն ունենալով հանդերձ՝ պարտվում եք նրանից։ Ձեր մեջ լավագույնները լռողներն են, թեև իրենց չեն ստուգում. ոչխարներից բուրդ եք փոխառնում՝ ինչպես նիզակավորներ, ձեր մատներին փորագիր նկարներ եք կրում իբրև պատիվ, ոսկի եք հագնում էգերի նման և դրանով պարծենում։ Ստեղծված լինելով արարիչի նմանությամբ՝ ոչ ընտանի գազանների զգացումներ եք դրսևորում, պարծենում եք մեծ տիրույթներ ձեռք բերելիս, և այդ որ տեսնում եք, ձեզ ոչ մի ճշմարտություն չի օգնում, քանզի ոսկին չի բարձրացնի հոգին, ոչ էլ կհզորացնի մարմինը, այլ, ընդհակառակը, առավել ևս մթագնում է հոգին և մաշում մարմինը։ Քաղցելիս նախախնամության շնորհած պտուղներով ու բանջարեղենով բուժում եք այն, իսկ ծարավելուց գալիս եք գետի մոտ և արհամարհելով ոսկին, ջուր եք խմում և ծարավը բուժում։ Իսկ ոսկին չի դադարեցնում ծարավը, ոչ էլ սովը մեղմում, ոչ էլ վերքը բուժում, ոչ էլ հիվանդությունը սփոփում, չի հագեցնում անհագությունը, այլ ավելի է գրգռում բնությանը օտար ցանկությունը։ Ծարավելիս պարզ է, որ մարդը փափագում է խմել և ջուր ընդունելով՝ դադարում է ծարավել, քաղցածը, բնական է, ուտելիք է ուզում և ուտելով հագենում է ու դադարում ուտելուց։ Ուստի լիովին պարզ է, որ բնությանը օտար է ոսկի ցանկանալը, քանզի մարդկային ամեն մի ցանկություն դադարում է, երբ հագեցում է ստանում, քանի որ բնությունից այդպես է տրված, իսկ հարստության տենչը չհագեցող է, քանի որ այն անբնական է։ Հետո էլ դրանով զարդարվում եք և դրանով փառաբանվում, մեծարվելով մյուս մարդկանցից։ Այդ պատճառով էլ բոլորի ընդհանուրը ձեր սեփականն եք դարձնում, և բոլորի համար մեկ ընդհանուր բնությունը արծաթասիրությունը բաժանում է բազմաթիվ կարծիքների։

Դու ասել ես՝ կարշավես նաև օվկիանոս և դրանից հետո մեկ այլ աշխարհ, և հետո մեկ այլ, և շատ կտխրես, երբ քեզ համար հաղթելու ոչ ոք չի մնա։ ՈՒստի ես ինչպե՞ս կարող եմ աստվածային իմաստության խոսքեր ասել, երբ քո միտքը լցված է այսքան հպարտությամբ և անհաշիվ ցանկությամբ, որը ամբողջ աշխարհը քեզ ծառայելով չկարողացավ լրացնել։ Դու փոքր ես ստեղծվել և մերկ, և մեկ մարդ՝ անցել ես աշխարհը և հզորացել։ Ինչո՞ւ ես բոլորին սպանում. ամեն ինչ ժառանգելո՞ւ համար։

Եվ երբ արդեն բոլորին հաղթես և ամբողջ աշխարհին տիրես, այնքան հող կունենաս միայն, ինչքանի վրա ես պառկած եմ կամ դու՝ նստած, և այդքան հողի տեր դառնալով՝ այն աշխարհ պիտի անցնենք։ ՈՒստի և մենք, արհամարհվածներս, առանց կռվի ու պատերազմի քեզ հետ հավասար ունենք ամեն ինչ՝ հող, ջուր, օդ, և այն ամենը, ինչ ես ունեմ, արդարացի ունեմ և ոչ մի բան չեմ ցանկանում, իսկ դու պատերազմելով և արյուն թափելով և բազում մարդկանց սպանելով եթե իսկ բոլոր գետերը նվաճես, ինձ հավասար ջուր ես խմելու։ Արդ, Ալեքսանդր, ինձնից այս իմաստությունը սովորիր. իբրև աղքատ մի ուզենար ոչինչ ունենալ, և դու ամեն ինչ կունենաս և ոչնչի կարիքը չես զգա, քանզի ցանկությունն է մայրը չքավորության (չքավորությունն էլ անկարգության գործ է) և այն երբեք իր փնտրածին չի հասնում, չի բավարարվում ունեցածով, այլ միշտ տանջվում է չունեցածի համար։ Դու հեշտիվ կհարստանաս, ինչպես ես, եթե ուզենաս ինձ հետ ապրել և եթե հետևես ինձ և լսես իմ խոսքերը և ստանաս իմ բարիքներից։ Քանզի Աստված ինձ բարեկամ է և ուրախությամբ մասնակից եմ լինում նրա գործերին և նա շնչում է իմ մեջ։ Խուսափում եմ վատ մարդկանցից, իմ ծածկը երկինքն է, ամբողջ իմ անկողինը և իմ սեղանները անտառներն են. միս չեմ ուտում, ինչպես առյուծ և իմ աղիքներում կենդանիների միս չի փտում, և չեմ դառնում սպանված անասունների գերեզման, քանզի նախախնամությունը ինձ սնունդ է տալիս, ինչպես սիրող մայրը՝ նորածնին կաթ։ Բայց դու, Ալեքսանդր, ուզում ես ինձանից իմանալ, թե ի՞նչ եմ ստացել մյուս մարդկանցից առավել կամ շատերից իմաստուն ի՞նչ բան սովորել։ Ահա ես, տեսնում ես, ապրում եմ՝ ինչպես ի սկզբանե ստեղծվել եմ, ինչպես մորից ծնվել եմ՝ մերկ, առանց ինչքի և խնամքի։ Այս պատճառով էլ գիտեմ Աստծո արածները և իմանում եմ՝ ինչ կատարվելու է։ Դուք զարմանում եք՝ պատգամ հարցնելով ձեզ ամեն օր շնորհվածի մասին, չիմանալով ամեն ժամ Աստծո կողմից ձեզ հայտնված գործերը։ Ես կանխագուշակում եմ սովը, ժանտախտը, պատերազմները, կայծակները, երաշտը, անձրևը, բերքատվությունը, և թե ինչպես և ինչու են այդ ամենը կատարվում. քանզի ինձ այդ իմաստությունն ընձեռում է նախախնամությունը. ինձ խիստ ուրախացնում է այն, որ Աստված իր գործերով ինձ խորհրդատու է դարձրել արդարությանը։

Քեզ չի՛ օգնելու, Ալեքսանդր արքա, այս իշխանությունը, ոչ էլ ոսկու առատությունը և բազում փղերը, ոչ էլ քո շուրջը հավաքված զորքը, ոչ էլ ոսկեսանձ ձիերը և ոչ էլ քո արբանյակները և այն ամենը, ինչ դու ուրիշներից վերցրել ես կռվով ու պատերազմներով. դու մեծապես կշահես, եթե համոզվես իմ խոսքերին և ունկնդրես իմ ձայնին։ Եվ դու, Ալեքսանդր, եթե իսկ ինձ սպանես, չեմ վախենում ասել քեզ օգտակար եղածը, քանզի ես, դառնալով ոգի, կբարձրանամ դեպի իմ Աստվածը, որը փակել է մեզ մսի մեջ և ուղարկել երկիր, փորձելով, թե կապրե՞նք մենք այնպես, ինչպես ինքը պատվիրել է։ Իմ Աստվածը կվճռի իմ դատը և ոչինչ չի խուսափի նրանից, որի աչքերը բոլոր աստղերն են և լուսինը, և նա է դատում նաև անարդարներին. դու նրանից չես փախչելու ու չես ազատվի նրա դատաստանից։ Ուստի, Ալեքսանդր արքա, մի կործանիր այն, ինչ Աստված ուզում է, որ կառուցվի, և բռնությամբ մի ոչնչացնի այն, ինչ նա ուզում է զարդարել, և մի վատնիր քաղաքների արյունը և մի սպանիր ազգերին՝ արշավելով նրանց վրա, քանզի ավելի լավ է ապրել քեզ համար, քան սպանել ուրիշներին, ու մեռնելիս երանի մի տուր ուրիշներին և ուրիշներից խլելը վնաս համարիր, ոչ՝ օգուտ։

Ինչո՞ւ, դու մեկ հոգի, ուզում ես նվաճել այդքան ազգերի։ Ինչո՞ւ դու, անմտորեն հրճվելով, աշխարհը լցնում ես բազում չարիքներով։ Ինչո՞ւ ծիծաղում ես արտասվողների հանդեպ։ Հիշիր ինձ, մենակյացիս, մերկիս և աղքատիս, և փրկիր քեզ, և վերջ տալով պատերազմներին՝ նվիրվիր նախախնամությանը սիրելի խաղաղության։ Եվ չարիքներով խաղաղության մի ձգտիր, այլ մեզ հետ անհոգ կյանք վարիր։ Քեզանից դեն նետիր ոչխարի բրդերը և մի ապաստանիր մեռյալ ծածկին։ Այդժամ մեզ նմանվելով դու քեզ հարգած կլինես ու կդառնաս այնպես, ինչպես և ստեղծված ես եղել, քանզի հոգին մենակության մեջ է ճանաչում առաքինությունը։

Ուստի և, ով արքա Ալեքսանդր, ընտրիր մեր աննյութական կենցաղավարությունը։ Եթե դու այդքան երանելի ես, չգիտեմ ինչպես պիտի կարողանաս համոզվել իմ խոսքերին և գտնել քեզ։ Այժմ քեզ սպասում են մակեդոնացիները, որպեսզի պատերազմներ սկսեն և մարդկանց կոտորեն և նրանց ինչքը հափշտակեն, և այսօր, փրկված ազգ տեսնելով, տիրում են այլոց արյան փափագողները, քանզի քո զինվորներն իրենց ընչաքաղցության անարդար շարժառիթն ունեն։ Բայց, ով Ալեքսանդր, ընդունիր այժմ անհոգ կյանքը, որ քեզ բաշխվել է Աստծո կողմից, որպեսզի և ինքդ քեզ ապրեցնես և այլոց չսպանես։ Արդ, այս խոսքերը լսելուց հետո դու ինչպե՞ս կվարվես. կձգտես հարստությո՞ւն հափշտակել և ազգե՞ր խռովել և մարդկա՞նց սպանել։ Այդպես արել ես, այդպես անում ես, այդպես էլ կանես։ Եվ եթե իմ խոսքերը չես հանդուրժում, ապա երբ այստեղից ազատվես, եթերում կտեսնեմ քեզ նրանց արածների համար և քո արարքների համար պատասխան տալով դառը հառաչելիս ու տվայտելիս։ Այնժամ կհիշես իմ կողմից քեզ մատուցված աստվածային խոսքերը, երբ արդեն քեզ չեն սպասարկի պատերազմի վարժեցրած ձիեր և նիզակակիրների բազմություններ, այնժամ կողբաս աղիողորմ, փնտրելով անկարգ խռովություններում և անմեղների արյան պատերազմներում իզուր կորցրած կյանքդ, երբ քո շուրջը ոչինչ չես ունենա տեսնելու, բացի քո կիտած չարիքների հիշատակը։ Քանզի ես գիտեմ այնտեղ անիրավ մարդկանց Աստծո կողմից տրվելիք արդարացի պատիժները, և այնժամ դու կասես ինձ.«Ո՜վ Դանդամիս, անցյալում ինձ բարի խորհրդական էիր», քանզի այնտեղ քեզ կներկայանան քո կողմից իզուր կործանված հոգիները։ Այնժամ դու քանիսի՞ն կբավարարես քո ինքնարդարացմամբ։ Եվ դու ոչինչ չես շահի՝ մեծ և հայտնի կոչվելով, այժմ աշխարհին հաղթել ցանկացողդ՝ այնժամ պարտված»։

Ալեքսանդրը գինին խմեց փոքր կումերով՝ բավականություն ստանալով դառը հեղուկի դանդաղ ներգործությունից։ Ապա գավաթը դրեց սեղանին ու շարունակեց պատմել՝ թագուհու հետաքրքրասիրությունից փայլող աչքերի մեջ նայելով.

