Բարթլբի գրագիրը

Գրապահարան-ից
Բարթլբի գրագիրը

հեղինակ՝ Հերման Մելվիլ
թարգմանիչ՝ Սամվել Մկրտչյան
աղբյուր՝ «Բարթլբի գրագիրը»

Ես տարիքս առած մարդ եմ։ Վերջին երեսուն տարում, գործի բերումով բավականին մոտիկից շփվել եմ վերին աստիճանի հետաքրքիր և ինչ֊որ չափով արտասովոր մարդկանց մի խմբի հետ, որոնց մասին, որքան գիտեմ, դեռևս ոչինչ չի գրվել․ խոսքս դատական գրագիրների մասին է։ Ես շատերին եմ ճանաչել, մասնագիտությանս բերումով և անձամբ, այնպես որ ցանկության դեպքում կարող եմ զանազան պատմություններ անել, որոնք լսելիս բարեսիրտ պարոնները կժպտան, իսկ դյուրազգայուն հոգիները գուցե թե արտասվեն։ Սակայն մի կողմ եմ թողնում բոլոր գրագիրների կենսագրությունները, բացի մեկից՝ Բարթլբիից, որն իմ տեսած ու լսած գրագիրներից ամենատարօրինակն էր։ Մինչ մյուսների մասնին ես ամեն ինչ կգրեի, Բարթլբիի մասին նման բան անելը անհնար է։ Կարծում եմ, որ այս մարդու մասին ոչ մի նյութ գոյություն չունի, որպեսզի հնարավոր լիներ լիարժեք և բավարար կենսագրություն գրել։ Գրականության համար սա անդառնալի կորուստ է։ Բարթլբին մեկն էր այն մարդկանցից, որոնց մասին ճշգրտորեն ոչինչ չի ասվում, բացառությամբ սկզբնաղբյուրներից, իսկ նրա դեպքում աղբյուրները քիչ են և աղքատ։ Զարմացական հայացքով նայել եմ Բարթլբիին, ահա այն ամենը, ինչ նրա մասին գիտեմ, թեև, անտարակույս, մի ասեկոսե կա, որի մասին կհայտնվի ստորև։

Նախքան գրագրին և մեր առաջին հանդիպումը ներկայացնելը, վայել է, որ մեկ֊երկու խոսք ասեմ իմ, ինչպես նաև պաշտոնյայիս, գործիս բնույթի, բնակարանիս և շրջապատիս մասին, քանզի նման նկարագրությունը պարտադիր է ճիշտ հասկանալու համար գլխավոր կերպարին, որին պատրաստվում եմ ներկայացնել

Ի դեպ, ես մի մարդ եմ, որն սկսած իր պատանեկությունից, լցված է եղել այն խորին համոզմամբ, որ ամենադյուրին կյանքը լավագույնն է։ Եվ չնայած իմ մասնագիտությունը հայտնի իմաստով եռանդուն է, նյարդային և երբեմն հասնում է անկարգության, սակայն նման բաները երբեք չեն խանգարել հոգեկան անդորրս։ Ես մեկն եմ այն անփառասեր փաստաբաններից, ովքեր երբեք ելույթ չեն ունենում դատարանի դահլիճում, այս կամ այն կերպ ծափահարություններ վաստակում, այլ հանգստավետ առանձնատան զով խաղաղության մեջ զբաղվում են հարուստ մարդկանց հետ կապված պարտատոմսերի, գրավաթղթերի և իրավունքներ հաստատող փաստաթղթերի հարմարավետ գործով։ Նրանք, ովքեր ինձ ճանաչում են, համարում են ինձ սարսափելի բարեհաջող մարդ։

Ողորմած հոգի Ջոն Ջեյքոբ Ասթորը, մի անձնավորություն, որը շատ քիչ էր նվիրված բանաստեղծական խանդավառությանը, երբեք չէր վարանում իմ առաջին մեծ հատկությունը շրջահայեցողությունը հայտարարելու, երկրորդը՝ մեթոդը։ Սնապարծությունից ելնելով չէ, որ ասում եմ․ պարզապես արձանագրում եմ այն փաստը, որ Ջոն Ջեյքոբ Ասթորն իմ մասնագիտությանը մատների արանքով չի նայել, և նրա անունը, խոստովանում եմ, սիրում եմ կրկնել․ այն մի տեսակ կլոր, ավարտված հնչողություն ունի, ինչպես ոսկե ձուլվածքները։ Սիրով կավելացնեմ, որ ես ամենևին անտարբեր չէի Ջոն Ջեյքոբ Ասթորի լավ կարծիքի նկատմամբ։

Այս փոքրիկ պատմությունն սկսվելուց որոշ ժամանակ առաջ իմ գործի շրջանակներն ընդլայնվեցին։ Խղճի դատարանի հին գրասենյակը, որն այժմ մեռած է Նյու Յորքի նահանգում, հանձնեցին ինձ։ Գրասենյակն այնքան էլ աշխույժ չէր, բայց՝ հաճելիորեն շահավետ։ Ես հազվադեպ եմ կորցնում ինքնագիտակցությունս, ավելի հազվադեպ եմ զայրանում իրավազանցություններից և օրենքի խախտումներից, սակայն այստեղ թող ինձ թույլ տրվի անշրջահայաց լինելու և հայտարարելու, որ նոր սահմանադրության կողմից Խղճի դատարանի անսպասելի և բռնի վերացումը․․․ վաղաժամ որոշում էր, նկատի ունենալով, որ ես ցմահ եկամտի հույս ունեի, մինչդեռ իմ եկամուտը տևեց ընդամենը մի քանի տարի։ Բայց սա՝ հենց այնպես։