Ալֆոնսինա Սթորնի
Ստեղծագործություններ
Մեռած սիրո բնանկար
Դու խորտակվում ես, ա՛րեւ։ Հրաժեշտը մայրամուտի,
Որ վառվում է ալիքներում իմ, հարատեւ չէ․․․
Եւ սիրտս դուրս է պրծնում, ինչպես թելը ասեղից։
Գալիս է գիշերը՝ դանակով։ Եւ լացի պես զրնգում է սառնությունը հովի։
Մութ ափերին արդեն սեւանում է հոտը քաղցած,
եւ խոսքն իմ լռում է,
Մահը խշխշում է չոր ճյուղերի պես։ Խոտը համրացել է։
Ավելի մոտ են փշերը։ Ես պարուրված եմ ստվերներով․․․
Ահա վերջապես ընկավ արեւը՝ դեղնած կեղեւով,
Ինչպես շունը, որ պառկում է՝ սեփական պոչի հետ խաղալուց հոգնած։
Երկրագունդը պառկում է հանգստանալու,
եւ ոսկրոտ ձեռքով
Աստղաբույլերն է հանգցնում։ Ճռթճռթում է ավազը,
Սեւ բիբերով արահետը քարքարոտ կայծեր է արձակում։
Ծովափ
Դեղին գլխարկով ծերունին
մահացավ կանգնած՝
մեջքը հենելով
քարե ճաղաքարին։
Կանաչ ալիքները,
որ թրջեցին շորն իմ,
հոգեհանգիստ են երգում նրան՝
ներդաշնակորեն հպվելով ափին։
Հեռավոր գիծը հորիզոնի
ինչքան էլ ձգես՝ իզուր է,
իսկ բարձրում՝ գլխավերեւում իմ,
սիրային ճիչերն են ճայերի։
Այդպես, ուրեմն, դա ճիշտ է․
կենդանի էակները սիրում են դեռ,
Նրանց թեւերը,
թաթերը,
սմբակները
դեռեւս սիրում են
իրար․․․
Ես լսեցի,
ինչպես այսօր ճաշարանում
խարտիշահեր տղան
արտաբերեց ձայնով
մրսած թավջութակի․
«Մայրի՛կ,
կարո՞ղ եմ ուտել այս դեղձը»։
Չգիտեմ ինչու,
այս բառերից
ճմլվեց սիրտն իմ։
Ես նորից հիշեցի
այն մարդուն
որ մահացավ կանգնած,
եւ թռչող ճայերին,
եւ հեռավոր, փախչող հորիզոնը։
Ակնթարթ
Ինչ֊որ մի քաղաք՝ մոխրագույն ոսկորներից կառուցված,
Փռվել է իմ առջեւ։
Փողոցները,
Սեւ ճեղքերի պես,
բաժանում են նրան քառակուսիների՝
հատելով գերեզմանատունը։
Քաղաքում, որ երախում իր պահում է
երկու միլիոն դեմքեր,
ես չունեմ հարազատ ոչ մեկին։
Երկնակամարը, որ ավելի մոխրագույն է,
քան պատերը քաղաքի,
իջնում է ինձ վրա,
շղթայում մարմինս,
սեղմում երակներս,
հանգցնում ճիչս․․․
Որպես մրրիկ,
որից անհնար է թաքնվել,
աշխարհը պարուրվեց ձագարի պես
շուրջը մեռած մի կետի՝
իմ սրտի։
Մաշվածը
Երբ ես կմեռնեմ, լուրը այդ մասին
Դեպի անսահմանը կթռչի իր հին ճանապարհով,
Եւ շեմից շեմ կսահի
Բոլոր հաստատություններում,
Եւ կսկսեն փնտրել անունն իմ գրքերում հաստափոր։
Այնտեղ, հեռավոր գյուղակում,
Որ ննջում է սարերում, արեւի տակ,
Հին ծխական գրքի մեջ օտար մի ձեռք
Գիծ կքաշի՝ գտնելով անունը իմ։