― Ես գնացի Արևի ու լուսնի մեհյանը, ուր խոսող ծառեր կային, և այնտեղ իմացա, որ խոցոտվելով ու արյուն թափելով հասել եմ Հնդկաստան՝ տեսնելու, թե որպիսին է աստվածահաճո հանրությունը և ինչպիսին են ցանկանում ունենալ աշխարհն աստվածները։ Իսկ աշխարհն այդպիսին ունենալու համար հարկավոր էր դարձնե՛լ այն այդպիսին՝ աստվածների օգնությամբ կյանքի վերաբերյալ հնդիկների ստեղծած ուսմունքը տարածելով երկրի վրա։ Իսկ ես մինչ այդ այն զգացողությունն էի ունեցել, թե հելլենական բարքերն են աստվածների կողմից ողջունելի գոյաձևը և ջանացել էի տարածել այն Ասիայում՝ տոգորելով իմ հետերներին այդ գաղափարով։ Նպատակ ունենալով ստեղծել միասնական պետություն՝ բոլոր ժողովուրդների համար, ես դաստիարակել էի հիրկաններին՝ ամուսնության համար, արախոսիացիներին՝ հողագործություն սովորեցրել, սոգդիացիներին համոզել չսպանել հայրերին, այլ՝ կերակրել նրանց, պարսիկներին՝ մեծարել մայրերին, այլ ո՛չ թե ամուսնանալ նրանց հետ, սկյութներին ստիպել թաղել մեռածներին, այլ ո՛չ թե ուտել նրանց։ Եվ գտնում էի, թե դա բավարար է ու ես վարվում եմ՝ ինչպես Աստծո որդի։

Դանդամիսի մոտից վերադառնալով՝ ես նայեցի շուրջս և ցավով նկատեցի, որ ոսկին և հաջողությունը շլացրել են ամենքին և ես մենակ եմ մնացել բոլոր նրանցից, ովքեր իրենց առջև նպատակ էին դրել լո՛ւ յս բերել Ասիային։ Եվ իմ ընկերները դարձան ինձ ատելի։ Ես ետ նայեցի՝ անցյալին նայելով այլ աչքերով, ու խոր հիասթափություն տիրեց ինձ. հասկացա, որ հիմարաբար ոչնչացրել եմ բազում մարդիկ, կարծելով, թե մնացյալին լույս եմ բերում, մինչդեռ բերել եմ ինձ հետ աշխարհին պոռնկություն, արվամոլություն, վաշխառուություն և այլ արատներ, ու ես հաճախ ոչնչացրել եմ ամենևին ո՛չ նրանց, ում հարկավոր էր։ Ես սպանել էի Բեթիսին, որ քաջ էր և պատվախնդիր, փոխարենը թողել էի ապրելու ընչաքաղցներին, որ բազմանում էին իմ բանակում և նրանց մեջ չկար և ո՛չ մի Եվրիլոքոս, որ նույնիսկ կախարդուհու հմայքից խոզ չդարձավ և պահեց մարդկային իր կերպարանքը։ Բագոասի դավերով ես մահվան ուղարկեցի Օրոսին, դա ես իմացա հետո, մինչդեռ նա Պարսկաստանի արժանավոր իշխաններից էր և չէր կարող տանել իրենից թույլերի գերիշխանությունը։ Ես ավերել ու հիմնահատակ ոչնչացրել էի Թեբեն ու Տյուրոսը, մինչդեռ նրանց մարդիկ բարեպաշտ էին մնացյալից և առաքինի։ Ես ավերել էի Պերսեպոլիսը, ոչնչացրել օտար հավատի քրմերին՝ համոզված, որ նրանք շեղում են մարդկանց դեպի աստվածներ տանող ճշմարիտ ուղուց. չէ՞ որ աստվածները ոչ այլ ինչ են, քան անցյալի մեծ մարդիկ։

Ալեքսանդրը ելավ բազմոցից, թագուհու՝ լսածն ընկալել ջանացող հայացքի ուղեկցությամբ մտախոհ քայլեց սրահում մի քանի վայրկյան, ապա շարունակեց այնպիսի տոնով, ասես խոսում էր ոչ թե Ստատիրեի, այլ աներևույթ ինչ որ ոգիների հետ.

― Աշխարհն աստվածահաճո դարձնելու համար ես ուսումնասիրեցի հնդիկների վարքը և ինքս սկսեցի ապրել այդ կերպ։ Գալով Պարսկաստան՝ երկրպագեցի ժայռից ծնված Միհրին, անցա քաղցի, ծարավի, ցրտի և ցավի փորձություններով, ճաշակեցի հաց և ցողվեցի զոհի արյամբ։ Ես նաև կին առա Դարեհի դստերը և պարսիկի պես կոկորդիս մաշկը կտրեցի ատրուշանի վրա։ Ես կանդիս հագա և անաքսիրիտ, որպեսզի ինքս դառնամ ընդունելի նրանց աստվածների կողմից ու նաև ընդունելի ամենքին, և իմ ցանկությունները, որ Աստծո ցանկություններն են, ընդունելի լինեն նրանց, ու նաև մաքրագործվեցի հեղած արյան պղծությունից։

Ես այլ կերպ սկսեցի ընկալել աշխարհը, և երբ նայում էի մարդկանց արքայական իմ բարձրությունից,― իսկ վեր է այն այնքան, որ նրանք այնտեղից երևում են մրջյունի մեծության,― չէի հասկանում նրանց վարքը։ Ես տիրում եմ աշխարհին, ու լուսնի տակ ամեն ինչ իմն է կամ կարող է իմը լինել, եթե ցանկանամ. ոսկի, կին, պալատներ, վայելքներ, լծասարքեր, սթարներ, զենքեր, նավեր։ Ես տիրում եմ այդ ամենին, բայց այն ինձ ամենևին երջանկություն չի բերում ու ինձ համար առավել քան ակնհայտ է, որ աստվածների շնորհած կյանքի իմաստն էլ դրանց մեջ չէ բոլորովին։

Եվ ինձ համար անհասկանալի է, որ մարդիկ բյուր և բյուր անգամ փոքր հարստության և նվազ դիրքի հասնելը դարձնում են կյանքի նպատակ իրենց համար և հանուն այդ փոքր նպատակի ոչնչացնում միմյանց։ Որքան էլ ջանան՝ ո՛չ նրանք, ո՛չ էլ նրանց ժառանգները փառքով և կարողությամբ չեն հասնի ինձ. իմ այժմյան վիճակը ընդմիշտ վեր է լինելու նրանց երազանքներից անգամ, մինչդեռ այդ վիճակն ամենևին երանելի չէ, դա ես գիտեմ։ Ի՞նչ է ստացվում՝ նրանք ոչնչացնում են միմյանց, որպեսզի կյանքի մայրամուտին ինձ նման համոզվե՞ն իրենց նպատակի ունայնության մեջ։ Ինչո՞ւ են նրանք խուլ և չեն լսում ինձ, ինչո՞ւ են նրանք կույր և չեն տեսնում ինձ ու չեն դադարեցնում արյունոտ մրցավազքն անիմաստ։ Անհեթեթ նյութապաշտությունն այդ ինչպե՞ս է խավարեցրել նրանց միտքը և խլացրել նրանց, որ մոռացել են իրենց կյանքի կոչումը, որ դեպի աստվածները տանող ճանապարհի որոնումն է։ Աստծվածների ատելության արհավիրքն է կախված նրանց գլխին, բայց նրանք կույրի պես ոչինչ չեն տեսնում, քանի որ իրենց մարմինը լափել է իրենց հոգին։

Նա մի պահ կանգ առավ աշտանակներից մեկի դեմ և ցրիվ հայացքով նայում էր կրակի օրորուն լեզվակներին։ Ստատիրեն չէր համարձակվում ընդհատել նրա մտքերի ընթացքը և անշարժացել էր բազմոցին՝ որպես հոյակերտ մի արձան։

― Հնդկաստանում ես մի տեսարանի ականատես եղա, որ աչքերիս առջև է ամեն պահ,― Ալեքսանդրը շարունակեց ճեմել սրահում։ Նրանց քաղաքներից մեկը գրավելով՝ ես շրջեցի հրապարակներում, և ամայի շուկայում օձահմայի մի զամբյուղի պատահեցի։ Հսկա մի կոբրա էր այնտեղ գալարգալար դարսդարսված, իսկ փոքրիկ մի ճերմակամուկ նրա կուշտ հայացքի դեմ հաճույքով և աշխուժությամբ խժռում էր մնացորդներն իր ցեղակցի, որին օձը հենց նոր էր դուրս թափել երախից՝ որպես անմարսելի անպետքություն։ Եվ նայում էր հագեցած օձը նրան ու զարմանում նրա վերջին խրախճանքի անմտության վրա. չէ՞ որ կլլելու էր ինքը մկանը քաղցի առաջին իսկ նշանի դեպքում։ Այդպես էլ մարդիկ՝ ճերմակ այդ մկան նման անկարող լինելով տեսնել աստվածների ատելության արհավիրքը, որ ոչնչացում է բերելու բոլորին, տրվել են վերջին անմիտ խրախճանքին և չեն լսում զգոնության և ո՛չ մի կոչ։

Ստատիրեն սարսռեց՝ հայացքի դեմ պատկերացնելով Ալեքսանդրին պատահած տեսարանը։

― Դանդամիսի հետ հանդիպումից հետո ես նոր գոյաձև քարոզեցի մարդկանց՝ որպես Աստծո քուրմ, բայց շուտով հասկացա, որ խոսքն անզոր է այլևս, քանի որ մարդիկ ապականվել են զազրելիորեն։ Ապա ես տարա իմ զորքը ավազների ու սարսափների անապատով, որպեսզի ազատվեմ այնտեղ թույլերից և ագահներից, ու սննդի համար մորթել տալով գրաստներին՝ ստիպեցի շալակով տանել ոսկու իրենց պարկերն ու թանկարժեք զարդեղենը, որպեսզի զգան, թե որքան ավելորդ են դրանք ու իրենց իսկ ձեռքով ոչնչացնեն այն՝ որպես ոչնչություն։ Ես կախեցի չորս սատրապի և քաղաքների տասնհինգ կառավարիչների, որ անհագության օրինակ էին եղել այլոց ու տրվել էին զեխությանը։ Կախեցի անգամ Կլեանդրոսին, որ մեծապես օգնել էր ինձ Իսոսի մոտ և Գավգամելիայում, սպանել տվեցի պելլացիների սիրելի Անարիսին՝ Կյուրոսի դամբարանը թալանելու համար, մեկ օրում մահվան ուղարկեցի վեց հարյուր մակեդոնացիների, բայց հետո անհուն վհատություն տիրեց ինձ, երբ համոզվեցի, որ մարդը պղծվել է այնքան, որ իր գոյությամբ խայտառակում է իրեն արարած աստվածներին և որ առանց արյան գետերի աշխարհը կարգավորել հնարավոր չէ։ Այդ ժամանակ ինձ նշան եկավ ճանկերում օձ բռնած զույգ արծիվների տեսքով, որ Զևսն ինձ ուղարկել էր այս աշխարհ՝ իմ կյանքով աստվածներին ապացուցելու, որ իր վճիռը եղել է ճշմարիտ և այն մնում է որպես միակ ելք. մարդկությանն անհնար է դարձի բերել՝ առանց ոչնչացնելու նրա ապականված հատվածը, որ հաշվվում է հազար բյուրերով։ Ահա սա՛ էր իմ կյանքի նպատակը՝ նախասահմանված Զևսի կողմից։

Ալեքսանդրը խոր հոգոց հանեց ծանր աշխատանքից հոգնած մարդու նման, ապա շարունակեց.

― Հայտնի՞ է քեզ, արդյոք, Ստատիրե, որ երբ երկնքում Քրոնոս Աստվածն էր տիրում, մարդիկ այն ժամանակ ապրում էին իբրև երանելի աստվածներ՝ չիմանալով ինչ է հոգսը, ինչ է աշխատանքն ու վիշտը։ Չգիտեին՝ ինչ է ուժահատ ծերությունը. մշտապես ուժեղ էին ու ամուր նրանց ձեռքերն ու ոտքերը։ Նրանց անվիշտ ու երջանիկ կյանքը մի հավերժական խրախճանք էր։ Նրանց երկարատև կյանքին հաջորդող մահը նման էր հանգիստ ու մեղմ երազի։ Անդորր կյանք էին վարում նրանք և աստվածներն անգամ նրանց հետ խորհրդի էին նստում։ Պատահեց այնպես, որ այդ սերնդի մարդկանցից ոչ ոք չմնաց։ Երբ իշխանությունն անցավ Զևսին, նա ցանկացավ երկիրը վերստին գեղեցկացնել մարդկանցով, բայց այս անգամ մարդիկ անհնազանդ դուրս եկան, չէին ենթարկվում անմահ աստվածներին և չէին ուզում նրանց զոհեր մատուցել զոհարանների վրա։ Ահեղորեն զայրացած Զևսը բնաջինջ արեց նրանց։ Երկիրը դատարկ թվաց աստվածներին և Զևսը նիզակի կոթունից ստեղծեց մարդկանց երրորդ ցեղը։ Այս մարդիկ սիրեցին գոռոզամտությունը, սիրեցին հեծեծանքներով լեցուն պատերազմները։ Նրանց զենքը պղնձից էր կոփված, պղնձակոփ էին նրանց և՛ տները, և՛ աշխատանքի գործիքները, ու ոչնչացնում էին իրար սեփական ձեռքերով։ Նրանք ավելի պիղծ էին դառնում, և էգիսակիրը բնաջինջ արեց նրանց ևս՝ խեղդելով անվերջանալի անձրևից առաջացած ծովի մեջ։ Մարդկային ցեղը, որ ապրում է երկրի վրա, հինգերորդն է, բայց այդպես էլ երանելի, դեպի աստվածները գնացող էակ ստեղծել Զևսին դեռ չի հաջողվել, ու նա անհողդողդ է իր վճռի մեջ. նա կանգ չի առնի ոչնչի առջև և կարգի կբերի աշխարհն անվերապահորեն ու եթե հարկ է՝ կոչնչացնի մարդու այս տեսակին էլ։ Ասա՛ ինձ, Ստատիրե,― Ալեքսանդրը մոտեցավ ու խոնարհվեց բազմոցին համրացած նստած թագուհուն,― մի՞թե ճշմարիտ չէ Զևսն իր վճռի մեջ. չէ՞ որ ինքդ էլ ես հեռացել մարդկանցից, պարփակվել անանցանելի գետով և չես ցանկանում առնչվել նրանց բոլորովին։

Թագուհին չարձագանքեց, բայց նրա հայացքն ակնհայտ համաձայնություն էր արտահայտում։ Նա հետզհետե սկսում էր հասկանալ, թե ինչու էր արքան իր հետերների մոտ հայտարարել, որ եթե ինքն Ալեքսանդրը չլիներ, ապա երկրի վրա ապրող մնացյալ մարդկանցից կնախընտրեր միմիայն Դիոգենեսի գոյաձևը։

Իր հարցադրման պատասխանը կարդալով Ստատիրեի աչքերի մեջ՝ Ալեքսանդրը կրկին հեռացավ դեպի աշտանակները և ափերը պահեց կրակի վրա. ասես դրանք սառում էին։ Մի քանի վայրկյան նա լուռ նայեց մի կետի, ապա ասաց.

― Ես ունեմ բավարար ուժ՝ իրականացնելու Զևսի ցանկությունը, վստահ եմ՝ դու չես կասկածում դրանում։ Բայց դա ես անել չեմ կարող. և սա ո՛չ այն պատճառով, թե սիրում եմ մարդկանց։ Մոյրայի՛ կամքն է, որ ե՛ս չանեմ այդ,― դա ինձ համար կանխագուշակել է Արիստանդրոսը,― և ո՛չ մի ուժ, իշխանություն՝ անկարող է փոխել նրա կամքը։ Ե՛ս չէ, որ պիտի մարդկությանը դարձի բերեմ արյան գետերի միջոցով,― բայց և վստահ եմ, որ աստվածներն այս աշխարհ կուղարկեն իրենց մեկ այլ որդու՝ իրականացնելու Զևսի կամքը. նրան ամենքը սանդալ կկոչեն, նա կսպանի շատերին և կտրտնջա, թե ինչու մարդկությունը չունի մեկ ընդհանուր կոկորդ, որը կտրելով՝ կարելի լինի ամբողջին մորթել։

Մոյրայի կամքից զատ՝ այդ խնդիրը լուծելն անչափ ծանր կլիներ ինձ համար, քանի որ ստիպված էի լինելու առաջինը ոչնչացնել ի՛մ ժողովրդին, քանզի այն առավել ապականված է հաջող արշավանքով, որի մեղավորը ե՛ս եմ։

Սրահն անդիմադիր տրվեց վրա հասած լռությանը. աշտանակների բոցե լեզվակների ստվերներն ուրվականի պես դողդոջում էին պատերին, և դա միակ շարժումն էր։ Ալեքսանդրը թագուհուն ինքն իր հետ մնալու ժամանակ տվեց և անհասցե հայացքով նայում էր լուսամուտից դուրս՝ ինքնախոստովանելով, որ այն ամենը, ինչ չասաց թագուհուն, չէր էլ կարող ասել, քանի որ սոսկալիորեն չէր ցանկանում հրաժեշտ տալ՝ թողնելով նրան անհուսության մեջ։

Իսկ Ստատիրեի հոգում միահավասար երկու զգացում էին տիտանների նման բախվում իրար, որից ցնցվում էր նրա էությունը և արտացոլվում դեմքին կնճիռների տեսքով։ Նա տենչում էր, որ Ալեքսանդրը չդադարեր խոսել, քանի որ նրա ձայնն ու մտքերը կտրում էին իրեն իրականությունից և փոխադրում մեկ այլ աշխարհ, մեկ այլ վիճակ, ուր ինքը երբեք չէր եղել և ուր գտնվելը քաղցր էր թվում նրան ամենայն ինչից. այնտեղ միայն ինքն էր ու արքան՝ աննյութ, անմարմին՝ որպես համատարած ոգի, և դա երանություն էր. իսկ դադարը նշանակում էր վերադարձ դեպի ներկա, որը նրան այլևս տաղտուկ էր երևում։ Բայց և նրա հոգում ափեափ լցված, անհապաղ հագենալ պահանջող մարմնական զգացում կար դեպի Ալեքսանդրը, որին նա զգուշանում էր կիրք կոչել, քանի որ այն անչափ մաքուր էր՝ պարզունակ ու կոպիտ այդ բառով բնորոշվելու համար։

Սրահ թափանցած արշալույսի դալուկ ցոլքերն ի վերջո վճռեցին երկու տիտանների մարտի ելքը. լուսանում էր, որ ազդարարում էր, թե աստվածների սահմանած ժամանակը սպառվում է, և Ալեքսանդրը պարտավոր է թողնել Ամազոնիան՝ նախքան արևը կհասնի զենիթին։ Տանջող երկընտրանքից ազատված Ստատիրեն աննշուկ ելավ բազմոցից ու բռնելով արքայի ձեռքը՝ հայացքով հրավիրեց հետևել իրեն։ Նրա աչքերի մեջ ծով թովչանք էր, և Ալեքսանդրն անկարող էր չհնազանդվել։

Նրանք հայտնվեցին օդագույն քարից ընդարձակ ննջասրահում, որտեղ թվում էր, թե արևն իր շողերով ներսից է ծագում։ Բյուրեղյա մի լայն մահիճ կար սրահի կենտրոնում, որի չորս անկյուններում նարդոսով, խնկով, կինամոնով ու զմուռսով լեցուն խնկամաններ էին, և օդը խտացել էր անուշահոտությունից։ Ոսկե երիզներով բազմոցներ էին մահճից քիչ հեռու ու էբենոսե մի կլոր սեղան։ Անկյուններից մեկում կանացի արձան էր՝ ճաճանչավորված բազում կերոններից։

Սեղանից առնելով սրաշեղբ դաշույնը՝ Ստատիրեն թափով բերեց այն դեպի արքայի պարանոցը և պատռեց տունիկան նրա ուսի վրա։ Խոցված թռչունի նման անդիմադիր՝ արքայի հագուստը սահեց ցած, և նա կանգնեց թագուհու առջև իր ողջ հմայքով։ Ապա թագուհին նույն կերպ պատռեց իր զգեստը և նույնպես ձերբազատվելով հագուստներից՝ հպվեց արքային իր ողջ մարմնով։ Այդ նույն պահին անլսելի մի հրամանով բոլոր ջահերը մարեցին, և ննջարանը տրվեց լուսամուտից թափանցած այգաբացի աղոտ ցոլքերի թագավորությանը։

― Պառկի՛ր, տարածի՛ր ձեռքերդ կողքի և փակի՛ր աչքերդ,― ոչ այն է՝ հրամայեց, ոչ այն է՝ հորդորեց թագուհին, և Ալեքսանդրին թվաց, թե նրա ձայնը գալիս է անսահման հեռվից։

― Ինչո՞ւ կողքի,― զարմացած հարցրեց արքան՝ մութի մեջ փնտրելով թագուհու աչքերը։

― Հետո կիմանաս։

Ալեքսանդրն իրեն անհասկանալի հեզությամբ հնազանդվեց թագուհուն և աչքերը փակ՝ սպասեց արտառոց երևույթի։ Ստատիրեն ծնկի եկավ մահճի առջև՝ լուսանի մորթով պատված հատակին, միացված ափերը հայացքի դեմ պահած՝ նայեց Սիկկայի արձանին, որ մերկ էր իր պես։ Նրա արձակ մազերը դեմքն առել էին մուգ շրջանակի մեջ, իջել էին ստինքներին և կիսածածկել մեջքը։

Նա աղոթք մրմնջաց՝ մի քանի անգամ տալով Սիկկայի անունը։ Հետո ձեռքերը սահեցրեց դեմքի, ուսերի վրայով, երեք անգամ բարձրացրեց ստինքները, ապա ափերը դանդաղ իջեցրեց կրծքավանդակով՝ շոշափելով իր բոլոր ողերը, և զգաց, որ Սիկկան մարմնական կրակ է վառում իր մեջ։ Նա շոշափեց որովայնը, ու քանի որ հպումից այն ասես այրվեց, ձեռքերը հեռացրեց խուճապահար։ Հանկարծակահաս ջերմությունը կլանեց նրա ողջ մարմինը, նա սաստիկ ծարավ զգաց, բայց գիտեր, որ ոչ մի հեղուկ չի հագեցնի իրեն։ Արմունկները կողերին սեղմելով ու նախաբազուկներն ուղիղ բարձրացնելով՝ նա գլուխը դեպի ետ թեքեց ու շշնջաց.

― Օ՜, Սիկկա, դո՛ւ , որ առաջինն իմացար զսպումի երանության գաղտնիքը, այրու՜ մ ես ինձ։

Որպես արձագանք այդ խոսքերի, արձանի ոտքերի մոտ կուչ եկած մի օձ, որին արքան ընդունել էր քանդակի տեղ, սառնաշունչ դանդաղությամբ սողաց դեպի մահիճը և բարձրանալով՝ դարսդարսվեց Ալեքսանդրի բարձի վրա։

Արքան, որ թագուհու հրամանհորդորին հլու՝ այս ողջ ընթացքում պառկած էր փակ աչքերով, զգաց, թե ինչպես պիրկ ազդրեր քնքշորեն հպվեցին իր կոնքերին, ապա միաժամանակ նրա և՛ պարանոցում, և՛ կողք տարածված ձեռքերի ափերում ջերմություն ծագեց, որ մարմնով սողաց դեպի կուրծքը, ու երբ դրանք միախառնվեցին, այն զգացողությունն ունեցավ, թե իր մեջ քուրա բռնկվեց։ Հետո հաճելի զովություն սկիզբ առավ անրոսկրերի մոտ և մարմնի մակերևույթով դանդաղ սահեց դեպի որովայնը՝ ասես կեղևելով հոգու քուրան սառցե շերտով. այդ սրբազան օձն էր իջնում նրա վրայով։ Զովության հետքերով սահում էին Ստատիրեի արձակ վարսերը։ Համբո՞ւյր էր դա, թե՞ կախարդանք,― այս միտքն էր զբաղեցնում արքային, և ամենը պարզելու գայթակղությունը ստիպեց նրան չհնազանդվել թագուհուն, դանդաղ բացեց աչքերը և զննելով կիսախավարի մեջ իր վրա խոնարհված կնոջ դեմքը՝ արտաբերեց սարսափահար.

― Ափրոդիտե՞...

Նրա անհասցե հայացքը վերադարձավ հեռուներից և ամփոփվեց ննջասրահի թաղակապ առաստաղով, ինչպես կամուրջն է անջրպետում գետը տիեզերքից։ Հետո զգաց, թե ինչպես է հետզհետե վերականգնվում սեփական մարմնի զգացողությունը։ Նայեց շուրջը և տեսավ Ստատիրեին՝ մի ոտքը կիսածալ՝ պառկած իր կողքին, գլուխը հենած բարձր բարձերին։ Թագուհու վրա ցանցկեն քող էր գցված, որի տակից նշմարվում էր մերկ մարմինը։ Դու կախարդուհի՞ ես,― հարցրեց Ալեքսանդրը շշուկով և ձեռքը հպեց Ստատիրեին այնպես զգույշ, ասես կամենում էր ստուգել՝ վերականգնվե՞լ է արդյոք շոշափելիքի իր զգացողությունը։ Հպեց ու խայթվածի արագությամբ նստելով անկողնում՝ կտրուկ շարժումով թագուհու դեմքից ետ քաշեց քողը. Ստատիրեի փոխարեն իր կողքին մարմնագույն մարմարից արձան էր՝ հար և նման թագուհուն։ Կատարվածից ցնցված՝ նա հագնվեց փութով ու քիչ մնաց տապալեր ննջասրահի դռները, որ աղմուկով բացվեցին սյունաշարով եզերված գավթի վրա. գավթի կենտրոնում գողտրիկ մի լճակ էր՝ կիսածածկված լոտոսի լայն տերևներով, որից ջուրը խայտում էր կանաչի բոլոր երանգներով։ Իջնելով մեկ տասնյակի չափ աստիճաններով, որոնց երկու կողմերում արծվագլուխ քարե առյուծներ էին հավերժացած, Ալեքսանդրը գավթի խորքում նկատեց լայն մի բազմոց, որին ընկողմանած էր Ստատիրեն՝ ճիշտ նույն դիրքով, ինչպես մարմնագույն արձանը ննջասրահում ու նույնպես ծածկված քողով։

Լճակի եզրով առաջանալով՝ Ալեքսանդրը զգույշ քայլերով մոտեցավ բազմոցին և հոգի այրող ներքին հուզմունքը զսպելով՝ ետ քաշեց քողը Ստատիրեյի դեմքից ու այս անգամ արձանի փոխարեն տեսնելով թագուհուն՝ անկարող եղավ քողարկել իրեն համակած հանկարծահաս ուրախությունը. իսկ նա արդեն հաշտվել էր այն մտքի հետ, թե Ստատիրեն անէացել է՝ ինչպես երազ։

― Արթնացա՞ր,― հարցրեց Ստատիրեն սիրալիր ժպտալով։

Ալեքսանդրը նստեց նրա ոտքերի մոտ ու թույլ չտալով թագուհուն ոտքի ելնել՝ զննեց նրա դեմքն այնպիսի հայացքով, ինչպես կնայեր իրեն բոլորովին անծանոթ մարդուն, ապա հարցրեց լրջորեն.

― Դու կախարդուհի՞ ես։

― Կախարդուհի՞,― արձագանքեց Ստատիրեն՝ լայն ժպտալով,― ես կի՛ն եմ, որը, ի տարբերություն քո աշխարհի կանանց, սերը շաղ չի տալիս ամեն օր, այլ համաձայն մեր օրենքների, տղամարդ սիրում է տարվա մեջ մեկ օր, և ում մեջ կուտակված կիրքն այդ օրը ժայթքում է անարգել՝ հրաբուխի պես։

Թագուհու այս խոսքերը չցրեցին արքայի տարակուսանքը, և շարունակում էր նայել նրան զննող հայացքով։ Հետո նա ափով շոյեց Ստատիրեի դեմքը, ասես համոզվելու համար՝ մարմարից չէ՞ այն արդյոք, ձեռքը սահեցրեց վարսերի վրայով, փաղաքշեց պարանոցը, ուսերը, մեղմ հպվեց կրծքին ու ջերմ մի համբույր դրոշմեց նրա շուրթերին։

― Ես անհանգստանում էի քեզ համար,― արտաբերեց Ալեքսանդրը քնքշորեն և լսելով իր այս խոսքերը՝ զարմացավ ավելի շատ, քան Ստատիրեն։ Զգաց, որ չկան այլևս իր հոգում եղած զսպաշապիկները ու ձերբազատված է Աքիլլեսի դիրքորոշումից և ամոթ չէ համարում ամենևին քնքուշ խոսքեր ասել կնոջ մասին՝ նրա ներկայությամբ։

Ստատիրեն մարող անհանգստություն տեսավ նրա դեմքին ու նայելով նրա աչքերի մեջ՝ վերջին յոթ օրում առաջին անգամ զգաց, որ դրանք ապակուց չեն այլևս։ Իսկ Ալեքսանդրը, որ խնջույքների ժամանակ սիրում էր ծաղրել սիրուց գլուխը կորցրած իր հետերներին, հայացքը չկտրելով Ստատիրեից՝ կանխազգում էր, որ եթե հանդիպումը դառնա տևական, Կյուրոսի զորավար Արսալայի նման ինքը ևս կկորցնի ինքնատիրապետումը և գուցե թե ինքն էլ Պարիսի նման հանուն կնոջ զոհաբերի և՛ փառք, և՛ հայրենիք, և՛ կյանք։ Ու այդ պահին առաջին անգամ իր կյանքում նա չդատապարտեց Պրիամոսի որդուն։

Գլուխ տասներորդ

Առաջին օրերին նա կարծել էր, թե Ստատիրեն գինու մեջ լուծված դյութաթույն է հրամցրել իրեն, որի հետևանքով տարօրինակ մի զգացմունք է սողոսկել իր հոգու մեջ։ Այդ միտքը նրան զբաղեցնում էր դեռ Թեմիսկիրայում, երբ առաջին իսկ խնջույքի ժամանակ զարմանքով պարզեց, որ սովորականից վաղ է գինովանում։ Ու Ամազոնիայից վերադառնալով՝ հավատացել էր, թե դյութաթույնի ազդեցությունը հետզհետե կմարի, և արագ կմոռանա թագուհուն, կդառնա անտարբեր նաև նրա հանդեպ։ Բայց օրերի հոսքի հետ իրեն խորթ այդ զգացումն ուժգնանում էր՝ ափեափ լցնելով նրա սիրտը։

Նա իրեն անվերջ բռնեցնում էր Ստատիրեյի մասին մտածելիս, իսկ ամեն գիշեր Բարի Երազը թագուհուն այցի էր բերում իրեն։ Նա մտաբերում էր Ամազոնիայում անցկացրած օրերը՝ դրվագ առ դրվագ. իրենց ծանոթությունը, շրջապտույտը լեռներում, Մոռացության հովիտը, գիշերային զրույցները։ Ստատիրեն մերթ պատկերանում էր նրան ծովագույն զգեստով՝ ինչպես իրենց առաջին հանդիպման պահին էր, մերթ նժույգ հեծած՝ կուրծքը և ողորկ ազդրերը հոլանի, մերթ էլ՝ կակաչների մեջ տարածված։

Իր այս մտատանջությունների մասին նա չէր հայտնում հետերներից և ոչ մեկին, քանի որ ինքը միշտ ծաղրել էր բոլոր նրանց, ովքեր գլուխ էին կորցրել կնոջ համար, և վստահ էր, որ նրանք իր հետ կվարվեն նույն կերպ, ու գերգաղտնի պահվող զգացմունքներն այրում էին նրա հոգին։ Տառապելուց զատ որևէ այլ ելք աստվածները չէին նախանշում. Ստատիրեին իրենց օրենքներն արգելում էին թողնել երկրի սահմանները, իսկ ինքը խաղաղությամբ Ամազոնիա կարող էր մտնել մեկ տարի հետո միայն։ Նա, իհարկե, կարող էր Բելոփորոնի նման կռվել ամազոնուհիների դեմ և գերել Ստատիրեին, բայց մի՞թե թագուհուն այդչափ վիշտ պատճառելուց հետո կարող էր ակնկալել նրա փաղաքուշ վերաբերմունքը։

Որևէ զբաղմունք հանգիստ չէր բերում նրան, ինքնամոռացումի միակ միջոցը գինին էր, և նա արդեն տասը օր հարբում էր Բաբելոն տանող Արքայական ճանապարհի գիշերային իջևանատներում։ Առավոտյան, միևնույն է, խելագարեցնող տառապանքը վերսկսվում էր։ Կանացի ձայն լսելիս՝ նա արագ շրջվում էր. Ստատիրեն հո չէ՞, երբ նժույգներ էին անցնում՝ ցնցվում էր ակամա. գուցե Ստատիրե՞ն է՝ ամազոնուհիների հետ։ Բոլոր կանանց դեմքին նա Ստատիրեի դիմագծերն էր որոնում, նրան թվում էր, թե ամենուր եթերն օծված է Ստատիրեի մարմնի բույրով, և ինքը դա զգում էր ռունգերով։ Այդ բույրը լուծված էր նաև իր արյան մեջ, հորդում էր երակներով, ու նա իր մարմնից էլ էր առնում Ստատիրեի բույրը, և փախչել անկարող էր դրանից, թեև չէր էլ ուզում։ Ստատիրեի անունն էր անվերջ հնչում իր սրտի մեջ, այդ անունն էին տալիս հավքերը, դա լսելի էր անգամ դեղնավուն տափաստանով կրիայի պես դանդաղ դեպի Բաբելոն սողացող զորքի բազմաճռինչ ժխորի մեջ։

«Օ՜, հարպիաներ, լափե՛ք ինձ՝ ես սիրահարվել եմ, էրինիսներ, խոցե՛ք ինձ անգթորեն՝ ես դավաճանել եմ աստվածներին և կնոջ հետ մեկ օր ապրելը գերադասում եմ Աստված լինելուց»,― խոստովանում էր նա ինքն իրեն՝ կառքի կիսաբաց վարագույրի ետևից նայելով ցնցումներից օրորվող տափաստանին։

― Թագավո՛ր Ալեքսանդր, չորս քուրմ են ընդառաջ եկել Բաբելոնից և ասում են, թե կարևոր լուր ունեն քեզ հաղորդելու,― նժույգի վրայից խոնարհվելով դեպի մտազբաղ արքան՝ զեկուցեց Պտղոմեոսը։

Ոչինչ չտեսնող հայացքով Ալեքսանդրը նայեց ջայլամի փետուրներով զարդարուն սաղավարտի մեջ առնված Պտղոմեոսի դեմքին՝ երկար ժամանակ անկարող լինելով մտքերից վերադառնալ իրականություն։

Սթափվելով՝ Ալեքսանդրն ուշացումով նկատեց, որ երթը կանգ է առել։

― Ես կհանդիպեմ նրանց,― ասաց արքան և փութով իջավ կառքից այնպիսի պատրաստակամությամբ, ասես սպասում էր քրմերի հայտնվելուն։

Կեսօր էր, և արևից շիկացած փոշին տրորելով՝ արքան ընդառաջ գնաց քրմերին, որ առաջապահներին իրենց խնդրանքը հայտնելուց հետո հեռացել էին ճանապարհից, ակնհայտորեն ցույց տալով, թե Ալեքսանդրին հայտնելու հույժ կարևոր լուր ունեն։

Քրմերի տեսքից արքան դեռ հեռվից ճանաչել էր նրանց. անընտանիք և անօթևան այդ մարդիկ ոչինչ չունեին իրենց վրայի հագուստից բացի, նրանք լվացվելու և լողանալու իրավունք չունեին, իրենց նվիրաբերել էին Զևսին, և աստվածները, քնի մեջ այցելելով նրանց, տեղեկացնում էին իրենց մտադրություններին և ցանկություններին։

Մինչ Ալեքսանդրը կմոտենար, քրմերից ավագն առաջ եկավ, մյուսները մնացին հեռվում կանգնած։ Ողջունելով և ներկայանալով որպես Լամիոն՝ քուրմն ասաց, թե Բաբելոնից իրենք ելել են տասնհինգ օր առաջ՝ հայտնելու արքային Զևսի տաճարում իրենց երևացած տեսիլը։ Նրանց բոլորին Զևսը երազում հայտնել է, թե Ալեքսանդրը կմեռնի, եթե Բաբելոն մտնի։

― Այնպես որ, արքա, Պելլա մեկնող վիրավոր քո զինվորներից իմանալով, որ դառնում ես Բաբելոն, շտապեցինք հանդիպել քեզ և հաղորդել մեզ երևացած տեսիլը և առաջարկել քեզ՝ շրջանցել Բաբելոնը։

Ալեքսանդրը լուռ լսեց քրմին՝ նրա ուսի վրայով նայելով անսահման հեռուն, ապա արձագանքեց.

― Բաբելոնո՞ւմ... բայց ինչո՞ւ Բաբելոնում։

Լամիոնն ապշեց նրա պատասխանից, քանզի, որքան ինքը հասկացավ, արքային զարմացրեց ոչ թե սպառնացող մահը, այլ վայրը, ուր կայցելեր իրեն Հադեսը։

― Եվ ի՞նչ կերպ է մահը գալու ինձ այցի,― հետաքրքրվեց Ալեքսանդրն այնպես անվրդով, ասես խոսքն օտարի մասին էր։ Մերձավոր ընկերներիս Հադեսը խնայում էր մարտի դաշտում, բայց տանում էր նրանց հիվանդությամբ։ Ինձ ևս գուցե՞ նման ճակատագիր է սահմանված։

― Դա ես ասել չեմ կարող, արքա, պատասխանեց Լամիոնը՝ զարմանքից կլորացած աչքերով նայելով Ալեքսանդրին։ Եվ ո՛չ այն պատճառով, որ չգիտեմ. իմանալու դեպքում ևս իրավունք չէի ունենա խոսել այդ մասին։ Բայց կարող եմ ասել, որ եթե գնաս Բաբելոն, ապա այնտեղ նախապես կիմանաս, թե ինչպիսի մահ է սպասվում քեզ. այդ մասին կտեղեկացնեն քեզ, և դու կունենաս հնարավորություն՝ կանխելու վտանգը, սակայն ոչինչ չես ձեռնարկի։

Լամիոնն արքայի դեմքին որևէ փոփոխություն չնկատեց և նրան պարզ դարձավ, որ իր ասածն ամենևին չզարմացրեց Ալեքսանդրին։ Ու շարունակեց.

― Այն, ինչ տեղի կունենա, կմնա գաղտնի և կհամարվի առեղծված՝ մարդկանց համար։ Կլինեն տարբեր կարծիքներ, բայց ճշմարտությունը կմնա թաղված մոխրի մեջ, որտեղից կհառնի միայն երկու հազար երկու հարյուր քսան և երկու տարի հետո։

― Եվ ո՞վ կբացի գաղտնիքն այդ դեպքում,― անկեղծորեն հետաքրքրվեց արքան, իսկ Լամիոնն ապշել էր սեփական կյանքի հանդեպ նրա անտարբերությունից։

― Ահա՛ այն քուրմը, որ կանգնած է կենտրոնում,― Լամիոնը շրջեց գլուխը և շարունակեց մեծ գաղտնիք բացահայտողի խորհրդավորությամբ։ Այս պահից իր երրորդ կյանքում քո հոգին կայցելի նրան, և այն ամենը, ինչ հայտնի է միայն քեզ ու աստվածներին, կհայտնվի նաև նրան։

Լամիոնի մատնացուցած քուրմը քառասունին մոտ այր էր, բարձրահասակ, գանգուր, բայց կարճ մազերով, ընդգծված քթով, լայն ճակատով ու ոսկրոտ դեմքով։ Ալեքսանդրը նայում էր նրան, ինչպես կնայեր մերձավոր հարազատին, և մի պահ կամեցավ հետաքրքրվել, թե ինչով կարող է օգտակար լինել նրան, բայց իսկույն ևեթ մտաբերեց Դիոգենեսի պատասխանն իր այդպիսի հարցին, և ընդամենը հարցրեց.

― Ի՞նչ է անունը նրա։

― Նուրց Րա,― հետևեց պատասխանը։

Դադար եղավ։ Քամին ծածանում էր Ալեքսանդրի երկար վարսերը, և նրա դեմքի արտահայտությունից քուրմը զգաց, որ արքայի միտքն այլ տեղ է, ու որոշեց նրան հարցեր չտալ։

― Իսկ ի՞նչ կասեմ ես իմ զորքին, որը գնում է Բաբելոն,― վերջապես խոսեց արքան,― բաբելացիներին՝ ում խոստացել եմ վերադառնալուն պես վերանորոգել Բելի տաճարը և մոռացության տալ Քսերքսեսի ավերումների հետքերը, ու հիմա սպասում են ինձ։ Ի՞նչ կմտածեն նրանք բոլորը, եթե շրջանցեմ քաղաքը։ Չե՞ն ծանակի արդյոք ինձ։

― Ընտրությունն աստվածները թողել են քեզ, արքա,― պատասխանեց քուրմը՝ ձեռքերը կողքի տարածելով։

― Ընտրություն փառքի և կյանքի մի՞ջև...

― Դժվարին երկընտրանք յուրաքանչյուր տղամարդու համար,― հավելեց Լամիոնը փիլիսոփայորեն։

Ալեքսանդրը չարձագանքեց, ու նայելով հեռու կանգնած քրմերին՝ մտորեց մի պահ։ Լամիոնը շրջվեց դեպի քրմերը և ասաց հանդարտ տոնով.

― Նրանք բոլորը գիտեն, թե ինչ ես մտածում հիմա դու։

Ալեքսանդրը շփոթված նայեց Լամիոնին։

― Որքա՜ն բան չասացինք մենք միմյանց, Ստատիրե,― շշնջաց մտքում Ալեքսանդրը՝ վերադառնալով կառք ու մելամաղձոտ հայացքով նայելով անորոշ հեռուն։ Դու չասացի՛ր, թեև դա ես կարդացի քո աչքերում, որ երազում ես սաստիկ սիրել մեկին՝ այն պես ուժգին, որ Եդավնեի նման կյանքը քեզ համար էլ անիմաստ լինի առանց նրա։ Որ խորհում էիր, թե գուցե գերադասեիր Անտիոպեի ճակատագիրը՝ հեռանալ Ամազոնիայից և ապրել սիրեցյալի հետ՝ թեկուզ կարճ կյանքով։ Իսկ ես չասացի քեզ, որ դա անհնար էր, ինչպես անհնար է ետ բերել աղեղնալարից արձակված նետը։ Չասացի, որ երկրային կյանքի իմ օրերը սպառվում են։ Չասացի, որ չտխրես։ Ես խոստացա մեկ տարի հետո, հաջորդ Ձիասպանության տոնին, այցելել քեզ ու նաև իմ զավակին, բայց խաբեցի քեզ; Ես դարձա ստախոս քեզ չտխրեցնելու համար, որպիսի համբավ ունենալ թույլ չեմ տվել ինձ երբեք։ Ես քեզ խաբեցի, քանի որ հաջորդ Ձիասպանության տոնին ես չեմ լինի այլևս. չգիտեմ, կլինեմ աստվածների կողքի՞ն, թե՞ ոչնչի կվերածվեմ, բայց չեմ լինի մարդկանց մեջ, քանի որ այդպես էր նախանշված իմ ծննդյան օրվանից։

Ես քեզ չասացի, որ դեռ Եգիպտոսում գիտեի, որ կարճատև կյանքի եմ դատապարտված. ինչպես գիտեր նաև Աքիլլեսն իր ապագան, որ կիսաստված էր նույնպես։ Ամմոնի պատգամախոսը Եգիպտոսում հայտնեց ինձ, թե երեսուներեքը չեմ բոլորելու, ինչպես չի բոլորելու երկիր իջած և Աստծո ոչ մի որդի։ Ահա թե ինչո՛վ է բացատրվում իմ անհամբեր արշավը դեպի աշխարհի գոյություն չունեցող Եզրը. ես պիտի հասցնեի աստվածների պատգամը կատարել ավելի վաղ, քան Ատրոպեան կհասցներ կտրել կյանքիս թելը։ Ահա՛, թե ինչով է բացատրվում իմ դաժանությունը նրանց հանդեպ, ովքեր խանգարում էին իմ երթին դեպի արևելք։

Ես քեզ չասացի, որ երբ Դանդամիսի մոտից գնացի Արևի և լուսնի մեհյանը և գիշերեցի այնտեղ, շները ոռնացին գայլերի պես ու ճահճախոտ աճեց վրանիս շուրջ։ Ես Մեսսենայի թագավոր Արիստոդեմեսի նման, որ պատերազմում էր Սպարտայի դեմ, հուսահատությունից չխողխողեցի ինձ, բայց դա հաստատուն և վերջնական նախանշան էր կյանքիս ավարտի։ Այդ պահից ես զգացի, որ կյանքի կենսատու ուժերը լքում են ինձ. սկզբում կարծեցի, թե բրահմաններն ինչոր հրաշքով խլեցին ինձանից այդ ուժերը, որպեսզի չվնասեմ իրենց ժողովրդին, բայց հետո հասկացա, որ այդ մա՛հն էր դանդաղ մոտենում ինձ, քանի որ մտնում էի արդեն երեսուներեքի մեջ։ Ու Թանատոսը Չար երազին ուղարկեց ինձ Պերսեպոլիսում այցի, և տեսա՝ ինչպես է բազմությունը տանում անհոգի իմ մարմինը։ Նա խլեց Հեփեստիոնին, որպեսզի ես չունենամ այլևս մտերիմ մարդ լուսնի տակ։

Ես միշտ պնդել եմ, որ աստվածները չեն սատարում ինձ, ավելին, կարծես թե ջանում են խանգարել, բայց և պիտի խոստովանեմ, որ զգացել եմ Ամմոնի աջակցությունը. իսկ նա պահպանում էր ինձ, և ես գիտեմ, թե ինչու. երկրային կյանքս հանուն ինչոր նպատակի զոհաբերելու համար։ Նա թույլ չէր տալիս ինձ վհատվել, թուլանալ, պարտվել, քանի որ ես խնդի՛ր ունեի կատարելու երկրի վրա՝ ապացուցել աստվածներին Զևսի ճշմարտացի լինելը։ Ես կատարեցի այդ խնդիրը, ու այսուհետ իմ գոյությունը մարդկանց մեջ անիմաստ է։

Ես գիտեի՝ աշխարհը կարգի բերելուց հրաժարումն ինձ համար հավասարազոր էր մահվան, բայց այդ հրաժարումը ոչ թե ի՛մ, այլ աստվածների կամքն է։

Ես քեզ չասացի նաև, որ երեսուներեք տարեկան դեռ չկամ, բայց մնացել եմ առանց նպատակի՝ ութսունամյա զառամյալ ծերունու նման։ Իմ առջև չկա այլևս որևէ նպատակ, և վաղուց արդեն զուրկ է միտքն իմ սլաքներից։ Այլոք եթե իմ տարիքում նոր միայն առաջին ինքնուրույն քայլերն են անում մեծ կյանքի ճանապարհին՝ ես արդեն տեսել եմ ամեն ինչ և հասել ամեն ինչի ու չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ նպատակով արդարացնեմ գոյությունս։ Հնդկաստանում ինձ զառամյալ մի փոքրամարդու ցույց տվեցին, որ տեսքից հարյուր տարեկան էր, բայց աշխարհ էր եկել հինգ տարի առաջ. երկրային կյանքի մեկ տարին նրա համար արժեցել էր քսան։ Այդպես էլ ես՝ երեսուներկու տարում ապրեցի ութսուն տարի՝ չունենալով պատանեկություն և երիտասարդություն։ Եվ իրականացավ սկյութների դեսպանի մռայլ կանխատեսումը, որ արել էր նա Տաանիսի ափին՝ ասելով ինձ այսպես. «Դու ցանկանում ես նույնիսկ այն, ինչ չես կարող ընդգրկել. Եվրոպայից սլանում ես Ասիա, Ասիայից՝ Եվրոպա. եթե քեզ հաջողվի նվաճել ողջ մարդկային ցեղը, դու կռվի կմտնես անտառների, ձյուների, գետերի ու վայրի գազանների հետ։ Իսկ հետո՞։ Դու առաջի՛նը կզգաս գերհագեցվածությունը, և չես իմանա այլևս՝ ինչ անել»։ Ես հիմա այդ վիճակում եմ։

Դու ուզում էիր իմ դստերը պահել քեզ մոտ՝ որպես սիրո հուշարձան, իսկ ես քեզ չասացի՛ դառը ճշմարտությունը. իմ զավակները պիտի ոչնչացվեն, քանի որ աստվածները թույլ չեն տա իրենց արյունն արատավորվի ու մարդկայնանա։

Ես քեզ չասացի, թե ինչ տեսիլ երևաց ինձ սիրո մեր միակ գիշերից հետո, քանի որ չկամեցա դառնացնել մեր բաժանումը, որ առանց այդ էլ դաժան էր՝ ձմռան նման։ Իսկ սիրո հրայրքից անմիջապես հետո, երբ սիրտս նվաղեց բերկրանքից և մարմինս ընդարմացավ անճանաչելի,― որպիսի զգացողություն ես չէի ունեցել երբեք,― ինձ հետ կատարվեց այն, որ պատահել էր մալերի երկրում վիրավորվելուց հետո։ Ես վերստին դուրս եկա իմ մարմնից ու տեսա այն վերևից՝ ճերմակ լույսով ողողված՝ ձյունաթույր սավանների վրա։ Ու ես կրկին ելա վեր՝ խիտ, բայց աննյութ մութի միջով, ու երբ մարմինս հեռանալով՝ վերածվեց կետի ու անէացավ խավարում, սուրացի վեր՝ Իրիսից էլ արագ, ավելի հեռու, քան Պելլայից Հնդկաստան ճամփան է, հետո, երբ երթս դեպի վեր դադարեց, դալուկարծաթավուն ոլորքներով սև թանձրություն տեսա առջևում՝ նման անձրևաբեր ամպակույտի։ Լողալով այդ թանձրության վրայով՝ ես լուսավոր մի աշխարհում հայտնվեցի, ուր գորշավուն և անեզր պարսպի տակ փայտամած կառափնարան կար։ Շուրջը շունչ չկար, ասես զարհուրելի մի հրեշ ոչնչացրել էր ամենայն կենդանություն, ու ես տեսա, թե ինչպես աներևույթ ինչոր ուժեր տարան ինձ դեպի կառափնարան ու գլխատեցին։ Ես տեսա գետին գլորվող իմ գլուխը, տեսա իմ մահը, բայց տարօրինակն այն էր, որ աշխարհը չխավարեց ամենևին, թեև իմ աչքերը փակ էին արդեն անկենդան։ Ես զգում էի, որ դեռ կամ, և տեսնում եմ ամենը։ Ես չունեի մարմին, սահմանափակված չէի ոչնչով, անկշիռ էի՝ եթերի պես, ես տարրալուծված էի տիեզերքի մեջ և տիեզերքը ես էի։ Գորշավուն պարիսպը հետո անէացավ հանկարծ՝ բացելով հրաշք մի տեսարան։ Ես անցա առաջ և զգացի, թե ինչպես հատեցի կյանքի և ետկյանքի սահմանագիծը, որ պարսպի տեղում էր, իսկ սահմանից անդին հրաշալիորեն խաղաղ էր ու անդորր, անաղարտ բնություն էր՝ անշինություն և զերծ մարմնավոր էակներից։ Այստեղ գույներն այլ էին. կանաչը, որ գերիշխող էր, այլ կանաչ էր, մի տեսակ արծաթափայլ, կարմիրը ևս այլ էր, երկնքի կապույտը՝ նույնպես։ Այնտեղ երանելի էր, ավելի, քան Մոռացության հովտում։

Ու երբ արթնացա, դեռ երկար ժամանակ բաց աչքերով շարունակում էի գտնվել այնտեղ։ Երբ վերջապես զգացի մարմինս՝ վերադարձիս համար ցավ ապրեցի սաստիկ, քանի որ կյանքից հետո ավելի հաճելի էր, քան կյանքում՝ ուր գաղջացել է եթերը մարդկային որդությունից, ուր տաղանդավոր մարդկանց ոչնչացնում են, քանի որ նրանք իրենց գոյությամբ ապացուցում են այլոց ոչնչությունը և ուր ամենքն ուզում են սպանել քեզ՝ քո տեղը գրավելու համար։

Ես մինչ այդ էլ չէի վախեցել մահից, բայց այդ պահից ես հասկացա, որ աստվածներն ինձ ուղարկել են Ամազոնիա ու հանդիպեցրել քեզ, որ իմանամ՝ ի՛նչ է սերը ու նաև քո սիրո զորությամբ դուրս գամ տիեզերք և համոզեմ ինքս ինձ, որ մահն ավարտ չէ ամենևին, այլ՝ երանության սկիզբ։ Եվ, ահա՛, ես գնո՛ւ մ եմ Բաբելոն, ուր կգտնեմ վերջապես դեպի աստվածություն տանող ի՛՛մ ուղին, և Բաբելոնը կլինի իմ Լևկա՛ կղզին, ուր հոգնատանջ մարմինս կգտնի հանգիստն իր վերջնական։

Ջանալով վայրկյան առաջ հաղորդել իրեն հայտնի դարձած ահասարսուռ լուրը՝ Բագոասը շնչակտուր ներս ընկավ արքայական ննջարան։ Ալեքսանդրը քնած էր՝ մեջքով դեպի մատռվակը։ Շտապով բացված դռների աղմուկը չարթնացրեց նրան, ու հևացող Բագոյասը շվարած կանգնել էր մահճի մոտ՝ չհամարձակվելով խաթարել նրա արքայական հանգիստը, բայց և լուրի սահմռկեցուցիչ լինելը դրդում էր նրան ոչ սովորական քայլերի։ Նա դժվարին այս երկընտրանքի մեջ էր, երբ արքան թույլ ցնցվեց ու կանչեց բարձրաձայն.

― Հեփեստիո՜ն։

Բագոասը վախվորած շուրջը նայեց, այդպես էլ չհասկանալով՝ ո՞ւմ է դիմում արքան. իրե՞ն, թե՞ անտեսանելի ոգիներին։

― Հե՛փե՛ստիո՜ն,― կրկին կանչեց Ալեքսանդրը՝ այս անգամ ավելի հուժկու։

Բագոասին մի պահ թվաց, թե արքան խոսում է քնի մեջ, բայց երկյուղելով, որ իր զգացողությունը կարող է և խաբել իրեն,― իսկ այդ դեպքում արքային չարձագանքելու համար պատիժն անխուսափելի կլիներ,― զգույշ խոնարհվեց մահճակալի վրա և կմկմալով շշնջաց՝ հազիվ զսպելով զարմանքը.

― Նա վաղուց մահացել է, արքա՛։

― Պարմենիո՜ն,― ձայնեց արքան։

Բագոասը համոզվեց, որ Ալեքսանդրը լսում է իրեն, և նրան համակած զարմանքն ահագնացավ ակնթարթորեն, քանի որ անհասկալի էր, թե ինչու է արքան արթմնի կանչում մեռած իր զորավարներին։

― Նրան քո հրամանով Կլեանդրոսն է սպանել, արքա՛,― շտապով ասաց Բագոասը՝ զգուշանալով պատասխանն ուշացնելուց։

― Կլեանդրո՜ս։

― Նրան քո հրամանով կախել են, արքա՛։

― Կլիտո՜ս։

― Նրան ինքդ ես սպանել, արքա՛։

Դադար տիրեց, ապա Ալեքսանդրը դանդաղ շրջվեց անկողնում, բացեց աչքերը մի պահ ու քնատ հայացքով Բագոասին նայելով՝ արտաբերեց կիսաձայն.

― Իսկ դու ինչո՞ւ ես ողջ, ճիճո՛ւ ։

Բագոասը սաստիկ երկյուղից թուքը կուլ տվեց և զգալով, որ իր լռությունը կարող է ճակատագրական լինել իր համար, շտապեց հայտնել արքայի առանձնությունը խախտելու պատճառը։ Իսկ Ալեքսանդրը կրկին փակեց աչքերն ու անշարժացավ, ասես ինքը չէր մատռվակին նախատողը։

― Կարևոր լուր ունեմ, արքա, անչափ կարևոր լուր,― Բագոասը ծնկի եկավ Ալեքսանդրի մահճի առջև։ Դա՛վ է նյութվում քո դեմ, արքա՛. դա ես իմացա պատահաբար։ Ես Բելի սրահում էի, ուր պիտի դիմավորեի Հայաստանից եկած իմ մի բարեկամի, երբ պայտած մույկերի ձայն առա հանկարծ։ Նրանց քայլվածքի մեջ տագնապ ու խորհրդավորություն կար, որն ինձ հուշեց թաքնվել սյուների ետևում։ Նրանք երկուսով էին, արքա, ու երբ հայտնվեցին սրահի կենտրոնում, որտեղ ոչ ոք արդեն նրանց չէր լսում իրենց կարծիքով՝ կիսաձայն ինչոր բան ասացին միմյանց։ Նրանցից մեկը տագնապած էր, իսկ մյուսը փորձում էր հանգստացնել։ Ես պարզ լսեցի՝ ինչպես նա, որ փորձում էր հանգստացնել, ասաց. «Ամեն ինչ լավ կլինի ու ոչ ոք ոչինչ չի կասկածի, քանի որ թույնը հատուկ է պատվիրված, այնպես որ, ամենը կկարծեն՝ տենդի հետևանք է»։ Ես վստահ չեմ, արքա՛, բայց ներքին մի ձայն ինձ ասում է, որ նրանք քե՛զ՝ արքայի՛դ նկատի ունեին. չէ՞ որ տենդը նաև քեզ է հոգսեր պատճառում։ Եվ հետո, նրանց խոսքերից ես հասկացա, որ դավն արվելու է այսօր՝ խնջույքի պահին, իսկ քանի որ խնջույքի հրավեր կա միայն Մեդիոսից, ուրեմն խնջույքն այդ մի նպատակ ունի միայն...

Ալեքսանդրը պառկած էր փակ աչքերով, նրա դեմքի ոչ մի մկան չէր շարժվում, և Բագոասին թվաց, թե նա քնի մեջ է ու չի լսում իրեն, և ցանկանում էր կրկնել ասածը, բայց արքան մատների շարժումով նրան հասկացրեց մոտենալ իրեն։

― Ես անկարող էի տեսնել նրանց, արքա՛. երեկո է, ու սրահը վատ էր լուսավորված, և հետո, իմ անզգույշ շարժումը կմատներ ինձ,― շարունակեց Բագոասը և խոնարհվեց թագավորի վրա՝ ակնկալելով, թե իրեն հիմա կարևոր հանձնարարություն կտան։ Ալեքսանդրը շարունակելով մնալ պառկած և աչքերը փակ՝ ձեռքը դանդաղ բարձրացրեց մահճակալից, օդը շոշափելով՝ որոնեց գտավ մատռվակին և մատները նրա կրծքի վրայով սահեցրեց դեպի պարանոցը։ Բագոասին թվաց, թե արքան փաղաքշում է իրեն՝ այդ կերպ արտահայտելով գոհունակությունը, և նրա դեմքին սխրանք գործած զինվորի հպարտության փայլ երևակվեց, իսկ աչքերը բոցավառվեցին դեղին կրակով։

― Առավոտյան Մեդիոսն, արքա՛, իր քրոջորդի Իոլայոսին... Բագոասը ցանկանում էր էլի ինչոր բան հաղորդել, բայց հանկարծ արքայի ափը կտրուկ շարժումով կծկվեց և աքցանի պես ամուր սեղմեց նրա կոկորդը։ Դա կատարվեց այնպես արագ, որ Բագոասը չհասցրեց անգամ կառչել արքայի բազուկից և դիմադրել, թեև դա կլիներ անիմաստ քայլ։ Ալեքսանդրը նրա պարանոցը սեղմած պահեց այնքան, մինչև մատռվակի անշնչացած մարմինը ծանրացավ իր թևին, ապա սոսկումով այն նետեց հեռու և անշարժացավ կրկին, ինչպես Բագոասի գալուց առաջ էր։ Այդպես մնաց նա մի քանի վայրկյան, ապա բացեց աչքերը քնից արթնացողի անհոգությամբ, ելավ մահճից այնպես հանգիստ, ասես իրեն մահափորձի լուր չէին բերել ամենևին և մատռվակ չէր խեղդել։ Սպասյակներին չկանչեց, որ չտեսնեն Բագոասի դին, զգեստափոխվեց ու արքայական ալ կարմիր թիկնոցն ուսերին առնելով՝ ելավ ննջարանից։

Տեսնելով թագավորին՝ միջանցքում հերթապահող պատանիները զգաստացան։

― Մեդիոսի մո՛տ, Արևելյան սրա՛հ,― կարգադրեց մռայլորեն, և պատանիները համաչափ քայլերով ուղեկցեցին նրան։

Դուրս գալով արքայական հարկաբաժնից՝ նրանք անցան աջ թևում բոլորաձև լուսամուտներ ունեցող երկար միջանցքով։ Դրսում իրիկնային տաք քամին օրորում էր գիշերապահների երկշարք խարույկների բոցը, որոնց ցոլքերը պսպղում էին Եփրատի մութ ջրերի վրա։

Բելի սրահում նրանք պատահեցին Սելևկոսին ու Պտղոմեոսին, որ արքայի մոտ էին գալիս արաբների երկրի մասին Նեարքոսից նոր ստացված նամակը հանձնելու։

― Հանձնե՛ք Քարեսին,― լսելով հետերներին՝ հրահանգեց Ալեքսանդրն այնպիսի տոնով, ասես իր առջև սովորական սուրհանդակներ էին և ոչ՝ զորավարներ։

Հետերները զարմացած հայացքով հետևեցին հեռացող արքային ու միմյանց նայելով՝ ուսերը թոթվեցին։

Երբ Ալեքսանդրը հայտնվեց խնջույքի սրահում՝ խորոված վիթերով, մրգերի բուրգերով, բազմատեսակ սափորներով ու գավաթներով ծանրաբեռնված հարյուրավոր սեղանների շուրջ բազմած մակեդոնացիները մեկեն ելան տեղից ու խրոխտ կանչերով ողջունեցին նրան, որից սեղանների մոմերի լույսն օրորվեց, իսկ մի քանիսը հանգան։ Արքան վեր պարզած ափով արձագանքեց նրանց ողջույնին, ու մակեդոնացիներն աղմուկով խմեցին նրա պատվին։ Արքային գահույք մատուցեցին, բայց նա մնաց կանգնած։ Ամենքը նստեցին։ Սպասյակ մի պատանի գինի լցրեց նրա գավաթի մեջ։

Ալեքսանդրը հանդարտ հետևում էր սպասյակի շարժումներին, ապա զննող հայացքով նայեց գավաթի մեջ օրորվող իր արտացոլումին, հետո կտրուկ դարձավ դեպի պատանին ու նրա աչքերի մեջ նայելով՝ հարցրեց ցածրաձայն, այնպես, որ միայն նա կարող էր իրեն լսել.

― Թո՞ւյն ես առաջարկում ինձ, Իոլայո՛ս։

Իոլայոսը վայրկենապես մեռելի գունատություն ստացավ և կարկամեց՝ անկարող որևէ բառ արտաբերել։ Մահվան սարսափն աչքերի մեջ՝ նա սոսկումով սպասում էր, թե հիմա արքան կձայնի թիկնապահներին և․․․

Իսկ Ալեքսանդրն Իոլայոսին անհասկանալի հանգստությամբ նայում էր մերթ գավաթին, մերթ նրան։

― Կեցցե՛ Ալեքսանդրը, կեցցե՛ Ալեքսանդրը,― վանկարկեցին ագրիանացի զորապետերը՝ արքայի հաջողությունների համար խմելու անզուսպ ցանկությամբ համակված։

― Կեցցե՛ Ալեքսանդրը,― արձագանքեց ողջ սրահը, և բոլորը ոտքի ելան։

― Թո՛ւյն ես առաջարկում ինձ, Իոլայո՛ս,― կրկնեց արքան՝ այս անգամ առանց հարցականի, և մատռվակը կռահեց, որ արքան ոչ թե կասկածում է, այլ դավադրությանը տեղեկացված է հաստատապես։ Մահվան դատապարտվածի նման նա գլուխը խոնարհեց, ասես բազմությունը հիմա պիտի ջախջախեր իրեն քարերով, ու սափորը ցած սահեց նրա ձեռքերից։

― Թո՛ւյն ես առաջարկում, և ես խմո՛ւմ եմ այն։

Ու մինչ մատռվակը լսածից ապշած՝ չռված աչքերով նայում էր տիրակալին, Ալեքսանդրը կտրուկ շարժումով գլուխը ետ գցեց ու գավաթը դատարկեց սաստիկ ծարավ մարդու կրքոտությամբ՝ գինու ալվարդագույն շիթերն առատորեն ծորեցնելով հագուստին։

Սրահը դղրդաց գինովցած բազմության ուրախ կանչերից։ Դատարկված գավաթը գլխից վեր պահելով՝ արքան այն թափով զարկեց գետին։ Նրա այս արարքը խանդավառեց մակեդոնացիներին, և ամենքը գավաթներն աղմուկով նետեցին ցած ու երգեցին.

Նա դուրս քաշեց պղնձակուռ և երկսայրի սուսերը սուր
Ու շեշտակի, ահեղագոչ, նետվեց ուղիղ նրա վրա,
Բայց Ոդիսևսն ուղղեց սլաքն, զարկեց կրծքին, ստինքին մոտ,
Սուր պղինձը լերդը խրվեց, նրա ձեռքից սուսերն իսկույն գետնին ընկավ...

Իսկ Ալեքսանդրը հապճեպ, ինչպես հայտնվել էր, դուրս եկավ սրահից, ուղեկիցներին կարգադրեց ետ դառնալ և մասնակցել խնջույքին, իսկ ինքը քայլեց դեպի Նավուհոդոնոսորի սրահ այնպիսի հանգստությամբ, որից կարելի էր ենթադրել, թե նա այդպես էր որոշել նախապես։ Մինչդեռ նա ջանում էր որքան հնարավոր է շուտ մեկուսանալ, քանի որ թույնը հետզհետե թուլացնում էր նրան և անկարող էր այլևս դեմքին հաղորդել հոգեվիճակին անհամապատասխան արտահայտություն։

Հազիվ էր փակել սրահի դուռն իր ետևից, երբ սաստիկ դող համակեց նրան, որից ոտքերը դադարեցին ենթարկվել իրեն, և նա կառչեց բռնակից։ Որովայնում ասես հզոր կրակ լիներ, որ այրելով ներսը՝ ջանում էր դուրս գալ կոկորդից։ Քրտինք երևաց նրա դեմքին, որ հետո սկսեց հոսել առվակներով։ Նրա աչքերի դեմ պատկերները լղոզվեցին, թվաց, թե սրահն օրորվում է։ Բռնակից կառչած՝ նա մյուս ձեռքի մատերը խրեց կոկորդի մեջ, ասես կամենում էր պատռել այն, որպեսզի հուրը ժայթքեր դուրս։ Նա հայացքով մի քանի անգամ չափեց մինչև լուսամուտն ընկած տարածությունը, խորը շունչ քաշեց և հավաքելով վերջին ուժերը՝ մղվեց դեպի այն։ Մի քանի կանգուն նա գնաց հաստատուն քայլերով, հետո ձեռքերով որովայնը բռնելով՝ կծկվեց, նայեց դեպի լուսամուտը ու ջղաձգվելով՝ ջանաց էլի առաջանալ, բայց ոտքերը չենթարկվեցին, և օրորվելով՝ հենվեց մոտակա սյանը։ Նրա ներսը շարունակում էր այրվել՝ ինչպես հրդեհից, և նա արագարագ շնչում էր լայն բացած բերանով՝ հուսալով, որ դա զովություն կբերի իրեն։ Նա կրկին նայեց դեպի լուսամուտը, բայց այս անգամ չզանազանեց այն։ Զգաց, որ հիմա կկորցնի գիտակցությունը, և ուղեգորգը որպես նշան ընդունելով՝ հրվեց սյունից։ Մի քանի քայլ անելով՝ ընկավ։ Գալարվեց ցավից գորգի վրա, ապա միանգամից անշարժացավ՝ հազիվ լսելի ձայնով կանչելով.

― Հա՜յր։

Անհստակ ուրվագծերով մութ ստվերներ թափանցեցին լուսամուտից, որ եկան ու խոնարհվեցին նրա վրա։ Հետո նրանք տարրալուծվեցին սրահում, և Ալեքսանդրը դանդաղ բացեց աչքերը։ Նա ելավ այնպես ազատ և հանգիստ, ասես իրեն ոչինչ չէր պատահել։ Հասնելով լուսամուտին՝ ետ քաշեց ծղոտահյուս շղարշները և անչափ կարևոր բան փնտրողի հայացքով նայեց դուրս։ Արմավենիների պուրակում փայլփլուն զույգ շղթաների նման ձգվում էին խարույկները, իսկ կրակների ցոլքերից լուսավորված Եփրատն ասես ոսկե գոտի լիներ։

Եվ մշուշ եղավ օդում և խոշոր աստղ երևաց, որը երկնքից իջնում էր Եփրատի վրա, ու նրա հետ՝ մի արծիվ։ Զևսի արձանը, որ գետեզրին էր ու երևում էր լուսամուտից՝ շարժվեց ամեհի դղիրդով։

Ալեքսանդրը նկատեց իջնող աստղը, և այդ պահին նրա դեմքին արձրև տեղաց։ Որոտ եղավ, ու շանթի բեկյալը կուրացուցիչ լույսով թրատեց խավարի հսկա զանգվածը։ Եփրատի ջրերի վրա սպիտակ ոլորքներով գծագրվեցին առափնյա տների տափակ կտուրները և մի ջրաղաց՝ հսկա պտտանիվով, իսկ բոլոր կառույցներից բարձր Իշտարի տաճարի տանիքն ասես ամբողջովին բոցավառվեց։ Սև հրակնատներով արտաքին պարիսպը մի պահ դուրս սողաց խավարից՝ որպես ամեհի տեսիլք ու կրկին կուլ գնաց խավարին։ Քամի չկար, բայց պալատի բոլոր մոմերը հանգան, ու կատարյալ մութ տիրեց։

Որոտ եղավ՝ նախորդից երկար ու հուժկու, ասես սարեր փլվեցին։ Պալատում ամենքը ցատկեցին տեղից մտրակի դաղումից, ձեռքերով շոշափեցին խավարը, բայց մտրակ բռնած ոչ մեկին չգտան։ Էլի որոտ եղավ ու շանթ, և Արևելյան սրահում պայծառ լույսի մեջ բոլորը սոսկումով տեսան, թե պատից կախված պատյանից ինչպես ինքնիրեն դուրս սահեց մի սուր և նետի պես արագ թռչելով դեպի Իոյալոսը՝ մխրճվեց նրա կոկորդը։ Ամեն ինչ կատարվեց այնպես արագ, որ Իոյալոսը հասցրեց միայն բռնել սրի կոթը և թավալվեց գետին։ Այս տեսարանից զարհուրած՝ Մեդիոսը ելքի մոտ խռնված զինվորներին հրմշտելով՝ ջանաց դուրս նետվել սրահից, բայց հազիվ էր նա հայտնվել դռների մեջ, երբ ելքի կամարը սոսկալի շռինդով փլվեց ու նրան առավ իր տակ։ Այդ նույն պահին Մակեդոնիայից էշի պայտի մեջ թույն բերած ստրուկը, որ երկար ճանապարհից հոգնած՝ պառկել էր ձիանոցում՝ հանգստանալու, հանկարծ զգաց, թե ինչպես իր կրծքավանդակը հայտնվեց աներևույթ ու խոշոր ձեռքերի աքցանի մեջ և սարսափով տեսավ, թե այդ ձեռքերն ինչպես իր կուրծքը երկարությամբ բաժանեցին երկու մասի։ Նա տեսավ ճեղքվածքից դուրս թափվող իր փորոտիքը և հազիվ հասցրեց արտաբերել.

― Օ՜, Ամմո՛ն, գթա, ես մեղք չունեմ. Անտիպատրոսն ինձ սպառնացել էր մահվամբ, ես մեղք չունեմ. սա Արիստոտելի գործն է, նա է պատրաստել թույնը՝ վախենալով, թե Ալեքսանդրն իր հետ կվարվի այնպես, ինչպես Կալիսթենեսի հետ...

Անձրևը սաստկացավ Ալեքսանդրի վրա, հագուստը թրջվեց ու ծանրացավ։ Նա նայեց իր թրջված մարմնին, հետո հայացքը սահեցրեց խավարի մեջ թաղված Բաբելոնի վրայով, նայեց երկինք, ապա ձեռքերը տարածեց կողքի ու կանչեց.

― Հա՛յր, ես գալի՛ս եմ դեպի քեզ։

Հետո Բաբելոնի վրա հայտնված աստղը բարձրացավ վեր, նրան հետևեց և արծիվը։ Ու երբ աստղը թաքնվեց երկնքում, խաղաղություն տիրեց, և Նավուհոդոնոսորի սրահում մնաց հոգուց անջատված անկենդան մի մարմին։

Վերջ